Վերջին թարմացում 19 Մայիսի 2013, 01:22
Սաադիի վերջին գարունը

հեղինակ՝ Ավետիք Իսահակյան
թարգմանիչ՝ անհայտ

Սաադիի վերջին գարունը

    Գարուն էր:
    Մեկը այն անհամար գարուններից, որ զարդարել են երկիրը և որոնցից հարյուր հատ ապրեց երջանկության և տխրության բանաստեղծը՝ Սաադին:
    Առավոտ շատ վաղ զարթնեց Սաադին. իջավ պարտեզը, որ ծաղկում էր Ռոքնաբադ գետի ափին: Նորից լսելու համար բլբուլների երգը և նորից տեսնելու համար գարնան հրաշքը:
    Նայեց Շիրազի դաշտին, որ մանկության շնորհներով ու վարդերով պճնված՝ վաղորդյան նիրհն էր առնում՝ պարուրված թուրայից ճերմակ շղարշներով:
    Նստեց ծաղկած հասմիկի տակ, Սպահանի գորգի վրա, և բռնեց դողդոջ մատներով վարդենու նոր բացված կարմիր-կանաչ կոկոնը և մրմնջաց յուրովի.
    «Ինչպես մատաղ աղջիկը ժպտում է գգվող սիրականին, այնպես էլ վարդը իր շրթներն է բանում առավոտյան հովիկին»:
    Թեև շատ էր ծերացել Սաադին, սակայն նրա հոգին այրերով և ականջով երազի՝ տեսնում էր ու լսում աշխարհի չքնաղ իրերն ու ձևերը, երգերն ու լռությունը անհայտ ոլորտների, որովհետև տակավին զրույց էր աճում նրա հետ բանաստեղծության կախարդ ոգին — Զմրուխտ թռչունը, որ իր հավերժական բույնն էր կերտել Կաֆ լեռան գագաթին, աստղերի մեջ...
    Երգում էին բլբուլները՝ գորշ զգեստ հագած և լուսեղեն աչուկներով երգում էին իրենց դյութական սիրո կրակով կրակված,— ու երգում էին Սաադիի սրտի մեջ:
    Քնքուշ հովը վարդերի ականջներին կուսական շնչով բարևագրեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սիրահար վարդերից,– և կարդում էր Սաադիի հոգին սիրո բարևագրերը...
    «Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը: Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով: Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով»,— հիշեց Սաադին իր հին խոսքերը:
    Ականջը բլբուլների երգերին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ սուզած՝ ծծեց Սաադին հեշտության բույրերը, և բույրերով գինովի՝ աչքերը գոցեց.— և տեսավ աշխարհը իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի:
    Տեսավ Հնդու խաղաղության գետերը սրբազան լոտոսներով օծուն:
    Տեսավ իմաստուն փղերին, որ խորհում են մթին ջանգյալների մեջ:
    Եվ Դեհլիի ոսկեդիպակ ապարանքների մեջ սիգաճեմ աղջիկներին տեսավ՝ գիշերագեղ մազերի մեջ կարմիր նունուֆարներով:
    Տեսավ Թուրանի մրրկաշունչ տափաստանները և մրրիկների մեջ խոյացող ամեհի հելուզակներին՝ կայծակե թրերով:
    Տեսավ նույնպես անապատը բոցակեզ, բեդվինների նժույգների վազքը սրարշավ. առյուծների հետևից՝ արծիվների թևերի տակ:
    Եվ երկյուղած ուխտավորների անծայր քարավանները տեսավ. աղոթքով ու երգով Մեքքայի դարբասների առաջ նրանց ծունկի գալը:
    Եվ տեսավ Մսրա աշխարհի հնագեղ հրաշքները և կապույտ ծովերի ծփան բյուրեղը: Եվ Դամասկոսի թավիշ աղջիկներին, լուսնկա մարմնով, որոնց երկար ու քնքուշ ձեռները, մանյակի պես, փաթաթվել էին երիտասարդ Սաադիի պարանոցով...
    Սաադին հառաչեց՝ աչքերը բանալով.
    — Ավա՜ղ, անցավ հարյուր տարիս մի գիշերվա երազի պես, թռավ թեթև մի վայրկյանի մեջ, որովհետև դուք միշտ ուղեկցում էիք ինձ, ո՛վ հեքիաթ, բլբուլներ ու վարդեր, և դո՛ւք, վարդերի քույր շնորհագե՛ղ աղջիկներ...

    Երկնքի երփնավառ պարտեզների միջից դուրս բխեց արեգակը, և հուրհրացին ամեն թերթ ու փերթ, ամեն բար ու գուղձ, որովհետև գիշերը ադամանդի փոշի էր շաղ տրվել բոլոր նրանց վրա:
    Սաադին նայեց շուրջը խորունկ ու հետաքրքիր հայացքով. նայեց երկնքի կապույտ վրանին՝ արշալույսի մեջ թաթախուն, ոսկու մեջ ճախրող թռչուններով:
    Նայեց այնպես զարմացած և սքանչացած.
    — Այո՛, հրաշք է աշխարհք, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի:
    Եվ ամեն օր նայում եմ աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես, աոաջին անգամն եմ տեսնում աշխարհը.— աշխարհը՝ առօրյա և միշտ հիասքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող:
    Սաադին նորից նայեց աշխարհին. տարերքի այս բազմազան ու հրաշազան խաղին, երբ աչքին ընկավ երկու տատրակ, որ կարմիր տոտիկներով շրջում էին կանաչ մարգերի վրա, քաղցր գվգվալով, և նորից խոսեց իր սրտում.
    — Կախարդված է աշխարհը, և բոլոր իրերը հմայված են մի անտեսանելի վհուկի դյութական գավազանով, և հեքիաթացած է ամեն բան:
    — Աշխարհը գլխիվայր հոսում է, քայքայվում է ու ձևալուծվում, և ի՞նչն է, որ նորից կերտում է ու կաղապարում այս հոյակապ աշխարհը, և մեր հոգու շուրջը փռում այս հրաշքն ու հեքիաթը:
    Ո՞վ ստիպեց եղնիկին, որ պապակ սրտով մագլցի սեպ ժայռերը՝ եղջյուրները քարերին փշրելով տարփալից մռնչյունով թավուտները թինդ հանե:
    Ո՞վ ստիպեց, որ վարդը ճեղքե իր զմրուխտյա զրահը և բուրե հեշտագին:
    Ո՞վ ստիպեց մարդուն, որ անհայտից բխե ձև ու հոգի առած՝ մտածելու և տառապելու համար. զգալու հուրը մեզ այրող ըղձանքի և չփափագի երբե՛ք մեռնելու:
    Ո՛վ սեր, դո՜ւ անպարտելի ստիպմունք, դո՛ւ քաղցր բռնություն, ես վաղո'ւց ճանաչում եմ քեզ: Սակայն բնավ չհասկացա քո խորքն ու խորհուրդը...

    Եվ տեսանողի հոգով նախազգաց Սաադին, որ այս վերջին գարունն է, որ ինքն ապրում է:
    Վերջի՛ն գարունը:
    Պարտեզի դռնակը բացվեց:
    Սպիտակ շղարշները հովին ծփծփուն՝ ներս մտավ Նազիաթ, Սաադիի սիրած շիրազուհին, որ միշտ այցի էր գալիս ծերունի բանաստեղծին:
    Նազիաթի գինեվետ շրթները և հոլանի թևերի լույսն ու կրակը շա՜տ անգամ արևազարդել էին դարևոր Սաադիի անքուն գիշերները:
    Սաադին սիրում էր նրան իր անթառամ սրտի երիտասարդ ավյունով, և ոսկի բառերով քանդակել էր նրա պատկերը անմահ «Գյուլստանի» մեջ:
    Նազիաթ՝ վարդերի փունջը գրկին, մոտեցավ բանաստեղծին և վարդաբույր ձայնով ողջունեց:
    Տխուր էր Սաադին: Հառաչանքը թրթռում էր նրա գունատ շրթներին:
    — Ինչո՞ւ ես տխուր, դո՛ւ, ամենաերջանիկը մահկանացուներիս մեջ: Ինչո՞ւ ես տխուր:
    Սաադին լուռ էր:
    — Ես սիրում եմ քո տխրությունը, ո՛վ Սաադի, իմաստուն է քո թախիծը, և դու ասել ես բո աստվածային լեզվով, թե մարգարիտը վերքից է, որ կծնի, և խունկը այրվելով է, որ իր անուշ հոգին կբուրե:
    Սաադին նայեց Նազիաթին դալուկ ժպիտով:
    — Տե՛ս, վարդեր եմ բերել քեզ համար, իմ պարտեզի թավիշ վարդերից:
    Եվ ծերանուն պարուրեց վարդերով և լուսեղեն մատներով շոյեց բանաստեղծի ճակատի մռայլը:
    — Քո շնորհած վարդերը, ո՞վ դրախտի աղջիկ, աշխարհի ամենաչքնաղ վարդերն են եղել միշտ և երբեք չեն թառամել:
    — Այո՛, Սաադի. «Ինչո՜ւ վարդը հոտոտելիս խորհել նրա վաղանցուկ շնորհի մասին: Պահի՛ր հիշատակը բույրի և դյուրին կլինի մոռանալը, որ վարդը թառամած է վաղուց»:
    Արծաթի ձայնով արտասանեց Նազիաթ բանաստեղծի վաղեմի խոսքերը:
    Եվ նրա երազաբույր վարսերը գգվեցին Սաադիի դեմքը, երբ Նազիաթ ծունկի եկավ բանաստեղծի մոտ. ե պարտեզում մի անուշ հով ծիածանի թևերը թափահարեց Սաադիի գլխի վերևը — այդ Զմրուխտ թռչունի չքնաղ թևերն էին, որ ծուփ եկան, երբ Սաադին դողդոջ մատներով շոյեց Նազիաթի երազաբույր վարսերը:
    Եվ ապա Սաադին հոգու խորին հատակից նայեց մեկ՝ իր շուրջը բռնկած հեքիաթ-աշխարհին, մեկ՝ իր առջևը՝ լուսաժպտուն հրաշք-աղջկան, և զգաց տաք արցունքի մի կաթիլ իր հին սրտի մեջ, և բռնելով աղջկա փոքրիկ ձեռքը, համբուրեց ու դրեց լացող սրտի վրա՝ ասելով.
    — Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»–իս հետին էջի վրա իմ այս վերջին խոսքերը.
    «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով...»:

    Վենետիկ