հեղինակ՝ Ալեքսանդր Դյումա |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Մասն առաջին
I. Մարսել. Ժամանումը
1815 թվականի փետրվարի 27֊ին Նոտր֊Դամ դը֊լա Գարդի դիտակալն ազդարարեց Իզմիրից, Տրիեսաից ու Նեապոլից եկող եռակայմ «Փարավոն» նավի մոտենալը։
Ինչպես միշտ, նավահանգստային լոցմանն անմիջապես մեկնեց նավահանգստից, անցավ Իֆ ամրոցի մոտով և նավին հասավ Մորժիոն հրվանդանի և Ռիոն կղզու միջև։
Իսկույն ևեթ, և դարձյալ ինչպես միշտ, ս. Հովհաննի ամրոցի հրապարակը լցվեց հետաքրքրասերներով, քանզի Մարսելում նավի ժամանումը միշտ էլ մեծ իրադարձություն է, մանավանդ, եթե այդ նավը, «Փարավոնի» պես, կառուցված, սարքավորված և բեռնված է հին Ֆոկեի նավաշինարաններում և պատկանում է տեղացի նավատիրոջ։
Այդ միջոցին նավը մոտենում էր. նա բարեհաճող անցավ այն նեղուցը, որ հրաբխային մի ցնցումից գոյացել է Կալասարեն և Ժաբոս կղզիների միջև, անցավ Պոմեգը և մոտենում էր իր երեք միջնառագաստները, առաջակողմի և հետնակողմի առագաստները պարզած, բայց այնքան դանդաղ ու տխրորեն, որ հետաքրքրասերներն ակամա դժբախտություն նախազգալով՝ իրար հարցնում էին, թե ի՞նչ կարող է պատահած լինել նավին։ Սակայն գործիմաց մարդիկ պարզ տեսնում էին, որ եթե որևէ բան իսկ պատահել է, ապա նավին չի պատահել, քանի նա ընթանում էր ինչպես կարող է ընթանալ լավ կառավարվող մի նավ։ Խարիսխը պատրաստ էր նետելու, ցռկակայմի պարաններն արձակված էին, իսկ լոցմանի կողքին, որը պատրաստվում էր «Փարավոնը» նեղլիկ մուտքով մտցնել Մարսելի նավահանգիստը, կանգնած էր մի ճարպիկ ու սրատես երիտասարդ, որ ուշադիր հետևում էր նավի ամեն մի շարժումին և կրկնում լոցմանի յուրաքանչյուր հրամանը։
Բազմության գլխին սավառնող բնազդային տագնապն առանձնապես համակել էր դիտողներից մեկին, այնպես որ նա չսպասեց, մինչև որ նավը մտներ նավահանգիստ, նետվեց մի նավակի մեջ և հրամայեց թիավարել «Փարավոնին» ընդառաջ, որին և հասավ Ռեզերվ ծովածոցի դեմ-դիմաց։
Այդ մարդուն տեսնելով, երիտասարդ ծովայինը հեռացավ լոցմանից և, գլխարկը հանելով, կանգնեց նավակողի մոտ։
Նա մի տասնութ-քսան տարեկան, բարձրահասակ, վայլեչակազմ, գեղեցիկ սև աչքերով և ձյութի պես սև մազերով երիտասարդ էր, նրա ամբողջ կերպարանքը արտահայտում էր այն հանգստությունն ու վճռականությունը, որ հատուկ է մանկությունից վտանգի դեմ պայքարելու սովոր մարդկանց։
— Ա՛հ, այդ դո՞ւք եք, Դանտես,— գոչեց նավակի մեջ գտնվող մարդը։— Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ նավի վրա ամեն ինչ այդպես տխրազդու է։
— Մե՜ծ դժբախտություն է պատահել, պարոն Մորել,— պատասխանեց երիտասարդը,— մեծ դժբախտություն, մանավանդ ինձ համար։ Չիվիտա-Վեկկայի մոտ մենք զրկվեցինք մեր ազնիվ նավապետ Լեկլերից։
— Իսկ բե՞ռն ինչ վիճակի մեջ է,— փութով հարցրեց նավատերը։
— Տեղ հասավ անվտանգ, պարոն Մորել, և կարծում եմ, գոհ կլինեք... Բայց խեղճ նավապետ Լեկլերը...
— Իսկ ի՞նչ է պատահել նրան,— հարցրեց նավատերը ակներևաբար հանգստացած։— Ի՞նչ է պատահել մեր ազնիվ նավապետին։
— Վախճանվեց։
— Ջո՞ւրն ընկավ։
— Ոչ, մեռավ ջղատենդից, սոսկալի տանջվելով,— ասաց Դանտեսը։
Ապա դառնալով նավի անձնակազմին՝ գոչեց.
— Հե՛յ, յուրաքանչյուրդ թող կանգնի իր տեղում։ Պատրաստվել խարիսխը նետելու։
Անձնակազմը հնազանդվեց նրան։ Անմիջապես ութը կամ տասը նավաստիներ, որոնցից կազմված էր անձնակազմը, նետվեցին ո՛րը դեպի առագաստաթոկերը, ո՛րը դեպի կառանները, ո՛րը դեպի դրոշակաթոկերը, ո՛րը դեպի կայմերը, իսկ մնացածները՝ դեպի առագաստակալները։
Երիտասարդ ծովայինը մի թռուցիկ հայացք գցեց նրանց վրա և, տեսնելով, որ հրամանը կատարվում է, դարձյալ շուռ եկավ դեպի իր խոսակիցը։
— Իսկ ինչպե՞ս պատահեց այդ դժբախտությունը,— հարցրեց նավատերը, վերսկսելով ընդհատված խոսակցությունը։
— Միանգամայն անսպասելի։ Նավահանգստի պարետի հետ երկար խոսելուց հետո նավապետ Լեկլերը խիստ գրգռված մեկնեց Նեապոլից։ Քսանչորս ժամ անց սկսվեց տենդը, իսկ երեք օր հետո նա արդեն մեռած էր։ նրան թաղեցինք ինչպես հարկն է, և հիմա նա, կտավի մեջ փաթաթված, ոտքերի և գլխի կողմից մի֊մի թնդանոթի արկ կապած, հանգչում է Դել Ջիլո կղզու մոտ։ Նրա խաչն ու սուրը բերել ենք այրուն։ Տա՜սը տարի,— ավելացրեց երիտասարդը տխրալի ժպիտով,— տա՜սը տարի կռվել անգլիացիների դեմ և հետո բոլորի պես մեռնել անկողնում։
— Ի՜նչ արած, Էդմոն,— ասած նավատերը, որն ըստ երևույթին, գնալով ավելի էր հանգստանում։— Մենք բոլորս մահկանացու ենք, և հարկավոր է, որ ծերերը իրենց տեղը զիջեն երիտասարդներին, այլապես ամեն ինչ կանգ կառնի։ Եվ քանի որ դուք ասում եք, թե բեռները...
— Միանգամայն անվնաս են, պարոն Մորել, հավատացնում եմ։ Եվ, կարծում եմ, գինը կիջեցնեք, եթե քսանհինգ հագար ֆրանկ շահույթով բավարարվեք։
Եվ քանի որ «Փարավոնը» արդեն անցնում էր կլոր աշտարակի մոտով, նա գոչեց.
— Պատրաստվել առագաստներն իջեցնելու։ Խարիսխը պատրա՛ստ պահել։
Հրամանը կատարվեց արագ, ինչպես ռազմանավի վրա։
— Առագաստաթոկերը ձգե՛լ։
Վերջին հրամանի վրա բոլոր առագաստներն իջան, և նավը շարունակեց սահել հազիվ նկատելիորեն, արդեն շարժվելով միայն իներցիայի ուժով։
— Իսկ հիմա չէի՞ք ցանկանա վեր բարձրանալ, պարոն Մորել,— ասաց Դանտեսը, նկատելով նավատիրոջ անհամբերությունը։— Ահա և պարոն Դանգլարը, ձեր հաշվապահը, դուրս է գալիս նավախցից։ Նա կտա ձեր ուզած բոլոր տեղեկությունները։ Իսկ ես պետք է հսկեմ խարիսխը նետելուն և հոգամ սգո նշանների մասին։
Կրկին հրավերի հարկ չզգացվեց։ Նավատերը բռնեց Դանտեսի նետած ճոպանը և, այնպիսի մի ճարպկությամբ, որ պատիվ կբերեր ամեն մի նավաստու, սկսեց բարձրանալ նավի ուռուցիկ կողին ամբացված պահանգների վրայով, իսկ Դանտեսը վերադարձավ իր առաջվա տեղը, թողնելով, որ խոսակցությունը շարունակի այն մարդը, որին ինքը Դանգլար էր անվանել և որը, նավախցից ելնելով, իսկապես դուրս էր եկել Մորելին դիմավորելու։
Նա մոտ քսանհինգ տարեկան, բավական մռայլատես մի մարդ էր, որ մեծավորների առաջ քծնում էր, իսկ ստորադրյալների հետ հանդգնաբար վարվում։ Ավելի շատ դրա, քան իր հաշվապահի տիտղոսի համար, որ միշտ ատելի է նավաստիներին, անձնակազմը նրան ատում էր նույնքան, որքան սիրում էր Դանտեսին։
— Ուրեմն, պարոն Մորել,— ասաց Դանգլարը,— դուք արդեն գիտե՞ք մեզ պատահած դժբախտությունը։
— Այո, այո, խե՜ղճ նավապետ Լեկլեր։ Լա՜վ ու ազնիվ մարդ էր։— Իսկ որ գլխավորն է, հիանալի ծովային էր, երկնքի ու ջրի արանքում ծերացած, որպիսին և պետք է լինի նա, ում վստահված են մի այնպիսի խոշոր ձեռնարկության շահերը, ինչպիսին է «Մորել և Որդի» ֆիրման,— պատասխանեց Դանգլարը։
— Ինձ թվում է,— ասաց նավատերը, աչքերով հետևելով Դանտեսին, որը նավի համար կանգ առնելու տեղ էր ընտրում,— որ մարդ իր գործը գիտենալու համար բնավ էլ այնքան հին ծովային չպետք է լինի, ինչպես դուք ասում եք։ Ահա մեր բարեկամ Էդմոնը այնքան լավ է կատարում իր գործը, որ, իմ կարծիքով, ոչ ոքի խորհուրդների կարիքը չի զգում:
— Այո՛,— պատասխանեց Դանգլարը՝ Դանտեսի վրա բևեռելով մի խեթ հայացք, որի մեջ ատելություն շողաց,— այո՛, երիտասարդ է և ինքնավստահ։ Դեռ հազիվ էր նավապետը մեռել, երբ նա, ոչ ոքի հետ խորհուրդ չանելով, իր ձեռքն առավ հրամանատարությունը և մեզ ստիպեց մեկևկես օր կորցնել Էլբա կղզու մոտ, փոխանակ ուղիղ դեպի Մարսել շարժվելու։
— Հրամանատարությունը իր ձեռքն առնելով,— ասաց նավատերը,— նա կատարել է իր պարտքը որպես նավապետի օգնական, բայց Էլբա կղզու մոտ մեկուկես օր կորցնելը ճիշտ բան չի եղել։ Եթե միայն նավը նորոգման կարիք չի ունեցել։
— Նավը ողջ էր և անվնաս, պարոն Մորել, իսկ մեկևկես օրը կորավ միայն իր քմահաճույքի պատճառով, ափ իջնելու բավականության համար և ուրիշ ոչինչ։
— Դանտե՛ս,— ասաց նավատերը, դառնալով դեպի երիտասարդը,— հապա այստեղ եկեք։
— Ներեցե՛ք, պարո՛ն,— պատասխանեց Դանտեսը,— մեկ րոպեից ձեզ մոտ կլինեմ։
Ապա դառնալով անձնակազմին՝ հրամայեց.
— Խարիսխը նետե՛լ։
Անմիջապես խարիսխը նետեցին, և շղթան դղրդոցով արձակվեց։ Դանտեսը, չնայած լոցմանի ներկայությանը, մնաց իր պահակակետում, մինչև որ չկատարվեց այդ վերջին գործողությունը ևս։
Ապա նա գոչեց.
— Վիմպելն իջեցնել մինչև կայմի մեջտեղը, դրոշակը հանգուցել, առագաստակալները խաչաձևել։
— Տեսնո՞ւմ եք,— ասաց Դանգլարը,— նա արդեն իրեն նավապետ է երևակայում։
— Եվ իսկապես որ նավապետ է,— պատասխանեց նավատերը։
— Այո, միայն թե դեռ հաստատված չէ ո՛չ ձեր, ո՛չ էլ ձեր գործընկերոջ կողմից։
— Իսկ ինչո՞ւ պիտի նրան նավապետ չնշանակենք,— ասաց նավատերր։— Ճիշտ է, ջահել է, բայց, կարծես, գործին նվիրված է և շատ էլ փորձառու։
Դանգլարի դեմքը մռայլվեց։
— Ներեցեք, պարոն Մորել,— ասաց Դանտեսը, մոտենալով,— խարիսխը նետված է, և ես ձեր տրամադրության տակ եմ։ Դուք, կարծես, ինձ կանչեցիք։
Դանգլարը մի քայլ ետ քաշվեց։
— Ուզում էի ձեզ հարցնել, թե ինչո՞ւ եք գնացել Էլբա կղզին։
— Ինքս էլ չգիտեմ, պարոն։ Ես կատարել եմ նավապետ Լեկլերի վերջին կարգագրությունը։ Մեռնելիս նա ինձ պատվիրել էր մի ծրար հանձնել մարշալ Բերտրանին։
— Ուրեմն դուք տեսա՞ք նրան, Էդմոն։
— Ո՞ւմ։
— Մարշալին։
— Այո։
Մորելը շուրջը նայեց և Դանտեսին մի կողմ քաշեց։
— Իսկ կայսրն ինչպե՞ս է,— հարցրեց նա արագ։
— Առողջ է, որքան կարող էի դատել։
— Ուրեմն դուք իրեն՝ կայսրին տեսա՞ք։
— Նա եկավ մարշալի մոտ, երբ ես այնտեղ էի։
— Եվ հետը խոսեցի՞ք։
— Այսինքն՝ նա խոսեց ինձ հետ,— ասաց Դանտեսը ժպտալով։
— Իսկ նա ի՞նչ ասաց ձեզ։
— Հարցուփորձ արեց նավի մասին, թե ե՞րբ ենք դուրս եկել Մարսելից, ի՞նչ ուղղությամբ ենք շարժվում և ի՞նչ բեռ ենք տանում։ Կարծում եմ, որ եթե նավը դատարկ լիներ և ինձ պատկաներ, նա պատրաստ կլիներ այն գնելու։ Բայց ես նրան ասացի, որ ես միայն փոխարինում եմ կապիտանին և որ նավը պատկանում է «Մորել և Որդի» առևտրական տանը։ «Հա՜։ Գիտեմ,— ասաց նա,— Մորելները որդվոց որդի նավատերեր են, և նրանցից մեկը ծառայում էր մեր գնդում, երբ ես գտնվում էի Վալանսում»։
— Ճիշտ է,— ուրախացած դոչեց նավատերը։— Պոլիկար Մորելն է եղել, հորեղբայրս, որը ծառայության մեջ կապիտանի աստիճանի հասավ։ Դանտես, հորեղբորս ասացեք, որ կայսրը հիշել է նրան, և կտեսնեք, թե այդ մրթմրթան ծերուկն ինչպես կսկսի լաց լինել։ Է՜հ,— շարունակեց նավատերը, բարեկամաբար խփելով երիտասարդ ծովայինի ուսին,— լավ եք արել, Դանտես, որ կատարել եք նավապետ Լեկլերի հրամանը և կանգ առել Էլբայի մոտ, թեև եթե իմանան, որ մարշալին ծրար եք հասցրել և կայսրի հետ խոսել եք, դա կարող է ձեզ վնասել։
— Իսկ ինչո՞վ կարող է ինձ վնասել,— պատասխանեց Դանտեսը։— Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ կար ծրարի մեջ, իսկ կայսրն ինձ այնպիսի հարցեր տվեց, որ կարող էր տալ ամեն մի հանդիպած մարդու։ Բայց, ներեցե՛ք, ահա գալիս են կարանտինային և մաքսային գործակալները։
— Գնացեք, գնացեք, սիրելիս։
Երիտասարդը հեռացավ և նույն վայրկյանին նավատիրոջը մոտեցավ Դանգլարը։
— Եվ ի՞նչ,— հարցրեց նա։- Երևի ձեզ բացատրեց, թե ինչու է կանգ առել Պորտո-Ֆերայոյում։
— Լիովին, սիրելի Դանգլար։
— Հը՛մ։ Ավելի լավ,— պատասխանեց Դանգլարը։— Ծանր է տեսնել, որ ընկերդ պարտքը չի կատարում։
— Դանտեսն իր պարտքը կատարել է, և այդ մասին ասելիք չունեմ,— առարկեց նավատերը։— Նրան նավապետ Լեկլերն է հրամայել կանգ առնել Էլբայում։
— Ի դեպ, նավապետ մասին. նա ձեզ հանձնե՞ց նրա նամակը։
— Ո՞վ։
— Դանտեսը։
— Ի՞նձ։ Ոչ։ Մի՞թե մոտը նամակ կար։
— Ինձ թվաց, որ նավապետը նրան, ծրարից բացի, մի նամակ էլ հանձնեց։
— Ի՞նչ ծրարի մասին է խոսքը, Դանգլար։
— Այն ծրարի, որ Դանտեսը տարավ Պորտո-Ֆերայո։
— Իսկ դուք որտեղի՞ց գիտեք, որ Դանտեսը ծրար է տարել Պորտո-Ֆերայո։
Դանգլարը կարմրեց։
— Ես անցնում էի նավապետի խցի մոտով և տեսա, թե ինչպես նա Դանտեսին մի ծրար և մի նամակ հանձնեց։
— Նա ինձ ոչինչ չասաց, բայց եթե մոտը նամակ կա, ապա անշուշտ կհանձնի։
Դանգլարը մտածմունքի մեջ ընկավ։
— Թե որ այդպես է, պարոն Մորել, խնդրում եմ այդ մասին Դանտեսին բան չասեք։ Երևի սխալվել եմ։
Այդ պահին երիտասարդ ծովայինը վերադարձավ։ Դանգլարը դարձյալ ետ քաշվեց։
— Դեհ, ուրեմն ազա՞տ եք, սիրելի Դանտես։
— Այո, պարոն Մորել։
— Ինչ շուտ վերջացրիք։
— Այո, մաքսատան ծառայողներին տվի մեր ապրանքների ցուցակը, իսկ նավահանգստից լոցմանի հետ ուղարկված մարդուն հանձնեցի մեր փաստաթղթերը։
— Ուրեմն այստեղ այլևս անելիք չունե՞ք։
Դանտեսը արագ շուրջը նայեց։
— Ոչ, ամեն ինչ կարգին է,— ասաց նա։
— Ուրեմն գնանք միասին ճաշելու։
— Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող գալ, պարոն Մորել, նախ և առաջ պետք է տեսնվեմ հորս հետ։ Շնորհակալ եմ ձեր արած պատվի համար...
— Իրա՜վ է, Դանտես, իրավ է։ Ես գիտեմ, որ դուք լավ որդի եք։
— Իսկ հայրս,— հարցրեց Դանտեսը անվճռականորեն,— առո՞ղջ է, դուք չգիտե՞ք։
— Կարծում եմ, որ առողջ է, սիրելի Էդմոն, թեև ես նրան չեմ տեսել։
— Այո, նա շարունակ նստած է իր խցիկում։
— Դա, համենայն դեպս, ցույց է տալիս, որ ձեր բացակայության միջոցին նա ոչ մի բանի կարոտություն չի ունեցել։
Դանտեսը ժպտաց։
— Հայրս հպարտ մարդ է, և եթե նույնիսկ ամեն ինչից էլ զուրկ լիներ, աշխարհում ոչ ոքից օգնություն չէր խնդրի, բացի աստծուց։
— Ուրեմն հուսա՞մ, որ ձեր հորն այցելելուց հետո կգաք մեզ մոտ։
— Դարձյալ կներեք, պարոն Մորել. ես ունեմ մի այլ պարտք, որ ինձ համար նույնպես թանկ է։
— Հա՜, մոռացա, որ Կատալանիում մեկը ձեզ սպասում է նույնքան անհամբեր, որքան և ձեր հայրը, այսինքն՝ չքնաղ Մերսեդեսը։
Դանտեսը ժպտաց։
— Ահա՜ թե ինչ,— շարունակեց նավատերը։— Հիմա եմ հասկանում, թե ինչու նա երեք անգամ եկավ տեղեկանալու, թե արդյոք շո՞ւտ է գալու «Փարավոնը»։ Գրո՜ղը տանի, Էդմոն, դուք երջանիկ մարդ եք, շատ լավ սիրուհի ունեք։
— Նա իմ սիրուհին չէ,— լրջորեն ասաց ծովայինը,— այլ հարսնացուն։
— Երբեմն դա միևնույնն է,— ծիծաղեց նավատերը։
— Ոչ մեզ համար,— պատասխանեց Դանտեսը։
— Շա՜տ լավ, Էդմոն, ես ձեզ արգելք չեմ լինի։ Դուք այնքան լավ եք կարգավորել իմ գործերը, որ պարտավոր եմ ձեզ ժամանակ տալ ձեր գործերր ևս կարգավորելու։ Փող պետք, չէ՞։
— Ո՛չ, պետք չէ, մոտս մնում է ամբողջ ռոճիկը, որ ստացել եմ նավարկության ընթացքում, այսինքն՝ երեք ամսում։
— Դուք պարտաճանաչ մարդ եք, Էդմոն։
— Մի մոռացեք, պարոն Մորել, որ հայրս աղքատ է։
— Այո, այո, ես գիտեմ, որ դուք լավ որդի եք։ Ես էլ որդի ուձեմ, և, պետք է ասել, շատ կբարկանայի այն մարդու վրա, ով երեք ամսվա անջատումից հետո նրան խանգարեր տեսնվել ինձ հետ։
— Ուրեմն թո՞ւյլ եք տալիս,— ասաց երիտասարդը գլուխ տալով։
— Գնացեք, եթե ուրիշ ոչինչ չունեք ինձ ասելու։
— Ուրիշ ոչինչ։
— Նավապետ Լեկլերը մեռնելիս ձեզ նամակ չի՞ տվել ինձ հանձնելու համար։
— Չկարողացավ գրել։ Բայց ձեր հարցը ինձ հիշեցրեց, որ պետք է ձեզանից երկու շաբաթվա արձակուրդ խնդրեմ։
— Հարսանիքի՞ համար։
— Ե՛վ հարսանիքի, և՛ Փարիզ գնալու համար։
— Խնդրեմ։ Նավի բեռնաթափումը մի վեց շաբաթ կտևի, և մենք դուրս կգանք երեք ամսից, ոչ շուտ։ Բայց երեք ամիս հետո պետք է այստեղ լինեք,— շարունակեց նավատերը, երիտասարդ ծովայինի ուսին զարկելով։— «Փարավոնը» չի կարող նավարկության դուրս գալ առանց իր նավապետի։
— Առանց իր նավապետի՞,— բացականչեց Ղանտեսը, և նրա աչքերը ուրախ շողացին։— Քիչ զգույշ խոսեք, պարոն Մորել, քանզի արձագանքում եք հոգուս ամենաթաքուն բաղձանքներին։ Դուք ցանկանում եք ինձ «Փարավոնի» նավապե՞տ նշանակել։
— Թե, որ մենակ ես լինեի, սիրելիս, ձեռքս կպարզեի ձեզ ու կասեի. «Հարցը լուծված է»։ Բայց ես գործընկեր ունեմ, իսկ ձեզ հայտնի է իտալական առածը, որ ասում է. «Chi lia compagno ha padrone»[1], բայց գործի կեսը հաջողված է, քանզի երկու ձայներից մեկն արդեն ձեզ է պատկանում։ Իսկ երկրորդ ձայնն ստանալու հոգսը թողեք ինձ։
— Ոհ, պարոն Մորել,— գոչեց երիտասարդը, արցունքն աչքերին սեղմելով նրա ձեռքը։— Շնորհակալ եմ հորս ու Մերսեդեսի անունից։
— Լավ, լավ, Էդմոն, չէ՞ որ ազնիվ մարդկանց համար վերն աստված կա։ Տեսնվեք ձեր հոր հետ, տեսնվեք Մերսեդեսի հետ, իսկ հետո եկեք ինձ մոտ։
— Չե՞ք ցանկանում ձեզ ափ հասցնեմ։
— Ոչ, շնորհակալ եմ։ Ես կմնամ այստեղ և Դանգլարի հետ կնայեմ հաշիվները։ Նավարկության ընթացքում նրանից գո՞հ մնացիք։
— Եվ գոհ, և ոչ։ Իր ընկերությունից գոհ չեմ. ինձ թվում է, որ նա ինձ չի սիրում այն ժամանակվանից սկսած, երբ մի անգամ, հետը կռվելով, հիմարություն ունեցա առաջարկելու մի տասը րոպեով կանգ առնել Մոնտե-Քրիստո կղզու մոտ՝ մեր վեճը լուծելու համար։ Իհարկե, ես այդպիսի բան չպետք է ասեի, և նա խելացի վարվեց, որ հրաժարվեց։ Գալով հաշվապահ լինելուն, ոչ մի վատ բան չեմ կարող ասել, և, հավանաբար, դուք էլ գոհ կլինեք։
— Բայց, ասացեք, Դանտես,— հարցրեց նավատերը,— եթե դուք «Փարավոնի» նավապետը լինեիք, Դանգլարին հաճությա՞մբ կպահեիք ձեզ մոտ։
— Նավապետ լինեմ թե օգնական, պարոն Մորել, միշտ էլ խորին հարգանքով կվերաբերվեմ այն անձանց, ովքեր վայելում են տերերիս վստահությունը։
— Իրավ է, Դանտես։ Դուք ըստ ամենայնի լավ մարդ եք։ Իսկ հիմա գնացեք։ Տեսնում եմ, շատ եք անհամբեր։
— Ուրեմն ես արձակուրդի մե՞ջ եմ։
— Գնացեք, ասում եմ ձեզ։
— Թույլ կտա՞ք ձեր նավակով գնալ։
— Խնդրեմ։
— Ցտեսություն, պարոն Մորել, շատ և շատ շնորհակալություն։
— Ցտեսություն, Էդմոն, հաջողություն եմ ցանկանում։
Երիտասարդ ծովայինը ցատկեց նավակի մեջ, նստեց ղեկի մոտ ու պատվիրեց թիավարել դեպի Կաննեբյեր փողոցը։ Երկու նավաստի սկսեցին թիավարել, և նավակն ընթացավ այնքան արագ, որքան միայն թույլ էր տալիս այլ նավակների բազմությունը, որ բռնել էր զույգ նավաշարքերի արանքով դեպի Օրլեանի ծովափը տանող նեղլիկ անցուղին։
Նավատերը ժպտալով աչքը չկտրեց նրանից մինչև նրա ափ հասնելը, ապա տեսավ, թե ինչպես նա նավակի միջից ցատկեց ծովափի սալարկի վրա ու կորավ խառնիճաղանջ ամբոխի մեջ, որն առավոտյան մամը հինգից մինչև իրիկվա ժամը ինը լցվում է հոչակավոր Կաննեբյեո փողոցը, որով ժամանակակից ֆոկեյցիներն այնպես են պարծենում, որ իրենց յուրահատուկ առոգանությամբ ամենայն լրջությամբ ասում են. «Եթե Փարիզը Կաննեբյերի պես փողոց ունենար, ապա մի փոքրիկ Մարսել կդառնար»։
Ետ նայելով, նավատերն իր թիկունքում կանգնած տեսավ Դանգլարին, որը կարծես նրա կարգադրություններին էր սպասում, բայց իրականում հայացքով իր նման հետևում էր երիտասարդ նավաստուն։ Սակայն մեծ տարբերություն կար միևնույն մարդուն հետևող այդ երկու հայացքների արտահայտության մեջ։
II. Հայր և որդի
Մինչ ատելությամբ տոգորված Դանգլարը ճգնում է նավատիրոջ աչքին ընկերոջը սևացնել, մենք հետևենք Դանտեսին, որը, անցնելով ամբողջ Կաննեբյեր փողոցը, թեքվեց Նոյալ փողոցի մոտով, մտավ Մելյանի ծառուղու ձախակողմում գտնվող մի փոքրիկ տուն, մթին սանդուղքով արագ բարձրացավ հինգերորդ հարկը և, մի ձեռքով բազրիքից բռնած, իսկ մյուս ձեռքը թունդ բաբախող սրտին դրած, կանգ առավ մի կիսաբաց դռան առաջ, որի միջով կարելի էր տեսնել ամբողջ խցիկը։
Այդ խցիկում ապրում էր նրա հայրը։
«Փարավոնի» ժամանման լուրը դեռ չէր հասել ծերունուն, որը աթոռի վրա բարձրացած, դողդոջուն ձեռքով կարգի էր բերում իր լուսամուտը պատած հնդկոտեմներն ու մամրիչները։ Հանկարծ մեկը հետևից գրկեց նրան, և նա լսեց մի ծանոթ ձայն.
— Հա՛յր։
Ծերունին ճչաց ու շուռ եկավ։ Տեսնելով որդուն՝ նա, գունատված ու դողդողալով, նրա գիրկն ընկավ։
— Ի՞նչ է պատահել քեզ, հայր,— հարցրեց որդին անհանգստացած։— Հիվա՞նդ ես։
— Ո՛չ, ո՛չ սիրելի Էդմոն, որդի՛ս, զավա՜կս։ Բայց ես քեզ չէի սպասում... Դու ինձ հանկարծակիի բերիր... Ուրախությունի՜ցս է։ Աստվա՜ծ իմ, ինձ թվում է կմեռնեմ։
— Հանգստացի՛ր, հայր, չէ՞ որ ես եմ, ոչ թե ուրիշը։ Բոլորն ասում են, թե ուրախությունը մարդու վնասել չի կարող, այդ պատճառով էլ այդպես միանգամից մտա սենյակդ։ Դեհ, ժպտա, մի նայիր ինձ շվար աչքերով։ Ես տուն եմ վերադարձել, և ամեն ինչ լավ կլինի։
— Ավելի լավ, զավակս,— պատասխանեց ծերունին,— բայց ի՞նչպես պետք է ամեն ինչ լավ լինի։ Մի՞թե մենք նորից չենք բաժանվի։ Դե՛հ, պատմիր ինձ քո երջանկության մասին։
— Թող աստված ինձ ների, որ ես ուրախանում եմ մի երջանկությամբ, որ կառուցված է մի ամբողջ ընտանիքի դժբախտության վրա։ Բայց վկա է աստված, որ ես չէի ցանկանում այդ երջանկությունը։ Նա եկավ ինքն իրեն, ինքն իրեն, և ես անկարող եմ տխրել։ Նավապետ Լեկլերը վախճանվեց, և շատ հավանական է, որ ես Մորելի հովանավորության շնորհիվ ստանամ նրա պաշտոնը։ Հասկանո՞ւմ եք, հայր, քսան տարեկան հասակում ես նավապետ կլինեմ։ Հարյուր լուիդոր ռոճիկ և եկամտաբաժի՜ն։ Արդյոք կարո՞ղ էի ես՝ աղքատ նավաստիս, այդպիսի բան սպասել։
— Այո, որդիս, իրավացի ես,— ասաց ծերունին,— դա մե՜ծ երջանկություն է։
— Եվ ես ուզում եմ, որ առաջին իսկ ստացածս փողով դուք մի փոքրիկ տուն շինեք և մի պարտեզ ունենաք ձեր մամրիչների, ցախկեռասների ու հնդկոտեմների համար... Բայց ի՞նչ պատահեց, հայր, քեզ վա՞տ ես զգում։
— Ոչինչ, ոչինչ... հիմա կանցնի։
Ուժերը դավաճանեցին ծերունուն, և նա դեպի ետ թեքվեց։
— Այս րոպեիս, հա՛յր։ Մի բաժակ գինի խմիր, դա քեզ կկազդուրի։ Որտե՞ղ ես դրել գինին։
— Ոչ, շնորհակալ եմ, մի փնտրիր, հարկավոր չէ,— ասաց ծերունին, փորձելով նրան կանգնեցնել։
— Ինչպե՜ս թե պետք չէ... Ասացեք, որտե՞ղ է գինին։
Նա սկսեց պրպտել պահարանը։
— Մի փնտրիր,— ասաց ծերունին։— Գինի չկա։
— Ինչպե՜ս թե չկա,— աղաղակեց Դանտեսը։ Նա վախեցած նայում էր մերթ հոր ներս ընկած գունատ այտերին, մերթ դատարկ դարակներին։— Ինչպե՜ս թե գինի չկա։ Դուք փող չե՞ք ունեցել, հայր։
— Ես ուզածիս չափ ամեն ինչ ունեմ, քանի որ դու ինձ հետ ես,— պատասխանեց ծերունին։
— Սակայն,— շշնջաց Դանտեսը՝ սրբելով երեսի քրտինքը,— երեք ամիս առաջ ճանապարհ ընկնելիս ես ձեզ երկու հարյուր ֆրանկ էի թողել։
— Այո՛, այո՛, Էդմոն, բայց դու ճանապարհվելիս մոռացել էիր վերադարձնել հարևան Կադրուսից վերցրած փոքրիկ պարտքդ։ Սա ինձ հիշեցրեց այդ պարտքն ու ասաց, որ եթե քո փոխարեն չվճարեմ, կգնա պարոն Մորելի մոտ։ Վախեցա, որ գա քեզ կվնասի...
— Եվ ի՞նչ։
— Ես վճարեցի։
— Բայց չէ՞ որ ես Կադրուսին պարտք էի հարյուր քառասուն ֆրանկ,— գոչեց Դանտեսը։
— Ա-այո,— թոթովեց ծերունին։
— Եվ դուք պարտքը վճարել եք թողածս երկու հարյուր ֆրանկի՞ց։
Ծերունին գլխով արեց։
— Եվ ամբողջ երեք ամիս ապրել վաթսու՜ն ֆրանկով։
— Մի՞թե ինձ ավելին է պետք,— պատասխանեց ծերունին։
— Աստվա՜ծ իմ,— տնքալով ասաց Էդմոնը՝ ծնկի գալով հոր առաջ։
— Ի՞նչ պատահեց քեզ։
— Երբեք ինձ չեմ ների դրա համար։
— Թող,— ասաց ծերունին ժպտալով,— դու վերադարձել ես, և ամեն ինչ լավ է։
— Այո, ես վերադարձել եմ,— ասաց երիտասարդը,— վերադարձել եմ լավագույն հույսերով և հետս մի քիչ փող եմ բերել։ Ահա, Հա՛յր, վերցրեք, վերցրեք և իսկույն ուղարկեք որևէ բան գնելու։
Եվ նա սեղանի վրա թափեց մի տասնյակ ոսկյա հինգֆրանկանոցներ և մանր դրամներ։
Ծերունի Դանտեսի դեմքը փայլեց։
— Ո՞ւմն է դա,— հարցրեց նա։
— Իմը... քոնը... մերը։ Վերցրու, մթերք գնիր, փող մի խնայիր, վաղը էլի կբերեմ։
— Սպասի՞ր, սպասի՞ր,— ասաց ծերունին ժպտալով։— Քո թույլտվությամբ ես փողը քիչ-քիչ կծախսեմ. եթե միանգամից շատ բան գնեմ, թերևս մարդիկ մտածեն, թե այդ անելու համար ստիպված եմ եղել սպասել վերադարձիդ։
— Վարվիր, ինչպես կկամենաս։ Բայց նախևառաջ մի աղախին վարձիր։ Ես չեմ ուզում, որ դու մենակ ապրես։ Նավամբարում ես մաքսանենգ սուրճ ու սքանչելի ծխախոտ եմ թաքցրել։ Սը՜ս, մարդ է գալիս։
— Երևի Կադրուսն է։ Անշուշտ գալդ իմացել է և գալիս է երջանիկ վերադարձդ շնորհավորելու։
— Ահա մի մարդ, որի շրթունքները մի բան են ասում, իսկ սիրտն այլ բան է մտածում,— շշնջաց Էդմոնը։— Բայց, ոչինչ, նա մեր հարևանն է և մի ժամանակ մեզ լավություն է արել, սիրալիր ընդունենք նրան։
Էդմոնը դեռ խոսքը չէր ավարտել, երբ դռան մեջ երևաց Կադրուսի գլուխը։ Նա մի քսանհինգ-քսանվեց տարեկան մարդ էր. ձեռքին բռնած ուներ մի կտոր մահուդ, որը, իր՝ դերձակի արհեստի բերումով, մտադիր էր հագուստի վերածել։
— Ա՜, եկե՞լ ես, Էդմոն,— ասաց նա մարսելցիների թունդ առոգանությամբ և այնպես ժպտալով, որ երևացին փղոսկրի պես սպիտակ բոլոր ատամները։
— Ինչպես տեսնում եք, հարևան Կադրուս, ես պատրաստ եմ ձեզ ծառայելու, եթե դրա կարիքն ունեք,— պատասխանեց Դանտեսը՝ սիրալիր տոնի տակ դժվարությամբ թաքցնելով սառնությունը։
— Մեծապես շնորհակալ եմ։ Բարեբախտաբար, ինձ ոչինչ պետք չէ, և նույնիսկ երբեմն ուրիշներն են իմ կարիքն զգում։ (Դանտեսը ցնցվեց)։ Խոսքս քո մասին չէ, Էդմոն։ Ես քեզ պարտքով փող եմ տվել, իսկ դու տվածս վերադարձրել ես։ Լավ հարևաններն իրար հետ այդպես են վարվում, և մենք քվիթ ենք։
— Մարդ երբեք քվիթ չի լինում այն անձանց հետ, որոնք իրեն օգնել են,— ասաց Դանտեսը։— Փողի պարտքը փակելուց հետո մնում է երախտագիտության պարտքը։
— Ի՞նչ կարիք կա այդ մասին խոսելու։ Անցա՜ծ բան է։ Ավելի լավ է խոսենք քո երջանիկ վերադարձի մասին։ Գնացել էի նավահանգիստ դարչնագույն մահուդ գտնելու և այնտեղ պատահեցի իմ բարեկամ Դանգլարին։
«Ուրեմն դու Մարսելու՞մ ես»,— ասում եմ նրան։
«Այո՛, ինչպես տեսնում ես»։
«Իսկ ես կարծում էի, թե դու Իզմիրում պետք է լինես»։
«Կարող է պատահել, որ այնտեղ եմ, որովհետև հենց այնտեղից եմ գալիս»։
«Իսկ ո՞րտեղ է մեր Էդմոնը»։
«Երևի հոր մոտ է»,— պատասխանեց ինձ Դանգլարը։ Ահա ես էլ եկա,— շարունակեց Կադրուսը,— բարեկամիս ողջունելու։
— Մեր լա՜վ Կադրուս, ինչպես նա սիրո՞ւմ է մեզ,— ասաց ծերունին։
— Իհարկե սիրում եմ, նաև հարգում, որովհետև ազնիվ մարդիկ հազվագյուտ են... Բայց դու, կարծես, հարստացել ես, բարեկա՛մս,— շարունակեց դերձակը՝ խեթ-խեթ նայելով սեղանի վրա Դանտեսի թափած ոսկու և արծաթի փոքրիկ կույտին։
Երիտասարդը նկատեց հարևանի աչքերում շողացող ագահության կայծը։
— Դրանք իմ փողերը չեն,— պատասխանեց նա անփութորեն,— ես հորս ասացի, թե վախենում էի, որ նրան կարիքի մեջ կտեսնեմ, իսկ նա ինձ հանգստացնելու համար սեղանի վրա թափեց ինչ որ իր քսակում կար։ Պահեք փողերը, հա՛յր, եթե միայն դրանք հարևանին պետք չեն, այլապես, խնդրե՜մ, թող վերցնի։
— Ո՛չ, բարեկամս,— ասաց Կադրուսը,— ինձ ոչինչ պետք չէ, փառք աստծո, արհեստը արհեստավորին կուշտ է պահում։ Պահիր, դրանք երբեք ավելորդ չեն լինում։ Այնուամենայնիվ, առաջարկիդ համար շնորհակալ եմ ոչ պա-կաս, քան եթե դրանից օգտված լինեի։
— Ես անկեղծորեն առաջարկեցի,— ասաց Դանտեսը։
— Չեմ կասկածում։ Ուրեմն Մորելի հետ շա՞տ մոտ ես, ա՜յ դու խորամանկ։
— Պարոն Մորելը միշտ էլ շատ բարի է եղել իմ հանդեպ,— պատասխանեց Դանտեսը։
— Որ այդպես է, ինչո՞ւ հրաժարվեցիր ճաշից։
— Ինչպե՜ս թե հրաժարվեցիր ճաշից,— հարցրեց ծերունի Դանտեսը։— Մի՞թե նա քեզ ճաշի հրավիրեց։
— Այո՛, հայր,— պատասխանեց Դանտեսը և ժպտաց՝ տեսնելով թե ծերունուն ինչպես զարմացրեց այն արտակարգ պատիվը, որ արել էին նրա որդուն։
— Իսկ ինչո՞ւ հրաժարվեցիր, որդիս,— հարցրեց ծերունին։
— Որպեսզի ավելի շուտ գայի ձեզ մոտ, հայր,— պատասխանեց երիտասարդը։— Ես անհամբեր էի ձեզ տեսնելու։
— Մորելը վայ թե նեղացավ,— շարունակեց Կադրուսը,— իսկ դու մտքումդ դրել ես նավապետ դառնալ. պետք չէ նավատիրոջը հակառակել։
— Ես նրան բացատրեցի հրաժարվելուս պատճառը, և հուսով եմ, որ ինձ հասկացավ։
— Նավապետ, դառնալու համար հարկավոր է մի քիչ տերերի աչքը մտնել։
— Հույս ունեմ, որ նավապետ կդառնամ և առանց այդ անելու,— պա-տասխանեց Դանտեսը։
— Ավելի լավ, ավելի լավ։ Դա կուրախացնի քո բոլոր հին բարեկամներին։ Իսկ այնտեղ, Սբ Նիկողայոսի ամրոցի հետևում, ես գիտեմ մեկին, որն ավելի գոհ կլինի։
— Մերսեդե՞սը,— հարցրեց ծերունին։
— Այո՛, հայր,— ասաց Դանտեսը։— Եվ հիմա, երբ ձեզ տեսա, երբ գիտեմ, որ առողջ եք և ունեք այն ամենը, ինչ որ ձեզ պետք է, խնդրում եմ ինձ թույլ տաք Կատալանի գնալ։
— Գնա՛, որդիս, գնա՛,— պատասխանեց ծերունի Դանտեսը,— թող աստված օրհնե կնոջդ ու քեզ, ինչպես օրհնել է ինձ ու որդուս։
— Կնո՞ջը,— ասաց Կադրուսը,— բայց որքան շտապու՜մ եք. նա, կարծեմ, դեռ նրա կինը չէ։
— Դեռ ոչ, բայց, ամենայն հավանականությամբ, շուտով կինս կլինի,— պատասխանեց Էդմոնը։
— Ինչևիցե,— ասաց Կադրուսը,— լավ ես արել, որ շտապել ես վերադառնալ։
— Ինչո՞ւ։
— Որովհետև Մերսեդեսը գեղեցկուհի է, իսկ գեղեցկուհիները երկրպագուների պակաս չեն զգում։ Մանավանդ նա։ Նրանք տասնյակներով են քարշ գալիս Մերսեդեսի հետևից։
— Իսկապե՞ս,— ասաց Դանտեսը մի ժպիտով, որի մեջ նկատելի էր անհանգստության մի մեղմ ստվեր։
— Այո՛, այո՛,— շարունակեց Կադրուսը,— և, պետք է ասել նախանձելի փեսացուներ են։ Բայց ի՞նչ ասել կուզի, դու շուտով նավապետ կդառնաս, և քեզ հազիվ թե մերժեն։
— Կնշանակի,— վրա բերեց Դանտեսը մի ժպիտով, որ հազիվ էր թաքցնում նրա անհանգստությունը,— կնշանակի, որ եթե նավապետ չդառնայի...
— Հը՜մ, հը՜մ,— փնթփնթաց Կադրուսը։
— Է՛հ,— ասաց երիտասարդը,— ես ձեզնից ավելի լավ կարծիք անեմ առհասարակ կանանց և, մասնավորապես, Մերսեդեսի մասին և համոզված եմ, որ նավապետ դառնամ թե ոչ, նա ինձ հավատարիմ կմնա։
— Ավելի՜ լավ,— ասաց Կադրուսը,— ավելի՜ լավ։ Երբ ամուսնանում ես, պետք է հավատալ կարողանաս։ Բայց միևնույն է, բարեկամս քեզ ասում եմ, ժամանակ մի կորցնի. գնա, իմաց արա նրան, որ վերադարձել ես և պատմիր, թե ինչ հույսեր ունես։
— Գնում եմ,— պատասխանեց Էդմոնը։
Նա համբուրեց հորը, գլխով հրաժեշտ տվեց Կադրուսին և դուրս եկավ։
Կադրուսը մի փոքր էլ նստեց ծերունու մոտ, ապա նրան հրաժեշտ տալով ինքն էլ դուրս եկավ ու վերադարձավ Դանգլարի մոտ, որը նրան սպասում էր Սենակ փողոցի անկյունում։
— Ի՞նչ կասես,— հարցրեց Դանգլարը։— Տեսա՞ր նրան։
— Տեսա,— պատասխանեց Կադրուսը։
— Եվ ասաց, թե հույս ունի նավապե՞տ դառնալ։
— Նա այդ մասին այնպես է խոսում, որ կարծես արդեն նավապետ է։
— Ահա՜ թե ինչ,— ասաց Դանգլարը։— Շա՜տ է շտապում։
— Բայց Մորելը, ինչպես երևում է, նրան խոսք է տվել...
— Ուրեմն շա՞տ է ուրախ։
— Նույնիսկ հանդգնանալու աստիճան։ Արդեն ինձ իր ծառայություններն էր առաջարկում, որպես թե մի երևելի մարդ է։ Փող առաջարկեց, կարծես բանկիր լինի։
— Եվ դու հրաժարվեցի՞ր։
— Հրաժարվեցի։ Թեև կարող էի պարտքով վերցնել, քանզի ոչ այլ ոք, քան ես եմ նրան պարտք տվել այն առաջին փողերը, որ նա տեսել իր կյանքում։ Բայց հիմա պարոն Դանտեսը ոչ ոքի օգնության կարիքը չի զգում, նա շուտով նավապետ կդառնա։
— Չէ՛, դեռ նավապետ չի։
— Ճիշտն ասած, լավ կլինի, որ չդառնա, թե չէ հետն էլ խոսել չի լինի։
— Եթե մենք ցանկանանք,— ասաց Դանգլարը,— նա կլինի նույնը, ինչ հիմա է, և գուցե դրանից էլ պակաս։
— Այդ ի՞նչ ես ասում։
— Ոչինչ ինքս ինձ հետ եմ խոսում։ Եվ նա դեռ սիրահարվա՞ծ այն չքնաղ կատալանուհուն։
— Խելագարվելու չափ։ Արդեն վազ տվեց այնտեղ։ Բայց կամ ես չարաչար սխալվում եմ, կամ այդ գործում նրան մեծ անախորժություններ են սպասում։
— Պարզ ասա, բան հասկանանք։
— Իսկ ինչի՞ համար։
— Դա շատ ավելի կարևոր է, քան դու կարծում ես։ Կարծեմ դու Դանտեսին չես սիրում։
— Ես գոռոզամիտներին չեմ սիրում։
— Դե որ այդպես է, ասա ինձ այն ամենը, ինչ որ կատալանուհու մասին գիտես։
— Ոչ մի ստույգ բան չգիտեմ, բայց այնպիսի բաներ եմ տեսել, որ մտածում եմ, թե միգուցե մեր ապագա նավապետին Հին Հիվանդանոցի ճանապարհին անախորժություններ պատահեն։
— Իսկ ի՞նչ ես տեսել, ասա՛։
— Տեսել եմ, որ ամեն անգամ քաղաք գալիս Մերսեդեսին ուղեկցում է մի հաղթանդամ երիտասարդ, մի սևաչյա, կարմրերես, սևահեր ու բարկացկոտ կատալանցի։ Մերսեդեսը նրան զարմիկ է անվանում։
— Իսկապես... Եվ կարծո՞ւմ ես, որ այդ զարմիկը նրա հետևից քարշ է գալիս։
— Ենթադրում եմ. էլ ուրիշ ի՞նչ կարող է լինել քսան տարեկան զռփի երիտասարդի և տասնյոթ տարեկան գեղեցկուհու միջև։
— Եվ ասում ես, թե Դանտեսը գնաց Կատալանի՞։
— Իմ ներկայությամբ գնաց։
— Եթե մենք գնանք նույն տեղը, կարող ենք նստել «Ռեզերվում» և, մի բաժակ Մալգի գինի խմելով, նորությունների սպասել։
— Իսկ ո՞վ կհաղորդի մեզ այդ նորությունները։
— Մենք կգտնվենք նրա ճանապարհի վրա և Դանտեսի դեմքի արտահայտությունից կկռահենք, թե ի՛նչ է տեղի ունեցել։
— Գնանք,— ասաց Կադրուսը,— միայն թե դու՛ պետք է վճարես։
— Իհարկե,— պատասխանեց Դանգլարը։
Եվ երկուսով արագ-արագ դիմեցին դեպի հիշյալ վայրը։ Հասնելով գի-նետուն՝ նրանք մի շիշ գինի և երկու բաժակ բերել տվին։
Ծերունի Պամֆիլից նրանք իմացան, որ տասը րոպե առաջ Դանտեսն անցել է գինետան մոտով։
Հավաստիանալով, որ Դանտեսը գտնվում է Կատալանիում, նրանք նստեցին նորականաչ չինարիների և ժանտաթզենիների տակ, որոնց ճյուղերի մեջ թռչունների ուրախ երամը գովերգում էր գարնան առաջին օրերից մեկը։
III. Կատալանցիները
Հարյուր քայլ հեռու այն տեղից, ուր երկու ընկերները ականջները սրած ու ճանապարհին նայելով Մալգի կայծկլտուն գինին էին խմում, արևից ու միստրալներից[2] բզկտված մի ճաղատ բլրակի հետևում ընկած էր Կատալանի գյուղը։
Մի ժամանակ Իսպանիայից դուրս են եկել ինչ-որ խորհրդավոր գաղթականներ և գալով կառչել այն մի կտոր հողից, որի վրա մինչև հիմա ապրում են։ Նրանք հայտնվել էին հայտնի չէ թե որտեղից և խոսում էին մի անծանոթ լեզվով։ Նրանց պարագլուխներից մեկը, որ Պրովանսի լեզուն գիտեր, Մարսել քաղաքից խնդրել էր թույլ տալ տիրանալու ամայի հրվանդանին, ուր նրանք, հին ծովագնացների օրինակով, դուրս էին քաշել իրենց նավերը։ Խնդրանքը հարգվել էր, և երեք ամիս հետո այդ ծովագնչուների բերած տասը նավերի շուրջն աճել էր մի փոքրիկ գյուղ։ Այդ կիսամավրիտանական կիսաիսպանական ինքնատիպ ու գեղատեսիլ գյուղում մինչև հիմա էլ ապրում են այդ մարդկանց ժառանգները, որոնք խոսում են իրենց պապերի լեզվով։ Արդեն երեք թե չորս դար նրանք հավատարիմ են իրենց հրվանդանին, որի վրա թառել էին ծովային թռչունների երամի պես։ Նրանք բոլորովին չեն ձուլվել Մարսելի բնակիչներին, ամուսնանում են միմիայն յուրայինների հետ և իրենց հայրենիքից բերած բարքերն ու հագուստը պահպանում են ճիշտ այնպես, ինչպես նրա լեզուն։
Մենք ընթերցողին հրավիրում ենք մեզ հետևել գյուղի միակ փողոցով և մտնել տնակներից մեկը։ Դրսից այդ տնակի պատերն արևը ներկել է դեղնած սաղարթի գույնով, որն ընդհանուր է այդ կողմի բոլոր հինավուրց շինությունների համար, իսկ ներսից ներկարարի վրձինը նրանց ավել է սպի-տակություն, որն իսպանական posada-ների[3] միակ զարդն է։
Մի գեղեցիկ դեռատի աղջիկ, ձյութի պես սև մազերով, գազելի թավշյա աչքերով, կանգնած էր միջնորմին հենված և իր նուրբ, կարծես անտիկ արձանագործի ձեռքով հղկած մատների մեջ փեթտում էր հավամրգու անմեղ մի ոստ. պոկված ծաղիկներն ու տերևներն արդեն ծածկել էին հատակը։ Նրա արևառ, բայց կարծես Առլի Վեներայի բազուկներից ընդօրինակված թևերը, որ մինչև արմունկները մերկ էին, դողում էին հուզմունքից, իսկ իր գողտրիկ ոտիկով նա անհամբեր տկտկացնում էր հատակը, այնպես, որ կարելի էր տեսնել բարեկազմ գեղեցիկ սրնքամասերը, որ պրկված էին գորշ ու կապույտ սլաքներ ունեցող կարմիր գուլպաների մեջ։ Նրանից երեք քայլ հեռու, աթոռի վրա ճոճվելով, արմունկը հին կոմոդին հենած, մի քսան-քսաներկու տարեկան վայելչակազմ կտրիճ անհանգիստ ու վրդովված նրան էր նայում։ Երիտասարդի աչքերը հիացմունք էին արտահայտում, սակայն աղջկա վճ-ռական ու անհողդողդ հայացքը սաստում էր զրուցակցին։
— Լսիր, Մերսեդես, շուտով զատկի տոնն է, հարսանիքի իսկական ժամանակը... Դե՛հ, պատասխան տուր ինձ։
— Ես արդեն հարյուր անգամ քեզ պատասխանել եմ, Ֆերնան, և դու ինքդ քո թշնամին ես, եթե նորից ես ինձ հարցնում։
— Որ այդպես է, նորից կրկնիր, խնդրում եմ, նորից կրկնիր, որ հավատամ։ Հարյուրերորդ անգամ ասա, թե մերժում ես իմ սերը, որ մայրդ օրհնել է։ Ստիպիր ինձ հասկանալ, որ խաղ ես անում իմ երջանկության հետ, որ իմ կյանքը կամ մահը քեզ համար ոչինչ է։ Աստվա՜ծ իմ, տասը տարի երազեմ քո ամուսինը դառնալ, Մերսեդես, և հանկարծ կորցնե՜մ այն հույսը, որ կյանքիս միակ նպատակն է եղել։
— Համենայնդեպս, ես չեմ քեզ հուսադրել,— պատասխանեց Մերսեդեսը,— դու ինձ չես կարող կշտամբել, թե երբևէ գայթակղել եմ քեղ։ Ես միշտ ասել եմ, որ քեզ սիրում եմ եղբոր պես։ Ինձնից մի պահանջիր ոչինչ, բացի այդ եղբայրական մտերմությունից, որովհետև իմ սիրտը ուրիշին է տրված։ Մի՞թե ես այդ չեմ ասել, Ֆերնան։
— Գիտե՛մ, գիտե՛մ, Մերսեդես,— ընդհատեց երիտասարդը։— Այո՛, դու միշտ էլ իմ նկատմամբ դաժան լինելու չափ անկեղծ ես եղել, բայց մոռանում ես, որ կատալանցիների համար սրբազան օրենք է միայն կատալանցու հետ ամուսնանալը։
— Սխալվում ես, Ֆերնան, դա օրենք չէ, այլ պարզապես սովորություն և, հավատա ինձ, դու հարկ չունես այդ սովորությունը վկայակոչելու։ Դու վի-ճակ ես հանել, Ֆերնան։ Եթե հիմա դեռ ազատ ես, ապա վաղը կարող են քեզ զենքի կոչել։ Իսկ երբ զինվոր գնաս, ի՞նչ պիտի անես խեղճ աղջկան, թշվառ ու անփորձ որբուհուն, որը չունի ոչինչ, բացի իր փլվող խրճիթից, ուր կախված են մի քանի հին ուռկաններ, ողորմելի մի ժառանգություն, որ հայրս թողել է մորս, մայրս էլ՝ ինձ։ Ահա մի տարի է, ինչ մայրս մեռել է, և մտածիր, Ֆեր-նան, չէ՞ որ ես գրեթե ողորմությամբ եմ ապրում։ Երբեմն դու այնպես ես ցույց տալիս, որ իբր թե քեզ օգնում եմ, և դա նրա համար, որ իրավունք ունենաս ձկան որսիցդ ինձ բաժին հանելու։ Եվ ես դա ընդունում եմ, որովհետև հայրդ հորեղբայրս է եղել, որովհետև մենք միասին ենք մեծացել, և մանավանդ այն պատճառով, որ մերժումս քեզ շատ կվշտացներ։ Սակայն ես զգում եմ, որ քո տված ձկան վաճառքից ստացածս փողը, որով մանելու վուշ եմ առնում, պարզապես ողորմություն է։
— Մի՞թե ինձ համար մեկ չէ, Մերսեդես։ Դու, որ աղքատ ես ու միայնակ, ինձ համար ավելի թանկ ես, քան Մարսելի ամենագոռոզ նավատիրոջ կամ բանկիրի աղջիկը։ Աղքատներիս ի՞նչ է հարկավոր, եթե ոչ ազնիվ կին ու լավ տնտեսուհի։ Իսկ քեզանից լավը ո՞րտեղից կգտնեմ։
— Ֆերնան,— պատասխանեց Մերսեդեսը, գլուխը շարժելով,— կինը կարող է վատ տնտեսուհի դառնալ և չի կարող ասել, թե անհավատարիմ կլինի, եթե սիրում է ոչ թե ամուսնուն, այլ ուրիշի։ Բավականացիր բարեկամությամբ, որովհետև, նորից եմ ասում, դա բոլորն է, որ կարող եմ քեզ խոստանալ, իսկ ես խոստանում եմ միայն այն, ինչ կարող եմ անպայման անել։
— Հասկանում եմ,— ասաց Ֆերնանը,— դու քո աղքատությունը համբերությամբ տանում ես, բայց իմինից վախենում ես։ Դե, ուրեմն, իմացած եղիր, Մերսեդես, եթե դու ինձ սիրես, ես կսկսեմ բախտս փորձել։ Դու ինձ հաջողություն կբերես, և ես կհարստանամ։ Ես ձկնորս չեմ մնա, կարող եմ գրասենյակային ծառայող դառնալ, ես էլ կարող եմ առևտրով զբաղվել...
— Ոչ մի այդպիսի բան չես կարող անել։ Դու զինվոր ես, և եթե հիմա գտնվում ես Կատալանիում, ապա միայն այն պատճառով, որ պատերազմ չկա։ Շարունակիր մնալ ձկնորս, մի կառուցիր օդային ամրոցներ, որոնցից հետո իրականությունը քեզ ավելի ծանր կթվա և բավականացիր իմ բարեկամությամբ։ Ուրիշ ոչ մի բան քեզ տալ չեմ կարող։
— Այո, դու իրավացի ես, Մերսեդես, ես նավաստի կդառնամ Պապենա-կան հագուստիս փոխարեն, որը դու արհամարհում ես, կգնեմ լաքած գլխարկ, կհագնեմ զոլավոր մայկա և խարսխազարդ կոճակներով կապույտ բաճկոնակ։ Չէ՞ որ այդպես պետք է հագնված լինի նա, ով ցանկանում է քեզ դուր գալ։
— Ի՞նչ ես ուզում ասել,— հարցրեց Մերսեդեսը, հպարտ արհամարհանքով նայելով նրան։— Ի՞նչ ես ուզում ասել, քեզ չեմ հասկանում։
— Ուզում եմ ասել, Մերսեդես, որ դու իմ նկատմամբ այդքան խիստ ու դաժան ես միայն այն պատճառով, որ սպասում ես մի մարդու, որ հագնված է ասածիս պես։ Բայց նա, ում դու սպասում ես, գուցե և անկայուն է, և եթե ոչ ին-քը, ապա ծովն է անկայուն նրա համար։
— Ֆերնան,— գոչեց Մերսեդեսը,— կարծում էի, թե դու բարի ես, բայց սխալվել եմ։ Դու չար ես, եթե խանդիդ համար օգնության ես կանչում աստծո զայրույթը։ Այո, չեմ թաքցնում։ Ես սպասում ու սիրում եմ նրան, ում մասին խոսում ես, և եթե նա չվերադառնա, ես նրան չեմ մեղադրի անկայունության մեջ, այլ կասեմ, որ ինձ սիրելով է մեռել։
Կատալանցին կատաղաբար սեղմեց բռունցքները։
— Ես քեզ հասկացա, Ֆերնան, դու ուզում ես նրանից վրեժ առնել այն բանի համար, որ քեզ չեմ սիրում։ Դու ուզում ես խաչաձևել կատալանյան դանա-կը նրա դաշույնի հետ։ Հետո՞ ինչ։ Կզրկվես բարեկամությունից, եթե հաղթվես, իսկ եթե հաղթես՝ բարեկամությունը կփոխվի ատելության։ Հավատա ինձ, որևէ մեկի հետ կռվելու առիթ փնտրելը վատ միջոց է նրան սիրող կնոջը դուր գալու համար։ Ո՛չ, Ֆերնան, դու անձնատուր չես լինի վատ մտքերի։ Քանի որ ես չեմ կարող կինդ լինել, դու կսովորես ինձ նայել իբրև բարեկամի, իբրև քրոջ։ Իսկ բացի դրանից,— ավելացրեց նա արցունքներից թացված աչքերով մի՛ շտապիր, Ֆերնան։ Հենց նոր դու ինքդ ասացիր, թե ծովը նենգ և ահա չորս ամիս է, որ նա գնացել է, իսկ չորս ամսվա մեջ ես շատ փոթորիկներ եմ համրել։
Ֆերնանը մնաց անտարբեր, չջանաց սրբել Մերսեդեսի այտի վրայով հոսող արցունքները, մինչդեռ պատրաստ էր նրա ամեն արցունքի համար մի բաժակ արյուն տալ։ Այդ արցունքները թափվում էին ուրիշի համար։
Նա վեր կացավ, սկսեց ետ ու առաջ քայլել խրճիթում և կանգ առավ Մերսեդեսի առաջ, աչքերը փայլատակում էին, բռունցքները սեղմել էր ամուր։
— Լսի՛ր Մերսեդես,— ասաց նա,— պատասխանիր մի անգամ ևս, ուրեմն այդպես ես որոշել։
— Ես սիրում եմ Էդմոն Դանտեսին,— հանգիստ պատասխանեց աղջիկը,— Էդմոնից բացի ոչ ոք չի լինի իմ ամուսինը։
— Եվ դու մի՞շտ պետք է սիրես նրան։
— Մինչ ի մահ։
Ֆերնանը հառաչելով, վերջին հույսը կորցրած մարդու պես, կախ գցեց գլուխը։ Հետո հանկարծ գլուխը բարձրացրեց և, ատամներն իրար սեղմած հարցրեց.
— Իսկ եթե նա մեռա՞ծ է։
— Այդ դեպքում ես էլ կմեռնեմ։
— Իսկ եթե քեզ մոռացե՞լ է։
— Մերսեդե՜ս,— հնչեց մի ուրախ ձայն դռան հետևից,— Մերսեդե՜ս։
— Ախ...— ճչաց աղջիկը երջանկությունից ու սիրուց խելքը կորցրած,— ահա, տեսնո՞ւմ ես, նա ինձ չի մոռացել, նա այստեղ է։
Մերսեդեսը նետվեց դեպի դուռը և բացեց՝ ճչալով.
— Այստե՞ղ եկեք Էդմոն, ես այստեղ եմ։
Ֆերնանը գունատված ու դողալով ետ ցատկեց օձ տեսած ճամփորդի պես և դիպչելով իր աթոռին, ուժասպառ ընկավ նրա վրա։
Էդմոնն ու Մերսեդեսը իրար գիրկ նետվեցին։ Մարսելի խանձող արևը, ներս խուժելով բաց դռնից, նրանց վրա լույսի հեղեղ էր թափել։ Սկզբում նրանք իրենց շուրջը ոչինչ չէին տեսնում։ Անսահման երջանկությունը նրանց կտրել էր աշխարհից. խոսում էին այն անկապ բառերով, որոնք այնպիսի բուռն ուրախության պոռթկումներ են հաղորդում, որ սկսում են նմանվել ցավի արտահայտության։
Հանկարծ Էդմոնը նկատեց Ֆերնանի մռայլ դեմքը, որը գունատ ու սպառնալից երևաց կիսախավարի մեջ։ Երիտասարդ կատալանցին անգիտակցաբար ձեռքը դրել էր գոտիկից կախված դանակի վրա։
— Ներեցեք,— ասաց Դանտեսը հոնքերը կիտելով,— ես չնկատեցի, որ այստեղ մի երրորդ անձնավորություն էլ կա։
Ապա, դառնալով Մերսեդեսին, հարցրեց.
— Ո՞վ է այս պարոնը։
— Այս պարոնը մեր ամենալավ բարեկամն է, Դանտես, որովհետև նա, Ֆերնանը, իմ մտերիմն է, իմ եղբայրը, այն մարդը, որին ձեզնից հետո, Էդմոն, ես աշխարհում բոլորից շատ եմ սիրում։ Մի՞թե չճանաչեցիք նրան։
— Այո, ճանաչեցի,— պատասխանեց Էդմոնը և, աղջկա ձեռքը բաց չթողնելով՝ մյուս ձեռքը սրտանց մեկնեց կալատանցուն։
Բայց Ֆերնանը, չպատասխանելով այդ բարեկամական շարժումին, արձանի պես համր ու անշարժ մնաց։
Այնժամ Էդմոնը զննողաբար նայեց դողդողացող Մերսեդեսին մռայլ ու ահարկու Ֆերնանին։
Նման մի հայացք ամեն ինչ պարզեց նրա համար։ Նա կրակ կտրեց զայրույթից։
— Երբ շտապում էի քեզ մոտ, Մերսեդես, չգիտեի, որ այս, թշնամի եմ գտնելու։
— Թշնամի՜,— բացականչեց Մերսեդեսը՝ նայելով զարմիկին,— թշնամի գտնել ի՜նձ մոտ, իմ տանը։ Եթե ես այդպես կարծեի, կբռնեի քո ձեռքը, կգնայի Մարսել՝ ընդմիշտ թողնելով այս տունը։
Ֆերնանի աչքերը փայլատակեցին։
— Եվ եթե քեզ դժբախտություն պատահեր, իմ Էդմոն,— շարունակեց նա անողոք հանգստությամբ, որը Ֆերնանին ցույց տվեց, թե Մերսեդեսը թափանցել է նրա ամենամռայլ մտքերի խորքը,— ես կբարձրանայի Մորժիոն հրվանդանը և գլխիվայր կնետվեի ժայռերի վրա։ Ֆերնանը մեռելի պես գունատվեց։
— Բայց դու սխալվեցիր, Էդմոն,— ավելացրեց Մերսեդեսը,— այստեղ դու թշնամիներ չունես։ Այստեղ միայն իմ եղբայր Ֆերնանն է, նա հիմա կսեղմի քո ձեռքը՝ քեզ իր անձնվեր բարեկամը համարելով։
Եվ աղջիկն իր հրամայողական հայացքը սևեռեց կատալանացու վրա, որը կախարդվածի պես դանդաղորեն մոտեցավ Էդմոնին և ձեռք մեկնեց նրան։
Ֆերնանի ատելությունը մոլեգնած, բայց անզոր ալիքի պես փշրվեց. դիպչելով այն անհաղթահարելի ազդեցությանը, որ այդ աղջիկը ուներ նրա վրա։
Բայց հազիվ էր Ֆերնանը ձեռքը դիպցրել Էդմոնի ձեռքին, զգաց, որ ավելին չի կարող անել և տնից դուրս նետվեց ու փախավ։
— Վա՜յ ինձ,— հառաչում էր նա՝ հուսահատությունից ձեռքերը կոտրատելով։— Ո՞վ ինձ կազատի այդ մարդուց։ Վա՜յ ինձ։
— Հե՛յ, կատալանցի, հե՜յ, Ֆերնան, այդ ո՞ւր ես գնում,— ձայն տվեց նրան ինչ-որ մեկը։
Ֆերնանը շուրջը նայելով կտրուկ կանգ առավ և տեսավ Կադրուսին, որը Դանգլարի հետ նստած էր ծառերի տակի սեղանի մոտ։
— Ինչո՞ւ մեզ մոտ չես գալիս,— ասաց Կադրուսը,— թե՞ այնքան ես շտա-պում, որ բարեկամներին բարևելու ժամանակ չունես։
— Մանավանդ, երբ նրանց առջև շիշը համարյա լիքն է,— ավելացրեց Դանգլարը։
Ֆերնանը անմիտ հայացքով նայեց նրանց և ոչինչ չասաց։
— Նա բոլորովին ցնդել է,— ասաց Դանգլարը՝ ոտքով բոթելով Կադրուսին։— Իսկ եթե մենք սխալվե՞լ ենք և, հակառակ մեր սպասումների, Դանտեսը հաղթանակ է տոնո՞ւմ։
— Հիմա կիմանանք,— պատասխանեց Կադրուսը և շրջվելով դեպի երիտասարդը՝ ասաց.— հը՛, ի՞նչ կասես, կատալանցի, գալի՞ս ես, թե ոչ։
Ֆերնանը սրբեց երեսի քրտինքը և մտավ տաղավարը. վերջինիս ստվերը կարծես փոքր-ինչ մեղմեց նրա հուզմունքը, իսկ հովը թարմացրեց հոգնատանջ մարմինը։
— Բարև ձեզ,— ասաց նա,— դուք, կարծեմ, ինձ կանչեցիք։
Եվ նա ավելի շուտ ընկավ, քան նստեց սեղանի շուրջը դրված աթոռներից մեկի վրա։
— Կանչելուս պատճառն այն է, որ խելագարի պես վազում էիր. վախեցա, որ չլինի թե քեզ ծովը գցես,— ծիծաղելով ասաց Կադրուսը։— Գրո՛ղը տանի, բարեկամներին ոչ միայն հյուրասիրում են գինով, այլև երբեմն խանգարում չա-փից ավելի ջուր կուլ տալ։
Ֆերնանը ոչ այն է հառաչեց, ոչ այն է հեծկլտաց և գլուխը դրեց սեղանին հանգչող ձեռքերի վրա։
— Գիտե՞ս ինչ կասեմ քեզ, Ֆերնան,— շարունակեց Կադրուսը՝ խոսակցությունը սկսելով հասարակ մարդկանց գռեհիկ անկեղծությամբ, որոնք հետաքրքրասիրությունից մոռանում են բոլոր պատշաճությունները,— գիտե՞ս, դու նման ես պաշտոնաթող երկրպագուի։
Եվ բարձրաձայն քրքջաց։
— Ոչ,— պատասխանեց Դանգլարը,— այսպիսի կտրիճը նրա համար չի ստեղծված, որ սիրո մեջ դժբախտ լինի։ Դու կատակ ես անում, Կադրուս։
— Իսկի էլ կատակ չեմ անում. ավելի լավ է լսես, թե նա ինչպես է հառաչում։ Հապա, Ֆերնան, քիթդ բարձրացրու և պատասխանիր մեզ։ Երբ բարեկամներդ որպիսությունդ են հարցնում, չպատասխանելը անքաղաքավարություն է։
— Ես լավ եմ,— ասաց Ֆերնանը բռունցքները սեղմելով, բայց գլուխը չբարձրացնելով։
— Հը՛մ։ Գիտե՞ս ինչ, Դանգլար,— ասաց Կադրուսը՝ ընկերոջն աչքով անելով,— ահա թե բանն ինչ է. այս Ֆերնանը, որին դու տեսնում ես, այս ազնիվ կատալանցին, Մարսելի լավագույն ձկնորսներից մեկը, սիրահարված է Մերսեդես անունով մի գեղեցկուհու, բայց գեղեցկուհին, դժբախտաբար, իր հերթին սիրահարված է «Փարավոնի» նավապետի օգնականին, իսկ քանի որ «Փարավոնը» այսօր վերադարձել է նավահանգիստ, ապա... հասկանո՞ւմ ես։
— Ոչ, չեմ հասկանում,— պատասխանեց Դանգլարը։
— Խեղճ Ֆերնանը պաշտոնաթող է արվել,— շարունակեց Կադրուսը։
— Ուզածդ ի՞նչ է,— ասաց Ֆերնանը՝ գլուխը բարձրացնելով և Կադրուսին նայելով մի մարդու պես, որ ուզում է բարկությունը մեկնումեկի գլխին թափել։— Մերսեդեսը ոչ ոքից կախում չունի, այդպես չէ՞, և ազատ է սիրելու ում որ կամենա։
— Եթե գործին այդպես ես նայում, այդ դեպքում բանն ուրիշ է,— ասաց Կադրուսը։— Իսկ ես կարծում էի, թե դու կատալանցի ես։ Ինձ ասել են, որ կատալանցիներն այնպիսի մարդիկ չեն, որոնցից կարելի լինի սիրած աղջիկ խլել։ Այն էլ են ասել, որ վրիժառության մեջ Ֆերնանն առանձնապես սարսափելի է։
Ֆերնանն արհամարհական ժպտաց։
— Սիրահարված մարդը երբեք սարսափելի չէ,— ասաց նա։
— Խեղճ մարդ,— վրա բերեց Դանգլարը՝ ձևացնելով, թե ամբողջ սրտով կարեկցում է նրան։— Բայց, ի՞նչ կարելի է անել։ Խեղճը չի կարծել, թե Դանտեսն այդքան շուտ կվերադառնա։ Ի՞նչ իմանաս, երևի մտածել է, թե միգուցե նա մեռել է, աղջկան դավաճանել։ Այդպիսի հարվածներն ավելի ծանր են, քանզի անսպասելի են։
— Ինչ էլ եղած լինի,— ասաց Կադրուսը, որն անվերջ խմում էր և որի վրա Մալգի թունդ գինին արդեն սկսել էր ներգործել,— ինչ էլ եղած լինի, Դանտեսի բարեհաջող վերադարձը դառնացնում է ոչ միայն Ֆերնանին։ Ճիշտ է, չէ՞, Դանգլար։
— Ճիշտ է, և ես պատրաստ եմ երաշխավորելու, որ դա նրա համար վատ կվերջանա։
— Մանավանդ որ,— շարունակեց Կադրուսը՝ գինի լցնելով Ֆերնանի համար և ութերորդ թե տասներորդ անգամ լցնելով իր բաժակը, հազիվ էր շրթունքներին մոտեցնում,— մանավանդ որ նա կամուսնանա գեղեցկուհի Մերսեդեսի հետ։ Համենայնդեպս, նա դրա համար է վերադարձել։
Այդ ամբողջ ժամանակ Դանգլարը խորաթափանց հայացքով նայում էր Ֆերնանին ու տեսնում, որ Կադրուսի խոսքերը հալած արճիճի պես կաթկթում են նրա սրտի վրա։
— Իսկ հարսանիքը ե՞րբ է,— հարցրեց Դանգլարը։
— Օ՜, բանը դեռ հարսանիքի չի հասել,— շշնջաց Ֆերնանը։
— Այո, բայց կհասնի,— ասաց Կադրուսը։— Դա նույնքան հավաստի է, որքան և այն, որ Դանտեսը «Փարավոնի» նավապետն է դառնում։ Այնպե՞ս չէ, Դանգլար։
Դանգլարը ցնցվեց այդ անսպասելի խայթից, շուռ եկավ դեպի Կադրուսը և ակնապիշ նայեց նրան՝ ցանկանալով իմանալ, թե արդյոք նա դիտմամբ էր ասել այդ խոսքը, բայց նրա դեմքի վրա, որ հարբածությունից արդեն բթացել էր, նախանձից բացի ոչինչ չնշմարվեց։
— Ուրեմն,— ասաց նա՝ լցնելով բաժակները,— խմենք նավապետ Էդմոն Դանտեսի՝ չքնաղ կատալանուհու ամուսնու կենացը։
Կադրուսը ծանրացած ձեռքով բաժակը մոտեցրեց շրթունքներին և մի շնչով դատարկեց։ Ֆերնանը թափով ճանկեց իր բաժակը և ափի մեջ փշուր-փշուր արեց։
— Սպասեցեք,— ասաց Կադրուսը,— այն ի՞նչ է երևում բլրակի վրա, Կատալանիի ճանապարհին։ Հապա նայիր, Ֆերնան, քո աչքերն ավելի լավ են տեսնում։ Իմ աչքին արդեն ամեն ինչ երկու է երևում։ Դու հո գիտես, գինին դավաճանում է։ Կա-չկա երկու սիրահարներն են գալիս ձեռք-ձեռքի տված։ Ա՜խ, աստված իմ, նրանց մտքով չի անցնում, որ իրենց տեսնում ենք, և համբուրվում են։
Դանգլարը հետևում էր Ֆերնանի ամեն մի շարժումին։ Վերջինիս դեմքը նկատելիորեն այլակերպվում էր։
— Նրանց ճանաչո՞ւմ եք, Ֆերնան,— հարցրեց նա։
— Այո,— պատասխանեց նա խուլ ձայնով։— Էդմոնն ու Մերսեդեսն են։
— Ահա թե ի՜նչ,— ասաց Կադրուսը,— իսկ ես նույնիսկ չճանաչեցի։ Հե՜յ, Դանտես, հե՜յ, գեղեցկուհի, հապա այստեղ եկեք և մեզ ասացեք. հարսանիքը շո՞ւտ է լինելու։ Ֆերնանը այնպես համառն է, որ չի ուզում ասել։
— Պիտի լռես, թե ոչ,— ընդհատեց Դանգլարը՝ ձևացնելով, թե ուզում է զսպել Կադրուսին, որը հարբածի համառությամբ դուրս էր կախվում տաղավարից։— Ամուր կանգնիր ոտքերիդ վրա և սիրահարներին հանգիստ թող։ Օրինակ վերցրու Ֆերնանից. նա, համենայնդեպս, խոհեմ է։
Թերևս համբերությունից դուրս եկած Ֆերնանը, որին Դանգլարը գրգռում էր ինչպես ցուլին արենայում, չզսպեր իրեն, քանզի արդեն ոտքի էր կանգնել և թվում էր, թե ուր որ է կնետվի ախոյանի վրա, սակայն Մերսեդեսը, ուրախ և անկաշկանդ, բարձրացրեց չքնաղ գլուխը և մի պայծառ հայացք նետեց բոլորի վրա։ Ֆերնանը մտաբերեց նրա այն սպառնալիքը, թե ինքն էլ կմեռնի, եթե Էդմոնը մեռնելու լինի, և անզոր ընկավ աթոռի վրա։
Դանգլարը նայեց իր զրուցակիցներին՝ գինուց բթացածին և սիրուց խելքը կորցրածին։ — Այս հիմարներից ես ոչ մի օգուտ չեմ ունենա,— շշնջաց նա,— վայ թե գործ ունեմ մի հարբեցողի և մի վախկոտի հետ։ Ահա մի նախանձ մարդ, որ գինի է լակում, փոխանակ մաղձով արբենալու։ Ահա մի ստահակ, որի աչքի առաջ խլում են սիրած աղջկան և որը մի գլուխ լաց է լինում ու գանգատվում։ Բայց, արի ու տես, կրակոտ աչքեր ունի ինչպես իսպանացիները, սիցիլացիները ու կալաբրիացիները, որոնք այնպես լավ գիտեն վրիժառու լինել. այնպիսի բռունցքներ ունի, որ ուզածդ կացնից լավ եզան գլուխ կջախջախեն։ Պարզապես, բախտը ժպտում է Էդմոնին։ Նա կամուսնանա գեղեցկուհու հետ, նավապետ կդառնա և մեզ վրա կծիծաղի, եթե միայն...— մի մռայլ ժպիտ ծամածռեց Դանգլարի շրթունքները,— եթե միայն ես չխառնվեմ գործին։
— Հե՜յ,— շարունակում էր գոռալ Կադրուսը՝ ոտքի կանգնած և բռունցքը սեղանին հենած,— հե՜յ Էդմոն, բարեկամներիդ չե՞ս նկատում, թե՞ այնքան ես հպարտացել, որ չես ուզում հետները խոսել։
— Ոչ, սիրելի Կադրուս,— պատասխանեց Դանտեսը,— ես ամենևին հպարտ չեմ, ես միայն երջանիկ եմ, իսկ երջանկությունը, ըստ երևույթին, կուրացնում է մարդուն ավելի, քան հպարտությունը։
— Լավ ասացիր,— ասաց Կադրուսը։— Ա՜յ, հիմա հասկացա։ Բարև ձեզ, տի-կին Դանտես։ Մերսեդեսը վայելչաբար գլուխ տվեց։
— Ինձ դեռ այդպես չեն կոչում,— ասաց նա։— Մեզ մոտ ասում են, որ եթե մարդ աղջկան իր փեսացուի անունով կոչի, երբ փեսացուն դեռ նրա ամուսինը չէ, դա կարող է փորձանք բերել նրա գլխին, ուստի, խնդրում եմ, ինձ անվանեք Մերսեդես։
— Հարևան Կադրուսը այնքան էլ մեծ մեղք չունի,— ասաց Դանտեսը,— նա շատ էլ չսխալվեց։
— Ուրեմն, հարսանիքը շո՞ւտ է լինելու,— հարցրեց Դանգլարը՝ բարևելով երիտասարդ զույգին։
— Որքան հնարավոր է շուտ. այսօր հորս մոտ կկայանա պայմանադրությունը, իսկ ոչ ուշ, քան վաղը կամ մյուս օրը այստեղ «Ռեզերվում», տեղի կունենա նշանդրեքի ճաշկերույթը։ Հուսով եմ, որ բոլոր բարեկամներս ներկա կլինեն, դա նշանակում է, որ դուք հրավիրված եք, պարո՛ն Դանգլար, դա նշանակում է, որ քեզ էլ ենք սպասում, Կադրու՛ս։
— Իսկ Ֆերնա՞նը,— հարցրեց Կադրուսը հարբած մարդու ծիծաղով,— Ֆերնա՞նն էլ ներկա կլինի։
— Կնոջս եղբայրը իմ եղբայրն է,— ասաց Էդմոնը,— և մենք՝ Մերսեդեսն ու ես, խորապես կվշտանանք, եթե այդպիսի մի պահի նա մեզ հետ չլինի։
Ֆերնանն ուզեց պատասխանել, բայց ձայնը խզվեց կոկորդում, և նա ոչ մի խոսք չկարողացավ ասել։
— Այսօր հարսնախոսությունն է... Վաղը կամ մյուս օրը նշանդրեքը... Գրո՜ղը տանի, շատ եք շտապում, նավապետ։
— Դանգլար,— պատասխանեց Էդմոնը ժպտալով,— ես ձեզ կասեմ նույնը, ինչ որ քիչ առաջ Մերսեդեսն ասաց Կադրուսին. մի՛ մեծարեք ինձ այն կոչումով, որին դեռ չեմ արժանացել. դա գլխիս փորձանք կբերի։
— Ներեցեք,— պատասխանեց Դանգլարը։— Ես միայն ասացի, թե շատ եք շտապում։ Չէ՞ որ բավական ժամանակ ունեք։ «Փարավոնը» ծով դուրս կգա երեք ամսից ոչ շուտ։
— Մարդ միշտ շտապում է երջանիկ լինել, պարոն Դանգլար, ով շատ տառապել, դժվարությամբ Է հավատում իր երջանկությանը։ Բայց դա միայն անձնասիրություն չէ. ես պետք է մեկնեմ Փարիզ։
— Ահա թե ինչ, Փարիզ պիտի գնաք։ Եվ դուք առաջի՞ն անգամն եք գնում այնտեղ։
— Այո։
— Գո՞րծ ունեք այնտեղ։
— Գործն իմը չէ. գնում եմ կատարելու մեր խեղճ նավապետ Լեկլերի վերջին հանձնարարությունը։ Հասկանո՞ւմ եք, նվիրական գործ է։ Համենայնդեպս, անհոգ եղեք, կգնամ ու իսկույն կվերադառնամ։
— Այո, այո՛, հասկանում եմ,— ասաց Դանգլարը բարձրաձայն։ Հետո ինքն իրեն ավելացրեց.— Գնում է Փարիզ, որպեսզի տեղ հասցնի մարշալի տված նամակը։ Գրո՜ղը տանի, այդ նամակը ինձ մի միտք է թելադրում, սքանչելի միտք։ Է՛հ, Դանտես, բարեկամս, դու «Փարավոնի» մատյանում առաջին համարի տակ չես ընկնի։
Եվ նա ձայն տվեց հեռացող Էդմոնի հետևից.
— Բարի՜ ճանապարհ։
— Շնորհակալ եմ,— պատասխանեց Էդմոնը՝ ետ նայելով և բարեկամաբար գլխով անելով։ Եվ սիրահարները շարունակեցին իրենց ճանապարհը, անհոգ ու երջանիկ, ինչպես երկնային երկու ընտրյալ։
IV. Դավադրություն
Դանգլարը աչքերով հետևեց Էդմոնին ու Մերսեդեսին, մինչև որ նրանք անհետացան սրբ. Նիկողայոսի ամրոցի ետևում. հետո նա վերստին շուռ եկավ դեպի իր բաժակակիցները։ Ֆերնանը գունատ ու դողահար, նստած էր անշարժ, իսկ Կադրուսը մի ինչ-որ խնջույքի երգի բառերն էր թոթովում։
— Ինձ թվում է,— ասաց Դանգլարը Ֆերնանին,— այդ հարսանիքը բոլորին չէ, որ երջանկություն է խոստանում։
— Սա ինձ հուսահատություն է պատճառում,— պատասխանեց Ֆերնանը։
— Դուք սիրու՞մ եք Մերսեդեսին։
— Պաշտում եմ։
— Վաղո՞ւց։
— Այն օրից, ինչ իրար ճանաչում ենք։ Ամբողջ կյանքումս սիրել եմ նրան։
— Եվ դուք այստեղ նստել ու ձեր մազերն էք փետում, փոխանակ ձեր վշտին դարման գտնելու։ Գրո՜ղը տանի, ես կարծում էի, թե կատալանցիները այդպես չեն վարվում։
— Իսկ, ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեի,— հարցրեց Ֆերնանը։
— Ես ի՞նչ գիտեմ։ Մի՞թե դա իմ գործն է։ Չէ՞ որ, կարծեմ, ոչ թե ես եմ սիրահարված օրիորդ Մերսեդեսին, այլ դուք։ Փորձեք և գտեք, ասում է ավետարանը։
— Արդեն գտել էի։
— Իսկ ի՞նչ։
— Ուզում էի դաշունահարել նրան, բայց Մերսեդեսը ասաց, որ եթե նրան մի բան պատահի, ինքն իրեն կսպանի։
— Մի՛ հավատացեք, այդպիսի բաներ ասում են, բայց չեն անում։
— Դուք Մերսեդեսին չեք ճանաչում։ Եթե նա սպառնացել է, ապա ասածը կանի։
— Տխմա՜ր,— շշնջաց Դանգլարը,— թող ինքն իրեն սպանի, ի՜նձ ինչ, միայն թե Դանտեսը նավապետ չդառնա։
— Իսկ նախքան Մերսեդեսի մեռնելը,— շարունակեց Ֆերնանը անհող-դողդ վճռականությամբ,— ես կմեռնեմ։
— Ա՛յ քեզ սեր,— գոռաց Կադրուսը հարբածի ձայնով։— Ա՜յ, սերը սա է որ կա կամ ես ոչինչ չեմ հասկանում։
— Լսեք,— ասաց Դանգլարը,— Դուք, ինձ թվում է, լավ տղա եք, և ես կցանկանայի, գրո՜ղը ինձ տանի, ճար անել ձեր վշտին։ Բայց...
