հեղինակ՝ Չժան Տյան֊Ի |
Գլուխ առաջին
Վտանգը հետամուտ է լինում հենց առաջին քայլից
Մի գյուղում իր կնոջ հետ մի խեղճ գյուղացի էր ապրում։ Երկուսն էլ այնքան ծեր էին, որ նույնիսկ չէին հիշում, թե իրենք քանի տարեկան են։ Ծերունիները երեխաներ չունեին, և երբ հանկարծ երկու տղա է ծնվում, նրանք անսահման երջանիկ են զգում իրենց։
― Հիմա մենք էլ տղաներ ունենք, ― հրճվում է գյուղացին։ ― Ես չէի կարծում, թե այդպիսի երջանկություն կտեսնեմ։
Ուրախանում է և նրա կինը։
― Պետք է երեխաներին լավ անուններ դնել, ― ասում է նա, երջանիկ հայացքը չկտրելով երեխաներից։
Իսկ ի՞նչ անուններ կարելի է դնել երեխաներին։ Ծերունին մտածում է, մտածում, բայց ոչ մի անուն չի կարողանում գտնել։ Մեջտեղ է բերում մեծ բառարանը, որտեղ բազմաթիվ բառեր կային։ Այնտեղ անպայման գեղեցիկ անուններ կլինեն։
Մե՛կ․․․ երկո՛ւ․․․ երե՛ք․․․ պատահական բացում է բառարանը, և հայացքն ընկնում է «ցայ» հիերոգլիֆին, որը նշանակում է «կերակուր»։ Դե, իհարկե, կերակուրը անուն չէ։ Մարդիկ կծաղրեն նրան, եթե նա առաջին տղային կոչի Ցայ Մեծ, իսկ երկրորդին՝ Ցայ Փոքր։ Կասեն՝ «Հլա տես, թե ի՞նչ է ցանկացել ծերունին։ Մի տղան ճաշ է՝ ութ հոգու համար, մյուսը նախաճաշ է բանջարեղենից ու աղ դրած մթերքներից․․․»։ Ո՛չ, այդ անունը մեր բանը չի։
Եվ ծերունին նորից է բացում բառարանը։ Բայց այս անգամ էլ մատը դնում է բոլորովին անհամապատասխան մի հիերոգլիֆի՝ «ֆեյ»֊ի, այսինքն՝ «Ճարպոտ»֊ի վրա։ Հենց միայն ա՜յդ էր պակաս։ Իր տղաները երբեք ճարպոտ չեն լինի։ Փա՜ռք աստծո։
Ծերունին երկար թերթում է բառարանը, բայց և այնպես համապատասխան հիերոգլիֆ չի հանդիպում։ Գիշերը մինչև լույս նա մատը այնքան է տանում֊բերում տողերի վրայով, որ նույնիսկ հոգնում է։ Իսկ երբ արդեն սկսում է լուսանալ, բրիչն առնում է ու գնում դաշտ։ Վրդովված՝ նա քայլում է ճանապարհով, և հանկարծ նրա առջև փռվում է արևի առաջին ճառագայթներով ողողված անտառը։
― Սա է, որ կա, ― ուրախանում է ծերուկը։ ― Սրանից ավելի գեղեցիկ անուն չեմ գտնի։
Եվ ընտրվում է այդ անունը․ նրան, ով առաջինն էր ծնվել, ծերունին կոչում է Դա լին՝ Լին Մեծ, իսկ երկրորդին՝ Սյաո Լին՝ Լին Փոքր, որովհետև «լին» բառը հենց «անտառ» է նշանակում։
Անցնում է տասը տարի։ Ծեր գյուղացու ու նրա կնոջ մեռնելու օրը գալիս է։ Մեռնելուց առաջ նրանք կանչում են Լին Մեծին ու Լին Փոքրին և ասում․
― Մենք ոչինչ չունենք, երեխաներ։ Դուք ինքներդ պիտի վաստակեք ձեր հացը։ Երբ որ մեռնենք, մեզ տարեք գյուղից հեռու ու թողեք դաշտում․ ագռավները կհոգան մեր թաղման մասին։ Իսկ դուք տանից վերցրեք ինչ որ պետք է ու գնացեք ձեր բախտի հետևից։
Դրանից հետո հայրն ու մայրը երկար չեն ապրում։ Ծնողների վերջին ցանկությունը կատարելու համար Լին Մեծն ու Լին Փոքրը նրանց տանում են դաշտ ու դնում գետնին։ Իսկույն, թևերն աղմուկով թափահարելով, ծառերից թռչում֊գալիս է սև ագռավների երամը։ Ագռավները իրենց կտուցով հող են բերում, և շուտով հանգուցյալների պառկած տեղում մի բարձր գերեզմանաթումբ է բարձրանում։
― Գեգե,[1] ― ասում է Լին Փոքրը, ― գնանք։ Լավ կլինի, որ մենք շուտ ճամփա ընկնենք, հը՞։
Տնից դուրս գալիս նրանցից մեկը մի տոպրակ բրինձ է վերցնում, մյուսը քաթանե տոպրակի մեջ հավաքում է հինումին շորեր, երկու կավե գավաթ, և հրաժեշտ են տալիս հայրենի տանը։
― Իսկ ո՞ւր գնանք, ― հարցնում է Լին Մեծը։
Եղբայրները նոր են միայն հասկանում, թե ինչ դժբախտություն է պատահել։ Ո՞վ կխղճա իրենց՝ հորից ու մորից բացի։ Երկուսով նստում են ճանապարհին ու դառը արտասվում։
Նրանց չորս կողմը դաշտ ու անտառ է լինում։ Բայց այդ բոլորը ուրիշինն է։ Որտե՞ղ կարող են ապաստան գտնել։ Ո՞ւր գնան․․․
Մոտենում է գիշերը։ Արևը թաքնվում է լեռների հետևը։ Դուրս է գալիս լուսինը։ Նրա հետևից դուրս են թափվում աստղերը և իրենց առկայծող հայացքները հառում միայնակ ճամփորդների վրա։
Լին Մեծն ու Լին Փոքրը այնքան երկար, այնքան սրտաճմլիկ են արտասվում, որ նույնիսկ արևին են արթնացնում։ Նա հայտնվում է արևելքում, ճաճանչափայլ ժպտում նրանց ու պարզապես զարմանում, թե ինչպես կարելի է արտասվել առավոտյան ծեգին։
Լին փոքրը մաքրում է աչքերը։
― Դեռ լա՞ց ես լինում գեգե, ― հարցնում է նա եղբորը։ ― Հերիք չի՞։
― Հերիք է։ Գնանք։
Բայց ո՞ւր գնալ։ Իհարկե այնտեղ, ուր աչքդ կտրում է։ Իսկ եթե աշխարհում այնքան ճանապարհներ կան, որ մարդու աչքերը շաղվո՞ւմ են։ Այդ դեպքում ավելի հեշտ է գնալ առանց մտածելու։ Եվ նրանք գնում են, գնում այնքան, մինչև որ բրինձը վերջանում է։
― Բոլորը կերանք, վերջացրինք, ― ասում է Լին Մեծը։ ― Ի՞նչ ենք անելու։
― Հանգստանանք, հետո կմտածենք։ Լա՞վ։
Մեծ եղբայրը համաձայնում է, ու նրանք նստում են խոտերի վրա, մի մեծ սև քարի մոտ։
Լին մեծը մի անգամ էլ է նայում դատարկ տոպրակի մեջ ու հառաչում։
― Ինչքան կուզեի հարուստ լինել։ Հարուստներին ամեն ինչ կարելի է՝ ուտում են ուզածի չափ, հագնում ամենալավ շորերը և ոչինչ չեն անում․․․
― Ոչինչ չեն անո՞ւմ, ― զարմանում է Լին Փոքրը։ ― Հայրիկն ասում էր, որ մարդն անպայման մի որևէ բան պիտի անի։
― Որովհետև նա աղքատ էր։ Իսկ հարուստն ինչո՞ւ պիտի աշխատի։ Ես էլ ուրիշ բան եմ հիշում․ հայրիկն ասում էր, որ լավ է ապրում նա, ով հող ունի։
― Հայրիկն ու մայրիկը մեռան աղքատության մեջ, դա ճիշտ է, բայց լավ մարդիկ էին։ Իսկ հարուստները բոլորն էլ ծույլեր են։
― Բայց ապրում են ուրախ, ― առարկում է Լին Մեծը։ ― Իսկ աղքատներն ի՞նչ ուրախություն ունեն։ Միայն անընդհատ աշխատում են, աշխա․․․
Բայց Լին Մեծը չի հասցնում ավարտել իր խոսքը։ Հանկարծ այնպիսի դղրդյուն է լսվում, կարծես ամպն է տրաքվում։
― Ի՞նչ գործ ունեք դուք այստեղ։ Ես ձեզ կուտեմ։
Լին Մեծն ու Լին Փոքրը վեր են թռչում։ Վախից մինչև անգամ բրնձի դատարկ տոպրակն է սկսում դողալ։ Իսկ ո՞վ էր այդպես բղավում։ Չորս կողմը ոչ մի շունչ չկար։
Վախից դողալով՝ եղբայրները կպչում են մեկը մյուսին։
― Լսեցի՞ր, ― ատամներն իրար խփելով վերջապես սկսեց խոսել Լին Մեծը։ ― Այդ ո՞վ է։
― Չգիտեմ։
Եվ այդ ժամանակ նրանք նկատում են, որ սև քարը, որի տակ իրենք կանգնած էին, հանկարծ օրորվում է և սկսում նրանց աչքերի առջև բարձրանալ։
― Երկրաշարժ է։ Շուտ արա փախչենք, ― բղավում է Լին Փոքրը։
Բայց փախչելու համար արդեն ուշ է լինում․ քարը թափով բարձրանում է և պատի պես փակում նրանց ճանապարհը։
― Վա՜յ։ Ա՛յ քեզ հրեշ։ Մարդ է՝ մարդ չէ, գազան է՝ գազան չէ։
Իսկ նրանք սկզբում դա հասարակ քարի տեղ էին դրել․․․ Հրեշն իր ամբողջ հասակով կանգնում է նրանց առջև։ Նա մեծ֊մեծ աչքեր ուներ, ոնց որ պղնձե երկու թավաներ, որոնք կանաչ լույս էին արձակում։ Խիտ խոտերով ծածկված երկար թաթերը հասնում էին Լին Մեծին ու Լին Փոքրին և պատրաստ էին բռնել նրանց ու հոշոտել։
Դե, ուրեմն, հիմա հրեշը կուտի նրանց։ Կուտի և օֆ էլ չի անի։
«Միևնույն է, պիտի կորչենք, ― մտածում է Լին Մեծը։ ― Հայրս, մայրս չկան, բրինձն էլ կերել վերջացրել ենք, ո՛չ հող ունենք, ո՛չ փող․․․ Թող ուտի մեզ այդ անիծված հրեշը»։
Իսկ Լին Փոքրը որոշում է չհանձնվել։ Փախչելն, իհարկե, անօգուտ էր, նա իսկույն հասկանում է այդ բանը։ Բավական է, որ հրեշը թաթը մեկնի, իսկույն կբռնի քեզ, եթե նույնիսկ հասցնես մինչև անտառ փախչել։
Հրեշը, նախապես վայելելով կուշտ ճաշ ուտելու հաճույքը, լիզում է շրթունքները և իր կանաչ աչքերը չռում Լին Մեծի ու Լին Փոքրի վրա։
― Պատրաստվում ես մեզ ուտե՞լ, ― բղավում է Լին Փոքրը, վրդովմունքից ամբողջապես դողալով։
― Կարող եմ և չուտել, ― քմծիծաղ է տալիս Հրեշը, ― մի պայմանով․ եթե դուք ինձ տուրք վճարեք․ շատ մարգարիտ տաք։
― Մարգարի՞տ։ Իսկ ի՞նչ բան է դա։
― Հա՜֊հա՜֊հա՜։ Չգիտե՞ք․․․ Ավելի վատ ձեզ համար։ Այդ դեպքում չնեղանաք․․․
― Փախչենք, ― Լին Մեծի ականջին շշնջում է Լին Փոքրը։
― Միևնույն է, կհասնի։
― Եթե տարբեր կողմերի վրա փախչենք, չի հասնի։
― Մե՛կ․․․ Երկո՛ւ․․․ Երե՛ք․․․ Լին Մեծը գլխապատառ սլանում է դեպի արևելք։ Լին Փոքրը՝ դեպի արևմուտք։
Հրեշը գլուխը կորցնում է։ Սկզբում վազում է Լին Մեծին բռնելու, հետո Լին Փոքրին, բայց ձեռքը ոչինչ չի ընկնում։
Եղբայրները վազում են, նույնիսկ չհիշելով այն տոպրակը, որի մեջ լցրել էին իրենց ունեցած֊չունեցածը։ Իսկ հրեշի ախորժակը գրգռվել էր։ Անհաջողությունից վրդովված, նա ճանկում է տոպրակն ու կոխում բերանը։ Բայց, դուք էլ եք հասկանում, որ քաթանե տոպրակը բոլորովին ուտելու բան չի։ Ոչ թե կուլ տալը, ծամելն անգամ դժվար է։ Կատաղությունից Հրեշը մի սոճու ծառ է քաշում հանում հողից և սկսում է նրանով ատամները փորփրել։
― Ինչ արած, գոնե մի քիչ քնեմ, ― հառաչում է Հրեշը, թեքելով այդ զզվելի տոպրակի մնացորդները։
Դարձյալ դուրս է գալիս լուսինը, կեռ ու բարակ, որ կարծես աղջկա հոնք լինի։
Հրեշը մեկնվում է, որ մի քիչ հանգստանա, բայց անզգուշությամբ թաթով խփում է լուսնի ծայրին, չանկռում է ու արյունլվիկ անում։
― Թյո՜ւ, ― կատաղությունից թքում է նա։ ― Այսօր բախտս չի բերում։ Իսկապես չի բերում․․․
Գլուխ երկրորդ
Թագավորական օրենք
Լին Փոքրը շնչակտուր վազում է մոտ տասը կիլոմետր։ Նա կանգ է առնում միայն այն ժամանակ, երբ գլխի է ընկնում, որ Հրեշն այլևս չի կարող հասնել իրեն։ Առջևում երևում է մի հովիտ, որը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով։ Շունչ առնելուց հետո Լին Փոքրը սկսում է բարձր կանչել մեծ եղբորը։
― Գեգե՜, գեգե՜։
Բայց այդ ժամանակ նա հիշում է, որ իրենք փախան տարբեր ուղղություններով։ Ով գիտե, թե որտեղ է հիմա եղբայրը։ Լին Փոքրի աչքերում արցունք է երևում։ Նա ուզում էր լաց լինել, բայց շատ էր հոգնել և դրա համար էլ հենց որ նստում է խոտերի վրա, իսկույն քունը տանում է։
Դուրս է գալիս լուսինը։ Նրա աղոտ ճաճանչների մեջ սկսում են մարգարիտների պես փայլել Լին Փոքրի թարթիչների վրա դեռևս չչորացած արցունքները։
Քնել է Լին Փոքրը և չգիտի, որ ճանապարհով է իրեն մոտենում դժբախտությունը՝ երկու կարևոր բարձրաստիճան անձերի կերպարանքով։
Բարձրաստիճան անձերից մեկը շունն է՝ Պիպ անունով, իսկ մյուսը աղվեսն է, որին կոչում են Պիպին։ Երկուսն էլ հագնված են բարձր ճաշակով։ Առանձնապես նուրբ էր երևում պարոն Պիպինի գլխարկը։ Երևի այդ գլխարկը արծաթից էր ձուլված, որ այնպես փայլփլում էր լուսնի ճառագայթների տակ։
― Այսօր բախտս բերում է, բարեկամս, ― դիմեց պարոն Պիպը պարոն Պիպինին։ ― Պատկերացրու, առավոտյան ես ճանապարհին բոլորովին մի նոր պայուսակ գտա։
― Իսկ ի՞նչ կար նրա մեջ, ― հետաքրքրվեց Պիպինը։
― Դու երբեք գլխի չես ընկնի։ Մի լիքը պայուսակ ճանճ։
― Ինչ մեծ բան է մի պայուսակ ճանճը որ․․․ Ախր դա համով չի, ― պատասխանում է Պիպինը, որը գիտնական աղվեսի համբավ ուներ և, իհարկե, իր բերանի համը լավ գիտեր։
― Հետաքրքիր է, պարոն Պիպին, դու ի՞նչ կուզենայիր գտնել, ― վիրավորվում է Պիպը։
― Համենայն դեպս որևէ ուտելու բան և ոչ թե ճանճեր։ Թեկուզ մի փոքրիկ մարդ։
― Դե՛, դա այնքան էլ դժվար չի։ Ես հիանալի հոտառություն ունեմ։ Եթե մարդ տեսնեմ, անպայման հոտ կառնեմ։
Այսպես խորհրդակցելով նրանք մոտենում են հենց այն տեղին, որտեղ քնած էր Լին Փոքրը։
Պիպը հաճույքից նույնիսկ վեր է թռչում։
― Պարոն Պիպին։ Պարոն Պիպին։ Ես քեզ ասում էի, չէ՞, որ մենք անպայման ուտելի մի բան կգտնենք։ Հա՜֊հա՜․․․ Դե՛, իհարկե։ Ահա, տե՛ս։
Պիպինը քորում է ականջի հետևը և նախանձով նայում Պիպին։
Իսկ սա արդեն հոտոտել էր քնած տղային և նայում էր իր բարեկամին, զգացնել տալով իր գերազանցությունը։
― Հը, ի՞նչ կասես, պարոն Պիպին, քո կարծիքով ես ինչքան կստանամ, եթե սրան ծախեմ կենդանի քաշով։
Լին Փոքրը աչքերը չի բացում։
― Ես քնել եմ ուզում, ― քունը գլխին մրթմրթում է նա։ Ո՞վ է այստեղ հաչում։
Պիպը բարձր քրքրջում է։
― Ի՞նչ է, դու գոհ չե՞ս, որ քեզ արթնացրին։ Հա՜֊հա՜․․․ ուրեմն իմացիր, որ այսուհետև դու ինձ ես պատկանում։ Ինչպես ուզեմ, այնպես կվարվեմ քեզ հետ։
Լին Փոքրը սկսում է վախենալ, քունը բոլորովին փախչում է․ «Ախ, ախ, գործերս վատ են»։
― Ինչ ես ուզում ինձնից։ Չէ՞ որ ես քնած էի․․․
― Լռի՛ր։ Ես քեզ գտել եմ, հիմա դու իմն ես։ Ես ոչինչ չգիտեմ, ― նրա խոսքը կտրում է Պիպը։
Ի՞նչ է նշանակում՝ գտել եմ։ Ի՞նչ է նշանակում՝ քոնն եմ։ Ես քոնը չեմ, այլ իմ սեփականը։
― Չես հավատո՞ւմ, հարցրու ում կուզես, թեկուզ նրան, ― և Պիպը գլխով ցույց է տալիս Պիպինին։
Պիպինը թռչում է դեպի Լին Փոքրը և, տղայի ականջից բռնելով քարշ է տալիս պարոն Պիպի մոտ։
― Մեզ մոտ իսկապես այսպիսի օրենք գոյություն ունի, ― խրատական տոնով սկսում է խոսել Պիպինը, ստիպելով Լին Փոքրին խոնարհվել Պիպի առաջ։ ― Եթե որևէ մեկը ճանապարհին մի իր է գտնում և դա նրան դուր է գալիս, նա իրավունք ունի այդ իրը սեփականացնել։ Պարոն Պիպը գտել է քեզ, նշանակում է դու արդեն նրա սեփականությունն ես։ Պա՛րզ է։
Լին Փոքրը տրորում է աչքերը և, ոչինչ չհասկանալով, հայացքը հառում է նախ Պիպին, ապա՝ Պիպինին։
― Իսկ ես չեմ հավատում, որ կարող է այդպիսի օրենք գոյություն ունենալ, ― բացականչում է նա։
Պիպը պատասխանում է․
― Դու գիտես։ Կարող ես հավատալ, կարող ես և չհավատալ, բայց այդպես է գրված մեր օրենքների ժողովածուում։ Իսկ եթե դու համաձայն չես իմ սեփականությունը լինելու, փրկագին վճարիր հազար հատ ոսկե աղյուս։ Այդ դեպքում, գուցե, ես քեզ ազատություն կտամ։
Լին Փոքրը թափով նետվում է, որ դուրս պրծնի Պիպի գրկից, բայց Պիպը ավելի ուժեղ էր նրանից։
― Ես քեզ չեմ պատկանում, ― բղավում է Լին Փոքրը։ ― Ես ոչ մի ոսկե աղյուս չունեմ։ Ես չեմ հավատում այդ օրենքին և չեմ ուզում այդ օրենքին ենթարկվել։
― Ինչ արած, գնանք հարցնենք ուրիշներին, կա՞ այդպիսի օրենք, թե ոչ։ Համաձա՞յն ես, ― առաջարկում է Պիպը։
― Համաձայն եմ։ Գնանք թագավորի մոտ։
Եվ նրանք գնում են։ Պիպը, ամուր բռնել էր Լին Փոքրին, շարունակ վախենալով, որ նա կարող է փախչել։
― Ես շատ երախտապարտ եմ ձեզ, պարոն Պիպ, որ դուք ինձ տանում եք, ― ասում էր Լին Փոքրը, ― բայց ինձ համար անհարմար է, ես չեմ կարող ո՛չ ձեռքս շարժել, ո՛չ ոտքս։
Լին Փոքրի խորամանկ հաշիվները ճիշտ դուրս եկան։ Պիպը թեև շատ ուժեղ էր, բայց մի քանի կիլոմետր անցնելուց հետո զգաց, որ սարսափելի հոգնել է։
― Խեղճ պարոն Պիպ։ Ձեր ոտքերն արդեն թուլացել են, ― բացականչում է Լին Փոքրը, երբ շունը թեթևակի բաց է թողնում նրան։ ― Թույլ տվեք ես ինքս գնամ։
― Ինչ կա որ, դա կարելի է։
Բայց հենց որ Պիպը Լին Փոքրին դնում է գետնին, տղան շատ արագ, քամու պես, սկսում է փախչել։
Անսպասելիությունից պարոն Պիպինի գլխարկի տակ թաքնված ականջները այնպես թափով են բարձրանում, որ նրա թանկարժեք գլխարկը դեպի երկինք է թռչում։ Եվ այլևս երկիր չի վերադառնում, որովհետև կառչել էր լուսնի ծայրին։ Պիպինը սկսում է հոնգուր֊հոնգուր լաց լինել։
― Վա՜յ, վա՜յ, գլխարկս, ― վնգստում է նա, թախանձանքով նայելով Պիպին։
Բայց պարոն Պիպը ժամանակ չուներ ինչ֊որ մեկի գլխարկով զբաղվելու։ Չորս ոտք ուներ, չորսն էլ փոխ է անում ու ընկնում է տղայի հետևից։ Պիպն, իհարկե, Լին Փոքրից ավելի արագ էր վազում, չէ՞ որ նա ծագումով որսկան շուն էր եղել։
Ա՜յ քեզ փորձանք։ Պարոն Պիպի թաթերն արդեն հասնում են Լին Փոքրին և քանի գնում, այնքան ավելի են մոտենում․․․
«Շտապի՛ր, Սյաո Լին։ Մի քիչ էլ հուպ տուր», ― քաջալերում էր իրեն Լին Փոքրը։
Լուսինը ոչ մի քայլ ետ չմնալով, վազում էր երկնքով։ Իսկ լուսնի ծայրին կախված էր պարոն Պիպինի արծաթե գլխարկը։
Լին Փոքրը ետ է նայում, և հենց այդ ժամանակ պարոն Պիպը բռնում է նրա օձիքից։
― Համարիր, որ դու առաջին վազողն ես, ― ասում է Լին Փոքրը՝ ծանր շնչելով։
― Շաղակրատիր, շաղակրատիր ինչքան կարող ես։ Հիմա ինձ հետ կգաս թագավորի մոտ, թող թագավորն ինքն ասի, որ դու իմ իրն ես։
Եվ ամբարտավան շունը Լին Փոքրին քարշ է տալիս դեպի քաղաք։ Լուսինն էլ գլխարկի հետ միասին գնում է նրանց հետևից։
Իսկ Պիպինը դեռ շարունակում է նվնվալ։ Նա նայում էր իր գլխարկին ու սրտաճմլիկ վնգստում․
― Ի՞նչ անեմ։ Ի՞նչ անե֊ե՜մ ես հիմա․․․
― Եվ ինչո՞ւ ես նվնվում, ― հարձակվում է նրա վրա Պիպը։ ― Դատարկ բան է, մի երկու շաբաթ սպասիր, լուսինը նորից կկլորանա, այն ժամանակ գլխարկդ կընկնի գետին։
― Իսկապես ուրիշ ելք չկա, ― մտածում էր Պիպինը։ ― Ցտեսություն, պարոն Պիպ, գնա առանց ինձ։ Ես այստեղ կնստեմ և կսպասեմ իմ գլխարկին․ մեկ էլ տեսար թագաժառանգը թռցրեց։
Եվ Պիպը Լին Փոքրի հետ ճամփա է ընկնում դեպի մայրաքաղաք։ Երկու ժամ հետո նրանք արդեն քաղաքի դարբասի մոտ էին։
― Բաց արեք, ― Պիպը հրամայաբար ծեծում է դարբասը։ ― Շուտ բաց արեք։
Թագավորը հենց այդ ժամանակ պատրաստվում էր քնելու։ Լսելով դռան ուժեղ թակոցը, նա մռայլվում է․
― Այդ ո՞ւմ խելքն է փչել անհանգստացնել ինձ այս կեսգիշերին։
― Ո՞վ է։
― Ես եմ։
Պահապաններն արդեն քնել էին, և թագավորն ինքն է ստիպված գնում քաղաքի դարբասները բանալու։
Թագավորն արդեն ծեր էր։ Նա երկար, շատ երկար մորուք ուներ, որը հասնում էր մինչև գետին։ Նա միշտ տրորում էր իր մորուքը և սայթաքում։ Եվ հիմա էլ, մոմը ձեռքին նա դանդաղ գնում է բակով, հողաթափերը ոտքից անընդհատ դուրս են գալիս և, իհարկե, սայթաքում է, խճճվում մորուքի մեջ և ընկնում։ Մոմն էլ հանգչում է։
― Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ― սկսում է թնկթնկալ թագավորը։
Պիպը ձանձրանում է սպասելուց և ամբողջ ուժով սկսում է թակել դարբասը․
― Էհեյ, ո՞վ կա այդտեղ, ինչո՞ւ չեք բացում։
― Այս րոպեին։ Հիմա մոմը կվառեմ։ Ախ, ի՜նչ վատ եղավ, ի՜նչ վատ․․․
Մի ժամ հետո թագավորը վերջապես բացում է դարբասը։
― Ի՞նչ է պատահել, ― հարցնում է նա զայրացած։
Պիպն, իհարկե, խոնարհվում է մինչև գետին և ասում․․․ Չէ, չէ, սխալվեցի։ Պարոն Պիպը դեռ բերանը չէր բացել բացատրելու համար այդքան ուշ գալու պատճառը, որ հանկարծ Լին Փոքրը առաջ է դուրս գալիս և սկսում արագ֊արագ խոսել․
― Ես քնել էի խոտի վրա։ Հետո եկավ ա՛յ այս պարոն Պիպը։ Հետո պարոն Պիպը բռնեց ինձ։ Հետո ասաց, որ ես իրեն եմ պատկանում։ Հետո ես ասացի, որ ես ամենևին էլ իրեն չեմ պատկանում։ Հետո եկանք, որ ձեզ հարցնենք։
― Իսկ հետո՞, ― հարցնում է թագավորը։
― Իսկ հետո մենք սկսեցինք թակել դարբասը։ Թակեցինք, թակեցինք, հետո լսեցինք ինչ֊որ մեկն ընկավ և սկսեց թնկթնկալ․․․
Թագավորը կարմրում է․
― Իսկի էլ չէ, ես չեմ թնկթնկացել։
Պիպը ծռմռվում է նրա առաջ և հարգալից խոնարհվում։
― Բացատրեք նրան, ձերդ մեծություն, որ եթե Պիպը գտել է Սյաո Լինին, նշանակում է, որ Սյաո Լինը Պիպի իրն է։ Չէ՞ որ այդպես է ասված մեր Օրենքում։
― Ճիշտ չի, ― զայրանում է Լին Փոքրը։
― Լռել, ― բղավում է Պիպը։ ― Հիմա խոսքը թագավորինն է։ Խնդրում ենք մեր վեճը լուծեք, ձերդ մեծություն։
― Պիպը ճիշտ է ասում։ Սյաո Լինը համարվում է Պիպի իրը․․․
― Իսկ ես չեմ հավատում, ― իրենն է պնդում Լին Փոքրը։
― Կարող ես հավատալ, կարող ես չհավատալ, դրանից Օրենքը չի փոխվի։
