Վերջին թարմացում 1 Հուլիսի 2017, 21:31

Գարնան ճամբով

21:31, 1 Հուլիսի 2017 տարբերակ, Հաբեթ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

ԳԱՐՆԱՆ ՃԱՄԲՈՎ

Մկրչենց Վահանը կնոջը՝ Նանոյին հետ տունեն ելան այգիները երթալու, որթատունկերուն տակը բահելու համար։ Երկուքն ալ տրեխներ հագեր էին, բուրդե գուլպաներ քաշեր իրենց ծունկերը, մեկ-մեկ ալ բահ ունեին՝ ուսերնին։ Նանոն երկայն գոգնոցը կապեր էր առջևը, մինչև վիզն ալ գոցեր էր անով։ Այգիները, ինչպես ընդհանրապես կըլլան, գետին երկու եզերքներն էին։ Մոտ չէին, բայց հեռու ալ չէին սեպվեր, միայն թե՝ ճամբաները շիտակ չէին, դարվարները շատ էին, շարունակ զառիվար պիտի իջնային: Քով-քովի կքալեին։ Արևը նոր կծագեր: Ձորի մը մեջ, կապույտ քռայի մը տակը, կետ մը արծաթի պես կշողար, ջո՞ւր էր, կարելի չէր ճշտել, հայտնի չէր, բայց ոչ Վահանը, ոչ Նանոն անոր նայեցան։ Դարվար՝ ճամբաներուն վրա մարդ չէր երևար, իրենց ետևեն ալ եկող չկար: Սալը անցան, երկու լեռներուն միջև սեղմված ձորին ամենեն նեղ տեղը եկան: Վերը երկինքն էր, վարն ալ իրենք էին՝ Էրիկ-կնիկ: Վահան, որ կեռասենիի ճյուղե բարակ ծխափողը ձեռքը թե կծխեր, թե կքալեր, հանկարծ խոսիլ ուզեց: — Ինծի նայե,— ըսավ Նանոյին։ — Նայեցա, ի՞նչ կա, ի՞նչ պիտի ըսես,– պատասխանեց կինը։ — Եկուր՝ հետդ Գարնան ճամբով երթանք,— ըսավ Վահան։ — Գարնա՞ն ճամբով, խելքի՞դ եկավ, ի՞նչ եղար,– բացականչեց Նանո —Ամեն մարդ կարճ ճամբեն կերթա, մենք ալ ելլենք լեռնե՞րը պտտինք։ Ձյուները նոր հալած կըլլան, անձրև շատ կուգա, ոտք չբռներ, կսահին՝ Գարնան ճամբեն կերթան։ Հիմա, որ ամեն դի չոփ-չոր է, կարճ ճամբան ձգենք, երկարովը՞ երթանք։ — Թող երկայն ըլլա, հոնկե պիտի երթանք այսօր,— պնդեց Վահան։ Ու Նանոին թևեն քաշեց։ — Գնա բանդ, ես ալ կըսեմ՝ ի՞նչ կըսե, ինչո՞ւ Գարնան ճամբով երթանք կըսե,— բացականչեց Նանո սթափելով,— ինչ անխելք եմ, որ կայներ քեզ մտիկ կընեմ։ Մտքեդ ինչ անցնի՝ ա՞ն պիտի ըլլա։ — Այո, պիտի ըլլա,— պատասխանեց Վահան։ Ու կնոջը թևեն քաշեց նորեն, ստիպելով, որ իրեն հետ քալե։ — Ատոր համար՝ իս մի համոզեր,— ըսավ կինը,— ես չեմ գար, գնա, Հեմ՝ մարդուն ի՞նչ կըսեն։ Հոնկե որ երթանք, չպիտի՞ տեսնեն մեզ, չպիտի հասկնան, ամենուն բերանը պիտի իյնանք։ Ինքզինքդ չե՞ս կրնար բռներ, կեփի՞ս: Հեմ դուն տուն չունի՞ս, տունը ինչո՞ւ համար եղեր է։ - Չէ, չունիմ: Ես ինչ որ կըսեմ՝ ան պիտի ըլլա,– ըսավ Վահան, շեշտակի կնոջը դեղին թարթիչներուն ու այտերուն նայելով, որոնք առտվան արևի մեջ ոսկեգույն կփայլեին, ու բռնացավ, մինչև որ կինը հետևեցավ իրեն: Ճամբեն զատվեցան: Գարնան ճամբով գացին: Քով-քովի լեռան զառիվերը ելան, լեռան խուլ ճամբաներեն քալեցին ու չոր, ամայի ձորը իջան:

