հեղինակ՝ Գուրգեն Մահարի |
…Ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ էր ու արյունոտ, իսկ արյունը սեւ՛ էր։
1
Այդ օրը։
Այդ օրը գործարար բակի պետ Իվան Բիչկոն բրուտանոց մտավ անբաժան կարճ մտրակը ձեռքին ետ ու առաջ շարժելով, մի կնոջ ուղեկցությամբ։ Մեծ փորձառություն ունենալու կարիք չկար գուշակելու, որ կինը կալանավորուհի էր եւ պատկանում էր Չիտայից եկած նոր էտապին։ Այդ էին վկայում նրա չարչարված, տնային մոխրագույն թեթեւ վերարկուն, այլեւ ծռված կրունկներով կանացի կիսակոշիկները։
Եթե փորձենք որոշել կնոջ դեմքի գույնը, ապա անվերապահորեն պիտի ասենք, որ կարմիր էր, սակայն այդ կարմրությունը ոչ մի կապ չուներ ոչ բանաստեղծների երգած կարմիր վարդի, ոչ զատկվա կարմիր հավկիթի, ոչ արեւի, ոչ էլ ուրիշ կարմրությունների հետ։ Դա մի գունատ, բծավոր, խաթարված պուտերով կարմրություն էր, որը նրան տալիս էր հիվանդագին տեսք։ Նիհար էր նա կալանավորական նիհարությամբ եւ եթե չլինեին բարակ հոնքերի տակից նայող աշխույժ ու քննող, ավելին, հասկացող աչքերը, ապա կարելի էր նրան ոչ ավելի, ոչ պակաս՝ շարժուն ու թարմ դիակ համարել։
Բրուտանոցը վաղուց կին չէր տեսել։ Լյալյայի հետ կապված հիշողությունների վերջին մուժ ու փոշին տարավ իր հետ Սանոն։ Վերջինիս անիվի վրա հայտնվեց լիտվացի բարալիկ մի տղա՝ դեղին հոնքերով եւ ավելի դեղին բեղերով Իոնասը, որը գիտեր ամաչկոտ ու վախավոր ժպտալ, ժպտալ միատեսակ ժպիտով Մամոյին եւ ամենամեծ աստիճանավորին, ժպտալ, երբ մի հարց էին տալիս եւ նա պատասխանում էր իր դժվար ռուսերենով, ժպտալ, երբ պտտվում էր անիվն ու ձեւավորում բարակ մատներով հողե ամանները, ժպտալ անառիթ, իր մտքերին եւ հիշողություններին։
— Վի՛նի՛մանյե՜, — գոռաց Մամոն տաշտի միջից պետք եղածից ավելի բարձր ձայնով, եւ անիվները լռեցին։ Պետը, գոհ Մամոյից ու աշխարհից, դիմեց Աշոտ դայուն։
— Վերցրեք սրան, թեեւ չգիտեմ, թե ինչի կարող է պետք գալ։ Կար ու ձեւ անել չգիտե, ֆիզիկական աշխատանք կատարել չի կարող…
— Ես գրագետ եմ, քաղաքացի պետ, — լսվեց կնոջ բարակ ու երգեցիկ ձայնը, — ես ավարտել եմ Բեռլինի նկարչական ակադեմիան… ես…
— Իսկ ո՞ւմ է պետք այդ քո նկարչությունը, մեզ նկարիչներից ավելի ներկարարներ են հարկավոր, — ասաց Բիչկոն կտրուկ ու գործնական, — ժամանակները ծանր են, պետք է հարմարվել…
Վերջին նախադասությունը նա արտասանեց ասես որպես մեջբերում եւ ժպտաց։ Այստեղ պետք է նշել, որ Վասկա Բիչկոն նույնպես կալանավոր էր, սակայն՝ ազատ եւ արտոնյալ կալանավոր, որովհետեւ նա ոչ թե քաղաքական, այլ քրեական գործով էր նստած, դատապարտված էր ոչ մեծ ժամկետով եւ դրսում էլ պետ լինելու փորձով։ Նովոիվանովյան ճամբարային բաժանմունքի պետը՝ խստաբարո եւ մանրախնդիր Կուցենկոն չէր սխալվել իր ընտրության մեջ, Բիչկոն տանում էր գործը մեծ հմտությամբ եւ բանիմացությամբ։ Մոտ էր ճամբարային բոլոր պետերի հետ Վասկա Բիչկոն, եւ նրա խոսակցությունից կարելի էր իմանալ, թե վերջին ընդունելության ժամանակ վերջին պետն ինչ պատգամով է նրան ճանապարհ դրել։ Ահա թե ինչու նրա վերջին խոսքերը հնչեցին որպես մեջբերում։
— Ժամանակները ծանր են, պետք է հարմարվել…
— Իսկապես, ես էլ չգիտեմ, թե ինչ կարող է անել մեզ մոտ, — նորից մտահոգվեց Բիչկոն, — վերցրեք, հաշվառեք ձեր բրիգադում, տեսնենք ինչ դուրս կգա…
Ու դուրս եկավ նա առանց սպասելու պատասխանի։
Ես նայեցի Աշոտ դայուն․ ես ուզում էի նրա դեմքի արտահայտությունից գուշակել՝ գո՞հ է նա, թե դժգոհ։ Աշոտ դային, սակայն, ամբողջովին տեսողություն դարձած՝ նայում էր Մամոյի կողմը։ Ի՞նչ էր տեսել Աշոտ դային։
Կանգնել էր Մամոն տաշտակում՝ մինչեւ ծնկները կավով ծածկված, անշարժ, ասես հիպնոսացված, ու նայում էր կնոջը։ Այդպես նայում է հավատացյալը սրբապատկերին, աղվեսը՝ խաղողին կամ երեւի Ռոմեոն՝ Ջուլիետային։ Մամոյի բեղերն ավելի կախվել էին երկու կողմից, իսկ աչքերը… աչքերը…
Կինն, ըստ երեւույթին, տարված անուրախ մտքերով, ոչինչ չէր նկատում։ Մի անգամ միայն նա վիզը երկարեց ընձուղտի նման եւ նայեց տախտակների վրա շարված չորացող ամաններին այնպիսի հայացքով, որ կարծես հաշվում էր։ Հետո նա մոտեցավ Աշոտ դայու անիվին, նրա մոտ դրված պատրաստի ցեխից ցուցամատով մի կտոր պճոկեց եւ սկսեց տրորել ցուցամատով ու բթամատով։
Աշոտ դային դուրս եկավ, դազգահին դրված խավատախտակը վերցրեց, փչեց փոշին, ապա գրպանից հանեց մատիտը եւ դիմեց նորեկին․
— Ձեր ազգանո՞ւնը…
— Շարթ, — պատասխանեց կինը եւ, չգիտես ինչու, կամաց տնքաց։
— Անո՞ւնը…
— Լյուդմիլա։
— Հայրանո՞ւնը…
— Հայրանո՞ւն, — կրկնեց աղջիկը եւ կարծես նոր գլխի ընկավ, — ախ, այո, հայրանուն… Կարլովնա։
Աշոտ դային գրեց։
Հիմա գնանք ինձ հետ, Լյուդմիլա Կարլովնա, — դիմեց նա կնոջը եւ բացեց չորանոցի դուռը, — ահա՛, տեսնո՞ւմ եք…
Դուռը ծածկվեց, եւ Աշոտ դայու խոսքերը մնացին անլսելի։ Ըստ երեւույթին, նա Լյուդմիլա Շարթին ուզում էր լծել չորանոցի հետ կապված թեթեւ գործերին եւ բացատրում էր անելիքները։ Սակայն, նույնպես ըստ երեւույթին, Մամոն այս կարծիքին չէր․ նա մեքենաբար ոտներով կոկում էր կավը, նայվածքը հառած չորանոցի փակ դռանը։ Նա չհամբերեց, դուրս եկավ տաշտից եւ չորանոցի դուռն անշշուկ հրեց։ Այնտեղից լսվեց Աշոտ դայու անխռով ձայնը։
— Սրանք, օրինակի համար, չորացած, թրծվելու համար պատրաստ ամաններ են։ Կհավաքես իրար վրա եւ կտեղավորես ահա այս…
Մամոն հանգստացած զգուշությամբ ծածկեց դուռը, արագ մտավ տաշտը, եւ շարունակեց ոտներով հունցել կավը։
2
Այսպես մեզ մոտ հայտնվեց նա, Վոլգայի վրա գտնվող ոչ մեծ մի քաղաքում ծնված, Բեռլինի նկարչական ակադեմիայում սովորած եւ միջոցների չգոյության պատճառով ուսումը կիսատ թողած եւ նորից ծննդավայրը վերադարձած քանդակագործ֊նկարչուհի Լյուդմիլա Կարլովնա Շարթը, որը ձերբակալված էր միայն այն պատճառով, որ գերմանուհի էր եւ եղել էր Բերլինում։
— Ի՞նչ գործով ես նստած, — հարցրեց Աշոտ դային, երբ նրանք դուրս եկան չորանոցից։
— Լրտես եմ, — պատասխանեց Լյուդմիլան՝ հանելով վերարկուն եւ կախելով բրուտանոցի միակ սյունին խփված մեխերից մեկից, — շպիոնաժ…
— Գործ արե՞լ ես։
— Երեւի։ Իմ ցուցմունքներում եւ արձանագրություններում ամեն ինչ ապացուցված է։ Շատ լավ եւ հմուտ քննիչի ձեռք ընկա։
Աշոտ դային ժպտաց․
— Ծեծե՞ց…
— Ծեծը արդյունք չտվեց։ Եվ նա դիմեց ավելի ազդեցիկ միջոցների։
— Այսի՞նքն։
Լյուդմիլան լռեց, ապա պատասխանեց․
— Ինձ մի հարցաքննեք, միեւնույն է, ես չեմ կարող ձեզ պատմել այն, ինչ իմ հետ արին… դա տղամարդուն պատմելու բան չէ… եւ ընդհանրապես, հարազատ քրոջը անգամ չեմ պատմի։
— Եվ արդյո՞ւնքը…
— Արդյունքը հայտնի է։ Քսանհինգ տարի։
— Ալլա՛հ֊ալլա՛հ, — գոչեց Մամոն՝ երկու ձեռքը պարզելով դեպի բրուտանոցի առաստաղը, ադրբեջաներեն մի հանգամանալից եւ մանրակրկիտ հայհոյանք ուղարկելով Լյուդմիլայի դատավորի հասցեին․ եւ որպեսզի կինը հասկանա, որ ինքը դեմ է դատավորի դատավճռին եւ ամբողջ հոգով համակրում է թշվառ զոհին ավելացրեց․
— Վա՛յ, սվոլիչ, վա՜յ…
— Այսպիսի բաներ, — ասաց Լյուդմիլան եւ մտավ իր չորանոցը։
Բրուտանոցում ընդհատված աշխատանքը շարունակվեց։ Մամոն այդ օրը, որքան ինձ թվաց, ավելի շուտ դուրս եկավ տաշտից։ Ես փոխարինեցի նրան, կավը հասցրի իր կոչման աստիճանին եւ սկսեցի հանել տաշտից։ Մի անգամ էլ դազգահի վրա ձեռքով տրորելով կավը եւ տալով նրա գունդերին հացի բուխանկաների երկարավուն ձեւ, շարեցի այդ թուխ «բուխանկաները» Աշոտ դայու եւ Իոնասի երկու կողմերին դրված տախտակներին։ Կավը պատրաստ էր։
Դուրս գալով տաշտից, Մամոն լվաց ոտները եւ մտավ չորանոցը։ Առանց այլեւայլության։ Հաստատուն քայլերով։ Առանց անհարմար զգալու։ Ոչ ոք կարող էր նրան մեղադրել անտակտության կամ անկարգության մեջ, որովհետեւ չորանոցի մի անկյունում Մամոն հարմարեցրել էր մի քանի տախտակ, որոնց վրա նա հանգստանում էր ամեն օր, ճաշից հետո։ Այնտեղ էին գտնվում նրա հացի տոպրակը, ճաշամանը, այնտեղ էին գտնվում նաեւ նրա գուլպաներն ու ծանր կոշիկները, որովհետեւ այնտեղ էր հանվում ու հագնվում նա։ Այնտեղ էր ոչ միայն Մամոյի արդուզարդարանը, այլեւ նրա պահեստն ու մառանը․ տախտակների տակ, մի անկյունում, գրեթե անպակաս էին մի քանի կիլո կապտոֆիլ, մի քանի ստեպղին, մի քանի շաղգամ։ Որտեղի՞ց էր ձեռք բերում Մամոն այս անորակ, թոռոմշած մթերքները՝ միայն իրեն էր հայտնի եւ ադրբեջանական աստծուն։ Գրեթե ամեն օր, ճաշից հետո եւ բանթողից առաջ, նա իր ժանգոտած, թիթեղե «կատելոկում» մի երկու կարտոֆիլ էր խաշում եւ ուտում մեծ ախորժակով, ամեն անգամ մեզ եւս հրավիրելով իր ճաշկերույթին եւ ամեն անգամ ուրախությամբ ընդունելով մեր քաղաքավարի մերժումը։ Ես չէի կասկածում, որ եթե մեզնից մեկնումեկը սխալվեր եւ ընդուներ նրա սիրալիր հրավերը, ապա Մամոն կմթներ կարկտի տակ ընկած Աբասթումանի անտառների նման։
Թեեւ չորանոցի դուռը ծածկված էր, բայց լսվում էր Մամոյի խուլ ձայնը։ Նա, ըստ երեւույթին, գերմանուհուն ինչ֊որ բան էր բացատրում կամ գուցե պատմում՝ գործի դնելով իր ռուսերենի ողջ բառապաշարը։ Մի անգամ իմ եւ Աշոտ դայու հայացքներն իրար հանդիպեցին․ նա մի աչքը կկոցեց եւ գլուխը շարժեց։ Իսկ այդ նշանակում էր՝ «Գործերը լավ են», կամ՝ «Տեսնո՞ւմ ես դու մեր Մամոյին»։
Ահա եւ լսվեց ճաշի գոնգի խուլ ձայնը։ Չորանոցի դուռը բացվեց, եւ Մամոն արտակարգ աշխուժությամբ պատուհանի գոգից խլեց ճաշի փայտե դույլը եւ սլացավ դեպի խոհանոց։
— Մամոն գտավ իր բախտը, — ասաց Աշոտ դային։
Պատրաստվեցինք ճաշի։
Մենք լվացվեցինք եւ սովորականից ավելի զբաղվեցինք մեր արդուզարդով։ Ես ջրով լվացի իմ կերզե ոտնամանները եւ շատ գոհ մնացի իմ հնարամտությունից։ Աշոտ դային մտավ չորանոցը՝ երեւի Լյուդմիլային ճաշի հրավիրելու․ նա սեփական արդյունաբերության ապրանքներից մի նոփ֊նոր աման տվեց իր հիմնարկության աշխատակցուհուն։
— Շնորհակալությո՜ւն, — ասաց Լյուդմիլան տխուր ժպիտով,— այսպես որ գնա, կհարստանամ։
Հետո ցույց տալով չորանոցի կողմը՝ նա հարցրեց․
— Ձեր օգնականի անունն ի՞նչ է։
— Մամո,— պատասխանեց Աշոտ դային։
— Մամու,— ձգեց աղջիկը Լյալյայի նման։— Իսկ… ի՞նչ գործի է եղել նա…
— Ճիշտն ասած՝ չեմ հարցրել,— խուսափեց Աշոտ դային։
Ես գիտեմ, թե ինչու նա ճիշտը չասաց․ առհասարակ նա չէր սիրում, երբ մարդիկ ստում էին, բայց այս անգամ նա ինքը ստեց, երեւի չփչացնելու համար Մամոյի գործը։ Աշոտ դային իրեն հատուկ նրբանկատությամբ հասկացավ, որ Մամոն պիտի աշխատի ամեն կերպ գրավել գերմանուհու սիրտը․ զգում էր եւ այն, որ վերջինս կարող էր բռնել Մամոյի պարզած ձեռքը… Կբռնե՞ր նա Մամոյի ձեռքը, եթե նա՝ Բեռլինի նկարչական ակադեմիայում սովորած նկարչուհի֊քանդակագործուհի Լյուդմիլա Շարթը՝ իմանար, որ այդ ձեռքի տերը ոչ այլ ոք է, եթե ոչ աբաստումանցի անգրագետ մի կառապան, որ նա այդ ձեռքով մտրակ է բռնել եւ մտրակը շարժել ձիերի վրա, — հաբարդա՜…— շիշտ է, ճամբարում նման նախապաշարումները մղված էին հետին տեղը, բայց դժվար էր պատկերացնել ավելի անհարիր զույգ,— ադրբեջանցի կառապան եւ գերմանացի նկարիչ֊քանդակագործուհի…
Եկագ Մամոն, ճաշի դույլը դրեց պատուհանի գոգը, վերցրեց Լյուդմիլայի ձեռքից Աշոտ դայու տված ճաշամանը, ցուցամատի կոճով տկտկացրեց, ինչ֊որ բան քրտմնջաց քթի տակ եւ բեղերի վրա, արագ մտավ չորանոց եւ դուրս եկավ մի ուրիշ կամ գուցե նույն ամանը ձեռքին, մաքուր ջրով լվաց, հոտ քաշեց եւ պարզեց ամանը Լյուդմիլային։
Նստեցինք ճաշի, որի ընթացքում Մամոն շարունակ հայհոյեց խոհարարին, որը, Մամոյի ասելով, հրաժարվում էր Լյուդմիլայի բաժին ճաշը տալուց, առարկելով, որ տեղեկանք չկա։ Մամոն սարսափելի բարկացել է, առանց վախենալու խոհարարին դուռակ է անվանել եւ վերցնելով բրիգադների ցուցակը՝ գտել է բրուտանոցի բաժանմունքը, որի դիմաց ջնջված 3֊ի փոխարեն գրված է եղել 4…
— Դուռակ, նեպանիմաչե՞շ, ահան չըտիրի…
Մամոյի ասելով…
Աշոտ դային լսում էր ու քթի տակ ներողամիտ ժպտում։ Պարզ էր, որ Մամոն հնարում էր, Մամոն, ավելի շուտ, ալլահին կարող է դուռակ անվանել, քան խոհարարին, այս ամենը հնարում էր նա Լյուդմիլայի սիրտը շահելու համար, եւ չէր կարելի ասել, որ Մամոյի ջանքերը զուր էին․ գերմանուհու աչքերը փայլում էին երախտագիտական փայլով։
Մի ուրիշ բան էլ պատահեց․ մենք ճաշի նստեցինք, մեր տոպրակներից հանելով ճաշի համար խնայված հացի կտորները։ Լյուդմիլան ստիպված եղավ խոստովանել․
— Ես իմ բաժին հացը միանգամից ուտում եմ… չեմ կարող պահել… չի լինում…
— Այդ լավ չէ, ասաց Աշոտ դային,— հացի բաժինն ստանալիս պետք է բաժանել երեք հավասար մասերի…
— Չեմ կարող,— տրտնջաց կինը։
Ու պատահեց հրաշքը․ Մամոն իր բաժին հացից կտրեց մի կտոր եւ պարզեց գերմանուհուն։ Մամո՜ն։
3
Օրե՛ր, բրուտանոցում նույնպես զգացվող կարճատեւ գարնան օրեր։ Արեւը չի թափանցում այստեղ, բայց ոչ խոր ձորի վրա բացվող պատուհանների պղտոր ապակիների միջից կարելի է տեսնել արեւի լույսով լցված ձորը, որի միջով ոլորվում է հանդարտ մի գետակ։ Այստեղից մենք՝ ես եւ Մամոն թիթեղե դույլերով ջուր ենք կրում բրուտանոցի կարիքների համար։ Ինձ համար մեծ վայելք է տարվա այս եղանակին, այսինքն մայիսի երկրորդ կեսից մինչեւ հունիսի առաջին կեսը կավը պատրաստելուց հետո վերցնել իմ կերզե ոտնամաններն ու գուլպաները, բոբիկ ոտներով իջնել ձորը, նստել գետափին, կանաչների վրա եւ լվալ ոտներս։ Մի ամսից ավելի չէր տեւում երանական այս շրջանը, որովհետեւ հունիսի երկրորդ կեսից գործարար բակը փակվում էր, եւ նրա բոլոր բաժանմունքների արհեստավորներն անխտիր քշվում էին դաշտային աշխատանքների մինչեւ ուշ աշուն, այսինքն բերքահավաքի եւ սեպտեմբերի վերջը, որից հետո փչում էին ձմեռային ձյունախառն հողմունք։
Սկզբի օրերին հսկիչ աշտարակի վրա կանգնած զինված պահակները անհանգստացան՝ տեսնելով ինձ գետափին, բոբիկ ոտներով։ Մի երկու անգամ մինչեւ անգամ իմ ականջին հասավ նրանց սուլոցը, սակայն, ըստ երեւույթին, նրանք նկատեցին որ ես փախչելու ոչ մի մտադրություն չունեմ եւ զբաղված եմ խաղաղ, անվտանգ գործով։ Ու ինձ հանգիստ թողին։
Ես նստում էի գետափին տասից֊տասնհինգ րոպե եւ օրհնում էի աշխարհի ստեղծումն ու իմ ծնունդը։ Մոռացած բոլոր դառնություններն ու իմ թշվառ վիճակը՝ ես վերանում էի հոգով, սավառնում գործարար բակից հեռու, եւ զինված պահակների մտքով անգամ չէր կարող անցնել, որ ես իմ ողջ էությամբ գտնվում եմ դուրս, անսահման դուրս նրանց հսկիչ կետերից։ Ես մտքով թռչում էի դեպի իմ մանկությունը, հիշում Հայոց ձորը, Խոշաբա գետը… Հետո փոխվում էր պատկերը, ես արդեն երիտասարդ՝ Հրազդանի ափերին, Հրազդանի ձորում, Երեւանում։ Իմ ծննդավայրի գետերի կարոտը ես Հրազդանից էի առնում, Վանի կարոտը՝ Երեւանից, եւ այդ էլ նրանց շատ թվաց։
Ինձ զրկեցին դրանից էլ, մի գիշերում ոճրագործ դարձրին եւ արգելափակեցին հինգհարկանի տուֆակերտ շենքի նկուղային հարկի անարեւ ու նեղ խցերից մեկում, որի պատերը հաստ էին, այնքան հաստ, որքան իմ սիրտն էր բարակ։ Սարսափելին այն էր, որ բռնության այդ տունը կառուցված էր այն զբոսայգու դեմ, որը կոչվում էր ազատության երգչի՝ Միքայել Նալբանդյանի անունով, ուր եւ պիտի բարձրանար նրա հուշարձանը… Իմ մտքերը կառչեցին այդ հուշարձանից, հետո պոկվեցին նրանից եւ ուրիշ ընթացք ստացան, ես հիշեցի ինձ ծանոթ քանդակագործներին եւ նկարիչներին։ Ի՞նչ են քանդակում նրանք եւ ի՞նչ են նկարում։ Բայց ահա գործարար բակի պետը՝ Վասիլի Բիչկոն ասաց, որ հիմա ներկարարներն ավելի հարգի են, քան նկարիչները։ Մի՞թե։ Այս աղետը, պարզ է, վերաբերվում է այն երկրամասերին, որոնք գտնվում են փշալարերից ներս… Իսկ փշալարերից դուրս նկարիչներն են հարգի, եւ ներկարարներն անգամ նկարչությամբ են զբաղվում։ Երեւի՛։
Ես լսում եմ թիթեղե դույլերի զնգզնգոց եւ առանց հետ նայելու գիտեմ, որ այդ Մամոն է իջնում ձորը՝ երկու ձեռքով բռնած չորս դատարկ դույլեր։ Չոր ու աններդաշնակ այդ զնգզնգոցն ինձ վերադարձնում է իրականության զգացուղությանը։ Երազը վերջացավ, մնացին հսկիչ աշտարակներն իրենց զինված պահակներով, Մամոն չորս դույլերով ու ես՝ իմ կերզե Աբու֊Հասանի մաշիկներով։
Մամոն այսօր աշխույժ է, մի տեսակ ոգեշնչված, անգա՛մ բարի։ Նա լցնում է իր երկու դույլերը, հետո իմ երկու դույլերը, ապա վերցնում է իր երկու դույլերն ու ծանր, բայց հաստատուն քայլերով բարձրանում զառիվերով, ի միջիայլոց ասելով «Ռապոտաց նադը…— այսինքն՝ պետք է աշխատել, այսինքն՝ բավական է երազել ու դեռ այսինքն՝ վերցրու դույլերըդ, ջուր հասցրու, հարկավոր է վաղվա կավի համար հող պատրաստել, հող կրել։
Դույլերը կախվում են իմ երկու ձեռքից, եւ մենք դանդաղ եւ ոչ այնքան հաստատուն քայլերով բարձրանում ենք դեպի այնտեղ, ուր սերն է սավառնում ու մարդկային ստեղծագործական մտքի վսեմ թռիչքը, դեպի բրուտանոց, ուր, այո, Մամոյի սերն է սաղմնավորվում եւ ուր, նստած փակ պատուհանի մոտ, քառակուսի տախտակին մի գունդ կավ ամրացրած՝ քանդակագործուհի Շարթը շարժուն մատներով ինչ֊որ ձեւ է տալիս անշունչ կավին։ Հետո նա թողնում է իր աշխատանքը եւ շտապ քայլերով դուրս է գալիս բրուտանոցից։
Այդ միջոցին ես եւ Մամոն, ես առաջից, Մամոն ետեւից, պատգարակը բռնած, թեթեւ քայլերով գնում ենք դեպի բրուտանոցի դեմ֊դիմաց գտնվող փոքրիկ հողաբլուրը։ Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք այնտեղ շեկ հող ենք փորում, կրում բրուտանոց եւ լցնում տաշտը՝ կավ պատրաստելու։ Հարմարության համար մենք հողը փորում ենք դեպի խորքը, եւ հիմա հողաբլրի մեր կողմից շահագործվող մասը նման է մի մեծ, իր լայնությամբ մանավանդ մեծ՝ խորանի։ Մենք վար ենք դնում պատգարակը եւ վերցնում բահը, սկսում փորել եւ խոնավ, շեկ հողով բեռնավորել պատգարակը։ Մամոն ճարպիկ ոտներով ցատկում է հողաբլուրին եւ աչքերով սկսում չափել գործարար բակի լայնքն ու երկայնքը։ Նրան, ըստ երեւույթին, հետաքրքրում է, թե ո՞ւր գնաց Լյուդմիլան։
— Հյուսնոց մտավ,— ասում է նա կարծես ինձ հանգստացնելու համար եւ վերցնում բահը։
Պատգարակի վրա կանգնեց հողե մի Փոքր Մասիս, ու մենք հիմա տանում ենք այն դեպի բրուտանոց ծանր քայլերով, այս անգամ Մամոն առաջից, իսկ ես՝ ետեւից։
Երբ թվով չորրորդ Փոքր Մասիսը գահավիժել էր տաշտում, թեթեւ ու գործնական քայլերով ներս մտավ գերմանուհին․ նա նստեց պատուհանի մոտ եւ սկսեց շարունակել ընդհատված աշխատանքը՝ գործի դնելով ոչ միայն մատները, այլեւ հյուսնոցից բերած մեծ ու փոքր, հաստ ու բարակ փայտիկներն ու շեղբերը։
Իոնասն իր բարակ ժպիտով եւ նույնքան բարակ մատներով ամաններ էր ձուլում եւ աչքի տակով, բանիմաց հայացքով, հետեւում Լյուդմիլայի աշխատանքին։ Կրթված տղա է Իոնասը, նա լայն հասկացողություն ունի արվեստի եւ գրականության մասին․ հաճախել է Վիլնյուսի պետական համալսարանը ու թեեւ ուսանել է իրավաբանական ֆակուլտետում՝ իրավաբան դառնալու համար, սակայն լայն զարգացում ունի, ինչպես պարզվեց մեր մի երկու կցկտուր, կարճ խոսակցություններից։ Առաջինը նա նկատեց, որ գերմանուհու մատների տակ անշունչ կավն ասես շնչեց, ու ձեւավորվեց ծանոթ մի գլուխ, ծանոթ դիմագծերով։
— Ալեքսանդրաս Պո՛ւշկինաս,— ասես շշնջաց նա, բայց բոլորը լսեցին Իոնասի ժպտուն ձայնը։
Գերմանուհին ետ նայեց երախտագիտությամբ ու շնորհակալությամբ լեցուն աչքերով եւ ժպտաց Իոնասին։ Մամոն զգաստացավ։ Նա կանգնեց այնպես, որ Իոնասը չկարողանա տեսնել հրաշագործ Լյուդմիլայի աշխատանքը, Աշոտ դային քթի տակ խնդմնդաց։ Մամոն կախարդված նայում էր գերմանուհու արագաշարժ ու ճարպիկ մատներին։ Հետո նա մոտեցավ Աշոտ դայուն եւ ադրբեջաներեն ասաց․
— Ոսկի ձեռք ունի։
Հետո հարցրեց․
— Ո՞ւմ գլուխն է։
— Ռուս շահիր Պուշկինըն բաշի դըր,— պատասխանեց Աշոտ դային,— ռուս բանաստեղծ Պուշկինի գլուխն է։
— Տեսա՞ր դու աղջկան,— հիացավ Մամոն։
— Այս աղջին ազատության մեջ մեկ երկու օրում հազարներ կարող է աշխատել,— ասաց Աշոտ դային։
— Ի՞նչ ես ասում, մարդ,— գրեթե շշմեց Մամոն։
— Գիտեմ ինչ եմ ասում,— ասաց Աշոտ դային,— իսկ այստեղ քաղցից այնքան է նիհարել, որ ամենաճարպիկ եւ հնարագետ ագռավն մի կտոր միս չի կարող պոկել նրա մարմնից…
Մամոն ավելի կարճացավ, իսկ նրա բեղերն ավելի երկարեցին ու կախվեցին։ Երեւում էր, որ նա մտքում ինչ֊որ կարեւոր որոշում էր ընդունում։ Մամոն դանդաղ, բայց վճռական քայլերով չորանոց մտավ եւ այնտեղից դուրս եկավ մի քանի կարտոֆիլով։ Քիչ հետո վառարանի երկաթե սալի վրա Մամոյի կատելոկը քլթքլթում էր՝ շուրջը տարածելով եփվող կարտոֆիլների փափուկ ու տաք բուրմունքը, որը եւ հասավ, ըստ երեւույթին, իր աշխատանքով տարված գերմանուհուն։ Նա անհանգստացավ եւ մի քանի անգամ շուռ եկավ, նայեց դեպի վառարանը։
Եփված կարտոֆիլները դուրս գլորվեցին կատելոկից, մխացին, ավելի որոշակի բուրեցին, մաքրվեցին կճեպից, նորից կատելոկ մտան եւ Մամոյի ծանր, փայտե գդալի տակ վերածվեցին խյուսի։ Մամոն գրպանից հանեց կեղտակուր շորի մի հանգույց, արձակեց, պտղունցով, զգուշությամբ աղցանեց խորտիկը, հետո ինքն իրեն ժպտալով՝ հանգուցեց մնացորդը, գրպանեց, ապա մյուս գրպանից դուրս քաշեց իսկական սոխի մի փոքրիկ, կարելի է ասել՝ թարմ գլուխ, իր անհամար գրպաններից մեկից հայտնաբերեց ծռված բերանով ինքնագործ ձեռագործ դանակը, ամենայն զգուշությամբ եւ խնամքով կճեպը հանեց, մանրեց սոխը կարտոֆիլի վրա, խորը շնչեց համադամ խորտիկի ախորժաբեր հոտը, նորից խարնեց եւ համտեսեց․ էվալլա՜հ…
Պետք է ենթադրել, որ սոխի բույրը նույնպես հասավ գերմանուհուն, նա նորից անհանգստացավ, շարժվեց… Այդ միջոցին Մամոն պատուհանի գոգից վերցրեց Լյուդմիլայի գդալը, դրեց կատելոկի մեջ, իր գդալի կողքին, ապա մոտեցավ եւ կես֊կարգադրող, կես֊խնդրող ձայնով ասաց․
— Կուշատ նադո, պաժալուստա,— պետք է ուտել, խնդրեմ։
Գերմանուհին շարժվեց տեղից եւ ոտքի կանգնեց։ Մամոն քայլեց դեպի չորանոց։ Գերմանուհին հնազանդ ու անմռունչ հետեւեց նրան։
Դուռը ծածկվեց։
4
Ես հիշում եմ երկու տարի առաջվա գարնանային այն երեկոն, երբ կալանավորները, վերազարձած աշխատանքից, ընթրել, հանգստանում էին տախտակամածներին, իսկ ուրիշները, նստած գետնափոր բարաքների գետնից քիչ բարձր տանիքներին, ծխում ու խոսում էին Ստալինգրադում մոլեգնող մարտերի մասին։ Խումբ֊խումբ, ըստ ազգային պատկանելության, նրանք խոսում ու դատում էին իրենց մայրենի լեզուներով, եւ բոլոր ազգություններն ունեին իրենց ռազմաքաղաքական «մեկնապաննեպն» ու «մասնագետները»։ Նրանց մեջ կարելի էր գտնել, իսկապես բարձրաստիճան զինվորականների, որոնք դիմազրկված էին կալանավորական հագուստ֊կապուստում։ Այդպիսիք, սակայն, չէին մասնակցում վիճաբանություններին, ծխում էին լուռ եւ տարված էին իրենց մտքերով։ Լեհ գեներալ Մստիսլավ Նուշիչը միայն այսօր բացառություն է կազմում երեւի․ նա լսում է թեր ու դեմ կարծիքները եւ ժպտում՝ շարժելով գլուխը․— Так-так… а я думаю…