Թագավորը գրպանից հանում է Օրենքների ժողովածուն, մոմը դնում է գետնին և սկսում է թերթել գիրքը։ Նա թերթում է, մինչև որ գտնում է այն, ինչ որ իրեն պետք էր։
― Ահա տեսնո՞ւմ ես, Սյաո Լին, սա մեր Օրենքների ժողովածուն է։ Իսկ սա, տե՛ս․ երեսունութ հազար ութ հարյուր վաթսունչորսերորդ հոդվածն է։ Այնտեղ ասված է․ «Եթե Պիպը ճանապարհին գտնի Լին Փոքրին, Լին Փոքրը կդառնա Պիպի սեփականությունը»։
Էլ ի՞նչ էր մնում անելու Լին Փոքրին։ Իսկապես Օրենքերի ժողովածուում կար այդպիսի մի հոդված։
― Հը, ի՞նչ կասես, ― նենգաբար հարցնում է բարձրաստիճան շունը։
― Լավ, գնանք։
Պատկերացնո՜ւմ եք, թե ինչպիսի ատելությամբ էր լցված Լին Փոքրը թագավորի նկատմամբ։ Հրաժեշտի ժամանակ նա թագավորին ասում է․
― Թեև դու թագավոր ես, բայց շատ լալկան ես։ Գիտեմ, որ դու էիր թնկթնկում։
Ախր ինչպե՜ս չես ամաչում,
Դու հիմար ես ամեն ինչում,
Թագավոր չես, այլ տզտզան,
Քթիդ տակին՝ փսլինք վազան,
Այծի մորուք ունես, հիշիր,
Ու ականջներ հիմար իշի,
Քնձռոտ շուն ես, ա՛յ թե ով ես։
― Թյո՜ւ, ինչ անվայել երգ է, ― ասում է Պիպը գլուխը թափահարելով և նորից սկսում է խոնարհվել թագավորի առաջ։ ― Շնորհակալ եմ, ձերդ թագավորական մեծություն, այս բացատրության համար։
Հրաժեշտ տալով, նա Լին Փոքրին քարշ է տալիս դեպի դուռը։ Թագավորն արդեն պատրաստվում է նրանց հետևից փակել դարբասը, բայց հանկարծ հիշում է պետական կարևոր գործի մասին․
― Էհե՜յ, Պիպ։ Եթե հանդիպես պելմեններ վաճառողին, նրան ասա, որ ինձ երկու զամբյուղ պելմեն բերի։ Սիրտս հավի մսաջրում եփած պելմեն է ուզում։
― Հրամանդ կկատարվի, ձերդ մեծություն։
― Իսկ եթե չհանդիպես պելմեններ վաճառողին, ինձ համար արևածաղկի ձեթի մեջ եփած սոյայի պանիր գնիր։ Միայն թե հոտած լինի, լսո՞ւմ ես։
― Լսում եմ, ձերդ մեծություն։
― Բայց, այնուամենայնիվ, եթե հանդիպես պելմեններ վաճառողին, վճարիր նրան իմ պարտքը։ Լա՞վ։
― Լավ, ձերդ մեծություն․․․
Գլուխ երրորդ
Աճուրդ
Լուսինը դանդաղ սահում է դեպի արևմուտք, իր հետ տանելով Պիպինի գլխարկը, իսկ արևելքում իր կուրացուցիչ ճառագայթները փռած, դուրս է գալիս արևը, ոսկեհուր արևը, և գետինն իսկույն նոր կյանք է առնում։
Լին Փոքրի աչքերի առջև բացվում է մի նոր քաղաք։
― Դու ինձ ո՞ւր ես տանում, ― հարցնում է նա Պիպին։
― Իմ ֆիրմային խանութը։
― Ինչո՞ւ։
― Քո գործը չի։ Դու հիմա ինձ ես պատկանում։ Ինչ որ հրամայեմ, այն էլ կանես։
«Հայրս ու մայրս մահացան, ուր կորավ գեգեն՝ հայտնի չէ, իսկ հիմա ես էլ դարձել եմ պարոն Պիպի իրը, ― դառնորեն մտածում է Լին Փոքրը։ ― Ա՜խ, գործերս վատ են»։
Ինչքան շատ է մտածում Լին Փոքրը, այնքան սիրտն ավելի է ճնշվում։
Դուրս գալով մի լայն փողոց, Պիպը բղավում է խռպոր ձայնով․
― Տաքսի։
Իսկույն աղմուկով մոտենում է մի կառք։ Պիպը Լին Փոքրին գցում է կառքի մեջ, ինքն էլ նստում է ու կառապանին բղավում․
― Տուն։
Կառքը շարժվում է տեղից։ Լին Փոքրը իրեն բոլորովին ջարդված է զգում, աչքերը փակվում են, ու նա շուտով քնում է։ Երազում նա տեսնում է հորն ու մորը, որոնք նստել էին Լին Մեծի կողքին և նրան շաքար էին հյուրասիրում։ Լին Փոքրը երջանիկ ծիծաղում է և ձեռքը մեկնում եղբորը․
― Գեգե՛։
― Ես քեզ համար ի՞նչ գեգե, ― պատասխանում է Լին Մեծը օտարի ձայնով։
― Ի՞նչ է պատահել քեզ։ Դու ինձ չե՞ս ճանաչում։ Ախր ես Սյաո Լին եմ։
Նա մոտենում է եղբորը և սկսում է ամբողջ ուժով թափահարել նրան, բայց Լին Մեծը կոպիտ հրում է նրան․
― Դե շուտ քնիր, ասում են քեզ։ Ի՞նչ ես ինձ թափահարում։
― Լին Փոքրը բացում է աչքերը․ նրա կողքին նստած էր բարձրաստիճան շունը և գռմռում էր։ Ո՛չ հարազատներ կային և ո՛չ էլ մոտ մարդիկ․․․ Եվ այդ ժամանակ Լին Փոքրն սկսում է լաց լինել։
Նա դեռ մի կուշտ լաց չեղած, կառքը կանգ է առնում։
― Վերջ տուր զռոցիդ, հասանք։
Լին Փոքրը նայում է չորս կողմը․ նրանք կանգնել էին աղմկոտ, եռուզեռով լի մի փողոցում, որի երկարությամբ ձգվում էին շքեղ խանութներն ու գրասենյակները։
Պիպը Լին Փոքրին տանում է ամենամեծ խանութը, որի ճակատին կախված էր այս ցուցանակը․
Պիպ և ընկ․
Ցուցանակի ձախ կողմը զբաղեցնում էր խանութի տիրոջ նկարը․ մի հաղթանդամ շան մռութ, գլխին՝ փայլուն գլխարկ, վզին՝ «թիթեռնիկ» փողկապ։
Պիպի հայտնվելուն պես բոլոր գործակատարները խոնարհվում են՝ հարգալից ողջունելով, իսկ կառավարիչը վազում է ինչ֊որ քույրիկ Էյույի հետևից։ Պարզվում է, որ այդ քույրիկ Էյույը ամենասովորական մի կոկորդիլոս է։ Նա ներս է մտնում և կանգնում դռների մոտ․ նրա մանր աչքերը նեղ էին, իսկ վիթխարի երախը առաջ ցցված։ Խուճուճ պարիկը թեքվել էր մի կողմի վրա։ Ամեն ինչից երևում էր, որ քույրիկ Էյույը իրեն գեղեցկուհի է համարում։
Ավելի ուշ Լին Փոքրը իմացավ, որ նա երազում է ամուսնանալ իրենց թագավորության մեջ եղած առաջին գեղեցիկ տղամարդու՝ թագաժառանգի հետ, դրա համար էլ օրը չորս հարյուր ութսուն անգամ դիմափոշի է քսում և օրը երկու անգամ գանգրացնում է մազերը։ Նա միշտ հագնում էր պարահանդեսային թանկարժեք բարձրակրունկ կոշիկներ և մետաքսե երկար գուլպաներ։ Բայց ո՛չ գուլպաները և ո՛չ էլ կոշիկները չէին գեղեցկացնում նրա կարճ թաթերը։
Սակայն այդ բոլորը Լին Փոքրը հետո է հասկանում։ Իսկ առայժմ նա միայն նկատում է, թե ինչպես է փոքրիկ Էյույը վերցնում մեծ, լուսնի պես կլոր հայելին և սկսում դիմափոշի քսել։ Այդ գործը վերջացնելուց հետո նա արժանապատվությամբ գնում է Պիպի մոտ։
― Հաջողվե՞ց շահավետ ապրանք ձեռք բերել, պարոն Պիպ, ― քնքուշ ձայնով հարցնում է նա։ ― Չի՞ կարելի իմանալ հատկապես ինչ։
Պիպը գրպանից թիթեղյա ինչ֊որ տուփ է հանում։
― Ահա այս պայուսակում ճանճեր են և էլի ինչ֊որ բաներ։ ― Նա ցույց է տալիս Լին Փոքրին, ավելի ճիշտ, Այաո Լինին։
Քույրիկ Էյույը սեղանի վրա մաքուր թուղթ է փռում և Մուտքի» սյունակում գրում․
Ճանճեր՝ կանաչ, խոշոր 1 պայուսակ
Լին Փոքր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․1 հատ
Դրանից հետո նա Լին Փոքրին տանում է խանութի պահեստը և դուռը կողպեքով փակում։ Պահեստը լիքը լցված է լինում տարբեր ապրանքներով։ Ինչ ասես, որ չկար՝ կատվի մորթիներ, սրբիչներ, շաքարի կտորներ և շատ ուրիշ բաներ։
Այդ պահեստում Լին Փոքրը ապրում է չորս օր։ Ճաշին փոքրիկ Էյույը Լին Փոքրին թասով ուտելիք է բերում, իսկ հետո նրան տանում է այգի՝ ման գալու։
Հինգերորդ օրը Լին Փոքրին դնում են տակառի մեջ։ Նրանից բացի, այդ նույն տակառում լցնում են լուցկու տուփ, կրծմրծած գալետ, պատռված նկար, տուշի դատարկ շիշ, մետաղյա գնդիկ։ Երբ տակառը լցվում է, պահեստից գլորում են բակը, որտեղ արդեն հազարավոր այդպիսի տակառներ կային։ Այդ ապրանքները հանվում էին վաճառքի։
― Իսկ ինձ ինչո՞ւ եք դրել տակառի մեջ, ― հարցնում է Լին Փոքրը։
― Որպեսզի ծախենք, ― պատասխանում է պարոն Պիպը։
― Ինչ կա որ, դրա համար էլ եմ շնորհակալ։
Ողիղ ժամը երեքին քույրիկ Էյույը զանգը տալիս է, և բակն իսկույն լցվում է գնորդներով։ Նրանք բոլորը եկել էին տեսնելու, թե ինչ է այսօր վաճառելու «Պիպ և ընկ․» ֆիրման։
― Պարոններ, ― հավաքվածներին է դիմում Պիպը, երբ բոլորը նստում են նախօրոք հատկացված տեղերում։ ― «Պիպ և ընկ․» ֆիրման ձեզ հրավիրել է մասնակցելու աճուրդին։ Մենք վաճառում ենք միայն բարձր տեսակի ապրանքներ։ Ուշադրությո՛ւն։ Վաճառվում է տակառ համար առաջին։ Հայտարարում եմ պարունակությունը։ Լին Փոքր ― մեկ հատ, լուցկի ― մեկ տուփ, հիանալի գալետ ― մեկ հատ, սև տուշ ― մեկ շիշ, մետաղյա գնդիկ ― մեկ։ Ամբողջ ապրանքը բարձր որակի է։ Խնդրում եմ, պարոննե՛ր, նշանակեք գինը։
Գնորդները աղմկում են։
― Վճարում եմ մեկ ֆեն, ― բղավում է ինչ֊որ մեկը, բոլորին ցույց տալով փոքրիկ մետաղյա դրամը։
― Երկո՛ւ ֆեն։
― Երկու ու կե՛ս։
― Երե՛ք։
― Հի՛նգ ֆեն։
― Վե՛ց։
― Վե՛ց ոի կես։
― Վե՛ց ոի երեք քառորդ։
― Յո՛թ։
Ոտքի է կանգնում սարսափելի տեսքով մի տղամարդ, որը կանաչ մորուք ուներ․
― Ես տալիս եմ տասը։ Տասը ֆեն։
― Տասը ֆեն։ Ո՞վ ավելին։ Տասը ֆեն։ Հաշվում եմ մինչև երեք։ Մեկ․․․ երկու․․․ երեք։ Ստացեք չեկը, պարոն։ Ապրանքը ձերն է․․․ իսկ դու, Սյաո Լին, այժմ կպատկանես ա՛յ այս պարոնին։ Նրա անունը Չորսանգամ Չորս է։
― Ցտեսություն, Սյաո Լին, ― ասում է Լին Փոքրին քույրիկ Էյույը։ ― Չմոռանաս ինձ։
― Ձեզ մոռանալ կլինի՞։
Այդ ժամանակ պարոն Չորսանգամ Չորսը վերցնում է նրան և գցում կանաչ կառքի մեջ։
Լին Փոքրը շուռ է գալիս դեպի նա։
― Դու ո՞ւր ես ինձ տանում, ― վախենալով հարցնում է նա։ ― Ի՞նչ պիտի անեմ ես քեզ մոտ։
― Աշխատել֊աշխատել։
― Իսկ ի՞նչ աշխատանք։
― Ամեն տեսակի֊սակի։
― Փող պիտի վճարե՞ս։
― Չեմ վճարի֊ճարի։
Մի քանի րոպե գնում են լուռ։ Վերջապես Լին Փոքրը համարձակվում է հարցնել իր նոր տիրոջը․
― Դուք ինչ֊որ տարօրինակ եք պատասխանում ինձ, պարոն Չորսանգամ Չորս։ Վերջին բառերը չգիտես թե ինչու, շարունակ կրկնում եք։ Ինչո՞ւ։
― Որովհետև իմ քթածակերը֊կերը շատ մեծ են։ Երբ ես արտասանում եմ վերջին բառը, քթածակերիցս իսկույն դուրս է թռչում արձաբանքը֊գանքը։
Կառքը, որով գնում էին Լին Փոքրն ու իր նոր տերը, կանգ է առնում։
Գլուխ չորրորդ
«Չան Չան֊թեյ» ֆիրման
Պարզվեց, որ պարոն Չորսանգամ Չորսն էլ մեծ խանութ ուներ, նույնիսկ ավելի մեծ, քան «Պիպ և ընկ․» ֆիրման էր։ Մուտքի մոտ կախված էր հսկայական մի ցուցանակ․
- Ֆիրմա «Չան Չան֊թեյ»
- Հատուկ առևտրական ձեռնարկություն․
- վաճառում է ամեն տեսակի
- թանկարժեք֊արժեք իրեր։
- Մարգարիտ։
- Հասպիս:
- Ոսկի։
- Մեծ քանակությամբ ալմաստ֊մաստ.
