Վերջին թարմացում 2 Փետրվարի 2017, 15:44
Սամսոն ու Դալիլա

հեղինակ՝ Դեյվիդ Հերբերթ Լոուրենս
թարգմանիչ՝ Արտեմ Հարությունյան (անգլերենից)
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)



Փենզանսից Սենթ Ջասթ գնացող օմնիբուսից իջավ մի մարդ և քայլերն ուղղեց դեպի հյուսիս՝ Փոլսթար տանող բարձրունք։ Տակավին վեցն անց էր կես, սակայն երկնքում արդեն երևում էին աստղերը։ Ծովից մեղմ ու սառը քամի էր փչում։ Իջնող աղջամուղջի մեջ եռակի բռնկումներով համաչափ շողում էին ժայռի ծերպին գտնվող փարոսի լույսերը։

Մարդը մենակ էր։ Նա գնում էր անշտապ, ուշադիր հետաքրքրությամբ նայելով շուրջը։ Անհետացած քաղաքակրթության լուռ մասունքների նման մթության մեջ մերթ ընդ մերթ նշմարվում էին կապարահանքերի բարձր, կիսակործան էլեկտրակայանները։ Բլրակների լույսերը մթության մեջ առկայծում էին լքյալ, սակայն կելտական անաղարտ գիշերվա մենավոր թախծոտությամբ։

Նա շարունակեց գնալ հաստատուն քայլերով, աչալուրջ հետաքրքրությամբ նայելով շուրջը։ Անծանոթը բարձրահասակ, բարեկազմ մի տղամարդ էր, ծաղկուն հասակում։ Ամրակազմ էր, ջլապինդ ուսերով, քայլում էր փոքր֊ինչ առաջ հակված՝ ասես ցանկանալով կարճացնել բարձր հասակը։ Ուսերը չէր կռացնում․ ուղիղ իրանը առաջ էր հակվել գոտկատեղից։

Նրա մոտով մերթ ընդ մերթ անցնում էին հաստասրունք ոտքերով կոռնուելցի կարճահասակ, թիկնեղ հանքափորների ֆիգուրները, և նա անվեհապահորեն ողջունում էր նրանց, ասես շեշտելու համար, որ ինքն էլ է տեղացի։ Նա խոսում էր արևմտակորնուելյան առոգանությամբ, և մինչ քայլում էր տաղտկալի ճանապարհով, մերթ նայելով ցամաքամասի վրա տարածված տներին, մերթ՝ ծովի հեռվում երևացող լույսերին, «Լոնգշիփս» փարոսի շրջակայքում գտնվող նավերին, մերթ՝ խավարի մեջ թաղված ամբողջ Ատլանտյան օվկիանսն Ամերիկան իրենից բաժանող տարածությանը, թվում էր փոքր֊ինչ հուզված ու ինքնագոհ, սակայն աչալուրջ և հափշտակված շարունակում էր ճանապարհը մի զգացողությամբ, որ համենայնդեպս ամեն ինչ կախված է իրենից և ինքը ի վիճակի է հաղթահարել ամեն տեսակի կոնֆլիկտ։

Տները աստիճանաբար գրեթե փակեցին ճանապարհը․ նա մոտենում էր տձև, անկանոն դասավորված տներով հանքափորների մեկուսի մի գյուղի, որը վաղուց հայտնի էր իրեն։ Ճանապարհի ձախ կողմում մի փոքրիկ տարածություն կար, որտեղից երևում էին պանդոկի հաճելի լույսերը։ Այդ էր, որ կար։ Նա ուղղակի նայեց ցուցանակին․ «Հանքագործի հանգիստ», սակայն չկարողացավ պարզել տիրոջ անունը։ Ականջ դրեց․ բուռն խոսակցության ու ծիծաղի ձայն էր լսվում, տղամարդկանց ձայների մեջ առանձնանում էր մի կնոջ սուր քրքիջ։

Փոքր֊ինչ կռանալով, նա մտավ տաքուկ և լամպով լուսավորված բարը։ Սոճու փայտից պատրաստված, փայլելու աստիճան խոզանակված սեղանի մոտից, որտեղ սև, սպիտակ և կարմրավուն քարտեր էին ցրված, վեր կացավ կայտառ ու մարմնեղ մի կին, և մի քանի տղամարդ հանքափորներ, մի պահ դադարեցնելով խաղը, բարձրացրին գլուխները։

Օտարականը մոտեցավ վաճառասեղանին, շրջելով դեմքը․ նա գլխարկն իջեցրել էր մինչև աչքերը։

― Բարի երեկո, ― ասաց պանդոկապանուհին իր բավականին գայթակղիչ ձայնով։

― Բարի երեկո։ Մի գավաթ գարեջուր։

― Հիմա, ասաց պանդոկապանուհին բավական քաղաքավարի տոնով։ ― Ցուրտ գիշեր է․․․ բայց պարզկա է։

― Այո, ― համաձայնեց եկվորը կտրուկ, հետո բոլորի համար անսպասելիորեն ավելացրեց․ ― սեզոնային եղանակ է։

― Միանգամայն սեզոնային, ― արձագանքեց պանդոկապանուհին։ ― Շնորհակալություն։

Եկվորը բաժակը բարձրացրեց դեպի շրթունքները, դատարկեց, ապա շրխկոցով դրեց ցինկապատ վաճառասեղանին ու ասաց․

― Մի գավաթ էլ։

Կինը լցրեց գարեջուրը, և օտարականը, վերցնելով գավաթը, ուղղվեց դեպի կրակարանի մոտ գտնվող երկրորդ սեղանը։ Մի պահ հապաղելուց հետո կինը կրկին գրավեց իր տեղը խաղացողների շրջանում։ Սակայն բարետես, հաղթանդամ, լավ հագնված օտարականը գրավել էր պանդոկապանուհու ուշադրությունը։

Եկվորի կոռնուելա֊յանկիական ռնգային առոգանությունը նա ընդունեց որպես բնական բան հանքափորների շրջանում։

Օտարականը ոտքերը դրեց բուխարու ճաղին և հայացքը հառեց կրակին։ Նա բարետես էր, դեմքի առողջ գույնով, ուներ կոռնուելցու ընդգծված հոնքեր, մուգ ու պայծառ աչքեր։ Մտախոհ էր երևում։ Հետո հետևեց թուղթ խաղացողներին։

Կինը աշխույժ էր ու ամրակազմ, թուխ մազերով և մանրիկ շարժուն ու շագանակագույն աչքերով։ Կյանքն ու կենսական ուժերը եռում էին նրա մեջ, և այնպիսի աշխուժությամբ էր խաղում, որ հրճվանք էր պատճառում բոլոր տղամարդկանց։ Նրանք աղմկում էին, ծիծաղում, իսկ նա ձեռքը կրծքին սեղմելով, բարձրաձայն քրքջում էր։

― Օհ, տեր աստված, ծիծաղից կպայթեմ, ― ասում էր նա փնչացնելով։ ― Դե, մի՛ստր Թրիվորոու, շարունակեք, խարդախություն մի արեք, ազնիվ խաղացեք։ Ասում եմ՝ ազնիվ խաղացեք, այլապես կհրաժարվեմ խաղալուց։

― Ազնի՜վ խաղացեք։ Ո՞վ է անազնիվ խաղում, ― գոչեց միստր Թրիվորոուն։ ― Միսի՛ս Նանքըրվիս, մի՞թե ուզում եք ասել, որ ես անազնիվ եմ խաղում։

― Այո։ Հենց դա էլ նկատի ունեմ։ Ագռավի աղջիկը չէ՞ ձեր մոտ։ Դե, շարունակեք, ինձ խաբել չեք կարող։ Գիտեմ, որ ագռավի աղջիկն է ձեր մոտ, ինչպես գիտեմ, որ անունս Ալիս է։

― Լավ։ Եթե ձեր անունը Ալիս է, ուրեմն ընդունեք․․․

― Ա՜, ի՞նչ էի ասում։ Սրան նայիր։ Աստված վկա, ինչպես երևում է, թագուհուն հեշտությամբ եմ խփելու։

Եվ նա զրնգուն ծիծաղեց։ Նրան ընդհատեց խակի հագած չորս մարդու՝ միջին տարիքի կարճահասակ ու թիկնեղ սերժանտի, երիտասարդ մի կապրալի և երկու շարքային զինվորի հայտնվելը։ Կինը հենվեց աթոռի թիկնակին։

― Օ՛, աստված վկա, եթե տղաները չգային․․․ ― գոչեց նա։ ― Ինչպես երևում է հալից ընկել եք․․․

― Ի՜նչ եք ասում, մադա՛մ, ― բացականչեց սերժանտը։

― Թերևս ճիշտ եք, ― անտեղի մեջ ընկավ երիտասարդ զինվորը։

Կինը վեր կացավ։

― Իմ թանկագին հյուրերն եք։ Երևի ընթրել եք ուզում։

― Չի խանգարի։

― Նախ կոկորդներս թրջենք, ― ասաց սերժանտը։

Կինը շտապեց խմիչք մատուցել։ Զինվորները մոտեցան կրակին և ձեռքները մեկնեցին՝ տաքացնելու։

― Խոհանոցո՞ւմ եք ուզում ընթրել, թե՛ այստեղ, ― հարցրեց կինը։

― Այստեղ, ― պատասխանեց սերժանտը։ ― Այստեղ ավելի հարմար է․․ եթե չեք առարկում։

― Որտեղ ուզում եք, տղաներ, որտեղ ուզում եք։

Եվ նա անհետացավ։ Քիչ անց ներս մտավ մոտ տասնհինգամյա մի աղջիկ։ Նա բարձրահասակ էր, մանկական թարմությամբ լեցուն, սև, անմեղ աչքերով, գեղեցիկ հոնքերով, անաղարտ հեզության, կելտական խոհուն զգայունության մի տիպար։

― Օ՛, Մարիան։ Բարի երեկո, Մարիան։ Ինչպե՞ս ես Մարիան, ― լսվեցին նրան ողջունող բազմաթիվ ձայներ։

Աղջիկը յուրաքանչյուրին պատասխանեց մեղմ, անսովոր մեղմ ձայնով։ Այդ ինքնավստահությունը անչափ հմայիչ էր։ Եվ նա այնպիսի մեխանիկական շարժումներով անցավ սենյակով, ասես մտովի ուրիշ տեղ էր։ Նա միշտ էլ այդպես երազկոտ֊ցրված էր․ հեզության յուրօրինակ վկայություն։ Կրակի մոտ նստած օտարականը զննող հայացքով հետևում էր նրան։ Անհանգիստ, սևեռուն հարցասիրության տարտամ արտահայտություն կար նրա առողջությամբ փայլող դեմքին։

― Ուտելու բան չե՞ք տա, ― ասաց անծանոթը։

Աղջիկն իր ջինջ, անորոշ հայացքը հառեց նրան, մի հայացք, որ ոչ երկրային էակը կարող էր գցել։

― Հարցնեմ մայրիկին, ― ասաց նա մեղմ ու մելանուշ ձայնով։

Իսկ երբ վերադարձավ, գրեթե շշուկով հարցրեց․

― Ի՞նչ կցանկանայիք։

― Ի՞նչ ունեք, ― ասաց օտարականը, նայելով աղջկա դեմքին։

― Սառը միս․․․

― Իսկն ինձ համար է։

Օտարականը նստեց սեղանի ծայրին և ընթրեց հոգնաբեկ ու խաղաղ զինվորների հետ։ Այժմ պանդոկապանուհին հետաքրքրություն ցուցաբերեց նրա նկատմամբ։ Նա խոժոռել էր հոնքերը, առողջությամբ փայլող լայն դեմքին խուճապ էր երևում, իսկ փոքրիկ, շագանակագույն աչքերը սպառնալից լարվածությամբ հառել էր եկվորի վրա։ Պադոկապանուհին հաղթանդամ կին էր, փոքրիկ և անհանգիստ աչքերով։ Հագել էր բավականին աչք ծակող ձևվածքի ֆլանելե բլուզկա և մուգ կիսազգեստ։ Նա աթոռը մոտեցրեց օտարականին։

― Ընթրիքի հետ ի՞նչ կցանկանայիք խմել, ― հարցրեց նա, և նրա ձայնում մի նոր սպառնալից երանգ զգացվեց։

Օտարականը անհանգիստ շարժում արեց։

― Թերևս գարեջուր, քանի որ դրանով եմ սկսել։

Կինը մի գավաթ էլ լցրեց։ Այնուհետև նստեց նստարանին, զինվորների ու եկվորի կողքին՝ ուշադրությունից բաց չթողնելով նրան և հարցրեց․

― Սենթ Ջասթից եք եկել, այնպես չէ՞։

Օտարականը կոռնուելցու իր հստակ, մուգ ու անթափանցելի աչքերը հառեց կնոջ վրա և ի վերջո պատասխանեց․

― Ոչ, Փենզանսից։

― Փենզանսի՞ց․․․ Եվ մտադիր չե՞ք այս երեկո վերադառնալ այնտեղ։

― Ո՛չ․․․ Ո՛չ։

Նա տակավին նայում էր կնոջը իր փայլուն ագաթներ հիշեցնող խոշոր, վճիտ աչքերով։ Կինն սկսեց բորբոքվել։ Դա զգացվում էր նրա խոժոռ հոնքերից։ Այնուամենայնիվ, դեռևս քաղաքավարի ու աղերսական տոնով հարցրեց․

― Մտքովս չէր անցնում․․․ բայց դուք այս կողմերում չեք ապրում, չէ՞։

― Ո՛չ, ո՛չ։ Ես այստեղ չեմ ապրում։

Օտարականը պատասխանելիս չէր շտապում, ասես ինչ֊որ բան ստիպում էր նրան խուսափել կողմնակի հարցերից։

― Ա՛, հասկանում եմ, ― ասաց նա, ― երևի հարազատներ ունեք այս կողմերում։

Օտարականը կրկին շեշտակի նայեց նրան, ասես հայացքով ցանկանում էր լռեցնել։

― Այո, ― պատասխանեց նա։

Օտարականը այլևս ոչինչ չասաց։ Պանդոկապանուհին անհանգիստ շարժումով կտրուկ վեր կացավ։ Զայրույթի դրոշմ կար նրա հոնքերին։ Թղթախաղն ու ծիծաղն ընդհատվեց, թեև նա շարունակեց տղամարդկանց հետ մայրաբար ու սիրալիր վարվել և կատակներ անել։ Սակայն նրանք լավ էին ճանաչում պանդոկապանուհուն և վախենում էին նրանից։

Ընթրիքն ավարտվեց, սեղանը հավաքվեց, սակայն օտարականը տեղից չէր շարժվում։ Երիտասարդ զինվորները գնացին քնելու բարձր տրամադրությամբ։

― Բարի գիշեր, մադամ։ Բարի գիշեր, Մարիան։

Օտարականը մի քանի խոսք փոխանակեց սերժանտի հետ արդեն մի տարի սկսված պատերազմի, նոր կազմավորված զորաբանակի մասին, որի մի մասը տեղավորվել էր այդ շրջանում, Ամերիկայի մասին։

Պանդոկապանուհին իր փոքրիկ աչքերից մոլեգին սլաքներ էր նետում նրա վրա․ վայրկյան առ վայրկյան փոթորիկ էր կուտակվում նրա կրծքում, տեսնելով, որ օտարականը չի շարժվում տեղից։ Զսպված կատաղությունից նա դողում էր, մի բան, որ անբնական էր ու ահաբեկիչ։ Չէր կարողանում մի վայրկյան իսկ հանգիստ նստել։ Վայրկյաններն անցնում էին և նրա փարթամ մարմինը կարծես թե ցնցվում էր հանկարծական շարժումներով։ Սակայն օտարականը դեռ նստած էր այնտեղ, անտանելի հուզմունք պատճառելով նրան։ Պանդոկապանուհին հայացքով հետևում էր ժամացույցի սլաքների շարժմանը։ Զինվորներից երեքն արդեն գնացել էին քնելու, մնացել էր միայն կարճ խուզված մազերով, տերիեր հիշեցնող տարեց սերժանտը։

Բարի ետևում նստած, պանդկապանուհին ջղաձգորեն անհանգիստ շարժումներ էր անում, ի վիճակի չլինելով կենտրոնանալ լրագրի վրա։ Նա կրկին նայեց ժամացույցին։ Վերջապես տասից տաս էր պակաս։

― Ջենթլմեններ, փակելու ժամանակն է, ― ասաց նա մեղմ, սակայն զայրացկոտ տոնով։ ― Ժամանակն է, հարգելիներս, ժամանակը։ Բոլորիդ՝ բարի գիշեր։

Հյուրերը բարի գիշեր մաղթելով, սկսեցին ցրվել։ Տասից պակաս էր մեկ րոպե։ Պանդոկապանուհին վեր կացավ տեղից։

― Դե, ― ասաց նա, ― դուռը փակում եմ։

Նա դուռը բռնած կանգնել էր, կորովի ու սպառնալից։ Օտարականը, սև վերարկուի կոճակներն արձակած, տակավին կրակի մոտ նստած ծխում էր։

― Սըր, պանդոկը փակ է, ― լսվեց պանդոկապանուհու սպառնալից, անձուկ ձայնը։

Փոքրիկ, հաստագլուխ, շնիկանման սերժանտը բռնեց օտարականի բազկից և ասաց․

― Փակելու ժամանակն է։

Օտարականը շրջվեց տեղում և իր սև, փայլուն աչքերը հառեց նախ սերժանտի, ապա պանդոկապանուհու վրա։

― Գիշերը մնում եմ այստեղ, ― ասաց նա կտրուկ, կոռնուելա֊յանկիական առոգանությամբ։

Պանդոկապանուհին ասես ձգվեց և օտարոտի, սպառնալից մի հայացք գցեց եկվորի վրա։

― Օ՛, իհարկե, ― գոչեց նա, ― իհարկե։ Իսկ կարելի՞ է հարցնել, թե ո՞ւմ թույլտվությամբ։

Օտարականը դարձյալ նայեց նրան։

― Իմ, ― պատասխանեց նա։

Պանդոկապանուհին ինքնաբերաբար փակեց դուռը և խոշոր, վտանգավոր թռչունի նման շարժվեց դեպի նա։ Նրա ձայնը բարձրացավ, ստանալով մի տեսակ ազդեցիկ խռպոտության երանգ։

― Իսկ ի՞նչ կարող է լինել ձեր հրամանը, թույլ տվեք հարցնել, ― բղավեց նա։ ― Ո՞վ եք դուք, որ հրամաններ եք արձակում այս տանը։

Օտարականը անշարժ նստած նայում էր կնոջը։

― Դուք գիտեք, թե ով եմ ես, ― պատասխանեց նա։ ― Համենայն դեպս, ես գիտեմ, թե ով եք դուք։

― Օ, մի՞թե։ Ի՜նչ եք ասում։ Այդ դեպքում բարի եղեք ասել, ո՞վ եմ ես։

Նա իր պայծառ, սև աչքերը հառեց կնոջ վրա։

― Իմ կինը, եթե ուզում եք իմանալ, ― պատասխանեց նա։ ― Եվ դուք նույնքան լավ գիտեք, որքան՝ ես։

Պանդոկապանուհին աչքերը չռեց, ասես ինչ֊որ բան պայթեց նրա ներսում, աչքերը բարձրացան և վայրագորեն փայլատակեցին։

― Գիտե՜մ, ― ճչաց նա։ ― Ես այդպիսի բան չգիտեմ, ես այդպիսի բան չգիտեմ։ Մի՞թե ձեզ թվում է, որ ամեն պատահական մարդ կարող է մտնել այս բարն ու առանց այլևայլության հայտարարել, թե ես իր կինն եմ, և ես էլ կհավատամ․․․ Լսեք, ով էլ ուզում է լինեք, սխալվում եք։ Ես գիտեմ, որ ձեր կինը չեմ, և խնդրում եմ հեռանալ այս տնից, հենց այս վայրկյանին, քանի դեռ չեմ կանչել տղաներին, որ դուրս շպրտեն ձեզ։

Օտարականը վեր կացավ՝ վիզը փոքր֊ինչ երկարելով առաջ։ Նա բարեկազմ կոռնուելցի էր, ծաղկուն հասակում։

― Ուրեմն ասում եք, չե՞ք ճանաչում ինձ, ― ասաց նա իր բարեհնչուն, անհույզ, սակայն բավական զուսպ ձայնով, որում ինչ֊որ աղջկական նրբերանգ կար։ ― Ես գիտեմ ձեզ, հասկանո՞ւմ եք, գիտեմ։ Իսկույն ճանաչեցի, հասկանո՞ւմ եք։

Կինը շփոթվեց։

― Կարող եք այդպես ասել, ― պատասխանեց նա կերկերուն ձայնով։ ― Դա հեշտ է ձեզ համար։ Իսկ ինձ ճանաչում և հարգում են այստեղից մինչև տասը մղոն հեռու ապրող գրեթե բոլոր մարդիկ։ Բայց ձեզ ես չեմ ճանաչում։

Նրա ձայնը աստիճանաբար խիստ հեգնական երանգ ստացավ։

― Ձեզ չեմ ճանաչում։ Բացարձակապես անծանոթ եք ինձ, և այս երեկոյից բացի երբեք չեմ տեսել ձեզ։

― Ոչ, տեսել եք, ― պատասխանեց օտարականը իրեն հատուկ ողջամտությամբ։ ― Տեսել եք, և ձեր ազգանունը իմ ազգանունն է, իսկ այդ աղջիկը՝ Մարիանը, իմ աղջիկն է։ Դուք իմ կինն եք։ Դա նույնքան ստույգ է, որքան այն, որ ես Վիլի Նանքըրվիսն եմ։

Նա այնքան համոզված էր խոսում, ասես դա անառարկելի փաստ էր։ Նրա դեմքը այնպիսի զգաստ համոզվածություն ու անդրդվելիություն էր արտահայտում, որ կատաղեցնում էր կնոջը։

― Ա՛խ դու սրիկա, ― ճչաց նա։ ― Սրիկա՜, ներխուժել ես տունս և համարձակվում ես այդ տոնով խոսել հետս։ Սրիկա՛, կատարյալ սրիկա՛։

Օտարականը մի հայացք գցեց նրա վրա։

― Հը՛մ, շատ լավ, ― ասաց նա անտարբեր։

Թեպետ մի տեսակ կաշկանդված էր զգում, սակայն չէր վախենում կնոջից։ Ինչ որ խորհրդավոր ու անթափանցելի բան կար նրանում, ագաթի պես շողշողացող այդ աչքերում։

Պանդոկապանուհին ձգվեց և սպառնալից մոտեցավ նրան։

― Այստեղից դուրս գալո՞ւ եք, թե ոչ, ― նա մոլեգնած ոտքը խփեց գետնին։ ― Այս րոպեին։

Օտարականը ուշադիր նայում էր նրան․ գիտեր, որ կինն ուզում է խփել իրեն։

― Ոչ, ― պատասխանեց նա զուսպ շեշտվածությամբ։ ― Արդեն ասացի՝ մնալու եմ այստեղ։

Նա վախենում էր կնոջ անհատականությունից, սակայն դա չէր խանգարում, որ անդրդվելի մնար։ Կինը տատանվեց, բայց շարունակեց բաց֊շագանակագույն փոքրիկ աչքերը էգ վագրի նման մի տեսակ կույր մոլուցքով հառել նրա վրա։ Օտարականը ցնցվեց, սակայն մնաց անզիջում։ Հետո կինը որոշեց՝ կհավաքի իր բոլոր ուժերը, և ասաց․

― Որ այդպես է, կտեսնենք, կմնա՞ք այստեղ, թե ոչ, ― ասաց նա և, շրջվելով, հարցախույզ սպառնալիքով բարձրացնելով աչքերը, մոլեգնած դուրս եկավ սենյակից։ Օտարականը լսեց, թե ինչպես նա բարձրացավ վերև, բախեց ննջարանի դուռը և ասաց․

― Տղաներ, մի րոպեով ներքև չե՞ք իջնի։ Ձեր կարիքն եմ զգում։ Նեղ վիճակի մեջ եմ։

Օտարականը հանեց գլխարկն ու սև վերարկուն և նստեց իր ետևում գտնվող նստարանին։ Նրա կարճ խուզված մազերը քունքերի մոտ սկսել էին սպիտակել։ Հագել էր գեղեցիկ կարված, ամերիկյան ձևվածքի երկտակ օձիքով կոստյում, որ բավական լավ էր նստել վրան։ Ունևոր, վայելուչ ու պատկառելի տղամարդու տեսք ուներ։ Ուսերն անդյուրաշարժ էին թվում այն պատճառով, որ երկու անգամ, հանքերում աշխատելիս կոտրել էր անրակը։

Մուգ խակի հագած, տերիեր հիշեցնող փոքրիկ սերժանտը թռուցիկ մի հայացք գցեց նրա վրա։

― Ձեր կի՞նն է, ― հարցրեց նա, գլխի շարժումով ցույց տալով հեռացող կնոջ կողմը։

― Այո, ― հաստատեց օտարականը, ― դրանում կասկած լինել չի կարող։

― Երևի երկար ժամանակ չեք տեսել։

― Մարտին կլինի տասնվեց տարի։

― Հը՜մ։

Սերժանտը լուռ շարունակեց ծխել։

Պանդոկապանուհին վերադարձավ երեք զինվորի ետևից գցած, որոնք ներս մտան բավական հիմարավուն տեսքով․ տաբատով ու վերնաշապիկով, առանց կոշիկների։ Նա, թատերական կեցվածք ընդունելով, կանգնեց բարի ծայրին և բացականչեց․

― Այս մարդը չի ուզում հեռանալ, պնդում է, որ գիշերը մնալու է այստեղ։ Դուք լավ գիտեք, որ տեղ չունեմ, ճիշտ չէ՞։ Այս տունը ճանապարհորդների օթևանատեղի չէ։ Այնուամենայնիվ նա ուզում է մնալ։ Բայց քանի դեռ մի կաթիլ արյուն կա իմ երակներում, երդվում եմ, որ այդ բանը չի լինի։ Եվ եթե դուք արժանի եք տղամարդ կոչվելու, կօգնեք ինձ՝ մի կնոջ, որը ոչ մի օգնող չունի։

Նրա աչքերը զայրույթից փայլատակում էին, դեմքը ամբողջովին կարմրել էր․ ամազոնուհու պես նա ձգվել էր ամբողջ մարմնով։

Երիտասարդ զինվորները չգիտեին ինչպես վարվել։ Երկմտանքով նայեցին օտարականին, հետո՝ սերժանտին, իսկ նրանցից մեկը արհամարհական մի հայացք գցելով օտարականի վրա, ձգեց գոտին։

― Ինչպե՞ս վարվենք, սերժանտ, ― հարցրեց նա, ում դեմքը զայրույթից ցնցվում էր։

― Նա ասում է, թե միսիս Նանքըրվիսի ամուսինն է, ― պատասխանեց սերժանտը։

― Նա իմ ամուսինը չէ։ Ես երբեք չեմ տեսել նրան։ Դա զազրելի հերյուրանք է, ուրիշ ոչինչ, զազրելի հերյուրանք։

― Ստում եք, որ երբեք չեք տեսել ինձ, ― գոչեց բուխարու մոտ նստած օտարականը։ ― Դուք ամուսնացած եք եղել ինձ հետ, և ձեր աղջիկը՝ Մարիանը ինձանից է․․․ դա դուք շատ լավ գիտեք։

Երիտասարդ զինվորները գոհունակությամբ հետևում էին խոսակցությանը, սերժանտը անխռով ծխում էր։

― Այո, ― ասաց պանդոկապանուհին ծոր տալով, և գլուխն օրորեց ծայրահեղ հեգնանքով, ― բավական համոզիչ է թվում, ճիշտ չէ՞։ Բայց հասկանո՞ւմ եք, մենք չենք հավատում ձեր ոչ մի բառին, և ինչպե՞ս կարող եք ապացուցել դա։ ― Նա չարախնդորեն ժպտաց։

Օտարականը մի պահ լուռ նայեց նրան, հետո ասաց․

― Ապացույցի կարիք չկա։

― Օ, իհարկե, բայց պետք է, սըր, պետք է, շատ է պետք, ― շարունակեց նա խիստ հեգնանքով։ ― Այնքան էլ միամիտ չենք, որ ձեր խոսքերը հալած յուղի տեղ ընդունենք։

Օտարականը անվրդով կանգնած էր բուխարու մոտ։ Պանդոկապանուհին կանգնել էր՝ մի ձեռքով հենված ցինկապատ բարին։ Սերժանտը, ոտքերը խաչաձև դրած, նստել էր նրանց իրարից բաժանող տարածության միջև դրված աթոռին և ծխում էր, իսկ երիտասարդ զինվորները, բարի ետնամասի կիսախավարում կանգնած դողդողում էին։ Տիրեց խոր լռություն։

― Ձեզ հայտնի՞ է, թե որտեղ է ձեր ամուսինը միսիս Նանքըրվիս։ Կենդանի՞ է, ― լռությունը խզելով հարցրեց սերժանտը իրեն հատուկ ողջամտությամբ։ Հանկարծ պանդոկապանուհին սկսեց արտասվել, խոշոր, այրող արցունքներով՝ ապշահար անելով երիտասարդ զինվորներին։

― Ոչ մի տեղեկություն չունեմ նրանից, ― հեկեկաց նա, գրպանում թաշկինակ փնտրելով։ ― Լքեց ինձ, երբ Մարիանը փոքրիկ էր, գնաց Ամերիկա աշխատելու և վեց ամիս հետո ոչ մի տող չգրեց, ոչ էլ պեննի ուղարկեց։ Չգիտեմ, սրիկան ողջ է, թե մեռած։ Իսկ ինչ էլ որ լսել եմ նրա մասին, ոչ մի լավ բան չի եղել․․․ և տարիներ շարունակ նույն բանը։ ― Նա բուռն արտասվեց։

Շիկավուն, գեղեցկադեմ օտարականը, բուխարու մոտ կանգնած, լուռ նայում էր արտասվող կնոջը։ Նա վեխեցած էր, անհանգիստ ու շփոթված, թեև արտաքուստ հանգիստ էր երևում։

Սենյակում լսվում էր միայն պանդոկապանուհու հեկեկոցը։ Ներկաները բոլորն էլ ազդվել էին։

― Ձեզ չի թվում, որ ավելի լավ է այս երեկո հանգիստ թողնեք նրան,― ասաց սերժանտը սիրալիր ողջամտությամբ։ ― Ավելի լավ է չշտապեք, մինչև որ պարզենք ձեր հարաբերությունները։ Ինձ թվում է, դժվար է մեծ պահանջներ ներկայացնել մի կնոջ, երբ նա այդպես առարկում է։ Բացի այդ շատ անսպասելի եք հայտնվել նրա մոտ։

Պանդոկապանուհին սրտամորմոք հեկեկում էր։ Նրա փարթամ կրծքերը ցնցվում էին։ Թվում էր, թե դրանք հմայել են օտարականին։

― Թե ինչպես եմ վարվել նրա հետ, դա կարևոր չէ, ― ասաց նա։ ― Ես վերադարձել եմ և մտադիր եմ մնալ սեփական տանս․․․ թեկուզ և որոշ ժամանակ։

― Ստոր արարք է, ― ասաց սերժանտը մռայլվելով։ ― Ստոր արարք է, այդքան տարի կնոջը լքելուց հետո գալ և ստիպել նրան, որ ընդունի իրեն։ Ստոր արարք․․․ որ արգելում է օրենքը։

Պանդոկապանուհին սրբեց արտասուքները։

― Ինձ մի հիշեցրեք օրենքի կամ նման բաների մասին, ― գոչեց օտարականը տարօրինակ ու խիստ տոնով, ― միևնույն է, այս գիշեր մնալու եմ այստեղ։

Պանդոկապանուհին դիմեց իր ետևում կանգնած զինվորներին՝ շողոմ ու հեգնական տոնով ասելով․

― Մի՞թե պետք է այս ամենը հանդուրժենք, տղաներ․․․ Սերժանտ Թոմաս, մի՞թե թույլ կտաք, որ նման ձևով հիմարացնի մեզ մի ստոր սրիկա, որն ամերիկյան հանքերում այդպիսի ամոթալի կյանք վարելուց հետո վերադարձել է և ուզում է խորտակել կյանքն ու խնայողությունները մի խեղճ կնոջ, որին լքել է երեխային գրկին՝ բախտի քմահաճույքին թողնելով նրան։ Ամոթ նրան, ով չպաշտպանի ինձ․․․ հազա՜ր ամոթ։

Զինվորներն ու փոքրիկ սերժանտը սաստիկ զայրացել էին։ Պանդոկապանուհին կռացավ և ինչ֊որ բան փնտրեց վաճառասեղանի տակ։ Հեռվում՝ կրակի մոտ կանգնած օտարականից աննկատ, նա այնտեղից հանեց բուսաթելերից հյուսված մի պարան, որը սովորաբար օգտագործում են հակեր կապելու համար, և նետեց բարի ետևի կիսախավարում կանգնած երիտասարդ զինվորների ոտքերի մոտ։

― Դե, հիմա մոտ եկ, հագիր վերարկուդ և հեռացիր այստեղից, ― դիմեց նա օտարականին սառն ու վճռական տոնով։ ― Մարդ եղիր, ոչ թե ամենավատթար գերմանացու պես դաժան։ Սենթ Ջասթում բավական հեշտությամբ կարող ես քնելու տեղ գտնել, իսկ եթե փող չունես վճարելու, սերժանտը մի քանի շիլլինգ փոխ կտա։ Նա չի մերժի։

Բոլորի հայացքները գամված էին օտարականին։ Նա մի տեսակ կախարդվածի, դիվահար եղածի պես նայում էր կնոջը։

― Ես իմ սեփական փողն ունեմ, ― ասաց նա։ ― Փողերիդ համար մի անհանգստացիր, ես բավական շատ ունեմ։

― Ավելի լավ, ― պնդեց նա գրեթե ողորմածության հասնող սառը քմծիծաղով, ― հագիր վերարկուդ և գնա ուր ուզում ես․․․ Մարդ եղիր, ոչ թե վատթար գերմանացի։

Նա ընդհուպ մոտեցել էր օտարականին՝ մարտահրավեր նետող անհողդողդ կեցվածք ընդունելով։ Օտարականը, կախարդանքի արտահայտությունը դեմքին, նայում էր նրան։

― Ոչ, չեմ գնա, ― պատասխանեց նա։ ― Այդպիսի բան չսպասես։ Այս գիշեր օթևան ես տալու ինձ։

― Ինչպե՜ս, ― ճչաց պանդոկապանուհին և անսպասելիորեն ամուր գրկեց նրան, ամբողջ ծանրությամբ կախվեց նրանից ու ձայն տվեց զինվորներին․ ― տղաներ, վերցրեք պարանն ու պինդ կապեք նրան։ Ալֆրե՛դ․․․ Ջո՛ն․․․ արագ․․․

Օտարականը ձգվեց, խելացնոր հայացքով նայեց շուրջն ու պրկեց զորեղ մարմինը։ Սակայն կինն ուժեղ էր ու ծանր, և կենաց ու մահու վճռականությամբ աքցանել էր նրան։ Պանդոկապանուհու դեմքը հաղթական, սարսափազդու և վրժխնդիր արտահայտությամբ ուղղված էր դեպի նա։ Օտարականը մոլեգնորեն ետ տարավ գլուխը՝ ազատվելու նրանից։ Երիտասարդ զինվորները, տեսնելով, որ այդ ահարկու Լաոկոոնը մի պահ երեարաց, արագ գործի անցան և մոլեգնած զինվորը փութաց նետել պարանը։ Վերջինս փոքր֊ինչ խճճվեց։

― Ծայրն ի՜նձ տուր, ― գոչեց սերժանտը։

Հաղթանդամ օտարականը ամբողջ ուժերը լարելով ջանում էր ազատվել նրանից․ կնոջն իր հետ պտտեցրեց աթոռի և սեղանի շուրջը՝ ջղաձգորեն աշխատելով դուրս պրծնել նրա գրկից։ Սակայն կինը սիպե ձկան նման ամուր կպել էր նրան։ Օտարականը լարեց ուժերն ու թափ տվեց նրան և նրանք աղմուկով բախվեցին կահավորանքին, զիվորներին։

Երիտասարդ զինվորը արագաշարժ սերժանտի օգնությամբ պարանը փաթաթեց նրա մարմնի շուրջը։ Պանդոկապանուհին ծանրորեն կռացավ, և նրանք պարանով մի քանի անգամ կապկպեցին օտարականին։ Մաքառելիս զոհը սայթաքեց ու բախվեց սեղանին։ Պարանն այնքան ձգեցին, որ գրեթե կտրում էր նրա ձեռքերը։ Կինը կառչեց նրա ծնկներից։ Մի այլ զինվոր կայծակնային արագությամբ վրա ընկավ և մի զույգ ձգաթոկով կապոտեց զոհի ոտքերը։ Այդ իրարանցման ընթացքում աթոռները շուռ էին եկել, սեղանը քշվել էր դեպի պատը, իսկ օտարականը, վերջապես, կապանքների մեջ էր․ ձեռքերը կապված էին կողքերին, ոտքերը՝ կաշկանդված։ Սեղանին հենված, նա կիսապառկած վիճակում ընկել էր հատակին։ Մի պահ մնաց անշարժ։

Կինը վեր կացավ և թուլացած փռվեց պատի տակ դրված աթոռին։ Ծանր շնչելուց կուրծքը բարձրանում֊իջնում էր, չէր կարողանում անգամ խոսել, մի պահ թվաց, թե մեռնում է։ Օտարականը, որի վերարկուն կապերից ամողջովին քշտվել ու ճմռթվել էր, գոտկամասում՝ մարմինը մերկ, պառկել էր՝ հենվելով շրջված սեղանին։ Զինվորները հավաքվել էին շուրջը և զարմանքով ու հուզված նրան էին նայում։

Օտարականը, ծանր շնչելով, կրկին սկսեց գալարվել, բնազդաբար ջանալով ազատվել կապանքներից։ Նրա բրոնզագույն դեմքը լարվածությունից խիստ կարմրել էր։ Նա կրկին ջղաձգվեց, պարանոցի զարկերակները փքվեցին, սակայն անօգուտ էր, և թուլանալով, դադարեց մաքառելուց։ Հետո դարձյալ անսպասելիորեն ցնցեց ոտքերը։

― Մի զույգ ձգաթոկ էլ, Վիլյամ, ― գոչեց վրդովված զինվորը և, նետվելով օտարականի ոտքերին, կապեց ծնկները։ Կրկին լռություն տիրեց։ Լսվում էին ժամացույցի համաչափ զարկերը։

Կինը նայեց օտարականի մեկնված ֆիգուրային, նրա ջլապինդ բարեկազմ ձեռքերին ու ոտքերին, կապոտված հզոր մարմնին, զարմանքից լայն բացած աչքերով դեմքին։ Այս տեսարանը նրան հիշեցրեց սայլակով տարվող հորթուկի, որի միայն համրորեն ետ գցված գլուխն է երևում պարկի միջից։ Պանդոկապանուհին ցնծության մեջ էր։

Օտարականը կրկին սկսեց ջանք գործադրել կապանքներից ազատվելու համար։ Կինը հմայված նայում էր, թե ինչպես էին լարված շարժվում նրա մկանները, ուսերը, կոնքերն ու բարեկազմ հզոր սրունքները։ Նույնիսկ այդքան կապկպելուց հետո էլ նա ասես ի վիճակի էր կտրել թոկերը։ Կինը սարսռաց։ Սակայն արագաշարժ երիտասարդ զինվորը նստեց զոհի ուսերին, և կապանքները քանդելու մի քանի վտանգավոր փորձերից հետո օտարականը կրկին խաղաղվեց։

― Հիմա, ― ասաց ողջամիտ սերժանտը, ― եթե բաց թողնենք, խոստանո՞ւմ եք հեռանալ և այլևս չանհանգստացնել մեզ։

― Այստեղ չարձակեք նրա կապերը, ― գոչեց կինը։ ― Ես չեմ վստահում նրան։

Տիրեց լռություն։

― Կարող ենք դուրս տանել նրան և կապերն արձակել այնտեղ, ― ասաց զինվորը։ ― Իսկ եթե լավ չպահի իրեն, ոստիկան կկանչենք։

― Այո, ― ասաց սերժանտը։ ― Այդպես էլ կվարվենք։ ― Հետո ձայնը փոխելով, գրեթե խիստ տոնով դիմեց գերուն․ ― եթե դրսում արձակենք ձեզ, կհագնե՞ք ձեր վերարկուն ու կհեռանա՞ք առանց ավելորդ անկարգություններ անելու։

