Վերջին թարմացում 29 Հունիսի 2013, 13:43

Էվելին

13:43, 29 Հունիսի 2013 տարբերակ, Garbage Collector (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Էվելին

հեղինակ՝ Ջեյմս Ջոյս
թարգմանիչ՝ Արտեմ Հարությունյան (անգլերենից)
աղբյուր՝ «Դուբլինցիներ»

Նա նստել էր պատուհանի մոտ ու դիտում էր փողոց ներխուժող երեկոն։ Գլուխը սեղմել էր պատուհանի վարագույրին, ռունգերում՝ փոշոտ կրետոնի հոտն էր։ Հոգնած էր։
Անցորդները քիչ էին։ Տուն գնաց վերջին շենքի բնակիչը, լսվեցին նրա ոտնաձայները սալահատակին և քիչ հետո դրանք խշրտացին նոր, կարմիր շենքերի առջեւ ձգվող արահետի խարամի վրա։ Սի ժամանակ այդտեղ դաշտ էր, ուր նրանք ամեն երեկո խաղում էին ուրիշ երեխաների հետ։ Հետո մի բելֆասթցի գնեց դաշտը եւ տեղը կառուցեց տներ, ոչ թե իրենց մուգ շագանակագույն փայտե տների նման, այլ պայծառ աղյուսե տներ, փայլող տանիքներով։ Փողոցի երեխաները սիրում էին խաղալ այդ դաշտում։ Խաղում էին Դեվինսները, Ուոթերսները. Դանսները, փոքրիկ կաղ Քեուն, ինքը և իր եղբայրներն ու քույրերը։ Իհարկե, Էռնեստը երբեք չէր խաղում։ Նա արդեն մեծ էր։
Հայրը սովորություն ուներ երեխաներին հաճախ դաշտից դուրս քշել, հալածելով իր սև գավազանով, բայց սովորաբար փոքրիկ Քեուն պահակ էր կանգնում եւ ձայն տալիս, երբ նկատում էր հորը։ Բայց կարծես բոլորն էլ բավական երջանիկ էին այն ժամանակ։ Հայրը դեռ մի կերպ դիմանում էր և գլխավորը՝ մայրը դեռ կենդանի էր։ Դա շատ վաղուց էր։ Հիմա ինքը, իր եղբայրներն ու քույրերը հասակ են առել, մահացել է մայրը։ Թիզդի Դանսը նույնպես չկա, իսկ Ուութերսները վերադարձել են Անգլիա։ Ամեն ինչ փոխվում է։ Եվ այժմ, ուրիշների նման, ինքը նույնպես կհեռանա, կլքի տունը։
Տո՛ւն։ Նա աչք ածեց սենյակը, զննելով բոլոր ծանոթ իրերը, որոնք մաքրում էր ամեն շաբաթ՝ այսքան տարիների ընթացքում, ամեն անգամ զարմանալով, թե որտեղից է այդքան փոշի հավաքվում։ Հավանաբար այլևս չտեսնի այդ ծանոթ իրերը, որոնցից երբևէ չէր մտածում, թե կբաժանվի։ Բայց այդ տարիների ընթացքում նա այդպես էլ չիմացավ այն քահանայի անունը, որի դեղնած լուսանկարը կախված էր կոտրված ֆիլհարմոնիայի վերևում, պատի վրա, սուրբ Մարգարիտ-Մարիամ-Ալաքոքին պատկերող գունավոր փորագրության կողքին։ Նա իր հոր դասընկերներից էր եղել և հայրը ցույց տալով նկարը հյուրերին, միշտ ավելացնում էր.
― Նա այժմ գտնվում է Մելբուռնում։
Աղջիկը համաձայնել էր հեռանալ, լքել իր տունը։ Արդյոք դա ճի՞շտ քայլ էր։ Նա փորձեց հարցը կշռադատել բոլոր կողմերից։ Տանը, ինչ էլ պատահեր, նա ուներ սնունդ, ապաստան եւ նրանց, ում միշտ տեսել էր իր շուրջը։ Իհարկե, այստեղ աշխատանքը անչափ շատ էր, և ոչ միայն տանը, այլև խանութում։
Հետաքրքիր է, ինչ կասեն խանութում, երբ իմանան, որ փախել է մի երիտասարդի հետ։ «Հիմարի մեկն էր,»,— կասեն նրանք իր մասին, իսկ տեղը հայտարարությունից հետո իսկույն կզբաղեցնեն։ Միսս Գեւանը անչափ ուրախ կլիներ։ Նա միշտ կշտամբելու առիթ էր փնտրում, հատկապես, երբ շուրջը լսողներ կային։
— Միսս Հիլլ, մի՛թե չեք տեսնում, որ լեդիները ձեզ են սպասում։
— Խնդրեմ, բարեհաճ եղեք, միսս Հիլլ։
Խանութից հեռանալը այնքան էլ ցավալի չէր։
Բայց նոր տան մեջ, հեռավոր անծանոթ երկրում իր դրությունը կփոխվի։ Նա ամուսնացած կլինի, Նա՝ Էվելինը։ Մարդիկ արդեն հարգանքով կվերաբերվեն իր հետ և նա մոր ճակատագիրը չի ունենա։ Անգամ հիմա, երբ նա տասնինն անց աղջիկ էր, իրեն անպաշտպան էր զգում հոր զայրույթից։ Նա դիտեր՝ սրտի անկանոն խփոցների պատճառը դա էր։ Երբ փոքր էր, հայրը չէր հարձակվում նրա վրա այնպես, ինչպես սովորություն ուներ հարձակվել Հենրիի կամ Էռնեստի վրա, որովհետև ինքը աղջիկ էր, բայց վերջերս սկսել էր սպառնալ և ասում էր, որ միայն հանգուցյալ մոր անունն է նրան փրկում։ Եվ այժմ չկար մեկը, որ պաշտպաներ։ Էռնեստը մահացել էր։ Հարրին, որ եկեղեցիներ էր նկարազարդում, միշտ զբաղված էր լինում որևէ գյուղում։ Իսկ փողի համար շաբաթ օրվա մշտական վեճերը նրան շատ էին ձանձրացրել։ Նա միշտ հորն էր տալիս աշխատավարձի յոթ շիլլինգը։ Նույնն էր անում և Հարրին, ուղարկելով ինչքան կարող էր։ Բայց ամենադժվարը այդ փողերը մի քիչ ետ գցելն էր։
Հայրն ասում էր, որ աղջիկը փողը շռայլում է, նա անխելք է, ինքը թույլ չի տա, որ դժվարությամբ վաստակած փողը կորչի և չէր հանգստանում այդ բոլորով, ասում էր դեռ ավելին, քանի որ շաբաթ երեկո հարբած էր լինում։ Վերջում նա աղջկան փող էր տալիս և հարցնում, թե արդյոք մտադիր չէ՞ կիրակնօրյա ճաշի համար գնումներ անել։ Հետո Էվելինը պետք է տնից դուրս վազեր, ձեռքին՝ սև կաշվե դրամապանակը, հրմշտեր ամբոխը աջ ու ձախ և տուն վերադառնար ուշ երեկոյան, կքված գնումների ծանրության տակ։ Ծայրը ծայրին հասցնելու համար նա աշխատում էր ամբողջ օրը և բացի այդ հետևում էր իր խնամքին թողնված երկու երեխաներին, որ ճաշեն ու դպրոց գնան ժամանակին։ Դա ծանր աշխատանք էր, ծանր կյանք, բայց հիմա, երբ նա որոշել էր լքել տունը, առօրյան այնքան էլ ծանր ու անցանկալի չէր։
Որոշել էր նոր կյանք սկսել Ֆրանկի հետ։ Ֆրանկը բարի էր, սրտաբաց ու արի։ Այս գիշեր ինքը կմեկնի նրա հետ գիշերային նավով, կլինի նրա կինը և կապրի նրա հետ Բուենոս֊Այրեսում, որտեղ Ֆրանկը տուն ուներ նրանց սպասող։ Որքան լավ էր հիշում առաջին հանդիպումը։ Ֆրանկը վարձով ապրում էր գլխավոր փողոցի վրա գտնվող տանը, ուր ինքը հաճախ էր այցելում։ Թվում էր դա մի քանի շաբաթ առաջ էր։ Ֆրանկը կանգնել էր դարպասի մոտ, կեպին ծոծրակին հետ ցցած, մազերը թափված էին բրոնզագույն դեմքին։ Հետո նրանք ծանոթացան։ Նա ամեն երեկո խանութի մոտ սպասում էր Էվելինին՝ տուն ուղեկցելու։ Ֆրանկը տարավ նրան դիտելու «Գնչուհին» և նա, նստելով տղայի կողքին, իր համար անսովոր տեղում, իրեն զգում էր յոթերորդ երկնքում։
Ֆրանկը սիրում էր երաժշտություն եւ մի քիչ էլ երգել գիտեր։ Մարդիկ ցիտեին նրանց փոխադարձ համակրանքի մասին, և երբ Ֆրանկը երգում էր նավաստու եւ աղջկա սիրո երգը, ինքը միշտ հաճելի շփոթմունք էր զգում։ Նա աղջկան կատակով Փոփենս էր անվանում։ Սկզբում պարզապես հաճելի էր երկրպագու ունենալ, իսկ հետո Ֆրանկը սկսեց դուր գալ նրան։ Նա գիտեր պատմություններ հեռու երկրների մասին եւ իր կարիերան սկսել էր որպես կրտսեր նավաստի «Ալլան Լայն» ընկերության նավի վրա, որը նավարկում էր Կանադա երթուղով։ Նա գիտեր այն բոլոր նավերի ու ընկերությունների անունները, որտեղ մի ժամանակ աշխատել էր։ Անցել էր Մագեյանի նեղուցով եւ պատմություններ գիտեր սարսափելի պատագոնցիների մասին։ Ասում էր, որ իր գործերը հաջող են Բուենոս–Այրեսում, եւ, որ, այցի է եկել իր հայրենիքը միայն հանգստի համար։
Իհարկե, հայրն իմացավ ամեն ինչ և արգելեց աղջկան նրա հետ գործ ունենալ։
— Գիտեմ այդ նավաստիներին,— ասաց նա։
Եվ մի օր, հայրը վիճեց Ֆրանկի հետ, եւ Էվելինը ստիպված էր դրանից հետո գաղտնի հանդիպել։
Երեկոն թանձրացավ փողոցում։ Ծնկներին դրված նամակների սպիտակությունը անորոշացավ։ Նամակներից մեկը գրված էր հորը, մյուսը՝ Հարրիին։ Էռնեստը իր սիրելին է եղել, բայց Հարրիին նույնպես սիրում էր։ Վերջին ժամանակներս Էվելինը սկսել էր նկատել հոր ծերությունը։ Նա կզգար իր բացակայությունը։ Երբեմն նա կարող էր անչափ բարի լինել։ Մի քանի օր առաջ, երբ հիվանդ էր, հայրը կարդաց Նրա համար «Սարսափելի պատմություններից» մի պատմվածք և կրակի վրա հաց տաքացրեց։ Մի ուրիշ անգամ, երբ մայրը դեռ կենդանի էր, ողջ ընտանիքով գնացին Հաութի Հիլլ՝ պիկնիկի։ Էվելինը մինչեւ հիմա էլ հիշում էր, թե ինչպես հայրը երեխաներին ծիծաղեցնելու համար դրեց մոր գլխարկը։
Ժամանակն անցնում էր, իսկ նա դեռ նստած էր պատուհանի վարագույրի մոտ, շնչելով կրետոնի փոշոտ հոտը։ Ներքևից, փողոցի մյուս ծայրից, նրա ականջին հասավ փողոցային երգեհոնի նվագը։ Նրան ծանոթ էր այդ մեղեդին։ Տարօրինակ էր, որ երգը հնչում էր հենց հիմա, ասես նորից հիշեցնելով մորը տված խոստումը՝ չլքել տունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Հիշեց հիվանդ մոր վերջին գիշերը, նա պառկած էր դահլիճի մյուս կողմում գտնվող մութ սենյակում, իսկ դրսից լսվում էր իտալական մի թախծոտ մեղեդի։ Երաժշտին վեց պենս տվեցին ու ասացին, որ հեռանա։ Հիշեց, ինչպես հայրը ինքնավստահ քայլելով ետ վերադարձավ հիվանդի սենյակը, քրթմնջալով.
— Անիծվա՛ծ իտալացիներ։ Անգամ այստեղ են հայտնվում։
Եվ երբ պատկերացրեց, թե ինչպես մոր կյանքի խղճալի պահերը իրեն են փոխանցվում, կյանք, որը բաղկացած է եղել ամենօրյա աննկատ զոհաբերություններից և վերջացել կատարյալ խելագարության մեջ, Էվելինը դողաց, ասես նորից լսեց հիվանդ մոր ձայնը, որ բութ համառությամբ կրկնում էր.
― Դերեո՚ն Սերո՚ն, Դերեո՚ն Սերո՚ն։
Նա սարսափահար տեղից վեր թռավ։ Փախչե՛լ։ Պե՛տք է փախչել։ Ֆրանկը կփրկի իրեն։ Նա կտա նոր կյանք, գուցե և սեր։ Էվելինը ապրել է ցանկանում։ Ինչո՞ւ պետք է ինքն էլ դժբախտ լինի։ Նա նույնպես երջանկության իրավունք ունի։ Ֆրանկը կգրկի, կսեղմի կրծքին։ Նա կփրկի։
Էվելինը կանգնել էր ամբոխի մեջ՝ Նորդ Ուոլլ նավահանգստում։ Ֆրանկը բռնել էր նրա ձեռքը, եւ նա միայն զգում էր, որ տղան նորից ու նորից համոզում ու ինչ-որ բան է պատմում ճանապարհորդության մասին։ Նավահանգիստը լիքն էր զինվորներով ու նրանց մոխրագույն ճամպրուկներով։ Նավամատույցի լայն դռան մեջ նա տեսավ խարիսխ նետած, վառ լույսերով նավի սև զանգվածը։ Էվելինը լուռ էր։ Այտերը սառն էին ու գունատ։ Նա հուսահատված աղոթում էր աստծուն խելքի բերել իրեն, ցույց տալ, թե որն է իր պարտքը։
Նավը սուլեց մառախուղի մեջ երկար և ողբալի սուլոցով։ Եթե մեկնի, առավոտյան բաց ծովում կլինի, Բուենոս֊Այրես տանող նավի վրա, Ֆրանկի հետ միասին։ Տոմսերն արդեն վերցրել են։ Մի՞թե այսքանից հետո, ինչ Ֆրանկը արել է, ինքը կարող է հրաժարվել։ Հուսահատությունից նա սրտխառնություն զգաց, բայց շրթունքները դեռ շարունակում էին շարժվել լուռ ու կրքոտ աղոթքից։
Հնչեց ղանգը, ասես իր սրտում։ Զգաց՝ ձեռքը բռնեցին։
— Գնա՛նք։
Աշխարհի բոլոր ծովերը փոթորկեցին Նրա սրտում։ Ֆրանկը նրան նետում է հորձանքի մեջ, ուզում է խեղդել։ Նա երկու ձեռքով կառչեց երկաթե ճաղաշարքից։
— Գնա՛նք։
Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Դա անհնար է։ Նրա ձեռքերը խելագար ջղաձգումով կառչեցին երկաթներից։ Եվ նրան կլանող հորձանուտի առաջ Էվելինը հուսահատ մի ճիչ արձակեց։
― Էվելի՛ն, Է՛վի։
Ֆրանկը անցավ արգելագիծը և այժմ կանչում էր մյուս կողմից, որ նա հետևի իրեն։ Նրա վրա գոռում էին, որ ճանապարհ տա մյուսներին, բայց նա շարունակում էր կանչել աղջկան։ Էվելինը իր գունատ, անտարբեր դեմքը շրջել էր դեպի Ֆրանկը, ասես մի անօգնական կենդանի լիներ։ Նրա աչքերը ոչինչ չէին ասում՝ ոչ սեր, ոչ հրաժեշտ, ոչ մտերմություն։