Վերջին թարմացում 30 Հունիսի 2013, 18:10
Կրկնակը

հեղինակ՝ Ջեյմս Ջոյս
թարգմանիչ՝ Արամ Արսենյան (անգլերենից)
աղբյուր՝ «Դուբլինցիներ»

Կրկնակը.png
Զանգը մոլեգնորեն հնչեց, և երբ միսս Փարկերը վերցրեց լսափողը, մի կատաղի ձայն, հյուսիս-իռլանդական ականջ ծակող արտասանությամբ, բղավեց.
― Ֆարինգտոնին ուղարկեք ինձ մոտ։
Միսս Փարկերը վերադառնալով իր գրամեքենայի մոտ, ասաց սեղանի ետևում նստած գրագրին.
― Միստր Օլեյնը Ձեզ վերև է կանչում։
Մարդը կիսաձայն մրթմրթաց. «Թող կորչի» և աթոռը ետ հրեց, որ տեղից վեր կենա։ Երբ ոտքի կանգնեց, նա բավական բարձրահասակ էր ու ամրակազմ։ Դեմքն ուռած էր. մուգ– գինեգույն, հոնքերն ու բեղը՝ շիկավուն, աչքերը փոքր-ինչ դուրս պրծած էին, իսկ սպիտակուցները՝ պղտոր։ Նա բարձրացրեց սեղանի փեղկը և, անցնելով այցելուների կողքով, ծանր քայլերով դուրս եկավ գրասենյակից։
Դժվարությամբ բարձրացավ աստիճաններով մինչև երկրորդ հարկի հարթակը, որտեղ դռներից մեկին պղնձյա մի ցուցանակ էր փակցված «Միստր Օլեյն» մակագրությամբ։ Նա կանգ առավ հոգնածությունից ու զայրույթից հևալով և թակեց դուռը։ Մի սուր ձայն բղավեց.
— Մտե՛ք։
Ներս մտավ միստր Օլեյնի առանձնասենյակը։ Հենց նույն պահին նա՝ փոքրամարմին մի մարդ, որի մաքուր սափրած դեմքին ոսկյա ակնոց կար, գլուխը վեր բարձրացրեց փաստաթղթերի կույտի վրայից։ Նրա վարդագույն ու անմազ գլուխը հիշեցնում էր մի մեծ ձու, որ կախվել էր թղթերի վրա։ Միստր Օլեյնը ժամանակ չկորցրեց.
— Ֆա՞րինգտոն։ Սա ի՞նչ է։ Մի՞թե պետք է շարունակ նկատողություն անեմ։ Ասացեք, խնդրեմ, ինչո՞ւ Բոդլիի և Քիրվանի պայմանագրի ւսատճենները չեք հանել։ Ձեզ ասել եմ, որ դրանք պետք է ժամը չորսին պատրաստ լինեն։
— Բայց, սըր, միստր Շելլին ասաց, որ...
— Սը՜ր, միստր Շելլին ասաց... Աշխատեք լսել, սըր, թե ես ինչ եմ ասում և ոչ թե այն, ինչ միստր Շելլին է ասում։ Աշխատանքից խուսափելու համար միշտ ինչ-որ պատրվակ գտնում եք։ Նկատի ունեցեք, որ եթե մինչև օրվա վերջը պատճենը պատրաստ չլինի, այդ մասին կհայտնեմ միստր Քրոսբիին... Պա՞րզ է։
— Այո՛, սըր։
— Դուք ինձ լսո՞ւմ եք... Այսինքն ի՞նչ եմ ասում, ձեզ հետ խոսելը նույնն է, ինչ պատի հետ։ Մեկընդմիշտ հասկացեք, որ նախաճաշելու համար ձեզ հատկացվում է կես ժամ և ոչ թե մեկուկես։ Կուզեի իմանալ, թե քանի՞ կերակրատեսակ եք պատվիրում... Հիմա հասկացա՞ք ինձ։
— Այո՛, սըր։
Միստր Օլեյնը նորից գլուխը խոնարհեց թղթերի կույտին։ Մարդն ակնապիշ նայում էր այդ ողորկ գանգին, որը գլխավորում էր «Քրոսբի և Օլեյն» ընկերության գործերը և որոշում դրա կայունությունը։ Կատաղության ջղաձգությունը մի ակնթարթ սեղմեց նրա կոկորդն ու անցավ, թողնելով ծարավի մի սուր զգացում։ Նրան ծանոթ էր այդ զգացումը եւ հասկացավ, որ երեկոյան անհրաժեշտ է մի լավ խմել։ Ամսվա առաջին կեսն արդեն անցել էր, եւ եթե նա ժամանակին վերջացնի պատճենահանումը, չի բացառվում, որ միստր Օլեյնը նրան դրամարկղի հրամանագիր տա։ Նա կանգնել էր անշարժ և ուշադիր ուսումնասիրում էր թղթակույտին խոնարհված այդ. գլուխը։ Հանկարծ միստր Օլեյնն սկսեց թղթերը շուռ ու մուռ տալ ինչ-որ բան փնտրելով։ Հետո, կարծես, նոր միայն նկատելով գրագրի ներկայությունը, նորից բարձրացրեց գլուխն ու ասաց.
— Դե, ի՞նչ, որոշել եք ամբողջ օրն այդպես կանգնե՞լ։ Ազնիվ խոսք, Ֆարինգտոն, կատակելու տրամադրություն չունեմ։
— Ես սպասում էի, որ...
— Դե լավ, սպասելու կարիք չկա։ Ներքև իջեք եւ ձեր գործով զբաղվեք։
Մարդը դանդաղ շարժվեց դեպի դուռը և, երբ արդեն դուրս էր գալիս սենյակից, լսեց, թե ինչպես էր միստր Օլեյնն իր ետևից բղավում, որ եթե պայմանագիրը մինչև երեկո պատրաստ չլինի, միստր Քրոսբին կիմանա այդ մասին։
Նա վերադարձավ գրասենյակ՝ իր տեղը, հաշվեց քանի թերթ էր մնում արտագրելու։ Վերցրեց գրիչը և թաթախեց թանաքամանի մեջ, սակայն աչքերը շարունակում էին անթարթ նայել իր գրած վերջին բառերին. «Ցանկացած պարագաներում հիշյալ Բերնարդ Բոդլին...»։ Մթնում էր, մի քանի րոպեից կմիացնեն գազը, և հնարավոր կլինի գրել։ Նա զգաց, որ պետք է անպայման հագեցնի կոկորդը սեղմող ծարավը։ Ոտքի կանգնեց և, նորից բարձրացնելով սեղանի փեղկը, դուրս եկավ գրասենյակից։ Երբ դուրս էր գալիս, գրասենյակի վարիչը հարցական նրան նայեց։
— Մի՛ անհանգստացեք, միստր Շելլի,— ասաց գրագիրը, մատնացույց անելով իր ճանապարհորդության նպատակը։
Գրասենյակի վարիչը աչքը գցեց կախիչին, սակայն տեսնելով, որ բոլոր գլխարկներն իրենց տեղում են, ոչինչ չասաց։ Հայտնվելով սանդղահարթակին, գրագիրը գրպանից հանեց կեպին, դրեց գլխին և արագորեն ցած վազեց երերուն աստիճաններով։ Դուրս գալով շքամուտքից, գաղտագողի քայլերով գնաց դեպի շենքի անկյունը, շարունակ հպվելով պատին և վերջապես ներս սահեց ինչ-որ դռնով։ Այժմ նա ապահով էր, Օ՚Նեյլի խանութի ետին սենյակի մթության մեջ և իր բորբոքված, մուգ գինեգույն կամ մսագույն երեսը խցկելով բարի փոքրիկ պատուհանից ներս, բղավեց.
— Է՛յ, Պա՛տ, բարի եղիր մի գավաթ գարեջուր տալ։ Մատուցողը նրան մի գավաթ գարեջուր բերեց։ Նա մի շնչով կուլ տվեց այն և չամանի սերմ խնդրեց։ Հետո վճարելիք դրամը դրեց վաճառասեղանին, որ մատուցողը մթության մեջ խարխափելով վերցնի, և ինչպես գաղտագողի քայլերով մտել էր, այնպես էլ դուրս եկավ խանութից։
Մթությունն ու թանձր մառախուղը հաղթում էին փետրվարյան վերջալույսին, և Յուստեյս սթրիթում վառվեցին լապտերները։ Գրագիրը տների պատերի կողքով քայլեց մինչև գրասենյակի դուռը, մւասծելով այն մասին, թե արդյոք կհասցնի՞ պայմանագրի պատճենահանումը ժամանակին ավարտել։ Աստիճանների վրա նրա շնչին դիպավ օծանելիքի սուր, տամուկ բուրմունքը, ամենայն հավանականությամբ երբ ինքը Օ՚Նեյլի մոտ էր, եկել էր միսս Դելակուրը։ Գլխարկը կրկին խցկեց գրպանը և շինծու անհոգությամբ մտավ գրասենյակ։
— Միստր Օլեյնը Ձեզ էր հարցնում,— խիստ տոնով ասաց գրասենյակի վարիչը,— որտե՞ղ էիք։
Գրագիրը նայեց փակոցի մոտ կանգնած երկու այցելուներին, կարծես ակնարկելով, որ նրանց ներկայությունը խանգարում է պատասխանել։ Քանի որ երկու այցելուներն էլ տղամարդիկ էին, վարիչն իրեն թույլ տվեց ծիծաղել։
― Այդ խաղերին ծանոթ եմ,— ասաց նա,— օրական հինգ անգամը մի քիչ շատ չէ՞... Դե լավ, ժամանակ մի կորցրեք և միստր Օլեյնի համար գտեք Դելակուրի գործի ամբողջ գրագրությունը։
Կողմնակի անձանց ներկայությամբ արված այդ կշտամբանքը, աստիճաններով արագ վեր բարձրանալը և հապճեպ կուլ տված գարեջուրը մթագնել էին նրա գլուխը և, նստելով գրասեղանի առջև՝ հարկավոր թղթերը գտնելու, նա հասկացավ, որ ոչ մի հույս չկա մինչև ժամը հինգ անց կեսն ավարտել պայմանագրի պատճենահանումը։
Վրա էր հասնում խավար, խոնավ երեկոն, և նա երազում էր այն անցկացնել բարերում, ընկերների հետ խմել գազի պայծառ լույսի ու բաժակների չխկոցի տակ։
Վերջապես գտավ Դելակուրի գործի գրագրությունը և դուրս եկավ գրասենյակից։ Հույս ուներ, .թե միստր Օլեյնը չի նկատի, որ վերջին երկու նամակները պակասում են։
Օծանելիքի սուր, տամուկ բուրմունքը տարածվել էր միստր Օլեյնի առանձնասենյակը տանող ճանապարհին։ Միսս Դելակուրը հրեուհու դեմքով, ոչ այնքան երիտասարդ մի կին էր։ Ասում էին, թե միստր Օլեյնն անտարբեր չէր նրա կամ նրա դրամի հանդեպ։ Միսսը հաճախ էր գրասենյակ այցելում եւ գալով այնտեղ, շատ երկար էր մնում։ Այժմ նա նստած էր գրասեղանի մոտ, օծանելիքների բույրի մեջ, շոյում էր հովանոցի բռնակը և համաչափ շարժում գլխարկին ամրացված մեծ. սև փետուրը։ Միստր Օլեյնը նստել էր իր պտտվող բազկաթոռին, դեմքով դեպի կինը և անպարկեշտորեն ոտը ոտին գցել։ Գրագիրը թղթապանակը դրեց սեղանին և հարգալից խոնարհվեց, սակայն ոչ միստր Օլեյնը, ո՛չ էլ միսս Դելակուրը նրա խոնարհվելուն ուշադրություն չդարձրին։ Միստր Օլեյնը մատով թխթխկացրեց թղթապանակին, հետո չխչխկացրեց, կարծես ասելով՝ լավ, կարող եք գնալ։
Գրագիրը վերադարձավ իր տեղը ե նորից նստեց գրասեղանի առջե։ Նա լարված, անթարթ աչքերով նայեց անավարտ նախադասությանը. «Ցանկացած պարագաներում հիշյալ Բերնարդ Բոդլին...», և մտածեց, թե որքան տարօրինակ է, որ վերջին երկու բառերը սկսվում են միևնույն տառով։ Գրասենյակի վարիչը սկսեց շտապեցնել միսս Փարկերին, ասելով, որ այդպես նա չի հասցնի մինչև փոստի առաքումը վերատպել բոլոր նամակները։ Մի քանի րոպե գրագիրը հետևում էր գրամեքենայի չխչխկոցին, հետո գործի անցավ։ Սակայն գ|ուխը ծանրացել էր, իսկ մտքերը թռչում էին դեպի գարեջրատան պայծառ լույսն ու աղմուկը։ Այդպիսի երեկոները թունդ փունջ խմելու համար էին ստեղծված։ Նա անձնատուր չեղավ և շարունակեց գրել, բայց երբ խփեց ժամը հինգը, դեռ տասնչորս էջ կար արտագրելու։ Գրո՛ղը տանի։ Միևնույն է չի հասցնի վերջացնել։ Բարձրաձայն հայհոյելու ուժգին ցանկություն ուներ, ուզում էր բռունցքով մի լավ հարվածել։ Այնքան էր ջղայնացած, որ Բերնարդ Բոդլի գրելու փոխարեն գրեց Բեռնարդ Բերնարդ և ստիպված էր ամբողջ էջը նորից արտագրել։
Իրեն այնքան ուժեղ էր զգում, որ կարող էր մի հարվածով ամբողջ գրասենյակը քարուքանդ անել։ Մարմինը տրըփում էր ամեն ինչ ջարդուփշուր անելու ցանկությամբ։ Իր ողորմելի վիճակը նրան սաստիկ կատաղեցրեց... Կարո՞ղ էր գանձապահից կանխավճար խնդրել։ Ոչ, գանձապահը լավ մարդ չէր, նրանից ոչինչ մի սպասիր, չի տա... Նա գիտեր, թե որտեղ կարող էր գտնել տղաներին՝ Լեոնարդին, Օ՚Հալորանին և Քիթ Ֆլինին։ Նրա ներքին էության ծանրաչափը փոթորիկ էր գուշակում։
Այնքան տարված էր մտքերով, որ երրորդ անգամ նոր միայն լսեց, որ կանչում են իրեն։ Միստր Օլեյնն ու միսս Դելակուրը կանգնել էին փակոցի ետևում, և բոլոր ծառայողները շրջվել էին նրանց կողմը, սպասելով թե ինչ է լինելու։ Նա ոտքի կանգնեց։ Միստր Օլեյնն սկսեց իր երկարաշունչ, ցասումնալից ճառը, վկայակոչելով, որ երկու նամակ պակասում է։ Գրագիրն ասաց, որ ինքն այդ մասին տեղյակ չէ և արտագրել է այն ամենը, ինչ տվել են իրեն։ Ճառը շարունակվեց։ Դա այնքան դաժան ու կատաղի էր, որ գրագիրը հազիվ կարողացավ իր մեջ խեղդել դիմացը կանգնած թզուկի գլխին մի լավ հարված հասցնելու ցանկությունը։
— Ես երկու այլ նամակների մասին ոչինչ չգիտեմ,— բութ կերպով կրկնում էր նա։
— Դուք ոչինչ չգիտեք։ Իհա՛րկե, որտեղի՞ց իմանայիք,— ասաց միստր Օլ՛եյնը,— լսե՛ք,— ավելացր՛եց նա, նախ և առաջ փնտրելով կողքին կանգնած կնոջ խրախուսանքը,— դուք ինձ հիմարի տե՞ղ եք դրել։ Կարծում եք կատարյալ հիմա՞ր եմ։
Գրագիրն աչքերը կնոջ դեմքից շրջեց դեպի փոքրիկ, ձվաձև գլուխը և՝ նորից ետ ու մինչև կհասցներ գիտակցել, լեզուն օգտվեց հարմար առիթից.
— Ներեցե՛ք, սըր, բայց ինձ անհարմար է այդ հարցին պատասխանել։
Հետևեց մի դադար, որի ընթացքում չէր լսվում նույնիսկ ծառայողների շնչառությունը։ Բոլորը ցնցված էին (այդ սուր մտքի հեղինակը մյուսներից ոչ պակաս), և միսս Դելակուրի դեմքին, որ գեր, բարեհոգի մի անձնավորություն էր, մի լայն ժպիտ հայտնվեց։ Միստր Օլեյնի այտերը վայրի վարդի գույն ստացան, և գետնաթզուկի բերանը ծամածռվեց կատաղությունից։ Նա սկսեց բռունցքն արագ թափահարել գրագրի քթի տակ այնպես, որ ասես էլեկտրամեքենայի պարպիչ էր թրթռում։
— Անտաշ, անպատկառի մեկը։ Ձեր հետքն անգամ չի լինի այստեղ։ Դեռ կտեսնե՜նք։ Անմիջապե՛ս ներողություն խնդրեք ձեր անպատկառության համար, թե չէ գրասենյակից դուրս կվռնդվեք։ Լսո՞ւմ եք, ներողություն խնդրեք կամ դո՛ւրս գրասենյակից։
Նա կանգնել էր գրասենյակի դիմացի շենքի մուտքում, հույս ունենալով, որ գանձապահը մենակ դուրս կգա։ Բոլոր աշխատողներն արդեն անցան, և վերջապես երևաց գանձապահը՝ գրասենյակի վարիչի հետ։ Անօգուտ էր նրան նույնիսկ մի բառ ասել, երբ նա գրասենյակի վարիչի հետ էր։ Ֆարինգտոնը հասկանում էր, որ գործերը շատ վատ են։ Ստիպված էր միստր Օլեյնից ներողություն խնդրել իր հանդգնության համար, սակայն գիտեր, որ այդ օրվանից գրասենյակում իրեն հանգիստ չեն թողնի։ Նա լավ էր հիշում, թե ինչպես էր միստր Օլեյնը հալածում փոքրիկ Փիքին, մինչև նրան դուրս քշեց գրասենյակից՝ տեղ ազատելով իր քրոջորդու համար։ Նրան տանջում էին և՛ ատելությունը, և՛ ծարավը, և՛ վըեժխնդրությունը, նա կատաղած էր իր և ողջ աշխարհի վրա։ Միստր Օլեյնը հիմա իրեն մի ժամ էլ հանգիստ չի թողնի, կյանքն իսկական դժոխք կդառնա։ Այս անգամ իրեն իսկական հիմար դրսևորեց։ Լեզուն չէ՞ր կարող իրեն քաշել։ Ի դեպ, հենց սկզբից էլ նա և միստր Օլեյնն իրար տանել չէին կարողանում, հատկապես այն դեպքից հետո, երբ միստր Օլեյնի ականջին հասավ, թե ինչպես էր ինքը, Հիգինսին և միսս Փարկերին զվարճացնելու համար, նմանակում նրա հյուսիս-իռլանդական առոգանությունը։ Դրանից էլ սկսվեց ամեն ինչ։ Միգուցե փորձի Հիգինսից դրա՞մ ճարել, բայց ինքը՝ Հիգնիսն էլ գրոշի կարուտ է։ Երբ մեկը երկու ընտանիքի հոգս է քաշում, էլ որտեղից...
Նրա հաղթանդամ մարմինը նորից մորմոքվում էր գարեջրատան հարմարավետության կարոտից։ Մառախուղը սկսեց սառեցնել նրա ներսը, և նա կարծում էր, թե հավանաբար Պատի մոտ, 0՛ Նեյլի խանութում, հնարավոր կլիներ ինչ-որ բան պոկել։ Բայց դե նրանից մի շիլլինգից ավելի չես ստանա, իսկ մի շիլլինգը բանի պետք չէ։ Սակայն ինչ-որ տեղից հարկավոր է դրամ ձեռք բերել, իր վերջին պենին նա ծախսել էր գարեջրի վրա, իսկ շուտով արդեն այնքան ուշ կլինի, որ այլևս ոչ մի տեղից փող չես ճարի։ Մատները ժամացույցի շղթային քսելով, նա հանկարծ հիշեց Ֆլիթ սթրիթի վրա գտնվող Թերրի Քեփի գրավատունը։ Ա՛յ, սա միտք է։ Ինչպե՞ս շուտ չէր մտածել։
Արագ-արագ քայլեց Թեմփլ-Բարի նեղ անցուղիով, քթի տակ փնթփնթալով և գրողի ծոցն ուղարկելով բոլորին, քանի որ հիմա ինքը երեկոն շատ լավ կանցկացնի։ Թերրի Քելիի գնահատուն ասաց. «Մի կրոն», բայց ընդունողը համաձայնվեց վեց շիլլինգ տալ։ Վերջապես նրան վեց շիլլինգ տվեցին։ Գրավատնից շատ գոհ դուրս եկավ՝ բթամատի և ցուցամատի մեջ սեղմելով դրամներից կազմված գլանը։ Ուեստմորլենդ սթրիթի մայթերը ողողված էին երիտասարդ տղամարդկանցով ու կանանցով, որ վերադառնում էին աշխատանքից, իսկ չորս կողմը դես ու դեն էին վազվզում երեկոյան լրագրերի անուններն աղաղակող ցնցոտիավոր տղաները։ Նա անցավ այդ ամբոխի միջով, շուրջը նայելով հպարտ գոհունակությամբ և հաղթական հայացքներ նետելով մեքենագրուհիներին ու գրասենյակում ծառայող աղջիկներին։ Գլուխը դժժում էր տրամվայների զանգերից ու անիվիկների սուլոցներից, իսկ ռունգերն արդեն զգում էին փունջի գալարվող գոլորշին։ Նա քայլում էր ու մտածում, թե ի՞նչ խոսքերով է ընկերներին պատմելու ողջ կատարվածը։
— Դե, այստեղ ես նրան նայեցի շատ հանգիստ, իսկ հետո՝ աղջկան։ Ապա նորից նրան նայեցի ու շատ դանդաղ ասացի. «Ներեցեք, սըր, բայց ինձ անհարմար է այդ հարցին պատասխանել»։
Քիթ Ֆլինը նստած էր Դեյվի Բրայնի գարեջրատան իր մշտական անկյունում, և երբ Ֆարինգտոնն ավարտեց պատմությունը, նրա կողմը հրեց կես բաժակ խմիչք, ասելով, որ դա հիանալի է, որ ինքը երբեք նման բան չէր լսել։ Ֆարինգտոնն էլ իր հերթին հյուրասիրեց նրան։ Քիչ հետո Ներս մտան 0՚Հալորանն ու Փադի Լեոնարդը, և հարկ եղավ պատմությունը կրկնել նրանց համար։ Օ՚Հալորանը բոլորի համար տաք վիսկի պատվիրւեց եւ պատմեց, թե մի անգամ ինչպես է սրամտորեն շշպռել գրասենյակի վարիչին, երբ ծառայում էր Քալանսին Ֆաունես սթրիթի վրա, բայց քանի որ այդ սրամտությունը էկլոգների ազատախոս հովիվների ոճով էր, նա ստիպված էր խոստովանել, որ Ֆարինգտոնի պատասխանն ավելի սրամիտ էր։ Այստեղ Ֆարինգտոնը տղաներին ասաց, որ ժամանակն է մինչև վերջ խմել և նորից սկսել։
Յուրաքանչյուրը նոր էր ընտրել իր թույնը, երբ ներս մտավ հենց ինքը՝ Հիգինսը։ Իհարկե, նա ստիպված էր միանալ մյուսներին։ Նրան խնդրեցին իր ձևով պատմել, թե բանն ինչպես է եղել, և նա այդ արեց մեծ աշխուժությամբ, քանի որ հինգ բաժին թունդ վիսկիի պատկերն անչափ ոգևորիչ էր։ Բոլորը պայթում էին ծիծաղից, երբ նա ցույց տվեց, թե ինչպես էր միստր Օլեյնը բռունցքը թափահարում Ֆարինգտոնի քթի առաջ։ Հետո կրկնօրինակհց Ֆարինգտոնին, ասելով, «Եվ ահա մեր հերոսը, շատ հանգիստ...», իսկ Ֆարինգտոնը շրջապատողներին էր նայում, իր ծանր, աղոտ հայացքով, ժպտում և ժամանակ առ ժամանակ ներքևի շուրթով ծծում բեղերը, որոնցից վիսկիի կաթիլներ էին ծորում։
Երբ բաժակները մի անգամ էլ դատարկվեցին, դադար տիրեց։ Օ՚Հալորանը դեռ փող ուներ, բայց, ինչպես երևում է, մյուս երկուսը ոչինչ չունեին, և ողջ խումբն ափսոսանքով թողեց գարեջրատունը։ Դյուք սթրիթի անկյունում Հիգինսը ե Քիթ Ֆլինը ձախ թեքվեցին, մինչդեռ մնացած երեքը վերադարձան քաղաքի կենտրոն։ Անձրևը մաղում էր սառը մայթերին, և երբ նրանք Բալաստ-Օֆիս հասան, Ֆարինգտոնն առաջարկեց գնալ Շոտլանդական բար։ Բարը լեփ-լեցուն էր, իսկ օդում կախվել էր ձայների ու բաժակների զնգոցը։ Երեքն էլ հրհրոցով առաջ անցան լուցկի վաճառողների կողքով, որ նվնվում էին դռների մոտ, և խմբով տեղավորվեցին վաճառասեղանի մի անկյունում։ Սկսեցին անեկդոտներ պատմել։ Լեոնարդը նրանց ծանոթացրեց Ուեդերս ազգանունով մի երիտասարդի հետ, որը Տիվոլիում ելույթ էր ունենում որպես ակրոբատ ու կրկեսային կոմիկ։ Ֆարինգտոնը հյուրասիրեց ամբողջ խմբին։ Ուեդերսն ասաց, որ ինքը մի քիչ իռլանդական վիսկի կխմի։ Ֆարինգտոնը, որ հինգ մատի պես գիտեր ինչն ինչոց է. տղաներին հարցրեց, արդյոք նրանք չե՞ն ուզում, բայց տղաները Թիմին ասացին, որ թունդ խմիչք բերի։ Խոսակցությունը դարձավ թատրոնի շուրջ։ Մի անգամ էլ Օ՚Հալորանը հյուրասիրեց, հետո նորից՝ Ֆարինգտոնը, չնայած Ուեդերսը բողոքում էր, թե հյուրասիրությունը ծայրահեղ իռլանդական է։ Նա խոստացավ տղաներին կուլիսների ետև տանել և ծանոթացնել գեղեցիկ աղջիկների հետ։ Օ՚Հալորանն ասաց, թե ինքն ու Լեոնարդը կգան, իսկ Ֆարինգտոնը չի կարող, որովհետև ամուսնացած է։ Եվ Ֆարինգտոնը կկոցեց անշարժ, աղոտ աչքերն ի նշան այն բանի, որ կատակը հասկանում է։ Ուեդերսը բոլորին ստիպեց իր հաշվին մեկական փոքրիկ բաժակ խմել և խոստացավ ավելի ուշ հանդիպել նրանց Մեյիգանի մոտ, Փուլբերգ սթրիթում։
Երբ Շոտլանդական բարը փակվեց, նրանք տեղափոխվեցին Մելիգանի մոտ։ Անմիջապես անցան ետևի սենյակը, և Օ՚Հալորանը բոլորի համար թունդ խմիչք պատվիրեց։ Բոլորի կատարները տաքացել էին։ Ֆարինգտոնն արդեն պատրաստվում էր նորից հյուրասիրել, երբ հայտնվեց Ուեդերսը։ Դեռ լավ էր, որ նա մի ըմպանակ դառը խմեց։ Ֆինանսները պակասում էին, բայց դեռ կարելի էր շարունակել։ Հանկարծ ներս մտան երկու երիտասարդ կանայք՝ մեծ գլխարկներով և մի երիտասարդ՝ զոլավոր կոստյումով։ Նրանք նստեցին հարևան սեղանի մոտ։ Ուեդերսը ողջունեց նրանց և ընկերներին ասաց, որ նրանք Տիվոլիից են։ Ֆարինգտոնի հայացքն անընդհատ թափառում էր կանանցից մեկի ուղղությամբ։ Այդ կնոջ արտաքինի մեջ ինչ-որ աչք ծակող բան կար։ Նրա գլխարկի շուրջը մի հսկայական, կապտա-կանաչավուն շղարշից շարֆ էր փաթաթած, որը մի մեծ վարդակապով կապված էր կզակի տակ, եւ ուներ մինչև արմունկները հասնող մուգ դեղին ձեռնոցներ։ Ֆարինգտոնը հիացմունքով էր նայում նրա լիքը թևերին, որոնք կինը հաճախ ու մեծագույն Նազանքով էր շարժում, իսկ երբ փոքր-ինչ անց նա պատասխանեց Ֆարինգտոնի հայացքին, նրա մեծ, շագանակագույն աչքերն ավելի բորբոքեցին Ֆարինգտոնի խանդաղատանքը։ Նրա հայացքը՝ ակնապիշ և մի քիչ շեղ, Ֆարինգտոնին հիացրեց։ Կինը մի երկու սագամ էլ նայեց նրան ու իր ուղեկիցների հետ դուրս գալով սենյակից, դիպավ նրա աթոռին և լոնդոնյան առոգանությամբ «կներեք» ասաց։ Երբ վերջինս դուրս եկավ սենյակից, Ֆարինգտոնը նայում էր նրա ետևից, հույս ունենալով, որ կինը կշրջվի, բայց չշրջվեց։ Ֆարինգտոնն անիծեց իրեն՝ փողի պակաս զգալով ու ափսոսաց այդ երեկոյի բոլոր հյուրասիրություևների համար, որ ինքն էր արել, հատկապես՝ վիսկիների, որ հյուրասիրել էր Ուեդերսին։ Եթե այդ րոպեին կար մի բան, որ նա չէր սիրում՝ ուրիշի հաշվին խմելն էր։ Այնքան զայրացած էր, որ այլևս չէր լսում, թե ինչ էին խոսում ընկերները։
Երբ Փադի Լեոնարդը ձայն տվեց նրան, պարզվեց, որ խոսքը գնում էր ուժեղ մարդկանց մասին։ Ուեդերսը սեղանակիցներին իր մկաններն էր ցույց տալիս և այնքան պարծեցավ, որ ընկերները ստիպված էին ձայն տալ Ֆարինգտոնին, որպեսզի պահպանի ազգային արժանապատվությունը։ Ֆարինգտոնը քշտեց թևքերը և ինքն էլ սեղանակիցներին ցույց տվեց իր մկանները։ Երկուսի թևերն էլ մանրազնին քննության և համեմատության ենթարկվեցին, և վերջիվերջո որոշվեց ուժի մրցույթ անցկացնել։ Հավաքեցին սեղանը, և հակառակորդները, ձեռքերի մատներն իրար հագցրած, արմունկներով հենվեցին սեղանին։ Փադի Լեոնարդի նշանով նրանցից յուրաքանչյուրն աշխատում էր մյուսի ձեռքը սեղանին սեղմել։ Ֆարինգտոնը շատ լուրջ և վճռական տեսք ուներ։
Մրցույթն սկսվեց։ Երեսուն վայրկյան անց Ուեդերսն իր հակառակորդի ձեռքը դանդաղորեն սեղմեց սեղանին։ Ֆարինգտոնի գինուց կարմրատակած դեմքն ավելի ուժգին շառագունեց ամոթից ու զայրույթից, քանի որ այդ լակոտը հաղթել էր իրեն։
— Ամբողջ մարմնով առաջ ընկնել չի կարելի։ Ազնի՛վ պայքարիր,— ասաց նա։
— Այդ ո՞վ է անազնիվը,— գոչեց Ուեդերսը։
— Եկեք նորից սկսենք, մինչև երեքը լրանա։
Մրցույթը նորից սկսվեց։ Ֆարինգտոնի ճակատի երակներն ուռեցին, իսկ Ուեդերսի գունատ դեմքը պիոնի գույն ստացավ։ Նրանց ձեռքերն ու թևերը դողում էին լարվածությունից։ Երկար պայքարից հետո Ուեդերսը կրկին հակառակորդի ձեռքը ղանդաղորեն սեղմեց սեղանին։ Հանդիսատեսների կողմից հավանության խուլ ձայներ լսվեցին։ Մատուցողը, որ կանգնած էր սեղանի մոտ, իր շեկ գլխով նշան արեց հաղթողին և հիմար մտերմությամբ ասաց.
— Այ, դա գո՜րծ էր։
— Իսկ քո՞ ինչ գործն է,— կատաղած նրա կողմը շրջվեց Ֆարրնգտոնը,— ի՞նչ ես քիթդ ուրիշի գործերի մեջ խոթում, սատանայի ծնունդ։
— Սը՚ս,— ասաց Օ՚Հալորանը, նկատելով Ֆարինգտոնի դեմքի վայրագ արտահայտությունը,— հանգիստ, տղանե՛ր։ Մի-մի բաժակ էլ խմենք ու գնանք։
Մռայլադեմ մի մարդ կանգնած էր Օ՚Քոննիլ կամրջի անկյունում և սպասում էր Սենդիմաունթ գնացող փոքրիկ տրամվային, որ տուն հասներ։ Նա լի էր թաքնված չարությամբ ու վրեժխնդրությամբ։ Սրտնեղում էր ու մի տեսակ վիրավորված էր զգում իրեն, նույնիսկ կարգին հարբած էլ չէր, իսկ գրպանում միայն մի երկպենսանոց էր մնացել։ Նա հայհոյում էր աշխարհի երեսին եղած ամեն ինչ։ Անհաջողություններ էր ունեցել գրասենյակում, գրավ էր դրել ժամացույցը, ծախսել էր ամբողջ փողը և մի լավ չէր էլ խմել։ Նորից ծարավ զգաց և բուռն ցանկություն ուներ նորից հայտնվելու տոթ, ծխով լցված գարեջրատանը։ Կորցրել էր ուժեղ մարդու իր համբավը այն բանից հետո, երբ ինչ-որ մի լակոտ երկու անգամ անընդմեջ հաղթել էր իրեն։ Սիրտը լեցուն էր կատաղությամբ, իսկ երբ հիշեց մեծ գլխարկով այն կնոջը, որ անցնելիս դիպավ իրեն և «կներեք» ասաց, բարկությունը համարյա խեղդեց նրան։
Տրամվայը նրան մինչև Մելբուրն Ռոուդ տարավ, և նա քայլեց առաջ, իր մեծ մարմնով խուսավարելով զորանոցի պատերի ստվերում։ Զզվելի էր տուն վերադառնալը։ Երբ ետնամուտքից ներս մտավ, տեսավ, որ խոհանոցում ոչ ոք չկա, և կրակը համարյա հանգած է։ Նա բղավեց.
— Ա՛դա։ Ա՛դա։
Նրա կինը փոքրիկ, սրադեմ մի էակ էր և իշխում էր ամուսնուն, երբ վերջինս ողջամիտ էր, ու դողում նրա առաջ, երբ հարբած էր։ Հինգ երեխա ունեին։ Մի փոքրիկ տղա ներքև վազեց աստիճաններով։
― Այդ ո՞վ է,— մթության մեջ նայելով հարցրեց հայրը։
— Ես եմ, հայրի՛կ։
— Ո՞վ, «Ես»։ Չա՞րլին։
— Ո՛չ, հայրի՛կ, Թոմը։
— Ո՞ւր է մայրդ։
— Եկեղեցում։
— Լավ... Իսկ նա մտածե՞լ է ինձ համար ճաշ թողնելու մասին։
— Այո՛, հայրի՛կ, ես...
— Լամպը վառիր։ Հանուն ինչի՞ ես մթության մեջ քարշ գալիս։ Իսկ մյուսնե՞րն ուր են, քնա՞ծ են։
Նա ծանրորեն փլվեց աթոռին, նայելով, թե ինչպես է տղան վառում լամպը։ Ապա սկսեց տղայի լավ առոգանությունը նմանակել, քթի տակ մրթմրթալով. «Եկեղեցո՜ւմ... եկեղեցո՜ւմ, հայրիկ»։ Երբ լամպը վերջապես վառվեց, Նա բռունցքով հարվածեց սեղանին ու գոռաց.
— Ո՞ւր է իմ ճաշը։
— Ես հիմա... կեփեմ, հայրիկ,— ասաց փոքրիկը։ Հայրը կատաղությունից վեր ցատկեց եւ ցույց տվեց կրակը։
— Ա՛յս կրակի վրա՞։ Արդեն ամեն ինչ այրվել է։ Սպասի՛ր, ես քեղ ցույց կտամ, թե ինչպես են կրակը փչացնում։
Նա մի քայլ արեց դեպի դուռը եւ վերցրեց անկյունում դրված գավազանը։
— Ես քեզ ցույց կտամ, թե ինչպես են կրակը փչացնում,— ասաց հայրր քշտելով թեւքերը, որպեսզի չխանգարեն իր շարժումներին։
Տղան «Հայրի՜կ» բղավեց ու լաց լինելով սկսեց սեղանի շուրջը վազել, բայց հայրը հասավ նրան եւ բռնեց օձիքից։ Տղան վախեցած նայում էր հորը, սակայն փախուստի ճանապարհ չգտնելով, ծնկի եկավ։
— Մյուս անգամ կրակը չես փչացնի,— ասաց հայրը և ուժով հարվածեց նրան գավազանի կոթով, — առ քեզ, լակո՛տ։
Տղան ճչաց սուր ցավից, երբ գավազանը մի շերտ թողեց նրա ազդրին։ Ապա օդում իրար զարկեց ձեռքերը, և ձայնը դողդողաց վախից.
— Հայրի՜կ,— բղավում էր նա,— ինձ մի ծեծիր, հայրի՜կ։ Ես... ես կաղոթեմ քեզ համար... Ես կաղոթեմ քեզ համար, հայրի՜կ, միայն թե ինձ մի՛ ծեծիր... Ես կաղոթե՜մ քեզ համար...