Վերջին թարմացում 17 Օգոստոսի 2017, 00:08

Ռոբինզոնը ջունգլիներում

00:08, 17 Օգոստոսի 2017 տարբերակ, Արուսյակ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ռոբինզոնը ջունգլիներում

հեղինակ՝ Ռուդի Շտրալ
թարգմանիչ՝ Ս․ Վարդանյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Երիցուկը և Արմատիկ֊Ծերուկը»


(Պատմություն այն բազմաթիվ արկածների մասին, որ բաժին ընկան մարդուն, շանն ու այծամին)

I

Ռոբերտը պառկած էր մեջքի վրա, և ալիքներն օրորում էին նրան։ Աշխարհում ոչինչ այնքան բարձր չէր, որքան գլխավերևում տարածված կապույտ երկինքը։ Ծովը ձգվում էր մինչև հորիզոն։ Իսկ ցամա՞քը։ Ցամաքը գոյություն էլ չուներ։ Երևում էր միայն ձախ ոտքի բութ մատը։ Եվ մեկ էլ մի ճայ։ Նա, համարյա թևերն անշարժ, անձայն սլանում էր բարձունքում։ Ռոբերտը հայացքով ուղեկցում է նրան ու մտածում․ «Այ եթե ես էլ կարողանայի այդպես թռչել»։ Ավա՜ղ, դա չի կարող և ոչ մի յոթ տարեկան տղա։ Իսկ Ռոբերտը գոնե լողալ գիտեր։

Գուցե շուտով շոգենավ մոտենա ու Ռոբերտին վերցնի։ Ասենք, Վիսմարից եկող որևէ բեռնատար նավ կամ Բաքվից՝ մի տանկեր։ Այ թե կզարմանան նավապետն ու նավաստիները։ Իսկ խոհարարը Ռոբերտի համար չամիչով մի մեծ պուդինգ կթխի։ Է՜հ, ա՛յ թե արկած կլինի։

Իսկ ավելի լավ կլինի, եթե հիմա իր թաց ու սառը մռութով նրա ուսին հպվեր դելֆինը։ Չէ՞ որ դելֆինները փրկում են նավաբեկության ենթարկվածներին։ Գոնե նրանցից մեկը պատահեր իրեն։ Հո՛պ, և դելֆինին հեծնելով՝ Ռոբերտը կսլանար հեռավոր ափեր։ Նման դեպքի մասին թերթերն էլ կգրեին։ Եվ այն ժամանակ ընկերներից ոչ ոք չէր համարձակվի նրան չհավատալ։

Այդ երանելի մտքից անգամ Ռոբերտի մեջքով ասես մրջյուններ վազեցին։ Եվ այդտեղ հանկարծ նրա ուսին խոնավ մի դունչ քսվեց։ Դելֆին էր։

Դելֆինը հաճույքից կլանչեց և վեր թռավ, ցուցադրելով չորս թաթերը։ Ներեցեք, իսկ դելֆինին որտեղի՞ց թաթեր։ Եվ այդ ո՞ր օրվանից են նրանք սկսել հաչել՝ «հաֆ֊հաֆ»։

― Հանգստացիր, Բոսսո, ― հիասթափված ասաց Ռոբերտը։ Որովհետև Բոսսոն ոչ թե դելֆին էր, այլ մի մեծ, սև շուն։ Նյուֆաունդլենդյան ցեղից։ Նրանց նաև ջրասույզ են անվանում։

Անծայրածիր հորիզոնը փոքրացավ֊փոքրացավ ու վերածվեց ցինկե տաշտի։ Եվ հայտնվեց ցամաքը՝ տան առջևի այգին, փողոցը անտառը։ Մի հարցնող լինի՝ ինչպե՞ս կարող էր այստեղ շոգենավ ընկնել։ Էլ չենք խոսում դելֆինների մասին։ Մյուհելվալդի ու Շպրեե գետի միջև որևէ մեկի աչքին դելֆին չի երևացել։ Միայն երկինքն էր մնացել այնպիսին, ինչպիսին կար՝ բարձր ու կապույտ֊կապույտ։ Եվ մեկ էլ ահա ճայն է օդում պտույտներ գործում։ Գուցե տաշտակի ջուրը ծովի տե՞ղ է դրել։ Իսկ Ռոբերտին էլ՝ նավաբեկյալի՞։

Բայց Բոսսոյին, ինչպես երևում է, ձանձրացրել էին արկածների մասին Ռոբերտի երազները, և նա սկսեց իր ահագին գլխով խեթկել տիրոջը, քշելով տաշտակից։ Միայն մի բանով են նյուֆաունդլենդները նման դելֆիններին, հաց մի՛ տա, բայց թույլ տուր խեղդվողին փրկել։

― Դե ես ինչ խեղդվող եմ, Բոսսո, ― մռթմռթաց Ռոբերտը։ ― Բացի այդ, նաև լողալ գիտեմ։ Եվ, ընդհանրապես, կորի այստեղից։

Սակայն Բոսսոն աչքը այնքան պահեց տիրոջ վրա, մինչև նա դուրս եկավ իր ցինկե «ծովից»։ Հետո նրանք ուղղվեցին դեպի աղբակույտը, որ հավաքել էին այգին պարարտացնելու համար։ Անհամբերությունից Բոսսոն թափահարում էր պոչը։ Նա գիտեր, որ հիմա պիտի սկսվի ռնգաբզեզների որսը։ Եվ, իսկապես, այդ թափոնների մեջ նրանք միանգամից երեք բզեզ գտան, բայց սրանք այսօր ասես մտադրություն չունեին մասնակցելու վազքին՝ շատ էր շոգ։ Համառ հանգստությամբ նրանք կրկին թաղվեցին աղբակույտի մեջ։ Է՛հ, սատանան նրանց հետ։

Ռոբերտը քարշ գալով հասավ ճոճանակին, բարձրացավ նրա վրա ու սկսեց ճոճվել։ Բոսսոն ճոճանակ չէր սիրում, տասը ձիով էլ չէիր կարող նրան քարշ տալ ճոճանակի վրա, դրա համար էլ նախընտրեց թավալվել խոտերի մեջ ու հաճույքից կլանչել։ Ինչ վատ է որ։

Ետճաշյա լռությունը խզեց մի զիլ սուլոց։ Դա, իհարկե, Քայն էր։ Ռոբերտը ճոճանակից ցած թռավ ու վազեց դեպի դարպաս։ Բոսսոն անմիջապես տիրոջից առաջ ընկավ, խաղացնելով ոչ միայն պոչը, այլև ամբողջ մարմինը։ Եթե Քայն է եկել, ուրեմն նրանք լողալու են գնում։

Քայնը հրաշեկ մազեր ուներ և դեմքին հարյուր տասնյոթ պեպեն։ Նա Ռոբերտի լավագույն ընկերն էր, և միևնույն նստարանին էին նստում։ Բացի դրանից, Ռոբերտի նման նա էլ ֆիզկուլտուրայից ավելի լավ էր գլուխ հանում, քան երգեցողությունից։ Լողալ, պարզ բան է, նույնպես գիտեր։

― Ես լողալու եմ գնում, ― ասաց Քայը։ ― Իսկ դո՞ւ։

― Պարզ է, ― ուրախացավ Ռոբերտը։ ― Միայն սպասիր մայրիկին մի երկտող գրեմ։ Հիմա։

Նա նետվեց դեպի տուն։

― Շատ չուշանաս, ― նրա ետևից կանչեց Քայը։

Քայը մի քանի բառեր աղավաղում էր, վերջավորությունները կուլ էր տալիս ու շփոթում էր հոլովները։ Այդպես էին խոսում բնիկ բեռլինցիներից շատերը։ Ճիշտ է, հայրիկը հաստատում էր, որ եթե մարդ որոշում է օդաչու դառնալ, ուրեմն պիտի կանոնավոր խոսի։ Ռոբերտի հայրը օդաչու է և գերմաներեն ճիշտ է խոսում։ Բացի այդ գիտի նաև անգլերեն ու ռուսերեն։ Դրա փոխարեն, Քայի հայրը ամբողջ Բեռլինում լավագույն տաքսու վարորդն է։ Իսկ դա մի բան արժե։

Մայրիկին գրած երկտողը կարճ ստացվեց․ «Քայի ու Բոսսոյի հետ գնացի լողալու»։ Քո որթի Ռոբերտ»։

Մայրիկը ուր որ է խանութից կգար։ Օրենքով պիտի սպասեր նրան, բայց․․․

― Ռոբերտ, ի՞նչ եղար, ― անհամբերությամբ ձայնեց Քայը։

― Հիմա։

Այն ժամանակից, ինչ Ռոբերտը սովորել էր լողալ, թույլ էին տալիս մենակ գնալ լճակ։ Այսինքն՝ Բոսսոյի հետ, իհարկե, ճիշտն ասած, նյուֆաունդլենդի հետ երեք տարեկան երեխան էլ կարող է մենակ լողալու գնալ։ Հենց դրա համար էլ կոչվում են նյուֆաունդլենդ, որպեսզի փրկեն սուզվողներին։ Նրանք փրկում են ցանկացած մարդուն, որը ծովի հատակն է իջնում։ Նույնիսկ եթե կատակով է սուզվում, շունը, միևնույն է, նրան ափ կհանի և վերջ։ Իսկ Բոսսոյի մասին արդեն խոսք չկա։

― Չեղավ, ― ասաց Քայը, երբ Ռոբերտն ու Բոսսոն դուրս եկան փողոց։ ― Չեղավ, Ռոբերտ, էլի շան հետ ես․․․ Ախր դրանից ինչ հաճույք․ ոչ կարող ես սուզվել, ոչ հեռուն լողալ։ Բոսսոյին թող տանը, թե չէ ես մենակ կգնամ։ Պա՞րզ է։

― Բայց ինձ թույլ չեն տալիս առանց Բոսսոյի, ― վախեցած քթի տակ մռթմռթաց Ռոբերտը։ ― Հայրիկն ասում է․ նախ ոնց որ պետքն է լողալ պիտի սովորել․․․ Դու ինքդ էլ գիտես։

― Իսկ ես թքել եմ, ― հայտարարեց Քայը։ Նա վերջերս էր ազատ ոճը յուրացրել ու դրանով շատ էր պարծենում։ ― Մյուս շաբաթ դու էլ կարող ես ինձ նման լողալ։ Իսկ սովորել կարելի է նաև այսօր։ Ինչո՞ւ թողնենք վաղվան։

Ռոբերտը ոտքը ոտքին քսեց ու անվճռական գլխով արեց։

― Տո՛ւն գնա, Բոսսո, ― առանց շանը նայելու մռթմռթաց նա։

Բոսսոն զարմանքով նայեց տիրոջն ու պոչով տփտփացրեց գետնին։

― Քեզ ասացի՝ տուն գնա, ― խռպոտ ձայնով կրկնեց Ռոբերտը։ Նա ամաչում էր։ Չէ՞ որ խոստացել էր հորը, որ լճակ կգնա միայն Բոսսոյի հետ։ Իսկ որ խոսք ես տալիս, պետք է կատարել․․․

Քիթը կախ՝ Բոսսոն ետ դարձավ ու դանդաղ գնաց այգի։ Եվ այլևս պոչը չէր թափահարում։ Իսկ Քայը գոհ ծիծաղում էր քթի տակ։ Երբ նա այդպես ծիծաղում է, ուրեմն ինչ֊որ մի բան կարգին չէ։ «Ոչ, ― հանկարծ մտածեց Ռոբերտը։ ― Ես չեմ կարող խոստումս դրժել։ Դա անազնվություն է»։

― Դե, ես գնացի, ― մինչ Ռոբերտը կհասցներ բերանը բացել՝ ասաց Քայը։ Եվ շրջվելով, քայլեց դեպի մոտակա անտառը։ Քայլելիս, մի կերպ նմանեցնելով, սուլում էր «Լոզազգեստդ վերցրու քեզ հետ» երգի մեղեդին։

Եվ այստեղ Ռոբերտի գլխում մի փրկարար միտք փայլատակեց՝ հիմա մայրիկը խանութից տուն կգա։ Երբ նա երկտողը կարդա ու տեսնի Բոսսոյին, կմտածի, որ Ռոբերտը շանը թողել է տանը ու կասի․ «Փնտրի՛ր Ռոբերտին»։ Բոսսոն կգնա իրենց հետքերով ու կգտնի։ Քայը մի քիչ կփնթփնթա, դե ուրիշ ինչ կարող է անել։ Իսկ մինչև Բոսսոն հասնի լիճ, իրենք արդեն հասցրած կլինեն մի լավ լողալ։

― Քա՛յ, սպասիր, ես էլ եմ գալիս, ― կանչեց Ռոբերտն ու վազեց ընկերոջ ետևից։ Նա չնայեց էլ Բոսսոյին։ Երբ շունը վիրավորվում է, սուսուփուս պառկում է գետնին և աչքերը տնկում իր սև քթին։ Նման դեպքերում նա այնպիսի տեսք է ունենում, ասես ուր որ է կմեռնի վշտից։

Սակայն այսօր Բոսսոն ուրիշ կերպ վարվեց։ Նա ջղային կլանչելով վազեց ցանկապատի երկայնքով ու հանկարծ թեթևացած հաչեց՝ «հա՛ֆ֊հա՛ֆ»։ Ցանկապատի վրա ոչ մեծ մի անցք կար, որտեղով սովորաբար կատուն էր անցուդարձ անում։ Անցքն այնքան նեղ էր, որ Բոսսոն հազիվ միայն գլուխը մտցրեց։ Սակայն սկիզբը դրված էր։ Բոսսոն լարեց հզոր մկաններն ու հո՛պ, մետաղալարե ցանկապատը պոկվեց, ասես թելերից էր հյուսված։ Բոսսոն հայտնվեց փողոցում։ Իրեն թափ տալով՝ ասես ջրից նոր էր դուրս եկել, շունը սկսեց փնտրել Ռոբերտի հետքը։ Ահա՛, ահա՛, Բոսսոն հազարավոր հոտերի միջից կճանաչի իր տիրոջ հոտը։

