հեղինակ՝ Ջեյմս Ջոյս |
Ծերունի Ջեքը ստվարաթղթի կտորով հավաքեց մոխիրը և խնամքով լցրեց ածխի սպիտակող շեղջի վրա։ Երբ ածխի շեղջը ծածկվեց մոխրի հաստ շերտով, նրա դեմքը սուզվեց խավարի մեջ, բայց հենց որ կրակը սկսեց նորից բորբել, նրա կորացած ստվերը տարածվեց դիմացի պատին, և դեմքը կրկին երևաց մթության միջից։ Ծերունական դեմք էր, ոսկրոտ ու մազոտ։ Արցունքակալած, երկնագույն աչքերը թրթռում էին կրակի լույսից, եւ թաց բերանը ժամանակ առ ժամանակ բացվում էր ու փակվելիս մեքենայորեն ծամում։ Երբ մոխիրն սկսեց մարմրել, նա ստվարաթղթի կտորը հենեց պատին, հառաչեց ու ասաց․
— Ա՛յ, հիմա լավ է, մի՚ստր Օ՚Քոնոր։
Միստր Օ՚Քոնորը մի ալեհեր երիտասարդ էր, որի դեմքն այլանդակում էին բազմաթիվ պզուկներն ու բծերը․ հենց նոր էր ծխախոտը թղթի մեջ փաթաթել եւ դարձրել մի գեղեցիկ գլան, սակայն, երբ լսեց, որ խոսում են իր հետ, ցրված տեսքով ոչնչացրեց իր ձեռքի գործը։ Հետո նորից սկսեց ցրված ու անուշադիր ծխախոտ փաթաթել և մի պահ մտածելով, որոշեց լիզել թուղթը։
— Միստր Թիրնեյը չասա՞ց, թե երբ է վերադառնալու,— հարցրեց նա խռպոտ ֆալցետով։
— Ո՛չ, չասաց։
Միստր Օ՚Քոնորը ծխախոտը բերանը դրեց ու սկսեց գրպաններում ինչ֊որ բան փնտրել։ Ապա քարտերի մի լղարիկ տուփ հանեց։
— Հիմա լուցկի կբերեմ,— ասաց ծերունին։
— Մի՛ անհանգստացեք, սա էլ բավական է,— ասաց միստր Օ՚Քոնորը։ Նա մի քարտ հանեց և կարդաց․
«Քաղաքային ընտրություններ թագավորական բորսայի տեղամաս
Միստր Ռիչարդ Զ․ Թիրնեյը խոնարհաբար խնդրում է Ձեր ձայնն իրեն տալ եւ աջակցել թագավորական բորսայի տեղամասի առաջիկա ընտրություններում»։
Միստր Օ՚Քոնորը միստր Թիրնեյի գործակալի կողմից հրավիրվել էր մասնակցելու տեղամասի շրջաններից մեկի ընտրողների հետ հանդիպմանը, բայց քանի որ եղանակն անբարենաաստ էր, և կոշիկները ջուր էին ներծծում, նա պահակի՝ ծերունի Ջեքի հետ, որը շենքն էր հսկում, օրվա մեծ մասը նստում էր Ուիքլոու սթրիթի վրա գտնվող ընտրական կոմիտեին հատկացված սենյակի օջախի մոտ։ Այնքան նստեցին, մինչև օրն սկսեց մթնել։ Հոկտեմբերի վեցն էր՝ ցուրտ, ամպամած մի օր։
Միստր Օ՚Քոնորը քարտից մի շերտ պատռեց, վառեց և կպցրեց ծխախոտը։ Բոցը լուսավորեց նրա լամբակի մեջ խրած բաղեղի մրափայլ տերևը։ Ծերուկն ուշադիր հետևեց նրան, ապա կրկին վերցրեց ստվարաթուղթը և, մինչ նրա ընկերը ծխում էր, սկսեց նորից բորբել կրակը։
— Այո՛, իսկապես,— շարունակեց խոսակցությունը,— շատ դժվար է իմանալ, թե ինչպես պետք է երեխաներին դաստիարակել։ Ո՞վ կմտածեր, թե նա այդպիսին կդառնար։ Նրան տվեցի Քրիստոնյա Եղբայրների դպրոցը, նրա համար արեցի այն ամենը, ինչ կարող էի, իսկ նա ահա հարբեցողությամբ է զբաղված։ Փորձեցի նրան մարդ դարձնել։
Նա դանդաղ տեղը դրեց ստվարաթուղթը։
— Հիմա ծերացել եմ, թե չէ նրան ցույց կտայի։ Ճիպոտը կվերցնեի ու ինչքան ուժս պատեր մի լավ կդնքսեի, ինչպես առաջներում։ Մայրը, գիտեք, երես է տվել, այսպես թե այնպես…
— Հենց դա՛ է կործանում երեխաներին,— ասաց միստր Օ՚Քոնորը։
— Հենց դա՛,— պատասխանեց ծերունին,— գոնե շնորհակալ լինեին, թե չէ միայն անպատկառություն են անում։ Երբ տեսնում է, որ մի կես գավաթ խմել եմ, սկսում է հրամայել։ Էլ ինչ սպասելիք աշխարհից, երբ որդիներն այդպես են վարվում հայրերի հետ։
— Քանի՞ տարեկան է,— հարցրեց միստր Օ՚Քոնորը։
— Տասնինը,— պատասխանեց ծերունին։
— Ինչո՞ւ որևէ գործի չեք դնում։
— Ինչպե՛ս չէ։ Ինչե՜ր ասես, որ չեմ արել այդ հարբեցողի համար դպրոցն ավարտելուց հետո։ «Քեզ չեմ պահելու,— ասում եմ,— քեզ համար աշխատանք գտիր»։ Իսկ երբ աշխատանք է գտնում, ավելի վատ, ամբողջ փողը խմում է։
Միստր 0՛Քոնորը կարեկցաբար շարժեց գլուխը, և ծերունին լռեց՝ նայելով կրակին։ Ինչ֊որ մեկը բացեց սենյակի դուռը ու բղավեց․
— Հեյ, այդտեղ մասոնական հավա՞ք է, ի՞նչ է։
— Ո՞վ է,— հարցրեց ծերունին։
— Ի՞նչ եք անում այս մթության մեջ,— հարցրեց ինչ֊որ ձայն։
— Այդ դո՞ւք եք, Հայնս,— արձագանքեց միստր Օ՚Քոնորը։
— Այո։ Այս մթության մեջ ի՞նչ եք անում,— դեպի լույսն առաջանալով կրկնեց միստր Հայնսը։
Նա բարձրահասակ, բաց֊շագանակագույն բեղով բարեկազմ մի երիտասարդ էր։ Շլյապայի եզրերին փայլփլում էին անձրևի կաթիլները, իսկ պիջակի օձիքը բարձրացված էր։
— Դե՛, Մեթ,— դիմեց նա միստր Օ՚Քոնորին,— ինչպե՛ս են գործերը։
Միստր Օ՚Քոնորը թափահարեց գլուխը։ Ծերունին հեռացավ օջախից եւ, խարխափելով մթության մեջ, վերադարձավ ձեռքին երկու մոմակալ, որոնք մեկը մյուսի ետևից կրակի մեջ մտցրեց, ապա դրեց սեղանին։ Սենյակի մերկ պատերը լուսավորվեցին և կրակը կորցրեց իր ուրախ փայլը։
Ընտրողներին հասցեագրված տպագիր դիմումից բացի, պատերին ոչինչ չկար։ Սենյակի մեջտեղում մի փոքրիկ սեղան էր դրված, որի վրա թղթերի կույտ կար։
Միստր Հայնսը հենվեց օջախահարթակին և հարցրեց․
— Նա ձեզ դեռ չի՞ վճարել։
— Դեռ ոչ,— պատասխանեց միստր Օ՚Քոնորը,— հուսով եմ, որ մեզ չի խաբի։
Միստր Հայնսը ծիծաղեց․
— Օ՚, սա կվճարի։ Վախենալու առիթ չկա։
— Կարծում եմ, պետք է շտապի, եթե իսկապես մտադիր է վճարել,— ասաց միստր Օ՚Քոնորը։
— Դո՞ւք ինչ եք կարծում, Ջեք,— միստր Հայնսը հեգնանքով դիմեց ծերունուն։
Ծերունին վերադարձավ իր տեղը՝ օջախի մոտ, ասելով․
— Դե՛ նա փող ունի։ Մյուսի, այդ անբանի նման չէ։
— Այդ ո՞ր մյուսի,— հարցրեց միստր Հայնսը։
— Քոլգենի,– արհամարհանքով ասաց ծերունին։
— Այդպես եք ասում, որովհետև Քոլգենը բանվո՛ր է։— Ի՞նչ տարբերություն բարի, ազնիվ որմնադրի և պանդոկապանի միջև։ Մի՞թե բանվորն իրավունք չունի քաղաքական խորհրդում ընտրվելու, ինչպես և բոլորը, նա ավելի՛ շատ իրավունք ունի, քան նրանք, ովքեր փայլում են, ովքեր միշտ ուրախ են ծառայելու տիտղոսավոր հասարակությանը։ Ճիշտ չէ՞, Մեթ,— միստր Հայնսը դիմեց միստր Օ՚Քոնորին։
— Իմ կարծիքով, դուք ճիշտ եք,— պատասխանեց միստր Օ՚Քոնորը։
— Նրանցից մեկը հասարակ բանվոր է, առանց որևէ խորամանկության։ Նա գնում է ներկայացնելու բանվոր դասակարգին։ Իսկ այն մյուսը, որին դուք եք վարձվել, լոկ տաքուկ տեղ է փնտրում։
— Իհարկե, բանվոր դասակարգը պետք է ներկայացվի,— ասաց ծերունին։
— Բանվորին,— ասաց միստր Հայնսը,— մի քոռ կոպեկ էլ չի հասնի։ Բայց ամեն ինչ նրա աշխատանքով է ստեղծվում։ Բանվորն իր որդիների, բարեկամների ու եղբայրների համար տաքուկ տեղ չի փնտրում։ Բանվորը Գերմանիայի թագավորին հաճոյանալու համար ցեխը չի կոխի Դուբլինի փառապանծ անունը։
— Այսինքն ինչպե՞ս,— հարցրեց ծերունին։
— Մի՞թե չգիտեք, որ նրանք ուզում են Էդուարդ թագավորին, եթե նա ժամանի հաջորդ տարի, ողջույնի ուղերձ հղել։ Մինչև ե՞րբ պետք է սողանք օտար թագավորի առաջ։
— Մերն ուղերձին կողմ չի քվեարկի,— ասաց միստր Օ՚Քոնորը,— նա նացիոնալիստական ցուցակով է անցնում։
— Չի՞ քվեա՛րկի,— ասաց միստր Հայնսը,— սպասիր, կտեսնենք, կքվեարկի՞, թե՝ չէ։ Ես նրան լավ գիտե՛մ։ Նրան խորամանկ Թիրնեյ կասեն։
— Սատանան տանի, թերևս դուք ճիշտ եք,— ասաց միստր Օ՚Քոնորը,— ինչևէ, կուզենայի իմ փողն ստանալ։
Երեքն էլ լռեցին։ Ծերունին նորից սկսեց մոխիրը մի տեղ կուտակել։ Միստր Հայնսը հանեց շլյապան, թափ տվեց, ապա իջեցրեց պիջակի օձիքը։ Եվ բոլորը տեսան նրա լամբակի մեջ խրած բաղեղի տերևը։
— Եթե նա կենդանի լիներ,— ասաց ծերունին, մատնացույց անելով տերևը,— ողջույնի ուղերձի մասին խոսք անգամ լինել չէր կարող։
— Ճի՛շտ է,— ասաց միստր Օ՚Քոնորը։
— Ա՛հ, աստված նրանց հոգին լուսավորի, ա՛յ թե ժամանակներ էին,— ասաց ծերունին,— այն ժամանակ կյանքը, կարծես, ավելի ուրախ էր։
Սենյակում կրկին լռություն տիրեց, և սառած ականջներով ու անհանգիստ շարժուձեւով մի փոքրիկ մարդ, քիթը ֆսֆսացնելով ներս խցկվեց դռնից։ Արագ մոտեցավ օջախին այնպես շփելով ձեռքերը, ասես ուզում էր դրանցից կայծեր կորզել։
— Փող չկա, տղերք,— ասաց նա։
— Նստե՛ք այստեղ, միստր Հենչի,— իր աթոռն առաջարկեց ծերունին։
— Մի՛ անհանգստացեք, Ջեք, մի՛ անհանգստացեք,— ասաց միստր Հենչին։
Գլխի թեթև շարժումով նա ողջունեց միստր Հայնսին եւ նստեց ծերունու առաջարկած աթոռին։
— Օնգիր սթրիթում բոլորին այցելեցի՞ք,— հարցրեց նա միստր Օ՚Քոնորին։
— Այո,— հուշատետրը գտնելու համար գրպանները փորփրելով, պատասխանեց միստր Օ՚Քոնորը։
— Գրայմսի՞ն։
— Այո։
— Դե, իսկ նա՞…
— Ոչինչ չի խոստանում։ Ասում է․ «Ոչ ոքի չեմ ասի, թե ում կողմն եմ պատրաստվում քվեարկել»։ Բայց, կարծում եմ, նրա գործերը հաջող կգնան։
— Ինչո՞ւ եք այդպես կարծում։
— Նա ինձ հարցրեց, ովքեր են ներկայացնում թեկնածուին։ Ես քահանա Բերքի անունը տվեցի։ Կարծում եմ ամեն ինչ բարեհաջող կլինի։
Միստր Հենչին քիթը ֆսֆսացնելով սկսեց արագ֊արագ ձեռքերը շփել կրակի վրա։ Հետո ասաց․
— Աստծո սիրուն, Ջե՛ք, մի քիչ էլ ածուխ բերեք։ Այնտեղ պետք է որ մի քիչ մնացած լինի։
Ծերունին դուրս եկավ սենյակից։
— Ոչինչ չի ստացվում,— գլուխն օրորելով ասաց միստր Հենչին,— ես այդ ողորմելուն հարցրի, իսկ նա պատասխանեց․ «Դե՜, միստր Հենչի, այժմ, երբ տեսնում եմ, որ գործերը լավ են գնում, ձեզ չեմ մոռանա, համոզված եղեք»։ Քոսոտի՛ մեկը։ Է՜հ, նրանից էլ ի՞նչ սպասես։
— Ես քեզ ասացի չէ՞, Մեթ,— ասաց միստր Հայնսը,— Խորամա՜նկ Թիրնեյ։
—Օ՜, այն էլ ինչպիսի՜ խորամանկ,— ասաց միստր Հենչին,— իզուր չէ, որ նա մանր, խոզային աչքեր ունի։ Գետի՛նը մտնի։ Մի՞թե չի կարող մարդավարի վճարել, առանց նման խոսքերի․ «Դե, միստր Հենչի, սկզբում ես պետք է խորհրդակցեմ միստր Ֆանինգի հետ… Առանց այդ էլ շատ եմ ծախսել»։ Քոսոտ լակոտ։ Երևի մոռացել է այն ժամանակները, երբ հայրը Մերի֊Լեյնի վրա հնոտիներ էր վաճառում։
— Իսկ դա հաստա՞տ է,— հարցրեց միստր Օ՚Քոնորը։
— Աստվա՜ծ իմ, այդ էր պակաս,— ասաց միստր Հենչին,— մի՞թե չեք լսել։ Կիրակի օրերը առավոտյան, երբ գարեջրատները դեռ փակ էին, պատահում էր, որ մարդիկ մտնում էին նրա մոտ բաճկոնակ կամ շալվար գնելու։ Բա՛։ Իսկ Խորամանկ Թիրնեյի խորամանկ հայրը միշտ էլ որևէ անկյունում մի սեւ շիշ էր պահում։ Հիմա հասկանո՞ւմ եք, ինչն ինչոց է։ Ահա այնտեղ էլ նա լույս աշխարհ եկավ։
Ծերունին վերադարձավ, բերելով ածխի մի քանի կտորներ ու գցեց կրակի մեջ։
— Լավ վիճակ է, ինչ խոսք,— ասաց միստր Օ՚Քոնորը,— եթե չի ուզում քսակը բանալ, էլ ի՞նչ հույս ունի, թե կաշխատենք իր համար։
— Ոչնչով չեմ կարող օգնել,— ասաց միստր Հենչին,— երբ տուն գնամ, գուցե հյուրասենյակում արդեն գույքս վերգրողների հանդիպեմ։
Միստր Հայնսը ծիծաղեց եւ օջախից ետ֊ետ գնալով, ուզում էր սենյակից դուրս գալ։
— Ամեն ինչ կկարգավորվի, երբ արքա Էդդին ժամանի,— ասաց նա,— դե՛, ես գնացի, տղանե՛ր։ Դեռ կտեսնվենք։ Ցտեսությո՛ւն։
Նա դանդաղ քայլերով դուրս եկավ սենյակից։ Ո՛չ միստր Հենչին և ո՛չ էլ ծերունին չպատասխանեցին, սակայն երբ դուռը ծածկվեց, միստր Օ՚Քոնորը, որ մռայլ հայացքով նայում էր կրակին, հանկարծ բացականչեց․
— Ցե՚, Ջո։
Միստր Հենչին մի քանի րոպե սպասեց եւ ապա գլխով դռան կողմը ցույց տվեց։
— Ասացե՛ք ինձ,— հարցրեց նա,— ի՞նչն է մեր ընկերոջն այստեղ բերել։ Նրան ի՞նչ է հարկավոր։
— Է՜հ, խեղճ Ջո,— ծխախոտի մնացուկը կրակի մեջ նետելով ասաց միստր Օ՚Քոնորը,— նա էլ մեզ պես առանց գրոշի է մնացել։
Միստր Հենչին քիթն ուժեղ ֆսսացրեց եւ այնպես առատ թքեց, որ քիչ մնաց հանգցներ կրակը, այն թշշաց ի նշան բողոքի։
— Եթե ուղում եք իմ անձնական, անկեղծ կարծիքն իմանալ,— ասաց,— ինձ թվում է, նա հակառակորդ խմբից է և Քոլգենի լրտեսն է, ահա թե ինչ կասեմ։ Գնացեք եւ հոտոտեք, թե նրանք ինչ են անում։ Նրանք ձեզ չեն կասկածի։ Գլխի ընկա՞ք։
— ՉԷ՜, խեղճ Ջոն կարգին մարդ է,— ասաց միստր Օ՚Քոնորը։
