հեղինակ՝ Մարկ Տվեն |
Նախաբան
Այս գրքում նկարագրված արկածները մեծ մասամբ իրական դեպքեր են։ Մի քանիսը կապված են հենց ինձ հետ, մյուսները՝ իմ դպրոցական ընկերների։ Հեք Ֆինն իրոք գոյություն է ունեցել, Թոմ Սոյերը՝ նույնպես, բայց ոչ որպես անհատ։ Թոմը ինձ ծանոթ երեք տղաների միավորումն է և այդ իսկ պատճառով՝ ճարտարապետական մի բարդ միասնություն։
Այստեղ նշված բոլոր սնոտիապաշտություններն էլ, իհարկե, գոյություն ունեին արևմուտքի ստրուկների ու երեխաների մոտ՝ այս պատմությանը վերաբերող ժամանակաշրջանում, երեսուն կամ քառասուն տարի առաջ։
Թեև գիրքս նախատեսել եմ հիմնականում պատանիների ու աղջիկների համար, սակայն հույս ունեմ, որ այն չի խրտնեցնի նաև հասուն տղամարդկանց ու կանանց։
- Հեղինակ
Հարթֆորդ, 1876
Գլուխ 1
― Թո՛մ։
Պատասխան չկա։
―Թո՛մ։
Պատասխան չկա։
― Էլի ի՞նչ պատահեց այդ տղային։ Թո՛մ․․․
Ծեր լեդին ակնոցն իջեցրեց մինչև քթի ծայրը, ապակիների վերևից նայեց իր շուրջը, հետո բարձրացրեց ու նայեց ապակիների տակից։ Լեդին հազվադեպ էր նայում ակնոցով, երբ հարկավոր էր որոնել մի այնպիսի մանրուք, ինչպիսին տղան էր, քանի որ դա նրա տոնական ակնոցն էր, նրա հպարտությունը։ Լեդին դա կրում էր ավելի շուտ պատկառանք ներշնչելու համար։ Գործ անելիս նրան ակնոց պետք չէր։ Նույն հաջողությամբ նա կարող էր նայել թեկուզ վառարանի խողովակների միջով։ Լեդին շփոթված մի պահ շուրջը նայեց և ասաց ոչ այնքան բարձրաձայն, բայց այնպես, որ գոնե կահ֊կարասիները կարողանան լսել․
―Լա՜վ․․․ Սպասիր, թե որ բռնե՜մ․․․
Խոսքը չավարտած, նա կռացավ և ծանր շնչելով, որովհետև օդը չէր բավականացնում, խոզանակը շարժեց մահճակալի տակ։ Այնտեղ, բացի կատվից, ուրիշ բան չկար։
― Ի՞նչ երեխա է․․․ Կյանքումս դրա նմանը տեսած չկամ․․․
Նա գնաց դեպի բաց դուռը, կանգնեց շեմին և զննող հայացքով նայեց բանջարանոցին, որտեղ պոմիդորի թփերը խեղդվում էին մոլախոտերի մեջ։ Թոմը այնտեղ էլ չկար։ Հետո լեդին ձայնը բարձրացրեց, որպեսզի ավելի հեռուն լսվի, ու կանչեց․
― Հե՜յ, Թո՛մ։
Հետևից մի թույլ խշշոց լսվեց։ Լեդին անմիջապես շրջվեց ու հաջորդ պահին բաճկոնի փեշից բռնելով, բարձրացրեց մի փոքրիկ տղայի, որն ուզում էր ծլկել։
― Ինչպե՜ս էի մոռացել պահարանում նայել։ Ի՞նչ էիր անում այնտեղ։
― Ոչինչ։
― Ոչի՜նչ։ Մի տես սրա ձեռներն ու բերանը։ Իսկ ինչո՞վ ես դունչդ աղտոտել։
― Չգիտեմ, մորաքույր։
― Իսկ ես գիտեմ։ Մուրաբայով։ Քառասուն անգամ եմ ասել, որ չհամարձակվես մուրաբային ձեռք տալ, թե չէ կաշիդ կքերթեմ։ Մի տո՛ւր տեսնեմ ճիպոտը․․․
Ճիպոտն օդում շաչեց։ Վտանգն անխուսափելի էր։
― Վա՜յ, մորաքո՛ւյր։ Այդ ի՞նչ է ձեր մեջքին։
Լեդին վախեցած շրջվեց ու փեշերն շտապով հավաքեց, որպեսզի խուսափի ահավոր դժբախտությունից։ Իսկ տղան նույն վայրկայնին փախավ, մագլցելով անցավ բարձր ցանկապատն ու անհայտացավ։ Մորաքույր Պոլին մի պահ շշմած կանգնեց, ապա բարեհոգությամբ ծիծաղեց․
Ա՜յ քեզ տղա։ Ժամանակն է, որ վարժվեմ սրա օյիններին։ Գլխիս քի՞չ խաղ է խաղացել։ Գոնե այս անգամ պետք է մի քիչ խելոք լինեի։ Բայց, ինչպես երևում է, չկա ավելի մեծ հիմար, քան ես՝ ցնդածս․․․ Իզուր չեն ասում, թե «պառավ շանը նոր բաների չես վարժեցնի»։ Բայց, աստված իմ, այդ տղայի օյիններն էլ միշտ տարբեր են լինում։ Այսօր մի բան, վաղը՝ մի ուրիշ․․․ Կարո՞ղ ես գուշակել, թե ինչ կա նրա գլխում։ Նա կարծես գիտե, թե որքան պիտի տանջի, մինչև հոգիս հանելը, գիտե նաև, որ բավական է շեղի ուշադրությունս կամ ծիծաղեցնի, անմիջապես թևաթափ եմ լինում, և ճիպոտով հարվածելու ուժ չի մնում։ Աստված թող ների ինձ․․․ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է․ պարտքս նրա նկատմամբ չեմ կատարում։ Սուրբ գիրքն ասում է, որ առանց ճիպոտի յոլա գնացողը կփչացնի երեխային։ Իսկ ես նրան երես եմ տալիս, մեղա՜, մեղա՜։ Դրա համար էլ այն աշխարհում երկուսս էլ կտանջվենք։ Գիտեմ, թե ինչ սատանան է, բայց բան ասել չեմ կարող։ Ախր հանգուցյալ քրոջս որդին է։ Խե՜ղճ երեխա։ Ձեռքս չի գնում, թե որբին ծեծեմ։ Ամեն անգամ, երբ ձեռքիցս դուրս է պրծնում, խիղճս ինձ այնպես է տանջում, որ ասել չեմ կարող։ Իսկ ծեծելիս էլ մաշված սիրտս է կտոր֊կտոր լինում։ Սուրբ գրքում ճիշտ է ասված․ «Կարճ է կյանքը մարդու և լի՝ վշտերով»։ Շատ ճիշտ է, խոսք չկա։ Իսկ նա, երևի, այսօր այլևս դպրոց չի գնա։ Մինչև իրիկուն թրև է գալու։ Պարտքս լինի՝ այնպե՜ս պատժեմ նրան։ Կստիպեմ, որ ամբողջ օրն աշխատի։ Նա, իհարկե, չի սիրում աշխատել շաբաթ օրը, այն ժամանակ, երբ մյուս ընկերները խաղում են։ Բայց ուրիշ կերպ վարվել չեմ կարող։ Նա ամենից շատ ատում է աշխատանքը։ Իսկ ես պետք է պարտքս կատարեմ, թե չէ տղան ձեռից կգնա։
Իսկապես, Թոմը դասերից փախավ։ Եվ ամբողջ օրն էլ հիանալի անց կացրեց։ Նա հազիվ կարողացավ ժամանակին տուն հասնել, որպեսզի օգնի փոքրիկ նեգր Ջիմին, որ հաջորդ օրվա համար փայտ էր ջարդելու, կամ, ավելի ճիշտ, մինչև Ջիմը կկատարեր այդ աշխատանքի երեք քառորդ մասը, նա պատմեց իր արկածները։ Թոմի փոքր, (խորթ) եղբայրը՝ Սիդը, արդեն ավարտել էր իր գործը՝ տաշեղներ հավաքելը։ Նա խելոք տղա էր և միշտ խուսափում էր արկածներից ու անախորժություններից։
Մինչ Թոմը ընթրում էր և օգտվելով հարմար առիթից՝ շաքար գողանում, մորաքույր Պոլին խորամանկ ու խորաթափանց հարցեր էր տալիս։ Նա հույս ուներ, որ Թոմը թակարդը կընկնի և ստիպված ամեն ինչ կխոստովանի։ Բոլոր բարեհոգի մարդկանց պես, մորաքույր Պոլին իրեն համարում էր հմուտ դիվանագետ ու իր պարզամիտ դիտավորությունների մեջ տեսնում նուրբ խորամանկություն։ Նա ասաց․
― Թոմ, այսօր դպրոցում բավական շոգ էր, այնպես չէ՞։
― Այո, մորաքույր։
― Շատ շոգ էր, այնպես չէ՞։
― Այո մորաքույր։
― Իսկ լողանալու ցանկություն չունեցա՞ր, Թոմ։
Թոմի մարմնով անախորժ սարսուռ անցավ։ Նրան տիրեց վախի ու կասկածի տհաճ մի զգացում։ Նա աչքի տակով նայեց մորաքույր Պոլիին, որի դեմքը ոչինչ չէր արտահայտում, և ասաց․
― Ոչ, մորաքույր, այնքան էլ չէ։
Լեդին շոշափեց Թոմի շապիկն ու ասաց․
― Չես էլ քրտնել։
Նա հպարտությամբ մտածեց, թե ինքը կարողացավ ստուգել, որ Թոմի շապիկը չոր է ու ոչ ոք էլ գլխի չնկավ, թե ինչ խորամանկ բան էր մտածել ինքը։ Բայց Թոմը իսկույն կռահեց, թե քամին որտեղից է փչում։ Եվ փորձեց կանխել հարցաքննության հետագա ընթացքը։
― Թարմանալու համար գլուխներս ծորակի տակ դրեցինք։ Մազերս դեռ թաց են, տեսնու՞մ եք։
Մորաքույր Պոլին ափսոսաց, որ մի այդպիսի կարևոր հանգամանք աչքաթող է արել։ Բայց անմիջապես նրա գլխում մի նոր միտք ծնվեց․
― Թոմ, միայն գլուխդ թրջելու համար դու ստիպված չէիր լինի շապկիդ օձիքը քանդել։ Հապա, արձակիր բաճկոնիդ կոճակները, տեսնեմ՝ կարածս մնո՞ւմ է, թե ոչ։
Թոմի դեմքից անհանգստության ստվերը չքացավ։ Նա բացեց բաճկոնը։ Շապկի օձիքը ամուր կարված էր։
― Դե, լավ, լավ․․․ Քեզանից գլուխ չեմ կարող հանել։ Ես համոզված էի, որ դու դպրոցից փախել ես և լողանալու գնացել։ Բայց ոչինչ․․․ Չեմ բարկանում։ Չնայած դու իսկական սուտլիկ ես, բայց այս անգամ էլ պրծար։
Լեդին փոքր ինչ վշտացավ, որ իր խորամանկությունն ապարդյուն անցավ, բայց միևնույն ժամանակ գոհ էր, որ գոնե այս անգամ Թոմն իրեն լավ էր պահել։
Բայց այստեղ մեջ ընկավ Սիդը։
― Որքան հիշում եմ, ― ասաց նա, ― դուք Թոմի օձիքը ճերմակ թելով կարեցիք, իսկ հիմա, տեսեք՝ թելը սև է։
― Այո, իհարկե, ճերմակով եմ կարել։ Թո՛մ․․․
Բայց Թոմը միտք չուներ շարունակությանը սպասել։
Սենյակից դուրս փախչելիս, նա կամաց ասաց․
― Սի՛դի, դրա համար լավ ծեծ կուտես։
Ապահով մի տեղ թաքնվելով, Թոմը զննեց բաճկոնի օձիքին ներսի կողմից խրած երկու մեծ ասեղները, որոնցից մեկը թելած էր ճերմակ, մյուսը՝ սև թելով։
― Եթե Սիդը չլիներ, մորաքույրը երբեք չէր նկատի։ Գրողը տանի։ Նա մեկ ճերմակով է կարում, մեկ էլ՝ սևով։ Ի՞նչ կլիներ, եթե ընդհանրապես միևնույն գույնով կարեր, ես էլ այսպես չէի շփոթվի․․․ Իսկ Սիդին ես անպայման կծեծեմ։ Լավ դաս կլինի նրա համար։
Թոմն այն օրինակելի տղան չէր, որով ամբողջ քաղաքը կարող էր հպարտանալ։ Բայց նա շատ լավ գիտեր, թե ով է օրինակելին, և ատում էր նրան։
Չանցած երկու րոպե (գուցե ավելի շատ) Թոմի գլխից թռան բոլոր անախորժությունները։ Պատճառն այն չէր, որ նույնիսկ մեծերին տանջող անախորժությունները Թոմի համար ավելի թեթև էին ու տանելի, այլ այն, որ այդ պահին Թոմին համակեց մի նոր ու զորեղ ցանկություն, և այդ ցանկությունը նրա գլխից դուրս քշեց բոլոր տագնապները։ Նույն կերպ էլ մեծերն են ընդունակ մոռանալ իրենց բոլոր վշտերը, հենց որ նրանց հրապուրում է որևէ նոր գործ։ Թոմի համար այդ նոր գործը սուլելն էր, որ սովորել էր մի ծանոթ նեգրից և վաղուց ի վեր առիթ էր որոնում այդ արվեստը ցուցադրել՝ առանց որևէ մեկի միջամտության։ Նեգրը սուլում էր թռչունի պես։ Կարճ դադարներով մի գեղգեղանք էր այդ, որի համար անհրաժեշտ էր լեզուն հաճախակի կպցնել քիմքին։ Ընթերցողը, հավանաբար կհիշի, թե ինչպես է այդ արվում, եթե միայն երբևէ նա եղել է Թոմի տարիքին։ Համառությունն ու ջանքերը Թոմին օգնեցին, որ նա շատ շուտ կարողանա տիրապետել սուլելու վարպետությանը։ Նա ուրախ քայլում էր փողոցով, և նրա բերանը լի էր քաղցր երաժշտությամբ, իսկ հոգին՝ անհուն գոհունակությամբ։ Նա իրեն զգում էր այնպես, ինչպես երկնքում մի նոր մոլորակ հայտնագործած աստղաբախշ, միայն թե տղայի ուրախությունն ավելի անմիջական էր, ավելի անկեղծ ու խոր։
Ամռան երեկոները երկար են լինում։ Չորս կողմը դեռ լույս էր։ Հանկարծ Թոմը դադարեց սուլել։ Նրա առաջ կանգնած էր իրենից մի քիչ մեծ ինչ֊որ անծանոթ տղա։ Սենտ֊Պիտերսբուրգի բնակիչների ուշադրությունը միշտ էլ գրավում էր որևէ նորեկի հայտնվելը այդ փոքրիկ քաղաքում, անկախ անծանոթի տարիքից և սեռից։ Բացի դրանից, անծանոթ տղան շատ լավ էր հագնված, այն էլ այդ լի օրը։ Դա ցնցող բան էր։ Հրաշալի գլխարկ, խնամքով կոճկած կապույտ բաճկոն, որը նոր էր ու շատ մաքուր, և նույնպիսի տաբատ։ Նա հրաշալի կոշիկներ էր հագել, այն էլ ուրբաթ օրը։ Տղան նույնիսկ փողկապ էր կապել։ Եվ ընդհանրապես քաղաքային պճնամոլի տեսք ուներ։ Դա կատաղեցրեց Թոմին։ Որքան Թոմը նայում էր նրա հրաշք֊հագուստներին, այնքան հին ու մաշված էին թվում սեփական հագուստները, այնքան նա ցցում էր քիթը, կամենալով հասկացնել, որ իր համար անտանելի են այդ զիզի֊բիզի շորերը։ Տղաները լուռ նայում էին իրար։ Բավական էր, որ մեկը մի քայլ աներ, նույնը կրկնում էր նաև մյուսը, բայց միայն մի կողմի վրա, աստիճանաբար պտտվելով։ Դեմքը դեմքին մոտեցրած, իրար աչքերի մեջ նայելով, նրանք այդպես պտտվեցին բավական երկար ժամանակ։ Վերջապես Թոմն ասաց․
― Ուզու՞մ ես դնգսեմ։
― Փորձիր։
― Ասացի՝ կդնգսեմ։
― Ասում եմ՝ չես կարող։
― Կդնգսեմ։
― Չես կարող։
― Կարող եմ։
― Չես կարող։
― Կարող եմ։
― Չես կարող։
Տիրեց ծանր լռություն։ Հետո Թոմն ասաց․
― Անունդ ի՞նչ է։
― Քո ի՞նչ գործն է։
― Ես ցույց կտամ՝ իմ ինչ գործն է։
― Ցույց տուր։ Ւնչու՞ ես կանգնել։
― Եթե երկու խոսք էլ ասես, ցույց կտամ։
― Երկու խոսք։ Երկու խոսք։ Երկու խոսք։ Դե՞, ասելդ ի՞նչ է։
― Մի տես ինչ խելոքն է։ Ախր, որ ուզեմ, քեզ մի ձեռով էլ կդնգսեմ, թեկուզ մյուս ձեռս կապեն մեջքիս։
― Էլ ինչո՞ւ չես դնգսում, եթե կարող ես։
― Որ գլուխս շատ տանես, կդնգսեմ։
― Հա՛֊հա՛։ Քեզ նմաններին շատ եմ տեսել։
― Կարծում ես, որ այդպես զուգվել, զարդարվել ես, մեծ բան է։ Մի սրա գլխարկին նայեք․․․
― Չե՞ս հավանում։ Փորձիր ձեռք տալ։ Մի տես ոնց կհասցնեմ։
― Փչում ես։
― Դու ես փչում։
― Միայն պտպտալ գիտես, իսկ ինքդ վախկոտ ես։
― Դե լավ, քաշվիր մի կողմ։
― Է՛յ, լսիր, թե չցանվես այստեղից, գլուխդ կջարդեմ։
― Ոնց չէ, կջարդես։ Ես էլ վախեցա․․․
― Էլ ի՞նչ ես կանգնել։ Ահ ես տալիս, բայց տեղիցդ չես շարժվում։ Ուրեմն վախենում ես։
― Չեմ վախենում։
― Վախենում ես։
― Չեմ վախենում։
― Վախենում ես։
Նորից լռություն։ Նրանք աչքերով իրար կերան, դոփեցին կանգնած տեղում ու մի անգամ էլ պտտվեցին։ Վերջապես կանգնեցին ուս֊ուսի։ Թոմն ասաց․
― Կորիր այստեղից։
― Ինքդ կորիր։
― Չեմ ուզում։
― Ես էլ չեմ ուզում։
Ոտները լայն բացած՝ կանգնել են դեմ֊դիմաց։ Ատելությամբ իրար նայելով, նրանք որքան ուժ ունեին, սկսեցին հրել իրար։ Բայց ոչ մեկը կարողացավ հաղթել, ոչ մյուսը։ Նրանք երկար ժամանակ հրում էին իրար։ Տաքացած ու կարմրած, նրանք մի փոքր թուլացրին իրենց համառ պայքարը, բայց մեկը մեկին չզիջեց։ Այդ ժամանակ Թոմն ասաց․
― Դու վախկոտի ու լակոտի մեկն ես։ Մեծ եղբորս կբերեմ, նա մի ճկույթով կջարդի քեզ։ Որ ասեմ, նա քեզ կջարդի։
― Քո մեծ եղբորից չեմ վախենում։ Ես էլ եղբայր ունեմ, և ավելի մեծ։ Նա քո եղբորը կարող է ցանկապատից այն կողմը նետել։ (Երկու եղբայրներն էլ մտացածին էին)։
― Փչում ես։
― Ւնչ ուզում ես կարծիր։
Թոմը ոտի բթամատով փոշու վրա մի գիծ քաշեց ու ասաց․
― Փորձիր այս գծից անցնել։ Այնպես կդնգսեմ, որ տեղիցդ էլ վեր չես կենա։ Վայ նրան, ով անցավ այս գիծը։
Անծանոթ տղան անմիջապես շտապեց անցնել գիծը։
― Տեսնեմ ոնց ես դնգսելու։
― Ետ քաշվիր։ Ասում եմ՝ լավ կլինի ետ քաշվես։
― Ասացիր, թե կդնգսես։ Դե հիմա դնգսիր տեսնեմ։
― Գրողը տանի․․․ Երկու սենթ տուր, դնգսեմ։
Անծանոթ տղան գրպանից երկու մեծ պղնձադրամ հանեց և հեգնանքով մեկնեց Թոմին։
Թոմը զարկեց նրա ուսին, և պղնձադրամները թափվեցին փոշու մեջ։ Քաշեցին իրար մազերը, բաճկոնի փեշերը, տաբատները, ճանկռոտեցին և ձգեցին միմյանց քիթը, իրենց պսակեցին փոշով ու փառքով։ Վերջապես, թավալվող այդ այդ անորոշ զանգվածը ընդունեց որոշակի կերպարանք, ռազմաճակատի փոշու և մշուշի մեջ պարզվեց, որ Թոմը նստած է թշնամու մեջքին և նրան հարվածում է բռունցքով։
― Ներողություն խնդրիր, ― պահանջեց նա։
Բայց տղան կատաղությունից լաց լինելով, ջանում էր դուրս պրծնել նրա տակից։
― Ներողություն խնդրիր, ― ու ջարդը շարունակվեց։
Վերջապես անծանոթ տղան թնկթնկաց․ «Դե, լավ, ներողություն»։ Թոմը նրան բաց թողնելով ասաց․
― Այս քեզ մի լավ դաս։ Մյուս անգամ իմացիր, թե ում հետ գործ ունես։
Անծանոթ տղան հեռացավ, շորերը թափ տալով, հեծկլտալով, քիթը վեր քաշելով ու ժամանակ առ ժամանակ շրջվելով, գլուխն օրորելով և սպառնալով Թոմին թե՝ «Մյուս անգամ կբռնեմ չէ․․․հախիցդ կգամ»։ Թոմը ինչպես պետք էր ծաղրեց նրան և իր հաղթանակից փքված, տուն գնաց։ Բայց հազիվ էր Թոմը շրջվել, երբ անծանոթ տղան քարով հարվածեց նրա մեջքին, թիակների արանքը և շտապեց փախչել անտիլոպից էլ արագ։ Թոմը ընկավ այդ դավաճանի հետևից մինչև տուն և այդպիսով իմացավ, թե որտեղ է նա ապրում։ Թոմը մի քիչ կանգնեց բակի դռան առաջ, թշնամուն մարտի կանչելով, բայց նա պատուհանից միայն ծամածռություններ էր անում, իսկ դուրս գալու միտք չուներ։ Ի վերջո հայտնվեց թշնամու մայրիկը, Թոմին անվանեց «վատ, փչացած, կոպիտ» և պահանջեց, որ նա կորչի, ուր ուզում է։ Թոմը հեռացավ, բայց հեռանալիս սպառնաց, որ ինքը մոտերքում կթափառի այնքան, մինչև նրա բալիկը տնից դուրս գա։
Նա շատ ուշ տուն վերադարձավ և, զգուշորեն պատուհանից ներս սողոսկելով, նկատեց, որ ծուղակի մեջ է ընկել․ նրա առաջ կանգնած էր մորաքույրը։ Ու երբ մորաքույր Պոլին տեսավ, թե Թոմի շորերը ինչ ողբալի վիճակում են, նրա այն որոշումը, որ տղայի տոնական օրը վերածելու է տաժանակիր աշխատանքի, ադամանդի պես կարծրացավ։
Գլուխ II
Բացվեց շաբաթ օրվա առավոտը։ Ամառային աշխարհում ամեն ինչ շնչում էր թարմությամբ, շողշողում էր և կյանքով եռում։ Ամեն սրտում երաժշտություն էր հնչում, իսկ դա երիտասարդի սիրտ էր, ապա երգը հոսում էր ինքն իրեն։ Բերկրանք կար ամեն դեմքի վրա, և գարուն՝ ամեն մեկի քայլվածքում։ Սպիրակ ակացիան փարթամորեն ծաղկել էր, և օդում ծփում էր անուշահոտությունը։
Կարդիփյան լեռը, որն ամեն տեղից երևում էր, ամբողջովին կանաչել էր և հեռվից թվում էր խաղաղությամբ ու անդորությամբ լի մի հրաշալի, հրապուրիչ երկիր։
Մայթին հայտնվեց Թոմը, մի ձեռքին՝ կրով լի դույլ, մյուս ձեռքին՝ մի երկար վրձին։ Տղան նայեց ցանկապատին, և նրա սրտից դուրս թռավ ամեն մի ուրախություն։ Խոր թախիծ իջավ տղայի հոգուն։ Ւնը ոտնաչափ բարձրություն և երեսուն յարդ երկարություն ունեցող մի ցանկապատ։ Կյանքը նրան անիմաստ, հիմար բան թվաց, գոյությունը՝ բեռ։ Հառաչելով նա վրձինը թաթախեց կրի մեջ և քսեց վերևի տախտակին։ Նորից մի քանի անգամ քսեց, ապա սպիտակ գույնով ներկված այդ աննշան մասը համեմատեց չներկված տախտակների հետ և հուսահատ նստեց տակառի վրա։ Ջրի թիթեղե դույլը ձեռքին, «Բուֆֆալոյի աղջկերք»֊ը երգելով դարպասից դուրս եկավ Ջիմը։ Քաղաքային ջրամբարից ջուր բերելը մինչ այդ Թոմի համար ատելի աշխատանք էր եղել, բայց այժմ դա այնքան էլ վատ չթվաց։ Նա հիշեց, որ ջրհորի մոտ միշտ մեծ բազմություն է հավաքվում։ Այնտեղ միշտ լինում էին սպիտակ, խառնածին ու նեգր տղաներ ու աղջիկներ, որոնք իրենց հերթին սպասելով, հանգստանում էին, խաղալիքների առևտուր անում, կատակում, կռվում, թեթևսոլիկություններ անում։ Եվ նա հիշեց, որ թեև ջրհորը հազիվ հարյուր հիսուն յարդ հեռավորության վրա էր, բայց Ջիմը մի դույլ ջուրը երբեք մի ժամից շուտ չէր բերում, երբեմն նույնիսկ պետք էր լինում նրա հետևից գնալ ու կանչել։
― Լսիր, Ջիմ, ― ասաց Թոմը, ― ես ջուրը կբերեմ, եթե դու իմ փոխարեն մի քիչ սպիտակեցնես։
Ջիմը գլուխն օրորեց և ասաց․
― Չեմ կարող միստեր Թոմ։ Ծեր տիկինն ինձ ասել է ջուրը բերել առանց կանգ առնելու և որևէ մեկի հետ խոսելու։ Նա ասաց․ «Ենթադրում եմ, որ միստր Թոմը քեզ կառաջարկի ցանկապատն սպիտակեցնել» ֊ և ասաց․ «Դու քո ճամփան շարունակիր և գործիդ նայիր»։ Նա ասաց․ «Ես կգամ ու նրա սպիտակեցնելուն կնայեմ»։
― Է, նրա ասածին ուշադրություն մի դարձրու, Ջիմ։ Նա միշտ այդպես է ասում։ Տուր ինձ դույլը, ես մի վարկյանից կգամ։ Նա իսկի չի էլ իմանա։
― Օ՛հ, չեմ կարող, միստր Թոմ։ Ծեր տիկինը դրա համար գլուխս կթռցնի, հավատա, կթռցնի։
― Նա՞․․․ Նա ոչ ոքի չի ծեծում, նա միայն իր մատնոցով գլխին թխկացնում է, իսկ դա ի՞նչ է որ, ո՞վ է դրան ուշադրություն դարձնում։ Նա միայն սարսափելի բաներ կասի, բայց խոսքը, բոլոր դեպքերում, ցավ չի պատճառում, եթե միայն լաց չլինի։ Ջիմ, ես քեզ մարմարե գնդիկ կտամ, սպիտակ գնդիկ կտամ։
― Ջիմը սկսեց տատանվել։
― Սպիտակ գնդիկը, Ջիմ, դատարկ բան չէ։
―Ո՜ւյ, հրաշալի բան է, ճիշտ է, բայց, միստր Թոմ, ես սարսափելի վախենում եմ ծեր տիկնոջից։
― Եվ բացի դրանից, եթե ուզում ես, ցույց կտամ նաև իմ ոտքի վիրավոր մատը։
Ջիմը պարզապես մարդ էր և այդ մեծ գայթակղությանը չէր կարող դիմանալ։ Նա դույլը դրեց գետին, վերցրեց սպիտակ գնդիկը և մեծ հետաքրքրությամբ սկսեց նայել, մինչ Թոմը քանդում էր վիրավոր մատի կապը։ Մի րոպե հետո դույլը ձեռքին Ջիմը արդեն վազում էր փողոցով։ Թոմը մեծ եռանդով սպիտակեցնում էր ցանկապատը, իսկ մորաքույր Պոլին հեռանում էր հողաթափը ձեռքին և հաղթական արտահայտությունը աչքերում։
Բայց Թոմի եռանդը երկար չտևեց։ Նա սկսեց մտածել այդ օրվա համար իր ծրագրած ուրախությունների մասին, և ցավերը բազմապատկվեցին։ Շուտով տղաները կգնան տարբեր հետաքրքիր տեղեր և աշխարհով մեկ Թոմին կծաղրեն, որ ստիպված է եղել աշխատել։ Այդ միտքը կրակի պես այրում էր նրան։ Նա հանեց իր բոլոր աշխարհիկ գանձերը և սկսեց նայել․ դրանց մեջ կային ջարդված խաղալիքներ, մարմարե գնդիկներ և ամեն տեսակի իրեր։ Դրանք բավական էին փոխանակելու համար, բայց չէր կարելի գոնե կես ժամվա լրիվ ազատություն գնել։ Նա գրպանը դրեց իր աղքատիկ հարստությունը և հրաժարվեց տղաներին կաշառելու մտքից։ Այդ ծանր ու անհուսալի պահին նրա մեջ հանկարծ ոգևորություն ծնվեց։ Մի մեծ, հրաշալի ներշնչանք։ Նա վերցրեց վրձինը և սկսեց հանգիստ աշխատել։ Այդ պահին երևվաց Բեն Ռոջերսը, հենց այն տղան, որի ծաղրանքներից Թոմը բոլորից շատ էր վախենում։ Բենը ոչ թե քայլում, այլ թռչկոտում էր, ի ապացույց, այն բանի, որ սիրտը թեթև էր և մեծ հեռանկարներ ուներ այդ օրը։ Նա խնձոր էր ուտում և ժամանակ առ ժամանակ երկար, մելոդիկ սուլում, որին հաջորդում էր ցածր տինկ֊ տանկ֊տանկ, տինկ֊տունկ֊տունկ֊ը, որովհետև նա իրեն շոգենավ էր պատկերացնում։ Մոտենալով, նա քայլերը հանդարտեցրեց, կանգնեց փողոցի մեջտեղում և սկսեց կամաց, զգուշությամբ ու նկատելի ճիգով շուռ գալ, որովհետև այդ պահին նա «Մեծ Միսուրին» էր, ինը ոտնաչափ խորությամբ ջրի մեջ նստած։ Նա միաժամանակ և՛ նավ էր, և՛ նավապետ և՛ ազդանշանի զանգ․ այնպես որ նա իրեն պետք է պատկերացներ սեփական տախտակամածի վրա կանգնած, ինքն իրեն հրամաններ արձակելիս և կատարելիս։
― Կա՛նգ առ։ Տինկ֊ալին֊լին։
Մեքենան կանգ առավ և դանդաղ մոտեցավ մայթին։
― Ե՛տ։ Տինկ֊ալին֊լին։
Նրա թևերը իջան և ձգվեցին կողերին։
― Ետ շարժվիր, դեպի աջ։ Տին֊ա֊լին֊լին։ Չոու֊չոու․․․ չոու։
Նրա աջ ձեռքը մեծ շրջանակներ էր գծում, որովհետև ներկայացնում էր քառասուն ոտնաչափ անիվ։
― Ձախ կողմը թեքիր։ Տին֊ա֊լին֊լին։ Չոու֊չոու֊ոու։
Այժմ նա ձախ ձեռքով շրջանակներ էր գծում։
― Կանգ առ։ Տին֊ա֊լին֊լին։ Կանգ առ։ Շուռ արի։ Քիթը առաջ։ Պարանը գցիր։ Ի՞նչ ես կանգնել։ Բռնիր պարանը։ Օղակը ցցին գցիր։ Բաց թող։ Մեքենան կանգնեց, սըր։ Տին֊ալին֊լին։
― Շտ, շշտ, շտ։ ― Նա ձայնը նմանեցրեց ծորակից եկող շոգու ձայնի։
Թոմը շարունակում էր սպիտակեցնել և ուշադրություն չէր դարձնում շոգենավին։ Բենը մի պահ նայեց, ապա ասաց․
― Հի՛, հի՛։ Կոճղին ես կապված, հա՞։
Ոչ մի պատասխան։ Թոմը արվեստագետի աչքով նայեց իր ներկածին, վրձինը մի թեթև քսեց և ետ գնաց ավելի լավ նայելու։ Բենը նավարկելով մոտեցավ նրան։ Թոմի բերանի ջուրը գնաց խնձորի համար, բայց շարունակեց իր աշխատանքը։ Բենը ասաց․
― Հը, մեր տղա, գործի են լծել, հա՞։
― Ախ, այդ դու՞ ես, Բեն, չնկատեցի։
― Լսիր, ես գնում եմ լողանալու։ Դու չե՞ս ուզում։ Բայց չէ, դու գործ ունես։ Պետք է աշխատես։
Թոմը մի պահ նայեց նրան և ասաց․
― Դու ի՞նչն ես աշխատանք համարում։
― Մի՞թե դա աշխատանք չէ։
Թոմը շարունակեց սպիտակեցնել և անփույթ ասաց։
― Գուցե աշխատանք է, գուցե և ոչ։ Ես միայն այն գիտեմ, որ դա Թոմ Սոյերի սրտին մոտ է։
― Էհ, վերջ տուր։ Հո չես ուզում ասել, որ դա նույնիսկ քեզ դուր է գալիս։
Վրձինը շարունակեց շարժվել։
― Դու՞ր գալ։ Իսկ ինչու՞ պիտի դուր չգա։ Հո ամեն օր տղաներին չի հաջողվում ցանկապատ ներկել։
Դրանից հետո գործը այլ ընթացք ստացավ։ Բենն ընդհատեց խնձոր կրծելը։ Թոմը վրձինը թեթևակի ետ ու առաջ էր տանում, ետ գնում ու նայում արդյունքին, տեղ֊տեղ վրձինի հարված էր տալիս և նորից քննադատաբար նայում։ Բենը, որ հետևում էր նրա յուրաքանչյուր շարժմանը, գնալով ավելի էր հետաքրքրվում, ավելի հմայվում։ Ի վերջո նա ասաց․
― Լսիր, Թոմ, տուր մի քիչ էլ ես ներկեմ։
Թոմը մտածեց, ձևացրեց թե համաձայնում է, բայց միտքը փոխեց։
― Ո՛չ, ո՛չ, Բեն, չի կարելի։ Մորաքույր Պոլին շատ պահանջկոտ է հատկապես հենց այս ցանկապատի նկատմամբ, որովհետև փողոցի վրա է, գիտե՞ս․ եթե հետևի կողմի ցանկապատը լիներ, ուրիշ բան, նա չէր մտածի։ Այո, նա շատ պահանջկոտ է այս ցանկապատի նկատմամբ, շատ մեծ խնամքով պետք է կատարվի։ Ես համոզված եմ, որ հազար, գուցե և երկու հազար տղայից մեկն էլ չկարողանա այնպես անել, ինչպես հարկն է։
Մի՞թե, դե լավ, թույլ տուր գոնե փորձեմ։ Մի քիչ։ Թոմ, եթե ես քո տեղը լինեի, թույլ կտայի։
― Բեն, ես սիրով կթողնեի, ազնիվ խոսք, բայց մորաքույր Պոլին․․․ Ջիմը ուզեց անել, բայց նա չթողեց։ Չե՞ս տեսնում ես ինչքան զգույշ եմ, իսկ եթե թողնեմ ու մի բան պատահի՞ ցանկապատին․․․
― Չէ, չէ, ես շատ զգույշ կլինեմ։ Թույլ տուր մի անգամ փորձեմ։ Լսիր, խնձորիս միջուկը քեզ կտամ։
Դե լավ, վերցրու։ Չէ, Բեն, չէ, մի արա, վախենում եմ։
― Ամբողջ խնձորը կտամ։
Թոմը վրձինը տվեց նրան դժգոհ արտահայտությամբ, բայց սրտում գոհ էր։ Եվ մինչ նախկին «Մեծ Միսուրի» շոգենավն աշխատում ու քրտնում էր արևի տակ, պաշտոնաթող արվեստագետը մոտակա ստվերում, տակառի վրա նստած՝ ոտքերն էր օրորում, խնձորը ծամում և նոր անմեղների համար ծուղակ պատրաստում։ Զոհերն անպակաս էին։ Իրար հետևից տղաներ էին գալիս․ նրանք մոտենում էին Թոմին ծաղրելու մտադրությամբ, բայց հետո խնդրում ցանկապատը սպիտակեցնել։ Երբ Բենը հոգնեց, նրա փոխարեն թղթի մի նոր օդապարիկի դիմաց, ներկելը շարունակեց Բելլի Ֆիշերը, իսկ երբ սա էլ հոգնեց, սատկած մկով, որի ոտքից պարան էր կապված, Ջոնի Միլերը Թոմից գնեց աշխատանքը, և այսպես շարունակվեց մի քանի ժամ։
Իսկ երբ կեսօրն անցավ, առավոտվա աղքատ Թոմը ուղղակի լողում էր հարստության մեջ։ Բացի վերոհիշյալ գանձերից, նա ուներ տասներկու մարմարե գնդիկ, կապույտ ապակու կտոր, որի միջով կարելի էր նայել, փայտե թնդանոթ, ոչ մի բան չբացող մի բանալի, մի կտոր կավիճ, ջրամանի ապակե խցան, մի թիթեղե զինվոր, մի զույգ շերեփուկ, միաչքանի կատվի ձագ, պղնձե բռնակ, մի շան վզնոց՝ առանց շան, դանակի մի կոթ, նարնջի չոր կեղև ու լուսամուտի մի հին, կոտրած շրջանակ։ Ոչինչ չանելով, Թոմը շատ լավ ժամանակ անցկացրեց, իսկ ցանկապատն արդեն ծածկվել էր երեք շերտ ներկով։ Եթե ներկը չսպառվեր, նա քաղաքի բոլոր տղաներին կսնանկացներ։
Թոմը մտածեց, որ աշխարհը, ի վերջո, այնքան էլ դատարկ չէ։ Նա առանց իմանալու, հայտնաբերել էր մարդկային գործողության մի մեծ օրենք՝ որպեսզի երեխան կամ հասակն առած մարդը մի բանի ձգտի, անհրաժեշտ է պարզապես այնպես անել, որ նա դրան դժվարությամբ հասնի։ Եթե Թոմը մեծ և իմաստուն փիլիսոփա լիներ, ինչպես այս գրքի հեղինակը, նա կհասկանար, որ աշխատանքը այն է, ինչ մարդ ստիպված է անել, իսկ խաղը այն է, ինչ մարդ ստիպված չէ անել։ Եվ դա կօգներ նրան հասկանալու, թե ինչու արհեստական ծաղիկ սարքելը աշխատանք է, մինչդեռ Մոնբլանի գագաթը բարձրանալը՝ բավականություն։ Անգլիայում կան հարուստ ջենտլմեններ, որոնք ամռան օրերին ճանապարհորդական քառաձի կառքը իրենք են վարում օրական քսան կամ երեսուն մղոն, որովհետև այդ բանը նրանց վրա զգալի գումար է նստում, բայց եթե այդ ծառայության համար ռոճիկ առաջարկեին, դա կփոխվեր աշխատանքի, և նրանք կհրաժարվեին։
Որոշ ժամանակ էլ Թոմը մտածեց այդ փոփոխության մասին, որը կատարվել էր իր հետ, ապա հարստությունը վերցրեց և ուղղվեց դեպի տուն։
Գլուխ III
Թոմը ներկայացավ մորաքույր Պոլիին, որը նստել էր մի հարմարավետ սենյակի բաց լուսամուտի առաջ․ այդ սենյակը միաժամանակ ննջարան էր, ճաշասենյակ, հյուրասենյակ և գրադարան։ Ամառային թարմ օդը, հանգիստ անդորրը, ծաղիկների բույրն ու մեղուների քնաբեր տզզոցն իրենց ազդեցությունն էին ունեցել, և պառավը ննջում էր ձեռքի կարի վրա, որովհետև մոտը ոչ ոք չկար, բացի կատվից, որն իր հերթին քնել էր նրա գոգին։ Ակնոցը, ապահովության համար, բարձրացրել էր ալեհեր գլխի վրա։ Նա կարծում էր, որ Թոմը վաղուց արդեն փախած կլինի․ դրա համար էլ զարմացավ, որ Թոմը այդպես անվեհեր կերպով իր ձեռքն ընկավ։
Թոմն ասաց․
― Մորաքույր, հիմա կարո՞ղ եմ խաղալու գնալ։
― Ի՞նչ, արդեն վերջացրի՞ր։ Իսկ ինչքա՞ն ես արել։
― Ամբողջ գործն արված է, մորաքույր։
― Թոմ, մի ստիր, չեմ կարող տանել։
― Չեմ ստում, մորաքույր, ամբողջն արված է։
Մորաքույր Պոլին քիչ էր հավատում նման խոսքերին։ Նա գնաց անձամբ տեսնելու և գոհ կլիներ, եթե Թոմի ասածի քսանհինգ տոկոսը գոնե ճիշտ լիներ։ Նա տեսավ, որ ամբողջ ցանկապատը սպիտակեցված է, և ոչ միայն սպիտակեցված, այլև մեծ խնամքով ծեփված է, և նույնիսկ մի տախտակ էլ ավելացված։ Նա ասաց․
― Դե, ես էլ ասելիք չունեմ, Թոմ։ Ուրեմն, դու կարող ես աշխատել, եթե մտքումդ դնես։ ― Բայց անմիջապես մեղմեց գովեստը։ ― Բայց պետք է ասեմ, որ խիստ սակավ է պատահում, երբ դու աշխատելու ցանկություն ես ունենում։ Լավ, գնա խաղա, բայց ժամանակին տուն արի, թե չէ ծեծ կուտես։
Նա այնքան հիացած էր Թոմի աշխատանքով, որ տղային տարավ մառան և ընտրելով ամենալավ խնձորը, տվեց, միաժամանակ խրատ կարդալով, թե ինչքան թանկ ու հաճելի է լինում այն նվերը, երբ դա ձեռք է բերվում ազնվորեն, առանց մեղք գործելու։ Մինչ նա իր խոսքը կավարտեր Սուրբ գրքից բերված մի մեջբերումով, Թոմը մի շաքարահաց թռցրեց։
Հետո նա սենյակից փախավ ու տեսավ, որ Սիդը բարձրանում է երկրորդ հարկի ետևի սենյակը տանող արտաքին սանդուղքով․ հողակոշտերն ամենից հարմար էին, և մի ակնթարթում օդը լցվեց դրանցով։ Սիդի շուրջը կարկուտի պես տեղացին հողակոշտեր և մինչ մորաքույր Պոլին ուշքի կգար և օգնության կհասներ, վեց թե յոթ հողակոշտեր արդեն հասել էին իրենց նպատակին, իսկ Թոմը ցանկապատի վրայով արդեն փախել էր։ Ցանկապատը, անշուշտ, դուռ ուներ, բայց Թոմը, որպես կանոն, միշտ ժամանակ չէր ունենում դրանից օգտվելու։ Այժմ, երբ հաշիվը արդեն մաքրել էր Սիդի հետ՝ սև թելի մասին մորաքրոջը հիշեցնելու և իրեն գլխացավանք պատճառելու համար, Թոմի սիրտը հանգստացավ։
Թոմը տան հետևով անցավ իրենց թաղամասը և դուրս եկավ մի ցեխոտ փողոց, որն անցնում էր մորաքրոջ գոմի մոտով։ Այլևս նա ազատ էր բռնվելու և պատժվելու վտանգից․ նա գնաց դեպի ավանի հրապարակը, որտեղ տղաների երկու «ռազմական» խմբեր նախնական համաձայնությամբ հավաքվել էին կռվելու համար․ Թոմը այս բանակներից մեկի հրամանատարն էր, Ջո Հարպըրը (նրա մտերիմ ընկերը)՝ մյուսի։ Այս երկու մեծ հրամանատարներն իրենց թույլ չէին տալիս անձամբ իրար հետ կռվելու․ դա ավելի հարմար էր փոքրերին։ Նրանք մի թմբի վրա, իրար մոտ նստած, թիկնապահների միջոցով հրամաններ արձակելով, ղեկավարում էին ռազմական գործողությունները։ Երկար ու ծանր պատերազմից հետո Թոմի բանակը մեծ հաղթանակ տարավ։ Հետո հաշվեցին սպանվածներին, գերիներ փոխանակեցին, հաջորդ հանդիպման պայմանների ու վճռական ճակատամարտի օրվա մասին համաձայնության եկան․ դրանից հետո բանակները շարժվեցին ու հեռացան, և Թոմը գնաց տուն։
Անցնելով այն տան առջևով, ուր ապրում էր Ջեֆ Թեչըրը, նա պարտեզում մի անծանոթ աղջիկ տեսավ, մի սիրուն, կապուտաչյա արարած, դեղին մազերը երկու երկար հյուս արած, ամառային սպիտակ շորով և ասեղնագործված տաբատով։ Հաղթանակով պսակված հերոսը գերի ընկավ առանց մի կրակոց արձակելու։ Մի ինչ֊որ Էմի Լոուրենս չքացավ նրա սրտից և նույնիսկ իր հետևից հիշատակ չթողեց։ Թոմը կարծում էր, թե նրան խելագարի նման էր սիրում․ նրան թվում էր, թե սիրում էր պաշտելու աստիճան, բայց պարզվեց, որ նա միայն մի անցողիկ մանրուք է։ Ամիսներով հետապնդել էր նրան և միայն մի շաբաթ առաջ աղջիկը խոստովանել էր, որ սիրում էր իրեն։ Նա աշխարհի ամենաերջանիկ և ամենահպարտ տղան էր միայն յոթ կարճ օրվա ընթացքում, և ահա, մի ակնթարթում, այդ աղջիկը հեռացավ Թոմի սրտից, ինչպես պատահական մի օտարական, որը եկել էր ու գնացել։
Նա հեռվից հիացած նայում էր այս նոր հրեշտակին, մինչև զգաց, որ նա էլ նկատեց իրեն։ Այդ ժամանակ ձևացրեց, թե չի նկատում աղջկա ներկայությունը և սկսեց «ցուցադրել» իր ճարպկությունը, ինչպես ընդունված է տղաների մոտ, որպեսզի նրա հիացմունքը նվաճի։ Որոշ ժամանակ նա շարունակեց իր խենթությունը ու մեկ էլ հանկարծ վտանգավոր ինչ֊որ վարժության կեսին նայեց աղջկա կողմը և տեսավ, որ նա ետ է դարձել և տուն է գնում։ Թոմն ընկճված մոտեցավ ցանկապատին, հենվեց վշտացած, բայց հույս ունենալով, որ նա մի փոքր էլ կմնա պարտեզում։ Աղջիկը մի պահ կանգնեց սանդուղքի վրա, հետո շարժվեց դեպի դուռը։ Թոմը ծանր հառաչեց, երբ նա ոտը դրեց շեմքին․ բայց Թոմի դեմքն անմիջապես փայլեց, որովհետև ներս մտնելուց առաջ ցանկապատի վրայով աղջիկը մի մանուշակ նետեց տղային։ Թոմը վազեց ու կանգ առավ ծաղկից մի քանի քայլ հեռու ու ձեռքը դնելով ճակատին, սկսեց ուշադիր նայել փողոցի կողմը, կարծես ինչ֊որ առանձին հետաքրքրական բան էր կատարվում այնտեղ։ Հետո մի ծղոտ վերցրեց և քթի վրա դնելով, փորձեց հավասարակշռված պահել, հետո գլուխը ետ գցած, այս ու այն կողմ շարժվելով, նա կամաց֊կամաց մոտեցավ ծաղկին։ Վերջապես նա իր բոբիկ ոտքը դրեց ծաղկի վրա, ճկուն մատները փակեց և մի ոտի վրա թռչելով՝ իր գանձը հետը տանելով, հեռացավ ու անհետացավ անկյունում։ Բայց միայն մի րոպե, այնքան, որքան պետք էր բաճկոնը բացելու և ծաղիկը պահելու՝ սրտի մոտ, կամ, հավանաբար, ստամոքսի մոտ, որովհետև նա այնքան էլ ուժեղ չէր անատոմիայից և այդպիսի գործերից շատ չէր հասկանում։
Դրանից հետո նա վերադարձավ ցանկապատի մոտ և մինչև մութն ընկնելը այնտեղ մնաց, առաջվա պես «իրեն ցույց տալով»։ Բայց աղջիկն այլևս չերևաց, թեև Թոմն իրեն մի քիչ մխիթարում էր այն հույսով, որ նա անպայման լուսամուտից տեսնում էր իր տառապանքները։ Ի վերջո, նա տուն գնաց, գլուխը ցնորքներով լիքը։
Ընթրիքի ժամանակ նա այնքան բարձր տրամադրության մեջ էր, որ մորաքույրը զարմացավ․ «Ի՞նչ է պատահել այս երեխային»։ Սիդի վրա հողակոշտեր նետելու համար նրան մի լավ սեղմեցին, բայց նա ոչ մի ուշադրություն չդարձրեց։ Մորաքրոջ քթի տակ նա փորձեց շաքար գողանալ, բայց ձեռքին հարված ստացավ։ Նա ասաց․
― Մորաքույր, երբ Սիդն է թռցնում, նրան իսկի չեք ծեծում։
― Սիդը քեզ նման մարդու չի տանջում, եթե չհսկեմ, դու շաքարամանից դուրս չես գա։
Շուտով մորաքույրը գնաց խոհանոց, և Սիդը գոհ, որ անպատիժ մնաց, ձեռքը երկարեց շաքարամանին։ Այդ ծաղրը անտանելի էր Թոմի համար։ Բայց․․․ շաքարամանը սահեց Սիդի ձեռքից և ընկնելով, ջարդվեց։ Թոմը հրճվանքի մեջ էր, այնպիսի հրճվանքի, որ լեզուն իրեն քաշեց և լռեց։ Նա որոշեց ոչ մի խոսք չասել, նույնիսկ, երբ մորաքույրը ներս մտներ, որոշեց հանգիստ նստել, մինչև որ նա հարցներ, թե ո՞վ է արել այդ չարագործությունը։ Հետո կասեր։ Աշխարհում ոչ մի բան այնքան հաճելի չէր կարող լինել, որքան տեսնելը, թե ինչպես է այդ «օրինակելի»֊ն ծեծի իր բաժինը ստանում։ Նա այնքան ուրախ էր, որ հազիվ էր իրեն զսպում։ Պառավ լեդին վերադարձավ և կանգնեց շաքարամանի կտորների առջև։ Ակնոցի տակից ցասման կայծեր թափվեցին։ Թոմը ինքն իրեն ասաց․ «Սկսվում է»։ Մի ակնթարթ, և նա ընկած էր գետին։ Պատժող ձեռքը բարձրացել էր նորից խփելու, երբ Թոմը բղավեց․
― Սպասեք, սպասեք, ինչու՞ եք ինձ ծեծում։ Դա չէ՞ որ Սիդն է ջարդել։
Մորաքույր Պոլին մի պահ քարացավ, և Թոմն սպասում էր, որ նա կզղջա իր արածի համար։ Բայց երբ մորաքույրը նորից կարողացավ խոսել, ասաց․
― Հըմ, բայց իմ կարծիքավ դու դա իզուր չստացար։ Վստահ եմ, որ իմ բացակայությամբ դու մի ուրիշ չարություն արած կլինես։
Հետո խիղճը տանջեց մորաքրոջը։ Նա ուզում էր մի սիրալիր ու քաղցր բան ասել, բայց մտածեց, որ Թոմը կկարծի, թե նա իրեն մեղավոր է համարում, իսկ դա անկարգություն կլիներ։ Այնպես որ նա գերադասեց լռել և իր գործը շարունակեց տխուր սրտով։ Թոմը վիրավորված՝ մի անկյուն քաշվեց։ Նա գիտեր, որ սրտի խորքում մորաքույրը իր առաջ ծունկի էր գալիս, և այդ գիտակցությունը տղային բավականություն էր պատճառում։ Նա ձևացնում էր, թե այդ բոլորը չի տեսնում։ Գիտեր, որ հաճախ ներողություն խնդրող արցունքոտ հայացքներ են ընկնում իր վրա, բայց նա չէր ուզում նկատել դրանք։ Նա իրեն պատկերացրեց մահամերձ հիվանդ և մորաքույրը իր վրա կռացած, ներման խոսքի սպասելիս․ բայց ինքը դեմքը դեպի պատն է շուռ տալիս և մեռնում է այդ խոսքը չասած։ Այն ժամանակ մորաքույրը ինչպե՞ս կզգար իրեն։ Նա պատկերացրեց, թե ինչպես իրեն խեղդված հանում են գետից ու տուն բերում, մազերը թրջված, փոքրիկ ձեռքերը առհավետ անշարժ և հիվանդ սիրտը՝ հանգստացած։ Մորաքույրն ինչպես կընկնի իր դիակի վրա, և ինչ արցունքներ կհոսեն անձրևի պես։ Նրա շրթունքները կաղոթեն աստծուն, որ իր տղային վերադարձնի, և կխոստանա այլևս երբեք, երբեք չնախատել նրան։ Բայց ինքը պառկած կմնա՝ սառը և գունատ, առանց կենդանության նշան ցույց տալու։ Խեղճ փոքրիկ տառապյալ, որի տանջանքներն իրենց վախճանին են հասել։
Նա այս երևակայական պատկերներից այնքան հուզվեց, որ սկսեց հեկեկալ, աչքերը լցվեցին, և արցունքները քթի ծայրից ցած հոսեցին։ Թոմին այնքան հաճելի էին իր վշտի համար թափած այդ արցունքները, որ նա չէր ցանկանա աշխարհիկ որևէ ուրախություն խառնվեր դրան։ Այդ արցունքները սուրբ էին նրա համար։ Այդ պատճառով էլ, երբ իր ազգականուհի Մերին պարելով ներս մտավ, ուրախ, որ երկարատև բացակայութնունից հետո գյուղից տուն էր վերադարնում, թեև այնտեղ մնացել էր ընդամենը մի շաբաթ, Թոմը տխուր ու մռայլ վեր կացավ և մի դռնից դուրս եկավ այն ժամանակ, երբ մյուս դռնից ներս մտավ Մերին՝ իր հետ բերելով երգ ու արև։ Նա երկար թափառեց, աշխատելով հեռու մնալ այն փողոցից, որտեղ տղաները ընդհանրապես հավաքվում էին և որոնեց մռայլ տեղեր, որոնք համապատասխանում էին նրա տրամադրությանը։ Գետի մեջ մի լաստ կար, որն ասես հրավիրում էր նրան։ Նա նստեց լաստի ծայրին և մտքով խորասուզվեց գետի տխուր անհունության մեջ։ Նա մի պահ միայն ցանկացավ խեղդվել՝ միանգամից, առանց այդ բանը գիտակցելու, առանց անցնելու բնության տված դժվարին ու անսովոր ուղին։ Բայց անմիջապես հիշեց իր ծաղիկը։ Գրպանից հանեց այդ ծաղիկը, որը ճմրթվել և թոշնել էր, և դա ավելի սաստկացրեց նրա վիշտը։ Եվ Թոմը սկսեց մտածել, թե արդյոք նա կխղճա՞ր իրեն, եթե իմանար։ Կարտասվե՞ր արդյոք, կգրկե՞ր և կհանգստացնե՞ր իրեն, թե սառնասրտորեն շուռ կգար, ինչպես ամբողջ դատարկ աշխարհը։ Այս պատկերը Թոմին այնպիսի հաճելի տառապանք պատճառեց, որ նա մտովի սկսեց պատկերացնել տարբեր ձևերով, մինչև հոգնեց։ Ւ վերջո, հոգոց հանելով, վեր կացավ և մթության մեջ հեռացավ։
Ժամը ինն անց կեսին, տասի մոտերքը նա հասավ այն փողոցը, որտեղ ապրում էր իր պաշտելի անծանոթը։ Մի պահ սպասեց․ ամբողջովին լսողություն դարձած նրա ականջին ոչ մի ձայն չհասավ։ Երկրորդ հարկի մեծ պատուհանի վարագույրի հետևից մոմի մի աղոտ լույս էր առկայծում։ Այստե՞ղ էր արդյոք սուրբ ներկայությունը։ Նա մագլցեց ցանկապատը, գողի պես անցավ կանաչների ու ծաղիկների միջով, մինչև հասավ այդ լուսամուտի տակ։ Երկար ժամանակ ու հուզումով վեր նայելուց հետո նա պառկեց մեջքի վրա՝ կրծքին պահելով ճմրթված ծաղիկը։ Նա այդպես էլ պիտի մահանա․ բացօթյա, սառը աշխարհում, իր անտուն գլխի վրա ապաստան չունենալով, չունենալով գոնե մտերմիկ մի ձեռք, որ մահվան քրտինքը ճակատից սրբի, չունենալով սիրող մի դեմք, որ խղճալով խոնարհվի իր վրա, երբ վերջին պահը գա։ Կգա երջանիկ առավոտը, և աղջիկը կտեսնի նրա անշունչ դիակը։ Արդյոք մի կաթիլ արցունք կցողե՞ր իր անշունչ մարմնի վրա, պիտի մի փոքր հոգոց հանե՞ր, տեսնելով մի երիտասարդ, փայլուն կյանք այդպես անգթորեն խամրած, այդպես անժամանակ խորտակված։
Լուսամուտը բացվեց, մի սպասուհու կոպիտ ձայնը խզեց սուրբ լռությունը, և ջրի մի հեղեղ ողողեց պառկած մարտիրոսի աճյունը։
Խեղդվող հերոսը միանգամից վեր թռավ։ Լսվեց արձակված քարի հայհոյախառը շվվոց, որին հաջորդեց ջարդված ապակու զնգոցը։ Մի փոքր, անորոշ ստվեր անցավ ցանկապատի վրայով և կորավ մթության մեջ։
Դրանից հետո, երբ Թոմը պառկելուց առաջ ճրագի լույսի տակ ստուգում էր թրջված հագուստները, Սիդը արթնացավ, բայց եթե նա նույնիսկ միտք ուներ «ակնարկներ» անելու, ավելի լավ համարեց լռել և իրեն հանգիստ պահել, որովհետև Թոմի աչքերում սպառնալիք կար։ Թոմը պառկեց առանց աղոթելու․ Սիդը մտքում նշեց այդ զանցանքը ևս։
Գլուխ IV
Արևը ծագեց խաղաղ երկրի վրա և անդորը գյուղաքաղաքի վերևում շողշողաց որպես օրհնություն։ Նախաճաշից հետո մորաքույր Պոլին բոլորին հավաքեց ընտանեկան աղոթքի։ Աղոթքը սկսվեց Սուրբ գրքից ընտրված հատվածներով, որոնք իրար էին կապված ինքնահնար խոսքերի բարակ շաղախով։ Այդ բոլորի վրա նա արտասանեց Մովսեսյան օրենքի մի խրթին գլուխ, կարծես Սինա լեռան վրա լիներ։
Դրանից հետո Թոմը պատրաստվեց և, այսպես ասած, սկսեց Աստվածաշնչից իր համար նշանակված հատվածները սովորել։ Սիդը օրեր առաջ սովորել էր իր դասը։ Թոմը լարեց իր բոլոր ուժերը հինգ տուն անգիր անելու համար․ նա ընտրեց Լեռան Աղոթքի մի մասը, որովհետև ավելի կարճ տներ չէր գտնում։ Կես ժամ հետո Թոմը տարտամ ու աղոտ գաղափար միայն ուներ իր սերտածի մասին, որովհետև մինչ նրա ուղեղը ճանապարհորդում էր մարդկային մտածողության ընդարձակ դաշտում, ձեռքերը զբաղված էին ուշադրությունը շեղող բաներով։ Մերին վերցրեց գիրքը ստուգելու համար, իսկ Թոմը փորձեց ինչ֊որ կերպ դուրս գալ մշուշի միջից։
― Երանի․․․ի․․․ի․․․
― Հոգով։
― Այո, հոգով։ Երանի հոգով․․․ով․․․ով․․․
― Աղքատներին։
― Երանի հոգով աղքատներին, որովհետև նը․․․ը․․․
― Նրանց։
― Որովհետև նրանց։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանց է պատկանում երկնքի թագավորությունը։ Երանի տանջվողներին, որովհետև նրանք․․․նրանք․․․
―Պի․․․
― Որովհետև նրանք պի․․․
― Պիտ․․․
― Որովհետև նրանք պիտ․․․ Է՜հ, չեմ հիշում, ի՞նչ էր։
― Պիտի։
― Հա, պիտի։ Որովհետև նրանք պիտի․․․ պիտի․․․ ի․ ի․ ի․․․ տանջվեն․․․ ը․․․ ը․․․ Երանի նրանց, որ պիտի․․․ որ պիտի․․․ պիտի տանջվեն, որովհետև նրանք պիտի․․․ պիտի ի՞նչ։ Ինչու՞ չես ասում, Մերի։ Ւնչու՞ ես ինձ ծաղրում։
Է՜հ, Թոմ, հաստագլուխ խենթուկ, ես քեզ չեմ ծաղրում։ Չեմ էլ մտածում ծաղրել։ Պարզապես պետք է դասդ նորից սովորես։ Մի հուսահատվիր, Թոմ, դու կկարողանաս սովորել, և երբ անգիր անես, ես քեզ մի այնպիսի լավ բան կտա՜մ։ Դե, սկսիր, դու շատ լավ տղա ես։
― Լավ։ Բայց ի՞նչ պիտի տաս։ Մերի, ասա, ի՞նչ։
― Անհոգ եղիր, Թոմ։ Դու գիտես, որ երբ ասում եմ լավ բան է, ուրեմն լավ բան է։
― Մերի, դու ինձ չե՞ս խաբում, չէ՞։ Շատ լավ։ Ես նորից կփորձեմ։
Եվ նա նորից փորձեց։ Հետաքրքրության և խոստացված նվերի կրկնակի ազդեցության տակ նա այնպիսի եռանդով աշխատեց, որ փայլուն հաջողության հասավ։
Մերին նվիրեց նրան երկլեզվանի մի նոր փոքր դանակ, որն արժեր տասներկու և կես սենթ։ Թոմի ուրախությանը չափ չկար, և նա շատ հուզվեց։ Ճիշտ է, դանակը ոչ մի բան չէր կտրում, բայց դա ինչ֊որ խաղալիք չէր, այլ Բարլո ֆիրմայի իսկական դանակ, որից էլ գալիս էր դրա անըմբռնելի հմայքը․ որտեղից էին արևմտյան նահանգների տղաները հնարել, թե այդ ահեղ զենքով կարելի էր այնպիսի բաներ անել, որ իսկական դանակով հնարավոր չէր․ պետք է ենթադրել, որ դա ընդմիշտ անհայտ կմնա։ Թոմը հասցրեց դանակով տաշել բուֆետը և պատրաստվում էր պահարանին հասնել, երբ նրան կանչեցին հագնվելու՝ կիրակնօրյա դպրոց գնալու համար։
Մերին նրան տվեց թիթեղե կոնքը, մի կտոր օճառ, և Թոմը դռնից դուրս եկավ․ նա կոնքը դրեց փոքրիկ նստարանին, օճառը մխրճեց ջրի մեջ և դրեց տեղը։ Հետո թևերը քշտեց, ջուրը զգուշությամբ թափեց գետին և խոհանոց մտնելով, դռան հետևի սրբիչով սկսեց երեսը սրբել։ Բայց Մերին սրբիչը վերցրեց նրա ձեռքից և ասաց․
― Չե՞ս ամաչում, Թոմ։ Դու այդքան վատը չպետք է լինես։ Ջուրը քեզ չի վնասի։
Թոմը մի քիչ շփոթվեց։ Կոնքը նորից լցվեց, և այս անգամ նա կոնքի առաջ մի քիչ կանգնեց՝ վճռականություն հավաքելով։ Նա խոր շնչեց և սկսեց։ Երբ նորից խոհանոց մտավ՝ երկու աչքերը փակ ու ձեռքով սրբիչը փնտրելով, նրա դեմքից օճառաջուր էր թափվում։ Բայց երբ դեմքը դուրս եկավ սրբիչից, գոհացուցիչ վիճակում չէր, որովհետև մաքուր մասը դիմակի նման ծնոտի և երեսի ծայրերին էր հասնում։ Այդ գծից այն կողմ մնում էր չթրջված մի մեծ տարածություն, որ բարձրանում էր ճակատի կողմը և իջնում վզի շուրջը։ Մերին ինքը զբազվեց նրան լվանալու գործով, և երբ ավարտել էր, Թոմը դեմքի գույնով նման էր մարդու և եղբոր։ Նրա թաց մազերը սանրված էին, և կարճ գանգուրները համաչափ ու հաճելի տպավորություն էին թողնում։ (Թոմը գաղտնի հարթեցրեց գանգուրները ու մազերը կպցրեց գլխին․ նրա մազերը փափուկ ու կանացի էին և այդ պատճառով նա իրեն դժբախտ էր զգում։) Հետո Մերին պահարանից հանեց նրա այն հագուստները, որոնք երկու տարի է ինչ գործածվում էին միայն կիրակի օրերը և պարզապես կոչվում էին «մյուս հագուստները․ դրանից կարող ենք իմանալ նրա հանդերձարանի հարստությունը։ Հագնվելուց հետո Մերին «կարգի բերեց» նաև նրան․ բաճկոնը կոճկեց մինչև վիզը, շապկի լայն օձիքը դարձրեց դեպի ուսեը, հագուստը խոզանակեց և գլխին դրեց հարդե բծավոր գլխարկը։ Այժմ Թոմը շատ կոկետ, բայց անհանգիստ տեսք ուներ և նա իսկապես անհանգիստ էր, որովհետև մաքրությունն ու այդ հագուստը նեղում էին տղային։ Նա հույս ուներ, որ Մերին կմոռանար կոշիկները, բայց հույսը ի դերև ելավ։ Աղջիկը, ինչպես հարկն էր, ճարպով մի լավ մաքրեց դրանք և բերեց։ Թոմը համբերությունը կորցրեց և ասաց, որ նրան միշտ անել են տալիս այն, ինչ ինքը չի ուզում անել։ Բայց Մերին ասաց համոզիչ տոնով․
― Խնդրում եմ, Թոմ, դու խելոք տղա ես։
Եվ Թոմը, տրտնջալով, հագավ կոշիկները։ Մերին շտապ պատրաստվեց, և երեք երեխաները ճանապարհ ընկան դեպի կիրակնօրյա դպրոց, մի վայր, որը Թոմն ատում էր ամբողջ սրտով, բայց Սիդն ու Մերին շատ էին սիրում։
Կիրակնօրյա դպրոցը երեխաներին զբաղեցնում էր ժամը իննից մինչև տասն անց կեսը․ այնուհետև սկսվում էր կիրակնօրյա կրոնական արարողությունը։ Երեխաներից երկուսը սիրով մնում էին աղոթքի, իսկ մյուսը մնում էր ավելի զորեղ պատճառներից ելնելով։ Եկեղեցու կոշտ նստարանները կարող էին տեղավորել շուրջ երեք հարյուր հոգի։ Շենքը փոքր ու պարզ էր, նման փայտե տուփի, որի վրա դրել էին սրածայր զանգակատունը։ Դռան մոտ Թոմը մի փոքր ետ ընկավ և մոտեցավ կիրակնօրյա շորեր հագած ընկերոջը։
― Լսիր, Բիլ, դեղին տոմս ունե՞ս։
― Այո։
― Ի՞նչ ես ուզում դրա դիմաց։
― Ի՞նչ կտաս։
― Մի կտոր լակրիցա և ձկան կարթ։
― Ցույց տուր։
Թոմը ցույց տվեց։ Ընկերը գոհ մնաց, և նրանք փոխանակեցին։ Հետո Թոմը երկու սպիտակ գնդիկը փոխանակեց երեք կարմիր տոմսերի հետ և մի քանի մանր֊մունր բաներ՝ երկու կապույտների հետ։ Նա բռնացրեց նաև ուրիշ տղաների և ավելի քան տասը֊տասնհինգ րոպե շարունակ տարբեր գույնի տոմսեր գնեց։ Նա եկեղեցի մտավ մաքուր և աղմկոտ տղաների ու աղջիկների հետ, մոտեցավ իր աթոռին և սկսեց կռվել առաջին իսկ տղայի հետ։ Ուսուցիչը, մի լուրջ, տաքարյուն մարդ, միջամտեց, բայց երբ նա մի պահ շրջվեց, Թոմը կողքի նստարանից մի տղայի մազերից քաշեց, և երբ սա շուռ եկավ, նա արդեն խորասուզված էր իր գրքի մեջ։ Մի ուրիշ տղայի գնդասեղով ծակեց, որպեսզի լսի նրա «ույ» ասելը․ ուսուցիչը նորից նկատողություն արեց։
Թոմենց դասարանի բոլոր երեխաներն իրար նման էին․ անհանգիտ, աղմկոտ և կռվարար։ Երբ նրանք սկսեցին իրենց դասն արտասանել, նրանցից ոչ մեկն իր անգիրը կատարյալ չգիտեր․ անհրաժեշտ էր բոլորին հուշել։ Ի վերջո, նրանք մի կերպ տակից դուրս եկան, և յուրաքանչյուրը ստացավ իր պարգևը՝ մի կապույտ տոմս, վրան ինչ֊որ խոսքեր Սուրբ գրքից։ Յուրաքանչյուր կապույտ տոմս տրվում էր երկու տողի անգիր արտասանության դիմաց։ Տասը կապույտ տոմսը հավասար էր մի կարմիր տոմսի և կարող էր դրա հետ փոխանակվել։ Տասը կարմիր տոմսը հավասար էր մեկ դեղինի։ Տաը դեղին տոմսի դիմաց դպրոցի դիրեկտորը աշակերտին տալիս է մի հասարակ կազմով աստվածաշունչ (այդ երջանկահիշատակ ժամանակներում գիրքն արժեր քսան սենթ)։ Իմ ընթերցողներից քանի՞սն այդքան աշխատասիրություն և կարողություն կունենան անգիր անելու երկու հազար տող ոտանավոր թեկուզ Դորեի նկարներով զարդարված աստվածաշունչ ստանալու համար։ Իսկ Մերին այս ճանապարհով կարողացել էր ստանալ երկու աստվածաշունչ։ Դա երկու տարվա համբերատար աշխատանքի արդյունքն էր․ իսկ գերմանական ծագումով մի տղա շահել էր չորս կամ հինգ աստվածաշունչ։ Նա մի անգամ երեք հազար տող արտասանել էր առանց կանգ առնելու։ Բայց նրա ուղեղի լարումն այնքան ծանր էր եղել, որ այդ օրվանից նա մի ապուշ էր դարձել։ Այդ դեպքը դպրոցի համար լուրջ դժբախտություն էր, որովհետև մեծ առիթների դեպքում մարդկանց առաջ դիրեկտորը (ինչպես Թոմն էր ասում) միշտ այս տղային մեջտեղ էր հանում «իրեն ցույց տալու համար»։ Միայն չափահաս աշակերտներն էին կարողանում պահել տոմսերը և իրենց համբերատար գործն այնպես շարունակել, որ ավետարան ստանան։ Այդ պատճառով էլ այս մրցանակներից որևէ մեկի հանձնումը մեծ իրադարձություն էր․ հաջողակ աշակերտն այնքան էր մեծարվում ու գովաբանվում, որ յուրաքանչյուր դպրոցական այրվում էր մի քանի շաբաթ փառասիրությամբ։ Թոմի մտավոր ախորժակը հավանաբար ոչ մի անգամ մրցանակների պատճառով չգրգռվեց, բայց նա ի՞նչ խոսք, ամբողջ սրտով մի քանի օր երազում էր այդպիսի հաղթանակ և այն ամբողջ փայլը, որ գալիս էր դրա հետ։
Մինչ այդ դիրեկտորը կանգ առավ ամբիոնի առաջ՝ աղոթագիրքը ձեռքին, ճկույթը էջերի արանքը դրած և պահանջեց, որ ուշադիր լինեն։ Կիրակնօրյա դպրոցի դիրեկտորը, երբ արտասանում էր իր սովորական համառոտ ճառը, անհրաժեշտ է, որ աղոթագիրք ունենա ձեռքին, ինչպես մեներգիչը համերգում՝ նոտայի մի թերթ։ Բայց թե ինչու՞ են այդպես անում, պարզ չէ․ ո՛չ երգարանը, ո՛չ էլ նոտայի թերթը այդ տանջվածներից որևէ մեկը երբեք չի գործածում։
Դիրեկտորը երեսունհինգ տարեկան նիհար մարդ էր, ուներ շեկ մորուք և կարճ, շեկ մազեր։ Նա դնում էր ուղիղ կանգնող օձիք, որի վերևի մասը համարյա հասնում էր ականջներին, իսկ սուր ծայրերը՝ բերանի անկյուններին, մի բան, որ ստիպում էր նրան ուղիղ դիմացը նայել և ամբղջ մարմինը շուռ տալ, երբ անհրաժեշտ էր լինում հայացք գցել որևէ կողմ։ Նրա վիզը փաթաթված էր մի փողկապով, որը բանկի գրության նման լայն ու երկար էր և ուներ ծոպավոր ծայրեր։ Նորաձև կոշիկների քթերը ընդգծված ձևով դեպի վերև էին ցցված՝ դահուկների ծայրերի նման։ Այդ ժամանակվա երիտասարդները դրան հասնում էին երկու ոտքերը համբերությամբ և ջանասիրությամբ ժամերով պատին դեմ տալով։ Միստր Ուոլթըրսը շատ լուրջ տեսք ուներ․ նա շատ անկեղծ և շատ ազնիվ մարդ էր։ Սուրբ իրերը այնպիսի երկյուղածությամբ էր բռնում և այնպես էր առանձնացնում աշխարհիկ բաներից, որ, անկախ իր կամքից, կիրակնօրյա դպրոցում մինչև անգամ խոսում էր ուրիշ ձայնով, ոչ այնպես, ինչպես մյուս օրերը։ Իր ճառը նա այսպես սկսեց․
― Իսկ այժմ, երեխաներ, ես ուզում եմ, որ դուք նստեք ինչքան հնարավոր է ուղիղ ու գեղեցիկ և մեկ կամ երկու րոպե ձեր ամբողջ ուշադրությունը նվիրեք ինձ։ Այդպես։ Ճիշտ այդպես են պահում իրենց լավ աղջիկներն ու տղաները։ Ես մի աղջիկ եմ տեսնում, որը լուսամուտից դուրս է նայում․ երևի կարծում է, թե ես դրսումն եմ, գուցե մի ծառի վրա, և փոքրիկ թռչունների համար ճառ եմ արտասանում։ (Հավանության ծիծաղ): Ես ուզում եմ ասել, թե ինչքան լավ եմ զգում, այսպիսի մի վայրում հավաքված տեսնելով շատ մաքուր, փայլուն դեմքեր, որոնք սովորում են ճիշտ գործ անել և բարի լինել։
Եվ այսպես շարունակ։ Անհրաժեշտ չէ ամբողջ ճառը շարադրել այստեղ։ Դա այնպիսին է, որը չի փոխվում և շատ ծանոթ է մեզ բոլորիս։
Ճառի վերջին մասը խանգարվեց մի քանի տղաների կռիվների և չարության պատճառով, ինչպես նաև անհանգիստ շարժումներից և փսփսոցից, որը կամաց֊կամաց տարածվեց և հասավ այնպիսի ապառաժների, ինչպիսիք Սիդն ու Մերին էին։ Բայց հենց որ միստր Ուոլթըրսը մի պահ լռեց, բոլորը միանգամից խաղաղվեցին ու ճառի վերջը լսեցին լուռ երախտագիտությամբ։
Փսփսոցի առիթը բացառիկ մի երևույթ էր․ նոր այցելուների մուտքը․ ներս մտավ դատավոր Թեչըրը, որին ուղեկցում էին զառամյալ մի ծերուկ, միջին տարիքի տպավորիչ, սպիտակող մազերով մի ջենտլմեն և արժանապատվությամբ լեցուն մի տիկին, որն անկասկած վերջինի կինն էր։ Լեդին բռնել էր մի աղջկա ձեռքից։ Թոմը չէր կարողանում տեղը նստել․ հուզված էր և դրա հետ միասին խիղճը տանջում էր նրան։ Նա չէր կարողանում նայել Էմի Լոուրենսի աչքերին, չէր կարողանում տանել նրա սիրող հայացքը։ Բայց երբ տեսավ փոքրիկ նորեկին, մի վարկյանում նրա սիրտը երջանկությամբ լցվեց։ Հաջորդ պահին ինչքան շնորք ուներ ցույց էր տալիս․ ապտակում էր տղաներին, մազերն էր քաշում, ծամածռություններ էր անում, մի խոսքով, օգտագործում էր իր ամբղջ արվեստը, որ կարող էր հիացնել մի աղջկա և արժանանալ նրա գովասանքին։ Բայց մի բան փչացնում էր նրա ցնծությունը․ իր նվաստացումը այս հրեշտակի այգում։ Բայց այդ հիշողությունը շուտով ավազի նման մաքրվեց նրան տիրող երջանկության քամուց։
Այցելուներին նստեցրին պատվո ամենաբարձր աթոռներին, և հազիվ միստր Ուոլթըրսի ճառը ավարտվեց, դիրեկտորը նրանց ներկայացրեց բոլորին։ Պարզվեց, որ միջին տարիքի անծանոթը մի շատ պատկառելի մարդ էր․ ոչ ավելի, ոչ պակաս, նա օկրուգային դատավորն էր․ ամենամեծ բարձրաստիճան անձնավորությունը, որին մինչ այդ տեսել էին երեխաները։ Նրանք շատ էին ուզում իմանալ, թե ինչ նյութից էր ստեղծված այդ մարդը։ Մի կողմից ուզում էին, որ սա գոռար, մյուս կողմից վախենում էին, որ իսկապես կարող է գոռալ։ Նա Կոստանդնուպոլսից էր եկել, որը տասներկու մղոն հեռու էր․ հետևաբար նա ճանապարհորդել էր և աշխարհ տեսել։ Նույն այդ աչքերը նայել էին օկրուգային դատարանի շենքին, որը, ասում էին, թիթեղե տանիք ուներ։ Տիրող լռությունը և հարգալից նայող աչքերը ցույց էին տալիս, թե այդ մտքերը ինչ պատկառանք էին ներշնչել երեխաներին։ Դա մեծ դատավոր Թեչըրն էր, փաստաբան Թեչըրի եղբայրը։ Ջեֆ Թեչըրը անմիջապես առաջ անցավ այդ մեծ մարդու հետ ունեցած իր ծանոթությունը ցույց տալու և աշակերտների նախանձը շարժելու համար։ Եթե նա կարողանար լսել իր հետևից բարձրացոց փսփսուքը, այդ նրան երաժշտություն կթվար։
― Մի նրան նայիր, Ջիմ, նա այնտեղ է գնում։ Տ՛ես, գնում է նրանց ձեռքը սեղմելու։ Սեղմում է նրանց ձեռքը։ Աստված իմ։ Չէի՞ր ուզենա Ջեֆի փոխարեն լինել։
Միատեր Ուոլթըրսն էլ իր հերթին «գործի» անցավ․ պաշտոնական ձևով հրամաններ տվեց, կարծիքներ հայտնեց, սրան֊նրան և բոլորին, հարմար առիթով կամ անառիթ, ուղղություն ցույց տվեց։ Գրադանավարը նույնպես «իրեն ցույց էր տալիս» գրքերը ձեռքին այստեղ֊այնտեղ վազելով, անընդհատ շատախոսելով և աղմկելով, մի բան, որ սիրում են անել փոքր հեղինակությունները։ Երիտասարդ ուսուցչուհիները «իրենց ցույց էին տալիս» քնքշորեն խոնարհվելով դեպի այն չար աշակերտները, որոնց այդ դեպքում հանդիմանում էին, մատ թափ տալիս, սպառնում, իսկ բարիների ուսերը ձեռքով թփթփացնում։ Երիտասարդ ուսուցիչները «իրենց ցույց էին տալիս» փոքր հանդիմանուցյուններ անելով և ամեն կերպ հեղինակություն ցուցաբերելով, իբր թե կարգ ու կանոնին են հետևում։ Հետո ուսուցիչների մեծամասնությունը զբաղվեց ամբիոնի մոտի գրապահարանով և այդ նույն բանը կրկնվեց մի քանի անգամ (անշուշտ շատ սրտնեղությամբ)։ Փոքրիկ աղջիկներն «իրենց ցույց տվին» բազմաթիվ ձևերով, և փոքր տղաները «իրենց ցույց տվին» ժրաջանությամբ, որից օդը լցվեց թղթերով, փսփսոցով ու հրմշտոցով։ Եվ այդ բոլորի վերևվում բազմել էր մեծ մարդը ու ամբողջ դահլիճի վրա ճառագայթում էր դատավորական ժպիտը։ Նա տաքանում էր իր իսկ մեծության արևով։ Նա ևս «իրեն ցույց էր տալիս»։ Մնում էր մի բան, որպեսզի միստր Ուոլթըրսի ցնծությունը դառնար կատարյալ, իսկ դա մրցանակ֊ավետարանի հանձնումը և հրաշքի ցուցադրումն էր։ Բազմաթիվ երեխաներ դեղին տոմսեր ունեին, բայց ոչ մեկի մոտ այնքան չկար, ինչքան հարկավոր էր։ Միստեր Ուոլթըրսն արդեն հարցաքննել էր առջևում նստած մի քամի աստղ֊աշակերտների։ Նա ամբողջ աշխարհը կտար, միայն թե գերմանացի այդ տղան վերագտներ իր բանականության հավասարակշռությունը։
Եվ ահա, ճիշտ այդ պահին, երբ հույսը մեռնում էր, առաջ եկավ Թոմ Սոյերը՝ ձեռքին ինը դեղին, ինը կարմիր և տասը կապույտ տոմս ու մի ավետարան պահանջեց։ Անամպ երկնքում պայթող որոտ էր դա։ Ուոլթըրսը Թոմից այդպիսի պահանջ չէր սպասում գոնե առաջիկա տարվա ընթացքում։ Բայց ինչ կարող էր անել․ այդտեղ էին վավերական տոմսերը և դրանք օրինական էին։ Թոմին կանչեցին վերև, նստեցրին դատավորին և մյուս ընտրյալներին հավասար մի տեղ, մեծ նորությունը պաշտոնապես հայտարարվեց։ Դա վերջին տասը տարվա ամենամեծ անակնկալն էր։ Եվ այնքան խորն էր զարմանքը, որ նոր հերոսին բարձրացրեց, հասցրեց դատավորի աստիճանին, և կիրակնօրյա դպրոցն այս պահին մեկի փոխարեն տեսնում էր երկու հրաշք։ Բոլոր տղաները նախանձից իրենց ուտում էին․ բայց ամենից շատ տառապողները նրաք էին, ովքեր ուշ գլխի ընկան, որ Թոմն իրենց օգնությամբ, տոմսերի առևտուր անելով, հասավ այդ փառքին։ Իրենք իրենց աչքում արհամարելի էին, քանի որ դարձել էին խաբեության զոհեր, խոտի մեջ սողացաղ օձի զոհեր։
Մրցանակը Թոմին հանձնվեց դիրեկտորի այնպիսի զեղումով, որ միայն այսպիսի առիթով կարելի էր արտասանել․ բայց այդ բոլորին պակասում էր ճշմարիտ ներշնչանքը, որովհետև խեղճ մարդու բնազդը նրան ասում էր, որ այստեղ կա մի գաղտնիք, որ հետո գուցե լույս աշխարհ գա։ Պարզապես անբնական էր, որ այս տղան իր ուժերով յուրացրած լիներ Սուրբ գրքի երկու հազար տող իմաստությունը, երբ մի տասներկուսն էլ նրան ուժասպառ կաներ անկասկած։ Էմի Լոուրենսը հպարտ էր, ուրախ և աշխատում էր, որ Թոմը տեսնի իրեն, բայց Թոմը չէր նայում։ Աղջիկը զարմացավ․ նախ մի փոքր մտահոգվեց, հետո մի փոքր կասկած եկավ ու անցավ, նորից եկավ։ Աղջիկն սկսեց շուրջը նայել։ Մի վախեցած հայացք նրան շատ բան ասաց և ապա նրա սիրտը կոտրվեց և նա խանդեց, բարկացավ, արցունքներ երևացին աչքերում, և նա ատեց բոլորին, բոլորից շատ՝ Թոմին։
Թոմը ներկայացվեց դատավորին․ բայց տղայի լեզուն կապ էր ընկել, շունչը կտրվում էր, սիրտը դողում էր, մասամբ այդ մարդու սարսափելի վեհ մեծությունից, բայց գլխավորապես այն պատճառով, որ դա նրա հայրն էր։ Եթե մութ լիներ, տղան ծունկի կգար և կերկրպագեր այդ մարդուն։ Դատավորը ձեռքը դրեց Թոմի գլխին և նրան անվանեց հրաշալի փոքր մարդ և հարցրեց տղայի անունը։ Սա կակազեց, հառաչեց և ի վերջո ասաց․
― Թոմ։
― Է՜, չէ՜, Թոմ չէ, այլ․․․
― Թոմաս։
― Ահա, ճիշտ է։ Դա շատ ճիշտ է, բայց ես կարծում եմ, որ մի ուրիշ անուն էլ կա, որ դու պիտի ասես, չէ՞։
Ջենտլմենին ասա քո լրիվ անուն֊ազգանունը, Թոմաս, ― միջամտեց Ուոլթըրսը, ― և խոսելիս «սըր» ասա․ մի մոռացիր քաղաքավարության ձևերը։
― Թոմաս Սոյեր․․․ սըր։
― Ճիշտ այդպես, ապրես։ Հրաշալի տղա է, հրաշալի փոքր մարդ։ Երկու հազար տողը շատ֊շատ է, շատ֊շատ։ Եվ դու երբեք մի զղջա այն հոգնության համար, որ կրեցիր դրանք սովորելիս։ Գիտությունը ավելին արժե, քան աշխարհում եղած որևէ այլ բան։ Դրա շնորհիվ են մարդիկ դառնում ավելի մեծ և լավ։ Մի օր դու էլ մեծ մարդ կդառնաս, Թոմաս, և այդ ժամանակ ետ կնայես քո անցած ուղուն ու կասես․ «Սյս բոլորի համար պարտական եմ իմ սիրելի ուսուչիներին, որոնք ինձ սովորեցրին, այդ բոլորի համար պարտական եմ իմ բարի դիրեկտորին, որը քաջալերեց ինձ և հսկեց ինձ վրա, տվեց ինձ մի գեղեցիկ աստվածաշունչ, մի հրաշալի, սիրուն աստվածաշունչ, որպեսզի միշտ պահեմ և մոտս ունենամ, այդ բոլորի համար պարտական եմ լավ դաստիարակության»։ Ահա թե ինչ կասես դու, Թոմաս, և ոչ մի գումարի հետ չես փոխի այդ երկու հազար տողերը, ոչ, իսկապես չես փոխի։ Իսկ այժմ բարի եղիր ինձ և այս լեդիին ասել քո սովորածներից մի քանիսը․ ես գիտեմ, որ կասես, որովհետև մենք հպարտ ենք սովորող տղաներով։ Անշուշտ, դու գիտես Հիսուսի բոլոր աշակերտների անունները։ Առաջին երկուսի անունները չե՞ս ասի։
Թոմը ձգում էր կոճակներից մեկը և նայում ոչխարի պես։ Նա կարմրեց և աչքերը խոնարհեց։ Միստեր Ուոլթըրսի սիրտը կուչ եկավ։ Նա հավատացած էր, որ այդ տղան չէր պատասխանի նույնիսկ ամենապարզ հարցերին։ Ի՞նչ փչեց դատավորի խելքին։ Բայց միստեր Ուոլթըրսը ստիպված էր միջամտել․
― Պատասխանիր ջենտլմենին, Թոմաս, մի վախեցիր։
― Ես գիտեմ, որ ինձ կասի, ― ասաց լեդին։ ― Առաջին երկու առաքյալների անուններն էին․
― Դավիթ և Գողիաթ։
Այդ տեսարանի շարունակության վրա իջեցնենք բարեսրտության վարագույրը։
Գլուխ v
Մոտ ժամը տասն անց կեսն էր, երբ ղողանջեց փոքր եկեղեցու ճաքաց զանգը, և ժողովուրդը սկսեց հավաքվել առավոտյան քարոզը լսելու։ Կիրակնօրյա դպրոցի աշակերտները ցրվեցին աղոթարանում և իրենց ծնողների հետ տեղ գրավեցին նստարանների վրա, որպեսզի հսկողության տակ լինեն։ Եկավ մորաքույր Պոլին։ Թոմը, Սիդը և Մերին նստեցին նրա հետ։ Թոմին տեղավորեցին եկեղեցու դասի կողմը, որպեսզի, ինչքան հնարավոր է, հեռու լինի բաց լուսամուտից և ամառային գայթակղիչ տեսարաններից։ Եկեղեցին լցվեց բազմությամբ։ Եկավ ծերունի ու աղքատ փոստապետը, որ անցյալում լավ օրեր էր տեսել, քաղաքագլուխը և իր կինը, քանի որ քաղաքն ուրիշ անօգուտ բաների կողքին քաղաքագլուխ էլ ուներ, հաշտարար դատավորը, այրի տիկին Դուգլասը՝ քառասուն տարեկան մի բարի, գեղեցիկ, առատաձեռն ու հարուստ կին։ Բլրի վրա գտնվող նրա տունը քաղաքի միակ հյուրնկալ պալատն էր, ուր կազմակերպվում էին պարահանդեսներ, որոնցով Սանկտ֊Պիտերսբուրգը կարող էր հպարտանալ։ Եկան հարգարժան մայոր Ուորդը և իր տիկինը, փաստաբան Ռիվերսոնը՝ հեռվից ժամանած մի կարևոր մարդ, տեղական գեղեցկուհին, որին ժապավեններով զարդարված հետևում էին սրտեր այրող դեռատի աղջիկները, քաղաքի բոլոր գրասենյակային երիտասարդ աշխատողները, որոնք մինչ այդ միջանցքներում կանգնած իրենց եղեգնաձողերն էին ծխում։ Յուղված ու փայլեցված այդ բերանբացներն սպասեցին մինչև անցավ վերջին աղջիկը։ Բոլորից հետո եկավ օրինակելի տղան։ Ուիլլի Մանֆերսոնը, այնպիսի հոգատարություն ցուցաբերելով մոր նկատմամբ, կարծես նա ապակուց լիներ։ Այդ տղան միշտ մորն ուղեկցում էր եկեղեցի, և մյուս մայրերը նրանով հպարտանում էին։ Բոլոր տղաները նրան ատում էին, որովհետև շատ բարի էր, և մայրերը նրան միշտ օրինակ էին բերում։ Նրա սպիտակ թաշկինակը կարծես պատահաբար կախված էր հետևի գրպանից, ինչպես լինում էր կիրակի օրերին։ Թոմը թաշկինակ չուներ և թաշկինակ ունեցող տղաներին համարում էր պճնամոլ։
Երբ արդեն բոլորը հավաքված էին, զանգը մի անգամ էլ հնչեց, շտապեցնելով դանդաղաշարժներին ու վարանողներին, և հետո ամբողջ եկեղեցու վրա իջավ մի հանդիսավոր լռություն, որը խզվում էր միայն երգչախմբի անդամների զուսպ ծիծաղից։ Երգչախումբը ամբողջ արարողության ժամանակ շարունակ զուսպ ծիծաղում էր։ Մի ժամանակ եկեղեցական մի երգչախումբ կար, որ վատ չէր դաստիարակված, բայց այժմ մոռացել եմ, թե որտեղ է։ Շատ տարիներ առաջ էր, և ես հազիվ թե որևէ բան հիշեմ դրա մասին։ Բայց կարծում եմ մի ինչ֊որ օտար երկրում էր։
Քարոզիչն սկսեց օրհներգությունը և կարդաց ըմբոշխնելով այն, այնպիսի ձևով, որ շատ հարգի էր երկրի այդ մասում։ Նրա ձայնը հնչեց միջին նոտաներով և աստիճանաբար բարձրացավ այնպես, որ հատուկ շեշտ էր դնում ամենավերջին բառերին, հետո իջավ, կարծես ներքև էր ցատկում։ Մի՞թե պիտի երկինք հառնեմ, հանգիստ առնեմ ծաղկանց գրկում, երբ ամեն մարդ մաքառելով՝ ծով արյան մեջ է նավարկում։
Քարոզիչը համարվում էր հրաշալի ճարտասան։ Նրան միշտ հրավիրում էին եկեղեցու գրական հավաքույթներում բանաստեղծություններ կարդալու։ Երբ ավարտում էր, լեդիները բարձրացնում էին իրենց ձեռքերը, անօգնական գցում ծնկներին և աչքերը հառում վեր ու գլուխները օրորում, կարծես ուզում էին ասել․ «Բառերը չեն կարող արտահայտել այն, ինչ զգում ենք․ դա շատ է գեղեցիկ, շատ գեղեցիկ այս անցողիկ աշխարհի համար»։
Օրհներգությունից հետո գերապատվելի միստր Սպրեգը շրջվեց դեպի հայտարարությունների տախտակը և կարդաց հավաքույթների, ընկերական հանդիպումների և ուրիշ «ծանուցումների» ցուցակները․ նա այնքան մնաց, կարծես այդ ցուցակների ընթերցումը պիտի շարունակվեր մինչև հարության ժամը։ Տարօրինակ մի սովորություն, որը դեռևս շարունակվում է Ամերիկայում, նույնիսկ քաղաքներում, թերթերի առատության այս դարում։ Հաճախ շատ քիչ բանով կարող ես արդարացնել մի սովորություն, մինչդեռ ավելի դժվար է դրանից ազատագրվել։
Իսկ այժմ քարոզիչն աղոթում էր։ Դա մի լավ, երկարաշունչ աղոթք էր, որը մանրամասների մեջ էր մտնում․ գութ էր հայցում եկեղեցու և եկեղեցու փոքր երեխաների համար, ավանի մյուս եկեղեցիների, նահանգի, նահանգի պաշտոնյաների, Միացյալ Նահանգների եկեղեցիների, կոնգրեսի, պրեզիդենտի համար, որոնք լողում են փոթորկոտ ծովերում, միլիոնավոր ճնշվածների համար, որոնք տառապում են եվրոպական միապետների և արևելյան բռնակալների կրկնկի տակ, նրանց համար, ովքեր ավետարանի լույսն ունեն, բայց չունեն աչքեր, որ տեսնեն, չունեն ականջներ, որ լսեն, հեռավոր կղզիների անհավատների համար։ Նա աղոթքն ավարտեց աղերսելով, որ իր արտասանած խոսքերը հանդիպեն շնորհի ու ըմբռնման, լինեն բերրի հողի մեջ ընկած սերմեր և ժամանակին լավ բերք տան։ Ամե՛ն։
Նա, հագուստները խշխշացնելով, նստեց։ Ոտքի կանգնած ժողովականները նույնպես նստեցին։ Այն տղային, որի պատմությանն է նվիրված այս գիրքը, աղոթքը դուր չէր գալիս․ նա պարզապես դիմանում էր։ Անգիտակցաբար մտքում կրկնում էր աղոթքի բոլոր մանրամասնությունները։ Չէր լսում, բայց գիտեր այդ եկեղեցականի սովորական ու հին ճանապարհը, և երբ ինչ֊որ փոքր չափով նոր հարց էր մտնում դրա մեջ, տղան ականջները սրում էր և ամբողջ էությամբ զայրանում․ հավելումները նա անարժան և երկրորդական էր համարում։ Աղոթքի կեսին մի ճանճ նստել էր նրա առջևի նստարանի թիկնակին։ Ճանճը տանջում էր տղային․ փոքրիկ տոտիկները հանգիստ իրար քսելով ճանճը գրկում էր գլուխը և այնպես եռանդով մաքրում այն, որ կարծես մարմնից անջատված լիներ։ Երևում էր վզի բարալիկ թելը։ Հետևի տոտիկներով մաքրում, հարթում էր թևերը, ինչպես ֆրակի փեշերը, որպեսզի վրան ավելի լավ նստեն։ Ամբողջ այդ հարդարանքը նա կատարում էր առանց շտապելու, հանգիստ, կարծես գիտեր, որ լրիվ ապահով վիճակում է։ Թեև Թոմի ձեռքերը ճանճ բռնելու համար քոր էին գալիս, նա չէր համարձակվում․ հավատում էր, որ իր հոգին անմիջապես կկործանվեր, եթե այդպիսի բան աներ աղոթքի ընթացքում։ Բայց եզրափակիչ նախադաության հետ Թոմի ձեռքը ինքնաբերաբար առաջ գնաց․ և այն պահին, երբ «ամեն»֊ը լսվեց, ճանճը արդեն ռազմագերի էր։ Մորաքույրը տեսավ այդ արարքը և ստիպեց, որ ճանճը բաց թողնի։
Քարոզիչը կարդաց ավետարանից մի տեքստ և միօրինակ ձայնով սկսեց քարոզը։ Դա այն աստիճան ձանձարալի էր, որ բազմաթիվ գլուխներ դանդաղ սկսեցին իջնել ու ննջել, թեև քարոզիչը մեղավորներին սպառնում էր անշեղ կրակով և ծծմբի կարասով, իսկ ընտրյալների թիվը, ում նա խոստանում էր հավիտենական երանություն, այնքան փոքրացավ, որ հազիվ թե արժեր փրկել։ Թոմը հաշվում էր քարոզի էջերը։ Եկեղեցուց դուրս գալուց հետո նա միշտ գիտեր, թե քանի էջ է ընթերցել, բայց ուրիշ բան չէր իմանում քարոզի մասին։ Այնուամենայնիվ, մի փոքր ժամանակ նա իսկապես հետաքրքրված էր։ Քարոզիչը մեծ ու հուզիչ պատկերով նկարագրեց, թե ինչպես երկրում աստծո թագավորություն է լինելու, բոլոր ազգերը հավաքվելու են, թե ինչպես առյուծն ու ոչխարը պիտի միասին ապրեն, և մի փոքրիկ երեխա պիտի առաջնորդի նրանց։ Բայց այդ պատկերի ամբողջ վերամբարձությունը, բարոյախոսությունը կորած էին տղայի համար․ նա միայն մտածում էր բոլոր ազգերի աչքի առաջ հանդես եկող գլխավոր դերակատարի մասին։ Նրա դեմքը փայլում էր այդ մտքից․ այնպես կուզենար, որ ինքը լիներ այդ տղան, եթե իհարկե, առյուծը ընտանի լիներ։
Թոմի տանջանքները վերսկսվեցին, երբ չոր քարոզն ավարտվեց։ Այժմ նա հիշեց իր ունեցած գանձը և այն դուրս հանեց։ Դա մի խոշոր սև բզեզ էր, ուժեղ ծնոտներով մի «կծան», ինչպես անվանում էր նա։ Բզեզը թանկագին տուփի մեջ էր։ Առաջին գործը, որ բզեզն արեց, տղայի մատը կծելն էր։ Բնական է, որ տղան բզեզը մեջքի վրա գետին շպրտեց և կծված մատը բերանը տարավ։ Բզեզն ընկած տեղում հուսահատ թափահարում էր ոտքերը, բայց ուղղվել չէր կարողանում։ Թոմը նայում էր և ուզում էր վերցնել, բայց ձեռքը չհասավ։ Քարոզով չհետաքրքրվողները փրկություն գտան բզեզի մեջ և նայում էին նրան։ Այդ ժամանակ ամառվա թուլացնող շոգից ծուլացած ու տխուր, գերությունից տանջված, փոփոխություն փնտրող մի թափառական շուն եկեղեցի մտավ։ Նա տեսավ բզեզը, նրա կախ ընկած պոչը բարձրացավ ու ձգվեց։ Նա դիտեց բզեզը, շուրջը պտտվեց, ապահով հեռավորությունից հոտոտեց, նորից շուրջը պտտվեց, ավելի համարձակ դարձավ և ավելի մոտիկից հոտոտեց, ապա բացեց բերանը և փորձեց բռնել․ վրիպեց, մի անգամ էլ փորձեց, մի անգամ էլ․ և սկսեց հաճույք զգալ այդ փոփոխությունից։ Շունը փորի վրա պառկեց, բզեզը քաշեց թաթերի արանքը և շարունակեց իր փորձերը։ Ի վերջո նա ձանձրացավ, դարձավ անտարբեր և անուշադիր։ Նրա գլուխը ծանրացավ, կզակը դանդաղ ցած իջավ և կպավ թշնամուն, որը և կծեց նրան։ Մի կարճ կաղկանձ լսվեց, գլխի սիրալիր հարվածից բզեզը մի քանի յարդ հեռու ընկավ և նորից պառկեց մեջքի վրա։ Մոտիկ եղածները շտկվեցին ներքին հաճույքով, բազմաթիվ դեմքեր հովհարների ու թաշկինակների հետև պահվեցին, և Թոմը լիովին երջանիկ էր։ Շունը շատ հիմար տեսք ուներ և հավանաբար այդպիսին էլ էր, բայց վիրավորանք կար նրա սրտում և վրեժ լուծելու ծարավ։ Նա գնաց դեպի բզեզը և զգուշությամբ վերսկսեց հարձակումը։ Բոլոր կողմերից ցատկելով բզեզի վրա, առջևի թաթերը մի մատնաչափ մոտեցնում էր, մոտիկից ատամներով հարձակվում և գլուխն այնպես թափահարում, որ ականջները շարժվում էին։ Որոշ ժամանակ հետո նորից ձանձրացավ․ փորձեց ինքն իրեն նորից զվարճացնել մի ճանճով, բայց դա գրավիչ չէր․ քիթը գետնին կպցրած հետևեց մի մրջյունի, շուտով հոգնեց դրանից, հորանջեց, հոգոց հանեց, ամբողջովին մոռացավ բզեզը և նստեց վրան։ Հետո մի վայրի կաղկանձյուն լսվեց, և շունն սկսեց դես֊դեն ընկնել։ Կաղկանձյունը շարունակվեց։ Շունն անցավ բեմի առջևով, դռան մոտով, նորից վերադարձավ։ Ցավն այդ շարժումներից ավելանում էր։ Նա սկսեց լույսի արագությամբ իր շուրջը պտտվել։ Ի վերջո, գլուխը կորցրած տառապյալը թռավ իր տիրոջ ծնկներին։ Տերը նրան լուսամուտից դուրս նետեց, և ցավի ձայներն արագորեն մեղմացան ու մարեցին հեռվում։
Մինչ այդ, եկեղեցում եղածների դեմքերը կարմրել էին․ նրանք զսպված ծիծաղից խեղդվում էին, և քարոզը դադարել էր։ Այժմ քարոզն ամփոփվում էր, բայց այն կաղում էր և ընդհատվում, որովհետև տպավորություն գործելու բոլոր հնարավորությունները սպառվել էին։ Քարոզչի ամենազդու խոսքերին ունկնդիրները, նստարանների թիկունքում թաքնված՝ արձագանքում էին խուլ ծիծաղով, կարծես ծիծաղելի բան էր ասում։ Ամբողջ համայնքի համար մեծ թեթևություն էր, երբ արարողությունը ավարտվեց և արտասանվեց օրհնությունը։
Թոմ Սոյերը տուն գնաց ուրախ, մտածելով, թե ժամերգությունն էլ երբեմն կարող է որոշ գոհունակություն պատճառել, երբ դրա մեջ մի փոքր փոփոխություն է մտնում։ Միայն մի բան էր մթագնում տղայի ուրախությունը։ Նա ուզում էր, որ շունը խաղար իր բզեզի հետ, բայց այդ շունը բզեզը դուրս տանելու ոչ մի իրավունք չուներ։
Գլուխ vi
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց․ նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները՝ դպրոցում։ Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ․ գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում։
Թոմը պառկած մտածում էր։ Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել․ այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ։ Այստեղ ինչ֊որ անորոշ հնարավորություն կար։ Նա ինքն իրեն ստուգեց։ Ոչ մի տեղը չէր ցավում։ Նորից ստուգեց։ Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց։ Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան։ Թոմը նորից սկսեց մտածել։ Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց։ Վերևի ատամներից մեկը շարժվում էր։ Դա արդեն մեծ բախտ էր։ Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի և դա ցավ կպատճառի։ Նա որոշեց ատամը պահել որպես պահեստի ցավ և ուրիշ պատրվակ փնտրել։ Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժկի պատմած մի հիվանդուցյան մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորուստավ։ Նա վերմակի տակից հանեց ոտքը, սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը։ Բայց այդ հիվանդուցյան նշանները չգիտեր։ Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ։
Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել։
Թոմն ավելի բարձր տնքաց և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է։
Ոչ մի արձագանք Սիդի կողմից։
Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց։ Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների մի հիանալի շարք արձակեց։
Սիդը շարունակեց խռմփալ։
Թոմի համբերությունն սպառվեց։ Նա կանչեց․ «Սի՜դ, Սի՜դ» և եղբորը շարժեց։ Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ։ Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց։ Թոմը շարունակում էր տնքալ։ Սիդը կանչեց նրան․
― Թո՜մ, լսի՜ր, Թո՜մ։
Պատասխան չկար։
― Լսի՜ր, Թո՛մ, ի՞նչ է պատահել, Թո՛մ։ Նա շարժեց եղբորը, մտահոգ նայելով դեմքին։
Թոմը հառաչեց․
― Թո՜ղ, Սի՛դ, հանգիստ թող ինձ։
― Ի՞նչ է պատահել, Թոմ, գնա՞մ մորաքույրին կանչեմ։
― Ո՛չ, հարկավոր չէ․ գուցե կամաց֊կամաց անցնի։ Ոչ ոքի մի կանչիր։
― Բայց ես պարտավոր եմ։ Այդպես մի՛ տնքա, Թոմ, սարսափելի է։ Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակումն ես։
― Ժամե՜ր, ա՜խ, օ՜հ, ինձ ձեռք մի տուր, Սիդ, սպանում ես։
― Թոմ, ինչու՞ ինձ ավելի շուտ չարթնացրիր։ Օ՜հ, Թո՛մ, մի արա, մարմինս փշաքաղվում է։ Թո՛մ, ի՞նչ է պատահել։
― Ես քեզ ամեն ինչ ներում եմ, Սիդ։ (Տնքոց։) Ամեն ինչ, որ արել ես ինձ։ Ես էլ չեմ լինի․․․
― Օ՜յ, Թոմ, մի՞թե մեռնում ես, Թո՛մ, մի՛ մեռիր, օ՜յ, մի՛ մեռիր։ Գուցե․․․
― Ես բոլորին ներում եմ Սիդ։ (Տնքոց։) Նրանց ասա, Սիդ։ Հետո, Սիդ, իմ լուսամուտի շրջանակը և միաչքանի կատուն տուր այն աղջկան, որը նոր է քաղաք եկել։ Ասա նրան․․․
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր։ Այժմ Թոմն իսկապես տառապում էր, այնպես լավ էր նրա երևակայությունը աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները։
Սիդը սանդուղքից ցած թռավ և ասաց․
― Մորաքույր, արի, Թոմը մեռնում է։
― Մեռնու՞մ է։
― Այո, մի՛ կանգնիր, շտապիր։
― Հիմարություն է, չեմ հավատում։
Բայց և այնպես նա վազեց վերև, Սիդն ու Մերին՝ նրա հետևից։ Պառավի դեմքը սպիտակել էր, շրթները դողում էին։ Երբ հասավ մահճակալին, նա հազիվ կարողացավ արտասանել․
― Թո՛մ, Թո՛մ, ի՞նչ է պատահել քեզ։
― Օ՜հ, մորաքույր, իմ վիրավոր մատը թունավորված է։
Պառավ լեդին ընկավ աթոռին և ծիծաղեց, հետո լաց եղավ, հետո՝ երկուսը միաժամանակ։ Այդ հանգստացրեց նրան, և նա ասաց․
― Թո՛մ, ի՞նչ խաղ խաղացիր գլխիս։ Դե՛, վերջ տուր այդ հիմարությանը, վերջացրու։
Տնքոցները դադարեցին, և ցավը մոտից չքացավ։ Տղան փոքր֊ինչ ամաչեց և ասաց․
― Մորաքույր Պոլի, ինձ թվաց, թե թունավորվել է և այնպես ցավում էր, որ ատամիս ցավը բոլորովին մոռացա։
― Ատա՜մդ։ Ի՞նչ է պատահել ատամիդ։
― Մեկը ցավում է և սարսափելի ցավում։
― Դե՛, դե՛, հերիք է, այդ տնքոցը նորից մի սկսի։ Բերանդ բաց։ Այո, ատամդ իրոք շարժվում է, բայց դրանից չես մահանա։ Մերի, մետաքսե թելը և մի խանձող բեր խոհանոցից։
Թոմն ասաց․
― Խնդրում եմ, մորաքյուր, մի քաշիր, այլևս չի ցավում։ Եթե նույնիսկ ցավի, էլ չեմ տնքա։ Խնդրում եմ, մորաքույր, չեմ ուզում տանը նստել և դպրոցից բացակայել։
― Ուրեմն այդպես, հա՞։ Ուրեմն ամբողջ այս աղմուկը նրա համար էր, որ դպրոց չգնայիր և ձու՞կ որսայիր։ Թո՛մ, Թո՛մ, ես քեզ շատ եմ սիրում, իսկ դու ամեն կերպ քո չարություններով աշխատում ես իմ ծերացած սիրտը կոտրել։
Մինչ այդ ատամ քաշելու գործիքները պատրաստ էին։ Ծեր Լեդին մետաքսի թելի մի ծայրը օղակ արեց ու պինդ անցկացրեց Թոմի ատամին, իսկ մյուս ծայրը կապեց մահճակալի ոտքին։ Հետո վերցրեց խանձողը և համարյա կպցրեց տղայի դեմքին։ Եվ ահա ատամը կախված է մահճակալի ոտքից։
Բայց բոլոր փորձությունները իրենց վարձատրությունն ունեն։ Երբ Թոմը նախաճաշից հետո դպրոց գնաց, բոլոր տղաներն սկսեցին նախանձել, որովհետև վերևի ատամների մեջ գոյացած բացը նրան հնարավորություն էր տալիս մի նոր ու հիանալի ձևով թքել։ Նա իր շուրջը հավաքեց բազմաթիվ տղաների, որոնց հետաքրքրում էր այդ երևույթը։ Մի տղա, որ մատը կտրել էր ու մինչ այդ ընդհանուր ուշադրության և հարգանքի կենտրոնում էր գտնվում, հանկարծ իրեն զգաց համակրանքից ու պատվից զրկված։ Նա շատ վշտացավ և արհամարանքով ասաց, թե մեծ բան չէ Թոմ Սոյերի նման թքելը, բայց մի ուրիշ տղա պատասխանեց․ «Խաղողը խակ է»։ Տղան հեռացավ փառքից զրկված հերոսի նման։
Շուտով Թոմը հանդիպեց գյուղի շրջմոլիկ Հեքլբերի Ֆիննին, հարբեցողի տղային։ Բոլոր մայրերն ամբողջ սրտով ատում էին Հեքլբերիին և միաժամանակ վախենում, որովհետև նա ծույլ, սանձարձակ, գռեհիկ ու վատ տղա էր, մինչդեռ բոլոր երեխաները համակրում էին նրան, սիրում նրա արգելված ընկերությունը, ցանկանում նմանվել նրան։ Թոմը մյուս հարգարժան ընտանիքների տղաների նման նախանձում էր Հեքլբերիի ազատ վիճակին։ Նրան ևս խստորեն պատվիրել էին չխաղալ այդ տղայի հետ։ Հենց դրա համար էլ Թոմը խաղում էր նրա հետ ամեն անգամ, երբ առիթ էր ունենում։ Հեքլբերին միշտ հագնում էր տարեց մարդկանց հնացած հագուստները, որոնք սովորաբար լինում էին պատառոտված և ծածկված տարբեր գույնի բծերով։ Նրա գլխարկը մի մեծ ճմրթված բան էր, որի ծայրից պոկվել, կախ էր ընկնում մի մեծ կտոր։ Բաճկոնը, եթե բաճկոն հագնում էր, համարյա կախվում էր մինչև կրունկները, իսկ ետևի կոճակները տեղավորված էին լինում մեջքից ցած։ Միայն մի ուսակապ էր պահում շալվարը, որի նստատեղը նույնպես կախ էր ընկնում։ Շալվարի ծոպավոր ծայրերը քարշ էին գալիս ցեխի մեջ, եթե վեր չէին ծալվում։
Հեքլբերին թափառում էր ինչպես խելքին փչեր։ Լավ եղանակներին քնում էր դռների առաջ, իսկ ցուրտ օրերին՝ դատարկ տակառներում։ Նա ստիպված չէր դպրոց կամ եկեղեցի գնալ, չուներ տեր ու տնօրեն և ոչ ոքի չէր հնազանդվում։ Նա կարող էր ձուկ որսալու գնալ կամ լողալ երբ և որտեղ ուզենար, մնալ այնտեղ, ինչքան ուզենար։ Ոչ ոք չէր արգելում նրան կռվել․ նա կարող էր ուշանալ ինչքան ուզենար։ Նա միշտ առաջին տղան էր, որ գարնանը բոբիկ էր ման գալիս և վերջինը աշնանը կոշիկ էր հագնում։ Նա երբեք պարտավոր չէր լվացվել կամ մաքուր հագուստ հագնել։ Կարող էր հրաշալի հայհոյել։ Մի խոսքով՝ ամեն ինչ, որ կյանքը թանկագին է դարձնում, այդ տղան ուներ։ Այդպես էր մտածում Սենտ֊Պիտերսբուրգի յուրաքանչյուր հարգարժան ընտանիքի պատկանող լավ դաստիարակված տղա։ Թոմը ողջունեց ռոմանտիկ թափառաշրջիկին։
― Հելլո, Հեքլբեր։
― Բարև քեզ, եթե ուզում ես։
― Այդ ի՞նչ է ձեռքիդ։
― Սատկած կատու։
― Մի տուր տեսնեմ, Հեք։ Տես է, ինչ սիրուն է։ Որտեղի՞ց ես գտել։
― Մի տղայից գնել եմ։
― Ի՞նչ տվիր։
― Մի կապույտ տոմս և սպանդանոցում գտած մի եզան փուչիկ։
― Որտեղի՞ց ճարեցիր կապույտ տոմսը։
― Երկու շաբաթ առաջ Բեն Ռոջերսից գնեցի՝ շրջանակ քաշելու մի ձողով։
― Լսիր, ինչի՞ են պետք սատկած կատուները։
― Ինչի՞․ գորտնուկը բուժում են։
― Հա՞։ Ես ավելի լավ միջոց գիտեմ։
― Գրազ կգամ, որ չգիտես։ Ի՞նչ միջոց։
― Հոտած ջուրը։
― Հոտած ջո՜ւրը։ Հոտած ջուրը դատարկ բան է։
― Դատարկ բա՜ն, դատարկ բա՜ն։ Փորձե՞լ ես։
― Ո՛չ, չեմ փորձել, բայց Բոբ Տանըրը փորձել է։
― Ո՞վ ասաց։
― Նա ինքն է ասել Ջեֆ Թեչըրին, իսկ Ջեֆն ասել է Ջոնի Բեքըրին, Ջոնին ասել է Ջիմ Հոլեսին, Ջիմն ասել է Բեն Ռոջերսին, Բենն ասել է մի նեգր տղայի, իսկ այդ նեգր տղան էլ ինձ է ասել։ Հավատո՞ւմ ես այժմ։
― Է՜, հետո ինչ։ Բոլորն էլ ստում են։ Բոլորը, բացի նեգրից։ Ես նրան չեմ ճանաչում, բայց չեմ տեսել մի նեգր, որ չստի։ Դատարկ բան է։ Այժմ ինձ ասա, թե ինչպես է արել Բոբ Տանըրը, Հեք։
― Դե, մատը թաթախել է փչակում հավաքված անձրևաջրի մեջ։
― Ցերեկը։
― Անշուշտ։
― Դեմքը դեպի ծառի բո՞ւնը։
― Այո, հապա ինչպե՞ս։
― Որևէ բան ասե՞լ է։
― Չեմ կարծում, չգիտեմ։
― Տեսա՞ր․ էլ ինչպես կարող ես հոտած ջրով գորտնուկը բուժել այդքան սխալ ձևով։ Դա ոչ մի օգուտ տալ չի կարող։ Պետք է մենակ գնալ անտառ, գտնել մի տեղ, որտեղ անձրևաջրով լցված փչակ կա և ճիշտ կեսգիշերին, մեջքդ փչակին, ձեռքդ պիտի թաթախես փչակի մեջ և ասես։
Ցորեն֊գարի, ցորեն֊գարի, ալյուր տուր։
Հոտած ջուր, հոտաած ջուր, գորտնուկս առ։ Հետո փակ աչքերով, արագ, տասնմեկ քայլ պիտի հեռանաս, հետո երեք անգամ տեղումդ շուռ գաս և տուն գնաս առանց որևէ մեկի հետ խոսելու։ Որովհետև, եթե խոսես, կախարդանքը կկորչի։
― Այո, երևում է, որ դա լավ ձև է, բայց Բոբ Տանըրի ասած ձևի նման չէ։
― Այո, գրազ կգամ, որ այդպես չի արել, քանի որ քաղաքի ամենաշատ գորտնուկ ունեցող տղան է։ Եվ ոչ մի գորտնուկ չէր ունենա, եթե իմանար հոտած ջրով բուժվելու գաղտնիքը։ Ես ձեռքիցս հազարավոր գորտնուկներ են հանել, Հեք։ Ես այնքան շատ եմ գորտերի հետ խաղում, որ միշտ գորտնուկներ եմ ունենում։ Երբեմն ես դրանք հանում եմ լոբով։
― Այո, լոբին լավ է․ ես այդ արել եմ։
― Ճի՞շտ։ Ինչպե՞ս։
― Վերցնում և լոբին բաժանում ես։ Գորտնուկը կտրում ես այնքան, որ մի քիչ արյուն դուրս գա, հետո արյունը դնում ես լոբու մի կտորի վրա, հետո էլ, կեսգիշերին, նորած լուսնի լույսով փորում ես մի խաչմերուկ և լոբու կեսը թաղում։ Մյուս կեսն այրում ես։ Այն կտորը, որի վրա արյուն կա, կսկսի քաշել, քաշել, փորձելով գտնել մյուս կտորը և այսպես օգնում է, որ արյունը քաշի գորտնուկը։ Շուտով գորտնուկը դուրս է գալիս։
― Այո, այդպես է, Հեք, այդպես է, բայց թաղելիս եթե ասես՝ գնա լոբի, տար գորտնուկը։ Թող նա երբեք չգա ինձ մոտ, ավելի լավ կլինի։ Այդպես է անում Ջո Հարպըրը, իսկ նա համարյա Կունվիլ է հասել կամ եղել համարյա ամեն տեղ։ Բայց լսիր, սատկած կատվով ինչպե՞ս ես բուժում։
― Վերցնում ես քո կատուն և կեսգիշերից առաջ գնում գերեզմանատուն, երբ այնտեղ արդեն թաղված է որևէ մեծ հանցագործ։ Կեսգիշերին կգա մի սատանա, կամ երկուսը, կամ երեքը, բայց դու նրանց չես տեսնի․ կարող ես լսել քամու նման մի ձայն, կամ գուցե նրանց խոսելը, երբ այդ մարդուն տանելիս լինեն։ Քո կատվին դրանց ետևից կուղարկես և կասես․ սատանան հետևում է դիակին, կատուն հետևում է սատանային, գորտնուկը հետևում է կատվին, դուք այլևս ինձ պետք չեք։ Դա կոչնչացնի որևէ գորտնուկ։
― Խելքի մոտ բան է։ Երբևէ փորձե՞լ ես, Հեք։
― Ոչ, ինձ Հռակինս մայրիկն է պատմել։
Ուրեմն՝ ճիշտ է, որովհետև ասում են, թե նա կախարդ է։
― Ասում են։ Ւսկ ես, Թոմ, հաստատ գիտեմ, որ նա կախարդ է։ Նա կախարդել է հորս։ Հայրս ինքն է ասում։ Մի անգամ տուն գալիս նա տեսել է, որ այդ կինն իրեն կախարդում է։ Հայրս մի քար է վերցնում, և եթե տեղից չշարժվեր, նրան կխփեր։ Եվ հենց այդ գիշեր, հայրս հարբած քնած է լինում ծածկի տակ, ընկնում ու ձեռքն է կոտրում։
― Դա սարսափելի է։ Ինչպե՞ս է հայրդ իմացել, որ նա կախարդ է։
― Այ քեզ բան։ Հայրս ասում է, որ դա հեշտ է։ Նա ասում է, եթե քեզ նայում են չռած աչքերով, և եթե միաժամանակ փնթփնթում են, ուրեմն՝ կախարդում են։ Եթե փնթփնթում են, նշանակում է, աստծո աղոթքը հակառակ կողմից են ասում։
― Լսիր, Հեք, ե՞րբ ես փորձելու կատուն։
― Այս գիշեր։ Ես կարծում եմ, որ սատանաներն այս գիշեր ծեր Ուիլյամսի ետևից գալու են։
― Բայց նրան շաբաթ օրը թաղեցին, Հեք։ Շաբաթ օրն իսկ նրան տարած չե՞ն լինի։
― Ինչե՜ր ես ասում։ Ինչպե՞ս կարող էին նրան մինչև կեսգիշեր տանել, իսկ կեսգիշերից հետո արդեն կիրակի էր։ Ես չեմ կարծում, որ սատանաները կիրակի օրերը շրջեն։
― Մտքովս չանցավ։ Այդպես է։ Հեք, թույլ կտա՞ս հետդ գամ։
― Անշուշտ, եթե չես վախենում։
― Վախենա՞լ, չէ մի։ Կմլավե՞ս։
― Այո, իսկ դու պատասխանիր մլավոցով, եթե հնարավոր լինի։ Վերջին անգամ դու ինձ այնքան մլավել տվեցիր, որ ծեր Հեյսը սկսեց քարեր գցել վրաս և ասել․ «Անիծվի այս կատուն»։ Դրա փոխարեն աղյուսով ես նրա լուսամուտը ջարդեցի, բայց ոչ ոքի չասես։
― Չեմ ասի։ Այդ գիշեր ես չկարողացա մլավել, որովհետև մորաքույրս հետևում էր ինձ, բայց այս գիշեր կմլավեմ։ Լսիր, Հեք, դա ի՞նչ է։
― Ոչինչ, այդ տիզ է։
― Որտեղի՞ց ճարեցիր։
― Անտառից։
― Ի՞նչ տամ։
― Չգիտեմ։ Չեմ ուզում ծախել։
― Դե լավ, այնքան էլ փոքր է։
― Էհ, քոնը չէ, դրա համար էլ չես հավանում։ Ես գոհ եմ։ Ինձ ձեռք է տալիս։
― Անտառը լիքը տիզ է։ Կարող են հազարներով բերել, եթե ուզեմ։
― Բա էլ ինչու՞ չես ուզում։ Շատ լավ գիտես, որ չես կարող։ Սա շատ սիրուն տիզ է․ առաջինը, որ այս տարի տեսել եմ։
― Լսիր, Հեք, ատամս կտամ դրա փոխարեն։
― Տուր տեսնեմ։
Թոմը մի թուղթ հանեց և զգուշությամբ բացեց։ Հեքլբերին ուշադիր նայեց։ Փորձությունը շատ մեծ էր։ Ի վերջո, նա ասաց․
― Իսկակա՞ն է։
Թոմը բարձրացրեց շրթունքը և ցույց տվեց ատամի դատարկ տեղը։
― Դե լավ, ― ասաց Հեքլբերին, ― տվեցի։
Թոմը տիզը դրեց տուփի մեջ, որտեղ բզեզն էր բանտարկված, ու տղաները բաժանվեցին, յուրաքանչյուրն իրեն ավելի հարուստ զգալով, քան առաջ։
Հասնելով առանձնացած դպրոցի հին շենքին, Թոմն արագ ներս մտավ, շտապող բարեխիղճ մարդու նման։ Գլխարկը մեխից կախեց և գործնական արագությամբ գնաց դեպի իր նստարանը։ Ուսուցիչը իր բարձր բազկաթոռին թիկնած՝ ննջում էր դաս սերտող աշակերտների մռմռոցի տակ։ Թոմի գալը արթնացրեց նրան։
― Թոմաս Սոյեր։
Թոմը գիտեր, որ երբ իր անունը արտասանվում է լրիվ, դա արդեն գլխացավանք էր։
― Լսում եմ, սըր։
― Այստեղ եկեք։ Իսկ այժմ ասացեք, սըր, ինչու՞ նորից, ըստ սովորության, ուշացել եք։
Թոմն ուզում էր մի սուտ ասելով պրծնել, բայց երբ տեսավ խարտյաշ մազերի երկու հյուս՝ կախված մի մեջքի վրա, որը ճանաչեց սիրո էլեկտրական ուժով, երբ տեսավ, որ դրա կողքին էր աղջիկների շարքի միակ ազատ տեղը, բնազդաբար ասաց․
― Ես կանգնեցի Հեքլբերի Ֆինի հետ խոսելու։
Ուսուցչի շունչը կտրվեց, և նա անօգնական սառեց֊մնաց։ Դաս սովորողների մռմռոցը դադարեց։ Աշակերտները զարմացան․ այս տղան հո խելքը չի՞ կորցրել։ Ուսուցիչն ասաց․
― Դուք․․․ դուք ի՞նչ էիք անում։
― Կանգնեցի Հեքլբերի Ֆինի հետ խոսելու։
Դժվար էր այդ բառերի իմաստը սխալ հասկանալ։
― Թոմաս Սոյեր, դա ամենազարմանալի խոստովանությունն է, որ ես երբևէ լսել եմ։ Այդպիսի անպատկառության համար գավազանը քիչ է։ Հանեցեք ձեր բաճկոնը։
Ուսուցչի ձեռքն այնքան աշխատեց, որ հոգնեց։ Գավազանների կապուկը զգալի չափով պակասեց։ Հետևեց հրամանը․
― Իսկ այժմ, սըր, գնացեք և աղջիկների հետ նստեցեք։ Եվ դա թող ձեզ խրատ լինի։
Սենյակում բարձրացած հռհռոցը կարծես տղային ամոթահար արեց, բայց իրականում շփոթության պատճառն այլ էր։ Նա իր պաշտամունքի առարկայի նկատմամբ զգում էր վախ և երկյուղածություն։ Տղան բախտավոր էր։ Նա նստեց նստարանի ծայրին, իսկ աղջիկը գլուխը թափ տվեց և մի կողմ քաշվեց։ Փսփսոցները, հրմշտոցն ու քմծիծաղներն անցան սենյակով մեկ, բայց Թոմը նստած էր հանգիստ, ձեռքերը երկարած, հայացքը նստարանին, կարծես գիրք էր կարդում։ Աշակերտների ուշադրությունը հետզհետե նրանից հեռացավ, և նորից ծայր առավ դպրոցական սովորական մռմռոցը։ Տղան սկսեց աղջկա կողմը գողունի հայացքներ նետել։ Աղջիկը նկատեց։ Նա դեմքը ծամածռեց և մի րոպեի չափ գլուխը մյուս կողմը շուռ տվեց։ Երբ զգուշությամբ դեմքը շրջեց, իր առջև տեսավ մի դեղձ։ Դեն հրեց։ Թոմը նորից հանգիստ մոտեցրեց։ Աղջիկը նորից հեռացրեց, բայց այս անգամ նվազ թշնամությամբ։ Թոմը համբերությամբ վերադարձրեց այն իր տեղը։ Աղջիկը թողեց, որ մնա։ Թոմն իր գրատախտակի վրա գրեց․ «Խնդրում եմ, վերցրեք, ես էլի ունեմ»։ Աղջիկը նայեց գրածին, բայց ոչ մի նշան ցույց չտվեց։ Տղան սկսեց մի բան գրել գրատախտակի վրա՝ ձախ ձեռքով նկարածը ծածկելով։ Որոշ ժամանակ աղջիկը դա չուզեց նկատել, բայց կանացի հետաքրքրությունը իրեն զգացնել տվեց։ Տղան շարունակեց աշխատել, առերևույթ անտարբեր ձևանալով։ Աղջիկը ակամա շարժում արեց տեսնելու, բայց տղան ցույց չտվեց, թե զգում է։ Ի վերջո աղջիկը տեղի տվեց և վարանելով հարցրեց․
― Թույլ տուր տեսնեմ։
Թոմը մասամբ բաց արեց նկարածը։ Դա թեք տանիքով մի տան ծաղրանկար էր։ Ծխնելույզից ծուխ էր բարձրանում, որը նման էր խցանահանի։ Աղջկա հետաքրքրությունն սկսեց մեծանալ, և նա ամեն ինչ մոռացավ։ Երբ նկարն ավարտված էր, աղջիկը մի պահ նայեց, հետո շշնջաց․
― Լավն է։ Մի մարդ էլ նկարիր։
Նկարիչը բակում մի մարդ նկարեց, որը նման էր ամբարձիչ մեքենայի։ Նա կարող էր տան վրայով քայլել։ Բայց աղջիկը խստապահանջ քննադատ չէր։ Նա գոհ էր այդ հրեշից և փսփսաց․
― Շատ գեղեցիկ մարդ է։ Այժմ ինձ նկարիր նրա կողքին։
Թոմը նկարեց արևի ժամացույց, վերևում լիալուսին, ծղոտե ոտքեր։ Չռած մատների մեջ դրեց մի ահագին հովհար։ Աղջիկն ասաց․
― Սա ավելի լավ է։ Ափսոս, որ նկարել չգիտեմ։
― Հեշտ է, ― փսփսաց Թոմը, ― ես քեզ կսովորեցնեմ։
― Իակապես, ե՞րբ։
― Կեսօրին։ Ճաշին տու՞ն ես գնում։
― Չեմ գնա, եթե ուզում ես։
― Լավ, պայմանավորվեցինք։ Անունդ ի՞նչ է։
― Բեքի Թեչըր։ Քո՞նն ինչ է։ Ասենք գիտեմ․ Թոմաս Սոյեր է։
― Դա այն անունն է, որով ինձ ծեծում են։ Ես Թոմ եմ կոչվում, երբ լավն եմ։ Դու ինձ Թոմ անվանիր, լա՞վ։
― Լավ։
Թոմը նորից սկսեց գրատախտակի վրա ինչ֊որ բան գրոտել, բառերը աղջկանից թաքցնելով։ Բայց այժմ աղջիկն այլևս մի կողմ չէր քաշվում։ Նա խնդրեց ցույց տալ։ Թոմն ասաց․
― Է՜, կարևոր բան չէ։
― Ոչ, ցույց տուր։
― Չէ, դու չես ուզենա տեսնել։
― Ուզում եմ, իսկապես ուզում եմ։ Խնդրում եմ, ցույց տուր։
― Ուրիշներին կասես։
― Չէ, չեմ ասի․ իսկապես, իսկապես, կրկնակի իսկապես, չեմ ասի։
― Ոչ ոքի չե՞ս ասելու․ մինչև մահդ չե՞ս ասի։
― Ոչ, երբեք ոչ֊ոքի չեմ ասի։ Չէ, ցույց տուր։
― Բայց, ախր, նայելու բան չէ։
― Որ այդպես ես անում, կնայեմ, Թոմ։ ― Եվ նա իր փոքր ձեռքը դրեց նրա ձեռքին, և կարճատև պայքար տեղի ունեցավ․ Թոմը ձևացնում էր, թե իբր դիմադրում է, բայց թողնում էր, որ իր ձեռքը աստիճանաբար սահի, մինչև հետևյալ բառերը երևացին․ «Ես ձեզ սիրում եմ»։
― Ա՛խ, ինչ զզվելին ես, և նա պինդ խփեց Թոմի ձեռքին, բայց կարմրեց և այնուամենայնիվ իրեն շոյված զգաց։
Ճիշտ այդ պահին տղան զգաց, որ մի զորավոր ձեռք բռնում է իր ականջից և դանդաղ վեր բարձրացնում։ Ուսուցիչն այդ ձևով, ամբողջ դպրոցի հռհռոցի կրակի տակ, նրան դասարանի միջով տարավ նախկին տեղը։ Ուսուցիչը նրա գլխավերևը կանգնեց մի քանի սարսափելի րոպե և ի վերջո շարժվեց դեպի իր գահը առանց որևէ խոսք ասելու։ Թոմի ականջն այրվում էր, բայց սիրտը ցնծում էր։
Երբ դասարանը հանդարտվեց, Թոմը ազնվորեն ճիգ գործ դրեց պարապելու, բայց նրա ներքին հուզումը շատ մեծ էր։ Ընթերցանության դասի ժամանակ նա բառերը իրար խառնեց, աշխարհագրության դասին լճերը վերածեց լեռների, լեռները՝ գետերի, իսկ գետերը՝ ցամաքամասերի, մինչև աշխարհում նորից քաոս տիրեց։ Թելադրության դասին նա աղավաղեց ամենահասարակ, անգամ երեխաներին հայտնի բառերը։ Նրա ձեռքից վերցրին անագյա այն մեդալը, որը հպարտությամբ մի քանի ամիս կրում էր։
Գլուխ VII
Որքան եռանդով էր Թոմն իր ուշադրությունը կենտրոնացնում գրքի վրա, այնքան նրա մտքերը ցրվում էին։ Ի վերջո, հոգոց արձակելով ու հորանջելով, գրքից ձեռք քաշեց։ Նրան թվում էր, թե կեսօրվա դասամիջոցը երբեք չի գալու։ Օդը վերջնականապես մահացել էր․ ոչ մի շունչ չկար։ Քնաբեր օրերից դա ամենաքնաբերն էր։ Իրենց դասը սերտող քսանհինգ աշակերտների քրթմնջոցները աչքին քուն էին բերում, ինչպես մեղուների բզզոց։ Հեռվում, այրող արևի տակ, Քարտիֆյան բլրալանջերը ցույց էին տալիս իրենց կանաչ կողերը, որոնք հեռվում կարծես օրորվում էին ջերմության քողի տակ։ Մի քանի թռչուն օդում ծուլորեն թափահարում էին իրենց թևերը։ Ոչ մի կենդանի շունչ֊արարած, բացի մի քանի կովից։ Դրանք էլ քնած էին։
Թոմը սրտանց ուզում էր ազատ լինել կամ որևէ հետաքրքիր բան ունենալ ձանձարալի ժամանակն անցկացնելու համար։ Նրա ձեռքը ման եկավ գրպանում, ու դեմքը լուսավորվեց շնորհակալության փայլով, որն աղոթք էր, թեև նա այդ չէր գիտակցում։ Հետո ծածուկ գրպանից հանեց տուփը։ Նա տիզը ազատ արձակեց և դրեց երկար, հարթ գրասեղանին։ Հավանաբար տիզն այդ պահին լցվեց շնորհակալության զգացումով, որը նույնպես աղոթք էր, բայց վաղաժամ, որովհետև, երբ սկսեց մտախոհ ճանապարհորդել, Թոմը գնդասեղով շուռ տվեց նրան և ստիպեց նոր ուղղություն վերցնել։
Թոմի կողքին նստած մտերիմ ընկերը նույնպես ձանձրույթից տառապում էր․ նա խորապես և շնորհակալության զգացմունքով հետաքրքրվեց այդ զբաղմունքով։ Այդ մտերիմ ընկերը Ջո Հարպըրն էր։ Այդ երկու տղաները ամբողջ շաբաթն անբաժան էին, իսկ շաբաթ օրերը՝ ռազմական թշնամիներ։ Ջոն նույնպես մի գնդասեղ հանեց իր լամբակից և սկսեց օգնել նրան՝ ռազմագերուն վարժություններ անել տալու գործում։ Րոպեապես այդ խաղը հետաքրքրական դարձավ։ Շուտով Թոմն ասաց, որ իրար խանգարում են և ոչ մեկը լիակատար հաճույք չի ստանում այդ խաղից։ Նա Ջոյի գրատախտակը դրեց գրասեղանին և դրա կենտրոնից, վերից վար, մի գիծ քաշեց։
― Լսիր, ― ասաց նա․ ― քանի դեռ տիզը քո կողմումն է, կարող ես քշել, և ես չեմ խանգարի, բայց եթե դու թույլ տաս, որ անցնի իմ կողմը, էլ ձեռք չես տա այնքան ժամանակ, ինչքան ես կարողանամ պահել իմ կողմում։
― Շատ լավ, սկսիր։
Թիզը փախավ Թոմից և հասարակածն անցավ։ Ջոն որոշ ժամանակ հալածեց նրան, հետո տիզը նորից անցավ գիծը։ Այդ անցումները հաճախակի էին։ Մինչ մի տղան տիզը քշում էր լարված հետաքրքրությամբ, մյուսը նայում էր նույնքան կլանված։ Երկու տղաների գլուխներն էլ կախվել էին գրատախտակի վրա և երկուսն էլ ուրիշ ամեն ինչի նկատմամբ մեռած էին։ Ի վերջո, բախտը վերջնականապես անցավ Ջոյի կողմը։ Տիզը փորձում էր այս ու այն ուղղությամբ գնալ և տղաների չափ հուզված էր։ Ամեն անգամ, երբ թվում էր, թե Թոմի կողմն էր անցնելու, Ջոյի գնդասեղը ճարպկորեն միջատին իր կողմն էր դարձնում։ Ի վերջո, Թոմի համբերությունը սպառվեց։ Գայթակղությունը շատ ուժեղ էր․ նա ձեռքը երկարեց և գնդասողով տզի առաջը կտրեց։
― Թոմ, հանգիստ․ թող։
― Ուզում եմ մի քիչ քշել, Ջո։
― Դա անազնվություն է, սըր․ հանգիստ թող։
― Է՛, հո շատ երկար չեմ քշի։
― Ասում եմ հանգիստ թող։
― Չեմ թողնելու։
― Կթողնես․ նա իմ կողմումն է։
― Լսիր, Ջո Հարպըր, ո՞ւմն է տիզը։
― Իմ ի՞նչ գործն է, թե ում տիզն է․ իմ կողմում է ու դու ձեռք տալու իրավունք չունես։
― Իսկ ես ձեռք կտամ․ իմ տիզն է և կանեմ ինչ ուզենամ կամ կմեռնեմ։
Մի ուժեղ հարված իջավ Թոմի ուսերին, դրա նման էլ՝ Ջոյի ուսերին, և երկու րոպե շարունակ փոշին շարունակեց բարձրանալ երկու տղաների բաճկոններից։ Ամբողջ դպրոցը վայելում էր այդ տեսարանը։ Տղաները շատ էին զբաղված և չէին զգում, թե ինչ լռություն էր հաստատվել, մինչ ուսուցիչը ոտքի մատների վրա եկել ու կանգնել էր նրանց գլխավերևում։ Նա բավական երկար դիտեց այդ խաղը, մինչև ինքն էլ մասնակցեց և խաղի մեջ փոփոխություն մտցրեց։
Երբ կեսօրին դասամիջոց եղավ, Թոմը վազեց Բեքի Թեչըրի մոտ և նրա ականջին շշնջաց․
― Գլխարկդ դիր և այնպես ձևացրու, թե տուն ես գնում, երբ անկյունը հասնես, մյուսները թող գնան, իսկ ինքդ թեքվիր և նրբանցքով այստեղ վերադարձիր։ Ես ուրիշ ճանապարհով կգնամ և նույն տեղը կվերադառնամ։
Այսպիսով, մեկը մի խմբի հետ դուրս եկավ դպրոցից, մյուսը՝ մի այլ խմբի հետ։ Քիչ անց երկուսը հանդիպեցին մարգագետնում, և երբ հասան դպրոց, մենակ էին։ Նրանք միասին նստեցին, գրատախտակը դրեցին իրենց առաջ, ու Թոմը Բեքիին մի մատիտ տալով բռնեց նրա ձեռքը, ուղղություն տվեց և մի ուրիշ զարմանալի տուն էլ նկարեց։ Երբ արվեստի նկատմամբ հետաքրքրությունն սպառվեց, երկուսով սկսեցին զրուցել։ Թոմը լողում էր երջանկության մեջ։ Նա ասաց․
― Առնետներ սիրու՞մ ես։
― Ոչ, ատում եմ։
― Դե, ես էլ եմ ատում կենդանի առնետներին։ Բայց ես խոսում եմ սատկածների մասին․ կարելի է դրանց վզից թոկ կապել և գլխի շուրջը պտտեցնել։
―Ոչ, ես առնետներ առհասարակ չեմ սիրում։ Ես ծամոն եմ շատ սիրում։
― Այո, ես էլ եմ սիրում, ափսոս ծամոն չունեմ։
― Ճիշտն ասած, ես մի քիչ ունեմ։ Թույլ կտամ, որ ծամես, բայց պիտի վերադարձնես։
Դա հրաշալի էր, նրանք սկսեցին հերթով ծամել և բավականությունից ոտքերը օրորել։
― Երբևէ կրկեսում եղե՞լ ես, ― ասաց Թոմը։
― Այո, իսկ հայրիկը խոստացել է նորից տանել․ եթե խելոք լինեմ։
― Ես երեք֊չորս անգամ եմ կրկեսում եղել, բազմաթիվ անգամներ։ Եկեղեցին կրկեսի հետ չափվել չի կարող։ Կրկեսում միշտ նոր բաներ են լինում։ Երբ մեծանամ, կրկեսի ծաղրածու եմ դառնալու։
― Ճի՞շտ։ Դա լավ է։ Նրանք այնքա՜ն նախշված են լինում։
― Այո, այդպես է։ Եվ շատ փող են աշխատում։ Բեն Ռոջերսը ասում է՝ օրական մեկ դոլար։ Լսիր, Բեքի, երբևէ նշանվե՞լ ես։
― Դա ի՞նչ բան է։
― Նշանված, ամուսնանալու համար խոսք տված։
― Ո՛չ։
― Իսկ կուզեի՞ր։
― Չգիտեմ․ ինչպե՞ս է դա լինում։
― Ինչպե՞ս։ Դա ոչ մի բանի նման չէ։ Դու պարզապես մի տղայի ասում ես, որ երբեք ուրիշ ոչ ոքի հետ չես ամուսնանա, բացի նրանից․ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք․ հետո համբուրում ես, և ամբողջը այդ է։ Որևէ մեկը կարող է այդ անել։
― Համբուրե՞լ, ինչու՞ համբուրել։
― Դե, նրա համար, որ․․․ չգիտեմ, միշտ այդպես են անում։
― Բոլո՞րը։
― Այո, բոլոր սիրահարվածները։ Հիշո՞ւմ ես, թե ես ինչ էի գրել գրատախտակի վրա։
― Ա․․․ այո։
― Ի՞նչ էի գրել։
― Չեմ ասի։
― Ուզո՞ւմ ես, որ ասեմ։
― Ա․․․ Այո, բայց մի ուրիշ անգամ։
― Չէ՛, հիմա։
― Ո՛չ, ո՛չ այսօր, վաղը։
ՉԷ՛, չէ՛, հիմա։ Խնդրում եմ, Բեքի․ ես կշշնջամ, ես շատ ցածր կփսփսամ։
Բեքին վարանում էր․ նրա լռությունը համաձայնություն համարելով, Թոմը թևը անցկացրեց նրա վզով և ասաց շատ մեղմ, շրթունքները նրա ականջին մոտիկ։ Հետո ավելացրեց․
― Այժմ դու ինձ շշնջա․ ճիշտ նույն ձևով։
Աղջիկը մի պահ դիմադրեց, հետո ասաց․
― Դեմքդ շուռ տուր, որ չկարողանաս տեսնել, հետո կասեմ։ Բայց երբեք ոչ մեկին չպետք է ասես, համաձա՞ն ես, Թոմ։ Չես ասելու, չէ՞։
― Ո՛չ, երբե՛ք, երբե՛ք չեմ ասի։ Դե՛, Բեքի։
Նա դեմքը շուռ տվեց։ Աղջիկը միամտորեն նայեց շուրջը, և նրա շունչը ցնցեց տղայի գանգուրները․ նա շշնջաց․ «Սիրում․․․ եմ․․․ քեզ»։
Հետո վեր թռավ, սկսեց վազել նստարանների միջով, Թոմը նրա ետևից և ի վերջո ապաստանեց մի անկյուն, դեմքը ծածկելով սպիտակ գոգնոցով։ Թոմը բռնեց նրա պարանոցը և խնդրեց․
― Այժմ, Բեքի, ամեն ինչ արված է, ամեն ինչ, բացի համբյուրից։ Դրանից մի վախեցիր, դա հասարակ բան է։ Խնդրում եմ, Բեքի։ Եվ նա քաշում էր աղջկա գոգնոցն ու ձեռքերը։
Կաաց֊կամաց Բեքին տեղի տվեց և ձեռքերն իջեցրեց, պայքարից կարմրած նրա դեմքը դուրս եկավ գոգնոցի տակից ու հնազանդվեց։ Թոմը համբուրեց կարմիր շուրթերը և ասաց․
― Այժմ ամեն ինչ արված է, Բեքի։ Սրանից հետո, բացի ինձնից, դու ոչ մեկին չես սիրի և ոչ ոքի հետ չես ամուսնանա, բացի ինձնից, երբեք, երբեք, հավիտյան։ Համաձա՞յն ես։
― Այո, քեզնից բացի, ես ոչ ոքի չեմ սիրի, Թոմ, և ոչ ոքի հետ չեմ ամուսնանա, բացի քեզնից, դու էլ, ինձնից բացի, ոչ ոքի հետ չես ամուսնանա։
― Իհարկե, դա պայմանի մեջ է։ Եվ միշտ, դպրոց գալիս կամ տուն գնալիս, դու ինձ հետ ես քայլելու, երբ նայողներ չկան, խաղերի ժամանակ դու միշտ ինձ ես ընտրելու, ես քեզ, որովհետև նշանվածներն այդպես են անում։
― Ինչ լավ է․ երբեք այդ մասին չեմ լսել։
― Դա շատ հաճելի բան է․ ես ու Էմի Լոուրենսը․․․
Աղջկա լայն բացված աչքերից Թոմն զգաց իր սխալը և կանգնեց շփոթված։
― Օ՜հ, Թոմ, ուրեմն ես առաջինը չեմ, որի հետ դու նշանվել ես։
Աղջիկը սկսեց լաց լինել։ Թոմն ասաց․
― Լաց մի լինի, Բեքի, ես այլևս նրան չեմ սիրում։
― Սիրում ես, Թոմ, ինքդ գիտես, որ սիրում ես։
Թոմը փորձեց գրկել նրա վիզը, բայց աղջիկը նրան հեռացրեց, դեմքը պատին դարձրեց ու շարունակեց լաց լինել։ Թոմը նորից փորձեց փաղակշական խոսքեր ասել, բայց նորից ետ մղվեց։ Այդ ժամանակ նրա հպարտությունն արթնացավ, և նա վիրավորված դուրս եկավ։ Նա կանգնեց, անհանգիստ, ժամանակ առ ժամանակ դռանը նայելով, հույս ունենալով, որ աղջիկը կզղջա ու կգա իրեն գտնելու, բայց նա չեկավ։ Հետո տղան իրեն վատ զգաց և վախեցավ, թե ինքն է մեղավոր։ Ծանր պայքար էր տեղի ունենում նրա մեջ, որպեսզի հաշտվելու առաջին քայլն անի, բայց նա հաղթահարեց այդ զգացումը և ներս մտավ։ Աղջիկը դեռևս կանգնած էր անկյունում, դեմքը պատին դարձրած՝ լաց լինելով։ Թոմի սիրտը փափկեց։ Նա մոտեցավ և մի պահ կանգնեց, չիմանալով, թե ինչպես սկսի։ Հետո ասաց տատանվելով․
― Բեքի, ես քեզնից բացի ոչ ոքի չեմ սիրում։
Ոչ մի պատասխան, միայն արցունք։
― Բեքի, ― աղերսանքով։ ― Բեքի, մի բան չե՞ս ասելու։
Արցունքներն ավելի շատացան։
Թոմը գրպանից հանեց իր ամենաթանկ ապրանքը, թիթեղե փոքրիկ գնդակը և աղջկա աչքի առաջ խաղացնելով, ասաց․
― Խնդրում եմ, Բեքի, չե՞ս ուզում։
Աղջիկը հարվածեց ու գետին գցեց այն։ Այդ ժամանակ Թոմը դպրոցից դուրս եկավ, գնաց դեպի բլուրները և ավելի հեռու, որոշելով այդ օրը այլևս դպրոց չվերադառնալ։ Բեքին այդպես էլ կասկածեց․ նա վազեց դեպի դուռը։ Տղան չէր երևում։ Վազեց դեպի խաղադաշտը։ Թոմն այնտեղ էլ չէր։ Հետո կանչեց․
― Թոմ, վերադարձիր, Թոմ։
Բեքին ուշադիր լսեց, բայց պատասխան չկար։ Նրա շուրջը լռություն ու մենակություն էր։ Նա նստեց նորից լաց լինելու։ Մինչ այդ, դպրոցականները սկսեցին վերադառնալ, ու աղջիկը ստիպված էր վիշտը թաքցնել, հանգստացնել կոտրված սիրտը և անցկացնել երկար, ձանձրալի, ցավ պատճառող հետմիջօրեն, չունենալով ոչ մեկը այդ օտարականների մեջ, որի հետ կարող էր վիշտը կիսել։
Գլուխ VIII
Թոմը մերթ աջ ու մերթ ձախ թեքվելով քայլեց խուլ նրբանցքներով, մինչև հեռացավ այն փողոցից, որով դպրոցականները վերադառնում էին, այնուհետև սկսեց վազել։ Երկու կամ երեք անգամ նա անցավ փոքր գետակը, որովհետև պատանեկան տարիներին, հատուկ սնահավատության համաձայն, գետն անցնելով մարդ խուսափում է հետապնդողներից։ Կես ժամ հետո նա Դուգլասի տան ետևումն էր՝ Քարտիֆ բլրի գագաթին, որտեղից դպրոցը՝ ներքևի հովտում, հազիվ էր նշմարվում։ Նա մտավ մի խիտ անտառ, առանց արահետ որոնելու գնաց մինչև անտառի խորքը և նստեց մի մեծ կաղնու տակ։ Նույնիսկ զեփյուռը չէր փչում այդտեղ, կեսօրվա անշարժ շոգը կաշկանդել էր նույնիսկ թռչունների երգը։ Բնությունը նիրհում էր, և նրա քունը խանգարվում էր միայն հեռվից լսվող փայթփորիկի թխկոցից, որը տիրող լռությունն ու մենակության զգացումն ավելի էր խորացնում։ Տղան ընկավ մելամաղձության մեջ․ նրա զգացումները ներդաշնակում էին շրջապատին։ Արմունկները ծնկներին և կզակը ձեռքերին հենած՝ նա երկար նստեց և տարվեց մտքերով։ Նրան թվաց, թե կյանքը, լավագույն դեպքում, միայն տհաճություն է և համարյա նախանձեց Ջիմի Հոջսին, որը վերջերս էր մեռել։ Պետք է որ լավ բան լինի պառկելն ու հավիտյան երազելը, մտածեց նա, երբ քամին ծառերի արանքից շշնջում ու շոյում է գերեզմանիդ քարն ու ծաղիկները, և դու այլևս ոչինչ չունես տեսնելու և ցավելու համար։ Եթե կիրակնօրյա դպրոցի լավ վկայական ունենար, ապա կուզենար մեռնել և ամեն ինչ վերջացնել։ Ահա, հենց այս աղջիկը։ Ի՞նչ էր ինքն արել։ Ոչինչ։ Աշխարհի ամենալավ բաներն էր ցանկացել նրան, իսկ իր հետ վարվել էին ինչպես շան, իսկական շան հետ։ Մի օր աղջիկը կզղջա, բայց գուցե այն ժամանակ, երբ շատ ուշ կլինի։ Ահ, եթե միայն կարողանար ժամանակավորապես մահանալ։
Բայց երիտասարդի սիրտը հնարավոր չէ երկար ժամանակ սեղմած պահել նույն կաղապարի մեջ։ Շուտով Թոմն սկսեց զբաղվել այս կյանքի հարցերով։ Ի՞նչ կլիներ, եթե ինքը շուռ գար հիմա և խորհրդավոր կերպով անհայտանար։ Ի՞նչ կլիներ, եթե հեռանար, գնար շատ հեռուները, ծովերից այն կողմ գտնվող անհայտ երկրները և այլևս հետ չգար։ Այն ժամանակ իրեն ինչպե՞ս կզգար աղջիկը։ Ծաղրածու լինելու միտքը այժմ նրան լցրեց զզվանքով, որովհետև թեթևամտությունը, կատակները և արտասովոր կապերը վիրավորանք էին, երբ խառնվում էին մի ոգու հետ, որը թևեր էր առել ռոմանտիկայի անորոշ մեծության դիմաց։ Ոչ, նա զինվոր է դառնալու և երկար տարիներ հետո վերադառնալու է պատերազմից հոգնած ու նշանավոր դարձած։ Ոչ, ավելի լավ է, որ նա միանա ամերիկյան հնդիկներին և գոմեշ որսա, գնա լեռների ռազմական ճանապարհով, հեռավոր արևմուտքի անճանապարհ հարթավայրերը, հեռու ապագայում վերադառնա որպես մեծ առաջնորդ՝ փետուրներով զարդարված սարսափելի տեսքով, ներկված, ամառային մի խաղաղ առավոտ հարձակվի կիրակնօրյա դպրոցի վրա և արյունարբու մի ռազմական կանչով զարմացնի, աչքերը լայն֊լայն բացի իր ընկերների առաջ, որոնք սոսկալի կնախանձեն իրեն։ Բայց ոչ, դրանից ավելի մեծ բան կա։ Նա ծովահեն է դառնալու։ Այդ է։ Այժմ իր ապագան արդեն պարզ պատկերացնում է՝ անասելի փառքով լուսավորված։ Ինչպե՜ս իր անունը կթնդա ամբողջ աշխարհում և մարդկանց կդողացնի։ Ի՜նչ փառահեղ տեսքով ինքը կակոսի փոթորկալից ծովերն իր երկար, սև, «Փոթորկի ոգի» նավով, որի կայմի վրա կծածանվի սև դրոշակը։ Եվ փառքի գագաթնակետում ինչպես հանկարծ կհայտնվի իրենց քաղաքում և կքայլի դեպի եղեղեցի՝ ամբողջովին սևացած, քամահար, սև վելվետե թավշյա կամզոլով ու բաճկոնով, երկարաճիտ կոշիկներով, կարմիր ժապավենն ուսին գցած, ատրճանակները գոտու տակ խրած, թափած արյունից ժանգոտած դաշույնը գոտուց կախ, ծածանվող փետուրներով փափուկ գլխարկը գլխին, զանգով ու խաչաձև ոսկորներով զարդարված սև դրոշակը բացած և կլսի զմայլանքի շշնջոցներ․ «Ծովահեն Թոմ Սոյերն է, իսպանական ծովի սև վրիժառուն»։ Այո, վճռված է․ նրա կյանքի ասպարեզը որոշված է։ Նա պիտի տնից փախչի և մտնի մի նոր կյանք։ Հաջորդ օրվա առավոտվանից պետք է սկսել։ Ուրեմն պետք է պատրաստվել։ Նա իր միջոցները մի տեղ կհավաքի։
Նա գնաց ծառի մի փտած գերանի մոտ և սկսեց դրա տակը փորել իր լայնաբերան դանակով։ նա շուտով դեմ առավ մի փայտե իրի, որը դատարկ ձայն հանեց։ Ձեռքը կոխեց այդտեղ և տպավորիչ կերպով արտասանեց կախարդանքի խոսքերը․
«Ինչ չկա այստեղ, թող հայտնվի, ինչ այստեղ է, թող մնա այստեղ»։
Հետո նա հողը մաքրեց և դուրս հանեց մի մայրի փայտի տուփ։ Նա վերցրեց այն և գտավ մի գանձարկղ, որի կողքերին ու տակը մանր խճեր կային։ Տուփի մեջ մի մարմարե գնդիկ կար։ Թոմի զարմանքը անսահման էր։ Նա գլուխը տարակուսանքով տարուբերեց և ասաց։
― Սա ուղղակի հրաշք է։
Թոմը զայրույթով դեն գցեց գնդակը և սկսեց մտածել։ Ճշմարտությունն այն էր, որ իր և իր ընկերների կողմից անխախտ համարվող մի ավելորդապաշտություն խախտված էր։ Եթե դու մի գնդակ էիր թաղում անհրաժեշտ կախարդանքի խոսքերով և երկու շաբաթ թողնում այդտեղ ու այն բացում կախարդանքի խոսքերով, որ նա հենց նոր արտասանել էր, քո բոլոր կորցրած գնդակները պիտի այդտեղ գտնեիր հավաքված, անկախ նրանից, թե ինչքան հեռու վայրերում նրանք կորած լինեին։ Իսկ այժմ այդ բանն անհաջող անցավ։ Թոմի հավատքի ամբողջ կառուցվածքը հիմքից խախտված էր։ Նա միշտ լսել էր, որ այդ բանը հաջողվում է։ Դրա ձախողման մասին ոչ մի անգամ չէր լսել։ Նա մոռացել էր, որ ինքը մի քանի անգամ փորձել էր, բայց երբեք չէր գտել իր պահած տեղը։ Որոշ ժամանակ նա մտածեց այդ մասին և ի վերջո որոշեց․ ինչ֊որ կախարդ միջամտել է և կախարդանքը խափանել։ Նա ուզում էր վերջնականապես համոզվել այդ բանում։ Փորձեց ու գտավ մի ավազոտ մաքուր տեղ, որի մեջտեղում ձագարի նման փոս կար։ Շուրթերը մոտեցրեց այդ ձագարին և բղավեց․
Մրջնառույծ, ասա ինձ, ինչ ուզում եմ իմանալ։
Մրջնառույծ, ասա ինձ, ինչ ուզում եմ իմանալ։
Ավազը սկսեց շարժվել, փոսից դուրս եկավ մի փոքրիկ բզեզ և վախեցած իսկույն պահվեց։
― Չի ասում, ուրեմն՝ կախարդն է արել։ Այդպես էլ գիտեի։
Թոմը լավ գիտեր, որ կախարդի հետ չափվելը անօգուտ է, հետևաբար հուսահատված ձեռք քաշեց։ Հետո մտածեց, որ այնուամենայնիվ կարող էր վերցնել հենց նոր դեն նետած մարմարե գնդիկը։
Նա գնաց և համբերատար կերպով փնտրեց։ Բայց չկարողացավ գտնել։ Հետո վերադարձավ գանձի տեղը և կանգնեց ճիշտ այնպես, ինչպես կանգնել էր գնդիկը նետելու ժամանակ։ Գրպանից մի ուրիշ գնդիկ հանեց և նույն ձևով գցեց, ասելով․
― Եղբա՛յր, գնա՛, գտի՛ր քո եղբորը։
Նա նայեց, թե ուր է ընկնում գնդիկը և գնաց այնտեղ։ Բայց ըստ երևույթին նախորդն ավելի մոտ կամ ավելի հեռու էր ընկել։ Նա երկու անգամ էր փորձեց։ Վերջին փորձը հաջող էր։ Երկու գնդիկներն իրարից մի ոտնաչափ հեռու ընկած էին։
Ճիշտ այդ պահին անտառի եզրից լսվեց թիթեղե խաղալիք շեփորի մի թույլ ձայն։ Թոմն արագ հանեց բաճկոնն ու շալվարը, ուսակապը գոտի դարձրեց, փտած ճյուղը մի կողմ հրեց, ինչ֊որ տեղից հանեց կոպիտ սարքած մի նետ ու աղեղ, մի թիթեղե խաղալիք շեփոր, սպառազինվեց և մերկ ու բոբիկ առաջ նետվեց։ Նա կանգ առավ մի մեծ թզենու տակ, պատասխան ազդանշան տվեց և հետո սկսեց ոտքի մատների վրա, շուրջը նայելով, զգուշորեն առաջ շարժվել։ Նա հրամայեց իր երևակայական վաշտին․
― Կանգնեցե՛ք, իմ քաջե՛ր, թաքնվեցե՛ք, մինչև փող փչեմ։
Երևաց Ջո Հարպըրը, Թոմի նման թեթև հագնված և նույնպես զինված։ Թոմը գոռաց․ ― Կանգնի՛ր, ո՞վ է համարձակվում առանց իմ թույլտվության Շերվուդի անտառը մտնել։
― Գայ Գիզբորնը ոչ ոքի թույլտվության կարիքը չունի։ Ո՞վ ես դու, որ․․․ որ․․․
― Որ համարձակվում ես այդպես խոսել, ― ասաց Թոմը շտապ, որովհետև նրանք խոսում էին «գրքի խոսքերով», հիշողությամբ։
― Ո՞վ ես դու, որ համարձակվում ես այդպես խոսել ինձ հետ։
― Ով եմ ե՞ս։ Ես Ռոբին Հուդն եմ, դրանում շուտով կհամոզվի քո ստոր դիակը։
― Ուրեմն դու այն նշանավոր ավազա՞կն ես։ Ես ուրախությամբ կչափվեմ սուրբ անտառի մուտքի համար։ Պատրաստվիր։
Նրանք մերկացրին իրենց փայտե սրերը, մյուս զենքերը գցեցին գետին, դեմ֊դիմաց դիրք գրավեցին և սկսեցին մի աչալուրջ, կանխամտածված պայքար՝ երկու հարված վերև, երկու հարված ներքև։ Հետո Թոմն ասաց․
― Դե որ պիտի կռվենք, իսկականից կռվենք։
Նրանք սկսեցին եռանդով կռվել ու քրտնեցին։ Ի վերջո Թոմը բղավեց․
― Ընկիր, ընկիր, ինչու՞ չես ընկնում։
― Չեմ ընկնի, ինչո՞ւ դու չես ընկնում․ քո դրությունն ավելի վատ է։
― Դա ոչինչ չի նշանակում։ Ես չեմ կարող ընկնել․ դա գրքում գրվածի պես չէ։ Գիրքն ասում է․ «Հետո մեջքին հասցված մի հարվածով նա գետին գլորեց խեղճ Գայ Գիզբորնին»։ Դու պետք է շուռ գաս, որ մեջքիդ հարվածեմ։
Հեղինակություններից չես կարող փախչել․ Ջոն դարձավ, հարվածն ստացավ և ընկավ։
― Այժմ, ― ասաց Ջոն վեր կենալով, ― դու պետք է թողնես, որ քեզ սպանեմ․ դա արդարացի կլինի։
― Ես այդ անել չեմ կարող։ Գրքում այդ չկա։
― Բայց դա ազնիվ բան չէ․ ահա թե ինչ։
― Դե լավ, Ջո, դու կարող ես Պեկ աբեղան լինել կամ ջրաղացպանի որդի Միլլերը և դագանակով խփել։ Կամ ես կլինեմ Նաթհինգամի շերիֆը, իսկ դու որոշ ժամանակով Ռոբին Հուդը և ինձ սպանել։
Դա գոհացուցիչ էր, և այդ սխրագործությունը շարունակվեց։ Հետո Թոմը նորից Ռոբին Հուդ դարձավ և թույլ տվեց, որ արյունաքամ լինի դավաճան միանձնուհու կողմից վերքը վատ կապելու պատճառով։ Ի վերջո, Ջոն, որ ներկայացնում էր ողբացող ավազակների մի ամբողջ խումբ, տխրությամբ նրան մի կողմ քաշեց, աղեղը հանձնեց նրա թույլ ձեռքերին, և Թոմն ասաց․ «Որտեղ որ այս նետը ընկնի, այնտեղ թաղեք խեղճ Ռոբին Հուդին, կանաչ ծառի տակ»։ Հետո Թոմն արձակեց նետը և գետին ընկավ։ Նա պետք է մեռներ, բայց եղինջը կծեց նրա վիզը, և նա վեր թռավ դիակի համար անսովոր արագությամբ։
Տղաները հագնվեցին, թաքցրին իրենց զենքերը և գնացին վշտանալով, որ այլևս ավազակներ չեն։ Նրանք մտածում էին, թե ինչ կարող էր տալ ժամանակակից քաղաքակրթությունը իրենց այդ կորստի դիմաց։ Նրանք ասացին, որ կնախնտրեին մի տարի Շերվուդի անտառում ավազակ լինել, քան Միացյալ Նահանգների պրեզիդենտ՝ առհավետ։