Վերջին թարմացում 21 Հոկտեմբերի 2013, 14:20

Ծաղկած փշալարեր

Ծաղկած փշալարեր

հեղինակ՝ Գուրգեն Մահարի
աղբյուր՝ «Ծաղկած փշալարեր»

…Ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ էր ու արյունոտ, իսկ արյունը սեւ՛ էր։

1

Այդ օրը։

Այդ օրը գործարար բակի պետ Իվան Բիչկոն բրուտանոց մտավ անբաժան կարճ մտրակը ձեռքին ետ ու առաջ շարժելով, մի կնոջ ուղեկցությամբ։ Մեծ փորձառություն ունենալու կարիք չկար գուշակելու, որ կինը կալանավորուհի էր եւ պատկանում էր Չիտայից եկած նոր էտապին։ Այդ էին վկայում նրա չարչարված, տնային մոխրագույն թեթեւ վերարկուն, այլեւ ծռված կրունկներով կանացի կիսակոշիկները։

Եթե փորձենք որոշել կնոջ դեմքի գույնը, ապա անվերապահորեն պիտի ասենք, որ կարմիր էր, սակայն այդ կարմրությունը ոչ մի կապ չուներ ոչ բանաստեղծների երգած կարմիր վարդի, ոչ զատկվա կարմիր հավկիթի, ոչ արեւի, ոչ էլ ուրիշ կարմրությունների հետ։ Դա մի գունատ, բծավոր, խաթարված պուտերով կարմրություն էր, որը նրան տալիս էր հիվանդագին տեսք։ Նիհար էր նա կալանավորական նիհարությամբ եւ եթե չլինեին բարակ հոնքերի տակից նայող աշխույժ ու քննող, ավելին, հասկացող աչքերը, ապա կարելի էր նրան ոչ ավելի, ոչ պակաս՝ շարժուն ու թարմ դիակ համարել։

Բրուտանոցը վաղուց կին չէր տեսել։ Լյալյայի հետ կապված հիշողությունների վերջին մուժ ու փոշին տարավ իր հետ Սանոն։ Վերջինիս անիվի վրա հայտնվեց լիտվացի բարալիկ մի տղա՝ դեղին հոնքերով եւ ավելի դեղին բեղերով Իոնասը, որը գիտեր ամաչկոտ ու վախավոր ժպտալ, ժպտալ միատեսակ ժպիտով Մամոյին եւ ամենամեծ աստիճանավորին, ժպտալ, երբ մի հարց էին տալիս եւ նա պատասխանում էր իր դժվար ռուսերենով, ժպտալ, երբ պտտվում էր անիվն ու ձեւավորում բարակ մատներով հողե ամանները, ժպտալ անառիթ, իր մտքերին եւ հիշողություններին։

— Վի՛նի՛մանյե՜, — գոռաց Մամոն տաշտի միջից պետք եղածից ավելի բարձր ձայնով, եւ անիվները լռեցին։ Պետը, գոհ Մամոյից ու աշխարհից, դիմեց Աշոտ դայուն։

— Վերցրեք սրան, թեեւ չգիտեմ, թե ինչի կարող է պետք գալ։ Կար ու ձեւ անել չգիտե, ֆիզիկական աշխատանք կատարել չի կարող…

— Ես գրագետ եմ, քաղաքացի պետ, — լսվեց կնոջ բարակ ու երգեցիկ ձայնը, — ես ավարտել եմ Բեռլինի նկարչական ակադեմիան… ես…

— Իսկ ո՞ւմ է պետք այդ քո նկարչությունը, մեզ նկարիչներից ավելի ներկարարներ են հարկավոր, — ասաց Բիչկոն կտրուկ ու գործնական, — ժամանակները ծանր են, պետք է հարմարվել…

Վերջին նախադասությունը նա արտասանեց ասես որպես մեջբերում եւ ժպտաց։ Այստեղ պետք է նշել, որ Վասկա Բիչկոն նույնպես կալանավոր էր, սակայն՝ ազատ եւ արտոնյալ կալանավոր, որովհետեւ նա ոչ թե քաղաքական, այլ քրեական գործով էր նստած, դատապարտված էր ոչ մեծ ժամկետով եւ դրսում էլ պետ լինելու փորձով։ Նովոիվանովյան ճամբարային բաժանմունքի պետը՝ խստաբարո եւ մանրախնդիր Կուցենկոն չէր սխալվել իր ընտրության մեջ, Բիչկոն տանում էր գործը մեծ հմտությամբ եւ բանիմացությամբ։ Մոտ էր ճամբարային բոլոր պետերի հետ Վասկա Բիչկոն, եւ նրա խոսակցությունից կարելի էր իմանալ, թե վերջին ընդունելության ժամանակ վերջին պետն ինչ պատգամով է նրան ճանապարհ դրել։ Ահա թե ինչու նրա վերջին խոսքերը հնչեցին որպես մեջբերում։