— Նրա հայրն ազնիվ ու օրինավոր մարդ էր,— համաձայնեց միստր Հենչին,— խեղճ ծերուկ Լարրի Հայնսը։ Իր ժամանակ շատերին է օգնել։ Բայց ինչ֊որ կասկածում եմ․ թե մեր ընկերը մաքուր ջրի գոհար է։ Գրո՛ղը տանի, գիտեմ, որ մարդը կարող է հայտնվել ծանր վիճակում, բայց թե ինչպես է նա դառնում պորտաբույծ, այ դա չեմ հասկանում։ Մի՞թե նրա մեջ մարդկային արժանապատվության նշույլ չկա։
— Ես նրան միշտ սառն եմ ընդունում,— ասաց ծերունին,— թող իր կողմնակիցների համար աշխատի եւ ոչ թե լրտեսություն անի այստեղ։
— Չգիտեմ,— երկմտանքով ասաց միստր Օ՚Քոնորը, հանելով ծխախոտն ու թուղթը,— իմ կարծիքով Ջո Հայնսն ազնիվ մարդ է և վարպետ գրիչ ունի։ Հիշո՞ւմ եք, թե ինչ էր գրել…
— Ես կասեի, որ այս ֆենյաններն ու ռադիկալները շատ (Ֆենյաններ— հին իռլանդերեն իռլանդական անտիկ ժողովրդի անունը։ Այդպես են անվանում իռլանդացիների գաղտնի ընկերության անդամներին ԱՄՆ֊ում և Իռլանդիայոլմ, որոնք պայքարում են Իռլանդիան անգլիական լծից ազատագրելու համար) են խորամանկ,— նկատեց միստր Հենչին,— ուզո՞ւմ եք իմ անձնական ու անկեղծ կարծիքն իմանալ այդ խեղկատակների մասին։ Նրանց կեսը վարձ է ստանում ոստիկանությունից։
— Չի իմացվի,— ասաց ծերունին։
— Բայց ես հո գիտեմ, որ դա ճիշտ է,— ասաց միստր Հենչին,— նրանք ոստիկանության կամակատարներն են… Հայնսի մասին չեմ ասում… Ոչ, գրողը տանի, կարծում եմ, նա այդպիսին չէ… Բայց մի ազնվականիկ կա, շեղաչքի մեկը, հասկանում եք չէ՞, թե որ հայրենասերին եմ ակնարկում։ Միստր Օ՚Քոնորը գլխով արեց։
— Եթե ուզում եք իմանալ, նա ծագում է մայոր Սըրրի սերնդից։ Օ՜, զտարյուն հայրենասեր է։ Մի մարդ, որ կարող է հայրենիքը ծախել չորս պենսի համար և նույնիսկ ծնկաչոք աղոթել ամենազոր աստծուն, եթե հայրենիք ունենա ծախելու։
Դուռը թակեցին։
— Մտե՛ք,— ասաց միստր Հենչին։
Դռան մեջ երեւաց աղքատ եկեղեցականի կամ ավելի ճիշտ աղքատ դերասանի տեսքով մի մարդ։ Սերթուկը, որի բոլոր կոճակները կոճկած էին, պինդ գրկել էր նրա կարճ իրանը և հնարավոր չէր ասել, օձիքը արդյոք հոգևորականի՞ է, թե՝ աշխարհիկի, որովհետև հնամաշ սերթուկի օձիքը, որի մաշված կոճակներն անդրադարձնում էին մոմի լույսը, բարձրացված էր մինչև ականջները։ Գլխին կլոր, սև պինդ կտորից կարված ֆետրե գլխարկ կար։ Դեմքը, որ փայլում էր անձրևի կաթիլներից, նման էր հնացած դեղին տանուի, և միայն այտոսկրերի վրա էին երկու վարդագույն բծեր նշմարվում։ Նա անսպասելիորեն բաց արեց իր հսկայական բերանը, որ արտահայտի հուսախաբություն և միաժամանակ լայն բացեց իր պայծառ, երկնագույն աչքերը, որպեսզի հաճույք եւ հիացմունք արտահայտի։
— Օ՜, հայր Քեոն,— տեղից վեր թռավ միստր Հենչին,— այդ դո՞ւք եք։ Դե, նե՛րս եկեք։
— Ո՛չ․ ո՛չ,— արագ֊արագ պատասխանեց հայր Քեոնը, շրթունքներն ուռցնելով, կարծես խոսում էր երեխայի հետ։
— Նե՛րս եկեք, նստե՛ք։
— Ո՛չ, ո՛չ,— ասաց հայր Քեոնը ցածր, քնքուշ թավշյա ձայնով,— չեմ ուզում ձեզ խանգարել։ Պարզապես միստր Ֆանինգին եմ փնտրում։
— Նա մոտերքում է, «Սև Արծիվում»,— ասաց մհստր Հենչին,— բայց գուցե նե՞րս գայիք ու նստեի՞ք մի րոպե։
— Ո՛չ, ո՛չ, շնորհակալություն։ Նրա հետ մի փոքր գործ ունեմ,— ասաց հայր Քեոնը,— խորի՛ն շնորհակալություն։
Նա շեմից ետ գնաց, և միստր Հենչին մոմակալներից մեկը ճանկելով, վազեց դեպի դուռը՝ սանդղահարթակը լուսավորելու համար։
— Օ՜, մի՛ անհանգստացեք, խնդրում եմ։
— Ի՞նչ եք ասում, աստիճանների վրա շատ մութ է։
— Ո՛չ, ո՛չ, ես տեսնում եմ… Խորապես շնորհակալ եմ։
— Հիմա արդեն տեղ կհասնե՞ք։
— Այո՛, այո՛… Շնորհակալ եմ։
Միստր Հենչին վերադարձավ և մոմակալը դրեց սեղանին։ Նորից նստեց օջախի մոտ։ Մի քանի վայրկյան բոլորը լուռ էին։
— Լսեք, Ջոն,— ասաց միստր Օ՚Քոնորը, նորից մի քարտ վերցնելով և ծխախոտը վառելով։
— Հը՞մ։
— Ո՞վ է սա իսկապես։
— Մի ավելի հեշտ հարց տուր,— ասաց միստր Հենչին,— Ֆանինգն ու նա իրարից անբաժան են։ Հաճախ են միասին Քևենի մոտ լինում։ Նա իսկապե՞ս քահանա է։
