Վերջին թարմացում 15 Հունիսի 2019, 13:07

Գանձերի կղզին

13:07, 15 Հունիսի 2019 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գանձերի կղզին

հեղինակ՝ Ռոբերտ Լուիս Ստիվենսոն
թարգմանիչ՝ Հայրապետ Հայրապետյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Գանձերի Կղզին»

Treasure.jpg

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ: ԾԵՐ ԾՈՎԱՀԵՆԸ

Գլուխ I: Ծեր ծովային գայլը «Ծովակալ Բենբոու» պանդոկում

Ազնվական կալվածատեր Տրելոնին, Բժիշկ Լիվսին և ուրիշ ջենտլմեններ խնդրել են ինձ գրել այն բոլորը, ինչ որ գիտեմ Գանձերի Կղզու մասին։ Նրանք ցանկանում են, որ ես պատմեմ ողջ պատմությունն սկզբից մինչև վերջ, չթաքցնելով ոչ մի մանրամասնություն, բացի կղզու աշխարհագրական դիրքից։ Մատնանշել, թե որտեղ է գտնվում այդ կղզին, ներկայումս դեռ անկարելի է, որովհետև կան գանձեր, որ մենք այնտեղից դեռ չենք դուրս բերել։

Եվ ահա ներկա 17․․․ թվին ես գրիչ եմ վերցնում և մտքով վերադառնում դեպի այն ժամանակը, երբ հայրս «Ծովակալ Բենբոու» անունով պանդոկ ուներ և այդ պանդոկում բնակվեց մի ծեր արևակեզ ծովային, երեսին՝ սրի սպի։

Ես հիշում եմ, կարծես այդ երեկ էր, թե ինչպես նա ծանր քայլերով հասավ մեր դռանը, իսկ նրա սնդուկը բերում էին ձեռնասայլով։ Դա մի բարձրահասակ, ուժեղ, ծանրամարմին, մութ շագանակագույն դեմքով տղամարդ էր։ Կուպրոտ ծամիկը կախ էր ընկած նրա յուղոտ կապույտ բաճկոնի օձիքի վրա։ Ձեռները խորդուբորդ էին, վրան՝ ինչ-որ կտրվածքներ և քերծվածքներ, եղունգները սև, կոտրտված, իսկ դեմքի սպին կեղտոտ, բոսորասպիտակագույն։ Հիշում եմ, ինչպես անծանոթը շվշվացնելով նայեց մեր ծովախորշը և հանկարծ բարձր ձայնով երգեց մի հին նավաստիական երգ, որը հետո այնքան հաճախ երգում էր․

Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա,
Յո-խո-խո և մի շիշ ռոմ։

Նրա ձայնը ծերունու ձայնի նման էր, խռպոտ, վնգվնգան, ինչպես նավի խարիսխի ճռնչացող լծակները։

Նրա ձեռնափայտն էլ երկաթե լծակի նման էր։ Այդ ձեռնափայտով նա խփեց մեր դռանը, և երբ հայրս դուրս եկավ ու կանգնեց շեմքին, նա կոպիտ կերպով մի բաժակ ռոմ պահանջեց։ Երբ ռոմը տվին, նա գիտակ մարդու նման սկսեց առանց շտապելու համտես անել յուրաքանչյուր կումը։ Խմելիս նա նայում էր երբեմն ժայռերին, երբեմն պանդոկի ցուցանակին։

— Հարմար ծովախորշ է,— ասաց նա վերջապես։— Պանդոկի համար վատ տեղ չէ։ Շա՞տ մարդ է հաճախում, բարեկամ։

Հայրս պատասխանեց, թե ոչ, դժբախտաբար շատ քիչ մարդ է հաճախում։

— Ինչ որ է,— ասաց ծովայինը։— Փոքրիկ սենյակն իսկ և իսկ ինձ համար է․․․ Է՛յ, բարեկամ,— ձայն տվեց այն մարդուն, որը նրա ետևից գլորում էր ձեռնասայլը,— մոտեցիր և օգնիր, որ սնդուկը հանեմ․․․ Ես միառժամանակ կապրեմ այստեղ,― շարունակեց նա։— Ես հասարակ մարդ եմ։ Ռոմ, ապխտած խոզի միս և ձվածեղ ահա այն բոլորը, ինչ որ ինձ հարկավոր է։ Ահա այն ժայռը, որտեղից երևում են ծովով անցնող շոգենավերը։ Ինձ ինչպե՞ս անվանել։ Ինչ կա որ, անվանեցեք նավապետ։ Էհե՛, ես տեսնում եմ, թե դուք ինչ եք ուզում։ Ահա՜։

Եվ նա շպրտեց շեմքի վրա երեք թե չորս ոսկե դրամ։

― Երբ սրանք կվերջանան, կարող եք գալ և ասել,— մռայլ կերպով արտասանեց նա և իշխանավորի պես նայեց հորս։

Եվ իսկապես․ թեև նրա հագուստը վատ էր և խոսակցության ձևը կոպիտ, սակայն նա հասարակ նավաստու նման չէր։ Ավելի շուտ, նրան կարելի էր համարել ղեկապետ կամ շկիպեր, որը սովոր է, որ իրեն ենթարկվեն։ Զգացվում էր, որ նա սիրում է իր բռունցքին իրավունք տալ։ Ձեռնասայլի տերը պատմեց մեզ, որ անծանոթը երեկ առավոտյան փոստային կառքով եկավ «Գևորգ թագավորի հյուրանոցը» և սկսեց հարցափորձ անել ծովի մոտ գտնվող բոլոր իջևանների մասին։ Մեր պանդոկի մասին լավ կարծիքներ լսելով և իմանալով, որ պանդոկը գտնվում է գյուղից դուրս, նավապետը որոշեց բնակվել մեզ մոտ։ Ահա այն բոլորը, ինչ-որ մեզ հաջողվեց իմանալ մեր կենվորի մասին։

Նա լռակյաց մարդ էր։ Ամբողջ օրերով թափառում էր ծովախորշի շուրջը կամ բարձրանում ժայռերը՝ պղնձե հեռադիտակը ձեռքին։ Երեկոները նա նստում է ընդհանուր սենյակի անկյունում, կրակի մոտ, ռոմը խառնում ջրի հետ և խմում այդ խառնուրդը։ Երբ նրա հետ խոսում էին, նա չէր պատասխանում։ Միայն կատաղի հայացք էր գցում մարդկանց վրա և քթով սուլում, ինչպես նավի շոգեշչակը մառախուղի մեջ։ Շուտով մենք և մեր այցելուները սովորեցինք նրան հանգիստ թողնել։ Ամեն օր, զբոսանքից վերադառնալուց հետո, նա տեղեկանում էր, թե մեր ճանապարհով ծովայիններ չե՞ն անցել արդյոք։ Սկզբում մենք կարծում էինք, թե նա կարիք ունի այնպիսի հարբեցողների, ինչպիսին ինքն է։ Բայց վերջում սկսեցինք, հասկանալ, որ նա ցանկանում է այդպիսիներից հեռու լինել։ Եթե որևէ ծովային ծովափնյա ճանապարհով անցնելով դեպի Բրիստոլ՝ կանգ էր առնում «Ծովակալ Բենբոուում», նավապետը նախ դիտում էր նրան դռան վարագույրի ետևից և ապա դրանից հետո միայն դուրս գալիս ընդհանուր սենյակը։ Նման մարդկանց ներկայությամբ նա մկան պես լռակյաց էր։

Ես գիտեի, թե բանն ինչ է, որովհետև նավապետն ինձ պատմել էր, թե ումի՛ց է վախենում։

Մի անգամ նա ինձ մի կողմ տարավ ու խոստացավ յուրաքանչյուր ամսի մեկին վճարել ինձ չորսական արծաթ պենս, եթե ես «ուշադիր նայեմ, թե որևէ տեղում չի՞ հայտնվում արդյոք միոտանի ծովագնաց», և իսկույն հայտնեմ նրան, երբ տեսնեմ։ Երբ ամսի մեկը գալիս էր, և ես դիմում էի նրան, որ խոստացած ռոճիկը տա, նա միայն քթով խռռացնում էր և կատաղի հայացք գցում վրաս։ Սակայն մի քանի օրից հետո, այնուամենայնիվ, փողը բերում էր և կրկնում հրամանը՝ «միոտանի ծովայինին» աչքաթող չանել։

Այդ միոտանի ծովագնացը հետապնդում էր ինձ մինչև անգամ երազում։ Փոթորկալից գիշերները, երբ քամին տատանում էր մեր տան բոլոր չորս անկյունները, իսկ ալեկոծությունը մռնչում էր ծովախորշում, հասնելով մինչև վերին ժայռերը, նրան հազար տեսակ տեսնում էի երազում, սարսափելի, հազար տեսակի սատանաների ձևով։ Նրա ոտը կտրված էր երբեմն ծնկից, երբեմն մինչև ազդրը։ երբեմն նա ինձ թվում էր ինչ-որ սարսափելի հրեշ, որի միակ ոտը բուսել էր մարմնի մեջտեղից։ Այդ միակ ոտով նա վազում էր իմ ետևից, թռչելով ցանկապատերի և առուների վրայով։

Ես հեշտ չէի ձեռք բերում յուրաքանչյուր ամսվա չորս պենսը․ փոխարենը ես վճարում էի այդ տանջող երազներով։

Բայց որքան էլ որ սարսափելի էր ինձ համար միոտանի ծովայինը, ես նավապետից շատ ավելի քիչ էի վախենում, քան մնացած մարդիկ։ Երբեմն երեկոները նա այնքան ռոմ էր խմում, որ գլուխը պտտվում էր։ Այդ դեպքում նա երկար ժամանակ մնում էր պանդոկում և երգում էր հին, վայրենի, դաժան ծովային երգեր՝ ներկա եղողներից ո՛չ մեկի վրա ուշադրություն չդարձնելով։ Պատահում էր նաև, որ նա բոլորին հրավիրում էր իր սեղանի մոտ և բոլորի համար բաժակներ էր պահանջում։ Հրավիրվածները երկյուղից դողում էին, իսկ նա ստիպում էր նրանց կամ լսել իր սարսափելի պատմվածքները ծովային արկածների մասին, երբեմն էլ խմբական երգեր երգել։ Այն ժամանակ մեր տան պատերը ցնցվում էին «Յո-խո-խո և մի շիշ ռոմ» երգից, որովհետև բոլոր այցելուները, վախենալով նրա մահացու զայրույթից, աշխատում էին մեկը մյուսի ձայնը խլացնել և երգել որքան կարելի է բարձր, որ նավապետը գոհ մնա, որովհետև այդպիսի ժամերին նա անզուսպ և զարհուրելի էր․ երբեմն բռունցքով խփում էր սեղանին և պահանջում, որ բոլորը լռեն, կամ սաստիկ կատաղում էր, երբ որևէ մեկը, ընդհատելով նրա խոսքը, որևէ հարց էր տալիս, երբեմն, ընդհակառակը, կատաղում էր, երբ հարց չէին տալիս, որովհետև նրա կարծիքով, դա ցույց էր տալիս, որ իրեն ուշադրությամբ չեն լսում։ Եվ ոչ ոքի պանդոկից դուրս չէր թողնում։ Ներկա եղողները կարող էին հեռանալ միայն այն ժամանակ, երբ նա ննջում էր և օրորվելով քարշ գալիս դեպի իր անկողինը։

Բայց դրանից սարսափելի նրա պատմվածքներն էին։ Սարսափելի պատմություններ կախաղանների, տանջանքների, ալեկոծությունների, Դրայ Տորտուգասի, Կարաիբյան ծովի ծովայինների, ավազակների և նրանց քաջագործությունների մասին։ Նրա պատմածներից երևում էր, որ իր ամբողջ կյանքն անց է կացրել հռչակավոր չարագործների մեջ։ Իսկ հայհոյանքը, որ յուրաքանչյուր խոսքից հետո դուրս էր թռչում նրա բերանից, վախեցնում էր մեր գյուղական պարզամիտ մարդկանց ոչ պակաս, քան այն հանցագործությունները, որոնց մասին նա խոսում էր։

Հայրս շարունակ պնդում էր, թե պետք է փակել պանդոկը, որովհետև նավապետը մեր բոլոր այցելուներին կցրի։ Ո՞վ կուզենար ենթարկվել այդպիսի ծաղրանքի և տուն դառնալիս սարսափից դողալ։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ նավապետը, ընդհակառակը, մեզ օգուտ էր բերում։ Ճիշտ է, այցելուները վախենում էին նրանից, սակայն մի օրից հետո կրկին գալիս էին։ Հանգիստ, խուլ կյանքի մեջ նա ինչ–որ հաճելի հուզմունք էր մտցրել։ Մինչև անգամ երիտասարդների մեջ նավապետը երկրպագուներ ուներ, որոնք հայտնում էին, թե հիացած են նավապետով։ «Իսկական ծովային գայլ է, որին աղել է ծովը», բացականչում էին նրանք։ Նրանց ասելով հենց այդպիսի մարդիկ են Անգլիային ծովերի ամրոց դարձրել։

Սակայն, մյուս կողմից, այդ մարդն իսկապես մեզ վնաս էր տալիս։ Շաբաթ շաբաթի ետևից, ամիսն ամսի ետևից անցնում էին։ Այն գումարը, որ նա տվել էր մեզ իր գալու օրը, վաղուց ծախսվել էր, նոր գումար չէր տվել, իսկ հայրս չէր համարձակվում պահանջել։ Հենց որ հայրս ակնարկում էր վարձի մասին, նա սկսում էր այնպիսի կատաղությամբ փնչացնել, որ փնչոցը դառնում էր մռնչոց, և հայրս սարսափած սենյակից դուրս էր թռչում։ Ես նկատում էի, թե ինչպես այդ դեպքերից հետո նա հուսահատորեն ջարդում էր ձեռքերը։ Ես չեմ կասկածում, որ այս վրդովմունքներն ու երկյուղը չափազանց արագացրին հորս վշտալի և անժամանակ մահը։

Մեզ մոտ եղած ժամանակ նավապետը միշտ միևնույն հագուստն էր հագնում, միայն մի քանի զույգ գուլպա էր ձեռք բերել։ Գլխարկի մի ծայրը կախվել էր։ Նավապետն այդպես էլ թողել էր, թեև ուժեղ քամու ժամանակ շատ անհարմար էր։ Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպիսի պատառոտված բաճկոն ուներ նա․ որքան էլ կարկատում էր իր բաճկոնը վերևում՝ իր սենյակում, վերջ ի վերջո ցնցոտիներ դարձավ։ Նա երբեք ոչ մի նամակ չէր գրում և ոչ մի տեղից չէր ստանում։ Ոչ ոքի հետ չէր խոսում։ Խոսում էր միայն այն ժամանակ, երբ սաստիկ հարբած էր լինում։ Ոչ ոք մեզանից երբեք չի տեսել, որ նա բացի իր սնդուկը։

Միայն մի անգամ համարձակվեցին հակաճառել նավապետին, և այդ տեղի ունեցավ վերջին օրերը, երբ դժբախտ հայրս հիվանդացավ մահացու հիվանդությամբ։

Մի անգամ երեկոյան բժիշկ Լիվսին եկավ հիվանդի մոտ։ Նա քննեց հիվանդին, շտապով ճաշեց, որին հյուրասիրեց մայրս, իջավ ընդհանուր սենյակը ծխամորճ ծխելու և սպասելու, որ ձին բերեն։ Ձին մնացել էր վերևում, գյուղում, որովհետև ծերունի «Բենբոուն» ձիու համար շենք չուներ։

Դեպի ընդհանուր սենյակը նրան առաջնորդեցի ես և հիշում եմ, թե ինչպես այդ գեղեցիկ, հիանալի հագնված սպիտակ կեղծամով, սևաչյա, հրաշալի դաստիարակված բժիշկն ապշեցրեց ինձ իր տարբերությամբ գյուղական այն հարբեցողներից, որոնք այցելում էին մեր պանդոկը։ Հատկապես սաստիկ տարբերվում էր նա մեր գորշ խրտվիլակից, կեղտոտ, մռայլ, ծանրամարմին ծովահենից, որը հարբում էր ռոմով և արմունկներով ընկնում սեղանի վրա։

Հանկարծ նավապետը բարձր ձայնով երգեց իր մշտական երգը․

Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա,
Յո-խո-խո և մի շիշ ռոմ։
Խմիր և սատանան քեզ մինչև վերջը կհասցնի,
Յո-խո-խո և մի շիշ ռոմ։

Սկզբում ես կարծում էի, թե «մեռելի սնդուկն» այն սնդուկն է, որը վերևում, նավապետի սենյակում է։ Իմ սարսափելի երազների մեջ այդ սնդուկը հաճախ կանգնում էր իմ առջև միոտանի ծովագնացի հետ միասին։ Սակայն հետզհետե մենք այնպես ընտելացանք այդ երգինք որ նրա վրա ուշադրություն դարձնելուց դադարեցինք։ Այդ գիշեր երգը նորություն էր միայն բժիշկ Լիվսիի համար և, ինչպես նկատեցի, նրա վրա հաճելի տպավորություն չթողեց։ Նա բարկացած նայեց նավապետի վրա, ծերունի Թեյլոր այգեպանի հետ հոդացավի բուժման նոր ձևերի մասին խոսակցությունն սկսելուց առաջ։ Այնինչ նավապետը, հետզհետե բորբոքվելով իր սեփական երգից, բռունցքով խփեց սեղանին։ Սա նշանակում էր, որ նա լռություն է պահանջում։ Բոլոր ձայները միանգամից լռեցին։ Միայն բժիշկ Լիվսին շարունակում էր բարեսիրտ և բարձրաձայն խոսակցությունը, ամեն խոսքից հետո փստացնելով ծխամորճը։

Նավապետը ուշադրությամբ նայեց նրան, հետո նորից բռունցքով խփեց սեղանին, ապա նայեց ավելի ուշադիր և հանկարծ գոռաց՝ իր խոսքերին անվայել հայհոյանք ավելացնելով․

— Է՛յ, դո՛ւք, տախտակամածի վրա, լռեցե՛ք։

— Դուք ի՞նձ եք դիմում, պարոն,— հարցրեց բժիշկը։

Նավապետը պատասխանեց, թե հենց նրան է ասում և կրկին հայհոյեց։

— Այդ դեպքում, պարոն, ես ձեզ միայն մի բան կասեմ,— պատասխանեց բժիշկը,— եթե չդադարեցնեք հարբեցողությունը, դուք կազատեք աշխարհը ամենագարշելի սրիկաներից մեկից։

Նավապետը կատաղեց։ Նա թռավ ոտքի, հանեց և բացեց իր նավաստու ծալվող դանակը և ափի մեջ խաղացնելով, սպառնաց բժշկին, թե նրան կմեխի պատին։

Բժիշկը տեղից չշարժվեց էլ։ Նա շարունակեց խոսակցությունը, առանց գլուխը շրջելու, նույն ձայնով, միայն մի քիչ բարձր, որ սենյակում գտնվողները կարողանան լսել․․․ Հանդարտ և հաստատուն ձայնով նա արտասանեց.

— Եթե դուք իսկույն այդ դանակը ձեր գրպանը չդնեք, պատվովս եմ երդվում, որ դուք, մեր շրջիկ դատարանի առաջին իսկ նստաշրջանից հետո կճոճվենք կախաղանի վրա։

Նրանց աչքերի միջև մենամարտություն սկսվեց։ Սակայն նավապետը շուտով անձնատուր եղավ։ Նա իր դանակը պահեց և ծեծված շան պես մռթմռթալով, ընկավ աթոռի վրա։

― Իսկ այժմ, պարոն,— շարունակեց բժիշկը,— որովհետև ինձ հայտնի եղավ, որ իմ շրջանում նման անձնավորություն կա, ես գիշեր ու ցերեկ ձեզ վրա ամենախիստ հսկողություն պետք է ունենամ։ Ես միայն բժիշկ չեմ, ես այստեղի դատավորն եմ։ Եվ եթե մի ամենափոքր բողոք կհասնի ինձ թեկուզ այն մասին, որ դուք որևէ մեկի հետ կոպիտ եք վարվել․․․ ա՛յ, ինչպես քիչ առաջ, ես խիստ միջոցներ ձեռք կառնեմ, որ դուք պատշաճ պատիժ ստանաք։

Շուտով բժիշկ Լիվսիի ձին բերին, և նա սլացավ։

Իսկ նավապետն ամբողջ երեկոն հանգիստ ու մեղմ էր և հետևյալ երեկոներին էլ այդպես մնաց։


Գլուխ II: Սև Գամփռը գալիս է ու գնում

Շուտով պատահեց առաջինն այն առեղծվածային դեպքերից, որոնց միջոցով մենք, վերջապես, ազատվեցինք նավապետից։ Սակայն ազատվելով նրանից, ինչպես կտեսնեք, մենք չազատվեցինք նրա հոգսաշատ գործերից։

Ցուրտ ձմեռ էր, երկար ճռճռան սառնամանիքներով և կատաղի քամիներով։ Եվ հենց սկզբից պարզվեց, որ իմ խեղճ հայրը հազիվ թե գարունը տեսնի։ Օրեցօր նրա դրությունը վատանում էր։ Պանդոկում աշխատում էինք ես ու մայրիկս։ Մեր գործը շատ-շատ էր, և մենք քիչ էինք ուշադրություն դարձնում մեր անհաճո կենվորի վրա։

Հունվարի սառնամանիքոտ առավոտ էր։ Եղյամից ողջ ծովախորշը մոխրագույն էր։ Թեթև ալեծածանումը լիզում էր առափնյա քարերը։ Արևը դեռ չէր դուրս եկել, այլ միայն իր ճառագայթները գցել էր բլուրների կատարների և ծովի հեռուների վրա։ Նավապետը սովորականից շուտ զարթնեց և ուղղվեց դեպի ծովը։ Նրա մաշված բաճկոնի լայն փեշերի տակ տատանվում էր բարակ թուրը։ Կռան տակին հեռադիտակ կար։ Գլխարկը քաշել էր ծոծրակի վրա։ Ես հիշում եմ, նրա բերանից գոլորշի էր դուրս գալիս և ծխի նման քուլա-քուլա օդ բարձրանում։ Ես լսեցի, թե ինչպես նա զայրույթով փնչացրեց, երբ մտնում էր մեծ ժայռի ետևը։ Երևի դեռևս չէր կարողանում մոռանալ իր ընդհարումը բժիշկ Լիվսիի հետ։

Մայրիկս վերևում էր, հորս մոտ, իսկ ես, մինչև նավապետի գալը, նախաճաշի սեղանն էի պատրաստում։

Հանկարծ դուռը բացվեց և սենյակ մտավ մի մարդ, որին ես առաջ երբեք չէի տեսել։

Նա գունատ էր, գորշ երեսով։ Ձախ ձեռքի երկու մատը պակաս էր։ Թեև նրա գոտկից թուր էր կախված, թայց ոչ մի բանով զինվորականի նման չէր։ Ես շատ լավ հետևում էի յուրաքանչյուր ծովայինի, լինի նա մի, թե երկու ոտանի և հիշում եմ, որ այդ մարդն ինձ շատ մտահոգություն պատճառեց։ Նա ծովայինի քիչ էր նման, բայց, այնուամենայնիվ, ես զգում էի, որ նա ծովային է։

Ես հարցրի, թե ի՞նչ է ուզում, և նա ռոմ պահանջեց։ Վազեցի, որ դուրս գամ սենյակից նրա հրամանը կատարելու, բայց նա նստեց սեղանի մոտ և ինձ կրկին իր մոտ կանչեց։ Ես կանգնեցի՝ անձեռոցիկը ձեռքիս։

— Այստեղ արի, որդիս,— ասաց նա,— մոտ արի։

Ես մոտեցա։

— Այս սեղանը պատրաստել եք իմ ընկերոջ, ղեկապետ Բիլիի՞ համար,— հարցրեց նա քմծիծաղ տալով։ Ես պատասխանեցի, թե ոչ մի ղեկապետ Բիլի չեմ ճանաչում և որ սեղանը պատրաստված է մեր մի կենվորի համար, որին մենք նավապետ ենք կանչում։

— Դե, ինչ կա որ,— ասաց նա,— իմ ընկեր ղեկապետ Բիլիին էլ կարելի է նավապետ անվանել։ Այդ դրությունը չի փոխում։ Նրա երեսին սպի կա և շատ հաճելի վերաբերմունք ունի, հատկապես երբ նա հարբած է։ Ահա թե ինչպիսին է ղեկապետ Բիլին։ Ձեր նավապետն էլ երեսին սպի ունի, իսկ և իսկ աջ այտին։ Ուրեմն ամեն ինչ կարգին է։ Այդպես չէ՞։ Ես կուզենայի իմանալ, ապրո՞ւմ է արդյոք այստեղ, այս տանն իմ սիրելի ընկեր Բիլին։

Ես պատասխանեցի, որ նա գնացել է զբոսնելու։

— Ո՞ր ճանապարհով, որդիս, ո՞ր ճանապարհով է գնացել։

Ես ցույց տվի այն ժայռը, որի վրա ամեն օր լինում էր նավապետը և ասացի, որ նա, երևի, շուտով կվերադառնա։

— Բայց ե՞րբ։ Մի՞ ժամի՛ց, երկո՞ւ ժամից։

Էլի մի քանի զանազան հարցեր տալուց հետո վերջում ասաց․

— Այո՛, իմ ընկեր Բիլին ինձնով կուրախանա, ինչպես խմիչքով։

Այնուամենայնիվ, այս խոսքերն ասելիս նրա դեմքը մռայլ էր, և ես հիմք ունեի կարծելու, որ նավապետը նրան հանդիպելով, այնքան էլ ուրախ չի լինի։ Բայց ես իսկույն ինքս ինձ ասացի, որ այդ ինձ չի վերաբերում։ Բացի դրանից, այդ պայմաններում որևէ բան ձեռնարկել դժվար էր։ Անծանոթը մուտքի մոտ տափ արած, ակնապիշ հետևում էր դռանը, ինչպես կատուն մկանը։ Ես ուզում էի բակ դուրս գալ, բայց նա իսկույն կանչեց ինձ։ Ես նրան միանգամից չհպատակվեցի, և նրա ճարպոտ երեսը զայրույթից հանկարծ այնպես այլանդակվեց, և նա սկսեց այնպիսի հայհոյանք տալ, որ ես վախից ետ թռա։ Բայց հենց որ վերադարձա, նա սկսեց ինձ հետ առաջվա պես խոսել, շողոքորթելով, թե ծաղրելով, ուսիս խփեց, ասաց որ ես հիանալի տղա եմ, և՝ որ ինքը միանգամից սիրեց ինձ։

— Ես մի տղա ունեմ,— ասաց նա,— և դու նման ես նրան, ինչպես ջրի երկու կաթիլ։ Նա իմ ծնողական սրտի հպարտությունն է։ Բայց տղաների համար ամենագլխավորը հնազանդ լինելն է։ Այո, որդյակ, հնազանդությունն է։ Եվ եթե դու Բիլիի հետ նավով ճանապարհորդած լինեիր, այն ժամանակ քեզ երկու անգամ կանչելու կարիք չէր լինի։ Բիլին երբեք իր հրամանը չէր կրկնում։ Ոչ, Բիլին ուրիշ կարգ ու կանոն ուներ։ Ահա և նա, իմ սիրելի ղեկապետը՝ Բիլին, հեռադիտակը կռնատակին, աստված օրհնի նրան։ Արի թաքնվենք դռան ետևում, հանկարծ դուրս գանք՝ Բիլիին ուրախացնենք, աստված օրհնի նրան։

Այս խոսքերից հետո Նա ինձ քշեց ընդհանուր սենյակի անկյուններից մեկը և իր մեջքի ետևում թաքցրեց։ Բաց դուռը մեզ երկուսիս էլ ծածկում էր։ Ինձ համար և՛ տհաճ էր, և՛ մի քիչ էլ երկյուղալի, մանավանդ երբ նկատեցի, որ անծանոթն ինքն էլ է վախենում։ Նա ազատեց իր թրի կոթը, մի քիչ շեղբից հանեց և ամբողջ ժամանակ այնպիսի շարժումներ էր անում, որ կարծես թե կոկորդում մնացած բանն է կուլ տալիս։

Վերջապես ներս ընկավ նավապետը, դուռը շրխկացրեց և առանց շուրջը նայելու, ուղղվեց դեպի սեղանը, որտեղ նրան սպասում էր նախաճաշը։

— Բիլի՛,― գոչեց անծանոթը, աշխատելով տալ իր ձայնին ամրություն և համարձակություն։

Նավապետը կրունկների վրա ետ դարձավ և անմիջապես հայտնվեց մեր առջևում։ Նրա դեմքի արևայրուկը կարծես անցավ, մինչև անգամ քիթը կապտեց։ Նա այնպիսի տեսք ուներ, որ կարծես թե ուրվականի է պատահել։ Եվ, ճիշտն ասած, ես խղճացի նրան, որ նա միանգամից դարձավ ծեր ու թառամած։

— Մի՞թե դու ինձ չես ճանաչում, Բիլի։ Մի՞թե դու չես ճանաչում քո հին ընկերոջը, Բիլի,— ասաց անծանոթը։

Նավապետը բերանը բացեց, կարծես շնչել չէր կարողանում։

— Սև գամփռ,— գոչեց նա հանկարծ։

— Նա ինքն է,— պատասխանեց անծանոթը, քիչ աշխուժանալով։— Սև գամփռը եկել է տեսնելու իր հին բարեկամին, իր սիրելի Բիլիին, որն ապրում է «Ծովակալ Բենբոու» պանդոկում։ Ա՜խ, Բիլի, Բիլի։ Որքան ջուր է անցել այն օրից, երբ ես զրկվեցի իմ երկու ճանկերից,— բացականչեց նա, բարձրացնելով իր այլանդակված ձեռքը։

— Լա՛վ,— ասաց նավապետը,― դու հետամտել ես ինձ, և ես կանգնած եմ քո առջև։ Ասա՛, ինչո՞ւ ես եկել։

— Ճանաչում եմ քեզ, Բիլի,— պատասխանեց Սև գամփռը։― Դու ճիշտ ես ասում, Բիլի։ Այս հիանալի տղան, որին ես այնքան սիրեցի, մի բաժակ ռոմ կբերի ինձ համար։ Մենք քեզ հետ կնստենք, եթե ուզում ես և կխոսենք առանց այլաբանության, ուղղակի, ինչպես հին ընկերներ։ Ճիշտ չէ՞։

Երբ վերադարձա և շիշը բերի, նրանք արդեն նստել էին սեղանի մոտ։ Սև գամփռը դռան մոտ էր նստել, նստարանի ծայրին և մի աչքով նայում էր իր հին բարեկամին, իսկ մյուս աչքով դռանը, որ նա փախչել չկարողանա։

Նա հրամայեց ինձ, որ գնամ և դուռը բաց թողնեմ։

— Դու, որդիս, բանալու ծակից չնայես,— բացատրեց նա։

Ես նրանց թողի և վերադարձա հաշվեսեղանի մոտ։

Երկար ժամանակ, չնայած իմ ջանքերին, ես, բացի շշուկից, ոչինչ չլսեցի։ Բայց հետզհետե ձայները բարձրացան, և վերջապես ինձ հաջողվեց մի քանի խոսք լսել, գլխավորապես հայհոյանք, որը դուրս էր գալիս նավապետի բերանից։

Վերջապես նավապետը գոչեց։

— Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Բավական է այդ մասին։ Լսո՞ւմ ես։

Եվ հետո կրկին.

— Եթե բանը կախաղանի հասնի, թող նրա վրա ճոճվեն բոլորը։

Հետո հանկարծ հայհոյանքի սարսափելի տարափ և այլ անսպասելի ձայներ, սեղանն ու աթոռները դղրդյունով շրջվեցին հատակին, զրնգաց շեղբերի պողպատը, մեկը ցավից գոռաց, և մի րոպեից հետո ես տեսա Սև գամփռին, որը ամբողջ թափով դեպի դուռն էր վազում։ Նավապետը հետևում էր նրան։ Նրանց սրերը մերկացված էին։ Սև գամփռի ձախ ուսից արյուն էր հոսում։ Հենց դռան մոտ նավապետը սուրը թափահարեց և ուզում էր փախչողին էլի մի ամենասարսափելի հարված հասցնել, բայց սուրը դիպավ մեր «Ծովակալ Բենբոուի» մեծ ցուցանակին։ Ցուցանակի շրջանակին մինչև այժմ էլ կարելի է հետքը տեսնել։

Սրանով էլ կռիվը վերջացավ։

Ճանապարհ դուրս գալով, Սև գամփռը, չնայելով իր վերքին, սլացավ այնպիսի արագությամբ, որ կես րոպեից հետո անհետացավ բլրի ետևում։ Նավապետը խելագարի պես կանգնել նայում էր ցուցանակին։ Հետո մի քանի անգամ ձեռքը քսեց աչքերին և տուն դարձավ։

— Ջի՛մ,– հրամայեց նա։— Ռո՜մ։

Այս խոսքերն ասելիս նա թեթև երերաց և ձեռքով հենվեց պատին։

— Դուք վիրավորվա՞ծ եք,— գոչեցի ես։

— Ռո՜մ,— կրկնեց նա։— Ես պետք է հեռանամ այստեղից։ Ռո՛մ։ Ռո՛մ։

Ես վազեցի ռոմ բերելու, բայց հուզմունքից բաժակը կոտրեցի և տակառի ծորակը ցեխոտեցի։ Եվ մինչև ամեն բան կարգի էի բերում և ուրիշ բաժակ լցնում, հանկարծ լսեցի, թե ինչպես ընդհանուր սենյակում ինչ-որ մի բան թրմփաց հատակին։ Ես ներս մտա և տեսա նավապետին, որն իր ամբողջ երկարությամբ ձգված էր հատակին։ Մայրիկս, աղմուկից ու կռվից անհանգստացած, ցած իջավ ինձ օգնելու։ Մենք բարձրացրինք նավապետի գլուխը։ Նա շատ ծանր էր շնչում։ Աչքերը փակ էին, դեմքր՝ շառագունած։

― Աստված իմ,— գոչեց մայրիկս։— Ի՞նչ խայտառակություն է մեր պանդոկի համար։ Իսկ քո խեղճ հայրը, կարծես դիտմամբ, հիվանդ պառկած է։

Մենք չգիտեինք, թե ինչպես օգնենք նավապետին և համոզված էինք, որ անծանոթի հետ մենամարտելուց առաջացած նրա վերքը մահացու է։ Ես ռոմ բերեցի և փորձեցի լցնել նրա բերանը։ Սակայն նրա ուժեղ ծնոտները սեղմված էին, կարծես երկաթից լինեին։

Բարեբախտաբար դուռը բացվեց, և սենյակ մտավ բժիշկ Լիվսին, որ եկել էր հորս տեսնելու։

— Բժի՛շկ, օգնեցե՛ք,— բացականչեցինք մենք։— Ի՞նչ անենք։ Ո՞րտեղից է վիրավորված։

— Վիրավորվա՞ծ,— ասաց բժիշկը։– Նա այնպես է վիրավորված, ինչպես դու կամ ես։ Նա կաթվածահար է եղել։ Դե՞, տիկին Հոկինս, ետ դարձեք վերև, ձեր ամուսնու մոտ և եթե կարելի է, ոչինչ մի ասեք նրան։ Իսկ ես կփորձեմ ազատել այս երիցս անպետք կյանքը։ Ջիմ, մի թաս բեր։

Երբ թասը բերեցի, բժիշկն արդեն քշտել էր նավապետի թևը և մերկացրել նրա մեծ, մկանոտ ձեռքը։ Ամբողջ թևը դաջված էր։ Ուսի և արմունկի միջև կապտին էին տալիս հետևյալ մակագրությունները՝ «բախտավոր եղիր», «բարեհաջող քամի», «թող իրականանան Բիլի Բոնսի երազանքները»։ Հենց ուսի մոտ նկարված էր կախաղան, որի վրա մի մարդ էր ճոճվում։ Այս նկարը, ինչպես ինձ թվաց, նկարված էր վարպետորեն։

— Մարգարեական նկար է,— նկատեց Բժիշկը, ձեռքը դնելով նկարին։

— Իսկ այժմ, պարոն Բիլի Բոնս, եթե իսկապես ձեզ այդպես են կանչում, մենք կտեսնենք, թե ինչ գույնի է ձեր արյունը։ Ջիմ,— դիմեց նա ինձ,— դու արյունից չե՞ս վախենում։

— Ո՛չ, պարոն,— ասացի ես։

— Շատ լավ,— ասաց բժիշկը,― այն ժամանակ բռնիր թասը։

Նա վերցրեց նշտարը և երակը բացեց։

Նավապետից շատ արյուն հոսեց, մինչև որ նա աչքը բացեց և մռայլ հայացքով նայեց մեզ։ Նա բժշկին ճանաչեց և ունքերը կիտեց։ Հետո նկատեց ինձ և կարծես մի քիչ հանգստացավ։ Ապա հանկարծ կարմրեց և, ցանկանալով վեր կենալ, գոչեց.

— Որտե՞ղ է Սև գամփռը։

— Այստեղ ոչ մի շուն չկա, բացի ձեզանից,— ասաց բժիշկը։— Դուք չափազանց շատ ռոմ եք խմել։ Եվ ահա ձեզ կաթված է խփել, ինչպես ես նախագուշակել էի։ Եվ ես, իմ ցանկության հակառակ, հանեցի ձեզ գերեզմանից։ Դե, պարոն Բոնս․․․

― Ես Բոնս չեմ,— ընդհատեց նավապետը։

— Կարևոր չէ,— ասաց բժիշկը։— Ես մի ծանոթ ծովահեն ունեմ, որին Բոնս են կանչում, և ես այդ անունը տվել եմ կարճ լինելու պատճառով։ Հիշեցեք, ինչ-որ ասեմ ձեզ․ մի բաժակ ռոմը ձեզ, իհարկե, չի սպանի, բայց եթե մի բաժակ խմեք, կցանկանաք էլի ու էլի խմել։ Եվ երդվում եմ ձեզ իմ կեղծամով, որ եթե խմելը չթողնեք, դուք շատ շուտով կմեռնեք։ Հասկանալի՞ է։ Կվերադառնաք երկինք, ինչպես ասված է ավետարանում։ Դե՛, փորձեցեք վեր կենալ։ Ես կօգնեմ ձեզ, որ հասնեք ձեր անկողնին։

Մեծ դժվարությամբ նավապետին քարշ տվինք վերև և պառկեցրինք անկողնում։ Գլուխը թուլությունից ընկավ բարձին։ Նա համարյա թե անզգա էր։

— Եվ այդպես, հիշեցեք,— ասաց Բժիշկը,— ձեզ մաքուր խղճով եմ ասում․ ռոմ և մահ բառերը ձեզ համար միևնույն նշանակությունն ունեն։

Իմ ձեռքից բռնելով, նա ճանապարհ ընկավ հիվանդ հորս մոտ։

— Դատարկ բան է,— ասաց նա, հենց որ դուռը փակեցինք։— Ես նրանից այնքան արյուն բաց թողի, որ նա երկար ժամանակ հանգիստ կլինի։ Մի շաբաթ կպառկի անկողնում, իսկ դա օգտակար է թե նրա և թե ձեզ համար։ Իսկ երկրորդ կաթվածի ժամանակ նա կենդանի չի մնա։


Գլուխ III։ Սև նշանը

Կեսօրին մոտ ես նավապետի սենյակը մտա, տանելով զովացուցիչ խմիչք և դեղ։ Նա պառկած էր նույն դրության մեջ, ինչպես թողել էինք, միայն մի քիչ բարձր։ Նա ինձ չափազանց թույլ թվաց և միաժամանակ շատ վրդովված։

— Ջիմ,— ասաց նա,— այստեղ լավը միայն դու ես։ Եվ դու գիտես, որ ես միշտ բարի եմ եղել դեպի քեզ։ Ամեն ամիս ես քեզ չորս պենս էի տալիս։ Տեսնում ես, բարեկամ, իմ դրությունը վատ է, ես հիվանդ եմ և բոլորի կողմից մոռացված։ Եվ դու, Ջիմ, ինձ համար մի գավաթ ռոմ կբերես։ Այնպես չէ՞։

— Բժիշկը․․․— սկսեցի ես։

Բայց նա թույլ ձայնով, սակայն չափազանց բարկացած, սկսեց հայհոյել բժշկին։

— Բոլոր բժիշկները ցամաքի առնետներ են,— ասաց նա։— Իսկ ձեր այստեղի բժիշկը ինչ հասկացողություն ունի ծովագնացների մասին։ Ես եղել եմ այնպիսի երկրներում, որտեղ տաք է, ինչպես եռացող ձյութի մեջ, որտեղ մարդիկ մեռնում էին դեղին տենդից, իսկ երկրաշարժերը ճոճում էին ցամաքն, ինչպես ծովի ալիքը։ Ի՞նչ գիտե ձեր բժիշկն այդ վայրերի մասին։ Եվ ես ապրել եմ միայն ռոմով։ Այո՛, ռոմով։ Ռոմն ինձ համար և՛ միս էր, և՛ ջուր, և՛ կին, և՛ բարեկամ։ Եթե այժմ ռոմ չխմեմ, ես կլինեմ ինչպես ալեկոծությունից ափ նետված հին նավ։ Եվ իմ մահվան պատճառը դու կլինես, Ջիմ, և այն առնետը՝ բժիշկը։

Նա կրկին սկսեց հայհոյել։

— Նայի՛ր, Ջիմ, թե ինչպես են դողում մատներս,― շարունակեց նա խղճալի ձայնով։— Ես չեմ կարող կանգնեցնել նրանց, որ չդողդողան։ Այսօր ես ո՛չ մի կաթիլ բերանս չեմ դրել։ Այդ բժիշկը հիմար է, հավատացնում եմ քեզ։ Եթե ռոմ չխմեմ, Ջիմ, աչքիս սարսափելի բաներ կերևան։ Մի քանի բաներ արդեն երևացել են, աստված վկա։ Ես տեսա ծերունի Ֆլինտին, ահա այստեղ, անկյունում, մեջքիս ետևը կանգնած։ Տեսա նրան պարզ, ինչպես կենդանի։ Իսկ երբ աչքիս այդպիսի սարսափելի բաներ են երևում, ես գազան եմ դառնում։ Ձեր բժիշկն ինքն ասաց, որ մի բաժակն ինձ չի սպանի։ Ես քեզ կտամ մի ոսկե գինեյ մի գավաթ ռոմի համար, Ջիմ։

Նա այնքան համառորեն էր խնդրում և այնքան վրդովված էր, որ ես վախեցա է թե հայրիկս կլսի։ Հորս դրությունն այդ օրը հատկապես վատ էր, և նա լրիվ հանգստության կարիք ուներ։ Միաժամանակ ինձ ուժ էին տալիս բժշկի խոսքերը, թե մի բաժակը նրան չի վնասի։

— Ձեր փողն ինձ պետք չէ,— պատասխանեցի ես, որովհետև առաջարկած կաշառքն ինձ շատ վիրավորեց։— Ավելի լավ է վճարեցեք այն, ինչ-որ հորս պարտք եք։ Ես ձեզ համար մի բաժակ ռոմ կբերեմ, բայց դա կլինի վերջինը։

Ես մի բաժակ ռոմ բերեցի։ նա ագահաբար վերցրեց ու դատարկեց։

— Ա՛յ, հիմա լավ է,— ասաց նա,— ես միանգամից առողջացա։ Լսի՛ր, բարեկամս, բժիշկը չի՞ ասել, թե որքան ժամանակ պետք է պառկեմ այս մահճակալին։

— Առնվազն մի շաբաթ,— ասացի ես,― ոչ պակաս։

— Որոտ ու կայծակ,— բացականչեց նավապետը։— Մի շաբա՞թ։ Եթե ես մի շաբաթ պառկեմ, նրանք ժամանակ կունենան ինձ սև նշան ուղարկելու։ Այդ մարդիկ արդեն հոտ են առել, թե որտեղ եմ ես, այդ վատնիչներն ու դատարկաշրջիկները, որոնք չկարողացան պահել իրենցը, այժմ աչք են տնկել ուրիշի ունեցածի վրա։ Իսկական ծովայինները մի՞թե այդպես են վարվում։ Ահա, ես, օրինակ․ ես խնայող մարդ եմ և երբեք փողերը դես-դեն չեմ շպրտել և չեմ ցանկանում վաստակածս կորցնել։ Ես էլի կխաբեմ այդ մարդկանց։ Ես կհեռանամ այս ստորջրյա ժայռից և նորից նրանց բոլորին հիմարացած կթողնեմ։

Այս խոսքերն ասելով, նա սկսեց կամաց բարձրանալ անկողնից, հենվելով իմ ուսին այնպիսի ուժով, որ ես քիչ մնաց ցավից գոռայի։ Ծանր, ինչպես կոճղեր, նրա ոտներն իջան հատակին։ Եվ նրա կրակոտ խոսակցությունը բոլորովին չէր համապատասխանում հազիվ լսելի ձայնին։

Մահճակալի վրա նստելուց հետո նա երկար ժամանակ չէր կարողանում ոչ մի բառ արտասանել։ Վերջապես ասաց․

— Հոգիս հանեց այդ բժիշկը․․․ Ականջներս կարծես երգ են ասում։ Օգնիր, որ պառկեմ․․․

Բայց մինչև ձեռքս նրան պարզելը, նա կրկին ընկավ անկողնին և միառժամանակ լուռ պառկած էր։

― Ջի՛մ,― ասաց նա վերջապես,— դու այսօր տեսա՞ր այն ծովայինին։

— Սև Գամփռի՞ն,— հարցրեցի ես։

— Այո, Սև Գամփռին,— ասաց նա։— Նա շատ վատ մարդ է, բայց նրանք, ովքեր նրան ուղարկել են, ավելի վատն են։ Լսի՛ր, եթե ինձ չհաջողվի այստեղից հեռանալ, և նրանք ինձ սև նշան ուղարկեն, իմացի՛ր, որ ուզում են ձեռք գցել իմ սնդուկը։ Այն ժամանակ դու ձի նստիր, չէ՞ որ լավ ես ձի նստում, այնպես չէ՞, այն ժամանակ դու ձի նստիր և սլացիր․․․ Այժմ ինձ համար միևնույն է․․․ Սլացիր թեկուզ այն անիծված բժշկի մոտ, այն առնետի մոտ, և ասա, որ տախտակամածի վրա հավաքի բոլոր նավաստիներին, բոլոր երդվյալներին ու դատավորներին և հանկարծակի բռնի իմ հյուրերին «Ադմիրալ Բենբոուի» վրա, Ֆլինտի հին ավազակախումբը, բոլորին, մինչև վերջինը, քանիսը որ կենդանի են մնացել։ Ես առաջին ղեկապետն էի․ այո, ծերունի Ֆլինտի առաջին ղեկապետը, և ե՛ս միայն գիտեմ, թե որտեղ է գտնվում այն տեղը։ Նա ինքն ինձ հաղորդեց Սավանայում, երբ ընկած էր մերձիմահ, ինչպես ես եմ այժմ պառկած, տեսնո՞ւմ ես։ Բայց դու ոչինչ մի անի, մինչև որ ինձ սև նշան չուղարկեն կամ մինչև որ կրկին չես տեսնի Սև Գամփռին կամ միոտանի ծովագնացին։ Այդ միոտանուց, Ջիմ, բոլորից շատ զգուշացիր։

— Բայց այդ ի՞նչ նշան է, նավապետ,— հարցրի ես։

— Դա կոչ է, բարեկամս։ Դատարան հրավիրող ծանուցագրի նման։ Երբ ուղարկեն, ես քեզ կասեմ։ Դու միայն նրանց ձեռքից բաց մի թողնի, սիրելի Ջիմ, ես բոլորը քեզ հետ կկիսեմ, ազնիվ խոսք եմ տալիս։

Նա սկսեց խոսել, և նրա ձայնը գնալով թուլանում էր։ Ես նրան դեղ տվի, նա երեխայի պես ընդունեց։

— Դեռևս ոչ մի ծովային այնքան դեղի կարիք չի ունեցել, որքան ես։

Շատով նա ծանր ինքնամոռացության մեջ ընկավ, և ես նրան մենակ թողի։

Չգիտեմ ինչպես կվարվեի ես, եթե ամեն ինչ լավ վերջանար։ Երևի ամեն բանի մասին կպատմեի բժշկին, որովհետև ես սաստիկ վախենում էի, որ նավապետը կզղջա իր անկեղծության համար և կսպանի ինձ։ Բայց դրությունն ուրիշ կերպ դասավորվեց։ Երեկոյան իմ խեղճ հայրը հանկարձակի մեռավ, և մենք ամեն բան մոռացանք։ Այն ժամանակ ես այնպես էի համակված մեր վշտով, հարևանների այցելությամբ, թաղում կազմակերպելով և պանդոկի աշխատանքով, որ ժամանակ չունեի ո՛չ նավապետի մասին մտածելու և ո՛չ էլ նրանից վախենալու։

Հետևյալ առավոտ նա իջավ ներքև այնպես, որ կարծես թե ոչինչ չի պատահել։ Կերավ սովորական ժամերին, բայց ոչ ախորժակով, և, վախենում եմ, սովորականից ավելի խմեց, որովհետև ինքն էր լցնում ու խմում։ Խմելիս նա այնպես բարկացած էր փնչացնում ու փսփսում, որ ոչ ոք չէր համարձակվում արգելել նրան՝ ավելորդ չխմել։ Թաղման օրվա նախօրյակի երեկոյան նա սովորականի պես հարբած էր։ Զզվելի էր լսել նրա սանձարձակ, վայրի երգը մեր տխուր տանը։ Թեև նա շատ թույլ էր, սակայն մենք սաստիկ վախենում էինք նրանից։ Միակ մարդը, որ կարող էր նրա բերանը փակել, բժիշկը, հեռու էր․ նրան հրավիրել էին մի քանի կիլոմետրի վրա մի հիվանդի մոտ, և հորս մահից հետո ո՛չ մի անգամ մեր տան մոտերը չէր երևում։

Ես ասացի, որ նավապետը թույլ է։ Եվ իսկապես, նա ոչ միայն չէր առողջանում, այլ կարծես թե ավելի թուլանում էր։ Հազիվհազ էր բարձրանում սանդուղքով և օրորվելով, կաղալով մոտենում էր վաճառասեղանին։

Երբեմն նա քիթը դռնից հանում էր ծովի օդը շնչելու, բայց այդ ժամանակ բռնում էր պատից։ Նա շնչում էր ծանր և արագ, այն մարդու նման, որ սարնիվեր է բարձրանում։

Նա այլևս ինձ հետ չէր խոսում և, ըստ երևույթին, մոռացել էր իր անկեղծության մասին, բայց չնայելով իր թուլությանը, ավելի դյուրագրգիռ էր դարձել։ Հարբելով, հանում էր թուրն ու դնում սեղանին, և այդ ժամանակ համարյա մարդկանց չէր նկատում, կարծես խորասուզված էր իր մտքերի և ցնորքային տեսիլքների մեջ։

Մի անգամ նա մինչև անգամ սկսեց ինչ-որ գյուղական սիրահարական երգ շվշվացնել, որը երևի երգել էր պատանի ժամանակ, ծովն ուղևորվելուց առաջ։ Այդ բանը մեզ շատ զարմացրեց։

Այդ դրության մեջ էին գործերը, երբ թաղման մյուս օրը, օրն ամպամած էր, մառախլապատ և ցուրտ, ցերեկվա ժամը երեքին ես դուրս եկա և կանգնեցի շեմքին։ Վիշտն ինձ տանջում էր։

Հանկարծ տեսա մի մարդ, որը կամաց գալիս էր ճանապարհով։ Երևի նա կույր էր, որովհետև ճանապարհը փնտրում էր ձեռնափայտով։ Նրա աչքերի և քթի վրա կանաչ վահանակ էր կախված։ Ծերությունից կամ հիվանդությունից կռացած, նա ամբողջովին փաթաթված էր մի հին, պատառոտված նավաստու թիկնոցում, որը նրան ավելի անճոռնի էր դարձնում։ Իմ կյանքում ես երբեք այդպիսի սարսափելի մարդ չէի տեսել։ Նա պանդոկի մոտ կանգնեց և բարձր, տարօրինակ ձայնով արտասանեց, դիմելով դատարկ տարածությանը․

― Չի՞ ասի արդյոք որևէ բարերար մարդ՝ իր հայրենիքը՝ Անգլիան, քաջությամբ պաշտպանելիս տեսողությունը կորցրած խեղճ կույրիս, թե ներկայումս որտեղ է գտնվում ինքը։

— Դուք գտնվում եք «Ադմիրալ Բենբոու» պանդոկի մոտ, Սև ժայռի ծովախորշում, բարի մարդ,— ասացի ես։

— Ես լսում եմ մի ձայն,— ասաց ծերունին,― և երիտասարդ ձայն։ Տվեք ինձ ձեր ձեռքը, բարի երիտասարդ, և առաջնորդեցեք ինձ դեպի այդ տունը։

Ես ձեռքս պարզեցի, և այդ սարսափելի անաչք էակը այնպիսի քաղցրավուն ձայնով ճանկեց ձեռքս, որ կարծես աքցանով բռնեց։ Ես այնպես վախեցա, որ ուզում էի փախչել։ Բայց կույրն ինձ դեպի իրեն քաշեց

— Իսկ այժմ, տղաս,— ասաց նա,— տար ինձ նավապետի մոտ։

— Պարոն,— ասացի ես,— ազնիվ խոսք, ես չեմ համարձակվում։

— Չե՞ս համարձակվում,— քմծիծաղ տվեց նա։— Ա՛յ թե ինչ։ Չե՞ս համարձակվում։ Տար ինձ իսկույն, թե չէ ձեռքդ կկոտրեմ։

Եվ նա այնպես շրջեց իմ ձեռքը, որ ես ճչացի։

– Պարոն,— ասացի,— ես մտածում եմ ոչ թե իմ մասին, այլ ձեր մասին։ Նավապետն այժմ այնպիսին չէ, ինչպես միշտ։ Նա նստած է սուրը ձեռքին։ Մի ուրիշ մարդ արդեն եկել է նրա մոտ և...

— Շո՛ւտ, քայլի՛ր,— ընդհատեց նա։

Ես երբեք այդպիսի կատաղի, սառը, զզվելի ձայն չէի լսել։ Այդ ձայնը ցավից ավելի ուժեղ վախեցրեց ինձ։ Ես հասկացա, որ պետք է ենթարկվեմ և նրան տարա ընդհանուր սենյակը, որտեղ նստած էր մեր հիվանդ ծովահենը, ռոմով թմրած։ Կույրը կառչեց ինձ իր երկաթե մատներով։ Նա ճնշում էր ինձ իր ամբողջ ծանրությամբ, և ես հազիվ էի ոտքի վրա կանգնում։

— Տար ինձ ուղիղ նրա մոտ, և երբ նա ինձ կտեսնի, ձայն տուր․ «Ահա ձեր բարեկամը, Բիլի»։ Եթե ձայն չտաս, ահա թե ինչ կանեմ։

Եվ այնպես սեղմեց իմ ձեռքը, որ քիչ էր մնում գիտակցությունս կորցնեի։ Այնպես էի վախենում կույր մուրացիկից, որ մոռացա իմ սարսափը նավապետի առաջ, և բաց անելով ընդհանուր սենյակի դուռը, դողդողուն ձայնով գոչեցի այն բառերը, որ կույրը հրամայել էր ասել։

Խեղճ նավապետը աչքերը վերև բարձրացրեց և միանգամից զգաստացավ։ Նրա դեմքը երկյուղ չէր արտահայտում, այլ, ավելի շուտ, մահվան տանջանք։ Նա փորձեց կանգնել, բայց, երևի ուժը չպատեց։

— Ոչի՛նչ, Բիլի, նստիր, որտեղ նստած ես,— ասաց մուրացիկը։— Ես չեմ կարող քեզ տեսնել, բայց լսում եմ, թե ինչպես են դողդողում քո մատները։ Գործը գործ է։ Պարզիր ձախ ձեռքդ։ Տղա՛, բռնիր նրա աջ ձեռքը և մոտեցրու իմ աջ ձեռքին։

Մենք երկուսս էլ հնազանդվեցինք։ Եվ ես տեսա, թե ինչպես նա իր այն ձեռքից, որով ձեռնափայտն էր բռնել, ինչ-որ մի բան փոխադրեց նավապետի ափը։

— Գործն արված է,— ասաց կույրը։

Այս ասելով, նա իմ ձեռքը բաց թողեց և կույրի համար անսպասելի արագությամբ դուրս թռավ փողոց։ Ես դեռ կանգնած էի անշարժ, լսելով նրա ձեռնափայտի հեռավոր թխկոցները։

Բավական ժամանակ անցավ, մինչև ես ու նավապետը սթափվեցինք։ Այդ ժամանակ միայն ես զգացի, որ դեռ բռնած եմ նրա ձեռքը։ Հանկարծ նա քաշեց իր ձեռքը և նայեց ափին։

— Ժամը տասին,— բացականչեց նա։— Վեց ժամ է մնում։ Դեռ ժամանակ կա։

Նա ոտքի ելավ, բայց իսկույն տատանվեց և կոկորդը բռնեց։ Այդպես տատանվելով կանգնեց մի քանի վայրկյան, հետո ինչ-որ տարօրինակ ձայն հանելով, ամբողջ ծանրությամբ ընկավ հատակի վրա երեսնիվայր։

Ես արագ մոտեցա նրան և կանչեցի մորս։ Բայց ուշ էր։ Նավապետը հանկարծամահ եղավ կաթվածահարությունից։ Եվ տարօրինակ է, ինձ այդ մարդը երբեք դուր չէր եկել, թեև վերջին ժամանակներս սկսել էի խղճալ, բայց նրան մեռած տեսնելով, լաց եղա։ Ես երկար ժամանակ լաց եղա, արցունքներս հոսում էին։ Սա երկրորդ մահն էր, որ տեղի էր ունենում իմ աչքի առաջ, և այն վիշտը, որ պատճառել էր ինձ առաջին մահը, դեռ թարմ էր իմ սրտում։


Գլուխ IV։ Նավաստու սնդուկը

Ես, իհարկե, իսկույն պատմեցի մորս այն բոլորն, ինչ որ գիտեի։ Գուցե պետք է այդ մասին ավելի շատ պատմեի։ Մենք ծանր և վտանգավոր դրության մեջ ընկանք։

Դրամի մի մասը, նավապետի մահից հետո, եթե միայն փող ուներ նա, անպայման պետք է պատկաներ մեզ։ Բայց հազիվ թե Սև Գամփռի և կույր մուրացիկի նման նրա ընկերները համաձայնեին հրաժարվել իրենց ավարից, հանգուցյալի պարտքերը վճարելու համար։ Նավապետի հրամանը՝ ձի նստել և գնալ բժիշկ Լիվսիի ետևից, ես կատարել չկարողացա. չէր կարելի մորս թողնել մենակ, անպաշտպան։ Այդ մասին մտածել էլ հարկավոր չէր։ Մենք չէինք համարձակվում երկար ժամանակ մնալ տանը, մենք ցնցվում էինք մինչև անգամ այն ժամանակ, երբ մեր օջախի ածուխներն ընկնում էին երկաթե ցանցի վրա։ Մենք վախենում էինք մինչև անգամ ժամացույցի չխկչխկոցից։ Ամեն տեղից ինչ-որ ձայներ էինք լսում, կարծես թե մեկը մոտենում էր մեր տանը։

Երբ մտածում էինք, թե հատակի վրա մեռած մարմին է ընկած և որ մոտիկում, ինչ-որ տեղ թափառում է զզվելի կույր մուրացիկը, մազերս բիզ-բիզ էին կանգնում։ Մի րոպե ուշանալ չէր կարելի։ Պետք է ինչ-որ բան ձեռնարկեինք։ Եվ մենք որոշեցինք միասին ճանապարհվել դեպի մոտիկ գյուղը օգնություն կանչելու։ Որոշեցինք ու կատարեցինք։ Գլուխներս բաց սկսեցինք վազել սառը մշուշի միջով։ Արդեն սկսել էր մթնել։

Գյուղը չէր երևում, սակայն մոտիկ էր, մի քանի հարյուր յարդ տարածության վրա, հարևան ծովախորշի հակառակ կողմում։ Ինձ շատ արիացնում էր այն հանգամանքը, որ կույր մուրացիկը հակառակ կողմով էր գնացել։ Մենք գնում էինք, թեև ոչ երկար ժամանակ, երբեմն կանգ էինք առնում և ականջ դնում։ Սակայն չորս կողմը սովորական ձայներ էին. շնչում էր մակընթացությունը, և անտառում ագռավներն էին կռկռում։

Գյուղում արդեն մոմերը վառել էին, և ես չեմ մոռանում, թե նրանց դեղնավուն փայլը դռներում և պատուհաններում ինչպես հանգստացրեց մեզ։ Եվ սա միակ օգնությունն էր, որ մեզ հաջողվեց ստանալ։ Ոչ ոք գյուղի բնակիչներից չհամաձայնեց գալ մեզ մոտ՝ «Ծովակալ Բենբոու»։

Որքան շատ էինք խոսում մեր հուզմունքի մասին, այնքան ուժեղ էին այդ մարդիկ կռթնում իրենց անկյուններում։ Նավապետ Ֆլինտի անունը, որ ինձ մինչ այդ անծանոթ էր, նրանցից շատերին ծանոթ էր և սարսափեցնում էր։ Նրանցից ոմանք հիշեցին, թե ինչպես մի անգամ, դաշտում, «Ծովակալ Բենբոուի» մոտ աշխատելիս, ճանապարհին ինչ-որ կասկածելի մարդիկ տեսան։ Անծանոթները նրանց մաքսանենգ թվացին, և նրանք տուն շտապեցին, որ իրենց դռներն ավելի ամուր փակեն։ Նրանցից մեկն էլ ծովախորշում տեսել էր մի փոքրիկ նավ, որ կոչվում էր Լոգովո Կիտա։ Այդ պատճառով էլ միայն հիշելը նավապետի մտերիմների մասին սարսռեցնում էր նրանց։ Գտնվեցին համարձակ մարդիկ, որոնք համաձայնեցին գնալ բժիշկ Լիվսիի ետևից, որ ապրում էր մյուս կողմում, սակայն պանդոկի պաշտպանությանը ոչ ոք չէր ուզում մասնակցել։

Ասում են, թե վախկոտությունը վարակիչ է։ Սակայն վեճերը և հակաճառությունները ընդունակ են մարդուն քաջություն ներշնչել։ Երբ բոլորն էլ հրաժարվեցին մեզ հետ գալուց, մայրիկս հայտնեց, որ չի ցանկանում կորցնել այն դրամը, որ պատկանում է իր որբացած որդուն։

― Դուք կարող եք, որքան ուզում եք վախենալ, ես և Ջիմը վախկոտներից չենք։ Մենք կվերադառնանք այն ճանապարհով, որով եկել ենք։ Ձեզ նման պնդակազմ, լայնաթիկունք մարդկանց համար պատիվ չի բերում ճտի սիրտ ունենալը։ Մենք այն սնդուկը բաց կանենք, եթե դրա համար մեռնելու էլ լինենք։ Ես շատ շնորհակալ կլինեմ, տիկին Կրոսալի, եթե թույլ տաք վերցնելու ձեր պայուսակը, որ նրա մեջ լցնենք ու բերենք այն փողերը, որ օրենքով մեզ են պատկանում։

Ես, իհարկե, հայտնեցի, թե կգնամ մորս հետ և, իհարկե, բոլորը գոռացին, թե դա անմտություն է։ Այնուամենայնիվ, տղամարդկանցից ոչ ոք չասաց, թե կգա ճանապարհ դնելու։ Օգնությունը սահմանափակվեց նրանով միայն, որ տվին ինձ մի լցրած ատրճանակ և խոստացան պատրաստ պահել թամբած ձիեր, որ եթե ավազակներն ընկնեն մեր ետևից, կարողանանք փախչել։ Իսկ մի երիտասարդ սլացավ բժշկի մոտ զինված ուժ բերելու։

Իմ սիրտն ուժգին խփում էր, երբ մենք ուղղվեցինք դեպի մեր վտանգավոր ճանապարհը։ Ցուրտ գիշեր էր։ Լիալուսինը դուրս եկավ։ Նա արդեն բարձրացել էր հորիզոնի վրա և մշուշում կարմրին էր տալիս՝ յուրաքանչյուր րոպե ավելի պայծառ փայլելով։ Մենք հասկացանք, որ շուտով ցերեկվա պես լույս կլինի, և մեզ վերադարձին նկատելը դժվար չի լինի։ Այդ պատճառով էլ սկսեցինք ավելի շտապել։ Մենք անձայն ու արագ անցնում էինք ցանկապատերի երկարությամբ և ճանապարհին ոչ մի սարսափելի բանի չհանդիպելով, վերջապես հասանք «Ծովակալ Բենբոուին»։

Տուն հասնելով, ես իսկույն փակեցի դուռը նիգով։ Ծանր շնչելով, մենք կանգնած էինք մթության մեջ, մեն-մենակ դատարկ տան մեջ, որտեղ ընկած էր դիակը։ Հետո մայրիկս պանդոկից մոմ բերեց և ձեռք ձեռքի բռնած, մտանք ընդհանուր սենյակը։ Նավապետն ընկած էր նույն դրությամբ, ինչպես թողել էինք, մեջքի վրա, բաց աչքերով, մի ձեռքը ետ գցած։

— Վարագույրներն իջեցրու, Ջի՛մ,— շշնջաց մայրիկս։— Նրանք կարող են մեզ հետևել պատուհանից... Իսկ այժմ,— ասաց նա, երբ վարագույրներն իջեցրի,— պետք է որոնել սնդուկի բանալին։ Բայց ես կուզենայի իմանալ, թե ո՞վ սիրտ կանի մեռելին ձեռք տալ։

Այս ասելիս, նա մինչև անգամ քիչ հեկեկաց։

Ես չոքեցի։ Հատակին, նավապետի ձեռքի մոտ, ընկած էր մի փոքրիկ թղթի կտոր, մի կողմին սև գույն քսված։ Ես չկասկածեցի, որ սև նշանը հենց սա է։ Արագ վերցրի թուղթը և նկատեցի, որ մյուս երեսին, գեղեցիկ, պարզ ձեռագրով գրված է՝ «Ժամանակ ենք տալիս մինչև երեկոյան ժամը տասը»։

— Նրանք կգան ժամը 10-ին, մայրիկ,— ասացի ես։

Եվ հենց այդ վայրկյանին մեր հին ժամացույցն սկսեց խփել։ Այս հանկարծակի ձայնն ստիպեց մեզ ուժեղ ցնցվել։ Բայց ուրախացրեց մեզ, որովհետև ժամը վեցն էր միայն։

— Դե՛, Ջիմ,— ասաց մայրս, — որոնիր բանալին։

Ես նավապետի գրպանները մեկը մյուսի ետևից քրքրեցի։ Մի քանի մանր դրամ, մի մատնոց, թել ու հաստ ասեղ, մի կտոր ծայրը կծված ծխախոտ, ծուռ կոթ ունեցող մի դանակ, գրպանի կողմնացույց, հրահան՝ ահա այն բոլորը, ինչ որ գտա։ Ես արդեն սկսեցի հուսահատվել։

— Կարող է վիզն է,— ասաց մայրիկս։

Զզվանքս հաղթահարելով, ես պատռեցի նրա շապկի օձիքը։ Եվ, իսկապես, յուղոտված թելով, որը ես իսկույն կտրեցի նավապետի սեփական դանակով, կախված էր բանալին։

Այս հաջողությունը մեզ հույս ներշնչեց, և մենք շտապեցինք վերև, այն փոքրիկ սենյակը, որտեղ այնքան երկար ժամանակ ապրել էր նավապետը և որտեղ, գալու օրից գտնվում էր նրա սնղուկը։

Արտաքինով դա նավաստու մի սովորական սնդուկ էր։ Խուփի վրա երևում էր Բ տառը, որը փորագրված էր տաքացրած երկաթով։ Անկյունները տրորված ու մաշված էին, կարծես այդ սնդուկը երկար ու դժվարին ծառայություն էր կատարել։

— Բանալին տո՛ւր,— ասաց մայրիկս։

Կողպեքը դժվար էր բացվում, այնուամենայինվ, հաջողվեց բաց անել, և նա մի վայրկյանում խուփը ետ գցեց։

Ծխախոտի և կուպրի ուժեղ հոտ փչեց։ Ամենից առաջ մենք տեսանք մի նոր, լավ մաքրված ու արդուկված և, մորս ասելով, ոչ մի անգամ չհագած կոստյում։ Կոստյումը բարձրացնելով, մենք գտանք մի կույտ զանազան իրեր, երկնային մարմինների բարձրությունը չափելու գործիք (կվադրանտ), մի թիթեղյա գավաթ, մի քանի կտոր ծխախոտ, երկու զույգ գեղեցիկ ատրճանակներ, մի կտոր արծաթ, մի հին իսպանական ժամացույց, մի քանի էժանագին, բայց գլխավորապես արտասահմանում արտադրած մանր-մունր իրեր, մի զույգ կողմնացույց՝ պղնձե շրջանակով, և հինգ կամ վեց հրաշալի խեցի՝ Հնդկաչինից։ Հետագայում ես հաճախ էի մտածում էի, թե ինչու նավապետը, այդպիսի թափառական, վտանգավոր, հանցավոր կյանք ունենալով, քարշ էր տալիս իր ետևից այդ խեցիները։

Սակայն ուրիշ թանկարժեք առարկա, բացի արծաթի կտորից և մանր-մունր բաներից, մենք չգտանք, իսկ դրանք մեզ պետք չէին։ Մեզ փող էր հարկավոր, միայն փող։ Սնդուկի տակ գտնվում էր մի հին ծովային թիկնոց, որն աղի ջրից սպիտակել էր։ Մայրիկս անհամբերությամբ ետ գցեց թիկնոցը, և մենք տեսանք սնդուկում գտնվող վերջին իրերը. թղթի կապոցի պես մոմլաթում փաթաթված մի ծրար և քաթանի տոպրակ, որի մեջ, ձայնից դատելով, ոսկի կար։

— Ես ցույց կտամ այդ ավազակներին, որ ազնիվ կին եմ։ Ես կվերցնեմ միայն այնքան, ինչքան նա ինձ պարտք էր, ո՛չ մի ֆարտինգ ավելի։

Եվ նա սկսեց համրել փողն ու լցնել այն պայուսակը, որ ես բռնել էի։

Սա դժվար և երկար ժամանակ խլող գործ էր։ Այստեղ հավաքված և խառնված էին զանազան տեսակի և տարբեր երկրների փողեր․․․ և՛ դուբլոններ, և՛ լուիդորներ, և գինեյներ, և՛ պիաստրներ և էլի ուրիշ փողեր, որոնք ինձ անծանոթ էին, գինեյնեը ամենից քիչ էին, իսկ մայրիկս միայն գինեյներն էր հաշվել կարողանում։

Երբ նա հաշվեց այն գումարի կեսը, որ պարտք էր մեզ նավապետը, ես հանկարծ նրա ձեռքը բռնեցի։ Խաղաղ և ցուրտ օդում մի ձայն լսեցի, որից արյունը սառավ իմ երակներում՝ կույրի ձեռնափայտի թխկոցը սառած ճանապարհի վրա։ Թխկոցը մոտենում էր, և մենք, շունչներս պահած, լսում էինք։ Հետո լսվեց մի ուժեղ զարկ պանդոկի դռանը, դրանից հետո դռան բռնակը շարժվեց, նիգը զնգաց՝ ինչ-որ մեկը փորձում էր ներս մտնել։ Ներսում ու դրսում հանդարտություն տիրեց։ Եվ վերջապես կրկին լսվեց ձեռնափայտի թխկոցը։ Թխկոցը հեռանամ էր և շուտով այլևս չլսվեց։ Այս հանգամանքը մեզ աննկարագրելի ուրախություն պատճառեց։

— Մայրի՛կ,— ասացի ես,— վերցրու բոլորը և շուտով փախչենք։

Ես համոզված էի, որ նիգով փակված դուռը կույրին կասկածելի թվաց, և որ նա այստեղ կբերի իր ողջ իշամեղվի բույնը։

Համենայն դեպս, ինչ լավ է, որ ես գլխի ընկա և դուռը նիգով փակեցի։

Սակայն մայրիկս, չնայած իր երկյուղին, չէր համաձայնում ոչ մի կոպեկ ավելի վերցնել նրանից, ինչ-որ հասնում էր մեզ և միաժամանակ համառորեն չէր համաձայնում քիչ վերցնել։ Նա ասում էր, որ դեռ ժամը յոթը չկա, որ մենք շատ ժամանակ ունենք։ Նա գիտի իր բոլոր իրավունքները և ոչ ոքին չի զիջի։ Նա համառորեն վիճում էր ինձ հետ մինչև այն ժամանակ, երբ հանկարծ երկարատև հանդարտ շվոցի ձայն լսեցինք, որը եկավ հեռվից, բլրի վրայից։ Մենք միանգամից հակաճառությունը դադարեցրինք։

— Ես կվերցնեմ այն, ինչ-որ հաշվել եմ,― ոտի կանգնելով ասպց մայրիկս։

— Իսկ ես կվերցնեմ և այս, ուղիղ հաշվի համար,— ասացի ես, վերցնելով մոմլաթի մեջ փաթաթված թղթի կապոցը։

Մի րոպեից հետո մենք արդեն ներքևում էինք։ Մոմը մնաց դատարկ սնդուկի մոտ։ Ես դուռը բաց արի, և մենք դուրս եկանք ճանապարհ։ Ոչ մի րոպե կորցնել չէր կարելի։ Մշուշն արագ ցրվում էր։ Լուսինը սաստիկ փայլում էր։ Միայն հովտի խորքում և պանդոկի դռան մոտ միգոտ մշուշի երերուն քող կար, կարծես նրա համար, որ թաքցնի մեր փախուստի առաջին քայլերը։ Բայց արդեն ճանապարհի կեսին, քիչ վերև, բլրի ստորոտում, մենք անխուսափելի կերպով պետք է լուսնի լույսի շերտի մեջ ընկնեինք, և դեռ սա բոլորը չէ. հեռվից մենք լսեցինք մեկի արագ մոտեցող քայլերի ձայնը։ Մենք ետ նայեցինք և տեսանք մի թռչող լապտեր՝ ինչ-որ մեկը լապտերը ձեռքին գալիս էր։

― Սիրելիս,— ասաց մայրիկս,— փողերը վերցրու և փախիր։ Ես զգում եմ, որ իսկույն կուշաթափվեմ։

«Երկուսս էլ կորանք»,— վճռեցի ես։ Ինչպե՜ս էի անիծում մեր հարևանների վախկոտությունը։ Ինչպե՜ս էի բարկանում խեղճ մայրիկի վրա, նրա ազնվության, նրա համեստության, անցյալի համարձակության և ներկայիս թուլության համար։

Բարեբախտաբար անցնում էինք մի ինչ-որ փոքրիկ կամրջի մոտով։ Ես մայրիկիս օգնեցի, որ ներքև իջնի։ Նա հառաչեց և ընկավ ուսիս վրա։ Չգիտեմ, որտեղից ես ուժ առա, սակայն նրան քարշ տվի ներքև՝ կամրջի տակ, առվակի մոտ։ Միայն վախենում եմ, որ այդ շատ կոպտորեն արեցի։ Կամուրջը ցածր էր և նրա տակ շարժվել կարելի էր միայն չորեքթաթ արած։ Ես սողացի առաջ, կամարի տակ, բայց մայրս համարյա ամբողջովին տեսանելի էր։ Մենք գտնվում էինք պանդոկից մի քանի քայլ հեռավորության վրա։


Գլուխ V։ Կույրի վախճանը

Պարզվեց, որ իմ հետաքրքրությունը երկյուղից ուժեղ էր։ Տեղումս նստել չկարողացա։ Զգուշությամբ դուրս եկա կամրջի տակից և թաքնվեցի թփի ետևում։ Այստեղից ես պարզ տեսնում էի պանդոկի դռան առջևի ճանապարհը։

Հենց որ գրավեցի դիտարանը, իսկույն թշնամիները հայտնվեցին։ Նրանք յոթ կամ ութ հոգի էին։ Նրանք, բարձր և անկանոն կերպով կոշիկները գետնին զարկելով, արագ մոտենում էին։ Ձեռքին լապտեր ունեցող մարդը վազում էր առջևից։ Նրան հետևում էին երեք հոգի, ձեռք ձեռքի տված։ Չնայած մշուշին, ես նկատեցի, որ այս եռյակի մեջտեղի մարդը կույր մուրացիկն է։ Հետո լսեցի նրա ձայնը և համոզվեցի, որ նա է։

— Դուռը ջարդեցեք,― աղաղակեց նա։

— Իսկույն, պարոն,— ձայն տվին երկու թե երեք հոգի։

Եվ նրանք գրոհ տվին «Ծովակալ Բենբոուի» դռան վրա։ Դռան մոտ նրանք կանգ առան և սկսեցին շշնջալով խորհրդակցել։ Երևի զարմացան, որ դուռը փակված չէ։ Հետո կրկին լսվեցին կույրի հրամանները։ Նրա անհամբեր, կատաղի ձայնը գնալով բարձրանում էր։

— Տուն մտե՛ք։ Տուն մտե՛ք։ Տուն մտե՛ք,— գոչում էր նա, անիծելով նրանց դանդաղաշարժություլնը։

Չորս թե հինգ հոգի տուն մտան, երկուսը մնացին ճանապարհին՝ սարսափելի կույրի հետ։ Ապա, մի քանի րոպե լռությունից հետո, զարմանքի ճիչ բարձրացավ և մեկի ձայնը ներսից աղաղակեց․

— Բիլին մեռած է։

Սակայն կույրը կրկին հայհոյեց նրանց, որ այդպես դանդաղում են։

— Խուզարկեցեք նրան, ստոր դատարկապորտներ։ Մնացածդ գնացեք վերև սնդուկը բերելու,— հրամայեց նա։

Կոշիկներով թրխկթրխկացնելով, նրանք բարձրացան մեր հնացած սանդուղքով և նրանց դոփյունից ողջ տունը դողաց։ Հետո էլի զարմանքի աղաղակներ լսվեցին։ Նավապետի պատուհանի փեղկերը բացվեցին և ջարդված ապակու կտորները զրնգալով ներքև թափվեցին։ Պատուհանից մի մարդ դուրս նայեց։ Նրա գլուխը և ուսերը, լուսնյակի լույսի տակ, լավ երևում էին։ Նա ձայն տվեց կույր մուրացիկին, որ կանգնած էր ներքևում, ճանապարհին։

— Պյո՛ւ, այստեղ մեզանից առաջ մարդիկ են եղել։ Սնդուկը տակից գլուխ խառնել են։

— Իսկ ինչ-որ մենք որոնում ենք, տե՞ղն է,— ընդհատեց Պյուն։

— Փողերն այստեղ են։

— Փողերը սատանան տանի,— գոչեց կույրը։— Ես խոսում եմ Ֆլինտի թղթերի մասին։

— Թղթեր չեն երևում,— ձայն տվեց մարդը։

— Է՛յ դուք, ներքևում գտնվողներ, տեսեք մեռելի մարմնի վրա չե՞ն արդյոք,— կրկին գոչեց կույրը։

Մյուս ավազակը, երևի նրանցից մեկը, որոնք մնացել էին ներքևում, գնաց նավապետի դիակը խուզարկելու։ Նա հայտնվեց պանդոկի դռանը։

— Մինչև մեր գալը խուզարկել են,— ասաց նա,— մեզ համար ոչինչ չեն թողել։

― Մեզ թալանել են այստեղի մարդիկ։ Այն շան ձագը,— գոչեց Պյուն։— Ափսոս, որ նրա աչքերը չհանեցի... Նրանք քիչ առաջ այստեղ էին։ Երբ ես ուզում էի մտնել, դուռը նիգով փակված էր։ Որոնեցեք նրանց, տղե՛րք։ Որոնեցեք բոլոր անկյուններում։

— Այո՛, նրանք այստեղ եղել են, նրանք թողել են վառված մոմը,— ասաց պատուհանում գտնվող մարդը։

― Որոնեցե՛ք։ Որոնեցե՛ք։ Ողջ տունը տակնուվրա արեք,— կրկնում էր Պյուն, ձեռնափայտը թրխկթրխկացնելով։

Եվ ահա մեր հինավուրց պանդոկում մի սարսափելի խառնաշփոթություն սկսվեց։ Ամեն տեղ ծանր քայլերի ձայն լսվեց։ Թափվեցին ջարդոտված կահույքի կտորները, ներքևում և վերևում դռներն այնպես ուժգին փակվեցին, որ մինչև անգամ շրջակայքի ժայռերն այդ կատաղի դղրդյունին ձայնակցեցին։ Բայց բոլորն իզուր անցավ․ մարդիկ, մեկը մյուսի ետևից, դուրս եկան և զեկուցեցինք որ մեզ ոչ մի տեղ չգտան։

Այդ վայրկյանին հեռվից կրկին լսվեց այն շվոցը, որն այնպես վախեցրեց ինձ և մայրիկիս մեռելի փողերը հաշվելիս։

Այս անգամ երկու շվոց լսվեց։ Առաջ ես կարծում էի, թե կույրն այդ շվոցով իր ընկերներին գրոհի է կանչում։ Սակայն այժմ նկատեցի, որ շվոցը լսվեց գյուղի կողմից և գլխի ընկա, որ դա բանդիտներին վտանգից նախազդուշացնող ազդանշան է։

— Էլի Դերկն է,— ասաց մեկը։— Լսո՞ւմ եք, նա երկու անգամ շվացրեց։ Պետք է փախչել, տղերք։

― Փախչե՞լ։ Ախ, դուք, տխմարներ։ Դերկը եղել է միշտ հիմար ու վախկոտ։ Նրան լսելու կարիք չկա։ Նրանք այս մոտիկ տեղերում են։ Հեռու փախչել չէին կարող։ Դուք պետք է նրանց գտնեք։ Որոնեցե՛ք, շներ։ Որոնեցեք բոլոր տեղերը։ Օ՜, սատանա,— բացականչեց նա,— եթե ես աչքեր ունենայի՜։

Այս բացականչությունը որոշ չափով աշխուժացրեց ավազակներին։ Սրանցից երկուսն սկսեցին արագ փնտրել ծառերի պուրակում, բայց ակամա, հազիվ շարժվելով։ Ինձ թվաց, որ նրանք ավելի շատ մտածում էին փախուստի, քան մարդ փնտրելու մասին։ Մնացածները շվարած կանգնած էին ճանապարհին։

— Ձեր ձեռքին հազարներ կան, իսկ դուք ապուշների նման դանդաղում եք։ Եթե գտնեք այդ թուղթը, թագավորից հարուստ կդառնաք։ Այդ թուղթն այստեղ է, երկու քայլի վրա, իսկ դուք որոնելուց խուսափում և փախչելու առիթ եք փնտրում։ Ձեր մեջ մի համարձակ մարդ չգտնվեց, որը, վտանգն աչքի տակ առած, գնար Բիլի մոտ և նրան սև նշան տար։ Էլի ես տարա, կույրս։ Ձեր պատճառով ես այժմ կորցնում եմ իմ բախտավորությունը։ Ես պետք է սողամ չքավորության մեջ և գրոշներ խնդրեմ մի բաժակ խմելիքի համար, այնինչ կարող էի կառքով ման գալ։

— Բայց չէ՞ որ փողերը մեզ մոտ են,— ասաց մեկը։

— Իսկ թուղթը, երևի, նրանք թաքցրել են,— ավելացրեց մյուսը։— Փողերը վերցրու, Պյու, և դիվոտելուդ վերջ տուր։

Պյուն, ճիշտ որ, դևի նման էր։ Ավազակների վերջին առարկությունները վերջնականապես կատաղեցրին նրան։ Սաստիկ զայրացած, նա բարձրացրեց իր գավազանը և, կույրիկույր հարձակվելով իր ընկերների վրա, սկսեց նրանց հարվածել։

Նրանք իրենց հերթին չարագործին պատասխանում էին հայհոյանքներով, որոնց հետևում էին սարսափելի սպառնալիքները։ Նրան շրջապատած, փորձում էին բաց անել մատները և խլել գավազանը նրա ձեռքից։

Այս վեճը մեզ համար փրկություն էր։

Երբ նրանք կռվում էին և իրար հայհոյում, բլուրներից, գյուղի կողմից սլացող ձիերի դոփյուն լսվեց։ Համարյա հենց նույն վայրկյանին ատրճանակի կրակոց լսվեց և կրակ փայլեց։ Այդ վերջին ազդանշանն էր։ Դա նշանակում էր, թե վտանգը մոտ է։ Ավազակներն այս ու այն կողմ ընկան. մեկը ծովախորշի ճանապարհով դեպի ծովը, մյուսները՝ լանջով դեպի վեր։ Կես րոպեից հետո ճանապարհին միայն Պյուն մնաց։ Կույրին մենակ թողեցին, գուցե երկյուղից նրան մոռացան, գուցե և, դիտմամբ, հարվածների և հայհոյանքների համար վրեժ լուծեցին։ Մնալով մենակ, նա կատաղությամբ գավազանը խփում էր գետնին և ձեռքերը պարզած կանչում ընկերներին, սակայն վերջնականապես մոլորվեց և փոխանակ դեպի ծովը գնալու, վազեց գյուղի ուղղությամբ։

Նա սլանում էր ինձնից մի քանի քայլ հեռավորության վրա և լացակումած ասում․

— Ջոնի՛, Սև Գամփռ, Դերկ։ Չէ՞ որ դուք չեք թողնի ծերունի Պյուին, թանկագին ընկերներ, չէ՞ որ դուք չեք լքի ծերունի Պյուին։

Այնինչ ձիերի դոփյունը մոտենում էր։ Արդեն կարելի էր տեսնել հինգ կամ վեց ձիավոր, լուսնի լույսով լուսավորված։ Նրանք բլրից արագ ներքև էին սլանում։

Այստեղ միայն կույրը գլխի ընկավ, որ այնտեղ չի գնում, ուր հարկավոր է։ Աղաղակելով, նա շրջվեց, վազեց ուղիղ դեպի ճանապարհի մոտի առուն և ընկավ ջուրը։ Բայց իսկույն ոտի կանգնեց և ցնորված դուրս եկավ առվից և ընկավ առջևից սլացող ձիու ոտների տակ։

Ձիավորն ուզեց ազատել նրան, բայց արդեն ուշ էր։ Կույրի հուսահատ ճիչը կարծես թե պատռեց գիշերային խավարը։ Ձիու չորս սմբակները տրորեցին և ճխլեցին նրան։ Նա ընկավ կողքի վրա, կամաց շուռ եկավ մեջքի վրա և այլևս չշարժվեց։

Ես ոտի կանգնեցի և ձիավորներին ձայն տվի։ Նրանք խմբվել էին կույրի շուրջը, տեղի ունեցած դժբախտությունից վախեցած։ Ես իսկույն ճանաչեցի նրանց։ Ամենից վերջինն այն դեռահասն էր, որը համաձայնեց գնալ բժիշկ Լիվսիի ետևից։ Մնացածները մաքսատան պահնորդներն էին, որոնց նա հանդիպել էր ճանապարհին։ Նրա խելքը կտրել էր օգնության կանչել նրանց. ինչ-որ մի նավի մասին Լոգովո Կիտում լսել էր մաքսատան պետ պարոն Դենսը։ Ճանապարհը դեպի Լոգովո Կիտն անցնում էր մեր պանդոկի մոտով, և Դենսն իսկույն, իր խմբի ուղեկցությամբ, սլացավ այնտեղ։ Շնորհիվ այս բախտավոր պատահականության ես և մայրս ազատվեցինք անխուսափելի մահից։

Պյուն սպանված էր տեղնուտեղը։ Մայրիկիս տարանք գյուղ։ Այնտեղ քթին բուրավետ աղ մոտեցրին, երեսին սառը ջուր լցրին, և նա սթափվեց։ Չնայած նրա կրած երկյուղին, այնուամենայնիվ, չէր դադարում գանգատվելուց, թե ժամանակ չունեցավ նավապետի փողերից վերցնել այնքան, որքան իրավունքով պատկանում էր իրեն։

Այդ ժամանակ մաքսատան պետ Դենսն իր խմբի հետ ճանապարհվեց Լոգովո Կիտա։ Բայց որովհետև պահնորդները վախենում էին, որ դարան մտած մարդիկ կարող են լինել, այդ պատճառով էլ իջան առվակի ափը, ձիերից իջան և նրանց սանձերից քաշելով առաջ գնացին։ Եվ բնական է․ այն ժամանակ, երբ նրանք վերջապես հասան ծովախորշին, նավն արդեն խարիսխը բարձրացրել էր, թեպետև ափից հեռու չէր գտնվում։ Դենսը ձայն տվեց, որին պատասխանեց մի ուրիշ ձայն, որը խորհուրդ էր տալիս նրան խուսափել լուսնի լույսով լուսավորված վայրերից, եթե չի ուզում իր մարմնի մեջ արճճի լավ բաժին ստանալ։ Եվ իսկույն նրա ուսի մոտ մի գնդակ սուլեց։ Շուտով նավն իր արագությունը կրկնապատկեց և անհետացավ։ Պարոն Դենսը, ինչպես ինքն ասաց, որ ինքը կանգնած էր ծովափին, ինչպես «ծովից դուրս շպրտված ձուկ»։ Նա իսկույն մարդ ուղարկեց Բ․․․, որ իսկույն նավ ուղարկեն ծով։

— Բայց, այնուամենայնիվ, իզուր,— ասաց նա։— Նրանց այլևս հասնել չի կարելի։ Ես ուրախ եմ, որ պարոն Պյուի կոշտը տրորեցի։— Ես հասցրել էի նրան պատմել կույրի մասին։

Ես նրա հետ վերադարձա «Ծովակալ Բենբոու»։ Դժվար է նկարագրել, թե ինչպիսի ավերում էր։ Բանդիտները, ինձ ու մորս որոնելիս, մինչև անգամ պատի ժամացույցը պոկել էին։ Եվ թեև իրենց հետ ոչինչ չէին տարել, բացի նավապետի փողի տոպրակից և մեր դրամարկղից մի քանի արծաթե դրամներից, սակայն ինձ համար միանգամայն պարզ էր, որ մենք սնանկացել ենք։

Պարոն Դենսը երկար ժամանակ ոչինչ չէր կարողանում հասկանալ։

— Ասում ես նրանք փո՞ղ են վերցրել։ Բացատրիր ինձ, Հոկինս, էլ ի՞նչ էր նրանց պետք։ Նրանք էլի ուրիշ փո՞ղ էին որոնում։

— Ո՛չ, պարոն, փող չէին որոնում,— պատասխանեցի ես,― ինչ-որ նրանք փնտրում էին, ինձ մոտ է, գրպանումս։ Ճշմարիտն ասած, ես կուզենայի այդ բանն ավելի ապահով տեղ դնել։

— Ճշմարիտ է, տղա, ճշմարիտ է,— ասաց նա։― Եթե ուզում ես, տուր ինձ։

— Ես մտածում էի տալ բժիշկ Լիվսիին․․․— սկսեցի ես։

— Ճիշտ է,— եռանդով ընդհատեց նա։— ճիշտ է։ Բժիշկ Լիվսին ջենտլմեն է և դատավար։ Թերևս ես էլ պետք է գնամ նրա կամ կալվածատիրոջ մոտ և զեկուցեմ պատահած դեպքի մասին։ Չէ՞ որ այսպես, թե այնպես, սպանություն է պատահել։ Ես, իհարկե, երբեք չեմ ափսոսում, բայց կարող են գտնվել մարդիկ, որոնք մեղքը գցեն ինձ՝ թագավորական մաքսատան պետիս վրա։ Գիտե՞ս ինչ, Հոկինս, գնանք ինձ հետ։ Ես քեզ հետս կտանեմ, եթե ցանկանում ես։

Ես շնորհակալություն հայտնեցի, և մենք գնացինք գյուղ, որտեղ ձիերն էին գտնվում։ Մինչ ես մնաս բարով էի ասում մայրիկիս, բոլորն արդեն ձի էին նստել։

― Դոգե՛ր,— ասաց պարոն Դենսը,— քո ձին լավն է, այս քաջ տղային դիր ձիուդ գավակին։

Հենց որ ես նստեցի ձիու գավակին, Դոգերի գոտին բռնեցի, մաքսատան պետը հրամայեց ճանապարհ ընկնել, և խումբը սլացավ ճանապարհով դեպի բժիշկ Լիվսիի տունը։


Գլուխ VI։ Նավապետի թղթերը

Մենք արագ սլանում էինք և վերջապես կանգ առանք բժիշկ Լիվսիի դռանը։ Տան ճակատը պատած էր խավարով։

Պարոն Դենսն ինձ հրամայեց ձիուց ցած թռչել և դուռը ծեծել։

Աղախինը դուրս եկավ։

— Բժիշկ Լիվսին տա՞նն է,— հարցրեցի ես։

– Ո՛չ,— պատասխանեց նա։— Նա կեսօրից հետո տուն վերադարձավ, իսկ այժմ գնացել է կարվածատուն՝ ճաշելու և երեկոն կալվածատիրոջ հետ անցկացնելու։

— Այդ դեպքում մենք գնում ենք այնտեղ,— ասաց պարոն Դենսը։

Կալվածատունը հեռու չէր։ Ես մինչև անգամ ձի չնստեցի, այլ Դոգերի ասպանդակից բռնած, ձիու կողքից վազեցի։

Պուրակի դարպասը երևաց։ Երկար, լուսնի լույսով լուսավորված ծառուղին տանում էր դեպի հեռվում սպիտակին տվող կալվածատունը, որը շրջապատված էր հինավուրց այգով։ Պարոն Դենսը ձիուց ցած թռավ և ինձ տարավ կալվածատունը։ Մեզ իսկույն ներս թողին։

Երկար միջանցքով, որի վրա գորգ էր փռված, ծառան մեզ տարավ տանտիրոջ առանձնասենյակը։ Առանձնասենյակի պատերի մոտ գրքի պահարաններ էին դրված։ Յուրաքանչյուր պահարանի վրա մի կիսանդրի կար։ Կալվածատերը և բժիշկը, պայծառ կրակի մոտ նստած, ծխում էին։

Ես երբեք կալվածատիրոջն այդքան մոտիկից չէի տեսել։ Նա մի բարձրահասակ, վեց ֆուտից ավելի երկարություն ունեցղ տղամարդ էր, հաղթանդամ, լայն, մռայլ դեմքով, երկար ճանապարհորդության ժամանակ կոպտացած և քամահար դարձած։ Նա ուներ սև, շարժուն ունքեր, որոնք արտահայտում էին ոչ թե չարություն, այլ բարձրամիտ և դյուրագրգիռ բնավորություն։

— Մտե՛ք, պարոն Դենս,— ասաց նա հպարտությամբ և ներողամտորեն։

― Բարի՜ երեկո։

― Բարի երեկո, Դենս՛,— ասաց բժիշկը և գլխով արավ։— Բարի երեկո, Ջիմ, բարեկամ։ Այդ ի՞նչ բարեհաջող քամի է ձեզ այստեղ բերել։

Մաքսատան պետն ուղղվեց, ձեռները ցած գցեց և, ինչպես սովորած դասը, պատմեց մեր բոլոր արկածները։ Դուք տեսնեիք, թե ինչ բազմանշանակալից կերպով նայեցին իրար այդ երկու ջենտլմենները նրա պատմելու ժամանակ։ Նրանք այնպիսի հետաքրքրությամբ էին լսում, որ մինչև անգամ ծխելը դադարեցրին։ Իսկ երբ լսեցին, թե ինչպես մայրիկս գիշերով գնաց մեր տուն, բժիշկ Լիվսին իր ծնկին խփեց, իսկ կալվածատերը գոչեց՝ «կեցցե՛» և կոտրեց իր երկար ծխամորճը՝ բուխարու վանդակին խփելով։ Պարոն Տրելոնին, (եթե հիշում եք, այդպես էր կոչվում կալվածատերը) վաղուց էր թողել իր բազկաթոռը և շրջում էր սենյակում, իսկ բժիշկը, լավ լսելու նպատակով, գլխից վերցրեց իր դիմափոշոտ կեղծամը։ Տարօրինակ էր տեսնել նրան առանց կեղծամի, սև, կարճ խուզած մազերով։

Վերջապես պարոն Դենսն իր պատմությունը վերջացրեց։

— Պարոն Դենս,— ասաց կալվածատերը,― դուք ազնիվ եք։ Դուք արիություն եք կատարել՝ ճզմելով ամենաարյունարբու չարագործներից մեկին։ Այդպիսիներին պետք է ճզմել, ինչպես ճզմում են ուտիճներին։ Հոկինս, ես տեսնում եմ, որ դու էլ քաջ երիտասարդ ես։ Այն զանգը տուր, Հոկինս։ Պարոն Դենսը պետք է գարեջուր խմի։

— Ուրեմն, Ջիմ,— ասաց բժիշկը։— ինչ, որ նրանք որոնում էին, քեզ մո՞տ է։

— Ահա՜,— ասացի ես և պարզեցի մոմլաթում փաթաթած ծրարը։

Բժիշկը բոլոր կողմերից դիտեց ծրարը։ Ըստ երևույթին, նա ուզում էր ծրարը շուտ բաց անել, բայց իրեն հաղթահարեց և ծրարը հանդարտ գրպանը դրեց։

— Կալվածատեր,— ասաց նա,— երբ Դենսը գարեջուր խմի, պետք է վերադառնա իր ծառայության պարտականությունները կատարելու։ Իսկ Ջիմ Հոկինսը պետք է այս գիշեր ինձ մոտ քնի։ Եթե թույլ կտաք, ես կխնդրեմ, որ նրան ընթրիքին սառը պաշտետ տան։

— Իհարկե, խնդրեմ, Լիվսի,— ասաց կալվածատերը։— Հոկինսն այսօր այդ բանին ավելի քան արժանացել է։

Իմ առաջ, փոքրիկ սեղաններից մեկի վրա, դրին աղավնու մսից պաշտետի մի մեծ բաժին։ Ես գայլի նման քաղցած էի և մեծ հաճությամբ ընթրեցի։ Իսկ այդ ժամանակ Դենսը, շատ նոր գովասանքներ լսելով, հեռացավ։

— Դե՛, կալվածատեր,— ասաց բժիշկը։

— Դե՛, բժիշկ,— ասաց կալվածատերը։

― Միաբերան,— ծիծաղեց բժիշկ Լիվսին։— Հույսով եմ, որ դուք այն Ֆլինտի մասին լսել եք։

— Լսե՞լ եմ արդյոք Ֆլինտի մասին,— բացականչեց կալվածատերը։— Դուք հարցնում եք, լսե՞լ եմ ես Ֆլինտի մասին։ Դա երբևիցե ծովի վրա լողացող ծովահեններից ամենաարյունարբուն է։ Սև մորուքը նրա մոտ մանուկ է։ Իսպանացիներն այնպես էին վախենում նրանից, որ խոստովանում եմ, պարոն, ես երբեմն հպարտանում էի, որ նա անգլիացի է։ Մի անգամ Տրինիդադ կղզու մոտ ես տեսա նրա առագաստների ծայրը, բայց մեր նավապետն այնպես վախեցավ, որ իսկույն նավը շրջեց և վերադարձավ Պորտ-Օֆ-Սպեյն։

— Ես նրա մասին լսել եմ այստեղ, Անգլիայում։ Բայց ահա մի հարց․ նա փող ունե՞ր արդյոք։

— Փող,— բացականչեց կալվածատերը։— Մի՞թե դուք չլսեցիք, թե ինչ էր պատմում Դենսը։ Բացի փողից, ուրիշ ի՞նչ կարող էին փնտրել այդ չարագործները։ Բացի փողից ի՞նչ է հարկավոր նրանց։ Ինչի՞ համար, բացի փողից, նրանք վատնգի կենթարկեին իրենց կաշին։

— Մենք իսկույն կիմանանք, թե ինչու են նրանք իրենց կաշին վտանգի ենթարկել,— պատասխանեց բժիշկը։— Դուք այնպես բորբոքվում եք, որ չեք թողնում ես խոսեմ։ Ահա թե ինչ կուզենայի պարզել․ ենթադրենք, թե այստեղ, իմ գրպանում գտնվում է մի բանալի, որի օգնությամբ կարելի է իմանալ, թե Ֆլինտը որտեղ է թաքցրել իր գանձը։ Արժե՞ արդյոք ջանք գործ դնել և ձեռք բերել այդ գանձը։

— Ջե՞ռք բերել, պարոն,— գոչեց կալվածատերը։– Արժե՞ ձեռք բերել։ Լսեցե՛ք։ Եթե իսկապես մեր ձեռքին գտնվում է մի բանալի, որի մասին դուք ասում եք, ես իսկույն Բրիստոլի նավաշինարաններում պատրաստել կտամ համապատասխան նավ, հետս կվերցնեմ ձեզ, Հոկինսին և կգնամ ձեռք բերելու այդ գանձը, նույնիսկ եթե որոնելու լինեինք մի ամբողջ տարի։

— Հրաշալի է,— ասաց բժիշկը։— Այդ դեպքում, եթե Ջիմը համաձայն է, եկեք ծրարը բաց անենք։

Եվ նա ծրարը դրեց իր առջև՝ սեղանին։

Ծրարն ամուր կարված էր թելով։ Բժիշկը հանեց իր գործիքների արկղը և վիրահատության մկրատով թելերը կտրտեց։ Ծրարի մեջ երկու բան կար՝ մի տետր և մի կնքված ծրար։

— Նախ նայենք տետրը,— առաջարկեց բժիշկը։ Նա սիրալիր կերպով կանչեց ինձ իր մոտ, որ կարողանամ մասնակցել գաղտնիքը բաց անելուն, և սկսեց տետրը թերթել։ Կալվածատերը և ես, նրա ուսի վրայից, հետաքրքրությամբ նայում էինք։

Տետրի առաջին երեսի վրա խզմզված էին ամեն տեսակի տառեր։ Երևում էր, որ այդ գրերը գրել են պարապությունից կամ գրիչ փորձելու համար։ Ի միջի այլոց, այստեղ կար և այն մակագրությունը, որ նավապետը դաջել էր իր ձեռքին․ «Թող կատարվեն Բիլի Բոնսի երազանքները» և ուրիշներ, օրինակ․ «Պարոն Վ. Բենս, ղեկապետ», «Բավականի ռոմ», «Արմավենիների ծովափին նա ստացավ բոլորը, ինչ իրեն հասնում էր», կային և ուրիշ մակագրություններ, բոլորովին անհասկանալի, որոնք բաղկացած էին գլխավորապես մի բառից։ Ինձ շատ հետաքրքրեց, թե ով է եղել նա, որն ստացել է «ինչ իրեն հասնում էր» և ի՞նչ էր նրան հասնում։ Գուցե դանակի զարկ մեջքին։

— Այս էջից շատ բան չես հասկանա,— ասաց բժիշկ Լիվսին։

Հաջորդ տասը կամ տասներկու երեսները լիքն էին տարօրինակ հաշվապահությամբ։ Գծի մի ծայրին գրված էր թվական, իսկ մյուս ծայրին գումար, ինչպես սովորաբար հաշվապահական մատյաններում։ Բայց բացատրությունների փոխարեն մեջտեղին գրված էին զանազան թվի խաչեր։ Օրինակ, 1746 թվի հունիսի 12-ի թվով նշանակված էր յոթանասուն ֆունտ ստեռլինգ, բայց բացատրության փոխարեն, թե որտեղից է այդ գումարը, դրված էր վեց խաչ։ Երբեմն, սակայն, ավելացված էր տեղի անունը, օրինակ․ «Կարակասի դիմաց» կամ ուղղակի նշված էր լայնությունն ոչ երկարությունը, օրինակ. «62° 17' 20», «19° 2' 40»։

Գրանցումները կատարվել էին համարյա քսան տարի։ Մուտք արված գումարները գնալով խոշորանում էին։ Եվ վերջում, հինգ համ վեց ջնջված սխալ գումարներից հետո գումար էր տված և տակը գրված․ «Բենսի բաժինը»։

— Ես ոչինչ չեմ կարողանում հասկանալ,— ասաց բժիշկ Լիվսին։

— Այնինչ լույսի պես պարզ է,— բացականչեց կալվածատերը։— Մեր առաջ դրված է այդ անարգ շան մուտքի մատյանը։ Խաչերով փոխարինվում են ջրասույզ արված նավերը և թալանած քաղաքները։ Թվերը ցույց են տալիս այդ հոգեսպանի բաժինն ընդհանուր ավարից։ Այնտեղ, ուր նա վախեցել է անճշտությունից, մի քանի բացատրություններ է գրել, օրինակ. «Կարակասի դիմաց»։ Դա նշանակում է, որ Կարակասի մոտ թալանվել է որևէ դժբախտ նավ։ Այդ նավով գնացող խեղճ ծովագնացները վաղուց փտում են կորալների մեջ։

― Ճի՛շտ է,— ասաց բժիշկը։— Ահա թե ինչ է նշանակում ճանապարհորդ լինել։ Ճիշտ է։ Եվ նրա բաժինն ավելանում էր, որքան նա բարձրանում էր աստիճանով։

Ուրիշ ոչինչ չկար այդ տետրում, բացի մի քանի վայրերի անուններից, որոնք գրված էին մաքուր թերթերի վրա և անգլիական, իսպանական ու ֆրանսիական դրամները գործածվող փողերի վերածելու աղյուսակներից։

― Խնայող մարդ է,― բացականչեց բժիշկը։— Նրան հաշվի մեջ չես կարող խաբել։

— Իսկ այժմ,— ասաց կալվածատերը,— տեսնենք, թե ինչ կա այստեղ։

Ծրարը մի քանի տեղից կնքված էր, իբրև կնիք ծառայում էր մի մատանի, երևի այն մատանին, որ գտա նավապետի գրպանում։ Բժիշկը զգուշությամբ կոտրեց կնիքները և սեղանի վրա ընկավ մի ինչ-որ կղզու քարտեզ լայնությունն ու երկարությունը, ափերի մոտ ծովի ջրի խորությունը, բլուրները, նեղուցները, հրվանդանները նշանակված։ Առհասարակ այստեղ կար այն բոլորը, ինչ կարող է հարկավոր լինել, առանց վտանգի ենթարկվելու, մի անհայտ կղզու մոտենալու և խարիսխ ձգելու դեպքում։

Կղզու երկարությունն էր ինը և լայնությունը՝ հինգ մղոն։ Կղզին նման էր ծառս եղած գեր վիշապի։ Մենք նկատեցինք երկու նավահանգիստ, որոնք ծածկված էին փոթորիկներից, մեջտեղը մի բլուր, որը կոչվում էր «Հեռադիտակ»։

Քարտեզի վրա հետագայում արված շատ հավելվածներ կային։ Ամենից սուր կերպով աչքի էին ընկնում կարմիր թանաքով արված երեք խաչ, երկուսը կղզու հյուսիսային մասում, իսկ մեկը՝ հարավ արևմտյան։

Այդ վերջին խաչի մոտ, նավապետի խզմզածին չնմանվող, մանր, պարզ ձեռագրով գրված էր․ «Գանձի գլխավոր մասն այստեղ է»։

Քարտեզի հակառակ երեսի վրա կային նույն ձեռագրով դրված բացատրություններ։

Ահա այդ բացատրությունները․

«Մեծ ծառ Հեռադիտակի ուսին, ուղղությունը դեպի Հ․Հ․Հ․-Ա․-ից։

Կմախքի կղզին Ա․Հ․-Ա․ և Ա․ վրա։

Տասը ֆուտ։

Արծաթի կտորները հյուսիսային փոսում են։ Կգտնես արևելյան բարձունքի լանջին, Սև ժայռից տասը սաժեն դեպի հարավ, եթե կանգնես երեսդ դեպի ժայռը։

Զենքերը գտնելը հեշտ է, ավազոտ բլրի մեջ հյուսիսային հրվանդանի ծայրին, ուղղվի Ա.–ի վրա և քառորդ կողմնատ դեպի Հ.

Դ. Ֆ.»

Ուրիշ ոչինչ։ Այս գրանցումներն ինձ բոլորովին անհասկանալի էին թվում։ Սակայն, չնայելով իրենց համառոտության, գրանցումները բժշկին և կալվածատիրոջը հիացմունք պատճառեցին։

― Լիվսի,— ասաց կալվածատերը,— դուք պետք է իսկույն ձգեք ձեր ողորմելի պրակտիկան։ Վաղը ես գնում եմ Բրիստոլ։ Երեք շաբաթից հետո․․․ ո՛չ, երկու շաբաթից հետո․․․ ո՛չ տասն օրից հետո մենք մի լավ նավ կունենանք, պարոն, և նավաստիների ամենաընտիր խումբն Անգլիայում։ Հոկինսը կլինի նավի փոքրավոր։ Դու հիանալի փոքրավոր կլինես, Հոկինս։ Դու, Լիվսի, նավի բժիշկը կլինես, իսկ ես՝ ծովակալ։ Մենք մեզ հետ կվերցնենք Ռեդրետին, Ջոյսին և Գենտերին։ Բարեհաջող քամին կսլացնի մեզ մինչև կղզին։ Այդ գանձերը գտնելը շատ հեշտ է։ Մենք այնքան փող կունենանք, որ կարող կլինենք ուտել, լողանալ նրանց մեջ, շեղակի ջուրը նետել։

— Տրելոնի՛,― ասաց բժիշկը,— ես գալիս եմ ձեզ հետ։ Երաշխավորում եմ, որ ես ու Ջիմը կարդարացնենք ձեր վստահությունը։ Բայց մի մարդ կա, որին ես վախենում եմ վստահել։

— Ո՞վ է,― բացականչեց կալվածատերը։— Տվեք այդ շան անունը, պարո՛ն։

— Դո՛ւք,– պատասխանեց բժիշկը,— որովհետև գաղտնիք պահել չգիտեք։ Միայն մենք չենք, որ գիտենք այդ թղթերի մասին։ Այն ավազակները, որոնք այսօր երեկոյան տակնուվրա արին պանդոկը, ինչպես տեսնում եք, շատ համարձակ մարդիկ են, և այն ավազակները, որոնք մնացել են նավի վրա, կանեն, իհարկե, կանեն ամեն մի հնարավոր բան, որ տիրանան գանձին։ Մենք առանձին-առանձին ոչ մի տեղ չպետք է երևանք, մինչև ափից հեռանալը։ Ես Ջիմի հետ կմնամ այստեղ մինչև գնալը։ Դուք Ջոյսի և Գենտերի հետ ճանապարհ ընկեք Բրիսաոլ։ Եվ, որ ամենագլխավորն է, մեր գյուտի մասին ոչ ոքի չպետք է հայտնենք։

― Լիվսի,— պատասխանեց կալվածատերը,— Դուք միշտ ճշմարիտ եք։ Ես գերեզմանի պես լուռ կլինեմ։


ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ։ ՆԱՎԻ ԽՈՀԱՐԱՐԸ

Գլուխ VII։ Ես գնում եմ Բրիստոլ

Ճանապարհ ընկնելու նախապատրաստության համար ավելի շատ ժամանակ պահանջվեց, քան կարծում էր կալվածատերը։ Եվ առհասարակ մեր բոլոր նախնական պլաններն ստիպված էինք փոխել։ Նախ և առաջ, բժիշկ Լիվսիի ցանկությունը՝ չբաժանվել ինձանից, չիրագործվեց, նրան անհրաժեշտ եղավ գնալ Լոնդոն, բժիշկ գտնելու, որը նրա բացակայության ժամանակ փոխարիներ իրեն։ Կալվածատերը Բրիստոլում շատ գործ ուներ։ Իսկ ես ապրում էի կալվածատանը, ծերունի որսորդ Ռեդրետի հսկողության տակ, համարյա ինչպես գերի, երազելով անծանոթ կղզիների և ծովային արկածների մասին։ Քարտեզի ուսումնասիրության վրա երկար ժամանակ գորձադրեցի և այն անգիր արեցի կալվածատան վարիչի սենյակում, կրակի մոտ նստած, ես մտքով մոտենում էի կղզուն զանազան կողմերից։ Ես ուսումնասիրում էի նրա յուրաքանչյուր վերշոկը, հազար անգամ բարձրանում էի Հեռադիտակ կոչվող բարձր բլուրը և այնտեղից հիանում նրա զարմանալի, մշտապես փափոխվող տեսարաններով։ Երբեմն կղզին վխտում էր վայրենիներով, և մենք պետք է պաշտպանվեինք նրանցից։ Երբեմն կղզին լիքն էր լինում գիշատիչ գազաններով, և մենք պետք է փախչեինք նրանցից։ Բայց այս բոլոր երևակայական արկածները դատարկ բաներ են, համեմատած այն տարօրինակ և ողբերգական արկածների հետ, որոնք իսկապես տեղի ունեցան։

Շաբաթն անցնում էր շաբաթի ետևից։ Վերջապես մի գեղեցիկ օր նամակ ստացանք։ Նամակը հասցեագրված էր բժիշկ Լիվսիին, սակայն ծրարի վրա մակագրված էր․ «Եթե բժիշկ Լիվսին դեռ չի վերադարձել, նամակը թող բաց անի Թոմ Ռեդրետը կամ երիտասարդ Հոկինսը»։

Պատռելով ծրարը, մենք կարդացինք, ավելի ճի՛շտ ես կարդացի, որովհետև որսորդը ջոկում էր միայն տպված տառերը, հետնյալ կարևոր հաղորդագրությունը.

«Հինավուրց խարիսխ» հյուրանոց, Բրիստոլ․

1-ին մարտի 17... թիվ։

Թանկագին Լիվսի․

Չգիտենալով, թե որտեղ եք դուք գտնվում, կալվածատանը կամ դեռևս Լոնդոնում, միաժամանակ գրում եմ և՛ այնտեղ, և՛ այստեղ։

Նավը գնված և սարքավորված է։ Նա խարիսխ գցած, կանգնած է՝ պատրաստ ծով դուրս գալու։ Մեր նավից ավելի լավը պատկերացնել էլ չի կարելի։ Փոքրիկ երեխան էլ կարող է այդ նավը ղեկավարել։ Տարողությունը 200 տոննա է։ Անունը «Իսպանոլա»։

Նավը ձեռք բերելուն օգնեց ինձ իմ հին ծանոթ Բլենդին, որը զարմանալի ճարպիկ գործարար դուրս եկավ։ Այդ սիրելի մարդը սևամորթի նման աշխատեց ինձ համար։ Ասենք, յուրաքանչյուրը Բրիստոլում աշխատում էր օգնել ինձ, հարկավոր էր միայն ակնարկել, թե մենք ուղևորվում ենք մեր գանձի ետևից․․․»

— Ռեդրետ,— ասացի ես, ընդհատելով ընթերցանությունը։— Բժիշկ Լիվսիին այս բանը բոլորովին դուր չի գա։ Ուրեմն, կալվածատերը բերանը ցրել է...

— Իսկ ո՞վ է կարևոր, կալվածատե՞րը, թե բժիշկը,— ասաց որսորդը։— Մի՞թե կալվածատերը պետք է լռի ինչ֊որ բժիշկ Լիվսիին սիրաշահելու համար։

Ես գիտեի, որ վիճելն անօգուտ է, այդ պատճառով էլ սկսեցի կարդալ շարունակությունը․

«Բլենդլին ինքը որոնեց ու գտավ «Իսպանոլան» և, նրա ճարպկության շնորհիվ, նավը շատ էժան ձեռք բերեցի։ Ճիշտ է, Բրիստոլում կան մարդիկ, որոնք Բլենդլիին տանել չեն կարող։ Նրանք հանդգնություն ունեն հաստատելու, իբրև թե այդ մաքուր մարդը նեղություն է քաշում միայն շահի համար, իբրև թե «Իսպանոլան» նրան է պատկանում և իբրև թե եռակի գնով է վաճառել։ Այս զրպարտության ստությունն ակնհայտ է։

Ոչ ոք չի համարձակվի ժխտել, որ «Իսպանոլան» հիանալի նավ է։

Եվ այդպես, նավը ես շատ դյուրությամբ ձեռք բերեցի։ Ճիշտ է, բանվորները շատ դանդաղ են սարքավորում, սակայն ժամանակին բոլորը պատրաստ կլինի։ Ավելի շատ ժամանակ կորցրի նավաստիներ ընտրելու վրա։

Ես ցանկանում էի քսան մարդ վարձել վայրենիների, ծովահենների կամ անիծված ֆրանսիացիների պատահելու դեպքում պաշտպանվելու նպատակով։ Ես արդեն ուժասպառ եմ եղել, բայց գտել եմ միայն վեց հոգի, սակայն հետո բախտը խղճաց ինձ, և ես գտա մի մարդ, որը միանգամից այդ բոլորը կարգի բերեց։

Ես պատահաբար խոսեցի նրա հետ նավահանգստում։ Պարզվեց, որ նա հին ծովային է։ Ապրում է ցամաքի վրա և գինետուն ունի։ Ծանոթ է Բրիստոլի բոլոր ծովայինների հետ։ Ցամաքի կյանքը քայքայել է նրա առողջությունը, նա ցանկանում է կրկին ծով դուրս գալ և նավի խոհարարի պաշտոն է որոնում։ Այդ առավոտ, ինչպես ասաց նա, նավահանգիստ էր դուրս եկել միայն այն պատճառով, որ շնչի ծովային աղի օդը։

Այդ սերը դեպի ծովը ինձ հուզիչ թվաց, ձեզ էլ անպայման կհուզեր։ Ես խղճացի նրան և հենց այդտեղ էլ առաջարկեցի նրան, որ մեր նավի խոհարարը լինի։ Նրան կանչում են Երկարահասակ Ջոն Սիլվեր։ Նա միոտանի է։ Եվ ես դա ամենալավ հանձնարարականն եմ համարում, որովհետև նա ոտը կորցրել է հայրենիքի համար կռվելիս, անմահ Գոկի ղեկավարությամբ։ Նա կենսաթոշակ չի ստանում, Լիվսի։ Տեսնում եք, թե ի՛նչ սարսափելի ժամանակներում ենք ապրում։

Այո՛, պարոն, ես կարծում էի, թե ես խոհարար եմ գտել, բայց պարզվեց, որ գտել եմ ծովայինների մի ամբողջ խումբ։ Սիլվերի օգնությամբ մի քանի օրվա մեջ ինձ հաջողվեց իսկական, փորձված, օվկիանոսում աղտոտված ծովայիններ վարձել։ Նրանց արտաքինն այնքան էլ գրավիչ չէ, բայց դրա փոխարեն, դատելով նրանց դեմքից, նրանք բոլորն էլ շատ քաջ մարդիկ են։ Ծովայինների այդպիսի խումբ ունենալով, մենք կարող ենք կռվել թեկուզ մի ամբողջ մարտական առագաստանավի հետ։

Երկարահասակ Ջոնը մինչև անգամ խորհուրդ տվեց ինձ արձակել այն վեց թե յոթ մարդկանցից ոմանց, որոնց ես առաջ վարձել էի։ Նա մի րոպեում ապացուցեց, որ նրանք քաղցր ջրի կեղտաշորեր են, որոնց հետ չարժե կապվել այն ժամանակ, երբ վտանգավոր ճանապարհորդության են դուրս գալիս։

Ես ինձ շատ լավ եմ զգում, ուտում եմ եզան պես, քնում՝ գերանի պես։ Այնուամենայնիվ, լիովին բախտավոր չեմ լինի, մինչև որ քամին չուռեցնի մեր առագաստները։ Դեպի բաց ծով։ Սատանան տանի գանձը։ Գլուխս ծովն է պտտեցնում և ոչ թե գանձը։ Եվ այդպես, Լիվսի, շուտով եկեք։ Եթե ինձ հարգում եք, ոչ մի ժամ էլ մի՛ կորցրեք։

Թողեք, որ երիտասարդ Հոկինսը գնա մորը մնաս բարև ասելու։ Ռեդրետը կարող է ուղեկցել նրան։ Հետո թող երկուսն էլ, առանց ժամանակ կորցնելու, Բրիստոլ շտապեն։

ՋՈՆ ՏՐԵԼՈՆԻ

Ետգրություն։ Մոռացա ձեզ հայտնել, որ Բլենոլին, որը ի դեպ ասած, խոստանում է մի ուրիշ նավ ուղարկել մեզ օգնության, եթե օգոստոսին չվերադառնանք, մեզ համար մի լավ նավապետ է գտել։ Այդ նավապետը հիանալի մարդ է, բայց, դժբախտաբար, սատանայի նման համառ է։ Երկարահասակ Ջոն Սիլվերը մեզ համար գտել է գործին տեղյակ ղեկապետ, անունը՝ Էրոու։ Իսկ ես, Լիվսի, մի ավագ նավաստի եմ վարձել, որը փող փչել գիտե։ Ինչպես տեսնում եք, մեր թանկագին «Իսպանոլայի» վրա ամեն ինչ կլինի այնպես, ինչպես իսկական ռազմական նավի վրա։

Մոռացա գրել, որ Սիլվերը հարուստ մարդ է։ Իմ ստացած տեղեկությունների համաձայն նա բանկում ընթացիկ հաշիվ ունի, այն էլ ոչ փոքր։ Գինետունն իր բացակայության միջոցին հանձնելու է կնոջը։ Նրա կինը սպիտակ ցեղին չի պատկանում։ Իսկ այնպիսի ամուսինների համար, ինչպիսին ես ու դուք ենք, ներելի է կասկածել, որ կինը և ոչ թե վատ առողջությունն է մղում նրան դեպի բաց ծով։

Ջ. Տ.

Հ․ Գ․ Հոկինսը կարող է մի գիշեր մնալ մոր մոտ։

Ջ. Տ.»

Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես գրգռեց ինձ այդ նամակը։ Ես հիացմունքի մեջ էի։ Բոլոր սրտով ատում էի ձերունի Թոմ Ռեդրետին, որը միայն փնթփնթում էր։ Նրա փոխարեն երիտասարդ որսորդներից որևէ մեկն ուրախությամբ կգնար։ Սակայն կալվածատերը ցանկանում էր, որ Թոմ Ռեդրետը գնա, իսկ կալվածատիրոջ ցանկությունր նրանց համար օրենք էր։ Ոչ ոք, բացի ծերունի Ռեդրետից չէր համարձակվի նույնիսկ փնթփնթալ։

Հետևյալ առավոտ մենք երկուսով ոտով ճանապարհ ընկանք դեպի «Ծովակալ Բենբոու»։ Մորս գտա կատարյալ առողջ։ Տրամադրությունը լավ էր։ Նավապետի մահվամբ նրա բոլոր անախորժությունները վերջացել էին։ Կալվածատերն իր հաշվով նորոգել էր մեր տունը։ Նրա հրամանով պատերը և ցուցանակը կրկին ներկել էին։ Նա մեզ նվիրել է ինչ֊որ կահույք, որոնց թվում մի հրաշալի բազկաթոռ, որ մայրիկիս համար վաճառասեղանի առաջ նստելը հարմար լինի։ Նրան օգնելու համար մի տղա էր վարձել։ Սյդ տղան պետք է կատարեր այն պարտականությունները, որ առաջ ես էի կատարում։

Տեսնելով այդ օտար տղային պանդոկում, պարզ հասկացա, որ երկար ժամանակով հեռանում եմ հայրենի տնից։ Մինչև այժմ ես մտածում էի միայն այն արկածների մասին, որ սպասում են ինձ առաջիկայում և ոչ թե այն տան մասին, որը ես թողնում եմ։ Տեսնելով իմ տեղը գրաված դանդաղաշարժ և անշնորհք տղային, առաջին անգամ լաց եղա։ Ես անխղճորեն տանջում և բռնանում էի նրա վրա։ Նա դեռ սովոր չէր իր նոր տեղին, իսկ ես նրա ո՛չ մի սխալը չէի ներում և չարախնդում էի, երբ նա սխալվում էր։

Գիշերն անցավ, իսկ հետևյալ օրը ճաշից հետո ես ու Ռեդրետը նորից ճանապարհ ընկանք։ Ես հրաժեշտ տվի մորս, ծովախորշին, որի մոտ ծնվել էի, հինավուրց բարի «Ծովակալ Բենբոուին»։ Պանդոկը ներկելուց հետո կարծես օտարացել էր և ավելի քիչ էր դուր գալիս ինձ, քան առաջ։ Հիշեցի և նավապետին, որն այնքան հաճախ թափառում էր ծովափին, եռանկյունի Գլխարկ ծածկած, դեմքին թրի սպի, կռնատակին հեռադիտակ։ Մենք թեքվեցինք փողոցի անկյունից, և իմ տունն անհետացավ։

Արդեն մթնում էր, երբ «Գևորգ թագավորի հյուրանոցի» մոտ նստեցինք փոստային հանրակառք։ Ինձ նստեցրին Ռեդրետի և ինչ-որ հաստ ծերունու մեջտեղում։ Չնայած արագ ընթանալուն և ցուրտ գիշերին, ես իսկույն քնեցի։ Մենք սլանում էինք երբեմն դեպի վեր, երբեմն դեպի վար, իսկ ես քնած էի ինչպես արջամուկ։ Ինձ արթնացրեց մի հարված։ Աչքերս բացեցի։ Կանգնել էինք քաղաքի փողոցի մի մեծ շենքի առաջ։ Արդեն վաղուց լույսը բացվել էր։

— Որտե՞ղ ենք մենք,— հարցրեցի ես։

— Բրիստոլում,— պատասխանեց Թոմը,— դուրս արի։

Պարոն Տրելոնին ապրում էր պանդոկում, որ գտնվում էր նավաշինարանների մոտ, որպեսզի հսկի նավի աշխատանքները։ Մենք պետք է ծովափով բավական երկար ժամանակ գնայինք զանազան մեծության նավերի և նավասարքերի մոտով։ Այդ հանգամանքն ինձ շատ ուրախացրեց։ Մի նավում աշխատում էին ու երգում։ Մյուսում նավաստիները բարձրասյուների գլխին կապում էին այնպիսի պարաններ, որոնք ներքևից երևում էին սարդի ոստայնի հաստությամբ։ Թեև ամբողջ կյանքս ապրել էի ծովափին, սակայն այս վայրն այնպես գրավեց ինձ, որ կարծես առաջին անգամ էի տեսնում։ Կուպրի և աղի հոտը նորություն էր ինձ համար։ Ես տեսա օվկիանոսի այն կողմում եղած նավերի քթերին քանդակված ֆիգուրաներ։ Ես ագահությամբ նայեցի ականջներին օղեր ունեցող, ոլորուն բեղերով, կպրով հագեցված ծամերով ծեր ծովայիններին։ Նրանք շրջում էին ծովափին ծովային անճոռնի քայլվածքով։ Եթե նրանց փոխարեն ինձ ցույց տային թագավորներ կամ արքեպիսկոպոսներ, ես ավելի քիչ կուրախանայի։

Ես էլ կճանապարհվեմ դեպի ծով։ Կճանապարհվեմ նավով այն ավագ նավաստու հետ, որ փող է փչում, այն նավաստիների հետ, որոնք ծամ ունեն և երգեր են երգում։ Ես կճանապարհվեմ դեպի ծովը, ես կլողամ դեպի անհայտ կղզին, գտնելու գետնի մեջ թաղված գանձը։

Ես խորասուզված էի քաղցր երազանքների մեջ, երբ վերջապես հասանք մի մեծ պանդոկի։ Մեզ դիմավորեց կալվածատեր Տրելոնին։ Նա կապույտ համազգեստ էր հագել։ Այդ տեսակ համազգեստներ սովորաբար հագնում էին ծովային սպաները։ Նա դռնից դուրս եկավ ժպտալով։ Նա գալիս էր տատանվելով, եռանդուն կերպով նմանվելով ծովայինների ճոճվող քայլվածքին։

— Ահա և դուք,— բացականչեց նա։— Իսկ բժիշկը դեռ երեկ երեկոյան եկավ Լոնդոնից։ Հիանալի է։ Այժմ ողջ խումբը պատրաստ է։

― Օ՜, պարոն,― գոչեցի ես,— ե՞րբ ենք ճանապարհվում։

― Ճանապարհվո՞ւմ,— պատասխանեց նա։— Մենք ճանապարհվում ենք վաղը։


Գլուխ VIII։ «Հեռադիտակ» ցուցանակի տակ

Երբ նախաճաշեցի, կալվածատերը տվեց ինձ մի գրություն, ուղղված «Հեռադիտակ» պանդոկի Ջոն Սիլվերին։ Նա բացատրեց, թե ինչպես պետք է գտնել Ջոնի պանդոկը. պետք է գնալ ծովափով, մինչև որ տեսնես մի դուռ վրան մի մեծ փող, ցուցանակի վախարեն։ Ես ուրախացա, որ հնարավորություն կունենամ մի անգամ էլ տեսնելու նավերը, նավաստիներին, և իսկույն ճանապարհ ընկա։ Դժվարությամբ անցնելով հոծ բազմության միջից, որ խռնվել էր նավահանգիստում, հակերի և սայլերի միջից, վերջապես պանդոկը գտա։

Պանդոկը փոքր էր և չափազանց հարմար, ցուցանակը նոր էր ներկված, պատուհաններին մաքուր, կարմիր վարագույրներ, հատակին մաքուր ավազ ցանված։ Պանդոկը երկու փողոցի վրա մուտք ուներ։ Դռները բաց էին և ընդարձակ, ցածրիկ սենյակը, չնայած ծխախոտի ծխի քուլաներին, բավականին լուսավոր էր։

Սեղանների շուրջը ծովայիններ էին նստած։ Նրանք այնքան բարձր էին խոսում, որ ես մուտքի մոտ կանգնեցի և չէի համարձակվում ներս մտնել։

Կողքի սենյակից մի մարդ դուրս եկավ։ Ես իսկույն հասկացա, որ դա Երկարահասակ Ջոնն է։ Նրա ձախ ոտը մինչև ազդրը կտրված էր։ Ձախ թևի տակ նա պահել էր հենակը, որն արտասովոր արագությամբ էր գործածում, թռչկոտելով ինչպես թռչուն։ Սա մի չափազանց բարձրահասակ և ուժեղ տղամարդ էր, լայն, տափակ ու գունատ, բայց խելոք և ծիծաղկոտ դեմքով։ Թվում էր, որ նա շատ ուրախ է։ Շվշվացնելով շտապ անցնում էր սեղանների արանքով, կատակելով և իր ամենասիրելի հաճախորդների ուսին խփելով։

Մեղքս ինչ թաքցնեմ, կալվածատիրոջ նամակի մեջ կարդալով Երկարահասակ Ջոնի մասին, սարսափելով մտածեցի, թե արդյոք դա այն միոտանի ծովագնացը չէ՞, որին այնքան հետամտել էին հինավուրց «Բենբոուում»։ Բայց հենց որ նայեցի նրան, բոլոր կասկածներս ցրվեցին։ Ես տեսել էի նավապետին, տեսել էի Սև գամփռին, կույր Պյուին, և ենթադրում էի, որ գիտեմ, թե ինչ կերպարանք ունեն ծովային ավազակները։ Ո՛չ։ Այս մաքրասեր և բարի պանդոկապետը ոչնչով ավազակի նման չէ։

Ես սիրտ առա, անցա շեմքի վրայից և գնացի ուղղակի Սիլվերի մոտ, որը, հենակին հենված, խոսում էր ինչ֊որ այցելուի հետ։

— Դուք պարոն Սիլվե՞րն եք,— ասացի ես՝ պարզելով նրան գրությանը։

— Այո՛, տղաս,– ասաց նա։— Իմ անունը Սիլվեր է, իսկ դու ո՞վ ես։

Բայց տեսնելով կալվածատիրոջ նամակը, նա միանգամից փայլեց։

— Օ՜,— բացականչեց նա ձեռքը դեպի ինձ պարզելով,— հասկացա։ Դու մեր նավի նոր փոքրավորն ես։ Ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ։

Եվ նա պինդ սեղմեց իմ ձեռքն իր լայն և ուժեղ ափում։

Այդ վայրկյանին մի մարդ, որ նստած էր հեռավոր անկյունում, հանկարծ տեղից վեր ցատկեց և դեպի դուռը վազեց։ Դուռը նրա կողքին էր, և նա իսկույն փողոցում անհետացավ։ Սակայն նրա շտապողականությունը գրավեց իմ ուշադրությունը, և ես առաջին իսկ հայացքից ճանաչեցի նրան։ Դա այն եռամատ, ճարպից պլպլան դեմքով մարդն էր, որ գալիս էր մեր պանդոկը։

— Է՜յ,— գոչեցի ես,— բռնեցեք դրան։ Դա Սև Գամփռն է, Սև Գամփռը։

— Թքեմ ես նրա անվան վրա,— բացականչեց Սիլվերը․― բայց նա փախավ և իր խմածի գինը չվճարեց։ Հարրի, վազիր ու բռնիր նրան։

Դռան մոտ նստածներից մեկը վեր թռավ և ընկավ նրա ետևից։

— Եթե նա թեկուզ ծովակալ Գոկն էլ լիներ, այնուամենայնիվ, կստիպեի վճարել,— ասաց Սիլվերը։

Հետո, հանկարծ բաց թողնելով իմ ձեռքը, հարցրեց․

— Ի՞նչ է նրա անունը։ Դա ասացիր Սև՞․․․, իսկ հետո Սև ի՞նչ։

— Գամփռ, պարոն։ Մի՞թե պարոն Տրելոնին չի պատմել ձեզ մեր ավազակների մասին։ Սև Գամփռը նրանց խմբից է։

— Ի՞նչ,— մռնչաց Սիլվերը,— Իմ տա՞նը։ Վազի՛ր, Բեն, և օգնիր Հարիին, որ բռնի նրան։ Ուրեմն նա ավազա՞կ է, նրանց խմբից մե՞կը։ Է՛յ, Մորգան, դու կարծեմ սեղանի մոտ նրա կողքին էիր նստել։ Մի այստեղ արի։

Այն մարդը, որին նա Մորգան անվանեց, ծեր, ալեհեր, արևավառ դեմքով մի ծովային էր։ Նա ծխախոտը ծամելով, խոնարհաբար մոտեցավ նրան։

― Դե՛, Մորգան,— խստորեն հարցրեց Երկարահասակը,— դու առաջ երբևիցե տեսե՞լ ես այդ Սև․․․ Ինչպե՞ս է․․․ Սև գամփռին։

— Երբե՛ք, պարոն,— պատասխանեց Մորգանը և գլուխ տվեց։

— Անունն է՞լ չես լսել։

— Չեմ լսել, պարոն։

— Դե՛, քո բախտն է, Թոմ Մորգան,— բացականչեց պանդոկապետը։— Եթե սկսես գործ ունենալ ամեն մի սրիկայի հետ, էլ ոտ չես դնի իմ պանդոկը։ Նա քեզ հետ ինչի մասին էր խոսում։

— Լավ չեմ հիշում, պարոն,— պատասխանեց Մորգանը։

― Եվ դու կարող ես այն, որ քո ուսերի վրա է, գլո՞ւխ անվանել,— գոչեց Երկարահասակ Ջոնը։— Լավ չի հիշում։ Կարելի է դու հասկացողություն էլ չունես, թե ում հետ ես խոսում։ Դե՛, ասա՛, քեզ հետ ի՞նչի մասին էր խոսում։ Դուք խոսում էիք ծովային ճանապարհորդության, նավերի, նավապետների մասին։ Դե՛։ Շո՛ւտ։

— Մենք խոսում էինք այն մասին, թե ինչպես մեզ մոտ, նավատորմիղում, մարդկանց պարանով բարձրացնում են նավի ողնուցի տակից, պատասխանեց Մորգանը։

— Նավի ողնուցի տակից։ Քեզ համապատասխանող խոսակցության է։ Ա՜յ, դու։ Դե՛, նստիր տեղդ, Թոմ։

Երբ Մորգանը նստեց սեղանի մոտ, Սիլվերը բարեկամաբար, որ ինձ շատ դուր եկավ, կռացավ և իմ ականջին շշնջաց.

— Մաքուր տղա է այդ Թոմ Մորգանը, բայց սարսափելի հիմար։ Իսկ այժմ,— շարունակեց նա բարձր ձայնով,— փորձենք հիշել։ Սև Գա՞մփռ։ Չէ, այդպիսի մարդու մասին երբեք չեմ լսել։ Կարծես թե ես նրան մի տեղ տեսել եմ, նա հաճախ․․․ Այո՛․․․ Այո՛, գալիս էր այստեղ մի ինչ֊որ կույր մուրացիկի հետ։

— Այո՛, այո՛, կույրի հետ,— գոչեցի ես։— Ես այդ կույրին էլ էի ճանաչում։ Նրա անունը Պյու էր։

— Ճիշտ է,― բացականչեց Սիլվերը,— այս անգամ չափազանց հուզված,— Պյո՛ւ։ Հենց այդպես էին նրան կանչում։ Տեսքով նա սրիկա էր։ Եթե այդ Սև Գամփռը մեր ձեռքն ընկնի, նավապետ Տրելոնին չափազանց գոհ կլինի։ Բենը հիանալի ոտքեր ունի, հազվագյուտ ծովային կարող է վազել Բենի նման։ Ո՛չ, Բենի առջևից փախչել չես կարող։ Նա, ում ասես, կհասնի։ Ուրեմն նա խոսում էր այն մասին, որ ծովայիններին պարանով բարձրացնո՞ւմ են։ Լա՛վ, լա՛վ։ Հենց նրան կբարձրացնենք մենք։

Սիլվերը թռչկոտում էր իր հենակի վրա, բռունցքով խփում սեղաններին և խոսում այնպիսի անկեղծ հուզմունքով, որ նույնիսկ ամենակասկածոտ դատավորն էլ կհավատար, որ նա անմեղ է։

Հանդիպումը «Հեռադիտակում» Սև Գամփռի հետ իմ մեջ արթնացրին իմ առաջվա կասկածները, և ես ուշադիր կերպով հետևում էի խոհարարին։ Սակայն նա ինձ համար չափազանց խելոք էր, հնարագետ և ճարպիկ։

Վերջապես վերադարձան այն երկուսը, որոնց ուղարկել էր Սև Գամփռի ետևից։ Ծանր շնչելով, նրանք հայտնեցին, որ Սև Գամփռին հաջողվեց անհետանալ ամբոխի մեջ։ Պանդոկապետն սկսեց հայհոյել այնպիսի կատաղությամբ, որ ես վերջնականապես համոզվեցի, որ Երկարահասակ Ջոնն անմեղ է։

— Լսի՛ր, Հոկինս,— ասաց նա,— ինձ համար այս պատմությունը կարող է վատ վախճան ունենալ։ Ի՞նչ կմտածի իմ մասին նավապետ Տրելոնին։ Այդ անիծված բանդիտը նստել է իմ տանը և խմել իմ խմիչքը։ Հետո դու գալիս ես և ասում, որ նա ավազակային խմբից է։ Բայց, այնուամենայնիվ, ես թույլ եմ տալիս, որ նա ծլկի։ Դե՛, Հոկինս, նավապետ Տրելոնիի մոտ ինձ պաշտպանիր։ Դու ջահել ես, բայց հիմար չես։ Քեզ չեն կարող խաբել։ Այո՛, այո՛, այո՛։ Ես այդ իսկույն նկատեցի։ Բացատրիր նավապետին, որ ես իմ հենակով ոչ մի կերպ չկարողացա վազել այդ սատանա Գամփռի ետևից։ Եթե ես առաջնակարգ ծովագնաց լինեի, ինչպես հին ժամանակ, նա իմ ձեռքից չէր պրծնի, իսկ այժմ․․․

Նա հանկարծ լռեց և բերանը լայն բաց արավ, կարծես մի բան հիշեց։

― Իսկ փո՞ղը,— գոչեց նա։— Երեք գավաթի համար։ Այ սատանա, իսկ փողի մասին ես մոռացել էի։

Ընկնելով նստարանի վրա, նա հռհռաց ու հռհռաց այնքան ժամանակ, մինչև որ արցունքներ հոսեցին նրա դեմքի վրայով։ Նրա հռհռոցն այնպես վարակիչ էր, որ ես չդիմացա և սկսեցի նրա հետ հռհռալ, մինչև որ ողջ պանդոկը դղրդաց հռհռոցից։

— Ես թեև ծեր եմ, բայց ծովային հորթի դեր կատարեցի,― ասաց նա վերջապես աչքերը սրբելով։— Տեսնում եմ, Հոկինս, որ ես ու դու լավ զույգ կլինենք։ Չէ՞ որ ես այժմ էլ հոգով նավի փոքրավորն եմ։ Այնուամենայնիվ, պետք է գնալ. գործ կա, գործ, թանկագին ընկերներ։ Ես կդնեմ իմ եռանկյունի գլխարկը և քեզ հետ կգնամ նավապետ Տրելոնիի մոտ, զեկուցելու նրան այն բոլորի մասին, ինչ որ պատահել է։ Չէ՞ որ գործը լուրջ է, Հոկինս, և պետք է խոստովանել, որ այդ գործը պատիվ չի բերում ո՛չ քեզ, ո՛չ ինձ։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Ո՛չ ինձ, ո՛չ քեզ պատիվ չի բերում. երկուսիս էլ լավ ծաղրեցին։ Սակայն, սատանան տանի, ոնց խաբեց ինձ և փողը չտվեց։

Նա նորից հռհռաց այնպես ուժգին, որ թեև ծիծաղելու բան չկար, ստիպված էի կրկին միանալ նրան։

Մենք գնացինք ծովափով, և Սիլվերը շատ գրավիչ խոսակից դուրս եկավ։ Յուրաքանչյուր նավի մասին, որի մոտից անցնում էինք, նա ինձ շատ տեղեկություններ էր հաղորդում․ ինչպես են պատրաստված նրա առագաստները, որքան բեռ կարող է վերցնել, որտեղից է եկել։ Նա բացատրեց այն աշխատանքի մասին, որ կատարվում էր նավահանգստում․ մի նավ բարձում են, մյուսը՝ բեռնաթափում, իսկ այն, երրորդը, իսկույն բաց ծովն է դուրս գալիս։ Նավերի և ծովայինների մասին նա ինձ ուրախ պատմություն պատմեց։ Նա հաճախ զանազան ծովային խոսքեր էր գործածում և կրկնում մի քանի անգամ, որ լավ հիշեմ։ Ես քիչ-քիչ սկսեցի հասկանալ, որ Սիլվերից ավելի լավ ընկեր, ծովային ճանապարհորդության համար, չես գտնի։

Վերջապես մենք եկանք պանդոկ։ Կալվածատերը և բժիշկ Լիվսին գարեջուր էին խմում և սպիտակ հացի բոված կտորներ ուտում։

Նրանք պատրաստվում էին գնալ նավը, տեսնելու, թե ինչպես են սարքավորում։

Երկարահասակ Ջոնը պատմեց նրան այն բոլորը, ինչ որ պատահել էր գինետանը սկզբից մինչև վերջ, չափազանց կրակոտ և միանգամայն ճշմարիտ։

— Չէ՞ որ այդպես եղավ, այնպես չէ՞, Հոկինս,― հարցնում էր ինձ ամեն րոպե։

Եվ ես ամեն անգամ լրիվ հաստատում էի նրա խոսքերը։ Երկուսն էլ չափազանց ափսոսում էին, որ Սև Գամփռը կարողացել է փախչել։ Բայց ի՞նչ կարելի էր անել։ Նրանց գովասանքները լսելով, Երկարահասակ Ջոնը վերցրեց իր հենակը և դեպի դուռն ուղղվեց։

— Անձնակազմը պետք է լինի նավում ժամը 4֊ին,— գոչեց կալվածատերը նրա ետևից։

— Լա՛վ, պարոն,— պատասխանեց խոհարարը։

— Պարզ ասած,— ասաց բժիշկ Լիվսին,― ես հավանություն չեմ տալիս ձեր արած գյուտերի մեծամասնությանը, սակայն այս Ջոնն իմ ճաշակի մարդ է։

— Հրաշալի տղա է,— ձայն տվավ կալվածատերը։

— Ջիմն իսկույն մեզ հետ կգնա նավը, այնպես չէ՞,― ավելացրեց բժիշկը։

— Իհարկե՛, իհարկե՛,― ասաց կալվածատերը։

— Հոկինս, գլխարկդ վերցրու, այս րոպեիս գնում ենք մեր նավը տեսնելու։


Գլուխ IX։ Վառոդ և զենքեր

«Իսպանոլան» ափից բավական հեռու էր կանգնած։ Նավին հասնելու համար, մենք նավակ նստեցինք և սլացանք նավերի արանքով։ Մեր առաջ բացվում էին երբեմն զանազան կերպարանքներով զարդարված նավի քթեր, երբեմն՝ նավախելեր։ Նավերի ճոպանները ճռնչում էին մեր ողնուցի վրա և կախվում մեր գլխին։ Նավեզրի վրա մեզ ողջունեց ղեկապետ պարոն Էրոուն, շիլ աչքով, արևավառ, օղերն ականջին մի ծեր ծովագնաց։ Նրա և կալվածատիրոջ միջև, ըստ երևույթին, ամենամոտիկ և բարեկամական հարաբերություն կար։

Իսկ նավապետի հետ կալվածատերը պարզապես համերաշխ չէր։

Նավապետը մռայլ մարդ էր։ Նավում ամեն ինչ նրան գրգռում էր։ Իր անբավականության պատճառները նա իսկույն բաց արավ մեր առաջ։ Հենց որ իջանք նավասենյակները հայտնվեց մի նավաստի և ասաց.

― Նավապետ Սմոլետը, պարոն, ցանկանում է ձեզ հետ խոսել։

― Ես միշտ պատրաստ եմ ծառայելու նավապետին։ Խնդրիր, որ բարեհաճի այստեղ,— պատասխանեց կալվածատերը։

Պարզվեց, որ նավապետը իր դեսպանի հետ էր եկել։ Նա միանգամից մտավ նավասենյակ և դուռը փակեց։

― Դե՛, ի՞նչ կասեք, նավապետ Սմոլետ։ Հուսով եմ, որ ամեն բան կարգին է։ Նավը ճանապարհ ընկնելու պատրա՞ստ է։

― Ահա թե ինչ, պարոն,— ասաց նավապետը,— ես պետք է խոսեմ անկեղծորեն, մինչև անգամ համարձակվում եմ ձեզ հետ կռվել։ Այս արշավախումբն ինձ դուր չի գալիս։ Մեր նավաստիներն ինձ դուր չե՛ն գալիս։ Օգնականս ինձ դուր չի գալիս։ Ահա և բոլորը, կարճ ու պարզ։

― Կարելի է, պարոն, ձեզ նավն է՞լ չի դուր գալիս,— հարցրեց կալվածատերը, և ես նկատեցի, որ նա չափազանց զայրացած է։

― Նավի մասին ես ոչինչ չեմ կարող ասել, պարոն, մինչև ճանապարհին չտեսնեմ,— պատասխանեց նավապետը։― Թվում է, թե նավը վատ չի կառուցված։ Սակայն այդ մասին դատելը դեռ վաղ է։

― Այն ժամանակ, պարոն, կարելի է ձեզ դուր չի՞ գալիս ձեր տերը,— հարցրեց կալվածատերը։

Բայց այստեղ բժիշկ Լիվսին մեջ ընկավ.

― Սպասեցե՛ք, սպասեցե՛ք,— ասաց նա,— այդ ձևով կռվից ոչինչ չի դուրս գա։ Նավապետը մեզ և՛ չափազանց շատ, և՛ չափազանց քիչ բան ասաց, և ես իրավունք ունեմ նրանից բացատրություն խնդրելու։ Դուք, կարծեմ, ասացիք, նավապետ, որ մեր արշավախումբը ձեզ դուր չի գալիս։ Ինչո՞ւ։

— Ինձ հրավիրել են, պարոն, որ ես նավը տանեմ այնտեղ, որտեղ ցանկանում է այս պարոնը, և չեն հայտնել ճանապարհորդության նպատակը,— ասաց նավապետը։— Շատ լավ, ես էլ ոչ մի բանի մասին հարցուփորձ չեմ արել։ Սակայն շուտով ես համոզվեցի, որ ամենավերջին նավաստին ճանապարհորդության նպատակի մասին ավելի շատ գիտի, քան ես։ Իմ կարծիքով, սա ճիշտ չէ։ Իսկ ձեր կարծիքով ինչպե՞ս է։

― Իմ կարծիքով էլ նույնն է,— ասաց բժիշկ Լիվսին։

― Հետո,— շարունակեց նավապետը,— ես իմացա, ոը մենք գնում ենք գանձ որոնելու։ Այդ մասին ես լսել եմ, լավ լսեցեք, իմ սեփական ստորադրյալներից։ Գանձ որոնել, առհասարակ, իմ մասնագիտությունը չէ, և ես ոչ մի հակում չեմ զգում դեպի նման զբաղմունքները, նամանավանդ եթե այդ զբաղմունքները գաղտնի են, իսկ գաղտնիքը (ներողություն, պարոն Տրելոնի) թութակն էլ գիտե։

― Սիլվերի՞ թութակը,— հարցրեց կալվածատերը։

— Ոչ, դա առած է,— բացատրեց նավապետը։— Դա նշանակում է, որ գաղտնիքն այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Ինձ թվում է, որ դուք թերագնահատում եք այդ գործի դժվարությունները, և ես պետք է նախազգուշացնեմ, որ ձեզ սպասում է մահու և կենաց պայքար։

— Դուք միանգամայն ճշմարիտ եք,— պատասխանեց բժիշկը։— Մենք շատ մեծ ռիսկ ենք անում։ Բայց դուք սխալվում եք, ենթադրելով, որ մենք մեզ սպասող վտանգների մասին մեզ հաշիվ չենք տալիս։ Հետո դուք ասացիք, որ ձեզ դուր չի գալիս անձնակազմը։ Ի՞նչ է, ձեր կարծիքով, մենք վարձել ենք անբավարար չափով փորձված և անգործունյա ծովագնացնե՞ր։

— Նրանք ինձ դուր չեն գալիս,― պատասխանեց նավապետը։— Իսկ եթե պարզ խոսենք, պետք է անձնակազմի ընտրությունը հանձնարարեիք ինձ։

— Չեմ վիճում,— պատասխանեց բժիշկը։— Իմ բարեկամը, թերևս անձնակազմը պետք է ընտրեր ձեզ հետ միասին։ Սա սխալ է, բայց հավատացնում եմ ձեզ, բոլորովին պատահական է եղել։ Այդտեղ ոչ մի կանխամտածված բան չկա։ Հետո, թվում է, որ ձեզ դուր չի գալիս պարոն Էրոուն։

— Դուր չի՛ գալիս, պարոն։ Ես հավատում եմ, որ նա լավ ծովագնաց է։ Սակայն նավաստիներին երես է տալիս։ Նա իր նավաստիների հետ մտերիմ է։ Նավի ղեկապետը պետք է իրեն նավաստիներից հեռու պահի։ Նա չի կարող նավաստիների հետ հարբեցողությամբ զբաղվել։

— Դուք ուզում եք ասել, թե նա հարբեցո՞ղ է,— հարցրեց կալվածատերը։

— Ո՛չ, պարոն,— պատասխանեց նավապետը։— Ես միայն ուզում եմ ասել, որ նա իր մարդկանց շատ է երես տալիս։

― Իսկ այժմ,— խնդրեց բժիշկը,— դուք պարզորոշ ասացեք, նավապետ, ի՞նչ եք ուզում մեզանից։

— Դուք հաստատ որոշել եք կատարել այս ճանապարհորդությո՞ւնը, պարոններ։

— Այո՛, հաստատ,— պատասխանեց կալվածատերը։

— Շատ լավ,— ասաց նավապետը։— Քանի որ մինչև այժմ համբերությամբ լսեցիք ինձ, էլի լսեցեք։ Վառոդն ու զենքերը տեղավորել եք նավի առջևի մասում, նավաստիների մոտ։ Այնինչ շատ հրաշալի տեղ կա ձեր նավասենյակի տակ, ինչո՞ւ այնտեղ չտեղավորել։ Սա առաջին։ Հետո, դուք ձեզ հետ չորս ծառա եք վերցրել։ Նրանց, ինչպես ինձ ասացին, նույնպես ուզում են տեղավորել նավի առջևի մասում, նավաստիների հետ։ Ինչո՞ւ նրանց համար մահճակալներ չդնել ձեր նավասենյակի մոտ։ Սա երկրորդ։

― Երրո՞րդն էլ կա,— հարցրեց պարոն Տրելոնին։

― Կա,— ասաց նավապետը։— Չափազանց շատ են շաղակրատում։

― Այո՛, շատ են շաղակրատում,— համաձայնեց բժիշկը։

― Կասեմ միայն այն, ինչ որ լսել եմ իմ ականջներով,— շարունակեց նավապետ Սմոլետը։— Ասում են, իբրև թե ձեզ մոտ մի ինչ-որ կղզու քարտեզ կա։ Իբրև թե այդ քարտեզի վրա խաչերով նշանակված են այն վայրերը, որտեղ գանձեր են թաղված։ Իբրև թե այդ կղզին գտնվում է․․․

Եվ այստեղ նա ամենայն ճշտությամբ անվանեց մեր կղզու երկարությունն ու լայնությունը։

— Ես այդ մասին ոչ մի մարդու չեմ ասել,— բացականչեց կալվածատերը։

— Այնուամենայնիվ, յուրաքանչյուր նավաստի այդ գիտե, պարոն,— ասաց նավապետը։

— Այդ դուք եք ասել, Լիվսի,— աղաղակեց կալվածատերը։— Կամ դու, Հոկինս։

— Այժմ արդեն միևնույն է, թե ով է ասել,— ասաց բժիշկը։

Ես նկատեցի, որ չնայած նրա արդարացումներին, ո՛չ նա և ո՛չ նավապետը չհավատացին պարոն Տրելոնուն։ Ես էլ այդ ժամանակ չհավատացի, որովհետև նա իսկապես հռչակավոր շաղակրատ էր։ Իսկ այժմ ես մտածում եմ, որ նա ճշմարիտ էր ասում, և նավի անձնակազմն առանց մեզ էլ գիտեր, թե որտեղ է գտնվում Գանձերի կղզին։

— Ես, պարոններ, չգիտեմ թե ձեզանից որի մոտ է գտնվում այդ քարտեզը,— շարունակեց նավապետը։— Ես պնդում եմ, որ ինձնից և պարոն Էրոուից թաքուն պահվի։ Հակառակ դեպքում ես պետք է խնդրեմ ձեզ, որ ինձ պաշտոնից ազատեք։

— Գիտե՛մ,— ասաց բժիշկը։— Առաջինը՝ դուք ցանկանում եք դադարեցնել ավելորդ խոսակցությունը։ Երկրորդ՝ դուք ուզում եք բոլոր հուսալի մարդկանց հավաքել նավի ետևի մասը։ Ուրիշ խոսքով, դուք վախենում եք խռովությունից։

— Պարոն,— ասաց նավապետ Սմոլետը,— ես չեմ ուզում, որ դուք ինձ այնպիսի խոսքեր վերագրեք, որ չեմ ասել։ Ոչ մի նավապետ չի համաձայնի ծով դուրս գալ, եթե նա հիմք ունի վախենալու, թե խռովություն կլինի։ Ես համոզված եմ, որ պարոն Էրոուն ազնիվ մարդ է։ Շատ նավաստիներ էլ ազնիվ մարդիկ են։ Գուցե նրանք բոլորն էլ ազնիվ մարդիկ են։ Բայց ես պատասխանատու եմ նավի ապահովության համար և նավի վրա գտնված յուրաքանչյուր մարդու կյանքի համար։ Ես տեսնում եմ, որ շատ բան կատարվում է այնպեսք ինչպես չպետք է կատարվի։ Թույլ տվեք նախազգուշական միջոցներ ձեռք առնել կամ արձակեցեք պաշտոնից։ Ահա բոլորը։

― Նավապետ Սմոլետ,― սկսեց բժիշկը, ժպտալով,― դուք լսե՞լ եք առածն այն սարի մասին, որը մուկ է ծնել։ Ներեցեք, բայց դուք ինձ հիշեցրիք այդ առածը։ Երբ դուք այստեղ եկաք, ես պատրաստ էի երդվելու իմ կեղծամով, որ դուք մեզանից շատ ավելի բան կպահանջեք։

— Դուք շատ հնարագետ եք, բժիշկ,— ասաց նավապետը։— Գալով այստեղ, ես ցանկանում էի վերջնահաշիվ պահանջել, որովհետև ես մի փոքրիկ հույս անգամ չունեի, որ պարոն Տրելոնին կհամաձայնի լսել գոնե իմ խոսքը։

— Չէի էլ լսի,― աղաղակեց կալվածատերը։— Եթե Լիվսին չլիներ, ես միանգամից ձեզ սատանայի մոտ կուղարկեի։ Բայց, այնուամենայնիվ, ես լսեցի ձեզ։ Եվ կանեմ այն, ինչ որ պահանջում եք։ Սակայն իմ կարծիքը ձեր մասին դեպի վատը փոխվեց։

— Ինչպես ձեզ համար հաճելի է, պարոն,― ասաց նավապետը։— Հետո դուք կհասկանաք, որ ես իմ պարտքը կատարել եմ։

Նա հեռացավ։

― Տրելոնի,— ասաց բժիշկը,— հակառակ իմ սպասածին, համոզվեցի, որ դուք հրավիրել եք նավի վրա երկու ազնիվ մարդ՝ նավապետ Սմոլետին և Ջոն Սիլվերին։

― Սիլվերի վերաբերյալ ես ձեզ հետ համաձայն եմ,— աղաղակեց կալվածատերը,— իսկ այս անտանելի ստախոսի վարմունքը ես համարում եմ տղամարդուն անվայել, ծովայինին անվայել և, համենալն դեպս, անգլիացուն անվայել։

― Լա՛վ,— ասաց բժիշկը,— կտեսնենք։

Երբ որ մենք դուրս եկանք տախտակամած, նավաստիներն արդեն սկսել էին տեղափոխել զենքերն ու վառոդը։ Նրանք աշխատանքի ժամանակ երգում էին «Յո-հո-հո»։ Նավապետն ու պարոն Էրոուն կարգադրություններ էին անում։

Ինձ շատ դուր եկավ, որ մեզ նոր ձևով էին տեղավորել։ Նավի առջևում վեց նավասենյակ էին պատրաստել, որոնք պահեստի մուտքով միանում էին նավաստիների սենյակի և խոհանոցի հետ։ Սկզբում այդ վեց նավասենյակը հատկացրել էին նավապետին, պարոն Էրոուին, Գենտերին, Ջոյսին, բժշկին և կալվածատիրոջը։ Բայց հետո դրանցից երկուսը տվին Ռեդրետին և ինձ, իսկ պարոն Էրոուն և նավապետը տեղավորվեցին տախտակամածի վրա։ Այդ սենյակը թեև շատ փոքր էր, բայց, այնուամենայնիվ, երկու ճոճացանց տեղավորվում էր։ Մինչև անգամ ղեկապետը, թվում էր, որ գոհ էր այդ տեղավորումից։ Գուցե, նա էլ անձնակազմին հավատ չէր ընծայում։ Սակայն սա իմ ենթադրությունն էր միայն, որովհետև ինչպես շուտով կտեսնենք, նա նավում երկար ժամանակ չմնաց։

Մենք եռանդով աշխատում էինք, տեղափոխում էինք վառոդը և սարքավորում մեր նավասենյակները, երբ վերջապես ափից եկան վերջին նավաստիները Երկարահասակ Ջոնի հետ։

Խոհարարը, կապկի ճարպկությամբ, նավ բարձրացավ և երբ տեսավ, որ մենք զբաղված ենք, ձայն տվավ․

— Է՛յ, բարեկամներ, այդ ի՞նչ եք անում։

— Վառոդի տակառներ ենք փոխադրում,— պատասխանեց նավաստիներից մեկը։

— Ինչո՞ւ, սատանան տանի ձեզ,— գոչեց Երկարահասակը։— Այդպիսով, մենք առավոտյան մակընթացության ժամանակ ճանապարհվել չենք կարող։

― Նրանք իմ հրամանն են կատարում,— ընդհատեց նրան նավապետը։— Իսկ դուք, սիրելիս, խոհանոց գնացեք, որ նավաստիները կարողանան ժամանակին ընթրել։

— Լսում եմ, պարոն,— պատասխանեց խոհարարը։

Եվ ձեռքով բռնելով եռանկյունի գլխարկը, խոհանոցի դռնով ներս խցկվեց։

— Այ, սա փառավոր մարդ է, նավապետ,— ասաց բժիշկը։

— Շատ կարելի է, պարոն,— պատասխանեց նավապետ Սմոլետը։— Զգո՛ւյշ, զգո՛ւյշ, տղերք։

Եվ նա վազեց նավաստիների մոտ։ Նավաստիները գլորում էին վառոդի տակառը։ Հանկարծ նա նկատեց, որ ես կանգնել ու նայում եմ պտտվող թնդանոթին, որը մենք դրել էինք տախտակամածի կենտրոնում։ Եվ իսկույն վրա պրծավ։

— Է՛յ, փոքրավո՛ր,— բղավեց նա,— կորիր այստեղից։ Գնա խոհարարի մոտ, նա քեզ աշխատանք կտա։

Եվ խոհանոց վազելով, ես լսեցի, թե ինչպես բարձրաձայն ասաց բժշկին․

— Ես տանել չեմ կարող, որ իմ նավի մեջ սիրելիներ լինեն։

Հավատացնում եմ ձեզ, որ այդ րոպեին ես միանգամայն համաձայնեցի կալվածատիրոջ հետ, որ նավապետն անտանելի մարդ է և դեպի նրան խիստ ատելություն զգացի։


Գլուխ X։ Նավարկություն

Իրարանցումը շարունակվեց ամբողջ գիշերը։ Մենք իրեր էինք տեղափոխում այս ու այն կողմ։ Նավակը շարունակ բերում էր կալվածատիրոջ բարեկամներին, պարոն Բլենդլու նման մարդկանց, որոնք գալիս էին նրան բախտավոր ճանապարհորդություն և բարեհաջող վերադարձ մաղթելու։ Երբեք առաջ «Ծովակալ Բենբոուում» ես այդքան չէի աշխատել։ Ես արդեն շան նման հոգնել էի, երբ լուսաբացից առաջ ավագ նավաստին փողը հնչեցրեց և սկսեց խարիսխը բարձրացնել։

Սակայն, եթե երկու անգամ ավելի էլ հոգնած լինեի, տախտակամածից չէի հեռանա։ Ամեն բան նոր և գրավիչ էր ինձ համար՝ և՛ ընդհատ֊ընդհատ հրամանները, և՛ փողի սուր ձայնը, և՛ նավի լապտերների աղոտ լույսի տակ անհանգիստ աշխատող մարդիկ։

― Է՛յ, Ազդր, մի երգ երգիր,— գոչեց նավաստիներից մեկը։

― Հին երգ,— բացականչեց մյուսը։

― Լա՛վ, տղե՛րք,— պատասխանեց Երկարահասակ Ջոնը, որ կանգնած էր հենց այնտեղ, տախտակամածի վրա՝ հենակը կռնատակին։

Եվ երգեց այն երգը, որն ինձ լավ ծանոթ էր.

Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա․․․

Իսկ մնացածները միասին երգեցին.

Յո-խո-խո-խո և մի շիշ ռոմ։

Երրորդ «խո»֊ն ասելիս նրանք խմբովին դուրս քաշեցին լծակները։

Ես հիշեցի մեր հին «Ծովակալ Բենբոուն», և ինձ թվաց, որ կարծես թե մեռած Բոնսի ձայնը հանկարծ միացավ նավաստիների խմբերգին։ Շուտով խարիսխը բարձրացրին և ամրացրին նավի առջևի մասում։ Քամին ուռցրեց առագաստները։ Ցամաքը ետ էր քաշվում։ Մեզ շրջապատող նավերն սկսեցին հեռանալ։ Եվ մինչ ես պառկեցի, որ գոնե մի ժամ ննջեմ, «Իսպանոլան» սկսեց իր ճանապարհորդությունը դեպի Գանձերի կղզին։

Ես չեմ նկարագրի մեր ճանապարհորդության մանրամասնությունները։ Այդ ճանապարհորդությունը շատ հաջող էր։ Նավն օրինակելի դուրս եկավ, անձնակազմը բաղկացած էր փորձված ծովագնացներից, նավապետն իր գործը շատ լավ գիտեր։ Սակայն, մինչև Գանձերի կղզին հասնելը, երկու֊երեք դեպք պատահեց, որոնց մասին արժե հիշատակել։

Ամենից առաջ պարզվեց, որ պարոն Էրոուն ավելի վատն է, քան կարծում էր նավապետը։ Նա նավաստիների մեջ հեղինակություն չուներ, և նրան ոչ ոք չէր լսում։ Ճանապարհ ընկնելուց մեկ-երկու օր հետո նա սկսեց տախտակամածին հայտնվել պղտոր աչքերով, կարմիր այտերով և հարբեցողի այլ նշաններով։ Խոսելիս էլ կակազում էր։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ էր լինում խայտառակ կերպով քշել նրան տախտակամածից։ Նա հաճախ վայր էր ընկնում և ջարդվածքներ ստանում։ Պատահում էր, որ օրերով պառկում էր իր մահճակալին, առանց վեր կենալու։ Պատահում էր, իհարկե, որ նա երկու օր ման էր գալիս համարյա զգաստ և այն ժամանակ մի կերպ կատարում էր իր պարտականությունները։

Մենք ոչ մի կերպ չէինք կարողանում իմանալ, թե որտեղից է նա խմելիք ճարում։ Այս հանելուկի վրա ողջ նավը գլուխ էր կոտրում։ Մենք հետևում էինք նրան, սակայն բան չէինք կարողանում, հասկանալ։ Երբ նրան այդ մասին հարցնում էինք հարբած ժամանակ, նա միայն ծիծաղում էր, իսկ երբ սթափ էր լինում, հանդիսավոր կերպով երդվում էր, որ իր ողջ կյանքում, ջրից բացի, ոչինչ չի խմել։

Որպես ղեկապետ, նա ոչ մի բանի պետք չէր և իր ստորադրյալների վրա վատ ազդեցություն էր թողնում։ Պարզ էր, որ նրա վերջը վատ կլիներ։ Եվ ոչ ոք չզարմացավ ու չտխրեց, երբ մի մութ, փոթորկոտ գիշեր, նա նավից անհետացավ։

— Ջուրն է ընկել,— վճռեց նավապետը։— Ի՞նչ կա որ, պարոններ, դա փրկեց մեզ նրան շղթայելու անհրաժեշտությունից։

Այդպիսով, մենք մնացինք առանց ավագ նավաստու։

Պետք էր որևէ մեկին առաջ քաշել աչդ պաշտոնի համար։ Ընտրությունն ընկավ ղեկապեա Ջոբ Էնդերսոնի վրա։ Նրան առաջվա նման ղեկապետ էին կանչում, բայց ավագ նավաստու պաշտոն էր կատարում։

Պարոն Տրելոնին, որը շատ ճանապարհորդություններ էր կատարել և ծովը լավ էր ճանաչում, նույնպես այդ գործի համար պետքական էր․ լավ եղանակին նա հերթապահություն էր անում։ Երկրորդ ղեկապետ Իզրայել Հենդսը եռանդուն, ծեր, փորձված ծովային էր, որին ամեն գործ էլ կարելի էր հանձնարարել։

Նա, ի միջի այլոց, Երկարահասակ Ջոն Սիլվերի հետ շատ մտերիմ էր, և քանի որ հիշեցի Սիլվերին, նրա մասին մանրամասն պետք է պատմեմ։

Նավաստիները նրան Ազդր էին կանչում։ Նա հենակը փողկապում էր վզին, որ ձեռքերն ազատ լինեն։ Մի տեսնեի՛ք, թե ինչպես նա, հենակով հենվելով պատին, տատանումը բոլորովին չզգալով, կերակուր էր եփում, կարձես ամուր գետնի վրա կանգնած լիներ։ Ավելի հետաքրքրական էր տեսնել, թե ինչպես փոթորկոտ եղանակին ճարպկորեն ու արագ վազում էր տախտակամածով, բռնելով այն ճոպաններից, որոնք ավելի լայն տեղերում իջեցված էին։ Այդ ճոպանները նավաստիներն անվանում էին «Երկարահասակ Ջոնի գինգեր»։ Անցնելիս նա կամ բռնում էր այդ գինդերը, կամ գործի էր դնում հենակը, կամ, փոկից բռնած, հենակն իր ետևից քարշ էր տալիս։

Իսկ այն բոլոր նավաստիները, որոնք առաջ նրա հետ ճանապարհորդել էին, շատ ափսոսում էին, որ այլևս նա առաջվանը չէ։

— Մեր Ազդրը հասարակ մարդ չէ,— ասաց ինձ երկրորդ ղեկապետը.— ջահել ժամանակ նա դպրոցական է եղել և, եթե ուզենա, գրքի նման կխոսի։ Իսկ ի՞նչ քաջն է։ Առյուծը մեր երկարահասակ Ջոնի մոտ ոչինչ է։ Ես ինքս տեսել եմ, թե ինչպես նրա վրա, անզեն ժամանակ, չորս մարդ հարձակվեց, իսկ նա բռնեց նրանց և գլուխներն իրար զարկեց, նա, այդ անզեն կաղը։

Բոլորը հարգանքով էին վերաբերվում դեպի նա և կատարում էին նրա հրամանները։ Նա յուրաքանչյուրի հետ կարողանում էր խոսել, յուրաքանչյուրին՝ սիրաշահել։ Դեպի ինձ հատուկ սիրալիր վերաբերմունք ուներ։ Միշտ ուրախանում էր, երբ ես խոհանոց էի մտնում, որը զարմանալի մաքուր էր պահում։ Ամանեղենը միշտ կանոնավոր կախված էր՝ մաքուր ու փայլուն։ Անկյունում թութակի մի վանդակ կար։

— Հոկինս,— ասում էր նա ինձ։— Եկ Ջոնի մոտ զրուցելու։ Ոչ ոքի այցելությամբ ես այնքան չեմ ուրախանում, որքան քո այցելությամբ։ Նստիր ու լսիր։ Ահա նավապետ Ֆլինտը․ ես իմ թութակի անունը նավապետ Ֆլինտ եմ դրել, հռչակավոր ծովահենի պատվին։ Եվ ահա նավապետ Ֆլինտը նախագուշակում է, որ մեր ճանապարհորդությունը հաջողությամբ կվերջանա։ Ճշմարի՞տ է, նավապետ։

Եվ թութակն սկսեց աներևակայելի արագությամբ կրկնել․

— Պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր։

Եվ կրկնում էր այնքան ժամանակ, մինչև ուժից ընկնում էր կամ մինչև որ Ջոնը թաշկինակը գցում էր նրա վանդակին։

— Այս թռչունը,— ասում էր նա,— երևի երկու հարյուր տարեկան է։ Թութակներն անվերջ ապրում են։ Միայն սատանան է իր կյանքում այնքան չարիք տեսել, որքան իմ թութակը։ Նա ճանապարհորդել է Ինգլենդի հետ՝ հռչակավոր ծովահեն նավապետ Ինգլենդի հետ։ Եղել է Մադագասկարում, Մալաբարում, Սուրինամում, Պրովիդենսում, Պորտ֊Բելոյում։ Նա տեսել է, թե ինչպես են որսում բեռները խորտակված նավերից։ Ահա թե երբ է նա սովորել «պիաստրներ» գոչելը։ Եվ զարմանալու բան չկա։ Այն օրը որսացել են 350 հազար պիաստր, Հոկինս։ Այս թութակը ներկա է եղել Վեստ-Ինդիայի փոխարքայի վրա հարձակվելիս, Գոայի մոտ։ Իսկ տեսքով կարծես մանուկ լինի։ Բայց դու վառոդի հոտ առել ես, այնպես չէ՞, նավապետ։

— Նավը մյուս կողմը թեքիր,— գոչեց թութակը։

— Իմ թութակը հիանալի ծովային է,— ասաց խոհարարը և, գրպանից շաքարի կտորներ հանելով, տվեց թռչունին։

Թութակը կտցով խփում էր վանդակի ճաղերին և հայհոյում։

— Եթե կուպրի մեջ ապրես, անպատճառ կկեղտոտվես,— բացատրեց Ջոնը։— Այս խեղճ, ծեր, անմեղ թռչունը հայհոյում է, բայց չի հասկանում, թե ինչ է ասում։ Ինչպես ասում են, նա աստծու առաջ էլ կհայհոյի։

Այս խոսքերն ասելիս Ջոնն այնպես հանդիսավոր կերպով ձեռք տվեց իր ճակատից կախված փունջ մազին, որ ես նրան աշխարհիս ամենաազնիվ մարդը համարեցի։

Կալվածատիրոջ և նավապետ Սմոլետի հարաբերությունը առաջվա նման շատ լարված էր։ Կալվածատերն առանց քաշվելու նավապետի մասին ատելությամբ էր խոսում։ Նավապետը կալվածատիրոջ հետ երբեք չէր խոսում, իսկ երբ վերջինս որևէ բան էր հարցնում նավապետին, պատասխանը լինում էր սուր, կարճ և չոր։ Մի անկյունում կուչ եկած նա ստիպված էր խոստովանել, թե սխալվել է, որ անձնակազմի մասին վատ կարծիք է հայտնել։ Շատ նավաստիներ օրինակելի աշխատանք էին կատարում, իսկ ողջ անձնակազմն իրեն հրաշալի էր պահում։ Բայց նավին նա ուղղակի սիրահարված էր։

― Նա լսում է ղեկին այնպես, ինչպես լավ կինն իր ամուսնուն։ Բայց,— ավելացրեց նա,— մենք դեռ չենք վերադարձել և մեր ճանապարհորդությունը առաջվա պես ինձ դուր չի գալիս։

Այդ խոսքերը լսելիս, կալվածատերը մեջքը դարձնում էր դեպի նավապետը և, կզակը վեր ցցած, սկսում էր քայլել տախտակամածի վրա։

— Քիչ ժամանակից հետո,— ասում էր նա,— այս մարդը վերջնականապես ինձ համբերությունից կհանի։

Ճանապարհին փոթորիկ եղավ, որը միայն հաստատեց մեր «Իսպանոլայի» արժանիքը։ Թվում էր, թե անձնակազմը գոհ էր իր կյանքից, և դա զարմանալի չէր։ Իմ կարծիքով, ոչ մի նավում անձնակազմին այդքան երես չեն տալիս։ Ամեն մի առիթով նրանց կրկնակի բաժին փունջ էին տալիս։ Հարկավոր էր միայն, որ կալվածատերը լսեր որևէ նավաստու ծննդյան մասին, նա իսկույն բոլորի համար տոն էր սարքում։ Տախտակամածի վրա միշտ մի տակառ խնձոր էր լինում, որ ցանկացողը, երբ ուզենա, ուտի։

— Դրանից լավ բան չի դուրս գա,— ասում էր նավապետը բժիշկ Լիվսիին։— Դա նրանց միայն փչացնում է։ Դուք ինձ հավատացեք։

Սակայն խնձորի տակառը, ինչպես կտեսնեք, մեզ հսկայական ծառայություն մատուցեց։ Միայն այդ տակառի շնորհիվ մենք ժամանակին կանխեցինք վտանգը և դավաճանների ձեռքով չկործանվեցինք։

Ահա թե ինչպես պատահեց։

Մենք արդեն այդ կղզուց, ուր գնում էինք, շատ հեռու չէինք․— նրա ճիշտ տեղը ես հայտնելու իրավունք չունեմ։ Օր ու գիշեր նայում էինք հեռուն, սպասելով, որ կտեսնենք հորիզոնում։ Համաձայն հաշվի, մնում էր մեկ օրվա ճանապարհ։ Կամ այսօր գիշերը, կամ ամենաուշը վաղը կեսօրից առաջ մենք պետք է տեսնեինք Գանձերի կղզին։ Գնում էինք դեպի հարավ, հարավ֊արևմուտք։ Մեղմ քամի էր փչում։ Ծովը հանդարտ էր։ «Իսպանոլան» առաջ էր սլանում՝ երբեմն քիթն ալիքների մեջ թաղելով։ Ամեն ինչ լավ էր։ Բոլորն էլ լավ տրամադրության մեջ էին, բոլորն էլ ուրախ էին, որ մեր ճանապարհորդության առաջին մասը վերջանում է։

Երբ արևը մայր մտավ և աշխատանքս վերջացրի, ես ուղղվելով դեպի իմ մահճակալը, հանկարծ մտածեցի, որ վատ չէր լինի, եթե խնձոր ուտեի։ Արագ դուրս թռա տախտակամած։ Հերթապահները, նավի աոաջին մասում կանգնած, նայում էին ծովին և հույս ունեին տեսնել կղզին։ Ղեկապետը, առագաստների քամահար անկյուններից դիտելով, կամաց շվշվացնում էր։ Ամեն ինչ հանդարտ էր, միայն ջուրը խփում էր նավի կողքերին։

Պարզվեց, որ տակառում միայն մի խնձոր կար։ Այդ խնձորը վերցնելու համար ես պետք է տակառը մտնեի։ Այնտեղ, մթության մեջ նստած, ջրի ծփանքից և նավի համաչափ տատանումից, քիչ մնաց քնեի։ Հանկարծ մեկը ծանր կերպով ընկավ տակառի կողքին։ Տակառը թեթև տատանվեց։ Մարդը մեջքը դեմ էր տվել տակառին։ Ես արդեն պատրաստվում էի դուրս թռչել, երբ մարդը հանկարծ սկսեց խոսել։ Ես ճանաչեցի Սիլվերի ձայնը, և մինչև նա մի դյուժին խոսք ասեր, ես որոշեցի, ինչ ուզում է լինի, տակառից դուրս չգալ։ Ես պառկել էի տակառի հատակին և դողալով, երկյուղից ու հետաքրքրությունից շնչասպառ լինելով, լսում էի։ Եվ առաջին իսկ խոսքերից ես հասկացա, որ նավի վրա գտնվող բոլոր ազնիվ մարդկանց կյանքն իմ ձեռքում է գտնվում։


Գլուխ XI։ Ինչ լսեցի ես խնձորի տակառի մեջ նստած ժամանակ

― Ո՛չ, ես չէի,― ասաց Սիլվերը։— Նավապետը Ֆլինտն էր։ Իսկ ես բնակարանապետ էի, որովհետև իմ ոտը փայտե է։ Ես ոտս կորցրի նույն գործում, ինչ գործում որ ծերունի Պյուն իր աչքերը։ Իմ ոտն անդամահատեց մի գիտնական վիրահատ։ Նա սովորել էր կոլեջում և ողջ լատիներենն անգիր գիտեր։ Այնուամենայնիվ, կախաղանից ազատվել չկարողացավ։ Կորսո-Կասլեում նրան շան նման կախեցին արևի տակ, որ չորանա․․․ ուրիշների կողքին։ Այո՛։ Դրանք Ռոբերտսի մարդիկն էին, որ կորան, որովհետև իրենց նավերի անունները փոխում էին։ Այսօր նավը կոչվում էր «Թագավորական երջանկություն», իսկ վաղը՝ ուրիշ բան։ Իսկ մենք ինչ անուն որ տալիս ենք նավին, այն անունն էլ միշտ պետք է մնա։ Մենք չփոխեցինք «Կասանդրայի» անունը, այդ պատճառով մեզ Մալաբարից անփորձ տուն հասցրեց, այն ժամանակ, երբ Ինգլենդը հափշտակեց հնդկաստանի փոխարքային։ Իր անունը չփոխեց նաև «Մորժը», Ֆլինտի հին նավը, իսկ նրա վրա այնքան ոսկի կար, որ քիչ էր մնում ծովի տակը գնար։

— Է՜խ,— լսեցի ես մեր նավաստիներից ամենաերիտասարդի հիացած ձայնը,— ի՜նչ քաջ էր այդ Ֆլինտը։

— Ասում են, Դևիսը նրանցից վատը չէր,— ասաց Սիլվերը,— բայց ես նրա հետ երբեք չեմ ճանապարհորդել։ Առաջ ես ճանապարհորդում էի Ինգլենդի, ապա՝ Ֆլինտի հետ։ Իսկ այժմ ես ինքս եմ ծով դուրս եկել։ Ես ինը հարյուր ֆունտ ստերլինգ վաստակեցի Ինգլենդի մոտ և երկու հազար ֆունտ՝ Ֆլինտի մոտ։ Հասարակ նավաստու համար սա վատ չէ։ Փողը բանկում է և լավ տոկոս է տալիս։ Որտե՞ղ են այժմ Ինգլենդի մարդիկ։ Չգիտեմ։ Որտե՞ղ են Ֆլինտի մարդիկ։ Մեծ մասամբ այստեղ, նավի վրա, և ուրախ ենք, որ այստեղ ենք։ Շատերը նրանցից ապրում էին ծովափին, որպես վերջին մուրացիկներ։ Սովից մեռան, աստված վկա։ Ծերունի Պյուն, երբ կուրացավ, սկսեց տարեկան հազար երկու հարյուր ֆունտ ծախսել, ինչպես պառլամենտի լորդ։ Որտե՞ղ է նա այժմ։ Մեռել է և գետնի տակ փտում է։ Բայց երկու տարի առաջ նա ուտելու բան չուներ։ Նա ողորմություն էր խնդրում, գողանում էր, կոկորդը պատռում էր, այնուամենայնիվ, կերակրվել չէր կարողանում։

― Դե, արի ծովահեն եղիր դրանից հետո,— ասաց երիտասարդ նավաստին։

― Այո՛, բայց հիմար էլ մի եղիր,— բացականչեց Սիլվերը։— Սակայն խոսքը քո մասին չէ։ Դու թեև երիտասարդ ես, բայց հիմար չես։ Քեզ խաբել չի կարելի։ Ո՛չ։ Ես հենց որ քեզ տեսա, իսկույն նկատեցի այդ և քեզ հետ պետք է խոսեմ, ինչպես տղամարդու հետ։

Կարո՞ղ եք երևակայել, թե ինչ զգացի, լսելով, թե ինչպես այդ ծեր սրիկան ասում է ուրիշին նույն հրապուրիչ խոսքերը, ինչ որ ասել էր ինձ։ Եթե կարողանայի, տակառի պատի միջից նրան կսպանեի։

Այդ Ժամանակ Սիլվերը խոսքը շարունակեց, չկասկածելով, որ իրեն լսում են․

— Այդպես է ծովահենների կյանքը՝ ծանր կախաղանի ենթակա, բայց ուտում և խմում են ինչպես կռվող աքաղաղները կռվից առաջ։ Նրանք ճանապարհորդության են դուրս գալիս՝ ունենալով հարյուրավոր պղնձե գրոշներ, բայց վերադառնում են հարյուրավոր ֆունտերով։ Ավարը ծախսված է հարբեցողության վրա, փողերը վատնված և ահա նորից դեպի ծով, հագին միայն մի շապիկ։ Բայց ես այդպես չեմ վարվում։ Ես իմ բոլոր փողերը մաս-մաս հանձնում եմ զանազան բանկերի, որ կասկածներ չլինեն։ Գիտցիր, որ ես հիսուն տարեկան եմ։ Այս ճանապարհորդությունից վերադառնալով, ես պետք է ապրեմ այնպես, ինչպես ամենաիսկական ջենտլմենները։ Բավակա՞ն է, ասում ես։ Ի՞նչ կա որ, ես վատ չեմ ապրել։ Ոչ մի բանից զուրկ չեմ մնացել։ Փափուկ տեղում եմ քնել, համեղ բաներ եմ կերել։ Սակայն ծովի վրա երբեմն նեղություն եմ քաշել։ Իսկ ինչպես եմ սկսել։ Իբրև նավաստի՝ ինչպես դու։

― Բայց չէ՞ որ ձեր առաջվա փողերն այժմ կկորչեն,— ասաց երիտասարդ նավաստին։— Դուք ինչպե՞ս կերևաք Բրիստոլում այս ճանապարհորդությունից հետո։

― Իսկ քո կարծիքով այժմ որտե՞ղ են իմ փողերը,— հարցրեց Սիլվերը հեգնորեն։

― Բրիստոլում՝ բանկերում և զանազան տեղերում,— պատասխանեց նավաստին։

― Այո՛, փողերս քո ասած տեղերում էին։ Սակայն մինչև այն ժամանակ, երբ բարձրացրինք մեր խարիսխը։ Իսկ այժմ արդեն իմ պառավը վերցրել է փողերը։ «Հեռադիտակն» իր բոլոր փոր ու փսորով վաճառված է, իսկ պառավը հեռացել է և պայմանավորված տեղում սպասում է ինձ։ Ես կասեի քեզ, թե որտեղ է այդ տեղը, որովհետև միանգամայն վստահում եմ քեզ, բայց վախենում եմ, որ մյուսները վիրավորվեն, որ նրանց չեմ ասում։

― Իսկ քո պառավին վստահո՞ւմ ես,― հարցրեց նավաստին։

― Ծովահենները,— պատասխանեց խոհարարը,— հազվադեպ են իրար վստահում և լավ են անում։ Բայց ինձ խաբելը հեշտ չէ։ Ով որ փորձի բանսարկություն անել ծեր Ջոնին, այս աշխարհում երկար չի ապրի, ոմանք, վախենում էին Պյուից, ոմանք՝ Ֆլինտից։ Իսկ ինձնից ինքը Ֆլինտն էր վախենում։ Վախենում և հպարտանում էր ինձնով․․․ նրա մարդիկ հանդուգն մարդիկ էին։ Ինքը սատանան էլ չէր համարձակվի այդ մարդկանց հետ բաց ծովում կռվի դուրս գալ։ Դու ինձ ճանաչո՞ւմ ես, այդ պատճառով էլ ես գլուխս չեմ գովի, ես բարեհոգի և ուրախ մարդ եմ, իսկ երբ բնակարանապետ էի, Ֆլինտի ծեր ծովահեններն ինձ ոչխարների պես լսում էին։ Օ-հո֊հո-հո՜, ի՞նչ կարգապահություն կար ծերունի Ջոնի նավում։

— Ճշմարիտ եմ ասում ձեզ,— խոստովանեց նավաստին,— մինչև այս խոսակցությունը, Ջոն, ձեր գործն ինձ դուր չէր գալիս, իսկ այժմ, ահա իմ ձեռքը, ես համաձայն եմ։

— Դու քաջ և խելոք տղա ես,— պատասխանեց Սիլվերը և այնպես ուժեղ սեղմեց նավաստու ձեռքը, որ իմ տակառը տատանվեց։— Դա այնպես լավ ծովահեն կդառնաս, որի նմանը ես դեռ երբեք չեմ տեսել։

Ես ակամայից վկա եղա, թե ինչպես հրապուրեցին ազնիվ նավաստուն, որ մտնի ավազակախմբի մեջ, գուցեև նավի վերջին ազնիվ նավաստուն։ Սակայն ես իսկույն կարողացա համոզվել, որ այդ նավաստին միակը չէ։ Սիլվերը կամաց շվացրեց, և տակառի մոտ էլի մեկը նստեց։

— Դիկն արդեն մերն է,— ասաց Սիլվերը։

— Ես գիտեի, որ նա մերը կլինի,— լսեցի ես երկրորդ ավագ նավաստի Իզրայել Հենդսի ձայնը։— Դիկը հիմար մարդկանցից չէ։

Միառժամանակ նա լուռ ծամում էր ծխախոտը, ապա թքեց և դիմեց Երկարահասակ Ջոնին․

― Ասա, Ազդր, մենք երկա՞ր պետք է նպարավաճառի նավակի նման շուռումուռ գանք։ Երդվում եմ որոտով, որ նավապետն ինձ բոլորովին ձանձրացրել է։ Բավական է, որքան ինձ հրամաններ տվեց։ Ես ուզում եմ ապրել նավապետի սենյակում, նրանց նրբահամ կերակուրներն ու գինիներն ինձ պետք են։

― Իզրայել,— ասաց Սիլվերը,— քո գլուխը շատ էժան արժե, որովհետև նրա մեջ երբեք ուղեղ չի եղել։ Բայց լսել կարող ես, ականջներդ երկար են։ Ուրեմն լսիր. դու առաջվա նման պետք է քնես նավաստիների սենյակում, դու պետք է ուտես կոպիտ կերակուր, դու պետք է լինես հնազանդ, պետք է լինես քաղաքավարի և ոչ մի կաթիլ գինի չես խմի մինչև ես քեզ անհրաժեշտ խոսք չեմ ասի։ Ամեն բանում դու հույսդ ինձ վրա դիր, որդիս։

— Մի՞թե ես հրաժարվում եմ,— մռմռաց, երկրորդ ավագ նավաստին։— Ես միայն հարցնում եմ, ե՞րբ։

— Ե՞րբ,— գոռաց Սիլվերը։— Լա՛վ, ես կասեմ քեզ, թե երբ։ Որքան կարելի է ուշ, ահա թե երբ։ Նավապետ Սմոլետն առաջնակարգ ծովագնաց է, մեր շահի համար է նավը վարում։ Կալվածատերն ու բժիշկը մի քարտեզ ունեն, բայց ես գիտե՞մ արդյոք, թե որտեղ են թաքցնում այդ քարտեզը։ Դու էլ չգիտես։ Թող կալվածատերն ու բժիշկը գանձը գտնեն և օգնեն մեզ, որ նավը բարձենք։ Այն ժամանակ, մենք կտեսնենք։ Եթե ես վստահեի այդպիսի հոլանդական ցեղի, որպիսին դուք եք, ապա հնարավորություն կտայի նավապետ Սմոլետին մեզ ետ դարձնել մինչև ճանապարհի կեսը։

— Մենք ինքներս էլ վատ ծովագնացներ չենք,— առարկեց Դիկը։

— Ուզում ես ասել վատ նավաստիներ չենք,— ուղղեց Սիլվերը։— Մենք կարողանում ենք ղեկը վարել։ Իսկ ուղղությունն ո՞վ կհաշվի։ Այդ բանին ոչ ոք ձեզանից ընդունակ չէ, պարոններ։ Եթե իմ կամքը լինի, ապա ես թույլ կտայի նավապետ Սմոլետին վերադարձին հասցնել մեզ գոնե մինչև պասսատները։ Այն ժամանակ գոնե կիմանայի, որ ուղիղ ճանապարհով եմ գնում և որ ստիպված չենք լինի յուրաքանչյուրին օրական մի գդալ անուշ ջուր տալ։ Բայց ես գիտեմ, թե դուք ինչ ժողովուրդ եք։ Ստիպված կլինենք նրանց դատաստանն անել կղզու վրա, հենց որ գանձը կտեղափոխեն այստեղ, նավը։ Բայց շատ ափսո՜ս։ Իսկ դուք գիտեք միայն ագահությամբ հարձակվել խմիչքի վրա։ Ճշմարիտն ասած, իմ սիրտը ցավում է, երբ մտածում եմ, որ պետք է վերադառնամ ձեզ նման մարդկանց հետ։

— Կամաց, Երկարահասակ,— գոչեց Իզրայելը։— Չէ՞ որ քեզ հետ ոչ ոք չի վիճում։

— Մի՞թե ես մեծ նավեր քիչ եմ տեսել, որոնք իզուր խորտակվել են։ Մի՞թե ես քիչ եմ տեսել այնպիսի քաջեր, որոնց կախել են արևի տակ չորանալու,— բացականչեց Սիլվերը։— Իսկ ինչո՞ւ։ Նրա համար, որ շտապել են, շտապել են։ Լսեցեք ինձ. ես ճանապարհորդել եմ ծովի վրա և իմ կյանքում շատ բաներ եմ տեսել։ Եթե դուք կարողանայիք նավ վարել և կռվել քամիների դեմ, դուք բոլորդ վաղուց կառքով ման կգայիք։ Բայց ի՞նչ։ Ես ճանաչում եմ ձեզ։ Ռոմ եք լակում և կախաղան բարձրանում։

— Բոլորին հայտնի է, Ջոն, որ դու հռչակավոր ճոռոմախոս ես,— առարկեց Իզրայելը։— Բայց եղել են և ուրիշները, որոնք նավ վարելը քեզնից պակաս չեն իմացել։ Բայց նրանք իրենց հրամանատար չեն ձևացրել, իրենք քեֆ են արել, ուրիշներին էլ չեն խանգարել։

— Այո՛,— ասաց Սիլվերը։— Իսկ ո՞ւր են այժմ նրանք։ Այդպիսին էր Պյուն, որ մեռավ չքավորության մեջ, ողորմություն խնդրելով։ Ֆլինտն էլ այդպիսին էր, որ մեռավ ռոմից՝ Սավանայում։ Այո՛, դրանք հաճելի մարդիկ էին, ուրախ․․․ Միայն թե ո՞ւր են այժմ նրանք, ահա հարց․․․

— Ի՞նչ կանենք նրանց,— հարցրեց Դիկը,— երբ նրանք մեր ձեռքն ընկնեն։

— Այ, այս մարդն իմ ճաշակի մարդ է,— հիացմունքով բացականչեց խոհարարը։— Դատարկ բաների մասին չի խոսում, գործի մասին է խոսում։ Քո կարծիքով ի՞նչ պիտի անել նրանց։ Իջեցնել որևէ անմարդաբնակ ծովա՞փ։ Այդպես կվարվեր Ինգլենդը։ Կամ մորթել ինչպես խոզերի՞։ Այդպես կվարվեր Ֆլինտը կամ Բիլի Բոնսը։

— Այո՛, Բիլին այդպիսի վարվելաձև ուներ,— ասաց Իզրայելը։— «Մեռելները չեն կծում»,— ասում էր նա։ Այժմ նա մեռած է և իր ասացվածքը կարող է փորձով ստուգել։ Այո՛, Բիլին այդ գործում վարպետ էր։

— Ճշմարիտ է,— ասաց Սիլվերը։— Բիլին այդ գործերում կտրիճ էր։ Ոչ ոքի չէր խնայում։ Իսկ ես բարեհոգի ջենտլմեն եմ։ Սակայն տեսնում եմ, որ գործը լուրջ է։ Պարտքն ամենից առաջ, տղերք։ Եվ ես ձայն եմ տալիս՝ սպանել։ Ես երբեք չեմ ցանկանում, որ ինձ վրա, երբ ես պառլամենտի անդամ կդառնամ և ոսկեզօծ կառքով ման կգամ, ընկնի, ինչպես սատանան վարդապետի վրա, այդ բարակաոտներից մեկը։ Հարկավոր է սպասել մինչև պտուղը հասնի։ Իսկ երբ նա հասնի, հարկավոր է քաղել։

― Ջոն,— բացականչեց ավագ նավաստին,— դու հերոս ես, աստված վկա։

― Այդ բանում դու կհամոզվես գործի մեջ, Իզրայել,— ասաց Սիլվերը։— Ես միայն մի՛ բան եմ պահանջում՝ զիջեցեք ինձ կալվածատեր Տրելոնուն։ Ես ուզում եմ իմ սեփական ձեռքերով կտրել նրա հորթի գլուխը․․․ Դի՛կ,— ավելացրեց նա հանկարծ։— Բարի եղիր, թռիր տակառի մեջ և ինձ համար մի խնձոր հանիր, կարծես թե կոկորդս չորանում է։

Կարող եք երևակայել իմ սարսափը։ Ես դուրս կցատկեի և կսկսեի վազել, եթե ուժերս ներեին, բայց սիրտս, ոտներս, ձեռներս միանգամից ինձ ծառայելուց հրաժարվեցին։ Դիկն արդեն ոտի էր ելել, երբ հանկարծ նրան կանգնեցրեց Գենդսի ձայնը․

— Ինչո՞ւ ես ուզում փտած խնձորը ծծել, Ջոն։ Ավելի լավ է ռոմ տուր մեզ։

― Դի՛կ,― ասաց Սիլվերը,— ես վստահում եմ քեզ։ Այստեղ, իմ սենյակում մի տակառ եմ թաքցրել։ Ահա բանալին։ Մի կում, լցրու և բեր։

Չնայելով սարսափելի երկյուղին, ես, այնուամենայնիվ, այդ րոպեին մտածեցի, «Ահա թե պարոն Էրոուն որտեղից էր ռոմ ճարում»։

Հենց որ Դիկը հեռացավ, Իզրայելն ինչ֊որ մի բան շշնջաց խոհարարի ականջին։ Ես միայն երկու-երեք խոսք լսեցի, բայց այդ էլ բավական էր։

― Մնացածներից ոչ ոք չի համաձայնում,— շշնջաց Իզրայելը։

Ուրեմն նավի վրա դեռևս մեզ հավատարիմ մարդիկ կան։

Երբ Դիկը վերադարձավ, երեքն էլ հերթով կուժը վերցրին և խմեցին, մեկը «բախտի կենացը», մյուսը՝ «ծերունի Ֆլինտի կենացը, իսկ Սիլվերը մինչև անգամ երգեց.

Շահավետ քամու կենացը խմենք,
Բոլորս հարուստ և ուրախ լինենք։

Տակառի ներսը լուսավորվեց։ Վերև նայեցի և տեսա, որ լուսինը բարձրացել և արծաթաջրել է կայմը ու ծածանվող դրոշակը։ Այդ իսկ րոպեին հերթապահը ձայն տվեց․

— Ցամաք։


Գլուխ XII։ Ռազմական խորհուրդ

Տախտակամածը դոփյուններից դղրդաց։ Ես լսում էի, թե ինչպես մարդիկ դուրս էին գալիս սենյակներից, Տակառից դուրս գալով, ես անցա առաջնակայմի ետևը, երկու անգամ անցա նավի ետևի մասով, դուրս եկա տախտակամածը և Գենտերի ու բժիշկ Լիվսիի հետ վազեցի նավի առջևի մասը։ Բոլորն արդեն այստեղ էին։ Լուսնի երևալուց հետո մառախուղը միանգամից ցրվեց։ Հեռվում, հարավարևմտյան կողմում մենք տեսանք երկու ցածր բլուր, իսկ նրանց ետևից՝ երրորդը ավելի բարձր, որը դեռևս պատած էր մոխրագույն մշուշով։ Բոլոր բլուրներն էլ կոնաձև էին։

Ես նայում էի նրանց վրա որպես երազի մեջ, դեռևս սարսափից չէի սթափվել։ Հետո ես լսեցի նավապետ Սմոլետի ձայնը, որ հրամաններ էր տալիս։ «Իսպանոլան» մոտենում էր կղզուն արևելյան կողմից։

― Տղերք,— ասաց նավապետը, երբ նրա բոլոր հրամանները կատարված էին,— ձեզանից որևէ մեկը տեսե՞լ է կղզին առաջ։

― Ես տեսել եմ, պարոն,— ասաց Սիլվերը։— Երբ ես առևտրական նավում խոհարարի պաշտոն էի կատարում, մենք այնտեղից անուշ ջուր վերցրինք։

― Երևի խարիսխ ձգելու ամենահարմար տեղը հարավային կողմն է, այս փոքրիկ կղզու ետևում, այնպես չէ՞,— հարցրեց նավապետը։

― Այո՛, պարոն։ Այդ փոքրիկ կղզին կոչվում է Կմախքի կղզի։ Առաջ այստեղ միշտ կանգ էին առնում ծովահենները, և մեր նավից մի նավաստի գիտեր այն բոլոր անունները, որ ծովահենները տվել էին կղզու վրա գտնված տեղերին։ Ա՛յ, այն հյուսիսային կողմի սարը կոչվում է Առաջնակայմ, մյուսը՝ Միջնակայմ։ Միջնակայմը, այն բարձր սարը, որ ծածկված է մշուշով, հաճախ անվանում են Հեռադիտակ, որովհետև ծովահեննրը, երբ այստեղ կանգնել, իրենց նավերն էին նորոգում, նրա վրա դիտակայան էին սարքել։ Նրանք, սովորաբար, այստեղ նորոգում էին իրենց նավերը։ Ներողություն եմ խնդրում պարոն։

— Ես քարտեզ ունեմ,— ասաց նավապետ Սմոլետը։— Նայեցե՛ք, սա այն կղզի՞ն է։

Երբ քարտեզն ընկավ Երկարահասակ Ջոնի ձեռքը, նրա աչքերը փայլատակեցին, բայց հուսախաբությունը միանգամից շշմեցրեց նրան։ Սա այն քարտեզը չէր, որ մենք գտել էինք Բիլի Բոնսի սնդուկում, նրա պատճենն էր, որի վրա նշանակված էին տեղերի անունները, ծովի ծանծաղուտներն ու խորությունները, բայց առանց երեք կարմիր խաչերի և ձեռագրի դիտողությունների։ Այնուամենայնիվ, չնայած իր վրդովմունքին, Սիլվերն իրեն զսպեց և չմատնեց։

— Այո՛, պարոն,— ասաց նա։— Եվ շատ լավ է նկարված։ Հետաքրքրական է իմանալ, թե ո՞վ կարող էր նկարել այս քարտեզը։ Ծովահեններն անգրագետ մարդիկ են։ Ահա և նավապետ Կիդի կայանը, այդպես է անվանել և իմ ընկեր նավաստին։ Այստեղ ուժեղ հոսանք կա դեպի հարավ։ Հետո, արևմտյան ափին, հոսանքը շրջվում է դեպի հյուսիս։ Դուք ճիշտ եք արել, պարոն,— շարունակեց նա,— որ բռնել եք ուղիղ քամու դեմ։ Եթե դուք ուզում եք մտնել ծովախորշը, կանգնելու համար դրանից ավելի հարմար տեղ չեք գտնի։

— Շնորհակալ եմ,— ասաց նավապետ Սմոլետը։― Եթե օգնության կարիք լինի, ես կրկին ձեզ կդիմեմ։ Կարող եք գնալ։

Ես ապշեցի, թե ինչպես Ջոնն այդպիսի սառնասրտությամբ, հայտնաբերեց իր կղզուն ծանոթ լինելը։ Ճիշտն ասած, ես վախեցա, երբ տեսա, որ նա մոտենում է ինձ։ Իհարկե, նա չգիտեր, որ ես նստած եմ եղել տակառի մեջ և բոլորը լսել եմ։ Այնուամենայնիվ, իր դաժանությամբ, երկերեսանիությամբ և նավի անձնակազմի վրա ունեցած իշխանությամբ նա այնպիսի սարսափ էր տարածել ինձ վրա, որ ես չկարողացա չցնցվել, երբ ձեռքը դրավ ուսիս։

— Այս կղզին վատ տեղ չէ,— ասաց նա։— Վատ տեղ չէ փոքրիկ տղայի համար։ Դու կլողանաս, ծառ կբարձրանաս, վայրի այծեր կորսաս։ Ինքդ էլ այծի նման կսլանաս սարերի վրա։ Ճիշտ եմ ասում, որ նայում եմ այս սարերին, երիտասարդանում եմ և իմ փայտե ոտի մասին մոռանում։ Լավ է երեխա լինել և ոտներին տասը մատ ունենալ։ Եթե դու ցանկանաս գնալ և ծանոթանալ կղզուն, ասա ծերունի Ջոնին, նա քեզ համար նախաճաշ կպատրաստի։

Եվ բարեկամաբար խփելով ասիս, կաղալով հեռացավ։

Նավապետ Սմոլետը, կալվածատերը և բժիշկ Լիվսին նավի ետնամասին խոսում էին ինչ֊որ բանի մասին։ Ես ցանկանում էի որքան կարելի է շուտով հայտնել նրանց այն բոլորը, ինչ որ ինձ հաջողվել էր լսել։ Սակայն ես վախենում էի բոլորի ներկայությամբ ընդհատել նրանց խոսակցությունը։ Ես թափառում էի նրանց շուրջը, մտածելով, թե ինչ ձևով սկսեմ խոսել, երբ հանկարծ բժիշկ Լիվսին ինձ իր մոտ կանչեց։ Նա իր ծխամորճը մոռացմամբ թողել էր ներքևում և ուզում էր ինձ ուղարկել, որ բերեմ, որովհետև երկար ժամանակ առանց ծխելու չէր կարողանում մնալ։ Բայց մոտենալով նրան այնքան, որ ոչ ոք չկարողանա լսել, ես շշնջացի․

― Բժիշկ, ես ուզում եմ ձեզ հետ խոսել։ Թող նավապետը և կալվածատերը իջնեն նավասենյակ, հետո որևէ պատճառով կանչեցեք ինձ։ Ես ձեզ սարսափելի նորություններ կհայտնեմ։

Բժշկի դեմքը թեթևակի այլայլվեց, բայց իսկույն նա տիրապետեց իրեն։

— Շնորհակալ եմ, Ջիմ, հենց այդ էի ուզում իմանալ,— ասաց նա, ձևացնելով, իբր թե անմիջապես ինձ ինչ֊որ հարց է տվել։

Հետո դարձավ դեպի կալվածատերն ու նավապետը։ Նրանք շարունակում էին միանգամայն հանդարտ խոսել, իրենց ձայնը չբարձրացնելով, սակայն ես հասկացա, որ բժիշկ Լիվսին իմ ասածն արդեն հայտնել է նրանց։

Հետո նավապետը հրամայեց Ջոբ Էնդերսոնին բոլոր մարդկանց տախտակամած կանչել։

― Տղերք,— նավաստիներին դիմելով, ասաց նավապետ Սմոլետը,— ես ուզում եմ խոսել ձեզ հետ։ Դուք ձեր առաջ տեսնում եք ցամաք։ Այդ ցամաքն այն կղզին է, ուր մենք պիտի գայինք։ Դուք բոլորդ գիտեք, թե ինչ առատաձեռն մարդ է պարոն Տրելոնին։ Նա ինձ հարցրեց, ճանապարհին լա՞վ էին աշխատում արդյոք նավաստիները։ Եվ ես պատասխանեցի, որ յուրաքանչյուր նավաստի եռանդով էր կատարում իր պարտքը ու երբեք չեմ ցանկացել, որ նրանք ավելի լավ աշխատեն։ Պարոն Տրելոնին, ես և բժիշկը գնում ենք նավասենյակ, որ խմենք ձեր կենացը, ձեր հաջողության կենացը, իսկ ձեզ այստեղ կտան փունջ, որպեսզի դուք կարողանաք խմել մեր և մեր հաջողության կենացը։ Եթե դուք ուզում եք իմանալ իմ կարծիքը, ապա ես կասեմ, որ կալվածատերը, մեզ հյուրասիրելով, շատ սիրալիր վերաբերմունք ցույց տվեց։ Առաջարկում եմ նրա պատվին ուռա գոչել։

Տարօրինակ չէր, որ բոլորն էլ ուռա դոչեցին։ Սակայն՝ այդ ուռան այնքան սրտալի ու միաբերան հնչեց, որ, խոստովանում եմ, ես հազիվ կարողացա այն րոպեին հավատալ, որ այդ նույն մարդիկ պատրաստվում են մեզ բոլորիս սպանել։

— Ուռա՜ նավապետ Սմոլետին,— աղաղակեց Երկարահասակ Ջոնը, երբ առաջին ուռան լռեց։

Այս անգամ էլ բոլորը միաբերան ուռա գոչեցին։

Երբ ընդհանուր ուրախությունը եռում էր, նավապետը, կալվածատերն ու բժիշկը նավասենյակ իջան։

Քիչ հետո նրանք մարդ ուղարկեցին, որ կանչեն Ջիմ Հոկինսին։

Երբ ներս մտա, նրանք նստել էին սեղանի քուրջը։ Նրանց առջև դրված էր մի շիշ իսպանական գինի և մի ափսե չամիչ։ Բժիշկը, կեղծամը ծնկներին դրած, ծխում էր, իսկ դա, ինչպես ես գիտեի, նշանակում էր, որ նա շատ հուզված է։ Գիշերը շոգի պատճառով պատուհանը բաց էր։ Լուսնի լույսի մի շերտ ընկած էր նավի ետևի մասում։

— Դե, Հոկինս,— ասաց կալվածատերը,— դու ուզում ես ինչ-որ բան հայտնել մեզ։ Խոսի՛ր։

Ես համառոտ կերպով հաղորդեցի նրանց այն բոլորը, ինչ որ լսել էի տակառի մեջ նստած ժամանակ։ Նրանք ինձ չէին ընդհատում, մինչև որ վերջացրի։ Նրանք չէին շարժվում, աչքերն իմ դեմքից չէին հեռացնում։

— Ջիմ,— ասաց բժիշկ Լիվսին,— նստի՛ր։

Նրանք ինձ նստեցրին սեղանի մոտ, մի բաժակ գինի տվին, բուռս չամիչ չցրին և բոլորն էլ հերթով ողջունելով, խմեցին իմ կենացը, իմ բախտավորության, իմ քաջության կենացը։

— Այո՛, նավապետ,— ասաց կալվածատերը,— Դուք ճշմարիտ էիք։ Խոստովանում եմ, որ ես էշ եմ և սպասում եմ ձեր կարգադրություններին։

— Ես նույնպիսի էշ եմ, պարոն,— առարկեց նավապետը։— Առաջին անգամ եմ այնպիսի անձնակազմ տեսնում, որը պատրաստվում է ապստամբության և իրեն այնպես հնազանդ ու օրինակելի է պահում։ Եթե ուրիշ անձնակազմ լիներ, ես վաղուց գլխի կընկնեի և նախազգուշության միջոցներ ձեռք կառնեի։ Բայց սրանք ինձնից խորամանկ դուրս եկան։

— Նավապետ,— ասաց բժիշկը,― խորամանկությամբ գերազանցել է ձեզ Ջոն Սիլվերը, նա հռչակավոր մարդ է։

— Նա ավելի հռչակավոր կլիներ, եթե առագաստափայտի վրա ճոճվեր,— առարկեց նավապետը։— Սակայն այդ բոլոր խոսակցություններն այժմ ավելորդ են։ Բոլոր ասածներից ես մի շարք եզրակացություններ եմ արել։ Եթե պարոն Տրելոնին թույլ տա, ես կասեմ։

— Դուք այստեղ նավապետ եք, պարոն, կարգադրեցեք,— վեհությամբ պատասխանեց պարոն Տրելոնին։

— Նախ և առաջ,— հայտնեց պարոն Սմոլետը,— մենք պետք է շարունակենք այն բոլորը, ինչ որ սկսել ենք, որովհետև նահանջի ճանապարհը կտրված է։ Եթե ես վերադարձի մասին ծպտուն հանեմ, նրանք իսկույն կապստամբեն։ Երկրորդը, մենք դեռ ժամանակ ունենք, առնվազն այնքան ժամանակ, մինչև կգտնենք գանձը։ Երրորդը, անձնակազմի մեջ դեռ կան մեզ հավատարիմ մարդիկ։ Վաղ, թե ուշ, մենք պետք է այդ ավազակախմբի հետ կռվի դուրս գանք։ Ես առաջարկում եմ ցույց չտալ, որ նրանց մտադրությանը գիտենք, այլ հարձակվել նրանց վրա առաջինը, անակնկալ կերպով, երբ նրանք դեռ չեն սպասում։ Ինձ թվում է, որ մենք կարող ենք հույս դնել ձեր ծառաների վրա, այնպես չէ՞, պարոն Տրելոնի։

— Ինչպես ինձ վրա,— հայտնեց կալվածատերը։

— Նրանք երեք հոգի են,— ասաց նավապետը։— Մենք էլ երեք, Հոկինսն էլ՝ այ քեզ արդեն յոթ հոգի։ Իսկ անձնակազմից ո՞ւմ վրա կարող ենք հույս դնել։

— Երևի նրանց վրա, որոնց ինքը, նավապետն է վարձել, առանց Սիլվերի օգնության։

— Ո՛չ,— առարկեց Տրելոնին։— Հենդսին էլ ես եմ վարձել, այնինչ․․․

— Ես էլ լրիվ չափով չեմ վստահում նրան,— խոստովանեց նավապետը։

— Եվ բոլորն էլ անգլիացի են,— բացականչեց կալվածատերը։— Ճշմարիտ, պարոն, ես ցանկանում եմ նավը պայթեցնել։

— Եվ այդպես, պարոններ,— շարունակեց նավապետը,— ահա թե ինչ կարող եմ առաջարկել։ Մենք պետք է զգույշ լինենք և սպասենք հարմար դեպքի։ Համաձայն եմ, որ դա այնքան հեշտ չէ։ Ավելի հաճելի կլիներ, եթե նրանց վրա հարձակվեինք իսկույն։ Սակայն մենք ոչ մի բան չենք կարող նախաձեռնել, մինչև չիմանանք, թե անձնակազմից ով է մեզ հավատարիմ։ Պետք է զգույշ լինել և սպասել ահա՝ ահա բոլորը, ինչ կարող եմ առաջարկել։

— Այժմ ամենից շատ օգուտ կարող է բերել մեզ համար Ջիմը,— ասաց բժիշկը։— Նավաստիները նրանից չեն քաշվում, իսկ Ջիմը դիտող տղա է։

— Հոկի՛նս, ես քեզ միանգամայն վստահում եմ,— ավելացրեց կալվածատերը։

Խոստովանում եմ, որ ես շատ վախենում էի, որ նրանց վստահությանը չարդարացնեմ։ Բայց դեպքերն այնպես դասավորվեցին, որ ես իսկապես փրկեցի նրանց կյանքը։

Քսանվեց մարդուց մենք առայժմ կարող ենք հույս դնել միայն յոթ հոգու վրա։ Եվ յոթ հոգուց մեկը ես էի՝ երեխա։ Եթե հաշվենք միայն մեծահասակներին, մենք վեց հոգի էինք՝ տասնինի դեմ։


ԵՐՐՈՐԴ ՄԱՍ։ ԻՄ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՑԱՄԱՔԻ ՎՐԱ

Գլուխ XIII։ Ինչպես սկսվեցին իմ արկածները ցամաքի վրա

Երբ առավոտյան դղւրս եկա տախտակամածի վրա, կղզին ինձ ուրիշ տեսակ երևաց, քան երեկ։ Թեև քամին հանդարտել էր, այնուամենայնիվ, գիշերով բավականին առաջ էինք գնացել և այժմ կանգնած էինք արևելյան ափից կես մղոն հեռու։ Կղզու մեծ մասը պատած էր մութ անտառով։ Միատեսակ մոխրագույն գունավորումը տեղ֊տեղ, հովիտներում, կտրվում էր ավազոտ ափի դեղին շերտերով և սոճիների նման բարձր ծառերի կանաչ կատարներով։ Այս ծառերն աճում էին երբեմն առանձին, երբեմն, խմբով և բարձրանում էին անտառի մակարդակից, սակայն կղզու ընդհանուր տեսքն, այնուամենայնիվ, շատ միապաղաղ ու մռայլ էր։ Յուրաքանչյուր բլրի գագաթին մերկ ու սուր ժայռեր էին ցցված։ Այս բլուրներն իրենց գծագրության տարօրինակ ձևով զարմացնում էին ինձ։ Հեռադիտակը երեք, թե չորս հարյուր ֆուտով բարձր էր մնացածներից և նույնպես ինչ֊որ տարօրինակ էր՝ ուղղաձիգ լանջեր և արձանի պատվանդանի նման կտրված հարթ գագաթ։

Օվկիանոսն այնքան ուժեղ էր ճոճում «Իսպանոլան», որ ջուրը տախտակամածին էր հասնում։ Ղեկը խփում էր նավախելին երբեմն աջ, երբեմն ձախ կողմից, և ողջ նավը ցնցվում էր, հառաչում, ճարճատում որպես խաղալիք֊նավ։ Աչքիս առաջ ամեն ինչ պտտվում էր։ Ես արդեն ընտելացել էի ծովին, երբ նավը վազում էր ալիքների վրայով, բայց այժմ նավը խարիսխ էր ձգել և միևնույն ժամանակ շշի նման պտտվում էր ջրի մեջ։ Սրանից ես ինձ վատ էի զգում, հատկապես առավոտները, երբ ստամոքսս դատարկ էր։

Չգիտեմ, ինչը ազդեց ինձ վրա, արդյոք ալեկոծությո՞ւնը, թե այն մոխրագույն տխուր անտառները, այն վայրի, մերկ քարերը, մակընթացության թնդյունը, սեպ ափերը, սակայն, թեև արեգակը փայլում էր պայծառ, թեև ծովային թռչունները շուրջս վխտում էին և աղաղակելով ծովից ձուկ էին որսում, թեև յուրաքանչյուր ոք, բնականաբար, ուրախ կլիներ, որ այնքան ժամանակ բաց ծովի վրա լինելուց հետո ցամաք է տեսել, իմ սիրտը վիշտն էր պատել։ Եվ առաջին իսկ հայացքից ես ատեցի Գանձերի կղզին։

Այդ առավոտ մենք ծանր աշխատանք պետք է կատարեինք։ Որովհետև քամի չկար, մենք պետք է ցած թողնեինք մակույկները, թիավարելով նավը տանեինք երեք թե չորս մղոն հեռու, հրվանդանն անցնեինք և նավը մտցնեինք նեղ նեղուցը, որ գտնվում էր Կմախքի կղզու այն կողմում։ Ես նստեցի մակույկներից մեկի մեջ, թեև այնտեղ անելու գործ չունեի։ Արևն անտանելի կերպով այրում էր, և նավաստիներն ամբողջ ժամանակ անիծում էին իրենց ծանր աշխատանքը։ Մեր մակույկը վարում էր Էնդերսոնը։ Փոխանակ ուրիշներին զսպելու, ինքն էր մռթմռթում և ամենից բարձր ձայնով հայհոյում։

― Դե լա՛վ,― ասաց նա և հայհոյեց։― Շուտով այս բոլորին վերջ կլինի։

«Վատ նշան է»,― վճռեցի ես։ Մինչև այժմ մարդիկ աշխատում էին եռանդով և սիրով։ Սակայն միայն կղզին տեսնելը բավական էր, որ կարգապահությունը թուլանա։

Երկարահասակ Ջոնը կանգնած էր ղեկապետի մոտ և օգնում էր նրան, որ նավը վարի։ Նա նեղուցը ճանաչում էր իր ափի նման և բոլորովին չէր վրդովվում, երբ չափելուց երևում էր, որ ամեն տեղ ավելի խորն է, քան նշանակված է քարտեզի վրա։

― Այս նեղ անցքը փորել է օվկիանոսի մակընթացությունը,― ասաց նա։― Ամեն անգամ մակընթացությունը բահի նման խորացնում է։

Մենք կանգ առանք այնտեղ, որտեղ քարտեզի վրա խարիսխ էր նկարված։

Մի երրորդական մղոն մեզ բաժանում էր գլխավոր կղզուց, մի երրորդական մղոն էլ՝ Կմախքի կղզուց։ Հատակը մաքուր էր, ավազոտ։ Ընկնելիս, մեր խարիսխը թնդաց և թռչունների երամները, պտտվելով ու աղմկելով, բարձրացան անտառից։ Բայց մի րոպեից հետո նրանք կրկին թաքնվեցին անտառի մեջ, և ամեն ինչ լռեց։

Նեղուցն ամեն կողմից հիանալի կերպով փակված էր։ Այն թաղված էր խիտ անտառի մեջ։ Անտառը սկսում էր անմիջապես ափից։ Ափերը տափարակ էին։ Իսկ հեռվում ամֆիթատրոնի նման բարձրանում էին բլուրները։ Երկու ճահճային գետ թափվում էին նեղուցի մեջ, որը հանդարտ լճակի էր նման։ Այդ գետերի ափերի բուսականությունը ապշեցնում էր ինչ֊որ թունավոր պայծառությամբ։ Նավից ո՛չ շենք էր երևում, ո՛չ ցանկապատ՝ ծառերը նրանց առաջը բոլորովին փակել էին, և եթե քարտեզը չլիներ, կարող էինք կարձել, թե մենք առաջին մարդիկն ենք, որ այցելել ենք այս կղզին, այն օրվանից, երբ նա դուրս է եկել օվկիանոսի խորքից։

Օդը չէր շարժվում։ Միմիայն մի ձայն էր վրդովում անդորրությունը՝ մակընթացության հեռավոր աղմուկը, որ զարնվում էր ժայռերին կղզու մյուս կողմում։ Տարօրինակ նեխած հոտ էր բարձրանում նավի չորս կողմից՝ մգլած տերևների և փտող ծառերի բների հոտ։ Ես նկատեցի, որ բժիշկն ամբողջ ժամանակ հոտոտում է ու կնճռոտում, կարծես նրան հոտած ձու էր բաժին ընկել։

― Չգիտեմ, կա՞ այնտեղ գանձ,― ասաց նա,― սակայն, երդվում եմ իմ կեղծամով, որ ջերմ ու տենդ կա։

Մակույկի մեջ եղած մարդկանց տագնապալի վարքը նավը վերադառնալուց հետո սպառնական դարձավ։ Նավաստիները տախտակամածի վրա շրջելով, խոսում էին ինչ-որ բանի մասին։ Ամենահասարակ հրամաններն էլ նրանք դժկամությամբ էին լսում և կատարում չափազանցց տհաճորեն։ Մինչև անգամ խաղաղ նավաստիներին էլ անբավականության վարակն էր պատել, և ոչ ոք չկար, որ նրանց կարգի հրավիրեր։ Խռովությունը, ահագին ամպի նման, կուտակվում էր մեր գլխին։

Միայն մենք, նավասենյակի բնակիչներս չէինք, որ նկատել էինք վտանգը։ Երկարահասակ Ջոնը մի խմբից մյուսն անցնելով, ամբողջ ուժով աշխատում էր կարգ պահպանել, մերթ համոզելով, մերթ օրինակ տալով։ Նա կաշվից դուրս էր գալիս, աշխատելով լինել սիրալիր և պատրաստակամ։ Նա ժպտում էր բոլորի դեմքին։ Երբ որևէ հրաման էր տրվում, Ջոնն իր փայտե ոտով առաջինն էր գնում կատարելու, ուրախ գոռալով․

― Պատրաստ է, պատրաստ է, պարոն։

Իսկ երբ անելու գործ չկար, մեկը մյուսի ետևից նա երգում էր, որ մյուսների դժկամությունն այնքան էլ նկատելի չլինի։

Այս չարագուշակ օրվա մեջ կատարված դեպքերից ամենաչարագուշակը մեզ թվում էր Երկարահասակ Ջոնի վարմունքը։

Մենք հավաքվեցինք նավասենյակ՝ խորհրդի։

― Պարո՛ն,― ասաց նավապետը,― եթե ես թեկուզ մի հրաման տամ, ողջ նավը մեզ վրա կթափվի։ Դուք տեսնում եք, պարոն, թե ինչ է կատարվում։ Բոլորն ամեն քայլափոխում կոպիտ վերաբերմունք են ցույց տալիս։ Եթե նրանց կոպտությանը պատասխանեմ, մեզ կտոր֊կտոր կանեն։ Իսկ թե չպատասխանեմ, Սիլվերը կարող է նկատել, որ ինչ֊որ վատ բան կա և խաղը տանուլ տված կլինենք։ Չէ՞ որ հիմա մենք կարող ենք հույս դնել միայն մի՛ մարդու վրա։

― Ո՞ւմ վրա,― հարցրեց կալվածատերը։

― Սիլվերի վրա, պարոն,― պատասխանեց նավապետը։― Նա գործը հարթելու մեզանից քիչ ցանկություն չունի։ Կաշվից դուրս է դալիս, որ ժամանակից առաջ խռովություն չանեն։ Ես առաջարկում եմ հնարավորություն տալ նրան, որ համոզի նրանց ինչպես պետքն է։ Արձակենք նավաստիներին, որ գնան ափ՝ զբոսնելու։ Եթե նրանք կգնան բոլորը միասին, մենք նավը կգրավենք։ Եթե նրանցից ոչ ոք չգնա, մենք կփակվենք նավասենյակում և կպաշտպանվենք։ Եթե կգնան միայն մի քանի հոգի, հավատացեք ինձ, որ Սիլվերը ետ կբերի նավը ոչխարների պես հնազանդ։

Այդպես էլ որոշեցինք։ Հուսալի մարդկանց լցված ատրճանակներ բաժանեցինք։ Գենտերին, Ջոյսին և Ռեդրետին հայտնեցինք մեր պլանների մասին։ Իմանալով այդ, նրանք այնքան էլ չզարմացան և մեր հաղորդումն ընդունեցին ավելի հանգիստ, քան մենք սպասում էինք։ Հետո նավապետը տախտակամած դուրս եկավ և դիմեց անձնակազմին.

― Տղե՛րք,– ասաց նա,― այսօր շատ աշխատանք կատարեցինք, և բոլորս էլ սաստիկ հոգնած ենք։ Ափում զբոսնելը ոչ ոքի վնաս չի տա։ Մակույկներն իջեցված են։ Ով ուզում է թող ափ գնա։ Կարող եք ձեզ հետ թիանավակ տանել։ Արևը մայր մտնելուց կես ժամ առաջ ես թնդանոթ կարձակեմ։

Երևի այդ հիմարները կարծեցին, թե գանձը կգտնեն, հենց որ ափ դուրս գան։ Նրանց դժկամությունը միանգամից չքացավ։ Նրանք այնքան բարձր ուռա գոռացին, որ արձագանքը տարածվեց հեռավոր բլուրների մեջ, և վախեցած թռչունները կրկին պտույտներ կատարեցին մեր կայանի վրա։

Նավապետը շատ խելացի վարվեց. նա իսկույն հեռացավ, հանձնարարելով Սիլվերին, որ ափ դուրս գալը ղեկավարի։ Ուրիշ ի՞նչ կերպ կարող էր վարվել։ Չէ՞ որ, եթե մնար տախտակամածին, նա չէր կարող ձևանալ, չգիտի, թե ինչ է կատարվում։ Ամեն ինչ օրվա պես պարզ էր։ Ավազակներն այժմ ուրիշ նավապետ ունեն՝ Սիլվերը, և միայն նրա կարգադրություններն էին լսում։ Իսկ խաղաղ նավաստիները, շուտով հայտնաբերվեց, որ այդպիսիներն էլ կան նավի վրա, բոլորովին հիմար դուրս եկան։ Կարելի է, այնուամենայնիվ, որ բոլոր նավաստիներին մեր դեմ էին դուրս բերել առաջնորդները, սակայն նրանք շատ հեռու գնալ չէին ցանկանում։ Անհնազանդությունը, ծուլությունը, տրտնջալը մի բան է, իսկ նավը գրավելը և բոլորովին անմեղ մարդկանց սպանելն ուրիշ բան։

Երկար ժամանակ վիճելուց հետո նավաստիները բաժանվեցին այսպես. վեց հոգի մնացին նավի մեջ, իսկ մնացած տասներեք հոգին, այդ թվում նաև Սիլվերը, սկսեցին նստել մակույկների մեջ։ Ահա այդ ժամանակ ես հանկարծ որոշեցի մի հանդուգն քայլ անել։ Այդ քայլը հետագայում մեզ մահից փրկեց։ Ես դատեցի այսպես։ Մենք չենք կարող նավը գրավել, քանի որ Սիլվերն իր ավազակներից վեց հոգի թողել է նավի վրա։ Մյուս կողմից, քանի որ նրանցից մնացել են ընդամենը վեց հոգի, ուրեմն, նրանք չեն պատրաստվում իսկույն հարձակվել մեզ վրա։ Հետևապես նավի վրա ես պետք չեմ։ Եվ որոշեցի ափ դուրս գալ։ Մի ակնթարթում ես թռա նավեզրից և մակույկ իջա, որն իսկույն ճանապարհվեց։

Ոչ ոք ինձ վրա ուշադրություն չդարձրեց, միայն առջևի թիավարն ասաց.

― Այդ դո՞ւ ես, Ջիմ։ Գլուխդ ցած պահիր։

Սակայն Սիլվերը, որ նստած էր առջևի մակույկի մեջ, ուշադրությամբ նայեց մեր մակույկին և ձայն տվեց, համոզվելու համար, որ իսկապես ես եմ։ Այդ ժամանակ ես ափսոսացի, որ հեռացա նավից։

Մակույկները դեպի ափ էին սլանում։ Բայց այն մակույկը, որի մեջ ես էի նստած, ավելի թեթև էր և թիավարներն էլ ամենալավերը։ Մենք միանգամից մյուս մակույկից առաջ ընկանք։ Հենց որ մակույկի քիթն ափին դիպավ, ես մի ճյուղ բռնեցի, դուրս թռա և մտա անտառ։ Իսկ Սիլվերն ու իր ընկերները հարյուր յարդի չափ ետ մնացին։

― Ջի՛մ, Ջի՛մ,― կանչեց նա։

Բայց, հասկանալի է, որ ես նրա կանչի վրա ոչ մի ուշադրություն չդարձրի։ Առանց ետ նայելու, թռչկոտելով, թփերը ջարդելով, խոտերի մեջ սուզվելով, ես վազում էի առաջ ու առաջ, մինչև որ ուժասպառ եղա։


Գլուխ XIV։ Առաջին հարվածը

Գոհ, որ ազատվեցի Երկարահասակ Ջոնից, ես ուրախացա և սկսեցի հետաքրքրությամբ դիտել անծանոթ վայրը։

Սկզբում ես ընկա ճահճի մեջ, որտեղ բուսել էին ուռիներ, եղեգն և ինչ-որ ինձ անծանոթ տեսակի ծառեր։ Հետո դուրս եկա բաց ավազոտ մի հարթություն, որը մեկ մղոնի չափ երկարություն ուներ, որտեղ աճում էին քիչ թվով սոճիներ և ոլորված ինչ-որ ծուռումուռ ծառեր, կաղնու նման, սակայն բաց գույնի տերևներով, ինչպես ուռենին։ Հեռվից երևում էր մի երկգագաթ սար, որի զույգ տարօրինակ ժայռոտ կատարներն արևի տակ փայլում էին։

Առաջին անգամ ես զգացի անհայտ երկրներ հետազոտողների ուրախությունը։ Կղզին անմարդաբնակ էր։ Այն մարդիկ, որոնք եկել էին ինձ հետ, մնացել էին հեռվում, ետևում և ոչ ոքի չէի կարող հանդիպել, բացի վայրի գազաններից ու թռչուններից։ Ես զգուշությամբ անցնում էի ծառերի միջով։ Այստեղ, այնտեղ տեսնում էի անծանոթ բույսեր ու ծաղիկներ, այստեղ, այնտեղ հանդիպում էի օձերի։ Նրանցից մեկը նստել էր ժայռի ճեղքում։ Օձը գլուխը բարձրացրեց և տարօրինակ, պտտվող հոլի ձայնով ճչաց։ Իսկ ես պատկերացում էլ չունեի, որ դա հռչակավոր բոժոժավոր օձն է, որի խայթոցը մահ է պատճառում։

Վերջապես մտա կաղնու նման ծառերի մի խիտ անտառ։ Հետագայում իմացա, որ դրանք մշտադալար կաղնի են կոչվում։ Նրանք աճում էին ավազի մեջ, շատ ցածր, ինչպես տատասկենու թփերը։ Նրանց հանգուցավոր ճյուղերը հրաշալի կերպով ծռված էին, տերևները խիտ էին, ինչպես հարդե տանիք։ Այդ ծառերի թփուտներն ավելի ու ավելի բարձրանալով, ավազոտ զառիվայրից իջնում, էին լայն, եղեգն աճած ճահճի մեջ, որի միջով անցնում էր նեղուցը թափվող գետակներից մեկը։ Ճահճից գոլորշի էր բարձրանում և հեռադիտակի ուրվագծերը դողդողում էին տոթ մառախուղի մեջ։

Հանկարծ եղեգնը խշշաց։ Կռնչալով թռավ մի վայրի բադ, նրա ետևից մի ուրիշը և շուտով ճահճի վրա թռչունների մի ահագին ամպ կախվեց, որն աղաղակելով պտտվում էր օդում։ Ես իսկույն գլխի ընկա, որ մեր նավաստիներից որևէ մեկը ճահճի մոտ է գալիս։ Եվ չսխալվեցի։ Շուտով լսեցի մի հեռավոր ձայն, որը մոտենալով, ավելի բարձրանում էր։

Ես սաստիկ վախեցա, ծլկեցի մոտակա մշտադալար կաղնիների անտառը և մկան պես թաքնվեցի։

Մի ուրիշ ձայն չպատասխանեց։ Հետո կրկին խոսեց առաջին ձայնը և ես այդ ձայնը ճանաչեցի՝ Սիլվերի ձայնն էր։ Նա ինչ-որ բանի մասին անդադար խոսում էր։ Նրա ուղեկիցը պատասխանում էր կտրուկ կերպով։ Ձայներից դատելով, նրանք խոսում էին տաք-տաք, համարյա թե թշնամաբար, սակայն խոսքերը ջոկել չկարողացա։

Վերջապես նրանք լռեցին և, երևի, նստեցին, որովհետև թռչունները հետզհետե հանգստացան և ճահիճն իջան։

Եվ ես զգացի, որ շեղվում եմ իմ պարտականություններից։ Եթե ես այնքան հիմար եմ, որ ափ դուրս եկա ծովահենների հետ, պետք է, առնվազն, լսել, թե ինչի մասին են նրանք՝ խոսում։ Իմ պարտականությունը հրամայում էր ինձ ծածուկ մոտենալ նրանց, որքան կարելի է մոտիկ, և թաքնվել հանգուցավոր թփերի խիտ տերևների մեջ։ Ես կարող էի ճշտությամբ որոշել այն տեղը, որտեղ նստած են երկու նավաստիները՝ մի քանի թռչունների ձայներից և հուզմունքից, որոնք դեռևս պտտվում էին նրանց գլխին։

Դանդաղ, բայց համառ կերպով ոտքերիս ու ձեռքերիս վրա առաջ սողացի։ Վերջապես գլուխս բարձրացնելով և նայելով տերևների լուսանցիկ արանքից, ես տեսա կանաչ հովտի վրա, ճահճի մոտ, ծառերի տակ, Ջոն Սիլվերին և էլի մի նավաստու։ Նրանք իրար դեմ կանգնած խոսում էին։

Երկուսին էլ արևը վառում էր։ Սիլվերը գլխարկը շպրտեց գետնին և նրա մեծ, ուռած, սպիտակ, փայլող քրտինքով պատած դեմքը դարձված էր դեպի խոսակիցը։

— Բարեկամս,— ասում էր նա,— դու ինձ համար իսկական ոսկի ես։ Մի՞թե դու կարծում ես, որ ես կանհանգստանայի քո համար, եթե ամբողջ սրտով չսիրեի քեզ։ Ամեն բան արված է, ոչինչ չես կարող փոխել։ Ես ուզում եմ քե՛զ մահից ազատել, ահա թե ինչու ես քեզ հետ եմ։ Եթե մեր նավաստիներն իմանային, թե ինչի մասին եմ քեզ հետ խոսում, Թոմ, մտածիր, թե ինչ կանեին ինձ։

— Սիլվեր,— պատասխանեց ծովագնացը, և ես նկատեցի, որ նրա երեսը կարմրել է և խռպոտ, կռկռան ձայնը ձգված պարանի պես դողդողում է,— Սիլվեր, դու արդեն երիտասարդ չես և կարծես թե խիղճ ունես։ Համենայն դեպս, ոչ ոք քեզ սրիկա չի համարում։ Դու փող ունես․․․ Շատ փող․․․ Ավելի, քան ուրիշ ծովագնացները։ Միևնույն ժամանակ դու վախկոտ չես։ Խնդրեմ, բացատրիր ինձ, թե ինչո՞ւ ես գլուխ դնում այդ անարգ առնետների հետ։ Ո՛չ, դու նրանց հետ համամիտ չես կարող լինել։ Ես ավելի շուտ կթողնեմ, որ գլուխս կտրեն, բայց իմ պարտականությանը չեմ դավաճանի։

Հանկարծակի աղմուկն ընդհատեց նրան։ Վերջապես ես գտա մի ազնիվ ծովագնաց և միևնույն ժամանակ տեղեկություն լսեցի մի ուրիշ ազնիվ ծովագնացի մասին։ Հեռվից, ճահճի ետևից տարածվեց մի սուր զայրույթի աղմուկ, հետո երկրորդը և հետո սիրտ կտրատող հեծեծանք։ Հեռադիտակի ժայռերի արձագանքը մի քանի անգամ կրկնվեց։ Ճահճային թռչունների բանակը կրկին վեր բարձրացավ և երկնքի առաջը փակեց։ Դեռ երկար ժամանակ, մահվանից առաջ արձակած այդ հեծեծանքը հնչում էր իմ ականջին, թեև շուրջս կրկին լռություն տիրեց, որը խախտվում էր միայն իջնող թռչունների երամների թևերի թափահարումով և հեռավոր մակընթացության թնդյունով։

Թոմը խթանված ձիու պես ցնցվեց։ Իսկ Սիլվերը մինչև անգամ աչքն էլ չթարթեց։ Նա կանգնած էր՝ հենված հենակին և նայում էր իր խոսակցին, ինչպես խայթելու պատրաստված օձ։

— Ջոն,— ասաց ծովայինը, պարզելով նրան ձեռքը։

― Ձեռքդ հեռո՛ւ։— գոռաց Սիլվերը, լարախաղացի ճարպկությամբ ու արագությամբ մի քայլ ետ թռչելով։

— Լավ, Ջոն Սիլվեր, ձեռքս ետ կքաշեմ,— ասաց ծովայինը։— Բայց, ճշմարիտ եմ ասում, որ քո անմաքուր խիղճն է միայն ստիպում քեզ, որ վախենաս ինձանից։ Աղաչում եմ, բացատրիր ինձ, թե ի՞նչ է պատահել այնտեղ։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց նրան Սիլվերը, նա ժպտաց, բայց ոչ այնքան լայն, ինչպես միշտ, և նրա աչքերը մեծ դեմքի վրա փոքրացան ինչպես ասեղների ծայրեր և ապակու կտորների նման փայլեցին։

— Ի՞նչ է պատահել։ Իմ կարծիքով դա Ալանն է։

Դժբախտ Թոմն անսահման անվեհերությամբ ասաց.

— Ալա՞նը։ Հանգիստ նրա ոսկորներին, նա մեռավ իսկական ծովայինի պես։ Իսկ դու, Ջոն Սիլվեր․․․ Մենք երկար ժամանակ ընկերներ ենք եղել, բայց այժմ էլ այդ չի լինի։ Թող ես շան նման սատկեմ, բայց պարտականությանս չեմ դավաճանի։ Դու սպանեցիր Ալանին, այնպես չէ՞։ Ուրեմն ինձ էլ սպանիր, եթե կարող ես։ Բայց գիտցի՛ր, որ ես քեզանից չեմ վախենում։

Այս խոսքերից հետո անվեհեր ծովայինը մեջքը շրջեց դեպի խոհարարը և քայլեց դեպի ափը։ Բայց նրան հեռու գնալ չհաջողվեց․ Ջոնը ճչաց, բռնեց ծառի ճյուղից, ուսի տակից հանեց իր հենակը և նետեց նրա ետևից, ինչպես նիզակ։ Անասելի ուժով ձգված հենակը շվվոցով անցավ օդով և սուր ծայրով մեխվեց նրա մեջքին, թիակների մեջտեղում։ Խեղճ Թոմը թևերը թափահարեց ու ընկավ։

Չգիտեմ՝ ծա՞նր էր արդյոք վիրավորվել։ Ձայնից դատելով նրա ողնաշարը կոտրվել էր։ Սիլվերը չթողեց, որ նա ուշքի գա։ Առանց հենակի, մի ոտով, նա կապկի ճարպկությամբ թռավ Թոմի վրա և դանակը մինչև կոթը խրեց նրա անօգնական մարմնի մեջ։ Թփերի մեջ նստած, ես լսում էի, թե ինչպես ծանր էր շնչում մարդասպանը հարվածելիս։

Ես երբեք գիտակցությունս չեմ կորցրել և չգիտեմ, թե ինչ բան է դա։ Սակայն այդ ժամանակ ողջ աշխարհը լողաց իմ շուրջը, ինչպես մառախուղի մեջ։ Ե՛վ Սիլվերը, և՛ թռչունները, և՛ հեռադիտակի գագաթը՝ բոլորը պտտվում, տատանվում էին։ Ականջներս լցվեցին զանազան տեսակի զանգերի և ինչ֊որ հեռավոր ձայներով։

Երբ ուշքի եկա, հենակն արդեն սրիկայի կռան տակն էր, գլխարկն էլ գլխին։ Նրա առջև անշարժ ընկած էր Թոմը։ Սակայն մարդասպանը նրա վրա չէր էլ նայում։ Նա մի փունջ խոտով մաքրում էր իր արյունոտ դանակը։

Շուրջս ամեն ինչ առաջվա պես էր։ Արևն անխնա կերպով այրում էր և այս ճահիճը, որի վրայից մշուշը քուլաքուլա բարձրանում էր, և լեռան գագաթը։ Ես չէի հավատում, որ մի րոպե առաջ աչքիս առաջ մարդ սպանեցին։

Ջոնը ձեռքը գրպանը տարավ, գրպանից մի սուլիչ հանեց և մի քանի անգամ շվացրեց։ Ես, իհարկե, այդ ազդանշանի նշանակությունը չգիտեի, բայց իմ բոլոր երկյուղները միանգամից զարթնեցին։ Այստեղ մարդիկ կգան։ Ինձ կնկատեն։ Նրանք արդեն երկու ազնիվ ծովագնաց են սպանել։ Ինչո՞ւ Թոմից և Ալանից հետո ես չպետք է զոհ դառնայի։

Աշխատելով չաղմկել, ես չորեքթաթ տալով դուրս եկա թփուտից և դեպի անտառը սլացա։ Վազելիս լսեցի, թե ինչպես ծեր ծովահենը կանչում է իր ընկերներին։ Այդ ձայները կարծես ինձ թևեր տվին։ Անտառը մնաց ետևիս, ես վազեցի այնպես արագ, որ երբեք չէի վազել։ Ես սլանում էի տարբերություն չդնելով ճանապարհների մեջ, միայն թե մարդասպանից հեռու փախչեմ։ Յուրաքանչյուր քայլափոխում իմ երկյուղն ավելանում էր և վերջապես մի խենթ սարսափ դարձավ։

Դրությունս հուսահատական էր։ Թնդանոթն արձակելուց հետո մի՞թե ես կհամարձակվեի մարդկային արյունով թաթախված այդ ավազակների հետ մակույկ նստել։ Մի՞թե նրանցից որևէ մեկը, հենց որ տեսնի ինձ, չի ոլորի իմ վիզը։ Հենց միայն իմ բացակայությունը մի՞թե չէր ապացուցում, որ ես վախենում եմ նրանցից և չի՞ նշանակում, որ ամեն բան իմացել եմ։ Ամեն ինչ վերջացած է, մտածեցի ես։ Մնաս բարով, «Իսպանոլա»։ Մնաք բարով, կալվածատեր, բժիշկ, նավապետ։ Ես կյանքից կզրկվեմ կամ սովից, կամ բանդիտի դանակից։

Ես սլանում էի, չիմանալով թե ուր, և դուրս եկա երկգլուխ գագաթ ունեցող մի ցածրիկ սարի ստորոտը։ Կղզու այս մասում մշտադալար կաղնիներն այնքան էլ խիտ չէին աճում և իրենց չափով նման էին ոչ թե թփերի, այլ սովորական անտառային ծառերի։ Երբեմն նրանց վրա բարձրանում էին հիսուն և մինչև անգամ յոթանասուն ֆուտ բարձրություն ունեցող մենավոր եղևնիներ։ Օդն այստեղ թարմ էր ու մաքուր և բոլորովին այնպես չէր, ինչպես ներքևում, ճահճի մոտ։

Բայց այստեղ ինձ հետամուտ էր լինում մի ուրիշ վտանգ, և իմ սիրտը դարձյալ սարսափից մարեց։


Գլուխ XV։ Կղզեբնակ

Զառիվերի քարքարոտ լանջից մանրիկ քարեր թափվեցին և խշշալով ցատկոտեցին ծառերի միջով։ Ես ակամա վերև նայեցի և տեսա մի տարօրինակ էակ, որն արագ թռչում էր եղևնու բնի ետևից։ Ի՞նչ էր։ Ա՞րջ։ Մա՞րդ։ Կապի՞կ։ Ես կարողացա տեսնել միայն ինչ-որ սև ու բրդոտ բան և սարսափից կանգ առա։

Եվ այսպես երկու ճանապարհն էլ կտրված են։ Ետևից հետամուտ են լինում մարդասպանները, առջևից՝ այս անհայտ հրեշը։ Եվ միանգամից գերադասեցի հայտնի վտանգն անհայտից։ Մինչև անգամ Սիլվերն այնքան սարսափելի չէր թվում, որքան այս անտառային կենդանին։ Ես շրջվեցի և, ամեն րոպե ետ նայելով, վազեցի դեպի մակույկի կողմը։

Հրեշը, ճանապարհը ծռելով, իմ առջև դուրս եկավ։ Ես շատ հոգնած էի։ Բայց եթե մինչև անգամ հոգնածություն էլ չզգայի, միևնույն է, չէի կարող արագության մեջ մրցել այդ տեսակ արագաշարժ թշնամու հետ։ Տարօրինակ էակը եղնիկի արագությամբ մի բնից մյուս բնի մոտ էր վազում։ Նա շարժվում էր երկու ոտի վրա, մարդու նման, թեև շատ էր ծռված դեպի գետին։ Այո՛, դա մարդ էր, այդ բանում ես այլևս չէի կարող կասկածել։

Ես հիշեցի այն բոլորն, ինչ որ լսել էի մարդակերների մասին և արդեն պատրաստվում էի օգնություն կանչել։ Սակայն այն միտքը, որ իմ առջև մարդ է կանգնած, թեև վայրենի, որոշ չափով արիացրեց ինձ։ Եվ վախը դեպի Սիլվերը հանկարծ կենդանացավ։ Ես կանգնեցի և մտածում էի, թե ինչպես ծլկեմ թշնամուց։ Հետո հիշեցի, որ մոտս ատրճանակ կա։ Հենց տեսա, որ անօգնական չեմ, քաջությունս վերադարձավ, և ես վճռականորեն կղզու կողմը վազեցի։

Նա կրկին թաքնվեց, այս անգամ ծառի ետևում։ Նկատելով, որ ես գնում եմ իր մոտ, նա դուրս եկավ թաքստոցից և ուզում էր մի քայլ անել դեպի ինձ։ Հետո անվճռականորեն կանգնեց, ետ-ետ քաշվեց և հանկարծ ծունկ չոքեց և աղերսանքով ձեռքերը պարզեց դեպի ինձ, որն ինձ սաստիկ զարմացրեց ու վրդովեց։

Ես նորից կանգ առա։

— Ո՞վ եք դուք,— հարցրի ես։

— Բեն Գանը,— պատասխանեց նա։ Նրա ձայնը խռպոտ էր և վայրի, որպես ժանգոտ կողպեքի ճռռոցը։— Ես դժբախտ Բեն Գանն եմ։ Երեք տարի է, ոչ մի մարդու հետ չեմ խոսել։

Նա այնպես սպիտակ էր, ինչպես ես, և դեմքի գծագրությունը մինչև անգամ հաճելի էր։ Միայն մաշկն այնպես էր սևացել արևի տակ, որ մինչև անգամ շրթունքներն էլ սև էին։ Այն բոլոր մուրացիկներից, որ ես տեսել էի իմ կյանքում, սա ամենից գջլտվածն էր։ Նրա հագուստը կազմված էր հին առագաստի լաթերից և նավաստու վերնաշապկից։ Մի լաթը մյուսի հետ ամրացված էր կամ կոճակով, կամ ծառի ճյուղով, կամ կպրած վուշի թելով։ Միակ չպատառոտված բանը, որ կար նրա վրա, կաշվե գոտին էր՝ պղնձե ճարմանդով։

— Երեք տարի՜,— բացականչեցի ես։— Ձեր նավը խորտակվե՞լ է։

— Ոչ, բարեկամս,— ասաց նա,— ինձ թողել են այստեղ կղզու վրա։

Ես լսել էի ծովահենների այդ սարսափելի պատժի մասին. մեղավորին իջեցնում էին որևէ հեռու, անմարդաբնակ կղզի և թողնում այնտեղ, տալով քիչ քանակությամբ վառոդ ու գնդակ։

— Ինձ գցել են այս կղզին երեք տարի առաջ,— շարունակեց նա։— Այդ օրվանից կերակրվում եմ այծի մսով, պտուղներով ու ոստրեներով։ Մարդն ընդունակ է ապրելու ամեն տեղ, ուր որ նրան գցեն։ Բայց եթե դու իմանայիր, սիրելիս, թե ինչպես իմ սիրտը կարոտել է մարդու ուտելիքին։ Մի կտոր պանիր չկա՞ մոտդ։ Ո՞չ։ Դե, տեսնո՞ւմ եք, ես երկար ժամանակ է, որ երազում պանիր եմ տեսնում։ Զարթնում եմ, բայց պանիր չկա։

— Եթե ինձ հաջողվի նավ վերադառնալ,— ասացի ես,— դուք, ա՛յ այսպիսի կտոր պանիր կստանաք։

Նա շոշափում էր իմ բաճկոնը, շոյում ձեռներս, դիտում կոշիկներս և լուռ, երեխայի նման ուրախանում էր, որ իր առջև մարդ է տեսնում։ Սակայն, լսելով իմ պատասխանը, նա ինձ վրա նայեց մի տեսակ խորամանկությամբ։

— Եթե քեզ հաջողվի նա՞վ վերադառնալ,— կրկնեց նա իմ խոսքերը։— Իսկ ո՞վ կարող է քեզ խանգարել։

— Դե՛, իհարկե, ոչ դուք,— պատասխանեցի ես։

― Իհարկե, ոչ ես,— բացականչեց նա։— Իսկ քո անունն ի՞նչ է, բարեկամս։

— Ջի՛մ,— ասացի ես։

— Ջիմ, Ջիմ,— կրկնում էր նա հաճույքով։— Այո՛, Ջիմ, ես այնպիսի կյանք եմ վարել, որ ամաչում եմ քեզ պատմել։ Ինձ վրա նայելով, դու կհավատա՞ս արդյոք, որ իմ մայրը շատ լավ ու ազնիվ կին է եղել։

— Դժվար է հավատալ,— համաձայնեցի ես։

— Նա հազվագյուտ կին էր,— ասաց նա։— Ես բարեկիրթ, քաղաքավարի տղա էի և կարողանում էի այնպես արագ անգիր կրկնել հավատի ուսմունքը, որ մի խոսքը մյուսից տարբերել չէր կարելի։ Եվ ահա թե ես ինչ դարձա, Ջիմ։ Եվ այդ բոլորը նրանից եղավ, որ ես երիտասարդ ժամանակ գնում էի գերեզմանատուն գիր ու արծիվ խաղալու։ Աստված վկա, սկսեցի գիր ու արծվով և գլորվեցի։ Մայրս ասաց, որ իմ վերջը լավ չի լինի, և նրա գուշակությունը կատարվեց։ Ասենք, լավ եղավ, որ ես ընկա այս կղզի։ Մենակության մեջ ես շատ մտածեցի և զղջացի։ Այժմ արդեն ինձ խմիչքով ոչ ոք չի կարող հրապուրել։ Իհարկե, ես խմիչքից այժմ էլ չեմ հրաժարվի, բայց քիչ կխմեմ, մի մատնոցից ոչ ավելի... Ես ինձ խոսք եմ տվել ուղղվել և այժմ արդեն ճանապարհից չեմ դուրս գա, կտեսնես, իսկ որ գլխավորն է, Ջիմ,— նա ետ նայեց և ձայնը ցածրացրեց,— չէ՞ որ ես այժմ հարստացել եմ։

Այն ժամանակ ես վերջնականապես համոզվեցի, որ մենակության մեջ խեղճը խելագարվել է։ Երևի իմ միտքն արտացոլվել էր իմ դեմքի վրա, որովհետև նա տաքացած կրկնեց.

— Հարո՛ւստ։ Հարո՛ւստ։ Լսի՛ր, Ջիմ, ես քեզ մարդ կդարձնեմ։ Ա՜խ, Ջիմ, դու կօրհնես ճակատագիրը, որ առաջինը գտար ինձ։

Հանկարծ նրա դեմքը մռայլվեց, նա սեղմեց իմ ձեռքը և սպառնական կերպով մատը բարձրացրեց․

— Ճշմարիտն ասա, Ջիմ, սա Ֆլինտի նա՞վը չէ։

Գլխումս մի բախտավոր միտք ծագեց։ Այս մարդը մեր զինակիցը կարող է դառնալ։ Եվ ես իսկույն պատասխանեցի նրան․

― Ո՛չ, Ֆլինտի նավը չէ, Ֆլինտը մեռել է։ Բայց քանի որ դուք ուզում եք իմանալ ճշմարտությունը, ահա։ Նավի վրա Ֆլինտի հին ընկերներից մի քանիսը կան և այդ հանգամանքը մեզ համար մեծ դժբախտություն է։

— Կա՞ արդյոք․․․ միոտանին,— գոչեց նա շնչասպառ լինելով։

— Սիլվե՞րը,— հարցրեցի ես։

— Սիլվե՛րը, Սիլվե՛րը։ Այո՛, նրա անունը Սիլվեր էր։

— Նա մեզ մոտ խոհարար է։ Եվ ղեկավարում է ավազակախումբը։

Նա դեռևս բռնել էր իմ ձեռքը, սակայն այս խոսքերից հետո քիչ մնաց, որ կոտրի։

— Եթե քեզ ուղարկել է Երկարահասակ Ջոնը,― ասաց նա,— ես կորած եմ։ Գիտե՞ս արդյոք, թե որտեղ ես գտնվում։

Ես պատմեցի նրան բոլոր մեր ճանապարհորդության, և մեր տանջալի դրության մասին։ Նա ինձ լսեց մեծ ուշադրությամբ, և երբ վերջացրի, գլուխս շոյեց․

— Դու սքանչելի տղա ես,— ասաց նա։— Դուք բոլորդ այժմ կապված եք մեռյալ հանգույցով։ Հույսներդ դրեք Բեն Գանի վրա, և նա ձեզ կփրկի։ Ասա՛, ի՞նչպես կվերաբերվի ձեր կալվածատերը դեպի այն մարդը, որը ձեզ փորձանքից կազատի։

Ես ասացի, որ կալվածատերն աշխարհիս ամենաառատաձեռն մարդն է։

— Լա՛վ, լա՛վ, բայց գիտե՞ս,— շարունակեց Բեն Գանը,— ես չեմ պատրաստվում նրանից ծառայի սպասազգեստ կամ դռնապանի պաշտոն խնդրել։ Ես ուզում եմ իմանալ, նա կհամաձայնի՞ արդյոք տալ ինձ գոնե մի հազար ֆունտ այն փողերից, որոնք առանց այն էլ իմն են։

— Համոզվաձ եմ, որ կտա,— պատասխանեցի ես։— Բոլոր նավաստիները պետք է նրանից իրենց բաժին գանձն ստանային։

— Եվ ինձ տո՞ւն կտանի,— հարցրեց նա, զննող հայացքով նայելով ինձ։

— Իհարկե՛,— բացականչեցի ես։— Կալվածատերն իսկական ջենտլմեն է, եթե մենք ազատվենք ավազակներից, այնպիսի փորձված ծովագնացի օգնությունը, որպիսին դուք եք, նավի վրա չափազանց հարկավոր կլինի։

— Այո՛,— ասաց նա,— ուրեմն դուք անպատճառ կտանե՞ք ինձ։

Եվ թեթևացած՝ հառաչեց։

— Իսկ այժմ լսի՛ր, թե ինչ կպատմեմ քեզ,— շարունակեց նա։— Երբ Ֆլինտը թաղեց գանձը, ես նավի վրա էի։ Նրա հետ կային նաև վեց ծովագնաց՝ առողջ, ուժեղ մարդիկ։ Նրանք կղզու վրա մնացին մի շաբաթի չափ, իսկ մենք գտնվում էինք հին «Ծովացուլի» վրա։ Մի գեղեցիկ օր տեսանք մի մակույկ, որի մեջ նստած էր Ֆլինտը, որի գլուխը կապված էր կապույտ թաշկինակով։ Արևը դուրս էր գալիս։ Նա գունատ էր ինչպես մահը և գալիս էր մենակ, իսկ մնացած վեցն սպանված էին... Սպանված ու թաղված էին, այո՛։ Թե ինչպես էր կարողացել բոլորին սպանել, ոչ ոք մեզանից երբեք չիմացավ։ Նրանք կռվել են, հետո սկսել է կոտորածը, և նա բոլորին սպանել է, մեկը՝ վեցին․․․ Բիլի Բոնսն ավագ նավաստի էր, իսկ Երկարահասակ Ջոնը՝ բնակարանապետ։ Նրանք հարցրել են Ֆլինտին, թե որտե՞ղ է գանձը։ Նա պատասխանել է․ գնացեք ափ և որոնեցեք։ Սակայն երդվում եմ որոտով, որ նավը ձեզ չի սպասի։ Ահա թե ինչ ասաց նա։ Իսկ երեք տարի առաջ ես ուրիշ նավի վրա էի, և մենք տեսանք սյս կղզին․ «Տղե՛րք,— ասացի ես,— այստեղ Ֆլինտը գանձ է թաղել։ Ափ իջնենք և որոնենք»։ Նավապեաը շատ բարկացավ։ Բայց բոլոր նավաստիներն ինձ հետ համամիտ էին, և մենք մոտեցանք ափին։ Տասներկու օր որոնեցինք, բայց գանձը չգտանք։ Ամեն օր ընկերներս ինձ ավելի ու ավելի էին հայհոյում։ Վերջապես նրանք հավաքվեցին նավի վրա։ «Իսկ դու, Բենյամին Գան, մնա այստեղ,— ասացին նրանք։— Ահա քեզ հրացան, բահ և լինգ, Բենյամին Գան․․․ Մնա այստեղ և Ֆլինտի փողերը որոնիր»։ Այդ օրվանից, Ջիմ, ահա երեք տարի է ապրում եմ այստեղ և ոչ մի անգամ մարդկային ազնիվ կերակուր չեմ տեսել։ Նայիր ինձ. մի՞թե ես հասարակ նավաստու նման եմ։ Ո՛չ, ասում ես, նման չե՞մ։ Երբեք էլ նման չեմ եղել։

― Այդպես էլ ասա քո կալվածատիրոջը։ Ջիմ,— նա երբեք հասարակ նավաստու նման չի եղել,— շարունակեց նա։— Ասա նրան, որ Գանը երեք տարի եղել է այս կղզու վրա, մեն-մենակ, և՛ գիշեր, և՛ ցերեկ, և՛ լավ եղանակին, և՛ անձրևին։ Երբեմն կարելի է, նա հիշել է իր զառամյալ մորը, թեև նա վաղուց կենդանի չէ (այդպես էլ ասա նրան)։ Սակայն իր ժամանակի մեծ մասը (իսկ սա անպատճառ ասա նրան), իր ժամանակի մեծ մասը Գանը պարապել է ուրիշ գործերով։ Եվ այս խոսքերն ասելիս կսմթիր նրան, ա՛յ, այլպես։

Եվ նա կրկին բարեկամաբար կսմթեց ինձ։

— Դու նրան,— շարունակեց նա,— ահա թե էլ ինչ ասա. Գանը հրաշալի մարդ է (այդպես էլ ասա նրան)։ Գանը գիտե պարոնի և ծովահենի միջև եղած տարբերությունը, որովհետև նա ինքը մի ժամանակ ծովահեն է եղել։

— Ինչ որ դուք ասացիք, ես համարյա ոչինչ չհասկացա,— ասացի ես։— Սակայն դա այժմ կարևոր չէ, որովհեաև միևնույն է, չգիտեմ, թե ինչպես գնամ նավ։

— Ա՜,— ասաց նա,— քո գործը վատ է։ Դե լա՛վ, ես մի նավակ ունեմ, որն ինքս եմ շինել ինձ համար, իմ սեփական ձեռքերով։ Թաքցրել եմ սպիտակ ժայռի տակ։ Որևէ փորձանքի ժամանակ մենք կարող ենք այդ նավակով գնալ, երբ կմթնի․․․ Բայց սպասիր,— գոչեց նա հանկարծ։— Ի՞նչ է կատարվում այնտեղ։

Հենց այդ րոպեին նավից թնդանոթ արձակեցին։ Դղրդալի արձագանքը թնդանոթի ձայնը վերցրեց ու տարածեց ամբողջ կղզու մեջ։ Իսկ մինչև արևի մայր մտնելը դեռ երկու ժամ կար։

— Այնտեղ կռվում են,— բացականչեցի ես։

— Արի իմ ետևից։ Շո՛ւտ։

Եվ սկսեցի վազել դեպի նավի կայանը, մոռանալով իմ երկյուղը։ Իմ կողքից թեթև ու արագ վազում էր դժբախտ գերին։

— Դեպի ձա՛խ, դեպի ձա՛խ,— ասաց նա։— Դեպի ձախ, սիրելի Ջիմ։ Մոտեցիր ծառերին։ Ահա այստեղ ես առաջին անգամ այծ սպանեցի։ Այժմ այծերն այստեղ չեն իջնում, նրանք վազում են միայն այնտեղ, վերևում, սարերի վրա, որովհետև Բենյամին Գանից վախենում են․․․

Վազելիս նա անդադար խոսում էր, պաաասխանի չսպասելով, ասենք ես էլ չէի կարող պատասխանել։

Թնդանոթ արձակելուց հետո երկար ժամանակ լռություն էր տիրում, իսկ հետո հրացանի համազարկ լսվեց։

Իսկ հետո էլի լռություն։ Հետո, մեր առջևում, քառորդ մղոն հեռավորության վրա, բրիտանական դրոշակ ծածանվեց։


ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ։ ՑՑԱՊԱՏ

Գլուխ XVI։ Հետագա դեպքերի մասին պատմում է բժիշկը։ Ինչպես հեռացան նավից

Երկու նավակն էլ «Իսպանոլայից» հեռացան մոտ մեկն անց կեսին։ Նավապետը, կալվածատերը և ես նստեցինք նավասենյակում, և խորհրդակցում էինք, թե ինչ անել։ Եթե գոնե թեթև քամի լիներ, մենք հանկարծակի կհարձակվեինք վեց խռովարարների վրա, որոնք մնացել էին նավում, խարիսխը կբարձրացնեինք և ծովը կմտնեինք։ Բայց քամի չկար։ Բացի դրանից, հայտնվեց Գենտերը և հաղորդեց, որ Ջիմ Հոկինսը մակույկ մտավ և ծովահենների հետ ափ գնաց։

Մենք, իհարկե, երբեք չէինք մտածում, որ Ջիմ Հոկինսը դավաճան է, սակայն նրա մասին շատ էինք անհանգստանում։ Այն նավաստիները, որոնց հետ գնաց, այնպես հուզված էին, որ խոստովանում եմ, մենք հույս չունեինք, թե նորից Ջիմին կտեսնենք։ Մենք տախտակամած շտապեցինք։ Կուպրը փուչիկներով դուրս էր գալիս ագույցներից։ Օդում տարածված էր ճահիճների գարշահոտությունը, որից քիչ էր մնում սիրտս խառնի։ Այս զզվելի նեղուցից տենդի և փորհարինքի հոտ էր գալիս։ Վեց սրիկաները մռայլ դեմքով նստել էին տախտակամածին։ Ափին, ինչ֊որ մի գետակի գետաբերանի մոտ, գտնվում էին մակույկները, որոնցից յուրաքանչյուրի մեջ մի նավաստի էր նստած։ Նրանցից մեկը «Լիլիբուլերո» էր շվշվացնում։

Սպասելն անտանելի էր, և մենք որոշեցինք, որ ես ու Գենտերը նավակով գնանք հետախուզելու։

Նավակները գտնվում էին նավի աջ կողմում։ Իսկ ես ու Գենտերը գնացինք ուղիղ հենց այնտեղ, ուր քարտեզի վրա ցցապատ էր նշանակված։ Մեզ նկատելով, այն նավաստիները, որոնք պահպանում էին նավակները, շփոթվեցին։ «Լիլիբուլերոն» լռեց։ Մենք տեսնում էինք, թե ինչպես վիճում էին այն մասին, թե ինչ անենք։ Եթե նրանք իմաց տային Սիլվերին, ամեն բան, երևի, այլ կերպ տեղի կունենար։ Բայց, երևի, նրանց հրամայված էր ոչ մի դեպքում մակույկներից չհեռանալ։ Նրանք հանգիստ նստեցին և նրանցից մեկը կրկին «Լիլիբուլերո» շվշվացրեց։

Այդ տեղում ափը մի քիչ գոգավորվում էր, կազմելով փոքրիկ հրվանդանի նման մի բան, և ես դիտմամբ նավակն այնպես վարեցի, որ հրվանդանը ծածկեր մեզ մեր թշնամիներից առաջ, նախքան մենք կհասնեինք ափին։ Ափ դուրս թռչելով, ես ամբողջ ուժով վազեցի, գլխարկիս տակ մետաքսի թաշկինակ դնելով, որ գլուխս վառող արեգակից պաշտպանի։ Յուրաքանչյուր ձեռքիս մի-մի լցրած ատրճանակ կար։

Դեռ հարյուր յարդ էլ չէի վազել, երբ հասա ցցապատին։

Փոքրիկ բլրի կատարից պարզ աղբյուր էր բխում։ Հենց այստեղ, աղբյուրի մոտ, կառուցված էր մի բարձր գերանաշեն տուն։ Նրա մեջ կարող էին տեղավորվել քառասուն մարդ։ Այս շենքի պատերի մեջ հրացանների համար հրակնատներ կային։ Տան չորս կողմը կար մի ընդարձակ, մաքրված տարածություն, շրջապատված վեց ֆուտ երկարությամբ ցցապատերով, առանց դռան, առանց մի ճեղքի։ Կոտրելը հեշտ չէր, իսկ տնակում նստածներից թաքնվելու համար ցցապատերի ետևում կանգնելն անհնարին էր։ Տնակում նստած մարդիկ հարձակվողներին կգնդակահարեին, ինչպես կաքավների։ Եթե նրանք լավ ժամապահներ և բավականաչափ կենսամթերք ունենային, մի ամբողջ գնդի հարձակման կդիմանային։

Առանձնապես ուրախացրեց ինձ աղբյուրը։ Չէ՞ որ «Իսպանոլայի» նավասենյակն էլ վատ չէ, շատ զենք, շատ ռազմամթերք կա, շատ մթերք, շատ հիանալի գինիներ։ Սակայն նավասենյակում ջուր չկար։ Ես այդ մասին մտածում էի, երբ հանկարծ մի սարսափելի, մահից առաջ տեղի ունեցող, հեծեծանք լսեցի։ Առաջին անգամը չէի հանդիպում մահվան. ես ծառայել էի դուքս Կեմբերլենսկու զորքում և Ֆոնտենուայում ինքս էի վերք ստացել, բայց այս աղաղակից սիրտս ճմլվեց․ «Ջիմ Հոկինսը կորավ»,— որոշեցի ես։

Հին զինվոր լինելը մեծ նշանակություն ունի, իսկ բժիշկ լինելն՝ ավելի մեծ։ Մեր գործում ոչ մի րոպե կորցնել չի կարելի։ Ես միանգամից ամեն բան կշռադատեցի, շտապով ափ վերադարձա և թռա նավակի մեջ։

Բարեբախտաբար, Գենտերը հրաշալի թիավար դուրս եկավ։ Մենք սլացանք նեղուցով։ Նավակը հասավ նավին, և ես կրկին նավ բարձրացա։

Բարեկամներս սաստիկ հուզված էին։ Կալվածատիրոջ գույնը թղթի պես սպիտակ էր։ Բարի մարդ,— մտածեցի ես,— քո պատճառով ինչպիսի վտանգների ենթարկեցինք մեր կյանքը։ Տախտակամածին նստած նավաստիներից մեկն էլ նույնպես գունատ էր ու հուզված։

— Այդ մարդը,― ասաց նավապետ Սմոլետը, հայացքը դեպի նավաստին գցելով,— դեռ ավազակության սովոր չէ։ Երբ նա գոռոցը լսեց, բժիշկ, քիչ մնաց ուշքը գնար։ Մի քիչ ժամանակ, և նա մերը կլինի։

Ես պատմեցի նավապետին իմ պլանը, և միասին քննարկեցինք։

Ծերունի Ռեդրետին դրինք միջանցքում, տախտակամածի և նավասենյակի միջև, տալով երեք թե չորս լցված ատրճանակ և մի խոտկուռ՝ պաշտպանվելու համար։ Գենտերը նավակը մոտեցրեց նավին, և մենք Ջոյսի հետ սկսեցինք բարձել վառոդ, ատրճանակ, պաքսիմատ, խոզի միս։ Հետո նավակի մեջ գցեցինք մի տակառ կոնյակ և իմ թանկագին դեղերի արկղը։

Այդ ժամանակ կալվածատերն ու նավապետը տախտակամած դուրս եկան։ Նավապետը կանչեց երկրորդ ավագ նավաստուն, որը նավում մնացած նավաստիների պետն էր։

— Պարոն Հենդս,— ասաց նա,— մենք այստեղ երկու հոգի ենք և յուրաքանչյուրս երկու ատրճանակ ունենք։ Ձեզանից ով որ ազդանշան տա կղզի գնացողներին, կսպանվի։

Ավազակները շփոթվեցին։ Հետո, իրար հետ ցածր ձայնով խոսելուց հետո, ցած իջան և ուզում էին թիկունքից հարձակվել մեզ վրա, սակայն նեղ միջանցքում ատրճանակներով զինված Ռեդրետին հանդիպելով, միանգամից ետ դարձան։

Ինչ-որ մեկը տախտակամածի անցքից գլուխը դուրս հանեց։

— Ցած իջիր, շուն,— գոռաց նավապետը։

Գլուխն անհետացավ։ Բոլոր վեց հոգին էլ, սաստիկ վախեցած, ինչ֊որ տեղ մտան և լռեցին։

Մենք Ջոյսի հետ նավակը բերնեբերան լցրինք։ Հետո իջանք նավակը և ամբողջ ուժով թիավարելով, դեպի ափ էինք սլանում։

Մեր երկրորդ անգամ գալը ափին կանգնած ժամապահներին չափազանց անհանգստացրեց։ «Լիլիբուլերոն» կրկին լռեց։ Եվ նախքան հրվանդանն անցնելը և նրանց չտեսնելը, նրանցից մեկը նավակը թողեց և անտառի խորքը վազեց։ Ես ուզում էի, առիթից օգտվելով, նրանց մակույկները ոչնչացնել, բայց՝ վախեցա, որ Սիլվերն իր ավազակախմբով մոտիկ լինի, և մենք ամեն ինչ կկորցնենք, եթե չափազանց շատ բան ցանկանանք։

Մենք հասանք առաջվա տեղը և սկսեցինք բեռներն ամրոցը տանել։

Ծանր բեռնավորված, մենք մեր պաշարը տարանք մինչև ամրոցը և գցեցինք ցցապատի այն կողմը։ Պաշարը պաշտպանելու համար թողինք Ջոյսին։ Նա մենակ մնաց, սակայն նրա մոտ հրացանների թիվը կես դյուժինից պակաս չէր։ Իսկ մենք Գենտերի հետ վերադարձանք նավակի մոտ և նորից պաշար տարանք։ Այսպիսով, առանց հանգստանալու աշխատելով, աստիճանաբար ողջ բեռները տեղափոխեցինք։ Ջոյսը և Գենտերը մնացին ամրոցում, իսկ ես ամբողջ ուժով թիավարելով, սլացա դեպի «Իսպանոլան»։

Մենք որոշեցինք մի անգամ էլ բարձել նավակը։ Բայց վտանգավոր էր։ Նրանք, իհարկե, շատ էին, քան մենք, սակայն մենք լավ էինք զինված։ Ափ դուրս եկածներից ոչ ոք ատրճանակ չուներ և մինչև նրանց մեզ մոտենալը, կկարողանայինք առնվազն վեց մարդ սպանել։

Կալվածատերն ինձ սպասում էր նավախելի պատուհանի մոտ։ Նա շատ կայտառացել էր և ուրախացել։ Իմ ձգած պարանի ծայրը բռնելով, նա քաշեց մակույկը, և մենք կրկին սկսեցինք բարձել խոզի միս, վառոդ, պաքսիմատ։ Հետո վերցրինք մի-մի ատրճանակ և մի-մի թուր՝ ինձ, կալվածատիրոջ, Ռեդրետի և նավապետի համար։ Մնացած գենքը և վառոդը ծովը թափեցինք։ Նեղացում ջրի խորությունը երկու և կես սաժեն էր, և մենք տեսնում էինք, թե ինչպես, արեգակի լույսով լուսավորված, փայլում է պողպատը մաքուր, ավազոտ հատակին։

Տեղատվությունն սկսվեց, և մեր նավը շրջում էր խարսխի շուրջը։ Ափին, մակույկների մոտ, իրար կանչող ձայներ էին լսվում։ Թեև դա ապացուցում էր, որ Ջոյսն ու Գենտերը, որոնք գտնվում էին արևելյան կողմում, դեռ նկատված չեն, այնուամենայնիվ, որոշեցինք շտապել։

Ռեդրետը թողեց իր պահակատեղը միջանցքում և թռավ նավակի մեջ։ Նավակը տարանք նավի մյուս կողմը, որ նավապետ Սմոլետն էլ նստի։

— Տղե՛րք,— գոչեց նա բարձրաձայն,— դուք ինձ լսո՞ւմ եք։

Նավաստիների սենյակից ձայն լսվեց։

— Քե՛զ հետ եմ, Աբրահամ Գրեյ։

Լռություն։

— Գրեյ,— շարունակեց պարոն Սմոլետը, ձայնը բարձրացնելով,— ես հեռանում եմ նավից և հրամայում եմ քեզ հետևել քո նավապետին։ Ես գիտեմ, որ դու իսկապես լավ մարդ ես, մնացածներն էլ այնքան վատ չեն, որքան աշխատում են ձևանալ։ Ժամացույցը ձեռքիս է։ Երեսուն վայրկյան ժամանակ եմ տալիս, որ դու միանաս ինձ։

Շփոթություն սկսվեց։

— Դե արի, բարեկամս,— շարունակեց նավապետը։— Մի ստիպիր մեզ, որ իզուր ժամանակ կորցնենք։ Դանդաղության յուրաքանչյուր վայրկյանը մահ է սպառնում թե՛ ինձ և թե՛ այս պարոններին։

Խուլ պայքար սկսվեց, լսվեցին զարկի ձայներ և Աբրահամ Գրեյը տախտակամած դուրս եկավ։ Նրա երեսը դանակով կտրված էր։ Նա վազեց նավապետի մոտ, ինչպես մի շուն, որին տերը շվացրել է։

— Ես ձեզ հետ եմ, պարոն,— ասաց նա։

Նրանք երկուսն էլ թռան նավակի մեջ, և մենք առաջ շարժվեցինք։

Նավը թողեցինք, բայց դեռ ցցապատին չէինք հասել։


Գլուխ XVII։ Բժիշկը շարունակում է իր պատմությունը։ Վերջին տեղափոխությունը նավակով

Այս վերջին, հինգերորդ տեղափոխությունն այնքան բարեհաջող չվերջացավ, ինչպես առաջվա տեղափոխությունները։ Առաջինը, մեր փոքրիկ մակույկը շատ ծանրաբեռնված էր։ Հինգ մեծահասակ տղամարդ, որոնցից երեքի՝ Տրելոնիի, Ռեդրետի և նավապետի հասակը վեց ֆուտից բարձր էր, քիչ բան չէ։ Սրան ավելացրեք վառոդը, խոզի միսը և պաքսիմատի պարկերը։ Ջուրը լցվում էր նավակի մեջ։ Դեռ հարյուր յարդ չէինք անցել, որ իմ անդրավարտիքը և բաճկոնի փեշերը թրջվեցին։

Նավապետն ստիպեց մեզ բեռներն ուրիշ տեսակ դասավորել, և նավակն ուղղվեց։ Այնուամենայնիվ, մենք վախենում էինք շնչելուց, որ մակույկը չշրջվի։

Երկրորդը, տեղատվության պատճառով ուժեղ հոսանք էր սկսվել, որն ուղղված էր դեպի արևմուտք, հետո շրջվում էր դեպի հարավ, դեպի բաց ծովը, այն անցքով, որի միջով առավոտյան անցավ մեր նավը։ Մեր սաստիկ ծանրաբեռնված նավակը կարող էր շուռ տալ ամենաթեթև ալեծածանումն անգամ։ Բայց ամենից վատն այն էր, որ հոսանքը մեզ մի կողմ էր տանում և չէր թողնում, որ ափին հասնենք, այնտեղ, ուր առավոտյան հասել էինք։ Եթե մենք հոսանքը չհաղթահարեինք, կհասնեինք ափ, երկու մակույկների մոտ, որտեղ ամեն րոպե կարող էին հայտնվել ծովահենները։

— Էլ ուժ չունեմ վարելու դեպի ցցապատը, պարոն,— ասացի նավապետին։

Ես նստած էի ղեկի մոտ, իսկ նավապետն ու Ռեդրետը, որոնք դեռ չէին հոգնել, թիավարում էին։ Հոսանքը տանում էր մեզ։ Չի՞ կարելի ուժ տալ թիերին։

— Եթե ուժ տանք թիերին, ջուր կլցվի,— ասաց նավապետը։

— Աշխատեցեք, խնդրեմ, և պահեցեք ուղիղ հոսանքին հակառակ։ Աշխատեցեք, պարոն, խնդրում եմ ձեզ,— ասաց նավապետը։

Հոսանքը մեզ տանում էր դեպի արևմուտք այնքան ժամանակ, քանի դեռ մակույկի քիթը չէր ուղղել դեպի արևելք, ուղիղ անկյունով, այն ճանապարհով, որով մենք պետք է շարժվեինք։

— Այսպես մենք երբեք ափ չենք հասնի,— ասացի ես։

— Եթե մյուս բոլոր ուղղություններով քամին մեզ քշում է, պարոն, ապա այս ուղղությունը պետք է բռնենք պատասխանեց նավապետը։— Վարեցեք հոսանքի դեմ։ Եթե տանի,— շարունակեց նա,–— մենք արդեն երբեք ցցապատի մոտ չենք կարող կանգ առնել, և ավազակային մակույկները կարող են հարձակվել մեզ վրա։ Իսկ եթե ուշանանք, հոսանքը շուտով կհանդարտվի, և մենք հանգիստ կերպով կհասնենք ափ։

— Հոսանքն արդեն թույլ է, պարոն,— ասաց նավաստի Գրեյը, որը նստել էր մակույկի քթին։— Կարելի է մի քիչ ուղղել դեպի ափը։

― Շնորհակալ եմ, սիրելիս,— շնորհակալություն հայտնեցի նրան, կարծես թե մեր մեջ երբեք՝ ոչ մի թյուրիմացություն չէր եղել։

Մենք բոլորս անխոս պայմանավորվել էինք վարվել նրա հետ այնպես, որ կարծես թե նա հենց սկզբից մեր համախոհն է եղել։

Եվ հանկարծ նավապետը, ձայնը փոխելով, ասաց․

― Թնդանոթը։

— Ես արդեն այդ մասին մտածել եմ,— ասացի ես, կարծելով, թե նա ասում է, որ հնարավոր է թնդանոթով ռմբակոծեն մեր ամրոցը։— Նրանց երբեք չի հաջողվի թնդանոթն ափ հանել։ Իսկ եթե հանեն էլ, կմնա անտառում։

— Ո՛չ, դուք նայեցեք դեպի նավախելը,— ասաց նա։

Շտապելուց թնդանոթը բոլորովին մոռացել էինք։ Հինգ սրիկա հանում էին թնդանոթի «բաճկոնը», ինչպես նրանք անվանում էին կուպրոտ պարուսինե ծածկոցը, որով թնդանոթը ծածկված էր։ Ես հիշեցի, որ մենք նավի մեջ վառոդ և ռումբեր ենք թողել և որ ավազակները շատ հեշտությամբ կարող են պահեստից հանել։

— Իզրայելը Ֆլինտի մոտ թնդանոթաձիգ է եղել,— խռպոտ ձայնով ասաց Գրեյը։

Ես մակույկն ուղիղ դեպի ափն ուղղեցի։ Հոսանքը թուլացել էր, և մենք հեշտությամբ կարողանում էինք մակույկը վարել, որը հրաշալի կերպով հնազանդվում էր ղեկին։ Բայց, հակառակի պես, այժմ ուղղված էր դեպի «Իսպանոլան» և հրաշալի թիրախ էր հանդիսանում։

Ես կարողանում էի ոչ միայն տեսնել, այլև լսել, որ կարմրամաշկ սրիկա Իզրայել Գենդսը տախտակամածի վրայով ռումբ էր գլորում։

— Ո՞վ է մեր ամենալավ կրակողը,— հարցրեց նավապետը։

— Անկասկած, պարոն կալվածատերը,— պատասխանեցի ես։

— Պարոն Տրելոնի, սպանեցեք ավազակներից մեկին։ Եթե կարելի է, Գենդսին,— ասաց նավապետը։

Տրելոնին պողպատի պես սառն էր։ Նա դիտեց իր հրացանի հրահանը։

— Զգո՛ւյշ, պարոն,— բացականչեց նավապետը,— մակույկը շուռ չտաք։ Իսկ դուք բոլորդ պատրաստ եղեք և կրակելու ժամանակ աշխատեցեք հավասարակշռություն պահպանել։

Կալվածատերը հրացանը բարձրացրեց, թիավարները թիավարելը դադարեցրին, մենք անցանք մակույկի մյուս կողմը, որպեսզի հավասարակշռություն պահպանենք, և այդ բոլորն այնպես հաջող անցավ, որ ոչ մի կաթիլ ջուր ներս չթափվեց։

Այդ ժամանակ ծովահենները թնդանոթի բերանը դեպի մեր կողմն էին դարձնում, և Գենդսը, որ կանգնած էր թնդանոթի փողաբերանի մոտ, հիանալի թիրախ էր։ Այնուամենայնիվ, մենք հաջողություն չունեցանք։ Այն ժամանակ, երբ Տրելոնին կրակեց, Գենդսը կռացավ և գնդակը շվալով նրա վրայից անցնելով, դիպավ նավաստիներից մեկին։

Վիրավորը գոռաց և նրա գոռոցին ձայնակցեցին ոչ միայն նրանք, ովքեր նրա հետ նավի վրա էին, այլև շատ ձայներ ափից։ Նայելով այնտեղ, ես տեսա, որ ծովահեններն անտառից դեպի մակույկներն են վազում։

— Նրանք իսկույն կճանապարհվեն,— ասացի ես։

— Ընթացքն արագացրեք,— գոչեց նավապետը։— Այժմ արդեն կարևոր չէ, կխորտակվի՞ նավակը, թե ոչ։ Եթե մեզ չհաջողվի ափ հասնել ամեն ինչ կորած է։

— Միայն մի՛ մակույկ է ճանապարհվում, պարոն,— նկատեցի ես։— Մյուս մակույկի մարդիկ, երևի, վազում են ափով, որ մեր ճանապարհը կտրեն։

— Նրանք ստիպված կլինեն շատ վազել,— առարկեց նավապետը։— Իսկ ծովագնացները ցամաքի վրա արագաշարժ չեն։ Ես նրանցից չեմ վախենում, այլ՝ թնդանոթից։ Սատանանե՛ր։ Իմ թնդանոթն անվրեպ է խփում։ Նախազգուշացրեք մեզ, կալվածատեր, երբ վառված պատրույգը կտեսնեք, նավակին ուրիշ ուղղություն կտանք։

Չնայած ծանր բեռանը, մեր նավակն այժմ բավական արագ էր շարժվում և համարյա թե մեջը ջուր չէր լցվում։ Մնում էր միայն, որ երեսուն֊քառասան անգամ թիավարենք, և կհասնենք ծառերի մոտի ավազոտ ծանծաղուտին, որը տեղատվությունը մերկացրել էր։ Մակույկն արդեն մեզ հասնել չէր կարող, հրվանդանը նրան ծածկում էր։

Տեղատվությունը, որը քիջ առաջ մեր փախչելուն խանգարում էր, այժմ խանգարում էր մեր թշնամիներին, որ մեզ չհասնեն։ Մեզ միայն թնդանոթն էր սպառնում։

— Ավելի լավ է կանգ առնենք և նրանցից մեկին էլ սպանենք,— ասաց նավապետը։

Բայց պարզ էր, որ անպատճառ թնդանոթ կարձակեն։ Ավազակները մինչև անգամ իրենց վիրավոր ընկերոջ վրա չէին նայում, թեև նա կենդանի չէր, և մենք տեսնում էինք, թե ինչպես նա փորձում էր մի կողմ սողալ։

― Պատրաստ է,— բացականչեց կալվածատերը։

— Դեպի ետ,— որպես արձագանք ձայն տվեց նավապետը։

Նա և Ռեդրետն այնպես շարժեցին թիակները, որ նավախելը խորասուզվեց ջրի մեջ։ Կալվածատերը ժամանակին զգուշացրեց մեզ։ Թնդանոթը թնդաց, այն, որ լսեց Ջիմը, կալվածատիրոջ հրացանի ձայնը նրան չհասավ։ Մենք չնկատեցինք, թե որտեղ ընկավ ռումբը։ Ես ենթադրում եմ, որ ռումբն անցավ մեր գլխով և նրա առաջացրած քամին էր մեր դժբախտության պատճառը։

Այնուամենայնիվ, կրակոցից անմիջապես հետո նավակի ետևի մասը խրվեց ջուրը, նավակի մեջ ջուր լցվեց և սկսեց հանդարտ խորասուզվել։ Ջրի խորությունն ընդամենը երեք ֆուտ էր։ Ես ու նավապետը հաջողությամբ կանգնեցինք ծովի հատակին, իրար դիմաց։ Մնացած երեք հոգին ջուրն ընկան և փնչացնելով ու հևալով դուրս եկան։

Իսկապես, մենք էժան պրծանք. ոչ ոք կյանքից չզրկվեց, և բոլորն էլ հաջողությամբ ափ հասան։ Բայց մեր պաշարը մնաց ծովի հատակում, և ամենավատն այն էր, որ մեր հինգ հրացանից չէր թրջվել միայն երկուսը։ Ես իմ հրացանը, ջրի մեջ ընկնելիս, բնազդաբար բարձրացրի գլխիցս վերև։ Իսկ նավապետի հրացանը կախված էր մեջքից, փականը դեպի վեր և նույնպես չոր էր մնացել, մնացած երեք հրացանը նավակի հետ ջուրն ընկան։

Մոտիկ անտառից ձայներ էին լսվում։ Կարող էին մեր ճանապարհը, դեպի ցցապատը կտրել։ Բացի դրանից, մենք կասկածում էինք, թե կդիմանա՞ն արդյոք Գենտերն ու Ջոյսը, երբ նրանց վրա վեց ծովահեն հարձակվի։ Գենտերն ամուր մարդ էր։ Իսկ Ջոյսից մենք երկյուղ էինք կրում․ նա քաղաքավարի և պատրաստակամ ծառա էր, շատ լավ կարող էր խոզանակով շոր մաքրել, բայց կռվի համար բոլորովին անպետք էր։

Մենք հուզված, ծանծաղուտով ափ հասանք, ճակատագրի քմահաճույքին թողնելով մեր խեղճ նավակը, որի մեջ գտնվում էր մեր ունեցած վառոդի և ողջ մթերքի համարյա կեսը։


Գլուխ XVIII։ Բժիշկը շարունակում է իր պատմությունը։ Կռվի առաջին օրվա վերջը

Մենք ամբողջ ուժով փախչում էինք անտառի միջով, որը բաժանում էր մեզ ցցապատից, և ամեն վայրկյան ծովահենների ձայները մոտենում էին։ Շուտով մենք լսեցինք նրանց ոտնաձայնը և ճյուղերի չրթչրթոցը։ Նրանք անցնում էին անտառի միջով։

Ես հասկացա, որ մենք լուրջ ընդհարում պետք է ունենանք, այդ պատճառով էլ ստուգեցի հրացանը։

― Նավապետ,— ասացի ես։— Տրելոնին անվրեպ է կրակում, իսկ նրա հրացանը թրջվել է։ Տվեք նրան ձեր հրացանը։

Նրանք հրացանները փոխեցին, և Տրելոնին, առաջվա պես լռակյաց ու սառնարյուն, մի վայրկյան կանգ առավ, լիցքն ստուգելու։ Այս ժամանակ միայն ես նկատեցի, որ Գրեյն առանց զենքի է և տվի նրան իմ թուրը։ Գրեյն ուրախացած, թքեց ձեռքին, ունքերը կիտեց և թուրը ճոճեց այնպիսի ուժով, որ բերանը սուլոցով օդը ճեղքեց։ Եվ թրի յուրաքանչյուր ճոճումը հաստատում էր, որ մեր նոր զինակիցը մինչև արյան վերջին կաթիլը պիտի կռվի։

Էլի քառասուն քայլ վազելուց հետո մենք հասանք անտառի ծայրը և հայտնվեցինք ցցապատի առաջ։ Մենք մոտեցանք ուղիղ ցցապատի հարավային կողմի մեջտեղին։ Միաժամանակ յոթ ավազակները, ավագ նավաստի Ջոբ Էնդերսոնի գլխավորությամբ, բարձր աղաղակելով, դուրս եկան անտառից, ցցապատի հարավարևմտյան անկյունից։

Նրանք շվարված կանգ առան։ Ես և կալվածատերը, նրանց սթափվելու ժամանակ չտալով, կրակեցինք։ Ամրության մեջ եղող Գենտերն ու Ջոյսն էլ կրակեցին։ Չորս ատրճանակներ թնդացին միանգամից, և կրակոցն իզուր չանցավ․ թշնամիներից մեկն ընկավ, մնացածներն շտապով թաքնվեցին ծառերի ետևում։

Նորից հրացանները լցնելով, մենք զգուշությամբ մոտեցանք ցցապատին, որ տեսնենք ընկած թշնամուն։ Նա սպանված էր տեղնուտեղը՝ գնդակը դիպել էր ուղիղ սրտին։

Հաջողությունը մեզ ուրախացրեց։

Բայց հանկարծ թփերի մեջ մի ատրճանակ չրթաց, ականջիս վրայից գնդակը սուլելով անցավ, և խեղճ Թոմ Ռեդրետը տատանվեց ու ամբողջ հասակով ընկավ։ Ես ու կալվածատերը կրակեցինք դեպի թփերը։ Սակայն մեր կրակոցները հաջող չանցան, և, երևի, մեր լիցքերն անտեղի անցան։ Կրկին լցնելով հրացանները, մենք վազեցինք խեղճ Թոմի մոտ։

Նավապետն ու Գրեյն արդեն դիտում էին։ Ես միայն աչքիս ծայրով նայեցի և միանգամից նկատեցի, որ անհույս գործ է։

Երևի, մեր կրակոցներն ստիպեցին նահանջել, որովհետև մեզ հաջողվեց անարգել անցկացնել ցցապատի վրայով խեղճ ծերունի հրացանաձգին և տանել ամրոցի կտուրը։

Խե՜ղճ հին ընկեր։ Նա ոչ մի բանի վրա չէր զարմանում, ոչ մի բանից չէր գանգատվում, ոչ մի բանից չէր վախենում, մինչև անգամ մեր արկածների առաջին օրից մինչև այսօր ոչ մի բանի վրա չէր տրտնջացել։ Նա, որպես տրոյացի, հերոսաբար պաշտպանում էր նավի նախասենյակը։ Բոլոր հրամանները կատարում էր լուռ, բարեխիղճ ու հնազանդ։ Նա բոլորից քսան տարով մեծ էր։ Եվ ահա այդ մռայլ, ծեր, հավատարիմ ծառան մեռնում էր մեր աչքերի առաջ։

Կալվածատերը նրա առջև ծունկ չոքեց, ձեռքը համբուրեց և փոքրիկ երեխայի նման լաց եղավ։

— Բժի՛շկ, ես մեռնում եմ,— ասաց նա։

— Այո՛, բարեկամս,— ասացի ես։

— Ուզում եմ մահվանից առաջ մի գնդակ էլ ուղարկեմ նրանց։

— Թոմ,— ասաց կալվածատերը,— ասա, որ ներում ես ինձ։

— Ինձ համար անպատշաճ է, պարոն, ներել կամ չներել իր տիրոջը,— պատասխանեց ծերունի ծառան։— Թող լինի, ինչ լինելու է։ Ամեն։

Նա լռեց, ապա խնդրեց, որ որևէ մեկն աղոթք կարդա։

— Այդպիսի սովորություն կա, պարոն,— ավելացրեց նա և քիչ հետո մեռավ։

Այդ ժամանակ նավապետը, որին ես զարմանքով դիտում էի, սնդուկից և իր լիքը գրպաններից զանազան իրեր հանեց՝ բրիտանական դրոշակ, մի կապ պարան, գրիչ, թանաք, նավի օրագրության մատյանը և մի քանի ֆունտ ծխախոտ։ Նա գտավ մի երկար եղևնու ձող և Գենտերի օգնությամբ ամրացրեց ամրոցի վրա։ Հետո, կտուրը բարձրանալով, բրիտանական դրոշակն ամրացրեց վրան։

Այս բանը, ըստ երևույթին, մեծ բավականություն պատճառեց նրան։ Հետո նա իջավ և սկսեց հետազոտել և հաշվել պաշարեղենը, երբեմն նայելով Թոմի վրա։ Եվ երբ Թոմը մեռավ, նա մի ուրիշ դրոշակ հանեց ու մեռելին ծածկեց։

— Մի՛ վշտացեք, պարոն,— ասաց նա, սեղմելով կալվածատիրոջ ձեռքը։— Նա մեռավ իր պարտականությունը կատարելիս։

Հետո ինձ մի կողմ տարավ։

— Բժիշկ Լիվսի,— հարցրեց նա,— դուք և կալվածատերը քանի՞ շաբաթից հետո եք սպասում այն նավին, որը պետք է մեզ օգնության ուղարկեն։

Ես պատասխանեցի, որ դա երկարատև գործ է։ Շաբաթներ չի պահանջում, այլ ամիսներ։ Եթե մենք օգոստոսի վերջին չվերադառնանք, Բլենդին մեզ օգնելու համար նավ կուղարկի ոչ ուշ և ոչ շուտ։

— Դե՛, հաշվեցեք, թե այդ նավը երբ կլինի այստեղ,— վերջացրի ես։

— Այդ դեպքում, պարոն,— ասաց նա,— եթե մենք մեծ հաջողություն էլ ունենանք, մենք նեղ վիճակում կլինենք։

— Ինչո՞ւ,— հարցրեցի ես։

— Շատ ափսոս, պարոն, որ նավակի մեջ եղած ամբողջ բեռը փչացավ։ Ահա թե ինչու,— պատասխանեց նա,— վառոդ ու գնդակ բավականին ունենք։ Բայց մթերքը քիչ է։ Շատ քիչ։ Թերևս չենք ափսոսա, որ ավելորդ բերանից ազատվեցինք։

Եվ նա ցույց տվեց բրիտանական դրոշակով ծածկված մեռելին։

Այդ րոպեին տանիքի վրայից սուլոցով թռավ ռումբը և ընկավ հեռու, մեր ետևի անտառը։

— Օհո՜,— ասաց նավապետը։— Ռմբակոծություն։ Բայց չէ՞ որ նրանք վառոդ քիչ ունեն։

Երկրորդ անգամ նշան առնելն ավելի հաջող էր։ Ռումբը ցցապատից անցավ և ընկավ մեր ամրոցի առջև, ավազի ամպ բարձրացնելով։

— Նավապե՛տ,— ասաց կալվածատերը,— ամրոցը նավից չի երևում։ Նրանք, երևի դրոշակին են նշան առնում։ Լավ չի՞ լինի, որ դրոշակն իջեցնենք։

— Դրոշակն իջեցնե՞լ,— վրդուվվեց նավապետը։— Ո՛չ, պարոն։ Ով ուզում է, թող իջեցնի, բայց ես չե՛մ իջեցնի։

Եվ մենք իսկույն նրա հետ համաձայնեցինք։

Ծովային հպարտ սովորությունը թույլ չի տալիս իջեցնել դրոշակը կռվի ժամանակ։ Բացի դրանից, մենք ուզում էինք ապացուցել թշնամիներին, որ նրանց ռմբակոծությունը մեզ համար բոլորովին սարսափելի չէ։

Ամբողջ երեկո թնդանոթով մեզ ռմբակոծում էին։ Ռումբերից մեկն անցավ մեր գլխի վրայով, մյուսն ընկավ ցցապատի առջև, երրորդը՝ ավազի մեջ, ամրության առջև։ Ծովահենները բարձր նշան էին վերցնում, ռումբերն իրենց ուժը կորցնում էին և խրվում ավազի մեջ։ Բեկորներից էլ չէինք վախենում։ Եվ, թեև, մի ռումբ ծակեց մեր տանիքն ու հատակը, սակայն շուտով ընտելացանք ռմբակոծությանը և դրան վերաբերվում էինք անտարբեր, ինչպես ծղրիդի ճռռոցին։

— Այս գործը լավ կողմ էլ ունի,— նկատեց նավապետը։— Բոլոր ծովահենները երևի այժմ նավի վրա են։ Տեղատվությունն ուժեղացել է, և մեր մթերքները, երևի, ջրի տակից դուրս են եկել։ Է՜յ, կամավորներ չե՞ն լինի արդյոք, որ վազեն խոզի միսը բերեն։

Գրեյն ու Գենտերը բոլորից առաջ պատրաստակամություն հայտնեցին։ Լավ զինված, նրանք ցցապատից թռան։ Սակայն խոզի միսը նրանց բաժին չընկավ։ Ծովահեններն ավելի քաջ էին, քան մենք սպասում էինք։ Բացի դրանից, նրանք Իսրայել Հենգսի թնդանոթի վրա մեծ հույս էին դնում։ Հինգ ավազակ եռանդուն կերպով հանում էին մթերքը մեր խորտակված նավակից և տեղափոխում մոտիկ կանգնած մակույկի մեջ։ Մակույկների մեջ նստածներն ստիպված էին շարունակ թիավարել, որովհետև հոսանքը մակույկը մի կողմ էր տանում։ Սիլվերը, մակույկի ետևում կանգնած, կարգադրություններ էր անում։ Նրանք բոլորն էլ զինված էին ատրրճանակներով, որ, երևի, ձեռք էին բերել ինչ-որ գաղտնի պահեստից։

Նավապետը նստեց գերանի վրա և սկսեց գրանցել նավի օրագրական մատյանում․ Ալեքսանդր Սմոլետ՝ նավապետ, Դևիդ Լիվսի՝ նավի բժիշկ, Աբրահամ Գրեյ՝ հյուսնի օգնական, Ջոն Տրելոնի՝ նավատեր, Ջոն Գենտեր և Ռիչարդ Ջոյս՝ նավատիրոջ ձառաներ ու համաերկրացիներ, ահա բոլոր նրանք, ովքեր իրենց պարտականությանը հավատարիմ են մնացել։ Մեզ հետ պաշար վերցնելով, որ կբավի տասն օրից ոչ ավելի, նրանք այսօր ափ իջան և Գանձերի կղզում, ամրոցի վրա բրիտանական դրոշակ բարձրացրին։ Թոմ Ռեդրետին, նավատիրոջ ծառային ու համաերկրացուն ավազակներն սպանեցին։ Ջիմ Հոկինս՝ սպասավոր։

Ես մտածեցի խեղճ Ջիմ Հոկինսի վիճակի մասին։

Հանկարծ անտառում մի կանչ լսվեց։

— Ինչ-որ մեկը մեզ կանչում է,— ասաց Գենտերը, որ պահակ էր կանգնել։

— Բժիշկ, կալվածատեր, նավապետ։ Է՜յ, Գենտեր, դո՞ւ ես,— լսեցինք մեկի ձայնը։

Ես վազեցի դեպի դուռը և տեսա Ջիմ Հոկինսին։ Ողջ ու առողջ նա անցնում էր մեր ցցապատով։


Գլուխ XIX։ Հետագա դեպքերը կրկին շարադրում է Ջիմ Հոկինսը։ Կայազորն ամրոցում

Հենց որ Բեն Գանը բրիտանական դրոշակը տեսավ, կանգ առավ, ձեռքս բռնեց ու նստեց։

— Դե՛,— ասաց նա,— անկասկած այնտեղ քո բարեկամներն են։

— Ավելի ճիշտ՝ խռովարարները,— ասացի ես։

— Երբեք,— բացականչեց նա։— Այս կղզու մեջ, այս անապատի մեջ, որտեղ բացի ծովահեններից ոչ ոք չի լինում, Սիլվերը ծովահենի սև դրոշակ կբարձրացներ։ Հավատա ինձ։ Ես այդպիսի գործերը լավ գիտեմ։ Այնտեղ քո բարեկամներն են․ սա ճիշտ է։ Երևի ընդհարում է եղել, ու նրանք հաղթել են։ Եվ այժմ նրանք ափին են, ցցապատի ետևում։ Ֆլինտն է ցցապատը կառուցել։ Շատ տարիներ առաջ։ Ի՜նչ գլուխ ուներ ալդ Ֆլինտը։ Միայն ռոմը կարող էր նրան կործանել։ Նա ոչ ոքից չէր վախենում, բացի Սիլվերից։ Իսկ Սիլվերից նա վախենում էր, պետք է ճիշտն ասել։

— Ինչ կա որ,— ասացի ես,— քանի որ ցցապատի ետևում մերոնք են, պետք է գնալ այնտեղ։

— Կա՛ց,— առարկեց Բենը։— Սպասի՛ր։ Դու, թվում է, լավ տղա ես։ Բայց, այնուամենայնիվ, միայն տղա ես։ Իսկ Բեն Գանը խորամանկ է։ Գանը չի սխալվի։ Ո՛չ մի խմիչքով ինձ դեպի այնտեղ չես կարող գրավել․․․ Ես ինքս պետք է տեսնեմ քո պարոնին, և թող նա ինձ ազնիվ խոսք տա։ Իսկ դու իմ խոսքերը չմոռանաս։ Միայն թե, այդպես էլ ասա նրան, վստահությունը հնարավոր է միայն անձնական ծանոթության դեպքում, ու կսմթիր նրա ձեռքը։

Եվ նա երրորդ անգամ կսմթեց ինձ բազմանշանակալից տեսքով։

— Իսկ երբ Բեն Գանը ձեզ պետք գա, դու գիտես, թե որտեղ պետք է գտնել նրան, Ջիմ։ Այնտեղ, ուր այսօր հանդիպեցիր։ Եվ ով որ կգա նրան կանչելու, պետք է ձեռքին սպիտակ թաշկինակ ունենա և մենակ գա։ Դու այդպես էլ ասա նրանց․ «Բեն Գանը դրա համար իր պատճառներն ունի»։

— Լա՛վ,— ասացի ես։— Կարծեմ ես ձեզ հասկացա։ Դուք ուզում եք ինչ-որ առաջարկություն անել և պետք է տեսնվեք կալվածատիրոջ կամ բժշկի հետ։ Իսկ ձեզ տեսնել կարելի է այնտեղ, ուր այսօր տեսա։ Ուրիշ ոչի՞նչ։

— Իսկ ինչո՞ւ դու չես հարցնում, թե ժամը քանիսի՞ն կարելի է գտնել ձեզ այնտեղ։ Ես ընդունում եմ կեսօրից մինչև ժամը երեքը։

— Լա՛վ, լա՛վ,— ասացի ես։— Իսկ այժմ կարո՞ղ եմ գնալ։

— Իսկ դու չե՞ս մոռանա,— հարցրեց նա վրդովված։— Ասա նրան, որ «միայն անձնական ծանոթության դեպքում» և որ «ունի իր պատճառները»։ Ես կխոսեմ նրա հետ, ինչպես մարդը մարդու հետ։ Իսկ հիմա կարող ես գնալ, Ջիմ,— ասաց նա, առաջվա նման ձեռքս ամուր բռնելով։— Լսի՛ր, Ջիմ, իսկ եթե տեսնես Սիլվերին, դու չե՞ս մատնի Բեն Գանին։ Մինչև անգամ եթե քեզ կապեն վայրի ձիու պոչի՞ն։ Չե՞ս մատնի։ Մինչև անգամ տանջեն էլ, չե՞ս ասի։

Թնդանոթի թնդյունը նրա խոսքն ընդհատեց։ Ռումբը սլացավ ձառերի միջով և ընկավ ավազի մեջ, հարյուր յարդ հեռավորության վրա այնտեղից, ուր մենք կանգնած խոսում էինք։ Մենք երկուսս էլ զանազան կողմեր վազեցինք։

Մի ժամ շարունակ կղզին դղրդում էր թնդանոթի կրակոցից, և ռումբերը սլանում էին անտառով, ճանապարհին կործանելով ամեն ինչ։ Ես թաքնվում էի մերթ այստեղ, մերթ այնտեղ, և ամեն տեղ ինձ թվում էր, որ ռումբերն ուղիղ դեպի ինձ են սլանում։ Փոքր առ փոքր իմ կորցրած արիությունը վերադարձավ։ Այնուամենայնիվ, դեռևս չէի վստահում մոտենալ ցցապատին, որի մոտ ռումբերն ավելի հաճախ էին ընկնում։ Շարժվելով դեպի արևելք, վերջապես հասա այն ծառերին, որ աճում էին հենց ափի մոտ։

Արեգակը նոր էր մայր մտել, ծովային թեթև հողմը սուլում էր անտառում և նավահանգստի մոխրագույն մակերևույթը ծածկում ալյակներով։ Տեղատվությունն ընդարձակ ավազոտ ծանծաղուտը մերկացրել էր։ Ցերեկվա տոթից հետո, այնպես էր սառել, որ ես, թեթև բաճկոն հագած, սաստիկ դողում էի։

«Իսպանոլան» առաջվա պես կանգնած էր խարիսխ գցած։ Նրա վրա ծածանվում էր «Ուրախ Ռոջեր» սև, ծովահենական դրոշակ՝ վրան գանգ։ Տախտակամածի վրա կարմիր բռնկոց փայլեց, և դղրդալի արձագանքն ամբողջ անտառում տարածեց թնդանոթի վերջին կրակոցը։

Ռմբակոծությունը վերջացավ։

Ես, թփերի մեջ պառկած, հետևում էի ծովահեններին։ Ափին, հենց ցցապատի դիմաց, մի քանի մարդ ինչ-որ մի բան կացնով կտրատում էին։ Հետագայում ես իմացա, որ նրանք ոչնչացնում էին մեր դժբախտ նավակը։ Հեռվում, գետաբերանի մոտ, ծառերի միջև մի մեծ խարույկ էր բոցկլտում։ Խարույկի և նավի միջև անընդհատ մի մակույկ էր է դեսուդեն գնում։ Նավաստիները, որ առավոտյան այնքան մռայլ էին, այժմ թիավարելիս երեխաների նման գոչում ու ծիծաղում էին։ Սակայն նրանց ձայնից ես կռահեցի, որ ուրախությունը ռոմն է առաջացրել։

Վերջապես որոշեցի գնալ դեպի ցցապատը։ Ես ցցապատից բավականին հեռու էի, ցածրիկ, ավազոտ ցամաքալեզվի վրա, որը փակում էր մեր նավահանգիստը արևելյան կողմից և հասնում մինչև Կմախքի Կղզին։ Բարձրանալով ցամաքալեզվի վրա, ցածրիկ թփուտի մեջ, ես տեսա մի բավականին մեծ մենավոր ժայռ, որը տարօրինակ սպիտակ գույն ուներ։ Ես գլխի ընկա, որ դա այն սպիտակ ժայռն է, որի մասին խոսում էր Բեն Գանը, և որ եթե ինձ նավակ պետք լինի, կիմանամ, թե որտեղ է։ Ես թափառում էի անտառում, մինչև որ տեսա ցցապատի ետևի, ծովից ամենահեռու ծայրը։ Մերոնք ինձ հանդիպեցին շատ սիրալիր։

Ես նրանց պատմեցի իմ արկածների մասին և չորս կողմս նայեցի։ Տունը շինված էր եղևնու անտաշ բներից՝ և՛ պատերը, և՛ տանիքը, և՛ հատակը։ Հատակը մի քանի տեղում մեկ կամ մեկ ու կես ֆուտ բարձր էր գետնից։ Մուտքի մոտ սանդուղք կար, սանդուղքի տակից առվակ էր խոխոջում։ Ջուրը թափվում էր մի արհեստական ավազանի մեջ՝ մի մեծ նավային չուգունե կաթսա, տակը ծակ։ Տունը համարյա թե դատարկ էր։ Միայն մի անկյունում շինված քարաշեն օջախի նման մի բան, երկաթե վանդակով, ածուխի համար։

Ցցապատերով շրջապատված բլրի լանջերին գտնվող բոլոր ծառերը կտրտված էին շինության համար։ Կոճղերից կարելի էր եզրակացնել, որ մի հիանալի պուրակ են ոչնչացրել։ Գետնի վերին շերտը՝ ծառերը կտրատելուց հետո, անձրևները լվացել տարել էին, մնացել էր մաքուր ավազը։ Միայն այնտեղ, որտեղ առվակը դուրս էր գալիս կաթսայից, երևում էին և՛ մամուռ, և՛ ձարխոտ, և՛ կարճահասակ թփուտ։ Ցցապատի ետևից անմիջապես խիտ ու բարձր անտառն էր սկսվում։ Սա, ինչպես ասում էին, պաշտպանությանը խանգարում էր։ Ետևից, ցամաքի կողմից, անտառը բաղկացած էր սոճիներից, իսկ առջևից, նեղուցի կողմից՝ նույն սոճիներից և մշտադալար կաղնիներից։

Երեկոյան սառը, թեթև քամին, որի մասին ես ասացի, փչում էր կոպիտ կերպով շինված շինության բոլոր ճեղքերից, անդադար հատակը ծածկելով ավազե անձրևով։ Ավազը կեղտոտում էր մեր աչքերը, ավազը խրճխրճում էր մեր ատամների տակ, ընկնում էր մեր ուտելիքի մեջ, ավազը պարում էր կաթսայի հատակում, ինչպես բրինձը եռացող կերակրի մեջ։ Ծխնելույզ չունեինք․ ծուխը դուրս էր գալիս տանիքի մեջ եղած քառանկյունի անցքով։ Մուտքի ճանապարհը գտնելուց առաջ, ծուխը տարածվում էր ողջ տան մեջ ու մեզ ստիպում էր հազալ և լաց էինել։

Գրեյը, մեր նոր ընկերը, երեսը կապել էր․ ավազակները նրա այտը կտրել էին։ Իսկ խեղճ ծերունի Թոմ Ռեդրետը, որ դեռ չէր թաղվել, բրիտանական դրոշակով ծածկված, ընկած էր պատի մոտ։

Եթե մեզ թույլ տային պարապ նստել, մենք շուտով կվհատվեինք։ Սակայն նավապետ Սմոլետը բոլորի համար կարողանում էր գործ գտնել։ Նա մեզ կանչեց իր մոտ և բաժանեց երկու հերթի։ Մի հերթի մեջ ընկան բժիշկը, Գրեյը և ես, մյուս հերթի մեջ՝ կալվածատերը, Գենտերը և Ջոյսը։ Մի օրվա մեջ շատ հոգնել էինք, սակայն նավապետը երկու հոգու ուղարկեց անտառ փայտ բերելու, երկու հոգու էլ հրամայեց, որ Ռեդրետի համար գերեզման փորեն։ Բժիշկը դարձավ խոհարար, ինձ դռան մոտ ժամապահ դրեց, իսկ ինքը, նավապետը, սկսեց անցուդարձ անել այս ու այն կողմ, բոլորին օգնել ու սիրտ տալ։

Երբեմն բժիշկը մոտենում էր դռանը, թարմ օդ ծծելու և ծխից կարմրած աչքերը հանգստացնելու։ Այդ ժամանակ նա ինձ հետ կարճ խոսակցություն էր ունենում։

— Այս Սմոլետն ավելի լավ է, քան ես,— ասաց նա մի անգամ։— Եվ եթե այս բանն ինքս խոստովանում եմ, ուրեմն այդպես է, Ջիմ։

Մի ուրիշ անգամ նախ լռեց, հետո գլուխը դարձրեց և ուշադրությամբ նայեց իմ դեմքին։

― Այն Բեն Գանի վրա կարելի՞ է հույս դնել,— հարցրեց նա։

— Չգիտեմ, պարոն,— պատասխանեցի ես։— Ես հավատացած չեմ, որ նրա խելքը տեղն է։

— Ուրեմն, խելքը տեղը չէ,— ասաց բժիշկը։— Եթե մի մարդ երեք տարի անմարդաբնակ կղզու մեջ իր եղունգներն է կրծոտել, Ջիմ, նրա խելքը տեղը չի կարող լինել այնպես, ինչպես քոնը կամ իմը։ Այդպես են մարդիկ։ Ասում ես նա երազում է պանրի՞ մասին։

— Այո՛, պարոն,— պատասխանեցի ես։

— Լա՛վ, Ջիմ,— ասաց նա։— Տես թե ինչ օգտակար է բժիշկ լինելը։ Դու, երևի, տեսել ես իմ բռնոթամանը, սակայն չես տեսել, որ ես բռնոթի եմ քաշում։ Իմ բռնոթամանում կա մի կտոր իտալական պանիր, որը շատ սննդարար է։ Այդ պանիրը մենք կտանք Բեն Գանին։

Ընթրիքից առաջ մենք ծերունի Թոմին թաղեցինք ավազի մեջ։ Հետո միաժամանակ գլխաբաց կանգնեցինք գերեզմանի մոտ։ Անտառից շատ փայտ էին բերել, սակայն նավապետն էլի դժգոհ էր։

— Վաղը ես կստիպեմ ձեզ, որ աշխատեք ինչպես հարկն է,— ասաց նա։

Ընթրիքին ապխտած խոզի միս ուտելուց և մի-մի բաժակ տաք փունջ խմելուց հետո կալվածատերը, նավապետն ու բժիշկը գնացին խորհրդակցելու։

Սակայն, ըստ երևույթին, ոչ մի լավ բան չմտածեցին։ Պաշարն այնքան քիչ էր, որ մենք անխուսափելիորեն պետք է, մինչև օգնության գալը, սովամահ լինեինք։ Մնում էր մի բան՝ որքան կարելի է շատ ծովահեն սպանել, սպանել մինչև այն ժամանակ, մինչև որ սև դրոշակն իջեցնեն կամ «Իսպանոլայով» բաց ծով դուրս գան։ Նրանք տասնիննից տասնհինգ էին դարձել, որոնցից երկուսը վիրավոր էին, իսկ մեկը, որ խփեցինք թնդանոթի մոտ, եթե չէր մեռել, համենայն դեպս ծանր վիրավորված էր։ Մենք պետք է խնամքով պահպանենք մեր մարդկանց և հիշենք, որ երկու հուսալի զինակից ունենք — ռոմը և եղանակը։

Ռոմն արդեն իր գործը կատարել էր․ ծովահեններից կես մղոն էինք հեռու, այնուամենայնիվ, մինչև վերջին երեկոն լսում էինք երգեր ու աղաղակներ։ Իսկ բժիշկը երդվում էր իր կեղծամով, որ շուտով եղանակն իր անելիքը կանի, ծովահենները ճահճի մոտ են, ոչ մի տեղ չունեն, մի շաբաթից հետո նրանց կեսը դողէրոցք կընկնի ու կպառկի։

— Եվ այդպես,— ասում էր բժիշկը,— եթե նրանց չհաջողվի միանգամից մեր գլուխն ուտել, նրանք ուրախ կլինեն, եթե թողնեն կղզին և վերադառնան նավը։ Նրանք նավ ունեն և միշտ կարող են զբաղվել իրենց արհեստով՝ ծովային ավազակությամբ։

― Սա առաջին նավն է, որ ես կորցնում եմ,— ասաց նավապետ Սմոլետը։

Ես սաստիկ հոգնած էի։ Քնելուց առաջ շատ շուռումուռ եկա, իսկ հետո մեռելի նման քնեցի։

Բոլորն արդեն վաղուց վեր էին կացել, նախաճաշում ու փայտ էին կտրում, երբ զարթնեցի հանկարծակի աղմուկ-աղաղակից։

― Սպիտակ դրոշակ,— գոռաց մեկը։

Եվ իսկույն մի զարմացած բացականչություն լսվեց․

― Ինքը Սիլվերն է։

Ես վեր թռա, աչքերս տրորեցի և վազեցի պատի հրակնատի մոտ։


Գլուխ XX։ Սիլվերը բանբեր

Իսկապես որ ցցապատին մոտեցան երկու մարդ։ Նրանցից մեկը մի սպիտակ լաթ էր թափահարում, իսկ մյուսը ոչ այլ ոք, այլ ինքը Սիլվերը, անվրդով կանգնած էր նրա կողքին։

Դեռ շատ վաղ էր։ Վաղուց այդպիսի ցուրտ առավոտ չէր տեսել։ Դողը մինչև ոսկորներս էր անցնում։ Երկինքը պարզ էր, պայծառ, ծառերի կատարները՝ ծագող արեգակի ճառագայթների տակ վարդագույն էին դարձել։ Սակայն ներքևում, ուր Սիլվերն իր ուղեկցի հետ կանգնած էր, դեռևս մութ էր։ Նրանց ոտների մոտից քուլա-քուլա բարձրանում էր սպիտակ մշուշը՝ ճահճի գիշերային գոլորշին։ Դողէրոցք և մշուշ՝ ահա թե որն էր կղզու գաղտնիքը։ Կղզին խոնավ, տենդոտ և վատառողջ տեղ էր։

― Տեղնե՛րդ,— ասաց նավապետը։— Գրազ կգամ, որ նրանք ինչ-որ խորամանկություն են հորինում։― Հետո նա գոչեց․— Ո՞վ է գալիս։ Կանգնի՛ր, թե չէ կկրակենք։

― Սպիտակ դրոշակը,— գոչեց Սիլվերը։

Նավապետը դուրս եկավ ու կանգնեց դրսի սանդուղքին այնպես, որ դավաճանի գնդակը համարյա թե չէր սպառնում նրան։

Դառնալով դեպի մեզ, նա հրամայեց․

— Բժշկի խումբը հրակնատների մոտ։ Բժիշկ Լիվսի, խնդրում եմ գրավել հյուսիսային պատը, Ջիմ, արևելյան պատը, Գրեյ՝ արևմտյանը։ Մյուս հերթը թող լցնի ատրճանակները։ Շո՛ւտ, շո՛ւտ։ Ուշադիր եղեք։

Հետո կրկին դարձավ դեպի ավազակները․

— Ի՞նչ եք ուզում մեզանից ձեր սպիտակ դրոշակով,— գոչեց նա։

Այս անգամ պատասխանեց, ոչ թե Սիլվերը, այլ մյուս ծովահենը։

— Պարո՛ն, նավապետ Սիլվերը հրավիրում է ձեզ իր նավը և ցանկանում է ձեզ հետ պայմանագիր կնքել,— աղաղակեց նա։

— Նավապետ Սիլվե՞րը։ Ես այդպիսի նավապետ չեմ ճանաչում։ Ո՞վ է նա,— հարցրեց նավապետը։

Մենք լսեցինք, թե ինչպես նա կիսաձայն ավելացրեց․

— Ահա՛ թե ի՜նչ։ Արդեն նավապետ է։ Ի՜նչ արագ բարձրացավ աստիճանը։

Երկարահասակ Ջոնն ինքը պատասխանեց․

— Այդ ես եմ, պարոն։ Մեր դժբախտ տղերքը, ձեր դասալքությունից հետո, ինձ նավապետ են ընտրել, պարոն։— «Դասալքություն» բառը նա առանձնապես շեշտեց։— Մենք պատրաստ ենք կրկին ենթարկվելու ձեզ, իհարկե, որոշ պայմաններով, եթե ցանկանաք մեզ հետ պայման կնքել։ Իսկ այժմ, նավապետ Սմոլետ, ազնիվ խոսք տվեք, որ այստեղից ինձ կենդանի բաց կթողնեք և չեք կրակի, մինչև որ ցցապատից չհեռանամ։

— Ես ձեզ հետ խոսելու ո՛չ մի ցանկություն չունեմ,— ասաց նավապետ Սմոլետը։— Բայց քանի որ ուզում եք խոսել ինձ հետ, եկեք այստեղ։ Սակայն եթե դուք դավաճանության փորձ անեք, չփոշմանեք։

— Այդքանը բավական է, նավապետ,— ուրախ բացականչեց Երկարահասակ Ջոնը։— Միայն ձեր մի խոսքը բավական է։ Ես գիտեմ, որ դուք ջենտլմեն եք, նավապետ, որ ձեր խոսքին կարելի է հավատալ։

Մենք տեսանք, թե ինչպես սպիտակ դրոշակ բռնող մարդն աշխատում էր չթողնել Սիլվերին, որ մեզ մոտ գա։ Դրա մեջ զարմանալի բան չկար, որովհետև նավապետն այնքան էլ սիրալիր չէր խոսում։ Բայց Սիլվերը պատասխանի փոխարեն միայն ծիծաղեց և նրա ուսին խփեց, կարծես թե վտանգավոր լինելու մասին մտածելն անդամ անհեթեթություն էր։ Նա մոտեցավ ցցապատին, ձգեց իր հենակը, ապա ինքն էլ արտասովոր արագությամբ ու ճարպկությամբ անցավ։

Պետք է խոստովանեմ, որ ես այնքան զբաղված էի տեղի ունեցող դեպքերով, որ Ժամապահի պարտականությունները մոռացել էի։ Թողել էի իմ պահակատեղն արևելյան հրակնատի մոտ և կանգնած էի նավապետի ետևում, որը նստել էր շեմքի վրա, արմունկները ծնկներին դրած, գլուխն ափերի մեջ առած և նայում էր չուգունե կաթսային, որի մեջ ջուրն աղմկում էր, և ավազի մանրիկ հատիկները պարում էին։ Իր քթի տակ շվշվացնում էր «Պատանիներ և կույսեր, իմ ետևից» եղանակը։

Սիլվերի համար բավական դժվար էր բլրի լանջով բարձրանալը։ Զառիվայրի վրա, թափվող ավազի և լայն կոճղերի մեջ, նա իր հենակով անպաշտպան էր, ինչպես նավը ծանծաղուտի վրա։ Սակայն նա արիաբար ու լռությամբ հաղթահարեց ողջ ճանապարհը, կանգնեց նավապետի առաջ և շատ գեղեցիկ պատվի առավ։ Նա հագել էր իր ամենալավ զգեստը, մինչև ծնկները հասնող կապույտ բաճկոն, բազմաթիվ պղնձե կոճակներով, դեպի ծոծրակը ծռած գլխարկ, որի շուրջը ժանյակ էր կարված։

— Ահա և դուք, սիրելիս։— ասաց նավապետը, գլուխը բարձրացնելով։— Նստեցե՛ք։

— Ինձ տուն թողեք, նավապետ,— խղճալի ձայնով խնդրեց Երկարահասակ Ջոնը։— Այսպիսի ցուրտ առավոտյան ավազի վրա նստելու ցանկություն չունեմ։

— Եթե դուք, Սիլվեր,— ասաց նավապետը,— շարունակեիք մնալ ազնիվ մարդ, ապա այժմ դուք նստած կլինեիք խոհանոցում։ Մեղավորը դուք եք։ Դուք կամ իմ նավի խոհարարն եք, այդ ժամանակ ես ձեզ հետ լավ եմ վարվում, կամ նավապետ Սիլվերը, խռովարար և ծովահեն, այն ժամանակ ինձնից, բացի կախաղանից, ուրիշ ոչինչ մի սպասեք։

— Լա՛վ, լա՛վ, նավապետ,— ասաց խոհարարը, նստելով ավազի վրա,— միայն հետո ձեր ձեռքը պետք է տաք ինձ, որ բարձրանամ։ Լավ եք տեղավորվել այստեղ։ Իսկ դա Ջո՞նն է։ Բարի օր, Ջոն։ Բժի՞շկ, հարգանքներս։ Դուք բոլորդ միասին եք, կարծես մի երջանիկ ընտանիք, եթե թույլ կտաք այդպես արտահայտվել։

— Գործի մասին խոսեք, սիրելիս,— ընդհատեց նավապետը։— Ասացե՛ք, ինչո՞ւ եք եկել։

― Ճիշտ է, նավապետ Սմոլետ,— պատասխանեց Սիլվերը։— Ամենից առաջ գործը։ Պետք է խոստովանեմ, որ այս գիշեր լավ խաղ խաղացիք մեր գլխին։ Ձեզանից մեկը երևի լավ մահակ գործածել գիտի։ Իմ մարդկանցից ոմանք ուղղակի ցնցվեցին այդ գործից։ Խոստովանում եմ, որ ես ինքս էլ ցնցվեցի։ Կարելի է հենց դրա համար եմ եկել պայման կապելու։ Բայց, երդվում եմ որոտով, նավապետ, երկրորդ անգամ այդ պատմությունը ձեզ չի հաջողվի։ Մենք ամեն տեղ ժամապահներ ենք դրել և ռոմի քանակն իջեցրել ենք։ Դուք, երևի, կարծում եք, որ մենք բոլորս էլ սաստիկ հարբա՞ծ էինք։ Հավատացեք, որ ես բոլորովին հարբած չէի, միայն շան նման հոգնել էի։ Եթե մի վայրկյան շուտ զարթնեի, իմ ձեռքից չէիք պրծնի։ Դեռ կենդանի էր, երբ նրա մոտ վազեցի։

— Հետո՛,— պաղարյուն կերպով արտասանեց նավապետ Սմոլետը։

Սիլվերի ասածը նավապետի համար հանելուկ էր, բայց նա ունքն էլ չշարժեց։ Իսկ ես, խոստովանում եմ, քիչ ու միչ բան գլխի ընկա։ Ես հիշեցի Բեն Գանի վերջին խոսքերը։ Ես հասկացա, որ նա գիշերը մոտեցել է ավազակներին, երբ նրանք հարբած, թափված են եղել խարույկի շուրջը։ Ես ուրախ էի, որ այժմ մեր թշնամիներից կենդանի են միայն տասնչորս հոգի։

— Ահա թե ինչ,— ասաց Սիլվերը։— Մենք ուզում ենք գանձը գտնել և կգտնենք։ Իսկ դուք, իհարկե, ուզում եք փրկել ձեր կյանքը և իրավունք ունեք։ Չէ՞ որ դուք քարտեզ ունեք, այնպես չէ՞։

— Շատ կարելի է,— պատասխանեց նավապետը։

— Ես հաստատ գիտեմ, որ դուք քարտեզ ունեք,— բացականչեց Երկարահասակ Ջոնը։— Բայց ինչո՞ւ եք դուք ինձ հետ այդպես խուսափելով խոսում, այդ ձեզ օգուտ չի բերի։ Ձեր քարտեզը մեզ հարկավոր է, ուրիշ ոչինչ, իսկ անձամբ ձեզ ես ամենափոքր չարիք անգամ չեմ ցանկանում։

— Բավական է, սիրելիս,— ընդհատեց նավապետը։— Ես քո ասած մարդկանցից չեմ։ Մեզ ճշտապես հայտնի են ձեր նպատակները։ Բայց այդ հանգամանքը մեզ բոլորովին չի անհանգստացնում, որովհետև ձեռքներդ կարճ դուրս եկավ։

Նավապետը հանգիստ նայեց նրան և սկսեց ծխամորճը լցնել։

— Եթե Էբ Գրեյը․․․— սկսեց Սիլվերը։

— Կա՛ց,— գոչեց Սմոլետը։— Գրեյն ինձ ոչինիչ չի ասել, և ես նրան ոչ մի բան չեմ հարցրել։ Ասեմ ավելին, ես ամենայն բավականությամբ օդը կցնդեցնեի և՛ ձեզ, և՛ նրան, և՛ այս սատանայական կղզին։ Ահա թե ինչ եմ մտածում ես ձեր ողջ ավազակախմբի մասին, սիրելիս։

Այս զայրույթի պոռթկումը, երևի, Սիլվերի լեզուն կապեց։ Նա ուզում էր բարկանալ բայց իրեն զսպեց։

— Ինչպես ուզում եք,— ասաց նա։— Մտածեցեք, ինչ որ ցանկանում եք, ես ձեզ չեմ արգելի։ Դուք, կարծեմ, պատրաստվում եք ծխամորճ ծխելու, նավապետ։ Ես էլ, թույլ տվեք, որ նույնն անեմ։

Նա իր ծխամորճը ծխախոտ լցրեց ու ձխեց։ Երկուսն էլ երկար ժամանակ լուռ նստած, նայում էին իրար, երբեմն ծուխ բաց թողնելով, երբեմն էլ կռանալով, որ թքեն։ Նրանց վրա նայելը զվարճալի էր՝ ինչպես ներկայացման ժամանակ։

— Ահա մեր պայմանները,— վերջապես ասաց Սիլվերը։— Դուք մեզ պետք է տաք քարտեզը, որ մենք կարողանանք գանձը գտնել, դուք պետք է դադարեք դժբախտ նավաստիներին կրակելուց և նրանց գլուխը ջարդելուց, երբ քնած են։ Եթե այս պայմաններին համաձայն եք, մենք ձեզ առաջարկում ենք ընտրել հետևյալ միջոցներից մեկը։ Առաջին միջոց․ գանձը բարձելուց հետո մենք թույլ ենք տալիս ձեզ վերադառնալ նավը, և ես ձեզ ազնիվ խոսք եմ տալիս, որ կենդանի կիջեցն եմ որևէ ծովափում։ Եթե առաջին միջոցը ձեզ դուր չի գալիս, որովհետև իմ նավաստիներից շատերը ձեզ վրա ատամ են կրճտացնում, ահա երկրորդ միջոցը, մենք կթողնենք ձեզ այստեղ, կղզու վրա։ Պաշարը կկիսենք, և ես խոստանում եմ ուղարկել ձեր ետևից առաջին պատահած նավը։ Խորհուրդ եմ տալիս այս պայմաններն ընդունել։ Ավելի լավ պայման չի լինի։ Հուսով եմ,— այստեղ նա ձայնը բարձրացրեց,— որ ձեր բոլոր մարդիկ, որոնք այս տանն են, կլսեն իմ խոսքերը, որովհետև մեկին ասածը բոլորի համար է ասված։

Նավապետ Սմոլետը վեր կացավ և իր ծխամորճի մոխիրը թափ տվեց ձախ ձեռքի ափի մեջ։

— Ա՞յդ է բոլորը,— հարցրեց նա։

— Երդվում եմ որոտով, որ սա իմ վերջին խոսքն է,— պատասխանեց Ջոնը։— Եթե մերժեք, իմ փոխարեն կխոսեն մեր հրացանները։

— Հիանալի է,— ասաց նավապետը։— Իսկ այժմ ի՛նձ լսեցեք։ Եթե դուք բոլորդ կներկայանաք ինձ մեն-մենակ առանց զենքի, ես ձեզ կշղթայեմ, կտանեմ Անգլիա և դատի կտամ։ Իսկ եթե չեք ներկայանա, այն ժամանակ հիշեցեք, որ ինձ անվանում են Ալեքսանդր Սմոլետ, որ ես կանգնած եմ այդ դրոշակի տակ և ոչ ոքի չեմ խնայի։ Գանձը դուք չեք գտնի։ Նավով փախչել ձեզ չի հաջողվի, որովհետև ձեզանից ոչ ոք վարել չգիտե։ Կռվելում էլ դուք վարպետ չեք․ Գրեյի դեմ ձերոնցից հինգ հոգի էին կռվում, և նա բոլորի պաստասխանն էլ տվեց։ Դուք ամուր նստած եք ծանծաղուտի վրա, նավապետ Սիլվեր, և շուտով նրանից չեք դուրս գա։ Սա ամենավերջին բարի խոսքն է, որ դուք լսում եք ինձանից։ Իսկ հետևյալ հանդիպմանը ես գնդակն անց կկացնեմ ձեր մեջքի մեջ։ Կորե՛ք, սիրելի՛ս։ Շտապեցե՛ք։

Սիլվերի աչքերը կատաղությունից փայլատակեցին։ Նա իր ծխամորճի կրակը թափ տվեց։

— Տվեք ձեր ձեռքը, որ կարողանամ բարձրանալ,— գոռաց նա։

— Չե՛մ տա,― պատասԽանեց նավապետը։

― Ո՞վ կտա ինձ իր ձեռքը,— ընդհատեց Սիլվերը։

Մեզանից ոչ ոք մինչև անգամ չշարժվեց։ Զզվելի հայհոյանքներ տալով, Սիլվերն ավազի վրայով սողաց մինչև սանդուղքը, բռնեց և միայն այդ ժամանակ նրան հաջողվեց բարձրանալ։ Նա թքեց առվի մեջ․

— Դուք ինձ համար ինչպես այս թուքը,— գոչեց նա։— Մի ժամից հետո ես ձեր տանը ռոմ եմ խմելու։ Ծիծաղեցե՛ք, կայծակը խփի ձեզ, ծիծաղեցե՛ք։ Մի ժամից հետո դուք այն աշխարհում եք ծիծաղելու։ Իսկ ձեզանից ով որ կենդանի մնա, մեռելներին կնախանձի։

Եվ կրկին հայհոյելով, կաղալով առաջ գնաց։ Չորս անգամ ուզեց ցցապատն անցնել, բայց ընկավ։ Վերջապես սպիտակ դրոշակ բռնող մարդը նրան անց կացրեց, և մի րոպեում նրանք անհայտացան ծառերի ետևում։


Գլուխ XXI։ Հարձակում

Հենց որ Սիլվերն անհետացավ, նավապետը, որ ամբողջ ժամանակ աչքը նրանից չէր հեռացնում, ետ դարձավ և նկատեց, որ պահակատեղում կանգնած է միայն Գրեյը։ Մենք առաջին անգամ տեսանք, թե նավապետն ինչպես է բարկանում։

— Տեղերում,— գոռաց նա։

Մենք վազեցինք դեպի հրակնատները։

— Գրեյ,— ասաց նա,— ես քո անունը կգրեմ նավի մատյանի մեջ։ Դու քո պարտքը կատարեցիր այնպես, ինչպես վայել է ծովագնացին։ Պարոն Տրելոնի, դուք ինձ զարմացրիք։ Բժիշկ, չէ՞ որ դուք զինվորական համազգեստ եք կրել։ Եթե Ֆոնտենուայում դուք այդպես եք կատարել ձեր պարտականությունը, ավելի լավ է, որ մահճակալից ցած չիջնեիք։

Բժշկի հերթը հրակնատների մոտ էր, իսկ մնացածները լցնում էին հրացանները։ Մենք բոլորս ամոթից կարմրեցինք։

Նավապետը լուռ հետևում էր մեզ։ Հետո նորից խոսեց։

— Բարեկամնե՛րս,— ասաց նա,— ես Սիլվերին հանդիպեցի, այսպես ասած, թնդանոթի համազարկով։ Ես դիտմամբ նրան կատաղեցրի։ Ինչպես նա ասաց, չի անցնի մի ժամ, որ մենք հարձակման կենթարկվենք։ Դուք գիտեք, որ նրանք շատ են, քան մենք, սակայն, դրա փոխարեն, մենք գտնվում ենք ամրոցում։ Մի րոպե առաջ ես նույնիսկ կարող էի ասել, որ մեզ մոտ կարգապահություն կա։ Ես չեմ կասկածում, որ մենք կհաղթենք նրանց, եթե դուք ցանկանաք հաղթել։

Հետո նա մոտեցավ յուրաքանչյուրիս և խոստովանեց, որ այս անգամ ամեն ինչ կարգին է։

Ամրոցի երկու կարճ պատերի մեջ՝ արևելյան և արևմտյան, միայն երկուական հրակնատ կար, հարավային պատի մեջ, որտեղ գտնվում էր դուռը, դարձյալ երկուսն էր, իսկ հյուսիսային պատի մեջ՝ հինգ հրակնատ։ Մենք, յոթ հոգիս, քսան հրացան ունեինք։ Փայտը չորս կույտ արինք, այդ կույտերն անվանեցինք սեղաններ։ Յուրաքանչյուր սեղանի վրա դրված էր չորսական լցված հրացան, որպեսզի ամրոցի պաշտպանները միշտ ձեռքի տակ ունենան։ Իսկ հրացանների միջև դրված էին թրերը։

— Կրակը հանգցրեք,— ասաց նավապետը։— Արդեն տաք է, ծուխն էլ աչքներիս վնաս է։

Պարոն Տրելոնին դուրս բերեց օջախի վանդակը և կրակը ցրեց ավազի վրա։

— Հոկինսը դեռ չի նախաճաշել։ Հոկինս, նախաճաշդ վերցրու, պահակատեղումդ կուտես,— շարունակեց նավապետը։— Շարժվի՛ր, բարեկամս, թե չէ առանց նախաճաշի կմնաս։ Գենտեր, բոլորին մի-մի բաժակ անգլիական օղի տուր։

Մինչ մենք պատրաստվում էինք, նավապետը կազմեց պաշտպանության պլանը։

— Բժիշկ, ձեզ հանձնարարվում է դուռը,— ասաց նա։— Լավ նայեցեք, բայց շատ առաջ մի կանգնեք։ Կանգնեցեք ներսում և կրակեցեք սանդուղքի ետևից, Գենտե՛ր, դու վերցրու արևելյան պատը։ Ջոյս, բարեկամս, վերցրու արևմտյան պատը։ Պարոն Տրելոնի, դուք լավ հրաձիգ եք, Գրեյի հետ միասին վերցրեք հյուսիսային ամենաերկար պատը, որը հինգ հրակնատ ունի։ Դա ամենավտանգավոր կողմն է։ Եթե նրանց հաջողվի վազել մինչև այդ պատը և հրակնատներից կրակել մեզ վրա, մեր գործը շատ վատ կլինի։ Իսկ ես ու դու, Հոկինս, որ անպետք հրաձիգ ենք, կլցնենք հրացանները և կօգնենք բոլորին։

Նավապետը ճիշտ էր ասում ցուրտն անցավ։ Հենց որ արեգակը բարձրացավ ծառերի կատարների վրա, եղանակը տաքացավ, և մշուշն անհետացավ։ Շուտով ավազն սկսեց այրել մեր կրունկները, և ամրոցի գերաններից տաքացած խեժը հոսեց։ Մենք բաճկոններս հանեցինք, շապիկներիս օձիքները բաց արինք, թևներս մինչև ուսներս քշտեցինք։ Յուրաքանչյուրը կանգնած էր իր պահակատեղում, տաքացած և հուզված։

Այսպես անցավ մի ժամ։

— Սատանա՛,— ասաց նավապետը,— ձանձրալի է։ Գրեյ, մի երգ երգիր։

Հենց այդ վայրկյանին առաջին անգամ պարզվեց, որ մեզ վրա հարձակում է պատրաստվում։

— Թույլ տվեք հարցնել, պարոն,— ասագ Ջոյսը,— եթե ես մարդ տեսնեմ, պիտի կրակե՞մ։

— Իհարկե՛,— գոչեց նավապետը։

— Շնորհակալ եմ, պարոն,— ասաց Ջոյսը, նույնպիսի հանգիստ և քաղաքավարի ձևով։

Ոչինչ չէր պատահել, սակայն Ջոյսի հարցն ստիպեց մեզ սրել մեր աչքերն ու ականջները։ Հրաձիգները հրացանները պատրաստ պահել էին, իսկ նավապետը կանգնել էր ամրոցի մեջտեղում, շրթունքները սեղմած, ճակատը կնճռոտած։

Այսպես անցավ մի քանի վայրկյան։ Հանկարծ Ջոյսն իր հրացանն անց կացրեց հրակնատի մեջ և արձակեց։ Նրա կրակոցի ձայնը դեռ չէր կտրվել, երբ սկսեցին չորս կողմից կրակել համազարկ համազարկի ետևից։ Մի քանի գնդակ դիպավ ցցապատի գերանին։ Բայց ամրոցի ներսը ոչ մի գնդակ չընկավ։ Եվ երբ ծուխը ցրվեց, ցցապատի շուրջը և անտառում, առաջվա պես հանդարտություն էր տիրում։ Ոչ մի ճյուղ չէր շարժվում։ Թփերի մեջ հրացանի ոչ մի փող չէր փայլում։ Կարծես թե մեր թշնամիները գետինն անցան։

— Դիպցրի՞ր որևէ մեկին,— հարցրեց նավապետը։

— Ո՛չ, պարոն,— պատասխանեց Ջոյսը։— Կարծեմ, չդիպցրի, պարոն։

— Ճշմարիտ է ասում, այդ էլ լավ է,— ասաց նավապետ Սմոլետը։— Լցրու նրա հրացանը, Հոկինս։ Ի՞նչ եք կարծում, բժիշկ, ձեր կողմում քանի՞ անգամ կրակեցին։

— Ես կարող եմ ճիշտ պատասխան տալ,— ասաց բժիշկ Լիվսին,— երեք անգամ։ Ես երեք բռնկում տեսա՝ երկուսն իրար կողքի և մեկը հեռվում, դեպի արևմուտք։

— Երե՛ք,— կրկնեց նավապետը։— Իսկ ձե՞ր կողմում, պարոն Տրելոնի։

Սակայն պատասխանելը հեշտ չէր․ հյուսիսային կողմից շատ էին կրակել։ Կալվածատերը հավատացնում էր, որ ինքը նկատել է ընդամենը յոթ կրակոց, իսկ Գրեյը թե՝ ութ կամ ինը։ Արևելքից ու արևմուտքից միայն մի-մի անգամ էին կրակել։ Երևի հարձակումը պետք է սպասեինք հյուսիսային կողմից։ Իսկ այլ կողմերից կրակում էին միայն ուշադրությունը ցրելու համար։ Այնուամենայնիվ, նավապետ Սմոլետն իր կարգադրությունները չփոխեց։

— Եթե ավազակներին հաջողվի ցցապատն անցնել,— ասում էր նա,— նրանք կարող են գրավել յուրաքանչյուր չպաշտպանված հրակնատ և բոլորիս սպանել, ինչպես առնետների, մեր սեփական ամրոցում։

Սակայն մենք մտածելու համար շատ քիչ ժամանակ ունեինք։ Հյուսիսային կողմից հանկարծ աղաղակ լսվեց, և ծովահենների մի փոքրիկ խումբ, դուրս գալով անտառից, վազեց գեպի ցցապատը։ Այդ վայրկյանին նորից սկսեցին չորս կողմից գնդակոծել մեզ։ Բաց դռնից մի գնդակ սլացավ և բժշկի հրացանը կտոր-կտոր արավ։

Հարձակվողները կապիկների պես անցնում էին ցցապատի վրայից։ Կալվածատերն ու Գրեյը շարունակ կրակում էին։ Երեք հոգի վայր ընկան․ մեկը ներսում, երկուսը դրսում։ Ասենք, նրանցից մեկը, երևի, այնքան էլ վիրավորված չէր, որքան վախեցած, որովհետև իսկույն ոտի կանգնեց և անհետացավ անտառում։

Երկու հոգի պառկած էին գետնի վրա, մեկը փախավ, չորսը հաջողությամբ ցցապատն անցան։ Յոթ թե ութ ծովահեն, որոնցից յուրաքանչյուրը, երևի, մի քանի հրացան ուներ, անտառում նստած շարունակ գնդակոծում էին մեր ամրոցը։ Այնուամենայնիվ, այդ գնդակոծությունը մեզ ոչ մի վնաս չբերեց։

Հարձակվողներից չորս հոգի, աղաղակելով, վազեցին դեպի ամրոցը։ Անտառում թաքնվածները նույնպես աղաղակում էին, որ ընկերներին աշխուժացնեն։ Մեր հրաձիգներն էլ անընդհատ կրակում էին, բայց այնպես շտապում էին, որ, երևի, ոչ մի անգամ չդիպցրին։ Մի վայրկյանում չորս ծովահեն բարձրացան բլրի վրա և հարձակվեցին մեզ վրա։

Ջոբ Էնդերսոնի՝ ավագ նավաստու գլուխը երևաց միջին հրակնատում։

— Կոտորեցե՛ք դրանց։ Կոտորեցե՛ք դրանց,— մռնչում էր նա։

Այդ վայրկյանին մի ուրիշ ծովահեն խլեց Գենտերի հրացանը, փողից բռնեց և կոթով խփեց Գենտերին այնպիսի ուժով, որ դժբախտն ուշաթափված գետնին ընկավ։ Միևնույն ժամանակ երրորդը, հաջողությամբ տան չորս կողմը պտտվելով, հայտնվեց դռան մեջ և թուրը թափահարելով, հարձակվեց բժշկի վրա։

Մենք գտնվում էինք այնպիսի դրության մեջ, ինչ դրության մեջ մինչև այժմ մեր թշնամիներն էին։ Միայն թե մենք կրակում էինք ծածկված տեղից անպաշտպան ծովահենների վրա, իսկ այժմ ինքներս, ոչնչով պաշտպանված չլինելով, պետք է ձեռնակռվի դուրս գայինք լավ պաշտպանված թշնամու հետ։ Ամրոցը լցվեց վառոդի ծխով, բայց այս հանգամանքը մեզ համար ձեռնտու էր։ Հենց ծխի պատճառով էլ մենք կենդանի մնացինք։ Աղմուկից, հառաչանքից և ատրճանակների կրակոցից ականջներս դժժում էին։

— Դուրս եկեք, առաջ, ձեռնամարտի դուրս եկեք։ Թրերո՛վ,— գոչեց նավապետը։

Ես փայտի կույտի վրայից թուրս վերցրի։ Մի ուրիշն էլ թուրը վերցնելիս, կտրեց իմ մատների հոդերը, բայց ես ցավ չզգացի։ Ես վազեցի դեպի դուռը, դեպի լույսը։ Մեկն էլ իմ ետևից դուրս եկավ, բայց չգիտեմ, թե ով։ Իմ առջևում բժիշկը բլրի լանջով հալածում էր իր վրա հարձակվող ծովահենին։ Ես տեսա, թե ինչպես մի հարվածով նա վայր գցեց նրա ձեռքի զենքը, հետո թրով խփեց նրա երեսին։ Ծովահենը մեջքի վրա վայր ընկավ։

— Տան շո՛ւրջը։ Տան շո՛ւրջը,— գոչեց նավապետը։

Սակայն չնայած ընդհանուր շփոթության և աղմուկին, ես նրա ձայնի մեջ փոփոխություն նկատեցի։

Մեքենայաբար ենթարկվելով հրամանին, ես շրջվեցի դեպի արևելք, թուրս բարձրացրած՝ անկյունից ծռվեցի և երես առ երես հանդիպեցի Էնդերսոնին։ Նա մռնչաց, և որսորդական դանակը, արևից շողալով, պտտվեց իմ գլխի վրա։ Ես վախենալու ժամանակ չունեցա։ Հարվածից խուսափելով, ընկա փափուկ ավազի վրա և գլխիվայր գլորվեցի զառիվայրով։

Գրոհի ժամանակ, երբ ես դուրս թռա դռնից, մյուս ծովահեններն արդեն անցնում էին ցցապատից, որ մեզ սպանեն։ Մեկը նրանցից, գիշերային կարմիր թասակով, թուրն ատամնեով բռնած, պատրաստվում էր ցցապատից թռչել։ Իմ բլրից ընկնելն այնպես արագ կատարվեց, որ երբ ոտի կանգնեցի, ամեն ինչ նույն դրության մեջ էր․ կարմիր թասակով ծովահենը նույն դրությամբ նստած էր, իսկ մյուսի գլուխը հենց նոր էր դուրս եկել ցցապատի ետևից։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ կռիվը վերջացավ, և մենք հաղթանակը տարանք։

Գրեյը, որ դուրս էր եկել իմ ետևից, գետնին փռեց երկարահասակ ավագ նավաստուն, մինչև նա երկրորդ անգամ կպտտեցներ թուրը։ Մյուս ծովահենն սպանվեց հրակնատի մոտ այն րոպեին, երբ պատրաստվում էր կրակել դեպի տան ներսը։ Նա հոգեվարքի մեջ կուչ ու ձիգ էր անում ավազի վրա, ծխացող ատրճանակը ձեռքից բաց չթողնելով։ Երրորդին, ինչպես արդեն ասացի, սրախողխող արավ բժիշկը։ Ցցապատն անցած չորս ծովահեններից միայն մեկը կենդանի մնաց։ Ձգելով իր թուրը կռվի դաշտում, նա մահից սարսափած, մագլցում էր ցցապատով, որ փախչի, բայց ընկնում էր։

— Կրակեցե՛ք, կրակեցե՛ք տնից,— գոչում էր բժիշկը։— Իսկ դուք, քաջեր, ծածկվեցեք։

Բալց նրա խոսքերն իզուր անցան։ Ոչ ոք չկրակեց։ Չորսից վերջինը հաջողությամբ անցավ ցցապատը և մյուսների հետ անհետացավ անտառում։ Մի րոպեից հետո հարձակվողներից, բացի հինգ հոգուց, ոչ ոք չմնաց, չորսն ընկած էին ցցապատի այս կողմում, մեկը այն կողմում։

Բժիշկը, Գրեյը և ես վազեցինք դեպի դուռը։ Կենդանի մնացածներն ամեն րոպե կարող էին վերադառնալ և հրաձգություն սկսել։

Վառոդի ծուխը ցրվեց, և մենք միանգամից տեսանք, թե ինչ գնով ենք հաղթություն տարել։ Գենտերն ուշաթափ ընկած էր իր հրակնատի մոտ։ Ջոյսը, գնդակահարված գլխով, հավիտյանս հանգստացել էր։ Տան մեջտեղում կալվածատերը բռնել էր բժշկին, և երկուսի երեսն էլ գունատ էր։

— Նավապետը վիրավորված է,— ասաց պարոն Տրելոնին։

— Բոլորը փախա՞ն,— հարցրեց պարոն Սմոլետը։

— Բոլորը, ով կարողացավ,— պատասխանեց բժիշկը։– Հինգը այլևս երբեք չեն կարող վազել։

— Հի՛նգ հոգի,— բացականչեց նավապետը։— Այնքան էլ վատ չէ։ Նրանց շարքից դուրս եկան հինգ հոգի, իսկ մեզանից՝ միայն երեք, ուրեմն այժմ չորսս իննի դեմ ենք։ Սա լավ է, քան սկզբում՝ յոթը տասնիննի դեմ[1]։


ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍ։ ԻՄ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԾՈՎԻ ՎՐԱ

Գլուխ XXII: Ինչպես սկսվեցին իմ արկածները ծովի վրա

Ավազակները չվերադարձան։ Նույնիսկ ոչ մեկը նրանցից չկրակեց անտառից։ «Նրանք այսօրվա բաժինն ստացել են», արտահայտվեց նրանց մասին նավապետը։ Մենք կարող էինք հանգիստ կերպով կապել վիրավորների վերքերը և ճաշ պատրաստել։ Այս անգամ ճաշ պատրաստեցինք ես և կալվածատերը։ Չնայելով վտանգին, մենք գերադասեցինք ճաշ պատրաստել բակում, որ չլսենք, թե ինչ սարսափելի են հառաչում մեր վիրավորները։

Առվում վնասված ութ հոգուց միայն երեք հոգի էին կենդանի մնացել․ հրակնատի մոտ խփված ծովահենը, Գենտերը և նավապետ Սմոլետը։ Առաջին երկուսի դրությունն անհուսալի էր։ Ծովահենը շուտով մեռավ վիրահատության ժամանակ։ Գենտերը, չնայած մեր ջանքերին, գիտակցության չեկավ։ Նա ամբողջ օրը կենդանի մնաց, բարձր շնչելով, ինչպես շնչում էր զարկի ժամանակ այն ծերունի ծովահենը, որ ապրում էր մեր պանդոկում։ Սակայն նրա կողերը և գանգը ջարդված էին, և նա հետևյալ գիշերը, առանց հառաչելու, առանց գիտակցոլթյան գալու, վախճանվեց։

Նավապետի վերքերը տանջող էին, բայց ոչ վտանգավոր։ Ոչ մի տեղը լուրջ վնասված չէր։ Էնդերսոնի գնդակը, որ առաջին անգամ դիպավ նավապետ Ջոբին, ծակել էր նրա թիակը և թեթև կերպով դիպել թոքերին։ Երկրորդ գնդակը դիպել էր սրունքին և կտրել մի քանի կապեր։

Բժիշկը հավատացնում էր, որ նավապետն անպայման կառողջանա, սակայն մի քանի շաբաթ չպետք է ման գա, ձեռքը շարժի և շատ խոսի։

Պատահաբար ստացած մատիս վերքը դատարկ բան էր։ Բժիշկ Լիվսին քերծվածքի վրա սպեղանի դրեց և քնքշաբար ականջս տրորեց։

Ճաշից հետո կալվածատերն ու բժիշկը նստեցին նավապետի մոտ և սկսեցին խորհրդակցել։ Խորհրդակցությունը վերջացավ կեսօրից հետո։ Բժիշկը վերցրեց իր գլխարկը, ատրճանակները, թուրը խրեց գոտկատեղը, քարտեզը դրեց գրպանը, հրացանը կախեց ուսից, հյուսիսային կողմից անցավ ցցապատը և անհետացավ անտառում։

Ես ու Գրեյը նստած էինք ամրոցի հեռու անկյունում, որ չլսենք, թե ինչ են խոսում մեզնից մեծերը։ Գրեյն այնպես հուզված էր բժշկի տարօրինակ վարմունքից, որ ծխամորճը բերանից հանեց և մոռացավ, որ էլի բերանը դնի։

— Ի՜նչ հիմար բան է,— ասաց նա։— Բժիշկը խելքը չի՞ կորցրել արդյոք։

— Չեմ կարծում,— պատասխանեցի ես։— Ամենից ուշ նրա խելքը կպակասի։

— Գուցե այդպես է,— ասաց Գրեյը։— Բայց եթե նրա խելքը պակաս չէ, ուրեմն խելագարը ես եմ։

— Ո՛չ, բժիշկը երևի մի պլան ունի,— բացատրեցի ես։— Իմ կարծիքով նա գնաց Բեն Գանի հետ տեսնվելու։

Ինչպես հետո պարզվեց, ես ճիշտ էի։

Մինչ այդ ամրոցում շոգն անտանելի էր դառնում։ Կեսօրվա արեգակը շիկացնում էր բակի ավազը, և իմ գլխում մի տարօրինակ միտք է պտտվում։ Ես սկսեցի նախանձել բժշկին, որ անցնում էր զով անտառով, ներշնչում էր եղևնու խեժոտ հոտը, այն ժամանակ, երբ ես տապակվում էի այս անիծված դժոխքում, որտեղ շորերս թրջվել էին քրտինքից, որտեղ մարդկային արյուն էր թափված, որտեղ շուրջս մեռելներ էին թափված։ Զզվանքը, որ պատճառում էր մեր ամրոցը, համարյա նույնքան մեծ էր, ինչքան երկյուղը։

Ես լվանում էի հատակը, լվանում էի ամանները, և ամեն րոպե զզվանքը դեպի այս տունը, նախանձը դեպի բժիշկը, ավելանում էր։ Վերջապես պատահաբար հայտնվեցի պաքսիմատի պարկի մոտ։ Ինձ ոչ ոք չէր տեսնում։ Ես սկսեցի պատրաստվել փախուստի․ բաճկոնիս երկու գրպանն էլ պաքսիմատ լցրեցի։

Դուք կարող եք ինձ հիմար անվանել։ Ես անխոհեմ էի վարվում, կյանքս վտանգի էի ենթարկում, այնուամենայնիվ, ես ձեռք առա զգուշության բոլոր միջոցները, որ կային իմ ձեռքի տակ։ Այս պաքսիմատը առնվազն երկու օր չի թողնի, որ ես սովից մեռնեմ։

Հետո վերցրի երկու ատրճանակ։ Վառոդ, ու գնդակ ինձ մոտ վաղուց կար, և ես ինձ հիանալի զինված էի զգում։

Իմ պլանը, ըստ էության, այնքան էլ վատ չէր։ Ես ուզում էի գնալ ավազոտ ցամաք, որն արևելյան կողմից բաժանում էր մեր նավահանգիստը բաց ծովից, գտնել սպիտակ ժայռը, որ երեկ երեկոյան նկատեցի, և նայել՝ նրա տակ չի՞ թաքցնում արդյոք Բեն Գանը իր նավակը։ Այս գործն իմ կարծիքով արժեքավոր գործ էր։ Բայց ես հաստատ գիտեի, որ ինձ ամրոցից բաց չեն թողնի, և ես վճռեցի փախչել։ Իհարկե, այդպես վարվել պետք չէր, բայց մի մոռացեք, որ ես երեխա էի և չէի կարողանում ցանկությունս հաղթահարել։

Շուտով փախչելու համար հարմար առիթ եղավ։ Կալվածատերն ու Գրեյը նավապետի վերքերը կապում էին։ Ճանապարհն ազատ էր։ Ես ցցապատն անցա և անհետացա անտառի մեջ։ Մինչ իմ բացակայությունը կհայտնաբերվեր, ես արդեն այնքան էի հեռացել, որ ոչ մի կանչ չէի կարող լսել։

Այս իմ երկրորդ անմիտ արարքն առաջինից վատ էր, որովհետև ամրոցում միայն երկու առողջ մարդ էին մնացել։ Այնուամենայնիվ, ինչպես և առաջին փախուստը, օգնեց, որ մենք փրկվենք։

Ես ճանապարհ ընկա դեպի կղզու արևելյան ափը, որովհետև ցանկանում էի գնալ ցամաքալեզվի դեպի ծովի կողմը դարձված ափով, որ ինձ նավից չնկատեն։

Երեկոյան դեմ էր, թեև արեգակը դեռ շատ բարձրում էր գտնվում։ Անտառով անցնելիս, ես առջևից լսում էի ոչ միայն ալեկոծության անընդհատ դղրդոցը, այլև ճյուղերի շարժվելու ձայնը և տերևների շրշյունը։ Սա նշանակում էր, որ այսօր ծովի ալեկոծությունն ավելի ուժեղ էր, քան սովորաբար լինում է։ Շուտով զով փչեց։ Էլի մի քանի քայլ, և ես դուրս եկա անտառի եզրը։ Իմ առաջ, մինչև հորիզոնը, տարածվում էր արեգակի լույսով լուսավորված ծովը, իսկ ափի մոտ եռում ու փրփրում էր ալեկոծությունը։

Ես երբեք չտեսա, որ ծովը Գանձերի կղզու մոտ հանդարտ լինի։ Մինչև անգամ պարզկա օրերին, երբ արեգակը շլացնելու չափ փայլում էր և օդն անշարժ էր լինում, հսկա ալիքները թնդյունով վազում են դեպի այդ ափը։ Հազիվ թե կղզու վրա մի տեղ գտնվի, որտեղ կարելի լինի պատսպարվել ալեկոծության աղմուկից։

Ես անցնում էի ափով, զբոսանքից հաճույք զգալով։ Վերջապես, վճռելով, որ արդեն բավականաչափ դեպի հարավ եմ գնացել, զգուշությամբ, խիտ թփերի պաշտպանությամբ, բարձրացա դեպի վեր՝ ցամաքալեզվի լեռնաշղթայի վրա։

Առջևում նավահանգիստն էր, ետևում՝ ծովը։ Ծովային քամին, կարծես հոգնած իր սեփական կատաղությունից, հանդարտվում էր։ Նրան փոխարինում էին հարավից և հարավ-արևելքից եկող օդի հոսանքները, որոնք իրենց հետ խիտ մշուշ էին բերում։ Նեղուցում, որ պաշտպանված էր Կմախքի կղզիով, նույնիսկ անշարժ մուգ կապարագույն ջուր էր, ինչպես այն օրը, երբ մենք առաջին անգամ տեսանք։ Ողջ «Իսպանոլան», կայմի ծայրից մինչև ջրագիծը, կախ ընկած սև դրոշակի հետ միասին, արտացոլված էր ինչպես հայելու մեջ։

Նավի մոտ ես տեսա մի մակույկ։ Մակույկի առջևի մասում նստած էր Սիլվերը։ Նրան ես կճանաչեի, որքան էլ հեռու լիներ։ Նա խոսում էր երկու ծովահենների հետ, որոնք նավի եզրից ծռվել էին դեպի Սիլվերը։ Նրանցից մեկի գլխին կարմիր թասակ կար։ Սա այն սրիկան էր, որ քիչ առաջ անցավ ցցապատից։ Նրանք խոսում էին ու ծիծաղում, բայց ես նրանցից մի ամբողջ մղոն հեռու էի և հասկանալի է, որ նրանց խոսակցությունը լսել չէի կարող։ Հետո լսեցի մի սարսափելի, ոչ մարդկային ձայն։ Սկզբում վախեցա, բայց հետո ճանաչեցի նավապետ Ֆլինտի՝ թութակի ձայնը։ Մինչև անգամ ինձ թվաց, որ ես չալիկ թռչունին տեսա Սիլվերի ուսին։

Մակույկը ճանապարհվեց դեպի ափը, իսկ կարմիր թասակով մարդն իր ընկերոջ հետ նավաստիների սենյակն իջան։

Արեգակը ծածկվեց Հեռադիտակի ետևում, մշուշը խտացավ, արեգակը մթնեց։ Ես հասկացա, որ ոչ մի րոպե չի կարելի կորցնել, եթե ցանկանում եմ այսօր գտնել նավակը։

Սպիտակ ժայռը լավ երևում էր մացառուտի միջից, բայց չափազանց հեռու էր, և ես քիչ ժամանակ չկորցրի, մինչև հասա։ Ես չորեքթաթ անցնում էի թփերի միջով։ Համարյա թե գիշեր էր, երբ ձեռքս քսեցի ժայռի անհարթ կողքին։ Ժայռի տակ մի փոքրիկ հովիտ կար, որտեղ կանաչ մամուռ էր աճում։ Այդ հովիտը պաշտպանված էր հայացքներից ավազակույտերով և հազիվ ծնկներիս հասնող ցանցառ թփուտով։ Հովտի խորքում տեսա այծի մորթիներից պատրաստված վրան։ Անգլիայում այդպիսի վրաններ գնչուներն են ունենում։

Ես անցա հովիտը, վրանի փեշը բարձրացրի և այնտեղ գտա Բեն Գանի նավակը․ բոլոր ինքնագործ նավակներից, այսպես ասած, սա ամենաինքնագործն էր։ Ամուր փայտից Բենը ծռկող շրջանակ էր պատրաստել, ներսից այծի մորթիներ խփել՝ ահա ամբողջ նավակը։ Չգիտեմ, թե ինչպես էր նավակը դիմանում մեծահասակ մարդուն, քանի որ ես դժվարությամբ էի տեղավորվում։ Ներսում կար մի նեղ նստարան, ոտների համար նեցուկ և մի թիակ։

Առաջ ես երբեք ձկնորսական հյուսված նավակներ չէի տեսել, որ գործ էին ածում հին բրիտանացիք։ Բայց հետագայում ես ծանոթացա նրանց։ Որպեսզի դուք պարզ պատկերացում ունենաք Բեն Գանի նավակի մասին, կասեմ, որ նման էր առաջին և ամենաանհաջող նավակին։ Բայց, այնուամենայնիվ, ուներ մի մեծ առավելություն հին նավից՝ թեթև էր և ազատ կերպով կարելի էր տեղից տեղ փոխադրել։

Այժմ ինձ մնում էր ամրոց վերադառնալ։ Բայց այդ ժամանակ գլխումս մի նոր պլան հայտնվեց, և ես այնպես գոհ էի այդ պլանից, որ ոչ մի նավապետ Սմոլետ չէր կարող ինձ ստիպել, որ հրաժարվեմ։ Ես մտածեցի, օգտվելով գիշերվա մթությունից, նավակով մոտենալ «Իսպանոլային» և կտրել խարիսխի ճոպանը։ Թող հոսանքը նավին ափ դուրս գցի։ Ես համոզված էի, որ ավազակները, որ առավոտյան այնպիսի դիմադրության էին հանդիպել, պատրաստվում էին խարիսխը բարձրացնել և ծով դուրս գալ։ Պետք էր խանգարել, քանի ուշ չէր։ Նավի վրա, հերթապահների տրամադրության տակ, ոչ մի մակույկ չէր մնացել, հետևապես ճոպանը կարելի էր կտրել առանց վտանգի ենթարկվելու։

Սպասելով, որ վերջնականապես մթնի, ես նստեցի ավազի վրա և սկսեցի պաքսիմատ կրծել։ Դժվար է պատկերացնել մի ավելի հարմար գիշեր մտածածս կատարելու համար։ Ողջ երկինքը պատած էր թանձր մշուշով։ Երբ մարեցին ցերեկվա վերջին ճառագայթները, խոր խավարը պատեց Գանձերի կղզուն։ Եվ երբ վերջապես նավակն ուսիս գցած, դուրս եկա հովտից և սայթաքելով մոտեցա ջրին, խոր խավարի միջից միայն երկու լույս էին փայլում, առաջինը մի մեծ խարույկ էր ափին, ճահճի վրա, որի մոտ ծովահենները հարբեցողությամբ էին զբաղված, երկրորդ լույսն իսկապես ծածկված էր ինձանից. դա նավի առջևի մասի պատուհանն էր։ Ես տեսնում էի միայն լույսի մի բիծ մշուշի մեջ։

Տեղատվությունն արդեն սկսվել էր, ափի և ջրի մեջ կազմելով թաց ավազի մի լայն շերտ։ Շատ անգամ ես խրվեցի տիղմի մեջ, մինչև որ հասա նահանջող ջրին։ Մի քանի քայլ ծանծաղուտով անցնելով, ես արագ և ուժեղ կերպով նավակը դրեցի ջրի մակերևույթի վրա։


Գլուխ XXIII։ Տեղատվության իշխանության տակ

Նավակը, ինչպես ենթադրում էի, իմ հասակի ու քաշի մարդու համար շատ համապատասխան էր։ Այն թեթև էր, շարժուն, սակայն դրա հետ միասին այնքան ծռակող ու արագաշարժ, որ վարելն անհնարին էր։ Ինչ ուզում ես արա, կաշվիցդ դուրս եկ, անվերջ պտտվում է։ Ինքը՝ Բեն Գանը հետո խոստովանեց, որ այդ նավակը կարող է գործածել նա, ով «արդեն սովոր է նրա քմահաճույքին»։

Իհարկե, ես դեռ նավակի քմահաճույքին սովոր չէի․ ինչ ուղղությամբ ասես սլանում էր, բացի քո ցանկացած ուղղությունից։ Ավելի հաճախ դառնում էր դեպի ափը, և եթե տեղատվություն չլիներ, հազիվ թե կարողանայի նավին հասնել։ Իմ բախտից տեղատվությունն ինձ դեպի «Իսպանոլան» էր տանում։

Նախ նկատեցի մի բիծ, որն իրեն շրջապատող խավարից ավելի սև էր։ Հետո տեսա նավի իրանն ու կայմերը։ Եվ մի ակնթարթից հետո (որովհետև ինչքան հեռու էի գնում, այնքան արագ էր քաշում տեղատվությունը), հասա խարսխի ճոպանին և բռնեցի։

Այնքան ուժեղ էր նավի ձգտումը խարսխից ազատվելու, որ ճոպանը լարի նման ձգված էր։ Նավի տակ տեղատվությունն ալեկոծվում ու աղմկում էր լեռնային գետակի նման։ Դանակիս մի զարկը, և «Իսպանոլան» կսլանա այնտեղ, ուր նրան կքաշի հոսանքը։

Սակայն ես ժամանակին գլխի ընկա, որ ամուր ձգված ճոպանը, եթե միանգամից կտրեմ, ձիու սմբակի ուժով կխփի ինձ, նավակը շուռ կգա, և ես ծովի հատակը կգնամ։

Ես կանգ առա և սկսեցի սպասել։ Եթե հաջող դեպք չլիներ, ես, երևի, վերջ ի վերջո հրաժարվեի իմ մտադրությունից։ Գիշերը մոտենալով, թեթև քամին, որ սկզբում փչում էր հարավ-արևելքից, ապա հարավից, դարձավ հարավարևմտյան։ Հանկարծակի վրա հասած փոթորիկը «Իսպանոլային» շուռ տվեց հոսանքի դեմ։ Ճոպանը թուլացավ և իմ ձեռքը, որով բռնել էի, ջրի մեջ մտավ։

Հասկանալով, որ ոչ մի վայրկյան չի կարելի բաց թողնել, հանեցի դանակս, ատամներովս բացեցի և սկսեցի մեկը մյուսի ետևից կտրտել ճոպանի մանրաթելերը։ Երբ միայն երկու մանրաթել մնաց կտրելու, ճոպանը նորից ձգվեց, և ես սկսեցի սպասել քամու հետևյալ թափին։

Նավասենյակից վաղուց բարձր ձայներ էին լսվում։ Բայց, ճշմարիտն ասած, ես այնպես տարված էի իմ գործով, որ նրանց վրա ուշադրություն չէի դարձնում։ Այժմ, երբ գործ չունեի, սկսեցի ականջ դնել։

Ես ճանաչեցի երկրորդ ավագ նավաստի Իզրայել Հենդսի ձայնը, նրա, ով մի ժամանակ Ֆլինտի մոտ հրաձիգ էր։ Երկրորդ ձայնն, անկասկած, պատկանում էր կարմիր թասակով բարեկամիս։ Նրանք երկուսն էլ սաստիկ հարբած էին և շարունակում էին խմել։ Նրանցից մեկը հարբածի ճիչով պատուհանը բացեց և ինչ-որ մի բան ջուրը շպրտեց, երևի դատարկ շիշ։ Ասենք, նրանք ոչ թե միայն խմում, այլև կատաղաբար վիճում էին։ Հայհոյանքները կարկտի նման թափվում էին, և երբեմն ինձ թվում էր, որ գործը տուրուդմբոցի է հասնում։ Սակայն ամեն անգամ ձայները հանդարտվում էին, և վեճը դադարում էր։ Հետո նորից էին սկսում, որ մի քանի րոպեից դադարեն։

Ափին, ծառերի բների միջից ես տեսնում էի խարույկի կրակը։ Այնտեղ ինչ-որ մեկը մի հին, տխուր, միապաղաղ նավաստու երգ էր երգում, որի յուրաքանչյուր տողից հետո ոռնոցի նման դայլայլ էր կրկնվում։ Մեր ճանապարհորդության ժամանակ ես այդ երգը շատ էի լսել։ Այն այնքան երկար էր, որ ոչ մի երգիչ մինչև վերջ չէր կարողանում երգել և ձգում էր մինչև այն ժամանակ, որքան համբերություն ուներ։ Ես այդ երգից միայն մի քանի բառ եմ հիշում.

։։Յոթանասունհինգն էլ չվերադարձան տուն,
։։Նրանք խեղդվեցին ծովի հորձանքում։

Ես մտածեցի, որ այդ տխուր երգը, երևի, միանգամայն համապատասխանում է այն տխրությանը, որ պատել է ծովահեններին, որոնք այսօր այնքան ընկեր կորցրին։ Սակայն շուտով համոզվեցի, որ իրականում այս ծովային բանդիտներն անզգա են այնպես, ինչպես ծովը, որի վրայով ճանապարհորդում էին։

Վերջապես քամին կրկին թափով փչեց։ Մթության մեջ նավը կրկին դեպի ինձ շարժվեց։ Ես զգացի, որ ճոպանը կրկին թուլացավ, և մի ուժեղ հարվածով կտրեցի վերջին մանրաթելը։

Իմ նավակի վրա քամին ոչ մի ազդեցություն չունեցավ, և ես անսպասելի կերպով հայտնվեցի «Իսպանոլայի» եզրի տակ։ Նավը, հողմահար եղած, կամաց պտտվում էր իր առանցքի շուրջը։

Ես ամբողջ ուժով թիավարում էի, րոպե առ րոպե սպասելով, որ նավակը կշրջվի։ Սակայն նավը նավակիս քաշում էր իր ետևից, և ես ոչ մի կերպ հեռանալ չէի կարողանում, այլ՝ միայն կամաց շարժվում էի քթից դեպի ետևի մասը։ Ասենք, վերջապես, նավակն սկսեց հեռանալ, և ես արդեն հույս ունեի բաժանվել վտանգավոր հարևանից։ Սակայն այդ ժամանակ ձեռքս ընկավ նավախելից կախված ճոպանի ծայրը։ Ես իսկույն բռնեցի։

Թե ինչո՞ւ բռնեցի, չգիտեմ։ Երևի, անգիտակցաբար։ Իսկ երբ ճոպանն իմ ձեռքին էր, և ես համոզվեցի, որ ամուր է կապված, հանկարծ հետաքրքրությունս բորբոքվեց և որոշեցի նայել նավասենյակի պատուհանից։

Ձեռքերով տնտղելով, ճոպանի օգնությամբ նավակս քաշեցի դեպի նավի ետևի կողմը։ Այս հանգամանքը սաստիկ վտանգ էր սպառնում․ նավակն ամեն վայրկյան կարող էր շուռ գալ։ Բարձրանալով, ես տեսա նավասենյակի մի մասն ու առաստաղը։

Այդ ժամանակ նավը և նրա ուղեկիցը՝ նավակը, արագ ընթանում էին հոսանքով։ Մենք արդեն հավասարվել էինք ափի խարույկին։ Նավը բարձրաձայն «խոսեց», ինչպես ասում են ծովագնացները, այսինքն սկսեց աղմուկով ճեղքել ալիքները, և մինչև ես չնայեցի պատուհանից, չկարողացա հասկանալ, թե ինչու պահպանության համար նավում թողնված ավազակները տագնապ չեն բարձրացնում։ Սակայն մի հայացքով նավասենյակը նայելով, բավական էր հասկանալ բոլորը։ Իսկ ես իմ երերուն նավակում կանգնած, իսկապես կարող էի միմիայն մի հայացք ձգել։ Հենդսը և նրա ընկերը, իրար կոկորդից բռնած, կռվում էին։

Ես ընկա նստարանի վրա։ Մի ակնթարթ ևս, նավը կշրջվեր։ Իմ առջև դեռևս երևում էին ծովահենների կատաղած, արյունալի դեմքերը, ծխացող լամպի աղոտ լույսի տակ։ Ես աչքերս փակեցի, որ նրանք կրկին մթությանն ընտելանան։

Անվերջ պարերգը վերջապես դադարեց, և խարույկի մոտ կերուխում անողները երգեցին ինձ ծանոթ երգ․

։։Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա,
։։Յո-խո-խո և մի շիշ ռոմ,
։։Խմիր և սատանան քեզ մինչև վերջը կհասցնի,
։։Յո-խո-խո և մի շիշ ռոմ։

Մտածելով, թե ռոմն ու սատանան ինչ են անում այժմ «Իսպանոլայի» նավասենյակում, ես հանկարծակի ցնցում զգացի։ Նավակս սաստիկ թեքվել էր և ուղղությունը փոխել։ Հոսանքի արագությունը տարօրինակ կերպով արագացել էր։

Ես աչքերս բաց արի։ Շուրջս, թեթև ծծմբե լույսով կայծերի նման փայլատակելով, աղմկում, փրփրում էին մանրիկ ալիքները։ Թվում էր, որ «Իսպանոլան» էլ էր ուղղությունը փոխել։ Ես մռայլ կերպով տեսնում էի նավի կայմերը մութ երկնքում։ Այո՛, ինչքան շատ էի նայում, այնքան հաստատ էի համոզվում, որ նավը դեպի հարավ է գնում։

Ես ետ նայեցի և քիչ մնաց, որ սիրտս պայթի։ Այժմ խարույկը վառվում էր հենց իմ մեջքի ետևում։ Ուրեմն, հոսանքը ծռվել է դեպի աջ, տանելով իր հետ և՛ ծանր նավը, և՛ իմ թեթև, պարող նավակը։ Կատաղի հոսանքը նեղ նեղուցով մեզ դեպի բաց ծովն էր քաշում։

Հանկարծ նավը մի, առնվազն քսան աստիճանի, պտույտ էլ արավ, և այդ վայրկյանին ես լսեցի նախ մի ճիչ, ապա մյուսը։ Սանդուղքի վրայից անցնող ոտների ձայն լսեցի և հասկացա, որ հարբածները կռիվը դադարեցրել են։ Դժբախտությունը երկուսին էլ սթափեցրել է։

Ես պառկեցի իմ ողորմելի նավակի հատակին և հանձնվեցի ճակատագրի քմահաճույքին։ Նեղուցից դուրս գալով, ես պիտի ընկնեի գազազած ալեկոծության մեջ, որն արագությամբ կփրկեր ինձ բոլոր հոգսերից։ Մահից ես չէի վախենում, բայց տանջալից էր անգործ պառկել և սպասել մահվան։

Այդպես մի քանի ժամ պառկած մնացի։ Ալիքներն ինձ այս ու այն կողմն էին շպրտում և վրաս ջրի կաթիլներ թափում։ Յուրաքանչյուր նոր ալիք ինձ անխուսափելի մահ էր սպառնում։ Բայց կամաց-կամաց ես հոգնեցի։ Չնայած սարսափելի դրությանս, ես թմրեցի և անզգայացա։ Երբ քնեցի, երազումս տեսա իմ հայրենի վայրերը և հին «Ծովակալ Բենբոուն»։


Գլուխ XXIV։ Մակույկի մեջ

Երբ զարթնեցի, բոլորովին լույս էր արդեն։ Ես տեսա, որ հոսանքն ինձ տանում է Գանձերի կղզու հարավարևմտյան ափով։ Արեգակն արդեն դուրս էր եկել, բայց Հեռադիտակի հսկա զանգվածը, որ իջնում էր դեպի ծովն անառիկ ժայռերով, նրա առաջը փակել էր։

Քարշակի գլուխը և Միջնակայմ ժայռը գտնվում էին իմ կողքին։ Ժայռը մերկ էր ու սև, իսկ Գլուխը շրջապատված էր քառասուն-հիսուն ֆուտ բարձրություն ունեցող ապառաժներով և թափված ժայռերի կույտերով։ Ինձնից մինչև կղզին քառորդ մղոնից ոչ ավելի տարածություն կար։ Ես որոշեցի հագցնել թիակը և թիավարել։

Սակայն շուտով ստիպված էի հրաժարվել այդ մտադրությունից։ Փուլ եկած ժայռերի միջից կատաղած մռնչում էր ալեկոծությունը։ Հսկա ալիքները մեկը մյուսի ետևից գոռուն-գոչյունով դեպի վեր էին բարձրանում փրփրած։ Ես տեսա, որ մոտենալով ափին կամ կկորչեմ այդ ալիքների մեջ, կամ անտեղի ուժ կգործադրեմ, բարձրանալու անառիկ ապառաժների վրա։

Բայց միայն այս չէր, որ վախեցնում էր ինձ: Սեղանի նման տափակ ժայռերի վրա սողում էին ինչ-որ ահագին լպրծուն հրեշներ, ինչ-որ անհավատալի չափի կակղամորթներ։ Երբեմն նրանք թռչում էին ջրի մեջ և սուզվում։ Կակղամորթները հաչում էին, և ժայռերի խլացուցիչ արձագանքը կրկնում էր նրանց վայրի հաչոցը։

Հետագայում ես իմացա, որ դրանք ծովային առյուծներ են, միանգամայն անվնաս կենդանիներ ծովաշան ցեղից։ Սակայն նրանց տեսքը սարսափելի էր, ափն անմերձենալի էր, մակընթացությունն ուժեղ խփում էր ժայռերին և իմ՝ ափին մոտենալու ցանկությունը կորավ։ Ավելի լավ է սովից մեռնել բաց ծովում, քան երես առ երես այդպիսի վտանգների հանդիպել։

Այդ ժամանակ փրկվելու մի այլ հնարավորություն պատկերացրի։ Քարշակի Գլխից դեպի հյուսիս ես տեսա տեղատվության ժամանակ մերկացող մի երկար ավազոտ ծանծաղուտ, իսկ ավելի հյուսիսում՝ մի ուրիշ հրվանդան, այն հրվանդանը, որ մեր քարտեզի վրա նշանակված էր Անտառոտ հրվանդան անունով։ Այդ հրվանդանի վրա աճել էին կանաչ հսկա եղևնիներ, որոնք մինչև ջուրն էին իջնում։

Ես հիշեցի Սիլվերի խոսքերը, թե կղզու արևմտյան ափի երկարությամբ կա մի հոսանք, որ գնում է դեպի հյուսիս։ Հասկացա, որ այդ հոսանքի մեջ եմ ընկել և որոշեցի Քարշակի գլուխն անցնելուց հետո, փորձեմ իջնել Անտառոտ հրվանդանի մոտ, որն ինձ ավելի սիրալիր էր թվում։

Ծովի վրա մեռյալ ալեծածանություն էր։ Հարավից համառ ու սիրալիր քամի էր փչում և ինձ հոսանքով տանում։ Ալիքները համաչափ բարձրանում և իջնում էին։

Եթե ուժեղ քամի լիներ, ես վաղուց խեղդված կլինեի։ Սակայն մեղմ քամու ժամանակ կարելի էր զարմանալ միայն, թե ինչքան ճարպիկ էր իմ պստլիկ, թեթև նավակը։ Պառկած լինելով նավակի հատակին և չորս կողմը նայելով, ես շատ անգամ տեսա հսկա ալիքի կապտավուն գավաթն իմ գլխի վրա։ Բայց իմ նավակը թռչկոտելով, թեթև պարելով, թռչում էր ալիքների կատարի վրա և թռչնի նման սահուն իջնում։

Կամաց-կամաց այնպես համարձակ դարձա, որ մինչև անգամ փորձեցի թիավարել։ Սակայն հավասարակշռության ամենափոքր խախտում ազդում էր իմ նավակի վրա։ Հենց որ շարժվում էի, նավակը փոխում էր իր սահունությունը, արագ իջնում էր ալիքների կատարից դեպի ջրային փոսը, այնպես որ գլուխս պտտվում էր և ջրակաթիլներ բարձրացնելով, խրվում էի հետևյալ ալիքի մեջ։

Վախեցած, թրջված, ես նորից պառկեցի հատակին։ Թվում էր, թե նավակը միանգամից սթափվեց և առաջվա զգուշությամբ տարավ ինձ, ալիքների միջով։ Ինձ համար պարզ էր, որ թիավարել չէր կարելի։ Բայց ինչպե՞ս ափ հասնեի։

Ես վախեցա, բայց գլուխս չկորցրի։ Ամենից առաջ իմ նավաստիական գլխարկով սկսեցի զգուշորեն ջուրը դուրս թափել, ապա, դիտելով նավի ընթացքը, աշխատեցի հասկանալ, թե ինչու է նավակն այդպես թեթև սահում ալիքների վրայով։ Ես նկատեցի, որ յուրաքանչյուր ալիք, որ ափից կամ նավից պատկերանում է որպես հսկա և հարթ սար, իսկապես, ավելի շուտ, նման է անհարթ բլուրների շղթայի, սրածայր գագաթներով, լանջերով ու հովիտներով։ Նավակը դյուրությամբ խուսանավում էր, յուրաքանչյուր անգամ ընտրում հովիտներ, խուսափելով սեպ լանջերից և բարձր գագաթներից։

«Շատ լավ,— որոշեցի ես,— գլխավորն այն է, որ հանգիստ պառկեմ և հավասարակշռությունը չխախտեմ։ Բայց հարմար դեպքում կարելի է երբեմն թիավարել դեպի ափը»։

Այդպես էլ արեցի։ Արմունկների վրա, անհարմար դրությամբ պառկած, երբեմն թիակը թափահարում էի և նավակը դեպի ափ էի ուղղում։

Սա մի անտանելի, դանդաղ աշխատանք էր, սակայն ես որոշ հաջողության հասա։ Այնուամենայնիվ, հավասարվելով Անտառոտ հրվանդանին, ես հասկացա, որ անպատճառ կսլանամ նրա մոտով, թեև իսկապես ափն ինձանից այժմ միայն մի քանի հարյուր յարդ էր հեռու։ Ես տեսա ծառերի կանաչ, զով կատարները։ Նրանց տարուբերում էր թեթև քամին։ Ես հավատացած էի, որ հետևյալ հրվանդանը բաց չեմ թողնի։

Ժամանակն անցնում էր, և ես սկսեցի ծարավից տանջվել։ Արեգակը շլացուցիչ կերպով փայլում էր, արտացոլելով ալիքների մեջ։ Ջրակաթիլները չորանում էին իմ երեսի վրա և մինչև անգամ շրթունքներս ծածկվեցին աղի շերտով։ Կոկորդս չորացել էր, գլուխս ցավում էր։ Ծառերն այնքան մոտիկ էին, այնպես հրապուրում էին իրենց ստվերով, բայց հոսանքն արագ սլացրեց ինձ հրվանդանի մոտով։ Եվ այն, ինչ որ տեսա, կրկին հայտնվելով բաց ծովում, իմ բոլոր պլանները փոխեցին։

Առջևիս, կես մղոն, գուցե և պակաս, տարածության վրա ես տեսա «Իսպանոլան», որ արագ առաջ էր գնում։ Անկասկած ինձ կտեսնեն և կվերցնեն։ Ծարավն այնպես տանջում էր ինձ, որ ես մինչև անգամ չգիտեի ուրախանալ, թե տխրել։ Սակայն երկար մտածել չվիճակվեց, որովհետև սաստիկ զարմացա։ «Իսպանոլան» առաջ էր գնում միջնակայմով և երկու եռանկյունի առագաստներով։ Նրա արտասովոր գեղեցկություն ունեցող առագաստները շլացուցիչ կերպով փայլում էին։ Երբ առաջին անգամ նավը տեսա, բոլոր առագաստներն ուռած էին։ Նավն ուղղված էր դեպի հյուսիս-արևմուտք։ Ես մտածեցի, որ նավի վրա գտնված մարդիկ որոշել էին շրջել կղզու չորս կողմը և վերադառնալ նախկին կանգնած տեղը։ Հետո նավն սկսեց ավելի ու ավելի դեպի արևմուտք ծռվել, և ես մտածեցի, որ ինձ արդեն նկատել են և ուզում են վերցնել։ Հանկարծ նավը ծռվեց ուղիղ դեպի քամու հակառակ կողմը և անօգնական կերպով կանգ առավ կախված առագաստներով։

— Արջեր,— ասացի ինքս ինձ։— Երևի այնքան խմել, են, որ անզգայացել են։ Կստանային նրանք նավապետ Սմոլետից նավն այդպես ղեկավարելու համար։

Այդ ժամանակ նավը դեսուդեն թեքվելով, լրիվ շրջան կատարեց, նորից կանգնեց քիթը քամու դեմ և նորից կանգ առավ։ Այդպես կրկնվեց մի քանի անգամ։ «Իսպանոլան» գնում էր երբեմն դեպի հարավ, երբեմն՝ հյուսիս, երբեմն դեպի արևելք, երբեմն՝ արևմուտք, առագաստները թափահարելով և անդադար դառնալով դեպի այն ուղղությունը, որից քիչ առաջ հեռացել էր։ Ինձ համար պարզ էր, որ նավը ոչ ոք չի վարում։ Իսկ ի՞նչ եղան մարդիկ։ Նրանք կամ սարսափելի հարբած են, կամ նավից հեռացել են։ Եթե ես բարձրանամ նավի վրա, գուցե կարողանամ նավը վերադարձնել նավապետին։

Հոսանքը նավակը տանում էր դեպի նավը միատեսակ արագությամբ, բայց նավն այնպես արագ էր փոխում իր ուղղությունը, այնքան հաճախ կանգ էր առնում, որ համարյա առաջ չէր շարժվում։ Եթե կարողանայի նստել նավակի մեջ և թիավարել, անկասկած կհասնեի նավին։ Եվ հանկարծ իսկապես ցանկացա հասնել։ Նոր արկածների ծարավը պատեց ինձ, իսկ անուշ ջրի մասին մտածելն իմ անմիտ վճռականությունը կրկնապատկեր։

Ես վեր կացա, և իսկույն ալիքը ոտից մինչև գլուխ թրջեց ինձ։ Բայց այդ բանն ինձ չսարսափեցրեց։ Ես նստեցի և, ժողովելով բոլոր ուժերս, սկսեցի թիավարել։ Սկսեցի հետապնդել «Իսպանոլային», որը ոչ ոք չէր վարում։ Երբեմն ալիքներն այնպես էին շպրտում ինձ, որ իմ սիրտը թպրտում էր ինչպես թռչուն։ Հաճախ կանգնում էի և նավակի մեջ հավաքված ջուրը թափում։ Այնուամենայնիվ, շուտով ես ընտելացա նավակին և սկսեցի այնպես զգույշ ուղղություն տալ կատաղած ալիքների միջով, որ միայն երբեմն փրփուրի մանր կտորներ էին խփում երեսիս։

Իմ և նավի մեջ եղած տարածությունը հետզհետե քչանում էր։ Ես արդեն կարողանում էի տեսնել ղեկի կոթի պղնձե փայլը։ Տախտակամածի վրա ոչ ոք չկար։ Ավազակները, երևի, փախել էին։ Իսկ եթե չէին փախել, ուրեմն նավաստիների սենյակում խոր քուն են մտել։ Ես նրանց կփակեմ այդ սենյակում և նավն ինչ կուզենամ կանեմ։

Հանկարծ բախտը ժպտաց ինձ։ Քամին մի քանի վայրկյան հանդարտվեց։ Ենթարկվելով հոսանքին, «Իսպանոլան» կամաց պտտվեց իր առանցքի շուրջը։ Ես տեսա նրա ետևի կողմը։ Նավաստիների սենյակի պատուհանը բաց էր։ Սեղանի վրա տեսա վառվող լամպ, թեև վաղուց ցերեկ էր։ Միջնակայմը դրոշակի նման կախված էր։ Նավն իր ընթացքը դանդաղեցրեց, որովհետև շարժվում էր միայն հոսանքի հետ։

Ես քիչ ետ էի մնացել նավից։ Սակայն այժմ, ջանքերս կրկնապատկելով, կարող էի կրկին հասնել նրան։

Ես արդեն նրանից ընդամենը հարյուր յարդ տարածության վրա էի գտնվում, երբ քամին նորից ուռեցրեց նրա առագաստները։ Նավը դարձավ դեպի ձախ և կրկին սահելով սլացավ ալիքների վրայով, ինչպես ծիծեռնակ։

Սկզբում ես հուսահատվեցի, հետո ուրախացա։ Նավը շրջան կատարեց և սկսեց ուղիղ դեպի ինձ լողալ։ Ահա նա անցավ մեզ բաժանող տարածության կեսը, հետո երկու երրորդը, ապա երեք քառորդը։ Ես տեսա, թե ինչպես էին փրփրում ալիքները նրա եզրերի տակ։ Իմ փոքրիկ նավակից նավը մի հսկա էր երևում։

Հանկարծ ես հասկացա, թե ինչ վտանգ էր սպառնում ինձ, եթե նավը դիպչեր իմ նավակին։ Մտածելու համար ժամանակ չէր մնում։ Պետք է փորձեի ազատվել։ Ես գտնվում էի մի ալիքի կատարի վրա, երբ նավի քիթը ճեղքեց հարևան ալիքը։ Ոտքի կանգնեցի և վեր ցատկեցի, նավակն ընկղմելով ջրի մեջ։ Ձեռքով բռնեցի բուշպրիտի վերի ծայրը, իսկ ոտս ընկավ պարանների արանքը։ Եվ սարսափահար եղած, կախված էի օդում։ Ներքևից տված թեթև զարկն ինձ իմաց ավեց, որ նավն ընկղմեց իմ նավակը և «Իսպանոլայից» այժմ ոչ մի կերպ չի կարելի հեռանալ։


Գլուխ XXV։ Ես իջեցնում եմ «Ուրախ Ռոջերը»

Հենց բարձրացա բուշպրիտի վրա, ծածանվող եռանկյունի առագաստը խլացուցիչ ձայնով չխկաց, կարծես թնդանոթի կրակոց, ուռավ և ուղղությունը փոխեց։ Նավը, մինչև իջվածքը ցնցվեց։ Իսկ մի վայրկյան հետո, թեև մնացած բոլոր առագաստներն ուռած էին, սակայն եռանկյունի առագաստը կրկին չխկաց ու կախվեց։

Անակնկալ հարվածից քիչ էր մնում ջուրն ընկնեի։ Ժամանակ չկորցնելով, սողալով բարձրացա բուշպրիտով և գլխիվայր ընկա տախտակամածի վրա։

Ես գտնվում էի ջրամբարի քամոտ կողմում։ Միջնակայմը ծածկում էր ինձնից նավախելի մի մասը։ Ես ոչ մի կենդանի արարած չտեսա։ Տախտակամածը, որ խռովության օրից չէր լվացվել, ապականված էր կեղտոտ ոտների հետքերով։ Բերանը կոտրված մի դատարկ շիշ ետ ու առաջ էր գլորվում ինչպես կենդանի։

Հանկարծ «Իսպանոլան» նորից գնաց քամու ուղղությամբ։ Եռանկյունի առագաստները չխկացին իմ ետևին։ Ղեկը շրջան կատարեց և նավը ցնցվեց։ Այդ վայրկյանին միջնակայմը, ճախարակները ճռնչացնելով, մի կողմ ընկանք և ես տեսա նավի ետևի կողմը։

Երկու ծովահենն էլ այնտեղ էին։ «Կարմիր թասակն» անշարժ պառկած էր մեջքի վրա։ Նրա ձեռքերը տարածված էին, ինչպես խաչված, ատամները բաց էին։ Իզրայել Հենդսը նստած էր գլուխը կրծքին խոնարհած։ Ձեռքերն անօգնական կախվել էին, երեսը, չնայած արևառության, ճարպե մոմի պես սպիտակ էր։

Նավը կատաղած ձիու նման ծառս էր լինում ու վեր-վեր նետվում։ Առագաստներն ուռել էին, առագաստափայտերն այնպես ուժեղ էին շարժվում, որ կայմը բարձր հառաչում էր։ Ժամանակ առ ժամանակ նավի քիթը խրվում էր ալիքի, մեջ, և այն ժամանակ ջրակաթիլների թեթև ամպերը թռչում էին զբոսարանի վրա։ Իմ այժմ խորտակվածք ինքնագործ շարժուն նավակն ավելի լավ էր պայքարում ալիքների դեմ, քան այս մեծ նավը։

Նավի յուրաքանչյուր թռիչքի հետ կարմիր թասակով ավազակը ցատկոտում էր։ Սակայն ինձ սարսափեցրեց այն հանգամանքը, որ նրա երեսի արտահայտությունը չէր փոխվում՝ առաջվա նման ատամները բացած ծիծաղում էր։ Իսկ Հենդսը յուրաքանչյուր ցնցումից սահում էր հեռու, դեպի նավախելը։ Քիչ-քիչ հասավ նավի եզրին և ոտը կախվեց հրի վրա։ Ես տեսնում էի միայն նրա մի ականջը և գանգրահեր բակենբարդի մի մասը։

Այդ ժամանակ ես նկատեցի, որ նրանց մոտ, տախտակների վրա արյան շերտեր են սևին տալիս և վճռեցի, որ հարբած դրությամբ կռվելիս, իրար սրախողխող են արել։

Եվ հանկարծ, երբ նավը մի քանի ակնթարթ կանգ առավ, Իզրայել Հենդսը թեթև հառաչելով շարժվեց դեպի իր առաջվա տեղը։ Այս տանջալից հառաչանքը, որ վկայում էր չափազանց հոգնածության մասին, մի վայրկյան կարեկցություն առաջացրեց իմ մեջ։ Բայց ես հիշեցի այն խոսակցությունը, որ լսել էի խնձորի տակառի մեջ նստած ժամանակ, և կարեկցությունն իսկույն անցավ։

Ես մոտեցա միջնակայմին։

— Ա՛յ, ես էլի նավի վրա եմ, պարոն Հենդս,— ասացի ես հեգնաբար։

Նա դժվարությամբ աչքերը դեպի ինձ դարձրեց, սակայն այնպես հարբած էր, որ զարմանք էլ չարտահայտեց։ Նա միայն մի բառ արտասանեց․

— Բրենդի։

Ես հասկացա, որ ժամանակ կորցնել չի կարելի։ Անցնելով կայմի տակից, որը փակում էր իմ ճանապարհը, պարանե սանդուղքով վազեցի նավասենյակը։

Դժվար էր պատկերացնել, թե ինչպիսի ավերում էր տիրում այնտեղ։ Բոլոր արկղերի կողպեքները կոտրված էին։ Ավազակները, երևի, քարտեզն են որոնել։ Հատակը պատած էր կեղտի շերտով, որ ավազակները ոտներով բերել էին այն ճահճոտ տեղից, որտեղ հարբեցողությամբ էին զբաղված։ Սպիտակ գույնով ներկված և ոսկե շքաձողով զարդարված միջնորմների վրա կեղտոտ մատների հետքեր էին մնացել։

Տասնյակ դատարկ շշեր, ենթարկվելով տատանումին, զրնգալով անկյունից անկյուն էին գլորվում։ Բժշկի բժշկական գրքերից մեկը բաց ընկած էր սեղանին։ Թերթերի կեսը պոկված էր, երևի ծխախոտի համար։ Այս բոլոր այլանդակությունների մեջ առաջվա պես էր մռայլ ու մթին լամպը։

Ես նայեցի մառանը։ Տակառները դատարկ էին և անհամար քանակությամբ դատարկ շշեր թափված էին հատակին։ Հասկացա, որ բոլոր ծովահենների խռովության սկզբից հարբելուց գլուխ չեն թափել։

Այնուամենայնիվ, գտա մի կիսատ օղու շիշ Հենդսի համար։ Ինձ համար վերցրի մի քիչ պաքսիմատ, մի քիչ չոր միրգ, մի բուռ չամիչ և մի կտոր պանիր։ Բարձրանալով տախտակամած, ես այդ բոլորը դասավորեցի ղեկի մոտ, ավագ նավաստուց հեռու, որ ձեռքը չհասնի։ Հետո գնացի ու կուշտ ջուր խմեցի և միայն այդ ժամանակ շիշը պարզեցի Հենդսին։

Նա խմեց կեսից ոչ պակաս և միայն այն ժամանակ շիշը հեռացրեց բերանից։

— Երդվում եմ որոտով,— ասաց նա,— որ հենց այդ էր ինձ հարկավոր։

Ես նստեցի մի անկյունում և սկսեցի ուտել։

— Ծա՞նր եք վիրավորված,— հարցրեցի նրան։

Նա ինչ-որ հաչոցի ձայնով պատասխանեց․

— Եթե բժիշկը այստեղ լիներ, ես արագ կբուժվեի։ Սակայն, ինքդ տեսնում ես, գործերս հաջող չեն գնում։ Իսկ սա մեռավ,— ավելացրեց նա, գլուխը թեքելով դեպի կարմիր թասակ դրած մարդու կողմը։— Վատ ծովագնաց էր։ Իսկ դու որտեղի՞ց եկար։

— Ես եկել եմ այստեղ, որ վարեմ այս նավը, պարոն Հենդս,— ասացի ես։— Այսուհետև, մինչև հետևյալ կարգագրությունը, ինձ ձեր նավապետը համարեցեք։

Նա մռայլ նայեց ինձ, բայց ոչինչ չասաց։ Նրա թշերը թեթևակի կարմրեցին։ Բայց նրա տեսքը հիվանդագին էր, և նավի յուրաքանչյուր տատանումից ընկնում էր կողքի վրա։

— Ի միջի այլոց,— շարունակեցի ես,— այս դրոշակն ինձ դուր չի գալիս, պարոն Հենդս, եթե թույլ կտաք, ես կիջեցնեմ։ Ավելի լավ է դրոշակ չունենալ, քան այսպիսին։

Ես վազեցի կայմի մnտ, քաշեցի համապատասխան պարանը և իջեցնելով անիծված սև դրոշակը, ծովը շպրտեցի։

— Կորչի նավապետ Սիլվերը,— գոչեցի ես, գլխարկս թափահարելով։

Նա ուշադրությամբ դիտում էր ինձ՝ չբարձրացնելով գլուխը, և նրա դեմքը նենգություն էր արտահայտում։

— Ես կարծում եմ,— ասաց նա վերջապես,— ես կարծում եմ, նավապետ Հոկինս, որ դուք կուզենայիք ափ իջնել։ Եկեք այդ մասին խոսենք։

— Ինչու չէ,— պատասխանեցի ես,— հաճությամբ, պարոն Հենդս։ Շարունակեցեք։— Եվ ես կրկին վերադարձա իմ ուտելիքի մոտ և շարունակեցի մեծ ախորժակով ուտել։

— Այդ մարդը,— սկսեց նա, թույլ կերպով թափ տալով գլուխը դեպի դիակը։— Նրան Օ'Բրայեն էին անվանում․․․ Իռլանդացի էր։ Մենք նրա հետ առագաստները պարզեցինք և ուզում էինք վերադառնալ նավահանգիստ։ Սակայն նա մեռավ և գարշահոտություն է արձակում՝ ինչպես հոտած ջուրը նավամբարում։ Չգիտեմ, թե ով պետք է այժմ վարի նավը։ Առանց իմ ցուցմունքների դու այս նավը վարել չես կարող։ Լսի՛ր, ինձ ուտելու և խմելու բան տուր, վերքս փաթաթիր իմ հին շարֆով, դրա փոխարեն ես քեզ ցույց կտամ, թե ինչպես պետք է նավը վարել։ Համաձա՞յն ես։

— Միայն նկատի ունեցեք,― ասացի ես,— նավապետ Կիտի նավակայանը վերադառնալ չեմ ուզում։ Ես ուզում եմ նավը տանել Հյուսիսային նավահանգիստը և այնտեղ հանդարտ մոտենալ ափին։

— Լա՛վ,— բացականչեց նա։— Մի՞թե ես այնպես ապուշ եմ։ Մի՞թե չեմ հասկանում։ Շատ լավ եմ հասկանում, որ ես տանուլ եմ տվել, և որ դու ես տարել։ Ի՞նչ կա որ։ Դու ուզում ես հյուսիսային նավահանգի՞ստը գնալ։ Բարեհաճի՛ր։ Ես ընտրություն չեմ անի։ Երդվում եմ որոտով, որ ես կօգնեմ քեզ նավը տանել թեկուզ իմ կախաղանի տախտակամածը։

Նրա խոսքերը ինձ անմիտ չթվացին։ Մենք պայման կապեցինք։ Երեք րոպեից հետո «Իսպանոլան» արդեն գնում էր Գանձերի կղզու ափով։ Ես հույս ունեի հասնել մինչև կեսօր Հյուսիսային հրվանդանին, որ մինչև մակընթացությունը Հյուսիսային նավահանգիստը մտնենք։ Այն ժամանակ մենք, ոչ մի վտանգի չենթարկվելով, «Իսպանոլան» կմոտեցնենք ափին, կսպասենք մինչև ջուրը նստի և ցած կիջնենք։

Ես իջա ներքև, որոնեցի իմ սեփական սնդուկը և նրա միջից հանեցի այն մետաքսյա փափուկ թաշկինակը, որ նվիրել էր ինձ մայրս։ Իմ օգնությամբ Հենդսն այդ թաշկինակով կապեց ազդրի մեջ եղած խոր վերքը, որից արյուն էր հոսում։ Նախաճաշելուց և մի քանի ումպ անգլիական օղի խմելուց հետո նա զգալիորեն աշխուժացավ, ավելի ուղիղ նստեց, սկսեց ավելի արագ ու պարզ խոսել, ուրիշ մարդ դարձավ։

Բարեհաջող քամի փչեց։ Նավը թռչնի նման սլանում էր։ Ափերը երևում ու անհետանում էին։ Նրանց տեսքն ամեն րոպե փոխվում էր։ Կղզու բարձր մասը մնաց մեր ետևում։ Մենք սլանում էինք նոսր եղևնիներով պատած ցածր ավազոտ ափով։ Բայց այդ էլ վերջացավ։ Մենք շրջանցեցինք ժայռոտ բլուրը՝ կղզու ամենահյուսիսային մասը։

Նավ վարելն ինձ դուր եկավ։ Ես հիանում էի հրաշալի արևոտ եղանակով և գեղատեսիլ ափերով։ Ուտելիք ու խմելիք շատ ունեի, այլևս խղճի խայթոց չէի զգում նրա համար, որ փախել էի ամրոցից, որովհետև այդպիսի խոշոր հաղթանակ տարա։ Ես ամեն ինչով գոհ կլինեի, եթե ավագ նավաստու աչքերը չլինեին։ Նա ամենածաղրական ձևով աննահանջորեն հետևում էր ինձ, և նրա երեսի վրա ժամանակ առ ժամանակ տարօրինակ ժպիտ էր երևում։ Այդ ժպիտի մեջ ինչ-որ անզորություն ու տանջանք կար՝ ծերունու մռայլ ժպիտ։ Միաժամանակ նրա մեջ ինչ-որ ծաղրական, ինչոր դավաճանական բան կար։ Ես աշխատում էի, իսկ նա նենգամտությամբ քմծիծաղ էր տալիս և հետևում, հետևում, հետևում ինձ։


Գլուխ XXVI։ Իզրայել Հենդսը

Քամին, կարծես ուզենալով սիրաշահել մեզ, հարավայինից դարձավ արևմտյան։ Մենք առանց դժվարության անցանք կղզու հյուսիս-արևելյան ծայրից մինչև Հարավային ծովախորշի մուտքը։ Սակայն վախեցանք մտնել ծովախորշը մակընթացությունից առաջ, որովհետև խարիսխ չունեինք։ Պետք է սպասեինք։ Ավագ նավաստին սովորեցնում էր ինձ, թե ինչպես պետք է վարել նավը, և շուտով ես մեծ հաջողություն ունեցա։ Հետո երկուսս էլ լուռ նստեցինք և սկսեցինք ուտել։

— Նավապետ,— ասաց նա վերջապես էլի նույն չարամիտ հեգնանքով։— Այստեղ ընկած է իմ հին ընկեր O'Բրայենը։ Ծովը չե՞ս գցի արդյոք։ Ես այնքան էլ փափկանկատ մարդ չեմ և խղճի խայթ չեմ զգում, որ նրան այն աշխարհն ուղարկեցի։ Սակայն, իմ կարծիքով, նա քիչ է զարդարում մեր նավը։ Իսկ քո կարծիքով ինչպե՞ս է։

— Ուժս չի պատի։ Բացի դրանից, այդ աշխատանքն իմ ճաշակով չէ։ Իմ կարծիքով թող պառկած մնա,— ասացի ես։

— Ի՜նչ դժբախտ նավ է այս «Իսպանոլան», Ջիմ,— շարունակեց նա, աչքով անելով։— Որքա՜ն մարդ է սպանվել այս «Իսպանոլայի» վրա և որքա՜ն խեղճ ծովագնացներ մեռան այն օրից, երբ ես ու դու հեռացանք Բրիստոլից։ Ես այսպիսի անհաջող ծովագնացություն երբեք չեմ տեսել։ Ահա Օ'Բրայենն էլ մեռավ։ Նա իսկապես մեռե՞լ է։ Ես անգետ մարդ եմ, իսկ դու կարդալ ու համրել գիտես։ Ասա ինձ ճիշտը ուղղակի․ մեռածն այնպես էլ մեռա՞ծ է մնում, թե երբևիցե հարություն է առնում, ինչպես բացատրում են տերտերները։

— Դուք կարող եք սպանել մարմինը, պարոն Հենդս, և ոչ թե հոգին,— ասացի ես։— Այսպես են սովորեցրել ինձ մեր եկեղեցում։ Իմացեք, որ Օ'Բրայենն այս րոպեիս կենդանի է և այն աշխարհից հետևում է մեզ։

— Ա՜խ,— ասաց նա։— Ի՜նչ վիրավորական է։ Ուրեմն ես իզուր եմ ժամանակ կորցրել։ Ասենք, ոգիները, իմ կարծիքով, մեծ վնաս տալ չեն կարող։ Ես ոգիների հետ գործ ունեցել եմ, Ջիմ։ Լսիր, ես ուզում եմ խնդրել քեզ, որ իջնես նավասենյակը և բերես․․․ Սատանան տանի, ես մոռացել եմ, որ հարկավոր է․․․ Հա՛, ինձ համար մի շիշ գինի բերես, Ջիմ։ Բրենդին շատ թունդ է ինձ համար։

Ավագ նավաստու մոռացկոտությունն ինձ կասկածելի թվաց։ Ճիշտն ասած, ես չհավատացի, որ գինին նրան ավելի է դուր գալիս, քան անգլիական օղին։ Այդ ամենը միայն պատրվակ է։ Գործը պարզ էր․ նա ուզում էր, որ ես տախտակամածից հեռանամ։ Բայց ինչի՞ համար էր ուզում։ Նա խուսափում էր իմ աչքերին նայելուց։ Նրա հայացքը շարունակ այս ու այն կողմն էր թափառում՝ երբեմն երկինքն էր նայում, երբեմն մեռած Օ'Բրայենին։ Նա ամբողջ ժամանակ ժպտում էր, մինչև անգամ խորամանկության առատությունից լեզվի ծայրը բերանից հանում էր։ Սրանից ծծկեր երեխան էլ գլխի կընկներ, որ նա ինչ-որ բան է մտածում։ Այնուամենայնիվ, ես ցույց չավի, որ կասկածում եմ։

— Գինի՞,— հարցրի ես։— Շատ լավ։ Ինչպիսի՞ գինի՝ սպիտա՞կ, թե՞ կարմիր։

― Միևնույն է, բարեկամս,— պատասխանեց նա։— Միայն թե թունդ լինի և շատ։

— Լա՛վ․․․ Ես ձեզ համար պորտվեյն կբերեմ, պարոն Հենդս։ Բայց հարկավոր է որոնել։

Ես վազեցի ներքև, աշխատելով, որ կոշիկներս որքան կարելի է պինդ զարկեմ գետնին։ Հետո կոշիկներս հանեցի, անձայն անցա պահեստի միջանցքով դեպի նավաստիների սենյակը, այնտեղից պարանե սանդուղքով բարձրացա, գլուխս պատուհանից հանեցի և սկսեցի նայել դեպի տախտակամածը։ Հենդսը երբեք գլխի չէր ընկնի, թե ես դիտում եմ նրան։ Այնուամենայնիվ, ես բոլոր միջոցները ձեռք առա, որ նրա ուշադրությունը դեպի ինձ չգրավեմ։

Եվ առաջին իսկ հայացքից համոզվեցի, որ իմ ամենավատ կասկածներն էլ ճշմարիտ են։

Նա չորեքթաթ արած արագ մագլցում էր տախտակամածի վրայով, թեև, երևի, նրա վիրավոր ոտը չափազանց ցավում էր, որովհետև յուրաքանչյուր շարժումից հետո բարձր հառաչում էր։ Կես րոպեի ընթացքում նա հասավ ջրատար խողովակին, որի մոտ ընկած էր նավի ճոպանը, օղաձև ծալված և այնտեղից մի մեծ դանակ, ավելի ճիշտ մի կարճ դաշույն հանեց, որը մինչև կոթը ներկված էր արյունով։ Նա դիտեց դաշույնը, դուրս գցելով ներքևի ծնոտը, ձեռք տվեց դաշույնի բերանին և արագ կռնատակին դնելով, կրկին իր հին տեղը սողաց։

Ես իմացա, ինչ ինձ պետք էր։ Իզրայելը կարող է շարժվել, նա զինված է։ Քանի որ նա աշխատում էր հեռացնել ինձ տախտակամածից, ուրեմն, ես նրա զոհը կլինեմ։ Իսկ ի՞նչ էր պատրաստվում անել իմ մահից հետո՝ ամբողջ կղզու երկարությամբ հյուսիսային ծովախորշից մինչև ծովահենների ճամբարը քարշ գալ կամ թնդանոթ արձակել և ընկերներին օգնության կանչել՝ այդ, իհարկե, ես չգիտեի։

Ես կարող էի վստահել Հենդսին միայն մի բանում, որովհետև այդ բանում մեր շահերը համապատասխանել էին․ մենք երկուսս էլ ուզում էինք նավը մի անվտանգ տեղ հասցնել, որ հետո կարելի լիներ հեշտ ու անվտանգ հանել։ Քանի որ այդ բանը չի արված, իմ կյանքն անվտանգ է։

Խորհելով, ես ժամանակ չկորցրի։ Գաղտագողի անցա նավասենյակը, կոշիկներս հագա, վերցրի մի շիշ գինի և տախտակամած վերադարձա։

Հենդսը նույն դրության մեջ պառկած էր։ Նրա աչքերը կկոցված էին, իբրև թե այնքան թույլ էր, որ պայծառ լույսը տանել չէր կարող։ Նա նայեց ինձ, սովորական կերպով կոտրեց շշի բերանը և միանգամից համարյա թե շիշը դատարկեց, ասելով, ինչպես սովորաբար ասում են․

— Քո կենացը։

Հետո, քիչ հանգստանալով, գրպանից մի ծամելու ծխախոտ հանեց և խնդրեց մի կտոր կտրել։

— Բարի եղիր։ Կտրիր,— ասաց նա,— թե չէ ես դանակ չունեմ, ուժս էլ չի պատում։ Ա՜խ, Ջիմ, Ջիմ, ես բոլորովին քայքայվել եմ։ Մի կտոր կտրիր։ Սա վերջին բաժինն է, որ ես պիտի ծամեմ իմ կյանքի ընթացքում։ Երկա՞ր կապրեմ արդյոք։ Շուտով ես այն աշխարհում կլինեմ։

— Լա՛վ,— ասացի ես։— Կկտրեմ։ Սակայն եթե ես ձեր տեղը լինեի․․․ Ինձ այդպես վատ զգալիս, ես կաշխատեի մահից առաջ ապաշխարել։

— Ապաշխարե՞լ,— հարցրեց նա։— Ի՞նչ խոստովանել։

— Ինչպե՞ս թե ինչ,— բացականչեցի ես։— Չգիտե՞ք, թե ինչ ապաշխարել։ Դուք դավաճանեցիք ձեր պարտականությանը։ Ողջ կյանքներդ անց եք կացրել ստի և արյան մեջ։ Ահա ձեր ոտների տակ ընկած է մի մարդ, որին քիչ առաջ սպանել եք դուք և ինձ հարցնում եք, թե ի՞նչ ապաշխարեմ։ Ահա թե ինչ, պարոն Հենդս։

Ես խոսում էի ջերմագին, ինչպես հարկավոր է, որովհետև մտածում էի կռնատակին թաքնված դաշույնի մասին և այն մասին, որ նա մտածել է ինձ սպանել։ Իսկ նա շատ գինի էր խմել, այդ պատճառով էլ ինձ պատասխանում էր արտասովոր հանդիսավորությամբ։

— Երեսուն տարի ես նավարկել եմ ծովերի վրա,— ասաց նա։— Տեսել եմ լավ բան էլ, վատ բան էլ, և՛ մրրիկ, և՛ ալեկոծություն, և՛ սով, և՛ էլի շատ բան։ Բայց, հավատա ինձ, ոչ մի անգամ չեմ տեսել, որ առաքինությունը մարդուն որևէ օգուտ տա։ Ճշմարիտը նա է, ով առաջինն է խփում։ Մեռածները չեն կծում։ Ահա իմ ողջ հավատը։ Ամե՛ն։ Լսի՛ր,― ասաց նա, հանկարծ բոլորովին ուրիշ ձայնով,— բավական է հիմար բաներ խոսենք։ Մակընթացությունը վաղուց է սկսել։ Լսիր իմ հրամաննները, նավապետ Հոկինս, և մենք քեզ հետ նավը ծովախորշ կմտցնենք։

Իսկապես որ մենք պետք է անցնեինք միայն երկու մղոնից ոչ ավել։ Սակայն ճանապարհը դժվար էր։ Պարզվեց, որ հյուսիսային ծովախորշի մուտքը ոչ թե միայն նեղ ու սակավաջուր է, այլև շատ ոլորապտույտ։ Ուշադրություն էր հարկավոր։ Ես բանիմաց կատարող էի, իսկ Հենդսը՝ հրաշալի հրամանատար։ Մենք այնպես վարպետորեն խոտորանավեցինք, այնպես անցանք բոլոր ծանծաղուտները, որ նայողի քեֆը կգար։

Երբ երկու հրվանդաններն էլ անցանք, մեզ չորս կողմից շրջապատեց ցամաքը։ Ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային ծովախորշի ափերը ծածկված էին խիտ անտառով։ Սակայն ծովախորշը երկար էր, նեղ և, ճշմարիտն ասած, ավելի գետաբերանի էր նման, քան ծովախորշի։ Ուղիղ մեր առջև, հարավային անկյունում, մենք տեսանք մի ջարդված նավի կիսով չափ կիսափտած կմախք։ Դա մի մեծ, երեք կայմանի նավ էր։ Նա այնքան երկար ժամանակ էր մնացել այնտեղ, որ ջրաբույսերը չորս կողմից շրջապատել էին։ Տախտակամածի վրա թփեր էին աճել, որոնց մեջ վառ գույնի ծաղիկներ կային։ Տեսարանը տխուր էր, բայց ապացուցեց, որ այս ծովախորշը կանգ առնելու համար միանգամայն հարմար է։

— Նայի՛ր,— ասաց Հենդսը,— ահա ափին մոտենալու մի լավ տեղ։ Հարթ, մաքուր ավազ, երբեք ոչ մի ալիք չի լինում, չորս կողմն անտառ, այն նավի վրա, ինչպես այգում, ծաղիկներ են բուսնում։

— Իսկ նավը ծանծաղուտի մեջ չի՞ խրվի, եթե ափին մոտենանք,— հարցրեցի ես։

— Ծանծաղուտից դժվար չի լինի հանել, պատասխաններ նա։— Տեղատվության ժամանակ ճոպանը քաշիր մյուս ափը, փաթաթիր մեծ եղևնիներից մեկին, ծայրը քաշիր ետ ու փաթաթիր կայմին։ Հետո սպասիր մակընթացության։ Երբ մակընթացությունը կսկսվի, հրամայիր ողջ անձնակազմին միանգամից բռնել ճոպանը և քաշել։ Եվ նավը, ինչպես երիտասարդ գեղեցկուհի, ինքը դուրս կգա ծանծաղուտից։ Իսկ այժմ, որդիս, ժամակակ մի կորցնի։ Մենք ծանծաղուտի մոտ ենք, իսկ նավը չափազանց արագ է գնում։ Քիչ դեպի աջ․․․ ձախ․․․ ուղիղ․․․ ուղիղ։

Նա հրամաններ էր տալիս, իսկ ես շտապ ու ճիշտ կատարում էի։

Հանկարծ նա բացականչեց․

— Վարիր քամու ուղղությամբ, սրտակից բարեկամ։

Ես բոլոր ուժով ընկա ղեկի վրա։ «Իսպանոլան» շրջվեց և արագ մոտեցավ ափին, որ պատած էր ցածրիկ անտառով։ Ես այնպես տարվել էի այդ մանևրներով, որ մոռացել էի, թե մտադրվել էի ուշադրությամբ հետևել ավագ նավաստուն։ Ինձ հետաքրքրում էր միայն մի բան, թե երբ նավի հատակը կդիպչեր ավազին։ Ես մոռացա, թե ինչ վտանգ է սպառնում ինձ և նավի աջ եզրից կռացած, նայում էի, թե ինչպես նավի քթի տակ փրփրում է ջուրը։ Եվ առանց որևէ պայքարի կկորչեի ես, եթե հանկարծ անհանգստությունը չստիպեր ինձ ետ նայել։ Գուցե ես խշշոց լսեցի կամ աչքերիս տակով շարժվող ստվեր նկատեցի։ Գուցե իմ մեջ մի բնազդ զարթնեց, կատվի բնազդի նման։ Բայց շրջվելով, ես տեսա Հենդսին։ Նա ինձ բոլորովին մոտ էր՝ դաշույնն աջ ձեռքին։

Մեր հայացքները հանդիպեցին իրար, և երկուսս էլ բարձր գոռացինք։ Ես գոռացի սարսափից։ Նա, որպես կատաղած եզ, մռնչաց կատաղությունից և հարձակվեց ինձ վրա։ Ես թռա դեպի նավի քիթը և ձեռքիցս բաց թողի ռումպելը, որն իսկույն ուղղվեց։ Այս ռումպելն իմ կյանքը փրկեց, դիպավ Հենդսի կրծքին, և նա վայր ընկավ։

Մինչև Հենդսը ոտի կանգնեց, ես դուրս թռա այն անկյունից, որտեղ նա ինձ քշել էր։ Այժմ ամբողջ տախտակամածն իմ տրամադրության տակ էր, և ես կարող էի նրանից խուսափել, որքան կարող էի։ Միջնակայմի առաջ ես կանգ առա, ատրճանակը գրպանիցս հանեցի, նշան առա և կրակեցի։ Հենդսն ուղիղ դեպի ինձ էր գալիս։ Շնիկը չրթաց, բայց չպայթեց։ Պարզվեց, որ հրանցքում վառոդը թրջվել է։ Ես անիծեցի ինձ և իմ անփութությունը։ Ինչո՞ւ ես կրկին չլցրի ատրճանակը։ Չէ՞ որ ժամանակ շատ ունեի։ Այն ժամանակ ես անզեն չէի կանգնի, ինչպես ոչխարը մսագործի առաջ։

Չնայած իր վերքին, Հենդսը զարմանալի արագ էր շարժվում։ Նրա սպիտակ մազերն ընկել էին կատաղությունից կարմրած դեմքի վրա։ Ես ժամանակ չունեի երկրորդ ատրճանակս հանելու։ Բացի դրանից, ես համոզված էի, որ այդ ատրճանակն էլ առաջինի նման թրջվել է։ Մի բան միայն պարզ էր․ ես պետք է ծլկեի Հենդսից, թե չէ ինձ կքշեր դեպի նավի քիթը, ինչպես քիչ առաջ քշեց դեպի նավի ետևի կողմը։ Եթե այս բանը նրան հաջողվեր, արյունոտ դաշույնի ամբողջ ինը կամ տասը վերշոկը կխրվեր իմ մարմնի մեջ։ Ես բռնեցի գլխավոր կայմը, որը բավականին հաստ էր և յուրաքանչյուր մկան լարած, սպասում էի։

Տեսնելով, որ ես պատրաստվում եմ ծլկելու, նա կանգ առավ։ Մի քանի վայրկյան այնպես էր ձևացնում, թե իսկույն կհարձակվի ինձ վրա կամ աջից, կամ ձախից։ Եվ ես հազիվ-հազ շրջվում էի երբեմն դեպի ձախ, երբեմն դեպի աջ։ Պայքարը նման էր այն խաղին, որ ես այնքան խաղացել էի տանը, Սև Բլրին մոտիկ ժայռերի մեջ։ Սակայն, իհարկե, խաղի ժամանակ երբեք սիրտս այդպես վայրի կերպով չէր տրոփում։ Այնուամենայնիվ, այդ խաղը հեշտ էր խաղալ երեխայի համար, քան մի ծեր ծովագնացի, որն ազդրին վերք ունի։ Ես քիչ համարձակ դարձա և մինչև անգամ սկսեցի մտածել, թե ինչով կվերջանա խաղը։ «Իհարկե,— մտածում էի,— ես կարող եմ երկար ժամանակ դիմանալ, բայց վաղ թե ուշ, այնուամենայնիվ նա ինձ վերջ կտա»։

Երբ մենք կանգնած էինք իրար դեմ ու դեմ, «Իսպանոլան» անսպասելի կերպով խրվեց ավաղի մեջ։ Զարկից նավն ուժեղ կերպով կողքի վրա ծռվեց։ Տախտակամածը կանգնեց քառասունհինգ աստիճան անկման վրա, ջրատար խողովակներից սկսեց ջուր հոսել, տախտակամածի վրա լայն ջրափոս գոյացավ։

Մենք երկուսս էլ մեր հավասարակշռությունը կորցրինք և համարյա գրկված գլորվեցինք ուղիղ դեպի ջրատար խողովակները։ Կարմիր թասակ դրած մեռելն էլ, տարածած ձեռքերով, ինչպես առաջ, գլորվեց այնտեղ։ Ես այնպես ուժեղ գլուխս խփեցի ավագ նավաստու ոտին, որ ատամներս կրճտացին։ Սակայն, չնայելով ջարդվածքին, ես առաջինը ոտի ելա, իսկ մեռելն ընկավ Հենդսի վրա։ Նավի հանկարծակի ծռվելը տախտակամածի վրա վազվզելն անկարելի դարձրեց։ Պետք է փրկվելու ուրիշ միջոց որոնել, առանց մի վայրկյան կորցնելու, որովհետև թշնամիս իսկույն կհարձակվեր ինձ վրա։ Կայմապարանները կախված էին գլխիս վրա։ Ես նրանցից բռնեցի, բարձրացա վերև և ոչ մի անգամ շունչ չառա, մինչև որ չնստեցի առագաստափայտի վրա։ Արագաշարժությունը փրկեց ինձ։ Ոտներիցս կես ֆուտ տարածության վրա դաշույնը փայլեց։ Անհաջողությունից վրդովված, Իզրայել Հենդսը, զարմանքից բերանը լայն բացած, նայում էր վերև, դեպի ինձ։

Ես մի քիչ շունչ առա։ Ժամանակ չկորցնելով, ես նորից լցրի ատրճանակը, հետո էլ երկրորդ ատրճանակը։

Հենդսն անզոր չարությամբ դիտում էր ինձ։ Նա սկսեց հասկանալ, որ նրա դրությունը շատ վատացավ։ Մի քիչ մտածելուց հետո, նա դժվարությամբ բռնեց կայմապարանից և, դաշույնն ատամներով բռնած, դանդաղ դեպի վեր սողաց, խոր հառաչանքով իր ետևից քարշ տալով վիրավորված ոտը։ Ես ժամանակ ունեցա կրկին լցնել երկու ատրճանակն էլ, մինչև որ նա անցավ մեր մեջ եղած տարածության մի երրորդ մասը։ Այն ժամանակ զույգ ձեռքերումս ատրճանակները բռնած, ես խոսեցի նրա հետ․

— Եթե էլի մի քայլ անեք, պարոն Հենդս, ես ձեր ուղեղը դուրս կթափեմ։ Մեռելները, ինչպես հայտնի է ձեզ, չեն կծում,— ասացի ես հեգնանքով։

Նա միանգամից կանգ առավ։ Նրա դեմքից երևում էր, որ ինչ-որ բան է մտածում։ Բայց մտածում էր այնքան ծանր ու այնքան դանդաղ, որ ես ուրախանալով իմ անվտանգության վրա, բարձր ձայնով ծիծաղեցի։ Վերջապես, մի քանի անգամ թուք կուլ տալուց հետո, նա խոսեց։ Նրա երեսին առաջվա նման, իրեն կորցնելու արտահայտություն կար։ Նա հանեց բերանից դանակը, որը խանգարում էր խոսել, բայց տեղից չշարժվեց։

— Ջիմ,— ասաց նա,— մենք երկուսս էլ ավելորդ բան շատ արինք, և դու, և ես։ Մենք պետք է զինադադարի պայման կապենք։ Եթե այն հարվածը չլիներ, ես քեզ վերջ կտայի։ Բայց ինձ երբեք չի հաջողվում, երբեք, ինչ արած, ես՝ ծերունի ծովագնացս, քեզ, Ջիմ, նավի փոքրավորիդ պետք է զիջեմ։

Նրա խոսքերին վստահելով, ես ուրախ ծիծաղեցի, ինչպես ցանկապատի վրա թռած աքաղաղ, երբ հանկարծ նա աջ ձեռքը թափ տվեց։ Ինչ-որ մի բան օդում նետի պես սուլեց։ Ես հարված և սաստիկ ցավ զգացի։ Ուսս մեխված էր կայմին։ Սարսափելի ցավից ու անսպասելիությունից, չգիտեմ, մտածելով արդյոք, թե անգիտակցաբար, ես երկու, շնիկն էլ քաշեցի։ Ատրճանակներս պայթեցին և ձեռքիցս ընկան։ Բայց մենակ նրանք չընկան, սարսափելի գոռոցով ավագ նավաստին բաց թողեց պարանները և գլխիվայր ընկավ ուղիղ ջրի մեջ։


Գլուխ XXVII։ «Պիաստրներ»

Նավն այնքան սաստիկ թեքվել էր, որ կայմերն ուղղակի կախված էին ջրի վրա։ Ես նստած էի առագաստափայտին, ինչպես թառի վրա, և իմ տակին ծովախորշի ջուրն էր։ Հենդսը, բարձրացած լինելով ոչ այնքան բարձր, որքան ես, նավին ավելի մոտ էր և ընկավ ջուրը իմ և զբոսատեղու արանքից։ Միայն մի անգամ դուրս եկավ նա ջրի երեսը, արյունոտ փրփուրի մեջ և հավիտյանս խորասուզվեց ջրի մեջ։ Երբ ջուրը հանդարտվեց, ես տեսա նրան։ Նա ընկած էր մաքուր լուսավոր ավազի վրա, նավի ստվերում։ Երկու ձուկ լողում էին նրա մարմնի վրա։ Երբեմն ջրի տատանման շնորհիվ, թվում էր, որ նա շարժվում է և փորձում է վեր կենալ։ Ասենք, նա կրկնակի մեռել էր, և գնդակահարված էր և խեղդված։ Նա ձկների կերակուր դարձավ այնտեղ, որտեղ պատրաստվում էր սպանել ինձ։

Ես զգում էի սրտխառնոց, գլխապտույտ, երկյուղ։ Արյան տաք շիթերը հոսում էին իմ մեջքով և կրծքով։ Դաշույնը, որ իմ ուսը մեխել էր կայմին, շիկացած երկաթի նման այրում էր ինձ։ Բայց ցավը չէր սարսափեցնում ինձ, այդպիսի ցավ ես կարող էի տանել և առանց հառաչանքի։ Ինձ սարսափեցնում էր այն միտքը, որ ես կարող եմ դուրս պրծնել առագաստափայտից և ընկնել այս հանդարտ կանաչ ջրի մեջ, այնտեղ, ուր պառկած է մեռած ավագ նավաստին։

Ես երկու ձեռքով այնպես էի կպել առագաստափայտին, որ եղունգներս ցավում էին։ Աչքերս փակեցի, որ վտանգը չտեսնեմ։ Կամաց կամաց գլուխս թարմացավ, սիրտս սկսեց ավելի հանդարտ խփել և ինքնազսպումս վերադարձավ։

Ամենից առաջ ես փորձեցի դաշույնը հանել։ Սակայն, կամ նա չափազանց խորն էր ցցվել կայմի մեջ, կամ ջղերս էին չափազանց քայքայվել, բայց դաշույնը հանել ոչ մի կերպ չկարողացա։ Դողը պատեց ինձ։ Եվ որքան էլ տարօրինակ է, այդ դողն օգնեց ինձ։ Դաշույնը խրվել էր միայն կաշվիս մի փոքրիկ կտորի մեջ և երբ դողացի, կաշին պատռվեց։ Արյունն առաջվանից ավելի ուժեղ հոսեց, բայց դրա փոխարեն ես ազատվեցի։ Ասենք, իմ բաճկոնն ու շապիկը դեռ մեխված էին կայմին։

Ես առաջ նետվեցի և լրիվ ազատվեցի։ Տախտակամած վերադարձա աջ նավեզրի պարաններով։ Ոչ մի ուժ չէր ստիպի ինձ իջնել այն պարաններով, որոնցից քիչ առաջ պոկվեց Իզրայելը։

Ես իջա նավասենյակը և փորձեցի կապել վերքս։ Նա ինձ սաստիկ ցավ էր պատճառում։ Արյունը դեռ հոսում էր։ Սակայն վերքը խոր չէր, անվտանգ էր և ձեռքերս շարժելուն չէր խանգարում։ Այժմ նավը միայն ինձ էր պատկանում և ես սկսեցի մտածել, թե ինչպես ազատվեմ վևրջին ճանապարհորդից՝ մեռած Օ'Բրայենից։

Ես արդեն ասացի, որ նա գլորվել էր և հասել նավի եզրին։ Աարսափելի անճոռնի տիկնիկի նման, նա ընկած էր այնտեղ։ Մի ահագին տիկնիկ, այն հասակի, ինչ որ կենդանի մարդը, սակայն զրկված կյանքի բոլոր գույներից և հրապույրից։ Նրա հախից գալն ինձ համար դժվար չէր․ իմ ողբերգական արկածների ժամանակ ես մեռելներին ընտելացել էի ու էլ նրանցից չէի վախենում։ Ես նրա գոտուց բռնեցի, բարձրացրի, ինչպես թեփի տոպրակ, և նավեզրից շպրտեցի։ Նա բարձր զրմփոցով ընկավ։ Կարմիր թասակը թռավ գլխից և լողաց ջրի երեսին։ Երբ որ դիակի ընկնելուց առաջացած պղտորությունն անցավ, ես պարզ տեսա նրանց երկուսին էլ՝ Օ'Բրայենին և Իզրայելին։ Նրանք պառկած էին կողք կողքի։ Ջուրը շարժվելով, օրորում էր նրանց։ Օ'Բրայենը, չնայելով իր երիտասարդությանը, բոլորովին ճաղատ էր։ Նա պառկած էր, ճաղատ գլուխը դրած իրեն սպանողի ծնկանը։ Արագավազ ձկները սլանում էին նրանց երկուսի վրայով էլ։

Ես նավի վրա մենակ մնացի։ Հենց նոր սկսվեց տեղատվությունը։ Արեգակն արդեն այնքան ցածր էր, որ արևմտյան ափի եղևնիների ստվերները կտրում էին ծովախորշը և հասնում տախտակամածին։ Փչում էր երեկոյան մեղմ քամին, և թեև արևելքից ծովախորշը պահպանում էր երկգագաթանի բլուրը, ճոպաններն սկսեցին սուլել, իսկ առագաստները՝ տատանվել ու ծփալ։

Ես տեսա, որ նավին վտանգ է սպառնում։ Արագ փաթաթեցի եռանկյունի առագաստները և իջեցրի տախտակամածի վրա։ Սակայն միջնակայմի առագաստներն իջեցնելն ավելի դժվար էր։ Երբ նավը թեքվել էր, ճոպանն ընկել էր եզրի այն կողմը, և նրա ծայրը, երկու-երեք ֆուտ առագաստներով, մինչև անգամ ջրի տակն էր գնացել։ Սրանից դրությունն ավելի վտանգավոր էր դարձել։ Փորձանքը կարող էր գալ ամեն կողմից, և ես ոչ մի բանի չէի համարձակվում ձեռք տալ, որ իմ դրությունը չվատթարացնեմ։ Վերջապես դանակս հանեցի և առագաստի պարանները կտրեցի։ Գաֆելը միանգամից իջավ, և կախված առագաստը լողաց ջրի երեսին։ Ինչքան էլ չարչարվեցի, չկարողացա նիրալը քաշել։ Դա իմ ուժերից վեր էր։ Ի՞նչ արած։ Ստիպված էի «Իսպանոլան» բախտի քմահաճույքին թողնել։ Չէ՞ որ ես էլ բախտի քմահաճույքին էի թողնված։

Այդ ժամանակ մթնշաղը պատեց ծովախորշը։ Արեգակի վերջին ճառագայթները, անցնելով անտառի բացատի միջով, շողում էին պայծառ, ինչպես թանկագին քարեր, կործանված նավի փառահեղ պատմուճանի վրա։ Եղանակը ցրտում էր։ Տեղատվության պատճառով ջուրը քաշվում էր դեպի ծովը և նավն ավելի էր պառկում կողքի վրա։

Ես գնացի նավի քիթը և նայեցի ներքև։ Քթի տակ ջուրը ծանծաղ էր, և ես համենայն դեպս, երկու ձեռքով բռնելով պարանը, զգուշությամբ անցա նավեզրից։ Ջուրը հազիվ մինչև գոտիս էր հասնում։ Ավազը խիտ է. ալիքների հետքերով ես դուրս եկա ափ, թողնելով, որ «Իսպանոլան» պառկի կողքի վրա և իր առագաստը ողողի ջրի մեջ։ Արևը մայր մտավ, և սոճիների մեջ քամին աղմկեց։

Եվ այդպես, իմ ծովային արկածները վերջացան։ Անկասկած, հաջողությամբ վերջացան։ Նավը բանդիտների ձեռքից խլված է, և մենք կարող ենք, թեկուզ հիմա, ճանապարհվել դեպի օվկիանոս։ Ես երազում էի շուտով վերադառնալ տուն, մեր ամրոցը և պարծենալ իմ քաջագործություններով։ Երևի ինձ մի քիչ կհանդիմանեն ինքնակամ հեռանալու համար, սակայն «Իսպանոլայի» զավթելը կհարթի ամեն ինչ և մինչև անգամ ինքը, նավապետ Սմոլետը ստիպված կլինի խոստովանել իմ քաջագործությունները։

Այսպես մտածելով, հիանալի տրամադրությամբ ճանապարհ ընկա դեպի ցցապատը, որի ետևում, ինչպես ենթադրում էի, բարեկամներս ինձ սպասում էին։ Ես լավ հիշում էի, որ արևելյան կողմում գտնվող ամենավերջին գետը, որ թափվում է նավապետ Կիդի ծովախորշը, սկսվում է երկգլխանի բլրի մոտից։ Եվ ես ծռվեցի դեպի ձախ, դեպի այդ բլուրը, ենթադրելով անցնել գետն ամենանեղ տեղից։ Անտառը բավականին ցանցառ էր։ Քայլելով սարալանջի վրայով, շուտով ծռվեցի դեպի բլրի ծայրը և ծանծաղուտով գետն անցա։

Այստեղ էր, որ պատահեցի Բեն Գանին։ Ես սկսեցի առաջ գնալ զգուշությամբ, աչալուրջ դիտելով չորս կողմս։ Բոլորովին մթնեց։ Անցնելով ճեղքվածքի միջով, որ գտնվում էր երկու բլրի կատարների արանքում, ես երկնքի վրա տեսա խարույկի տատանվող ցոլք։ Որոշեցի, որ երևի Բեն Գանը բոցավառ խարույկի վրա իր համար ընթրիք է պատրաստում, և հոգուս խորքում զարմացա նրա անզգուշության վրա։ Եթե այդ ցոլքը ես տեսնում եմ, կարող է տեսնել նաև Սիլվերն իր ճամբարից, որ գտնվում էր ճահճի վրա։

Գիշերն ավելի խավար էր դառնում։ Ես դժվարությամբ էի ճանապարհը գտնում։ Երկգլխանի բլուրը ետևից և հեռադիտակի կատարն աջից իմ միակ ուղենիշներն էին, սակայն նրանց գծագրություններն ավելի ու ավելի էին ցրտում մթության մեջ։ Նոսր աստղերը մռայլ առկայծում էին։ Մթության մեջ ես դիպչում էի թփերի և ընկնում ավազի փոսերի մեջ։

Հանկարծ քիչ լուսացավ։ Ես վերև նայեցի։ Գունատ ճաճանչը լուսավորում էր հեռադիտակի գագաթը։ Ներքևում, խիտ ծառերի միջից, ես տեսա մի ինչ-որ մեծ արծաթե բան և դժվարությամբ գլխի ընկա, որ լուսինը դուրս եկավ։

Գնալն ավելի հեշտացավ, և ես քայլերս արագացրի։ Ժամանակ առ ժամանակ մինչև անգամ վազում էի՝ համբերությունս հատել էր․ ուզում էի շուտ հասնել ցցապատին։ Սակայն, մոտենալով այն պուրակին, որը շրջապատել էր մեր ամրոցը, ես հիշեցի զգուշության մասին և սկսեցի մի քիչ կամաց գնալ։ Տխուր վախճան կունենային իմ արկածները, եթե ինձ, իմ բարեկամները, թշնամու տեղ ընդունելով, գնդակահարեին։

Լուսինը լողում էր բա՜րձր ու բա՜րձր։ Անտառի բոլոր բացատները ողողված էին նրա լույսով։ Բայց ուղիղ իմ առջև, ժայռերի մեջ ես նկատեցի ինչ-որ ցոլք, որ լուսնի ցոլքին բոլորովին նման չէր։ Այդ ցոլքը տաք էր, կարմիր և ժամանակ առ ժամանակ կարծես մթնում էր։ Երևի դա խարույկ էր, որ մխում էր և ծածկվում մոխրով։

Այդ ի՞նչ է, սատանան տանի։

Վերջապես ես հասա բացատին։ Ցցապատի արևմտյան ծայրը լուսավորված էր լուսնի լույսով։ Մնացած ցցապատը և տունը գտնվում էին մթության մեջ, տեղ-տեղ երկար արծաթագույն շերտերով կտրտված։ Իսկ տան ետևը մի ահագին խարույկ էր վառվում։ Խարույկի ծիրանագույն շողերը ցայտուն կերպով տարբերվում էին լուսնի քնքուշ և գունատ ցոլքից։ Ոչ մի տեղ մարդ չկար։ Ո՛չ մի ձայն։ Միայն ճյուղերի մեջ թեթև քամին էր աղմկում։

Ես զարմացած կանգ առա, գուցե, մի քիչ էլ վախեցած։ Մենք երբեք մեծ խարույկ չէինք վառում։ Նավապետի հրամանով մենք միշտ վառելիքը խնայում էինք։ Եվ ես սկսեցի երկյուղ կրել, թե իմ բացակայության ժամանակ մի բան չի՞ պատահել արդյոք իմ բարեկամներին։

Ես հասա ցցապատի արևելյան ծայրին, ամբողջ ժամանակ անցնելով ստվերի միջով և ցցապատն անցա այն տեղից, ուր խավարն ավելի թանձր էր։

Որպեսզի տագնապ չբարձրացնեմ, ես չորեքթաթ և անձայն մագլցեցի դեպի տան անկյունը։ Եվ հանկարծ թեթևացած շունչ քաշեցի։ Ես խռմփոցը տանել չեմ կարող․ ես հաճախ տառապել եմ այն մարդկանցից, որոնք քնած ժամանակ խռմփում են։ Բայց այս անգամ իմ բարեկամների բարձր ու խաղաղ խռմփոցն ինձ համար երաժշտություն թվաց։ Այդ խռմփոցը հանգստացրեց ինձ, ինչպես ծովի վրա հանգստացնում է հերթապահի գիշերային հիանալի կանչը՝ «Ամեն ինչ կարգին է»։

Մի բան ինձ համար պարզ էր, նրանք քնած են առանց մի պահակի։ Եթե իմ փոխարեն նրանց մոտ մտներ Սիլվերն իր ավազակախմբով, նրանցից ոչ մեկն արշալույսը չէր տեսնի։ Երևի, մտածում էի ես, այդ բոլորը նրանից է, որ նավապետը վիրավոր է։ Եվ նորից ես կշտամբեցի ինձ, որ այնպիսի վտանգի ժամանակ, երբ պահակ դնելու մարդ էլ չունեին, թողեցի բարեկամներիս։

Ես մոտեցա դռանը և ներս նայեցի։ Ներսն այնպես խավար էր, որ ոչինչ տեսնել չկարողացա։ Բացի խռմփոցից մի ինչ-որ տարօրինակ ձայն էլ էր լսվում, չգիտես թևերի թափահարո՞ւմ, թե թխկթխկոց։

Ձեռքերս առաջ պարզած, ես տուն մտա․ «Կպառկեմ իմ սովորական տեղում,— մտածեցի ես ժպտալով,― իսկ առավոտյան, նրանց զարմացած դեմքերին նայելով, կզվարճանամ»։

Ես դիպա մեկի ոտին։ Քնածը շրջվեց մյուս կողքի վրա, հառաչեց, բայց չզարթնեց։

Այդ ժամանակ մթության մեջ հանկարծ մի սուր ձայն լսվեց․ «Պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր» և այլն, առանց շունչ առնելու, առանց ձայնը փոխելու, ինչպես լարված Ժամացույց։

Դա նավապետ Ֆլինտն էր, Սիլվերի կանաչ թութակը։ Նա էր թևերը թափահարում և կտցով թխկթխկացնում, փորելով ծառի կեղևի մի կտոր։ Ահա թե ով էր պահպանում քնածներին պահակից լավ, ահա թե ով իր միապաղաղ, ձանձրացուցիչ կանչով հայտարարեց իմ գալստյան մասին։

Ես ժամանակ չունեի թաքնվելու։ Լսելով թութակի սուր ու զիլ ձայնը, քնածները զարթնեցին ու վեր թռան։ Ես լսեցի Սիլվերի ձայնը։ Նա հայհոյեց ու աղաղակեց։

— Ո՞վ է գալիս։

Ես սկսեցի վազել, բայց ընկա մեկի վրա։ Մեկին հրելուց հետո, մի ուրիշի ձեռքն ընկա։ Այդ մեկն ամուր բռնեց ինձ։

— Ապա մի կերոնը բեր, Դի՛կ,— ասաց Սիլվերը, երբ պարզվեց, որ ես էլ գնալ չեմ կարող։

Ավազակներից մեկը տնից դուրս եկավ և վերադարձավ վառվող խանձողը ձեռքին։


ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍ։ ՆԱՎԱՊԵՏ ՍԻԼՎԵՐԸ

Գլուխ XXVIII: Թշնամիների ճամբարում

Խանձողի բոսորագույն լույսը լուսավորեց տան ներսը և հաստատեց իմ վատթարագույն երկյուղը։ Ծովահենները տիրել էին ամրոցը և մեր ամբողջ պաշարեղենը։ Ե՛վ կոնյակի տակառը, և՛ խոզի ապուխտը, և՛ պաքսիմատով լիքը տոպրակները գտնվում էին իրենց տեղերում։ Ես սարսափեցի, երբ տեսա, որ ոչ մի գերի չկա։ Երևի իմ բոլոր բարեկամները մեռել էին։ Վշտից սիրտս կծկվում էր։ Ինչո՞ւ ես էլ չմեռա նրանց հետ միասին։

Միայն վեց ծովահեն էր կենդանի մնացել, և նրանք բոլորն էլ այստեղ էին՝ իմ առջև։ Դրանցից հինգը, կարմիր, ուռած դեմքով, զարթնեցին քնից և արագ ելան ոտքի։ Վեցերորդը միայն տեղից բարձրացավ և հենվեց արմունկին։ Նա չափազանց գունատ էր։ Գլուխը փաթաթված էր արյունոտ փալասով։ Ուրեմն նա վիրավոր է և նոր է վիրավորվել։ Ես հիշեցի, որ գրոհի ժամանակ ծովահեններից մեկին վիրավորեցինք, որը հետո անհետացավ անտառում։ Երևի նա է։

Թութակը նստած էր Երկարահասակ Ջոնի ուսին և կտցով փետուրները մաքրում էր։ Ինքը՝ Սիլվերն, առաջվանից ավելի գունատ էր ու մռայլ։ Նա հագել էր շքեղ բաճկոնը, որը հագած եկավ մեզ մոտ բանակցելու։ Բայց այժմ այդ բաճկոնը կավոտ էր և պատառոտված։

― Էհե՜,― ասաց նա։― Սա Ջիմ Հոկինսն էր, սատանան տանի ինձ։ Հյո՞ւր ես եկել, հա՞։ Արի՛, արի՛։ Ես միշտ ուրախանում եմ, երբ հին բարեկամներ են գալիս ինձ մոտ։

Նա նստեց անգլիական օղու տակառի վրա և սկսեց իր ծխամորճը ծխախոտ լցնել։

— Մի կրակ բեր, Դիկ,― խնդրեց նա։

Եվ ծխելով, ասաց.

— Շնորհակալ եմ, բարեկամս։ Կարող ես խանձողը ցած դնել։ Իսկ դուք, պարոններ, պարծեցե՜ք, մի՛ ամաչեք։ Մենք բոլորս պարտավոր չենք պարոն Հոկինսի առջև զգաստ կանգնել։ Թող նա ների ձեզ, պատժի ինձ աստված։ Եվ այդպես, Ջիմ,— շարունակեց նա մեկնված,― դու այստեղ ես։ Ի՜նչ հաճելի անակնկալ բան է խեղճ ծերունի Ջոնի համար։ Ես առաջին իսկ հայացքից տեսա, որ դու ճարպիկ տղա ես, բայց այժմ տեսնում եմ, որ դու ուղղակի հերոս ես։

Իհարկե, ես ոչ մի բառով չպատասխանեցի։ Նրանք ինձ կանգնեցրին պատի մոտ և ես ուղիղ կանգնած, աշխատում էի որքան կարելի է հանդարտ նայել Սիլվերի երեսին։ Բայց ես հուսահատված էի։

Սիլվերն անվրդով մի քանի անգամ ձգվեց և կրկին խոսեց․

— Քանի որ դու մեզ մոտ հյուր ես եկել, Ջիմ,— ասաց նա,— ես քեզ բոլորը կպատմեմ ինչ որ մտքումս ունեմ։ Դու միշտ իմ սրտովն ես եղել, որովհետև ուսերիդ վրա գլուխ ունես։ Քեզ վրա նայելով, ես հիշում եմ այն ժամանակը, երբ ես այդպես երիտասարդ ու գեղեցիկ էի։ Ես միշտ ցանկացել եմ, որ դու միանաս մեզ, գանձից քո մասն ստանաս և մեռնես փարթամության մեջ, որպես հարուստ պարոն։ Եվ ահա, որդյակս, դու եկար, վերջապես։ Նավապետ Սմոլետը լավ ծովագնաց է, ես այդ միշտ հաստատել եմ, սակայն կարգապահության տեսակետից չափազանց պահանջկոտ է․ «Պարտականությունն ամենից առաջ», ասում է նա և միանգամայն ճիշտ է ասում։ Իսկ դու փախար նրանցից, քո նավապետից։ Մինչև անգամ բժիշկն էլ գոհ չէ քեզանից։ Նա «ապերախտ, անզգամ» անվանեց քեզ։ Մի խոսքով, դու ձերոնց մոտ էլ չես կարող վերադառնալ․ նրանք քեզ ընդունել չեն ցանկանում։ Եվ եթե չես ուզում երրորդ խումբ կազմակերպել, պետք է միանաս նավապետ Սիլվերին։

Ուրեմն գործն այնքան էլ վատ չէ։ Ուրեմն իմ բարեկամները կենդանի են։ Թեև ես պատրաստ էի հավատալ Սիլվերի ասածներին, որ նրանք իմ փախուստի պատճառով բարկացել են ինձ վրա, այնուամենայնիվ ես շատ ուրախացա։

— Ես էլ չեմ խոսում այն մասին, որ դու մեր իշխանության տակ ես,— շարունակեց Սիլվերը,— դու ինքդ այդ տեսնում ես։ Խելացի փաստերը ես սիրում եմ։ Ես սպառնալիքների մեջ երբեք ոչ մի օգուտ չեմ տեսել։ Եթե քեզ մեզ մոտ ծառայելը դուր է գալիս, կամավոր կերպով մտիր մեր շարքերը։ Իսկ եթե դուր չի գալիս, Ջիմ, պարզապես ասա՝ ո՛չ։ Տեսնո՞ւմ ես, ես քեզ հետ պարզ եմ խոսում, առանց որևէ խորամանկության։

— Դուք ուզում եք, որ ես պատասխանե՞մ,— հարցրեցի ես դողդոջուն ձայնով։

Նրա հեգնական շատախոսության մեջ ես զգում էի մահվան սպառնալիք։ Այտերս վառվում էին, սիրտս հուսահատորեն խփում էր կրծքումս։

— Ոչ ոք քեզ չի ստիպում, բարեկամս,— ասաց Սիլվերը։— Լավ մտածիր։ Մենք շտապելու բան չունենք։ Չէ՞ որ այնտեղ, որտեղ դու ներկա ես լինում, ձանձրալի չի լինում։

— Դե լավ,— ասացի ես, քիչ համարձակ,— քանի որ դուք ուզում եք, որ ես որոշեմ, թե ո՛ւմ կողմն եմ անցնում, պետք է բացատրեք ինձ, թե ինչ է կատարվում այստեղ, թե ինչու դուք այստեղ եք, թե ո՛ւր են իմ բարեկամները։

— Ի՞նչ է կատարվում,— մռայլ կրկնեց ծովահեններից մեկը։— Շատ բան կտայի իմանալու համար, թե ի՛նչ է կատարվում մեզ մոտ։

— Բերանդ կապիր, քանի որ քեզ չեն հարցնում,— բարկացած ընդհատեց նրան Սիլվերը, ապա նախկին քաղաքավարությամբ դիմեց ինձ։— Երեկ առավոտյան, պարոն Հոկինս,— ասաց նա,— բժիշկ Լիվսին եկավ մեզ մոտ սպիտակ դրոշակով։ «Դուք մնացիք ծանծաղուտի վրա,— ասաց նա․— նավը գնացել է»։ Երբ մենք ռոմ էինք խմում և երգեր երգում, նավը ձեռքից բաց թողինք։ Ես այդ չեմ ժխտում։ Մեզանից ոչ ոք նավը չէր հսկում։ Մենք վազեցինք ափը և, երդվում եմ որոտով, մեր հին նավն անհետացավ։ Մենք քիչ էր մնում թափվեինք տեղնուտեղը։ «Լա՛վ,— ասաց բժիշկը,— եկեք պայման կապենք»։ Մենք պայման կապեցինք՝ ես ու նա, և ահա մենք ստացանք ձեր պաշարեղենը, ձեր անգլիական օղին, ձեր ամրոցը, ձեր փայտը, որը դուք այնքան հեռատեսությամբ կտրատել էիք, բոլորը, այսպես ասած, ձեր նավակը, բոլորը։ Երեքն էլ գնացին։ Իսկ թե որտեղ են նրանք այժմ, չգիտեմ։

Նա կրկին հանդարտորեն ձգվեց։

— Իսկ քեզ պայմանի մեջ չեն մտցրել,— շարունակեց նա։— Բժիշկն ուղղակի ասաց ինձ այդ մասին։ «Ձեզանից քանի՞ հոգի են մնացել»,— հարցրի ես։ «Չորս հոգի,— պատասխանեց նա,— չորս հոգի, որոնցից մեկը վիրավոր է։ Իսկ թե որտեղ է այն անիծված երեխան, չգիտեմ և գիտենալ էլ չեմ ցանկանում,— ասաց նա։— Նրան հիշելը մեզ համար զզվելի է»։ Ահա նրա սեփական խոսքերը։

— Ա՞յդ է բոլորը,— հարցրի ես։

— Բոլորը, ինչ որ դու պետք է գիտենաս, որդիս,— պատասխանեց Սիլվերը։

— Իսկ հիմա ե՞ս պիտի ընտրեմ։

— Այո՛, հիմա դու պիտի ընտրես,— ասաց Սիլվերը։

— Շա՛տ լավ,— ասացի ես։— Ես այնքան հիմար չեմ և արածս գիտեմ։ Ինչ ուզում եք արեք, ինձ համար միևնույն է։ Այն ժամանակից, երբ հանդիպել եմ ձեզ, սովորել եմ նայել մահվան դեմքին։ Բայց նախ և առաջ ուզում եմ մի բանի մասին պատմել ձեզ,— շարունակեցի ես, ավելի ու ավելի հուզվելով։— Ձեր դրությունը շատ վատ է. նավը կորցրիք, գանձը կորցրիք, ձեր մարդկանց կորցրիք։ Ձեր բանը շատ վատ է։ Եվ, եթե ուզում եք իմանալ, թե ով է հանցավոր այդ ամենի համար, իմացեք, որ ես եմ, և ուրիշ ոչ ոք։ Այն գիշեր, երբ մենք մոտենում էինք կղզուն, ես նստած էի խնձորի տակառում և լսեցի այն բոլորը, ինչ որ ասացիք դուք՝ Ջոն, և դո՛ւ, Դիկ Ջոնսոն և ինչ ասաց Գենդսը, որն այժմ գտնվում է ծովի հատակում։ Եվ ինչ որ լսեցի, նույն ժամին հաղորդեցի նավապետ Սմոլետին։ Ես կտրեցի նավի խարսխի ճոպանը, ես սպանեցի այն մարդկանց, որոնց դուք թողել էիք նավի վրա, ես նավը թաքցրի, որ երբեք չեք գտնի։ Դուք եք հիմար դրության մեջ և ոչ թե ես, էլ ինչո՞ւ պետք է վախենամ ձեզանից։ Կարող եք ինձ սպանել կամ խնայել, ինչպես ձեր կամքն է։ Եթե խնայեք, ես անցյալը կմոռանամ և երբ ձեզ դատեն ծովահենության համար, կփորձեմ ազատել ձեզ հանգույցից։ Այժմ ընտրելու հերթը ձերն է։ Իմ մահը ձեզ ոչ մի օգուտ չի բերի։ Իսկ եթե կենդանի թողնեք, ես կաշխատեմ, որ ձեզ չկախեն։

Ես լռեցի։ Ես շնչասպառ էի լինում։ Ես ապշեցի, տեսնելով, որ ոչ ոք նույնիսկ տեղից չշարժվեց։ Բոլորն էլ ոչխարի նման նայում էին ինձ։ Պատասխանի չսպասելով, ես շարունակեցի.

— Ինձ թվում է, պարոն Սիլվեր, որ դուք այստեղ բոլորից լավ մարդն եք։ Իսկ եթե մեռնեմ, պատմեցեք բժշկին, որ անփառունակ մահով չմեռա։

— Նկատի կունենամ,— ասաց Սիլվերն այնպիսի տարօրինակ տոնով, որ ես չկարողացա հասկանալ ծաղրում է ինձ, թե իմ արիությունը նրան դուր եկավ։

— Մի՛ մոռացեք,— գոչեց Մորգան անունով, թուխ դեմքով մի նավաստի, որին ես տեսել էի Երկարահասակ Ջոնի պանդոկում՝ Բրիստոլի նավահանգստում,— մի՛ մոռացեք, որ այն ժամանակ նա ճանաչեց Սև Գամփռին։

— Այդ դեռ բոլորը չէ,— ավելացրեց Սիլվերը։— Սա, երդվում եմ որոտով, այն երեխան է, որը Բիլի Բոնսի սնդուկից քարտեզը հանեց։ Վերջապես Ջիմ Հոկինսը մեր ձեռքն ընկավ։

— Արյունը բաց թողնենք,— գոչեց Մորգանը և ուղղվեց։

Եվ դանակը դուրս քաշելով, ոտքի ելավ այնքան թեթև, որ կարծես քսան տարեկան լիներ։

— Տե՛ղդ,— գոչեց Սիլվերը։— Ո՞վ ես դու, Թոմ Մորգան։ Գուցե կարծում ես, որ դու այստեղ նավապե՞տ ես։ Երդվում եմ, որ ես կսովորեցնեմ քեզ լսել։ Միայն թե համարձակվիր ճանապարհս կտրել։ Վերջապես երեսուն տարվա մեջ ով որ կանգնել է իմ ճանապարհին, ընկել է կամ առագաստափայտի վրա, կամ ծովը՝ ձկներին նախաճաշ։ Այո՛։ Հիշիր, Թոմ Մորգան, դեռ չի եղել մի մարդ, որն ապրել է աշխարհում, երբ ինձ հետ հաշտ չի եղել։

Թոմը լռեց, սակայն մյուսները շարունակեցին մրթմրթալ։

— Թոմը ճշմարիտ է ասում,— ասաց մեկը։

— Ես հրամանատարներ շատ եմ ունեցել,— ավելացրեց մյուսը։— Եվ երդվում եմ կախաղանով, Ջոն Սիլվեր, ես չեմ թույլ տա, որ դու իմ քթից բռնած ման ածես։

— Ջենտլմեննե՛ր, ձեզանից ո՞վ է ուզում ինձ հետ գործ ունենալ,— ընդհատեց Սիլվերը։

Նա նստած էր տակառի վրա, և այժմ առաջ շարժվեց։ Նրա աջ ձեռքին գտնվում էր վառվող ծխամորճը։

— Դե՛, ի՞նչ եք ուզում։ Ուղղակի ասացեք։ Թե՞ համրացել եք։ Թող դուրս գա, ով ուզում է, ես սպասում եմ։ Ես այսքան տարի նրա համար չեմ ապրել երկրի վրա, որ որևէ հարբած հնդկահավ կտրի իմ ճանապարհը։ Դուք գիտեք մեր սովորությունները։ Դուք ձեզ համարում, եք հաջողության ջենտլմեններ։ Հապա ինչո՞ւ չեք դուրս գալիս, ես պատրաստ եմ։ Թող նա, ով սրտոտ է, դուրս քաշի իր սուրը, և ես, թեև հենակներով եմ, շատ շուտ կտեսնեմ, թե ինչ գույնի է նրա փորոտիքը, նախքան կհանգչի այս ծխամորճը։

Ոչ ոք չշարժվեց։ Ոչ ոք մի խոսքով անգամ չպատասխանեց։

— Ահա՛, այդպես եք բոլորդ միշտ,— շարունակեց նա, ծխամորճը բերանին դնելով։— Քաջ եք, խոսք չկա։ Կռվի մեջ այնքան էլ քաջ չեք։ Կամ թե ընդունակ չեք հասկանալու մարդկային հասարակ լեզուն․ չէ՞ որ ես այստեղ նավապետ եմ, ձեզանից ընտրված։ Ես ձեր նավապետն եմ, որովհետև ես մի ամբողջ ծովային մղոն խելոք եմ ձեր բոլորից։ Դուք չեք ուզում կռվել ինձ հետ, ինչպես վայել է հաջողության ջենտլմեններին։ Այն ժամանակ, երդվում եմ որոտով, որ դուք պետք է ինձ լսեք։ Այս տղան իմ սրտովն է։ Սրանից լավը ես երբեք չեմ տեսել։ Նա երկու անգամ ավելի է նման տղամարդու, քան այնպիսի առնետները, ինչպիսին դուք։ Դե՛, լսեցեք, ով ձեռք կտա նրան, ինձ հետ գործ կունենա։

Երկարատև լռություն տիրեց։

Ես ձգված կանգնած էի պատի մոտ։ Սիրտս դեռևս մուրճի նման խփում էր, սակայն կրծքիս մեջ հույս ծնվեց։ Սիլվերը ձեռքերը խաչած նստած էր, հենված պատին։ Նա ծծում էր ծխամորճը և հանգիստ էր, ինչպես եկեղեցում։ Միայն աչքերը շարժվում էին։ Նա գաղտագողի դիտում էր իր վայրագ խումբը։ Ծովահենները քաշվեցին մի հեռու անկյուն և սկսեցին շշուկով խոսել։ Երբեմն նրանք ետ էին նայում, և խանձողի կարմիր լույսն ընկնում էր նրանց հուզված դեմքին։ Սակայն նրանք ինձ չէին նայում, այլ Սիլվերին։

— Դուք, երևի, պատրաստվում եք ինչ-որ բա՞ն ասելու,— ասաց Սիլվերը և թքեց։— Ի՞նչ կա որ, ասացե՛ք, ես լսում եմ։

— Ներողություն եմ խնդրում, պարոն,— սկսեց ծովահեններից մեկը,— դուք հաճախ խախտում եք մեր սովորությունները։ Սակայն կա մի սովորություն, որը մինչև անգամ դուք խախտելու իրավունք չունեք։ Խումբը դժգոհ է, սակայն թույլ տվեք ասել, որ այս խումբն այնպիսի իրավունք ունի, որպիսին ունեն մյուսները։ Մենք իրավունք ունենք հավաքվելու և խոսելու իշխանության մասին։ Ներողություն եմ խնդրում, պարոն, որովհետև, այնուամենայնիվ, դուք մեր նավապետն եք։ Բայց ես ուզում եմ օգտվել իմ իրավունքներից և գնալ խորհրդի։

Զսպված կերպով Սիլվերին զինվորական պատիվ տալով, այդ բարձրահասակ, հիվանդոտ, դեղին աչքերով, երեսունհինգ տարեկան նավաստին հանդարտ գնաց դեպի ելքը և անհետացավ դռան ետևը։ Մյուսները դուրս եկան նրա ետևից։ Յուրաքանչյուրը Սիլվերին զինվորական պատիվ էր տալիս և իրեն արդարացնելու համար մի բան մրթմրթում։

— Համաձայն սովորության,— ասաց մեկը։

— Գնում ենք նավաստիական ժողովի,— ասաց Մորգանը։

Ես ու Սիլվերը մնացինք երկուսով վառվող խանձողի մոտ։

— Լսի՛ր, Ջիմ Հոկինս,— ասաց նա հազիվ լսելի հաստատուն շշուկով։— Դու միայն մի մազ հեռու ես մահից, և որ ամենավատն է, տանջանքից։ Նրանք ուզում են ինձ պաշտոնանկ անել։ Դու տեսար, տեսար, թե ինչպես ես քեզ պաշտպանեցի։ Սկզբում ես չէի ուզում քեզ պաշտպանել, բայց դու մի քանի խոսք ասացիր, և ես իմ պլանները փոխեցի։ Ես այն ժամանակ սարսափած էի իմ անհաջողություններից, կախաղանից, որ ինձ սպառնում է։ Լսելով քո խոսքերը, ինքս ինձ ասացի, հովանավորիր Հոկինսին, Ջոն, Հոկինսն էլ քեզ կհովանավորի։ Դու նրա վերջին խաղաթուղթն ես, Ջոն, իսկ նա, երդվում եմ որոտով, քո վերջին խաղաթուղթը։ Ծառայություն ծառայության փոխարեն, որոշեցի ես։ Դու քեզ համար վկա ես ազատում, երբ գործը դատարան հասնի, իսկ նա կազատի քո պարանոցը։

Ես աղոտ կերպով սկսեցի հասկանալ, թե բանն ինչ է։

— Դուք ուզում եք ասել, որ ձեր խաղը տանո՞ւլ եք տվել,— հարցրի ես։

— Այո՛, երդվում եմ սատանայով,— պատասխանեց նա։— Քանի որ նավը չկա, նշանակում է, մնում է միայն կախաղանը։ Ես համառ եմ, Ջիմ Հոկինս, սակայն երբ տեսա, որ ծովախորշում նավ չկա, ես հասկացա, որ մեր խաղը վերջացել է։ Իսկ նրանք թող խորհրդակցեն, նրանք բոլորն էլ անուղղելի վախկոտներ են։ Ես կաշխատեմ ազատել քո մորթը։ Բայց լսիր, Ջիմ, ծառայություն ծառայության փոխարեն. դու կազատես Երկարահասակ Ջոնին հանգույցից։

Ես ապշել էի։ Ի՞նչ ողորմելի ծղոտից է բռնում նա, խմբապետը։

— Ես կանեմ բոլորը, ինչ կարող եմ,— ասացի ես։

— Դե՛, ձեռք ձեռքի խփենք,— բացականչեց նա։— Դու էժան պրծար, ես էլ, երդվում եմ որոտով, փրկության հույս ստացա։

Նա կաղեկաղ շարժվեց դեպի խանձողը, որ վառվում էր փայտերի մոտ և նորից ծխեց իր ծխամորճը։

— Հասկացիր ինձ, Ջիմ,— շարունակեց նա վերադառնալով։— Դեռևս ուսերիս վրա գլուխ կա, և ես որոշել եմ կալվածատիրոջ կողմն անցնել։ Ես գիտեմ, որ դու նավը թաքցրել ես որևէ ապահով տեղ։ Թե ինչպես ես արել, ես չգիտեմ, սակայն ես համոզված եմ, որ, նավը ողջ ու անվնաս է։ Գենդսն ու Օ'Բրայենը հիմար դուրս եկան։ Նրանց վրա ես երբեք հույս չէի դնում։ Նկատիր, որ ես քեզ ոչինչ չեմ հարցնում և ուրիշներին էլ թույլ չեմ տալիս, որ հարցնեն։ Ես մեր խաղի կանոնները գիտեմ և հասկանում եմ, որ ես տանուլ եմ տվել։ Իսկ դու այնպես երիտասարդ ես, այնպես քաջ, որ եթե մենք իրար պահպանենք, շատ բանի կհասնենք։

Նա թիթեղյա գավաթի մեջ տակառից կոնյակ լցրեց։

— Չե՞ս ուզում խմել, բարեկամս,— հարցրեց նա։

Ես մերժեցի։

— Իսկ ես մի քիչ կխմեմ, Ջիմ,— ասաց նա։— Այնքան հոգս կա առջևս ո՜ր, հարկավոր է, որ խթանեմ ինձ։ Ի դեպ, հոգսերի մասին։ Ինչո՞ւ բժիշկն այս քարտեզն ինձ տվեց, սիրելի Ջիմ։

Իմ դեմքի վրա արտահայտվեց այնպիսի անկեղծ զարմանք, որ նա հասկացավ հետագա հարցերի անօգուտ լինելը։

— Այո՛, նա տվեց ինձ իր քարտեզը... Եվ այստեղ, անկասկած, մի բան կա։ Այստեղ, ինչ-որ մի բան է թաքնված, Ջիմ... լավ կամ վատ։

Նա նորից կոնյակ կուլ տվեց և իր մեծ գլուխը թափ տվեց այնպիսի մարդու նման, որն անխուսափելի փորձանքների է սպասում։


Գլուխ XXIX։ Կրկին սև նշան

Ծովահենների ժողովը երկար շարունակվեց, երբ նրանցից մեկը վերադարձավ ամրոց և հեգնական ձևով Սիլվերին զինվորական պատիվ տալով, թույլտվություն խնդրեց խանձողը վերցնել։ Սիլվերն իր համաձայնությունը տվեց և վերջինս հեռացավ, երկուսիս մթության մեջ թողնելով։

— Մրրիկը մոտենում է, Ջիմ,— ասաց Սիլվերը։

Նա սկսեց ինձ հետ բարեկամաբար վերաբերվել։

Ես մոտեցա մոտիկ հրակնատին և դեպի բակը նայեցի։ Խարույկը համարյա թե հանգչում էր։ Այլևս լույս չէր տալիս․ իզուր չէր, որ դավադիրներին խանձող պետք եկավ։ Նրանք շրջանաձև կանգնել էին բլրի լանջին, տան ու ցցապատի միջև։ Նրանցից մեկը բռնել էր խանձողը, մյուսը մեջտեղում ծունկ էր չոքել։ Նրա ձեռքին բաց դանակ կար, որի բերանը փայլփլում էր, մերթ լուսնի, մերթ ջահի լույսով լուսավորված։ Մնացածները մի քիչ կռացել էին, կարծես նայելով, թե ինչ է անում այն մեկը։ Վերջինիս ձեռքին մի գիրք հայտնվեց։ Եվ ես ժամանակ չունեցա մտածելու, թե որտեղի՞ց է ավազակին անհամապատասխան այդ իրը, երբ նա վեր բարձրացավ, և բոլորը խմբով դեպի տունն ուղղվեցին։

— Նրանք այստեղ են գալիս,— ասացի ես։

Ես կանգնեցի առաջվա տեղում։ Չուզենալով ձգել իմ արժանապատվությունը, չէի ուզում, որ ծովահենները նկատեն, թե ես հետևում էի նրանց։

— Համեցեք խնդրեմ, բարեկամ, թող գան,— ուրախ ասաց Սիլվերը։— Դեռ ինձ մոտ նրանց հանդիպելու համար բան կա։

Դուռը բացվեց, և հինգ ծովահենները անվճռականորեն խմբվելով շեմքի մոտ, մեկին առաջ հրեցին։ Այլ պայմաններում ծիծաղելի կլիներ նայել, թե ինչպես դանդաղ և երկյուղով է մոտենում պատգամավորը, կանգ առնելով յուրաքանչյուր քայլում և ձգելով աջ, պինդ սեղմած ձեռքը։

— Մոտ եկ, բարեկամս,— ասաց Սիլվերը,— և մի վախենա, ես քեզ չեմ ուտի։ Տո՛ւր, դմբո՛, ինչ կա այստեղ։ Ես սովորությունները գիտեմ։ Ես պատգամավորին ձեռք չեմ տա։

Այս խոսքերից սիրտ առած, ավազակը քայլերն արագացրեց, Սիլվերի ձեռքի մեջ մի բան խցկեց և արագ ետ վազեց ընկերների մոտ։

Խոհարարը նայեց իր ափին։

— Սև նշա՜ն։ Այդպես էլ կարծում էի,— ասաց նա։— Որտեղի՞ց եք թուղթ գտել։ Այս ի՞նչ է։ Այ, դուք, թշվառներ։ Ավետարանի՞ց եք կտրել։ Դրա համար դուք կպատժվեք։ Իսկ ո՞ր հիմարն է ավետարանը կտրել։

— Տեսնո՞ւմ եք,— ասաց Մորգանը։— Ես ի՞նչ ասացի։ Դրանից ոչ մի լավ բան չի դուրս գա։

— Դե՛, այժմ դուք կախաղանից չեք պրծնի,— շարունակեց Սիլվերը։— Ումի՞ց եք վերցրել այդ ավետարանը։

— Դիկից,— ասաց մեկը։

— Դիկի՞ց։ Դե՛, Դի՛կ, աղոթիր աստծուն,— ասաց Սիլվերը,— որովհետև քո երգը երգված է։ Ես ճիշտ եմ ասում։ Աստվաձ պատժի ինձ, որ քո բանը պրծած է։

Բայց այստեղ դեղին աչքանի երկարահասակ մարդը մեջ ընկավ․

— Բավական է դուրս տաք, Ջոն Սիլվեր,— ասաց նա։— Խումբը հավաքվելով ժողովի, ինչպես հրամայում է հաջողության ջենտլմենների սովորությունը, քեզ սև նշան ուղարկելու որոշում հանեց։ Շուռ տուր նշանը, ինչպես հրամայում է մեր սովորությունը և կարդա, թե ինչ է գրված։ Այն ժամանակ ուրիշ կերպ կխոսես։

— Շնորհակալ եմ, Ջոն,— ձայն տվեց Սիլվերը։— Դու գործնական մարդ ես և մեր սովորություններն անգիր գիտես։ Ի՞նչ է գրված։ Այ թե ի՜նչ։ «Պաշտոնանկ է արված»։ Ահա թե ի՜նչ։ Եվ ի՜նչ լավ ձեռագիր է։ Ինչպես գրքի մեջ գրած։ Այդ քո ձեռագի՞րն է, Ջորջ։ Դու խմբում առաջին մարդն ես։ Ես երբեք չեմ զարմանա, եթե այժմ քեզ նավապետ ընտրեն։ Խնդրեմ խանձողը տաս, թե չէ ծխամորճս ոչ մի կերպ չի ծխվում։

— Դե՛, դե՛,— ասաց Ջորջը,— խմբի աչքին թոզ մի փչիր։ Որ քեզ լսենք, շատ բան կասես, այնուամենայնիվ, ցած եկ այդ տակառից։ Դու արդեն մեր նավապետը չես։ Ցած արի տակառից և մեր ընտրությունները մի խանգարիր։

— Իսկ ես կարծում էի, թե դու իսկապես սովորությունները գիտես,— արհամարհանքով առարկեց Սիլվերը։— Դա դեռ պետք է մի քիչ սպասես, որովհետև ես դեռևս ձեր նավապետն եմ։ Դուք պետք է առաջադրեք ձեր մեղադրանքները և լսեք իմ պատասխանը։ Իսկ մինչև այն ժամանակ ձեր սև նշանը մի պաքսիմատից ավելի արժեք չունի։ Տեսնենք, թե դրանից ինչ դարս կգա։

— Մի՛ վախենա, սովորությունները չենք խախտի պատասխանեց Ջորջը,— մենք ուզում ենք գործել ազնվորեն։ Ահա քեզ մեր մեղադրանքները։ Առաջինը՝ դու ամբողջ գործը տապալեցիր։ Դու չես համարձակվի առարկել սրա դեմ։ Երկրորդ դու թույլ տվիր մեր թշնամիները հեռանան, թեև նրանք այստեղ իսկական թակարդի մեջ էին։ Թե ինչու էին նրանք ուզում գնալ, չգիտեմ, բայց պարզ է, որ որևէ բանի համար ուզում էին գնալ։ Երրորդ՝ դու արգելեցիր մեզ հետևել նրանց։ Օ՜, մենք քեզ տեսնում ենք ամբողջովին, Ջոն Սիլվեր։ Դու երկակի խաղ ես խաղում։ Չորրորդ՝ դու հովանավորեցիր այս տղային։

— Ա՞յդ է բոլորը,— հանդարտորեն հարցրեց Սիլվերը։

— Միանգամայն բավական է,— պատասխանեց Ջորջը։— Մեզ, քո բերանբացության պատճառով, կկախեն արևի տակ չորանալու։

— Այժմ լսեցեք, թե ինչ կպատասխանեմ ձեր մեղադրանքներին։ Ես կպատասխանեմ կետ առ կետ։ Դուք ասում եք, որ ես ամբողջ գործը տապալեցի։ Բայց չէ՞ որ դուք գիտեք, թե ես ինչ էի ուզում։ Եթե դուք ինձ լսեիք, մենք բոլորս այժմ ողջ ու անվնաս կգտնվեինք «Իսպանոլայի» վրա, իսկ ոսկին կլիներ նավի ամբարում, երդվում եմ որոտով։ Իսկ ո՞վ խանգարեց ինձ։ Ո՞վ էր շտապեցնում և հորդորում ինձ՝ իր օրինական նավապետին։ Ո՞վ ինձ կղզին եկած հենց առաջին օրը սև նշան ուղարկեց և այս սատանայական պարն սկսեց։ Հրաշալի պար է, ես պարում եմ ձեզ հետ միասին, այդ պարի մեջ կան նույն ոտնձգությունները, ինչ որ ունեն Լոնդոնի հանգույցների մեջ տարուբերվող պարողները։ Իսկ ո՞վ սկսեց այս բոլորը, Էնդերսոնը, և Հենդսը, և դո՛ւ, Ջորջ Մերրի։ Այդ խռովարարներից դու ես միայն կենդանի մնացել։ Եվ դու հանդգնություն ունես նավապե՞տ դառնալու։ Դո՛ւ, որ կործանեցիր համարյա մեր ողջ հրոսակախումբը։ Ո՛չ, դրանից բան չի դուրս գա։

Սիլվերը լռեց։ Ջորջի և մյուս ավազակների դեմքի արտահայտությունից ես իմացա, որ նրա խոսքերն իզուր չանցան։

— Սա առաջին կետը,— բացականչեց նա, քրտնած ճակատը սրբելով, որովհետև այնպես բորբոքված էր խոսում, որ պատերը դողում էին։— Երդվում եմ, որ ինձ համար նողկալի է ձեզ հետ խոսելը։ Դուք ո՛չ դատողություն ունեք և ո՛չ էլ հիշողություն։ Զարմանում եմ, թե ինչպես են ձեր մայրերը թողել, որ դուք ծով դուրս գաք։ Ծո՞վ։ Այդ դո՞ւք եք հաջողության ջենտլմենները։ Ավելի լավ է, որ դերձակ դառնայիք։

— Բավական է հայհոյես,— ասաց Մորգանը։— Պատասխանիր մնացած մեղադրանքներին։

— Ա՜, մյուսներին,— գոչեց Սիլվերը։— Մնացածներն էլ լավ են։ Դուք ասում եք, որ բանը պրծած է։ Երդվում եմ որոտով, դուք մինչև անգամ չեք կասկածում, ինչպես վատ է։ Մենք այնքան մոտ ենք կախաղանին, որ իմ պարանոցն արդեն փայտանում է հանգույցից։ Տեսնում եմ, թե ինչպես ենք տատանվում երկաթե շղթաների մեջ և մեզ վրա ագռավներն են պտտվում։ Մակընթացության ժամանակ ծովագնացները մեզ մատով ցույց են տալիս։ «Սա ո՞վ է», հարցնում է մեկը։ «Ջոն Սիլվերն է։ Ես նրան լավ եմ ճանաչում», պատասխանում է մյուսը։ Քամին ճոճում է կախվածներին և տարածում շղթաների զնգոցը։ Ահա թե ինչ է սպառնում մեզ, Ջորջ Մերիի, Հենդսի, Էնդերսոնի և մյուս ապուշների պատճառով։ Հետո, սատանան տանի, ձեզ հետաքրքրում է չորրորդ կետը՝ ահա այն տղան։ Նա պատանդ է, հասկանո՞ւմ եք։ Մի՞թե մենք պետք է ոչնչացնենք պատանդին։ Նա, գուցե, մեր վերջին հույսն է։ Սպանե՞նք այս տղային։ Ո՛չ, սիրելիներս, ես նրան չեմ սպանի։ Ասենք, ես դեռ երրորդ կետին չեմ պատասխանել։ Լավ, համեցե՛ք, կպատասխանեմ։ Գուցե դուք բանի տեղ չեք դնում բժշկի ամենօրյա այցելությանները, մի բժշկի, որ ավարտել է կոլեջը։ Քո ծակ գանգի համար, Ջոն, էլ բժիշկ պետք չէ՞։ Իսկ քեզ, Զորջ Մերրի, որ վեց ժամը մի անգամ ջերմախտը թափ է տալիս, որ աչքերդ կիտրոնի նման դեղին են, բժշկվել չե՞ս ուզում։ Գուցե դուք չգիտեք, որ այստեղ շուտով, օգնելու համար, երկրորդ նա՞վն է գալու, սակայն նավը շուտով կգա։ Ահա թե ձե՛զ երբ է պետք գալու պատանդը։ Հետո՝ երկրորդ կետը, դուք ինձ մեղադրում եք, որ ես պայման եմ կապել։ Բայց չէ՞ որ դուք ինքներդ ծնկաչոք աղերսում էիք, որ պայման կապեմ։ Դուք ծնկաչոք քարշ էինք գալիս, դուք փոքրոգություն էիք անում, դուք վախենում էիք սովից մեռնելուց։ Բայց այս բոլորը դատարկ բաներ են։ Տեսեք, թե ինչի համար ես պայման կապեցի։

Եվ նա հատակի վրա մի թերթ թուղթ գցեց։ Ես իսկույն ճանաչեցի։ Դա այն քարտեզն էր, դեղին թղթի վրա, երեք կարմիր խաչերով, որը մի ժամանակ ես գտա Բիլի Բոնսի սնդուկում։ Ես ոչ մի կերպ չկարողացա գլխի ընկնել, թե այդ քարտեզը բժիշկն ինչու է տվել Սիլվերին։

Այս քարտեզը ավազակներին ավելի խիստ ապշեցրեց, քան ինձ։ Նրանք ընկան քարտեզի վրա, ինչպես կատուները մկան վրա։ Նրանք հայհոյանքով, աղմուկով և մանկական ծիծաղով իրարից խլխլում էին քարտեզը։ Կարելի էր կարծել, որ արդեն ոչ թե միայն ոսկի էին ձեռնահարում մատներով, այլ ամբողջովին տանում էին նավով։

— Այո՛,— ասաց մեկը,— սա Ֆլինտի ստորագրությունն է, կարող եք չկասկածել։ Դ. Ֆ․ և ներքևում՝ ոլորագիծ։ Նա միշտ այդպես էր ստորագրում։

— Այդ բոլորը լավ, բայց մենք ինչպես կտանենք գանձը, եթե նավ չունենք։

Սիլվերը հանկարծ, պատին հենվելով, ոտքի ելավ։

— Նախազգուշացնում եմ քեզ վերջին անգամ, Ջորջ,— գոռաց նա։— Մի խոսք ևս, և ես կկռվեմ քեզ հետ։ Ինչպե՞ս։ Ես ինչ գիտեմ, ինչպես։ Այդ դու պետք է ինձ ասես, դու և մյուսները, որոնք նավը ձեռքից բաց թողին։ Բայց ոչ, ես քեզանից խելոք խոսք չեմ սպասում, քո խելքն ուտիճի խելք է։ Իսկ քաղաքավարի խոսել դու պարտավոր ես, կամ ես քեզ քաղաքավարություն կսովորեցնեմ։

— Ճիշտ է,— ասաց ծերունի Մորգանը։

— Բա ի՞նչ։ Իհարկե, ճիշտ է,— շարունակեց նավի խոհարարը։— Դու կորցրիր մեր նավը։ Ես ձեզ համար գանձ գտա։ Ո՞վ է մեզանից ավելի լավ։ Բայց երդվում եմ, որ այլևս չեմ ուզում ձեզ մոտ նավապետ լինել։ Ընտրեցեք, ում ուզում եք։ Ես ինչ որ արեցի, բավական է։

— Սիլվերին,— գռռացին բոլորը։— Ազդրը, հավիտյանս հավիտենից Ազդրին՝ նավապետ։

— Ահա թե ինչ երգեցիք դուք այժմ,— բացականչեց խոհարարը։— Ջորջ, սիրելի բարեկամս, դու պետք է ուրիշ առիթի սպասես։ Բախտավոր ես, որ ես անհիշաչար եմ։ Իմ սիրտն անոխակալ է։ Բա այս սև նշանն ի՞նչ անենք, բարեկամներ։ Այժմ կարծես թե էլ բանի պետք չէ։ Դիկն իր հոգին կորցրեց, ավետարանն իզուր տեղը փչացրեց։

— Գուցե պետք գա երդվելու համար,— հարցրեց Դիկը, որին, ըստ երևույթին, իր սրբապղծությունը չափազանց անհանգստացրել էր։

— Ավետարան կտրված երեսով,— սարսափեց Սիլվերը։— Ո՛չ մի կերպ։ Նրա մեջ երգարանից ավելի սրբություն չկա։

— Այնուամենայնիվ, ավելի լավ է պահել,— ասաց Դիկը։

— Իսկ այս, Ջիմ, վերցրու հիշատակի համար,— ասաց Սիլվերը, տալով սև նշանը։

Սև նշանը կրոնի չափ էր, մի երեսն սպիտակ, Դիկը կտրել էր ավետարանի ամենավերջին երեսը։ Մյուս երեսին տպված էր երկու տող ոտանավոր «հայտնությունից»։ Հետագայում ինձ հաջողվեց կարդալ երկու բառ, «շներ ու մարդասպաններ»։ Ոտանավոր տպված երեսը մրոտ էր, որն արդեն սկսել էր կեղտոտել իմ մատները։ Իսկ մաքուր երեսին անկյունաձև գրված էր․ «Պաշտոնանկ է արված»։ Այժմ այդ սև նշանն ընկած է իմ առջև։ Սակայն անկյունաձև մակագրությունից մնացել էին միայն կարծես եղունգով արված քերծվածքի հետքեր։

Այսպես վերջացան այդ գիշերվա դեպքերը։ Ռոմ խմելուց հետո մենք պառկեցինք քնելու։ Վրեժ լուծելու համար Սիլվերը Ջորջ Մերիին նշանակեց ժամապահ, սպառնալով մահով, եթե որևէ մի բան լավ չի տեսնի։

Ես երկար ժամանակ աչքս կպցնել չէի կարողանում։ Մտածում էի այն մարդու մասին, որին սպանեցի, փրկելով իմ կյանքը։ Մտածում էի այն նշանավոր խաղի մասին, որ խաղում էր Սիլվերը։ Մի ձեռքով պահելով ավազակների խումբը, մյուս ձեռքով բռնելով ամեն տեսակի կարելի ու անկարելի միջոցներ, որ փրկի իր աննշան կյանքը։ Նա հանդարտ քնած էր և խռմփում էր։ Բայց, այնուամենայնիվ, խղճալուց իմ սիրտը ճմլվում էր, երբ նայում էի նրան և մտածում, թե ինչպիսի փորձանքներով է շրջապատված նա և ինչ խայտառակ մահ է սպասում նրան։


Գլուխ XXX։ Ազնիվ խոսքով

Ինձ արթնացրեց, ավելի ճիշտ, մեզ բոլորիս արթնացրեց, որովհետև վեր թռավ մինչև անգամ ժամապահը, որ ննջում էր դռան մոտ, մի պարզ, բարձր ձայն, որ լսվեց անտառի եզրից։

— Էյ, կայազոր, վեր կաց։ Բժիշկը գալիս է։

Իսկապես բժիշկն էր։ Նրա ձայնը լսելով, ես ուրախացա, բայց իմ ուրախությանը խառնված էին հուզմունք և ամոթանք։ Ես հիշեցի իմ դասալքությունը, այն դավաճանությունը, որ ես կատարեցի։ Եվ այդ բոլորն ի՞նչ բանի հասցրեց։ Նրան, որ ես գերի եմ ավազակների մոտ, որոնք ամեն րոպե կարող են ինձ կյանքից զրկել։ Ես ամաչում էի նայել բժշկի երեսին։ Բժիշկը, երևի, վեր էր կացել դեռ լույսը բացվելուց առաջ, որովհետև օրը նոր էր սկսվում։ Ես վազեցի հրակնատի մոտ և նայեցի։ Նա կանգնած էր ներքևում, մինչև ծնկները սողացող մառախուղի մեջ, ինչպես մի ժամանակ կանգնած էր հենց այս ամբարի մոտ Սիլվերը։

— Բարև, բժիշկ։ Բարի լույս, պարոն,— բացականչեց Սիլվերը, սիրալիր ժպիտով։— Ինչ շուտ եք վեր կացել։ Վաղ զարթնող թռչունը շատ ուտելիք կգտնի, ինչպես ասում է առակը։ Ջորջ, սթափվիր, որդիս, և օգնիր բժիշկ Լիվսիին, որ նավը բարձրանա։ Ամեն ինչ կարգին է, բժիշկ։ Ձեր պացիենտները առաջվանից ավելի ուրախ և կայտառ են։

Այսպես նա զվարճախոսում էր, բլրի գագաթին կանգնած, հենակը կռնատակին, մի ձեռքով հենված պատին, միանգամայն առաջվա Ջոնը և՛ ձայնով, և՛ բռնելակերպով, և՛ ծիծաղով։

— Մեզ մոտ անակնկալ բան կա ձեզ համար, պարոն,— շարունակեց նա։— Մի փոքրիկ եկվոր, հա՜, հա՜։ Նոր կենվոր, այն էլ ինչպիսի կենվոր։ Արջամկան պես է քնած, աստված վկա։ Ամբողջ գիշերը քնած էր Ջոնի հետ կողք կողքի։

Այդ ժամանակ բժիշկ Լիվսին անցավ ցցապատից և մոտեցավ խոհարարին։ Եվ ես նկատեցի, թե ինչպես նրա ձայնը ղողաց, երբ հարցրեց.

— Մի՞թե Ջիմն է։

— Նա ինքը,— պատասխանեց Սիլվերը։

Բժիշկը հանկարծ կանգ առավ։ Կարծես թե տեղից շարժվելու հնարավորության չուներ։

— Լա՜վ,— ասաց նա վերջապես։— Առաջ գործ, հետո ուրախություն։ Կարծեմ առակն այսպես է։ Առաջ հիվանդներին նայենք։

Բժիշկը մտավ տուն և սառնությամբ ինձ գլխով անելով, զբաղվեց իր հիվանդներով։ Նա իրեն պահում էր հանդարտ ու հասարակ կերպով, թեև ես չէի կարող չգիտենալ, որ նրա կյանքն այս նենգ մարդկանց մեջ մազից է կախված։ Նա շաղակրատում էր բուժվողների հետ այնպես, որ կարծես թե հրավիրել են հիվանդի մոտ, անգլիական խաղաղ ընտանիքում։ Ինձ թվաց, որ նրա վերաբերմունքը ծովահենների վրա ուժեղ ազդեցություն էր թողնում։ Նրանք այնպես էին իրենց պահում, որ կարծես թե ոչինչ չի պատահել, կարծես թե նա առաջվա նման նավի բժիշկ է և իրենք առաջվա պես փութաջան և անձնվեր նավաստիներ են։

— Դու առողջանում ես, բարեկամս,— ասաց նա գլուխը փաթաթած մարդուն։— Քո տեղը, եթե ուրիշը լիներ, չէր ապրի։ Բայց քո գլուխը չուգունի կաթսայի պես պինդ է։ Իսկ ինչպե՞ս են քո գործերը, Ջորջ։ Դու ամբողջովին դեղին ես։ Քո փայծաղը կարգին չէ։ Դեղ ընդունե՞լ ես։ Ասացե՛ք, նա դեղ ընդունե՞լ է։

— Ինչպես չէ, պարոն, ինչպես չէ։ Ընդունել է, պարոն,— ձայն տվեց Մորգանը։

— Այն ժամանակից, երբ ես բանդիտների կամ, ավելի ճիշտ, բանտի բժիշկ դարձա,— ասաց բժիշկ Լիվսին բարեսիրտ ժպիտով,— ես իմ պարտականությունն եմ համարում պահել ձեզ անվնաս, հանգույցի համար։

Ավազակներն իրար նայեցին, բայց լռությամբ կուլ տվին բժշկի կատակը։

— Դիկն իրեն վատ է զգում, պարոն,— ասաց մեկը։

— Վա՞տ,— ասաց բժիշկը։— Դե՛, մի այստեղ եկ տեսնեմ, Դիկ, լեզուդ ցույց տուր։ Օ՜, ես չեմ զարմանում, որ նա իրեն վատ է զգում։ Այդպիսի լեզվով կարելի է վախեցնել և ֆրանսիացիներին։ Նա էլ է սկսել ջերմել։

— Ահա թե ինչ է պատահում այն մարդու հետ, որը փչացնում է սուրբ գիրքը,— ասաց Մորգանը։

— Պատահում է նրա հետ, որ իշի նման հիմար է,— առարկեց բժիշկը։— Նրա հետ, ում խելքը պակաս է ու չի տարբերում թարմ օդը վարակված օդից, չոր գետինը թունավոր և գարշելի ճահճից։ Դուք բոլորդ էլ վարակվել եք ջերմով, բարեկամնե՛րս, և շատ ժամանակ կանցնի, մինչև որ ազատվեք։ Տեղավորվել ճահճի վրա՞։ Սիլվեր, դուք ինձ զարմացրիք, աստված վկա։ Դուք այնպիսի հիմար չեք, ինչպես մյուսները, սակայն ամենափոքր հասկացողություն անգամ չունեք, թե ինչպես պետք է պահպանել ձեր ստորադրյալների առողջությունը։— Շատ լավ, ասաց բժիշկը, նայելով իր պացիենտներին և մի քանի բժշկական խորհուրդներ տալով, որ նրանք լսեցին այնպիսի հեզությամբ, որ կարծես արյունարբու ավազակներ չլինեին, այլ բարեգործական դպրոցի սաներ։— Այսօր բավական է։ Իսկ հիմա, եթե թույլ կտաք, ես կուզենայի զրուցել այս պատանու հետ։— Եվ նա անփույթ կերպով ինձ գլխով արավ։

Ջորջ Մերին կանգնած էր դռան մոտ և, կնճռոտվելով, ինչ-որ դառը դեղ էր ընդունում։ Լսելով բժշկի խնդիրը, նա ամբողջովին կարմրեց, դարձավ դեպի նա և գոռաց․

— Ո՛չ մի կերպ։

Եվ վատ հայհոյանքներ տվավ։

Սիլվերը ձեռքը խփեց տակառին։

— Լռի՛ր,— մռնչաց նա և կատաղած առյուծի նման նայեց չորս կողմը։— Բժիշկ,— շարունակեց նա քաղաքավարի կերպով,— ես համոզված էի, որ դուք կցանկանաք խոսել Ջիմի հետ, որովհետև գիտեի, որ այս տղան ձեր սրտովն է։ Մենք բոլորս այնպես շնորհակալ ենք ձեզանից, մենք, ինչպես տեսնում եք, այնպես վստահում ենք ձեզ, մենք ձեր դեղերն օղու պես խմում ենք։ Ես իսկույն ամեն բան կանեմ։ Հոկինս, դու կարո՞ղ ես ինձ ջենտլմենի ազնիվ խոսք տալ, որովհետև, թեև քո ծնողներն աղքատ են, բայց դու ջենտլմեն ես, որ ոչ մի տեղ չես փախչի։

Ես հոժարությամբ նրան ազնիվ խոսք տվի։

— Այդ դեպքում, բժիշկ,― ասաց Սիլվերը,– դուք ցցապատից անցեք։ Երբ որ անցնեք, ես Ջիմին ներքև կբերեմ։ Դուք կլինեք ցցապատի մի կողմում, իսկ նա՝ մյուս կողմում և այդ հանգամանքը չի խանգարի ձեզ, որ սրտանց խոսեք։ Ցտեսություն, պարոն։ Բարևեցեք կալվածատիրոջը և նավապետ Սմոլետին։

Հենց որ բժիշկը դուրս եկավ, ծովահենների զայրույթը, որ պահում էին Սիլվերի երկյուղից, պայթեց։ Նրանք մեղադրում էին Սիլվերին, որ նա կրկնակի խաղ է խաղում, որ նա ուզում է իրեն պաշտպանել, իսկ մյուսներին մատնել։ Մի խոսքով, նրանք իմացան Սիլվերի մտադրությունը։ Ես չէի կարծում, որ նա այս անգամ կարող է դուրս պրծնել։ Բայց նա բոլորից երկու անգամ խելոք էր, և նրա երեկվա հաղթությունը մեծ իշխանություն էր տվել։ Նա նրանց հիմար անվանեց, հայտնեց, որ առանց իմ և բժշկի խոսակցության յոլա գնալ չի կարելի, ցույց էր տալիս նրանց քարտեզը և հարցնում․ մի՞թե նրանք ուզում են խախտել պայմանն այն օրը, երբ կարելի է սկսել գանձերի որոնումը։

— Ո՛չ, երդվում եմ որոտով,— գոռում էր նա։— Կգա ժամանակ, որ մենք էլ նրանց քիթը կքաշենք, բայց մինչև այն ժամանակը ես պետք է փաղաքշեմ այդ բժշկին, մինչև անգամ եթե ստիպված լինեմ նրա կոշիկները ռոմով մաքրել։

Նա հրամայեց խարույկ վառել, հենակը վերցրեց, ձեռքը դրեց ուսիս և կաղալով ցած իջավ, ծովահեններին շփոթության մեջ թողնելով։ Զգացվում էր, որ նրա փաստերը նրանց վրա այնքան էլ չազդեցին։

— Մի՛ շտապիր, բարեկամս, մի շտապիր,— ասաց նա ինձ։— Նրանք միանգամից կհարձակվեն մեզ վրա, եթե նկատեն, որ երկուսս էլ շտապում ենք։

Մենք դանդաղ իջանք ավազոտ զառիվայրով այնտեղ, որտեղ ցցապատի ետևին սպասում էր բժիշկը։ Սիլվերը կանգ առավ։

— Թող Ջիմը պատմի ձեզ, բժիշկ, թե ինչպես ես ազատեցի նրա կյանքը, թեև դրա համար քիչ մնաց, որ նավապետի կոչումից զրկվեմ,— ասաց նա։— Ա՜խ, բժիշկ, երբ մարդ իր նավակը վարում է դեպի կործանումը, երբ նա մահվան հետ գիր ու արծիվ է խաղում, նա ուզում է թեկուզ մի ամենափոքր բարի խոսք լսել։ Նկատի ունեցեք, որ խոսքս վերաբերում է ոչ միայն իմ, այլև այս տղայի կյանքին։ Պաղատում եմ ձեզ, բժիշկ, խղճացեք ինձ, գոնե հույսի մի ստվեր տվեք։

Այժմ, ընկերներից հեռանալով և մեջքը դեպի ամրոցը կանգնած լինելով, Սիլվերը միանգամից ուրիշ մարդ դարձավ։ Նրա թշերը ներս ընկան, ձայնը դողում էր։ Իսկական մեռել դարձավ։

— Մի՞թե դուք վախենում եք, Ջոն,— հարցրեց բժիշկ Լիվսին։

— Բժիշկ, ես վախկոտ չեմ։ Ո՛չ, ես մինչև անգամ այսքան էլ վախկոտ չեմ,— և նա ցույց տվավ մատի ծայրը,— սակայն, ճիշտն ասեմ, երբ մտածում եմ կախաղանի մասինք մարմինս դող է ընկնում։ Դուք բարի և ճշմարիտ մարդ եք։ Ձեզանից լավը կյանքում չեմ տեսել։ Դուք չմոռանաք իմ արած լավությունները, թեև իհարկե, չարությունն էլ չեք մոռանա։ Տեսնո՞ւմ եք, ես մի կողմ եմ քաշվում և ձեզ Ջիմի հետ մենակ եմ թողնում։ Սա էլ դուք կհաշվեք իբրև լավություն, այնպես չէ՞։

Նա մի կողմ քաշվեց, ճիշտ այնքան տարածություն, որ մեզ չլսի, նստեց կոճղի վրա և սկսեց շվշվացնել։ Նա այս ու այն կողմ էր դառնում, նայում էր երբեմն ինձ, երբեմն բժշկին, երբեմն անզսպելի ծովահեններին, որոնք ավազի վրա փռված, խարույկ էին վառում, երբեմն էլ տանից բերում էին խոզի միս և հաց նախաճաշի համար։

— Եվ այդպես, Ջիմ,— տխուր ասաց բժիշկը,— դու այստեղ ես։ Ինչ որ ցանես, այն կհնձես, տղաս։ Ես չեմ կարողանում քեզ հայհոյել։ Միայն մի բան կասեմ. եթե նավապետ Սմոլետն առողջ լիներ, դու չէիր համարձակվի փախչել մեզանից։ Դու անազնիվ վարվեցիր, դու գնացիր, երբ նա հիվանդ էր և քեզ չկարողացավ ուժով պահել։

Պետք է խոստովանեմ, որ այս խոսքերը լսելուց հետո ես լաց եղա։

— Բժիշկ,— աղաչեցի ես,— խնդրում եմ ինձ չհայհոյեք։ Ես ինքս ինձ շատ եմ հայհոյել։ Իմ կյանքը մազից է կախված։ Ես այժմ էլ մեռած կլինեի, եթե Սիլվերն ինձ չպաշտպաներ։ Մահից ես չեմ վախենում, բժիշկ, ես միայն տանջանքից եմ վախենում։ Եթե նրանք սկսեն ինձ տանջել․․․

— Ջիմ,— ընդհատեց բժիշկը, և նրա ձայնը քիչ փոխվեց։— Ջիմ, այդ ես չեմ կարող թույլ տալ։ Ցցապատն անցիր, փախչենք։

— Բժիշկ,— ասացի ես,― չէ՞ որ ես ազնիվ խոսք եմ տվել։

— Գիտե՛մ, գիտե՛մ,— բացականչեց նա։— Ի՞նչ արած, Ջիմ։ Այդ մեղքը ես ինձ վրա կվերցնեմ։ Չէ՞ որ ես չեմ կարող քեզ այստեղ անօգնական թողնել։ Թռի՛ր։ Մի ոստյուն, և դու ազատության մեջ կլինես։ Քարայծի նման կսլանանք։

— Ո՛չ,— պատասխանեցի ես։— Չէ՞ որ դուք բոլորդ էլ այդպես չէիք վարվի։ Ո՛չ դուք, ո՛չ կալվածատերը և ո՛չ նավապետը տված խոսքը չէիք դրժի։ Սիլվերն ինձ վստահում է։ Ես նրան ազնիվ խոսք եմ տվել։ Բայց, բժիշկ, դուք ինձ մինչև վերջ չլսեցիք։ Եթե նրանք սկսեն ինձ տանջել, ես չեմ դիմանա և կասեմ, թե որտեղ եմ թաքցրել նավը։ Իմ գործը լավ գնաց, բժիշկ, բախտն ինձ ժպտաց, և ես նրանց նավը տարա։ Այժմ նավը գտնվում է Հյուսիսային ծովախորշի հարավային ափին։ Մակընթացություն ժամանակ կարելի է այնտեղից դուրս բերել։

— Նա՞վը,— բացականչեց բժիշկը։

Եվ ես մի քանի խոսքով պատմեցի նրան ինչ որ պատահել էր։ Նա լուռ լսեց ինձ։

— Դա ճակատագիր է,— նկատեց նա, երբ վերջացրի։— Ամեն անգամ դու ազատում ես մեզ մահից։ Եվ մի՞թե դու կարծում ես, որ մենք կթողնենք, որ դու այստեղ դանակով մեռնես։ Այդ վատ պարգև կլինի այն բոլորի համար, որ դու մեզ համար արել ես, տղաս։ Դու հայտնաբերեցիր դավադրությունը։ Դու գտար Բեն Գանին։ Ավելի լավ բան քո ամբողջ կյանքում չես անի, եթե հարյուր տարի էլ ապրելու լինես։ Այդ Բեն Գանը օ՛յ, օ՛յ, օ՛յ։ Ի դեպ Բեն Գանի մասին․․․ Սիլվեր,–– գոչեց նա։— Սիլվեր, ես ուզում եմ ձեզ խորհուրդ տալ,— շարունակեց նա, երբ խոհարարը մոտեցավ,— մի՛ շտապեք որոնել գանձը։

— Ես, պարոն, ամբողջ ուժով պետք է աշխատեմ ձգձգել այդ գործը,— ասաց Սիլվերը։— Բայց երդվում եմ, որ միայն գանձի որոնումով կարող եմ փրկել իմ և այս դժբախտ տղայի կյանքը։

— Լա՛վ, Սիլվեր,— ասաց բժիշկը,— եթե այդպես է, որոնեցեք։ Բայց ես ձեզ մի խորհուրդ էլ կտամ. գանձին մոտենալիս աղմուկից խուսափեցեք։

— Պարոն,— ասաց Սիլվերը,— դուք ինձ ասացիք կամ շատ բան, կամ չափազանց քիչ։ Ի՞նչ եք ուզում։ Ինչո՞ւ թողիք ամրոցը։ Ինչո՞ւ տվիք ինձ քարտեզը։ Ես այդ չհասկացա և այժմ էլ չեմ հասկանում։ Ես կուրորեն կատարեցի այն բոլորը, ինչ որ դուք պահանջեցիք, թեև մի փոքրիկ հույս անգամ չտվիք։ Իսկ այժմ նոր գաղտնիքներ։ Եթե այդ գաղտնիքներն էլ բաց չանեք, էլ ինչպե՞ս կարող եմ ձեզ օգնել։

— Ո՛չ,— մտախոհ պատասխանեց բժիշկը,— ես իրավունք չունեմ այդպիսի գործերի մասին ձեղ տեղյակ պահել։ Դա իմ գաղտնիքը չէ, Սիլվեր։ Այլապես, երդվում եմ իմ կեղծամով, որ ես բոլորը կպատմեի ձեզ։ Եթե ես մի խոսք անգամ ասեմ, նավապետը խիստ կպատժի ինձ։ Այնուամենայնիվ, ես ձեզ մի փոքրիկ հույս կտամ, Սիլվեր, եթե ես ու դուք դուրս պրծնենք այս գայլի փոսից, ես կաշխատեմ ձեզ փրկել կախաղանից։

Սիլվերի դեմքը վայրկենապես փայլեց։

— Հարազատ մայրս էլ չէր կարող դրանից լավ մխիթարել ինձ,— բացականչեց նա։

— Սա առաջինը, ինչ որ ես կարող եմ ասել ձեզ,— ավելացրեց բժիշկը։— Եվ երկրորդ․ այս տղային պահեցեք ձեզ մոտ և, եթե հարկավոր լինի օգնել, կանչեցեք ինձ։ Ես կաշխատեմ ձեզ ազատել, և այն ժամանակ դուք կտեսնեք, որ իմ ասածները դատարկ խոսքեր չեն... Մնաս բարով, Ջիմ։

Ցցապատի միջից բժիշկ Լիվսին սեղմեց իմ ձեռքը, Սիլվերին գլխով արավ և արագ քայլերով ուղղվեց դեպի անտառը։


Գլուխ XXXI։ Գանձերի որոնումը։ Նավապետ Ֆլինտի ցուցասլաքը

— Ջի՛մ,— ասաց Սիլվերը, երբ մենք մենակ մնացինք,— ես քո կյանքն ազատեցի, դու՝ իմը։ Եվ ես այդ երբեք չեմ մոռանա։ Չէ՞ որ ես տեսա, թե ինչպես բժիշկը համոզում էր քեզ փախչել։ Թեև աչքի մի ծայրով, բայց տեսա։ Ես քո պատասխանը չլսեցի, բայց տեսա, որ դու հրաժարվեցիր։ Այդ ես չե՛մ մոռանա, Ջիմ։ Այսօր առաջին անգամ, բերդի վրա անհաջող գրոհից հետո, իմ մեջ հույս փայլեց։ Եվ էլի քո պատճառով։ Գանձերի որոնումը, Ջիմ, մենք կսկսենք կուրորեն, և այդ ինձ դուր չի դալիս։ Բայց մենք ուժեղ կպաշտպանենք իրար և, ինչ էլ որ լինի, կփրկենք մեր պարանոցները։

Ծովահեններից մեկը, որ զբաղված էր խարույկի մոտ, ձայն տվեց, թե նախաճաշը պատրաստ է։ Մենք նստեցինք ավազի վրա, խարույկի մոտ և սկսեցինք տապակած, աղած միս ուտել։ Ավազակներն այնպիսի խարույկ էին վառել, որ կարելի էր եզ տապակել։ Շուտով խարույկն այնպես բոցավառվեց, որ նրան կարելի էր մոտենալ, այն էլ զգաշությամբ, միայն այն կողմից, որտեղից քամի էր փչում։ Այդպես էլ շռայլությամբ էին վերաբերվում ծովահենները դեպի մթերքը․ անչափ աղած միս էին ուտում, առնվազն երեք անգամ ավելի, քան հարկավոր էր։ Նրանցից մեկը, հիմարաբար ծիծաղելով, կրակի մեջ շպրտեց մնացած կտորները։ Կրակն ավելի պայծառ բոցավառվեց, կլանելով այդ արտասովոր վառելիքը։ Կյանքումս երբեք չէի տեսել այդպիսի մարդիկ, որոնք այդ աստիճան անհոգ վերաբերմունք ունենային դեպի վաղվա օրը։ Ամեն բան անում էին անփութությամբ, անմիտ կերպով ոչնչացնում էին մթերքը, ժամապահ կանգնած ժամանակ քնում էին և այլն։ Առհասարակ, նրանք ընդունակ էին կարճատև բռնկումների, իսկ երկարատև ռազմական գործողությունների համար անընդունակ էին։

Մինչև անգամ Սիլվերը, որը իր թութակի հետ նստած էր մի կողմ, այդ վատնումի համար ոչ մի նկատողություն չարավ։ Այդ բանը շատ զարմացրեց ինձ, որովհետև ես գիտեի, թե ինչպիսի զգույշ և հեռատես մարդ է նա։

— Այո՛, բարեկամնե՛րս,— ասաց նա,— բախտավոր եք, որ Ազդր ունեք, որն ամեն ժամանակ մտածում է ձեր մասին։ Ես տեղեկացել եմ այն, ինչ որ ինձ հարկավոր է։ Նավը նրանց մոտ է։ Առայժմ չգիտեմ, թե որտեղ են թաքցրել։ Բայց երբ մենք գանձ կունենանք, կորոնենք ողջ կդզին և նորից նավը ձեռք կգցենք. համենայն դեպս մենք ուժեղ ենք նրանով, որ նավակներ ունենք։

Այդպես էր ճառում նա, տաք խոզի միսը բերանը լցնելով։ Նա նրանց հույս էր տալիս, նա վերականգնում էր իր խախտված հեղինակությունը և միաժամանակ, ինչպես ինձ թվաց, աշխուժացնում էր ինքն իրեն։

— Իսկ մեր պատանդը,— շարունակեց նա,— վերջին անգամ տեսակցություն ունեցավ այն մարդկանց հետ, որոնք նրա սրտի համար սիրելի են։ Նրա խոսակցությունից ես իմացա այն բոլորը, ինչ որ ինձ հարկավոր էր և դրա համար նրանից շատ շնորհակալ եմ։ Իսկ այժմ՝ վերջացավ։ Երբ կգնանք գանձը որոնելու, ես նրան պարանով կկապեմ և ետևիցս կտանեմ։ Նա մեզ համար ոսկուց թանկ է, և մենք նրան կենդանի կպահենք․ որևէ դեպքում պետք կգա։ Իսկ երբ մենք և՛ նավ կունենանք, և՛ գանձ, երբ մենք խմբով ուրախ ճանապարհ կընկնենք դեպի ծով, այն ժամանակ մենք կխոսենք պարոն Հոկինսի հետ ինչպես պետքն է, և նա կստանա իր բաժինը ըստ իր արժանիքի։

Զարմանալի չէ, որ նրանք չափազանց ուրախացան։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես չափազանց հուսահատվեցի և վհատվեցի։ Եթե Սիլվերի պլանը, որի մասին հայտնեց, կատարվի, այդ կրկնակի դավաճանը ոչ մի րոպե չի տատանվի։ Նա խաղում է երկու ճակատում և, անկասկած, ազատությունը և ծովահենի հարստությունը կգերադասի հանգույցից ազատվելու այն թույլ հույսից, որ մենք կարող ենք առաջարկել նրան։

Իսկ եթե հանգամանքները կստիպեն Սիլվերին պահել բժշկին տված խոսքը, ինձ, միևնույն է, մահվան վտանգ է սպառնում։ Նրա ընկերների կասկածներն ամեն րոպե կարող են համոզմունք դառնալ։ Այն ժամանակ ես էլ, նա էլ պետք է պաշտպանենք մեր կյանքը, նա՝ կաղ, ես՝ երեխա, հինգ հսկա նավաստիներից։

Այս երկու վտանգին ավելացրեք նաև այն գաղտնիքը, որով դեռևս ծածկված էին իմ բարեկամների արարքները։ Ինչո՞ւ նրանք հեռացան ամրոցից։ Ինչո՞ւ նրանք տվին քարտեզը։ Ի՞նչ են նշանակում այն խոսքերը, որ ասաց թժիշկը Սիլվերին, «Գանձը որոնելիս աղմուկից խուսափեցեք»։ Տարօրինակ չէ՞ր, որ նախաճաշն այնքան էլ համեղ չթվաց և ես ծանր սրտով քարշ էի գալիս ավազակների ետևից, երբ գնում էին գանձը որոնելու։

Մենք բավականին տարօրինակ տեսարան էինք ներկայացնում՝ բոլորն էլ նավաստու կեղտոտ բաճկոն հագած, բոլորը, բացի ինձանից, մինչև ատամները զինված։ Սիլվերը երկու հրացան էր քարշ տալիս, մեկը մեջքին, մյուսը՝ կրծքին։ Թուրը խրել էր գոտկի մեջ։ Իր լայնափեշ հագուստի յարաքանչյուր գրպանում մի-մի ատրճանակ էր դրել։ Այդ բոլորը լրացնելու համար նրա ուսին նստած էր նավապետ Ֆլինտը, որն առանց լռելու արտասանում էր զանազան ծովային անկապ խոսքեր։ Իմ գոտկատեղից էլ պարան էին կապել, և ես հլու-հնազանդ քարշ էի գալիս խոհարարի ետևից։ Պարանի ծայրը նա բռնում էր երբեմն ազատ ձեռքով, երբեմն ատամներով։ Ինձ տանում էին որպես վարժեցրած արջ։

Ամեն մեկը մի որևէ բան էր տանում․ ոմանք բահեր ու երկաթե նիգեր (ավազակները այդ իրերը «Իսպանոլայից» դուրս էին բերել ամենից առաջ), մյուսները՝ խոզի միս, պաքսիմատ և անգլիական օղի ճաշի համար։ Ես նկատեցի, որ բոլոր մթերքներն իսկապես վերցված էին մեր պահեստից և հասկացա, որ Սիլվերը երեկ երեկոյան ճշմարիտն ասաց։ Եթե նա բժշկի հետ որևէ պայման կապած չլիներ, նավը կորցրած ավազակներն ստիպված կլինեին կերակրվել սպանած թռչուններով և վրայից էլ ջուր խմել։ Ջուրը նրանք չէին սիրում, իսկ որս անել ծովահենները չեն կարողանում։ Եվ եթե նրանք մինչև անգամ ուտելիքի պաշար չէին պատրաստել, ապա վառոդի պատրաստություն բոլորովին չէին տեսել։ Այնուամենայնիվ, մենք ճանապարհ ընկանք, մինչև անգամ գլուխը ջարդված ծովահենը, որի համար ավելի օգտակար կլիներ մնալ անկողնում։ Իրար ետևից շարված մի կերպ քարշ եկանք մինչև ափը, որտեղ մեզ սպասում էին երկու նավակ։ Մինչև անգամ այդ նավակներն էլ վկայում էին ընդմիշտ հարբած ծովահենների հիմար անհոգության մասին․ երկուսն էլ ցեխի մեջ կորած էին, մեկի նստարանն էլ կոտրված էր։ Որոշվեց ճանապարհ ընկնել երկու նավակով, որ ոչ մեկը չկորչի։ Երկու մասի բաժանվելով, վերջապես մենք հեռացանք ափից։

Ճանապարհին քարտեզի մասին վեճ սկսվեց։ Կարմիր խաչը չափազանց մեծ էր և չէր կարող, իհարկե, տեղի ճիշտ ցուցիչ ծառայել։ Քարտեզի հակառակ կողմում եղած բացատրությունները համառոտ էին ու անորոշ։ Եթե ընթերցողը հիշում է, գրված էր այսպես․

««Մեծ ծառ» հեռադիտակի ուսին, ուղղությունը դեպի Հ․ Հ․ Հ․ ― Ա․-ից։
Կմախքի կղզին Ա. Հ. Ա. և Ա․ վրա։
Տասը ֆուտ»։

Եվ այդպես, նախ և առաջ պետք էր գտնել մեծ ծառը։ Ուղիղ մեր առջև, Խարսխի կայանը վերջափակվում էր երկու-երեք հարյուր ֆուտ բարձրություն ունեցող սարահարթով, որը հյուսիսում միանում էր Հեռադիտակի հարավային լանջին, հարավում դառնում էր ժայռոտ բարձրություն, որը, կոչվում էր Բիզանկայմ։ Սարահարթում աճել էին երկար ու կարճ սոճիներ։ Թե որն էր այդ ծառերից նավապետ Ֆլինտը երկար անվանել, կարելի էր որոշել տեղում, կողմնացույցի միջոցով։

Այնուամենայնիվ, մենք դեռ ճանապարհի կեսն էլ չէինք անցել, իսկ յուրաքանչյուրն արդեն որևէ ծառ էր ընտրել։ Միայն Երկարահասակ Ջոնն ուսերը թոթվեց և խորհուրդ տվեց սպասել, մինչև որ տեղ հասնենք։

Սիլվերի ցուցմունքով, մենք ուժերս խնայում էինք և շատ էլ չէինք հենվում թիակների վրա ու երկար գնալուց հետո իջանք երկրորդ գետի գետաբերանին, այն գետի, որը հոսում է հեռադիտակի անտառոտ լանջով։ Այնտեղից, թեքվելով դեպի ձախ, մենք սկսեցինք մոտենալ սարահարթին։

Սկզբում մեր առաջխաղացումը շատ դժվար էր, փափուկ հողի և խիտ ճահճային բուսականության պատճառով։ Բայց կամաց-կամաց վերելքը դարձավ զառիթափ, հողը քարոտ, բուսականությունը բարձր և ցանցառ։ Մենք մոտենում էինք կղզու լավագույն մասին։ Խոտի փոխարեն գետինը ծածկված էր հոտավետ ծաղկափթիթ թփերով։ Մուսկատի ընկույզի կանաչ թփուտների մեջ, այստեղ ու այնտեղ բարձրանում էին բարձր սոճիների ծիրանագույն սյուներ, որոնք լայն ստվեր էին տալիս։ Մուսկատի հոտը խառնվում էր փշատերևների հոտի հետ։ Օդը թարմ էր ու շարժուն։ Արեգակը փայլում էր, բայց թեթև քամին թարմացնում էր մեր դեմքը։

Ավազակները գնում էին ցրված և ուրախ-ուրախ իրար ձայն տալիս։ Մեջտեղում, բոլորից չափազանց ետ մնացած, կամաց-կամաց գնում էր Սիլվերը, քարշ տալով ինձ իր ետևից։ Նրա համար դժվար էր բարձրանալ սարալանջի խճով ծածկված ճանապարհով։ Ես հաճախ բռնում էի նրան, երբ սայթաքում էր։

Այդպես գնացինք մենք կես մղոնի չափ և արդեն հասել էինք գագաթին, երբ հանկարծ ձախ կողմից գնացող մի ավազակ, սարսափից գոռաց։ Նա անընդհատ ճչում էր, և բոլորը վազելով մոտեցան նրան։

— Դուք կարծում եք, թե նա պատահաբար գանձի տեղը գտե՞լ է,— ասաց ծերունի Մորգանը, շտապ վազելով մեր մոտից։– Ո՛չ, ո՛չ, մենք դեռ այն ծառին չենք հասել։

Այո՛, նա գանձը չգտավ։ Բարձր սոճու տակ ընկած էր մի կմախք։ Բարձր խոտերը խիտ ցանցով շրջապատել էին նրան, տեղից շարժելով մանր ոսկորներից մի քանիսը։ Կմախքի վրա տեղ-տեղ մնացել էին փտած հագուստի մնացորդները։ Ես հավատացած եմ, որ չկար մեր մեջ մի մարդ, որի մարմնով սարսուռ չանցներ։

— Սա ծովային է եղել,— ասաց Ջորջ Մերին, որը մյուսներից ավելի համարձակ էր դիտում փտած լաթերը։— Նրա հագուստը ծովայինի է։

— Իհարկե ծովային է,— ասաց Սիլվերը։— Ենթադրում եմ, որ դու հույս ունեիր այստեղ եպիսկոպոս գտնել։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ այս ոսկորները այսպիսի տարօրինակ կերպով են ընկած։

Ճիշտ որ, կմախքն ընկած էր անբնական դիրքով։ Տարօրինակ պատահականությամբ (մեղավո՞ր են արդյոք նրան կտցող թռչունները, գուցե և դանդաղ աճող խոտերը, որ նրան չորս կողմից շրջապատել էին) նա պառկած էր ձգված, նետի պես ուղիղ. նրա ոտները մի կողմ էին դարձված, իսկ գլխի վրա բարձրացված ձեռքերը մյուս կողմը, ինչպես ցատկելու պատրաստ լողորդ։

— Էհե՜, ես սկսում եմ հասկանալ,— ասաց Սիլվերը։— Սա կողմնացույց է։ Այո՛, այո՛։ Ահա ցցված է, ինչպես ատամ։ Կմախքի կղզու գագաթը։ Կողմնացույցով ստուգեցեք, թե որ կողմն է ցույց տալիս մեռելը։

Ստուգեցին։ Իսկապես, մեռելը ցույց էր տալիս դեպի Կմախքի կղզին։ Կողմնացույցը ցույց է տալիս Ա—Հ—Ա և դեպի Ա ուղղությունը։

— Այդպես էլ կարծում էի,— բացականչեց խոհարարը։— Սա ցուցասլաք է։ Նշանակում է, այնտեղ Բևեռային աստղն է, իսկ ահա այնտեղ ուրախ դոլարները։ Երդվում եմ որոտով, Ֆլինտին հիշելիս իմ մարմնով սարսուռ է անցնում։ Սա նրա սիրելի սրամտություններից մեկն է։ Նա վեց ընկերների հետ մնաց այստեղ և բոլորին կտոր-կտոր արավ։ Իսկ հետո սպանվածներից մեկից իր համար կողմնացույց պատրաստեց։ Ոսկորները երկար են, մազերը դեղին։ Է՜, սա Ալարդայսն է, պատժի ինձ աստված։ Դու հիշո՞ւմ ես Ալարդայսին, Թոմ Մորգան։

— Ինչպե՞ս չէ,— ասաց Մորգանը,— իհարկե։ Նա ինձ պարտ է մնացել, բացի դրանից վերցրել է իմ դանակը, երբ գնում էր կղզին։

— Ուրեմն դանակն այստեղ պետք է լինի,— ասաց մյուս ավազակը։— Ֆլինտն այնպիսի մարդ չէր, որ նավաստիների գրպանները փնտրեր։ Թռչուններն էլ հո չէի՞ն կարող այդ դանակը տանել։

— Դու ճշմարիտ ես ասում, սատանան տանի քեզ,— բացականչեց Սիլվերը։

— Այնուամենայնիվ, այստեղ ոչինչ չկա,— ասաց Մերին, ուշադրությամբ շոշափելով գետինը։— Գոնե մի պղնձե դրամ մնացած լիներ կամ, օրինակ, ծխախոտի տուփ։ Այս բոլորն ինձ կասկածելի է թվում։

— Ճի՛շտ է, ճի՛շտ է,— համաձայնեց Սիլվերը։— Այստեղ ինչ-որ բան կա։ Այո՛, թանկագին ընկերներ։ Եթե Ֆլինտը կենդանի լիներ, այս տեղերում մենք չէինք կարող զբոսնել։ Մենք վեց հոգի ենք, նրանք էլ վեց հոգի էին, իսկ այժմ նրանցից միայն ոսկորներ են մնացել։

— Ո՛չ, հանգիստ եղիր, նա մեռել է, ես իմ սեփական աչքերով նրան տեսա մեռած,— ձայն տվեց Մորգանը։— Վիլին տարավ ինձ նրա մեռած մարմնի մոտ։ Նա ընկած էր՝ աչքերի տակը կապտած։

— Իհարկե, նա մեռավ,— հաստատեց գլուխը փաթաթված ծովահենը։— Բայց եթե որևէ մեկը մեռնելուց հետո թափառում է աշխարհում, դա, իհարկե, Ֆլինտն է։ Եվ ինչպես դժվար մեռավ մարդը։

— Այո՛, վատ մեռավ,— նկատեց մի ուրիշը։— Երբեմն կատաղում էր, երբեմն ռոմ էր պահանջում, երբեմն սկսում էր երգել «Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա»։ Բացի «Տասնհինգ մարդուց» ուրիշ ոչինչ չէր երգում։ Ես, ճշմարիտն ասեմ ձեզ, այդ օրվանից այդ երգը չեմ սիրում։ Սաստիկ տոթ էր։ Ֆլինտն ամբողջ ուժով երգում էր, և նրա երգը խառնվում էր հոգեվարքի խռխռոցների հետ։

– Հառա՛ջ, հառա՛ջ,— ասաց Սիլվերը,— բավական է շաղակրատեք։ Նա մեռել է և ուրվականի նման չի թափառում երկրում։ Իսկ եթե մինչև անգամ մտածի հեռանալ գերեզմանից, ապա չէ՞ որ ուրվականները երևում են գիշերները, իսկ այժմ, ինչպես տեսնում եք, ցերեկ է․․․ Մեռելի մասին խոսելու կարիք չկա, մեզ սպասում են դուբլոնները։

Մենք առաջ շարժվեցինք։ Ու թեև արեգակն ուժեղ լուսավորում էր, ծովահեններն այլևս այս ու այն կողմ չէին վազում և իրար ձայն չէին տալիս։ Նրանք գնում էին շարքով և իրար հետ խոսում էին կիսաձայն։ Այդպիսի սարսափ էր ազդել նրանց վրա մեռած ծովահենը։


Գլուխ XXX։ Գանձի որոնումը։ Ձայն անտառում

Մասամբ այդ սարսափի թուլացնող ազդեցության տակ, մասամբ էլ նրա համար, որ Սիլվերը և հիվանդ ծովահենները հանգստանան, բարձրավանդակի կատարին ողջ խումբը դադար առավ։

Բարձրավանդակը քիչ թեքված էր դեպի արևմուտք, այդ պատճառով էլ այն տեղից, ուր մենք նստած էինք, երկու կողմից էլ տեսարան էր բացվել։ Առջևում, ծառերի կատարների ետևում, մենք տեսնում էինք Անտառոտ բլուրը, մակընթացության փրփուրով շրջապատված։ Ետևից երևում էր ոչ միայն նեղուցը և Կմախքի կղզին, այլև ցամաքալեզվի հարթության ետևում բաց ծովի ազատ տարածությունը։ Մեզ վրա ուղիղ բարձրանում էր հեռադիտակը՝ տեղ-տեղ նոսր սոճիներով և տեղ-տեղ բերանբաց խոր անդունդներով։

Անդորրությունը խախտվում էր միայն ափակոծության հեռավոր թնդյուններով և անհամար միջատների ժժոցով։ Մարդ չկա։ Ծովի վրա ոչ մի առագաստ։ Մենակության զգացմունքն ավելի ևս ուժեղանում էր շրջապատող տարածությունների լայնությամբ։

Հանգստի ժամանակ Սիլվերը կողմնացույցով չափումներ էր անում։

— Այստեղ երեք «մեծ ծառ» կա,— ասաց նա,— և նրանք բոլորն էլ դասավորված են ուղիղ գծով Կմախքի կղզուց։ «Հեռադիտակի ուսը», ես կարծում եմ, ահա այս փոսն է։ Այժմ երեխան էլ գանձը կգտներ։ Իմ կարծիքով վատ չէր լինի, որ նախ մի բան ուտեինք։

— Ես չեմ ուզում,— մրթմրթաց Մորգանը։— Հենց որ հիշեցի Ֆլինտին, ախորժակս միանգամից կորավ։

— Այո՛, որդիս, բախտավոր ես, որ նա մեռավ,— ասաց Սիլվերը։

— Նրա դեմքն էլ սատանայի դեմքի նման էր,— բացականչեց երրորդ ծովահենը, ցնցվելով։— Ամբողջ մարմինը լրիվ կապույտ էր։

— Դա ռոմից էր,— ավելացրեց Մերին։— Կապո՜ւյտ։ Բա կապույտ չի՞ լինի։ Ռոմից կապտում են, այդ ճիշտ է։

Կմախքի տեսքը և Ֆլինտին հիշելն այնպես էին ազդել այդ մարդկանց վրա, որ նրանք աստիճանաբար ձայները իջեցրին և վերջապես հասան հազիվ լսելի շշնջյունի, որը համարյա անտառի անդորրությունը չէր խախտում։ Եվ հանկարծ մոտիկ պուրակից մեկի բարակ, շառաչող, զիլ ձայնը սկսեց լավ ծանոթ երգը․

։։Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա,
։։Յո-խո-խո և մի շիշ ռոմ։

Մահվան սարսափ պատեց ծովահեններին։ Բոլոր վեցի դեմքերն էլ միանգամից դարձան դեղին։ Մեկը ոտի կանգնեց, մյուսները ջղաձգաբար բռնեցին իրար։ Մորգանը պառկեց գետնին և օձի նման սողաց։

— Ֆլինտն է,— բացականչեց Մերին։

Երգն ընդհատվեց այնպես կտրուկ, ինչպես սկսվել էր, կարծես ձայնանիշի մեջտեղում երգչի բերանը միանգամից փակեցին։ Օրն արևոտ էր և պարզ, երգողի ձայնը դուրեկան էր ու զիլ, և ես իմ ուղեկիցների սարսափը հասկանալ չկարողացա։

— Հառա՛ջ,— ասաց Միլվերը, հազիվ շարժելով մոխրագույն շրթունքները։— Այս կերպ ոչինչ չի դուրս գա։ Իհարկե, այս բոլորը շատ զարմանալի է, և ես չգիտեմ, թե ով է այնտեղ կատակ անում, սակայն համոզված եմ, որ մեռել չէ, այլ կենդանի մարդ։

Խոսելու ժամանակ վերադարձավ նրա արիությունը և դեմքը քիչ առույգացավ։ Մյուսներն էլ, նրա խոսքերի ազդեցության տակ, կայտառացան և կարծես թե սթափվեցին։ Եվ հանկարծ հեռվից լսվեց նույն ձայնը։ Բայց այժմ նա չէր երգում, այլ գոռում էր, կարծես որևէ հեռու տեղից, և նրա գոռոցը հանդարտ, որպես անլսելի արձագանք, տարածվեց հեռադիտակի ծերպերի մեջ։

— Դարբի Մակ-Գրոու,— հառաչեց մեկը և նրա հառաչանքի միջից հեկեկանք էր լսվում։— Դարբի Մակ-Գրոու, Դարբի Մակ-Գրոու...

Այսպես նա կրկնում էր անվերջ։ Հետո նրա ձայնը քիչ բարձրացավ, և մի անլուր հայհոյանք աղաղակելով, ոռնաց.

— Դարբի՛, ռոմ տուր ինձ։

Ավազակները գետնին կպան և աչքները քիչ մնաց ճակատի վրա բարձրանան։ Ձայնը վաղուց էր մարել, բայց նրանք դեռևս կանգնած էին քար կտրած և լուռ նայում էին դեպի առաջ։

— Գործը պարզ է,— ասաց մեկը։— Պետք է փախչել։

— Այդ նրա վերջին խոսքերն էին,— հառաչեց Մորգանը։— Վերջին խոսքերը մահից առաջ։

Դիկը հանեց իր ավետարանը և սկսեց վշտահար աղոթել։ Նախքան ծով դուրս գալը և բանդիտ դառնալը, նա դաստիարակվել էր բարեպաշտ ընտանիքում։

Միայն Սիլվերն իրեն չկորցրեց։ Ես լսում էի, թե ինչպես նրա ատամները չխկչխկում էին երկյուղից, բայց նա ետ դառնալու մասին չէր էլ ուզում լսել։

— Այս կղզու վրա ոչ ոք, բացի մեզանից, մինչև անգամ Դարբիի մասին չի լսել,― փնթփնթաց նա իրեն կորցրած,— ոչ ոք, բացի մեզանից։

Հետո իրեն սանձահարեց և գոչեց․

— Լսեցե՛ք։ Ես եկել եմ այստեղ, որ գանձ հանեմ, և ո՛չ ոք, ո՛չ մարդ, ո՛չ սատանա, ինձ չի կարող կանգնեցնել։ Ես Ֆլինտից չէի վախենում, երբ նա կենդանի էր և, սատանան տանի, մեռած ժամանակ էլ չեմ վախենա։ Մեզանից քառորդ մղոն հեռավորության վրա յոթ հարյուր հազար ֆունտ ստեռլինգ կա։ Մի՞թե գոնե մեկ հաջողության ջենտլմեն ընդունակ է նավի ետևի կողմը շուռ տալ այնքան դրամի առջևից մի ինչ-որ կապտասփաթ հարբեցողի պատճառով, այն էլ սատկած։

Սակայն նրա խոսքերն ավազակների արիությունը չվերադարձրին։ Ընդհակառակը, ոչ հարգելի վերաբերմունքը դեպի ուրվականը նրանց խուճապային սարսափը ուժեղացրեց միայն։

— Լսի՛ր, Ջոն,— ասաց Մերին։— Ուրվականին մի վիրավորիր։

Մնացածներին երկյուղն այնպես էր պատել, որ ոչ մի բառ արտասանել չէին կարողանում։ Մինչև անգամ այս ու այն կողմ փախչելու համարձակություն չունեին։ Վախն ստիպել էր նրանց խմբվել Սիլվերի շուրջը, որովհետև նա բոլորից քաջ էր։ Նրան վերջապես հաջողվեց որոշ չափով ազատվել երկյուղից։

— Ձեր կարծիքով դա ուրվակա՞ն է։ Կարելի է, որ այդպես է,— ասաց նա։— Բայց մի բան է ինձ վրդովում։ Մենք բոլորս էլ պարզ կերպով արձագանք լսեցինք։ Բայց ասացեք, որևէ մեկը տեսե՞լ է, որ ուրվականն ստվեր ունենա։ Եթե ստվեր չի կարող լինել, նշանակում է արձագանք էլ չկա։ Այլապես դա անբնական հիմարություն կլինի։

Այդպիսի փաստերն ինձ թույլ թվացին։ Բայց դուք երբեք նախապես չեք կարող ասել, թե սնահավատ մարդկանց վրա ինչը կազդի։ Ի զարմանս իմ, Ջորջ Մերին ավելի շատ թեթևություն զգաց։

— Այդ ճիշտ է, ասաց նա։— Հա՜մա գլուխ կա ուսերիդ վրա, հա՜, Ջոն։ Ամեն ինչ կարգին է, թանկագին ընկերներ։ Դուք պարզապես սխալ ուղղություն եք վերցրել։ Իհարկե, ձայնը Ֆլինտի ձայնի պես էր։ Բայց, այնուամենայնիվ, ավելի ուրիշի ձայնի էր նման... Ավելի շուտ այդ ձայնը...

— Երդվում եմ սատանայով, որ դա Բեն Գանի ձայնն էր,— ընդհատեց Սիլվերը։

— Ճիշտ է,— բացականչեց Մորգանը, գետնից բարձրանալով և չոքելով,— դա Բեն Գանի ձայնն էր։

— Բայց մե՞ծ տարբերություն կա արդյոք,— հարցրեց Դիկը։— Բեն Գանն էլ է մեռել, Ֆլինտն էլ։

– Թքած Բեն Գանի վրա,— բացականչեց Մերին։— Կենդանի է, թե մեռած, միևնույն չէ՞։

Տարօրինակ էր տեսնել, թե ինչպես այդ մարդիկ արագ սթափվեցին, և թե ինչպես նրանց դեմքին կրկին խաղաց կարմրությունը։ Մի քանի րոպեից հետո նրանք շաղակրատում էին իրար հետ այնպես, որ կարծես թե ոչինչ չէր պատահել, միայն թե ականջ էին դնում, չի՞ լսվում արդյոք տարօրինակ ձայնը։ Բայց ամեն ինչ խաղաղ էր։ Եվ, գործիքներն ուսերին առած, նրանք առաջ շարժվեցին։ Առջևից գնում էր Մերին, ճեռքին բռնած Ջոնի կողմնացույցը, որպեսզի Կմախքի կղզու հետ մի գծի վրա լինեն։ Նա ճիշտ ասաց. Բեն Գանից, կենդանի լիներ նա, թե մեռած, ոչ ոք չէր վախենում։

Միայն Դիկն առաջվա պես ձեռքին բռնել էր ավետարանը և վախեցած այս ու այն կողմ էր նայում։ Բայց այլևս նրան ոչ ոք չէր կարեկցում։ Մինչև անգամ Սիլվերը ծաղրում էր նրա սնոտիապաշտությունը։

— Ես քեզ ասացի, որ ավետարանդ փչացրել ես։ Մի՞թե դու կարծում ես, որ ուրվականը կվախենա այն ավետարանից, որից մի էջ պոկված է։ Ինչպե՞ս չէ։ Գրպանդ բաց պահիր։— Եվ մի պահ կանգ առնելով, մատներով Դիկի քթի տակ չրթացրեց։

Բայց Դիկին արդեն խոսքերով չէր կարելի հանգստացնել։ Շուտով ինձ համար պարզվեց, որ նա վերջնականապես հիվանդ է։ Տոթից, հոգնածությունից ու երկյուղից նրա ջերմը, որ գուշակել էր բժիշկ Լիվսին, սկսեց արագ բարձրանալ։

Գագաթին քիչ ծառեր կային և գնալը բավականաչափ հեշտացավ։ Այժմ մենք իջնում էինք ներքև, որովհետև, ինչպես արդեն ասացի, սարահարթը մի քիչ դեպի արևելք էր թեքված։ Մեծ ու փոքր սոճիներն իրարից բաժանված էին լայն տարածությամբ։ Մինչև անգամ մուսկատի ընկուզենիների և լեռնավարդերի մեջ էլ հաճախ պատահում էին տոթից խանձված ընդարձակ բացատներ։ Գնալով դեպի հյուսիս-արևմուտք, մենք մոտենում էինք Հեռադիտակի ուսին։ Հեռադիտակի տակ երևում էր արևելյան լայն ծովախորշը, որտեղ մի քանի օր առաջ նավակն ինձ վեր-վեր էր գցում ու պտտում։

Առաջին բարձր ծառը, որին մենք մոտեցանք կողմնացույցով ստուգելուց հետո, անհամապատասխան գտնվեց։ Նույնը պատահեց նաև երկրորդ ծառի հետ։ Երրորդը թփուտներից համարյա երկու հարյուր ֆուտ բարձր էր։ Սա բուսական աշխարհի հսկան էր, կարմիր բնով մի քանի գրկաչափ հաստությամբ։ Նրա ստվերի տակ մի ամբողջ դասակ կարող էր քայլել։ Այս սոճին անպայման հեռվից տեսանելի էր՝ և՛ ծովի արևելյան կողմից, և՛ արևմուտքից, և Ֆլինտն իզուր չէր, որ նշանակել էր իր քարտեզում որպես ծովագնացության նշան։

Սակայն իմ ուղեկիցներին հուզում էր ոչ թե սոճու լայն չափը․ նրանք լցված էին վառ գիտակցությամբ, որ նրա շվաքում թաղված է յոթ հարյուր հազար ֆունտ ստեռլինգ։ Փողի մասին մտածելիս նրանց երկյուղն անհետանում էր։ Աչքերը բոցավառվում էին, քայլերն արագանում, ամրանում։ Նրանք միմիայն մի բանի մասին էին մտածում՝ այն հարստության մասին, որ նրանց սպասում էր, անհոգ, փառավոր, շռայլ կյանքի մասին, որ պիտի բերեր հարստությունը։

Սիլվերը թռչկոտելով, կաղալով առաջ էր գնում։ Նրա քթածակերը լայնանում էին։ Նա խելագարի պես հայհոյում էր, երբ ճանճերը նստում էին նրա տաքացած, քրտնած երեսին։ Նա կատաղորեն քաշում էր պարանը, մահացու ատելությամբ նայելով ինձ վրա։ Նա այլևս չէր աշխատում իր մտածմունքը ծածկել։ Ես կարողանում էի այդ կարդալ, ինչպես գրքի մեջ։ Վերջապես հայտնվելով ցանկալի ոսկուց երկու քայլի վրա, նա ամեն բանի մասին մոռացավ. և՞ իր խոստումների, և բժշկի նախազգուշությունների մասին։ Նա, իհարկե, հույս ուներ վերցնել գանձը, հետո գիշերով գտնել «Իսպանոլան», մեզ բոլորիս մորթել և ճանապարհ ընկնել։

Այս տագնապալի մտքերից ցնցված, ես դժվարությամբ էի հասնում ծովահեններին և հաճախ սայթաքում էի։ Այդ ժամանակ Սիլվերը ձգում էր պարանը, ինձ վրա արյունռուշտ հայացքներ նետելով... Դիկը ետևից պարում էր և աղոթքներ ու հայհոյանքներ մրթմրթում։ Նրա ջերմն ուժեղանում էր։ Իմ աչքի առաջ ակամա պատկերացավ այն ողբերգությունը, որ կատարվել էր այս տեղերում։ Իմ աչքի առաջ պատկերացավ կապտած դեմքով ավազակը, որը մեռավ Սավանում, երգելով և ռոմ պահանջելով։ Այստեղ նա իր ձեռքով վեց հոգու սպանեց։ Այս անդորր պուրակում մի ժամանակ հոգեվարքի աղաղակներ են տարածվել։ Ինձ թվում էր, որ լսում, եմ այն դժբախտների հառաչանքներն ու հեկեկանքները։

Թփուտներից դուրս եկանք։

― Իմ ետևից, բարեկամնե՛ր,— գոչեց Մերին։

Առջևից գնացողներն սկսեցին վազել։

Տասը յարդի չափ առաջ գնալով, նրանք հանկարծ կանգ առան և աղաղակեցին։ Սիլվերը, կատաղածի նման, սլանում էր։ Մի վայրկյանից հետո մենք էլ հանկարծ կանգ առանք։

Մեր առաջ մի մեծ փոս կար, որ փորված էր երևի, վաղուց, որովհետև եզրերն արդեն թափվել էին, իսկ հատակին խոտ էր բուսել։ Փոսի մեջ տեսանք մի բահի կոթ և մի քանի արկղի տախտակ։ Տախտակներից մեկի վրա շիկացած երկաթով փորված էր «Մորժ»՝ Ֆլինտին պատկանող նավի անունը։

Պարզ էր, որ որևէ մեկը մեզանից առաջ գտել ու հափշտակել էր գանձը՝ յոթ հարյուր հազար ֆունտ ստեռլինգն անհետացել էր։


Գլուխ XXXIII։ Առաջնորդի անկումը

Կարծում եմ, աշխարհի ստեղծումից մինչև այսօր այս տեսակի մեծ հույսերի հանկարծակի խորտակում չի եղել։ Բոլոր վեցն էլ կանգնել էին կայծակնահար եղածի պես։ Առաջինը Սիլվերն սթափվեց։ Բոլոր հոգով նա ձգտում էր այդ փողերին։ Եվ ահա մի վայրկյանում ամեն ինչ խորտակվեց։ Այնուամենայնիվ, նա գլուխը չկորցրեց, իրեն տիրապետեց և կարողացավ փոխել իր ապագա գործողությունների պլանը, նախքան մյուսների հասկանալը, թե ինչ դժբախտություն է պատահել իրենց։

— Ջի՛մ,— շշնջաց նա,— վերցրո՛ւ և պատրաստ եղիր։

Եվ տվեց ինձ մի երկփողանի ատրճանակ։

Միաժամանակ նա սկսեց հանգիստ շարժվել դեպի հյուսիս, այնպես որ փոսը մնաց մեր երկուսի և ավազակների միջև։ Հետո Սիլվերը նայեց և ինձ գլխով արավ, կարծես ասում էր․ «դրությանը թեթև չէ», և ես նրա հետ միանգամայն համաձայն էի։ Այժմ նրա հայացքը նորից սիրալիր դարձավ։ Խոստովանում եմ, որ այդ երկերեսանիությունը վրդովեց ինձ։ Ես համբերել չկարողացա և շշնջացի.

— Այնպես որ դուք նորից դավաճանեցիք ձերոնց։

Բայց նա ինձ պատասխանելու ժամանակ չունեցավ։

Ավազակները, գոռգոռալով և հայհոյանքով, թռան փոսի մեջ և ձեռքերով փորփրեցին, տախտակներն այս ու այն կողմ շպրտելով։ Մորգանը մի ոսկե դրամ գտավ։ Նա դրամը վերցրեց և սկսեց բոլորին հայհոյել։ Դրամը երկու գինեյանոց էր։ Մի քանի վայրկյան դրամը ձեռքից ձեռք էր անցնում։

— Երկու գինեյ,— մռնչաց Մերին,— մեկնելով դրամը Սիլվերին։— Ա՞յս է քո յոթ հարյուր հազարը։ Դու, կարծեմ, պայմաններ կապելու սիրահար ես։ Ահա թե ինչ է դուրս գալիս քո պայմաններից, փայտե գլուխ։

— Փորեցե՛ք, տղե՛րք, փորեցե՛ք,— ասաց Սիլվերը սառն հեգնանքով,— գուցե, երկու-երեք գետընկույզ գտնեք, որոնք խոզերի սիրելի կերակուրն են կազմում։

— Երկու-երեք ընկո՜ւյզ,— կատաղությամբ գոռաց Մերին։— Ընկերնե՛ր, լսեցի՞ք, թե ինչ ասաց։ Ես ձեզ ասում եմ, որ նա վաղուց գիտեր։ Նայեցեք նրա երեսին։ Այնտեղ պարզ կերպով գրված է։

— Էխ, Մերի,— նկատեց Սիէվերը։— Դու, կարծեմ, մտադիր ես կրկին նավապետ դառնալ։ Դու, ինչպես տեսնում եմ, պնդերես տղա ես։

Այս անգամ բոլորն էլ Մերիին կողմնակից էին։ Ավազակները, կատաղությամբ նայելով մեզ վրա, սկսեցին փոսից դուրս գալ։ Ասենք, մեր բախտից, նրանք գտնվում էին հակառակ կողմում։

Այդպես կանգնած էինք մենք, երկուսս հնգի դիմաց, և մեզ բաժանում էր փոսը։ Կողմերից ոչ մեկը սիրտ չէր անում առաջին զարկը տալ։ Սիլվերն անշարժ կանգնած էր։ Նա սառնարյուն կերպով ու հանգիստ հսկում էր թշնամիներին, իր հենակի վրա հենված։ Նա իսկապես համարձակ մարդ էր։

Վերջապես Մերին որոշեց իր կողմնակիցներին ճառով ոգևորել։

— Ընկերներ,— ասաց նա,— նայեցե՛ք, նրանք ընդամենը երկու հոգի են. մեկը՝ ծեր հաշմանդամ, որը մեզ բերել է այստեղ կործանելու, մյուսը՝ շան ձագ, որի սիրտը վաղուց եմ ուզում կտրատել։ Եվ այժմ․․․

Նա ձեռքերն ու ձայնը բարձրացրեց, պատրաստվելով իր խումբը հարձակման տանելու։ Եվ հանկարծ՝ տրա՜խկ, տրա՜խկ, տրա՜խկ, անտառում հրացաններ պայթեցին։ Մերին գլխիվայր ընկավ ուղիղ փոսի մեջ։ Ճակատը փաթաթած մարդը հոլի նման պտտվեց և ընկավ նրա կողքին։ Նա բավական ժամանակ ցնցվում էր, սակայն արդեն մեռած էր։ Մնացած երեք հոգին փախան։

Այդ վայրկյանին Երկարահասակ Ջոնն իր ատրճանակի երկու փողով էլ կրակեց դեպի Մերին, որը փորձում էր դուրս սողալ փոսից։ Մեռնելիս Մերին նայեց իրեն սպանողի երեսին։

― Զորջ,— ասաց Սիլվերը,— այժմ, ես կարծում եմ, մեր հաշիվները վերջացան։

Մուսկատի ընկույզի թփուտներում մենք տեսանք բժշկին, Գրեյին և Բեն Գանին։ Նրանց հրացանները ծխում էին։

― Հառա՜ջ,— գոչեց բժիշկը։— Շտապեցե՛ք, տղե՛րք։ Մենք պետք է նավակներից կտրենք նրանց։

Եվ մենք առաջ սլացանք, մինչև կուրծքներս թփուտի մեջ սուզելով։

Մեզանից ետ չմնալու համար, Սիլվերն ուժասպառ եղավ, նա այնպես էր աշխատում իր հենակով, որ կարծես թե կրծքի մկաններն այս րոպեիս պետք է մաս-մաս լինեն։ Բժշկի ասելով, առողջ մարդն էլ այդպիսի աշխատանքի չէր դիմանա։ Երբ հասանք զառիվայրին, նա մեզանից ամբողջ երեսուն յարդ ետ մնաց և բոլորովին ուժասպառ, եղավ։

― Բժիշկ,— կանչեց նա,–— նայեցեք, շտապելու կարիք չկա։

Իսկապես որ շտապելու կարիք չկար։ Մենք բացատը դուրս եկանք և տեսանք, որ կենդանի մնացած երեք ավազակները վազում են դեպի Բիզանկայմ ժայռը։ Այդպիսով, մենք արդեն գտնվում էինք փախստականների և նավակների միջև և կարող էինք հանգստանալ։ Երկարահասակ Ջոնը, երեսի քրտինքը սրբելով, կամաց մոտեցավ մեզ։

— Սրտանց շնորհակալ եմ ձեզանից, բժիշկ,— ասաց նա։— Դուք ժամանակին հասաք, և մեզ երկուսիս էլ ազատեցիք․․․ Ա՜, այդ դո՞ւ ես, Բեն Գան,— ավելացրեց նա։— Դու, ինչպես տեսնում եմ, կտրիճ երիտասարդ ես։

— Այո՛, ես Բեն Գանն եմ,— շփոթված պատասխանեց նախկին ծովահենը, Սիլվերի առջև օձաձուկի պես գալարվելով։— Ինչպե՞ս եք, պարոն Սիլվեր, կարծեմ վատ չեք,— հարցրեց նա երկար լռությունից հետո։— Կարծում եմ, վատ չեք։

— Բե՛ն, Բե՛ն,— փնթփնթաց Սիլվերը,— մի հլա մտածիր, թե ինչ օյին խաղացիր գլխիս։

Բժիշկը Գրեյին ուղարկեց, որ ավազակների ետևից վազելիս դեն գցած քլունգը բերի։ Մինչև մենք առանց շտապելու իջնում էինք զառիվայրից դեպի մեր նավակները, բժիշկը մի քանի խոսքով պատմեց, թե վերջին օրերում ի՛նչ է պատահել։ Սիլվերն ագահությամբ լսում էր յուրաքանչյուր խոսքը։ Կիսախելագար անապատական Բեն Գանը պատմվածքի գլխավոր հերոսն էր։

Բժշկի ասելով, կղզու վրա երկար, մենակ թափառումների ժամանակ, Բենը գտել է և՛ կմախքը, և՛ գանձը։ Նա է դատարկել կմախքի գրպանները և հողի տակից հանել գանձը, նրա բահի կոթն ենք տեսել մենք փոսի մեջ։ Նա իր ուսերի վրա դրած փոխադրել է ողջ ոսկին բարձր սոճու տակից երկգագաթ լեռան այրը, կղզու հյուսիսարևելյան մասում։ Այս ծանր աշխատանքը, որ երկար ժամանակ քայլել է պահանջում, վերջացրել էր «Իսպանոլայի» գալուց միայն երկու ամիս առաջ։

Այս բոլորը բժիշկն իմացել էր նրանից՝ նրա հետ ունեցած առաջին իսկ տեսակցության ժամանակ, մեր ամրոցի վրա գրոհելու օրը։ Հետևյալ առավոտ, տեսնելով, որ նավն անհետացել է, բժիշկը գնացել էր Սիլվերի մոտ, տվել էր քարտեզը, որն այժմ ոչ մի նշանակություն չուներ և ամրոցն իր բոլոր պաշարեղենով հանձնել էր նրան, որովհետև Բեն Գանի այրում բավականաչափ աղած այծի միս կար, որ պատրաստել էր Գանը իր ձեռքով։ Այս հանգամանքի շնորհիվ իմ բարեկամները հնարավորություն են ստացել վտանգի չենթարկվելով, ամրոցից փոխադրվել երկգլխանի սարը, մալարիայի ճահիճներից հեռու, և պահպանել գանձը։

— Իհարկե, ես նախատեսել էի, սիրելի Ջիմ,— ավելացրեց բժիշկը,— որ մեր գաղթը քեզ վատ ծառայություն կմատուցի, և այդ հանգամանքը շատ էր վշտացնում ինձ, բայց ես ամենից առաջ պետք է մտածեի այն մարդկանց մասին, որոնք իրենց պարտքը բարեխղճորեն կատարեցին։ Վերջապես դու ես մեղավոր, որ մեզ հետ չէիր գտնվում։

Բայց այն առավոտյան, երբ նա ինձ տեսավ գերի ծովահենների մոտ, հասկացավ, որ իմանալով գանձի անհետացման մասին, նրանք ինձնից վրեժ կլուծեն։ Այդ պատճառով նա թողեց կալվածատիրոջը, որ պահպանի նավապետին, վերցրեց իր հետ Գրեյին և Բեն Գանին և կղզու միջով ուղղվեց դեպի մեծ սոճին։ Ճանապարհին, տեսնելով, որ խումբն իրենից առաջ է անցել, նա Բեն Գանին ուղարկեց առաջ, որովհետև Բեն Գանը չափազանց արագաշարժ էր։ Նա իսկույն մտածեց օգտվել իր նախկին ընկերների սնոտիապաշտությունից և նրանց այնպես վախեցրեց, որ Գրեյն ու բժիշկը կարողացան թաքնվել սոճու մոտ, մինչև գանձ որոնողների գալը։

— Ի՜նչ լավ էր,— ասաց Սիլվերը,— որ Հոկինսն ինձ հետ էր։ Եթե նա ինձ հետ չլիներ, դուք, բժիշկ, ձեր ունքն էլ չէիք չարժի, եթե ինձ մաս-մաս անեին։

— Իհարկե,— պատասխանեց բժիշկ Լիվսին ծիծաղելով։

Այդ ժամանակ մենք մոտեցանք նավակներին։ Նրանցից մեկը բժիշկն իսկույն քլունգով ջարդեց, որ ավազակների ձեռքը չընկնի, իսկ մյուսի մեջ բոլորս տեղավորվեցինք և կղզու շուրջը պտտվելով, գնացինք դեպի հյուսիսային ծովախորշը։

Մենք անցանք ութ կամ ինը մղոն։ Սիլվերը, չնայած իր չափազանց հոգնածության, մեզ հետ հավասար թիավարեց։ Մենք դուրս եկանք նեղուցից դեպի բաց ծով։ Ծովը խաղաղ էր։ Մենք անցանք կղզու հարավարևելյան կողմի դուրս ցցված մասը, որը չորս օր առաջ բոլորապատել էր «Իսպանոլան»։

Անցնելով երկգլխանի լեռան մոտով, մենք տեսանք Բեն Գանի այրի մութ մուտքը և նրա մոտ մի մարդ, որ հրացանի վրա հենված, կանգնած էր։ Դա կալվածատերն էր։ Մենք թաշկինակ թափահարեցինք և երեք անգամ «ուռա» գոչեցինք, ընդ որում Սիլվերը բոլորից բարձր էր գոռում։

Էլի երեք մղոն անցնելով, մենք մտանք Հյուսիսային ծովախորշը և տեսանք «Իսպանոլան»։ Նա առանց ղեկի ու առագաստների տարուբերվում էր ջրի վրա։ Մակընթացությունը նրան ծանծաղուտից հանել էր։ Եթե այդ օրը քամի լիներ, կամ եթե Հյուսիսային ծովախորշում այնպիսի ուժեղ հոսանք լիներ, ինչպես Հարավայինում, մենք կարող էինք միանգամայն զրկվել նավից։ Լավագույն դեպքում մենք նրա բեկորները կգտնեինք։ Սակայն, բարեբախտաբար, նավը ողջ էր, եթե կոտրված միջնակայմը չհաշվենք։ Մենք պահեստի խարիսխը ջրի մեջ գցեցինք։ Հետո նավակով ուղևորվեցինք դեպի Հարբած ծովախորշը՝ Բեն Գանի գանձատան պմենամոտ կետը։ Այնտեղ ցած իջանք և Գրեյին նավն ուղարկեցինք, որ գիշերվա ընթացքում հսկի։

Թեթև զառիվայրով այրը բարձրացանք։ Վերևում մեզ դիմավորեց կալվածատերը։ Նա ինձ հետ սիրալիր վերաբերվեց։ Իմ փախուստի մասին ոչ մի խոսք չասաց, չգովեց և չհայհոյեց։ Իսկ երբ Սիլվերը նրան քաղաքավարի կերպով զինվորական պատիվ տվեց, նա վրդովմունքից կարմրեց։

— Ջոն Սիլվեր,— ասաց նա,— դուք գարշելի անզգամ եք և խաբեբա։ Հրեշային խաբեբա։ Ինձ համոզեցիք չհետապնդել ձեզ, ես էլ խոստացա։ Սակայն մեռելները ջրաղացի քարի նման կախված են ձեր վզից։

— Սրտանց շնորհակալ եմ ձեզանից, պարոն,— պատասխանեց Երկարահասակ Ջոնը, կրկին պատիվ տալով։

— Մի՛ համարձակվեք ինձ շնորհակալություն հայտնել,— գոչեց կալվածատերը։— Ձեր պատճառով ես խախտում եմ իմ պարտքը։ Հեռացե՛ք ինձանից։

Մենք այր մտանք։ Այրն ընդարձակ էր և թարմ օդով լիքը։ Գետնի տակից մաքուր ջրի աղբյուր էր բխում և թափվում մի փոքրիկ լճի մեջ, որը պատած էր խիտ ձարխոտերով։ Հատակն ավազոտ էր։ Բոցավառվող կրակի առաջ պառկած էր նավապետ Սմոլետը, իսկ հեռու անկյունում աղոտ փայլում էր ոսկե դրամների և ձուլաձողերի մի հսկա դեզ։ Սա նավապետ Ֆլինտի գանձն էր, այն գանձը, որի համար մենք այնպիսի երկար, հոգնեցուցիչ ճանապարհ կտրեցինք, որի պատճառով «Իսպանոլա» նավի անձնակազմից տասնյոթ հոգի մեռան։ Իսկ քանի՜ մարդկային կյանք, որքա՜ն տանջանք ու արյուն արժեր այդ հարստությունը։ Քանի՜ փառավոր նավ էր կործանվել, որքա՜ն քաջ մարդիկ էին տանջվել, որքա՜ն ռմբակոծություն նավերից, որքա՜ն խայտառակություն, սուտ, անգթություններ։ Սակայն դեռևս կղզու վրա գտնվում էին երեք հոգի՝ Սիլվերը, ծեր Մորգանը և Բենը, որոնք մի ժամանակ մասնակցել էին այդ բոլոր սարսափելի չարագործություններին և այժմ ապարդյուն կերպով հույս ունեին իրենց բաժինն ստանալու այդ հարստությունից։

— Մտի՛ր, Ջիմ,— ասաց նավապետը։— Դու, քո կարծիքով, գուցե և վատ տղա չես, բայց խոսք եմ տալիս, որ այլևս երբեք քեզ ծովային ճանապարհորդության չեմ տանի, որովհետև դու սիրվածների ցեղից ես․ ամեն ինչ քո ուզածի պես ես անում... Ա՜, այդ դո՞ւ ես, Ջոն Սիլվեր։ Ի՞նչն է բերել քեզ մեզ մոտ։

— Վերադարձա, որ պարտականություններս կատարեմ,— պատասխանեց Սիլվերը։

— Ա՜,— ասաց նավապետը։

Եվ ուրիշ ոչ մի ձայն։

Ինչպե՜ս փառավոր ընթրեցի ես այդ երեկո, շրջապատված իմ բոլոր բարեկամներով։ Ի՜նչ համեղ թվաց ինձ Բենի աղած այծի միսը, որի վրայից խմում էինք «Իսպանոլայից» բերած հին գինին։ Երբեք դեռ մեզ նման ուրախ և երջանիկ մարդիկ չեն եղել։ Սիլվերը, նստել էր բոլորից ետև, լույսից հեռու, սակայն չափազանց շատ էր ուտում, թափով վեր էր թռչում, երբ հարկավոր էր մի բան բերել, և մեզ հետ միասին ծիծաղում էր, երբ կատակ էինք անում, մի խոսքով նորից սիրալիր, քաղաքավարի, պատրաստակամ խոհարար դարձավ, ինչպես մեր ճանապարհորդության ժամանակ։


Գլուխ XXXIV։ Եվ վերջին

Հաջորդ առավոտյան վաղ մենք գործի անցանք։ Մինչև ափը մի մղոն տարածություն էր։ Պետք է այնտեղ տանեինք մեր բոլոր ոսկին և այնտեղից էլ՝ «Իսպանոլան»՝ ծանր աշխատանք մի այդպիսի փոքրաթիվ մարդկանց խմբի համար։ Այն երեք ավազակները, որոնք դեռևս թափառում էին կղզու վրա, մեզ քիչ էին անհանգստացնում։ Բավական էր բլրի գլխին մի ժամապահ դնել, և մենք կարող էինք անակնկալ հարձակումից չվախենալ։ Բացի դրանից էլ, մենք ենթադրում էինք, որ այդ մարդկանց սերը դեպի զինվորական գործադուլները երկար ժամանակով չքացել է։

Մենք անդադար աշխատում էինք։ Գրեյն ու Բենը ոսկին նավակով նավն էին տանում, իսկ մնացածները բերում էին ծովափը։ Ոսկին շատ ծանր մետաղ է. երկու ձույլ պարանով կապում էինք և գցում ուսին, մի մարդը երկու ձույլից ավելի չի կարող տանել։ Որովհետև ոսկի տանելն իմ ուժերից վեր էր, այդ պատճառով ինձ թողել էին այրում և կարգադրել, որ փողերը լցնեմ պաքսիմատի տոպրակների մեջ։

Ինչպես Բիլի Բոնսի սնդուկում, այստեղ էլ զանազան տեսակի դրամներ կային, բայց, իհարկե, այստեղ ավելի շատ էր, քան այնտեղ։ Ես շատ էի սիրում այդ փողերը տեսակավորել։ Անգլիական, ֆրանսիական, իսպանական, պորթուգալական դրամներ, գինեյներ և լուիդորներ, դուբլոններ, մուադորներ և ցեխիններ, դրամներ վերջին հարյուր տարվա եվրոպական բոլոր թագավորական պատկերներով, տարօրինակ արևելյան դրամներ, որոնց վրա նկարված էր պարանի կապուկ, թե սարդի ոստայնի կտոր, կլոր դրամներ, քառանկյունի դրամներ, մեջտեղը ծակ դրամներ, որ կարելի լինի վզից կախել, այս կոլեկցիայում հավաքված էին դրամներ ամբողջ աշխարհից։ Այդ դրամներն աշնան տերևներից շատ էին։ Դրանց հետ զբաղվելուց մեջքս ու մատներս ցավում էին։ Օրն անցնում էր օրվա ետևից, բայց մեր աշխատանքի վերջը չէր երևում։ Ամեն երեկո հարստության ահագին կույտեր էինք ուղարկում նավ, բայց այդ կույտերից փոքր կույտեր չէին մնում այրում։ Եվ այդ ժամանակամիջոցում կենդանի մնացած ավազակների մասին ոչինչ չէինք լսել։

Վերջապես, եթե չեմ սխալվում, երրորդ գիշերը ես ու բժիշկը բլուր բարձրացանք և հանկարծ ներքևից, անթափանցելի խավարի միջից, քամին ինչ-որ աղաղակ, թե երգ բերավ։ Պարզ լսել հնարավոր չեղավ։

— Ավազակներն են,— ասաց բժիշկը։

— Բոլորն էլ հարբած են, պարոն,— ետևիցս լսեցի Սիլվերի ձայնը։

Սիլվերն օգտվում էր լրիվ ազատությամբ և, չնայած մեր սառնության, կրկին սկսեց մեզ հետ բարեկամաբար վարվել, ինչպես արտոնյալ և բարեկամասեր ծառա։ Նա կարծես թե չէր զգում ընդհանուր ատելությունը դեպի ինքը և աշխատում էր յուրաքանչյուրին ծառայության մատուցել, որպեսզի յուրաքանչյուրը նրանից շնորհակալ լինի։ Բայց մենք վարվում էինք նրա հետ, ինչպես շան հետ։ Միայն ես և Բեն Գանը մի քիչ ավելի լավ էինք վերաբերվում․ Բեն Գանը դեռևս քիչ վախենում էր իր առաջվա բնակարանապետից, իսկ ես շնորհակալ էի նրանից կյանքս ազատելու համար, թեև, իհարկե, չէի կարողանում մոռանալ, թե ինչպես նա պատրաստվում էր նորից մատնել ինձ։ Բժիշկը բավական կոպիտ պատասխանեց Սիլվերի նկատողությանը․

— Գուցե նրանք հիվանդ են ու զառանցում են։

— Ճիշտ է, պարոն,— ասաց Սիլվերը,— Բայց ինձ ու ձեզ համար միանգամայն մեկ է։

— Ինձ թվում է, որ հազիվ թե բողոքեք այն բանի դեմ, պարոն Սիլվեր, որ ես ձեզ համարեմ ազնիվ, մտերիմ մարդ,— հեգնաբար նկատեց բժիշկը,— և ես գիտեմ, որ իմ զգացմունքները ձեզ մի քիչ տարօրինակ կթվան։ Իսկ եթե իսկապես համոզված լինեի, որ նրանք հիվանդ են և զառանցանքի մեջ, ես, մինչև անգամ կյանքս վտանգի ենթարկելով, կճանապարհվեի նրանց մոտ, որ բժշկական օգնություն հասցնեմ։

— Ներեցե՛ք, պարոն, դուք մեծ սխալ արած կլինեք,— առարկեց Սիլվերը։— Կկորցնեք ձեր թանկագին կյանքը և ուրիշ ոչինչ։ Այժմ ես ձեր կողմնակիցն եմ հոգով ու մարմնով և չէի ուզենա, որ մեր խումբը զրկվեր այնպիսի մարդուց, ինչպիսին դուք եք։ Չէ՞ որ ես շատ բանով եմ ձեզ պարտական։ Իսկ այդ մարդիկ ոչ մի կերպ չէին կարող պահել իրենց ազնիվ խոսքը։ Բացի դրանից, նրանք երբեք ձեր ազնիվ խոսքին էլ չէին հավատա։

— Դրա փոխարեն դուք շատ լավ եք կարողանում պահել ձեր խոսքը,— ասաց բժիշկը։— Վերջերս այդ բանում կարելի էր համոզվել։

Երեք ծովահենների մասին այլևս համարյա թե ոչինչ չիմացանք։ Միայն մի անգամ հեռվից կրակոց լսեցինք. որոշեցինք, որ նրանք որսորդությամբ են զբաղվում։ Մեր մեջ խորհրդակցություն կայացավ և որոշվեց մեզ հետ չտանել, այլ թողնել կղզու վրա։ Բեն Գանը այս որոշումից չափազանց ուրախացավ։

Գրեյն էլ այդ որոշմանը հավանություն տվեց։ Մենք նրանց համար վառոդի ու գնդակի մեծ պաշար թողեցինք, մի կույտ աղած այծի միս, քիչ դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր, գործիքներ, հագուստեղեն, պահեստի առագաստ, և, բժշկի հատուկ ցանկությամբ, ծխախոտի բավական բաժին։

Այլևս կղզու մեջ անելիք չունենք։ Նավն արդեն բեռնավորված էր և՛ ոսկով, և՛ խմելու ջրով, և՛, համենայն դեպս, այծի աղած մսի մնացորդներով։ Վերջապես խարիսխը բարձրացրինք և հյուսիսային ծովախորշից դուրս եկանք։ Մեզ վրա ծածանվում էր այն դրոշակը, որի տակ մենք կռվում էինք, պաշտպանելով մեր ամրոցը ծովահեններից։

Այստեղ պարզվեց, որ ավազակներն ավելի ուշադիր էին մեզ հետևում, քան թե մենք առաջ կարծում էինք, որովհետև նեղուցով անցնելիս և կղզու հարավային ծայրին մոտենալիս նրանց երեքին էլ տեսանք։ Նրանք ավազի վրա ծունկ էին չոքել և աղերսանքով ձեռքերը դեպի մեզ պարզել։ Մեզ համար շատ դժվար էր նրանց անմարդաբնակ կղզում թողնելը, բայց ուրիշ ելք չկար։ Ո՞վ գիտե, նոր խռովություն չէի՞ն բարձրացնի, եթե վերցնեինք մեզ հետ։ Բացի այդ, անգթություն է հայրենիք տանել այդպիսի մարդկանց, որոնց կախաղան է սպառնում։ Բժիշկը ձայն տվեց նրանց և հայտնեց, որ նրանց համար ուտելիք և վառոդ ենք թողել և սկսեց մանրամասն բացատրել, թե ինչպես պետք է այդ պաշարեղենը գտնել։ Բայց նրանք մեր բոլորի անունները տալիս էին և աղաչում խղճալ իրենց և չթողնել, որ մենակության մեջ մեռնեն։

Վերջում, տեսնելով, որ նավը գնում է, նրանցից մեկը, չգիտեմ ո՞րը, վայրի աղաղակով ոտքի ելավ, վերցրեց իր հրացանը և կրակեց։ Գնդակը շառաչելով անցավ Սիլվերի գլխի վրայով և միջնակայմը ծակեց։

Մենք զգուշացանք և թաքնվեցինք։ Երբ կրկին նայեցի, ծովահեններն արդեն չկային։ Իսկ կեսօրին մոտիկ ողջ Գանձերի կղզին էլ անհետացավ հորիզոնի ետևում, որն ինձ աննկարագրելի ուրախություն պատճառեց։

Մենք այնքան քիչ էինք, որ պետք է մեր ուժերից վեր աշխատանք կատարեինք։ Նավապետը հրամաններ էր տալիս նավի ետևի կողմում, ներքնակի վրա պառկած։ Նա առողջանում էր, սակայն դեռևս հանգստություն էր պետք։ Մենք ուղղություն էինք վերցրել դեպի Իսպանական Ամերիկայի ամենամոտիկ նավահանգիստը, որպեսզի նոր նավաստիներ վարձենք. առանց նրանց դժվար էր ճանապարհորդել։ Քամին հաճախ իր ուղղությունը փոխում էր և մեր նավը ճանապարհից հանում, բացի դրանից, երկու անգամ սաստիկ փոթորիկ եղավ և շատ տանջվեցինք մինչև Ամերիկա հասանք։

Արեգակն արդեն մայր էր մտել, երբ վերջապես խարիսխ ձգեցինք մի գեղատեսիլ փակ նավահանգստում։ Մեզ շրջապատեցին նեգրերի, մուլատների և մեքսիկական հնդիկների նավակներ։ Այդ մարդիկ մեզ վաճառում էին մրգեր ու բանջարեղեն և պատրաստ էին ամեն րոպե ջուրը սուզվել նետած դրամները հանելու։ Բարեսիրտ դեմքերը, «գլխավորապես սև» հասարակածային համեղ մրգերը և, որ գլխավորն է, քաղաքում բռնկված կրակները, այս բոլորն այնքա՜ն հրաշալի էր, այնքա՜ն տարբեր մռայլ, արյունոտված Գանձերի կզուց։ Բժիշկն ու կալվածատերը որոշեցին գիշերն անցկացնել քաղաքում։ Նրանք ինձ էլ իրենց հետ տարան։ Ծովափին հանդիպեցինք անգլիական ռազմական նավի նավապետին և գնացինք նրա մոտ, նավ։ Այնտեղ շատ հաճելի կերպով անցկացրինք երեկոն և արդեն արշալույսը բացվում էր, երբ «Իսպանոլա» վերադարձանք։

Տախտակամածին միայն մի մարդ կար՝ Բեն Գանը և, հենց որ նավը բարձրացանք, նա սկսեց զղջալ և մեղադրել իրեն սարսափելի հանցանքի մեջ, ամենավայրի շարժումներ անելով։ Պարզվեց, որ Սիլվերը փախել է։ Բենը խոստովանեց, որ ինքն օգնել է նրան նավակ նստելիս, որովհետև համոզված էր, որ մեզ բոլորիս վտանգ է սպառնում, «քանի որ այդ միոտանի սատանան նավում է»։ Բայց նավի խոհարարը դատարկաձեռն չէր փախել։ Նա աննկատելի կերպով քանդել էր միջնորմը և գողացել մի տոպրակ դրամ — երեք թե չորս հարյուր գինեյ, որոնք, անկասկած, հետագա թափառումների ժամանակ նրան պետք կգան։

Մենք բոլորս ուրախ էինք, որ այդքան էժան պրծանք նրանից։

Չցանկանալով շատախոս լինել, կասեմ միայն, որ մի քանի նոր նավաստիներ վերցնելով, մենք հաջողությամբ Բրիստոլ ժամանեցինք։

«Իսպանոլան» վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ պարոն Բլենդլին արդեն սկսել էր մտածել օգնության համար երկրորդ նավն ուղարկել։ Նավի ողջ անձնակազմից միայն հինգ հոգի վերադարձան տուն։ «Խմի՛ր, և սատանան քեզ մինչև վերջ կհասցնի»՝ ահա մարգարեություն, որը լրիվ կատարվեց մնացածների վերաբերյալ։ Ասենք, «Իսպանոլան» ավելի երջանիկ գտնվեց այն նավից, որի մասին ծովահենները երգում էին.

։։Յոթանասունհինգն էլ չվերադարձան տուն.
։։Նրանք խեղդվեցին ծովի հորձանքում։

Յուրաքանչյուրը մեզանից գանձից իր բաժինն ստացավ։ Ոմանք հարստությունը խելացի կերպով գործադրեցին, իսկ մյուսները, ընդհակառակը, հիմար կերպով, իրենց խառնվածքին համապատասխան։ Նավապետ Սմոլետը ծովային ծառայությանը թողեց։ Գրեյը ջանասիրությամբ սկսեց ուսումնասիրել ծովային գործը։ Այժմ նա ղեկապետ է և մի ուրիշ մարդու հետ միասին մի հիանալի և լավ սարքավորված նավ ունի։ Ինչ վերաբերում է Բեն Գանին, նա ստացավ իր հազար ֆունտը և բոլորը երեք շաբաթվա, կամ ավելի ճիշտ, տասնինն օրվա ընթացքում ծախսեց, որովհետև քսաներորդ օրը նա մեզ մոտ եկավ որպես մուրացիկ։ Կալվաձատերը Բենի հետ հենց այնպես վարվեց, ինչից Բենն այնքան վախենում էր․ իր պուրակում դռնապանի պաշտոն տվեց։ Նա մինչև այժմ կենդանի է, կռվում և բարեկամանում է գյուղական երեխաների հետ և կիրակի ու տոն օրերին շատ լավ երգում է եկեղեցական խմբում։

Սիլվերի մասին մենք այլևս ոչինչ չլսեցինք։ Զզվելի, միոտանի ծովագնացն ընդմիշտ հեռացավ իմ կյանքից։ Երևի նա գտել է այն սևամորթ կնոջը և իր հաճույքի համար, նավապետ Ֆլինտի հետ, որևէ տեղում ապրում է։ Գանձի մնացած մասը, ձույլ արծաթ և զենք, դեռևս այնտեղ են, որտեղ թաղել է հանգուցյալ Ֆլինտը։ Եվ, իմ կարծիքով, թող մնա այնտեղ։ Այժմ ինձ այդ անիծված կղզին գնալու համար ոչ մի բանով չես հրապուրի։

Մինչև այժմ էլ գիշերները երազում տեսնում եմ ափերին խփող ալեկոծություն, և ես անկողնուց վեր եմ թռչում, լսելով նավապետ Ֆլինտի խռպոտ ձայնը, որը գոչում է.

— Պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր։



  1. Իսկապես, այդ ժամանակ կենդանի էին մնացել միայն ութ ավազակ, որովհետև պարոն Տրելոնու նավում խփված նավաստին նույն երեկոյան մեռավ։ Բայց, իհարկե, այդ մասին մենք իմացանք շատ ուշ։ (Ծան․ հեղ․)