հեղինակ՝ Սերգեյ Դովլաթով |
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
Մեր նախահայր Մովսեսը Սուխովո գյուղից էր։ Հրեա եւ գյուղացի. սա, պետք է ասել, բավական հազվադեպ համադրություն է։ Հեռավոր Արևելքում, սակայն, պատահում էր։ Մովսեսի որդի Իսահակն արդեն քաղաքում էր ապրում։ Ասել է թե՝ վերականգնել էր իրադարձությունների բնականոն ընթացքը։ Սկզբում Իսահակն ապրել է Խարբինում, որտեղ էլ ծնվել է հայրս։ Հետո բնակություն է հաստատել Վլադիվոստոկի կենտրոնական փողոցներից մեկում։ Սկզբում Իսահակ պապս զբաղվել է ժամացույցների ու կենցաղային այլ իրերի վերանորոգմամբ։ Հետո որոշ ժամանակ զբաղվել է տպագրական գործով։ Էջկապ էր, եթե չեմ սխալվում։ Իսկ երկու տարի հետո խորտկարան է գնում Սվետլանկա թաղամասում։ Խորտկարանի հարևանությամբ Զամարաևի «Նեկտար, բալզամ» գինու խանութն էր։ Պապս հաճախ էր լինում Զամարաևի մոտ։ Բարեկամաբար խմում ու փիլիսոփայական զրույցներ էին վարում։ Հետո գնում էին պապիս խորտկարանը՝ ուտելու։ Հետո նորից վերադառնում էին Զամարաևի մոտ...
― Մեծ հոգու տեր տղամարդ ես, ― սիրում էր կրկնել Զամարաեւը, ― չնայած որ ջհուդ ես։
― Հորս կողմից եմ միայն ջհուդ, ― ասում էր պապս, ― մորս կողմից նիդերլան եմ։
― Էլ ով դիմանա՞, ― գոհունակությամբ ասում էր Զամարաևը։ Մի տարում հաջողացնում են խմել գինու խանութն ու ուտել խորտկարանը։ Ծերացած Զամարաևը մեկնում է որդիների մոտ՝ Եկատերինբուրգ։ Իսկ պապս գնում է պատերազմ։ Ռուս-ճապոնական պատերազմն էր սկսվել։ Բանակային ստուգայցերից մեկի ժամանակ նրան նկատում է կայսրը։ Պապիս հասակը մոտ յոթ ոտնաչափ էր. խնձորը մի բերան էր անում, բեղերը հասնում էին ուսադիրներին։ Կայսրը մոտենում է պապիս ու, ժպտալով, մատը դնում է նրա կրծքին։ Պապիս անմիջապես փոխադրում են գվարդիա։ Այստեղ նա, երևի թե, միակ սեմիթն էր։ Նրան կցում են հրետանային մարտկոցին։ Երբ ձիերն ուժասպառ էին լինում, պապս էր ճահիճների միջից դուրս քաշում հրանոթը։ Մի անգամ մարտի ժամանակ պապս միանում է գրոհողներին։ Մարտկոցը պետք է կրակով օգներ սրանց։ Սակայն թնդանոթները լուռ էին։ Պարզվում է, պապիս թիկունքը փակել էր հրետանավորների տեսադաշտը, հետն էլ՝ հակառակորդի ամրությունները։
Ռազմաճակատից պապս վերադառնում է երեք գծանի հրացանով ու մի քանի մեդալով։ Ս․ Գեւորգի խաչ էլ, կարծես թե, կար։ Ուղիղ մեկ շաբաթ խմում է։ Հետո աշխատանքի է տեղավորվում «Էդեմ» հաստատությունում՝ որպես ավագ մատուցող։ Մի օր վիճաբանություն է սարքում մատուցողներից մեկի հետ։ Սա ինչ֊որ բան դանդաղ կամ փնթի էր արել։ Պապս սկսում է գոռալ։ Բռունցքը խփում է սեղանին։ Այն հայտնվում է սեղանի գզրոցում։ Պապս տանել չէր կարողանում անկարգությունները։ Այդ պատճառով էլ բացասաբար ընդունեց հեղափոխությունը։ Ավելին՝ ինչ֊որ չափով դանդաղեցրեց հեղափոխության ընթացքը։
Այդպես է եղել։ Ծայրամասերի ժողովրդական զանգվածները հեղեղում են քաղաքի կենտրոնը։ Պապս կարծում էր, թե հրեաների հերթական ջարդն է։ Վերցնում է հրացանն ու բարձրանում տանիք։ Երբ զանգվածները մոտենում են, պապս սկսում է կրակել։ Նա Վլադիվոստոկի միակ բնակիչն էր, որ դիմադրել էր հեղափոխությանը։ Հաղթանակը, այնուամենայնիվ, բաժին է հասնում հեղափոխությանը։ Ժողովրդական զանգվածներն արդեն անարգել գրավում են քաղաքի կենտրոնը։ Հեղափոխությունից հետո պապս ընկճվում֊խաղաղվում է։ Դառնում է նույն համեստ արհեստավորը։ Ժամանակ առ ժամանակ, սակայն, հիշեցնւոմ է իր մասին։ Մի անգամ, օրինակ, պապս ոտնահարում է ամերիկյան «Մերխեր, Մերխեր եւ Ընկ․» ընկերության հեղինակությունը։ Ամերիկյան այս ընկերությունը Խաղաղ օվկիանոսով Հեռավոր Արեւելք էր բերել ծալովի մահճակալներ։ Թեեւ այդ անվանումն ավելի ուշ է ծնվել։ Այն տարիներին դա արտառոց մի նորույթ էր։ Կոչվում էր «Մեջիք բեդ»։ Այն օրերի ծալովի մահճակալը գրեթե չէր տարբերվում իր ժամանակակից տարբերակից։ Գունավոր բրեզենտ, զսպանակներ, ալյումինե հնոց․․․ Առաջընթաց ջատագով պապս գնում է հանրախանութ։ Մահճակալը դրված է լինում հատուկ բարձրահարթակի վրա։
― Ամերիկյան ընկերությունը ներկայացնում է նորույթ, ― ձայնում է վաճառողը։ ― Ամուրիի երազանք։ Ճանապարհորդի անփոխարինելի ընկեր։ Հարմարավետություն ու գրգանք։ Ցանականո՞ւմ եք փորձել։
― Ցանկանում եմ, ― ասում է պապս։
Ու, կոշիկները՝ առանց քուդերն արձակելու, հանելով, պառկում է։ Ինչ-որ ճայթյուն է լսվում, վնգստում են զսպանակները։ Պապս հայտնվում է հատակին։ Վաճառողը, սիրալիր ժպիտը դեմքին, բացում է մեկ այլ մահճակալ։ Նույն ձայներն ու նույն արդյունքը։ Պապս, քթի տակ հայհոյելով, մեջքն է տրորում։ Վաճառողը բացում է երրորդ ծալովի մահճակալը։ Այս անգամ զսպանակները դիմանում են։ Անձայն ճկվում են, սակայն, ալյումինե ոտքերը։ Պապս կրկին հայտնվում է հատակին՝ այս անգամ դանդաղ ու անցավ։ Շուտով ամբողջ դահլիճը լցվում է խեղված հրաշք-մահճակալներով։ Անօգնական ճոճվում են բրեզենտի լաթերը։ Խեղճացած փայլում են ծռմռված ալյումինե խողովակները։ Պապս, այդ ընթացքում, սակարկելով գնում է մի բուտերբրոդ ու ծամելով հեռանում։ Ամերիկյան ընկերության հեղինակությունը ոտնահարված էր։ Այս դեպքից հետո «Մերխեր, Մերխեր և Ընկ.»–ը զբաղվել է զուտ բյուրեղապակյա ջահերի առևտրով...
Իսահակ պապս չափազանց շատ էր ուտում։ Բոքոն հացը ոչ թե լայնքով էր կտրում, այլ երկայնքով։ Հյուր գնալիս Ռայա տատս միշտ ամաչում էր նրա փոխարեն։ Հյուր գնալուց առաջ պապս կուշտ ճաշում էր։ Դա էլ չէր օգնում։ Հացը զույգ կտորներով էր ուտում։ Օղին կրեմ-սոդայի բաժակով էր խմում։ Երբ մատուցում էին անուշեղենը, խնդրում էր, որ չտանեն դոնդողածածկ ձուկը։ Տուն վերադառնալով, խոնջացած ընթրում էր...
Պապս երեք որդի ուներ։ Կրտսերը՝ Լեոպոլդը, դեռ պատանի էր, երբ մեկնեց Չինաստան։ Այնտեղից՝ Բելգիա։ Նրա մասին առանձին կպատմեմ։ Ավագներին՝ Միքայելին ու Դոնաթին, հրապուրում էր արվեստը։ Սրանք լքում են գավառական Վլադիվոստոկը։ Հիմնավորվում են Լենինգրադում։ Հետագայում այստեղ են գալիս նաև պապս ու տատս։ Որդիներն ամուսնանում են։ Պապիս կողքին նրանք նվազ ու անօգնական տեսք ունեին։ Երկու հարսներն էլ անտարբեր չէին պապիս նկատմամբ։
Աշխատում էր որպես բնակշահագործման գրասենյակի պետ, կամ նման մի բան։ Աշխատանքից հետո ժամացույցներ ու էլեկտրական սալիկներ էր վերանորոգում։ Առաջվա նման անսովոր ուժի տեր էր։ Մի անգամ Շչերբակովի նրբանցքում մի բեռնատարի վարորդ կոպտում է նրան։ Հայհոյանքը վիրավորում է պապիս ազգային արժանապատվությունը («ջհուդի մռութ», կամ դրա պես մի բան)։ Պապս բռնում է մեքենայի թափքից։ Կանգնեցնում է մեկուկես տոննայանոց բեռնատարը։ Վարորդին դուրս է շպրտում խցիկից։ Գետնից պոկում է բեռնատարը։ Շրջելով այն, կասգնեցնում է փողոցի լայնքով։ Բեռնատարի քիթը հպվում է բաղնիքի պատին։ Թափքի ետնամասը՝ Շչերբակովյան պուրակի ցանկապատին։ Վարորդը, գիտակցելով կատարվախը, արտասվում է։ Լացը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում է սպառնալիքներով։
― Գլուխդ թռցնելու եմ, ― ասում է վարորդը։
― Փորձի՛ր, ― պատասխանում է պապս։
Բեռնատարն այդպես կանգնած մնում է երկու օր։ Հետո վերամբար կռունկ են բերում․․․․
― Ինչո՞ւ պարզապես քիթ֊մռթին չհասցրիր, ― հարցրել էր հայրս։
Մի պահ մտածելուց հետո պապս ասել էր․
― Բա որ շատ ուժեղ ստացվե՞ր ․․․
Արդեն ասել եմ, որ պապիս կրտսեր որդին՝ Լեոպոլդը, հայտնվել էր Բելգիայում։ Մի անգամ նրա մոտից մարդ էր եկել։ Անունը Մոնյա։ Մոնյան պապիս համար սմոկինգ էր բերել ու փչովի ընձուղտ։ Պարզվեց, որ ընձուղտը գլխարկների կախիչ էր։ Մոնյան հայհոյեց կապիտալիզմը, հիացավ սոցիալիստական արդյունաբերությամբ, հետո վերադարձավ Բելգիա։ Պապիս շուտով ձերբակալեցին՝ որպես բելգիական լրտեսի։ Տասը տարի տվեցին։ Տասը տարի՝ առանց նամակագրության իրավունքի։ Դա նշանակում էր՝ գնդակահարություն․․․ Նա չէր էլ դիմանա այնտեղ։ Առողջ տղամարդիկ ծանր են տանում սովը։ Իսկ ավելի ծանր՝ կամայականությունն ու անպատկառությունը․․․
Քսան տարի անց հայրս սկսեց զբաղվել նրա արդարացման հարցով։ Պապիս արդարացրին, քանի որ բացակա էր հանցակազմը։ Հարց է առաջանում․ հապա ի՞նչն էր ներկա։ Ինչո՞ւ ընդհատեցին այդ անհեթեթ ու զվարճալի կյանքը։
Ես պապիս հաճախ եմ հիշում, թեեւ ծանոթ չեմ եղել։
Ընկերս, ասենք, զարմանում է․
― Ինչպե՞ս ես կարողանում ռոմը թեյի բաժակով խմել։
Անմիջապես պապիս եմ հիշում։
Կամ կինս է ասում․
― Երեկոյան հրավիրված ենք Դոմբրովսկիների մոտ՝ խնջույքի։ Դու պետք է նախապես ճաշես։
Եւ կրկին այդ մարդուն եմ հիշում։ Բանտում էլ նրան հիշել եմ․․․
Ես պահել եմ պապիս լուսանկարներից մի քանիսը։ Թոռներս շփոթելու են մեզ․․․
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
Մորական պապս շատ խիստ բնավորության տեր էր։ Նույնիսկ Կովկասում նրան դյուրաբորբոք մարդ էին համարում։ Նրա հայացքից կինն ու երեխաները սսկված դողում էին։ Երբ պապիս որևէ բան դուր չէր գալիս, նա խոժոռում էր հոնքերն ու բամբ ձայնով գոռում. ԱԲԱՆԱՄԱՏ։ Այս խորհրդավոր բառը տառացիորեն սահմռկեցնում էր շրջապատի մարդկանց։
Անմեկին մի սոսկում էր պատում բոլորին։
― ԱԲԱՆԱՄԱՏ, ― գոռում էր պապս։ Եվ տունը սսկվում էր քար լռության մեջ։
Մայրս այդպես էլ չիմացավ այդ բառի նշանակությունը։ Ես էլ երկար ժամանակ չէի հասկանում։ Բայց երբ ընդունվեցի համալսարան, անսպասելիորեն գուշակեցի։ Մորս, սակայն, ոչինչ չասացի։ Ինչո՞ւ ասեի...
Պապիս ծանր բնավորությունը, ինձ թվում է, յուրահատուկ դաստիարակության արդյունք էր։ Երբ երեխա էր, գյուղացի հայրը նրան ծղանով էր ծեծում։ Մի անգամ երկու ժամ պահել է լքված ջրհորում։ Հետո մի կտոր պանիր ու կես շիշ նապարեուլի է իջեցրել։ Եվ դրանից մի ժամ հետո միայն դուրս է քաշել պապիս՝ թրջված ու հարբած...
Գուցե այդ պատճառով էր պապս այդքան կոպիտ ու դյուրաբորբոք։ Բարձրահասակ էր, նրբագեղ ու հպարտ։ Գործակատար էր էպշտեյնի պատրաստի հագուստեղենի խանութում։ Իսկ ծերության տարիներին այդ խանութի համատերն էր։ Պապս, կրկնում եմ, գեղեցիկ տղամարդ էր։ Նրա տան դիմաց ապրում էր Չիկվաիձե իշխանների բազմանդամ ընտանիքը։ Երբ պապս անցնում էր փողոցով, դեռատի էթերի, Նանա և Գալաթեա Չիկվաիձեները կախվում էին լուսամուտներից։
Ամբողջ ընտանիքն անխոս ենթարկվում էր պապիս։ Ինքը ոչ ոքի չէր ենթարկվում։ Երկնային ուժերը ներառյալ։ Աստծո հետ պապիս մենամարտերից մեկն ավարտվել է ոչ ոքի։ Թիֆլիսում երկրաշարժ էր սպասվում։ Արդեն այն ժամանակ կային օդերևութաբանական կենտրոններ։ Բացի դրանից, կային ամենատարբեր ժողովրդական նախանշաններ։ Հոգևորականները շրջում էին տնետուն ու տեղեկացնում բնակչությանը։ Թիֆլիսի բնակիչները հեռանում էին իրենց բնակարաններից՝ հետները տանելով արժեքավոր իրերը։ Շատերն ընդհանրապես մեկնում էին քաղաքից։ Քաղաքում մնացածները խարույկ էին վառում հրապարակներում։ Հարուստ թաղամասերն ազատ ասպարեզ էին դարձել թալանչիների համար։ Տանում էին կահույքը, ամանեղենը, վառելափայտը։ Ամբողջ Թիֆլիսում միայն մի տան պատուհաններն էին վառ լուսավորված։ Ավելի ճիշտ՝ այդ տան սենյակներից մեկւ։ Դա պապիս առանձնասենյակն էր։ Նա չէր կամեցել հեռանալ իր տնից։ Ազգականները փորձել էին համոզել նրան, սակայն՝ ապարդյուն։
― Ստեփան, ախր կմեռնես, ― ասել էին ազգականները։
Պապս մռայլվել էր, ապա խոժոռ ու հանդիսավոր ձայնով ասել/
― Քաքել եմ դիփունքիդ գլխի՛ն։
Տատս երեխաներին տանում է տնից՝ վերցնելով արժեքավոր ու անհրաժեշտ ամեն բան։ Նույնիսկ շանն ու թութակին։ Երկրաշարժը սկսվում է վաղ առավոտյան։ Առաջին իսկ ցնցումից փլվում է ջրմուղ աշտարակը։ Հաջորդ տասը րոպեի ընթացքում խորտակվում են հարյուրավոր տներ։ Քաղաքը պարուրում են արեւից շիկնած փոշու ամպերը։ Վերջապես ցնցումները դադարում են։ Տատս գլխապատառ վազում է տուն։ Օլգինսկայա փողոցից սոսկ ծխացող փլատակներ են մնացած լինում։ Դրանց մոտ՝ ողբացող կանայք, կլանչող շներ։ Վաղորդյան գունար երկնքում չարագույժ կռկռոցով պտտելիս են լինում ագռավները։ Մեր տունը փլված է լինում։ Դրա տեղում տատս տեսնում է աղյուսների ու տախտակների փոշեծածկ մի կույտ։ Եվ այդ ավերակի կենտրոնում՝ պապիս, իր բազկաթոռում։ Պապս ննջելիս է լինում։ Գոգին՝ լրագիր, ոտքերի մոտ՝ մի շիշ գինի։
― Ստեփան, ― ասում է տատս, ― Աստված մեզ պատժել է մեր մեղքերի համար։ Նա ավերել է մեր տունը․․․
Պապս բացում է աչքերը, նայում ժամացույցին, ափերն իրար զարկում ու հրամայում․
― Նախաճա՛շը։
― Աստված անօթեւան է թողել մեզ, ― շարունակում է ողբալ տատս։
― Է֊էհ, ― ասում է պապս։ Հետո հաշվում է երեխաներին։
― Ի՞նչ ենք անելու, Ստեփան։ Ո՞վ է մեզ օթեւան տալու։
Պապս բարկանում է։
― Աստված մեզ տանիքից է զրկել, ― ասում է, ― իսկ դու զրկում ես ուտելիքից․․․ Կապրենք Բեգլար Ֆոմիչի տանը։ Ես նրա որդիների քավորն եմ։ Մեծն ավազակ դարձավ․․․ Բեգլարը լավ մարդ է։ Ափսոս, որ գինուն ջուր է խառնում։
― Աստված ողորմած է, ― շշնջում է տատս։ Պապս մռայլվում, հոնքերը խոժոռում է։ Հետո խրատական առոգանությամբ ու հատ-հատ արտասանում է.
― Ճիշտ չէ։ Բայց ողորմած է Բեգլար Ֆոմիչը։ Ափսոս, գինուն ջուր է խառնում...
― Աստված նորից կպատժի քեզ, Ստեփան, ― վախենում է տատս։
― Քաքել եմ դիփունքիդ գլխին...
Զառամելու հետ նրա բնավորությունն անտանելի է դառնում։ Ծանր մահակը ձեռքից բաց չէր թողնում։ Ազգականները նրան այլևս իրենց տները չէին հրավիրում, բոլորին ստորացնում էր։ Կոպտում էր նույնիսկ իրենից տարիքավորներին․ Արևելքում դա խիստ հազվադեպ է պատահում։ Նրա հայացքից կանայք վայր էին գցում ափսեները։
Վերջին տարիներին պապս տանից դուրս չէր գալիս։ Օրերով նստում էր լուսամուտի մոտ՝ իր բազկաթոռում։ Անցնող-դարձողի վրա գոռում էր.
― Ռադդ քաշի, գող-ավազակ։ ― Ու ամուր սեղմում էր ձեռնափայտի բրոնզե գլխիկը։ Պապիս շուրջը գոյացել էր մեկուկես մետր տրամագծով վտանգավոր գոտի։ Այդքան էր նրա մահակի երկարությունը...
Հաճախ եմ փորձել հասկանալ, թե ինչու էր պապս այդքան մռայլ։ Ի՞նչն էր նրան մարդատյաց դարձրել... Ապահովված մարդ էր։ Ներկայանալի արտաքին ու նախանձելի առողջություն ուներ։ Չորս զավակ ու սիրող, հավատարիմ կին։ Գուցե աշխարհի դրվա՞ծքը նրան դուր չէր գալիս որպես այդպիսին։ Ամբողջ դրվածքը կամ դրա առանձին դրսևորումնե՞րը։ Ասենք՝ տարվա եղանակների հերթականությունը։ Կամ կյանքի ու մահվան հերթափոխի անսասանությունը։ Կամ երկրի ձգողականությունը։ Կամ ծովի և ցամաքի հակադրությունը։ Չեմ կարող ասել...
Պապս մահացել է սոսկալի հանգամանքներում։ Աստծու հետ նրա երկրորդ մենամարտը ողբերգական վախճան ունեցավ։ Վերջին տասը տարին բազկաթոռից չէր ելնում։ Վերջում նույնիսկ մահակը ձեռքը չէր առնում։ Միայն խոժոռվում էր...Պապս դարձել էր բնապատկերի առանձնահատկություններից մեկը։ Տեղական ճարտարապետության նշանակալի ու տեսարժան մի մաս։ Երբեմն նրա ուսերին թառում էին սև ագռավները...
Մեր փողոցը վերջանում էր խորը հեղեղատով։ Հատակում փրփրում էր մռայլ գլաքարերը շրջանցող գետակը։ Վթարված սայլերի կտորտանքի միջից սպտիակին էին տալիս սատկած ձիերի ոսկորները։ Երեխաներին արգելված էր հեղեղատին մոտենալ։ Կանայք ասում էին լուսադեմին տուն վերադարձած գինով ամուսիններին․
― Փառք Աստծո։ Ես մտածում էի, թե հեղեղատն ես ընկել․․․
Ամառային միր առավոտ պապս հանկարծ ելնում է տեղից։ Ելնում ու վստահ քայլքով դուրս է գալիս տնից։ Երբ պապս անցնում է փողոցով, ծանրիրան տիկնայք Էթերի, Նանա եւ Գալաթեա Չիկվաիձեները կախվում են լուսամուտից։ Բարձրահասակ ու ձիգ, պապս քայլում է շուկայի ուղղությամբ։ Բարեւողներին պատասխանի չի արժանացնում։ Տանը նրա անհետանալը ուշացումով են նկատում։ Ինչպես ուշացումով կնկատեին բարդու, քարի, առվի անհետանալը․․․ Պապս կանգ է առնում հեղեղատի եզրին։ Մի կողմ է նետում ձեռնափայտը։ Տարածում է թեւերը։ Ու անում վերջին քայլը․․․ Վերջ։ Քիչ անց վազելով գալիս է տատս։ Հետո՝ հարեւանները։ Բարձրաձայն ճչում֊լալիս են։ Նրանց ողբը դադարում է միայն երեկոյան։ Եվ մռայլ գլաքարերը շրջանցող առվակի երբեք չդադարող խուլ աղմուկի միջից լսվում է պապիս ահարկու ու արհամարհական կանչը․
― ՔԱՔԵԼ ԵՄ ԴԻՓՈՒՆՔԻԴ ԳԼԽԻՆ։ ԱԲԱՆԱՄԱՏ
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
Ռոման Ստեփանովիչ քեռիս սիրում էր կրկնել.
― Առողջ մարմնում՝ համապատասխան ոգի...
Երիտասարդության տարիներին կինտո էր Թիֆլիսում։ Այս բառը թարգմանելը բավական դժվար է։ Կինտոն ո՛չ խուլիգան է, ո՛չ հարբեցող, ո՛չ էլ պորտաբույծ։ Թեև խմում է, խուլիգանություն է անում ու չի աշխատում...
Քեռիս հսկայական խանչալ ուներ։ Պատանեկությունից սիրում էր նապարեալի գինի ու մարմնեղ շիկահեր կանանց...
Ճշմարիտ կինտոյի գլխավոր արժանիքը, թերևս, սրամտությունն է։ Քեռուս հումորը աչքի էր ընկնում որոշ յուրօրինակությամբ։ Տասնչորսամյա քեռիս, օրինակ, քիչ էր մնացել խափանի վրացական խորհրդային հանրապետության հոբելյանը։
Տեղի էր ունեցել հետևյալը։ Թբիլիսիում լայնորեն նշվում էր նշանակալի տարելիցը՝ հանրապետության յոթնամյակը։ Լիբկնեխտի անվան մշակույթի պալատի հսկայական դահլիճը լեփ-լեցուն էր։ Բարձրաստիճան ղեկավարությունը ճառեր էր արտասանում։ Նրանցից հետո բեմ էին բարձրանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Հայերի կողմից ելույթ պիտի ունենար մորաքույրս։ Անունը Անելյա էր։ Անելյա մորաքույրս երկու շաբաթ պատրաստվել էր այդ ելույթին։
― Արդեն յոթ տարի է... ― սկսում է նա։ Դահլիճը սսկվում է։
― Արդեն յոթ տարի է... ― կրկնում է մորաքույրս։
Ինչ-որ չխկոց է լսվում։ Ինչ-որ մեկը փորձում է անձայն անցնել շարքերի միջով։
― Արդեն յոթ տարի է... ― փոքր-ինչ ավելի վստահ ձայնով ասում է Անելյա մորաքույրս։
Ետնաբեմի դիմանկարից խորամանկ ժպիտով հանդիսականներին է նայում գեներալիսիմուսը։ Լիակատար լռություն է։ Այս պահին լսվում է քեռուս առույգ ձայնը.
― Արդեն յոթ տարի է, ոչ ոք չի ուզում ամուսնանալ Անելյայի հետ։
Անելյա մորաքույրս հեկեկալով հեռանում է բեմից։ Ռոման քեռուս մի օր պահում են միլիցիայում...
Դեռ պատերազմից առաջ քեռիս որոշում է ընդունվել համալսարան ու դառնալ փիլիսոփա։ Որոշակի նպատակ չունեցող մարդու համար միանգամայն բնական որոշում։ Կյանքի անորոշ ու մշուշոտ զգացողությամբ բոլոր մարդիկ երազում են զբաղվել փիլիսոփայությամբ։
Ռոման քեռիս գործերը տալիս է համալսարան։ Ռուս գրականության քննությունն է։ Քեռիս կանգնեցնում է քննությունից դուրս եկող դիմորդներին ու հարցնում․
― Կներես, սիրելիս։ Քեզ ի՞նչ հարց ընկավ։
― Պուշկին, ― ասում է մեկը։
― Հիանալի է, ― բացականչում է քեռիս։ ― Հենց դա չէի սովորել։
― Լերմոնտով, ― ասում է երկրորդը։
― Հիանալի է, ― բացականչում է քեռիս։ ― Հենց դա չէի սովորել։
― Գոգոլ, ― ասում է երրորդը։
― Հիանալի է, ― բացականչում է քեռիս։ ― Հենց դա չէի սովորել։
Վերջապես կանչում են Ռոման քեռուս։ Մոտենում է սեղանին, քաշում տոմսը ու կարդում․ «Գրիբոյեդովի ստեղծագործական ուղին»։
― Վայ իմ բախտին, ― բացականչում է քեռիս։ ― Հենց սա չէի սովորել․․․
Երբ սկսվեց պատերազմը, քեռիս ուրախացավ։ Պատերազմում նրա պես մարդիկ գին ունեն։ Խաղաղ ժամանակ էլ քեռիս կռվել սիրում էր։
Վերադարձավ փոխգնդապետի կոչումով։ Պատերազմը նրան մարդ դարձրեց։
Մյուս բոլոր պաշտոնաթող փոխգնդապետների պես, քեռիս ղեկավարում էր անվտանգության տեխնիկայի բաժինը «Լուչ» ֆաբրիկայում։ (Գնդապետները ղեկավարում են կադրերի բաժինները։)
Հնարավոր է, որ գաղափար ուներ անվտանգության տեխնիկայի մասին․ չի բացառվում։ Իր ողջ եռանդը, սակայն, նվիրում էր ֆիզկուլտ-մասսայական աշխատանքներին։ Կազմակերպում է կոլեկտիվ մրցալողեր, դահուկավազքեր։ Անցկացնում է վոլեյբոլի մրցումներ։ Նրա մասին գրում են թերթերում։
Վաթսուներեք տարեկանում նա հիանալի դահուկորդ էր ու կարող էր հաջողությամբ կռվել փողոցում։
― Առողջ մարնում՝ համապատասխան ոգի, ― հաճախ կրկնում էր նա։
Իմ նկատմամբ Ռոման քեռիս տածում էր անկեղծ քամահրանք։ Առավոտյան մարզանք չէի անում։ Սառը ջրով մարմինս չէի շփում։ Առհասարակ՝ ատում էի կտրուկ շարժումները։ Իսկ եթե ինձ կոպտում էին, փորձում էի զիջումների գնալով հարթել։ Թեև ինձ հազվադեպ են վիրավորում։ Ամբողջ կյանքիս ընթացքում՝ ընդամենը երեք անգամ։ Երեք անգամն էլ՝ քեռիս։
― Ինտելիգե՛նտ, ― գոռում էր նա։ ― Կնիկարմա՛տ...
Երբ հարցնում էին, թե ով է իր սիրած գրողը, քեռիս անվարան պատասխանում էր.
― Մարտին Իդենը։
Փողոցային կռիվներում իր սխրանքների մասին պատմում էր ժամերով։ Ընդ որում՝ շատը հորինում էր։ Իսկ երբ հարցնում էի պատերազմի մասին, քեռիս համառորեն լռում էր։ Չէր սիրում այդ մասին խոսել։ Չեմ կարող ասել, թե ինչու...
Քեռիս երեխաներ ուներ Սուխանովա Աննա Գրիգորևնայից։ Տղա և աղջիկ։ Պարբերաբար այցելում էր նրանց։ Թերթում էր դպրոցական տետրերը, ստորագրում օրագրերը։ Եվ անփոփոխ կրկնում.
― Առողջ մարմնում՝ համապատասխան ոգի։
Մի անգամ Աննա Գրիգորևնան խոհանոցում գործ անելիս է լինում։ Երեխաները սենյակում խաղալիս են լինում հոր հետ։ Քեռիս անսպասելիորեն բաց է թողնում։ Երեխաները սկսում են հռհռալ։
Լսելով աղմուկը՝ գալիս է Աննա Գրիգորևնան։ Կանգնում է շեմին, ձեռքերը խաչում կրծքին ու խորիմաստ ասում.
― Երեխաներին, այնուամենայնիվ, հայր պետք է։ Ինչ լավ խաղում են, կատակում, ծիծաղում...
Քեռիս կին էլ ուներ՝ Գալինա Պավլովնան։ Ինչպես ինքն էր ասում՝ բուժաշխատող։ Քեռիս սիրում ու հարգում էր նրան։ Քանզի Գալինա Պավլովնան կիսում էր նրա փիլիսոփայական կրեդոն՝ «Առողջ մարմնում՝ համապատասխան ոգի»։
Մի օր նրանց բնակարանի զանգը տալիս են։ Քեռիս աշխատանքի է լինում։ Իսկ Գալինան ընդմիջմանը եկել էր ճաշելու։ Եվ ահա հնչում է դռան զանգը։
― Ո՞վ է, ― հարցնում է Գալինան։
Տղամարդու ձայնն ասում է.
― Մի բաժակ ջուր կտա՞ք հղի կնոջս։
Բացվող դռնից ներս է մտնում մի հաղթանդամ տղամարդ ու առանց որևէ բառ արտասանելու սրած խարտոցը խրում տանտիրուհու փորը։ Գալինան նետվում է դեպի հեռախոսը։ Գիտակցությունը կորցնելով ճչում․
― Ռոմա՛։ Փրկի՛ր։ Սպանում են․․․
Քեռիս տեղ է հասնում կես ժամ հետո՝ բեռնատարով։ Գալինային «Շտապ օգնությունն» արդեն տարած է լինում։ Բանդիտին բռնել էին հարեւանները։ Ձեռքերը ոլորելիս, նա ծիծաղում էր։ Նրա արարքի շարժառիթները այդպես էլ անհայտ մնացին։ Հնարավոր է, որ մոլագար էր․․․
Այդ օրը քեռիս ամբողջ երեկո լավ է եղել։ Իսկ երբ Գալինային դուրս գրեցին հիվանդանոցից, գամփռ շուն առավ։
Անունը Գոլդա էին դրել։ Դա քեռուս սրամտության ու հազիվ նկատելի հակասեմիթիզմի դրեւորումն էր։
Հայերից շատերը (հատկապես Վրաստանի հայերը) չեն սիրում հրեաներին։ Չնայած շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե չսիրեին ռուսներին, վրացիներին կամ թուրքերին։ Հրեաներն էլ առանձին ջերմությամբ չեն վերաբերում հայերին։ Երեւի հալածվածները հակված չեն սիրելու այլ հալածականներին։ Գերադասում են սիրել տերերին։ Ծայրահեղ դեպքում՝ իրենց․․․
Գամփռի անունը Գոլդա էր։ Սկզբում հմայիչ ծուռթաթ քոթոթ էր։ Հետո մեծացավ, մասնակցում էր ցուցահանդեսների։ Ինչ֊որ երկրորդական մեդալ էլ կարծեմ ստացավ։ Բայց մի օր առանց որեւէ պատճառի դաժանորեն կծեց Գալինային։
Քեռիս ուզում էր սպանել շանը, բայց կինը համոզեց չանել այդ բանը։ Հանձնեցին շնաբուծարան։ Ռոման քեռիս շարունակում էր առավոտները մարզանք անել, ձիգ ու բարեկազմ տեսք ուներ։ Կարող էր ցատկել ընթացող տրամվայի ոտնակին ու կարգի հրավիրել ցանկացած խուլիգանի։ Սակայն խուլիգանների գրեթե չէր հանդիպում, տրամվայներն էլ քաղաքում շատ չէին․․․
Ու հանկարծ ինձ հաղորդեցին, որ քեռիս հոգեբուժարանում է։ Գալինա Պավլովնան ասաց՝ «նյարդաբանական կլինիկայում»։ Բայց դա հոգեբուժարան էր։ Գնացի այնտեղ։ Մի քանի անշուք, գորշ շինություններ՝ շրջապատված անխնամ ծառերով ու ցանցառ թփերով։ Փոշոտ ծառուղիներում ճմում էին հիվանդները՝ միատեսակ գործ խալաթներով։ Խալաթները կամ շատ մեծ էին, կամ շատ փոքր։ Կարծես բարձրահասակներին դիտմամբ տալիս էին փոքր չափսերը։ Իսկ վտիտ ցածրահասակներին՝ ամենամեծերը։ Հիվանդները հիմանակում միայնակ էին զբոսնում։ Ոմանք զուսպ ու վերացած շարժումներ էին անում՝ անձայն բացուխուփ անելով բերանները։ Վախ չէի զգում, միայն խղճահարություն։
Վերջապես կանչեցին քեռուս։ Զարմանալիորեն աշխույժ ու առույգ տեսք ուներ։ Դեմքը նույնիսկ փոքր-ինչ թխացել էր արևից։ Ասաց, որ լավ են կերակրում։ Իսկ գլխավորը՝ թույլ են տալիս երկար ժամանակ անցկացնել մաքուր օդում։
Հետո քեռիս տագնապած նայեց շուրջը ու շշուկով ասաց.
