Վերջին թարմացում 10 Հոկտեմբերի 2016, 18:45

Վիճակ

18:45, 10 Հոկտեմբերի 2016 տարբերակ, Աբբի (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վիճակ

հեղինակ՝ Մարկ Տվէն
թարգմանիչ՝ Օր․ Նուարդ Աղանեան
աղբյուր՝ «Վիճակ» Մանուկների գրադարան № 2

Այս դէպքը կատարուել է Օլիվէր Կրոմվէյլի ժամանակ։ Գնդապետ Մայֆարը, որ ժամանակակից սպաներից ամենաերիտասարդն էր, ընդամենը երեսուն տարեկան կը լինէր։ Չնայելով երիտասարդութեան, նա շատ հմուտ էր եւ շատ անգամ փորձել էր իր ոյժը պատերազմի ժամանակ։ Նա մասնակցել էր շատ արշաւանքների եւ բարձր պաշտօններ ստացել։ Բայց այժմ գնդապետին ճնշում էր մի վիշտ․ մի ստուեր էր ընկել նրա երջանկութեան վրայ։

Ձմեռային մի երեկոյ էր․ դուրսը խաւար էր եւ շառաչում էր սառը քամին․ սենեակում տիրում էր մելամաղձոտ լռութիւն։ Գնդապետ Մայֆարն ու իր նորատի կինը շատ էին խօսել իրանց վշտի եւ սպառնացող աղէտի մասին։ Նրանք աւետարանից մի գլուխ կարդացին եւ աղօթեցին։ Այժմ մնում էր միայն լուռ նայել վառարանի մէջ այրուող կրակին, մտածել եւ սպասել։ Նրանք շատ լաւ գիտակցում էին, որ երկար չէ տեւելու այդ դրութիւնը եւ նորատի ամուսինը ցնցւում էր, երբ յիշում էր այդ։

Նրանք ունէին մի եօթը տարեկան աղջիկ, Աբբի անունով, որին պաշտում էին երկուսն էլ։ Այժմ նա պիտի գար համբուրելու եւ բարի գիշեր մաղթելու ծնողներին․ եւ գնդապետը ասաց կնոջը․— մաքրիր արցունքներդ․ մոռանանք ժամանակաւորապէս այն վիշտը, որ սպասում է մեզ․ մենք պէտք է ցոյց տանք երեխային թէ երջանիկ ենք։

— Կաշխատեմ վշտի բոլոր ծանրութիւնը թագցնել սրտիս մէջ, եթէ միայն նա կարող է այն տանել, պատասխանեց կինը։

— Յիշենք որ ամեն ինչ Նա է կարգադրում․ եւ ինչ որ Նա է անում֊բոլորն էլ մեր օգտի համար է։

— Թող լինի Նրա կամքը։ Ես խորին հաւատով եմ արտասանում այս խօսքերը․ երանի թէ ամբողջ սրտով կարողանայի զգալ այն՝ ինչ որ ասում եմ։ Բայց այն միտքը, թէ այս անգին ձեռքը, որ վերջին անգամ սեղմում եմ շրթունքներիս…

— Հանդարտ, սիրելիս․ Աբբին գալիս է։

Դռան մէջ երեւաց մի փոքրիկ երեխայ, հրաշալի գանգուրներով, գիշերուայ շապիկը հագին ու վազեց հօր մօտ։

Գնդապետը ամուր գրկեց նրան եւ փոքրիկ սիրուն գլուխը ծածկեց անթիւ համբոյրներով։

— Հայրիկ, սպասիր․ այդպէս ամուր մի համբուրի, մազերս գզգզեցիր։

— Ա՜, ցաւում եմ որ այդպէս եղաւ։ Կը ներե՞ս յանցանքս, սիրելիս։

— Իհարկէ, հայրիկ․ ասա՛ ճի՞շտ որ զղջում ես արածիդ վրայ։

— Իսկոյն կը համոզուես, Աբբի․ ասաց գնդապետը եւ երեսը ձեռքով ծածկելով սկսեց սուտ լաց լինել։ Երեխան վախեցաւ այդպիսի տխուր ընթացքից, ինքն էլ սկսեց լաց լինել եւ աշխատում էր հօր երեսից ձեռքը հեռացնել։

— Մի լար, հայրիկ․ Աբբին էլ չի անի, երբէք չի անի։

Աշխատելով հեռացնել ձեռքը հօր դէմքից, յանկարծ մատների միջից փայլեց աչքը։

— Ուրեմն չէիր լաց լինում, հա՞․ վատ, չար հայրիկ․ խաբեցիր ինձ․ ես գնում եմ մայրիկի մօտ, նա աւելի լաւ գիտէ վարուել Աբբիի հետ։

Ասաց եւ ուզում էր ցած թռչել հօր գրկից․ բայց գնդապետը ամուր սեղմեց նրան գրկում եւ ասաց․

— Չէ, Աբբի․ մնա՛ ինձ մօտ․ հայրիկը վատ է, բայց նա խոստովանում է իր սխալը եւ զղջում։ Թոյլ տուր աչիկներդ համբոյրներով չորացնել, հայրիկը ներողութիւն է խնդրում եւ իբր պատիժ պատրաստ է անել ինչ որ Աբբին ցանկանայ։ Ահա այսպէս․ այժմ աչիկները էլ չեն լալիս, մազերդ էլ ուղղեցի․ այժմ կարող ես հրամայել։

Երեխայի դէմքը փայլեց ուրախութիւնից․ նա շոյեց հօր թշերը եւ բացականչեց։

— Իբր պատիժ մի բան պէտք է պատմես։

— Այն ի՜նչ է․ քայլերի ձայներ են լսւում։ Ծնողները շունչները իրանց քաշա ականջ են դնում․ իսկ հազիւ լսելի քայլերը աւելի եւ աւելի լսելի են դառնում… բոլորովին մօտեցան… որքան պարզ… անցան մօտից․ կամաց կամաց անհետացան… ծնողները թեթեւութեամբ շունչ քաշեցին եւ հայրն ասաց․

— Ուզո՞ւմ ես պատմեմ։ Ուրա՞խ բան պատմեմ։

— Ոչ, հայրիկ, ոչ․ մի զարհուրելի բան պատմիր։

Հայրը աշխատում էր համոզել Աբբիին, որ ուրախ պատմութիւն լսելը աւելի լաւ է․ բայց երեխան պնդում էր թէ նա պէտք է խոստումը կատարի․ իսկ հայրը խոստացել էր կատարել աղջկայ բոլոր ցանկութիւնները։ Ի՜նչ էր կարող գնդապետը անել․ որպէս իսկական զինուոր, պէտք է իր խոստումը ճշտութեամբ կատարէր։

— Ինչո՞ւ պէտք է միշտ ուրախ բան պատմել, շարունակում էր Աբբին։

— Բէտտին ասում է՝ որ մարդիկ միշտ ուրախ կեանք չեն ունենում․ ճշմարի՞տ է, հայրիկ։ Նա այդպէս է ասում։

— Այո, դստրիկս, ուղիղ է։ Ամենքն էլ մի վիշտ են ունենում։ Առանց վշտի կեանք չը կայ։

— Ուրեմն, դրա մասին մի բան պատմիր, մի շատ զարհուրելի բան, այնպէս որ մենք ամենքս էլ վախենանք․ կարծես թէ այդ բոլորը մեր մասին լինի։ Մայրիկ, մօտ նստիր եւ վերցրու Աբբիի ձեռքը, որ աւելի հեշտ լինի տանել երբ պատմութիւնը աւելի սարսափելի լինի։ Այժմ սկսիր, հայրիկ։

— Լաւ․ ուրեմն լսիր։ Երեք գնդապետներ կային…

— Օ, ի՜նչ հետաքրքիր է․ ես լաւ գիտեմ թէ ինչ է գնդապետ, որովհետեւ քեզ ճանաչում եմ։ Ես գիտեմ թէ ինչպէս են հագնւում նրանք։ Շարունակիր հայրիկ։

— Մի կռուի ժամանակ նրանք մեղանչեցին, անցնելով «դիսցիպլին»֊ի սահմանից։

Օտար բառը դուր եկաւ երեխային։ Հետաքրքրութիւնից լայն բաց արած աչքերով նա լուրջ կերպով հարցրեց․

