Վերջին թարմացում 25 Օգոստոսի 2013, 13:50
Գիտակցափոխություն

հեղինակ՝ Ռոբերտ Շեքլի
թարգմանիչ՝ Ռուբեն Ավետիսյան (անգլերենից)
աղբյուր՝ «Մտքի բուրմունքը»

Գլուխ 1

Մարվին Ֆլինը «Սթենհոուփ գազեթի» ազդերի էջում կարդաց հետեւյան հայտարարությունը․

«Մարսեցի մի ջենտլմեն՝ 34 տարեկան, զուսպ, զարգացած, քաղաքավարի, ցանկանում է փոխանակել մարմինը նույն հակումների տեր երկրացի ջենտլմենի հետ։ Օգոստոսի 1֊ից սեպտեմբերի մեկը։ Երաշխավորագրերն՝ ըստ պահանջի։ Միջնորդությունն անվճար»։

Այս առօրեական հայտարարությունը բավական էր, որ Ֆլինի զարկերակը կատաղի բաբախեր։ Մարմինը փոխանակել մարսեցու հետ… Գաղափարը գրավիչ էր, բայց եւ վանող։ Ի վերջո, ո՞վ կուզի, որ ավազ փորփրող ինչ֊որ մարսեցի մտնի իր գլխի մեջ, շարժի իր ձեռքերն ու ոտքերը, նայի իր աչքերով, եւ լսի իր ականջներով։ Բայց դրա փոխարեն՝ ինքը՝ Մարվին Ֆլինը, հնարավորություն կստանա Մարսը տեսնելու։ Տեսնելու այնպես, ինչպես հարկն է՝ բնիկի աչքերով։

Ոմանք նկարներ են սիրում, մյուսները՝ գրքեր, ուրիշները՝ կանայք։ Մարվին Ֆլինը նույնպես սիրում էր այդ ամենը, բայց ամենից շատ նա սիրում էր ճանապարհորդել։ Սակայն, ցավոք, նրա իղձն անկատար էր մնացել։ Մարվինը ծնվել եւ մեծացել էր Սթենհոուփում՝ Նյու Յորքի նահանգ։ Առարկայական իմաստով այդ քաղաքը Նյու Յորքից ինչ֊որ երեք հարյուր մղոն էր հեռու։ Բայց հոգեկան ու զգացմունքային տեսակետից երկու քաղաքներին հարյուր տարվա անջրպետ էր բաժանում։

Սթենհոուփը Էդիրոնդաքի ստորոտում ծվարած մի բարետես գյուղական ավան էր՝ պատված երփներանգ այգիներով եւ կանաչ խորդուբուրդ արոտավայրերով, որտեղ առավոտից իրիկուն խումբ֊խումբ արածում էին շագանակագույն կովերը։ Անդառնալիորեն հովվերգական այդ քաղաքը հավատարիմ էր անտիկ սովորույթներին․ մեղմորեն, բայց միաժամանակ թաքուն կամակորությամբ, Սթենհոուփը իրեն հեռու էր պահում քարսիրտ ու անբարտավան հարավից։ RT—7֊րդ պողոտայի[1] մետրոյի գիծը հասել էր մինչեւ Քինգսթըն, սակայն ոչ Սթենհոուփ։ Հսկա ֆրիուեյները[2] տարածել էին իրենց բետոնե շոշափուկները գյուղական արվարձաններով մեկ, բայց չէին կարողացել կլանել Սթենհոուփի թեղիազարդ Մեյն֊սթրիրը[3]։ Մյուս քաղաքները վաղուց անցել էին հրթիռային թռիչքահորանների, Սթենհոուփը, մինչդեռ, համառորեն պահպանում էր հնամենի ռեակտիվ օդանավերի կայանը, բավարարվելով շաբաթական երեք թռիչքով։ (Հաճախ գիշերները Մարվինը պառկած ականջ էր դնում անհետացող գյուղական Ամերիկայի այդ թախծոտ ու տանջալի ձայներին՝ ռեակտիվ օդանավի միայնակ ողբին)։

Սթենհոուփը գոհ էր իրենից, իսկ մնացած աշխարհը, թվում է, միանգամայն գոհ էր Սթենհոուփից եւ պատրաստ էր թողնելու, որ այն ապրի ավելի հանգիստ դարաշրջանի մասին իր ռոմանտիկ անուրջների հետ։ Միակ անձնավորությունը, որին ստեղծված իրավիճակը ձեռք չէր տալիս, Մարվին Ֆլինն էր։

Նա ճանապարհորդել էր սովորական երթուղիներով եւ տեսել էր սովորական տեսարժան վայրերը։ Բոլորի նման բազում հանգստյան օրեր էր անցկացրել Եվրոպայի մայրաքաղաքներում։ Ջրասուզակի հանդերձանքով հետազոտել էր խորտակված Մայամի[4] քաղաքը, զմայլվել Լոնդոնի կախովի պարտեզներով, եւ ծնրադրել Հայիֆայում՝ Բահայի տաճարում։ Արձակուրդների օրերին ոտքով արշավի էր գնացել Մարի Բիրդ երկրով, զննել ներքին Իթուրիի Անձրեւի անտառը, ուղտով կտրել Սինքյանը եւ նույնիսկ մի քանի շաբաթ ապրել Լհասսայում՝ արվեստի համաշխարհային մայրաքաղաքում։ Այդ ամենը հատկանշական էր նրա տարիքի ու դիրքի համար։

Բայց այդ ճամփորդությունները Մարվինի աչքում ոչ մի արժեք չունեին։ Դրանք սովորական տուրիստական երթուղիներ էին, ցանկացած պատահական զբոսաշրջիկ այդ նույն բաները կաներ։ Եվ փոխանակ ունեցածով ուրախանալու, Ֆլինը դժգոհում էր։ Նրա ուզածն իսկական ճանապարհորդություն էր, իսկ դա նշանակում էր ուղեւորվել Երկրից դուրս։

Թվում է, ուզածը մեթ բան չէր, եւ այնուհանդերձ, Մարվինը նույնիսկ Լուսնում չէր եղել։

Պատճառը միջոցներն էին։ Միջաստղային ճանապարհորդությունները թանկ արժեին․ դրանք մեծ մասամբ հարուստների, գաղութարարների եւ ղեկավար անձանց մենաշնորհն էին։ Միջին վաստակ ունեցողն այդ մասին երազել անգամ չէր կարող։ Եթե միայն, իհարկե, չէր կամենում օգտվել գիտակցափոխության առավելություններից։

Ֆլինը, գավառացու բնածին պահպանողականությամբ, խուսափել էր այդ տրամաբանական, բայց տագնապահարույց քայլից։ Խուսափել էր մինչ օրս…

