Վերջին թարմացում 8 Հուլիսի 2013, 14:13

Նորից ազգային արժանապատվության մասին

14:13, 8 Հուլիսի 2013 տարբերակ, Garbage Collector (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Նորից ազգային արժանապատվության մասին

հեղինակ՝ Հրաչիկ Սիմոնյան
աղբյուր՝ «Որն է մեր ճանապարհը»

Վերջերս մամուլում լույս տեսավ (տե՛ս «Խորհրդալին Հայաստան», 9 հունիսի 1990 թ.) «Հայաստանի ստեղծագործական միությունների դիմումը ռուս հասարակայնությանը»։ Մեկից ավելի կարծիք լինել չի կարող, որ փաստաթուղթը կազմվել է հարազատ ժողովրդի ներկա կացության հանդեպ մտահոգությամբ և բարի մտադրությամբ, այն է՝ ռուս հանրությանը ներկայացնել Հայաստանի իրական վիճակի պատկերը, մեր ազգային ներկա տագնապներն ու խոհերը։ Բայց փաստաթղթի մեջ տեղ գտած առանձին ձևակերպումներ տարակուսանք են առաջ բերում։ Օգտագործելով Դիմումի առիթը, կցանկանայինք մի քանի մտքեր արտահայտել այնտեղ բարձրացված մեկ֊երկու հարցերի և դրանց հետ առնչվող մի քանի ուրիշ խնդիրների շուրջ։
Մենք առիթներ ունեցել ենք ասելու, որ քաղաքականության մեջ լավ է թե վատ, գործում է պարզ հաշվարկի սկզբունքը և այնտեղ բնավ հաշվի չեն առնվում աղիողորմ խնդրանքներն ու աղաչանքները, պաթետիկ֊զգացական ոճով արված հավաստիացումները, երդումները, հայտարարությունները։
Դիմումի մեջ կարդում ենք հետևյալ տողերը, «Հարգելի բարեկամներ։ Մեզ համար թանկ է խորհրդային երկրի, հատկապես ռուս ժաղովրդի՝ մեր մասին ունեցած համարումը (ընդգծումն իմն է ― Հ. Ս.)։
Սա ի՞նչ է՝ անլիարժեքության զգացումի պոռթկո՞ւմ, թե՞ գութ հայցողի հուսահատ ճիչ։ Իմ կարծիքով և՛ մեկն է, և՛ մյուսը, նաև ստորացում։ Սա ուղղակի աղաչանք է «ավագ եղբորը», թե մեր մասին լավ կարծիք ունեցիր, որովհետև մենք շատ լավն ենք, իսկ մեր հարևանները՝ շատ վատը։
Կարդալով այս տողերը, մտածում ես, թե որքա ն մոլորված ենք մենք, թե մեր հոգու մեջ որքա՛ն խորն է իր մագիլները խրել ստրկամտության ախտը։
Հնարավո՞ր է արդյոք, որ ռուս մարդը մտահոգ լինի, թե իր մասին ինչ կարծիքի են, ասենք, չինացին կամ անգլիացին, կիրգիզը կամ հայը։
Նույն անգլիացին մտահո՞գ է արդյոք, թե իր մասին ինչ է մտածում ռուսը։ Իսկ վրացի՞ն։ Ինչո՞ւ ուրիշին ամեն կերպ դուր գալու մտայնությունը անբուժելի հիվանդություն է դարձել մեզ համար։ Մի՞թե կարելի է խնդրելով քո մասին ուրիշի մոտ նպաստավոր կարծիք ստեղծել։ Ընդհակառակը, խնդրանք֊պաղատանքները առարկայորեն վնասում են մեզ, մի կողմից անելանելիության և հուսահատության կոմպլեքս են առաջ բերում հայ մարդու մեջ, մյուս կողմից ջուր են լցնում մեր թշնամիների ջրաղացին, բարձրացնում նրանց բարոյական ոգին, նրանց ուժ տալիս մեզ նոր հարվածներ հասցնելու համար։
Հասարակական կարծիքը շատ բարդ և հակասական երևույթ է, դրան չի կարելի մոտենալ պարզունակ չափանիշներով։ Այն հաստատուն մեծություն չէ և չի կարող վճռորոշ լինել։ 1915 թվականին Եվրոպայի և Ռուսաստանի հասարակական կարծիքը ընդհանուր առմամբ նպաստավոր էր հայ ժողովրդի համար, բայց դա նրան չփրկեց ցեղասպանությունից։ Հասարակական կարծիքը մի օրից մյուսը կարող է փոխվել, եթե փոխվեն պայմանները և իրադարձությունների ընթացքը։ 1918 թվականին Թուրքիան և Ռ ուսաստանը կենաց և մահու կռվի մեջ էին, ռուսական թերթերը լեցուն էին հակաթուրք հոդվածներով, իսկ մեկ֊մեկուկես տարի հետո այդ նույն երկրները ջերմ բարեկամներ էին և Ռուսաստանում հիացմունքով էին խոսում քեմալականների մասին։
Իհարկե, դեմոկրատական հասարակարգի, անհատի ազատության պայմաններում հասարակական կարծիքը, իրոք, հանդես է գալիս իբրև բնակչության քաղաքական և այլ տրամադրությունների արտահայտություն, որպես հասարակական խղճի յուրատեսակ կամերտոն։ Դրա պատճառը դեմոկրատական հասարակության մեջ ստեղծված և անթերի գործող կառավարման համակարգերն են, ղեկավարման համապատասխան ինստիտուտները, որոնք պայմաններ են ստեղծում ոչ միայն քաղաքացիների անձնական կարծիքների արտահայտման, այլև դրանք ունկնդրելու և հաշվի առնելու համար։ Հասարակական կարծիքի ստեղծման գործընթացը դեմոկրատիայի պայմաններում կապված է մեծ դժվարությունների հետ, բայց երբ այն անկողմնակալ ուսումնասիրվում է և երբ դրանից արվում են անհրաժեշտ եզրահանգումներ, երբ դրանցից բխող երաշխավորությունները ներկայացվում են կառավարական մարմիններին, ապա այդ կարծիքը հսկայական ուժ է դառնում և նյութականացվում պրակտիկ գործերի մեջ։
Վիճակը միանգամայն ուրիշ է տոտալիտար հասարակության մեջ, վարչահրամայական հասարակարգի պայմաններում։ Մեզանում, որտեղ չկան դեմոկրատական ինստիտուտներ, բնավ էլ բարդ ու դժվարին չէ «հասարակական կարծիքի» կազմակերպումը։ Մեր կարգերի պայմաններում իմաստ չունի և ոչ մի անհրաժեշտություն չկա անմիջականորեն իմանալ այս կամ այն խնդրի վերաբերյալ այս կամ այն քաղաքացու անձնական կարծիքը, քանի որ կա, ասենք, «Պրավդա» թերթի սեփական թղթակցի՝ հոդվածում արդեն արտահայտված այդ քաղաքացու կարծիքը և դու մյուս քաղաքացիղ, պարտավոր ես հավատալու թերթին, եթե նույնիսկ թղթակիցն անխղճաբար խեղաթյուրել է իրականությունը։
Եվ այսպես, տոտալիտար հասարակարգում, որտեղ ըստ էության հասարակական կարծիք չկա, կամ այլ խոսքով ասած հասարակությունը կարծիք չունի, այսպիսի պայմաններում այդ «հասարակական կարծիքին» հասցեագրված ամեն մի խնդրանք ու պաղատանք միայն ժպիտ կարող է հարուցել։ Այս պայմաններում միակ ճիշտ ուղին, թերևս, մնում է քաղաքական երկխոսությունը, որր կարող է հանգեցնել փոխադարձ ընդունելի կոմպրոմիսների։
Ռուս հասարկայնությանը ուղղված դիմումի մեջ պարզաբանված է, թե ինչու «մեզ համար թանկ է» «ռուս ժողովրդի մեր մասին ունեցած համարումը»։ Որովհետև, ասված է այնտեղ, մենք ձեզ հետ «կապված ենք մեր պատմությամբ, դավանանքով, մշակութային առնչություններով»։
Պատմություն, դավանանք, մշակույթ․․. Այժմ տեսնենք, թե որն է դրանց արժեքը այսօր մերկացված հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների պայմաններում։
Ճիշտ է, հայ ժողովրդի վերջին շուրջ 200 տարվա պատմությունը սերտորեն առնչված է Ռուսաստանի պատմությանը։ Բայց միայն մե՞րը։ Ի՞նչ է, ռուսների հետ միայն մե՞նք ենք կապված ընդհանուր պատմությամբ։ Իսկ մյուսնե՞րը։ Չէ՞ որ ռուսները դեռ մեզ հետ հանդիպելուց դարեր առաջ արդեն շատ սերտ կապերի և հարաբերությունների մեջ էին նույն պետության մեջ միավորված տասնյակ ուրիշ ժողովուրդների հետ, նրանց հետ ապրում էին կողք կողքի, շերտընդմեջ, ուղղակի միասին, կիսում էին լավն ու վատը։ Եթե ռուսները մեզ հետ միասին ապրում են շուրջ 200 տարի, ապա, ասենք թաթարների ու բաշկիրների հետ արդեն 800 տարի։
Այո, ռուս ժողովրդի պատմության հետ այս կամ այն չափով սերտորեն առնչված է կայսրության բոլոր ժողովուրղների պատմությունը։ Այդ ժողովուրդներից շատերը բռնությամբ են միացվել Ռուսաստանին, դրանց հայրենիքները ցարերը զավթում էին պատերազմներով ու արյունահեղություններով։ Նվաճվելուց հետո ոչ ռուս ժողովուրդները, ապրելով ռուսական բռնակալական լծի տակ, ենթարկվում էին ազգային ստորացումների և բիրտ ճնշումների։ Ռուսաստանը դարեր շարունակ ժողովուրդների բանտ էր։ Իսկ այսօ՞ր։ Իսկ այսօր մի՞թե Արցախը բանտի մեջ չէ։
Այնուհետև, Դիմումի հեղինակները կարծում են, թե քանի որ մենք՝ հայերս և ռուսները դավանում ենք նույն կրոնը, աղոթում նույն Աստծուն, ապա ռուս հասարակայնությունը, հենց միայն այդ հանգամանքը նկատի ունենալով, անվերապահորեն օգնության ձեռք կմեկնի Հայաստանին։ Այս մոլորությունը նախկինում մեզ շատ անգամ է կանգնեցրել ազգային դժբախտությունների առջև, բայց մենք այնպես էլ այդ ամենից անհրաժեշտ դասեր չենք առել։
Հայերը և ռուսները քրիստոնյաներ են։ Հետո՞ ինչ։ Դա մեզ ինչ է տվել և ինչ է տալիս այժմ։ Անցյալում ռուսական ցարերը և Եվրոպան հայերի քրիստոնյա լինելը մշտապես շահարկել են Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու և թուրքական իշխանություններից իրենց համար ձեռնտու ամեն տեսակ արտոնություններ, ինդուլգենցիաներ կորզելու համար։ Քրիստոնյա Ռուսաստանը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քրիստոնյա հայերին չփրկեց մահմեդական թուրքերից և քրդերից։ 1918—1921 թվականների իրադարձությունների ժամանակ և դրանցից հետո Ռուսաստանը կրոնական հողի վրա գոնե մի փոքր մեզ աջակից չեղավ և չպաշտպանեց ազերի հրոսակների խժդժություններից։ Ես չգիտեմ այդպիսի գոնե մի դեպք, բայց հակառակ փաստեր՝ որքան ասեք։ Իսկ մի՞թե այժմ նույն բանը չի կատարվում։ Այսօր էլ նույն քրիստոնյա Ռուսաստանից են Արցախ և Հայաստան գալիս պատժիչ զորքերը։ Այդ զորքերն են, որ կրակել են նույն դավանանքն ունեցող վրացիների կամ հենց ռուսների վրա։
Մենք մեր ուղեղից մեկընդմիշտ պետք է հանենք այն մոլորությունը, որ իբր ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր կրոնն է միավորում և բաժանում ժողովուրդներին։ Հենց վերջերս միմյանց արյուն թափեցին մուսուլման և թուրքալեզու կիրգիզներն ու ուզբեկները, դրանից առաջ ուզբեկներն ու մեսխեթցի թուրքերը։ Հարյուր-հազարավոր կյանքեր խլեց մուսուլմանական երկու երկրների՝ Իրաքի և Իրանի միջև ծագած արյունահեղ պատերազմը։ Նույնը պետք է ասել նաև պանթուրքիզմի մասին։
Մեր մտավորականներից շատերը պանթուրքիզմի վտանգով սարսափի են մատնում ժողովրդին։ Այդպես ենք մենք վարվել տասնամյակներ շարունակ։ Ինչպես նախկինում, այժմ էլ այդպես է վարվում նաև Կրեմլը, մեզ հասկացնել տալով, թե հայեր, դուք լավ իմացեք, որ ուրիշ ելք չունեք, ուստի ընդմիշտ պետք է գամված մնաք մեր նետած շղթաներին։
Բայց առավել զավեշտականն այն է, որ մեր մտավորականներից ոմանք փորձում են պանթուրքիզմի վտանգով վախեցնել.. ռուսներին։ Եվ ընկնում են ծիծաղելի վիճակների մեջ։ Վերջերս ինձ ասացին, թե միտք է հղացել Երևանում առնվազն հարյուր հազար տպաքանակով վերատպագրել տարիներ առաջ Անկարայում լույս տեսած պանթուրքական բովանդակությամբ մի քարտեզ և այն տարածել Ռուսաստանով մեկ ռուսի «աչքը խոթելու», նրան «խելք սովորեցնելու» և «սթափեցնելու» համար, այն ռուսի, որը «չի հասկանում իր լավն ու վատը», չի հասկանում, որ հայերին անէացնելուց հետո պանթուրքականները խժռելու են նաև Ռուսաստանը։ Այո, հենց այդպես։ Ռուսը չի հասկանում իր շահը և մենք ենք, որ պետք է նրան ճիշտ ճանապարհի բենենք։ Միամիտ, պարզունակ «դիվանագիտության» դասական օրինակ։ Մենք, վերջապես, պիտի սովորե՞նք քաղաքականության արվեստի այբուբենը։
Ինչ վերաբերում է ռուսների հետ հայերի մշակութային առնչություններին,– ապա այստեղ նույնպես մենք բացառություն չենք կազմում։ Ապրելով նույն կայսրության մեջ, բոլոր ազգերն ու ժողովուրդները գտնվել են մշտական շփման մեջ, իրար փոխանցելով իրենց սովորույթները և մշակութային արժեքները։ Ռուսական մշակույթը, բնականաբար, մեծ ազդեցություն է գործել կայսրության մյուս ժողովոլրդների, նրանց մշակույթների վրա, իսկ վերջիններս, իրենց հերթին՝ ռուսական մշակույթի վրա։ Դա օրինաչափ գործընթաց էր և այլ կերպ չէր էլ կարող լինել։ Բնական է նաև, որ ռուսների մշակութային շփումները հատկապես ուժեղ են եղել այն ժողովուրդների հետ, որոնք բնակության տեսակետից ավելի մոտ են եղել նրանց, հետևապես ավելի հաճախ են շփվել, ասենք՝ ուկրաինացիները, բելոռուսները, թաթարները և ուրիշներ։ Հենց աշխարհագրական միջավայրի հեռավորության պատճառով հայերը ռուսների հետ համեմատաբար ավելի պակաս շփումներ են ունեցել, քան, ասենք, թաթարները կամ բաշկիրները։
«Սովետսկայա Տատարիա» թերթը անցյալ տարվա փետրվարի 15֊ին գրում էր. «16-րդ դարում ռուսական պետության հետ Մերձկամայի և Պովոլժիեի միավորումից հետո տեղի ունեցած ժողովուրդների մեծ «խառնման» մասին խոսելու հարկ էլ չկա։ Թաթարների, մորդվացիների, մարիացիների, չուվաշների, ուդմուրտների, բաշկիրների հին բնակավայրերի կողքին միշտ ապրում էին ռուս մարդիկ։ Նրանք հաճախ կազմավորում էին խառը բնակավայրեր։ Դրանք հիմա էլ քիչ չեն այդ երկրամասերում։ Համատեղ համայնքի ստեղծումը, միասնական տեղական ինքնակառավարումը, փոխօգնությունն ու բարեկամությունը սովորական բան էին։ Այդ համամասնակցությունը, համակեցությունը շատ բարերար էին, դրանք փոխհարստացնում էին ժողովոլրդներին՝ բարեփոխում նրանց մշակույթը, կենցաղը, սովորույթները, արհեստները»։ Տակավին անցյալ դարում տեղի պատմաբաններն ու երկրագետները նշում էին, որ, ասենք. «Կազանի նահանգի ռուսների բարքերն ու սովորույթները տարբերվում են վելիկոռուսական նահանգների սովորույթներից, տեղական պայմանները չէին կարող հատուկ երանգ չհաղորդել նրանց» (նույն տեղում)։ Ռուս֊թաթարական առնչությունների հետազոտողներից մեկը՝ Պ. Շեստակովը, գրել է. «Տեսեք, թե որքան շատ են այդ երկրամասում զուտ ռուսական ազգանունները, որոնց անվանումներում պարզորոշ են այլացեղային արմատները և որոնց անդամները իրենց նկարագրում պահպանում են թաթար, կալմիկ, չուվաշ, մորդվացի ազգությունների բնորոշ գծերը» (նույն տեղում)։
Ժամանակակից հետազոտողներր հաստատում են ինտենսիվ Փոխազդեցությունը լեզվի բնագավառում։ «Պովոլժիեի ռուս բնակչության լեզուն համատեղ կյանքի երկարատև ժամանակաշրջանում հարստացել է մերձվոլգյան ժողովուրդներին բնորոշ մի շարք բառերով ու արտահայտություններով»,— կարդում ենք նույն թերթում։— Ավելին, ինչպես գրել են կազանցի պատմաբաններ Ե․Բուսիգինը և Ա. Խալիկովը,— «ռուսները ապրելով մյուս ժողովուրդների հարևանությամբ, յուրացնում էին իրենց հարևանների լեզուն։ Մերձվոլգյան ժողովուրդների տնտեսական և կուլտուր-կենցաղային սերտ շփումները անխուսափելիորեն հանգեցնում էին ազգամիջյան ամուսնությունների»։ Տեղացիների և ռուսների «միջև ամուսնությունները փոփոխություններ են մտցրել նաև» դրանց «մարդաբանական կերպարի մեջ» (նույն տեղում)։
Թաթարական կամ մոնղոլական մարդաբանական տիպը Ռուսաստանում կարելի է տեսնել ամենուրեք, իբրև արդյունք թուրքալեզու ժողովուրդների հետ ռուսների ամենաինտենսիվ շփման։ Հատկապես վերջին շրջանում կենտրոնական մամուլի օրգաններում, մասնավորապես «Լիտերատուրնայա գազետա», «Սովետսկայա Ռոսիյա» թերթերում, նույնիսկ ԽՄԿԿ Կենտկոմի պաշտոնական օրգան «Պոլիտիչեսկոյե օբրազովանիե» հանդեսում լույս տեսած մի շարք հոդվածներում դրանց հեղինակներն ընդգծում են Ռուսաստանի թուրքալեզու Կողովուրդների և նրանց մշակույթների հետ ռուսական մշակույթի խոր սերտաճման ու միաձուլման հետևանքով որակական նոր մշակույթի առաջացման հնարավորության մասին։ Թուրքալեզու ժողովուրդների և ռուսական մշակույթների արագ սերտաճման հնարավորությունը ներկայումս ռուս շատ մտավորականներ բացատրում են նաև նրանով, որ տասնյակ միլիոնավոր ռուսների երակներում հոսում է թուրքական արյուն։ Թուրքական ժողովուրդներից են սերված համարում ռուսական մշակույթի բազմաթիվ խոշորագույն գործիչների։ Հիշատակված «Պոլիտիչեսկոյե օբրազովանիե» հանդեսում (հ, 14, 1989, էջ 41) կարդում ենք. «Հարկ չկա չափից ավելի լարելու հիշողությունը՝ մտաբերելու համար, որ Ռուսաստանում դեռևս 15֊րդ դարում գոյություն ունեին «զինապարտ» թաթար-միշարների դասեր։ նրանց սերունդները Ռուսաստանին են տվել այնպիսի գործիչների, ինչպիսիք են Դերժավինը, Շերեմենտևը, Կարամզինը, Յուսուպովր, Տուրգենևը, Աքսակովը»։
Այնպես որ, հարգելի մտավորականներ, հաշվի առեք այս ամենը։
Ստացվում է այնպես, որ մենք ուզում ենք մեր հակաթուրքականությանը մասնակից դարձնել նաև ռուս ժողովրդին, չհասկանալով, որ նա ունի իր ուրույն շահերը, որոնք շատ դեպքերում համահնչուն չեն մեր շահերին։ Մեկընդմիշտ պետք է ականջի օղ անել, որ ռուսները պանթուրքիզմը իրենց համար վտանգ չեն համարում և պետք չէ, որ մենք շարունակենք հանդես գալ անհաջողակ հրձիգի դերում։
Հետաքրքիր է իմանալ, թե ռուս հասարակայնությանն ուղղված Հայաստանի ստեղծագործական միությունների Դիմումին գոնե մի ռուս մարդ արձագանքե՞լ է։ Չեմ կարծում։ Եվ անբնական ու տարօրինակ կլիներ, եթե այդպիսի արձագանք լիներ։ Դա միայն հեգնանք կարող է առաջ բերել, մանավանդ, երբ Հայաստանը երկրի բնակչությանը ներկայացված է իբրև ագրեսոր, իսկ մեր «ինտերնացիոնալիստ» հարևանը՝ ագրեսիայի զոհ, որն արժանի է խղճահարության և ամեն տեսակի պաշտպանության։
Անցյալի օրինակները վկայակոչելով այսօրվա քաղաքականություն չեն մշակում։ Առավել ևս այսուհետև, երբ գործելու են շուկայական հարաբերությունները, այդ հարաբերությունների պայմաններում հանրապետությունների, ժողովուրդների, անհատների գնահատման տեղը շուկան է լինելու, իսկ չափանիշը ներդրած աշխատանքը։ Լավորակ ու մեծաքանակ ապրանք կտաս, կգովեն ու կգնահատեն, չես տա, այն դեպքում ոչ մի դիմում ու խնդրանք չի օգնի։
Այս ամենից հետևո՞ւմ է, արդյոք, թե Հայաստանր և հայ ժողովուրդը այսօր ճակատագրորեն դատապարտված են, ինչպես կարծում են ոմանք։ Հազար անգամ՝ ոչ։ Ճիշտ է, մեր աշխարհաքաղաքական դիրքը աննպաստ է և դրա հիմնական մեղքը Խորհրդային Ռուսաստանի կառավարության կողմից 1920—1921 թվականներին մեր կողովրդի նկատմամբ գործած պատմական մեծ հանցանքն է։ Բայց նույնիսկ այս պայմաններում մենք իրավունք չունենք նվնվալու, թաղվելու հոռետեսության ախուվախի մեջ, աղաչանքներով դիմելու մեկ սրան, մեկ՝ նրան։ Ավելին, իր աշխարհագրական դիրքի պատճառով Հայաստանը կարող է կայունացնող դեր խաղալ ռեգիոնում, մենք կարող ենք հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրելու միջոցներ փնտրել, եթե մեզ չխանգարեն դրսից, մենք կարող ենք մեր հողային հարցերի շուրջ ինքներս բանակցությունների եզրեր գտնել։ Իսկ դրա համար պահանջվում է ամենակարևորը՝ մենք պետք է մեր գլխի տերը լինենք։ Հայաստանը պետք է Ազա՛տ և Անկախ լինի։ Այս է միակ ելքը։