— Այո՛,— վրա տվեց Կադրուսը,— խոսիր։
— Սիրելիս,— ընդհատեց նրան Դանգլարը,— դու համարյա արդեն հարբած ես։ Խմիր ամբողջ շիշը և կատարելապես հարբած կլինես։ Խմիր և գործերին մի խառնվիր, մեր գործերի համար թարմ գլուխ է հարկավոր։
— Ե՞ս եմ հարբած,— գոռաց Կադրուսը։— Բա՜ն ասացիր։ Դեռ չորս այդպիսի շիշ էլ կխմեմ։ Ախր դրանք օծանելիքի սրվակներ են։ Պամֆիլ հայրիկ, գինի բեր։
Եվ Կադրուսը բաժակով թխկթխկացրեց սեղանը։
— Ուրեմն ասում եք, որ...— ասաց Ֆերնանը Դանգլարին՝ անհամբերությամբ սպասելով ընդհատված խոսքի վերջը լսելուն։
— Արդեն չեմ հիշում, թե ինչ էի ասում։ Այս հարբեցողը մտքիս թելը կտրեց։
— Է՛հ, թող հարբեցող լինեմ. ավելի վատ նրանց համար, ովքեր գինուց վախենում են։ Նրանք անշուշտ չար դիտավորություններ ունեն և վախենում են, որ գինին դրանք երևան կհանի։ Եվ Կադրուսը զլեց այն ժամանակ շատ տարածված մի երգ.
։։։։։Բոլոր չար մարդիկ ջուր խմողներ են, ։։։։։Ջրհեղեղով է դա ապացուցված...
— Դուք ասում էիք,— շարունակեց Ֆերնանը,— թե կցանկանայիք ճար անել իմ վշտին, «բայց», ավելացրիք դուք...
— Այո, բայց ձեր վշտին ճար անելու համար պետք է խանգարել ու չթողնել, որ Դանտեսն ամուսնանա ձեր սիրած աղջկա հետ։ Հարսանիքը, իմ կարծիքով, հեշտությամբ կարող է տեղի չունենալ և առանց Դանտեսի մահվան։
— Միայն մահը կարող է բաժանել նրանց,— ասաց Ֆերնանը։
— Դուք ոստրեի պես եք դատում, բարեկամս,— ընդհատեց Կադրուսը,— իսկ մեր Դանգլարը խելոք է, խորամանկ, ուսյալ և ձեզ կապացուցի, որ սխալվում եք։ Ապացուցիր, Դանգլար։ Ես քեզ համար երաշխավոր եղա։ Ապացուցիր, որ պետք չէ Դանտեսը մեռնի։ Բացի դրանից, ափսոս է, որ Դանտեսը մեռնի։ Նա լա՜վ տղա է, ես սիրում եմ Դանտեսին։ Քո կենացը, Դանտե՛ս։
Ֆերնանը վրդովված ձեռքը թափահարելով վեր կացավ սեղանից։
— Թող ինչ ուզում է ասի,— ասաց Դանգլարը, կանգնեցնելով կատալանցուն,— նա, թեպետև հարբած է, այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից։ Իրարից հեռու լինելը մարդկանց բաժանում է ոչ պակաս, քան մահը։ Պատկերաց-րեք, որ Դանտեսի և Մերսեդեսի միջև բարձրացել է բանտի պատը, և դա նրանց կբաժանի ճիշտ այնպես, ինչպես գերեզմանի քարը։
— Այո, բայց բանտից դուրս են գալիս,— ասաց Կադրուսը, որը լարելով գի-տակցության մնացորդը՝ ջանում էր խառնվել խոսակցությանը,— իսկ երբ մարդ դուրս է գալիս բանտից և երբ կոչվում է Էդմոն Դանտես, վրեժ է լուծում։
— Փո՜ւյթ չէ,— շշնջաց Ֆերնանը։
— Եվ, բացի դրանից,— նկատեց Կադրուսը,— ինչի՞ համար պետք է Դանտեսը բանտ նստի։ Գողություն չի արել, մարդ չի սպանել, մարդ չի մորթել...
— Լռի՜ր...— ընդհատեց նրան Դանգլարը։
— Չեմ ուզում լռել,— ասաց Կադրուսը։— Ուզում եմ ինձ ասեք, թե ինչի՞ համար պետք է Դանտեսը բանտ նստի։ Ես սիրում եմ Դանտեսին։ Կենացդ, Դանտես։
Եվ նա կոնծեց ևս մի բաժակ։
Դանգլարը նայեց դերձակի բոլորովին շշմած աչքերին և շրջվելով դեպի Ֆերնանը՝ ասաց.
— Հիմա հասկանո՞ւմ եք, որ կարիք չկա նրան սպանելու։
— Իհարկե պետք չէ, եթե միայն, ինչպես դուք եք ասում, նրան նստեցնելու միջոց կա։ Բայց ինչպե՞ս գտնենք այդ միջոցը։
— Եթե լավ որոնենք, կգտնվի,— ասաց Դանգլարը։— Ասենք, ինչի՞ համար եմ ես խառնվում այդ գործին։ Չէ՞ որ դա ինձ չի վերաբերում։
— Ձեզ վերաբերում է թե ոչ,— գոչեց Ֆերնանը՝ բռնելով նրա ձեռքը,— ես գիտեմ, որ դուք պատճառ ունեք ատելու Դանտեսին։ Ով ինքն ատում է, հասկա-նում է ուրիշի ատելությունը։
— Ես պատճա՞ռ ունեմ ատելու Դանտեսին։ Ոչ մի պատճառ, հավատացնում եմ ձեզ։ Պարզապես, տեսա, որ դժբախտ եք, և ձեր վիշտը շարժեց կարեկցանքս, ուրիշ ոչինչ։ Բայց եթե կարծում եք, որ ես հիմա գործում եմ ինձ համար, ապա մնա՛ք բարով, սիրելի բարեկամ, ինքներդ ձեր գլխի ճարը տեսեք։
Դանգլարը ձևացրեց, թե ուզում է վեր կենալ։
— Ոչ, մնացեք,— ասաց Ֆերնանը՝ բռնելով նրան,— մի՞թե ինձ համար վերջ ի վերջո միևնույն չէ, ատո՞ւմ եք Դանտեսին, թե ոչ։ Ես ինքս ատում եմ նրան, և չեմ թաքցնում։ Գտեք միջոցը, և ես ամեն ինչ կանեմ։ Միայն թե մահը չլինի այդ միջոցը, որովհետև Մերսեդեսն ասաց, թե ինքը կմեռնի, եթե Դանտեսին սպանեն։
Կադրուսը, որ գլուխը կախել էր սեղանի վրա, տեղում շտկվեց և ծանրացած ու անմիտ հայացքով նայեց Ֆերնանին ու Դանգլարին։
— Սպանելո՜ւ են Դանտեսին,— ասաց նա։— Ո՞վ է ուզում սպանել Դանտեսին։ Ես չեմ ցանկանում, որ նրան սպանեն։ Նա իմ բարեկամն է. հենց այս առավոտ նա ինձ փող առաջարկեց, ինչպես որ ես եմ տվել նրան։ Ես չեմ ուզում, որ Դանտեսին սպանեն։
— Իսկ քեզ ո՞վ է ասում, թե ուզում են նրան սպանել, հիմա՛ր,— ընդհատեց նրան Դանգլարը։— Մենք հենց այնպես կատակ ենք անում։
— Խմիր նրա կենացը,— շարունակեց նա՝ լցնելով Կադրուսի բաժակը,— և մեզ հանգիստ թող։
— Այո՛, այո՛, Դանտեսի կենացը,— ասաց Կադրուսը՝ խմելով։— Նրա՛ կենացը... Նրա՛ կենացը... Ահա...
— Բայց... ի՞նչ միջոց... ի՞նչ միջոց,— հարցրեց Ֆերնանը։
— Ուրեմն դուք դեռ չե՞ք գտել միջոցը։
— Ոչ, չէ՞ որ դուք ինքներդ հանձն առաք...
— Ճշմարիտ է,— ասաց Դանգլարը։— Ֆրանսիացիներն իսպանացիների համեմատությամբ այն առավելությունն ունեն, որ իսպանացիները խորհում են, իսկ ֆրանսիացիները՝ հնարը գտնում։
— Դե՛հ, ուրեմն գտեք հնարը,— անհամբեր գոչեց Ֆերնանը։
— Սպասավո՛ր,— ձայն տվեց Դանգլարը։— Գրի՛չ, թանա՛ք և թո՛ւղթ։
— Գրիչ, թանաք և թո՞ւղթ,— քրթմնջաց Ֆերնանը։
— Այո՛։ Ես հաշվապահ եմ. գրիչը, թանաքն ու թուղթը իմ զենքերն են։ Առանց դրանց ոչինչ չեմ կարող անել։
— Գրի՛չ, թանա՛ք և թո՛ւղթ,— գոչեց իր հերթին Ֆերնանը։
— Ահա այն սեղանի վրա են,— ասաց գինետան սպասավորը՝ ձեռքով ցույց տալով։
— Ուրեմն բերեք այստեղ։
Սպասավորը վերցրեց գրիչը, թանաքն ու թուղթը և բերեց նրանց տաղավարը։
— Պատկերացրեք,— ասաց Կադրուսը՝ ձեռքը դնելով թղթի վրա,— որ ահա սրանով ավելի անվրեպ կարելի է սպանել մարդու, քան թե անտառի մի ծայ-րում նրան դարանակալելով։ Իզուր չէ, որ ես գրիչից, թանաքից ու թղթից ավելի եմ վախենում, քան սրից ու ատրճանակից։
— Այս խեղկատակը դեռ այնպես խմած չէ, ինչպես թվում է,— նկատեց Դանգլարը։— Գինի լցրեք նրա համար, Ֆերնան։
Ֆերնանը լցրեց Կադրուսի բաժակը, և սա իսկույն գինեմոլի պես ձեռքը վերցրեց թղթի վրայից և մեկնեց դեպի բաժակը։
Կատալանցին սպասեց, մինչև որ Կադրուսը, այդ նոր կոնծումից հաղթված, բաժակը դրեց կամ, ավելի ճիշտ, գցեց սեղանին։
— Ուրե՞մն,— ասաց կատալանցին՝ տեսնելով, որ Կադրուսի բանականության վերջին մնացորդները խեղդվեցին այդ բաժակի մեջ։
— Ուրեմն,— շարունակեց Դանգլարը,— եթե, օրինակի համար, մի այնպիսի նավարկությունից հետո, որ կատարել է Դանտեսը, մտնելով Նեապոլ և Էլբա կղզի, եթե մի այդպիսի նավարկությունից հետո մեկնումեկը թագավորական դատախազի առաջ նրան ամբաստանի, թե նա բոնապարտիստական գործակալ է...
— Ես կամբաստանեմ,— աշխուժով գոչեց կատալանցին։
— Այո, բայց դուք ստիպված կլինեք ստորագրել ամբաստանագիրը, ձեզ երես առ երես կկանգնեցնեն այն մարդու դեմ, ում ամբաստանել եք։ Ես, իհարկե, կհոգամ այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեղադրանքը հաստատելու համար, բայց Դանտեսը հավիտյան չի մնա բանտում, նա երբևէ դուրս կգա այնտեղից, և այն ժամանակ վայ նրան բանտ նստեցնողին։
— Ինձ էլ հենց այն է պետք, որ նա մտադրվի ինձ հետ կռվել։
— Իսկ Մերսեդե՞սը, Մերսեդեսը, որ կսկսի ատել ձեզ, եթե թեկուզ մատով դիպչեք իր սիրած Էդմոնին։
— Իրավ է,— ասաց Ֆերնանը։
— Ոչ, ոչ,— շարունակեց Դանգլարը,— քանի որ մարդ որոշում այդպիսի բան անել, ապա ավելի լավ է ուղղակի, այ այսպես, վերցնի գրիչը, թաթախի թանաքի մեջ և ձախ ձեռքով, որպեսզի ձեռագիրը չճանաչվի, գրի մի փոքրիկ ամբաստանագիր հետևյալ բովանդակությամբ։
Եվ Դանգլարը, իր սիրած օրինակը տալով, ձախ ձեռքով շեղ տառերով, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեին իր ձեռագրի հետ, գրեց հետևյալ փաս-տաթուղթը և տվեց Ֆերնանին, որը կարդաց կիսաձայն։
«Գահի և հավատի մի բարեկամ թագավորական դատախազին տեղեկացնում է, որ այսօր Իզմիրից ժամանած ու ճանապարհին Նեապոլ և Պորտո Ֆերայո մտած «Փարավոն» նավի նավապետի օգնական Էդմոն Դանտեսը Մյուրատից մի նամակ է տարել ուզուրպատորին[4], իսկ ուզուրպատորից էլ մի նամակ է բերել Փարիզի բոնապարտիստական կոմիտեին։
Եթե նա ձերբակալվելու լինի, նրա հանցանքը մերկացնող նամակը կգտնվի նրա մոտ կամ նրա հոր տանը, կամ «Փարավոնի» իր նավախցում։
— Ահավասիկ,— ասաց Դանգլարը,— սա բանի նման է, որովհետև այսօրինակ ամբաստանությունը ոչ մի կերպ չէր կարող ձեր դեմ շուռ գալ, և ամեն ինչ ինքնին առաջ կգնար։ Կմնար միայն ծալել նամակը և, ահա այսպես, վրան գրել. «Պարոն թագավորական դատախազին»։ Եվ ամեն ինչ կվերջանար։
Եվ Դանգլարը, ծիծաղելով, գրեց հասցեն։
— Այո, ամեն ինչ կվերջանար,— գոչեց Կադրուսը, որն իր գիտակցության վերջին մնացորդները ժողովելով՝ հետևում էր նամակի ընթերցումին և բնազդաբար զգում, թե որքան սոսկալի հետևանքներ կարող էր ունենալ այդպիսի ամբաստանությունը,— այո՛, ամեն ինչ կվերջանար, բայց դա ստորություն կլիներ։
Եվ նա ձեռքը պարզեց, որպեսզի նամակը վերցնի։
— Այդ իսկ պատճառով,— պատասխանեց Դանգլարը՝ նամակը հեռացնելով նրանից,— այն ամենը, ինչ որ ես ասում եմ և անում կատակ է միայն, և ես առաջինը խորապես կվշտանայի, եթե մեր ազնիվ Դանտեսին որևէ բան պատահեր։
Նա վերցրեց նամակը, ճմռթեց և նետեց տաղավարի մի անկյունը։
— Ա՜խ, լավ արիր,— ասաց Կադրուսը,— Դանտեսն իմ բարեկամն է, և ես չեմ ուզում, որ նրան վնասեն։
— Իսկ ո՞վ է ուզում նրան վնասել։ Պարզ է, որ ո՛չ ես, ո՛չ Ֆերնանը,— ասաց Դանգլարը՝ վեր կենալով և նայելով կատալանցուն, որ աչքի տակով նայում էր անկյունը նետված թղթին։
— Որ այդպես է,— շարունակեց Կադրուսը,— թող էլի գինի բերեն։ Ես ուզում եմ խմել Էդմոնի և չքնաղ Մերսեդեսի կենացը։
— Դու առանց այն էլ շատ ես խմել, գինեմո՛լ,— ասաց Դանգլարը,— և եթե էլի խմես՝ ստիպված կլինես այստեղ գիշերել, որովհետև չես կարողանա ոտքի վրա մնալ։
— Ե՞ս,— հարբածի պարծենկոտությամբ ասաց Կադրուսը՝ ոտքի կանգնելով։— Ե՞ս չեմ կարողանա ոտքի վրա մնալ։ Գրազ եմ գալիս որ կբարձրա-նամ Աքուլի զանգակատան գլուխը և նույնիսկ չեմ օրորվի։
— Շա՜տ լավ,— ընդհատեց Դանգլարը,— գրազ կգանք, միայն թե վաղը։ Իսկ այսօր ժամանակն է տուն գնալու։ Ձեռքդ տուր ինձ, և գնանք։
— Գնա՛նք,— պատասխանեց Կադրուսը,— բայց ձեռքիդ կարիքը չեմ զգում։ Իսկ դու գալի՞ս ես, Ֆերնան։ Մեզ հետ գալի՞ս ես Մարսել։
— Ոչ,— ասաց Ֆերնանը,— ես կգնամ տուն, Կատալանի։
— Իզուր, եկ միասին գնանք Մարսել, եկ գնանք։
— Ես Մարսելում գործ չունեմ, չեմ ուզում գնալ այնտեղ։
— Ինչ ասացի՞ր։ Չե՞ս ուզում... է՛հ, լավ, ինչպես կուզես։ Ամեն մարդ իր կամքի տերն է... Գնանք, Դանգլար, իսկ այս պարոնը թող գնա Կատալանի, եթե այդպես է ուզում։
Դանգլարը օգտվեց Կադրուսի զիջողամտությունից և նրան տարավ Մարսելի ճանապարհով, միայն թե Ֆերնանի համար ավելի կարճ ու հարմար ճանապարհ թողնելու նպատակով գնաց ոչ թե Ռիվ-Նեվ ծովափնյա փողոցի երկայնքով, այլ դեպի Սեն Վիկտոր դարպասը։ Կադրուսն օրորվելով, Դանգլարի թևից կախված, հետևում էր նրան։
Քսան քայլի չափ առաջանալուց հետո Դանգլարը դարձավ ու տեսավ, թե ինչպես Ֆերնանը նետվեց դեպի ճմռթված նամակը, վերցրեց և, տաղավարից դուրս թռչելով, վազեց դեպի քաղաք։
— Այս ի՞նչ է անում նա,— ասաց Կադրուսը։— Նա մեզ խաբեց, ասում էր, թե գնալու է Կատալանի, բայց ահա, քաղաք է գնում։
— Պարզապես աչքերդ շաղվում են,— ընդհատեց Դանգլարը,— նա գնում է ուղիղ դեպի հին հիվանդանոցը։
— Իրա՞վ,— ասաց Կադրուսը։— Իսկ ես կերդվեի, որ նա դեպի աջ թեքվեց... ճիշտ են ասում, որ գինին դավաճան է։
— Գործը կարծես թե տեղից շարժվում է,— ասաց Դանգլարը,— այժմ արդեն ինքն իրեն առաջ կգնա։
V. Նշանդրեքը
Մյուս օրն առավոտյան տաք ու պարզ եղանակ էր։ Արևը ծագեց պայծառ ու շողուն, և նրա առաջին ծիրանագույն ճառագայթները սուտակագույն էին դարձրել ալիքների փրփրադեզ կատարները։
Խնջույքը պատրաստված էր նույն այն «Ռեզերվի» երկրորդ հարկում, որի տաղավարին մենք արդեն ծանոթ ենք։ Դա մի մեծ սրահ էր, վեց լուսամուտով, որոնցից յուրաքանչյուրի գլխին (աստված գիտե թե ինչու) գրված էր Ֆրանսիայի խոշորագույն քաղաքներից մեկի անունը։
Այդ լուսամուտների երկայնքով ձգված էր մի սրահ, որը փայտաշեն էր, ինչպես և ամբողջ շենքը։
Թեև ճաշը նշանակված էր կեսօրին, սակայն արդեն ժամը տասնմեկից սկսած սրահում զբոսնում էին անհամբեր հյուրերը։ Նրանք «Փարավոնի» նավաստիներն էին ու Դանտեսին բարեկամ մի քանի զինվոր։ Բոլորն էլ ի պատիվ Դանտեսի ու Մերսեդեսի տոնական զգեստներ էին հագել։ Հյուրերի մեջ լուր էր տարածվել, թե հարսանյաց խնջույքն իրենց ներկայությամբ պատվելու են «Փարավոնի» տերերը, բայց դա այնպիսի պատիվ կլիներ Դանտեսի համար, որ ոչ ոք չէր ուզում հավատալ։
Սակայն Դանգլարը, գալով Կադրուսի հետ միասին, հաստատեց լուրը։ Առավոտյան նա ինքը տեսել էր պարոն Մորելին, և պարոն Մորելը նրան ասել էր, թե ճաշելու է «Ռեզերվում»։
Եվ իսկապես, մի քանի րոպե անց սրահ մտավ Մորելը։ Նավաստիները նրան դիմավորեցին բարեկամական ծափահարություններով նավատիրոջ ներկայությունը նրանց համար հաստատումն էր տարածված լուրի, թե Դանտեսը պետք է նավապետ նշանակվի։ Նրանք Դանտեսին շատ էին սի-րում, ուստի և շնորհակալություն է հայտնում իրենց տիրոջը, որ գոնե մի անգամ նրա ընտրությունը համընկել է իրենց ցանկությանը։ Նոր էր պարոն Մորելը ներս մտել, երբ հյուրերը միահամուռ որոշմամբ Դանգլարին ու Կադրուսին ուղարկեցին փեսայի մոտ՝ պատվիրելով նրան հայտնել նավատիրոջ գալուստը, որը համընդհանուր ուրախություն էր առաջացրել, և ապա ասել, որ շտապի։
Դանգլարն ու Կադրուսը վազեվազ ճանապարհ ընկան, բայց հազիվ էին մի հարյուր քայլ վազել, որ հանդիպեցին փեսացուին ու հարսին։
Չորս կատալանուհի՝ Մերսեդեսի ընկերուհիները, ուղեկցում էին հարսին։ Դանտեսը թևանցուկ էր արել նրան։ Հարսի կողքից լսում էր ծերունի Դանտեսը, իսկ հետևից՝ Ֆերնանը։ Դառը մի ժպիտ ծամածռել էր նրա շրթունքները։
Ո՛չ Մերսեդեսը, ո՛չ էլ Դանտեսը չէին նկատում այդ ժպիտը։ Նրանք այնքան երջանիկ էին, որ տեսնում էին միայն իրենց և մեկ անամպ երկինքը, որ կարծես օրհնում էր նրանց։
Դանգլարն ու Կադրուսը կատարեցին իրենց հանձնարարությունը, ապա, ամուր և բարեկամաբար սեղմելով Էդմոնի ձեռքը, գրավեցին իրենց տեղերը՝ Դանգլարը Ֆերնանի կողքին, իսկ Կադրուսը՝ ծերունի Դանտեսի, որն ընդհանուր ուշադրության առարկա էր։
Ծերունին հագել էր պողպատե երեսակած կոճակներով զարդարուն իր մետաքսյա կապան։ Նրա նիհար, բայց մկանուտ ոտքերը գեղեցկորեն երևում էին բամբակյա զոլավոր գուլպաների մեջ, որ անգլիական մաքսանենգ ապ-րանք լինելը նկատելի էր մի վերստ հեռվից։ Եռանկյունի գլխարկից կախված էր սպիտակ և կապույտ ժապավենների մի փունջ։ Նա հենվում էր մի ոլորուն ձեռնափայտի, գլուխը կեռված էր անտիկ գավազանի պես։ Մի խոսքով, նա ոչնչով չէր տարբերվում 1796 թվականի այն պճնամոլներից, որ շրջում էին Լյուքսեմբուրգյան և Տյուիլրիի դղյակների նորաբաց պարտեզներում։
Նրան, ինչպես մենք արդեն ասացինք, միացավ Կադրուսը, Կադրուսը, որին փառավոր ճաշի ակնկալությունը վերջնականապես հաշտեցրել էր Դանտեսի հետ, Կադրուսը, որի մտքում մնացել էր նախորդ օրը տեղի ունեցածի աղոտ հիշողությունը, ինչպես պատահում է այն ժամանակ, երբ արթնանալով մարդ հիշողության մեջ դեռ պահում է գիշերը տեսած երազի ստվերը։
Դանգլարը, Ֆերնանին մոտենալով, ուշադիր նայեց մերժված սիրահարին։ Քայլելով ապագա ամուսինների հետևից, բոլորովին մոռացված Մերսեդեսից, որը, երիտասարդական սիրով արբեցած, իր Էդմոնից բացի ոչինչ չէր տեսնում, Ֆերնանը մերթ գունատվում էր, մերթ կարմրում։ Նա մերթընդմերթ նայում էր դեպի Մարսելի կողմը և ամեն անգամ ակամա ցնցվում։ Նա կարծես սպասում կամ, համենայնդեպս, նախազգում էր մի ինչ-որ մեծ իրադարձություն։ Դանտեսը պարզ էր հագնված։ Առևտրական նավատորմում ծառայելու բերումով նա կրում էր զինվորական համազգեստի և քաղաքացիական հագուստի միջինը ներկայացնող համազգեստ, և ուրախությունից պայծառացած նրա դեմքը շատ գեղեցիկ էր։
Մերսեդեսը գեղեցիկ էր, կիպրոսցի կամ քիոսցի հելլենուհու պես սևաչյա ու մարջանաշուրթ։ Նա առաջանում էր ազատ ու արձակ քայլվածքով, ինչպես քայլում են առլեզուհիներն ու անդալուզուհիները։ Քաղաքացի աղջիկը թերևս կջանար իր ուրախությունը թաքցնել քողի կամ գոնե արտևա-նունքի թավշի ներքո, բայց Մերսեդեսը ժպտում էր ու նայում բոլոր շրջապատողներին, և նրա ժպիտն ու հայացքը ասում էին այնպես անկեղծաբար, ինչ-պես կասեին շրթունքները. «Եթե դուք ինձ բարեկամ եք, ապա ուրախացեք ինձ հետ միասին, որովհետև ես իսկապես որ շատ երջանիկ եմ»։
Երբ փեսացուն, հարսնացուն և նրանց ուղեկցողները մոտեցան «Ռեզերվին», պարոն Մորելն ընդառաջ եկավ նրանց՝ շրջապատված նավաս-տիներով ու զինվորներով, որոնց առաջ նա կրկնել էր Դանտեսին տված այն խոստումը, թե վերջինս նավապետ կնշանակվի հանգուցյալ Լեկլերի փոխարեն։ Տեսնելով պարոն Մորելին՝ Դանտեսը բաց թողեց Մերսեդեսի թևը և իր տեղը զիջեց նրան։ Նավատերն ու Մերսեդեսը, օրինակ տալով հյուրերին, սանդուղքով բարձրացան ճաշասրահը, և դեռ ուղիղ հինգ րոպե փայտյա աստիճանները ճռճռում էին հյուրերի ծանր քայլերի տակ։
— Հայրի՛կ,— ասաց Մերսեդեսը՝ կանգ առնելով սեղանի միջնամասում,— նստեք, խնդրում եմ, իմ աջ կողքին, իսկ ձախ կողքիս կնստեցնեմ նրան, ով ինձ համար եղբայր է եղել,— ավելացրեց նա գորովալից ձայնով, որը դաշույնի պես խոցեց Ֆերնանի սիրտը։
Նրա շրթունքները կապտեցին, և նկատելի էր, թե ինչպես թխագունած մաշկի տակ արյունը դեպի սիրտը հորդելով՝ ետ քաշվեց նրա երեսից։
Դանտեսն իր մոտ նստեցրեց պ-րն Մորելին ու Դանգլարին, առաջինին աջ, երկրորդին ձախ կողմը, ապա ձեռքի նշանով հյուրեր հրավիրեց նստել՝ ով ուր կկամենա։
Արդեն սեղանի շուրջը ճանապարհորդում էին կարմրագույն բուրա-վետ երշիկները, փայլուն մատուցարանների մեջ շարված ձվային խեցգետինները, վարդագույն խեցիներով խեցեմորթները, ծովաոզնիները, կլո-վիսները, որոնք հարավի գաստրոնոմների համար հաջողությամբ փոխարինում են հյուսիսային ոստրեներին, մի խոսքով, այն բոլոր ընտիր ու համեղ ուտելիքները, որ ալիքը դուրս է բերում ավազոտ ափը և որոնց երախտապարտ ձկնորսները «ծովի պտուղներ» ընդհանուր անունն են տալիս։
— Ինչպիսի՜ լռություն,— ասաց ծերունի Դանտեսը՝ կում-կում խմելով տոպազիոնի պես դեղին գինին, որ բերել ու Մերսեդեսի առջևն էր դրել ինքը՝ պանդոկապետը։— Ո՞վ կասի, թե այստեղ երեսուն մարդ կա, որոնք զվարճախոսելու առիթի են սպասում։
— Միշտ չէ, որ փեսացուն ուրախ է լինում,— նկատեց Կադրուսը։
— Այո,— վրա բերեց Էդմոնը,— ես չափազանց երջանիկ եմ, որպեսզի կարողանամ ուրախ լինել։ Եթե դուք այդ էիք ցանկանում ասել, հարևան, ապա միանգամայն իրավացի եք։ Ուրախությունը երբեմն տարօրինակ ներգործություն է ունենում, տխրության պես ճնշում է մարդու։
Դանգլարը նայեց Ֆերնանին, որի դեմքի վրա արտահայտվում էր նրա հոգու ամեն մի շարժումը։
— Լավ, վերջ տվեք։ Չլինի՞ թե դուք որևէ բանից վախենում եք հարցրեց նա։— Իսկ ինձ, ընդհակառակը, թվում է, որ ձեր բոլոր ցանկությունները կատարվում են։
— Հենց դա էլ ինձ վախեցնում է,— պատասխանեց Դանտեսը։— Ինձ թվում է, որ մարդը այսպիսի դյուրին երջանկության համար չի ստեղծված։ Երջանկությունը նման է հեքիաթային դղյակների, որոնց դարպասները վիշապներն են պահպանում։ Այդ դղյակներին տիրանալու համար հարկավոր է պայքարել, իսկ ես, ճիշտն ասած, չգիտեմ, ինչով եմ արժանացել Մերսեդեսի ամուսինը լինելու երջանկությանը։
— Ամուսինը...— ասաց Կադրուսը ծիծաղելով։— Դեռ ոչ, պարոն նավապետ. փորձիր ամուսնու դեր խաղալ, այնժամ կտեսնես, թե ինչպես կընդունեն քեզ։
Մերսեդեսը կարմրեց։
Ֆերնանը հանգիստ չուներ աթոռի վրա, ցնցվում էր ամենաաննշան աղմուկից և մի գլուխ սրբում քրտինքը, որ նրա ճակատին երևում էր ասես ամպրոպային անձրևի առաջին կաթիլներ։
— Դատարկ բաների պատճառով վիճելու կարիք չկա, հարևան,— պատասխանեց Էդմոնը Կադրուսին,— ճիշտ է, Մերսեդեսը դեռևս իմ կինը չէ...
Նա նայեց ժամացույցին։
— Բայց մեկևկես ժամ հետո կինս կլինի։
Բոլորն աղաղակեցին զարմանքից, բացի ծերունի Դանտեսից, որը բերանբաց ժպտաց, ցույց տալով իր դեռևս ամուր ատամները։ Մերսեդեսը ժպտաց, բայց այս անգամ չկարմրեց։ Ֆերնանը ջղաձգորեն բռնեց իր դանակի կոթը։
— Մեկ ժամ հետո,— ասաց Դանգլարը՝ նույնպես գույնը գցելով։— Ինչպե՞ս թե։
— Այո, բարեկամներս,— պատասխանեց Դանտեսը,— շնորհիվ այն օժանդակության, որ ցուցաբերեց պարոն Մորելը, որին ես հորիցս հետո պարտական եմ ավելի, քան աշխարհումս որևէ մեկին, բոլոր խոչընդոտները վերացած են։ Մենք դրամական մուծում կատարեցինք, որպեսզի զանց առնենք եկեղեցական ծեսը, և ժամը երկուսևկեսին Մարսելի քաղաքագլուխը մեզ սպասում է քաղաքապետարանում։ Իսկ քանի որ արդեն մեկից անց է քառորդ, ապա ես հազիվ թե շատ սխալված կլինեմ, եթե ասեմ, որ մեկ ժամ և երեսուն րոպե հետո Մերսեդեսը կկոչվի տիկին Դանտես։
Ֆերնանը փակեց աչքերը. հրեղեն մի մշուշ այրում էր նրա արտևանունքները։ Նա կռթնեց սեղանին, որպեսզի վայր չընկնի և, չնայած իր բոլոր ջանքերին, չկարողացավ զսպել հառաչանքը, որը խեղդվեց հյուրերի ուրախ ծիծաղի և բացականչությունների մեջ։
— Ա՛յ, դա բա՜ն է, ինչ կասեք,— ասաց ծերունի Դանտեսը։ — Դա կոչվում է ժամանակ չկորցնել։ Երեկ առավոտը եկավ, այսօր ժամը երեքին ամուսնացած է։
— Իսկ զանազան ձևականությունները,— անվճռականորեն մեջ ընկավ Դանգլարը,— պայմանագրությո՞ւնը, թղթե՞րը։
— Պայմանագրությո՞ւնը,— ասաց Դանտեսը ծիծաղելով։— Պայմանագ-րությունը պատրաստ է։ Մերսեդեսը ոչինչ չունի, ես նույնպես։ Մեր ամեն ինչն ընդհանուր է... Գրելու համար շատ ժամանակ պետք չէր և թանկ էլ չի նստում։
Այդ կատակն առաջացրեց քրքիջի մի նոր պոռթկում և ծափահարություններ։
— Կնշանակի, մենք ներկա ենք ոչ թե նշանդրեքի,— ասաց Դանգլարը,— այլ, պարզապես, հարսանիքի։
— Ո՛չ,— առարկեց Էդմոնը,— դուք ոչինչ չեք կորցնի, անհոգ եղեք։ Վաղն առավոտյան ես գնում եմ Փարիզ։ Չորս օր է պետք տեղ հասնելու, չորս օր վերադառնալու, մի օր էլ ինձ տրված հանձնարարությունը կատարելու համար, մարտի իննին այստեղ կլինեմ, իսկ տասին կկայանա իսկական խնջույքը։
Նոր խնջույքի հույսը կրկնապատկեր ընդհանուր ուրախությունը, այնպես որ ծերունի Դանտեսը, որ ճաշի սկզբում գանգատվում էր լռությունից, հիմա ընդհանուր աղմուկի մեջ իզուր ջանում էր առաջարկել ապագա ամուսինների երջանկության կենացը։
Դանտեսը կռահեց հոր մտադրությունը և նրան պատասխանեց մի գորովալից հայացքով։ Մերսեդեսը նայեց պատի ժամացույցին և Էդմոնին գլխով արեց։
Սեղանի շուրջը տիրում էր այն աղմկալից ու անբռնադատ ուրախությունը, որ շարունակ ուղեկցում է հասարակ մարդկանց ճաշը ավարտվե-լուն։ Ովքեր դժգոհ էին իրենց տեղերից, վեր կացան տեղից և նստեցին այլ, ավելի հաճելի զրուցակիցների մոտ։ Բոլորը խոսում էին միանգամից, ոչ ոք չէր պատասխանում հարցերին, յուրաքանչյուրը զբաղված էր իր մտքերով։
Դանգլարը գունատ էր գրեթե ինչպես Ֆերնանը։ Իսկ ինչ վերաբերում է վերջինիս, ապա նա հազիվ էր շնչում և նման էր հրեղեն լճի մեջ ընկղմված մեղավորի։ Նա առաջիններից մեկն էր, որ տեղից, վեր կացել և, ձայների ժխորի ու բաժակների զնգզնգոցի մեջ ականջը սրած, անցուդարձ էր անում սրահում։
Կադրուսը մոտեցավ Ֆերնանին, և հենց այդ պահին նրանց միացավ Դանգլարը, որից Ֆերնանը կարծես թե խուսափում էր։
— Ինչ որ ճիշտ է, ճիշտ է,— ասաց Կադրուսը, որի մեջ Էդմոնի սիրալիրությունն ու ծերունի Պամֆիլի ընտիր գինին խլացրել էին այն նախանձը, որ նրա հոգում ծնունդ էր առել Դանտեսի անսպասելի երջանկությունը տեսնելիս,— Դանտեսը լավ տղա է. նայում եմ, թե ինչպես նա նստած է իր հարսնացուի հետ, և մ տածում, որ լավ բան չէ լինի նրա գլխին խաղալ այն գարշելի խաղը, որ դուք երեկ որոճում էիք։
— Բայց չէ՞ որ դու տեսար, որ մենք դրան ընթացք չտվինք,— ասաց Դանգլարը։— Խեղճ Ֆերնանը այնպես հուսահատված էր, որ սկզբում մեղքս եկավ, բայց քանի որ նա հաշտվել է իր վշտի հետ նույնիսկ համաձայնել իր ախոյանի խաչեղբայրը դառնալ, էլ ասելի չունեմ։
Կադրուսը նայեց Ֆերնանին։ Սա գունատ էր մեռելի պես։
— Զոհողությունն ավելի մեծ է մանավանդ այն պատճառով, որ հարսնացուն իսկապես, որ գեղեցկուհի է,— շարունակեց Դանգլարը։- Գրողը տանի, իմ ապագա նավապետը երջանիկ մարդ է։ Երանի՜ թե գոնե մի օր ինձ Դանտես կոչեին։
— Գնա՞նք,— հնչեց Մերսեդեսի քնքուշ ձայնը։— Ահավասիկ արդեն ժամը երկուսն է զարկում, իսկ մեզ սպասում են երկուսից քառորդ անց։
— Այո՛, այո՛, գնանք,— ասաց Դանտեսը՝ արագ ոտքի կանգնելով։
— Գնանք,— ձայնակցեցին հյուրերը միասին։
Այդ իսկ պահին Դանգլարը, որ ակնդետ հետևում էր լուսամուտի գոգին նստած Ֆերնանին, նկատեց, որ նա հանկարծ սարսափած չռեց աչքերը, ցած թռավ, ապա նորից նստեց լուսամուտի գոգին։ Դրսից ինչ-որ անորոշ աղմուկ լսվեց։ Ծանր քայլերի թխկթխկոցը, անհասկանալի ձայները և զենքերի շաչյունը խլացրին հյուրերի ուրախ զրույցը, որին անմիջապես փոխարինեց մի տագնապալի լռություն։
Աղմուկը մոտենում էր։ Դուռը երեք անգամ թակեցին։ Հյուրերը զարմացած իրար երեսի էին նայում։
— Հանուն օրենքի,— լսվեց մի բարձր ձայն։ Ոչ ոք չպատասխանեց։
Իսկույն դուռը բացվեց, և մի ոստիկանական կոմիսար, շարֆագոտի կապած, չորս զինված զինվորի և մի կապրալի ուղեկցությամբ մտավ սրահ։
Տագնապին փոխարինեց սարսափը։
— Բանն ինչ է,— հարցրեց նավատերը՝ մոտենալով կոմիսարին, որի հետ ծանոթ էր։— Սա անշուշտ թյուրիմացություն է։
— Եթե թյուրիմացություն է, պարոն Մորել,— պատասխանեց կոմիսարը,— ապա կարող եք հավատացած լինել, որ շուտով կպարզվի, իսկ առայժմ ես ձերբակալության հրաման ունեմ, ու թեև ափսոսանքով եմ կատարում այդ պարտականությունը, այնուամենայնիվ, պարտավոր եմ կատարել։ Ձեզնից ո՞վ է, պարոնա՛յք, Էդմոն Դանտեսը։
Բոլորի հայացքներն ուղղվեցին Էդմոնին, որը խիստ հուզված, բայց արժանապատվությունը պահպանելով, առաջ եկավ ու ասաց.
— Ես եմ։ Ի՞նչ կցանկանայիք։
— Էդմոն Դանտես,— ասաց կոմիսարը,— հանուն օրենքի ձեզ ձերբակալում եմ։
— Ձերբակալո՞ւմ եք,— հարցրեց Դանտեսը՝ փոքր-ինչ գունատվելով։— Ինչի՞ համար եք ինձ ձերբակալում։
— Չգիտեմ, բայց առաջին հարցաքննությանն ամեն ինչ կիմանաք։
Մորելը հասկացավ, որ ոչինչ չի կարելի անել, շարֆագոտի կապած կոմիսարը մարդ չէ. նա օրենքի արձանն է, սառը, խուլ ու համր։
Բայց ծերունի Դանտեսը նետվեց դեպի կոմիսարը. կան բաներ, որ հոր կամ մոր սիրտը չի կարող հասկանալ։ Նա խնդրում էր, պաղատում։ Արցունքներն ու աղաչանքներն ապարդյուն եղան։ Սակայն ծերունու հուսահատությունն այնքան մեծ էր, որ ոստիկանը կարեկցանք զգաց։
— Հանգստացեք, պարո՛ն,— ասաց նա,— գուցե ձեր որդին չի կատարել որոշ կարանտինային կամ մաքսային հրամաններ, և երբ անհրաժեշտ բացատրությունները տա, ապա, հավանաբար, նրան իսկույն բաց կթողնեն։
— Այս ի՞նչ կնշանակի,— հոնքերը կիտելով հարցրեց Կադրուսը Դանգլարին, որը զարմացած էր ձևանում։
— Ես ի՞նչ գիտեմ,— պատասխանեց Դանգլարը։— Ես էլ քեզ պես նայում եմ, թե ինչ է կատարվում, ոչինչ չեմ հասկանում և զարմացած եմ։
Կադրուսն աչքերով փնտրեց Ֆերնանին, բայց սա անհետացել էր։
Այնժամ երեկվա ամբողջ տեսարանը նրա աչքի առաջ պատկերացավ զարհուրելի պարզությամբ. տեղի ունեցող ողբերգությունը կարծես ետ քաշեց այն ծածկոցը, որ երեկվա հարբածությունը գցել էր նրա հիշողության վրա։
— Արդյոք սա կատակի հետևանքը չէ՞, որի մասին դուք երեկ խոսում էիք,— ասաց նա խռպոտ ձայնով։— Այդ դեպքում վա՜յ նրան, ով այդ կատակն արել է, քանզի դրա մեջ ուրախ բան քիչ կա։
— Չէ, ի՜նչ ես ասում,— բացականչեց Դանգլարը։— Դու հո գիտես, որ ես թուղթը պատռեցի։
— Դու թուղթը չպատռեցիր,— ասաց Կադրուսը,— այլ նետեցիր անկյունը, և ուրիշ ոչինչ։
— Լռի՛ր, դու ոչինչ չես տեսել, դու հարբած էիր։
— Ո՞ւր է Ֆերնանը,— հարցրեց Կադրուսը։
— Ես ի՞նչ գիտեմ,— պատասխանեց Դանգլարը։— Երևի գնացել է իր գործին։ Բայց փոխանակ դատարկ բաներով զբաղվելու, ավելի լավ է գնանք օգնենք դժբախտ ծերունուն։
Այդ միջոցին Դանտեսը ժպիտը դեմքին, արդեն սեղմել էր իր բարեկամների ձեռքը և հանձնվել զինվորներին։
— Հանգիստ եղեք, սխալը կպարզվի, և հավանաբար ես նույնիսկ բանտի երես չեմ տեսնի,— ասաց նա։
— Օ՜, իհարկե, ես հավատացած եմ,— վրա բերեց Դանգլարը։
Դանտեսը ցած իջավ աստիճաններով։ Նրա առջևից քայլում էր կոմիսարը, կողքերից՝ զինվորները։ Դռան առաջ սպասում էր մի կառեթ, որի դռնակը բաց էր։ Դանտեսը նստեց, նրա հետ միասին նստեցին կոմիսարն ու երկու զինվորները։ Դռնակը շրխկոցով փակվեց, և կառեթը սլացավ դեպի Մարսել։
— Գնաս բարո՜վ, Դանտես, գնաս բարով, Էդմոն,— գոչեց Մերսեդեսը՝ դուրս վազելով։
Կալանավորը լսեց այդ վերջին ճիչը, որ հեկեկանքի պես դուրս էր պրծել նրա հարսնացուի ծվատված սրտից, նայեց կառեթի լուսամուտից, ձայն տվեց. «Ցտեսություն, Մերսեդես» և անհետացավ Սբ Նիկողայոսի ամրոցի հետևում։
— Սպասեք ինձ այստեղ,— ասաց նավատերը,— կնստեմ առաջին իսկ պատահած կառեթը, կգնամ Մարսել և լուր կբերեմ ձեզ։
— Գնացեք,— գոչեցին բոլորը միաձայն,— գնացեք և շուտ վերադարձեք։
Այդ երկուսի մեկնումից հետո մնացածների մեջ մի քանի րոպե մռայլ վհատություն էր տիրում։
Էդմոնի հայրն ու Մերսեդեսը երկար կանգնած էին մեկուսի, յուրաքանչյուրն իր վշտով տարված։ Ի վերջո նրանց հայացքներն իրար հանդիպեցին։ Երկուսն էլ զգացին, որ իրենք միևնույն հարվածի զարկված երկու զոհեր են և իրարու գիրկ ընկան։
Այդ ժամանակ Ֆերնանը վերադարձավ սրահ, մի բաժակ ջուր լցրեց, խմեց ու նստեց աթոռին։ Այնպես պատահեց, որ Մերսեդեսն էլ նստեց հարևան աթոռի վրա։
Ֆերնանը ակամա ետ քաշեց իր աթոռը։
— Դա նրա արածն է,— ասաց Կադրուսը Դանգլարին՝ աչքը չհեռացնելով կատալանցուց։
— Չեմ կարծում,— պատասխանեց Դանգլարը,— նա չափազանց հիմար է. համենայնդեպս, ո՛վ որ արել է՝ մեղքը նրա վզին։
— Դու մոռանում ես, թե ով խորհուրդ տվեց նրան,— ասաց Կադրուսը։
— Է՛հ,— պատասխանեց Դանգլարը,— մի՞թե մարդ պատասխանատու է քամուն տված իր ամեն մի խոսքի համար։
— Պետք է պատասխանատու լինի, երբ քամուն տված խոսքը ուրիշի գլուխն է մտնում։
Այդ միջոցին հյուրերը զանազան մեկնություններ էին տալիս Դանտեսի ձերբակալությանը։
— Իսկ դու, Դանգլար,— հարցրեց ինչ-որ մեկի ձայնը,— ի՞նչ ես մտածում այդ մասին։
— Ես մտածում եմ,— պատասխանեց Դանգլարը, թե արդյոք նա արգելված ապրանքներ չի՞ բերել։
— Բայց դուք, Դանգլար, որպես հաշվապահ պետք է այդ գիտենայիք։
— Այո, իհարկե, բայց հաշվապահը իմանում է միայն այն, ինչը նրան ներկայացնում են, ես գիտեմ, որ մենք բերում էինք միայն բամբակաթել, որ բեռներ ընդունեցինք Ալեքսանդրիայում Պաստրեից Իզմիրում՝ Պասկալից. էլ ուրիշ ոչինչ մի հարցնեք ինձ։
— Օ՜, հիմա եմ հիշում,— շշնջաց դժբախտ հայրը՝ կառչելով վերջին հույսից։— Երեկ նա ինձ ասաց, թե ինձ համար մի արկղ սուրճ և մի արկղ էլ ծխախոտ է բերել։
— Տեսնո՞ւմ եք,— ասաց Դանգլարը,— այդ է որ կա։ Մեր բացակայության միջոցին մաքսատան պաշտոնյաները նավը խուզարկել են և մաքսանենգ ապրանք գտել։
Մերսեդեսը դրան չհավատաց։ Երկար ժամանակ զսպված վիշտը դուրս հորդեց և նա սկսեց աղիողորմ հեկեկալ։
— Բա՛վ է, բա՛վ է, հուսանք,— ասաց ծերունին՝ ինքն էլ չիմանալով, թե ինչ է ասում։
— Հուսա՛նք,— կրկնեց Դանգլարը։
— Հուսանք,— ցանկացավ ասել Ֆերնանը, բայց բառերը լռվեցին նրա կո-կորդում, և միայն շրթունքները շարժվեցին անձայն։
— Պարոնա՛յք,— գոչեց հյուրերից մեկը, որ պահակում էր նախասրահում։— Պարոնայք, կառե՜թ։ Մորելն է։ Անշուշտ, մեզ լավ լուրեր է բերում։
Մերսեդեսն ու ծերունի հայրը վազեցին նավատիրոջն ընդառաջ։ Նրանք դռների մեջ հանդիպեցին իրար։ Մորելը սաստիկ գունատ էր։
— Ի՞նչ կասեք,— հարցրին բոլորը միաձայն։
— Բարեկամնե՛րս,— ասաց նավատերը՝ գլուխն օրորելով,— գործն ավելի լուրջ է, քան մենք կարծում ենք։
— Օ՜, պարոն Մորել,— գոչեց Մերսեդեսը,— նա անմեղ է։
— Ես համոզված եմ,— պատասխանեց Մորելը,— բայց նրան մեղադրում են...
— Ինչ բանում,— հարցրեց ծերունի Դանտեսը։
— Այն բանում, որ նա բոնապարտիստական գործակալ է։
Ընթերցողներից նրանք, ովքեր ապրել են այն ժամանակաշրջանում, որին վերաբերում է պատմությունս, կհիշեն, թե դա ինչպիսի սոսկալի մեղադրանք էր։
Մերսեդեսը ճչաց, իսկ ծերունին ընկավ աթոռի վրա։
— Այնուամենայնիվ,— շշնջաց Կադրուսը,— դուք ինձ խաբեցիք. Դանգլար, դուք ձեր խաղը խաղացել եք։
— Լռի՛ր, թշվառական,— գոռաց Դանգլարը, բռնելով նրա ձեռքը,— լռի՛ր, եթե կյանքդ թանկ է քեզ համար։ Քեզ ո՞վ ասաց, որ Դանտեսը մեղավոր չէ։ Մեր նավը գնաց Էլբա կղզին, Դանտեսը ափ իջավ և մի ամբողջ օր անցկացրեց Պորտո Ֆերայոյում։ Ի՞նչ կասես, եթե մոտը որևէ մերկացնող նամակ գտնեն։ Այն ժամանակ նրան պաշտպանողին կմեղադրեն համագործակցության մեջ։
Կադրուսը եսասիրությանը հատուկ բնազդով իսկույն հասկացավ այդ փաստարկների ամբողջ ծանրակշռությունը. Նա շվար հայացքով նայեց Դանգլարին և, մի քայլ առաջանալու փոխարեն, երկու քայլ ետ նետվեց։
— Թե որ այդպես է, սպասենք,— շշնջաց նա։
— Այո, սպասենք,— ասաց Դանգլարը,— Եթե նա մեղավոր չէ, կազատեն, իսկ եթե մեղավոր է, կարիք չկա, որ մի դավադիրի համար մարդ իրեն վտանգի ենթարկի։
— Որ այդպես է, գնանք, ես այլևս ուժ չունեմ այստեղ մնալու։
— Լավ ես ասում, գնանք,— ասաց Դանգլարը՝ ուրախանալով, որ հեռանալու համար ընկեր է գտել,— գնանք, և թող նրանք ինչ ուզում են անեն։
Բոլորը ցրվեցին։ Ֆերնանը, որ նորից Մերսեդեսի միակ նեցուկն էր մնացել, բռնեց նրա ձեռքը և տարավ Կատալանի։ Դանտեսի բարեկամներն էլ իրենց հերթին ուժասպառ ծերունուն տարան Մելյանի ծառուղում գտնվող նրա տունը։
Շուտով լուր տարածվեց քաղաքով մեկ, թե Դանտեսին ձերբակալել են որպես բոնապարտիստական գործակալի։
— Ո՞ւմ մտքով կանցներ, Դանգլար,— ասաց Մորելը՝ հասնելով իր հաշվապահի և Կադրուսի հետևից։ Նա շտապում էր քաղաք Դանտեսի մասին նո-րություններ իմանալու, հույսը դնելով թագավորական դատախազի օգնական պրն դը Վիլֆորի հետ ունեցած իր ծանոթության վրա։— Ո՞ւմ մտքով կանցներ։
— Ի՞նչ եք ասում, պարոն,— պատասխանեց Դանգլարը։— Չէ՞ որ ես ձեզ ասել եմ, որ Դանտեսը առանց մի պատճառի կանգ առավ Էլբա կղզու մոտ։ Այդ կանգառը ինձ կասկածելի թվաց։
— Իսկ ձեր կասկածների մասին մեկնումեկին ասե՞լ եք, բացի ինձնից։
— Ինչպես կարող էի,— ավելացրեց Դանգլարը կիսաձայն։— Ինքներդ էլ գիտեք, որ ձեր հորեղբոր՝ պարոն Պոլիկար Մորելի պատճառով, որը ծառայել է նրա օրոք և իր մտքերը չի թաքցնում, ձեզ վրա էլ են կասկածում, թե ցավում եք Նապոլեոնի համար... Ես հո չէի կարող վնասել Էդմոնին, ինչպես և ձեզ։ Կան բաներ, որ ստորադրյալը պարտավոր է հայտնել իր տիրոջը և խիստ գաղտնի պահել մնացած բոլորից։
— Իրավ է, Դանգլար, իրավ է, դուք լավ մարդ եք։ Ես էլ, փոխարենը, նախապես մտածել եմ ձեր մասին, թե ինչպես պետք է վարվեի ձեր նկատմամբ, եթե խեղճ Դանտեսը գրավեր «Փարավոնի» նավապետի պաշտոնը։
— Ինչպե՞ս թե։
— Այո, ես նախապես նրան հարցրի, թե ի՞նչ կարծիք ունի ձեր մասին և արդյոք համաձա՞յն է ձեզ թողնել առաջվա պաշտոնում։ Չգիտեմ ինչու, ինձ թվում էր, թե ձեր միջև մի տեսակ սառնություն կա։
— Եվ ի՞նչ պատասխանեց նա ձեզ։
— Թե եղել է մի դեպք, իսկ հատկապես ինչ դեպք` չասաց, որ ինքն ինչ-որ բանով մեղավոր է գտնվել ձեր առաջ, սակայն միշտ պատրաստ է վստահել այն մարդուն, ում վստահում է նավատերը։
— Կեղծավոր,— շշնջաց Դանգլարը։
— Խեղճ Դանտես,— ասաց Կադրուսը,— այնքան լավ մարդ էր։
— Այո, բայց առայժմ «Փարավոնը» մնում է առանց նավապետի,— ասաց Մորելը։
— Քանի որ ծով ենք դուրս գալու երեք ամսից ոչ շուտ,— ասաց Դանգլարը,— ապա կարելի է հուսալ, որ մինչ այդ Դանտեսին բաց կթողնեն։
— Իհարկե, բայց մինչ ա՞յդ։
— Իսկ մինչ այդ, պարոն Մորել, ես կամ ու կամ,— ասաց Դանգլարը։— Դուք հո գիտեք, որ ես կարողանում եմ նավը վարել հեռավոր նավարկության ձեր ուզած նավապետից ոչ վատ։ Ձեզ համար նույնիսկ ձեռնտու կլինի ինձ նշանակել, որովհետև երբ Էդմոնը դուրս գա բանտից, դուք պարտավոր չեք լինի ոչ ոքի հատուցելու։ Նա կգրավի իր տեղը, ես՝ իմը և ուրիշ ոչինչ։
— Շնորհակալ եմ, Դանգլար,— ասաց նավատերը,— դա իսկապես որ լավ ելք է։ Ուրեմն, ընդունեք հրամանատարությունը, ես ձեզ լիազորում եմ, և հետևեք բեռնաթափմանը, գործը չպետք է տուժի, ինչ դժբախտություն էլ որ պատահելու լինի առանձին մարդկանց։
— Անհոգ եղեք, պարոն Մորել։ Բայց արդյոք, հնարավոր չի լինի գոնե տեսակցության գնալ խեղճ Էդմոնին։
— Ես հիմա դա կիմանամ. կաշխատեմ տեսնել պարոն դը Վիլֆորին և կալանավորի մասին մի բարի խոսք ասել։ Գիտեմ, որ նա մոլի ռոյալիստ է ու թագավորական դատախազ, այնուամենայնիվ, մարդ է, ըստ որում, ոչ չար մարդ։
— Ոչ, չար մարդ չէ, բայց լսել եմ, որ փառամոլ է, իսկ դա գրեթե միևնույնն է։
— Մի խոսքով, կտեսնենք,— ասաց Մորելը հառաչելով։— Գնացեք նավը, ես շուտով կգամ։
Եվ նա քայլերն ուղղեց դեպի դատարանի շենքը։
— Տեսնո՞ւմ ես գործն ինչ ընթացք է ստանում,— ասաց Դանգլարը Կադրուսին։— Դեռ էլի՞ տրամադիր ես Դանտեսին պաշտպանել։
— Իհարկե ոչ, բայց, այնուամենայնիվ, սարսափելի է, որ կատակը կա-րողացավ այդպիսի հետևանքներ ունենալ։
— Ո՞վ արավ կատակը, ո՛չ ես, ո՛չ էլ դու, այլ Ֆերնանը։ Դու հո գիտես, որ ես թուղթը դեն նետեցի, նույնիսկ պատռեցի։
— Ո՛չ, ո՛չ,— բացականչեց Կադրուսը։— Ես, ինչպես հիմա, այդ ճմռթված թուղթը տեսնում եմ տաղավարի անկյունում ընկած և շատ կցանկանայի, որ լիներ տեսածս տեղում։
— Ի՞նչ կարող ենք անել։ Երևի Ֆերնանը վերցրել է, արտագրել կամ արտագրելու տվել, բայց գուցե և այդպիսի նեղություն էլ չի քաշել... Աստվա՜ծ իմ, չլինի թե հենց իմ գրած թուղթն է ուղարկել։ Լավ է, որ ձեռագիրս փոխեցի։
— Ուրեմն դու գիտեի՞ր, որ Դանտեսը դավադիր է։
— Ոչինչ չգիտեի։ Ես քեզ արդեն ասել եմ, որ ցանկանում էի կատակ անել, ուրիշ ոչինչ։ Ըստ երևույթին ես, արլեկինի պես, կատակելով՝ ճշմարտությունն եմ ասել։
— Միևնույն է,— շարունակեց Կադրուսը,— ես շատ բան կտայի, որպեսզի այդ ամենը պատահած չլիներ կամ գոնե խառնված չլինեի այդ գործին։ Կտեսնես, դա մեր գլխին դժբախտություն կբերի, Դանգլար։
— Եթե որևէ մեկի գլխին դժբախտություն պետք է բերի, ապա՝ միայն մեղավորի գլխին, իսկ իսկական մեղավորը Ֆերնանն է, ոչ թե մենք։ Մեզ ի՞նչ դժբախտություն կարող է պատահել։ Միայն հարկավոր է, որ մեր տեղը հան-գիստ նստենք, ոչ մի խոսք չասենք, և ամպրոպը կանցնի առանց որոտի։
— Ամե՛ն,— ասաց Կադրուսը՝ գլխով հրաժեշտի նշան անելով Դանգլարին և դիմեց դեպի Մելյանի ծառուղին՝ գլուխն օրորելով ու քթի տակ խոսելով, ինչպես անում են խիստ մտահոգ մարդիկ։
«Դեհ,— ասաց Դանգլարը,— գործն ընդունում է իմ նախատեսած ընթացքը. ահա ես նավապետ եմ. առայժմ ժամանակավորապես, իսկ եթե այդ տխմար Կադրուսը կարողանա լռել, ապա և՝ ընդմիշտ։ Մնում է միայն, որ արդարադատությունը Դանտեսին բաց չթողնի իր ճանկերից։ Բայց արդարադատությունը արդարադատություն է,— ժպտաց նա,— ես լիովին կարող եմ նրան ապավինել»։
Նա թռավ նավակի մեջ և պատվիրեց թիավարել դեպի «Փարավոնը», ուր նավատերը, ինչպես մենք հիշում ենք, ժամադրվել էր նրա հետ։
VI. Թագավորական դատախազի օգնականը
Միևնույն օրը, միևնույն ժամին Գրան Կուր փողոցում, Մեդուզաների շատրվանի դիմաց, ճարտարապետ Պյուժեի կառուցած արիստոկրատական տներից մեկում նույնպես նշանդրեքի հանդես էր։
Սակայն այդ տոնահանդեսի հերոսները հասարակ մարդիկ, նավաստիներ ու զինվորներ չէին, նրանք պատկանում էին Մարսելի բարձրաշխար-հիկ հասարակությանը։ Այդտեղ կային ծերունի բարձրաստիճան անձինք, որոնք պաշտոնաթող էին արվել ուզուրպատորի օրոք, զինվորականներ, որոնք ֆրանսիական բանակից փախել էին Կոնդեի բանակը. երիտասարդներ, որոնց ծնողները, դեռևս վստահ չլինելով նրանց անվտանգությանը, թեև չորս կամ հինգ զորահավաքի ժամանակ վճարել էին նրանց փոխարինողների գինը, նրանց դաստիարակել էին այն մարդուն ատելու ոգով, որին աքսորի հինգ տարիները պետք է դարձնեին նահատակ, իսկ Ռեստավրացիայի տասնհինգ տարիները՝ աստված։
Բոլորը նստած էին սեղանի շուրջը, և զրույցը բորբոքվում էր այն ժամանակի բոլոր կրքերով, առանձնապես մոլեգին ու կատաղի կրքերով, քանզի Ֆրանսիայի հարավում արդեն հինգ հարյուր տարի շարունակ քաղաքական թշնամությունը խորանում էր կրոնական թշնամությամբ։
Կայսրը, որ դարձել էր Էլբա կղզու թագավոր այն բանից հետո, երբ մի ամբողջ մայրցամաքի տիրակալ էր եղել և հիմա իշխում էր հինգ-վեց հազար հոգու վրա, այն բանից հետո, երբ հարյուր քսան միլիոն հպատակներ տասը լեզվով գոչում էին՝ «կեցցե Նապոլեոնը», ահա այդ կայսրը խնջույքի բոլոր մասնակիցներին թվում էր Ֆրանսիայի և գահի համար առմիշտ կորած մի մարդ։ Բարձրաստիճան անձինք մտաբերում էին նրա քաղաքական սխալները, զինվորականները դատողություններ էին անում Մոսկվայի ու Լայպցիգի մասին, կանայք՝ Ժոզեֆինայից նրա բաժանվելու մասին։ Այդ ռոյալիստական խառնամբոխին, որը ուրախանում էր ոչ թե մարդու անկման, այլ սկզբունքի ոչնչացման առիթով, թվում էր, թե իր համար նոր կյանք է սկսվում, թե ինքն արթնացել է մի մղձավանջային երազից։
Մի պարթև ծերունի, սրբ. Լյուդովիկոսի շքանշանը կրծքին, ոտքի կանգնեց և իր հյուրերին առաջարկեց խմել Լյուդովիկոս XVIII թագավորի կենացը։ Մարքիզ դը Սեն-Մերանն էր նա։ Հարթուելի աքսորականի և Ֆրանսիայի խաղաղարար թագավորի պատվին առաջարկված այդ կենացն ընդունվեց թնդալից բացականչություններով։ Ըստ անգլիացիների սովորության, բոլորը բարձրացրին բաժակները. կանայք պոկեցին իրենց գլխի ծաղկեփնջերը և նրանցով ծածկեցին սեղանը։ Այդ միահամուռ պոռթկումի մեջ կար պոեզիայի պես մի բան։
— Նրանք կխոստովանեին,— ասաց մարքիզուհի դը Սեն-Մերանը՝ չոր հայացքով, բարակ շուրթերով, արիստոկրատական շարժուձևեր ունեցող և, չնայած իր հիսուն տարեկան լինելուն, դեռևս գեղեցիկ մի կին,— նրանք՝ այդ բոլոր հեղափոխականները, որոնք մեզ վռնդել են, որոնց մենք հնարավորություն ենք տալիս հանգիստ կերպով չարիք նյութելու մեր դեմ մեր հնամենի դղյակներում, որ նրանք Տեռորի օրերին գնել էին մի կտոր հացով, նրանք կխոստովանեին, որ իսկական անձնազոհությունը մերն էր, քանզի մենք հավատարիմ էինք մնացել կործանվող միապետությանը, իսկ նրանք ընդհակառակը, ողջունում էին ծագող արևին և կարողություն դիզում, մինչդեռ մենք տնաքանդ էինք լինում։ Նրանք կխոստովանեին, որ մեր թագավորը իսկապես եղել է Լյուդովիկոս Սիրելին, իսկ նրանց ուզուրպատորը շարու-նակ մնաց Նապոլեոն Նզովյալ։ Այնպես չէ՞, դը Վիլֆոր։
— Ի՞նչ կհրամայեք, մարքիզուհի։ Ներեցեք, ես ձեզ չէի լսում։
— Երեխաներին հանգիստ թողեք, մարքիզուհի՛,— ասաց կենաց առաջարկած ծերունին,— այսօր նրանց նշանդրեքն է, և նրանք քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ չունեն։
— Ներեցեք, մայրի՛կ,— ասաց խարտիշահեր, թավշյա աչքերով մի դեռատի գեղեցիկ աղջիկ,— ես էի գրավել պարոն դը Վիլֆորի ուշադրությունը։ Պա-րոն դը Վիլֆոր, մայրս ցանկանում է ձեզ հետ խոսել։
— Պատրաստ եմ պատասխանելու մարքիզուհուն, եթե նա բարեհաճի կրկնել հարցը, որը ես չլսեցի,— ասաց պրն դը Վիլֆորը։
— Ես ներում եմ քեզ, Ռենե,— ասաց մարքիզուհին մի գորովալից ժպիտով, որ զարմանալի էր տեսնել այդ սառը դեմքի վրա. սակայն կնոջ սիրտն էլ հենց այնպես է ստեղծված, որ որքան էլ ենթարկված լինի նախապաշարումներին և էտիկետի պահանջներին, միշտ մնում է մի արգասավոր ու կենսալի անկյուն, ուր աստված զետեղում է մայրական սերը։— Ես ասում էի, Վիլֆո՛ր, որ բոնապարտիստները չունեն ո՛չ մեր հավատը, ո՛չ մեր նվիրվածությունը, ո՛չ մեր անձնվիրությունը։
— Տիկի՜ն, նրանք ունեն մի հատկություն, որ փոխարինում է մեր ունեցած բոլորին. ֆանատիզմն է դա։ Նապոլեոնը Արևմուտքի Մուհամմեդն է. ստոր ծագում ունեցող, բայց արտակարգ կերպով փառամոլ այդ բոլոր մարդկանց համար նա ոչ միայն օրենսդիր է և վեհապետ, այլև խորհրդանշան՝ հավասա-րության խորհրդանշան։
— Հավասարությո՜ւն,— գոչեց մարքիզուհին։— Նապոլեոնը հավասարության սիմվո՜լ։ Իսկ ի՞նչ է այդ դեպքում պարոն դը Ռոբեսպիերը։ Ինձ թվում է, որ դուք խլում եք նրա տեղը և տալիս կորսիկացուն։ Թվում է, թե մի ուզուր-պատորն էլ բավական էր։
— Ո՛չ, տիկին,— առարկեց Վիլֆորը,— ես յուրաքանչյուրին թողնում եմ իր պատվանդանի վրա. Ռոբեսպիերին՝ Լյուդովիկոս XV-ի հրապարակում, կառափնարանի վրա, Նապոլեոնին՝ Վանդոմի հրապարակում, իր հաղթասյան վրա։ Միայն թե մեկը մեզ բերեց մի այնպիսի հավասարություն, որ ստորացնում է, իսկ մյուսն՝ այնպիսի, որ բարձրացնում է. մեկը թագավորներին իջեցրեց մինչև կառափնարանը, մյուսը ժողովրդին բարձրացրեց մինչև գահի մակարդակը։ Դա, իհարկե, չի գալիս ժխտելու,— ավելացրեց Վիլֆորը ծիծաղելով,— թե երկուսն էլ գարշելի հեղափոխականներ են և թե տերմիդորի ինը և 1814 թվականի ապրիլի չորսը երկու երջանիկ օրեր են Ֆրանսիայի համար, օրեր, որ նույնպես պետք է տոնեն կարգուկանոնի ու միապետության կողմնակիցները։ Բայց դրանով է բացատրվում նաև, թե ինչու Նապոլեոնը, նույնիսկ ընկած լինելով, և հուսով եմ, առմիշտ ընկած, եռանդուն կողմնակիցներ ունի։ Հապա ի՞նչ կուզեիք, մարքիզուհի. Կրոմվելը Նապոլեոնի կեսը հազիվ կլիներ, բայց նույնիսկ նա ուներ կողմնակիցներ։
— Գիտե՞ք ինչ, Վիլֆոր, այդ ամենից հեղափոխության թունդ հոտ է փչում։ Բայց ես ձեզ ներում եմ. չէ որ չի կարելի ժիրոնդիստի որդի լինել և չպահպա-նել հեղափոխական հոտը։ Վիլֆորի դեմքը շառագունեց։
— Հայրս ժիրոնդիստ է եղել, ճիշտ է։ Բայց հայրս քվե չի տվել թագավորի մահվան համար։ Տեռորի օրերին նա ենթարկվել է հալածանքների, ինչպես և դուք, և քիչ էր մնացել, որ գլուխը դներ նույն այն կառափնարանի վրա, որի վրա գլորվեց ձեր հոր գլուխը։
— Այո,— պատասխանեց մարքիզուհին, որի դեմքի վրա այդ արյունոտ հիշողությունը ոչնչով չարտահայտվեց,— միայն թե նրա կառափնարան կբարձրանային ի սեր տրամագծորեն հակառակ սկզբունքների, և ահա ձեզ ապացույց. մեր ամբողջ ընտանիքը շարունակեց հավատարիմ մնալ արտաքսված Բուրբոններին, իսկ ձեր հայրը իսկույն ևեթ հարեց նոր կառավարությանը։ Քաղաքացի Նուարտիեն ժիրոնդիստ էր, իսկ կոմս Նուարտիեն դարձավ սենատոր։
— Մայրի՛կ,— ասաց Ռենեն,— դուք անշուշտ հիշում եք մեր պայմանը, այն է՝ երբեք չանդրադառնալ այդ մռայլ հիշողություններին։
— Տիկի՛ն,— ասաց Վիլֆորը,— ես միանում եմ օրիորդ դը Սեն-Մերանին և նրա հետ միասին խոնարհաբար ձեզ խնդրում մոռանալ անցյալը։ Ի՞նչ միտք ունի դատապարտել այն, ինչի առաջ նույնիսկ աստծո կամքն է անզոր։ Աստված ի վիճակի է փոխելու ապագան, անցյալի մեջ նա ոչինչ չի կարող փոխել։ Մենք կարող ենք, եթե հրաժարվել անցյալից, ապա գոնե նրա վրա քող գցել։ Ես, օրինակ, հրաժարվել եմ հորս ոչ միայն սկզբունքներից, այլև անունից։ Հայրս եղել է կամ թերևս, հիմա էլ է բոնապարտիստ և կոչվում է Նուարտիե։ Ես ռոյալիստ եմ և կոչվում եմ դը Վիլֆոր։ Թող հին կաղնու մեջ ցամաքեն հեղափոխական հյութերը. դուք նայեցեք միայն նրա ճյուղին, որ զատվել է նրանից ու չի կարող և, թերևս, չի էլ ուզում բոլորովին պոկվել։
— Կեցցե՛ք, Վիլֆոր,— բացականչեց մարքիզը,— կեցցե՛ք։ Լավ ասացիք։ Ես էլ շարունակ մարքիզուհուն համոզել եմ մոռանալ անցյալը, բայց հաջողու-թյուն չեմ ունեցել։ Հուսով եմ, որ դուք ավելի երջանիկ կլինեք։
— Լա՛վ,— ասաց մարքիզուհին,— մոռանանք անցյալը. ես ինքս էլ եմ ուզում։ Բայց փոխարենը Վիլֆորը պետք է ապագայում անդրդվելի լինի։ Մի՛ մոռացեք, Վիլֆոր, որ մենք ձեզ համար երաշխավոր ենք եղել նորին մեծու-թյան առաջ, որ նորին մեծությունը երաշխավորությամբ համաձայնեց մո-ռանալ (տիկինը մեկնեց նրան ձեռքը), ինչպես և ես մոռանում եմ ձեր խնդ-րանքով։ Բայց եթե ձեր ձեռքն ընկնի որևէ դավադիր, ապա հիշեցեք. ձեզ ավե-լի խիստ են հետևում, քանզի դուք պատկանում եք մի ընտանիքի, որն ինքը, թերևս, հարաբերություններ ունի դավադիրների հետ։
— Ավա՜ղ, տիկին,— պատասխանեց Վիլֆորը,— իմ պաշտոնը և մանա-վանդ այն ժամանակը, որ մենք ապրում ենք, ինձ պարտավորեցնում են խիստ լինել։ Եվ ես խիստ կլինեմ։ Արդեն մի քանի անգամ ինձ վիճակվել է մեղադրող լինել քաղաքական գործերով, և այդ տեսակետից ես ինձ ցույց եմ տվել։ Դժբախտաբար դա դեռևս վերջը չէ։
— Կարծո՞ւմ եք,— պատասխանեց մարքիզուհին։
— Ես վախենում եմ դրանից։ Էլբա կղզին չափազանց մոտ է Ֆրանսիային։ Նապոլեոնի ներկայությունը մեր ափերին, գրեթե մեր աչքի առաջ, սատարում է նրա կողմնակիցների հույսը։ Մարսելը լեցուն է կես ռոճիկով ապրող զինվորականներով։ Նրանք անդադար առիթ են որոնում ռոյալիստների հետ կռվի բռնվելու։ Այստեղից էլ, ահա, մենամարտերը բարձրաշխարհիկ անձանց միջև, իսկ հասարակ ժողովրդի մեջ՝ դանակակռիվը։
— Այո,— ասաց կոմս դը Սալվիեն՝ մարքիզ դը Սեն-Մերանի հին բարեկամը և կոմս դը Արտուայի սենեկապետը։— Բայց մի՞թե դուք չգիտեք, որ Սրբազան Դաշինքը ցանկանում է տեղափոխել նրան։
— Այո՛, այո՛, այդ մասին խոսում էին, երբ մենք մեկնում էինք Փարիզից։ Բայց ո՞ւր պիտի ուղարկեն նրան։
— Սուրբ Հեղինե՞։
— Սուրբ Հեղինե՞։ Ի՞նչ բան է դա,— հարցրեց մարքիզը։
— Կղզի է, երկու հազար կիլոմետր այստեղից հեռու, հասարակածի մյուս կողմը,— պատասխանեց կոմսը։
— Երանի՜ թե։ Վիլֆորն իրավացի է. խելագարություն է այդպիսի մի մարդու թողնել Կորսիկայի, Նեապոլի և Իտալիայի միջև, որոնցից առաջինում նա ծնվել է, երկրորդում դեռ թագավորում է իր փեսան, իսկ երրորդում նա ցանկանում էր թագավորություն ստեղծել իր որդու համար։
— Դժբախտաբար,— ասաց Վիլֆորը,— գոյություն ունեն 1814-ին կնքված պայմանագրերը, և Նապոլեոնին չի կարելի դիպչել առանց այդ պայմանագրերը խախտելու։
— Ուրեմն պետք է խախտել,— ասաց կոմս դը Սալվիեն։— Նա այնքան էլ փափկանկատ չէր, երբ հրամայեց գնդակահարել Էնգիենի տարաբախտ դուքսին։
— Սքանչելի՜ որոշում,— ասաց մարքիզուհին։— Սրբազան Դաշինքը Եվրոպան կազատի Նապոլեոնից, իսկ Վիլֆորը նրա կուսակիցներից կազատի Մարսելը։ Կամ թագավորը թագավորում է, կամ ոչ. եթե թագավորում է, նրա կառավարությունը պետք է լինի զորեղ, իսկ նրա կատարողները՝ անդրդվելի։ Միայն այդ կերպ կարելի է կանխել չարիքը։
— Դժբախտաբար, տիկի՛ն,— ասաց Վիլֆորը ժպտալով,— թագավորական դատախազի օգնականը չարիքը տեսնում է միայն այն ժամանակ, երբ այն արդեն տեղի է ունեցել։
— Ուրեմն նա պետք է այն ուղղի։
— Ես կարող էի ասել, տիկի՛ն, որ մենք չարիքներ չենք ուղղում, այլ վրեժ ենք լուծում նրա համար, և այդքանը միայն։
— Ա՜խ, պարոն դը Վիլֆոր,— ասաց դեռատի և գեղեցիկ մի աղջիկ՝ կոմս դը Սալվիեի դուստրը, օրիորդ դը Սեն-Մերանի ընկերուհին,— աշխատեք որևէ հետաքրքիր դատավարություն սարքել, քանի դեռ գտնվում եք Մարսելում։ Ես երբեք չեմ տեսել երդվյալների դատարանը, ասում են, շատ հետաքրքրական է։
— Այո, իսկապես շատ հետաքրքրական է,— պատասխանեց թագավո-րական դատախազի օգնականը։— Այն արդեն արհեստական ողբերգություն չէ, այլ իսկական դրամա, ոչ թե շինծու, այլ իսկական տառապանք։ Մարդը, որին դուք տեսնում եք, ներկայացումը վերջանալուց հետո ոչ թե գնում է տուն իր ընտանիքի հետ հանգիստ ընթրելու և անկողին մտնելու, որպեսզի վաղը վերստին ամեն ինչ սկսի սկզբից, այլ գնում է բանտ, ուր նրան սպասում է դահիճը։ Այնպես գրգռիչ զգայություններ փնտրող ներվային անձանց համար ավելի լավ տեսարան չի կարող լինել։ Անհո՛գ եղեք, եթե առիթ ներ-կայանա, չեմ հապաղի օգտվել նրանից։
— Նրա խոսքերից մենք սարսռում ենք... Իսկ ինքը ծիծաղում է,— ասաց Ռենեն գունատվելով։
— Հապա ի՞նչ կուզեիք։ Սա մենամարտ է... Ես արդեն հինգ թե վեց անգամ մահապատիժ եմ պահանջել քաղաքական ու այլ մեղադրյալների համար... Ո՞վ գիտե, թե հիմա խավարի մեջ քանի դաշույն է սրվում կամ նրանցից քանիսն արդեն ուղղված են իմ դեմ։
— Աստվա՜ծ իմ,— բացականչեց Ռենեն։— Մի՞թե լուրջ եք ասում, դը Վիլֆոր։
— Միանգամայն լուրջ,— պատասխանեց Վիլֆորը ժպտալով։— Եվ այդ հետաքրքրական դատավարություններից, որոնց կոմսուհին ծարավի է հետաքրքրասիրությունից, իսկ ես փառամոլությունից դրդված, ինձ սպառնացող վտանգն ավելի կսաստկանա։ Մի՞թե Նապոլեոնի զինվորները, որ սովոր են կուրորեն գնալ թշնամու վրա, մտածում գնդակն արձակելիս կամ սրով հարվածելիս։ Մի՞թե նրանց ձեռքը կդողա սպանել մի մարդու, որին համարում են իրենց անձնական թշնամին, երբ առանց փոքր-ինչ մտածելու սպանում են ռուսին, ավստրիացուն կամ հունգարացուն, որի երեսը երբեք չեն տեսել։ Բայց և այնպես, վտանգն անհրաժեշտ է, այլապես մեր արհեստն արդարացում չէր ունենա։ Ես ինքս խանդավառվում եմ, երբ մեղադրյալի աչքերի մեջ տեսնում եմ մոլեգնության բռնկումը։ Դա ինձ ուժ է տալիս։ Դա արդեն դատավճիռ չէ, այլ ճակատամարտ, ես կռվում եմ նրա հետ, նա պաշտպանվում է, ես հասցնում եմ նոր հարված, և ճակատամարտը վերջանում է, ինչպես ամեն մի ճակատամարտ, հաղթանակով կամ պարտությամբ։ Ահա թե ինչ կնշանակի հանդես գալ դատարանում։ Վտանգը հարուցում է պերճախոսություն։ Եթե իմ ճառից հետո մեղադրյալը ինձ ժպտում է, ապա ես պետք է մտածեմ, որ վատ եմ խոսել, որ իմ խոսքերը եղել են անգույն, թույլ, անարտահայտիչ։ Պատկերացրեք, թե ինչպիսի հպարտությամբ է լցվում մեղադրյալի հանցավորությանը համոզված դատախաղի հոգին, երբ նա տեսնում է, որ հանցագործը գույնը գցում է և գլուխը խոնարհում փաստարկների ծանրության և նրա պերճախոսության հարվածների տակ։ Խոնարհվում է հանցագործի գլուխը և ընկնում։
Ռենեն կամացուկ ճչաց։
— Ինչպե՜ս է խոսում,— նկատեց հյուրերից մեկը։
— Ահա հենց այդպիսի մարդիկ են պետք մեր ժամանակ,— ասաց մի ուրիշը։
— Վերջին դատավարության ժամանակ,— վրա բերեց երրորդը,— դուք հիասքանչ էիք, Վիլֆոր։ Հիշո՞ւմ եք այն սրիկային, որ մորթել էր իր հորը։ Դուք տառացիորեն սպանեցիք այդ հանցագործին, նախքան դահիճը ձեռք կտար նրան։
— Օ՜, հայրասպաններին ես չեմ մեղքանում։ Այդպիսի մարդկանց համար չկա բավականաչափ ծանր պատիժ,— ասաց Ռենեն։— Բայց դժբախտ քաղաքա-կան հանցագործները...
— Նրանք ավելի վատ են, Ռենե, քանզի թագավորը ժողովրդի հայրն է, իսկ թագավորին տապալել կամ սպանել ցանկանալը կնշանակի սպանել ցանկանալ երեսուներկու միլիոն մարդկանց հորը։
— Միևնույն է, պարոն դը Վիլֆոր,— ասաց Ռենեն։— Խոստացեք ինձ, որ ներողամիտ կլինեք այն մարդկանց նկատմամբ, ում համար ես ձեզ կխնդրեմ։
— Անհո՞գ եղեք,— պատասխանեց Վիլֆորը զմայլելի մի ժպիտով,— մենք միասին կգրենք մեղադրական եզրակացությունները։
— Սիրելիդ իմ,— ասաց մարքիզուհին,— զբաղվեք ձեր կոլիբրիներով[5], շնիկներով ու զգեստներով և ձեր ապագա ամուսնուն հնարավորություն տվեք իր գործն անելու։ Այսօր զենքը հանգստանում է, և հարգ ունի տոգան։ Այդ մասին մի իտալական իմաստուն խոսք կա։
— Cedant arma togae[6],— ասաց Վիլֆորը։
— Ես չհամարձակվեցի լատիներեն ասել,— պատասխանեց մարքիզուհին։
— Ինձ թվում է, որ ինձ համար ավելի հաճելի կլիներ, եթե դու բժիշկ լինեիք,— շարունակեց Ռենեն։— Պատժող հրեշտակը, թեկուզ հրեշտակ է, ինձ միշտ ահ է պատճառել։
— Իմ բարի Ռենե,— շշնջաց Վիլֆորը, մի գորովալից հայացք նետելով դեռատի աղջկա վրա։
— Պարոն դր Վիլֆորը,— ասաց մարքիզը,— կլինի մեր նահանգի բարոյական ու քաղաքական բժիշկը։ Հավատա ինձ, աղջիկս, դա պատվավոր դեր է։
— Եվ դա կօգնի մոռանալու այն դերը, որ խաղացել է նրա հայրը,— ավե-լացրեց անուղղելի մարքիզուհին։
— Տիկին,— պատասխանեց Վիլֆորը մի տխուր ժպիտով,— արդեն պատիվ եմ ունեցել ձեզ զեկուցելու, որ իմ հայրը, ինչպես համենայնդեպս հուսով եմ, հրաժարվել է իր հին մոլորություններից, որ նա դարձել է կրոնի ու բարե-կարգության ջերմեռանդ բարեկամ, ավելի լավ ռոյալիստ, քան ես, քանզի նա ռոյալիստ է զղջումի բերումով, իսկ ես՝ կրքի։
Եվ Վիլֆորը մի հայացք նետեց ներկաների վրա, ինչպես անում էր դատարանում որևէ հոյակապ ճառից հետո՝ ստուգելով իր պերճախոսության ազդեցությունը հասարակության վրա։
— Ճիշտ է, Վիլֆոր,— ասաց կոմս դր Սալվիեն,— ես անցյալ օրը Տյուիլրիում նույն այդ խոսքերն ասացի արքունական մինիստրին, որը զարմանք էր ար-տահայտում մի ժիրոնդիստի որդու և Կոնդեի բանակում ծառայող մի սպայի դստեր ամուսնության առթիվ, և մինիստրն ինձ շատ լավ հասկացավ։ Թագավորն ինքը հովանավորում է միավորման այդ միջոցը։ Մեր մտքով իսկ չէր անցնում, թե նա մեզ լսում է, և հանկարծ խառնվեց մեր զրույցին ու ասաց. «Վիլֆորը (ուշադրություն դարձրեք, նա չասաց Նուարտիեն, այլ ընդգծեց Վիլֆոր անունը)։ Վիլֆորը,— ասաց թագավորը,— հեռու կգնա։ Նա արդեն լիովին կազմակերպված երիտասարդ է և իմ աշխարհին է պատկանում։ Ես գո-հունակությամբ իմացա, որ Սեն-Մերան մարքիզն ու մարքիզուհին իրենց աղջկան կնության են տալիս նրան, և ես ինքս նրանց խորհուրդ կտայի գլուխ բերել այդ ամուսնությունը, եթե նրանք իրենք առաջինը եկած չլինեին ինձնից թույլտվություն խնդրելու»։
— Թագավո՞րն է այդ ասել, կոմս,— գոչեց խանդավառված Վիլֆորը։
— Ես ձեզ հաղորդում եմ նրա սեփական խոսքերը։ Եվ եթե մարքիզը ցանկանա անկեղծ լինել, ապա կխոստովանի, որ նույն այդ խոսքերը թագավորն ասաց հենց նրան, երբ նա կես տարի առաջ թագավորին հայտնեց, թե մտա-դիր է իր աղջկան ձեզ կնության տալ։
— Ճիշտ է,— հաստատեց մարքիզը։
— Ուրեմն, ես ամեն ինչի համար պարտական եմ թագավորին։ Ինչեր չեմ անի նրան ծառայելու համար։
— Որպես այդպիսին դուք ինձ դուր եք գալիս,— ասաց մարքիզուհին,— դե հիմա խնդրեմ, թող դավադիր հանդես գա։
— Իսկ ես, մայրիկ,— ասաց Ռենեն,— աստծուն աղոթում եմ, որ ձեզ չլսի և որ նա պարոն դը Վիլֆորին ուղարկի միայն մանր գողեր, անօգնական սնանկացածներ ու երկչոտ խաբեբաներ։ Այն ժամանակ ես հանգիստ կքնեմ։
— Դա նույնն է, թե բժշկին ցանկանալ միայն գլխացավեր, պեպեններ, պիծակի խայթոցներ,— ասաց Վիլֆորը ծիծաղելով։— Եթե դուք ցանկանում եք, որ ես թագավորական դատախազ դառնամ, ապա, ընդհակառակը, ինձ ցանկացեք սարսափելի հիվանդություններ, որոնց բուժումը բժշկին պատիվ է բերում։
Այդ պահին, ասես թե բախտը հենց Վիլֆորի ցանկությանն էր սպասում, ներս մտավ սպասյակը և մի քանի խոսք ասաց նրա ականջին։
Վիլֆորը, ներողություն խնդրելով, վեր կացավ սեղանից և մի քանի րո-պե անց վերադարձավ գոհունակության ժպիտը շուրթերին։
Ռենեն իր փեսացուին նայեց հիացումով։ Նրա կապույտ աչքերը պայ-ծառ շողում էին փոքրիկ այտամորուքներով շրջանակված գունատ դեմքի վրա, այդ պահին նա իսկապես որ շատ գեղեցիկ էր։ Ռենեն անհամբեր սպասում էր, որ նա բացատրեր իր հանկարծակի հեռանալու պատճառը։
— Հենց նոր դուք ցանկություն հայտնեցիք, որ ձեր ամուսինը բժիշկ լիներ,— ասաց Վիլֆորը,— ահավասիկ իմ և էսկուլապի (դեռևս այդպես էին խոսում 1815 թվին) աշակերտների միջև որոշ նմանություն կա։ Ես իմ ժամանակի տերը չեմ։ Ինձ գտան նույնիսկ այստեղ, ձեր կողքին, մեր նշանադրության օրը։
— Իսկ ինչո՞ւ ձեզ դուրս կանչեցին,— հարցրեց մանկամարդ աղջիկը փոքր-ինչ անհանգստացած։
— Ավաղ, հիվանդի համար, որը եթե հավատալու լինենք լսածիս, շատ ծանր վիճակի մեջ է։ Դեպքը բավական լուրջ է, և հիվանդությունը կառափնարան է սպառնում։
— Աստված իմ,— ճչաց Ռենեն գունատվելով։
— Ինչ եք ասո՜ւմ,— բացականչեցին հյուրերը միաբերան։
— Ըստ երևույթին, խոսքը վերաբերում է ոչ ավելի և ոչ պակաս քան մի բոնապարտիստական դավադրության։
— Մի՞թե,— գոչեց մարքիզուհին։
— Ահա թե ինչ է ասված ամբաստանագրի մեջ։
Եվ Վիլֆորը կարդաց.
