Վերջին թարմացում 25 Հուլիսի 2019, 23:53

Աննաբել Լի

23:53, 25 Հուլիսի 2019 տարբերակ, Anahitt (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Աննաբել Լի

հեղինակ՝ Էդգար Ալլան Պո
թարգմանիչ՝ անանուն

Պատմությունն այս ծնվել է վաղուց,
Շատ վաղուց,
Թագավորության մեջ այն ծովից անդին,
Ուր աղջիկ էր ապրում, ում գուցե գիտեք,
Անունով իր լուսե՝ Աննաբել Լի
Ու աղջիկն այս ապրում էր միայն մի մտքով՝
Սիրել ու սիրվել իմ կողմից...

Մանուկ էի ես, մանուկ էր եւ նա,
Թագավորության մեջ այս ծովից անդին,
Բայց սիրում էինք մենք, սիրուց առավել,
Ու սերն այդ անմեղ
Նախանձ էր ծնել երկնքի եզրին

Ու սա էր պատճառը գուցե,
Որ հողմը սուրեց երկնքից ուժգին,
Սուլեց ու տարավ իմ Աննաբելին...
Իսկ ազնիվ եղբայրները նրա
Հեռացրին նրա դին ինձանից,
Պահեցին այն հեռու մի խցում
Թագավորության մեջ այդ ծովից անդին

Հրեշտակները երկնքից դիտելիս
Նախանձով խոսեցին մեր սիրո մասին
Ու սա էր պատճառը, բոլորը գիտեն,
Թագավորության մեջ այս ծովից անդին,
Որ հողմն այդ սուրեց գիշերով երկնքից
Տարավ ու սպանեց իմ Աննաբելին

Բայց սիրել մենք գիտեինք նրանցից առավել,
Ով մեծ էր մեզնից,
Ով գուցե գիտեր մեզնից ավելին...
Ու գիտեմ հիմա, գիտեմ ես հաստատ,
Ոչ հրեշտակները երկնքի խորքից,
Ու ոչ էլ հրեշներն այս ծովի տակից
Չեն կարող բաժանել իմ հոգին քո հոգուց,
Դու իմ սեր, իմ միակ,
Իմ Աննաբել Լի...

Ու լուսինը չկա, թե չկան երազներ
Քո մասին, իմ Աննաբել Լի,
Ու աստղերն էլ չկան, լոկ աչքերդ պայծառ,
Իմ չքնաղ, իմ Աննաբել Լի,
Ու չկա մի գիշեր, երբ կողքիդ չեմ, գիտես,
Դու իմ սեր, իմ միակ, դու իմ կյանք ու իմ կին,
Հեռու հեռավոր այդ խցում ծովափին,
Գերեզմանիդ մեջ այն ծովից անդին...