Վերջին թարմացում 14 Փետրվարի 2017, 12:59

Դևեր, Ծանոթագրություններ

12:59, 14 Փետրվարի 2017 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Վեպը թարգմանված է ըստ տեքստի՝ Ֆ. Մ. Դոստոևսկի, Երկերի ժողովածու՝ 15 հատորով, հատ. 7-րդ, ներառյալ «Տիխոնի մոտ» գլուխը և «Նախանձ» նախապատրաստական նոթերը։ Լենինգրադ, «ՆԱՈՒԿԱ», Լենինգրադյան բաժանմունք, 1990թ.։

Ստորև զետեղված Վերջաբանը (զգալի կրճատումներով) վերցված է նույն հատորից։ Նմանապես տեքստային ծանոթագրություն ների մեծ մասը։ Թարգմանչի ծանոթագրությունները հարկ չենք համարել առանձնացնել՝ նույն նպատակին են ծառայում։

✻    ✻



1867 թ. ապրիլին Դոստոևսկին կնոջ հետ մեկնել է արտասահման, ուր մնացել է մինչև 1871թ. հուլիսը։ Այստեղ, 1867-1868 թթ. գրվել է «Ապուշը» վեպը։ Նշված ժամանակաշրջանի երկրորդ կեսին՝ 1870-1871 թթ. իրականացվել է հիմնական աշխատանքը «Դևեր» վեպի վրա։

Վեպը գրվել է բարդ պայմաններում։ Ռուսաստանը մոլեգնորեն կարոտող Դոստոևսկին դժգոհություն էր զգում արևմտա-եվրոպական կյանքից, նրա կարգերից ու բարքերից։ Աճող ընտանիքի հոգսերը, նյութական նեղված հանգամանքները, չափից դուրս ծանրաբեռնվածությունն աշխատանքով, կապված «Զարյա» և «Ռուսսկիյ վեստնիկ» ամսագրերի հետ գրողի պայմանավորվածություններին՝ այս ամենը նրա կյանքի և ստեղծագործության համար լարված պայմաններ էին ստեղծել։

«Ապուշը» և «Դևեր» վեպերը բաժանող ժամանակահատվածին, այն է՝ 1869թ. մատույցներին են առնչվում մի շարք գեղարվեստական հղացումներ, որոնք անավարտ մնացին։ «Դևերի» ստեղծագործական պատմության համար, «Վարք մեծն մեղավորի» էպոպեայի կողքին (1869 - 1870) ամենից առաջ հետաքրքրություն են ներկայացնում վիպակի հղացումները կապիտան Կարտուզովի մասին (1869)՝ Լեբյադկինի գրական ինքնօրինակ նախատիպը, «Պոետի մահը» վերնագրված երկի սևագրությունները, պատմվածքը Սանուհու մասին, ինչպես նաև դրվագներ Իշխանի և Վաշխառուի մասին վեպից։ Այդ բոլոր հղացումները, ագուցվելով միմյանց, գեղարվեստական առանձին կերպարներով, գաղափարներով, սյուժետային կոլիզիաներով, այսպես թե այնպես կապված են «Դևերի» հետ։

...Ապագա «Դևեր»-ի ստեղծագործական պատմության ելակետ կարելի է ընդունել «Նախանձ» վեպի՝ ամսաթիվը չնշած պլանը։ Վերնաgիրը կանխորոշված է երկու գլխավհր գործող անձանց` Իշխան Ա.Բ.-ի և Ուսուցչի փոխհարաբերություններով («...նրանց փոխհարաբերություններում առկա նախանձ և ատելություն»)։ Փայլուն, գոռոզ, քինախնդիր և նախանձոտ, բայց և վեհանձնությունից և մեծահոգությունից ոչ զուրկ Իշխանի մեջ արդեն գծագրվում են Ստավրոգինի բնավորության գծերը, իսկ Ուսուցիչը, իր բարոյական գեղեցկությամբ, հիշեցնում է Շատովին։ Ուղղակի համադրում կարելի է անել Ա.Բ.-ի մոր՝ տոհմիկ տիրուհու և Վարվառա Պետրովնայի, Սանուհու և Դարյա Պավլովնայի, Գեղեցկուհու և Լիզա Տուշինայի, Կարտուզովի և Լեբյադկինի միջև։ Համընկնում են նաև «Նախանձի» սյուժետային որոշ կոլիզիաներ և «Դևերի»՝ ավելի ուշ երևան եկած սևագիր պլաններ (անձնական մրցակցություն Ա.Բ.-ի և Ուսուցչի միջև, Իշխանի բարդ փոխհարաբերությունները երկու կանանց՝ Սանուհու և Գեղեցկուհու հետ, Գեղեցկուհուն սիրահարված և անհեթեթ ոտանավորներ գրող կապիտանը, ապտակի և հերոսի ինքնասպանության մոտիվը...) «Նախանձի» պլանն ամբողջությամբ իրենից ներկայացնում է զուտ «վեպային», հոգեբանական ֆաբուլայի մշակում ու դեռևս հեռու է «Դևերից» որպես նեչաևականության դեմ քաղաքական պամֆլետից, այդուհանդերձ, «Թռուցիկներ։ Հպանցիկ երևում է Նեչաևը, սպանել Ուսուցչին (՞)», «Նիստ նիհիլիստների մոտ, Ուսուցիչը վիճաբանում է» և մի քանի այլ գրառումներ նախանշում են հղացված ստեղծագործության ֆաբուլայի որոշակի կապը 1869 թ. նոյեմբերի 21-ին նեչաևականների կողմից ուսանող Իվանովի քաղաքական սպանության վերաբերյալ լրագրային լուրերի միջև։

