հեղինակ՝ Սերգեյ Դովլաթով |
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
Մեր նախահայր Մովսեսը Սուխովո գյուղից էր։ Հրեա եւ գյուղացի. սա, պետք է ասել, բավական հազվադեպ համադրություն է։ Հեռավոր Արևելքում, սակայն, պատահում էր։ Մովսեսի որդի Իսահակն արդեն քաղաքում էր ապրում։ Ասել է թե՝ վերականգնել էր իրադարձությունների բնականոն ընթացքը։ Սկզբում Իսահակն ապրել է Խարբինում, որտեղ էլ ծնվել է հայրս։ Հետո բնակություն է հաստատել Վլադիվոստոկի կենտրոնական փողոցներից մեկում։ Սկզբում Իսահակ պապս զբաղվել է ժամացույցների ու կենցաղային այլ իրերի վերանորոգմամբ։ Հետո որոշ ժամանակ զբաղվել է տպագրական գործով։ Էջկապ էր, եթե չեմ սխալվում։ Իսկ երկու տարի հետո խորտկարան է գնում Սվետլանկա թաղամասում։ Խորտկարանի հարևանությամբ Զամարաևի «Նեկտար, բալզամ» գինու խանութն էր։ Պապս հաճախ էր լինում Զամարաևի մոտ։ Բարեկամաբար խմում ու փիլիսոփայական զրույցներ էին վարում։ Հետո գնում էին պապիս խորտկարանը՝ ուտելու։ Հետո նորից վերադառնում էին Զամարաևի մոտ... ― Մեծ հոգու տեր տղամարդ ես, ― սիրում էր կրկնել Զամարաեւը, ― չնայած որ ջհուդ ես։ ― Հորս կողմից եմ միայն ջհուդ, ― ասում էր պապս, ― մորս կողմից նիդերլան եմ։ ― Էլ ով դիմանա՞, ― գոհունակությամբ ասում էր Զամարաևը։ Մի տարում հաջողացնում են խմել գինու խանութն ու ուտել խորտկարանը։ Ծերացած Զամարաևը մեկնում է որդիների մոտ՝ Եկատերինբուրգ։ Իսկ պապս գնում է պատերազմ։ Ռուս-ճապոնական պատերազմն էր սկսվել։ Բանակային ստուգայցերից մեկի ժամանակ նրան նկատում է կայսրը։ Պապիս հասակը մոտ յոթ ոտնաչափ էր. խնձորը մի բերան էր անում, բեղերը հասնում էին ուսադիրներին։ Կայսրը մոտենում է պապիս ու, ժպտալով, մատը դնում է նրա կրծքին։ Պապիս անմիջապես փոխադրում են գվարդիա։ Այստեղ նա, երևի թե, միակ սեմիթն էր։ Նրան կցում են հրետանային մարտկոցին։ Երբ ձիերն ուժասպառ էին լինում, պապս էր ճահիճների միջից դուրս քաշում հրանոթը։ Մի անգամ մարտի ժամանակ պապս միանում է գրոհողներին։ Մարտկոցը պետք է կրակով օգներ սրանց։ Սակայն թնդանոթները լուռ էին։ Պարզվում է, պապիս թիկունքը փակել էր հրետանավորների տեսադաշտը, հետն էլ՝ հակառակորդի ամրությունները։
Ռազմաճակատից պապս վերադառնում է երեք գծանի հրացանով ու մի քանի մեդալով։ Ս․ Գեւորգի խաչ էլ, կարծես թե, կար։ Ուղիղ մեկ շաբաթ խմում է։ Հետո աշխատանքի է տեղավորվում «Էդեմ» հաստատությունում՝ որպես ավագ մատուցող։ Մի օր վիճաբանություն է սարքում մատուցողներից մեկի հետ։ Սա ինչ֊որ բան դանդաղ կամ փնթի էր արել։ Պապս սկսում է գոռալ։ Բռունցքը խփում է սեղանին։ Այն հայտնվում է սեղանի գզրոցում։ Պապս տանել չէր կարողանում անկարգությունները։ Այդ պատճառով էլ բացասաբար ընդունեց հեղափոխությունը։ Ավելին՝ ինչ֊որ չափով դանդաղեցրեց հեղափոխության ընթացքը։
Այդպես է եղել։ Ծայրամասերի ժողովրդական զանգվածները հեղեղում են քաղաքի կենտրոնը։ Պապս կարծում էր, թե հրեաների հերթական ջարդն է։ Վերցնում է հրացանն ու բարձրանում տանիք։ Երբ զանգվածները մոտենում են, պապս սկսում է կրակել։ Նա Վլադիվոստոկի միակ բնակիչն էր, որ դիմադրել էր հեղափոխությանը։ Հաղթանակը, այնուամենայնիվ, բաժին է հասնում հեղափոխությանը։ Ժողովրդական զանգվածներն արդեն անարգել գրավում են քաղաքի կենտրոնը։ Հեղափոխությունից հետո պապս ընկճվում֊խաղաղվում է։ Դառնում է նույն համեստ արհեստավորը։ Ժամանակ առ ժամանակ, սակայն, հիշեցնւոմ է իր մասին։ Մի անգամ, օրինակ, պապս ոտնահարում է ամերիկյան «Մերխեր, Մերխեր եւ Ընկ․» ընկերության հեղինակությունը։ Ամերիկյան այս ընկերությունը Խաղաղ օվկիանոսով Հեռավոր Արեւելք էր բերել ծալովի մահճակալներ։ Թեեւ այդ անվանումն ավելի ուշ է ծնվել։ Այն տարիներին դա արտառոց մի նորույթ էր։ Կոչվում էր «Մեջիք բեդ»։ Այն օրերի ծալովի մահճակալը գրեթե չէր տարբերվում իր ժամանակակից տարբերակից։ Գունավոր բրեզենտ, զսպանակներ, ալյումինե հնոց․․․ Առաջընթաց ջատագով պապս գնում է հանրախանութ։ Մահճակալը դրված է լինում հատուկ բարձրահարթակի վրա։
― Ամերիկյան ընկերությունը ներկայացնում է նորույթ, ― ձայնում է վաճառողը։ ― Ամուրիի երազանք։ Ճանապարհորդի անփոխարինելի ընկեր։ Հարմարավետություն ու գրգանք։ Ցանականո՞ւմ եք փորձել։ ― Ցանկանում եմ, ― ասում է պապս։
Ու, կոշիկները՝ առանց քուդերն արձակելու, հանելով, պառկում է։ Ինչ-որ ճայթյուն է լսվում, վնգստում են զսպանակները։ Պապս հայտնվում է հատակին։ Վաճառողը, սիրալիր ժպիտը դեմքին, բացում է մեկ այլ մահճակալ։ Նույն ձայներն ու նույն արդյունքը։ Պապս, քթի տակ հայհոյելով, մեջքն է տրորում։ Վաճառողը բացում է երրորդ ծալովի մահճակալը։ Այս անգամ զսպանակները դիմանում են։ Անձայն ճկվում են, սակայն, ալյումինե ոտքերը։ Պապս կրկին հայտնվում է հատակին՝ այս անգամ դանդաղ ու անցավ։ Շուտով ամբողջ դահլիճը լցվում է խեղված հրաշք-մահճակալներով։ Անօգնական ճոճվում են բրեզենտի լաթերը։ Խեղճացած փայլում են ծռմռված ալյումինե խողովակները։ Պապս, այդ ընթացքում, սակարկելով գնում է մի բուտերբրոդ ու ծամելով հեռանում։ Ամերիկյան ընկերության հեղինակությունը ոտնահարված էր։ Այս դեպքից հետո «Մերխեր, Մերխեր և Ընկ.»–ը զբաղվել է զուտ բյուրեղապակյա ջահերի առևտրով...
Իսահակ պապս չափազանց շատ էր ուտում։ Բոքոն հացը ոչ թե լայնքով էր կտրում, այլ երկայնքով։ Հյուր գնալիս Ռայա տատս միշտ ամաչում էր նրա փոխարեն։ Հյուր գնալուց առաջ պապս կուշտ ճաշում էր։ Դա էլ չէր օգնում։ Հացը զույգ կտորներով էր ուտում։ Օղին կրեմ-սոդայի բաժակով էր խմում։ Երբ մատուցում էին անուշեղենը, խնդրում էր, որ չտանեն դոնդողածածկ ձուկը։ Տուն վերադառնալով, խոնջացած ընթրում էր...
Պապս երեք որդի ուներ։ Կրտսերը՝ Լեոպոլդը, դեռ պատանի էր, երբ մեկնեց Չինաստան։ Այնտեղից՝ Բելգիա։ Նրա մասին առանձին կպատմեմ։ Ավագներին՝ Միքայելին ու Դոնաթին, հրապուրում էր արվեստը։ Սրանք լքում են գավառական Վլադիվոստոկը։ Հիմնավորվում են Լենինգրադում։ Հետագայում այստեղ են գալիս նաև պապս ու տատս։ Որդիներն ամուսնանում են։ Պապիս կողքին նրանք նվազ ու անօգնական տեսք ունեին։ Երկու հարսներն էլ անտարբեր չէին պապիս նկատմամբ։
Աշխատում էր որպես բնակշահագործման գրասենյակի պետ, կամ նման մի բան։ Աշխատանքից հետո ժամացույցներ ու էլեկտրական սալիկներ էր վերանորոգում։ Առաջվա նման անսովոր ուժի տեր էր։ Մի անգամ Շչերբակովի նրբանցքում մի բեռնատարի վարորդ կոպտում է նրան։ Հայհոյանքը վիրավորում է պապիս ազգային արժանապատվությունը («ջհուդի մռութ», կամ դրա պես մի բան)։ Պապս բռնում է մեքենայի թափքից։ Կանգնեցնում է մեկուկես տոննայանոց բեռնատարը։ Վարորդին դուրս է շպրտում խցիկից։ Գետնից պոկում է բեռնատարը։ Շրջելով այն, կասգնեցնում է փողոցի լայնքով։ Բեռնատարի քիթը հպվում է բաղնիքի պատին։ Թափքի ետնամասը՝ Շչերբակովյան պուրակի ցանկապատին։ Վարորդը, գիտակցելով կատարվախը, արտասվում է։ Լացը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում է սպառնալիքներով։ ― Գլուխդ թռցնելու եմ, ― ասում է վարորդը։ ― Փորձի՛ր, ― պատասխանում է պապս։
Բեռնատարն այդպես կանգնած մնում է երկու օր։ Հետո վերամբար կռունկ են բերում․․․․
― Ինչո՞ւ պարզապես քիթ֊մռթին չհասցրիր, ― հարցրել էր հայրս։ Մի պահ մտածելուց հետո պապս ասել էր․ ― Բա որ շատ ուժեղ ստացվե՞ր ․․․
Արդեն ասել եմ, որ պապիս կրտսեր որդին՝ Լեոպոլդը, հայտնվել էր Բելգիայում։ Մի անգամ նրա մոտից մարդ էր եկել։ Անունը Մոնյա։ Մոնյան պապիս համար սմոկինգ էր բերել ու փչովի ընձուղտ։ Պարզվեց, որ ընձուղտը գլխարկների կախիչ էր։ Մոնյան հայհոյեց կապիտալիզմը, հիացավ սոցիալիստական արդյունաբերությամբ, հետո վերադարձավ Բելգիա։ Պապիս շուտով ձերբակալեցին՝ որպես բելգիական լրտեսի։ Տասը տարի տվեցին։ Տասը տարի՝ առանց նամակագրության իրավունքի։ Դա նշանակում էր՝ գնդակահարություն․․․ Նա չէր էլ դիմանա այնտեղ։ Առողջ տղամարդիկ ծանր են տանում սովը։ Իսկ ավելի ծանր՝ կամայականությունն ու անպատկառությունը․․․
Քսան տարի անց հայրս սկսեց զբաղվել նրա արդարացման հարցով։ Պապիս արդարացրին, քանի որ բացակա էր հանցակազմը։ Հարց է առաջանում․ հապա ի՞նչն էր ներկա։ Ինչո՞ւ ընդհատեցին այդ անհեթեթ ու զվարճալի կյանքը։
Ես պապիս հաճախ եմ հիշում, թեեւ ծանոթ չեմ եղել։ Ընկերս, ասենք, զարմանում է․ ― Ինչպե՞ս ես կարողանում ռոմը թեյի բաժակով խմել։ Անմիջապես պապիս եմ հիշում։ Կամ կինս է ասում․ ― Երեկոյան հրավիրված ենք Դոմբրովսկիների մոտ՝ խնջույքի։ Դու պետք է նախապես ճաշես։ Եւ կրկին այդ մարդուն եմ հիշում։ Բանտում էլ նրան հիշել եմ․․․ Ես պահել եմ պապիս լուսանկարներից մի քանիսը։ Թոռներս շփոթելու են մեզ․․․
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
Մորական պապս շատ խիստ բնավորության տեր էր։ Նույնիսկ Կովկասում նրան դյուրաբորբոք մարդ էին համարում։ Նրա հայացքից կինն ու երեխաները սսկված դողում էին։ Երբ պապիս որևէ բան դուր չէր գալիս, նա խոժոռում էր հոնքերն ու բամբ ձայնով գոռում. ԱԲԱՆԱՄԱՏ։ Այս խորհրդավոր բառը տառացիորեն սահմռկեցնում էր շրջապատի մարդկանց։ Անմեկին մի սոսկում էր պատում բոլորին։ ― ԱԲԱՆԱՄԱՏ, ― գոռում էր պապս։ Եվ տունը սսկվում էր քար լռության մեջ։
Մայրս այդպես էլ չիմացավ այդ բառի նշանակությունը։ Ես էլ երկար ժամանակ չէի հասկանում։ Բայց երբ ընդունվեցի համալսարան, անսպասելիորեն գուշակեցի։ Մորս, սակայն, ոչինչ չասացի։ Ինչո՞ւ ասեի... Պապիս ծանր բնավորությունը, ինձ թվում է, յուրահատուկ դաստիարակության արդյունք էր։ Երբ երեխա էր, գյուղացի հայրը նրան ծղանով էր ծեծում։ Մի անգամ երկու ժամ պահել է լքված ջրհորում։ Հետո մի կտոր պանիր ու կես շիշ նապարեուլի է իջեցրել։ Եվ դրանից մի ժամ հետո միայն դուրս է քաշել պապիս՝ թրջված ու հարբած...
Գուցե այդ պատճառով էր պապս այդքան կոպիտ ու դյուրաբորբոք։ Բարձրահասակ էր, նրբագեղ ու հպարտ։ Գործակատար էր էպշտեյնի պատրաստի հագուստեղենի խանութում։ Իսկ ծերության տարիներին այդ խանութի համատերն էր։ Պապս, կրկնում եմ, գեղեցիկ տղամարդ էր։ Նրա տան դիմաց ապրում էր Չիկվաիձե իշխանների բազմանդամ ընտանիքը։ Երբ պապս անցնում էր փողոցով, դեռատի էթերի, Նանա և Գալաթեա Չիկվաիձեները կախվում էին լուսամուտներից։
Ամբողջ ընտանիքն անխոս ենթարկվում էր պապիս։ Ինքը ոչ ոքի չէր ենթարկվում։ Երկնային ուժերը ներառյալ։ Աստծո հետ պապիս մենամարտերից մեկն ավարտվել է ոչ ոքի։ Թիֆլիսում երկրաշարժ էր սպասվում։ Արդեն այն ժամանակ կային օդերևութաբանական կենտրոններ։ Բացի դրանից, կային ամենատարբեր ժողովրդական նախանշաններ։ Հոգևորականները շրջում էին տնետուն ու տեղեկացնում բնակչությանը։ Թիֆլիսի բնակիչները հեռանում էին իրենց բնակարաններից՝ հետները տանելով արժեքավոր իրերը։ Շատերն ընդհանրապես մեկնում էին քաղաքից։ Քաղաքում մնացածները խարույկ էին վառում հրապարակներում։ Հարուստ թաղամասերն ազատ ասպարեզ էին դարձել թալանչիների համար։ Տանում էին կահույքը, ամանեղենը, վառելափայտը։ Ամբողջ Թիֆլիսում միայն մի տան պատուհաններն էին վառ լուսավորված։ Ավելի ճիշտ՝ այդ տան սենյակներից մեկւ։ Դա պապիս առանձնասենյակն էր։ Նա չէր կամեցել հեռանալ իր տնից։ Ազգականները փորձել էին համոզել նրան, սակայն՝ ապարդյուն։ ― Ստեփան, ախր կմեռնես, ― ասել էին ազգականները։ Պապս մռայլվել էր, ապա խոժոռ ու հանդիսավոր ձայնով ասել/ ― Քաքել եմ դիփունքիդ գլխի՛ն։
Տատս երեխաներին տանում է տնից՝ վերցնելով արժեքավոր ու անհրաժեշտ ամեն բան։ Նույնիսկ շանն ու թութակին։ Երկրաշարժը սկսվում է վաղ առավոտյան։ Առաջին իսկ ցնցումից փլվում է ջրմուղ աշտարակը։ Հաջորդ տասը րոպեի ընթացքում խորտակվում են հարյուրավոր տներ։ Քաղաքը պարուրում են արեւից շիկնած փոշու ամպերը։ Վերջապես ցնցումները դադարում են։ Տատս գլխապատառ վազում է տուն։ Օլգինսկայա փողոցից սոսկ ծխացող փլատակներ են մնացած լինում։ Դրանց մոտ՝ ողբացող կանայք, կլանչող շներ։ Վաղորդյան գունար երկնքում չարագույժ կռկռոցով պտտելիս են լինում ագռավները։ Մեր տունը փլված է լինում։ Դրա տեղում տատս տեսնում է աղյուսների ու տախտակների փոշեծածկ մի կույտ։ Եվ այդ ավերակի կենտրոնում՝ պապիս, իր բազկաթոռում։ Պապս ննջելիս է լինում։ Գոգին՝ լրագիր, ոտքերի մոտ՝ մի շիշ գինի։
― Ստեփան, ― ասում է տատս, ― Աստված մեզ պատժել է մեր մեղքերի համար։ Նա ավերել է մեր տունը․․․ Պապս բացում է աչքերը, նայում ժամացույցին, ափերն իրար զարկում ու հրամայում․ ― Նախաճա՛շը։ ― Աստված անօթեւան է թողել մեզ, ― շարունակում է ողբալ տատս։ ― Է֊էհ, ― ասում է պապս։ Հետո հաշվում է երեխաներին։ ― Ի՞նչ ենք անելու, Ստեփան։ Ո՞վ է մեզ օթեւան տալու։ Պապս բարկանում է։ ― Աստված մեզ տանիքից է զրկել, ― ասում է, ― իսկ դու զրկում ես ուտելիքից․․․ Կապրենք Բեգլար Ֆոմիչի տանը։ Ես նրա որդիների քավորն եմ։ Մեծն ավազակ դարձավ․․․ Բեգլարը լավ մարդ է։ Ափսոս, որ գինուն ջուր է խառնում։ ― Աստված ողորմած է, ― շշնջում է տատս։ Պապս մռայլվում, հոնքերը խոժոռում է։ Հետո խրատական
առոգանությամբ ու հատ-հատ արտասանում է.
― Ճիշտ չէ։ Բայց ողորմած է Բեգլար Ֆոմիչը։ Ափսոս, գինուն ջուր է խառնում... ― Աստված նորից կպատժի քեզ, Ստեփան, ― վախենում է տատս։ ― Քաքել եմ դիփունքիդ գլխին...
Զառամելու հետ նրա բնավորությունն անտանելի է դառնում։ Ծանր մահակը ձեռքից բաց չէր թողնում։ Ազգականները նրան այլևս իրենց տները չէին հրավիրում, բոլորին ստորացնում էր։ Կոպտում էր նույնիսկ իրենից տարիքավորներին․ Արևելքում դա խիստ հազվադեպ է պատահում։ Նրա հայացքից կանայք վայր էին գցում ափսեները։
Վերջին տարիներին պապս տանից դուրս չէր գալիս։ Օրերով նստում էր լուսամուտի մոտ՝ իր բազկաթոռում։ Անցնող-դարձողի վրա գոռում էր. ― Ռադդ քաշի, գող-ավազակ։ ― Ու ամուր սեղմում էր ձեռնափայտի բրոնզե գլխիկը։ Պապիս շուրջը գոյացել էր մեկուկես մետր տրամագծով վտանգավոր գոտի։ Այդքան էր նրա մահակի երկարությունը...
Հաճախ եմ փորձել հասկանալ, թե ինչու էր պապս այդքան մռայլ։ Ի՞նչն էր նրան մարդատյաց դարձրել... Ապահովված մարդ էր։ Ներկայանալի արտաքին ու նախանձելի առողջություն ուներ։ Չորս զավակ ու սիրող, հավատարիմ կին։ Գուցե աշխարհի դրվա՞ծքը նրան դուր չէր գալիս որպես այդպիսին։ Ամբողջ դրվածքը կամ դրա առանձին դրսևորումնե՞րը։ Ասենք՝ տարվա եղանակների հերթականությունը։ Կամ կյանքի ու մահվան հերթափոխի անսասանությունը։ Կամ երկրի ձգողականությունը։ Կամ ծովի և ցամաքի հակադրությունը։ Չեմ կարող ասել...
Պապս մահացել է սոսկալի հանգամանքներում։ Աստծու հետ նրա երկրորդ մենամարտը ողբերգական վախճան ունեցավ։ Վերջին տասը տարին բազկաթոռից չէր ելնում։ Վերջում նույնիսկ մահակը ձեռքը չէր առնում։ Միայն խոժոռվում էր...Պապս դարձել էր բնապատկերի առանձնահատկություններից մեկը։ Տեղական ճարտարապետության նշանակալի ու տեսարժան մի մաս։ Երբեմն նրա ուսերին թառում էին սև ագռավները...
Մեր փողոցը վերջանում էր խորը հեղեղատով։ Հատակում փրփրում էր մռայլ գլաքարերը շրջանցող գետակը։ Վթարված սայլերի կտորտանքի միջից սպտիակին էին տալիս սատկած ձիերի ոսկորները։ Երեխաներին արգելված էր հեղեղատին մոտենալ։ Կանայք ասում էին լուսադեմին տուն վերադարձած գինով ամուսիններին․ ― Փառք Աստծո։ Ես մտածում էի, թե հեղեղատն ես ընկել․․․
Ամառային միր առավոտ պապս հանկարծ ելնում է տեղից։ Ելնում ու վստահ քայլքով դուրս է գալիս տնից։ Երբ պապս անցնում է փողոցով, ծանրիրան տիկնայք Էթերի, Նանա եւ Գալաթեա Չիկվաիձեները կախվում են լուսամուտից։ Բարձրահասակ ու ձիգ, պապս քայլում է շուկայի ուղղությամբ։ Բարեւողներին պատասխանի չի արժանացնում։ Տանը նրա անհետանալը ուշացումով են նկատում։ Ինչպես ուշացումով կնկատեին բարդու, քարի, առվի անհետանալը․․․ Պապս կանգ է առնում հեղեղատի եզրին։ Մի կողմ է նետում ձեռնափայտը։ Տարածում է թեւերը։ Ու անում վերջին քայլը․․․ Վերջ։ Քիչ անց վազելով գալիս է տատս։ Հետո՝ հարեւանները։ Բարձրաձայն ճչում֊լալիս են։ Նրանց ողբը դադարում է միայն երեկոյան։ Եվ մռայլ գլաքարերը շրջանցող առվակի երբեք չդադարող խուլ աղմուկի միջից լսվում է պապիս ահարկու ու արհամարհական կանչը․ ― ՔԱՔԵԼ ԵՄ ԴԻՓՈՒՆՔԻԴ ԳԼԽԻՆ։ ԱԲԱՆԱՄԱՏ