— Համո՞վ է․ կարելի՞ է ուտել։ Ծնողները չկարողացան զսպել ծիծաղը եւ հայրն ասաց․

— Չէ, սիրելիս․ դա բոլորովին ուրիշ բան է․ նրանք անցան իրանց իրաւունքի սահմաններից։

— Իսկ այդ վա՞տ է․ այդ բանը…

— Ոչ, փոքրիկս, դա ուտելու չէ։ Մի անյաջող եւ դժբախտ կռուի ժամանակ նրանց հրմայուած էր, թշնամու ուշադրութիւնը գրաւելու համար, կեղծ յարձակում գործել մի բաւական լաւ ամրացրած բերդի վրայ, որպէսզի այդպիսով միջոց տրուի զինուորներին ազատ յետ նահանջել։ Բայց նրանք այնպէս յափշտակուեցան, որ իսկական յարձակում գործեցին եւ միեւնոյն ժամանակ յաղթեցին թշնամիներին։

Գլխաւոր հրամանատար զօրապետը չէր կարող չգովել նրանց քաջութիւնը, բայց նեղացած էր անհնազանդութեան համար եւ երեքին էլ ուղարկեց Լօնդօն դատելու։ Դատարանը պէտք է վճռէր կեանքի՞ թէ մահուան էին արժանի նրանք։

— Մեծ զօրապետ Կրօմվե՞լն է արել, հայրիկ։

— Նա, փոքրիկս։

— Ես նրան տեսել եմ, երբ անցնում էր զինուորների հետ միասին մեր տան մօտով, նրա տեսքը այնպիսի… այնպիսի… ինքս էլ չգիտեմ թէ ինչպիսի է․ բայց ինձ թւում է, թէ նա մի բանից անբաւական է եւ ամենքը վախենում են նրանից․ իսկ ես չեմ վախենում, որովհետեւ ինձ այնպէս չէր նայում, ինչպէս ուրիշներին։

— Սիրելի շատախօս, սպասիր շարունակեմ։ Այդպէս գնդապետներին գերիների նման տարան Լօնդօն եւ ազնիւ խօսք առնելով նրանցից, կարճ ժամանակով ազատ թողեցին, վերջին անգամ իրանց բարեկամներին հրաժեշտ տալու համար։

— Սս… դարձեալ քայլեր… Ամենքը ուշադրութեամբ սկսեցին ականջ դնել, այս անգամ էլ քայլերը լռեցին։ Մայրը գլուխը դրեց ամուսնու ուսին դէմքի մեռելային գունատութիւնը ծածկելու համար։

— Նրանք հասան այսօր առաւօտ։

Երեխայի աչքերը լայն բացուեցին։

— Հայրիկ, իրողութի՞ւն է այդ բոլորը․ հնարած չէ՞։

— Բոլորը ճիշտ է։

— Ահ, ինչ լաւ պատմութիւն է․ հայրիկս շարունակիր․ մայրիկ, լաց ես լինում։

— Ոչինչ, աղջիկս, էլ չեմ լաց լինում․ մտածում էի այն դժբաղդ ընտանիքների մասին։

— Մի լաց լինի, մայրիկ։ Ամեն ինչ լաւ վերջ կունենայ, ինչպէս սովորաբար լինում է հեքեաթներում։ Այս րոպէիս հայրիկը կʼվերջացնի պատմութիւնը, իսկ վերջը միշտ այսպէս է լինում․ «եւ ապրում էին նրանք երջանիկ մինչեւ խոր ծերութիւն»․ պամտիր շուտով, հայրիկ։

— Ազատ թողնելուց առաջ, բանտարկեալներին տարան Տօուէր։

— Ես գիտեմ որտեղ է գտնւում Տօուէրը․ մեր բնակարանից երեւում է։

— Այնտեղ ամբողջ ժամ դատում էին նրանց եւ մեղաւոր ճանաչելով՝ մահուան դատապարտեցին։ Նրանց պէտք է գնդակահարեն։

— Գնդակահարե՞ն։

— Օ՜, ինչ վատ է։

— Մի լաց լինի, մայրիկ, ամեն ինչ լաւ կը վերջանայ․ կʼտեսնես որ բոլորը կանցնի, իսկոյն հայրիկը կպատմէ վերջը եւ կʼտեսնես որ լաւ կʼլինի։ Ինչ դանդաղ ես պատմում, հայրիկ, շուտ արա, հանգստացրու մայրիկին։

— Բայց պիտի յիշե՞մ թէ ինչպէս էր…

— Այդ երեք գնդապետները…

— Ճանաչո՞ւմ ես նրանց։

— Այո, ճանաչում եմ։

— Ինչպէս կուզենայի ես էլ ծանօթ լինել․ որքան սիրում եմ բոլոր գնդապետներին։ Ինչ ես կարծում, թոյլ կտայի՞ն համբուրել նրանց։

— Մէկը անպատճառ, ինձ համբուրիր նրա փոխարէն։

— Լաւ, ահա երկու համբոյր եւս միւս երկուսի համար․ ես կասէի նրանց թէ իմ հայրս էլ գնդապետ է․ նա էլ քաջ է․ նա էլ նոյնը կանէր ինչ որ դուք․ ուրեմն ձեր արածի մէջ ոչինչ վատ բան չի կարող լինել․ ուրիշները ինչ ուզում են թող ասեն․ ամենեւին չպէտք է ձեր արածից ամաչէք․ եւ այն ժամանակ նրանք թոյլ կʼտային ինձ համբուրել, չէ՞, հայրիկ։

— Սիրով։

— Մի լար, մայրիկ, իսկոյն կʼհասնի այն տեղին, ուր ամենքը դարձեալ երջանիկ կը լինին։

— Դատաւորներից ոմանք շատ տխուր էին — նոյնիսկ ամենաքեան․ խօսքս զինուորական դատի մասին է։ Նրանք գնացին զօրապետի մօտ եւ յայտնեցին թէ իրանք իրանց պարտքը կատարեցին (նրանց պարտքն էր դատապարտել)․ իսկ այժմ խնդրում են գնդակահարեն միայն մէկին եւ ազատ թողնեն միւս երկուսին։ Այդ էլ ասում էին միայն նրա համար, որ օրինակ տան զօրքին, թէ որ աստիճան պէտք է պարտաճանաչ լինել։ Բայց զօրապետը շատ խիստ էր եւ մերժեց նրանց խնդիրը ասելով թէ ինչպէս դատաւորները կատարեցին իրանց պարտքը, այնպէս էլ ինքը, զօրապետը, պարտաւոր է ի՛ր պարտքը կատարել։ Այստեղ դատաւորները առարկեցին թէ երբէք չեն խնդրի այնպիսի բան, ինչ որ իրանք չեն կատարի, եթէ իրաւունք ունենան։ Այս խօսքերը ազդեցին զօրապետի վրայ, նա խորասուզուեց մտքերի մէջ եւ դէմքի արտայայտութիւնը մեղմացաւ։ Այնուհետեւ դատաւորներին հրամայեց մի փոքր սպասել, իսկ ինքը առանձնացաւ իւր սենեակը եւ սկսեց աղօթել, որպէսզի Աստուած օգնի իրեն լուծելու այդ ծանր հարցը։ Երբ վերադարձաւ՝ ասաց․

— Վիճակ ձգեցէք․ մէկը թող մեռնի, երկուսը ապրեն։

— Հանեցի՞ն վիճակը, հայրիկ, եւ ո՞րը պէտք է մեռնի։ Խեղճ գնժապետ։

— Ոչ, նրանք հրաժարուեցան այդ բանից։

— Չեն ուզո՞ւմ։

— Չէ։

— Ինչո՞ւ։

— Ասում են, թէ ում վիճակ ընկնի, ինքը վերջ կը տայ իր կեանքին․ իսկ այդ ոչ այլ ինչ է, եթէ ոչ անձնասպանութիւն։ Երեքն էլ երիտասարդներ են․ աւետարանում արգելուած է անձնասպանութիւն գործելը։ Ահա այս պատասխանը ուղարկեցին դատապարտեալները զօրապետին եւ աւելացրին, թէ իրանք պատրաստ են, թող կատարուի դատաւորների վճիռը։

— Ի՜նչ է նշանակում այդ, հայրիկ։

— Որ նրանց… որ նրանց երեքին էլ կը գնդակահարեն․ այս ի՞նչ է, քամի՞ է, չէ՞, թըրըխկ, թըըխկ։

— Զօրապետի անունով հրամայում ենք բաց արէք։

— Հայրիկ, զինուորներ են, նայիր․ շատ եմ սիրում զինուորներին․ ես բաց անեմ դուռը, կարելի՞ է։ Թոյլ տուր, հայրիկ, թոյլ տուր։

Աբբին ցած թռաւ հօր ծնկներից, դուռը բաց արեց եւ ուրախ ուրախ աղաղակեց։

— Եկէք, եկէք, Աբբին թողնում է․ հայրիկ, տես գնդաձիգ զինուորներ են․ ես լաւ եմ ճանաչում գնդաձիգ զինուորներին։

Մի խումբ զինուորներ հրացանները ուսին ներս մտան եւ կարգով շարուեցին։ Նրանց առաջնորդող սպան տուեց պաշտօնական բարեւը։ Գնդապետը վեր կացաւ եւ բարեւեց․ նրա կինը, թէպէտ գունատ եւ տանջուած, կանգնեց ամուսնու կողքին, սակայն նրա աչքերում վերին աստիճանի յուսահատութիւն էր կարդացւում։

Գնդապետը լուռ եւ ջերմագին գրկեց կնոջը եւ Աբբիին․ հետեւեց հրաման «դէպի Տօուէր, մարշ»։ Գնդապետը հաստատ քայլերով եւ զինուորականին յատուկ շարժուածքով քայլեց իր տան շէմքից․ նրան հետեւեցին սպան եւ զինուորները։ Դուռը փակուեց ետեւից։

— Մայրիկ, ինչ լաւ էր այս ամենը, չէ՞։ Իսկ հեքիաթի համար ես քեզ ասում էի, որ ամեն բան լաւ կը վերջանայ։ Այժմ հայրիկը կերթայ Տօուէր եւ կը տեսնի այն գնդապետներին։ Նա…

— Այստեղ արի, ինձ մօտ, իմ խղճուկ, անբաղդ, անմեղ մանկիկս։

Հետեւեալ օրը, մայրը չկարողացաւ տանել իրան հասած դժբախտութիւնը, չկարողացաւ վեր կենալ անկողնից։ Բժիշկները եւ գթութեան քոյրերը նստած էին նրա մահճակալի մօտ եւ ժամանակ առժամանակ մտազբաղ շշնչում էին միմեանց հետ։ Աբբիին չէին թողնում հիւանդի մօտ եւ ուղարկեցին փողոցը խաղալու։ Փաթաթուած ձմեռուայ տաք զգեստի մէջ նա դուրս գնաց եւ խաղաց մի առ ժամանակ։ Յանկարծ մտքովն անցաւ որ մայրը հիւանդ է, իսկ հայրը դեռ չէ վերադարձել Տօուէրից։ Պէտք է գնալ, մտածեց նա, եւ տեսնել թէ ինչո՞ւ է հայրը այդքան ուշանում։

Մի ժամ անց Կրօմվելի մօտ հաւաքուեց զինւորական դատը։ Մռայլ եւ անմերձենալի կանգնած էր զօրապետը սեղանի մօտ։ Նա ձեռքով նշան արեց, որ դատը սկսուի։

— Մենք թախանձանքով խնդրում ենք ձեզ մի անգամ եւս քննել այդ գործը․ աղաչում ենք, բայց դուք մնում էք հաստատ Ձեր խօսքին։ Դուք պահանջում էք որ վիճակ հանեն․ բայց նրանք երեքն էլ պատրաստ են մեռնելու եւ իրանց կրօնի պահանջներից չեն անցնիլ։

Զօրապետը մռայլ եւ լուռ նայում էր սեղանին։ Երկար կանգնած էր նա այդպէս մտախոհ ու վերջապէս ասաց․

— Ամենքը չպէտքէ մեռնեն․ կը մեռնի նա՝ ում կընկնի վիճակը։

Ներկայ եղողները այդ վճիռը լսեցին գոհունակութեամբ։

— Բերէք այստեղ, այս սենեակը կանգնացրէք շարքով, երեսները դէպի պատը, ձեռքերը մէջքներին խաչած։ Երբ պատրաստ լինի, յայտնեցէք ինձ։

Երբ Կրօմվէյլը մենակ մնաց, նստեց բազկաթոռին եւ ասաց իր թիկնապահին․

— Բերէք այստեղ փողոցից առաջին պատահած երեխային։

Սպան դուրս գնաց եւ իսկոյն վերադարձաւ, բերելով Աբբիին․ նրա վերարկուն ամբողջովին ծածկուած էր ձիւնով։ Առանց քաշուելու երեխան մօտեցաւ տէրութեան գլխաւորին, որի անունը սարսափ էր ազդում նոյն իսկ թագաւորներին, բարձրացաւ նրա ծնկան վրայ եւ ասաց․

— Ես քեզ ճանաչում եմ․ դու գլխաւոր հրամանատար զօրապետն ես։ Ես քեզ տեսել եմ, երբ մի անգամ անցնում էիր մեր տան մօտով։ Ամենքը վախենում էին քեզանից, իսկ ես ոչ, որովհետեւ ինձ այնքան բարկացած չէիր նայում։ Մի՞տդ է, կարմիր զգեստ ունէի հագած… չե՞ս յիշում։

Զօրապետի դաժան դէմքի վրայ մի ժպիտ երեւաց․ նա խուսափում էր ճիշտ պատասխանից։

— Սպասիր փոքր ինչ մտածեմ․ այդ էր…

— Կանգնած էի տան առաջ, մեր տան առաջ․ գիտե՜ս։

— Հմ, սիրելի, հրաշալի փոքրիկս․ թէեւ դատապարտելի է, բայց խոստովանում եմ որ չեմ յիշում, ճշմարիտ…

Երեխան յանդիմանութեամբ կտրեց նրա խօսքը։

— Տեսնո՞ւմ ես ինչպիսին ես, մոռացար, իսկ ես յիշում եմ։

— Ճշմարիտ, ամաչում եմ․ բայց սրանից յետոյ, հաւատա ինձ, երբէք չեմ մոռանայ քեզ․ ազնիւ խօսք եմ տալիս։ Իսկ դու ներիր ինձ եւ այսուհետեւ լաւ բարեկամներ լինենք, համաձա՞յն ես։

— Իհարկէ․ թէպէտ ես դարձեալ չեմ հասկանում թէ ինչպէս կարողացար ինձ մոռանալ։ Երեւի շատ մոռացկոտն ես։ Երբեմն ինձ հետ էլ է պատահում։ Այնուամենայնիւ ներում եմ քեզ․ դու լաւն ես, ինչպէս… Աւելի յարմար նստեցրու ընկներիդ վրայ, ինչպէս հայրիկս է անում… մրսում եմ…

— Մօտեցի՛ր ինձ, փոքրիկս․ այժմ մենք բարեկամներ ենք, չէ՞․ դու յիշեցնում ես ինձ իմ փոքրիկ աղջկաս․ այժմ նա եծ է․ բայց մի ժամանակ նա էլ քեզ պէս փոքրիկ եւ հրապուրիչ երեխայ էր։ Քո սիրուն վստահութիւնով կարող ես ամենքին ստրուկդ դարձնել, լինի նա բարեկամ, թէ թշնամի։ Երբեմն աղջիկս էլ սեղմւում էր ինձ, ցրուելով հոգսերս եւ խաղաղութիւն սփռելով հոգուս մէջ։ Այժմ դու էլ նոյնն ես անում։ Բաւական միջոց է անցել եւ ժամանակը ամպերով ծածկել է այդ երջանիկ անցեալը։ Այժմ դու վերադարձրիր ինձ այդ երջանկութիւնը։ Աստուած օրհնէ քեզ, սիրելիս։ Գոնէ ժամանակաւորապէս ստիպեցիր ինձ յոգնածիս եւ չարչարուածիս՝ մոռանալու Անգլիայի համար կրած տանջնաքների ծանրութիւնը։ Քեզանով վերջապէս հանգստանում եմ։

— Իսկ նրան շա՞տ, շա՞տ ես սիրում։

— Թող ապացոյց լինի այն՝ որ նրա հրամանը կատարել եմ ամենայն ճշտութեամբ։ Նա հրամայում էր — ես հնադանդւում էի։

— Ի՜նչ լաւ ես։ Ուզո՞ւմ ես ինձ համբուրել։

— Սիրով․ ես նոյնիսկ հպարտանում եմ քո թոյլտւութեամբ։ Ահա՛, այս քեզ համար, այս էլ նրա համար։ Այժմ դու փոխարինում ես նրան եւ կարող ես հրամայել․ իսկ ես կը կատարեմ հրամաններդ, ինչպէս անում էի նրա համար։

Աբբին ծափ տուեց հրճուանքից․ բայց յանկարծ կանգա առաւ եւ սկսեց ականջ դնել․ հարեւան սենեակից լսւում էին զինուորների համաչափ քայլերի ձայները։

— Զինուորներ, ահ զինուորներ․ Աբբին կուզենար տեսնել նրանց։

— Կըտեսնես, փոքրիկ․ միայն մի քիչ սպասիր, բան ունիմ քեզ յանձնարարելու։

Մտաւ սպան, բարեւեց եւ յայտնեց, որ դատապարտուածները պատրաստ կանգնած են իրանց տեղերը։ Զօրապետը տուեց Աբբիին երեք հատ զմուռէ գնդիկներ, երկուսը սպիտակ, մինը կարմիր․ վերջինը մահուան էր դատապարտում նրան, ում որ վիճակ ընկնէր։

— Ա՜խ, ինչ գեղեցիկ է այս կարմիր գնդակը, ի՞նձ համար է։

Չէ, սիրելիս, ուրիշների համար է․ այս վարագոյրի ետեւի դուռը բաց է, գնա այն սենեակը․ այնտեղ կը տեսնես երեք մարդ, նրանք կանգնած են կարգով, երեսները պատի կողմը, ձեռքերը մէջքին, ահա այսպէս…

Նրանց մի ձեռքը բաց է, կարծես ողորմութիւն են խնդրում․ ամեն մէկ ձեռքում դիր այս գնդակներից մէկը, իսկ յետոյ շուտով արի ինձ մօտ։

Աբբին անհետացաւ վարագոյրի ետեւը․ զօրապետը մնաց մենակ, խորը շունչ քաշեց եւ մտածեց․— Այս միտքը երեւի Աստուած ուղարկեց ինձ․ ես շուարած էի, չը գիտէի ինչ անել․ Նա միշտ օգնում է իրանից օգնութիւն խնդրողներին, գիտէ թէ ումն է ընկնելու վիճակը եւ կը կատարէ այդ անմեղ, գեղեցիկ մանկան ձեռքով։ Թող լինի Նրա կամքը․ մենք մահկանացուներս կարող ենք սխալուել, իսկ Նա՝ ոչ․ իմաստուն են Նրա գործերը, անթափանցելի Նրա իմաստութիւնը․ օրհնուած է Նրա անունը։

Մտնելով հարեւան սենեակը, Աբբին հետաքրքրութեամբ դիտեց զինուորներին եւ երեք դատապարտեալներին։

Յանկարծ նրա դէմքը փայլեց, նա մտածեց․— սրանցից մէկը հայրիկս է, ոհ ետեւիցն էլ լաւ եմ ճանաչում․ նրան կը տամ ամենից գեղեցիկը։ Ուրախ ուրախ մօտեցաւ նրանց եւ գնդակները դարսեց բաց ձեռների մէջ․ յետոյ մօտեցաւ հօրը եւ երջանիկ ժպիտով ասաց․

— Հայրիկ, հայրիկ, տես ի՛նչ ունես․ ես տուեցի քեզ։

Գնդապետը նայեց ձեռքին․ նրա ծնկները թուլացան եւ դէմքը սարսափելի կերպով գունատուեց․ բայց մեծ ոյժ գործ դնելով, ուշքը ժողովեց եւ ամուր գրկեց ու սեղմեց կրծքին նրան, ով մահուան դատապարտեց իրան։ Անսահման սէրը եւ խորին վիշտը ալեկոծում էին նրա սէրը։

