Վերջին թարմացում 11 Հոկտեմբերի 2016, 12:17

Սպիտակ փղի հափշտակումը

Սպիտակ փղի հափշտակումը

հեղինակ՝ Մարկ Տվեն
թարգմանիչ՝ Ջավախեցի
աղբյուր՝ «Սպիտակ փղի հափշտակումը»


I

Այս պատմությունն ինձ պատմել է երկաթուղային մի պատահական ծանոթ։ Այդ մարդու պատկառելի հասակը (նա յոթանասունից անց էր), նրա մեղմ ու ազնիվ դեմքը, նրա պատմելու լուրջ ու անկեղծ տոնը, ― այդ ամենն ինձ համար երաշխիք էին, որ իմ լսած յուրաքանչյուր բառը զուտ ճշմարտություն է։

Սպիտակ արքայական փղերը Սիամում առանձին հարգանք ու սեր էին վայելում։ Այդ ամենքը գիտեն։ Նրանք նվիրաբերված են թագավորին ու ոչ ոք, բացի թագավորից, իրավունք չունի տիրանալու նրանց։ Նրանք թերևս թագավորից էլ բարձր են, որովհետև շրջապատված են ոչ միայն պատիվներով, այլև անկեղծ սիրով։

Հրաշալի է։

Հինգ տարի առաջ Սիամի ու Բրիտանական կառավարության մեջ տեղի ունեցան ինչ֊որ թեթև տարաձայնություններ սահմանի վերաբերմամբ։ Շուտով պարզվեց սակայն, որ մեղավորը Սիամի կառավարությունն է եղել։ Դրա համար էլ նա շտապեց զիջումներ անել։ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը հայտնեց, որ ինքը լիապես բավարարված է ու պատրաստ է մոռացության տալ տեղի ունեցած տարաձայնությունը։ Սիամի թագավորը շատ ուրախացավ։ Այդ շնորհակալության զգացմունքից դրդված, գուցե մասամբ էլ անախորժությունից մնացած հետքերը հարթելու համար, նա մտածեց Բրիտանիայի Վիկտորիա թագուհուն մի թանկարժեք նվեր ուղարկել։ Արևելյան ժողովուրդների պատկերացումով ― դա միակ միջոցն է թշնամուն սիրաշահելու համար։

Նվերն, իհարկե, հասարակ մի բան չպիտի լիներ, այլ մեծաշուք, իսկական արքայական։ Ի՞նչը կարող էր ավելի հարմար լինել թագավորական այդ նվերի համար, քան սպիտակ արքայական փիղը։ Այն ժամանակ Բրիտանական կառավարության գաղութային ծառայության մեջ ես բարձր պաշտոն ունեի ու ինձ արժանի գտան այդ նվերը տանելու թագուհուն։ Մեզ համար, այսինքն՝ ինձ իմ սպասավորների հետ հատկացրին մի հատուկ նավ ու մենք ճանապարհ ընկանք։

Որոշված ժամին մեծ նավը հասավ Նյու֊Յորքի նավահանգիստը։ Արքայական բեռը ես ժամանակավորապես տեղավորեցի մի հրաշալի շենքում, Ջերսի Սիտիյում։ Փղի առողջական դրությունը հետագա ճամբորդության համար պահանջում էր ժամանակավոր հանգիստ։

Երկու շաբաթ ամեն ինչ լավ էր գնում, իսկ հետո՝ սկսվեց։ Սպիտակ փիղն անհայտացավ։ Ինձ արթնացրին կեսգիշերին ու հաղորդեցին դժբախտության մասին։ Սկզբում մի քանի րոպե ես այնպես շփոթվեցի, որ բացարձակապես չգիտեի թե ինչ անեմ։ Բայց երբ խելքս գլուխս եկավ, ես իմացա թե ինչ պետք է անեմ։ Միայն մեկ ելք կար։ Առանց լուսաբացին սպասելու, ես ուղևորվեցի Նյու֊Յորք ու փողոցում պատահած առաջին ոստիկանին խնդրեցի ցույց տալ, թե որտեղ է գտնվում խուզարկու ոստիկանության վարչությունը։ Գործս հաջող էր գնում, ես եկա հենց ժամանակին։ Հռչակավոր տեսուչ Բլենտը, խուզարկու ոստիկանների պետը հենց այդ րոպեին պատրաստվում էր տուն գնալու։ Նա ընդունեց ինձ։

Բլենտը միջահասակ, լայնաթիկունք ու լիքը մի մարդ էր։ Երբ նա մտածում էր որևէ բանի մասին, սովորություն ուներ մի տեսակ ունքերը կիտել ու մատներով տկտկացնել ճակատին։ Նրան նայելիս ամեն մարդ կհասկանար, որ նա հասարակ մահկանացու չէ, այլ մեծ շնորհքներով օժտված մի մարդ։ Դիտելով միստր Բլենտին, ես իսկույն հանգստացա։ Այդ մարդուն կարելի էր վստահել այդպիսի մի գործ։

Ես պատմեցի տեսչին կորուստի պատմությունը։ Նա ամենևին չզարմացավ։ Կարծես գանգատվում էին մի ձեռնասուն շան կորուստի մասին։ Հավանորեն այդ մարդը երկաթի կամք ուներ ինքն իրեն զսպելու։ Նա հանգիստ ցույց տվեց ինձ աթոռն ու ասաց․

― Թույլ տվեք ինձ մի րոպե մտածել։

Հետո նա նստեց գրասեղանի առաջ, գլուխը դրեց ձեռքերի վրա ու խորասուզվեց մտքերի մեջ։ Սկզբի վեց֊յոթ րոպեին սենյակում լսվում էր միայն գրիչների ճռճռոցը, որ ականջիդ էր հասնում հեռու անկյունից, ուր նստած էին գրագիրները։ Տեսուչը մտքերի մեջ ընկղմված քարացել էր կարծես։ Վերջապես նա բարձրացրեց գլուխը։ Բլենտի դեմքի վճռական արտահայտությունը ցույց էր տալիս, որ նրա ուղեղը վերջացրել է իր աշխատանքն ու գործողության ծրագիրը մշակված է արդեն։ Նա սկսեց խոսել և նրա ձայնը հնչում էր հանգիստ ու ազդու։

