հեղինակ՝ Սլավիկ Չիլոյան |
Պոետ էին նրանք
Պոետ էին նրանք․
անտառից փախած
արջերի նման՝
վայրի ոռնոցով
ու մռլտոցով
խուժեցին քաղաք,
հաստափոր ու կիրթ
մարդիկ խլացան,
տիկիններ կորան
այդ օրն աշխարհից.
պոետ էին նրանք։
Պոետ էին նրանք.
բամբասող ու չար
շների նման
հաչում էին այստեղ,
հաչում էին այնտեղ,
հաչում ամենուր՝
մի հոտած մսի
պատառի համար,
նույնիսկ այն պահին,
երբ առիթ չկար.
պոետ էին նրանք։
Պոետ էին նրանք.
ոչխարների պես
անմահ Հիսուսի՝
գայլի փարախում
նրանք ծնվեցին,
վերջին մայոցով
լուռ հոշոտվեցին,
պոետ էին նրանք։
Պոետ էին նրանք.
ամեն գիրկ ընկնող
պոռնկուհու պես
ընկնում էին, ելնում՝
շրթներին ժպիտ,
ջրում ցոլացող
փրփուրների պես,
իսկ մենակ պահին
լացում էին խեղճ,
լացում էին լուռ
Մագթաղինացու
աչքերով տխուր․
պոետ էին նրանք։
«Ես չեմ կորցրել․․․»
Ես չեմ կորցրել
ոչ մի բան.
զգացմունք,
թեկուզ զգացողություն,
կեղտից անգամ քաշված օղին
ես դատարկում եմ
իմ պարզ ուղեղում,
ու հետո այդ կեղտը
դառնում է ոչինչ
կամ էլ այսպիսի
բանաստեղծություն:
Սարի սապոն, դուրս արի
Ավազի վրա պղպջակներ կան.
— Ի՞նչ է սա։
— Ճենապակուց լավն է,
երեխեքն են սարքել։
— Ի՞նչ է սա։
— Ջերմոց,— պատասխանեց մժեղը,—
չճարվող ապակուց է,
երեխեքն են սարքել։
— Սա մանր ավազահատիկ է,— ասաց առաջնորդը,
վերցրեց մի բուռ,
ցույց տվեց իր հպատակներին
ու քանդեց
հախճապակուց էլ լավ,
ճենապակուց էլ լավ
չճարվող ապակուց
երեխեքի սարքած՝
մժեղի համար ջերմոցը։
Հաշվապահը
Նրա նկարը կպցրել էին
Հենց իր դիմացի պատին
Իսկ երբ նրան հարցնում էին
Նա խոնարհվում էր խորունկ
Բոլոր հաշվապահ աղջիկներին
Ու ասում որ ժպիտով
Ավելի հեշտ է նկարվել
Նա դա էլ չէր ասում
Ուղղակի կախված էր իր դիմացի պատից
Որին նույնիսկ չէր էլ նայում
Իսկ ժողովուրդը
Նրա անունը
Դրել էր Ալեքսեյ Սերգեևիչ
Որին տանջում էին
Իր կնոջ պեպենները
Որոնք շփոթում էր երբեմն
Փողերի հաշիվների հետ
Կոշիկներդ փայլեցրե՞լ ես, զգա՛ստ
«Իսկ Բ֊ի իմաստը․․․»
«Եկավ հաղթանակը․․․»
«Եկավ հաղթանակը․․․»
«Ամբողջ մի գյուղ կար»
Ասք անվան մասին
«Ու նա ուզեց երգել․․․»
«Գիտենք, գոնե․․․»
«Եւ վերջինը․․․»
«Իսկ դու․․․»