Վերջին թարմացում 28 Հունիսի 2013, 02:57
Կոնտրիձե

հեղինակ՝ Գիվի Սիխարուլիձե
թարգմանիչ՝ Մաղլավա Գեուրկովա եւ Հրաչկա Բայրամյանը (վրացերենից)
աղբյուր՝ «Արդի վրացական արձակ»

     Հայրս մանկության ընկեր ուներ՝ Լեւան Կոնտրիձե։
    1937 թվի մայիսի 1֊ին իր տան դարպասից դուրս եկավ, որ մասնակցի շքերթին։ Հենց այնտեղ կանգնած մարդիկ մոտեցան նրան։
    — Ընկե՛ր, դուք այստեղ եք բնակվում, Ցքոնդիա Շալվան ո՞ր հարկում է։
    — Ցխոնդիան, պարոնա՛յք, երրորդ հարկում է,— պատասխանեց Կոնտրիձեն։
    — «Պարո՞նս» որն է, ա՛յ տղա։ «Ընկեր» բառը մոռացե՞լ ես։ Ազգանունդ ի՞նչ է, ընկեր։
    — Կոնտրիձե։
    — Կոնտրիձե՜ե՜,— աչքերը կլորացրեց «ընկերների» մեկը։
    —Մեքենա խցկեք, Ցխոնդիայի ընկերն էլ ո՞վ պիտի լինի։ Սա էլ կոնտր է։
    Մոտավորապես կես ժամ անց խեղճ ու կրակ Ցխոնդիային քարշ տալով իջեցրին ու նստեցրին Լեւանի կողքը։
    Մեքենան շարժվեց։ Հարեւաններին տարան պետական անվտանգության կոմիտե եւ փակեցին տարբեր սենյակներում։
    Գրեթե երեկո էր, երբ Կոնտրիձեին տարան քննիչի մոտ եւ կարդացին Ցխոնդիայի ցուցմունքը։ Նա գրում էր, որ Կոնտրիձեն պատկանում է հակակոմունիստական «Վա՜յ քո տիրոջը» խմբակին եւ ոչ միայն ակտիվ անդամներից է, այլեւ այդ շարժման ոգեշնչողներից մեկն է․ պայքարում է այս կարգերի դեմ։ Թշվառ Կոնտրիձեն գույնը գցեց եւ հազիվ կարողացավ մրմնջալ․ «Պարոն Ցխոնդիան ինչպե՞ս կարող է իմ մասին նման բաներ գրել, ես նրա հասակակի՞ցն եմ, թե՞ ընկերը»։
    — Էլի՞ «պարոն»։ Տեսնում եք չէ՞, ով է Կոնտրիձեն։ Հենց հիմի խոսի, թե չէ՝ տեղնուտեղդ կգնդակահարեմ, ինքդ խոստովանի ամեն ինչ։
    — Ի՞նչ խոստովանեմ, դա էլ չգիտեմ,— կմկմաց Կոնտրիձեն։
    Չեկիստներից մեկը անսպասելի մեղմ դիմեց քննիչին։
    — Հո տեսնում ես՝ ջահել է, անփորձ, հավանաբար վախից մոռացել է ասելիքը, հալա օգնի, թող հիշի։
    Այս խոսքերի հետ քննիչն այնպես հարվածեց նրա դեմքին, որ թշվառի առջեւի երկու ատամները փորն ընկան, իսկ շրթունքներից առվի պես արյուն հոսեց։ Չեկիստներից մեկն էլ սկսեց քացահարել։ Մյուսներն ասես դրան էին սպասում, հարձակվեցին եւ ամեն հարվածից հետո թշվառականի կողոսկրերից ճթճթոց էր լսվում։ Այդ ողորմելին դեռ ինչ֊որ բան էր մրմնջում, իսկ հետո նվաղուն ձայնով ասաց․ «Ասեք՝ ինչ գրեմ, եւ ամեն ինչ կգրեմ»։
    — Հիմի՞ պիտի գրես, իշու ձագ, քեզ ծեծելուց ոտքս ցավացրի,— ֆշշաց նրանցից մեկը եւ մի ուժեղ քացի էլ հասցրեց։
    Դրանից հետո ուշագնացին գիտակցության բերեցին։ Եվ քանի որ ինքն այլեւս չէր կարող գրել, ներս հրավիրեցին մի աղջկա եւ նրան թելադրեցին երկու էջանոց խնդրագիրը։ Հետո Լեւանին պարտադրեցին ստորագրել։
    Այս կերպ Լեւան Կոնտրիձեն հայտնվեց Մագադանում։
    Ուղիղ տասը տարի անց՝ 1947 թվականին, Կոնտրիձեն՝ ոսկոր ու կաշի, վերադարձավ։ Կալանավայրում սովորած արհեստն էլ պետք եկավ, եւ սկսեց սղոցարանում հյուսնություն անել։ Ժամանակ առ ժամանակ կանչում էին պետանվտանգության կոմիտե եւ ստուգում նրա քաղաքական հավատամքը։
    Նույն տարվա վերջում՝ Ամանորի գիշերը, նորից տարան, եւ կրկին հայտնվեց Մագադանում։ Իր հարցին, թե հիմա ինչու են բռնում, չեկիստը զարմանքից ապշած նայում է եւ գոռում։
    — Եթե մի մարդու ազգանունը Կոնտրիձե լինի, նա ի՞նչ իրավունքով պիտի հարցնի, թե իրեն ինչու ենք բռնում։
    Իսկ երբ ռուս «վախտյորն» է բարձրաձայն կարդացել Լեւան Կոնտրիձե անուն֊ազգանունը, բոլորը միաբերան գոչել են՝ «էլի՞ կոնտրա», եւ մականունը դրել են «կոնտրա»։
    Երեք տարի անց վերադարձավ։ Հայրս եւ նրա մանկության մյուս ընկերները ջերմորեն դիմավորեցին եւ մի ամբողջ շաբաթ քեֆի մեջ էին։
    Իբրեւ «կոնտրա» Թբիլիսիում բնակվելու իրավունք չուներ։ «Գործուղեցին» Խաշուր։ Ամեն կիրակի գալիս էր, հանդիպում էր ընկերներին եւ ուրախանում։ Հենց նրանք էլ խորհուրդ տվեցին ընտանիք կազմել, սեփական ապագայի մասին մտածել։ Ի պատասխան՝ Լեւանը դառնորեն ժպտում էր՝ ո՞ւմ համար։
    1951թվականին նորից սկսեցին բռնոտել։ Երբ իմացավ «լագերի» գործընկերներից մի քանիսին տարել են, մտերիմներին հավաքեց, սուփրա գցեց եւ հարցին, թե ինչ է նշում, պատասխանեց՝ ոչինչ, պարզապես ձեզ հրաժեշտ եմ տալիս…
    Տղաները՝ թե գուցե քեզ այլեւս ձեռք չեն տանլիս։ Տխուր ժպտաց ու ասաց․ «Սիքարուլիձեին աքսորել են, Մշվիդոբաձեին աքսորել են, Սաղվարելիձեին[1] աքսորել են, ինձ, որ Կոնտրիձե եմ, կթողնե՞ն։ Միայն թե, ի տարբերություն նրանց, ապրանքատար վագոնով չեմ գնում։
    Եվ վրացական պատշաճ աղ ու հացով բեռնված՝ հաջորդ օրը Մոսկվայով մեկնեց Մագադան։
    Մագադանում «նարյադից» դուրս չընդունեցին։
    Խնդրեց թույլ տալ իր հայրենի կալանավայրում մնալ, նաեւ հավաստիացրեց, թե մի քանի օրից «նարյադն» էլ կստանան։
    Արդյունքի չհասավ, եւ տասներկուօրյա ուղեվորությունից հետո վերադարձավ հարազատ օջախ, որտեղ իրեն սպասում էին չեկայի երկու աշխատակից։ Երբ բերման ենթարկեցին բաժին, առաջին խոսքերը, որ թեփեցին դեմքին, եղան․ «Դու, ի՜նչ է, սոցիալիստական կարգերը եւ օրենքները ծաղրուծանակի՞ ես ենթարկում», եւ առջեւն այնպիսի խնդրագիր դրին՝ ստորագրելու, որ կարդալուց հետո հազիվհազ կմկաց՝ այնտեղ էի, ասացին՝ գնա այստեղից։
    — Տո հայվա՛ն, քո կամքով է, հա՞, ուր ուզենաս, գնաս, ուր չուզենաս, չգնաս,— գոռաց չեկիստներից ավագը եւ կարգադրեց պաշտոնակցին,— էս կոնտրին քշի Ծղալտուբո։
    «Գործուղվեց» մետալուրգների առողջարանի շինարարություն՝ աշխատելու, որտեղ մասնագիտությունների գծով բանվորական ձրի ձեռք էր պետք բանվորագյուղացիական անպարտելի միությանը։
  1. Սիխարուլիձե, Մշվիդոբաձե, Սաղվարելիձե ազգանունների հիմքում ընկած են ուրախ, խաղաղ, սիրել բառերը։