— Հը՛… ոնց որ թե… Իմ կարծիքով նա այն է, ինչը քոսոտ ոչխար է կոչվում։ Մեզ մոտ, փառք աստծո, սրա նմանները քիչ են, բայց դեռ կան… Երեւի բախտր չի բերել…
— Իսկ ինչպե՞ս է փող աշխատում,— հարցրեց միստր Օ՚Քոնորը։
— Դա էլ մի ուրիշ հանելուկ է։
— Նա անդա՞մ է որեւէ մատուռի, եկեղեցու կամ միաբանության և կամ…
— Ո՛չ,— պատասխանեց միստր Հենչին,— կարծում եմ, ինքն իր գլխի տերն է… ներիր ինձ, տեր իմ,— ավելացրեց,— որովհետև կարծում էի, թե մի դյուժին գարեջուրն է ժամանում։
— Իսկ խմելու հույս կա՞,— հարցրեց միստր Օ՚Քոնորը։
— Իմ կոկորդն էլ է չորացել,— ասաց ծերունին։
— Ես այդ անբանին երեք անգամ հարցրի, արդյո՞ք մի դյուժին գարեջուր կուղարկի,— ասաց միստր Հենչին,— քիչ առաջ նորից հարցրի, իսկ նա բաճկոնակն հագին, հենվել էր վաճառասեղանին և փսփսում էր Օլդերման Քաուլիի հետ։
— Ինչո՞ւ չհիշեցրիք,— ասաց միստր Օ՚Քոնորը։
— Դե, մինչ նա խոսում էր Օլդերման Քաուլիի հետ, ես սպասեցի, որ ինքը նկատի ինձ, և ասացի․ «Այն փոքրիկ գործը, որի մասին ձեզ հետ խոսում էի»…։ «Ամեն ինչ լավ կլինի, միստր Հ․» — ասաց։ Իհա՛րկե, այդ մատնաչափիկը մեր մասին լրիվ մոռացել է։
— Այդ թաղամասում ինչ֊որ բան է կազմակերպվում,— մտահոգված ասաց միստր Օ՚Քոնորը,— երեկ տեսա, թե ինչպես այդ երեքը փսփսում էին Սաֆոք սթրիթի անկյունում։
— Կարծես գուշակում եմ, թե ինչ մտադրություն ունեն,— ասաց միստր Հենչին։— Մեր օրերում, եթե ուզում եք լորդ– քաղաքագլուխ դառնալ պետք է փող պարտք անեք քաղաքի հայրերից։ Այն ժամանակ նրանք ձեզ գլխավոր լորդ֊քաղաքագլուխ կդարձնեն։ Աստված վկա, ինքս էլ եմ մտադիր քաղաքի հայր դառնալ։ Ի՞նչ եք կարծում, հարմա՞ր եմ։
Միստր Օ՚Քոնորը ծիծաղեց։
— Եթե ամեն ինչ փող պատք անելու մեջ է…
— Դղյակից դուրս կգամ դիմակով և թավիշով զուգված,— ասաց միստր Հենչին,— իսկ Զեքը՝ ետևս կանգնած, շպարված պարիկով… է՜հ…
— Իսկ ինձ քո անձնական քարտուղարը դարձրու, Ջո՛ն։
— Անպայման։ Հայր Քեոնին էլ՝ անձնական խոստովանահայր։ Եվ բոլորս մի ընտանիք կկազմենք։
— Ճիշտ է, մի՛ստր Հենչի,— ասաց ծերունին,— դուք մյուսների նման ագահ չեք լինի։ Օրերս խոսում էի ծերուկ Քեգենի՝ դռնապանի հետ։ «Տեր՛դ քեզ դուր գալի՞ս է, Փե՛թ,— հարցնում եմ նրան,— երևում է, հյուրերի հոսքը այնքան էլ շատ չի»։ «Ի՞նչ հյուրեր,— պատասխանում է,— ինքն ի՛նչ է ուտում»։ Եվ գիտե՞ք, նա ինձ ինչ ասաց։ Բայց, ճիշտն ասած, չեմ հավատում։
— Ի՞նչ ասաց,— միասին հարցրին միստր Հենչին ու միստր Օ՚Քոնորը։
— Նա ինձ ասաց «Ի՞նչ կասես, եթե Դուբլինի քաղաքագլուխն ինձ կրպակ է ուղարկում մի ֆունտ կոտլետի համար; Ահա՛ քեզ հարուստ կյանք»։ «Չէ մի»,– ասում եմ։ «Մի ֆունտ կոտլետ քաղաքագլխի համար»,— ասում է։ «Էհ,— ասում եմ,— մարդիկ այս ի՜նչ են դարձել»։
Դուռը թակեցին, եւ մի տղայի գլուխ ներս խցկվեց դռնից։
— Ի՞նչ կա,— հարցրեց ծերունին։
— «Սև Արծիվից» ,— ասաց տղան, կողքի վրա ներս խցկվեց և շշերով լի զամբյուղն ուժգին շրխկոցով դրեց հատակին։
Ծերունին տղային օգնեց շշերը զամբյուղից սեղանի վրա տեղափոխել և հաշվեց բոլորը։ Հետո տղան զամբյուղը թևին գցեց ու ասաց․
— Իսկ շշե՞րը, միստր։
— Ի՞նչ շշեր,— հարցրեց ծերունին։
— Թույլ չէ՞իք տա սկզբում դրանք դատարկել,— ասաց միստր Հենչին։
— Ինձ հրամայել են շշերը ետ տանել։
— Վաղն արի,— ասաց ծերունին։
— Լսի՛ր, տղա,— կանչեց միստր Հենչին,— վազիր Օ՚Ֆարելի մոտ և խցանահանն ուզիր, ասա միստր Հենչիի համար է։ Ասա, որ հենց հիմա կվերադարձնենք։ Զամբյուղդ այստեղ թող։
Տղան դուրս գնաց, և միստր Հենչին ձեռքերն ուրախ– ուրախ շփելով, ասաց․
— Դե, նա այնքան էլ վատ մարդ չէ։ Ամեն դեպքում, խոսքի տերն է։
— Բաժակներ չկան,— ասաց ծերունին։
— Մի անհանգստացեք, Ջե՚ք,— ասաց միստր Հենչին,— մեզանից առաջ էլ շատ ու շատ լավ մարդիկ շշից են խմել։
— Ինչևէ, ավելի լավ է այդպես, քան ոչինչ,— ասաց միստր Օ՚Քոնորը։
— Նա վատ մարդ չէ,— ասաց միստր Հինչին,— միայն թե Ֆանինգը նրան իր բուռն է հավաքել։ Դուք գիտեք, որ նա իր մանր առևտրով էլ շատ լավ է ապրում։
Տղան վերադարձավ խցանահանը ձեռքին։ Ծերունին երեք շիշ բաց արեց և խցանահանը տղային էր վերադարձնում, երբ միստր Հենչին ասաց․
— Խմել չե՞ս ուզում, տղա։
— Եթե կարելի է, միստր,— ասաց տղան։
Ծերունին տհաճությամբ մի շիշ էլ բաց արեց ու տվեց տղային։
— Քանի՞ տարեկան ես,— հարցրեց։
— Տասնյոթ,— պատասխանեց տղան։
Քանի որ ծերունին այլևս ոչինչ չասաց, տղան վերցրեց շիշն ու ասաց միստր Հենչիին․ «Իմ լավագույն մաղթանքները, սըր», հետո խմեց գարեջուրը, շիշը դրեց սեղանին և թևքով սրբեց բերանը։ Ապա վերցրեց խցանահանը և մի կողմ քաշվելով դուրս եկավ՝ քթի տակ հրաժեշտի ինչ֊որ բառեր փնթփնթալով։
— Հենց այսպես էլ սկսում են,— ասաց ծերունին։
— Համեստ, բայց խոստումնալից սկիզբ,— ասաց միստր Հենչին։
Ծերունին բաժանեց բաց արած երեք շշերը, և երեքն էլ միաժամանակ սկսեցին խմել։ Մի քիչ խմելուց հետո շշերը դրեցին օջախահարթակի վրա, այնպես, որ ձեռները հասնեն, և մեծ բավականությամբ խոր հոգոց հանեցին։
— Այսօր լավ աշխատեցի,— որոշ դադարից հետո խոսեց միստր Հենչին։
— Իսկապե՞ս, Ջոն։
— Այո, Քրոֆթոնի հետ Դաուսոն սթրիթի վրա մի զույգ ձայն հավաքագրեցի։ Մեր մեջ ասած, Քրոֆթոնն իհարկե լավ մարդ է, բայց նախընտրական ագիտացիայի համար պիտանի չէ։ Լռում է, ինչպես ձուկը։ Կանգնում և մարդկանց է նայում։ Մինչդեռ ես եմ նրա փոխարեն բլբլացնում։
Այդ պահին երկու հոգի ներս մտան։ Նրանցից մեկն այնքան գեր էր, որ թվում էր, թե երկնագույն շևիոտից կոստյումի բոլոր կարերը ճարճատում էին նրա փքված մարմնի շարժումներից։ Դեմքը, որի արտահայտությունը ցլիկ էր հիշեցնում, լայն էր, աչքերը՝ դուրս պրծած, իսկ բեղերն արդեն ճերմակում էին։ Մյուսը, որ ավելի երիտասարդ ու բարակ էր, նիհար, մաքուր սափրած դեմք ուներ։ Շատ բարձր ծալովի օձիքով էր ու բոլորաձև գլխարկ էր դրել։
— Բա՛րև, Քրոֆթոն,— ասաց միստր Հենչին հաստլիկին,— շան անունը տուր…
— Խմի՞չքը որտեղից,— հարցրեց երիտասարդը, — մի՞թե մեր կովը ծնել է։
— Դե, իհարկե, Լայոնսն առաջին հերթին խմելու հոտն առավ,— ծիծաղելով ասաց միստր Օ՚Քոնորը։
— Այդպե՞ս եք այցելում ընտրողներին,— հարցրեց միստր Լայոնսը,— իսկ ես ու Քրոֆթոնն այս անձրևին ու ցրտին ձայների հետևից ենք ընկել։
— Վայ, ձե՛ր…,— ասաց միստր Հենչին,— ես հինգ րոպեում ավելի շատ ձայն կհավաքեմ, քան դուք երկուսով մի շաբաթում։
— Երկու շիշ գարեջուր բաց արեք, Ջե՛ք,— ասաց միստր Օ՚Քոնորը։
— Ինչպե՞ս,— զարմացավ ծերունին,— երբ խցանահան չկա։
— Սպասեք, սպասեք,— տեղից վեր թռավ միստր Հենչին,— երբևէ այսպիսի ֆոկուս տեսե՞լ եք։
Նա սեղանից երկու շիշ վերցրեց և տանելով կրակի մոտ, դրեց բուխարիկի ցանցի վրա։ Հետո նորից նստեց օջախի դիմաց և խմեց իր շշից։ Միստր Լայոնսը նստեց սեղանի եզրին, գլխարկը ետ քաշեց ծոծրակին և սկսեց ճոճել ոտքերը։
— Ո՞րն է իմ շիշը,— հարցրեց։
— Այ, սա՛, սիրելիս,— ցույց տվեց միստր Հենչին։ Միստր Քրոֆթոնը նստեց արկղի վրա և անթարթ աչքերով սկսեց նայել ցանցի վրա դրված շշին։ Նա լռում էր երկու պատճառով։ Առաջինը՝ որն ինքնին հիմնավորված էր, այն էր, որ ոչինչ չուներ ասելու, երկրորդը՝ որ իր զրուցակիցներին իրենից ցածր էր դասում։ Նա ձայներ էր հավաքում Ուիլկինսի համար, սակայն երբ պահպանողականները հանեցին իրենց թեկնածուին և, երկու չարիքներից փոքրագույնն ընտրելով, ձայները տվեցին նացիոնալիստների թեկնածուին, նրան հրավիրեցին աշխատելու միստր Թիրնեյի համար։ Մի քանի րոպե անց մի թույլ «թրա՛խկ» լսվեց, միստր Լայոնսի շշի խցանը դուրս թռավ։ Միստր Լայոնսը վեր թռավ տեղից, մոտեցավ օջախին, վերցրեց իր շիշն ու տարավ սեղանի մոտ։
— Քրոֆթոն, ես հենց նոր ասում էի,— խոսեց միստր Հենչին, որ քեզ հետ միասին այսօր բավականին ձայներ ենք հավաքել։
— Ո՞ւմ եք հավաքագրել,— հարցրեց միստր Լայոնսը։
— Նախ և առաջ Փարքսին, հետո Աթքինսոնին, նաեւ Ուորդին՝ Դաուսոն սթրիթից։ Հիանալի ծերուկ է, իսկական ջենտլմեն, հին պահպանողական։ «Բայց չէ՞ որ ձեր թեկնածուն նացիոնա՛լիստ է»,– ասում է։ «Հարգարժան մարդ է,— ասում եմ, — նա կպաշտաանի այն ամենը, ինչ կարող է մեր երկրին օգուտ բերել։ Ինքն էլ մեծ հարկեր է վճարում, քաղաքի կենտրոնում ընդարձակ տներ ունի, երեք գրասենյակ, և մի՞թե նրա շահերի օգտին չէ հարկերի իջեցումը։ Նա երևելի և մեծարգո քաղաքացի է,— ասում եմ,— աղքատախնամ ընկերության հոգաբարձու և ոչ մի կուսակցության չի պատկանում՝ ո՛չ լավին, ո՛չ վատին և ոչ էլ միջակին»։— Ահա թե ինչպես պետք է դրանց հետ խոսել։
— Իսկ թագավորական ուղերձի՞ մասին,— հարցրեց միստր Լայոնսը, պորտերը խմելուց և շուրթերը չպպացնելուց հետո։
— Ահա թե ինչ կասեմ,— պատասխանեց միստր Հենչին,— մեր երկրում, ինչպես ծերուկ Ուորդին ասացի, մեզ կապիտալ է հարկավոր։ Թագավորի ժամանումը փողի հոսք է դեպի այս երկիրը։ Դուբլինցիները դրանից կշահեն։ Ապա նայիր առափնյա այդ բոլոր գործարաններին— դրանք կանգնած են։ Տես, թե որքան փող կլինի երկրում, եթե հին արդյունաբերությունը վերականգնվի՝ գործարաններ, նավաշինարաններ և ֆաբրիկաներ։ Կապիտալ՝ ահա թե ինչ է մեզ պետք։
— Բայց լսիր, Ջոն,— ասաց միստր Օ՚Քոնորը,— ինչո՞ւ պետք է Անգլիայի թագավորին ողջունենք։ Չէ որ ինքը, Պառնելը…
— Պառնելը մեռած է,— ասաց միստր Հենչին,— ահա թե որն է իմ տեսակետը։ Այժմ այդ պատանյակն է գահ բարձրանում, այն բանից հետո, երբ պառավ մայրը նրան հեռու պահեց բոլոր գործերից այնքան ժամանակ, մինչև որ տղայի մազերը ճերմակեցին։ Նա աշխարհիկ մարդ է և մեր հանդեպ լավ է տրամադրված։ Լավ տղա է և շատ բարեկիրթ, եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ, և հիմարություններ անող չէ։ Նա այսպես է մտածում․ «Պառավը երբեք չէր այցելում այդ վայրենի իռլանդացիներին։ Սատանան տանի, ինքս կգնամ ու կտեսնեմ, թե նրանք ինչպիսին են»։ Եվ ի՞նչ, մենք պետք է վիրավորե՞նք այդ մարդուն, որ մեզ այցելում է բարեկամաբար։ Հը՞, ճիշտ չե՞մ ասում, Քրոֆթոն։
Միստր Քրոֆթոնը գլխով արեց։
— Սակայն, վերջիվերջո,— հաստատորեն ասաց միստր Լայոնսը,— Էդուարդ թագավորի կյա՛նքը, գիտեք, այնքան էլ…
— Անցածը ետ չի դառնա,— ասաց միստր Հենչին,— ես ինքս հիացած եմ նրանով։ Նա էլ ինձ ու ձեր նման ամենասովորական շվայտ մարդկանցից է։ Խմելուն դեմ չէ, հավանաբար նաև կնամոլ է, լավ էլ մարդիկ է։ Դե, գրո՛ղը տանի, մի՞թե մենք՝ իռլանդացիներս, արդար լինել չենք կարող։
— Այդ ամենը հիանալի է,— ասաց միստր Լայոնսը,– բայց այժմ եկեք նայենք Պառնելի գործին։
— Աստծո սիրուն,— ասաց միստր Հենչին,— ո՞րն է այստեղ համանմանությունը։
— Ուզում եմ ասել,— շարունակեց միստր Լայոնսը,— որ մենք մեր իդեալներն ունենք։ Հանուն ինչի՞ պետք է ողջունենք նման մարդուն։ Մի՞թե կարծում եք, թե Պառնելը, այն ամենից հետո, ինչ արեց, մեզ հարմար առաջնորդ էր։ Եվ ինչո՞ւ պետք է ողջունենք Էդուարդ Յոթերորդին։
— Այսօր Պառնելի մահվան տարելիցն է,— ասաց միստր Օ՚Քոնորը,— եկեք հին դարմանը քամուն չտանք։ Այժմ, երբ նա մեռել֊գնացել է, բոլորս էլ հարգում ենք նրան, նույնիսկ պահպանողականները,— ավելացրեց նա, շրջվելով դեպի միստր Քրոֆթոնը։
Թրա՛խկ։ Ուշացած խցանը թռավ միստր Քրոֆթոնի շշից։ Նա վեր կացավ արկղի վրայից ու մոտեցավ կրակին։ Վերադարձավ ավարը ձեռքին և խուլ ձայնով ասաց․
— Պառլամենտում մեր կողմնակիցները հարգում էին նրան, որովհետև նա ջենտլմեն էր։
— Ճի՛շտ է, Քրոֆթոն,— ոգևորված արձագանքեց միստր Հենչին,— նա միակ մարդն էր, որ կարողանում էր զսպել այդ հրոսախումբը։ «Լռեցե՛ք, շներ։ Զգա՛ստ, լակոտներ»։ Այսպես էր խոսում նրանց հետ։ Ներս եկեք, Ջո։ Ներս եկեք,— բղավեց նա, դռների մեջ նկատելով միստր Հայնսին։
Միստր Հայնսը ղանդաղ ներս քայլեց։
— Սի շիշ էլ բաց արեք, Ջեք,— ասաց միստր Հենչին,— Օ՚, մոռացել էի, որ խցանահան չունենք։ Ոչինչ, մի շիշ տվեք դնեմ կրակի վրա։
Ծերունին շիշը նրան մեկնեց, և միստր Հենչին այն տեղավորեց ցանցի վրա։
— Նստեք, Ջո,— ասաց միստր Օ՚Քոնորը,— հենց նոր առաջնորդի մասին էինք խոսում։
— Այո, այո,— ասաց միստր Հենչին։
Միստր Հայնսը նստեց սեղանի եզրին, միստր Լայոնսի կողքին, սակայն ոչինչ չասաց։
— Ահա, ի վերջո, մեկը, որ նրանից երես չի թեքել,— ասաց միստր Հենչին։— Աստված վկա, ապրե՛ք, Ջո։ Բայց դուք իսկապես նրա կողմն եք կանգնում, ինչպես վայել է իսկական տղամարդուն։
— Լսեք, Ջո,— հանկարծ ասաց միստր Օ՚Քոնորը,— արտասանեք այն բանաստեղծությունը… որ գրել եք…հիշո՞ւմ եք։ Անգիր գիտե՞ք։
— Օ՚, իսկապես,— ասաց միստր Հենչին,— արտասանեք։ Երբևէ լսե՞լ եք, Քրոֆթոն։ Դե հիմա լսեք, սքանչելի բանաստեղծություն է։
— Սկսե՛ք, Ջո,— խնդրեց միստր Օ՚Քոնորը,— դե՛, առանց վախենալու։
Երևում էր, որ միստր Հայնսն իսկույն չհիշեց այն բանաստեղծությունը, որի մասին խոսում էին, սակայն մի պահ մտածելով ասաց․
— Ա՜, այդ բանաստեղծությունը… շատ վաղուցվա բան է։
— Դե լավ, մի համառեք,— ասաց միստր Օ՚Քոնորը։
— Շը՜շ,— բոլորին լռեցրեց միստր Հենչին,— սկսեք, Ջո։
Միստր Հայնսը դեռ տատանվում էր։ Հետո համընդհանուր լռության մեջ հանեց գլխարկը, դրեց սեղանին և ոտքի կանգնեց։ Կարծես մտքում բանաստեղծությունն էր կրկնում։ Երկարատև ընդմիջումից հետո հայտարարեց․
Պառնելի մահը
6֊ը հոկտեմբերի 1891 թվականի
Ապա մի քանի անգամ մաքրելով կոկորդն, սկսեց արտասանել․
Վախճանվել է, արքան չկա,
Վիշտդ ողբա, դժբախտ Էրին,
Անշունչ, կարծես, խոսում է նա՝
Անմեղ զոհը չար դավերի։
Թունավորեց չար ոհմակը,
Որին նա էր փառքի կոչում,
Ծեր Էրինի երազանքը
Դիի մոտ է արդեն հանգչում։
Եվ հյուղ լինի, թե ճոխ պալատ,
Իռլանդ սիրտը ուր էլ թևի,
Ողբում է միշտ ու անընդհատ
Ճակատագիրն իր արքայի։
Նա փառք պիտի բերեր երկրին,
Զինվորներին՝ անմար փառքի,
Դեպի երկինք պարվեր պիտի
Կանաչ դրոշն հայրենիքի։
Հոգու ձգտումն ազատության
Ավա՛ղ, միայն երազ մնաց,
Քիչ էր մնում հասներ դրան,
Բայց նա ընկավ սրից դաժան։
Ամո՛թ նրա խարդախ ձեռքին,
Որ սպանեց տիրոջն արի,
Հանձնեց ստոր, սև ոհմակին
Չար ու զազիր կավատների։
Անե՛ծք նրանց հիշատակին,
Ով որ վարձեց անունը մեծ
Անարգել ու ցեխը գցել—
Նա իր վառքով նրանց մերժեց։
Այո՛, ընկավ քաջի նման,
Բայց վեհ մնաց նա մինչ ի մահ,
Եվ այդ մահով դասիր նրան
Հերոսներիդ շարքում անմահ։
Եվ պայքարի ոչ մի հնչյուն
Չի խանգարում քունը բարի,
Հիմա նրան էլ չեն կանչում
Գագաթները վսեմ փառքի։
Ու, հաղթեցին ստոր մարդիկ,
Էրին, նրա հոգին արի
Վեր կհսանի ինչպես փյունիկ,
Երբ արշալույսը շառագի։
Այդ օրն, Էրի՛ն, կբերի քեզ
Ազատության իշխանություն,
Խինդի գավաթ կբարձրացնես
Հիշատակին մեծ Պառնելի։
Միստր Հայնսը նորից նստեց սեղանին։ Երբ վերջացրեց արտասանությունը, լռություն տիրեց, ապա բուռն ծափահարությունների տարափ, նույնիսկ միստր Լայոնսն էր ծափահարում։ Միառժամանակ ծափահարությունները շարունակվեցին։ Երբ դադարեցին, հանդիսականները լուռ խմեցին իրենց շշերով։
Թը՛րխկ։ Խցա՛նը դուր՛ս թռավ միստ՛ր Հայնսի շշից, բայց նա, առանց գլխարկի եւ ամբողջովին կարմրատակած, նստած մնաց սեղանին։ Կարծես չէր լսել շշի ձայնը։
— Ապրե՛ք, Ջո,— ասաց միստր Օ՚Քոնորը եւ հուզմունքը թաքցնելու համար գրպանից հանեց ծխախոտաթուղթն ու քսակը։
— Դե, ի՞նչ կարծիքի եք, Քրոֆթոն,— բղավեց միստր Հենչիս,— սքանչելի էր, չէ՞։
Միստր Քրոֆթոնն ասաց, որ դա հիանալի բանաստեղծություն էր։
- ↑ Բաղեղի օր— Հոկտեմբերի 6ը՝ Չարլզ Ստյուարտ Պառնելի մահվան տարելիցը։ Պառնելի այն կողմնակիցները, որոնք հավատարիմ են մնացել նրա հիշատակին, այդ օրը լամբակների մեջ բաղեղի տերևներ են կրում (ծ․ թ․)