Գլուխը կախ Բոսսոն անցավ փողոցն ու մանր֊մանր շորորալով գնաց դեպի անտառ։ Ճանապարհին վախեցրեց մի նապաստակի։ Հետո էլ թփերի մեջ «օգնություն» գոռաց կաչաղակը։ Սակայն Բոսսոն ուշադրություն չդարձրեց ոչ լեղաճաք փախչող նապաստակին, ոչ էլ կոկորդ պատռող կաչաղակին։ Նախ և առաջ նա պիտի գտնի Ռոբերտին՝ «հա՛ֆ»։

II

Ոչ մի հնդակցի այնքան անփույթ չի լինի, որ հենց այնպես, առանց որևէ պատճառի իր հետքերը թողնի կուսական անտառի արահետներում։ Առավել ևս այն դեպքում, երբ շուրջը՝ ջունգլիներում, վխտում են սպիտակամորթների ջոկատները։

Հնդակցի երկու ռազմիկ՝ Բազեի աչքն ու Փայլատակող Շանթը, ջրի միջով քայլում էին հոսանքն ի վեր։ Մթնած, իր մեջ սարսափներ պահած ջուրը հասնում էր մինչև նրանց ծնկները․․․ Երկու ափերին էլ պառկած էին կոկորդիլոսները, որոնք բացել էին երախներն ու մռնչում էին՝ «Կվա՜, կվա՜»։ Դե, թող դրանք ոչ թե կոկորդիլոս լինեն, այլ գորտ։ Եվ թող ջրի այդ հոսանքն էլ կոչվի Կովի առու և լայնքն էլ ընդամենը մետրուկես լինի՝ միևնույնն է, այդ առուն հոսում է արգելանոցի ջունգլիների միջով։ Ոչ մեկի մտքով էլ չի անցնի, թե հենց կողքից փռված է հսկայական Բեռլինը։ Այստեղ, արգելանոցում, չես տեսնի անցորդների, չես լսի նրանց ձայները։ Համատարած լռություն է ու մենություն, ինչպես Ամազոն գետի վրա։

Կոմանչների երկու առաջնորդները ծանծաղուտով քայլեցին այնքան, մինչև կորցրին հետքերը։ Այդ ժամանակ նրանք ելան զառիվեր ափն ու ոտքերից պոկեցին տզրուկները։ Իսկ քիչ անց սկսեցին մորի անուշ անել։ Ի՜նչ մեծ դժբախտություն է որ, եթե նույնիսկ ձեռքերը չանգռոտվեն․ չէ՞ որ հնդկացին ցավից չի վախենում։

― Տնային աշխատանքներդ կատարե՞լ ես, ― հարցրեց Փայլատակող Շանթը։

― Այո, ― պատասխանեց Բազեի Աչքը։ ― Իսկ դո՞ւ։

― Լողանալուց հետո կանեմ։ Հապա, Ռոբ, սկսեցինք մրցույթը։

Հանկարծաքիությունը նրան երեք֊չորս մետր շահելու հնարավորություն տվեց։ Բացի այդ, մի կողմ հեռացրած ճյուղերը զարկվում էին Ռոբերտի դեմքին։ Բայց նա, այնուամենայնիվ, անցավ ընկերոջից ու առաջինը նկատեց ծառերի արանքից փայլփլող Երկարավուն լճակի շերտը։ Եվ հանկարծ Քայը կանգ առավ ու գոչեց․

― Հլա մի նայիր, այծամը։

Ռոբերտը արգելակեց․

― Ո՞ւր է։

― Հրեն։

Բայց Ռոբերտը ոչ մի այծամ չտեսավ։ Նա մտածեց, որ Քայը դիտմամբ գոռաց, որպեսզի առաջ անցնի։ Քայը միշտ կատաղում էր, երբ տարվում էր։ Դրա փոխարեն արագ էր լողում և Ռոբերտից երկար էր սուզված մնում։ Մի բան, որ նա ապացուցեց լիճը նետվելուն պես․ «Իսկ գուցե Քայը այծամի մասին ճի՞շտ էր ասում, ― մտածեց Ռոբերտը։ ― Չէ՞ որ այստեղ, Մյուհելվալդում, կարելի է և՛ նապաստակի հանդիպել, և՛ աղվեսի, և՛ նույնիսկ վայրի խոզի։ Օրինակ, անցյալ տարի մի վայրի խոզ ձմռանը մտել էր գյուղ ու դատարկել աղբի բոլոր դույլերը։ Դե էլ ինչու Բեռլինի մոտ Երկարավուն լճակում մի գեղեցիկ օր ջրի տակից չպիտի հայտնվի դելֆինը»։

Այս հաճելի մտքով տարված՝ Ռոբերտը լողաց֊հասավ դեղին լողաններին, որից այն կողմ գնալը արգելված էր։ Լողաններից այն կողմ նավարկման ուղին է։ Իսկ դրանից այն կողմ մարզվում էին մի քանի թիավարողներ։ Կիրակի օրը նրանց մրցումներն են, հիշեց Ռոբերտը։ Հնարավոր է, որ ինքը հայրիկի հետ գա այդ մրցումներին։ Թե՞ այս կիրակի հայրիկը թռչում է։

Կողքին, ջրի տակից գլուխը հանեց Քայը, նայեց մարզիկների կողմն ու հայտարարեց․

― Ես էլ եմ թիավարող դառնալու։

Դեռ երեկ Քայը պատրաստվում էր դառնալ խաղաղության երթի մասնակից։ Իսկ անցյալ շաբաթ՝ բռնցքամարտիկ։ Մի խոսքով, Քայը երբեք էլ չէր իմանում, թե ինքն ինչ է ուզում։ Հիմա հանկարծ ուզեց Սատանայի լիճ գնալ՝ մողեսներ որսալու։

Ռոբերտը հաճույքով էլի կլողար, քանի դեռ չէր երևացել Բոսսոն։ Սպասիր։ Նա հանկարծ հիշեց, որ ջուրն է մտել, առանց շանը սպասելու։ Եվ կրկին նրա մեջ սկսեց խոսել խիղճը։ «Բայց ո՞ւր է կորել Բոսսոն, ― մտածեց նա։ ― Չէ՞ որ մայրիկը վաղուց պիտի նրան բաց թողած լիներ»։

― Արի ափ դուրս գանք, ― շտապեցրեց Քայն ու կրոլի անցնելով ուղղվեց դեպի լողափ։ Ռոբերտը ջրից ելավ ու սկսեց փնտրել Բոսսոյին։ Լողափին կային շատ մարդիկ ու մի քանի շներ։ Սակայն Ռոբերտը նրանց մեջ չգտավ Բոսսոյին։

III

Բոսսոն տմբտմբացնում էր խոշոր սև գլուխը։ Մյուս շունն էլ էր նույնը անում։ Բոսսոն կնճռոտում էր ճակատը՝ մյուս շան ճակատին էլ էին կնճիռներ գոյանում։ «Հա՛ֆ», ― հաչում էր Բոսսոն։ Սակայն մյուս շունը լռում էր․ չէ՞ որ նա միայն Բոսսոյի արտացոլումն էր Կովի առվակում։

Բոսսոն մի հարյուր անգամ տեսել էր իր արտացոլումը և վաղուց արդեն դադարել է զարմանալուց։ Իսկ հիմա նա անհանգիստ ջրին է հառել աչքերը, որովհետև կորցրել է Ռոբերտի հետքը։ Ավա՜ղ, ջուրը ոչ մի հետք չի պահպանում։ Այստեղ ամենանուրբ հոտառությունն անգամ չի օգնի։

Հույսը չկորցնելով՝ Բոսսոն ականջները տնկեց։ Շուրջը կռկռում էին գորտերը, ծլվլում էին թռչունները, ճռճռում էին մորեխները։ Հեռվում ինչ֊որ տեղ հնչեց շոգենավի շչակը, լսվեց լոկոմոտիվի ձայնը։ Բայց Ռոբերտը չէր կանչում։

Չի երևում իր տերը, ձայն չի տալիս, և նրա հետքն էլ կորել է։ Ի՞նչ կհրամայեք անել։ Ուրիշ շուն լիներ իր տեղը՝ կհուսահատվեր, բայց Բոսսոն շուտ հանձնվողներից չէ։

Նա թռավ առվակն ու տիրոջ հետքը սկսեց փնտրել մյուս ափին․․․ Եվ կրկին անհաջող։ Ամենախելացի շունն անգամ չի կարող մտածել մարդու պես։ Դե որտեղից գլխի ընկներ, որ Ռոբերտն ու Քայը հնդկացիների նման ծանծաղուտով անցել են առվի երկայնքով։ Սակայն Բոսսոն փորձից գիտեր, որ այդպիսի շոգին տղաները ավելի շուտ կգնային լողանալու։

Մանրավարգ վազելով առվակի երկայնքով՝ շունը հասավ այն տեղը, ուր Ռոբերտն ու Քայը ափ էին դուրս եկել։ Եվ այդտեղ կրկին ընկավ հետքի վրա։ Ուրախությունից կլանչելով՝ շունը արջի նման ուղիղ սլացավ արգելանոցի միջով։ Նրան տեսնելով՝ այծյամը վախից սսկվեց։ Այծյա՞մը։ Այո, հենց այծյամը։ Պարզվում է, Քայը չէր հնարել, թե տեսել է այծյամին։ Միայն թե այն ժամանակ նկատելով տղաներին, այծյամը կամացուկ քաշվեց թփերի մեջ, որովհետև մարդիկ նրա համար արտասովոր բան չէին, և նրանցից չէր վախենում։ Բայց նա երբեք չէր տեսել այսպիսի սև, փռչոտ մի հրեշի, որը մռնչալով ու հաչելով խուժեց թփերի մեջ։ Ուղիղ նրա վրա։

Բոսսոն գուցե չէր էլ նկատել այծյամին․ չէ՞ որ նյուֆաունդլենդները սուր տեսողությամբ աչքի չեն ընկնում։ Իսկ եթե նկատեր էլ, ձեռք չէր տա, որովհետև իր ողջ կյանքում նույնիսկ ճանճերին չէր նեղացրել, բայց․․․ Բայց այծյամը այդ մասին չգիտեր։ Նա սթափվեց ու մի քանի բարձր, երկար թռիչք գործեց։ Հենց այստեղ էլ դժբախտություն պատահեց։ Հանկարծ այծյամը առջևի կճղակներով զարկեց ծառի խչմարին ու ընկավ։ Իզուր էր չարչարվում ոտքը ծուղակից ազատել՝ ոսկորը կոտրվել էր։ Ցավից ու սարսափից նա տնքում էր, իսկ հետո հնազանդվեց ճակատագրին՝ երկյուղով նայելով Բոսսոյին։

Իսլ Բոսսոն այծյամից պակաս չվախեցավ։ Նա կանգ առավ ու զարմացած քորեց ականջի ետևը։ Հետո չափազանց զգույշ մոտեցավ անծանոթ գազանին այնպես, ասես իր առջև գայլ էր։

Այծյամը չէր շարժվում։ Միայն նրա կողերն էին ցնցվում, և մեկ էլ շագանակագույն աչքերն էին մահվան թախիծով լի։ Հավանաբար, կարծում էր, թե հասել է իր վերջին ժամը։

Բոսսոն թափահարեց պոչը։ Դա պիտի որ նշանակեր՝ մի վախեցիր։ Բայց երբ նա մոտեցավ այծյամին հոտոտելու, սա ծառս եղավ՝ ճիգ գործադրելով ազատվել գերությունից։ Սակայն խչմարը երկաթե թակարդի պես կառչել էր կոտրված ոտքից։

Հասկացա՞վ Բոսսոն, ինչ էր կատարվել, թե չէ, ոչ ոք չէր կարող ասել։ Այնուամենայնիվ, նա մի քիչ էլ կանգ առավ, հետո շրջվեց ու, հետքը փնտրելով, վազեց առաջ՝ դեպի արգելանոցի խորքը։

Լողափում հսկայական բազմություն էր հավաքված՝ ոմանք արևի լոգանք էին ընդունում, մյուսները ճողփում էին լճում։ Սակայն Բոսսոն ուշադրություն չդարձրեց անգամ իրենց փողոցի ծանոթ տղաներին, որոնք կուզենային խաղալ իր հետ։ Նա միայն ինչ֊որ մի փոքրիկ աղջկա հանեց ջրից։ Այդ «սխրանքը» կատարելուց հետո շունը սլացավ Ռոբերտին որոնելու։

Իսկ այդ ժամանակ Ռոբերտը, Բոսսոյին սպասելուց հուսահատված, պատրաստվում էր Քայի հետ գնալ Սատանայի լիճը։ Ահա թե ինչու տղան ուրախությունից սկսեց թռչկոտել, երբ տեսավ շանը։

Բո՛սսո, ― կանչեց նա։ ― Ինձ մոտ։

Բոսսոն նույնպես անչափ ուրախացավ այդ հանդիպումից։ Նա այնքան հախուռն արտահայտեց իր ցնծությունը, ասես երեք օր չէր տեսել տիրոջը։

― Դե լավ, Բոսսո, բավական է, ― ասաց Ռոբերտը։ Նա ուրախ էր, որ ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես մտածում էր։ Բայց ինչո՞ւ է Բոսսոն կրկին նետվում դեպի արգելանոց։ Ի՞նչ կա այնտեղ։

― Բո՛սսո, ինձ մոտ, ― կարգադրեց Ռոբերտը։

― Դե թող դրան, ― զայրացավ Քայը, որն արդեն ձանձրանում էր սպասելուց։

Բոսսոն կրկին սկսեց թռչկոտել տիրոջ շուրջն ու գժվածի պես հաչել։

― Խելագարվել է, ― մռթմռթաց Ռոբերտը։ ― Էս ի՞նչ է պատահել սրան։

Հանկարծ Բոսսոն ատամներով բռնեց նրա լողազգեստն ու ձգեց անտառի կողմը։

― Հավանաբար, ոզնի է գտել, ― անսպասելի ենթադրեց Ռոբերտը։ ― Դե, իհարկե։ Անցյալ տարի էլ էր ոզնի տեսել ու այսպես գժվել էր։

― Ոզնի՞, ― հարցրեց Քայը։ ― Դա ախր մողես հո չէ՞, որ հաջողվի ամեն օր բռնել։ Գնանք բռնենք, ― վճռական ասաց նա։

Բոսսոն արագ առաջ վազեց, տղաները հազիվ էին հասնում նրա ետևից։ Լողափը մնաց ետևում, խլացան մարդկանց ու երաժշտության ձայները։ Բոսսոն առաջ ընկած՝ այնպիսի ոգևորությամբ էր հաչում, ասես փղի էր հետապնդում։

― Ըհը՛, հոտն առավ, ― փնչացնելով ասաց Ռոբերտը, երբ Բոսսոյի հաչոցը փոխվեց։ ― Ոզնին այս կողմերում է։

― Սպասիր, ― խնդրեց Քայը։ ― Դե սպասիր․․․ Չէ որ ոզնին երկուսինս է, ընդհանուր է․․․

Նրանք դավադիր խչմարին հասան համարյա միաժամանակ։ Եվ երկուսն էլ չկարողացան մի բառ անգամ արտասանել՝ չգիտես արագ վազելո՞ւց, թե զարմանքից։ Մի պահ բոլորովին իրենց կորցրած՝ նրանք նայեցին այծամին։

Կենդանին այլևս ուժ չուներ թակարդից դուրս պրծնելու նոր փորձ անել։ Խեղճը միայն բարձրացրեց գլուխն ու կրկին կախեց։ Բոսսոն, կլանչելով, հույսով լի հայացքը հառեց Ռոբերտին։ Տեսնես ի՞նչ կձեռնարկի տերը։

IV

Ֆրաու Տիպոլդը՝ Ռոբերտի մայրը, գետնին դրեց մթերքի ծանր պայուսակն ու բացեց դարպասի դուռը։ Նա զարմացավ, որ Ռոբերտն ու Բոսսոն չվազեցին ընդառաջ։ Իսկ նա ամեն մեկին մի բան բերել էր․ տղայի համար՝ պաղպաղակ, իսկ Բոսսոյի համար՝ երշիկ։

― Ռոբե՜րտ։ Բո՜սսո։

Ի պատասխան՝ ոչ մի ձայն։ Ֆրաու Տիպոլդը ավելի զարմացավ ու կանչեց․

― Ո՞ւր եք կորել։ Դե լավ, այդ դեպքում պաղպաղակն ինքս կուտեմ, իսկ երշիկը կատվին կտամ։

Սակայն նույնիսկ այդ դաժան սպառնալիքին էլ ոչ ոք չարձագանքեց։

Իսկ տան դուռը կրնկի վրա բաց էր։ Ինչո՞ւ։

Դե, որովհետև Ռոբերտը շտապելուց մոռացել էր դուռը փակել։ Դա, անկեղծ ասած, շատ էր պատահել և նախկինում։

Անհանգստացած ֆրաու Տիպոլդը մտավ տուն և սեղանին մի երկտող նկատեց։ Մեղմ ժպտալով, նա ընդգծեց «որթի» բառը և «թ»֊ի փոխարեն գրեց «դ»։ Մասնագիտությամբ նա ուսուցչուհի էր։ Սակայն բոլորովին էլ սխալների համար չէր, որ որոշեց լուրջ խոսել Ռոբերտի հետ։ Նախ՝ պիտի սպասեր իր գալուն։ Երկրորդ՝ Ռոբերտը առանց վզակապի էր դուրս տարել Բոսսոյին։ Իսկ առանց վզակապի շունը իրավունք չուներ փողոցում ման գալ։ Այս ամենը Ռոբերտին քաջ հայտնի էր, սակայն ով գիտի ինչ է մտածել, որոշեց ֆրաու Տիպոլդը։

Նա հո չգիտե՞ր, որ Ռոբերտը Բոսսոյին տանն է թողել և որ միայն Բոսսոյի սուր հոտառության ու նուրբ զգացողության շնորհիվ էր, որ տղաները ավելի վատ արարք չէին կատարել՝ չէին գնացել հեռավոր Սատանայի լճում թափառելու։

Մի խոսքով, Ռոբերտը, միևնույն է, չի ստանա իր պաղպաղակը, իսկ վաղը ամբողջ օրը կնստի տանը։ Նրան պատժել է պետք։

Այս մտքերով տարված՝ ֆրաու Տիպոլդը սկսեց մթերքները տեղավորել սառնարանում։ Հետո գոգնոցը կապեց ու նկուղ իջավ՝ բանկաները լվանալու․ ուզում էր շաբաթվա վերջում մրգերի պահածոներ պատրաստել։ Նա արդեն բոլորովին հանգստացել էր, միայն թե մի փոքր վշտացած էր, որ պիտի պատժի Ռոբերտին։ Բոլոր մայրերն էլ վշտանում են, երբ ստիպված են լինում պատժել իրենց երեխաներին։ Դժբախտաբար, շատ երեխաներ գլխի էլ չեն ընկնում այդ բանը։ Այլապես այդքան ցրված չեն լինի ու գոնե մի րոպե կմտածեն, թե ի՞նչ հետևանք կունենա իրենց արարքը։

Վերջ ի վերջո, նույնիսկ յոթ տարեկան տղաները ուսերին գլուխ ունեն ոչ միայն նրա համար, որ մազերը խուզեն, այլ նաև նրա համար, որ մտածեն։


V

Ռոբերտը այնպես լարված էր մտածում, որ ականջներն այրվում էին։ Քայը՝ նույնպես։ Նույնիսկ Բոսսոն էր ճակատը կնճռոտել։ Ի՞նչ անել, ինչպես օգնել այծամին։

Ինչ խոսք, տղաներն անմիջապես փայտե թակարդից այծամին ազատեցին։ Չնայած նրա ոտքը կոտրված էր, բայց կաղալով գնաց դեպի թավուտ։ Սակայն ցավը խլել էր նրա վերջին ուժերը։ Մի քանի երկչոտ, անշնորհք քայլ անելուց հետո այծամն ընկավ գետնին։ Երբ փորձեց կրկին վեր կենալ, Ռոբերտը վճռական ասաց․

― Սրան թողնել չի կարելի։ Ոտքը իրեն֊իրեն հո չի՞ լավանա։ Խեղճ կենդանին կսատկի։ Կամ էլ աղվեսը կուտի նրան։

― Անպայման կուտի, ― հաստատեց Քայը։

«Աղվես» բառը լսելուն պես Բոսսոն գռմռաց։ Մի անգամ օրվա համարյա կեսը կորցրել էր աղվեսի ետևից վազվզելով։ Իսկ այդ լկտին նույնիսկ բաց չէր թողել սագին։ Այդ օրվանից Բոսսոյի մազերը բիզ֊բիզ էին լինում, երբ լսում էր աղվեսի անունը։

― Մենք տանել չենք կարող, ոտքը կցավի, ― այծամին նայելով՝ ասաց Ռոբերտը։ ― Իսկ եթե մեկնումեկս վազենք լողա՞փ։ Չէ՞ որ այնտեղ մի որևէ բժիշկ կլինի։

― Պարզ է, ― ուրախացավ Քայը։ ― Ես թռա․․․

― Սպասիր։ Ախր բժիշկը միայն մարդու ոտքից է հասկանում։

Բոսսոն իհարկե, տղաների խոսակցությունից ոչինչ չէր հասկանում։ Բայց երևում էր, որ նա էլ է վատ զգում։

Եվ հանկարծ Ռոբերտը գլխի ընկավ։ Նա փութով սկսեց տաբատի գրպաններից հանել այն ամենը, ինչ կար այնտեղ, է՛լ բնակարանի բանալի, է՛լ պտուտակներ, է՛լ վառիչներ, է՛լ թելի կծիկներ ու զարթուցիչի զանազան մասեր․․․ Ըհը՛, լավ էլ գտնվեց՝ մի կրծած մատիտի կտոր։

― Մոտդ թուղթ կա՞, ― հարցրեց Քային։

Քայի գրպաններում էլ ինչ ասես որ չգտնվեց․ մի բութ դանակ, տիեզերանավերի պատկերով յոթ կրծքանշան, դրանք դպրոցական պարգևներ էին հաջողությունների համար, ըստ որում՝ վեցը ֆիզկուլտուրայից գերազանց գնահատական ունենալու համար, մեկը՝ մաթեմատիկայից։ Կային նաև չորս խեցի, մագնիս, ինչ֊որ մարզիկի ծալմլված լուսանկար․․․ Բայց թղթի ոչ մի կտոր։

― Ինձ տուր այդ լուսանկարը, ― ասաց Ռոբերտն ու, ավազին նստելով, լուսանկարի հակառակ կողմում գրեց․

«Պարոն բժիշկ, այստեղ կոտրված ոտքով մի այծյամ է պառկած։ Իմ Բոսսոն գիտե տեղը։ Ձեզ հետ գիպս էլ վերցրեք»։

Քայը սկզբում չհասկացավ, թե Ռոբերտի ինչին էր պետք լուսանկարը, ու ետ պահանջեց։

― Հետո կստանաս, ― հանգստացրեց նրան Ռոբերտն ու լուսանկարը թելով կապեց Բոսսոյի վզին։ ― Մի՛ վախեցիր, անասնաբույժը չի սեփականացնի։

«Անասնաբույժ բառը լսելուն պես Բոսսոն սրեց ականջները, հատկապես ձախը, և պոչը թափահարեց։ Դեռ մի շաբաթ էլ չէր անցել, ինչ նրան անասնաբույժի մոտ էին տարել ձախ ականջը բուժելու։ Ամբողջ ընտանիքը այդ ժամանակ ծիծաղից թուլանում էր, երբ նայում էր Բոսսոյին։ Նրան շատ էր դուր եկել տրամվայով զբոսնելը։ Երեք կիլոմետրը հո ոտքով չէ՞ր գնալու․ նա մինչև քաղաքապետարան տրամվայով էր գնում, իսկ այնտեղից՝ ձեռքդ մեկնեիր, կհասներ։

Այն, որ հարկավոր էր գնալ բժշկի մոտ, Ռոբերտն այդ պահին մտքովն էլ չանցկացրեց։ Նա բռնեց Բոսսոյի գլուխն ու ասաց․

― Վազիր անասնաբույժի մոտ, Բոսսո։ Անասնաբույժի մոտ, հասկացա՞ր։ Անասնաբույժի։

Բոսսոն ուրախ կլանչեց։ Ռոբերտը բռնեց նրա վզից ու հետը մի քանի քայլ վազեց։ Սակայն կանգ առնելուն պես, շունն էլ տեղում մեխվեց։ Նա, երևի որոշել էր, թե տերն էլ է իր հետ գնալու։ Երևում է, Քայն էլ էր այդպես մտածում։

― Ես մենակ չեմ մնա, ― հայտարարեց նա։

Նրա խոսքերը չզարմացրին Ռոբերտին․ նա ճանաչում էր իր ընկերոջը։ Բացի այդ, Բոսսոն մենակ էլ կգտնի ճանապարհը։ Մի՞թե նա աշխարհի ամենախելացի շունը չէ։

― Բոսսո, վազի՛ր անասնաբույժի մոտ, ― ասաց Ռոբերտը։ ― Եվ շտապիր։ Դե շո՛ւտ։

Վերջապես Բոսսոն գլխի ընկավ, թե իրենից ինչ են ուզում, և սլացավ ուղիղ տրամվայի գծերի կողմը։

Թեթևացած շունչ քաշելով՝ Ռոբերտը չոքեց վիրավոր այծյամի առաջ։ Քայը նույնպես նստեց մոտակա կոճղին։ Նրա տրամադրությունը շատ վատ էր։ Իսկ ինչո՞ւ, հարց է ծագում։ Հավանաբար այն պատճառով, որ երկնքի քիչ առաջվա լազուրը ամբողջապես ծածկվել էր գորշ ամպերով։ Անտառը մթնեց ու այլևս հաճելի չէր։ Հանկարծ լռեցին թռչունները, ու նույնիսկ գորտերը դադարեցին իրենց կռկռոցը։ Միշտ այդպես է լինում ամպրոպից առաջ։ Ահա մթին ամպերի արանքից հայտնվեց առաջին թույլ բռնկումը, իսկ նրա ետևից, որոշ ժամանակ անց, լսվեց հեռավոր որոտի ձայնը։

― Քա՜յ, մի վախեցիր, ― ասաց Ռոբերտը։ ― Սա ընդամենը փայլակ է։

― Ես բոլորովին էլ չեմ վախենում, ― վիրավորվեց Քայը։

Այս խոսքերը նա արտասանեց անթերի գերմաներենով, առանց առոգանության, սակայն դա դեռ չէր նշանակում, թե ճիշտ է խոսում։

Ի միջի այլոց, Ռոբերտը նույնպես հնարեց փայլակի մասին․ հաջորդ կայծակն արդեն իսկական էր, իսկ որոտի մասին խոսք լինել չէր կարող․ այն այնպիսի ճայթյունով թավալվեց սև երկնքում, որ Քայը գլուխը քաշեց ուսերի մեջ։

Այծյամը նույնպես վախեցած էր։ Ռոբերտը հանգստացրեց նրան, շոյեց և կարծես ինքն իրեն ասաց․

― Եթե նույնիսկ ամպրոպ էլ լինի, կանցնի։ Սարսափելի ոչինչ չկա։

VI

Ի տարբերություն փոքրիկ մարդու, մեծ շունը չէր ամաչում ամպրոպից ունեցած իր երկյուղից։ Ամպրոպի հենց առաջին ճայթյունից նա վախվորած պոչն իրեն քաշեց ու արագացրեց վազքը։ Նրա համար ամենաերանելի վիճակը տուն վազելն էր ու սեղանի տակ մտնելն էր։ Ամպրոպի ժամանակ դա թույլատրվում էր։ Սակայն հիմա նրան հրամայված էր գտնել անասնաբույժին։

Բարեբախտաբար, Բոսսոն արդեն հասել էր այն արահետին, որ տանում էր դեպի տրամվայի կանգառ։ Մարդկանց հոծ խմբերը շտապում էին այնտեղ, մոտալուտ ամպրոպից պաշտպանվելու համար։

Նրանք վազում էին իրարից առաջ ընկնելով և այնքան ուրախ էին թվում, ասես եղանակի հանկարծակի փոփոխությունը հրաշալի այս օրվա վերջին կատակն էր։ Իսկ երբ ընկան անձրևի առաջին կաթիլները, հաճույքից մարդիկ սկսեցին նույնիսկ ծիծաղել։ Բոսսոյի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Կորչելով աշխուժացած, քրքջացող ամբոխի մեջ՝ շունը մոռացավ իր երկյուղի մասին։ Ահա և տրամվայը։ Ինչ֊որ տղայի ետևից Բոսսոն մագլցեց աստիճաններով ու տեղավորվեց մի հարմար անկյունում։ Ամեն ինչ կարգին է։

Տրամվայը լեփ֊լեցուն էր։ Վերջում մի կերպ խցկվեցին երկու պառավ ու ծուռթաթ պստլիկ մի տաքսա։ Պառավները դժգոհ փնչացրին, տաքսան գռմռաց։ Բայց նրանք դեռ պետք է տեղավորվեին, տոմսավաճառը նույնպես։ Զանգը հնչեց, ու տրամվայը ճամփա ընկավ։

Առաջին կանգառը։ Երկրորդը։ Երրորդը։ Ապակիների վրա թմբկահարում էր անձրևը։ Երկու ջահել իրենց տեղը զիջեցին տատիկին։ Չդադարեցնելով գռմռոցը՝ նրանցից մեկի գոգին նստեց տաքսան։ Եվ ինչո՞ւ է գռմռում այդ գարշելի արարածը։ Բոսսոն ակամա տմբտմբացրեց գլուխը։ Տաքսան դա ընդունեց որպես անձնական վիրավորանք։ Նա ցած թռավ պառավի գոգից և, ծուռ թաթերի վրա շորորալով, ուղղվեց դեպի Բոսսոյի անկյունը։ «Հիմա վնգստոցը կդնի», ― մտածեց նյուֆաունդլենդը։

― Խնդրում եմ՝ ձեր տոմսերը, ― ասաց հսկիչը՝ դժվարությամբ մոտենալով պառավներին։

― Ահա, ― պատասխանեց նրանցից մեկը։ ― Երկու հոգու ռ շան համար․․․

Այստեղ նա նկատեց, որ տաքսան գնում է Բոսսոյի մոտ։ Նրա հայացքը որսալով՝ հսկիչը հարցրեց․

― Դրանցից որն է ձերը՝ մե՞ծը, թե փոքրը։

― Փոքրը, ― ասաց պառավն ու սարսափահար ճչաց․ Պուսսի, ինձ մոտ։ Ուզում ես, որ քեզ կծի՞ այդ շունը։

Ա՛յ քեզ հիմարությո՜ւն։ Մի՞թե Բոսսոն գլուխ կդնի ինչ֊որ տաքսայի հետ, թեկուզ և նա ինքը կռիվ սկսի։

― Իսկ մեծն ո՞ւմն է, ― հետաքրքրվեց հսկիչը։ (Է՛հ, Բո՜սսո, Բո՜սսո, վատ են գործերդ, չնայած քեզ հետ նույն տրամվայում է Շտիֆ ազգանունով ծանոթ թիթեղագործը)։ Հսկիչի հարցը լսելով՝ Շտիֆը նայեց Բոսսոյին ու զարմացած բացականչեց․

Ա՛, սա Տիպոլդների շունն է։ Նրանց տունը վերջին կանգառում է։ Իսկ շունը շատ է սիրում տրամվայով զբոսնել։

― Կյանքում նման բան լսած չկամ, ― լուրջ ասաց հսկիչը։

Մինչ այդ, տրամվայը կանգ առավ։ Բոսսոն թափահարեց պոչն ու աղերսանքով լի աչքերը հառեց հսկիչին։ Տաքսան կրկին աղմուկ բարձրացրեց։ Այդ ժամանակ հսկիչը զգույշ բռնեց Բոսսոյի վզակոթից ու տարավ դեպի դուռը․

― Դե՛, այ շուն, դուրս թռիր ու վազիր տուն։ Շուտով ամպրոպ կլինի։

Այնպես է ասում, կարծես Բոսսոն ինքը չգիտի։ Իզուր տեղն էր ինչ֊որ երիտասարդ ուզում Բոսսոյի համար տոմս առնել։ Ամեն ինչ որոշեցին թիթեղագործ Շտիֆի խոսքերը՝ իբր, հավանաբար, վաղուց Ռոբերտն ու ֆրաու Տիպոլդը որոնում են Բոսսոյին։

― Դուրս արի, խելո՜քս, ― Բոսսոյին դեպի դուռը հրելով կրկնեց հսկիչը։

Ոչ հսկիչը, ոչ թիթեղագործը, ոչ էլ ուղևորներից որևէ մեկը չնկատեցին, թե ինչպես արձակվեց Բոսսոյի վզի թելը։ Լուսանկարը, որի վրա բժշկին ուղղված խնդիրք կար, վագոնից դուրս ճախրեց ու անհետացավ։ Դա Բոսսոյին բոլորովին չանհանգստացրեց։ Նա միայն մտահոգված էր, որ տրամվայը տեղից շարժվի։ Չէ՞ որ մինչև քաղաքապետարան, որտեղ ապրում էր բժիշկը, դեռ յոթ կանգառ կար։ Իսկ Բոսսոն այսօր, հակառակի պես, այնքան էր վազվզել, որ թաթերը ցավում էին։ Բացի դրանից, անձրևը գնալով վարարում էր, ամպրոպն էլ ճայթում էր առաջվանից ուժեղ։ Շուրջն էլ՝ ոչ մի շունչ֊արարած։ Անտառի վրա կախվել են ծանր ու մռայլ ամպերը։ Գուցե իսկապե՞ս խելամիտ կլինի տուն գնալ։

Սակայն «Անասնաբույժի մոտ» հրամանը շատ ավելի ուժեղ էր «Այ շուն տուն գնա» խորհրդից։

Եվ Բոսսոն, մորթուց թափ տալով անձրևի կաթիլները, սնգսնգալով սկսեց վազել հեռացող տրամվայի ետևից։

VII

Նկուղը, ուր ֆրաու Տիպոլդը ապակե բանկաներն էր դասավորում, հաստ պատերով էր ու առանց պատուհանի։ Դրա համար էլ Ռոբերտի մայրը չէր տեսել առաջին կայծակի փայլատակումները, որոնք խզբզում էին մթամած երկինքը, և չէր լսել ամպրոպի հեռավոր ճայթյունները։ Իսկ երբ դրանք շատ մոտիկից լսվեցին, ֆրաու Տիպոլդը աստիճաններով վեր բարձրացավ։ Սկզբում նա զարմացավ, իսկ հետո վախեցավ․ խոհանոցում այնպիսի խավար էր, ասես արևը վաղուց մայր էր մտել։ Ըստ սովորության սեղանի տակ նայելով ու այնտեղ Բոսսոյին չտեսնելով՝ ֆրաու Տիպոլդը ավելի շատ անհանգստացավ։ Նշանակում է՝ Ռոբերտը նույնպես տանը չէ։

«Հավանաբար, Քայի մոտ է մնացել, ― մտածեց նա։ ― Քանի անգամ եմ ասել՝ հենց տեսնում ես ամպրոպ է լինելու, տուն արի»։

Ֆրաու Տիպոլդը գոգնոցը հանեց ու վրան գցեց անձրևանոցը։ Նա գրեթե չէր կասկածում, որ Ռոբերտն ու Բոսսոն արդեն Քայի մոտ են․ լողափից մինչև նրանց փողոցը կարելի է տասը րոպեում վազելով հասնել։ Բայց այդ ո՞ր մայրը չէր անհանգստանա որդու համար, որը քնում է ու երազում արկածներ տեսնում և դեռ չգիտի, որ այդ արկածները հաճախ վատ են վերջանում։

Երն նա դուրս եկավ տնից, անձրևն ասես դույլերով էին թափում։ Ամպրոպը անընդհատ ճայթում էր հենց գլխավերևում։ Երևի ամպրոպի շերտը ուղիղ իրենց գյուղի վրայով էր անցնում։ Էլ ով պիտի ավելի լավ իմանա դա, եթե ոչ օդաչուի կինը։

Մի որոշ ժամանակ ամուսնու համար ունեցած տագնապը մոռանալ տվեց որդուն։ Այդ րոպեներին «ԻԼ―18»֊ը, մոսկովյան օդանավակայանից դուրս գալով, պետք է թռչեր դեպի Բեռլին։ Եվ ֆրաու Տիպոլդի ամուսինը այդ ինքնաթիռի հրամանատարն է։ Ինչ խոսք, նա փորձառու օդաչու է, բայց նման եղանակին ինչ ասես կարող է պատահել։ Եթե նրանց թույլ չտան այստեղ վայրէջք կատարել, Տիպոլդը ստիպված կլինի թռչել Դրեզդեն կամ Լայպցիգ։ Այդ դեպքում ընթրիքին չարժե նրան սպասել, և ինքը ստիպված կլինի Ռոբերտի հետ մենակ խոսել։

Անցնելով մեծ ջրափոսը, ֆրաու Տիպոլդը հիշեց, թե ինչպես մի անգամ, հենց այսպիսի մի տեղատարափի ժամանակ, Ռոբերտը փակել էր ջրհոսքը։ Նրան, գիտես ի՞նչ, ծով էր պետք՝ նավակներ բաց թողնելու համար։ Բանն այնտեղ հասավ, որ ստիպված եղան շտապ հրշեջ խումբ կանչել և ջուրը պոմպերով դուրս քաշել։

Ֆրաու Տիպոլդը սեղմեց Կովալսկիների բնակարանի դռան զանգը։ Քայի մայրը, դուռը բանալուն պես, խիստ տոնով հարցրեց․

― Քանի՞ անգամ կարելի է կրկնել, որ․․․

Եվ խոսքը բերանին քարացավ՝ որդու փոխարեն հարևանուհուն տեսնելով։

― Ֆրաու Տիպո՞լդ։ Մի՞թե Քայը ձեզ մոտ չէ։

― Ոչ, ― իրեն կորցրեց ֆրաու Տիպոլդը։ ― Իսկ ես կարծում էի, իմ Ռոբերտն այստեղ է․․․

Այդ պահին կրկին փայլատակեց կայծակը՝ մի ակնթարթ լուսավորելով անտառի սև պատը։ Կանայք նայեցին այդ կողմն ու միաժամանակ մտածեցին, որ Ռոբերտն ու Քայը միայն այնտեղ կլինեն։ Բայց որտե՞ղ, հատկապես որտե՞ղ նրանց փնտրել։

VIII

Տղաները, իրոք որ, դեռ անտառում էին։ Քայը արդեն վաղուց մոտեցել էր ընկերոջն ու վիրավոր այծյամին։ Այծյամը երբեմն ցնցվում էր, Քայն էլ էր դողացնում, մանավանդ երբ բռնկվում էր հերթական կայծակը, ու երկինքը պատառոտվում էր որոտի նոր ճայթյունից։ Իսկ հիմա որոտում էր համարյա անընդմեջ։

― Անիծյալ անձրև․․․ ― մռթմռթաց Քայը։

Ռոբերտը շոյեց այծամին ու հաստատուն ձայնով ասաց․

― Պահ, էլ ո՞նց կլիներ, անձրև է, էլի։ Այստեղ ի՞նչ կա վախենալու։ Միևնույն է մոտակայքում մեծ ծառեր չկան։ Ճիշտ չէ՞, Քայ։

― Բա դու ինչո՞ւ ես դողացնում, ― մռթմռթաց Քայը։ ― Քո դողալը որ տեսնում եմ, ես էլ եմ վատ զգում։ Իսկական տղաները չ֊չեն դ֊դողում․․․

Այ այդ հարցում Քայը բոլորովին էլ իրավացի չէր։ Ախր մարդը իսկի էլ պարտավոր չէ իր քաջությունը ստուգել այսպիսի միջոցներով, կծկվել֊նստել տեղատարափ անձրևի տակ, մթին անտառում, երբ գլխավերևում մոլեգնում է ամպրոպը, իսկ քամին ջանում է արմատախիլ անել մատղաշ ծառերը։ Դե փորձիր չդողալ։

Ինչքան հյուրընկալ ու գեղեցիկ է այդ անտառը լավ եղանակին։ Երբ Ռոբերտն ու Քայը այստեղ խիզախ ճանապարհորդներ էին խաղում, ստիպված էին դիմել երևակայությանը, առանց որի չարագուշակ ջունգլիները սովորական արգելանոցների կփոխարկվեին, ուր արջերի ու վագրերի փոխարեն կթափառեին սովորական մարդիկ։ Իսկ հիմա անտառն իսկապես խորհրդավոր ու չարագուշակ էր, ասես գտնվում էր ինչ֊որ տեղ, աշխարհի ծայրին՝ Ավստրալիայում կամ Հարավային Ամերիկայում։ Եվ նրա խորքում, հենց թավուտում, ինչ֊որ բան անընդմեջ սարսափելի ճրթճրթում է։ Տեսնես հո աղվե՞սը չէ, որ գաղտագողի մոտենում է այծյամին։

Ռոբերտը վճռականորեն ոտքի ելավ։

― Այդ ո՞ւր, ― սարսափած հարցրեց Քայը։

― Մի փայտ գտնեմ, ― բացատրեց Ռոբերտը։ ― Համենայն դեպս, պետք կգա․․․

Ըհը, էս էլ քեզ հարմար մահակ։ Փայտը գտնելով՝ Ռոբերտը իրեն ավելի վստահ զգաց։ Հիմա արդեն աղվեսը չի համարձակվի մոտենալ, եթե նույնիսկ իրոք թափառում է մոտակայքում։ Քայը նույնպես ոտքի ելավ ու հանկարծ մռթմռթաց․

― Ես դասերս դեռ չեմ սովորել։ Իսկ արդեն մութ է․․․ Հասկանում ես, Ռոբերտ, ես պետք է․․․

― Ծլկե՞լ ես ուզում, ― զայրույթով հարցրեց Ռոբերտը։

Քայը օրորեց գլուխը․

― Ի՞նչ ծլկել, ուզում եմ, որ շուտ տուն վազենք։ Հայրիկը հավանաբար եկած կլինի։ Դե, կգանք, այծամին մեքենայով կտանենք, հա՞։

Մի րոպե Ռոբերտը մտքերի մեջ ընկավ։ Քայի խոսքերը խելքին մոտ էին։ Ասենք, մայրիկն էլ, անշուշտ, արդեն սկսել է անհանգստանալ։ Դեռ, մեկ էլ տեսար, մտածմունքից մազերը ճերմակեցին։ Սարսափելի է։ Ինչպես էր մոռացել մայրիկին։

― Դե, գնացինք, ― ասես գուշակելով Ռոբերտի մտքերը՝ ասաց Քայը։ Նա միշտ էլ գլխի էր ընկնում, երբ Ռոբերտն սկսում էր տատանվել։

Քայը շրջվեց ու գնաց դեպի տուն։

Ռոբերտը շատ էր ուզում նետվել ընկերոջ ետևից, սակայն տեղից չշարժվեց։

― Քա՛յ, մնա՛, ― կանչեց Ռոբերտը։

Սակայն Քայը չլսեց ընկերոջը․ նա բարձրաձայն երգում էր՝ աղավաղելով մեղեդին։

Երբ Քայը ծածկվեց մոշի թփերի ետևում, իսկ ձայնը խլացավ ամպրոպի հերթական ճարճատյունից, Ռոբերտը քիչ մնաց լաց լիներ։ Նա սարսափելի վախեցավ, ինչպես երբեք չէր վախեցել կյանքում։ Բայց անօգնական կենդանուն աղվեսի երախում թողնել անկարող էր։ Իսկ հանկարծ այնտեղ, մթին թավուտում, ոչ թե աղվես լիներ, այլ․․․ վիշա՞պ, որը միանգամից կուլ կտա այծյամին։ Դե ինչ, Ռոբերտը կպաշտպանի նրան նաև վիշապից։ Նա կդառնա խիզախ ասպետ, թույլերի պաշտպան։ Իսկ եթե դա եղած֊չեղած աղվես է, ավելի լավ։ Իրենց դասարանի տղաներից ո՞վ կարող է պարծենալ, թե ինքը մեն֊մենակ կռվել է աղվեսի հետ։ Բայց ահա կրկին փայլատակեց կայծակը, կրկին ճայթեց ամպրոպը, և Ռոբերտը դողաց ավելի սաստիկ, քան վիրավոր այծյամը։ Եվ միայն մի բանի մասին էր մտածում․ «Լավ կլիներ, եթե Բոսսոն ինձ հետ լիներ»։

IX

Նյու֊ֆաունդլենդը քերծե չէ, որի համար ոչինչ է մի քանի կիլոմետր վազելով գնալը։

Դեռ ռադիոգործարանի մոտ Բոսսոն փնչացրեց, ինչպես շոգի արձակող լոկոմոտիվը։

Թաց ասֆալտից արևի տակ գոլորշի էր բարձրանում։ Արևի տա՞կ։ Այո, որովհետև այստեղ ամպրոպն արդեն անցել էր։ Երկնքում փայլում էր արեգակը, և քամին քշել էր վերջին ամպերը։ Ռադիոգործարանից դուրս թափվեց մարդկանց հոսանքը։ Աշխատանքային շաբաթվա վերջին օրն էր։

Բոսսոն հոգնած սնգսնգոցով շարունակեց իր ճամփան։ Խոնավ բուրդը կպել էր մարմնին։ Դեռ երբեք առիթ չէր եղել այդքան երկար վազել։ Իսկ մինչև քաղաքապետարան, որի կողքին ապրում էր բժիշկը, դեռ շատ ճանապարհ կար։

Տրամվայի պարկից սկսվում էին արդեն Կյոպենիկի՝ Բեռլինի արվարձանի բազմահարկ շենքերը։ Այստեղ փողոցային երթևեկությունը չափազանց աշխույժ էր, ճարճատում էին մոտոցիկլետները, գվվում էին ավտոմեքենաները, սլանում էին հեծանվորդները, և մայթերին իրենց գործերին էին շտապում կամ պարզապես զբոսնում էին անցորդները։ Խանութներում աշխույժ առևտուր էր։ Երեխաները վազում էին հայրերին դիմավորելու և օգնում էին մայրիկներին՝ տանելու մթերքով լի պայուսակները։ Եվ ոչ մեկի պետքն էլ չէր Բոսսոն, որն այնպես էր հալից ընկել, որ նույնիսկ մոտակա նախաճաշարանից հասնող տապակած երշիկի բուրմունքը չկանգնեցրեց նրան։

Սակայն նպատակակետն արդեն մոտ էր։ Ահա և քաղաքապետարանը։

Թիթեղագործ Շտիֆը քառորդ ժամ շուտ էր տեղ հասել հենց այն տրամվայով, որտեղից քշեցին Բոսսոյին։ Շտիֆը քաղաք էր եկել արճիճ գնելու և արդեն գնել էր։ Նա արդեն ուզում էր ետ դառնալ ու տրամվայի էր սպասում, երբ կրկին տեսավ Բոսսոյին։ Շունը վազում էր հենց քաղաքապետարանի կողքով։

― Բոսսո, ― կանչեց զարմացած թիթեղագործը։ ― Չէ՞ որ քեզ տուն ուղարկեցինք։

Բոսսոն այնքան էր հոգնել, որ չէր կարող թիթեղագործից խուսափել։ Բացի այդ, նրա մտքով անգամ չէր անցնում, որ այդ մարդը ուզում էր իրեն հետը տանել։ Դրա համար էլ Բոսսոն միայն թեթևակի թափահարեց պոչը, երբ նրա ծոծրակին իջավ թիթեղագործի ձեռքը։ Շունը ուզում էր բացատրել, որ ինքը ժամանակ չունի, որ պիտի վազի բժշկի մոտ։ Բայց, ավա՜ղ, Շտիֆը չէր հասկանում շների լեզուն։ Ինքը տանը թութակ էր պահում, որը կարողանում էր խոսել մարդու նման։ Դրա համար էլ թիթեղագործը չհասկացավ շանը։ Բոսսոն վախեցած վնգստաց ու փորձեց պոկվել նրանից։ Սակայն բան դուրս չեկավ․ բոլոր թիթեղագործներն էլ ուժեղ ձեռքեր ունեն, բացի դրանից, Շտիֆը նաև լավ հարևան էր։ Եվ նա ուզում էր ինչ գնով էլ լինի Բոսսոյին տուն տանել։

Զընգացնելով կանգ առավ տրամվայը։

― Գնացինք, Բոսսո, ― ասաց Շտիֆը։

Մինչև բժշկի բնակարանը ընդամենը հարյուր մետր էր մնացել։ Բայց տրամվայի կանգառը ավելի մոտ էր։ Եվ թիթեղագործ Շտիֆը, ուժ գործադրելով, բայց աշխատելով ցավ չպատճառել շանը, նրան հրեց դեպի տրամվայի ոտնակը։

― Տո՛ւն գնա, Բոսսո, Ռոբերտի մո՛տ, ― համոզում էր թիթեղագործը շանը, որը չէր ուզում տրամվայ բարձրանալ։

Բայց ախր Բոսսոյին խիստ անհրաժեշտ էր բժշկի մոտ գնալ։ Ռոբերտը սարսափելի կզայրանա, երբ իմանա, որ իր հրամանը չի կատարված։

Եվ հուսահատությունից Բոսսոն բարձր հաչեց, ասես օգնության էր կանչում տիրոջը՝ «Հա՛ֆ֊հա՛ֆ։ Հա՛ֆ֊հա՛ֆ»։

X

Իր մահակը պինդ բռնած՝ Ռոբերտը պպզել էր այծամի կողքին ու սպասում էր։ Սպասում էր, թե երբ ամպրոպը կդադարի, երբ կգա Քայը իր հոր՝ տաքսու վարորդի հետ, երբ բժշկի մոտից կվերադառնա Բոսսոն։ Վերջապես սպասում էր մեծ կամ թեկուզ փոքր հրաշքի, որը պիտի դժբախտությունից ազատեր իրեն ու խնամարկյալին։ Սակայն ամպրոպը միտք էլ չուներ հանդարտվելու, և ոչ ոք էլ չէր գալիս, ու ոչ մի հրաշք էլ առայժմ չէր կատարվում։

Ռոբերտին թվաց, թե ինքը արդեն մի ամբողջ հավիտենություն սպասում է։ Մինչև այժմ նա գիտեր, որ ժամանակը կարող է թռչել շատ արագ։ Հատկապես երբ ինչ֊որ բանով տարված ես։ Իսկ հիմա հասկանում էր՝ երբեմն վայրկյաններն անգամ կարող են ձգվել հավերժության պես։ Եվ դա կատարվում է այն ժամանակ, երբ փորձանքի մեջ ես։

Բոլոր տեսակի մտահոգություններից բացի, Ռոբերտին նորից տանջում էր խիղճը։ Ախր ինքը կարող էր, չէ՞, Քային խնդրել, որ վազի իրենց տուն ու մայրիկին զգուշացնի, թե, իբր, այսպես ու այսպես, ձեր Ռոբերտը առայժմ ստիպված է անտառում մնալ։

«Իսկ պե՞տք էր, որ ես այստեղ մնայի, ― մտածեց տղան, ― թփերի տակ խաղաղ է։ Եվ այծամն էլ ոնց որ թե քնեց․․․»։

Երկու սևագորշ ագռավ թռան գլխավերևով և քիչ մնաց դիպչեին ծառերի կատարներին։ Նրանց խռպոտ կռավոցներից Ռոբերտը ցնցվեց։ Ագռավներն իջան բարձր սոճու կատարին, որ գտնվում էր եղեգնուտի մեջտեղում, և սկսեցին թափահարել թևերը։ «Կը՜ռռ֊կը՜ռռ», ― անդադար կռկռում էին նրանք, և այդ ձայնը Ռոբերտին այսօր ինչ֊որ չարագուշակ էր թվում։ Նա սկսեց տենդագին մտածել՝ գիշատի՞չ են այս թռչունները, թե ոչ։ Հիշում էր, որ ուսուցչուհին պատմել էր ագռավների մասին։ Բայց, ասես դիտմամբ, այդ դասի ժամանակ ինքն ու Քայը, փրփուրը բերաններին, վիճում էին, թե Երկրի վրա գիգանտոզավրերի ժամանակներում մարդիկ գոյություն ունեցե՞լ են, թե ոչ։ Ռոբերտն ասում էր՝ այո։ Իսկ Քայը հակառակն էր պնդում։ Դասամիջոցին այդ մասին հարցրին ուսուցչուհուն և իմացան, որ ճիշտ էր Քայը։ Է՛հ, գոնե այն ժամանակ հարցնեին՝ գիշատի՞չ են ագռավները, թե ոչ։ Կամ էլ պարզապես ուշադիր լսեին դասը․․․

Այդ պահին ագռավների կռկռոցը մարեց ինչ֊որ խուլ բվվոցից։

«Ինքնաթիռ է, ― գլխի ընկավ Ռոբերտը։ ― Եվ, հավանաբար, Մոսկվայից։ Ղեկին էլ հայրիկն է»։

Եվ չնայած Ռոբերտը չտեսավ ինքնաթիռը, այնուամենայնիվ, նրա բոլոր սարսափները ցրվեցին։ Մի՞թե հայրիկի համար հեշտ է վարել այդ մեքենան ամպրոպի ճայթյունների միջով և դեռ վայրէջք կատարել այսպիսի վատ եղանակին։ Դժվար է։ Այն էլ ինչպես։ Չէ որ նրան մարդկային կյանքեր են վստահված, իսկ Ռոբերտը պատասխանատու է ընդամենը մի վիրավոր կենդանու համար։

«Կը՜ռ֊կը՜ռ»։

«Կռռա, ագռավ, ինչքան կուզես։ Միևնույն է, թույլ չեմ տա այծամին վիրավորես»։

Մոտորների հռնդյունը ասես ջլատեց ամպրոպի ուժերը։ Երկինքը դեռ որոտում էր, բայց առաջվանից շատ թույլ։ Քամին պատառոտեց մութ ամպերը, և երկնքում հայտնվեցին լույսի շերտեր, որոնք րոպե առ րոպե մեծանում էին։ Անձրևը կտրվեց այնպես անսպասելի, ինչպես սկսվել էր։ Մատղաշ ծառերն ասես թեթևացած շունչ քաշեցին՝ իրենց վրայից թոթափելով ջրի կաթիլները։ Իրականում դա նրանց փոխարեն քամին էր անում։ Բայց նա էլ շուտով հրաժեշտ տվեց անտառին՝ աշխատելով ետ չմնալ հեռացող ամպրոպից։ Արևի թեք ճառագայթները փայլփլում էին տերևներից կախված կաթիլների մեջ։ Այծյամը բացեց աչքերն ու գլուխը բարձրացրեց։ Ռոբերտը ավելի ամուր սեղմեց իր զենքը։ Սակայն հիմա բոլորովին էլ չէր վախենում, իսկ եթե մի քիչ դողում էր, ապա, անպայման ցրտից էր։ Չէ որ նրա վրա չէր մնացել մի թել անգամ, որ չոր լիներ։ Բայց դա դժբախտություն չէր․ հիմա արդեն ամեն ինչ լավ կլինի։

XI

Ոչ լվացված կապույտ երկինքը, ոչ ծագող արևը չէին ուրախացնում ֆրաու Տիպոլդին ու ֆրաու Կովալսկուն։ Նրանք արդեն եղել էին Ռոբերտի ու Քայի բոլոր ընկերների տներում, որոնք մոտակայքում էին ապրում, սակայն իրենց որդիներին չէին գտել։ Դեռ ամպրոպի ժամանակ նրանք վազեցին լողափ, սակայն այնտեղ ոչ մի շունչ֊արարած չկար։ Ետ դառնալիս ֆրաու Տիպոլդն ու ֆրաու Կովալսկին անվերջ կանչում էին՝ «Ռոբե՜րտ, Քա՜յ, Բոսսո՜»։ Սակայն ամպրոպի դղրդոցը թույլ չտվեց տղաներին լսել նրանց ձայնը։