«Գահի և հավատի մի բարեկամ պարոն թագավորական դատախազին տեղեկացնում է, որ այսօր Իզմիրից ժամանած և ճանապարհին Նեապոլ և Պորտո Ֆերայո մտած «Փարավոն» նավի նավապետի օգնական Էդմոն Դանտեսը Մյուրատից նամակ է տարել ուզուրպատորին, իսկ ուզուրպա-տորից էլ նամակ է բերել Փարիզի բոնապարտիստական կոմիտեին։
Եթե նա ձերբակալվելու լինի, նրա հանցանքը մերկացնող նամակը կգտնվի նրա մոտ կամ նրա հոր տանը, կամ «Փարավոնի վրա՝ նրա նավախցում»։
— Սպասեցեք,— ասաց Ռենեն,— այս նամակը ստորագրված և հասցեագրված է ոչ թե ձեզ, այլ թագավորական դատախազին։
— Այո, բայց թագավորական դատախազը բացակայում է։ Նամակը հանձնել են նրա քարտուղարին, որին հանձնարարված է բացել ստացված նա-մակները։ Նա բացել է այդ նամակը, մարդ է ուղարկել ինձ կանչելու և ինձ տանը չգտնելով՝ ինքը ձերբակալելու հրաման է արձակել։
— Ուրեմն մեղավորը ձերբակալվա՞ծ է,— հարցրեց մարքիզուհին։
— Այսինքն՝ մեղադրյալը,— ուղղեց Ռենեն։
— Այո, ձերբակալված է,— պատասխանեց Վիլֆորը,— և, իսկապես ես արդեն ասացի օրիորդ Ռենեին, եթե նրա մոտ գտնեն նամակը, ապա պացիենտիս հիվանդությունը վտանգավոր է։
— Իսկ որտե՞ղ է այդ դժբախտը,— հարցրեց Ռենեն։
— Սպասում է իմ գրասենյակում։
— Գնացեք, բարեկամս,— ասաց մարքիզը,— զանց մի առեք ձեր պարտականությունները։ Թագավորական ծառայությունը պահանջում է ձեր անձնական ներկայությունը, ուրեմն գնացեք, ուր կանչում է թագավորական ծառայությունը։
— Ախ, պարոն դը Վիլֆոր,— բացականչեց Ռենեն՝ աղերսագին ծալելով ձեռքերը։— Ներողամիտ եղեք, այսօր մեր նշանադրության օրն է։
Վիլֆորը շրջան գործեց սեղանի շուրջը և, հենվելով այն աթոռի թիկ-նակին, որի վրա նստած էր իր հարսնացուն, ասաց.
— Ի սեր ձեր հանգստության՝ խոստանում եմ անել, ինչ որ կարելի է։ Բայց եթե փաստարկներն անվիճելի են, եթե մեղադրանքն իրավացի է, հարկ կլինի հնձել այդ բոնապարտիստական մոլախոտը։
Ռենեն ցնցվեց «հնձել» բառը լսելիս, քանզի այդ մոլախոտը գլուխ ուներ։
— Մի լսեք նրան, Վիլֆոր,— ասաց մարքիզուհին,— դա երեխայություն է։ Նա կընտելանա։
Եվ մարքիզուհին Վիլֆորին մեկնեց իր չորուկ ձեռքը, որը նա համբուրեց՝ նայելով Ռենեին։ Նրա աչքերն ասում էին. «Ես համբուրում եմ կամ, համենայնդեպս, կցանկանայի համբուրել ձեր ձեռքը»։
— Տխուր նախանշան,— շշնջաց Ռենեն։
— Վերջ տուր, Ռենե,— ասաց մարքիզուհին։— Դու ինձ համբերությունից հանում ես քո երեխայական արարմունքով։ Կցանկանայի իմանալ ի՞նչն է ավելի կարևոր, պետության բա՞խտը, թե քո զգայական քմահաճույքները։
— Ախ, մայրիկ,— հառաչեց Ռենեն։
— Մարքիզուհի, ներեցեք ձեր վատ ռոյալիստուհուն,— ասաց դը Վիլֆո-րը,— խոստանում եմ ձեզ, որ թագավորական դատախազի օգնականի պարտականությունը կկատարեմ ամենայն ջանասիրությամբ, այսինքն՝ կլինեմ անողոք։
Բայց մինչ դատախազի օգնականը մարքիզուհուն ասում էր այդ խոս-քերը, փեսացուն գաղտագողի նայում է հարսնացուին, և նրա հայացքն ասում էր. «Անհոգ եղեք, Ռենե, ձեր սիրույն ես ներողամիտ կլինեմ»։
Ռենեն նրան պատասխանեց մի գորովալից ժպիտով, և Վիլֆորը հե-ռացավ երանությամբ համակված։
VII. Հարցաքննությունը
Դուրս գալով ճաշասենյակից՝ Վիլֆորն իսկույն իր դեմքից վար առավ ուրախության դիմակը և ընդունեց այնպիսի մարդու հանդիսավոր տեսք, որի վրա դրված է իր մերձավորի բախտը վճռելու բարձր պարտականությունը։ Սակայն, չնայած իր դեմքի դյուրափոփոխությանը, մի հատկություն, որ նա վարպետ դերասանի պես ձեռք էր բերել հայելու առաջ, այս անգամ նրա համար դժվար եղավ հոնքերը կիտել ու ճակատը մռայլել։ Եվ հիրավի, եթե չհաշվենք հոր քաղաքական անցյալը, որ կարող էր վնասել նրա կարիերային, եթե ինքը վճռականորեն չսահմանազատվեր դրանից, Ժերար դր Վիլֆորն այդ պահին այնպես երջանիկ էր, ինչպես միայն մարդ կարող է լինել. ունենալով պատկառելի հարստություն, նա քսանյոթ տարեկան հասակում աչքի ընկնող պաշտոն էր գրավում դատական աշխարհում, փեսացուն էր մի դեռատի ու գեղեցիկ աղջկա, որին սիրում էր ոչ թե կրքի, այլ բանականության թելադրությամբ։ Օրիորդ դը Սեն-Մերանը, բացի գեղեցիկ լինելուց, պատկան ում էր մի ընտանիքի, որը մեծ շնորհ էր վայելում արքունիքում։
Բացի իր ծնողների այն կապերից, որ նրանք, այլ զավակներ չունենալով, կարող էին լիովին օգտագործել իրենց փեսայի ձգտումների իրականացման համար, հարսնացուն բերում էր նրան հիսուն հազար էկյու օժիտ, որին, նկատի առնելով սպասելիքը (ահավոր բառ, որ մոգոնել են խնամախոսուհիները) ժամանակին կարող էր ավելանալ կեսմիլիոնանոց մի ժառանգություն։ Այդ ամենը միասին վերցրած կազմում էր երջանկության այնքան շլացուցիչ մի հանրագումար, որ Վիլֆորը արևի վրա էլ բծեր էր գտնում, եթե մինչ այդ ներքին հայացքով երկար նայում էր իր հոգուն։
Դռան մոտ նրան սպասում էր ոստիկանական կոմիսարը։ Այդ մռայլ անձնավորության տեսքը նրան ստիպեց յոթերորդ երկնքից իջնել այս փուչ երկիրը, որի վրա մենք քայլում ենք։ Նա իր դեմքին տրվեց պատշաճ արտահայտություն և մոտեցավ ոստիկանին։
— Ես պատրաստ եմ,— ասաց նա։— Նամակը կարդացի, լավ եք արել, որ ձերբակալել եք այդ մարդուն։ Հիմա հայտնեցեք ինձ այն բոլոր տեղեկությունները, որ կարողացել եք հավաքել նրա և դավադրության մասին։
— Դավադրության մասին մենք դեռ ոչինչ չգիտենք, նրա մոտ հայտնա-բերված բոլոր թղթերը կնքված են մի ծրարի մեջ և գտնվում են ձեր սեղանի վրա։ Ինչ վերաբերում է իրեն՝ մեղադրյալին, նրա անունն է, ինչպես դուք բարեհաճել եք իմանալ ամբաստանագրից, Էդմոն Դանտես, որպես նավապետի օգնական ծառայում է «Փարավոն» եռակայմ նավի վրա, որը բամբակ է փոխադրում Ալեքսանդրիայից ու Իզմիրից և պատկանում է Մարսելի «Մորել և Որդի» առևտրական տանը։
— Մինչև առևտրական նավի վրա աշխատանքի անցնելը նա ծառայել է նավատորմում։
— Օ, ոչ, նա բոլորովին երիտասարդ է։
— Քանի՞ տարեկան։
— Տասնինը-քսան, ոչ ավելի։
Երբ Վիլֆորը Գրանրյու փողոցն անցնելով արդեն հասնում էր իր տանը, նրան մոտեցավ մի մարդ, որ ըստ երևույթին սպասում էր նրան։ Այդ մարդը պր-ն Մորելն էր։
— Պարոն դը Վիլֆոր,— գոչեց նա,— ինչ լավ է, որ ձեզ տեսա։ Պատկերացրեք, սարսափելի սխալ է կատարվել, ձերբակալել են իմ նավապետի օգնա-կանին, Էդմոն Դանտեսին։
— Գիտեմ,— պատասխանեց Վիլֆորը,— ես գնում եմ հենց նրան հարցաքննելու։
— Պարոն Վիլֆոր,— շարունակեց Մորելը եռանդագին,— դուք չեք ճանաչում մեղադրյալին, իսկ ես ճանաչում եմ։ Պատկերացրեք, ամենախաղաղ, ամենաազնիվ և, ես կասեի, ամբողջ առևտրական նավատորմում իր գործն ամենից լավ իմացող մարդուն... Պարոն դը Վիլֆոր, հոգաչափ խնդրում եմ, լավ աչքերով նայեք նրան։
Վիլֆորը, ինչպես մենք արդեն տեսանք, պատկանում էր արիստոկրատական լագերին, իսկ Մորելը՝ պլեբեյական. առաջինը ծայրահեղ ռոյալիստ էր, իսկ երկրորդին կասկածում էին գաղտնի բոնապարտիզմի մեջ։ Վիլֆորը արհամարհանքով նայեց Մորելին և սառնորեն ասաց.
— Դուք գիտեք, պարոն, որ կարելի է լինել խաղաղ՝ ընտանեկան շրջանում, ազնիվ՝ առևտրական հարաբերությունների մեջ, կարելի է գործը լավ իմանալ և, այնուամենայնիվ, հանցագործ լինել քաղաքական տեսակետից։
Վիլֆորը շեշտեց վերջին բառերը, կարծես թե ակնարկելով իրեն՝ Մորելին։ Նրա զննող հայացքը ջանում էր թափանցել այդ մարդու սրտի խորքը, մի մարդու, որ հանդգնում էր խնդրել ուրիշի համար, թեև չէր կարող չիմանալ, թե հենց ինքը ներողամտության կարիք է զգում...
Մորելը կարմրեց, քանզի նրա խիղճը այնքան էլ մաքուր չէր քաղաքական համոզմունքների տեսակետից, ըստ որում Դանտեսի հայտնած այն գաղտնիքը, թե ինչպես էր տեսակցել մարշալի հետ և կայսրն ինչ խոսքեր էր ասել իրեն, խռովում էր նրա միտքը։ Սակայն նա անկեղծ կարեկցանքով ասաց.
— Աղաչում եմ, պարոն Վիլֆոր, եղեք արդարադատ, ինչպես պարտ եք լինել, ու բարի, ինչպես միշտ եղել եք, և խեղճ Դանտեսին շուտ վերադարձրեք մեզ։
Թագավորական դատախազի օգնականին թվաց, թե այդ «վերադարձրեք մեզ» բառերի մեջ հեղափոխական հնչերանգ է լսում։
«Ահա՜ թե ինչ,— մտածեց նա։— «Վերադարձրեք մեզ»... Արդյոք այդ Դան-տեսը կարբոնարիների որևէ աղանդի չի՞ պատկանում, եթե նրա հովանավորն այսպես անզգուշաբար խոսում է հոգնակի թվով։ Հիշում եմ, կոմիսարն ասաց, թե նրան ձերբակալել են պանդոկում, այն էլ մի մեծ խմբի մեջ նստած ժամանակ։ Դա որևէ մասոնական գաղտնի հավաքատուն է»։
Ապա շարունակեց բարձրաձայն.
— Կարող եք միանգամայն հանգիստ լինել, պարո՛ն, և դուք իզուր չեք արդարություն խնդրում, եթե մեղադրյալը մեղավոր չէ. իսկ եթե, ընդհակառակը, մեղավոր է, ապա պետք է ասեմ, որ մենք ծանր ժամանակներում ենք ապրում, և անպատիժ թողնելը կարող է կործանարար օրինակ դառնալ։ Ուստի ես ստիպված պետք է լինեմ պարտքս կատարել։
Նա գլուխ տվեց սառն քաղաքավարությամբ և սիգապանծորեն մտավ իր տունը, որը դատարանի շենքին կից էր, իսկ խեղճ նավատերը քարացածի պես մնաց փողոցում կանգնած։
Նախասենյակը լցված էր ժանդարմներով ու ոստիկաններով։ Նրանց մեջտեղում, ատելավառ հայացքներով շրջապատված, հանգիստ ու անշարժ կանգնած էր կալանավորը։
Նախասենյակի միջով անցնելիս Վիլֆորը աչքի տակով նայեց Դանտեսին և, ոստիկաններից մեկի ձեռքից մի թղթածրար վերցնելով, անհետացավ դռներից մեկի հետևում, ներս մտնելիս ասելով.
— Կալանավորին ներս բերեք։
Որքան էլ թռուցիկ եղած լիներ կալանավորի վրա Վիլֆորի նետած հայացքը, նա արդեն կարողացել էր գաղափար կազմել այն մարդու մասին, որին հարցաքննելու էր։ Դանտեսի լայն ու բաց ճակատի վրա նա նշմարել էր խելք, սևեռուն հայացքի և կիտած հոնքերի տակ՝ արիություն, արդարացիություն էր տեսել նրա հաստլիկ ու կիսաբաց շրթունքների վրա, որոնց տակից փայլում էին փղոսկրի պես սպիտակ ատամները։
Առաջին տպավորությունը բարենպաստ էր Դանտեսի համար։ Սակայն Վիլֆորը հաճախ լսել էր, թե քաղաքական իմաստությունը պահանջում է չենթարկվել առաջին պոռթկումին, քանզի դա միշտ սրտի ձայնն է լինում։ Եվ նա այդ կանոնին ենթարկեց նաև առաջին տպավորությունը, մոռանալով տպավորության և պոռթկումի տարբերությունը։
Նա խեղդեց այն բարի զգացմունքները, որ ջանում էին խուժել իր սիրտը՝ այնտեղից իրեն տիրելու համար, հայելու առաջ հանդիսավոր տեսք ընդունեց և, մռայլ ու ահարկու, նստեց իր գրասեղանի առջև։
Մի րոպե հետո ներս մտավ Դանտեսը։
Նա առաջվա պես գունատ էր, բայց և հանգիստ ու սիրալիր։ Անբռնազբոս քաղաքավարությամբ նա գլուխ տվեց իր դատավորին, ապա սկսեց աչքերով աթոռ որոնել, ասես թե գտնվում էր նավատեր Մորելի հյուրասենյակում։
Նա միայն այժմ նկատեց Վիլֆորի անկենդան հայացքը, մի հայացք, որ հատուկ է արդարադատության պահապաններին, որոնք չեն ցանկանում, որ որևէ մեկը կարդա իրենց մտքերը, և այդ պատճառով էլ իրենց աչքերն անթափանցելի ապակիներ են դարձնում։ Այդ հայացքը Դանտեսին զգալ տվեց, որ կանգնած է դատարանի առաջ։
— Ո՞վ եք դուք և ի՞նչ է ձեր անունը,— հարցրեց Վիլֆորը, աչքի անցկացնելով այն թղթերը, որ նրան հանձնել էին նախասենյակում։ Ընդամենը մի ժամվա մեջ գործը կարողացել էր մի ստվար տետր դառնալ. լրտեսության ախտն այդպես արագ է քայքայում մեղադրյալ կոչվածի դժբախտ մարմինը։
— Անունս է Էդմոն Դանտես,— հանգիստ ու հնչեղ ձայնով պատասխանեց պատանին,— «Մորել և Որդի» ձեռնարկությանը պատկանող «Փարավոն» նավի նավապետի օգնականն եմ։
— Քանի՞ տարեկան եք,— շարունակեց Վիլֆորը։
— Տասնինը,— պատասխանեց Դանտեսը։
— Ի՞նչ էիք անում, երբ ձեզ ձերբակալեցին։
— Բարեկամներիս հետ ճաշի էի նստած իմ նշանադրության առթիվ,— պատասխանեց Դանտեսը փոքր-ինչ դողացող ձայնով, այնքան որ տանջալից էր հակադրությունը նշանադրության ուրախ հանդեսի այդ րոպեին տեղի ունեցող արարողության, ինչպես և Վիլֆորի խոժոռած դեմքի ու Մերսեդեսի լուսաշող ու փոքրիկ երեսի միջև։
— Ձեր նշանադրությա՞ն առթիվ,— կրկնեց դատախազի օգնականը ակամա ցնցվելով։
— Այո, ես ամուսնանում եմ մի աղջկա հետ, որին արդեն երեք տարի է սիրում եմ։
Վիլֆորին, հակառակ նրա սովորական անդյուրազգացությանը, զարմանք պատճառեց այդ զուգադիպությունը, և պատանու հուզված ձայնը կարեկցանք շարժեց նրա հոգում։ Նա նույնպես սիրում էր իր հարսնացուին, նույնպես երջանիկ էր, և ահա խանգարել էին իր ուրախությունը, որպեսզի գար խորտակելու երջանկությունը մի մարդու, որն իր պես այնքան մոտ էր եղել երանությանը։
«Այսպիսի փիլիսոփայական զուգադրությունը,— մտածեց նա,— մեծ հա-ջողություն կունենա մարքիզուհի Սեն-Մերանի հյուրասենյակում»։ Եվ մինչ Դանտեսը սպասում էր հետագա հարցերին, նա իր մտքում այնպիսի անտիթեզեր էր որոնում, որոնցից հռետորները փայլուն ֆրազներ են կառուցում, որ ասվում են ծափեր շահելու համար և երբեմն իսկական պերճախոսության տեղ են ընդունվում։
Իր մտքի մեջ մի գեղեցիկ բաժակաճառ հորինելուց հետո Վիլֆորը ժպտաց ու դառնալով Դանտեսին՝ ասաց.
— Շարունակեք։
— Իսկ ի՞նչը շարունակեմ։
— Իրազեկ դարձրեք արդարադատությանը։
— Թող արդարադատությունն ինձ ասի, թե ինչի՞ մասին կուզեք իրազեկ դառնալ, և ես նրան կասեմ այն ամենը, ինչ գիտեմ։ Միայն թե,— ավելացրեց նա ժպտալով,— նախազգուշացնում եմ, որ քիչ բան գիտեմ։
— Դուք ծառայե՞լ եք ուզուրպատորի օրոք։
— Ինձ պետք է ընդունեին ռազմական նավատորմ, երբ նա գահից ընկավ։
— Ասում են, քաղաքական խիստ ծայրահեղ համոզմունքների տեր եք,— ասաց Վիլֆորը, որին ոչ ոք ոչինչ չէր ասել այդ մասին, բայց ինքը որոշեց, համենայնդեպս, այդ հարցը տալ որպես մեղադրանք։
— Իմ քաղաքական համոզմունքները... Ավա՜ղ, ամոթ է խոստովանել, ես երբեք չեմ ունեցել այն, ինչը կոչվում է քաղաքական համոզմունքներ։ Ես ընդամենը տասնինը տարեկան եմ, ինչպես արդեն պատիվ ունեցա ձեզ զեկուցելու։ Ես ոչինչ չգիտեմ, ոչ մի աչքի ընկնող դիրք գրավել չեմ կարող։ Այն ամենի համար, ինչ որ ես ինքս ինձնից ներկայացնում եմ և ինչ որ կարող եմ դառնալ, եթե ինձ տան փափագածս պաշտոնը, պարտական պիտի լինեմ միայն պարոն Մորելին։ Ուստի իմ բոլոր, և այն էլ ոչ թե քաղաքական, այլ անձնական համոզմունքները հանգում են երեք զգացմունքի, սիրում եմ հորս, հարգում պարոն Մորելին և պաշտում Մերսեդեսին։ Ահա, ողորմա՛ծ տեր, այն ամենը, որ կարող եմ հայտնել արդարադատությանը։ Ինչպես տեսնում եք, այդ ամենը նրա համար շատ քիչ է հետաքրքրական։
Մինչ Դանտեսը խոսում էր, Վիլֆորը նայում էր նրա ազնիվ, բաց դեմքին, և ակամա մտաբերեց Ռենեի խոսքերը, որը, առանց մեղադրյալին ճանաչելու, խնդրել էր ներողամիտ լինել նրա նկատմամբ։ Ընտելացած լինելով գործ ունենալ հանցագործության ու հանցագործների հետ, դատախազի օգնականը Դանտեսի ամեն մի խոսքի մեջ տեսնում էր նրա անմեղության նոր ապացույց։ Եվ իրոք, այդ պարզասիրտ, անկեղծ պատանին, գրեթե տղան, որը պերճախոս էր սրտի թելադրած այն պերճախոսությամբ, որ փնտրելիս երբեք չի գտնվում, որը սիրով էր լցված բոլորի նկատմամբ, քանզի երջանիկ էր, իսկ երջանկությունը նույնիսկ ամենաչար մարդկանց դարձնում է բարի, ահա այդ պատանին մինչև իսկ իր դատավորի վրա զեղում էր այն քնքշությունն ու բարությունը, որոնցով լեփ-լեցուն էր նրա հոգին։ Վիլֆորը նրա նկատմամբ խիստ էր ու դաժան, իսկ Էդմոնի հայացքի, ձայնի ու շարժումների մեջ չկար ոչինչ, բացի իրեն հարցաքննողի նկատմամբ տածած բարյա-ցակամությունից։
«Ե՜ս իմ հոգին,— մտածեց Վիլֆորը,— լավ տղա է, և հուսով եմ, որ ինձ համար դժվար չի լինել ու գոհացնել Ռենեին՝ կատարելով նրա առաջին խնդրանքը։ Դրա շնորհիվ նա բոլորի ներկայությամբ երախտագիտաբար կսեղմի ձեռքս, իսկ մի ծածուկ տեղ էլ կարժանանամ իր սիրավառ համբույրին»։
Այդ քաղցրիկ հույսից Վիլֆորի դեմքը պայծառացավ, և, երբ իր մտքերից կտրված նա հայացքը դարձրեց Դանտեսի վրա, ապա Դանտեսը, որ հետևում էր նրա դեմքի բոլոր փոփոխություններին, նույնպես ժպտաց.
— Դուք թշնամիներ ունե՞ք,— հարցրեց Վիլֆորը։
— Թշնամինե՞ր,— ասաց Դանտեսը։— Ես, բարեբախտաբար, այնքան ան-նշան մարդ եմ, որ չեմ կարողացել թշնամիներ վաստակել։ Գուցե ես մի քիչ տաքարյուն եմ, սակայն ստորադրյալներիս հետ գործ ունենալիս շարունակ ջանացել եմ ինձ զսպել։ Իմ հրամանատարության տակ տասը-տասներկու նավաստի կա. հարցրեք նրանց, ողորմած տեր, և նրանք կասեն, որ ինձ սիրում ու հարգում են ոչ թե հոր պես, ես դեռ շատ երիտասարդ եմ այդպիսին լինելու համար, այլ ավագ եղբոր պես։
— Եթե ոչ թշնամիներ, ապա թերևս, նախանձողներ ունեք։ Դուք ընդամենը տասնինը տարեկան եք, իսկ ձեզ նավապետ են նշանակում. դա բարձր պաշտոն է ձեր դիրքի համար։ Դուք ամուսնանում եք գեղեցիկ աղջկա հետ, որը ձեզ սիրում է, իսկ դա հազվադեպ երջանկություն է ամեն դիրքի մարդու համար։ Ահա և նախանձողներ ունենալու երկու պատճառ։
— Այո՛, իրավացի եք։ Դուք երևի ինձնից լավ եք ճանաչում մարդկանց. թերևս, հենց այդպես է։ Բայց եթե այդ նախանձողներն իմ ընկերներից են, ապա ես գերադասում եմ չիմանալ, թե ովքեր են, որպեսզի ստիպված չլինեմ նրանց ատել։
— Սխալվում եք։ Հարկավոր է, որ մարդ որքան կարելի է պարզ տեսնի իր շրջապատը։ Եվ, ճշմարիտն ասած, դուք ինձ այնքան արժանավոր երիտա-սարդ եք թվում, որ ձեզ համար մտադիր եմ զանց առնել արդարադատության սովորական կանոնները և ձեզ օգնել պարզելու ճշմարտությունը... Ահա այն ամբաստանագիրը, որ մեղադրանք է բարդում ձեզ վրա։ Գիրը ծանո՞թ է ձեզ։
Վիլֆորը գրպանից հանեց նամակը և մեկնեց Դանտեսին։ Դանտեսը նայեց, կարդաց նամակը, ճակատը խոժոռեց ու ասաց.
— Ոչ, այս ձեռագիրը չեմ ճանաչում։ Կեղծված է, բայց բավական վարժ է գրված։ Ինչևիցե, վարպետ ձեռք է գրել այս նամակը։ Ես շատ երջանիկ եմ,— ավելացրեց նա՝ երախտագիտությամբ նայելով Վիլֆորին,— որ գործ ունեմ ձեզ նման մարդու հետ, որովհետև իսկապես այդ նախանձողը իսկական թշնամի է։
Այդ խոսքերն ասելիս պատանու աչքերում փայլատակած շանթիս Վիլֆորը հասկացավ, թե որքան հոգեկան կորով կա թաքնված արտաքին հեզության ներքո։
— Իսկ հիմա,— ասաց Վիլֆորը,— պատասխանեք ինձ անկեղծորեն, ոչ ինչպես մեղադրվողը դատավորին, այլ ինչպես փորձանքի մեջ ընկած մարդը պատասխանում է իրեն կարեկցողին։ Ճշմարտություն կա՞ արդյոք այս անստորագիր ամբաստանագրի մեջ։
Եվ Վիլֆորը նողկանքով սեղանի վրա նետեց Դանտեսի վերադարձրած նամակը։
— Ամեն ինչ ճիշտ է, և միաժամանակ մի բառ անգամ ճիշտ չէ։ Իսկ իսկական ճշմարտությունն այս է, երդվում եմ Մերսեդեսի նկատմամբ տա-ծածս սիրով, երդվում եմ հորս արևով...
— Խոսեք,— ասաց Վիլֆորը։
Եվ իր մտքում ավելացրեց.
«Եթե Ռենեն կարողանար ինձ տեսնել, հուսով եմ, գոհ կմնար և ինձ դահիճ չէր անվանի»։
— Եվ այսպես, երբ մենք դուրս եկանք Նեապոլից, նավապետ Լեկլերը հիվանդացավ ջղատենդով։ Նավի վրա բժիշկ չկար, իսկ նա չէր ուզում ափին մոտենալ ու կանգ առնել, որովհետև շատ շտապում էր հասնել Էլբա կղզին, և այդ պատճառով նրա վիճակն այնքան վատացավ, որ երրորդ օրը, զգալով մոտալուտ մահը, նա ինձ իր մոտ կանչեց։
«Դանտես,— ասաց նա,— երդվեք ձեր պատվով, որ կկատարեք ինչ որ հանձնարարելու եմ ձեզ։ Չափազանց կարևոր գործ է դա»։ «Երդվում եմ, նավապետ»,— ասացի ես։
«Քանի որ մահիցս հետո որպես նավապետի օգնական դուք եք ստանձնելու հրամանատարությունը, ապա ուղղվեք դեպի Էլբա կղզին, կանգ առեք Պորտ Ֆերայոյում, գնացեք մարշալի մոտ և նրան հանձնեք այս նամակը։ Թերևս ձեզ այնտեղ մի ուրիշ նամակ կամ որևէ այլ հանձնարարություն տան։ Այդ հանձնարարությունը պետք է ինձ տրվեր, դուք, Դանտես, այն կկատարեք իմ փոխարեն, և դա կլինի ամբողջովին ձեր ծառայությունը»։
«Կկատարեմ, նավապետ, բայց գուցե այնքան հեշտ չլինի մարշալի մոտ գնալ»։
«Ահա մի մատանի, որ կխնդրեք հանձնել նրան,— ասաց նավապետը,— դա կվերացնի բոլոր արգելքները»։
Եվ այդ ասելով, նա ինձ տվեց մի մատանի։ Երկու ժամ հետո նավապետը գիտակցությունը կորցրեց, իսկ հաջորդ օրը վախճանվեց։
— Եվ ի՞նչ արեցիք դուք։
— Ինչ որ պարտավոր էի անել, ինչ որ կաներ յուրաքանչյուր ոք, եթե իմ տեղը լիներ։ Մեռնող մարդու խնդրանքը միշտ էլ նվիրական է, իսկ նավաստիներիս համար պետի խնդրանքը հրաման է, որը չի կարելի չկատարել։ Եվ այդպես, ես նավն ուղղեցի դեպի Էլբա և տեղ հասա մյուս օրը։ Բոլորին թողեցի նավի վրա և մենակ ափ իջա։ Ինչպես որ ենթադրել էի, այնտեղ չցանկացան թույլ տալ, որ ես մտնեմ մարշալի կացարանը։ Բայց ես նրան ուղարկեցի մատանին, որը պայմանական նշանի դեր պիտի կատարեր, և բոլոր դռները բացվեցին իմ առաջ։ Նա ընդունեց ինձ, հարցուփորձ արեց խեղճ Լեկլերի մահվան հանգամանքների մասին և, ինչպես վերջինս նախատեսել էր, ինձ մի նամակ տվեց, հրամայելով անձամբ հասցնել Փարիզ։ Ես խոստացա նամակը տեղ հասցնել, քանի որ դա մտնում էր իմ նավապետի վերջին կամքը կատարելու պարտականությանս մեջ։ Հասնելով այստեղ, կարգավորեցի նավի վրա եղած բոլոր գործերը և վազեցի հարսնացուիս մոտ, որն ինձ թվաց առաջվանից ավելի գեղեցիկ ու ավելի սիրելի։
Պարոն Մորելի շնորհիվ մենք հարթեցինք եկեղեցական բոլոր ձևականությունները, և ահա, ինչպես ձեզ արդեն ասացի, նստած էի ճաշի, պատրաստվում էի մի ժամ հետո ամուսնանալու և խորհում էի վաղն ևեթ գնալ Փարիզ, երբ հանկարծ ամբաստանագրի հիման վրա, որը դուք, ըստ երևույթին, հիմա ինձ պես արհամարհում եք, ինձ ձերբակալեցին։
— Այո, այո,— ասաց Վիլֆորը,— այդ ամենը ինձ ճշմարիտ է թվում, եթե դուք որևէ բանում մեղավոր եք, ապա միայն անզգուշության մեջ։ Ասենք, ձեր անզգուշությունն էլ արդարացվում է նավապետի տված հրամաններով։ Հանձնեք մեզ Էլբա կղզում ձեր ստացած նամակը, ազնիվ խոսք տվեք, որ կներկայանաք առաջին իսկ պահանջով, և վերադարձեք ձեր բարեկամների մոտ։
— Ուրեմն ես ազատ եմ,— բացականչեց Դանտեսն ուրախությունից ինքն իրեն կորցրած։
— Այո, միայն տվեք ձեր նամակը։
— Նամակը ձեզ մոտ պետք է լինի, քանի որ վերցրին մյուս թղթերիս հետ, և դրանցից մի քանիսը ևս տեսնում եմ այդ փաթեթի մեջ։
— Սպասեցեք,— ասաց Վիլֆորը Դանտեսին, որն արդեն գլխարկն ու ձեռնոցները վերցնելու վրա էր,— սպասեցեք։ Ո՞ւմ է հասցեագրված նամակը։
— Պարոն Նուարտիեին, փողոց Կոկ-Էրոն, Փարիզ։
Եթե կայծակ զարկեր Վիլֆորին, այդքան արագ ու անակնկալ չէր հարվածի նրան։ Նա ընկավ բազկաթոռին, որի վրայից վեր էր կացել Դանտեսից բռնագրավված թղթերի փաթեթը վերցնելու համար, և տենդորեն քրքրելով դրանք, հանեց ճակատագրական նամակը և նրա վրա հառեց անասելի սարսափով լի հայացքը։
— Պարոն Նուարտիեին, փողոց Կոկ-Էրոն, համար տասներեք,— շշնջաց նա էլ ավելի գունատվելով։
— Ճիշտ այդպես,— ասաց զարմացած Դանտեսը։— Մի՞թե ճանաչում եք նրան։
— Ոչ,— արագ պատասխանեց Վիլֆորը,— թագավորի հավատարիմ ծառան չի կարող ծանոթություն ունենալ դավադիրների հետ։
— Ուրեմն խոսքը վերաբերում է դավադրությա՞ն,— հարցրեց Դանտեսը, որն իրեն արդեն ազատ համարելուց հետո սկսեց զգալ, որ գործն այլ ընթացք էր ընդունում։— Համենայնդեպս, ես արդեն ձեզ ասացի, որ այդ նամակի բո-վանդակությանը ծանոթ չեմ եղել։
— Այո,— ասաց Վիլֆորը խուլ ձայնով,— բայց դուք գիտե՜ք մարդու անունը, ում հասցեագրված է նամակը։
— Նրան անձամբ հանձնելու համար ես պետք է գիտենայի նրա անունը։
— Եվ նամակը ոչ ոքի ցույց չե՞ք տվել,— հարցրեց Վիլֆորը՝ կարդալով նամակը և ավելի ու ավելի գունատվելով։
— Ոչ ոքի, պատվովս եմ երդվում։
— Ոչ ոք չգիտե՞ր, որ դուք Էլբա կղզուց նամակ էիք տանում պարոն Նուարտիեին։
— Ոչ ոք, բացի նամակն ինձ հանձնողից։
— Այդ էլ շատ է, չափազա՜նց շատ,— շշնջաց Վիլֆորը։
Նամակը կարդալու ընթացքում նրա դեմքն ավելի ու ավելի էր մռայլվում։ Նրա գունատ շրթունքները, դողացող ձեռքերը, փայլատակող աչքերը Դանտեսին ներշնչեցին վատթարագույն նախազգացումներ։
Նամակը մինչև վերջ կարդալուց հետո Վիլֆորը գլուխն առավ ձեռքերի մեջ ու անշարժացավ։ — Ի՞նչ պատահեց ձեզ, պարոն,— անհամարձակ հարցրեց Դանտեսը։
Վիլֆորը չպատասխանեց, ապա բարձրացրեց իր գունատ ու այլանդակված դեմքը և մի անգամ ևս կարդաց նամակը։
— Եվ դուք հավատացնում եք, թե նամակի բովանդակության մասին ոչինչ չգիտե՞ք,— ասաց Վիլֆորը։
— Կրկնում եմ և երդվում պատվովս, որ ոչինչ չգիտեմ։ Բայց ի՞նչ պա-տահեց ձեզ, վա՞տ եք զգում, կուզե՞ք զանգը հնչեցնեմ, մարդ կանչեմ։
— Ոչ,— ասաց Վիլֆորը՝ հապշտապ ոտքի կանգնելով,— կանգնեք ձեր տեղում և լռեք, այստեղ ես եմ հրամայողը, և ոչ թե դուք։
— Ներեցեք,— ասաց Դանտեսը վիրավորված,— ես միայն ցանկացա ձեզ օգնել։
— Ինձ բան պետք չէ։ Վայրկենական թուլություն էր և ուրիշ ոչինչ։ Ձեր մասին մտածեք, և ոչ թե իմ։ Պատասխանեք։
Դանտեսը հարցի էր սպասում, բայց իզուր։ Վիլֆորը փլվեց բազկաթոռի վրա, դողացող ձեռքով սրբեց երեսի քրտինքը և սկսեց երրորդ անգամ կարդալ նամակը։
— Եթե նա գիտե, թե ինչ է գրված այստեղ,— ինքն իրեն մրմնջաց Վիլֆորը,— եթե իմանա, որ Նուարտիեն Վիլֆորի հայրն է, ապա ես կորած եմ, ոտով-գլխով կորած։
Եվ նա մերթընդմերթ նայում էր Դանտեսին, կարծես իր հայացքները կարող էին թափանցել այն անտեսանելի պարիսպը, որը մարդուս սրտում պահպանում է այնպիսի գաղտնիքներ, որոնց մասին շուրթերը լռում են։
— Տարակույս չի կարող լինել,— գոչեց նա հանկարծ։
— Ի սեր աստծո,— ասաց դժբախտ պատանին,— եթե տարակուսում եք, եթե կասկած ունեք ինձ վրա, հարցաքննեք ինձ։ Ես պատրաստ եմ ձեզ պատասխանելու։
Վիլֆորն իր վրա ճիգ գործադրեց և այնպիսի մի ձայնով, որին ջանաց համոզվածություն հաղորդել, ասաց.
— Ձեր ցուցմունքների հետևանքով ձեզ վրա բարդվում են շատ ծանր մեղադրանքներ, ուստի ես ի վիճակի չեմ ձեզ անմիջապես ազատելու՝ ինչպես հույս ունեի անել։ Նախքան այդպիսի քայլի դիմելը, ես պետք է խորհրդակցեմ դատաքննիչի հետ։ Իսկ առայժմ դուք տեսաք, թե ինչպես վարվեցի ձեզ հետ։
— Օ՜, այո, և ես շնորհակալ եմ,— գոչեց Դանտեսը։— Դուք ինձ հետ վարվեցիք ոչ թե դատավորի, այլ բարեկամի պես։
— Դեհ ուրեմն, ես ձեզ կպահեմ մի որոշ ժամանակ ևս, հուսով եմ՝ ոչ երկար. ձեր դեմ ուղղված գլխավոր փաստարկն այս նամակն է, և տեսնում եք...
Վիլֆորը մոտեցավ բուխարիին, նամակը նետեց կրակի մեջ և սպասեց, մինչև որ թուղթն այրվեց։
— Տեսնո՞ւմ եք,— շարունակեց նա,— ես նամակը ոչնչացրի։
— Դուք ավելին եք, քան արդարադատությունը,— գոչեց Դանտեսը,— դուք կատարյալ գթասրտություն եք։
— Բայց լսեցեք,— շարունակեց Վիլֆորը,— այսպիսի մի արարքից հետո դուք, անշուշտ, պիտի հասկանաք, որ կարող եք ինձ վստահել։
— Հրամայեք, և ես կկատարեմ ձեր հրամանները։
— Ոչ,— ասաց Վիլֆորը՝ մոտենալով Դանտեսին,— ոչ, ես մտադիր չեմ ձեզ հրամայել, ես ցանկանում եմ միայն ձեզ խորհուրդ տալ, հասկանո՞ւմ եք։
— Ասացեք, և ես ձեր խորհուրդը կկատարեմ իբրև հրաման։
— Ես մինչև երեկո ձեզ կթողնեմ այստեղ, դատարանի շենքում։ Թերևս որևէ մեկը ձեզ հարցաքննելու լինի։ Ասացեք նրան այն ամենը, ինչ որ ինձ պատմեցիք, սակայն ոչ մի խոսք նամակի մասին։
— Խոստանում եմ, պարոն։
Այժմ կարծես Վիլֆորն էր աղաչում, իսկ մեղադրյալը հանգստացնում էր դատավորին։
— Հասկանո՞ւմ եք,— շարունակեց Վիլֆորը՝ նայելով մոխրին, որը տակավին պահպանում էր նամակի ձևը,— այժմ նամակը ոչնչացված է։ Միայն դուք և ես գիտենք, որ նա գոյություն է ունեցել։ Եթե ձեզ հետ խոսելու լինեն նրա մասին, ուրացե՛ք, ուրացե՛ք համարձակ կերպով, և դուք փրկված կլինեք։
— Կուրանամ, անհոգ եղեք,— ասաց Դանտեսը։
— Լա՛վ,— ասաց Վիլֆորը և ձեռքը դրեց զանգակի վրա, ապա փոքր-ինչ հապաղեց ու ասաց.— միայն ա՞յս նամակն էր ձեզ մոտ։
— Միայն այս։
— Երդվե՛ք։
Դանտեսը բարձրացրեց ձեռքը։
— Երդվում եմ,— ասաց նա։
Վիլֆորը հնչեցրեց զանգակը։
Ներս մտավ ոստիկանական կոմիսարը։
Վիլֆորը նրա ականջին մի քանի խոսք ասաց, իսկ կոմիսարը գլխով արեց։
— Հետևեք կոմիսարին,— ասաց Վիլֆորը Դանտեսին։
Դանտեսը գլուխ տվեց, մի անգամ ևս երախտագիտությամբ լի հայացքով նայեց Վիլֆորին և դուրս եկավ։
Հազիվ էր դուռը փակվել, որ ուժերը դավաճանեցին Վիլֆորին, և նա գրեթե անզգա ընկավ բազկաթոռի վրա։
Մի րոպե հետո նա ինքն իրեն շշնջում էր.
— Տե՜ր իմ աստված, ինչի՜ց է երբեմն կախված լինում մարդուս կյանքն ու բախտը... Եթե թագավորական դատախազը Մարսելում լիներ, եթե իմ փոխարեն կանչեին քննիչին, ես կորած էի... Եվ այդ նամակը, այդ նզովյալ նամակը ինձ պիտի անդունդը նետեր... Ախ, հա՜յր իմ, հա՜յր իմ, մի՞թե այս աշխարհում շարունակ պիտի խանգարես իմ բախտավորությանը։ Մի՞թե հավի-տյան պիտի պայքարեմ քո անցյալի դեմ։ Բայց հանկարծ կարծես ելքը գտավ. ծամածռված շրթունքների վրա ժպիտ երևաց, թափառիկ հայացքը կենտրոնացավ ու կարծես կանգ առավ ինչ-որ մտքի վրա։
— Այո՛, այո՛,— գոչեց նա,— այդ նամակը, որ պետք է ինձ կործաներ, կարող է դառնալ իմ երջանկության աղբյուրը... Դե՛հ, Վիլֆոր, գործի անցիր։
Եվ, հավաստիանալով, որ կալանավորն արդեն միջանցքում չէ, թագավորական դատախազի օգնականը նույնպես դուրս եկավ և արագ քայլերով դիմեց դեպի իր հարսնացուի տունը։
VIII. Իֆ ամրոցը
Դուրս գալով միջանցք՝ ոստիկանական կոմիսարը նշան արեց երկու ժանդարմի։ Նրանցից մեկը կանգնեց Դանտեսի աջ կողմը, մյուսը՝ ձախ։ Բացվեց դեպի դատարանի շենքը տանող դուռը, և կալանավորին առաջ տարան այն երկար ու մռայլ միջանցքներով, ուր սարսուռ է պատում նույնիսկ նրանց, ովքեր սարսռելու ոչ մի պատճառ չունեն։
Ինչպես Վիլֆորի բնակարանը հարում էր դատարանի շենքին, այնպես էլ դատարանի շենքն էր հարում բանտին, մի դժնատեսիլ շինության, որն իր բոլոր բաց խոռոչներով հետաքրքրությամբ նայում է իր առջև բարձրացող Աքուլի զանգակատանը։
Միջանցքում մի քանի դարձեր կատարելուց հետո Դանտեսը տեսավ վանդակապատ լուսամուտ ունեցող մի դուռ։ Կոմիսարը երեք անգամ հարվածեց երկաթե դռնահարով։ Դուռը բացվեց, ժանդարմները կամացուկ բոթեցին կալանավորին, որ դեռ կանգնած էր շվարած։ Դանտեսն անցավ շեմը, և դուռը շրխկալով փակվեց նրա հետևից։ Նա արդեն այլ օդ էր շնչում, հեղձուկ ու ծանր մի օդ։ Նա բանտի մեջ էր։
Նրան մտցրին բավական մաքուր, բայց ծանր նիգերով կողպած և վանդակապատ լուսամուտներով մի խուց։ Նոր կացարանի տեսքը մի առանձին վախ չներշնչեց Դանտեսին. բացի դրանից, թագավորական դատախազի խոսքերը, որ ասվել էին այնպիսի ակներև կարեկցանքով, նրա ականջին հնչում էին որպես հուսադրիչ մխիթարություն։
Կեսօրվա ժամը չորսն էր, երբ Դանտեսին բերին իր խուցը։ Այդ ամենը, ինչպես արդեն ասացինք, տեղի ունեցավ փետրվարի 28-ին, այդ պատճառով էլ կալանավորը շատ չանցած իրեն գտավ մթության մեջ։
Իսկույն նրա լսողությունը կրկնապես սրվեց։ Ականջին հասնող ամենաթույլ աղմուկից նա վեր էր թռչում ու նետվում դեպի դուռը, կարծելով, թե գալիս են իր ազատությունը վերադարձնելու։ Բայց այդ աղմուկն անհետանում էր ուրիշ ուղղությամբ, և Դանտեսը նորից ընկնում էր աթոռակի վրա։
Վերջապես գիշերվա մոտ ժամը տասին, երբ Դանտեսն սկսել էր հույսը կորցնել, լսվեց մի նոր աղմուկ, որն այս անգամ, անտարակույս, մոտենում էր նրա խցի դռանը։ Ապա միջանցքում ոտնաձայներ հնչեցին, և քայլողները կանգ առան դռան մոտ։ Բանալին պտտվեց կողպեքի մեջ, նիգերը ճռնչացին, կաղնյա հաստաբեստ դուռը բացվեց, և երկու ջահի կուրացուցիչ լույսը թափանցեց խավար խուցը։
Այդ ջահերի լույսով Դանտեսը տեսավ, թե ինչպես էին փայլում չորս ժանդարմի հրացաններն ու թրադաշույնները։
Նա ուզում էր առաջ նետվել, բայց տեսնելով այդ ուժեղացված պահակախումբն՝ իսկույն կանգ առավ։
— Եկել եք ինձ տանելո՞ւ։
— Այո,— պատասխանեց ժանդարմներից մեկը։
— Թագավորական դատախազի օգնականի՞ հրամանով։
— Իհարկե։
— Լավ,— ասաց Դանտեսը,— ես պատրաստ եմ ձեզ հետևելու։
Այն համոզումը, թե իրեն եկել են տանելու դը Վիլֆորի անունից, միանգամայն փարատեց խեղճ պատանու երկյուղը։ Հանգիստ ու համարձակ նա դուրս եկավ և ինքը տեղ գրավեց ժանդարմների մեջտեղում։
Բանտի դռան առաջ մի կառեթ էր կանգնած։ Նստիքին նստած էր կառա-պանը, սրա կողքին՝ մի կատարածու ոստիկան։
— Այս կառեթն ի՞նձ համար է,— հարցրեց Դանտեսը։
— Ձեզ համար է,— պատասխանեց ժանդարմներից մեկը։— Նստեք։
Դանտեսը ցանկացավ առարկել, բայց դռնակը բացվեց, և նրան ներս հրեցին։ Նա չէր կարող և չէր էլ ուզում դիմադրել։ Մի ակնթարթում նա իրեն գտավ հետևի նստարանի վրա, երկու ժանդարմի արանքում։ Մյուս երկու ժանդարմը նստեցին նրա դիմաց, և ծանր կառեթը առաջ շարժվեց չարագուշակ դղրդոցով։
Կալանավորը նայեց կառեթի լուսամուտներին, որոնք պատած էին երկաթյա ճաղերով։ Նա միայն փոխել էր բանտը։ Նոր բանտանիվներ ուներ և շարժվում էր անհայտ ուղղությամբ։ Խիտ երկաթաճաղերի արանքից, որտեղից ձեռքը հազիվ կարող էր մտնել Դանտեսն այնուհանդերձ կարողա-ցավ տեսնել ու հասկանալ, որ իրեն տանում են Կեսրի փողոցով, իսկ այնուհետև Սեն Լորան ու Տարամիս փողոցներով սկսեցին իջնել դեպի ծովափը։
Շատ չանցած, լուսամուտի ճաղերի և այն հուշարձանի ցանկապատի արանքից, որի մոտով անցնում էին, նա տեսավ նավահանգստյան վարչության ճրագները։
Կառեթը կանգ առավ, կատարածու ոստիկանը ցած իջավ նստիքից ու մոտեցավ պահականոցին։ Այդտեղից դուրս եկան տասի չափ զինվորներ և կանգնեցին երկու շարք կազմած։ Նրանց հրացանները փայլփլում էին ծովեզերքին վառվող լապտերների լույսի տակ։
«Մի՞թե այդ ամենը ինձ համար է»,— մտածեց Դանտեսը։
Բանալիով բացելով դռնակը, կատարածուն լռելյայն պատասխանեց այդ հարցին, քանզի Դանտեսը զինվորների երկու շարքերի արանքում տեսավ իր համար թողնված նեղլիկ ճանապարհը՝ կառեթից մինչև ծովեզերք։
Առջևի նստարանին նստած երկու ժանդարմներն առաջինը դուրս եկան կառեթից, նրանց հետևից իջան Դանտեսը, իսկ այնուհետև մնացած երկուսը, որ նստած էին նրա կողքին։ Բոլորը դիմեցին դեպի նավակ, որ մաքսատան մի ծառայող շղթայով կապել էր ափին։ Զինվորները բութ հետաքրքրությամբ նայում էին Դանտեսին։ Նրան անմիջապես նստեցրին ղեկի մոտ, չորս ժանդարմի մեջտեղում, իսկ կատարածուն նստեց ցռկամասում։ Մի ուժգին հրում նավակը հեռացրեց ափից։ Չորս թիավարներ սկսեցին արագ թիավարել Պիլոնի ուղղությամբ։ Նավակից ձայն տվին, որից հետո նավահանգիստը գոցող շղթան ցած իջավ և Դանտեսը հայտնվեց Ֆրիուլե կոչված տեղում, այսինքն՝ նավահանգստից դուրս։
Թարմ օդի դուրս գալուց հետո կալանավորի առաջին զգացածն ուրախությունն էր։ Օդը գրեթե ազատություն է։ Դանտեսը լիաթոք շնչեց կենարար զեփյուռը, որն իր թևերին առած՝ բերում էր գիշերվա ու ծովի բույրերը։ Սակայն շատ չանցած նա դառնորեն հառաչեց, քանզի անցնում էր «Ռեզերվի» մոտով, ուր դեռևս առավոտյան, ձերբակալվելուց մի րոպե առաջ, այնքան երջանիկ էր, պայծառորեն լուսավորված լուսամուտների միջով նրա ականջին էին հասնում պարեղանակների ուրախ հնչյունները։
Դանտեսը ձեռքերը խաչեց, աչքերն ուղղեց երկնքին ու սկսեց աղոթել։
Նավակը շարունակում էր իր ճանապարհը։ Նա անցավ Մեռյալ Գլխի մոտով, հասավ Ֆարո ծովախորշին ու սկսեց շրջանցել մարտկոցը։ Դանտեսը ոչինչ չէր հասկանում։
— Ո՞ւր են տանում ինձ,— հարցրեց նա ժանդարմներից մեկին։
— Հիմա կիմանաք։
— Սակայն...
— Մեզ արգելված է ձեզ հետ խոսել։
Դանտեսը կիսով չափ զինվոր էր, ուստի անմտություն համարեց հարցուփորձ անել ժանդարմներին, որոնց արգելված էր պատասխանել, ու լռեց։
Այնժամ նրա գլխում խռնվեցին խիստ օտարոտի մտքեր, խարխուլ նավակով հնարավոր չէր հեռու գնալ, շուրջը ոչ մի խարսխված նավ չկար, նա մտածեց, որ երևի իրեն կհասցնեն ծովափին գտնվող որևէ հեռավոր վայր և այնտեղ կասեն, թե ազատ է։ Նրան չէին կապել, ձեռնակապեր դնելու փորձ չէին արել, այդ ամենը նրան լավ նախանշան էր թվում։ Բացի դրանից, չէ՞ որ դատախազի օգնականը, որ այնքան բարի էր ու սիրալիր, նրան ասել էր, որ եթե միայն չտա Նուարտիե ճակատագրական անունը, վախենալու պատճառ չպիտի ունենա։ Չէ՞ որ իր աչքի առաջ Վիլֆորն այրեց վտանգավոր նա-մակը, այն միակ ապացույցը, որ կար նրա դեմ։
Նա անխոս սպասում էր, թե ինչով կվերջանա այդ ամենը, և ծովայինի աչքերով, որ սովոր են խավարի մեջ չափել տարածությունը, ջանում էր տեսնել շրջապատը։
Ռատոննո կղզին, որի վրա փարոս էր վառվում, մնացել էր նրանց աջ կողմը, և նավակը, ափի մոտով լողալով, մոտեցավ Կատալանի ծովածոցին։ Կալանավորի տեսողությունը ավելի սրվեց. այստեղ էր գտնվում Մերսեդեսը, և ամեն վայրկյան նրան թվում էր, թե խավար ծովափին մի կանացի աղոտ սիլուետ է գծագրվում։
Ինչպես նախազգացումը չշշնջաց Մերսեդեսի ականջին, թե նրա սի-րածը երեք հարյուր քայլ է հեռու նրանից։
Ամբողջ Կատալանում միայն մի լուսամուտից էր ճրագի լույս երևում։ Ուշադիր նայելով՝ Դանտեսը համոզվեց, որ դա իր սիրեցյալի սենյակն է։ Միայն Մերսեդեսն էր, որ քնած չէր ամբողջ գյուղում։ Եթե Դանտեսը գոռար, ձայնը կհասներ նրա ականջին։ Բայց կեղծ ամոթը զսպեց նրան։ Ի՞նչ կասեն ժանդարմները, եթե նա մոլեգնածի պես գոռար։ Ուստի բերանը չբացեց և ան-ցավ գյուղի մոտով, աչքը չկտրելով ճրագի լույսից։
Այդ միջոցին նավակը շարունակում էր առաջ շարժվել։ Բայց կալանավորի հոգը նավակը չէր. նա մտածում էր Մերսեդեսի մասին։ Վերջապես լուսավորված պատուհանը ծածկվեց մի ելուստավոր ժայռի հետևում։
Մինչ նա այդպես կլանված էր իր մտքերով, թիերը փոխարինել էին առագաստներով, և նավակը շարժվում էր քամու զորությամբ։
Թեև Դանտեսը չէր ուզում նորից հարցուփորձ անել ժանդարմին, այնուամենայնիվ, նստած տեղը մոտեցավ նրան և ձեռքը բռնելով ասաց.
— Ընկերներ, ապավինելով ձեր խղճին ու զինվորի կոչումին, թախանձում եմ, գթացեք ինձ ու պատասխանեք։ Ես նավապետ Դանտեսն եմ, բարի ու ազնիվ մի ֆրանսիացի, թեև ինձ մեղադրում են ինչ-որ դավաճանության մեջ։ Ո՞ւր եք տանում ինձ։ Ասացեք, ես ծովայինի ազնիվ խոսք եմ տալիս, որ կկատարեմ իմ պարտքը և կհնազանդվեմ ճակատագրիս։
Ժանդարմը քորեց ծոծրակը և իր ընկերոջը նայեց։ Սա մի շարժում արեց, որ երևի պիտի նշանակեր. «Հիմա կարծեմ կարելի է ասել», և ժանդարմը շրջվեց դեպի Դանտեսի կողմը.
— Դուք մարսելցի և ծովային լինելով հանդերձ դեռ հարցնո՞ւմ եք, թե ուր ենք գնում։
— Այո, երդվում եմ պատվովս, որ չգիտեմ։
— Գլխի չե՞ք ընկնում։
— Ոչ։
— Չի կարող պատահել։
— Երդվում եմ աշխարհիս բոլոր սրբություններով։ Ասացեք, ի սեր աստծո։
— Իսկ հրամա՞նը։
— Հրամանը ձեզ չի արգելում ասել այն, ինչ ես, միևնույն է, իմանալու եմ տասը րոպե, կես ժամ կամ մեկ ժամ հետո։ Միայն թե ազատեք ինձ հավիտենական տարակուսանքներից։ Խնդրում եմ ձեզ որպես բարեկամի։ Տեսեք, ես չեմ պատրաստվում ոչ դիմադրելու, ոչ փախչելու։ Եվ առանց այն էլ դա անհնար է։ Ո՞ւր ենք գնում։
— Կամ դուք կուրացել եք կամ երբեք դուրս չեք եկել Մարսելի նավահանգստից, այլապես չեք կարող չկռահել, թե ձեզ ուր են տանում։
— Չեմ կարող։
— Որ այդպես է, ձեր շուրջը նայեք։
Դանտեսը ոտքի կանգնեց, նայեց այն կողմը, դեպի ուր ընթանում էր նավակը, և իր դիմաց, հարյուր սաժենի չափ հեռու, տեսավ մի ուղղաբերձ ժայռ, որի վրա ցցված էր մռայլատեսիլ Իֆ ամրոցը։
Այդ տարօրինակ շինվածքը, այդ բանտը, որ այնպիսի անսահման սարսափ է ներշնչում, այդ ամրոցը, որն արդեն երեք հարյուր տարի Մարսել քաղաքը սնում է իր սահմռկիչ ավանդություններով, հանկարծ հայտնվելով Դանտեսի դիմաց, որի մտքովն իսկ չէր անցել այն, ճիշտ նույնպիսի ներգործություն ունեցավ նրա վրա, ինչպիսին ունենում է կառափնարանը մա-հապարտի վրա։
— Աստված իմ,— գոչեց նա,— Իֆ ամրոցն է։ Ինչի՞ համար ենք գնում այնտեղ։
Ժանդարմը ժպտաց։
— Բայց հո չեն կարող ինձ այնտեղ բանտարկել։ Իֆ ամրոցը պետական բանտ է, որ ստեղծված է միայն քաղաքական ծանր հանցանք ունեցողների համար։ Ես ոչ մի հանցանք չեմ գործել։ Մի՞թե Իֆ ամրոցում քննիչներ ու դատավորներ կան։
— Որքան ես գիտեմ,— ասաց ժանդարմը,— այնտեղ միայն պարետ, բան-տապահներ, կայազոր ու ամուր պարիսպներ կան։ Դե, լավ, լավ, ախպերացու, զարմացած մի ձևանա, թե չէ պիտի մտածեմ, որ բարությանս համար ինձ ձեռ ես առնում։
Դանտեսն այնպես ամուր սեղմեց ժանդարմի ձեռքը, որ քիչ մնաց կոտրեր։
— Ուրեմն, ասում եք, ինձ տանում եք Իֆ ամրոցը և այնտեղ էլ կթողնե՞ք։
— Հավանական է,— ասաց ժանդարմը,— բայց համենայնդեպս, հարկ չկա ձեռքս այդպես ամուր սեղմելու։
— Առանց որևէ քննությա՞ն, առանց որևէ ձևականությա՞ն։
— Բոլոր ձևականությունները կատարված են, քննությունն ավարտված է։
— Եվ չնայած պարոն դը Վիլֆորի խոստմա՞նը։
— Ես չգիտեմ, թե ձեզ ինչ է խոստացել պարոն դը Վիլֆորը,— ասաց ժանդարմը,— գիտեմ միայն, որ մենք գնում ենք Իֆ ամրոցը։ Էհե՛, այդ ի՞նչ եք անում։ Հասե՛ք, ընկերներ, բռնեցե՛ք։
Կայծակի պես արագ, բայց այնուամենայնիվ ժանդարմի փորձված աչ-քից չվրիպած մի շարժումով Դանտեսը ցանկացավ ծովը նետվել, բայց չորս զորեղ ձեռք բռնեցին նրան այն իսկ պահին, երբ նրա ոտքերը կտրվում էին հատակից։
Նա ընկավ նավակի մեջ, կատաղությունից մռնչալով։
— Էհե՛, ախպերացու,— ասաց ժանդարմը՝ ոտը դնելով նրա կրծքին։— Հը՞, այդպե՞ս ես կատարում ծովայինի ազնիվ խոսքը։ Դե եկ ու հավատա սուսիկ-փուսիկ մարդկանց։ Դե, հիմա, ջա՛նս, փորձիր շարժվել, և գնդակը ճակատիդ կմեխեմ։ Ես զանց արեցի հրամանի առաջին կետը, բայց, անհոգ եղիր, երկրորդը ճշտությամբ կկատարվի։
Եվ նա իսկապես հրացանի փողը դեմ արեց Դանտեսի քունքին։ Առաջին պահին Դանտեսը ցանկացավ անել ճակատագրական շարժումը և դրանով վերջ տալ անսպասելի ձախորդությանը, որ խոյացել էր նրա վրա և առել իր բազեի մագիլների մեջ։ Բայց հենց այն պատճառով, որ այդ ձախորդությունն այդքան անսպասելի էր եղել, Դանտեսը մտածեց, թե այն չի կարող երկարատև լինել։ Այնուհետև հիշեց Վիլֆորի խոստումը, բացի դրանից, պետք է խոստովանել, նավակի հատակին ժանդարմի ձեռքով մեռնելը նա քստմնելի և ողորմելի բան համարեց։ Դանտեսն ընկավ տախտակների վրա և անզոր կատաղությունից ատամները խրեց ձեռքի մսի մեջ։
Նավակը տարուբերվեց ուժեղ ցնցումից։ Թիավարներից մեկը թռավ մի ժայռի վրա, որին բախվել էր թեթև նավակի քիթը. ճախարակի շուրջը պարանը ճռնչալով քակվեց, և Դանտեսը հասկացավ, որ նավակը կապում են ափին։
Ժանդարմները, որ բռնել էին Դանտեսի թևերից ու օձիքից, նրան ստիպեցին վեր կենալ ու ափ դուրս գալ, ապա քարշ տվին դեպի ամրոցի դարպասը տանող սանդուղքը։ Հետևից քայլում էր սվինակիր հրացանով զինված ժանդարմական կատարածուն։
Սակայն Դանտեսը մտադրություն իսկ չուներ ապարդյուն դիմադրություն ցույց տալու։ Նրա դանդաղաշարժությունը հետևանք էր ոչ թե դիմադրության, այլ հոգեկան ընդարմության։ Գլուխը պտույտ էր գալիս, և նա օրորվում էր հարբածի պես։ Նա զառիվայրի վրա նորից տեսավ զինվորների երկու շարքերը, զգաց, որ աստիճանները ստիպում են ոտքերը բարձրացնել, նկատեց, որ ներս մտավ դարպասով և որ այդ դարպասը փակվեց հետևից, բայց այդ ամենը ընկալեց անգիտակցորեն, կարծես մշուշի միջից, անկարող որևէ բան զանազանելու։ Նա նույնիսկ չէր տեսնում ծովը, բանտարկյալներին տառապանք պատճառող ծովը, որի անսահմանությանը նրանք նայում ու սարսափով տեսնում են, որ անզոր են այն հաղթահարել։
Երբ մի րոպե կանգ առան, Դանտեսը փոքր-ինչ ուշքի եկավ և շուրջը նայեց։ Նա կանգնած էր մի քառանկյունի բակում, չորս բարձր պարիսպների միջև։ Լսվում էին պահակների համաչափ ոտնաձայները, և ամեն անգամ, երբ նրանք անցնում էին երկու-երեք լուսավորված լուսամուտների մոտով, հրացանները շողշողում էին։
Մի տասը րոպեի չափ նրանք սպասեցին։ Գիտենալով, որ Դանտեսը այլևս չի կարող փախչել, ժանդարմները նրան ազատ թողեցին։ Երևում էր, որ կարգադրության էին սպասում։ Վերջապես հնչեց ինչ-որ մեկի ձայնը.
— Ո՞ւր է կալանավորը։
— Այստեղ է,— պատասխանեցին ժանդարմները։
— Թող հետևիցս գա, տանեմ իր խուցը։
— Գնացեք,— ասացին ժանդարմները՝ բոթելով Դանտեսին։
Նա գնաց ուղեկցողի հետևից, որն իրոք նրան տարավ մի կիսաստորերկրյա խուց, որի մերկ ու խոնավ պատերից ասես արցունքներ էին ծորում։ Աթոռակի վրա դրված ճրագաթասը, որի պատրույգը լողում էր մի տեսակ գարշահոտ ճարպի մեջ, լուսավորում էր այդ սոսկալի կացարանի ողորկ պատերը և ուղեկցողին. սա վատ հագնված, գռեհկադեմ մի մարդ էր, ամենայն հավանականությամբ, բանտի ստորին ծառայողներից մեկը։
— Ահա ձեզ խուց այս գիշերվա համար,— ասաց նա։— Հիմա արդեն ուշ է, և պարոն պարետը պառկել է քնելու։ Վաղը, երբ արթնանա ու կարդա ձեզ համար ուղարկված հրամանները, թերևս ձեզ ուրիշ խուց տա։ Իսկ առայժմ ահա ձեզ հաց, այս ամանի մեջ ջուրն է, իսկ այնտեղ, անկյունում, ծղոտը։ Սա է այն ամենը, որ բանտարկյալը կարող է ցանկանալ։ Բարի՛ գիշեր։
Եվ մինչ Դանտեսը կկարողանար պատասխանել նրան, մինչ կնկատեր, թե բանտապահը որտեղ էր դրել հացը, մինչ կտեսներ, թե որտեղ է գտնվում ջրի ամանը, մինչ շուռ կգար դեպի անկյունը, ուր փռված էր ծղոտը՝ նրա ապագա անկողինը, բանտապահը վերցրեց ճրագաթասը և, դուռը փակելով, զրկեց բանտարկյալին այն ազոտ լույսից ևս, որը, ինչպես փայլակը խավարում, նրան ցույց էր տվել նրա զնդանի խոնավ պատերը։
Նա մնաց մենակ, լռության ու խավարի մեջ, համր ու մռայլ, ինչպես ստորերկրյա այրի կամարները, որոնց մեռելաշունչ սառնությունը զգում էր իր այրվող ճակատին։
Երբ արեգակի առաջին ճառագայթները հազիվ լուսավորեցին այդ որջը, բանտապահը ետ եկավ՝ հրաման ունենալով բանտարկյալին թողնելու այդտեղ։ Դանտեսը կանգնած էր նույն տեղում։ Կարծես երկաթյա մի ձեռք նրան գամել էր երեկվա կանգնած տեղին։ Միայն թե աչքերը ուռել էին չթափած արցունքներից։ Նա անշարժ գետնին էր նայում։ Ամբողջ գիշերը կանգ-նած էր մնացել և ոչ մի վայրկյան աչքը չէր փակել։
Բանտապահը մոտեցավ նրան, չորս կողմը դարձավ, բայց Դանտեսը կարծես նրան չէր տեսնում։ Բանտապահը ձեռքը դիպցրեց նրա ուսին։ Դանտեսը ցնցվեց ու գլուխը շարժեց։
— Չե՞ք քնել,— հարցրեց բանտապահը։
— Չգիտեմ,— պատասխանեց Դանտեսը։
Բանտապահը նրան նայեց զարմանքով։
— Սովա՞ծ չեք,— շարունակեց նա։
— Չգիտեմ,— կրկնեց Դանտեսը։
— Ձեզ ոչի՞նչ պետք չէ։
— Ես ուզում եմ տեսնել պարետին։
Բանտապահն ուսերը թոթվեց ու դուրս եկավ։
Դանտեսը հայացքով ուղեկցեց նրան, ձեռքերը մեկնեց դեպի կիսաբաց դուռը, սակայն դուռը շրխկալով փակվեց։
Այնժամ հեկեկանքը ուժգնորեն պոռթկաց նրա կրծքից։ Կուտակված արցունքները հոսեցին երկու վտակների պես։ Նա ծունկ չոքեց, գլուխը հպեց հատակին և երկար աղոթեց, վերհիշելով իր ամբողջ կյանքը և ինքն իրեն հարցնելով, թե ի՞նչ հանցանք է գործել իր այնքան մատաղ կյանքում մի այդպիսի դաժան պատժի արժանանալու համար։
Այդպես անցավ օրը։ Դանտեսը հազիվ մի քանի փշուր հաց կերավ ու մի քանի կում ջուր խմեց։ Նա մերթ նստում էր մտքերի մեջ խորասուզված, մերթ պտույտներ գործում պատերի երկայնքով, ինչպես վայրի գազանը երկաթե վանդակի մեջ։ Հատկապես մի միտք նրան կատաղություն էր պատճառում, նավակով այստեղ գալու ժամանակ, երբ նա, չիմանալով, թե իրեն ուր են տանում, նստած էր այնպես հանգիստ ու անհոգ, ահա այդ ժամանակ տասն անգամ կարող էր ջուրը նետվել և, լինելով վարպետ լողորդ, կարողանալով սուզվել, ինչպես գրեթե ոչ ոք Մարսելում, կարող էր թաքնվել ջրի տակ, խաբել պահակներին, ափ հասնել, փախչել, թաքնվել որևէ ամայի խորշում, սպասել որևէ ջենովական կամ կատալանյան նավի, գնալ Իտալիա կամ Իսպանիա և այնտեղից Մերսեդեսին գրել, որ գա իր մոտ։ Իր ապրուստի մասին նա չէր մտահոգվում, բախտը ուր էլ որ գցելու լիներ նրան, ամենուրեք լավ նավազները հազվագյուտ են, իսկ նա իտալերեն խոսում էր տոսկանացու պես, իսպաներեն՝ իսկական կաստիլացու պես։ Կապրեր ազատ ու եր-ջանիկ, Մերսեդեսի հետ, հոր հետ, քանզի հորն էլ բերել կտար այնտեղ։ Իսկ դրա փոխարեն նա բանտարկյալ է, փակված Իֆ ամրոցում, այդ բանտում, որտեղից վերադարձ չկա, և չգիտե, թե ի՛նչ վիճակի մեջ է հայրը, ի՛նչ վիճակի մեջ է Մերսեդեսը։ Եվ այդ ամենն այն պատճառով, որ հավատ էր ընծայել Վիլֆորի խոսքին։ Խելագարվելու քիչ պատճառներ չկային, և Դանտեսը կատաղությունից գալարվում էր թարմ ծղոտի վրա, որ բերել էր բանտապահը։
Հաջորդ օրը, նույն ժամին, բանտապահը նորից եկավ։
— Հը՞,- հարցրեց նա,— մի քիչ խելոքացա՞ք։
Դանտեսը չպատասխանեց։
— Բավ է վհատվեք. ասացեք ի՞նչ կուզենայիք։ Դե՞հ, խոսեք։
— Ես ուզում եմ տեսնել պարետին։
— Ես ձեզ արդեն ասել եմ, որ դա անկարելի է,— վրդովված պատասխանեց բանտապահը։
— Ինչո՞ւ է անկարելի։
— Որովհետև բանտի կանոնադրությամբ բանտարկյալներին արգելված է նրան դիմել։
— Իսկ ի՞նչ է թույլատրված այստեղ,— հարցրեց Դանտեսը։
— Ավելի լավ սնունդ բանտարկյալի փողով, զբոսանք, երբեմն գրքեր։
— Ինձ գրքեր պետք չեն, զբոսնել չեմ ուզում, իսկ սնունդից գոհ եմ։ Ես միայն մի բան եմ ուզում՝ տեսնել պարետին։
— Եթե գլուխս պիտի տանեք նույնը կրկնելով, սրանից հետո ձեզ ուտելիք չեմ բերի։
— Էհ, ի՛նչ կա որ,— պատասխանեց Դանտեսը։— Եթե այլևս ինձ ուտելիք չբերես, սովից կմեռնեմ, և ուրիշ ոչինչ։— Դանտեսի դեմքի արտահայտությունը, երբ նա ասաց այդ խոսքերը, բանտապահին համոզեց, որ բանտարկյալը ուրախ կլինի մեռնել, իսկ քանի որ ամեն մի բանտարկյալ օրական միջին հաշվով տասը սու եկամուտ է բերում բանտապահին, ապա Դանտեսի բանտապահն իսկույն հաշվեց ու տեսավ այն վնասը, որ կարող էր առաջանալ Դանտեսի մեռնելուց, և ասաց ավելի սիրալիր.
— Լսեցեք, ձեր խնդրածն անկարելի է, ուրեմն և այլևս մի խնդրեք։ Դեռ երբևէ չի պատահել, որ պարետը բանտարկյալի խնդրանքով գա նրա խուցը։ Ուստի ձեզ հանգիստ պահեք, ձեզ թույլ կտան զբոսնել, իսկ զբոսանքի մի-ջոցին թերևս մի կերպ հանդիպեք պարետին։ Այն ժամանակ դիմեք նրան, և եթե բարեհաճի ձեզ պատասխանել, դա արդեն իր գործն է։
— Իսկ ինչքա՞ն պետք է սպասեմ այդ հանդիպմանը։
— Ո՞վ գիտե,— ասաց բանտապահը,— մեկ ամիս, երեք ամիս, կես տարի, գուցե և մեկ տարի։
— Դա չափազանց ուշ կլինի,— ընդհատեց Դանտեսը,— ես ուզում եմ նրան հենց հիմա տեսնել։
— Շարունակ մի պնդեք միևնույն անիրականանալի ցանկությունը, ապա թե ոչ երկու շաբաթից կխելագարվեք։
— Կարծո՞ւմ եք,— ասաց Դանտեսը։
— Այո, կխելագարվեք։ Խելագարությունը միշտ այդպես է սկսվում։ Մեզ մոտ արդեն այդպիսի դեպք եղել է։ Ձեզնից առաջ այստեղ մի աբբա էր կենում, որը պարետին անդադար մեկ միլիոն էր խոստանում իրեն բաց թողնելու համար, և այդպես էլ խելագարվեց։
— Իսկ վաղո՞ւց է, որ նա այստեղ չի ապրում։
— Երկու տարի է։
— Նրան բա՞ց թողեցին։
— Ոչ, մենախուց նստեցրին։
— Լսիր,— ասաց Դանտեսը,— ես ոչ աբբա եմ, ոչ էլ խելագար։ Գուցե և խելագարվեմ, բայց առայժմ, դժբախտաբար, խելքս գլխիս է։ Ես քեզ ուրիշ բան կառաջարկեմ։
— Իսկ ի՞նչ։
— Ես քեզ մեկ միլիոն չեմ խոստանա, քանզի այդքան չունեմ, բայց կխոստանամ հարյուր էկյու, եթե համաձայնես Մարսել գնալիս մտնել Կատալանի և մի նամակ հանձնել մի աղջկա, որի անունն է Մերսեդես... նույնիսկ ոչ թե նամակ, այլ մի երկտող։
— Եթե ես այդ երկտողը հանձնեմ և ինձ բռնեն, պետք է զրկվեմ պաշտոնիցս, որի համար տարեկան հազար լիվր եմ ստանում, չհաշված եկա-մուտներս և ուտեստս։ Տեսնո՞ւմ եք, հիմար պետք է լինեմ, եթե հազար լիվրը վտանգի տակ դնեմ երեք հարյուր լիվր ստանալու համար։
— Լավ,— ասաց Դանտեսը,— որ այդպես է, լսիր և միտդ լավ պահիր։ Եթե դու երկտողը չտանես Մերսեդեսին կամ գոնե նրան իմաց չանես, որ ես այստեղ եմ, ապա ես երբևիցե պահ կմտնեմ դռան հետևը և, երբ ներս մտնես, աթոռակով գլուխդ ջարդուփշուր կանեմ։
— Էհե՜, սպառնում ես, հա՞,— գոռաց բանտապահը, մի քայլ ետ գնալով և պատրաստվելով պաշտպանվել։— Պարզապես ձեր խելքը տեղը չէ։ Աբբան սկսեց ձեզ պես, և երեք օր հետո դուք էլ նրա պես գժություններ կանեք։ Լավ է, որ Իֆ ամրոցում մենախցեր կան։
Դանտեսը բարձրացրեց աթոռակը և սպառնալից պտտեցրեց գլխավերևում։
— Լա՜վ, լա՜վ,— ասաց բանտապահը,— եթե անպայման ցանկանում եք, պարետին իմաց կտամ։
— Շուտ պետք է այդ ասեիր,— ասաց Դանտեսը՝ աթոռակն իր տեղը դնելով և նստելով վրան՝ գլուխը կախ ու թափառիկ հայացքով, կարծես իսկապես սկսում էր խելագարվել։
Բանտապահը դուրս եկավ և մի քանի րոպեից հետո վերադարձավ չորս զինվորի ու մի կապրալի հետ։
— Պարետի հրամանով,— ասաց նա,— կալանավորին տեղափոխեք մեկ հարկ ներքև։
— Կնշանակի, մենախուցը,— ասաց կապրալը։
— Մենախուցը։ Խելագարներին պետք է նստեցնել խելագարների հետ։
Չորս զինվոր բռնեցին Դանտեսին, որը մի տեսակ անզգայության էր մատնված և առանց որևէ դիմադրության հետևեց նրանց։
Տասնհինգ աստիճան ցած իջան։ Բացվեց մի խավար խցի դուռ, որով Դանտեսը ներս մտավ՝ ինքն իրեն շշնջալով.
— Նա իրավացի է, խելագարներին պետք է նստեցնել խելագարների հետ։
Դուռը փակվեց, և Դանտեսը ձեռքերը պարզած առաջ գնաց, մինչև որ հասավ պատին։ Այնժամ նստեց անկյունում և երկար ժամանակ տեղից չշարժվեց, այնինչ աչքերը կամաց-կամաց մթությանը վարժվելով՝ սկսեցին առարկաները զանազանել։
Բանտապահը չէր սխալվում. մազ էր մնացել, որ Դանտեսը խելագարվեր։
IX.Նշանդրեքի օրվա երեկոյան
Վիլֆորը, ինչպես մենք արդեն ասացինք, նորից դիմեց դեպի Գրան-Կուր փողոցը և, տիկին Սեն-Մերանի տունը մտնելով, հյուրերին գտավ ոչ թե հյուրասենյակում, այլ ճաշասրահում սուրճ խմելիս։
Ռենեն նրան սպասում էր անհամբերությամբ, որով համակված էին և հյուրերը։ Այդ պատճառով էլ նրան դիմավորեցին ուրախ բացականչություններով։
— Դե՛հ, գլուխ կտրող պետության պատվար, ռոյալիստական Բրուտոս,— գոչեց հյուրերից մեկը,— ասացեք, ի՞նչ է պատահել։
— Չլինի թե նոր տեռոր է պատրաստվում,— հարցրեց մի ուրիշը։
— Չլինի թե կորսիկացի մարդակերը դուրս է սողացել իր որջից,— հարցրեց երրորդը։
— Մարքիզուհի՛,— ասաց Վիլֆորը՝ մոտենալով իր ապագա զոքանչին,— ներեցեք ինձ, սակայն ես հարկադրված եմ ձեզնից թույլտվություն խնդրել... Մարքի՛զ, թույլ տվեք ձեզ առանձին մի երկու խոսք ասել։
— Ուրեմն իսկապե՞ս լուրջ գործ է,— ասաց մարքիզուհին՝ նկատելով Վիլֆորի մռայլված դեմքը։
— Շա՛տ լուրջ, և ես պետք է մի քանի օրով ձեզնից բաժանվեմ։ Դրանից կարող եք եզրակացնել,— ավելացրեց Վիլֆորը՝ դիմելով Ռենեին,— թե դա որքան կարևոր է։
— Դուք մեկնո՞ւմ եք,— գոչեց Ռենեն՝ չկարողանալով թաքցնել իր դառնությունը։
— Ավա՜ղ,— պատասխանեց Վիլֆորը,— անհրաժեշտ է։
— Իսկ ո՞ւր,— հարցրեց մարքիզուհին։
— Դա դատական գաղտնիք է։ Սակայն, եթե մեկն ու մեկը Փարիզին վե-րաբերող հանձնարարություն ունի, իմ բարեկամներից մեկն այսօր մեկնում է այնտեղ և սիրով հանձնառու կլինի։
Բոլորն իրար երեսի նայեցին։
— Դուք ցանկանում էիք ինձ հետ խոսե՞լ,— հարցրեց մարքիզը։
— Այո. եթե թույլ կտաք, գնանք ձեր առանձնասենյակը։
Մարքիզը մտավ Վիլֆորի թևը, և նրանք միասին դուրս եկան։
— Ի՞նչ է պատահել,— ասաց մարքիզը՝ մտնելով առանձնասենյակը,— ասացեք։
— Մի հույժ կարևոր բան, որ ինձ ստիպում է անհապաղ մեկնել Փարիզ։ Իսկ այժմ, մարքի՛զ, ներեցեք անհամեստ ու անտակտ հարցիս համար, պե-տական պարտատոմսեր ունե՞ք։
— Իմ ամբողջ կարողությունը պարտատոմսերն են, վեց հարյուր կամ յոթ հարյուր հազար ֆրանկի։
— Այդ դեպքում վաճառեցեք դրանք, մարքիզ, վաճառեցեք, այլապես սնանկացած եք։
— Ինչպե՞ս կարող եմ այստեղից վաճառել։
— Փարիզում մակլեր ունե՞ք։
— Ունեմ։
— Նրան ուղղված մի նամակ տվեք ինձ, թող վաճառի առանց մի րոպե, առանց մի վայրկյան կորցնելու։ Կարող է պատահել նույնիսկ ես ուշացած տեղ հասնեմ։
— Գրողը տանի,— ասաց մարքիզը,— ժամանակ չկորցնենք։
Նա նստեց սեղանի առջև և իր գործակալին մի կարգադրություն գրեց, թե ինչ գնով էլ լինի պետք է վաճառել բոլոր պարտատոմսերը։
— Մի նամակն եղավ,— ասաց Վիլֆորը՝ նամակը խնամքով տեղադրելով դրամապանակի մեջ,— այժմ ինձ հարկավոր է մի այլ նամակ։
— Ո՞ւմ։
— Թագավորին։
— Թագավորի՞ն։
— Այո։
— Բայց ես չեմ կարող հենց այդպես ուղղակի գրել նորին մեծությանը։
— Ես ինքս էլ ձեզնից նամակ չեմ խնդրում, այլ միայն ուզում եմ, որ կոմս դը Սալվիեին խնդրեիք մի նամակ գրել։ Թանկագին ժամանակը կորցրած չլինելու համար ինձ մի այնպիսի նամակ է հարկավոր, որով կարողանամ ներկայանալ ուղղակի թագավորին, առանց ենթարկվելու ունկնդրություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր տեսակի ձևականություններին։
— Իսկ արդարադատության մինի՞ստրը։ Նա հո Տյուիլրի մտնելու իրավունք ունի, և նրա միջոցով երբ որ ուզենաք կարող եք թագավորին այցելելու թույլտվություն ստանալ։
— Անշուշտ։ Բայց ինչո՞ւ ուրիշներին հաղորդակից դարձնեմ այն կարևոր լուրին, որ տանում եմ։ Հասկանո՞ւմ եք, արդարադատության մի-նիստրը, բնականաբար, ինձ երկրորդ պլանը կմղի ու կխլի իմ ամբողջ վաստակը։ Միայն այս կասեմ ձեզ, մարքիզ, եթե ես առաջինը մուտք գործեմ Տյուիլրի, կարիերաս ապահով կլինի, որովհետև թագավորին մատուցած կլինեմ մի այնպիսի ծառայություն, որ նա երբեք չի մոռանա։
— Եթե այդպես է, բարեկամս, գնացեք, պատրաստվեք ճանապարհ ընկնելու։ Ես Սալվիեին կկանչեմ, և նա կգրի մի նամակ, որը ձեզ համար անցաթղթի դեր կկատարի։
— Շատ լավ, բայց ժամանակ մի կորցնեք, քառորդ ժամից ես պետք է փոստակառքի մեջ լինեմ։
— Կառքը մեր տան մոտ կանգնեցնել տվեք։
— Դուք, իհարկե, իմ կողմից ներողություն կխնդրեք մարքիզուհուց և օրիորդ դը Սեն-Մերանից, որից այսպիսի մի օր բաժանվում եմ ամենախորին ափսոսանքով։
— Նրանք ձեզ կսպասեն իմ առանձնասենյակում, և դուք հրաժեշտ կտաք նրանց։
Մարքիզը հնչեցրեց զանգակը։
Ներս մտավ սպասյակը։
— Կոմս դը Սալվիեին խնդրեք գալ այստեղ... Իսկ դուք գնացեք,— ասաց մարքիզը՝ դառնալով Վիլֆորին։
— Ես իսկույն կվերադառնամ։
Եվ Վիլֆորը շտապելով դուրս եկավ։ Բայց հասնելով դռանը՝ նա մտածեց, որ եթե թագավորական դատախազի օգնականին տեսնեն աճապարանոք քայլելիս, ապա դա կարող է վրդովել ամբողջ քաղաքի անդորրը, ուստի սկսեց առաջանալ իր սովորական քայլվածքով։ Հասնելով իր տանը՝ նա խավարի մեջ մի սպիտակ ուրվական տեսավ, որ անշարժ կանգնած նրան էր սպասում։
Սպասողը Մերսեդեսն էր, որը Էդմոնի մասին ոչ մի լուր առած չլինելով, որոշել էր ինքն իմանալ նրան ձերբակալելու պատճառը։
Նկատելով Վիլֆորին՝ նա հեռացավ տան պատից ու կտրեց նրա ճանապարհը։ Դանտեսը Վիլֆորին պատմել էր իր հարսնացուի մասին, ուստի Մերսեդեսը հարկ չուներ իր անունը տալու. Վիլֆորն առանց այդ էլ ճանաչեց նրան։ Դատախազի օգնականին զարմանք պատճառեցին աղջկա գեղեցկությունն ու ազնվական կեցվածքը, և երբ Մերսեդեսը նրան հարցրեց իր փեսացուի մասին, նրան թվաց, թե մեղադրյալն ինքն է, իսկ դատավորը՝ նա։
— Ձեր ասած մարդը ծանր հանցանք է գործել,— պատասխանեց Վիլֆորը,— և ես նրա համար ոչինչ չեմ կարող անել։
Մերսեդեսը հեկեկաց։ Վիլֆորը ցանկացավ հեռանալ, բայց նա կանգնեցրեց նրան։
— Գոնե ասացեք, ո՞ւր է նա,— ասաց Մերսեդեսը,— որպեսզի իմանամ, ո՞ղջ է թե մեռած։
— Չգիտեմ։ Նա այլևս իմ տրամադրության տակ չէ,— պատասխանեց Վիլֆորը։
Մերսեդեսի խորաթափանց հայացքն ու աղաչական ժեստը ճնշող ազդեցություն ունեցան նրա վրա. նա մի կողմ հրեց նրան, մտավ տուն և հետևից դուռը շրխկալով փակեց, կարծես ցանկանալով անջրպետվել այդ աղջկա վշտից։
Բայց վիշտը վանելն այնքան էլ հեշտ չէ։ Վշտից խոցվածը վիշտը իր հետ ման է ածում մահաբեր նետի պես, ինչպես ասում է Վիրգիլիոսը։ Վիլֆորը կողպեց դուռը, բարձրացավ հյուրասենյակ, բայց այստեղ նրա ծնկները ծալվեցին, կրծքից դուրս պրծավ հեկեկանք հիշեցնող մի հառաչանք, և նա ընկավ բազկաթոռի վրա։
Այնժամ այդ հիվանդ հոգում ի հայտ եկան մահացու ախտի առաջին նշանները։ Այն մարդը, որին նա զոհ էր բերել իր փառամոլությանը, ոչ մի մեղք չունեցող այն պատանին, որ տուժել էր նրա հոր մեղքի համար, կանգնեց նրա աչքի առաջ՝ գունատ ու ահարկու, բռնած իր նույնպես գունատ հարսնացուի ձեռքը, խղճի խայթ պատճառելով նրան, ոչ այն խայթը, որից հիվանդը վեր է թռչում, ասես հինավուրց ճակատագրից հալածված, այլ այն խուլ, տանջալից բախյունը, որ ժամանակ առ ժամանակ մարդու սիրտը ծվատում է իր արածի հիշողությամբ և մինչև մահվան դուռը ավելի ու ավելի խորը կրծում նրա խիղճը։
Վիլֆորն ապրեց վարանման ևս մեկ, վերջին րոպե։ Արդեն շատ անգամ, պայքարի պատճառած հուզմունքից բացի ոչինչ չզգալով, նա մահապատիժ էր պահանջել մեղադրյալների համար։ Եվ այդ մահապատիժները, որ ի կատար էին ածվել երդվյալներին կամ դատավորներին հրապուրած նրա շանթարձակ պերճախոսության շնորհիվ, ոչ մի ամպով չէին մռայլել նրա ճակատը, քանզի այդ մեղադրյալները մեղավոր էին կամ, համենայնդեպս, Վիլֆորը նրանց համարել էր մեղավոր։ Բայց այս անգամ բոլորովին այլ բան էր. նա ցմահ բանտարկության էր դատապարտել մի անմեղի, մի անմեղի, որին երջանկություն էր սպասում։ Նա խլել էր նրանից ոչ միայն նրա ազատությունը, այլև երջանկությունը։ Այս անգամ արդեն նա եղել էր ոչ թե դատավոր, այլ դահիճ։
Եվ, մտածելով այդ մասին, նա զգում էր այն տանջալից հարվածները, որ մինչ այդ չէր զգացել. դրանք հնչում էին նրա կրծքում և սիրտը լցնում բնազդական սարսափով։ Ճիշտ այդպես անտանելի ցավը նախազգուշացնում է վիրավորին, և նա երբեք առանց սարսռալու մատը չի դիպցնում թաց ու արյունալի վերքին, քանի դեռ այն չի փակվել։
Սակայն Վիլֆորի վերքն այն վերքերից էր, որ չեն փակվում կամ փակվում են միայն նրա համար, որ նորից բացվեն, պատճառելով առաջվանից ավելի մեծ տանջանքներ։
Եթե այդ րոպեին հնչեր Ռենեի քնքուշ ձայնը, աղերսելով գթալ նրան, եթե չքնաղ Մերսեդեսը ներս մտներ ու ասեր. «Հանուն աստծո, որ տեսնում ու դատում է մեզ, հանուն աստծո աղաչում եմ՝ տվեք ինձ իմ փեսացուին», Վիլֆորը, անխուսափելիությունից գրեթե արդեն պարտված, վերջնականապես կհպատակվեր վերջինիս և իր սառն ձեռքով, ուշադրություն չդարձնելով այն բոլոր վտանգներին, որ կարող էին իրեն սպառնալ, թերևս ստորագրեր Դանտեսին ազատելու հրամանը։ Սակայն ոչ մի ձայն չհնչեց լռության մեջ. և դուռը բացվեց միայն սպասավորին ներս թողնելու համար, որը եկել էր Վիլֆորին զեկուցելու, թե փոստի ձիերը լծված են կառքին։
Վիլֆորը վեր կացավ կամ, ավելի ճիշտ, վեր թռավ ներքին պայքարի մեջ հաղթանակած մարդու պես, վազելով մոտեցավ գրասեղանին, գզրոցներից մեկում պահված բոլոր ոսկիները լցրեց գրպանը, մի անգամ էլ պտույտ գործեց սենյակի մեջ, շփոթված շփելով ճակատը և անկապ խոսքեր քրթմնջալով։ Վերջապես, զգալով, որ սպասավորը թիկնոցը գցեց իր ուսերին, նա դուրս եկավ, ցատկեց կառքի մեջ և կցկտուր հրամայեց գնալ Գրան-Կուր փողոցը, մարքիզ դը Սեն-Մերանի տունը։
Տարաբախտ Դանտեսը դատապարտված էր անդառնալիորեն։
Ինչպես մարքիզ դը Սեն-Մերանը խոստացել էր, Վիլֆորը նրա առանձնասենյակում տեսավ նրա կնոջն ու աղջկան։ Ռենեին տեսնելով՝ երիտասարդը ցնցվեց. նա վախենում էր, որ օրիորդը նորից կսկսի խնդրել Դանտեսի համար։ Բայց, ավաղ, ի նախատինք մեր եսասիրության, պետք է խոստովանել, որ դեռատի աղջկա միտքը զբաղված էր միայն մի բանով՝ իր փեսացուի մեկնումով։
Նա սիրում էր Վիլֆորին, որը մեկնում էր նրանց հարսանիքի նախօրյակին։ Վիլֆորն ինքն էլ չգիտեր, թե երբ կվերադառնա, և Ռենեն, Դանտեսին խղճալու փոխարեն, նզովում էր այն մարդուն, որի հանցագործությունը իրեն բաժանում էր իր փեսացուից, իսկ ինչ էր Մերսեդեսի վիճակը։
Դե-լա-լոժ փողոցի անկյունում նրան սպասում էր Ֆերնանը, որը դուրս էր եկել նրա հետևից։ Մերսեդեսը վերադարձավ Կատալանի և, կիսամեռ ու հուսահատ, ընկավ մահճի վրա։ Այդ մահճի առաջ Ֆերնանը ծունկ չոքեց և, բռնելով նրա սառը ձեռքը, որը Մերսեդեսը ետ չքաշեց, ծակեց ջերմագին համբույրներով, բայց Մերսեդեսը դրանք չէր էլ զգում։
Այդպես անցավ գիշերը։ Երբ ձեթը վերջացավ, ճրագը մարեց։ Բայց Մերսեդեսը չէր նկատում խավարը, ինչպես չէր նկատել և լույսը, և երբ արշալույսը սկսեց ծագել նա այդ էլ չնկատեց։ Վիշտը շղարշել էր նրա աչքերը, և նա տեսնում էր միայն Էդմոնին։
— Դու այստե՞ղ ես,— վերջապես հարցրեց նա Ֆերնանին։
— Երեկվանից մոտիցդ չեմ հեռացել,— պատասխանեց Ֆերնանը ցավագին հառաչանքով։
Մորելն իրեն պարտված չէր համարում։ Իմացել էր, որ հարցաքննությունից հետո Դանտեսին բանտ են տարել, այնժամ վազելով գնացել էր իր բոլոր բարեկամների մոտ, դիմել յուրաքանչյուրին, ով կարող էր ազդեցություն ունենալ, բայց արդեն ամենուրեք լուր էր տարածված, թե Դանտեսը ձերբակալված է իբրև բոնապարտիստական գործակալ, իսկ քանի որ այն ժամանակ նույնիսկ համարձակ մարդիկ գահին նորից տիրանալու ամեն մի փորձ, որ անում էր Նապոլեոնը, համարում էին խելագարություն, ապա Մորելն ամեն տեղ հանդիպում էր սառն վերաբերմունքի, վախի կամ մերժման։ Նա տուն վերադարձավ հուսահատված, ներքուստ գիտակցելով, որ գործի վիճակը շատ վատ է, և ոչ ոք ի վիճակի չէ օգնելու։
Կադրուսն էլ իր հերթին խիստ անհանգստացած էր։ Փոխանակ Մորելի պես քաղաքով մեկ վազվզելու և ջանալու որևէ կերպ օգնել Դանտեսին, մի բան, որ, սակայն, ոչ մի արդյունք չպիտի ունենար, նա առաջը երկու շիշ թրմօղի դրած փակվել էր տանը և աշխատում էր իր անհանգստությունը խմիչքով խեղդել։ Բայց նրա խռոված միտքը թմրեցնելու համար երկու շիշը քիչ էր։ Ուստի նա, կաղոտն սեղանին արմունկներով հենված, շարունակում էր նստած մնալ երկու դատարկ շշերի միջև, ուժ չունենալով ոչ գինի բերելու համար տնից դուրս գալու, ոչ էլ պատահածը մոռանալու, և նայում էր, թե ինչպես մխացող մոմի լույսի տակ իր առջև պտտվում ու պարում են այն բոլոր ուրվականները, որ հոֆմանը ֆանտաստիկական սև փոշու պես ցանել էր իր՝ փունջից թացացած էջերի մեջ։
Միայն Դանգլարն էր, որ չէր անհանգստանում ու տանջվում։ Նա նույնիսկ ուրախ էր. վրեժ էր առել թշնամուց և իր համար «Փարավոնի» վրա ապահովել մի պաշտոն, որից վախենում էր զրկվել։ Դանգլարը մեկն էր այն հաշվենկատ մարդկանցից, որոնք ծնվում են գրչափետուրը ականջի հետևը ցցած և որոնց սրտին փոխարինում է թանաքամանը։ Աշխարհիս մեջ ամեն ինչ հանգում էր հանման կամ բազմապատկման և թվանշանը նրա համար ավելի մեծ նշանակություն ուներ, քան մարդը, եթե թվանշանը մեծացնում էր այն գումարը, որ կարող էր պակասեցնել այդ մարդը։ Այդ պատճառով էլ Դանգլարը պառկեց սովորական ժամին ու հանգիստ քնած էր։ Վիլֆորը, կոմս Սալվիեից հանձնարարական նամակը ստանալով, համբուրեց Ռենեի այտերը, շրթունքները հպեց մարքիզուհի դը Սեն-Մերանի ձեռքին, սեղմեց մարքիզի ձեռքը և փոստակառքով սլացավ դեպի Էքս։
Ծերունի Դանտեսը, վշտից գլուխը կորցրած, տանջվում էր մահացու անհանգստությունից։
Իսկ ինչ վերաբերում է Էդմոնին, ապա մենք արդեն գիտենք նրա գլխին եկածը։
X. Տյուիլրիի փոքր սրահը
Թողնենք Վիլֆորին Փարիզի ճանապարհին, ուր, եռակի ուղեծախսեր վճարելով, նա ընթանում է սրարշավ, և երկու-երեք հյուրասրահ անցնելով՝ մտնենք Տյուիլրիի այն կիսաշրջանաձև լուսամուտներով սրահը, որը հռչակավոր է նրանով, որ Նապոլեոնի և Լյուդովիկոս XVIIl-ի, իսկ հետո էլ Լուի-Ֆիլիպի առանձնասենյակն է եղել։
Այդ առանձնասենյակում, նստած ընկուզենու փայտից պատրաստած սեղանի առջև, որը նա բերել էր Հարթուելից և որը, նշանավոր անձնավորություններին հատուկ տարօրինակություններից մեկի զորությամբ, առանձնապես սիրում էր, Լյուդովիկոս XVIII թագավորը մտացրիվ լսում էր հիսունին մոտ, սպիտակահեր, արիստոկրատական դեմքով և նրբաճաշակ հագնված մի մարդու։ Նա միաժամանակ նշումներ էր անում Հորացիոսի գրքի լուսանցքներում։ Գիրքը Գրիֆիուսի հրատարակածն էր, բավական ան-ստույգ, բայց և մեծարված մի հրատարակություն, որը նորին մեծությանը բանասիրական խորիմաստ դիտողությունների առատ նյութ էր տալիս։
— Ուրեմն, ասում եք, պարոն...— ասաց թագավորը։
— Թե ես չափազանց անհանգստացած եմ, ձերդ մեծություն։
— Իսկապե՞ս։ Չլինի թե երազում յոթը գեր և յոթը նիհար կով եք տեսել։
— Ոչ, ձերդ մեծություն։ Դա կնշանակեր միայն, որ մեզ մոտ յոթը տարի առատություն կլինի, յոթը տարի՝ սով։ Իսկ այնպիսի հեռատես թագավորի օրոք, ինչպիսին է ձերդ մեծությունը, հարկ չկա սովից վախենալու։
— Ուրեմն ի՞նչն է ձեզ անհանգստություն պատճառում, սիրելի Բլակաս։
— Ձերդ մեծություն, ինձ թվում է, հիմք կա կարծելու, որ հարավում ամպեր են կուտակվում։
— Այդ դեպքում, սիրելի դուքս,— պատասխանեց Լյուդովիկոս XVIII-ը,— ինձ թվում է, որ դուք լավատեղյակ չեք։ Ես, ընդհակառակը, հաստատ գիտեմ, որ այնտեղ եղանակը լավ է։
Լյուդովիկոս XVIII-ը, թեպետև լուսավորված մտքի տեր մարդ էր, սի-րում էր անմեղ կատակը։
— Տե՛ր,— ասաց դը Բլակասը,— թեկուզ ձեր հավատարիմ ծառային հանգստացնելու համար, բարեհաճեցեք հուսալի մարդիկ ուղարկել Լանգեդոկ, Պրովանս և Դոֆինե, որպեսզի ստույգ տեղեկություններ բերեն այդ երեք նա-հանգներում տիրող տրամադրությունների մասին։
— Canimus surdis[7],— պատասխանեց թագավորը՝ շարունակելով նշումներ անել Հորացիոսի լուսանցքներում։
— Ձերդ մեծություն,— շարունակեց պալատականը քմծիծաղով, ցանկանալով ցույց տալ, որ հասկացել է վենուզցի բանաստեղծի կիսատողը,— թերևս ձերդ մեծությունը միանգամայն իրավացի է, որ հույս է դնում Ֆրանսիայի հավատարմության վրա, բայց, կարծում եմ, ես այնքան էլ չեմ սխալվում վախենալով, որ որևէ հուսահատական փորձ կկատարվի...
— Ո՞ւմ կողմից։
— Բոնապարտի կամ թեկուզ նրա կուսակցության։
— Սիրելի Բլակաս,— ասաց թագավորը,— ձեր վախը ինձ թույլ չի տալիս աշխատել։
— Իսկ ձեր հանգստությունը, տե՛ր, ինձ խանգարում է քնել։
— Սպասեք, սիրելի՛դ իմ, սպասեք. մի չափազանց հաջող դիտողություն անցավ մտքովս Pastor quum traheret[8]-ի մասին։ Սպասեք, հետո կասեք։
Լռություն տիրեց, և թագավորը մանրատառ ձեռագրով մի քանի տող գրեց Հորացիոսի լուսանցքներում։
— Շարունակեք, սիրելի դուքս,— ասաց նա, ինքնագոհ կերպով բարձրացնելով գլուխը այն մարդու պես, որն ուրիշի միտքը մեկնաբանելիս կարծում է, թե ինքն է հղացել այն։— Շարունակեք, ես ձեզ լսում եմ։
— Ձերդ մեծություն,— սկսեց Բլակասը, որն սկզբում հույս ունել մենակ օգտվել Վիլֆորի բերած լուրերից,— ես պարտավոր եմ ձեզ հայտնել, որ դատարկ լուրերն ու անհիմն նախազգուշացումները չեն որ ինձ անհանգստացնում են։ Մի բարեմիտ, իմ կատարյալ վստահությանը արժանի մարդ, որին ես հանձնարարել եմ հսկողություն ունենալ Ֆրանսիայի հարավի վրա (այդ բառերն ասելիս դուքսը փոքր-ինչ կմկմաց), փոստակառքով սլացել է ինձ մոտ, որպեսզի ասի, թե թագավորին սարսափելի վտանգ է սպառնում։ Ահա թե ինչու ես շտապեցի ձերդ մեծության մոտ։
— Mala ducis avi domum[9],— շարունակեց թագավորը՝ նշումներ անելով։
— Գուցե ձերդ մեծությանը հաճո է, որ ես այդ մասին այլևս չխոսեմ։
— Ո՛չ, ո՛չ, սիրելի դուքս, բայց պարզեք ձեր ձեռքը...
— Ո՞ր ձեռքը։
— Որը կուզեք։ Ա՛յ, այնտեղ, ձախ կողմը...
— Այստե՞ղ, ձերդ մեծություն։
— Ես ասում եմ ձախ կողմը, իսկ դուք փնտրում եք աջ կողմում։ Ես ուզում եմ ասել ինձնից դեպի ձախ։ Այո՛, այդտեղ. այդտեղ պետք է լինի ոստիկանության մինիստրի երեկվա թվակիր զեկուցագիրը։ Բայց ահա և ինքը Դանդրեն... Չէ՞ որ դուք ասացիք՝ եկել է պարոն Դանդրեն,— շարունակեց թագավորը, դիմելով սենեկապետին, որը ներս էր մտել զեկուցելու ոստիկանու-թյան մինիստրի գալստյան մասին։
— Այո, տե՛ր, բարոն Դանդրեն,— պատասխանեց սենեկապետը։
— Մտեք, բարոն,— ասաց Լյուդովիկոս XVIll-ը հազիվ նշմարելի ժպիտով,— մտեք, բարո՛ն, և դուքսին պատմեք պարոն Բոնապարտին վերաբերող բոլոր վերջին նորությունները։ Ոչինչ մի թաքցրեք, որքան էլ դրությունը լուրջ լինի։ Ճի՞շտ է արդյոք, որ Էլբա կղզին մի հրաբուխ է և պատերազմ է արտավիժում, հրեղեն պատերազմ. bella, horrida bella[10].
Դանդրեն երկու ձեռքով վայելչորեն հենվելով աթոռի թիկնակին՝ ասաց.
— Ձերդ մեծությունը հաճեցա՞վ ուշադրության արժանացնել իմ երեկվա զեկուցագիրը։
— Կարդացել եմ, կարդացել, բայց ինքներդ պատմեք դուքսին, որը ոչ մի կերպ չի կարողանում զեկուցագիրը գտնել, թե ինչ է այնտեղ գրված։ Պատմեք նրան հանգամանորեն, թե ի՞նչով է զբաղվում ուզուրպատորն իր կղզում։
— Նորին մեծության բոլոր հավատարիմ ծառաները,— դիմեց բարոնը դուքսին,— պետք է ուրախանան Էլբա կղզուց ստացված վերջին նորություն-ների համար։ Բոնապարտը...
Դանդրեն նայեց Լյուդովիկոս XVIII-ին, որը ինչ-որ ծանոթագրությամբ տարված՝ նույնիսկ գլուխը չբարձրացրեց։
— Բոնապարտը,— շարունակեց բարոնը,— ձանձրույթից մեռնում է. նա Պորտո Լանգոնում ամբողջ օրերով դիտում է ականորդների աշխատանքը։
— Եվ զվարճանալու համար քորվում,— ավելացրեց թագավորը։
— Քորվո՞ւմ,— հարցրեց դուքսը։— Ի՞նչ է ցանկանում ասել ձերդ մեծությունը։
— Մի՞թե մոռացել եք, որ այդ մեծ մարդը, այդ հերոսը, այդ կիսաստվածը մաշկախտ ունի։
— Բացի դրանից, դուքս,— շարունակեց ոստիկանության մինիստրը,— մենք գրեթե համոզված ենք, որ ուզուրպատորը շատ շուտով կխելագարվի։
— Կխելագարվի՞։
— Անտարակույս, խելքը մթագնում է, մերթ նա աղի արցունք է թափում, մերթ կոկորդովը մեկ քրքջում։ Երբեմն ամբողջ ժամերով նստում է ափին ու քարեր նետում ջուրը, և եթե քարը չորս կամ հինգ անդրադարձ է անում՝ ուրախանում է, կարծես նորից շահել է Մարենգոյի կամ Աուստերլիցի ճակատամարտը։ Ինքներդ էլ կասեք, որ դրանք խելագարության բացահայտ նշաններ են։
— Կամ իմաստության,— ծիծաղելով ասաց Լյուդովիկոս XVIII-ը,— հին աշխարհի մեծ զորավարներն իրենց հանգստի ժամերին զբաղվել են նրանով, որ քարեր են նետել ջուրը։ Բացեք Պլուտարքոսը և ուշ դարձրեք Սցիպիոն Աֆրիկացու կյանքի պատմությանը։
Դը Բլակասը մտածմունքի մեջ ընկավ, տեսնելով այդպիսի անհոգություն թագավորի և մինիստրի կողմից։ Վիլֆորն իր ամբողջ գաղտնիքը չէր հայտնել նրան, որպեսզի մի ուրիշը չկարողանար օգտվել դրանից, բայց, այնուամենայնիվ, այնքան բան էր ասել, որ նրա սրտում վախ հարուցելու համար բավական էր։
— Շարունակեք, Դանդրե,— ասաց թագավորը,— Բլակասը դեռ համոզված չէ։ Պատմեք, թե ինչպես է ուզուրպատորը դարձել դեպի ճիշտ ճանապարհը։
Ոստիկանության մինիստրը գլուխ տվեց։
— Ճիշտ ճանապարհը,— շշնջաց դուքսը՝ նայելով թագավորին ու Դանդ-րեին, որոնք Վիրգիլիոսի հովիվների պես իրար խոսք էին լրացնում։— Ուզուրպատորը դարձել է դեպի ճիշտ ճանապարհը։
— Անշուշտ, սիրելի դուքս։
— Իսկ ո՞ր ճիշտ ճանապարհը։
— Բարու ճանապարհը։ Բացատրեք, բարո՛ն։
— Բանն այն է, դուքս,— սկսեց մինիստրը ամենայն լրջությամբ,— որ վերջերս Նապոլեոնը զորատես է կատարել. այդ ժամանակ նրա, ինչպես ինքն է անվանում, ծերունի մրթմրթաններից երկու-երեքը Ֆրանսիա վերադառնալու ցանկություն են հայտնել, նա բաց է թողել նրանց, համառորեն խրատելով ծառայել իրենց բարի թագավորին. կարող եմ ձեզ հավատացնել, դո՛ւքս, դրանք նրա սեփական խոսքերն են։
— Դեհ, Բլակաս, ի՞նչ կասեք այդ մասին,— հարցրեց թագավորը հաղթա-կան տեսքով՝ կտրվելով իր առջև բացված վիթխարի գրքից.— Կասեմ, ձե՛րդ մեծություն, որ մեզնից մեկը սխալվում է. կամ պարոն ոստիկանության մի-նիստրը, կամ ես։ Բայց քանի որ անհնարին է, որ ոստիկանության մինիստրը սխալվի, քանզի նա պահպանում է ձերդ մեծության բարօրությունն ու պատիվը, ապա, հավանաբար, ես եմ սխալվում։ Սակայն, եթե ես ձերդ մեծության տեղը լինեի, այնուամենայնիվ հարցուփորձ կանեի այն անձնավո-րությանը, որի մասին պատիվ ունեցա զեկուցելու։ Ես նույնիսկ պնդում եմ, որ ձերդ մեծությունը նրան արժանացնի այդ պատվին։
— Խնդրե՛մ, դուքս. ձեր ցուցումով կընդունեմ ում որ ուզում եք, բայց ես ցանկանում եմ նրան ընդունելիս զենք ունենալ ձեռքիս։ Պարոն մինիստր, ավելի թարմ զեկուցագիր չունե՞ք. սրա վրա նշված է փետրվարի քսանը, իսկ այսօր հո մարտի երեքն է։
— Ո՛չ, ձերդ մեծություն. բայց ես րոպե առ րոպե նոր զեկուցագրի եմ սպասում։ Ես տնից դուրս եմ եկել առավոտյան, և, թերևս, զեկուցագիրը ստացվել է իմ բացակայությամբ։
— Գնացեք պրեֆեկտուրա, և եթե զեկուցագիր դեռ չի ստացված, ապա...— Լյուդովիկոսը ծիծաղեց,— ապա հորինեք ինքներդ։ Չէ՞ որ այդպես է արվում։
— Փառք աստծո, տե՛ր, մենք որևէ բան հորինելու կարիք չունենք,— պատասխանեց մինիստրը,— ամեն օր մեր գլխին թափում են ամենահանգամա-նալից ամբաստանագրեր։ Գրում են ամեն տեսակի թշվառներ, հուսալով որևէ բան ստանալ այն ծառայությունների համար, որ իրենք չեն մատուցում, բայց կցանկանային մատուցել։ Հույսները դրել են բարեբախտ դեպքի վրա և սպասում են, որ մի անսպասելի իրադարձություն կարդարացնի իրենց կանխասացությունները։
— Լա՛վ, գնացեք,— ասաց թագավորը,— և մի մոռացեք, որ ձեզ սպասում եմ։
— Ձերդ մեծություն, ես տասը րոպեից այստեղ կլինեմ...
— Իսկ ես, ձերդ մեծություն,— ասաց դը Բլակասը,— գնամ, այստեղ բերեմ իմ համբավաբերին։
— Սպասե՛ք, սպասե՛ք,— ասաց թագավորը։— Գիտե՞ք ինչ, Բլակաս, ստիպված պիտի լինեմ փոխել ձեր գերբը. ես ձեզ կտամ թևատարած արծիվ, մագիլների մեջ իր որսը բռնած, որն ապարդյուն ջանում է դուրս պրծնել, և նշանաբառը կլինի Tenax[11].
— Լսում եմ ձեզ, ձերդ մեծություն,— պատասխանեց դուքսը՝ անհամբե-րությունից եղունգները կրծելով։— Ես կցանկանայի ձեր կարծիքը հարցնել այս տողի մասին. Molli fugiens anhelitu...[12] Հիշո՞ւմ եք, խոսքը վերաբերում է գայլից հալածվող եղջերուին։ Չէ՞ որ դուք որսորդ եք և ավագ որսապետ. ինչպե՞ս է ձեզ դուր գալիս այս Molli anhelitu-ն։
— Հիանալի՜ է, ձերդ մեծություն։ Բայց իմ համբավաբերը նման է ձեր ասած եղջերուին, քանզի փոստակառքով անցել է երկու հարյուր քսան լյո[13] և այն էլ հազիվ երեք օրում։
— Ավելորդ նեղություն և անհանգստություն է դա, քանի որ հեռագիր ունենք, որը նույն բանը կաներ երեք կամ չորս ժամում և այն էլ առանց շնչակտուր լինելու։
— Ձե՛րդ մեծություն, դուք վատ եք վարձատրում փութաջանությունը մի խեղճ երիտասարդի, որը հեռվից սլացելեկել է ձերդ մեծությանը նախազգուշացնելու։ Թեկուզ կոմս Սալվիեի սիրույն, որն այդ երիտասարդին հանձնարարել է ինձ, ողորմածաբար ընդունեք նրան, խնդրո՜ւմ եմ։
— Կոմս Սալվիե՞ն, եղբորս սենեկապե՞տը։
— Նա ինքը։
— Այո, այո. չէ՞ որ նա Մարսելում է։
— Այնտեղից էլ գրում է ինձ։
— Ուրեմն նա՞ էլ է հայտնում այդ դավադրության մասին։
— Ոչ, սակայն պարոն դը Վիլֆորին հանձնարարում է ինձ և խնդրում՝ նրան ներկայացնել ձերդ մեծությանը։
— Վիլֆո՜ր,— բացականչեց թագավորը։— Ուրեմն նրա անունը Վիլֆո՞ր է։
— Այո՛, տեր։
— Այդ նա՞ է եկել Մարսելից։
— Նա ինքը։
— Ինչո՞ւ միանգամից անունը չասացիք,— ասաց թագավորը, և նրա դեմքի վրա անհանգստության մի մեղմ ստվեր երևաց։
— Տե՛ր, կարծում էիք թե նրա անունը հայտնի չէ ձերդ մեծությանը։
— Ո՛չ, ո՛չ, Բլակաս. դա բանիմաց, ազնվամիտ և, որ գլխավորն է, փառասեր մարդ է։ Դուք հո նրա հորը գիտեք, թեկուզ անունով...
— Նրա հո՞րը։
— Այո, Նուարտիեին։
— Այն ժիրոնդիստի՞ն, այն սենատորի՞ն։
— Այո, հենց նրան։
— Եվ ձերդ մեծությունը այդպիսի մարդու որդուն պետական պաշտոն է վստահել։
— Բլակաս, բարեկա՛մս, դուք ոչինչ չեք հասկանում։ Ես ձեզ ասացի, որ Վիլֆորը փառասեր է. առաջ գնալու համար Վիլֆորը կզոհի ամեն ինչ, նույ-նիսկ հարազատ հորը։
— Ուրեմն հրամայում եք բերե՞լ նրան։
— Հենց այս րոպեիս։ Որտե՞ղ է նա։
— Սպասում է ներքևում, իմ կառեթի մեջ։
— Գնացեք ու կանչեք։
— Իսկույն։
Եվ դուքսը վազեց երիտասարդի աշխուժով։ Իր ռոյալիստական անկեղծ ավյունը նրան քսանամյա երիտասարդի ուժ էր հաղորդել։
Լյուդովիկոս XVIII-ը, մենակ մնալով, նորից հայացքը հառեց հորացիո-սի բացված հատորին ու շշնջաց. «Justum et tenacem proprositi virum...»[14] Դը Բլակասը վերադարձավ ճիշտ այնպես հապշտապ, ինչպես դուրս էր եկել, սակայն ընդունարանում ստիպված եղավ վկայակոչել թագավորի կամքը. Վիլֆորի փոշոտված հագուստը, որ իր ձևով բնավ չէր պատշաճում արքունական էտիկետին, անբավականություն պատճառեց մարքիզ Բրեզեին, որը շատ զարմացավ, որ երիտասարդը հանդգնում է այդ տեսքով ներկայանալ թագավորին։ Բայց դուքսի մի խոսքը՝ թե «նորին մեծությունն է հրամայել», վերացրեց բոլոր արգելքները, և չնայած այն առարկություններին, որ կարգուկանոնի սիրուն շարունակում էր փնթփնթալ արարողապետը, Վիլֆորը մտավ թագավորի առանձնասենյակը։
Թագավորը նստած էր նույն տեղում, ուր նրան թողել էր դուքսը։ Դուռը բացելով, Վիլֆորը հայտնվեց ուղիղ նրա դեմ դիմաց։ Երիտասարդը ակամա կանգ առավ։
— Մտե՛ք, պարոն դը Վիլֆոր,— ասաց թագավորը,— մտեք։
Վիլֆորը գլուխ տվեց և մի քանի քայլ արեց՝ սպասելով թագավորի հարցին։
— Պարոն դը Վիլֆոր,— սկսեց Լյուդովիկոս XVIII-ը,— դուքս Բլակասն ասում է, թե դուք մի կարևոր բան ունեք մեզ հայտնելու։
— Տե՛ր, դուքսը ճիշտ է ասում, և ես հուսով եմ, որ ձերդ մեծությունը ևս կբարեհաճի համաձայնել նրա հետ։
— Նախևառաջ ասացեք. արդյո՞ք այնպես մեծ է վտանգը, ինչպես ուզում են ինձ հավատացնել։
— Ձե՛րդ մեծություն, ես այն համարում եմ լուրջ վտանգ, բայց հուսով եմ, որ շնորհիվ իմ աճապարանքի, կանխելի է...
— Խոսեք հանգամանորեն, մի՛ քաշվեք,— ասաց թագավորը՝ ինքն էլ սկսելով վարակվել այն հուզմունքից, որ արտահայտվում էր դուքսի դեմքին ու Վիլֆորի ձայնի մեջ,— խոսեք, բայց պատմեք սկզբից. ես ամեն բանի մեջ և ամենուրեք սիրում եմ կարգը։
— Ես ձերդ մեծությանը կներկայացնեմ ստույգ հաշվետվություն, բայց խնդրում եմ ներեք, եթե վրդովմունքս փոքր-ինչ մթագնելու լինի խոսքերիս իմաստը։
Այս շողոմ նախաբանից հետո թագավորի վրա նետած հայացքը Վիլֆորին ասաց, որ օգոստոսափառ զրուցակիցը նրան լսում է բարյացակամորեն, և նա շարունակեց.
— Ձե՛րդ մեծություն, ես ամենայն փութով եկել եմ Փարիզ ձերդ մեծությանը տեղեկացնելու, որ պաշտոնիս բերումով հայտնաբերել եմ ոչ թե մի ինչ-որ սովորական ու անմիտ հանցագործություն, որպիսիք ամեն օր տեղի են ունենում բնակչության ստորին խավերի և զորքի մեջ, այլ մի իսկական դավադրություն, որ սպառնում է ձերդ մեծության գահին։ Տե՛ր, ուզուրպատորը սպառազինում է երեք նավ. նա ինչ-որ բան է խորհում, գուցե անմիտ, բայց, այնուհանդերձ ահեղ մի բան, չնայած դրա ամբողջ անմտությանը։ Այս րոպեիս նա թերևս արդեն հեռացել է Էլբա կղզուց և մեկնել չգիտեմ թե ուր։ Անտարակույս, նա կջանա ցամաք դուրս գալ կամ Նեապոլում, կամ Տոսկանայի ափերին, գուցե և անգամ Ֆրանսիայում։ Ձերդ մեծությանը անհայտ չէ, որ Էլբա կղզու տիրակալը հարաբերություններ էր պահպանում և՛ Իտալիայի, և՛ Ֆրանսիայի հետ։
— Այո,— պատասխանեց թագավորը խիստ հուզված,— հենց վերջերս մենք իմացանք, որ բոնապարտիստները հավաքվում են Սեն Ժակ փողոցում։ Բայց, խնդրում եմ, շարունակեք, ինչպե՞ս եք ձեռք բերել այդ բոլոր տեղեկությունները։
— Ձե՛րդ մեծություն, այդ տեղեկությունները ես քաղել եմ մի մարսելցի ծովայինի հարցաքննելիս։ Ես վաղուց էի հետևում նրան և մեկնելու իսկ օրը ձերբակալելու հրաման տվի։ Այդ մարդը անտարակուսելի բոնապարտիստ է, գնացել է Էլբա կղզին, այնտեղ տեսնվել է մարշալի հետ, որը նրան բանավոր հանձնարարություն է տվել մի փարիզաբնակ բոնապարտիստի հայտնելու համար, որի անունն այնպես էլ չկարողացա իմանալ նրանից։ Բայց հանձնարարությունն այն է եղել, թե պետք է հասարակական կարծիքը նախապատրաստել վերադարձի համար (խնդրում եմ հիշեք, ձերդ մեծություն, որ ես հաղորդում եմ մեղադրյալի խոսքերը)։ Վերադարձի, որը պետք է տեղի ունենա ամենամոտ ժամանակներս։
— Իսկ որտե՞ղ է այդ մարդը։
— Բանտում, ձե՛րդ մեծություն։
— Եվ գործը ձեզ լո՞ւրջ է թվացել։
Այնքան լուրջ, որ այդ մասին իմանալով ընտանեկան տոնահանդեսի ժամանակ, նշանդրեքիս օրը, անմիջապես թողի ամեն ինչ, և՛ հարսնացուիս, և՛ բարեկամներիս, ամեն ինչ հետաձգեցի մի այլ անգամվա և եկա ձերդ մեծության ոտքերի առաջ սփռելու և՛ իմ երկյուղներ, և՛ իմ հարգանացս հավաստիքը։
— Իսկապես,— ասաց Լյուդովիկոսը,— չէ՞ որ դուք պետք է ամուսնանայիք օրիորդ դը Սեն-Մերանի հետ։
— Ձեր հավատարմագույն ծառաներից մեկի դստեր հետ։
— Այո՛, այո՛։ Բայց վերստին դառնանք այդ հանցակցությանը, պարոն դը Վիլֆոր։
— Ձե՛րդ մեծություն, վախենում եմ, որ դա ավելին է, քան հանցակցությունը. վախենում եմ, որ դա դավադրություն է։
— Մեր ժամանակ,— պատասխանեց Լյուդովիկոսը ժպտալով,— դավադրություն հեշտ է սարքել, բայց դժվար է դա ի կատար ածել, թեկուզ այն պատ-ճառով, որ մենք, նորերս վերստին նստելով մեր նախնյաց գահին, մեր հայացքը միաժամանակ ուղղում ենք անցյալին, ներկային և ապագային։ Ահա արդեն տասն ամիս է, որ իմ մինիստրներն ուշադիր հետևում են, որ Միջերկրական ծովի ափերն աչալուրջ կերպով պահպանվեն։ Եթե Բոնապարտը ափ ելնի Նեապոլում, ապա ամբողջ կոալիցիան նրա դեմ դուրս կգա նախքան նրա Պյոմբինո հասնելը։ Եթե ափ դուրս գա Տոսկանայում, ապա ոտք կդնի թշնամու հողի վրա։ Եթե ափ դուրս գա Ֆրանսիայում, ապա դա կարող է անել միայն մի բուռ մարդկանցով, և մենք նրա հախիցը կգանք առանց դժվարության, քանզի բնակչությունը ատում է նրան։ Ուստի հանգստացեք։ Բայց, այնուամենայնիվ, վստահ եղեք մեր թագավորական երախտագիտությանը։
— Վա՜հ, ահա և պարոն Դանդրեն,— բացականչեց դուքս Բլակասը։
Առանձնասենյակի շեմին կանգնած էր ոստիկանության մինիստրը գունատ ու դողդոջուն, մոլոր հայացքով, ասես գիտակցությունը լքել էր նրան, Վիլֆորն ուզում էր հեռանալ, բայց դը Բլակասը բռնեց նրա թևից ու կանգնեցրեց։
XI. Կորսիկացի մարդակերը
Տեսնելով ոստիկանության մինիստրի հուսահատ դեմքը, Լյուդովիկոս ХѴІІІ-ը թափով դեն հրեց այն սեղանը, որի առաջ նստած էր։
— Ի՞նչ է պատահել ձեզ, բարոն,— գոչեց նա,— ինչո՞ւ եք այդպես շփոթված, չլինի՞ թե դուքս Բլակասի ենթադրությունների պատճառով, որոնք հաս-տատում է պարոն դը Վիլֆորը։
Դուքսը նույնպես արագ մոտեցավ բարոնին, բայց պալատականի վախը հաղթեց պետական գործչի չարախնդությանը. հարկավ, դրությունն այնպիսին էր, որ անհամեմատ լավ էր ինքը խայտառակված լիներ, քան խայտառակված տեսներ ոստիկանության մինիստրին։
— Ձե՛րդ մեծություն,— թոթովեց բարոնը։
— Խոսեք,— ասաց թագավորը։
Այնժամ ոստիկանության մինիստրը, ենթարկվելով հուսահատության զգացումին, ծնկի եկավ Լյուդովիկոս XVIII-ի առաջ, որը ետ-ետ գնաց և հոնքերը կիտեց։
— Պիտի խոսե՞ք, թե ոչ,— հարցրեց նա։
— Ա՜խ, ձերդ մեծություն, ինչպիսի դժբախտություն։ Ի՞նչ անեմ ես, ո՞վ կարող է ինձ մխիթարել։
— Ողորմած տեր,— ասաց Լյուդովիկոս XVIII-ը,— ես ձեզ հրամայում եմ խոսել։
— Ձե՛րդ մեծություն, ուզուրպատորը փետրվարի քսանութին թողել է Էլբա կղզին և մարտի մեկին ափ է դուրս եկել։
— Որտե՞ղ,— հապշտապ հարցրեց թագավորը։
— Ֆրանսիայում, ձե՞րդ մեծություն, Ժուանի ծոցում, Անտիբի մոտ գտն-վող մի փոքրիկ նավահանգստում։
— Մարտի մեկին ուզուրպատորը ափ է դուրս եկել Ֆրանսիայում Անտիբի մոտ, Ժուանի ծոցում, Փարիզից երկու հարյուր հիսուն լյո հեռու, իսկ դուք այդ մասին իմանում եք միայն այսօր, մարտի երեքին... Ո՛չ, ողորմած տեր, կամ ձեզ խաբել են, կամ դուք խելագարվել եք։
— Ավա՜ղ, ձերդ մեծություն, ասածս ստույգ ճշմարտություն է։
Լյուդովիկոս XVIII-ը դողաց զայրույթից ու սարսափից և ընբոստ վեր թռավ տեղից, ասես հանկարծ անսպասելի մի հարված իջավ թե՞ սրտին և թե դեմքին։
— Ֆրանսիայո՜ւմ,— գոռաց նա,— ուզուրպատորը Ֆրանսիայո՞ւմ։ Ուրեմն այդ մարդուն չե՞ն հսկել կամ, ո՞վ գիտե, նրա հետ խոսքը մե՞կ են արել։
— Տե՛ր,— գոչեց դուքս Բլակասը,— բարոն Գանգրեի նման մարդուն չի կարելի մեղադրել դավաճանության մեջ։ Ձե՛րդ մեծություն, մենք բոլորս կույր ենք եղել, ոստիկանության մինիստրն էլ ենթարկվել է ընդհանուր կուրությանը, և ուրիշ ոչինչ։
— Սակայն... — սկսեց Վիլֆորը, բայց հանկարծ խոսքը կտրեց,— ներեցեք մեծահոգաբար, ձե՛րդ մեծություն,— ասաց նա գլուխ տալով։— Ջանախնդրությունս ինձ ստիպեց անզուսպ լինել։ Ձերդ մեծություն, խնդրում եմ ներել ինձ։
— Խոսեք, պարո՛ն, համարձակ խոսեք,— ասաց թագավորը։— Միայն դուք էիք, որ մեզ իմաց տվիք աղետի մասին։ Օգնեք մեզ դրա առաջն առնելու հնարը գտնել։
— Ձե՛րդ մեծություն, ուզուրպատորին հարավում ատում են։ Կարծում եմ, որ եթե նա փորձի հարավի վրայով առաջանալ, հեշտ կլինի նրա դեմ հանել Պրովանսն ու Լանգեդոկը։
— Ճիշտ է,— ասաց մինիստրը,— բայց նա գալիս է Գապի և Սիստերոնի վրայով։
— Գալիս է,— ընդհատեց թագավորը,— ուրեմն գալիս է Փարիզի՞ վրա։
Ոստիկանության մինիստրը ոչինչ չպատասխանեց, մի բան, որ հավասար էր խոստովանության։
— Իսկ Դոֆինե՞ն,— հարցրեց թագավորը՝ դիմելով Վիլֆորին,— կարելի՞ է, ձեր կարծիքով, այդ նահանգն էլ ոտքի հանել Պրովանսի պես։
— Ինձ համար ծանր է ձերդ մեծությանն ասել դաժան ճշմարտությունը, բայց Դոֆինեում բնակչության տրամադրությունը շատ ավելի վատ է, քան Պրովանսում և Լանգեդոկում։ Լեռնականները բոնապարտի սաներ են, ձե՛րդ մեծություն։
— Նա լավատեղյակ է եղել,— շշնջաց թագավորը,— իսկ ինչքա՞ն զորք ունի։
— Չգիտեմ,— պատասխանեց ոստիկանության մինիստրը։
— Ինչպե՞ս թե չգիտեք։ Մոռացել եք տեղեկանալ այդ մասին։ Ճշմարիտն ասած, դա այնքան էլ կարևոր չէ,— ավելացրեց թագավորը սպանիչ ժեստով։
— Ձե՛րդ մեծություն, ես չէի կարող այդ մասին տեղեկանալ, գաղտնագիրը հաղորդում է միայն ուզուրպատորի ափ դուրս գալու և այն ճանապար-հի մասին, որով նա առաջանում է։
— Իսկ ինչպե՞ս եք ստացել գաղտնագիրը,— հարցրեց թագավորը։
Մինիստրը գլուխը կախեց ու խեցգետնի պես կարմրեց։
— Հեռագրով, ձե՛րդ մեծություն։
Լյուդովիկոս XVIII-ը մի քայլ առաջ շարժվեց և Նապոլեոնի պես ձեռքերը խաչեց կրծքին։
— Եվ այդպես,— ասաց նա,— դաշնակից յոթ բանակներ տապալեցին այդ մարդուն, քսանհինգամյա աքսորից հետո ես հրաշքով վերադարձա նստելու նախնյացս գահին, այդ ամբողջ քսանհինգ տարիների ընթացքում ուսումնասիրեցի, քննեցի ու ճանաչեցի այն Ֆրանսիայի մարդկանց ու գործերը, որ ինձ խոստացել էին և ինչի՞ համար։ Նրա համար, որ այն պահին, երբ հասել էի իղձերիս կատարմանը, ձեռքումս եղած ուժն ամպրոպի պես պայթի և ի՛նձ կործանի։
— Ձե՛րդ մեծություն, ճակատագրի բան է,— փնթփնթաց մինիստրը՝ զգալով, որ բախտի համար անկշիռ այդ բեռը մարդուն ճզմելու համար բավական է։
— Ուրեմն, ինչ որ մեր մասին ասում էին մեր թշնամիները՝ ճիշտ է. մենք ոչինչ չենք սովորել, ոչինչ չենք մոռացել։ Եթե ինձ դավաճանեին, ինչպես նրան, ես դեռ կարող էի մխիթարվել։ Բայց լինել այնպիսի մարդկանց մեջ, որոնց գլխին ես պատիվներ եմ տեղացել և որոնք ինձ պետք է պահպանեին ավելի, քան իրենց, քանզի իմ բախտավորությունն իրենց բախտավորությունն է, ինձնից առաջ նրանք ոչինչ էին, ինձնից հետո դարձյալ կլինեն ոչինչ, և կործանվել նրանց անճարակության, նրանց հիմարության պատճա-ռով։ Այո՛, ողորմած տեր, դուք իրավացի եք, ճակատագիր է։
Մինիստրը, չհամարձակվելով գլուխը բարձրացնել, լսում էր այդ ահեղ հանդիմանությունը։ Բլակասը սրբում էր դեմքի քրտինքը։ Վիլֆորը ներքուստ ժպտում էր, զգալով, որ իր նշանակությունը մեծանում է։
— Ընկնել,— շարունակեց Լյուդովիկոս XVIII-ը, որն առաջին իսկ հայաց-քից կարողացել էր չափել միապետության առաջ բացված անդունդի խորությունը,— ընկնել և ընկնելուդ մասին իմանալ հեռագրո՜վ։ Ինձ համար ավելի հեշտ կլիներ կառափնարան բարձրանալ իմ եղբայր Լյուդովիկոս XVI-ի պես, քան ծաղրուծանակի խարազանի ներքո ցած իջնել Տյուիլրիի աս-տիճաններով... Դուք չգիտեք, ողորմած տեր, թե ի՞նչ կնշանակեր Ֆրան-սիայում ծաղրատեղի դառնալ, այնինչ հարկ էր, որ գիտենայիք։
— Ձե՛րդ մեծություն,— թոթովեց մինիստրը,— խնայեցե՜ք...
— Մոտեցեք, պարո՛ն դը Վիլֆոր,— շարունակեց թագավորը՝ դիմելով երիտասարդին, որը փոքր-ինչ հեռու՝ անշարժ կանգնած հետևում էր զրույցին, որի մեջ տարուբերվում էր ամբողջ պետության բախտը,— մոտեցեք և ասացեք նրան, որ կարելի էր նախապես իմանալ այն ամենը, ինչ նա չի իմացել։
— Ձե՛րդ մեծություն, ֆիզիկապես անհնար էր կռահել այն մտադրությունները, որ ուզուրպատորը վճռականապես թաքցնում էր բոլորից։
— Ֆիզիկապես անհնա՜ր է։ Ինչպիսի՜ ծանրակշիռ փաստարկ։
Դժբախտաբար, ծանրակշիռ փաստարկները նույնն են, ինչ որ և կշիռ ունեցող մարդիկ, նրանց գինն ինձ հայտնի է։ Մի մինիստրի համար, որն իր տրամադրության տակ ունի մի ամբողջ վարչություն, դեպարտամենտներ, գործակալներ, խուզարկուներ, լրտեսներ և մեկուկես միլիոն ֆրանկ գաղտնի ֆոնդ, ահա այդ մինիստրի համար անհնար է իմանալ, թե ի՛նչ է կատարվում Ֆրանսիայի ափերից վաթսուն մղոն հեռու։ Ահա մի երիտասարդ, որը չի ունեցել այդ միջոցներից ոչ մեկը, և նա, դատարանական մի հասարակ աստիճանավոր, իմացել է ավելին քան դուք ձեր ամբողջ ոստիկանությամբ, նա կփրկեր թագս, եթե ձեզ պես իրավունք ունենար օգտվելու հեռագրից։
Ոստիկանության մինիստրի հայացքը ամենախորին վրդովմունքի արտահայտությամբ դարձավ դեպի Վիլֆորը, որը գլուխը խոնարհեց հաղթողի համեստությամբ։
— Ձեր մասին չեմ խոսում, Բլակաս,— շարունակեց թագավորը,— եթե դուք ոչինչ չեք էլ հայտնաբերել, ապա գոնե այնքան խելոք էիք, որ համառում էիք ձեր կասկածանքների մեջ։ Մի ուրիշը, թերևս, պարոն դը Վիլֆորի տված տեղեկությունը դատարկ բան համարեր կամ մտածեր, թե դա շահախնդիր փառամոլության թելադրանք է։
Դրանով նա ակնարկում էր այն խոսքերը, որ ոստիկանության մինիստրն այնպիսի համոզվածությամբ ասել էր մի ժամ առաջ։
Վիլֆորը հասկացավ թագավորի խաղը։ Մի ուրիշը, թերևս, հաջողությունից հարբած, իրեն թույլ տար հրապուրվել գովեստներով, բայց Վիլֆորը վախենում էր ի դեմս ոստիկանության մինիստրի մահացու թշնամի վաստակել, թեպետև զգում էր, որ նա արդեն անդառնալի կորած է։ Սակայն մինիստրը, որ իր ունեցած կատարյալ իշխանությամբ հանդերձ չէր կարողացել կռահել Նապոլեոնի դիտավորությունները, կարող էր իր հոգեվարքի ջղաձգությունների ժամանակ բացահայտել Վիլֆորի գաղտնիքը. դրա համար բավական էր, որ նա հարցաքններ Դանտեսին։ Այդ պատճառով էլ, մինիստրին վերջնականապես սպանելու փոխարեն, Վիլֆորը օգնության հասավ նրան։
— Ձե՛րդ մեծություն,— ասաց նա,— իրադարձությունների արագությունն ապացուցում է, որ միայն աստված կարող է դրանց առաջն առնել՝ փոթորիկ բարձրացնելով։ Այն, ինչ որ ձերդ մեծությունը բարեհաճում է վերագրել իմ խորաթափանցությանը, պարզապես պատահմունքի բան է. ես միայն օգտվել եմ պատահմունքից որպես հավատարիմ ծառա։ Մի՛ գնահատեք ինձ ավելի բարձր, քան ես արժանի եմ, տե՛ր, որպեսզի հետո չհիասթափվեք ձեր առաջին տպավորությունից։
Ոստիկանության մինիստրը մի պերճախոս հայացքով շնորհակալություն հայտնեց Վիլֆորին, իսկ Վիլֆորը հասկացավ, որ հասել է իր նպատակին և, առանց թագավորի երախտագիտությունից զրկվելու, շահել է մի բարեկամ, որի վրա հարկ եղած դեպքում կարող է հույս դնել։
— Թող ձե՛ր խոսքը լինի,— ասաց թագավորը։— Իսկ հիմա, պարոնայք,— շարունակեց նա՝ դիմելով դը Բլակասին ու ոստիկանության մինիստրին,— դուք այլևս ինձ պետք չեք, կարող եք գնալ հիմա ինչ որ մնում է անելու, վերաբերում է զինվորական մինիստրի տնօրինությանը։
— Բարեբախտաբար,— ասաց դուքսը,— մենք կարող ենք հույս դնել բանակի վրա։ Ձերդ մեծությանը հայտնի է, որ բոլոր զեկույցները վկայում են նրա հավատարմությունը ձեր թագին։
— Զեկույցների մասին մի՛ խոսեք ինձ հետ. այժմ ես գիտեմ, թե ինչպես կարելի է հավատալ դրանց։ Ի դեպ, դառնանք զեկույցներին, բարո՛ն, ի՞նչ նորություններ կան Սեն Ժակ փողոցի մասին։
— Սեն Ժակ փողոցի մասի՞ն,— ակամա բացականչեց Վիլֆորը, բայց իսկույն էլ լեզուն կծեց։— Ներեցե՞ք, տեր. ձերդ մեծության նկատմամբ ունեցածս հավատարմությունը ինձ շարունակ մոռացնել է տալիս ոչ թե ձեր նկատմամբ տածածս հարգանքը, որ չափազանց խորն է տպավորված սրտումս, այլ վարվեցողության կանոնները։
— Խնդրեմ, ազատ զգացեք ձեզ,— պատասխանեց թագավորը,— դուք այսօր հարցեր տալու իրավունք նվաճեցիք։
— Տե՛ր,— սկսեց ոստիկանության մինիստրը,— ես ի դեպ ցանկանում էի այսօր ձերդ մեծությանը զեկուցել այդ գործի առթիվ հավաքված նոր տեղեկությունների մասին, բայց ձե՛րդ մեծության ուշադրությունը զբաղված էր Ժուան ծովածոցում տեղի ունեցած դեպքերով. այժմ այդ տեղեկությունները ոչ մի հետաքրքրություն չեն կարող ներկայացնել ձե՛րդ մեծության համար։
— Ընդհակառակը,— պատասխանեց թագավորը,— իմ կարծիքով, այդ գործն ուղղակի կապ ունի մեզ զբաղեցնող գործի հետ և թերևս գեներալ Կենելի մահը մեզ հնարավորություն տա գտնելու մի ներքին մեծ դավադրության հետքը։
Կենելի անունը լսելով՝ Վիլֆորը ցնցվեց։
— Հիրավի, ձե՛րդ մեծություն,— շարունակեց ոստիկանության մինիստրը,— դատելով ըստ ամենայնի, դա ոչ թե ինքնասպանություն է, ինչպես ենթադրում էին սկզբում, այլ սպանություն։ Գեներալ Կենելը, ըստ երևույթին, անհետացել է բոնապարտիստական ակումբից դուրս գալու ժամանակ։ Ինչ-որ անհայտ մեկը այդ առավոտ եկել է նրա մոտ և հետը ժամադրություն նշանակել Սեն ժակ փողոցում։ Դժբախտաբար, սպասավորը, որ այն ժամանակ, երբ անծանոթին ներս են բերել առանձնասենյակը, սանրելիս է եղել գեներալի գլուխը և լսել է, թե նա ինչպես է գեներալի հետ տեսակցություն նշանակում Սեն Ժակ փողոցում, չկարողացավ հիշել տան համարը։
Մինչ ոստիկանության մինիստրը թագավորին հաղորդում էր այդ տեղեկությունները, Վիլֆորը, որ որսում էր ամեն բառը, մերթ կարմրում էր, մերթ գունատվում։
Թագավորը շրջվեց դեպի նա։
— Չե՞ք կարծում արդյոք, պարոն դը Վիլֆոր, որ գեներալ Կենելը, որին ուզուրպատորի կուսակից էին համարում, մինչդեռ իրականում ամբողջովին ինձ էր նվիրված, կարող է զոհված լինել բոնապարտիստի ձեռքով։
— Հնարավոր է, ձերդ մեծություն։ Բայց մի՞թե այլևս ոչինչ հայտնի չէ։
— Արդեն գտել են ժամադրություն նշանակած մարդու հետքը։
— Հետքը գտե՞լ են,— կրկնեց Վիլֆորը։
— Այո, սպասավորը հայտնել է նրա նշանները։ Այդ մարդը մոտ հիսուն կամ հիսուներկու տարեկան է, սևահեր, սև աչքերով, խիտ հոնքերով, բեղավոր, հագած է մինչև վիզը կոճկված կապույտ սերթուկ, լամբակի վրա՝ Պատվո Լեգեոնի ժապավեն։ Երեկ հետապնդել են, այդ նշաններին լիովին համապատասխանող մի անձնավորության, բայց նա անհետացել է Լա-Ժյուսեն և Կոկ-Էրոն փողոցների անկյունում։
Վիլֆորը մինիստրի առաջին իսկ խոսքերը լսելուն պես հենվեց բազ-կաթոռի թիկնակին, քանզի ոտքերը ծալվում էին, բայց երբ լսեց, որ անծանոթը դուրս է պրծել ոստիկանության ձեռքից, թեթևացած շունչ քաշեց։
— Գտե՛ք այդ մարդուն,— ասաց թագավորը ոստիկանության մինիստրին,— քանզի, եթե գեներալ Կենելը, որը հիմա կարող էր մեզ այնքան պետքական լինել, ընկել է մարդասպանների ձեռքով, բոնապարտիստներ լինեն դրանք թե ոչ, ես ուզում եմ, որ նրան սպանողներն անխնա պատժվեն։
Վիլֆորին պետք եղավ իր ամբողջ սառնասրտությունը, որպեսզի կարողանար չմատնել այն սարսափը, որ նրան պատճառեցին թագավորի ասած վերջին բառերը։
— Զարմանալի՜ բան,— շարունակեց թագավորը զայրացած։— Ոստիկանությունը կարծում է, որ ամեն ինչ ասված է, երբ ասում է թե սպանություն է կատարվել, և որ ամեն ինչ արված է, երբ ավելացնում է, թե գտել են մեղավորների հետքը։
— Հուսով եմ, ձե՛րդ մեծություն, որ այս անգամ գոհ կմնաք։
— Լա՛վ, կտեսնենք։ Կարող եք գնալ, բարոն։ Պարոն դը Վիլֆոր, դուք հոգնած եք երկար ճանապարհից, գնացեք հանգստացեք։ Երևի ձեր հոր տա՞նն եք իջել։
Վիլֆորի աչքերը մթնեցին։
— Ո՛չ, ձերդ մեծություն, Տուրնոն փողոցում, «Մադրիդ» հյուրանոցում։
— Բայց նրան տեսե՞լ եք։
— Ձե՛րդ մեծություն, ես գնացել եմ ուղիղ դուքս Բլակասի տուն։
— Բայց նրան տեսնելո՞ւ եք։
— Չեմ կարծում, ձերդ մեծություն։
— Այո, իրավ է,— ասաց թագավորը, և նրա ժպիտից երևում էր, որ այդ բոլոր հարցերը տրված են ոչ առանց դիտավորության։— Մոռացել էի, որ պարոն Նուարտիեի հետ դուք հաշտ չեք և որ դա ևս մի զոհաբերություն է իմ գործին, որի համար պարտավոր եմ ձեզ հատուցել։
— Իմ նկատմամբ ձերդ մեծության ցուցաբերած ողորմածությունն իմ բոլոր ակնկալությունները գերազանցած այնպիսի մի պարգև է, որ ես այլևս ոչինչ չունեմ խնդրելու թագավորից։
— Միևնույն է, մենք ձեզ չենք մոռանա, անհո՛գ եղեք։ Իսկ առայժմ (թագավորը կրծքից պոկեց Պատվո Լեգեոնի խաչը, որ իր կապույտ ֆրակի վրա շարունակ կրում էր Սբ Լյուդովիկոսի խաչի կողքին, Կարմիլի աստվածամոր և Սբ Ղազարի աստղի վերևում, և հանձնեց Վիլֆորին), առայժմ վերցրեք այս խաչը։
— Ձե՛րդ մեծություն, դուք սխալվում եք,— ասաց Վիլֆորը,–սա սպայական խաչ է։
— Նշանակություն չունի, վերցրեք։ Ես ժամանակ չունեմ ուրիշը պահանջելու։ Բլակաս, հոգ տարեք, որ պարոն դը Վիլֆորին հրամանագիր տրվի։
Հպարտության արցունքներ փայլեցին Վիլֆորի աչքերում։ Նա առավ ու համբուրեց խաչը։
— Էլ ի՞նչ հրամաններ կբարեհաճի տալ ինձ ձերդ մեծությունը,— հարցրեց Վիլֆորը։
— Հանգստացեք, իսկ հետո մի մոռացեք, որ եթե Փարիզում դուք ի վիճակի չեք ինձ ծառայելու, ապա Մարսելում կարող եք ինձ մեծ ծառայություն մատուցել։
— Ձե՛րդ մեծություն,— պատասխանեց Վիլֆորը խոնարհվելով,— մեկ ժամ հետո ես հեռացած կլինեմ Փարիզից։
— Գնացեք,— ասաց թագավորը,— և եթե ձեզ մոռանալու լինեմ (թագավորների հիշողությունը թույլ է), մի՛ վախեցեք հիշեցնել ձեր մասին... Բարո՛ն, հրամայեք ինձ մոտ կանչել զինվորական մինիստրին։ Բլակա՛ս, դուք մնացեք։
— Այո, պարոն,— ասաց ոստիկանության մինիստրը Վիլֆորին Տյուիլրիից դուրս գալիս,— գործը ճիշտ բռնեցիք, և ձեր կարիերան ապահովված է։
— Արդյոք երկա՞ր ժամանակով,— շշնջաց Վիլֆորը՝ հրաժեշտ տալով մինիստրին, որի կարիերան վերջացած էր, և սկսեց աչքերով կառք որոնել։
Ծովափով մի կառք էր անցնում. Վիլֆորը ձայն տվեց, և կառքը մոտեցավ։ Նա ասաց հասցեն, նետվեց կառքի մեջ և անձնատուր եղավ իր փառասիրական երազներին։ Տասը րոպե հետո նա արդեն իր կացարանում էր, հրամայեց երկու ժամից հետո ձիերը պատրաստել, ապա նախաճաշ պահանջեց։
Նա արդեն սեղան էր նստել, երբ ինչ-որ մեկի վստահ և ուժեղ ձեռքը ձգեց զանգակի լարը։ Սպասավորը գնաց դուռը բացելու, և Վիլֆորը լսեց մի ձայն, որ իր անունն էր տալիս։
«Ո՞վ կարող է իմանալ, որ ես Փարիզում եմ»,— մտածեց թագավորական դատախազի օգնականը։
Սպասավորը ետ եկավ։
— Ի՞նչ կա,— հարցրեց Վիլֆորը,— ո՞վ էր զանգը տվողը, ո՞վ էր ինձ հարցնում։
— Անծանոթ պարոն է, և չի ուզում իր անունն ասե՞լ։
— Ի՞նչ, չի ուզում անունն ասե՞լ։ Իսկ ի՞նչ գործ ունի ինձ հետ։
— Ուզում է ձեզ հետ խոսել։
— Ի՞նձ հետ։
— Այո։
— Նա ինձ կոչեց իմ անունո՞վ։
— Այո։
— Իսկ ի՞նչ տեսակ մարդ է։
— Մի հիսուն տարեկան։
— Կարճահասա՞կ, թե բարձրահասակ։
— Ձեր հասակի։
— Սևահե՞ր, թե շիկահեր։
— Սևահեր, թունդ սևահեր, մազերը սև, աչքերը սև, հոնքերը սև։
— Իսկ հագո՞ւստը,— արագ հարցրեց Վիլֆորը.— ի՞նչ է հագած։
— Մինչև վիզը կոճկած կապույտ սերթուկ, Պատվո Լեգեոնի ժապավենով։
— Նա՜ է,— շշնջաց Վիլֆորը գունատվելով։
— Գրո՛ղը տանի,— ասաց մի մարդ՝ դռան մեջ երևալով, որի նշանները մենք նկարագրել ենք արդեն երկու անգամ,— որքա՜ն ձևականություններ։ Կամ գուցե Մարսելում որդիները սովո՞ր են հայրերին սպասեցնել նախասենյակում։
— Հա՜յր,— բացականչեց Վիլֆորը։— Ուրեմն չեմ սխալվել... Ես էլ հենց մտածում էի, որ դուք կլինեք...
— Իսկ եթե մտածում էիր, որ ես կլինեմ,— շարունակեց հայրը՝ ձեռնափայտը դնելով մի անկյունում, իսկ գլխարկը սեղանի վրա,— ապա թույլ տուր քեզ ասել, սիրելի՛ Ժերար, որ ինձ սպասեցնել տալդ այնքան էլ քաղաքավարի բան չէ։
— Գնացեք, Ժերմե՛ն,— ասաց Վիլֆորը։
Սպասավորը հեռացավ ակներև զարմանք արտահայտելով։
XII. Հայր և որդի
Պրն Նուարտիեն, քանզի իսկապես այդ նա էր, աչքերով հետևեց սպասավորին, մինչև որ դուռը փակվեց նրա հետևից, ապա, հավանաբար վախենալով, որ չլինի թե սպասավորը նախասենյակից ականջ դնի, նորից բացեց դուռը։ Նախազգուշությունն ավելորդ չեղավ, քանզի այն աճապարանքը, որով Ժերմենը ծլկեց, կասկած չթողեց, որ նա զերծ չէ մեր նախահայրերին կործանած մեղքից։ Այնժամ պրն Նուարտիեն իր ձեռքով կողպեց նախասենյակի դուռը, ապա վրա բերեց ննջասենյակի դռան սողնակը, և վերջապես, ձեռքը պարզեց Վիլֆորին, որը զարմացած նրան էր նայում։
— Գիտե՞ս ինչ, Ժերար,— ասաց նա որդուն մի ժպիտով, որի իսկական իմաստը դժվար էր որոշել,— չի կարելի ասել, թե շատ ուրախ ես ինձ հանդիպելուդ համար։
— Ի՜նչ եք ասում, հա՛յր, ընդհակառակը՝ չափազանց ուրախ եմ։ Բայց, խոստովանանք լինի, ես այնքան քիչ հույս ունեի ձեր այցելության վրա, որ դա ինձ փոքր-ինչ զարմանք պատճառեց։
— Բայց, բարեկամս,— շարունակեց Նուարտիեն՝ նստելով բազկաթոռին,— ես կարող էի նույնը ձեզ ասել։ Այդ ինչպե՞ս է պատահել դուք ինձ գրում եք, թե փետրվարի քսանութին Մարսելում նշանակված է ձեր նշանդրեքը, իսկ ահա մարտի երեքին Փարիզում եք։
— Այո, ես այստեղ եմ,— ասաց Ժերարը՝ աթոռը մոտեցնելով պրն Նուարտիեին,— բայց դուք ինձնից մի նեղացեք, ես ձեր սիրույն եմ եկել այստեղ և թերևս իմ գալուստը փրկի ձեզ։
— Ահա՜ թե ինչ,— պատասխանեց պ-րն Նուարտիեն՝ անփութորեն մեկնվելով բազկաթոռի մեջ,— հապա պատմեք ինձ, պարո՛ն դատախազ, թե բանն ինչ է։ Դա շա՜տ հետաքրքիր է։
— Դուք լսե՞լ եք Սեն ժակ փողոցում գտնվող մի ինչ-որ բոնապարտիստական ակումբի մասին։
— Համար հիսուներեք տա՜նը։ Այո։ Ես այդ ակումբի փոխնախագահն եմ։
— Հա՛յր, ձեր պաղարյունությունը ինձ սարսափեցնում է։
— Ի՞նչ ես ուզում, սիրելիս։ Մոնտանյարների կողմից մահվան դատապարտված, խոտի սայլի մեջ թաքնվելով Փարիզից փախած, Բորդոյի տափաստաններում Ռոբեսպիերի հետախույզներից թաքնված մարդը կարողացել է շատ բանի ընտելանալ։ Շարունակիր, ուրեմն։ Ի՞նչ է պատահել Սեն ժակ փողոցի այդ ակումբում։
— Պատահել է այն, որ գեներալ Կենելին հրավիրել են այնտեղ և որ գեներալ Կենելը, տնից դուրս գալով իրիկվա ժամը իննին, երկու օր հետո գտնվել է Սենայի մեջ։
— Եվ ո՞վ է ձեզ պատմել այդ զվարճալի դեպքը։
— Թագավորն ինքը։
— Դե որ այդպես է,— ասաց Նուարտիեն,— ես էլ, ի պատասխան ձեր պատմածի, ձեզ մի նորություն կպատմեմ։
— Կարծում եմ, որ ես արդեն գիտեմ այդ նորությունը։
— Ուրեմն դուք գիտե՞ք նորին մեծություն կայսեր ափ դուրս գալը։
— Լռեցե՛ք, հայր, աղաչում եմ, լռեցե՛ք, նախ ձեր, ապա և իմ սիրույն։ Այո, ես գիտեի այդ նորությունը, և գիտեի նույնիսկ ավելի շուտ, քան դուք, քանզի երեք օր շարունակ Մարսելից սլացել եմ Փարիզ և զայրույթից մազերս փե-տել, վախենալով, թե չպիտի կարողանամ երկու հարյուր լյո հեռավորությունից տեղ հասցնել այն միտքը, որ այրում է ուղեղս։
— Երեք օ՞ր, խելագարվե՞լ եք։ Երեք օր առաջ կայսրը դեռևս ափ չէր իջել։
— Այո, բայց ես արդեն գիտեի նրա մտադրությունը։
— Իսկ ինչպե՞ս։
— Մի նամակից, որ Էլբա կղզուց հասցեագրված էր ձեզ։
— Ի՞նձ։
— Այո, ձեզ։ Եվ ես այն բռնեցի սուրհանդակի ձեռքին։ Եթե այդ նամակն ուրիշի ձեռքն ընկներ, դուք արդեն գնդակահարված կլինեիք։
Վիլֆորի հայրը ծիծաղեց։
— Ըստ երևույթին,— ասաց նա,— Բուրբոնները կայսրից սովորել են գործել առանց քաշքշուկի... Գնդակահարվա՜ծ։ Բարեկա՛մդ իմ, որքան շտապում եք դուք։ Իսկ ո՞ւր է այդ նամակը։ Ձեզ ճանաչելով՝ համոզված եմ, որ խնամքով պահած կլինեք։
— Այրեցի մինչև վերջին պատառը, քանզի այդ նամակը ձեր մահավճիռն էր։
— Եվ ձեր կարիերայի վախճանը,— սառը պատասխանեց Նուարտիեն։— Այո, դուք իրավացի եք, բայց ես վախենալու հարկ չունեմ, քանի որ դուք ինձ հովանավորում եք։
— Դեռ ավելին. փրկում եմ։
— Ահա թե ինչ։ Դա սկսում է ինձ հետաքրքրել։ Բացատրեք տեսնենք։
— Դառնանք Սեն Ժակ փողոցի ակումբին։
— Երևում է, որ այդ ակումբը չափազանց շատ է հետաքրքրում ոստիկանության պաշտոնյաներին։ Հապա ինչո՞ւ են այդքան վատ փնտրում։ Վաղուց գտած կլինեին։
— Չեն գտել, բայց հետքը հայտնաբերել են։
— Դրանք նվիրագործված խոսքեր են, գիտե՜մ։ Երբ ոստիկանությունն անզոր է, ասում է, թե հետքը գտել է. և կառավարությունը հանգիստ սպասում է, մինչև որ նա մեղավորի տեսքով չգա ու չզեկուցի, թե հետքը կորել է։
— Այո, բայց դիակ է գտնված։ Գեներալ Կենելը մեռած է, իսկ աշխարհիս բոլոր երկրներում դա կոչվում է սպանություն։
— Սպանությո՞ւն։ Բայց ոչ մի ապացույց չկա, որ գեներալը սպանության զոհ է եղել։ Սենայում ամեն օր գտնում են այնպիսի մարդկանց, որ հուսահատությունից ջուրն են նետվել և կամ խեղդվել են լողալ չիմանալու պատճառով։
— Դուք շատ լավ գիտեք, որ գեներալը հուսահատությունից չի խեղդվել, և որ հունվար ամսին Սենայում չեն լողանում։ Ո՛չ, ո՛չ, ինքներդ ձեզ մի խաբեք. այդ մահը սպանություն են համարում։
— Իսկ ո՞վ է համարում։
— Թագավորն ինքը։
— Թագավո՞րը։ Իսկ ես կարծում էի, թե նա փիլիսոփա է և հասկանում է, որ քաղաքականության մեջ սպանություններ չկան։ Քաղաքականության մեջ, սիրելի՛ս, դա հայտնի է ձեզ, ինչպես և ինձ, կան ոչ թե մարդիկ, այլ գաղափարներ, ոչ թե զգացմունքներ, այլ շահեր։ Քաղաքականության մեջ ոչ թե մարդուն սպանում են, այլ վերացնում են խոչնդոտները, և ուրիշ ոչինչ։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե այդ ամենը ինչպես է պատահել։ Ես կպատմեմ ձեզ։ Մենք կարծում էինք, թե գեներալ Կենելի վրա կարելի է հույս դնել. նրան հանձնարարել էին մեզ Էլբա կղզուց։ Մեզանից մեկը գնում է նրա մոտ և հրավիրում Սեն Ժակ փողոցում կայանալիք ժողովին։ Նա գալիս է, նրան հայտնում են Էլբա կղզուց մեկնելու և Ֆրանսիայում ափ դուրս գալու ամբողջ պլանը։ Հետո նա ամեն ինչ լսելուց ու իմանալուց հետո հայտարարում է, թե ինքը ռոյալիստ է։ Բոլորն իրար երեսի են նայում։ Նրանից պահանջում են երդում տալ, նա էլ տալիս է, բայց այնպիսի դժկամությամբ, որ կարծես ուզում է աստծուն չգայթակղեցնել։ Եվ այնուամենայնիվ գեներալին թույլ տվին, որ հանգիստ թողնի ու հեռանա։ Նա տուն չի վերադարձել։ Էլ ի՞նչ կուզեք։ Անշուշտ մեր ժողովից դուրս գալուց հետո ճանապարհը կորցրել է, և ուրիշ ոչինչ։ Սպանությո՜ւն։ Դուք ինձ զարմացնում եք, Վիլֆոր։ Թագավորական դատախազի օգնականը ցանկանում է մեղադրանքը կառուցել այդքա՜ն խախուտ փաստարկների վրա։ Երբ դուք որպես անձնվեր ռոյալիստ մերոնցից որևէ մեկին այն աշխարհն եք ուղարկում, մի՞թե երբևէ մտքովս կանցնի ձեզ ասել. «Որդի՛ս, դուք սպանություն գործեցիք»։ Ո՛չ, ես կասեմ. «Շա՜տ լավ, ողորմած պարոն, դուք հաղթեցիք, հիմա հերթը մերն է»։
— Զգուշացեք, հա՛յր, երբ մեր հերթը գա, մենք անողորմ կլինենք։
— Ես ձեզ չեմ հասկանում։
— Դուք ապավինում եք ուզուրպատորի վերադարձի՞ն։
— Չեմ թաքցնում։
— Դուք սխալվում եք, նա տասը լյո իսկ չի մտնի Ֆրանսիայի խորքը։ Նրան կհետապնդեն, կբռնեն ու կսպանեն վայրի գազանի պես։
— Սիրելի՛դ իմ, կայսրը հիմա Գրենոբլի ճանապարհին է. տասին կամ տասներկուսին կլինի Լիոնում, իսկ քսանին կամ քսանհինգին՝ Փարիզում։
— Բնակչությունը ոտքի կկանգնի…
— Որպեսզի ողջունի նրան։
— Նա ընդամենը մի բուռ մարդիկ ունի, իսկ նրա դեմ ամբողջ Բանակներ կհանեն։
— Որոնք ողջույնի գոչյուններով նրան կուղեկցեն մինչև մայրաքաղաք։ Հավատացեք ինձ, Ժերա՛ր, դուք դեռ երեխա եք, ձեզ թվում է, թե ամեն ինչ գիտեք, երբ հեռագիրը, նրա ափ դուրս գալուց երեք օր հետո, ձեզ հայտնում է. «Ուզուրպատորը մի բուռ մարդկանցով ափ է դուրս եկել Կաննում, նրան հետապնդում են»։ Բայց որտե՞ղ է նա, ի՞նչ է անում՝ դուք ոչինչ չգիտեք։ Դուք միայն գիտեք, որ նրան հետապնդում են։ Եվ այդպես նրան կհետապնդեն մինչև Փարիզ, առանց մի գնդակ արձակելու։
— Գրենոբլն ու Լիոնը ռոյալիստական քաղաքներ են, նրանք նրա դեմ անանցանելի պատնեշ կկանգնեցնեն։
— Գրենոբլն ուրախությամբ իր դռները կբացի նրա առաջ, ամբողջ Լիոնը դուրս կգա նրան դիմավորելու։ Հավատացեք, մենք իրազեկ ենք ոչ պակաս, քան դուք, և մեր ոստիկանությունը արժե ձերին։ Ապացույց կուզե՞ք։ Դուք ցանկացել եք ինձնից թաքցնել ձեր գալը, մինչդեռ ես դրա մասին իմացա ձեր՝ ուղեկալն անցնելուց ընդամենը կես ժամ հետո։ Դուք ձեր հասցեն տվել էիք միայն փոստակառքի կառավարին, մինչդեռ այն ինձ հայտնի է, ինչպես երևում է նրանից, որ ես ձեզ մոտ եկա հենց այն պահին, երբ սեղան էիք նստում։ Ուստի զանգը տվեք և մի սպասք էլ պահանջեցեք. մենք միասին կճաշենք։
— Իսկապես,— պատասխանեց Վիլֆորը՝ զարմացած նայելով նրան,— շատ ստույգ տեղեկություններ ունեք։
— Դա շատ հասկանալի է։ Դուք, իշխանության գլուխ կանգնածներդ, ունեք միայն այնպիսի միջոցներ, որ կարելի է փողով գնել, իսկ մենք, իշխանության սպասողներս, ունենք այն բոլոր միջոցները, որ մեզ ընձեռում է հավատարմությունը, որ մեզ ընծայում է անձնվիրությունը։
— Հավատարմությո՞ւնը,— կրկնեց Վիլֆորը ժպտալով։
— Այո, հավատարմությունը։ Պարկեշտության համար այդպես են կոչում փառամոլությունը նրանք, ովքեր ապագայի հույսեր են փայփայում։
Եվ Վիլֆորի հայրը, տեսնելով, որ նա սպասավորին չի կանչում, ինքը ձեռքը մեկնեց զանգին։ Վիլֆորը նրա ձեռքը բռնեց։
— Սպասեցեք, հա՛յր, ևս մի խոսք։
— Ասացեք։
— Որքան էլ վատ լինի մեր ոստիկանությունը, նրան հայտնի է մի սար-սափելի գաղտնիք։ — Ի՞նչ գաղտնիք։
— Այն մարդու նշանները, որը գեներալ Կենելի անհետանալու օրը գնացել է նրան կանչելու։
— Ահա՜ թե ինչ։ Գիտե՞ այդ նշանները։ Ի՜նչ են ասում։ Իսկ ի՞նչ նշաններ են դրանք։
— Թուխ մաշկ, մազերը, այտամորուսները և աչքերը սև, մինչև վիզը կոճկած կապույտ սերթուկ, կրծքին Պատվո Լեգեոնի ժապավեն, լայնեզր գլխարկ և եղեգնյա ձեռնափայտ։
— Ահա՜ թե ինչ. ոստիկանությունը դա գիտի՞,— ասաց Նուարտիեն,— որ այդպես է, հապա ինչո՞ւ չի բռնել այդ մարդուն։
— Որովհետև երեկ կամ նախանցյալ օրը Կոկ-Էրոն փողոցի անկյունում նա ծլկել է նրա աչքից։
— Իզուր չէի ասում, որ ձեր ոստիկանությունը հիմար է։
— Այո, բայց նա ուզած րոպեին կարող է նրան բռնել։
— Իհարկե,— ասաց Նուարտիեն՝ անհոգ կերպով նայելով շուրջը,— եթե այդ մարդուն չնախազգուշացնեն. բայց նրան արդեն նախազգուշացրել են։ Ուստի,— ավելացրեց նա ժպտալով,— նա կփոխի դեմքն ու հագուստը։
Այդ ասելով՝ նա վեր կացավ, հանեց սերթուկն ու փողկապը, մոտեցավ մի սեղանի, որի վրա թափված էին Վիլֆորի ճամպրուկից հանված իրերը, վերցրեց ածելին, այտերին օճառ քսեց և անվարան ձեռքով սափրեց այտամորուքները, որ այնքան կարևոր նշանակություն ունեին ոստիկանության համար։
Վիլֆորը նրան նայում էր սոսկումով, որին անմասն չէր հիացմունքը։
Սափրելով այտամորուքները, Նուարտիեն փոխեց մազերի սանրվածքի ձևը, սևի փոխարեն մի գունավոր փողկապ կապեց, որ վերցրել էր բաց ճամպրուկից, հանեց իր կապույտ երկեզր սերթուկն ու հագավ Վիլֆորի դարչնագույն միաեզր սերթուկը, հայելու առաջ փորձեց նրա ծալած եզրերով գլխարկը և, ըստ երևույթին, գոհ մնաց։ Իր ձեռնափայտը թողեց բուխարու մի անկյունում, իսկ փոխարենը նրա ձեռքում քաշեց մի բամբուկե թեթև գավազան, որը թագավորական դատախազի նրբագեղ օգնականի քայլվածքին հաղորդում էր այն անբռնազբոսությունը, որ նրա գլխավոր արժանիքն էր հանդիսանում։
— Հը, ի ՞նչ կասես,— ասաց նա՝ շրջվելով դեպի զարմանքից ապշած Վիլֆորը։— Ի՞նչ ես կարծում, հիմա ոստիկանությունը ինձ կճանաչի՞։
— Ո՛չ, հայր,— թոթովեց Վիլֆորը,— համենայնդեպս, հուսով եմ։
- Իսկ գալով այս իրերին,որ քո խնամքին եմ թողնում, ապավինում եմ շրջահայեցությանը։ Դու կկարողանաս դրանք թաքցնել։
- ↑ Ով գործընկեր անի, գլխին տեր ունի։
- ↑ Միստրալ — հյուսիսարևմտյան չոր քամի Հարավային Ֆրանսիայում։
- ↑ Posada — տուն։
- ↑ Ուզուրպատոր — բռնատիրող, հափշտակող։ Այդպես էին անվանում Նապոլեոն Բոնապարտին նրա հակառակորդները։
- ↑ Կոլիբրի — ամերիկյան չափազանց փոքրիկ թռչուն։
- ↑ Զենքն իր տեղը կզիջի տոգային (լատ.)։
- ↑ Մենք երգում ենք խուլերի համար (լատ.)։
- ↑ Երբ հովիվը տարավ... (Ձոներ, I, 45)։
- ↑ Տանում ես դու դեպի դառն մի վիշտ... (նույն տեղը)։
- ↑ Պատերազմներ, զարհուրելի պատերազմներ։
- ↑ Կառչուն։
- ↑ Այդպես դու էլ կվազես շնչակտուր... (Ձոներ, I, 15)։
- ↑ Լյո — հին ֆրանսիական երկարության չափ, որը հավասար է 4,5 կիլոմետրի։
- ↑ Իր որոշումների մեջ արդարադատ ու վճռական այրն այդ... (Ձոներ, III, 3)։