...Արտասահմանում եղած տարիներին Դոստոևսկին քաջատեղյակ էր ռուսական գրական կյանքին, ուշադրությամբ հետևում էր լույս տեսնող ամսագրերին։ 1860-ականների և 1870-ականների սկզբի նրա նամակներում հաճախակի են հիշատակումներ և ընդարձակ արձագանքումներ Գերցենի, Տուրգենևի, Պիսեմսկու, Լեսկովի նոր ստեղծագործությունների մասին։ Առանձնապես կտրուկ էր արձագանքում նա մամուլում հայտնված գործերին, որոնք ըստ թեմատիկայի համահունչ էին ծրագրված «Դևերին» ....Դոստոևսկու արտասահմանյան նամակների հիմնական թեման է Ոուսաստանը և Եվրոպան։ Դրան են առնչվում գրողի մտորումները Ռուսաստանի՝ ինքնօրինակ, եվրոպականից տարբեր զարգացման պատմական ուղու և ռուս հասարակության գործուն ուժերի մասին, «վերին շերտի» և «բնահողի» մասին, արևմտամետների և սլավոնապաշտների, ազատականների և նիհիլիստների մասին։

Արդեն «Ապուշը» վեպի վրա աշխատելիս, «բնահողապաշտական» (սլավոնապաշտական) հայացքների զարգացման հիման վրա, Դոստոևսկին ձևավորում է իր ուրույն, Արևելքի և Արևմուտքի պատմափիլիսոփայական հայեցակետը՝ Ռուսաստանի առանձնահատուկ դերի գլխավոր գաղափարով, կոչված միավորելու սլավոնական աշխարհը և բարոյապես նորացնելու հոգևոր քայքայման մեջ հայտնված Եվրոպան։

«Եվ ընդհանրապես, ռուսների բարոյական բոլոր ըմբռնումները և նպատակներն ավելի բարձր են եվրոպական աշխարհից։ Մենք ավելի շատ ունենք անմիջական և վսեմ հավատ բարու, որպես քրիստոնեության հանդեպ և ոչ ինչպես հարմարությունների խնդրի վերաբերյալ բուրժուական լուծումներր։ Ամբողջ աշխարհի համար պատրաստվում է մեծ նորացում՝ ռուսական մտքի միջոցով (որը սերտորեն միաձուլված է ուղղափառությանը)... և դա կկատարվի մի որևէ հարյուրամյակում՝ ահա իմ մոլեգին հավատը»,― գրել է Դոստոևսկին 1868 թ. փետրվարի 18-ին իր նամակներից մեկում։

Ինչպես ցույց են տալիս նրա նամակները, Ռուսաստանի և «ռուսական ուղու» իր իսկ հայեցակետի ոսպնյակով են բեկվում գրական այն գործերը, որոնք, «Դևերի» ստեղծմանր զուգընթաց, ընթերցել է Դոստոևսկին։ Այդ կապակցությամբ կարելի է թվարկել Ա. Ստանկևիչի «Տ. Ն. Գրանովսկի» կենսագրական ակնարկը (1869), Ն. 3ա. Դանիլևսկու «Ռուսաստանը և Եվրոպան» աշխատությունը (1869), Ն. Ն. Ատրախովի «Պայքարն Արևմուտքի դեմ մեր գրականության մեջ» գիրքը (1869- 1871), Ի. Ս. Տուրգենևի «Գրական և առօրյա հուշերը» (1869), Ա. Ի. Գերցենի «Եղելություններ և խոհերի» գլուխները (1869 ֊ 1870), Վ. Ի. Կելսիևի հուշագրությունները (1868) և այլն, ընդհուպ մինչև ամսագրային հոդվածներ Տոլստոյի, Տուրգենևի, Գերցենի, Պոլոնսկու ստեղծագործության մասին, նաև՝ լրագրային ժամանակագրություն։

Հասկանալու համար ստեղծագործական մթնոլորտը, որի պայմաններում ստեղծվում էր «Դևերը», անհրաժեշտ է հաշվի առնել Դոստոևսկու խիստ ժխտական վերաբերմունքն իր ժամանակակից բուրժուական Եվրոպայի նկատմամբ՝ սաստկացած արտասահմանում գտնվելու տևական ժամանակով և սրված Ռուսաստանի հանդեպ կարոտից։ Այդ ամբողջ ընթացքում ամենայն եվրոպականի չընդունման՝ նրա նամակներում արտացոլված միտումներից հասկանալի են դառնում գրողի թշնամական հարձակումները ռուս արևմտամետների դեմ, որոնց հետ տրամագծորեն հակառակ կարծիքի էր ռուս հասարակության վերափոխման ուղիների րնկալման շուրջ և ում վրա էր դնում պատասխանատվության բեռը Նեչաևների երևան գալու խնդրում։

«Դևերի» ստեղծման շրջանին են առնչվում Դոստոևսկու առավել կտրուկ արտահայտումները Տուրգենևի և Բելինսկու մասին։ Գերցենի հանդեպ վերաբերմունքն ավելի բարդ էր. Դոստոևսկու աչքին նա ինքնատիպ «սլավոնապաշտություն անող արևմտամետ» էր, որը հուսախաբ էր եղել Եվրոպայից և իր հույսերը կապել Ռուսաստանի հետ։ «40-ականների սերնդի» խոշորագույն ներկայացուցիչների հանդեպ Դոստոևսկու վերաբերմունքի պարզաբանումն էական է «Դևեր» վեպի գաղափարա-փիլիսոփայական հայեցակետի և կերպարների համակարգի ըմբռնման համար։

1867թ. կտրուկ սրվեցին գաղափարաբանական տարաձայնությունները Դոստոևսկու և Տուրգենևի միջև, կապված «Ծուխն հայրենյաց» վեպի լույս ընծայման հետ, ուր Տուրգենևի արևմտամետ համակրանքներն արտահայտված են Պոտուգինի ճառերում։ 1869 թ. Տուրգենևի արևմտասիրական ծրագիրն իր տեսական հիմնավորումը ստացավ «Գրական և առօրյա հուշերում», վիճաբանորեն ուղղված սլավոնապաշտական տեսությունների դեմ։ Ռուսաստանի պատմական զարգացման ինքնատիպ, ոչ-եվրոպական ուղիների հայեցակետին Տուրգենևն այստեղ հանդիպադրել էր երկրի լայն եվրոպականացման ծրագիրը՝ անհրաժեշտ արևմտյան քաղաքակրթության լավագույն նվաճումների հետագա իրականացման համար։

...Դոստոևսկու համար արևմտամոլներր և նիհիլիստներն ունեն ընդհանուր, եվրոպական ակունքներ, նիհիլիզմը Ռուսաստանում խորթ երևույթ է, ազգային հողում արմատներ չունեցող։

Վեպի սևագիր նյութերի ուսումնասիրումը թույլ է տալիս հետևություն անել, որ Տուրգենևի դերը «Դևերի» ստեղծագործական պատմության մեջ շատ ավելի նշանակալի է, քան սովորաբար համարվել է մինչև հիմա... Տուրգենևի անձնավորությունը, նրա գաղափարախոսությունը և ստեղծագործությունը վեպում արտացոլված է ոչ միայն Կարմազինովի ծաղրահեգնական կերպարի մեջ, այլև գաղափարական ընդարձակ վիճաբանությամբ նրա, որպես Ռուսաստանի և Եվրոպայի պատմական ճակատագրերի շուրջ «40-ականների սերնդի» երևելի ներկայացուցչի հետ։

«Դևերի» նախապատրաստական նյութերում կտրուկ հարձակումները Բելինսկու դեմ պատկանում են սլավոնապաշտ Շատովին, որը վեճերի մեջ է մտնում Գրանովսկու (U. Տ. Վերխովենսկի) կամ Նեչաևի (Պ. Ս. Վերխովենսկի) հետ։

...1870 թ. փետրվարյան գրառումներում Դոստոևսկին հետևողականորեն մշակում է նեչաևականության դեմ ուղղված քաղաքական պամֆլետի պլանը։ «Նեչաևական» մոտիվը՝ նիհիլիստների խմբակի կողմից Շապոշնիկովի (Շատովի) սպանությունն աստիճանաբար միս ու արյուն է ձեռք բերում այդ շրջանում։ Ֆաբուլայի քաղաքական և սիրային, բարոյահոգեբանական գծերը հստակեցվում են. փորձվում են նրանց միջև կապերի հաստատման զանազան միջոցներ, ճշտվում են գործող անձանց բնութագրումները և նրանց արարքների մոտիվները։

Փետրվարյան բազմազան պլանների և սևագրությունների գլխավոր հերոսներն են. Գրանովսկին (ապագա Ս. Տ. Վերխովենսկի), նրա որդի (կամ՝ ազգական) Ուսանողը (հետագայում՝ Պյոտր Վերխովենսկի, գրառումներում նա հաճախ անվանվում է հենց Նեչաև), Իշխանուհին (Վարվառա Պետրովնա Ստավրոգինա), Իշխանը (Ստավրոգին), Շապոշնիկովը (Շատով), Սանուհին (Դարյա Պավլովնա), Գեղեցկուհին (Լիզա Տուշինա), քիչ ավելի ուշ, բայց նույնպես փետրվարին, երևան են գալիս Մեծ գրողը (Կարմազինով), կապիտան Կարտուզովը (Լեբյադկին) և այլք։

Նախասկզբնական պլանների սյուժետային հիմնական սխեմաներն այս են. 40-ական թվականների ազատական-իդեալիստ, իր հին բարեկամ Իշխանուհու տանն ապրող հոր (կամ՝ հորեղբոր) մոտ է վերադառնում Ուսանող-նիհիլիստը, որն արագորեն ազդեցություն է նվաճում աշխարհիկ հասարակության մեջ, միաժամանակ կազմակերպում քայքայիչ գործունեությամբ զբաղվող նիհիլիստների խմբակ։ Այդ մասին իմանում է Շապոշնիկովը (Շատով), պատրաստվում է մատնել նիհիլիստներին։

Քաղաքական ինտրիգը (Շատովի սպանությունը) ներհյուսվում է սիրայինին։ Իշխանը պատվազուրկ է անում և լքում Սանուհուն՝ Շատովի քրոջը (կամ՝ հարսնացուին)։ Իշխանը և Շատովն ատում են միմյանց։ Այդ թշնամանքն իր սադրական նպատակներին ճարպկորեն օգտագործում է Ուսանողը, որպեսզի նիհիլիստներին մատնությամբ սպառնացող Շատովին սպանելով, մեղքը բարդի Իշխանի վրա։ Սիրային հարակից գիծ՝ Իշխան, Գեղեցկուհի, Ուսանող։ Երեսառած և կամակոր Գեղեցկուհին՝ Իշխանի հարսնացուն՝ հափշտակվում է Ուսանողով։ Այլևայլ տարբերակներում կայուն մոտիվ է մնում Շատովի ապտակն Իշխանին, կամ Իշխանինը՝ Շատովին։

Ծրագրելով վեպը, որպես քաղաքական պամֆլետ արևմտամետների և նիհիլիստների մասին, ժամանակակից նիհիլիզմի պատճառների և ակունքների վերաբերյալ, ժամանակակից հասարակության տարբեր սերունդների ներկայացուցիչների («հայրեր» և «որդիներ») փոխհարաբերությունների հարցերը լուծելով, Դոստոևսկին պետք է որ դիմեր այդ ասպարեզու մ իր գրական նախորդների փորձին, առաջին հերթին Տուրգենևի «Հայրեր և որդիներ» վեպին։ Տուրգենևին զուգընթաց, ձեռագիր նշումներում ուղղակի կամ կողմնակի հիշատակվում են Ձեռնըյշևսկու, Պիսարևի, Սալտըյկով-Շչեդրինի անունները և հստակորեն հնչում է վիճաբանությունը նրանց հետ։

Ելակետումը «Հայրեր և որդիներ» վեպից առանձնապես նկատելի է «Դևերի» ստեղծման վաղ շրջանում։ «Հայրերի» սերունդը վեպում ներկայացնում է Գրանովսկին՝ 40-ականների ազատական-իդեալիստը, Բելինսկու, Գերցենի և Տուրգենևի ժամանակակիցն ու համախոհը, «որդիների» սերունդը՝ Գրանովսկու որդին Ուսանող-նիհիլիստը (նույն ինքը՝ Նեչաևը)։ 1870 թ. գրառումներում արդեն հանգամանորեն գծագրվում է բախումը հոր և որդու միջև, ըստ որում Դոստոևսկին որոշ չափով օգտագործում է տուրգենևյան վեպի սյուժետային-կոմպոզիցիոն սխեման (նիհիլիստի գալուստը տոհմական կալվածք, նրա շփումները և վեճերը տեղական «արիստոկրատիկների» հետ, ուղևորությունը գավառական քաղաք, նույնիսկ սիրավեպը աշխարհիկ կնոջ՝ Գեղեցկուհու հետ)։ Սերունդների հիմնախնդիրը վեպում բացահայտվում է ամենից առաջ հայր և որդի Վերխովենսկիների՝ սուր դրամատիզմով լի փոխհարաբերություններում, թեև «հայրերի» սերնդին են պատկանում նաև Կարմազինովը և Լեմբկեն, իսկ «որդիների» սերնդին՝ Նիկոլայ Ստավրոգինը և նիհիլիստների խմբակի անդամները։

«Դևերի» հիմքում դրված գաղափարա-փիլիսոփայական հայեցակետը Դոստոևսկին քանիցս մեկնաբանել է 1870 - 1873 թթ. նամակներում։ 1873 թ. փետրվարի 10-ին, վեպի առանձին հրատարակության հետ միասին, գահաժառանգ Ա. Ա. Ռոմանովին ուղղված նամակում, «Դևերի» լույս ընծայումից հետո արդեն, Դոստոևսկին այսպես է բնորոշում վեպի ընդհանուր գաղափարական ուղղվածությունը. «Համարյա պատմական էտյուդ է սա, որով կամեցել եմ բացատրել մեր տարօրինակ հասարակության մեջ հնարավորությունն այնպիսի հրեշավոր երևույթների, ինչպիսին նեչաևական հանցագործությունն է։ Իմ տեսակետն այն է, որ այդ երևույթները պատահականություն չեն, եզակի չեն... Այդ երևույթներն ուղղակի հետևանքն են ամենայն լուսավորյալ ռուսականի դարավոր կտրվածության՝ ռուսական կյանքի հարազատ և ինքնօրինակ ակունքներից։ Կեղծ-եվրոպական զարգացման մեր նույնիսկ ամենատաղանդավոր ներկայացուցիչները վաղուց ի վեր հանգել են արդեն մեզ՝ ռուսներիս համար սեփական ինքնատիպության շուրջ նույնիսկ երազելու կատարյալ հանցավորության համոզմունքին... Այդուհանդերձ, մեր ազգային անինքնության ամենագլխավոր քարոզիչներր նույնիսկ առաջինը սարսափահար երես կթեքեին նեչաևական գործից։ Մեր Բելինսկիները և Գրանովսկիները չէին հավատա, եթե նրանց ասեին, որ իրենք ուղղակի հայրերն են Նեչաևի։ Ահա և հայրերից որդիների մեջ զարգացած մտքի այդ հարազատությունը և հաջորդումը կամեցել եմ արտահայտել իմ ստեղծագործության մեջ»։

...«ժողովրդական դատաստան» գաղտնի ընկերության գործունեությունը, դրա հինգ անդամների՝ Ա. Գ. Նեչաևի, Պ. Գ. Ուսպենսկու, Ա. Կ. Կուզնեցովի, Ի. Գ. Պռըյժովի, Ն. Ն. Նիկոլաևի կողմից Պետրովսկի հողագործական ակադեմիայի ունկնդիր Ի. Ի. Իվանովի սպանությունը, 1871 թ. Պետերբուրգում հեղափոխականների մեծ խմբի դատավարությունը՝ լայնորեն լուսաբանված ռուսական և արտասահմանյան մամուլում ― ահա նշանակալիությամբ գլխավոր այն իրական շերտը, որը հիմք դարձավ Դոստոևսկու ամենաօրախնդիր և միտումնական վեպի համար։ Գրողի ուշադրությունն են գրավել սպանության հանգամանքները, հասարակության գաղափարական և կազմակերպական սկզբունքները, քարոզչական գրականությունը, հանցագործության մասնակիցների, առավելապես «ժողովրդական դատաստանի» ղեկավար Ս. Գ. Նեչաևի կերպարները։

Ս. Գ. Նեչաևը (1847 - 1882) ծնվել է Վլադիմիրսկ նահանգի Իվանովո-Վոզնեսենսկ գյուղում, քաղքենու ընտանիքում։ 14 տարեկան, նա ցրիչություն էր անում Գորելինի ֆաբրիկայի գրասենյակում։ 1866 թ. տեղափոխվեց Պետերբուրգ, որտեղ ուսուցչական քննություն հանձնեց աշխատանք ստանալով Անդրեևսկի ուսումնարանում։ Հետագայում (1867) Նեչաևը դասավանդում էր Սերգիևսկի ծխական ուսումնարանում, իսկ 1868 թ. աշնանից ազատ ունկնդիր դարձավ Պետերբուրգի համալսարանում, որտեղ հարեց ուսանողության արմատական թևին ակտիվ մասնակցելով 1869 թ. գարնանը տեղի ունեցած ուսանողական խժդժություններին։ Նահատակի լուսապսակով եզերված, նա փախավ Շվեյցարիա։ Այստեղ կայացավ նրա հանդիպումը Մ․ Ա․ Բակունինի և Ն. Պ. Օգարյովի հետ, ինչը մեծ դեր խաղաց Նեչաևի հետագա գործունեության համար։ Նրան հաջողվեց նվաճել երիտասարդ հեղափոխականի եռանդով ու ջանդրությամբ հրապուրված Բակունինի և Օգարյովի համակրանքը։ Բակունինը փորձեց Նեչաևի միջոցով Ռուսաստանում կազմակերպել հեղափոխական ընկերություն, որր կմարմնավորեր նրա անարխիստական ծրագիրը և իդեալները։ Նեչաևը Ռուսաստան վերադարձավ սեպտեմբերին, Բակունինի տված առասպելական «Համաշխարհային հեղափոխական միության Ռուսական բաժանմունքի» մանդատով։ Առավելագույնս օգտագործելով Բակունինի ընձեռած լիազորությունները, ազդարարելով իր հորինյալ սերտ կապերը ժնևում ռուս տարագրության առաջնորդների հետ (այդ թվում նաև Գերցենի, ում ընդհանրապես չէր ճանաչում), Նեչաևը Մոսկվայում կազմակերպեց մի քանի հնգյակ, գերազանցապես Պետրովսկի հողագործական ակադեմիայի ուսանողներից։ Իր կազմակերպությունը նա կոչեց «ժողովրդական դատաստան»։ Նեչաևի բռնակալական վարմունքը լուրջ տարաձայնություններ առաջ բերեց կազմակերպության ներսում, ինչը և հանգեցրեց Նեչաևի բախմանն Իվանովի հետ։ Նեչաևի ցուցումով վերջինիս սպանությունը վերջ դրեց «ժողովրդական դատաստանի» գործունեությանը։ Ինքը՝ Նեչաևը, փախավ արտասահման, որտեղից հետևում էր իր նախկին ընկերների դատավարությանը։ 1872 թ. շվեյցարական իշխանություններր նրան հանձնեցին ցարական կառավարությանը, նա բերվեց Պետերբուրգ և բանտարկվեց Պետրոպավլովսկի ամրոցում։ 1873 թ. հունվարի 8-ին Մոսկվայի օկրուգային դատարանը Նեչաևին դատապարտեց բոլոր իրավունքներից զրկման, 20 տարով տաժանակիր աշխատանքների՝ հանքահորերում և ցմահ բնակության Սիբիրում։ Նեչաևի նկատմամբ կատարվեց նաև հրապարակային մահապատժի ծես, որից հետո նրան փակեցին Պետրոպավլովսկի ամրոցի Ալեքսեևսկի ռավելինում... Այստեղ նա չդադարեցրեց իր գործունեությունը, կարողացավ անձնակազմին համոզել և փախուստ կազմակերպել, որը սակայն չհաջողվեց։ Փախուստի բացահայտումից հետո Նեչաևին լրիվ մեկուսացրին և բանտային անսովոր դաժան ռեժիմ սահմանեցին նրա համար, ինչն արագորեն քայքայեց նրա առողջությունը։ Նեչաևը մահացավ 1882 թ. նոյեմբերի21-ին, ընդհանուր ջրգողությունից՝ բարդացված լնդախտով։

... 1871 թ. նեչաևականների դատավարությունը քաղաքական առաջին հրապարակայինն էր Ռուսաստանում՝ ինքնըստինքյան վիթխարի նշանակություն ունեցող փաստ։ Փաստաբանների ելույթները, դատավարության ընթացքում թռուցիկների, կանոնադրությունների, հեղափոխականների նամակների ընթերցումը տվեց նվազագույնս ցանկալի արդյունքներ այն սպասումների, որ դատավարությունր պիտի վերածեին «նիհիլիզմի» դեմ դատաստանի։ Միաժամանակ, դատավարությունը ցույց տվեց Նեչաևի մեթոդների համակ սխալականությունը և անպետքությունը։

Ընդարձակ և սուր քննադատության ենթարկվեցին Նեչաևի գործունեությունը և տեսական, ծրագրային փաստաթղթերը, հրապարակված այսպես կոչված նեչաևական «Կոլոկոլում» և «ժողովրդական դատաստանի» հրատարակություններում։ Աներկբայորեն և կտրուկ դատապարտեցին Նեչաևի «երեխայական և հավատաքննչական հնարները»։ Նեչաևի «Ապագա հասարակարգի գլխավոր հիմունքները» հոդվածը Մարքսը և Էնգելսը բնութագրեցին որպես «զորանոցային կոմունիզմի հիանալի նմուշ»։

Դոստոևսկին իր վեպում օգտագործել է լրագրային հոդվածները և արձագանքումները Նեչաևի, նեչաևականների, Իվանովի սպանության հանգամանքների մասին, 1871 թ. դատավարության նյութերը և ռուսական մամուլում քննարկվող ժնևյան տարագրության քարոզչական փաստաթղթերը, բոլոր այդ իրական, թե առասպելական փաստերը բեկելով ազատորեն ու համապատասխան վեպի գեղարվեստական հայեցակետերին։

...Դատավարության նյութերից Դոստոևսկու համար առավել հետաքրքրություն ներկայացրեց «Հեղափոխականի կատեխիզիսը»։ Պյոտր Վերխովենսկու գործնական ծրագրի մերձությունը «Կատեխիզիսին» ակնհայտ է։ Իր վեպում Դոստոևսկին կարծես «իրականացնում» է այդ փաստաթղթի բոլոր տեսական կետերը։ Պյոտր Վերխովենսկու և մյուս «դևերի» գործունեությունը՝ անկարգությունների, քաղաքում քաոսի հաստատման ուղղությամբ, «ազատականություն» խաղացող նահանգապետուհի Յուլիա Միխայլովնայի և նրա անհեռատես ամուսնու՝ Լեմբկեի սառնարյուն և ցինիկ շահագործումը, երիտասարդության հետ սիլիբիլիներով զբաղված գրող Կարմազինովի, քաղաքի տարբեր բնակիչների վարկաբեկումը, բամբասանքներով և խարդավանքներով նրանց պարուրելը, քրեական տարրերի օգտագործումը, հրկիզումները, սպանությունները, խայտառակությունները, աստվածանարգումներր՝ այս ամենը կարծես արտացոլում է «Կատեխիզիսի» և այլ «հրահրիչ» թռուցիկների դրույթները։

Վեպում գործող անձ դարձած ժամանակագրի և այլ նկարագրությունների հիման վրա, նահանգային քաղաքի հակիրճ և կոնկրետ հիշատակումները հնարավորություն են տալիս հաստատել, որ ստեղծելով դա, Դոստոևսկին ելել է 1860 թ. Տվերում անցկացրած իր կյանքի տպավորություններից։ Վեպում բավականաչափ ստույգ է վերարտադրել նա Տվերի տեղագրությունը։ Այն ժամանակվա Տվերի պես, «Դևերի» քաղաքը բաժանված է երկու մասի, միացված պոնտոնային կամրջով։ Քաղաքի այն մասը (Զառեչյե), ուր ապրում են քույր և եղբայր Լեբյադկինները, հիշեցնում է Զավոլժյեն, Շպիգուլինների ֆաբրիկային համապատասխանում է տվերյան արվարձանում 1854 թ. հիմնված Կաուլինի տեքստիլ ֆաբրիկան։ Տվերի հետ են կապված նաև մի քանի կոնկրետ դեմքեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում «Դևերի» ստեղծագործական պատմության համար (մենաստանում ապրող Տիխոն Զադոնսկին, տվերյան նահանգապես Պ. Տ. Բառանովը, նրա կինը, հատուկ հանձնարարությունների աստիճանավոր Ն. Գ. Լևենտալը վեպի գործող անձանց ենթադրվող նախատիպերն են)։ Օրինաչափ հետաքրքրություն է հարուցում վեպի առանձին հերոսների կերպարների նախատիպերի հարցը, մասամբ շոշափված վերը։

Ստեպան Տրոֆիմովիչ Վերխովենսկու կերպարը ռուս արևմտամոլի, 40-ական թվականների ազատական-իդեալիստի ընդհանրացված դիմանկար է։ Ուստիև, Դոստոևսկու ընկալմամբ, իր մեջ է ամփոփում այդ սերնդի մի շարք երևելի գործիչների՝ Տ. Ն. Գրանովսկու, Ա. Ի. Գերցենի, Բ. Ն. Չիչերինի, Վ. Ֆ. Կորշի, Ս. Ֆ. Դուրովի և այլոց բնորոշ գծերը։

Ժամանակագիրը, որը վեպի առաջին գլխում Ստեպան Տրոֆիմովիչի կենսագրությունն է շարադրում, բավական աներկիմաստ հասցեգրումներ է անում։ Ստեպան Տրոֆիմովիչ ― Վարվառա Պետրովնա փոխհարաբերություններր կարելի է համադրել նաև Տուրգենև ― Պոլինա Վիարդո փոխհարաբերություններին։

Ստեպան Տրոֆիմովիչի և Կարմազինովի կերպարները «Դևերի» ստեղծագործական տևական պատմության ընթացքում նկատելի զարգացում չունեն։ Սկզբից վերջ Կարմազինովր ներկայացված է սուր ծաղրական, պամֆլետային ելակետով։ Իսկ Ստեպան Տրոֆիմովիչի հանդեպ Դոստոևսկու վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է, դառնում ավելի ջերմ ու կարեկցական, թեև հեգնականությունը պահպանվում է։ Ստեպան Տրոֆիմովիչի «Վերջին ուղևորությունը» և մահը նկարագրող գլուխը խորունկ պաթետիկայով է հագեցած։ Հենց Ստեպան Տրոֆիմովիչն է իր կյանքի վերջին ժամերին հանգում ճշմարտության և գիտակցում ոչ միայն «որդիների», այլև իր սերնդի ողբերգական կտրվածությունը ժողովրդից, հանդիսանում վեպի ավետարանական բնաբանի մեկնիչը, ընդ որում այդ մեկնության իմաստը մերձ է հեղինակայինին։

Որպես վեհանձն իդեալիստ և թափառական, անշահախնդիր և կենցաղային գռեհկության հանդեպ անհաշտ կերպարի մարմնավորում, Ստեպան Տրոֆիմովիչը վեպի ավարտին ձեռք է բերում գծեր, որոնք նրան մերձեցնում են Դոն Կիխոտին։

Դոստոևսկին չի թողել մատնանշումներ վեպի գլխավոր հերոսի՝ Ստավրոգինի իրական նախատիպերի մասին... Ստավրոգինի գրական-ժառանգորդական տիպը որոշ առումով հանգում է բայրոնական հերոսին՝ իր դիվականությամբ, հոռետեսությամբ և գերհագեցվածությամբ, ինչպես նաև նրան հարազատ ռուսական «ավելորդ մարդուն»։ Պուշկինի, Լերմոնտովի, Գերցենի և Տուրգենևի կերտած «ավելորդ մարդկանց» պատկերաշարում Ստավրոգինին առավել մերձ է Օնեգինը, էլ ավելի մերձ՝ Պեչորինը։

Ստավրոգինը Պեչորինին է հիշեցնում ոչ միայն հոգեբանական կերտվածքով, այլ նաև բնավորության որոշ գծերով։ Հոգեկան հարուստ օժտվածություն և գոյության աննպատակահարմարության սուր գիտակցում։ Մեծ գաղափարի, գործի, զգացմունքի, հավատքի «լուծի» փնտրտուք, ինչը կարող էր լիուլի պարուրել նրանց անհանգիստ խառնվածքները, միաժամանակ, այդ «լուծը» գտնելու անընդունակություն՝ հոգևոր երկփեղկվածության պատճառով։ Անողորմ ինքնաքննում, կամքի ապշեցուցիչ ուժ և աներ կյուղածություն՝ այս գծերը հավասարապես բնորոշ են Մտավրոգինին և Պեչորինին։

Վյաչ. Իվանովը, ոչ առանց հիմնավորման, «Դևերում» փաստել է Գյոթեի «Ֆաուստի» սիմվոլիկայի բարդ վերիմաստավորումը՝ հիմնված մարդկային խիզախող «ես»֊ի պայքարի վրա չարի ուժերի դեմ։

«Նիկոլայ Մտավրոգինը բացասական ռուսական Ֆաուստն է, բացասական, որովհետև նրա մեջ մարել է սերը, դրա հետ մեկտեղ այն անսանձ ձգտումը, որր փրկում էր Ֆաուստին։ Մեֆիստոֆելի դերը կատարում է Պյոտր Վերխովենսկին՝ կարևոր բոլոր պահերին բսնելով Ստավրոգինի կողքին՝ իր նախատիպի ծամածռումներով։ Վերաբերմունքը Գրետխենի և Mater Gloriosa-ի միջև նույնն է, ինչ Կաղլիկի և Աստվածամոր միջև։ Կաղլիկի սարսափն իր սենյակում Ատավրոգինի հայտնվելիս, կանխագծված է բանտում Մարգարիտայի խելագարության տեսարանում։ Մանկան մասին նրա անուրջներր համարյա նույնն են, ինչ Գրետխենի զառանցագին հիշողություններր...» ― գրել է Վյաչեսլավ Իվանովը։

Ն. Ա. Բուլգակովը, Ստավրոգինին կոչելով «հոգևոր սադրիչ», ի տարբերություն «քաղաքական սադրիչ» Վերխովենսկու, գտնում է, որ վեպում գեղարվեստորեն է արծարծվել սադրանքի հիմնախնդիրը՝ բառիս ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր իմաստով։ «Ստավրոգինը միաժամանակ թե սադրիչ է, թե սադրանքի գործիք,― գրում է նա «Ռուսական ողբերգություն» աշխատության մեջ,― նա կարողանում է ներազդել այն բանի վրա, ինչը կազմում է ամեն մի մարդու անհատական ձգտումը, մղել կործանումի յուրաքանչյուրի մեջ բորբոքելով նրա առանձնահատուկ կրակը, և այդ մոխրացնող, չար, դժոխային բոցը լույս է արձակում, սակայն չի տաքացնում, այրում է, սակայն չի պաշտպանում։ Չէ որ Ստավրոգինն է ուղղակի կամ կողմնակի կործանում թե Լիզային, թե Շատովին, թե Կիրիլլովին և նույնիսկ Վերխովենսկուն ու նմաններին... նրա ազդեցությանը ենթարկվող յուրաքանչյուրին խաբում է նրա դիմակը, սակայն բոլոր այդ դիմակները տարբեր են և ոչ մեկը նրա իսկական դեմքը չէ... Այդպես էլ չի իրականանում նրա ապաքինումը, դևերը չեն արտաքսվում, և Ուրի քաղաքացուն վիճակվում է գագարացվոց խոզերի ճակատագիրը, ինչպեսև նրա բոլոր շրջապատողներին։ Նրանցից ոչ մեկը կատարելապես չի ապաքինվում Հիսուսի ոտքերի մոտ, թեև ոմանք (Շատով, Կիրիլլով) արդեն որոնում են նրան»։

Ն. Ա. Բերդյաևը «Դևերը» բնութագրել է որպես «համաշխարհային ողբերգություն», որի գլխավոր գործող անձը Ստավրոգինն է։ «Դևերի» թեման, ըստ Բերդյաևի․ «...թեմա է առ այն, թե ինչպես վիթխարի անհատականությունը՝ Ստավրոգին-մարդը, ամբողջովին քամվեց, սմքեց իր իսկ ծնած, իրենից իսկ արտածվող քաոսային դիվահարությունից... Սա համաշխարհային ողբերգություն է անչափության հյուծումից, մարդկային անհատականության մահացման և խորտակման ողբերգությունն է անչափելի, անվերջանալի, սահման, ընտրություն և եղանակ չճանաչող ձգտումների հանդգնությունից... Դիվոտում արարման փոխարեն ահա «Դևերի» թեման... «Դևերը», որպես խորհրդանշական ողբերգություն, միայն և միայն «Նիկոլայ Ատավրոգինի ոգու ֆենոմենոլոգիան է», որի շուրջ, ինչպես արդեն ոչ լույս, ոչ ջերմություն չտվող արեգակի շուրջ, «պտտվում են բոլոր դևերը»։ Վեպի հիմնական գործող անձինք (Շատով, Կիրիլլով, Պյոտր Վերխովենսկի) սոսկ Ատավրոգինի երբեմնի ստեղծագործական հանճարեղ անհատականության, ոգու բխումներն են։

XX դարի սկզբի քննադատությունը նշել է Ստավրոգինի կերպարի կապը դեկադենտության հետ։ «Նիկոլայ Ստավրոգինը նախահայրն է շատ բաների, կյանքի տարբեր շառավիղների, զանազան գաղափարների և ուղղությունների,― գրել է Ն. Բերդյաևը։― Եվ ռուսական դեկադենտությունն էլ է ծնունդ առել Ստավրոգինի մեջ»։

...«Դևերի» ստեղծագործական պատմության առանձնապես կարևոր դրվագը «Տիխոնի մոտ» գլխի («Հավելված») պատմությունն է իր բարդ ճակատագրով։ Հեղինակի հղացմամբ վեպի անքակտելի մաս համարվող այս գլուխը «Ռուսսկիյ վեստնիկը» խոտանեց։ Փրկելու տևական, անպտուղ փորձերից հետո գրողը հարկադրված էր համաձայնել չզետեղել գլուխը «Դևերի» ամսագրային տարբերակում, թեև շատ թանկ էր գնահատում։ Իսկ ավելի ուշ, վեպի լույս ընծայումից հետո, արդեն վերականգնման փորձեր չարեց, ըստ երևույթին, ժամանակի գրաքննչական պայմաններում դա համարելով անհույս ձեռնարկում։

Վեպի առաջին գլուխների լույս ընծայումից հետո, ամսագրային տարբերակը ներառյալ, վեպն արժանացել է ժամանակակիցների և հետագա սերունդների լարված, քննախույզ ուշադրությանը։ Մեծ թիվ են կազմում լրագրային, ամսագրային գրախոսականները, քիչ չեն նաև առանձին հետազոտություններ, գիտական լուրջ վերլուծություններ, աշխատություններ, որոնց ուսումնասիրումն իսկ հետևողական և բծախնդիր ընթերցողի առաջ կբացահայտեն նոր եզրեր, նոր ընկալումներ և արձագանքումներ։

... Ըստ «Դևերի» առաջին բեմադրությունը կայացել է 1907 թ. սեպտեմբերի 29-ին, Պետերբուրգի Գրական-Գեղարվեստական ընկերությունում։ Մեկ տարի անց նույն բեմականացումր կրկնվել է Ռիգայում։ 1913 թ. հոկտեմբերի 23-ին կայացել է «Նիկոլայ Ստավրոգին» բեմականացման պրեմիերան Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում (ՄԽՍՏ), մասնակցությամբ Վ. Կաչալովի (Ստավրոգին), Պ.Բերսենևի (Պյոտր Վերխովենսկի), Ս. Լիլինայի (Սարյա Տիմոֆեևնա)։ Բեմականացմանր, ապա և բեմադրությանը Վ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոն ձեռնամուխ էր եղել 1912թ. օգոստոսից։

...1915թ. Յու. Ս. Պրոտազանովն իրականացրեց վեպի առաջին էկրանային տարբերակը։ Ի. Մոզժուխինի գլխավոր դերակատարությամբ, նրա «Նիկոլայ Ստավրոգին» կինոնկարում «...շատ դրվագներ ներկայացված են մասամբ Գեղարվեստական թատրոնի բեմադրությունից»։

...1939թ. հոկտեմբերին «Դևերի» ներկայացմամբ բացվեց «Չեխովի թատրոնը» Նյու Յորքում, Բրոդվեյում, բեմադրությունը Մ. Ա. Չեխովի, նկարիչ Ս. Վ. Դոբուժինսկի։ Բեմականացման հեղինակ Գ. Ս. Ժդանովը հիշում է. «Պիեսը գրված էր ըստ Դոստոևսկու վեպի, սակայն օգտագործված էին նաև նյութեր Դոստոևսկու մյուս վեպերից, գրողի նամակները...»։

...«Դևերի» առաջին բեմադրությունը Ֆրանսիայում իրականացրել է Ն. Բատայը, 1950 թ., ըստ որում Ստեպան Տրոֆիմովիչի դերակատարն է եղել էժեն Իոնեսկոն։ Իտալիայում «Դևերը» բեմադրվեց 1954 թ. Բրինյոնե-Սանտուչչիո-Ռանդոնե խմբի ուժերով։ Մեծ հաջողություն վայելեց Լ. Սկվարցինայի բեմադրածը Ճենովայի «Պիկկոլո-թատրոնում»։

Համաշխարհային հռչակ նվաճեց Ա. Քամյուի «Դիվահարները» բեմականացումը, որի պրեմիերան կայացավ 1959 թ. հունվարի 30-ին, փարիզյան «Անտուան» թատրոնում։ Վարշավայում վեպը բեմականացվել և բեմադրվել է «Աթենեում» թատրոնում (1971 թ. մարտ), նաև Կրակովում, Ս. Վայդայի բեմադրությամբ (1971 թ. հունիս)։ Վերջին բեմադրության որոշ ռեժիսորական հնարներ օգտագործել է Տ. Աչերը «Դևերի» հունգար բեմադրիչը, Կապոշվար քաղաքի թատրոնում (1975)։ 1979 թ. «Դևերը» բեմադրեց իտալական «Լյի ասսոչիատի» թատրոնը, Ջ. Զբրաջի բեմադրությամբ և Ստեպան Տրոֆիմովիչի դերակատարմամբ։

1988-ին են կայացել վեպի առաջին սովետական բեմադրությունները։ «Դևերից» տեսարաններ էր փորձում Ա. Վասիլևը, Դրամատիկ արվեստի դպրոցում, Յու․ Երյոմինը Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկ թատրոնում օգտվեց Ա. Քամյուի բեմականացումից (Ստավրոգինի դերում Տարատորկին)։

...1886թ. «Դևերը» թարգմանվեց ֆրանսերեն, դանիերեն, հոլանդերեն, 1888թ. գերմաներեն։ Ներկայումս վեպը հրատարակված է եվրոպական համարյա բոլոր և արևելյան մի շարք լեզուներով, այդ թվում՝ ահա նաև հայերեն։

✻    ✻



▶ Վեպի շարադրանքը հաճախ է տարվում առաջին դեմքով։ Նախապատրաստական և սևագիր տարբերակներում կա ժամանակագրի (хроникер) կերպարը, սակայն որպես գործող անձ նա չկա վեպում։ Թեև նրա «պատմածով» են ընթանում նույնիսկ ամբողջական գլուխներ, շատ խոսակցություններ և իրադարձություններ հենց նա է ներկայացնում, անուն-հայրանուն էլ ունի (Անտոն Լեոնտյևիչ), ծածկագրված ազգանուն (Գ-և), այդուհանդերձ, ժամանակագիրը «սյուժետային ֆունկցիա» չունի, ավելի շուտ, ածանցյալ կերպար է, զուրկ բնութագրումից։