― Դա հասարակ գործ չէ, ― ասաց նա։ ― Ամեն մի քայլը պետք է բազմակողմանի քննել, մտածել և չձեռնարկել երկրորդը, մինչև առաջինը չտա հարկավոր արդյունքը։ Մեր գործում պետք է գաղտնապահություն, խոր ու բացարձակ գաղտնապահություն։ Ձեր կորուստի մասին չեք պատմի ոչ ոքի, մինչև իսկ լրաբերներին։ Ես ինքս կհոգամ նրանց մասին։ Ես կտամ նրանց միայն այնպիսի տեղեկություններ, որպիսիք հենց ինձ համար հարմար կլինեն։

Տեսուչը զանգահարեց, սենյակը մտավ սուրհանդակ տղան։

― Ալարի՛կ, ասա լրաբերներին, որ չցրվեն, ― կարգադրեց տեսուչը։ Ես նրանց հետ գործ ունեմ։

Ալարիկր գնաց։

― Այժմ, ― ասաց տեսուչը, ― անցնենք գործին։ Եվ լինենք հետևողական։ Մեր գործում պետք է հետևողականություն և ճիշտ մոտեցում։ Միայն այդպիսի պայմաններում մենք ձեզ հետ կկարողանանք որևէ նպատակի հասնել։

Նա վերցրեց գրիչն ու մի քանի թերթ թուղթ։

― Եվ այդպես, փղի անունը։

― Հասան֊Բեն֊Ալի֊Բեն֊Սելիմ֊Աբդուլլահ֊Մուհամմեդ֊Ալհամալ֊Ջամսետջեջիբխոլ֊Ջուլին․ Սուլթան֊Բխուդպուր։

― Այդպե՜ս, մականո՞ւնը։

― Ջումբո։

― Հրաշա՜լի։ Ծննդավա՞յրը։

― Սիամի գլխավոր քաղաքը։

― Ծնողները կենդանի՞ են։

― Ոչ, սատկել են։

― Ունեցե՞լ են նրանք ուրիշ ձագեր, բացի սրանից։

― Ոչ, սա միակ տղան է նրանց։

― Հրաշա՜լի։ Փղի ընտանիքի մասին այս տեղեկությունները բավական են։ Անցնենք հետևյալին։ Նկարագրեցեք ինձ փղի արտաքինը, բայց միայն խնդրում եմ ճշտորեն, առանց բաց թողնելու որևէ մանրամասնություն, եթե նույնիսկ թվա այն ձեզ միանգամայն աննշան բան։ Մեր արհեստի մարդկանց համար ամեն մի մանրուք նշանակություն ունի։

Ես սկսեցի նկարագրել, նա գրում էր։ Երբ ես վերջացրի, նա ասաց․

― Այժմ լսեցեք ինչ որ ես գրեցի։ Երբ որևէ սխալ նկատեք, ուղղեցեք ինձ։

Նա կարդաց։

― Հասակը 19 ոտնաչափ, երկարությունը՝ գագաթից մինչև պոչը 26 ոտնաչափ, կնճիթի երկարությունը՝ 16 ոտնաչափ, պոչի երկարությունը՝ 6 ոտնաչափ, ընդհանուր երկարությունը, ներառյալ և կնճիթն ու պոչը՝ 48 ոտնաչափ, ժանիքների երկարությունը՝ 9,5 ոտնաչափ, ականջների երկարությունը՝ համապատասխան հիշված չափերի, ոտքի հետքը նման է փոքրիկ տակառի հետքին ձյունի վրա, փղի գույնը՝ սպիտակավուն, ամեն մի ականջում օղերի համար անցք՝ ափսեի մեծության, սովորություն ունի ջուր թափել հանդիսատեսների վրա ու խփել կնճիթով ոչ միայն մերձավոր ծանոթների, այլ և միանգամայն կողմնակի մարդկանց գլխին, մի քիչ կաղում է աջ ոտքի վրա, ձախ կռնատակին՝ մի փոքրիկ սպի այրվածքից սևացած։ Կորած րոպեին փղի վրա կար՝ պատգարակ տասնհինգ մարդու նստելու համար ու մեջքին ասեղնագործ ծածկոց՝ սենյակի միջակ գորգի մեծության։

Արձանագրության մեջ սխալներ չկային։ Տեսուչը զանգահարեց, թուղթը տվեց Ալարիկին ու ասաց․

― Իսկույն տպել հիսուն հազար օրինակ և ուղարկել բոլոր խուզարկու բաժանմունքներին ու մայր ցամաքի փոխատու դրամարկղներին։

Ալարիկը գնաց։

― Եվ այսպես, առայժմ ամեն ինչ լավ է գնում։ Այժմ ես կխնդրեի ձեզնից կորածի լուսանկարը։

Ես տվի տեսչին լուսանկարը։ Նա ուշադիր քննեց այն ամեն կողմից։

― Բարի՜, այս էլ բավական է, քանի որ չկա ավելի լավը, ― ասաց նա։ Ափսոս միայն , որ այստեղ փղի կնճիթը օղակաձև կռացած է ու մտած բերանը։ Չէ որ միշտ այդ դրությամբ չի պահում նրա կնճիթը․․․ Չլինի՞ այս մոլորեցնի մեր խուզարկուներին․․․

Տեսուչը նորից սեղմեց զանգի կոճակը։

― Ալարի՛կ, հրամայիր այս նկարից հիսուն հազար պատճեն հանել և առավոտը ուղարկել մեր բոլոր բաժանմունքներին, կցելով նաև փղի նկարագիրը։

Ալարիկը գնաց հրամանը կատարելու։

― Պետք է պարգև հայտարարել գողերը բռնողին։ Ինչքա՞ն կնշանակեք։

― Իսկ դուք ի՞նչ գումար խորհուրդ կտայիք։

― Ես կասեի քսանհինգ հազար դոլլար սկզբից։ Ձեր գործը բարդ է։ Ինքներդ դատեցեք, գողերը հազարավոր եղանակներ գիտեն թաքնվելու ու հետքը կորցնելու։ Նրանք ամեն տեղ բարեկամներ ու գործակիցներ ունեն․․․

― Ինչպե՞ս։ Մի՞թե դուք արդեն գիտեք, թե ովքեր են նրանք, ― զարմացա ես։

Սակայն Բլենտի անշարժ դեմքը, որ սովոր էր թաքցնել իր մտքերն ու զգացմունքները, ինչ ոչինչ չասաց։

― Այդ մասին առայժմ չխոսենք, ― հանգիստ ու դանդաղ պատասխանեց նա։ Գուցե և գիտեմ, գուցե ոչ։ Գողի բնավորության մասին մենք կարծիք ենք կազմում նրա աշխատանքի եղանակից ու այն որսի մեծությունից, որի հետևից ընկնում է նա։ Ձեր դիպվածում մենք գործ ունենք ոչ մանր, գրպանահատ գողի և ոչ էլ սկսնակի հետ։ Այս բանը դուք պետք է լավ յուրացնեք։ Եվ ահա այսպես, նկատի առնելով շրջագայության այն ծախսերը, որ պիտի կատարեն մեր խուզարկուները, նույնպես և գողերի ճարպիկությունն ու փորձառությունը, ես կարծում եմ, որ քսանհինգ հազարը դեռ մի փոքրիկ գումար է։ Այդպիսի գործի համար, սակայն, այնուամենայնիվ դրանով կարելի է սկսել։

Մենք համաձայնեցինք այդ գումարով։ Հետո տեսուչը, որ չէր խորշում ոչ մի մանրամասնությունից, որը կարող է գործի մեջ ղեկավար թել հանդիսանալ, նորից դիմեց ինձ։

― Մենք դեպքեր գիտենք, երբ խուզարկուները գտել են գողերին՝ նկատի առնելով նրանց ախորժակի առանձնահատկությունները։ Ասացեք խնդրեմ, ի՞նչ է ուտում ձեր փիղը և շա՞տ է ուտում արդյոք։

― Ի՞նչ է ուտում նա։ Ամեն բան, ինչ կամենաք։ Նա կարող է ուտել մարդ, աստվածաշունչ, բայց ախորժակով կխփլտի նաև ամեն ինչ, որ նման չի մարդու, ոչ էլ աստվածաշնչի։

― Հրաշալի՜։ Ձեր տեղեկությունները չափազանց արժեքավոր են, սակայն բավականաչափ որոշ չեն։ Մեզ հարկավոր են մանրամասնություններ։ Մանրամասնություննե՛ր։ Ահա թե ինչով է պահպանվում, ղեկավարվում մեր արհեստը։ Եվ այդպես, սկսենք մարդկանցից։ Ասացեք, քանի՞ մարդ կարող է ուտել ձեր փիղը մի նստելում, ― թարմ դրությամբ, իհարկե։

― Թարմ, թե աղը դրած, ― դա միևնույն է նրա համար, խտրություն չի դնում նա։ Մի նախաճաշին նա կուտի․․․ ասենք հինգ մարդ սովորական մեծության։

― Հրաշա՜լի։ Հինգ մարդ, այդպես էլ գրենք։ Իսկ ի՞նչ ազգություններ է նա գերադասում։

― Ազգության վրա նա ուշադրություն չի դարձնում։ Ավելի շատ նա ուտում է ծանոթներին, բայց չի հրաժարվում նաև միանգամայն կողմնակի մարդկանցից։

― Լա՛վ։ Այժմ անցնենք աստվածաշունչներին։ Քանի՞ հատոր կարող է ուտել մի նստելում։

― Թեկուզ մի ամբողջ հրատարակություն։

― Դա շատ անորոշ է։ Դուք նկատի ունեք սովորական հրատարակություն, թե՞ պատկերազարդ֊շքեղ։

― Պատկերազարդության վերաբերմամբ նա միանգամայն անտարբեր է։ Նրա համար միևնույն է, թե ինչ կծամի՝ պատկեր թե տպագրված տառեր։

― Ոչ, դուք ինձ լավ չհասկացաք։ Ես հետաքրքրվում եմ քաշով։ Սովորական աստվածաշունչը քաշում է երկու ֆունտ ու կես, իսկ պատկերազարդվածը, հաստ թղթի վրա ― ոչ պակաս տաս֊տասներկու ֆունտից։ Ի՞նչքան այդպիսի աստվածաշունչեր կարող էր նա կուլ տալ միանգամից։

― Ախ, ես տեսնում եմ դուք չեք ճանաչում այդ փղին։ Նա կուտի որքան կամենա և ինչպիսի աստվածաշունչ էլ լինի, միայն թե տվեք։

― Եկեք վերածենք դա դոլլարների ու ցենտերի։ Կաշվի կազմով պատկերազարդ աստվածաշունչը ոսկի եզրերով արժի հարյուր դոլար։

― Եվ ահա նրան հարկավոր կլինի այդպիսի հինգ հարյուր հատ ― ուրիշ խոսքով՝ հիսուն հազար դոլլարի։

― Այ, այդ արդեն ավելի ճշգրիտ է։ Ես այդպես էլ կնշեմ ինձ մոտ ― հիսուն հազար դոլարի։ Լա՛վ։ Նշանակում է նա ուտում է մարդիկ ու աստվածաշունչեր։ Այդ ես պարզեցի։ Էլ ի՞նչ է ուտում նա։ Ինձ հարկավոր են մանրամասնություններ։

― Հաճույքով ուտելով աստվածաշունչ, նա կարող է անցնել աղյուսների, աղյուսներն ուտելով ― շշերի, շշերն ուտելով ― մահուդե զգեստների, հետո կատուների, կատուներն ուտելով ― ոստիկանների, ոստիկաններից ― ապխտած մսի, հետո՝ շաքարի, շաքարից ― կարկանդակի, կարկանդակից ― կարտոֆիլի, կարտոֆիլից ―թեփի, թեփից ― խոտի, խոտից ― հաճարի, հաճարից ― բրնձի։ Բրինձ նա ամենից շատ է սիրում, բրնձով էլ մեծացել է։ Նա աշխարհում ինչ որ կա կուտի, բացի եվրոպական յուղից։ Նա այդ էլ կուտեր, եթե յուղի համից չզզվեր։

― Հրաշալի՜։ Ինչքա՞ն կերակուր է ուտում նա միանգամից ― մոտավոր թվերով։

― Մի քառորդից մինչև կես տոնն։

― Իսկ ի՞նչ է խմում նա։

― Ամեն ինչ։ Ինչ որ կա հեղուկ վիճակում բնության մեջ։ Կաթ, ջուր, վիսկի, կաստորկա, սկիպիդար, կարբոլյան թթվուտ․․․ թվելն էլ չարժի, գրեցեք ուղղակի ամեն տեսակ հեղուկ, ինչ որ մտքներովդ անցնի։ Նա խմում է ամեն ինչ, բացի եվրոպական սուրճից։

― Լա՛վ։ Ինչքա՞ն է խմում նա օրական։

― Հինգից մինչև տասնհինգ տակառ, նայած ծարավությանը։

― Այդպես։ Ձեր տված բոլոր տեղեկությունները շատ արժեքավոր են։ Նրանք անշուշտ կօգնեն մեզ գտնելու հափշտակիչներին։

Նա զանգահարեց։

― Ալարի՛կ, կանչիր կապիտան Բերնսին։

Բերնսը եկավ։ Տեսուչ Բլենտը բացատրեց նրան ամբողջ գործը բոլոր մանրագույն մանրամասնություններով։ Հետո հրամայելու սովոր մարդու վճռական տոնով, մարդու, որ գիտե, թե ինչ բան է ձեռնարկում, ― նա ասաց։

― Կապիտան Բերնս, խուզարկու Ջոնսին, Դեվիսին, Հելսին, Բեյտսուին և Խակետին հանձնարարեք փղի հետապնդումը։

― Լսում եմ, տե՛ր։

― Խուզարկու Մոզեսին, Դեկինին, Մերֆին, Ռոջերսին, Տեպպերին, Խեգինսին և Բարթոլոմին ― գողերի հետապնդումը։

― Լսում եմ, տե՛ր։

― Հափշտակման վայրում զինված պահակներ նշանակեք երեսուն հոգուց, հերթափոխությամբ։ Կարգադրեցե՛ք, որ առանց իմ գրավոր թույլտվության ոչ ոքի չթողնեն այնտեղ․․․ բացի լրաբերներից։

― Լսում եմ, տե՛ր։

― Հասարակ քաղաքացու շորերով խուզարկուներ ուղարկեցեք բոլոր երկաթուղային կայարանները, շոգենավային նավահանգիստները, լաստերի լաստակայանները։ Ջերսի Սիտիից դուրս եկող բոլոր ճանապարհները։ Հրմայեցեք նրանց խուզարկել բոլոր կասկածելի մարդկանց։

― Լսում եմ, տե՛ր։

― Նրանցից յուրաքանչյուրին տվեք փղի լուսանկարն ու նրա մանրամասն նկարագիրը։ Կարգադրեցեք, որ նրանք խուզարկեն դուրս եկող բոլոր երկաթուղային գնացքները, բոլոր շոգենավերն ու բոլոր լաստանավերը։

― Լսում եմ, տե՛ր։

― Եթե բռնեն փղին, թող անմիջապես կալանավորեն ու հաղորդեն ինձ հեռախոսով։

― Լսում եմ, տե՛ր։

― Հենց որ գտնեն որևէ հետք՝ փղի ոտքերի տեղը կամ դրա նման մի բան, ― թող այդ մասին ինձ անմիջապես իմաց տան։

― Լսում եմ, տե՛ր։

― Թող նավահանգստի բոլոր անցքերում ոստիկանությունը հատուկ պահակներ դնի։

― Լսում եմ, տեր։

― Ծպտյալ խուզարկուներ ուղարկեցեք երկաթուղու ուղղությամբ ― դեպի հյուսիս մինչև Կանադայի սահմանները, դեպի արևմուտք ― մինչև Օխայո, դեպի հարավ ― մինչև Վաշինգտոն։

― Լսում եմ, տե՛ր։

― Փորձված խուզարկուներ ուղարկեցեք հեռագրական բոլոր բաժանմունքները։ Հրամայեցեք նրանց հետևել տրվող հեռագրերին։ Թող պահանջեն, որ թարգմանեն իրենց համար բոլոր ծածկագիր հեռագրերը։

― Լսում եմ, տե՛ր։

― Եվ միք մոռանա, որ այս ամենը պետք է անել գաղտնի, ամենախոր ու անթափանց գաղտնապահությամբ։

― Լսում եմ, տե՛ր։

― Ստացվող բոլոր տեղեկությունների մասին հաղորդեցեք ինձ սովորական ժամերին։

― Լսում եմ, տե՛ր։

― Այժմ կարող եք գնալ։

― Լսում եմ, տե՛ր։

Կապիտան Բերնսը գնաց։ Տեսուչ Բլենտը մի րոպե մնաց լուռ, խոր մտքերի մեջ ընկղմված։ Նրա աչքերի կրակը մարեց։ Վերջապես նա դարձավ դեպի ինձ ու ասաց․

― Ես չեմ պարծենա, ― այդ իմ բնավորության մեջ չկա, բայց իմացեք, մենք կգտնենք փիղը։

Ես ամուր սեղմեցի տեսչի ձեռքն ու շնորհակալություն հայտնեցի։ Եվ իսկապես, երախտագիտական զգացմունք էի տածում ես դեպի նա։ Որքան մոտիկ էի ծանոթանում ես նրան, այնքան ավելի էր նա դուր գալիս ինձ ու այնքան ավելի էին ինձ ապշեցնում նրա զարմանալի արհեստի գաղտնիքներն ու հրաշքները։

Այնուհետև մենք բաժանվեցինք ու ես տուն դարձա ավելի հանգիստ սրտով, քան մինչև տեսչին այցելելը։


II

Հետևյալ օրից գործիս մասին ես կարդացի առավոտյան բոլոր թերթերում։

Հափշտակությունը նկարագրված էր իր բոլոր մանրամասնություններով։ Բացի այդ, լրագիրները բերում էին հենց իրենց՝ խուզարկուների ենթադրությունները փղի անհետացման մասին։ Կազմվել էին արդեն մի քանի տեսություններ այն առթիվ, թե ովքեր են հափշտակիչները, ի՞նչ ձևով է կատարված հափշտակումը, ուր են թաքնված գողերն իրենց ավարի հետ միասին։ Այդպիսի տեսություններ կային ընդամենը տասնմեկ հատ և նրանց մեջ նախատեսված էին բոլոր հնարավորությունները։ Հենց միայն այդ էլ ցույց է տալիս, թե ինչպիսի ինքնատիպ ու անկախ մտածողներ են մեր խուզարկուները։ Տեսություններից ոչ մեկը նման չէր մյուսին և միայն մի բանում բոլորը բացարձակապես համաձայն էին իրար հետ։ Նրանք բոլորը պնդում էին, որ թեև հետին պատն այն շենքի, ուր գտնվում էր փիղը, քանդված է, սակայն փիղը տարել են ոչ թե այդտեղից, այլ որևէ այլ, դեռ չհայտնաբերված անցքից։ Բոլորը համաձայն էին այն բանում, որ պատի քանդվածքը կատարված է դիտմամբ, խուզարկուներին մոլորության մեջ գցելու համար։ Խուզարկության գործին անիրազեկ մարդու մտքովն անգամ, իհարկե, չէր անցնի այդպիսի բան․ բայց խուզարկուներին հեշտ չէ մոլորեցնելը։ Եվ այդպես, ես որպես անիրազեկ խուզարկության գործին, սխալվում էի հատկապես այն բանում, որը համարում էի ամենից պարզ հասկանալի։ Բոլոր տասնմեկ հեղինակներն էլ իրենց տեսությունների մեջ բերում էին ենթադրվող գողերի անունները, և մի տեսության մեջ հիշատակված անուններն ամենևին չէին համապատասխանում մյուս տեսության անուններին։ Կասկածի տակ էին առնում ընդամենը երեսունյոթ հոգի։ Տեսուչ Բլենտի կարծիքը, որպես ամենահեղինակավորը, բոլոր թերթերը բերում էին վերջում, որպես եզրափակումն։ Ահա մի քանի հատվածներ նրանցից․

«Տեսուչը քաջ գիտե հանցագործներից երկուսի անունը։ Դրանք են՝ Դեֆֆին, «Աղյուս» մականունով և Մակ֊Ֆեդդեն «Շեկոն»։ Փիղն անհետանալուց դեռ տասն օր առաջ տեսուչն արդեն գիտեր պատրաստվող հանցափորձի մասին ու հանգիստ միջոցներ էր ձեռք առնում հանցավորներին հետապնդելու համար։ Բայց դժբախտաբար հենց հափշտակման գիշերը հետքերը կորցնում են ու մինչև նորից գտնելը ― թռչնիկը (այսինքն փիղը) թռչում է»։

«Դեֆֆին ու Մակ֊Ֆեդդենը գողերից ամենահանդուգն են։ Տեսուչը ենթադրում է, որ հենց նրանք էին, որ անցյալ տարի ձմեռը մի սառնամանիքային գիշեր խուզարկու բաժանմունքից գողացան վառարանը։ Դեռ այն ժամանակ ինքը՝ տեսուչն ու խուզարկուները սառեցրին իրենց ականջներն ու ոտքերի մատները ու դեռ լույսը չբացված վազեցին հիվանդանոց»․․․

Սկզբի մի քանի տողերը հազիվ էի կարդացել, բայց արդեն ապշել էի այդ արտասովոր մարդու մտքի խորաթափանցությամբ։ Ոչ միայն ներկան էր տեսնում նա ամբողջապես, այլև կարողանում էր նախատեսել ապագան։

Ես շտապեցի Բլենտի մոտ խուզարկու բաժանմունք, և հարցրի, թե էլ ինչո՞ւ չի հրամայել ժամանակին ձերբակալել այդ մարդկանց ու կանխել կորուստն ու նրա հետ կապված ցավերն ու հոգսերը։ Սակայն նրա պատասխանը պարզ էր ու թույլ չէր տալիս ոչ մի առարկություն։

― Մեր գործը հանցագործությունները կանխելը չէ, այլ հանցագործությունների համար պատժելը։ Իսկ քանի որ հանցանքը չի կատարված, մենք չենք կարող պատժել։

Ես սիրտ արի նկատել տեսչին, որ այն գաղտնապահությունը, որով պայմանավորվեցինք մենք թաքցնել մեր գործողությունները, բացված է թերթերի կողմից, որ ոչ միայն մեր արած քայլերը, այլև ապագայի համար մեր կազմած բոլոր ծրագրերն ու ենթադրությունները մերկացված են լայն հասարակության առաջ, որ բոլոր կասկածելի անձնավորությունների անունները հրապարակված են ու նրանք այժմ կարող են ժամանակին թաքնվել կամ փոխել իրենց արտաքին տեսքը։

― Թո՛ղ, ― ասաց տեսուչը։ Երբ ես զգամ, որ հասել է ժամանակը, իմ ձեռքի տակ կան բավարար միջոցներ, որ կարողանամ բռիս մեջ առնել նրանց, ուր էլ թաքնված լինեն։ Իսկ Լրագրնե՞րը։ ― Մենք պետք է հաշվի առնենք նրանց։ Փառքը, հռչակը, մշտապես թերթերում հիշվելը ― դա մեր հացն է․․․ Մենք պետք է շարունակ ցույց տանք հասարակությանը, որ մենք որևէ բան անում ենք, այլապես նա կկարծի, թե մենք ոչինչ չենք անում։ Ավելի լավ է լրագրում տպվի հնարագետ միստր Բլենտի սրամիտ տեսության հաշվետվությունը, քան որևէ չարախինդ ու անարդար ծաղր խուզարկուների հասցեին։

Այո՛, այո՛, ես հասկանում եմ ձեզ։ Սակայն մի երկրորդական կետի վերաբերմամբ, դուք գաղտնապահ մնացիք։ Այդ առթիվ դուք ոչ ոքի հետ մտքերի փոխանակություն չունեցաք։

― Այո՛, մենք միշտ այդպես ենք անում։ Այդ լավ տպավորություն է թողնում։ Ասեմ, որ ես դեռ ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ մտածում այդ կետի մասին։

Ես հանձնեցի տեսչին բավական խոշոր մի գումար առաջիկա ծախսերի համար ու պատրաստվեցի սպասել նորությունների։ Ամեն րոպե կարող էր տեղերից հեռագիր ստացվել։ Պարապ միջոցիս ես մի անգամ էլ կարդացի թերթերը։

Նրանց մեջ ասված էր, որ քսանհինգ հազար պարգևն առաջարկվում է միայն խուզարկուների համար և ոչ բոլոր քաղաքացիների։

― Ես կարծում էի պարգևն առաջարկվում է ամենքին, ով կգտնի փիղը, ― ասացի ես տեսչին։

― Ամենևին, ― առակեց նա։ Միայն խուզարկուն կարող է գտնել փղին։ Եթե նրան գտնի ուրիշը, դա կլինի միայն շնորհիվ այն ցուցումների ու ենթադրությունների, որ նա վերցրած կլինի խուզարկուից։ Նշանակում է վերջին հաշվով դարձյալ խուզարկուին է պատկանում պարգևն ստանալու իրավունքը։ Պարգևը պետք է ոգևորի այն մարդկանց, որոնք իրենց ամբողջ ժամանակն ու ընդունակությունները նվիրում են խուզարկության գործին և ոչ թե ծառայի որպես բարերարություն պատահական մարդկանց։

Այդ ինձ համոզիչ թվաց։ Ես հնազանդվեցի։ Հենց այդ րոպեին սենյակի անկյունում տկտկաց հեռագրական ապարատը և հեռագրիչը տվեց մեզ հետևայլ հեռագիրը․

Ֆլաուեր Ստեյշեն, Նյու֊Յորքի շտատ, 7,30 առ․

«Թելը ճարել եմ։ Գտնված են փղի ոտքի մի շարք խորը հետքեր այստեղի ֆերմայի մոտ։ Այդ հետքերով գնացի դեպի արևելք, բայց ոչինչ չգտա։ Կարծում եմ փիղը գնացած կլինի դեպի արևմուտք։ Շարունակում եմ հետապնդումը։

Խուզարկու՝ Դարլի»։

― Դարլին մեր լավագույն խուզարկուներից է։ Շուտով նա կուղարկի մեզ լավ լուրեր։

Եկավ երկրորդ հեռագիրը․

Բարկերս, Նյու֊Ջերսի, 7,40 առ․

«Հենց նոր հասա։ Գիշերս այստեղ կողոպտել են ապակու գործարանը, տարել են ութ հարյուր շիշ։ Մերձավոր ջրելատեղը գտնվում է հինգ մղոնի վրա, գնում եմ այնտեղ, հաշվի առնելով փղի ծարավը։ Շշերը դատարկ են եղել։

Խուզարկու՝ Բեյկեր»։

― Սա էլ փոքր ապագա չի խոստանում ― ասաց տեսուչը։ ― Հիշում եք, որ ես ասացի, որ փղի ախորժակը կարող է մեզ ծառայել որպես բանալի։

Երրորդ հեռագիրը․

Տեյլորվիլլ, 9,15 առ․

«Գիշերս այստեղ անհետացել է մի դեզ խոտ։ Երևի փիղն է կերել։ Գտել եմ հետքը, գնում եմ առաջ։

Խուզարկու՝ Խաբբորդ»։

― Ձեր այդ փիղը միանգամից հասնում է մի քանի տեղ, ― ասաց տեսուչը։ ― Ես գիտեի, որ հեշտ գործ չեմ ձեռնարկում։ Բայց և այնպես մենք նրան կբռնենք, դուք հանգիստ եղեք։

Ֆլաուեր Ստեյշեն, Նյու֊Յորք, 9 առ․

«Հետքով երեք մղոն գնացի դեպի արևմուտք։ Հետքերը խորն են ու անհավասար։ Պատմեցի ֆերմերին։ Նա ասում է, թե դա փղի ոտքերի հետքեր չեն։ Հավատացնում է, որ այդ փոսերն ինքն է փորել, անցյալ ձմեռ մատղաշ ծառերը փոխադրելիս, ուրիշ տեղ տնկելու։ Սպասում եմ կարգադրության առաջիկայի համար։

Խուզարկու՝ Դարլի»։

― Ահա՜, գողերի գործակից, ― ասաց տեսուչը։ Գործն ընդարձակվում է։

Նա թելադրեց խուզարկուին պատասխան՝

«Ձերբակալեցեք ֆերմերին ու հարկադրեցեք գործակիցների անուններն ասել։ Փղի հետքով գնացեք առաջ, թեկուզ մինչև Մեծ օվկիանոսը, եթե անհրաժեշտ համարվի այդ։

Տեսուչ՝ Բլենտ»։

Ստացվեց դարձյալ մի հեռագիր․

Կոնի֊Պոինտ,8,45 առ․

«Գիշերս կոտրել են գազային գրասենյակը։ Գողացված են երեք ամսվա չվճարած հաշիվները։ Գտել եմ հետքը, գնում եմ առաջ։

Խուզարկու՝ Մերֆի»։

― Աստված իմ, ― ասաց տեսուչը։ Մի՞թե նա ուտում է և գազային հաշիվներ․․․

― Եթե ուտում է, ապա սոսկ անփորձությունից է դա, ― բացատրեցի ես։ Չէ որ դրանք շատ քիչ սննդարար են։

Վերջապես ստացվեց մի հեռագիր հուզող տեղեկություններով։

Այրնովիլլ, Նյու֊Յորք, 9,30 առ․

«Հենց նոր հասա։ Գյուղը հուզված է։ Առավոտվա ժամը հինգին փիղն անցել է այստեղով։

Ոմանք ասում են, թե նա գնացել է դեպի արևմուտք, մյուսներն ասում են արևելք, երրորդները՝ հյուսիս, չորրորդները՝ հարավ։ Բոլորն այնպես շտապել են փախչել, որ չեն կարողացել լավ նայել։ Ճանապարհին փիղը սպանել է մի ձի։ Ես գտա դիակի մի մասն ու պահեցի հետագայի համար։ Հարվածի բնույթից դատելով, նա սպանել է ձիուն կնճիթով ու նշան է առել ձախ կողմից։ Դիակի դիրքից ես եզրակացրի, որ փիղն ուղևորվել է դեպի հյուսիս Բերկլեյի երկաթուղու ուղղությամբ։ Փիղն ինձնից առաջ է անցել չորսից մի քիչ ավելի ժամով, բայց ես հույս ունեմ հասնել նրան։

Խուզարկու՝ Խաուես»։

Ես մինչև իսկ ճչացի ուրախությունից։

Տեսուչը հանգիստ էր ու ինքնագոհ քարե կուռքի պես։ Նա զանգահարեց։

― Ալարի՛կ, այստեղ ուղարկիր կապիտան Բերբսին։

Բերսն եկավ։

― Որքա՞ն մարդ ունեք պատրաստ։

― Իննսունցեց, տե՛ր։

― Ուղարկեցեք նրանց հյուսիս։ Թող խումբ֊խումբ տեղավորվեն Բերկլեյի երկաթգծի ուղղությամբ, Այրնովիլլից հյուսիս։

― Լսում եմ, տե՛ր։

― Կարգադրեցեք, որ նրանք դուրս գան ու գործեն բացարձակապես գաղտնի։ Հենց որ ձեր մնացած մարդիկն ազատ կլինեն, պահեցեք նրանց իմ հետագա կարգադրությունների համար։

― Լսում եմ, տե՛ր։

― Կարող եք գնալ։

― Լսում եմ, տե՛ր։

Դրանից անմիջապես հետո ստացվեց դարձյալ մի հեռագիր։

Սեյջ Կորներս, Նյու֊Յորք։ 10,30 առ․

«Հենց նոր հասա։ Փիղն անցել է այստեղով 8 ժամ 15 րոպեին։ Քաղաքից փախել են բոլորը, բացի հերթապահ ոստիկանից, որ պահվել է իր պահակատեղում։ Ըստ երևույթին փիղը նշան է բռնել ոչ թե ոստիկանին, այլ լապտերի սյունին, բայց կպել է երկուսին էլ։ Դիակի մի մասը ես վերցրի, որպես բանալի հետագայի համար։

Խուզարկու՝ Ստամմ»։

― Նշանակում է, փիղը դարձել է դեպի արևմուտք, ― ասաց տեսուչը։ Բայց նա չի կարող փախչել մեր ձեռքից, մեր գործակալները ցրված են ողջ շրջանում։

Դարձյալ մի հեռագիր․

Գլովեր․11,15 առ․

«Հենց նոր եկա։ Գյուղում գտա միայն ծերերին ու հիվանդներին։ Այստեղից փիղն անցել է երեք քառորդ ժամ առաջ։ Այստեղ տներից մեկում ժուժկալության հակառակորդների ժողով է եղել։ Փիղը կնճիթը ներս է կախել պատուհանից ու մասնակիցների գլխին ջուր թափել։ Ոմանք մեռել են, ոմանք էլ խեղդվել։ Խուզարկու Կրոսն ու Ո՛Շտունեսսին անցել են քաղաքով, բայց դարձել են դեպի հարավ և դրա համար էլ աչքից բաց են թողել փղին։ Ողջ շրջանը երկյուղի մեջ է։ Խաղաղ բնակիչները փախչում են։ Նրանց ամեն ուղղությամբ հետապնդում է փիղն ու կոտորում տասնյակներով։

Խուզարկու՝ Բրանտ»։

Ես այնպես վշտացա, որ քիչ էր մնում լաց լինեի։ Բայց տեսուչը մխիթարեց ինձ։

― Տեսնո՞ւմ եք, մենք ուղիղ ճանապարհի վրա ենք։ Նա զգում է մեր մոտենալը, դրա համար էլ խույս է տալիս դեպի հարավ։

Բայց ամենազարմանալի տեղեկությունները դեռ առաջն էին։ Այդ տեղեկություններն էլ հեռագիրը բերեց մեզ․

Խոգանպորտ, 12, 19

«Հենց նոր հասա։ Փիղն անցել է քաղաքով կես ժամ առաջ։ Ընդհանուր երկյուղ ու հուզում։ Կատաղել է փողոցներում, հարձակվել երկու ջրկիրների վրա։ Մեկն սպանված է, մյուսն ազատվել է փախուստի դիմելով։ Քաղաքում սուգ է։

Խուզարկու՝ Օ․ Ֆլաերտի»։

― Այժմ փիղն չորս կողմից շրջապատված է իմ մարդկանցով, ― ասաց տեսուչը։ Այժմ արդեն ոչ մի բան չի կարող փրկել նրան։

Հեռագրերը թափվում էին մեկը մյուսի ետևից։ Խուզարկուները ցրված մի քանի նահանգների տերրիտորիայում, հետապնդում էին փղին։ Փիղն իր ճանապարհին թողնում էր քարուքանդ գործարաններ, հացի շտեմարաններ, ֆաբրիկաներ, գրադարաններ։ Բռնելու հույսը գնալով աճում էր ու դառնում հաստատ համոզմունք։

― Ափսոս, ― ասաց տեսուչը, ― որ չեմ կարող հաղորդակցություն ունենալ նրանց հետ, թե չէ կհրամայեի գնալ դեպի հյուսիս։ Բայց խուզարկուին բռնել չի լինի․ նա վազում է գրասենյակ հենց միայն նրա համար, որ հեռագիր տա և շարունակում է ճանապարհն ավելի հեռուն։ Ի՜նչպես գտնես նրան։

Ստացվեց դարձյալ մի հեռագիր․

Բրիջբորտ, 12,15

«Բարնումը տարեկան չորս հազար է առաջարկում, որպեսզի իրավունք ունենա փղից օգտվելու՝ մինչև խուզարկուների կողմից բռնվելու ժամկետը։ Նա կամենում է կրկեսի աֆիշներ փակցնել փղի վրա։ Պահանջում է անմիջապես պատասխանել։

Խուզարկու՝ Բոգգս»։

― Ի՞նչ ապուշ միտք է, ― բացականչեցի ես։

―Իհարկե, ― ասաց տեսուչը։ Միստր Բարնումը կարծում է ինքը ինձնից խելոք է, բայց նա ինձ չի ճանաչում։

Եվ նա թելադրեց պատասխանը․

«Չորս հազարի համաձայն չեմ։ Յոթ հազար դոլար և ոչ մի կոպեկ պակաս։

Տեսուչ Բլենտ»։

― Այդպես։ Պատասխանեի սպասելու երկար կարիք չի լինի։ Միստր Բարնումը տեղը հանգիստ նստել չի կարող, երբ մի բան է միտքն ընկնում։ Հավատացնում եմ ձեզ, որ նա այս րոպեիս հեռագրատանն է։ Դեռ երեք․․․

Համաձայն եմ, ― տվին հեռագիրն, ընդհատելով տեսչին․ ― Պ․ Բարնում։

Ես դեռ մի խոսք չէի կարողացել արտասանել աչքիս առջև կատարվող գործերի մասին, երբ մի նոր հեռագիր ուշադրությունս գրավեց այլ կողմ։

Բոլիվիա, 13,50.

«Փիղը եկել է այստեղ հարավից ու անցել քաղաքի միջով 11,50֊ին, ուղևորվելով դեպի մերձակա անտառը։ Ճանապարհին նա ցրել է թաղման թափորն ու հանգուցյալին ուղեկցողների թիվը պակասեցրել երկու հոգով։ Քաղաքացիք փորձել են կրակել նրա վրա, բայց հետո փախել են։ Մենք խուզարկու Բերկի հետ եկանք ճիշտ տաս րոպե հետո։

Հեղեղից առաջացած մի շարք խորը փոսեր սխալմամբ փղի հետքերի տեղ ընդունելով, իզուր շատ ժամանակ կորցրինք։ Վերջապես գտանք իսկական հետքն ու այդ հետքով գնացինք մինչև անտառ։ Անտառի ծայրից ձեռքերի վրա սողալով գնացինք, առանց հետքը կորցնելու, ու այդպես սողացինք մինչև անտառի խորքը։ Բերկը սողում էր առաջից։ Մեր դժբախտությունից, փիղը կանգ էր առել շունչ քաշելու։ Բերկն այնքան ցած էր կախել գլուխը հետքերի վրա, որ չնկատեց այդ ու բոլոր թափով գլուխը խփեց փղի հետևի ոտքին։ Իհարկե, դրանից հետո նա իսկույն վեր թռավ տեղից, բռնեց փղի պոչից ու բղավեց։ «Ես պահանջում եմ պարգ․․․ բայց հսկայական կնճիթի մի շարժումը տեղնուտեղը սպանեց խեղճին։ Ես հետ թռա, փիղն իմ հետևից։ Անհավատալի արագությամբ նա հետևիցս ընկավ մինչև անտառի ծայրը։ Նա ինձ էլ կսպաներ, բայց բարեբախտաբար, անտառ գնալիս ճանապարհին իր ցրած թաղման թափորի մնացորդները նորից գրավեցին նրա ուշադրությունը։ Հետո ես իմացա, որ թափորից մի մարդ անգամ կենդանի չի մնացել։ Բայց դրա փոխարեն, նոր թաղման համար մեռելներ կային միանգամայն բավարար չափով։ Փիղը մինչև այդ անհետացավ։

Խուզարկու՝ Մելռունի»։

Նյու֊Ջերսի, Պենսիլվանիա, Դելավեր և Վիրջինի ցրված, ժրաջան աշխատող խուզարկուներից մենք ստացանք դարձյալ մի շարք զարմանալի հաղորդագրություններ։ Նրանք բոլորն էլ գնում էին փղի թարմ հետքերով ու բոլորն էլ հավատացած էին, որ շուտով կբռնեն փղին։ Ժամը մոտ երկուսին ստացվեց հետևյալ հեռագիրը․

Բեկստեր֊Սենտեր, 2,15.

«Փիղն այցելեց քաղաք պոչից մինչև կնճիթը ծածկված կրկեսի աֆիշներով։ Նա կիրակնօրյա հավաքույթը ներխուժեց ու խեղանդամ դարձրեց հավաքույթի մասնակիցներից մի քանիսին, որոնք պատրաստվում էին լավագույն կյանք վարելու։ Փղին բռնեցին ու վրան պահակ նշանակեցին։ Մենք խուզարկու Բրաունի հետ անցանք ցանկապատն ու փորձեցինք լուսանկարի ու փղի նկարագրության օգնությամբ որոշել նրա անձնավորությունը։ Բոլոր նշանները համապատասխանում էին, բացի մեկից ― կռնատակի սպիից։ Բրաունը սողաց փղի տակ, սպին որոնելու, բայց հենց այդ միջոցին փիղը վայրկենապես ճղեց նրա գլուխը, հավանորեն ուղեղ էր որոնում, բայց ոչինչ չգտավ այնտեղ։ Բոլորը փախան, փախավ և փիղը, կնճիթի հաջող հարվածներով տապալելով իր մոտ կանգնածներին։ Նրա վրա կրակեցին թնդանոթից ու ծանր վիրավորեցին, բայց հաջողվեց նրան թաքնվել արյան հետք թողնելով։ Հավատացած ենք, որ շուտով կհասնենք փղին։ Ուղևորվեցի դեպի հարավ անտառի թփուտների միջով։

Խուզարկու Բրենտ»։

Այս հեռագիրը վերջինն էր։ Գիշերվա դեմ թանձր մառախուղ պատեց։ Ցերեկը քայլի վրա ոչինչ չէր կարելի որոշել։ Նա չցրվեց ողջ գիշերը և գետերի լաստանավերն ու մինչև իսկ հանրակառքերն ստիպված էին դադարեցնել իրենց երթևեկությունը մինչև առավոտ։