Վերջին թարմացում 20 Հոկտեմբերի 2016, 19:03

Փրկարար ձայնը

19:03, 20 Հոկտեմբերի 2016 տարբերակ, Աբբի (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Փրկարար ձայնը

հեղինակ՝ Մարկ Տուէն
աղբյուր՝ «Զւարճալի պատմւածքներ»

I

Աւելի քան հազար տարի սորանից առաջ Գերմանիայում մի շատ փոքրիկ թագաւորութիւն կար, որ միայն մի գաւառաւ տեղ էր բռնել եւ այնքան աննշան էր, որ կարծես մի խաղալիք, մի գեղեցիկ խաղալիք թագաւորութիւն էր։

Նա շատ հեռու էր այն ժամանակներում ամենուրեք տիրող պատերազմական ոգուց, զանազան հակառակութիւններից, մրցումներից եւ փոթորիկներից։ Ներքին կեանքը անցնում էր խաղաղ եւ հանդարտ․ ժողովուրդը երկիւղած եւ պարզասիրտ էր։ Թագաւորութիւնը վայելում էր բարերար խաղաղութեան խոր քունը եւ անվրդով հանգստութեան երջանկութիւնը։ Այնտեղ չը կար ո՛չ մարդկային չարութիւն եւ ո՛չ սնապարծութիւն, ուստի այդ օրհնւած երկրում՝ չը կար ո՛չ թշնամութիւն եւ ո՛չ տառապանք։

Պատահեց, որ ծեր թագաւորը մեռաւ եւ գահ նստեց նորա մանուկ որդին՝ Հուբերտը։ Սորան շատ սիրում էր ժողովուրդը եւ տեսնելով մանուկի բարութիւնը, ազնւութիւնը եւ սրբութիւնը, ոգեւորւոմ էր եւ նորան կուռքի տեղ էր պաշտում։

Մանուկ թագաւորի ծնունդի միջոցին աստղագէտները ուսումնասիրել էին աստղերի յայտնութիւնները եւ կարդացել էին երկնային լուսաճաճանչ մատեանի մէջ հետեւեալ պատգամատողերը․

«Հուբերտի տասն եւ չորս տարեկան հասակում տեղի կունենայ մի նշանաւոր դէպք։ Այն արարածը, որի ձայնը ամենից հաճելի կը թւայ Հուբերտին, կը փրկի թագաւորի կեանքը։ Եւ որքան ժամանակ, որ թէ թագաւորը եւ թէ նորա ժողովուրդը կը յարգեն այդ արարածի ցեղը այս բարի ծառայութեան համար, այնքան ժամանակ էլ այս թագաւորական տունը ժառանգներ կունենայ, իսկ ժողովուրդը չի տեսնիլ ո՛չ պատերազմ, ո՛չ ժանտախտ եւ ո՛չ աղքատութիւն։ Բայց պէտք է զգուշանալ սխալ ընտրութիւնից»։

Երբ մանուկ թագաւորի տասներեք տարին լրացաւ, պետական գուշակաբանները միայն մի հոգսի անձնատուր եղան, այն է՝ թէ ինչպէս հասկանան մարգարէութեան վերջին խօսքերը։ Որովհետեւ առաջին նախադասութիւններից այնպէս էր երեւում, որ փրկարար արարածը ինքն է իրան ընտրելու հարկաւոր ժամանակը․ իսկ վերջնական նախադասութիւնից դուրս էր գալիս, որ թագաւորն է նախապէս ընտրութիւն անելու եւ յայտնելու իւր համար ամենահաւանելի երգչի անունը եւ որ եթէ ընտրութիւնը իմաստուն կերպով արւած լինի, երգիչ կենդանին կը փրկի նորա կեանքը, տունը եւ ժողովուրդը, իսկ եթէ սխալ կատարւած լինի — սպառնում է մեծ վտանգ։

Տարւայ վերջումը զանազան կարծիքների թիւը մնաց միեւնոյնը, ինչպէս որ սկզբումն էր։ Բայց խոհական եւ պարզասիրտ անձերի մեծամասնութիւնը այն համոզումը ունէր, որ պէտք է ընտրութիւնը վաղօրօք կատարւի եւ որչափ վաղ՝ այնքան լաւ։ Վասնորոյ հրաման էր արձակւած բոլոր հպատակներին, որ ով նոցանից որ եւ է երգիչ թռչուններ ունի, նորան ներկայացնի պալատի մեծ դահլիճ, նոր տարւայ առաջին օրը՝ վաղ առաւօտեան։

Հրամանը կատարւեց։ Երբ ամեն բան պատրաստ էր, թագաւորը հանդիսաւոր կերպով դուրս եկաւ շրջապատւած պետական անձերով, որոնք հագած էին ճոխ ու շքեղ պալատական զգեստներ։ Թագաւորը բազմեց ոսկեայ գահի վերայ եւ պատրաստւում էր իւր կարծիքը յայտնել․ բայց յանկարծ նա բացականչեց․

— Բոլոր թռչունները, սակայն, միասին են երգում։ Աղմուկը անտանելի է։ Այս խառնաշփոթի մէջ ոչ ոք չէ կարող ընտրութիւն անել։ Դուրս տարէ՛ք բոլորին եւ յետոյ մէկ֊մէկ ներս բերէ՛ք։

Այդպէս էլ արին։

Թռչունները մէկը միւսին յետեւից փայփայում եւ դիւթում էին թագաւորի լսելիքը եւ դուրս տարւում հետեւեալներին տեղ տալու համար։ Թանկագին րոպէները անցնում էին աննկատելի կերպով։ Այդքան հրաշալի երգիչների բազմութեան մէջ թագաւորը դժւարանում էր ընտրութիւն անելու։ Բայց դժւարութիւնը աւելի մեծանում էր սխալւելու երկիւղից, որ ունէր թագաւորը իւր մէջ։ Երկիւղը այնպէս ճնշել էր նորա դատողութիւնը, որ նա ինքը իւր ականջների վկայութեան չէր կարողանում հաւատ ընծայել։ Թագաւորը ջղային էր դառնում կամաց կամաց եւ նորա երեսը ցոյց էր տալիս մեծ վրդովմունք։ Այդ բանը նկատեցին նորա նախարարները եւ իրանց աչքերը չէին կտրում թագաւորից։

Նախարարները միմեանց մէջ խօսում էին․

— Թագաւորը կորցրել է ինքնավստահութիւնը։ Հանգիստ ուշիմութիւնը նորանից փախել է։ Ով գիտէ, յանկարծ կը սխալւի — այն ժամանակ եւ ինքը՝ եւ իւր տունը եւ ժողովուրդը վտանգի կʼենթարկւեն։

Գրեթէ մի ժամ թագաւորը լուռ նստած էր եւ յանկարծ յայտնեց․

— Յետ բերէք կանեփուկ թռչնիկին։

Կանեփուկը երգեց իւր ուրախ տաղը։ Երգելու միջոցին թագաւորը արդէն քիչ էր մնացել, որ բարձրացնի գաւազանը, իբրեւ նշան իւր ընտրութեան, բայց կանգ առաւ եւ ասաց․

— Չէ, մի լաւ համեմատենք, յետոյ։ Բերէ՛ք այստեղ եւ տորդիկին։ Թո՛ղ միաժամանակ երգեն։

Տորդիկին բերին։ Երկու ձայնաւորները հնչեցրին միասին իրանց հրաշալի երգերը։ Թագաւորը առաջ տատանւում էր․ բայց շուտով սկսւեց նորա կարծիքը կազմակերպւել հաստատ կերպով եւ ամեն մարդ կարող էր այդ բանը կարդալ նորա երեսին։ Մեծախորհուրդ նախարարների սրտերը լքցւեցին յուսով, արիւնը սկսեց ուրախ հոսել նոցա երակներում։ Եւ թագաւորի գաւազանը արդէն կամաց֊կամաց բարձրանալու վերայ էր, երբ…

