Վերջին թարմացում 12 Հուլիսի 2017, 20:21

Փշատիին ծաղիկը

20:21, 12 Հուլիսի 2017 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Փշատիին ծաղիկը

հեղինակ՝ Հակոբ Մնձուրի
աղբյուր՝ «Երկեր», «Արմտան»


Մանուկանց Նարոյին մայրը՝ թեղուտցին՝ Կեռո հարսիկը՝ ինչպես կկանչեին Կեռոյենց տունեն ըլլալուն՝ փողոցին դուռր բացեր էր ու առիքեն կախած տիկե խնոցը կհարեր: Հանկարծ միտքը ինկավ: Առվույտնոցին ջուրը կտրելու էր: Ջուրին հերթը իրենցն էր, առուն մեջը կապեր էին. կես գիշերեն ի վեր ջուրը մեջը կվազեր, հիմա ողողած ըլլալու էր ամեն կողմ, թումբերը կքակեր, առվույտները կքանդեր։ Խնոցը ինք չէր կրնար կես ձգեր երթար, հարելուն ձայնեն հայտնի էր, կարաղը թանեն դեռ զատված չէր:

— Աղջի, գնա սա առվույտնոցին կավառը դարձուր եկուր, մոռցանք, հերիք է որ մեջը վազե,— ըսավ Նարոյին։

Նշանված աղջիկ մը մինակ ղրկելն ալ խոհեմություն չէր, բայց երթալիք տեղը ո՞ւր էր, խորհեցավ: Բարիկանց ածուքին անկյունը, առուին դարձած տեղը: Լեղաղբյուրին քովը ըսել էր: Ինտոր ըլլա քանի մը կնիկ կըլլա հոն, դուռը երեխայի շոր լվացողներ, կուժով լեղի ջուր տանողներ: Ընելիքն ալ կավառը պիտի դարձնե, առուն ձորին պիտի տա, քանի մը խոշոր քար պիտի շարե կավառին առաջքը, որ առուն չփլցնե ու թեքվի նորեն իրենց կողմը վազե:

— Չուշանաս, դարձուր ու մի՛ կենար, եկուր,— կրկնեց մայրը:

Բահը գարիին ամպարին ետևն էր. Նարոն առավ դուրս ելավ: Արագ քայլերով ժամուն վարի պատին տակեն դարձավ, Քնարենց դռնեն անցավ, Լեղաղբյուրեն Բարիկանց ածուքին անկյունը հասավ, ուրկե Ակինաձորի առուն պարտեզներու նեղ փողոցը կմտներ ու իրենց առվույտնոցին ճաղե դուռը կանգ առավ: Բահովը առվին առաջքը բացավ, որ ձորը երթար, կավառը իրենց կողմը դարձուց, տիղմով աղեկ մը խցեց, ցամքեցուց, հետո ալ ծռեցավ քարերը կարգով շարեց, ամրացուց: Ծամերը կուրծքը ինկան, նորեն կռնակը նետեց, պատրաստվեցավ, որ պիտի շտկվեր, ետևը մեկը զգաց ու ձեռք մը ծամերուն հյուսքերը բռնեց: Նարոն սարսափահար ետին դարձավ:

Նշանն էր, նշանածը:

— Վախցա՞ր,— հարցուց Նշան խնդալով:

Նարոն կասկարմիր եղավ, վախը տակավ անցնելեն ու ինքզինքին տիրելեն հետո հանդիմանական շեշտով մը.

— Ինչո՞ւ քովս եկար, կուզե՞ս, որ մեկը վրա գա, քեզ տեսնեն ու ամենուն բերանը ինկնանք: Մի կենար, գնա,— ըսավ:

Նշան հանդարտեցնելու աշխատեցավ:

— Մի վախնար, մարդ չտեսավ, Լեղաղբյուրն ալ մարդ չկա, կենալու ըլլար քովդ կուգայի՞,— ըսավ:— Նայեցա որ բահդ ուսդ կերթաս, ետևեդ եկա:

Վայրկյան մը լռեց ու ավելցուց:

— Հայտի, բան մը պիտի չընեմ քեզի, քեզ պիտի չուտեմ, եկուր Բարիկանց ածուքը մտնենք, անոնց մեծ փշատիի ծառին տակը նստինք, թուփերուն մեջ մեզ չեն տեսներ, քիչ մը խոսինք։

Նարոն սաստեց.

— Հա, մեզ չեն տեսներ եղեր, իս մի համոզեր, պելքի ալ ով գիտե քու հոս գալդ տեսնող ալ եղավ,— ըսավ:— Աստվածդ որ կսիրես, մի կենար, ձգե որ ես երթամ. հեմ հիմա մարս ճամփաս կնայի, ուշանալու որ ըլլամ կփնքռտե իս: Գնա քովես:

Նշան գիտեր, որ ինք տղա էր, թող տեսնեին, ինչ պիտի ընեին իրեն, իսկ աղջկան մը համար, պարագան նույնը չէր: Գյուղին բերանը պիտի ինկնար։ բայց ավելի խորհիլ չուզեց:

— Ի՞նչ կա, քիչ մը կնստինք կխոսինք, կելլես կերթաս,— ըսավ:— Մարըդ չի գիտնար անգամ: Ես կուզե՞մ, nր մեր վրա խոսին, գեղին բերանը ինկնանք։— Ու կրկնեց:— Իրավ կըսեմ, չեմ դպիր քեզի, կուզես երդում ընեմ։ Ահա խաչ կհանեմ,— ըսավ ու խաչակնքեց։

Նարոն մերժեց: Իր բոլոր սեռակիցներուն պես գիտեր, թե էրիկմարդոց երդումին չէր վստահվեր: Էրիկմարդուն երդո՞ւմը կըլլար: Եվ թե փշատիին տակը պիտի նստեին ի՞նչ պիտ ընեին: Ի՜նչ պիտի խոսեին: Պիտի գրկեր, սեղմռտկեր զինքը: Ասոնք թեև մտքեն անցուց, բայց երբ Նշան ստիպեց, թողուց, որ պարտեզ տանի զինքը, միասին նստին փշատիին տակր, որ մայիսյան արևին մեջ մինչև գագաթը դեղին ծաղիկներով ծաղկած էր, մեղուները կթառեին վրան ու կբարձրանային: Ծաղիկներուն ախորժելի բույրը կար միջոցին մեջ. աչքերը կխտղեին քանի անոնց նայեին:

Ու ինչ որ անցավ մտքեն, նույնը եղավ: Նշան թևերուն մեջ առավ, սեղմեց, համբուրեց աչքերը, ճակատը, ծամերը, բերանը, քանի֊քանի անգամ, այնչափ, որ իր մեջ ալ սեռային մակընթացությունը բարձրացավ, աչքերը փայլեցան, այտերը կարմրեցան, ինքն ալ սեղմեց Նշանը, համբույրներով փոխադարձեց: Մինակ թե մտքեն չհանեց մեկ պարագան, իր աղջիկությունը, կուսությունը: Ոչ: Կմեռներ, չէր թույլատրեր: Եվ, ինչպես գիտեր բնազդաբար, երբ գրկախառնումներուն սահմանը անցավ, Նարո ոտքի ցատկեց, ծամերը իրար անցած:

— Չէ՛, չէ՛, ես կերթամ,— ըսավ,— երդում չըրի՞ր, ա՞ս է երդումդ:— Ու Նշանին թևերեն ազատեց ինքզինքը:

Գիտեր գլխուն գալիքները ու նորեն ինչպե՞ս տեղի տվավ, հետևեցավ ու փշատիին տակը նստան: Ուշացավ: Ի՞նչ պատասխան պիտի տա մորը, հիմա:

Բահը ուսը ինչպես քալելը չհասկցավ: Աչքին ծայրովը նայեցավ: Լեղաղբյուր լաթ լվացողներ կային, բայց ծռեր էին գուռերուն վրա, չնշմարեցին զինքը:

Տուն հասավ, որ փողոցին դուռը նորեն բաց էր: Մայրը շվաքը, ներքնատունը, օջախը ջրցքեր, ավլեր էր։ Խնոցր առիքեն վար առեր էր, ցողվեր էր, պատեն կախեր էր, որ ցամքեր։ Թարմ կարագին գունդը պաղ ջուրով լվացեր էր, կփայլեր կթոցին մեջ: Խալկինը մինչև շրթները թանով պզպզուն օջախին վրա էր, տակը փայտերը ճարճատելով կվառեին: Տանը թան ու կարագ կհոտեր:

Մայրը իրեն նայեցավ:

— Ի՞նչ կընեիր մինչե հիմա, աղջի, ինչո՞ւ ուշացար,— հարցուց:

— Առուին կավառը դարձուցի:

— Առուին կավառը դարձուցիր հա՞,— պոռաց:— Աս մեկ կավառ դարձնելը քանի՞ մը կտևե: Դուն անպատճառ տեղ մը գացիր, բան մը ըրիր, պիտի ըսես:

— Ճամփան Հայնենց Խնկոն տեսա, կեցա հետը խոսեցանք, անկե ուշացա,— ըսավ: Կստեր: Բերանը ատ եկավ, ատ ըսավ, արդարացնելու համար զինքը:

Մայրը չհավատաց:

— Պիտի երթամ, պիտի հարցնեմ,— ըսավ:— Նայիմ իրա՞վ ես: Սուտ ըսած որ ըլլաս կտեսնես դուն:

Ու դուրս նետվեցավ:

Երթալն ու դառնալը մեկ եղավ:

— Քեզի շուն քեզի, իս ալ կխաբես,— պոռաց:— Աղջիկ Հայնենց դուռը գոց է, մարդ շկա, անոնք առտուն կանուխ տունով Կարմիր Հողերու եգին գացեր են: Ապուր մը կերեր ես դուն: Դուն տեղ մը գացեր ես: Կխեղդեմ քեզ շիտակն որ չըսես. ի՞նչ ըրիր, ո՞ւր գացիր, ըսե:

Ու Նարոյին վրա վազեց, ծամերեն բռնեց:

Հանկարծ կեցավ: Ծամերուն մեջ բան մը դպավ աչքին: Փշատիի պզտիկ դեղին ծաղիկ մը:

— Կեցիր նայիմ, կեցիր; Աս ի՞նչ է, աղջի, աս փշատիին ծաղիկը ծամերուդ մեջ ո՞ւրկե ինկեր է: Դուն բան մը ըրեր ես, կպահես ինձմե։ Կսպանեմ քեզ, պիտի ըսես: Աղջի, դուն առուն դարձնելու գացիր, փշատիին ծաղիկը ինտո՞ր կիյնա քու ծամերուդ, դուն ծառերուն տակ ի՞նչ գործ ունեիր, չըսե՞ս:

Ու ծամերեն քաշելով գետին փռեց, երկու ձեռքերուն մատներովը վիզը օղակեց:

— Պիտի խեղդեմ, պիտի մեռցնեմ քեզ, ըսե, պիտի ըսես,— պոռաց:

Մոր աչքերը ակնակապիճներեն դուրս ելան: Կեռոյենց արյունը գլուխը խուժեց: Սարսափահար խոստովանեցավ Նարոն։

— Նշանը քովս եկավ, Բարիկանց ածուքը գացինք, փշատիին ծառին տակը նստանք,— ըսավ:

Մայրը թքավ երեսը:

— Թո՜ւ... քեզի պես աղջկանը, լկրտած շուն, արուն ըլլայիր ու անցնեիր, աշխարհք չգայիր, որձամոլ շուն... աղջի, իմ ցեղիս մեջ՝ Կեռոյենք հինգ տուն են, հորդ ցեղին մեջ՝ Մանուկանք չորս տուն են, քեզի նման որձամոլ մը չէ ելած, դուն ո՞վ ելար։ Մեկ մը Վարագա Խաչ գար՝ տայի քեզ, կորսվեիր վրայես։ Աղջի դուն ինտո՞ր հետը կերթաս, կնստիս։ Թող նշանածդ ըլլա, մինչև որ չպսակվիս՝ քու ի՞նչդ է, քու էրի՞կդ է։ Դուն ինտո՞ր գացիր, չալուներուն մեջ նստար։ Վաղը մահանա մը ընե, քեզ չառնե, ի՞նչ պիտի ընես։ Ծամերուդ մեջ փշատին ծաղիկն որ չտեսնեի՝ իս պիտի խաբեիր, շիտակը պիտի չըսեիր։ Հեմ սուտ ես, ի՞նչ նստիլ, դուն հետը ապուր մըն ալ կերար։ Հավատքիս պես գիտեմ, որ դուն աղջիկնությունդ ալ վրա տվիր։ Դուն կնիկ եղար, կնի՛կ, կնի՛կ, կնի՛կ...

Նարոն պաղատեցավ։

— Հարսիկ, երկու աչքերս քորնան, անդամալուծ ըլլամ, սատկիմ առջևդ, ատանկ բաներ մ՚անցըներ մտքե։ Ես խե՞նթ եմ, ես կթողո՞ւմ ատանկ բան մը, ես կհանձնվի՞մ։

— Իս մի հավտացներ,— շարունակեց մայրը,— դուն աղջիկ չմնացիր, ժամուն պսակդ չեղած, չկարգված՝ դուն կնիկ եղար, կնի՛կ, կնի՛կ, կնի՛կ։ Հեչ աշխարհքին վրա լսվա՞ծ, տեսնվա՞ծ բան է, որ աղջիկ մը նշանածին հետ երթա նստի, ան ալ՝ ծառի մը տակ, չալուներու մեջ՝ գոց տեղ մը, որ մարդ չտեսնե։ Աղջի, ինտո՞ր աղջիկ մը տղու մը խոսքին կհավտա։ Էրիկ մարդու խոսքին կհավտացվի՞։ Էրիկմարդ չէ՞, միտքը գեշություն է, էրիկմարդուն սուրբին, մարգարեին էլ չհավտացվիր։ Ի՞ս պիտի համոզես, ինծի՞ պիտի հասկցնես։ Քեզ մեծցուցի, տասնըութը տարվան ըրի, որ աս սև ձունը գլխուս բերե՞ս։ Աղջի, հարս եղած գիշերդ, առտուն տոշակդ վերցնողը աղջիկնությանդ արունն որ չտեսնե, «աղջիկ չէր» որ անունդ հանե, ես ինտո՞ր աս գեղին մեջ պիտի երևնամ, ինտո՞ր Մանուկանց չորս տանը մեջ կնիկ պիտի ըլլամ, ներերուս, կեսուրներուս երեսը պիտի նայիմ։ Մար չէր, մարմրկի անանկ մարը, կնիկ չէր, կնկտի անանկ կնիկը, որ մեկ աղջիկը շահշանցուց, բռնեց մինակը կավառ դարձնելու ղրկեց, աս փորձանքը գլխուն բերավ, պիտի ըսեն ինծի։ Ես քեզ ինտո՞ր մինակ ղրկեցի։ Թող առուն քանդեր առվույտնոցը, թող խնոցը կես ձգեի, ես ելլեի երթայի, թող թանը, կարագը փճանար։

Ու հոնգուր֊հոնգուր լաց եղավ։

— Հարսի, Աստծո յալվար ըլլալու պես՝ յալվար կըլլամ քեզի. սիրտդ մի հատցներ, ատանկ բան մտքեդ մ՚անցըներ, ատանկ բան չեղավ, ես աղջիկ եմ,— պաղատեցավ Նարոն։

Փողոցին դուռը ինչպե՜ս իրարու ետևե զարկին։ Դուռը պիտի կոտրեին։ Էրիկն էր։

Թեղուտցիին աչքերը սև ջուր իջավ։ Տունը մթնեց։ Էրիկը հասկնալու որ ըլլար, իր ոսկորները փշուր֊փշուր պիտի ըներ, որ աղջիկը մինակը ղրկեր էր։ Նարոն ներսի մառանը նետեց, որ չտեսներ, վազեց ու դուռը բացավ:

— Ինչո՞ւ դուռը գոցեր էիր ծո. ի՞նչ կընեիր, որ դուռը ետևեն ախ֊եր էիր, չըսե՞ս ինծի,— պոռաց, շեշտակի իրեն նայելով:

— Նարոն հանվեցուցեր էի, երկու օրե ի վեր մեջքս կցավի կըսեր, մեջքը շփեցի, անոր համար դուռը ետևեն ախլեցի, որ մարդ վրա չգար,— պատասխանեց:

Ուրիշ ի՞նչ հարմարցներ։

Էրիկը լռեց:

Փշատիին ոսկեգույն ծաղիկը գետինը ինկած տեղը մնացեր էր: