Վերջին թարմացում 10 Փետրվարի 2017, 09:38

Եթե դուն զայն հասկցած էիր…

09:38, 10 Փետրվարի 2017 տարբերակ, Myavrum (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Եթե դուն զայն հասկցած էիր...

հեղինակ՝ Սմբատ Փանոսեան
աղբյուր՝ [[]]

Հիմա, որ ձմեռ է և ցուրտ, ես կը սիրեմ քալել արևին մեջ և հոգերս տալ ամայության։ Ճամփան, որ զիս կ՚առաջնորդե դեպի մոտակա բլրակները, եզերված է կանաչով ու մերկացած ծառերով։ Անոնց մեջ զիս տպավորողը ավելի բարտիներն են, իրենց երկար ու դիակնացած հասակներով, որոնց մինչև իսկ շուքերը կոխելու հեռավոր ափսոսանքն ունիմ։

Մսկոտ հով մը կը սուլե անոնց մեջ հին նվազի մը մնացորդները, որոնք ինծի ծանոթ կը թվին։ Լեռներուն վրա արևը փռած է սպիտակ սավաններ, որոնցմե ցուրտ սարսուռներ կը զգամ հոգիիս մեջ, և ակամա կը բռնեմ սիրտս՝ չիյնալու համար։

Կը սիրեմ սակայն այսպես համրաըար քալել արևին մեջ, զգալ քաղցր կսկծանքներ ու կարոտներ, որոնց փրփուրին մեջ կ՚ուզեմ թաղել զիս հիմարության մղող երբեմնի հուզումներս։


  • * *

Ան կու գար երբեմն իր մոր ընկերակցությամբ՝ զվարթ մազերով ու տրտում աչքերով։ Կը խոսեին տնեցիները։ Մայրը կը մոռնար մեզ ու կ՚անցներ ընդհանուր ժխորին։ Մենք կը նստեինք սեղանին առջև դեմ դիմաց։ Կը դնեինք նվագը։ Երաժշտությունը կը պատմեր զույգի մը սերը — հին օրերուն — անտառի մը շուքին...

Կ՚ըսեր.

— Կը սիրե՞ս...

Կը հարցնեի.

— Ի՞նչը...

Ան կը ժպտեր ու կը կարմրեր։ Կը բռնեի՞ զինք իր մտածումին մեջ...

Կ՚ավելցներ.

— Բայց ասիկա՜... չե՞ս հասկնար։

Ու կը ցուցներ ձայնախոսին վրա դարձող ու լամբարին լույսովը փայլուն սկավառակը — ըսել ուզեր՝ երգը։ Եվ անոր վրա կը հակեր գլուխը. ըսել ուզեր՝ զվարթ ու խարտյաշ մազերը։

Չեմ գիտեր, թե ի՞նչ կը զգայի իր այդ հայտնություններեն հետո։ Ցա՞վ, ալիքային սեր մը անոր երազկոտ աչքերուն կիսախուփ մրափեն, երբ ուզեր թաղվիլ մշուշե լքվածության մը մեջ՝ նվագի շունչին տակ։ Բայց իրականությունը, ահա, որ ան չի գար ու չըսեր։

— Կը սիրե՞ս...

Ես միշտ պետքը կը զգամ հարցումին.

— Ի՞նչը...

Ան թե՝

— Բայց ասիկա՜...

Սեղանին տակ մենք կը սեղմեինք մեր ոտքերը իրարու մեջ, ու սեղանին վրա գաղտնորեն կը շփվեին մեր ափերը միս առ միս։ Տաք, սիրային դողեր կը բարձրանային մեր մարմիններեն ներս։ Մենք գիտակցաբար կը ժպտեինք աչք աչքի։

Ինչո՞ւ չէի հասկցած։ (Հիմա ան չկա այլևս ինծի համար)։ Սակայն կը հավատայի, թե օր մը կ՚իրականանար այդ բանը, եթե միշտ ես չմնայի նույն թմբիրին մեշ, նայեի անոր աչքերուն լույսին ու ժպտեի իր կարմրող այտերուն ի տես։ Սուրճի գավաթը, միշտ փնտռված՝ հավաքույթի մը առթիվ, կը խորունկցներ այդ երևակայական խոնջենքը։ Իր մայրը միշտ կը գտներ հարուստ ու երջանիկ ապագայի մը հեռանկարը ինծի համար։ Տնեցիները կը զվարթանային։ Ես կը տեսնեի կարմիր հոսանքը անոնց տեսիլներուն մեջեն։ Ան կը ժպտեր և հուսալի կը նայեր ինծի։ Ու ես կը հեգնեի բախտը, բայց ներքնապես կ՚ուզեի հավատալ այդ բանին։

Մտածե՜լ, թե ամեն ինչ կը նպաստեր ուրախ այդ առիթը ներկայացնելուս, բայց ես քիչ մը ձանձրույթի խենթ էի, կը մոռնայի օր մը վերջ ու չէի ըմբռներ պահանջքը։

Հետո չեկան այլևս մեզի այցելության։

Ես սկսա շինել նոր երազներու շղարշ մը թափանցիկ ու սիրելի։ Գուցե «կը սպասե» ու թերևս՝ «կ՚ամչնա»։ Աղվոր, սիրելի և ամբարձիկ մտածում մը, զոր ես կը շաղախեի, կը հյուսեի առանձին մտահոգությամբ մը։ Ապա վախ մը ցրտությամբ կը մխվեր սիրտիս մեջ։ Կ՚ուշանար անոր հասակին, զվարթ մազերուն ու բույրին տպավորությունը։ Դիմագիծը քիչ֊քիչ կը մաշեր։ Բայց ես միշտ կը պատկերացենի անցյալ բոլոր անուշությունները, եղած խոսքերն ու հայացքներուն խոսուն թախիծը։

Երազիս մեջ, սակայն, կու գար անիկա։ Ու ծով մը կը բացվեր հոգիիս մեջ։ Կը խոսեինք իրարու հետ ու կը հաշտվեինք լռությամբ։ Մեր խոնավ ժպիտը կը մոռցներ ամեն ցավ, զոր զզացեր էինք բաժանումներե հետո։ Կը դնեինք նվագը։ Կը հարցներ.

— Կը սիրե՞ս...

— Ի՞նչը...

Կը ժպտեր.

— Բայց ասիկա՜...

Թափանցիկ տրտմությամբ կը լեցվեր սենյակը։

Երբ ան կը հարցներ այսպես՝ պատերեն վար կու գային պատկերները և լռությամբ կ՚արտասվեին...

Չէի խոսիր ես։ Ու ան կը ցուցներ ինքզինք, սենյակին մեջ առանձին, ուր կեցած էր սպիտակ շորերով, կիսամերկ ու դալուկ,— ըսել ուզեր՝ «հարս» մը։ Ու համրորեն մատս կը դներ սիրտին, կարծես հարցներ. «կ՚ըմբռնե՞ս... քեզի համար է, որ կը տրոփե՜»... (Ա՜խ, ես բնավ չհասկցա ատիկա)։ Եվ ես կը կախեի գլուխս — ըսել ուզեի՝ «ո՛չ»...

Երազը որքա՜ն կը խոսեր իրական ու մարգարեի մը պես։ Այնուհետև կը մշուշվեր, կ՚աղոտանար ամեն բան։ Կը թրթռար ամեն ինչ...

Ինծի կ՚ըսեին տնեցիները.

— Հիվանդ չե՞ս...

Կը ջղայնանայի, կը հակառակեի։ Ու կը դնեի նվազը։ Հիշատակը կը թափառեր սիրտիս ու արյանս մեջ։ Անոնք գլուխ կը շարժեին։

— Այս տղան ձեռքե կ՚երթա կոր,— կ՚ըսեին։

Ծերունի հորաքույրս չարացած կը ճչար.

— Արժե՞... արժե՞... արժե՞, հիմա՛ր...

— Է՜հ, կը բավե՛,— կը տրտնջայի ես, և աչքերս կը լեցվեին։

Ու կ՚ելլեի, կը քալեի աննպատակ, թեև գիտեի, թե անոնց տունին անծանոթ ուղղությանը կը դիմեի։ (Զարմանալի էր, որ ես բնավ չէի հետաքրքրված անոնց տունով. սովորական բան էր՝ երբ կու գային, կը նստեին ու կ՚երթային, իբր թե բնավ եկած չըլլային...)։

Որոշ չէր փափաքս, բայց ես կը սպասեի շուկան, բանուկ փողոցները։ Երկար ու ցրված կը դիտեի անցնող ու դարձող զույգերը։ Ինչ լավ կ՚ըլլար... ա՜հ... բոլորն ալ «հարս ու փեսա» են հարկավ,— կ՚եզրակացննի. ու կը ցավեր հոգիս։ Կնայեի շուրջս, թևիս, քովս՝ և ան չկար։ Աղտոտ աղջնակ մը անհայտորեն և իրավացի կը ժպտեր։ «Ինծի համա՞ր է արդյոք» — մտածումը կ՚անցներ միտքես։ Զզվանք ու լեղի թախիծ մը կը զգայի այդ ենթադրութենեն ու կը քալեի տարբեր ուղղություններով, ցնորածի պես։

Միշտ ուղեղս կը խոսեր ու սիրտս կու լար։

— Կը սիրե՞ս...

— Այո՜... այո... չե՞ս տեսներ միթե...

Ու քայլերուս աղմուկին ընդմեջնն, սալարկված քարերուն վրա՝ կը հնչվեր.

— Ինչո՞ւ չես գար... ինչո՞ւ չես գար...


  • * *

Օրեր անցան։ Կյանքը կը թավալեր սիրտիս վրայեն ծանրորեն, խելահեղ, ու ես լավ չէի հասկնար թե ինչո՞ւ այլևս չէի երգեր, քիչ կը խոսեի ու գեշ կը ճաշեի։

Տնեցիները ինծի կը բերեին տրտում կսկծանքներ իրենց «ախ֊վախ»երով, կը հրմշտկեին հիվանդության մը, խելագարության մը պարագան, և ամբողջ շաքար էր անոնց լեզուն, երբ կ՚իջնեին աղոթքի ճամփեն։ Բայց ես կը խլեի անոնց հավատքը դեպի բարին, համեստությունը, կը պոռայի անոնց դեմքին, միամիտ աչքերուն, ու դուրս կը փախեի տունեն։

Քեն կ՚ընեի ամբողջ օրը։ Իրիկունը ավելի մռայլ և ավելի ուշ ներս կու գայի, ու կը դնեի միշտ այդ հեռավոր նվագը։

Հիշատակը թեթև, մշուշե քայլերով կ՚անցներ սիրտիս ճամփաներեն։ Սերը կը թափառեր ծառաստաններու շուքերուն տակ՝ միայնակ ու դժբախտ։ Ես կը նստեի անկյուն մը, ու հետզհետե մրափ մը կը տաներ զիս՝ չեմ գիտեր ո՛ւր։ Ամեն վայրկյան երազը կու գար մեծաքայլ և կը տարտամեր քիչ հետո։ Անոր թափանցիկ բայց կարմիր տեսիլքը անակնկալ ճախրանքներ կ՚ըներ շուրջս, վրաս։ Կու գար, կը հպեր ինծի, ու ես միշտ վախով, կարոտյալ հուզումով ձեռքս կը նետեի անոր սպիտակ հպումին, այն ծածանող իմաստությանը, որուն անկարելի էջերը դեռ ինծի համար փակ էին ու սիրելի։ Ու երբ պիտի բոնեի անոր թևերեն, հանկարծ ան կը խուսափեր ինձմե, ժայռի մը գլխուն կը թառեր ու անժպիտ կը թարթեր իր աչքերը։

Օր մը, սակայն, ան փեշերը հավաքեց ու թռավ գնաց հեռուն ու մտավ ինծի անծանոթ ինչ որ բանի մը ներքև։ Արթնցա։ Երազ էր ու կես գիշեր։

Հաջորդ օրը անգիտակցաբար գտա անոնց հետքը։ Մայրը շուկայեն կու գար ծրարներով ու շենքե մը ներս կը սպրդեր։ Սպասեցի մինչև գիշեր։ Ու շատ մութին՝ ելա գացի անոնց։

Դուռը բացավ մայրը։

— Բարև՜... տիկին։

— Օ՜... Աստծու բարին... Ներս հրամմեցեք։

Չեմ գիտեր ինչո՞ւ, անծանոթ պատուհանե մը տրտում նվագ մը հնչեց։ Լամբարի լույս մը մարեցավ ուրիշե մը, և մութ երկինքին վրա ասուպ մը երկարորեն լուսավորեց իր ճամփան։ Ու հանկարծ կինը կակազել սկսավ։ Ըսավ ուրիշ բաներ, զորս չհասկցա, ու չոր և անարյուն գտա այդ սիրտի զեղում «հրամմեցեք»ը։ Ուզեցի դառնալ կրունկիս վրա, ուզեցի մոռնալ ամեն ինչ ու քալել, բայց հազար մը ճանկեր բռնեցին կուրծքես, տմարդորեն քաշեցին ներս և դուռը գոցել տվին իմ ձեռքովս։ Ես չգտա զինք սրահին մեջ։ Նեղվեցա անոր թողած պարապեն, թեև հոն շատեր կը նստեին։ Բարևեցի և առի աթոռ մը անոնց միջև։ Նայեցա ձեռքերուս։ Անոնք կը դողային տարորեն։ Տվին կամ չավին իմ բարևիս պատասխանը։ Ես չհետաքրքրվեցա այդ բանով։ Երբ աչքս բարձրացուցի եղունգներուս գիծեն, առաջին տեսածս այն տղան եղավ և անակնկալի բերավ զիս։ Տարտամ դիմագիծ մը ու սև լաթեր ուներ։ Սպիտակ թաշկինակ մը՝ բնականեն ավելի փրփրած էր անոր կուրծքի գրպանեն։ Աչքերը կ՚երազեին ու, ըստ երևույթին, հառած կը մնային խոհանոցին դռան։

Զգացի ուրեմն, թե ան ներսն էր ու սուրճ կ՚եփեր։ Օճախին աղմուկը կ՚ըներ այդ թելադրանքը պարզորեն։ Ես մտածեցի սուրճի գավաթի մասին, ու տաք լույսեր շողացին ուղեղիս մեջ։ Ա՜հ... արժե՞ր լսել անգամ մը ևս այն հավաքույթները, որ կարծես դարեր առաջ եղած ըլլային, այնքան, որ անթափանց է իրականության մը պատրանքը անոնց վրա։ Լսել մրմնջացող կնոջ մը շրթունքներեն՝ հավատքի, երջանկության մը հեքիաթը, ծաղկային ժպիտի մը ծոցեն՝ նվագի մը թափառական շունչը, որուն շղարշումը երազի պարույր մը կը շինե սիրված աղջկան մը հոգիին շուրջ։

Ա՜հ... արժե՞ լսել անգամ մը ևս ասիկա...

Ան բերավ մատուցարանի մը վրա փրփրոտ սուրճը։ Հրամցուց զայն կարգով։ Գուցե չտեսավ զիս։ Բայց երբ մոտեցավ ինծի, հանկարծ մեր աչքերը հանդիպեցան իրարու։ Գավաթը դողաց ափիս մեջ, ու ես տխմարորեն ժպտեցա, որուն չփոխադարձեց անիկա։ Տեսավ իհարկե իմ մաշած ու ցանուցրիվ հայացքիս տրտմությունը։ Թախիծը մտերիմ ընկերոջ մը պես սիրած էի աղվոր օրերերեն վերջ։ Ան գլուխը շրջեց հաջորդին, և առանձին, մատուցարանը ձեռքեն կախ՝ շտապեց խոհանոց։ Ես խմեցի սուրճը ումպ առ ումպ, արագ, սրտադող։ Թանձր ու սև հեղուկը իմ մեջս վառեց տարօրինակ ցանկություններ... Կարմիր ու սար լեզվակներ մխրճվեցան ուղեղիս մեջ։ Սիրտս ինչ որ քայլերգ մը զարկավ ուժգնորեն։ Ու շատ պաղ գիծ մը հաստցավ, իջավ կռնակս ի վար, ողնասյունիս երկայնքին։ Հիշատակները վազեցին անընդհատ, գլխիվայր, ու բզզյուն մը բռնեց միջոցը... Ես ուզեցի փշրել սուրճի գավաթը բռունցքիս մեջ ու նետել անոր մորը գլխուն, որ հեռուն կայնած կը ժպտեր՝ ինծի անծանոթ, բայց ատելի այդ տղուն։

Անոր ձայնը կը հնչեր.

— Բախտ է...

— Իհարկե։

Կը պատասխանեին։

Ու կանխելով զիրար, կը հափշտակեին բառերը, մեկը մեկեն անուշ, մեկը մեկեն տխմար՝ ըսելու համար.

— Բարով կ՚ընենք պսակը...

— Բարո՜վ... բարո՜վ...

Ձայները կը խրեին հոգիես ներս թունավոր նետեր, ու կ՚ըմբոստանար հպարտությունս անկարողությանս դեմ։

Եվ արագ ելա ոտքի, սուրճի գավաթը միշտ ափիս մեջ։ Գացի աղջկան ետևեն։ Գտա զինք անշարժ, ծռած դիրքի մեջ: Աչքերը կարմիր էին, շունչը՝ ծանր։ Սրբեց ճակատին վրայեն սահող քրտինքը ու նայեցավ ինծի։ Կարծեցի, թե ամեն բան կը վերագտներ իր անցյալ մտերմությունը։ Ուզեցի բռնել անոր ձեռքը ու սեղմել։ Չձգեց։ Այն ատեն կեցա քիչ մը հեռուն ու հարցուցի լուռ նայվածքե մը վերջ.

— Կը տեսնե՞ս...

Ան պատասխանեց.

— Ի՞նչը...

Կը դիտեի իր մատին փայլող ոսկե մատանին։ Դառնությամբ ժպտեցա։

— Բայց ասիկա՜... չե՞ս ըմբռներ միթե։

Ան կ՚այլայլեր, կը դեղներ, կը վախնար մեր առանձնութենեն։ Ես կը զգայի աչքերուս մեջ այն շեկ լույսերը, որոնք սարսափ կ՚ազդեն կիներուն... Ասիկա պահ մըն է, ուր մենք կամ հերոս ենք և կամ ոճրագործ։ Ան գիտեր այս բանը, գուցե կ՚ըմբռներ իր անցյալին սխալը և կը զգուշանար ավելորդ բառե մը։

Սակայն, միջոցը գտավ ինքզինք արտահայտության բերելու.

— Է՜, այո՛... սակայն ուշ։ Դուն բնավ գործնական չեղար...

— Մի՞թե...

— Այո՛... ու ըրիր զիս հուսահատ...

— Իրավ է...

Ես գլուխս կախած էի կուրծքիս։

— Ի՜նչ օգուտ... Մե՜ղք որ լավ տղա էիր... անցա՜վ...

Կարծես մայրս էր, և ես դեռ մանուկ, ինծի կու տար մաս մը իր ցավերեն, իր սիրո թաքուն գանգատները։ Ան կը հասկնար, թե ես լավ տղա էի... կը սպասեր, ու ես թույլ գտնվեցա ու թողուցի զինք մթության մեջ։ Լքեցի հույսերը, երազները, իսկ այսօր ի՞նչը պիտի տար ինծի իրավունք՝ իմ բախտս պահանջելու, փնտռելու...

— Ամե՞ն բան...

Կրկնեց կամաց.

— Ամե՜ն բան...

Ես սուրճի գավաթը նետեցի պատին։ Լավ որ վրիպեցավ աղջկան գլխեն՝ ու ջարդուփշուր ինկավ անոր ոտքերուն առջև։ Ես զգացի նախանձի և ատելության բուռն նոպա մը՝ հոսանքն ի վար ջիղերուս։ Աչքերուս մեջ խաղացին ու դարձան, դարձան արցունքի խոշոր պղպջակներ, ու սուր կսկիծ մը հետզհետե թանձրացավ ձայնիս ու շնչառությանս մեջ։ Անիմաստ հևք մը թռավ բերնես։ Ու ես քալեցի դեպի աղջիկը։ Ան ճչաց ցած։ Ես զսպեցի ինքզինքս ու կեցա՝ չընելու համար այն վայրենությունը, զոր ես ատած եղա դեռ իմ պատանութենես...

— Ըսե՛, կսիրե՞ս...

Կը լռեր։ Կը հևար դեռ իմ շարժումիս վախեն։ Մինչ մատս ինքնաբերաբար ուղղվեցավ սրահին կողմը — ըսել ուզեի՝ այն արդուկված տղան.

— Ի՞նչ գտար իրական ու պաշտելի անոր մեջ...

Ան դիտեց զիս լությամբ։ Զգա՞ց թացությանը իմ աչքերուս։ Վայրկյան մը դեռ համեցավ անոր ձայնը։ Ի՞նչ կը խորհեր։ Գուցե կը թռեր անցյալ կարոտներու։ Մրմնջացող աղբյուրը մը թերևս իր ականջին տակ կ՚երգեր։ Առաջին սիրո պատմությանը կ՚ըներ ծեր ու հնամենի ծառի մը տակ... Եվ գուցե հիմա ան կը քալե ինծի... կը նետվի ինծի...

Ակա՞նջս էր, թե իր լեզուն.

— Կը սիրե՜մ... բա՛խտս է...

Ես անձայն, սակայն անմիջապես՝ հիվանդ ու ջդագրգիռ քալեցի։ Ձգեցի, որ ամեն ինչ մոխրանար ու հանգչեր մեջս։ Ե՞ս։ Բայց ինչո՞ւ չէի հասկցած զայն — «այո՜»ն։

Գավաթի բախումե՞ն, աղջկան ճիչե՞ն, թե կասկածի մը թելադրանքեն մղված՝ մայրը եկավ վրան։ Ու կորսվեցավ ինքն իր մեջ։

— Այս ի՞նչ կը նշանակե... տղա՜,— կակազեց։

Լուռ ու քաղցած գազանի մը վայրագությունը նորոգվեցավ ու ծառացավ մեջս։ Բայց լռության խորհուրդը զիս անհունորեն անայլայլ կեցուց անոր առջև։ Ու երբ կրկնեց հարցումը.

— Ոչի՛նչ... կը հասկնա՜ս հետո,— ըսի կտրուկ և ակռաներս սեղմած,— բայց առայժմ հավաքե այդ կտորները ու շինե աղջկանդ բախտը հարո՜ւստ ու երջանիկ... Ու մի՛ մոռնար ժպտիլ դեռ ուրիշներու ալ, երբ պետք զգաս ատոր...