Վերջին թարմացում 18 Փետրվարի 2018, 17:16
Սամվել
Պատմավեպ

հեղինակ՝ Րաֆֆի

ՍԱՄՎԵԼ

Պատմական վեպ

ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔ

Ա. Երկու սուրհանդակներ

Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան ետևում և Տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ: Ոչ մի աստղ այդ գիշեր չէր երևում: Երկինքը պատած էր մոխրագույն ամպերով, որոնք մեղմ հոսանքով լողում էին դեպի Կրկուռ և Նեմրութ լեռների կողմերը և, այնտեղ կուտակվելով, թանձրանալով, միգային-սև կերպարանք էին ստանում: Այդ կողմից երբեմն փայլատակում էր, կայծակը, և լսելի էր լինում որոտման խուլ դղրդյուն, որ գուշակում էր հորդ անձրև:

Գիշերային այդ տագնապալի պահուն երկու ձիավորներ անցնում էին Մուշի դաշտով: Նրանք գալիս էին հեռվից, շատ հեռվից: Մի ամիս առաջ դուրս եկան Տիզբոնի երկաթյա քաղաքադռնից, անցան Խուժիստանի անապատները, անցան արևակեզ Ասորեստանը, անցան հայկական Միջա գետը և մի օր առաջ ոտք դրեցին Մուշի դաշտի վրա: Դրանք երկու սուրհանդակներ էին:

Երկու սուրհանդակներից մեկի ձին սևագույն էր, մյուսինը` կապուտակ: Կապուտակ ձիավորը առաջինի ուղևորության մասին տեղեկություն ուներ, ամենայն զգուշությամբ հետևում էր նրան և երբեք յուր նկատողությունից բաց չէր թողնում: Իսկ առաջինը չգիտեր, որ իրան հետևում են: Այդ էր պատճառը, որ նրանք, երկու մոլորակների նման, թեև գնում էին միևնույն ուղղությամբ, բայց այնպիսի զուգահեռական գծերով, որ բնավ միմյանց չէին հանդիպում: Երկուսն էլ ճանաչում էին միմյանց:

Նրանք արդեն հասել էին Արածանիի ափերին:

Կապուտակ ձիավորը այստեղ կանգ առեց: Նա նայեց դեպի երկինքը, նայեց դեպի յուր շուրջը: Կամենում էր գիտենալ, թե ո՜րքան ժամանակ էր մնացել, մինչև լույսի բացվելը: Ոչ մի աստղ ցույց չտվեց նրան գիշերային ժամը: Ամեն ինչ խորասուզված էր անվերծանելի մթության մեջ:

Բայց պետք էր շտապել...

Երկու մտածություններ մի քանի րոպե պահեցին նրան անվճռականության մեջ. գետո՞վ անցնել, թե կամուրջո՞վ գնալ: Կամուրջով — դա շատ հեռու կտաներ և գուցե կհանդիպեր նրան... և գուցե կբռնվեր կամուրջի գիշերային պահակներից... Վճռեց անցնել գետով:

Հեզ և արծաթափայլ Արածանին գարնանային հեղեղներից կատաղել էր և պղտոր հորձանքներով ծածկել էր յուր ափերը: Բայց մեր ուղևորը ծանոթ էր նրա ծանծաղուտների հետ: Նա ցած իջավ ձիուց, ձեռքով փայփայեց յուր կապուտակի գեղեցիկ բաշը, փոքրիկ գլուխը, ասելով. «Դու քաջությամբ կտրեցիր Տիգրիսի ահռելի ալիքները, այժմ հայրենի երկրի Արածանին ինչո՞ւ պետք է վախեցնե քեզ»: Նա ձիու սանձը հանեց բերանից, որ լողալու միջոցին ազատ շունչ առնե, նստեց և, երեսը խաչակնքելով, քշեց դեպի գետը:

Գետը, մի ահարկու վիշապի նման, գոռում էր, գոչում էր: Գիշերային մթության մեջ` նրա պղտոր հոսանքը ավելի մռայլ կերպարանք էր ստացել: Ձին, ամբողջ մարմնով խորասուզված ջրի մեջ, միայն գլուխը վեր բարձրացրած, մռնչելով և փռնգալով, պատերազմում էր ալիքների հետ: Նրա ոտները հատակին չէին դիպչում, անցնում էր լողալով: Ձիավորը, սանձի փոխարեն բռնած ուներ նրա բաշից, և ձեռքով ուղղություն էր տալիս ընթացքին: Մի քանի պտույտների մեջ` թե ձին և թե ձիավորը սկեցին ջրի տակ: Կրկին դուրս հայտնվեցան: Երբեմն անցնում էին նրանց մոտով ծառի կոճղներ, գերանի կտորներ, որ ծփալով տարվում էին կոհակների հետ: Ձիավորր շտապում էր խույս տալ դրանցից: Բայց ահա՜ հեռվից մի ինչ-որ որոտում էր: Տագնապը մոտենում էր: Ձիավորը չկորցրեց յուր սառնասրտությունը և խորին ուշադրությամբ նայեց դեպի այն կողմը: Մի մթին, անորոշ կույտ լողում էր ջրի երեսին: Որքան մերձենում էր, այնքան աճում էր նա, այնքան սոսկալի ձև էր ստանում: Կարծես, մի ամբողջ բլուր դանդաղ ընթացքով շրջում էր գետի վրա: Մերթ անհայտանում էր նա մերթ երևան էր գալիս ավելի ահարկու կերպարանքով: Ձիավորը հասկացավ նրա ինչ լինելը: Նա մի ակնթարթում ձիու թամբից սողաց դեպի գավակը, որ նրա բեռը թեթևացնե: Բռնեց ագիից, սկսեց շտապեցնել նրան: Օրհասական ժամը մոտենում էր, քանի որ թանձր, այլանդակ հրեշի նման մոտենում էր մթին կույտը: Նրա որոտը խլացնում էր ամեն ձայն: Պետք էր փախչել նրանից, եթե ոչ, մի թեթև տաշեղի նման յուր հետ կտաներ թե ձիուն, թե ձիավորին: Ձին անգամ զգաց մոտալուտ վտանգը և կրկնապատկեց յուր ուժերը: Անհնարին արագությամբ կտրում էր նա կոհակները: Հրեշը անցավ: Դա ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մերձակա անտառների մի մասը, որ հեղեղը արմատախիլ անելով յուր պտույտների մեջ կծկել էր, գալարել էր, և մի այնպիսի այլանդակ գունդի ձև էր տվել:

Ձիավորը կրկին անգամ գոհությամբ երեսը խաչակնքեց, երբ ոտք դրեց ցամաքի վրա:

Նա յուր հագուստը քամեց, ցամաքացրեց, հետո սանձը դրեց ձիու բերանը, և շարունակեց ճանապարհը, ինքը գնալով ոտով, իսկ ձիուն յուր ետևից քարշ տալով, որ փոքր-ինչ հանգստանա: Բայց ձին դժվարությամբ էր հետևում նրան: Որքան նա ջրի մեջ արագընթաց էր, այնքան ցամաքի վրա դանդաղկոտ դարձավ: Տերը վերաբերում էր այդ նրա հոգնածությանը:

Գետեզերքից բավական հեռանալով, այժմ մոտեցավ նա Քարքե լեռան բարձրավանդակներին: Ճանապարհը զառիվեր էր, ոլորվում էր սարերի լանջաց վրայով, իջնում էր խորին ձորերի, փապարների մեջ, և դարձյալ բարձրանում էր բլուրների վրա: Նա ծանոթ էր այդ անտառապատ լեռների հետ, գիտեր նրանց դժվարին անցքերն ու շավիղները, երեխայությունից սնվել ու մեծացել էր այդ խոնավ ծմակների մթության մեջ, ուր ցերեկի լույսը երբեք չէր թափանցում: Նա ապառաժների ու անտառների որդի էր:

Կայծակը շանթեց մոտակա ծառերի կատարներին և մերձակայքը լուսավորվեցավ բաց-վարդագույն փայլով: Որոտի ձայնը ահեղ դղրդյունով տարածվեցավ մթին ձորերի մեջ: Ուղևորը նայեց դեպի ամպամած երկինքը և շտապեցրեց յուր քայլերը: Նա չվախեցավ գետից, բայց վախենում էր փոթորիկից: Փոթորիկը մեծ արհավիրք է գործում այդ կուսական անտառների մեջ, մանավանդ գիշերային պահուն: Ժայռերի բարձրությունից խլում է նա ողողված, մերկարմատ ծառերը և նետում է ճանապարհի վրա: Ծառերի հետ փուլ են գալիս և քարերի ահագին բեկորներ: Ամեն մի ճանապարհորդ կանհետանար այդ փլատակների տակ, եթե դժբախտություն ունենար հանդիպելու:

Կրկին լսելի եղավ որոտման ահեղ դղրդյունը և նրա հետ անձրևի խոշոր կաթիլները սկսեցին մաղվել երկնքից: Քամին մռնչում էր և անձրևային տարափը, կարկուտի գնդակների նման, զարկում էր նրա բորբոքված երեսին: Բայց նա ոչինչ չէր զգում: Նրա միտքը, նրա զգացմունքները լարված էին դեպի մի նպատակ, որ կլանել էր նրա ամբողջ գոյությունը, որ ամենայն եռանդով առաջ էր մղում նրան որպես մի մարմնացած փութաջանություն: Նա շտապում էր մի քանի ժամ առաջ տեղ հասնել, քան կհասներ սև ձիավորը:

Բայց ձին դժվարությամբ էր հետևում նրան: Այժմ միայն նկատեց, որ ետևի ոտքից կաղում էր նա: Անշուշտ գետի հոսանքի հետ տարվող կոճղներից մեկը դիպչելով, վնասել էր նրան: Այդ դեպքը սաստիկ վրդովեցրեց անվեհեր ուղևորին: Նա շտապում էր: Իսկ այժմ զրկվեցավ յուր սրընթաց երիվարից: Ի՞նչ պետք էր անել: Թողնե՞լ նրան և այնպես ոտքով շարունակել ճանապարհը: Բայց ինչպե՞ս թողնել այն սիրելի նժույգին, որը այնքան տարիներ թե՜ պատերազմի դաշտում, թե՜ յուր ճանապարհորդությունների ժամանակ լավ ընկեր էր եղել նրա հետ: Մի քանի րոպե մնաց նա մտածության մեջ: Հետո թողեց մեծ ճանապարհը, բռնեց մի շավիղ, որ տանում էր դեպի Աշտիշատի վանքը:

Վանքը շատ հեռու չէր այնտեղից, մեկ. ժամից հետո հասավ նա: Դարևոր, նվիրական ծառաստանի խորքում, վաղեմի սրբազան բարձրությունների վրա, հանգչում էր Տարոնի այդ հին սրբավայրը, յուր վսեմ, մեծափառ վեհության մեջ: Պատսպարված բարձր շրջապարիսպներով և բրգաձև աշտարակներով, գիշերային մթության մեջ, ներկայանում էր նա որպես մի անմատչելի ամրոց: Կատաղի մրրիկը, քամու մռնչյունը, անձրևի տարափը չէր վրդովեցնում նրա խաղաղ բարեպաշտական նիրհը:

Շրջապարիսպներից դուրս, մի առանձին շինվածքի նեղ լուսամուտից լույս էր երևում: Ուղևորը դիմեց դեպի այն կողմը, մոտեցավ փակ դռներին: Այստեղ, դռան մի կողմում, փայտյա սյունից քարշ էր ընկած մի տախտակ, իսկ սյունի պատվանդանի մոտ դրած էր նույնպես փայտյա փոքրիկ օթակ: Ուղևորը վերառեց օթակը երեք անգամ զարկեց տախտակի վրա: Կոչնակի ձայնից լուսամուտը բացվեցավ, մեկը ներսից քնաթաթախ գլուխը դուրս մեկնեց և վերևից հարցրեց.

— Ո՞վ ես:

— Ճանապարհորդ եմ, — եղավ պատասխանը:

Վանքի պարիսպներից դուրս, այդ շինվածքը տարաժամ ճանապարհորդների, օտարականների և պանդուխտների օթևան էր: Դռնապանը բավականացավ ուղևորի պատասխանով, բաց արեց դռները և ճրագը ձեռին հայտնվեցավ սյամի վրա:

— Դու բոլորովին թրջված ես, — ասաց նա մի առանձին հոգատարությամբ, — ներս համեցիր, ես իսկույն կրակ կվառեմ, քո հագուստը չորացրու:

— Շա՛տ շնորհակալ եմ քո բարեսրտության համար, — պատասխանեց ուղևորը, — բայց ես կխնդրեի քեզանից ընդունել ձեզ մոտ, որպես հյուր, իմ ձիուն միայն:

— Ինչո՞ւ քո ձիուն միայն, — հարցրեց դռնապանը զարմանալով:

— Նա կաղում է, վնասել է ոտքը... իսկ ես պետք է շարունակեմ իմ ճանապարհը:

— Գոնե ներս մտիր, մի փոքր տաքացիր, ես իսկույն կրակ կվառեմ:

— Չեմ կարող... ես շտապում եմ... — պատասխանեց ուղևորը և մոտեցավ ճրագին:

Նա ծոցից հանեց յուր սանդրը, որ կիսալուսնի ձև ուներ... շինված էր գոմեշի եղջյուրից, և ցույց տալով դռնապանին, ասաց.

— Ճանաչի՜ր այդ սանդրը, մի կողմի երկու ատամները կոտրած են. եթե ես չվերադարձա, ով որ քեզ ցույց տալու լինի, ձին նրան կհանձնես:

— Իսկ դու ո՞վ ես, — հարցրեց դռնապանը, փոքր-ինչ կասկածելով:

— Ես զինվոր եմ... — պատասխանեց ուղևորը:

Դռնապանը բավականացավ ուղևորի անորոշ պատասխանով, որովհետև այդ տագնապալի ժամանակներում զինվորի հետ շատ հեռուն գնալ` փոքր-ինչ դժվար էր:

Ուղևորը բաց արեց ձիու թամբին կապած ճանապարհորդական թեթև խուրջինը, ձգեց յուր ուսին և, «բարի գիշեր» ասելով, հեռացավ:

Դռնապանը, ճրագը ձեռին, դեռ կանգնած սյամի վրա, ապշությամբ նայում էր նրա ետևից, մինչև անհետացավ գիշերային խավարի մեջ: Քամու մռնչյունը խլացրեց նրա վերջին քայլերի ձայնը:

Հեռանալով վանքից, ուղևորը բռնեց այն ճանապարհը, որ տանում էր դեպի Ողական ամրոցը:

Բ. Տարոնի առավոտը

Փոթորկային գիշերին հաջորդեց գարնանային խաղաղ, հովասուն առավոտը: Ողական ամրոցը շրջապատող ծառազարդ բլուրները մխում էին ձյունի պես ճերմակ գոլորշիներով: Սար ու ձոր, դար ու դաշտ պատած էր անթափանցիկ մառախուղով: Օդի մեջ լողացող ջրային շիթերը, արեգակի առաջին ճառագայթներից, վառվում էին միլիոնավոր ոսկյա հուլունքների նման: Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները, ցողված անձրևային կաթիլներով, կարծես սփռված լինեին գույնզգույն գոհարներով:

Այգ գեղեցիկ առավոտը հիշեցնում էր այն վաղեմի, հանդիսավոր առավոտներից մեկը, երբ Աստղիկը, Տարոնի դիցուհին, դուրս էր գալիս Աշտիշատի տաճարներից և, շրջապատված յուր անթառամ նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձրություններից Արածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու: Այդ միջոցին հայոց երիտասարդ դյուցազունները թաքչում էին Աշտիշատի դիցանվեր անտառի մթին ծառաստանի մեջ, հեռվից դիտելու գեղեցիկ աստվածուհու լոգարանը: Բայց Աստղիկը Մուշի ամբողջ դաշտը վարագուրում էր մառախլապատ մշուշով և յուր լոգարանը անտեսանելի էր կացուցանում անհամեմատ հետաքրքրությունից:

Վաղորդյան մառախուղը հետզհետե նոսրանում էր, նրբանում էր, որքան արեգակը բարձրանում էր հորիզոնի վրա: Այժմ մշուշի մրջից, որպես թափանցիկ շղարշի միջից, սկսվեցան նկարվիլ հեռավոր պատկերները: Երևում էր Սիմ լեռան կանաչազարդ շղթան, մեղմ ալիքներով և ձյունապատ գագաթներով, որոնք արևի ճառագայթների առջև փայլում էին վարդագույն ներկով: Իսկ ավելի հեռու, դեպի Կրկուռ և Նեմրութ լեռների կողմերը, մանիշակագույն ժապավենի նման, երևում էր Բզնունյաց ծովակի միայն նեղ շերտը: Երևում էին Քարքե լեռան բարձրությունները իրանց մթին ծմակներով և մռայլ անտառներով, որոնք իրանց անմատչելի թավուտների մեջ սնուցանում էին մի մռայլ ժողովուրդ: Հիշյալ լեռների հսկայական շրջանակի մեջ, որպես մի սքանչելի պատկեր, երևում էր Մուշի ընդարձակ դաշտավայրը, հարթ, հավասար, իբրև մի լայնածավալ, նախշուն գորգ: Այդ կանաչազարդ գորգի վրա սփռված էին Տարոնի բազմաթիվ գյուղերը, ավանները, հոյակապ քաղաքները: Ահա՜ Մուշը խորին պատկառանքով բազմած է Տավրոսի լանջաց վրա: Ահա՜ Մեղտի գետի օձապտույտ ափերի մոտ երևում են Օձ քաղաքի բարձր աշտարակները: Ահա՜ Վիշապ քաղաքը, վիշապի լայն բերանի պես բացված ահարկու դռներով: Ահա՜ Կավկավ քաղաքը... Ահա՜ սպիտակ Ձյունակերտը...

Արածանին կես է կիսում Մուշի լայնատարած դաշտավայրը: Նրա արգավանդ ափերի մոտ, բացի բնիկներից, ապրում էր մի ժողովուրդ, որ ասպնջականություն էր գտել այստեղ Գանգեսի ափերից, և հնդիկ ժողվրդի արորի խոփը փայլում էր հայոց արեգակից, և հնդիկ հերկավարի հայկական երգը հնչեցնում էր Տարոնի լուսապայծառ առավոտի լռությունը:

Արածանիի ափերի մոտ ապրում էր և մի այլ ժողովուրդ, սր հյուրասիրվել էր այստեղ Հոանգոյի ափերից, և դեղնակաշի սինեացին, բոլորովին հայկական դեմք ստանալով, մշակում էր հայոց երկիրը: Նրանց բազմաթիվ անասունները արածում էին Արածանիի շամբուտ ափերի մոտ, նրանց գեղեցիկ կանայքը քորոցներով որդան կարմիր» էին հավաքում կանաչ, ցողազարդ մարգագետիններից, որ իրանց նուրբ ձեռագործներով զարդարեն հայոց իշխանազունների ապարանքները:

Զայրացած է այս առավոտ Արածանին: Բայց նրա զայրույթը մայրական է, չէ վախեցնում հարազատ որդուն: Ահա նրա զորեղ կոհակները տանում են իրանց հետ մի ամբողջ նավատորմիղ -նախնական մարդու նավատորմիղը: Բարեկամները ափերի մոտ կանգնած հաջողություն» են բարեմաղթում: Նավորդները գետի միջից մնաք բարյավ» են ասում: Եվ թեթև մաշկապատ նավակների խումբը, բեռնավորված հայոց երկրի բարիքներով, լողում է դեպի հեռավոր աշխարհ, դեպի Բաբելոն: Նավորդների երգը, նրանց ուրախաձայն աղաղակները, միախառնվելով գետի խուլ որոտման հետ, թնդեցնում են շրջակայքի խորին անդորրությունը:

Մուշի դաշտավայրը, չորեքկողմից շրջապատված լինելով բարձր լեռներով, այդ բնական ամրությունները, հսկայական շրջապարիսպի նման, պաշտպանում էին երկիրը թշնամու հարձակմունքներից: Բացի բնական ամրություններից, նույն լեռների բարձրավանդակների վրա դրած էին Տարոնի իշխանների անմատչելի բերդերը և նրանց ահռելի ամրոցները, որպիսիք էին` Եղնուտը, Մեծամոր ամրոցը, Աստղաբերդը, Այծից բերդը և Ողականը:

Աշտիշատի վանքից շատ հեռու չէր Ողական ամրոցը, նա կանգնած էր Քարքե լեռան ապառաժների վրա և խրոխտ, վեհապանծ դեմքով նայում էր դեպի յուր ստորոտով հոսող Արածանին: Զանազան գաղտնի անցքեր, ստորերկրյա ճանապարհներով, իջնում էին ամրոցի բարձրությունից կամ դեպի գետը, պաշարման ժամանակ ջուր ստանալու համար, և կամ տանում էին դեպի անտառի խորքերը, դրսի հետ գաղտնի հաղորդակցություն ունենալու համար: Այդ անցքերի մուտքերը հայտնի էին միայն ամրոցի տերերին: Ամրոցի բարձր շրջապարիսպը, ահագին բուրգերը, բարձր աշտարակները դարերով մարտնչում էին բնության արհավիրքի և թշնամու հարձակման դեմ, և միշտ մնում էին անպարտելի: Նա հովանավորված էր հին, հսկա կաղնիներով, որոնց վերամբարձ կատարները մրցում էին ամպերի հետ:

Այդ ամրոցը ամենահին ժամանակներում, Քրիստոսից շատ դարեր առաջ, պատկանում էր Սլկունյաց իշխաններին, որոնք Տարոնի նախկին տերերն էին: Իսկ Վաղարշակ Ա ի օրերում, Քրիստոսից 150 տարի առաջ, Սլկունիները ավելի նշանակություն ստացան, որովհետև Վաղարշակը, հայոց բոլոր նախարարությունները կարգի դնելով, Սլկոլնիների քաջ և որսորդության մեջ հաջողակ իշխաններին ևս նախարարությանց կարգն անցուց և նրանց հանձնեց արքունի որսորդության գլխավորությունը: Բայց Տրդատի օրերում, 320 թվին Քրիստոսից հետո, Սլկունիները ապստամբվեցան թագավորի դեմ: Տրդատը խոստացավ, թե Սլկունիների ամբողջ ժառանգությունը, Տարոնը, նրան կնվիրե, եթե մեկը կձերբակալե ապստամբ Սլուկին: Ճենացի Մամգուն իշխանր հանձն առեց կատարել թագավորի ցանկությունը և դավաճանությամբ սպանեց Սլուկին: Նրա բոլոր տոհմը սրի ճարակ եղավ Ողական ամրոցի մեջ: Իսկ Մամգունը այդ ծառայության համար ստացավ, որպես ժառանգություն, թե՜ Ողական ամրոցը և թե՜ Տարոնը: Մամդունից առաջ եկավ Մամիկոնյան մեծ նախարարությունը, որոնք որդոց որդի ժառանգեցին Տարոնը:

Այս առավոտ, դեռ լույսը չծագած, երկու անձինք մուտք գործեցին Ողական ամրոցում: Մեկը առջևի մեծ դռնից, մյուսը անտառի մեջ թաքնված գաղտնի անցքից: Առաջինը սև ձիավորն էր, իսկ երկրորդը կապուտակ ձիավորը:

Գ. Գուժկան

Ողական ամրոցի սենյակներից մեկի մեջ, թանկագին գորգով պատած գահավորակի վրա, որի երեք կողմը դրած էին շքեղ կերպասներով պատած բարձեր, նստած էր մի երիտասարդ: Նա, ինչպես երևում էր նրա քնեած դեմքից, դեռ նոր էր դուրս եկել յուր քնարանից և դուրս էր եկել յուր զարթնելու ժամից շատ վաղ: Ոչ հագնվել էր, ոչ լվացվել էր և ոչ սանդրվել էր: Մի լայն, ասրյա նուրբ վերարկուի մեջ սփածված էր նա, և բաց գլխի երկար գիսակները, գագաթից իջնելով, մեղմ ալիքներով սփռվել էին թիկունքի վրա, և երբեմն սքողում էին նրա գեղեցիկ, գունաթափ դեմքը: Նրա անհանգիստ մատները անդադար ոլորում էին` փոքր-ինչ ուռած, կարմրագույն շրթունքի նորաբույս ընչացքը, թեև ոլորելու շատ պաշար չէին գտնում: Այդ ցույց էր տալիս սրտի խորին խռովությունը: Իսկ սևորակ, նշաձև աչքերի մեջ նշմարվում էր մի անբացատրելի վրդովմունք: Քսանևհինգ տարեկան հազիվ կլիներ նա, նուրբ կազմվածքով և փոքր-ինչ մույգ-դեղնագույն դեմքով, որ պահպանվել էր նրա մեջ ժառանգական արյունից:

Երիտասարդը Վահան Մամիկոնյանի որդի Սամվելն էր: