Վերջին թարմացում 3 Մարտի 2017, 13:27

Հնդկական ժողովրդական հեքիաթներ

Հնդկական ժողովրդական հեքիաթներ

հեղինակ՝ Հնդիկ ժողովուրդ
թարգմանիչ՝ Սոնա Միքայելյան (անգլերենից)
աղբյուր՝ «Հնդկական ժողովրդական հեքիաթներ»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Երկու խոսք

Հիմսուքա

Ժամանակով Ուդև քաղաքում մի թագավոր էր ապրում։ Նա երեք որդի ուներ, երեքն էլ կրթված, երեքն էլ ուշիմ ու խելացի։ Մի օր թագավորը կանչեց որդիներին, որպեսզի փորձի նրանց։

— Ենթադրենք,― ասաց,― ես իմ պատիվն ու կյանքը վստահել եմ մեկին, բայց նա անհավատարիմ է գտնվել։ Ի՞նչ պատիժ կտայիք նրան։

Ավագ որդին ասաց.

― Այդպիսի մարդուն պետք է տեղնուտեղը գլխւստել։

Միջնեկ որդին ասաց.

― Ես էլ համաձայն եմ, այդպիսի մարդուն պետք է մահվան դատապարտել։ Նրան գթալ պետք չէ։

Կրտսեր որդին լուռ էր։

― Դե, որդիս,― դիմեց նրան թագավորը։― Դու ի՞նչ կասես։

― Հայր,— ասաց կրտսեր արքայազնը,― ճշմարիտ է, որ նման հանցանքի պատիժը մահն է։ Բայց մինչև մարդուն մահվան դատապարտելը պետք է ապացուցել, որ նա, իրոք, մեղավոր է։

― Ի՞նչ, անմեղ մարդուն էլ կարող է մահվան դատապարտեն։

― Այո,― պատասխանեց կրտսեր որդին,― կարող է պատահել։ Այդպիսի մի պատմություն ես հիմա կպատմեմ ձեզ։

Եվ արքայազնը սկսեց իր պատմությունը։


Վիդարբայի թագավորը ժամանակին մի հրաշալի թութակ ուներ։ Թութակը, որի անունը Հիմսուքա էր, առոք-փառոք ապրում էր պալատում։ Նա շատ խելացի էր, կարողանում էր խոսել և բազմաթիվ լեզուներ գիտեր։ Ու նաև շատ իմաստուն էր, և թագավորը հաճախ էր նրանից խորհուրդ հարցնում։

Հիմսուքային վանդակում չէին պահում։ Նա ազատ էր և կարող էր թռչել ուր սիրտն ուզեր։

Մի առավոտ էլ նա պալատից ուղիղ ջունգլի թռավ։ եվ պատահեց այնպես, որ հենց ջունգլիում հանդիպեց իր հարազատ հորը։

― Շատ ուրախ եմ, որ տեսա քեզ, որդիս,― ասաց հայրը։― Մայրդ ոնց կուրախանա։ Չէի՞ր ուզենա մի քանի օրով տուն գալ։

― Ուրախությամբ կգայի,― պատասխանեց Հիմսուքան,― բայց նախ պետք է թույլտվություն խնդրեմ թագավորից։

Հիմսուքան նորից թռավ պալատ և թագավորից թույլտվություն խնդրեց։

Մկզբում թագավորը մերժեց։ Նա անչափ սիրում էր Հիմսուքային և շատ դժվար էր սիրելի թութակից բաժանվելը։ Բայց վերջապես համաձայնեց։ Այսպիսով Հիմսուքան վերադարձավ հոր մոտ, և նրանք միասին թռան տուն։ Հիմսուքայի մայրը շատ ուրախացավ՝ երկար տարիների բաժանումից հետո տեսնելով սիրասուն որդուն։

երկու շաբաթ ծնողՆհրի մոտ մնալուց հետո Հիմսուքան ասաց-

― Թանկագին ծնողներ, ես հրաշալի ժամանակ անցկացրի ձեզ հետ, բայց արդեն իմ գնալու ժամանակն է։ Թագավորն սպասում է ինձ։

Հայր և մայր թութակները շատ տխրեցին, որ Հիմսուքան պետք է վերադառնա։ Բայց ի՞նչ կարող էին անել․ որդին խոսք էր տվել թագավորին։

― Մենք շատ կուզենայինք որնէ նվեր ուղարկել թագավորին,― ասաց հայրը,― բայց չգիտենք, թե ինչ։

Նրանք երկար միտք արին, թե ինչ հարմար նվեր գտնեն... Վերջապես հայր թութակն ասաց.

― Ես գտա, թե որն է ամենալավ նվերը։ Այնտեղ, լեռան գագաթին մի ծառ կա, որն անմահական պտուղներ է տալիս։ Ով այդ պտուղն ուտի՝ չի մահանա ու միշտ ջահել կմնա։

Հայր թութակը թռավ և քիչ անց վերադարձավ կախարդական ոսկեգույն միրգը կտուցին։ Հիմսուքան վերցրեց նվերն ու ճանապարհ ընկավ պալատ։

Երեկո էր, երբ նա հեռացավ հայրական տնից։ Շուտով արևը մայր մտավ, և մութը պատեց ամենուրեք։ Հիմսուքան որոշեց գիշերը ծառի վրա անցկացնել։ Բայց նախ պետք էր ապահով տեղ գտնել թանկագին նվերի համար։ Բարեբախտաբար, ծառին փչակ կար. նա պտուղը դրեց այնտեղ, ինքն էլ թառեց մոտիկ մի ճյուղի ու քնեց։

Արի տես, որ այդ փչակում թունավոր մի օձ էր ապրում։ Երբ օձը վերադարձավ, նկատեց ոսկեգույն պտուղն ու չհամբերեց, ուզեց համը տեսնի։

Օձին դուր չեկավ մրգի համը և դժգոհ քաշվեց իր բույնը։ Բայց պտուղն արդեն թունավորված էր։

Հաջորդ առավոտյան Հիմսուքան վերցրեց միրգը և շարունակեց ճանապարհը։ Հասավ պալատ, թագավորին հանձնեց ծնողների ուղարկած նվերը։ Թագավորը շատ ուրախացավ և ընտանիքի անդամների ու պալատականների ներկայությամբ ձեռքն առավ պտուղը, որ ուտի, երբ լսեց մի ձայն։

― Սպասիր, տեր արքա,― ասաց գլխավոր խորհրդականը։― Նախքան ուտելը, լավ կլինի այդ պտուղը փորձել, տուր որևէ կենդանու։ Եթե ոչինչ չպատահեց, ուրեմն ամեն ինչ կարգին է։

― Լավ միտք է,― համաձայնեց թագավորը և մրգից մի փոքրիկ կտոր նետեց ագռավին։ Ագռավը կերավ թե չէ՝ տեղնուտեղը սատկեց։

― Տեր արքա,― ասաց խորհրդականը,― դու հրաշքով փրկվեցիր։ Պտուղը թունավոր է։ Դա անմահական պտուղ չէ։ Հիմսուքան ուզում էր քեզ թունավորել։

Թագավորը սաստիկ զայրացավ և սպանեց Հիմսուքային։ Հետո հրամայեց, որ թունավոր պտուղը տանեն ու թաղեն մի խոր փոսում։

Այդպես էլ արեցին։ Բայց շուտով պտուղը ծիլ տվեց ու ծառ դարձավ, ոսկեգույն պտուղներով մի հրաշալի ծառ։

― Այդ պտուղները թունավոր են,― ասաց թագավորը, երբ լսեց ծառի մասին։― Դրանք մահաբեր պտուղներ են։

Թագավորն իր մարդկանց հրամայեց ցանկապատել ծառը և հսկել, որ ոչ ոք չկարողանա պոկել թունավոր պտուղը։

Ծառի մասին լուրը տարածվեց ամբողջ քաղաքով մեկ։ Մարդիկ վախենում էին նույնիսկ մոտենալ ծառին։

Այդ նույն ժամանակ քաղաքում մի ծեր մարդ ու կին էին ապրում։ Նրանք միայնակ էին և անչափ աղքատ։ Ապրում էին ողորմությամբ։ Եվ արդեն այնքան էին ծերացել, որ ի վիճակի չէին տնից դուրս գալ։ Ուտելու ոչինչ չունեին այլևս, և կյանքը բեռ էր դարձել նրանց համար։ Ու որոշեցին մեռնել, իսկ մեռնելու ամենահեշտ ձևը մահաբեր պտուղն ուտելն էր։

Մի գիշեր ծերունին դժվարությամբ դուրս եկավ տնից, գնաց, աննկատ ներս սողաց ցանկապատից։ Նա երկու պտուղ պոկեց ծառից, տարավ տուն, մեկն ինքը կերավ, մյուսը կինը։ Հետո պառկեցին մահճակալին, մտածելով, որ կմեռնեն ու կազատվեն իրենց վիճակից։

Բայց հաջորդ առավոտյան նրանք արթնացան սովորականի պես։ Ու զարմացան, որ չեն մեռել։ Պարզվեց, որ շատ լավ են զգում, մինչև անգամ՝ ջահելացել են։

Թագավորը լսեց այդ հրաշքի մասին ու այցի գնաց նրանց։ Շատ զարմացավ՝ տեսնելով ծերունուն ու պառավին այդպես ջահելացած։ Թագավորը նոր միայն հասկացավ, որ Հիմսուքայի բերած պտուղը, իրոք, անմահական էր։ եվ շատ զղջաց ու ափսոսաց, որ սպանել էր սիրելի թութակին։

― Ահա թե ինչու եմ ասում,― շարունակեց կրտսեր որդին,― հանցանք գործած մարդը պետք է պատժվի այն դեպքում, երբ պարզվի, որ նա իրոք մեղավոր է։

Թագավորը շատ գոհ մնաց կրտսեր որդուց և վճռեց, որ իրենից հետո նա կդառնա Ուդև քաղաքի թագավոր։



Փերիումը և Քեչբան

Փերիումը Քիթիգարի Թհաքոր արքայի մինուճար դուստրն էր։ Նա անչափ գեղեցիկ էր։ Նրա գեղեցկության համբավը տարածվել էր աշխարհով մեկ։ Բայց Փերիումը որքան գեղեցիկ, նույնքան էլ ամբարտավան ու գոռոզ էր։

Մի օր, երբ նա ընկերուհիների հետ խաղում էր պալատի այգում, աղջիկներից մեկն ասաց.

― Փերիում, լսել եմ, դու ամուսնանում ես Քեչբայի հետ։ Ճի՞շտ է։

Իսկ քեչբա գուջարաթցիների լեզվով նշանակում է կրիա։ Փերիումը մտածեց, թե Քեչբա անուն ունեցողը կրիայի նման կլինի։

― Քեչբա,— բարկացած ու զզվանքով գոչեց նա։― Հիմա՞ր ես, ինչ է։ Ո՞վ ասաց, թե ես կամուսնանամ այդպիսի գարշելի արարածի հետ։

Փերիումը հասկացավ, որ ընկերուհին ակնարկում է Ջունագարի արքայազնին։ Նրա անունը Համիր էր, իսկ Քեչբան մականունն էր։ Փերիումը համոզված էր, որ այդ Քեչբան շատ գարշելի պիտի լինի, թե չէ ինչու պիտի Քեչբա ասեին։

Փերիումի ընկերուհիները փորձեցին ուրիշ բաներ էլ ասել փեսացուի մասին, բայց նա չցանկացավ լսել։ Քեչբան քեչբա է, և այդպիսի անուն ունեցողը կրիայի նման էլ պիտի լինի։ Փերիումը հասկանում էր, որ ընկերուհիները կատակում են։ Բայց մի բան պարզ է. ինքը Քեչբայի հետ ամուսնացողը չէ։

― Նրա անունը չտաք,— ասաց նա։― Ես չեմ ուզում այդ անունը լսել այլևս։

Մի քանի օր անց մայրը կանչեց Փերիումին ու ասաց քնքշորեն.

― Սիրելի դստրիկս, պատրաստվիր, շուտով դու ամուսնանալու ես Քեչբայի հետ։

― Ո՛չ, ոչ, մայրիկ,— պատասխանեց Փերիումը։― Ես երբեք չեմ ամուսնանա նրա հետ։

― Բայց, սիրելիս, դու պարտավոր ես։ Մի՞թե չգիտես, որ ձեր ամուսնությունը տարիներ առաջ է որոշված։ Այլևս հրաժարվել չես կարող։

― Հետո ինչ։ Ես չեմ ուզում ամուսնանալ նրա հետ և վերջ։ խնդրում եմ, հայրիկին ասես, որ չստիպի ինձ։

― Բայց հասկացիր, անուշս,— ասաց մայրը,— մենք նրա ծնողների հետ պայման ենք կապել։

― Ուրեմն էլ ինչո՞ւ եք ինձ հարցնում,— լաց եղավ Փերիումը։

Ծնողները վախեցան իրենց մինուճարին դժբախտացնել։

Թհաքորը ստիպված եղավ սուրհանդակ ուղարկել Ջունագարի ռաջային՝ հայտնելու, որ իր դուստրը չի ցանկանում ամուսնանալ Քեչբայի հետ։

Ջունագարի ռաջան կատաղությունից փրփրեց։ Նա գաղտնի տեղեկություններ հավաքեց ու պարզեց, որ արքայադստեր մերժման միակ պատճառը իր որդու մականունն է։ Եվ որոշեց, ինչ գնով էլ լինի, հասնել նպատակին։ Նա համառ մարդ էր, ավելի համառ, քան Փերիումը։

― Ես այնպես կանեմ,— երդվեց նա,— որ այդ գոռոզ աղջիկն ամուսնանա որդուս հետ։

Ու անմիջապես էլ սկսեց հարսանիքի պատրաստություն տեսնել։

Մի քանի օր անց շքեղ զարդարված հարսանեկան թափորը դուրս եկավ քաղաքից ու ճանապարհ ընկավ դեպի Սորաթ՝ Քիթիգարի մայրաքաղաքը։ Թմբուկների ու շեփորների նվագակցությամբ նրանք մտան Սորաթ։ Մարդիկ, գործը թողած, դուրս էին վազում դիտելու հարսանքավորներին։ Այսպիսի հարսանիք դեռ ոչ ոք չէր տեսել։

Այդ ժամանակ Փերիումը ընկերուհիների հետ պալատի այգում զբոսնում էր։ Նա չգիտեր քաղաքում տիրող իրարանցման մասին։ հանկարծ մի աղջիկ վազելով եկավ ու ասաց.

