ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ
— Այսօր, չես գիտեր՝ հետդ ո՞ւր պիտի երթանք,— ըսավ Շիրին: — Ըսե թե՝ դուն գիտե՞ս. ես ալ մինչև երեկ չգիտեի։ Ադ տեղերեն հարյուր անգամ ալ չե՞մ անցեր, ո՞վ խելք կըներ։ Ծո, ելլեմ, նայիմ՝ ի՞նչ կա սա պառեխներուն ետին, ըսի։ Ի՞նչ տեսնեմ, ծառ մը, կաղնի մը, բարդիի պես երկնցեր է, քեզի սուտ, ինծի՝ իրավ, ամենեն քիչը՝ ութը բեռ փայտ կելլե վրայեն: Մեր լեռներն ալ ասանկ ծառ կա՞ եղեր: Կա եղեր, ըսելե: Դուն ըլլաս՝ կկենա՞ս։ Հայտի Շիրին, մարդու մի՛ ըսեր, կացինդ սրե, կտրե, տուն կրելդ, վառելդ նայե։ Ճամբան բուռ ըլլալուն՝ կթնդար, կարծես ներքևը պարապության մը վրայեն կքալեին։ Առտու չէր դեռ, մութ էր, բայց երկինքը քիչ աստղ կար։ Քերվան Ղռանը Թեփթայի հավասարութենեն ալ անցեր էր։ Ճամբուն ճիշտ մեջտեղը կրիա մը կար, մեկեն կեցավ էշը։ Շիրին, որ հացին տոպրակը բացեր էր, պանիրը հացին մեջ կդներ, մատներուն մեջ կսեղմեր, պատառ կշիներ, կուտեր, հասկցավ, որ անոր համար էր։ — Ամա՛ն, չըլլա, որ երթաս… պեո՜… հիմա վրադ կցատկե, քեզ կուտե,— հեգնեց։ Հետո շեշտը փոխեց, իշուն ականջին մոտեցուց բերանը, խուլի մը ինչպես կպոռան, գոչեց,— տաշտի՜կ է, տաշտի՛կ, տաշտիկե՞ն ալ մարդ կվախնա: Բայց էշը ականջները ցցեց, միշտ նույն կետին նայեցավ, ոտք չփոխեց, մինչև որ Շիրին վերցուց կրիան ճամբուն վրայեն, այն ատեն քալեց: — Ի՞նչ պիտի ընենք աս քու վախկոտութեանդ, չեմ գիտեր, որ ըսեմ,— վերսկսավ Շիրին,— տաշտիկեն կվախնաս, հոսհոսիկեն կվախնաս, ևեվիկեն կվախնաս, կովուրծուծեն կվախնաս, բզեզ մը թռի՝ գետին իջնա, թռի՝ գետնեն ելլե, կվախնաս։ Աս ի՞նչ անուշ է քու հոգիդ քեզի։ Աղվեսի պոչիկին ի՞նչ կելլե, խոտ մըն է, դուն անկե ալ կվախնաս։ Ո՞ր օրն էր, հա, ելած շաբաթ օրն էր, Պարան Հողքեն կերթայինք, հովը փչեց, վերեն աղվեսի չորցած պոչիկ մը առաջքդ ձգեց, անանկ ետ ցատկեցիր, որ, ես ալ ի՞նչ գիտնամ, ետևդ էի, կռնակիս վրա գետին պառկեցուցիր։ Մարդ իր ականջեն կվախնա՞։ Ամեն աստուծո օր աղբյուր տանելուս, նալերուդ ծալքերուն վրա կոխելով՝ կամաց-կամաց, կամաց-կամաց, սիրտդ նետելով-նետելով գուռին կմոտենաս, ջուրին մեջ ականջներդ որ տեսնես, ալ կլմննաս, լեղիդ կպատռի. ալ ո՞ւր ջուր պիտի խմես, առաջքդ ով կուզե ըլլա, կկոխես վրան, կփախիս։ Աս քու ականջներդ քեզի ի՞նչ կերևան՝ չեմ գիտեր։ Ձորերը պաղլեղի ճերմակություն մը առին։ Առտու եղավ։ Գետին ծռեցավ, տրեխին կապը թուլցեր էր, ամուրցուց, քալեց, հասնելու համար: — Գնալիք տեղերնիս չըսի, — շարունակեց,— Քաջտանին լեռն է, սուրբ Գևորգն ալ ճիփ-ճիշտ դիմացը կիյնա: Ուխտին պատերը, գմբեթը, բռինչի ծառերը, ուխտավորներուն պարխանա, պարխանա նստած տեղերը, լուսաղբյուրը, անանկ աղվոր կերևան որ հոնկե: Քուրդ Բաշշոյին այծերուն գոմերն ալ կերևան, մինակ թե՝ անոնք քիչ մը շեղ կիյնան։ Ուրկե՞ ալ պիտի երթանք՝ ան ալ ըսեմ: Թեղը պիտի անցնինք, Քարնետածը չկա՞, ուր է՝ ուխտի գացողները վարեն գագաթը քար կնետեն, նոր հարսերը տղա՞ թե աղջիկ պիտի բերեն, գիտնալու համար՝ հոտկե ձորը պիտի իջնանք, անկե ալ լեռը պիտի ելլենք։ Մինակ վերի չորս պառեխներուն առաջքը գեշ է։ Գեշ ըսածս ալ՝ շատ դարվարի է։ Երեք չորս քայլ տեղ է եղածը, ամա, ոտքերնիս որ չկրնանք բռնել, սահելու որ ըլլանք, դարվար անանկ ձոր մը կա, որ կտորնիս անգամ չմնար։ Աղեկություն մը կա նը՝ հողը կակուղ է, ուր կոխես՝ ոտքդ կթաղվի։ Ես ալ աղեկ մը փորեցի, դուրցուցի։ Առաջ Աստված, բան մըն ալ չենք ըլլար. Սուրբ Գևորգին ալ խոշոր մոմ մը խոսք տվի, առաջքը պիտի վառեմ։ Սուրբ Գևորգը մեզ կպահե։ Ձորերը նորեն գույն փոխեցին, արծաթագույն եղան: Իշուն մազեըը, որ գորշ էին, երկնցան, ավելի ճերմկցան: Աչքերը, թարթիչներեն, չէին երևար։ Դարվարի մը սկսան: Էշը, որ շիտակ կքալեր, երկու կողմին վրա փարտվելով սկսավ իջնել: Համետին վրայինները՝ հա՛, հիմա պիտի ձգեր, ինչպես որ հոտոցը ինկավ: Շիրին ծռեցավ, վերցուց։ — Շիտակ չե՞ս կրնար քալել, ի՞նչ կփարտվիս,— ըսավ Շիրին։ — Ա՛լ քուռակ չես, քուռակությունդ գնաց, ղոճա էշ եղար, ամեն մարդ քանի մեծնա խելք կբոլորե, դուն ալ քանի մեծնաս՝ խելքդ կթռցնես։ Որո՞ւ կըսեր։ Կարծես Շիրին «աֆերիմ, աղեկ կընես» ըսավ, փարտվիլը ավելի շատցուց։ — Աղվորիկ քալե, կըսեմ, աղվոր չքալե՞ս,— ձայնը խստացուց Շիրին,— բիրը ձեռքս առնել մի տար, գիտես, որ զարնելու ըլլամ՝ գեշ կզարնեմ, մեկ տեղդ կկոտրեմ։ Ի՞նչ կուզեր ըսեր Շիրին, էշը քեֆ կտրեր էր, ցնծութենեն չգիտեր ինչեր ըներ։ Ճուկումուկ գնաց, փարտվեցավ, թոթվտեցավ, վեր-վեր ցատկեց, մինչև որ համետին վրայի կացինը, պարանը, հացին տոպրակը ձգեց գետինները։ — Ա՛ռ քեզի ճուկումուկ քալել, ա՛ռ քեզի թոթվըտիլ, ա՛ռ քեզի վեր նետվիլ, հոտոցը, կացինը վար ձգել, քեզի պես շանը շարական, երթաս, ապրիս բարբարական, ես ալ քեզի պես շանը, կեցեր եմ, շարական կկարդամ։ Բիրը առավ, հասավ ետևեն, ալ ուր որ հանդիպեցավ՝ մեկ մը, մեկ մը, մեկ մըն ալ, մեկ մը, մեկ մը, մեկ մըն ալ զարկավ, մինչև որ իշուն մեկ կողմը չբռնեց, ծուռ սկսավ իջնալ։ — Մտքեդ ելավ չէ՞, արտքաղուն, Կապուտ Կապանի արտը կերածդ ծեծը,— շարունակեց Շիրին,— որ գեղեն մինչև հոն, ժամ մը, ժամուկեսվան ճամբան բեռդ աղվորիկ բերիր, արտը մտած տեղդ սատանան փորդ մտավ, շիտակ ճամբան ձգեցիր, մախսուս՝ գացիր լեռան նեղ տեղեն, երկու քարին արայեն անցար, կճիկները, էխելները, փարչերը փշուր-փշուր ըրիր, բեռ մը թանը, թանապուրը թափեցիր, արտ մը մարդը տասնըութը, քսան հոգին անոթի ձգեցիր։ Շիտակ ճամբան իջան։ Շիրին ա՛լ չխոսեցավ, բերանը գոցեց։ Իշուն վրա ալ հավկիթ մը դնեիր չէր իյնար, այնչափ ուղիղ կքալեր։ Կամուրջը անցան։ Շիրին գետին միապաղաղ հոսող մակերեսին նայեցավ։ — Վախս ասօր է։ Ասօր փորձանք մը չհասած տուն որ դառնանք, ալ բան չենք ըլլար, աչքերնիս կպառկի։ Ո՜վ Սուրբ Գևորգ, դուն պահե մեզ, ով քաջահաղթ զորավար,— ըսավ Շիրին։ Քարնետածը եկան, ձորը իջան, լեռը սկսան ելլել։ Իրավ ալ հողերը կակուղ էին, ուր կկոխեին՝ ոտքերնին կթաղվեր, ինչ որ՝ հաճելի կուգար իրենց։ Տակավ Սուրբ Գևորգին դարատափերը, բռնչենիները, քարե պատը, Լուսաղբյուրը երևցան։ Հոտկե պառեխներուն կողմը թեքվեցան, որոնք չորս հատ էին, մեկ կարգի վրա, զատ-զատ։ Գեշ տեղը եկան։ Շիրին Սուրբ Գևորգին դարձուց երեսը, երեք անգամ խաչակնքեց: — Ով Սուրբ Գևորգ,— ըսավ,— վախու տեղը պիտի անցնինք, դուն մեզ պահե։ Իշուն ետևեն, համետին երկու կողմեն բռնեց: Զարհուրելի գահավեժը ճիշտ իրենց ոտքերուն հավասարությանն էր։ Չէին քալեր։ Մեկ-մեկ, մեկ-մեկ, ոտք կփոխեին։ — Օ՛խ, օ՛խ, օ՛խ, օ՛խ… հայտի պապս, հայտի քալե նայիմ, մի վախնար, ես դուրցուցեր եմ ճամբան, կոխե, գնա։ Ով ամենահաղթ զորավար, դուն գիտես։ Գեշ տեղեն վերջապես ազատեցան։ Շիրին խորունկ շունչ մը առավ, պառեխներեն ներս մտան։ Հիմա Սուրբ Գևորգին ճիշտ դիմացն էին։ Հոս հոնկե ալ բարձր էր։ Գահավանդ մըն էր, լեռան մեջ մտած։ Կաղնին շատ հաստ չէր, բայց իրոք ալ շատ բարձր էր։ Շիրին, կացինը սրած ըլլաով, չգիտցավ, թե ինչպես ծառը գետին տապալեց, բեռ մը փայտը պատրաստեց։ — Հայտի նայինք,— ըսավ: Էշը գիի մը թուփին մոտ կարածեր, մոտեցուց կտրած փայտերուն քով, բեռցավ։ — Ինտո՞ր աղվոր-աղվոր եկանք, անանկ ալ պիտի երթանք,— շարունակեց.— հեչ մի՛ վախնար։ Նորեն երեք անգամ խաչակնքեց, պառեխներեն դուրս ելան, գեշ տեղը եկան, նորեն սկսան մեկ-մեկ, մեկ-մեկ ոտք փոխել։ Երկու բազուկները երկու կողմին փայտի բեռերուն վրա դրած էր։ Գահավեժին չէր նայեր։ — Օ՜խ, օ՜խ, օ՜խ, օ՜խ… հողերը դուր են, մի՛ վախնար, բան չես ըլլար, Սուրբ Գևորգ պապան մեզի հետ է, ով քաջահաղթ զորավար, ով ամենահաղթ Սուրբ Գևորգ, քեզի ամանաթ ենք, ձեռքդ վրանիս ըրե, ուխտս ուխտ է. ուզած մոմդ՝ կերոնի պես մոմ մը պիտի վառեմ առաջքդ,— ըսավ։ Հողերը դարցուցած չըլլար՝ ավելի աղեկ պիտի ըլլար։ Կարելի է՝ պատճառը ադ եղավ։ Հողերը կենդանիին սմբակներուն ներքևեն գացին, դեդևեցավ, չկրցավ բռնել ինքզինքը։ Շիրին ամբողջ ուժով ուզեց չձգել, աղեկ որ՝ վերջը թողուց, եթե համառեր՝ ինքն ալ հետը պիտի սահեր։ Երկու անգամ վրայի փայտերով միասին էշը դարձավ, անկե ետքը գահավեժին բարձունքեն՝ միջոցին մեջ նետվեցավ։ Շիրին գանկին մեջ պարապություն մը զգաց։ Ինչպե՞ս մարդու ոտք չկոխած այդ գահավեժին հատակը իջավ՝ չէր գիտեր: Դիակին վրա նայեցավ։ Գլուխը չկար։ Համետը, փայտերը ո՞ւր մնացեր էին, ատոնք ալ հայտնի չէին։ - Ճամբան քեզի ծեծեցի: Մեկը իս ծեծեր։ Քեզի զարկած բիրս իմ վրաս կոտրտեր, - ըսավ Շիրին։ Արցունքներ սահեցան աչքերեն։ Նորեն պառեխները ելավ, թեև պետք չկար։ Սուրբ Գևորգին նայեցավ: Մանիշակի գույն մը կար մատուռին շուրջը, միջոցին մեջ։ - Այնչափ ալ հույս դրի վրադ, այնչափ ալ աղաչեցի,– ըսավ Շիրին։- Ա՞ս էր պահածդ։ Մոմ պիտի վառեմ քեզի, հա՞: Չեմ վառեր։ Ինչո՞ւ պիտի վառեմ։ Հոռոմ չե՞ս։ Քենե ալ բարիք կուգա։