Վերջին թարմացում 13 Հունվարի 2017, 19:28
Մարած կրակներ

հեղինակ՝ Շերվուդ Անդերսոն
թարգմանիչ՝ Լաուրա Մանուկյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)

Կիրկի երեկոյան ժամը յոթին Մերի Քոքընը դուրս եկավ այն տնից, որտեղ ապրում էր հոր՝ բժիշկ Լեսթըր Քոքընի հետ։ Հազար ինը հարյուր ութ թվականի հունիս ամիսն էր, իսկ Մերին տասնութ տարեկան էր։ Նա Թրիմընթից քայլեց մինչև Գլխավոր փողոցը և երկաթգծերը անցնելով հասավ այդ փողոցի հյուսիսային մասը, որն իր ցաքուցրիվ տներով ու փոքրիկ խանութներով ավելի մռայլ տեսք էր ստանում մանավանդ կիրակի օրերին, երբ շրջակայքում քիչ մարդ էր լինում։ Մերին հորն ասել էր, որ եկեղեցի է գնում, բայց նման մտադրություն չուներ։ Աղջիկն ինքն էլ չգիտեր, թե ինչ էր ուզում անել։ «Կհեռանամ տանից ու մի քիչ կմտածեմ», ― մտքում ասաց նա՝ դանդաղ քայլելով։ Երեկոյան հրաշալի եղանակ էր սպասվում, և նա գերադասում էր զբոսնել, քան մռայլ ու տամուկ եկեղեցում լսել քահանայի քարոզները, որոնք ոչնչով չէին օգնելու նրա ծրագրերի իրագործմանը։ Աղջկա գործերը լավ չէին, ժամանակն էր լրջորեն մտահոգվել ապագայի մասին։

Մերին այդ մտահոգ վիճակի մեջ ընկել էր երեկ երեկոյան, հոր հետ ունեցած զրույցից հետո։ Հայրը անսպասելիորեն հայտնել էր, որ սրտի արատ ունի, և մահը ամեն վայրկյան կարող է անխուսափելի լինել։ Բժիշկ Քոքընը այդ լուրը հայտնեց, երբ աղջկա հետ իր բուժարանում էին՝ այն սենյակների ետևում, որտեղ հայր ու աղջիկ էին ապրում։

Դրսում աղջամուղջն էր թանձրանում, երբ Մերին բուժարան մտավ ու տեսավ միայնակ նստած հորը։ Բուժարանն ու նրանց սենյակները Իլինոյս նահանգի Հանսթբըրգ քաղաքի հինավուրց շենքի առաջին հարկում էին, իսկ Մերիի հայրը այդ լուրը հայտնելիս կանգնել էր Թրիմընթ փողոցին նայող պատուհանի մոտ։ Շաբաթ օր էր։ Երեկոյի նվազուն շշունջը թափառում էր Գլխավոր փողոցի շրջակայքում։ Չիկագոյի երեկոյան գնացքը հենց նոր էր մեկնել։ Հյուրանոցի ավտոբուսը Լինքոլն փողոցից հռնդյունով մտավ Թրիմընթ և շարժվեց դեպի հյուրանոց, որ Գլխավոր փողոցի ծայրին էր գտնվում։ Ձիերի սմբակներից փոշին մեղմորեն պարուրվելով, օդ բարձրացավ, իսկ մարդկանց խառնաշփոթ ամբոխը հետևեց հանրակառքին։ Թրիմընթ փողոցում արդեն շարվել էին երկանիվ կառքերը․ ֆերմերներն էին իրենց կանանց հետ եկել քաղաք առևտուր անելու և մի քիչ դեսից֊դենից խոսելու։

Կայարանի ավտոբուսի հեռանալուց հետո երեք֊չորս երկանիվ կառքեր մտան փողոց։ Մի երիտասարդ օգնեց, որ կառքերից մեկում նստած իր սիրած աղջիկն իջներ։ Երիտասարդը գորովանքով և ինքնավստահ բռնեց սիրածի ձեռքը, և այդ աղջկա նման քնքշանքով շոյվելու ցանկությունը, որը Մերին մինչ այդ էլ բազմաթիվ անգամներ զգացել էր, կրկնվեց գրեթե այն նույն պահին, երբ հայրը անսպասելիորեն հայտնեց իր մոտալուտ մահվան լուրը։

Երբ բժիշկն սկսեց խոսել, Բարնի Սմիթֆիդլը, որ Թրիմընթ փողոցում հենց բժիշկ Քոքընի տան դիմաց վարձու տրվող ձիերի ախոռ ուներ, ընթրելուց հետո գործի տեղն էր վերադառնում։ Նա մի պահ կանգնեց ու ինչ֊որ բան պատմեց ախոռի դռան մոտ հավաքված մարդկանց։ Բոլորը բարձր քրքջացին։ Փողոցի ավարաներից մեկը՝ ամրակազմ մի տղա, առանձնացավ մյուսներից ու կանգնեց Բարնի Սմիթֆիլդի դիմաց։ Նկատած լինելով պատուհանի մոտ կանգնած Մերիին, տղան ուզում էր գրավել նրա ուշադրությունը։ Նա նույնպես սկսեց ձեռքի շարժումներով ինչ֊որ բան պատմել, միաժամանակ աչքի տակով պատուհանին էր նայում տեսնելու, արդյոք աղջիկը դեռ կանգնա՞ծ էր այնտեղ, նայո՞ւմ էր իրեն։

Իր մոտալուտ մահվան մասին բժիշկ Քոքընը պատմեց հանդարտ ու սառը ձայնով։ Աղջկան ընդհանրապես թվում էր, որ հորը վերաբերող ամեն ինչ անպայման սառը ու հանդարտ պետք է լինի։ «Ես սրտի արատ ունեմ», ― պարզ ու մեկեն ասաց հայրը։ ― «Վաղուց էի կասկածում։ Իսկ հինգշաբթի օրը, երբ Չիկագոյում էի, մանրազնին քննության ենթարկվեցի։ Այնպես որ ամեն վայրկյան կարող եմ մեռնել։ Այս մասին քեզ չէի ասի, բայց մի բան կա, որ․․․ Հասկանում ես, ես մի քիչ փող կկտակեմ քեզ և ինքդ կտնօրինես քո ապագան»։

Բժիշկը մոտեցավ աղջկան, որը կանգնել էր պատուհանի մոտ և ձեռքը հպել ապակուն։ Մերին այդ լուրը լսելիս գունատվեց և նրա ձեռքերն սկսեցին դողալ։ Չնայած իրեն հատուկ սառնասրտությանը, հայրը հուզվեց և փորձեց սիրտ տալ աղջկան։ «Դե, դե․․․, ― տարակուսանքով ասաց նա։ ― Մի վախեցիր։ Ես երեսուն տարվա բժիշկ եմ ու լավ գիտեմ, որ սրտի արատի հարցերում բժշկագիտությունը դեռ շատ բան չի պարզել։ Մի խոսքով, սրտի արատ ունեցող մարդուն մահը կարող է մի քանի տարի ուշ այցելել»։ Հայրը ջղայնորեն ծիծաղեց։ «Լսել եմ, ասում են նույնիսկ, որ երկարակեցությունն ապահովելու լավագույն միջոցը սրտի արատի հետ «պայմանագիր կնքնելն է»։

Այս ասելով, բժիշկը շրջվեց ու փողոց իջնող սանդուղքով դուրս եկավ բուժարանից։ Աղջկա հետ խոսելիս ուզում էր ձեռքը դնել նրա ուսին, բայց այդ զգացումը շատ էր անսովոր, որովհետև մինչ այդ երբեք չէր արտահայտել իր զգացմունքները աղջկա նկատմամբ։ Ուստի ինքնավստահություն չգտավ վճռական քայլ անելու։

Մերին երկար նայեց փողոցին։ Շերտավոր բաճկոնով երիտասարդը, որի անունը Դյուկ Ցիթըր էր, վերջացրեց պատմությունը, և բոլորը նորից բարձր քրքջացին։ Աղջիկը թեքվեց ու նայեց դռանը, որտեղից քիչ առաջ դուրս էր եկել հայրը, և վախից կարկամեց։ Ամբողջ կյանքում ոչ մեկի կողմից մտերմիկ ջերմություն չէր զգացել։ Թեև տաք գիշեր էր, բայց նա սկսեց դողալ և փութկոտ, աղջնակի անհոգությամբ ափը քսեց աչքերին։

Այդ շարժումով Մերին պարզապես ցանկանում էր ցրել այն տագնապալի մշուշը, որը հետզհետե թանձրանում էր նրա հոգում։ Սակայն այդ շարժումը ուրիշ կերպ ընկալեց Դյուկ Ցիթըրը․ փոքր֊ինչ առանձնացել էր ախոռի մոտ հավաքվածներից։ Նկատելով Մերիի բարձրացրած ձեռքը, Դյուկը ժպտաց, հետո համոզվելով, որ չի նկատվում, վիզը երկարացնելով ու ձեռքով նշաններ անելով Մերիին ուզում էր հասկացնել, որ փողոց դուրս գա, որպեսզի ինքը հնարավորություն ունենա նրա հետ խոսելու։

՛ Կիրակի երեկոյան, Գլխովոր փողոցի հյուսիսային մասով քայլելով, Մերին թեքվեց Ուիլմըթ՝ բանվորների տներով եզերված փողոցը։ Այդ տարվա գարնանը Չիկագոյից դեպի արևմուտք գտնվող տափաստանային քաղաքներից առաջին գործարաններն էին տարածվել Հանդսբըրգ։ Չիկագոյի մի ձեռնարկատեր, ձգտելով ազատվել աշխատանքային կազմակերպությունների ճնշումից, որոնք արդեն սկսել էին անհանգստացնել նրան, այդ քնատ, ագարակային փոքրիկ քաղաքում կահկարասու ֆաբրիկա էր կառուցել։ Ֆաբրիկայի բանվորների մեծ մասն ապրում էր քաղաքի հյուսիսային թաղամասի Վիլմըթ Սվիֆթ, Հարիսըն ու Չեսննըթ փողոցների էժանագին, խարխուլ տներում։ Ամառվա տաք երեկոներին բանվորները հավաքվում էին իրենց բակերում, իսկ երեխաները խաղում էին փոշոտ փողոցներում։ Կարմրատակած դեմքերով, սպիտակ, անօձիք վերնաշապիկներ հագած տղամարդիկ ննջում էին՝ ճոճաթոռներին, չորացած խոտերին կամ էլ տաք հողին պառկած։

Բանվորների կանայք, բակերը բաժանող ցանկապատերի մոտ խմբված, շատախոսում էին։ Նրանցից մեկի ձայնը աստիճանաբար զատորոշվելով, տարածվում էր շոգ փողոցներում՝ կարկաչուն գետակի նման։

Ճանապարհին երկու տղա սկսեցին կռվել։ Հաղթ ուսերով կարմրամազը հարվածեց դեղնադեմ, խիստ դիմագծերով տղայի ուսին։ Մյուս երեխաները վազելով մոտեցան։ Կարմրամազ տղայի մայրը մեջ ընկավ՝ բաժանելու նրանց։ ― «Վերջ տուր, Ջոնի։ Ասացի՝ վերջ տուր, որ եկա, վիզդ կպոկեմ․․․»,― բղավեց կինը։

Գունատ տղան շրջվեց ու հեռացավ հակառակորդից։ Պարտության ամոթից գլխիկոր քայլելով մայթով, նա մի պահ իր մանրիկ, ոխակալ աչքերը սևեռեց Մերի Քոքրընի վրա։

Մերին քայլերն արագացրեց։ Հարազատ քաղաքի այդ նոր, անծանոթ թաղամասը, որը միշտ աչքի էր ընկնում իր բազմազբաղ, խռովահույզ կյանքով, ուժեղ տպավորություն էր գործում նրա վրա։ Աղջկա էության մեջ ոխակալ ու մռայլ մի բան կար, որ ստիպում էր մարդաշատ փողոցում գտնվող իրենց տանը, որտեղ կյանքը նույնպես ոխակալ ու մռայլ էր անցնում, ողբերգական զգացումով ապրելու։ Հոր սովորական լռակյացությունը, ծնողների անհաջող, խորհրդավոր ամուսնությունը, շրջապատի կարծիքը իր ընտանիքի մասին, աղջկա մեջ կամակոր վերաբերմունք էին արթնացրել կյանքի այնպիսի հարցերի նկատմամբ, որոնք չէր կարող ըմբռնել։

Բացի այդ, Մերիի մտքերի ետևում թաքնված էին տենդագին հետաքրքրասիրությունն ու համարձակ վճռականությունը դեպի արկածները։ Աղջիկն ասես մորը կորցրած փոքրիկ եղնիկ լիներ, որը թափառում էր կեր ճարելու։ Տարին քսան անգամ Մերին երեկոները թափառում էր քաղաքի նոր և արագ բարգավաճող գործարանային թաղամասում։ Նա տասնութ տարեկան էր և արդեն սկսել էր կնոջ նմանվել։ Գիտեր, որ իր տարիքի աղջիկները չէին համարձակվի միայնակ զբոսնել այդ թաղամասում։ Նման զգացումը ինչ֊որ չափով հպարտացնում էր նրան, և փողոցով անցնելիս, աղջիկը համարձակ նայեց շուրջը։

Վիլմըթ փողոցում ապրող բանվորներից շատերը, որոնց քաղաք էր բերել կահկարասիների ֆաբրիկայի տերը, օտար լեզուներով էին խոսում։ Մերին քայլում էր այդ բանվորների կողքով և հաճույք էր ստանում նրանց անհասկանալի խոսակցություններից։ Աղջկան թվում էր, թե ինքը ճամփորդում է հարազատ քաղաքից հեռու, օտար երկրում։ Գլխավոր փողոցի հարավային մասում կամ քաղաքի արևելյան թաղամասի բնակելի փողոցներում ապրող երիտասարդների, ջահել կանանց, վաճառականների, քլերկների, իրավաբանների, Հանթսբըրգի հաջողակ բանվորների նկատմամբ, որոնց արդեն ճանաչում էր, նա միշտ թաքուն դժկամություն էր տածում։ Այդ դժկամությունը չէր ներդաշնակվում նրա բնավորությանը։ Դրանում համոզված էր։ Աղջիկն ուղղակի հեռու էր մնացել մարդկանցից։ «Պատճառն այն է, որ ես իմ մոր աղջիկն եմ», ― մտածում էր Մերին և հազվադեպ էր երևում քաղաքի այն թաղամասերում, որտեղ իր դասակարգի աղջիկներն էին ապրում։

Վիլմըթ փողոցում Մերին այնքան հաճախ էր եղել, որ շատերն արդեն սկսել էին նրան ծանոթի տեղ դնել։ «Ինչ֊որ ֆերմերի աղջիկ է, սովորություն ունի զբոսնել քաղաքում», ― ասում էին նրանք։ Լայն կոնքերով շիկամազ մի կին, որը դուրս էր գալիս մուտքի դռնից, գլխով բարևեց Մերիին։ Բակում, նեղլիկ մարգագետնին մի երիտասարդ էր նստել՝ ծառին թինկ տված։ Նա ծխամորճ էր միացնում։ Երբ նկատեց Մերիին, բերանից հանեց ծխամորճը։ Մերին ենթադրեց, որ նա իտալացի պետք է լինի։ Մազերն ու աչքերը այնպես սև էին։ «Mi belis! si faiun onore a passare di qua»,[1] ― ձեռքը թափահարելով ու ժպտալով բացականչեց իտալացին։

Մերին հասավ Վիլմըթ փողոցի ծայրը և դուրս եկավ գյուղական ճանապարհ։ Չնայած ընդամենը մի քանի րոպե էր զբոսնել, բայց նրան թվում էր, թե ահագին ժամանակ է անցել հոր հետ խոսելու պահից։ Ճանապարհի կողքին, փոքրիկ բլրի գագաթին, ավերված մի ագարակ կար։ Դրա առջև մեծ փոս էր, որ լցված էր ածխացած փայտերով։ Ժամանակին դրանք ագարակատան ատաղձներն էին եղել։ Փոսի պռնկին կիտված քարերը ծածկված էին խաղողի սողոսկող որթերով։ Շտեմարանի ու քանդված ագարակատան միջև սիզախոտերով պատված պարտեզ կար։ Նրանց միջով իր ճանապարհը բացելով, Մերին նստելու տեղ գտավ չորացած խնձորենու մոտ գլորված քարին։ Սիզախոտերը կիսով չափ ծածկեցին նրան, և ճանապարհից աղջկա գլուխն էր երևում։ Այդպես նա նմանվում էր շամբուտների մեջ վազող սիրամարգի, որ երբեմն վախեցած կանգնում, վիզը երկարացնելով զննում է շուրջը։

Բժշկի աղջիկը այդ ավերված պարտեզում շատ անգամ էր եղել։ Այնտեղից քաղաքի փողոցներն էին սկիզբ առնում և հեռվից Վիլմըթ փողոցի խուլ աղմուկն էր լսվում։ Բլրալանջի դաշտերը պարտեզից բաժանված էին ցանկապատով։ Մերին որոշել էր մինչև մութն ընկնելն այդպես նստած մնալ, փորձելով իր ապագային վերաբերող մի ծրագիր կազմել։ Այն միտքը, որ հայրը պիտի շուտով մեռնի, թվում էր և ճիշտ, և անհավատալի։ Բայց աղջիկը դեռ չէր կարողանում հաշտվել հոր՝ ֆիզիկապես գոյություն չունենալու մտքի հետ։ Մի պահ պատկերացրեց, որ հայրը սառած դիակ չի դառնալու, նրան հողի մեջ չեն թաղելու․ պարզապես նա գնալու է ինչ֊որ հեռու տեղ՝ ճամփորդության։ Շատ վաղուց մայրն էր մեկնել։ Այդ մտքի մեջ անսովոր սփոփանք կար։ «Դե, երբ ժամանակը գա, ես նույնպես պետք է սկսեմ իմ ճամփորդությունը։ Դեպի կյանք»։ Նա մի քանի առիթներով հոր հետ Չիկագո էր գնացել և մնացել էր այնտեղ։ Այն միտքը, որ շուտով կարող է այնտեղ ապրել՝ բոլորովին միայնակ, շատ էր հրապուրում նրան։ Երևակայության մեջ ուրվագծվեցին հազարավոր մարդկանցով ծփացող երկար փողոցները։ Այդպիսի փողոցներում զբոսնելը և անծանոթների մեջ ապրելը նման էր զով, դալար խոտերով ծածկված անտառի, ուր մարդ մտնում է տոթակեզ անապատում երկար տարիներ մնալուց հետո։

Հանսթբըրգում Մերին միշտ ապրել է մեկուսի, և հիմա, երբ հասունանում, կին էր դառնում, հարազատ միջավայրը ավելի ու ավելի հեղձուցիչ էր թվում նրան։ Ճիշտ է, նրա վարքուբարքի դեմ քաղաքում դեռ ուղղակի հարց չէր բարձրացել, բայց աղջիկն զգում էր՝ իր նկատմամբ մի տեսակ դժկամություն կար։ Հիշում էր, ծնողների վեճերը վերջ չունեին։ Ամբողջ Հանսթբըրգը նրանց գլխին էր թափվում, իսկ ոմանք հեգնանքով նայում էին փոքրիկ աղջկան ու ասում․ «Խեղճ երեխա․․․ մեղք է․․․»։

Մի անգամ, ամռան թխպամած մի երեկո, երբ հայրը գյուղ էր գնացել, իսկ ինքը նստել էր բուժարանում, լսեց, թե ինչպես մի տղամարդ ու մի կին, խավարի միջով անցնելիս՝ իրենց մասին էին խոսում։ «Հրաշալի գեղեցկուհի է այդ բժիշկ Քոքրընի աղջիկը», ― ասաց տղամարդը։ Կինը ծիծաղեց։ «Նա հասունանում է և արդեն սկսել է հրապուրել տղամարդկանց։ Լավ հիշիր խոսքերս։ Կտեսնես, թե ինչ է դառնալու։ Մոր աղջիկը չի՞․․․ Պտուղը ծառից հեռու չի ընկնում», ― պատասխանեց կինը։

Մերին տաս֊տասնհինգ րոպե նստեց պարտեզում, խնձորի ծառի տակ գլորված քարին՝ մտածելով իր և հոր նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքի մասին։ «Այդ մահը մեզ միայն կհեռացնի այստեղից», ― ասաց մտքում, հետո զարմացավ՝ մի՞թե մոտալուտ մահը պետք է աներ այն, ինչ տարիներ շարունակ չէր արել իրենց գլխավերևում կախված վիշտը։ Հանկարծ հորն այցելող մահվան ուրվականը այնքան էլ սարսափելի չթված նրան։ Որոշ ժամանակ այն նույնիսկ հաճելի ու շնորհագեղ կերպարանք ստացավ՝ բարի մտադրությամբ։ Մահվան ձեռքը բացելու էր հոր տան դուռը և իրեն դեպի նոր կյանք էր առաջնորդելու։ Պատանեկան այրող կրքով նա պատկերացրեց այդ նոր կյանքի առաջին արկածները։

Մերին սսկված նստել էր քարին։ Սիզախոտերի մեջ թաքնված ծղրիդները, որոնք վախեցած լռել էին, նորից սկսեցին իրենց երեկոյան երգը։ Կարմրալանջը թռավ չորացած խնձորենուն, որի տակ աղջիկն էր նստել և սուր ծղրտաց։ Գործարանային թաղամասի աղմուկը սահեց բլրի բարձունքից։ Այդ ձայները կարծես հեռու եկեղեցիների ղողանջներ լինեին, որ մարդկանց աղոթքի էին կանչում։ Աղջկա կրծքի տակ ասես մի բան փլվեց և նա, գլուխը ափերի մեջ առնելով, սկսեց ետ ու առաջ ճոճվել։ Նրա աչքերից արտասուքներ հոսեցին՝ միախառնվելով Հանթսբըրգում ապրող տղամարդկանց ու կանանց հանդեպ տածած ջերմ զգացումին։

Հետո ճանապարհից ինչ֊որ մեկը ձայն տվեց․ «Բարև, փոքրիկս․․․»։ Մերին իսկույն վեր թռավ տեղից։ Նրան պարուրած քնքույշ տրամադրությունը սահեց ու անցավ մեղմ զեփյուռի պես, տեղի տալով կատաղի բարկության։

Ճանապարհին կանգնել էր Դյուկ Ցիթըրը։ Շտեմարանի մոտից նկատելով, որ Մերին երեկոյան զբոսանքի է դուրս գալիս, մինչև ավերված ագարակատուն հետևել էր նրան։ Երբ աղջիկը Գլխավոր փողոցով դեպի գործարանային նոր թաղամաս էր քայլել, Դյուկը համոզվել էր իր ենթադրության մեջ՝ իբր կոտրել է աղջկա կամակորությունը։ «Մերին ուղղակի չի ուզում, որ իրեն ինձ հետ տեսնեն։ Այսպես է, որ կա։ Նա լավ էլ գիտի, որ ուզում եմ հետը ման գալ, բայց վախենում է մեզ միասին տեսնեն։ Մտքին կա, որ այստեղից հեռանանք, հետո միասին ման գանք։ Մի քիչ գոռոզություն է անում և ուզում է, որ ետևից քարշ գամ․․․ Բայց դե, ինձ ինչ։ Երևի հորից է վախենում, դրա համար էլ դուրս է եկել, որ հետը խոսեմ»։ Ցատկելով ճանապարհի զառիթափով, Դյուկը իջավ պարտեզ, բայց հասնելով խաղողի որդերով ծածկված քարակույտերին՝ սայթաքեց ու վայր ընկավ։ Հետո վեր կացավ ու ծիծաղեց։ Մերին Դյուկին չէր սպասում և ինքը ընդառաջ գնաց, իսկ երբ տղայի քրքիջը խախտեց այգու լռությունը, աղջիկը թեթևակի ցատկեց և ուժգին ապտակեց։ Ու, մինչ Դյուկը դեռ կանգնել էր՝ խաղողի բաղեղների մեջ խճճված, Մերին շրջվեց ու դեպի ճանապարհը վազեց։ «Եթե փորձես հետևել ինձ կամ հետս խոսել, կասեմ, որ քեզ սպանեն», ― բղավեց աղջիկը։

Մերին քայլեց ճանապարհով, հետո բլրից իջնելով, դեպի Վիլմըթ փողոցի կողմը գնաց։ Մոր մասին քաղաքում ծայր առած բամբասանքների պատառիկները նորից արձագանքվեցին աղջկա ականջներում։ Ասում էին, թե մայրը վաղուց անհետացել էր, ամռան մի երեկո, ինչ֊որ ստահակի հետ, որ սովորություն է ունեցել ժամերով պարապ֊սարապ կանգնել Սմիտֆիլդի վարձու ձիերի ախոռի առջև։ Հիմա էլ մի ուրիշ ջահել սրիկա փորձում է նույն բանը իր հետ անել։ Այդ միտքը կատաղեցրեց աղջկան։ Եթե մի սուր բան լիներ ձեռքին, տենդագին մտածեց Մերին, ինքն ավելի ուժգին կհարվածեր Դյուկ Ցիթըրին։ Այդ ջղային վիճակում նրա երևակայության մեջ փայլեց հոր կերպարանքը, որի առողջությունն արդեն քայքայվել էր և որը մահվան շեմին էր կանգնել։ «Հորս էլ առիթ է պետք, որ քեզ նման մի սրիկայի հանդիպի ու սպանի», գոռաց աղջիկը՝ շրջվելով Դյուկի կողմը, որը, խաղողի որդերից ազատվելով, ճանապարհ էր բարձրացել և սկսել էր հետևել աղջկան։ «Հայրս ուզում է քեզ նմաններին սպանել, որ քաղաքում սուտ բամբասանքներ չտարածեն մորս հասցեին»։

Դյուք Ցիթըրին պատժելու տենչից ազատվելով, Մերին նույն պահին ամաչեց քիչ առաջվա իր պոռթկման համար և, լուռ հեկեկալով, արագ քայլեց ճանապարհով։ Դյուկը գլխիկոր հետևեց նրան։ «Միսս Քոքրըն, ես վատ բան չէի ուզում անել, ― աղերսանքով ասաց նա։ ― Ես չէի ուզում ոչ մի վատ բան անել։ Հայրիկիդ չասես։ Ուղղակի ուզում էի կատակել։ Ասում եմ, մտքումս ոչ մի վատ բան չկար»։


Ամռան աղջամուղջն սկսել էր թանձրանալ, և իրենց մութ պատշգամբներում կամ Վիլմըթ փողոցի ցանկապատի մոտ հավաքված մարդկանց դեմքերը նմանվում էին ձվաձև քնքույշ լուսինների։ Երեխաների աղմուկը խլացել էր, և նրանք նույնպես կանգնել էին խմբերով։ Նրանք լռեցին, երբ Մերին անցավ իրենց կողքով և գլուխները բարձր պահած, սկսեցին անքթիթ հետևել նրան։ «Այդ աղջիկը այնքան էլ հեռու չի ապրում։ Գուցե հենց մեր հարևանն է», ― անգլերեն ասաց մի կին։ Երբ Մերին գլուխը շրջեց, միայն թխահեր տղամարդիկ տեսավ՝ տների առջև հավաքված։ Կողքի տնից կնոջ երգի ձայն լսվեց․ օրորոցային էր երգում, որ երեխան քնի։

Այն երիտասարդ իտալացին, որն իտալերենով ինչ֊որ բան էր գոչել նրա ետևից ու հիմա, հավանաբար, դուրս էր եկել երեկոյան զվարճանքներ փնտրելու, անցավ մայթով և փութկոտ քայլերով հեռացավ մթության մեջ։ Նա կիրակնօրյա զգեստով էր։ Սև դերբե գլխարկ էր դրել, իսկ ճերմակ, օսլայած քիպ օձիքին վառ կարմիր փողկապն էր երևում։ Մերիի մոտով անցնելիս իտալացին ժպտաց, զգուշորեն հանեց գլխարկը, բայց այս անգամ ոչինչ չասաց։ Մերին շարունակեց ետ նայել փողոցի երկայնքով, համոզվելու՝ արդյոք Դյուկը չի՞ հետևում իրեն։ Աղոտ լույսի մեջ նա ոչինչ չկարողացավ տեսնել։ Աղջկա քիչ առաջվա զայրույթն անցել էր։ Մերին չէր ուզում տուն վերադառնալ, եկեղեցի գնալու համար էլ ուշ էր արդեն։ Գլխավոր փողոցի վերին մասից մի կարճ ճանապարհ էր սկսվում, որը դեպի արևելք ձգվելով, կտրուկ իջնում էր բլրալանջով ու հասնում կամրջին, որտեղ էլ հենց քաղաքն էր վերջանում։ Այդ ճանապարհով Մերին քայլեց հասավ կամրջին և աղջամուղջի մեջ կանգնած, սկսեց հետևել գետակի ափին ձուկ որսացող երկու տղաներին։

Քաթանե շորեր հագած, հաղթ ուսերով մի տղամարդ, որը փողոցից էր գալիս, կանգնեց կամրջին ու սկսեց խոսել Մերիի հետ։ Աղջիկն առաջին անգամ էր լսում, որ իրենց քաղաքում որևէ մեկը համակրանքով խոսի իր հոր մասին։ «Դուք բժիշկ Քոքրընի աղջիկն եք, չէ՞», ― տարակուսանքով հարցրեց մարդը։ «Երևի ինձ չեք ճանաչում, բայց ձեր հայրը ինձ լավ գիտի»։ Նա մատնացույց արեց երկու տղաներին, որոնք նստել էին սիզախոտերով ծածկված թմբին, և կարթերը ջուրը գցած՝ սպասում էին։ «Իմ տղաներն են» Սրանցից բացի էլի մի տղա ու երեք աղջիկ ունեմ։ Աղջիկներիցս մեկը խանութում է աշխատում։ Քո տարիքին կլինի»։ Այդ մարդը պատմեց, թե ինչպես է առաջին անգամ ծանոթացել բժիշկ Քոքրընի հետ։ Ագարակում որպես մշակ էր աշխատել ու միայն վերջերս էր եկել քաղաք՝ կահկարասիների ֆաբրիկայում աշխատելու։ Հենց առաջին ձմռանը ծանր հիվանդացել ու երկար ժամանակ պառկել է անկողնում։ Փող չուներ։ Հենց այդ ժամանակ էլ տղաներից մեկը շտեմարանի կտուրից ընկնում ու ջարդում է գլուխը։

«Հայրդ կարեց Թոմիս գլուխն ու սկսեց ամեն օր այցելել մեզ»։ Ագարակի մշակը, որ գլխարկը հանել պահել էր ձեռքին, նայեց տղաներին։ «Ես անճար պառկած էի։ Հայրդ ոչ միայն բուժում էր ինձ ու տղայիս, ավելին՝ փող էր տալիս պառավիս, որ դեղեր և ուտելու բան գնի»։ Մարդը այնքան ցածրաձայն է խոսում, որ Մերին ստիպված փոքր֊ինչ առաջ հակվեց, որպեսզի կարողանար լսել։ Աղջկա դեմքը գրեթե քսվեց մշակի ուսին։ «Հայրդ բարի մարդ է, բայց երևում է, այնքան էլ երջանիկ չի», ― շարունակեց նա։ «Ես ու տղաս առողջացանք։ Հետո ձեր քաղաքում աշխատանք գտա, բայց հայրդ բուժման վարձը չվերցրեց։ «Դու գիտես կնոջդ ու երեխաներիդ հետ ապրելու ձևը։ Դու գիտես, թե ինչպես կարելի է նրանց բախտավոր դարձնել։ Փողդ պահիր ու նրանց վրա ծախսիր»։

Բանվորը անցավ կամրջով, հետո գետափով մոտեցավ զառիթափին ձուկ որսացող տղաներին։ Մերին կռթնեց կամրջի եզրաճաղերին, աչքերը հառելով ծանծաղ ջրերին։ Կամրջի ստվերում գետակի ջուրը գրեթե սև էր։ Նա մտածեց, որ հոր կյանքն էլ այդ ջրերի պես սև է։ «Նրա կյանքը կամրջի տակով հոսող գետակի պես է եղել՝ միշտ անցել է ստվերների միջով և երբեք լույսի երես չի տեսել», ― մտածեց նա և կաշկանդվեց այն մտավախությամբ, թե իր կյանքն էլ այդպես կանցնի ստվերների միջով։ Հոր նկատմամբ անսովոր համակրանք զգաց և պատկերացրեց, թե ինչպես է հայրը գրկել իրեն։ Երեխա ժամանակ միշտ երազում էր, որ հայրը գեթ մի անգամ փաղաքշեր իրեն, իսկ հիմա այդ երազանքը կրկին ետ եկավ։ Մերին երկար կանգնած մնաց կամրջին՝ նայելով գետակի մթամած ջրերին, հետո որոշեց այդ գիշեր, ինչ գնով էլ լինի, իրականություն դարձնել մանկության իր երազանքը։ Նորից հայացքն ուղղեց ագարակի մշակի կողմը, որը փոքրիկ խարույկ էր վառել գետակի ափին։ «Կարմրախայտ ենք որսում», ― գոչեց մշակը», ― գոչեց մշակը։ Կրակի լույսից ձկները մոտենում են ափին։ Եթե ուզում ես, արի բախտդ փորձի։ Տղաներից մեկը իր կարթը կտա քեզ»։

«Ահ, շնորհակալություն, ես այսօր չեմ ուզում բախտս փորձել», ― ասաց Մերին ու վախենալով, որ գուցե արտասվի, եթե մշակը հարցեր տա, արագ հեռացավ։ «Ցտեսությո՜ւն․․․», ― բացականչեցին մշակն ու նրա երկու տղաները։ Նրանց ձայները շատ ինքնաբուխ էին և հնչեցին սուր շեփորահարության պես՝ հրճվանքով արձագանքվելով աղջկա թախծոտ տրամադրության մեջ։

Երբ Մերին երեկոյան դուրս եկավ զբոսանքի, բժիշկ Քոքրընը մի ժամի չափ միայնակ նստեց իր բուժարանում։ Աղջամուղջը հետզհետե թանձրանում էր, և փողոցի մյուս կողմում, Սմիտֆիլդի վարձու ձիերի ախոռի առջև, ամբողջ հետմիջօրեին արկղերին ու աթոռներին նստած տղամարդիկ տուն գնացին՝ ընթրելու։ Փողոցից լսվող ձայները աստիճանաբար խլացան։ Երբեմն, հինգ, տաս րոպեն մեկ լռություն էր տիրում։ Հետո, մի հեռու փողոցից երեխայի ճիչ լսվեց։ Շուտով եկեղեցու զանգերն սկսեցին ղողանջել։

Բժիշկն այնքան էլ մաքրասեր մարդ չէր և հաճախ մի քանի օր մոռանում էր սափրվել։ Քոքրընը երկար, բարակ մատներով տրորեց չսափրած մազերը։ Հիվանդությունն ավելի խոր էր ազդել, քան կարծում էր, իսկ հոգին ճիգ էր անում սահելով հեռանալ մարմնից։ Հաճախ, երբ այդպես նստած էր լինում, երեխայի պես մտախոհ նայում էր գոգին դրած չորուցամաք ձեռքերին։ Երբեմն նրան թվում էր, թե դրանք իր ձեռքերը չեն։ Նա սկսեց փիլիսոփայել։ «Տարօրինակ բան է կատարվում մարմնիս հետ։ Արդեն քանի տարի է, ինչ ապրում եմ դրա մեջ, բայց ինչքան քիչ է այն օգտակար եղել ինձ։ Եվ հիմա էլ՝ երբեք չգործածված՝ պիտի մեռնի ու քայքայվի։ Զարմանալի է, ինչո՞ւ այն ուրիշ կենվոր չի ընդունել»։ Նա տխուր ժպտաց իր երևակայության վրա, հետո շարունակեց․ «Իհարկե, ես մարդկանց մասին բավականին մտքեր ունեցել եմ, իսկ այս շուրթերն ու լեզուն նրա համար են, որ արտահայտեն իմ զգացմունքները, բայց ես դրանք ծուլորեն մի կողմ եմ դրել։ Երբ իմ Էլենն ապրում էր ինձ հետ, ես սառն ու անզգա մարդ էի նրա համար։ Մինչդեռ ներսումս մի բան պրկվում ու պրկվում էր, փորձելով պատռվել»։

Հիշեց, թե երիտասարդության օրերին, երբ լուռ նստում էր կնոջ կողքին, այս նույն բուժարանում, ինչքան հաճախ նրա ձեռքերն ակամա ձգվում էին հասնելու Էլենին, փաղաքշելու նրա դեմքը, մազերը․․․

Այո, քաղաքում համարյա բոլորն էլ համոզված էին, որ բժշկի ամուսնությունը անհաջող վերջաբան է ունենալու։ Կինը դերասանուհի էր եղել ինչ֊որ թատերախմբում, որը հյուրախաղերի գալով Հանթսբըրգ, և ընկնելով ֆինանսական ծանր կացության մեջ, մնացել էր այնտեղ։ Հենց այդ ժամանակ էլ դերասանուհին հիվանդացավ և փող չուներ հյուրանոցի վարձը վճարելու։ Երիտասարդ բժիշկը օգնեց աղջկան, իսկ երբ վերջինս ապաքինվեց, երկանիվ կառքով հաճախ գյուղ էր տանում դերասանուհուն՝ զբոսնելու։ Աղջկա կյանքը ծանր էր անցել և նա դժկամությամբ էր սպասում, որ ապրելու էր այսպիսի տխուր ու տախտուկ քաղաքում։