- Ապրանքներ բարձր որակի֊ակի․
- Շտապեցեք ձեռք բերել թանկարժեք իրեր
- «Չան Չան֊թեյ» ֆիրմայից
― Տեսար֊սա՞ր, ― հարցնում է Չորսանգամ Չորսը, ցույց տալով ցուցանակը։
― Տեսա։
― Շատ լավ։ Կաշխատես իմ ֆիրմայի արհեստանոցում։ Եթե որևէ բան թռցնես կամ եթե հանկարծ մտածես ծուլություն անել, կծեծեմ֊ծեծեմ։
«Չան Չան֊թեյ» ֆիրմայի արհեստանոցում աշխատում էին չորս հարյուր տղա և չորս հարյուր աղջիկ։ Լին Փոքրին կանաչ մորուքավոր տերը նշանակում է ալմաստի հղկման ցեխում աշխատելու։ Այդ աշխատանքը նրա մոտ կատարում էին ընդամենը երկու մարդ։ Լին Փոքրը դարձավ երրորդը։
― Կվերկենաս գիշերվա երեքին֊եքին, ― նախազգուշացրեց պարոն Չորսանգամ Չորսը։ ― Հենց որ վեր կենաս, կգնաս խոհանոց և ինձ նախաճաշ֊ճաշ կբերես։ Դրանից հետո կխուզես իմ մորուք֊ուքը, հետո կգնաս աշխատելու֊տելու։ Հետո մի րոպե֊ոպե կհանգստանաս և նորից կսկսես աշխատել֊խատել։ Հենց որ խփի գիշերվա ժամը տասներկուսը֊կուսը, կարող ես գնալ քնելու֊նելու։ Գիշերվա ժամը երեքին կվերկենաս֊կենաս, կգնաս խոհանոց նախաճաշ֊ճաշ բերելու, հետո կխուզես իմ մորուքը֊ուքը։
Լին Փոքրը հալից ընկնում էր։ Նա վեր էր կենում գիշերվա ժամը երեքին, երբ դրսում դեռ բոլորովին մութն էր լինում։ Երկնքից կախված լուսինը զարմացած նայում էր տղային և ոչինչ չէր հասկանում։ Տղան շտապ լվացվում էր և իրեն գցում խոհանոց, որպեսզի պարոն Չորսանգամ Չորսին նախաճաշ բերի։ Իսկ պարոն Չորսանգամ Չորսը նախաճաշի ժամանակ ուտում էր հիսուն հաց, հարյուր ձու, մի ամբողջական եզ։ Լին Փոքրի ուժից վեր էր այդքան մթերքը մենակ տանելը։ Բարեբախտաբար նրան օգնում էր իր նոր բարեկամուհին, որի անունը Սի֊ցզի էր։ Նա տասնմեկ տարեկան էր․ նա էլ էր ալմաստ հղկում։
Նախաճաշից հետո Լին Փոքրը սկսում էր խուզել պարոն Չորսանգամ Չորսի մորուքը։ Նրա այդ մորուքն աճում էր ուղղակի մարդկանց աչքերի առաջ։ Առավոտյան ժամը չորսին Լին Փոքրը խուզում էր նրա մորուքը, իսկ ցերեկվա ժամը չորսին մորուքի երկարությունը լինում էր այնքան, ինչքան խուզելուց առաջ։
― Եթե իմ մորուքը ամեն օր չխուզվի, ― մի անգամ հպարտանում է Չորսանգամ Չորսը, ― այն մի ամսից հետո այնքան կաճի, որ դրանով հնարավոր կլինի փաթաթել ամբողջ երկրագունդը։ Բա հասարակածն ի՞նչ կլինի։ Ստիպված դեն պիտի նետենք։ Հա֊հա՛։
Տիրոջ մորուքի հետ գործը վերջացնելուց հետո Լին Փոքրը գնում էր ալմաստ հղկելու։ Պարոն Չորսանգամ Չորսը գաղտնի արհեստանոց ուներ։ Տուշի նման սև, մութ քարանձավում մի հսկայական լիճ կար, որ բերնե֊բերան լցված էր ինչ֊որ հատուկ ցեխով։ Այդ ցեխը շերեփով լցնում էին տակառի մեջ և երեք օր ու երեք գիշեր ձեռքով խառնում էին։ Բանվորները հալից ընկնում էին, մինչև որ այդ կեղտոտ ցեխը դառնում էր մաքուր ալմաստ։ Մի տակառ ցեխից ստացվում էր հարյուր ալմաստ։ Տերը գնողներից յուրաքանչյուր քարի համար վերցնում էր ուղիղ հարյուր հազար ոսկի՝ ահագին հարստություն։ Ինքներդ եք հասկանում, որ պարոն Չորսանգամ Չորսը չտեսնված հարուստ էր։
Լին փոքրը աշխատում էր ամբողջ ուժով, բայց, այնուամենայնիվ, տերը նրան հաճախ քոթակում էր։ Բավական էր, որ նա նայեր, թե ինչպես են աշխատում մյուսները կամ մի ակնթարթ հորանջեր, պարոն Չորսանգամ Չորսի մտրակը շառաչում էր նրա թիկունքին։ Այդ մտրակը գիշեր ու ցերեկ նրա մոտ էր լինում, և անխնա մտրակում էր բոլորին։
Մի անգամ, երբ Լին Փոքրին հաջողվում է մի օրում սովորականից ավելի շատ ալմաստ պատրաստել, պարոն Չորսանգամ Չորսը, շատ գոհ, նրան նվիրում է մետաղյա մի գնդիկ։
― Այսօր դու լավ ես աշխատել, ― ասում է նա, ― իբրև պարգև ես քեզ տալիս եմ այս գնդիկը֊իկը։ Բայց ես համոզվում եմ, որ դու երեկ շատ վատ ես աշխատել։ Ե՛վ անցյալ օրը, և՛ նախանցյալ օրը։ Հիմա ինձ համար պարզ է, որ դու բոլորովին չէիր ձգտում աշխատել֊խատել։ Դու պարզապես եռանդ չցուցաբերեցիր֊բերեցիր։ Դուրս է գալիս, որ դու լավ մարդ֊արդ չես, Սյաո Լին։ Իսկ վատ մարդկանց պետք չէ խղճալ֊ճալ։ Դրա համար էլ ես քեզ այսօր կծեծեմ֊ծեծեմ։
Եվ Լին Փոքրը ստիպված էր մեջքը դնել հարվածների տակ։
Այսպես անցնում են շատ օրեր։ Եթե հերթով պատմենք բոլորը, ինչ պատահել է այդ ժամանակ Լին Փոքրի հետ, պատմությունը կերկարի, ես նույնիսկ կասեի՝ շատ կերկարի։ Ավելի լավ է կարդանք Լին Փոքրի օրագիրը։ Այդ օրագրից էլ հնարավոր է ինչ֊որ բան իմանալ։
«Ուրբաթ։ Առավոտյան վեր կացա և գնացի նախաճաշ բերելու։ Հետո խուզեցի տիրոջս մորուքը։ Հետո աշխատեցի։ Հետո տերս ինձ ծեծեց։ Շատ լաց եղա, հետո քնեցի։
Շաբաթ։ Առավոտյան վեր կացա և գնացի նախաճաշ բերելու։ Հետո խուզեցի տիրոջս մորուքը։ Հետո աշխատեցի։ Հետո տերս ծեծեց ինձ։ Շատ լաց եղա, հետո քնեցի։
Կիրակի։ Առավոտյան վեր կացա և գնացի նախաճաշ բերելու։ Հետո խուզեցի տիրոջս մորուքը։ Հետո աշխատեցի։ Հետո տերս ինձ ծեծեց։ Շատ լաց եղա, հետո քնեցի։
Երկուշաբթի։ Առավոտյան վեր կացա և գնացի նախաճաշ բերելու։ Հետո խուզեցի տիրոջս մորուքը։ Հետո աշխատեցի։ Հետո տերս ինձ ծեծեց։ Շատ լաց եղա, հետո քնեցի։
Երեքշաբթի։ Առավոտյան վեր կացա և գնացի նախաճաշ բերելու։ Հետո խուզեցի տիրոջս մորուքը։ Հետո աշխատեցի։ Հետո տերս ինձ ծեծեց։ Շատ լաց եղա, հետք քնեցի․․․»։
Մի ամբողջ ամիս աշխատելուց հետո Լին Փոքրը մի օր էլ խելքը գլուխն է հավաքում․ նա դեռ ոչ մի անգամ չէր մտածել, թե ինչ է անում։ Հարմար ժամանակ գտնելով, երբ տերը արհեստանոցում չէր, նա կանչում է Սի֊ցզիին և հարցնում․
― Ինչո՞ւ են մարդիկ հալից ընկնում և մի տակառ ցեխը դարձնում ալմաստ։
― Չգիտեմ, ― պատասխանում է Սի֊ցզին։
― Իսկ ինչո՞ւ է ալմաստը այդքան թանկ։
― Չգիտեմ։
Լին Փոքրը ձայնն իջեցնում է և շշնջալով ասում․
― Ցեխը մենք ենք շերեփով լցնում, քրտինքը մենք ենք թափում, տակառն էլ մենք ենք խառնում։ Ամեն ինչ մենք։ Ուրեմն մենք էլ պիտի ծախենք ալմաստը։
― Թերևս դու ճիշտ ես, ― պատասխանում է Սի֊ցզին։
― Իսկ ինչո՞ւ է պարոն Չորսանգամ Չորսն ինքը ծախում։
― Չգիտեմ։
Խոսակցությանը մի տղա է խառնվում։ Նրա անունը Սյաո Մու էր։
― Եկեք մենք ինքներս ծախենք։
― Եկեք։
― Իսկ եթե իմանա, ― հարցնում է Լին Փոքրը։ ― Գիտե՞ս նա մեզ ոնց կծեծի։
Սի֊ցզին նորից մտածմունքի մեջ է ընկնում։
― Էն էլ ոնց գիտեմ, ― ասում է նա։ ― Բայց մենք պարոն Չորսանգամ Չորսին կասենք․ «Սրանք մեր ալմաստներն են։ Մենք ինքներս ենք դրանք պատրաստել, ինքներս էլ կվաճառենք։ Իսկ դուք այստեղ ինչացո՞ւ եք»։
Ամբողջ գիշերը նրանք չեն քնում, իսկ առավոտյան մի քանի ալմաստ վերցնելով, դուրս են գալիս փողոց։
Սյաո Մուն սկսում է բարձրաձայն գովել իր ապրանքը։
― Գնեցեք ալմաստ։ Գնեցեք ալմաստ։ Պակաս գնով՝ հատը հիսուն հազար։
Նրանց կողքով անցնում է ինչ֊որ պատվարժան մի տիկին։
― Իսկ ավելի էժա՞ն, ― հարցնում է նա։
― Հիսուն հազարը թանկ չէ, տիկին, ― փորձում է համոզել նրան Սի֊ցզին։
Տիկինը գլուխը թափահարում է․
― Չէ՛, թանկ է։
Տիկինը շարունակում է ճանապարհը։ Բայց հենց իսկույն վերադառնում է, վերցնում է մի ալմաստ և սկսում է ուշադիր նայել։ Զննում է շատ ուշադիր և հանկարծ աղմկով հարձակվում է Սյաո Մուի վրա․
― Կեղծ է։ Արհեստական։
Լին Փոքրը վրդովվում է․
― Որտեղի՞ց հնարեցիք, որ դա կեղծ է։
Իսկ ինչո՞ւ ալմաստը ֆիրմայի փաթեթավորում չունի։ Դուք ո՞ր ֆիրմայից եք։
― Մենք ինքներս ենք պատրաստում։
Հետզհետե վեճը տաքանում է։ Տիկնոջն օգնության է շտապում ոստիկանը։ Եվ այն էլ ոչ թե հասարակ ոստիկան, այլ չորսաչքանի։ Նա իսկույն գրկում է երեքին էլ՝ Լին Փոքրին, Սին֊ցզիին և Սյաո Մուին։
― Դուք ո՞վ եք, անպետքներ։ Երևի «Չան Չան֊թեց» ֆերմայից, հա՞։
― Այո՛։
Ոստիկանի չորս աչքեն էլ կլորանում են սարսափից։
― Ահա թե ինչ։ Ուրեմն դուք այս ալմաստները գողացել եք «Չան Չան֊թեց» ֆիրմայից, որ ծախե՞ք։ Հետևեք ինձ։
― Ով ձեզ ասաց, որ մենք գողացել ենք։ Մենք ինքներս ենք պատրաստել։
― Դա ինձ չի վերաբերում։ Հապա անցեք առաջ։
Նրանք չեն կարողանում ոստիկանի ձեռքից ծլկել։ Նա հանում է պարանը, երեքի ձեռքերն էլ ոլորում է, կապում ու տանում ոստիկանատուն։ Ոստիկանությանը կից դատարանի աստիճանավորը աղվեսն էր, պարոն Պիպինի փոքր եղբայրը։ Նրա անունը Բաբաո էր։
― Ի՞նչ նպատակով եք դուք «Չան Չան֊թեց» ֆիրմայից գողացել այդ ալմաստները, ― նենգաբար հարցնում է նա։
― Մենք չենք գողացել։ Այդ բոլոր ալմաստները մենք ինքներս ենք պատրաստում։
― Դուք իզուր եք վիճում։ Ուշադրություն դարձրեք․ ես այնքան գեղեցիկ եմ, հմայիչ։ Դրա համար էլ ես պետք է պատժեմ ձեզ։
― Ինչի՞ համար։ Մենք չենք գողացել այդ ալմաստները, ― առաջ է գալիս Լին Փոքրը։ ― Մենք ինքներս ենք դրանք պատրաստել։
Բաբաոն չի առարկում․
― Ճիշտ է։ Ես էլ ասում եմ․ հենց նոր ես թագավորի զբոսայգում էի։ Բոլոր զբոսնողները այնպես էին հիացել իմ գեղեցկությամբ և քաղաքավարությամբ։ Եվ զարմանալի չէ, իսկապես ես գեղեցիկ եմ։ Ուրեմն ես պետք է ձեզ պատժեմ։
Լին Փոքրը արագ շշնջում է Սին֊ցզիի ականջին․
― Ի՞նչ է մրթմրթում այս աստիճանավորը։ Դու հասկանո՞ւմ ես սրան։
― Ո՛չ։
Բայց այդ ժամանակ մեջ է ընկնում Սյաո Մուն․
― Ի՞նչ հիմք ունեք մեզ պատժելու համար։ Ի՞նչ, հարցնում եմ։
Բաբաոն նորից գլխով է անում․
― Հիմքեր կան։ Հենց նոր ես կերա երկու ճուտ և մի նապաստակ, դրա համար էլ պարտավոր եմ ձեզ պատժել։ Եվ, բացի այդ, իմ եղբոր գլխարկը ընկել է, և դրա համար էլ ես պետք է ձեզ շտապ կալանավորեմ։ Իմ դատավճիռն այս է․ յոթ օր պիտի նստեք։ Որպեսզի մյուս անգամ խելքներիդ չփչի․․․
Սի֊ցզին ուզում է ինչ֊որ բան ասել, բայց չորսաչքանի ոստիկանը բռնում է նրա օձիքից և Լին Փոքրի ու Սյաո Մուի հետ փակում խցիկում։
― Ինչո՞ւ։ Ինչի՞ համար, ― տարակուսում է Լին Փոքրը։
Աղջիկը սկսում է լաց լինել։ Այաո Մուն լուռ է։
Իսկ այդ ժամանակ պարոն Չորսանգամ Չորսը գլուխը կորցրել էր ենթադրությունների մեջ, թե ուր կորան Լին Փոքրը, Սի֊ցզին և Սյաո Մուն։ Նա չարությունից իրենից դուրս է գալիս։ Մտրակը, որ առավոտից ձեռքից չէր գցում, զայրույթից հևում է։
― Վը՜ժժժ, վը՜ժժժ, ― շաչում է մտրակը։ ― Օ՜խ, ինչպես կշրխկացնեի ես հիմա որևէ մեկին։
― Հերիք է շաչես֊աչես, ― գոռում է պարոն Չորսանգամ Չորսը։ ― Հիմա հարցուփորձ կանեմ, կիմանամ, թե ուր են նրանք կորել։ Այն ժամանակ դու կշրխկացնես նրանց ոնց որ հարկն է֊արկն է։
Միայն օրվա կեսին պարոն Չորսանգամ Չորսն իմանում է, որ Լին Փոքրը, Սի֊ցզին և Սյաո Մուն ոստիկանատանն են։ Նա իսկույն ներկայացնում է դատական պաշտոնյա Բաբաոյին․
― Պարոն Բաբաո֊բաո, դուք մի ամբողջ շաբաթ է֊բաթ է, ինչ նրանց փակել եք խցիկում։ Իսկ ո՞վ պետք է ինձ համար ալմաստ֊մաստ պատրաստի։ Խնդրում եմ նրանց բանտ մի նստեցրեք, մտածեցեք որևէ ուրիշ պատիժ֊տիժ։
― Կարելի է, ― պատասխանում է Բաբաոն։
Նա հրամայում է պահակին երեքին էլ բերել և, երբ նրանք ներկայանում են իրենց տիրոջը, արձանագրության մեջ գրում է․ «Պատժի ենթարկել կրունկները ուսումնասիրելու մեթոդով»։
Բայց թե ինչ էր իրենից ներկայացնում այդ մեթոդը, ոչ մեկը չգիտեր։ Լին Փոքրը որոշում է, որ ավելի շուտ իրենց կրունկներին պիտի խփեն մտրակով։ Դե դա այնքան էլ սարսափելի չէր․ ծեծին նրանք արդեն սովորել էին։
Ոստիկանը նրանց տանում է այն սենյակը, որի դռան վրա կախված էր մի տախտակ հետևյալ մակագրությամբ․
- Մեթոդական սենյակ
- կրունկներ ուսսումնասիրելու գծով
Հերթապահ ոստիկանները նրանց կապկպում են, նստեցնում նստարանին, հանում կոշիկները, գուլպաները և անցնում պատժին։
Ոչ, մտրակներն այնտեղ գործ չունեին։ Բայց ի՜նչ սարսափելի պատիժ էր։
Քանի դեռ Լին Փոքրը, Սի֊ցզին և Սյաո Մուն թախանձում են ոստիկաններին, որ իրենց խղճան, ես օգտվեմ առիթից և պատմեմ, թե դա ինչ մեթոդ է։
Նստարանին ամուր կապված կալանավորները չեն կարողանում նույնիսկ շարժվել, իսկ ոստիկանները սկսում են խուտուտ տալ ― այո՛, այո՛, ― ամբողջ ուժով խուտուտ են տալիս նրանց կրունկները։ Այդպիսի տանջալից պատժին դիմանալը անհնարին է։ Լին Փոոքրը, Սի֊ցզին և Սյաո Մուն սկսում են հոնգուր֊հոնգուր լաց լինել։
Վերջապես, երբ կալանավորներին բաց են թողնում, պարոն Չորսանգամ Չորսը նրանց բերում է ուղիղ արհեստանոց։
― Դե հիմա դիմացեք, անպետքներ, ― գոռում է նա՝ մտրակը վերցնելով։ ― Ահա թե դուք ինչպիսին եք֊ին եք։ Որոշեցիք ալմաստ գողանա՞լ։ Հիմա ես ձեր հախից կգամ֊գամ։
Եվ մտրակը շաչում է օդում։ Պարոն Չորսանգամ Չորսն այնքան է ծեծում նրանց, մինչև հոգնում է։
― Սա ձեզ միայն օգուտ֊գուտ կբերի, ― ասում է նա ճակատը սրբելով։ ― Իսկ հիմա հայդա գնացեք ալմաստ֊մաստ պատրաստելու։
Մտրակահարելուց հետո Լին Փոքրը, Սի֊ցզին և Սյաո Մուն հազիվ էին շարժվում։
― Վը՜ժժժ, ― դարձյալ օդի մեջ շաչում է մտրակը։ ― Շ֊շ֊շ֊շուտ արեք։
Գլուխ Հինգերորդ
Լին Փոքրը պահում է հոգու արիությունը
Գալիս է ձմեռը և նրա հետ էլ ցուրտը։
Արևը, սառնամանիքից վախենալով, փաթաթվում է տաք մուշտակի մեջ և մարդկանց այլևս չի ջերմացնում։
Լին Փոքրը, Սի֊ցզին և Սյաո Մուն հիմա քնում էին միասին՝ մի փոքրիկ խցիկում, որի հատակին բրնձի ծղոտ էր փռած։ Նրանց վերմակը դարձյալ նույն ծղոտն էր։ Գիշերն անգամ նրանք չէին կարողանում տաքացնել աշխատանքից սառած իրենց ձեռքերը։ Բայց դա դեռ ոչինչ։ Փոքրիկ Լինը սառեցրել էր իր ատամները․ պատկերացնո՞ւմ եք, և դրանք այնպես էին ուռել, որ ամենափոքր հպումը սարսափելի ցավեր էր առաջացնում։ Ստիպված շատ զգույշ էր խոսում, որպեսզի բերանից դուրս թռչող բառերը չդիպչեին ատամներին։ Դա այնպես անտանելի՜ էր։
Մի անգամ, երբ Լին Փոքրը պառկում է քնելու, նրա ոտքերի մոտ ինչ֊որ մի կլոր բան է ընկնում։ Նա կռանում է և տեսնում հավի սովորական ձու։
― Սյաո Լին, Սյաո Լին, փրկիր ինձ։
― Ո՞վ է ինձ կանչում, ― շփոթվում է Լին Փոքրը, շուրջը նայելով։
― Այս ես եմ։
Սյաո Մուն և Սի֊ցզին աղմուկից արթնանալով, տրորում են աչքերը և սպասում, թե ինչ է լինելու հետո։
― Այդ դո՞ւ ես խնդրում, որ ես քեզ փրկեմ, ― զարմացած նայում է Լին Փոքրը ձվին։
Ձուն խոսում էր սրտաճմլիկ ձայնով, կարծես ուր որ է հիմա պիտի լաց լինի։
― Փրկիր ինձ, Սյաո Լին։ Պարոն Չորսանգամ Չորսը ուզում է ինձ ուտել։ Իսկ ես ախար բոլորովին էլ ձու չեմ։
Անսպասելիությունից երեքն էլ կորցնում են խոսելու ունակությունը։ Բայց ահա Սի֊ցզին համարձակություն է ձեռք բերում և շշնջում է․
― Հարգելի ձու, նստեցեք խնդրեմ և պատմեցեք բոլորը։
― Ես չեմ կարող նստել, ես անպատճառ կընկնեմ ու կջարդվեմ, ― հառաչում է ձուն։
Այդ ժամանակ Լին Փոքրը ձվին նստեցնում է ծղոտի վրա։ Նա էլ էր բոլորովին մրսել, կճեպը նույնիսկ մի քիչ կարմրել էր սառնամանիքից։
Ահա թե ինչ է պատմում ձուն․
― Շնորհակալ եմ, ես շատ էի մրսել։ Ես ոչ թե ձու եմ, այլ աղջիկ։ Իմ անունը Ցյաո֊ցյաո է։ Ես էլ էի մի ժամանակ ալմաստ պատրաստում «Չան Չան֊թեց» ֆիրմայի համար։ Պարոն Չորսանգամ Չորսը շատ վատ մարդ է։ Երկու տարի ես նրա համար ալմաստ էի պատրաստում, և նա հանկարծ ինձ ասաց․
― Մեկ, երկու, երեք։ Դարձիր հավի ձու։ Չորսանգամ Չորսը հավի ձու է դարձնում և ուտում բոլոր այն երեխաներին, որոնք նրան պետք չեն գալիս։
Լսելով Ցյաո֊ցյաոյի պատմությունը, երեքն սկսում են դողալ սարսափից։
Իսկ ձուն շարունակում է․
― Մեր ամբողջ մեղքն այն է, որ մենք վախենում ենք տերերից։ Պետք է գործել։
«Ճիշտ է, ― մտածում է Լին Փոքրը։ ― Բայց նախ պետք է ազատել Ցյաո֊ցյաոյին»։
Եվ նա հարցնում է նրան։
― Իսկ դու կարո՞ղ ես նորից մարդ դառնալ, Ցյաո֊ցյաո։
― Կարող եմ։ Քեզ մոտ, կարծեմ, մետաղյա գնդիկ կա, Սյաո Լին, ճի՞շտ է։ Եթե դու զգուշորեն այդ գնդիկով խփես կճեպին, ես նորից կդառնամ աղջիկ։
― Իսկ ես չե՞մ վիրավորի քեզ։
― Ոչ։ Ավելի համարձակ խփիր։
Լին Փոքրը գրպանից իսկույն հանում է մետաղյա գնդիկը, դրանով թեթևակի հարվածում կճեպին, ձուն ճեղքվում է, և բոլորի աչքերի առջև նա դառնում է սիրունիկ֊կլորիկ դեմքով մի աղջիկ։ Դա էլ հենց Ցյաո֊ցյաոն էր։ Նա բոլորին իր շուրջն է հավաքում և արագ շշնջում․
― Վաղը, երբ որ Սյաո Լին տիրոջը նախաճաշ կտանի, թող նա լճի ցեխից մի քիչ գցի նրա ուտելիքի մեջ։ Եթե պարոն Չորսանգամ Չորսը ոչինչ չնկատի և ուտի այդ ցեխը, նա իսկույն կքնի։ Այ, այդ ժամանակ էլ մենք կփախչենք։
Հենց որ Ցյաո֊ցյաոյի վերջին խոսքերը հասնում են խցիկի պատին, պատն իսկույն ետ է քաշվում և բառերը անցկացնում հարևան սենյակը, այնտեղից երրորդ, չորրորդ․․․ Եվ շատ շուտով «Չան Չան֊թեց» ֆիրմայի արհեստանոցում աշխատող բոլոր երեխաներն իմանում են իրենց համար կարևոր այդ նորությունը։ Նրանք հավաքվում են Լին Փոքրի խցիկում և սկսում են խորհրդակցել, թե ինչ անեն պարոն Չորսանգամ Չորսին։
Բոլորը գալիս են այն եզրակացության, որ տիրոջը պետք է սպանել։
― Դա պարզապես անհրաժեշտ է, ― ոտքի է թռչում Լին Փոքրը։ ― Եթե Չորսանգամ Չորսը չլիներ, մենք վաղուց արդեն երջանիկ կապրեինք։
Բայց նա՝ Լին Փոքրը, բոլորովին մոռացել էր, որ իր ատամները ցրտից սառել են։ Այդպիսի կրակոտ բառերը դիպչելով ատամներին, այնպիսի սուր ցավ են առաջացնում, որ նա ընկնում է հառաչելով․
― Վա՜յ․․․
Մինչ Լին Փոքրը պառկել էր ուժեր հավաքելու, Ցյաո֊ցյաոն և մյուս երեխաները գնում են պահեստ, որտեղ Չորսանգամ Չորսը հավի ձվերն է պահում, և սկսում են մետաղյա գնդիկով ջարդել մեկը մյուսի հետևից։
Ձվերից շատերը իսկապես ձու էին, բայց մի քանիսն էլ մարդիկ էին։
Գիշերվա ժամը երեքին Լին Փոքրը Ցյաո֊ցյաոյի խորհրդով գնում է քարանձավ, լճից մի քիչ ալմաստի ցեխ է վերցնում և լցնում տապակած մսի վրա ու տանում տիրոջը։ Հենց առաջին գդալից հետո Չորսանգամ Չորսը իսկույն քնում է։
― Դե, ժամանակն է, ― բղավում են բոլորը։ ― Ի՞նչ անենք հիմա։
― Այ թե ինչ, ― ասում է Ցյաո֊ցյաոն, ― պետք է գնդիկն այնպես նետել դեպի վեր, որ այն ընկնի ուղիղ տիրոջ վրա։ Այն ժամանակ վերջ նրան։
― Եվ ուրիշ ոչի՞նչ։
― Ուրիշ ոչինչ։ Գնդիկը պետք է վեր նետել երեք հարյուր մետրից ոչ պակաս բարձրությամբ։ Եթե երեք հարյուր մետրից պակաս բարձրանա, ուրեմն Չորսանգամ Չորսին չի սպանի։ Գիտե՞ք ինչ կլինի։ Տերը կզարթնի և բոլորիս կուտի։
― Բայց չէ՞ որ դա շատ վտանգավոր է, ― բացականչում է Սի֊ցզին։ ― Եթե մենք չկարողանանք գնդիկն այդքան բարձրության հասցնել, պարոն Չորսանգամ Չորսը կենդանի կմնա։
― Եվ մենք բոլորս կդառնանք հավի ձու։
― Իսկ ես չեմ վախենում։ Ես համաձայն եմ գնդիկը նետելուն։
― Ո՞վ է բոլորից ուժեղը։ Ո՞վ է պահպանել արիության ոգին և համաձայն է վեր նետել գնդիկը։
― Սյաո Լինը։ Սյաո Լինը։
― Լավ, ես համաձայն եմ, ― գլուխը բարձրացնում է Լին Փոքրը։
Իսկ փոքրիկ Լինի ուժը իսկապես քիչ չէր։ Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել։ Փորձեիք դուք էլ ամեն օր այդպիսի նախաճաշ տանել պարոն Չորսանգամ Չորսին։ Նրա մկանները հիմա երկաթի պես ամուր էին։ Նա վերցնում է գնդիկը, շոշափում է, ձեռքը թափով վրա է բերում, ատամները սեղմում․․․ Ախ, այնպես են ցավում, երբ նա սեղմում է սառած ատամները։ Նույնիսկ աչքերի առաջ սևանում է, և միանգամից հաստատակամությունը կորցրած ձեռքը անօգնական կախվում է։
Երկրորդ անգամ Լին Փոքրը ավելի զգույշ է պատրաստվում նետելու համար։
Որպեսզի որքան հնարավոր է գնիդկն ավելի վեր նետի, նա հավաքում է իր ամբողջ ուժը։
Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք․․․
Բայց այս անգամ չափից ավելի մեծ էր Լին Փոքրի ուժը։ Գնդիկը թռչում է ամպերից վեր և․․․ ետ չի դառնում։
Բոլորը կանգնել էին գլուխները ետ թեքած, բայց գնդիկն այդպես էլ չէր երևում, չնայած որ շատ երկար են սպասում։
Լին Փոքրը բոլորից շատ է հուզվում։
― Ինչ անենք հիմա։ Իսկ չի՞ կարելի պարոն Չորսանգամ Չորսին փայտով ծեծել, հը՞։
― Ոչ, ― ասում է Ցյաո֊ցյաոն, ― փայտով նրան չես սպանի։ Այդ նպատակով միայն մետաղյա գնդիկն է հարմար։
― Եկեք մի ուրիշը պատրաստենք, ― առաջարկում է Լին Փոքրը։ ― Հո չենք կարող այդ գնդիկը վերադարձնել, եթե ինքը չվերադառնա։
― Ճիշտ է, նորը պատրաստենք։
Եվ աշխատանքը եռում է։ Մինչև կես գիշեր չարչարվում են։ Իսկ պարոն Չորսանգամ Չորսը դեռ շարունակում է քնած մնալ։ Նա ուժեղ խռմփում է։ Բայց այդ ժամանակ անսպասելի բան է տեղի ունենում։ Ուղիղ ժամը տասներկուսին երկնքից ընկնում է այն գնդիկը, որի մասին երեխաներն արդեն մոռացել էին։ Այն ընկնում է հենց պարոն Չորսանգամ Չորսի կողքին։
Իսկ պարոն Չորսանգամ Չորսը դեռ խռմփում էր։ Նրա կանաչ մորուքը աճում էր ուղղակի մարդկանց աչքերի առաջ։
― Այ քեզ փորձանք։ Չընկավ, ― վշտացած հառաչում է Լին Փոքրը։
Նրա համար պարզ էր, թե ինչու գնդիկը վրիպեց։ Պարզվում է, որ նա աշխատել էր որքան հնարավոր է ուժեղ նետել, բայց անտեսել էր ճիշտ նշան բռնելը։
Նա զգուշորեն մոտենում է քնածին և գնդիկը գլորում դեպի իրեն։
― Մի անգամ էլ փորձեք։
Հիմա նա ավելի ուշադիր էր և, նշան բռնելով, գնդիկը նետում է թույլ ուժով։
Գնդիկը բարձրանում է ուղիղ երեք հարյուր մետր և ընկնում, դիպչելով պարոն Չորսանգամ Չորսի ճակատին։
Համոզվելով, որ Չորսանգամ Չորսը սպանված է, բոլորն էլ շատ են ուրախանում։ Այժմ նրանք ազատ են։
