Վերջին թարմացում 27 Նոյեմբերի 2012, 16:47
Անանձրեւ հուլիս

հեղինակ՝ Վանո Սիրադեղյան
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ անհայտ

Սուրճի դառնությունը պետք չի, որ շեղի. շաքարավազ բեր, լցրու կես գդալ՝ քաղցրությունը թող չշեղի, և խառնիր զգույշ, հանկարծ գդալը գավաթի պատին աղմուկով չառնի, - եթե աչքերդ սառել են առավոտ կանուխ, ուրեմն հայացքդ անցնելիք ճանապարհ ունի, այս վաղ ժամին հյուր չեն գալիս: Մոխրամանդ փոխիր, թող թվա, թե անցած օրը իր աղբն ու հետքը տարել է հետը, այսօր էլ ապրիր երեխայի պես՝ օրը սկսիր որպես նոր կյանք: Հագնվիր այնպես, որպես թե տնից դուրս ես գալիս, ճանապարհի շորերդ հագիր: Այս առավոտ վեր ես կացել՝ օրը գտել ես քեզ բազկապանակ. թուղթը՝ աջիդ տակ, ծխախոտն ու սուրճը՝ ձախիդ, պատը՝ դեմդ, - քո կախարդական հայելին է, աստված օգնական՝ հիմա կտեսնես քեզ այն օրվա մեջ:
Ահա քանի օր դու արթնանում ու տեսնում ես՝ երկու կես ես: Մի կեսդ այստեղ՝ ութսուներկու թվականի հուլիսի վերջին օրերի մեջ կիսով քնում - կիսով զարթնում է, ոչ քնելուց է բան հասկանում, ոչ արթնանալուց և արյունը՝ ջուր, հոդերը՝ թույլ, բերանի մեջ՝ անհամություն - օրը տանում է որպես իշու բեռ, իսկ կեսդ այնտեղ՝ քսանհինգ տարվա ճանապարհ հեռու, ամառվա մի օր իմաստալից մի քայլ անելու ջանքով է լեցուն, բայց հավասարակշռությունը չկա կեսի մեջ: Բույրի զառամյալ հիշողությունը բերում- տանում է սեխի խաբուսիկ ծաղկահոտը, ձմերուկի խակահոտը, արև առած բազալտ քարի մետաղահոտը, բազալտին կառչած վայրի թզենու կծվահոտը, բեռնավտոյից խանութ կրվող հացի բուրմունքը... Բայց բույլի մեջ չեն ամբողջանում հոտ ու բուրմունք, բայց գույները լավ չեն կպչում հոտ ու բուրմունքին, բայց ծղրիդների ձայնը բնապատկերի վրա չի կախվում անլռելի, և պատկերը ջուրը ընկղմած ջրանկար է՝ երանգները հեղհեղուկ են, և տեսիլքը չի բևեռվում վայրկյանից ավելի և այդ շոգ օրը հա´ լուծվում է ինքը իր մեջ:
Ծխախոտ ճարի, ծխախոտի պակասությունը չարժե, որ շեղի: Մեծ բան չի մեր ուզածը, գրողը տանի. մեր ինքնաքամ զրկանքի դիմաց՝ մեզ՝ ծխախոտի ու սուրճի փող, աշխատունակ լինելու համար՝ նաև հացի, մեր կանանց մե՛ծ համբերություն, երեխաներին՝ առողջություն, իսկ երջանկություն միգուցե ինքը աստված մեզ տա:
․․․Ինչ լավ է, որ գոնե մանրուքում բախտդ բերում է: Խանութը բաց էր, ծխախոտ կար: Արվարձանային անձուկ խանութ, վաճառողուհին՝ տնեցիներով շրջապատված, տնավարի էլ քեզ խաբում են մի չնչին առևտրի մեջ, բայց տալիս ես չհասկանալու, որովհետև եթե աչքերդ սառել են առավոտ կանուխ, չի կարելի կոպիտ բաների վրա սևեռվել, չի կարելի զռացող գույների նայել, չի կարելի ընծա օրը քոռուփուչ անել... գերեզմանների սակավամարդ ճամփով տուն դառի: Գերեզմանոցի կողքին ապրելուց օգուտդ քաղի: Ոչինչ, որ արդեն երրորդ գերեզմանողի կողքին ես ապրում, նոր բնավորվողին չեն նստեցնում գլխների վրա, եկվորի տեղը մեռյալների ու ապրողների արանքում է նախ: Ոչինչ, ապրում ես լռության ու կանաչի մեջ, երեխաներդ քրդի կաթից հայի մերած մածուն են ուտում: Ապարանի ջուր են խմում, քաղաք ուզելիս ասում են՝ գնանք Երևան:
Հիմա կինդ գյուղում հայրական տանը արթնացել, ափսեն ձեռին ման է գալիս չորս տարեկան տղայի ետքից ու եթե երեք րոպեն մեկ անգամ հաջողացրեց գդալը խցկել խուփ բերանը՝ երջանիկ է: «Եթե չուտես, հայրիկը չի գա»: Այնինչ գլխում բարձից պոկած կպչուն միտքն է, թե դու, ով գիտի, այս առավոտ որ մի ամուրի ընկերոջդ տանը արթնացար, մենա՞կ արդյոք, խմբովի՞ն արդյոք... Բայց կնոջ միտքը ինքնասիրությանը անձեռնտու թեման մերժում, պակաս ցավոտ հարցի է անցնում. տեսնես հոնորարը ստացավ՝ խմե՞ց, թե նոր պիտի ստանա- խմի, տեսնես տան վարձը կտա՞ - կխմի մնացածը, թե խմելունը կսկսի խմել ու քամուն կտա եղած-չեղածը... Որդիդ, սակայան, հասկացողի կպչուն միտք չունի և հոր կարոտը համատեղում է որսորդական իր կրքի հետ. գդալը ձեռին բախտավորվող-հուսահատվող մորը պապի տան շուրջ բոլորը քարշ է տալիս, մինչև որ բլոճ կամ որդ չգտնեն՝ գդալը բերան չի առնի: Սովերի միջով դարավերջին հասած պապը հետևում է ամենօրյա այդ պայքարին ամենօրյա տարակուսանքով՝ «Երկրի վրա ախորժակը էս ո՞նց պակասեց»: Այդ անախորժակ կամակորին մեծ քույրիկը պատրաստ է լավ դաս տալու, բայց ինքը պապոնց տանն է վաղուց, իսկ ախպերիկը նոր է հյուր եկել, կարելի է մի քանի օր դեռ համբերել: Պապը կով չունի, պապը ձի չունի, ոչխար, այծ, խոզ, նույնիսկ էշ չունի, մնում է, որ անցած տարվա անտուն շունը գա ցախատանը լակոտներ բերի, բայց անցած տարի պապը թուլեքին պարկը գցեց, տարավ անտառ ու ետ եկավ դատարկ պարկով (ախպերիկը հարց է տալիս. «Շան ձագերը անտառում գա՞յլ են դառնալու»), ու այս տարի շունն էլ չի գալիս, և մեծ քույրկը, հարկադրված, եղբոր համար քար էշուռ տալիս, անձրևաորդ ու միջատ է պեղում: Բայց կամակորի զանցանքները մեկառմեկ մտապահում է, մեղադրականը անգիր է արել, մնում է հայրը շեմից ներս մտնի: Այնինչ, հայրիկը այս շաբաթվա վերջին էլ չեկավ: Շաբաթ օրը գյուղ բարձրացող առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ ավտոբուսով, ոչ մի բանով հայրիկը չեկավ, երեկոյան հիշեց, որ չեկավ, կիրակին անցավ՝ չեկավ հայրիկը, քեռիները եկան-գնացին, ուրիշները եկան-գնացին, գյուղը խաղաղվեց, մայրիկը մթնեց, ինքը տխուր է, լացը գալիս է, բայց հայրիկը կպաշտպանի, ախր, հայրիկը, եթե մնալու պատճառ չունենար, հաստատ կգար, հայրիկը ուրիշ ի՞նչ պիտի աներ գալուց բացի:
Լույսի նման քո դստրիկը իրիկվանից քաշվել է իր մեջ, մորից, բոլորից մնում է հեռու, որպեսզի մայրը, առավել ևս ուրիշ մեկը, իր նեղսրտությանը հոր աղջկան մասնակից չանի: Իր տխրությունը իրեն հերիք է: Նա հիմա փոքրիկ գազան է կտրել, նրա սերը հոգսից ազատ է և իր հայրիկին կպաշտպանի: Քանի դեռ փոքր է՝ կպաշտպանի:
Իրիկնաժամին այս նկարը շուռ տուր պատին՝ շրջած էլ քոնն է ու շահածդ մենակությանը տեր կանգնիր տղամարդու պես - ամբողջ տարին մտածել ես այս ամսվա մասին: Չէ, շնագայլի կյանք չէ ուզածդ, պարզապես քո մենակությունը քո հանգիստն ու ազատությունն է: Համենայնդեպս՝ քեզ մատչելի միակ հանգիստն է: Այս տարիքում, այս վիճակում ազատությանդ միակ ձևն է:
Մենակությունը քեզ համար այս սեղանը բացեց. գլուխ սոխ ու աղի ձվածեղ, սառնարանից երեք շաբաթ չհանած պանիր, մի կտոր հաց՝ երեծ օրվա, մի կտոր լավաշ՝ ժանգը կերած փշրվող թիթեղ. - էլ ինչո՞ւ է մենակությունդ աչքի փուշ: Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ՝ ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե՝ առանձնությունդ: Իրենք՝ նախիրով, իրենք ոհմակով լինելով՝ էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես....
Մի կյանք տևած վերջին չորս-հինգ տարիներին քո գրասեղան-ուղղանկյունին չորս պատ անելու ամենօրյա ջանք ես թափել գործատեղիդ՝ պարապությունից զազրախոս, պարապությունից գռեհկացող պարապությունից անառակացող մթնոլորտում, իսկ մտնող-ելնող հարկ է համարել ձեռագիրդ գնահատել տարօրինակ: Դու տխմարի պես ժպտացել ես, որպեսզի նրանք չմտածեն, թե խանգարում են, որպեսզի ներեն, որ իրենց հետ չես, իսկ անպատկառ հայացքները սահմանապահ լուսարձակների անողորմությամբ բևեռել են քո տևական անզորության ու ինքնագոհության սակավ պահերը, ու քո հոգու մերկությունից սարսռացել ես, անակնկալի բերված մերկանդամ կնոջ նման ծալծլվել ու կծիկ ես դառել, մեկ էլ լրբի-հուսահատվածի կեցվածք ես բռնել՝ էհ, տեսածդ կեր, ձեռ տվածդ կեր...
Իսկ նրանք անցել-դարձել-անցել են՝
- Ստեղծագործում ենք, ասել կուզի...
- Լավ է, լավ...
«Չե՛նք ստեղծագործում, իշի զավակներ, - մղկտացել ես քո ապուշ ժպիտից դենը, որովհետև այդ բառից գլխիդ որդերը ժաժ են գալիս, - չենք ստեղծագործում, մեր երեխեքին զրկում ենք հացից... Չենք ստեղծագործում, եզի նման ջլատվում ենք, ուզում ենք տեսնենք՝ պարտդաի՞ր է, որ մարդ գրելիս սուտը ասի, իմանանք, տեսնենք՝ դա գերլո՞ւց է, ապուշությունի՞ց, դվժա՞ր կյանքից, թե՞ հեշտ կյանքից, սովորական գրչակ լինելո՞ւց, թե տոհմանական տականք ծնվելուց... Հետո ինչ, որ իմացածս ինձ պետք չի գալու. անդրշիրիմի սպասավորներն ինձ չեն քննելու, իրենց չիմացած բաներն ինձնից չեն սովորելու, բայց ես պիտի իմացած գնամ:
Ինձ համար այսպես իմանամ ու գնամ:
Ծխախոտի նոր բացված տուփը խոստանում է մի քանի ժամվա ապահովություն: Ծխախոտը՝ քեզ, ածխի փոիշին վնասակար է ածխատին, բարձրությունը՝ օդաչուին, խորությունը՝ սուզանավորդին, քսաներորդ դարը՝ բոլորից - գործիդ մնա, հետն էլ ականջիդ օղ արա, տղա´, կանքդ քո կամքով չի եղել, որ կարճելն ու երկարացնելը քո կամքով լինի... Երկարացնես էլ՝ կբարակի:
Սովոր իրերը քեզ չեն շեղի: Ծխախոտը, լուցկին, սուրճը ձախիդ տակ են, թուղթը՝ աջիդ, առօրյայիդ հետ լեզու գտիր, կորուստներիդ հետ հաշտվիր նորից, ծրագրերդ համարիր չեղյալ, մտահոգություններդ խորը ներս գցիր, - ստոր մարդիկ իրենց արժանի մահ կգտնեն, առաքինի հոգիները մի բանով, էլի, կմխիթարվեն (շատ որ չեղավ՝ կմեռնեն թեթև), ծախվածները կարժանանան զավակների արհամարհանքին, ճշմարիտ խոսքը սիրո նման նույնիսկ քար սիրտը թեկուզ մեկ անգամ թունդ կհանի - համարիր, որ այդպես կլինի, խելքդ տուն կանչիր, հայացքդ շուռ տուր դեպի ներս, աստված մեծ է՝ պիտի որ տեսնես քեզ այն օրվա մեջ:
Մտքիդ ընթացքին մի բռնանա, ինչի որ տեր ես, թող հայացքիդ առջևով անցնի, պատկանելությունը հաստատի՝ գնա: Այս թռուցիկ զորատեսը միգուցե քեզ ուժ ու կորով տա: Այս պատկերի առաջ էլ կանգ առ, մանրամասները մտապահելու նման նայիր ու շուռ տուր պատին՝ շրջված էլ քոնն է. մի ջահել աղջիկ քո կյանքը մտավ երկուշաբթի օրվա նման անկասելի, քո կողքին, նաև՝ ընտանիքիդ, կանգնեց շիտակ, անավելորդ՝ վերջին պահին շնչասպառ-ցնծուն տեղ հասած, ընտանեկան լուսանկարը ամբողջացնող դեմքը, որպես թե՝ հեռու քաղաքից տարեմուտին հասած լինի սիրելի դուստրդ, որպես թե կինդ իր հարկի տակ իրեն նման - իրենից ջահել քույր ունենա, որին մի թեթև խանդելու է ամուսնու հանդեպ, - այսպես նա կա՝ շունչը թեթև և ճակատագրիդ գծի բեկվելը մի քիչ էլ պիտի նրա թափանցիկ ափին երևա.. Ոչ, ճակատագրապաշտ երբեք չես լինի, դա մի անհամ փափկություն ունի, դրանով արագ հափշտակվում են ո կերակերպվում հեզ արվամոլի... Բայց այսպես եղավ, այս ուշ տարիքում մետակ շորով գարնան առաջին, սառը անձրևի տակ մնացիր, անծանոթ մեկին ներսդ առաջ վերջին շնչի պես անբռնելի, ու քանի նա կա շունչը թեթև է, պահ է գալիս՝ թվում է քեզ, թե գերեմանից ետ շտապող հուղարկավորներիդ կտաս կանցնես՝ գլխարկդ կիպ աչքերիդ քաշելով:
...Բայց սիրո մասին՝ զգույշ, տղա. երեխաներդ հասնում են սիրո տարիքին: Եվ մահվան մասին կամաց խոսիր, որ մորդ գյուղում գեշ երազ չգա - տարին բոլորեց, չտեսար նրան: Այսպես չտեսար, չտեսար, հորդ և կանուխ մի զանգ քեզ որբերի շարքերն անցկացրեց: Զանգը կանուխ էր քաղաքի համար, գյուղում վերջին աքլորականչից վաղուց անց էր: Ժամեր առաջ, կեսգիշերին, եղբայրներդ՝ երկու հասուն որբ, դուրսը՝ գերանի երկու ծայրին երեսները իրարից շրջած սպասելու էին լուսաբացին և փոքրի կարիքը ամեն պահ փղձկալու աստիճան զգալու էին, որովհետև իրենք որբ էին ու գիտեին, դու որբ էիր, բայց չգիտեիր, քո չիմանալով մահն անհեթեթ էր, քո իմանալն էլ ժամանակի մեջ երկրորդ մահն էր: Որովհետև իրենք մեծ էին, որբությունը քեզ էր հասնում ամենից առաջ:
Եվ երկու պարթև տղամարդիկ, երեսները իրարից շրջած, գերանի երկու ծայրին նստած, քթները վեր քաշած սպասում էին, որ քաղաքում փոքրն արփնանա:
Հատո մայրդ ողբով կասի... «Էսքան մոտիկ եկար անցար, բա քո սիրտը քեզ բան չասե՞ց...»:
․․․Աղջիկների հետ ծածուկ սիրային զբոսանք էր՝ հայրենիքդ ցույց էիր տալիս: Գյուղիդ կողքով գիշերով անցաք, ասիր՝ «Է՛ն սարի ետևն եմ ծնվել»: «Օ՛, ինչ մութ է»... «Բա քո սիրտը քեզ բան չասե՞ց»:
Տղամարդու թալուկ սիրտը գելուգազանի բաժին է, մայրիկ, մի կշտամբիր: Համ էլ կյանքը մեր ուզածով չեղավ: Ուզում էինք գանք, բայց չէր ստացվում: Ոզում էինք գանք լիքն ու բարով, որ անհոգ մնաք, ջահել մնաք: Ուշացումով եկանք, որ լավ գանք, չեկանք, որ լավ գանք... Մեկ էլ տեսանք, որ ապրում ենք առանց ծնողի... Է, ապրվում է, ապրում ենք, էլի, կյանք է, հո որբանոց չի... Հետո, ախր, կյանքը մեր ուզածով չեղավ և առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, - այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը՝ ձիգ, գլուխը՝ բարձր, ձեռքերը՝ ծոցը, որ մաքուր մնան:
․․․Խաղը պառավեց: Կախարդական հայելին ճաքեց գիշերվա կեսին, մասերը տարանջատվեցին, մոխրամանը աղբաման դարձավ, լուցկու տուփը հագավ հատ-հատ, ծխախոտի ծուխը՝ ամպերին, սուրճի մրուրը շուրթերիդ հասավ, - ամբողջականության հույսը ցնդեց: Հրաշք չի լինի: Տարիների պատն անթափանց է, կուրացնող է մանկությունից եկող լույսը, հիշողության ճանապարհը լի է փորձանքով՝ դարանակալ տարիների հոգսով, կորուստով, սիրով, ցավով.. Եվ միայն բույրի հիշողությունն է մտակորույսի ցանցառությամբ բերում-տանում բույրի ծվեններ, և կայծկլտում են աղոտ պատկերներ, բայց ոչ մի բույր չի բռնում գույնը, բայց ոչ մի ձայն տեղը չի դնում բնապատկերը, և պապանձված է ամռան օրը, և իմաստալից քայլ անելու ջանք է ապարդյուն, որովհետև հավասարակշռություն չկա կեսի մեջ: