Վերջին թարմացում 4 Նոյեմբերի 2016, 23:29

Խրատական մի տեսակ առակների մասին

Խրատական մի տեսակ առակների մասին

հեղինակ՝ Մարկ Տուէն
աղբյուր՝ «Զւարճալի պատմւածքներ»

Մանկութիւնիցս սկսած՝ ես սիրում էի կարդալ մի տեսակ խրատական առակներ, որոնց մէջ գտնում էի սրտիս համար բաւականութիւն եւ որոնցից քաղում էի կեանքի համար օրինակներ։

Այդ առակները միշտ ձեռաց էի պահում եւ ամեն անգամ, երբ վատ մտքեր էին իմ մէջ յղանում իմ մի որ եւ է մերձաւորի նկատմամբ, ես նորանց էի դիմում եւ նոքա քշում, ցրւում էին յանցաւոր մտածողութիւնս։ Երբ ես զգում էի ինձ եսասէր, ժլատ եւ անազնիւ, դիմում էի կրկին առակներին, եւ նոքա նորից հաղորդում էին ինձ վեհ տրամադրութիւն։

Բայց շատ անգամ իմ մէջ ցանկութիւն է երեւացել, որ այդ արիւնահեղ առակները չը կտրւեն բարեյաջող տեղում, այլ շարունակած լինեն մինչեւ վերջ բարերարութեան ամբողջ պատմութիւնը բոլոր հետեւանքներով։ Այդ ցանկութիւնը ժամանակով այնքան մեծացաւ իմ սրտում, որ վերջապէս վճռեցի՝ ես ինքս գտնեմ նոցա համար շարունակութիւններ։ Ես եռանդով սկսեցի գործը առաջ տանել եւ մեծ նեղութիւնից ու բազմաշխտա հետախուզութիւններից յետոյ իրագործեցի մտադրութիւնս։

Այժմ կաշխատեմ ներկայացնել ձեզ իմ աշխատանքի հետեւանքները, զետեղելով առանձին֊առանձին առակները եւ աւելացնելով նորանց այն շարունակութիւնները, որոնք՝ իմ հետազօտութիւններից յետոյ՝ ես գտել եմ պատշաճաւոր։

I — Երախտագէտ շունը

Մի անգամ, մի բարեսիրտ բժիշկ (որ բարոյագիտական գրքերի սիրահար էր) տեսաւ փողոցում թափառող մի շուն՝ տանջւելիս կոտրած ոտի ցաւից։ Բժիշկը տարաւ խղճալի արարածին իւր տունը, դրստեց ու կապեց նորա ցաւած ոտը եւ կրկին արձակեց փողոց։

Բժիշկը համարեա մոռացել էր իւր արած բարերարութեան մասին, երբ մի քանի օրից յետոյ, առաւօտեան, գաւթի դուռը բացելուց՝ տեսաւ շնորհակալ շանը՝ կանգնած մի ուրիշ թափառական շան հետ, որի ոտը նոյնպէս կոտրած էր մի ինչ որ պատճառից։ Բարեսիրտ բժիշկը իսկոյն օգնեց խեղճ կենդանուն, ըստ որում հիացաւ նախախնամութեան անհաս ազդեցութեան վերայ, որով երախտագիտութեան շնորհքը արտափայլում է մինչեւ անգամ մի չնչին շան մէջ…

Շարունակութիւն

Միւս օր առաւօտեան բժիշկը տեսաւ իւր դռան առաջ երկու առողջ, շնորհակալ դէմքով, շներ եւ նոցա հետ դարձեալ երկու կաղ շներ։ Բժիշկը սրանց եւս օգնեց եւ չորս շները գնացին իրանց ճանապարհը՝ թողնելով բժշկին հիացած եւ հոգեզմայլ դրութեան մէջ։ Հետեւեալ առաւօտը բժշկի դրանը կանգնած էին չորս առողջացած շները եւ նոցա հետ կրկին մի չորս հիւանդներ, որոնց վերայ բժիշկը դրեց նոյն խնամքը։ Միւս առաւօտը բժշկի դրանը հաւաքւել էին արդէն տասնեւվեց շուն, որոնցից կէսը նոր կաղացածներ էին։ Բժիշկը մինչեւ կէսօր հազիւ կարողացաւ բոլորի ոտներն էլ ուղղել․ բայց նորա հոգեզմայլ տրամադրութեանը սկսեց խառնւել մի տեսակ ծանրութիւն։ Հետեւեալ առաւօտեան արեգակը ծագեց՝ լուսաւորելու բժշկի դրան առաջ արդէն երեսներկու շան, որոնցից տասնեւվեցը նոր կաղացածներ էին։ Սոքա բռնել էին բոլոր մայթը եւ փողոցի կէս լայնքը, իսկ հետաքրքիր ամբոխը նայում էր այդ տեսարանին։

Կաղ շների ոռնոցը, բժշկւածների ուրախ ճիչը, դատարկասլորտների ասեկոսէները տալիս էին տեսարանին մեծութիւն եւ վեհութիւն։ Փողոցում անցուդարձը դադարել էր։

Բարեգործ բժիշկը հրաւիրեց իւր հաշւով մի քանի ոսկոր գձողներ օգնութեան եւ հազիւ կարողացաւ մինչեւ մութն ընկնելը վերջացնել իւր բարի գործը։

Բայց ամեն բան ունի իւր չափը, իւր սահմանը։ Երբ լուսացաւ հետեւեալ առաւօտը եւ բարի բժիշկը՝ տեսաւ նորից հաւաքւած ցաւազար շների անվերջ շարքը, նա բացականչեց։

— Պէտք է վերջապէս խոստովանեմ, որ ինձ խաբել եւ յիմարացրել են բարոյախօսական գրքերը, որոնց մէջ ցոյց է տրւած ամեն բանի միայն երեսը եւ թագցրած է աստառը։ Տուէ՛ք ինձ իմ հրացանը, չէ, շատ է վատացել դրութիւնս։

Ձեռքին բռնած հրացանը՝ նա դուրս վազեց շէմքը եւ յանկարծ պատահաբար կոխեց ամենաառաջին անգամ բժշկած շան ագին։ Շունը իսկոյն բռնեց բժշկի ոտքից եւ խածեց։ Շունը, որ հիացել էր իրան արած բարութիւնից, այնպէս մի ոգեւորութիւն էր ստացել, որ սկսել էր ցնորքների մէջ ընկնել եւ վերջապէս կատաղել էր։

Մի ամսից յետոյ, երբ բարեգործ բժիշկը տանջւում էր ջրավախի արհաւիրքներից, նա ժողովեց իւր տրտում բարեկամներին եւ յայտնեց հետեւեալ կտակը․

— Զգոյշ կացէ՛ք բարոյախօսական գրքերից։ Նոքա յայտնում են իրողութեան միայն կէսը։ Երբ որ ձեզ դիմելու լինի փոչ֊կենդանուն մէկը օգնութեան, իսկ դուք կասկածում լինէք ձեր արածի հետեւանքների մասին, զգուշացէ՛ք առաջւանից եւ ինքներդ սպանեցէք այդ տեսակ տաւարին։

Վերջացնելով այս խօսքերը, բարեգործը շուռ եկաւ դէպի պատը եւ աւանդեց հոգին։

II — Բարեգործ հեղինակը

Մի չքաւոր պատանի գրող շատ էր աշխատում տպել տալ իւր յօդւածները, բայց ի զուր․ օրագիրները չէին ընդունում խեղճի գրւածները։ Վերջապէս տանջւած զրկանքներից եւ քաղցածութիւնից, նա վճռեց պատմել իւր դրութեան մասին մի յայտնի հեղինակի եւ խնդրեց նորա հովանաւորութիւնը։ Այս բարեհոգի մարդը իսկոյն թողեց իւր սեփական գործը եւ սկսեց թերթել պատանու յետ ստացած ձեռագիրները։

Վերջացնելով ընթերցանութիւնը՝ նա սեղմեց պատանու ձեռքը բարեկամաբար եւ ասաց․

— Ձեր աշխատանքը առանց արժանաւորութիւնների չէ․ եկէ՛ք ինձ մօտ երկուշաբթի օրը, բան ունեմ ասելու։

Երբ նշանակած օրը պատանին եկաւ, երեւելի հեղինակը՝ ժպիտը բերանին, առանց մի խօսք ասելու, բացեց ամսագրի նոր հրատարակւած համարը եւ դրեց պատանու առաջ։ Պատանին, երբ տեսաւ իւր յօդւածը տպւած, հիացմունքից չը գիտէր, ինչ անէր։

— Ի՞նչով, աղաղակեց նա, չոքելով եւ արտասւելով, ի՞նչով կարող եմ ես երբ եւ իցէ յայտնել ձեյ իմ անչափ շնորհակալութիւնը։

Այս դէպքը թող ուսուցանի մեզ ուշադիր լինելու նոր գրական ոյժերին, որոնք կարօտ են մեր օգնութեան։

Շարունակութիւն

Մի շաբաթից յետոյ պատանին նորից եկաւ յայտնի գրողի մօտ արդէն իհնգ չընդունւած ձեռագիրներով։ Բարի մարդը այս այցելութեան վերայ փոքր ինչ զարմացաւ, որովհետեւ բարոյախօսական գրքերից նա յիշում էր, որ նոր գրողը կարօտ է միայն առաջին օգնութեան։ Սակայն նա նայեց եւ այս ձեռագիրները։ Ջնջելով անպէտք ճոռոմաբանութիւնները եւ հանելով միջից աւելորդաբանութիւններով լցքրած ամբողջ թերթեր, նա այնքան ուղղեց, որ ձեռագիրներից երկուսը կարելի եղաւ տպագրութեան տալու։

Անցաւ մի երկու շաբաթ եւ շնորհակալ պատանին եկաւ՝ նոր բեռ հետը։ Յայտնի հեղինակը, երբ առաջին անգամ կարողացաւ օգնել նոր ասպարէզ մտնողին, զգաց իւր կատարած լաւ գործի քաղցրութիւնը եւ մինչեւ անգամ համեմատեց իրան բարոյախօսական գրքերում պատահող բարեգործների հետ․ բայց այժմ սկսում էր նկատել, որ սա բարեգործութեան մի նոր, օտարոտի դէպք է։ Նորա ոգեւորութիւնը կորաւ։ Այսու ամենայնիւ նա չը կարողացաւ մերժել պատանուն, որ այնպէս միամիտ սրտով եւ հաւատով դիմել էր նորա հովանաւորութեան։ Հետեւանքը՝ վերջ ամենայնի՝ այն եղաւ, որ երեւելի հեղինակը տեսաւ իրան ծանրաբեռնւած նորափթիթ գրողի գրքերով։ Նորա բոլոր ջանքերը շուտով աչքի անցնել երիտասարդ գրողի բոլոր արդիւնաբերութիւնը — ի զուր անցան։

Հովանաւորողը ստիպւած էր պատանուն ամեն օր խրատներ տալ, ուղղել, քաջալերել, միեւնոյն ժամանակը հոգալ, որ նորա գրւածները տպւեն, ուստի եւ կոկել նորա ձեռագիրները։

