Վերջին թարմացում 6 Հուլիսի 2013, 00:44

Որն է մեր ճանապարհը

00:44, 6 Հուլիսի 2013 տարբերակ, Garbage Collector (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Որն է մեր ճանապարհը

հեղինակ՝ Կտրիճ Սարդարյան
աղբյուր՝ «Որն է մեր ճանապարհը», «Հայք» 1990 թ․

Չգիտես որտեղից ենք վերցրել, որ խելոք ժողովուրդ ենք և կրակն ենք ընկել մեր թվացյալ խելոքության ձեռքը։ Երևի թե սա է պատճառը, որ ամենապարզ հարցերը այնքան ենք խճճում եթեների ու ապաների բախտագուշակության խառնարանում, որ գլուխներս կորցնում և հնարավոր ճանապարհներից ընտրում վատագույնը։
Ապշելու բան է, որ վերջին երկու տարիների փորձը ևս մեզ դարձի չբերեց։ Առ Ռուսաստան հավատի շարժումն իր կորագծով բերում է և չէր կարող չբերել «Հավերժ Ռուսաստանի հետ» հին կարգախոսին։ Այսպես է եղել և կլինի միշտ, եթե ժողովուրդը ոտքի է կանգնում և ցանկանում է իր հարցերը լուծել ուրիշի միջոցով։ Քանի որ այղ ուրիշին հետաքրքրում է քեզ հուսադրել, ապա հուսախաբության մատնելով, ավելի ամուր կապել իր սայլանիվին։
Եվ բնավ պատահական չէ, որ գնալով մեզանում համախմբվում և ուժեղանում են կողմնորոշման ջատագովները։ Այժմ էլ սրանք հին երգը նորովի են հնչեցնում. «Առանց Ռուսաստանի մենք Ղարաբաղը կկորցնենք»։ Կրկին «մոռացան», որ Ղարաբաղը Ռուսաստանն է տվել Ադրբեջանին և մենք ոչնչի չենք հասնի, քանի դեռ չենք սթափվել։ Զարմանալի է չէ՞, երկու տարի է Ռուսաստանն ասում է՝ ձեռք քաշեք ինձնից, ես հարց լուծողը չեմ, մենք համառորեն պնդում ենք, որ վաղ թե ուշ լուծելու է։ Նա չի լուծելու, մենք ենք լուծելու։ Ուրեմն, կյանքն ասում է մի բան, իսկ մերոնք կաշվից դուրս են գալիս՝ ապացուցելու անապացուցելին։ Անհասկանալի է, թե էլ ինչ պետք է արվեր ու արվի մեր գլխին, որ ուշքի գանք։
Ստացվում է, որ ինչքան քեզ հարվածում են, այնքան ուժեղ ես դու փարվում նրան։ Շատ լավ գործում է հետադարձ կապի օրենքը։
Նույնիսկ անկիրթ գլադիատորները վերջապես հասկանում էին արյան խրախճանքի սպասող տիրոջ նպատակը և անում էին որոշակի եզրակացություն։ Ցավալին այն է, որ մեր շարժման փորձից շատերը դասեր քաղեցին, բացի մեզանից։ Մենք դեռ իներցիայի ուժով շարունակում ենք փոթորկել։ Տիրոջից նեղացածի կեցվածք ընդունած հայհոյում ու քաղաքական գնահատական ենք պահանջում։ Արձանագրում ու վերլուծում, զայրանում ու զարմանում է հայ ռոմանտիկ մտավորականությունը։ Ինչի՛ վրա է զայրանում եւ ումից ինչ է պահանջում, չես հասկանում։ Եվ պատահական չէ, որ գնալով Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը սերտաճեց կայսրության շահերի պաշտպանության հետ։ Նախիջևանի սահմանը քանդել են․․․ Շատ էլ լավ են արել, քեզ ի՞նչ։ Մոռացե՞լ ես, որ Նախիջևանը Մոսկվան է քեզնից վերցրել ու տվել Ադրբեջանին։ Քո ի՞նչ գործն է, սահմանը տեր ունի։ Ինչ ես ցանկանում դրանով ասել կամ ապացուցել, որ դու հարևանիցդ լավն ես։ Չես հասկանում, որ ծիծաղում են քեզ վրա, քո մոլորության ու «պետական մտածելակերպի» վրա։ Ուզում ես ասել, որ դու լավ ստրուկ ես։ Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև տերը լավ գիտի իր ստրուկների հատկանիշները։ Լավ գիտի և օգտագործելով արհամարհում է ստրուկի այն տեսակին, որը ոչ միայն ազատության չի ձգտում, այլև իր համար արհեստական դժվարություններ ստեղծելով, ավելի ամուր է փարվում իր հովանավորին։
Եվ բնավ զարմանալի չէ, որպեսզի սերն առ Ռուսաստան ժողովրդի աչքում չխամրի, զգացմունքային նոր ալիք են առաջացնում, այս անգամ արդեն պահանջատիրության լայն ծրագրով։ Իբր, Ղարաբաղի խնդիրը լուծեցին, հիմա էլ անցնում են լայնամասշտաբ գործողությունների։ Նպատակը պարզից էլ պարզ է։ Հեռանկարի գայթակղությամբ և միասնության կոչերով ամրացնել կողմնորոշման գաղափարը։ Չէ որ հայոց պահանջատիրությունն ունի դարերի փորձություն և հզորների հովանավորության անհրաժեշտություն։ Ամեն հնար գործ է դրվում, որ իրենց ձեռքով սեփական ժողովրդի մեկ անհայտով հավասարում դարձած պատմությունը հանկարծ փոփոխության չենթարկվի։
Բնավ փույթ չէ այն հանգամանքը, որ անուժ պահանջատիրությունը մեր ժողովրդին ոչինչ չի տվել և չի տա։ Այսինքն տվել է, բայց միայն կորուստ, զրկանք ու տանջանք։ Այս ամենը նրանց բնավ չի հետաքրքրում։ Կարևորը, որ մենք ազգովին մեկտեղվենք Ռուսաստանի շուրջ։ Առավոտից իրիկուն ինֆորմացիայի միջոցները և հատկապես հեռուստատեսությունը ջարդ ու ավեր են ցույց տալիս։ Հոգեբանական այս գրոհը ժողովրդին հեռացնում Է այսօրվա չլուծված հարցերից և նրա դալուկ հայացքն ուղղում Է դեպի Ավետյաց երկիր։ Երեկվա հարստահարողը, ազգի հերն անիծողը, նրա բարոյական նկարագիրը խաթարողն անգամ այսօր հայտարարում է.
— Հայ չե՞նք, բերեք միավորվենք ընդհանուր վտանգի դեմ։
Եվ սրանք բոլորր ընդհանուր շահերի կոչով ու հրամայականով մեկտեղվել և համախմբվել են։ Փաստորեն ասում են այն, ինչ ասել են 70 տարի։ Ավելի ճիշտ ասելաձևն են փոխել, իսկ բովանդակությունը նույնն է։ Ժողովուրդն էլ նայում ու հիանում է իր հարկահանների «վերակառուցման» թափով։
— Հայրենասիրություն ես ուզում, խնդրեմ, միայն անկախության գաղափարը գլխիցդ հանիր։ Տես, Անդրանիկն էլ էր դեմ անկախությանը։
Այս ձայները գնալով ուժեղանում են հատկապես այսօր, երբ ժողովուրդը կանգնած է լուրջ քննության առաջ։ Այնպես եռանդով են խառնում խաղաքարտերը, որ ժողովուրդը դժվարանա թացը չորից տարբերել։
Մեզ անհրաժեշտ է կտրուկ շրջադարձ կատարել այդ ճանապարհից, որը միշտ էլ փակուղի է տարել և կտանի։ Անհրաժեշտ է ձեռք քաշել երազատեսությունից և լուծել այսօրվա հրատապ և ժողովրդին հուզող հարցերը և հող նախապատրաստել ազգային պետություն ստեղծելու համար։
Պահանջատիրությունը, որի վրա հրավիրվում Է ժողովրդի ուշադրոլթյունը, անգործության է մատնում և այսօր ոչինչ չի տալիս։ Մեզ անհրաժեշտ է լուծել այսօրվա հարցերը։ Ընդհանրապես, անհրաժեշտ է վերջ տալ լաց ու կոծին, որը ժողովրդին շեղում է գործնական խնդիրներից։ Սեփական դժվարին պատմությունը չպետք է տանջալի ինքնադատապարտման ենթարկի սերունդներին։ Ինքնատանջանքի մատնված ժողովուրդը, որը միշտ իր ցավն ու կորուստներն է հիշում, չի կարող պետական առողջ օրգանիզմ ստեղծել և միշտ փնտրելու է հզոր հովանավոր։ Իսկ այսօր մեզ անհրաժեշտ է ոտքի կանգնել և շարժվել ինքնուրույն, ձեռք քաշելով դայակներից։ Դժվարը հենակները գցելը եւ մայր հողի վրա ամուր կանգնելն է, ումից հետո անսովորը և անհնարինը կդառնա սովորական ու անշրջելի։
Խոսքս սիրո ու ատելության դրսևորումներին չի վերաբերում, որը քաղաքականության մեջ ոչ մի արժեք չունի։ Հարևան երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումը մեզ այսօր անհրաժեշտ է օդ ու ջրի պես։ Ով չի հասկանում այս պարզ ճշմարտությունը և խաղում է ժողովրդի զգացմունքների հետ, նա խեղված ու հաշմանդամ է հոգով։ Մեր այսօրվա կողմնորոշումը պետք է լինի դեպի ազգային գաղափարախոսություն ու պետականություն։ Այս առանցքի շուրջը պտտվելով է, որ մեր ժողովուրդը կվերականգնի իր եղծված բարոյականությունն ու աշխատասիրությունը։
70 տարի մեր գաղափարախոսներն ասում ու կրկնում էին, որ հայ ժողովրդի լավագույն զավակներն իրենց հույսը կապում էին դեմոկրատական Ռուսաստանի հետ, որը եկավ 1917 թ.։ 70 տարի նրանք գովերգեցին այդ Ռուսաստանը, իսկ այժմ էլ ասում են, որ դեռ պետք է սպասել դեմոկրատական Ռուսաստանին։ Դեմոկրատական Ռուսաստան ասելով ես հասկանում եմ, որ նա առաջին հերթին պետք է ձեռք քաշի կայսրությունից։
Համաշխարհային պատմության մեջ երբևիցե տեսնվե՞լ է դեմոկրատական կայսրություն։ Չի եղել և չի կարող լինել։ Իսկ մեր ռուսասեր տղերքն ասում են, որ հնարավոր է անհամատեղելին համատեղել։ Նրանք մոռանում են, որ իրենց ասածը հենց իրենց դեմ է։ Եվ ահա թե ինչու։ Եթե Ռուսաստանը դեմոկրատանա, նա պետք է ձեռք քաշի կայսրությունից, որովհետև այդ է պահանջում հենց ռուս ժողովրդի շահը։ Ուրեմն, եթե գա այդ օրը, Ռուսաստանը պետք է հեռանա։ Եթե այդ օրը եկավ, նրանք ի՞նչ են անելու։ Պարզ է՝ լաց են լինելու, բողոքելու են, ռուս ժողովրդին բացատրելու են, որ նա իր շահը չի հասկանում, չգիտի որ հայերը կիսով չափ ռուս են, և իզուր են հեռանում։ Չնայած այս ամենին, ռուսները հեռանալու են։ Հեռանալու են, որովհետև այդ քայլով իրենց ազատելու են բռնացողի կապանքներից և սկսելու են նվիրվել իրենց երկրի զարգացմանը։
Ակնհայտ է, որ հենց այդ ուժերն են շուտով դառնալու Ռուսաստանի տերը։ Այնպես որ, Ռուսաստանը լավ գիտի, թե իր շահը որն է և գործել է ու գործելու է դրան համապատասխան։ Ճիշտն ասած օրիենտացիոն «հայրենասիրությունն» ինձ ավելի շատ մտահոգում է վաղվա օրվա համար։ Այդ պատճառով էլ կանգ առա Ռուսաստանում իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակներից մեկին, որպեսզի մարդկանց այդ հսկայական խումբն այսօրվանից մտածի, իսկ ինչ է անելու վաղը այդ հոգեբանությամբ։
Իսկապես, անհրաժեշտ է այդ մասին այսօրվանից մտածել, քանի դեռ մտածելու ժամանակ կա։ Թուրքին հայհոյելն այսօր ամենահեշտ բանն է, որովհետև դու պետականություն չունես և նա քեզ բանի տեղ չի դնում։ Իսկ վաղը․․․ Պարզ է, նա չի ուզում, որ այդ վաղը գա և իրեն զրկի «հաճույքից», բայց մեկ է, այդ օրը գալու է։ Ինձ համար դա կարևոր է այն առումով, որ անազատ մարդը միշտ էլ տեր ու հովանավոր է փնտրելու և նրա համար բնավ կարևոր չէ՝ ով է այդ հովանավորը։ Այսօր Ռուսաստանն է այստեղ, նրանք ասում են՝ «Հավերժ Ռուսաստանի հետ»։ Երբ Ռուսաստանը հեռանա այստեղից, այդ նույն մարդիկ կրկին կոչ են անելու «շրջահայացության» և նոր օրիենտացիա են որդեգրելու։ Այս անգամ նրանք ընկնելու են Թուրքիայի գիրկը։ Այլապես ինչո՞ւ են նրանք հիստերիայի մեջ ընկել և ընթերցողին համոզում են, որ իբր հանրապետությունում ուժեր կան, որոնք ուզում են օրիենտացիան փոխել։ Իրականում խոսքը կողմնորոշումից ձեռք քաշելու մասին է, ոչ թե փոխելու է։ Այս պարզից էլ պարզ միտքը գլխիվայր շուռ են տալիս, որովհետև չեն պատկերացնում, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ իր ճակատագրի տերը։ Եթե ասում են ռուսական օրիենտացիայից հարկավոր է ձեռք քաշել, նրանց համար դա նշանակում է թուրքական օրիենտացիա որդեգրել։ Սթափ մտածող մարդու համար սա անհեթեթություն է, որովհետև, եթե պետք է մի տիրոջը փոխես մյուսով, ապա դրա անհրաժեշտությունը չկա։ Պատմության մեջ մի անգամ այդպես վարվելու համար մենք չարաչար պատժվել ենք։ Հակառակ քայլն անելը նույնքան անհեթեթ ու կորստաբեր կլինի։ Ուրեմն, խոսքը ինքնուրույն ապրելու դժվարին արվեստը սովորելու մասին է։

Սրան է, որ մենք պետք է ձգտենք։

Էսպես էլ բան կլինի, որտեղ է տեսնված, որ մարդ փաստարկներ տոնի, որպեսզի ապացուցի ազատության անհրաժեշտությունը։
Կարծեք թե, պարզից էլ պարզ է, որ ամեն մարդ ինքն է լուծում իր հարցերը, հակառակ ճանապարհով գնացողները միշտ էլ հայտնվում են մուրացիկի վիճակում։ Արժանապատվություն ունեցողը երբեք չի պնդի, որ հարկավոր է լավ մուրալ, կամ այնքան սպասել, որ տերը առատաձեռն դառնա։ Նույնիսկ պարզ մարդկային հարաբերություններում այս վիճակը անտանելի ու անընդունելի է, էլ ուր մնաց, որ այդ դառնա ժողովրդին առաջնորդող կարգախոս։
Միանշանակ է, որ այս ճանապարհով գնացողին երբեք չեն հարգել ու չեն հարգի։ Չեն հարգի, որովհետև այս ճանապարհով գնացողը մեկ սրա փեշից է կախ ընկնում՝, հետո սրանից հիասթափվում, մյուսից է կախվում, հետո՝ երրորդից։ Արդյունքում՝ բոլորից էլ արհամարհվում, ծեծվում ու ոտքի տակ ընկնում։ Հասնելով այս վիճակին նա սկսում է մտածել միայն մի բանի մասին։ Մեկ է ինքը փոքր է, թույլ, ուրեմն չի կարող տնօրինել իր ճակատագիրը, ուրեմն ավելի լավ է միայն մտածել ֆիզիկական գոյատևման մասին։
Այստեղից ակունքվում են պատեհապաշտությունը, նյութապաշտությունն ու անցողիկ կրքերին տրվելու հակումը։ Եվ կամաց-կամաց նա հոգեբանորեն հաշտվում է այս վիճակին։ Պահեր են գալիս, որ նա սթափվում է, զզվում է իր վիճակից և նիրհից արթնացած այնպիսի քայլեր է անում, որը չի համընկնում իր վտիտ ուժերի կարողությանը և արդյունքի չհասնելով, կրկին ընկնում է նույն վիճակի մեջ։ Կորցնելով վստահությունը սեփական ուժերի հանդեպ, նա անընդհատ հիշում է իր գերդաստանի պատմությունը։
Հիշում է, որ իր պապին սպանել են, հորը ծեծել ու ստրկացրել են։ Եվ ջարդ ու կոտորածի, միշտ ծեծված լինելու այս հոգեբանական բարդույթը նրան մագնիսական ուժով քաշում է դեպի պատմություն։ Նա սկսում է ապրել ավելի շատ մղձավանջային հիշողությամբ։ Սեփական ուժերի հանդեպ հավատի կորուստը նրան թույլ չի տալիս այդ ամենի մեջ տեսնել սեփական սխալները։ Թույլերը միայն ուրիշներին են մեղադրում։ Բնության ու հասարակական զարգացման զարմանահրաշ երևույթներից է, որ թույլերի կործանումից աշխարհն ավելի է ուժեղանում։ Դատապարտված է այն ժողովուրդը, որն անընդհատ մտածում է իր ֆիզիկական գոյության մասին։ Սա նշանակում է, որ նա հոգեկան կորով ու ազգային արժանապատվություն չունի։ Գոհ է, որ կա, գոյատևում է և ի վիճակի չէ այլ բանի մասին մտածելու։ Չէ որ իր նման շատ-շատերը վերացան գնացին։ Այս մտածմունքներով տարված, նա երևակայող հիվանդի պես իր համար հովանավորի չեղած կերպր է ստեղծել, որն իբր թե իրեն ֆիզիկապես գոյատևելու հնարավորություն է ընձեռել։
Եթե մենք կրկին գնացինք տրորված այս ճանապարհով և շարունակեցինք աշխարհագրական անբարենպաստ դիրքը շեփորելով ժողովրդի ֆիզիկական գոյատևման մասին մեր ճամարտակությունները, նշանակում է՝ դատապարտված ենք ճակատագրով։ Միայն անարժան, թույլ ու անկամներն են դժգոհում իրենց աշխարհագրական դիրքից։
Ինչո՞վ է վատ մեր աշխարհագրական դիրքը։ Մի քիչ որ խորը մտածենք, կտեսնենք, որ մեր գոյատևման գաղտնիքը մեր հզոր լեռների մեջ է։ Մեկուկես միլիոն մարդով լցվել ենք Երևան կոչված այս քիմիական տակառում ու դժգոհում ենք մեր աշխարհագրական դիրքից։ Գնացեք շրջեք և տեսեք, թե ինչ հրաշք երկրամաս ունենք։ Սերունդներին սովորեցրեք, որ նա ճանաչի ու պաշտի իր երկիրը, այլ ոչ թե աշխարհագրական դիրքն իր համար ինքնարդարացման միջոց դարձրած դատարկի հայրենիքը և աշխարհաքաղաքացի դարձած թափառի երկրագնդով մեկ։ Թափառի ու անիծի «հայի բախտը»։ Քանի դեռ մեր չարածների համար սրան֊նրան ենք մեղադրում,

կխարխափենք։

Հոյակապ է մեր աշխարհագրական դիրքը, եթե կարողանանք ճիշտ օգտագործել։ Ուժեղացանք, այս նույն աշխարհագրական դիրքով հրաշքներ ենք գործելու։ Այնժամ մեկ առ մեկ կթվարկենք մեր դիրքի առավելությունները։ Դրան հասնելու համար դժվար, շատ դժվար ճանապարհ պետք է անցնենք։ Նախ և առաջ զգացմունքային փոթորկումներին ու անպտուղ հայրենասիրական ճառերին վերջ տալ է հարկավոր։ Չկա միասնություն առանց գործի ու գաղափարի։ Պետական միտք ու կամք, քրտնաջան աշխատանք ու նվիրում։ Սիրո խոստումներից ու արտասվող աչքերից հողը թուլանում է։
Երկու տարի է՝ մեր ողջ ժողովուրդը քաղաքագետ է դարձել և քննարկում ու քննարկում է։ Սկզբից 11֊ն էին, հետո դարձան 111-ը, հետո 1011ը, հետո էլ՝ բոլորը։ Ինչի՞, էդ ո՞ր հայի խելքն է պակաս, որ իր որոշակի կարծիքը չունենա այս կամ այն քաղաքական հարցի մասին։
Հրապարակայնություն է, որքան մարդ՝ այնքան կարծիք։ Եվ էսպես «խելքին զոռ տալով» քաղաքականություն ենք խաղում։ Սա իրոք որ մեծ խաղ է մեր խելոք ժողովրդի գլխին։ Խաղի կանոններն իմացողը «մի կողմ քաշված» (սպասում է այն պահին, երբ ջուրն ամբողջովին կպղտորվի. կջլատվեն բոլոր ուժերը և նա կրկին կմնա հրապարակի մեջտեղում միայնակ կանգնած, և ժողովուրդը հոգնած անպտուղ փոթորկից և քաոսից, կրկին շարք կանգնած հավատարմության երդում կտա տիրոջր. «Փրկիր մեզ, տեր, քանի որ անղեկ ենք ու անգաղափար»)։
Մի գուցե ես վատ կանխատեսող եմ և գույներր խտացնում եմ, սակայն կանխատեսության մեջ սխալվելը գերադասում եմ փաստերն արձանագրողի և ետին թվով դատողություն անողի տխուր վիճակից։ Եվ որպեսզի վաղը չէ մյուս օրր չընկնենք այդ վիճակի մեջ և էլի սկսենք ուրիշներին մեղադրել, հարկավոր է սթափվել, քանի դեռ ժամանակ կա։ Այսօր այն պահն է, երբ մենք ազգովին սխալվելու իրավունք չունենք։ Եթե սխալվեցինք ընտրություն կատարելիս, ուրեմն հինգ տարի շարունակ սայթաքելու ենք միմիայն մեր թույլ տված սխալի հետևանքով։ Աշխարհում չի եղել դեպք, որ ամքողջ ժողովուրդը բան ու գործ թողած քաղաքականությամբ զբաղվի։
Եկել է այն պահը, երբ ժողովուրդը հանգիստ, առանց զգացմունքների պետք է կանխորոշի իր գալիք հինգ տարիների անցնելիք ճանապարհր։ Մտքերի ու գաղափարների այս լաբիրինթոսում, որը հատուկ նպատակով է ստեղծված, պետք է կարողանալ տարբերել մնայունը անցողիկից, ազգային շահը՝ անհատական խճճված հարաբերությունից, պետական միտքր՝ ազգային զազրախոսությունից։ Այսօրվա լուծելիք հարցերը չշփոթել գայթակղիչ և անիրականանալի հեռանկարի հետ։
Կարողացանք այսքանն անել, կարողացանք ժողովրդի ծոցից ելած բարոյական նկարագրի տեր զավակների համախմբումով ստեղծել գերագույն իշխանություն, նշանակում է կարողացանք սկսել Ա տառից, ուրեմն կսովորենք քաղաքական բարդ ու դժվարին այբուբենը հերթականությամբ։ Չկարողացանք անել այս քաղաքական քայլը, նշանակում է՝ ընդհանրապես անկարող ենք որևէ լուրջ գործի, նշանակում է՝ ուզվոր ենք ու փոթորիկ սարքող։ Նաև նշանակում է, որ արժանի ենք այս վիճակին, որ հիվանդությունը մեր մեջ է և ոչ մեկից բողոքելու իրավունք չունենք։