Երբ Աղիջրակ եկան, գյուղին հարսերեն, իր տարեկիցներեն՝ Գալենց Մարոյին, Արխանենց Դշխուին, Պետրոսենց Տուտուին դեմ դիմաց ելան, որոնք աղջիկներու ու մանուկներու բազմությունով մը, բահեր, փետատներ, ճյուպպեները շալակնին կապած՝ գուլպա հյուսելով ու խոսելով, նույնպես այգի բահել կերթային: Նանո չուզեց, որ այս հանդիպումը ըլլար, բայց ի՞նչ կրնար ընել: Վահան չկեցավ կիներուն մեջ ու առաջ անցավ, իսկ հարսերը չզսպեցին իրենց զարմանքն ու հետաքրքրությունը ու հեգնեցին. - Նանո կերևա թե ձյուները հալեր են, ջրեղեն է ճամբաները, ոտքերնիդ չթրջելու համար էրկանդ հետ Գարնան ճամբեն եկաք: - Հա յա,ատանկ ըրինք,– պատասխանեց Նանո: Ուրիշ ի՞նչ ըսեր: Լռելու ըլլար ալ ավելի պիտի կասկածեին իր վրա։ - Չէ նը,– շարունակեց Պետրոսենց Տուտուն,– չոփ-չոր ճամբան կեցած տեղը ինչո՞ւ հոնկե դարձաք։ - Խելքերնիս փչեց, անանկ ուզեցինք, հոնկե դարձանք: Ի՞նչ կա եղեր,— պատասխանեց Նանո։ - Ադ չէ, –միջամտեց Արխանենց Դշխուն,– Գարնան ճամբան մարդ չըլլար, գործ մը տեսնենք՝ աղայիդ հետ ըսիր: Հոնկե իջաք: Նանո անոնց խոսքերեն առնված ըլլալը ցուցնելու համար բողոքեց. - Ալ բան կա նը՝ մտքերնուդ անցընեիք: Աղեկ ըրինք, ըսելիք մը ունի՞ք: Մարդ հոնկե իջնալու անպատճառ գեշ մտքի համա՞ր կըլլա: Այգիները հասան։

  • * *

- Տեսա՞ր, ըսածս չեղա՞վ, ինտո՞ր մտքերնին կաթեց, ինտո՜ր հասկցան,– ըսավ Նանո Վահանին՝ այգին, առաջին որթատունկին տակեն սկսելով բահել, եռանդով ոտքովը բահը հողին մխելով, հողը շրջելով, ներքևի թարմը վրան հանելով, ամեն ծռելուն, ելլելուն իր երկու զույգ ծամերը կուրծքին վրա իյնալով, ամեն անգամ կռնակը նետելով: - Թող հասկնան, թող մտքերնին կաթե,– պատասխանեց Վահան կնոջը հետ նույնպես բահը հողը մխելով, ներքևի հողը վրան շրջելով,– ո՞վ ինծի կխառնվի, ո՞վ իմ քեհյաս է։ - Տրդատ քեռիդ որ չելլեիր, տեղը կմնայիր, - ըսավ Նանո,- ամռան ետին աշուն է, ան փոկն ալ ան կաշուն է, անանկ է, ո՞վ քեզի կխառնվի, ո՞վ քու քեֆիդ քեհյան է: