Վերջին թարմացում 11 Հունվարի 2018, 10:06

Կարամազով եղբայրներ։ Գիրք երկրորդ

Կարամազով եղբայրներ
◀ Կարամազով եղբայրներ։ Գիրք առաջին Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ ▶


Գիրք երկրորդ: Անպատեհ հավաքույթ

I: Գալիս են վանք

Գեղեցիկ օր էր, տաք ու պայծառ։ Օգոստոսի վերջն էր։ Սրբահոր հետ տեսակցությունը որոշված էր անել պատարագից անմիջապես հետո՝ մոտավորապես ժամը տասնմեկ անց կեսին։ Սակայն վանք այցելող մեր պարոնայք չբարեհաճեցին ներկա գտնվել պատարագին, այլ եկան ավարտից անմիջապես հետո։ Եկան երկու կառքով։ Առաջին պճնազարդ կառքի մեջ, որին երկու թանկարժեք ձի էր լծված, ժամանեց Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսովն իր հեռավոր ու շատ երիտասարդ ազգականի՝ Պյոտր Ֆոմիչ Կալգանովի հետ։ Այս երիտասարդը պատրաստվում էր համալսարան ընդունվելու, բայց Միուսովը, որի մոտ նա առժամանակ ապրում էր, չգիտես ինչ պատճառով, ուզում էր նրան քաշել―տանել իր հետ արտասահման՝ Ցյուրիխ կամ Իենա, որպեսզի այնտեղ համալսարան ընդունվի և ավարտի դասընթացը։ Երիտասարդը դեռ վարանում էր։ Մտախոհ էր ու ցրված։ Հաճելի դեմք ուներ, ամուր կազմվածք, բավական բարձր հասակ։ Հայացքը երբեմն տարօրինակորեն անշարժանում էր։ Բոլոր շատ մտացիր մարդկանց նման, երբեմն երկար ու սևեռուն նայում էր դիմացինին, այնինչ բոլորովին չէր տեսնում նրան։ Չխոսկան էր ու փոքր֊ինչ անճարակ, բայց մերթ ընդ մերթ, միայն թե երբ առանձին էր լինում որևէ մեկի հետ, հանկարծ սոսկալի զրուցասեր ու պոռթկուն էր դառնում և ծիծաղում էր ամեն մի դատարկ բանի համար։ Բայց արագ ու հանկարծակի սկսած նրա ոգևորությունը նույնքան արագ ու հանկարծակի հանգում էր։ Հագնվում էր միշտ լավ ու նույնիսկ նրբաճաշակ. արդեն մի որոշ ինքնուրույն հարստություն ուներ և դեռ շատ ավելին էր ակնկալում։ Ալյոշայի բարեկամն էր։

Մի շատ հին, ճռճռան, բայց լայնատեղ վարձու կառքով, որին լծված երկու գորշ-վարդագույն ձիերը շատ ետ էին մնացել Միուսովի կառքից, եկավ նաև Ֆյոդոր Պավլովիչն իր որդու՝ Իվան Ֆյոդորովիչի հետ։ Դմիտրի Ֆյոդորովիչին նախորդ օրը հայտնել էին ճիշտ ժամն ու րոպեն, բաց նա ուշացավ։ Այցելուներն իրենց կառքերը թողեցին վանքի պարսպի տակ, հյուրանոցում, և հետիոտն մտան դարպասից։ Բացի Ֆյոդոր Պավլովիչից, մյուս երեքը ոչ մի վանք չէին տեսել երբևիցե, իսկ Միուսովը գուցե երեսուն տարի է, ինչ եկեղեցի էլ չէր մտել։ Նա իր շուրջն էր նայում որոշ հետաքրքրությամբ և մի քիչ էլ սանձարձակ ձևանալով։ Բայց նրա զննող միտքը վանքի ներսում ոչ մի հետաքրքրական բան չգտավ, բացի եկեղեցական ու հարակից շինություններից, թեև սրանք էլ շատ սովորական տեսք ունեին։ Եկեղեցուց դուրս եկած վերջին մարդիկ գնում էին դեպի դարպասը, գլխարկները հանելով ու խաչակնքելով։ Հասարակ ժողովրդի մեջ երևում էին նաև ավելի բարձր դասի եկվոր անձինք՝ երկու֊երեք տիկին, մի շատ ծեր գեներալ. սրանք բոլորն էլ հյուրանոցում էին ապրում։ Մուրացկաններն անմիջապես շրջապատեցին մեր այցելուներին, բայց ոչ ոք նրանց ոչինչ չտվեց։ Միայն Պետրուշա Կալգանովը մի տասկոպեկանոց հանեց դրամապանակից, շտապ խցկեց մի պառավի ձեռքը՝ աստված գիտե ինչու նյարդայնանալով ու շփոթվելով, և փութկոտ ասաց. «Հավասար բաժանեցեք»։ Ուղեկիցներից ոչ ոք նրան որևէ բան չասաց դրա համար, այնպես որ շփոթվելու պատճառ չուներ. սակայն, նկատելով այդ, նա ավելի ևս ամոթահար զգաց։

Բայց տարօրինակ էր. պետք է նրանց ժամանումին սպասեին պատշաճ ձևով և գուցե նույնիսկ որոշ հարգանք մատուցեին, որովհետև նրանցից մեկը դեռ վերջերս հազար ռուբլի էր նվիրաբերել, իսկ մյուսը մեծահարուստ կալվածատեր էր և, այսպես ասած, խիստ զարգացած մարդ, որից ամբողջ միաբանությունը որոշ չափով կախում ուներ՝ գետում ձուկ որսալու կապակցությամբ, նայած թե ի՛նչ ընթացք կստանար դատավարությունը։ Բայց ահա, ոչ մի պաշտոնական անձնավորություն չի դիմավորում նրանց։ Միուսովը մտացիր նայում էր եկեղեցամերձ շիրմաքարերին և հենց ուզում էր ասել, թե այս գերեզմանները երևի մի կլորիկ գումար են նստել մեռելատերերի վրա՝ այսպիսի «սրբազան» վայրում թաղելու իրավունքը ձեռք բերելու համար, սակայն լուռ մնաց. իր պարզ ազատամիտ հեգնանքը համարյա թե զայրույթի էր վերածվում արդեն։

— Բայց ո՞ւմ կարելի է մի բան հարցնել այստեղ, այս անտերանոցում, գրո՛ղը տանի... Պետք է լուծել այս հարցը, որովհետև ժամանակն անցնում է,— ասաց նա մեկեն, կարծես ինքն իրեն խոսելով։

Հանկարծ նրանց մոտեցավ մի տարեց, ճաղատ մարդ, ամառային լայն վերարկու հագած և փոքրիկ, քաղցրաժպիտ աչքերով։ Բարձրացնելով գլխարկը, մեղրածոր սվսվացնելով, նա իրեն ներկայացրեց ամբողջ խմբին՝ տուլացի կալվածատեր Մաքսիմով։ Վայրկենապես առաջ ընկավ մեր այցելուներին օգնելու։

— Սրբահայր Զոսիման մենաստանում է ապրում, խուլ մենաստանում, վանքից չորս հարյուր քայլ է, պուրակի մյուս կողմը, պուրակի մյուս կողմը...

— Ես էլ գիտեմ՝ պուրակի մյուս կողմը,— պատասխանեց Ֆյոդոր Պավլովիչը,— բայց հենց ճանապարհը լավ չենք հիշում, վաղուց է չենք եղել։

— Ահա այս դարպասով, և ուղիղ պուրակի միջով... պուրակի միջով։ Գնանք։ Չէի՞ք բարեհաճի... ինքս ձեզ... ես էլ... Ահա այս կողմ, այս կողմ...

Դարպասից դուրս եկան և սկսեցին գնալ պուրակով։ Կալվածատեր Մաքսիմովը, վաթսունամյա ծերունի, ոչ թե քայլում, այլ, ավելի ճիշտ, համարյա վազում էր կողքանց, դառնալով ու նայելով բոլորին՝ ջղաձիգ, աներևակայելի հետաքրքրասիրությամբ։ Աչքերը մի տեսակ չռվել էին կարծես։

— Գիտե՞ք ինչ, մենք մեր գործով ենք գնում այս սրբահոր մոտ,— խստաշեշտ ասաց Միուսովը,— «սույն անձնավորությունը», այսպես ասած, մեզ ունկնդրություն է շնորհել, այնպես որ, թեև ձեզ շնորհակալություն ենք հայտնում ճանապարհը ցույց տալու համար, բայց անշուշտ չենք խնդրի, որ մեզ հետ ներս մտնեք:

— Ես եղել եմ այնտեղ, եղել եմ, եղել եմ արդեն... Un Chevalier parfait![1],— և կալվածատերը մատները չրթացրեց օդում։

— Ո՞վ է այդ Chevalier-ն[2],― հարցրեց Միուսովը։

— Սրբահայրը, հոյակա՜պ սրբահայրը, սրբահա՜յրը... Վանքի փառքն ու պատիվը։ Զոսիման։ Այնպիսի մի սրբահայր է...

Բայց նրա անկապակից խոսքերն ընդհատեց վեղարավոր ու կարճահասակ, չափազանց գունատ ու չորուկ մի վանական, որ հասավ այցելուների ետևից։ Ֆյոդոր Պավլովիչն ու Միուսովը կանգ առան։ Վանականը չափազանց քաղաքավարի, խորունկ խոնարհություն անելով ասաց.

— Ամենապատիվ վանահայրը ձեզ բոլորիդ, պարոնայք, խոնարհաբար խնդրում է հաճել իր մոտ ճաշի, մենաստան այցելելուց հետո։ Ժամը մեկին, ոչ ավելի ուշ։ Ձեզ նույնպես,— դարձավ նա Մաքսիմովին։

— Ես անպայմա՛ն կհարգեմ այդ խնդրանքը,— գոռաց Ֆյոդոր Պավլովիչը, սոսկալի ուրախացած հրավերից,— անպայման։ Եվ գիտե՞ք, մենք բոլորս խոսք ենք տվել վայելուչ պահել մեզ այստեղ... Իսկ դուք, Պյոտր Ալեքսանդրովիչ, գալո՞ւ եք ճաշի։

— Դե իհա՜րկե, ինչ խոսք։ Չէ՞ որ հենց եկել եմ այստեղի սովորությունները տեսնելու։ Միայն մի բան է խանգարում ինձ, այն, որ հիմա ձեզ հետ եմ, Ֆյոդոր Պավլովիչ...

— Հա՜, դեռ Դմիտրի Ֆյոդորովիչն էլ չկա։

— Եվ սքանչելի կլիներ, եթե նա բոլորովին բացակայեր։ Ինչ է, կարծում եք ինձ հաճո՞ւյք է պատճառում ձեր այս խծբծանքը, և դեռ անձամբ ձեր էլ ներկայությունը՝ աղ ու պղպեղ ամեն ինչի վրա։ Ուրեմն գալու ենք ճաշին, շնորհակալություն հայտնեցեք վանահորը,— դարձավ նա վանականին։

— Ոչ, ես պարտավոր եմ ձեզ առաջնորդել սրբահոր խուցը,— պատասխանեց վանականը։

— Իսկ ես, քանի այդպես է, վանահոր մոտ կգնամ, այս միջոցին ուղղակի վանահոր մոտ կգնամ,— ծլվլաց կալվածատեր Մաքսիմովը։

— Վանահայրն զբաղված է այս րոպեիս, բայց ձեր կամքն է...— տատանվեց վանականը։

— Շատ աներես բիձուկ է,— նկատեց Միուսովը բարձրաձայն, երբ կալվածաւոեր Մաքսիմովը վազեց ետ դեպի վանք։

— Նման է ֆոն Զոնին,— ասաց հանկարծ Ֆյոդոր Պավլովիչը։

— Դուք էլ հենց ա՛յդ միայն գիտեք... Որտեղի՞ց է նա ֆոն Զոնին նման։ Ինքներդ տեսե՞լ եք ֆոն Զոնին։

— Նկարն եմ տեսել։ Դիմագծերով չէ, բայց ինչ-որ անբացատրելի նմանություն կա։ Ֆոն Զոնի մաքո՛ւր կրկնօրինակը։ Հենց միայն դեմքին նայելով՝ միշտ հասկանում եմ այդ բանը։

— Գուցե իրոք, այդ հարցում գիտակ մարդ եք։ Միայն թե լսեցե՛ք, Ֆյոդոր Պավլովիչ, դուք հիմա ինքներդ հաճեցիք ասել, թե մենք խոսք ենք տվել վայելուչ պահել մեզ։ Հիշեցե՛ք այդ։ Ասում եմ ձեզ, զուսպ մնացեք։ Իսկ եթե սկսեք խեղկատակ ձևանալ, իմացե՛ք, ես մտադիր չեմ, որ այստեղ ինձ էլ ձեր արշինով չափեն... Տեսնո՞ւմ եք ինչ մարդ է,— դարձավ նա վանականին,— վախենում եմ սրա հետ շնորհքով մարդկանց մոտ գնալ։

Վանականի գունատ, անարյուն շրթունքների վրա երևաց մի նուրբ, անխոս ժպիտ, որի մեջ որոշ խորամանկություն էր թաքնված, բայց նա ոչինչ չպատասխանեց, և շատ պարզ էր, որ լուռ մնաց սեփական արժանապատվության զգացմունքին անսալով։ Միուսովն ավելի ևս կիտեց հոնքերը։

«Օ՜հ, գրո՛ղը տանի սրանց բոլորին, դարերով մշակված արտաքին երևույթ է միայն, իսկ խորքում՝ շառլատանություն և տխմարությո՜ւն»,— անցավ նրա մտքով։

― Ահա՜ մենաստանը, հասա՜նք,— գոռաց Ֆյոդոր Պավլովիչը,— դարպասը փակ է։

Եվ նա սկսեց լայն-լայն խաչակնքել սրբերի առաջ, որոնք նկարված էին դարպասի վերևն ու երկու կողմը։

— Ո՛ր գյուղն երթաս, էն գյուղի գդակը դիր,― ասաց նա։— Քսանհինգ սուրբ է ճգնում այստեղ՝ այս մենաստանում։ Իրար երես են նայում ու կաղամբ են ուտում։ Եվ ոչ մի հատ կին չի կարող այս դարպասից ներս մտնել, հենց այս է ամենից զարմանալին։ Եվ դա իրականությո՜ւն է ախր։ Բայց ինչո՞ւ է իմ ականջին հասել, թե սրբահայրն ընդունում է տիկիններին,— դարձավ նա հանկարծ վանականին։

— Հիմա էլ այստեղ հասարակ ժողովրդից կանայք կան, այնտեղ են ահա, պատշգամբի մոտ պառկած սպասում են։ Իսկ բարձր դասի տիկնանց համար երկու փոքր սենյակ է կառուցված նույն պատշգամբին կից, սակայն պարսպից դուրս, ահա հենց այս լուսամուտներն են։ Եվ սրբահայրը, երբ առողջ է, ներքին անցքով ելնում է նրանց մոտ, այսինքն դարձյալ պարսպից դուրս։ Այժմ էլ ահա մի խարկովցի կալվածատիրուհի, տիկին Խոխլակովան, սպասում է իր անդամալույծ դստեր հետ։ Հավանաբար սրբահայրը խոստացել է երևալ նրանց, թեև վերջերս նա այնքան տկար է, որ նույնիսկ ժողովրդի առաջ հազիվ է հայտնվում։

— Նշանակում է, մենաստանից համենայն դեպս մի փոքրիկ անցք եք բացել դեպի տիկինները։ Հիմա չմտածե՜ք, հայր սուրբ, թե ես ինչ֊որ ակնարկություն եմ անում։ Հենց այնպես ասում եմ։ Դուք գիտե՞ք, լսե՞լ եք, որ Աթոսում ոչ միայն կանանց այցելությունը, այլ առհասարակ կանանց ներկայությունն արգելված է, նույնիսկ ոչ մի իգական սեռի արարած ներս չեն թողնում՝ ո՛չ հավ, ո՛չ հնդկահավ, ո՛չ երինջ...

— Ֆյո՛դոր Պավլովիչ հենց հիմա ետ կգնամ և ձեզ առանձին կթողնեմ այստեղ։ Իսկ եթե ես չլինեմ՝ ձեզ դուրս կանեն այստեղից, ա՛յ ասում եմ։

— Բայց ինչո՞վ եմ ձեզ խանգարում, Պյոտր Ալեքսանդրովիչ։ Տեսեք, տեսե՜ք, — գոռաց նա հանկարծ, մենաստպնի պարսպից ներս անցնելով,— ինչպիսի՜ վարդահովտում են ապրում։

Իրոք, թեև վարդեր չկային այժմ, բայց աշնանային հազվագյուտ ու գեղեցիկ ծաղիկներ կային ամենուրեք, ուր կարելի էր աճեցնել դրանք։ Երևում էր, որ մի փորձառու ձեռք խնամում է բուրաստանը։ Ծաղկոցներ էին հարդարված եկեղեցիների բակերում և գերեզմանների միջև։ Փայտաշեն, միահարկ, անդաստակով տնակը, որի մեջ սրբահոր խուցն էր գտնվում, նույնպես ծաղիկներով էր շրջապատված։

— Բայց այս ամբողջը եղե՞լ է նախորդ սրբահոր՝ Վարսոնոֆիի ժամանակ։ Ասում են, նա գեղեցիկ բաներ չէր սիրում, նույնիսկ տեղից թռնում ու փայտով ծեծում էր տիկինների ցեղին,― նկատեց Ֆյոդոր Պավլովիչը, բարձրանալով արտասանդուղքով։

— Սրբահայր Վարսոնոֆին իրոք երբեմն արտառոց էր թվում, բայց նրա մասին մյուս պատմվածներն էլ մեծ մասամբ հիմարություն են։ Իսկ փայտով ոչ ոքի չէր ծեծում, երբե՛ք,— պատասխանեց վանականը։— Այժմ, պարոնայք, համբերեցեք մի րոպե, ես ծանուցանեմ ձեր գալուստը։

— Ֆյոդոր Պավլովիչ վերջին անգամ պայման եմ դնում, լսո՞ւմ եք։ Ձեզ լավ պահեցեք, թե չէ՝ ձեր դասը կտամ,— Հասցրեց մի անգամ ևս մրթմրթալ Միուսովը։

— Բնավ չեմ հասկանում, ինչո՞ւ եք այդպես սոսկալի հուզված,— հեգնորեն նկատեց Ֆյոդոր Պավլովիչը։— Չլինի՞ ձեր մեղքերից եք վախենում։ Հա՜, ասում են՝ նա մարդու աչքերից է հասկանում, թե ով ինչ ցավով է եկել։ Բայց այդ որքա՜ն բարձր եք գնահատում նրանց կարծիքը, այն էլ դո՜ւք, այդպիսի փարիզցի՜ և առաջադեմ մի պարոն։ Ուղղակի զարմացնում եք ինձ, հա՜։

Սակայն Միուսովը ժամանակ չունեցավ պատասխանելու այդ ծաղրանքին. հրավիրեցին ներս անցնել։ Նա մտավ փոքր-ինչ ջղայնացած...

«Դե՜ հիմա, գիտեմ ինձ, ջղայնացած եմ, վեճի կբռնվեմ... կսկսեմ բորբոքվել կնվաստացնեմ ինձ էլ, իմ գաղափարներն էլ»,— անցավ նրա մտքով։

II: Միշտ նույն խեղկատակը

Նրանք սենյակ մտան համարյա նույն վայրկյանին, երբ սրբահայրը, տեսնելով նրանց, դուրս եկավ իր փոքրիկ ննջարանից։ Խուցում արդեն սրբահորն էին սպասում մենաստանի երկու աբեղաներ, մեկը՝ հայր գրադարանապետը, իսկ մյուսը՝ հայր Պաիսին, որ հիվանդ մարդ էր, թեև ոչ ծեր, բայց և, ինչպես ասում էին, գիտուն էր շատ։ Անկյունում կանգնած սպասում էր նաև մոտ քսաներկու տարեկան, աշխարհիկ հագուստով մի տղա՝ հոգևոր ճեմարանի սան և ապագա աստվածաբան, որ այդպես էլ կանգնած մնաց հետագա ամբողջ տեսակցության ընթացքում։ Չգիտես ինչու, վանքն ու ամբողջ միաբանությունը հովանավորում էին նրան։ Բավական բարձրահասակ էր նա, թարմ էր դեմքը, լայն այտոսկրեր ուներ և խելացի, ուշադիր, նեղլիկ, շագանակագույն աչքեր։ Կատարյալ պատկառանք կար դեմքին, բայց առանց ակնհայտ քծնանքի, վայելուչ։ Մտնող հյուրերին ողջույն չտվեց, լինելով նրանց ոչ հավասար, ուստի և ստորադաս ու կախյալ անձնավորություն։

Սրբահայր Զոսիման դուրս եկավ մի նորընծայի և Ալյոշայի ընկերակցությամբ։ Աբեղաները վեր կացան ու նրան ողջունեցին խորին երկրպագությամբ, մատներով դիպչելով հատակին, հետո նրա օրհնությունն ստանալով՝ համբուրեցին ձեռքը։ Օրհնելով նրանց, սրբահայրը պատասխանեց նույնքան խոր երկրպագությամբ, մատներով դիպչելով հատակին, և իր համար էլ օրհնություն խնդրեց յուրաքանչյուր աբեղայից։ Ամբողջ արարողությունը տեղի ունեցավ մեծ լրջությամբ, ոչ թե ամենօրյա մի ծեսի նման, այլ համարյա զգացմունքով։ Սակայն Միուսովին թվաց, թե այդ բոլորն արվում են տպավորություն գործելու միտումով։ Նա կանգնած էր իր ընկերակիցների առջևում։ Պատշաճ կլիներ, որ (երեկ իրիկուն նույնիսկ մտածել էր այդ մասին) մի կողմ թողներ ամեն գաղափարական նկատառում և, պարզ քաղաքավարությունից ելնելով, հետևելով տեղի սովորությանը, գոնե մոտենար սրբահոր օրհնությունն ստանալու, եթե նույնիսկ չհամբուրեր նրա ձեռքը։ Բայց հիմա տեսնելով աբեղաների այդ բոլոր երկրպագություններն ու աջահամբույրները, մի վայրկյանում իր միտքը փոխեց։ Փքված ու լրջադեմ՝ խոր գլուխ տվեց աշխարհիկ ձևով ու ետ քաշվեց դեպի աթոռը։ Ճիշտ նույն ձևով վարվեց նաև Ֆյոդոր Պավլովիչը, այս անգամ ուղղակի կապկելով Միուսովին։ Իվան Ֆյոդորովփչը ողջունեց խիստ լուրջ ու քաղաքավարի, բայց նույնպես ձեռքերը կողքերին պահած, իսկ Կալգանովն այնքան շփոթվեց, որ բոլորովին չխոնարհեց գլուխը։ Սրբահայրն իջեցրեց իր ձեռքը, որ բարձրացրել էր օրհնություն տալու համար, և մի անգամ ևս խոնարհվելով նրանց՝ բոլորին խնդրեց նստել։ Արյունը խուժեց Ալյոշայի այտերին. ամաչեց նա։ Իրականանում էին նրա վատ նախազգացումները։

Սրբահայրը նստեց կարմիր փայտե, կաշեպատ ու շատ հնաձև բազմոցի վրա, իսկ չորս հյուրերին, երկու աբեղաներից բացի, կողք-կողքի նստեցրեց հանդիպակաց պատի տակ՝ կարմիր փայտե չորս աթոռներին, որոնք հնամաշ սև կաշվով էին պատած։ Աբեղաները նստեցին նրանց երկու կողմը, մեկը՝ լուսամուտի, իսկ մյուսը՝ դռան մոտ։ Ճեմարանի սանը, Ալյոշան ու նորընծան կանգնած մնացին։ Խուցն ընդարձակ չէր և մի տեսակ խունացած տեսք ուներ։ Միայն ամենից անհրաժեշտ իրերն ու կահույքը կային, դրանք էլ կոպիտ էին ու խղճուկ։ Երկու ծաղկաման էր դրված պատուհանում, իսկ անկյունում կային բազմաթիվ սրբապատկերներ, որոնցից մեկը վիթխարի չափեր ուներ, ըստ երևույթին նկարված էր եկեղեցական հերձվածից դեռ շատ առաջ և պատկերում էր աստվածածնին։ Դրա առաջ կանթեղ էր վառվում։ Կողքին երկու ուրիշ սրբապատկեր կար փայլուն պարազարդերով, իսկ դրանց մոտ՝ փոքրիկ արվեստակյալ քերովբեներ, ճենապակյա հավկիթներ, կաթոլիկական փղոսկրե մի խաչ, որին փարվել էր Mater dolorosa-ն, ինչպես նաև մի քանի արտասահմանյան փորագրանկարներ՝ անցյալ դարերի իտալացի մեծ նկարիչների գործերից օրինակված։ Այդ նրբագեղ ու թանկարժեք փորագրանկարների կողքին աչք էին ծակում սրբերի, նահատակների և այլ սրբագործ մարդկանց ռուսական ամենահասարակ վիմագրությունների մի քանի վերատիպները, որոնք երկու֊երեք կոպեկով ծախվում են բոլոր տոնավաճառներում։ Կային նաև ռուս ժամանակակից ու հին եպիսկոպոսների մի քանի վիմագրական դիմանկարները, բայց արդեն մյուս պատերին։ Միուսովը մի հարևանցի ակնարկ գցեց ամբողջ այդ «պաշտոնական կարգուսարքի» վրա և սևեռուն հայացքով նայեց սրբահորը։ Նա հարգում էր իր սեփական հայացքը, մի թուլություն, որ համենայն դեպս ներելի էր նրան, նկատի առնելով, որ արդեն հիսուն տարեկան էր. այդ տարիքում խելացի, նրբակիրթ և ապահովված մարդը միշտ ավելի հարգալից է վերաբերվում ինքն իրեն, երբեմն իր կամքից էլ անկախ։

Առաջին վայրկյանից սրբահայրը դուր չեկավ նրան։ Իրոք, սրբահոր դեմքին կար մի բան, որ Միուսովից բացի ուրիշ շատերին ևս կարող էր դուր չգալ։ Նա կարճահասակ, կորացած մի մարդուկ էր՝ շատ թույլ ոտքերով, ընդամենը վաթսունհինգ տարեկան, բայց հիվանդության պատճառով շատ ավելի ծեր էր թվում՝ գոնե առնվազն տասը տարով։ Նրա շատ չորուկ, սմքած դեմքն ամբողջությամբ մանր կնճիռներով էր ծածկված։ Հատկապես շատ կնճիռներ կային աչքերի շուրջ, որոնք փոքր էին, բաց գույնի, արագաշարժ ու փայլուն՝ երկու պսպղուն կետի նման։ Միայն քունքերին մի քանի թել սպիտակած մազ էր մնացել, մորուքը փոքր էր, նոսր ու սրածայր, իսկ հաճախակի ժպտացող շրթունքները բարալիկ էին՝ երկու փոքրիկ թելի նման։ Քիթը ոչ թե երկար էր, այլ սուր, ասես թռչունի կտուց լիներ։

«Ամեն ինչից երևում է, որ քինախնդիր, ողորմելի հոգի է՝ մանր գոռոզությամբ տարված»,— անցավ Միուսովի մտքով։ Ընդհանրապես նա շատ դժգոհ էր հիմա իրենից։

Պատի փոքր, էժանագին, ճոճանակավոր ժամացույցն արագ զարկերով խփեց ուղիղ տասներկուսը, և դա առիթ ընծայեց խոսակցությունն սկսելու։

— Ճիշտ ու ճիշտ իսկական ժամն է,― գոռաց Ֆյոդոր Պավլովիչը,— բայց դեռ իմ որդին՝ Դմիտրի Ֆյոդորովիչը չկա ու չկա։ Ներողություն եմ խնդրում նրա համար, սրբազա՜ն սրբահայր։ (Ալյոշան ամբողջ մարմնով սարսռաց այդ «սրբազան սրբահայր» արտահայտությունից)։ Իսկ ինքս միշտ ճշտապահ եմ, րոպե րոպեի, հիշելով, որ ճշտապահ լինելը թագավորների նրբավարությունն է...

— Բայց հո դո՛ւք գոնե թագավոր չեք,— մրթմրթաց Միուսովը, իսկույն չկարողանալով համբերել։

— Այո, ճիշտ է, թագավոր չեմ։ Եվ պատկերացրեք, Պյոտոր Ալեքսանդրովիչ, ինքս էլ ախր գիտեի, որ չեմ, աստվա՜ծ վկա։ Բայց ահա՝ խնդրեմ, միշտ էլ այսպես անտեղի բաներ եմ անում։ Ձե՜րդ գերաշնորհություն,— բացականչեց նա վայրկենապես բռնկված զգացմունքով։— Դուք ձեր առաջ տեսնում եք ճշմարի՜տ խեղկատակի։ Հենց այսպես էլ ներկայացնում եմ ինքս ինձ։ Հին սովորություն է, ավա՜ղ։ Եվ եթե երբեմն անտեղի փչում եմ, այդ էլ դիտմամբ եմ անում, ծիծաղեցնել ու և հաճելի լինելու մտադրությամբ։ Պետք է որ մարդ հաճելի լինի, այնպես չէ՞։ Յոթ տարի առաջ էր՝ գնացի մի փոքր քաղաք, գործ-մործ ունեի այնտեղ և ուզում էի ինչ֊որ առևտրականների հետ ընկերություն հաստատել։ Գնացինք իսպրավնիկի մոտ, որովհետև բան-ման պետք է խնդրեինք նրանից և հրավիրեինք մեզ մոտ ճաշի։ Դուրս է գալիս իսպրավնիկը՝ բարձրահասակ, գեր, խարտյաշ և մռայլ մի մարդ՝ ամենավտանգավոր տիպը նման դեպքերում, որովհետև մաղձ են այդպիսիները, մաղձ։ Ուղղակի դիմում եմ նրան և, գիտե՞ք, աշխարհիկ մարդու սանձարձակությամբ՝ «Պարո՛ն իսպրավնիկ,— ասում եմ,— եղեք մեր, այսպես ասած, Նապրավնիկը»։— «Ինչպե՞ս թե,— ասում է,— Նապրավնիկ»։ Առաջին ակրնթարթից արդեն տեսնում եմ, որ գործը գլուխ չի գալիս։ Կանգնել է լուրջ-լուրջ, հակառակվում է։ «Ես ուզում էի կատակ անել,— ասում եմ,— որ ուրախ մթնոլորտ լինի, քանի որ պարոն Նապրավնիկը ռուս հայտնի դիրիժոր է, իսկ մեզ էլ հենց մի տեսակ դիրիժոր է հարկավոր՝ մեր ձեռնարկած գործի ներդաշնակության համար...»։ Ախր խելացի բացատրություն եմ տվել իմ արած համեմատությանը, չէ՞։ «Ներեցեք,— ասում է,— ես իսպրավնիկ եմ և թույլ չեմ տա, որ իմ կոչումը բառախաղերի նյութ դարձնեն» ։ Շուռ եկավ ու գնում է։ Վազում եմ ետևից, գոռում եմ. «Այո՛, այո՛, դուք իսպրավնիկ եք, ոչ թե Նապրավնիկ»։ «Ոչ,— ասում է,— քանի որ ասվել է արդեն, ուրեմն Նապրավնիկ եմ»։ Եվ պատկերացրեք, փչացա՜վ մեր գործը։ Եվ միշտ այդպես եմ ես, միշտ այդպես։ Հենց իմ սիրալիրությամբ էլ անպայման վնասում եմ ինքս ինձ։ Մի անգամ, շատ տարիներ առաջ, մի ազդեցիկ անձնավորության ասացի. «Ձեր տիկինը շուտ առնվող կին է»,— այսինքն պատվախնդրության, այսպես ասած բարոյական հատկությունների իմաստով։ Նա էլ հանկարծ Ի՞նչ պատասխանի ինձ՝ «Իսկ դուք նրան առե՞լ եք»։ Չդիմացա, դե արի՛ մի սիրալիր բան ասեմ՝ մտածեցի մեկեն։ «Այո,— ասացի,― առել եմ»։ Եվ նա տեղն ու տեղը առավ ու տվե՜ց ինձ... Բայց դա վաղուց է պատահել, այնպես որ ամոթ չէ պատմելը։ Միշտ, մի՜շտ վնասում եմ ինքս ինձ։

— Հիմա էլ նույնն եք անում,— մրթմրթաց Միուսովը զզվանքով։

Սրբահայրը լուռ զննում էր և՛ մեկին, և՛ մյուսին։

— Մի՞թե։ Պատկերացրեք, այդ էլ գիտեի, Պյոտոր Ալեքսանդրովիչ, և նույնիսկ, հավատացեք, հենց որ սկսեցի խոսել՝ նախազգացի, որ նույնն եմ անում։ Եվ գիտե՞ք ինչ, մինչև անգամ նախազգում էի, որ առաջինը դու՛ք ինձ նկատողություն կանեք։ Այն վայրկյանին, երբ տեսնում եմ, որ իմ կատակից բան դուրս չի գալիս, իմ երկու այտերը, ձերդ գերաշնորհություն, սկսում են չորանալ֊կպչել ներքևի լնդերին, համարյա թե ջղաձգվում են մի տեսակ։ Վաղուց այդպես է, դեռ պատանի հասակից, երբ ես ազնվականների մոտ ձրիակերություն էի անում և հացկատակությամբ էի ճարում իմ ապրուստը։ Ես ի բնե խեղկատակ եմ, ծնված օրից, այսինքն միևնույն է՝ թե ցանցառ եմ, ձերդ գերաշնորհություն։ Ընդունում եմ, գուցե և չար ոգի է թաքնված իմ մեջ, բայց փոքր չափսի է այդ չար ոգին, ավելի մեծը ուրիշ բնակարան կընտրեր, միայն թե ոչ ձերը, Պյոտր Ալեքսանդրովիչ, դուք էլ ախր մի կարգին բնակարան չեք։ Բայց մեկ է՝ ես հավատում եմ, աստծուն եմ հավատում։ Միայն այս վերջերս կասկած մտավ մեջս, բայց ահա հիմա նստել եմ և մեծախորհուրդ խոսքերի եմ սպասում։ Ես, ձերդ գերաշնորհություն, փիլիսոփա Դիդերոտին եմ նման։ Հայտնի՞ է ձեզ արդյոք, սրբազնագույն հայր, թե ինչպես փիլիսոփա Դիդերոտն այցելում է միտրոպոլիտ Պլատոնին՝ Եկատերինա կայսրուհու ժամանակ։ Մտնում է և ուղղակի ասում. «Աստված չկա»։ Դրա վրա՝ մեծ եպիսկոպոսը բարձրացնում է մատը և պատասխանում. «Ասաց անզգամն ի սրտի իւրում, թէ Ոչ գոյ Աստուած»։ Փիլիսոփան հենց տեղն ու տեղը ծունկի է գալիս։ «Հավատում եմ,— գոռում է,— և պատրաստ եմ մկրտվելու»։ Եվ տեղն ու տեղը մկրտում են։ Իշխանուհի Դաշկովան կնքամայրն է լինում, իսկ Պոտյոմկինը՝ կնքահայրը...

— Ֆյո՛դոր Պավլովիչ, անտանելի՜ է։ Ինքներդ էլ գիտեք, որ ստում եք, գիտեք, որ այդ հիմար անեկդոտը ճիշտ չէ, էլ ինչո՞ւ եք ձևեր թափում,— ասաց Միուսովը դողացող ձայնով, այլևս բոլորովին չկարողանալով զսպել իրեն։

— Ամբողջ կյանքո՜ւմս նախազգում էի, որ ճիշտ չէ,— եռանդով բացականչեց Ֆյոդոր Պավլովիչը։— Բայց ասեմ ձեզ ամբողջ ճշմարտությունը, պարոնայք։ Մե՜ծդ սրբահայր։ Ներեցեք, ինքս հիմա հնարեցի վերջին մանրամասնությունը՝ Դիդերոտի մկրտության պատմությունը, հենց սույն րոպեիս, հենց պատմելու ժամանակ, իսկ առաջ մտքովս էլ չի անցել երբեք։ Ավելի զգայացունց դարձնելու համար հնարեցի։ Ձևեր եմ թափում, Պյոտր Ալեքսանդրովիչ, որ ավելի հաճելի լինեմ։ Թեև այն էլ ասեմ, որ երբեմն ինքս էլ չգիտեմ ինչու եմ այդպես անում։ Իսկ գալով Դիդերոտին, այդ «ասաց անզգամն»-ը մի քսան անգամ լսել եմ մեր տեղացի կալվածատերերից, երբ երիտասարդ էի և նրանց մոտ էի ապրում։ Ի միջի այլոց, Պյոտոր Ալեքսանդրովիչ, ձեր հորաքրոջից էլ եմ լսել՝ Մավրա Ֆոմինիշնայից։ Նրանք բոլորն էլ մինչև այսօր հավատացած են, թե անաստված Դիդերոտը միտրոպոլիտ Պլատոնի մոտ եկել էր աստծո մասին վիճելու...

Միուսովը վեր կացավ, ոչ միայն համբերությունը կորցնելով, այլև կարծես նույնիսկ չնկատելով, թե ինչ է անում։ Կատաղել էր նա և գիտակցում էր, որ ինքն է ծիծաղելի դառնում իր կատաղության պատճառով։ Իրոք, խուցում աներևակայելի մի բան էր կատարվում։ Դեռ նախկին սրբահայրերի Ժամանակ, արդեն քառասուն կամ հիսուն տարի է, այցելուներ էին հավաքվում այս նույն խուցում, բայց միշտ էլ խորագույն երկյուղածության զգացումով։ Համարյա բոլոր նրանք, ովքեր ընդունվում էին այս խուցը, ներս մտնելիս հասկանում էին, որ մեծ շնորհ է արվում իրենց։ Շատերը ծունկի էին գալիս և ամբողջ այցելության ընթացքում մնում էին ծնկաչոք։ Նույնիսկ բազմաթիվ «բարձրաստիճան» անձինք, գիտնական մարդիկ, ավելին, մինչև անգամ որոշ ազատախոհ մարդիկ, որոնք գալիս էին կա՛մ հետաքրքրությունից մղված և կամ մի այլ շարժառիթով, բոլորն էլ երբ խուց էին մտնում ընդհանուրի հետ կամ առանձին տեսակցության համար՝ իրենց առաջնագույն պարտականությունն էին համարում ամենախոր պատկառանք ու նրբանկատություն ցուցաբերել ամբողջ տեսակցության ընթացքում, մանավանդ որ այստեղ փողի խնդիր չկար, այլ կար միայն շնորհ ու սեր մի կողմից, իսկ մյուս կողմից կար խոստովանանք և հոգեկան մի ծանր հարց կամ սրտի դժվարին մի ճգնաժամ լուծելու բուռն ցանկություն։ Այնպես որ, հանկարծ Ֆյոդոր Պավլովիչի այս անհարգալից խեղկատակությունը տարակուսանք ու զարմանք պատճառեց ներկաներին, գոնե նրանցից մի քանիսին։ Աբեղաները, որոնք իրենց դեմքի արտահայտությունը բնավ չէին փոխել, մեծ ուշադրությամբ սպասում էին, թե ինչ կասի սրբահայրը, բայց կարծես պատրաստվում էին արդեն վերկենալ, ինչպես Միուսովը։ Ալյոշան հազիվ էր զսպում լացը և կանգնել էր գլխահակ։ Նրան ամենից ավելի տարօրինակ էր թվում այն, որ իր եղբայրը՝ Իվան Ֆյոդորովիչը, միակ մարդը, որի վրա նա հույս էր դրել և որ կարող էր ազդեցություն գործել հոր վրա, հիմա կատարելապես անշարժ նստել էր աթոռին, աչքերը խոնարհած, և երևի նույնիսկ հարցազնին հետաքրքրությամբ սպասում էր, թե ինչով է վերջանալու այս ամբողջը, կարծես ինքը բոլորովին կողմնակի մարդ լիներ այստեղ։ Ալյոշան չէր էլ համարձակվում նայել Ռակիտինին՝ ճեմարանի սանին, որ նույնպես իր մոտիկ ծանոթն էր, համարյա մտերիմը. ամբողջ վանքում միայն ինքն էր, որ գիտեր Ռակիտինի մտքերը։

— Ներեցեք ինձ...— սկսեց Միուսովը, դիմելով սրբահորը,— ձեզ մի գուցե թվում է, թե ես նույնպես մասնակից եմ այս ամոթալի զավեշտին։ Իմ սխալն այն է, որ հավատացել եմ, թե նույնիսկ Ֆյոդոր Պավլովիչի նման մեկը կուզենա հասկանալ իր պարտականությունները, երբ այցի է գալիս այսքան պատկառելի մի անձնավորության... Չէի ենթադրում, թե ստիպված կլինեմ ներողություն խնդրել հենց պարզապես նրա հետ գալուս համար...

Պյոտր Ալեքսանդրսվիչը չվերջացրեց իր խոսքը և, լրիվ շփոթված, ուզում էր արդեն սենյակից դուրս գնալ։

— Մի՛ անհանգստանաք, խնդրում եմ,— կանգնեց հանկարծ սրբահայրն իր թույլ ոտքերի վրա և բռնելով Պյոտր Ալեքսանդրովիչի երկու ձեռքերից՝ կրկին նստեցրեց աթոռին։— Հանգիստ եղեք, խնդրում եմ։ Ես հատկապես խնդրում եմ ձեզ լինել իմ հյուրը։ — Եվ խոնարհվելով՝ նա ետ դարձավ ու նստեց նորից իր փոքրիկ բազմոցին։

― Մե՜ծդ սրբահայր, ասացե՛ք, ես ձեզ վիրավորո՞ւմ եմ իմ աշխուժությամբ, թե ոչ,— գոչեց հանկարծ Ֆյոդոր Պավլովիչը, երկու ձեռքերով բռնելով իր աթոռի բազրիքները և կարծես պատրաստվելով վեր թռնել, եթե աննպաստ լիներ պատասխանը։

— Ձեզ նույնպես թախանձագին խնդրում եմ՝ մի՛ անհանգստանաք և մի՛ ճնշվեք,— ազդեցիկ շեշտով ասաց սրբահայրը նրան։— Մի՛ ճնշվեք, ձեզ լրիվ համարեցեք ձեր տանը։ Եվ նամանավանդ՝ այնքան մի՛ ամաչեք դուք ձեզնից, քանզի այդ է լոկ պատճառն այս բոլորի։

— Լրիվ իմ տա՞նը։ Այսինքն հենց իմ բնակա՞ն վիճակում։ Օ՜, դա շատ է, չափազանց շատ է, բայց ընդունում եմ խորի՜ն հուզմունքով։ Գիտե՞ք ինչ, հայր օրհնյալ, դուք ինձ մի՛ հրավիրեք իմ բնական վիճակին, այդքան մի՛ վստահանաք... Ինքս էլ չեմ գնա մինչև այդ բնական վիճակը։ Ձեզ խնայելու համար եմ այդպես նախազգուշացնում։ Իսկ մնացյալը, դե՜հ, անորոշության մշուշում է թաղված առայժմ, թեև ոմանք կցանկանային մի լավ նախշել ինձ ձեր առաջ։ Ձեր արտն եմ քար գցում, Պյոտր Ալեքսանդրովիչ, իսկ ձեզ սրբազնագո՜ւյն էակ, ձե՜զ՝ ահա իմ սքանչացո՜ւմն եմ հորդառատ զեղում։— Նա վերկացավ ու ձեռքերը վեր նետելով արտասանեց։— «Երանի՜ է որովայնին՝ որ կրեացն զքեզ, և ստեանցն որ դիեցուցին զքեզ», ստեա՜նցն մանավանդ։ Դուք հիմա ձեր դիտողությամբ թե՝ «Այնքան մի ամաչիր դու քեզանից, քանզի այդ է լոկ պատճառն այս բոլորի», դուք այդ դիտողությամբ կարծես ինձ ճեղքեցիք մինչև իմ ուղն ու ծուծը և կարդացիք իմ հոգին։ Այո, երբ ես մարդկանց հետ եմ լինում, հենց այդպես էլ ինձ թվում է, թե ես ամենից ավելի ստորն եմ, և թե բոլորն ինձ խեղկատակի տեղ են դնում, դե՜հ ես էլ՝ «արի՝ ուրեմն, ասում եմ, իսկապես խեղկատակի դեր խաղամ, չե՛մ վախենում ձեր կարծիքից, որովհետև բոլորդ էլ, առաջինից մինչև վերջինը, ինձնից ավելի ստոր եք»։ Ա՛յ դրա համար էլ ես խեղկատակ եմ, ամոթի՜ց եմ խեղկատակ, մեծդ սրբահայր, ամոթից։ Հենց կասկածամիտ լինելուց է, որ գժություններ եմ անում։ Ա՜խ, եթե միայն վստահ լինեի, որ մարդկանց հանդիպելիս՝ բոլորն էլ ինձ անմիջապես կընդունեն իբրև ամենահամակրելի և ամենախելացի մարդու, աստվա՜ծ իմ, ի՜նչ բարի մարդ կլինեի այն ժամանակ։ Վա՛րդապետ,— հանկարծ նա ծունկի ընկավ,— զի՞նչ գործեցից զի զկեանս յաւիտենականս ժառանգեցից։

Անգամ հիմա դժվար էր որոշել՝ կատակո՞ւմ է նա, թե իրոք հուզված է այդպես։

Սրբահայրն աչքերը բարձրացրեց նրա վրա և ասաց ժպտալով.

— Ինքներդ վաղուց գիտեք, թե ինչ պետք է անեք, բավական խելք ունեք դրա համար. մի՛ անձնատուր լինեք հարբեցողության և խոսքի սանձարձակության, մի՛ անձնատուր լինեք հեշտասիրության, մանավանդ դրամապաշտության. և փակեցեք ձեր գինետները, եթե չեք կարող բոլորը՝ գոնե երկուքը կամ երեքը։ Եվ գլխավորը, ամենագլխավորը նամանավանդ՝ մի՛ ստեք։

— Այսինքն ուզում եք ասել Դիդերոտի՞ մասին, հա՞։

— Ո՜չ, ոչ թե Դիդերոտի մասին։ Գլխավորաբար՝ դուք ձե՛ր առջև մի ստեք։ Ով ստում է ինքնիրեն ու ականջ է դնում իր սեփական սուտին՝ հասնում է այնտեղ, որ այլևս չի կարող որևէ ճշմարտություն գտնել ո՛չ իր մեջ, ո՛չ էլ շրջապատում, ուստի և անհարգալից է դառնում թե՛ իր անձի, թե՛ ուրիշների նկատմամբ։ Իսկ ոչ ոքի չհարգելով՝ դադարում է սիրել, և որպեսզի զբաղեցնի ու զվարճացնի իր սիրազուրկ անձը՝ հանձնվում է կրքերին ու կոպիտ հաճույքներին և իր մոլությունների մեջ հասնում է կատարելապես անասնական վիճակի, և այդ բոլորի աղբյուրը՝ մարդկանց ու սեփական անձի առաջ անընդհատ ստելն է։ Ինքն իրեն ստողը կարող է և ավելի շուտ վիրավորվել, քան ուրիշ մարդիկ։ Չէ՞ որ երբեմն շատ հաճելի է վիրավորվելը։ Այնպես չէ՞։ Եվ մարդը գիտե, որ ոչ ոք նրան չի վիրավորել, և որ ինքն է իր համար հնարել վիրավորանքն ու զարդարել ստերով, ինքն է չափազանցել, որպեսզի պատկերը գեղեցիկ լինի, բռնել է մի բառից և լուն ուղտ է դարձրել,— ինքն էլ գիտե այդ բոլորը, բայց այնուամենայնիվ ինքն է առաջինը վիրավորվում, վիրավորվում է հաճույք ստանալու չափ, մեծ գոհունակություն զգալու չափ, և այդպիսով հասնում է նաև իսկական թշնամանքի... Բայց վեր կացեք, նստեցեք, շատ եմ խնդրում, այդ բոլոը նույնպես կեղծ շարժուձևեր են...

— Երանավե՜տ մարդ։ Տվե՛ք համբուրեմ ձեր ձեռքը,— մոտ թռավ Ֆյոդոր Պավլովիչը և արագորեն մի աղմկոտ համբույր դրոշմեց սրբահոր բարալիկ ձեռքին։— Այո, այո՜, հենց հաճելի՜ է վիրավորվելը։ Այնքան լավ ասացիք, որ մինչև հիմա այդպիսի բան չէի էլ լսել։ Այո, հենց ես, հենց ինքս իմ ամբողջ կյանքում վիրավորվել եմ հաճույք ստանալու չափ, վիրավորվել եմ գեղագիտության սիրույն, վասնզի ոչ թե լոկ այլ գեղեցիկ է երբեմն վիրավորված լինելը, ա՛յս է, որ դուք մոռացաք, մեծդ սրբահայր, գեղեցի՜կ է։ Ես այդ կնշե՛մ իմ հուշատետրում։ Բայց ստել եմ ես, այո, ստել եմ ուղղակի իմ ամբողջ կյանքում, ամենայն օր և ամենայն ժամ։ Հիրավի, ես սուտ եմ և հա՜յր նորա։ Բայց կարծեմ ոչ թե հայր նորա, անընդհատ խառնում եմ Սուրբ գրքի խոսքերը. դե՛հ սուտի որդին ասենք, այդ էլ բավական կլինի։ Միայն թե... Հրեշտակդ իմ... երբեմն Դիդերոտի մասինն կարելի է ստել։ Դիդերոտը վնաս չի տա, բայց մեկ էլ տեսար՝ մի փոքրիկ խոսք վնաս է տալիս։ Մեծդ սրբահայր, ի դեպ, քիչ մնաց մոռանայի. ախր երկու տարուց ավելի է՝ միտք ունեի այստեղ ստուգելու մի բան, հենց գալ այստեղ և անպայման հարցնել, իմանալ, միայն թե Պյոտոր Ալեքսանդրովիչին պատվիրեք՝ ինձ չընդհատի։ Ահա իմ հարցը. ճշմարի՞տ է արդյոք, հայր մեծ, որ «Վարք սրբոցում» մի պատմություն կա ինչ-որ հրաշագործ սուրբի մասին, թե՝ նրան չարչարում են իր հավատքի համար, և երբ ի վերջո գլուխն են կտրում՝ նա ոտքի է կանգնում, վերցնում իր գլուխը, «համբուրելով զայն սիրազեղ», և երկար գնում է, ձեռքերի մեջ տանելով գլուխը և «համբուրելով զայն սիրազեղ»։ Ճշմարի՞տ է այս, թե ոչ, ազնիվ հայրեր։

— Ոչ, ճշմարիտ չէ,— ասաց սրբահայրը։

— Ամբողջ «Վարք սրբոցի» մեջ ոչ մի նման բան չկա։ Ո՞ր սուրբի մասին, ասում եք, այդպես է գրված,— հարցրեց հայր գրադարանապետը։

— Ինքս էլ չգիտեմ՝ ո՛ր սուրբի մասին։ Չգիտեմ և գաղափար չունեմ։ Մոլորեցրել են ինձ, այդպես են ասել։ Լսել եմ, և գիտե՞ք ով է պատմել։ Ահա՝ Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսովը, ահա սա, որ հիմա Դիդերոտի համար բարկացավ, հենց նա է պատմել։

— Ես երբեք այդ բանը չեմ պատմել ձեզ, ես ձեզ հետ չեմ էլ խոսում երբեք, բնա՛վ։

― Ճիշտ է, ինձ չեք պատմել, բայց պատմել եք մի հավաքույթում, որտեղ ես էլ կայի, երեք֊չորս տարի առաջ։ Ես այդ հիշեցի, որովհետև սույն ծիծաղաշարժ պատմությամբ դուք իմ հավա՜տքը սասանեցիք, Պյոտր Ալեքսանդրովիչ։ Դուք չգիտեիք այս մասին, գաղափար էլ չունեիք, իսկ ես տուն վերադարձա սասանված հավատքով և այդ օրից ի վեր ավելի ու ավելի եմ սասանվում։ Այո՜, Պյոտր Ալեքսանդրովիչ, դուք մի մեծ անկման պատճառը հանդիսացաք։ Սա Դիդերոտ չէ՜ արդեն։

Ֆյոդոր Պավլովիչը բորբոքվեց խանդալից հուզմունքով, թեև արդեն կատարելապես պարզ էր բոլորին, որ նա նորից ձևեր է թափում։ Բայց այնուամենայնիվ Միուսովը խիստ խոցված էր։

― Ի՜նչ տխմարություն... և այդ ամբո՛ղջը տխմարություն է,— մրթմրթում էր նա։— Գուցե իրոք ասել եմ մի ժամանակ... միայն թե ոչ ձեզ։ Ինձ էլ ուրիշներն են ասել։ Փարիզում եմ լսել, մի ֆրանսիացուց, որ իբր թե մեզ մոտ պատարագին են կարդում «Վարք սրբոցի» այդ պատմությունը... Նա շատ զարգացած մարդ էր, հատկապես ուսումնասիրել էր Ռուսաստանի վիճակագրությունը... երկար Ժամանակ ապրել էր Ռուսաստանում... Ինքս «Վարք սրբոցը» չեմ կարդացել... և միտք էլ չունեմ կարդալու... ճաշի վրա ինչ շաղակրատություն ասես չի արվում... Մենք ճաշում էինք այդ ժամանակ...

— Այո՜, դուք ահա ճաշում էիք այն ժամանակ, իսկ ես իմ հավա՜տքը կորցրի,— ծաղրեց Ֆյոդոր Պավլովիչը։

― Իմ ի՞նչ գործն է ձեր հավատքը,— քիչ մնաց գոռար Միուսովը, բայց մեկեն զսպեց իրեն և արհամարհանքով ասաց.— Դուք տառացիորեն կեղտոտում եք ամեն բան, ինչի ձեռք եք տալիս։

Սրբահայրը հանկարծ վեր կացավ։

— Ներեցեք, պարոնայք, որ թողնում եմ ձեզ միայն մի քանի րոպեով,— ասաց նա դիմելով բոլոր այցելուներին, բայց ինձ սպասում են ուրիշները, որոնք ձեզնից առաջ են եկել։ Իսկ դուք այնուամենայնիվ մի՛ ստեք,― ավելացրեց նա զվարթ դեմքով դառնալով Ֆյոդոր Պավլովիչին։

Նա դուրս եկավ խուցից, Ալյոշան ու նորընծան առաջ նետվեցին, որ նրան իջեցնեն սանդուղքով։ Ալյոշան խեղդվում էր. ուրախ էր, որ դուրս է գնում, բայց նաև ուրախ էր, որ սրբահայրը վիրավորված չէ և զվարթ է։ Սրբահայրը գնում էր դեպի արտաքին պատշգամբը, որպեսզի օրհնի իրեն սպասողներին։ Բայց Ֆյոդոր Պավչովիչն այնուամենայնիվ կանգնեցրեց նրան խուցի դռան առաջ։

— Երանելագո՜ւյն մարդ,— գոռաց նա զգացմունքով,— թույլ տվեք մի անգամ էլ պագնել ձեր ձեռքը։ Չէ՜, ձեզ հետ կարելի է դեռ խոսել, կարելի՛ է ապրել։ Կարծում եք, ես մի՞շտ ստում եմ և խեղկատակ ձևանում։ Իմացեք ուրեմն, ես դիտմամբ էի ամբողջ ժամանակ այսպես դերասանություն անում, որպեսզի փորձեմ ձեզ։ Ամբողջ ժամանակ տնտղում էի ձեզ՝ տեսնեմ կարելի՞ է ձեզ հետ ապրել։ Իմ խոնարհությունն արդյոք տեղ ունի՞ ձեր հպարտության կողքին։ Գովասանագի՜ր եմ տալիս ձեզ՝ կարելի՛ է ձեզ հետ ապրել։ Իսկ այժմ լռում եմ, լուռ եմ մնալու ամբողջ ժամանակ։ Կնստեմ աթոռին և լեզուս ինձ կպահեմ։ Հիմա ձերն է խոսելու կարգը, Պյոտոր Ալեքսանդրովիչ, հիմա դուք մնացիք ամենագլխավոր մարդը... տասը րոպե։

III։ Հավատացյալ կնիկներ

Վարը՝ փայտե պատշգամբի մոտ, որ շինված էր պարսպիի արտաքին պատին կից, այս անգամ հավաքվել էին միայն կանայք՝ մոտ քսան հոգի։ Հայտնել էին, որ սրբահայրը վերջապես դուրս է գալիս, և նրանք հավաքված սպասում էին։ Պատշգամբ էին ելել նաև կալվածատիրուհի Խոխլակովան և իր դուստրը, որոնք նույնպես սրբահորն էին սպասում, բայց ազնվազարմ կանանց հատկացված սպասարանում։ Տիկին Խոխլակովան, միշտ ճաշակով հագնված հարուստ տիրուհի, դեռ բավական երիտասարդ էր ու գեղանի, մի քիչ գունատ, ուներ շատ աշխույժ ու համարյա թե սև աչքեր։ Երեսուներեք տարեկան էր, ոչ ավելի, և հինգ տարի է՝ այրի էր արդեն։ Նրա տասնչորսամյա դուստրն անդամալույծ էր։ Խեղճ աղջիկն արդեն կես տարի է չէր կարողանում քայլել, և նրան տեղից տեղ տանում էին անվավոր բազկաթոռ―սայլակի մեջ, որ երկարուն էր ու հանգստավետ։ Անուշիկ էր դեմքը՝ հիվանդության պատճառով մի քիչ նիհարկեկ, բայց զվարթ։ Չարաճճի մի բան էր կայծկլտում խոշոր, մուգ, երկար թարթիչներով աչքերում։ Դեռ գարնան սկզբից մայրը պատրաստվում էր նրան արտասահման տանելու, բայց ամռանն ուշացան՝ կալվածքի հետ կապված գործերի պատճառով։ Արդեն մի շաբաթ է նրանք ապրում էին մեր քաղաքում, եկել էին ավելի գործերի համար, քան ուխտի, բայց արդեն մի անգամ այցելել էին սրբահորը՝ երեք օր առաջ։ Այժմ նորից մենաստան էին եկել հանկարծ, թեև գիտեին, որ սրբահայրն արդեն համարյա չի կարող այցելու ընդունել, և պաղատագին խնդրում էին մի անգամ ևս «մեծ դարմանիչին տեսնելու երջանկությունն ունենալ»։

Սպասելով սրբահոր երևալուն, մայրը նստած էր աղջկա սայլակի մոտ դրված աթոռին, իսկ նրանից երկու քայլ հեռու կանգնած էր մի ծեր վանական, որ ոչ թե մեր վանքի միաբան էր, այլ եկել էր հեռավոր հյուսիսում գտնվող մի խուլ մենաստանից։ Սա նույնպես փափագում էր սրբահոր օրհնությունն ստանալ։ Բայց սրբահայր Զոսիման, հայտնվելով պատշգամբում, նախ ուղղակի գնաց դեպի ժողովուրդը։ Կնիկները խմբվել էին եռաստիճան արտասանդուղքի առջև, որ ցածլիկ պատշգամբը միացնում էր դրսի դաշտին։ Սրբահայրը կանգնեց վերևի աստիճանին, հագավ փորուրարը և սկսեց օրհնել իր շուրջը սեղմված կանանց։ Մի դիվահար կնոջ, երկու ձեռքից քաշելով, մոտեցրին նրան։ Հազիվ սրբահորը տեսած՝ այդ կինը հանկարծ սկսեց անհեթեթ ճչոցներ արձակելով զկռտալ և ամբողջ մարմնով ցնցվեց, ասես երկունքի ջղաձգությամբ բռնված։ Փորուրարը դնելով նրա գլխին, սրբահայրը մի կարճ աղոթք կարդաց, և կինն անմիջապես լռեց ու հանգստացավ։

Չգիտեմ ինչպես է հիմա, բայց երբ ես մանուկ էի՝ հաճախ պատահում էր, որ գյուղերում ու վանքերում տեսնում ու լսում էի այդ դիվահար կանանց։ Նրանց տանում էին պատարագի, և ամբողջ եկեղեցով մեկ նրանք ճչում էին կամ հաչում շան նման։ Բայց երբ քահանան առաջ էր բերում սրբազան մասունքը և հիվանդներին մոտեցնում էին սուրբ հաղորդություն ստանալու, անմիջապես դադարում էր «դիվահարությունը» և միշտ էլ նրանք խաղաղվում էին մի որոշ ժամանակ։ Ես, որպես երեխա, շատ էի զարմանում, ապշում էի։ Սակայն հենց այդ շրջանում, երբ հարցուփորձ արեցի, որոշ կալվածատերեր և մանավանդ քաղաքի իմ դասատուներն ասացին, թե բոլոր այդ կանայք հիվանդ են ձևանում չաշխատելու համար, և թե միշտ էլ կարելի է նրանց խելքի բերել համապատասխան խստություն բանեցնելով։ Եվ զանազան անեկդոտներ պատմեցին իրենց ասածը հաստատելու համար։ Բայց հետագայում զարմանքով իմացա մասնագետ բժիշկներից, թե ոչ մի կեղծիք չկա այդ բոլորի մեջ, դա կանացի սարսափելի հիվանդություն է, երևի առավելապես մեր Ռուսաստանում տարածված, և վկայում է մեր գեղջկուհիների ծանր ճակատագիրը. մի հիվանդություն, որի պատճառը հալումաշ անող աշխատանքն է՝ դժվար, անբնականոն, բժշկական որևէ օգնություն չստացող ծննդաբերությունից անմիջապես հետո, և բացի այդ՝ նաև անհույս վիշտը, ծեծը և այլն, որոնց այնուամենայնիվ որոշ կանացի բնավորություններ չեն կարող դիմանալ մեծամասնության նման։ Երբ մոլեգնած ու մաքառող կնոջը պարզապես մոտեցնում էին սրբազան մասունքին, հավանաբար ամենաբնական ձևով էր տեղի ունենում նրա տարօրինակ և ակնթարթային բուժումը, որն ինձ բացատրում էին որպես կեղծիք և, ավելին, իբրև թե հենց «կղերականների» սարքած աճպարարություն. և՛ այն կանայք, որ հիվանդին մոտեցնում էին սրբազան մասունքին, և՛ մանավանդ հիվանդն ինքը, լրիվ հավատում էին և որպես հաստատ ճշմարտություն ընդունում, թե դիվահարին տիրած չար ոգին երբեք չի կարող դիմանալ, եթե դժբախտ կնոջը մոտեցնեն ու խոնարհեցնեն սրբազան մասունքի առաջ։ Այդ իսկ պատճառով, ջղային և անշուշտ հոգեպես հիվանդ կնոջ մեջ, սրբազան մասունքի առաջ խոնարհվելու պահին, միշտ տեղի էր ունենում (և անպայման պետք է տեղի ունենար) ամբողջ օրգանիզմի մի տեսակ անխուսափելի ցնցում, որ առաջ էր գալիս այն լիակատար հավատքից, թե անպայման կատարվելու է ակնկալված բուժման հրաշքը։ Եվ հրաշքը կատարվում էր՝ թեկուզ միայն մեկ րոպեով։ Ճիշտ այդպես եղավ նաև հիմա, հենց որ սրբահայրը հիվանդին ծածկեց փորուրարով։

Նրա շուրջ խմբված կանանցից շատերը խանդաղատանքի և հափշտակության առատ արցունք էին թափում րոպեի ազդեցության տակ։ Ուրիշներն առաջ էին նետվում գոնե նրա զգեստի ծայրը համբուրելու, ոմանք էլ լացակումած աղաղակում էին։ Նա օրհնում էր բոլորին և ոմանց հետ խոսում։ Դիվահարին ճանաչում էր արդեն. հեռու տեղից չէր նա, այլ ընդամենը վեց վերստ հեռու մի գյուղից, և առաջ էլ նրան բերել էին իր մոտ։

— Իսկ ահա դու հեռվի՜ց ես եկել,— մատնացույց արեց նա մի կնոջ, որ դեռ բոլորովին պառավ չէր, բայց շատ նիհար էր ու հյուծված, ոչ թե արևախանձ, այլ կարծես ամբողջապես սևացած դեմքով։ Նա ծունկի էր եկել և անշարժ աչքերով նայում էր սրբահորը։ Հայացքի մեջ կարծես մոլեգնահար մի բան կար։

— Հեռուների՜ց, հայր սուրբ, հեռուներից, երե՜ք հարյուր վերստ էստեղից։ Հեռուների՜ց, հայր սուրբ, հեռուներից,― խոսեց կինը երգաձայն, գլուխն օրորելով աջ ու ձախ և այտն ափին հենած։ Խոսում էր կարծես ողբ ասելով։ Ժողովուրդի մեջ կա լռելյայն ու համբերատար վիշտ. այս վիշտը ինքն իր մեջ է խորանում և լուռ է մնում։ Բայց կա նաև բեկվող վիշտ, որ հանկարծ ժայթքում է արցունքներով և այդ րոպեից վերածվում ողբուկոծի։ Դա մանավանդ կանանց է հատուկ։ Բայց ավելի թեթև չէ, քան լռելյայն վիշտը։ Ողբուկոծն ամոքում է լոկ այնքանով, որ ավելի ևս բորբոքում ու պատռում է սիրտը։ Այսպիսի վիշտը մխիթարություն էլ չի ուզում, սնվում է իր անամոք լինելու զգացումով։ Վերքն անընդհատ փորփրելու պահանջի արտահայտությունն է պարզապես ողբուկոծը։

— Քաղքենիների դասի՞ց ես հարկավ,— շարունակեց հարցնել սրբահայրը, հետաքրքրությամբ նայելով նրան։

— Քաղաքի մարդ ենք, հայր սուրբ, քաղաքի մարդ, գյուղացի ենք, բայց քաղաքի մարդ, քաղաքում ենք ապրում։ Եկել եմ, հայր սուրբ, քեզ տեսնելու։ Լսել ենք քո մասին, հա՜յր, լսել ենք։ Պուճուրիկ տղիս եմ թաղել, եկել եմ աստծուն աղաչելու։ Երեք վանք եմ գնացել, բայց ինձ ասին՝ «Գնա՛, Նաստասյուշկա, էնտեղ էլ գնա», այսինքն թե ձեզ մոտ, հոգի ջան, ձեզ մոտ։ Եկա, երեկ հսկումին գնացի, էսօր էլ եկել եմ ձեզ մոտ։

― Ինչի՞ համար ես լաց լինում։

— Տղի՜ս եմ ափսոսում, հայր սուրբ, երեքը չէր լրացել, երեք ամիս էլ ապրեր՝ երեք տարեկան կլիներ։ Տղիս համար եմ տանջվում, հայր սուրբ, տղի՜ս համար։ Վերջինն էր մնացել, չորսն ենք ունեցել Նիկիտուշկաս ու ես, բայց չեն մնում մեր երեխեքը, չեն մնում, սիրելի հայր, չե՜ն մնում։ Առաջին երեքին թաղեցի, էնքան էլ շատ չափսոսացի։ Էս վերջին տղիս թաղեցի, չեմ կարում նրան մոռանամ։ Հենց հիմի ասես կանգնել է աչքիս առաջ, չի գնում, չի՜ գնում։ Մաշեց, մաշե՜ց իմ հոգին։ Նայում եմ պուճուրիկ լաթերին, պուճուրիկ շապկին ու մաշիկներին և վա՛յ եմ տալիս, վա՜յ։ Շարում եմ ինչ մնաց նրանից, մեկիկ-մեկիկ շարում, նայում ու վա՛յ տալիս, վա՜յ։ Ասում եմ Նիկիտուշկայիս, ասում եմ մարդուս՝ թո՜ղ ինձ, տնատեր, գնամ ուխտ անեմ։ Կառապան է մարդս, աղքատ չենք, հայր սուրբ, աղքատ չենք, մենք ենք մեր գործի տերը, ամեն ինչ սեփական ունենք, ձին էլ մերը, կառքն էլ մերը։ Բայց էլ ինչի՞ է պետք հիմի էդ ունեցվածքը։ Ես որ չկամ՝ խմել սկսեց իմ Նիկիտուշկան, հաստատ գիտեմ՝ սկսեց։ Առաջ էլ էր էդպես՝ հենց շուռ եմ գալիս, բռնում է թուլությունը։ Բայց հիմի նրա մասին էլ չեմ մտածում։ Էս է երեք ամիս կլինի՝ դուրս եմ եկել տնից։ Մոռացա նրան, ամեն ինչ մոռացա, չեմ ուզում հիշեմ։ Էլ ո՞նց ապրեմ նրա հետ, ինչի՞ համար։ Վերջ եմ տվել ընտանիքին, վերջ եմ տվել, ամեն ինչին վերջ եմ տվել։ Էլ նայել չեմ ուզում իմ տանը, իմ ունեցվածքին, էլ ո՜չ մի բան չեմ ուզում տեսնեմ։

― Տես ի՛նչ եմ ասում, մա՛յր,— ասաց սրբահայրը։ — Հնադարյան մեծագործ մի սուրբ մի անգամ տաճարում տեսնում է քեզ նման արտասվող մի մոր, որ նույնպես իր մանկան էր ողբում, իր միակ երեխային, որին նույնպես կանչել էր աստված։ «Միթե չգիտե՞ս դու,— ասում է սուրբը նրան,— թե աստուծո գահի առաջ որքան հանդուգն են մանուկներն այս։ Երկնային թագավորության մեջ չկա նույնիսկ այլ ոք ավելի հանդուգն, քան նրանք. դու մեզ կյանք շնորհեցիր, ո՜վ տեր, ասում են նրանք առ աստված, և հազիվ բացել էինք մեր աչքերը, երբ դու այդ կյանքը ետ առար մեզնից։ Եվ այնքան հանդգնորեն խնդրում են ու պահանջում, որ տերն անմիջապես հրեշտակների կարգն է դասում նրանց։ Արդ ուրեմն,— ասում է սուրբը,— դու ևս ուրախ եղիր, ո՜վ կին, և մի՛ արտասվիր, վասնզի քո մանուկն այժմ աստուծո հետ է՝ նրա հրեշտակների դասում»։ Ահավասիկ թե ինչ ասաց սուրբն այդ արտասվող կնոջը հին ժամանակներում։ Իսկ նա մեծագործ սուրբ էր ու չէր կարող ոչ ճշմարիտ բան պատմել։ Ուրեմն դու ևս գիտցիր, մա՛յր, որ քո երեխան էլ այժմ վստահաբար կանգնած է տիրոջ գահի առջև և ուրախ է ու զվարթ և քեզ համար բարեխոսում է առ աստված։ Ուստի դու ևս արտասվիր, բայց ուրախ եղիր։

Կինը լսում էր սրբահորը՝ այտը ձեռքին, գլխահակ։ Նա խոր հառաչեց։

— Նիկիտուշկան էլ հենց դրանով էր ինձ մխիթարում, ճիշտ քո ասածն էր ասում. «Խելք չունես դու, ասում էր, ինչի՞ ես լացում, մեր մանչուկը հիմա երևի հրեշտակների հետ երգում է աստծո մոտ»։ Ինձ էդպես է ասում, ինքն էլ է լաց լինում, տեսնում եմ՝ ինձ նման լաց է լինում։ «Գիտեմ, Նիկիտուշկա, ասում եմ, էլ ո՞րտեղ կարող է լինել՝ թե որ աստծու մոտ չլինի, միայն թե հիմի էստե՛ղ չէ, մե՛զ հետ չէ, Նիկիտուշկա, նստա՛ծ չէ մեր կողքին, ոնց որ առաջ էր նստում»։ Եվ գոնե մի անգամ՝ հենց միայն նայեի՜ տղիս, մի անգամ, մի՜ անգամ նորից աչքս գցեի վրան, թեկուզ չմոտենայի, չխոսեի, անկյունը պահվեի, միայն թե մի րոպե, մի պստիկ րոպե տեսնեի, լսեի նրան՝ ո՜նց է խաղ անում բակում, մեկ էլ գալիս է, իր բարալիկ ձենով գոռում՝ «Ո՞ւր ես, մա՜մ»։ Հենց միայն լսեի՝ ո՜նց նա իր տոտիկներով մի անգամ անցնում է սենյակից, միայն մի անգամ, էդ իր տոտիկներով՝ թըփ֊թըփ֊թըփ, հիշում եմ, ոնց էր շուտ֊շուտ, շուտ-շուտ վազում ինձ մոտ, գոռում էր, ծիծաղում, միայն տոտիկների ձե՜նը լսեի, լսեի՜ հիմի, իսկույն կճանաչեի։ Բայց չկա, հայր սուրբ, չկա՜, և էլ երբե՜ք չեմ լսելու նրան։ Ահա էս իր պուճուրիկ գոտին, իսկ ինքը չկա, և էլ երբեք, երբեք չեմ տեսնելու, չե՜մ լսելու նրան...

Նա ծոցից հանեց իր մանչուկի փոքրիկ ասեղնագործ գոտին, և հազիվ նայեց դրան՝ անմիջապես սկսեց հեծկլտալ ու ցնցվել հեծկլտանքից, ծածկելով աչքերը մատներով, որոնց արանքից հանկարծ ժայթքեցին հորդ արցունքները։

— Իսկ այս հիմա,— ասաց սրբահայրը,— վաղնջական արտասուքն է Հռաքելի, որ «լայր զորդիս իւր և ոչ կամէր մխիթարիլ՝ զի ոչ էին»։ Եվ ձեզ՝ մայրերիդ, այսպես է վիճակված երկրի վրա։ Ու մի՛ փնտրիր մխիթարություն և արտասվիր, զի կարիք չունես մխիթարվելու, մի՛ փնտրիր մխիթարություն և արտասվիր, միայն թե ամեն անգամ, երբ արտասվես, հիշիր անվարան, որ քո մանչուկը մեկն է աստուծո հրեշտակներից, քեզ է նայում այնտեղից ու տեսնում է քեզ, և ուրախանում է քո արցունքներով, և մատնացույց է անում քո արցունքները տեր աստծույն։ Եվ դեռ երկար ժամանակ մայրական այս մեծ ողբը կրելու ես ընդ քեզ, բայց ի վերջո դա քո մեջ վերածվելու է մեղմ ուրախության, և քո դառն արցունքները լինելու են լոկ մեղմ խանդաղատանքի արցունքհեր՝ սիրտը մաքրող և մեղքերից փրկող խանդաղատանքի։ Իսկ քո մանկանը կհիշատակեմ իմ աղոթքում՝ վասն նրա հոգու խաղաղության։ Անո՞ւնն ինչ էր։

— Ալեքսեյ, հայր սուրբ։

— Ի՜նչ քաղցր անուն։ Աստուծո մարդ Ալեքսեյի՞ անունով է կոչված։

— Աստծո մարդու, հայր սուրբ, աստծո մարդ Ալեքսեյի անունով։

— Ի՜նչ երանելի սուրբ էր։ Կհիշատակեմ, մա՛յր, կհիշատակեմ մանկիկիդ, նաև վիշտը քո կհիշատակեմ իմ աղոթքում և քո ամուսնուն կհիշատակեմ, առողջություն խնդրելով նրա համար։ Միայն թե՝ մեղք ես գործում նրան թողնելով։ Գնա ամուսնուդ մոտ և պահպանիր նրան։ Կտեսնի քո մանուկը վերևից, որ թողել ես դու իր հորը, և կարտասվի ձեզ համար։ Ինչո՞ւ ես խռովում նրա երանությունը։ Չէ՞ որ կենդանի է նա, կենդանի է, վասնզի հոգին ապրում է հավիտյան, ու թեև նա բացակա է տնից, բայց ձեզ հետ է անտեսանելիորեն։ Ինչպե՞ս կարող է նա տուն գալ, քանի ասում ես, թե ատում ես տունը քո։ Ո՞ւմ մոտ գա, եթե չի կարող միասին գտնել ձեզ՝ իր հորն ու մորը։ Այժմ նա երևում է քո երազներում, և դու տանջվում ես, բայց երբ քեզ տանը գտնի՝ անուշ երազներ կուղարկի։ Գնա՛ ամուսնուդ մոտ, մա՛յր, այսօր ևեթ գնա։

— Կգնամ, հարազատ հայր, քո խոսքի վրա կգնամ։ Դու իմ սիրտը կարդացիր։ Նիկիտուշկա՜, դու իմ Նիկիտուշկա, սպասում ես դու ինձ, աղավնյակս, սպասում ես ինձ,— սկսեց նորից կինը լացակումած, սակայն սրբահայրն արդեն դարձել էր մի շատ պառավ կնոջ, որ հագնվել էր ոչ թե ուխտավորի, այլ քաղաքում ապրողի նման։ Աչքերից երևում էր, որ եկել է մի խնդրով և բան ունի ասելու։ Ասաց, թե ինքը ենթասպայի այրի է և եկել է ոչ թե հեռվից, այլ հենց մեր քաղաքից։ Նրա որդյակը, Վասենկան, ծառայում էր ինչ֊որ մի կոմիսարիատում և գնացել էր Սիբիր՝ Իրկուտսկ։ Երկու անգամ նամակ էր գրել այդտեղից, բայց հիմա արդեն մի տարի է չի գրում։ Մայրը հարցուփորձ է արել նրա մասին, բայց ճիշտն ասած չգիտի էլ, թե որտեղ գնա մի ստույգ բան իմանալու։

— Հենց երեկ չէ մյուս օրը Ստեպանիդա Իլյինիշնա Բեդրյագինան, էն հարուստ վաճառականի կինը, ինձ ասում է թե՝ դու գնա, Պրոխորովնա, ասում է, քո տղի անունը գրել տուր եկեղեցում՝ ոնց որ հոգեհանգստի համար, ասում է, և աղոթիր նրա հոգու համար։ Ասում է՝ տղիդ հոգին կարոտ կզգա, և նա քեզ նամակ կգրի։ Եվ դա ճշմարիտ բան է, ասում է Ստեպանիդա Իլյինիշնան, շատ անգամ են փորձել։ Միայն թե իմ խելքը չի կտրում... Դու մեր լո՜ւյսն ես, հայր սուրբ, դո՛ւ ասա, ճի՞շտ է, թե սուտ, և լա՞վ կլինի, որ էդպես անեմ։

— Նույնիսկ մտքովդ չանցնի այդ բանը։ Հարցնելն անգամ ամոթ է։ Եվ ինչպե՞ս կարելի է կենդանի հոգուն հիշատակել հոգեհանգստում, այն էլ հարազատ մոր կողմից։ Դա մեծ մեղք է, կախարդության նման մի բան, միայն քո անգիտության համար է քեզ ներելի։ Ավելի լավ է՝ նրա առողջության համար աղոթիր երկնային թագուհուն, անմիջահաս մեր բարեխոսին ու օգնականին, ու նաև խնդրիր, որ քեզ ների քո սխալ մտածումների համար։ Եվ դեռ այս էլ ահա ասեմ քեզ, Պրոխորովնա. կա՛մ ինքը՝ քո որդյակը շուտով կվերադառնա քեզ և կամ նամակ կուղարկի ապահովաբար։ Գիտցի՛ր, որ այդպես է։ Գնա և հետայսու հանգիստ եղիր։ Կենդանի է քո որդյակը, ասում եմ քեզ։

— Մեր թանկագի՜ն հայր, աստված վարձդ տա, մեր բարերա՜ր, աղոթարար մեր բոլորի համար, մեր մեղքերի համար...

Իսկ սրբահայրն արդեն բազմության մեջ նկատել էր իրեն ուղղված երկու վառվող աչքեր. հյուծված, թոքախտավորի տեսքով, թեև տակավին երիտասարդ մի գեղջկուհի էր։ Նայում էր լուռ, աչքերի մեջ աղերսանք կար, բայց կարծես վախենում էր մոտենալ։

— Ի՞նչ է քո ցավը, սիրելի դուստր իմ։

— Ազատիր իմ հոգին, հայր սուրբ,— մեղմ ու անշտապ ասաց նա, ծունկի եկավ ու խոնարհվեց նրա ոտքերին։ — Մեղք եմ գործել, հարազատ հայր, իմ մեղքից եմ վախենում։

Սրբահայրը նստեց վարի աստիճանին, կինը մոտեցավ նրան, մնալով ծնկաչոք։

— Այրի եմ՝ երեք տարի է,— սկսեց նա կիսաշշուկ, մի տեսակ դողդողալով։— Ծանր էր իմ կյանքը մարդուս հետ, ծեր էր, սպանում էր ինձ ծեծելով։ Հիվանդ պառկեց։ Նայում եմ նրան, մտածում՝ թե որ առողջանա, նորից ոտքի կանգնի, ի՞նչ կլինի իմ վիճակը։ Եվ մեկ էլ էն չար միտքը եկավ մեջս մտավ...

— Կա՛ց,— ասաց Սրբահայրը և իր ականջը մոտեցրեց ուղղակի նրա շրթունքներին։ Կինը շարունակեց մեղմ շշնջալով, այնպես որ համարյա ոչինչ կարելի չէր լսել կողքից։ Շուտով նա վերջացրեց։

— Երրորդ տարի՞ն է,— հարցրեց սրբահայրը։

— Երրորդ տարին։ Սկզբում չէի մտածում, իսկ հիմի սկսում եմ վատ զգալ, ցավը կպել է սրտիս։

— Հեռվի՞ց ես եկել։

— Հինգ հարյուր վերստ էստեղից։

— Խոստովանանքի Ժամանակ ասե՞լ ես։

— Ասել եմ, երկու անգամ եմ ասել։

— Թույլ տվի՞ն հաղորդություն ընդունելու։

— Թույլ տվին։ Վախենում եմ։ Մեռնելուց եմ վախենում։

― Ոչ մի բանից մի՛ վախենա, և երբեք մի վախենա ու մի՛ տխրիր։ Միայն չթուլանա զղջումը քո սրտում՝ աստված քեզ կների ամեն ինչ։ Եվ ամբողջ երկրի երեսին չկա ու չի կարող լինել այնպիսի մի մեղք, որ տեր աստված չների ճշմարիտ զղջացողին։ Եվ մարդը չի կարող այնքան մեծ մի մեղք գործել, որ սպառի աստուծո անհուն սերը։ Միթե կարո՞ղ է լինել այնպիսի մի մեղք, որ գերազանցի աստուծո սերը։ Մտածիր լոկ զղջման մասին, հարատև զղջման, իսկ վախն իսպառ վտարիր քեզնից։ Հավատա, որ աստված սիրում է այնպես, որ դու չես էլ գիտակցում այդ, քեզ սիրում է քո մեղքով հանդերձ ու քո մեղքի մեջ։ Վասն մեկ մեղավորի, որ ապաշխարում է, ավելի է ուրախությունը երկնքում, քան իննսուն և ինն արդարի, որոնք կարիք չունեն ապաշխարելու։ Այդպես է ասված ի հնուց անտի։ Գնա ուրեմն և մի՛ վախենա։ Մի՛ դառնանա մարդկանց դեմ, մի՛ բարկանա, եթե վիրավորեն քեզ։ Հանգուցյալին ամեն ինչ ներիր քո սրտում, ամեն ինչ, որով քեզ վիրավորել է, ճշմարտապես հաշտվիր նրա հետ։ Եթե զղջում ես, ուրեմն սիրում ես։ Իսկ եթե սիրում ես, ուրեմն աստվածահաճո ես արդեն... Ամեն ինչ փոխհատուցվում է սիրո միջոցով, ամեն ինչ փրկվում։ Եթե ես, նույնպես քեզ նման մեղավոր մի մարդ, արդեն գորով ու կարեկցանք ունեցա քո նկատմամբ, հույժ առավել կունենա աստված։ Սերն այնպիսի անգին մի գանձ է, որով կարող ես ամբողջ աշխարհն առնել, և ոչ միայն քո, այլև ուրիշների մեղքերը քավել։ Գնա և մի՛ վախենա։

Սրբահայրը երեք անգամ խաչակնքեց նրան, իր վզից մի փոքրիկ սրբապատկեր հանեց ու կախեց նրա վզին։ Կինը լուռ խոնարհվեց մինչև գետին։ Սրբահայրը վեր կացավ և ուրախ նայեց մի քաջառողջ գեղջկուհու, որի գրկում ծծկեր երեխա կար։

— Վիշեգորյեից եմ, սիրելի հայր։

— Սակայն վեց վերստ է այստեղից, և տանջվել ես մանկիկիդ հետ քայլելով։ Ի՞նչ ես ուզում։

— Եկա քեզ նայեմ։ Ես ախր եղել եմ քեզ մոտ, թե՞ մոռացել ես։ Ուրեմն մեծ հիշողություն չունես, թե որ մոռացել ես ինձ։ Մեր գյուղում ասացին՝ հիվանդ ես դու, ես էլ դե մտածեցի՝ ի՞նչ կա որ, գնամ ինքս տեսնեմ նրան, հիմի էլ ահա տեսնում եմ քեզ, էսպես հիվանդ կլինի՞։ Դեռ քսան տարի էլ կապրես, ճի՜շտ, աստված քեզ հետ։ Բա էնքա՜ն մարդ աղոթում է քեզ համար, էլ ինչի՞ հիվանդ լինես։

— Շնորհակալ եմ բոլոր ասածներիդ համար, սիրելի աղջիկս։

— Մեկ էլ մի պուճուր խնդիրք ունեմ. ահա էս վաթսուն կոպեկը, ինձնից աղքատ մեկին տուր, սիրելի հայր սուրբ։ Որ էստեղ եկա, մեկ էլ միտք արեցի՝ ավելի լավ է նրա՛ ձեռքով տամ, նա գիտի ում պետք է տա։

— Շնորհակալ եմ, սիրելիդ իմ, շնորհակալ եմ, բարի աղջիկս։ Սիրում եմ քեզ։ Անպայման կկատարեմ խնդիրքդ։ Աղջնա՞կ է գրկումդ։

— Աղջնակ է, լո՜ւյս հայր, Լիզավետա։

— Տեր աստված օրհնի երկուսիդ էլ, և քե՛զ, և՛ մանկիկն Լիզավետային։ Ուրախացրիր դու իմ սիրտը, մա՛յր։ Մնաք բարով, սիրելիներդ իմ, մնաք բարով, թանկագին, բարեսեր կանայք։

Նա օրհնեց բոլորին և խորունկ խոնարհվեց նրանց։

IV։ Թերահավատ տիկինը

Այցելության եկած կալվածատիրուհին, հասարակ ժողովրդի հետ զրույցի և օրհնության այդ տեսարանին նայելով, լուռ արտասվում էր և թաշկինակով սրբում արցունքները։ Զգայուն ու նրբակիրթ տիկին էր նա և շատ կողմերով անկեղծորեն բարի հակումներ ուներ։ Երբ սրբահայրը վերջապես մոտեցավ, տիկինը խանդավառ դիմավորեց նրան։

— Ես այնքան, այնքա՜ն ապրումներ ունեցա, նայելով ամբողջ այս սրտաշարժ տեսարանին... — հուզմունքից չկարողացավ շարունակել։— Օ՜, ես հասկանում եմ, որ ժողովուրդը սիրում է ձեզ, ես ինքս էլ սիրում եմ ժողովրդին, ցանկանում եմ սիրել նրան, և ինչպե՜ս կարելի է չսիրել ժողովրդին, մեր սքանչելի, իր վեհության մեջ պարզհոգի ռուս ժողովրդին։

— Ինչպե՞ս է ձեր աղջկա առողջությունը։ Կրկի՞ն փափագել եք ինձ հետ զրուցել։

— Օ՜, ես թախանձագին խնդրեցի, աղաչեցի, ես պատրաստ էի ծնկի ընկնելու և թեկուզ երեք օր ծնկաչոք մնալու ձեր պատուհանների տակ, մինչև ինձ ներս ընդունեիք։ Մենք եկել ենք ձեզ մոտ, մեծդ դարմանիչ, որպեսզի մեր ամբողջ ցնծագին շնորհակալությունը հայտնենք։ Չէ՞ որ դուք բուժեցիք իմ Լիզային, կատարելապես բուժեցիք, և ի՞նչ միջոցով — աղոթելով նրա վրա հինգշաբթի օր, ձեր ձեռքերը դնելով նրա գլխին։ Մենք փութացինք համբուրելու այդ ձեռքերը, զեղելու մեր զգացումները և մեր ակնածանքը։

— Ինչպե՞ս թե բուժել եմ։ Չէ որ դեռ պառկած է իր բազկաթոռում։

— Բայց գիշերային տենդի նոպաները բոլորովին անցան՝ արդեն երկու օր է, հենց հինգշաբթի օրվանից,— նյարդային աճապարանքով ասաց տիկինը։— Եվ դեռ ավելին՝ ոտքերն ամրացան։ Այս առավոտ առողջ վեր կացավ, ամբողջ գիշերը քնեց, նայեցեք նրա կարմիր այտերին, փայլող աչուկներին։ Առաջ միշտ լաց էր լինում, իսկ հիմա ծիծաղում է, զվարթ է, ուրախ։ Այսօր համառորեն պահանջեց, որ ոտքի կանգնեցնեն իրեն, և մի ամբողջ րոպե ոտքի վրա մնաց, ինքը՝ առանց որևէ օգնության։ Ինձ հետ գրազ է բռնում, որ երկու շաբաթից կադրիլ է պարելու։ Ես հրավիրեցի այստեղի բժիշկ Հերցենշտուբեին։ Բժիշկն ուսերն է թոթվում և ասում է՝ զարմանում եմ, խելքս բան չի կտրում։ Եվ դուք ուզում եք, որ մենք կարողանայինք չանհանգստացնե՞լ ձեզ, չսլանա՞լ այստեղ, շնորհակալություն չհայտնե՞լ։ Lise դե շնորհակալությո՛ւն հայտնիր, շնորհակալությո՜ւն։

Lise-ի անուշիկ, ծիծաղկուն երեսը հանկարծ լրջացավ մի վայրկյան, նա վեր կացավ իր բազկաթոռում որքան կարող էր, և նայելով սրբահորը՝ ձեռքերն իրար միացրեց նրա առաջ, բայց չդիմացավ և հանկարծ ծիծաղեց...

— Նրա՛, նրա՛ վրա եմ ծիծաղում,— մատով ցույց տվեց Ալյոշային՝ մանկական վրդովմունք զգալով ինքն իր դեմ, որ չդիմացավ ու ծիծաղեց։ Ալյոշան կանգնել էր սրբահոր ետին, մեկ քայլ հեռու, և ով որ այդ վայրկյանին նայեր նրան, կնկատեր, թե ինչպես մի ակնթարթում շիկնեցին նրա այտերը։ Աչքերը փայլեցին ու խոնարհվեցին։

— Lise-ը հանձն է առել ձեզ մի բան հաղորդելու, Ալեքսեյ Ֆյոդորովիչ... Ինչպե՞ս է ձեր առողջությունը,— շարունակեց աղջկա մայրիկը, հանկարծ դառնալով Ալյոշային ու մեկնելով իր հիանալիորեն ձեռնոցապատված ձեռքը։ Սրբահայրը ետ նայեց և հանկարծ ուշադիր մի հայացք սևեռեց Ալյոշային։ Ալյոշան մոտեցավ Լիզային և, մի տեսակ տարօրինակ ու շփոթված ժպտալով, նրան ևս մեկնեց իր ձեռքը։ Lise-ը լուրջ դեմք ընդունեց։

— Կատերինա Իվանովնան իմ միջոցով ձեզ ուղարկում, է այս բանը,— մի փոքրիկ նամակ տվեց նա Ալյոշային։― Հատկապես խնդրում է, որ դուք այցելեք նրան, ու շուտով, շուտով այցելեք, և չխաբեք, անպայման գաք նրան տեսնելու։

— Խնդրում է, որ ես իրեն այցելե՞մ։ Ես իր մոտ... Իսկ ինչո՞ւ,— խորունկ զարմանքով մրթմրթաց Ալյոշան։ Նրա դեմքը հանկարծ շատ մտահոգ դարձավ։

— Օ՜հ, Դմիտրի Ֆյոդորովիչի պատճառով է նորից և... բոլոր այս վերջին դեպքերի,— շտապ բացատրեց մայրը։— Կատերինա Իվանովնան հիմա մի որոշման է հանգել... բայց դրա համար անպայման պետք է ձեզ տեսնի... Ինչո՞ւ։ Չգիտեմ անշուշտ, բայց խնդրեց՝ որքան կարելի է շուտ անցնեք։ Եվ դուք կկատարե՜ք նրա խնդրանքը, անպայման կգնաք, նույնիսկ քրիստոնեական պարտքն է թելադրում այստեղ։

— Ես ընդամենը մեկ անգամ եմ տեսել նրան,— շարունակեց Ալյոշան նույն տարակուսանքով։

— Օ՜, նա այնպիսի վսե՜մ, այնպիսի անստգյո՛ւտ էակ է... Միայն իր ապրած տառապանքներո՜վ արդեն... Երևակայեցեք, ինչե՜ր է քաշել, ինչե՜ր է քաշում հիմա, երևակայեցեք, ի՛նչ է սպասում նրան... սարսափելի է այդ ամբողջը, սարսափելի՜։

— Լավ, կգամ,― որոշեց Ալյոշան, թեթևակի կարդալով կարճ ու հանելուկային երկտողը, ուր ոչ մի բացատրություն չկար, այլ միայն թախանձագին խնդրանք, որ ինքն անպայման գա այցելության։

— Ա՜խ, ինչ սիրալիր ու հոյակապ բան արած կլինեք,— ճչաց հանկարծ Lise-ը խիստ ոգևորված։— Իսկ ես մամային ասում էի՝ ոչ մի կերպ չի գա, նա իր հոգին է փրկում վանքում։ Ի՜նչ սքանչելի եք, ի՜նչ սքանչելի։ Այո, ես միշտ մտածել եմ, որ սքանչելի եք դուք, և ա՛յ, հաճույքով եմ հիմա այս բանն ասում ձեզ։

— Lise,— ազդու շեշտով ասաց մայրը, սակայն անմիջապես ժպտաց։

— Դուք մեզ էլ մոռացաք, Ալեքսեյ Ֆյոդորովիչ,— դարձավ նա Ալյոշային,— բնավ չեք ուզում մեզ այցելել, այնինչ Lise-ն ինձ երկու անգամ ասել է, որ միայն ձեր ներկայությամբ է լավ զգում։

Ալյոշան բարձրացրեց իր խոնարհած աչքերը, նորից կարմրեց հանկարծ և նորից հանկարծ ժպտաց, ինքն էլ չիմանալով, թե ինչու։ Սակայն սրբահայրն այլևս չէր դիտում Ալյոշային։ Նա խոսակցություն էր սկսել եկվոր վանականի հետ, ու ինչպես արդեն ասացինք, Lise-ի բազկաթոռի մոտ կանգնած սպասում էր։ Ըստ երևույթին, նա ամենահասարակ վանականներից էր, այսինքն խոնարհ դասից՝ կարճամիտ, անխախտ աշխարհայացքով, բայց խիստ հավատացյալ և յուրովի հաստատակամ։ Նա հայտնեց, թե ինքը հեռավոր հյուսիսի ինչ֊որ անկյունից է, Օբդորսկից, սուրբ Սիլվեստրից՝ մի աղքատ վանքից, ուր ընդամենը ինը վանական կա։ Սրբահայրն օրհնեց նրան և հրավիրեց գալ իր խուցը՝ ցանկացած պահին։

— Սակայն ինչպե՞ս եք հանդգնում այսպիսի գործեր անել,— հարցրեց հանկարծ վանականը, ազդու և հանդիսավոր մի շարժումով ցույց տալով Lise-ին։ Ակնարկում էր նրա «բուժումը»։

— Անշուշտ դեռ կանուխ է այդ մասին խոսելը։ Հիվանդության թեթևացումը դեռ լրիվ բուժում չէ և կարող է ուրիշ պատճառների արդյունք լինել։ Բայց եթե կատարվել է մի բան՝ միայն աստուծո հաճությամբ է, և ոչ թե այլ զորության շնորհիվ։ Աստուծմե է ամեն ինչ։ Այցելեցեք ինձ, հայր սուրբ,— ավելացրեց սրբահայրը,— ապա թե ոչ՝ միշտ չէ, որ կարող եմ ընդունել. հիվանդ եմ և գիտեմ, որ հաշված են իմ օրերը։

— Օ՜հ, ոչ, ո՜չ, աստված ձեզ չի խլի մեզնից, դուք դեռ երկար կապրեք, երկա՜ր,— բացականչեց տիկինը։— Եվ ինչպես թե հիվանդ եք։ Այնքա՜ն առողջ եք երևում, ուրախ, երջանիկ։

— Ես այսօր արտակարգորեն ավելի լավ եմ գգում, բայց արդեն գիտեմ, որ սա մի վաղանցիկ պահ է։ Ես այժմ անվրեպ հասկանում եմ իմ հիվանդությունը։ Իսկ եթե ես այնքան երջանիկ եմ թվում ձեզ, ապա երբեք ու ոչ մի բանով ինձ այնքան չէիք կարող ուրախացնել, որքան այդ նկատելով ու ասելով։ Վասնզի մարդիկ ստեղծված են երջանկության համար, և ով կատարելապես երջանիկ է՝ ուղղակի արժանի է ասելու ինքնիրեն. «Ես կատարեցի աստուծո պատգամը երկրի վրա»։ Բոլոր արդարները, բոլոր սրբերը, բոլոր սուրբ նահատակները երջանիկ են եղել։

— Օ՜հ, ինչպե՜ս եք խոսում, ի՜նչ խիզախ ու վսեմ խոսքեր,— բացականչեց տիկինը։— Ասում եք ու կարծես թափանցում մարդու սիրտը։ Բայց և այնպես՝ երջանկությո՜ւն, երջանկությո՜ւն — ո՞ւր է երջանկությունը։ Ո՞վ կարող է իր մասին ասել, թե երջանիկ է։ Օ՜հ, քանի որ այնքան բարի եղաք, որ այսօր թույլ տվիք մի անգամ ևս ձեզ տեսնելու, ապա լսեցեք այն, ինչ անցյալ անգամ լրիվ չասացի ձեզ, չհամարձակվեցի ասել, այն ամբողջը, որով ես այնքան եմ տառապում վաղուց, վաղո՜ւց։ Ես տառապում եմ, ներեցեք ինձ, տառապում եմ...

Եվ նա, ջերմագին զգացման պոռթկումով, ձեռքերն իրար միացրեց սբրահոր առաջ։

— Ինչո՞վ եք հատկապես տառապում։

— Տառապում եմ... անհավատությամբ...

— Աստուծո՞ նկատմամբ։

— Օ՜հ, ո՜չ, ո՜չ, նույնիսկ չեմ հանդգնի այդ մասին մտածել, բայց ապագա կյա՜նքը... այնպիսի առեղծվա՜ծ է։ Եվ ոչ ոք, ո՜չ ոք չի տալիս դրա լուծումը։ Լսեցեք, դուք դարմանիչ եք, դուք խորապես ճանաչում եք մարդկային հոգին. ես անշուշտ չեմ համարձակվի պահանջել, որ դուք լիովին հավատաք ինձ, բայց վստահացնում եմ ազնվագույն խոսքով, որ թեթևամտություն չէ իմ ասածը հիմա, և որ անդրշիրիմյան կյանքի մասին այդ միտքը տանջելու չափ հուզում է ինձ, սոսկում ու վախ պատճառելու չափ... Եվ չգիտեմ, թե ո՛ւմ դիմեմ, ամբողջ կյանքումս չեմ համարձակվել... Եվ ահա հիմա համարձակվում եմ դիմել ձեզ... Օ՜հ, աստված իմ, հիմա դուք ի՛նչ կմտածեք իմ մասին։

Նա ձեռքերը զարկեց իրար։

― Մի՛ անհանգստանաք, թե ինչ կմտածեմ ձեր մասին,― պատասխանեց սրբահայրը։— Ես լրիվ հավատում եմ ձեր վշտի անկեղծությանը։

— Օ՜հ, որքա՜ն շնորհակալ եմ ձեզնից։ Գիտե՞ք, փակում եմ աչքերս ու մտածում. եթե բոլորը հավատում են, ո՞րտեղից է ուրեմն ծագել այդ հավատքը։ Եվ ահա ոմանք պնդում են, թե սկզբում այդ ամբողջը ծագել է բնության ահեղ երևույթների առաջ վախ զգալուց, և որ մտացածին է այդ ամբողջը։ Եվ ի՞նչ, մտածում եմ, ես իմ ամբողջ կյանքում հավատամ, իսկ հետո երբ մեռնեմ՝ հանկարծ ոչինչ չկա՞ ուրեմն, միայն «կռատո՞ւկ է աճում գերեզմանի վրա», ինչպես կարդացել եմ մի գրողի գրքում։ Սարսափելի՜ է։ Ինչպե՞ս, ինչպե՞ս վերադարձնեմ իմ հավատքը։ Բայց ես հավատացել եմ միայն, երբ փոքրիկ երեխա էի, մեքենաբար, ոչ մի բանի մասին չմտածելով... Իսկ ինչպե՞ս, ինչպե՞ս կարելի է ապացուցել։ Եկել եմ հիմա ձեր ոտքերն ընկնելու և ա՛յդ խնդրելու։ Եթե այս առիթն էլ բաց թողնեմ, այլևս ոչ ոք ինձ պատասխան չի տա իմ ամբողջ կյանքում։ Իսկ ինչպե՞ս ապացուցեմ, ինչպե՞ս համոզվեմ։ Օ՜հ, ինչ դժբա՜խտ եմ ես։ Կանգնում եմ ու շուրջս նայում, տեսնում եմ՝ բոլորն էլ անտարբեր են, համարյա բոլորը, ոչ ոք հիմա այդ հարցով չի մտահոգվում, և միայն ե՜ս եմ, որ չեմ կարողանում դիմանալ դրան։ Զարհուրելի է, զարհուրելի՜։

― Զարհուրելի է, անտարակույս։ Բայց այս հարցում ոչինչ չի կարելի ապացուցել, իսկ համոզվել՝ կարելի է։

— Ինչպե՞ս։ Ի՞նչ միջոցով։

— Գործուն սիրո փորձառությամբ։ Ջանացեք ձեր մերձավորներին սիրել գործնականորեն և անխոնջ։ Որքան առաջադիմեք սիրո մեջ, այնքան պիտի համոզվեք թե՛ աստուծո գոյությանը, թե՛ անմահությանը ձեր հոգու։ Իսկ եթե մերձավորին սիրելու մեջ հասնեք լիակատար անձնազոհության, հայնժամ կհավատաք աներկբայորեն, և ոչ մի տարակույս չի կարող նույնիսկ մտնել ձեր հոգու մեջ։ Դա փորձված բան է, ստույգ է։

— Գործուն սիրո՞։ Ահա այդ էլ նորից հարց է, և այնպիսի՜ հարց, այնպիսի՜ հարց։ Գիտե՞ք, ես այնպես եմ սիրում մարդկությունը, որ երբեմն, կհավատա՞ք ինձ, երազում եմ հրաժարվել ամեն ինչից, իմ ամբողջ ունեցվածքից, թողնել Lise-ին և գնալ գթության քույր դառնալ։ Փակում եմ աչքերս, մտածում եմ ու երազում, և այդ րոպեներին անխորտակ ուժ եմ զգում իմ մեջ։ Ոչ մի խոց, ոչ մի թարախակալած, վերք չէր կարող ինձ վախեցնել։ Ես իմ սեփական ձեռքերով կկապեի ու կլվանայի դրանք, ես կխնամեի այդ տառապյալներին, ես պատրաստ եմ համբուրելու այդ վերքերը...

— Այդ էլ արդեն շատ է ու լավ, որ ձեր միտքը տարված է նման երազներով, և ոչ թե այլ բանով։ Մեկ էլ տեսար՝ իսկապես մի բարի գործ կկատարեք պատահմամբ։

— Այո, բայց արդոք երկա՞ր կդիմանայի ես այդպիսի կյանքին,— շարունակեց տիկինը եռանդով, համարյա թե հափշտակությամբ։— Ա՛յս է ամենագլխավոր հարցը։ Ա՛յս է իմ հարցերից ամենատանջալին։ Փակում եմ աչքերս և հարցնում ինքս ինձ. երկա՞ր կարող էիր տոկալ այդ ճանապարհին։ Եվ եթե հիվանդը, որի վերքերն ես լվանում, իսկույն շնորհակալությամբ չպատասխանի քեզ, այլ, ընդհակառակը, սկսի հենց քեզ տանջել իր քմահաճույքներով, չգնահատելով ու չնկատելով քո մարդասիրական ծառայությունը, սկսի գոռալ վրադ, կոպտաբար հրամայել, նույնիսկ գանգատվել ղեկավար մարմիններին (ինչպես լինում է հաճախ, երբ շատ են տառապում մարդիկ),— ի՞նչ կանես այդ պարագային։ Կշարունակե՞ս սիրել, թե ոչ։ Եվ ահա, պատկերացրեք, ես արդեն սոսկումով եկել եմ այն եզրակացության, թե միակ բանը, որ կարող է անմիջապես սառեցնել իմ «գործուն» սերը մարդկության նկատմամբ, ապերախտ վերաբերմունքն է։ Մի խոսքով, ես վարձու աշխատող եմ, ես անմիջապես վարձատրություն եմ պահանջում, այսինքն պահանջում եմ, որ ինձ գովեն ու սիրո դիմաց սեր վճարեն։ Այլապես ընդունակ չեմ որևէ մեկին սիրելու։

Նա ընկել էր լիովին անկեղծ ինքնախարազանման մոլուցքի մեջ և, վերջացնելով, հախուռն վճռականությամբ նայեց սրբահորը։

— Դա ճիշտ ու ճիշտ այն է, ինչ մի բժիշկ պատմել է ինձ տարիներ առաջ,— նկատեց սրբահայրը։— Արդեն տարիքն առած մարդ էր նա և խելացի էր անկասկած։ Խոսում էր նույնքան անկեղծ, որքան դուք, թեև կատակի տալով, բայց տխուր էր նրա կատակը։ Ես սիրում եմ մարդկությունը, ասում էր, բայց զարմանում եմ ինքս իմ վրա. որքան ավելի եմ սիրում մարդկությունն ընդհանրապես, այնքան նվազ եմ սիրում մարդկանց մասնավորապես, այսինքն զատ֊զատ, որպես առանձին դեմքեր։ Իմ երազանքների մեջ, ասում էր, հասել եմ մարդկությանը ծառայելու բուռն մտադրությունների և գուցե իրոք խաչ կբարձրանայի հանուն մարդկանց, եթե հանկարծ որևէ կերպ անհրաժեշտ լիներ, բայց և այնպես ոչ ոքի հետ չեմ կարող երկու օր նույն սենյակում ապրել, և ես փորձով գիտեմ այդ։ Բավական է, որ մեկն ու մեկը իմ կողքին լինի, արդեն նրա անձը կճնշի իմ ինքնասիրությունը և կկաշկանդի իմ ազատությունը։ Մեկ օրում ես կարող եմ ատել նույնիսկ ամենալավ մարդուն. այս մեկին՝ որովհետև ճաշի վրա երկար է նստում, մյուսին՝ որովհետև հարբուխ ունի և անընդհատ քիթն է մաքրում։ Ես, ասում էր, մարդկանց թշնամին եմ դառնում՝ հենց որ նրանք մի փոքր շփվում են ինձ հետ։ Բայց միշտ այնպես է եղել, որ ինչքան ավելի եմ ատել առանձին մարդկանց, այնքան ավելի է բոցավառվել իմ սերը մարդկության նկատմամբ ընդհանրապես։

— Բայց ի՞նչ անել ուրեմն։ Ի՞նչ պետք է անել այդ դեպքում։ Պետք է հուսալքվե՞լ։

— Ոչ, պետք չէ հուսահատվել, որովհետև բավական է և այն, որ ձեր սիրտը վշտանում է դրա համար։ Արեք ինչ որ կարող եք, և ձեր արածը հաշվի կառնվի։ Շատ բան արել եք արդեն, որովհետև կարողացել եք այնքան խորապես և անկեղծորեն հասկանալ դուք ձեզ։ Իսկ եթե այժմ ինձ հետ ևս այնքան անկեղծ խոսեցիք պարզ այն պատճառով, որ ձեր ճշմարտախոսության համար գովասանք ստանաք, ինչպես որ այս պահին ստանում եք ինձնից, ապա գործուն սիրո կիրառման մեջ ոչ մի արդյունքի չեք հասնի անշուշտ։ Ձեզ համար ամեն ինչ կմնա լոկ երազանք, և ամբողջ ձեր կյանքը մի ակնթարթում կանցնի ուրվականի նման։ Այդ պարագային, պարզ է, կմոռանաք նաև ձեր մտորումներն ապագա կյանքի մասին և ի վերջո ինքներդ մի կերպ հանգստություն կգտնեք։

— Դուք ջախջախեցի՜ք ինձ։ Հի՛մա միայն, ճիշտ այս պահին, երբ խոսում էիք, ես հասկացա, որ իմ անկեղծության գովքն էի միայն սպասում ձեզնից, երբ ասում էի, թե չեմ կարող դիմանալ ապերախտ վերաբերմունքի։ Դուք ինձ հասկացրիք իմ անձը, դուք իմ հոգին կռահեցիք և իմ էությունը բացատրեցիք ինձ։

— Ճշմարի՞տ եք ասում։ Դե՜հ այժմ, ձեր այսպիսի խոստովանությունից հետո, հավատում եմ, որ դուք անկեղծ եք և սրտով բարի։ Եթե չհասնեք երջանկության, միշտ հիշեցեք, որ լավ ճանապարհի վրա եք, և ջանացեք չշեղվել այդ ճանապարհից։ Նամանավանդ խուսափեցեք սուտից, ամեն տեսակի սուտից, հատկապես ձեր սեփական անձին ստելուց։ Աչք պահեցեք ձեր սուտի վրա և ամեն ժամ, ամեն րոպե ուշադիր նայեցեք դրան։ Խուսափեցեք նմանապես խորշանքից՝ թե՛ ուրիշների, թե՛ ձեր անձի նկատմամբ. այն, ինչ վատ է թվում ձեր ներսում, արդեն մաքրվում է լոկ այն իրողությամբ, որ դուք նկատեցիք այդ վատը ձեր մեջ։ Վախից նույնպես խոսափեցեք, թեև վախը սուտի հետևանք է լոկ՝ ամեն տեսակ սուտի։ Երբեք մի՛ վախենաք ձեր սեփական փոքրոգությունից՝ սիրո հասնելու ճանապարհին, ընդ որում նույնիսկ ձեր վատ արարքներից շատ մի՛ վախենաք։ Ցավում եմ, որ ոչ մի մխիթարական բան չեմ կարող ասել ձեզ, վասնզի գործուն սերը դաժան ու զարհուրեցնող բան է՝ երազուն սիրո համեմատությամբ։ Երազուն սերը ծարավի է շուտափույթ սխրագործության, որ կարելի է կատարել արագորեն և բոլորի աչքի առջև։ Եվ այդպիսի ծարավն իրոք հասնում է այն աստիճանի, որ նույնիսկ կյանքն են զոհաբերում, միայն թե երկար չտևի մարտիրոսությունը, այլ շուտով ավարտին հանգի, ինչպես բեմի վրա, և բոլորը նայեն ու գովաբանեն։ Իսկ գործուն սերը աշխատանք է ու տոկունություն, ոմանց համար էլ՝ թերևս ամբողջ մի գիտություն։ Բայց ասեմ կանխավ, որ ճիշտ այն րոպեին, երբ դուք սոսկումով կանդրադառնաք, թե հակառակ ձեր բոլոր ջանքերին ոչ միայն չեք մոտեցել ձեր նպատակին, այլ կարծես նույնիսկ հեռացել եք դրանից, ճիշտ այդ րոպեին, ասում եմ ձեզ կանխավ, դուք հանկարծ կհասնեք նպատակին և ձեր վրա հստակորեն կտեսնեք հրաշագործ զորությունն աստուծո, որ անընդհատ սիրել է ձեզ և անընդհատ ղեկավարել է խորհրդավոր կերպով։ Ներեցեք, որ ավելի երկար չեմ կարող մնալ ձեզ հետ, սպասում են ինձ։ Մնաք բարյավ։

Տիկինն արտասվում էր։

— Lise, Lise, բայց օրհնեցե՜ք նրան, օրհնեցե՜ք իմ աղջկան,— ընդոստ աղաղակեց նա ամբողջ հոգով։

— Սիրել անգամ չարժե նրան։ Տեսնում էի, թե ինչպես անընդհատ չարություն էր անում,— ասաց սրբահայրը կատակով։— Ինչո՞ւ անընդհատ ծիծաղում էիք Ալեքսեյի վրա։

Եվ իրոք, Lise-ն անընդհատ զբաղված էր այդ չարաճճիությամբ։ Դեռ անցյալ անգամ նկատել էր, որ Ալյոշան ամաչում է և աշխատում չնայել նրան։ Եվ ահա այդ է, որ սկսել էր մեծ զվարճություն պատճառել աղջկան։ Նա ակնդետ սպասում էր և որսում Ալյոշայի հայացքը։ Չդիմանալով իրեն ուղղված համառ աչքերին, Ալյոշան մեկ էլ հանկարծ ինքն էր նայում ակամա, անդիմադրելի մղումով, և աղջիկն իսկույն հաղթական ժպտում էր ուղղակի նրա երեսին։ Ալյոշան ավելի էր շփոթվում ու վրդովվում։ Ի վերջո բոլորովին երես դարձրեց նրանից և պահվեց սրբահոր թիկունքին։ Մի քանի րոպե հետո, նույն անդիմադրելի ուժից մղված, նա նորից դարձավ ստուգելու՝ արդյոք նայո՞ւմ են իրեն, թե ոչ, և տեսավ, որ Lise-ը համարյա դուրս է կախվել բազկաթոռից և կողքանց նայում է իրեն, ամբողջովին լարված սպասում իր հայացքին։ Եվ երբ բռնեց Աոլյոշայի հայացքը այնպես քրքջաց, որ նույնիսկ սրբահայրը չհամբերեց ու ասաց.

— Ինչո՞ւ եք այդպես ամաչեցնում նրան, չար աղջիկ։

Lise-ը հանկարծ կարմրեց բոլորովին անսպասելիորեն, աչքերը փայլեցին, դեմքը խիստ լրջացավ, և նա սկսեց արագ ու նյարդային խոսել՝ տենդագին ու վրդովված գանգատվելով.

— Իսկ նա ինչո՞ւ է ամեն ինչ մոռացել։ Նա ինձ ձեռքերի վրա էր ման ածում, երբ փոքր էի, մենք խաղում էինք միասին։ Այո, նա գալիս ու կարդալ էր սովորեցնում ինձ, դուք գիտե՞ք այդ։ Երբ երկու տարի առաջ հրաժեշտ էր տալիս, ասաց, թե, երբեք չի մոռանալու, որ մենք հավերժական բարեկամներ ենք, հավերժակա՜ն, հավերժակա՜ն։ Իսկ հիմա հանկարծ վախենո՜ւմ է ինձնից։ Ի՛նչ է, ուտելո՞ւ եմ նրան։ Ինչո՞ւ չի ուզում մոտենալ, ինչո՞ւ չի խոսում։ Ինչո՞ւ չի ուզում մեր տուն գալ։ Դուք նրան թույլ եք տալիս, չէ՞։ Այո, մենք գիտենք, որ նա ամեն տեղ գնում է։ Անհարմար է, որ ես նրան հրավիրեմ, առաջինն ինքը պետք է մտածեր, եթե չի մոռացել։ Չէ՜ նա հիմա իր հոգի՜ն է փրկում։ Ի՞նչ եք այդ երկար փեշերով կապան հագցրել նրա... Վազի՝ կընկնի...

Եվ նա հանկարծ, չդիմանալով, երեսը ձեռքով ծածկեց և անզուսպ ծիծաղեց իր երկարատև, նյարդային, ցնցվող ու անձայն քրքիջով։ Սրբահայրը ժպտադեմ նայեց նրան և քնքշալի օրհնեց։ Իսկ աղջիկը, երբ համբուրում էր նրա ձեռքը, հանկարծ սեղմեց այն իր աչքերին և սկսեց լաց լինել։

— Դուք մի՛ բարկանաք ինձ վրա, ես հիմար եմ, անպետք եմ ես... և Ալյոշան գուցե իրավունք ունի, շատ իրավունք ունի, որ չի ուզում այսպիսի մի ծիծաղելի աղջկա երեսը տեսնել։

— Անպայման կուղարկեմ նրան,— վճռեց սրբահայրը։

V։ Եղիցի՛, Եղիցի՛

Սրբահայրը մոտավորապես քսանհինգ րոպե բացակայեց խուցից։ Արդեն ժամը տասներկուս և կեսն անց էր, բայց դեռ չէր երևացել Դմիտրի Ֆյոդորովիչը, որի պատճառով էին բոլորը հավաքվել այստեղ։ Սակայն համարյա թե մոռացել էին կարծես նրան, և երբ սրբահայրը նորից խուց մտավ՝ տեսավ, որ իր հյուրերը շատ աշխույժ խոսակցության են բռնված։ Ամենից ավելի Իվան Ֆյոդորովիչը և երկու աբեղաներն էին մասնակցում խոսակցության։ Միուսովն էլ խառնվում էր և ըստ երևույթին շատ եռանդուն կերպով, բայց նորից նրա բախտը չէր բանում. երևում էր, որ նա մնում է երկրորդ գծի վրա, նույնիսկ հազիվ էին պատասխանում նրա խոսքերին, այնպես որ այս նոր հանգամանքը պարզապես ուժեղացրեց նրա անընդհատ բորբոքվող նյարդայնությունը։ Խնդիրն այն է, որ առաջ էլ գիտելիքների մենամարտ էր ունեցել Իվանի հետ և չէր կարողանում սառնարյուն ընդունել նրա որոշ անտարբերությունն իր նկատմամբ։ «Մինչև հիմա գոնե կանգնած էի Եվրոպայում եղած բոլոր առաջավոր գաղափարների բարձրության վրա, իսկ այս նոր սերունդը բացարձակորեն անտեսում է մեզ»,— մտածում էր նա։ Ֆյոդոր Պավլովիչը, որ խոսք էր տվել նստել աթոռին ու լուռ մնալ, իրոք լուռ մնաց որոշ ժամանակ, բայց մի փոքրիկ հեգնական ժպիտով հետևում էր իր հարևան Պյոտր Ալեքսանդրովիչին և հայտնապես ուրախանում՝ նրան ջղայնացած տեսնելով։ Վաղուց մտադրվել էր հին հաշիվներ մաքրել նրա հետ և հիմա չէր ուզում բաց թողնել առիթը։ Վերջապես չդիմացավ, թեքվեց հարևանի ուսին և, փսփսալով, նորից ձեռք առավ նրան.

— Ախր ինչո՞ւ քիչ առաջ դուրս չգնացիք այդ «համբուրելով սիրազեղ»-ից հետո և համաձայնվեցիք մնալ այսպիսի անվայել շրջանակում։ Պարզ է, ստորացված ու վիրավորված զգացիք ձեզ և մնացիք, որպեսզի ձեր խելքը ցույց տալով վրեժ լուծեք։ Էլ չեք գնա հիմա, մինչև ձեր խելքը ցույց չտաք նրանց։

— Նորի՞ց սկսեցիք։ Ընդհակառակը, հենց հիմա կգնամ։

— Բոլորի՛ց հետո կգնաք, բոլորի՜ց հետո,— մի անգամ էլ խայթեց Ֆյոդոր Պավլովիչը համարյա այն նույն վայրկյանին, երբ սրբահայրը խուց վերադարձավ։

Վեճը մի րոպե դադարեց, բայց սրբահայրը, իր նախկին տեղը նստելով, նայեց բոլորին, ասես քաղցրությամբ հրավիրելով շարունակել խոսակցությունը։ Ալյոշան, որ ուսումնասիրել էր նրա դեմքի ամեն մի արտահայտությունը, պարզ տեսավ, թե նա սարսափելի հոգնած է և մեծ ճիգով է հաղթահարում ինքն իրեն։ Հիվանդության վերջին շրջանում նա երբեմն նվաղում էր ուժասպառության հետևանքով։ Հիմա էլ նրա դեմքն սկսել էր գունատվել այնպես, ինչպես սովորաբար լինում էր նվաղումից առաջ, շրթունքներն սպիտակել էին։ Բայց նա երևի չէր ուզում վերջացնել հավաքույթը. ըստ որում թվում էր, թե մի հատուկ նպատակ ունի։ Ի՞նչ նպատակ արդյոք։ Ալյոշան ուշադիր հետևում էր նրան։

— Խոսում ենք հարգելի պարոնի չափազանց հետաքրքրրական հոդվածի մասին,— ասաց Իոսիֆ աբեղան՝ գրադարանապետը, դիմելով սրբահորը և ցույց տալով Իվան Ֆյոդորովիչին։— Շատ նորություններ է առաջադրում, սակայն կարծում եմ, որ հիմնական գաղափարը երկսայրի է։ Պարոնը հոդված է գրել պաբերական մամուլում, պատասխանելով մի հոգևորական անձի հեղինակած գրքին, որ եկեղեցահանրային դատարանի և դրա իրավունքի ընդարձակության հարցին է նվիրված...

— Դժբախտաբար ձեր հոդվածը չեմ կարդացել, բայց լսել եմ դրա մասին,— պատասխանեց սրբահայրը, սևեռուն աչալուրջ նայելով Իվան Ֆյոդորովիչին։

— Պարոնը կանգնած է չափազանց հետաքրքրական տեսակետի վրա,— շարունակեց հայր գրադարանապետը։― Եկեղեցա―հանրային դատարանի հարցում նա ըստ երևույթին բացարձակորեն մերժում է եկեղեցու անջատումը պետությունից։

— Հետաքրքրական է։ Բայց ի՞նչ իմաստով,— հարցրեց սրբահայրը Իվան Ֆյոդորովիչին։

Իվանը վերջապես պատասխանեց նրան, բայց ոչ թե մեծամիտ քաղաքավարությամբ, ինչպես վախեցել էր Ալյոշան նախորդ օրը, այլ համեստ ու զուսպ՝ ակնհայտ բարյացակամությամբ և, ըստ երևույթին, առանց դույզն հետին մտքի։

— Ես ելնում եմ այն դրույթից, որ տարրերի այս խառնուրդը, այսինքն եկեղեցու և պետության էական սկզբունքների միախառնումը հավիտենապես տևելու է անշուշտ, չնայած, որ անկարելի է դրանք զուգակցել և երբեք հնարավոր չի լինի այդ խառնուրդը բերել ոչ միայն բնականոն, այլև որևէ չափով համաձայնելի վիճակի, որովհետև գործի բուն հիմքը սուտի վրա է դրված։ Ըստ իս, պետության ու եկեղեցու միջև փոխզիջումն այնպիսի հարցերում, ինչպես դատավարության խնդիրն է օրինակ, իր բացարձակ ու զուտ էության մեջ անհնար բան է։ Այն հոգևորականը, որին ընդդիմախոսել եմ, պնդում է, թե եկեղեցին իր ճշտորոշ տեղն ունի պետության մեջ։ Իսկ ես նրան առարկեցի, որ եկեղեցին, ընդհակառակը, ինքը պետք է իր մեջ պարունակի ամբողջ պետությունը, և ոչ թե պետության մեջ մի անկյուն գրավի պարզապես, և եթե այժմ դա անհնար է այս կամ այն պատճառով, ապա, ըստ էության, պետք է քրիստոնեական հասարակության հետագա ամբողջ զարգացման ուղղակի և գլխավոր նպատակը դառնա անտարակույս։

—Կատարելապե՛ս ճշմարիտ է,— վճռական ու նյարդածին շեշտով ասաց հայր Պաիսին՝ սակավախոս ու գիտնական աբեղան։

— Ամենազուտ ուլտրամոնտանականությո՛ւն է դա,— գոռաց Միուսովն անհամբեր, ոտքը ոտքին դնելով։

— Է՜հ, մենք նույնիսկ լեռ ասված բանը չունենք,— բացականչեց հայր Իոսիֆը և, դառնալով սրբահորը, շարունակեց։— Պարոնը, ի միջի այլոց, պատասխանում էր իր հակառակորդի հետևյալ «հիմնական ու էական» դրույթներին, հակառակորդի, որ հոգևորական է, նկատի ունեցեք։ Առաջին՝ թե, «ոչ մի հասարակական կազմակերպություն չի կարող և չպետք է յուրացնի իր անդամների քաղաքացիական ու քաղաքական իրավունքները տնօրինելու իշխանությունը»։ Երկրորդ՝ թե «քրեական ու քաղաքացիական դատ վարելու իշխանությունը չպետք է պատկանի եկեղեցուն և անհամատեղելի է եկեղեցվո բնույթի հետ՝ թե՛ որպես աստվածային հաստատության, և թե՛ որպես մարդկային կազմակերպության, որի նպատակները կրոնական են», և վերջապես երրոդ՝ թե «թագաւորութիւն եկեղեցւոյ չէ՛ յայսմ աշխարհէ»։

— Բառերի հետ այդպես խաղալը շա՛տ անվայել է հոգեվորականի համար,— չդիմացավ ու նորից ընդհատեց հայր Պաիսին։— Ես կարդացել եմ այդ գիրքը, որին դուք հակաճառել եք,— դարձավ նա Իվան Ֆյոդորովիչին,— և զարմացել եմ, որ հոգևորական անձն է այդպես ասում՝ թե «թագաւորութիւն եկեղեցւոյ չէ՛ յայսմ աշխարհէ»։ Եթե չէ յայսմ աշխարհէ, ուրեմն և ամենևին չի կարող եկեղեցին գոյություն ունենալ երկրի վրա։ Սուրբ ավետարանում «չէ՛ յայսմ աշխարհէ» բառերն այդ իմաստով չեն գործածված։ Կարելի չէ խաղալ այդպիսի բառերի հետ։ Տերն մեր Հիսուս Քրիստոս եկավ հատկապես եկեղեցին հաստատելու համար երկրի վրա։ Երկնային թագավորությունը, անշուշտ, չէ յայսմ աշխարհէ, այլ երկնքում, բայց այնտեղ կարելի է մտնել միայն եկեղեցվո ընդմեջե, որ հիմնված ու հաստատված է երկրի վրա։ Ուստի, այդ առումով, աշխարհիկ բառախաղերն անթույլատրելի են և անվայել։ Իսկ եկեղեցին թագավորություն է արդարև ու սահմանված է թագավորելու և ի վերջո պետք է դառնա համայն աշխարհի թագավորությունն անտարակույս, այդպես է մեզ խոստացված ի տեառնէ...

Նա հանկարծ լռեց, կարծես զսպելով իրեն։ Իվան Ֆյոդորովիչը, նրան հարգալից և ուշադիր լսելուց հետո, դարձավ սրբահորը և շարունակեց չափազանց հանգիստ, բայց առաջվա պես սիրալիր ու անկեղծ.

— Իմ հոդվածի ամբողջ իմաստը հետևյալն է։ Քրիստոնեությունը հին ժամանակներում, իր պատմության առաջին երեք դարերին, երկրի վրա գոյություն ուներ միայն որպես եկեղեցի և ուրիշ բան չէր, քան միմիայն եկեղեցի։ Իսկ երբ հռոմեական հեթանոս պետությունը կամեցավ քրիստոնյա դառնալ, անխուսափելիորեն այնպես պատահեց, որ քրիստոնյա դառնալով նա պարզապես իր մեջ առավ եկեղեցին, բայց ինքը շարունակեց հեթանոս պետություն մնալ առաջվա նման՝ իր գործունեության շատ ու շատ ասպարեզներում։ Ըստ էության, այդպես էլ պետք է պատահեր անտարակույս։ Բայց Հռոմը, որպես պետություն, չափազանց շատ բան էր պահպանել հեթանոսական քաղաքակրթությունից և իմաստությունից, ինչպես օրինակ պետության բուն նպատակներն ու հիմունքները։ Իսկ Քրիստոսի եկեղեցին, մտնելով պետության մեջ, ոչ մի բան չէր կարող զիջել անշուշտ իր հիմքերից՝ այն վեմից, որի վրա կանգնած էր, և կարող էր հետապնդել ոչ այլ ինչ, քան նույն ինքն տիրոջ կողմից մի անգամ ընդմիշտ հաստատապես դրված և որպես ուղեցույց նշված նպատակները, ընդ որում նաև այն, որ պետք է եկեղեցու մեջ ընդգրկել ամբողջ աշխարհը, ուստի և ամբողջ հին հեթանոսական պետությունը։ Այսպիսով (այսինքն ապագայի նկատառումներով), ոչ թե եկեղեցին պետք է հետամտի իր համար որոշակի տեղ գտնել պետության մեջ, ինչպես «որևէ հասարակական կազմակերպություն» կամ «որպես կրոնական նպատակներով միացած մարդկանց կազմակերպություն» (ինչպես արտահայտվում է եկեղեցու մասին այն հեղինակը, որին ես հակաճառում եմ), այլ ընդհակառակը՝ երկրային որևէ, պետություն պետք է ի վերջո լիովին վերածվի եկեղեցու և լինի ոչ այլ ինչ, քան միմիայն եկեղեցին, այլևս հրաժարվելով իր բոլոր այն ձգտումներից, որոնք անհարիր են եկեղեցո նպատակներին։ Իսկ այս ամբողջը ոչ մի կերպ չի նվաստացնի դրան, ո՛չ պատվից, ո՛չ էլ փառքից կզրկվի դա իբրև մեծ պետություն, ոչ էլ նրա իշխանավորները կկորցնեն իրենց փառքը, այլ պարզապես, այս բոլորի շնորհիվ, պետությունը դուրս կգա իր սուտ ու սխալ, դեռ հեթանոսական ճանապարհից և կմտնի ճիշտ և ճշմարիտ ճանապարհը՝ այն միակ ճանապարհը, որ տանում է դեպի հավիտենական նպատակներ։ Ահա թե ինչու «Եկեղեցա―հանրային դատարանի հիմունքները» գրքի հեղինակը ճիշտ դատած կլիներ, եթե, հետազոտելով ու առաջադրելով այդ հիմունքները, դրանք համարեր ոչ ավելին, քան մի ժամանակավոր փոխզիջում, որ դեռ անհրաժեշտ է մեր մեղավոր և անկատար դարաշրջանում։ Բայց հենց որ հեղինակը համարձակվում է հայտարարել, թե անսասան, տարերային ու հավիտենական են այն հիմունքները, որոնք ինքն առաջադրում է այժմ և որոնց մի մասը քիչ առաջ հայր Իոսիֆը թվեց, նա արդեն ուղղակի հակառակվում է եկեղեցուն և նրա սուրբ, հավիտենական ու անսասան կոչումին։ Ահա իմ հոդվածի ամբողջ ուղն ու ծուծը։

— Այսինքն, երկու խոսքով,— ասաց նորից հայր Պաիսին, շեշտելով յուրաքանչյուր բառը,— ըստ տեսությունների, որոնք չափազանց պարզ դարձան մեր տասնիններորդ դարում, եկեղեցին պետք է վերաճի պետության՝ իբրև թե ստորին տեսակից անցնելով դեպի բարձրագույն տեսակը, որպեսզի հետո անհետանա պետության մեջ, տեղի տալով գիտության, ժամանակի ոգուն ու քաղաքակրթության։ Իսկ եթե եկեղեցին չի ուզում այդ և դիմադրում է, ապա ուրեմն պետության մեջ մի որոշ անկյուն է տրվում նրան պարզապես, այն էլ վերահսկողության տակ,— և մեր օրերում այսպես է ամենուրեք ժամանակակից եվրոպական երկրներում։ Բայց ըստ ռուսական հասկացողության ու ակնկալությունների՝ անհրաժեշտ է, որ ոչ թե եկեղեցին վերաճի պետության՝ որպես անցում ստորին ձևից դեպի բարձրագույն ձևը, այլ ընդհակառակը՝ պետությունը պետք է վերջ ի վերջո արժանի դառնա միայն ու միայն եկեղեցի լինելու և ոչ այլ ինչ։ Եվ եղիցի՛, եղիցի՛ այս ամենայն։

— Է՜հ, խոստովանում եմ, հիմա մի քիչ սրտապնդեցիք դուք ինձ,— քմծիծաղ տվեց Միուսովը, նորից ոտքը ոտքին դնելով։― Որքան հասկանում եմ, դա ինչ-որ իդեալ է ուրեմն, որ պետք է իրագործվի անհունորեն հեռավոր ապագայում, Քրիստոսի երկրորդ գալստյանը։ Այդ ձե՜ր իմանալիք բանն է Ուտոպիական գեղեցիկ երազ՝ որ կչքանան պատերազմները դիվանագետները, բանկերը և այլն։ Նույնիսկ սոցիալիզմի նման մի բան։ Թե չէ՝ ես կարծում էի, որ այդ ամբողջը լուրջ բան է և որ եկեղեցին հիմա, օրինակ, դատելու է քրեական հանցանքները և դատապարտելու է ճիպոտահարության ու տաժանակիր աշխատանքի, գուցե և հենց մահապատժի։

— Բայց եթե հիմա էլ եկեղեցա-հանրային դատարան լիներ միայն, եկեղեցին այսօր էլ տաժանակիր աշխատանքի, կամ մահապատժի չէր դատապարտի հանցագործներին։ Այդ դեպքում ոճիր ասված բանը և դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվեին անտարակույս, թեև աստիճանաբար անշուշտ, ոչ թե հենց անմիջապես, սակայն բավական շուտ...— ասաց Իվան Ֆյոդորովիչը հանգիստ, առանց նույնիսկ աչքերը թարթելու։

— Լո՞ւրջ եք ասում,— սևեռուն նայեց նրան Միուսովը։

— Եթե ամեն ինչ եկեղեցի դառնար, եկեղեցին կնզովեր ու կհեռացներ իրենից հանցագործին ու անհնազանդին, և ոչ թե գլուխները կկտրեր,— շարունակեց Իվան Ֆյոդորովիչը։— Հարց եմ տալիս ձեզ, ո՞ւր պետք է գնար նզովյալը։ Չէ՞ որ այդ դեպքում նա պետք է հեռանար ոչ միայն մարդկանցից, ինչպես հիմա, այլև Քրիստոսից։ Չէ՞ որ նա իր հանցագործությամբ մեղանչած կլիներ ոչ միայն մարդկանց, այլև Քրիստոսի եկեղեցու դեմ։ Հիմա էլ անշուշտ այդպես է ըստ էության, սակայն բացահայտորեն չի ասված այդ մասին, այսօրվա հանցագործը շատ ու շատ հաճախ կաշառում է իր խիղճը, այսինքն թե՝ «Գողություն եմ անում, բայց եկեղեցու դեմ չեմ գործում, թշնամի չեմ Քրիստոսին»։ Ահա թե ինչ է ասում այսօրվա հանցագործն ինքն իրեն՝ ամեն քայլափոխում։ Իսկ երբ եկեղեցին բռնի պետության տեղը, հանցագործի համար դժվար կլինի այդպես ասել, բացի եթե նա բացասում է ամբողջ եկեղեցին ամբողջ աշխարհում, այսինքն թե՝ «Բոլորը սխալվում են, բոլորը շեղվել են, բոլորն էլ սուտ եկեղեցի են, և միայն ես, որ մարդասպան եմ ու գող, քրիստոնեական ճշմարիտ եկեղեցին եմ»։ Սակայն շատ դժվար է այդպես ասել ինքն իրեն, դրա համար ահագին պայմաններ են պետք, արտակարգ հանգամանքներ։ Արդ, մյուս կողմից, վերցրեք բուն իսկ եկեղեցու տեսակետը հանցագործության նկատմամբ. մի՞թե եկեղեցին չպետք է բարեփոխի այսօրվա համարյա հեթանոսական վերաբերմունքը, մի՞թե վարակված անդամը մեքենաբար կտրել―հեռացնելը, որ ներկայումս արվոմ է հասարակությունը պաշտպանելու համար, չպետք է լրիվ ու անկեղծորեն փոխարինվի այն գաղափարով, թե հարկավոր է վերստին կյանքի կոչել մարդուն, վերակերպել ու փրկել նրան...