Յանկարծ պատահեց մի խանգարիչ հանգամանք։ Հէնց դռան առաջից լսւեց մի էշի ձայն։

— Ահա֊ոհ… քխը… ահա֊ոհ… ահա֊ոհ…

Բոլորեքեան վրդովւեցին, կոտրւեցին եւ միեւնոյն ժամանակը իրանք նեղացան իրանց վրդովմունքից։

Դորանից յետոյ իսկոյն ներս վազեց թեթեւաշարժ, խելօք եւ չքնաղագեղ մի գիւղացի աղջիկ ինն տարեկանաչափ, որի թուխ աչքերը փայլփլում էին երեխայական ոգեւորութիւնով։ Բայց երբ նա տեսաւ արքայական ատեանի նիստը եւ իշխանների տրտում դէմքերը, նա սառեց, գլուխը քաշ գձեց եւ աչքերին տարաւ իւր պատռոտած աղքատիկ գոգնոցի ծայրը։ Ոչ ոք աղջկան չʼողջունեց, ոչ ոք նորան չʼխղճաց։ Այն ժամանակ նա արտասուքի միջով եւ գոգնոցի տակից նայեց երկիւղով եւ ասաց․

— Մեծ թագաւոր, խնդրում եմ, ներե՛ս իմ համարձակութիւնըս, ես ոչ մի վատութիւն չեմ արել։ Ես հայր֊մայր չունեմ․ բայց դոցա փոխարէն ունեմ մի այծ եւ մի էշ, որոնք միայն ինձ են պատկանում։ Այծս ինձ տալիս է համեղ կաթ․ իսկ իմ սիրելի էշը… երբ լսում եմ նորա ձայնը՝ ինձ թւում է, որ աւելի քաղցր երաժշտութիւն չէ կարող լինել։ Ուստի, երբ պալատական ծաղրածուդ յայտնեց, որ կենդանիների մէջից ամենալաւ երգիչը կարող է փրկել թագաւորին եւ մեր ժողովրդին, ես էլ վճռեցի իմ էշին բերել այստեղ…

Ժողովականները սաստիկ ծիծաղ եւ կոպիտ քրքիչ բարձրացրին։ Երեխան լաց եղաւ եւ դուրս վազեց՝ չը վերջացրած իւր խօսքը։ Առաջին նախարարը առանձին հրաման արձակեց, որ աղջկան նորա չարաբաղդ էշի հետ միասին պալատի շրջակայքից քշեն, արգելելով նորան, որ երբ եւ իցէ նա ոտք կոխի այդ տեղերքը։

Յետոյ կրկին վերանորոգւեց թռչունների փորձը։ Երկու ախոյեանները երգում էին հիանալի․ բայց թագաւորի ձեռքում գաւազանը մնում էր անշարժ։ Ներկայ եղողների սրտում յոյսը կամաց կամաց նւազում էր։

Անցաւ մի ժամ, անցաւ երկրորդը, իսկ թագաւորը վերջնական վճռի չէր գալիս։ Օրը արդէն մթնում էր եւ պալատի շուրջը սպասող ամբոխը գժւում էր եւ անյայտութիւնից եւ երկիւղից։ Մութն ընկաւ, ստւէրները խտացան։

Թագաւորը եւ նորա պալատականները մթութեան մէջ չէին կարողանում միմեանց ճանաչել։ Բայց ոչ ոք չէր վստահանում լռութիւնը խանգարել, ոչ ոք կրակ չէր պահանջում։ Հանդիսաւոր փորձը վերջացած էր եւ վերջացած անյաջող։ Այդ պատճառով բոլորն էլ ուրախ էին, որ մթութեան մէջ նոցա դէմքերը չեն երեւում եւ նոցա սրտին տիրող տրտմութիւնը աչքի չի ընկնում։

Վերջապէս — ուխա՛յ։ Պալատական գաւիթների հեռու մի ծայրից հնչեց սոխակի հրաշափառ, զիլ եւ դիցանոյշ գեղգեղանքը, գիշերւայ խօսնակի ձայնը։