― Ուշադիր լսիր ինձ։ Ակնոցավորները վիթխարի ավանտյուրա են ձեռնարկել...
― Ովքե՞ր, ― չհասկացա ես։
Հարցիս չպատասխանեց։ Մի տեսակ զվարթ ոգևորությամբ շարունակեց.
― Բարդուղիմեոսյան գիշերվան փառք ենք տալու...
Ինձ կորցրի։ Դրան պարտաստ չէի։ Չգիտեի ինչպես պահեմ ինձ։ Առարկեմ թե համաձայնեմ։
Մի պատանի անցավ մեր կողքով՝ հրելով սայլակի վրա ամրացված խմելու ջրի տակառը։ Ծորակի տակ սև տառերով գրված էր՝ «Ջուր»։
Քեռիս անսպասելիորեն սկսեց սուլել։ Պատանին անհետացավ ծառերի հետևում։
― Արյան գետեր են հոսելու, ― գլուխը տարուբերեց քեռիս։ Սարսափից մտա տարօրինակ մի դերի մեջ։
― Գուցե մի կերպ դո՞ւրս պրծնենք, ― ասացի։
― Ոչ մեկի չեն խնայելու, ― ցածրաձայն ասաց քեռիս։ ― Մի մասին կոչնչացնեն, մյուսներին կստիպեն ստորագրել։ Բայց ես մի բան եմ մտածել։ Ուշադիր լսիր։
Գլուխը մոտեցրեց գլխիս ու խորամանկ ժպիտով ասաց.
― Ամենահանճարեղ պլանն անգամ խոցելի է։ Եվ շղթան, որպես կանոն, կտրվում է ամենաանսպասելի տեղում։ Աննշմար մի շարժում՝ և խաղաթղթերն իրար են խառնվում... Խախտված են, ինչպես ասում են, խաղի կանոնները... Գաղտնիքն այն է, որ դա պետք է բացարձակապես անկանխատեսելի քայլ լինի... Ես գտել եմ։ Ուշադիր լսիր։
Քեռուս ժպիտը չքացավ, նա խոսեց սպայի պես՝ հակիրճ ու հատու.
― Առաջին քայլը հիմնականն է։ Երկրորդը՝ ապահովության համար։ Եթե ձախողվենք։ Գրառումներ մի՛ արա, ― կտրեց քեռիս։
― Եղավ, ― ասացի։
― Ու հիշի՛ր։ Նախեւառաջ՝ ծխել սիգարետներ առանց ֆիլտրի եւ մի՛միայն առանց ֆիլտրի։ Երկրորդը, հագնել միաժամանակ երկու անդրավարտիք․․․
Հաղթականորեն հռհռաց, շփելով ձեռքերը։
― Հասկացա՞ր, ― հարցրեց։
― Այո, ― ասացի։
― Պլանը գատնի է։ Ոչ մի բառ՝ անգամ մոտիկ մարդկանց։ Այլապես ամեն բան կորած է։ Սպասեք իմ հետագա ցուցումներին։ Իսկ հիմա ես պետք է գնամ։ Բարով մնաս։ Շնորհակալ եմ մրքերի համար․․․ Թեեւ դրանք բացարձակ ֆիկցիա են․․․
Եվ հեռացավ՝ անհեթեթ խալաթը հագին, թեթեւ֊սպորտային քայլքով․․․
Մեկ ամսից քեռիս առողջացավ։ Հանդիպում էինք ընտանեկան խնջույքներին։ Քեռիս զուսպ քմծիծաղում էր։
Պատմում էր, որ ամեն օր վազում է Անտառատեխնիկական ակադեմիայի շուրջը։ Իրեն արտակարգ առողջ ու առույգ է զգում։
Հատուկ նրա համար միշտ պատրաստում էին թարմ բանջարեղեն։ Կողքին անփոփոխ նստում էր Գալինա Պավլովնան։ Վերջինիս ձեռքերին երեւում էին շան ատամների թողած սպիները։
Պատկերացրի, թե ինչպես է քեռիս վաղ առավոտյան վազում Անտառատեխնիկական ակադեմիայի ցանկապատի երկայնքով։
Աստված իմ, ո՞ւր․․․