Վերջին թարմացում 25 Հունիսի 2013, 00:01

Վինի֊Թուխը եւ բոլորը֊բոլորը

Վինի-Թուխը և բոլորը-բոլորը

հեղինակ՝ Ալեն Ալեքսանդեր Միլն
թարգմանիչ՝ Վ․ Գրիգորյան
աղբյուր՝ «Վինի֊Թուխը եւ բոլորը֊բոլորը»


ԳԼՈԻԽ ԱՌԱՋԻՆ

Որտեղ մենք ծանոթանում ենք Վինի-Թուխի և մի քանի մեղուների հետ


    Ահա և Վինի-Թուխը։


    Ինչպես տեսնում եք, նա գլխիվայր իջնում է սանդուղքով իր բարեկամ Քրիստոֆեր Ռոբինի հետևից, սեփական ծոծրակով հաշվելով աստիճանները․ թը՛խկ֊թը՛խկ֊թը՛խկ։ Սանդուղքից իջնելու ուրիշ ձև նա առայժմ չգիտե։ Երբեմն նրան, իհարկե, թվում է, որ ինքը կգտներ ուրիշ ձև, եթե միայն կարողանար գոնե մեկ րոպե վերջ տալ թխկթխկացնելուն և ինչպես պետքն է կենտրոնանար։ Բայց ավաղ՝ հենց կենտրոնանալու համար է, որ նա ժամանակ չունի։
    Բայց ինչ որ է, նա արդեն իջել է և կարող է ծանոթանալ ձեզ հետ։
    ― Վինի֊Թուխ։ Շատ հաճելի է։
    Ձեզ, հավանաբար զարմացնում է արջուկի տարօրինակ անունը։ Բայց զարմանալու ոչինչ չկա։ Այդ անսովոր անունը արջուկին տվել է Քրիստոֆեր Ռոբինը։ Նա շատ էր սիրում կենդանաբանական այգու Վինի անունով արջին, և երբ այդ բարի ու խելոք արջն ինչ֊որ տեղ գնաց ու այլևս չվերադարձավ, Քրիստոֆեր Ռոբինը, նրա հիշատակը պահելու համար, այդպես կոչեց իր արջուկին։ Եվ քանի որ արջուկը թուխ գույն ուներ, ապա նրան անվանեց Վինի֊Թուխ։
    Մի խոսքով, այժմ արջուկին անվանում են Վինի֊Թուխ, և դուք գիտեք թե ինչու։
    Երեկոյան Վինի֊Թուխը սիրում է խաղալ, իսկ երբեմն էլ, հատկապես, երբ հայրիկը տանն է, նա շատ ավելի սիրում է սուսիկ֊փուսիկ նստել կրակի մոտ և որևէ հետաքրքիր հեքիաթ լսել։
    Այդ երեկո…

    — Հայրիկ հեքիաթ չես պատմելո՞ւ — հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։
    — Ի՞նչ հեքիաթ,— հարցրեց հայրիկը։
    — Վինի֊Թուխի համար։ Նա շ՜ատ է խնդրում։
    — Գուցե և պատմեմ,— ասաց հայրիկը։— Իսկ նա ինչպիսի՞ հեքիաթ է ուզում և ո՞ւմ մասին։
    — Հետաքրքիր հեքիաթ և իր մասին, իհարկե։ Չէ՞ որ դու գիտես, թե նա ինչպիսի արջուկ է։
    — Հասկանում եմ,— ասաց հայրիկը։
    — Խնդրում եմ, հայրիկ, պատմի՛ր։
    — Կփորձեմ, — ասաց հայրիկը։
    Եվ նա փորձեց։

    Վաղուց, շա՜տ վաղուց, կարծեմ անցյալ ուրբաթ, Վինի֊Թուխը մեն֊մենակ ապրում էր Անտառում՝ Սանդերս անվան տակ։

    — Ի՞նչ է նշանակում՝ «ապրում էր անվան տակ», — անմիջապես հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։
    — Դա նշանակում է, որ դռան վերևում ամրացված տախտակի վրա ոսկլա տառերով գրված էր՝ «Միստր Սանդերս», իսկ Թուխը ապրում էր այդտեղ։
    — Երևի ինքն էլ այդ չէր հասկանում, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
    — Հիմա հո հասկացավ, — թավ ձայնով փնթփնթաց ինչ֊որ մեկը։
    — Այդ դեպքում ես կշարունակեմ, — ասաց հայրիկը։

    Մի անգամ, անտառում զբոսնելիս, Թուխը բացատ դուրս եկավ։ Բացատում բարձր, շատ բարձր կաղնի էր աճել, իսկ հիմա կաղնու կատարին ինչ֊որ մեկը բարձրաձայն բզզում էր․ զզզզզզզ։
    Վինի֊Թուխը նստեց ծառի տակ, գլուխը թաթերի մեջ առավ ու սկսեց մտածել։
    Սկզբում նա այսպես մտածեց․ «Այս զզզզզզ֊ն անպայման մի բան նշանակում է։ Ոչ ոք զուր տեղը չի բզզում։ Ծառը բզզալ չի կարող։ Նշանակում է, ինչ֊որ մեկն այնտեղ բզզում է։ Իսկ ինչո՞ւ պիտի բզզաս, եթե մեղու չես։ Այսպես է որ կա՛։»
    Հետո նա էլի մտածեց ու ասաց ինքն իրեն․
    «Իսկ ինչի՞ համար են մեղուները։ Նրա համար, որ մեղր սարքեն։ Այնպես է որ կա՛»։
    Այստեղ նա ոտքի ելավ ու ասաց․
    — Իսկ ինչի՞ համար է մեղրը․ նրա համար, որ ես ուտեմ։ Իմ կարծիքով, այսպես է, որ կա՛։
    Եվ այս ասելով, նա մագլցեց ծառը։
    Նա մագլցում էր, մագքցում էր ու մագքցում և ճանապարհին քթի տակ երգում էր այս երգը, որ տեղնուտեղը ինքն էր հորինել։ Ահա սա․
                   Թե արջուկները լինեին մեղու,
                   Նրանց մտքով երբեք չէր անցնի,
                   Եվ տունը այսքան բարձր ու հեռու
                   Նրանք երբեք չէին կառուցի։
    Նա մի քիչ էլ մագլցեց… Էլի մի քիչ… Էլի բոլորովին֊բոլորովին մի քիչ… Այստեղ արդեն ին հևաց և մի նոր քառատող ֊ հևհևիկ երգեց․
                   Եվ այդ ժամանակ, եթե, իհարկե,
                   Մեղուները լինեին արջուկ,
                   Արջուկների շատ պետքն էր, ի՞նչ է,
                   Գալ ու մագլցել այսպիսի բարձունք։


    Մեր մեջ ասած, Թուխը կարգին հոգնել էր, դրա համար էլ Հևհևիկն այսքան խղճուկ ստացվեց։ Բայց շատ քիչ էր մնացել, բոլորովին֊բոլորովին քիչ։ Մնում էր հասնել այս ճյուղին և…
    Թ Ը Ր Ա՜ Խ Կ։
    — Մայրի՜կ, — բացականչեց Թուխը, մի երեք մետր ցած ընկնելով և քիթը խփելով մի հաստ ճյուղի։
    — Վա՜խ։ Ախր ինչո՞ւ ես… — քրթմնջաց նա, ևս մի հինգ մետր ցած սուրալով։
    — Ախր ես ոչ մի վատ բան չէի ուզում անել… — փորձեց բացատրել նա՝ դիպչելով հաջորդ ճյուղին և օդում լարախաղացի պես գլուխկոնծի տալով։
    — Եվ այս բոլորը նրա պատճառով, — վերջապես խոստովանեց նա, երբ մի երեք անգամ ևս գլուխկոնծի տվեց, ինչպես պետքն է ծանոթացավ ցածի ճյուղերի հետ և սահուն վայրէջք կատարեց մասրենու փշոտ թփերի մեջ, — այս բոլորը նրա համար, որ ես շա՛տ եմ մեղր սիրում։ Մայրա՜կ…
    Թուխը մի կերպ դուրս պրծավ մասրենու թփերի միջից, քթից հանեց փշերը և նորից մտքի մեջ ընկավ։
    Եվ առաջին հերթին նա մտածեց Քրիստոֆեր Ռոբինի մասին։

    — Իմ մասի՞ն, — հուզմունքից դողացող ձայնով հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։
    — Քո մասին։
    Քրիստոֆեր Ռոբինը ոչինչ չասաց, բայց նրա աչքերը ավելի ու ավելի էին մեծանում, իսկ այտերը շառագունում էին ու շառագունում։


    Եվ այսպես, Վինի֊Թուխը գնաց իր բարեկամի՝ Քրիստոֆեր Ռոբինի մոտ, որն ապրում էր նույն անտառում, կանաչ դուռ ունեցող տնակում։
    — Բարի լո՛ւյս, Քրիստոֆեր Ռոբին, — ասաց Վինի֊Թուխը։
    — Բարի լո՛ւյս, Վինի֊Թուխ, — ասաց տղան։
    — Հետաքրքիր է իմանալ, դու պատահաբար փուչիկ չես ունենա՞։
    — Փուչի՞կ։
    — Այո, գալիս էի քեզ մոտ ու մտածում․ «Տեսնես Քրիստոֆեր Ռոբինը պատահաբար փուչիկ չի՞ ունենա»։ Պարզապես հետաքրքիր է իմանալ։
    — Ինչի՞դ է պետք փուչիկը։
    — Վինի֊Թուխը նայեց շուրջը և, համոզվելով, որ իրենց ոչ ոք չի լսում, թաթը մոտեցրեց բերանին ու շշնջաց․
    — Մեղր։
    — Ի֊ի՞նչ։
    — Մեղր, — կրկնեց Թուխը։
    Հենց նախորդ օրը երեկոյան Քրիպտոֆեր Ռոբինը հյուր էր գնացել իր բարեկամի՝ Դնչիկի մոտ, և այնտեղ բոլոր հյուրերին փուչիկներ էին նվիրել։ Քրիստոֆեր Ռոբինին բաժին էր ընկել մի մեծ, շատ մեծ, կանաչ փուչիկ, իսկ Ճագարի Ազգականներից ու Ծանոթներից մեկի համար մի շատ մեծ, պարզապես հսկայական կապույտ փուչիկ էին պատրաստել։ Բայց այդ Ազգականն ու Ծանոթը բուչիկը չվերցրեց, որովհետև դեևս այնքան փոքր էր, որ նրան երեկույթի չէին բերել, և Քրիստոֆեր Ռոբինը ստիպված եղավ երկու փուչիկն էլ ինքը վերցնել՝ թե կանաչը, թե կապույտը։
    — Երկուսից ո՞րն է քեզ դուր գալիս, — հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։
    Թուխը գլուխն առավ թաթերի մեջ ու սկսեց մտածել։
    — Դժվար գործ է, — ասաց նա։ — Եթե ուզում ես մեղր ձեռք գցել, ապա շատ կարևոր է, որ մեղուները քեզ չնկատեն։ Եվ ահա, նշանակում է, եթե փուչիկը լինի կանաչ, նրանք կմտածեն, որ դա տերև է, և քեզ չեն նկատի։ Իսկ եթե փուչիկը լինի կապույտ, նրանք, երևի, մտածեն, որ դա պարզապես երկնքի կտոր է, և դարձյալ քեզ չեն նկատի։ Ամբողջ հարցն այն է, թե որին ավելի շուտ կհավատան։
    — Եվ դու կարծում ես փուչիկի տակ նրանք քեզ չեն նկատի՞։
    — Գուցե նկատեն, իսկ գուցե ոչ, — ասաց Վինի֊Թուխը։ — Ո՞նց իմանաս թե ինչ կանցնի մեղուների մտքով։ — Նա մի քիչ մտածեց ու ավելացրեց․ — ես այնպես կձևացնեմ, թե իբր փոքրիկ թուխ ամպիկ եմ։ Այդ դեպքում նրանք երևի գլխի չընկնեն։
    — Այդ դեպքում ավելի լավ է կապույտ փուչիկը վերցնես, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
    Բարեկամներն այդպես էլ արեցին։ Թուխը վերցրեց կապույտ փուչիկը, Քրիստոֆեր Ռոբինը իր հրացանը, և երկուսով ճանապարհ ընկան։
    Վինի֊Թուխը նախ և առաջ մատեցավ մի ծանոթ ջրափոսի և ինչպես պետքն է թավալվեց ցեխաջրում, որպեսզի բոլորովին֊բոլորովին սևանա, նմանվի իսկական ամպիկի։ Հետո սկսեցին փուչիկը լցնել օդով, և երբ փուչիկն այնքան ուռեց , որ թվում էր՝ հիմա֊հիմա կպայթի, Քրիստոֆեր Ռոբինը հանկարծ բաց թողեց թելը։ Եվ հենց որ նա թելը բաց թողեց, Վինի֊Թուխը փուչիկի հետ սլացավ երկինք ու կախվեց օդում, ճիշտ և ճիշտ մեղուների ծառի դիմաց, միայն մի քիչ հեռու։
    — Ուռաաա՜, — բացականչեց Քրիստոֆեր Ռոբինը։
    — Հը՛, ո՞նց է, — երկնքից կանչեց Վինի֊Թուխը։ — Հիմա ես ո՞ւմ նման եմ։
    — Դու նման ես արջի, որը թռջում է փուչիկից կախված։
    — Իսկ փոքրիկ սև ամպիկի նման չե՞մ, — անհանգստացավ Թուխը։
    — Այնքան էլ չէ։
    — Դե լավ, ոչինչ, այստեղից երևի նման եմ։ Եվ հետո, ո՞նց իմանաս, թե ինչ կանցնի մեղուների մտքով։
    Դժբախտաբար քամի չկար, և Թուխը բոլորովին անշարժ կախվել էր օդում։ Նա կարող էր մեղրի հոտն առնել, կարող էր տեսնել մեղրը, բայց մեղրին հասնել, ավա՜ղ, ոչ մի կերպ չէր կարող։
    Մի քիչ համբերելուց հետո Թուխը նորից խոսեց։
    ― Քրիստոֆեր Ռոբի՛ն, ― շշուկով կանչեց նա։
    ― Ի՞նչ։
    ― Ինձ թվում է, մեղուներն ինչ֊որ բան են կ ա ս կ ա ծ ո ւ մ։
    ― Ի՞նչ։
    ― Չգիտեմ։ Բայց ինձ թվում է, որ նրանք իրենց կ ա ս կ ա ծ ե լ ի են պահում։
    ― Գուցե նրանք մտածում ենմ, թե դու ուզում ես գողանա՞լ իրենց մեղրը։
    ― Գուցե։ Ո՞նց իմանաս, թե ինչ կանցնի մեղուների մտքով։
    Նորից լռություն տիրեց, և մի քիչ հետո նորից լսվեց Թուխի ձայնը․
    ― Քրիստոֆեր Ռոբի՛ն։
    ― Ի՞նչ։
    ― Դու տանը հովանոց չունե՞ս։
    ― Կարծեմ ունեմ։
    ― Որ այդպես է, շատ եմ խնդրում, գնա տուն, բեր հովանոցդ և այստեղ գլխիդ պահած հետ ու առաջ քայլիր։ Շարունակ նայիր ինձ ու ասա․ «Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, կարծես թե անձրև է գալու»։ Ես կարծում եմ որ այդ ժամանակ մեղուները մեզ կհավատան։
    Քրիստոֆեր Ռոբինը, իհարկե, մտքում ծիծաղեց ու ասաց․ «Ախ, դու իմ հիմա՛ր արջուկ», բայց բարձրաձայն նա այդ բանը չասաց, որովհետև շատ էր սիրում Թուխին։
    Նա գնաց տուն և բերեց հովանոցը։
    ― Վերջապե՛ս, ― բացականչեց Թուխը, երբ Քրիստոֆեր Ռոբինը վերադարձավ։ ― Արդեն սկսել էի անհանգստանալ։ Ես նկատեցի, որ մեղուներն իրենց արդեն բոլորովին կ ա ս կ ա ծ ե լ ի են պահում։
    ― Հովանոցը բացե՞մ, թե պետք չի։
    ― Բաց արա, անպայման բաց արա։ Բայց սպասիր մի րոպե, պետք է հաստատ գործ բռնել։ Ամենից կարևորը մեղուների թագուհուն խաբելն է։ Դու նրան տեսնո՞ւմ ես։
    ― Չէ։
    ― Դե լավ, ոչինչ, նա երևի քեզ տեսնում է։ Իսկ հիմա բաց արա հովանոցը և գլխիդ պահած այստեղ հետ ու առաջ քայլիր։ Շարունակ նայիր ինձ ու ասա․ «Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, կարծես թե անձև է գալու», իսկ ես կերգեմ Ամպիկի երգը, որը, երևի, երգում են բոլոր ամպիկները երկնքում… Դե, սկսի՛ր։
    Քրիստոֆեր Ռոբինը սկսեց ծառի տակ հետ ու առաջ քայլել և ասել, որ կարծես թե անձրև է գալու, իսկ Վինի֊Թուխը երգեց այս երգը․
          Ես Ամպիկ եմ, Ամպիկ, Ամպիկ,
          Ոչ թե փոքրիկ թուխ արջուկ,
          Ա՜խ, ինչ լավ է լինել Ամպիկ
          Ու սավառնել երկնքում։
          Ա՜խ, երկնքում կապույտ֊կապո՜ւյտ
          Եվ հարմար է, և խաղաղ,
          Դրա համար Ամպիկների
          Երգը թեթև է, ուրախ։
    Բայց մեղուները, որքան էլ տարօրինակ է, փոխանակ հավատալու Ամպիկին, ավելի ու ավելի կասկածելի էին բզզում։ Մի քանիսը նույնիսկ դուրս թռան բնից ու սկսեցին պտտվել Ամպիկի շուրջը, երբ սա երկրորդ քառատողն էր երգում։ Իսկ ամենակասկածոտներից մեկը, երևի ստուգելու համար, նույնիսկ մի քանի վայրկյան Ամպիկի քթին նստեց։
    ― Քրիստոֆե՛ր, հե՜յ, Ռոբի՛ն, ― գոռաց Ամպիկը։
    ― Ի՞նչ։
    ― Ես մտածեցի, մտածեցի ու վերջապես գլխի ընկա։ Սրանք ճիշտ մեղուներ չեն։
    ― Ի՞նչ ես ասում։
    ― Այո՛, այո՛, բոլորովի՛ն սխալ մեղուներ են։ Եվ նրանք, երևի սխալ մեղր են սարքում։ Ճի՞շտ է։
    ― Ի՞նչ ես ասում։
    ― Այո՛։ Այնպես որ, երևի, ես ավելի լավ է ցած իջնեմ։
    ― Իջիր, ― ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ ― Բայց ինչպե՞ս։
    Հենց այդ մասին էր, որ Վինի֊Թուխը դեռ չէր մտածել։ Նա մտածեց, որ եթե բաց թողնի պարանը, կընկնի։ Այդ հեռանկարը նրան դուր չեկավ։ Այդ ժամանակ նա ինչպես պետք է էլի մտածեց և ապա ասաց․
    ― Քրիստոֆեր Ռոբին, դու պետք է հրացանով խփես փուչիկին։ Հրացանը մո՞տդ է։
    ― Պարզ է, որ մոտս է, ― ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ ― Բայց եթե ես կրակեմ, ախր փուչիկը կծակվի։
    ― Իսկ եթե չկրակես, ես կծակծկվեմ, ― ասաց Թուխը։
    Քրիստոֆեր Ռոբինը, իհարկե, անմիջապես հասկացավ, թե ինչ պետք է անել։ Նա խնամքով նշան բռնեց ու կրակեց։
    ― Վա՜յ֊վա՜յ֊վա՜յ, ― լաց եղավ Թուխը։
    ― Մի՞թե վրիպեցի, ― հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։
    ― Չի կարելի ասել, թե բրիպեցիր, ― ասաց Թուխը, ― բայց փուչիկին, իհարկե, չդիպար։
    ― Ներիր, խնդրում եմ, ― ասաց Քրիստոֆեր Ռոբինը և նորից կրակեց։
    Այս անգամ նա չվրիպեց։ Օդն սկսեց կամաց֊կամաց դուրս գալ փուչիկից, և Վինի֊Թուխը բարեհաջող վայրէջք կատարեց։
    Միայն թե այդքան ժամանակ թելից կախված լինելու պատճառով նրա թաթերը բոլորովին փայտացել էին։ Մի ամբողջ շաբաթ Թուխը չէր կարողանում առջևի թաթերը շարժել, և դրանք այդպես էլ մնացել էին վեր տնկված։ Եվ եթե նրա քթին ճանճ էր նստում, Թուխը ստիպված էր լինում այդ աներեսին փչելով քշել՝ «Թո՛ւխխ, Թո՛ւխխ»։
    Եվ գուցե, թեև ես դրանում համոզված չեմ, գուցե հենց այդ դեպքից հետո էլ Քրիստոֆեր Ռոբինը նրան Թուխ անվանեց։

    ― Վե՞րջ, ― հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։
    ― Այս հեքիաթը վերջացավ։ Բայց ուրիշներն էլ կան։
    ― Թուխի և իմ մասի՞ն։
    ― Նաև Ճագարի, Դնչիկի, ինչպես նաև մյուսների մասին։ Մի՞թե չես հիշում։
    ― Հիշելը՝ հիշում եմ, բայց երբ ուզում եմ վերհիշել, մոռանում եմ։
    ― Օրինակ՝ մի անգամ Թուխը և Դնչիկը որոշեցին բռնել Փղաձիուն…
    ― Եվ բռնեցի՞ն։
    ― Ոչ։
    ― Որտեղի՞ց բռնեին։ Ախր, Թուխը բոլորովի՛ն անխելքի մեկն է։ Իսկ ես բռնեցի՞։
    ― Դե, կպատմեմ՝ կիմանաս։
    Քրիստոֆեր Ռոբինը գլխով արեց։
    ― Հասկանո՞ւմ ես, հայրիկ, ես հիշում եմ, իսկ Թուխը մոռացել է, և նրա համար շատ֊շատ հետաքրքիր կլինի մի անգամ էլ լսել։ Չէ՞ որ դա իսկական հեքիաթ կլինի։
    ― Ես էլ եմ այդպես կարծում։
    Քրիստոֆեր Ռոբինը խոր հառաչեց, բռնեց Արջուկի հետևի թաթից ու նրան իր հետևից քարշ տալով, գնաց դեպի դուռը։ Շեմքում նա շրջվեց ու ասաց․
    ― Երբ ես նրա վրա կրակեցի, հո շատ չցավե՞ց։
    ― Բոլորովին, ― ասաց հայրիկը։
    Տղան գլխով արեց ու դուրս եկավ, և քիչ անց հայրիկը լսեց, թե ինչպես է Վինի֊Թուխը բարձրանում սանդուղքով․ թը՛խկ֊թը՛խկ֊թը՛խկ։

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Որտեղ Վինի֊Թուխը հյուր է գնում և ընկնում անելանելի վիճակի մեջ
    Մի սովորական օր, քթի տակ մի նոր երգ քրթմնջալով՝ Վինի֊Թուխը (ի միջի այլոց, կարճության համար երբեմն նրան անվանում էին պարզապես Թուխ) ուռած֊փքված զբոսնում էր Անտառում։
    Իսկ փքվելու պատճառ նա ուներ, որովհետև այդ երգ֊քրթմնջիկը ինքն էր հորինել այսօր առավոտյան, երբ, ինչպես միշտ, հայելու առջև լիցքային վարժություններ էր կատարում։ Պետք է ասեմ, որ Վինի֊Թուխը շատ էր ուզում նիհարել, ուստի ջանասիրաբար մարմնամարզությամբ էր զբաղվում։ Նա բարձրանում էր հետևի թաթերի ծայրերին, ամբողջ մարմնով ձըգվում էր ու միաժամանակ երգում․
    ― Տարա֊տարա֊տարա֊րա՛։
    Իսկ հետո, երբ կռանում էր, փորձելով առջևի թաթերը գետնին հասցնել (իհարկե, ապարդյուն), այսպես էր երգում։
    ― Տարա֊տարա֊տարա֊վա՜յ, օգնեցե՛ք, տրամ֊պա֊պա՛։
    Ահա այսպես ծնվեց այդ երգ֊քրթմնջիկը։ Նախաճաշից հետո Վինին շարունակ երգը կրկնում էր քթի տակ, քրթմնջում էր ու քրթմնջում, մինչև որ անգիր արեց։ Այդ Քրթմնջիկի բառերը մոտավերապես այսպիսին էին․
          Տարա֊տարա֊տարա֊րա՛,
          Տրամ֊պամ֊պամ֊տիրամ֊պամ֊պա՛։
          Տիրի֊տիրի֊տիրի֊րի՛,
          Տրամ֊պամ֊պամ֊տիրիրիմ֊պիմ֊պի՛։
    Եվ ահա քրթմնջալով քթի տակ այս Քրտմնջիկը և մտածելով, իսկ Վինի֊Թուխը մտածում էր այն մասին, թե ինչ կլիներ, եթե նա՝ Թուխը, չլիներ Վինի֊Թուխ, այլ բոլորովին֊բոլորովին մեկ ուրիշը, նա աննկատելիորեն հասավ զառիվեր լանջին, որտեղ ավազի մեջ մի լայն անցք էր երևում։
    ― Օհո՛ ― ասաց Թուխը։ ― Տրամ֊պամ֊պամ֊տիրիրամ֊պամ֊պա՛։ Եթե ես ինչ֊որ բան հասկանում եմ, ապա անցքը բույն է, իսկ բույնը՝ Ճագար, իսկ Ճագարը՝ լավ ընկեր, իսկ լավ ընկերը դա այն ընկերն է, որն ինձ որևէ բանով կհյուրասիրի և հաճույքով կլսի իմ Քրթմնջիկը։ Ա՛յ քեզ բախտ։
    Եվ Թուխը կռացավ, գլուխը մտցրեց անցքի մեջ ու գոռաց․
    ― Հե՜յ։ Ո՞վ կա տանը։
    Պատասխանի փոխարեն ներսից լսվեց թփթփոց, որից հետո դարձյալ լռություն տիրեց։
    ― Ես հարցնում եմ՝ «Հե՜յ։ Ո՞վ կա տանը»։ ― Բարձր֊բարձր կրկնեց Թուխը։
    ― Ոչ ոք, ― պատասխանեց ինչ֊որ մեկի ձայնը։ ― Եվ կարիք էլ չկա այդպես ոռնալու, ― ավելացրեց ձայնը, ― առաջին անգամ էլ հիանալի հասկացա։
    ― Ներեցեք, ― ասաց Վինի֊Թուխը։ ― Իսկապե՞ս տանը ոչ ոք, ոչ ոք չկա։
    ― Ոչ ոք, ոչ ոք չկա, ― պատասխանեց ձայնը։
    Վինի֊Թուխը գլուխը դուրս հանեց անցքից ու մտքի մեջ ընկավ։
    Նա մտածեց այսպես․ «Չի կարող պատահել, որ ներսում ոչ ոք, ոչ ոք չլինի։ Այնուամենայնիվ ինչ֊որ մեկը այնտեղ կա․ չէ՞ որ ինչ֊որ մեկը պիտի լիներ, որ ասեր` «Ոչ ոք, ոչ ոք չկա»։
    Եվ զարմանալի չէ, որ նա նորից կռացավ, գլուխը նորից մտցրեց անցքի մեջ ու ասաց․
    ― Լսիր, Ճագար, այդ դու չե՞ս։
    ― Ոչ, ես չեմ, ― ասաց Ճագարը իսկապես փոխված ձայնով։
    ― Ձայնը նույնպես քոնը չի՞։
    ― Իմ կարծիքով՝ ոչ, ― ասաց Ճագարը։ ― Իմ կարծիքով, սա բոլորովին նման չէ իմ ձայնին։ Եվ նմա՛ն էլ չպիտի լինի։
    ― Ահա թե ի՛նչ, ― ասաց Թուխը։
    Նա գլուխը նորից դուրս հանեց և նորից մտքի մեջ ընկավ։ Իսկ հետո նորից գլուխը ներս խոթեց անցքից ու ասաց․
    ― Բարի եղեք, ասացեք ինձ, խնդրւոմ եմ, որտե՞ղ է Ճագարը։
    ― Նա հյուր է գնացել իր բարեկամ Վինի֊Թուխին։ Եթե չգիտես, իմացիր, որ նրանք աննման բարեկամներ են։
    Այստեղ Բինի֊Թուխը զարմանքից «ախ» քաշեց։
    ― Բայց ախր, այդ ե՛ս եմ, ― ասաց նա։
    ― Ի՞նչ է նշանակում «ես եմ»։ «Ես եմ»֊ները տարբեր են լինում։
    ― Այս «ես եմ»֊ը նշանակում է, որ այդ ես եմ՝ Վինի֊Թուխը։
    Այս անգամ զարմացավ Ճագարը։ Վինի֊Թուխից էլ շատ զարմացավ։
    ― Իսկ դու չե՞ս սխալվում, ― հարցրեց նա, ― համոզվա՞ծ ես։
    ― Իհարկե՛, իհարկե՛, համոզված եմ, ― ասաց Վինի֊Թուխը։
    ― Դե լա՛վ, որ այդպես է, ներս արի։
    Եվ Թուխը ներս սողաց։ Նա խցկվում էր, խցկվում, խցկվում և վերջապես հայտնվեց բնի մեջ։
    ― Դու միանգամայն իրավացի էիր, ― ասաց Ճագարը, որքից գլուխ ուշադիր զննելով նրան։ ― Իսկապես դու ես։ Ողջո՛ւյն, ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ։
    ― Իսկ դու ո՞ւմ տեղն էիր ինձ դրել։
    ― Դե, ով ասես կարող է լինել։ Դու էլ լավ գիտես, որ այստեղ, Անտառում, ամեն մեկին չի կարելի տուն թողնել։ Զգուշությունը երբեք չի վնասում։ Դե լավ, ժամանակը չէ՞ արդյոք, որ մի բան ուտենք։
    Վինի֊Թուխը երբեք դեմ չէր մի բան ուտելուն, հատկապես առավոտյան ժամը տասնմեկին, երբ նախաճաշը վաղուց արդեն ավարտվել էր, իսկ ճաշը չէր էլ մտածում սկսվել։ Եվ իհարկե, նա շատ ուրախացավ, տեսնելով, որ Ճագարը բաժակներ ու ափսեներ է դնում սեղանին։ Իսկ երբ Ճագարը հարցրեց․ «Հացի վրա ի՞նչ քսեմ՝ մեղր, թե խտացրած կաթ», Թուխը հիացմունքով վրա տվեց․ «Եվ մեկից, և մյուսից», իսկ քիչ հետո սթափվելով, որպեսզի շատ աչքածակ չերևա, շտապեց ավելացնել․ «Իսկ հաց կարելի է բոլորովի՛ն չտալ»։
    Դրանից հետո Վինի֊Թուխը լռեց ու երկար ժամանակ չէր խոսում, որովհետև նրա բերանը սաստիկ կարևոր գործով էր զբաղված։
    Իսկ էլ ավելի հետո, քաղցր֊քաղցր ձայնով ինչ֊որ բան մռմռացնելով, իսկ Վինի֊Թուխի ձայնը իսկապես ասես մեղրից լիներ, նա վեր կացավ սեղանից, սրտանց սեղմեց Ճագարի թաթիկն ու ասաց, որ արդեն իր գնալու ժամանակն է։
    ― Արդե՞ն, ― քաղաքավարությամբ հարցրեց Ճագարը։
    Դժվար է երաշխավորել, որ Ճագարը չմտածեց․ «Այնքան էլ քաղաքավարի բան չէ կշտանալուն պես հրաժեշտ տալը»։ Բայց բարձրաձայն ոչինչ չասաց, որովհետև շատ խելացի Ճագար էր։
    Բարձրաձայն նա ասաց․
    ― Արդե՞ն։
    Դե, ― կմկմաց Թուխը, ― ես կարող եմ մի քիչ էլ մնալ, եթե միայն դու… եթե քեզ մոտ… ― կմկմում էր նա և չգիտես ինչու աչքը չէր հեռացնում պահարանից։
    ― Ճիշտն ասած, ես էլ էի պատրաստվում գնալ զբոսանքի, ― ասաց Ճագարը։
    ― Ա֊ա՜, որ այդպես է ես էլ գնամ։ Մնաս բարո՛վ։
    ― Գնաս բարո՛վ, եթե քեզ էլ ուրիշ ոչինչ պետք չէ։
    ― Իսկ որևէ բան դեռ մնացե՞լ է, ― հարցրեց Թուխը, կրկին աշխուժանալով։
    Ճագարը բացուխուփ արեց բոլոր կաթսաները, նայեց բոլոր ամանների մեջ և հոգոց հանելով ասաաց․
    ― Ափսո՛ս, ոչինչ չի մնացել։
    ― Ես այդպես էլ գիտեի, ― գլուխն օրորելով, կարեկցեց Թուխը։ ― Դե, մնաս բարով, ես գնացի։
    Եվ նա սկսեց նից դուրս սողալ։ Առջևի թաթերով ամբողջ ուժով նա իրեն քաշում էր առաջ, ինչքան ուժ ուներ իրեն առաջ էր հրում հետևի թաթերով… և որոշ ժամանակ անց երեվաց նրա քիթը։ Հետո երևացին ականջները… ապա՝ առջևի թաթերը… հետո՝ ուսերը… իսկ հետո…
    Իսկ հետո Վինի֊Թուխը գոռաց․
    ― Վա՛յ, օգնեցե՜ք։ Ավելի լավ է հետ սողամ։
    Ավելի հետո նա գոռաց․
    ― Վա՜յ, փրկեցե՛ք։ Չէ՛, ավելի լավ է առաջ սողամ։
    Եվ, վերջապես, նա ոռնաց ամբողջ կոկորդով․
    ― Վա՛յ֊վա՛յ֊վա՛յ։ Փրկեցե՜ք֊օգնեցե՜ք։ Ոչ առաջ եմ գնում, ոչ հետ։
    Ճագարը, եթե հիշում եք, մտադիր էր զբոսանքի գնալ։ Բայց տեսնելով, որ շքամուտքը անդառնալի փակվել է, դուրս եկավ հետնամուտքից և, շրջանցելով ույնը, մոտեցավ Թուխին, ավելի ճիշտ նրա այն կեսին, որ երևում էր։
    ― Ի՞նչ է պատահել, ― հարցրեց նա, ― մնացել ես անցքի մե՞ջ։
    ― Ո֊ո՛չ, պարզապես հանգստանում եմ, ― աշխատելով անհոգ երևալ, պատասխանեց Թուխը։ ― Պարզապես հանգստանում եմ, մտածում եմ և երգում իմ քեֆին…
    ― Հապա մի տուր թաթդ, ― խիստ ձայնով ասաց Ճագարը։
    Վինի֊Թուխը տվեց թաթը, և Ճագարն սկսեց քաշել։
    Նա քաշում էր ու քաշում, ձգում էր ու ձգում, մինչև որ Վինի֊Թուխը գոռաց․
    ― Վա՛յ֊վա՛յ֊վա՛յ, ցավում է։
    ― Հիմա ամեն ինչ պարզ է, ― ասաց Ճագարը, ― դու չես կարող դուրս գալ, որովհետև դեմ ես առել։
    ― Որովհետև, ― բարկացավ Թուխը, ― որովհետև բնիդ մուտքը չափազանց նեղ է։
    ― Ոչ, պատճառն այն է, որ ինչ֊որ մեկը աչքածակություն էր անում, ― խիստ ասաց Ճագարը։ ― Ինձ ամբողջ ժամանակ թվում էր, թեև քաղաքավարությունից դրդված ոչինչ չէի ասում, թե ինչ֊որ մեկը չափազանց շատ է ուտում։ Եվ ես հաստատ համոզված եմ, որ այդ «ինչ֊որ մեկը» ես չէի։ Ուրիշ ճար չկա, ստիպված եմ գնալ Քրիստոֆեր Ռոբինի հետևից։ Գուցե նա օգնի։
    Քրիստոֆեր Ռոբինը՝ Վինի֊Թուխի և Ճագարի մտերիմ բարեկամը, ապրում էր, ինչպես գիտեք, կանաչ դուռ ունեցող տանկում, Անտառի մյուս ծայրում։ Բայց նա անմիջապես օգնության եկավ և տեսնելով Վինի֊Թուխի առջևի կեսը, այնպիսի քնքշությամբ ասաց՝ «Ա՛խ, դու իմ հիմա՛ր արջուկ», որ բոլորն էլ թեթևություն զգացին։
    ― Իսկ ես հենց նոր մտածում էի, ― քիթը վեր քաշելով ասաց Թուխը, ― որ խեղճ Ճագարին այլևս երբեք երբեք չի վիճակվի տուն մտնել շքամուտքից… Եթե այդպես լիներ, ես շատ կտխրեի։
    ― Ես նույնպես, ֊ ասաց Ճագարը։
    ― Չի վիճակվի տուն մտնել շքամուտքի՞ց, ― կրկնեց Քրիստոֆեր Ռոբինը։ ― Իսկ ինչո՞ւ։ Կարծում եմ, որ կվիչակվի…
    ― Այ դա լավ է, ― թեթևացած շունչ քաշեց Ճագարը։
    ― Թերևս ստիպված լինենք բնի մեջ հրել, եթե չկարողացանք դուրս քաշել, ― ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
    Այստեղ Ճագարը մտահոգ քորեց ականջի հետևն ու ասաց, որ եթե Վինի֊Թուխին հետ հրենմ ապա նա ընդմիշտ կմնա ներսում։ Եվ չնայած ինքը՝ Ճագարը, անսահման ուրախ է, որ Թուխին շարունակ իր կողքին կտեսնի, բայց այնուամենայնիվ, ինչ ուզում ես ասա, ոմանց վեյալ չէ գետնի երեսին ապրել, իսկ ոմանց էլ՝ գետնի տակ, և…
    ― Քո կարծիքով, ես երբեք֊երբեք դուրս չե՞մ գա այստեղից, ― խեղճացած հարցրեց Թուխը։
    ― Իմ կարծիքով, քանի որ կիսով չափ դուրս ես եկել, ապա ափսոս է, որ մնաս ճանապարհի կեսին, ― ասաց Ճագարը։
    Քրիստոֆեր Ռոբինը գլխով արեց։
    ― Միայն մի ելք կա, ― ասաց նա, ― հարկացոր է սպասել, մինչև դու նորից նիհարես։
    ― Իսկ շատ պիտի սպասե՞մ, ― վախեցած հարցրեց Թուխը։
    ― Մոտ մի շաբաթ։
    ― Վա՜յ, ե սմի շաբաթ ոնց ցցվեմ այստեղ։
    ― Ցցվելուց հեշտ բան չկա քեզ համար, իմ հիմար արջուկ։ Քեզ այստեղից դուրս հանե՛լն է դժվար։
    ― Մի տխրի, մենք քեզ համար գրքեր կկարդանք, ― ուրախ բացականչեց Ճագարը։ ― Միայն թե ձյուն չգա… Հա, մի բան էլ ասեմ, ― ավելացրեց նա, ― դու, արեկամս, զբաղեցրել ես համարյա ամբողջ սենյակս… Եթե թույլ տաս, ես քո հետևի թտքերից սրբիչներ կկախեմ։ Ինչո՞ւ իզուր տեղը ցցվեն, երբ դրանցից հրաշալի կախիչներ դուրս կգան սրբիչի համար։
    ― Վա՛վ֊վա՛յ֊վա՛յ, մի ամ֊բո՛ղջ շաբաթ, ― տխուր ասաց Թուխը։ ― Իսկ ո՞նց եմ ճաշելու։
    ― Դու, սիրելիս, չես ճաշելու, ― ասաց Քրիստոֆեր Ռոբինը, ― որովհետև ինչքան շուտ նիհարես, այնքան լավ։ Իսկ բարձաձայն ընթերցանություն մենք քեզ խոստանում ենք։
    Վինի֊Թուխը ուզում էր հառաչել, բայց չկարողացավ․ շատ ամուր էր դեմ առել։ Նա մի կաթիլ արցունք թափեց ու ասաց․
    ― ոնե հեշտ մարսողական գրքեր կարդացեք, որոնք կմխիթարեն ու հույս կներշնչեն անելանելի վիճակում գտնվող դժվախտ արջուկիս…
    Եվ ահա մի ամբողջ շաբաթ Քրիստոֆեր Ռոբինը հենց մի այդպիսի հեշտ֊մարսողական, այսինքն՝ հասկանալի ու հետաքրքիր գիրք էր կարդում Վինի֊Թուխի Հյուսիսային Կեսի մոտ, իսկ Ճագարը լվացված սպիտակեղենը կախ էր տալիս Հարավային Կեսից… Իսկ Թուխը բարակում էր, բարակում էր ու բարակում։
    Իսկ երբ շաբաթը վերջացավ, Քրիստոֆեր Ռոբինը ասաց․
    ― Ժամանակն է։
    Նա բռնեց Թուխի առջևի թաթերից, Ճագարը բռնեց Քրիստոֆեր Ռոբինից, իսկ Ճագարի բոլոր Ազգականներն ու Ծանոթները (նրանք չափազանց շատ էին) բռնեցին Ճագարից և ամբողջ ուժով սկսեցին քաշել։
    Սկզբում Վինի֊Թուխը ասում էր․
    ― Վա՛յ։
    Հետո մեկ ուրիշ բառ էր ասում․
    ― Վա՛խ։
    Իսկ ավելի հետո նա բոլորովին֊բոլորովին անսպասելի ասաց․
    ― Կլո՛փ, ― ճիշտ և ճիշտ շշի բերանից դուրս թռչող խցանի նման։
    Այստեղ թե Քրիստոֆեր Ռոբինը, թե Ճագարը, թե Ճագարի բոլոր Ազգականներն ու Ծանթոները, մի խոսքով, բոլորը միասին գլուխկոնծի տվեցին։
    Իսկ այդ կույտի վերևում հայտնվեց ազագտված Վինի֊Թուխը։
    Վինի֊Թուխը ի նշան երախտագիտության՝ ուռած֊փրկված տեսքով գլուխ տվեց իր բարեկամներին, իսկ հետո նույն փքված տեսքով գնաց զբոսնելու Անտառում, չմոռանալով ճանապարհին երգել իր երգը։ Իսկ Քրիոստոֆեր Ռոբինը նայեց նրա հետևից ու քնքշանքով շշնջաց․
    ― Ա՛խ, դու իմ հիմա՛ր արջուկ։

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

    Որտեղ Թուխը և դնչիկը որսի են դուրս գալիս և քիչ է մնում բռնեն Բոբոյին
    Վինի֊Թուխի լավագույն ընկերը՝ Դնչիկ անունով փոքրիկ խոզուկը, ապրում էր մի մեծ, շատ֊մեծ տան մեջ, մի մեծ, շատ֊մեծ ծառի փչակում։ Ծառը անտառի կենտրոնում էր, տունը՝ ծառի կենտրոնում, իսկ Դնչիկն ապրում էր ճիշտ տան կենտրոնում։ Իսկ տան կողքին ոչ մեծ սյուն կար, սյան վրա՝ մի կոտրված տախտակ, և նա, ով գոնե մի քիչ կարդալ գիտեր, տախտակի վրա կարող էր կարդալ հետևյալ մակագրությունը․

ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՑԱՆՑ Մ․

իսկ շարունակությունը ի վիճակի չէր կարդալու ոչ ոք, նույնիսկ նա, ով շատ լավ էր կարդում։
    Մի անգամ Քրիստոֆեր Ռոբինը հարցրեց Դնչիկին, թե ի՞նչ է գրված տախտակի վրա։ Դնչիկն անմիջապես պատասխանեց, որ այնտեղ գրված է իր պապիկի անունը, և որ այդ մակագրված տախտակը ընտանեկան մասունք է, այսինքն՝ իրենց տոհմի հիշատակը։
    Քրիստոֆեր Ռոբինն ասաց, որ այդպիսի անուն՝ Կողմնակիանձանց Մ․, չի կարող լինել, իսկ Դնչիկը պատասխանեց, թե ո՛չ, կարող է, չէ՞ որ պապիկին այդպես են անվանել։ Եվ «Մ»֊ն պարզապես կրճատում է, իսկ պապիկի լրիվ անունը եղել է Կողմնակիանձանց Մաքս, իսկ դա էլ Մաքսուելլ Կողմնակիանձանց անվան կրճատ ձևն է։
    ― Իմ պապիկը երկու անուն ուներ, ― բացատրեց նա, ― հատկապես այն դեպքի համար, եթե հանկարծ մեկնումեկը ինչ֊որ տեղ կորցներ։
    ― Մեծ բան է։ Ես էլ երկու անուն ունեմ, ― ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
    ― Ա՛հա, տեսնո՞ւմ ես, ― ասաց Դնչիկը։ ― Ուրեմն, ես ճի՛շտ եմ։
    Հիանալի ձմեռային օր էր։ Դնչիկը դռան առջևի ձյունն էր ավլում, երբ բարձրացրեց գլուխը և տեսավ Վինի֊Թուխին։ Թուխը քայլում էր դանդաղ, ուշադրությամբ ոտքերի տակ նայելով և այնպես էր խորասուզվել մտքերի մեջ, որ երբ Դնչիկը ձայն տվեց, նա մինչև անգամ կանգ չառավ։
    ― Հե՜յ, Թո՛ւխ, ― կանչեց Դնչիկը։ ― Ողջո՜ւյն, Թուխ։ Այդ ի՞նչ ես անում։
    ― Որս եմ անում, ― պատասխանեց Թուխը։
    ― Ո՞րս ես անում։ Ի՞նչ որս։
    ― Հետապնդում եմ մեկին, ― խորհրդավոր պատասխանեց Թուխը։
    Դնչիկը մոտ վազեց։
    ― Հետապնդո՞ւմ ես։ Ո՞ւմ։
    ― Ես էլ շարունակ այդ հարցն եմ ինձ տալիս, ― ասաց Թուխը։ ― Ամբողջն հարցն էլ դա է՝ ո՞ւմ։
    ― Իսկ ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կպատասխանես այդ հարցին։
    ― Ստիպված եմ սպասել, մինչև կհանդիպեմ, ― ասաց Վինի֊Թուխը։ ― Այստեղ նայի՛ր ― նա մատնացույց արեց ուղիղ իր ոտքերի առջև։ ― Ի՞նչ ես տեսնում։
    ― Հետքեր, ― ասաց Դնչիկը։ ― Թաթերի հեթքե՛ր։ ― Հուզմունքից Դնչիկը մինչև անգամ ճղճղաց։ ― Թո՛ւխ։ Դու կարծում ես… որ սա… սարսափելի Բոբո՞ն է։
    ― Կարող է պատահել, ― ասաց Թուխը։ ― Երբեմն կարծես թե նա է, երբեմն էլ կարծես թե՝ չէ։ Հետքերով դժվար է որոշել։
    Եվ նա վճռական առաջ քայլեց, իսկ Դնչիկը մեկ֊երկու րոպե հապաղելուց հետո վազեց նրա հետևից։
    Հանկարծ Թուխը կանգ առավ ու կռացավ։
    ― Ի՞նչ պատահեց, ― հարցրեց Դնչիկը։
    ― Շատ տարօրինակ բան, ― ասաց Թուխը։ Հիմա կարծես գազանները երկուսն են։ Ահա սրան՝ Անհայտ մեկին, մոտեցել է մյուսը՝ Անհայտ մեկը, և հիմա նրանք միասին են զբոսնում։ Գիտես ի՞նչ, Դնչիկ, լավ կլինի, որ գաս ինձ հետ, մեկ էլ տեսար՝ սրանք Չար Գազաններ են։
    Դնչիկը խիզախորեն քորեց ականջի հետևն ու ասաց, որ մինչև ուրբաթ ինքը բոլորովին ազատ է և հաճույքով կընկերակցի Թուխին, հատկապես, եթե այնտեղ իսկական Բոբո կա։
    ― Դու ուզում ես ասել՝ եթե երկու իսկական Բոբո կա, ― ճշտեց Թուխը, իսկ Դնչիկն ասաց, որ իր համար միևնույն է, քանի որ մինչև ուրբաթ ինքը ոչ մի անելիք չունի։
    Եվ նրանք առաջ գնացին։
    Հետքերը պտտվում էին լաստենիների փոքրիկ պուրակի շուրջը… և, նշանակում է, երկու Բոբոները, եթե այդ նրանք էին, նույնպես պուրակի շուրջն էին պտտվում և, հասկանալի է, Թուխն ու Դնչիկը նույնպես պետք է պուրակի շուրջը պտտվեին։
    Ճանապարհին Դնչիկը Թուխին հետաքրքրական դեպքեր էր պատմում իր պապիկ Կողմնակիանձանց Մ․֊ի կյանքից։ Օրինակ, ինչպես էր պապիկը բուժում իր հոդացավը որսից վերադառնալիս կամ թե ինչպես նա օր ծերության սկսեց շնչարգելությամբ տառապել, և նման հետաքրքրաշարժ բաներ։
    Իսկ Թուխը մտածում էր, թե տեսնես ինչպիսին է եղել այդ պապիկը։ Եվ նա սկսեց մտածել, որ հիմա իրենք հետապնդում են երկու Պապիկների և, հետաքրքիր է, եթե բռնեն այդ Պապիկներին, չի՞ կարելի արդյոք նրանցից մեկին տուն տանել ու պահել, և, հետաքրքիր է, ի՞նչ կասի այդ մասին Քրիստոֆեր Ռոբինը։
    Իսկ հետքերը պտտվում ու պտտվում էին պուրակի շուրջը…
    Հանկարծ Թուխը զարմանքից քար կտրեց տեղում։
    ― Նայի՛ր, ― շշուկով գոռաց նա ու մատնացույց արեց ձյունը։
    ― Ո՞ւր, ― նույնպես շշուկով գոռաց Դնչիկը և սարսափից վեր ցատկեց։ Բայց, որպեսզի ցույց տա, որ վեր է ոռել ոչ թե վախից, այլ հենց այնպես, նա տեղնուտեղը մեկ֊երկու անգամ էլ վեր֊վեր արեց, ասես պարզապես ցանկանում էր ցատկոտել։
    ― Նոր հետքեր, ― ասաց Թուխը։ ― Հայտնվել է երրորդ գազանը։
    ― Թո՛ւխ, ― ճղճղաց Դնչիկը, ― դու կարծում ես, որ դա՞ էլ է Բոբո։
    ― Չէ, չեմ կարծում, ― ասաց Թուխը, ― որովհետև այս հետքերը տարբերվում են… Այստեղով, հավանորեն, անցել են երկու Բոբո, և մեկ, ասենք… ասենք՝ Բեբո… Կամ էլ հակառակը, երկու Բեբո և մեկ, ասենք… ասենք՝ Բոբո… Ոչինչ չես կարող անել, պետք է գնալ նրանց հետևից։
    Եվ նրանք քայլեցին առաջ արդեն փոքր֊ինչ հուզված, որովհետև այդ երեք Անհայտ Գազանները կարող էին Շատ Չար Գազաններ լինել։ Եվ Դնչիկը սարսափելի ուզում էր, որ իր սիրելի պապիկ Կողմնակիանձանց Մ․֊ն հիմա իր կողքին լիներ և ոչ թե անհայտ մի տեղում։ Իսկ Թուխը մտածում էր, որ վատ չէր լինի, եթե իրենք հանկարծ, բոլորովին֊բոլորովին պատահաբար հիմա Քրիստոֆեր Ռոբինին հանդիպեին, որովհետև ինքը Թուխը շատ է սիրում նրան։
    Եվ այստեղ միանգամայն անսպասելիորեն Թուխը կանգ առավ երրորդ անգամ և լիզեց քթի ծայրը, որովհետև հանկարծ զգաց, որ սարսափելի շոգ է։ Հիմա նրանց առջև չորս գազանների հետքեր էին երևում։
    ― Դնչիկ, նայիր, նայի՛ր։ Տեսնո՞ւմ ես։ Մի Բոբո էլ է ավելացել։ Հիմա նրանք դարձել են երեք Բոբո և մի Բեբո…
    Այո, ամեն ինչից երևում էր, որ Թուխը չի սխալվում։ Հետքերը, ճիշտ է, փոքր ինչ խառնվում ու խաչաձևում էին միմյանց, բայց միանգամայն անկասկած էր, որ դրանք չորս զույգ թաթերի հետքեր են։
    ― Գիտե՞ս ինչ, ― ասաց Դնչիկը, իր հերթին լիզեց քթի ծայրը և համոզվեց, որ դա շատ քիչ է օգնում։ ― Գիտե՞ս ինչ։ Իմ կարծիքով, ես ինչ֊որ բան հիշեցի։ Այո, այո՛։ Ես հիշեցի մի գործի մասին, որը երեկ մոռացել եմ անել, իսկ վաղը ուշ կլինի… մի խոսքով, ես պետք է անմիջապես տուն գնամ և անեմ այդ գործը։
    ― Ճաշից հետո կանենք այդ գործը, ― ասաց Թուխը, ― ես քեզ կօգնեմ։
    ― Հասկանում ես, դա այնպիսի գործ է, որ չի կարելի ճաշից հետո անել, ― շտապեց ասել Դնչիկը։ ― Դա հատուկ առավոտյան գործ է։ Պետք է անել անպայման առավոտյան և ամենից լավ է ժա՜մը… Դու չգիտե՞ս ժամը քանիսն է…
    ― Տասներկուսը, ― ասաց Թուխը, նայելով արևին։
    ― Ահա, տեսնում ես, այդ գործը պետք է անել տասներկուսից մինչև տասներկուսն անց հինգ րոպե։ Այնպես որ ինձանից չնեղանաս, ես գնա… Վա՜յ, մայրիկ։ Ո՞վ կա այնտեղ։
    Թուխը նայեց երկնքին, իսկ հետո, կրկին լսելով ինչ֊որ մեկի սուլոցը, նայեց մեծ կաղնուն և ճյուղի վրա ինչ֊որ մեկին տեսավ։
    ― Ախր սա Քրիստոֆեր Ռոբի՛նն է, ― ասաց նա։
    ― Ա՛ա՜, այդ դեպքում ամեն ինչ կարգին է, ― ասաց Դնչիկը, ― նրա հետ դու կարող ես ոչ մի բանից չվախենալ։ Ցտեսությո՜ւն։
    Եվ նա մի շնչով սլացավ տուն՝ շատ գոհ, որ ազատվեց սոսկալի վտանգից։
    Քրիստոֆեր Ռոբինը առանց շտապելու իջավ ծառից։
    ― Իմ հիմա՜ր արջուկ, ― ասաց նա,մ ― դու այստեղ ինչո՞վ ես զբաղված։ Սկզբում դու մենակ երկու անգամ պտտվեցիր այս պուրակի շուրջը, հետո քեզ մոտեցավ Դնչիկը, և դուք սկսեցիք երկուսով պտտվել… Հիմա, իմ կարծիքով, դուք պատրաստվում էիք չորրորդ պտույտը կատարել ձեր իսկ սեփական ոտնահետքերով…
    ― Մի րոպե, ― թաթը տնկելով ասաց Թուխը։
    Նա նստեց ու մտքի մեջ ընկավ՝ խորը֊խորը։ Հետո նա իր թաթը դրեց մի հետքի վրա… Հետո նա երկու անգամ քորեց ականջի հետևն ու ոտքի ելավ։
    ― Այո֊ո՛ ― ասաց նա։ ― Հիմա ամեն ինչ հասկացա, ― ավելացրեց նա։ ― Ես նույնիսկ չգիտեի, որ այդքան հիմար ուն անխելք եմ, ― ասաց Վինի֊Թուխը։ ― Ես աշխարհի ամենաբթամիտ արջուկն եմ։
    ― Ինչե՛ր ես ասում։ Դու աշխարհի ամենալավ արջուկն ես, ― մխիթարեց Քրիստոֆեր Ռոբինը։
    ― Ճշմարի՞տ ― հարցրեց Թուխը։ Նա նկատելիորեն մխիթարվեց։ Իսկ հետո հանկարծ բոլորովին պայծառացավ։ ― Ինչ ուզում ես ասա, բայց արդեն ճաշելու ժամանակն է, ― ասաց նա։
    Եվ տուն գնաց՝ ճաշելու։


ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

    Որտեղ Իա֊Իան կորցնում է պոչը, իսկ Թուխը գտնում է


Մոխրագույն ծեր իշուկ Իա֊Իան մեն֊մենակ կանգնել էր Անտառի անկյունում, որտեղ միայն տատասկափշեր էին աճում։ Առջևի ոտքերը լայն դրած, գլուխը թեքած կողքի, նա մտածում էր Լուրջ Բաների մասին։ Երբեմն նա տխուր մտածում էր․ «Ինչո՞ւ»։ Երբեմն էլ․ «Ի՞նչ պատճառով՞»։ Իսկ երբեմն էլ մտածում էր մինչև անգամ այսպես․ «Ի՞նչ հետևություն այստեղից»։ Եվ զարմանալի չէ, որ ժամանակ առ ժամանակ նա ընդհանրապես դադարում էր հասկանալ, թե վերջապես ինչի մասին է ինքը մտածում։
    Ահա թե ինչու, լսելով Վինի֊Թուխի ծանր ոտնաձայները, Իան ուրախացավ, որ կարող է գոնե մի րոպե չմտածել և պարզապես բարևել մեկին։
    ― Ինչպե՞ս է ինքնազգացողությունդ, ― սովորականի նման ծուլորեն հարցրեց նա։
    ― Իսկ քոնը ինչպե՞ս է, ― հարցրեց Վինի֊Թուխը։
    Իան օրորեց գլուխը։
    ― Ոչ այնքան այնպես, ― ասաց նա։ ― Կամ էլ նույնիսկ բոլորովին ոչ այնպես։ Ինձ թվում է, որ արդեն շատ վաղուց ինձ չեմ զգացել այնպես։
    ― Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ― ասաց Թուխը, ― շատ ցավալի է։ Ապա մի թող քեզ նայեմ։
    Իան մնաց կանգնած, դարձյալ ամենավհատ տեսքով նայելով գետնին, իսկ Թուխը պըտըտվեց նրա շուրջը։
    ― Իա, ― զարմացած հարցրեց նա, ― ի՞նչ է պատահել պոչիդ։
    ― Դու կարծես թե իրավացի ես։
    ― Իհարկե, իրավացի՛ եմ, ― ասաց Թուխը։
    ― Սա միանգամայն բնական է, ― տխուր ասաց Իա֊Իան։ ― Հիմա ամեն ինչ պարզ է։ Զարմանալու կարիք չկա։
    ― Դու երևի պոչդ մոռացել ես ինչ֊որ տեղ, ― ենթադրեց Թուխը։
    ― Ավելի ճիշտ, ինչ֊որ մեկը թռցրել է… ― ասաց Իա֊Իան։ ― Ուրիշ էլ ի՞նչ կարելի է սպասել, ― ավելացրեց նա երկարատև ընդմիջումից հետո։
    Թուխն զգում էր, որ ինքը պետք է մի ինչ֊որ օգտակար բան ասի, բայց գլխի չի ընկնում, թե ինչ։ Եվ նա որոշեց փոխարենը մի որևէ օգտակար բան ա ն ե լ։
    ― Իա֊իա, ― հանդիսավորությամբ ասաց նա, ― ես՝ Վինի֊Թուխս, խոստանում եմ գտնել քո պոչը։
    ― Շնորհակալություն, Թո՛ւխ, ― ասաց Իան։ ― Դու իսկական ընկեր ես։ Նման չես ոմանց։
    Եվ Վինի֊Թուխը գնաց որոնելու պոչը։
    Գարնանային հրաշալի առավոտ էր։ Փոքրիկ թափանցիկ ամպիկները ուրախ խաղում էին կապույտ երկնքում։ Նրանք մերթ լողում էին դեպի արևը, ասես ուզում էին ծածկել նրան, մերթ էլ շտապ֊շտապ հետ էին փախչում, որպեսզի մյուսներն էլ կարողանային խաղալ ու չարաճըճիություններ անել։
    Իսկ արևն ուրախ շողում էր, ոչ մի ուշադրություն չդարձնելով նրանց վրա, և սոճին, որ կլոր տարին հագից չէր հանել իր ասեղնավոր զգեստը, հին ու մաշված էր թվում նոր ու կանաչ ժանյակներով զուգված կեչու կողքին։ Վինին քայլում էր սոճիների ու եղևնիների մոտով, քայլում էր գիհեպտուղով ու կռատուկով պատված լանջերով, քայլում էր առվակների ու գետակների զառիթափ ափերով, քայլում էր քարակույտերի ու թփուտների միջով, և ահա, հոգնած ու քաղված, նա վերջապես հասաց Թավուտ Անտառը, որովհետև հենց այստեղ, Թավուտ անտառում էր ապրում Բուն։
    «Եթե կա ինչ֊որ մեկը, որ ինչ֊որ բան գիտե ինչ֊որ բանի մասին, ― ինքն իրեն ասում էր արջուկը, ― ապա դա, անկասկած, ուն է։ Կամ էլ ես Վինի֊Թուխը չեմ, ― ասաց նա։ Բայց ես նա եմ, ― ավելացրեց Թուխը։ ― Նշանակում է՝ ամեն ինչ կարգի՛ն է»։
    Բուն ապրում էր «Շագանակներ» սքանչելի դղյակում։ Այո, դա տուն չէր, այլ իսկական դղյակ։ Համենայն դեպս, այդպես էր թվում արջուկին, որովհետև դղյակի դռան վրա թե կոճակով զանգ կար, և թե պարանով զանգ։ Կոճակով զանգի տակ գրված էր․

    ԽՆԹՐՈՒՄ ԵՄ ՍԵԽՄԵԼ ԵԹԵ ՉԷՆ ԲԱՑՈՒՄ

    Իսկ պարանով զանգի տակ գրված էր․

    ԽՆԹՐՈՒՄ ԵՄ ՔԱՇԵԼ ԵԹԵ ՉԷՆ ԲԱՑՈՒՄ

    Երկու հայտարարությունն էլ գրել էր Քրիստոֆեր Ռոբինըմ որովհետև ամբողջ Անտառում միայն նա գրել գիտեր։ Նույնիսկ Բուն, թեև նա շատ֊շատ խելոք էր և կարողանում էր կարդալ ու մինչև անգամ ստորագրել իր անունը՝ Փու, նույնիսկ նա ի վիչակի չէր ճիշտ գրել այնդքան դժվար բառերը։
    Վինի֊Թուխը երկու հայտարարությունն էլ ուշադրությամբ կարդաց, սկզբում ձախից աջ, իսկ հետո, որպեսզի որևէ բան հանկարծ բան չթողնի՝ աջից ձախ։
    Ապա, համոզված լինելու համար, նա սեղմեց կոճակը, քաշեց պարանը, բախեց դուռն ու ամբողջ կոկորդով մեկ գոռաց․
    ― Բու, բա՛ց արա դուռը։ Ա՛րջն է եկել։
    Դուռը բացվեց, և շեմքում երևաց Բուն։
    ― Ողջո՛ւյն, Թո՛ւխ, ― ասաց նա։ ― Ի՞նչ նորություններ կան։
    ― Տխուր ևսարսափելի, ― ասաց Թուխը, ― որովհետև Իա֊Իան, իմ հին բարեկամը, կորցրել է պոչը և հիմա շատ է վշտացած։ Բարի եղիր, ասա խնդրում եմ, ինչպե՞ս կարող եմ գտնել։
    ― Դե, ― ասաց Բուն, ― սովորական արարողությունը նման դեպքերում ներքոհիշյալն է…
    ― Ի՞նչ է նշանակում Ներկով Հիշել, ― ասաց Թուխը։ ― Դու մի մոռացիր, որ իմ գլխում թեփ է, և երկար բառերը ինձ միայն գլխացավ են պատճառում։
    ― Դա նշանակում է այն, ինչ պետք է անել։
    ― Քանի դեռ դա է նշանակում, ես դեմ չեմ, ― խոնարհաբար ասաց Թուխը։
    ― Անհրաժեշտ է հետևյալը անել․ նախ և առաջ, հրապարակիր մամուլում։ Հայտնի չի, թե քո բարեկամը, երբ…
    ― Առողջությո՛ւն, ― ասաց Թուխը, բարձրացնելով թաթը։ ― Ասում ես, ի՞նչ պետք է անենք այդ ամենը այդ մա… ինչպե՞ս ասացիր։ Դու փռշտացիր, երբ պատրաստվում էիր ասել։
    ― Ես չեմ փռշտացել։
    ― Ոչ, Բու, փռշտացի՛ր։
    ― Ներիր, խնդրում եմ, Թուխ, բայց ես չեմ փռշտացել։ Ինչպե՞ս կարելի է փռշտալ և չիմանալ, որ փռշտացել ես։
    ― Բայց նաև հնարավոր չի իմանալ, թե ինչ֊որ մեկը փռշտացել է, եթե ոչ ոք չի փռշտացել։
    ― Ես ասում էի՝ հայտնի չի…
    ― Ահա՛, նորից։ Առողջությո՛ւն, ― տխուր ասաց Թուխը։
    ― Հայտնի չի՛, ― շատ բարձր և հատ֊հատ ասաց Բուն, ― թե քո բարեկամը որտեղ է կորցրել պոչը։ Ուստի, հայտարարություն տուր թերթում և պարգև խոստացիր։ Հարկավոր է գրել, որ մենք մի ինչ֊որ շատ լավ բան կտանք նրան, ով կգտնի Իայի պոչը։
    ― Հասկանում եմ, հասկանում, ― գլուխը շարժեց Թուխը։ ― Ի միջի այլոց, այդ «շատ լավ բանի» մասին, ― կիսաքուն շարունակեց նա, ― սովորաբար այս ժամին ես դեմ չեմ որևէ բան ուտելու… ― Եվ նա աչքը գցեց սենյակի անկյունում կանգնած պահարանին։ ― Ասենք, մի գդալ խտացրած կաթ կամ էլ մի ուրիշ բան, օրինակ, մի ումպ մեղր…
    ― Դե, ուրեմն, ― ասաց Բուն, ― մենք հայտարարություն կգրենք և կփակցնենք Անտառով մեկԼ
    «Մի փոքրիկ գդալ մեղր, ― ինքն իրեն քրթմնջում էր արջուկը, ― մի շատ փոքրիկ գդալ մեղր»։
    Իսկ Բուն խոսում էր ու խոսում, արտասանում էր սոսկալի երկար բառեր, և այդ բառերը գնալով ավելի ու ավելի երկար էին դառնում… Վերջապես նա վերադարձավ այնտեղ, որտեղից սկսել էր, և սկսեց բացատրել, որ այդ հայտարարությունը պետք է գրի Քրիստոֆեր Ռոբինը։
    ― Իմ դռան վրայի հայտարարությունները նույնպես նա է գրել։ Դու դրանք տեսե՞լ ես, Թուխ։
    Թուխն արդեն վաղուց հերով մեկ «այո», մեկ «ոչ» էր պատասխանում այն ամենին, ինչ ասում էր Բուն։ Եվ քանի որ վերջին անգամ նա ասել էր՝ «այո, այո, իհարկե», ապա այս անգամ ասաց․ «Ոչ, ոչ, երբե՛ք», թեև գաղափար անգամ չուներ, թե ինչի մասին է խոսքը։
    ― Ինչպես, չե՞ս տեսել, ― խիստ զարմացած հարցրեց ուն։ ― Գնանք ցույց տամ։
    Նրանք դուրս եկան, և Թուխը քնկոտ աչքերով նայեց կոճակով զանգին, նրա տակ փակցված հայտարարությանը, ապա պարանով զանգին, հետո նրա աչքն ընկավ պարանին։ Եվ որքան շատ էր նա այդ պարանին նայում, այնքան ավելի էր նրան թվում, թե ինչ֊որ տեղ նման բան արդեն տեսել է։ Ինչ֊որ մի բոլորոբին այլ տեղ, ինչ֊որ շատ վաղուց։
    ― Գեղեցիկ պարան է, այնպես չէ՞, ― հարցրեց Բուն։
    Թուխը գ;խով արեց։
    ― Այս պարանն ինձ ինչ֊որ բան է հիշեցնում, ― ասաց նա, ― բայց չեմ կարողանում հիշել, թե ինչ։ Որտեղի՞ց ես ճարել։
    ― Մի անգամ անցնում էի անտառով, տեսա կախված էր փթից, սկզբում մտածեցի, թե այնտեղ ինչ֊որ մեկն ապրում է, և քաշեցի, բայց զանգի ձայն չլսվեց, իսկ հետո ես ավելի ուժեղ քաշեցի, և պոկվեց։ Քանի որ այդ պարանը, իմ կարծիքով, ոչ ոքչ պետք չէր, բերեցի տուն և…
    ― Բու, ― հանդիսավոր ասաց Թուխը, ― այս պարանը ինչ֊որ մեկին շատ պետք է։
    ― Ո՞ւմ։
    ― Իային։ Իմ թանկագին բարեկամ Իային։ Նա… նա շատ էր սիրում այս պարանը։
    ― Սիրո՞ւմ էր։
    ― Կապված էր նրան, ― տխուր ասաց Վինի֊Թուխը։
    Եվ այս խոսքերով նա պարանը հանեց կեռից ու տարավ տվեց տիրոջը՝ Իային, իսկ երբ Քրիստոֆեր Ռոբինը պոչն ամրացրեց նախկին տեղում, այսինքն՝ այնտեղ, որտեղ սովորաբար լինում են բոլոր պոչերը, Իա֊Իան սկսեց սլանալ Անտառով մեկ և այնպիսի հիացմունքով էր թափահարում պոչը, որ ինչ֊որ բան ոտից գլուխ խուտուտ ածեց Թուխին, և նա ստիպված եղավ անմիջապես վազել տուն ու մի բան ուտել։
    Իսկ կես ժամ հետո նա շրթունքները լիեզելով, հպարտ երգեց․
          Ո՞վ գտավ պոչը,
          Վինի֊Թուխը՝ ես։
          Ուղիղ հինգ անց կես
          (Բայց իրականում հազիվ մեկը լիներ)
          Ես գտա պոչը։

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՐՈՐԴ

    Որտեղ Դնչիկը հանդիպում է Փղաձիուն


    Մի անգամ, երբ Քրիստոֆեր Ռոբինը, Վինի֊Թուխը և Դնչիկը նստած խաղաղ զրուցում էին, Քրիստոֆեր Ռոբինը, իբրև թե ի միջի այլոց, ասաց․
    ― Դնչիկ, գիտես, ես այսօր տեսա Փղաձիուն։
    ― Իսկ ի՞նչ էր նա անում, ― հարցրեց Դնչիկը։
    Կարելի էր կարծեսլ, թե նա բոլորովին չզարմացավ։
    ― Պարապ֊սարապ թափառում էր, ― ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ Իմ կարծիքով, նա ինձ չնկատեց։
    ― Մեկին էլ ես տեսա, ― ասաց Դնչիկը։ ― Իմ կարծիքով, նա էր։ Բայց գուցե և ոչ։
    ― Ես էլ եմ տեսել, ― ասաց Թուխը և տարակուսած մտածեց․ «Տեսնես ո՞վ է Փղաձին»։
    ― Նրանց հաճախ չես հանդիպի, ― անփութորեն ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
    ― Հատկապես հիմա, ― ասաց Դնչիկը։
    ― Հատկապես տարվա այս ժամանակ, ― ասաց Թուխը,
    Հետո նրանք մի քիչ էլ խոսեցին դեսից դենից, և շուտով Դնչիկի ու Թուխի գնալու ժամանակը եկավ։ Նրանք միասին գնացին։ Սկզբում, քանի դեռ նրանք քարշ էին գալիս Թավուտ Անտառի եզրով ձգվող արահետով, երկուսն էլ լուռ էին, բայց երբ հասան գետակին և միմյանց օգնում էին քարից քար ոռչելով մյուս ափն անցնել, իսկ հետո կողք կողքի քայլում էին թփուտների միջով անցնող կածանով, նրանց միջև Չափազանց Խելացի Խոսակցություն սկսվեց։ Դնչիկն ասում էր․ «Հասկանում ես, Թուխ, թե ի՞նչ ես ուզում ասել»։ Իսկ Թուխը պատասխանում․ «Ես ինքս էլ, Դնչիկ, այդպես եմ մտածում»։ Դնչիկն ասում էր․ «Բայց մյուս կողմից, Թուխ, մենք չպետք է մոռանանք»։ Իսկ Թուխը պատասխանում էր․ «Միանգամայն ճիշտ է, Դնչիկ։ Չեմ հասկանում, ինչպե՞ս եմ աչքաթող արել այդ հանգամանքը»։
    Եվ ահա, երբ նրանք հասել էին Վեց Սոճիների մոտ, Թուխը նայեց չորս կողմ և, համոզվելով, որ իրենց ոչ ոք չի լսում, ասաց․
    ― Դնչիկ, ես որոշել եմ բռնել Փղաձիուն։
    Եվ Թուխը մի քանի անգամ ուռած֊փքված տմտմբացրեց գլուխը։ Նա սպասում էր, որ Դնչիկը կասի․ «Դե լա՜վ»։ կամ էլ՝ «Ի՞նչ ես ասում», և կամ նույնիսկ՝ «Թո՜ւխ, չի կարող պատահել», մի խոսքով, որևէ օգտակար դիտողություն կանի, բայց Դնչիկը ոչինչ չասաց․
    Մեր մեջ ասած, Դնչիկը վշտացել էր, որ այդ հրաշալի միտքը առաջինը իր գլխում չի ծնվել։
    ― Ես մտածում եմ բռնել նրան, ― ասաց Թուխը և փոքր֊ինչ լռելուց հետո ավելացրեց․ ծուղակով։ Եվ դա պետք է Շատ Խորամանկ Ծուղակ լինի, այնպես որ, Դնչիկ, դու պետք է օգնես ինձ։
    ― Թո՛ւխ, ― ասաց Դնչիկը, անմիջապես մխիթարվելով և իրեն զգալով միանգամայն երջանիկ, ― ես, իհարկե, կօգնեմ քեզ։ ― Հետո ասաց․ ― Իսկ ո՞նց պիտի անենք։
    Թուխը ասաց․
    ― Ամբողջ հարցն էլ հենց դա է՝ ինչպե՞ս։
    Նրանք նստեցին, որպեսզի քննարկեն իրենց անելիքը։
    Առաջին բանը որ անցավ Թուխի մտքով՝ փորել Շատ Խորը Փոս։ Փղաձին զբոսնելու կգա, կընկնի այդ փոսի մեջ, և…
    ― Ինչո՞ւ, ― հարցրեց Դնչիկը։
    ― Ի՞նչը՝ ինչո՞ւ, ― ասաց Թուխը։
    ― Ինչո՞ւ նա կընկնի փոսը։
    Թուխը թաթով տրորեց քիթը և ասաց, որ, հավանաբար, Փղաձին դուրս կգա զբոսանքի քթի տակ մի երգ կմռմռա և երկինք կնայի, որպեսզի տեսնի, արդյոք անրձև չի՞ գալու, և ահա չի նկատի Շատ Խորը Փոսը, մինչև որ կընկնի մեջը, իսկ այդ ժամանակ արդեն ուշ կլինի։
    Դնչիկն ասաց, որ դա, իհարկե, շատ լավ Ծուղակ է, բայց ինչ կստացվի, եթե անձրևն արդեն սկսված լինի։
    Թուխը նորից քորեց քիթն ու ասաց, որ այդ մասին ինքը չի մտածել։ Բայց տեղնուտեղը նորից պայծառացավ ու ասաց, որ, եթե անձրևն արդեն սկսված լինի, Փղաձին երևի կնայի երկնքին, որպեսզի տեսնի, արդյո՞ք շուտ է անձրևը կտրվելու, և ահա դարձյալ չի նկատի Շատ Խորը Փոսը, մինչև որ կընկնի մեջը։ Իսկ այդ ժամանակ արդեն ուշ կլինի։
    Դնչիկն ասաց, որ հիմա ամեն ինչ պարզ է, և որ, իր կարծիքով, դա շատ֊շատ Խորամանկ Ծուղակ է։
    Դնչիկն ասաց, որ իր կարծիքով, պետք է փոսը փորել հենց Փղաձիու քթի տակ, անմիջապես այն բանից առաջ, երբ նա ընկնելու կլինի այնտեղ։
    ― Բայց այդ ժամանակ նա կտեսնի, որ մենք փորում ենք, ― ասաց Թուխը։
    ― Չի՛ տեսնի։ Ախր նա երկնքին է նայելու…
    ― Իսկ եթե հանկարծ պատահաբար ցած նայի՞, ― ասաց Թուխը։ ― Այդ ժամանակ ամեն ինչ կհասկանա…
    Նա երկար մտորում էր, իսկ հետո տխուր ասաց․
    ― Այո, այնքան էլ հեշտ չի, ինչքան ես էի կարծում։ Երևի դրա համար էլ Փղաձիեր այդքան քիչ են հանդիպում։
    ― Երևի, ― համաձայնեց Դնչիկը։
    Նրանք հառաչելով ոտքի ելան, իսկ հետո, միմյանց վրայից մի քանի փշեր դուրս քաշելով, նորից նստեցին, և ամբողջ ժամանակ Թուխը ինքն իրեն ասում էր․ «Ա՜խ, եթե ես միայն մ տ ա ծ ե լ իմանայի»։ Հոգու խորքում Վինին համոզված էր, որ Փղաձիուն կարելի է բռնել, միայն հարկավոր է, որ որսորդի գլխում իսկական խելք լինի և ոչ թե թեփ…
    ― Ենթադրենք, ― ասաց նա Դնչիկին, ― դու ուզում ես բռնել Ի ն ձ։ Ի՞նչ կանես։
    ― Ես, ― ասաց Դնչիկը, ― ես այսպես կանեմ․ ծուղակ կսարքեի և Ծուղակում խայծ կդնեի՝ մի կճուճ մեղր։ Դու հոտը կառնեիր, կգայիր նրա հետևից և…
    ― Այո, ես կգայի նրա հետևից, ― հուզված ասաց Թուխը, ― միայն թե շատ զգույշ, որպեսզի չընկնեմ, և ես կվերցնեի այդ լկճուճը և նախ կլիզեի եզրերը, օբր թե այնտեղ այլևս մեղր չի մնացել, իսկ հետո կքաշվեի մի կողմ ու մի քիչ կմտածեի նրա մասին, իսկ հետո կվերադառնայի և կսկսեի լիզել հենց կճուճի մեջտեղից, իսկ հետո…
    ― Դե լավ, հանգստացիր, հանգստացի՛ր։ Կարևորն այն է, որ դու ծուղակը կընկնեիր, և ես կբռնեի քեզ։ Այսպես ուրեմն, նշանակում է, առաջին հերթին պետք է իմանալ, թե ինչ են սիրում Փղաձիերը։ Իմ կարծիքով, կաղին։ Ճի՞շտ է։ Հիմա կաղին շատ կա… Հե՜յ, Թո՛ւխ, ուշքի եկ։
    Թուխը, որ մեղրի մասին երազելով բոլորովին ձեռքից գնացել էր, ուշքի եկավ և նույնիսկ վեր թռավ տեղից ու հայտարարեց, թե մեղրը շատ անգամ ավելի հրապուրիչ խայծ է, քան կաղինը։ Դնչիկն այլ կարծիքի էր, և նրանք քիչ էր մնում վեճ սկսեին, բայց Դնչիկը ժամանակին գլխի ընկավ, որ եթե ծուղակում կաղին դնեն, ապա կաղինը պետք է հավաքի ինքը՝ Դնչիկը, իսկ եթե այնտեղ մեղր դնեն, ապա մեղրը կբերի Թուխը։ Դրա համար էլ նա ասաց․ «Շատ լավ, ուրեմն՝ մե՛ղր», և ճիշտ այն պահին, երբ Թուխն էլ իր հերթին այդ մասին էր մտածել, և պատրաստվում էր ասել․ «Շատ լավ, ուրեմն՝ կաղի՛ն»։
    ― Ուրեմն՝ մեղր, ― համոզվելու համար կրկնեց Դնչիկը։ ― Ես փորում եմ Փոսը, իսկ դու գնում ես մեղր բերելու։
    ― Շատ լավ, ― ասաց Թուխը և գնաց տուն։
    Տուն հասնելով, նա բարձրացավ աթոռին և պահարանի վերին դարակից մի մեծ, շատ մեծ կճուճ մեղր հանեց։ Կճուճի վրա գրված էր՝ «Մէխըր», բայց որպեսզի վերջնականապես համոզվի, Վինի֊Թուխը բարձրացրեց թղթյա կափարիչը և նայեց կճուճի մեջ։ Իսկապես որ բերնեբերան լի էր մեղրով։
    ― Բայց դժվար էր երաշխավորել, ― ասաց Թուխը։ ― Հիշում եմ, մորեղբայրս պատմում էր, որ ինքը մի անգամ ճիշտ և ճիշտ այս գույնի պանիր է տեսել։
    Եվ Վինին դունչը մտցրեց կ֊ւոճի մեջ ու ինչպես պետքն է լիզեց։
    ― Այո, ― ասաց նա, ― սա մեղր է։ Չի կարելի կասկածել։ Մի լիքը կճուճ մեղր։ Իհարկե, եթե մեկնումեկը հատակին պանիր չի դրել, հենց այնպես, կատակի համար։ Գուցե ավելի լավ է մի քիչ էլ փորձեմ… Մեկ էլ տեսար… Մեկ էլ տեսար Փղաձիերը պանիր չեն սիրում… ինձ նման… Ա՜խ։ ― Եվ նա խորը շունչ քաշեց։ ― Չէ՛, չեմ սխալվել։ Մինչև վերջ մաքուր մեղր է։
    Հաստատ համոզվելով, որ կճուճում եղածը մեղր էր, Թուխը կճուճը թևի տակ դրեց ու բռնեց Ծուղակի ճանապարհը։ Դնչիկը, դուրս նայելով Շատ Խորը Փոսից, հարցրեց․ «Բերեցի՞ր»։ Եվ Թուխը ասաց․ «Այո, միայն թե լիքը չի»։ Դնչիկը նայեց կճուճի մեջ ու հարցրեց․ «Սա է մնացե՞լ»։ Եվ Թուխը ասաց․ «Այո», և դա ճիշտ էր։
    Դնչիկը կճուճը դրեց Փոսի հատակին, դուրս եկավ, և նրանք գնացին տուն։
    ― Կհանդիպենք առավոտյան ժամը վեցին, Դնչիկ։ ― Ասաց Թուխն իր տան մոտ։ ― Դու պարան չե՞ս ունենա։
    ― Չէ։ Իսկ ինչի՞դ է պետք պարանը։
    ― Որ նրանց տուն տանենք։
    ― Աա՜… իսկ ես կարծում էի, թե Փղաձիերը գալիս են սուլոցի վրա։
    ― Ոմանք գալիս են, իսկ ոմանք՝ չէ։ Փղաձիերի համար չի կարելի երաշխավորել։ Դե, բարի գիշեր։
    ― Բարի գիշեր։
    ― Դնչիկը վազեց տուն, որի մոտ «Կողմնակի Անձանց Մ․» մակարգրությամբ տախտակ կար, իսկ Թուխը պառկեց քնելու։
    Մի քանի ժամ անց, երբ գիշերն արդեն կամաց֊կամաց հեռանում էր, Թուխը հանկարծ արթնացավ մի ինչ֊որ ճմլող զգացումից։ Այդպիսի ճմլող զգացում նա առաջներում էլի էր ունեցել, և գիտեր, թե դա ինչ է նշանակում․ նա ուտել է ուզում։
    Նա քնաթաթախ քայլեց դեպի պահարանը, բարձրացավ աթոռին… և վերին թարեքը դատարկ գտավ։
    «Տարօրինակ է, ― մտածեց նա, ― ես գիտեմ, որ այնտեղ մի կճուճ մեղր պիտի ունենամ։ Մի լիքը կճուճ, բերնեբերան լի մեղրով, և նույնիսկ վրան էլ գրված՝ «Մեխըր», որպեսզի չսխալվեմ։ Տարօրինակ է, շատ տարօրինակ»։
    Եվ մտորելով թե ուր կարող է կորչել կճուճըմ նա սկսեց սենյակում հետ ու առաջ քայլել ինքն իրեն քրթմնջալով այս երգ֊քրթմնջիկը․
           Ո՞ւր կարող էր մեղրս կորչել,
           Ունեի ես մի լի կճուճ։
           Նա չէր կարող տնից փախչել,
           Թե որ փախչի՝ էլ ի՞նչ կճուճ։
           Գետում լողալ նա չէր կարող
           (Ոչ պոչ ունի, ոչ էլ լողակ),
           Ուզենար էլ, նա չէր կարող
           Թաղվել, պահվել խոր հողի տակ։
           Նա չէր կարող փախչել անտառ,
           Չէր էլ կարող թռչել երկինք…
           Չէր կարող։ Բայց չքվեց անդարձ,
           Ա՛յ քեզ հրաշք, ա՛յ քեզ գաղտնիք։
    Նա քրթմնջաց այս երգը երեք անգամ և հանկարծ ամեն ինչ հիշեց․ Չէ՞ որ ինքը կճուճը դրել է Փղացիերի համար պատրաստված Խորամանկ Ծուղակո՛ւմ։
    ― Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ― ասաց Թուխը։ ― Ահա թե ինչ է ստացվում, երբ չափից դուրս հոգատար ես լինում Փղաձիերի հանդեպ։
    Եվ նա կրկին անկողին մտավ։ Բայց որքան շատ էր աշխատում քնել, այնքան ավելի քիչ էր այդ նրան հաջողվում։ Փորձեց մտքում հաշվել, երբեմն դա շատ լավ միջոց է, բայց դա էլ չօգնեց։ Փորձեց հաշվել Փղաձիերին, բայց դրանից դրությունը միայն ավելի լրջացավ, որովհետև յուրաքանչյուր Փղաձին, որին նա հաշվում էր, անմիջապես նետվում էր Թուխի մեղրի կճուճի վրա և տեղնուտեղը մաքրազարդում։ Մի քանի րոպե Թուխը պառկած լռելյայն տառապում էր, բայց երբ հինգ հարյուր ութսուներորդ Փղաձին ժանիքները լիզելով գռմռաց․ «Շատ լավ մեղր էր, թերևս ավելի լավը երբեք չէի կերել», Թուխն այլևս չդիմացավ։ Նա ցած թռավ մահճակալից, նետվեց դուրս և կարճ ճանապարհով սլացավ Վեց Սոճիների ուղղությամբ։
    Արևը դեռևս անկողնուց չէր ելել, բայց երկինքը Թավուտ Անտառի վրա թեթևակի լուսավորվել էր, կարծես ասելով, որ արևն արթնանում է և քիչ հետո դուրս կգա վերմակի տակից։ Լուսադեմի մուժում Սոճիները տխուր ու մենակ էին թվում։ Շատ խորը Փոսը էլ ավելի խորն էր թվում, քան կար իրականում, իսկ մեղրի կճուճը ստվերի նման թափանցիկ էր։ Բայց երբ Թուխը մոտեցավ, քիթը նրան հուշեց, որ այնտեղ, իհարկե, մեղր կա, և Թուխի լեզուն դուրս եկավ ու լիզեց շրթունքները։
Դնչիկը նույնպես արթնացել էր։ Արթնանալուն պես նա ասաց․ «Վա՜յ»։ Հետո, քաջալերելով իրեն, հայտարարեց․ «Ի՞նչ անենք… Կպատահի՛»։ Բայց այնուամենայնիվ նրա ծնկները դողում էին, որովհետև ականջներում մի սարսափելի բառ էր որոտում․ Փ Ղ Ա Ձ Ի՛։
    Ինչպիսի՞ն է նա՝ այդ Փղաձին։
    Մի՞թե չար է։
    Արդյո՞ք սուլոցի վրա մոտ գալիս է։ Իսկ եթե գալիս է, ապա ի՞նչ ն պ ա տ ա կ ո վ…
    Սիրո՞ւմ է նա խոզուկներին, թե ոչ։
    Եվ ի ն չ պ ե՞ ս է սիրում։
    Եթե նա խոզուկներ ուտում է, ապա գուցե այնուամենայնիվ փոռք չի՞ տա այն խոզուկին որը Կողմնակիանձանց Մ․ անունով պապիկ ունի։
    Խեղճ Դնչիկը չգիտեր, թե ինչպես պատասխանի այս բոլոր հարցերին։ Իսկ նա շատ շուտով կյանքում առաջին անգամ պետք է հանդիպեր իսկական Փղաձիուն։
    Միգուցե ավելի լավ է ձևացնի, թե գլուխը ցավում է, և չգնա՞ Վեց Սոճիների կողմը։ Իսկ եթե հանկարծ պարզվի, որ դրսում շատ լավ եղանակ է, Ծուղակում էլ ոչ մի Փղաձի չկա, և ինքը՝ Դնչիկը, ամբողջ առավոտ զուր տեղն է թավալ եկել անկողնո՞ւմ։
    Ի՞նչ անել։
    Եվ այստեղ նրա գլխում մի բավականին խորամանկ միտք ծնվեց։ Հիմա թաքուն կգնա Վեց Սոճիների մոտ, շատ զգույշ, որպեսզի չնկատվի, կնայի՝ Ծուղակում Փղաձի կա, թե ոչ։ Եթե կա, ապա ինքը՝ Դնչիկը, կվերադառնա ու անկողին կմտնի, եսկ եթե չկա, ապա Դնչիկը, իհարկե, չի պառկի…
    Եվ Դնչիկը գնաց։ Սկզբում նա մտածում էր, որ Ծուղակում, իհարկե, ոչ մի Փղաձի էլ չի լինի․ հետո սկսեց մտածել, որ ոչ, հավանական է, կլինի․ իսկ երբ արդեն մոտենում էր Ծուղակին, նա դրանում միանգամայն համոզված էր, որովհետև լսեց, թե ինչպես է նա ոռնում ամբողջ կոկորդով մեկ։
    ― Վա՛յ֊վա՛յ֊վա՛յ, ― ասաց Դնչիկը։ Նա միայն մի ցանկություն էր զգում՝ փախչե՛լ։ Բայց ո՞նց փախչեր։ Քանի որ այդքան մոտիկ էր, ապա վատ չէր լինի, եթե գոնե մի անգամ աչքի պոչով նայեր կենդանի Փղաձիուն։ Եվ ահա նա զգուշորեն կողքանց դեպի Փոսը սողաց և նայեց…
    Իսկ Վինի֊Թուխին ոչ մի կերպ չէր հաջողվում գլուխը հանել մեղրի կճուճից։ Ինչքան շատ էր նա ցնցում գլուխը, կճուճն այնքան ավելի ամուր էր նստում։
    Թուխը գոռում էր․ «Մայրի՛կ»։ Գոռում էր․ «Օգնեցե՛ք»։ Երբեմն էլ պարզապես գոռում էր․ «Վայ֊վայ֊վա՜յ», բայց դա էլ չէր օգնում։ Նա փորձում էր կճուճը որևէ բանի խփել, բայց քանի որ չէր տեսնում, թե ինչին է խփում, ապա դա էլ չէր օգնում։ Նա փորձում էր դուրս գալ Ծուղակից, բայց քանի որ կճուճից բացի ոչինչ չէր տեսնում (այն էլ ոչ լրիվ), դա էլ չէր ստացվում։
    Լրիվ ուժասպառ լինելով՝ նա բարձրացրեց գլուխը (կճուճի հետ միասին) և աղիողորմ ու հուսահատ ոռնաց…
    Հենց այդ պահին էլ Դնչիկը Փոսի մեջ նայեց։
    ― Օդնեցե՜ք, փրկեցե՜ք, ― գոռաց Դնչիկը։ ― Ձղափի՜ն, սարսափելի Փղաձին։ Եվ այնքան արագ, որ միայն կրունկներն էին փայլատակում, սլացավ հեռու, շարունակելով ճղճղալ․ ― Փրկեցե՜ք։ Փղափելի Սարսաձի՜ն։ Օգնեցե՜ք։ Ձիանելի Փղասա՜եաը։ Փղեցե՜ք։ Ձիեցե՜ք։ Օգնափելի, Փրկաելի, Փիափի՜ղը։
    Նա ճղում ու ճղճղում էր այնքան ժամանակ, մինչև որ հասավ ու բախեց Քրիստոֆեր Ռոբինի տնակի դուռը։
    ― Ի՞նչ է պատահել, Դնչիկ, ― շալվարը հագնելով հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։
    ― Օգգգնաձձի, ― սարսափից ու արագ վազքից շնչակտուր կակազեց Դնչիկը։ ― Ձիա… Փղա… Փղաձի՛ն։
    ― Ո՞րտեղ։
    ― Այնտեղ, ― տոտիկով ցույց տվեց Դնչիկը։
    ― Ի՞նչ տեսք ունի։
    ― Սարսափելի՛։ Ահա այսպիսի՛ գլխով։ Ոնց որ… Ոնց որ… ինչ ասեմ։ Ոնց որ՝ կճո՛ւճ։
    ― Ես պետք է անպայման տեսնեմ նրան, ― կոշիկները հագնելով, ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ ― Գնացի՛նք։
    Քրիստոֆեր Ռոբինի կողքին Դնչիկը, իհարկե, ոչ մի բանից չէր վախենում, և նրանք գնացին։
    ― Լսո՞ւմ ես։ Այդ նա՛ է, ― երբ մոտեցել էին, սարսափահար ասաց Դնչիկը։
    ― Ինչ֊որ բան լսում եմ, ― ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
    Նրանք թրխկոց էին լսում։ Այդ դժբախտ Վինին էր վերջապես դեմ առել մի հաստ արմատի և խփելով՝ փորձում էր կոտրել կճուճը։
    ― Կանգ առ, էլ չի կարելի մոտենալ, ― ճղճղաց Դնչիկը , ամուր սեղմելով Քրիստոֆեր Ռոբինի ձեռքը։ ― Վա՜յ, ինչ սարսափելի է։
    Իսկ Քրիստոֆեր Ռոբինը հանկարծ սկսեց ծիծաղել։ Նա ծիծաղում էր ու ծիծաղում… ծիծաղում էր ու ծիծաղում… Եվ մինչ նա ծիծաղում էր, Փղաձիու գլուխը ինչպես որ պետքն էր դիպավ արմատին։ Թրըխկ՝ կճուճը հազար կտոր եղավ, և, ո՛վ զարմանք՝ երևաց Վինի֊Թուխի գլուխը։
    Միայն այստեղ Դնչիկը հասկացավ վերջապես, թե որքան հիմար Դնչիկ է ինքը։ Նա այնպես ամաչեց, այնպես կարմրեց, որ գլխապատառ սլացավ տուն ու գլխացավով անկողին ընկավ։ Եվ այդ առավոտ նա գրեթե հաստատ որոշեց փախչել տնից ու դառնալ նավաստի։
    Իսկ Քրիստոֆեր Ռոբինը և Թուխը գնացին նախաճաշելու։
    ― Արջո՛ւկ, ― ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ ― Ես քեզ շատ եմ սիրում։
    ― Ես էլ քեզ եմ սիրում, ― ասաց Վինի֊Թուխը։

ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ

          Որտեղ Իա֊Իան նշում է իր ծննդյան օրը, իսկ Դնչիկը քիչ է մնում Լուսին թռչի
    Իա֊Իան՝ մոխրագույն ծեր իշուկը, կանգնել էր գետակի ափին և ամենավհատ տեսքով ջրի մեջ իր արտացոլումն էր դիտում։
    ― Սրտամաշ տեսարան է, ― վերջապես ասաց նա, ― սրտամա՛շ տեսարան։
    Նա շրջվեց և գետի հոսանքով դանդաղ դեպի ցած գնաց։ Մի քսան մետր գնալուց հետո նա ծանծաղուտով անցավ գետը և առաջվա նման դանդաղ քարշ տալով ոտքերը, մյուս ափով հետ գնաց։ Ճիշտ այն տեղի դիմաց, ուր կանգնած էր քիչ առաջ, Իան կանգ առավ և նորից ջրի մեջ նայեց։
    ― Այսպես էլ գիտեի, ― հառաչեց նա։ ― Այս կողմից էլ մի բան չի։ Բայց ո՞ւմ պետքն է։ Ոչ ոք չի հետաքրքրվում։ Սրտամաշ տեսարան է։
    Այդ պահին նրա ետևում մի ճյուղ կոտրվեց, և թփերի միջից երևաց Վինի֊Թուխը։
    ― Բարի լո՛ւյս, Իա, ― ասաց Թուխը։
    ― Լույս բարի, արջուկ Թուխ, ― վհատ պատասխանեց Իան։ ― Եթե միայն սա բարի առավոտ է։ Անձամբ ես խիստ կասկածում եմ։
    ― Ինչո՞ւ։ Բա՞ն է պատահել։
    ― Ոչինչ, արջուկ Թուխ, առանձնապես ոչինչ։ Բոլորը չէ, որ կարող են։ Ոմանց էլ չի վիճակվում։ Այստեղ ոչնչով չես օգնի։
    ― Ի՞նչը բոլորը չէ, որ կարող են, ― հարցրեց Թուխը, քիթը տրորելով։
    ― Ուրախանալ։ Երգել, պարել և ուրիշ նման բաներ։ Ընկուզենու թփուտների տակ։
    ― Աաա՜, հասկանում եմ․․․ ― ասաց Թուխը։ Եվ խոր մտածելուց հետո հարցրեց․ ― Ո՞ր ընկուզենու թփուտների տակ։
    ― Որի տակ ընկույզները ջրդեղած են, ― ընկճված պատասխանեց Իան։ ― Խմբապար, ուրախություն և նման բաներ։ Ես չեմ տրտնջում, բայց այդպես է։
    ― Թուխը նստեց մի մեծ քարի և փորձեց որևէ բան հասկանալ։ Հանելուկի նման էր ստացվում, իսկ դա Թուխի թույլ կողմն էր, որովհետեւ նրա գլխում թեփից բացի ուրիշ բան չկար։ Եվ համենայնդեպս նա երգեց այս հանելուկային երգը․
                   
                   ԿԱՏԱԿԻ ՄԱՍԻՆ
                ― Հարցս կարճ է ու հասարակ, ―
                Ռնգեղջյուրը ասաց, ―
                Ո՞ր ծայրից անեմ կատակ,
                Որ լինի դիպուկ, արագ։ ―
                Այս հարցին ոչ ոք, ավա՜ղ,
                Չպատասխանեց ոչ ուշ, ոչ վաղ։
    — Այ, ինչ եմ ասել, — ասաց Իա֊Իան։ — Երգի՛ր, երգի՛ր։ Փիսիկը նստել մի մութ անկյունում, հոնքերը կիտել ու լաց է լինում։ Ուրախացիր ու զվարճացիր։
    — Ես ուրախանում եմ, — ասաց Թուխը։
    — Ոմանց դա հաջողվում է, — ասաց Իա֊Իան։
    — Վերջապես ի՞նչ է պատահել, — հարցրեց Թուխը։
    — Իսկ մի՞թե ինչ֊որ բան է պատահել։
    — Ոչ, բայց դու այնքնի տխուր տեսք ունես։
    — Տխո՞ւր։ Այդ ինչո՞ւ ես պիտի տխուր լինեմ։ Չէ՞ որ այսօր ծննդյանս օրն է։ Տարվա ամենալավ օրը։
    — Քո ծննդյան օ՞րը, — ապշած հարցրեց Թուխը։
    — Իհարկե։ Մի՞ թե չի զգացվում։ Հապա մի նվերներիս նայիր։ — Իա֊Իան առջեւի սմբակով չորս կողմը ցույց տվեց։ — Նայիր այս ծննդյան կարկանդակին։
    Թուխը նայեց․ սկզբում դեպի աջ, հետո՝ ձախ։
    — Մի՞թե չես տեսնում։
    — Չէ, — ասաց Թուխը։
    — Ես նույնպես, — ասաց Իա֊Իան։ — Սա կատակ էր, — բացատրեց նա։ — Հա֊հա՛։
    Թուխը բոլորովին շփոտված քորեց ծոծրակը։
    — Այսօր իսկապե՞ս քո ծննդյան օրն է, — հարցրեց նա։
    — Իհարկե։
    — Այ քեզ բա՛ն։ Դե, Իա, շնորհավորում եմ եւ քեզ շատ֊շատ երջանկություն եմ ցանկանում այսօր։
    — Ես էլ եմ քեզ շնորհավորում եւ շատ֊շատ երջանկություն եմ ցանկանում քեզ այսօր, արջուկ Թուխ։
    — Բայց այսօր իմ ծննդյան օրը չի։
    — Ոչ, քոնը չի, այլ իմը։
    — Բայց դու ասում ես՝ «շատ֊շատ երջանկություն եմ քեզ ցանկանում այսօր»։
    — Հետո ի՛նչ։ Դու ուզում ես իմ ծննդյան օրը դժբախտ լինե՞լ։
    — Ա՜, հասկանում եմ, — ասաց Թուխը։
    — Բավական չէ, — հազիվ լացը զսպած ասաց Իա֊Իան, բավական չէ, որ ես այսքան դժբախտ եմ՝ առանց նվերների, առանց ծննդյան կարկանդակի, բոլորի կողմից մոռացված ու լքված, եթե մյուսները նույնպես դժբախտ լինեն…
    Վինի Թուխն այլեւս չդիմացավ։
    — Սպասիր ինձ այստեղ, — գոռաց նա եւ ինչքան որ ոտքերում ուժ կար, սլացավ տուն։ Նա զգաց, որ պարտավոր է անմիջապես խեղճ իշուկին որեւէ նվեր տալ, իսկ հետո միշտ էլ ժամանակ կունենաս մտածելու Իսկական Նվերի մասին։
    Իր տան շեմքում նա քիչ մնաց դիպչեր Դնչիկին, որ ցատկում էր դռան մոտ, փորձելով հասնել զանգի կոճակին։
    — Ողջո՛ւն, Դնչի՛կ, — ասաց Վինի֊Թուխը։
    — Ողջո՛ւյն, Թուխ, — ասաց Դնչիկը։
    — Ինչո՞վ ես զբաղված։
    — Փորձում եմ զանգահարել, — բացատրեց Դնչիկը։ — Անցնում էի այստեղով…
    — Թող օգնեմ քեզ, — իր ծառայությունն առաջարկեց Թուխը։ Նա մոտեցավ դռանն ու սեղմեց կոճակը։ — Ես քիչ առաջ տեսա Իային, — ասաց նա։ — Խեղճ Իշուկը սոսկալի հուզված է, որովհետեւ այսօր նրա ծննդյան օրն է, իսկ նրան բոլորը մոռացել են, եւ նա քիթը կախել է, եւ ես… Այս ինչ բան է, ոչ ոք չի բացում, քնել են, ի՞նչ է։ — Եվ Թուխը նորից զանգահարեց։
    — Թո՛ւխ, — ասաց Դնչիկը։ — Ախր սա քո՛ տունն է։
    — Վա՛յ֊վա՛յ֊վա՛յ, — ասաց Թուխը։ — Իսկապե՛ս որ։ Դե, ներս գնանք։
    Թուխը առաջին հերթին մոտեցավ պահարանին, որպեսզի համոզվի, որ ունի ոչ շատ մեծ, միանգամայն համապատասխան կճուճով մեղր։ Կճուճն իր տեղում էր, եւ Թուխը կճուճը իջեցրեց թարեքից։
    — Ես սա Իային եմ նվիրելու, — բացատրեց նա։ — Իսկ դու ինչ ես մտածում նվիրել։
    — Գուցե ե՞ս էլ կճուճը նվիրեմ, — հարցրեց Դնչիկը, — Թող լինի մեր երկուսի կողմից։
    — Ո՛չ, — ասաց Թուխը, — լավ բան մտածիր։
    — Դե լավ, որ այդպես է, ես Իային փուչիկ կնվիրեմ։ Տոներից դեռ մի հատ մնացել է։ Հենց հիմա կգնամ կբերեմ։
    — Ա՛յ, լավ մտածեցիր։ Ախր Իային ուրախացնել է պետք։ Իսկ փուչիկը ում ասես կուրախացնի։ Ոչ ոք չի կարող տխրել, եթե փուչիկ ունի։
    Եվ այսպես, Դնչիկը տուն վազեց, իսկ Թուխը վերցրեց կճուճն ու քայլեց դեպի գետակը։
    Շոգ օր էր, ճանապարհը՝ երկար, եւ Թուխը դեռ ճանապարհի կեսն չէր անցել, երբ ինչ֊որ բան սկսեց տարօրինակ կերպով խուտուտ տալ սկզբում քթի մեջ, ապա կոկորդում, հետո կրծքի տակ եւ այդպես աստիճանաբար մինչեւ կրունկները հասավ։ Թվում էր ինչ֊որ մեկը ներսից ասում է․ «Գիտե՞ս, Թուխ, հիմա ճիշտ ժամանակն է, որ դու մի փոքր…»
    — Ա՛յ, ա՛յ, ա՛յ, — ասաց Թուխը, — իսկ ես չգիտեի, որ արդեն այսքան ուշ է։
    Նա նստեց գետնին ու բացեց կճուճի կափարիչը։
    — Ի՛նչ լավ եղավ, որ վերցրի հետս, — ասաց նա։ — Այսպիսի շոգ օր շատ քիչ արջեր գլխի կընկնեին իրենց հետ կազդուրվելու համար որեւէ բան վերցնել…
    — Իսկ հիմա հիշենք, — վերջին անգամ լիզելով կճուճի հատակը, ասաց նա, — հիշենք, թե ուր էի ես պատրաստվում գնալ։ Ախ հա՜, Իայի մոտ։
    Եվ Թուխն առանց շտապելու ոտքի ելավ։ Հազիվ եր ոտքի ելել, երբ հանկարծ ամեն ինչ հիշեց․ կերել էր Նվե՛րը։
    — Վա՛յ֊վա՛յ֊վա՛յ, — ասաց Թուխը։ — Հիմա ի՞նչ պիտի անեմ։ Չէ՞ որ պետք է Իային որեւէ բան նվիրեմ։
    Սկզբում նա պարզապես չգիտեր ինչպես վարվի։ Հետո մտածեց։
    «Այնուամենայնիվ սա շատ լավ կճուճ է, թեեւ մեջը մեղր չկա։ Եթե այս կճուճը ոնց որ պետք է լվանամ եւ որեւէ մեկին խնդրեմ վրան գրի․ «Շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ», Իան կարող է սրա մեջ պահել այն ամենը, ինչ ցանկանա։ Սա օգտակար իր կլինի»։
    Եվ քանի որ այդ ժամանակ նա հեռու չէր Բուի տնից, իսկ Անտառում ամենքն էլ համոզված էին, որ Բուն հիանալի գրել գիտե, նա որոշեց Բուին հյուր գնալ։
    — Բարի լույս, Բու, — ասաց Թուխը։
    — Լույս բարի, Թուխ, — ասաց Բուն։
    — Շնորհավորում եմ քեզ Իա֊Իայի ծննդյան էրվա առթիվ, — ասաց Թուխը։
    — Ահա թե ի՛նչ, — զարմացավ Բուն։
    — Դե իհարկե՛։ Իսկ դու ի՞նչ ես նրան նվիրելու։
    — Իսկ դո՞ւ։
    — Ես նրան օգտակար Կճուճ նվեր կտամ։ Սրա մեջ ինչ ուզենաս կարելի է պահել, — ասաց Թուխը։ — Ես ուզում եմ քեզ խնդրել…
    — Սա՞, — հարցրեց Բուն, Թուխի թաթերից վերցնելով կճուճը։
    — Այո, եւ ուում եմ խնդրել քեզ…
    — Այստեղ մի ժամանակ մեղր է եղել, — ասաց Բուն։
    — Դրա մեջ ինչ ասես կարելի է պահել, — լրջորեն ասաց Թուխը։ — Սա շա՜տ, շատ օգտակար իր է։ Եվ ես ուզում էի խնդրել քեզ…
    — Դու լավ կանեիր գրեիր վրան․ «Շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ»։
    — Ես հենց դա եմ ուզում խնդրել, — վերջապես կարողացավ բացատրել Թուխը։ — Որովհետեւ ուղղագրությունից ես մի փոքր կաղում եմ։ Ընդհանուր առմամբ լավ ուղղագրություն է, միայն չգիտես ինչու կաղում է, եւ տառերը չեն հասցնում ժամանակին իրենց տեղերը շարվել։ Դու կգրես՝ «Շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ»։ Շատ եմ խնդում։
    — Փառավոր կճուճ է, — ասաց Բուն, բոլոր կողմերից զննելով այն։ — Գուցե ես նույնպես քո կճուճը նվիրեմ։ Թող լինի մեր երկուսի կողմից։
    — Ոչ, ասաց Թուխը, — այդ մեկը դու վատ ես մտածել։ Ավելի լավ է տուր լվանամ, իսկ դու հետո գրես վրան։
    Մինչեւ Թուխը կլվար ու կչորացներ կճուճը, Բուս թքոտում էր մատիտի ծայրն ու մտածում էր ինչպես է գրվում «Շնորհավորում եմ» բառը։
    — Թուխ, դու կարողանո՞ւմ ես կարդալ, — անհանգստացած հարցրեց նա։ — Օրինակ, իմ դռան վրա հայտարարություն կա փակցված, թե ինչպես զանգահարել․ դա Քրիստոֆեր Ռոբինն է գրել։ Դու կարո՞ղ ես կարդալ։
    — Քրիստոֆեր Ռոբինն ինձ ասաց թե ինչ է գրել եւ դրանից հետո ես կարողացա կարդալ։
    — Հիանալի՛ է։ Ես էլ կասեմ, թե ինչ եմ գրել կճուճի վրա, եւ դու կկարողանաս կարդալ։
    Եվ Բուն սկսեց գրել… Ահա թե ինչ նա գրեց․
    «Շնո հրո վրո նծա դնա օրեվա ռթիվ ըթիվ»։
    Թուխը հիացմունքով նայում էր այդ մակագրությանը։
    — Ես այստեղ գրել եմ․ Շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ», — անփույթորեն նկատեց Բուն։
    — Այ դա մակագրությո՜ւն է, — հարգանքով նկատեց Թուխը։
    — Իսկ եթե լրիվ ես ուզում իմանալ, ապա այստեղ ես գրել եմ․ «Շնորհարորում եմ ծննդյան օրվա առթիվ, ցանկանում եմ շատ֊շատ երջանկություն։ Քո Թուխ։» Գրաֆիտի ծախսումը բոլորովին հաշվի չեմ առել։
    — Ի՞նչ, — հարցրեց Թուխը։
    — Գիտե՞ս ինչքան մատիտ ծախսվեց, — բացատրեց Բուն։
    — Դե, իհա՛րկե, — ասաց Թուխը։
    Իսկ Դնչիկը վաղուց տուն էր հասել եւ հիմա Իա֊Իայի փուչիկը կրծքին սեղմած, որպեսզի հանկարծ քամին չտանի, սլանում էր ինչքան որ ուժ կար ոտքերում։ Դնչիկը շատ էր շտապում, որպեսզի Թուխից շուտ տեղ հասնի․ նա ուզում էր առաջինը նվերը տանել իշուկին, որպեսզի Իան կարծեր, թե Դնչիկը ինքնուրույն եւ ոչ թե ուրիշի օգնությամբ է հիշել իր ծննդյան տարեդարձը։ Նա այնքան էր շտապում եւ այնքան էր տարված Իա֊Իային ուրախացնելու մտքով, որ ամենեւին չէր նայում ոտքերի տակ… Եվ հանկարծ նրա ոտքն ընկավ մկան բնի մեջ, եւ Դնչիկն ամբողջ թափով քթի վրա գետնին փռվեց․
    Բ Ո՛ Ւ Մ
    Դնչիկը փռվեց գետնին եւ երկար ժամանակ չէր հասկանում, թե ինչ է կատարվել։ Սկզբում նա մտածեց, որ ամբողջ աշխարհը հօդս է ցնդել։ Հետո մտածեց, որ, միգուցե, միայն իրենց սիրելի Անտառը։ Էլ ավելի հետո՝ որ, միգուցե, միայն ինքը՝ Դնչիկը, եւ հիմա մեն֊մենակ պառկած է ինչ֊որ տեղ Լուսնի վրա եւ այլեւս երբեք֊երբեք չի տեսնելու ոչ Թուխին, ոչ Քրիստոֆեր Ռոբինին, ոչ Իային… Եվ միայն այստեղ նրա մտքով անցավ, որ նույնիսկ Լուսնի վրա էլ պարտադիր չէ ամբողջ ժամանակ քթի վրա պառկել։ Եվ զգուշորեն վեր կացավ ու շուրջը նայեց։
    Նա դեռեւս Անտառո՛ւմ էր։
    «Շատ հետաքրքիր է, — մտածեց նա։ — Հետաքրքիր է, ինչ պայթյո՞ւն էր։ Ես չէի կարող ընկնելիս այսքան աղմուկ բարձրացնել։ Եվ որտե՞ղ է, հետաքրքիր է, իմ փուչիկը։ Եւ որտեղի՞ց, հետաքրքիր է, լույս ընկավ այս փալասը»։
    Այս փալասը հենց նրա փուչիկն էր։
    — Վա՜յ, մայրի․կ, — ճղճղաց Դնչիկը։ — Վա՜յ, մայրիկ, մայրիկ ջա՛ն, մայրիկ ջան։ Հիմա ես ի՞նչ անեմ։ Հո հետ չե՞մ գնալու։ Ուրիշ փուչիկ էլ չունեմ… Հը՞, գուցե Իան փուչիկ այնքան էլ շատ չի՞ սիրում։
    Եվ նա շարունակեց ճանապարհը։ Անկեղծ ասած, նա այլեւս նախկին թեթեւությամբ չէր վազում, բայց էլի շատ շուտով հասավ այնտեղ, որտեղ կանգնած էր Իան եւ դարձյալ ջրի մեր իր արտացոլումն էր դիտում։
    — Բարի լո՛ւյս, Իա, — դեռեւս հեռվից գոռաց Դնչիկը։
    — Բարի լույս, փոքրի՛կ Դնչիկ, — ասաց Իա֊Իան։ — Եթե, իհարկե, սա բարի առավոտ է, — ավելացրեց նա, — ինչում ես խիսկ կասկածում եմ։ Բայց դա կարեւոր չէ։
    — Շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ, — մոտ գալով ասաց Դնչիկը։
    Իան թողեց իր զբաղմունքն ու աչքերը չռեց Դնչիկի վրա։
    — Հապա, հապա կրկնի՛ր, — ասաց նա։
    — Շնորհավորում եմ…
    — Մի րոպե…
    Դժվարությամբ կանգնելով երեք ոտքերի վրա՝ Իան չորրորդ ոտքը մոտեցրեց ականջին։
    — Սա ես երեկ սովորեցի, — բացատրեց նա, երրորդ անգամ ցած ընկնելով։ — Շատ հեշտ է եւ, որ գլխավորն է, այսպես ավելի լավ եմ լսում։ Դե ահա ամեն ինչ կարգին է։ Ուրեմն, ի՞նչ էիր ասում, կրկնիր, — ասաց նա, սմբակի օգնությամբ ականջն առաջ հրելով։
    — Շնորհավորում եմ ծննդյանդ օրվա առթիվ, — կրկնեց Դնչիկը։
    — Ի՞նձ։
    — Իհարկե, քեզ։
    — Իմ ծննդյան օրվա առթի՞վ։
    — Այո։
    — Ուրեմն, սա իսկական ծննդյան օր է դառնո՛ւմ։
    — Իհարկե, Իա, եւ ես քեզ նվեր եմ բերել։
    Իա֊Իան մեծ դժվարությամբ աջ ոտքը ցած դրեց եւ ոչ պակաս դժվարությամբ բարձրացրեց ձախը։
    — Ես ուզում եմ մյուս ականջով էլ լսել, — բացատրեց նա։ — Հիմա ասա։
    — Նը֊վեր, — շատ բարձր կրկնեց Դնչիկը։
    — Ի՞նձ։
    — Քեզ։
    — Ծննդյանս օրվա առթի՞վ։
    — Իհարկե։ Ես քեզ փուչիկ եմ բերել։
    — Փուչի՞կ, — հարցրեց Իա֊Իան։ — Դու ասացիր՝ փուչի՞կ։ Դրանք այն մեծ, գեղեցիկ ու վառվռուն բանե՞րն են, որ փչում, օդով են լցնում։ Երգ ու պար, թռի֊վռի ու տրամ֊պամ֊պա՞։
    — Այո։ Միայն թե… հասկանում ես… ես շատ եմ ցավում… հասկանում ես… երբ վազում էի, որ շուտ քեզ նվեր բերեմ, ընկա։
    — Դու, հավանաբար շատ արագ ես վազել։ Հույս ունեմ, ոչ մի տեղդ չի ցավում, փոքրիկ Դնչիկ։
    — Ոչ, շնորհակալություն, բայց նա… նա… փուչիկը, Իա, պայթեց։
    Տիրեց երկարատեւ լռություն։
    — Ի՞մ փուչիկը, — վերջապես հարցրեց Իա֊Իան։
    — Դնչիկը գլխով արեց։
    — Իմ ծննդյան տոնի նվե՞րը։
    — Այո, Իա, — ֆսֆսացնելով քիթը, ասաց Դնչիկը։ — Ահա այն։ Շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ։
    Եվ նա Իային տվեց ռետինե փալասը։
    — Սա՞ է, — հարցրեց Իան խիստ զարմացած։
    Դնչիկը գլխով արեց։
    — Իմ նվե՞րը։
    — Դնչիկը նորից գլխով արեց։
    — Փուչի՞կը։
    — Այո։
    — Շնորհակալություն, Դնչիկ, — ասաց Իան։ — Ներիր, խնդրում եմ, շարունակեց նա, — բայց ես կուզենայի իմանալ, թե ի՞նչ գույնի էր, երբ… երբ դեռ փուչիկ էր։
    — Կարմիր։
    «Մի տես, է՛, կարմիր… Իմ սիրած գույնը», — մտքում ասած Իան։
    — Իսկ ի՞նչ մեծության էր։
    — Համարյա իմ չափ։
    — Այո՞։ Մի տես, է՜, համարյա քո չափ… Իմ սիրած չափը, — քթի տակ տխուր ասաց Իան։ — Այդպե՛ս, այդպե՛ս։
    Դնչիկն իրեն շատ վատ էր զգում եւ պարզապես չէր իմանում, թե ինչ ասի։ Նա մի գլուխ բացում էր բերանը, պատրաստվելով ինչ֊որ բան ասել, բայց տեղնուտեղը որոշում էր, որ հենց այդ մեկը չարժի ասել։ Եվ հանկարծ, նրա բախտից, ինչ֊որ մեկը գետակի մյուս ափից ձայն տվեց։ Դա Թուխն էր։
    — Շատ֊շատ երջանկություն եմ ցանկանում, — գոռում էր Թուխը, հավանաբար մոռացած, որ դա արդեն ասել է։
    — Շնորհակալություն, Թո՛ւխ, ես արդեն երջանկացել եմ, — ընկճված պատասխանեց Իան։
    — Ես քեզ նվեր եմ բերել, — ուրախ շարունակեց Թուխը։
    — Ես նվեր ունեմ, — պատասխանեց Իան։
    Մինչ այդ Թուխն անցավ գետակը ու մոտեցավ Իային։ Դնչիկը քիչ հեռու նստած, քիթն էր ֆսֆսացնում։
    — Ահա, — հայտարարեց Թուխը։ — Սա Շատ Օգտակար Կճուճ է։ Իսկ վրան գիտես ի՞նչ է գրված․ «Շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ, ցանկանում եմ շատ֊շատ երջանկություն։ Քո Թուխ»։ Ահա ինչքան բան է գրված։ Սրա մեջ ինչ ասես կարելի է պահել։ Վերցրո՛ւ։
    Կճուճը տեսնելով, Իան աշխուժացավ։
    — Այ թե ի՛նչ եմ ասել, — գոռաց նա, — իմ փուչիկը կմտնի այս կճուճի մեջ։
    — Ի՛նչ ես ասում, ի՛նչ ես ասում, Իա, — ասաց Թուխը։ — Փուչիկները կճուճի մեջ չեն մտնում։ Նրանք շատ մեծ են։ Դու չգիտես նրանց հետ վարվել։ Այսպես պետք է անել․ բռնիր թելից եւ…
    — Այդ ուրիշների փուչիկները չեն մտնում, իսկ իմը մտնում է, — հպարտությամբ ասաց Իա֊Իան։ — Նայիր, Դնչի՛կ։
    Դնչիկը տխուր շրջվեց, իսկ Իա֊Իան ատամներով բռնեց իր նախկին փուչիկն ու զգուշորեն դրեց կճուճի մեջ, ապա հանեց այնտեղից ու դրեց գետնին, իսկ հետո կրկին վերցրեց եւ զգուշորեն դրեց կճուճի մեջ։
    — Դուրս է գալի՜ս, — գոռաց Թուխը։ — Ուզում եմ ասել՝ մտնեո՜ւմ է։
    — Մտնո՜ւմ է, — գոռաց Դնչիկը։ — Եվ դո՜ւրս է գալիս։
    — Ա՜յ թե մտնում է, — գոռաց Իա֊Իան։ — Մտնում եւ դուրս է գալիս։ Սքանչելի՛ է։
    — Շատ ուրախ եմ, — ասաց Թուխը, — որ գլխի ընկա քեզ այնպիսի Իր նվիրել, որը կարելի է դնել Օգտակար Կճուճի մեջ։
    Բայց Իա֊Իան ոչինչ չէր լսում։ Պարզապես ժամանակ չուներ։ Նա իր փուչիկը մերթ դնում էր կճուճի մեջ, մերթ հանում էր այնտեղից, եւ ամեն ինչից զգացվում էր, որ նա միանգամայն երջանիկ է։


ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ

    Որտեղ անտառում հայտնվում են Կենգուն եւ Ճստիկ Ռուն, իսկ Դնչիկը լոգանք է ընդունում


    Ոչ ոք չգիտեր, թե որտեղից են եկել մայրիկ Կենգուն եւ Ճստիկ Ռուն, եւ ինչպես են հայտնվել Անտառում։
    Թուխը հարցրեց Քրիստոֆեր Ռոբինին․ «Ո՞նց են նրանք այստեղ ընկել»։ Իսկ Քրիստոֆեր Ռոբինը պատասխանեց․ «Սովորական ճահապարհով։ Հասկանո՞ւմ ես, թե դա ինչ է նշանակում»։ Թուխը, որ ոչինչ չէր հասկացել, ասաց․ «Ըհը՛»։ Հետո երկու անգամ տմբտմբացրեց գլուխն ու ասաց․ «Սովորական ճանապարհով։ Ըհը՛։ Ըհը՛»։ Եվ գնաց իր ընկերոջ՝ Դնչիկի մոտ, իմանալու նրա կարծիքը։ Դնչիկի մոտ հյուր էր եկել Ճագարը, եւ ահա՝ նրանք երեքով սկսեցին քննարկել այդ հարցը։
    — Ինձ ինչը դուր չի գալիս, — ասաց Ճագարը, — ահա ապրում ենք մենք այստեղ՝ դու, Թուխ, եւ դու, Խոճկոր, եւ ես, ու մեկ էլ հանկարծ…
    — Նաեւ՛ Իան, — ասաց Թուխը։
    — Նաեւ Իան, ու մեկ էլ հանկարծ, ոչ այս, ոչ այն…
    — Նաեւ Բուն, — ասաց Թուխը։
    — Նաեւ Բուն, ու մեկ էլ հանկարծ, ոչ այս, ոչ այն…
    — Այո, այո, նաեւ Իան, — ասաց Թուխը, — քիչ էր մնում ես նրան մոռանայի։
    — Ահա ա պ ր ո ւ մ ե ն ք մ ե ն ք ա յ ս տ ե ղ, — շատ դանդաղ ու բարձր ասաց Ճագարը, — մ ե ն ք բ ո լ ո ր ս, ու մեկ էլ հանկարծ ոչ այս, ոչ այն, մի գեղեցիկ օր արթնանում ենք եւ ի՞նչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք մի ինչ֊որ ա ն ծ ա ն ո թ կ ե ն դ ա ն ի։ Կենդանի, որի մասին անցյալում մենք երբեք ոչինչ չենք լսել։ Մի կենդանի, որ իր երեխաներին գրպանում է պահում։ Մի պահ ենթադրենք, որ ես էլ սկսեի երեխաներիս գրպանում պահել։ Քանի՞ գրպան էր ինձ անհրաժեշտ։
    — Տասնվեց, — ասաց Դնչիկը։
    — Տասնյոթ կարծեմ… Այո՛, այո՛, — ասաց Ճագարը, — եւ մեկն էլ թաշկինակի համար, ընդամենը տասնյոթ։ Տասնութ գրպան մի կոստյումի վրա։ Ես պարզապես կխելագարվեի։
    Այստեղ երեքն էլ լռեցին ու սկսեցին մտածել գրպանների մասին։
    Վերջապես Թուխը, որ մի քանի րոպե շարունակ սոսկալի կնճռոտում էր ճակատը, ասաց․
    — Իմ կարծիքով, տասնհինգ։
    — Ի՞նչ, — հարցրեց Ճագարը։
    — Տասնհինգ պետք է լինեն։
    — Ովլե՞ր։
    — Քո երեխաները։
    — Իսկ ի՞նչ է պատահել նրանց։
    Թուխը տրորեց քիթն ու աասաց, որ իրեն թվացել է, թե Ճագարն իր երեխաների մասին էր խոսում։
    — Մի՞թե, — անփութորեն ասաց Ճագարը։
    — Այո, դու ասացիր…
    — Դե լավ, Թուխ, թողնենք այդ, — անհամբերությամբ նկատեց Դնչիկը։ — Հարցը սա է․ ինչպե՞ս վարվենք Կենգուի հետ։
    — Ա՜, հասկացա, — ասաց Թուխը։
    — Ահա թե ինչ պետք է անենք, — ասաց Ճագարը։ — Մենք կգողանանք Ճստիկ Ռուին ու կթաքցնենք, իսկ հետո, երբ Կենգուն հարցնի․ «Որտե՞ղ է իմ ճստիկ Ռուն», մենք կասենք․ «ՀԸ՛Մ»
    — Հ Ը՛ Մ, — որոշելով մարզվել, ասաց Թուխը։ — Հ Ը՛ Մ։ Հ Ը՛ Մ։
    — Իմ կարծիքով, — քիչ հետո նկատեց նա, — առանց Ճստիկ Ռուին գողանալու էլ մենք կարող ենք ասել «ՀԸ՛Մ»։
    — Թուխ, — մեծամտորեն ասաց Ճագարը, — իսկապես որ քո գլխում թեփ է լցված։
    — Գիտեմ, — համեստորեն պատասխանեց Թուխը։
    — Մենք այնպես կասենք «Հ Ը Մ», որպեսզի Կենգուն հասկանա, որ մենք գիտենք Ճստիկ Ռուի տեղը։ Այդ «Հ Ը Մ»֊ը կնշանակի․ «Մենք քեզ կասենք, թե որտեղ ենք թաքցրել Ճստիկ Ռուին, եթե խոստանաս, որ կգնաս մեր Անտառից ու այլեւս չես վերադառնա»։ Իսկ հիմա լռեք, ես պիտի մտածեմ։
    — Թուխը քաշվեց մի անկյուն եւ սկսեց սովորել այդպիսի «Հ Ը Մ» ասել։ Երբեմն նրան թվում էր, որ ինքը կարողանում է ասել այնպիսի «Հ Ը Մ», ինչպիսին Ճագարն էր ուզում, երբեմն էլ թվում էր, որ ոչ։
    «Գաղտնիքը երեւի փորձառության մեջ է, — մտածում էր նա։ — Հետաքրքիր է, տեսնես Կենգուն էլ ստիպված կլինի՞ նույնքան մարզվել, որպեսզի հասկանա մեզ»։
    — Ես մի բան եմ ուզում հարցնել, — քաշվելով ասաց Դնչիկը։ — Ես խոսել եմ Քրիստոֆեր Ռոբինի հետ, եւ նա ինձ ասաց, որ Կենգուն համարվում է, այսպես ասած, Ամենակատաղի Գազաններից Մեկը։ Ընդհանրապես ես չեմ վախենում սովորական կատաղի գազաններից, բայց հայտնի է, որ երբ Մեկ Ամենակատաղի Գազանը զրկվում է իր երեխայից, նա դարնում է նույնքան կատաղի, որքան Երկու Ամենակատաղի Գազանը։ Եվ այդ դեպքում «Հ Ը Մ» ասելը, թերեւս, հիմարություն է։
    — Դնչիկ, — թքոտելով մատիտի ծայրը, ասաց Ճագարը, — դու սոսկալի վախկոտ ես։
    Դնչկիը ֆսֆսացրեց քիթը։
    — Դժվար է քաջ լինել, — ասաց նա, — երբ ընդամենը Շատ Փոքրիկ Արարած ես։
    Ճագարը, որ արդեն սկսել էր գրել, բարձրացրեց գլուխն ու ասաց․
    — Հենց դրա համար, որ դու Շատ Փոքրիկ Արարած ես, խիստ օգտակար ես լինելու մեր առաջիկա արկածի ժամանակ։
    — Դնչիկի ուրախությունը, որ ինքն օ գ տ ա կ ա ր է լինելու, այնքան մեծ էր, որ նա մինչեւ անգամ մոռացավ իր վախը։ Իսկ երս Ճագարն ասաց, որ Կենգուները կատաղի են լինում միայն ձմռան ամիսներին, իսկ տարվա մնացած ժամանակ բարեհոգի են, Դնչիկը հազիվ էր կարողանում նստել տեղում, այնքան որ շտապում էր օգտակար լինել։
    — Իսկ ե՞ս — հարցրեց Թուխը։ — Ուրեմն ես օգտակար չեմ լինելո՞ւ։
    — Մի տխրի, — շտապեց նրան մխիթարել մեծահոգի Դնչիկը։ — Դու էլ երենւ մի ուրիշ անգամ…
    — Առանց Վինի֊Թուխի, — մատիտը սրելով, հանդիսավորությամբ ասաց Ճագարը, — մեր մտահղացումը գլուխ չի գա։
    — Դնչիկն ամեն կերպ աշխատեց թաքցնել իր հիասթափությունը, իսկ Թուխը նորից համեստորեն մի անկյուն քաշվեց։ Բայց մտքում նա հպարտությամբ ասում էր․ «Առանց ինձ ամեն ինչ անհնար է։ Ա՛յ քեզ արջ»։
    — Իսկ հիմա լսեք ինձ, — ասաց Ճագարը մատիտը ցած դնելով։
    Թուխն ու Դնչիկը նստեցին ու պատրաստվեցին լսել։ Նրանք նույնիսկ բացել էին բերանները։
    Ահա թե ինչ կարդաց Ճագարը․
    1. Նախ եւ առաջ։ Կենգուն բորորիցս արագ է վազում, նույնիսկ ինձնից արագ։
    2. Նորից նախ եւ առաջ։ Կենգուն երբեք֊երբեք աչքը չի կտրում Ճստիկ Ռուից, եթե վերջինս նրա գրպանում չէ, ու գրպանը մինչեւ վերջին կոճակը կոճկված չէ։
    3. Նշանակում է, եթե մենք ուզում ենք առեւանգել Ճստիկ Ռուին, ապա պետք է ժամանակ շահենք, որովհետեւ Կենգուն բոլորիցս արագ է վազում, նույնիսկ ինձնից արագ (տե՛ս կետ 1)։
    4. Գաղափար։ Եթե Ռուն դուրս ցատկի Կենգուի գրպանից, իսկ Դնչիկը ներս ցատկի, Կենգուի գրպանը, ապա Կենգուն տարբերությունը չի նկատի, որովհետեւ Դնչիկը Շատ Փոքրիկ Արարած է։
    5. Ինչպես եւ Ճստիկ Ռուն։
    6. Բայց Կենգուն անպայման պետք է ուրիշ կողմ նայի, որպեսզի չնկատի, որ Դնչիկը ցատկում է իր գրպանը։
    7. Տե՛ս կետ 2։
    8. Եվս մի գաղափար։ Եթե Թուխը սկսի Կենգուի հետ խոսել մեծ ոգեւորությամբ, նա, երեւի շրջվի։
    9. Եվ այդ ժամանակ ես կկարողանամ փախչցնել Ճստիկ Ռուին։
    10. Շատ արագ։
    11. Եվ Կենգուն սկզբում ոչինչ չի նկատի, այլ կնկատի միայն հետո։
    Ճագարը հպարտությամբ բարձրաձայն կարդաց այս բոլորը, եւ դրանից հետո երկար ժամանակ ոչ ոք ոչինչ չէր ասում։ Վերջապես Դնչիկը, որ ամբողջ ժամանակ մերթ բացում, մերթ փակում էր բերանը, ընդ որում ոչ մի հնչյուն չարձակելով, կարողացավ չափազանց խռպոտ ձայնով ասել․
    — Իսկ հետո՞։
    — Էլ ի՞նչ հետո։
    — Երբ Կենգուն կնկատի, որ ես Ռուն չեմ։
    — Այդ ժամանակ մենք կասենք․ «Հ Ը Մ»։
    — Երեքո՞վ։
    — Այո։
    — Ճի՞շտ։
    — Ի՞նչն է քեզ անհանգստացնում, Դնչիկ։
    — Ոչինչ, ասաց Դնչիկը։ — Եթե երեքով ենք ասելու «Հ Ը Մ», ապա ամեն ինչ կարգին է։ Եթե երեքով ենք ասելու «Հ Ը Մ», ապա ես դեմ չեմ։ Բայց ես չէի ուզենա մենակ ասել «Հ Ը Մ»։ Մեկ էլ տեսար այդ «Հ Ը Մ»֊ը շատ վատ ստացվեց… Իմիջայլոց, — շարունակեց նա, — դու լ ր ի վ համոզվա՞ծ ես, ինչ ասում էիր ձմռան ամիսների մասին։
    — Ի՞նչ ձմռան ամիբներ։
    — Որ միայն ձմռան ամիսներին են կատաղի լինում։
    — Ա՛խ, այո։ Դե, իհարկե, ամեն ինչ ճիշտ է։ Իսկ դու, Թուխ, հասկացե՞լ ես, թե ինչ ես անելու։
    — Չէ, — ասաց արջուկ Թուխը, — ոչ բոլորովին։ Իսկ ի՞նչ պիտի անեմ։
    — Պիտի շարունակ խոսես ու խոսես Կենգուի հետ, որպեսզի նա ոչինչ չնկատի։
    — Իսկ ինչի՞ մասին։
    — Ինչի մասին ուզում ես։
    — Գուցե նրա համար բանաստեղծությո՞ւն արտասանեմ։
    — Դա հենց այն է, ինչ պետք է մեզ, — ասաց Ճագարը։ — Հիանալի է։ Դե, գնացինք։
    Եվ նրանք գնացին գտնելու Կենգուին։
    Կենգուն եւ Ռուն հետճաշյա հանգիստը անց էին կացնում ավազով լցված մեծ փոսի մոտ։ Ճստիկ Ռուն ցատկ֊բարձրության, երկարության եւ նույնիսկ ցատկ֊խորության մարզումներ էր կատարում, սովորում էր ընկնել մկան բների մեջ եւ դուրս սողալ այնտեղից, իսկ Կենգուն հուզվում էր ու րոպեն մեկ կրկնում․ «Դե, սիրելիս, մեկ անգամ էլ թռիր ու տուն գնանք»։ Հենց այդ պահին էլ բլուրի վրա երեւաց ոչ այլ ոք, քան Թուխը։
    — Բարի օր, Կենգո՛ւ, — ասաց նա։
    — Բարի օր, Թո՛ւխ։
    — Տես, թե ոնց եմ ցատկո՛ւմ, — ծվծվաց Ճստիկ Ռուն եւ ընկավ հերթական մկան բնի մեջ։
    — Ողջո՛ւյն, Ռու, ճստի՛կ։
    — Մենք արդեն պատրաստվում էինք տուն գնալ… — ասաց Կենգուն։ — Բարի օր, Ճագար։ Բարի օր, Դնչիկ։
    — Ճագարը եւ Դնչիկը, որ այդ նույն պահին հայտնվեցին բլուրի մյուս կողմից, նույնպես ասացին «բարի օր» եւ «ողջույն, Ռու», իսկ Ճստիկ Ռուն հրավիրեց դիտելու, թե ինչպես է ինքը ցատկում…
    Նրանք կանգնել ու դիտում էին, իսկ Կենգուն նայում էր ու նայում աչքերը չորս արած։
    — Լսիր, Կենգու, — ասաց Թուխը, երբ Ճագարը երկրորդ անգամ աչքով էր արել նրան, — հետաքրքիր է, դու բանաստեղծություն սիրո՞ւմ ես։
    — Այնքան էլ չէ, — ասաց Կենգուն,
    — Ափսո՜ս, — ասաց Թուխը։
    — Ռու, թանկագինս, մի վերջին անգամ էլ ցատկիր եւ գնանք, արդեն ուշ է։
    Որոշ ժամանակ լռություն տիրեց։ Ճստիկ Ռուն ցատկեց հերթական մկան բնի մեջ։
    — Դե, սկսի՛ր, սկսի՛ր, — բարձրաձայն փշշացրեց Ճագարը, թաթով բերանը ծածըած։
    Իմիջայլոց, բանաստեղծությունների մասին, — շարունակեց Թուխը։ — Քիչ առաջ ճանապարհին մի փոքրիկ բանաստեղծություն հորինեցի։ Մոտավորապես այսպիսին։ Ըըը… Մի րոպե…
    — Այս բանաստեղծությունը քեզ դուր կգա, — ասաց Ճագարը։
    — Դու անպայման կհավանես, — ծվծաց Դնչիկը։
    — Միայն թե շատ֊շատ ուշադիր լսիր, — ապաց Ճագարը։
    — Տես, ոչինչ բաց չթողնես, — ճղճղաց Դնչիկը։
    — Այո, այո — ասաց Կենգուն։ Բայց, ավա՜ղ, նա աչքը չէր հեռացնում Ճստիկ Ռուից։
    — Դե, ինչպե՞ս էր քո բանաստեղծությունը, Թուխ, — հարցրեց Ճագարը։
    — Թուխը հազաց թաթի մեջ ու սկսեց