Բժշկի հետ ամուսնանալուց հետո, երբ Մերին ծնվեց, կինը հանկարծ զգաց, որ ի վիճակի չէ իր կյանքը երջանկորեն շարունակել սառն ու լռակյաց ամուսնու հետ։ Պատմում էին, որ դերասանուհին փախել է մի ստահակի՝ պանդոկապանի տղայի հետ, որովհետև վերջինս նույնպես նույն օրն էր անհետացել քաղաքից։ Բայց դա ճիշտ չէր, քանի որ Լեսթըր Քոքրընն ինքն էր Չիկագո տարել կնոջը։ Այնտեղ էլ Էլենը աշխատանքի էր ընդունվել դեպի արևմտյան նահանգներ հյուրախաղերի մեկնող թատերախմբում։ Հետո, հյուրանոցի դռան մոտ կնոջ ափի մեջ փող էր դրել ու լռությամբ, նույնիսկ առանց մնաս֊բարով ասելու և համբուրելու, թողել֊հեռացել էր։

Բուժարանում նստած, բժիշկը նորից էր վերապրում այն պահերը, որոնք ժամանակին թեև խորապես հուզել էին նրան, բայց ինքը շատ սառն ու հանդարտ էր մնացել։ Մտածեց՝ արդյոք կինը զգացե՞լ է իր ապրումները։ Քանի անգամ է այդ հարցը տվել իրեն։ Այն օրվանից, երբ Էլենին թողեց հյուրանոցի դռան մոտ կանգնած, կինը ոչ մի նամակ չէր գրել։ «Գուցե մեռե՞լ է», ― արդեն քանիերորդ անգամ կրկնեց բժիշկը։

Բժիշկ Քոքրընի հետ մի բան կատարվեց, որ հուզված պահերին կրկնվում էր տարեկան առնվազն մեկ անգամ։ Նրա երևակայության մեջ կնոջ վերհուշից ուրվագծվող կերպարանքը խառնվում էր դստեր հետ։ Նման պահերին բոլորովին չէր կարողանում երկուսին զատել, հեռու պահել իրարից։ Թեթևակի դարձնելով գլուխը, նրան թվաց, թե մի սպիտակազգեստ, աղջնակային ուրվական տեսավ, որը ներս մտավ այն հարկաբաժնի դռնով, ուր ինքն ու Մերին էին ապրում։ Բայց դա սպիտակ ներկված դուռն էր, որը կամացուկ տարուբերվում էր պատուհանից փչող մեղմ զեփյուռից։ Զեփյուռը մեղմորեն սահելով սենյակով, սկսեց խաղալ անկյունի գրասեղանին փռված թղթերի հետ։ Սենյակում մեղմ շրշանք էր տարածվել՝ կնոջ զգեստի շրշանքի պես։ Բժիշկը տեղից ելավ, դողալով կանգնեց։ «Ո՞վ է։ Դո՞ւ ես, Մերի, թե՞․․․ Էլե՞ն», ― խռպոտ ձայնով հարցրեց նա։

Մուտքի աստիճաններին ծանր ոտնաձայներ լսվեցին, հետո դուռը բացվեց։ Բժշկի սիրտը թպրտաց և նա ծանրորեն ընկավ աթոռին։

Մարդը սենյակ մտավ։ Ֆերմեր էր՝ բժշկի այցելուներից։ Կանգնելով սենյակի կենտրոնում, մարդը լուցկի վառեց, պահեց գլխավերևում ու գոչեց․ «Ողջո՜ւյն․․․»։ Երբ բժիշկը տեղից ելավ ու պատասխանեց այդ ողջյունին, մարդն այնպես վախեցավ, որ լուցկու հատն ընկավ ձեռքից ու սկսեց մարմրել ոտքերի մոտ։

Երիտասարդ ֆերմերը հզոր ոտքեր ուներ՝ ծանր շինությանը նեցուկ սյուների պես, իսկ մեղմ զեփյուռից մարմրող լույսի ստվերները թռչկոտում էին պատերին։ Բժշկի խառնակված միտքը չէր պարզվում այդ նոր իրողությունից բորբոքված երևակայության պատճառով։

Նա մոռացավ ֆերմերի ներկայությունը, և միտքը արշավեց ետ՝ ամուսնական տարիների միջով։ Պատին առկայծող լույսը ուրիշ ցոլքեր առաջացրեց։ Ամուսնության առաջին տարուց հետո, ամռան մի հետմիջօրե, Էլենի հետ կառքով գյուղ գնացին։ Նոր էին տունուտեղ դնում, իսկ այդ ֆերմերի տանը, տաղավարի պատին Էլենը մի հայելի էր տեսել և խելքը գնացել էր դրա վրայի զարդանախշից։ Ֆերմերի կինը հայելին նվիրել էր բժշկի կնոջը։ Տան ճանապարհին մանկամարդ կինը ամուսնուն հայտնեց, որ հղի է և բժիշկը չափազանց հուզվեց։ Կինը կառքն էր քշում, իսկ ամուսինը նստել էր՝ հայելին ծնկներին։ Երբ Էլենը լուրը հայտնեց լույս աշխարհ եկող երեխայի մասին, ինքը երազկոտ նայեց հեռու դաշտերի միջով։ Որքա՜ն խորն էր տպավորվել այդ տեսարանը հիվանդ մարդու հոգում․․․ Արևը մայր էր մտնում, ճանապարհի կողքով ձգվող եգիպտացորենի ու գարու արտերի վրայով սահելով։ Մարգագետինը սևացել էր մութից։ Ճանապարհը հաճախ անցնում էր մթին, կարճ արահետներով և նույնպես սևացել էր մայրամուտից։

Նրա ծնկներին դրված հայելին, հավաքելով մայր մտնող արեգակի կրակացայտերը, մեծ, ոսկեգույն շողեգնդակ էր նետել, որը գլորվելով ու թռչկոտելով անցնում էր դաշտերի ու ծառերի միջով։ Հիմա, ֆերմերի կողքին կանգնած, երբ վառվող լուցկու հատը արթնացնում էր այն երեկոյի մարմրող կրակների վերհուշը, նա հանկարծ զգաց, որ հասկացել է իր կյանքի ու ամուսնության անկումը։ Շատ վաղուց, այն երեկո, երբ Էլենը հայտնեց իրենց ամուսնության մեծ իրադարձության՝ երեխայի լույս աշխարհ գալու մասին, բժիշկը լռեց, որովհետև նրան թվաց, թե ոչ մի բառով չի կարող բացատրել այդ զգացումը։ Նա կարողացավ արդարանալ․ «Կարծում էի, որ Էլենը ինձ կհասկանա առանց բառերի։ Ամբողջ կյանքումս նույն բանը մտածել եմ, որովհետև հիմարաբար վախեցել եմ սիրտս բացել։ Ես գոռոզ եմ եղել ու երկչոտ»։

«Այսօր կփորձեմ։ Թեկուզ մահվան դուռն էլ հասնեմ, կխոսեմ աղջկաս հետ», ― բարձրաձայն ասաց նա, և մտքում նորից արթնացավ աղջկա կերպարանքը։

«Էյ, ի՞նչ ես խոսում, մարդ բան չի հասկանում», ― ասաց ֆերմերը, որը գլխարկը ձեռքին սպասում էր, որ հայտնի իր գալու նպատակը։

Սմիտֆիլդի ախոռից բժիշկ Քոքրըն ձի վարձեց ու քշեց գյուղ՝ ֆերմերի կնոջը ազատելու, որը երկունքի մեջ իր առաջնեկը պիտի ծներ։ Նիհար, նեղ կոնքերով կին էր, երեխան էլ՝ փարթամ, բայց բժիշկը ահավոր ուժ ուներ։ Նա գործում էր մոլեգնորեն, իսկ ահաբեկված կինը գալարվում էր ու հեծեծում անկողնում։ Ֆերմերը անընդհատ ելումուտ էր անում սենյակում, հետո դռան շեմին երևացին երկու հարևանուհիները, լուռ սպասելով որևէ հանձնակատարության։ Ժամը տասն անց էր, երբ երեխան բարեհաջող ծնվեց և բժիշկը պատրաստվեց վերադառնալ։

Ֆերմերը ձին թամբեց, մոտեցրեց դռանը, և բժիշկը հեծնելով, քշեց դեպի քաղաք։ Նա իրեն չափազանց հոգնած, բայց միաժամանակ համարձակ էր զգում։ Հիմա ինչքան պարզ ու հասարակ էր թվում այն, ինչ պիտի աներ։ Երբ տուն հասնի, աղջիկը գուցե քնած լինի, բայց ինքը կխնդրի, որ արթնանա և գա բուժարան։ Հետո նրան կպատմի իր դժբախտ ամուսնության ամբողջ պատմությունը, որից ինքը բոլորովին չի ընկճվել։

«Իմ Էլենի մեջ մի շատ գեղեցիկ ու թանկ բան կար և Մերին պետք է հասկանա այդ։ Դա նրան կօգնի գեղեցիկ կին դառնալու», ― մտածեց նա, լիովին վստահ իր որոշման մեջ։

Բժիշկ Քոքրընը վարձու ձիերի ախոռին հասավ ժամը տասնմեկին։ Բարնի Սմիտֆիլդը ձին ախոռ տարավ, իսկ բժիշկը մի պահ կանգնեց, թիկն տալով շենքի պատին։ Քաղաքի գիշերապահը մոտեցավ հավաքվածներին։ Քիչ անց նրա և Դյուկ Ցիթըրի միջև վիճաբանություն սկսվեց, բայց բժիշկը չլսեց նրանց թունդ խոսքերը և ոչ էլ Դյուկի հռհռոցը՝ գիշերապահի բարկության պահին։ Անսովոր, երկմտանքով լեցուն տրամադրություն էր համակել նրան։ Մտքում մի բան կար, որ կրքոտ կերպով ուզում էր անել, բայց չէր կարողանում հիշել, այդ բանը կնոջը՝ Էլենի՞ն պիտի ասեր, թե դստերը՝ Մերիին։ Երկու կանանց կերպարանքները նորից միախառնվեցին երևակայության մեջ, հետո դրանց ավելացավ նաև ֆերմերի կնոջ ցավատանջ դեմքը, որին քիչ առաջ էր օգնել ծննդաբերելու։ Ամեն ինչ խառնակված էր։ Բժիշկն անցավ մյուս մայթ և մոտեցավ մուտքի դռանը, որտեղից աստիճանները դեպի բուժարան էին տանում։ Նա մի պահ կանգնեց, նայեց շուրջը։ Բարնի Սմիտֆիլդը ձին ախոռում կապելուց հետո դուրս եկավ, բանալիով փակեց դռան կողպեքը։ Դռան վերևում կախված լապտերը մեղմորեն ճոճվում էր քամուց և անհեթեթ, թռչկոտող ստվերներ նետում ներքև, ախոռի պատի մոտ կանգնած ու վիճաբանող մարդկանց դեմքերին։

Մերին նստել էր բուժարանի պատուհանի մոտ ու սպասում էր հորը։ Աղջիկն այնքան էր խորասուզվել մտքերի մեջ, որ ուշադրություն չդարձրեց Դյուկ Ցիթըրի վրա, որը բարձր֊բարձր խոսում էր փողոցում կանգնած մարդկանց հետ։ Երբ Դյուկը երևաց փողոցում, վաղ երեկոյի տենդոտ բարկությունը նորից արթնացավ և աղջիկը պատկերացրեց նրան պարտեզում՝ արուի ժպիրհ, ինքնավստահ աչքերով իրեն մոտենալիս, բայց իսկույն էլ մոռացավ նրան ու սկսեց միայն հոր մասին մտածել։ Մայիսյան մի օր, երբ ինքը տասնհինգ տարեկան էր, հայրը խնդրեց, որ երեկոյան կառքով գյուղ գնան։ Բժիշկը ագարակում այցելելու էր հիվանդ մի կնոջ, որն ապրում էր հինգ մղոն հեռու։ Այդ օրը հորդ անձրև էր եկել, և ճանապարհները դժվարանցանելի էին։ Մութն ընկել էր արդեն, երբ հասան ֆերմերի տուն։ Հետո նրա խոհանոցում սառը ապուր կերան։ Չգիտես ինչու, այդ երեկո հայրը անսովոր ուրախ էր, և իրեն մի տեսակ տղայավարի էր պահում։ Ճանապարհին հայրը քիչ էր խոսել։ Թեև Մերին տասնհինգ տարեկան էր, բայց արդեն լավ բոյ էր քաշել և սկսել էր կին դառնալ։ Երբ խոհանոցում կերան վերջացրին սառը ապուրը, հայրը աղջկա հետ զբոսնեց տան բակում։ Հետո Մերին նստեց փոքրիկ պատշգամբում։ Հայրը մի պահ կանգնեց նրա դիմաց։ Բժիշկը ձեռքերը խոթեց տաբատի գրպանները և գլուխը ետ գցելով, սրտանց ծիծաղեց։ «Նույնիսկ տարօրինակ է մտածել, որ դու շուտով կին ես դառնալու», ― ասաց նա։ «Եթե կին դառնաս, ի՞նչ կլինի հետո․․․ ինչպե՞ս կդասավորվի քո կյանքը․․․ Ի՞նչ կլինի հետո․․․»։

Բժիշկը նստեց դստեր կողքին, և մի պահ Մերիին թվաց, թե հայրն ուր որ է կգրկի իրեն։ Բայց Քոքրընը վեր թռավ տեղից ու տուն մտավ, աղջկան թողնելով միայնակ, մթության մեջ նստած։

Այս դեպքի մասին մտածելիս, Մերին հիշեց նաև, թե ինչպես երեխա ժամանակ, մի օր, հայրը լուռ մոտեցավ իրեն։ Հիմա աղջկան թվում էր, որ իրենց ապրած կյանքի համար ոչ թե հորը, այլ իրեն պետք է մեղադրել։ Այն ֆերմերը, որին հանդիպեց կամրջին, չէր զգացել բժշկի սառնությունը։ Պատճառն այն էր, որ ֆերմերն ինքն էր մարդամոտ ու մեծահոգի եղել այն մարդու նկատմամբ, որը հոգ էր տարել նրան հիվանդության ու դժբախտության ժամանակ։ Հայրը ֆերմերին ասել էր, որ նա գիտի հայր լինելու ձևը, և Մերին հիշեց, թե ինչպիսի ջերմությամբ գետակի ափին ձուկ որսացող տղաները գոչեցին իր ետևից, երբ ինքը հեռացավ մթության մեջ։ «Տղաների հայրը գիտի, թե ինչպես հայր լինի, որովհետև նրա երեխաները գիտեն, թե ինչպես պետք է նվիրվել», ― մտածեց Մերին, իրեն մեղավոր զգալով։ Ինքն էլ էր ուզում նվիրվել։ Այս գիշեր անպայման կկոտրի հոր և իր միջև եղած սառույցը։ Շատ վաղուց, այն նույն երեկո, երբ հոր հետ կառքով տուն էին վերադառնում, բժիշկը նորից անհաջող փորձ արեց՝ փշրելու իրենց բաժանող միջնորմը։ Տեղատարափ անձրևից առվակներ էին գոյացել, որոնց միջով ստիպված էին կառքը քշել անցնել։ Երբ համարյա հասել էին քաղաքին, հայրը ձին կանգնեցրեց փայտե կամրջին։ Ձին վրնջալով ծառս էր լինում, իսկ բժիշկը սանձերն ամուր ձգելով, ինչ֊որ բան էր ասում նրան։ Հորդացող գետակը ճողփում էր կամրջի տակ, իսկ տափարակ արտերում հեղեղված ջրերից լճակ էր գոյացել։ Այդ պահին լուսինը դուրս եկավ ամպերի տակից, իսկ քամին կնճռոտել էր պղտոր լճակը։ Լճակի մեջ կրակներ էին առկայծում։ «Ես ուզում եմ քեզ պատմել մորդ մասին», ― խռպոտ ձայնով ասաց հայրը, բայց այդ պահին կամրջի հենասյուներն սկսեցին ահավոր ճռնչալ և ձին ծառս լինելով՝ քաշեց կառքը։ Երբ հայրը վերջապես զսպեց ահաբեկված ձիուն, նրանք արդեն հասել էին քաղաքի փողոցներին։ Բժիշկը վերստին համակվեց լռակյաց ու երկչոտ տրամադրությամբ։

Բուժարանում, խավարի մեջ նստած, Մերին պատուհանից տեսավ հորը՝ ձիով փողոցն անցնելիս։ Երբ Սմիտֆիլդը ձին ախոռ տարավ, բժիշկը սովորության համաձայն իսկույն չբարձրացավ բուժարան տանող աստիճաններով։ Նա մի պահ կանգնեց մթան մեջ, ախոռի դռան առաջ։ Այնուհետև մի քանի քայլ դեպի մյուս մայթ գնաց և հետո կրկին ետ դարձավ խավարի մեջ։

Ախոռի մոտ նստած մարդիկ, որոնք երկու ժամ կլիներ, ինչ հանգիստ զրուցում էին, սկսեցին վիճել։ Ջեկ Ֆիշերը՝ քաղաքի գիշերապահը, Քաղաքացիական պատերազմից ինչ֊որ դեպք էր պատմում, իսկ Դյուկ Ցիթըրը ձեռ էր առնում նրան։ Գիշերապահն սկսեց բարկանալ։ Գավազանը ձեռքին նա կաղալով սկսեց վերուվար անել։ Դյուկ Ցիթըրի բարձր ձայնը խլացրեց միամիտ զոհի ճղճղոցը․ «Ջեկ, ախր ճիշտ եմ ասում է․․․ Հի, հի, հի։ Դու պետք է էդ «ռեբի՞» կողքից հարձակվեիր ու հերն անիծեիր։ Ես որ քո տեղը լինեի, հենց էդպես էլ կանեի, ― բացականչեց նա բարձր քրքրջալով»։ «Դու․․․ դու․․․ դժոխքի ցավը կուտեիր», ― գոռաց գիշերապահը անզոր կատաղությամբ։

Ծեր զինվորը հեռացավ ծաղրված ու բարկացած, Դյուկի ու նրա ընկերների հռհռոցի տակ։ Բարնի Սմիտֆիլդը, որ բժշկի ձին ախոռ տանելուց հետո դուրս էր եկել, դուռը փակելով նույնպես քրքջաց Դյուկի ասածների վրա։ Բժիշկ Քոքրընը նորից մյուս մայթ անցավ ու երբ ոտքը դրեց դեպի բուժարան տանող առաջին սանդղամատին, շրջվեց և ուրախ բացականչեց․ «Բարի գիշեր․․․»։ Ամառային զեփյուռը խաղաց Մերիի այտերին խռիվ եկած մազերի հետ և նա վախեցած տեղից վեր թռավ․ խավարի միջից ասես ինչ֊որ մեկը թոթվեց նրա ուսը։ Հարյուր անգամ կլիներ, աղջիկը տեսել էր հորը՝ երեկոյան, ախոռի մոտից անցնելիս, բայց նա ոչ մի անգամ չէր ողջունել այնտեղ պարապ֊սարապ կանգնածներին։ Քիչ մնաց նույնիսկ հավատար, որ աստիճաններով բարձրացողը հայրը չէ, այլ մեկ ուրիշը։

Ծանր ոտնաձայները շառաչեցին փայտե աստիճաններին և Մերին լսեց, թե ինչպես հայրը ցած դրեց դեղորայքի փոքրիկ, քառակուսի արկղը, որ անբաժան էր նրանից։ Բժիշկը դեռ անսովոր զվարթ տրամադրության մեջ էր, բայց միտքը խռովահույզ էր ու շփոթված։ Մերիին թվաց, թե դռան շեմին տեսավ հոր կերպարանքը։ «Այն կինը երեխա ծնեց», ― վերին սանդղահարթակից լսվեց բժշկի ջերմագին ձայնը։ ― Ո՞վ է երեխա ծնել․․․ Էլե՞նը, ֆերմերի կի՞նը․․․, թե իմ փոքրիկ Մերին․․․»։

Բողոքի բառերը հորդացին բժշկի շուրթերից։ «Ես ուզում եմ իմանալ՝ ով է երեխա ծնել։ Ո՞վ է երեխա ծնել։ Կյանքն այդ բանը չի ընդունում։ Ինչո՞ւ են շարունակ երեխաներ ծնվում», ― հարցրեց նա։

Ժպիտը սառեց բժշկի շուրթերին։ Մերին փոքր֊ինչ բարձրանալով, բռնեց աթոռի բազկատեղերից։ «Քիչ առաջ երեխա էր ծնվում», ― կրկնեց նա։ ― Տարօրինակ է, հը՞․․․ Այս ձեռքերս օգնեցին, որ երեխան լույս աշխարհ գար․․․ իսկ․․․ մահը կողքիս էր․․․»։

Բժիշկ Քոքրընը ոտքը զարնեց սանդղահարթակին։ «Ոտքերս սառել ու հոգնել են կյանքին սպասելուց, որ կյանքից էր ծնվելու․․․», ― ծանրախոհ ասաց նա։ Քիչ առաջ այդ կինն էր տանջվում, իսկ հիմա էլ ես․․․»։

Շառաչող ոտնաձայներից ու հիվանդ մարդու շուրթերից պոկված թախծոտ բառերից հետո լռություն տիրեց։ Փողոցից նորից լսվեց Դյուկ Ցիթըրի բարձր քրքջոցը։

Հետո բժիշկ Քոքրընը մեջքի վրա ընկավ փողոց իջնող նեղլիկ աստիճաններին։ Նա ոչ մի ձայն չհանեց, միայն կոշիկների շառաչյուն ու ընկնող մարմնի խուլ, ահավոր թրմփոց լսվեց։

Մերին քարացավ աթոռին։ Աչքերը փակ սպասեց։ Սիրտը թպրտում էր։ Մարմինը բոլորովին թուլացավ և ոտքից մինչև գլուխ վազեցին սարսուռի մանրիկ կոհակներ՝ կարծես մազե ոտքերով միջատներ էին խաղում նրա մարմնի վրա։

Դյուկ Ցիթըրը Բժշկին բարձրացրեց աստիճաններով ու պառկեցրեց բուժարանի ետևի սենյակներից մեկում։ Ախոռի դռան առաջ նստածներից մեկը հետևեց Դյուկին, ձեռքերը ցավատանջ բարձրացնելով ու ազդրերին խփելով։ Նա մատների արանքում մոռացել էր սիգարեթը, որի առկայծող լույսերը թռչկոտում էին խավարի մեջ։
  1. Սիրունիկս, մեզ համար մեծ պատիվ է, որ դու զբոսնում ես այստեղ (իտալ․)։