Վերջին թարմացում 16 Հուլիսի 2013, 19:04
Ամստերդամցի նավաստին

հեղինակ՝ Գիյոմ Ապոլիներ
աղբյուր՝ Գրքերի աշխարհ 1991թ., հ.15

Համեմունքով և այլազան թանկարժեք ապրանքներով բեռնված հոլանդական "Ալկմաար" առագաստանավը վերադառնում էր Ճավայից:
Նավը կանգ առավ Սաութհեմփթընում, և նավաստիները թույլտվություն ստացան իջնել ափ:
Նրանցից մեկը` Հենդրիյկ Վերստեեգը, աջ ուսին դրել էր մի կապիկ, ձախ ուսին` մի թութակ և կրծքին էր սեղմել հնդկական գործվածքի մի հակ, որը ցանկանում էր, ինչպես և կենդանիներին, քաղաքում վաճառել:
Գարնան սկիզբն էր, և օրը շուտ էր մթնում: Հենդրիյկ Վերստեեգը գազի լապտերների աղոտ լուսավորության տակ լայն քայլերով անցնում էր մշուշապատ փողոցներով: Նավաստին մտածում էր, որ շուտով վերադառնալու է Ամստերդամ, երեք տարվա ընդմիջումից հետո տեսնելու է մորը, տեսնելու է Մոնիկենդամում իրեն սպասող նշանածին: Նա մտքում ծանրութեթև էր անում, թե ինչ եկամուտ են բերելու կենդանիներն ու գործվածքը և փնտրում էր որևէ խանութ, որտեղ կկարողանար վաճառել այս չնաշխարհիկ ապրանքները:
Ըբավ Բար փողոցում նրան մոտեցավ վայելչատես մի պարոն և հարցրեց, թե չէ՞ր կամենա արդյոք թութակը վաճառել:
- Իմ ուզածը,- ասաց պարոնը,- հենց այս թռչունն է: Ինձ անհրաժեշտ է մեկը, որ հետս խոսի` առանց սպասելու իմ պատասխանին:Եվ հետո, ես մենակ եմ ապրում:
Ինչպես և հոլանդացի նավաստիների մեծ մասը, Հենդրիյկ Վերստեեգը անգլերեն խոսում էր: Նա ասաց իր գինը, որին անծանոթը համաձայնեց:
- Հետևե'ք ինձ,- ասաց վերջինս,- ես բավական հեռու եմ ապրում: Դուք ինքներդ թութակին կդնեք իմ տանը եղած վանդակը: Հետո ցույց կտաք գործվածքները, և գուցե ճաշակիս համեմատ մի բան ճարվի:
Երկնային պարգևից այնքան երջանիկ Հենդրիյկ Վերստեեգը հետևեց ջենտլմենին և սկսեց կապկի գովքն անել` հուսալով, թե սրան էլ կհաջողվի ծախել: Նա ասում էր, թե կապիկը հազվագյուտ ցեղից է, որի ներկայացուցիչները լավագույնս դիմանում են Անգլիայի եղանակին և շատ արագ են վարժվում իրենց տիրոջը:
Բայց շուտով Հենդրիյկ Վերստեեգը դադարեց խոսել: Զուր տեղն էր ջանք վատնում, քանի որ անծանոթը չէր պատասխանում և կարծես նույնիսկ չէր լսում:
Նրանք լուռ կողք-կողքի շարունակեցին ճամփան: Միայն մառախուղից ահաբեկված կապիկը, կարոտելով հարազատ անտառները, արևադարձային օդը, երբեմն արձակում էր նորածնի ճիչ հիշեցնող աղաղակներ, և մեկ-մեկ էլ թութակն էր թևերը թափահարում:
Մոտ մի ժամ քայլելուց հետո անծանոթը հանկարծ ասաց.
-Մոտենում ենք իմ տանը:
Նրանք քաղաքից դուրս էին եկել. ճամփեզրին երկաթյա ճաղերով պատնեշված լայնարձակ պարտեզներ կային:Մերթ ընդ մերթ ծառերի արանքից փայլփլում էին որևէ մենատան լուսավորված պատուհանների ցոլքերը: Ժամանակ առ ժամանակ հետևում մնացած ծովից հասնում էր սիրենաների չարագուշակ ճիչը:
Անծանոթը կանգ առավ երկաթյա ցանկապատի առաջ, գրպանից հանեց բանալիների տրցակը, բացեց դարպասը ու, հենց որ Հենդրիյկը ներս մտավ, իսկույն փակեց:
Վախը պատեց նավաստուն. պարտեզի խորքում նա աղոտ նշմարեց բավականին գեղեցիկ մի առանձնատուն, որի փակված փեղկերից սակայն ոչ մի լույս չէր սպրդում:
Լռակյաց անծանոթ, անկյանք տուն` այս ամենը շատ էր չարագուշակ: Բայց Հենդրիյկը հիշեց, որ անծանոթը մենակ է ապրում:
"Խենթի մեկն է",- մտածեց նա, և քանի որ հոլանդացի նավաստի ասածդ հարկ եղածին չափ հարուստ չէ, որպեսզի մի մութ անկյուն քաշվի ու կողոպտվի, ամաչեց րոպեական իր կասկածից:
-Եթե լուցկի ունեք, լուսավորեք, - ասաց անծանոթը` բանալին մտցնելով մենատան դռան կողպեքի մեջ:
Նավաստին հնազանդվեց: Հենց որ ներս մտան, անծանոթը բերեց մի լապտեր, որի շողքի տակ շուտով երևաց ճաշակով կահավորված մի սրահ:
Հենդրիյկ Վերստեեգը միանգամայն խաղաղվել էր: Արդեն հույս ուներ, որ արտառոց ուղեկիցը կգնի նաև գործվածքի մեծ մասը:
Անծանոթը, որ դուրս էր եկել սրահից, վերադարձավ` ձեռքին վանդակ:
- Թութակը մեջը դրեք,- ասաց նա, - թառի վրա կտեղափոխեմ միայն այն ժամանակ, երբ ընտելանա և կարողանա ասել այն, ինչ որ ես եմ ուզում:
Հետո շլմորած թութակի վրա փակելով դռնակը` նավաստուն խնդրեց վերցնել լապտերը և գնալ հարևան սենյակը, որտեղ իր ասելով գործվածքը փռելու հարմար սեղան կար:
Հենդրիյկ Վերստեեգը հլու հնազանդ գնաց նշված սենյակը: Դուռը իսկույն ևեթ փակվեց իր հետևից, և լսեց, թե ինչպես է բանալին պտտվում կողպեքի մեջ: Նա բանտարկված էր:
Շվարած նավաստին լապտերը դրեց սեղանին և փորձեց հրելով դուռը ջարդել:Բայց մի ձայն կանգնեցրեց նրան:
- Եվս մի քայլ և դուք մեռած եք, նավաստի:
Գլուխը բարձրացնելով` Հենդրիյկը տեսավ մի երդիկ, որ մինչ այդ չէր նկատել, և որտեղից իրեն էր նայում ատրճանակի փողը: Նա սարսափից քար կտրեց:
Իմաստ չուներ դիմադրելը, տվյալ դեպքում նրա դանակն անզոր էր: Նույնիսկ ատրճանակը անօգուտ կլիներ: Անծանոթը, որի ողորմածությանն էր հանձնված, պատսպարվել էր պատի ետևում երդիկի կողքին, որից հետևում էր նավաստուն և միայն ատրճանակ պահած ձեռքն էր դուրս հանել:
-Ուշի ուշով լսեք ինձ,- ասաց անծանոթը,- և հնազանդվեք: Հարկադիր ծառայությունը, որ ինձ եք մատուցելու, կհատուցվի: Թեև ընտրության հնարավորություն էլ չունեք: Պետք է անվարան հնազանդվեք ինձ, թե չէ շանսատակ կանեմ: Բացեք սեղանի գզրոցը... Այնտեղ վեցկրականի ատրճանակ կա` մեջը հինգ փամփուշտ... Վերցրեք այն: