Վերջին թարմացում 8 Հուլիսի 2013, 15:04


Այդ էջերը նվիրվում են Էժեն Դաբիի հիշատակին,
որպես արտացոլումն այն ամենի,
ինչ ես ապրեցի նրա կողքին, նրա հետ։


   Դեմետրային ձոնված հոմերոսյան հիմնը պատմում է, որ մեծ աստվածուհին իր դստերը որոնելու գալիս է Կելեւս արքայի պալատը։ Հասարակ նյանյայի կերպարանք ընդունած աստվածուհուն ոչ ոք չի ճանաչում։ Մետանիրա թագուհին նրան է հանձնում իր նորածին որդու՝ փոքրիկ Դեմոփոնի խնամքը, որը հետագայում պիտի դառնար Տրիպտոլեմոսը՝ երկրագործության նախահայրը։
   Երեկոյան, երբ բոլոր դռները փակ էին, եւ ողջ տունը քնած էր, Դեմետրան վերցնում է Դեմոփոնին, հանում փափուկ օրորոցից եւ ակնհայտ դաժանությամբ, սակայն իրականում առաջնորդվելով անսահման սիրով ու համակված երեխային աստվածացնելու ցանկությամբ, մորեմերկ պառկեցնում է վառվող ածխաբեկորների վրա։ Պատկերացնում եմ մեծն Դեմետային՝ խոնարհված պայծառադեմ այդ մանյուկի վրա, ինչպես ապագա մարդկության վրա։ Նա դիմանում է ածխի ջերմությանը, եւ այդ փորձությունն ուժ է ներարկում նրան։ Նրա մեջ ծնվում է ինչ֊որ գերմարդկային, ամրապինդ եւ աներեւակայելիորեն փառավոր մի բան։ Ա՜խ, ինչո՞ւ չկարողացավ Դեմետրան մինչեւ վերջ հասցնել այդ համարձակ ձեռնարկը եւ հաջողությամբ պսակել իր ըմբոստ քայլը։ Սակայն անհանգստացած Մետանիրան, պատմում ղ առասպելը, մի օր ներխուժեց սենյակ՝ դրդված մայրական վախից, մի կողմ հրեց աստվածուհուն եւ ողջ գերմարդկայինը, որ ծնունդ էր առնում այնտեղ, ցրիվ տվեց ածխաբեկորները եւ հանուն երեխայի փրկության, կորցրեց աստծուն։

Նախաբան

   Դեռ երեք տարի առաջ ես իմ սերն ու հիացմունքն էի հայտարարում ԽՍՀՄ֊ի նկատմամբ։ Այնտեղ մի աննախադեպ փորձ էր ձեռնարկվել, որ մեր սիրտը լցնում էր հույսով, եւ որտեղից հսկայական առաջընթաց էինք սպասում, թռիչք, որը կարող էր իր ետեւից տանել ողջ մարդկությունը։ «Միայն այդ նորարարությանը ականատես լինելու համար արժի ապրել եւ սեփական կյանքը տալ նրան օգնելու համար»,— մտածում էի ես։ Մեր սրտերում եւ մտքերում մենք անվարան ԽՍՀՄ֊ի փառապանծ ապագայի հետ էինք կապում մինչեւ իսկ մշակույթի ապագան․ մենք դա բազմիցս կրկնել ենք։ Եվ կկամենայինք նորից այդ ասել։ Արդեն իսկ այնտեղ գնալուց առաջ մենք անհանգստացած էինք մի իքանի նոր ընդունված որոշումներով, որոնք կարծես վկայում էին դիրքորոշման փոփոխության մասին։ Այդ ժամանակ ես գրում էի․ «Հենց ԽՍՀՄ֊ի դեմ հարձակումների անհեթեթությունն ու անազնվությունն է մեզ ստիպում ավլի համառ լինել նրան պաշտպանելիս։ Նրանք՝ այդ վայրահաչները, կսկեն գովաբանել այն, հենց որ մենք դադարենք այդ անել․ քանզի նրանք կգովաբանեն նրա զիջումներն ու հաշտվաողականությունը, որը կստիպի ոմանց ասել․ «Դե, տեսնո՞ւմ եք», բայց դրանով իսկ նա կհեռանա այն նպատակից, որին հետապնդում էր սկզբում։ Թո՛ղ որ մեր հայացքը այդ նպատակին սեւեռված մնալով, երբեք ստիպված չլինի երես թեքել ԽՍՀՄ֊ից» (ՆՌՖ, 1935} հոկտեմբեր)։
   Սակայն մինչեւ ավելի մոտիկից երկրին ծանոթանալը, համառ իմ վստահության մեջ եւ գերադասելով կասկածել սեփական դատողությանս, Մոսկվա իմ ժամանելուց չորս օր հետո ես դեռ Կարմիր հրապարակում, Գորկու հուղարկավորության ժամանակ հայտարարեցի իմ ճառում․ «Մշակույթի ճակատագիրը մեր մտքերում կապված է հենց ԽՍՀՄ֊ի ճակատագրի հետ․ մենք այն կպաշտպանենք»։
   Ես միշտ ասել եմ, որ ինքն իրեն հավատարիմ մնալու ցանկության մեջ կա անկեղծ չլինելու վտանգ, եւ կարծում եմ, որ եթե անպայման պետք է անկեղծ լինել, ապա դա հնարավոր է այն ժամանակ, երբ շատերի հավատամքը համընկնում է մեր սեփականի հետ։
   Եթե ես սխալվել եմ սկզբում, ապա ավելի լավ է ընդունեմ իմ սխալը որքան կարելի է շուտ, քանզի ես տվյալ դեպքում պատասխանատու եմ նրանց համար, ովքեր գալիս են այդ սխալի հետեւից։ Այստեղ խոսք անգամ չի կարող լինել ինքնասիրության մասին, որից, իմիջայլոց, ես քիչ ունեմ։ Կան բաներ, որոնք ավելի կարեւոր են ինձ համար, քան ես ինքս, ավելի կարեւոր, քան ԽՍՀՄ֊ը, դա մարդկությունն է, նրա ճակատագիրը, նրա մշակույթը։
   Սակայն արդյո՞ք ես իսկապես սխալվել էի սկզբում։ Ովքեր հետեւել են ԽՍՀՄ֊ի առաջընթացին մի տարուց փոքր֊ինչ ավելի, կարող են ասել՝ ե՞ս եմ փոխվել արդյոք, թե ԽՍՀՄ֊ն այլեւս ԽՍՀՄ֊ը չէ։ Եվ ասելով ԽՍՀՄ՝ ես հասկանում եմ նրա առաջնորդին։ Իսկ նրանք, ովքեր ավելի իրավասու են, քան ես, կասեն՝ ակնհայտ է, թե ոչ, նրա դիրքորոշման փոփոխությունը, եւ թե արդյոք այն, ինչ մեզ շեղում է թվում, նախկին որոշ կարգադրությունների ճակատագրական արդյունքը չէ։
   ԽՍՀՄ֊ը «կառուցվում է», անհրաժեշտ է դա անդադար կրկնել ինքն իրեն։ Այդտեղից էլ բխում է իմ բացառիկ շահագրգռվածությունը այդ սաղմնային վիճակում գտնվող հսկա երկիր կատարելիք իմ այցելության մեջ։ Թվում է՝ դա այն սաղմն է, որը պիտի ծնունդ տա ապագային։ Այն ունի իր լավ ու վատ կողմերը, ավելի ճիշտ կլինի ասել՝ գերազանց ու վատթար կողմերը։ Գերազանցը շատ հաճախ ձեռք է բերվել հսկայական ջանքերի գնով։ Ջանքերն էլ ոչ միշտ եւ ամենուրեք են հասել այն բանին, ինչին ձգտում էին։ Երբեմն կարող ես մտածել, թե դեռ չեն հասել։ Երբեմն վատթարը ուղեկցում եւ կրկնապատկում է դժբախտությունը, կարելի է ասել, որ այն նրա հետեւանքն է։ Եվ անցումը ամենալուսավորից ամենամռայլին կատարվում է շշմեցուցիշ արագությամբ։ Հաճախ պատահում է այնպես, որ զբոսաշրջիկը ըստ իր նախնական համոզվածության նկատում է միայն մեկը կամ մյուսը։ Շատ հաճախ պատահում է, որ ԽՍՀՄ֊ի բարեկամները հրաժարվում են տեսնել վատը կամ գոնե ընդունել այն, եւ ստացվում է այնպես, որ շատ հաճախ ճշմարտությունը ԽՍՀՄ֊ի մասին ասվում է ատելությամբ, իսկ սուտը՝ սիրով։
   Սակայն իմ միտքն այնպիսին է, որ խստության մեծագույն մասը բաժին է ընկնում նրանց, ում կկամենայի ընդմիշտ գովաբանել։ Գովասանքով սահմանափակվել, կնշանակեր վատ արտահայտել սեփական սերը։ Ես ես, ըստ իս, ավելի մեծ ծառայություն եմ մատուցում ԽՍՀՄ֊ին եւ այն դատին, որը ներկայացնում է հանուն մեզ՝ խոսելով առանց կեղծիքի եւ խնայողության։ Եվ նկատի առնելով ԽՍՀՄ֊ի նկատմամբ իմ հիացմունքը եւ նրա արդեն իրականացրած հրաշքները, նաեւ այն, ինչ նա մեզ թույլ է տալիս հուսալ, ես պիտի դիմեմ քննադատությանը։
   — Ո՞վ կարող է ասել, թե ինչ է եղել ԽՍՀՄ֊ը մեզ համար։ Ավլեին, քան ընտրության հայրենիք, օրինակ, ուղեցույց։ Այն, ինքի մասին մենք երազում էինք, ինչ հազիվ էինք համարձակվում հուսալ, բայց որին ձգտում էինք ողջ սրտով ու զորությամբ, իրականացվել էր այնտեղ։ Դա մի երկիր էր, ուր ուտոպիան գտնվում էր իրականություն դառնալու ճանապարհին։ Նրա հսկայական ձեռքբերումները մեզ ավելի պահանջկոտ էին դարձնում։ Թվում էր, թե ամենադժվարն արդեն արված էր, եւ մենք ուրախ սրտով ինչ֊որ դաշինքի մեջ էինք մտնումնրա հետ հանուն բոլոր տառապող ժողովուրդների։ Որքան ժամանակ կկարողանայինք մնալ այդ դաշինքի մեջ անհաջողության դեպքում։ Սակայն անհաջողության միտքն անգամ անընդունելի էր։ Եթե որոշ լուռ խոսոտումներ չէին պահվել, ո՞ւմ էինք մեղադրելու դրա համար։ Պե՞տք էր դրա պատասխանատվությունը գցել առաջին հրամանների կամ խախտումների անտեսումների գործարքների վրա, որքան էլ որ պատճառաբանված լինեին դրանք։
   Այստեղ ես շարադրել եմ իմ անձնական մտորումներն այն ամենի մասին, ինչ որ ԽՍՀՄ֊ը ցուցադրում է հաճույքով եւ օրինավոր հպարտությամբ, բայց նաեւ այն մասին, ինչ ես տեսա դրա կողքին։ ԽՍՀՄ֊ի ձեռքբերումները մեծամասամբ հիանալի են․ ամբողջական երկրամասերում արդեն երեւում է երջանկության ժպտուն դեմքը։ Նրանք, ովքեր Կոնգույում ինձ խորհուրդ էին տալիս թողնել ղեկավարների մեքենաները եւ ուղղակի հաղորդակցության մեջ մտնել ժողովրդի հետ՝ ճշմարիտ տեղեկություններ ստանալու համար, արդյոք կհանդիմանե՞ն ինձ, որ այդ խորհրդին հետեւել եմ ԽՍՀՄ֊ում եւ թույլ չեմ տվել, որ ինձ շլացնեն… Ես չեմ թաքցնում ինքս ինձնից, որ թշնամի կողմերը (նրանք, որոնց սերը կարգուկանոնի նկատմամբ ձուլված է բռնակալության սիրո հետ) կարող են օգուտ քաղել իմ գրքից։ Դա ինձ կարող էր ստիպել չհրատարակել եւ նույնիսկ չգրել այն, եթե անհողդողդ եւ հաստատ չմնար իմ համոզմունքը, որ մի կողմից՝ ԽՍՀՄ֊ն, ի վերջո, կհաղթահարի իմ նհած այդ լուրջ սխալները, եւ որ մյուս կողմից (եւ սա ավելի կարեւոր է), մի երկրի առանձին սխալները բավարար չեն վարկաբեկելու համար համաշխարհային, միջազգային նշանակություն ունեցող դատը։ Սուտը, լինի լռության թե մեկ այլ սուտ, կարող է նպատակահարմար թվալ եւ տեղին՝ համառումը ստի մեջ, սակայն դա չափազանց ձեռնտու է թշնամուն, իսկ ճշմարտությունը, որքան էլ ցավալի լինի, վիրավորում է միայն բուժելու համար։

I

   Աշխատավոր ժողովրդի հետ անմիջական շփման ժամանակ, շինհրապարակներում, գործարաններում կամ հանգստյան տներում, այգիներում կամ «կուլտուրայի պարկերում» ես խոր ցնծության պահեր ունեցա։ Զգացի այդ նորաթուխ ընկերների միջեւ ակնթարթորեն հաստատվող եղբայրությունը, սրտիս հրճվանքն ու փթթումը։ Դրա համար էլ այնտեղ արված լուսանկարներում ես ավելի ուրախ ու ժպտերես եմ, քան շատ հաճախ լինում եմ Ֆրանսիայում։ Եվ քանի֊քանի անգամ այնտեղ անսահման երջանկությունից աչքերս լցվել են արցունքով, քնքշանքի եւ սիրո ացունքներով։ Օրինակ, հենց Սոչիի մոտակայքում գտնվող Դոնբասի հանքափորների հանգստյան տանը… Ոչ, ո՛չ, այնտեղ ոչինչ նախապես պատրաստված եւ պայմանավորված չէր։ Ես եկել էի հանկարծակի, մի երեկո, առանց զգուշացնելու, սակայն նրանք ինձ անմիջապես վստահություն էին ներշնչել։
   Իսկ իմ անսպասելի այցելությունը Բորժոմի մոտակա ճամբարը, համեստ, համարյա աղքատիկ մի վայր, որտեղ, սակայն, երջանկությունից ու առողջությունից վառվռուն դեմքերով երեխաներն ասես կամենում էին ինձ հաղորդել իրենց ուրախությունը։ Ի՞նչ պատմեմ, բառերն անզոր են արտահայտելու այդքան խոր ու պարզ մի զգացմունք։ Եվ ինչո՞ւ պատմեմ հատկապես սրանց եւ ոչ բազմաթիվ ուրիշների մասին։ Իսկ Վրաստանի բանբստեղծները, մտավորականները, ուսանողները, բանվորները… Նրանցից ոմանք ինձ իսկապես հրապուրեցին, եւ ես անդադար ափսոսում էի, որ բոլորովին չգիտեմ նրանց լեզուն։ Սակայն միայն նրանց ժպիտներում ու հայացքներում այնքան քնքուշ պերճախոսություն կար, որ ես կասկածում էի, թե բառերը դրան մեծ բան կավելացնեն։ Պետք է ասեմ, որ ինձ ամենուրեք ներկայացնում էին որպես բարեկամի, եւ բոլորի հայացքները ներծծված էին ինչ֊որ անանուն երախտագիտությամբ։ Ես կկամենայի ավելի արժանի լինել դրան, եւ դա նույնպես դրդում է ինձ խոսել։
   Այն, ինչ ներկայացնում են հաճույքով, ամենագեղեցիկ հաջողություններն են։ Ինքնըստինքյան հասկանալի է եւ բնական։ Սակայն մեզ հաջողվեց բազմիցս անսպասելիորեն մտնել գյուղական դպրոցներ, մանկապարտեզներ, ակումբներ, որոնք անիմաստ էր մեզ ցույց տալ, եւ որոնք, անկասկած, ոչնչով չէին տարբերվում շատ ուրիշներից։ Եվ հենց դրանք էլ ինձ ամենաշատը հիացրին, ճիշտ այն պատճառով, որ ոչինչ այնտեղ պատրաստված չէր ցուցադրման համար։
   Իմ տեսած բոլոր պիոներական ճամբարներում երեխաները գեղեցիկ են, լավ սնված (օրական կերակրում են հինգ անգամ), խնամված, նույնիսկ փայփայված ու զվարթ։ Նրանց հայացքը պայծառ է, բաց, ծիծաղը՝ անխարդախ ու անկեղծ․ ես, որպես օտարերկրացի, կարող էի նրանց փոքր֊ինչ ծիծաղելի թվալ, սակայն ոչ մի վայրկյան նրանցից որեւէ մեկի մեջ չտեսա ծաղրի նվազագույն իսկ նշույլ։[1]
   Փթթուն երջանկության այդ նույն արտահայտությունը նկատեցինք նաեւ մեծահասակների մեջ, որոնք նույնքան գեղեցիկ էին ու ամրակազմ։ «Կուլտուրայի այգիները», ուր նրանք հավաքվում են երեկոյան, աշխատանքային օրվա ավարտից հետո, անվիճելիորեն հաջողված ձեռքբերումներ են, հատկապես Մոսկվայինը։ Ես այնտեղ հաճախ էի գնում։ Այն զվարճալի վայր է, մի հսկայական «Լունա֊պարկ»։ Դռնից ներս մտնելու պես ամբողջովին օտարված ես զգում քեզ։ Ամենուրեք, լուրջ եւ պարկեշտ երիտասարդ կանանց ու տղամարդկանց այդ ամբոխում, անմիտ ու բիրտ ծիծաղի, կատակաբանության, անպարկեշտության եւ նույնիսկ սեթեւեթանքի ոչ մի նշույլ չկա։ Ամենուրեք տիրում է ոգեւորության զվարթ շունչը։ Մի տեղ խաղեր են կազմակերպվում, մի այլ տեղ՝ պարեր։ Սովորաբար այնտեղ լինում է ղեկավար կամ ղեկավարուհի, որը հսկում է խաղերը։ Ամենուր կատարյալ կարգուկանոն է տիրում։ Մեծ շրջաններ են մազմվում, որոնց մեջ կարող է մտնել յուրաքանչյուր ոք։ Սակայն միշտ էլ դիտողներն ավելի շատ են, քան պարողները։ Դրանց հետեւում են ժողովրդական պարերն ու երգերը՝ շատ հաճախ միայն սկորդեոնի նվագակցությամբ։ Այստեղ, այս շրջագծված տարածության մեջ, որի մուտքը, սակայն, ազատ է, ակրոբատիկայի սիրահարները զբաղվում են տարբեր մարզաձեւերով․ մի մարզիկ դիտում է «վտանգավոր թռիչքները», խորհուրդներ եւ ուղղություն տալիս, նրանցից քիչ հեռու տեղադրված են մարմնամարզական սարքերն ու գործիքները։ Մարդիկ համբերությամբ սպասում են իրենց հերթին եւ մարզվում։ Մեծ տարածք է հատկացված վոլեյբոլի դաշտին, եւ ես չեմ դադարում հիանալ խաղացողների ամուր կազմվածքով, գեղեցկությամբ ու շնորհքով։ Փոքր֊ինչ ավելի հեռու հանգիստ խաղերն են՝ շախմատ, նարդի եւ բազմաթիվ այլ մանր, ճարպկության եւ համբերության խաղեր, որոնցից շատերի մասին ես չգիտեի, չափազանց հետաքրքիր էին, կային նաեւ մի շարք ուժային, ճկունության ու ճարպկույան ցուցադրման խաղեր, որ ես ոչ մի տեղ չէի տեսել, եւ որոնք չեմ կարող նկարագրել, սակայն դրանց մի մասն, անկասկած, մեծ հաջողություն կունենար մեզ մոտ։ Ինչո՞վ կարելի է զբաղվել ժամեր շարունակ։ Կան խաղեր եւ մեծահասակների, եւ փոքրերի համար։ Ամենափոքրիկները նույնպես ունեն իրենց առանձին տարածքը,որտեղ կան փոքր, իրենց հասակին համապատասխան գործիքներ։ Մի մեծ զբոսապուրակում՝ լրացնելով հանգիստ խաղերի շարքը (որոնց սիրահարներն այնքան շատ են, որ պետք է երկար սպասել ազատ սեղան գտնելու համար), փայտե ցուցանակների վրա փակցված են տախտակներ՝ առեղծվածների, հանելուկների եւ գլուխկոտրուկների առատ պաշարով։ Եվ այդ ամենը, կրկնում եմ, առանց նվազագույն գռեհկության։ Այդ ամբողջ հսկա, կատարյալ կեցվածքով ամբոխում իշխում են ազնվությունը, արժանապատվությունն ու պարկեշտությունը՝ ի դեպ առանց որեւէ հարկադրանքի եւ միանգամայն բնական։ Հասարակությունը, այդ թվում եւ երեխաներինը, ամբողջությամբ կազմված է բանվորներից, որոնք գալիս են այստեղ զբաղվելու սպորտով, հանգստանալու կամ կրթվելու (քանզի կան եւ ընթերցասրահներ, դասախոսություններ, կինոթատրոններ, գրադարաններ եւ այլն)։ Մոսկվա գետի վրա կան եւ ջրավազաններ։ Եվ այդ հսկա զբոսայգում, այստեղ, այնտեղ կան փոքրիկ բեմահարթակներ, որտեղից հնչում է հանպատրաստից ստեղծավործող ուսուչցի ձայնը։ Դրանք տարբեր դասեր են․ աշխարհագրության կամ պատմության՝ հենակի վրա տեղադրված գրատախտակով, կամ նույնիսկ գործնական բժշկության, հոգեբանության դասեր՝ անատոմիական ցուցատախտակներով։ Մարդիկ լսում են մեծագույն լրջությամբ։ Արդեն ասել եմ, որ ոչ մի տեղ չեմ նկատել ծաղրի նվազագույն նշույլ։
   Բայց ահա ավելի ուշագրավ մի բան․ բացօթյա փոքրիկ մի թատրոն, որտեղ բաց սրահում հավաքված մոտ հինգ հարյուր ունկնդիր (ոչ մի ազատ տեղ) բարեպաշտ լռությամբ լսում է մի դերասանի, որը Պուշկին է արտասանում (հատված «Եվգենի Օնեգինից»)։ Զբոսայգու մի անկյունում, մուտքի մոտ գտնվում է օդապարիկով թռչողների թաղամասը։ Այստեղ դա շատ տարածված սպոպտաձեւ է։ Յուրաքանչյուր երկու րոպեն մեկ երեք օդապարիկներից մեկը, թռչելով քառասուն մետր բարձրությամբ աշտարակի գագաթից, փոքր֊ինչ կոպտորեն վայր է իջեցնում եւս մի նոր սիրող մարզիկի։ Դե՛, ո՞վ կփորձի… մարզիկները շտապում են, շարք կանգնում եւ սպասում իրենց հերթին։ Էլ չեմ խոսում մեծ բացօթյա թատրոնի մասին, որտեղ որոշ ներկայացումների ժամանակ հավաքվում է մոտ քսան հազար հանդիսատես։
   Մոսկվայի կուլտուրայի այգին ամենաընդարձակն է եւ ամենահարուստը զանազան ատրակցիոններով, Լենինգրադինը՝ ամենագեղեցիկը։ Սակայն ԽՍՀՄ֊ի յուրաքանչյուր քաղաքն այժմ ունի իր սեփական կուլտուրայի այգին, չհաշված մանկապարտեզները։
   Բնականաբար, ես այցելել եմ եւ բազմաթիվ գործարաններ։ Ես գիտեմ եւ կրկնում եմ, որ նրանց գործառնությունից է կախված ընդհանուրի բարօրությունն ու երջանկությունը։ Սակայն այդ մասին չեմ կարող խոսել բանիմացի վստահությամբ։ Ուրիշ մարդիկ են զբաղվում դրանով, իսկ ես ընդամենը վկայակոչում եմ նրանց գովեստները։ Ինձ մնում են միայն հոգեբանական հարցերը եւ համարյա միայն նրանցով է, որ ուզում եմ զբաղվել այստեղ։ Եթե անուղղակիորեն անդրադառնամ հասարակական խնդիրներին, նորից ու նորից կդիտարկեմ դրանք հոգեբանական տեսանկյունից։
   Տարիքս առաջանալու հետ միասին զգում եմ, որ պակասում է բնապատկերների նկատմամբ իմ հետաքրքրությունը, շատ է պակասում, որքան էլ նրանք գեղեցիկ լինեն։ Սակայն այն կորցնում եմ ավելի շատ մարդկանց նկատմամբ։ ԽՍՀՄ֊ի ժողովուրդը հիանալի է, Վրաստանի, Կախեթիայի, Աբխազիայի, Ուկրաինայի (ասում եմ միայն այն, ինչ տեսել եմ) եւ հատկապես Լենինգրադի եւ Ղրիմի բնակիչները։
   Կարմիր հրապարակում մասնակցել եմ մոսկովյան երիտասարդության տոներին։ Կրեմլի դիմաց դինարարությունները թաքցնում էին իրենց անախորժ կերպարանքը ցուցապաստառների եւ բուսականության տակ։
   Ամեն ինչ շքեղ էր եւ անգամ (շտապում եմ այդ մասին ասել այստեղ, քանզի միշտ չեմ կարողանա) անթերի ճաշակով։ Շքերթի էր ելնում հարավից ու հյուսիսից, արեւելքից եւ արեւմուտքից ժամանած հրաշալի մի երիտասարդություն։ Նրանց շքերթը տեւեց մի քանի ժամ։ Ես պատկերացնել իսկ չէի կարող նման հիասքանչ տեսարան։ Անշուշտ, այդ կատարյալ էակները մարզվել, պատրաստվել եւ ընտրվել էին հազարների միջից, սակայն ինչպես կարելի էր չզմայլվել նման բան ստեղծելու ունակ մի վարչակարգով։
   Կարմիր հրապարակը ես տեսել էի մի քանի օր առաջ, գորկու հուղարկավորության ժամանակ։ Ես տեսել էի այս նույն ժողովրդին, նույն, սակայն միաժամանակ բոլորովին մեկ այլ ժողովրդի, որն ավելի շատ, իմ կարծիքով, նման էր ցարի ժամանակվա ռուս ժողովրդին, որը Սյունազարդ մեծ դահլիճում երկար ու անվերջանալի շարքով ընթանում էր պիապատվանդանի առջեւով։ Այս անգամ դրանք խորհրդային այդ ժողովուրդների ամենագեղեցիկ, ամենաուժեղ եւ ամենաուրախ ներկայացուցիչները չէին, այլ ցավագին մի «խառնուրդ», որի մեջ կային կանայք, երեխաներ հատկապես, երբեմն ծերունիներ, համարյա բոլորն էլ վատ հագնված եւ ոմանք էլ ասես շատ թշվառ։ Լուռ, մռայլ եւ ինքնամփոփ մի շքերթ էր դա, որն ասես իր կատարյալ կազմակերպվածությամբ գալիս էր անցյալից եւ որն, անկասկած, ավելի երկար տեւեց, քան մյուսը՝ պանծալի շքերթը։ Ես երկար ժամանակ լուռ դիտում էի այն։ Ի՞նչ էր Գորկին այս մարդկանց համար՝ ուսուցիչ, ընկեր, եղբայր… մեռած մարդ, ամեն դեպքում։ Եվ բոլորի, նույնիսկ ամենափոքրիկ երեխաների դեմքերին կարելի էր կարդալ մի ինչ֊որ տխրամած ապշանք, բայց նաեւ, եւ հատկապես, համակրանքի ճառագայթող ուժ։ Այստեղ այլեւս կարեւոր չէր ֆիզիկական գեղեցկությունը․ ես տեսնում էի միայն աղքատների մի ամբոխ, որն ինձ ավելի հրաշալի էր թվում, քան գեղեցկությունն ինքը, եւ նրանցից քանի՜֊քանիսին ես կկամենայի սեղմել իմ կրծքին։
   ԽՍՀՄ֊ից բացի ոչ մի տեղ հաղորդակցությունը ժողովրդի հետ չի հաստատվում ավելի հեշտ ու անմիջականորեն, չի լինում նույնքան խոր ու ջերմ։ Անմիջապես ստեղծվում են (երբեմն միայն մի հայացքն էլ է բավական) խոր համակրանքի կապեր։ Այո, չեմ կարծում, թե մեկ այլ տեղ կարելի լինի նույն խորությամբ ու ուժով ըմբռնել մարդկային զգացմունքենրը, ինչպես ԽՍՀՄ֊ում։ Չնայած լեզվի տարբերությանը, ես դեռ երբեք եւ ոչ մի տեղ ինձ այդպես լիակատար չէի զգացել ընկեր ու եղբայր, եւ հանուն դրա կտայի աշխարհի ամենագեղեցիկ բնապատկերները։
   Ես դեռ կխոսեմ բնության մասին, բայց ուզում եմ նախ պատմել «կոմսոմոլների» մի ջոկատի հետ մեր առաջին հանդիպման մասին։
   Դա պատահեց գնացքի մեջ, Մոսկվայից Օրջոնիկիձե գնալիս (նախկին Վլադիկավկազ)։
   Ճանապարհը երկար էր։ Սովետական գրողների միության անունից Միխայիլ Կոլցովը մեզ մի հատուկ հարմարավետ վագոն էր տրամադրել։ Մենք վեցս՝ Ժեֆ Լատը, Գիյուն, Հերբարը, Շիֆրինը, Դաբին եւ ես, հիանալի տեղավորվել էինք այնտեղ մեր բարեկամ թարգմանչի՝ հավատարիմ ընկեր Բոլայի հետ։ Մահճակալներով խցիկներից բացի, մենք ունեինք նաեւ մի սենյակ, որտեղ մեզ ճաշ էին մատուծում։ Ավելի լավ պայմանների մասին չէր էլ կարելի երազել։ Սակայն մի բան մեզ դուր չէր գալիս։ Մենք չէինք կարող հաղորդակցվել գնացքի մյուս ուղեվորների հետ։ Առաջին իսկ կայարանում իջանք՝ համոզվելու, որ հարեւան վագոնը զբաղեցնում են հաճելի մարդիկ։ Դա արձակուրդի մեկնող կոմերիտականների մի խումբ էր, որն ուղեւորվում էր Կովկաս՝ Կազբեկ լեռը մագլցելու մտադրությամբ, Մենք, ի վերջո, հասանք այն բանին, որ մեզ բաժանող դռները բացվեցին, եւ անմիջապես զրույցի բռնվեցինք մեր հաճելի հարեւանների հետ։ Փարիզից ինձ հետ մեծ թվով հնարամիտ խաղեր էի բերել, որոնք շատ էին տարբերվում ԽՍՀՄ֊ում հայտնի խաղերից։ Դրանք ինձ բախտի բերմամբ օգնեցին հաղորդակցության մեջ մտնել մարդկանց հետ, որոնց լեզուն չէի հասկանում։ Այդ փոքրիկ խաղերը ձեռքից ձեռք անցան։ Պատանիներն ու աջղիկները հերթով փորձեցին դրանք եւ չդադարեցին, մինչեւ չհաղթահարեցին բոլոր դժվար առաջադրանքները։ «Կոմերիտականը երբեք չի հանձնվում»,— ծիծաղելով ասում էին նրանք։ Նրանց վագոնը շատ նեղ էր, իսկ այդ օրն էլ սարսափելի տոթ էր, եւ մենք, իրար սեղմված, շնչահեղձ էինք լինում։ Դա սքանչելի էր։
   Ավելացնեմ, որ նրանցից մի քանիսն ինձ ճանաչում էին։ Ոմանք կարդացել էին իմ գրքերը (հիմնականում «Ճանապարհորդություն Կոնգոյով»), եւ քանի որ Կարմիր հրապարակում Գորկու հուղարկավորության ժամանակ իմ արտասանած ճառից հետո թերթերը տպել էին իմ լուսանկարը, նրանք ինձ անմիջապես ճանաչեցին եւ շատ զգացված էին իրենց նկատմամբ իմ ցուցաբերած ուշադրությունից, թեեւ ոչ ավելի, քան ես էի զգացված նրանց համակրական վերաբերմունքից։ Շուտով աշխույժ զրույց ծավալվեց։ Ժեֆ Լաստը, որը լավ հասկանում եւ խոսում էր ռուսերեն, մեզ բացատրեց, որ իմ բերած փոքրիկ խաղերը նրանց շատ են դուր եկել, բայց որ նրանք մտածում են, թե արդյոք պատշաճ է, որ ինքը՝ Անդրե Ժիդը, դրանցով զբաղվի։ Ժեֆ Լաստը ստիպված էր պատասխանել, որ այդ փոքրիկ զվարճալիքներն իմ ուղեղը հանգստացնելու համար են։ Քանզի յուրաքանչյուր կոմերիտական միշտ էլ որեւէ ծառայություն կատարելիս ամեն ինչի մասին դատում է ըստ օգտակարության։ Ասենք, եթե բծախնդիր չլինենք, այդ ծիծաղով ընդհատվող զրույցն ինքնին հենց խաղ էր։ Բայց քանի որ նրանց վագոնում օդը հեղձուցիչ էր, մենք նրանցից մի տասներկու հոգու հրավիրեցինք մեր վագոնը, ուր ողջ երեկոն անցկացրինք երգելով ու ժողովրդական պարերով, ինչքան որ թույլ էր տալիս մեր ճաշասենյակի լայնությունը։ Այդ երեկոն ինձ եւ ընկերներիս համար կմնա որպես այդ ճանապարհորդության լավագույն հիշողություններից մեկը։ Եվ մենք կասկածում էինք, թե մեկ այլ երկրում հնարավոր լիներ այդպիսի անմիջական ու բնական սրտակցություն, թե մեկ այլ տեղ երիտասարդությունը կարող էր լինել նույնքան հաճելի[2]։
   Քիչ առաջ ասացի, որ բնապատկերներն ինձ քիչ են հետաքրքրում։ Սակայն կուզենայի պատմել Կովկասի հիասքանչ անտառների մասին, Կախեթի սահմանին, Բաթումի շրջակայքում գտնվող եւ Բորժոմից քիչ վերեւ ընկած Բակուրիանիի անտառների մասին։ Ավելի գեղեցիկ անտառ ես ոչ տեսել, ոչ էլ պատկերացնում էի։ Ոչ մի թավուտ այնտեղ չի կարող ծածկել մեծ ծառերի բները, դրանք տեղ֊տեղ խորհրդավոր բացատներով ընդմիջվող անտառներ են, ուր մուտն ընկնում է ցերեկվա ավարտից առաջ, եւ այնպես է թվում, թե այդտեղ է մոլորվում Մատնաչափիկը։ Մենք այդ հրաշք անտառով անցել էինք դեպի մի լեռնային լճակ ուղեւորվելիս, ուր մեզ պատիվ էին արել հայտնելու, որ երբեք ոչ մի օտարերկրացի այդտեղ ոտք չէր դրալ։ Սակայն դրա կարիքը բոլորովին չկար, ոպրեսզի ես հիանայի նրանով։ Նրա մերկ ափերին կար մի փոքրիկ, տարօրինակ գյուղակ (Տաբացկուրին), որը տարվա ինն ամիսը թաղված էր ձյան տակ, եւ որը մեծ հաճույքով կնկարագրեի… Ա՜խ, ինչո՞ւ ես չէի եկել որպես սովորական զբոսաշրջիկ կամ որպես նոր բույսեր հայտնաբերելու ծարավ բնախույզ՝ ցանկանալով իմ այգու «կովկակյան այրեծաղիկը» գտնել այս բարձր սարահարթերում։ Սակայն ես ամենեւին էլ դրա համար չեմ եկել ԽՍՀՄ։ Ինձ հետաքրքրողը միայն մարդն է, մարդիկ եւ այն, թե ինչ են արել նրա հետ եւ ինչ են պատրաստվում անել։ Ինձ հրապուրողը հասարակական խնդիրների աներեւակայելի թավ անտառն է, որտեղ ես մոլորվում եմ։ ԽՍՀՄ֊ում այդ անտառները կանչում, սեղմում եւ ճնշում են բոլոր կողմերից։

II

   Լենինգրադի նոր թաղամասերից շատ քչերն եմ տեսել։ Լենինգրադում ինձ ամենաշատը դուր է գալիս Սանկտ֊Պետերբուրգը։ Ես ավելի գեղեցիկ քաղաք չգիտեմ, չեմ պատկերացնում քարի, մետաղի եւ ջրի ավելի ներդաշնակ միաձուլում։[3] Թվում է՝ նրա մասին էին երազում Պուշկինն ու Բոդլերը։ Երբեմն էլ հիշեցնում է Չիրիկոչի կտավները։ Հուշարձանները կերտված են կատարյալ չափումներով, ինչպես թեմաները մոցարտյան սիմֆոնիաներում։ «Այնտեղ ամեն ինչ կարգ է ու գեղեցկություն»։[4] Այնտեղ հրճվում է հոգիդ, եւ միտքդ թեթեւ թռչում։ Չեմ ուզում խոսել Էրմիտաժի անզուգական թանգարանի մասին՝ ինձ թվում է, որ ինչ էլ ասեմ, բավական չի լինի։ Սակայն կուզեի թեթեւակի գովաբանել այն խելամիտ ջանասիրությունը, որով աշխատողները յուրաքանչյուր հնարավոր դեպքում կտավի շուրջն են հավաքում նույն նկարչին պատկանող բոլոր գործերը (էտյուդներ, գծապատկերներ, գծագրեր), որոնք կարող են տեղեկութչուն հաղորդել կտավի ստեղծման դանդաղ ընթացքի մասին։
   Լենինգրդաից վերադառնալիս Մոսկվայի անհյուրընկալ տեսքն ավելի ցնցող է թվում։ Ճնշող, ծանր ներգործողություն է ունենում նույնիսկ մտքի վրա։ Շենքերը, մի քանի հազվագյուտ բացառություններով, անհրապույր են (ոչ միայն ամենաժամանակակիցները) եւ ոչ մի կերպ իրար հետ չեն համադրվում։ Ես գիտեմ, որ Մոսկվան գնալով ավելի ու ավելի քիչ է փոխվում։ Ամեն ինչ այնտեղ խոսում է այդ մասին եւ ամենումր զգացվում է ապագայի շունչը։ Վերաձեւում են, փորում, քանդում, նորից շինում, եւ այդ ամենը կարծես առանց հաշվարկի, ինչպես պատահի։ Բայց Մոսկվան, չնայած իր անհրապույր տեսքին, մնում է որպես կապող օղակ բոլորի միջեւ։ Նա ապրում է հզոր շնչով։ Սակայն բավական է, որքան նայեցինք տներին, ինձ այստեղ հետաքրքրողը մարդկային ամբոխն է։ Ամռան ամիսներին գրեթե բոլորը սպիտակ են հագնվում։ Բոլորը նման են իրար։ Ոչ մի տեղ այնքան ակնբախ չի երեւում հասարակական ընդհանուր համահարթման արդյունքը, որքան Մոսկվայի փողոցներում։ Դա առանց դասակարգերի մի հասարակություն է, որի բոլոր անդամները կարծես նույն պահանջմունքներն ունեն։ Ես մի քիչ չափազանցնում եմ, իհարկե, սակայն շատ քիչ։ Բոլորի հագուստներում իշխում է միօրինակությունը, որն, անկասկած, կերեւար եւ մարդկանց մտածողության մեջ, եթե միայն հնարավոր լիներ այն տեսնել։
   Եվ դա նույնպես օգնում է մարդկանց ուրախ երեւալ եւ լինել այդպիսին։ (Այդ մարդիկ այնքան երկար են եղել կարիքի մեջ, որ այժմ գոհ են քչով։ Երբ հարեւանիդ ունեցվածքն ավելին չէ, քեզ քո ունեցվածքն էլ է գոհացնում)։ Տարբերություններն երեւում են միայն ավելի մանրակրկին քննելու դեպքում։ Առաջին հայացքից անհատն այստեղ ձուլված է ամբոխին եւ այնքան զուրկ է թվում առանձնահատկություններից, որ մարդկանց մասին խոսելիս պետք է մասնակի հոդ գործածել՝ «մարդիկ» ասելու փոխարեն ասել՝ «մի քիչ մարդ»։
   Ես սուզվում եմ այդ ամբոխի մեջ, մարդկության լոգանք եմ ընդունում։ Ի՞նչ են անում այս մարդիկ խանութի առջեւ։ Հերթ են կանգնել։ Հերթ, որի ծայրը հասնում է մինչեւ հաջորդ փողոցը։ Նրանք երկու֊երեք հարյուր հոգի են եւ հանգիստ, համբերությամբ սպասում են։ Դեռ վաղ է, խանութը դեռ չի բացել իր դռները։ Քառասունհինգ րոպեից նորից եմ գալիս։ Նույն ամբոխն էլի այստեղ է։ Զարմանում եմ, ինչո՞ւ են շուտ գալիս, ի՞նչ են շահում դրանից։ — Ինչպես թե ի՞նչ են շահում… միայն առաջիններին են սպասարկում։ Եվ ինձ բացատրում են․ թերթերն հայտարարել էին, որ մեծ քանակությամբ… չգիտեմ՝ ինչ էին բերելու (կարծեմ այդ օրը բարձեր էին բերելու)։ Այդ իրերից կար ընդամենը չորս֊հինգ հարյուր հատ, իսկ հավակնորդների թիվը հասնում էր 800֊ի, 1000֊ի, կամ նույնիսկ 15.000֊ի։ Դեռ երեկոն չիջած՝ այլեւս ոչ մի հատ չի մնա։ Պահանջմունքներն այնքան մեծ են, իսկ մարդիկ՝ այնքան շատ, որ պահանջարկը դեռ երկար կգերազանցի առաջարկին եւ կգերազանից շետ մեծ չափով։ Նրանք չեն կարող բավարարել բոլորին։ Մի քանի ժամ անց մի կերպ թափանցում եմ խանութ։ Այն հսկայական է։ Ներսում սարսափելի հրմշտոց է։ Վաճառողները սակայն չեն կորցնում իրենց, քանզի շուրջը անհամբերության ոչ մի նշան չկա։ Յուրաքանչյուրն սպասում է իր հերթին, նստած կամ կանգնած, երբեմն երեխան գրկին, առանց կարգահամարի, սակայն առանց որեւէ խառնաշփոթի։ Եթե պետք լինի, այնտեղ կանցկացնեն ողջ առավոտը, ողջ ցերեկը, մի օդի մեջ, որը դրսից եկողին հեղձուցիչ է թվում, բայց որին վարժվում ես, ինչպես վարժվում ես ամեն ինչին։ Ես ուզում էի գրել՝ հաշտվում ես, սակայն ռուսն ավելի քան հաշտված է։ Նա ասես հաճույք է ստանում սպասելուց, եւ ձեզ նույնպես ստիպում է հաճույքով սպասել։
   Ճեղքելով ամբոխը կամ տարվելով նրա հոսանքով, ես վերից վար ու ծայրից ծայր չափում եմ խանութը։ Ապրանքներն համարյա անտանելի են։ Կարելի է կարծել, թե ախորժակը մեղմացնելու համար դիտմամբ կտորեղենը եւ մյուս իրերը պատրաստում են որքան հնարավոր է անհրապույր տեսքով, որպեսզի մարդիկ գնեն մեծ կարիքից դրդված եւ ոչ երբեք ագահությունից։ Ես կուզենայի իմ մի քանի ընկերների համար որոշ հիշողություններ պատմել․ ամեն ինչ սարսափելի է։ Սակայն ինչպես ինձ ասում են, մի քանի ամիս է, ինչ մեծ ջանք է գործադրվում, ջանք՝ ուղղված որակի բարձրացմանը, եւ նրանց հաջողվում է, լավ փնտրելով եւ անհրաժեշտ ժամանակը հատկացնելով, այստեղից֊այնտեղից գտնել անչափ հաջելի եւ ապագայի համար հուսադրող պիտույքներ։ Բայց որակի մասին մտածելու համար նախեւառաջ պետք է, որ քանակությունը բավականացնի, իսկ այն արդեն վաղուց չի բավականացնում։ Ի վերջո, հասցնում են բավարարել, սակայն հազիվհազ։ Ասենք, ԽՍՀՄ֊ի ժողովուրդը գրեթե սիրահարվաթ է ամեն մի նորույթի, անգամ նրանց, որոնք արեւմուտքցու աչքին տգեղ են թվում։ Արտադրության ավելացումը, հուսով եմ, շուտով հնարավորություն կստեղծի ընտրության, լավագույնի որոնման համար, եւ կհասնի ցածր որակի ապրանքների աստիճանական կրճատմանը։ Որակի բարելավմանն ուղղված այդ ջանքը վերաբերում է հատկապես սննդին։ Այս բնագավառում դեռ շատ բան կա անելու։ Բայց մինչ մենք գանգատվում ենք որոշ մտքերի վատ որակից, Ժեֆ Լաստը, որի համար ԽՍՀՄ֊ում այս ուղեւորությունը չորրորդն է, եւ որի նախորդ այցելությունը եղել է երկու տարի առաջ, ընդհակառակը, հիանում է վերջին ժամանակների աներեւակայելի առաջընթացով։ Բանջարեղենը եւ հատկապես մրգերը դեռ եթե ոչ վատ, ապա միջին որակի են, մի քանի հազվադեպ բացառություններով։ Այստեղ, ինչպես ամենուր, ընտիրն իր տեղը զիջում է սովորականին, այսինքն՝ աամենաառատին։ Սեխի աներեւակայելի առատություն է, սակայն՝ անհամ։ Հանդուգն պարսկական ասացվածքը, որն ընդամենը լսել եմ, ուզում եմ մեջբերել միայն անգլերեն լեզվով՝ «Women for duty, boy for pleasure, melons for delight»[5], Այստեղ տեղին չէ։ Գինին հիմնականում լավն է (հատկապես հիշում եմ Ցնանդալի, Կախեթի ընտիր գինիները), գարեջուրը՝ տանելի։ Որոշ ծխահարած ձկներ (Լենինգրադում) հրաշալի են, սակայն չեն դիմանում տեղափոխությանը։
   Քանի դեռ չունեին անհրաժեշտը, չէին կարող խելամտորեն զբաղվել ավելցուկով։ Եթե ԽՍՀՄ֊ում ավելի չեն արտադրել ագահության համար կամ ավելի վաղ չեն արտադրել, այն պատճառով, որ չափազանց շատ ախորժակներ դեռ չեն հագեցել։
   Ասենք, ճաշակը նրբանում է միայն այն դեպքում, երբ հնարավոր է լինում համեմատությունը, իսկ այստեղ ընտրություն չկա, «X֊ն ավելի լավ հագուստ է առաջարկում» նախադասության չես հանդիպի։ Այստեղ ուժն այն է, որ գերադասես այն ամենը, ինչ քեզ առաջարկում են, պիտի վերցնես կամ ոչ։ Քանի դեռ պետությունը միաժամանակ եւ՛ արտադրում է, եւ՛ գնում, եւ՛ վաճառում, որակի առաջընթացը կախված կլինի մշակույթի առաջընթացից։
   Ակամա մտածում եմ (չնայած իմ հակակապիտալիստական հայացքներին) մեր բոլոր արտադրողների մասին, որոնք, խոշոր արդյունաբերողից մինչեւ մանր առեւտրականը, տանջվում եւ կաշվից դուրս են գալիս, թե ինչ հորինեն, որ կարողանան գրավել հասարակական ճաշակը։ Թե ինչպիսի նուրբ խորամանկությամբ է նրանցից յուրաքանչյուրը միջոցներ որոնում մրցակցին դուրս մղելու համար։ Եվ այդ ամենի մասին պետությունը հոգ չի տանում, քանի որ պետությունը մրցակից չունի։ Որա՞կ։— Ո՞ւմ է պետք, եթե մրցակցություն չկա,— ասացին մեզ։ Եվ հենց դրանով էլ հեշտությամբ բացատրում են ԽՍՀՄ֊ում ամեն ինչի անորակությունն ու հասարակական ճաշակի բացակայությունը։ Եթե հասարակությունը ճաշակ ունենար, ոչ ոք չէր կարողանա բավարարել այն։ Ո՛չ, այլեւս մրցակցությունից չէ, որ կախված է առաջընթացը, այլ հենց մշակույթի շնորհիվ աստիճանաբար զարգացող հետագա պահանջարկից։ Ֆրանսիայում, անշուշտ, ամեն ինչ ավելի արագ կընթանար, քանզի այդ պահանջարկն արդեն իսկ գոյություն ունի։
   Սակայն կա նաեւ մի այլ հանգամանք, յուրաքանչյուր խորհրդային հանրապետություն ուներ իր ժողովրդական արվեստը․ ի՞նչ եղավ այն։ Համահարթման մեծ եւ տեւական միտումը հրաժարվեց հաշվի առնել այն։ Բայց այդ ազգային արվեստներին այժմ վերադարձնում են իրենց հարգը։ Հիմա նրանց հովանավորում, վերականգնում են եւ կարծես սկսում են հասկանալ նրանց անփոխարինելի արժեքը։ Արդյոք խելամիտ ղեկավարության գործը չէ՞ր նորից անդրադառնալ հին նմուշներին, օրինակ, կտորների պատկերազարդման համար, եւ դրանք պարտադրել կամ գոնե առաջարկել հասարակությանը։ Ավելի հիմար բուրժուական, մանր բուրժուական բան, քան այսօր արտադրվող ապրանքները, հնարավոր չէ պատկերացնել։ Մոսկվայի խանութների ցուցափեղկերի նմուշները սարսափելի են։ Մինչդեռ առաջվա նախշակաղապարներով զարդարվող գործվածքները շատ գեղեցիկ էին։ Դա ժողովրդական արվեստ էր, բայց ավելի շուտ արհեստագործություն։
   Վերադառնամ Մոսկվայի ժողովրդին։ Ամենաառաջինը ցնցում է նրա արտասովոր անհոգությունը։ Ծուլությունը, անշուշտ, չափազանց խիստ կլիներ… բայց «ստախանովականությունը» հիանալի հայտնագործություն էր նրանց անհոգությունը թոթափելու համար (առաջ օգտագործվում էր knout֊ը)։ Ստախանովականությունը անօգուտ կլիներ մի երկրում, որտեղ բոլոր բանվորներն աշխատում են։ Բայց այստեղ հենց որ նրանց թողնում են առանց հսկողության, մեծամասնությունը մոռանում է կարգապահությունը։ Եվ հրաշք է, որ չնայած դրան, գործը դեռ առաջ է գնում։ Անշուշտ, դժվար կլինի ասել, թե դա ղեկավարների ինչ ջանքերի գնով է կատարվում։
   Այդ ջանքերի մեծությունը լավ պատկերացնելու համար պետք է նախ կարողանալ գնահատել ռուս ժողովրդի բնական ցածր «արտադրողականությունը»։
   Մեր այցելած գործարաններից մեկում, որը հիանալի է գործում (ես դրանից ոչինչ չեմ հասկանում, նրանց վստահելով՝ հիանում եմ մեքենաներով, բայց անկեղծորեն զմայլվում եմ սառնարանով, բանվորական ակումբով, նրանց բնակարաններով եւ այն ամենով, ինչ արված է բանվորների բարօրության, կրթության եւ ժամանցի համար), ինձ ներկայացնում են մի ստախանովականի, որի մեծադիր նկարը ես տեսել էի պատին։ Նա, ասում են ինձ, հինգ ժամում կատարել է ութ օրվա աշխատանք)։ Համարձակվում եմ հարցնել՝ արդյոք դա չի՞ նշանակում, որ առաջ նա ութ օր էր ծախսում հինգ ժամվա աշխատանք անելու համար։ Բայց իմ հարցը վատ է ընկալվում, եւ գերադասում են չպատասխանել։
   Եվ ճիշտ կլինի այդ գորշ եւ մանավանդ ստախանովական ֆոնի վրա ավելացնել մի եռանդուն երիտասարդություն, keen at work[6], որպես թթխմոր՝ ուրախ եւ մաքուր, որ կարող է բարձրացնել խմորը։
   Զանգվածների այդ իներցիան, ըստ իս, եղել է եւ է այն հիմնախնդրի կարեւորագույն պայմաններից մեկը, որ պետք է լուծեր Ստալինը։ Այդտեղից էլ գալիս են հարվածային բանվորները, այդտեղից է գալիս ստախանովականությունը։ Աշխատավարձի անհավասարությունը եւս բացատրվում է դրանով։
   Մենք այցելում ենք Սուխումի մերձակա մի օրինակելի կոլտնտեսություն։ Այն վեց տարվա պատմություն ունի։ Սկզբնական շրջանում վատ բերքատվություն ունենալուց հետո այն այսօր ամենածաղկուն կոլտնտեսություններից է։ Նրան կոչում են «միլիոնատեր»։ Այստեղ իշխում է երանելիության շունչը։ Կոլտնտեսությունը գտնվում է մի լայնարձակ տարածքում, որը կլիմայի շնորհիվ ունի առատ բուսականություն։ Բոլոր տներն այնտեղ կառուցված են փայտից, գետնից բարձրացված են փայտե ոտքերով եւ շատ գեղատեսիլ ու հմայիչ են՝ յուրաքանչյուրը շրջապատված մի մեծ մրգատու ծառերի, բանջարեղենի եւ ծաղիկների այգով։ Այս կոլտնտեսությունն անցյալ տարի աներեւակայելի շահույթներ է ունեցել, որի շնորհիվ շատ կարեւոր պահեստավորումներ է կատարել։ Բացի այդ, աշխատանքային օրվա սակագինը բարձրացել է վեց ռուբլի հիսուն կոպեկով։ Ինչպե՞ս է կազմվել այդ թիվը․ ճիշտ այն նույն հաշվարկով, որը, եթե կոլտնտեսությունը կապիտալիստական գյուղատնտեսական ձեռնարկություն լիներ, կթելադրեր բաժնետերերին հատկացվելիք շահագործում հանուն մի քանիսի շահի։ Այստեղ բաժնետերեր չկան։ Բանվորներն իրենք են (կոլտնտեսության բանվորներն են, անշուշտ) իրար մեջ բաժանում շահույթը, առանց պետության հանդեպ որեւէ պարտավորվածության[7]։ Դա հրաշալի կլիներ, եթե չլինեին ուրիշ կոլտնտեսություններ, ավելի աղքատ, որոնք հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Քանզի, եթե ես ճիշտ եմ հասկացել, յուրաքանչյուր կոլտնտեսություն ունի իր ինքնավարությունը, եւ փոխօգնության մասին խոսելնն ավելորդ է։ Գուցե սխալվում եմ․ կուզենայի, որ այդպես լիներ[8]։
   Ես այցելել եմ այդ ծաղկուն[9] կոլտնտեսության բնակավայրերից շատերը… կուզենայի արտահայտել այն տարօրինակ ու ճնշող տպավորությունը, որ թողնում է այդ տներից յուրաքանչյուրը՝ լիակատար անինքնատիպության տպավորություն։ Ամենուր նույն գարշելի կահույքը, նույն Ստալինի դիմանկարը եւ բացարձակապես ուրիշ ոչինչ։ Ոչ մի անձնական իր կամ հիշատակ։ Բոլոր տները փոխադարձաբար փոխարինելի են եւ մինչեւ այն աստիճան, որ թվում է, թե կոլտնտեսականներն իրենք նույնպես փոխադարձաբար փոխարինելի են, կարող են տեղափոխվել մեկը մյուսի տունը, առանց նույնիսկ որեւէ բան կասկածելու[10]։ Անշուշտ, այդպես ավելի հեշտ կարելի է հասնել երջանկության։ Եվ նաեւ այն պատճառով, կասեն ինձ, որ կոլտնտեսականն իր բոլոր հաճույքները վայելում է ընդհանուրի հետ։ Նրա սենյակն ընդամենը բույն է քնելու համար, նրա կյանքի ողջ հետաքրքրությունն ամփոփված է ակումբի, կուլտուրայի այգու, հավաքույթների մեջ։ Էլ ուրիշ ի՞նչ է պետք։ Բոլորի երջանկությանը կարելի է հասնել միայն յուրաքանչյուրին անհատականությունից զրկելու գնով։ Բոլորի երջանկությանը կարելի է հասնել միայն յուրաքանչյուրի հաշվին։ Եթե ուզում եք երջանիկ լինել, եղե՛ք միանման։
  1. — Եվ ձեր կարծիքով դա լա՞վ է, — գոչում է իմ ընկեր X֊ը, որին պատմում էի սա։ — Ծաղրը, հեգնանքը եւ քննադատությունը փոխկապակցված են միմյանց հետ։ Ծաղրի անընդունակ երեխան կդառնա դյուրահավատ ու հեզ երիտասարդ, որի «կոնֆորմիզմը» հետագայում կքննադատեք դուք, ծաղրողդ։ Ես կողմ եմ ֆրանսիական ծաղրող ոգուն, թեկուզ այն գործածվի իմ դեմ։
  2. Այն, ինչ ինձ նաեւ դուր է գալիս ԽՍՀՄ֊ում, երիտասարդության արտակարգ երկար տեւողությունն է, որին մենք Ֆրանսիայում (եւ կարծում եմ առհասարակ բոլոր լատինական երկրներում) վարժված չենք։ Երիտասարդությունը շատ հարուստ է խոստումներով, իսկ մեզ մոտ պատանին շուտ է դադարում խոստանալուց։ Արդեն տասնչորս տարեկանից միամտության կամ կյանքի առջեւ զարմանքի նվազագույն իսկ նշույլ։ Երեխան համարյա անմիջապես դառնում է երիտասարդ։ Խաղերն ավարտվում են։
  3. Պղնձյա գմբեթներն ու ոսկյա սրաձողերը։
  4. Տող Բոդլերի բանաստեղծությունից։
  5. Կանայք՝ պարտականության, տղաները՝ հաճույքի, սեխերը՝ հիացմունքի համար։
  6. Եռանդուն աշխատանքում։
  7. Համենայն դեպս ինձ քանիցս այդպես են պնդել։ Բոլոր տեղեկությունները, քանի դեռ վերստուգված չեն, ես համարում եմ կասկածելի, ինչպես գաղութներից ստացվող տեղեկությունները։ Դժվարանում եմ հավատալ, թե այդ կոլտնտեսությունն այն աստիճան արտոնյալ է, որ խուսափում է այլ կոլտնտեսությունների վրա դրված գյուղատնտեսական հումքի յոթ տոկոսի հանձնման պարտավորվածությունից, չհաշված 35֊ից 39 ռուբլի անհատական հարկը։
  8. Հավելում եմ մի քանի առավել ճշգրիտ տեղեկություններ։ Ես ստացել էի եւ շատ այլ տեղեկություններ, սակայն թվերն իմ տարերքը չեն, եւ զուտ տնտեսական հարցերը դուրս են մնում իմ իրավասությունից։ Բացի այդ, եթե սրանք ճիշտ եւ ճիշտ այն տեղեկություններն են, որ ինձ տվել են, ես այնուհանդերձ չեմ կարող երաշխավորել դրանց ճշգրտությունը։ Գաղութների փորձն ինձ սովորեցրել է չվստահել «տեղեկություններին»։ Ի վերջո, ամենագլխավորը՝ այս հարցերն արդեն բավական քննարկվել են մասնագետների կողմից։ Ես կարիք չունեմ նորից անդրադառնալու դրանց։
  9. Մեծ թվով այլ բնակավայրերում ընդհանրապես անհատական բնակարաններ չկան։ Մարդիկ ապրում են ընդհանուր «ննջարաններում» եւ հանրակացարաններում։
  10. Մարդկանց այդ ընդհանուր դիմազրկությունն ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ ընդհանուր ննջասենյակներում քնողներն ավելի քիչ են տանջվում նեղվածությունից, քան եթե նրանք ընդունակ լինեին անհատականացման։ Սակայն այդ ընդհանուր դիմազրկությունը, որին ԽՍՀՄ֊ում ամեն ինչ հեշտ ու հանգիստ է թվում, կարո՞ղ է արդյոք համարվել առաջընթաց։ Ես անձամբ այդպես չեմ կարծում։