Վերջին թարմացում 19 Օգոստոսի 2013, 04:00

Բաց նամակ Մայքլ Արլենին

04:00, 19 Օգոստոսի 2013 տարբերակ, Հանուման (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բաց նամակ Մայքլ Արլենին

հեղինակ՝ Գարեգին Նժդեհ
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ անհայտ

«Զատեցի՞ր իրականութիւնը ճշմարտութիւնից՝ իրականութիւնը դառնում է կոյր,իսկ ճշմարտութիւնը՝ խելագար»

Ա

Բաներ կան, միստր, որոնք յաւիտեան պաշտելի են - Աստուած, Հայրենիք, Մայր - որոնց մասին մարդ արարածը, եթէ հոգեպէս խաթարուած չէ, չի՛ կարող առանց կրօնական յարգանքի խօսել: Այդ տարրական պաշտամունքի դէմ, խօսելով Հայաստանի մասին, դուք մեղանչել էք կոպտօրէն:

Ամերիկեան մի լուրջ ամսագրի էջերէն դուք արհամարհանքի ծանր քարեր էք նետել մեր ցեղի հասցէին: Ձեզ՝ «պատուով մեռնելու անընդունակ ցեղի մը զաւակ»ը համարելով, դուք բացագանչել էք աներկիւղածօրէն. «Դարերով անարգ նահատակութեանց եւ գձուձ փախուստների ժողովուրդ… ո՛վ Հայաստան, ո՛վ տգեղ դարպասող», եւայլն:

Այսպէ՛ս, հայածին Մայքըլ, այսպէս էք խօսել հայութեան մասին:

Չասե՞մ՝ “Well roared lion” - լա՛ւ ես մռնչել, առի՛ւծ:

Ա՛հ, պիտի ուզէի, որ ձեզ ծնող ժողովրդի նուաստ վիճակը թելադրած լինէր ձեր հիստէրիկ բացագանչութիւնները: Դժբախտաբար, դա ո՛չ հայրենասիրական de profundis է, ո՛չ էլ պոռթկում՝ ի տես հայութեան անկեալ վիճակի: Աւելին քան պարզ է ձեր ծանօթ տողերի ներքին իմաստը: Գրչի պչրանք, եւ ո՛չ աւելին: Ձեր գրիչն այդ դէպքում շարժման մէջ է դրել ձեր վիրաւորուած եսը եւ ո՛չ թէ ձեր ցեղի ճակատագիրը: Կը խոստովանիմ, եթէ ձեր չանգռած տողերը - ի դէպ՝ սիրային մի յիմարական վէպի մէջ ի՞նչ գործ ունին Հայաստանի ու հայութեան վերաբերող տողերը - եթէ նրանք լոյս աշխարհ ընկնէին մեր ժողովրդի քաղաքական թէ ռազմական այս կամ այն պարտութեան առթիւ, ինձ հետ հազարները պիտի ծափահարէին ձեզ: Այսօր, սակայն, նրանք զզուանք են շարժում, որովհետեւ հայութեան անմխիթար վիճակը չէ, որ ծնունդ է տուել ձեր վատահամբաւիչ տողերին, այլ քանզի - ձեր իսկ խօսքով - «Երիտասարդ մը*) դարպասելու եկած է, բայց իր բարեկա-մուհին որիշի հետ գացած է»:

Ի՛նչ գռեհիկ շարժառիթ՝ իր ցեղի դէմ յարձակուելու համար:

Այսպէս, Հայութիւնը՝ «ատամները թափած ծերունի՞»: Այո՞:

Եւ ինքնանուաստացումի այդ գարշելի պրոպագանդը մի այնպիսի ժամանակ, երբ աշխարհը կը շարունակէ զուարճանալ մեզ անիրաւելով եւ հալածելով: Եւ ինքնաթքումի այդ փորձը Լլոյդ Ջորջի եւ Ուիլսընի հայրենիքներո՞ւմ, ուր հասարակական կարծիքը կարող է ոչ աննշան դեր խաղալ մեր դատի այս կամ այն ելքի համար:

Գիտէք, չէ՞, որ Ռիշըլիէօն սովորութիւն ունէր իրեն ներկայացած զեկուցագրերի վրայ միայն երեք բառով յայտնել իր վճիռը, vidi, legi, probavi *): Տեսայ ձեր տողերը, միստր, կարդացի, գարշեցի: Ներեցէ՛ք, խնդրեմ, եթէ ձեր գրչէն գարշէ ամեն ճշմարիտ հայ: Ի՜նչ, չգիտէ՞ք, որ հայրենիքի մասին պիտի չխօսել, եթէ համոզուած չէք, որ ձեր խօսելուց յետոյ դա աւելի գեղեցիկ, ցանկալի, աւելի պաշտելի պիտի դառնայ: Չգիտէ՞ք, stulte, stude!:

Ժողովուրդների կեանքն իրենց մէջ կը բաժանեն Յաջողութիւնն ու Ձախորդութիւնը, իբրեւ երկու ձեռքերը մի ինչ-որ խորհրդաւոր ոյժի, օրէնքի, աստուածութեան: Արդեօք վիպագիր Արլէնը չգիտէ՞, որ ստրկութեան շղթաներ ու ցնցոտիներ կրելուց առաջ, մեր ցեղն էլ է կրել իր անկախութեան ու հզօրութեան ծիրանին, իր փառաց զգեստը: Իր մեծութեան օրերին, երբ Տիգրան աշխարհակալի բանակները կ’արշաւէին դէպի Արաբիա, Բաբելոն եւ աւելի հեռուները, եւ մէկից աւելի հարկատու ազգեր սարսափով կ’արտասանէին հայ անունը, հայն էլ վերէն վար կը նայէր աշխարհին: Եւ, ի հարկէ, հայագիտօրէն տգէտ Մայքըլը չը գիտէ, որ Բիսմարկէն ու բազմազգի Բիսմարկներէն շատ դարեր առաջ հայ պետական մարդն է ասել. «Մարդկային գոյութեան բարձունքներում ուժեղն է արդարը»:**)

Այո՛, կար ժամանակ, երբ Հայաստանն աւելին էր, քան ծովէ ծով մի երկիր, երբ յաջողութեան վարդագոյն մատները պսակ կը հիւսէին հայ յաղթական ճակտին: Բայց, աւա՜ղ, արեւի տակ ի՞նչ կայ կայուն: Հրթիռային վերելք տեսած ազգը պիտի ունենար իր շռնդալի անկումը: Նա աստիճանաբար պիտի կորսնցնէր իր հզօրութիւնը, մինչեւ որ մի օր էլ իրեն կը զգար պայմանընկալի եւ ապա լծակիր ստրուկի վիճակում, մինչեւ որ մեր հարեւանները իրար մէջ մեր ցեղի «զգեստները կը բաժանէին»:

Պատճառնե՞րը: Թող չանհանգստանայ օտարալեզու Արլէնը, այդ մասին տարբեր կարծիք չունիմ եւ ես: Այո՛, Հայաստանը անձնասպա-նութեամբ վերջ տուեց իր քաղաքական գոյութեան: Նա պարտուեց իր ներքին անհամերաշխութեան դեւէն, եւ ապա արտաքին թշնամիներէն: Նա ինքնակործան եղաւ: Այդ մասին զայրոյթի խօսքեր ունիմ եւ ես: Բայց ինչո՞ւ ընդունայն քրքրել պատմութիւնը: Կ’ընդունիմ, թէ հայութիւնը իր ահաւոր դժբախտութեան մէջ բարոյապէս ազատ չէ ասելու իր մասին՝ մեղքն իմս չէ, որ քաղաքականապէս կը կաղամ դարերով:

Այսքանը մեր անցեալի մասին:

Բ

Գիտէ՞ք, որ ժողովուրդների յաւիտենականութիւնը պայմա-նաւորւում է նրանց ստեղծագործութեան յաւիտենականութեամբ: Դեռ կան, կ’ապրին Հայն ու Հայաստանը, ասել է՝ հայութիւնը արեւելեան ամենավայրագ բարբարոսութեան լծերի տակ իսկ - անշուշտ, իրական կարելիութեան սահմաններում - եղել է ստեղծագործ:

Ճիշտ է, որ հայութիւնը, իր գերիշխան վիճակը կորցնելէ յետոյ, ընթացել է ամենաթոյլ դիմադրութեան գծով: Աւելին՝ եղել են պատմական մոմենտներ, երբ դա, ինչպէս հրէութիւնը, հարկադրուած է եղել գիտակցօրէն զոհելու իր արժանապատուութիւնը յանուն իր գոյութեան եւ անմեռ արժէքների պահպանման: Սակայն, ճշմարիտ է եւ այն, որ Հայաստան Երկրի վրայով չի անցել մի հատիկ դար, որի ընթացքում գերիշխան կեանքի յոյսերով ընդվզած չլինէր հայութիւնը: Նրա մտաւորական ընտրանին վերջին անգամ - կէս դար առաջ - իր ժողովրդի վերադաստիարակիչը լինելէ առաջ, նրա անցեալ մեղքերի քաւիչը հանդիսացաւ: Երբ նա ձեռքը կը զարկէր մեր ազատագրական գործին, խորապէս կը գիտակցէր, թէ դարերի ստրկութիւնը մեծապէս տկարացրել է հայ զանգուածների ազգային ինքնագիտակցութիւնը: Սակայն, նա կը հաւատար մեր ազգային վերածնունդին, որը պիտի հոգեփոխէր մեր ժողովուրդը իր ամբողջութեան մէջ:

Եւ տարիներով հնչեց նրա մարգարէաշունչ խօսքը: Ե՛ս եմ ճշմարտութիւնը, իմա՝ ճշմարիտ աշխարհայեացքը, ներցեղային բարոյականը, անկախութեան կրօնը: Այսպէս տարիներով ու տարիներով, Հայոց աշխարհի երկարութեամբ եւ խորութեամբ տարածուեց Յեղափո-խութեան զարթուցիչ կանչը: Բայց, աւա՜ղ, տխուր իրականութիւնը չուշացաւ զգացնել տալու, թէ օտար լծերի ազդեցութիւնը մեր կարծածէն աւելի մեծ աւերածութիւններ է առաջացրել հայ հոգու մէջ: Յուրախութիւն մեր ցեղի գոյութեան թշնամիների, որոմնացան քարոզներ լսուեցին Հայ յեղափոխութեան հենց առաջին տարիներում: Դա արտայայտութիւնն էր մեր ժողովրդի որոշ տարրերի ստրկական հոգեբանութեան: Այդ քանդիչ տարրերը չուզեցին հասկանալ - չեն ուզում եւ հասկանալ այսօր - թէ թշնամանել հարազատ եղբօր դէմ հենց այն պատճառով, որ նա իր կուսակցութեան փարախէն չէ՝ կը նշանակէ տկարացնել արտաքին թշնամու դէմ ուղղուած մեր հարուածի թափը: Հերձասիրութեան հին դեւն էր դա, որ տարբեր անուան ու ձեւերի տակ կը շարունակէր օտարի հայասպան դերը, մեծապէս դժուարացնելով մեր վերածնունդի գործը: Կար ընտանի թշնամին, որի երեսէն հայ յեղափոխական տարրը պիտի հարկադրուէր ուժաթափ լինել նաեւ ներքին ամօթալի պայքարներում:

