հեղինակ՝ Գարեգին Նժդեհ |
Մեծանուն բարեկամիս՝ ուսուցչապետ Տոտոմեանցին
Երբ իմ շրթունքները մրմնջում են ցեղի մասին, աջս ցոյց է տալիս Հայաստանը:
- * *
Հայաստա՛ն, նա, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցաւ, եւ վաղը պիտի չուզենայ մեռնել՝ քո զաւակը չէ՛, հայ չէ՛:
- * *
Երբե՛ք այնքան անհայրենիք չենք, քան երբ դադարել ենք մտածել, գործել, զոհաբերել մեր Հայրենիքի համար:
- * *
Կրօնների պէս հարենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:
- * *
Մի ժողովուրդ, որի որդիները հաւասար չեն օրէնքի եւ մահուան առջեւ՝ յաղթական հայրենիք չի ունենայ:
- * *
Անհատ, հաւաքականութիւն - սրանք յաւիտենականին կապւում են իրենց հայրենիքի միջոցաւ:
- * *
Հոգեբանօրէն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ՛ ամեն վայրկեան մեռնելու իր հայրենիքի համար:
- * *
Իմ հոգին զոյգ յենարաններ ունի - Աստուած եւ Հայրենիք:
- * *
Հա՛յ մարդ, կասկածելի է հայրենասիրութիւնդ, եթե գոյութեանդ իմաստն ու դրօշակը հայրենիքդ չէ:
- * *
Հայրենիքս եւ ես - մենք լծորդուած ենք իրար՝ ինչպէս հոգի եւ մարմին, ինչպէս նպատակ եւ միջոց. նա գերագոյն նպատակ է, ես՝ միջոց:
- * *
Հայրենիքի համար ապրում եւ մեռնում է ոգո՛ւ մարդը, միա՛յն նմանը:
- * *
Սրտի եւ իմաստութեան տէր դասական ժողովուրդները մահապատժի փոխարէն տարագրութեամբ կը պատժէին դժբախտ ենթակային, նրան զրկելով հայրենի հողից եւ ջրից օգտուելու իրաւունքից: Այն ժամանակ էլ, ինչպէս այսօր, սրտի աստուածութիւն էր հայրենիքը:
- * *
Յաւիտենականի զգացումն է ծնունդ տուել հայրենիքին, սրբութեան զգացումը՝ հայրենասէրներին:
- * *
Հայրենիք մի՛ սպասէք օտարէն եւ ճակատագրէն, եթէ դա ձեր արիւնով պաշտպանելու չափ հայրենապաշտ չէք:
- * *
Մաձձինիի հանդէպ խորագոյն յարգանք տածելով հանդերձ՝ չեմ ընդունում, որ հայրենիքէն աւելի ազատութիւնն է սիրելի:
- * *
Ժաննա դ’Արկի հայրենիքը պարտուեց ա՛յն օրը, երբ մերօրեայ ֆրանսացու դեմօ-լիբերալիստական մտածողութիւնը կենդանաբանա-կան մի պարտէզի դռան վրայ գրեց. «Գիտութեան համար ո՛չ հայրենիք կայ, ո՛չ էլ կրօն»:
- * *
Ֆրանսա՛ - մե՛ծ ժողովուրդ, մե՛ծ հայրենիք, որի ճակատագիրը մեծութիւնները չէին վարում, այլ՝ դեմոկրատիկ միջակութիւնները - ահա՛ թէ ինչո՛ւ այնքան նուաստօրէն զինաթափուեց ու պարտուեց դա:
- * *
Նորը արդի պատերազմում - դա աշխարհազգացողութեամբ նո՛ր մարդն է, որի համար հայրենիքին ծառայելը պատիւ է եւ ո՛չ պարտականութիւն: Այո՛, հայրենիքը մեզ պատիւ է անում իր համար մեռնելու առիթ ընձեռնելով մեզ:
- * *
Մի օր, հին միստերիաների մէջ հանդիպեցի հետեւեալ արտայայ-տութեան - «մեծագործութեան բաժակ»: Մեծագործութիւն ուխտողն առնում էր մի բաժակ, լցնում նռան հիւթով, բարձրացնում եւ ապա թափում իր չորս կողմը՝ խորհրդանշելով իր անսահման յօժարութիւնը - ծառայել բարիին, ուր էլ որ լինի: Բարին, գերագոյն բարին, ինձ համար եղել է, է՛ ու կը մնայ Հայաստանը:
- * *
Հայաստա՛ն, քեզ սիրտը ծնաւ - դու ապրում ես սրտերի մէջ եւ ջերմաջերմ սրտերի շնորհիւ միայն: Գուցէ եղել են եւ անսիրտ խելօքներ, որ սիրել են քեզ, բայց նրանք չեն խաչւել, չեն մեռել քեզ համար: Հայրենիքի համար մեռնում է, հերոսանում մեծ սրտի տէրը միայն:
- * *
Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:
- * *
Ինչպէս աչքս՝ լոյսը, այնպես էլ սիրտս Հայաստանն է փնտրում: - Ապրում եմ՝ մի օր հայրենի լեռների վրայ մեռնելու յոյսով: Պիտի ուզէի մեռնել, հենց որ մեռաւ այդ յոյսը:
- * *
Աբովեանի Աղասին՝ փառքի ու մեծութեան իր երբեմնի հայրենիքը խորհրդանշող Անիին հրաժեշտ կու տար լացելով. «Է՛լի որ մարմինս մէկ քարի տակ լինի քո ծոցում, ինձ դրախտը պէտք չի»: - Այսպէ՛ս, ով որ Աղասու պէս չի բաժանուել իր հայրենի հողէն՝ արժանի չէ հայրենիք վերադառնալու:
- * *
Հայաստա՜ն - դու իմ սրտի յաւիտենական ճշմարտութիւնը:
«Ռազմիկ», 1941թ,.թիւ 2