Եվ երբ ամպրոպը հանդարտվեց, մայրիկները ավելի անհանգստացան։ Մինչև հիմա հույս ունեին, թե Ռոբերտն ու Քայը անձրևից են պատսպարվել ինչ֊որ տեղ։ Բայց ահա անձրևն էլ կտրվեց, իսկ տղաները չկան ու չկան։ Նավաշինարանից վաղուց արդեն լսվել էր շչակի ձայնը։ Ռոբերտի համար դա միշտ ազդանշան էր, որ տուն գնալու ժամն է։

― Իսկ Քայը դեռ դասերն էլ չի սովորել, ― ասաց ֆրաու Կովալսկին։

Այդ պահին անկյունից զգույշ դուրս ելավ տաքսին։ Վարորդ Կովալսկին միշտ էլ զգույշ էր քշում խաղաղ փողոցներում, ուր ապրում էին բնավ էլ ոչ խաղաղ երեխաները։ Բացի այդ, անձրևից հետո ասֆալտը թաց էր ու սայթաքուն։

Կովալսկին շատ զարմացավ, որ Քայը չդիմավորեց իրեն։ Սովորաբար ճանապարհի մնացած մասը, մինչև ավտոտնակ, նրանք միասին էին գնում։ Իսկ այսօր Քայի ու Ռոբերտի փոխարեն անկյունում կանգնած էին կինն ու ֆրաու Տիպոլդը։

Կովալսկին արգելայեց։

― Ինչ որ բա՞ն է պատահել, ― մինչ կանայք կհասցնեին խոսել, հարցրեց նա։ Տաքսու վարորդը խորաթափանց մարդ չէր, բայց ֆրաու Տիպոլդը և ֆրաու Կովալսկին այնպես էին իրենց կորցրել, որ նրանց շուրջը արդեն հավաքվել էին հարևանները։

― Տղաներն ու շունը, ― դողացող ձայնով ասաց Ռոբերտի մայրը, ― նրանք․․․ նրանք լճից չեն վերադարձել։

Ֆրաու Կովալսկին լաց եղավ։

― Առանց խուճապի, ընկերներ, ― հանգիստ ասաց վարորդը։ ― Կգտնենք, առաջին անգամ հո չէ՞․․․

Հարևաններն անմիջապես ցանկություն հայտնեցին օգնել նրանց ու որոնել տղաներին։ Նրանցից մեկը շտապեց թաղային Կոպֆլեի մոտ, որը այդպիսի գործերում արդեն փորձ ուներ։ Հենց անցյալ շաբաթ Կոպֆլեն բռնեց թութակին, որը թռել֊փախել էր իր տիրոջից՝ թիթեղագործ Շտիֆից։ Ոչ ոք չէր կարող ասել, թե թաղայինին ինչպես հաջողվեց գտնել պստլիկ կանաչ թութակին հսկայական կանաչ անտառում։ Ճիշտ է, չար լեզուներն ասում էին, թե կրտսեր֊լեյտենանտը պարզապես կենդանաբանական խանութից ուրիշ թութակ է գնել։ Սակայն վարպետ Շտիֆը երդվում էր, որ ինքը միշտ էլ կճանաչեր իր Հանսիին։ Իսկ դա, ինչ խոսք, ամենամեծ փաստարկն էր։

Լսելով կատարվածի մասին՝ թաղային Կոպֆլեն մի րոպե մտքերի մեջ ընկավ։ Հետո ասաց․

― Հը՜մ, ա՛յ քեզ տղաներ։ Գուցե պարզապես խաղով են ընկել ու մոռացել, որ պետք է տուն գնան։ Բայց, համենայն դեպս, միջոցներ կձեռնարկենք։

Եվ մինչ Կովալսկիները խորհրդակցում էին ֆրաու Տիպոլդի ու հարևանների հետ, թե որտեղ որոնեն երեխաներին, կրտսեր Լեյտենանտը զանգահարեց ժողովրդական ոստիկանություն։

― Կորել են երկու տղա, ― զեկուցեց նա, ― այո, երկու տղա և մի շուն․․․

XII

― Բո՛սսո, ― կանչեց թիթեղագործ Շտիֆը։ ― Այդ ո՞ւր։

Բայց արդեն ուշ էր։ Մի ոստյունով Բոսսոն տրամվայից թռավ ուղիղ սալահատակի վրա։ Վարպետ Շտիֆը ձեռքը գրպանն էր տարել տոմսի արժեքը վճարելու և մի ակնթարթ բաց էր թողել շանը։ Դրանից էլ հենց օգտվել էր Բոսսոն։ Մոտոցիկլետներից ու ավտոմեքենաներից խույս տալով՝ նա թաքնվեց քաղաքապետարանի մոտի նեղ նրբանցքում։ Շտիֆը տարակուսանքով տարուբերեց գլուխն ու փնթփնթաց․

― Տարօրինակ է, նա միշտ լսող է եղել, և հանկարծ․․․ Իսկ գուցե նա իսկի էլ Բոսսոն չէ՞։ Ուղղակի նրան նման մի նյուֆաուդլե՞նդ է։ Չէ որ, օրինակի համար, ես մինչև հիմա համոզված չեմ, թե իմ տան թութակն իրոք իմն է․․․

Մինչ թիթեղագործը վերլուծում էր իր խառնաշփոթ մտքերը, Բոսսոն արդեն գտավ բժշկի բնակարանը։ Ընդունարան տանող փակ դուռը բոլորովին չշփոթեցրեց շանը։ Բոսսոն կարողանում էր բացել ցանկացած դռները, միայն թե բռնակով լիներ։ Ետևի թաթերին կանգնելով՝ առջևի թաթերով սեղմում էր բռնակը։ Դուռը բացվում էր։

Անասնաբույժի մոտ ետճաշյա ընդունելությունը ավարտին էր մոտենում։ Ընդունարանում դեռ նստած էին տարեց մի մարդ՝ իր ծեր կատվի հետ, երիտասարդ մի կին՝ թութակի հետ, և երկու պառավ, նրանք, որ տրամվայում էին իրենց պստլիկ տաքսայի հետ։ Բոսսոյի վրա հաչելիս նա սկսել էր զկրտալ, և հիմա զկրտում էր յուրաքանչյուր երեք վայրկյանը մեկ։ Սակայն դա չխանգարեց նրան, որ նորից հաչի Բոսսոյի վրա։

― Հանգստացիր, Պուսսի, ― ասաց պառավներից մեկը, ― նա կարող է քեզ կծել։

Բոսսոն տաքսային նույնիսկ իր հայացքին չարժանացրեց։ Ի՞նչ գործ ունի այդ զկրտացող շնիկի հետ։ Նա դիմեց ուղիղ դեպի բժշկի առանձնասենյակը։ Բոլորը զարմացած հայացքներով ուղեկցեցին նրան։ Ետևի թաթերին բարձրանալով՝ Բոսսոն փորձեց բացել և այդ դուռը։ Բայց այստեղ ավելի բարձր սկսեց հաչել տաքսան, ֆշշացրեց ու մազերը ցցեց կատուն, իսկ թութակը զայրացած գոռաց․

― Դե՛, դե՛, այդ ո՞վ է։ Դե՛, դե՛, այդ ո՞վ է։

Բոսսոն ժամանակին հիշեց, որ բժշկի ընդունարանում պետք է սպասել։ Ամաչելով, նա քաշվեց ամենահեռավոր անկյունը, պառկեց ու գլուխը դրեց թաթերին։ Նա այնպես էր հոգնել, որ աչքերը փակվում էին։

Վերջին անգամ զկրտալով՝ լռեց տաքսան։ Կատուն դադարեց ֆշշացնելուց։ Թութակը գոհունակությամբ թափահարեց թևերն ու կռավեց․

― Բռռա՜վո, բռռա՜վո։ Կարգին է։

Սակայն Բոսսոն այլևս ոչինչ չէր լսում։ Նա քնած էր։ Բայց քնի մեջ էլ շարունակում էր վազե՜լ, վազե՜լ, վազե՜լ․․․

― Խնդրե՛մ, հաջորդը, ― ընդունարան դուրս գալով՝ ասաց բժիշկ Կրեմերը։

Բայց երիտասարդ կինը միայն հարցրեց՝ կարելի՞ է կոնֆետ տալ թութակին, թե ոչ։

― Երբեմն կարելի է, ― ասաց բժիշկը։ ― Բայց արևածաղկի սերմն ավելի լավ է, ավելի օգտակար։

Կատուն նույնպես շատ ժամանակ չխլեց։ Նրա տերն ուզում էր իմանալ, թե ինչու է իր կատուն դադարել մուկ որսալուց։ Բժիշկը ժպտալով նախ նայեց ծեր կատվին, հետո տիրոջը և մտերմաբար հարցրեց․

― Պապիկ, իսկ դուք պարահանդես գնո՞ւմ եք։

― Օ՜, աստված ոչ անի, ― բացականչեց ծերուկը։ Եվ միայն այդտեղ հասկացավ բժշկի խոսքերը։ Նա շնորհակալություն հայտնեց, գլուխ տվեց ու գնաց։

Պառավները դժգոհեցին, որ իրենց շունը հաճախակի զկրտում է։ Բայց տաքսան արդեն դադարել էր զկրտալուց և ծուռ թաթերի վրա շորորալով՝ դիմեց դեպի դուռը։ Նրա ետևից շտապեցին պառավները։

― Վե՛րջ, ― թեթևացած շունչ քաշելով ասաց բժիշկը։ Նա փակեց մուտքի դուռն ու, Բոսսոյին չնկատելով, ուղղվեց ետնամուտի կողմը։ Լարված աշխատանքային օրվանից հետո նա արդեն կանխավայելում էր ընթրիքը։

Խե՜ղճ Բոսսո։ Մի՞թե քո բոլոր ջանքերը անտեղի պիտի անցնեին։ Դու վաղը ախր ամոթից կմեռնես։

«Հա՛ֆ֊հա՛ֆ»։

Բժիշկ Կրամերը կանգ առավ կես ճամփին ու ականջ դրեց։

«Հա՛ֆ֊հա՛ֆ»։

Բժիշկը արագ վերադարձավ ընդունարան։ Ա՛յ քեզ բան․ անկյունում պառկած է Բոսսոն ու հաչում է երազում։

― Բո՛սսո, ― ձայն տվեց բժիշկը։ ― Այդ ի՞նչ ես անում։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս ես ընկել այստեղ․․․ Դե արթնացիր։

Բոսսոն բացեց աչքերն ու պլշած նայեց բժշկին։ Առաջին պահին նա նույնպես զարմացավ, հետո թռավ տեղից և անհանգիստ հաչելով, վազեց դռան մոտ, ասես ուզում էր իր շնային լեզվով պատմել ողջ պատմությունը։

Բայց, դժբախտաբար, նույնիսկ ամենախելացի անասնաբույժը չի հասկանում այդ լեզուն։

«Հա՛ֆ֊հա՛ֆ։ Հա՛ֆ֊հա՛ֆ»։

― Ինչպես տեսնում եմ՝ ոչ մի տեղդ չի ցավում, ― մտազբաղ ասաց բժիշկ Կրեմերը։ ― Բայց եթե այսքան անհանգիստ ես, ուրեմն մի պատճառ կա։ Բայց ի՞նչ պատճառ։ Եվ ո՞ւր է Ռոբերտը։

Լսելով Ռոբերտի անունը՝ Բոսսոն սրեց ականջները, բարձր կլանչեց ու գալարվեց ամբողջ մարմնով՝ գլխից մինչև պոչը։

― Այո՜, ― կամաց հոգոց հանելով ասաց բժիշկը, ― ստիպված եմ քեզ տուն տանել։ Բայց որտե՞ղ ես ապրում։ Ա՛խ, հա՜, հիշեցի՝ Երկարավուն լճակի մոտ։ Դե, գնացինք, Բոսսո։

Երբ բժիշկ Կրեմերը նստեց իր փոքրիկ մեքենայի ղեկի մոտ, Բոսսոն զգացմունքների հորդումից իր խոնավ, սառը դնչով հպվեց նրա ծոծրակին։ Գնացին։ Բայց այս ինչո՞ւ հանկարծ բժիշկը արգելակեց ու մեքենան մոտեցրեց մայթեզրին։ Այն պարզ պատճառով, որ լսեց ոստիկանական ավտոմեքենայի շչակի ձայնը՝ տա֊տու֊տատա՜․․․ Օհո՛, մեկի տեղը երկուսն են։ Մեքենաների տանիքին վառվում է կապույտ լույսը՝ տագնապի նշան։

Մեքենաները սլացան Մյուհելվալդի ու Երկարավուն լճակի կողմը։ Բժիշկ Կրեմերն ու Բոսսոն, իհարկե ոչ այդպիսի արագությամբ, հետևեցին նրանց։ Եվ առանց շչակի։ Բայց, դրա փոխարեն, ուրախ «հա՛ֆ֊հա՛ֆ»֊ով։

XIII

Դարձյալ կռկռում էին գորտերը և ծլվլում էին թռչունները։ Վերջին անգամ բարեհոգաբար, ասես ներողություն խնդրելով, թնդաց ամպրոպը։ Արեգակի ճառագայթները ավելի շեղակի էին ճեղքել֊անցել ծառերի տերևների միջով։ Այդ նշանակում էր, որ արևը ուր որ է դուրս կգա։ Դա տեսնելու համար Ռոբերտը պիտի բարձրանար ծառը։ Բայց դրա սիրտը չուներ․ երեք ագռավ պտտվում էին ուղիղ նրա ու այծյամի գլխավերևում։ Նրանց սովահար, խռպոտ կռկռոցը կարող էր ուրիշ գիշատիչների էլ այս կողմը գրավել։ Իսկ որ ագռավները գիշատիչ թռչուններ էին, Ռոբերտը համարյա չէր կասկածում։ Այլապես ինչու պիտի այդպես կռավեին։ Է՜յ, դուք, օրապակաս արծիվներ, զգուշացեք։

Ռոբերտը բարձրացրեց «հրացանը», նշան բռնեց ու կրակեց՝ «բո՜ւմ»։ Ափսոս, որ իսկական հրացան չուներ։ Բայց կարելի է և փայտ նետել ագռավների վրա։ Ըհը՛, վախեցան։

Ագռավներն, իրոք, թռան, մի քանի մետր վեր բարձրացան։ Արգելանոցի վրա կախվել էր գոլորշու ամպը։ Կովի առվի ջուրը չորս մատ բարձրացել էր և հիմա ավելի արագ էր հոսում, քան տեղատարափից առաջ էր։ Օղակ֊օղակ հոսում էր անձայն, հենց կողքին։ Շուտով նրան կկլանի Երկարավուն լճակը։ Գուցե այնտեղ է նրա տունը։

Այծյամը համաչափ էր շնչում, նա այլևս չէր դողում և, թվում էր, բոլորովին չէր վախենում Ռոբերտից։ Ի՜նչ բարի, շագանակագույն աչքեր ունի։ Ճիշտ Բոսսոյի աչքերի նման։

Հանկարծ Ռոբերտը հիշեց, թե ինչպես մի անգամ Բոսսոն, երբ դեռ ձագուկ էր, փողոց վազեց ու մոլորվեց։ Այն ժամանակ նրան ռադիոգործարանի պահակն էր գտել ու տարել գտնված իրերի բյուրո։ Միայն թե դա սովորական բյուրո չէր, այնտեղ պահում էին տերերին կորցրած կենդանիներին։ Իսկ եթե հանկարծ Բոսսոյին էլի նման մի բան պատահած լինի՞։

Այդ դեպքում մնում է հույսը դնել միայն Քայի վրա։ Նա պիտի որ վաղուց արդեն տանը լինի։ Բայց հանկարծ ու նրա հայրը դեռ վերադարձած չլինի, հանկարծ հեռավոր երթուղի ունենա։ Այդ դեպքում Քայը, միևնույն է, կվազեր Ռոբերտենց տուն կամ էլ թաղային Կոպֆլեի մոտ։ Եվ նրանցից մեկնումեկը արդեն այստեղ կլիներ։ Այնուամենայնիվ, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ոչ ոք չի գալիս։

Ռոբերտը ականջ դրեց։ Բայց գորտերի կռկռոցից, թռչունների դայլայլից ու ագռավնեերի կռավոցից բացի, ոչինչ չէր լսում։

― Դե մի՛ վախենա, ― շշնջաց այծյամի ականջին։ ― Ես Բազեի Աչքն եմ։ Չէ, ես Ռոբինզոնն եմ։ Իսկ դու կլինես Ուրբաթը, որովհետև այսօր ուրբաթ է։ Թե՞ հինգշաբթի է։ Դե, դա գործին չի խանգարում, ընդհանուր առմամբ, դու վախենալու բան չունես։ Եթե նույնիսկ բոլորովին մթնի։ Գիշերը ագռավները քնում են։ Իսկ բվերը․․․ բվերը միայն մկներ են ուտում։

Տա՜֊տո՜ւ․․․ տա՜֊տո՜ւ․․․

Սա ի՞նչ է, հրշեջ խո՞ւմբ։ Հավանաբար ինչ֊որ տեղ կայծակը խփել է տանը։ Այդ դեպքում զարմանալի չէ, որ ոչ ոք չի գալիս։ Հրդեհով տարված, Քայը, իհարկե, մոռացել է և՛ Ռոբերտին, և՛ այծյամին։ Քայը ընդհանրապես շատ մոռացկոտն է։ Եթե սկսի օգնել հրշեջներին, բոլորովին կմոռանա Ռոբերտի մասին։ Իսկ եթե Բոսսոն չի հասել անասնաբույժի մո՞տ․․․ Բայց ավելի լավ է այդ մասին չմտածել։

Ռոբերտին այնպիսի մի թախիծ պատեց, ինչպես չէր պատել նույնիսկ ամպրոպի ժամանակ։ Բայց Ռոբինզոնն էլ լավ չէր զգում, երբ առաջին անգամ գիշերեց կղզում։

Եվ իսկապես, Ռոբինզոնն ինչպե՞ս անցկացրեց այդ առաջին գիշերը։ Ախ, հա՜, նա մագլցեց ծառը։ Բայց կողքին վիրավոր այծյամ չկար։ Իսկ ի՞նչ կաներ նա․․․

― Իմացա՜, ― բարձրաձայն ասաց Ռոբերտը։ ― Ես մեզ համար խրճիթ կսարքեմ։ Դու առայժմ պառկիր, իսկ ես անմիջապես գործի անցնեմ։

Արգելանոցում շատ չոր ճյուղեր ու տաշեղներ կային։ Դրանք հավաքելով՝ Ռոբերտը հողի մեջ ձեռքի հաստության երեք փայտ խրեց։ Նրանց ներքևի ծայրերը այծյամի շուրջը եռանկյունի կազմեցին, իսկ վերևի ծայրերը միացան իրար։

Ո՞ւր է պարանը։ Հա, դրանով երկտողը կապեցի։ Ոչինչ, թաշկինակն էլ կլինի, թեկուզ այնքան էլ մաքուր չէ։ Խրճիթի կմախքը պատրաստ էր։ Մնում էր պատերը շինել։ Դա առաջին հյուղակը չէր, որ պատրաստում էր Ռոբերտը։ Եվ դեռ ձեռքի տակ եղած նյութերի առատության շնորհիվ գործը արագ էր ընթանում։ Նույնիսկ փորձված ճանապարհորդը դժվար թե կարողանար այսքան կարճ ժամկետում իր համար կացարան կառուցել։ Այս մասին Ռոբերտը շուտ պիտի մտածեր։ Այն ժամանակ այսպես չէր թրջվի մինչև վերջին թելը։

― Հափչի՛։

Այծյամը ցնցվեց։ Հետաքրքիր է՝ այծյամները հարբուխով հիվանդանո՞ւմ են։ Հյուղակի մեջ պատերը երկարավուն ստվերներ էին գցել։ Ռոբերտը հիանում էր իր աշխատանքով և հանկարծ նկատեց, որ մոռացել է հյուղակին դուռ թողնել։ Դե, դա անուղղելի չէ։ Առջևի պատի տակ զգուշությամբ փորելով փափուկ մամուռը՝ Ռոբերտը ոչ լայն մի անցք բացեց։ Վե՛րջ, ամեն ինչ կարգին է։ Ոչ թե խրճիթ է, այլ իսկական դղյակ։

Եվ ա՛յ քեզ հրաշք, տեսողությունից կորցնելով այծյամին՝ ագռավները հիասթափված կռկռացին ու թռան֊գնացին։ Իսկ գուցե պարզապես գնացին քնելո՞ւ։

Արդեն մթնում էր։ Եվ ինչո՞ւ են սեպտեմբերյան երեկոներն այդքան կարճ։ Արևը չի հասցնում մայր մտնել, և աղջամուղջին փոխարինելու է գալիս գիշերը։ Երբեմն ուտել անգամ չես հասցնում։ Ի դեպ, ուտելու մասին։ Ռոբերտի ստամոքսում վաղուց դատարկություն է։ Բայց դա դժբախտություն չէ․ շուրջը մոշի թփեր են։ Սովից չես մեռնի։

Այծամի համար մի բուռ մոշ հավաքելով՝ Ռոբերտը մտավ հյուղակ։ Է՛հ, եթե ներսում այսպիսի խավար չլիներ։ Հատապտուղը բոլորովին էլ չմեղմացրեց քաղցը։ Նույնիսկ ընդհակառակը։ Դե, ի՞նչ կարող էր անել։ Բայց դրա փոխարեն վախենալ էլ պետք չէ։ Ռոբերտն սկսեց մտածել մոր մասին։ Հավանաբար, հրդեհն արդեն մարել էին, եթե իրոք եղել էր։ Եվ մայրը հիմա, հալից ընկնելով, որդուն է որոնում։ Նա չէ՞ որ կարող էր մտածել, թե Ռոբերտը խեղդվել է։ Իսկ եթե Բոսսոն վազել է ոչ թե բժշկի ետևից, այլ տո՞ւն։ Դա ավելի վատ կլինի։ Իսկ ի՞նչ պատահեց Քային․․․

Հազարավոր գարցեր, և ոչ մի պատասխան։

Այծյամը անհանգիստ շարժվեց։ Գոնե նա շուտ քներ։ Այդ ժամանակ կկարողանար արագ վազել տուն։

― Քնիր, ― շշուկով խնդրեց Ռոբերտը։ ― Իսկ ես կվազեմ տուն։ Նույնիսկ Ռոբինզոնը առաջին գիշերը քիչ մնաց վախից մեռներ։ Ճիշտ եմ ասում, այդպես է գրված գրքում։ Քնի՛ր։

Այդպիսի պստլիկ խրճիթում կարելի է երգել, բայց միայն չաթազանց մեղմ։ Որովհետև մութը գնալով խտանում էր։ Իսկ մթության մեջ չեն գոռում։ Մթության մեջ ամեն ինչ խաղաղվում է ու անլսելի դառնում։ Հատկապես անտառում։

XIV

Բժիշկ Կրեմերն իր «Տիեզերանավը» (ավտոմոբիլն այդ մակնիշի էր) կանգնեցրեց Տիպոլդների տան մոտ։ Այստեղ արդեն կանգնած էին ոստիկանական երկու ավտոմեքենա, որոնցից մեկի մեջ նստել էր սերժանտն ու զեկուցում էր ռադիոհեռախոսով․

― Տղամերի ու շան որոնումներն արդեն սկսված են․․․

«Հա՛ֆ», ― հաչեց Բոսսոն, բայց ոչ այն պատճառով, որ իր մասին էլ հիշատակեցին զեկույցի մեջ, այլ նրա համար, որ տեսավ օդանավի հրամանատար Տիպոլդին ու թիթեղագործ Շտիֆին։

― Ահա և նա, ― թեթևացած բացականչեց Տիպոլդը։ Վարպետ Շտիֆը հենց նոր նրան պատմում էր, որ Բոսսոն մեն֊մենակ թափառում էր քաղաքապետարանի մոտակայքում։

― Դուք, հավանաբար, ուրիշ նյուֆաունդլենդ եք տեսել։

Շտիֆը գլուխը տարուբերեց։ Բոսսոյի պատմությունը նրան ավելի առեղծվածային էր թվում, քան իր թութակի պատմությունը։ Նա պատրաստ էր երդվել, որ քաղաքապետարանի մոտ տեսել է հենց իրեն՝ Բոսսոյին։ Բայց ինչպե՞ս Բոսսոն այսքան շուտ հայտնվեց տանը։

Բժիշկ Կրեմերը մոտեցավ Տիպոլդին ու գլխարկը հանեց․

― Բարի երեկո։ Ես բերել եմ ձեր ճանապարհորդին։

Այդ լսելով սերժանտը լարվեց։ Լարվեց և Տիպոլդը․ նա նոր միայն նկատեց իր տան մոտ կանգնած ոստիկանին։ Բոսսոն բարձր հաչելով նետվեց դեպի տերը։

― Ի՞նչ է պատահել, ― հարցրեց Տիպոլդը։

Դժբախտաբար, Բոսսոն խոսել չէր կարող։ Իսկ վարպետ Շտիֆը ինչ գիտեր, այն էլ պատմել էր։ Բժիշկ Կրեմերը նկատեց, որ Բոսսոյի վարքագիծը ինչ֊որ տարօրինակ է։ Եվ այստեղ մեքենայից դուրս եկավ սերժանտն ու դիմեց բժշկին․

― Եթե այս շան անունը Բոսսո է, ուրեմն մենք հենց սրան ենք որոնում։ Սրան և երկու տղաների՝ Քային ու Ռոբերտին։

Սերժանտի խոսքերը ավելի վախեցրին հրամանատարին, քան երեք ամպրոպը միասին վերցած։ Սակայն նա անմիջապես տիրապետեց իրեն ու հանգիստ ասաց․

― Եթե շունը լքել է տղաներին, ուրեմն դրա համար պատճառ է եղել։ Ուրիշ կերպ լինել չէր կարող։ Բոսսո, որտե՞ղ է Ռոբերտը։

Ականջները ցցելով՝ Բոսսոն սլացավ դեպի անտառ։ Տիպոլդը, թիթեղագործ Շտիֆն ու Բժիշկը հետևեցին նրան։ Սերժանտը մեքենայի բաց պատուհանից վերցրեց ընկալուչն ու զեկուցեց․

― Շունը գտնվեց։ ― Մի քիչ մտածելուց հետո ավելացրեց․ ― Առաջարկում եմ, համենայն դեպս, խուզարկու շուն ուղարկել։

Բոսսոն ոստիկանական կրթություն ստացած խուզարկու շուն չէր։ Թե չէ այդպես գլխապատառ չէր վազի։ Դեռ անտառին չհասած՝ Տիպոլդը, Շտիֆը և բժիշկ Կրեմերը նրան կորցրին տեսողությունից։ Ճիշտ է, նրանք աշխատում էին գոնե Բոսսոյի հաչոցի ուղղությամբ գնալ։ Սակայն անտառում դա դժվար էր, մանավանդ, որ հաչոցը կտրվեց։ Բոսսոն այրվում էր տիրոջը րոպե առաջ տեսնելու ցանկությամբ։ Նա արդեն չէր լսում, թե ինչպես էր Ռոբերտի հայրը կանչում․

― Բո՛սսո, սպասիր։ Դե սպասիր, Բոսսո․․․

Լեզուն դուրս գցած՝ շունը վազում էր Կովի առվակի երկայնքով և դրոշակի նման թափահարում էր պոչը։

Լողափ տանող ճանապարհի կեսին հրամանատար Տիպոլդը, Բժիշկ Կրեմերն ու Շտիֆը հանդիպեցին Կովալսկիներին ու ոստիկանական մյուս մեքենայի անձնակազմին։ Երկրորդ խումբը ֆրաու Տիպոլդի հետ շարունակում էր որոնումները հոսանքի ուղղությամբ։ Տիպոլդը սերժանտին համառոտակի պատմեց, թե ինչպես հայտնվեց ու կրկին կորավ Բոսսոն։ Ավագ սերժանտը հարցրեց, թե մոտավորապես ո՞ր ուղղությամբ անհետացավ շունը։ Հետո նայեց կողմնացույցին և գրպանի ռադիոկայանով մյուս խմբին հայտնեց, թե որ կողմը պետք է գնան նրանք։

― Կարծում եմ, ընկել ենք տղաների հետքի վրա, ― ավելացրեց նա։

Այն կողմում, ուր վազեց Բոսսոն, հանկարծ թռչուններն իրար անցան։

― Բարկանում են, որ խանգարեցին քնել, ― նկատեց Շտիֆը։

Երբ որոնող երկու ջոկատները հասան արգելանոցին, արդեն շատ էր մթնել։ Նույնիսկ տասը մետրի վրա ոչինչ չէր երևում։

― Ռոբե՜րտ, Ռոբե՜րտ․․․ ― ժամանակ առ ժամանակ կանչում էր ֆրաու Տիպոլդը։ Բայց այնպիսի հսկայական արգելանոցում, ինչպիսին Մյուհելվալդն էր, գոռալուց ի՜նչ օգուտ։ Խիտ թփուտները անմիջապես խլացնում էին ամեն մի ձայն։

Այծյամի մասին ոչինչ չիմանալով՝ ֆրաու Տիպոլդը ավելի շատ էր անհանգստանում։ «Հանկարծ Ռոբերտը ոտքը կոտրած՝ պառկած է ինչ֊որ տեղ», ― մտածում էր նա, ճեղքելով ձարխոտերը և ուշադրություն չդարձնելով փշերին, որոնք ճանկռում էին նրա դեմքն ու ձեռքերը։

Մյուսները դանդաղ և ուշադիր սանրում էին անտառը։ Բժիշկ Կրեմերը մոռացել էր նույնիսկ ընթրիքի մասին, իսկ թիթեղագործ Շտիֆին դադարել էր տանջել այն հարցը, թե արդյո՞ք չեն փոխել իր թութակին։ Կրտսեր լեյտենանտ Կոպֆլեն, չնայած իր զինվորական բարձր կոչմանը, ամեն հարցում լսում էր ավագ սերժանտին։ Սրա ձեռքին Մյուհելվալդի քարտեզն էր։ Բացելով քարտեզը՝ սերժանտը գտավ, որ իրենք սանրել են արդեն ամբողջ տարածության ուղիղ մեկ երրորդը։ Եվ որ այդ մեկ երրորդում մի նապաստակ անգամ աչքներից չի վրիպել։

Քայլ առ քայլ առաջ են շարժվում տասնյոթ մարդ, որոնք որոնում են երկու տղայի։ Ախ, հա՜, նաև մեկ շան։

XV

Հայտնի գազանորս Ռոբերտը նստել էր չոր ցախերով ծածկված հյուղակում, որ պատրաստել էր սեփական ձեռքերով։ Նրան վիճակված էր գիշերը անցկացնել կուսական անտառում, վիրավոր անտիլոպի ընկերակցությամբ։ Խրճիթի բարակ պատերի միջով հանկարծ առյուծի մռնչյուն լսվեց։

Ռոբերտը շունչը պահեց։ Վախը նրան դուրս բերեց կիսանիրհից, և նա անմիջապես գիտակցեց, որ գտնվում է ոչ թե աֆրիկական ջունգլիներում, այլ Մյուհելվալդում։ Մանավանդ որ որոշակի լսեց, թե ինչպես էր առյուծը մռնչում ու մագիլներով պոկոտում ճյուղերը։ Նա լսեց գազանի շնչառությունը։

«Հա՛ֆ֊հա՛ֆ»։

― Բոսսո, ― լալով ու ծիծաղելով գոռաց Ռոբերտը։ ― Բոսսո, սիրելիս, դո՞ւ ես։

Բոսսոյի մեծ գլուխը հյուղակի պատի ճեղքից ներս խցկվեց։ Հավանաբար, այծյամն էլ էր երազում ջունգլիներ տեսնում, որովհետև նա բարի Բոսսոյին կատաղի առյուծի տեղ ընդունեց և նույնիսկ փորձեց տեղից վեր թռչել։ Ռոբերտը մի ձեռքով պահեց նրան, մյուսով սկսեց պաշտպանվել Բոսսոյից, որը ուրախությունից բոլորովին կորցրել էր գլուխն ու ուզում էր համբուրել տիրոջը։

― Դե հանգստացիր, Բոսսո, ― ասաց Ռոբերտը։ ― Եվ խելոք մնա։ Թե չէ այծյամը իսկապես կկարծի, թե դու առյուծ ես։ Իսկ ո՞ւր է անասնաբույժը։

Անասաբո՞ւյժը։ Նա նույնպես շուտով այստեղ կլինի։

Որոնող ջոկատներն արդեն այնքան էին մոտեցել Ռոբերտի թաքստոցին, որ լսվում էր Բոսսոյի հաղթական հաչոցը։

Բոլորը սրընթաց նետվեցին դեպի հյուղակ․ բժիշկը, Ռոբերտի հայրն ու մայրը, ոստիկանները, վարպետ Շտիֆը և մյուս հարևանները։ Միայն վարորդ Կովալսկին մեխվածի պես կանգնեց տեղում ու կմկմալով հարցրեց․

― Իսկ․․․ ու֊ո՞ւր է Քայը։

Եվ մարդիկ, որ այնպես բուռն կերպով ուրախացել էին ու աղմկում էին, անմիջապես լռեցին։ Իսկ Ռոբերտի մայրը, որ մի վայրկյան առաջ աշխարհի ամենաերջանիկ մարդն էր, նույնպես վախեցած նայեց Ռոբերտին, ինչպես Քայի հայրը։

― Ո՞ւր է Քայը։

― Նա ախր տուն վազեց, ― շփոթվեց Ռոբերտը։ ― Երեք․․․ թե․․․ չորս ժամ առաջ․․․

Անկեղծ ասաց, հազիվ մի ժամ անցած կլիներ, ինչ Ռոբերտը մենակ էր մնացել։

Ռոբերտի խոսքերը բոլորին սարսափեցրին։ Այնպիսի լռություն տիրեց, ասես հյուղակի առջև ոչ թե կենդանի մարդիկ էին, այլ արձաններ։ Բայց որտե՞ղ էր Քայը։

Իսկ այդ ժամանակ Քայը այդտեղից երեք հարյուր մետրի վրա էր։ Եվ դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկար, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Ամպրոպից ու վախից հալածված՝ Քայը առանց ճանապարհին նայելու սլանում էր տուն։ Եվ նրան էլ պատահեց նույնը, ինչ անտառում ուզածդ մարդուն կարող է պատահել։ Նա մոլորվեց։ Եվ չկարողացավ տան ճամփան գտնել նաև այն ժամանակ, երբ ամպրոպն արդեն դադարել էր։ Ճիշտ է, նա համարյա դուրս եկավ ավանի առաջին տների մոտ, բայց չտեսավ դրանք, որովհետև աչքերը արցունքով լի էին։ Սայթաքելով նա վազեց ետ, դեպի անտառ և երկու անգամ պտտվեց հյուղակի շուրջը, ուր պատսպարվել էին Ռոբերտն ու այծյամը։ Բայց հյուղակը նույնպես չտեսավ։ Այդպես էլ է լինում, որ մարդ մոլորվում է, և բոլորովին կարևոր չէ, թե որտեղ՝ Մյուհելվալդո՞ւմ, թե աֆրիկյան ջունգլիներում։

Մի ակնթարթ կանգ առնելով՝ Քայը ականջ դրեց։ Եվ հենց կողքին հևոց լսեց։ Դա միայն շուն կարող էր լինել։

Սակայն նյուֆաունդլենդի փոխարեն թփերի տակից դուրս թռավ մի գամփռ ու սկսեց իր հաղթական հաչոցը՝ «հա՛ու֊հա՛ու»։

Խուզարկու շների լեզվով սա նշանակում է՝ գտա։

Այստեղ նույնպես ոչ մի տարօրինակ բան չկա։ Երբ ծառայողական շներին ուղեկցողը հանձնարարություն ստացավ Մյուհելվալդում որոնել երկու կորած տղաներին, նա անմիջապես հեծանիվ նստեց և Արգուս գամփռի հետ հասավ մինչև վերջին կայան։ Ֆրաու Կովալսկին մնաց տանը՝ բան է, մեկ էլ տեսար Քայն ու Ռոբերտը հանկարծ վերադարձան տուն։ Զանգը հնչելուն պես դուռը բանալով ու Քայի փոխարեն ոստիկանին տեսնելով՝ նա կրկին հեկեկաց։ Բայց ուղեկցողը վստահ ասաց․

― Անհանգստանալու կարիք չկա, ֆրաու Կովալսկի։ Իմ Արգուսը կգտնի տղային, ինչպիսի անտառում էլ ուզում է լինի։ Նրան տղայի իրերից մի բան տվեք հոտոտելու։

Արգուսը հոտոտեց Քայի հին գուլպան և ավանից դուրս, անտառի ծայրին անմիջապես գտավ հետքը։ Դե, իսկ հետագայում ամեն ինչ շատ հեշտ եղավ։ Քայը չէր հասցրել շատ հեռանալ, երբ շունը անմիջապես գտավ նրան։

Որոնող ջոկատում լսեցին ոստիկանական շան հաչոցը։ Բոսսոն արձագանքեց, և բոլորը վազեցին այն կողմը, որտեղից լսվում էին շան հաչոցն ու Քայի բարձրաձայն զռոցը։

― Ահա թե որտեղ ես, երիտասարդ, ― որդուն տեսնելով՝ բացականչեց Կովալսկին։ Տաքսու վարորդի ձայնի մեջ և՛ զայրույթ կար, և՛ ուրախություն։

Ռոբերտն ու Քայը իրար նայեցին։ Երկուսի տեսքն էլ բավական խղճալի էր։ Երկուսն էլ մինչև վերջին թելը թրջված էին ու իրարից առաջ ընկնելով՝ փռշտում էին։ Բոսսոն էլ էր փռշտում ու թափահարում պոչը։

Բոլորը գրկախառնվում էին։ Միայն բժիշկ Կրեմերը ուշադիր զննում էր այծյամի կոտրած ոտքը։ Նայել֊վերջացնելուց հետո ասաց․

― Երեք շաբաթից հետո կթռչկոտի։

Ասես դիտմամբ, մարդկանց ետդարձի ճանապարհը լուսավորելու համար, ամպերի տակից դուրս լողաց լուսինը, և բոլորը ուղղվեցին դեպի ավան։ Վերջից վազում էին Բոսսոն ու Արգուսը, շան պես հոգնած, բայց շատ գոհ։ Այդ բանում նրանք ոչնչով չէին տարբերվում մարդկանցից։

XVI

Երկարավուն լճակի հայելանման մակերևույթին արտացոլվել են լուսինն ու աստղերը։ Կովի առվակում իրենց գիշերային համերգն են սկսել գորտերը։ Արթնացավ բուն ու ահեղաձայն գոչեց․ «Շու֊խու, շու֊խու»։ Բայց նրա ձայնը կարող էր վախեցնել միայն անտառամկներին։

Մկները վազվզվում էին զբոսաշրջիկների լքված իջևանատեղում, մերթ ընդ մերթ գտնելով ամեն տեսակ համեղ ուտելիք՝ երշիկի ու խոզապուխտի կտորտանք, պահածոյի կիսատ ամաններ, կեքսի ու խնձորի կարկանդակի փշրանքներ և տասնյակ ուրիշ ուտելիքներ։

Փափուկ ու անձայն դնելով թաթերը՝ արգելանոցը կտրեց անցավ աղվեսը։ Եթե հիմա նույնիսկ մտնի Ռոբերտի հյուղակը, միևնույն է, այնտեղ արդեն չի գտնի այծյամին։ Նրան իր հետ տարել է բժիշկ Կրեմերը, որպեսզի կոտրած ոտքին գիպս դնի։ Նա մտադիր է հենց վաղն առավոտյան նրան գազանանոց տանել, որտեղ խեղճը ուշքի կգա ապրած սարսափներից հետո։ Այսպիսով, «հռչակավոր գազանորս» Ռոբերտի երազանքները համարյա կատարվեցին։

Ռոբերտը հանգիստ ու անխռով քնած էր իր անկողնում։ Հավանաբար, ինչ֊որ լավ երազ էր տեսնում։ Օրինակ՝ դելֆին, որը հանկարծ դուրս է լողացել Երկարավուն լճից ու սկսել է երեխաների հետ խաղալ։

Իսկ, ա՛յ, Քայը չէր կարողանում քնել։ Հառաչելով, նա շուռումուռ էր գալիս տեղում ու մտածում էր․ «Անկեղծ ասած, ես չպետք է Ռոբերտին մենակ թողնեի։ Լավ չեղավ»։

Բայց ավելի շատ Քային անհանգստացնում էր մեկ ուրիշ բան․ վաղը ինքն ու Ռոբերտը պիտի գնային հիվանդանոց՝ սրսկվելու։ Պրոֆիլակտիկայի համար։ Պարզվում է՝ վայրի կենդանիներին ձեռք տալ չի կարելի, նրանցից կարող են կատաղությամբ վարակվել։ Նույնիսկ այնպիսի մի հրաշալի արարածից, ինչպիսին փոքրիկ այծյամն է։ Տեսնես Ռոբերտը վախենո՞ւմ է սրսկվելուց։

Ո՛չ։ Որովհետև Ռոբերտը քնեց ու երազում դելֆին տեսավ։ Դելֆինը լողալով Սև ծովից հասել էր Երկարավուն լիճ, որպեսզի Բոսսոյի ու երեխաների հետ ջրագնդակ խաղար։

«Հա՛ֆ», ― քնի մեջ հաչեց Բոսսոն։ Նա սրսկումից չէր վախենում և ոչ մի դելֆինի մասին էլ չէր մտածում։ Հնարավոր է, որ ոստիկանական գամփռ Արգուսի հետ լողի մրցման էր դուրս եկել։ Կամ հիշում էր, թե ինչ համեղ երշիկով հյուրասիրեցին իրենց Քայի ու Ռոբերտի ծնողները։