Տեսնե՛լ ու զգա՛լ, թէ ինչպէս մտակոյր Հայը զէնքեր է դարբնում իր հարազատ եղբօր դէմ՝ ընդհանուր թշնամու գործը հեշտացնելու համար - ա՜հ, այդ զարհուրելի ողբերգութիւնը դեռ այսօր էլ բաժինն է հայ հայրենասէրի: Դեռ այսօր էլ հայութեան քաղաքական ճակատագրէն աւելի դառն է նրա ներքին ճակատագիրը: Գիտենք - ֆիզիքական ցաւ պատճառելու աստիճան պարզ է - որ օրուայ Հայաստանը արտաքին թշնամու համար «դուռ մըն է՝ փականքը կոտրած»: Գիտենք, որ հայ մտաւորականութեան մի մասը - դաւանողն ու գերին անձնակենտրոն մօրալի - կը շարունակէ սեւ թելերով հիւսել հայութեան ճակատագիրը: Կասկածէ դուրս է եւ այն, որ հայութեան տարագիր կէսի համար - եթէ օր առաջ չհոգեփոխուեց - սակաւաթիւ տարիներ են պէտք, որպէսզի նրա կեանքում մահուան տրագիզմը տեղի տայ հոգեւոր ինքնասպանութեան առջեւ, որպէսզի հայ homo-ն դառնայ homunculus եւ մեռնի ապազգայնացմամբ: Գիտենք եւ այն, որ տարաբնակ կէսի կապոյտ կոտորածը խնդրական պիտի դարձնի գոյութիւնը հայութեան երկրորդ կէսի, որ կառչած կը մնայ Արարատի փէշերին:

Այս է, միստր Արլէն, այսպէս մահօրէն աղէտալի եւ տխուր է հայութեան ճակատագիրը: Եւ հասկանալի է դա: Պատմութիւնը միշտ էլ որդիների մէջ պատժում է Հայրերի մեղքերը, հի՛ն:

Գ

Սակայն, ի՞նչ անել: Ինչպէ՞ս կ’ուզէիք սրբագրել հայ հոգեբանութիւնը, եւ նրա միջոցաւ՝ մեր հաւաքական ճակատագիրը, որպէսզի նա պատմութեան գարշապարին կառչած չմնայ:

Ձեր ծանօթ տողերո՞վ, որոնց ամեն մի տառը թեթեւամիտ արհամարհանք է շնչում: Միամտութի՛ւն: Հայհոյելով չէք բժշկի հիւանդը: Մոռացե՞լ էք անգլօ-սաքսոն գրողի իմաստուն խօսքերը. «Չլինի թէ սատանան հարուածելու ժամանակ վիրաւորէք նաեւ աստուածութիւնը, որ կ’ապրէ մարդուս մէջ»:

Չէ՞ք ընդունում, որ ձեր գրչի պչրանքով խորապէս վիրաւորել էք սրբազան հայկականութիւնը հայութեան մէջ:

Ձեր խօսքը Հայաստանի մասին, միստր, այնքան յոխորտ է, որ կարծէք Ձեր ցեղի համար Հերակլէսի տասներկու մեծագործութիւնները կատարած լինէիք: օսել էք իշխանութիւն ունեցողի պէս, եւ ծիծաղելի դառել, որովհետեւ դեռ ո՛չ զոհաբերած, ո՛չ էլ տառապած էք այն ժողովրդի համար, որին բարոյապէս սնանկ կ’անուանէք: Ձեզ համար ներելի չէ, եթէ չգիտէք, որ իրենց ցեղի ստուերային կողմերի վրայ յարձակուելու իրաւունք եւ պարտականութիւն ունին միայն նրանք, որոնք տեսնում, հասկանում եւ սիրում են իրենց ժողովուրդը իր բովանդակ մեծութեան եւ տկարութիւնների, իր բովանդակ ողբեր-գութեան մէջ:

Ձեր գրչէն ամաչելու համար բարի եղէք վերյիշելու Իսրայէլի վշտակիր առաջնորդներին:

«Նրա - մարգարէի - սիրտը կծկւում է ցաւից, նրա շրթունքները լի են մերկացումներով. նրա աջը բարձրացել է ցոյց տալու պատուհասը, որ գալիս է. նա տառապում է իր ժողովրդի համար, եւ որովհետեւ սիրում է նրան, յարձակւում է նրա վրայ»: Ահա՛ Եսային, որը Եհովայի բարկութեամբ կը սպառնայ իր ժողովրդին. - «Անոր - Իսրայէլի - պալատներուն մէջ փուշեր ու անոր պարիսպներուն վրայ եղինճ ու եկքան պիտի բուսնին: Եւ չագալներուն բնակարան պիտի ըլլայ: Հոն նեռ օձը իր բոյնը պիտի շինէ… Եւ ուրուները հոն պիտի ժողվուին…»

Ինչո՞ւ: - Որովհետեւ,- աւելացնում է բանաստեղծ-մարգարէն,- որովհետեւ, «քո արծաթդ կղկղանք դարձաւ», որովհետեւ «գինիիդ մէջ ջուր է խառնուած»:

Այսպէս է վայում անգերանզանցելի բանաստեղծը ու նոր վայերով սպառնում, որովհետեւ Իսրայէլն սկսել է ունայնութիւններին «խունկ ծխել»:

Բայց ահա՛, հարուածելէն յետոյ, մարգարէի վշտալի սիրտը կանչում է սիրով.

- «Արթնցի՛ր, արթնցի՛ր, քո զօրութիւնը հագիր, ո՛վ Սիոն. քո փառաւոր հանդերձները հագիր… Թէեւ աղիւսներն ինկան, մենք տաշուած քարերով պիտի շինենք…»

Այո՛, այսպիսի՛ն է հայրենապաշտ առաջնորդը: Նա միայն մերկացնող չէ, այլ եւ՝ յուսատու: Նա չի՛ նզովեր միայն, այլ եւ՝ կը գօտեպնդէ: Ահա՛ եւ Երեմիան՝ հրէութեան ողբերգուն.

- «Քո բոլոր թշնամիները իրենց բերանը քեզ վրայ բացին»,- ցաւից ու ամօթից գալարւում է մարգարէն: Նա կու լայ ու կը սպառնայ, որովհետեւ իր ժողովրդի գլխից «փառաց թագն է ընկել»:

«Մեր հայրերը մեղք գործեցին եւ չկան, ու անոնց անօրէնութիւններուն պատիժը մենք կը կրենք:

Վիշապներն անգամ ծիծերնին կը հանեն ու իրենց լակոտներին կաթ կու տան.

Իմ ժողովուրդիս աղջիկը անապատի ջայլամներուն պէս անգութ եղաւ.

Կաթնկերին լեզուն ծարաւութենէն իր քիմքին փակաւ.

Տղաները հաց ուզեցին, բայց անոնց ջարդող չկար.

Կարմիր հագուստներով մեծցողները աղբանոցներ գրկեցին.

Ու սուրէ մեռածները անօթութենէն մեռածներէն երջանիկ էին»:

Այսպէս դառնադառն է մարգարէի խօսքը, որպէս ազգային ամօթանքի ու վշտի արտայայտութիւն:

Բայց, քանզի նրա կոչումը միայն ողբալը չէ, ահա՛, Եհովայէն ներշնչուած՝ նա ճգնում է վերստին Պաղեստինեան յոյսերով զինել հրէութիւնը.

- «Պիտի սպառեմ այն բոլոր ազգերը, որոնց մէջ քեզ ցրուեցի, բայց քեզ պիտի չսպառեմ»: Այսպէս հայրենակրօն էին Իսրայէլի հոգեւոր առաջնորդները: Նոյնն էր նրա եւ մօտաւոր անցեալի մտաւորական ընտրանին, քաղաքական խորհողը, քերթողը, գիտնականը եւ այլն:

«Ես կ’ապրեմ ծայրահեղ արեւմուտքում, բայց Արեւելքում է իմ սիրտը»,- կ՛երգէր Իսրայէլի Ահարոնեանը - Եուդա Ալեւին:

Հապա Բեալի՞կը: Ա՜հ, սրանց նման պիտի սիրել Հայրենիքը՝ ապագայի Սիոնը կառուցել կարողանալու համար:

Հապա Պասմանի՞կը - Ձեզ նման օտարալեզու, որին իր ազգային ուղղափառութիւնը պիտի թելադրէր հետեւեալ հպարտ պարբերութիւնը. «Աշխարհը մեզ կը հալածէ մեր անցեալ մեծութեան համար»:

Ահա՛ եւ Իսրայէլի օրուայ առաջնորդութիւնը՝ Վայցման, Սոկոլով, Արտուր Հանթկէ, Վարբուրգ, Եակոբսոն եւ այլն: Սիոնիստական միջազգ. կազմակերպութեան հոգեւոր բարձ-րունքները, որոնց թիկունքում միշտ էլ կանգնած են աշխարհածանօթ միլիարատէր Շտրաուսները, Վարբուրգները, Ռոտշիլդները եւ այլն: 1919-ին, Judische Rundschau-ի էջերէն սիոնիստների պետն այսպէս կը խօսէր համաձայնական պետութիւններին. «Դուք ուզում էք թէ ոչ՝ մենք կը լինենք Պաղեստինում: Դուք կարող էք փութացնել կամ յետաձգել մեր մուտքը, ձեզ համար, սակայն, լաւ պիտի լինի, եթէ դուք օգնէք մեզ, այլապէս մեր աշխարհաշէն ոյժը կը դառնայ քանդիչ, որը կը ստիպէ ցնցուելու ողջ աշխարհը»:

Այս բարձր մտաւորականի սպառնալիքով էր - արուած հրեայ դրամատէրերի անունից - որ ձեռք բերուեց Բալֆուրեան ծանօթ յայտա-րարութիւնը:

Այդ դէպքէն մի տարի անց, Լոնդոնում գումարուած մի հրէական համագումարում, ձեզ նման, միստր, օտար լեզուով գրող Մաքս Նորդաուն, հայրենասիրական գինովութեան մէջ կը բացականչէր՝ Le jour de gloire est arrivռ! Սիո՜նը, Սիոնը կը վերականգնէր: Գիտէ՞ք, որ դեռ երէկ մեծ ազգերը կը փորձէին աշխարհահռչակ Այնշտայնի հանճարը սեփականել: Գերմանական հրեայ է,- կը պնդէր գերման մամուլը: Ո՛չ՝ ֆրանսական է: Չէ՛, չէ՛, իսպանական է: Մեծանուն գիտնականին կը մնար վերջ տալ անտեղի վէճին, եւ նա թալմուդականին յատուկ հպարտանքով յայտարարեց՝ ես հրեայ եմ:

Օրեր առաջ, թերթերը գիտութեան այդ տիտանի մասին գրեցին. «Այնշտայնը սինագոգում»:

Դ

Կար ժամանակ, «երբ Հրէաստանի ամբողջ հարստութիւնը մի խուրձ խոտ էր եւ մի կողով»,- կը ծաղրէր Եուվենալը: Իսկ Մարցեալը կը չարախնդար. «Հրեան ողորմութիւն է խնդրում, լուցկի ծախում»:

Դարեր անցան: Բեւեռէ բեւեռ ցրուած մեծ թափառականը ապրեց օտար հասարակութեանց խոռոչներում, դարերով կուրծք տուեց ոչ-հրեայ մարդկութեան թշնամանքին, բայց եւ այնպէս՝ իրեն գահընկեց չյայտարարեց: Նա մնաց հոգով թագաւոր ազգ: Նա - դոգմաների եւ Մեսեանական Յոյսի ժողովուրդը - օտար ժողովուդների ծոցում ապրեց որպէս «հիւր եւ թշնամի», եւ անխօս կրկնեց մարդկութեան. «Չէ՛, Աստծու, Աշխարհի եւ Մարդու մասին ունեցած իմ ըմբռնումէն մի յովտ անգամ չեմ զիջեր քեզ»:

Այսպէս ապրեց Հրէութիւնը, մինչեւ որ մի օր էլ իր իշխանութիւնը կը տարածէր աշխարհի մեծ մասի վրայ:

Նա յաղթեց, որովհետեւ նրա մօտ գերագոյն հակակշիռը պատկանում է ազգին, որը ներկայացւում եւ արտայայտւում է իր ընտրանիի միջոցաւ: Նա յաղթեց, որովհետեւ նրա մէջ պարտականութիւն է անհատական երջանկութեան ձգտիլը, սակայն, յօգուտ Իսրայէլի բարօրութեան. գովելի է փառասիրութիւնը, բայց Իսրայէլի փառքի համար. արդար է հարստանալու տենչը, հարստութիւնը, բայց դա ո՛չ թէ որպէս նպատակ, այլ որպէս միջոց՝ զայն Իսրայէլի դատին ու ազդեցութեան ծառայեցնելու համար: Եւ հենց այդ է պատճառը, որ հրէութիւնը այսօր տէր է մի անպարտելի ոյժի - ոսկու եւ խելքի եղբայրութեան - իր ծոցի մէջ: Այսպիսով, միայն նա յաջողեց իր մեծագոյն դժբախտութիւնը, իր արմատական տարտղնումը - կարծէք ալքիմիաբար վերածել մեծ օրհնութեան իր համար: Այսօր նա տէր է մի այնպիսի հզօրութեան - ոսկի, հեղինակութիւն, ոյժ - որը նրա համար երազ պիտի մնար անգամ Տիտոսէն կործանուած անկախ Հրէաստանի մէջ:

Գաղտնիքը գիտէ՞ք: Իր աննուազ պաշտամունքը դէպի Սիոնը, որով եւ որի համար ապրեց Աբրահամի ցեղը: Իր բոցեղէն հայրենաբաղձութիւնը, որը ո՛չ թէ միայն հայրենազուրկ Հրեան Հրեայ պահեց, այլ եւ զայն դարձուց մարդկութեան ամենահարուստ, ամենաիմաստուն եւ ամենայեղափոխական մասը:

Այժմ իր բախտի կառքը կը քաշեն ե՛ւ բոլշեւիզմը, ե՛ւ ֆրանմասոնութիւնը, ե՛ւ միջազգային բորսաները, դրամատները, մամուլի մեծագոյն մասը եւն.: Բայց քինաթաքոյց ազգը չբաւականացաւ իր յաղթանակով: Հոգեպէս միշտ քաղցած մարդկութեան նետած իր մէկ-երկու նորանշան գաղափարներով, ազգերի ծոցի մէջ նա վառեց դասակարգային արնոտ պայքարի կրակը, եւ այսօր - տէր աշխարհի ոսկու երեք քառորդին - նորանոր պատերազմների եւ ընկերային յեղա-փոխութեանց ուրուականով կը սպառնայ աշխարհին: Այսպէս, դարերով տանջուածը պիտի դառնար ազգերի տանջիչը: Ու միշտ հաւատարիմ իրեն՝ նա հանճարեղ է ե՛ւ տանջելու մէջ:

Նա դարեր ու դարեր տեւող իր անզօրութեան եւ նուաստացումի վրէժն է լուծում:

Եւ իրաւունք ունի:

Արդեօք, այժմ պարզ չէ՞ պատասխանը ձեր հարցին, թէ ինչպէ՞ս «հրեաները տէր ու տիրական եղած են աշխարհի»: Իսկ հայութի՞ւնը, որը կ’ուզէիք, որ մեռած լինէր «Նինուէի, Կարկամիշի եւ Բաբելոնի հետ», աւա՜ղ, դա շարունակում է մնալ «Արարչագործութեան տարագիրը»: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ռւ գիտէ՞ք թէ ինչո՛ւ: Այդ «ինչու»-ին որպէս պատասխան՝ երկու խօսք եւս: Մեր պատմութեան ընթացքում - գիտցէ՛ք ե՛ւ այդ - մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին, ո՛չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկամութիւնը փնտռեց: Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի պիտի լինէր մի մեծ Հայաստան գնել: Այդ ծով հարստութեան մի չնչին մասն իսկ - որը քեմալականները քամուն տուին - պիտի բաւէր հրէաբար կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր դարձնելու աստիճան: Բայց - անէ՛ծք մեկուսի երջանկութեան դաւանանքին - հայ ցեղի ապրած եւ ապրուելիք բոլոր տեսակի դժբախտութեանց անիծուած ակնաղբիւրին անէ՜ծք…

Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ վերջինի լեզուն՝ կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէօպագների մէջ: Եւ եղաւ այն, ինչ որ եղաւ: որհրդածէ՛ք, պարո՛ն արուեստագէտ, եթէ սիրտ ունիք, խորհրդածէ՛ք այդ մասին, եւ դուք - համոզուած եմ - ձեր ցեղը մեղադրելու փոխարէն, պիտի դատափետէ՛ք Հայաստանը կործանող այն յանցապարտ մտայնութիւնը, որ կ’անձնաւորեն հայ օտարասէրը եւ հայ մեծահարուստը - թշուառական-ներ, որոնց որքան աւելի ժպտայ բախտը, այնքան հոգեպէս կը հեռանան իրենց ցեղի կեանքէն:

Պարզ չէ՞, թէ ինչո՛ւ միայն հայութիւնը կը մնայ որպէս պարտուած մասը մարդկութեան:

Ե

Արդարեւ, ազգերի պատմութիւնը աւելի անշուք կը լինէր, եթէ առաջնորդները անցեալի վրայէն պարբերաբար չվերցնէին գերեզմա-նաքարը՝ նրանց ախտերն ու սխալանքները ի լոյս հանելու նպատակով:

Մեր ցեղն էլ - երբեմն իր տկարութիւններին գերի-գործել է ի կորուստ իրեն, եւ այսպիսով պատճառ տուել, որ իր գոյութեան նաւի ղեկավարները արդար զայրոյթով խարազանեն իր հոգեբանութեան ստուերային կողմերը:

Ո՜հ, այդ մարագարէաշնորհ ղեկավարները, որոնց ցեղային բարոյականով օծուն սիրտը գիտցաւ կծկուել մեր ժողովրդի ամեն մի ցաւէն, եւ ցնծալ ի տես համահայկական ամեն մի յաջողութեան: Նրանք, մեր ցեղի հոգու այդ սրբազան անօթները, յաճախ իրաւունքից աւելի պարտականութիւն են զգացած գոռալու հայութեան երեսին. «Քո էութեան մէջ մի բան կայ, որը պիտի սպանես, եթէ ազգօրէն ապրել կ’ուզես»:

Ահա՛ սուրբ Սահակը, սրբազան զայրոյթով գինովցած. «Քահա-նայանալ ի վերայ տիրանենգ, եւ տիրասպան եւ մատնիչ ժողովրդոյ ոչ կարեմ»:*)

Ահա՛ հայոց պատմութեան հայրը՝ որենացին. «Յաճախ վարդա-պետներ ու վարդապետութիւններ փոխող. ուսուցիչներ, ընտրուած ոսկով եւ ոչ սուրբ հոգով. աշակերտներ՝ ծոյլ ուսանելու, եւ արագ այլոց ուսուցանելու, զօրավարներ՝ անարդար, ինքնասէր, կողոպտիչ - արժանաւոր ընկերն աւազակների. իշխաններ՝ ապստամբ, ագահ, անբարոյ. դատաւորներ՝ տմարդ, կաշառուող, անօրէն՝ բոլորը զուրկ սիրուց եւ ամօթից»…

Ահա՛ եւ Հայոց Հայրիկը, համակ սէր ու վիշտ. «Միթէ՞, հայոց ժողովուրդ, դու գռեհաց կաւ ես աշխարհիս երեսին»: Հապա Ահարոնեա՞նը՝ իշխանն ու փառքը մեր նորագոյն գրականութեան, որի սիրտը արեւածաղիկի պէս միշտ էլ արեւը - Արարատեան արեւը փնտռեց:

Հայութեան վշտակիրը, որի հոգեւոր կեանքի հորիզոնը միշտ էլ բռնած է գերագոյն դէմքը մեր ծուատուած Հայրենիքի:

Հայութեան տրիբունը՝ ոսկեբերան, որի հոգին հայոց պատմութենէն ծծեց այն ամենը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ ու հերոսական, եւ դրա համար էլ որքան ուժեղ է իր ցեղասիրութիւնը, այնքան կատաղի է իր բարոյական զայրոյթը, որը սակայն, իր սիրող սրտէն կը բխէ:

Նա խօսքի հոգեւոր կայծակներ ունի, եւ գիտէ շանթել այն ամենը մեր ցեղի կեանքում, որ տկար է ու տգեղ, աննուէր ու անփառ. հակառակայորդոր ու թունաւորիչ. այն ամենին, որ երկրամոլ են, որոնք անէծք ու նուաստութիւն կը շահեն մեր պատմութեան համար:

Հանգոյն բիբլիական մարգարէների՝ նա նզովել գիտէ, բայց իրեն յատուկ մեծ սիրով գիտէ եւ դափնեպսակել:

Նրա վշտալի հանճարը անմահացուց հայ վրիժակը, որը գիտցաւ աներկիւղ շփման գալ մահուան հետ:

Նա երգեց հայորդին, որը դաւանել գիտցաւ ազատութիւնը, նրա համար գիտակցօրէն իր արիւնը թափելու աստիճան:

Օրհնեց ու քաղցրացուց մահը հերոսների:

Մարգարէացաւ գալիքը եւ եռակի զանգահարեց հայութեան վարած վերջին գուպարների մասին:

Հրեղէն խօսքով երկու սերունդների հոգում նա բորբոքեց ինքնազօրութեան ծարաւը, եւ սէ՛ր դէպի տիտանիզմը պայքարի եւ զոհաբերութեան մէջ:

Եւ գիտցաւ ներշնչել, թէ Հայաստան Երկիրը ո՛չ թէ միայն ցանկալի որսավայր է իր գայլ հարեւանների համար, ո՛չ էլ յարմար վայր՝ միայն անփառունակ գերեզմաններ ձորելու, այլ՝ որ դա յարմար է նաեւ Անկախութեան եւ փառքի տաճարներ բարձրացնելու համար: Այսպէս ապրեց ու ստեղծագործեց հայ պսակաւոր քերթողը, իր ճակատագիրը ներքին հաղորդակցութեամբ կապելով իր ցեղի ճակա-տագրին:

Ահա՛ թէ ինչո՛ւ ամեն անգամ, երբ հայ մարդը կը թերթէ Ահարոնեանի հայրենաշունչ երկերը՝ կը մղուի մտովին համբուրելու նրա ներցեղային բարոյականով օծուն գրիչը:

Ահա՛ թէ ինչո՛ւ այսօր Միցկեւիչի պէս նա էլ ազատ է ասելու իր մասին. «Ես եւ Հայրենիքս նոյնն ենք»:

  • * *

Այսպէ՛ս, միստր Մայքլ, միայն այս ճամբո՛վ է ձեռք բերւում իրենց ցեղի հոգեբանութեան յոռի կողմերի նկատմամբ դատախազ ու դատաւոր հանդիսանալու իրաւունքը:

Հայութիւնը քննադատելուց առաջ՝ պէտք է արիութիւնն ունենալ ապրելու նրա պատժուած խղճմտանքը. պէտք է քաջութիւն՝ իջնելու նրա խղճմտանքի խորքերը, կրկին ու կրկին անգամ ապրելու նրա ե՛ւ փառքը, ե՛ւ ամօթանքը - նրա բովանդակ ողբերգութիւնը:

Զայն դատապարտելուց առաջ՝ պէտք է խաչուել նրա ապրած Գողգոթայի վրայ: Իսկ այսպէս վարուելու համար՝ ընդունակ պիտի լինել անսահման սիրոյ եւ զոհաբերութեան:

Այլապէս՝ քննադատել պիտի չնշանակէ տառապել:

Իսկ երբ քննադատողը չի տառապիր, նա վուլգար չարա-խնդացող է եւ ո՛չ՝ քննադատ: Արհամարհանքի աչքը միշտ էլ հակամէտ է աւելի թերիներ, քան առաքինութիւններ տեսնել: Այո՛, անսխալ տեսնելու եւ արդարախոհ լինելու համար՝ պէտք է մեծ սէր ունենալ: Ձեզ, դժբախտաբար, պակասում է դա, ասել է՝ պակասում է թէ՛ քննադատելու բարոյական իրաւունքը եւ թէ՛ հոգեբանօրէն առարկայական լինելու կարելիութիւնը:


Զ

Դուք գիտէ՞ք հայ գրողի ճակատագիրը՝ ապրել ու ստեղծագործել կիսաքաղց եւ մեռնել զրկանքների մէջ: Դուք գիտէ՞ք այդ - ամերիկօրէն խելօք մարդ - եւ այսօր դասալիքօրէն հեռու կ’ապրէք մեր ցեղի կեանքէն: Ի՞նչ, արդա՞ր է, որ նման մէկը, որի համար չէ ներցեղային բարոյականը, ըստ որի` ցեղակից հանճարն ու բեռնակիրը հարազատ եղբայրներ են - ասացէ՛ք, արդա՞ր է, որ նմանը իր «նշանաւորութեան» պսակին մի բան աւելացնելու ունայնասիրութեամբ, օտար մամուլի մէջ իր ազգը կենդանի մեռեալ հռչակէ:

Դասալիքը դատաւորի դերո՞ւմ:

Կ’ընդունիմ, արգահատելի է անհայրենիք ժողովուրդը, բայց միթէ եօթնիցս զզուելի չէ՞ հայրենիքի զգացումէն ու պաշտամունքէն զուրկ անհատը:

Դո՛ւք, որ «իմաստութիւն» ունեցաք ձեր գրիչը չթաթախելու հայ Արիւնի եւ Արցունքի ծովի մէջ, դուք, որ սիրտ չունեցաք գոնէ մի անգամ կրկնելու՝ «Եղբա՛րք, հա՛յ ապրինք», ազատ էք ձեր տաղանդը զրնգուն դրամի եւ հանգստաւ էութեան վերածելու, ազատ էք ձեր քմախորժ վէպերով ընթերցող հին ու նոր աշխարհի կրքերը խաղտել, սեղմ ասած՝ թոյլ տուէ՛ք, խնդրե՛մ, վերադարձնելու ձեզ հայութեան մասին գործածած ձեր բառը - դուք կարող էք «կուրտիզան»աբար սպասաւորել օտար գրականութեան, բայց ոչ եւ վատահամբաւել ձեր ցեղը յաչս օտար ազգերի:

Չգիտէ՞ք, որ այսօր - երբ օտարատեցութիւնը սկսել է ատամներ ցոյց տալ տարագիր հային - ձեր տողերը կարող են արդարացնել ու սնուցանել օտար ժողովուրդների արհամարհանքը դէպի հայ անունն ու դատը:

Չգիտէ՞ք, որ ձեր ծանօթ տողերը կարող են ինքնանուաստացումի մղել օտար ափերի վրայ ծուարուած հայութիւնը, որ առանց այն էլ, հասկանալի պատճառներով ծանր տուրք է տալիս ազգային վատա-սերումին:

Վերջապէս, ինչո՞ւ էք ուզում խախտել հայութեան հաւատքը դէպի իր ապագան:

Տմարդութիւն չէ՞ փողոցի լեզուով խօսիլ մարդկային արդարութեան եւ մահուան հետ անհաւասար պայքարի մտած մի բուռ ժողովուդի մասին:

Ինչո՞ւ էք ուզում փութացնել նրա յոյսերի մահը, որ իր ստոյգ մահը պիտի դառնայ:

Ծագումով հայ էք, եւ կ’ակնկալուէր, որ - գիտցէ՛ք, կան եւ օտարազգի ասպետ գրիչներ, որոնք տարիներով մեր դատին կը ծառայեն - արուեստագէտի ձեր խօսքով դուք եւս սրտապնդէիք մահու եւ կենաց կռուի բռնուած տարագիր հայութիւնը:

Եւ, յանկարծ, սպասուած եղբայրական խօսքի փոխարէն՝ արհամարհանքի ծանր քարեր:

Մե՛ղք ձեզ:

Գրող լինել - այն էլ հայազգի - եւ մեր ցեղի անօրինակ արհաւիրքները շահադիտող մարդկութեան երեսին թքելու փոխարէն, յարձակուել նրա զոհերի վրայ: Ամօ՛թ ձեզ:

Ի՞նչ, դրանո՞ւմ է գրչի մարդու կոչումը: Տաղանդը տրւում է նրանով կուրտիզանութի՞ւն անելու, զայն հարստութեան ու հանգստի վերածելո՞ւ համար:

  • * *

Դուք տեսաք, միստր, թէ ինչպէ՛ս են խօսում ժողովրդին, ժողովրդի մասին եւ ժողովրդի անունէն:

Տեսաք վշտակրութեամբ ու նուիրումով մեծ հրեայ եւ հայ առաջնորդներ, որոնց համար չէ ողիմպիական մեծութիւնը, որի մէջ այնքան անկարեկիր ու պաղ էք դուք: Առաջնորդնե՛ր, որոնց համար միայն նա՛ է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նա՛խ իր ժողովրդի, եւ ապա՝ մարդկութեան:

Իսկ դո՞ւք. ինչի՞ կը ծառայեցնէք ձեզ տրուած տաղանդը: Փոքրոգի՛, ինչպէ՞ս թիկունք ցոյց տուիք ձեր ցեղի գողգոթային: Ինչո՞ւ չուզեցիք, հրեայ օտարալեզու գրողների պէս, լինել նա՛խ ձեր ցեղի տաղանդաւոր զաւակը: Դժուա՞ր է: Ծա՞նր է հայ խօսքի խաչը: Կ’ընդունիմ: Բայց չէ՞ որ հենց այդ ծանր խաչը սիրով կրելու մէջ է ճշմարիտ մեծութիւնը:

Սակայն, ինչո՞ւ կերակրեմ, երբ հայութիւնը դառել է «տաղտուկ ամենուն եւ բեռ մը» ձեզ համար: Չէ՞ որ դուք սկսել էք ամաչել ձեր ծագումէն: Այո՞: Ուրեմն, գրչի կոկետութիւն չէ՞ ձեր չանգռածը Հայաստանի մասին:

Այդ դէպքում թոյլ տուէք, մէկ էլ գարշելու արուեստագէտի ձեր ցեղամերժ տաղանդէն, որը - մե՛ղք - առաքինութիւն չունեցաւ խոնար-հուելու Հայութեան Տառապանքի, Յոյսի եւ Հերոսական մեծութեան առջեւ:

Մենք հաւատում ենք՝ Գողգոթայէն յետոյ Յարութի՛ւն կայ:

Եւ արդա՛ր է մեր հաւատքը:

Մենք զգում ենք մեծ ապագան հայ Հայրենիքի, եւ երկիւղածօրէն ծնրադրում նրա աստուածային տեսիլքի առջեւ:

Մենք նախաճաշակում ենք նրա գալիք երջանկութիւնը: Եւ եօթնիցս հպարտ ենք, որ հայ ենք:

Համբո՛յր ձեր անարգած Հայաստանին:

«Նոր Արաքս», Սոֆիա, 1930թ., թիւ 11, 12, 15-18