— Վճռւած է, բացականչեց թագաւորը, խփեցէք զանգակները եւ յայտնեցէ՛ք իմ ժողովրդին, որ ընտրութիւնը կատարւած է եւ այն էլ անսխալ։ Ես, իմ տունը եւ ժողովուրդը փրկւած ենք։ Այժմ եւ յաւիտեան։ Սոխակը իմ բոլոր թագաւորութեան մէջ պէտք է մեծ յարգանք վայելի։ Բացի այդ՝ յայտնեցէ՛ք բոլոր հպատակներիս, որ ով նեղացնի կամ վնասի սոխակներին՝ կեանքից կը զրկւի։ Այսպէս է հրամայում թագաւորը։

Փոքրիկ աշխարհը հիացմունքից կարծես հարփեց։ Պալատում եւ քաղաքումը կազմւեց ամբողջ գիշերը ճրագալոյց զւարճալի ճրագներից։ Ամբոխը պարում էր, խմում էր եւ անդադար հնչող զանգակների հանդիսաւոր դղրդիւնին կցում էր իւր երգերը։

Այդ օրից սոխակը սուրբ թռչուն դարձաւ։ Նորա երգը լսւում է ամեն տանից։ Բանաստեղծները իրանց յօրինւածքներում փառաբանում էին նորան։ Նորա քանդակը զարդարում էր ամեն մի կամար, աշխարակ, շադրւան կամ հասարակական շինութիւն։

Սոխակը ընդունւած էր թագաւորի խորհրդում եւ ոչ մի կարեւոր պետական գործ չէր վճռւում նախ՝ քան նա չէր կրկնւում պետական սոխակի առաջ եւ գուշակողները չէին թարգմանում նախարարներին այն բոլորը, ինչ որ թռչունը իւր երգով յայտնոմ էր՝ իբրեւ գործին վճիռ։

II

Պատանի թագաւորը որսորդութիւն շատ էր սիրում։ Երբ ամառը եկաւ, նա մի անգամ գնաց որսի, ունենալով ետը բազէ եւ շուն եւ իբրեւ որսակիցներ՝ իւր իշխանների փառաւոր խումբը։

Ինչպէս պատահեց՝ թագաւորը բաժանւեց նոցանից եւ աննկատելի կերպով ընկաւ մի մեծ անտառ եւ թէեւ ըստ իւր համոզման՝ նա ընտրել էր ուղեկիցներին հասնելու համար ամենակարճ ճանապարհը, բայց նա գնում էր, գնում, սկզբում լի յոյսերով․ սակայն յետոյ սկսեց երկմտւել եւ թուլանալ։

Մութն ընկաւ․ իսկ թագաւորը դեռ թափառում էր ամայի եւ անծանօթ տեղերում։ Յետոյ՝ յանկարծ մի մեծ փորձանք էլ վերայ հասաւ։

Անտառի աղօտ լուսով նա քշեց իւր ձին խիտ բուսած ծառերի եւ ճիւղերի մէջը եւ յանկարծ տեսաւ իրան սեպաձեւ եւ ժայռոտ վիհի բերանում․ բայց արդէն ուշ էր։ Երբ ձին իւր հեծեալի հետ գլորուեցին ձորախոռոչը, երեւաց, որ կոտրւել է ձիու վիզը, իսկ թագաւորի ոտը։ Դժբաղդ գահակալը ընկած էր գետնին, տանջւում էր անտանելի ցաւով եւ ամեն մի ժամը նորան թւում էր մի մի երկայն ամիս։ Նա ամեն կերպ լարում էր իւր լսողութիւնը, աշխատելով որսալ մի որ եւ է ձայն, որ կարողանար նորան ազատւելու յոյս տալ․ բայց չը լսեց ոչ մի ձայն, ոչ մի եղջիւրի կոչ, ոչ շների հաչոց։ Այն ժամանակ, կորցնելով բոլոր յոյսը, թագաւորը ասաց․

— Էհ թող գալիս է գայ մահը, միեւնոյնն է՝ մի օր նա լինելու է։

Այդ իսկ րոպէին սոխակի զիլ, արծաթի ձայնը հնչեցի գիշերւայ անվրդով անդորրութեան մէջ։

— Փրկւած եմ, բացականչեց թագաւորը, փրկւած եմ։ Դա սուրբ թռչունն է եւ ճիշդ դուրս եկաւ մարգարէութիւնը։ Իրանք աստւածները ինձ հովանաւորել էին, որ ես սխալ չանեմ։

Նա խեղդւում էր յանկարծակի ուրախութիւնից եւ չէր իմանում, ինչպէս յայտնէր իւր գոհութիւնը։ Այժմ նորա ականջին կարծես թէ ձայներ էին հասնում, ձայներ, որ նորան օգնելու էին գալիս, բայց յետոյ սկսեց կամաց կամաց հիասթափւել… օգնութիւն ոչ մի կողմից չէր երեւում։

Կրկին սկսւեցին տաղտկալի, երկայն սպասողական ժամեր թագաւորի համար։ Օգնութիւն չը կար՝ թէեւ սուրբ թռչունը շարունակում էր երգել։ Նա մտածեց, որ միթէ նա սխալ ընտրութիւն է արել, սակայն աշխատեց իւր մէջ թմրացնել այդ կասկածի զգացմունքը։

Արշալոյսի մօտերքը սոխակը դադարեց։ Առաւօտը բացւեց եւ նորա հետ էլ երեւան եկան տանջւած մարմնի ծարաւը եւ քաղցը։ Իսկ օգնութիւն չը կար դեռ։ Օրը անցաւ, մօտենում էր մթնանալուն։ Վերջապէս՝ թագաւորը բարկութիւնից անիծեց սոխակին։

Դորանից յետոյ լսւեցին անտառի միջից տորդիկի դայլայլիկները։ Թագաւորը մտածեց ինքն իրան, որ նա գուցէ սխալ է ընտրել։ Այժմ գուցէ օգնութիւնն էլ գայ։

Օգնութիւնը սակայն չէր երեւում դեռ։ Թագաւորը այնուհետեւ մի քանի ժամ էլ պառկեց անզգայ դրութեան մէջ։ Երբ որ նա զարթնեց, լսեց կանեփուկի երգելը։ Թագաւորը նորան լսում էր սառնասիրտ։ Նա հաւատը կորցրել էր։ Նա մտածեց․

— Այս թռչուննն էլ ինձ չի փրկելու, ես, եւ տունս եւ ժողովուրդս կորած ենք ի սպառ։

Դժբաղդը շուռ եկաւ միւս կողքի վերայ եւ պատրասւեց մեռնելու, որովհետեւ քաղցածութեան, ծարաւի եւ ցաւերի տանջանքները մտածել էին տալիս մահւան մասին։ Եւ հէնց ուզում էլ էր մեռնի, որպէս զի ազատւի տանջանքներից։ Վիրաւորը երկայն ժամեր պառկեց զրկւած յիշողութիւնից, զգացմունքներից եւ շարժումներից։

Վերջապէս գիտակցութիւնը նորից վերադարձաւ։ Երրորդ առաւօտն էր լուսանում։ Ո՛հ, որչափ հոյակապ երեւաց նորա յոգնած աչքերին լոյս աշխարհքը։ Եւ պատանու սրտում եռաց ապրելու սաստիկ ցանկութիւն, եւ այդ սրտի խորքից ջերմ աղօթք բղխեց դէպի նախախնամութիւնը, որով գթութիւն էր աղերսւում եւ ապրելու ու բարեկամներին տեսնելու ողորմութիւն։

Այդ իսկ վայրկեանին հեռու տարածութիւնից հասաւ նորա ականջին խուլ, քնքոյշ եւ անորոշ, բայց նորա կարօտ քաշած լսելիքին համար անասելի քաղցր մի ձայն․

— Ահա֊ոհ… քխը… ահա֊ոհ… ահա֊ոհ… քխը…

— Այ, ահա մի ձայն, որ անհամեմատ աւելի հաճելի է ինձ համար, քան սոխակի, տորդիկի եւ կանեփուկի ձայները։ Նա իւր հետ բերում է ո՛չ միայն յոյս, այլ եւ օգնութեան հաւատ․ եւ ե՛րբ ահա՝ ես ինձ կարող եմ իսկապէս փրկւած համարել։ Սուրբ երգիչը ինքն է իրան ընտրել, ինչպէս նախասահմանել էր պատգամախօսը։ Մարգարէութիւնը կատարւեց — եւ իմ կեանքը, իմ տունը եւ ժողովուրդը փրկւած են։ Այսուհետեւ էշը պէտք է լինի սուրբ երգիչ։

Փրկարար մեղեդին քանի գնում էր՝ մօտենում էր, դառնում էր բարձրաձայն եւ խեղճ վիրաւորի լսելիքը փայփայում էր հաճելի։ Եւ միեւնոյն ժամանակը խելօք աւանակը իջնում էր սուր զառիվայր ժայռից, ճանապարհին մէկ֊մէկ խոտ կտրելով եւ ուրախ աղաղակելով։

Տեսնելով սատկած ֆիուն եւ վիրաւոր թագաւորին, էշը կանգ առաւ, մօտեցաւ եւ նրանց հոտոտեց պարզասիրտ եւ զարմացական հարցասիրութիւնով։ Թագաւորը փայփայեց բարի կենդանուն։ Իսկ սա իջաւ ծնկների վերայ, ինչպէս նա սովոր էր այդ անել իւր մանուկ֊տիրուհու համար։

Մեծ դժւարութեամբ եւ չարչարանքով թագաւորը բարձրացաւ էշի մէջքը եւ բռնեց նորա ականջներից։ Էշը ճանապարհ ընկաւ, շարունակելով իւր երգը եւ հասցրաւ թագաւորին գիւղական աղջկայ տնակը։ Աղջիկը իւր տեղը, իւր մահիճը տւաւ թագաւորին եւ նորան կազդուրեց այծի կաթով։ Յետոյ վազեց յայտնելու, ում որ կարողանում էր պատահել թագաւորին որոնող խմբերից, այս դէպքի մասին։

Թագաւորը լաւացաւ։ Նորա առաջին գործն եղաւ յայտարարել էշին սուրբ եւ անմատչելի կենդանի, երկրորդ — գձել այդ յարգելի չորքոտանուն իւր խորհրդականների դասը եւ նշանակել նորան առաջին պետական նախարար։ Երրորդ՝ հրովարտակով նա հրամայեց ամենուրեք ոչնչացնել սոխակի քանդակները եւ փոխարինել նրանց սուրբ աւանակի արձաններով եւ նկարներով եւ վերջապէս, չորրորդ, հրովատակով յայտնեց, որ երբ որ փոքրիկ գիւղական աղջկայ տասն եւ հինգ տարին լրանայ, նա պէտք է դառնայ թագուհի։ Եւ թագաւորը իւր խոստումը կատարեց։

Այսպէս է ասում գերմանական աւանդութիւնը։ Դորանով բացատրւում է՝ թէ ինչու այնտեղի հին խարխուլ պատերը եւ կամարները զարդարած են ժամանակի հոսանքից փչացած էշի նկարներով։ Աւանդութիւնով նոյնպէս պարզւում է՝ թէ ինչու դարերի ընթացքում էշը եղել է նախագահ֊նախարար այս թագաւորութեան պետական խորհրդում, ինչպէս այդ հանգամանքը տեղի ունի մինչեւ այժմ եւ պետական խորհուրդներից շատերում։ Վերջապէս բացատրւում է եւ այն, թէ ինչու այս փոքրիկ թագաւորութեան մէջ դարերի երկայն ժամանակում բոլոր մեծ բանաստեղծները, բոլոր նշանաւոր ճարտասանական ճառերը, բոլոր յայտնի շարադրութիւնները, բոլոր հանդիսաւոր ժողովները եւ բոլոր պետական մատեանները միշտ սկսւում են այս ոգեւորիչ ձեւերով։

Ահա֊ով… քխը… ահա֊ոհ… ահա֊ոհ… ահա֊ոհ… քխը… ահա…