— Այսինքն ի՞նչ է նշանակում այդ ամբողջը։ Ես նորից չեմ կարողանում հասկանալ,— ընդհատեց Միուսովը,— նորից ինչ-որ երազանք է դա։ Անձև մի բան, նույնիսկ հնարավոր չէ հասկանալ։ Ինչպե՞ս թե նզովք, այդ ի՞նչ նզովք է։ Կասկածում եմ՝ դուք պարզապես զվարճանում եք, Իվան Ֆյոդորովիչ։

— Բայց չէ՞ որ այժմ ևս նույնն է կատարվում իրականության մեջ,— ասաց հանկարծ սրբահայրը, և բոլորը մեկեն դարձան նրան։— Եթե չլիներ այժմ Քրիստոսի եկեղեցին, ոչ մի բան ետ չէր պահի ոճրագործին իր չար գործերն անելուց և նույնիսկ հետագայում պատիժ չէր կրի նա իր արածի համար. այսինքն իսկական պատիժ, ոչ թե այն մեքենականը, ինչպես ասվեց հիմա, որ մեծավ մասամբ դառնացնում է պարզապես սիրտը, այլ միակ իսկական, միակ ահազդու և խաղաղեցնող պատիժը՝ սեփական խղճով մեղքը գիտակցելը։

— Ինչպե՞ս այսինքն, կարելի՞ է իմանալ,— հարցրեց Միուսովն աշխույժ հետաքրքրությամբ։

— Ահա թե ինչպես,— սկսեց սրբահայրը։— Բոլոր այդ աքսորները դեպի տաժանակիր աշխատանք, անցյալում նաև ծեծով հանդերձ, ոչ ոքի չեն ուղղում, գրեթե ոչ մի հանցագործի չեն վախեցնում մանավանդ, և ոչ միայն չի նվազում հանցագործությունների թիվը, այլ ավելի է աճում շարունակ։ Պետք է ընդունեք անշուշտ այս փաստը։ Եվ այսպիսով պարզվում է, որ բոլորովին պաշտպանված չէ հասարակությունը, որովհետև վնասակար անդամը մեքենաբար կտրվում է թեև ու վտարվում աչքից հեռու, բայց նրա փոխարեն անմիջապես երևան է գալիս մի այլ հանցագործ, գուցե և ոչ մեկ, այլ երկու հանցագործ։ Եթե մի բան պաշտպանում է հասարակությանը նույնիսկ մեր օրերին ու հանցագործին էլ ազդում է և վերակերպում ուրիշ մարդու, միայն ու միայն Քրիստոսի օրենքն է դարձյալ, որ արտահայտվում է սեփական խղճով մեղքը գիտակցելու մեջ։ Հանցագործը որպես քրիստոնյա հասարակության անդամ, այսինքն որպես եկեղեցվո որդի իր մեղքը գիտակցելով է միայն, որ գիտակցում է նաև իր մեղքը բուն իսկ հասարակության առաջ, այսինքն եկեղեցվո առաջ։ Այսպիսով, միայն եկեղեցվո առաջ կարող է ժամանակակից հանցագործը գիտակցել իր մեղքը, և ոչ թե պետության առաջ։ Եվ եթե հասարակությունը, որպես եկեղեցի, տեր լիներ դատարանին, այնժամ կիմանար, թե ո՛ւմ պետք է ետ կոչի նզովքից ու վերադարձնի իր գիրկը։ Իսկ այժմ եկեղեցին, ոչ մի գործնական դատարան չունենալով իր իրավասության տակ, այլ ունենալով միայն բարոյապես դատապարտելու հնարավորությունը, ինքն է հեռու մնում հանցագործին գործնական պատիժ տալուց։ Չի նզովում նրան, այլ պարզապես շարունակում է հայրաբար խրատել։ Ավելին, նույնիսկ աշխատում է պահպանել քրիստոնեական ամբողջ հաղորդակցությունը հանցագործի հետ, նրան թույլտրում է մասնակցել եկեղեցական արարողություններինհ մերձենալ սրբազան մասունքին, ողորմություն է տալիս նրան և վարվում է այնպես, ինչպես կվարվեր գերյալի հետ, և ոչ թե մեղավորի։ Եվ ի՜նչ կլիներ հանցագործի վիճակը, ո՜վ տեր աստված, եթե քրիստոնեական հասարակությունը ևս, այսինքն եկեղեցին, մերժեր նրան այնպես, ինչպես մերժում ու անջատում է նրան քաղաքացիական օրենքը։ Ի՜նչ կլիներ նրա վիճակը, եթե եկեղեցին ևս, ամեն անգամ, պետական օրենքի տված պատժից անմիջապես հետո պատժեր նրան իր նզովքով։ Դրանից ավելի խոր հուսահատություն չէր կարող լինել՝ գոնե ռուս հանցագործի համար, որովհետև ռուս հանցագործները հավատացյալ են դեռ։ Բայց և, ո՞վ գիտե, գուցե սարսափելի մի բան պատահեր այն ժամանակ՝ հանցագործի հուսալքված սիրտը գուցե կորցներ իր հավատքը... և ի՞նչ պետք է աներ նա այնուհետև։ Սակայն եկեղեցին, որպես մայր քնքշալի ու սիրազեղ, ինքն է հրաժարվում գործնական պատիժ տալուց, քանի որ մեղավորն առանց այդ էլ չափազանց խիստ պատժի է ենթարկվել պետական դատարանի կողմից և պետք է անշուշտ, որ գոնե մեկը խղճա նրան։ Բայց եկեղեցին հրաժարվում է մանավանդ այն պատճառով, որ միայն ի՛ր դատաստանն է ճշմարտություն պարունակում և հետևաբար ոչ մի ուրիշ դատաստանի հետ չի կարող էապես ու բարոյապես զուգորդվել՝ նույնիսկ ժամանակավոր փոխզիջման ձևով։ Այս հարցում արդեն անկարելի է որևէ գործարքի մեջ մտնել։ Օտարազգի հանցագործը, ասում են, հազվադեպ է զղջում, որովհետև հենց ժամանակակից ուսմունքներն իսկ ամրապնդում են նրա մեջ այն համոզմունքը, թե նրա ոճիրը ոճիր չէ, այլ պարզապես ըմբոստություն՝ անարդար կերպով ճնշող ուժի դեմ։ Հասարակությունը, հանցագործի վրա մեքենաբար հաղթանակ տանող ուժի միջոցով, անջատում է նրան իրենից և ոչ միայն արտաքսում, այլև միաժամանակ ատում է նրան (գոնե իրենք իրենց մասին այդպես են ասում Եվրոպայում), ատում է և կատարյալ անտարբերության ու մոռացության է մատնում իր մոլորված եղբոր հետագա ճակատագիրը։ Այսպիսով, այդ ամբողջը տեղի է ունենում առանց եկեղեցվո նվազագույն կարեկցանքի, որովհետև շատ դեպքերում ամենևին եկեղեցիներ չկան այլևս այնտեղ, այլ մնացել են միայն եկեղեցականներ ու եկեղեցիների հոյակապ շենքեր, իսկ բուն եկեղեցիներն արդեն վաղուց ձգտում են ստորին ձևից անցնել բարձրագույն ձևին, այսինքն պետության, որպեսզի լիովին անհետանան դրա մեջ։ Կարծես թե այդպես է գեթ լութերական երկրներում։ Իսկ Հռոմում արդեն հազար տարի է՝ եկեղեցվո փոխարեն պետություն է հռչակված։ Ուստի և հանցագործն ինքը եկեղեցվո անդամ չի զգում իրեն արդեն և, արտաքսվելով հասարակությունից, ընկնում է հուսահատության մեջ։ Իսկ եթե վերադառնում է հասարակության, հաճախ այնպիսի ատելությամբ է լցված լինում, որ արդեն հասարակությունն ինքը կարծես ինքնաբերաբար արտաքսում է նրան։ Թե ինչ կլինի դրա վերջը, ինքներդ կարող եք դատել։ Թվում է, թե մեզ մոտ էլ նույն բանն է շատ դեպքերում, բայց խնդիրն այն է, որ մենք, բացի սահմանված դատարաններից, ունենք նաև եկեղեցի, որ մշտապես պահպանում է իր հաղորդակցությունը հանցագործի հետ, ընդունելով նրան որպես իր սիրելի ու դեռ թանկագին որդուն։ Բացի այդ, կա և պահպանվում է, թեկուզ նույնիսկ մտովի, նաև եկեղեցական դատաստանը, որ թեև այժմ չի գործում, բայց այնուամենայնիվ ապրում է ապագայի համար գեթ իբրև երազանք, և որ հանցագործն ինքը անտարակույս ընդունում է իր հոգու բնազդով։ Ճշմարիտ է նաև այն, ինչ այստեղ ասվեց հիմա, որ եթե իրոք եկեղեցվո դատաստանը գործել սկսեր իր ամբողջ զորությամբ, այսինքն եթե ամբողջ հասարակությունը դառնա միայն եկեղեցի, ապա ոչ միայն եկեղեցվո դատաստանը կազդեր հանցագործի վերադաստիարակման վրա այնպես, ինչպես երբեք չի ազդում այժմ, այլև գուցե բուն հանցագործություններն իսկ անհավատալի չափով կնվազեին արդարև։ Եվ եկեղեցին, անտարակույս, շատ դեպքերում բոլորովին այլ կերպ կնայեր ապագա հանցագործին և ապագա հանցագործությանը, քան այժմ, և կկարողանար վերադարձնել վտարյալին, կանխել չարագործություն նյութողին և վերակենդանացնել անկյալին։ Ճիշտ է,— ժպտաց սրբահայրը,— այժմ քրիստոնեական հասարակությունն ինքը դեռ պատրաստ չէ և լոկ յոթը արդարների վրա է կանգուն մնում, բայց քանի որ չեն պակասում արդարները, ուստի նա անսասան է մնում այնուամենայնիվ, սպասելով իր լրիվ վերակերպմանը՝ համարյա դեռ հեթանոսական կապերով միացած հասարակությունից դեպի տիեզերական ու ամենազոր միասնական եկեղեցին։ Եվ եղեցի՛, եղիցի՛ այս, թեկուզ և աշխարհի վախճանին, վասնզի ա՛յս միայն նախասահմանյալ է ի կատար ածվելու։ Եվ հարկ չկա մեր սիրտը խռովելու Ժամանակների ու պայմանաժամերի համար, վասնզի ժամանակների ու պայմանաժամերի խորհուրդն աստուծո իմաստության մեջ է, նրա կանխատեսման ու նրա սիրո մեջ։ Եվ այն, ինչ մարդկային հաշվով կարող է դեռ շատ հեռու լինել, աստուծո նախասահմանումով գուցե արդեն գտնվում է իր հայտնության նախօրյակին, ուղղակի դռան ետին։ Եվ եղիցի՛, եղիցի՛ այս վերջինն։

— Եղիցի՛, եղիցի՛,— կրկնեց հայր Պաիսին երկյուղածությամբ ու խստաշունչ։

— Տարօրինակ է, վերի՜ն աստիճանի տարօրինակ,― ասաց Միուսովը, ոչ թե պարզապես տաքացած, այլ կարծես ինչ-որ թաքուն վրդովմունքով։

— Իսկ ի՞նչն է ձեզ այնքան տարօրինակ թվում,— իմանալ ուզեց հայր Իոսիֆն զգուշաբար։

— Բայց ինչ բան է դա վերջ ի վերջո,—բացականչեց Միուսովը, ասես հանկարծ պոռթկալով,— պետությունը վերացվո՜ւմ է աշխարհի երեսից, իսկ եկեղեցին բարձրացվում է պետության աստիճանի։ Դա ոչ թե ուլտրամոնտանականություն է, այլ գերուլտրամոնտանականությո՛ւն։ Գրիգորիոս Յոթերորդ պապն իր երազո՛ւմ չէր տեսել այդ բանը։

— Ճիշտ հակառակն եք կամենում հասկանալ,— խստորեն ասաց հայր Պաիսին։— Ոչ թե եկեղեցին է պետության վերածվում, հասկացե՛ք։ Այդ ձեր ասածը Հռոմն է ու նրա երազանքը։ Սատանայի երրորդ փորձությունն է այդ։ Ընդհակառակը, պետությունն է վերածվում եկեղեցվո, բարձրանում է եկեղեցվո աստիճանին և դառնում է եկեղեցի համայն աշխարհում։ Այս արդեն կատարելապես ներհակ է թե՛ ուլտրամոնտանականության, թե՛ Հռոմին, թե՛ ձեր մեկնաբանության, և ուղղափառ եկեղեցվո մեծ առաքելությունն է լոկ աշխարհի վրա։ Արևելքից պիտի փայլի աստղն այս։

Միուսովը նշանակալից լռություն պահեց։ Նրա ամբողջ կերպարանքը սեփական արտասովոր արժանապատվություն էր արտահայտում։ Գոռոզ ներողամտության մի ժպիտ երևաց նրա շրթունքներին։ Ալյոշան սրտի ուժեղ բաբախումով հետևում էր այդ բոլորին։ Ամբողջ այդ խոսակցությունը նրան հուզել էր մինչև հոգու խորքը։ Պատահաբար նայեց Ռակիտինին, որ անշարժ կանգնել էր նույն տեղը՝ դռան մոտ, ուշադիր լսում էր ու դիտում, թեև աչքերը խոնարհել էր։ Բայց նրա այտերի վառ կարմիրը տեսնելով՝ Ալյոշան հասկացավ, որ Ռակիտինն էլ երևի նույնքան հուզված է։ Եվ Ալյոշան գիտեր, թե ինչն է հուզել նրան։

— Թույլ տվեք մի փոքրիկ անեկդոտ պատմել ձեզ, պարոնայք,— ասաց Միուսովը ազդեցիկ շեշտով և հատկապես արժանավայել մի տեսք ընդունելով։— Փարիզում, մի քանի տարի առաջ, դեկտեմբերյան հեղաշրջումից գրեթե անմիջապես հետո, երբ որպես ծանոթ այցելության էի գնացել մի շատ-շատ կարևոր պետական անձի մոտ, նրա տանն առիթ ունեցա հանդիպելու մի չափազանց հետաքրքրական մարդու։ Այս անձնավորությունը ոչ թե պարզապես հետախույզ էր, այլ քաղաքական հետախույզների մի ամբողջ ջոկատի վարիչն էր մի տեսակ՝ այդ առումով բավական ազդեցիկ մի պաշտոն։ Ծայրահեղ հետաքրքրությունից մղված, ես չփախցրի առիթը և սկսեցի զրուցել նրա հետ։ Քանի որ այդ տանը նրան ընդունել էին ոչ թե իբրև ծանոթի, այլ իբրև ենթակա պաշտոնյայի, որ եկել էր հատուկ տեսակի զեկուցագիր ներկայացնելու, և քանի որ ինքն էլ իր կողմից տեսնում էր, թե իր պետը ինչպիսի ընդունելություն է ցույց տալիս ինձ, նա շնորհ արեց որոշ անկեղծությամբ խոսելու ինձ հետ,— դե իհարկե մինչև որոշ աստիճան, այսինքն ավելի ճիշտ քաղաքավարի եղավ քան անկեղծ, ինչպես հենց ֆրանսիացին կարող է քաղաքավարի լինել, մանավանդ որ տեսավ, թե ես օտարերկրացի եմ։ Բայց ես լրիվ հասկացա նրան։ Զրույցի նյութը սոցիալիստ―հեղափոխականներն էին, որոնց, ի միջի այլոց, հալածում էի այն ժամանակ։ Զանց առնելով խոսակցութչան բուն էությունը, կբերեմ չափազանց հետաքրքրական մի դիտողություն, միայն, որ հանկարծ դուրս թռավ այդ պարոնի բերանից. «Մենք,— ասաց նա,— շատ էլ չենք վախենում հատկապես այդ սոցիալիստներից՝ լինեն անարխիստ, անաստված թե հեղափոխական, մենք հետևում ենք նրանց, և մեզ ծանոթ է նրանց արածն ու չարածը։ Բայց նրանց մեջ, թեև քիչ թվով, կան ինչ֊որ հատուկ տեսակի մարդիկ, որոնք հավատում են աստծուն և քրիստոնյա են, սակայն և սոցիալիստ են միառժամանակ։ Ահա հենց սրանցից ենք ամենից ավելի վախենում, սարսափելի մարդիկ են սրանք։ Սոցիալիստ քրիստոնյան ավելի սարսափելի է, քան սոցիալիստ֊անաստվածը»։ Այս խոսքերն ինձ այն ժամանակ էլ շշմեցրել էին, բայց հիմա այստեղ, պարոնայք, մի տեսակ հանկարծ միտս ընկան դրանք...

— Այսինքն այդ խոսքերը մեր վրա եք կիրառում և սոցիալիստնե՞ր եք համարում մեզ,— ուղղակի և առանց այլևայլի հարցրեց հայր Պաիսին։

Սակայն դեռ Պյոտր Ալեքսանդրովիչն իր պատասխանը չէր գտել երբ դուռը բացվեց և ներս մտավ Դմիտրի Ֆյոդորովիչը, որ ուշացել էր այնքան երկար ժամանակ։ Կարծես իրոք չէին սպասում նրան այլևս, և անակնկալորեն նրա հայտնվելը նույնիսկ որոշ զարմանք պատճառեց առաջին րոպեին։

VI: Ինչո՛ւ է ապրում այսպիսի մարդը

Դմիտրի Ֆյոդորովիչը, քսանութամյա երիտասարդ, միջահասակ էր ու հաճելի դեմք ուներ, սակայն իր տարիքից շատ ավելի մեծ էր թվում։ Մկանուտ էր, և կարելի էր ենթադրել, թե մարմնական զգալի ուժի տեր է, բայց և այնպես հիվանդագին մի բան կար նրա դեմքին։ Նիհար էր դեմքը, այտերը փոս էին ընկել և անառողջ դեղնության երանգ ուներ դրանց գույնը։ Բավական մեծ, մուգ ու դուրս ընկած աչքերը թեև հաստատակամ վճռականությամբ էին նայում կարծես, բայց հայացքը մի տեսակ անորոշ էր։ Նույնիսկ երբ հուզվում էր և գրգռված խոսում, նրա հայացքը կարծես չէր ենթարկվում ներքին տրամադրությանը և արտահայտում էր ուրիշ մի բան, որ երբեմն բոլորովին չէր համապատասխանում տվյալ պահին։ «Դժվար է իմանալ, թե ի՞նչ է մտածում»,— ասում էին երբեմն նրանք, ովքեր խոսել էին հետը։ Պատահում էր, որ նրա աչքերի մեջ մտախոհ ու մռայլ մի բան տեսնող մարդիկ հանկարծ շշմում էին նրա անակնկալ ծիծաղից, որ վկայում էր, թե նա ուրախ ու աշխույժ մտքերով էր տարված հենց այն րոպեին, երբ նայում էր այնքան մռայլ հայացքով։ Բայց կարելի էր հասկանալ նրա դեմքի որոշ հիվանգագին տեսքը ներկա պահին. բոլորը գիտեին կամ լսել էին, թե հենց վերջերս նա չափազանց անհանգիստ ու «քեֆամոլ» կյանք էր վարում մեզ մոտ, և նմանապես հայտնի էր բոլորին, որ նա հասել էր սաստիկ ջղային դրության՝ վիճելի գումարի պատճառով բախումներ ունենալով իր հոր հետ։ Քաղաքում արդեն մի քանի անեկդոտ էր տարածված այդ բախումների մասին։ Ճիշտ է, որ նա բնավորությամբ էլ ջղային էր, «ոստոստուն ու անհավասարակշիռ խելքի տեր», ինչպես մի հավաքույթում բնորոշեց նրան մեր հաշտարար դատավոր Սեմյոն Իվանովիչ Կաչալնիկովը։

Նա ներս մտավ անթերի ու պճնագեղ հագնված. սերթուկը լավ կոճկված էր, սև ձեռնոցներ էր դրել և գլանաձև գլխարկը բռնել էր ձեռքին։ Որպես վերջերս պաշտոնաթող եղած զինվորական, նա բեղեր ուներ և դեռ ածիլում էր երեսը։ Մուգ շագանակագույն մազերը կարճ հարդարված էին և քունքերի վրա դեպի առաջ սանրված։ Ռազմիկի քայլվածք ուներ՝ լայն ու վճռական։ Մի վայրկյան կանգ առավ շեմքին, արագ հայացք գցեց բոլորի վրա և ուղղակի մոտեցավ սրբահորը, կռահելով, որ նա է տանուտերը։ Խոր գլուխ տվեց նրան և օրհնությունը խնդրեց։ Սրբահայրը վեր կենալով օրհնեց նրան։ Դմիտրի Ֆյոդորովիչը հարգալից համբուրեց սրբահոր ձեռքը և ասաց սաստիկ հուզված, համարյա ջղայնորեն.

— Վեհանձնորեն ներեցեք, որ այսքան երկար ժամանակ սպասել տվի։ Բայց Սմերդյակովը, հայրիկի ուղարկած ծառան, իմ համառորեն տված հարցին երկու անգամ պատասխանեց ամենավճռական շեշտով, թե ժամը մեկին է հավաքույթը։ Հիմա հանկարծ իմանում եմ...

― Մի՛ անհանգստանաք,— ընդհատեց սրբահայրը,― վնաս չունի, մի քիչ ուշացաք, փույթ չէ...

— Չափազանց շնորհակալ եմ և ուրիշ բան չէի կարող սպասել ձեր բարությունից։

Այդ ասելով, Դմիտրի Ֆյոդորովիչը կրկին խոնարհվեց, հետո հանկարծ դարձավ իր «հայրիկի» կողմը և նրան էլ նույնպիսի հարգալից ու խորունկ խոնարհություն արեց։ Երևում էր, որ նա կշռադատել էր կանխօրոք և անկեղծորեն որոշել էր անել այդ խոնարհությունը, պարտականություն համարելով իր հարգանքն ու բարի մտադրություններն արտահայտել այդպիսով։ Ֆյոդոր Պավլովիչը թեև անակնկալի եկավ, բայց չկորցրեց իրեն. իսկույն վեր թռավ աթոռից և, ի պատասխան Դմիտրի Ֆյոդորովիչի խոնարհության, ինքն էլ ճիշտ նույնպիսի խորունկ խոնարհություն արեց որդուն։ Դեմքը հանկարծ լուրջ և ազդեցիկ դարձավ, և սակայն դա լիովին չարամիտ արտահայտություն տվեց նրան։ Հետո Դմիտրի Ֆյոդորովիչը առանց խոսելու, մի ընդհանուր խոնարհություն արեց բոլոր ներկաներին, իր մեծ ու վճռական քայլերով պատուհանին մոտեցավ, նստեց միակ ազատ աթռին՝ հայր Պաիսիի մոտ, և ամբողջ մարմնով առաջ հակվելով, իսկույն պատրաստվեց լսելու իր ընդհատած խոսակցության շարունակությունը։

Դմիտրի Ֆյոդորովիչի մուտքը տևեց ոչ ավելի, քան երկու րոպե, և խոսակցությունը շարունակվեց բնականաբար։ Բայց այս անգամ Պյոտր Ալեքսանդրովիչը հարկ չհամարեց պատասխանել հայր Պաիսիի համառ ու գրեթե ջղագրգիռ հարցապնդմանը։

— Թույլ տվեք ինձ հրաժարվել այս նյութից,— ասաց նա որոշ նրբակիրթ անփութությամբ։— Մանավանդ որ բարդ ու նուրբ խնդիր է։ Իվան Ֆյոդորովիչն ահա քթի տակ ժպտում է մեզ նայելով։ Երևի այս առիթով էլ հետաքրքրական մի բան ունի ասելիք։ Նրա՛ն հարցրեք։

— Առանձնապես ոչինչ, բացի մի փոքրիկ դիտողությունից,— իսկույն պատասխանեց Իվան Ֆյոդորովիչը։— Ընդհանրապես եվրոպական լիբերալիզմը և նույնիսկ մեր ռուս լիբերալ դիլետանտները հաճախ և արդեն վաղուց խառնում են սոցիալիզմի վերջնական արդյունքները քրիստոնեության վերջնական նպատակների հետ։ Այս արտառոց հետևությունը բնորոշ մի գիծ է անշուշտ։ Բայց պարզվում է, որ սոցիալիզմը քրիստոնեության հետ խառնում են ոչ միայն լիբերալներն ու դիլետանտները, այլև նրանց հետ, շատ դեպքերում, նաև ոստիկանները, այսինքն արտասահմանի ոստիկաններն իհարկե։ Ձեր փարիզյան անեկդոտը բավական բնորոշ բան է, Պյոտր Ալեքսանդրովիչ։

— Նորից խնդրում եմ՝ թույլ տվեք առհասարակ հրաժարվել այս նյութից,— կրկնեց Պյոտր Ալեքսանդրովիչը,— իսկ դրա փոխարեն, պարոնայք, ես ձեզ մի ուրիշ անեկդոտ կպատմեմ հենց Իվան Ֆյոդորովիչի մասին, չափազանց հետաքրքրական ու բնորոշ մի անեկդոտ։ Ընդամենը հինգ օր առաջ, այստեղ, մի հավաքույթում, ուր ներկաների մեծ մասը տիկիններ էին, նա վեճի ժամանակ հանդիսավոր կերպով հայտարարեց, թե ամբողջ աշխարհում բացարձակապես չկա մի բան, որ մարդկանց ստիպի սիրել իրենց նմաններին։ Իր ասելով՝ բոլորովին գոյություն չունի բնության այնպիսի մի օրենք, ըստ որի մարդը պետք է սիրի մարդկությանը, և եթե մինչև այժմ սերը կա և եղել է աշխարհում՝ ոչ թե բնական օրենքի շնորհիվ է, այլ պարզապես՝ որովհետև մարդիկ հավատացել են իրենց անմահությանը։ Ընդ որում Իվան Ֆյոդորովիչը փակագծերի մեջ ավելացրեց, թե հենց այդ հավատքի մեջ է պարփակված ամբողջ բնական օրենքը, ուստի եթե ոչնչացնենք անմահության հավատքը մարդկության մեջ, իսկույն կսպառվի ոչ միայն սերը, այլև ամեն մի կենդանի զորություն, որ ընդունակ է շարունակելու աշխարհի կյանքը։ Ավելին, այն ժամանակ ոչ մի բան անբարոյական չի լինի այլևս, ամեն ինչ թույլատրելի կլինի, նույնիսկ մարդակերությունը։ Բայց այդ էլ բավական չէ, նա վերջում պնդեց, թե ամեն մի անհատ մարդու համար, դիցուք մենք լինենք հիմա այդ մարդը, օրինակ, մի մարդու, որ ոչ աստծուն է հավատում, ոչ էլ իր անմահությանը, բնության բարոյական օրենքը պետք է անմիջապես վերածվի նախկին կրոնական օրենքի լրիվ հակադրությանը, և նույնիսկ չարագործության հասնող եսասիրությունը ոչ միայն պետք է թույլատրվի մարդուն, այլև պետք է համարվի անհրաժեշտ, ամենից ավելի բանական և համարյա թե ազնվագույն ելքը նրա դրության մեջ։ Այսպիսի պարադոքսից, պարոնայք, կարող եք եզրակացնել նաև բոլոր մյուս տեսությունները, որ բարեհաճում է հայտնել և գուցե դեռ մտադիր է հայտնելու մեր սիրելի Իվան Ֆյոդորովիչը՝ մեր տարօրինակ ու պարադոքսալիստ բարեկամը։

— Ներեցեք,— անսպասելիորեն գոռաց Դմիտրի Ֆյոդորովիչը,— ճի՞շտ եմ լսել արդյոք. «Չարագործությունը ոչ միայն պետք է թույլատրվի, այլև նույնիսկ որևէ անաստված մարդու համար պետք է նկատվի ամենից անհրաժեշտ և ամենախելացի ելքը նրա վիճակից»։ Այդպե՞ս է, թե ոչ։

— Ճիշտ այդպես,— ասաց հայր Պաիսին։

— Միտս կպահեմ։

Այդ ասելով, Դմիտրի Ֆյոդորովիչը լռեց այնպես անսպասելիորեն, ինչպես խառնվել էր խոսակցությանը։ Բոլորը նրան նայեցին հետաքրքրությամբ։

— Միթե իրո՞ք դուք այդ համոզմունքն ունեք այն հետևանքների մասին, որոնց կենթարկվեն մարդիկ, եթե կորցնեն հավատքն իրենց հոգու անմահության նկատմամբ,— հարցրեց հանկարծ սրբահայրն Իվան Ֆյոդորովիչին։

— Այո, պնդել եմ այդ տեսակետը։ Չկա առաքինություն, եթե չկա անմահություն։

— Երանելի՜ եք, եթե այդպես եք հավատում, և կամ շա՜տ եք ապերջանիկ։

— Ինչո՞ւ ապերջանիկ եմ,— ժպտաց Իվան Ֆյոդորովիչը։

— Որովհետև, ամենայն հավանականությամբ, ինքներդ չեք հավատում ո՛չ ձեր հոգու անմահությանը, ոչ իսկ եկեղեցվո ու եկեղեցական հարցի մասին ձեր գրածին։

— Գուցե իրավացի՛ եք... Բայց և, համենայն դեպս, ամբողջովին կատակ չէր իմ ասածը...— հանկարծ տարօրինակորեն խոստովանեց Իվան Ֆյոդորովիչը, թեև իսկույն կարմրեց։

— Ճշմարիտ է, որ ամբողջովին կատակ չէր ձեր ասածը։ Այդ գաղափարը դեռ իր լուծումը չի ստացել ձեր սրտում և տանջում է ձեզ։ Բայց և տառապյալը սիրում է երբեմն զվարճանալ իր հուսահատությամբ, կարծես թե նույնպես հուսահատությունից մղված։ Դուք ևս հուսահատությունից մղված զվարճանում եք առայժմ՝ թե՛ ամսագրային հոդվածներով, թե՛ աշխարհիկ վեճերով, և ինքներդ չեք հավատում ձեր փաստարկություններին ու սրտի ցավով ծիծաղում եք դրանց վրա ձեր մտքում... Այդ հարցն իր լուծումը չի ստացել ձեր հոգում, և ա՛յս է ձեր մեծ վիշտը, որովհետև հարկադրաբար լուծում է պահանջում...

— Իսկ կարո՞ղ է այդ հարցը լուծում ստանալ իմ հոգում։ Կարո՞ղ է դրական լուծում ստանալ,— շարունակում էր տարօրինակորեն հարցնել Իվան Ֆյոդորովիչը, դեռ նույն անբացատրելի ժպիտով նայելով սրբահորը։

— Եթե չի կարող դրական լուծում ստանալ, բացասական լուծում ևս չի ստանա երբեք, ինքներդ գիտեք ձեր սրտի այդ հատկությունը։ Եվ այդ է, որ տանջում է ձեր սիրտը։ Բայց շնորհակալ եղեք արարիչին, որ բարձր սիրտ է պարգևել ձեզ այդպիսի տառապանքի ընդունակ սիրտ, «զվերինն խորհեցարուք, մեր առաքինութիւն յերկինս է»։ Տա աստված, որ դեռ երկրային կյանքում ձեր սիրտը լուծում գտնի, և աստված օրհնի ձեր ուղին։

Սրբահայրը բարձրացրեց ձեռքը և ուզում էր նստած տեղից խաչակնքել Իվան Ֆյոդորովիչին։ Բայց Իվանը հանկարծ վերկացավ աթոռից, մոտեցավ նրան, ստացավ օրհնությունը և, համբուրելով նրա ձեռքը, լռելյայն վերադարձավ իր տեղը։ Հաստատակամ և լուրջ արտահայտություն կար դեմքին։ Այդ արարքը, ինչպես և սրբահոր հետ ամբողջ նախընթաց խոսակցությունը, որ անսպասելի էր Իվան Ֆյոդորովիչից, բոլորին զարմացրեց իր առեղծվածայնությամբ ու նույնիսկ մի տեսակ հանդիսավորությամբ, այնպես որ բոլորն էլ մի րոպե լուռ մնացին, իսկ Ալյոշայի դեմքին համարյա վախ երևաց։ Բայց Միուսովը հանկարծ ուսերը թոթվեց և նույն վայրկյանին Ֆյոդոր Պավլովիչը վեր թռավ իր աթոռից։

— Աստվածաբարո՜ և սրբազնագո՜ւյն սրբահայր,— գոռաց նա, մատով ցույց տալով Իվան Ֆյոդորովիչին։— Սա իմ որդի՜ն է, մարմին ի մարմնե իմո, սիրելագո՜ւն մարմինն իմ։ Սա իմ, այսպես ասած, ամենահարգալից Կարլ Մոորն է, իսկ հենց նոր ներս մտած այս որդին, Դմիտրի Ֆյոդորովիչը, որի դեմ արդար դատաստան եմ հայցում ձեզնից, այս մեկն արդեն ամենաանհարգալից Ֆրանց Մոորն է՝ երկուսն էլ Շիլլերի «Ավազակներից», իսկ ես, ես էլ ուրեմն այդ դեպքում Regierender Graf von Moor[3]-ն եմ։ Դատեցե՛ք ու փրկեցե՜ք։ Ոչ միայն ձեր աղոթքներին, այլև ձեր մարգարեություններին ենք կարոտ։

— Խոսեցեք առանց խելառության, և ձեր ընտանիքի անդամներին վիրավորելով մի՛ սկսեք ձեր ասելիքը,— պատասխանեց սրբահայրը թույլ, ուժասպառ ձայնով։ Երևում էր, որ ավելի ու ավելի էր հոգնում, նկատելիորեն տկարանում էր։

— Անվայե՜լ խեղկատակություն, որ ես նախազգում էի դեռ ճանապարհին, այստեղ գալու ժամանակ,— բացականչեց Դմիտրի Ֆյոդորովիչը վրդովված և նույնպես տեղից վեր թռավ։— Ներեցեք, գերապատիվ հայր,— դարձավ նա սրբահորը,— ես զարգացած մարդ չեմ և նույնիսկ չգիտեմ, թե ինչպես պետք է կոչեմ ձեզ, բայց ձեզ խաբել են, իսկ դուք չափից դուրս բարի եք գտնվել, որ մեզ թույլ եք տվել հավաքվելու ձեզ մոտ։ Իմ հայրը պարզապես խայտառակություն է ուզում, բայց թե ի՛նչ նպատակով՝ այդ արդեն իր հաշիվն է։ Նա միշտ էլ իր հաշիվները ունի։ Բայց կարծում եմ, թե հիմա արդեն գիտե՜մ ինչ նպատակով...

— Նրանք բոլո՜րն էլ ինձ մեղադրում են, բոլո՜րը,— գոռաց Ֆյոդոր Պավլովիչն իր հերթին։— Ահա Պյոտր Ալեքսանդրովիչն էլ մեղադրում է։ Մեղադրե՜լ եք, Պյոտր Ալեքսանդրովիչ, մեղադրե՜լ եք,— դարձավ հանկարծ Միուսովին, թեև վերջինի մտքով էլ չէր անցնում ընդհատել նրան։— Մեղադրանք են տալիս, թե ես երեխայի փողերը թաքցրել եմ բարձի տակ և լրիվ յուրացրել եմ, բայց ասացե՛ք խնդրեմ, դատ-դատաստան չկա՞, ինչ է։ Այնտեղ հաշիվը կանե՜ն, Դմիտրի Ֆյոդորովիչ, հենց ձեր ստացականները, նամակները և պայմանագրերը նայելով կստուգեն, թե ինչքան փող ունեիք, ինչքանն եք մսխել և ինչքա՛ն է հիմա մնում ձեզ։ Ինչո՞ւ է Պյոտոր Ալեքսանդրովիչը խուսափում իր վճռական խոսքն ասելուց։ Դմիտրի Ֆյոդորովիչն օտար մարդ չէ նրա համար։ Խուսափում է, որովհետև բոլորն էլ ինձ հակառակվել են, այնինչ Դմիտրի Ֆյոդորովիչը վերջին հաշվով դեռ պարտք էլ է մնում ինձ, և ոչ թե մի փոքր բան, այլ մի քանի հազար, որի համար ունեմ բոլոր փաստաթղթերը։ Ամբողջ քաղաքն է թնդում նրա քեֆերի աղմուկից։ Իսկ այնտեղ, ուր ծառայում էր առաջ, պատվավոր օրիորդներին գայթակղեցնելու համար մեկ֊երկու հազար ռուբլի էր վատնում ամեն անգամ։ Մենք գիտե՜նք այդ բոլորը, Դմիտրի Ֆյոդորովիչ, ամենագաղտուկ մանրամասնություններով գիտենք, և կապացուցե՜մ ես... Կհավատա՞ք, սրբազնագույն հայր, նա գլխահան է արել օրիորդներից ազնվագույնին՝ լավ ընտանիքից, հարստության տեր, իր նախկին պետի աղջկան, մի քաջարի գնդապետի, որ վաստակ ունի և Աննայի սուսերազարդ շքանշանն է կրում վզին։ Աղջկան վարկաբեկեց ամուսնություն առաջարկելով, և հիմա այստեղ է աղջիկը, որբ է հիմա նրա հարսնացուն, իսկ ինքը նրա աչքի առաջ դարպասում է այստեղացի մի պչրուհու։ Ու թեև այս պչրուհին մի հարգարժան մարդու հետ ապրել է, այսպես ասած, քաղաքացիական ամուսնությամբ միացած, բայց անկախ բնավորության տեր է, անմատչելի մի բերդ բոլորի համար, հենց օրինավոր ամուսնացած կին լինի ասես, որովհետև առաքինի է, այո՜, սուրբ հայրեր, առաքինի՜ է նա։ Իսկ Դմիտրի Ֆյոդորովիչն ուզում է այդ բերդը բաց անել ոսկյա բանալիով, դրա համար էլ մեծ-մեծ բրդում է իմ դեմ, ուզում է փող պոկել ինձնից, իսկ մինչև հիմա արդեն հազարներ է վատնել այդ պչրուհու վրա։ Այդ պատճառով էլ նա անընդհատ փող է առնում պարտքով, և ի միջի այլոց՝ ումի՞ց է առնում փողը, ի՞նչ եք կարծում։ Ասե՞մ, թե չէ, Միտյա։

— Լռե՛ք,— գոռաց Դմիտրի Ֆյոդորովիչը,— սպասեք մինչև ես գնամ, իսկ իմ ներկայության չհամարձակվե՛ք կեղտոտել մի ազնվագույն օրիորդի անունը... Նախատինք է հենց միայն այն, որ համարձակվում եք նրա մասին որևէ խոսք ասել։ Չե՛մ թողնի՛։

Նա շնչասպառ հևում էր։

— Մի՛տյա, Մի՜տյա— ջղագար ճչաց Ֆյոդոր Պավլովիչը, արցունք բերելով աչքերին,— հայրական օրհնությո՞ւնը հապա, ոչի՞նչ քեզ համար։ Ա՛յ եթե անիծեմ, ի՞նչ կլինի հետո։

— Անամո՛թ ու կեղծավո՜ր,— մոլեգին բղավեց Դմիտրի Ֆյոդորովիչը։

— Հո՜րն է այդպես ասում, հո՜րը։ Էլ ուրիշների՞ հետ ինչպես կվարվի։ Պատկերացրե՛ք, պարոնայք, մի աղքատ, բայց պատվավոր մարդ կա այստեղ, պաշտոնաթող մի կապիտան, մարդուն դժբախտություն է պատահել ու հեռացրել են բանակից, բայց ոչ թե հրապարակով, ոչ թե դատի տալով, այլ լրիվ պահպանելով պատիվը, և նա բազմանդամ ընտանիքով է ծանրաբեռնված։ Եվ ահա երեք շաբաթ առաջ մեր Դմիտրի Ֆյոդորովիչը գինետան մեջ բռնում է նրա մորուքից, հենց այդ մորուքից քաշելով հանում է փողոց և ծեծում բոլորի աչքի առաջ, և ամբողջ այն պատճառով, որ իմ մի փոքրիկ գործն եմ վստահել այդ կապիտանին։

— Սո՛ւտ է ծայրից ծայր։ Արտաքուստ ճիշտ է, իսկ խորքում՝ սո՛ւտ,— դողում էր Դմիտրի Ֆյոդորովիչը զայրույթից եռալով։— Հայրի՛կ։ Ես չեմ արդարացնում իմ արածները։ Այո, բոլորի առաջ խոստովանում եմ՝ գաղտնի պես վարվեցի այդ կապիտանի հետ և զղջում եմ հիմա, ինքս զզվում եմ ինձնից՝ գազանային զայրույթիս համար, բայց ձեր այդ կապիտանը, ձեր այդ վստահյալը գնացել է ա՛յ հենց այն տիկնոջ մոտ, որին դուք պչրուհի եք անվանում, և ձեր անունից առաջարկել է, որ տիկինը վերցնի ձեր ձեռքի տակ եղող իմ պարտամուրհակները և դատի տա ինձ՝ այդ պարտամուրհակների միջոցով ինձ բանտ նստեցնելու համար, եթե ես չափից դուրս նեղեմ ձեզ իմ սեփականության հաշիվը պահանջելով։ Իսկ հիմա դուք ինձ հանդիմանում եք, թե ես թուլություն ունեմ այդ տիկնոջ նկատմամբ, այնինչ ինքնե՜րդ նրան մղել եք, որ հրապուրի ինձ։ Ախր նա ուղղակի իմ երեսին է ասել այդ բանը, ինքն է պատմել ինձ, ծիծաղելո՜վ ձեզ վրա։ Իսկ ինձ ուզում եք բանտ նստեցնել պարզ այն պատճառով, որ խանդում եք, որովհետև ինքներդ սկսել եք սիրահետել այդ կնոջը։ Այո՜, այդ էլ հայտնի է ինձ։ Նա է՛լի ծիծաղում էր։ Լսո՞ւմ եք, պատմում էր ամեն ինչ և ծիծաղում ձեզ վրա։ Տեսե՛ք ուրեմն, թե ով է այս մարդը, սուրբ անձինք, տեսեք սա հորը, որ իր այլասերվա՜ծ որդուն է հանդիմանում։ Պարոնայք վկաներ, ներեցեք իմ զայրույթը, բայց ես նախազգում էի, որ այս նենգ ծերունին ձեզ բոլորիդ կանչել է այստեղ՝ խայտառակություն սարքելու համար։ Ես եկա ներելո՛ւ մտքով, եթե նա ինձ ձեռք մեկներ, ներելու և ներո՛ւմն խնդրելու։ Բայց քանի որ նա այս րոպեիս անպատվեց ոչ միայն ինձ, այլև մի ազնվագույն օրիորդի, որի նկատմամբ ակնածանք ունեմ և անունն անգամ չեմ համարձակվում իզուր արտասանել, ապա որոշեցի երևան հանել նրա սարքած ամբողջ խաղը, թեև նա իմ հայրն է...

Դմիտրին չկարողացավ շարունակել։ Աչքերը փայլատակվում էին, դժվար էր շնչում։ Սակայն խուցում բոլորն էլ հուզված էին։ Բոլորը, բացի սրբահայրից, խռովահար վերկացան իրենց տեղերից։ Աբեղաները նայում էին խստահայաց, բայց սրբահոր կամքին էին սպասում։ Իսկ նա մնում էր նսաած՝ արդեն լրիվ գունատ, բայց ոչ թե հուզմունքից, այլ հիվանդության պատճառած թուլությունից։ Աղերսագին մի ժպիտ էր լուսավորում նրա շրթունքները. մերթ ընդ մերթ ձեռքն էր բարձրացնում, ասես ուզում էր կանգնեցնել մոլեգնողներին, և անշուշտ բավական կլիներ նրա մեկ շարժումը, որպեսզի վերջ գտներ այդ տեսարանը, բայց ինքն էլ կարծես դեռ մի բան էր սպասում և ուշադիր նայում էր նրանց, կարծես հասկանալ էր ուզում մի բան, որ դեռ պարզ չէր իրեն համար։ Ի վերջո Միուսովը կատարելապես նվաստացած ու անարգված զգաց իրեն։

— Մենք բոլորս էլ մեղավոր ենք այս խայտառակության համար,— ասաց նա տաքացած,— բայց այնուամենայնիվ ես չէի նախազգում այս բոլորը, երբ գալիս էի այստեղ, թեև գիտեի, թե ո՛ւմ հետ է իմ գործը... Պետք է իսկույն վերջ տալ սրան։ Ձերդ գերաշնորհություն, հավատացեք, որ ես ստույգ չգիտեի այստեղ ի հայտ եկած բոլոր մանրամասնությունները, չէի ուզում դրանց հավատալ և միայն հիմա եմ իմանում առաջին անգամ... Հայրը խանդում է որդուն՝ գեշ վարքի տեր մի կնոջ համար, և ինքն այդ նույն արարածի հետ խոսք մեկ է անում, որ բանտ նստեցնի իր որդուն... Եվ ինձ ստիպեցին ահա այսպիսի՜ մեկի հետ ներկայանալ այստեղ... Խաբվել եմ ես, հայտարարում եմ բոլորին, որ խաբվել եմ ոչ պակաս, քան ուրիշ որևէ մեկը...

— Դմի՛տրի Ֆյոդորովիչ,— բղավեց հանկարծ Ֆյոդոր Պավլովիչն անբնական ձայնով,— եթե դուք իմ որդին չլինեիք, այս րոպեիս մենամարտի կկանչեի ձեզ... ատրճանակներով, երեք քայլի վրա... թաշկինակի միջով, թաշկինակի միջո՜վ,— վերջացրեց նա, երկու ոտքն էլ զարնելով հատակին։

Փորձված ստախոսները, որոնք դերասանություն են արել իրենց ամբողջ կյանքում, ունենում են պահեր, երբ այնպես են խաղում իրենց դերը, որ արդեն իսկապես դողում ու լաց են լինում հուզմունքից, թեև հենց նույն վայրկյանին (կամ մի ակնթարթ հետո) կարող են շշնջալ իրենք իրենց. «Ստում ես ախր, պառա՛վ անամոթ, ախր հիմա էլ դերասանություն ես անում, չնայած քո ամբողջ «սրբազան» ցասմանն ու զայրույթի «սրբազան» պահին»։

Դմիտրի Ֆյոդորովիչը սոսկալի խոժոռվեց և անասելի արհամարհանքով նայեց հորը։

— Կարծում էի... կարծում էի,— մի տեսակ մեղմ ու զուսպ ասաց նա,— որ հայրենիք կվերադառնամ իմ հոգեհատորի՝ իմ հարսնացուի հետ, որպեսզի գուրգուրանքով պատեմ հորս ծերությունը, բայց տեսնում եմ, որ գործ ունեմ պարզապես այլասերված մի հեշտամոլի և ամենաստոր մի խեղկատակի հետ։

— Մենամա՜րտ,— բղավեց նորից բիձուկը շնչասպառ, ամեն մի բառի հետ թուքը շաղ տալով։— Իսկ դուք, Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսով, իմացեք, տիա՛ր, գուցե ձեր ամբողջ ցեղում չկա և չի եղել ավելի բարձր և ավելի ազնիվ — լսո՞ւմ եք, ավելի ազնի՜վ — մի կին, քան այդ «արարածը», ինչպես դուք հիմա համարձակվեցիք անվանել նրան։ Իսկ դուք, Դմիտրի Ֆյոդորովիչ, հենց այդ «արարածի» հետ փոխեցիք ձեր հարսնացուին, ուրեմն ինքներդ վճռեցիք, որ ձեր հարսնացուն էլ նրա եղունգը չարժի։ Ահա՛ թե ինչպիսի կին է այդ «արարածը»։

— Ամո՜թ է,— թռավ հանկարծ հայր Իոսիֆի բերանից։

— Ամո՜թ է ու խայտառակությո՛ւն,— գոռաց մինչ այդ լուռ մնացած Կալգանովն իր պատանեկան ձայնով, որ դողում էր հուզմունքից, և ամբողջովին կարմրեց։

— Ինչո՛ւ է ապրում այսպիսի մարդը,— խուլ մռնչաց Դմիտրի Ֆյոդորովիչն արդեն կատաղության հասած և ուսերն այնքան վեր բարձրացրեց, որ համարյա կուզ դարձավ,— չէ՜, ասեք ինձ, կարելի՞ է թույլ տալ, որ նա դեռ շարունակի պղծել այս հողն իր ոտքերի տակ,— նայեց նա բոլորին, մատով ցույց տալով ծերունուն։ Խոսում էր դանդաղ ու հատիկ-հատիկ։

— Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք հայրասպանին, վանականնե՜ր,— հարձակվեց Ֆյոդոր Պավլովիչը հայր Իոսիֆի վրա։— Ահա՛ ձեր «ամոթ է»-ի պատասխանը։ Ի՞նչն է ամոթ։ Այդ «արարածը», այդ «գեշ վարքի տեր կինը» գուցե ձեզնի՛ց ավելի սուրբ է, պարո՛ն աբեղաներ, ճգնավո՜ր աբեղաներ։ Գուցե նա անկում է ունեցել իր պատանությանը, միջավայրը կործանել է նրան, բայց նա «շատ է սիրել», և Քրիստոսն անգամ ներել է այն կնոջը, որ շատ է սիրել...

— Քրիստոս այդպիսի սիրո համար չէ, որ ներել է,— անհամբեր վրա բերեց հեզաբարո հայր Իոսիֆը։

― Ո՜չ, ա՛յսպիսի սիրո համար, հենց այս սիրո, վանականներ, ա՛յս սիրո համար։ Դուք այստեղ կաղամբ ուտելով փրկում եք ձեր հոգիները և կարծում եք, թե արդարներ եք։ Խարակաձուկ եք ուտում, օրը մի հատիկ խարակաձուկ, և կարծում եք, թե խարակաձկով աստծո՜ւն եք կաշառում։

— Անտանելի է, անտանելի՜,— լսվեց խուցում բոլոր կողմերից։

Բայց այլանդակության հասած այդ տեսարանը վերջ գտավ շատ անսպասելի ձևով։ Հանկարծ տեղից վերկացավ սրբահայրը։ Ալյոշան թեև համարյա կորցրել էր իրեն՝ երկյուղ կրելով և՛ սրբահոր, և՛ բոլոր մյուսների համար, բայց հասցրեց թևից բռնել ու օգնել նրան։ Սրբահայրը քայլերն ուղղեց դեպի Դմիտրի Ֆյոդորովիչը և, ընդհուպ մոտենալով, ծունկի եկավ նրա առաջ։ Ալյոշան մտածեց, թե նա ընկավ ուժասպառության հետևանքով, բայց այդպես չէր։ Ծնկի գալով, սրբահայրը լրիվ խոնարհվեց Դմիտրի ֆյոդորովիչի ոտքերի առաջ՝ որոշակիորեն ու գիտակցաբար, և նույնիսկ ճակատով դիպավ հատակին։ Ալյոշան այնպես էր ապշել, որ անգամ չհասցրեց օգնել, երբ սրբահայրը ոտքի էր ելնում։ Մի թույլ ժպիտ կար նրա շրթունքներին։

― Ո՜ղջ լերուք։ Ներեցեք ինձ բոլորդ,— ասաց նա, չորս կողմը խոնարհվելով իր հյուրերին։

Դմիտրի Ֆյոդորովիչը մի քանի վայրկյան կանգնեց շշմածի նման. խոնարհություն իր ոտքերի՜ առաջ՝ ի՞նչ է նշանակում։ Հետո հանկարծ բացականչեց — «օ՜, աստվա՜ծ իմ», ձեռքերով ծածկեց դեմքը և սենյակից դուրս նետվեց։ Նրա ետևից խմբովին դուրս թափվեցին նաև բոլոր հյուրերը, շփոթմունքից նույնիսկ մոռանալով հրաժեշտ տալ ու խոնարհվել տանտիրոջը։ Միայն աբեղաները կրկին մոտեցան նրան օրհնություն ստանալու։

— Այսինքն ինչո՞ւ նրա ոտքերն ընկավ, խորհրդանի՞շ է մի տեսակ, թե ինչ է,— փորձեց նորից խոսակցություն բանալ Ֆյոդոր Պավլովիչը, որ չգիտես ինչու խաղաղվել էր հանկարծ, թեև չհամարձակվեց անձամբ որևէ մեկին դիմել։ Այդ րոպեին նրանք բոլորն էլ դուրս էին գալիս մենաստանի պարսպից։

— Ես չեմ կարող խելագարանոցի և խելագարների համար պատասխան տալ,— անմիջապես պատասխանեց Միուսովը չարացած,— բայց կազատեմ ինձ ձեր ընկերությունից, Ֆյոդոր Պավլովիչ, և վստահ եղեք, որ ընդմիշտ կազատեմ։ Ո՞ւր է այդ քիչ առաջվա վանականը...

Բայց «այդ վանականը», այսինքն նա, որ քիչ առաջ հրավիրել էր վանահոր մոտ ճաշելու, սպասել չտվեց։ Իսկույն դիմավորեց հյուրերին, հենց որ նրանք սրբահոր խուցից դուրս գալով իջան անդաստակից, կարծես նրանց էր սպասել շարունակ։

— Բարի եղեք, պատվական հայր, հաղորդելու իմ խորագույն հարգանաց հավաստիքը վանահորը և նորին գերապատվությունից ներումն խնդրելու անձամբ ինձ՝ Միուսովիս համար, որ անակնկալորեն ի հայտ եկած աննախատեսելի հանգամանքների պատճառով ոչ մի կերպ չեմ կարող պատիվն ունենալ իմ մասնակցությունը բերելու նրա սեղանին, հակառակ իմ ամբողջ անկեղծ ցանկությանը,— նյարդայնորեն ասաց Պյոտր Ալեքսանդրովիչը վանականին։

— Իսկ այդ աննախատեսելի՜ հանգամանքը ես եմ ախր, ե՛ս,— իսկույն վրա տվեց Ֆյոդոր Պավլովիչը։— Լսո՞ւմ եք, հայր սուրբ, Պյոտր Ալեքսանդրովիչն ի՛նձ հետ միասին չի ուզում մնալ, թե չէ՝ իսկույն կգնար ճաշի։ Կգնա՜ք, Պյոտր Ալեքսանդրովիչ, բարեհաճեցեք այցելել վանահորը և բարի՜ ախորժակ ձեզ։ Իմացեք, որ ե՛ս եմ հրաժարվելու, ոչ թե դուք։ Տուն կգնամ, տուն, տանը կուտեմ, այստեղ ինձ անարժան եմ, զգում, Պյոտր Ալեքսանդրովիչ, ամենասիրալի՜ր ազգականդ իմ։

— Ձեր ազգականը չեմ և երբեք չեմ եղել, ստո՛ր մարդ։

— Ես հենց դիտմամբ ասացի, որ գժվացնեմ ձեզ, որովհետև միշտ խուսափում եք ազգականությունից, թեև, որքան էլ դեսուդեն շուռ գաք, է՛լի իմ ազգականն եք, տոնացույցով կապացուցեմ։ Եթե ուզում ես, Իվան Ֆյոդորովիչ, դու էլ մնա, ես ձիերը ժամանակին կուղարկեմ քեզ համար։ Իսկ ձեզ, Պյոտր Ալեքսանդրովիչ, նույնիսկ քաղաքավարությունն է պարտադրում հիմա ներկայանալ վանահորը, պետք է ներողություն խնդրել այն անկարգության համար, որ ձեզ հետ միասին արեցինք այնտեղ...

— Բայց ճի՞շտ է, որ տուն եք գնում հիմա։ Չե՞ք ստում։

— Պյո՜տր Ալեքսանդրովիչ, ինչպե՞ս կարող եմ հանդգնել այս բոլոր պատահածներից հետո։ Չկարողացա ինձ զսպել ու տարվեցի, պարոնայք, ներեցեք ինձ։ Եվ բացի այդ՝ տակնուվրա եմ եղել։ Ամաչում եմ ուղղակի։ Պարոնայք, մարդ կա, որ Ալեքսանդր Մակեդոնացու սիրտն ունի, մարդ էլ կա, որ Ֆիդելկայի, այսինքն շնիկի սիրտ ունի։ Իմ սիրտը Ֆիդելկայի սիրտ է։ Վախ է ընկել փորս։ Ո՞նց թե, այսպիսի գժություններ անելուց հետո մեկ էլ ճաշի՞ գնամ, վանքի սոուսնե՞րը լափեմ։ Ամոթ է, չեմ կարող, ներեցե՛ք։

«Սատանա՛ն գիտե, մեկ էլ տեսար՝ խաբեց»,— անվստահ կանգ առավ Միուսովը և վարանոտ հայացքով նայեց հեռացող խեղկատակի ետևից։ Իսկ նա շուռ եկավ և նկատելով, որ Պյոտր Ալեքսանդրովիչն իր ետևից է նայում, օդային համբույր ուղարկեց նրան։

— Իսկ դուք գալի՞ս եք վանահոր մոտ,— կցկտուր հարցրեց Միուսովը Իվան Ֆյոդորովիչին։

— Ինչո՞ւ չէ։ Մանավանդ որ դեռ երեկ հատուկ հրավեր եմ ստացել վանահորից։

— Դժբախտաբար ես իրոք պարտավորված եմ զգում գնալու այդ անիծյալ ճաշին,— միշտ նույն դառնագին նյարդայնությամբ շարունակեց Միուսովը, նույնիսկ ուշադրություն չդարձնելով, որ վանականը լսում է։— Գոնե այնտեղ պետք է ներողություն խնդրել մեր պատճառած տհաճության համար և բացատրել, թե մենք չէինք... Ի՞նչ եք կարծում։

— Այո, պետք է բացատրել, թե մենք չէինք։ Մանավանդ որ հայրիկն այնտեղ չի լինելու,— նկատեց Իվան Ֆյոդորովիչը։

— Ա՛յդ էր պակաս, որ ձեր հայրիկն էլ լիներ։ Անիծվի՛ այս ճաշը։

Եվ սակայն բոլորն էլ գնում էին։ Վանականը լուռ լսում էր։ Պուրակով անցնելիս նա միայն մեկ անգամ նկատել տվեց, որ վանահայրն արդեն վաղուց սպասում է և իրենք կես ժամից ավելի ուշացել են։ Չպատասխանեցին նրան։ Միուսովն ատելությամբ նայեց Իվան Ֆյոդորովիչին։

«Ահա խնդրեմ, այնպես է ճաշի գնում, ասես ոչինչ չի պատահել,— մտածեց նա։— Աներեսություն և կարամազովյա՛ն խիղճ»։

VII։ Պատեհապաշտ ճեմարանականը

Ալյոշան իր սրբահորը հասցրեց ննջասենյակ ու նստեցրեց մահճակալին։ Շատ փոքրիկ էր սենյակը՝ անհրաժեշտ իրերով կահավորված. մահճակալը նեղլիկ էր ու երկաթե, վրան միայն թաղիք կար ներքնակի փոխարեն։ Անկյունը, սրբապատկերների մոտ, կանգնած էր գրակալը, որի վրա խաչ ու ավետարան էր դրված։ Սրբահայրն ուժասպառ ընկավ մահճակալին. աչքերը փայլում էին և դժվար էր շնչում։ Նստելուց հետո նա սևեռուն նայեց Ալյոշային, ասես մի բան կշռադատելով։

— Գնա, սիրելիդ իմ, գնա, Պորֆիրին բավական է ինձ, իսկ դու շտապիր։ Դու հարկավոր ես այնտեղ, գնա վանահոր մոտ, սպասարկիր ճաշին։

— Արտոնեցեք այստեղ մնալ,— ասաց Ալյոշան աղերսող ձայնով։

— Դու այնտեղ ավելի ես հարկավոր։ Խաղաղություն չկա այնտեղ։ Կսպասարկես ու պետք կգաս։ Եթե չար ոգիները գլուխ բարձրացնեն, աղոթք կարդա։ Եվ գիտցիր, որդյակ իմ (սրբահայրը սիրում էր այսպես կոչել նրան), ապագային և այս չէ քո տեղը։ Հիշիր այս խոսքս պատանյա՛կ։ Երբ աստված ինձ արժանի համարի հանգչելու ի տեր, իսկույն հեռացիր վանքից։ Ընդմիշտ հեռացիր։

Ալյոշան ցնցվեց։

— Ի՞նչ է։ Առայժմ այս չէ քո տեղը։ Օրհնում եմ քեզ վասն այն մեծ նվիրաբերության, որ կատարելու ես աշխարհում։ Շատ պիտի թափառես տակավին։ Ու նաև կին պիտ առնես, այո՛։ Ամեն փորձություն պիտի կրես, մինչև վերստին գաս։ Անելիք շատ բան պիտի ունենաս։ Բայց տարակույս չունեմ քո նկատմամբ, որով և առաքում եմ քեզ։ Քրիստոս քեզ հետ է։ Պահպանիր նրան և նա կպահպանի քեզ։ Մեծ վիշտ ես ունենալու և այդ վշտի մեջ լինելու ես երջանիկ։ Ահա իմ պատգամը քեզ. վշտի մեջ փնտրիր երջանկություն։ Աշխատիր, անխոնջ աշխատիր։ Հիշիր իմ խոսքն այժմու, քանզի դեռ զրուցելու եմ քեզ հետ թեև, բայց ոչ միայն իմ օրերը, այլև իմ ժամերն են հաշվված։

Ալյոշայի դեմքին նորից ներքին ուժեղ մի շարժում երևաց։ Շրթունքների ծայրերը դողացին։

— Ի՞նչ է նորից,— մեղմ ժպտաց սրբահայրը։— Թող աշխարհականներն արցունքներով հուղարկավորեն իրենց հանգուցյալներին, իսկ մենք այստեղ ուրախանում ենք հանդերձյալ աշխարհ մեկնող հոր համար։ Ուրախանում ենք և աղոթում վասն նորա։ Առանձին թող ինձ։ Պետք է աղոթեմ։ Գնա և աճապարիր։ Եղբայրներիդ կողքին եղիր։ Եվ ոչ թե միայն մեկի, այլ երկուսի կողքին։

Սրբահայրը ձեռքը բարձրացրեց օրհնելու համար։ Անկարելի էր առարկել, թեև Ալյոշան մեծ ցանկություն ուներ մնալու։ Ուզում էր նաև հարցնել և նույնիսկ լեզվի ծայրին էր հարցը՝ «Ի՞նչ էր նշանակում այդ երկրպագությունը Դմիտրիի առաջ», բայց չհամարձակվեց հարցնել։ Գիտեր, որ սրբահայրն ինքը կբացատրեր առանց հարցի սպասելու, եթե կարելի լիներ։ Ուրեմն այդպես չէր թելադրում նրա կամքը։ Բայց այդ երկրպագությունը սոսկալի հուզել էր Ալյոշային։ Նա կուրորեն հավատում էր, որ խորհրդավոր իմաստ կա դրա մեջ։ Խորհրդավոր ու գուցե նաև սարսափելի։ Երբ մենաստանի պարսպից դուրս եկավ, որպեսզի ժամանակին հասնի վանք և սկզբից ներկա լինի վանահոր ճաշին (անշուշտ միայն սպասարկելու համար), հանկարծ ցավագին սեղմվեց նրա սիրտը, և նա մեկեն կանգ առավ. իր ականջին կարծես նորից հնչեցին սրբահոր խոսքերը, որոնք նրա այնքան մոտալուտ վախճանն էին կանխագուշակում։ Ինչ որ կանխագուշակում էր սրբահայրը, և մանավանդ այդպիսի ճշգրտությամբ, պետք է տեղի ունենար անկասկած։ Ալյոշան ամենայն սրբությամբ հավատում էր դրան։ Բայց ինչպե՞ս ինքը կարող է մնալ առանց սրբահոր, ինչպե՞ս կարող է չտեսնել նրան, չլսել նրան։ Եվ ո՞ւր է գնալու հետո։ Պատվիրում է լաց չլինել ու հեռանալ վանքից, աստվա՜ծ իմ։ Վաղուց Ալյոշան այսպիսի տխրություն չէր զգացել։ Ավելի արագ քայլեց պուրակում, որ մենաստանը բաժանում էր վանքից։ Չկարողանալով դիմանալ իր մտքերի այնքան ծանր ճնշմանը, սկսեց նայել դարավոր սոճիներին, որոնք երկու կողմից եզերում էին արահետը։ Երկար չէր ճանապարհը՝ հինգ հարյուր քայլ, ոչ ավելի։ Այդ ժամին ոչ ոքի չէր կարող հանդիպել այդտեղ, բայց հանկարծ, արահետի առաջին դարձի վրա, նկատեց Ռակիտինին։ Նա ինչ-որ մեկի էր սպասում։

— Չլինի՞ ինձ ես սպասում,— հարցրեց Ալյոշան, հասնելով նրան։

— Հենց քեզ,— քմծիծաղ տվեց Ռակիտինը։— Վազ ես տալիս վանահոր մոտ։ Գիտեմ, սեղան է բացել։ Այսպիսի ճոխ սեղան չի եղել այն օրից, երբ եպիսկոպոսին ու գեներալ Պախատովին ընդունեց, հիշո՞ւմ ես։ Ես չեմ լինելու այնտեղ, իսկ դու գնա, սոուսները մատուցիր։ Դու ինձ մի բան ասա, Ալեքսեյ, ի՞նչ է նշանակում այդ ցնորքը։ Այս էի ուզում հարցնել։

— Ի՞նչ ցնորք։

— Ա՛յ այդ երկրպագությունը քո եղբոր՝ Դմիտրի Ֆյոդորովիչի առաջ։ Եվ դեռ ինչպե՜ս էլ ճակատը գետնին խփեց։

— Հայր Զոսիմայի՞ մասին ես ասում։

— Այո, հայր Զոսիմայի մասին։

— Ճակատը խփե՞ց։

— Հա՜, անհարգալից արտահայտություն ունեցա։ Դե Լավ, թող անհարգալից լինի։ Է՜ ուրեմն, ի՞նչ է նշանակում։

— Չգիտեմ ինչ է նշանակում, Միշա։

— Այդպես էլ գիտեի, որ չի բացատրի քեզ։ Այստեղ ոչ մի խորիմաստ բան չկա անշուշտ, լուրջ թվացող սովորական անմտություններից մեկն է։ Բայց դիտմամբ արեց այդ աչքակապությունը։ Ա՜յ հիմա քաղաքի բոլոր մոլեռանդները կսկսեն խոսել և նահանգով մեկ կտարածեն, այսինքն թե՛ ի՜նչ է նշանակում այդ տեսիլքը։ Ինձ հարցնես, ծերուկն իրոք սուր քիթ ունի՝ ոճրագործության հոտն առավ։ Վատ հոտ է փչում ձեր ընտանիքից։

— Ի՞նչ ոճրագործության։

Երևում էր, որ Ռակիտինն ասելիք ունի և ուզում է արտահայտվել։

— Ձեր ընտանիքում է լինելու այդ բանը, այսինքն այդ ոճրագործությունը։ Քո եղբայրների և քո հարուստ հայրիկի միջև։ Ա՛յ դրա համար էլ հայր Զոսիման ճակատը խփեց՝ գուցե թե մի բան պատահի հետագայում։ Եթե իրոք մի բան պատահեց, կասեն՝ «Ա՜խ, չէ՞ որ սուրբ հայրը կանխագուշակել էր, մարգարեացել էր»,— թեև ի՞նչ մի մարգարեություն է ճակատը գետնին խփելը։ Չէ՜, դա խորհրդանիշ էր, կասեն, այլաբանություն էր, և էլ ինչե՜ր ասես դուրս չեն տա։ Կփառաբանեն, կհիշեն՝ իբր թե ոճրագործությունը գուշակեց, ոճրագործին նշեց։ Միշտ էլ այդպես են ցնդած մոլեռանգները. գինետան առաջ երեսներին խաչ կհանեն, բայց տաճարի վրա քար կգցեն։ Քո սրբահայրն էլ նույն կտորից է, փայտով կտա արդարին, կերկրպագի մարդասպանին։

— Ի՞նչ ոճրագործություն։ Ի՞նչ մարդասպան։ Ի՞նչ ես ասում,— կանգ առավ Ալյոշան քար կտրած, կանգ առավ նաև Ռակիտինը։

— Ինչ մարդասպա՞ն։ Ոնց որ չգիտե՜ս։ Գրազ եմ գալիս, ինքդ արդեն մտածել ես դրա մասին։ Ի դեպ, դա էլ հետաքրքիր է։ Լսիր, Ալյոշա, դու միշտ ճշմարտությունն ես ասում, թեև միշտ էլ երկու աթոռի արանքում ես նստած։ Ասա տեսնեմ, մտածե՞լ ես դրա մասին, թե չես մտածել։ Պատասխանի՛ր։

— Մտածել եմ,— մեղմ պատասխանեց Ալյոշան։

Նույնիսկ Ռակիտինը շվարած մնաց։

— Ի՜նչ ես ասում։ Բայց իսկապե՞ս դու էլ մտածել ես,— գոռաց նա։

— Ես... ես ոչ թե իրոք մտածել եմ,— քթի տակ ասաց Ալյոշան,— այլ երբ հիմա դու այդպես տարօրինակորեն սկսեցիր խոսել, ինձ թվաց, թե ինքս մտածել եմ այդ մասին։

— Տեսնո՞ւմ ես (և ի՜նչ պարզ արտահայտեցիր ասելիքդ), տեսնո՞ւմ ես։ Այսօր նայելով հայրիկիդ ու եղբորդ՝ Միտենկային, ոճրագործության մասին մտածեցիր, չէ՞։ Ուրեմն ես չեմ սխալվել, չէ՞։

— Բայց սպաս՛ր, սպասի՛ր,— տագնապահար ընդհատեց Ալյոշան,— ինչի՞ց ելնելով է, որ հատկապես դո՛ւ ես տեսնում այդ բոլորը... Ինչո՞ւ է քեզ այդքան հետաքրքրում խնդիրը։ Կարևորն այս է նախ և առաջ։

— Երկու տարբեր, բայց բնական հարց։ Զատ-զատ պատասխանեմ ամեն մի հարցին։ Ինչի՞ց ելնելով եմ տեսնում։ Ոչինչ էլ չէի տեսնի, եթե այսօր հանկարծ չհասկանայի Դմիտրի Ֆյոդորովիչին՝ քո եղբորը, եթե չհասկանայի նրա ամբողջ էությունը, մինչև ուղն ու ծուծը, միանգամից։ Բնավորության մի գիծ նկատեցի և հանկարծ ոտից գլուխ հասկացա նրան։ Այդ չափազանց ազնիվ, բայց տռփոտ մարդիկ մի սահման ունեն, որը չլինի՜ թե անցնես։ Թե չէ՜... թե չէ նա իր հորն էլ դանակով կխփի։ Իսկ ձեր հայրը հարբեցող և անզուսպ մի անառակ է, երբեք ու ոչ մի բանում իր չափը չի իմացել։ Երկուսն էլ սանձերը բաց կթողնեն և թը՛մփ, երկուսն էլ ցեխը կընկնեն...

— Ոչ, Միշա, ոչ, եթե այդ է քո ասածը, դու ինձ նորից սիրտ տվիր։ Մինչև այդտեղ չի հասնի։

— Իսկ ինչո՞ւ ես ամբողջ մարմնով դողում։ Գիտե՞ս ինչ։ Ասենք ազնիվ մարդ է քո Միտենկան (հիմար է, բայց ազնիվ), բայց նա հեշտամոլ է։ Ահա նրա բնորոշումը և նրա ամբողջ ներքին էությունը։ Հայրն է իր ստոր հեշտասիրությունը փոխանցել նրան։ Ես միայն քեզ վրա եմ զարմանում, Ալյոշա, ինչպե՞ս է, որ դու կույս ես մնացել։ Ախր դո՛ւ էլ Կարամազով ես։ Ախր ձեր ընտանիքում հեշտասիրությունը հիվանդագին բորբոքման է հասել։ Ա՛յ հիմա այդ երեք հեշտամոլները իրար վրա աչք են տնկել... դանակը մեջքին պահած։ Երեքն էլ կոտոշները խփել են իրար, և դու էլ գուցե չորրորդը լինես։

— Սխալվում ես այդ կնոջ նկատմամբ։ Դմիտրին նրան... արհամարհում է,— մի տեսակ դողալով ասաց Ալյոշան։

— Գրուշենկայի՞ն։ Ոչ, ախպերս, չի արհամարհում։ Դե որ իր հարսնացուին բացեիբաց նրա հետ փոխեց, ուրեմն չի արհամարհում։ Այստեղ... այստեղ մի բան կա, ախպեր ջան, որ դու հիմա չես հասկանա։ Մարդը որ սիրահարվեց ինչ֊որ գեղեցկության, կնոջ մարմնին կամ նույնիսկ կնոջ մարմնի միայն մի մասին (հեշտասերը կարող է այդ բանը հասկանալ), իր սեփական երեխաներին էլ կտա նրա սիրույն, հորն ու մորն էլ կծախի, Ռուսաստանն էլ, հայրենիքն էլ։ Ազնիվ լինելով՝ կգնա ու գողություն կանի, հեզ լինելով՝ մարդ կսպանի, հավատարիմ լինելով՝ կդավաճանի։ Կանացի ոտքերի երգիչ Պուշկինը բանաստեղծությունների մեջ էր գովերգում այդ ոտքերը։ Ուրիշները չեն գովերգում, բայց առանց սարսռալու չեն կարող նայել կանանց ոտքերին։ Եվ հո միայն ոտքե՜րը չեն... Այստեղ արհամարհելը չի օգնի, ախպերս, թեկուզ և նա արհամարհի Գրուշենկային։ Արհամարհում է, բայց պոկ գալ չի կարող։

— Ես հասկանում եմ այդ,— հանկարծ բերանից թռցրեց Ալյոշան։

— Ճի՞շտ։ Դե ուրեմն իսկապես հասկանում ես, քանի որ հենց առաջին խոսքից թռցրիր բերանիցդ, թե հասկանում ես,— չարախնդությամբ ասաց Ռակիտինը։— Դու առանց ուզելու թռցրիր դա, բերանիցդ փախավ։ Այսպիսով ավելի թանկ է դառնում խոստովանությունդ։ Ուրեմն քեզ ծանոթ նյութ է, արդեն մտածել ես դրա մասին, այսինքն այդ հեշտասիրության մասին։ Ա՛յ թե կույսն ես, հա՜։ Սուսիկ-փուսիկ մարդ ես, Ալյոշկա. սուրբ ես, դեմ չեմ, բայց սուսիկ-փուսիկ ես և սատանան գիտե, թե ինչ՜ր ես մտածել, ի՜նչ բաներ ես իմանում արդեն։ Կույս ես, բայց այնպիսի խորքեր ես թափանցել... ես վաղուց եմ քեզ հետևում։ Դու ինքդ էլ Կարամազով ես, ոտից գլուխ Կարամազով։ Ուրեմն ծագումն ու բնական ընտրությունը մի բան նշանակում են վերջապես։ Հոր կողմից հեշտասեր, մոր կողմից կրոնախև։ Ի՞նչ ես դողում։ Ճիշտ է ասածս, չէ՞։ Գիտե՞ս ինչ, Գրուշենկան ինձ խնդրեց՝ «Բեր նրան (այսինքն քեզ), սքեմը պոկեմ վրայից»։ Այդպես ասաց։ Եվ տեսնեիր, թե ինչպե՜ս էր խնդրում՝ բեր, անպայմա՛ն բեր։ Եվ մտածեցի՝ քո ի՞նչն է այդպես նրան հետաքրքրում։ Գիտե՞ս, նա էլ արտակարգ կին է, հա՜։

— Բարևս հաղորդիր նրան, ասա, որ չեմ գա,— ծուռ ժպտաց Ալյոշան։— Վերջացրու ասելիքդ, Միխայիլ, հետո ես իմ միտքը կհայտնեմ քեզ։

— Էլ ի՞նչ վերջացնեմ, ամեն ինչ պարզ է։ Հին երգ է այդ բոլորը, ախպեր ջան։ Եթե դու էլ հեշտասեր ես քո խորքում, հապա քո եղբայր Իվա՛նը, որ նույն մորից է։ Նա էլ Կարամազով է ախր։ Ձեր ամբողջ կարամազովյան ուղն ու ծուծն էլ հենց այդ է՝ հեշտամոլ եք, գռփող ու խելառ։ Քո Իվանը աթեիստ լինելով, հիմա առայժմ աստվածաբանական հոդվածներ է տպում կատակի համար, ինչ֊որ հիմարագույն, միայն իրեն հայտնի հաշիվներից դրդված, և ինքն էլ ընդունում է, որ դա ստորություն է. ահա՛ այդ քո Իվանը, խնդրեմ։ Բացի այդ, իր եղբոր՝ Միտյայի ձեռից հարսնացուին է խլում, և կարծում եմ, որ այդ նպատակին էլ կհասնի։ Այն էլ ինչպե՜ս — հենց Միտենկայի համաձայնությամբ, որովհետև Միտենկան ինքը զիջում է իր հարսնացուին, որպեսզի մի կերպ գլուխն ազատի նրանից և շուտով ընկնի Գրուշենկայի գիրկը։ Եվ այդ բոլորն անում է՝ այնքան ազնիվ ու անշահախնդիր մարդ լինելով հանդերձ, նկատի ունեցիր։ Ա՛յ հենց սրանք են ամենից աղետալի մարդիկ։ Դեհ, այս բոլորից հետո սատանան միայն կարող է գլուխ հանել ձեզնից. մարդը ինքն է ընդունում իր ստորությունը և ինքն էլ քիթը կոխում է ստորության մեջ։ Բայց դեռ լսի՜ր։ Միտենկայի ճամփին հիմա ձեր բիձուկ հայրն է կանգնած։ Ախր պառավը հանկարծ խելքը թռցրեց Գրուշենկայի համար, հենց նայում է նրան՝ լորձունքներն են վազում։ Այդ կնոջ պատճառով է միայն, որ հիմա խուցում այդպիսի խայտառակ տեսարան սարքեց, պարզապես որովհետև Միուսովը համարձակվեց փուչ արարած կոչել նրան։ Կատվից էլ վատ է սիրահարվել։ Սկզբում այդ կինը ինչ֊որ մութ գործերի և գինետների կապակցությամբ ծառայում էր նրան և վարձ ստանում, իսկ բիձուկը հիմա հանկարծ գլխի է ընկել ու տնտղել է, և ահա բորբոքվել է արյունը։ Գրուշենկային կպել է իր առաջարկություններով, և անշուշտ ազնիվ բան չէ առաջարկածը։ Եվ ա՛յ թե կընդհարվեն այդ ճամփի վրա նրանք՝ պապան ու իր սիրելի զավակը։ Իսկ Գրուշենկան ոչ մեկին է երես տալիս, ոչ էլ մյուսին, առայժմ պոչ է խաղացնում ու երկուսին էլ գրգռում է։ Նայում է, թե ո՛ր մեկից կարող է ավելի օգուտ ստանալ։ Պապայից կարելի է շատ փող կորզել, բայց դե հո նա չի ամուսնանա, գուցե և վերջում կծծիությունը բռնի և քսակը փակ պահի։ Այդ դեպքում Միտենկան էլ է արժեք ստանում. փող չունի, բայց հոժար է ամուսնանալու։ Այո՜, հոժար է ամուսնանալու, այսինքն լքելու իր հարսնացուին, անզուգական գեղեցկուհի Կատերինա Իվանովնային, որ ազնվականուհի է ու գնդապետի աղջիկ, և ամուսնանալու Գրուշենկայի հետ, որ մի կոպիտ ու այլասերված մարդու՝ ծեր վաճառական ու քաղաքագլուխ Սամսոնովի սիրուհին է եղել։ Այս բոլորը կարող են իսկապես քրեական ընդհարման հասցնել։ Իսկ քո եղբայր Իվանն էլ հենց դրան է սպասում, նրա հացին յուղ կքսվի դրանով՝ և՛ Կատերինա Իվանովնային ձեռք կգցի, հոգի է տալիս նրա համար, և՛ աղջկա վաթսուն հազարանոց օժիտը կչանթի։ Իվանի նման փոքր ու տկլոր մարդուկի համար, որպես առաջին քայլ, դա շատ գայթակղիչ է։ Եվ մի բան էլ նկատի ունեցիր. ոչ միայն չի վիրավորի Միտենկային, այլ նույնիսկ մինչև մահ պարտական կթողնի նրան։ Ախր ես հաստատ գիտեմ, որ Միտենկան ինքը, դեռ անցյալ շաբաթ, երբ գինետանը հարբել է գնչուհիների հետ, ձայնը գցած գոռացել է, թե արժանի չէ իր Կատենկային, իսկ իր եղբայր Իվանը՝ ա՜յ, նա արժանի է։ Կատերինա Իվանովնան էլ, իհարկե, վերջ ի վերջո չի մերժի Իվան Ֆյոդորովիչի պես հմայիչ մարդուն։ Հիմա էլ ախր տատանվում է այդ երկուսի միջև։ Բայց, ինչո՞վ է ձեզ բոլորիդ գրավել այդ Իվանը, ի՞նչ եք բոլորդ էլ պաշտում նրան։ Իսկ նա ծիծաղում է ձեզ վրա, այսինքն թե՝ յուղոտ պատառն ինձ է հասնում և ձեր հաշվին անուշ եմ անում։

— Ինչի՞ց գիտես այդ բոլորը։ Ինչո՞ւ ես այդպես վստահ խոսում,— հարցրեց հանկարծ Ալյոշան կտրուկ ու խոժոռադեմ։

— Իսկ ինչո՞ւ հիմա դու հարցնում ես և նախօրոք վախենում իմ պատասխանից։ Ուրեմն ինքդ էլ համաձայն ես, որ իմ ասածը ճիշտ է։

— Դու չես սիրում Իվանին։ Իվանը չի հրապուրվի փողով։

— Ճի՞շտ։ Իսկ Կատերինա Իվանովնայի գեղեցկությո՞ւնը։ Այստեղ միայն փողը չէ, թեև վաթսուն հազարն էլ հրապուրիչ բան է։

— Իվանը վեր է դրանից։ Իվանին հազարներն էլ չեն հրապուրի։ Իվանի փնտրածը փողը չէ, ոչ էլ հանգստությունը։ Տառապանք է գուցե փնտրում։

— Ա՞յդ ինչ ցնորք է։ Ա՜խ դո՜ւք... ազնվականնե՜րդ։

— Է՜հ, Միշա, նրա հոգին է փոթորկոտ։ Կաշկանդված է միտքը։ Մի մեծ ու չլուծված խնդիր է նրան հուզում։ Նա այն մարդկանցից է, որոնք չեն ցանկանում միլիոններ ունենալ, այլ ցանկանում են իրենց տանջող խնդիրը լուծել։

— Գրագողություն է, Ալյոշկա։ Քո սրբահոր խոսքն ես կրկնում ուրիշ բառերով։ Ա՜յ թե հանելուկ է տվել ձեզ Իվանը, հա՜,— գոռաց Ռակիտինն ակնհայտ չարամտությամբ։ Նույնիսկ դեմքը փոխվեց, շրթունքները ծռվեցին։— Եվ մի հիմա՜ր էլ հանելուկ է, լուծելու բան չկա մեջը։ Մի քիչ ուղեղդ շարժես՝ կհասկանաս։ Նրա հոդվածը ծիծաղելի է ու անմիտ։ Եվ քիչ առաջ լսեցիր նրա հիմար տեսությունը՝ «Թե չկա հոգու անմահություն, ուրեմն առաքինություն էլ չկա, ուստի ամեն ինչ թույլատրելի է։» (Ի միջի այլոց, հիշո՞ւմ ես քո Միտենկան ոնց գոռաց՝ «Մի՜տս կպահեմ»։) Գայթակղիչ տեսություն է սրիկաների համար... Է՜, հայհոյում եմ, հիմարություն եմ անում... Ոչ թե սրիկաների, այլ ուսումնական պոռոտախոսների համար, որոնք «մտքերի անլուծելի խորություն ունեն»։ Պարծենկոտի մե՜կը, իսկ ասա՞ծն ինչ է. «Մի կողմից չի կարելի չընդունել, իսկ մյուս կողմից չի կարելի չխոստովանել»— ահա՛ եղած-չեղածը։ Նրա տեսությունը վերից վար ստորությո՛ւն է։ Մարդկությունն ինքը իր մեջ ուժ կգտնի, որ ապրի առաքինության համար՝ նույնիսկ չհավատալով հոգու անմահության։ Ազատության, հավասարության, եղրայրության նկատմամբ սիրո՛ մեջ կգտնի այդ ուժը...

Ռակիտինը տաքացել էր ու համարյա չէր կարողանում զսպել իրեն։ Բայց հանկարծ, ասես մի բան հիշելով, կանգ առավ։

— Դե լավ, բավական է,— ավելի ևս ծուռ ժպտաց նա։— Ի՞նչ ես ծիծաղում։ Կարծում ես գռեհիկի մեկն ե՞մ։

— Ոչ, մտքովս էլ չի անցել, որ դու գռեհիկ ես։ Դու խելացի ես, բայց... կներես, հիմարություն էր իմ ծիծաղելը։ Հասկանում եմ, Միշա, մի բան կա՛, որ այդպես տաքանում ես։ Քո եռանդից կռահեցի, որ ինքդ էլ անտարբեր չես Կատերինա Իվանովնայի նկատմամբ։ Վաղուց այդ կասկածն ունեի, սիրելիս։ Եվ ահա թե ինչու չես սիրում իմ եղբորը՝ Իվանին։ Խանդո՞ւմ ես նրան։

— Եվ Կատերինա Իվանովնայի փողերին էլ եմ խանդո՞ւմ։ Դե այդ էլ ասա, էլի՛։

— Ոչ, փողի մասին ոչինչ չեմ ասի, միտք չունեմ քեզ վիրավորելու։

— Հավատում եմ, քանի որ դու ես ասում, բայց է՛լի գրողը տանի ձեզ՝ քո Իվանին էլ հետը։ Ոչ մեկդ չի հասկանում, որ առանց Կատերինա Իվանովնայի էլ կարելի է բոլորովին չսիրել ձեր Իվանին։ Եվ ինչո՞ւ նրան սիրեմ, գրո՛ղը տանի։ Չէ՞ որ ինքն է ինձ իր հայհոյանքին արժանացնում։ Իսկ ե՞ս ինչու իրավունք չունեմ նրան հայհոյելու։

— Երբեք չեմ լսել, որ նա որևէ բան ասած լինի քո մասին՝ լավ կամ վատ։ Բնավ չի խոսում քո մասին։

— Իսկ ես լսել եմ, որ նախանցյալ օրը Կատերինա Իվանովնայի մոտ նա ինձ մի լավ մշակել է, բերանն եկածը դուրս է տվել. ահա թե ինչ աստիճան հետաքրքրվել է ձեր խոնարհ ծառայով։ Էլ դրանից հետո ո՛վ ում է խանդում, ախպեր ջան, չգիտեմ։ Բարեհաճել է կարծիք հայտնել, թե ես, իբր թե, շատ մոտավոր ապագայում եթե չհամաձայնվեմ վարդապետական կարգ ընդունել և չվճռեմ վանական դառնալ, ուրեմն անպայման կգնամ Պետերբուրգ և կհարեմ մի հաստ ամսագրի, անպայման քննադատ կլինեմ, կգրեմ մի տասը տարի և ի վերջո ամսագրի տերն ու տիրականը կդառնամ։ Եվ հետո նորից կհրատարակեմ՝ անպայման լիբերալ և աթեիստական ուղղությամբ, սոցիալիստական երանգով, նույնիսկ սոցիալիզմի փայլ տալով մի փոքր, բայց ականջներս բաց պահելով, այսինքն ըսա էության և՛ մի կողմին, և՛ մյուս կողմին հա ասելով և հիմարների աչքին փոշի փչելով։ Իմ կարիերայի վերջում, քո եղբոր ասելով, սոցիալիզմի երանգն ինձ չի խանգարի բաժանորդագրական փողերը ետ գցելու իմ ընթացիկ հաշվին և հարմար առիթով շրջանառության դնելու որևէ մի ջհուդի ղեկավարությամբ, մինչև որ հսկա մի շենք կառուցեմ Պետերբուրգում՝ խմբագրությունն այնտեղ փոխադրելու և մնացած հարկերն էլ վարձով տալու համար։ Նույնիսկ շենքի տեղն է որոշել. նոր քարե կամուրջի մոտ, որն ասում են թե կառուցվելու է Նևայի վրա՝ Լիտեյնայայից դեպի Վիբորգսկայա...

— է՜հ, Միշա, ճիշտն ասած, հենց այդպես էլ կկատարվի՝ բառ առ բառ,— բացականչեց հանկարծ Ալյոշան, չկարողանալով զսպել իրեն և ուրախ ծիծաղելով։

— Դուք էլ եք սկսում հեգնել, Ալեքսեյ Ֆյոդորովիչ։

— Ոչ, ոչ, կատակ եմ անում, ներիր։ Իմ մտքինը բոլորովին ուրիշ բան է։ Բայց ասա խնդրեմ, ո՞վ կարող էր քեզ այդպիսի մանրամասնություններ պատմել, ումի՞ց կարող էիր լսել այդ բոլորը։ Դու հո չէիր կարող անձամբ Կատերինա Իվանովնայի մոտ լինել, երբ Իվանը խոսում էր քո մասին։

— Ես այնտեղ չէի, բայց Դմիտրի Ֆյոդորովիչն է եղել, և հենց նրանից լսեցի այդ բոլորն իմ ականջներով. այսինքն, եթե ճիշտն ես ուզում, նա ոչ թե անձամբ ինձ պատմեց, այլ ես թաքուն լսեցի, անշուշտ իմ կամքից անկախ, որովհետև նստած էի Գրուշենկայի ննջասենյակում և չէի կարող դուրս գալ քանի Դմիտրի Ֆյոդորովիչը մյուս սենյակումն էր։

— Ախ հա՜, մոռացել էի, որ Գրուշենկան քո ազգականն է...

— Ազգակա՞ն։ Գրուշենկա՞ն է ինձ ազգական,— գոռաց հանկարծ Ռակիտինը լրիվ կարմրելով։— Ցնդե՞լ ես, ինչ է։ Խանգարվել է ուղեղդ։

— Ինչո՞ւ։ Քո ազգականը չէ՞ միթե։ Այդպես եմ լսել։

— Որտեղի՞ց կարող ես լսած լինել։ Չէ՜, դուք՝ պարոնայք Կարամազովներդ, ինչ֊որ մեծ ու հնադարյան ազնվականների հովեր եք առնում, այնինչ քո հայրը վազ էր տալիս ուրիշների սեղանին խեղկատակություն անելու, և կարեկցելուց է, որ մի կտոր հաց էին դնում առաջը։ Ասենք թե ես տերտերի տղա եմ պարզապես, մի ճիճու եմ ձեզ նման ազնվականների աչքին, բայց մի՛ վիրավորեք ինձ այդպես թեթև սրտով ու անառակորեն։ Ես էլ պատիվ ունեմ, Ալեքսեյ Ֆյոդորովիչ։ Ես չեմ կարող Գրուշենկայի նման մի պոռնիկի ազգականը լինել, խնդրում եմ հասկանա՜ք այդ։

Ռակիտինը խիստ ջղայնացած էր։

— Ներիր, ի սեր աստծո, մտքովս անգամ չէր անցնում, և հետո՝ ինչպես թե պոռնիկ։ Միթե նա... այդպիսի՞ կին է,— կարմրեց հանկարծ Ալյոշան։— Նորից եմ ասում, ես այնպես եմ լսել, որ նա քո ազգականն է։ Դու հաճախ ես գնում նրա մոտ և ինքդ ես ինձ ասել, թե սիրային կապեր չունես հետը... Երբեք չէի կարծում, թե դու էլ այդպես արհամարհում ես նրան։ Ինչ է, իսկապե՞ս արժանի է այդ վերաբերմունքին։

— Եթե այցելում եմ նրան, կարող եմ իմ պատճառներն ունենալ, և դա քո բանը չէ։ Իսկ գալով ազգականության, ավելի շուտ քո եղբայրը կամ էլ նույնիսկ հենց հայրիկդ նրան որպես ազգական կփաթաթեն քո՛ վզին, ոչ թե իմ։ Ահա արդեն հասանք։ Դե՛հ, ավելի լավ է գնաս խոհանոց։ Օհո՜, սա՞ ի՞նչ բան է, ի՞նչ է կատարվում այստեղ։ Չլինի՞ ուշացանք։ Բայց ինչպե՞ս կարող էին այսքան շուտ վերջացնել ճաշը։ Չլինի՞ այստեղ էլ Կարամազովները գժություն են արել։ Անկասկած։ Ահա, տե՛ս, հայրիկդ, ետևից էլ Իվան Ֆյոդորովիչը։ Վանահոր մոտից դուրս պրծան։ Տե՛ս, հայր Իսիդորը սանդուղքի վրա մի բան է գոռում նրանց ետևից։ Հայրիկդ էլ գոռում է ու ձեռքերը թափ տալիս, երևի հայհոյում է։ Բահո՜, տե՛ս, Միուսովն էլ քշեց-գնաց իր կառքով, տեսնո՞ւմ ես, գնում է։ Ահա կալվածատեր Մաքսիմովն էլ է վազում. էհէ՜, ուղղակի խայտառակություն է եղել։ Ուրեմն ճաշ֊մաշ էլ չեն արել։ Վա՛յ թե վանահորը ծեծած լինեն։ Կամ էլ գուցե նրա՞նց են ծեծել, հա՞։ Ա՛յ արժե՜ր...

Ռակիտինն իզուր չէր բացականչում։ Խայտառակությունն իրոք եղել էր՝ անսպասելի ու չլսված մի խայտառակություն։ Եվ ամեն ինչ տեղի էր ունեցել «անակնկալ ներշնչման» հետևաքով։

VIII։ Խայտառակություն

Միուսովը, երբ Իվան Ֆյոդորովիչի հետ մտնում էր վանահոր մոտ, իբրև ճշմարտապես բարեկիրթ ու նրբանկատ մարդ՝ զգաց, որ իր հոգում մի տեսակ նուրբ շարժում կատարվեց արագորեն. նա ամաչեց, որ բարկացել էր։ Ինքնիրեն խոստովանեց, որ ըստ էության պետք է այնքա՛ն արհամարհեր այդ անպիտան Ֆյոդոր Պավլովիչին, որ սրբահոր խուցում նրա երեսից իր պաղարյունությունը չկորցներ և այդպես դուրս չգար իր հավասարակշռությունից։ «Վանականները համենայն դեպս ոչ մի հանցանք չունեն այս բոլորի մեջ,— վճռեց նա հանկարծ, երբ բարձրանում էր արտասանդուղքով,— և եթե այստեղ էլ կանոնավոր մարդիկ են (այս վանահայր Նիկոլայը կարծեմ նույնպես ազնվական է), ուրեմն ինչո՞ւ նրանց հետ սիրալիր ու քաղաքավարի չլինեմ... Չեմ վիճելու, նույնիսկ ամեն ինչի այո եմ ասելու, համակրանք եմ շահելու սիրալիրությամբ և... և... ապացուցելու եմ վերջապես, որ ես գործ չունեմ այդ Եզոպոսի, այդ խեղկատակի, այդ պիերոյի հետ և պարզապես անախորժ դրության մեջ եմ ընկել ճիշտ այնպես, ինչպես նրանք բոլորը....»։

Նա որոշեց հենց այսօր իսկ դադարեցնել վանքի դեմ իր հայցը անտառահատման ու ձկնորսության վերաբերյալ (ինքն էլ չգիտեր, թե անտառի ու գետի ո՛ր մասերն էին վիճելի) և վերջնականորեն, մի անգամ ընդմիշտ զիջել նրանց այդ իրավունքը, մանավանդ որ այդ բոլորի արժեքը չնչին մի բան էր։

Բոլոր այդ բարի մտադրություններն ավելի ևս հաստատ դարձան, երբ նրանք մտան վանահոր սեղանատունը։ Ճիշտն ասած, դա սեղանատուն էլ չէր, որովհետև վանահոր բնակարանում երկու սենյակ կար ընդամենը, թեև դրանք շատ ավելի ընդարձակ ու հարմարավետ էին, քան սրբահոր սենյակները։ Բայց այստեղ նույնպես կահավորումը աչքի չէր ընկնում հատուկ շքեղությամբ. կարասիները կարմիր փայտից էին, կաշեպատ, հնաձև՝ քսանական թվականների ոճով. նույնիսկ հատակը չէր ներկված. սակայն ամեն ինչ փայլում էր մաքրությամբ, լուսամուտներին բազում ընտիր ծաղիկներ կային։ Այս րոպեին գլխավոր պերճանքը, բնականաբար, ճոխ սպասադրված սեղանն էր, թեև այդ էլ հարաբերական առումով. սփռոցները մաքուր էին, ամանեղենը՝ փայլուն։ Սքանչելի թխված երեք տեսակ հաց կար, երկու շիշ գինի, երկու շիշ հոյակապ մեղրախմիչք և մի մեծ ապակե սափորով կվաս. մեղրախմիչքն ու կվասը վանքում էին պատրաստվում և մեծ համբավ ունեին շրջակայքում։ Օղի բնավ չկար։ Ռակիտինը հետո պատմում էր, որ այս անգամ ճաշին հինգ տեսակ կերակուր էին պատրաստել. ստերլետի ձկնապուր՝ հետը ձկով կարկանդակներ, ապա խաշած ձուկ՝ ինչ֊որ հատուկ ու ընտիր ձևով պատրաստված, ապա կարմիր ձկից կոտլետներ, պաղպաղակ ու կոմպոտ և վերջապես բլանմանժեի ձևով թթվաշփոթ։ Ռակիտինն այդ ամբողջը տնտղել էր, չդիմանալով և հատկապես աչք նետելով վանահոր խոհանոցը, որտեղ նա նույնպես իր կապերն էր հաստատել։ Նա ամեն տեղ կապեր ուներ և ամեն տեղ լրատու էր գտնում։ Շատ անհանգիստ ու նախանձոտ սիրտ ուներ։ Կատարելապես գիտակցում էր իր աչքի զարնող ընդունակությունները, բայց նյարդայնորեն չափազանցում էր դրանք իր մեծամտությամբ։ Հաստատ գիտեր, որ հետագայում գործիչ է դառնալու մի որևէ ասպարեզում, բայց Ալյոշան, շատ մտերիմ լինելով նրա հետ, տխրում էր, որ իր բարեկամ Ռակիտինն անազնիվ է և բոլորովին չի գիտակցում իր այդպես լինելը, այլ ընդհակառակը՝ ինքնիրեն վճռականորեն համարում է ամենաբարձր ազնվության տեր մարդ, որովհետև գիտե, թե ինքը դրամ չի գողանա սեղանից։ Այս հարցում ոչ թե Ալյոշան, այլև ոչ ոք չէր կարող նրա վրա ազդեցություն գործել։

Ռակիտինը, որպես մանր անձնավորություն, չէր կարող անշուշտ հրավիրված լինել ճաշի, բայց հրավիրված էին հայր Իոսիֆն ու հայր Պաիսին, ինչպես նաև մի այլ աբեղա։ Նրանք արդեն սպասում էին վանահոր սեղանատանը, երբ ներս մտան Պյոտր Ալեքսանդրովիչը, Կալգանովը և Իվան ֆյոդորովիչը։ Մի անկյուն քաշված սպասում էր նաև կալվածատեր Մաքսիմովը։ Վանահայրը սենյակի մեջտեղը եկավ՝ հյուրերին դիմավորելու։ Բարձրահասակ, նիհար, բայց դեռ առույգ ծերունի էր նա՝ ալեխառն սև մազերով, երկարուն, ծանրախոհ, ճգնավորի դեմքով։ Նա լուռ խոնարհվեց իր հյուրերին, որոնք այս անգամ մոտեցան օրհնություն ստանալու։ Միուսովը նույնիսկ փորձեց նրա ձեռքը համբուրել, բայց վանահայրը ճիշտ ժամանակին ետ քաշեց ձեռքը և համբույրն առկախ մնաց։ Իսկ Իվան Ֆյոդորովիչն ու Կալգանովն այս անգամ լիակատար օրհնություն ստացան, այսինքն ամենայն պարզամտությամբ պագեցին վանահոր ձեռքը, հասարակ գյուղացու նման։

— Մենք պետք է խիստ ներողություն խնդրենք, ձերդ գերապատվություն,— սկսեց Պյոտր Ալեքսանգրովիչը ժպիտներ թափելով, բայց այնուամենայնիվ պահելով լուրջ ու հարգալից շեշտը,— ներեցեք, որ ներկայանում ենք առանց ձեր կողմից հրավիրված մեր ուղեկցի՝ առանց Ֆյոդոր Պավլովիչի։ Նա ստիպված էր հրաժարվել ձեր սեղանին մասնակցելու շնորհից, և ոչ առանց պատճառի։ Գերաշնորհ հայր Զոսիմայի խուցում, տարվելով իր որդու հետ ունեցած ընտանեկան տխրառիթ գժտությամբ, նա մի քանի խոսք ասաց՝ բոլորովին անտեղի... պարզապես բոլորովին անվայել... և այս պարագան, ինչպես ենթադրում եմ (նա մի հայացք նետեց աբեղաների վրա), արդեն հայտնի է ձերդ գերապատվության։ Ուստի, ինքն էլ գիտակցելով իր մեղքը և անկեղծորեն զղջալով, նա ամոթ զգաց և, չկարողանալով հաղթահարել այդ զգացումը, խնդրեց մեզ, այսինքն ինձ և իր որդուն՝ Իվան ֆյոդորվիչին, որ հայտնենք ձեզ իր ամբողջ անկեղծ ափսոսանքը, ցավն ու զղջումը... Մի խոսքով, նա հույս ունի և ցանկանում է հետագայում փոխհատուցել այդ ամբողջը, իսկ այժմ, ձեր օրհնությունն աղերսելով, խնդրում է, որ մոռանաք պատահածը...

Միուսովը լռեց։ Արտասանելով իր ճառի վերջին բառերը, նա կատարելապես գոհ մնաց իր սեփական անձից, այնքան գոհ, որ քիչ առաջվա ջղայնությունից հետք անգամ չմնաց նրա հոգում։ Հիմա լրիվ ու անկեղծորեն սիրում էր նորից մարդկությանը։ Վանահայրը լրջադեմ լսեց նրան, ապա գլուխը մի փոքր հակելով պատասխանեց.

— Անկեղծորեն ցավում եմ, որ բացակայում է նա։ Թերևս մեր սեղանի առաջ սիրով համակվեր մեր նկատմամբ, ինչպես և մենք՝ իր նկատմամբ։ Բարեհաճեցեք ճաշակել, պարոնայք։

Նա կանգնեց սրբապատկերի առաջ և սկսեց բարձրաձայն աղոթել։ Բոլորն ակնածանքով խոնարհեցին գլուխները, իսկ կալվածատեր Մաքսիմովը նույնիսկ ակնբախորեն առաջ թեքվեց՝ ափերն հատուկ ջերմեռանդությամբ միացնելով իր կրծքի առաջ։

Եվ ահա այստեղ է, որ Ֆյոդոր Պավլովիչն իր վերջին խաղը խաղաց։ Պետք է նկատել, որ նա իրոք ուզում էր տուն մեկնել և իրոք զգում էր, թե սրբահոր խուցում իր ամոթալի վարմունքից հետո անհնար է վանահոր մոտ ճաշի գնալ հենց այնպես՝ ասես ոչինչ չի պատահել։ Ո՜չ թե շատ էր ամաչում իր արածից ու մեղադրում իրեն — գուցե և ճիշտ հակառակը։ Բայց այնուամենայնիվ զգում էր, թե ճաշի գնալն արդեն անվայել կլինի։ Սակայն հազիվ էին հյուրանոցի անդաստակին մոտեցրել իր ճռճռան կառքը և արդեն բարձրանում էր, երբ հանկարծ կանգ առավ։ Հիշեց իր սեփական խոսքերը, որ ասել էր սրբահորը. «Երբ ես մի որևէ տեղ եմ գնում, այդպես էլ միշտ թվում է ինձ, թե ես ամենից ավելի ստորն եմ, և թե բոլորն ինձ խեղկատակի տեղ են դնում, դե ես էլ՝ արի՛ ուրեմն, ասում եմ, իսկապես խեղկատակի դեր խաղամ, որովհետև բոլորդ էլ, առաջինից մինչև վերջինը, ինձնից ավելի հիմար եք և ստոր»։ Նա ուզեց վրեժ լուծել բոլորից՝ իր իսկ արած ստորությունների համար։ Այս առիթով հանկարծ հիշեց, թե ինչպես մի անգամ, տարիներ առաջ, հարցրել էին իրեն. «Ինչո՞ւ եք այսինչ մարդուն այդպես ատում»։ Եվ այն ժամանակ պատասխանել էր խեղկատակի անամոթության մոլուցքով. «Ասեմ ինչու. ճիշտ է, նա ինձ ոչինչ չի արել, բայց ես ինքս մի շատ զզվելի ստորություն արեցի նրա հանդեպ, և հենց դրա համար էլ իսկույն ատեցի նրան»։ Հիմա հիշելով այդ, նա հանգիստ ու չարամիտ ժպտաց՝ տատանվելով մի րոպե։ Հետո աչքերը փայլեցին, նույնիսկ շրթունքները դողացին։ «Դե՜հ, քանի որ սկսել եմ, արի վերջացնեմ»,— վճռեց նա հանկարծ։ Այդ վայրկյանի նրա ամենաթաքուն զգացողութունը կարելի էր արտահայտել հետևյալ բառերով. «Էլ չես կարող հիմա վարկդ վերականգնել, է՜հ ուրեմն, արի մե՛կ էլ թքիր նրանց վրա անամոթաբար, այսինքն թե՝ չեմ ամաչում ձեզնից ու վե՛րջ»։ Կառապանին հրամայեց սպասել, իսկ ինքն արագ քայլերով վերադարձավ վանք՝ ուղղակի վանահոր մոտ։ Դեռ լավ չգիտեր, թե ինչ է անելու, բայց գիտեր, թե այլևս չի կարող զսպել իրեն, և բավական է մի փոքր մղում, որ վայրկենապես հասնի ստորության ծայրագույն աստիճանին, սակայն միայն ստորության, այլ ոչ երբեք մի որևէ հանցագործության կամ այնպիսի մի արտառոց արարքի, որի համար դատարանը կարող է պատժել։ Վերջին պարագային նա միշտ էլ ընդունակ էր իրեն զսպելու և այդ առթիվ նույնիսկ ինքն իր վրա զարմացել էր որոշ դեպքերում։ Նա վանահոր սեղանատանը երևաց ճիշտ այն վայրկյանին, երբ աղոթքը վերջացել էր և բոլորը սեղանին էին մոտենում։ Կանգնելով շեմքին, մի հայացք նետեց հավաքվածների վրա և ծիծաղեց իր երկար, լպիրշ, չարախինդ ծիծաղով, հանդգնորեն նայելով բոլորի երեսին։

— Հե՜, նրանք էլ կարծում էին՝ ես գնացի, բայց ես այստե՜ղ եմ ահա,— գոռաց նա ամբողջ սենյակով մեկ։

Մի վայրկյան բոլորն իրենց աչքերը հառեցին նրան և լուռ մացին, և հանկարծ բոլորն էլ զգացին, թե մի զզվելի, անհեթեթ բան է կատարվելու հիմա, մի անխուսափելի խայտառակություն։ Պյոտր Ալեքսանդրովիչի ամենաբարի տրամադրությունն անմիջապես փոխվեց ծայրահեղ կատաղության։ Նրա սրտում ընդոստ վերազարթնեցին բոլոր այն զգացումները, որոնք արդեն հանդարտվել ու հանգել էին։

— Ո՛չ, չե՛մ կարող հանդուրժել այս բանը,— գոռաց նա,— բնա՛վ չեմ կարող և... ո՛չ մի կերպ չեմ կարող։

Արյունը խումեց նրա գլուխը։ Նույնիսկ լեզուն խառնվեց, բայց այլևս բարձր ոճով խոսելու ժամանակը չէր, և նա վերցրեց գլխարկը։

— Այդ ի՞նչն է, որ չի կարող,— գոռաց Ֆյոդոր Պավլովիչը,— «ոչ մի կե՜րպ չի կարող և ո՜չ մի դեպքում չի կարող»։ Ձերդ գերապատվություն, ներս մտնե՞մ, թե չէ։ Սեղանակից ընդունո՞ւմ եք։

— Ի սրտե խնդրում եմ՝ համեցեք,— պատասխանեց վանահայրը։— Պարոնա՛յք։ Կարո՞ղ եմ ինձ թույլ տալ,— ավելացրեց նա հանկարծ,— ամբողջ հոգով խնդրելու ձեզ, որ մի կողմ թողնեք ձեր պատահական պառակտումները և մեր խոնարհ սեղանի շուրջ միանաք սիրով և ընտանեկան ներդաշնակությամբ՝ աղոթելով բարձրյալին։

— Ոչ, ոչ, անկարելի է՜,— գոռաց Պյոտր Ալեքսանդրովիչը՝ համբերությունը կորցրած։

— Դե՛հ, եթե Պյոտր Ալեքսանդրովիչի համար անկարելի է ինձ համար էլ անկարելի է, ես էլ չեմ մնում։ Հենց այս մտքով էլ եկել եմ։ Հիմա ամեն տեղ Պյոտր Ալեքսանդրովիչի հետ եմ լինելու. եթե գնաք, Պյոտր Ալեքսանդրովիչ, ես էլ կգնամ, մնաք՝ ես էլ կմնամ։ Հենց ընտանեկան ներդաշնակություն ասելով՝ առավելագույնս խայթեցիք նրան, գերապատիվ հայր. նա չի ընդունում, որ իմ ազգականն է։ Այդպես չէ՞, ֆոն Զո՛ն։ Ահա ֆոն Զոնն էլ կանգնել է։ Բարև՜, ֆոն Զոն։

— Դուք... ի՞նձ եք ասում,— մրթմրթաց կալվածատեր Մաքսիմովն ապշահար։

— Իհարկե, քե՛զ,— գոռաց Ֆյոդոր Պավլովիչը։— Հապա էլ ո՞ւմ։ Գերապատիվ վանահայրը հո չի կարող ֆոն Զոն լինել։

— Բայց ախր ես էլ ֆոն Զոն չեմ, ես Մաքսիմով եմ։

— Չէ՜, դու ֆոն Զոն ես։ Ձերդ գերապատվություն, գիտե՞ք ինչ է ֆոն Զոնը։ Մի այդպիսի քրեական դատ է եղել. նրան սպանել են անառականոցում (կարծեմ ձեր շրջանակում այսպես են կոչում նման վայրերը), սպանել են ու կողոպտել, և չնայած նրա պատկառելի տարիքին՝ խրել են արկղի մեջ, փակել ու մեխել են և Պետերբուրգից Մոսկվա են ուղարկել ծանրոցի վագոնով, համարակալած։ Իսկ մեխելու ժամանակ պոռնիկ կաքավուհիները երգեր են երգել ու տավիղ են նվագել, այսինքն դաշնամուր են տնկտնկացրել։ Եվ ահա ուրեմն այս մարդը հենց այդ ֆոն Զոնն է։ Մեռյալներից է հարություն առել, այնպես չէ՞, ֆոն Զոն։

— Այս ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ բան է սա,— ձայներ լսվեցին աբեղաների խմբում։

— Գնա՛նք,— գոռաց Պյոտր Ալեքսանդրովիչը, դիմելով Կալգանովին։

— Չէ՜, ներողությո՜ւն կանեք,— ճչան ձայնով վրա ընկավ Ֆյոդոր Պավլովիչը, մի քայլ ևս առաջ գալով սենյակում,— ինձ էլ թույլ տվեք վերջացնեմ։ Այնտեղ՝ խուցում, իմ մասին չարախոսեցիք, թե իբր ես անհարգալից պահեցի ինձ, այսինքն թե հենց խարակաձկների մասին գոռգոռացի։ Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսովը, իմ ազգականը, սիրում է, որ խոսքի մեջ լինի plus de noblesse que de sincerite[4], իսկ ես, ընդհակառակը, սիրում եմ, որ իմ խոսքի մեջ plus de sincerite que de noblesse[5] լինի, և թքել եմ noblesse[6]-ի վրա։ Այդպես չէ՞, ֆոն Զոն։ Ներեցեք, գերապատիվ հայր, թեև խեղկատակ եմ ես և խեղկատակ եմ ձևացնում, բայց պատվո ասպետն եմ և ուզում եմ իմ ասելիքն ասել։ Այո՛, ես պատվո ասպետն եմ, իսկ Պյոտր Ալեքսանդրովիչի մեջ պարզապես վիրավորված ինքնասիրությունն է խոսում, ուրիշ ոչինչ։ Գուցե և հենց եկել եմ, որ տեսնեմ ինչը ինչոց է և իմ ասելիքն ասեմ։ Այստեղ իմ որդին՝ Ալեքսեյը հոգին է փրկում։ Ես հայր եմ, մտահոգվում եմ նրա ճակատագրով և պետք է մտահոգվեմ։ Ես խելառ էի ձևանում, բայց ականջ էի դնում անընդհատ, աչքի տակով էլ նայում էի, իսկ հիմա ուզում եմ ներկայացման վերջին գործողությունն էլ ցույց տալ ձեզ։ Առհասարակ ո՞նց է լինում մեզ մոտ։ Մի բան ընկավ՝ այդպես էլ մնում է ընկած։ Ընկավ մի անգամ՝ այդպես էլ մնում է հավիտյանս հավիտենից։ Չէ՜, ներողություն կանեք։ Ես ուզում եմ նորից ոտքի կանգնել։ Սրբազան հայրեր, ես վրդովված եմ ձեր դեմ։ Խոստովանանքը մեծ խորհուրդ է, որի առաջ ես էլ պատկառում եմ և պատրաստ իմ երկիր պագանելու, իսկ արի տես, որ այդ խուցում բոլորն էլ ծունկի են գալիս հանկարծ և բարձրաձայն խոստովանանք են անում։ Թույլատրելի՞ է միթե բարձրաձայն խոստովանելը։ Սուրբ հայրերը կարգ են հաստատել, որ խոստովանահոր ականջին ասես մեղքերդ, միայն այդ դեպքում ձեր խոստովանանքը խորհուրդ կլինի, և դա հնուց այդպես է։ Թե չէ՝ ես ինչպե՞ս նրան բացատրեմ բոլորի առաջ, թե... օրինակ, էս եմ արել, էն եմ արել... դե այսինքն էնիքն ու էնիքը, հասկանում եք, թե ինչ, չէ՞։ Երբեմն ախր ասելն էլ անհարմար է։ Է՜հ ուրեմն՝ խայտառակությո՛ւն է դա։ Չէ՜, սրբազան հայրեր, իմ կարծիքով՝ մարդ ձեզ հետ կարող է ինքնախարազանողների աղանդն ընկնել... Առաջին իսկ առիթով ես կգրեմ սինոդին, իսկ իմ որդուն՝ Ալեքսեյին, տուն կտանեմ...

Այստեղ մի նշում անենք։ Ֆյոդոր Պավլովիչը գիտեր, թե քամին որ կողմից է փչում։ Մի ժամանակ չարամիտ հերյուրանքներ էին երևան եկել և նույնիսկ հասել էին արքեպիսկոպոսին (ոչ միայն մեր, այլև ուրիշ վանքերի նկատմամբ, ուր սրբահայրության կարգն է հաստատված), որ իբր թե չափազանցյալ հարգանք են վայելում սրբահայրեըը՝ նույնիսկ ի վնաս վանահայրերի կարգին, և որ, ի միջի այլոց, իբր թե սրբահայրերը չարաշահում են խոստովանանքի խորհուրդը և այլն, և այլն։ Անհեթեթ մեղադրանքներ, որոնք ժամանակի ընթացքում ի չիք դարձան ամենուրեք, ինչպես և մեզ մոտ։ Սակայն հիմարության դևը, որ իր ճանկն էր գցել Ֆյոդոր Պավլովիչին և նրա սեփական նյարդերը բորբոքելով քշում-տանում էր դեպի անամոթության խորխորատները, հանկարծ այդ հին մեղադրանքը հուշեց նրան։ Ֆյոդոր Պավլովիչն այդ մեղադրանքի մի բառն անգամ չէր հասկանում և նույնիսկ չկարողացավ կարգին արտահայտել իր ասելիքը, մանավանդ, որ այս անգամ սրբահոր խուցում ոչ ոք ծնկի չէր եկել ու բարձրաձայն չէր խոստովանել, ուստի նա չէր կարող որևէ նմա բան տեսած լինել և խոսում էր պարզապես մի կերպ հիշելով հին ասեկոսեներն ու հերյուրանքները։ Բայց արդեն ասած լինելով իր հիմար խոսքը, նա զգաց, թե մի անհեթեթ տխմարություն էր դուրս տվել, և հանկարծ ուզեց ապացուցել անմիջապես իր ունկնդիրներին և մանավանդ ինքն իրեն, որ իր ասածը բնավ էլ տխմարություն չէր։ Ու թեև շատ լավ գիտեր թե իր ասելիք յուրաքանչյուր բառով ավելի ու ավելի անհեթեթ բաներ էր բարդելու իր դուրս տված տխմարության վրա, բայց արդեն չէր կարող զսպել իրեն և թավալգլոր գնաց զառիվայր։

— Ի՜նչ ստորություն,— գոռաց Պյոտր Ալեքսանդրովիչը։

— Ներեցեք,— ասաց հանկարծ վանահայրը։— Հնուց անտի ասված է. «Եւ բացեալ զբերան իւր ասէր ցիս զանմտութիւնս ինչ, մինչ և զաղտեղութիւնս ազգի֊ազգի։ Եւ ես լուեալ զայս, ասէի ի միտս իմոյ. սա է բժշկութիւն Յիսուսի՝ առաքեալ առ իս առ ի բուժելոյ զփառասէր ոգի իմոյ»։ Ուստի մենք ևս խոնարհաբար շնորհակալ ենք ձեզ, թանկագին հյուր։

Եվ նա մինչև մեջքը խոնարհվեց Ֆյոդոր Պավլովիչին։

— Բա՛հ-բա՛հ-բա՛հ։ Կե՜ղծ բարեպաշտություն և հնացած, խոսքե՜ր։ Հնացած խոսքեր ու հնացած շարժուձևե՜ր։ Հին կեղծիք ու երկրպագելու ձևամոլությո՜ւն։ Գիտենք այդ երկրպագությունները։ «համբույր շրթներին և դաշույն՝ ուղիղ սրտին», ինչպես Շիլլերի «Ավազակներում»։ Ես կեղծիք չեմ սիրում, հայրե՛ր, ճշմարտություն եմ ուզում։ Բայց խարակաձուկ ուտելու մեջ չէ՛ ճշմարտությունը, արդեն հայտարարել եմ։ Վանական հայրեր, ինչո՞ւ եք ծոմ պահում։ Ինչո՞ւ դրա համար վարձատրություն եք ակնկալում հերկինս։ Ախր այդպիսի վարձատրության սիրուն ես էլ կգամ ծոմ կպահեմ։ Ոչ, սուրբ վանական, դու արի կյանքո՛ւմ առաքինի եղիր, օգուտ բեր հասարակությանը, առանց վանքում փակվելու և պատրաստի հաց ուտելու, առանց վարձատրություն ակնկալելու այնտեղ՝ վերևում, և կտեսնես, որ դա ավելի դժվար է։ Ես էլ հո կարող եմ վայելուչ խոսել, գերապատիվ հայր։ Տեսնենք ինչե՜ր են պատրաստել այստեղ,— մոտեցավ նա սեղանին։— Հին Ֆակտորի պորտվեյն, Ելիսեև եղբայրների վաճառահանած մեղր, վա՜յ սուրբ հայրեր, վա՜յ։ Սա որտե՜ղ, խարակաձակը որտեղ։ Հլա տես, ինչ շշե՜ր են մեջտեղ հանել սուրբ հայրերը, հե՛-հե՛-հե՜։ Իսկ ո՞վ է այս բոլորը մատակարարողը։ Ռուս գյուղացին է, մշակը, որ իր կոշկոռոտ ձեռքերով վաստակած դահեկանը բերում է այստեղ, կտրելով իր ընտանիքից ու պետական կարիքներից։ Ախր դուք, սուրբ հայրեր, Ժողովրդի արյո՜ւնն եք ծծում։

— Այս ձեր արածն արդեն չափազանց անվայել է,— ասաց հայր Իոսիֆը։ Հայր Պաիսին համառորեն լուռ էր մնում։ Միուսովը սենյակից դուրս փախավ, ետևից էլ՝ Կալգանովը։

— Դե՛հ, հայրեր, ես էլ գնում եմ Պյոտր Ալեքսանդրովիչի ետևից։ Չեմ գա այլևս ձեզ մոտ, ծնկաչոք խնդրեք՝ չեմ գա։ Հազար ռուբլի ուղարկեցի ձեզ, և նորից աչքներդ տնկեցիք, հե՛-հե՛-հե՜։ Չէ, ավելին չեմ տա։ Վրեժ եմ լուծում իմ անցած երիտասարդության համար, իմ կրած ամբողջ նվաստացման դիմաց,— բռունցքը խփեց նա սեղանին՝ շինծու հուզմունքի նոպայում։— Այս վանքը շատ բաներ արեց իմ կյանքում։ Շատ դառն արցունքներ եմ թափել նրա երեսից։ Դուք իմ կնոջը, դիվահարին, հանեցիք իմ դեմ։ Դուք ինձ անիծեցիք ի լուր աշխարհի, խայտառակեցիք ամբողջ շրջապատում։ Բավակա՛ն է, համրեր, այժմ ազատամտության դար է, շոգենավերի ու երկաթուղիների դար։ Ոչ թե հազար, ոչ թե հարյուր ռուբլի, հարյուր կոպեկ էլ չեք ստանա ինձնից, ոչի՜նչ չեք ստանա։

Նորից մի նշում անենք։ Մեր վանքը ոչ մի առանձնահատուկ բան չէր արել երբեք նրա կյանքում, և նա ոչ մի կաթիլ դառն արցունք չէր թափել վանքի պատճառով։ Բայց նա այնպես տարվեց իր շինծու արցունքներով, որ եղավ մի վայրկյան, երբ քիչ մնաց ինքն էլ հավատար իրեն, լաց լիներ հուզմունքից։ Բայց այդ նույն վայրկյանին զգաց, թե ժամանակն է սանձը քաշելու։ Վանահայրը նրա չարամիտ ստի դիմաց գլուխը խոնարհեց և նորից ազդեցիկ շեշտով արտասանեց.

— Ասված է կրկին․ «Ուրախութեամբ համբերեա զանպատուութիւնն, որ վիճակեալ է քեզ ի նախախնամութենէ և կալցիս ժոյժ. ու մի՛ թշնամաներ զոր անպատուեացն զքեզ»։ Այդպես և մենք կվարվենք։

— Բա՛հ-բա՛հ-բա՛հ, ժույժկալցելո՜ց և նման անմիտ բաներ։ Կալցիք ժույժ, հայրեր, իսկ ես գնում եմ։ Եվ իմ որդուն, Ալեքսեյին, տանում եմ այստեղից ընդմիշտ՝ իմ ծնողական իշխանությամբ։ Իվա՛ն Ֆյոդորովիչ, ամենահարգալից որդիս, թույլ տվեք հրամայել ձեզ, որ հետևեք ինձ։ Ֆոն Զո՛ն, դու ինչու ես մնում այստեղ։ Արի հիմա գնանք քաղաք՝ իմ տունը։ Ուրախ տուն է։ Եղած-չեղածը մի վերստ ճանապարհ ձեթի տեղ խոճկոր ու շիլա կդնեմ առաջդ։ Կճաշենք։ Կոնյակ կդնեմ առաջդ, հետո լիկյոր։ Մամուրովկա ունեմ... հե՜յ, ֆոն Զոն, բախտդ բանել է, բաց մի՛ թողնի առիթը։

Նա դուրս ելավ գոռալով ու ձեռքերն օդում շարժելով։ Հենց այդ վայրկյանին էր ահա, որ Ռակիտինը տեսավ նրա դուրս գալը և ցույց տվեց Ալյոշային։

— Ալեքսե՜յ,— գոռաց հեռվից հայրը, տեսնելով նրան,— այսօր ևեթ տեղափոխվիր ինձ մոտ վերջնականորեն, բարձդ ու անկողինդ էլ բեր, և էլ հետքդ անգամ չմնա այստեղ։

Ալյոշան քարացած կանգ առավ, լուռ և ուշադիր դիտելով այդ տեսարանը։ Ֆյոդոր Պավլովիչն այդ միջոցին մտավ կառքը, և նրա ետևից Իվան Ֆյոդորովիչն էլ մտնում էր լուռ ու մռայլ, նույնիսկ առանց դառնալու Ալյոշային ու ցտեսություն ասելու։ Բայց այդ պահին տեղի ունեցավ ևս մի խեղկատակ ու գրեթե անհավատալի տեսարան, որ ավարտեց ամբողջ դրվագը։ Հանկարծ կալվածատեր Մաքսիմովը երևաց կառքի մոտ։ Վազում էր հևասպառ, որ չուշանա։ Ռակիտինն ու Ալյոշան տեսան, թե ինչպես էր վազում։ Այնպես էր շտապում, որ անհամբերությունից մղված՝ ոտքը դրեց աստիճանին, որի վրա դեռ կանգնած էր Իվան Ֆյոդորովիչի ձախ ոտքը, և բռնելով թափքից՝ ջանաց ցատկել կառքի մեջ։

— Ե՛ս էլ, ե՜ս էլ ձեզ հետ,— ճվճվում էր նա ցատկոտելով, մանր-մանր և ուրախ ծիծաղելով, երանությունը դեմքին և ամեն ինչի պատրաստ,— ինձ էլ վերցրեք, ի՜նձ էլ։

— Ա՛յ ահա՜, չէի՞ ասում, որ նա ֆոն Զոն է,— խանդավառ գոռաց Ֆյոդոր Պավլովիչը։— Իսկակա՜ն ֆոն Զոն՝ մեռյալներից հարություն առած։ Բայց դու ինչպե՞ս պոկ եկար այնտեղից։ Ի՞նչ ձևի ֆոնզոնություն արեցիր, հը՞։ Եվ դո՞ւ ինչպես կարող էիր ճաշը թողնել ու գնալ։ Ախր պետք է աներես մարդ լինել դրա համար։ Իմ երեսը պինդ է, բայց քոնը զարմացնում է ինձ, ախպերս։ Դե վեր ցատկիր, թռիր, շուտ արա։ Ներս թող նրան, Վանյա, զվարճալի կլինի։ Մի կերպ կփռվի մեր ոտքերի առաջ։ Կփռվե՞ս, ֆոն Զոն։ Թե՞ նրան տեղավորենք նստիքի վրա՝ կառապանի կողքին։ Թռի՛ր նստիքի վրա, ֆոն Զոն...

Բայց Իվան Ֆյոդորովիչը, որ արդեն նստել էր իր տեղը, առանց մի բառ ասելու և ամբողջ ուժով բոթեց Մաքսիմովի կրծքին, և ծերուկը մի մետր դեն թռավ։ Պարզ պատահականություն էր, որ նա գետին չընկավ։

— Քշի՛ր,— չարացած գոռաց Իվան Ֆյոդորովիչը կառապանին։

— է՜, ի՞նչ ես անում։ Ի՜նչ ես անում։ Ինչու այդպես բոթեցիր նրան,— վեր թռավ Ֆյոդոր Պավլովիչը, բայց արդեն կառքը շարժվել էր։ Իվան Ֆյոդորովիչը չպատասխանեց։

— Ա՜յ թե ինչն ես,— ասաց նորից Ֆյոդոր Պավլովիչը երկու րոպե լուռ մնալուց հետո, ծուռ նայելով որդուն։— Ինքդ սարքեցիր ամբողջ այս վանքի պատմությունը, ինքդ դրդեցիր, ինքդ հավանություն տվիր, ի՞նչ ես հիմա բարկանում ։

— Բավական է հիմարություններ դուրս տաք, գոնե հիմա հանգստացեք մի քիչ,— կարճ կտրեց Իվան Ֆյոդորովիչը խոժոռ դեմքով։

Ֆյոդոր Պավչովիչը նորից երկու րոպե լուռ մնաց։

— Մի կում կոնյակը լավ կլիներ հիմա,— նկատեց նա խրատական շեշտով։ Բայց Իվան Ֆյոդորովիչը չպատասխանեց։

— Տուն հասնենք, դու էլ կխմես։

Իվան Ֆյոդորովիչը շարունակում էր լուռ մնալ։

Ֆյոդոր Պավլովիչը նորից երկու րոպե սպասեց։

— Բայց այնուամենայնիվ Ալյոշային ետ կվերցնեմ վանքից, չնայած որ դա շատ տհաճ կլինի ձեզ համար, մեծահարգ Կարլ ֆոն Մոոր։

Իվան Ֆյոդորովիչն արհամարհանքով թոթվեց ուսերը և դեմքը շուռ տալով՝ սկսեց նայել ճանապարհին։ Հետո այլևս մինչև տուն չխոսեցին։



  1. Կատարյալ արվեստ (ֆրանս․)։
  2. Ասպետ (ֆրանս․)։
  3. Գերիշխան կոմս Ֆոն Մոոր
  4. Ավելի ազնվախոսություն, քան անկեղծություն (ֆրանս.)։
  5. Ավելի անկեղծություն, քան ազնվախոսություն. ֆրանս.
  6. ազնվություն (ֆրանս.)։