― Փերիում, լսե՞լ ես նորությունը։

― Ոչ,— ասաց Փերիումը,— ինչ նորություն։

― Դու չուզեցիր ամուսնանալ Քեչբայի հետ, հայրը նրան ուրիշի հետ է ամուսնացնում։

― Ինձ ինչ,— պատասխանեց Փերիումը,— ինչ ուզում են, թող անեն։

― Դե, գոնե, գնանք նայենք,— ասացին աղջիկները։

Փերիումը համաձայնեց։ Վտանգն անցած էր, այլևս ստիպված չէր լինի ամուսնանալ այդ զզվանքի հետ, կարելի էր գնալ տեսնել։ Եվ ընկերուհիների հետ նա դուրս Եկավ պատշգամբ։

Հարսանեկան թափորն անցնում էր իենց պատշգամբի մոտով։ Զարդարված սպիտակ ձիու վրա նստած էր մի բարձրահասակ, սիրունատես երիտասարդ, այնպես շքեղ հագնված, որ բոլորը նրան էին նայում։

― Ի՜նչ գեղեցիկն է,— ասում էին այս ու այն կողմից։― Ոնց որ աստված լինի։

― Ո՞րն է Քեչբան,— հարցրեց Փերիումը։

― Ահա այն սպիտակ ձիավորը,— ասացին ընկերուհիները։

Փերիումը աչքերին չհավատաց։ «Նա Քեչբան լինել չի կարող,— ասաց Փերիումն ինքն իրեն,— բոլորովին էլ կրիայի նման չէ։ Նա զզվելի չէ։ Եվ իմ տեսած տղամարդկանցից ամենագեղեցիկն է»։

Փերիումը սաստիկ հուզված էր։ Նա փոշմանել էր իր արարքի համար և զղջում էր, որ վիրավորել էր այդ հրաշալի մարդուն։ Ինչպես ուղղել սխալը։ Նա որոշեց չուշացնել, անմիջապես գնալ և ամեն ինչ պատմել նրան։

Նա պատշգամբից իջավ ու վազեց փողոց։ Ժողովուրդը զարմացած նայում էր, թե հպարտ արքայադուստրը ինչպես է վազում։ Նրան ճանապարհ էին տալիս, իսկ նա վազում էր ու կանչում պրքայազնին։

― Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,— հարցրեց Քեչբան, երբ Փերիումը վերջապես հասավ նրան։

― Ես Փերիումն եմ, Քիթիգարի արքայադուստրը,— պատասխանեց նա։

― Ահա թե ինչ, ուրեմն դու ես Փերիումը։ Մի կողմ քաշվիր ճանապարհից, ձիերը կարող են տրորել քեզ։ Այսօր իմ հարսանիքն է, ես շտապում եմ։

― Հարսանիք։ Ո՞ւմ հետ։ Ինչպե՞ս թե։ Չէ՞ որ մենք նշանված ենք դեռ մանկուց։ Ես եմ քո հարսնացուն։

― Ո՛չ, դու հրաժարվել ես, չե՞ս հիշում,— ասաց Քեչբան քմծիծաղով։

― Ես սխալվել եմ,— գոչեց Փերիումը։― Ես մերժեցի, որովհետև կարծում էի... կարծում էի... — աղջիկը չկարողացավ շարունակել, նա լաց էր լինում։

― Ես գիտեմ, ինչու ես մերժել,— ասաց Քեչբան։― Իմ մականվան պատճառով։ Բայց ինչ կա դրա մեջ...

Նա հաճույք էր զգում Փերիումի հոգու հետ խաղալուց և ներքուստ ուրախանում, որ աղջիկը վերջապես ընդունել էր իր սխալը։

― Շատ, շատ բան կա,— հեկեկում էր Փերիումը։― Քեչբան մեծ, սև, գարշելի սողացող արարած է, մինչդեռ Համիրն ուրիշ է։ Հա֊միր, Հա-միր։ Ինչ քաղցր անուն է։— Արցունքները հոսում էին ու ողողում նրա այտերը։

Ջունագարի ռաջան ուշիուշով հետևում էր Փերիումի և որդու խոսակցությանը։ Նա գլխի ընկավ, որ կամակոր աղջկան լավ դաս է տվել, ու Փերիումը հիմա արդեն կամուսնանա Քեչբայի հետ։

Եվ հարսանեկան երջանիկ թափորը շարժվեց դեպի պալատ։ Ի՜նչ փառահեղ հարսանիք եղավ։ Ե՛վ Սորաթում, և՛ Ջունագարում մի քանի օր շարունակ քեֆ ու ուրախություն էր։


Յոթ հարսնացու յոթ արքայազնի համար

Վաղուց, շատ վաղուց մի թագավոր էր ապրում։ Նա յոթ որդի ուներ, բոլորն էլ քաջ, գեղեցիկ ու խելացի։ Ծեր թագավորը որդիներին սիրում էր հավասարապես։ Յոթն էլ հագնվում էին միանման ու նույն դաստիարակությունն էին ստանում։

Որդիները մեծացան, և թագավորը յուրաքանչյուրին առանձին պալատ տվեց, որոնք դրսից ու ներսից այնքան նման էին իրար, որ մեկը տեսնելը նույնն է, թե բոլորն ես տեսել։

Երբ որդիների ամուսնանալու ժամանակը եկավ, թագավորը երկրով մեկ մարդիկ ուղարկեց հավասար շնորհքի ու գեղեցկության տեր յոթ հարսնացու գտնելու համար։ Թագավորի մարդիկ շատ ման եկան, շատ արքայադուստրեր տեսան, բայց յոթ միանման հարսնացու գտնել չկարողացան։ Նրանք փոր ու փոշման վերադարձան ու իրենց անհաջողության մասին պատմեցին թագավորին։

Թագավորն այնպես հուսահատվեց ու մռայլվեց, որ գլխավոր խորհրդականը շատ անհանգստացավ. հարկավոր էր մի ելք գտնել։

— Հույսդ մի կտրիր, տեր թագավոր,— ասաց նա։ Անշուշտ, անհնար է յոթ որդիներիդ նման կատարյալ յոթ հարսնացու գտնելը։ Ապավինենք պատահականությանը, գուցե բախտներս բերի...

Թագավորը կանչեց որդիներին, պատմեց եղելությունը։ Արքայազները համաձայնեցին. ինչ արած, մնում էր հույսը դնել պատահականության վրա։

Իսկ խորհրդականը ահա թե ինչ էր մտածել։ Նա արքայազներին առաջարկեց բարձրանալ ամրոցի աշտարակը, որտեղից երևում էր քաղաքը և ողջ շրջակայքը։ Նրանց մի-մի նետ տվեց և պաավիրեց արձակել ցանկացած ուղղությամբ. ում տան մոտ որ ընկներ նետը, այդ տնից էլընտրելու էին հարսնացուն, նույնիսկ եթե նա գեղջկուհի լիներ։

Արքայազները լարեցին աղեղները և արձակեցին նետերը։ Վեց եղբայրների նետերն ընկան հարուստ ու ճանաչված մարդկանց կտուրներին։ Իսկ կրտսեր որդու նետը թռավ քաղաքի վրայով ու կորավ տեսադաշտից։

Ծառաները ամեն տեղ փնտրեցին և վերջապես նետը գտան հնդկաթզենու ճյուղին մեխված, որի վրա մի կապիկ կար նստած։

Թագավորական խորհուրդը որոշեց արքայազնին թույլ տալ մի անգամ էլ բախտը փորձելու։ Բայց արքայազնը, ի զարմանս բոլորի, հրաժարվեց։

— Ոչ,— ասաց նա,— եղբայրներս իրենց արժանի գեղեցիկ հարսնացուներ գտան, դա նրանց բախտից էր։ Բայց ես չեմ խախտի տվածս խոստումը։ Գիտեմ, որ հնարավոր չէ ամուսնանալ կապիկի հետ, բայց ուրիշի հետ էյ չեմ ամուսնանա։ Ես նրան տուն կտանեմ ու կպահեմ որպես սովորական տնային կենդանի։

Արքայազնը այդպես էլ արեց։

Վեց բախտավոր արքայազների հարսանիքը նշվեց մեծ շուքով, տոնահանդեսներով, երգով ու պարով, հրավառությամբ և այլ արարողություններով։ Տները զարդարված էին մանգոյի ու բանանի ճյուղերով։ Ամբողջ քաղաքն ուրախանում էր, բացի կրտսեր արքայազնից, որը ադամանդե վզնոց էր հագցրել կապիկին ու նստեցրել իր կողքին՝ թավշապատ գահավորակի վրա։

— Խե՜ղճ կապիկ,— ասաց արքայազնը,— այս ուրախ օրը դու նույնքան միայնակ ես, որքան ես։ Բայց չեմ թողնի, որ դու տխրես։ Քաղցած չե՞ս։

Եվ նա մի ափսե հյութալի մանգո դրեց կապիկի առաջ։ Հետո սկսեց զրուցել կապիկի հետ ու այնպես ընտելացավ, որ ժամանակի մեծ մասը նրա հետ էր անցկացնում։ Ոմանք նրան հիմար էին համարում, ոմանք՝ կամակոր, շատերն էլ՝ խենթ։

Թագավորն իր խորհրդականների ու մյուս որդիների հետ երկար մտածեց, թե ինչ անի։ Որոշեցին մի կերպ խելքի բերել նրան և ամուսնացնել։ Բայց արքայազնը լսել անգամ չուզեց ամուսնանալու մասին։

Ամիսներ անցան ամիսների հետևից, բայց արքայազնը չփոխեց մտադրությունը։ Ընդհակառակը, գնալով ավելի էր կապվում կապիկին։ Մարդիկ հաճախ էին տեսնում նրանց պալատի այգիներում միասին զբոսնելիս։

Վերջապես, մի օր թագավորն իր մոտ կանչեց բոլոր յոթ արքայազներին և ասաց.

— Զավակներս, տեսնում Եմ, որ բոլորդ էլ երջանիկ եք։ Նույնիսկ դու, կրտսեր որդիս։ Համենայն դեպս, ինձ այդպես է թվում։ Ձեր Երջանկությունն իմ երջանկությունն է։ Ես ուզում եմ այցելել ձեզ ու նվերներ տալ իմ հարսներին։

Ավագ որդին առաջինը հորը ճաշի հրավիրեց։ Եղբայրները կրկնեցին նույնը։ Թագավորը հերթով այցելեց բոլորին։ Ընդունելությունները փառահեղ էին անցնում։ Թագավորն իր հարսներին նվիրում էր թանկագին գոհարեղեն ու շքեղ զգեստներ։ Եկավ կրտսեր որդուն այցելելու հերթը։

Արքայազնը շատ էր մտահոգված։ Հորը ինչպե՞ս հրավիրեր իր տուն, որտեղ կապիկ էր ապրում։ Իհարկե, նրա համար իր կապիկը ավելի վայելուչ ու հաճելի էր, քան երկրի վեհաշուք կանանցից ոմանք, բայց միևնույն է, կապիկը մնում է կապիկ։ Ինչևէ, նա վճռեց չամաչել ու չթաքցնել նրան։

— Ի՞նչ անեմ, բարեկամս,— ասաց նա կապիկին, երբ միասին զբոսնում էին այգում։— Երանի լեզու առնեիր ու հանգստացնեիր ինձ։ Եղբայրներս արդեն թագավորին ցույց են տվել իրենց տունն ու կանանց։ Հիմա հերթն իմն է, նրանք կծաղրեն ինձ, եթե քեզ ներկայացնեմ։

Կապիկը, որ միշտ լուռ ու կարեկից լսում էր արքայազնին, հիմա ինչ-որ բան էր փորձում հասկացնել՝ ցույց տալով ձեռքում պահած խեցու կտորը։ Արքայազնը վերցրեց խեցին։ Նրա վրա կանացի գեղեցիկ ձեռագրով գրված էր. «Մի անհանգստացիր, արքայազն։ Գնա այնտեղ, որտեղից գտար ինձ, խեցու այս բեկորը գցիր հնդկաթզենու փչակն ու սպասիր պատասխանի»։ Արքայազնը մի պահ վարանեց, բայց հետո արեց այն, ինչ որ գրված էր։ Հնդկաթզենին հնամյա ծառ էր, մի քանի հարյուր տարեկան՝ սաղարթախիտ, հզոր ճյուղերով ու արմատներով։ Եվ բունը, թեև փչակով, ահռելի հաստություն ուներ։ Մոտենալով ծառին՝ արքայազնը խեցու կտորը փչակը գցեց ու մի կողմ քաշվեց, տեսնելու, թե ինչ էր լինելու հետո։

Նա երկար չսպասեց։

Կանաչազգեստ մի գեղեցկուհի դուրս եկավ փչակից ու խնդրեց արքայազնին հետևել իրեն։ Նա ասաց, որ փերիների թագուհին ուզում է անձամբ տեսնել արքայազնին։

Արքայազնը մագլցեց ծառը, մտավ փչակն ու, խավարում խարխափելով, առաջ գնաց։ Եվ հանկարծ հայտնվեց մի պայծառ, հրաշալի այգում, որտեղ հոյակերտ մի պալատ տեսավ։ Այգին բարձրուղեշ արևածաղիկների շքախմբով էր շրջապատված։ Ծաղիկների միջով քաղցրահնչուն առվակն էր խոխոջում, որի հատակին գլաքարերի փոխարեն ադամանդներ ու շափյուղաներ էին շողշողում։ Դա մի ուրիշ աշխարհ էր, ուր ամեն ինչ այլ էր, նույնիսկ լույսը, որ թեև ավելի պայծառ էր ու ջերմ, բայց չէր շլացնում։ Նա քայլեց արծաթաջուր շատրվանի մոտով, ոսկե աստիճաններով վեր բարձրացավ, ներս մտավ պալատի մարգարտապատ դռներով և, ով զարմանք, շրջապատի ողջ գեղեցկությունը խունացավ նրա աչքին՝ տեսնելով դիմացը կանգնած չքնաղագեղ փերուն։ Այդպիսի գեղեցկություն անհնար է պատկերացնել։

— Այո, արքայազն, ես գիտեմ, ինչու ես եկել,— ասաց փերին։— Մի՛ վհատվիր, գնա տուն և պատրաստվիր ընդունելու հորդ։ Վաղը ամեն ինչ պատրաստ կլինի։ Իմ ծառաները կհոգան այդ մասին։

Հաջորդ առավոտյան, երբ արքայազնը արթնացավ իր պալատում, աչքերին չհավատաց։ Թվում էր, թե պալատը նոր կյանքով է ապրում։ Այգիները լիքն էին մանգոյի, փափայայի, նռան ու դեղձի ծառերով։ Ծառերի ստվերում մրգերով, քաղցրավենիքներով, անուշահյութերով ու օշարակով ծանրաբեռնված սեղաններ էին դրված։ Կանաչների ու ծաղիկների մեջ երեխաներ էին խաղում, իսկ տղամարդիկ ու կանայք երաժշտություն էին լսում։

Արքայազնը ավելի ապշեց, երբ տեսավ պալատի աղմուկն ու աշխուժությունը։ Սեղանները տնքում էին համեղ խորտիկների ծանրությունից։ Առաստաղից պայծառ ջահեր էին կախված, իսկ բազմագույն ծաղիկները անուշ բուրմունք էին տարածում չորսբոլորը։

Քիչ անց վազելով եկավ սպասավորը և հայտնեց, որ թագավորը գալիս է։ Արքայազնը դիմավորեց հորն ու պալատականներին և առաջնորդեց շքեղորեն զարդարված հյուրասենյակը։ Հենց այստեղ էլ տրվեց ճաշը։ Հետո բոլորը պնդեցին, թե ուզում են տեսնել արքայազնի ընտրյալին, այդպիսի փառահեղ ճաշից հետո երևի չէր խանգարի զվարճանալ՝ նայելով կապիկին։

Արքայազնը զգաց, որ անհնար է նրանց մերժել և տրտմորեն գնաց կապիկին բերելու։ Սպասվող ծաղրուծանակը վախեցնում էր նրան։ Նա հասկանում էր, որ այդ բոլորը թագավորի հնարածն էր՝ իր համառությունը կոտրելու և խոստումը դրժելու համար։

Արքայազնը բացեց իր սենյակի դուռը, և լույսի ցոլքը քիչ մնաց կուրացներ նրան, սենյակի կենտրոնում, գահի վրա նստած էր նույն այն փերին, որի մոտ ուղեկցել էր նրան կանաչազգեստ գեղեցկուհին։

— Այո, արքայազն,— ասաց փերին,— ես կապիկին հեռացրեցի և ինքս եմ եկել քեզ իմ ձեռքն առաջարկելու։

Արքայազնի աչքերում արցունքներ երևացին։

—Ի՞նչ ես արել,— ասաց նա։— Քո գեղեցկությունը չի փոխհատուցի իմ ընկերոջ կորուստը։

Այդ ժամանակ փերին ժպտալով ասաց.

— Եթե իմ գեղեցկությունը քեզ չհուզեց, գեթ երախտագիտությունը թող օգնի քեզ՝ ընդունելու իմ ձեռքը։ Տես, թե որքան եմ չարչարվել հորդ ու եղբայրներիդ գոհացնելու համար։ Ամուսնացիր ինձ հետ, և դու կունենաս աշխարհի բոլոր հարստությունները, ու բոլոր հաճույքները քոնը կլինեն։

— Ես քեզնից նման բան չեմ խնդրել,— վրդովվեց արքայազնը։— Այդ ի՞նչ դավեր ես նյութել։ Ինչու ես հեռացրել ինձանից իմ կապիկին։ Վերադարձրու նրան, և ես քո ստրուկը կլինեմ։

Եվ փերին իջավ գահից, բռնեց արքայազնի ձեռքն ու խոսեց՝ սիրով ու ակնածանքով լի։

— Իմ մեջ տես քո ընկերոջն ու բարեկամին,—ասաց նա։— Ես կապիկի կերպարանք էի առել քո անկեղծությունն ու հավատարմությունը փորձելու համար, կապիկի իմ մորթին ընկած է անկյունում։

Արքայազնը նայեց և, իրոք, սենյակի անկյունում տեսավ մորթին։ Ապա երկուսով բազմեցին գահին, ու երբ փերին ասաց՝ «Բարձրացիր, բարձրացիր, բարձրացիր», գահը օդ բարձրացավ ու սահեց դեպի դահլիճ, որտեղ հավաքված էին հյուրերը։ Արքայազնը իր փերուն ներկայացրեց հորը, և կարող եք պատկերացնել թագավորի ու հյուրերի զարմանքը, որոնք սպասում էին տեսնել կապիկին։

Երջանիկ թագավորը շռայլ ընծաներ տվեց իր նոր հարսին, և շուտով ամբողջ երկիրը նշեց նրանց ամուսնությունը։

Շատ չանցած մյուս արքայազները նախանձեցին իրենց կրտսեր եղբոր բախտին ու որոշեցին կործանել նրա երջանկությունը։

— Եղբայր,— ասացին նրան մի օր,— քո կինը փերի է, իսկ փերիները փոփոխամիտ են ու չար։ Մենք գիտենք, որ դու դեռ պահում ես նրա նախկին հագուստը՝ մորթին։ Ինչո՞ւ ես պահում։ Ի՞նչ գիտես, թե նա մի օր միտքը չի փոխի ու նորից կապիկ չի դառնա։ Արի կլինի, ոչնչացրու մորթին, քանի դեռ ուշ չէ։

Արքայազնը մտածեց, և եղբայրների ասածը նրան ճշմարտանման թվաց։ Նա գտավ մորթին ու գցեց բոցավառվող կրակը։

Կրակի միջից իսկույն բարձր ճիչեր լսվեցին, ապա ծխի մեջ հայտնվեց ինքը՝ փերին, ու դուրս սահեց պալատից։ Միևնույն ժամանակ անհետացան պալատը, այգին ու այն ամենը, ինչ իր հետ բերել էր փերին։

Արքայազնի սիրտը կոտրվեց։

— Բայց մի՞թե հնարավոր է, որ սեր լինի մարդու և օդից ծնվածի միջև,— հարցրեց թագավորը։— Նա հայտնվեց օդից ու անհետացավ օդում։ Լաց մի լինի նրա համար։

Արքայազնը չմխիթարվեց։ Մի օր, վաղ առավոտյան, նա թաքուն դուրս եկավ պալատից ու գնաց հնդկաթզենու մոտ՝ հույս ունենալով այնտեղ գտնել փերու հետքերը։ Բայց ծառը նույնպես անհետացել էր։

Եվ այսպես, շատ օրեր ու գիշերներ նա թափառեց՝ սնվելով միայն վայրի պտուղներով, խմելով միայն անձրևաջուր, քնելով աստղերի տակ և օր առ օր ավելի ու ավելի հեռանալով հարազատ քաղաքից։ Ու մի օր էլ հանդիպեց մի մարդու, որը մի ոտքի վրա կանգնած գոռում էր.

— Մեկ անգամ տեսա քեզ, հայտնվիր կրկին։

Արքայազնը հարցրեց, թե ինչ է պատահել, և մարդը, որ կանգնած էր մի ոտքի վրա, պատասխանեց.

— Ես որս էի անում էս անտառներում, Երբ մի գեղեցկուհի անցավ էստեղով։ Նա վազում էր և կանգ չառավ, ինչքան էլ կանչեցի։ Նրա գեղեցկությունից ու տխրությունից ես էնպես ապշեցի, որ մեխվեցի տեղումս։— Եվ նորից կրկնեց. — Մեկ անգամ տեսա քեզ, հայտնվիր կրկին։

— Ես էլ Եմ նրան փնտրում,— ասաց արքայազնը։

— Ուրեմն շուտ գտիր նրան։ Իսկ երբ գտնես, խնդրում եմ, թող որ մի անգամ էլ տեսնեմ նրան։ Վերցրու իմ մահակը որպես հիշատակ, քեզ պետք կգա ճանապարհին։ Սա կախարդական մահակ է, կկատարի քո բոլոր հրամանները։

Արքայազնը շարունակեց ճանապարհը, այս անգամ արդեն այրող անապատների միջով՝ կանչելով իր փերուն ու պատասխան չստանալով։ Շատ դժվարություններ կրելուց հետո նա մի օազիսի հանդիպեց և փոքրիկ առվակի ջրով հագեցրեց տանջող ծարավը։ Մինչ նա հանգստանում էր ծառի ստվերում, երաժշտության ձայն լսեց ու գնաց նրա ուղղությամբ։ Նա տեսավ քսանամյա մի գեղեցիկ երիտասարդի, որը, գլուխը հակած կիթառին, նվագում էր ինքնամոռաց։ Նույնիսկ թռչունները լուռ ու զմայլված լսում էին։ Երիտասարդը վերջացրեց նվագը, խոր հառաչ արձակեց ու ասաց.

— Մեկ անգամ տեսա քեզ, հայտնվիր կրկին։

Երիտասարդը նույնպես տեսել էր գեղեցկուհուն և այնպես էր հրապուրվել նրա գեղեցկությամբ, որ ի վիճակի չէր եղել տեղից շարժվելու։ Նա իր կիթառը տվեց արքայազնին ու ասաց, որ այն կախարդական է և ընդունակ է հմայելու իրեն ունկնդրող յուրաքանչյուր արարածի։ Իսկ փոխարենը խնդրեց, որ արքայազնը թույլ տար իրեն նորից տեսնել փերուն, երբ գտներ նրան։

Արքայազնը շարունակեց ճանապարհը՝ անցնելով վիթխարի լեռներ ու սաոցադաշտեր։ Ու մի օր էլ, երբ ոտքերը հազիվհազ էր քարշ տալիս ձյուների միջով, նորից լսեց կանչող մի ձայն.

— Մեկ անգամ տեսա քեզ, հայտնվիր կրկին։

Այս անգամ կանչողը մի գունատ ու վտիտ երիտասարդ էր։ Նա նույնպես տեսել էր գեղեցկուհուն, որ վազելով անցել էր լեռներով՝ ապշահար թողնելով նրան լեռան գագաթին։

— Վերցրու էս գլխարկը,— ասաց նա։— Երբ գլխիդ դնես, անտեսանելի կդառնաս։ Փոխարենը թույլ տուր նորից տեսնեմ գեղեցկուհուն, երթ գտնես նրան, թե չէ ես կմեռնեմ էստեղ։ Մահակը, կիթառը և գլխարկը ձեռքին՝ արքայազնը լեռներից իջավ հովիտ, որտեղ մի տաճար էր կանգնած՝ սյուները, տանիքը, պատերը ամբողջովին ձյունից։ Տաճարի ներսում մի յոգ տեսավ, որը, համարյա մերկ, նստած էր օդում, առանց պատվանդանի, հատակից մոտ երեք ոտնաչափ բարձր։ Նրա ամբողջ մարմինը լուսավորված էր տաճարի պատերից ճառագող լույսով։

Ցոգը բացեց աչքերը և, շեշտակի նայելով արքայազնին, ասաց.

— Ես գիտեմ քո պատմությունը։ Նա, ում փնտրում ես, Փերիսի թագավորի դուստրն է, որի ապարասքը գտնվում է Կովկասյան լեռներում։ Տիրուհին շատ հիվանդ է, վերցրու բալասանով լի էս ամանը ու էս փայտե մաշիկները, որոնք քեզ կտանեն ուր որ ուզես։

Հենց որ արքայազնը հագավ մաշիկները, իսկույն օդ բարձրացավ ու լեռների վրայով սլացավ Փերիս երկիրը։ Նա իջավ մի մեծ քաղաքի դարպասների մոտ, գլխին դրեց անտեսանելի գլխարկն ու աննկատ մտավ քաղաք։

Հայտնվելով գլխավոր հրապարակում, արքայազնը հանեց կիթառն ու սկսեց նվագել։ Կիթառի զմայլելի հնչյունները հրապարակ դուրս բերեցին Փերիսի ողջ ժողովրդին։

Թագավորը, լսելով, որ մի հրաշագործ հմայել է իր հպատակներին, ինքն էլ դուրս եկավ տեսնելու նրան։ Նա այնպես կախարդվեց երաժշտությամբ, որ ծնկի իջավ արքայազնի առաջ ու ասաց.

— Իմ դուստրը արդեն շատ ամիսներ տառապում է տարօրինակ հիվանդությամբ։ Բուժիր նրան, աղաչում եմ, նա իմ աչքի լույսն է, իմ միակ հույսը։

Արքայազնը թագավորի հետ նստեց թռչող ոսկե գահավորակին, որը միայն Փերիսում էին պատրաստում, և գնաց պալատ։ Նրան տարան արքայադստեր հարկաբաժինը։ Այստեղ էլ հենց նա գտավ իր գեղեցկուհուն՝ խոր քուն մտած։ Յոգից ստացած բալասանը տվեց սպասուհիներին և պատվիրեց, որ քսեն տիրուհու մարմնին։ Արքայադուստրն արթնացավ ու նստեց մահճակալի մեջ։ Ճանաչելով արքայազնին, այն է, ուզում էր տալ նրա անունը, երբ տղան մատը շուրթերին դրեց ու աչքերով աղերսեց, որ լռի։

Երբ թագավորը տեսավ, որ դուստրն առողջացել է, ասաց արքայազնին.

- Խնդրիր, ինչ որ ուզում ես։

— Քո դստեր ձեռքն եմ խնդրում, տեր արքա,— անվարան պատասխանեց արքայազնը։ Թագավորին կատաղեցրեց նրա հանդգնությունը, և նա զինվորներին հրամայեց կապկպել ու բանտ նետել այդ մուրացկանին։ Բայց արքայազնը իսկույն դրեց գլխարկը և, անտեսանելի դառնալով, մահակին հրամայեց հետ քշել զինվորներին։ Թագավորը, տեսնելով զինվորների անելանելի վիճակը, գթություն աղերսեց։

— Ների՛ր մեզ,— ասաց նա։— Նորից հայտնվիր, խոստանում եմ, որ կստանաս, ինչ ուզում ես։

Արքայազնը նորից հայտնվեց ու ասաց.

— Ես ստիպված էի այդպես վարվել։ Իսկ հիմա տուր ինձ մի թռչող գահավորակ, որը միայն Փերիսում գիտեն պատրաստել, թող ինձ ու դստերդ տանի իմ հոր թագավորությունը։

Փերիսի թագավորը անմիջապես կանչեց դստերը։ Աղջիկը երեք չքնաղ փերիսուհիների ու արքայազնի հետ նստեց գեղեցիկ գահավորակին, որը իսկույն օդ բարձրացավ ու նրանց տարավ արքայազնի երկիրը։

Արքայազնը չմոռացավ այն մարդկանց, որոնք օգնել էին իրեն, և նրանց նույնպես տարավ իր հայրենի երկիրը, որտեղ նրանք ամուսնացան արքայադստերն ուղեկցող երեք փերիսուհիների հետ։ Եվ բոլորը միասին ապրեցին ուրախ ու երջանիկ։

Ինչ վերաբերում է արքայազնի եղբայրներին, ապա թագավորը, իմանալով նրանց չարության մասին, զրկեց ժառանգությունից և հաստատ բանտ էլ կնետեր, բայց կրտսեր արքայազնը խնդրեց ներել նրանց։

Երախտամոռ առյուծը

Հիմալայան լեռների ստորոտում, ջունգլիներում մի փայտփորիկ էր ապրում։ Ապրում էր և մի մեծ առյուծ, որը շարունակ քաղցած էր լինում։ Օրերից մի օր առյուծը մի մեծ կտոր միս գտավ ու սկսեց ագահաբար խժռել։ Հանկարծ ոսկորը դեմ առավ կոկորդին։ Առյուծը ոչ մի կերպ չէր կարողանում ոսկորը հանել։ Կոկորդը սաստիկ ցավում էր և շուտով սկսեց ուռչել։

Այնպես պատահեց, որ փայտփորիկը թռչում էր հենց այդ կողմերով, նա լսեց առյուծի մռնչոցն ու հարցրեց։

— Ջունգլիների արքա, ի՞նչ է պատահել։

— Ոսկոր է մնացել կոկորդումս, չեմ կարողանում հանել,—պատասխանեց առյուծը խռպոտ ձայնով։

— Ոչինչ,— ասաց փայտփորիկը,— ես կհանեմ, միայն թե վախենում եմ, հանկարծ կուլ տաս ինձ։

— Մի՛ վախեցիր,— ասաց առյուծը,— օգնիր, խնդրում եմ, խոսք եմ տալիս, չեմ ուտի քեզ։

Փայտփորիկը պատվիրեց նրան հանգիստ պառկել։ «Համենայն դեպս, առյուծն առյուծ է, չարժե վստահել», մտածեց նա, մի հաստ փայտ վերցրեց ու դրեց առյուծի բացված ծնոտների արանքում, այնպես, որ նա չկարողանար փակել բերանը։ Հետո կտուցով դուրս քաշեց ոսկորը։

Որոշ ժամանակ անցավ և մի արևոտ օր փայտփորիկը նորից հանդիպեց առյուծին, որը դարձյալ մի մեծ կտոր միս էր խժռում։ Փայտփորիկը մտածեց՝ հարմար առիթ է փորձելու առյուծի երախտագիտությունը։

Նստելով մոտակա ծառի բարձր ճյուղին՝ փայտփորիկն ասաց առյուծին.

— Ջունգլիների արքա, հիշում ես, ինչպես մի անգամ օգնեցի քեզ, երբ ոսկորը մնացել էր կոկորդումդ։ Հիմա էլ գուցե դու ինձ օգնես...

— Փայտփորիկ,— ասաց առյուծը,— դու մտար աշխարհի ամենահզոր գազանի բերանը և անվնաս դուրս եկար այնտեղից։ Ուրիշ էլ ի՞նչ ես ուզում։

Լսելով երախտամոռ առյուծի պատասխանը փայտփորիկն այլևս ծպտուն չհանեց ու թռավ գնաց։

Բանյան եղջերուն

Ժամանակով Բենարես քաղաքի մերձակա անտառում ապրում էր Բանյան եղջերու-արքան։ Նրա հոտի մեջ եղնիկների թիվը հասնում էր հինգ հարյուրի։ Եղջերու-արքայի մորթը ոսկեգույն էր, աչքերը կարծես ադամանդներ լինեին, իսկ եղջյուրները արծաթի փայլ ունեին։ Նույն անտառում, շատ մոտիկ, մեկ ուրիշ եղջերու էր ապրում՝ նույնպես ոսկեգույն մորթով և նույնպես հինգ հարյուր եղնիկ ուներ իր հոտում։ Նրա անունը Բրանչ եղջերու-արքա էր։

Այդ ժամանակ Բենարեսի Բրահմադաթա թագավորը խենթի պես հրապուրված էր որսորդությամբ և ամեն օր ճաշին պարտադիր միս էր ուտում։ Ամեն առավոտ սա կանչում էր իր հպատակներին ու ստիպում իր հետ որսի գնալ։ Բայց շուտով նրանք վրդովվեցին և սկսեցին տրտնջալ. «Թագավորը ստիպում է մեզ բան ու գործ թողած իր հետ որսի գնալ»։

Եվ մի օր էլ նրանք հավաքվեցին ու որոշեցին մի հնար գտնել։

— Եկեք խոտ ցանենք թագավորական այգում ու ջրենք։ Հետո եղնիկներին կքշենք այնտեղ, մեր թագավորը, ինչքան սիրտն ուզում է, թող որս անի։

Խոտ ու հացահատիկ ցանեցին ու ջրափոսեր փորեցին այգում։ Հետո զենք ու փայտ առած գնացին անտառ և շրջապատեցին այն տեղը, ուր Բանյան ու Բրանչ եղջերուների հոտերն էին ապրում։ Եղնիկները խուճապահար այս ու այն կողմ փախան, մարդիկ աղմուկ-աղաղակով դուրս քշեցին նրանց անտառից ու հետապնդելով բերեցին այգի։ Հետո ամուր փակեցին այգու դարպասներն ու հաղթանակած գնացին թագավորի մոտ։

— Տեր արքա, դու մեզ գործից կտրում ու որսի էիր տանում,— ասացին նրանք։— Մենք էլ անտառից եղնիկներին հալածեցինք ու քշեցինք քո այգին։ Հիմա կարող ես սպանել և ուտել, ինչքան ուզում ես։

Թագավորը գնաց այգի, տեսավ արածող հարյուրավոր եղնիկներին ու շատ ուրախացավ։ Նա որոշեց խնայել միայն երկու ոսկեգույն չքնաղ եղջերուներին։ Եվ այդպես, ամեն օր կամ ինքը թագավորն էր մի եղնիկ սպանում, կամ էլ իր որսորդին էր հրամայում սպանել։ Երբ եղնիկները տեսնում էին իրենց վրա ուղղված նետուաղեղը, իրար հրմշտելով այս ու այն կողմ էին փախչում, իսկ մի քանի անգամ նետահարվածներն ընկնում էին ուժասպառ։

Բանյան եղջերու-արքան գնաց խորհրդակցելու Բրանչ եղջերու-արքայի իետ։

— Բարեկամս,— ասաց նա,— մեր հոտերը ոչնչանում են։ Իհարկե, մահից խուսափել անհնար է, բայց գոնե զուր տեղը չեն վիրավորվի ու տանջվի։ Ավելի լավ չէ՞ մեր եղնիկները կամավոր գնան գլխատման, մի օր իմ հոտից, հաջորդ օրը՝ քո հոտից։ Մյուս եղնիկները կազատվեն անտեղի վիրավորվելուց։

Բրանչ եղջերու-արքան ընդունեց Բանյան եղջերու-արքայի առաջարկությունը։ Օրական մի եղնիկ ինքնակամ գնում էր պալատ ու գլուխը դնում զոհասեղանին։ Իսկ թագավորի խոհարարին մնում էր միայն մորթել իրեն սպասող զոհին։

Մի օր էլ հերթը հասավ փոքրիկ ձագուկ ունեցող մայր եղնիկին։ Նա Բրանչ եղջերու-արքայի հոտից էր։ Վախից դողդողալով նա մոտեցավ իր արքային ու ասաց.

— Տեր արքա, այսօր իմ հերթն է պալատ գնալու։ Բայց իմ ձագուկը դեռ շատ փոքր է ու չի կարող մենակ ապրել։ Եթե ես մեռնեմ, նրան ո՞վ տիրություն կանի։ Աղաչում եմ, թող ձագուկիս մեծացնեմ մի քիչ, հետո ինքս կամովին կգնամ գլխատվելու։

Բրանչ եղջերու-արքան անհաղորդ մնաց երիտասարդ մոր աղաչանքին ու կտրուկ ասաց.

— Ես չեմ կարող ուրիշին ուղարկել քո փոխարեն։ Այսօր քեզ է վիճակվել մեռնել, ուրեմն քո ճակատագիրն է։ Էլ մի՛ ուշանա, գնա։

Մայր եղնիկը արցունքն աչքերին շրջվեց ու նայեց իրեն հոտոտող ձագուկին։ Նա որոշեց գնալ Բանյան եղջերու-արքայի մոտ ու նրանից գթություն աղերսել։ Եվ չսխալվեց։ Բանյան եղջերու-արքայի սիրտը շարժվեց հուսահատ ու վշտաբեկ մոր տեսքից։

— Վերադարձիր քո հոտը և խնամիր փոքրիկիդ,— ասաց նա։— Ես ուրիշին կուղարկեմ քո փոխարեն։

Եվ Բանյան եղջերու-արքան ինքը գնաց պալատ ու գլուխը դրեց զոհասեղանին։ Խոհարարը, տեսնելով նրան, բացականչեց.

— Վահ, ախր սա եղնիկների արքան է, չէ՞ որ թագավորը հրամայել է նրան չսպանել։ Սա ի՞նչ է նշանակում։

Գլխակորույս նա վազեց թագավորի մոտ ու հայտնեց եղելությունը։ Թագավորն ու բոլոր պալատականները դուրս վազեցին ու ինչ տեսնեն՝ գեղեցիկ, ոսկեգույն եղջերուն հնազանդ գլուխը դրել էր զոհասեղանին։

— Բարեկամս,— ասաց թագավորը,— եղնիկների արքա, մի՞թե ես քեզ կյանք չխոստացա։ Ինչո՞ւ ես եկել։

— Ո՛վ արքա, մայր եղնիկն իր ձագուկի հետ եկավ ու խնդրեց այս անգամ խնայել իրեն։ Եթե նա մեռնի, ձագուկին խնամող չի լինի, նա էլ կմեռնի։ Ես չէի կարող ուրիշին ուղարկել, այդ պատճառով էլ ինքս եկա նրա փոխարեն։

Թագավորը զարմացած նայեց Բանյան եղջերու-արքային։

— Ո՛վ դու եղջերուների ոսկե թագավոր, ես նույնիսկ մարդկանց մեջ նման անձնազոհություն չեմ տեսել։ Ոչ ոք չի կարող հավասարվել քեզ սիրո, ողորմածության ու կարեկցանքի մեջ։ Վեր կաց, ես խնայում եմ և՛ քո, և՛ մայր եղնիկի կյանքը։

— Դու մեզ խնայում ես, ով վեհագույն, իսկ մյուսնե՞րը։

— Մեծ եղջերու, ես նրանց կյանքն էլ եմ խնայում։

— Արքա, դու խնայում ես եղնիկներին, բայց մյուս կենդանինե՞րը։

— Ես նրանց էլ եմ խնայում։

— Արքա, բոլոր կենդանիները կփրկվեն, իսկ քո թագավորությունում ապրող թռչուննե՞րը։

— Նրանք նույնպես ազատ կլինեն։

— Արքա, թռչունները ազատ կլինեն, իսկ գետերի ու լճերի ձկնե՞րը։

— Ձկներն էլ ազատ կլինեն։

Ոտքի կանգնելով՝ Բանյան եղջերու-արքան շնորհակալություն հայտնեց թագավորին գթասրտության համար ու վերադարձավ այգի։

Թագավորը հրամայեց բաց անել դարպասները։ Բանյան և Բրանչ եղջերու-արքաները իրենց հոտերն անտառ առաջնորդեցին, որտեղ նրանք խաղաղությամբ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջը։

Լեռնային լճակը

Ոսկե նետը

Փորձություն

Գոռոզ թագավորը

Ժլատ Բալու Շահը

Յոթ աստղեր

Արքայազն Շամշեր Ջունգը

Ոսկե սագը

Անմաքուր խիղճ

Ժլատ Քանայա լալը

Արծաթե զամբյուղը

Անապատի ծաղիկներ

Բանիան և ջաթը

Գողը

Քաջ Սրիդաթան

Կապույտ շնագայլը

Հիմարի դատողությունը

Աքբար թագավորի իմաստությունը

Թեջիմալա

Հնարամիտ Ռոհինին

Մեծահոգի կապիկը

Հիրայի և Լալի բարեկամությունը

Կեղծիք

Կոկորդիլոսը և շնագայլը

Փրաթափ թագավորն ու Ռամդասը

Ոգին

Ազնիվ եղջերուն

Լակշմին և տիկնիկը

Խրատ թագավորներին

Երեք մատանի

Սպիսսսկ փիղը

Վիքրամ արքան և յոգը

Հիմալայների ճգնավորը

Խելք ընդդեմ ճակատագրի

Ոսկեգույն եղջերուն

Դաքշինան

Հրաշալի նվերը

Աշոքի արկածները

Սիվի արքան

Լավ արարք

Ոսկե պոչով օձը

Խորամանկ կրիան

Ոսկե առնետը

Իննսունինը

Օձ թագավորը

Լացող արձանը

Կախարդական խեցին

Հաշտություն

Աղե օժիտը

Եզը, որ կատարեց իր խոստումը

 Շատ ժամանակ առաջ մի փոքրիկ գյուղում Դեմափալ անունով մի մարդ էր ապրում։ Նա մի ուժեղ եզ ուներ և միշտ պարծենում էր նրանով։

Մի օր նա ասաց ընկերներին.

― Ես հարյուր արծաթ կբաժանեմ աղքատներին, թե որ իմ եզը միանգամից հարյուր սայլ չկարողանա քաշել։

Ընկերները մտածեցին, որ Դեմափալը խելքը թռցրել է, և մի կուշտ ծիծաղեցին։

― Շատ լավ, թեր Փորձենք եզիդ,― ասացին նրանք։

Հաջորդ օրը վաղ առավոտյան Դեմափալը եզին գյուղամեջ բերեց։ Հարյուր սայլ կցեցին իրար, և եզին լծեցին առջևի սայլին։ Մեծ բազմություն էր հավաքվել դիտելու այդ տեսարանը։ Դեմափալը վստահ իր հաղթանակին, վերցրեց մտրակն ու սկսեց հարվածել եզին։

― Դե գնա, անպիտան, դե քաշիր, թշվառական,― ասում էր նա։

Բայց եզը տեղից չէր շարժվում։ Նա սովոր չէր այդպիսի բառերի, ոչ էլ նման վերաբերմունքի։ Եվ որոշեց տեղից չշարժվել։ Տեսնելով եզի համառությունը՝ Դեմափալը ստիպված հարյուր արծաթ վճարեց գյուղացիներին։

Հետո դժբախտ մարդը տուն հասավ և իրեն գցեց մահճակալին։

«Ախր, իմ եզը ավելի ծանր բեռների է սովոր, այսօր ինչու համառեց։ Ինչու ինձ խայտառակեց գյուղացիների մոտ»,― հարցնում էր նա ինքն իրեն։

Որոշ ժամանակ անց Դեմափալը սովորականի նման իր գործին անցավ։ Երբ կերակրում էր եզին, վերջինս դարձավ նրան ու ասաց.

― Ինչո՞ւ այսօր էդպես վատ վարվեցիր ինձ հետ։ Առաջ դու ինձ երբեք չէիր մտրակել ու ոչ էլ էդպիսի վատ բառեր էիր ասել։

Դեմափալը հասկացավ, և շատ զղջաց իր արարքի համար ու խոստացավ այլևս երբեք այդպիսի բան չանել։ Եզը խղճաց տիրոջն ու ասաց.

― Վաղը ինձ նորից գյուղամեջ տար։ Ես կքաշեմ հարյուր սայլը, և դու ետ կբերես կորցրածդ հարյուր արծաթը։

Մյուս օրը, առավոտ վաղ նրանք գնացին գյուղամեջ։ Հենց որ գյուղացիները տեսան նրանց, սկսեցին աղմկել և ձեռ առնել։ Նրանք հարցրեցին Դեմափալին, թե նորից փող տարվելու միտք չունի արդյոք։

Դեմափալը հպարտ պատասխանեց.

― Այսօր ես պատրաստ եմ վճարելու երկու հարյուր արծաթ, եթե իմ Եզը չկարողանա հարյուր սայլ քաշել։

Եվ եզին նորից լծեցին։ եվ դարձյալ մեծ բազմություն էր հավաքվել։ Այս անգամ Դեմափալը շատ քնքշորեն էր վարվում եզի հետ։

― Անուշի՛կս, քաշիր, ինչքան որ ուժ ունես։

Այդ խոսքերի վրա եզը շարժվեց, իսկ նրա հետևից՝ հարյուր սայլը։ Նա գնաց այնքան, մինչև վերջին սայլը հասավ առաջինի տեղը։

Մարդիկ զարմացան և ստիպված եղան վճարել ամբողջ գումարը, որը երկու անգամ ավեի էր Դեմափալի նախորդ օրվա կորցրածից։

Եզը և նրա տերը, փողն առած, ուրախ-ուրախտունվերադարձան։