Զինուորները, սպաները եւ ներուած գնդապետները մնացել էին սառած իրանց աչքի առաջ կատարուած անցքի ազդեցութիւնից։ Վիշտը այնպէս ցնցեց նրանց, որ բոլորի աչքերը արտասուքով լցուեցան։ Գերեզմանական լռութիւն տիրեց մի քանի րոպէ․ վերջապէս հերթապահ սպան անպատմելի ջանքով ստիպելով իրան կատարել իր պարտականութիւնը, մօտեցաւ դատապարտեալին, ձեռքը դրեց նրա ուսին եւ կամաց ասաց․

— Ինչքան էլ ծանր է ինձ համար, պարոն, բայց պարտքը ստիպում է…

— Ի՞նչ է ստիպում․ հարցրեց Աբբին։

— Պէտք է տանեմ նրան…

— Տանե՞ս… ո՞րտեղ…

— Ը… ը… Աստուած, օգնիր ինձ։ Բերդի միւս մասը։

— Բայց այժմ չի կարելի․ մայրիկս հիւանդ է եւ ես եկայ սրան տուն տանեմ։

Նա իր փոքրիկ ձեռքերով ամուր փաթաթուեց հօր վզին։

— Հայրիկ, գնա՛նք շունտով։

— Սիրելի աղջիկս, չեմ կարող, պէտք է գնամ սպայի հետ։

Աբբին ցած թռաւ հօր գրկից եւ զարմացած իր շուրջը նայեց․ յետոյ վազելով մօտեցաւ սպային, ոտները գետնին խփեց եւ բարկացած բացականչեց․

— Ես ասացի կարծեմ, որ մայրս հիւանդ է․ լսեցի՞ր․ հայրիկս պէտք է գնայ նրա մօտ․ թող նրան․ պէտք է թողնես։

— Խե՛ղճ աղջիկ․ փառք կը տայի Աստծուն, եթէ միայն կարողանայի կատարել կամքդ, բայց չեմ կարող․ պէտք է գայ ինձ հետ։

Կայծակի արագութեամբ փոքրիկ Աբբին դուրս վազեց սենեակից եւ իսկոյն վերադարձաւ իր հետ քաշ տալով զօրապետին։

Զօրապետի երեւալուն պէս ամենքը կանգնեցին եւ սպաները բարեւեցին։

— Հրամայիր սրանց․ մայրիկս հիւանդ է, հայրիկս պէ՛տք է նրան։ Ես սրանց էլ ասացի այդ, բայց չեն ուզում լսել, հայրիկիս տանում են։

Զօրապետը մնաց սառած կայծակնահարի նման։

— Հօ՞րդ, սիրունիկս․ հայրիկդ է սա՞։

— Իհարկէ․ դա միշտ էլ իմ հայրս է եղել․ դրա համար էլ դրան տուեցի գեղեցիկ կարմիր գնդակը։ Աշխարհիս երեսին ամենից շատ դրան եմ սիրում։

Զօրապետը դառը վշտացած էր եւ հառաչելով ասաց․

— Ների՛ր ինձ, Տէր․ երեւի սատանան էր առաջնորդում ինձ, երբ աշխարհիս երեսին ամենասարսափելի բանն էի կատարում․ այժմ ի՛նչ եմ կարող եւ ինչ պիտի անեմ։

Աբբին անհամբերութեամբ եւ զայրացած ձայնեց․

— Պէտք է հրամայես, որ ազատ թողնեն հայրիկիս․ դու կարող ես անել այդ․ եւ յանկարծ լաց եղաւ։ Ինչո՞ւ չես հրամայում․ չէ՞ որ խոստացար կատարել բոլոր ցանկութիւններս․ իսկ ահա՝ առաջին խնդիրս եւ չես կատարում խոստումդ։

Ծեր զինուորականի դաժան կերպարանքը մեղմացաւ․ նա ձեռքը դրեց փոքրիկ բռնակալի գլխին ու ասաց․

— Շնորհակալ եղիր Աստծուց․ այդ չը նախատեսուած խոստումը պատահական փրկիչ է ներկայանում այժմ։ Օրհնուած եղիր որ Նրա կամքով յիշեցրիր ինձ խոստումս։ Աստուած էր ղեկավարում քեզ, փոքրիկս։ Պահապաններ, կատարեցէք սրա հրամանը։

— Գնդապետ Մայֆարը ներուած է․ նա ազատ է։