հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Զիջելով իմ թախանձանքներին, մի վաղ գարնան օր Շերլոկ Հոլմսն ինձ հետ եկավ այգի զբօսանքի։ Ծփիների ճյուղերին դուրս էր գալիս առաջին, հազիվ նկատելի կանաչը, իսկ շագանակենիների կպչուն բողբոջները բացվում էին ու դառնում առաջին հնգածայր տերեւները։ Ամբողջ երկու ժամ մենք թափառում էինք այգում, առանց մի բառ անգամ արտասանելու, ինչպես եւ հատուկ է երկու մարդու, որոնք լավ գիտեն միմյանց։ Երբ վերադարձանք Բեյքըր֊ստրիտ, գրեթե ժամը հինգն էր։
— Ներեցեք, սը՛ր,— ասաց սպասավոր տղան, մեր առաջ բաց անելով դուռը։— Մի ջենտլմեն էր եկել… ձեզ էր ուզում, սը՛ր։
Հոլմսը կշտամբանքով նայեց ինձ։
― Ահա թե ինչի են հանգեցնում ցերեկային զբոսանքները, ― ասաց նա։ ― Ջենտլմենը գնա՞ց։
― Այո, սը՛ր։
― Իսկ դու նրան առաջարկեցի՞ր ներս գալ ու սպասել։
― Այոլ սը՛ր, նա ներս մտավ։
― Եվ երկա՞ր սպասեց նա։
― Կես ժամ, սը՛ր։ Շատ անհանգիստ ջենտլմեն էր, սը՛ր։ Ամբողջ ժամանակ ինչ այստեղ էր, ետ ու առաջ էր քայլում սենյակում և նույնիսկ ոտքերով դոփում էր։ Ես նախասենյակում էի, սը՛ր, և դրա համար էլ չլսեցի՝ որոշ բառեր ասում է նա, թե՞ ոչ։ Վերջապես նա դուրս վազեց միջանցք ու գոռաց․ «Այդ մարդը երբևե կգա, թե՞ ոչ»։ Հենց այդպես էլ ասաց, ճիշտ ու ճիշտ նույն բառերը, սը՛ր։ «Մի քիչ էլ սպասեցեք, ― ասացի։ «Լավ կսպասեմ, ― ասաց նա․ ― բայց ոչ այստեղ, այլ մաքուր օդում, որովհետև այստեղ շունչս կտրվում է։ Շուտով կվերադառնամ»։ Ասում է ու ոչ մի խորհուրդ չի լսում։
― Լավ, լավ։ Դու արել ես, ինչ կարող էիր, ― ասաց Հոլմսն ու մենք մտանք մեր սենյակը։ ― Ինչ էլ լինի, շատ ցավալի է, Ուո՛տսըն, ― շարունակեց բարեկամս։ ― Առանց աշխատանքի այնպես եմ ձանձրացել, իսկ, դատելով այդ մարդու անհամբերությունից, գործը կարևոր է եղել։ Օհո՜, սա ձեր ծխամորճը չի սեղանին։ Հավանաբար նա է թողել։ Սա մի հիանալի հին բրայեր է, լավ, երկար ծխափողով, որ ծխախոտավաճառներն անվանում են սաթի։[1] Հետաքրքիր է, սաթի քանի՞ ծխափող կգտնվի ամբողջ Լոնդոնում։ Ոմանք գտնում են, որ եթե սաթի մեջ մոծակ կա, նշանակում է սաթն իսկական է։ Դրա համար են հայտնվել են արդյունաբերողներ, որոնք հատկապես զբաղվում են կեղծ սաթի մեջ շինովի մոծակներ դնելով․․․ Հա, բայց այդ մարդը հավանաբար խիստ հուզված է եղել, եթե այստեղ մոռացել է իր համար այդքան թանկ ծխամորճը։
― Ինչի՞ց իմացաք, որ սա նրա համար թանկ բան է, ― հարցրի ես։
― Իմ կարծիքով նորն արժե յոթ ու կես շիլինգ։ Հետո, ինչպես տեսնում եք, ծխամորճը երկու անգամ նորոգման է տրվել․ սկզբում նորոգել են ծխափողի փայտե մասը, ապա՝ սաթը։ Դյուրին է նկատել, որ երկու անգամ էլ ծխամորճի մասերն ամրացվել են արծաթե օղակներով, որոնք ավելի թանկ են, քան ինքը ծխամորճը։ Պետք է բարձր գնահատել սեփական ծխամորճը, որպեսզի նորից ու նորից շինել ու սարքել՝ նույն դրամով նորն առնելու փոխարեն։
― Էլի՞ բան կա, ― հարցրի ես, տեսնելով, որ Հոլմսը ծխամորճը շուռումուռ է տալիս ձեռքում և իրեն հատուկ խորաթափանցությամբ զննում։
Նա ծխամորճը բարձրացրեց և իր երկար ու բարակ ցուցամատով թխթխկացրեց, ինչպես որևէ ոսկորի մասին դասախոսություն կարդացող անատոմիայի պրոֆեսորը։
― Երբեմն արտակարգ հետաքրքիր ծխամորճեր են պատահում, ― ասաց նա։ ― Ժամացույցներից ու կոշիկի կապերից բացի, ոչ մի ուրիշ առարկա այնքան ցայտուն անհատականություն չունի, ինչքան ծխամորճը։ Սակայն այս ծխամորճի վրայի նշումները շատ էլ բնորոշ ու շատ էլ կարևոր չեն։ Սրա տերը, ըստ երևույթին, մկանուտ մարդ է, ձախլիկ, հրաշալի ատամներով, իր սովորությունների մեջ անհոգ և բավականին ունևոր։
Այս բոլոր տեղեկությունները բարեկամս հաղորդեց շափազանց անփույթ, բայց ես նկատեցի, որ նա աչքի պոչով նայում է ինձ․ ուզում է համոզվել՝ հետևո՞ւմ եմ արդյոք նրա դատողությունների ընթացքին։
― Դուք գտնում եք, այդ մարդն ունևոր է միմիայն այն բանի հիման վրա, որ յոթ շիլլինգանոց ծխամո՞րճ ունի, ― հարցրի ես։
― Այստեղ Գրոսվենորի ծխախոտի խառնուրդ է․ ունցիան արժե ութ պենս, ― պատասխանեց Հոլմսը, ծխամորճի պարունակությունը մի քիչ թափ տալով բռան մեջ։ ― Քանի որ նա կարող էր ծխել հրաշալի ծխախոտ՝ երկու անգամ ավելի էժան, պարզ է, որ նա խնայողություն անելու կարիք չունի։
― Հապ ձեր մյուս եզրակացություննե՞րը։
― Այդ մարդը ծխամորճը լամպից կամ գազայրոցից կպցնելու սովորություն ունի։ Դուք կարող եք տեսնել, որ ծխամորճի մի կողմը զգալի կերպով սևացել է։ Ինչո՞ւ պիտի մարդը վառած լուցկին ծխամորճի կողքին պահի։ Այ, ուրիշ բան է, երբ ծխամորճդ վառում ես՝ օգտվելով լամպից։ Այդ դեպքում ծխամորճի գավաթիքն անպայման կածխանա։ Այս ծխամորճի աջ կողմն է միայն ածխացել։ Այս բանից եզրակացնում եմ, որ սրա տեղը ձախլիկ է։ Հապա մի փորձեցեք ձեր ծխամորճը կպցնել լամպից։ Քանի որ դուք ձախլիկ չեք, բնականաբար ծխամորճի ձախ կողմը կմոտեցնեք կրակին։ Իհարկե, երբեմն կարող եք վարվել այլ կերպ, բայց դա մաքուր պատահականություն կլինի։ Իսկ այս ծխամորճը միշտ էլ վառել են աջ կողմից։ Հետո, ա՛յ, այդ մարդը ծխափողը այնպես է խածել, որ համարյա կտրել է։ Այս բանը կարող է անել միայն ուժեղ, եռանդուն և հիանալի ատամներ ունեցող մարդը․․․ Բայց, եթե չեմ սխալվում, ես լսում եմ նրա ոտնաձայները սանդուղքին։ Այժմ մենք ավելի հետաքրքիր ինչ֊որ բան կստանանք հետազոտելու համար, քան նրա ծխամորճն է։
Մեկ րոպե անց մեր դուռը լայն բացվեց ու սենյակ մտավ բարձրահասակ մի երիտասարդ։ Նրա հագին մի լավ, կոկիկ կարած մուգ֊մոխրագույն կոստյում կար։ Ձեռքին շագանակագույն ֆետրե լայնեզր գլխարկ էր։ Ես կասեի, որ նա մոտ երեսուն տարեկան է, չնայած իրականում թերևս մի քիչ ավելի մեծ էր։
― Ներող եղեք, խնդրում եմ, ― ասաց նա, թեթևակի շփոթվելով։ ― Ես, հավանաբար, պետք է թակեի դուռը։ Այո՛, իհարկե, պետք է թակեի։ Բայց բանն այն է, որ ես մի փոքր հուզված եմ․ ամբողջ պատճառը դա է։ ― Նա շփեց ճակատը, ինչպես մի մարդ, որի գլուխը թեթևակի պտտվում է, և ավելի շուտ ընկավ, քան թե նստեց աթոռին։
― Տեսնում եմ, որ դուք մի երկու գիշեր չեք քնել, ― բարեհոգաբար ասաց Հոլմսը։ ― Դա մաշում է ջղերն ավելի շատ, քան աշխատանքը, և նույնիսկ ավելի շատ, քան զվարճությունները։ Թույլ տվեք հարցնել, կարո՞ղ եմ որևէ բանով օգնել ձեզ։
― Ինձ հարկավոր է ձեր խորհուրդը, սը՛ր։ Չգիտեմ, թե ինչ անեմ․․․ ինձ թվում է, թե ամբողջ կյանքս փշրված է։
― Դուք ցանկանում եք, որ ես ձեզ օգնեմ՝ որպես խորհրդատու֊դեդեկտի՞վ։
― Այդ ինքնըստինքյան։ Բայց բացի դրանից, ես ուզում եմ իմանալ ձեր կարծիքը․․․ Դուք մեծ խելքի տեր եք, ընկած֊ելած, կյանք ճանաչող․․․ և ես կուզենայի, որ դուք սովորեցնեիք ինձ, թե ինչ անեմ։ Օ՜, ինչպե՜ս եմ ուզում, որ սովորեցնեք ինձ։
Նա խոսում էր կարճ, կտրուկ, կցկտուր նախադասություններով, և ինձ թվում էր, խոսելն ընդհանրապես նրա համար տանջանքի չափ դժվար է, և որ նա կամքի մեծ ուժով է հաղթահարում չարտահայտվելու ցանկությունը։
― Սա շատ նուրբ հարց է, ― ասաց նա։ ― Ոչ ոք չի սիրում կողմնակի մարդկանց հետ խոսել իր տնային գործերի մասին։ Դա ուղղակի սարսափելի է՝ քննել կնոջդ վարքը երկու մարդու հետ, որոնց երեսը մինչ այդ չես էլ տեսել։ Այո՛, դա սարսափելի է։ Բայց արդեն հասել եմ վերջին ծայրահեղության ու այնպե՜ս եմ կարիք զգում լավ խորհրդի․․․
― Սիրելի միստր Գրանտ Մոնրո․․․ ― սկսեց Հոլմսը։ Մեր այցելուն վեր թռավ աթոռից։
― Ինչպե՞ս, ― բացականչեց նա։ ― Դուք գիտեք իմ անո՞ւնը։
― Եթե դուք ուզում եք անհայտ մնալ, ― ժպտալով ասաց Հոլմսը, ― խորհուրդ կտայի ձեր անունը չգրել շլյապայի աստառի վրա կամ գոնե շուռ տալ գլխարկն այնպես, որ ձեր զրուցակիցը չտեսնի գրածը։ Ուզում էի ասել, որ բարեկամս ու ես այս սենյակում քիչ զարմանալի գաղտնիքներ չենք լսել և բախտ ենք ունեցել խաղաղություն հաստատել շատ ու շատ տագնապահար հոգիներում։ Համոզված եմ, որ նույն բանին կհասնենք նաև հիմա։ Կարող է պատահել, որ մենք պետք է շտապե՞նք․ դրա համար խնդրում եմ ձեզ՝ անհապաղ հաղորդեք ինձ բոլոր փաստերը։
Մեր հյուրը ձեռքը նորից տարավ ճակատին, թեթևակի շփեց, և կարելի էր տեսնել, թե ինչքան դժվար էր նրա համար սկսել իր խոսքը։ Նրա ամեն մի շարժումը, դեմքի ամեն մի խաղը մատնում էին, որ նա ինքնամփոփ, զուսպ, հպարտ մարդ է, հակված ավելի շուտ թաքցնելու իր վերքերը, քան դրսևորելու ի ցույց։ Բայց հանկարծակի և ցասումով թափ տալով բռունցքը, ասես մի կողմ նետելով ամեն մի զսպվածություն, նա սկսեց․
― Ահա թե ինչի են հանգեցնում փաստերը, մի՛ստր Հոլմս, ― ասաց նա։ ― Արդեն երեք տարի է, որ ամուսնացած եմ։ Ամբողջ այդ ժամանակ կինս ու ես շատ էինք սիրում միմյանց և միանգամայն երջանիկ էինք։ Մենք իրարից ոչինչ չէինք թաքցնում՝ ո՛չ մեր մտքերը, ո՛չ մեր արարքները։ Բայց ահա, անցյալ երկուշաբթի օրվանից, ինչ֊որ մի պատնեշ հանկարծ բարձրացավ մեր միջև։ Կնոջս մտքերի մեջ, նրա կյանքի մեջ ինձ անհայտ մի ինչ֊որ բան երևան եկավ։ Եվ հիմա կնոջս մասին ես ավելի շատ բան չգիտեմ, քան ուզածդ կնոջ, որ փողոցում անցել է կողքովս ու պատահմամբ հրել ինձ։ Մենք օտարացել ենք մեկս մյուսի համար, և ես ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ․․․ Շարունակությունը պատմելուց առաջ, կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա էլ, միստր Հոլմս։ Էֆֆին ինձ սիրում է, կարող եք չկասկածել։ Նա ամբողջ սրտով սիրում է ինձ, և երբեք այնքան շատ չի սիրել, որքան այժմ։ Ես այդ գիտեմ։ Ես դա զգում եմ։ Չեմ ուզում դրա մասին վիճել։ Չէ՞ որ տղամարդն էլ երբեմն համոզված է լինում, որ կինը սիրում է իրեն։ Բայց մեր մեջ ծառացել է մի գաղտնիք, և եթե դա չբացվի, մեր առաջվա հարաբերությունները երբեք չեն վերադառնա։
― Բարի եղեք հաղորդել ինձ փաստերը, միստր Մոնրո, ― որոշ անհամբերությամբ ասաց Հոլմսը։
― Ես կպատմեմ ձեզ այն, ինչ գիտեմ Էֆֆիի մասին․․․ Երբ առաջին անգամ հանդիպեցի նրան՝ արդեն այրի էր, թեև շատ ջահել։ Ընդամենը քսանհինգ տարեկան էր։ Նրան կոչում էին միսսիս Հիբրոն։ Մեկնել է Ամերիկա շատ ջահել հասակում և ապրել Ատլանտա քաղաքում։ Այնտեղ նա ամուսնացել է այդ Հիբրոնի հետ, որը բավականաչափ կլիենտներ ունեցող փաստաբան է եղել։ Նրանք երեխա են ունեցել, բայց բռնկել է դեղին տենդի համաճարակը, և ամուսինն էլ, երեխան էլ մեռել են։ Ես տեսել եմ վկայականը Հիբրոնի մահվան մասին։ Այդ բոլոր դժբախտությունները զզվանք ենք ներշնչել դեպի Ամերիկան, և այրին վերադարձել է այնտեղից ու ապրել ամուրի մորաքրոջ հետ Պիններում, Միդլսեքսում։ Պետք է հիշատակեմ, որ ամուսնու մահվանից հետո հարուստ ժառանգություն էր մնացել, մոտավորապես չորս հազար հինգ հարյուր ֆունտ, որից նա յոթ տոկոս եկամուտ էր ստանում։ Էֆֆին Պիններում կես տարի էր ապրել միայն, երբ ես նրան հանդիպեցի։ Մենք սիրեցինք միմյանց ու մի քանի շաբաթ հետո պսակվեցինք։
Ես գայլուկ բույսի վաճառող եմ։ Եկամուտս տարեկան յոթհարյուր֊ութհարյուր ֆունտ է․ այնպես որ մենք վատ չէինք ապահովված։ Նորբերիում տարեկան ութսուն ֆունտով մենք մի լավ ամառանոց վարձեցինք։ Այդ բնակավայրը գտնվում է քաղաքի մոտ, բայց գյուղից ոչնչով չի տարբերվում։ Մեր ամառանոցից մի քիչ վերև տուն կա և մի հյուրանոց, իսկ դաշտի մյուս կողմում, որոշ հեռավորության վրա՝ մի կոտտեջ, որի ճակատը մեր տանն է նայում։ Այդ տներից բացի, մոտերքում ուիշ ոչ մի շինություն չկա․ միայն կայարանի կես ճանապարհին կան շենքեր։
Աշնան ու ձմռան ամիսներին ես քաղաքում հաճախ եմ լինում, իսկ ամռանն ավելի քիչ եմ զբաղված։ Մեր քաղաքամերձ տնակում մենք ուզածիդ պես երջանիկ էինք։ Եվ մինչև այդ անիծյալ պատմությունը ոչ մի բան չէր մթագնում մեր կյանքը․․․
Պետք է ասեմ ձեզ, որ երբ մենք ամուսնացանք, կինս իր ամբողջ կարողությունն ինձ հանձնեց, մասամբ իմ կամքին հակառակ, որովհետև ինձ համար շատ ծանր կլիներ օգտվել նրա դրամից, եթե գործերս վատանային։ Բայց կինս պնդեց իր ասածը։ Վեց շաբաթ առաջ հանկարծ նա դիմեց ինձ այս խոսքերով։
«Ջեկ, երբ դուք ստանում էիք իմ փողը, ասում էիք, թե ուզածս ժամանակ կարող եմ վերցնել ինչքան պետք լինի»։
«Իհարկե, պատասխանեցի ես, ― այդ փողը ձերն է»։
«Դե որ այդպես է, ինձ հարկավոր է հարյուր ֆունտ», ― ասաց նա։
Ես մի փոքր զարմացա, բայց մտածեցի, որ խոսքը երևի վերաբերում է պարզապես նոր շոր գնելուն կամ նման մի բանի։
«Ինչի՞ համար», ― հարցրի ես։
― «Օ՜, ― պատասխանեց նա շփոթված․ ― դուք ասում էիք, որ կլինեք միայն իմ բանկիրը, իսկ չէ՞ որ բանկիրները երբեք ոչ մի բանի մասին չեն հարցնում, գիտեք չէ՞»։
«Եթե ձեզ փող իսկապես պետք է, կստանաք»։
«Այո՛, իհարկե, պետք է»։
«Եվ չե՞ք ասի ինչի համար»։
«Հետո, մի ուրիշ օր, Ջե՛կ, ոչ հիմա»։
Այդ պատասխանով էլ ստիպված եղա բավարարվել, չնայած մինչ այդ նա ինձանից ոչինչ չէր թաքցնում։ Նրան տվի չեկն ու այլևս չէի մտածում մեր խոսակցության մասին։ Գուցե այս դեպքն իսկի կապ էլ չունի հետագայում տեղի ունեցածի հետ, բայց ինձ այնպես է թվում, որ ինչ էլ լինի հարկավոր է հիշատակել այդ։
Հա՛, ինչպես հենց նոր ասացի, մեր տնից ոչ հեռու մի կոտտեջ կա։ Այդ տնակն ու մեր տունը միայն մի դաշտով են բաժանված, բայց կոտտեջին հասնելու համար հարկավոր է գնալ ճանապարհով և ապա թեքվել և դուրս գալ կածան։ Եղևնու փոքրիկ անտառակը գտնվում է հենց կոտտեջի հետևը, և անտեղ ման գալն ինձ դուր էր գալիս, որովհետև ես ընդհանրապես ծառեր սիրում եմ։ Ափսոս, որ այդ ութ ամիսը կոտտեջում բանկիչ չկար, և ես ուղղակի ցավում էի, որ տնակն այդքան երկար ժամանակ դատարկ է մնում․ այնքա՜ն լավն էր այդ երկհարկանի, սիրունիկ տնակը, հնամյա սյունազարդ նախասրահով, ամբողջովին ցախկեռասով պատած։ Մի անգամ չէ, որ կանգ առնելով տնակի առաջ մտածել եմ, թե ինչքա՜ն հարմարավետ փոքրիկ դաստակերտ կստացվի դրանից։
Եվ ահա, անցյալ երկուշաբթի երեկոյան, զբոսանքի ժամանակ մի բան տեսա․ ճանապարհ դուրս եկավ մի դատարկ ֆուրգոն, իսկ արտասանդուղքի առջև տարածված մարգագետնին գորգեր ու զանազան իրեր էին կիտված։ Ինձ համար պարզ դարձավ, որ կոտտեջը վերջապես տրված է վարձով։ Ուզում էի անցնել֊գնալ, բայց հետո կանգ առա և, ինչպես սովորաբար լինում է, պարապությունից սկսեցի նայել ու մտածել, թե տեսնես ի՞նչ մարդիկ պիտի ապրեն այդ տնակում, ո՞վ պիտի լինի մեր հարևանը։ Մինչ ես նայում էի, վերին հարկի լուսամուտներից մեկում անսպասելիորեն նկատեցի մի մարդու դեմք, որը հետևում էր ինձ։
Չգիտեմ, թե ինչ մի առանձնահատուկ բան կար այդ դեմքի մեջ, միստր Հոլմս, բայց մարմնովս դող անցավ։ Հեռվից չկարողացա լավ տեսնել նրան, ― բայց ինձ թվաց, թե նրա դեմքի մեջ ինչ֊որ անբնական, անմարդկային մի բան կա։ Այդ տպավորության տակ՝ ուզում էի ավելի մոտենալ, որպեսզի պարզեմ, թե ով է հետևում ինձ։ Բայց հենց այդ րոպեին դեմքը հանկարծակի չքացավ, ասես մարդուն ետ քաշեցին, տարան սենյակի մութ մասը։ Մի հինգ րոպե մնացի կանգնած, փորձելով վերլուծել զգացումներս։ Չեմ կարող ասել՝ տղամարդու դեմք էր դա, թե՞ կնոջ։ Չափազանց հեռու էի կանգնած։ Ամենից շատ ինձ ապշեցրեց այդ դեմքի մեռելային, կապույտ֊դեղին գույնը։ Սառած ու ընդարմացած այդ դեմքը վանում էր անբնականությամբ։ Ես այնքան անհանգստացա, որ վճռեցի ավելի մանրամասն իմանալ մեր հարևանների մասին։ Արտասանդուղք բարձրանալով, թակեցի դուռը, որն անմիջապես բաց արեց անդուր, ուղղակի վանող կերպարանքով, բարձրահասակ ու լղարիկ մի կին։
«Ի՞նչ եք ուզում», ― հարցեց ն շեշտված շոտլանդական առոգանությամբ։
«Ես ձեր հարևանն եմ, ապրում եմ, ա՜յ, այնտեղ, ― ասացի ես, գլխով ցույց տալով իմ տունը, ― և տեսնում եմ, որ դուք հենց նոր եկաք այս կոտտեջը։ Չե՞մ կարող արդյոք որևէ բանով օգնել ձեզ»։
«Որ հարկավոր լինեք, կկանչենք», ― ասաց նա և ուղղակի քթիս առաջ շրխկացրեց դուռը։
Կոպիտ դիմահարությունից բարկացած, ես գնացի տուն։ Ամբողջ երեկոյան մտքերս ակամա վերադառնում էին այն դեմքին, որ երևաց լուսամուտի մեջ, և այդ հանդուգն կնոջը, չնայած որ փորձում էի մտածել ուրիշ բաների մասին։ Որոշեցի կնոջս ոչինչ չասել․ ջղային կին է, հեշտությամբ հուզվում է, տխրում, և հարկ չկա վրդովել նրան իմ տհաճ տպավորություններով։ Միայն անկողին մտնելիս ի միջի այլոց ակնարկեցի, որ կոտտեջը հիմա զբաղված է։ Կինս ոչինչ չպատասխանեց։
Ես սովորաբար պինդ եմ քնում։ Մեր ընտանիքում համարում են, որ գիշերն ինձ արթնացնելն հնարավոր չէ, և դա մեր տանը մշտական կատակների նյութ է դարձել։ Բայց այդ գիշեր, գուցե ամբողջ տեսածովս մի փոքր գրգռված, սովորականից ավելի զգոն քնեցի։ Կիսաքուն վիճակում աղոտ կերպով զգում էի, որ շուրջս ինչ֊որ բան է կատարվում։ Գիտակցությանս աստիճանաբար հասավ, որ կինս վեր կացավ․ թիկնոցն է գցում ուսերին ու գլխարկը դնում գլխին։ Արդեն պատրաստվել էի կիսարթուն վիճակում բողոքի կամ զարմանքի նման մի բան արտահայտել, երբ աչքերս կիսաբաց անելով հանկարծ տեսա մոմի լույսով լուսավորված նրա դեմքը և այնպես ապշեցի, որ լեզուս ուղղակի կապ ընկավ։ Նրա դեմքին այդպիսի արտահայտություն ոչ միայն երբեք չէի տեսել, այլև չէի ենթադրի, որ այդպիսին հնարավոր է։ Նա մեռելի պես գունատ էր, շնչում էր անհամաչափ և թիկնոցը կոճկելիս, գաղտագողի նայում էր մահճակալիս, որպեսզի համոզվի, թե չարթնացրե՞ց ինձ արդյոք։ Ապա կարծելով, թե քնած եմ, անաղմուկ դուրս սողաց սենյակից։ Մի վայրկյան անց, ես լսեցի դրսի դռան ճռռոցը։ Վրա նստեցի ու հարվածեցի մահճակալի գլխին, որպեսզի համոզվեմ, թե իսկապես արթնացել եմ, հետո բարձի տակից հանեցի ժամացույցս։ Ժամը երեքն էր։ Ի՞նչ էր հարկավոր եղել կնոջս գյուղական ճանապարհին այդքան վաղ։
Այդպես նստած էի մի քանի րոպե ու գլխիս զոռ էի տալիս, փորձելով գտնել որևէ բացատրություն։ Ինչքան շատ էի մտածում, այնքան ավելի անբացատրելի և առեղծվածային էր թվում ինձ կատարվածը։ Դեռ լիակատար շփոթության մեջ էի, երբ դրսի դուռը նորից անաղմուկ բացվեց և սանդուղքի վրա լսվեցին կնոջս ոտնաձայները։
«Որտե՞ղ էիք, Է՛ֆֆի», ― հարցրի ես, երբ նա սենյակ մտավ։
Նա ամբողջ մարմնով ցնցվեց ու արձակեց խուլ մի ճիչ։ Ե՛վ այդ ճիչը, և՛ այդ դողը ինձ ավելի շատ անհանգստացրին, քան մնացած ամեն ինչը․ դրանցում ես զգացի աննկարագրելի հանցավոր ինչ֊որ մի բան։ Կինս միշտ այնքան ազնիվ ու անկեղծ էր․․․ Ես ամբողջովին սարսռացի, երբ տեսա, թե ինչպես նա գողեգող գնում է իր սենյակը և ճչում ու դողդոջում է, երբ ամուսինը փորձում է խոսել նրա հետ։
«Դուք քնած չէի՞ք, Ջեկ, ― ջղային ծիծաղով բացականչեց նա։ ― Ես կարծում էի, թե ձեզ ոչ մի բան չի կարող արթնացնել»։
«Որտե՞ղ էիք», ― հարցրի ես խստորեն։
«Ես հասկանում եմ, թե ինչքան եք զարմացած դուք, ― ասաց նա։ Երբ նա արձակում էր թիկնոցի կոճակները, ես տեսա, որ մատները դողում են։ ― Առաջ երբեք չէի մտածի, որ ինձ այդպիսի բան կպատահի։ Բանն այն է, որ ես սկսեցի շնչահեղձ լինել։ Ինձ թարմ օդ էր անհրաժեշտ․ եթե դուրս չգնայի, ուշաթափ կլինեի։ Մի քանի րոպե դռանը կանգնեցի և հիմա կրկին լավ եմ զգում»։
Այս ասելիս նա ոչ մի անգամ իմ կողմը չնայեց, ու նրա ձայնը հնչում էր ոչ այնպես, ինչպես միշտ։ Ակներև էր, որ նա ստում է։ Ես չպատասխանեցի ու երեսս շուռ տվի դեպի պատը, սրտիս մեջ մի կսկիծ, ամբողջովին ենթակա թունավոր կասկածների ու տարակուսանքի։ Ի՞նչ էր թաքցնում կինս ինձանից, ո՞ւր է գնացել նա։ Զգում էի, որ չեմ հանգստանա, մինչև որ ամեն ինչ չիմանամ, բայց չէի ուզում հարցուփորձ անել այն բանից հետո, երբ նա մի անգամ արդեն սուտ էր ասել։ Գիշերվա մնացած մասը ես շուռումուռ էի գալիս, տապակվում անկողնուս մեջ, հորինելով բացատրություն բացատրության հետևից, մեկը մյուսից անհավանական։
Այդ օրը ես քաղաք պիտի գնայի, բայց այնքան հուզված էի, որ գործերով չէի կարող զբաղվել։ Կնոջս տրամադրությունն էլ էր վատ թվում։ Ինձ ուղղված նրա հարցական հայացքներից պարզ էր դառնում մի բան․ նա հասկանում է, որ չհավատացի իր հնարանքին, և չգիտի, թե ինչպես պահի իրեն իմ ներկայությամբ։ Նախաճաշի ժամանակ մենք գրեթե ոչ մի բառ չփոխանակեցինք, իսկ դրանից անմիջապես հետո ես դուրս եկա շրջելու, որպեսզի ամեն ինչ ծանր ու թեթև անեմ վաղորդյան թարմ օդում։
Ես հասա մինչև Բյուրեղապակյա ամրոցը, նրա շրջակայքում անցկացրի մի ժամ ու ցերեկվա մեկին վերադարձա Նորբերի։ Այնպես պատահեց, որ կոտտեջի մոտով անցնելիս կանգ առա՝ մի հայացք գցելու նրա լուսամուտներին, թե միգուցե պատահմամբ տեսնեմ այդ տարօրինակ դեմքը, որ նախորդ օրը երևաց այնտեղ։ Պատկերացրեք, թե ինչքա՜ն զարմացա, մի՛ստր Հոլմս, երբ դուռը հանկարծակի բացվեց ու այնտեղից դուրս եկավ կինս։
Տեսնելով նրան, ես ուղղակի քարացա, բայց իմ զգացմունքները ոչինչ էին այն բոլորի հանդեպ, ինչ արտահայտեց նրա դեմքը, երբ մեր հայացքները հանդիպեցին։ Ինձ մի պահ թվաց, թե կինս ուզում է թաքնվել շենքում, բայց տեսնելով, թե որքան անօգուտ է փախուստը, առաջ եկավ՝ դեմքը սփրթնած ու վախն աչքերում, որոնց արտահայտությունը այնքա՜ն հակասում էր շուրթերին խաղացող ժպիտը։
«Ախ, Ջե՛կ, ― ասաց նա․ ― հենց քիչ առաջ մտա իմանալու, թե որևէ բանով չե՞մ կարող օգնել մեր նոր հարևաններին։ Ինչո՞ւ եք այդպես նայում ինձ, Ջե՛կ։ Հո չե՞ք բարկանում ինձ վրա»։
«Հենց այնպես, ― ասացի։― Այստե՞ղ էիք եկել գիշերը»։
«Ի՞նչ եք ուզում ասել», ― գոչեց նա։
«Դուք այստեղ եք եկել, ես համոզված եմ։ Եվ ի՞նչ մարդիկ են դրանք, որոնց հաճախում եք այսպիսի ժամանակ»։
«Երբեք այստեղ չեմ եղել»։
«Ինչպե՞ս եք համարձակվում խաբել։ Դուք լավ գիտեք, որ այդպես չէ, ախր, ― բղավեցի ես։ ― Ձեր ձայնն անգամ փոխվում է, երբ խոսում եք։ Մի՞թե երբևէ ես ձեզանից բան եմ թաքցրել։ Հիմա կմտնեմ այս կոտտեջն ու ինքս ամեն ինչ կիմանամ»։
«Ո՛չ, ո՛չ, Ջե՛կ, ի սե՜ր աստծո»։
Նա չէր կարողանում թաքցնել իր սաստիկ հուզմունքն ու խեղդվում էր դրանից, և երբ ես մոտեցա դռանը, բռնեց թևս ու անսպասելի ուժով ետ քաշեց։
«Աղաչում եմ, մի՛ մտեք, Ջե՛կ, ― բացականչեց նա։ ― Երդվում եմ, որ վաղ թե ուշ կպատմեմ ձեզ ամեն ինչ․ բայց հետագայում, հետո՜․․․ Դուք որ այս կոտտեջը մտնեք, մեծ դժբախտություն կլինի»։
Ես փորձեցի ազատվել նրանից, նա կառչեց ինձ խելակորույս աղաչանքով։
«Հավատացեք ինձ, Ջե՛կ, ― ճչաց նա․ ― միայն այս անգամ հավատացեք ինձ։ Երբեք չեք զղջա։ Եթե որևէ բան թաքցրել եմ ձեզանից, ապա միմիայն հենց ձեր օգտի համար։ Մեր ամբողջ կյանքը դրանից է կախված։ Տուն գնանք միասին, և ամեն ինչ լավ կլինի։ Իսկ եթե դուք իմ կամքին հակառակ մտնեք կոտտեջ, մեր միջև ամեն ինչ կվերջանա»։
Նրա ձայնի մեջ այնպիսի անկեղծ հուսահատություն կար, որ ես շփոթված կանգ առա դռան առաջ ու չգիտեի ինչ անեմ։
«Ձեզ կհավատամ միայն մի պայմանով, ― վերջապես ասացի ես․ ― ուզում եմ, որ այս ամենին վերջ տրվի անհապաղ։ Ձեր գաղտնիքը ձեզ մնա, բայց խոստացեք, որ կդադարեցնեք գիշերային բոլոր այցելություններն ու ինձանից թաքուն ոչ մի բան չեք անի։ Համաձայն եմ՝ մոռանալ բոլորը, ինչ որ եղել է, բայց խոսք տվեք ինձ, որ դա այլևս չի կրկնվի»։
«Չեմ կասկածում, որ դուք ինձ կհավատաք, ― բացականչեց նա թեթևացած ու խոր հառաչեց։ ― Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ուզում եք։ Դե՛, գնանք տուն, գնանք, էլի՛»։
Բաց չթողելով թևս, նա ինձ հեռացրեց կոտտեջից։ Գնալիս ետ նայեցի ու վերին լուսամուտներից մեկում տեսա հենց նույն մարդու դեղնած, մեռելային գունատություն ունեցող դեմքը, որ հետևում էր մեզ։ Ի՞նչ կապ կարող էր լինել այդ արարածի ու կնոջս միջև, որ նախօրակին տեսա։ Սա գլուխկոտրուկ խնդիր էր, և ես գիտեի, որ հանգիստ չեմ գտնի, մինչև որ չլուցծեմ։
Դրանից հետո ես երկու օր մնացի տանը, և թվում էր, թե կինս ազնվորեն կատարում է մեր պայմանը, մանավանդ որ, ինչքան գիտեմ, նա ընդհանրապես տնից դուրս չէր գալիս։ Սակայն վրա երրորդ օրը միանգամայն պարզ դարձավ, որ ոչ մի երդում չի կարող հեռացնել նրան այն խորհրդավոր ազդեցությունից, որ շեղում էր ամուսնուց ու պարտքից։
Այդ օրը ես գնացի քաղաք, բայց վերադարձա ժամը 2.40֊ի գնացքով, փոխանակ ժամը 3. 36֊ի, որով սովորաբար երթևեկում էի։ Երբ տուն մտա, վախեցած դեմքով ինձ ընդառաջ վազեց սպասուհին։
«Ո՞ւր է տանտիրուհին», ― հարցրի ես։
«Կարծեմ գնաց զբոսնելու»։
Իմ մեջ իսկույն ևեթ կասկածներ առաջացան։ Վազեցի վերև համոզվելու, որ նա իրոք տանը չի։ Պատահաբար նայեցի լուսամուտից դուրս, և տեսա, որ սպասուհին, ում հետ նոր խոսում էի, դաշտի միջով վազում է կոտտեջի կողմը։
Ես, իհարկե, անմիջապես հասկացա, թե ինչ է նշանակում այդ։ Կինս գնացել էր այնտեղ և սպասուհուն պատվիրել, որ կանչի իրեն, երբ վերադառնամ։
Կատաղությունից դողալով, վազեցի ցած ու քայլեցի դաշտի միջով, վճռելով ընդմիշտ վերջ տալ այդ բոլորին։ Ես տեսա, թե ինչպես կինս ու սպասուհին կածանով վազում են տուն, բայց կանգ չառա, որ խոսք բաց անեմ։ Կոտտեջում թաքնված է մի գաղտնիք, որ մթագնում է իմ կյանքը․․․ Ես երդվեցի՝ ինչ ուզում է թող լինի, բայց ես կիմանամ այդ գաղտնիքը։ Նույնիսկ դուռը չթակեցի․ բռնակը պտտեցի, դուռը բաց արի ու ներս ընկա միջանցք։
Առաջին հարկում լուռ էր ու հանգիստ։ Խոհանոցում բոցկլտացող կրակին դրած ջրով լի թեյամանը եռում էր, մի սև կատու էլ կար, որ կծկվել ու պառկել էր զամբյուղի մեջ, բայց առաջին օրը տեսածս այն կնոջն հետքն անգամ չէր մնացել։ Վազելով մտա մյուս սենյակը, սակայն դատարկ էր և այնտեղ։ Այնժամ վազեցի սանդուղքով վեր, բայց վերին երկու սենյակում էլ մարդ չգտա։ Ամբողջ տանը կենդանի շունչ չկար։ Կահավորումն ու նկարները ամենասովորկանն էին ու գռեհիկ, բացի այն սենյակից, որի լուսամուտում տեսել էի տարօրինակ դեմքը։ Այդ սենյակը շատ հարմար ու շքեղ էր կահավորված, և իմ բոլոր կասկածները վայրենի, այրող կատաղության վերածվեցին, երբ բուխարիկի վրա տեսա կնոջս լուսանկարը՝ ամբողջ հասակով։ Այդ լուսանկարը հանված էր իմ իմ խնդրանքով ընդամենը երեք ամիս առաջ։
Ես այնտեղ մնացի այնքան ժամանակ, ինչքան հարկավոր եղավ համոզվելու համար, որ տունը բոլորովին դատարկ է։ Դրանից հետո թողեցի հեռացա՝ սրտիս վրա զգալով այնպիսի մի ծանրություն, որ դեռ երբեք չէի զգացել։ Երբ տուն վերադարձա, կինս դուրս եկավ ինձ դիմավորելու, բայց ես այնքան զայրացած ու դառնացած էի, որ չխոսեցի նրա հետ ու կողքից անցնելով, քաշվեցի առանձնասենյակս։ Չնայած դրան, նա հետևից մտավ ներս, մինչ ես կհասցնեի դուռը փակել։
«Շատ եմ ափսոսում, որ խախտել եմ խոստումս, Ջե՛կ, ― ասաց նա, ― բայց եթե դուք իմանայիք ամեն ինչ, հավատացած եմ, որ կներեիք ինձ»։
«Դե պատմեցեք, էլի»։
«Չեմ կարող, Ջեկ, չեմ կարող»։
«Մինչև որ դուք չասեք ինձ, թե ով է ապրում այդ կոտտեջում և ում եք տվել ձեր լուսանկարը, մինչև չխոստովանեք, ձեր նկատմամբ վստահություն չեմ ունենա», ― հայտարարեցի ես, դուրս պրծա սենյակից ու տնից հեռացա․․․
Դա երեկ էր, մի՛ստր Հոլմս․ դրանից հետո այլևս նրան չեմ տեսել և այդ տարօրինակ գործի մասին ոչինչ չգիտեմ։ Մինչ այդ, մեր մեջ ոչ մի թյուրիմացություն չի եղել․ և նրա սուտ ասելն ինձ այնպես ցնցեց, որ չգիտեմ՝ թե ինչ անեմ։ Այս առավոտ հիշեցի, որ դուք հենց այն մարդն եք, որ կարող է ինձ օգնել խորհրդով և, ահա, շտապեցի ձեզ մոտ ու ինձ անվերապահ հանձնում եմ ձեր ձեռքը։ Եթե որևէ մանրուք պարզ չի ձեզ համար, խնդրեմ՝ հարցրեք։ Բայց առաջին հերթին շուտ ասեք՝ ի՞նչ անեմ։ Այս դժբախտությանը դիմանալն իմ ուժերից վեր է։
Հոլմսն ու ես մեծագույն հետաքրքրությամբ լսեցինք այս անսովոր հաղորդումը։ Պատմողը խոսում էր ջղաձգորեն, կցկտուր, ծայր աստիճանի բորբոքումով համակված մի մարդու պես։ Բարեկամս մտքերի մեջ ընկավ․ նա որոշ ժամանակ նստեց լուռ, կզակը ձեռքին հենած։
― Ասացեք, ― արտասանեց նա վերջապես, ― դուք երաշխավորո՞ւմ եք, որ լուսամուտի մեջ տղամարդու դեմք տեսաք։
― Ամեն անգամ այդ դեմքը տեսնում էի այնպիսի հեռավորությունից, որ ոչ մի բան ասել չեմ կարող։
― Համենայն դեպքս, դա ձեզ վրա անհաճո տպավորությո՞ւն է թողել։
― Ինձ թվում է, թե այդ դեմքն անբնական գույն ուներ, իսկ դիմագծերը տարօրինակ կերպով անշարժ էին։ Հենց որ ես մոտենում էի շենքին, դեմքն իսկույն անհետանում էր։
― Վաղո՞ւց է, որ ձեր կինը հարյուր ֆունտ խնդրեց ձեզանից։
― Գրեթե երկու ամիս առաջ։
― Նրա առաջին ամուսնու լուսանկարը երբևէ տեսե՞լ եք։
― Ոչ։ Ամուսնու մահվանից քիչ անց Ատլանտայում մեծ հրդեհ է եղել, և նրանց ընտանեկան բոլոր թղթերն այրվել են։
― Սակայն տիկինն ունի վկայական նրա մահվան մասին։ Դուք ասացիք, որ տեսել եք այդ վկայականը։
― Այո՛, հրդեհից հետո կինս կրկնակ է ստացել։
― Դուք երբեք չե՞ք հանդիպել մեկին, որ այդ կնոջը ճանաչելիս լինի Ամերիկայից։
― Ո՛չ։
― Չի՞ ասել ձեր կինը երբևէ, թե պատրաստվում է նորից գնալ այնտեղ ու որոշ ժամանակ մնալ։
― Ո՛չ։
― Իսկ նամակներ ստանո՞ւմ էր այնտեղից։
― Որքան գիտեմ՝ ո՛չ։
― Շնորհակալ եմ։ Ես կուզենայի մի քիչ խորհրդածել այս գործի մասին։ Եթե կոտտեջը լքված է ընդմիշտ, դրությունը բարդանում է։ Բայց ես կարծում եմ՝ ավելի հավանականն այն է, որ տան բնակիչները նախազգուշացված էին ձեր այնտեղ գնալու առթիվ, ու հեռացել են նախքան ձեր հայտնվելը։ Այդ դեպքում հնարավոր է, որ նրանք վերադառնան, և մեզ համար հեշտ կլինի պարզել ամեն ինչ։ Թույլ տվեք խորհուրդ տալ ձեզ՝ ետ գնալ Նոբերլի և նորից հետևել կոտտեջի լուսամուտներին։ Եթե հիմք կունենաք ենթադրելու, թե կոտտեջում ապրողներ կան, մի՛ ներխուժեցեք այնտեղ, այլ հեռագիր ուղարկեցեք բարեկամիս և ինձ։ Հեռագիր ստանալուց մի ժամ հետո մենք այնտեղ կլինենք ու շատ շուտ կհասնենք գործի էությանը։
― Իսկ եթե կոտտեջը դեռ դատա՞րկ է։
― Այդ դեպքում ես կգամ վաղը։ Եվ մենք ամեն բան կքննենք միասին։ Ցտեսություն․ և ամենից առաջ մի ընկճվեք, դրա համար դուք դեռ ռեալ պատճառներ չունեք․․․
― Վախենում եմ, որ սա զզվելի մի պատմություն լինի, Ուո՛տսն, ― ասաց բարեկամս, միստր Գրանտ Մոնրոյին մինչև դուռը ուղեկցելուց հետո։
― Ի՞նչ կարծիք ունեք այդ գործի մասին։
― Իմ կարծիքով՝ բավականին կեղտոտ գործ է, ― պատասխանեցի ես։
― Այո՛։ Դա կա՛մ շանտաժ է, կա՛մ ես խիստ սխալվում եմ։
― Իսկ ո՞վ է շանտաժիստը։
― Ամենահավանականը՝ այն մարդը, որն ապրում է կոմֆորտով կահավորված միակ սենյակում և բուխարիկի վրա դրել է այդ կնոջ լուսանկարը։ Ազնիվ խոսք, Ուո՛տսըն, չգիտեմ ինչու ինձ շատ է զբաղեցնում լուսամուտում երևացող դեղնած դեմքը, և ես ոչ մի դեպքում չէի ուզենա անցնել այս գործի կողքով։
― Որևէ հիպոթեզ ունե՞ք։
― Առայժմ միայն նախնական։ Բայց շատ կզարմանամ, եթե դա չհաստատվի։ Կոտտեջում այդ կնոջ առաջին ամուսինն է։
― Ինչո՞ւ եք այդպես կանչում։
― Հապա ինչո՞ւ է այդ կինը վախենում, որ չլինի թե իր երկրորդ ամուսինը մտնի այնտեղ։ Ըստ իս, ահա թե ինչպես է եղել բանը։ Այդ կինն ամուսնացել է Ամերիկայում։ Հետո ամուսինը նրա համար ատելի է դարձել․ ենթադրենք, թե նա հիվանդացել է բորոտությամբ կամ ապուշ դարձել։ Վերջապես նա փախել է ամուսնու մոտից, վերադարձել Անգլիա, փոխել անունը և, իր կարծիքով կյանքն սկսել նորից։ Երեք տարի առաջ նա ամուսնացել է և իր դրությունը միանգամայն կայուն էր համարում։ Իսկ ամուսնուն ցույց է տվել մի ուրիշ մարդու մահվան վկայական, որի ազգանունն իր վրա է վերցրել։ Բայց, ահա, կնոջ տեղը հայտնաբերել է կամ առաջին ամուսինը, կամ գցենք թե, անամոթ մի կին, որը կապվել է հիվանդի հետ։ Նրանք գրել են այս կնոջը և սպառնացել, որ կգան ու նրան կմերկացնեն։ Կինն էլ ամուսնուց հարյուր ֆունտ է ուզել, որ տա նրանց ու պրծնի։ Չնայած դրան, նրանք եկել են, ու երբ ամուսինը պատահաբար կնոջն ասել է, թե կոտտեջում նոր բնակիչներ են հայտնվել, կինը ինչ֊որ մի կերպ գլխի է ընկել, որ եկողներն իրեն հետապնդողներն են։ Սպասելով մինչև ամուսնու քնելը, նա վազել է կոտտեջ ու փորձել համոզել նրանց, որպեսզի իրեն հանգիստ թողնեն։ Որևէ արդյունքի չհասնելով, նա մյուս առավոտ նորից է գնացել նրանց մոտ, իսկ կոտտեջից դուրս գալիս հանդիպել է ամուսնուն։ Ամուսինը կնոջից խոսք է առել այլևս չգնալ կոտտեջ, բայց երկու օր հետո ջերմորեն հուսալով ազատվել իր սարսափելի հարևաններից, կինը նոր փորձ է արել ընդհանուր լեզու գտնել նրանց հետ։ Այդ ժամանակ նա տալիս է նրանց իր լուսանկարը, որը, ըստ երևույթին, նրանից պահանջել են։ Զրույցի կեսին վազել եկել է սպասուհին ու հայտնել, թե պարոնը վերադարձել է տուն։ Վախենալով, որ ամուսինն ուղիղ կսլանա կոտտեջ, կինը շտապ կարգով բնակիչներին դուրս է բերել հետևի դռնով, հավանաբար՝ հարևան եղևնուտը։ Այսպիսով մեր կլիենտը տունը դատարկ է գտել։ Սակայն ես շատ կզարմանամ, եթե այս երեկոյան ստուգման ժամանակ պարզվի, որ տունը դեռևս դատարկ է․․․ Ի՞նչ կասեք իմ կանխատեսման մասին։
― Ըստ իս, դա միայն ենթադրություն է։
― Այո՛, բայց դա լույս է սփռում ամեն ինչի վրա։ Եթե նոր փաստեր երևան գան, որոնք հնարավոր չլինի բացատրել, էլի ժամանակ կունենանք վերանայել իմ կանխատեսումը։ Միևնույն է, մենք ոչինչ անել չենք կարող, մինչև որ Նորբերիի մեր բարեկամից լուրեր չստանանք։
Մենք երկար չսպասեցինք։ Հեռագիր եկավ թեյից անմիջապես հետո։
«Կոտտեջն զբաղեցրել են։ Դեմքը նորից տեսա լուսամուտում։ Կդիմավորեմ 7֊ի գնացքին։ Ոչինչ չեմ անի մինչև գաք»։
Գրանտ Մոնրոն մեզ սպասում էր կառամատույցում, և մենք կայարանի լապտերների լույսով տեսանք, որ նա շատ գունատ է ու հուզմունքից դողում է։
― Նրանք դեռ այնտեղ են, մի՛ստր Հոլմս, ― ասաց նա, ձեռքը դնելով բարեկամիս թևին։ ― Կոտտեջի մոտով անցնելիս, լուսավորություն տեսա այնտեղ։ Մենք այդ բանին վերջ կտանք մեկընդմիշտ։
― Ի՞նչ ծրագիր ունեք, ― հարցրեց Հոլմսը, քանի դեռ ծառապատ ու մութ ճանապարհով գնում էինք ցած։
― Ուզում եմ, թեկուզ ուժով, ներս մտնել կոտտեջ ու սեփական աչքերով տեսնել, թե ով կա այդ շենքում։ Խնդրում եմ՝ երկուսդ էլ վկա լինեք։
― Հաստա՞տ եք որոշել։ Չնայած ձեր կնոջ բոլոր հավաստիացումներին, թե ձեզ համար լավ կլինի չբացել այդ գաղտնիքը։
― Այո՛, որոշել եմ։
― Լավ։ Կարծում եմ, որ ձեր վճիռը ճիշտ է։ Ինչ ճշմարտություն ուզում է լինի, անորոշությունից ու կասկածներից ավելի լավ է։ Ամենաճիշտը կլինի՝ անհապաղ գնալ այնտեղ։ Իհարկե, մենք խախտում ենք օրենքը, բայց գործն արժի, որ այդպես անենք։
Շատ մութ գիշեր էր։ Սկսեց մանր անձրև մաղել, երբ մենք մեծ ճանապարհից թեքվեցինք մի նեղ կածան, որի երկու կողմը առուներ կային։ Միստր Գրանտ Մոնրոն անհամբերությամբ խոյանում էր առաջ, ու մենք քարշ էինք գալիս նրա հետևից, ինչպես կարողանում էինք։
― Ա՛յ, այնտեղ տանս լույսերն են, ― խոսեց նա, ցույց տալով ծառերի արանքներում առկայծող կրակները։ Իսկ այստեղ կոտտեջն է, և ես կմտնեմ կոտտեջը։
Մենք թեքվեցինք ու դուրս եկանք նեղ ճանապարհը և ընդհուպ մոտեցանք կոտտեջին։ Դուռը կիսաբաց էր, սև գետնին երևում էր դեղին լույսի մի շերտ։ Վերին հարկի մի լուսամուտ պայծառ լուսավորված էր։ Մենք տեսանք մի մութ կետ, որ շարժվում էր վարագույրի հետևով։
― Այդ նողկալին այնտեղ է, ― բացականչեց Գրանտ Մոնրոն։ ― Ինքներդ եք տեսնում, որ այնտեղ մեկը կա, չէ՞։ Հիմա իմ հետևի՛ց․ շուտով ամեն ինչ կիմանանք։
Մենք մոտեցանք դռանը։ Հանկարծ մթության միջից դուրս եկավ մի կին։ Ես չկարողացա լավ զննել նրա դեմքը, բայց տեսա, որ նա պաղատագին տարածում է թևերը, որոնք լուսավորված էին լույսի շիթով։
― Ի սե՛ր աստծո, պետք չէ, Ջե՛կ, ― աղաղակեց նա։ ― Այդպես էլ գիտեի, որ դուք կգաք։ Հանգստացեք, սիրելի՛ս։ Նորից հավատացեք ինձ, և դուք երբեք չեք զղջա։
― Չափից դուրս երկար ժամանակ եմ վստահել ձեզ, Էֆֆի, ― խստորեն պատասխանեց ամուսինը։ ― Թողեք ինձ, ես պետք է անցնեմ։ Ահա իմ բարեկամները։ Սրանք եկել են ինձ օգնելու մեկ ընդմիշտ վերջ տալու այդ գործին։
Գրանտը մի կողմ հրեց կնոջը, ու մենք միաձույլ հետևեցինք նրան։ Երբ նա դուռը բաց արեց, ընդառաջ վազեց մի պառավ։ Պառավը փորձեց փակել նրա ճանապարհը, բայց Գրանտ Մոնրոն մի կողմ հրեց պառավին, և մի րոպե անց մենք բարձրացանք սանդուղքով։ Գրանտ Մոնրոն վազեց վերև ու ներխուժեց լուսավորված սենյակը։ Մենք կրնկակոխ հետևեցինք նրան։
Այդ սենյակը մի հարմարավետ, լավ կահավորված կացարան էր։ Երկու մոմ վառվում էին սեղանին, երկուսը՝ բուխարիկի վրա։ Անկյունում սեղանին կքված, թիկունքը մեզ արած նստած էր ինչ֊որ մեկը։ Ինչպես երևում էր՝ մի փոքրիկ աղջիկ։ Նրա հագին կարմիր շոր կար, իսկ ձեռքերին՝ երկար սպիտակ ձեռնոցներ։ Երբ նա թափով դարձավ մեր կողմը, ես զարմանքից ու սարսափից գոռացի։ Աղջկա դեմքը տարօրինակ գույն ուներ, մեռելի դեմքի պես գունատ երանգով, դիմիագծերը զուրկ էին որևէ արտահայտչությունից։
Մի ակնթարթում գաղտնիքը բացվեց։ Հոլմսը ծիծաղեց ու թեթևակի շոյեց երեխայի ականջի հետևը։ Դիմակն ընկավ, ու մեր առաջ երևաց ձյութի պես սև մի փոքրիկ նեգրուհի։ Նա այնպես ուրախ ժպտաց, որ սպիտակ ատամները շողշողացին։ Աղջկան ծիծաղեցրին մեր ապշահար դեմքերը։ Ես քահ֊քահ ծիծաղեցի, միանալով նրա ուրախությանը, բայց Գրանտ Մոնրոն տեղում սառեց, առանց աչքը երեխայից կտրելու և ձեռքը կրծքին սեղմած։
― Աստված իմ, ― գոչեց նա․ ― ի՞նչ է նշանակում այս բոլորը։
― Ես ձեզ կասեմ, թե ինչ է նշանակում, ― սենյակ մտնելով արտասանեց կինը, որի դեմքը հպարտ ու վճռական արտահայտություն ուներ։ ― Իմ կամքին հակառակ, դուք դրդեցիք ամեն ինչ բաց անել․ հիմա երկուսս էլ ստիպված ենք հաշտվել դրության հետ։ Ամուսինս վախճանվել է Ատլանտայում, իսկ երեխաս կենդանի է մնացել։
― Ձե՞ր երեխան։
Էֆֆին վզից հանեց արծաթե մի մեդալյոն։
― Այս բանը դուք երբեք բացված չե՞ք տեսել։
― Ես կարծում էի, թե դա չի բացվում։
Կինը սեղմեց զսպանակը, և մեդալյոնը բացվեց։ Նրա մեջ զարմանալի գեղեցիկ ու խելացի դեմքով մի մարդու նկար կար․ մարդն աֆրիկական ծագման անառարկելի նշաններ ուներ։
― Ահա նա՝ ատլանտացի Ջոն Հիրրոնը, ― ասաց տիկինը։ ― Սրանից ավելի ազնիվ մարդ աշխարհիս երեսին չի եղել։ Ես կապերս խզել եմ հարազատներիցս, որպեսզի ամուսնանամ Ջոնի հետ, և քանի նա կենդանի էր, ոչ մի անգամ չեմ զղջացել դրա համար։ Ինչպես տեսնում եք, մեր միակ երեխան ավելի շատ նման է հոր ցեղի մարդկանց։ Դա հաճախ է պատահում նման ամուսնության դեպքում, և փոքրիկ Լյուսին հորից ավելի սև է։ Բայց սև է, թե բաց գույնի, սա իմ դուստրն է, իմ սիրեցյալը։
Այդ խոսքերի վրա փոքրիկ աղջիկը մոտ վազեց մորն ու հպվեց նրա զգեստին։
― Ես սրան թողել էի Ամերիկայում, միայն այն պատճառով, ― շարունակեց մայրը, ― որ առողջությունը թույլ էր և կլիմայի փոփոխությունը կարող էր վնասել։ Աղջկաս հանձնել էի մեզ հավատարիմ մի շոտլանդուհու խնամքին․ այդ կինը մի ժամանակ ծառայել է մեզ մոտ։ Երբեք, ոչ մի րոպե ես չեմ մտածել հրաժարվել իմ աղջկանից։ Բայց երբ ձեզ հանդիպեցի, Ջե՛կ, և սիրեցի, վախեցա ասել երեխայիս մասին։ Թող ների ինձ աստված։ Բայց ես վախենում էի, որ կկորցնեմ ձեզ, և համարձակություն չունեցա պատմել ամեն ինչ։ Ստիպված եղա ընտրություն կատարել՝ դուք կամ դուստրս։
Փոքրոգությանս պատճառով ես բաժանվեցի իմ աղջկանից։ Երեք տարի թաքցրել եմ ձեզանից սրա գոյությունը։ Դայակն ամեն ինչ հաղորդում էր ինձ, և ես գիտեի, որ աղջիկը միանգամայն առողջ է։ Վերջապես իմ մեջ մի անզուսպ ձգտում առաջացավ մի անգամ էլ տեսնել զավակիս։ Անհնար էր հաղթահարել այդ ցանկությունը։ Գիտեի, թե ինչքան վտանգավոր էր այդ, բայց էլի վճռեցի գոնե մի քանի շաբաթ երեխային բերել այստեղ։ Դայակին ուղարկեցի հարյուր ֆունտ և ասացի այս կոտտեջի տեղը, որպեսզի նա կարողանա բնակվել այստեղ ուղղակի որպես հարևանուհի, առանց որևէ կերպ ցույց տալու մեր փոխհարաբերությունները։ Նախազգուշությունս ինձ այնքան հեռու տարավ, որ ես դայակին հրամայեցի ցերեկն աղջկան պահել տանը և դեմքն ու թաթիկները ծածկել այնպես, որ նույնիսկ նա, ով տեսնի նրան լուսամուտին, հարևանների հետ չբամբասի, թե այստեղ նեգր երեխա է ապրում։ Ավելի լավ էր՝ այսքան զգույշ չլինեի։ Դա ավելի խելացի կլիներ, բայց ես գրեթե խելքս թռցրել էի վախից, որ դուք կիմանաք ամբողջ ճշմարտությունը։
Այդ դուք էիք առաջինը, որ ինձ ասացիք, թե կոտտեջը վարձված է։ Ես պետք է սպասեի մինչև առավոտ, այնինչ հուզմունքից չէի կարողանում քնել։ Վերջապես մի կերպ դուրս եկա տնից, գիտենալով, թե ինչքան պինդ եք քնում։ Բայց դուք նկատեցիք իմ հեռանալը, և դա բոլոր իմ դժբախտությունների սկիզբը եղավ։ Մյուս օրը դուք իրավունք ունեիք բաց անել իմ գաղտնիքը, բայց վեհանձնորեն հրաժարվեցիք օգտվել այդ իրավունքից։ Երեք օր առաջ դայակն ու երեխան նոր էին դուրս վազել հետևի դռնից, երբ դուք ներխուժեցիք տուն․․․ Դե՜, հիմա ամեն ինչ գիտեք, և ես հարցնում եմ ձեզ ի՞նչ կլինի մեր վիճակը՝ երեխայիս և իմ։
Նա կուչ բերեց ձեռքերը, սպասելով պատասխանի։
Անցավ տասը երկար րոպե, մինչև Գրանտ Մոնրոն սկսեց խոսել․ և նրա պատասխանն այնպիսին էր, որ ես հրճվանքով եմ հիշում։
Նա բարձրացրեց աղջկան, համբուրեց և ապա, ձեռքը պարզելով կնոջը, գնաց դեպի դուռը։
― Մեզ համար ավելի հարմար է ամեն ինչի մասին խոսենք տանը, ― ասաց նա։ ― Է՛ֆֆի, ես այնքան էլ լավ մարդ չեմ, բայց կարծում եմ, որ ավելի լավն եմ, քան դուք ենթադրում էիք։
Հոլմսն ու ես կածանով գնացինք նրանց հետևից, իսկ հետո բարեկամս քաշեց թևս։
― Թերևս մենք Լոնդոնում ավելի օգտակար լինենք, քան Նորբերիում, ― ասաց նա։
Այդ գործի մասին նա այլևս չխոսեց, բայց արդեն ուշ երեկոյան, երբ մոմը ձեռքին գնում էր ննջարան, ասաց․
― Ուո՛տսըն, եթե ձեզ երբևէ թվա, թե ես ինքնավստահ եմ դառնում կամ ավելի քիչ եմ զբաղվում գործով, քան պետք է, խնդրում եմ, ականջիս շշնջացեք՝ «Նորբերի», և ես ձեզ երախտապարտ կլինեմ։- ↑ Սաթ ― քարացած խեժ է․ դրանից զարդեր ու մանր֊մունր բաներ են պատրաստում։ Սաթի կտորի մեջ երբեմն կարելի է նշմարել մանր միջատներ, որ հնում թաղվել են խեժի մեջ։