― Ա՜խ, ինչ լավ է։ Ա՜խ, ինչ լավ է, ― ուրախանում են բոլորը։
Եվ բոլորից շատ ուրախանում է Լին Փոքրը։ Նա ծիծաղում է, թռչկոտում մի ոտքի վրա։ Եվ հանկարծ․
― Վա՜յ։
― Ի՞նչ պատահեց քեզ, ― անհանգստանում է Ցյաո֊ցյաոն։
― Ատամներս․․․ Ատամներս․․․― տնքում է Լին Փոքրը։
Գլուխ վեցերորդ
Քեռի Չժուն֊մայի հյուրերը
Որոշումը ընդհանուր է լինում․
― Պարոն Չորսանգամ Չորսը սպանված է։ Այժմ ֆիրման պատկանում է մեզ։ Բայց ի՞նչ անենք մենք այդ ֆիրման։
Առաջինը խոսք է վերցնում Ցյաո֊ցյաոն․
― Կաշխատենք ինչպես առաջ։ Յուրաքանչյուրը թող զբաղվի իր գործով։ Իսկ այն բոլորը, ինչ որ կպատրաստենք, կվաճառենք ինքներս։
― Ես համաձայն եմ, ― ասում է Լին Փոքրը։
Առաջարկությանը հավանություն են տալիս բոլորը․
― Համաձայն ենք։ Համաձայն ենք։
― Բայց մեզ ոչ ոք այլևս չի ծեծի, ― ասում է Սի֊ցզին։
― Դա ինքնըստինքյան հասկանալի է, ― իսկույն բղավում են չորս կողմից։ ― Ով պիտի ծեծի մեզ, եթե Չորսանգամ Չորսը մեռած է։
― Որպեսզի մեզ բանտ չնեստեցնեն, ― բղավում է Սյաո Մուն։
Ինչ֊որ մեկը ձեռք է բարձրացնում․
― Առաջարկություն եմ անում․ ծղոտի վրա չքնել։
Ցյաո֊ցյաոն վերցնում է վրձինը և սկսում է գրել նրանց առաջարկությունները, յուրաքանչյուրը բարձրաձայն կրկնելով․
― «Չծեծել։ Բանտ չնստեցնել։ Ծղոտի վրա չքնել»։ Ուրիշ ի՞նչ։
― Որպեսզի ատամները չսառեն, թող միշտ դեղ լինի ցրտահարության դեմ։
Ցյաո֊ցյաոն այդ առաջարկությունն էլ է գրում․ «Միշտ դեղորայք ունենալ ցրտահարության դեպքում»։
Երբ առաջարկությունները վերջանում են, սկսում են առավոտյան նախաճաշը, որը չէր հասցրել ուտել պարոն Չորսանգամ Չորսը Բոլորն ուրախ էին։
Բայց այսօր անհրաժեշտ էր դեռ շատ հարցեր լուծել։
― Պետք է ավագ ընտրել, ― ասում է ինչ֊որ մեկը։
― Եվ գործերի վարիչ։
― Մշակել կանոններ։
Երբ որ ամեն ինչի մասին խոսում վերջացնում են, որոշում են մի քիչ հանգստանալ։ Հնչում է երգը։ Համերաշխ ծափերի տակ պարելու են դուրս գալիս ամենափոքրերը։
Բայց հենց ուրախության ամենաեռուն պահին վրա է հասնում մի նոր դժբախտություն։
Հանկարծ աղմուկով բացվում է սենյակի դուռը։ Բոլորը միանգամից շուռ են գալիս ու քարանում տեղներում։ Շատերը վախից դողում են։ Տիրող լռության մեջ լսվում է ինչ֊որ մեկի տնքոցի ձայնը։
― Ո՞վ թ դա, ով․․․
Պարզապես անհավատալի է։ Դա հենց ինքը Չորսանգամ Չորսն է։ Հենց Չորսանգամ Չորսը, ուրիշ ոչ ոք։ Դրանում ոչ մի կասկած լինել չէր կարող։
Չորսանգամ Չորսը ներս է մտնում, ցցում է իր կանաչ մորուքը, թափահարում է մտրակը և գոռում․
― Գնացեք աշխատանքի֊տանքի։
Լին Փոքրը արագ շուռ է գալիս և նայում այն կողմը, որտեղ ընկած էր սպանված Չորսանգամ Չորսը։ Ա՛յ քեզ սարսափելի բան։ Մեռած Չորսանգամ Չորսը պառկած էր այնտեղ, որտեղ նրան կպել էր մետաղյա գնդիկը։
― Դու ո՞վ ես, ― բղավում է Սի֊ցզին կենդանի Չորսանգամ Չորսին։
― Ե՞ս․․․ Չորսանգամ Չորս երկրորդն եմ։
Մոտ մի րոպե բոլորը կանգնել էին բերանները լայն բաց արած, և այդ ժամանակ Չորսանգամ Չորս Երկրորդը, որը գոհ էր իր գործած տպավորությունից, սկսում է նորից խոսել․
― Կարծում էիք, թե Չորսանգամ Չորսը սպանված է, և դուք կարող եք ինչ֊որ խելքներիդ փչի անե՞ք։ Հը՜մ։ Բայց կա էլի մի Չորսանգամ Չորս՝ Չորսանգամ Չորս Երկրորդը, այսինքն՝ ես։ Հիմա կկանչեմ Հրեշին, և նա բոլորիդ կբռնի։ Ձեզ կդատեն, հանցագործներ․ դուք մարդասպաններ եք։ Իմ եղբորն սպանելու համար ես կպատժեմ ձեզ։
― Քո Չորսանգամ Չորսն է հանցագործն ու մարդասպանը։ Դու գիտե՞ս, թե քանի երեխաների է նա սպանել, ― բացականչում է Ցայո֊ցյաոն։
― Հը՜մ, ― կակազում է Չորսանգամ Չորս Երկրորդը։ ― Խոսեք ինչ ուզում եք, բայց դուք սպանել եք ձեր տիրոջը։
Օգտվելով այն բանից, որ Չորսանգամ Չորս Երկրորդը այդ ընթացքում աչքերը չռել էր Ցյաո֊ցյաոյի վրա, Լին Փոքրը թաքուն վերցնում է մետաղյա գնդիկը, նշան է բռնում ու վեր նետում։ Վայր ընկնող գնդիկը դիպչում է Չորսանգամ Չորս Երկրորդի ուղիղ գագաթին և տեղնուտեղը փռում։
― Եկեք հիմա փախչենք, երեխաներ։ Շուտ արեք, ― բղավում է Ցյաո֊ցյաոն։
Բայց ոչ մեկը չի հասցնում փախչել։ Շեմքին հայտնվում է դարձյալ մի Չորսանգամ Չորս։
― Տեղներիցդ չշարժվեք, ― գոռում է նա։ ― Ես Չորսանգամ Չորս Երրորդն եմ։ Եթե ուզենաք փախչել, ես կկանչեմ Հրեշին։
― Շուտ արեք, փախչենք, ― բղավում է Սյաո Մուն։
Առանց որևէ խոսք ասելու, բոլորը հարձակվում են Չորսանգամ Չորս Երրորդի վրա, նրան տապալում են գետին ու փախչում դեպի փողոց։
Հետևից լսվում է Չորսանգամ Չորս Երրորդի ուժասպառ ճիչը․
― Պա֊հա՜կ։ Հրե՜շ։ Օգնեցե՜ք․․․
Չորսանգամ Չորս Երրորդի ճիչը դեռ երեխաների ականջում, երկինքն արդեն մթնում է, գետինն սկսում է ցնցվել ու հառաչել և կարծես թե ուր որ է պիտի ճեղքվի։ Ճանապարհին երևում է ինքը՝ Հրեշը։ Նա այնքան վիթխարի է լինում, որ ծածկում է ամբողջ երկինքը։ Դա հենց այն Հրեշն էր, որ մի ժամանակ ուզում էր ուտել Լին Մեծին ու Լին Փոքրին։
Հրեշի ձայնի վրա վազում են ոստիկանները։ Նրանք շատ են լինում։ Ոստիկանները մռնչալով հարձակվում են երեխաների վրա։ Նրանք սպառնում են բռնել բոլոր ոճրագործներին, որոնք կրկնակի հանցագործ են Չորսանգամ Չորսի սպանության գործում․․․
Լին Փոքրը հիշում է, թե ինչպես հաջողվեց եղբոր հետ միասին փախչել այդ Հրեշից, և նա սկսում է բղավել․
― Փախեք տարբեր կողմեր։
Բոլորը փախչում են տարբեր կողմեր, և Հրեշը այս անգամ էլ ոչ ոքի չի կարողանում բռնել։ Միայն նրա ճանկն են ընկնում նրանք, ովքեր շատ դանդաղ էին վազում, այդ թվում և Աի֊ցզին։ Կորչում է նաև Սյաո Մուն։
Լին Փոքրն ու Ցյաո֊ցյաոն ամբողջ ժամանակ վազում են կողք֊կողքի։
Լին Փոքրը վազում է գլխապատառ և հանկարծ անզգուշորեն կպչում է ծառին։ Նա այնպես ուժեղ է կպչում, որ իսկույն խլանում է։
― Կանգնիր, ― բղավում է նա Ցյաո֊ցյաոյի հետևից։ ― Ես կորցրել եմ լսողությունս, ոչինչ չեմ լսում։
Ստիպված վերադարձան ծառի մոտ, որպեսզի գտնեն Սյաո Լինի կորած լսողությունը։
― Շուտ արա, շուտ արա, ― շտապեցնում էր Լին Փոքրը։
― Սպասիր, տուր լսողությունդ պահեմ գրպանումս, թե չէ, էլի կկորցնես։
Ցյաո֊ցյաոն Լին Փոքրի լսողությունը արագ֊արագ փաթաթում է թղթի մեջ և դնում գրպանը։ Նրանք շնչակտուր էլի վազում են մոտ մի հիսուն լի։ Այլևս շարունակելու ուժ չեն ունենում։ Նրանք շուռ են գալիս և տեսնում են, որ Հրեշն էլ չի հետապնդում իրենց։ Նրանք սիրտ են անում նստել խոտերի վրա, որպեսզի մի քիչ հանգստանան։
Շուռ գալով Լին Փոքրի կողմը, Ցյաո֊ցյաոն ասում է․․․
― Ո՛չ, ես դարձյալ սխալվեցի։ ― Ցյաո֊ցյաոն հենց ուզում է ինչ֊որ բան ասել, Լին Փոքրը ընդհատում է նրան․
― Ցյաո֊ցյաո, քո դեմքի վրա էլ ինչ֊որ բան է պակասում։ Առանց դրա դու բոլորովին նման չես Ցյաո֊ցյաոյին․․․ Սպասիր․․․ իսկ որտե՞ղ է իմ լսողությունը․․․
Ցյաո֊ցյաոն Լին Փոքրին է տալիս թղթի մեջ փաթաթած լսողությունը և օգնում է նրան տեղը դնել, որից հետո հարցնում է․
― Ես ի՞նչ եմ կորցրել։ Նույնպես լսողությո՞ւնս։
― Շատ հնարավոր է, ― սկսում է Լին Փոքրը, բայց և իսկույն բացականչում է․ ― Ո՛չ, ո՛չ։ Նայիր, նայիր։ Ախր դու կորցրել ես քիթդ։
Ցյաո֊ցյաոն ձեռքը տանում է դեմքի այն մասը, որտեղ պետք է լիներ քիթը։ Իսկապես ոչինչ չի լինում։ Հարթ տեղ։ Նա շատ է վախենում։
― Վա՜յ։ Ի՞նչ պիտի անեմ հիմա։
Եվ նրանք գնում են կորած քիթը որոնելու։ Փնտրում են, փնտրում և այդպես էլ ոչ մի տեղ չեն գտնում, չնայած ամբողջ գիշերը թափառում են։
Բացվում է առավոտը։ Այստեղ նրանք տեսնում են, որ իրենք հասել են ինչ֊որ երկաթուղային կայարանի։ Քիչ հեռվում մի փոքրիկ տնակ են տեսնում, որի դռանը հայտարարություն է լինում կախված։ Ահա թե ինչ է կարդում Լին Փոքրը այդ հայտարարության մեջ․
- Գտնված է մի քիթ
Պատիվ ունեմ հաղորդելու, որ երեկ ճանապարհին ես գտել եմ ինչ֊որ մեկի քիթը։ Խնդրվում է քթի տիրոջը անցնել և ետ ստանալ կորածը։
- Սույնով՝ Չժուն֊ Մայ։
― Ցյաո֊ցյաո։ Ուռա՜։ Քիթդ։
Լին Փոքրն ու Ցյաո֊ցյաոն մտնում են այդ տնակը։ Այստեղ նրանց դիմավորում է ինչ֊որ տարիքն առած մի տղամարդ։ Նա նայում է երեխաներին և ասում․
Չժուն֊մայը՝ այդ ես եմ։ Դուք երևի քթի հարցո՞վ եք եկել։ Իսկ քո քիթն ինչպիսի՞ն էր, աղջիկս։
― Բարակ, երկու անցքով։
― Նշանները համապատասխանում են, սա քոնն է։ Առ, վերցրու։
Վերցնելով քիթը, Լին Փոքրն ու Ցյաո֊ցյաոն շնորհակալություն են հայտնում քեռի Չժան֊մային և հրաժեշտ տալիս։ Բայց նրանք շատ սոված են լինում։ Իսկ սեղանի վրա մի լիքը աման շիլա է լինում դրած և այնպե՜ս ախորժալի է բուրում․․․ Նրանք նայում են քեռի Չժան֊մային և թուքները կուլ տալիս։
Քեռի Չժան֊մայը ամեն ինչ հասկանում է։
― Դուք այսպր ոչինչ չե՞ք կերել, երեխաներ, ― հարցնում է նա։
― Ոչ։
― Դե ուրեմն նստեք սեղանի մոտ և կերեք։ Շիլան կսառչի։ Դուք ո՞ւր եք գնում։
Հենց որ քեռի Չժան֊մայը հարցնում է նրանց, թե ուր են գնում, Ցյաո֊ցյաոն և Լին Փոքրը նոր են հիշում, որ իրենք գնալու տեղ չունեն։
Երկուսն էլ սկսում են բարձրաձայն լաց լինել։
Նրանք կուլ են տալիս արցունքախառը շիլան և իրար ընդհատելով՝ քեռի Չժան֊մային պատմում են իրենց դժբախտության մասին․
― Մենք աշխատում էինք «Չան Չան֊թեց» ֆիրմայի արհեստանոցում։ Հետո Չորսանգամ Չորսը սկեց մեզ ծեծլ։ Հետո նա ուզեց մեզ հավի ձու դարձնել և ուտել։ Հետո մենք սպանեցինք Չորսանգամ Չորսին։ Բայց հետո եկավ Չորսանգամ Չորս Երկրորդը։ Իսկ հետո՝ Չորսանգամ Չորս Երրորդը։ Հետո հետևներիցս ընկավ Հրեշը։ Հետո ես կորցրի լսողությունս։ Հետո ես կորցրի քիթս։ Հետո մենք եկանք այստեղ, ձեզ մոտ։ Հետո դուք մեզ հարցրիք, թե ով ենք մենք։ Հետո մենք ձեզ պատասխանեցինք, «Մենք աշխատում էինք «Չան Չան֊թեց» ֆիրմայի արհեստանոցում։ Հետո Չորսանգամ Չորսը սկսեց մեզ ծեծել։ Հետո նա ուզեց մեզ հավի ձու դարձնել և ուտել։ Հետո մենք սպանեցինք Չորսանգամ Չորսին։ Հետ․․․»։
― Դա ես արդեն գիտեմ, երեխաներ։ Դուք տուն չունեք, ընտանիք չունեք և չգիտեք, թե ուր գնաք, ճի՞շտ է։ Դե ուրեմն դուք մնացեք ինձ մոտ և ապրեք ձեզ համար։
Քեռի Չժան֊մայը կրծքին է սեղմում Լին Փոքրին և Ցյաո֊ցյային, և երեխաները նորից են սկսում լաց լինել։ Բայց հիմա նրանք երջանկությունից են լաց լինում։ Քեռի Չժան֊մայը ժպտադեմ նայում է նրանց, աչքերը կկոցում և աննկատելի հառաչում։ Եվ այդ ժամանակ չգիտես ինչու, Լին Փոքրը ու Ցյաո֊ցյաոն սկսում են ավելի ուժեղ լաց լինել։
Գլուխ յոթերորդ
Լին փոքրը նամակ է գրում Լին Մեծին
Գեգե, ես ամբողջ ժամանակ քո մասին եմ մտածում։ Որտե՞ղ ես դու, գեգե։