     ԹԵՓՈՎ ԹՑՎԱԾ ԳԼՈՒԽ ՈՒՆԵՑՈՂ
          ԱՐՋՈՒԿԻ ՀՈՐԻՆԱԾ ՏՈՂԵՐ
    Մոտ օրերս ոնց պատահեց,
    Հյուր գնացի բարեկամիս
    Ու ոնց եղավ, սիրտս ուզեց,
    Ասել, խոսել Դեսից Դենից։
    Եվ պատմեցի, թե Երբ ու Ով,
    Եվ թե Ինչու, նաեւ Ինչից,
    Ինչով, Որտեղ, Ինչ պատճառով
    Եվ դեպի Ուր ու Որտեղից։
    Ոնց էր Առաջ ու ոնց Հետո,
    Եվ թե Ինչու եղավ Այդպես,
    Իսկ եթե Ոչ, ապա Այո,
    Ով Ում, Ինչ Ինչ, նաեւ Ինչպես։
    Իսկ երբ բառ էր ինձ պակասում,
    Ասում էի մեկ՝ «Վաք», մեկ՝ «Վայ»
    «Այսպես ասած», «Առողջություն»
    Իսկ երբեմն էլ՝ «Այ֊այ֊այ֊այ»։
    Երբ իմ խոսքը ավարտեցի,
    Հարցրին․ — Վե՞րջ։ Միայն այդքա՞ն։
    Մի ամբողջ ժամ դու խոսեցիր,
    Չպատմելով ոչ այս, ո՛չ այն…


    Այդ ժամանակ…


    — Շա՜տ, շատ լավն է, — ամաց Կենգուն, առանց հետաքրքրվելու թե ինչ եղավ այդ ժ ա մ ա ն ա կ ։ — Դե, վերջին, ամանավերջին անգամ ցատկիր, Ռո՛ւ, թանկագինս, եւ տուն գնանք։
    Ճագարը արմունկով հրեց Թուխին։
    — Իմիջայլոց, բանաստեղծությունների մասին, — իսկույն ասաց Թուխը։ — Դու երբեվիցե ուշադրություն դարձրե՞լ ես այն ծառին, ա՛յ այնտեղ։
    — Ո՞րտեղ… — ասաց Կենգուն։ — Դե, փոքրիկս, բավակա՛ն է։
    Այ այնտեղ, — ասաց Թուխը, մատը տնկելով հակառակ կողմը։
    — Ոչ… — ասաց Կենգուն։ — Ռու, թանկագինս, ցատկիր գրպանս ու տուն գնանք։
    — Չէ, դու անպայման նայիր այդ ծառին, — ասաց Ճագարը։ — Ռու, ուզո՞ւմ ես քեզ բարձրացնեմ։ — Եվ նա գրկեց Ռուին։
    — Եվ այն մյուս ծառին ծիտիկ է նստած, — ասաց Թուխը։ — Բայց գուցե դա ձո՞ւկ է։
    — Ոչ, ծիտիկ է, — ասաց Ճագարը, — եթե միայն, իհարկե, ձուկ չէ։
    — Ձուկ չի՛, ծիտի՛կ է, — ճղճղած Դնչիկը։
    — Այո, այո, այդպես էլ կա, — ասաց Ճագարը։
    — Հետաքրքիր է, դա սարյա՞կ է, թե՞ կեռնեխ, — ասաց Թուխը։
    — Հարցն էլ հենց դա է, — ասաց Ճագարը։ — Սարյա՞կ է, թե։ կեռնեխ։
    Եվ այստեղ վերջապես Կենգուն շրջվեց։
    Հենց որ շրջվեց, Ճագարը հրամայեց բացձցաձայն․
    — Ռո՛ւ, անցիր տե՛ղդ։
    — Ռուի փոխարեն Կենգուի գրպանը թռավ Դնչիկը, իսկ Ճագարը Ռուին ամուր գրկած սլացավ հեռու։
    — Այս ո՞ւր անհետացավ Ճագարը, — հարցրեց Կենգուն, շրջվելով։ — Դե, թանկագին փոկրիկս, ամեն ինչ կարգի՞ն է։
    — Կենգուի գրպանի խորքից Դնչիկն ինչ֊որ բան ծվծվաց, ճիշտ եւ ճիշտ Ռուի նման։
    — Ճագարը ստիպված եղավ գնալ, — ասաց Թուխը, — նա, երեւի, հիշեց, որ շատ անհետաձգելի գործ ունի։ Հանկարծ։
    — Իսկ Դնչի՞կը։
    — Երեւի Դնչիկը նույնպես ինչ֊որ բան հիշեց։ Հանկարծ։
    — Դե լավ, մենք գնացինք, — ասաց Կենգուն։ — Հաջողություն եմ ցանկանում, Թո՛ւխ։
    Մի քանի հսկայական ցատկեր, եւ նա անհետացավ։
    Թուխը նայեց նրա հետեւից։
    «Երանի թե ես էլ կարողանայի այդպես ցատկել, — մտածեց նա։ — Ինչո՞ւ ոմանք կարողանում են, իսկ ոմանք ոչ։ Շատ, շատ ցավալի է»։
    Կենգուն, իսկապես, հիանալի էր ցատկում, բայց Դնչիկը, մեր մեջ ասած, շատ կուզենար, որ նա չ կ ա ր ո ղ ա ն ա ր ցատկել։ Երբեմն, Անկառում կատարած հեռավոր զբոսանքներից տուն վերադառնալիս, Դնչիկը երազում էր ծիտիկ դառնալ ու թռչել, բայց հիմա, երբ նա կենգուի խոր գրպանում պատեպատ էր դիպչում, նրա գլխում այսպիսի մտքեր էին ցատկոտում․
          կոչվում է չեմ
        սա թռչել, երբեք համաձայնի
        «Եթե ապա սովորել,
                                             երբե՛ք»։
    — Ըըըըըըը՛, — ասում էր նա, թռչելով վեր, իսկ ցած ընկնելիս ասում էր․ — Հը՛…
    Եվ նա ստիպված եղավ ամբողջ ճանապարհին կրկնել՝ «Ըըըըըըը՛ — հը՛», «Ըըըըըըը՛ — հը՛»֊ մինչեւ որ Կենգուն տուն հասավ։
    Տուն հասնելուն պես Կենգուն բացեց գրպանը եւ իհարկե, անմիջապես հասկացավ, թե ինչ է կատարվել։ Սկզբում նա շատ վախեցավ, բայց հետո մտածեց, որ անհանգստանալու կարիք չկա, որովհետեւ համոզված էր, որ Քրիստոֆեր Ռոբինը ոչ մեկին թույլ չի տա նեղացնել իր Ճստիկին։
    «Դե լավ, — մտքում ասաց նա, — տեսնենք, թե ով ում գլխին օյին կխաղա»։
    — Դե, Ռո՛ւ, թանկագի՛նս, — ասաց նա, գրպանից հանելով խոճկորին, — քնելուդ ժամանակն է։
    — Հը՛մ, — ասաց Դնչիկը, աշխատելով որքան հնարավոր է լավ արտասանել այդ բառը։ Բայց, ավա՜ղ, այդպիսի սոսկալի ճանապարհորդությունից հետո «հըմ»֊ը այնքան էլ հաջող չստացվեց, եւ երեւի դրա համար էլ Կենգուն չհասկացավ, թե ինչ է նշանակում։
    — Բայց նախ կլողանաս, — ուրախ֊ուրախ ասաց Կենգուն։
    — Հը՛մ, — անհանգիստ կրկնեց Դնչիկը, հայացքով որոնելով մյուսներին։
    Բայց մյուսները չէին երեւում։ Ճագարը տանը նստած խաղում էր Ճստիկ Ռուի հետ, զգալով, որ քանի գնում, այնքան ավելի շատ է սիրում նրան, իսկ Թուխը, որ որոշել էր Կենգու դառնալ, ավազով լցված փոսի մեջ դեռեւս ցատկել էր սովորում։
    — Չգիտեմ, — մտախոհ ասաց Կենգուն, — գուցե այսօր դու ս ա ռ ը ջրով լողանաս։ Ի՞նչ ես կարծում, Ռու, թանկագինս։
    Դնչիկը, որ երբեք էլ առանձնապես լողանալ չէր սիրել ոչ տաք, ոչ էլ սառը ջրով վրդովմոնքից դողաց եւ հուսահատ քաջությամբ ասաց․
    — Կենգու։ Ես տեսնում եմ, որ արդեն անկեղծ խոսելու ժամանակն է։
    — Ի՛նչ ծիծաղելին ես, Ռու, — ասաց Կենգուն, տաշտի մեջ ջուր լցնելով։
    — Ես Ռուն չեմ, — բարձր ասաց Դնչիկը։ — Ես Դնչի՛կն եմ։
    — Այո, թանկագինս, այո, — քնքշանքով ասաց Կենգուն։ — Ոչ ոք հետդ չի վիճում… Ի՛նչ էլ խելացին է, կարողանում է Դնչիկկ ձայնով խոսել, — քրտմնջաց նա, թարեքից մի մեծ կտոր դեղին օճառ վերցնելով։ — Դե, էլ ինչ նոր բան կհնարե՞ս։
    — Դու ինչ է, չե՞ս տեսնում, — գոռաց Դնչիկը։ — Աչք չունես ի՞նչ է։ Լա՛վ նայիր։
    — Ես նայում եմ, իմ փոքրի՛կ Ռու, — բավականին խստորեն ասաց Կենգուն։ — Իսկ դու հիշո՞ւմ ես ես ինչ էի քեյ ասում ծամածռությունների մասին։ Եթե դու էլի նման ծամածռություններ անես, ապա երբ մեծանաս, կնմանվես Դնչիկին եւ շատ֊շատ կափսոսաս։ Իսկ հիմա մտիր տաշտը եւ մի՛ ստիպիր որ նորից կրկնեմ։
    Եվ Դնչիկը ուշկի չէր եկել, երբ հայտնվեց տաշտի մեջ, իսկ Կենգուն սկսեց ամբողջ ուժով տրորել նրան մեծ ու փրչոտ ճիլոպով։
    — Վա՜յ, — ճչում էր Դնչիկը, — բաց թող ինձ։ Ես Դնչիկն եմ։
    — Բերանդ փակիր, թանկագինս, թե չէ օճառ կլցվի, — ասաց Կենգուն։ — Տեսա՞ր, որ ասում էի։
    — Դու… դու այդ դիտմամբ արեցի՛ր, — բլթբլթացրեց Դնչիկը, երբ վերջապես նորից կարողացավ խոսել…
    Բայց այս անգամ էլ նրա բերանում հայտնվեց ճիլոպը։
    — Այ այդպես, թանկագինս, լռիր, — ասաց Կենգուն։
    Քիչ հետո Կենգուն Դնչիկին հանեց տաշտից ու փաթաթեց խավոտ սրբիչի մեջ։
    — Իսկ հիմա, — ասաց Կենգուն, — պառլեզուց առաջ դեղ կխմես։
    — Ի՞֊ի֊ինչ դդեղ, — կմկմաց Դնչիկը։
    — Ձկան չուղ, թանկագինս, որպեսզի մեծ ու ուժեղ դառնաս։ Թե չէ կմնաս Դնչիկի նման փոքրիկ ու թույլ։
    Այդ պահին ինչ֊որ մեկը թակեց դուռը։
    — Մտեք — ասաց Կենգուն։
    Եվ ներս մտավ Քրիստոֆեր Ռոբինը։
    — Քրիստոֆեր Ռոբի՛ն, Քրիստոֆեր Ռոբի՛ն, — հեկեկեց Դնչիկը։ — Ասա Կենգուին թե ես ով եմ։ Նա ասում է, թե ես Ռուն եմ, ճի՞շտ է։
    Քրիստոֆեր Ռոբինը ուշադիր զննեց նրան ու գլուխն օրորեց։
    — Իհարկե, դու Ռուն չես, — ասաց նա, — որովհետեւ Ռուին ես քիչ առաջ տեսա Ճագարի տանը։ Նրմնք այնտեղ խաղում են։
    — Այ քեզ բա՜ն, — ասաց Կենգուն։ — Մի տե՛բս, է։ Եվ ոնց կարող էի այդպես սխալվել։
    — Տեսնո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես, — ասաց Դնչիկը։ — Ի՞նչ էի ասում։ Ես Դնչիկն եմ։
    Քրիստոֆեր Ռոբինը նորից օրորեց գլուխը։
    — Չե, դու Դնչիկը չես, — ասաց նա։ — Ես Դնչիկին շատ լավ եմ ճանաչում։ Նա բոլորովին ուրիշ գույն ունի։
    «Դա նրանից է, որ ես հենց նոր լողացա», — ուզում էր ասել Դնչիկը, բայց հասցրեց գլխի ընկնել, որ այդ բանը, թերեւս, չարժի ասել։ Բայց նա հազիվ էր բերանը բացել, պատրաստվելով ասել ուրիշ բան, երբ կենգուն առանց ժամանակ կորցնելու մի մեծ գդալ դեղ լցրեց նրա բերանը, թփթփացնելով մեջքին ու ասաց, որ ձկան յուղը շա՜տ, շատ համեղ է, միայն պետք է ինչպես հարկն է ընտելանալ դրան։
    — Ես գիտեի, որ սա Դնչիկը չէ, — քիչ հետո ասաց Կենգուն։ — Հետաքրիր է, ով կարող է լինել։
    — Գուցե Թուխի ազգականների՞ց է, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ — Ասենք եղբորորդին կամ մորեղբայրը։
    — Հավանորեն, հավանորեն, — նամաֆայնեց Կենգուն։ — Միայն թե նրան պետք է որեւէ անուն տալ։
    — Կարող ենք նրան Թուխիկ անվանել, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ — Օրինակ, Հենրի Թուխիկ։ Կրճատ ձեւով։
    Բայց հազիվ էր նոր անուն ստացել, երբ Հենրի Թուխիկը դուրս պրծավ Կենգուի գրկից ու ցած թռավ։ Նրա բախտից Քրիստոֆեր Ռոբինը դուռը բաց էր թողել։
    Իր ամբողջ կյանքում Հենրի Թուխիկ֊Դնչիկը երբեք այդքան արագ չէր վազել, ինչպես հիմա։ Նա սլանում էր մի վայրկյան անգամ կանգ չառնելով։ Միայն իր տնից մի հարյուր քայլի վրա նա դադարեցրեց վազքն ու թավալ տվեց գետնին, որպեսզի վերստանա իր սեփական գույնը, իր սիրելի, հարմար ու սովորական գույնը…
    Ահա այսպես Կենգուն եւ Ճստիկ Ռուն մնացին Անտառում։ Հիմա ամեն երեքշաբթի Ճստիկ Ռուն ամբողջ օրով հյուր է գնում իր նոր բարեկամի՝ Ճագարի մոտ, Կենգուն ամբողջ օրը իր նոր բարեկամին՝ Թուխին, ցատկել է սովորեցնում, իսկ Դնչիկը երեքշաբթին անց է կացնում իր հին բարեկամի՝ Քրիստոֆեր Ռոբինի հետ։
    Եվ բոլորն էլ չափազանց ուրախ են։

ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ

Որտեղ Քրիստոֆեր Ռոբինը «Արշավախում» է կազմակերպում դեպի Հյուսիսային Բեւեռ
    Վինի֊Թուխը ծուլորեն քարշ էր գալիս Անտառում, պատրաստվելով այցելել իր բարեկամ Քրիստոֆեր Ռոբինին, իմանալու, արդյոք նա չի մոռացել, որ աշխարհում արջեր գոյություն ունեն։ Առավոտյան նախաճաշի ժամանակ (իսկ նախաճաշը շատ համեստ էր՝ մեղրահացի վրա քսված մի քիչ մարմելադ), Թուխի գլխում հանկարծ մի նոր երգ (Աղմուկիկ) հնչեց։ Երգն այսպես էր սկսվում․ «Ինչ լավ է արջ լինելը, ուռա՛»։
    Այս տողը հորինելուց հետո նա քորեց գլուխն ու մտքի մեջ ընկավ․ «Սկիզբը պարզապես սքանչելի է, բայց որտեղից գտնեմ երկրորդ տողը»։
    Նա փորձեց «ուռան» կրկնել երկու, նույնիսկ երեք անգամ, բայց դա, չգիտես ինչու, չէր օգնում։ «Գուցե լավ կլինի, — մտածեց նա, —երգեմ՝ «Ինչ լավ է արջ լինելը, օհո՛»։ Եվ նա երգեց «օհո»։ Բայց, ավաղ, գործը դարձյալ առաջ չէր գնում։ «Դե լավ, — ասաց նա, — առաջին տողը ես կերգեմ երկու անգամ եւ գուցե, եթե շատ արագ երգեմ, ինքս էլ այդ չնկատելով, հասնեմ երրորդ ու չորրորդ տողերին, եւ այդ ժամանակ շատ լավ Աղմուկիկ կստացվի։ Հապա մի փորձեմ»․
          Ինչ լավ է արջ լինելը, ուռա՛,
          Ինչ լավ է արջ լինելը, ուռա՛։
          Ինձ չի վախենա…
          (Ո՛չ, չն վախեցնի։)
          Ինձ չի վախեցնի ոչ ցուրտ, ոչ էլ տոթ,
          Եթե թաթերս լինեն միշտ մեղրո՛տ։
          Ինձ չի վախեցնի…
          (Ո՛չ, չեմ վախենա։)
          Կտանեմ ամեն մի աղետ,
          Միայն թաթերս լինեն մեղրի հետ։
          Ուռա՛, Վինի֊Թուխ։
          Ուռա՛, Վինի֊Թուխ։
          Ժամերը կթռչեն ծիտիկի նման,
          Եվ ճաշի ժամը կգա անպայման։
    Նրան այս երգը (Աղմուկիկը), չգիտես ինչու, այնքան դուր եկավ, որ երգում էր ամբողջ ճանապարհին։ «Բայց եթե շարունակեմ այսպես անընդհատ երգել, — հանկարծ մտածեց նա, — կգա ճաշելու ժամը, եւ այդ դեպքում վերջին տողը սխալ կլինի»։ Դրա համար էլ նա իր երգը սկսեց մռմռացնել առանց բառերի։
    Քրիստոֆեր Ռոբինը նստած էր իր տան շեմին ու Երկարաճիտ Կոշիկներն էր հագնում։ Հազիվ էր Թուխը տեսել Երկարաճիտ Կոշիկները, երբ անմիջապես հասկացավ, որ Արկած է սպասվում։ Նա դնչից թափ տվեց մեղրի մնացորդները եւ ինչքան կարող էր ձգվեց, որպեսզի ցույց տա, որ ինքը պատրաստ է ամեն ինչի։
    — Բարի լույս, Քրիստոֆեր Ռոբի՛ն, — կանչեց նա։
    — Ողջույն, Թո՛ւխ։ Ոչ մի կերպ չեմ կարողանում այս Կոշիկը հագնել։
    — Դա վատ նշան է, ասաց Թուխը։
    — Դու, խնդրում եմ, հենվիր մեջքիս, թե չէ մեկ էլ տեսար այնքան ուժեղ քաշեցի, որ գլուխկոնծի կտամ։
    Թուխը նստեց եւ ամուր, ինչքան ուժ ուներ, թաթերը հենեց գետնին, իսկ ինքը ինչքան ուժ ուներ հենվեց Քրիստոֆեր Ռոբինի մեջքին, իսկ Քրիստոֆեր Ռոբինը ինչքան ուժ ուներ հենվեց Թուխի մեջքին եւ սկսեց քաշել իր Կոշիկը, մինչեւ որ հագավ։
    — Ահա, այսպես, — ասաց Թուխը։ — Իսկ հիմա ի՞նչ ենք անելու։
    — Արշավախումբ ենք կազմակերպում, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, ոտքի կանգնելով ու թափ տալով իրեն։ — Շնորհակալություն, Թո՛ւխ։
    — Արշավախո՞ւմ, — հետաքրքրությամբ հարցրեց Թուխը։ — Ոչ մի անգամ ոչ մեկին չեմ տեսել։ Իսկ նա որտե՞ղ է, այդ արշավախումը։
    — Արշավախումբ, իմ հիմա՜ր արջուկ։ Ոչ թե «խում», այլ «խումբ»։
    — Ա֊ա՜, — ասաց Թուխը, — հասկանում եմ։
    Մեր մեջ ասած, նա ոչինչ չէր հասկացել։
    — Մենք պետք է փնտրենք ու հայտնագործենք Հյուսիսային Բեւեռը։
    — Ա֊ա՜, — նորից ասաց Թուխը։ — Իսկ ի՞նչ բան է Հյուսիսային Բեւեռը, — հարցրեց նա։
    — Մի այնպիսի բան է, որ հայտնագործում են, — անփութորեն պատասխանեց Քրիստոֆեր Ռոբինը, որ ինքն էլ այնքան լավ չգիտեր, թե դա ինչ բան է։
    — Ա֊ա՜, հասկանում եմ, — ասաց Թուխը։ — Իսկ արջերը օգն՞ում են նրան հայտնագործել։
    — Իհարկե օգնում են։ Ճագարը, Կենգուն, մյուսները նույնպես։ Ախր սա արշավախումբ է։ Գիտես ի՞նչ է նշանակում արշավախումբ, բոլորը գնում են իրար հետեւից, իծաշարուկ… Դու լավ կանես հայտնես մյուսներին որ հավաքվեն, մինչեւ մաքրեմ հրացանս։ Հետո չպետք է մոռանանք պարեն վերցնել։
    — Պարերը ո՞նց վերցնենք։
    — Ոչ թե պարեր, այլ ուտելու բան։
    — Ա֊ա՜ — ուրախ ասաց Թուխը։ — Իսկ ինձ թվաց, դու ինչ֊որ պարերի մասին ես խոսում։ Որ այդպես է գնամ բոլորին ասեմ։
    Եվ նա ճանապարհ ընկավ։
    Առաջինը նա հանդիպեց Ճագարին։
    — Բարեւ, Ճագար, — ասաց Թուխը։ — Այդ դո՞ւ ես՞
    — Արի խաղանք, իբր այդ ես չեմ, — ասաց Ճագարը։ — Տեսնենք ինչ կստացվի։
    — Ես քեզ հանձնարարություն պիտի տամ։
    — Լավ, կհայտնեմ Ճագարին։
    — Մենք Քրիստոֆեր Ռոբինի հետ արշավախում ենք կազմակերպում։
    — Ճագարն անպայման կմասնակցի։
    — Ճագար, խնդրում եմ, ես ժամանակ չունեմ, — ասաց Թուխը։ — Գլխավորը, որ մենք չպետք է մոռանանք, դա պար… պար… Մի խոսքով, չպետք է մոռանանք ուտելու բան վերցնել։ Թե չէ մեկ էլ տեսար սովածացանք։ Հիմա ես կգնամ Դնչիկի մոտ, իսկ դու հայտնիր Կենգուին, լա՞վ։
    Նա հրաժեշտ տվեց Ճագարին ու վազեց Դնչիկի տան ուղղությամբ։
    Դնչիկը գետնին նստած՝ երեքնուկի թերթիկներով գուշակում էր․ սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում։ Դուրս եկավ, որ չի սիրում, եւ նա հիմա փորձում էր հիշել, թե ում համար էր գուշակում, հուսալով որ դա Թուխը չէ։ Հենց այդ պահին էլ երեւաց Վինի֊Թուխը։
    — Հե՜յ, Դնչի՛կ, — հուզված ասաց Թուխը։ — Մենք արշավախում ենք կազմակերպում, բոլորս։ Եվ չպետք է մոռանանք վերցնել պար… Ուտելու բան։ Մենք պետք է ինչ֊որ բան հայտնագործենք։
    — Ի՞նչ, — վախեցած հարցրեց Դնչիկը։
    — Չգիտեմ, ինչ֊որ բան։
    — Չար բա՞ն։
    — Քրիստոֆեր Ռոբինը չարության մասին ոչինչ չասաց։ Նա միայն ասաց, որ այնտեղ «խումբ» կա։
    — Կուղբից ես չեմ վախենում, — շատ լուրջ ասաց Դնչիկը։ — Ես վախենում եմ միայն գայլերից, բայց եթե Քրիստոֆեր Ռոբինը գալիս է մեզ հետ, այդ դեպքում ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում։
    Շատ չանցած բոլորը հավաքվեցին, եւ արշավախումբը պատրաստ էր։ Առջեւից գնում էր Քրիստոֆեր Ռոբինը, ապա Ճագարը, նրա հետեւից՝ Դնչիկն ու Թուխը, հետո Կենգուն՝ Ճստիկ Ռուի հետ, եւ Բուն, ապա Իան, իսկ ամենավերջում երկար շղթա կազմած գալիս էին Ճագարի բոլոր Ազգականներն ու Ծանոթները։
    — Ես նրանց չեմ հրավիրել, — անփութորեն բացատրում էր Ճագարը, — պարզապես իրենք են եկել։ Նրանք միշտ այդպես են։ Նրանք մեզ չեն խանգարի, կարող են գալ վերջից, Իայից հետո։
    — Ես կուզենայի ասել, — ասաց Իան, որ դա նյարդերիս վրա ազդում է։ Ես ընդհանրապես մտադիր էլ չէի մասնակցել այս արագախումին… կամ էլ, ինչպես Թուխն ասաց։ Ինձ միայն պարտքի զգացումն է բերել։ Այնուհանդերձ ես այստեղ եմ եւ եթե պետք է վերջից քայլեմ այս արագախումի… հուսով եմ, հասկաում եք, թե ինչի մասին է խոսքս, ապա թող ես էլ լինեմ վերջում։ Բայց եթե ամեն անգամ, երբ ուզենամ նստել ու հանգստանալ, ստիպված պիտի լինեմ ինձ համար տեղ մաքրել այս ողջ խաժամուժից՝ Ճագարի Ազգականներից ու Ծանոթներից, ապա սա կլինի ոչ թե արագախում կամ ինչպես դա անվանում են, այլ պարզապես իրարանցում ու քաշքշուկ։ Ահա թե ինչ ես կուզենայի ասել։
    — Ես հասկանում եմ, թե ինչ նկատի ունի Իան, — ասաց Բուն։ — Եթե հարցնեք ինձ…
    — Ես երբեք չեմ հարցնում, — ասաց Իան։ — Ես, ընդհակառակը, բացատրում եմ բոլորին։ Ուզում եք Հյուսիսային Բեւեռ փնտրեք, ուզում եք պահմտոցի խաղացեք։ Ես առարկություն չունեմ։
    Այդ պահին շարասյան առջեւից լսվեց Քրիստոֆեր Ռոբինի ձայնը․
    — Առա՜ջ, առա՜ջ։
    — Առա՜ջ, — գոռացին Թուխն ու Դնչիկը։
    — Առա՜ջ, — գոռաց Բուն։
    — Շարվեցի՛նք, — ասաց Ճագարը։ — Ես պետք է վազեմ։ — Եվ նա սլացավ շարասյան գլուխը՝ Քրիստոֆեր Ռոբինի մոտ։
    Այսպես սկսվեց արշավը դեպի Բեւեռ։ Ճանապարհին բոլորը շատախոսում էին դեսից դենից։ Միայն Թուխն էր լուռ, նա երգ էր հորինում։
    — Ահա, եւ առաջին քառատողը, — ասաց նա Դնչիկին, երբ քառատողը պատրաստ էր։
    — Ինչի՞ առաջին քառատողը։
    — Իմ երգի։
    — Ո՞ր երգի։
    — Հենց այս մեկի։
    — Ո՞ր մեկի։
    — Եթե լսես, կիմանաս։
    — Իսկ դու որտեղի՞ց գիտես, որ ես չեմ լսում։
    Այս անգամ Թուխը չիմացավ ինչ պատասխանի, ուստի սկսեց երգել․
          Մենք կազմել ենք ԱՐՇԱՎԱԽՈՒՄ,
          Եվ ելել ենք արշավի՝
          Դնչիկը, Բուն, Կենգուն եւ Ռուն
          Եվ ողջ ցեղը Ճագարի։
          ԱՐՇԱՎԱԽՈՒՄԸ կքայլի
          Ամբողջ օրը Անտառում,
          ԱՐՇԱՎԱԽՈՒՄԸ Բեւեռի
          Ճանապարհներն է փնտրում։
          ԱՐՇԱՎԱԽՈՒՄՈՒՄ բոլորը
          Շատ կուզեին իմանալ,
          Թե ինչ բան է այդ Բեւեռը,
          Եվ ինչով են ուտում այն։
    — Սը՜սս, — շրջվելով դեպի Թուխը, ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ — Մենք մոտենում ենք վտանգավոր վայրի։
    — Սը՜սս, — արագ շրջվելով դեպի խոզուկը, ասաց Թուխը։
    — Սը՜սս, — ասաց Դնչիկը Կենգուին։
    — Սը՜սս, — ասաց Կենգուն Բուին, իսկ Ճստիկ Ռուն մի քանի անգամ ինքն իրեն «սըսս» ասաց։
    — Սը՜սս, — շրջվելով դեպի Իան, ասաց Բուն։
    — Սո՛ւս, — սարսափելի ձայնով ասաց Իան Ճագարի բոլոր Ազգականներին ու Ծանոթներին, եւ նրանք սկսեցին շտապ֊շտապ մեկը մյուսին «սըսս» աասել, մինչեւ որ հասան ամենավերջինին։ Իսկ ամենավերջինը՝ ամենափոքրիկ Ազգականն ու Ծանոթը, կարծելով, որ ամբողջ արշավախումբը իրեն «սըսս» է ասում, այնպես վախեցավ, որ անմիջապես թաղկեց հողի մեջ ու երկու օր գլխավայր նստեց այնտեղ, մինչեւ որ համոզվեց, որ վտանգը վերջնականապես անցել է։ Հետո նա շտապեց տուն։
    Արշավախումբը մոտեցավ գետակին, որն ուրախ պտտվում եւ գլուխկոնծի էր տալիս բարձր, քարակոփ ափերի մեջ, եւ Քրիստոֆեր Ռոբինը անմիջապես գնահատեց իրադրությունը։
    — Դարանակալելու համար սա շատ հարմար տեղ է, — ասաց նա։
    — Ի՞նչն է թփակալել, — Դնչիկի ականջին շշնջաց Թուխը։ — Գուցե մորի՞ն։
    — Իմ սիրելի Թո՛ւխ, — հովանավորող տեսքով ասաց Բուն, — մի՞թե դու չգիտես նույնիսկ, թե ի՞նչ է նշանակում դարականալ։
    — Բու, — խիստ նայելով նրան, ասաց Դնչիկը, — Թուխը փսփսում էր ինձ հետ, եւ դու շատ ես…
    — Դարանակելը, — ասաց Բուն, — դա անակնկալի պես մի բան է։
    — Երբեմն մորին նույնպես, — ասաց Թուխը։
    — Դարանակալելը, ինչպես ես պատրաստվում էի բացատրել Թուխին, — ասաց Դնչիկը, — դա անակնկալի պես բան է։
    — Երբ քեզ հանկարծակիի եմ բերում, դա կոչվում է դարանակալել, — ասաց Բուն։
    — Դարանակալել, Թուխ, կոչվում է այն, երբ քեզ հանկարծակիի են բերում, — բացատրեց Դնչիկը։
    Թուխը, որ արդեն գիտեր, թե ինչ բան է դարանակալելը, ասաց, որ մի անգամ ուրու թուփն իրեն հանկարծակիի բերեց, երբ ինքը՝ Թուխը, ընկնում էր ծառից, եւ դրանից հետո մի ամբողջ շաբաթ փշեր էր հանում իր վրայից։
    — Ոչ ոք մորու մասին չի խոսել, — բավականին զայրացած ասաց Բուն։
    — Ո՞նց թե, ես եմ խոսել, — զարմացավ Թուխը։
    Նրանք զգուշորեն քայլում էին ափով, ճանապարհ փնտրելով ժայռերի ու քարերի միջով, եւ շուտով հասան այնտեղ, ուր ափը լայն էր եւ աննկատելիորեն կանաչ ու հարթ մարգագետին էր դառնում, որտեղ իսկույն ուզում էիր նստել ու հանգստանալ։ Եվ հենց նրանք հասան այդտեղ, Քրիստոֆեր Ռոբինը հրամայեց՝ «Կա՛նգ առ», եւ բոլորը նստեցին հանգստանալու։
    — Իմ կարծիքով, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — մենք պետք է ուտենք մեր ամբողջ պարենը, որպեսզի հեշտ լինի առաջ շարժվել։
    — Ուտենք մեր ամբողջ ի՞նչը, — հարցրեց Թուխը։
    — Ամբողջը, ինչ որ բերել ենք, — ասաց Դնչիկը գործի անցնելով։
    — Լավ միտք է, — ասաց Թուխը եւ նույնպես գործի անցավ։
    — Բոլորը, ինձնից բացի, — ասաց Իան։ — Ինչպեսս մի՛շտ։ — Նա տխուր շուրջը նայեց․ — Հետաքրքիր է, որեւէ մեկը պատահաբար տատասկափշի վրա չի՞ նստել։
    — Կարծես թե ես եմ նստել, — ասաց Թուխը։ — Վա՜յ։ — Նա վեր թռավ։ — Այո, ես էի նստել։ Ես զգում էի։
    — Շնորհակալություն, Թուխ։ Եթե դա քեզ այլեւս հարկավոր չի, ապա, խնդրում եմ… — Եվ Իան անցավ Թուխի տեղն ու սկսեց ուտել։
    — Իմիջայլոց, տատասկափուշը ամենեւին էլ չի շահում դրանից, երբ նրա վրա նստում են, — խոսեց Իան, մի պահ պտտվելով իր ճաշից։ — Նա կորցնում է թարմությունը։ Հիշեցեք այդ, բարեկամներս։ Չի խանգարի, որ մի փոքր ուշադրություն ցուցաբերեք ընկերոջ նկատմամբ։ Հարկավոր է երբեմն էլ ուրիշների մասին մտածել, այ թե ինչ եմ ուզում ասել։
    Հենց որ Քրիստոֆեր Ռոբինը իր նախաճաշն ավարտեց, ինչ֊որ բան շշնջաց Ճագարի ականջին, իսկ Ճագարը ասաց՝ «Այո, այո, իհարկե», եւ նրանք առանձնացան։
    — Չուզեցի բոլորի ներկայությամբ խոսել, — սկսեց Քրիստոֆեր Ռոբինը։
    — Հասկանալի է, — ասաց Ճագարը, հպարտությունից փքվելով։
    — Բանն այն է… ուզում եմ ասել… դե չէ, երեւի դու էլ չգիտես… Հետաքրքիր է, ի՞նչ տեսք ունի այդ Հյուսիսային Բեւեռը։
    — Դե, — բեղերը ցցելով, ասաց Ճագարը, — հարկավոր էր ավելի շուտ հարցնել։
    — Ես առաջ գիտեի, բայց կարծես մոռացել եմ, — անփութորեն ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
    — Տարօրինակ զուգադիպություն է, — ասաց Ճագարը, — կարծես թե ես էլ եմ մոռացել, թեեւ առաջ, իհարկե, գիտեի։
    — Իմ կարծիքով, այնտեղով անցնում է հողագնդի առանցքը։ Այն, երեւի հողի մեջ է խրված։ Ճի՞շտ է։
    — Իհարկե, այնտեղ կա առանցք, եւ, իհարկե, այն խրված է հողի մեջ, որովհետեւ խրելու ուրիշ տեղ չկա, բացի այդ, առանցքը հենց այդպես էլ կոչվում է՝ «հողի»։
    — Ես էլ եմ այդպես կարծում։
    — Հարցը դա չի, — ասաց Ճագարը։ Հարցը սա է, որտե՞ղ է այդ առանցքը։
    — Դա մենք շուտով կիմանանք, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
    Նրանք մոտեցան արշավախմբի մյուս անդամներին։ Դնչիկը պառկել էր խոտերին եւ անուշ խռմփացնում էր․ Ռուն լվացվում էր գետակում, եւ Կենգուն հպարտությամբ բացատրում էր բոլորին ու յուրաքանչյուրին առանձին֊առանձին, որ Ռուն կյանքում առաջին անգամ ինքնուրույն է լվացվում, իսկ Բուն Կենգուին հետաքրքիր պատքություն էր պատմում, որ լիքն էր երկար բառերով՝ «Հանրագիտարան», «Բուսաբանություն» եւ այլն, թեեւ Կենգուն մտադիր էլ չէր լսել նրան։
    — Չեմ խրախուսում այդ հազար ու մի տեսակ լվացումները, — փնթփնթում էր Իան, — հատկապես ականջների հետեւը լվանալու այդ նոր սովորությունը։ Իսկ դո՞ւ, Թուխ։
    — Դե, — ասաց Թուխը, — իմ կարծիքով…
    — Բայց երբեք էլ չենք իմանա Թուխի կարծիքը, որովհետեւ այդ պահին լսվեց ճողփյուն, ապա Ռուի ծվծվոցն ու կենգուի վախեցած Ճիչը։
    — Ռուն ընկավ ջո՛ւրը — գոռաց Ճագարը։
    — Ահա լվացվելու վերջը, — ասաց Իա֊Իան։
    Քրիստոֆեր Ռոբինն ու Թուխը օգնության նետվեցին։
    — Տեսեք, թե ոնց եմ լողում, — ծվծվում էր Ռուն։ Նա արդեն գետակի կենտրոնում էր, եւ հոսանքը նրան արագ քշում էր դեպի ամբարտակի ջրվեժը։
    — Ռու, թանկագի՛նս, դու ո՞ղջ ես, — ճչում էր Կենգուն։
    — Այո, — պատասխանում էր Ռուն։ — Տես, թե ոնց եմ լող… Բըլթ, բըլթ, բըլթ… — Եվ նա կրկին ջրի երես դուրս եկավ արդեն ավելի ներքեւում։
    Ամեն մեկը, ով ինչպես կարող էր, աշխատում էր օգնել։
    Քնից լրիվ արթնացած Դնչիկը թռչկոտում էր տեղում ու ճչում․ «Վա՛յ, վա՛յ»․ Բուն բացատրում էր, որ անսպասելիորեն ջրում հայտնվելու դեպքում ամենից կարեւոր է գլուխը ջրից դուրս պահել․ Կենգուն վիթխարի ցատկերով սլանում էր ափի երկարությամբ, չմոռանալով հարցնել․ «Ռու, թանկագինս, դու իսկապես ո՞ղջ ես», իսկ Ռուն պատասխանում էր․ «Տես, թե ոնց եմ լողում… Բըլթ, բըլթ…»․ Իան նստեց ափին, այնտեղ որտեղից Ռուն ընկել էր, ու պոչը ջրի մեջ կախեց։ Մեջքը մյուսներին արած, նա կրկնում էր․ «Եվ ահա այս ամենը լվացվելու պատճառով․ բայց դու միայն բռնիր պոչիցս, Ռու, եւ ամեն ինչ կարգին կլինի»։ Իսկ Քրիստոֆեր Ռոբինն ու Ճագարը հետ ու առաջ վազում, կանչելով մյուսներին։
    — Ռու, դիմացիր, մենք գալիս ենք, — գոռում էր Քրիստոֆեր Ռոբինը։
    — Հե՜յ, դուք, մի բան արեք, ինչ եք կանգնել, — հրամայում էր Ճագարը։
    Եվ միայն Թուխը օգտակար բան արեց։ Նա մի երկար ձող վերցրեց ու կամուրջի պես գցեց գետի վրա։ Կենգուն անմիջապես ցատկեց մյուս ափը, բռնեց մյուս ծայրից, եւ նրանք երկուսով ձողը իջեցրին ջրի մոտ։ Եվ քիչ հետո Ռուն, որ շարունակում էր ուրախ բլթբլթացնել․ «Տեսեք, թե ոնց եմ լողում», բռնեց ձողից ու ափ ելավ։
    Մինչ Կենգուն չորացնում էր նրան, Ռուն հրճվանքով ծղրտում էր․
    — Չուք տեսա՞ք, թե ես ո՜նց էի լողում։ Թո՛ւխ, դու տեսա՞ր, թե ես ոնց էի լողում։ Ա՛յ, սա լողալ էր։ Ճագա՛ր, դու տեսա՞ր, թե ես ինչ էի անում։ Ես լողո՛ւմ էի։ Քրիստոֆեր Ռոբի՛ն, դու տեսա՞ր, թե ես ոնց էի…
    Բայց Քրիստոֆեր Ռոբինը չէր լսում, նա նայում էր Թուխին։
    — Թուխ, — ասաց նա, — որտեղի՞ց ես գտել այդ առանցքը։
    Թուխը նայեց փայտե ձողին, որը դեռ չէր գցել ձեռքից։
    — Պարզապես գտել եմ, — ասաց նա։ — Մի՞թե սա առանցք է։ Ես կարծում էի, որ սա պարապես փայտե ձող է եւ կարող է պետք գալ։ Սա այնտեղ ընկած էր, ես էլ վերցրի։
    — Թուխ, — հանդիսավոր ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — մեր արշավը ավարտված է։ Դա Հողագնդի առանցքն է։ Մենք գտել նք Հյուսիսային Բեւեռը։
    — Ա՛խ, իսկապե՞ս, — ասաց Թուխը։
    Երբ բոլորը հավաքվեցին մարգագետնում, Իան դեռ նստած էր, պոչը ջրի մեջ կախած։
    — Թող ձեզնից մեկնումեկը շտապեցնի Ռուին, — ասաց նա։ — Պոչս սառել է։ Ես չեմ գանգատվում, ես պարզապես արձանագրում եմ փաստը։ Իմ պոչը սառել է։
    — Ես այստեղ եմ, ծղրտաց Ռուն։
    — Ահա թե ի՛նչ։
    — Դու տեսա՞ր, թե ես ոնց էի լողում։
    Իան պոչը հանեց ջրից ու թափահարեց։
    — Ես այսպես էլ կարծում էի, — ասաց նա։ — Ոչինչ չի զգում։ Փայտացել է։ Ահա թե ուր հասանք։ Նա փայտացել է։ Ի՞նչ արած, եթե դա ոչ ոքի չի անհանգստացնում, նշանակում է, այդպես էլ պետք է լինի՛։
    — Իմ խե՛ղճ իշուկ։ Ես հիմա կչորացնեմ պոչդ, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ Նա հանեց թաշկինակը եւ սկսեց չորացնել Իայի պոչը։
    — Շնորհակալություն, Քրիստոֆեր Ռոբին։ Դու այստեղ միակն ես, որ պոչից բան է հասկանում։ Մնացածներն ընդունակ չեն մտածելու։ Ահա թե որն է նրանց դժբախտությունը։ Նրանք երեւակայություն չունեն։ Պոչը նրանց համար պոչ չի, այլ ողնաշարի հավելյալ մաս։
    — Մի տխրիր, Իա, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, ամբողջ ուժով շփելով նրա պոչը։ — Հիմա լա՞վ ես զգում։
    — Այո, թերեւս։ Այսպես նա իրեն պոչ է զգում։ Զգում է, որ պատկանում է տիրոջը։ Եթե դու հասկանում ես, թե ինչ եմ ուզում ասել։
    — Ողջույն, Ի՛ա, — ասաց Թուխը, առանցքը թաթերի մեջ մոտ գալով։
    Շնորհակալություն, Թուխ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ես կարծում եմ, որ մեկ֊երկու օրից կկարողանամ ինչպես պետքն է տիրապետել նրան։
    — Ինչի՞ն տիրապետել, — հարցրեց Թուխը։
    — Նրան, ինչի մասին խոսում էինք։
    — Բայց ես ոչ մի բանի մասին չեմ խոսել, — տարակուսած ասաց Թուխը։
    — Նշանակում է ես նորից սխալվեցի։ Իսկ ինձ թվում էր, դու ասացիր, որ քեզ շատ է վշտացնում պոչիս պատմությունը, եւ հարցրեցիր, թե ինչո՞վ կարող ես ինձ օգնել։
    — Չէ, — անկեղծորեն խոստովանեց Թուխը։ — Այդ ես չեմ եղել։ Երեւի, մեկ ուրիշն է ասել։
    — Դե ինչ արած, այդ դեպքում, երբ հանդիպես նրան, շնորհակալություն հայտնիր իմ կողմից։
    Թուխը շփոթված Քրիստոֆեր Ռոբինին նայեց։
    — Թուխը գտել է Հյուսիսային Բեւեռը, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ — Հոյակապ է, չէ՞։ Ահա Հողագնդի առանցքը։
    Թուխը համեստորեն կախեց աչքերը։
    — Սա՞ է, — հարցրեց Իան։
    — Այո, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
    — Ուրեմն, մենք այս ձո՞ղն էինք փնտրում։
    — Այո, — ասաց Թուխը։
    — Հըմ, ասաց Իա֊Իան։ Դե, ինչ արած։ Համենայն դեպս, այսօր անձրեւ չեկավ, — ավելացրեց նա։
    Նրանք առանցքը տնկեցին գետնին, իսկ Քրիստոֆեր Ռոբինը նրա վրա մի տախտակ ամրացրեց, հետեւյալ մակագրությամբ․
           ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲԵՎԵՌ
              ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵԼ Է ԹՈՒԽԸ
                  ԹՈ՛ՒԽԸ ԳՏԱՎ
Հետո բոլորը գնացին իրենց տները։ Եվ, իմ կարծիքով, թեեւ ես դրանում այնքան էլ համոզված չեմ, Ճստիկ Ռուն ստիպված եղավ տաք լոգանք ընդունել եւ անմիջապես պառկել քնելու։ Իսկ Թուխն այնքան հպարտ էր իր սխրանքով, որ հարկադրված էր հիմնավորապես լցնել փորը։

ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ

Որտեղ Դնչիկը ամբողջությամբ շրջապատված է ջրով։
Անձրեւը գալիս էր, գալիս ու գալիս։ Դնչիկը ասաց ինքը իրեն, որ երբեք իր ողջ կյանքում, իսկ նա չափազանց մեծ էր՝ գուցե երեք, իսկ գուցե նույնիսկ չորս տարեկան, որ երբեք միանգամից այսքան անձրեւ չի տեսել։ Իսկ անձրեւը գալիս էր, գալիս էր ու գալիս։ Առավոտից մինչեւ երեկո։ Օր֊օրի հետեւից։
    «Այ, եթե, — մտածում էր Դնչիկը, նայելով պատուհանից, — ես հյուր լինեի Թուխի կամ Քրիստոֆեր Ռոբինի, կամ թեկուզ Ճագարի մոտ, երբ անձրեւը սկսվեց, հիմա ինչքա՜ն ուրախ ժամանակ կանցկացնեի։ Թե չէ նստիր մեն֊մենակ ու մտածիր, թե երբ է անձրեւը կտրվելու»։
Եվ նա պատկերացրեց, որ հյուր է Թուխի տանը եւ ասում է նրան․ «Դու երբեւիցե տեսե՞լ ես այսպիսի անձրեւ», իսկ Թուխը պատասխանում է․ «Նույնիսկ սարսափելի է մտածել»։ Կամ ինքը՝ Դնչիկը ասում է․ «Հետաքրքիր է, հո չի ողողել Քրիստոֆեր Ռոբինի տան ճանապարհը», իսկ Թուխը պատասխանում է․ «Իսկ խեղճ ծերուկ Ճագարը երեւի փախել է տնից»։
    Այսպիսի զրույցը, ինչ խոսք, մեծ բավականություն է։
    Եվ իսկապես, ումն է պետք այդպիսի ջրհեղեղը, եթե կողքիդ չկա մեկը, որի հետ կարողանաս խոսել։
    Իսկ որ շատ հետաքրքիր էր, ոչ մի կասկած չէր կարող լինել։ Փոքրիկ չորացած առվակները, որոնցով Դնչիկն այնքան հաճախ քայլում էր, դարձել էին առու․ առուները, որոնց մեջ նա երբեմն չփչփացնում էր շալվարը բարձրացրած, վերածվել էին գետակների․ իսկ գետակը, որի ափերին բարեկամներն ուրախ խաղեր էին կազմակերպում, դուրս էր եկել իր մահճից՝ հունից (այսպես են անվանում գետակի անկողինը), եւ այնքան լայն էր տարածվել, որ Դնչիկն սկսել էր անհանգստանալ՝ արդյոք չի հասնի եւ իր սեփական մահճին (այսինքն՝ իր անկողնուն)։
    «Այո մի քիչ սարսափելի է լինել Շատ Փոքրիկ Արարած՝ ամբողջովին շրջապատված ջրով, — ասաց նա ինքն իրեն։ — Քրիստոֆեր Ռոբինը եւ Թուխը կարող են փրկվել ծառը բարձրանալով, Կենգուն մեծ֊մեծ ցատկերով հեռու կսլանա եւ նույնիսկ կփրկվի, Ճագարը կարող է փրկվել, թաքնվելով գետնի տակ, Բուն կարող է թռչել, իսկ Իան կարող է փրկվել… ըըը… եթե սկսի բարձր գոռալ, մինչեւ որ գան ու փրկեն նրան։ Իսկ ես նստած եմ այստեղ, բոլոր կողմերից շրջապատված ջրով եւ բոլորովին֊բոլորովին ոչինչ չեմ կարող անել»։
    Անձրեւը շարունակում էր թափվել, եւ օրեցօր ջուրը քիչ֊քիչ բարձրանում էր, եւ ահա համարյա հասավ պատուհանին, իսկ Դնչիկը դեռ ոչինչ չէր արել։
    Եվ հանկարծ նա հիշեց մի պատմություն, որը նրան Քրիստոֆեր Ռոբինն էր պատմել, պատմություն անմարդաբնակ կղզի ընկած մարդու մասին, որն ինչ֊որ բան էր գրել թղթի կտորի վրա, դրել շշի մեջ, իսկ շիշը ծովը գցել․ եւ Դնչիկը մտածեց, որ եթե ինչ֊որ բան գրի թղթի կտորի վրա, դնի շշի մեջ, իսկ շիշը ջուրը գցի, ապպ գուցե ինչ֊որ մեկը գա ու իրեն փրկի։
    Նա տակնուվրա արեց ամբողջ տունը, ավելի ճիշտ, այն բոլորը, ինչ դեռ չոր էր մնացել, եւ, վերջապես, գտավ մի չոր մատիտ, չոր թղթի մի կտոր, չոր շիշ ու չոր խցան եւ թղթի մի երեսին գրեց․
                  Օգնեցե՛ք
               Դնչիկին (այդ ես եմ)
    Իսկ մյուս երեսին գրեց․
    Այդ ես եմ, Դնչիկը
                                               օգնեցե՜ք, փրկեցե՜ք
    Հետո նա թուղթը շշի մեջ դրեց, որքան կարող էր ամուր փակեց բերանը, որքան կարող էր կախվեց պատուհանից, բայց այնքան, որ հանկարծ չընկնի, եւ որքան կարող էր շիշը շպրտեց հեռու։
    — Չլո՛մփ, — ասաց շիշը եւ օրորվեց ալիքների վրա։
    Դնչիկը հետեւում էր, թե ինչպես է շիշը լողում, մինչեւ որ նրա աչքերը սկսեցին ցավել, եւ նրան մեկ թվում էր, որ դա շիշ է, մեկ էլ թվում էր, որ պարզապես ալիքի ծփանք է, եւ, վերջապես, նա հասկացավ, որ այլեւս երբեք չի տեսնելու իր շիշը եւ, որ ինքն արել է այն ամենը, ինչ կարող էր անել իր փրկության համար։
    «Նշանակում է, հիմա արդեն մեկ ուրիշը պետք է ինչ֊որ բան անի։ Ես հույս ունեմ, որ նա այդ արագ կանի, որովհետեւ հակառակ դեպքում ես հարկադրված կլինեմ լողալ, իսկ ես լողալ չգիտեմ»։ Այստեղ նա շատ խորը հառաչեց ու ասաց․
    — Կուզենայի հիմա Թուխն այստեղ լիներ, երկուսով շատ ավելի ուրախ է։
    Երբ անձրեւը սկսվեց, Վինի֊Թուխը քնած էր։ Անձրեւը գալիս էր ու գալիս, իսկ նա քնում էր, ու քնում։ Նախորդ օրը նա շատ էր հոգնել։ Եթե հիշում եք, նա գտել էր Հյուսիսային Բեւեռը եւ այնքան էր հպարտանում դրանով, որ Քրիստոֆեր Ռոբինին հարցրեց, չկա՞ն արդյոք ուրիշ Բեւեռներ, որոնք գլխում թեփ ունեցող Արջը կարող է հայտնագործել։
    «Կա նաեւ Հարավային Բեւեռ, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — եւ, իմ կարծիքով, ինչ֊որ տեղ պետք է լինեն նաեւ Արեւելյան Բեւեռն ու Արեւմտյան Բեւեռը, թեեւ մարդիկ նրանց մասին, չգիտես ինչու, չեն սիրում խոսել»։
    Այդ լուրը չափազանց հուզեց Թուխին, եւ նա առաջարկեց առանց ժամանակ կորցնելու Արշավախումբ կազմակերպել դեպի Արեւելյան Բեւեռ։ Բայց Քրիստոֆեր Ռոբինը ինչ֊որ գործ ուներ Կենգուի հետ, այնպես որ Թուխը մենակ գնաց գտնելու Արեւելյան Բեւեռը։ Հայտնագործեց նա այդ Բեւեռը, թե ոչ, մոռացել եմ, բայց նա տուն վերադարձավ այնքան հոգնած, որ քնեց ընթրիքի ամենալավ պահին, սեղան նստելուց ընդամենը ինչ֊որ կես ժամ հետո։ Եվ ահա Թուխը քնել էր ու մտադիր էլ չէր արթնանալ։ Վերջապես նա երազ տեսավ, որ ինքը՝ Թուխը, Արեւելյան Բեւեռում է, եւ որ դա շատ ցուրտ Բեւեռ է, ամբողջովին ծածկված ամենասառը տեսակի ձյունով ու սառույցով։ Թուխը մեղվի փեթակ գտավ եւ պառկեց քնելու, բայց փեթակում հետեւի թաթերի համար տեղ չկար, ու ստիպված եղավ դրանք դրսում թողնել։ Եվ հանկարծ, որտեղից որտեղ եկան Արեւելյան Բեւեռում ապրող Վայրի Բոբոները եւ սկսեցին Թուխի թաթերի բուրդը պոկոտել, որպեսզի փափուկ բներ պատրաստեն իրենց ձագերի համար, եւ որքան բուրդը պակասում էր, ոտքերն այնքան շատ էին սառչում։ Եվ վերջապես Թուխը գոռալով արթնացավ ու տեսավ, որ նստած է աթոռին, իսկ ոտքերը ջրի մեջ են եւ չորս կողմը նույնպես ջուր է։
    Նա մոտեցավ դռանն ու դուրս նայեց…
    — Դրությունը լուրջ է, — ասաց Թուխը, — պետք է փրկվել։
    Նա գրկեց մեղրի ամենամեծ կճուճը եւ փրկվեց, բարձրանալով մի հաստ, շատ հաստ ճյուղի վրա, որը ջրից շատ բարձր էր։
    Հետո նա ցած իջավ ու այս անգամ փրկվեց մեկ այլ կճուճի հետ։
    Երբ բոլոր փրկարար գործողությունները ավարտվեցին, ճյուղի վրա նստած էր Թուխը եւ ոտքերն էր ճոճում, իսկ նրա կողքին շարված էին մեղրի տասը կճուճներ։
    Հաջորդ օրը ճյուղին նստած էր Թուխը եւ ոտքերն էր ճոճում, իսկ նրա կողքին շարված էին մեղրի չորս կճուճներ։
    Երրորդ օրը ճյուղին նստած էր Թուխը եւ ոտքերն էր ճոճում, իսկ նրա կողքին մեղրի միայն մի կճուճ կար։
    Չորրորդ օրը Թուխը նստած էր ճյուղի վրա բոլորովին մեն֊մենակ։
    Հենց այդ առավոտյան էլ Դնչիկի շիշը լողաց Թուխի մոտով։
    Կոկորդով մեկ «Մե՛ղր, մե՛ղր» գոռալով՝ Թուխը ջուրը նետվեց, հասավ շշին ու կրծքին սեղմած՝ քաջաբար վերադարձավ ծառի մոտ եւ կրկին մագլցեց ճյուղին։
    — Ափսո՛ս, ափսո՛ս, — ասաց Թուխը, շիշը բացելուց հետո, — իզուր թրջվեցի… Սա ի՞նչ բան է, այս թուղթն ի՞նչ գործ ունի շշի մեջ։
    Նա թուղթը հանեց ու պահեց աչքերի առաջ։
    — Սա Գուրություն է, — ասաց նա, — այո֊այո֊այո՛։ Եվ երեւի շատ կարեւոր, քանի որ ուղղված է ինձ։ Գուրություն ինձ համար, իսկ ես չեմ կարող իմանալ, թե ինչ է այնտեղ գրված։ Հարկավոր է գտնել Քրիստոֆեր Ռոբինին կամ Բուին, կամ էլ Դնչիկին, մի խոսքով, մեկնումեկին, որ կարողանում է կարդալ այս բոլոր բառերը, եւ նա ինձ կասի, թե ինչ է գրված այստեղ։ Ափսոս լողալ չգիտեմ, շա՛տ ափսոս։
    Եվ հանկարծ նրա գլխում մի միտք ծագեց, որը ես գլուխը թեփ լցրած Արջի համար շատ լավն են համարում։ Թուխը ասաց ինքն իրեն․
    «Եթե շիշը կարողանում է լողալ, ուրեմն, կճուճն էլ կլողա, իսկ եթե կճուճը լողաց, ես կարող եմ նստել նրա վրա, եթե իհարկե, դա լինի շատ մեծ կճուճ»։
    Նա վերցրեց ամենամեծ կճուճը եւ բերանը ամուր կապեց։
    — Բոլոր նավերը անուն ունեն, — ասաց նա, — ուրեմն, իմ նավը նույնպես անուն պետք է ունենա։ Իմ նավը կանվանեմ՝ «Լողացող Արջ»։
    Այս ասելով, նա իր նավը գցեց ջրի մեջ, իսկ ինքը թռավ վրան։
    Որոշ ժամանակ Թուխն ու «Լողացող Արջը» ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս, թե իրենցից ով պետք է վերեւում լինի, եւ ով ներքեւում։ Բայց ի վերջո համաձայնվեցին՝ «Լողացող Արջը» մնաց ներքեվում, իսկ նրան հեծած Թուխը աշխուժորեն թիավարում էր ոտքերով։
    Քրիստոֆեր Ռոբինն ապրում էր Անտառի ամենաբարձր մասում։ Անձրեւը թափվում էր, թափվում ու թափվում, բայց ջուրը չէր կարողանում մոտենալ նրա տանը։ Քրիստոֆեր Ռոբինը, թերեւս, հաճույքով կնայեր ներքեւում բացված այդ տեսարանին, բայց անձրեւն այնքան ուժեղ էր, որ նա գրեթե ամբողջ ժամանակ նստած էր տանը եւ մտածում էր ամենատարբեր բաների մասին։ Ամեն առավոտ նա դուրս էր գալիս (իհարկե անձրեւանոցով) եւ մի փայտիկ էր խրում այնտեղ, ուր հասել էր ջուրը, իսկ հաջորդ առավոտյան փայտիկն արդեն ծածկված էր լինում ջրով, այնպես որ նա ստիպված էր լինում նոր փայտիկ տնկել, իսկ տան ճանապարհը կարճանում էր ու կարճանում։ Հինգերորդ օրվա առավոտյան նա հասկացավ, որ կյանքում առաջին անգամ ապրում է իսկական կղզու վրա։ Դա, իհարկե, չափազանց հրաշալի բան էր։
    Հենց նույն առավոտյան էլ թռավ եկավ Բուն, իմանալու, թե ինչպես է ապրում իր բարեկամ Քրիստոֆեր Ռոբինը։
    — Լսիր, Բու, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — իսկական հրաշք է։ Ես ապրում եմ կղզու վրա։
    — Մթնոլորտային պայմաննարը վերջին օրերին իրոք ոչ անբարենպաստ էին, — ասաց Բուն։
    — Ի՞նչ, ի՞նչ։
    — Անձրեւ էր գալիս, — բացատրեց Բուն։
    — Այո, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — գալիս էր։
    — Վարարման մակարդակն աննախընթաց չափով բարձր է։
    — Ո՞վ։
    — Ասում եմ՝ չորս կողմը լիքը ջուր է, — բացատրեց Բուն։
    — Այո, — համաձայնեց Քրիստոֆեր Ռոբինը, — ջուրը շատ է։
    — Սակայն հեռանկարները բավականին նպաստավոր են։ Կանխատեսումները ցույց են տալիս…
    — Դու Թուխին տեսե՞լ ես։
    — Ոչ։ Կանխատեսումները…
    — Հույս ունեմ, որ նա ողջ եւ առողջ է, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ — Ես մի քիչ անհանգստանում եմ նրա համար։ Հետաքրքիր է, Դնչիկը նրա մո՞տ է, թե՞ ոչ։ Ի՞նչ ես կարծում, Բու, ամեն ինչ կարգի՞ն է։
    — Կարծում եմ, որ կարգին է։ Հասկանում ես, կանխատեսումները…
    — Գիտես ի՞նչ, Բու, գնա իմացիր, ինչ վիճակում են նրանք։ Թուխի գլխում թեփ է, մեկ էլ տեսար որեւէ հիմարություն արեց, իսկ ես նրան շատ եմ սիրում։ Հասկանո՞ւմ ես։
    — Շատ լավ, — ասաց Բուն։ — Ես ուղեւորվում եմ։ Իսկույնեւեթ կվերադառնամ։ — Եվ նա թռավ։
    Շատ չանցած վերադարձավ։
    — Թուխն այնտեղ չի, — ասաց նա։
    — Այնտեղ չի՞։
    — Եղել է։ Նա նստած է եղել ճյուղի վրա, ինը կճուճների հետ։ Բայց հիմա այլեւս այնտեղ չէ։
    — Թուխ, սիրելիս, — գոռաց Քրիստոֆեր Ռոբինը, որտե՞ղ ես դու։
    — Այստե՛ղ եմ, — նրա հետեւից պատասխանեց ինչ֊որ մեկի փնթփնթան ձայնը։
    — Թո՛ւխ։
    — Եվ նրանք իրար գիրկ նետվեցին։
    — Ինչպե՞ս այստեղ ընկար, Թո՛ւխ, — հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը, երբ նորից կարողացավ խոսել։
    — Նավով, — հպարտ պատասխանեց Թուխը։ — Ես շշի միջոցով մի շատ կարեւոր Գուրություն ստացա, բայց քանի որ աչքիս մեջ ջուր էր թռել ես չկարողացա կարդալ, իմ նավով բերեցի քեզ։
    Այս փքուն խոսքերից հետո նա գրությունը հանձնեց Քրիստոֆեր Ռոբինին։
    — Սա հո Դնչիկից է, — բացականչեց Քրիստոֆեր Ռոբինը, գրությունը կարդալուց հետո։
    — Իսկ Թուխի մասին այդտեղ ոչինչ չի՞ գրված, — Քրիստոֆեր Ռոբինի ուսի վրայից նայելով, հարցրեց Թուխը։
    Քրիստոֆեր Ռոբինը բարձրաձայն կարդաց գրությունը։
    — Իսկ ես կարծում էի Գուրությունը ինձ է ուղղված, — ասաց Թուխը փոքր֊ինչ ափսոսանքով։
    — Պետք է փրկել Դնչիկին։ Կարծում էի քեզ հետ կլինի, Թուխ։ Բու, դու նրան կարո՞ղ ես շալակել։
    — Չեմ կարծում, — երկար մտորումներից հետո պատասխանեց Բուն։ — Կասկածելի է, որ մեջքի մկանային համակարգը ի վիճակի լինի…
    — Որ այդպես է, թռիր նրա մոտ ու ասա, որ օգնությունը մոտենում է, իսկ ես ու Թուխը մինչ այդ կմտածենք, թե ինչպես կարելի է նրան փրկել եւ հենց կարողացանք, կգանք։ Միայն թե, Բու, աստծու սիրուն, մի խոսիր, թռիր շուտ։
    Ու դեռեւս մտածելով այն մասին, ինչ ինքն էր ուզում ասել, Բուն թռավ։
    — Դե, Թուխ, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — որտե՞ղ է քո նավը։
    — Պետք է ասեմ, — ճանապարհին բացատրում էր Թուխը Քրիստոֆեր Ռոբինին, — որ դա այնքան էլ սովորական նավ չի։ Երբեմն դա նավ է, իսկ երբեմն էլ դժբախտ պատահարի պես մի բան։ Նայած թե…
    — Նայած թե ի՞նչ։
    — Նայած թե որտեղ եմ ես՝ վերեւում, թե ներքեւում։ Նրա վրա, թե նրա տակ։
    — Իսկ որտե՞ղ է։
    — Ահա, — ասաց Թուխը, մատնացույց անելով «Լողացող Արջը»։
    Այո, դա այն նավը չէր, որ Քրիստոֆեր Ռոբինը պատրաստվում էր տեսնել։
    Եվ որքան շատ էր նա նայում «Լողացող Արջին», այնքան ավելի շատ էր մտածում, թե ինչպիսի քաջ ու խելացի արջ է Վինի֊Թուխը, եւ որքան շատ էր նա այդ մասին մտածում, այնքան ավելի համեստորեն էր Թուխը գետնին նայում, փորձելով ցույց չտալ, որ դա ինքն է։
    — Սա շատ փոքր է երկուսիս համար, — տխուր ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
    — Երեքիս համար, Դնչիկին էլ հաշված։
    — Ուրեմն, շատ ավելի փոքր է։ Վինի֊Թո՛ւխ, ասա, ի՞նչ անենք։
    Եվ այստեղ այդ արջուկը՝ Վինի֊Թուխը, Դ․ Բ․ (Դնչիկի Բարեկամը), Ճ․ Ը․ (Ճագարի Ընկերեը), Բ․ Հ․ (Բեւեռը հայտնագործողը), Ի․ Մ․ եւ Պ․ Գ․ (Իա֊Իային Մխիթարողը եւ Պոչը Գտնողը), մի խոսքով, մեր Վինի֊Թուխը, մի այնպիսի իմաստուն բան ասաց, որ Քրիստոֆեր Ռոբինը կարողացավ միայն աչքերը չռել ու բացուխուփ անել բերանը, չհասկանալով, մի՞թե սա գլուխը թեփ լցրած այն նույն Արջն է, որին ինքը գիտե ու սիրում է այնքան վաղուց։
    — Մենք կնավակրենք քո հովանոցով, — ասաց Թուխը։
    — Ի՞նչ։
    — Մենք կնավարկենք քո հովանոցով, — ասաց Թուխը։
    — Ի՞նչ։
    — Մենք կնավարկենք քո հովանոցով, — ասաց Թուխը։
    — Թո՛ւխ։
    Այո, Քրիստոֆեր Ռոբինը հանկարծ հասկացավ, որ դա հնարավոր է։ Նա բացեց իր անձրեւանոցը եւ իջեցրեց ջրի վրա։ Անձրեւանոցը լողաց, բայց սաստիկ ճոճվում էր։ Թուխը նստեց նրա մեջ։ Նա արդեն ուզում էր ասել, որ ամեն ինչ կարգին է, երբ զգաց, որ ոչ ամենը, եւ կարճատեւ լոգանք ընդունելուց հետո, իր նոր նավը հետեւից քաշելով, ծանծաղուտով վերադարձավ Քրիստոֆեր Ռոբինի մոտ։ Այս անգամ նստեցին երկուսով եւ հովանոցն այլեւս չճոճվեց։
    — Այս նավը մենք կանվանենք «Թուխի Իմաստություն», — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
    Եվ «Թուխի Իմաստությունը» առագաստները բացած լողաց դեպի հարավ֊արեւելք, ժամանակ առ ժամանակ սահուն պտտվելով իր շուրջը։
    Պատկերացրեք, թե որքան ուրախացավ Դնչիկը, երբ վերջապես տեսավ նավը։ Տարիներ հետո էլ նա սիրում էր մտածել, որ շատ մեծ վտանգի մեջ էր այդ սարսափելի ջրհեղեղի ժամանակ, բայց միակ վտանգը իրեն սպառնում էր բանտարկության վերջին կես ժամում, երբ Բուն ճյուղին թառած, բարոյապես իրեն ոգեւորելու համար, մի երկար պատմություն էր սկսել իր Մորաքրոջ մասին, որը մի անգամ սխալմամբ սագի ձու էր ածել, եւ այդ պատմությունը ձգվում էր ու ձգվում (ճիշտ այս նախադասության նման), մինչեւ որ Դնչիկը, որ Բուին լսելու համար նայում էր պատուհանից եւ, հույսը կորցրած, որ իրեն կփրկեն, սկսել էր նիրհել եւ, բնականաբար, կամաց֊կամաց ցած էր սահում, բայց, բարեբախտաբար, ճիշտ այն պահին, երբ արդեն միայն հետեւի կճղանկներից էր կախվել, Բուն բարձր գոռաց՝ ներկայացնելով Մորաքրոջ սարսափը, եւ նրա ճիչը, երբ նա (Մորաքույրը) տեսել էր, որ ձուն իսկապես սագի է, եւ Դնչիկն արթնացավ, հասցրեց իրեն ներս գցել ու ասել․ «Ա՜խ, ի՜նչ հետաքրքիր է։ Ի՜նչ ես ասում», մի խոսքով, դուք կարող եք պատկերացնել նրա ուրախությունը, երբ նա տեսավ «Թուխի Իմաստություն» նավը (Նավապետ — Ք․ Ռոբին, 1֊ին օգնական — Վ․֊Թուխ), որ գալիս էր փրկելու իրեն, իսկ Ք․ Ռոբինը եւ Վ․֊Թուխը իրենց հերթին…
    Բայց պատմությունն այստեղ փաստորեն ավարտվում է, իսկ ես այնպես եմ հոգնել վերջին նախադասությունից, որ նույնպես դեմ չէի լինի վերջացնել, բայց ոչ մի կերպ չեմ կարող չպատմել, թե ինչ եղավ հետո։
    Որովհետեւ հետո, երբ չորս կողմը չորացավ, եւ Անտառի բոլոր առվակները նորից փոքրիկ ու լավը դարձան, եւ խաղաղ ու քնկոտ ջրափոսերի ջուրը կարոտով վերհիշում էր այն սխրանքները, որ ինքն էր արել, Քրիստոֆեր Ռոբինը իր բարեկամ Վինի֊Թուխի պատվին եւ այն Փառավոր Գործի պատվին, որ նա՝ Վինի֊Թուխն էր արել, Հանդիսավոր Երեկո կազմակերպեց։
    Սքանչելի երեկո էր։ Անտառում մի երկար, շատ երկար սեղան էին բացել, եւ մի Նախագահական տեղում՝ սեղանի ծայրին, նստել էր Քրիստոֆեր Ռոբինը, իսկ մյուս Նախագահական տեղում՝ սեղանի մյուս ծայրին, նստել էի ինքը՝ Վինի֊Թուխը, իսկ մնացած տեղերում նստած էին Հյուրերը․ Դնչիկը, Ճագարը, Կենգուն եւ Ռուն, Բուն եւ Իան։ Իսկ շուրջը խոտերի վրա տեղավորվել էին Ճագարի Ազգականներն ու Ծանոթները՝ բոլոր տեսակների ու չափերի (սկսած նրանցից, որոնք պատահաբար երբեմն ոտքի տակ էին ընկնում, եւ վերջացրած նրանցով, որոնք երբեմն, նույնպես պատահաբար, ձեր աչքն էին ընկնում), եւ սպասում էին, որ Հյուրերից մեկնումեկը կխոսի իրենց հետ կամ ինչ֊որ բան վայր կգցի, կամ թեկուզ կհարցնի, թե ժամը քանիսն է։
    Եվ, իհարկե, բոլորն էլ փառավորապես հյուրասիրվեցին, իսկ Քրիստոֆեր Ռոբինը վերջում Գովասանական Ճառ ասաց նրա պատվին, ով Մեծ Գործ էր կատարել, եւ ասաց, որ նրա համար՝ այդ գործը կատարողի համար, Մեծ Նվեր է պատրաստել։
    Բայց քանի որ նա չասաց, թե ով է կատարել այդ Փառավոր Գործը, մտածելով, որ առանց այդ էլ բոլորը գիտեն, ապա Իա֊Իան այդ ամբողջ Հանդիսավոր Արարողությունը վերագրեց իրեն։ Իր սխալը խեղճ իշուկը հասկացավ միայն այն ժամանակ, երբ Նվերը (մեծ, շատ գեղեցիկ տուփը) հանձնվեց նրան, ով իսկապես կատարել էր այդ Գործը, այսինքն՝ Վինի֊Թուխին։
    Վինի֊Թուխն ընդունեց Նվերը եւ ասաց «շնորհակալություն», իսկ մնացածները խմբվել էին նրա շուրջը եւ իրար հերթ չտալով բացականչում էին․
    — Շուտ բաց արա՛։
    — Ի՞նչ կա մեջը։
    — Իսկ ես գիտեմ, թե մեջն ինչ կա՛։
    Իսկ երբ Վինի֊Թուխը բացեց տուփը (թեեւ նա շտապում էր, բայց չկտրեց ժապավենը, այլ արձակեց՝ մեկ էլ տեսար, մի օր պետք եկավ), բոլորը ախ քաշեցին, իսկ ինքը՝ Թուխը, ուրախությունից քիչ էր մնում գետին ընկներ։
    Որովհետեւ պարզվեց, որ դա գունավոր մատիտների սքանչելի տուփ է։
    Տուփի մեջ փոքրիկ Մեքենա կար մատիտները սրելու համար եւ Կարմիր Ռետին կար, որը շատ լավ ջնջում է այն բոլորը, ինչ դուք սխալ եք գրել, հետո Քանոն կար, եւ Կապույտ Մատիտներ, եւ Կարմիր Մատիտներ, եւ նույնիսկ Կանաչ ու Կարմրա֊Կապույտ Մատիտներ, ինչպիսիք մեծերի մոտ են լինում։
    Եվ այդ բոլորը Թուխինն էր։
    Իմ կարծիքով, նա միանգամայն արժանի էր դրան։
    Իսկ դուք ի՞նչ եք կարծում։