Մարվինը փորձել էր համակերպվել կյանքային իր դիրքին եւ այդ դիրքից բխող տանելի հնարավորություններին։ Ի վերջո, ինքն ազատ էր, գորշ[5] եւ ընդամենը երեսունմեկ տարեկան (ավելի ճիշտ, երեսունմեկից մի քիչ ավել)։ Նա գեղեցկադեմ, բարձրահասակ, լայնաթիկունք տղա էր, խուզած սեւ բեղերով ու մեղմ շագանակագույն աչքերով։ Մարվինը առողջ էր, խելացի, մարդամոտ, հակառակ սեռը նրա հանդեպ անտարբեր չէր։ Ստացել էր սովորական կրթություն՝ տարրական դպրոց, միջնակարգ դպրոց, տասներկու տարի քոլեջում եւ սովորելուց հետո չորս տարվա պրակտիկա։ Նա լավ մասնագետ էր։ Աշխատում էր Ռայք֊Փիսըրս միավորումում, որտեղ ֆլյուորոսկոպիայի էր ենթարկվում պլաստմասսայից խաղալիքները, ճնշման անալիզի ենթարկելով, ստուգելով միկրոսեղմման , ծակոտկենության, հյուսվածքների ամրության աստիճանը։ Գուցե դա աշխարհում ամենակարեւոր գործը չէր, ինչ արած՝ բոլորը չէ, որ կարող են տիեզերանավ վարող կամ թագավոր լինել։, Ինչեւէ, աշխատանքը պատասխանատու էր, հատկապես եթե հաշվի առնենք խաղալիքների կարեւորությունը ժամանակակից աշխարհում եւ երեխաների հուսալքվածությունը մեղմացնելու կենսական խնդիրը։

Մարվինն այս ամենը գիտեր, եւ այնուհանդերձ, անբավարարվածություն էր զգում։ Նա գնացել էր տեղական Խորհրդատուի մոտ, բայց ապարդյուն։ Այդ բարի մարդը փորձել էր Մարվինին օգնել «Իրավիճակային գործոնի վերլուծության» միջոցով, սակայն Մարվինը ներքնապես չէր արձագանքել այդ փորձին։ Նա ուզում էր ճանապարհորդել, չէր կարողանում ազնվորեն քննել այդ ցանկության գաղտնի իմաստը եւ ճանապարհորդությանը փոխարինող ոչ մի բան էլ չէր կամենում ընդունել։

Եվ այժմ, կարդալով այդ սովորական եւ, սակայն, հուզաթռթիռ հայտարարությունը՝ շատ նման հազարավոր ուրիշներին, բայց եւ եզակի ու առանձնահատուկ (քանի որ ինքն էր այդ պահին կարդացողը), Մարվինը կոկորդում ինչ֊որ տարօրինակ համ զգաց։ Գիտակցությունը փոխանակել մարսեցու հետ… տեսնել Մարսը, այցելել Ավազե արքայի որջը, անցնել Ճեղքվածքի ակուստիկ փայլատակման միջով, ունկնդրել Մեծ չորացած ծովի խրոմատիկ ավազներին։

Նախկինում էլ նա երազել էր։ Բայց այս անգամ ուրիշ էր։ Կոկորդի տարօրինակ համը վկայում էր ինչ֊որ կազմավորվող որոշման մասին։ Մարվինը իմաստուն կերպով որոշեց դրա ընթացքի վրա չբռնանալ։ Փոխարենը գլխին դրեց թասակը եւ քայլեց կենտրոն՝ դեղատուն[6]։


Գլուխ 2

Մարվինի ամենամոտ ընկերը՝ Բիլլի Հեյքը, սովորականի պես, զովացուցիչ ջրերի կանգնակի մոտի աթոռակին նստած, թույլ հալյուցինոգեն էր խմում, հայտնի LSD-ի օշարակ անունով։

― Ի՛նչ կա-չկա, ծեր սրիկա,― հարցրեց Հեյքն այդ ժամանակներում տարածված ժարգոնով։

― Ձյուն ու քամի առանց համի,― արձագանքեց Մարվինը, տալով պարտադիր պատասխանը։

― Du koomen ta de la klipje?[7],― հարցրեց Բիլլին։ (Խառը իսպանա֊աֆրիկաներեն բարբառով խոսելն այդ տարվա նորույթ կատակ֊սրամտությունն էր)։

― Ja, Mijnheer[8],― մի քիչ դժկամությամբ պատասխանեց Մարվինը։ Նա այդ պահին պարզապես սիրտ չուներ սուր պատասխան գտնելու։

Բիլլին որսաց դժգոհության երանգը։ Նա հարցականորեն հոնքը բարձրացրեց, փակեց ձեռքի Ջեյմս Ջոյսի [9] թեմաներով կոմիքսը արագ շարժումով սիգար դրեց բերանը, ծայրը կծեց, անուշաբույր կանաչ մի քուլա արտաշնչեց և հարցրեց.

― Քիթդ կախել ես, ի՞նչ։― հարցը վատ Էր ձևակերպված, բայց ակնհայտորեն բարեհամբույր երանգ ուներ։

Մարվինը նստեց Բիլլիի կողքին։ Ծանրացած սրտով, և սակայն թաքցնելով իր ընկերոջից, որ տխուր է, նա բարձրացրեց զույգ ձեռքերը և շարունակեց խոսել Հարթավայրերի հնդկացիների նշաններով։ (Շատ ինտելեկտուալ հակումների տեր երիտասարդներ դեռևս անցյալ տարվա սենսացիոն պրոյեկտոֆիլմի՝ «Դաքոթական երկխոսություն» ազդեցության տակ էին՝ գլխավոր դերերում նորահայտ աստղ Բյորն Ռաքրադիշ (Խելահեղ ձի) և Միլովար Սլավովիվովից (Կարմիր ամպ), ֆիլմում բառերը լրիվ փոխարինված էին շարժումներով)։

Կիսակատակ֊կիսալուրջ Մարվինը շարժումներով արտահայտեց սիրտ֊որը֊կոտրված է, ձի֊որը֊թափառում է, արև֊որը֊չի փայլի, լուսին֊որը֊չի կարող֊ծագել։

Նրան ընդհատեց միստր Բայգլոուն՝ Սթենհոուփյան դեղատան տնօրենը։ Միստր Բայգլոուն միջին տարիքի՝ յոթանասունչորսամյա տղամարդ էր։ Նա արդեն սկսել էր թեթևակի ճաղատանալ և փոր էր գցում՝ դեռևս փոքր, բայց նկատելի։ Այնուհանդերձ, միստր Բայգլոուն սիրում էր իրեն ջահել տղայի տեղ դնել։ Այժմ նա դիմեց Մարվինին.

― Eh, Mijnheer, querenzie tomar la klopje inmensa de la cabeza vefrouvens in forma de ein skoboldash sundae? [10]

Միստր Բայգլոուի և նրա սերնդի մյուս ներկայացուցիչների համար հատկանշական էր երիտասարդական խոսելաձևը չարաշահելը, նրանց շուրթերում կոմիկական էֆեկտը կորում էր, միայն երբեմն, ամենաանհարկի տեղում իրենց իսկ կամքից անկախ դուրս սպրդելով։

― Schnell [11],― ասաց Մարվինը, զուտ երիտասարդական անողոքությամբ լռեցնելով նրան։

― Այ քեզ բա՜ն,― ասաց միստր Բայգլոուն և նեղացած հեռացավ, քայլելուց կոտրատվելով, ինչպես «Կյանքի իմիտացիա» շոուի հերոսները։

Բիլլին զգաց, որ ընկերը վշտացած է։ Դա անհանգստացրեց նրան։ Բիլլին երեսունչորս տարեկան էր, համարյա հասուն տղամարդ։ Նա լավ աշխատանք ուներ՝ մոնտաժային 23֊րդ գծի ավագ վարպետ՝ Փիթերսընի տուփերի գործարանում։ Իհարկե, շարունակում էր իրեն պատանու պես պահել, բայց գիտեր, որ տարիքը որոշակի պարտավորություններ է դնում բոլորի վրա։ Ուստի թաքցնելով անհանգստությունը, Բիլլին շիտակ խոսեց հին ընկերոջ հետ։

― Մարվին, ի՞նչ է եղել։

Մարվինն ուսերը թոթվեց, քմծիծաղեց և մատներով աննպատակ թմբկահարեց սեղանին։ Նա ասաց.

― Oiga, hombre, ein Kleinnachtmusik es demansiado, nicht wahr? [12] Հարցը, որ դու…

― Պարզ խոսիր,― ասաց Բիլլին իր տարիքի համար չափից դուրս վսեմորեն։

― Ներողություն,― անցնելով անգլերենի, ասաց Մարվինը,― ուղղակի… ա՛խ Բիլլի, այնպե՜ս եմ ուզում ճանապարհորդել։

Բիլլին գլխով արեց։ Նա տեղյակ էր ընկերոջ նվիրական ցանկության մասին։

― Իհարկե,― ասաց նա։― Ես էլ։

― Բայց ո՛չ ինձ նման, Բի՛լլի․․․ Ես վառվում եմ ցանկությունից։

Բերեցին սքոբոլդաշ սանդեն։ Մարվինը չնկատեց այն և շարունակեց սիրտը զեղել։

― Mira [13] Բիլլի, այդ միտքն ինձ պարուրել է, ինչպես պոլիէթիլենային փրկարար պարան։ Ես մտածում եմ Մարսի, Վեներայի, կամ իսկապես հեռավոր վայրերի մասին ինչպես Ալդեբերանն ու Անթարեսը և… մի խոսքով գլուխս անընդհատ դրանով է լցված։ Կամ Պրոցիոն 5-րդի Խոսող օվկիանոսը, Ալոլա 2֊րդի եռասեռ հոմինոիդները… ինձ թվում է պարզապես կմեռնեմ, եթե չտեսնեմ։

― Անշուշտ,― ասաց նրա ընկերը,― ես էլ կուզեի տեսնել։

― Ոչ, դու չես հասկանում,― ասաց Մարվինը։― Ոչ թե ուղղակի տեսնել, այլ… այլ ավելի վատ… ուզում եմ ասել, չեմ կարող մինչև կյանքիս վերջն ապրել այս Սթենհոուփում, չնայած կյանքն ուրախ է, լավ աշխատանք ունեմ, հանդիպում եմ իսկապես guapa [14] աղջիկների հետ, բայց գրողը տանի, չեմ ուզում բոլորի նման ամուսնանալ երեխաներ մեծացնել և… և… ինչ֊որ բան պակասում է։

Մարվինը սկսեց պատանեկան իր տարիքին հատուկ անկապություններ խոսել։ Սակայն բառերի այդ հեղեղի մեջ սրտաբուխ զգացմունքներ կային։ Բիլլին ի պատասխան գլուխը խորիմաստորեն տարուբերեց։

― Մարվին,― մեղմորեն ասաց նա,― ինձ ամեն ինչ պարզ է, ինչպես հինգ անգամ հինգը, Սեմի արևը վկա։ Բայց, ախր, նույնիսկ միջմոլորակային ճամփորդությունը մի ամբողջ կարողություն արժի։ Դե, իսկ միջաստղային ճանապարհորդությունը պարզապես անհնար բան է։

― Շատ լավ էլ հնարավոր է,― ասաց Մարվինը,― եթե գիտակցափոխության դիմես։

― Մա՛րվին։ Հուսով եմ կատակո՛ւմ ես։― Բիլլին այնքան էր ցնցված, որ ակամայից ձայնը բարձրացրեց։― Դու չես կարող…

― Կարող եմ,― ասաց Մարվինը։ Եվ, Christo Malherido֊ն [15] վկա կանեմ։

Այդ խոսքերը ցնցեցին թե՛ Բիլլին և թե՛ հենց իրեն՝ Մարվինին։ Վերջինս շատ հազվադեպ էր հայհոյում, և Բիլլին հասկացավ, որ նա ծայրաստիճան նեղսրտած է, եթե այդպիսի արտահայտություն է գործածում, թեկուզև ծածկագրված։ Իսկ Մարվինը, ասելով այդ, հասկացավ, որ իր որոշումն անդառնալի է։ Եվ արտահայտելով հոգու եղածը, նա արդեն առաջվա պես չէր վախենում խորհել հաջորդ քայլի մասին։

― Բայց դու չես կարող,― ասաց Բիլլին։― Գիտակցափոխությունը… ախր, դա կեղտոտ բան է։

― Կեղտոտը նա է, ով կեղտոտ բան է մտածում, Cabron [16]

― Չէ, լուրջ։ Ուզում ես գլխիդ մեջ մի ավազ փորփրող ծեր մարսեցի՞ մտնի։ Շարժի ոտքերդ ու ձեռքերդ, նայի քո աչքերով, շոշափի քեզ և գուցե նույնիսկ…

Մարվինն ընդհատեց, չթողնելով, որ Բիլլին մի իսկապես վատ բան ասի.

― Mira,― ասաց նա,― recuerda que [17] ես էլ նրա մարմնում Մարսի վրա կլինեմ, ուստի ամոթի նույն զգացումն էլ նա կունենա։ ― Մարսեցիները ամոթի զգացում չունեն,― ասաց Բիլլին։

― Դա ճիշտ չէ,― պատասխանեց Մարվինը: Թեև նա ընկերոջից երիտասարդ էր, բայց շատ տեսակետներից ավելի էր հասունացած, քան Բիլլին։ Միջաստղային համեմատական բարոյագիտությունից նա քոլեջում բարձր գնահատականներ էր ստանում։ Իսկ ճանապարհորդելու մոլուցքը նրա մտածելակերպը պակաս գավառական էր դարձրել՝ Մարվինն ավելի էր պատրաստ հասկանալու ուրիշ էակների տեսանկյունը, քան Բիլլին։ Սկսած տասներկու տարեկանից, երբ կարդալ սովորեց, Մարվինն ուսումնասիրել էր գալակտիկայի տարբեր ցեղերի վարքուբարքն ու պահելաձևը։ Նա միշտ ճգնել էր այդ արարածներին նայել իրենց սեփական աչքերով, ըմբռնել նրանց մղումներն ու ցանկությունները իրենց իսկ եզակի հոգեբանության շրջանակներում։ Ավելին, Ֆլինը 95 տոկոսանոց արդյունքով հաղթող էր ճանաչվել Պրոյեկտիվ կարեկցանքի մրցույթում, այդ կերպ հաստատելով արտաերկրային կապերի մեջ մտնելու իր ունակությունը։ Մի խոսքով, Մարվինը պատրաստ էր ճանապարհորդելու այնքան, որքան կարող էր պատրաստ լինել ողջ կյանքը Երկրի վրա խուլ ու փոքրիկ քաղաքներից մեկում անցկացրած երիտասարդը։

Նույն օրը, ցերեկը, ձեղնահարկի իր սենյակում մենակ մնալով, Մարվինը բացեց հանրագիտարանը։ Այդ հանրագիտարանը Մարվինի ծնողները գնել էին, երբ իրենց տղան ինը տարեկան էր և այդ օրվանից նրանք անբաժան ընկներներ էին։ Այժմ Մարվինը հասկանալիության աստիճանը դրեց «պարզի» վրա, սքենը՝ «արագի», ստեղների վրա սեղմեց իր հարցերը և, մինչ կարմիր ու կանաչ լուսյերը վառվում էին, խոր նստեց բազկաթոռի մեջ։

― Ողջույն,― հնչեղ ու զվարթ ձայնով ասաց բարձրախոսը։― Այսօր… եկեք խոսենք գիտակցափոխության մասին։

Հետևեց պատմական մասը, որը Մարվինին այնքան էլ չհետաքրքրեց։ Նա նորից կենտրոնացավ, երբ լսեց հտևյալը.

― Եկեք գիտակցափոխությունը հաշվենք մի տեսակ էլեկտրաձև կամ ենթաէլեկտրաձև օրգանիզմ։ Երևի կհիշեք մեր առաջվա խոսակցությունից, որ համարում են, թե գիտակցափոխությունը սկսվել է որպես մեր մերմնական պրոցեսների պրոյեկցիա և զարգացել ու վերածվել կվազիանկախ [18] օրգանիզմի։ Հասկանում եք, չէ՞, ինչ եմ ուզում ասել։ Նշանակում է, որ ձեր գլխում մի փոքրիկ մարդ կա, բայց ոչ լրիվ։ Հենց դա էլ կվազին է։

Ձայնը կամացուկ ծիծաղեց սեփական փոքրիկ կատակի վրա, իսկ հետ շարունակեց.

― Ուրեմն ի՞նչ ենք ստանում այս ամբողջ շիլաշփոթից։ Մենք, սիրելիներս, ստանում ենք մի տեսակ սիմբիոտիկ հարաբերություն գիտակցության ու մարմնի միջև, թեև միստր գիտակցությունը մի քիչ հակված է պարազիտիզմի։ Եվ այնուամենայնիվ, դրանցից յուրաքանչյուրը կարող է, տեսկանորեն, առանց մյուսի գոյություն ունենալ։ Համենայն դեպս, խելոք մարդիկ այդպես են կարծում։

Մարվինը սեղմեց «առաջ» ստեղը։

― … Ինչ վերաբերում է գիտակցության տեղափոխմանը, ապա մի րոպե պատկերացրեք, թե գնդակը շպրտում եք…

― … Գիտակցականը ֆիզիկականի և ընդհակառակը։ Ի վերջո, դրանք մեկը մյուսի տարաձևերն են, այնպես, ինչպես մատերիան ու էներգիան։ Իհարկե, մենք դեռ պիտի հայտնաբերենք…

― … Բայց, իհարկե, դրա մասին մեր գիտելիքները պրագմատիկ բնույթ են կրում։ Մի կարճ պահ միայն հիշենք Վան Վուրհեսի Ագլյուտինատիվ ռեֆորմի կոնցեպիցան և Հարաբերական բացարձակների վերաբերյալ Լագոսի համալսարանի տեսությունը։ Իհարկե, այդ տեսություններն ավելի շատ հարցեր են առաջադրում, քան պատասխաններ…

― … և ամբողջ աշխատանքը հնարավոր է դարձնել իմունաձև ռեակցիայի զարմանալի պակասի պատճառով։ Պրակտիկ գիտակցափոխությունը պահանջում է մեխանիկահիպնոտիկ մեթոդիկայի կիրառություն, այդ թվում՝ հարկադիր ռելաքսացիա, գնդասեղային ֆիքսացիա, և գիտակցապոզիտիվ սուբստանցի օգտագործում, օրինակ, Վիլիմիտ՝ որպես նեղ֊ճառագայթային ֆոկուսիչ և ուժեղացուցիչ։ Ետադարձ սնման ծրագրավորումը…

― … Մի անգամ սովորելուց հետո դուք կարող եք գիտակցափոխվել առանց մեխանիկական հարմարանքների, արտաքինն օգտագործելով որպես ֆոկուս…

Մարվինն անջատեց հանգրագիտարանը և մտածեց տիեզերքի, մոլորակների ու դրանց տարաշխարհիկ բնակիչների մասին։ Նա մտածեց գիտակցափոխության մասին։ Մտածեց՝ վաղը կարող եմ Մարսի վրա լինել։ Վաղը մարսեցի կարող եմ լինել…

Մարվինը ոտքի թռավ։

― Աստվա՛ծ վկա,― գոչեց նա, ձախ ձեռքի ափը խփելով աջ բռունցքին,― ես կանե՛մ այդ բանը։

Որոշման խորհդրավոր կախարդանքը կարծես վերածնել էր նրան։ Առանց վարանման Մարվինը հագուստները դասավորեց փոքրիկ մի ճամպրուկի մեջ, ծնողներին գրություն թողեց և շտապեց հասնել Նյու Յորք թռչող օդանավին։

ԳԼՈՒԽ 3

Նյու Յորքում Մարվինը գնաց ուղիղ Օթիսի, Բլանդըրսի և Քլենթի մարմնամիջնորդական գրասենյակ։ Նրան ընդունեց միստր Բլանդըրսը՝ բարձրահասակ, ամրակազմ, ուժերի ծաղկման շրջանում գտնվող վաթսուներեքամյա մի տղամարդ՝ ֆիրմայի լիիրավ գործընկերը։ Մարվինը բացատրեց իր գալստյան նպատակը։

― Իհարկե,― ասաց միստր Բլանդըրսը։― Դուք նկատի ունեք ուրբաթ օրվա մեր հայտարարությունը։ Մարսեցի ջենտլմենի անունը Զե Կրագգաշ է և նա խիստ դրական երաշխավորագրեր է ստացել Արևելյան Սքերնի համալսարանի ռեկտորներից։

― Ինչպիսի՞ արտաքին ունի,― հարցերց Մարվինը։

― Ինքներդ տեսեք,― ասաց Բլանդըրսը։ Նա Մարվինին տակառնամնան կրծքով, բարակ ոտքերով, մի քիչ ավելի հաստ ձեռքերով, փոքր գլխով և անսովոր երկար քթով մի արարածի լուսանկար ցույց տվեց։ Լուսանկարում Կրագգաշը մինչև ծնկները խրված էր ցեխի մեջ և ձեռքով ինչ֊որ մեկին ողջույն էր հղում։ Տակը մակագրություն էր տպված. «Հիշատակ Ցեխադրախտիվ՝ Մարսի կլոր տարին գործող առողջարանից, որտեղ խոնավության աստիճանը մոլորակում ամենաբարձրն է»: ― Սիրուն տղա է,― ասաց միստր Բլանդըրսը։ Մարվինը գլխով արեց, թեև ըստ իրեն Կրագգաշը չէր տարբերվում ցանկացած այլ մարսեցուց։

― Նրա տունը,― շարունակեց Բլանդըրսը,― Ուագոմսթամկում է, հարավային Նյու֊Մարսի Անհետացող անապատի եզրին։ Երևի գիտեք, որ դա ծայրաստիճան մասսայական տուրիստական գոտիներից է։ Ինչպես և դուք, Զե Կրագգաշը տենչում է ճանապարհորդել և կամենում է հարմար տեղական մարմին գտնել։ Ընտրությունը նա լրիվ թողել է մեզ, միայն պայման դնելով, որ փոխարինողը հոգեպես ու մարմնապես առողջ լինի։

― Գիտե՞ք,― ասաց Մարվինը,― չեմ ուզում պարծենալ, բայց ես միշտ էլ առողջ եմ համարվել։

― Ես դա միանգամից հասկացա,― պատասխանեց միստր Բլանդըրսը։― Իհարկե, դա միայն զգացում է կամ գուցե ինտուիցիա, բայց երեսուն տարի մարդակնց հետ գործ ունենալուց հետո ես սովոր եմ վստահել իմ զգացումներին։ Հիմնվելով բացառապես զգացումների վրա, ես մերժել եմ այս փոխանակության վերաբերյալ վերջին երեք դիմումները։

Միստր Բլանդըրսը այնքան հպարտությամբ ասաց այդ բանը, որ Մարվինը հարկադրված զգաց հարցնել.

― Իրո՞ք։

― Ազնիվ խոսք։ Պատկերացնել անգամ չեք կարող, թե որքան հաճախ եմ ստիպված լինում անհարմար թեկնածուներ հայտանբերել ու մերժել։ Նևրասթենիկներ, որոնք փնտրում են արտառոց ու ապօրինի ապրումներ. ոճրագործներ, որոնք ցանկնաում են խուսափել տեղական արդարադատությունից. հոգեպես անհավասարակշռվածներ, որոնք փորձում են փախչել սեփական ներհոգեկան ճնշումներից։ Եվ շատուշատ ուրիշներ, ես նրանց բոլորին խոտանում եմ։

― Հուսով եմ, որ չեմ համապատասխանում այդ տարատեսակներից ոչ մեկին,― ասաց Մարվինը, շփոթմունքից թույլ քմծիծաղելով։

― Համոզված կարող եմ ասել, որ ոչ,― պատասխանեց Բլանդըրսը։― Ես ձեզ կբնորոշեի որպես վերին աստիճանի նորմալ երիտասարդ, նույնսիկ չափից դուրս նորմալ, եթե դա հնարավոր է։ Ձեզ համակել է ճանապարհորդելու մարմաջը, ինչը շատ բնորոշ է ձեր տարիքին. այդ կիրքը մոտ է սիրահարվելուն, կամ հանուն բարձր գաղափարների պայքար մղելուն, կամ աշխարհից հիասթափվելուն և երիտասարդներին հատուկ այլ հոգեվիճակներին։ Բարեբախտաբար դուք կամ ձեր բնածին խելքի, կամ երջանիկ պատահականության շնորհիվ դիմել եք մեզ՝ գիտակցափոխությամբ զբաղվող ամենահին ու հարգարժան կազմակերպությանը, այլ ոչ թե մեր ոչ այնքան բծախնդիր մրցակիցներից ոմանց, կամ, ամենավատթարը, չեք գնացել Անկախ շուկա։

Մարվինը շատ քիչ բան գիտեր Անկախ շուկայի մասին, սակայն նա լուռ մնաց, չկամենալով մատնել իր տիգիտությունը։

― Իսկ այժմ,― ասաց միստր Բլանդըրսը,― մի քանի ձևականություններ, որից հետո հնարավոր կլինի բավարարել ձեր խնդրանքը:

― Ձևականություննե՞ր,― հարցրեց Մարվինը:

― Այո, այո: Նախ. դուք պետք է քննության լրիվ ընթացք անցնեք, որը կպարզի ձեր ֆիզիկական, գիտակցական ու բարոյական վիճակը: Դա շատ անհրաժեշտ է, քանի որ մարմինները փոխանակվում են հավասար հիմունքների վրա: Դուք ձեզ շատ վատ կզգայիք, եթե պարզեիք, որ ընկել եք ավազախոցով կամ թունելի սինդրոմով [19] տառապող մարսեցու մարմին: Այնպես, ինչպես վատ կզգար նա, եթե պարզեր, որ դուք ռախիտ ունեք, կամ պարանոյա: Ըստ մեր կանոնադրության պայմաների, մենք պետք է ձգտենք փոխանակողների առողջության ու հոգեկանի մասին ունենալ հնարավորին չափ սպառիչ գիտելիքներ և մեկին տեղյակ պահել մյուսի ռեալ և կարծեցյալ վիճակների միջև հայտնաբերված նույնիսկ չնչին անհամապատասխանության մասին:

― Հասկանալի է,― ասաց Մարվինը,― իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո:

― Հետո դուք և մարսեցի ջենտլմենը կստորագրեք Փոխադարձ վնասվածքի պայմանագիրը, որտեղ գրված է, որ ցանկացած վնասվածքը, պատճառած հակառակ մարմնին, պատահամամբ թե դիտմամբ (այդ թվում տարերային աղետների հետևանքով առաջացած) նախ, պիտի փոխհատուցվի միջաստղային պայմանագրի սահմանած գումարի չափով և, երկրորդ, պիտի փոխադարձաբար հասցվի ձեր սեփական մարմնին համաձայն lex talionis [20]:

― Ինչպե՞ս:

― Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման,― բացատրեց միստր Բլանդըրսը։― Դա շատ պարզ բան է։ Ենթադրենք դուք, մարսեցու մարմնով, կոտրում եք ոտքը փոխանակության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ։ Դուք, ինչ խոսք, ստանում եք ցավը, բայց ոչ հետագա անհարմարությունները, որոնցից խուսափում եք, վերադառնալով ձեր սեփական չվնասված մարմինը։ Բայց դա արդար չէ։ Ինչո՞ւ պիտի դուք չտուժեք ձեր իսկ անշնորհքության հետևանքով։ Ինչո՞ւ պետք է դրա հետևանքով տուժի ուրիշ մեկը։ Ուստի, արդարության շահերից ելնելով, միջաստղային օրենքը պահանջում է, որ սեփական մարմինը վերադառնալուց առաջ ձեր սեփական ոտքը կոտրվի հնարավորին չափ գիտական ու անցավ եղանակով։

― Նույնիսկ եթե առաջին կոտրված ոտքը պատահականության հետևա՞նք է։

― Հատկապես եթե պատահականության հետևանք է։ Մենք պարզել ենք, որ փոխադարձ վնասվածքի պայմանագիրը նման պատահականությունների թիվը շատ նկատելիորեն կրճատել է։

― Սա սկսում է մի քիչ վտանգավոր հնչել,― ասաց Մարվինը։

― Ցանկացած գործողություն վտանգի տարր ունի,― պատասխանեց միստր Բլանդըրսը։― Բայց գիտակցափոխության հետ կապված ռիսկը ստատիստիկորեն չնչին է, պայմանով միայն, եթե հեռու մնաք Խճճված աշխարհից։

― Ես այնքան էլ շատ բան չգիտեմ Խճճված աշխարհի մասին։

― Ոչ ոք էլ չգիտի,― ասաց Բլանդըրսը։― Հենց դրա համար էլ հարկավոր է հեռու մնալ։ Մի՞թե այդպես ավելի խելամիտ չի լինի։

― Կարծում եմ, որ այո,― պատասխանեց Մարվինը։― Ուրի՞շ ինչ մնաց։

― Առանձնապես ոչինչ։ Մի քանի լրացնելիք թղթեր, հրաժարականներ հատուկ իրավունքներից, անձեռնմխելիությունից և այլն։ Եվ, իհարկե, ես պետք է ձեզ ընդունված կարգի համաձայն զգուշացնեմ մետաֆորային դեֆորմացիայի մասին։

― Լավ, եղավ,― ասաց Մարվինը,― լսում եմ, ասեք։

― Ես արդեն զգուշացրի,― ասաց Բլանդըրսը։― Բայց նորից կզգուշացնեմ։ Զգուշացեք մետաֆորային դեֆորմացիայից։

― Ես ուրախ կլինեի,― ասաց Մարվինը,― բայց չգիտեմ, թե դա ի՞նչ է։

― Շատ պարզ բան է,― ասաց Բլանդըրսը։― Մետաֆորային դեֆորմացիան պետք է համարել իրավիճակային խելագարության ձևերից մեկը։ Բանն այն է, որ անսովորն ընկալելու մեր կարողությունը սահմանափակ է, և այդ սահմաններն արագորեն խախտվում են, երբ ճանապարհորդում ենք անծանոթ մոլորակեներվ։ Մենք չափից շատ նորություն ենք ընկալում, դա դառնում է անտանելի և գիտակցությունը հանգիստ է որոնում անալոգիզացիայի [21] բուֆերային պրոցես միջոցով։ Անալոգիան ցույց է տալիս, որ սա նման է նրան, կամուրջ է կազմում ընդունված հայտնիի և անընդունելի անհայտի միջև, կապում է մեկը մույսի հետ, անտանելի անհայտին հոգեհարազատ գույներ հաղորդելով։ Ինչևէ, անհայտի անընդմեջ ու չթուլացող ազդեցության տակ մինչև իսկ անալոգիզացիայի ունակությունը կարող է խեղվել։ Ի վիճակի լինելով կարգավորել ինֆորմացիայի հոսքը կոնցեպտուալ [22] անալոգիզացիայի նորմալ պրոցեսի միջոցով, սուբյեկտը դառնում է պերցեպտուալ [23] անալոգիզացիայի զոհը։ Ահա այս վիճակը մենք անվանում ենք մետաֆորային դեֆորմացիա։ Այդ պրոցեսը նաև հայտնի է որպես պանսաիզմ։ Բացատրածս պա՞րզ է։

― Ոչ,― ասաց Մարվինը,― ինչո՞ւ է կոչվում պանսաիզմ։

― Այդ հասկացությունը բացատրում է ինքն իրեն,― պատասխանեց Բլանդըրսը։― Դոն Քիշոտը կարծում է, թե հսկան հողմաղաց է։ Քիշոտիզմը ամենօրյա իրերի ըմբռնումն է որպես հազվագյուտ միավորներ։ Դրան հակառակ պանսաիզմը հազվագյուտ միավորների ըմբռնումն է որպես ամենօրյա իրեր։

― Ուզում եք ասել,― հարցրեց Մարվինը,― որ կարող եմ ալթերացի տեսնել ու կարծել,որ տեսածս կո՞վ է։

― Հենց այդպես է,― պատասխանեց Բլանդըրսը,― դա բավական պարզ բան է, եթե կենտրոնանաք։ Հիմա ստորագրեք այստեղ և այստեղ, ու մենք կանցնենք քննություններին։

Դրան հետևեցին բազմաթիվ տեստեր ու անթիվ հարցեր։ Ֆլինին ծակծկում էին ու շոշափում, աչքի առաջ պայծառ լույսեր վառում, հանկարծակի ձայներ միացնում, սենյակը լցվում էր արտառոց հոտերով։

Մարվինը փայլուն հաղթահարեց այդ ամենը։ Մի քանի ժամ անց նրան տարան Տեղափոխման սենյակ և նստեցրին մի աթոռի վրա, որը Մարվինը տագնապով նմանեցրեց հին էլեկտրական աթոռի։ Տեխնիկներն իրենց սովորական կատակներն արեցին․ «Երբ արթնանաք, ձեզ նոր մարդ կզգաք»։ Լամպերը պայծառ շողում էին, Մարվինն ընկղմվում էր նիրհի մեջ՝ խոր, ավելի խոր․․․

Վերահաս ճամփորդության սպասումը նրան գրգռել էր, միաժամանակ Մարվինը սարսափով գիտակցում էր Սթենհոուփից դուրս գտնվող աշխարհի մասին իր կատարյալ անտեղյակությունը։ Այնուամենայնիվ, ի՞նչ է Անկախ շուկան։ Որտե՞ղ է գտնվում Խճճված աշխարհը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այդ աշխարհից խուսափել։ Եվ վերջապես, որքանո՞վ վտանգավոր է մետաֆորային դեֆորմացիան, որքա՞ն հաճախ է տեղի ունենում և ինչքա՞ն է տևում առողջանալը։

Շուտով Մարվինը պետք է ստանար ոչ միայն այս, այլև շատ ուրիշ, դեռևս անհայտ հարեցրի պատասխանները։ Լույսից աչքերը ցավում էին և նա մի պահ փակեց կոպերը։ Երբ կրկին բացեց, ամեն ինչ փոխվել էր։

ԳԼՈՒԽ 4

Չնայած երկոտանի մարմնազմությանը, մարսեցին գալակտիկայի ամենաարտասովոր արարածներից մեկն է։ Իրոք օրգանների զգայողականության իմաստով Ալդեբերանի քվիները, չնյածա իրենց կրկնակի ուղեղներին ու հատուկ ֆունկցիոնալ վերջաքվորություններին, մեզ ավելի մոտ են։ Հետևաբար, խռվալից զգացում է միանգամից, առանց նախաբանի, մարսեցու մարմնում հայտնվելը։ Սակայն, երբ գործն արված է, ոչինչ փոխել հնարավոր չէ։

Մարվինը տեսավ, որ գտնվում է լավ կահավորված սենյակում։ Նա միակ պատուհանի միջով իր մարսեցու աչքերը հառեց մարսային բնապատկերին։

Հետո նա փակեց աչքերը, քանի որ չէր կարողանում կենտրոնանալ՝ միակ զգացումը տագնապալի խառնաշփոթությունն էր։ Չնայած պատվաստումներին, նրան համակել էին կուլտուր֊շոկի սրտխառնուք առաջացնող ալիքները, և Մարվինը ստիպված էր անշարժ կանգնել, մինչև այդ զգացումը կանցնի։ Հետո, զգուշորեն, կրկին բացեց աչքերն ու նայեց։

Նա տեսավ ցածր, հարթ ավազաբյուրներ, կազմված գորշ գույնի հարյուրավոր ցայտուն երանգներից։ Հորիզոնի մոտ նշմարվում էր արծաթակապույտ քամին, որի դեմ ասես հակահարձկա էր եղել քամու մի այլ՝ դեղնամանուշակագույն ամպ։ Երկինքը կարմիր էր, ինֆրակարմիր գունային համակարգը պարունակում էր բազում աննկարարգրելի նրբերանգներ։ ամենուր երևում էին սարդանման սպեկտրագծեր։ Հողի մակերևույթն ու երկինքը համակված էին տասնյակ տարբեր գունակազմություններով, մի ամսը լրացուցիչ [24], մյուսը՝ աններդաշնակ։ Ներդաշնակություն Մարսի բնական գույների մեջ չկար․ դրանք քաոսային գույներ էին։

Մարվինը ձեռքին ակնոց տեսավ ու հագավ։ Անմիջապես ճչացող գույների աններդաշանոկությունը նվազեց մինչև տանելիության աստիճան։ Շոկիհետևանքով առաջացած անշարժունակությունը թուլացավ, և Մարվինը սկսեց այլ բաներ ընկալել։

Նախ, ականջներում ծանր թնդյուն զգաց, իսկ մի քիչ ներքև՝ արագ ճարճատյուն, նման թմբուկի դղրդոցի։ Շուրջը նայեց, այդ աղմուկի աղբյուրը որոնելով և, բացի հողից ու երկնքից, բան չտեսավ։ Մարվինը ավելի ուշադիր ականջ դրեց և հայտնաբերեց, որ ձայներն իր կրծքից են գալիս։ Այդ ձայները, որ արձակում են թոքերը ու սիրտը, մարսեցիներին ուղեկցում են ամբողջ կյանքում։

Այժմ Մարվինը ի վիճակի էր զննելու ինքն իրեն։ Նա նայեց իր ոտքերին, որոնք երկար էին ու բարակ։ Ծնակյին հոդավորումներ չկային․ փոխարենը ոտքը աղեղված էր կոճի, սրունքի, ազդրի մեջտեղի և վերին մասի մոտ։ Նա քայլում էր և հիանում իր շարժումների սահունությամբ։ Թևերը ոտքերից մի փոքր հաստ էին, իսկ կրկնակի հոդավոր ձեռքերն ունեին երեքական մատ ու երկուական բթամատ, որոնք կարելի էր ծռել ու թեքել որ կողմ ասես։

Մարվինի հագին սև շորտ էր ու սպիտակ ջեմպր։ Նրա կրծքապանակը խնամքով ծալված էր ու պատված նախշակար կաշվե ծածկոցով։ Այդ ամենը զարմանալիորեն բնական էր թվում։

Եվ սակայն, զարմանալու բան չկար։ Գիտակից արարածների նոր միջացվայրին հարմարվելու ունակությունն էր, որ հնարավոր էր դարձրել գիտակցափոխությունը։ Եվ մարսեցու մարմնի ընտելանալը հեշտ էր, չնայած մի քանի ցնցող մորֆոլոգիական և զգայական տարբերությունների։

Ֆլինը խորհում էր այդ մասին, երբ բացվող դռան ձայն լսեց։ Նա շրջվեց և իր առջև տեսավ մի մարսեցու, հագին կանաչ ու գորշ գծերով պետական համազգեստ։ Մարսեցին ի նշան ողջույնի պտտել էր ոտքը և Մարվինը շտապ նույն ձևով պատասխանեց նրան։ (Գիտակցափոխության առավելություններից մեկը «ավտոմատ կրթությունն է»։ Կամ, առևտրականների զվարճալի ժարգոնով ասած, «երբ առնում ես տունը, իրավունք ես ստանում օգտվելու կահույքից» Կահույքը, տվյալ դեպքում, նոր մարմնի ուղեղում պարունակված առաջնահերթ կարևոր գիտելիքներն են՝ լեզուն, սովորույթները, բարոյականությունը, ապրելավայրի մասին ընդհանուր տեղեկությունները և այլն։ Դա առաջնահերթ միջավայրին ինֆորամցիա է, ընդհանուր, անդեմ, օգտակար որպես ուղեցույց, բայց ոչ անպայման հուսալի։ Անձնական հիշողությունները, սիրած ու չսիրած բաները, որոշ բացառություններով, հասու չեն նոր գիտակցությանը կամ հասու են միայն մտավոր մեծ ճիգի շնորհիվ։ Այստեղ մենք կրկին գործ ունենք իմունոլոգիական ռեակցիաների տեսակներից մեկի հետ, որը տարբեր օրգանիզմների միջև կոնտակտի միայն մակերեսային աստիճան է թույլատրում։ «Ընդհանուր գիտելիքները» սովորաբար շատ հեշտ են տրվում, մինչդեռ «անձնական գիտելիքները», այդ թվում հավատը, նախապաշարմունքները, հույսերը և տարակուսանքներն անձեռնմխելի են)։

― Թուլ քամի,― կլասիկ հին մարսային ձևով ողջունեց մարսեցին։

― Եվ անամպ երկինք,― պատասխան տվեց Ֆլինը։ (Նա սրտնեղությամբ նկատեց, որ իր նոր մարմինը մի փոքր շչախոս է)։

― Ես Մինգլո Օրիչիչիչն եմ՝ տուրիստական բյուրոյից։ Բարի գալուստ Մարս, պարոն Ֆլին։

― Շնորհակալություն,― ասաց Ֆլինեը։― Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Գիտե՞ք, սա իմ առաջին գիտակցափոխությունն է։

― Գիտեմ,― ասաց Օրիչիչիչը։― Նա թքեց գետնին՝ նյարդայնության հաստատ նշանով, և ուղղեց բթամատները։ Միջանցքից ուժեղ աղմուկ լսվեց։ Օրիչիչիչն ասաց․

― Այժմ ձեր Մարսում գտնվելու վերաբերյալ․․․

― Ես ուզում եմ տեսնել Ավազների արքայի որջը,― ասաց Ֆլինը,― և, իհարկե, Խոսող օվկիանոսը։

― Երկուսն էլ գերազանց ընտրություններ են,― ասաց պաշտոնյան։― Բայց նախ մի քանի փոքր ձևականություններ։

― Ձևականություննե՞ր։

― Ոչ մի առանձապես բարդ բան,― ասաց Օրիչիչիչը,նրա քիթը ծռվեց ձախ, արտահայտելով մասրային ժպիտ։― Չէի՞ք կամենա կարդալ այս թղթերը և հաստատել դրանց իսկությունը։

Ֆլինը վերցրեց առաջարկված թղթերը և թռուցիկ զննեց։ Դրանք Երկրում ստորագրածների պատճեններն էին։ Մարվինը կարդաց և տեսավ, որ իսկականի հետ համընկնում են։

― Սրանք այն թղթերն են, որ ստորագրել եմ Երկրում,― ասաց նա։

Միջանցքի աղմուկն ուժեղացավ։ Մարվինը տարբերեց մի քանի բառ․― Սառեցրած ծառաբնի խաշած ձու― դնող տղա՛։ Մանրախիճ սիրող դեգեներա՛տ։

Դրանք իրոք շատ վիրավորական արտահայտություններ էին։ Մարվինը հարցականորեն քիթը վեր տնկեց։ Պաշտոնյան շտապ ասաց․

― Թյուրիմացություն է, սխալմունք։ Մեկն այն դժբախտ պատահարներից, որոնք տեղի են ունենում նույնիսկ լավագույն պետական տուրիստական հիմնարկություններում։ Բայց ես վստահ եմ, որ կարող ենք իրադարձությունը շտկել ռափիի հինգ կում էլ չարած, եթե ոչ ավելի արագ։ Թույլ տվեց հարցնել ձեզ, թե․․․

Միջանցքից քաշքշոցի ձայներ լսվեցին։ Հետո սենյակ խուժեց ինչ֊որ մարսեցի, նրա ձեռքից կախվել էր մի կրտսեր պաշտոնյա, աշխատելով չթողնել, որ ներս գա։

Ներս խուժած մարսեցին չտեսնված ծէր էր, դա կարելի էր գուշակել նրա մաշկի թույլ ֆոսֆորային ցոլքից։ Նա դողացող զույգ ձեռքերը պարզեց Մարվին Ֆլինի կողմը։

― Ահա՛,― գոռաց նա։― Ահա՛ այն, և ծառաբները վկա, այն հենց հիմա պիտի ի՛մը դառնա։

Մարվինն ասաց․

― Պարոն ես սովոր չեմ, որ ինձ դիմեն որպես «այն»։

― Ես Ձեզ չեմ դիմում,― ասաց ծեր մարսեցին։― ես չգիտեմ, թե դուք ո՞վ կամ ի՞նչ եք և դա ինձ չի էլ հետաքրքրում։ Ես դիմում եմ ձեր զբաղեցրած մարմնին, որը ձերը չէ։

― Ինչե՞ր եք խոսում,― հարցերց Ֆլինը։

― Այս պարոնը,― ասաց պաշտոնյան,― պնդում է, որ զբաղեցնում եք նրան պատկանող մարմինը։― Նա երկու անգամ թքեց հատակին։― Սա, իհարկե, սխալմունք է, և մենք կարող ենք միանգամից ուղղել․․․

― Սխալմո՜ւնք,― բղավեց ծեր մարսեցին։― Սա ամենաիսկական խաբեբայություն է։

― Սըր,― սառը արժանապատվությամբ ասաց Մարվինը։― Դուք խորին մոլորության մեջ եք․ կամ այդպես, կամ էլ վրաս բարդում եք այս զրպարտությունը ինձ անհասկանալի ինչ֊ինչ պատճառներով։ Այս մարմինը, սըր, ես օրինական ու ազնիվ ձևով վարձել եմ։

― Թեփուկավոր դոդո՜շ,― ճչաց ծերուկը։― Թողե՛ք ինձ, ես դրա․․․― Նա զգույշ ճգնում էր ազատվել իր պահապանի ամուր ձեռքերից։

Հանկարծ դռներում հայտնվեց ոտքից գլուխ սպիտակ հագնված մի ազդեցիկ կերպարանք։ Եվ, սենյակում միանգամից լռություն տիրեց, քանի որ բլորի հայացնքերը ուղղվեցին Հարավային Մարսի անապատային ոստիկանության պատկառելի ու մեծարգո ներկայացուցչին։

― Պարոնայք,― ասաց ոստիկանը,― փոխադարձ մեղադրանքների կարիք չկա։ Այժմ մենք բոլորս մեկ մարդու նման կքայլենք ոստիկանություն։ Այնտեղ, ֆուլսզիմացի տելեպատի օգնութամբ, մենք կիմանանք ճշմարտությունը և տեղի ունեցածի պատճառը։― Ոստիկանը մի պահ տպավորիչ դադար արեց, թուքը կուլ տվեց ի նշան գերագույն հանդարտության և ասաց,― Հավատացնում եմ ձեզ։

Առանց այլ բարդությունների ոստիկանը, պաշտոնյան, ծերուկը և Մարվին Ֆլինը ուղևորվեցին ոստիականատուն։ Նրանք լուռ էին, բոլորին էլ տանջում էին վատ նախազգացումները։ Ամբողջ քաղաքակրթված գալակտիակայով մեծ ծեծված ճշմարտություն է, որ երբ գնում ես ոստիկանություն, փորձանքներն իրոք սկսվում են։


  1. Հնարովի պողոտա։
  2. Լայն խճուղիներ ԱՄՆ֊ում։
  3. Գլխավոր փողոց (main-street), ամերիկյան միջին ու փոքր քաղաքների մեծ մասի կենտրոնական փողոցները չունեն հատուկ անուն։
  4. Հանրահայտ ծովափնյա առողջարան ԱՄՆ֊ում
  5. Նկատի ունի ռասսայական պատկանելությունը՝ համարյա սպիտակ
  6. ԱՄՆ֊ում դեղատները ծառայում են նաեւ որպես խորտկարաններ։
  7. Սարի՞ց եկար (այստեղ և հետագայում իսպաներեն, իսպանա֊աֆրիկաներեն արտահյատությունները հաճախ ոչ այնքան կապակցված բառերի խումբ են։ Ուստի թարգմանությունը կարող Է համարվել մոտավոր)։
  8. Այո, պարոն։
  9. Շեքլին կատակով ակնարկում Է, որ այդ Հեռու դարաշրջանում կոմիքսների ձևով կմատուցվեն մինչև իսկ Ջոյսի գերբարդ սաեղծագործությունները։
  10. Ի՞նչ կասեք, պարոն, կուզեի՞ք ձեր գլխին մի ուժգին, կշտացնող հարված ստանալ հանձին սքոբոլդաշ սանդեի (Հավանաբար հնարովի կերակրատեսակ)։
  11. Արագ։
  12. Լսիր, մարդ աստծո, գիշերային սիրունիկ երաժշտությունը չափից դուրս ազդել է վրադ, այնպես չէ՞։
  13. Նկատի ունեցիր։
  14. Գեղեցիկ, լավ հագնված։
  15. Քրիստոսի վերքերը
  16. Մարդ, որին կինը դավաճանում է, անճարակ, բառացի՝ այծ
  17. Հիշիր, որ
  18. Կիսաանկախ
  19. Ախտանշանների համակցություն
  20. Տալիոնի օրենք
  21. (Այստեղ) համեմատում
  22. Ընդունված ձևակերպումների, մտավոր պատկերների միջոցով
  23. Զգայական ընկալման միջոցով
  24. Խոսքը գնում է սպեկտրի լրացուցիչ գույների մասին