Մենք Ցյաո֊ցյաոի հետ քիթը գտանք քեռի Չժուն֊մայի մոտ։ Քիթն արդեն ամրացված է իր տեղում։ Ես ու Ցյաո֊ցյաոն քեռի Չժան֊մային հայրիկ ենք ասում։ Չժուն֊մայ հայրիկը մեզ շատ է սիրում։
Չժուն֊մայ հայրիկը շոգեքարշի մեքենավար է։ Չժուն֊մայ հայրիկը մեզ գրել֊կարդալ է սովորեցնում։ Ահա թե նա ինչ ասաց մեզ․
«Ես արդեն ծեր եմ, շատ եմ ծեր։ Ես ձեզ կսովորեցնեմ շոգեքարշ քշելը, և դուք ինձ կօգնեք»։
Մենք շատ ուրախացանք ու բղավեցինք․
«Ա՜խ, ինչ լավ կլինի»։
Հետո մենք սկսեցինք սովորել շոգեքարշ քշել։ Մենք կաշխատենք և անպայման շուտով կսովորենք։
Որտե՞ղ ես դու հիմա, գեգե։ Որտե՞ղ։ Մտաբերո՞ւմ ես արդյոք դու ինձ, Սյաո Լինին։
Իսկ անցյալ շաբաթ Ցյաո֊ցյաոն մրսել էր։ Չժուն֊մայ հայրիկն ուզեց նրան տանել հիվանդանոց, բայց փող չուներ։
Հետո ես դարձյալ քեզ հիշեցի, գեգե։ Մի անգամ ես երազ տեսա և երազումս քեզ տեսա։ Ես շատ ուրախացա, որ դու մեզ հետ էիր, բայց հենց այդ ժամանակ մոտեցավ Հրեշը և սկսեց բղավել․
«Ես հիմա ձեզ կուտեմ»։
Այդ ժամանակ Ցյաո֊ցյաոն վերցրեց պարանը, որով մենք թռչում ենք և կապեց Հրեշի ձեռքերն ու ոտքերը։ Ես վերցրի իմ մետաղյա գնդիկը, նշան բռնեցի ու շպրտեցի Հրեշի վրա։ Հրեշն իսկույն սատկեց։
Հանկարծ միանգամից եկան չորս հատ Չորսանգամ Չորս, իսկ նրանց հետ նաև պարոն Պիպը։ Բայց մեզ օգնելու եկավ Չժուն֊մայ հայրիկը։ Նա մետաղյա գնդիկը նետեց մեկի, հետո մյուսի, երրորդի, չորրորդի վրա և բոլորին էլ մի հարվածով սպանեց։
Մենք բոլորս՝ ես էլ, դու էլ, Ցյաո֊ցյաոն էլ, Չժուն֊մայ հայրիկն էլ սկսեցինք ուրախանալ, պարել։ Հետո նստեցինք շոգեքարշ։ Հետո լուսինը մեզ հրավիրեց իր մոտ ճաշի, և մենք շեգեքարշը նստած՝ մեկնեցինք ուղիղ նրա մոտ։ Ի՜նչ մեծ տուն ուներ լուսինը։ Այնտեղ մենք տեսանք Սի֊ցզիին և Սյաո Մուին։
Եվ հենց այդ ժամանակ էլ ես զարթնեցի։
Պարզվեց, որ այդ բոլորը երազ էր։
Ես ամեն օր փնտրում եմ քեզ, գեգե՛։ Գեգե՛։ Որտե՞ղ ես, գեգե՛։
Ես հաճախ եմ լաց լինում, որ քեզ չեմ տեսնում։
Շուտ արա, եկ, գեգե՛։ Հենց որ գաս կայարան, որտեղ շոգեքարշն է կանգնում, հարցրու քեռի Չժուն֊մային։ Առաջին հանդիպած մարդը քեզ կբերի մեզ մոտ։ Միայն թե արի, լսո՞ւմ ես։ Անպայման։
Չժուն֊մայ հարյիկն էլ է քեզ սպասում։ Ցյաո֊ցյաոն էլ։ Գիտե՞ս ինչ ուրախ կլինի, որ դու գաս։
Գեգե, ահա թե ինչ եմ ուզում ասել քեզ․
Գալուց առաջ ինձ անպայման նամակ գրի։ Նամակում գրի, թե երբ ես գալու։ Մենք ուզում ենք քո գալու կապակցությամբ նվեր առնել քեզ՝ կաշվե գնդակ ու խնձոր։ Միայն թե գրիր, լսո՞ւմ ես։
Չժուն֊մայ հայրիկը մեզ շտապեցնում է, որ քնենք։ Ստիպված եմ նամակն այսքանով ավարտել։
Նամակում գրի, թե որտեղ ես դու հիմա և ինչ ես անում։ Եթե չգրես, ես քեզ ցույց կտամ՝ քսան ապտակ կուտես, ինչպես միշտ։
Ես ամեն օր քո մասին եմ մտածում, գեգե։ Իսկ դու իմ մասին մտածո՞ւմ ես, հը՞։ Շուտ եկ։
Ահա թե ինչպիսի նամակ է գրում Լին Փոքրը Լին Մեծին։ Ծրարի վրա նա խոշոր հիերոգլիֆներով գրում է այսպիսի մի հասցե․
- Շտապ
- Հանձնել պարոն Գեգեին
- Ուղարկող՝ Սյաո Լին
Ծրարը փակելով և մի անգամ էլ ստուգելով, թե արդյոք ճիշտ է գրել հասցեն, Լին Փոքրը նամակը գցում է փոստարկղ։
Գլուխ ութերորդ
Երկնքի գեղեցկադեմ պատվիրակը
Ինչ եք կարծում, Լին Մեծը ստացա՞վ նամակը։
Իհարկե ոչ։ Լին Փոքրը դժբախտաբար, չէր խորհրդակցել քեռի Չժուն֊մայի կամ Ցյաո֊ցյաոյի հետ, թե ինչպես ուղարկի նամակը։ Նա ինքն էր գրել և ինքն էլ ուղարկել։
Երկար է սպասում Լին Փոքրը մեծ եղբոր պատասխանին և այդպես էլ չի ստանում։
Ամեն գիշեր Լին Փոքրը երազում տեսնում է եղբորը։ Նա շտապով արթնանում է, որպեսզի հասցնի եղբորը բռնել, բայց ամեն անգամ մի քիչ ուշանում է, և Լին Մեծն այլևս չի լինում նրա կողքին։
«Գեգե, որտե՞ղ ես դու։ Ձայն հանիր»։
Եվ իսկապես, որտե՞ղ կարող էր կորչել Լին Մեծը։ Այդ մասին բոլորն էին հարցնում, ով լսում է այս զարմանալի պատմությունը։
Ո՞ւր կորավ Լին Մեծը։ Բայց նա ոչ մի տեղ էլ չէր կորել։ Դուք լսում եք այս պատմությունը, իսկ Լին Մեծը իր համար տանը հանգիստ նստել ու ճաշ է ուտում։ Այո՛, այո՛, նա, իր տանը նստած, զբաղված է վաղուց իր համար ձանձրալի գործով՝ ուտելով։
Իսկ Լին Մեծի երկու կողմերում շարշվել են երկու հարյուր ծառաներ․․․
Ես զգում եմ, որ այստեղ դուք անպայման կընդհատեք ու կհարցնեք․
«Ինչո՞ւ դուք սկզբից չեք պատմում։ Որտեղի՞ց Լին Մեծին տուն։ Չէ՞ որ այն բանից հետո, երբ Հրեշն ուզեց ուտել Լին Մեծին ու Լին Փոքրին և նրանք փախան տարբեր ուղղություններով, մենք դեռևս ոչինչ չենք լսել Լին Մեծի մասին։ Խնդրում ենք այդտեղից սկսեք»։
Թերևս դուք ճիշտ եք։ Ես պետք է իմ պատմությունն սկսեմ հենց այդտեղից։
Դե լսեք ուրեմն։ Այն օրը, ինչպես հիշում եք, Հրեշին չհաջողվեց ո՛չ Լին Մեծին բռնել և ո՛չ էլ Լին Փոքրին։ Լին Մեծը գլխապատառ վազում է մոտ մի տասը կիլոմետր, այսինքն՝ այնքան, ինչքան Լին Փոքրն էր վազել։ Շուռ է գալիս և տեսնում է, որ Հրեշը ոչ մի տեղ չի երևում։ Բայց չի երևում նաև Սյաո Լինը։
Ամբողջ մարմնով թուլացած՝ Լին Մեծը նստում է մի ծառի մոտ հանգստանալու։
«Ո՞ւր կորավ Սյաո Լինը, ― մտածում է նա։ ― Ա՜խ, ինչքան լավ կապրեինք, եթե մենք հարուստ լինեինք։ Այն ժամանակ մենք մարգարիտ կունենայինք, կտայինք Հրեշին, նա մեզ չէր ուտի, և մենք ստիպված չէինք լինի փախչել տարբեր ուղղություններով»։
Այսպես մտածում է Լին Մեծը։ Բայց ահա նրա կոպերը ծանրանում են, աչքերն սկսում են փակվել, նա մեկնվում է գետնին, դադարում է մտածելուց և իսկույն քնում։ Հենց որ քնում է, երազ է տեսնում, իբր թե ինքն ու Լին Փոքրը հարուստ մարդ են դարձել։ Նրանք Հրեշին մարգարիտ են բերում, և Հրեշը թողնում գնում է, հրաժեշտի ժամանակ մինչև գետին խոնարհվելով իրեն և Լին Փոքրին։ Մեկ էլ նա երազում տեսնում է, որ Լին Փոքրի հետ ապրում է մի հարուստ, մեծ տան մեջ, ուտում է ամենաընտիր կերակուրները, շքեղ հագնվում, ոչ մի տեղ չի աշխատում և ոչինչ չի անում։ Լին Մեծը ուրախությունից իրեն կորցնում է։
«Այո՛, լավ բան է հարուստ լինելը»։
Եվ հանկարծ ինչ֊որ մի շողոքորթ ձայն է լսում․
― Դու ուզո՞ւմ ես հարուստ լինել։
― Այդ ո՞վ է ինձ հետ խոսում։
― Ես, ― պատասխաում է նույն ձայնը։ ― Ինձ կոչում են Բաբաո։
«Արդյոք, սա երազ չի՞», ― մտածում է Լին Մեծը։
Ոչ, Լին Մեծմ այլևս քնած չէր։ Նա բաց է անում աչքերը և տեսնում իր առջև կանգնած ինչ֊որ մի փքված սևամռութ աղվեսի, որը հագել էր գեղեցիկ ֆրակ և սնդիկից կարված փայլուն կոշիկներ, որոնք այնպես էին փայլփլում լուսնի լույսի տակ, որ աչք էին կուրացնում։ Դուք արդեն գիտեք, որ այդ հարգարժան աղվեսը պարոն Պիպինի փոքր եղբայրն է։
― Դու իսկապես ուզո՞ւմ ես հարուստ մարդ դառնալ, ― կրկնում է Բաբաոն։
― Ո՞վ ես դու։
― Իմ անունը Բաբաո է։ Դու չէի՞ր, որ հենց հիմա ցանկություն հայտնեցիր հարուստ դառնալու։
― Է՛հ։ Ո՜ւր էր, թե․․․ ― Լին Մեծը ձեռքը թափահարում է ու հորանջում։
― Ես միջոցը գիտեմ, թե ինչպես կարելի է քեզ հարուստ մարդ դարձնել։
― Ինչպե՞ս, ― բացականչում է Լին Մեծը և նստում։ Նա կարծում է, թե սխալ է լսել, դրա համար էլ հարցնում է։ ― Շուտ արա․ կրկնիր, թե ինչ ասիր։ Կարծեմ դու ինչ֊որ բան խոստացար ինձ։
― Այո, ― պատասխանում է Բաբաոն։ ― Ես կօգնեմ քեզ, որ դու հարստանաս։
― Ճի՞շտ ես ասում։ ― Լին Մեծը մի ակնթարթում թռչում է տեղից և Բաբաոյի հետ խոսում է բոլորովին արդեն ուրիշ տոնով։ ― Օ, դուք ի՜նչ մեծահոգի եք։ Արդյոք ճի՞շտ է, որ դուք կարող եք ինձ հարուստ մարդ դարձնել։ Դուք սպասում եք իմ պատասխանի՞ն։
― Իհարկե, ― ժպտում է Բաբաբոն։
― Իսկ ես ինչպե՞ս պիտի դուրս գամ ձեր լավության տակից։
― Դրա մասին հետո կխոսենք։ Իսկ հիմա գնանք ինձ հետ։ Այսօր ի՞նչ օր է։ Երկուշաբթի՞։ Ահա թե ինչ, ուրբաթ օրը դու հարուստ կլինես։
Բաբաոն թևանցուկ է անում Լին Մեծին։ Շուտով նրանք արդեն քաղաքում էին։ Բաբաոյի տունը կենտրոնական փողոցի վրա էր, և դռանը հսկում էր ոստիկանների մի մեծ խումբ։ Ոստիկանները արագ֊արագ այս ու այն կողմ էին գնում բակում։
― Ես շատ լավ եմ թռչում, դու դա գիտե՞ս, ― հարցնում է Բաբաոն, երբ նրանք մտնում են շենքը։
― Ո՛չ, չգիտեմ։
― Անցյալ մրցումներում ցատկելու գծով առջին տեղը բռնեցի։
Մի րոպե երկուսն էլ լռում են։ Հետո Բաբաոն նորից դիմում է Լին Մեծին հետևյալ հարցով․
― Այստեղ մի շատ հարուստ մարդ կա, ոմն պարոն Բաբախ, դու ճանաչո՞ւմ ես նրան։
― Ո՛չ, չեմ ճանաչում։
― Պարոն Բաբախը աշխարհի ամենախոշոր հարուստն է։ Նավթի արքան, որը հիմա ապրում է Ամերիկայում, հաճախ պարոն Բաբախից մեծ֊մեծ գումարներ է պարտք վերցնում։ Բայց պարոն Բաբախը տղա չունի։ Եթե դու նրա տղան դառնաս, ուրեմն իսկական հարուստ կլինես։
Լին Մեծը դարձյալ լռում է, և էլի Բաբաոն է սկսում խոսել․
― Ես կառավարական աստիճանավոր եմ, ու դա գիտե՞ս։
Ո՛չ, չգիտեմ։
― Ես կառավարական աստիճանավոր եմ, ― կրկնում է Բաբաբոն, այդ ընթացքում առանձնապես շեշտելով «կառավարական» բառը։ ― Բայց իմ աստիճանը փոքր է։ Իսկ ես ուզում եմ մեծ աստիճան ունենալ, ամենամեծ աստիճանը, այո, թող դա քեզ հայտնի լինի։ Ես ուզում եմ Պետական մինիստր դառնալ։ Պարոն Բաբախը հիանալի հարաբերության մեջ է թագավորի հետ, թագավորը հավատում է նրա ամեն մի խոսքին։ Եթե պարոն Բաբախը թագավորին ասի․ «Գիտես, թագավոր, դու պետք է Բաբաոյին դարձնես Պետական մինիստր», թագավորն անպայման ինձ կնշանակի մինիստր։ Դու ինձ հասկացա՞ր։
― Հասկացա, ― պատասխանում է Լին Մեծը։
Բաբաոն նայում է Լին Մեծին ոտից մինչև գլուխ և բավարարված իր զննումից, գլխով է անում։
― Այդ դեպքում կխնդրես քո հայրիկին, որ նա գնա թագավորի մոտ և․․․
Լին Մեծը ապշում է․
― Ո՞ր հայրիկին պիտի խնդրել։ Իմ հայրը մահացել է։
― Ես խոսում եմ պարոն Բաբախի մասին։ Չէ՞ որ դու պարոն Բաբախի տղան ես։ Մի՞թե դա այդպես չէ։
― Սպասեք։ Բայց ես ինչպե՞ս հանկարծ պիտի դառնամ պարոն Բաբախի տղան։
― Դե դա արդեն իմ գործն է։ Ա՛յ, տես, հիմա կդառնամ երկնային պատվիրակ, այսինքն՝ հրեշտակ։
Բաբաոն վերցնում է դիմափոշու տուփը և իր վրա ցանում ամբողջ դիմափոշին։ Մինչ այդ, Բաբաոյի մռութը կապտավուն֊սև էր, հիմա դառնում է գորշ֊մոխրագույն։ Դրանից հետո նա թշերին հաստ շերտով կարմիր ներկ է քսում, պահարանից հանում է կանացի մի զգեստ և հագնում։ Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, նա պտտվում է հայելու առաջ և աղվեսային իր քայլվածքով մոտենում է Լին Մեծին․․․
― Ես գեղեցի՞կ եմ։
― Գեղեցիկ ես։
― Նմա՞ն եմ ես հրեշտակի։
― Շա՜տ։
Բաբաոն պահարանից հանում է թղթե տոպրակը և ցույց է տալիս Լին Մեծին նրա պարունակությունը։
― Տեսնո՞ւմ ես, հավի հիանալի զույգ թևեր են։ Երեկ ես տասը հավ կերա, բայց այս թևերը պահեցի։
Այդ ասելով, Բաբաոն հավի թևերն ամրացնում է իր ուսերին։
Լին Մեծը քանի գնում, այնքան ավելի շատ է զարմանում։
― Իսկ սա ինչի՞ համար է։
― Մի՞թե չես հասկանում։ Նշանակում է դու մանկական հեքիաթներ չես կարդացել։ Արտասահմանյան մանկական բոլոր հեքիաթներում անպայման հանդես են գալիս բարի հրեշտակներ։ Եվ նրանք բոլորը թևեր ունեն։ Ախր չէ՞ որ ես ամեն ինչով պետք է նման լինեմ հրեշտակի։
Բաբաոն այնպես եռանդով է շուռումուռ գալիս հայելու առաջ, որ նույնիսկ քրտնում է։ Քրտինքը կաթում է քթի վրայով, սրբում է դիմափոշին ու կարմիր ներկը, սև մռութի վրա թողնելով սպիտակ ու կարմիր գծեր։
Եվ ահա երկնքի գեղեցկադեմ պատվիրակը վերջին անգամ նայում է իր զգեստին և ասում Լին Մեծին․
― Ինձ սպասիր այստեղ և մտքովդ չանցկացնես փախչել։ Եթե ուտել ուզենաս, պատուհանը բաց արա և թարմ օդ շնչիր։ Թարմ օդը շատ լավ հագեցնում է քաղցը։ Իսկ ես արդեն պետք է գնամ։
― Ցտեսություն։
― Զգուշացնում եմ՝ ոչ մեկին ոչ մի խոսք։ Այն, ինչի մասին մենք քեզ հետ խոսեցինք, դա գաղտնիք է։ Իսկ եթե շատախոսություն անես և գաղտնիքը հայտնես, դու հարստի տղա չես լինի, իսկ ես էլ՝ Պետական մինիստր։ Հասկացա՞ր։
― Հասկացա։
Բաբաոն կանգ է առնում դռների մեջ, մի փոքր մտածում, հետո մոտենում է պահարանին, այնտեղից հանում ձվի տորտը, իսկ պահարանը նորից փակում է բանալիով։ Խնամքով լիզելով տորտը, ասում է Լին Մեծին․
― Հրեշտակը պետք է ունենա քնքուշ, հրեշտակային ձայն, նա պետք է ամբողջ ժամանակ երգի։ Կարծում եմ, որ դրա տակից էլ դուրս կգամ։ Ես արդեն հնարել եմ «Հրեշտակի երգը»։
Վերջապես Բաբաոն գնում է։ Ճանապարհին նա ամբողջ ժամանակ կրկնում է իր «Հրեշտակի երգը»։ Սկզբում Լին Մեծը բառերը շատ լավ էր լսում։ Աստիճանաբար Բաբաոյի ձայնը հեռվից է գալիս, իսկ հետո նրա ձայնը այլևս չի լսվում․
Ձվի տորտ քիչ չեմ կերել ես,
Գեղեցկադեմ աղվես Բաբաոն եմ ես։
Ձվի տորտ քիչ չեմ կերել ես, Գեղեցկադեմ Աղվես Բաբաոն եմ ես։
Ձվի տորտ Քիչ չեմ կերել ես, Գեղեցկադեմ աղվես Բաբաոն եմ ես։ Ձվի տորտ քիչ չեմ կերել ես․․․
Եվ հանկարծ Լին Մեծը զգում է, որ սովածությունից գլուխը պտտվում է։ Նա մոտենում է պատուհանին, բաց է անում, որպեսզի թարմ օդ շնչի, բայց պատուհանի տակ կանգնած ոստիկանը ինչքան ուժ ունի բղավում է․
― Ի՞նչ է։ Փախչե՞լ ես ուզում։
― Ո՞վ ասաց, թե փախչել եմ ուզում, ― փնթփնթում է Լին Մեծը։ ― Ես շատ եմ ուզում Բաբախի տղան դառնալ․․․
Գլուխ իններորդ
Երկնքի պատվիրակը Պարոն Բաբախին երջանկություն է պարգևում
Բաբաոն դուրս է գալիս փողոց, կառք նստում և բղավում ձիուն․
― Դե, շարժվիր։ Ես պետք է գնամ պարոն Բաբախի մոտ։ Ինձ կհասցնես մինչև պարիսպը, իսկ պարտեզ ինքս կցատկեմ։ Հասկացա՞ր։
― Հասկացա, ― պատասխանում է ձին և անմիջապես ճանապարհ ընկնում։
Մի ակնթարթում կառքն արդեն բարձր պարսպի մոտ էր։ Այդ պարիսպ ամբողջապես ծածկված էր ամեն տեսակի մակագրություններով․
- Պարոն Բաբախի տունը
- Պատերի վրա գրելն արգելվում է։
- Նա, ով համարձակվի կեղտոտել այս պատը,
- կենթարկվի պատժի
- Մեթոդ կաբինետի կառավարիչ
Հարևան պատի վրա Բաբաոն կարդում է մի ուրիշ մակագրություն՝ հսկայական մեծ֊մեծ հիերոգլիֆներով փորագրված․
- Այս պատի վրա գրելը խստիվ արգելվում է
Հենց այստեղ էլ Բաբաոն կանգնեցնում է կառքը։ Առաջին հերթին նա զննում է պատը, որն ամբողջապես արծաթից էր և մոտ երեք մետր բարձրություն ուներ։ Արծաթը փայլում էր հայելու պես, և Բաբաոն չի դիմանում՝ մի անգամ էլ նայում է իրեն։ Նրա դեմքը բազմագույն էր, կարմիր, սպիտակ ու սև զոլերով։ Նա հենց այդպես էր ուզում իրեն տեսնել։
― Ինչ գեղեցիկ եմ, ― բարձրաձայն արտահայտում է նա իր հիացմունքը։ ― Օ՜, ինչքան եմ ես ինձ դուր գալիս։ Հա, ես դեռ Պետական մինիստր չեմ, բայց երբ որ մինիստր դառնամ, ես ինձ ավելի շատ դուր կգամ։ Ի՜նչ արած, պետք է այդ տղային իսկույն դարձնել պարոն Բաբախի տղան․․․ Բայց ինչպե՞ս անել։ Ախր պատը բարձր է․․․
Բաբաոն թափով վազում է՝ մեկ, երկու․․․ ա՜խ․․․ պարզվում է, որ միանգամից թռչելու համար այդ պատը շատ է բարձր։ Ավելին, Բաբաոն ընկնում է ու փռվում հատակին։ Իսկ նրա ձին սկսում է խրխնջալ ամբողջ փողոցով մեկ․
― Հա՜֊հա՜֊հա՜։ Տեր Բաբաոն թռավ պատից։
Բաբաոն կատաղում է զայրույթից։
― Թյո՛ւ։ Դու էլի ծիծաղո՞ւմ ես։ Կարծում ես չե՞մ կարող մագլցել։ Կտեսնես։
Բաբաոն ուժերը հավաքում է ու պատրաստվում․ մե՛կ․․․ երկո՛ւ․․․ երե՛ք ու պոկվում է գետնից։ Անմիջապես նա բարձրանում է պատին, այնտեղից թռչում ծառին, ճյուղի վրայով հասնում է բաց պատուհանին և աննկատելի սողոսկում պարոն Բաբախի տունը։
Մի քանի վայրկյան Բաբաոն թաքնվում է անկյունում ու հանգստանում, բայց միաժամանակ դիտում է սենյակը։ Նրա հայացքը կանգ է առնում պարոն Բաբախի վրա, որը քնել էր սենյակի կենտրոնում դրված ոսկե մահճակալին։ Բաբախը այնպես էր խռմփում, որ սարի պես մեծ փորին փռված երկծալ կզակը թրթռում էր քամու բերանն ընկած առագաստի պես։ Վրայի վերմակը ուշադիր զննելուց հետո պարզվեց, որ կարված է բանկի դրամանիշներից ու մուրհակներից։ Նայելով քնած Բաբախին, Բաբաոն հիշեց մի պատմություն, որը բազմիցս լսել էր դրսում։ Ասում էին, որ իբր պարոն Բաբախի սիրելի զբաղմունքը եղել է փայտոջիլներ բազմացնելը։ Նա պահում էր ավելի քան երեսուն հազար փայտոջիլ, և հենց որ գիշերը վրա է հասնում, դրանք բոլորը գնում են դեպի բարաքները, որտեղ ապրում են Բաբախի բանվորները՝ այնտեղ շատ հարմար է տափկնոցի խաղալը։
Հիշելով պարոն Բաբախի անձնական կյանքի այս մանրամասնությունները, Բաբաոն բոլորովին մոռանում է, թե ինքն ինչի համար է եկել։ Բայց հենց այդ ժամանակ ինչ֊որ մի ճանճ կծում է Բաբախին։ Նա սկսում է այնպես բարձր փնչացնել, որ Բաբաոն սթափվում է։
― Հա֊հա֊հա֊ա֊փչի՜։
Բաբախն այնպես բարձր է փռշտում, որ ինքն իր ձայնից արթնանում է։
Բաբաոն անմիջապես ոտքի է կանգնում և աղվեսային քայլվածքով գնում դեպի նրա անկողինը։
― Բաբախ, արթնացիր, ― բարակ ձայնով ծվծվում է նա։ ― Արթնացիր, Բաբախ։
― Ո՞վ է, ― քունը գլխին հարցնում է Բաբախը։
― Այդ ես եմ, երկնքի պատվիրակը։ Երկնքից ուղարկված հրեշտակը։
― Հրեշտա՞կ։ ― Բաբախը կարծում է, որ ինքը քնած է և երազում ինչ֊որ ծանոթ հեքիաթ է տեսնում։ ― Հրեշտակները շատ գեղեցիկ են լինում և ունենում են թևեր, ― հիշում է նա։ ― Ում ներկայանում է հրեշտակը, նրան երջանկություն է սպասվում, դա հայտնի է բոլորին։ Օ՜, ― բացականչում է նա, ծունկի չոքելով։ Նրա ձայնի մեջ աղերսանք է զգացվում։ ― Երկնքի գեղեցկադեմ պատվիրակ։ Երկնքի գեղեցկադեմ պատվիրակ։ Դու ներկայացար ինձ։ Անկասկած, դու կարևոր հանձնարարւթյո՞ւն ունես։ Դու ուզում ես ինձ երջանկացնե՞լ։ Դու ինձ սիրում ես, երկնքի գեղեցկադեմ պատվիրակ․․․ Բայց ինչո՞ւ են քո թևերը հավի թևերի նման։
― Երկնային բոլոր պատվիրակներինն էլ այսպիսին են, ― համեստորեն պատասխանում է Բաբաոն՝ հայացքը խոնարհելով։
― Դե, իհարկե։ Դու ինձ համոզեցիր, պետք է հավատալ սեփական աչքերին և ոչ թե հեքիաթներին։ Շուտ արա, խոսիր, երկնքի գեղեցկադեմ պատվիրակ, ի՞նչն է քեզ բերել ինձ մոտ։
― Ես քեզ կարևոր լուր եմ բերել։ Բայց դու դեռ շարունակում ես կանգնած մնալ մահճակալում և այն էլ այսպիսի տեսքով։ Նստիր․․․
― Այո՛, այո՛, իհարկե։ Խնդրում եմ քեզ, երկնքի գեղեցկադեմ պատվիրակ, քեզ զգա ինչպես տանը։ Ծխո՞ւմ ես, երկնքի գեղեցկադեմ պատվիրակ։
― Իհարկե։ Մի սիգարեթ տուր։
Բաբախն իսկույն հրամցնում է թանկարժեք սիգարեթ ու պատրաստակամորեն չխկացնում լուցկին։ Երկնքի պատվիրակը հանգիստ տեղավորվում է բազկաթոռի մեջ, ձախ ոտքը գցում է աջ ոտքին և, հաճույքով ձգվելով, ասում․
― Հիանալի սիգարեթ է։ Էքստրա։ Ցավոք սրտի երկնքում այսպիսի սիգարեթներ չկան։ Հա֊հա՜․․․ ուրեմն, Բաբախ, խոսենք գործի մասին։ Դու, կարծեմ, տղա չունե՞ս, Բաբախ։
― Այո՛։ Դա իսկապես ինձ շատ է վշտացնում։
― Իսկ դու կուզեի՞ր ունենալ։
― Դա ինչ հարց է որ։ Իհարկե կուզեի։ Երկնքի պատվիրակը կարո՞ղ է օգնել այդ բանում։
Բաբաոն ծուխը ներս քաշելով և մի փոքր հապաղելով, ասում է․
― Հը՜մ։ Հենց դրա համար եմ քեզ մոտ եկել, Բաբախ։ Ինձ հայտնի է, որ դու օրինավոր մարդ ես, դրա համար էլ եկա քեզ մի տղա պարգևելու։
Ուրախությունից Բաբապի շունչը կտրվում է․
― Ճի՞շտ։ Իսկ որտե՞ղ է նա, որտե՞ղ։
― Մի՛ շտապիր, ― ընդհատում է նրան Բաբաոն։ ― Երկնքի պատվիրակները ոչ մի գործ հապճեպ չեն կատարում, շտապողականություն չկա նրանց օրենքում։ Ես սոված եմ, Բաբախ, արդյոք չե՞ս հյուրասիրի ինձ որևէ բանով։ Գինի ունե՞ս։
Պարոն Բաբախը զանգը տալիս է։ Իսկույն անաղմուկ սենյակ են մտնում ծառաները՝ հսկայական սկուտեղները ձեռքներին, որոնց վրա շարված էին ամեն տեսակի կերակուրներ՝ հավի միս, գինիներ։ Կշտանալուց հետո Բաբաոն շարունակում է․
― Ուրբաթ օրը, Բաբախ, դու տղա կունենաս։ Այդ օրը, կեսօրվա ուղիղ ժամը երեքին, քո տան դարբասին կմոտենա սև կոստյումով մի տղա։ Հենց նա էլ կլինի քո տղան։ Ահա քեզ մատանի։ Սև կոստյումով տղան, որը ուրբաթ օրը կգա քեզ մոտ, կունենա նույնպիսի մի մատանի։ Հիշիր, այդ գաղտնի նշանը քեզ համար է։
Բաբախը լսում է, և նրա այտերի վրայով հոսում են երջանկության արցունքները։ Երբ Բաբաոն վերջացնում է խոսելը, երջանիկ հայրը ծնկաչոք ընկնում է նրա առաջ․
― Շնորհակալ եմ, երկնքի պատվիրակ։ Շնորհակալ եմ, երկնքի գեղեցկադեմ պատվիրակ։ Պահ, ես տղա ունեմ։ Ես տղա ունեմ։
― Լավ, հերիք է, լսիր, տես, թե ինչ եմ ասում քեզ։ Լրացել է քո տղայի տասը տարին։ Նա շատ խելացի տղա է, և դու ամեն ինչում պետք է լսես նրան։
― Այո՛, այո՛, իհարկե։
― Լավ։ Իսկ հիմա իմ գնալու ժամանակն է։
Դրանից հետո Բաբաոն վեր է կենում և գնում դեպի պատուհանը, որպեսզի համբառնի դեպի երկինք։ Մեկ․․․ երկու․․․ բայց այդ ժամանակ նա մի բան է հիշում։
― Ես տեսնում եմ, որ դու այստեղ մի փակ տուփ սիգարեթ ունես և մի շիշ գինի։ Թույլ չե՞ս տա արդյոք դրանք երկինք տանել։ Ես կուզենայի մերոնց հյուրասիրել։
Բաբախը ուրախությամբ տալիս է գինին ու սիգարեթները․․․ Աղվեսը թռչում է լուսամուտի գոգը և չքանում։
Բաբախը անակնկալ երջանկությունից հուզված՝ չոքում է և ձեռքերը տարածում դեպի երկինք։
― Շնորհակալ եմ, երկնքի գեղեցկադեմ պատվիրակ, շնորհակալ եմ․․․
- ↑ Գեգե (չինարեն) ― Մեծ եղբորն այդպես են դիմում։