հեղինակ՝ Ռաֆայել Իշխանյան |
- Կարծում եմ՝ կյանքում մարդու գլխավոր նպատակը կատարելագործվելն է։ Բարելավվելը։ Վատից դեպի լավը գնալը։ Այլ խոսքով՝ փոխվելը դեպի կատարյալը։ Այն կարծիքին եմ, որ ամեն մի ազգի նպատակն էլ դա պետք է լինի։ Մանավանդ մեր հայ ազգինը։ Մեր անցյալի սխալները գիտակցել և ավելի ու ավելի անսխալ դառնալ։
- Ասում են Ստեփան Զորյանի վերջին խոսքը մահվանից առաջ եղել է իր ժողովրդին նրա տված գնահատականը «պրիմիտիվ ազգ»։
- Մեր ժողովրդի ու նրա ղեկավարների մի զգալի մասի քաղաքական մտածողությունը, խոստովանենք, իրոք, պարզունակ է եղել։ Օրինակ, մեզանում հայրենասիրություն է համարվում մահմեդականներին, մասնավորապես թուրքերին հայհոյելը, եղեռնի մասին շատ խոսելը, թուրքերի վայրագ լինելն անընդհատ հիշեցնելը։ Անցյալի գործիչներից ամենահայրենասերներն են համարվում թուրքերին շատ հայհոյածները, թուրք սպանողները։ Նորագույն շրջանի հայրենասերներն են համարվում Եվրոպայում թուրքական դեսպանների ահաբեկիչները։ Անշուշտ, բոլոր հայերը չէ, որ այսպես են մտածում, բայց սա մեր մեջ իշխող մի տրամադրություն է։ Սա հոգեբանական ձող է, որի մյուս ծայրը եվրոպամոլությունն է եղել։ Համալսարանի նախկին կուսքարտուղարը 1985 թ. ասաց, «Հայերի հայրենասիրություն նշանակում է ռուսասիրություն և թուրքատյացություն»։
- Մեր պատմության վերջին շրջանում մեր շատ գրողներ, բանաստեղծներ մեզ՝ հայերիս Թուրքիայի տված ահավոր վնասները ներկայացնելով, թուրքերին հայհոյելով փառաբանում էին ռուսներին։ Հայոց եղեռնի մասին մի շարք գործերի հեղինակ Հ․ Շիրազը Սևանա լիճը գավաթ էր դարձնում, խփում Մասիս սարին, խմում ռուս ժողովրդի կենացը։ Նման տրամադրություններ արտահայտել են նաև շատ ուրիշներ՝ Խ․ Դաշտենցը, Մ․ Գալշոյանը, Ս․ Կապուտիկյանը, Ս. Խանզադյանը, Հ․ Սահյանը և այլն, Ռուսաբանությունը հայ գրականության մեջ գալիս է Խ․ Աբովյանից (գուցե ավելի վաղ շրջանից)։ Ինչո՞ւ եմ գրականությունը մեջ բերում։ Որովհետև մեր պատմական մի դժբախտությունն էլ եղել է այն, որ մեր քաղաքական ղեկավարներից շատերը եղել են և են գրողներ։ Գեղարվեստական գրականությունը (Րաֆֆի, Պատկանյան, Ահարոնյան և այլն) շատ կողմերով մեզ համար եղել է քաղաքականություն, քաղաքական ծրագիր։ Սա իրոք, դժբախտության է։
- Զ․ Բալայանը, որ հայերեն չի գրում (նրա հայերեն տպված բռլոր գրքերը թարգմանություն են ռուսերենից), ամեն առիթով բացականչում է՝ «Մահ թուրքերին»։ Նրա «Օջախ» կոչվող գիրքը նվիրված է ռուսներին հաճոյանալուն, նրանց պանիսլամիզմով վախեցնելուն և թուրքերին ու ադրբեջանցիներին հայհոյելուն․ «ճակատագիրը մեզ պարգևել է մեր հյուսիսային հարևանին՝ ռուս մեծ ժողովրդին։ Ճակատագիրը մեզ ժպտացել է նաև նրանով, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ փրկվեց Արևելյան Հայաստանը․․․ Երկու ժողովուրդներն էլ (ռուսներն ու հայերը ― Ռ. Ի.) ունեցել են մեկ ընդհանուր թշնամի։ Թշնամի, որն իր հանգիստն է կորցրել Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միանալու պահից» և այլն։
- Վերջերս հակաթուրքական մարտական հոդվածները շատացել են մեր մամուլում՝ Հայաստանի թե Սփյուռքի, այդ ոգով գրված նոր գրքերն էլ շատ են։ Մեզնից շատերի ուղեղում մեխված է «Թուրքիան մեր մշտական թշնամին է, Ռուսաստանը՝ մշտական բարեկամը» բանաձևը։
- Պարզ է, հոգեբանորեն մեր հակաթուրքական մարտական կեցվածքը հենված է մեր թիկունքում ռուսական հզորության գիտակցման վրա։ Թուրքերն ու ադրբեջանցիները (եթե հաշվի առնենք նաև հարավային Ադրբեջանը) այսօր շուրջ 65 միլիոն են, հայերս ամբողջ աշխարհում 6 կամ ամենաշատը 7 միլիոն։ Թուրքիայի բանակը ըստ ռազմական տեղեկատուների ամենահզորն է եվրոպական ոչ կոմունիստական երկրների բանակների մեջ, մենք՝ հայերս բանակ առհասարակ չունենք, Թուրքիան կազմակերպված պետություն է, իսկ մենք իսկական իմաստով պետություն չունենք։ Երբ թուրքերի դեմ բռունցք ենք թափահարում, ո՞րն է մեր հենարանը։ Պարզ է՝ Ռուսաստանը, մասամբ էլ Արևմուտքը։
- Ահա սա է երրորդ ուժը։ Երկրորդ ուժը մեր հարևաններն են։ Երբ ուշադիր նայում ենք վերջին մոտ 300 տարվա հայերիս քաղաքական պատմությանը, տեսնում ենք, որ գրեթե միշտ (մեկ, երկու բացառությամբ) այն հենված է եղել երրորդ ուժին ապավինելու գաղափարի վրա։ Այն, ինչ այսօր անվանում ենք Հայ ազգային ազատագրական շարժում, մեծ մասամբ ապավինել է երրորդ ուժին։ Մենք մեր ազատագրական ծրագրերը կազմելիս գլխավոր տեղը տվել ենք երրորդ ուժին՝ Արևմուտքին և Ռուսաստանին։
- Դեռ 16-րդ դարում Միքայել կաթողիկոսի հանձնարարությամբ Աբգար Թոխաթեցին մեկնեց Իտալիա։ Նա Վենետիկի դոժի և Հռոմի պապի հետ բանակցություններ էր վարում հույս ունենալով, որ Հռոմը կամ Վենետիկը կազատեն «Սուրբ Սիոնը» (Հայաստանը) «անօրեններից»։ Հռոմը հայերին առաջարկեց կաթոլիկություն ընդունել։ Աբգարն ու իր որդին ընդունեցին և խոստացան, որ հայերն առհասարակ կընդունեն։ Իհարկե, Հռոմը, Վենետիկը ոչ մի օգնություն էլ ցույց չտվեցին Հայաստանին և ինչո՞ւ պետք է ցույց տային ու մանավանդ չէին էլ կարող ցույց տալ։ Աբգար Դպիրի այդ «ազատագրական» առաքելությունը մի տղայական ձեռնարկում էր, քաղաքական անգրագիտություն։
- Բայց, իհարկե, ամենաբնորոշը Իսրայել Օրին է (1659 —1711)։ Գերմանիայում նա համոզում էր մի փոքրիկ իշխանության (Պֆալցի) տիրակալին իր զորքով գալ Հայաստան, պատերազմել Պարսկաստանի, նաև Թուրքիայի դեմ, Հայաստանն ազատագրել ու վերականգնել հայոց թագավորությունը։ Ուրեմն, Հռենոսի ափից գերմանացի իշխանը իր փոքրաթիվ զորքով (ջոկատով) պիտի անցներ Եվրոպայի կեսը, Ռուսաստանը, Կովկասը, հասներ պարսից սահմանը, կռվեր Պարսկաստանի դեմ, հաղթեր նրան, Հայաստանի թագավորությունը վերականգներ ու նորից գնար Գերմանիա։ Այսքան ծիծաղելի է եղել երրորդ ուժին ապավինելու սկզբնական շրջանի մեր քաղաքական գործունեության փառաբանված դրվագներից մեկը։ Եվ այսօր կան պատմաբաններ, որ Իսրայել Օրուն մեծ քաղաքական գործիչ են հռչակում։
- Այդ Օրին, երբ տեսավ, որ Պֆալցի իշխանից բան չի դուրս դալիս, սկսեց քծնել Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինին։ Այս անգամ էլ Օրին ռուսներին էր կանչում, որ գան Պարսկաստանին ու Թուրքիային ջախջախեն, հայոց թագավորությունը վերականգնեն։ Պարզ է, որ Պետրոսը Իսրայել Օրիի կամ նման մի ուրիշի խոսքով չէ, որ պետք է գործ սկսեր։ Ռուսական պետությունն ուներ իր շահերը, իր նվաճողական ծրագրերը։ Այն ժամանակ Հարավային Կովկասի ու Հայաստանի հերթը դեռ չէր հասել և Օրիի ասածով չէ, որ Ռուսաստանն իր ծրագրերը պետք է փոխեր։ Իսրայել Օրիի ամբողջ գործունեության արդյունքն այն եղավ, որ նա իր երկու զավաններին տարավ Պետերբուրգ, ռուսական կրթության տվեց, և այդպես նրանք ռուսացան։
- Զարմանում ես Օրիի և ոչ միայն նրա միամտության վրա, ինչո՞ւ պետք է Ռուսաստանը պատերազմի, արյուն թափի հայոց թագավորությունը վերականգնելու համար։
- Կարդացել եմ, որ Պետրոս Առաջինի քաղաքական կտակում կա այսպիսի միտք հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով։ Արդյո՞ք Իսրայել Օրին չի ներշնչել ռուս կայսրին այս միտքը, հայոց թագավորության վերականգնման մասին խոսելով, պարզ է, որ աշխարհի նվաճումն սկսած Ռուսաստանին բնավ պետք չէր իր ճանապարհին ունենալ ինչ-որ խանգարիչ հայոց թագավորություն։ Նա Արևելքը իր համար էր նվաճում և ոչ թե հայերի կամ մեկ ուրիշի։
- Այսպես սկսվեց հայերի ռուսական կողմնորոշումը, ավելի ստույգ՝ հայերի քաղաքական կյանքում Ռուսաստանը իբրև գլխավոր երրորդ ուժ ճանաչելը։ Իհարկե, Արևմտյան Եվրոպան, առհասարակ Արևմուտքը հայերիս պատկերացումներում նույնպես երրորդ ուժի մասն էր կազմում, բայց գլխավորը դարձավ Ռուսաստանը։ Այն աստիճան, որ հայ լրագրության արքան՝ Գրիգոր Արծրունին հայտարարեց. «Մենք՝ հայերս քաղաքականապես ռուս ենք»։ Օրիի ժամանակներում էր Դավիթ-Բեկը։ Սա մեզ ներկայանում է որպես այն ժամանակի համար հասուն քաղաքական գործիչ, նա դաշնակցեց Վրաստանի և Պ արսկաստանի հետ, բայց չապավինեց նրանց որպես երրորդ ուժի։ Դավիթ Բեկի գործունեությունը առհասարակ բացառիկ է և ավելի մեծ ուշադրության արժանի։
- 18-րդ դարի 70֊ական թվականներին հնդկահայ գործիչները (հատկապես Շահամիրյանները) հայերի ազատագրության համար որպես երրորդ ուժ առաջարկում էին Վրաց թագավորությունը։ Բայց սա ակնթարթային պահ էր։ Երրորդ ուժի մեջ գլխավոր դերը մնաց Ռոլսաստանին։ Անցյալ դարասկզբին Ռուսաստանի հայոց առաջնորդ Հովսեփ Արղությանը Հարավային Կովկաս մտնող ռուսական զորքի առաջապահիկն էր, նույն դերը 1827— 28 թթ, ռուս ֊պարսկական պատերազմի ժամանակ կատարում էր Ներսես Աշտարակեցին։ Այդ ժամանակ էլ սկսեցին հայ կամավորական ջոկատներ կազմակերպել ռուսական բանակի համար և դրանից հետո ամեն անգամ, երբ Ռուսաստանը կռվի մեջ էր մտնում մահմեդական պետությունների դեմ, հայ կամավորական խմբեր էին կազմվում և կցվում ռուսական բանակին։ Ներսեսը սկզբում այնքան միամիտ էր, որ հույս ուներ, թե Ռուսաստանը պետք է վերականգնի հայոց պետականությունը։ Այդ հույսն ունեին շատ հայեր, նաև՝ Խ. Աբովյանը։ Ռուսաստանը Երևանը գրավելուց հետո ձևի համար ստեղծեց Հայկական մարզ, հետո մի երկու տարուց վերացրեց, Ներսեսին աքսորեց։ Տեսնելով, որ Ռուսաստանը հայոց պետականության մասին լսել չի ուզում, Ներսես Աշտարակեցին սկսեց քծնել ռուսներին և դարձավ կաթողիկոս։ Իսկ Երևանը նվաճած Պասկևիչը ռուսաց թագավորին նամակով բացատրում էր, թե ինչպես պետք է խեղճացնել հայերին։
- Խ. Աբովյանը օրհնեց «էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ»։
- 1878 թ, Սան֊Ստեֆանոյի պայմանագրի 16֊րդ հողվածը նախատեսում էր երրորդ ուժի միջամտություն Թուրքիայի գործերին, իբր հանուն հայերի։ Նման մի բան էր Բեռլինի վեհաժողովի սահմանած 61-րդ հոդվածը։ Այդպես սկիզբ առավ Հայկական հարցը, որի էությունը երրորդ ուժի միջամտությունն էր Թուրքիայի գործերին իբր հանուն հայերի և որի վախճանը եղավ Արևմտահայաստանի լիակատար հայազրկումը։
- Հայ հեղափոխական կուսակցություններն էլ իրենց հույսը, ապավենը դնում էին երրորդ ուժի՝ Ռուսաստանի և Եվրոպայի վրա։ Անգամ իրենց անունները նրանք ռուսերենից էին ընդօրինակում։ Հնչակը Գերցենի ռուսերեն «Կոլոկոլ» թերթի անվան հայերեն թարգմանությունն է, Հայ հեղափոխական դաշնակցություն անունը ռուսական «Սոյուզ ռուսկիխ ռևոլյուցիոներով» կազմակերպության բառացի թարգմանությունն է։
- Այս կուսակցությունների գործունեության գլխավոր նպատակը Թուրքիայում հայկական զինված շարժումներ կազմակերպելն էր հայերի կոտորածներով՝ Եվրոպայի ուշադրությունը դեպի Հայաստան դարձնելու նպատակով։ Այսինքն նրանց խելքն ու միտքը երրորդ ուժի հրավիրումն էր։
- Մեզանում երրորդ ուժին ապավինելու մտայնությունը զուգորդվում էր նույնքան տղայամիտ ծրագրերով։ Գրավում են Թուրքիայի բանկը, սպառնում պայթեցնել, ռումբ են պատրաստում, որ Թուրքիայի սուլթանին սպանեն և նման բաներ։ Ամեն կերպ ուզում են երրորդ ուժի ուշադրությունը հրավիրել հայերի վրա։
- Իհարկե, կային մարդիկ, ովքեր երրորդ ուժին ապավինելով, Թուրքիայի դեմ գործողություններ կատարելը հայերի համար կործանարար էին համարում։ Օրինակ, Մ. Օրմանյանը, որի միրուքը փետեցին երրորդ ուժի սիրահար հեղափոխականները։ Ավ. Իսահակյանն իր հուշերում գրում է, որ երրորդ ուժին ապավինած հայ հեղափոխական շարժմանը դեմ է եղել նաև Ղ․ Ալիշանը. «Պետք չէ գրգռել թուրքերի մոնղոլական արյունը»։ Բայց սրանք անհատներ էին, որոնց արհամարհում էր ամբոխը որպես թուրքասերների։
- Երբ երրորդ ուժը կամ նրա բաղադրիչներից որևէ մեկը մեզ ոչնչով չէր օգնում և հայոց հարցը օգտագործում էր միայն իր շահերի համար, զայրանում էինք, հայհոյում Եվրոպային էլ, Ռուսաստանին էլ, բայց դարձյալ հույսներս դնում միայն նրանց վրա։ Ուրիշ կերպ Հայաստանի ազատագրում չէինք պատկերացնում։ նույնիսկ Բուլղարիային էլ ենք ապավինել իբրև երրորդ ուժի։
- Դաշնակցությունը տեսնելով, որ ցարիզմից օգուտ չկա, մի ժամանակ խռովեց Ռուսաստանից, հակացարական ու հակառուսական կեցվածք ընդունեց, թուրքերի հետ բարեկամանալու փորձեր արեց, իսկ 1914 թ. Թուրքիային ասպետական խոսք տվեց ռուս֊թուրքական պատերազմի դեպքում մնալ չեզոք։ Բայց բավական էր, որ ռուս֊թուրքական սահմաններում սկսեին որոտալ թնդանոթները, նույն դաշնակցությունը հոգով և մարմնով կրկին լծվեց ռուսական կայսրության սայլին։
- 1914 թ, երկրորդ կեսին հայությունը ցնծում էր, ասում էին. «Ռուսաստանը արագ կհաղթի մահամերձ Թուրքիային մեր դարավոր թշնամուն և հայոց հարցը կլուծվի»։ Այդ երգչախմբին մասնակցում էին գրեթե բոլոր հայ մտավորականները, նույնիսկ այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Հ. Թումանյանը, Ա. Շիրվանզադեն։
- Այդ ժամանակ էլ կային լուրջ գործիչներ, որոնք կտրականապես դեմ էին ռուսական բանակի կազմում հայ կամավորական խմբեր կազմելու գաղափարին։ Դրանցից էր Արամ Մանուկյանը և առհասարակ դաշնակցության Վանի խումբը։ Բայց նրանց խոսքն էլ մնաց անապատում հնչող ձայն։ Հ. Քաջազնունին Վանից վերադառնալով Թիֆլիս, դաշնակցական բյուրոյում հայտնեց, որ Վանի խումբը դեմ է կամավորական շարժմանը, ինքն էլ կտրականապես դեմ էր արտահայտվում, որ հայերը Ռուսաստանի կողմից հատուկ ջոկատներով կռվեն Թուրքիայի դեմ։ Նա ընդհարվեց բժիշկ Զավրիևի հետ, որը երրորդ ուժին ոտով-գլխով ապավինելու մեծագույն ասպետն էր։ Բայց հետո ինքը՝ Քաջազնունին էլ դարձավ կամավորական խմբերի եռանդուն կազմակերպիչներից մեկը։
- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երրորդ ուժին մեր ապավինելը իր գագաթնակետին հասավ, և մեր կորուստներն էլ իրենց գագաթնակետին հասան, մոտեցանք լիովին բնաջնջվելու եզրին։
- Այս կտոր Հայաստանն էլ փրկեց մեկը, որ հեռատեսորեն բացառում էր երրորդ ուժին ապավինելը և այս կտոր հողը պահեց ու հայոց նոր պետություն ստեղծեց առանց որևէ երրորդ ուժի։
- Խոսքն, անշուշտ, Արամ Մանուկյանի մասին է։
- Այսօր, երբ անդրադառնում ենք այն օրերի դեպքերին, նկատում ենք, որ դեռ 1915 թվից, գուցե ավելի առաջ հայոց քաղաքական կյանքում գծագրվում էին երկու հարկադիր ուղղություններ, մեկը երրորդ ուժին, գլխավորապես Ռուսաստանին անվերապահորեն ապավինելն էր՝ Թուրքիան մշտական թշնամի ճանաչելով, սա կարելի է կոչել զավրիևյան կամ անդրանիկյան գիծ (հիշենք, որ Անդրանիկը նույնիսկ չընդունեց առանց Ռուսաստանի ստեղծված Հայաստանի հանրապետությունը), մյուսը երրորդ ուժը բացառող և սեփական ուժերը հաշվի առնելով հարևանների հետ երկխոսության մեջ մտնելու մտայնությունն էր, սա էլ գուցե կարելի է անվանել արամյան գիծ։
- Իհարկե, այս վերջին գիծը չէր մերժում արտաքին որևէ օգնություն, եթե լիներ այդպիսին։ Արամը նույնիսկ բոլշևիկյան Մոսկվայից որևէ օգնություն ստանալու դեմ չէր, բայց չէր ապավինում որևէ արտաքին ուժի, իր ծրագրերը կազմում էր միայն հայոց ազգային ուժը նկատի ունենալով «ինչ որ է, սա է» սկզբունքով։ Հիշեցնեմ երրորդ ուժին չապավինելու մասին Արամի հայտնի ասույթներից մեկը. «Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում՝ շոշափելի օգնություն հասցնելու մտքով։ Դրա հակառակը, կա դավադրական վերաբերմունք։ Մենակ ենք եւ պետք է ապավինենք միայն մեր ուժերին»։
- Հայերիս մեջ այն ժամանակ էլ, հիմա էլ բացարձակորեն գերիշխողը եղել է զավրիևա֊անդրանիկյան գիծը։ 1918 թ. մայիսին Թուրքիան Կովկասյան երեք ազգերից պահանջում էր անջատում Ռուսաստանից և անկախ պետությունների հռչակում։ Վրացիներն ու ադրբեջանցիները համաձայն էին, հայերը (նաև դաշնակցությունը) կտրականապես դեմ էին՝ սեյմում հակառակ վրացիների և ադրբեջանցիների քվեարկեցին Ռուսաստանից անջատվելու և անկախ դառնալու դեմ։ Սա հայտնի փաստ է։ Ինչո՞ւ։ Որովհետև հայերն իրենց չէին պատկերացնում երրորդ ուժից, տվյալ դեպքում Ռուսաստանից անջատ։ Հայոց արյան մեջ էր մտել երրորդ ուժին ապավինելու բնազդը։ Այդպիսին էին և դաշնակցական Թիֆլիսի բյուրոն, և նույն քաղաքում նստած Հայոց ազգային խորհուրդը։ Նրանք անգամ իրենց նստավայրը Հայաստանը չէին ընտրել՝ այն աստիճն չէին վստահում հայոց ազգային ուժին։ Դրա մի ներկայացուցիչն էլ զորավար Թ. Նազարբեկովն էր, որ ռուսական բանակում եղած ժամանակ միշտ հարձակման հրամաններ էր տալիս, հայկակական բանակի հրամանատար դառնալով՝ անընդհատ նահանջի հրամաններ էր տալիս։ Եթե Թիֆլիսի ազգային խորհրդին և Անդրանիկի ու Նազարբեկովի նմաններին մնար, թուրքերը Երեւանն էլ կգրավեին և Հայաստանն առհասարակ կջնջվեր երկրի երեսից։
- Բայց Երևանում արդեն կար հայոց անկախ պետություն Արամ Մանուկյանի գլխավորությամբ։ Նա էլ հակառակ ազգային խորհրդի ու Նազարբեկովի շտաբի որոշման՝ միայն հայկական ուժերով Սարդարապատում և Ապարանում հանճարեղորեն կազմակերպեց արդեն գոյություն ունեցող հայոց նոր պետության պաշտպանությունը և ապա բանակցությունների մեջ մտավ թուրքերի հետ։ Եվ անընդհատ կոտորվող ու անվերջ փախչող հայերը վերջապես հաղթեցին։ Առաջին անգամ հայերի առաջ նահանջեց թուրքական զորքը (բայց հայերը մոռացել են մեր այդ առաքին ու բախտորոշ հաղթանակը կազմակերպողին, մեծարում են պարտվածներին)։ Այսպես, հայերի այս մեծագույն հաղթանակը եղավ առանց երրորդ ուժի։ Ահա մեր դասը։ Երբ Վրաստանն ու Ադրբեջանը մայիսի 26֊ին ու 27-ին Թիֆլիսում ու Բաքվում անկախություն հռչակեցին, Հայոց ազգային խորհուրդն էլ ուղղակի ստիպված իր պորտը կտրեց երրորդ ուժից (Ռուսաստանից) ու թեկուզ Հայաստանից դուրս՝ Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը։ Դա մայիսի 28֊ն էր։ Դաշնակցականները ( երևի ոչ բոլոր) հետո հասկացան այդ օրվա ճակատագրականորեն կարևոր լինելը հայոց կյանքում։ Թեև նախքան այդ Երևանում հայոց պետություն կար, բայց մայիսի 28֊ը դա վավերացրեց, մանավանդ այդ օրը հայ ղեկավարները վերջապես ազատվեցին երրորդ ուժին ապավինելու հայկական բնազդից, իրենց մենակ զգացին մեր հարևանների, հատկապես Թուրքիայի դեմ հանդիման։
- Ս. Վրացյանն իր հուշերում գրում է, որ դեռ 1917 թ. փետրվարին հեղափոխության ժամանակ հայերը անկախության պատրաստ չէին։ Վրացիները լիովին պատրաստ էին, ադրբեջանցիները պատրաստ էին մասամբ, հայերը՝ բոլորովին։ Մենք անկախության պատրաստ չէինք նաև 1917 թ. վերջին ու 18-ի սկզբներին, երբ ռուսական բանակը լքում էր թուրքական ռազմաճակատը, հեռանում Հայաստանից։ Կովկասի ռուսական փոխարքա Վորոնցով-Դաշկովի պնակները լիզած և հայոց կամավորական շարժումը կազմակերպած պարոնները, բժիշկ Զավրիևի գլխավորությամբ շշմել էին՝ ռուսները գնում են, ի՞նչ պիտի անենք։
- Նախքան այդ՝ 1915 թ. ռուսական բանակի և հայ կամավորական գնդերի աչքի առաջ արևմտահայությունը մորթվեց։ Մեկ– երկու քուրդ հայկական մի ամբողջ գյուղ էին կոտորում։ Ռուսական հզոր բանակը և զինավառ հայ կամավորները ռուսական քայլերգեր էին երգում ու խորոված էին անուշ անում և մատը մատին չխփեցին բռնաբարվող ու մորթվող հայությունը փրկելու համար։ Ո՞ւր էիք, հայ ֆիդայիներ, ո՞ւր էիր, քաջ Անդրանիկ, ո՞ւր էիք հերոս կամավորներ։ Այդ կողմերում թուրքական բանակ չկար, 1914-ի դեկտեմբերին Սարիղամիշի մոտ ջախջախված էր, եթե հայ զորագնդերը գնային հայերին օգնելու, շատ շատերը կփրկվեին։ Տեղից չշարժվեցին, քանի որ առանց երրորդ ուժի, այսինքն ռուսական բանակի, իրենց չէին պատկերացնում։ Իսկ ցարական բանակը սպասում էր, որ Հայաստանը դառնա առանց հայերի, ինչպես և ծրագրել էին։
- Ո՞ւր էիր, բժիշկ Զավրիև, ցարի պնակալեզ, հայ կամավորության հեղինակ, թուրքերի դեմ հոխորտացող, թուրքերի գրգռիչ։ Ռուսախոս դաշնակցականների մեջ երրորդ ուժին ոտող– գլխով նվիրվելու խոշորագույն դեմքն այդ Զավրիևն էր, որի նմանները հիմա էլ կան մեր մեջ։
- 1918 թ. մայիսի 28-ից հետո հայոց ազգային խորհուրդը վերջապես բարեհաճեց Երևան գալ։ Դաշնակցությունը դարձավ պետական կուսակցություն։ Եվ կարծես սկսեց հասկանալ երրորդ աժի բացառման օրենքի փրկարար դերը։ Բայց դա տևեց մինչև Սեւրի դաշնագրի ժամանակները։ 1920 թ. ամռանը հնարավորություն կար քեմալական Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնել, Քեմալին դա շատ էր պետք, քանի որ տեղը նեղ էր։ Քեմալը համաձայն էր Կարսի մարզը չպահանջել և Վանի վիլայեթից էլ ինչ-որ բան տալ Հայաստանին։ Բայց երրորդ ուժին ապավինելու ցավը դարձյալ մտել էր հայ ղեկավարների մեջ։ Հայաստանի վարչապետ բժիշկ Համո Օհանջանյանը Սևրի դաշնագիրն էր ձեռքին թափահարում, դրա սահմաններով Հայաստան պահանջում Թուրքիայից։ Այս անգամ հույսը Արևմուտքի վրա էր։ Չնայած Անգլիան ասում էր, որ իր նավերը Արարատ բարձրանալ չեն կարող, Ֆրանսիան իր գործերով էր զբաղված (որպեսզի հետո դավադրաբար Կիլիկիան Թուրքիային նվիրի), հայ ղեկավարները հույսը դրած այդ պետությունների վրա, չէին հասկանում, որ Սևրի դաշնագիրը հայերիս համար մի թղթի կտոր է։
- Արամը չկար։ Քեմալը, Հայաստանի կողմից արձագանք չգտնելով, դաշնակցեց բոլշևիկյան Ռուսաստանի հետ, և այդ երկուսը Հայաստանը իրար մեջ բաժանեցին, Հայաստանի հանրապետությունը մեռավ։ Արևմտյան երկրները մատը մատին չխփեցին։ Իսկ Լոզանի ժողովում հայերի պատգամավորությունը բռնաբարված ու արձակված բողոքարկու կնոջ էր նման։ Ոչ մի պաշտպան չուներ։ Սա էլ երրորդ ուժին ապավինելու արդյունքներից մի ուրիշն էր։
- Պարտություն բառը վատ բառ է, ոչ ոք չի սիրում։ Երբ ես ասում եմ, որ մեր ազատագրական շարժումը պարտվեց, դա իմ բարեկամներին դուր չի գալիս։ Ինձ էլ դուր չի դալիս։ Բայց դա բացարձակ փաստ է։ Մենք պարտվեցինք։
- 19-րդ դարի երկրորդ կեսին սկսված հայոց ազգային֊ազատագրական շարժման նպատակն էր ազատագրել Արևմտահայաստանը, ավելի ստույգ Թուրքիայի հայաշատ վեց վիլայեթներում բարեփոխումներ անել, հաստատել հայկական ինքնավարություն։ Այս նպատակը չկատարվեց։ Ավելին, Արևմտահայաստանը կամ հայաշատ վեց վիլայեթները լիովին զրկվեցին հայությունից, Կիլիկիան, Փոքր Հայքը և Թուրքիայի իշխանության տակ գտնվող հայկական այլ վայրերն էլ հայազրկվեցին, Ռուսաստանի իշխանության տակ գտնվող Սուրմալուն և Կարսի մարզն էլ անցան Թուրքիային և նույնպես հայազրկվեցին։
- Սա պարտություն է, այն էլ խայտառակ պարտություն։ Եվ այդ պարտության գլխավոր պատճառը երրորդ ուժին մեր ապավինելն էր։ Եթե մենք բացառեինք ամեն տեսակ երրորդ ուժ և մեր ծրագրերը կառուցեինք հայ ազգային եղած ուժը հաշվի առնելով ու ըստ այդ ուժի շարժվելով, մենք այսպիսի խայտառակ պարտություն չէինք կրի։
- Մեր պատմաբանները, որոնց հիմնական գործը այս 70 տարում եղել է ստախոսությունը, լռում են մեր այս ահավոր պարտության մասին։ Իսկ սա շատ վնասակար է, ազգին տեղյակ չեն պահում իր պարտության մասին, չեն ասում դրա պատճառները։ Պետք է ասել, որպեսզի իր գործած սխալները ազգը չկրկնի։ Այն ազգը, որն իր պատմության դասերը չի սերտում և սխալները կրկնում է, ապագա չունի։
- Մեր գլխավոր հաղթանակը 1918 թ. մայիսին եղավ առանց որևէ երրորդ ուժի օգնության։ Երկրորդ կարևոր հաղթանակը 1920 — 21 թթ. Զանգեզուրում (Նժդեհի գլխավորությամբ) դարձյալ որևէ երրորդ ուժի օգնության եղավ։ Առանց երրորդ ուժի մենք հաղթել ենք, երրորդ ուժին ապավինելով միշտ պարտվել ենք։
- Մեր պատմաբանները, կոմունիստ և ոչ կոմունիստ քաղաքական գործիչները հայ ժողովրդին անընդհատ ներշնչել են, որ նա առանց Ռուսաստանի ապրել չի կարող, որ Ռուսաստանը հայերի փրկիչն է ու նման բաներ։ Այսինքն՝ անընդհատ մեզ ներշնչել են, որ
առանց երրորդ ուժի գոյություն ունենալ չենք կարող, պետք է լիովին ապավինենք այդ երրորդ ուժին։
- Սա խորացրեց 600 տարի, գուցե 900 տարի (Անիի անկումից հաշված) առանց պետականության մնացած հայերի ձեռք բերած ստրկամտությունը։ Այնքան խորացրեց, որ հայերի ինքնառուսացումը սարսափելի չափերի հասավ. Հայաստանի մտավորականության մեծ մասն այսօր ռուսագիր և ռուսախոս է, տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ, Հայաստանում ապրելով, ռուսերեն են խոսում, Հայաստանում ռուսական դպրոց հաճախող հայ երեխաների թիվը մոտենում է 100 հազարի։ Հայաստանի ներքին գործավարության 90 տոկոսից ավելին ռուսերեն է։ Էլ չեմ խոսում Հյուսիսային Կովկասի, Ռոստովի և Ռուսաստանի այլ վայրերի հայերի մասին, որոնք չքվեցին աշխարհից առանց եղեռնի, ինքնառուսացմամբ։ Այսօր, Հայաստանը զգալիորեն ռուսացել է և շարժվում է դեպի լիակատար ռուսացում։ Այսպես որ գնանք, կվերանանք։ Ահա երրորդ ուժին ապավինելու մի այլ արդյունքը։
- Երրորդ ուժին ապավինելու գաղափարը և միտումը ջլատում են հայ ժողովրդի ներքին ուժերը, դարձնում նրան ստրկահաճ, մեռցնում նրա դիմադրողականությունը, սպանում գոյատևելու կամքը։
- Հիմա էլ մեջ են գցել պանիսլամիզմի և պանթուրքիզմի խրտվիլակները, որպեսզի մենք՝ հայերս ավելի ամուր կապվենք Ռուսաստանի սայլին։ Երրորդ ուժին ապավինելու ասպետները մեզ ասում են՝ եթե Ռուսաստանը չլինի, պանիսլամիզմը և պանթուրքիզմը մեզ կուտեն։ Հիմա ես չեմ ուզում ընդարձակվել եւ խոսել պանիսլամիզմի և պանթուրքիզմի իրական էության շուրջը, ցույց տալ, որ դրանցով հայերին անընդհատ վախեցնող մեր գործիչները առնվազն տգետ են։
- Ազգային պետականություն չունեցող ամեն մի ժողովրդի ազգային շարժման գլխավոր նպատակը իր պետականությունը, այսինքն անկախությունը վերականգնելն է կամ ձեռք բերելը։ Սա վերաբերում է նաև հայերին։ Եթե մեր մեջ չկա ազատության ձգտումը, դատապարտված ենք կորստի։ Բայց, կարծում եմ, կա ինչ-որ չափով։
- Սակայն անկախ Հայաստանի ծնունդը կախված է միջազգային հարմար իրադրությունից և մանավանդ այն բանից, թե որքանով է հայ ազգը պատրաստ դրան։ Ասացի, որ 1917-ին, մինչև 18֊ի մայիս, մենք պատրաստ չէինք դրան։ Հիմա էլ պատրաստ չենք, քանի որ մեր բուն գոյությունն անգամ մենք ազգովին պայմանավորում ենք երրորդ ուժով։
- 1917 թ. վերջերից, երբ ռուսական բանակը հեռանում էր Հայաստանից, Զավրիևը և զավրիևականները ծնկաչոք աղերսում էին ռուսներին չգնալ, քանի որ Հայաստանն առանց Ռուսաստանի չէին պատկերացնում։ Բայց նրանց լսող չեղավ։ Չէ՞ որ քաղաքական դեպքերր կարող են առաջիկայում էլ այնպես զարգանալ (մեծ աշխարհ է), որ ռուսական բանակը Հայաստանից հեռանա։ Դա ոչ ոք բացառել չի կարող։ Այն ժամանակ երրորդ ուժի մեր ասպետները՝ Զ․ Բալայան, Հ. Սիմոնյան, Ա․ Հովհաննիսյան, Ս․ Կապոլտիկյան, Ս. Պողոսյան և այլն, եթե ծնկաչոք աղաչեն ռուսներին՝ մի գնացեք, եղբայրներ, նրանց ոչ ոք չի լսի։ Որևէ երրորդ ուժ հայերի կամքով երբևէ չի շարժվել և չի շարժվի։ Նա իր ծրագրերն ու շահերն ունի։ Այդ մենք ենք հնարել, թե ռուսները մեզ փրկել են։ Ռուսները երբ լսում են այդ բանը, զարմանում են. «Մենք ե՞րբ ենք ձեզ փրկել, ինչո՞ւ պետք է փրկեինք»։ Եվրոպան էլ գեղեցիկ խոսքեր կասի հայերի հասցեին, բայց ռազմական ուժով երբևէ չի օգնել և չի օգնի (եթե շահ չունի)։
- Եվ այսպես, եթե ռուսական բանակը հեռանա Հայաստանից, մենք այս 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա հավաքված երեք միլիոն հայերս դեմ հանդիման մնալու ենք մի քանի տասնյակ միլիոնի հասնող մեր հինգ խոշոր հարևանների՝ թուրքերի, պարսիկների, քրդերի, վրացիների, ադրբեջանցիների հետ։
- Երրորդ ուժի բացառման օրենքն այն է, որ մենք հենց հիմա և միշտ մեզ պատկերացնենք մենակ այս հինգ հարևանների դեմ հանդիման։ Եթե այդպես պատկերացնենք, շատ բան կփոխվի մեզանում, մեր հարևանների հետ անմիջականորեն, երկուստեք խաղաղության եզրեր գտնելու մասին կմտածենք և ոչ թե անպտուղ հայհոյանքներ կտեղանք նրանց հասցեին։ Եվ կպատրաստվենք ազգային պետություն ունենալուն։ Պատրաստ կլինենք։ Կրկնեմ, որ երրորդ ուժի բացառումը չի բացառում դաշնակից ունենալը։ Դաշնակիցը նա է, ում շահերը մերի հետ թեկուզ ինչ-որ ժամանակով համընկնում են, և դաշնակից կունենանք այն դեպքում, եթե մենք ինքնուրույն ուժ լինենք։ Բայց դաշնակցին չեն ապավինում, նրա ուժի վրա ծրագրեր չեն կառուցում, դաշնակիցը օգնական է։ Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի։ Երբ չճորտանանք, մեզ կհարգի։
- Մինչդեռ մենք, ինչպես ասացի, ազգովին, մեր մտքում, մեր բնազդով չենք կարողանում բացառել երրորդ ուժը, ապավինում ենք նրան, մեր հարևաններին հայհոյում ենք, մեր ծրագրերը կազմում հենց այդ ուժի վրա հույս դնելով։ Սա վերաբերում է նաև Հայաստանում ստեղծված ոչ պաշտոնական կազմակերպություններին և հայ ազգային կուսակցություններին։
- Խնդրեմ՝ դաշնակցությունը, այսօր իր ամբողջ գործունեությունն առաջ է տանում երրորդ ուժին ապավինած։ Նրա ղեկավարներից մեկը՝ պարոն Սարուխանյանը իմ կարդացած մի հարցազրույցում հայտարարել է, որ հայոց հողերի պարտատերը Խորհրդային Միությունն է, այսինքն՝ Ռուսաստանը (կրկնեմ, որ Ռուսաստանը երբեք միտք չի ունեցել և այսօր էլ միտք չունի հայերին վերադարձնել նրանց պատմական հողերը)։ նույն դաշնակցությունն է, որ մի այլ երրորդ ուժի՝ Արևմուտքի պետությունների ու ՄԱԿ֊ի դռներն է ծեծում, որ ճանաչեն հայերի ցեղասպանությունը (իսկ դա անօգուտ, պարապ զբաղմունք է)։
- Դաշնակցական մի ղեկավարի հետ զրուցում էի։ Ասաց.
- — Ոչ, Թուրքիայի հետ երկխոսությունն անիմաստ է և հանցավոր։ Թուրքիան մեր վերաբերմամբ մի նպատակ ունի ոչնչացնել։
- — Այս դեպքում ձեր ծրագրում ինչո՞ւ եք ձեր նպատակը համարում Միացյալ անկախ Հայաստանը, եթե կարծում եք, որ անկախ Հայաստան Թուրքիայի հարևանությամբ գոյություն ունենալ չի կարող։
- — Որևէ երրորդ ուժ մեզ պետք է սատար լինի։ Օրինակ, Ռուսաստանը։
- — Բայց դուք ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստանը կհանդուրժի անկախ Հայաստան և դեռ կսատարի նրան։
- — Ուրիշ ելք չունենք։ Հետո մեր առաջին գործը մեր հողերը վերցնելը պետք է լինի։
- — Բայց աշխարհում ամեն ինչ փոխվում է, այստեղ հռոմեացիներ կային, գնացին, բյուզանդացիներ կային, գնացին։ Չէ՞ որ հնարավոր է, որ մի օր էլ Ռուսաստանը գնա Կովկասից։ Ի՞նչ պիտի անենք։
- — Ուրիշ հովանավոր կգտնենք։
- — Ո՞ւմ։ Պատասխան չկա։
- — Եվ ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստանը կամ մի ուրիշը Թուրքիայից պետք է մեր հողերը խլի ու տա մեզ։ Սա ո՞վ է ձեզ սովորեցրել։ Հարցրեք Ռուսաստանին, տեսեք ինչ է ասում։
- — Միևնույն է, մենք առանց որևէ հզոր պետության օգնության չենք գոյատևի, ոչնչի չենք հասնի։
- — Եթե այս հողում մենք թուրքերի հարևանությամբ ինքնուրույն ապրել չենք կարող, ուրեմն պետք է ամբողջ հայությունը պատրաստ լինի ռուսների հետ իր հայրենիքը լքելու։ Ահա թե դուք ինչ եք քարոզում։ Ես կարծում եմ, մենք պետք է մտածենք այս շրջապատում Հայաստանը պահելու, ոչ թե այն վերջնականապես քանդելու մասին։
- Մոտավորապես դաշնակցության նման է մտածում Երևանի «Հայ դատ» կազմակերպությունը։ Դեռ ավելին, եթե դաշնակցությունը կարևոր տեղ է տալիս հայոց լեզվի ու հայ դպրոցի պաշտպանությանը, հայ նոր սերնդի հայկական կրթությանը, «Հայ դատը» լեզվի, ազգային կրթության, հայախոսության, հայագրության, այսինքն մեր բուն գոյության հարցը անկարևոր է համարում (վկա նրանց ամսագիրը), միայն՝ հողեր, հողեր։ Երևի կարծում են հողեր գոռալով, պահանջելով, ինչ-որ մեկը (Ռուսաստանը կամ Արևմուտքը) հայերին հող կտա, ու չեն մտածում, որ մինչև իրենք հող են ուզում, արհամարհելով մեր լեզուն ու դպրոցը, Հայաստանն ու հայ ազգը կարող են ուծանալ, վերանալ, ու այդ դեպքում եթե Հայաստան չլինի, հողերի ի՞նչ միավորում պիտի կատարվի։
- Բացի դրանից, «Հայ դատը» նաև հայերի նոր թշնամիներ է որոնում, այս անգամ էլ մատը դրել է հրեաների վրա։ Երեք ճակատով է «կռվում»՝ պանթուրքիզմի, պանիսլամիզմի և սիոնիզմի դեմ, իհարկե, Ռուսաստանին ապավինելով։ Ու թեև Ռուսաստանը ասել ու ասում է, որ ինքը պանթուրքիզմի և պանիսլամիզմի դեմ կռվելու միտք չունի, իսկ սիոնիզմի հետ հաշտվելու քայլեր է անում, մեր «Հայ դատը» իր նույն գիծն է տանում, «կռվում» է այդ երեք ուժերի դեմ։ Այստեղ է, որ հարմար է գալիս Ջիվանոլ խոսքը՝ «Խելքի աշեցեք»։
- Երրորդ ուժին, այս դեպքում էլ Ռուսաստանին են ապավինում նաև մեր ռամկավարներն ու հնչակյանները։ Սրանք էլ առանց Ռուսաստանի չեն պատկերացնում որևէ տեսակ Հայաստան։ Այս 50 — 60 տարի է, ինչ նրանց ամբողջ քաղաքականությունը հենված է Ռուսաստանին մարմնով ու հոգով նվիրված լինելու մտայնության վրա։
- Երրորդ ուժին են ապավինում նաև մեր երևանյան անկախականները՝ Ինքնորոշում միավորումը և նրանից անջատվածը․ նրանց ղեկավար, ինձ համար շատ սիրելի Պարույր Հայրիկյանի քաղաքական ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի անկախացման կապակցությամբ ՄԱԿ֊ի զորքեր հրավիրելը Հայաստան։ Ինքնորոշում միավորումը Երևանում ցույցեր է անում ՄԱԿ-ի դրոշով։ ՄԱԿ֊ի ուժեր, Եվրախորհրդարան, ահա Ինքնորոշում միավորման ապավեն երրորդ ուժերը։
- Մեր անկախականները ապավինելով արևմտյան երրորդ ուժին՝ թշնամություն ունեն Ռուսաստանի նկատմամբ։ Կարծում եմ, որ թե Ռուսաստանի, թե Արևմուտքի նկատմամբ թշնամանալը նույնպիսի անմտություն է, ինչպիսին որ դրանց ապավինելն է։ Զարմանալի է, ինչո՞ւ ենք մենք կարծում, որ Արևմտյան որևէ պետություն կամ Ռուսաստանը մեզ պետք է պաշտպան ու սատար լինեն։ Ի նչ հիմար մտայնություն է սա։ Մենք մոռանում ենք, որ ամեն ազգ, ամեն պետություն, իր շահերն ունի, ինչո՞ւ պետք է որևէ պետություն իր շահերը զոհի հանուն հայերի։ Ոչ մի խելացի պետություն այդպիսի զոհաբերում չի անի։
- Ռուսաստանից հիասթափվոլմ են ու հայհոյում։ Բայց ինչո՞ւ եք հույսեր կապել, ո՞վ է ձեզ ասել, թե Ռուսաստանը հայերի փրկիչն է։ Ռուսաստանը՝ ինքը այդպիսի բան չի ասել։ Այդ դուք եք հնարել, սիրելի հայրենակիցներ և դուք էլ հույսեր եք կապել Ռուսաստանի հետ ու հիմա էլ հիասթափվում եք։ Պետք է արդար լինել, այս 300 տարի է Ռուսաստանի ղեկավարները մեզ ասում են՝ «Հայեր, ձեր և մահմեդականների վեճերի ժամանակ մենք ձեզ չենք պաշտպանելու» և գործնականորեն էլ ապացուցում են իրենց այդ դիրքը։ Մենք աներեսի նման նորից հույս ենք կապում, որ Ռուսաստանը վերջապես մեր կողմը կանցնի ընդդեմ մեր հարևան մահմեդականների։ Եվ այս 300 տարի է նաև խրատում ենք ռուսներին, թե գիտեք մահմեդականները վատն են, նաև ձեզ են թշնամի, մենք՝ հայերս լավն ենք, մեզ պաշտպանեցեք։ Հայերը ինչքան հոդվածներ, գրքեր են գրել ռուսներին համոզելու համար, որ մեզ պաշտպանեն։ Միշտ անարդյունք։ Ռուսական պետությունը շատ է փորձված, իր շահերը լավ է հասկանում, մենք՝ անպետական, մեր պետական մտածողությունը կորցրած հայերս չէ, որ նրան պետք է սովորեցնենք։ «Քեմալը Լենինին խաբեց», «Ադրբեջանցիները կաշառել են Կրեմլին», «Քաղբյուրոյի անդամների կանայք կամ խնամիները թաթար են և թուրք, դրա համար մեզ չեն պաշտպանում»,— այսպիսի տհաս, ուղղակի տխմար մտքեր են արծարծում շատ ու շատ հայեր։ Ոչ, սիրելիներ, Լենինը շատ լավ գիտեր Քեմալն ով է, և իր երկրի շահերի տեսակետից միանգամայն ճիշտ քաղաքականություն էր վարում նրան ամեն կերպ օգնելով, մենք էինք հիմար, որ 1920 թ. լեզու չգտանք Քեմալի հետ և Կարսը կորցրինք։ Ադրբեջանցիներն էլ չեն կաշառել Կրեմլին, հանգիստ եղեք, Կրեմլն իր գիծն ունի, և դա բնավ հայերին հատկապես պաշտպանող գիծ չէ։ Եվ մեծագույն հիմարություն է թաթար ու թուրք կանանց կամ խնամիների հետ կապել հայերի կողմը չանցնելու ռուսական քաղաքականությունը։ Դա 300 տարվա պատմություն ունի։ Ինչո՞ւ եք դուք կարծում, որ իրենք՝ ռուսները մեր կողմը պետք է պահեն։ Ինչո՞ւ։ Սա ինչ անխելքություն է։
- Երբ Նիկոլայ Ռիժկովը Հայաստանում էր, հանդիպեց հայ մտավորականության հետ։ Զ. Բալայանը ելույթ ունեցավ և կրկնեց նույն հին երգը՝ մահմեդականները, ադրբեջանցիները, թուրքերը շատ վատն են, մենք հայերս շատ լավն ենք, մեզ պաշտպանեք։ Պարոն Ռիժկովը սաստեց նրան. «Վերջացրեք, դուք չէ, որ մեզ պետք է սովորեցնեք, թե մենք ինչպես պետք է շարժվենք, կամ՝ ով է լավ, ով՝ վատ։ Մենք մեր անելիքը լավ գիտենք»։ Եվ նա իրավացի էր։ Բայց Զ. Բալայանին դա դաս չեղավ։ 1989 թ. Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում ռուսերեն իր ելույթի մեջ, դարձյալ ռուսներին դիմելով, նույնը կրկնեց թուրքերը վատն են, մենք՝ լավը, կա պանթուրքիզմ, ռուսներ, մեզ պաշտպանեք։ Եվ իհարկե, դարձյալ ապարդյուն։
- Մարդ ամաչում է։ Ինչքան կարելի է չխրատվել։ Այդ մարդիկ ասում են՝ ոչ, դու նորից քոնն ես կրկնում։
- Անիմաստ է նաև Ռուսաստանի հետ թշնամանալը։ Ռուսաստանին չապավինել, նրա հզորության հետ ծրագրեր ու հույսեր չկապել բնավ չի նշանակում թշնամանալ։ Բարեկամ լինենք, բայց չապավինենք, ոտով-գլխով չնվիրվենք, մեր փրկիչը չհամարենք, ինքներս մեզ չռուսացնենք, Հայաստանը վերահայացնենք, ինքնուրույն ազգ դառնանք։ Եվ գիտեք ի՞նչ, ռուսները մեզ կսկսեն հարգել։
- Շատ հայեր էլ նեղացել են Մ. Գորբալովից, որ նա Արցախը Հայաստանին չի տալիս։ Բայց այ սիրելի հայեր, նրա նախորդներից ո՞վ է մեզ Արցախ տվել Լենի՞նը, Ստալի՞նը, Մալենկո՞վը, Խրոլշչո՞վը, Բրեժնևը՞․․. ո՞վ։ Ոչ մեկը։ նշանակում է Արցախը Աղրբեջանից հանելը և Հայաստանին միացնելը Ռուսաստանի շահերին դեմ է, ինչո՞ւ եք հատկապես Գորբաչովից նեղանում, նա դեռ թույլ տվեց ազատ Արցախ պահանջել, «Արցախ» կոմիտե կազմել, նրա նախորդները դա էլ չէին թույլ տալիս։ Ռուսաստանի որևէ ղեկավար չի կարող հակառակ գնալ իր պետության շահերին, հասկանանք վերջապես։
- Եվրախորհրդարանը։ Այդ ժողովարանը որոշում ընդունեց, որ եղել է հայկական ցեղասպանությունը։ Եվ շատ հայեր ցնծության մեջ էին՝ Եվրախորհուրդը ճանաչել է, որ թուրքերը մեզ բռնաբարել են, մորթել, քերթել, ողջ֊ողջ թաղեր.. Իսկ Եվրախորհուրդը պարզ հաշիվ ուներ և հայերի հարցը դարձյալ (այս էլ որերորդ անգամ) որպես մանր դրամ օգտագործեց։ Արևմտաեվրոպական ընդհանուր շուկայի անդամները չեն ուզում, որ հետամնաց Թուրքիան դառնա իրենց միավորման անդամը և մեջ են գցում հայերի ցեղասպանության հարցը, թե թուրքեր, դուք հայերին կոտորել եք, ընդհանուր շուկայում ձեզ համար տեղ չկա։ Մեր մեծագույն դժբախտությունը չարաշահում են, իսկ մենք թեթևսոլիկաբար ցնծում ենք։
- Առհասարակ աննպատակ է հայերի ցեղասպանության ճանաչումը տարբեր պետություններից ու ՄԱԿ֊ից պահանջելը։ Ասենք՝ բոլոր պետությունները և ՄԱԿ֊ը ճանաչեցին, որ մեզ մորթոտել են, հետո ։ Մեր միամիտ հայերն ասում են. «Հետո մեր հողերը կտան»։ Այ սիրելիներ, ի՞նչ կապ ունի ցեղասպանության ճանաչումը հողերի հետ։ Օրինակ, Ամերիկայի կարմրամորթների ցեղասպանությունը ճանաչված է ՄԱԿ֊ի կողմից, բա ինչո՞ւ սպիտակամորթները չեն հեռանում Ամերիկայից և հողերը կարմրամորթներին չեն տալիս։ Մինչև ե՞րբ պետք է այսքան միամիտ մնանք։ Հետո մտածե՞լ եք՝ ո՞ւմ պետք է տան հայոց հողերը։ Ռուսաստանի՞ն (ԽՍՀՄ֊ի՞ն)։ Քիչ հող ունի՞ Ռուսաստանը։ Հետո Ռուսաստանը (ԽՍՀՄ-ը) պաշտոնապես հայտարարել է, որ ինքը Թուրքիայից հողային պահանջ չունի։ Եվ վերջապես, եթե Ռուսաստանը Թուրքիայից հայոց հողերը վերցնի, ինչո՞ւ եք կարծում, որ Հայկ. ԽՍՀ-ին կտա։ Եթե տվող լիներ, իր գրպանում գտնվող Նախիջևանն ու Արցախը կտար։
- Բայց ես շեղվեցի մեր անկախականների հարցից, Նրանք երևի կարծում են՝ անկախություն, անկախություն գոռալով, վանկարկելով, Հայաստանը անկախ կդարձնեն։ Նրանցից շատերին երևի թվում է, թե անկախություն բառն էլ, դրա գաղափարն էլ իրենք են հնարեր։ Կարծես մեր Արամ Նահապետից ու նրանից էլ առաջ մինչև Արամ Մանուկյան ու նրանից էլ հետո հայ լուրջ քաղաքական գործիչները ազգային անկախության չեն ձգտել։ Ան֊կա֊խու֊թյուն գոռալով ու գրելով իրենց թերթերում՝ իրենք իրենց համար Հայաստանի վարչապետ են նշանակում ու ժամանակավոր կառավարություն։ Ինչպես որ երեխաները տուն– տուն են խաղում, այնպես էլ մեր անկախականները անկախություն են խազում։ Այդ ամենը ոչ մի կապ չունի Հայաստանի իրական անկախության հետ։
- Ախր, սիրելի անկախականներ, անկախությունը, այդ բառն անվերջ գրելով ու վանկարկելով չէ, որ գալիս է։ Մեր անկախությունը 1918-ին ինչպե՞ս եկավ։ Այդպես էլ կգա առաջիկայում։ Անկախությանը պետք է պատրաստվել, որ 18 թվի նման հանկարծակի չգանք։ Նախ պետք է ազգը հոգեպես, իր մտածելակերպով, բարոյապես ինքնուրույն ու անկախ դարձնել։ Դրա համար էլ պետք է մեր ժողովրդի մտքից հանել երրորդ ուժին ապավինելու մտայնությունը և հարաբերություններ հաստատել, երկխոսություն սկսել մեր հինգ հարևանների հետ։ Անհրաժեշտ է Հայ ժողովրդին վստահեցնել, որ ինքը կարող է ինքնուրույն գոյատևել առանց երրորդ ուժի ապավինելու։ Պետք է նաև այսօրվա համար ամենակարևորը՝ ռուսացող Հայաստանը վերահայացներ իսկ անկախականներից շատերը նույնիսկ հայերեն ստորագրել չգիտեն, ոմանք առհասարակ հայերեն չեն գրում, ռուսագիր են և անկախություն են գոռում։
- Նրանք Մաշտոցյան Մատենադարանի, Մեսրոպ Մաշտոցի արձանի առաջ հավաքվում են ու գոռում՝ «Սխալ է հայախոսության, հայագրության ու հայկական կրթության մասին խոսելը, մեզ պետք է անկախություն, եթե անկախություն լինի, մեր բոլոր հարցերը կլուծվեն»։ Շատ լավ, պարոններ, իսկ եթե այդ անկախությունը 10 տարով կամ 50 տարով, գուցե 60 տարով էլ ուշանա, ի՞նչ, անկախություն գոռալով սպասենք, որ Հայաստանը լրիվ ռուսանա՞։ Մի անկախականի ասացի ինչո՞ւ չես հայերեն ստորագրում։ Պատասխանեց. «Դա ինչ կարևոր է, կարևորը անկախությունն է, անկախություն լինի հայերեն կստորագրեմ»։ Ուրեմն, մինչև անկախություն հայերս ստորագրենք ռուսերե՞ն»։ «Ինչ կա որ»։ Ահա մեր որոշ «անկախականների» խելքի լափը։ Հարցնում եմ՝ «Հարևանիս երեխան այս տարի դպրոց Է գնալու, ի՞նչ դպրոց գնա՝ հայկակա ն, թե՝ ռուսական»։ Ասում է՝ «Դա ինչ նշանակություն ունի, կարևորը անկախությունն է»։
- Այսպիսիների գլուխը չի մտնում, որ հայոց անկախությունը սկսվում Է հայերեն գրելուց և խոսերուց, հայ երեխաներին միայն հայկական կրթության տալուց։ Սիրելիս, դու ի՞նչ անկախական ես, որ չես ազատվել օտարագրությունից։ Քո պահանջած անկախությունը երեխաներին օտարամտած դարձնելն է, հայերի օտար լեզվով գրելն ու խոսե՞լն Է։ Դա սուտ անկախություն է, պետք չէ մեզ։
- Նա, ով անկախության անունով խափանում է մեր ջանքերը ուղղված բոլոր հայ երեխաների լիակատար ազգային կրթությունն ապահովելու, Հայաստանի ներքին գործավարությունը 100 տոկոսով հայացնելու գործին, նա մեր իսկական անկախության մոլի հակառակորդն է։
- Մեր ամենաիսկական, ամենամեծ անկախականը եղել Է Մեսրոպ Մաշտոցը, որը մեր պետականության անկման պահին մեզ գիր ու գրականություն, հայկական դպրոց տվեց, ու դրանցով մեր ազգը՝ քաղաքական անկախությունը կորցրած, բարոյապես անկախ ու ինքնուրույն մնաց շատ դարեր։ Իսկ մեր այսօրվա անկախականները Մաշտոցի արձանի դիմաց կանգնած Մաշտոց են մերժում, քանի որ հայագրության ու հայկական դպրոցի դեմ նույնիսկ անկախության անունից խոսելը նշանակում է կռվել Մաշտոցի ու նրա մեծագույն գործի դեմ։
- Վերջապես, դեպի ինքնուրույն ու անկախ ազգ մեր ճանապարհը խափան ու խոպան կլինի, եթե մենք չդառնանք մեր քրիստոնեական հավատին, որից ազգի մեծագույն մասը այսօր զրկված Է։ Եթե մենք ամեն ինչ ջանանք անել առանց մեր Արարիչին ապավինելու, կձախողվենք։ Մեր ազգը պահել Է և կպահի Աստված, եթե մենք ապավինենք նրան։ Նա երբեք երես չի դարձնում մեզնից, մենք ենք նրանից երես դարձնում և այդպես փորձանքների մեջ ընկնում։ Մեզ օդի պես անհրաժեշտ Է դարձ դեպի քրիստոնեություն։ Ապավինենք ոչ թե որևէ երրորդ ուժի, այլ մեր Արարիչին ու մեր ունեցած և ունենալիք ազգային ուժերին։
- Եվ այսպես, մեր անկախականներր կամովին թե ակամա լիովին ապավինում են երրորդ ուժի՝ ՄԱԿ, Եվրախորհրդարան և այլն։ Դրանից ազգը միայն վնաս կարող է ունենալ։ Նորաստեղծ Ազգային անկախության կուսակցությունը կարծես ավելի խոհեմ է քայլում, թեև երրորդ ուժը, կարծեմ, մտքից բոլորովին հանել չի կարողանում։
- «Արցախ» կոմիտեն նույնպես երրորդ ուժին ապավինելով սկսեց իր գործը։ Նա Արցախի ու Հայկ․ ԽՍՀ-ի վերամիավորումը ո՞ւմից էր խնդրում, պահանջում։ Մոսկվայից, այսինքն՝ հույս ուներ, որ այդ երրորդ ուժը մեր և ադրբեջանցիների վեճը կլուծի մեր օգտին։ 1988 թ. փետրվարին էր, կարծեմ, Լուսաշխի տանը ժողով եղավ, հավաքվել էին հայոց անվանիները՝ Ս. Կապուտիկյան, Զ, Բալայան, Ս. Խանզադյան, Ս. Սարգսյան, Արցախ կոմիտեից և այլն։ Բոլորը խոսում էին խիստ համոզված, որ Մոսկվան (երրորդ ուժը) վերակառուցման առիթով Արցախը մեզ է տալու։ Ես ասացի. «Մեր պատմության վերջին 300 տարվա ընթացքում Մոսկվան մեզ ոչ մի թիզ հող չի տվել, ինչո՞ւ եք կարծում, որ հիմա կտա, ի՞նչ հիմք ունեք։ Այդպիսի հիմք չեմ տեսնում»։ Ես մենակ մնացի երրորդ ուժին ապավինող ընդհանուր երգչախմբի մեջ։ Դրանից հետո Էլ երկար ժամանակ «Արցախ» կոմիտեն հույս ուներ, որ երրորդ ուժը մեզ Արցախ է տալու։ Ես կոմիտեին առաջարկել եմ Արցախի հարցով անմիջական բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Ինձ ասում են նրանք չեն տա։ Բայց,— ասում եմ,— չէ՞ որ Մոսկվան էլ չի տալու, իսկ Բաքվի հետ բանակցելը գոնե կմեղմի հայ֊ ադրբեջանական այս սոսկալի թշնամությունը և գուցե Արցախի հայության համար ավելի տանելի ազգային պայմաններ ստեղծվեն...
- 1921 թվից սկսած 68 տարի է, մենք Մոսկվա ենք ուղարկում դիմումներ, ստորագրություններ, պատմական փաստաթղթեր, խնդրագրեր և այլն՝ պահանջելով, խնդրելով հարցի արդար լուծում, այսինքն՝ Արցախի միացումը Հայկ. ԽՍՀ-ին։ Թղթային այդ հեղեղը երևի մի ամբողջ բեռնատար գնացքում կլինի տեղավորել, և ոչինչ չստացանք, այսօր միացումը գուցե ավելի հեռու է, քան 68 տարի առաջ։ Ի՞նչ կլինի, եթե փորձենք Բաքվի հետ բանակցել. չստանալը կա ու կա։
- «Արցախ» կոմիտեի հռչակաձ «Մենք մշտական թշնամի ու մշտական բարեկամ չունենք» բանաձևը քայլ է դեպի երրորդ ուժին ապավինելուց հրաժարվելը, քաղաքական հասունացման որոշ նշան։ Այդպիսի նշան է նաև կոմիտեի հայտարարությունը պանթուրքիզմի վերաբերյալ (Գերագույն խորհրդի նստաշրջանում կարդացած)։ Բայց առայժմ այդ կոմիտեի գործունեության մեջ չի նկատվում լուրջ բեկում դեպի ազգի իսկական ինքնուրույնացումը։ Կոմիտեն էլ գրեթե անտարբեր է մեր լեզվի ու դպրոցի հարցերի և Հայաստանի վերահայացման գործի նկատմամբ։ Մինչդեռ որևէ հայկական կազմակերպության գծի ճշտությունը և գործի օգտակարությունը չափվում է նրանով, թե որքան է նախանձախնդիր Հայաստանի վերահայացման գործին։
- Այս առիթով չմոռանամ ավելացնել, որ լեզվա ֊դպրոցական հարցից հետո հրատապ է նաև Հայաստանի բնությունը ապականությունից փրկելը։
- 1914 թ. դաշնակցությունը դեմ էր ռուսական բանակում հայ կամավորական ջոկատներ ստեղծելուն, բայց հետո ինքն սկսեց կազմակերպել այդպիսի ջոկատներ։ Արդյոք եթե նման իրողություն ստեղծվի, «Արցախ» կոմիտեն և մյուսներր նույնը չեն անի ամբոխի տարերքին ենթարկվելով։
- Ինձ հարց եմ տալիս նաև. իսկ եթե առաջիկայում իրադրությունն այնպիսին դառնա, որ Ռուսաստանն իր զորքերը հանի Հարավային Կովկասից, մենք մահմեդականներով շրջապատված և միշտ երրորդ ուժին ապավինած, ի՞նչ վիճակ ենք ապրելու։ Դարձյալ հանկարծակիի ենք գալու, քանի որ պատրաստ չենք դրան։ Մեր մոսկովյանները, նրանց զինակիցներր, պարզ է, որ կչվեն Ռուսաստան։ Իսկ այս 29 հազարի վրա մնացածնե՞րս։ Այսօր, կարծում եմ, չկա հայկական մի կազմակերպություն, մի ուժ, որ կարողանա այս կտոր Հայաստանի ղեկավարությունը ստանձնել և մեր հարևանների հետ լրջորեն բանակցել։ Այդ ուժը պետք է ստեղծվի հիմա և երկխոսությունն էլ պետք է սկսվի հիմա ու մեր ժողովրդի ինքնուրույն գոյատևելու հնարավորության գաղափարն էլ պետք է պատվաստել հիմա։
- Այո, ես համոզված եմ, որ հայերս ինքնուրույն կարող ենք գոյատևել մահմեդական շրջապատում, եթե շարժվենք ոչ թե զգացմունքով, ոչ թե վրեժի զգացողությամբ, այլ բանականությամբ։ Օրինակ վերցնենք Իսրայելից, որի զավակներից մոտ 7 միլիոն ոչնչացրեց Գերմանիան, բայց այսօր, Իսրայելը լավ հարաբերություններ է պահպանում թե Արևմտյան, թե Արևելյան Գերմանիաների հետ։ Կամ նույն Գերմանիան։ Ռուսաստանը մասնատեց այդ երկիրր երեք մասի (Արևելյան, Արևմտյան Գերմանիաներ և Արևմտյան Բեռլինը, նրա հողերից հսկայական տարածքներ պոկեց հանձնելով Լեհաստանին, Չեխոսլովակիային և մի մեծ կտոր էլ (Արևելյան Պրուսիան) իրենց վերցրեց։ Բայց այսօր երկու Գերմանիաներն էլ լավ հարաբերություններ են պահպանում Ռուսաստանի հետ։ Նման օրինակները շատ են։ Այդպես են գոյատևելու կամք ունեցող ազգերը։ Եթե մենք հայերս ուզում ենք գոյատևել այս հողակտորի վրա, մի ելք ունենք՝ օրինակ վերցնել Իսրայելից, Գերմանիայից և ուրիշներից, այսինքն՝ չմտածել, թե երրորդ ուժը միշտ Հայաստանում կլինի, հիշել, որ ամեն րոպե այն կարող է հեռանալ, և մենք մի ելք ունենք շարժվել ոչ թե վրեժի զգացումով, այլ գոյատևվելու բանականությամբ։ Եվ անպայման կգոյատևենք։ Այս դեպքում Աստված մեզ կօգնի։ Եվ երբ գոյատևենք, ամրանանք ու միշտ խելացի գործենք, մեր հողերն էլ աստիճանաբար կմիավորվեն Հայաստանի մեջ։
- Իսկ եթե բանականությամբ չշարժվենք, եթե նորից հանձնվենք մեր զգացմունքներին, վրեժի կանչին, այս հողակտորն էլ կկորցնենք և մենք ազգովին կկորչենք։
- 300 տարի մենք ապավինել ենք երրորդ ուժի և 300 տարի անընդհատ կորցրել ենք։ Այս կտոր հողը պահպանեցինք, քանի որ երրորդ ուժի չապավինեցինք, այդ ուժը բացառեցինք։ Մեզ պետք է դաս տա Արամ Մանուկյանը։
- Եվ այսպես, այսօր մեր միակ ճիշտ ուղին և առաջնահերթ խնդիրը մեր ժողովրդի հոգեկան և մտավոր ինքնուրույնացումն ու անկախացումն է, Հայաստանի վերահայացումը՝ երրորդ ուժի բացառման օրենքով։
- Հայոց հարցը ոչ ոք չի լուծելու։ Լուծողը միայն մենք՝ հայերս ենք։ Եվ հայոց հարցը կլուծվի միայն մի դեպքում՝ եթե ընդունենք ու կիրառենք երրորդ ուժի բացառման օրենքը։