Բայց գերին լուռ էր։ Նա պառկել էր իր սև, պայծառ աչքերը զարմանքից լայն բացած, ինչպես կապանքների մեջ գտնվող վայրի կենդանի։ Մի պահ լարված լռություն տիրեց։

― Որ այդպես է, վարվեք, ինչպես ասացիք, ― վրա բերեց պանդոկապանուհին բորբոքված։ ― Դուրս տարեք նրան, և փակենք դուռը։

Այդպես էլ վարվեցին։ Բարձրացնելով կապկված մարդուն, չորս զինվորներն օրորվելով մի կերպ տարան նրան պանդոկի առջևի խաղաղ հրապարակ։ Պանդոկապանուհին հետևեց նրանց՝ օտարականի գլխարկն ու վերարկուն ձեռքին։ Երիտասարդ զինվորներն արագ քանդեցին բանտարկյալի ոտքերի կապերն ու մի տեսակ ցատկոտելով ետ վազեցին։ Նրանք ոտաբոբոիկ էին, իսկ դրսում պարզկա գիշեր էր ու ցուրտ։ Կանգնելով դռան շեմին, նրանք ետ նայեցին․ մարդը անշարժ պառկած էր սառը գետնին։

― Իսկ հիմա, ― ասաց սերժանտը մեղմ ձայնով, ― դուք, միսիս ներս մտեք, ես կթուլացնեմ կապերը, և նա ինքը կազատվի դրանցից։

Պանդոկապանուհին մի վերջին հայացք գցեց գետնին նստած, ճմռթված հագուստով, կապկպված օտարականի վրա և սերժանտի ուղեկցությամբ արագ ներս մտավ։ Հետո լսվեց, թե ինչպես փակեցին դուռն ու գցեցին սողնակը։

Դրսում նստած մարդն ամբողջ ուժերը լարելով ջանում էր ազատվել կապանքներից։ Սակայն նույնիսկ հիմա դժվար էր քանդել դրանք։ Ձեռքերը կապված՝ ջանք գործադրելով նա ոտքի ելավ և, մոտենալով մի հին ու խորդուբորդ պատի, փորձեց պարանը քսելով դրա ելուստներին՝ կտրել։ Բուսաթելերից հյուսված պարանը քրքրվեց ու կտրվեց, և նա ազատվեց։ Բազմաթիվ վնասվածքներ էր ստացել․ ձեռքերին կապտուկներ ու քերծվածքներ էին առաջացել․ նա սկսեց մեղմ շփել դրանք, հետո ուղղեց հագուստները, կռացավ, դրեց գլխարկը, մի կերպ հագավ վերարկուն և հեռացավ։

Երկնքում փայլում էին աստղերը։ Փարոսի լույսը համաչափորեն շողում էր մթության մեջ։ Ապշահար եղած մարդը գնաց ճանապարհով և մտավ եկեղեցու բակ։ Նա երկար հենված մնաց մի պատի։ Ուշքի եկավ այն ժամանակ, երբ զգաց, որ ոտքերը սառչում են։ Սթափվեց և, շրջվելով, գիշերային խավարով կրկին վերադարձավ պանդոկ։

Բարը թաղված էր խավարի մեջ, բայց խոհանոցում լույս էր վառվում։ Մի պահ երկմտեց։ Հետո ձեռքով հանգիստ հրեց դուռը։ Ի զարմանս իրեն, դուռը բաց էր։ Ներս մտավ և զգուշությամբ փակեց այն։ Իջավ աստիճաններով, անցավ վաճառասեղանի մոտով և լուսավորված դռնախորշով մտավ խոհանոց։ Այնտեղ, վառվող բուխարու մոտ, աթոռի վրա նստած էր նրա կինը, ծնկները լայն բացած, ոտքերը բուխարու ճաղերին։ Երբ ներս մտավ, կինը ուսի վրայով նայեց նրան, սակայն ոչինչ չասաց, և հայացքը կրկին հառեց կրակին։

Խոհանոցը փոքր էր ու նեղ։ Նա գլխարկը նետեց դեղնավուն մոմլաթով ծածկված սեղանին և նստեց մի աթոռի, թիկունքով դեպի պատը, վառարանի մոտ։ Կինը անշարժ նստած էր նույն դիրքով՝ ոտքերը դրած պողպատե ճաղերին, հայացքը հառած կրակին։ Կրակի, լույսի տակ նրա մաշկը հարթ ու վարդագույն էր։ Ներսում ամեն ինչ մաքուր էր ու փայլուն։ Մարդը նույնպես նստել էր լուռ՝ գլուխը հակած կրծքին։ Որոշ ժամանակ նրանք մնացին այդ դիրքով։

Ով էր խոսելու առաջինը, դժվար էր ասել։ Կինը հակվեց առաջ և ձողերի ծայրերը մտցրեց վանդակաճաղերի մեջ։ Նա բարձրացրեց գլուխը, նայեց կնոջը և հարցրեց․

― Բոլորը քնած են, չէ՞։

Սակայն կինը չպատասխանեց։

― Դրսում ցուրտ է, շարունակեց նա, ասես ինքն իրեն, և բանվորի խոշոր, սակայն բավականին բարեձև ձեռքը դրեց թավշի պես ողորկ, սև, փայլուն վառարանին։ Կինը ձևացնում էր, թե չի ուզում նայել, բայց աչքի պոչով հայացքներ էր գցում նրա վրա։

Տղամարդը, բիբերը լայն բացած, կատվի էլեկտրականացնող պայծառ հայացքը հառել էր կնոջ վրա։

― Հազարների մեջ կճանաչեի քեզ, ― ասաց, ― թեև ավելի ես փարթամացել, քան կարծում էի։ Լցվել ես ու գեղեցկացել։

Կինը մի պահ չպատասխանեց, հետո շրջվեց դեպի նա։

― Ի՞նչ է մտքովդ անցել, ― ասաց նա վերջապես, ― որ տասնհինգ տարի հետո վերադարձել ես։ Մի՞թե կարծում ես, որ Ամերիկայում եղածդ ժամանակ Բաթեից կամ ինչ֊որ մի այլ տեղից լուր չե՞մ ունեցել քեզանից։

Նա իր պայծառ, թափանցիկ, հաշտություն հայցող աչքերը հառել էր կնոջ վրա։

― Այո, ― ասաց նա, ― տղաները գալիս֊գնում էին․․․ Երբեմն֊երբեմն պատմել են քո մասին։

Պանդոկապանուհին մի տեսակ ձգվեց։

― Եվ ի՞նչ ստեր ես լսել իմ մասին, ― հարցրեց նա՝ վեհաշուք կեցվածք ընդունելով։

― Ամենևին էլ ստեր չեմ լսել․․․ Միայն իմացել եմ, որ գործերդ լավ են գնում։

Տղամարդու ձայնը հնչեց զգույշ ու անկաշկանդ։ Կինը կրկին մոլեգնեց, սակայն զսպեց իրեն, քանզի ինչ֊որ սպառնալից բան կար տղամարդու վարմունքի մեջ, ավելին, թերևս կինը վախենում էր կորցնել նրան։

― Այսքան բան կարող եմ ասել քո մասին․ ավելի շուտ վատը, քան լավն եմ լսել, ― ասաց կինը։

― Հը՜մ, հասկանում եմ, ― տղամարդը նայեց կրակին։ Վաղուց նա վառվող որոճ չէր տեսել։ Լռություն տիրեց, որի ընթացքում կինը հայացքը չէր հեռացնում նրա դեմքից։

― Եվ դու տղամա՞րդ ես համարում քեզ, ― ասաց նա ավելի շատ արհամարհական հանդիմանանքով, քան զայրույթով։ ― Թոնել մի կնոջ բախտի քմահաճույքին, ինչպես դու թողեցիր․․․ և հետո այս ձևով վերադառնալ առանց որևէ մեղանչական խոսքի։

Տղամարդը անհանգիստ շարժում արեց, ոտքերն ավելի ազատ մեկնեց, ձեռքերը դրեց ծնկներին և լուռ հայացքը հառեց կրակին։ Նրա կարճ խուզված մազերով գլուխն այնքան մոտիկ էր կնոջը, որ հազիվ կարողացավ զսպել իրեն, որպեսզի ետ չքաշվի, ասես նա, խայթելու էր իրեն։

― Մի՞թե տղամարդուն վայել արարք է դա, ― կրկնեց կինն իր հարցը։

― Ոչ, ― պատասխանեց նա, հակվելով առաջ և մատների ծայրով փայտի մնացորդները հրեց կրակի մեջ։ ― Իմ կարծիքով, դա այնքան էլ կարևոր չէ։ Սխալ է, երբ ինչ֊որ բանի որևէ անուն ես կպցնում։

Կինը հայացքով հետևում էր նրան։ Նրանց յուրաքանչյուր խոսքը ասվում էր երկարատև ընդմիջումից հետո, չնայած իրենք այդ չէին նկատում։

― Հետաքրքիր է, ի՞նչ կարծիք ունես ինքդ քո մասին, ― գոչեց կինը շեշտված վրդովմունքով։ ― Հետաքրքիր է, ինչի՞ տեղ ես դրել քեզ։

Կինը, հիրավի, որքան անելանելի վիճակի մեջ էր, նույնքան էլ զայրացած էր։

― Ըստ երևույթին, ― ասաց նա՝ կնոջը նայելու համար բարձրացնելով գլուխը, ― պատասխան պետք է տամ սեփական մեղքերիս համար, եթե երբևէ որևէ մեկը պատասխան է տվել դրանց համար։

Երբ տղամարդը նայեց նրան, կնոջ սիրտը սկսեց ուժգին բաբախել․ շնչառությունը դարձավ ծանր, և նա, գրեթե կորցնելով իրեն, շրջեց դեմքը։

― Եվ ո՞ւմ տեղն ես դրել ինձ, ― ճչաց նա ակնհայտ անզորությամբ։

Տղամարդը հայացքը հառել էր կնոջ վրա, զննելով նրա մի կողմ թեքված մեղմ դեմքն ու հանդարտ բարձրացող֊իջնող փարթամ ստինքները։

― Դու հրաշալի կին ես, ― ասաց նա իրեն հատուկ անկեղծությամբ, մի բան, որ զորեղ ներգործություն էր ունենում կնոջ վրա։ ― Սատանան տանի, դու ամենագեղեցիկ կինն ես, որ երբևէ տեսել եմ։ Մտքովս անգամ չէր անցնում, որ գիրությունը այդքան հմայիչ է դարձնելու քեզ։ Հիրավի՛։

Կնոջ սիրտն սկսեց հուզմունքից թպրտալ, երբ տղամարդն իր ագաթի նման փայլուն աչքերը հառեց նրա վրա։

― Տեր աստված, իսկ տասնհինգ տարի գեղեցիկ չե՞մ եղել քեզ համար, ― գոչեց նա։

Տղամարդը լուռ էր։ Հայացքը չէր կտրում կնոջից։

Նա վեր կացավ, և կինն ակամայից ցնցվեց։ Սակայն տղամարդն իրեն հատուկ հակիրճ հավասարակշռված տոնով միայն ասաց․

― Այստեղ տաք է։

Եվ հանեց վերարկուն ու գցեց սեղանին։ Կինը լուռ ու հնազանդ մնաց նստած։

― Աստված վկա, ― ծոր տալով ասաց տղամարդը, շփելով բազուկները,― այդ պարանները վնասել են ձեռքերս։

Կինը, փոքր֊ինչ վախվորած, տակավին անշարժ նստել էր նրա դիմաց։

― Շատ խստասիրտ գտնվեցիր՝ նման ձևով վարվելով հետս, ճիշտ չէ՞, ― նա մեղմ ժպտաց։ ― Աստված վկա, լավ ընդունեցիր ինձ։ Գրո՛ղը տանի, շատ արժանավայել ընդունեցիր։

Նա հակվեց դեպի կինը։

― Ես չեմ մեղադրում քեզ, գետինը մտնեմ, թե սուտ եմ ասում։ Բայց քո մեջ եղած կանացի համարձակությունը հիացնում է ինձ։

Կինը հայացքը չէր կտրում կրակից։

― Սկզբից ևեթ կռվեցինք։ Ազնիվ խոսք, ինձ տեսնելուն պես սկսեցիր։ Եվ, գրողը տանի, շատ խստասիրտ գտնվեցիր։ Լավ կինը, լավ էլ կռիվ է սարքում։ Հազիվ թե այդ անիծյալ Նահանգներում կարողանայի գտնել մի կին, որը ի վիճակի լիներ այսպես ծնկի բերել ինձ։ Հենց այս պահին երդվում եմ, հրաշք կին ես։

Կինը անշարժ նստել ու նայում էր միայն կրակին։

― Ինչպես ամեն մի տղամարդ կարող էր հիանալ կնոջ ոգու արիությամբ, այնպես էլ՝ ես։ Եվ դա ճշմարիտ է, ինչպես այն, որ ես այստեղ եմ, ― ասաց նա և ձեռքը տարավ դեպի նրա փարթամ, տաք ստինքները։

Կինը ցնցվելով, անհանգիստ մի շարժում արեց։ Սակայն տղամարդու ձեռքը աստիճանաբար ավելի խոր մխրճվեց նրա ստինքերի մեջ։ Կինը շարունակում էր անշարժ նայել կրակին։

― Թող քեզ չթվա, թե որպես աղքատ եմ եկել այստեղ, ― ասաց նա։ ― Հազար ֆունտից ավելի ունեմ։ Եվ գոհ եմ, որ «բարի գալուստ» ասելու փոխարեն կռվով դիմավորեցիր ինձ։ Բայց դա չի նշանակում, թե պիտի ժխտես, որ իմ կինն ես․․․