Ահա այդ միջոցին էր, որ գրասենյակից դուրս եկան ճամբարի պետ Տոնկարյովը, կարգադրիչ Սիդորովն ու կոմենդանտ Ժիգիլյավսկին։ Ժիգիլյավսկին մոտեցավ գոնգին եւ երեք անգամ հարվածեց։ Երեք անգամ գոնգը տնքաց ու լռեց։ Արտակարգ երեւույթ— հանգստի համար դեռ շուտ էր, ընթրիքը նոր էր վերջացել, ի՞նչ կարող էր լինել։ Ճամբարով մեկ տարածվեց կոմենդանտի կռինչը․
— Երկու֊երկու շարվել մեծ ճանապարհի վրա՜… ավագնե՜ր, դո՛ւրս քշել բոլորին բարաքներից… քրեականներին չի վերաբերվում…
Աղմուկ եւ իրարանցում։
Ճամբարի հարյուրավոր բնակիչները շարվեցին մեծ ճանապարհի վրա։ Նման անակնկալ դեպքերում երկու միտք էր ծագում կալանավորների ուղեղում, երկու ենթադրություն՝ իրարամերժ եւ անհարիր, ընդհանուր ներում կամ գնդակահարություն։ Միջին ենթադրություն չկար։ Տիրում էր մեռելային լռություն, եւ մարդիկ լարված ներվերով սպասում էին՝ ի՞նչ պիտի անեն իրենց հետ։ Պիտի ասել, որ սովորաբար նման միջոցառումները հիշեցնում էին «բազում աղմուկ վասն ոչնչի» ասույթը, եւ մարդիկ հիասթափված ցրվում էին իրենց գործին, տխուր՝ որ ընդհանուր ներումը չկա ու չկա եւ ուրախ՝ որ չգնդակահարեցին։
Այս անգամ պատկառելի եռյակն անցավ երկշարք կանգնած կալանավորների առվեւով։ Պետի մատնանշումով առանձնացան մոտ երկու տասնյակ կալանավորներ։ Հետո՞։ Ի՞նչ պիտի անեն նրանց հետ։ Մեծ եղավ բոլորի հիասթափությունը, երբ նրանց զինեցին բահերով, քլունգներով եւ հրամայեցին մետրաչափ անջատով փորել մետրանոց խորությամբ փոսեր։ Չափեցին բավականին մեծ մի տարածություն, եւ սկսվեց աշխատանքը։ Ոչ ոք չգիտեր, թե ինչի են շառայելու այդ խորհրդավոր փոսերը։ Մի բան միայն պարզ էր․ գերեզման չէր փորածները։ Մյուս օրը շարունակվեցին աշխատանքները։ Բերին սյուներ, իջեցրին փոսերը, ամրացրին հողով։ Պարզվեց, որ սյունաշարն անջատում է ճամբարի հարավարեւելյան անկյունն՝ իր մեջ առնելով հինգերորդ եւ վեցերորդ բարաքները։ Շշուկներ տարածվեցին, որ քրեական հանցագործներին առանձնացնում են։ Եվ ուրախացան քաղաքականները, ցնծացին հույժ։ Այս ուրախությունն ու ցնծությունն ունեին լուրջ պատճառներ։ Քրեականները քաղաքականներին օր֊արեւ չէին տալիս։ Նրանք լագերի բացարձակ տերերն էին, եւ նրանց ու քաղաքականների փոխհարաբերությունը շատ էր հիշեցնում կատուների եւ մկների փոխհարաբերությունը։ Նրանք ոչ միայն տերն ու տնօրենն էին քաղաքականների անձնական իրերի եւ ծանրոցների, այլեւ կարող էին հարձակվել խոհանոցի վրա եւ ֆիննական դանակի սպառնալիքի տակ հափշտակել հարյուրավոր բանտարկյալների համար ստացված մսի եւ յուղի օրվա խղճուկ պաշարը։ Ասենք, առանց այն էլ քաղաքականներն իրենց ճաշամաններում մսի կտոր չէին տեսնում, ոչ էլ յուղի հոտ առնում, որովհետեւ եթե մինչեւ անգամ շեֆ֊խոհարար Մեսրոպ Էֆենդի Ուղունյանն ամենայն բարեխղճությամբ ստացված միսն ու յուղն իջեցներ ընդհանուր կաթսան, կկորչեին նրանք վիթխարի կաթսայի ընդերքում, այնպես, ինչպես մի քանի պարկ աղ իջեցնես ալանի լիճը, հույսով, որ լճի ջուրը կփոխի իր համը…
Երբ սյուների արանքները ծածկվեցին տախտակներով, եւ նրանց վրա քաշվեցին փխալարեր, երբ հինգերորդ եւ վեցերորդ բարաքները դարձան անտեսանելի, մի նոր նորություն ցնցեց ճանբարը․ մի նորություն, որն ավելի մեծ էր ու նշանակալից, քան քրեականների մեկուսացումը։ Սպասվում է կանանց էտապ։ Նրանք պիտի ապրեն հինգերորդ եւ վեցերորդ բարաքներում․— ահա այն լուրը, որն ալեկոծեց ողջ ճամբարն ու նրա տխուր բնակիդների առերեւույթ թմրած հոգիները։
Կին հասկացողությունը տարիների ընթացքում կանալավորների համար դարձել էր վերացական մի բան։ Առանց տարիքի խտրության նրանք զգում էին կնոջ բացակայությունը կամ չէին զգում, կարոտում կամ անտարբեր էին։ Նրանցից շատերը երազում կին էին տեսնում եւ չնայած որ սիրում էին պատմել ամենայն մանրամասնությամբ իրենց տեսած երազները, բայց այս մասին լռում էին։ Պատահում էր, որ երբ աշխատում էին բաց դաշտում, հեռվում ձգվող ճանապարհի վրա երեւում էր մի կին, որի տարիքը որոշել դժվար էր։ Նրանք թողնում էին աշխատանքը եւ երազուն, թախիծով լեցուն աչքերով նայում այդ շարժուն, ավելի շուտ դանդաղորեն սահող կախարդական կետին։ Զինված պահակը մի րոպե զարմանում էր՝ ինչո՞ւ ընդհատվեց աշխատանքը, հետո նայում էր նրանց նայվածքների ուղղությամբ, գտնում դրդապատճառը եւ գոռում․
— Արյուններդ ե՞ռ եկավ… աշխատե՛ք, ես ձեր…
Այսպես վերջանում էր երազը եւ շարունակվում ծանր առօրյան։ Կալանավորները հիմա են հասկանում իրենց քննիչների՝ տարիներ առաջ տված սպառնալիքը․
— Ես քեզ այնպիսի տեղ քշեմ, որ հրացանի գնդակի հեռավորության վրա միայն կին տեսնես…
Ահա թե ինչու կանանց էտապի ժամանման լուրը ատոմային ռումբի նման պայթեց ճամբարում, մի պայթյուն, որից մարդիկ ոչ թե մահացան, այլ վերածնվեցին։ Հյուծվաթների եւ անդամալույծների բրիգադներն անգամ տեղահան եղան։ Նրանցից շատերը դեն շպրտեցին անթացուպերն ու ձեռնափայտերը, իրենց օրաբաժին հացը տվին սափրիչներին, հերթից դուրս սափրվեցին, ազատվեցին սեւ, անգամ ալեխառն, ծերացնող, խճճված միրուքներից եւ դարձան մի֊մի փեսացու, ճիշտ է, նիհար, գունատ, բայց փեսացու։ Ազատության մեջ քի՞չ կան նիհար եւ գունատ փեսացուներ… Արդեն իսկական փեսածուները վառ եւ անմար սիրուց՝ նիհարաթ եւ գունատ պիտի լինեն։
Կարգադրիչ Սիդորովը նշանակեց հինգ հոգու, որոնք աշխատում էին «կանանց գոտում»։ Այդպես էլ անվանում էին պաշտոնապես՝ «կանանց գոտի», չնայած, որ այնտեղ հիմա ոչ կանայք էին ապրում, ոչ տղամարդիկ։ Այդ հնգյակը կարգի բերեց դատարկված բարաքները, պատերի սվաղը թարմացրեց, տախտամածների կոտրված տախտակները փոխարինեց նորերով, տախտակաշեն զույգ անճոռնի զուգարանները քիչ֊շատ կարգի բերեց, ավլեց, լվաց, թափեց…
Վերահաս կիրակի օրը, երեկոյան կողմ, այսինքն՝ ճաշից հետո եւ ընթրիքից առաջ՝ թնդաց համբավը․
— Էտապը գալիս է։
Կալանավորները դուրս թափվեցին բարաքներից եւ նստոտեցին դարպասի երկու կողմ ընկած թումբերին։ Ավելի համարձակները մոտեցան դարպասին եւ քթերը սեղմելով նոր նորոգված, խնկաբույր տախտակներին՝ դուրս նայեցին նեղ անցքերից։ Հեռվում, ճամբար բերող ճանապարհի վրա փոշի էր կանգնել․ փոշին սողում էր առաջ ու առաջ, եւ փոշու մշուշում երեւում էին մարդկային ուրվագծեր։
Վերջապես հասավ ցանկալի պահը, կրունկների վրա բացվեցին դարպասները, եւ քնքուշ սեռի էտապը ներս մտավ։
Դեմքերը չէին երեւում, այնքան շատ էր տանջալից ճանապարհի փոշին, որը նստել էր նրանց արեւից ու անձրեւներից խունացած գլխաշորերին, մազերին, թարթիչներին, դեմքերին։ Ներս մտան նրանք լուռ, առանց շուրջը նայելու, հողաթափերն ու կիսակոշիկները ձեռքերին, զանազան չափսի կապոցներ ուսած կամ գրկած, ու կարելի էր նրանց մեջ տեսնել շար աչքերով հասակավոր կանանց, կանանց միջին տարիքի ու դեռ երիտասարդ աղջիկների։
Պարզվից էլ պարզ էր, որ Մարիինսի քաղաքի ճամբարային գլխավոր կետից մինչեւ այստեղ ձգվող մոտ երկու հարյուր կիլոմետր ճանապարհը կտրել էին նրանք ոտքով, ինչպես մենք իր ժամանակին, եւ չէր կարող պատահել, որ ճանապարհին նրանք զոհեր տված չլինեին, ինչպես մենք իր ժամանակին։ Ինչպես մենք իր ժամանակին՝ քայլել էին նրանք վարժեցված զինված պահակների եւ վարժեցված շների ու հրացանների կոթերի ուղեկցությամբ եւ միջամտությամբ, որովհետեւ պահակների համար նույնքան ձանձրալի ու հոգնեցուցիյ է եղել հսկողությունը, իսկ ճանապարհը՝ անվերջանալի։ Չէ, այս այն ճանապարհը չէ, որի մասին բանաստեղծն ասել ՝ «Այս ճանապարհը անվերջ լիներ…»։
Լսվում է շների հաչոցը, բաց դարպասից այն կողմ կանանց առաջապահները գետնափոր բաղնիք մտան