Վերջին թարմացում 31 Մայիսի 2013, 15:29

Հաշվետու եմ…

15:29, 31 Մայիսի 2013 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հաշվետու եմ…

հեղինակ՝ Ռաֆայել Ղազարյան

(հատված)

66֊ի ապրիլի 24֊ին որոշեցինք ծաղիկ դնել Կոմիտասի շիրիմին։ Քաղաքը խստիվ հսկվում էր. երեքից ավելի խումբը վտանգավոր էր դիտվում։ Նորից Սարգսի (Սարգիս Մուրադյան. նկարիչ – ԳՂ) մեքենան. մեզ միացավ նկարիչ Հենրիկ Սիրավյանը և մի կին գրող, ցավոք, չեմ հիշում՝ ով։ Այգում սպաներ էին շրջում։ Ըստ երևույթին մեր անցաթուղթը Պարույրն էր (Պարույր Սևակ ֊ԳՂ). Կոմիտասի շիրիմի կողմից մի ավագ լեյտենանտ քարշ էր տալիս երիտասարդ մի զույգի, հավանաբար՝ ուսանողների. պարզվեց՝ համարձակվել էին ծաղիկ դնել շիրիմին. տղային քոթակել էին։ Արյունը խփեց գլուխս.
— Վերջին անգամ նման տեսարան տեսել եմ 42֊ին,— հանդարտ կատաղությամբ դիմեցի ավագ լեյտենանտին, նա ընդհարումից կրակ կտրած հայացքը լարեց վրաս,— օկուպացված Կրասնոդարում էր,֊ խաբուսիկ մեղմությամբ շարունակեցի, — ֆաշիստներն էին նույնը անում մեզ հետ։
— Ուզում ես ասել՝ ֆաշի՞ստ եմ,— չռեց աչքերը։
— Իհարկե ոչ,֊ շտապեցի հերքել,— դու ավելի վատն ես։ Նա օտարին էր ծեծում, դու՝ յուրայինին։
Չհասցրեց հարձակվել՝ հանկարծ հայտնված մայորն ու փոխգնդապետը ոլորեցին ձեռքերս ու քաշեցին դեպի իրենց մեքենան, ընդ որում փոխգնդապետը ռուսերեն սպառնալիքներ էր թափում գլխիս։ «Գոնե այսօր հայերեն խոսեք»,— նետեցի ես։ ”Я тебе покажу хаерен”,— խոստացավ հայ փոխգնդապետը։ Նա ետ մնաց, մայորը, ձեռքս ոլորած, շարունակեց ճամփան։ Վիճակը նվաստացուցիչ էր. «Եթե անմիջապես չթողնեք ձեռքս, կկրծեմ ձեր քիթը, լակոտ չեմ, չեմ փախչի»… Նա շփոթված նայեց աչքերիս ու թողեց ձեռքս։ Մեքենա նստելու պահին կողքը կանգնած մի քանի «դրուժինիկ» չարախինդ նայում էին մեզ։
«Ու՞ր էր, Պարույրն էլ մի բան աներ՝ ծեծեինք»,— ծոր տվեց մեկը։ Դա շանթեց այն աստիճան, որ չհասցրի շշպռել՝ մտցրին մեքենա։ Լա՜վ, ինձ՝ շարքային թեկնածուիս, չեն ճանաչում, բայց Պարույր Սևակին ծեծել երազող հա՞յ… Բերեցին «Հայրենիք» կինոթատրոնի միլիցիայի բաժին ու փակեցին մի փոքր սենյակում։ Վիճակս բարդանում էր մի հանգամանքի առկայությամբ. շալվարիս գրպանը տռզել էր թռուցիկներով, որոնք մի քանի գիշեր տպում էի գրամեքենայի վրա։ Բովանդակությունը չէր փայլում օրիգինալությամբ. նորից Ղարաբաղ, նորից Նախիջևան։ Նախորդ գիշերները մի քանիսը կպցրել էի պատերին, մեծ մասը մնացել էր։ Այդ մասին գիտեր միայն Սարգիսը։ Քառորդ ժամ անց սենյակ մտան կրակոտ ավագ լեյտենանտը և Սարգիսը։ Երկար միջանցքով քայլելիս՝ գրգռված սպան չնկատեց, որ մենք կես քայլ հետ ընկանք. դա բավական էր, որ Սարգիսը ձեռքը խոթի գրպանս ու հանի թռուցիկների խուրձը։ Ներս մտանք ընդարձակ աշխատասենյակ. սեղանի շուրջը՝ ընկերներս, սեղանի գլխին՝ պետը՝ նոր սերնդի երիտասարդ, գուցե և մի փոքր ճեզվիտ… Համենայն դեպս կտրուկ և դրականապես տարբերվում էր ինչպես նախկին, այնպես էլ օրինապահության այսօրվա «ասպետներից», որոնք մասնագիտական և մտածողական ունակությունները խիզախաբար լրացնում են բռունցներով, քանզի հարցաքննվողը նմանատիպ պատասխանի հնարավորություն չունի։ Ավելի ուշ իմացա, որ տղաները նախապես հայտարարել էին՝ կա՛մ դուրս են գալիս ինձ հետ, կա՛մ բոլորն են մնում։ Դիվանագետ պետը հասկացել էր, որ ամենաճիշտը հաշտության եզրերի հանգելն է, ուստի սկսեց խրատական իր զրույցը ինձ հետ, ակնարկելով դատը և ազատազրկումը։ Թռուցիկների խուրձից ազատվելով՝ հանգստացել ու աքլորացել էի. պատասխանեցի, որ երազում եմ բաց դատ, ուր վերջապես կասեմ այն ամենը…«Ձենդ կտրի, վեր ընկի տեղդ»,֊ խոսքս կտրեց Պարույրը. հազիվ էին խաղաղեցրել մթնոլորտը, կարող էի փչացնել։ Հետագա զրույցն ընթացավ խաղաղ հունով ու տևեց 2 ժամից ավելի։ Երբ վերջապես հրաժեշտ տվեցինք ու դուրս էինք գալիս սենյակից, կողքս հայտնվեց «կրակոտ» ավագ լեյտենանտը. «Շնորհակալ եմ, եղբայրս,֊ շշնջաց,֊ շատ բան հասկացա»։ Եթե անհարմար չլիներ, կհամբուրեի։