Վերջին թարմացում 13 Հոկտեմբերի 2013, 20:19
Տասներկու աթոռ

հեղինակ՝ Իլֆ եւ Պետրով
թարգմանիչ՝ Ա․Մ․ Ղազարյան
աղբյուր՝ «Տասներկու աթոռ։ Ոսկե հորթը»

Ստարգորոդի առյուծը

Բեզենչուկը և «Հավերժահարսները»

Գավառական N քաղաքում այնքան վարսավիրանոցներ և թաղման արարողությունների բյուրոներ կային, որ թվում էր, թե քաղաքի բնակիչները ծնվում են հենց միայն նրա համար, որ սափրվեն, խուզվեն, գլուխները թարմացնեն վեժետալով և անմիջապես մեռնեն։ Մինչդեռ իրականում գավառական N քաղաքում մարդիկ բավականին հազվադեպ էին ծնվում, սափրվում և մեռնում։ Խիստ խաղաղ էր ընթանում քաղաքի կյանքը։ Գարնանային երեկոները արբեցնող էին, լուսնի տակ ցեխը փայլփլում էր անտրացիտի պես, և քաղաքի ամբողջ երիտասարդությունը այն աստիճանի էր սիրահարված կոմունալնիկների տեղկոմի քարտուղարուհու վրա, որ այդ բանը խանգարում էր նրան անդամավճարներ հավաքելու։

Սիրո և մահվան հարցերը չէին հուզում Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովին, թեև ամեն օր ի պաշտոնե նա տնօրինում էր այդ հարցերը առավոտվա ժամը իննից մինչև երեկոյան հինգը՝ նախաճաշի կեսժամյա ընդմիջումով։

Առավոտները սառը բաժակով խմելով Կլավդյա Իվանովնայի մատուցած իր բաժին տաք կաթը, նա կիսախավար տնակից դուրս էր գալիս ընդարձակ, գարնան արևի շողերով ողողված ընկեր Գուբերնսկու անվան փողոցը։ Դա այն խիստ հաճելի փողոցներից մեկն էր, որոնք հանդիպում են գավառական քաղաքներում։ Ձախ ձեռքի վրա կանաչավուն ալիքավոր ապակիների ետևում արծաթին էին տալիս «Հավերժահարս» թաղման բյուրոյի դագաղները։ Աջում՝ ծեփը թափած փոքրիկ պատուհանների ետևում մռայլորեն շարված էին դագաղագործ վարպետ Բեզենչուկի կաղնե փոշոտ ու տաղտկալի դագաղները։ Այնուհետև «Սափրելու վարպետ Պյեռն ու Կոնստանտինը» իր սպառողներին խոստանում էր «եղունգների խնամք» և «օդուլիանսիոն տանը»։ Ավելի դենը տեղադրված էր հյուրանոց՝ վարսավիրանոցով, իսկ նրա ետևում մեծ ամայի վայրում կանգնել էր դեղնավուն մի հորթ և քնքշորեն լիզում էր ժանգոտ, մենացից դարպասին հենած ցուցանակը․


ԹԱՂՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
«Համեցեք խնդրեմ»

Թեև թաղման բյուրոներ շատ կային, բայց նրանք շատ քիչ պատվիրատուներ ունեին։ «Համեցեք խնդրեմը» սնանկացել էր դեռ երեք տարի առաջ այն օրից, երբ Իպոլիտ Մատվեևիչը բնակություն հաստատեց N քաղաքում, իսկ վարպետ Վեզենչուկը թունդ օղի էր խմում և մի անգամ նույնիսկ փորձեց լոմբարդում գրավ դնել իր լավագույն ցուցադրման դագաղը։

N քաղաքի մարդիկ ուշ֊ուշ էին մեռնում և այդ բանը ամենից լավ գիտեր Իպոլիտ Մատվեևիչը, որովհետև ծառայում էր Զագսում, ուր վարում էր մահերի և ամուսնությունների գրանցման գործը։

