Վերջին թարմացում 6 Հունիսի 2017, 13:53

Ծիծաղելի մարդու երազը

13:53, 6 Հունիսի 2017 տարբերակ, LevonDa (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ծիծաղելի մարդու երազը

հեղինակ՝ Ֆյոդոր Դոստոևսկի
թարգմանիչ՝ Հակոբ Սողոմոնյան
աղբյուր՝ andin.am

I

Ես ծիծաղելի մարդ եմ։ Հիմա նրանք ինձ խենթ են անվանում։ Դա կոչման բարձրացում կլիներ, եթե ես նրանց համար չմնայի նույն ծիծաղելին, ինչպես և առաջներում։ Բայց հիմա ես այլևս չեմ զայրանում, հիմա նրանք բոլորն ինձ համար սիրելի են, և նույնիսկ այն ժամանակ, երբ ծիծաղում են ինձ վրա, ինչ-որ բանով նույնիսկ ավելի սիրելի են։ Ես ինքս էլ կծիծաղեի նրանց հետ՝ ոչ թե ինձ վրա, այլ նրանց սիրելով, եթե նրանց նայելիս ինձ այդքան տխուր չզգայի։ Տխուր է այն պատճառով, որ նրանք չգիտեն, թե ինչ է Ճշմարիտը, իսկ ես գիտեմ։ Ախ, ինչ դժվար է Ճշմարիտը միայնակ գիտենալը։ Բայց նրանք դա չեն հասկանա։ Ոչ, չեն հասկանա։

Իսկ առաջ ես շատ էի տխրում, որ ծիծաղելի եմ թվում։ Չէր թվում, ես այդպիսին էի։ Ես միշտ էլ ծիծաղելի եմ եղել, և այդ մասին գիտեմ թերևս իմ ծննդյան օրից։ Գուցե յոթ տարեկանից գիտեի, որ ծիծաղելի եմ։ Հետո ես սովորեցի դպրոցում, հետո՝ համալսարանում, և ի՞նչ՝ ինչքան սովորում էի, այնքան համոզվում ու վարժվում էի, որ ես ծիծաղելի եմ։ Այնպես որ, համալսարանական իմ ողջ գիտությունը ասես լոկ նրա համար էր, որ ի վերջո ապացուցեր և բացատրեր ինձ, որ ես ծիծաղելի մարդ եմ։ Գիտությանը նման էլ ընթանում էր կյանքը։ Տարեցտարի իմ մեջ աճում և ամրապնդվում էր իմ ծիծաղելի լինելու համոզմունքը. բոլոր իմաստներով։ Ինձ վրա ծիծաղում էին բոլորը և միշտ։ Բայց նրանք չգիտեին, և ոչ ոքի գլխի չէր ընկնում, որ եթե աշխարհի երեսին կա մի մարդ, որն ամենից առավել գիտի այն մասին, որ ես ծիծաղելի եմ, ես ինքս եմ, և հենց դա էլ ինձ համար ամենավիրավորականն էր, որ նրանք դա չգիտեն, սակայն այս հարցում ինքս էի մեղավոր. ես այնքան հպարտ էի, որ երբեք և ոչ մեկին չէի ուզում դա խոստովանել։ Տարիների հետ այդ հպարտությունն իմ մեջ ուժգնանում էր, ու եթե հանկարծ այնպես լիներ, որ եթե անգամ ինձ թույլ տայի որևէ մեկի առջև խոստովանել, որ ես ծիծաղելի եմ, ապա, ինձ թվում է, հենց նույն երեկո էլ գլուխս կջախջախեի ռևոլվերով։ Օ՜, ինչպես էի ես պատանեկությանս տարիներին տառապում այն բանի համար, որ հանկարծ չեմ դիմանա, և ինքս ընկերներիս ինչ-որ ձևով կխոստովանեմ դա։ Բայց այն ժամանակներից, ինչ ոտք դրեցի երիտասարդության սեմին, թեև տարեցտարի ավելի ու ավելի շատ բան էի իմանում իմ զարհուրելի հատկության մասին, սակայն, չգիտես ինչու, փոքր-ինչ հանգիստ էի դարձել։ Հենց չգիտես ինչու, որովհետև մինչև հիմա էլ չեմ կարողանում պարզել, թե ինչու։ Գուցե այն պատճառով, որ իմ հոգում աճում էր զարհուրելի տխրությունը մի հանգամանքի հետ կապված, որն արդեն անսահման վեր էր ինձնից. այն է՝ ինձ համակած մի համոզմունք, որ աշխարհում ամեն ինչ անտարբեր է ամեն ինչի նկատմամբ և ամենուր ամենայն բան ամեն բանի համար միևնույնն է։ Ես շատ վաղուց էի կանխազգում դա, բայց լիակատար համոզմունքն ի հայտ եկավ վերջին տարում, մի տեսակ հանկարծակի։ Ես հանկարծ զգացի, որ ինձ համար միևնույնն է՝ աշխարհը կա՞, կլինի՞, թե՞ չկա, երբեք ոչ մի տեղ ոչինչ չի լինի։ Ես սկսեցի լսել ու ողջ էությամբ զգալ, որ ես ինքս ոչինչ չունեմ, ներսումս ոչինչ չկա։ Սկզբում ինձ անընդհատ թվում էր, թե փոխարենը առաջներում շատ բան է եղել, բայց հետո կռահեցի, որ առաջ էլ ոչինչ չի եղել, այլ միայն, չգիտես ինչու, թվացել է։ Քիչ-քիչ ես համոզվեցի, որ հետո էլ, երբեք էլ ոչինչ չի լինելու։ Այդժամ ես հանկարծ դադարեցի մարդկանց վրա զայրանալուց և սկսեցի գրեթե չնկատել նրանց։ Ճշմարիտ, դա ի հայտ էր գալիս նույնիսկ ամենաչնչին մանրուքներում։ Պատահում էր, օրինակ, որ գնում եմ փողոցով և հանկարծ դեմ առնում մարդկանց. և ոչ թե մտազբաղությունից. ի՞նչ մտազբաղության մասին կարող էր խոսք լինել, եթե ես այն ժամանակ ընդհանրապես դադարել էի մտածել. ինձ համար ամեն բան միևնույնն էր։ Եվ լավ կլիներ հարցերս լուծեի. օ՜, ինչքան հարցեր էին կուտակվել գլխիս. բայց ինձ համար ամեն բան դարձավ միևնույնը, և հարցերը վերացան։

Եվ ահա դրանից հետո էր, որ ես ճանաչեցի ճշմարիտը։ Ճշմարիտը ես ճանաչեցի անցյալ նոյեմբերին, ստույգ՝ ամսույս երեքին, և այդ պահից ի վեր հիշում եմ իմ յուրաքանչյուր ակնթարթը։ Դա ամենամռայլ, հնարավորինս ամենամռայլ երեկոյան էր։ Այդ երեկո ժամը տասնմեկի մոտերքը ես տուն էի վերադառնում և նույնիսկ հիշում եմ, որ մտածեցի, թե չի կարող լինել ավելի մռայլ ժամանակ։ Նույնիսկ առարակայական իմաստով։ Ամբողջ օրը անձրև էր տեղում և դա ամենասառն ու ամենամռայլ անձրևն էր, նույնիսկ մի տեսակ ահեղ անձրև. ես դա հիշում եմ. մարդկանց հանդեպ ակնհայտ թշնամանքով լի, բայց ահա ժամը տասնմեկի կողմերը այն հանկարծ դադարեց, և իջավ զարհուրելի խոնավություն, խոնավ էր ու ցուրտ, քան անձրևի ժամանակ էր, և ամենայն բանից ելնում էր ինչ-որ գոլորշի, փողոցի յուրաքանչյուր քարից և յուրաքանչյուր նրբանցքից, եթե փողոցից նայես նրա ամենախորքը, հեռուն։ Հանկարծ ինձ թվաց, որ եթե անսպասելիորեն ամենուր հանգչեր գազը, ապա ավելի տանելի կդառնար, իսկ գազի լապտերների ներքո հոգուն ավելի է տրտմնալի, որովհետև այն լույս էր գցում այդ ամենի վրա։ Այդ օրը ես գրեթե բան չէի կերել և վաղ երեկոյից հյուր էի մի ինժեների, իսկ նրա մոտ ևս երկու ծանոթներ էին։ Ես անընդհատ լուռ էի և, կարծես, ձանձրացրի նրանց։ Նրանք ինչ-որ ջղագրգիռ բանից էին խոսում և հանկարծ նույնիսկ բորբոքվեցին։ Բայց նրանց համար միևնույնն էր, ես դա տեսնում էի, և նրանք բորբոքվեցին ուղղակի հենց այնպես։ Ես էլ հանկարծ նրանց ասացի հետևյալը. «Պարոնայք, ախր ձեզ համար,— ասում եմ,— ամեն բան միևնույնն է»։ Նրանք չվիրավորվեցին, այլ անընդահտ ծիծաղում էին ինձ վրա։ Դա՝ այն պատճառով, որ ես այդ ամենն ասացի առանց որևէ հանդիմանանքի, այլ պարզապես նրա համար, որ այդ ամենը ինձ համար միևնույնն էր։ Նրանք էլ նկատեցին, որ ինձ համար միևնույնն է, և դա նրանց զվարճացրեց։

Երբ ես փողոցում մտածեցի գազի մասին, նայեցի երկինք։ Երկինքը զարհուրելի խավար էր, բայց պարզ կարելի էր տեսնել ծվենվող ամպերը, իսկ նրանց միջև՝ անհատակ սև խոռոչներ։ Հանկարծ ես այդ խոռոչներից մեկի խորքում մի փոքրիկ աստղիկ նկատեցի և սկսեցի սևեռուն զննել նրան։ Այն պատճառով, որ այդ աստղիկը ինձ միտք հուշեց. ես մտադիր էի այդ երեկո սպանել ինձ։ Ես դա հաստատ մտադրել էի դեռ երկու ամիս առաջ և որքան էլ աղքատ էի, ինձ համար գնեցի մի հրաշալի ռևոլվեր և նույն օրն էլ լիցքավորեցի։ Բայց արդեն երկու ամիս էր անցել, իսկ այն դեռ դրված էր տուփի մեջ։ Սակայն ինձ համար ամենայն բան այն աստիճան միևնույնն էր, որ ուզեցի վերջապես որսալ պահ, երբ ամեն բան այդքան միևնույնը չի լինի. ինչո՞ւ էր այդպես՝ չգիտեմ։ Եվ այդպիսով, այդ երկու ամսվա ընթացքում ամեն երեկո տուն վերադառնալիս մտածում էի՝ կգնդակահարեմ ինձ։ Ես անընդհատ պահի էի սպասում։ Եվ ահա հիմա այդ աստղիկը ինձ միտք հուշեց, և ես ենթադրեցի, որ դա անպայման կլինի հենց այս երեկո։ Իսկ թե ինչո՞ւ աստղիկը այդպիսի միտք հուշեց՝ չգիտեմ։

Եվ ահա, երբ ես երկինք էի նայում, հանկարծ իմ արմունկը բռնեց ահա այդ աղջիկը։ Փողոցն արդեն ամայանում էր, ու գրեթե ոչ ոք չկար։ Հեռվում, կառքի վրա ննջում էր կառապանը։ Աղջիկը կլիներ մոտ ութ տարեկան, գլխաշորով, կենտ մի վերնազգեստով, ամբողջովին թաց, բայց ես առանձնապես հիշում եմ նրա թրջված մաշիկները, և հիմա էլ եմ հիշում. իմ աչքին հատկապես դրանք զարնեցին։ Նա հանկարծ սկսեց ցնցել իմ արմունկը ու կանչել։ Նա չէր լալիս, բայց մի տեսակ բեկբեկուն մրմնջում էր ինչ-որ խոսքեր, որոնք չէր կարողանում հստակ արտաբերել. անհոդաբաշխ էին, որովհետև դողէրոցքից ցնցվում էր մանրիկ-մանրիկ։ Նա ինչ-որ բանից սարսափահար էր և հուսաբեկ բացականչում էր՝ «Մայրի՜կ, մայրի՜կ»։ Ես ուզում էի դեմքս շրջել նրա կողմը, բայց ոչ մի բառ չասացի և շարունակեցի գնալ, բայց նա վազում և քաշում էր ինձ, և նրա ձայնում հնչում էր այն երանգը, որը չափազանց վախեցած երեխաների շուրթերին հուսահատություն է նշանակում։ Ես գիտե՛մ այդ ձայնը։ Թեև նա բառերը հստակ չէր ասում, բայց ես հասկացա, որ նրա մայրն ինչ-որ տեղ մահանում է, կամ նրանց ինչ-որ բան է պատահել, և նա դուրս է նետվել որևէ մեկին կանչելու, ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան գտնելու, որ օգնի մայրիկին։ Սակայն ես չգնացի նրա հետ, ընդհակառակը, հանկարծ նրան վռնդելու, քշելու միտք ծագեց իմ մեջ։ Սկզբում ես նրան ասացի, որ փնտրի-գտնի քաղաքապահ ոստիկանին։ Բայց նա հանկարծ թաթիկները խաչեց ու փղձկալով, շնչակտուր լինելով անընդհատ վազում էր իմ կողքով և չէր հեռանում ինձնից։ Ահա այդ ժամանակ էլ ես ոտքս գետնին դոփեցի ու գոռացի նրա վրա։ Նա միայն բացականչեց՝ «Բարին, բարին», բայց հանկարծ թողեց ինձ ու խելահեղ վազքով հատեց փողոցը։ Այնտեղ նույնպես ինչ-որ անցորդ երևաց, և նա, հավանաբար հույսն ինձնից կտրելով, նետվեց նրա կողմը։

Ես բարձրացա իմ հինգերորդ հարկը։ Ես կենվոր եմ, և մեր բնակարանում վարձով սենյակներ են։ Իմ սենյակը աղքատ է ու փոքր, իսկ պատուհանս ձեղնահարկի է, կիսակլոր։ Ունեմ մոմլաթապատ բազմոց, սեղան, որի վրա գրքեր են, երկու աթոռ և մի խարխուլ բազկաթոռ՝ հին, շատ հին ու մաշված, բայց վոլտերյան։ Ես նստեցի, վառեցի մոմն ու սկսեցի մտածել։ Կողքիս՝ միջնապատի այն կողմի սենյակում, շարունակվում էր սոդոմ-գոմորը։ Այն արդեն երրորդ օրն էր շարունակվում։ Այնտեղ պաշտոնաթող կապիտան էր ապրում, նա հյուրեր ուներ՝ վեց թափթփուկ. օղի էին խմում և մաշված խաղաթղթերով շտոս խաղում։ Նախորդ գիշեր ծեծկռտոց եղավ, և ես գիտեմ, որ նրանցից երկուսը երկար ժամանակ իրար մազ էին պոկում։ Տանտիրուհին ուզում էր բողոքել, սակայն սարսափելի վախենում է կապիտանից։ Մեզ մոտ ընդամենը ևս մի կենվոր կա, փոքրամարմին ու նիհարիկ մի այրի, եկվոր, փոքրիկ ու այստեղ հիվանդություն ձեռք բերած երեք երեխաների հետ։ Եվ նա, և երեխաները, մահու չափ վախենում են կապիտանից և ամբողջ գիշեր դողում են ու խաչակնքում, իսկ ամենափոքր երեխան վախից մի անգամ իսկապես ջղագարության մեջ ընկավ։ Այդ կապիտանը, ես ստույգ գիտեմ, Նևսկի պողոտայում երբեմն կանգնեցնում է անցորդներին և ողորմություն խնդրում։ Նրան ծառայության չեն ընդունում, բայց, տարօրինակ բան (ես հենց դրա համար էլ պատմում եմ սա), կապիտանը ամբողջ ամիսը՝ ամբողջ ժամանակ, ինչ ապրում է մեզ մոտ, զարմանալիորեն տհաճ չի եղել ինձ համար։ Ծանոթությունից ես, իհարկե, խուսափեցի հենց սկզբից, ասենք, իր համար էլ ինձ հետ ձանձրալի էր ի սկզբանե, բայց ինչքան էլ նրանք գոռգոռային այնտեղ՝ միջնորմից այն կողմ, քանի հոգի էլ լինեին՝ ինձ համար միշտ միևնույնն էր։ Ես նստում եմ ամբողջ գիշեր և, հիրավի, նրանց չեմ լսում՝ այն աստիճան մոռանում եմ նրանց մասին։ Ախր ես ոչ մի գիշեր չեմ քնում մինչև լույս և այդպես՝ արդեն մեկ տարի։ Ամբողջ գիշեր նստում եմ սեղանի դիմաց, բազկաթոռին և ոչինչ չեմ անում։ Ես գիրք կարդում եմ միայն ցերեկները։ Նստում եմ և նույնիսկ չեմ մտածում. այնպես, ինչ-որ մտքեր են թափառում, իսկ ես նրանց ազատություն եմ տալիս. թող թափառեն։ Իսկ մոմը գիշերն ամբողջովին այրվում պրծնում է։

Ես լուռ նստեցի սեղանի մոտ, հանեցի ռևոլվերն ու դրեցի դիմացս։ Երբ ես այն դրեցի, հիշում եմ, ինքս ինձ հարցրի՝ «Այդպե՞ս», և լիովին հաստատակամ պատասխանեցի ինքս ինձ՝ «Այդպե՛ս»։ Այսինքն՝ ինքասպան կլինեմ։ Ես գիտեի, որ գոնե այս գիշեր հաստատ ինքնասպան կլինեմ, բայց թե մինչ այդ դեռ ինչքան կնստեմ սեղանի մոտ՝ չգիտեի։ Եվ, իհարկե, հաստատ ինքնասպան կլինեի, եթե չլիներ այն աղջիկը։


II

Գիտե՞ք, թեև ինձ համար միևնույնն էր, բայց չէ՞ որ, օրինակ, ցավ ես զգում էի։ Մեկն ու մեկը խփեր ինձ, անպայման ցավը կզգայի։ Նույնը՝ նաև բարոյական իմաստով։ Կատարվեր ինչ-որ շատ խղճահարույց բան, ապա կզգայի խղճարություն, ինչպես և այն ժամանակ էր, երբ ինձ համար կյանքում դեռ ամեն ինչ միևնույնը չէր։ Այս դեպքում էլ խղճահարություն զգացի։ Ինչ-ինչ, բայց երեխային ես կօգնեի անպայման։ Հապա ինչո՞ւ չօգնեցի այն աղջկան։ Այդ ժամանակ ինձ այցելած մի մտքի պատճառով միայն ու միայն. երբ նա քաշում ու կանչում էր ինձ, հենց այդ ժամանակ իմ առջև հարց ծառացավ, և ես չկարողացա դրան պատասխան գտնել։ Հարցը շինծու էր, բայց ես զայրացա։ Զայրացա այն հետևության պատճառով, թե քանի որ արդեն որոշել եմ այդ գիշեր իմ վերջը տալ, ապա աշխարհում ամեն բան պիտի առավել միևնույնը լինի ինձ համար, քան երբևէ։ Հապա ինչի՞ց էր, որ հանկարծ զգացի, որ միևնույնը չէ, և ես խղճում եմ աղջկան։ Հիշում եմ, որ ես շատ խղճացի նրան։ Նույնիսկ ինչ-որ տարօրինակ և իմ վիճակում անհավանական ցավագնության աստիճանի։ Ճիշտն ասած, ես չեմ կարողանում լավ արտահայտել այդ ժամանակվա իմ ակնթարթային, թռուցիկ զգացողությունը, բայց այդ զգացողությունը շարունակվեց նաև տանը, երբ արդեն նստել էի սեղանի առջև ու այնքան վրդովված էի, որքան չէի եղել վերջին շրջանում երբեք։ Մտքերը խուժում էին իրար հետևից, դատողությունները հաջորդում էին միմյանց։ Պարզ պատկերանում էր, որ եթե ես դեռ մարդ եմ ու դեռ զրո չեմ, և քանի որ դեռ չեմ վերածվել զրոյի, ուրեմն ապրում եմ, հետևաբար կարող եմ տառապել, զայրանալ և ամոթ զգալ իմ արարքների համար։

Դիցուք այդպես է։ Բայց չէ՞ որ եթե ես սպանեմ ինձ, սեպենք, երկու ժամ հետո, ապա այդ դեպքում իմ ի՞նչ հոգն է այդ աղջիկը, ամոթը և ամենայն բան աշխարհում։ Ես կվերածվեմ զրոյի, բացարձակ զրոյի։ Եվ մի՞թե այն գիտակցումը, որ ես այժմ ևեթ բացարձակապես գոյություն չեմ ունենա, ուստի և ոչինչ էլ գոյություն չի ունենա, չկարողացավ չնչին իսկ ազդեցություն ունենալ ոչ աղջկա հանդեպ խղճահարության, ոչ էլ այդ ստոր արարքին հաջորդած ամոթի զգացողության վրա։ Չէ՞ որ այդ պատճառով էլ ես ոտքս ջղային խփեցի ու վայրենաբար գոռացի դժբախտ աղջկա վրա, «իբր ահա, ոչ միայն խղճահարություն չեմ զգում, այլև եթե նույնիսկ անմարդկային ստորություն գործեմ, հիմա կկարողանամ, որովհետև երկու ժամից ամեն ինչ հանգչելու է»։ Կհավատա՞ք, որ այդ պատճառով էլ գոռացի։ Հիմա ես գրեթե վստահ եմ դրանում։ Հստակ պատկերացավ, որ կյանքն ու աշխարհը կարծես ինձնով են պայմանավորված։ Կարելի է նույնիսկ այսպես ասել, թե աշխարհը կարծես միայն ինձ համար էլ ստեղծվել է։ Ինքնասպան լինեմ՝ աշխարհն էլ չի լինի, ծայրահեղ դեպքում՝ ինձ համար։ Էլ չասած այն մասին, որ ոչ ոքի համար ոչինչ չի լինի ինձնից հետո, և ողջ աշխարհը, հենց իմ գիտակցությունը հանգչի, նույն պահին էլ կհանգչի, կանհետանա ինչպես ուրվական, իբրև լոկ իմ գիտակցության սեփականություն հանդիսացող մի բան, և կչքվի, կանէանա, քանզի թերևս ողջ աշխարհն այս և այս բոլոր մարդիկ… հենց միայն ես եմ որ կա։ Հիշում եմ, որ նստելով և դատողություններ անելով՝ ես մտքումս կրկնում էի այդ բոլոր նոր հարցերը, որոնք խռնվում էին մեկը մյուսին հերթ չտալով, նույնիսկ բոլորովին այլ բան հուշում, և ես մոգոնեցի բոլորովին այլ բան։ Օրինակ՝ ինձ հանկարծ այցելեց մի տարօրինակ պատկերացում, որ եթե ես առաջներում ապրած լինեի լուսնի կամ Մարսի վրա և այնտեղ գործած լինեի ամենաքստմնելի և անպատիվ մի արարք, այնպիսին, ինչպիսին հնարավոր է զգալ և պատկերացնել միայն ու միայն երբեմն, երազում, և դրա համար այնտեղ այնպիսի անարգանքի ու անպատվության ենթարկված լինեի, ինչպիսին հնարավոր է զգալ և պատկերացնել միայն երազում՝ մղձավանջային երազում, ու եթե հանկարծ կրկին հայտնվեի երկրի վրա, և շարունակեի պահպանել այն բանի գիտակցումը, ինչ արել եմ այլ մոլորակում, և բացի դրանից գիտենայի, որ երբեք հանուն ոչ մի բանի այնտեղ չեմ վերադառնա, ապա երկրից լուսնին նայելիս ինձ համար միևնո՞ւյնը կլիներ, թե՞ ոչ։ Կզգայի՞ այդ արարքի համար ամոթ, թե՞ ոչ։ Բայց հարցերը շինծու էին և ավելորդ, քանի որ ռևոլվերն արդեն իմ առջև էր, և ես իմ ողջ էությամբ գիտեի՝ դա անպայման լինելու է, բայց այդուհանդերձ հարցերը բորբոքում էին ինձ, և ես դիվոտում էի։ Ես կարծես այլևս չէի կարող մահանալ, ինչ-որ բան նախապես չհանգուցալուծելով։ Մի խոսքով, այդ աղջիկը փրկեց ինձ, որովհետև ես հարցերով հետաձգում էի կրակոցը։

Իսկ այդ ընթացքում կապիտանի մոտ էլ սկսեց խաղաղվել։ Նրանք ավարտեցին թղթախաղը, պատրաստվում էին քնել, իսկ առայժմ մռթմռթում և ծուլորեն ավարտին էին հասցնում հայհոյանքները։ Ահա այդ պահին էլ ես հանկարծակի քնեցի, բազկաթոռին նստած, սեղանի դիմաց, ինչը առաջներում չէր պատահել երբեք։ Ես քնեցի աննկատ։ Երազները, ինչպես հայտնի է, չափազանց տարօրինակ բաներ են։ Մեկը հիշվում է ահաբեկող հստակությամբ, մանրամասների ոսկերչական մանրակրկիտությամբ, իսկ մյուսի միջոցով, չնկատելով իսկ, անցնում ես տարածությունների ու ժամանակների միջով։ Երազները, թվում է, պարուրում են ոչ թե բանականությունը, այլ ցանկությունը, ոչ թե գլուխը, այլ սիրտը, այնինչ երբեմն ի՜նչ խորամանկ բաներ էր մոգոնում իմ բանականությունը երազներում։ Եվ նրա հետ ուղղակի անհավատալի, աներևակայելի բաներ են կատարվում երազում։ Եղբայրս, օրինակ, մահացել է հինգ տարի առաջ։ Երբեմն ես նրան տեսնում եմ երազում։ Նա մասնակից է լինում իմ գործերին, մենք աշխույժ հաղորդակցվում ենք, այնինչ ողջ երազի ընթացքում ես հստակ գիտեմ, գիտակցում և հիշում եմ, որ նա մահացել է։ Ինչպե՞ս է, որ ես չեմ ապշում այն բանից, որ թեև նա մահացած է, բայց ահա այստեղ է, իմ կողքին և ինձ հետ գործեր է անում։ Ինչո՞ւ է իմ բանականությունը լիովին թույլ տալիս այդ ամենը։ Բայց բավական է։ Անդրադառնամ իմ երազին։ Այո, այն ժամանակ ինձ այցելեց այս երազը. նոյեմբերի երեքի իմ երազը։ Նրանք հիմա էլ ինձ ծաղրում են այն բանով, թե դա ընդամենը երազ էր։ Բայց մի՞թե միևնույնը չէ՝ երա՞զ էր դա, թե՞ ոչ, եթե երազն այդ ինձ հասու դարձրեց Ճշմարտին։ Չէ՞ որ եթե մի անգամ ճանաչել ես Ճշմարիտը և տեսել այն, ապա գիտես, որ դա է Ճշմարիտը, և չկա այլ Ճշմարտություն նրանից բացի, չկա և չի կարող լինել, քնած եք դուք, թե արթմնի կյանքում եք ապրում։ Թող որ երազ է թեկուզ, բայց այս կյանքը, որը դուք այդքան մեծարում եք, ես ուզում էի վախճանել ինքնասպանությամբ, իսկ իմ երազը, իմ երազը… օ՜, այն ինձ ավետեց նոր, վեհ, նորոգյալ, հզոր կյանք։

Լսեք.


III

Ասացի, որ քնեցի աննկատ և նույնիսկ մի տեսակ շարունակելով դատողություններ անել նույն նյութի շուրջ։ Հանկարծ երազ տեսա, որ վերցնում եմ ռևոլվերը և, նստած, փողը դնում եմ ուղիղ սրտիս… սրտիս և ոչ թե գլխիս։ Այնինչ նախապես մտածում էի անպայման կրակել գլխիս և այն էլ՝ աջ քունքիս։ Կրծքիս դնելով՝ ես սպասեցի մեկ կամ երկու վայրկյան, և իմ մոմը, սեղանն ու աթոռը հանկարծ սկսեցին լողալ իմ աչքի առաջ և երերալ։ Եվ ես արագորեն կրակեցի։

Երազում երբեմն հանկարծ ընկնում եք բարձրությունից, կամ կտոր-կտոր են անում են ձեզ, կամ ծեծում, բայց երբեք ցավ չեք զգում, բացի այն դեպքերից, երբ քնած ժամանակ ինքներդ ինչ-որ կերպ իրոք ցավեցնում եք ձեզ, այդ ժամանակ իսկապես ցավ կզգաք և գրեթե միշտ էլ ցավից կարթնանաք։ Այդպես էլ իմ երազում։ Ես ցավ չզգացի, բայց ինձ թվաց, թե իմ կրակոցի հետ ներսումս ամեն ինչ ցնցվեց և ամեն բան խամրեց, ու իմ շուրջը ամեն բան դարձավ զարհուրելիորեն սև։ Ես ասես կուրացա և համրացա, և ահա պառկած եմ ինչ-որ կոշտ բանի վրա, ձգված, մեջքիս, ոչինչ չեմ տեսնում և չեմ կարողանում որևէ շարժում իսկ անել։ Շուրջբոլորս գնում-գալիս են ու բղավում, կապիտանը բամբ խոսում է, տանտիրուհին ղժժում է… և հանկարծ՝ կրկին դադար, և ահա ինձ տանում են փակ դագաղով։ Եվ ես զգում եմ, թե ինչպես է ճոճվում դագաղը, և դատողություններ եմ անում այդ մասին, և հանկարծ ինձ առաջին անգամ ապշեցնում է միտքը, որ ես, ախր, մահացել եմ, լիովին մեռյալ եմ, գիտեմ դա և չեմ կասկածում, չեմ տեսնում և չեմ շարժվում, այնինչ զգում եմ, մտածում։ Բայց ես շուտով համակերպվում եմ դրա հետ և, սովորույթիս համաձայն, իրականությունը, ինչպես երազ, ընդունում եմ առանց վիճարկելու։

Եվ ահա ինձ թաղում են։ Բոլորը գնում են, և ես մենակ եմ, լիովին մենակ։ Ես չեմ շարժվում։ Առաջներում միշտ, երբ արթմնի պատկերացնում էի, թե ինչպես կթաղեն ինձ գերեզմանում, ապա բուն գերեզմանի հետ կապում էի մի զգացողություն. խոնավություն և սառնություն։ Այդպես էլ հիմա զգացի, որ շատ եմ մրսում, մանավանդ ոտքերիս մատների ծայրերը, բայց այլ բան չէի զգում բացարձակապես։

Ես պառկած էի, և տարօրինակ բան. ոչինչ չէի սպասում, հլու ընդունում էի, որ մեռյալը սպասելու բան չունի։ Բայց խոնավ էր։ Չգիտեմ ինչքան ժամանակ էր անցել, մի ժամ, մի քանի, թե բազում օրեր։ Բայց հանկարծ իմ ձախ աչքի փակ կոպին ընկավ դագաղի կափարիչից թափանցած ջրի կաթիլը, դրան րոպե անց հաջորդեց երկորդը, հետո երրորդը և այդպես շարունակ, և այդպես շարունակ՝ րոպեն մեկ։ Խուլ վրդովմունք բռնկվեց հանկարծ իմ սրտում, և հանկարծ ես ֆիզիկական ցավ զգացի այնտեղ՝ սրտումս։ «Դա իմ վերքն է,— մտածեցի ես,— դա կրակոցն է, այնտեղ գնդակն է»… Իսկ կաթիլներն անընդհատ ընկնում էին, րոպեն մեկ և ուղիղ իմ գոց աչքին։ Եվ ես հանկարծ աղաղակ արձակեցի, ոչ բարբառիվ, զի անշարժ էի, այլ ողջ էությամբ իմ, առ տիրակալն այն ամենի, ինչ կատարվեց ինձ հետ.

— Ով էլ լինես, բայց եթե կաս, և գոյություն ունի առավել ողջամիտ որևէ բան, քան այն, ինչ կատարվում է հիմա, ապա թույլ տուր նրան լինել նաև այստեղ։ Իսկ եթե դու վրեժխնդիր ես լինում ինձնից իմ անմիտ ինքնասպանության համար՝ հետայդու կեցության այլանդակությամբ և անհեթեթությամբ, իմացիր արդ, որ երբեք և ոչ մի տառապանք, ինչպիսիք էլ իջնեն իմ գլխին, չեն համեմատվի այն արհամարհանքի հետ, որ ես զգալու եմ լռին, տառապելության թեկուզ միլիոն տարիներին…

Ես աղաղակեցի և պապանձվեցի։ Գրեթե մի ողջ րոպե տևեց խորին լռություն, և նույնիսկ մի կաթիլ էլ ընկավ, բայց ես գիտեի՝ անհունորեն և անվերապահ գիտեի և հավատում էի, որ ամեն բան հիմա անպայման կփոխվի։ Եվ հանկարծ բացվեց գերեզմանն իմ։ Այսինքն՝ ես չգիտեմ՝ բացվեց այն, թե պեղեցին, բայց ինձ վերցրեց ինչ-որ մթին և անճանաչ մի արարած, և մենք հայտնվեցինք բաց տարածության մեջ։ Եվ ես հանկարծ սկսեցի տեսանել։ Խոր գիշեր էր, և երբեք, երբևէ չէր եղել այդպիսի խավար։ Մենք տարածության մեջ սլանում էինք արդեն երկրից շատ հեռու։ Ես ոչինչ չէի հարցնում նրան, ով ինձ տանում էր, ես սպասում էի և հպարտ էի։ Ես ինքս ինձ հավատացնում էի, որ չեմ վախենում, և շունչս կտրվում էր հրճվանքից այն մտքի, որ չեմ վախենում։ Չեմ հիշում, թե որքան ժամանակ մենք սլացանք, և չեմ կարող պատկերացնել. ամեն բան կատարվում էր այնպես, ինչպես սովորաբար երազում, երբ անցնում ես տարածության և ժամանակի ու կեցության ու բանականության օրենքների միջով և կանգ առնում միայն այն պահերին, որոնց մասին անրջում է սիրտը։ Ես հիշում եմ, որ խավարում հանկարծ տեսա մի աստղիկ։ «Սիրիո՞ւսն է»,— հանկարծ հարցրեցի ես չդիմանալով, քանզի չէի ուզում հարցնել ոչինչ։ «Ոչ, դա հենց այն աստղն է, որը դու տեսել ես ամպերի միջով, տուն դառնալիս»,— պատասխանեց ինձ տանող արարածը։ Ես գիտեի, որ նա մարդկային կերպարանքի նմանություն ունի։ Տարօրինակ բան, ես չսիրեցի այդ արարածին, նույնիսկ խորին նողկանք էի զգում նրա հանդեպ։ Ես կատարյալ անգոյություն էի սպասում, և դրա համար էի կրակել սրտիս։ Բայց ահա ես ինչ-որ արարծի ձեռքերի մեջ եմ։ Իհարկե, ոչ մարդկային, բայց որը կա, գոյություն ունի։ «Հըմ, ուրեմն անդրշիրիմյան կյանք էլ կա՚,— մտածեցի ես երազի ապշեցուցիչ թեթևամտությամբ, բայց իմ սրտի էությունն իր ողջ խորությամբ շարունակում էր մնալ ինձ հետ։ ՙԵվ եթե հարկ է լինել նորից,— մտածեցի ես,— և ապրել կրկին ինչ-որ մեկի անբեկանելի կամոք, ապա չեմ ուզում, որ ինձ հաղթեն ու նվաստացնե»։ «Դու գիտե՞ս, որ ես վախենում եմ քեզնից, և այդ պատճառով էլ արհամարհում ես ինձ»,— հանկարծ հարցրի ես իմ ուղեկցին՝ չդիմանալով նվաստացուցիչ հարցի գայթակղությանը, որի մեջ անթեղված էր խոստովանություն, և սրտումս ասեղի ծակոցի նման զգացի իմ նվաստացումը։ Նա չպատասխանեց իմ հարցին, բայց ես հանկարծ զգացի, որ ինձ չեն արհամարհում և ինձ վրա չեն ծիծաղում, և նույնիսկ չեն էլ խղճում կամ կարեկցում ինձ, և որ մեր ճանապարհը ունի նպատակ՝ անհայտ և խորհրդավոր և միայն ու միայն ինձ առնչվող։ Վախը ահագնանում էր իմ սրտում։ Ինչ-որ բան մունջ, բայց տառապագին հաղորդվում էր ինձ իմ լուռ ուղեկցից և կարծես թափանց պարուրեց ինձ։ Մենք սլանում էինք մթին ու անհայտ տարածություններով։ Ես վաղուց այլևս չէի տեսնում մեր աչքին սովոր համաստեղությունները։ Ես գիտեի, որ երկնային տարածություններում կան այնպիսի աստղեր, որոնց լույսը մեր աշխարհ հասնում է միայն հազարավոր ու միլիոնավոր տարիների ընթացքում։ Գուցե մենք արդեն անցել էինք այդ տարածությունները։ Ես սպասում էի ինչ-որ զարհուրելի, սիրտս տանջահար անող տրտմությամբ։ Եվ հանկարծ ինչ-որ ծանոթ ու վերին աստիճանի հմայող զգացողություն ցնցեց ինձ. ես տեսա մեր արևը. ես գիտեի, որ դա չէր կարող լինել մեր աշխարհին ծնունդ տված մեր արևը, և որ մենք մեր արևից անսահման հեռու ենք, սակայն չգիտես ինչու ես հավատացի, իմացա իմ ողջ էությամբ, որ այն բացարձակապես նույնպիսի արև է, ինչպիսին մերը, նրա կրկնությունը և երկվորյակը։ Քաղցր, հմայող զգացողությունը ցնծագին ճախրեց իմ հոգում։ Լույսի հարազատ զորությունը, նրա, որը ծնունդ տվեց ինձ, արձագանքվեց իմ սրտում և հարություն տվեց նրան, և ես զգացի կյանքը, նախկին կյանքը, առաջին անգամ գերեզմանից հետո։

— Բայց եթե դա արևն է, եթե դա կատարելապես այնպիսի արև է, ինչպիսին մերն է,— բացականչեցի ես,— այդ դեպքում որտե՞ղ է երկիրը։- Եվ իմ ուղեկիցը մատնացույց արեց մթամածության մեջ զմրուխտե փայլով պսպղացող աստղիկին։ Մենք սլանում էինք ուղիղ դեպի նա։

— Եվ մի՞թե հնարավոր են նման կրկնություններ տիեզերքում, մի՞թե այդպիսին է բնական օրենքը։ Եվ եթե դա երկիրն է, ապա մի՞թե այդ աշխարհը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մերը… ճիշտ այնպիսին՝ դժբախտ, աղքատ, բայց թանկ և հավիտյան սիրելի և անգամ ամենաանշնորհակալ զավակների սրտերում իր հանդեպ այդպիսի էլ տառապագին սեր ծնող, ինչպիսին մերն է,— բացականչեցի ես՝ դողալով անդիմադրելի, ցնծագին սիրուց այդ նախկին հարազատ աշխարհի հանդեպ, որը ես լքել եմ։ Խեղճ աղջկա պատկերը, որին ես վիրավորել էի, առկայծեց իմ առջև։

— Կտեսնես ամենայն բան,— պատասխանեց իմ ուղեկիցը, և ինչ-որ տրտմություն հնչեց նրա խոսքերում։

Բայց մենք արագորեն մոտենում էինք մոլորակին։ Այն մեծանում էր իմ աչքի առաջ, ես արդեն զանազանում էի օվկիանոսը, Եվրոպայի ուրվագիծը, և հանկարծ ինչ-որ վեհ, սրբազան խանդի տարօրինակ զգացում բռնկվեց իմ սրտում. «Ինչպե՞ս կարող է նման կրկնություն լինել, և ինչի՞ համար է դա։ Ես սիրում եմ և կարող եմ սիրել միայն այն աշխարհը, որը թողել եմ, որտեղ մնացել են իմ արյան կաթիլները, երբ ես՝ ապերախտս, իմ սրտին ուղղված կրակոցով մարեցի կյանքս։ Բայց երբեք, երբեք ես չեմ դադարել սիրել այդ աշխարհը, և նույնիսկ այն գիշեր, նրանից բաժանվելիս, գուցե սիրել եմ առավել տառապագին, քան երբևէ։ Կա՞ արդյոք տառապանք այս նոր աշխարհում։ Մեր աշխարհում մենք կարող ենք ճշմարիտ սիրել միայն տառապանոք և տառապանքի միջոցով։ Մենք այլ կերպ չենք կարող սիրել և այլ սեր չենք ճանաչում։ Ես տառապանք եմ կամենում, որպեսզի սիրեմ։ Ես ուզում եմ, տենչում եմ հենց այս պահին համբուրել, արցունքներով ողողվելով, միայն այն աշխարհը, որը թողել եմ, և չեմ ուզում, չեմ ընդունում կյանք այլ մի տեղ…»։

Բայց ուղեկիցն իմ արդեն լքել էր ինձ։ Եվ հանկարծ, ասես ինձ համար բոլորովին աննկատ, դրախտի պես չքնաղ, արևաշող օրվա մեջ ես կանգնեցի այդ ուրիշ աշխարհի վրա։ Կարծեմ կանգնած էի այն կղզիներից մեկի վրա, որոնք մեր մոլորակում մաս են կազմում Հունական արշիպելագի կամ էլ այդ արշիպելագին սահմանակից մայրցամաքի ափեզրին ինչ-որ տեղ։ Օ՜, ամեն բան ճիշտ այնպիսին էր, ինչպես մեզ մոտ, բայց թվում էր՝ ամեն բան շողարձակում է ինչ-որ տոնականությամբ և վեհ, սրբազան ու ի վերջո հասուցյալ ցնծությամբ։ Զմրուխտե փաղաքուշ ծովը մեղմիկ ծփում էր ափերն ի մերձ և շոյում սիրով, ակնհայտ, տեսանելի, գրեթե բանական, գիտակցյալ սիրով։ Բարձրուղեշ, չքնաղ ծառերը կանգնած էին իրենց գունագեղության ողջ պերճանքով, իսկ նրանց անհամար տերևները, ես համոզված եմ դրանում, ողջունում էին ինձ իրենց հեզիկ շրշյունով և կարծես սիրո ինչ-որ խոսքեր շշնջում։ Մարգագետինները հուրհրում էին պայծառ, հոտավետ ծաղիկներով։ Թռչնակները երամներով ճախրում էին օդում և ինձնից չվախենալով՝ իջնում իմ ուսերին ու ձեռքերին և խնդագին զարկում ինձ իրենց քնքուշ, բաբախուն թևիկներով։ Եվ վերջապես ես տեսա ու ճանաչեցի այդ երջանիկ աշխարհի մարդկանց։ Նրանք իրենք եկան ինձ մոտ, նրանք շրջապատեցին ինձ, համբուրում էին ինձ։ Արևի զավակները, իրենց արևի զավակները… օ՜, ինչ չքնաղ էին նրանք։ Երբեք, երբևէ չեմ տեսել մեր աշխարհի մարդոց մեջ նման գեղեցկություն։ Թերևս միայն մեր երեխաների մեջ նրանց ամենաառաջին տարիներին կարելի էր գտնել հեռավոր, թեև աղոտ արտացոլքն այդ գեղեցկության։ Այդ երջանիկ մարդկանց աչքերը շողում էին պայծառ փայլով։ Նրանց դեմքերը փայլատակում էին խելքով ու արդեն իսկ խաղաղությամբ առլեցուն գիտակցությամբ, և այդ դեմքերը ուրախ էին։ Այդ մարդկանց խոսքերում և ձայնի մեջ մանկական խինդ էր զրնգում։ Օ՜, անմիջապես, առաջին իսկ հայացքից ես հասկացա ամեն բան, ամեն ինչ։ Դա երկիրն էր՝ չպղծված նախնական մեղքով, այնտեղ ապրում էին անմեղս մարդիկ, ապրում էին այնպիսի դրախտում, ինչպիսինում, համայն մարդկության ավանդույթով, ապրել էին և մեր մեղսավոր նախնիները, այն տարբերությամբ լոկ, որ ամբողջ աշխարհն այստեղ և ամենուր համատարած դրախտ էր։ Այդ մարդիկ, ցնծագին ծիծաղելով, խռնվում էին իմ շուրջը և գուրգուրում ինձ։ Նրանք ինձ տարան իրենց մոտ, և նրանցից յուրաքանչյուրը կամենում էր խաղաղեցնել ինձ։ Օ՜, նրանք ինձ ոչինչ չէին հարցնում, բայց կարծես բոլորն արդեն գիտեին ամենայն բան, ինձ այդպես էր թվում, և ուզում էին արագորեն փարատել տառապանքն իմ դեմքից։


IV

Բայց այնուամենայնիվ գիտե՞ք ինչ. թող որ դա սոսկ երազ էր։ Սակայն այդ անմեղ ու չքնաղ մարդկանց սիրո զգացողությունն իմ մեջ մնաց հավերժ, և ես զգում եմ, որ նրանց սերն հիմա էլ է ինձ պարուրում այնտեղից։ Նրանց ես ինքս եմ տեսել. տեսա և ճանաչեցի, համոզվեցի՝ ես սիրում էի նրանց, տառապում էի նրանց համար հետագայում։ Օ՜, նույն պահին իսկ, դեռ այն ժամանակ ես գիտակցեցի, որ շատ ու շատ բաներում նրանց չեմ հասկանա երբեք։ Ինձ՝ ժամանակակից ռուս առաջադիմականիս և ամբարտավան պետերբուրգցուս, անկատար էր թվում այն, օրինակ, որ նրանք այդքան բան գիտենալով չունեն մեր գիտությունը։ Բայց ես շուտով հասկացա, որ նրանց իմացությունը հագենում և սնվում է այլ հաղորդակցությամբ, քան մեր աշխարհում, և որ նրանց ձգտումները նույնպես բոլորովին այլ են։ Նրանք չէին ցանականում ոչինչ և խաղաղ էին, նրանք չէին ձգտում այնպես ճանաչել կյանքը, ինչպես մենք ենք ձգտում ճանաչել, քանզի նրանց կյանքը լիահագ էր։ Իսկ նրանց գիտելիքներն ավելի բարձր ու խորունկ էին, քան մեր գիտությունն է տալիս։ Քանզի մեր գիտությունը փնտրում է ապացույց՝ բացատրելու, թե ինչ է կյանքը, ինքն է ձգտում գիտակցել այն, որպեսզի այլոց ապրել ուսուցանի։ Իսկ նրանք առանց գիտության էլ գիտեին՝ ինչպես ապրել, և ես հասկացա դա, սակայն չկարողացա ընկալել, հասկանալ նրանց գիտությունն ու իմացությունը։ Նրանք ինձ մատնացույց էին անում իրենց ծառերը, և ես չէի կարողանում ընկալել սիրո այն չափը, որով նրանք նայում էին դրանց։ Ասես խոսում էին իրենց նման արարածների հետ։ Եվ գիտե՞ք, թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նրանք խոսում էին նրանց հետ։ Այո, նրանք ճանաչել էին նրանց լեզուն, և ես համոզված եմ, որ նրանք հասկանում էին նրանց։ Նրանք այդպես էին վերաբերվում նաև ողջ բնությանը՝ կենդանիներին, որոնք խաղաղ ապրում էին նրանց հետ, չէին հարձակվում նրանց վրա և սիրում էին նրանց՝ հաղթված նրանց իսկ սիրուց։ Նրանք մատնացույց էին անում աստղերը և նրանց մասին ինձ ինչ-որ բաներ ասում, որը ես չէի կարողանում հասկանալ, բայց համոզված եմ, որ նրանք ինչ-որ կերպ ասես հաղորդակցվում էին երկնային աստղերի հետ, ոչ թե սոսկ մտոք, այլ ինձ համար անընկալելի ինչ-որ ուրիշ՝ կենաց ճանապարհով։ Օ՜, այդ մարդիկ չէին էլ ձգտում այնպես անել, որ ես հասկանամ իրենց։ Նրանք առանց դրա էլ սիրում էին ինձ, բայց փոխարենը ես գիտեի, որ նրանք էլ երբեք չեն կարողանա հասկանալ ինձ, ուստի և գրեթե չէի խոսում մեր աշխարհի մասին։ Ես նրանց ներկայությամբ լոկ համբուրում էի այն հողը, որի վրա նրանք ապրում էին, և անխոս պաշտում էի նրանց, և նրանք տեսնում էին դա և թույլ էին տալիս պաշտել իրենց, սակայն ամոթխածորեն, որովհետև հենց իրենք առլեցուն էին անսահման սիրով։ Նրանք չէին տառապում ինձ համար, երբ ես, արցունքների մեջ կորած, երբեմն համբուրում էի նրանց ոտքերը՝ սրտումս ցնծագին զգալով, թե սիրո ինչ ուժով են պատասխանելու նրանք ինձ։ Երբեմն ապշահար հարցնում էի ինքս ինձ՝ ինչպե՞ս կարող էին նրանք ամբողջ ժամանակ չվիրավորել այնպիսի մեկին, ինչպիսին ես եմ և ինձ նման մեկի մեջ չհարուցել խանդ ու նախանձ։ Բազմիցս եմ հարցրել ինքս ինձ, թե ինչպես կարող էի ես՝ պարծենկոտս ու ստախոսս, նրանց չասել իմ գիտելիքների մասին, որոնց մասին, իհարկե, նրանք պատկերացում իսկ չունեին, չցանկանայի դրանցով զարմացնել նրանց կամ էլ սոսկ և միայն ու միայն նրանց հանդեպ սիրուց մղված։ Նրանք չարաճճի և զվարթ էին մանկանց նման։ Նրանք դեգերում էին իրենց չքնաղ պուրակներում և անտառներում, նրանք երգում էին իրենց չքնաղ երգերը, նրանք սնվում էին թեթև ուտելիքով, իրենց ծառերի պտուղներով, իրենց անտառների մեղրով և իրենց սիրող կենդանիների կաթով։ Իրենց ուտելիքի և հագուստի համար նրանք աշխատանք էին գործադրում միայն երբեմն ու թեթևակի։ Նրանք սիրում էին և երեխաներ ունենում, սակայն ես նրանց մեջ երբեք չտեսա այն դաժան հեշտանքի պոռթկումները, որը մեր աշխարհում տիրում է գրեթե բոլորին, բոլորին և ամենքին, և հանդիսանում է մեր մարդկության գրեթե բոլոր մեղքերի ակունքը։ Լույս աշխարհ եկած երեխաներով նրանք հրճվում էին իբրև իրենց երանության նոր մասնակիցների։ Նրանց միջև գոյություն չուներ վեճ, և չկար խանդ, և նրանք պատկերացում իսկ չունեին նույնիսկ, թե դա ինչ բան է։ Նրանց երեխաները բոլորի երեխաներն էին, որովհետև բոլորը մեկ ընտանիք էին։ Նրանց աշխարհում գրեթե չկար հիվանդություն, թեև մահ կար։ Սակայն նրանց ծերունիները մահանում էին խաղաղ, ասես ննջելով, իրենց հրաժեշտ տվող մարդկանցով շրջապատված, օրհնելով նրանց, ժպտալով նրանց և իրենք էլ պարուրված նրանց լուսավոր ժպիտներով։ Ողբ, սուգ, արցունք չտեսա ես այդ ընթացքում, այլ կար ասես ցնծության հասնող բազմապատկված սեր միայն և խաղաղ, ափեափ, ներհայեցական ցնծություն։ Կարելի էր մտածել, որ նրանք իրենց մեռելների հետ հաղորդակցվում էին անգամ նրանց մահից հետո, և նրանց այսաշխարհային միավորյալությունը տեղի չէր տալիս նաև մահից հետո, չէր ընդհատվում մահվամբ։ Նրանք գրեթե չէին հասկանում ինձ, երբ ես հարցնում էի հավիտենական կյանքի մասին, բայց, ըստ ամենայնի, այնքան անվերապահորեն էին հավատում դրան, որ այն նրանց համար որևէ հարց չէր ներկայացնում։ Նրանք չունեին տաճարներ, բայց ունեին մի տեսակ հանապազօրյա, կենդանի, անքակտելի և հարատև միասնություն համայն տիեզերքի հետ։ Նրանք չունեին կրոն, բայց ունեին խորին իմացություն, որ երբ իրենց երկրային խինդը պարուրի այսաշխարհիկի սահմաններն ամբողջությամբ, այդժամ էլ իրենց համար՝ և ապրողների, և մեռածների համար վրա կհասնի առավել, անպարփակ և համընդգրկուն միավորում համայն տիեզերքի հետ։ Նրանք այդ պահին սպասում էին խինդով, բայց առանց շտապելու, չտառապելով հանուն դրա, այլ կարծես արդեն իսկ իբրև կանխազգացում ունենալով իրենց սրտում, ինչի մասին հաղորդում էին միմյանց։ Երեկոները՝ քնելու պատրաստվելիս, նրանք սիրում էին միավորվել ներդաշն ու համերաշխ երգչախմբերի մեջ։ Այդ երգերում նրանք հաղորդում էին այն բոլոր ապրումները, որ նրանց պարգևել էր անցած օրը, փառաբանում և հրաժեշտ էին տալիս նրան։ Նրանք փառաբանում էին բնությունը, հողը, ծովը, անտառը։ Նրանք սիրում էին երգեր ձոնել միմյանց և գովերգում էին իրար մանկան նման։ Դրանք շատ, շատ պարզունակ երգեր էին, բայց բխում, հորդում էին նրանց սրտերից և սրտեր թափանցում։ Ասենք, ոչ միայն սոսկ երգերում, այլև, թվում է, և իրենց ողջ կյանքը նրանք անցկացնում էին սոսկ նրանով, որ սքանչանում էին միմյանցով։ Դա մի տեսակ սիրահարվածություն էր միմյանց, համատարած, համընդհանուր, համընդգրկուն։ Իսկ նրանց որոշ երգեր, հանդիսավոր ու վեհապանծ, ես գրեթե բնավ չէի հասկանում։ Բառերն հասկանալով՝ այդուհանդերձ բնավ չէի կարողանում խորամուխ լինել դրանց ողջ իմաստի մեջ։ Նրանք կարծես անհասանելի էին իմ խելքին, փոխարենը իմ սիրտը ներծծվում էր նրանցով անվերադարձ և ավելի ու ավելի։ Ես հաճախ էի նրանց ասում, որ այդ ամենը արդեն առաջներում վաղուց եմ կանխազգացել, որ այդ ամբողջ խինդն ու փառավորությունը ինձ այցելել է դեռ մեր աշխարհում, թովող թախիծով, որը երբեմն հասնում էր անդիմադրելի ողբի։ Ասում էի, որ ես կանխազգացել եմ նրանց բոլորին և փառավորյալությունը նրանց իմ սրտի երազներում և իմ մտքի երազանքներում, որ ես հաճախ չէի կարողանում մեր աշխարհում առանց արցունքների նայել ծագող արևին… Որ մեր երկրի մարդկանց հանդեպ իմ ատելության խորքում միշտ թաքնված է եղել տրտմությունը. ինչո՞ւ չսիրելով նրանց՝ չեմ կարողանում ատել նրանց, ինչո՞ւ չեմ կարողանում չներել նրանց, իսկ նրանց հանդեպ իմ սիրո մեջ տրտմություն կա միշտ։ Ինչո՞ւ չատելով չեմ կարողանում սիրել նրանց։ Նրանք լսում էին ինձ, և ես տեսնում էի, որ նրանք չեն կարողանում պատկերացնել այն, ինչ ասում եմ ես, բայց ես չէի զղջում, որ նրանց ասում եմ այդ մասին։ Ես հասկանում էի, որ նրանք պատկերացնում են իմ կարոտի ամբողջ զորությունը նրանց հանդեպ, ում ես լքել էի։ Այո, երբ նրանք նայում էին ինձ իրենց անուշիկ, սիրով առլեցուն հայացքով, երբ ես զգում էի, որ նրանց հետ իմ սիրտն էլ է դառնում նույնքան անմեղս ու ճշմարտամիտ, ինչպես նրանց սիրտն է, ապա և ես էլ չէի ափսոսում, որ չեմ հասկանում նրանց։ Կյանքի լիահագության զգացողությունից շունչս կտրվում էր, և ես լռիկ աղոթում էի նրանց համար։

Օ՜, հիմա բոլորը ծիծաղում են իմ երեսին և հավատացնում ինձ, որ նույնիսկ երազում հնարավոր չէ տեսնել նման մանրամասնություններ, ինչպիսին հայտնում եմ հիմա, որ երազում իմ ես տեսել կամ ապրել եմ զգացողություններ, որոնց զառանցելիս ծնունդ է տվել հենց իմ սիրտը, իսկ մանրամասներն ինքս եմ հորինել արթնանալով։ Իսկ երբ ես նրանց առջև քանց գաղտնիք բացեցի, որ գուցե իրականում հենց այդպես էլ եղել է, օ՜, Աստված, ինչ ծիծաղ բարձրացավ, և ինչ հրճվանք պատճառեցի ես նրանց։ Օ՜, այո, իհարկե, ես անձնատուր էի հենց այդ երազի զգացողությամբ իսկ, և միայն այն էր կենդանի մնացել արյունածորության չափ վիրավոր իմ սրտում։ Բայց փոխարենը իմ երազի իրական պատկերներն ու կերպարները, այսինքն՝ նրանք, ում ես իրականում տեսել էի իմ երազատեսության ժամին, լի էին այնպիսի ներդաշնությամբ, այնպես հմայիչ էին ու չքնաղ և այնքան ճշմարտացի էին, որ, արթնանալով, ես իհարկե ի վիճակի չէի լինելու նրանց մարմնավորել մեր անճարակ բառերի պաճուճանքով, այնպես որ նրանք կարծես մի տեսակ աղոտանալու էին իմ մտքում, և ուրեմն, հետևաբար և գուցե իրապես ես ինքս ենթագիտակցորեն հարկադրված եմ եղել հետագայում հորինել մանրամասներ և, անշուշտ, աղավաղելով, մանավանդ եթե նկատի ունենանք դրանք շուտափույթ և գեթ փոքր-ինչ արտահայտելու և հաղորդելու իմ այդչափ կրքոտ ցանկությունը։ Բայց այդուհանդերձ, ինչպե՞ս չհավատամ, որ այդ ամենը եղել է։ Եվ գուցե եղել է հազարապատիկ ավելի լավ, լուսավոր և խնդագին, քան ես պատմո՞ւմ եմ։ Թող որ դա երազ էր, բայց այդ ամենը չէր կարող չլինել։ Գիտե՞ք ինչ, ես ձեզ մի գաղտնիք բացահայտեմ. գուցե այդ ամենը բնավ էլ երազ չի եղել։ Քանզի այնտեղ տեղի ունեցավ մի այնպիսի բան, զարհուրելիորեն իրական այնպիսի մի բան, որ չէր կարող լինել երազում։ Թող որ երազն իմ ծնել է իմ սիրտը, բայց մի՞թե միայն սիրտը կարող էր ծնունդ տալ այն զարհուրելի իրողությանը, որ հետագայում կատարվեց ինձ հետ։ Ինչպե՞ս կարող էի ես միայնակ հորինել դա կամ երազել սրտով։ Եվ մի՞թե իմ փոքրիկ սիրտը և կամակոր, ողորմելի խելքն իմ կարող էին հասնել այդաստիճան ճշմարտության հայտնության։ Օ՜, դատեք ինքներդ։ Ես մինչ այս թաքցնում էի, բայց հիմա կհայտնեմ նաև այդ ճշմարտությունը։ Բանն այն է, որ ես… ապականեցի, մեղսավորեցրի նրանց բոլորին։


V

Այո, այո, ավարտվեց նրանով, որ ես մեղսավորեցրի նրանց բոլորին։ Ինչպե՞ս կյանքի կոչվեց այն՝ չգիտեմ, հստակ չեմ հիշում։ Երազը թռել-անցել է հազարամյակների միջով և իմ մեջ թողել է լոկ ամբողջի զգացողությունը։ Գիտեմ միայն, որ մեղսավորման՝ նախնական մեղքի պատճառը ես էի։ Ինչպես պիղծ թելաճիճու, ինչպես ժանտախտի բացիլ-հյուլե, որը ճարակում է ամբողջ պետություններ, ես էլ ինձնով վարակեցի մինչ ինձ երջանիկ, անմեղս այդ աշխարհը։ Նրանք սովորեցին ստել և սիրեցին սուտը և ճանաչեցին գեղեցկությունը նրա։ Օ՜, գուցե դա սկսվեց անմեղորեն, կատակից, պճրանքից, սիրախաղից, իրականում գուցե ատոմից, բայց ստի այդ հյուլեն թափանցեց նրանց սրտերը և դուր եկավ նրանց։ Ապա արագորեն ծնունդ առավ հեշտասիրությունը, հեշտասիրությունը ծնեց խանդ, խանդը ծնունդ տվեց դաժանությանը… օ՜, չգիտեմ, չեմ հիշում, բայց արագորեն, շատ շուտով հեղվեց նաև առաջին արյունը։ Նրանք ապշեցին և զարհուրեցին և սկսեցին պառակտվել, բաժան-բաժան լինել։ Ի հայտ եկան միություններ, բայց արդեն միմյանց դեմ։ Սկիզբ առան հանդիմանանքներ, մեղադրանքներ։ Նրանք ճանաչեցին ամոթը և ամոթը վեհացրին իբրև առաքինություն։ Ծնունդ առավ պատվի պատկերացումը, և յուրաքանչյուր միություն պարզեց իր դրոշը։ Նրանք սկսեցին տանջել կենդանիներին, և կենդանիները հեռացան անտառներ և դարձան թշնամի նրանց։ Պայքար սկսվեց բաժանման, առանձնացման, առանձնականացման, անհատականացման, իմ ու քո-ի համար։ Նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով։ Նրանք ճանաչեցին վիշտը և սիրեցին վիշտը, նրանք ծարավի էին տառապանքի և ասում էին, որ Ճշմարիտը հասու է միայն տառապանոք։ Այդ ժամանակ էլ նրանց մոտ ի հայտ եկավ գիտությունը։ Երբ նրանք դարձան չար՝ սկսեցին խոսել եղբայրությունից և մարդասիրությունից և պատկերացում կազմեցին այդ գաղափարների մասին։ Երբ նրանք դարձան ոճրավոր, հայտնագործեցին արդարությունը և ստեղծեցին ամբողջ վարքականոններ, որպեսզի պահպանեն այն, իսկ վարքականոնների պահպանումը ապահովելու համար գիլյոտին կանգնեցրին։ Նրանք շատ քիչ էին հիշում այն, ինչ կորցրել էին, նույնիսկ չէին ուզում հավատալ նրան, որ մի ժամանակ եղել են անմեղս ու երջանիկ։ Նրանք ծիծաղում էին նույնիսկ այդ նախկին երջանկության հնարավորության վրա և այն կոչում երազանք։ Նրանք անգամ չէին կարողանում մարմնավորյալ պատկերացնել այն, բայց տարօրինակ ու հրաշալի բան. կորուսանելով նախկին երջանկության հանդեպ ամենայն հավատ, անվանելով այն հեքիաթ՝ նրանք այն աստիճան փափագեցին անմեղս ու երջանիկ լինել վերստին, նորից, որ երկրպագեցին իրենց սրտի փափագին, ինչպես մանուկներ, աստվածացրին այդ փափագները, կառուցեցին տաճարներ և սկսեցին աղոթել իրենց իսկ գաղափարին, իրենց իսկ փափագին, միևնույն ժամանակ լիովին հավատացած դրա անիրականալիությանը և անիրագործելիությանը, բայց արտասուքն ի ակն պաշտելով ու երկրպագանելով նրան։ Եվ սակայն, եթե միայն այնպես պատահեր, որ նրանք վերադառնային այն անմեղս ու երջանիկ վիճակին, որը կորուսանել էին, և եթե որևէ մեկը նրանց վերստին ցուցաներ այն և հարցներ՝ կուզե՞ն արդյոք ի դարձ լինել նրան, ապա նրանք հավանաբար կհրաժարվեին։ Նրանք ինձ պատասխանում էին. «Թող որ մենք ստահոդ ենք, չար և անարդար, մենք գիտենք դա և լալիս ու մորմոքում ենք դրա համար, և տանջում ինքներս մեզ, և կեղեքում ենք մեզ և պատժում առավել, քան գուցե այն բարեգութ Դատավորը, որը դատելու է մեզ, և ում անունը մենք չգիտենք։ Բայց մենք ունենք գիտություն և նրա միջոցով վերստին որոնյալ կգտնենք Ճշմարիտը, բայց կընդունենք այն արդեն գիտակցաբար։ Գիտելիքը վեր է զգացմունքից, կյանքի գիտակցումը՝ կյանքից։ Գիտությունը մեզ կտա իմաստնություն, իմաստնությունը կբացահայտի օրենքները, իսկ երջանկության օրենքների իմացությունը առավել է երջանկությունից»։ Ահա թե ինչ էին ասում նրանք, և այդ խոսքերից հետո նրանցից յուրաքանչյուրն իրեն սիրում էր առավել, քան այլոց, ասենք, նրանք այլ կերպ չէին էլ կարող վարվել։ Յուրաքանչյուրը դարձել էր այնքան խանդակաթ իր անձի հանդեպ, որ ամբողջ ուժով ջանում էր լոկ նվաստացնել և նսեմացնել այն այլոց առջև, և այդ ու միայն այդ էր պատկերացնում կյանքն իր։ Ի հայտ եկավ ստրկությունը, ի հայտ եկավ նույնիսկ կամավոր ստրկություն։ Թույլերը հոժարակամ ենթարկվում էին ուժեղագույններին, բայց միայն նրա համար, որ նրանք իրենց օգնեն ճնշել ավելի թույլերին, քան իրենք են։ Ի հայտ եկան արդարակյացներ, որոնք արցունքն աչքերին գալիս էին այդ մարդկանց մոտ և խոսում նրանց իսկ հպարտության մասին, չափի և ներդաշնության կորուստի մասին, ամոթը կորուսանելու մասին։ Նրանց ծաղրում էին կամ քարկոծում։ Սուրբ արյունն էր հեղվում տաճարների շեմերին։ Փոխարենը սկսեցին ի հայտ գալ մարդիկ, որոնք սկսեցին մտորել. ինչպե՞ս բոլորը վերստին այնպես միաբանվեն, որպեսզի յուրաքանչյուրը, չդադարելով ինքն իրեն ամենքից առավել սիրելուց, միևնույն ժամանակ չխանգարի այլ մեկին, և բոլորը միասին այդպես ապրեն ասես նաև այդ կերպ համերաշխ հանրության մեջ։ Այդ գաղափարի պատճառով թեժ պատերազմներ եղան։ Բոլոր պատերազմողները միևնույն ժամանակ լիովին հավատում էին, որ գիտությունը, իմաստնությունը և ինքնապահպանության բնազդը մարդուն վերջապես կստիպեն միավորվել համերաշխ և ողջամիտ հասարակության մեջ, ուստի և առայժմ, գործն արագացնելու համար, ՙիմաստնացածները՚ ձգտում էին հնարավորինս շուտ կոտորել բոլոր ՙչիմաստնացածներին՚ և իրենց գաղափարը չընկալողներին, որպեսզի նրանք չխանգարեն դրա հաղթարշավին։ Սակայն ինքնապահպանության բնազդը սկսեց արագորեն թուլանալ, ի հայտ եկան ամբարտավաններ և հեշտամոլներ, որոնք սկսեցին ուղղակի ուզել ամենայն բան կամ ոչինչ։ Ամենայն բան ձեռք բերելու համար սկսեցին դիմել չարագործության, իսկ եթե այն ձախողվում էր՝ ինքնասպանության։ Ի հայտ եկան ոչինչ լինելու ճանապարհով հավիտենական հանգիստ գտնելու վարդապետություններ, որոնք հանուն դրա քարոզում էին անգոյության և ինքնակործանման պաշտամունք։ Ի վերջո այդ մարդիկ հոգնեցին անպտուղ աշխատանքից, և նրանց դեմքերին հայտնվեց տառապանք, և այդ մարդիկ հռչակեցին, որ տառապանքը գեղեցկություն է, զի տառապանքն է սոսկ իմաստն ամենայնի։ Նրանք օրհներգեցին տառապանքը իրենց երգերում։ Ես շրջում էի նրանց մեջ ձեռքերս կոտրատելով և լալիս էի նրանց համար, բայց սիրում էի նրանց գուցե առավել, քան առաջ, երբ նրանց դեմքերին դեռ տառապանք չկար, և նրանք անմեղս էին և այնքա՜ն գեղեցիկ։ Ես իրենց իսկ պղծած իրենց աշխարհը սիրեցի առավել, քան երբ նա դրախտ էր, սոսկ այն բանի համար, որ այնտեղ ի հայտ եկավ վիշտը։ Ավաղ, ես միշտ սիրել եմ վիշտը և ողբը, բայց լոկ ինձ համար, ինձ համար, իսկ նրանց համար ես լալիս էի՝ խղճալով նրանց։ Ես նրանց էի կարկառում ձեռքերն իմ՝ հուսաբեկ մեղադրելով, նզովելով և արհամարհելով ինձ։ Ես նրանց ասում էի, որ այդ ամենը ես եմ արել, ես՝ միայն ես, ես եմ նրանց բերել մեղսություն, ախտ և սուտ։ Ես աղաչում էի նրանց, որ ինձ խաչ բարձրացնեն, ես նրանց սովորեցրի, թե ինչպես խաչ պատրաստեն։ Ես չէի կարող, ի զորու չէի սպանել ինքս ինձ, բայց ես ուզում էի նրանց ձեռքով տառապանք ընդունել, և տառապանք էի տենչում, տենչում էի, որ այդ տառապանքների մեջ հեղվի արյունն իմ մինչև վերջին կաթիլը։ Բայց նրանք լոկ ծիծաղում էին ինձ վրա և ի վերջո սկսեցին ինձ համարել Աստծո կողմից զարկված խենթ։ Նրանք արդարացնում էին ինձ, ասում, որ ստացել են սոսկ այն, ինչ իրենք են ցանկացել, և այն ամենը, ինչ կա հիմա, չէր կարող չլինել։ Ի վերջո նրանք հայտարարեցին, որ ես սկսում եմ վտանգ ներկայացնել իրենց համար և ինձ գժանոց կգցեն, եթե չլռեմ։ Այդժամ վիշտն իմ սիրտը խուժեց այնպիսի ուժգնությամբ, որ սիրտս ճմլվեց ցավագին, և ես զգացի, որ կմահանամ, և այդժամ… բայց ահա այդ պահին էլ ես արթնացա։

Արդեն առավոտ էր, այսինքն՝ լույսը դեռ չէր բացվել, բայց ժամը վեցի կողմերն էր։ Ես արթնացա այն նույն բազկաթոռին նստած, իմ մոմը վառվել պրծել էր, կապիտանի մոտ քնած էին, և շուրջբոլորը մեր բնակարանի համար հազվադեպ լռություն էր։ Ես ապշահար վեր թռա։ Ինձ երբեք նման բան չէր պատահել, ընդհուպ մանրուքներն ու անկարևոր մանրամասները։ Օրինակ՝ երբեք բազկաթոռում չէի քնել։ Եվ այդ պահին, երբ կանգնել ու ուշքի էի գալիս, հանկարծ հայացքս ընկավ ռևոլվերիս. լիցքավորված, պատրաստ։ Բայց ես ակնկարթորեն մի կողմ հրեցի այն։ Օ՜, հիմա միայն կյանք, ապրե՜լ, ապրե՜լ։ Ես կարկառեցի ձեռքերս և փառաբանելով դիմեցի հավիտենական ճշմարտությանը։ Ոչ գոչեցյալ, արտասվելով։ Ցնծությունը, անսահման ցնծությունը պարուրեց իմ ողջ էությունը։ Այո՝ կյանք, և քարոզ, քարոզ և ավետում։ Քարոզելու մասին ես վճռեցի հենց նույն պահին և, իհարկե, ողջ կյանքիս համար։ Ես գնում եմ քարոզելու, ես ուզում եմ ավետել… ի՞նչ. Գերագույն Ճշմարիտը, քանզի ես տեսել եմ այն, տեսել եմ իմ աչքով, տեսել եմ նրա ողջ փառավորյալությունը։

Եվ ահա այդ պահից ի վեր ես քարոզում եմ։ Բացի այդ՝ սիրում եմ բոլորին, և նրանց, ովքեր ինձ վրա ծիծաղում են՝ բոլորից առավել։ Ինչո՞ւ է այդպես, չգիտեմ և չեմ կարող բացատրել, բայց թող, թող այդպես լինի։ Նրանք ասում են, թե ես հիմա էլ եմ հակասությունների մեջ ընկնում, մոլորվում, այսինքն՝ եթե հիմա եմ այդպես մոլորվում, ապա դեռ ինչե՜ր կլինեն հետագայում։ Վերի՜ն ճշմարտություն։ Ես մոլորվում եմ, ու թերևս հետագայում ավելի վատ լինի։ Եվ, իհարկե, կմոլորվեմ մի քանի անգամ, մինչև հայտնաբերեմ, թե ինչպես քարոզեմ ու ավետեմ, այսինքն՝ ինչ խոսքերով և ինչ գործերով, քանզի դա շատ դժվար է իրագործել։ Ախր ես հիմա էլ այդ ամենը տեսնում եմ ցերեկվա լույսի պես պարզ, բայց լսեք՝ իսկ ո՞վ չի մոլորվում։ Այնինչ չէ՞ որ բոլորը գնում են դեպի միևնույն բանը, նվազագույնը՝ ձգտում են միևնույն բանին, իմաստունից մինչև վերջին ավազակը, միայն թե տարբեր ճանապարհներով։ Հին է ճշմարտությունն այդ, բայց ահա թե ինչն է նոր այսու. ախր ես այնքան էլ չեմ կարող մոլորվել։ Որովհետև ես տեսել եմ Ճշմարիտը, և տեսել եմ և գիտեմ, որ մարդիկ կարող են լինել գեղեցիկ և երջանիկ՝ չկորցնելով այս աշխարհում ապրելու ընդունակությունը։ Ես չեմ ուզում և չեմ կարող հավատալ, թե չարը կարող է լինել մարդու բնական վիճակը։ Այնինչ նրանք իմ հենց այդ հավատի վրա են ծիծաղում։ Բայց ես ինչպե՞ս չհավատամ։ Ես տեսել եմ ճշմարիտը. ոչ թե հորինել, մոգոնել եմ մտոք, այլ տեսել եմ, տեսել եմ, և կենաց պատկերը նրա համակել է իմ հոգին հավիտյան։ Ես այն տեսել եմ այնպես անխաթար, որ չեմ կարող հավատալ, թե այն չի կարող լինել մարդկանց մեջ։ Արդ, ինչպե՞ս թե կմոլորվեմ ես։ Կսխալվեմ, կշեղվեմ, իհարկե, նույնիսկ քանիցս, և կխոսեմ, գուցե նույնիսկ օտար խոսքերով, բայց ոչ երկար։ Կենաց պատկերն այնի, ինչ ես տեսել եմ, միշտ ինձ հետ կլինի և միշտ կուղղի և կուղղորդի ինձ։ Օ՜, ես առույգ եմ, ես լի եմ եռանդով, ես գնում եմ, գնում եմ, թեկուզ՝ հազար տարով։ Գիտե՞ք, սկզբում ես նույնիսկ կամենում էի թաքցնել, որ ես մեղսավորել եմ նրանց բոլորին, բայց դա կլիներ սխալ՝ ահա և առաջին սխալը։ Բայց Ճշմարիտը շշնջաց ինձ, որ ես ստում եմ, և պահպանեց ինձ և ուղղություն տվեց ինձ։ Բայց ինչպես կերտել դրախտը՝ ես չգիտեմ, որովհետև ունակ չեմ հաղորդել բառերով։ Իմ երազից հետո ես կորցրել եմ բառերը։ Առնվազն՝ բոլոր կարևոր բառերը, ամենաանհրաժեշտները։ Բայց թեկուզ այդպես լինի. ես կգնամ և կխոսեմ անդուլ, անդադրում, որովհետև ես այնումենայնիվ տեսել եմ աչոք իմ, թեև չեմ կարող վերապատմել տեսածս։ Բայց ինձ ծաղրողները ահա հենց դա էլ չեն հասկանում. «Իբր երազ է տեսել, զառանցանք, ցնորք»։ Ախ, մի՞թե հասկանալու համար մեծ իմաստնություն է պետք։ Իսկ նրանք այնքա՜ն են հպարտանում։ Երա՞զ, ի՞նչ է երազը։ Իսկ մեր կյանքը, ի՞նչ է, երազ չէ՞։ Կասեմ ավելին, թեկուզ, թեկուզ դա երբեք չիրականանա և երբեք չլինի դրախտ (այ դա ես գիտակցում եմ), բայց միևնույն է, ես այնուամենայնիվ քարոզելու եմ և ավետելու։ Այնինչ դա այնքան պարզ է. կենտ մի օրում, կենտ մի ժամում ամեն բան միանգամից կարգի կգար։ Գլխավորը՝ սիրիր այլոց ինչպես ինքդ քեզ, ահա գլխավորը, և դա է ամենը, այլ բանի, ավելիի կարիք բնավ չկա։ Նույն պահին կգտնես՝ ինչպես կարգի բերել ամենայն բան։ Այնինչ դա միայն ու միայն հինավուրց ճշմարտություն է, որը բիլիոն անգամ կրկնել են, կարդացել, բայց ախր չի բնավորվել այն մեր մեջ։ «Կյանքի գիտակցումը վեր է կյանքից, երջանկության օրենքների իմացությունը վեր է երջանկությունից»,— ահա թե ինչի դեմ պիտի պայքարել։ Եվ կանեմ։ Եթե միայն բոլորը կամենան՝ նույն պահին էլ ամեն բան կարգի կգա։

Իսկ այն փոքրիկ աղջկան ես գտա… Եվ կգնամ, կգնամ…