Երբ վերջապէս երիտասարդ գրողը հարթել էր իրան համար ճանապարհը, նա յանկարծ մեծ անուն ստացաւ, տպելով մի գիրք, ուր նկարագրում էր երեւելի հեղինակի տնային կեանքը։ Այդ գրքով սակայն պատանին խոր խոցեց իւր հովանաւորողի սիրտը, որովհետեւ նա իւր նկարագրութեան մէջ գործ էր ածում կծու ծաղր եւ հաղորդում էր ճշդութեամբ չը պամտւելիք մանրամասնութիւնները։ Գիրքը ունեցաւ մեծ յաջողութիւն եւ սաստիկ տարածւեց։ Երեւելի հեղինակը շատ տխրեց այս տմարդի վիրաւորանքից։

Ծանր հառաչելով նա ասաց․

— Աւաղ, գրքերը ինձ խաբեցին, նոքա չեն հաղորդում բարոյագիտական դէպքերի մանրամասնութիւնները։ Զգուշացէ՛ք, բարեկամնե՛րս, նոր հեղինակներից։ Ով անյայտութիւնից չի կարողանում դուրս գալ, նորան օգնելով՝ դուք մի չարիք էք պատրաստում ձեզ համար։

III — Շնորհակալ ամուսինը

Մի անգամ տիկին Մակսպադէնը գնում էր կառքով իւր փոքրիկ որդու հետ միասին քաղաքի մեծ փողոցով։ Յանկարծ ձիերը խրտնեցին, կատաղի վազեցին եւ կառավարին վայր գցեցին։ Իսկ մայր ու որդին սարսափած մնացել էին կառքում։

Յանկարծ մի երիտասարդ սայլապան, տեսնելով այդ, թողեց իւր սայլը, ընկաւ համարձակութեամբ ձիերի առաջը եւ կանգնեցրեց նորանց։ Շնորհակալ տիկինը նշանակեց սայլապանի թւահամարը եւ երբ տուն վերադարձաւ՝ պատմեց նորա քաջութեան մասին իւր ամուսնուն (որ ի դէպ ասել կարդում էր բարոյախօսական գրքեր)։

Ամուսինը՝ լսելով պատմութիւնը՝ արտասւեց, փառք տւեց Ամենակալին, առանց որի կամքի մի ճնճղուկ անգամ չի ընկնում բունից, ուղարկեց քաջ սայլապանի ետեւից եւ տալով նորան հինգ հարիւր դօլլարի ստացական՝ ասաց․

— Առէ՛ք այս, պարոն Ֆերգիւսոն, իբրեւ վարձատրութիւն ձեր արած ազնիւ գործի ահմար եւ եթէ երբ եւ իցէ կարօտութիւն զգաք՝ քաջ իմացէք, որ ինձանում կը գտնէք երախտագէտ մի սիրտ։

Այդ դէպքը մեզ սովորեցնում է, որ բարի գործը միշտ վարձատրւում է նորա կատարողին, որչափ եւ աննշան լինէր սորա հասարակական դիրքը։

Շարունակութիւն

Մի շաբաթից յետոյ եկաւ սայլապան Ֆերգիւսոնը եւ խնդրեց պարոն Մաքսպադենից օգնելու նորան աւելի յարմար պաշտօն ստանալու, որովհետեւ նորան արժանի չէր, որ նա սայլեր տանել բերելով զբաղւէր։ Մաքսպադենը տւեց նորան գրագրի պաշտօն լաւ ռոճիկով։

Շուտով Ֆերգիւսոնի մայրը հիւանդացաւ եւ Ֆերգիւսոնը… Որպէս զի չը ձանձրացնենք ընթերցողին, յայտնենք մի անգամից, որ պարոն Մաքսպադէնը համաձայնւեց ընդունելու նորան իւր տունը։ Մայրը տեղափոխւեց․ բայց սկսեց շատ տխրել իւր փոքրիկ երեխաների կարօտից։ Ուստի հարկաւոր եղաւ, որ փոքրիկ Մերին, Ջուլիան եւ չարաճճի Ջիմմին էլ տուն բերւեն։

Այս Ջիմմին ունէր մի զմելի, որը ձեռքին նա գնում է հիւրասենեակ եւ կտրատում է թանկագին պաստառները եւ փչացնում կահ կարասիքը։ Երկու օր էլ անցնելու յետոյ յանկարծ ընկաւ սանդուխքից, վիզը կոտրեց եւ մեռաւ։ Թաղումին հաւաքւել էին մինչեւ տասնեօթ մարդ բարեկամներից։ Սոքա բոլորը ծանօթացան տանտէրերի հետ եւ խնդրեցին տանը պաշտօններ, որ եկ վերջապէս ստացան։

Ֆերգիւսոնները ձեռքն առին ամբողջ տունը։ Պառաւը յաճախ հարփում էր եւ այս ու այն կողմ յիշոցներ թափում։ Բայց շնորհակալ Մաքսպադենները իրանց պարտքն էին համարում նորան ուղղել, յիշելով նորա որդու արած բարերարութիւնը։ Ֆերգիւսոնը յաճախ տուն էր վազում, աշխատանք քիչ էր բերում ընտանիքին եւ խնդրում էր, որ իւր համար գտնէին աւելի հանգիստ եւ արդիւնաւէտ տեղ, որ եւ յաջողւեց ճարել Մակսպադենի շնորհիւ։ Բայց երբ եկաւ ամառւայ արձակուրդի ժամանակը՝ Ֆերգիւսոնը սկսեց յամառ կերպով պահանջել, որ նորան ուղարկեն Եւրոպա առողջութիւնը կազդուրելու համար։ Մաքսպադենը այդտեղ այլ եւս չը կարողացաւ համբերել, բողոքեց այդ անկոչ բռնաւորի դէմ եւ վճռական կերպով մերժեց։ Ֆերգիւսօնի մայրը այնպէս զարմացաւ, որ օղու շիշը վայր գցեց ձեռքիցը, իսկ նորա յիշոցախօս բերանը մի քանի րոպէ պապանձւեց։ Փոքր ինչ յետոյ՝ երբ ուշքը վերան եկաւ՝ պառաւը կատաղի կերպով գոռաց։

— Այդպէ՞ս է ձեր շնորհակալութիւնը։ Իսկ մտածել էք արդեօ՞ք թէ որտեղ կը լինէին ձեր կինը եւ որդին, եթէ իմ որդու օգնութիւնը չլինէր։

Ֆերգիւսոնն էլ վերայ հասաւ միեւնոյն նախատինքով։

— Այդպէ՞ս է ձեր երախտագիտութիւնը։ Դուք մէկ ասացէ՛ք — ես ազատե՞լ եմ ձեր կնոջ կեանքը թէ ոչ։

Եօթն ազգականները վազեցին եկան խոհանոցից եւ մէկը միւսից առաջ ընկնելով՝ նախատեցին։

— Հը՛, այդպէ՞ս է եղել ուրեմն ձեր շնորհակալութիւնը։

Ֆերգիւսոնի քոյրերը զարմացական հայեացքով սկսել էին նոյնպէս տրտնջալ եւ բերանները բացեցին նախատինք թափելու, բայց նոցա մայրը յանկարծ սկսեց լալ եւ բացականչեց։

— ՄԷկ մտածեցէ՛ք, որ մեր փոքրիկ Ջիմմին այս տանը կորցրեց իւր կեանքը։

Մաքսպադենի զայրոյթը աւելի եւս սաստկացաւ եւ նա կատաղի կերպով գոռաց։

— Դուրս իմ տանիցը, մուրացկանների ազգ, դուրս։ Ինձ խաբել էին գրքերը, բայց այսուհետեւ այդպէս բան այլ եւս չի կրկնւիլ․ սա էլ բաւական է։

Յետոյ՝ դիմելով Ֆերգիւսոնին՝ շեշտեց․

— Թէեւ յիրաւի դու ազատել ես կնոջս կեանքը․ բայց ես կը սպանեմ տեղն ու տեղը ամեն մի անպիտանի, թէգուզ նա քեզանից էլ աւելին արած լինի։

_____________

Որովհետեւ ես քարոզիչ քահանայ չեմ․ այդ պատճառով ներելի է, եթէ ես վերմումն եմ դնում վկայութիւնս՝ փոխանակ սկզբում բերելու։ Ես նորան քաղում եմ «Նախագահ Լինկոլնի մասին յիշողութիւններ» գրքից։

«Հակետ դերասանը Ֆալստաֆի դերում հիացնում էր Լինկոլնին։ Երեւելի նախագահը, ինչպէս յայտնի է, սիրում էր ուրիշներին հաղորդեն իւր համակրութեան զգացմունքները, ուստի եւ Հակէտին նա գրել էր մի սիրալիր փոքր տոմս, որի մէջ արտայայտել էր նորան՝ խաղից ստացած բաւականութեան զգացմունքը։ Հակետը՝ ʼի պատասխան այ տոմսի՝ ուղարկում է մի գիրք՝ կարծեմ՝ իւր յօրինած։ Յետոյ գրում է նախագահին մի քանի նամակներ։ Մի անգամ, ես գնացել է նախագահի հրաւէրով Սպիտակ Տան պալատը։ Նախագահի սենեակը գնալուց ես պատահեցի Հակետին՝ նստած ընդունարանում՝ սպասող դրութեան մէջ։ Նախագահը հարցրեց․

— Ոչ ոք չը կա՞յ ընդունարանում։

Երբ ես դրական պատասխան տւի եւ յայտնեցի Հակետի մասին, Լինկօլնը վրդովւած ասաց․

— Ա՛խ, ես չեմ կարող, ես չեմ ցանկանում տեսնել այդ պարոնին։ Ես կարծում էի, նա արդէն գնացել է։

Յետոյ աւելացրեց,

— Այս հանգամանքը բնաորոշ կերպով ապացուցանում է այդ շրջանի մարդկանց հետ բարեկամութիւն հաստատելու անյարմարութիւնը։ Դուք գիտէք, թէ որչափ ես յարգում էի Հակետի դերասանական տաղանդը եւ գիտէք իմ նորան համակրական տոմս գրելը։ Նա ուղարկեց ինձ այս գիրքը եւ ես կարծում էի թէ դորանով ամեն բան վերջացաւ։ Նա լաւ դարասան է եւ լաւ անուն ունի։ Եւ կարելի էր ենթադրել, որ իմ եւ նորա մէջ սկսւած բարեկամական քայլը ոչ մի ուրիշ հետեւանք չէր ունենալ։ Բայց ի՞նչ էք կարծում, ի՞նչ է նա ինձնից ցանկանում։

Ես չը կարողացայ գուշակել։ Լինկոլնը շարունակեց․

— Նա ցանկանում է, մի խօսքով, ստանալ դեսպանի պաշտօն Լոնդոնում։ Տեսնո՞ւմ էք քաջին։

___

Վերջումը պէտք է յայտնեմ, որ Ֆերգիւսոնի մասին պատմածս իսկական դէպք է, որին ես ականատես եմ եղել։ Ես միայն փոքր ինչ փոխել եմ այստեղ մանրամասնութիւնները, որպէս զի Ֆերգիւսոնը չը ճանաչւի։

Իմ ընթերցողներից իւրաքանչիւրը իւր կենաքի զգացւած եւ բարի տրամադրւած րոպէներում խաղացած կը լինի անշուշտ բարեգործ հերոսի դեր։ Ես շատ կը ցանկանայի գիտենալ, թէ նոցանից քանիսը հաճութիւն կզգային պատմել իրանց հետ պատահած դէպքերը բոլոր նոցա մանրամասնութիւններով եւ հետեւանքներով։