Սեղանը, որի ետևում աշխատում էր Իպոլիտ Մատվեևիչը, նման էր հին շիրմաքարի։ Նրա ձախ անկյունը ոչնչացրել էին առնետները։ Վտիտ ոտքերը ցնցվում էին ծխախոտագույն հաստ թղթապանակների ծանրության տակ։ Թղթապանակները լիքն էին գրանցումներով, որոնցից կարելի էր ամեն տեսակ տոհմաբանական տեղեկություններ քաղել քաղաքի բնակիչների և գավառական խղճուկ հողում աճած ծննդաբանական ծառերի մասին։

1927 թվականի ապրիլի 15֊ի ուրբաթ օրը Իպոլիտ Մատվեևիչը սովորականի պես արթնացավ ութի կեսին և անմիջապես քթին դրեց ոսկյա աղեղիկով հնաձև պենսնեն։ Ակնոց նա չէր կրում։ Օրերից մեկ օր, որոշելով, որ պենսնե կրելը հիգիենիկ չէ, Իպոլիտ Մատվեևիչը գնաց ակնոցագործի մոտ և գնեց ակնոց առանց շրջանակի, ոսկեզօծ քեղիներով։ Ակնոցը հենց միանգամից դուր եկավ նրան, բայց կինը (դա նրա մահվանից առաջ էր) գտավ, որ ակնոցով նա տեղովը Միլյուկովն է, և նա ակնոցը տվեց դռնապանին։ Դռնապանը թեպետ և կարճատես չէր, բայց ընտելացավ ակնոցին ու մեծ բավականությամբ կրում էր այն։

― Բոնժուր,― երգեց Իպոլիտ Մատվեևիչը ինքն իրեն, ոտքերն անկողնուց իջեցնելով։ «Բոնժուրը» ցույց էր տալիս, որ Իպոլիտ Մատվեևիչը արթնացել է լավ տրամադրությամբ։ Արթնանալու պահին ասված «գուտ մորգենը» սովորաբար նշանակում էր, որ լյարդը ցավում է, որ հիսուներկու տարին հանաք բան չէ և որ հիմա խոնավ եղանակ է։

Իպոլիտ մատվեևիչը չորիկ֊մորիկ ոտքերը մտցրեց մինչպատերազմյան շալվարի մեջ, կոճերի մոտ կապեց երիզակներով և մտցրեց քառակուսի նեղ քթերով կարճ ու փափուկ սապոգների մեջ։ Հինգ րոպե անց Իպոլիտ Մատվեևիչին զարդարում էր արծաթյա մանր աստղերով պատած լուսնկա ժիլետը և փողփողուն պիջակը։ Լվացվելիս ալեհեր մազերին նստած կաթիլները թափ տալով, Իպոլիտ Մատվեևիչը գազանավարի բեղերը շարժեց, ձեռքով անվճռականորեն շոյեց խորդ ու բորդ կզակը, խոզանակով հարդարեց կարճ խուզած ալյումինե մազերը և քաղաքավարի ժպտալով, ընդառաջեց սենյակ մտնող զոքանչին՝ Կլավդիա Իվանովնային։

―Էպպոլե՜֊ետ,― որոտաց Կլավդիա Իվանովնան,― այսօր ես վատ երազ եմ տեսել։

«Երազ» բառը նա արտասանեց ֆրանսիական առոգանությամբ։

Իպոլիտ Մատվեևիչը բարձրից նայեց զոքանչին։ Նրա հասակը հասնում էր հարյուր ութսունհինգ սանտիմետրի, և այդ բարձրությունից նրա համար հեշտ ու հարմար էր որոշ արհամարանքով վերաբերվել զոքանչին։

Կլավդիա Իվանովնան շարունակեց․

― Ես տեսա հանգուցյալ Մարիին հերարփակ և ոսկե գոտիով։

Կլավդիա Իվանովնայի ձայնի թնդանոթային որոտներից դողում էր չուգունե լամպը իր գնդով և փոշեպատ ապակյա ձողիկներով։

― Ես շատ անհանգստացած եմ։ Վախենում եմ մի բան պատահի։

Վերջին բառերն արտասանվեցին այնպիսի ուժգնությամբ, որ Իպոլիտ Մատվեևիչի գլխի մազերն ալեկոծվեցին այս ու այն կողմ։ Նա դեմքը կնճռոտեց և զատ֊զատ ասաց․

― Ոչինչ չի լինի, մաման։ Ջրի փողն արդեն մուծե՞լ եք։

Պարզվեց, որ չի մուծել։ Կրկնակոշիկներն էլ չէին լվացվել։ Իպոլիտ Մատվեևիչը չէր սիրում իր զոքանչին։ Կլավդիա Իվանովնան հիմար կին էր , և նրա ծեր հասակը թույլ չէր տալիս հուսալու, թե նա երբևէ կխելոքանա։ Անասելի ժլատ էր, և միայն Իպոլիտ Մատվեևիչի չքավորությունը հնարավորություն չէր տալիս այդ հրապուրիչ զգացմունքին ծավալվելու։ Այնպիսի ուժեղ ու թավ ձայն ուներ, որ նրան կնախանձեր անգամ Ռիչարդ Առյուծասիրտը, որի բղավոցից, ինչպես հայտնի է, ձիերը նստում էին։ Եվ բացի այդ,― որ ամենից սարսափելին էր,― Կլավդիա Իվանովնան երազներ էր տեսնում։ Եվ տեսնում էր միշտ։ Երազում նա տեսնում էր գոտկավոր աղջիկներ, դեղին դրագունային եզրակապով ձիեր, տավիղ նվագող դռնապաններ, պահակի մուշտակներով հրեշտակներ, որոնք գիշերը ման են գալիս թակերը ձեռքերին, և գործելու ճաղեր, որոնք զայրացուցիչ ձայներ հանելով թռչկոտում են սենյակում։ Դատարկ պառավ էր Կլավդիա Իվանովնան։ Այդ ամենին ավելացրած այն, որ նրա քթի տակ բեղեր էին բուսել, և ամեն մի բեղը նման էր սափրվելու վրձինի։

Իպոլիտ Մատվեևիչը, փոքր ինչ ջղայնացած, դուրս ելավ տանից։

Իր ձեռից գնացած հաստատության մուտքի մոտ, դռան կողափայտին հենված և ձեռքերը խաչած կանգնել էր դագաղագործ վարպետ Բեզենչուկը։ Իր առևտրական ձեռնարկումների սիստեմատիկ սնանկացումից և թունդ խմիչքների երկարատև գործածությունից վարպետի աչքերը կատվի աչքերի պես դեղնագույն էին դարձել և վառվում էին անշեջ կրակով։

― Հարգա՛նք թանկագին հյուրին,― բղավեց նա շուտասելուկի նման, տեսնելով Իպոլիտ Մատվեևիչին։― Բարի լո՛ւյս։

Իպոլիտ Մատվեևիչը քաղաքավարի կերպով բարձրացրեց կաստորե կեղտոտ շլյապան։

― Ինչպե՞ս է զոքանչիկի առողջությունը, թույլ տվեք իմանալ։

― Մռ֊մռ֊մռ,― անորոշ պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը և, ուղիղ ուսերը թոթվելով, առաջ շարժվեց։

― Է՛հ, աստված առողջություն տա,― դառնությամբ ասաց Բեզենչուկը,― որքա՜ն վնաս ենք կրում, նրա հերն էլ անիծած։

Ու նորից, ձեռքերը կրծքին խաչելով, հենվեց դռանը։

«Հավերժահարս» թաղման բյուրոյի դռների մոտ Իպոլիտ Մատվեևիչին նորից կանգնեցրին։

«Հավերժահարսի» տերերը երեք հոգի էին։ Նրանք միաժամանակ գլուխ տվեցին Իպոլիտ Մատվեևիչին և խմբովին հարցրին զոքանչի առողջության մասին։

― Առողջ է, առողջ,― պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը,― ի՛նչ կարող է լինել։ Այսօր ոսկյա աղջիկ է տեսել, հերարձակ։ Այդպիսի երազ է եղել տեսածը։