— Ժամանակները ծանր են, պետք է հարմարվել…

— Իսկապես, ես էլ չգիտեմ, թե ինչ կարող է անել մեզ մոտ, — նորից մտահոգվեց Բիչկոն, — վերցրեք, հաշվառեք ձեր բրիգադում, տեսնենք ինչ դուրս կգա…

Ու դուրս եկավ նա առանց սպասելու պատասխանի։

Ես նայեցի Աշոտ դայուն․ ես ուզում էի նրա դեմքի արտահայտությունից գուշակել՝ գո՞հ է նա, թե դժգոհ։ Աշոտ դային, սակայն, ամբողջովին տեսողություն դարձած՝ նայում էր Մամոյի կողմը։ Ի՞նչ էր տեսել Աշոտ դային։

Կանգնել էր Մամոն տաշտակում՝ մինչեւ ծնկները կավով ծածկված, անշարժ, ասես հիպնոսացված, ու նայում էր կնոջը։ Այդպես նայում է հավատացյալը սրբապատկերին, աղվեսը՝ խաղողին կամ երեւի Ռոմեոն՝ Ջուլիետային։ Մամոյի բեղերն ավելի կախվել էին երկու կողմից, իսկ աչքերը… աչքերը…

Կինն, ըստ երեւույթին, տարված անուրախ մտքերով, ոչինչ չէր նկատում։ Մի անգամ միայն նա վիզը երկարեց ընձուղտի նման եւ նայեց տախտակների վրա շարված չորացող ամաններին այնպիսի հայացքով, որ կարծես հաշվում էր։ Հետո նա մոտեցավ Աշոտ դայու անիվին, նրա մոտ դրված պատրաստի ցեխից ցուցամատով մի կտոր պճոկեց եւ սկսեց տրորել ցուցամատով ու բթամատով։

Աշոտ դային դուրս եկավ, դազգահին դրված խավատախտակը վերցրեց, փչեց փոշին, ապա գրպանից հանեց մատիտը եւ դիմեց նորեկին․

— Ձեր ազգանո՞ւնը…

— Շարթ, — պատասխանեց կինը եւ, չգիտես ինչու, կամաց տնքաց։

— Անո՞ւնը…

— Լյուդմիլա։

— Հայրանո՞ւնը…

— Հայրանո՞ւն, — կրկնեց աղջիկը եւ կարծես նոր գլխի ընկավ, — ախ, այո, հայրանուն… Կարլովնա։

Աշոտ դային գրեց։

Հիմա գնանք ինձ հետ, Լյուդմիլա Կարլովնա, — դիմեց նա կնոջը եւ բացեց չորանոցի դուռը, — ահա՛, տեսնո՞ւմ եք…

Դուռը ծածկվեց, եւ Աշոտ դայու խոսքերը մնացին անլսելի։ Ըստ երեւույթին, նա Լյուդմիլա Շարթին ուզում էր լծել չորանոցի հետ կապված թեթեւ գործերին եւ բացատրում էր անելիքները։ Սակայն, նույնպես ըստ երեւույթին, Մամոն այս կարծիքին չէր․ նա մեքենաբար ոտներով կոկում էր կավը, նայվածքը հառած չորանոցի փակ դռանը։ Նա չհամբերեց, դուրս եկավ տաշտից եւ չորանոցի դուռն անշշուկ հրեց։ Այնտեղից լսվեց Աշոտ դայու անխռով ձայնը։

— Սրանք, օրինակի համար, չորացած, թրծվելու համար պատրաստ ամաններ են։ Կհավաքես իրար վրա եւ կտեղավորես ահա այս…

Մամոն հանգստացած զգուշությամբ ծածկեց դուռը, արագ մտավ տաշտը, եւ շարունակեց ոտներով հունցել կավը։

2

Այսպես մեզ մոտ հայտնվեց նա, Վոլգայի վրա գտնվող ոչ մեծ մի քաղաքում ծնված, Բեռլինի նկարչական ակադեմիայում սովորած եւ միջոցների չգոյության պատճառով ուսումը կիսատ թողած եւ նորից ծննդավայրը վերադարձած քանդակագործ֊նկարչուհի Լյուդմիլա Կարլովնա Շարթը, որը ձերբակալված էր միայն այն պատճառով, որ գերմանուհի էր եւ եղել էր Բերլինում։

— Ի՞նչ գործով ես նստած, — հարցրեց Աշոտ դային, երբ նրանք դուրս եկան չորանոցից։

— Լրտես եմ, — պատասխանեց Լյուդմիլան՝ հանելով վերարկուն եւ կախելով բրուտանոցի միակ սյունին խփված մեխերից մեկից, — շպիոնաժ…

— Գործ արե՞լ ես։

— Երեւի։ Իմ ցուցմունքներում եւ արձանագրություններում ամեն ինչ ապացուցված է։ Շատ լավ եւ հմուտ քննիչի ձեռք ընկա։

Աշոտ դային ժպտաց․

— Ծեծե՞ց…

— Ծեծը արդյունք չտվեց։ Եվ նա դիմեց ավելի ազդեցիկ միջոցների։

— Այսի՞նքն։

Լյուդմիլան լռեց, ապա պատասխանեց․

— Ինձ մի հարցաքննեք, միեւնույն է, ես չեմ կարող ձեզ պատմել այն, ինչ իմ հետ արին… դա տղամարդուն պատմելու բան չէ… եւ ընդհանրապես, հարազատ քրոջը անգամ չեմ պատմի։

— Եվ արդյո՞ւնքը…

— Արդյունքը հայտնի է։ Քսանհինգ տարի։

— Ալլա՛հ֊ալլա՛հ, — գոչեց Մամոն՝ երկու ձեռքը պարզելով դեպի բրուտանոցի առաստաղը, ադրբեջաներեն մի հանգամանալից եւ մանրակրկիտ հայհոյանք ուղարկելով Լյուդմիլայի դատավորի հասցեին․ եւ որպեսզի կինը հասկանա, որ ինքը դեմ է դատավորի դատավճռին եւ ամբողջ հոգով համակրում է թշվառ զոհին ավելացրեց․

— Վա՛յ, սվոլիչ, վա՜յ…

— Այսպիսի բաներ, — ասաց Լյուդմիլան եւ մտավ իր չորանոցը։

Բրուտանոցում ընդհատված աշխատանքը շարունակվեց։ Մամոն այդ օրը, որքան ինձ թվաց, ավելի շուտ դուրս եկավ տաշտից։ Ես փոխարինեցի նրան, կավը հասցրի իր կոչման աստիճանին եւ սկսեցի հանել տաշտից։ Մի անգամ էլ դազգահի վրա ձեռքով տրորելով կավը եւ տալով նրա գունդերին հացի բուխանկաների երկարավուն ձեւ, շարեցի այդ թուխ «բուխանկաները» Աշոտ դայու եւ Իոնասի երկու կողմերին դրված տախտակներին։ Կավը պատրաստ էր։

Դուրս գալով տաշտից, Մամոն լվաց ոտները եւ մտավ չորանոցը։ Առանց այլեւայլության։ Հաստատուն քայլերով։ Առանց անհարմար զգալու։ Ոչ ոք կարող էր նրան մեղադրել անտակտության կամ անկարգության մեջ, որովհետեւ չորանոցի մի անկյունում Մամոն հարմարեցրել էր մի քանի տախտակ, որոնց վրա նա հանգստանում էր ամեն օր, ճաշից հետո։ Այնտեղ էին գտնվում նրա հացի տոպրակը, ճաշամանը, այնտեղ էին գտնվում նաեւ նրա գուլպաներն ու ծանր կոշիկները, որովհետեւ այնտեղ էր հանվում ու հագնվում նա։ Այնտեղ էր ոչ միայն Մամոյի արդուզարդարանը, այլեւ նրա պահեստն ու մառանը․ տախտակների տակ, մի անկյունում, գրեթե անպակաս էին մի քանի կիլո կապտոֆիլ, մի քանի ստեպղին, մի քանի շաղգամ։ Որտեղի՞ց էր ձեռք բերում Մամոն այս անորակ, թոռոմշած մթերքները՝ միայն իրեն էր հայտնի եւ ադրբեջանական աստծուն։ Գրեթե ամեն օր, ճաշից հետո եւ բանթողից առաջ, նա իր ժանգոտած, թիթեղե «կատելոկում» մի երկու կարտոֆիլ էր խաշում եւ ուտում մեծ ախորժակով, ամեն անգամ մեզ եւս հրավիրելով իր ճաշկերույթին եւ ամեն անգամ ուրախությամբ ընդունելով մեր քաղաքավարի մերժումը։ Ես չէի կասկածում, որ եթե մեզնից մեկնումեկը սխալվեր եւ ընդուներ նրա սիրալիր հրավերը, ապա Մամոն կմթներ կարկտի տակ ընկած Աբասթումանի անտառների նման։

Թեեւ չորանոցի դուռը ծածկված էր, բայց լսվում էր Մամոյի խուլ ձայնը։ Նա, ըստ երեւույթին, գերմանուհուն ինչ֊որ բան էր բացատրում կամ գուցե պատմում՝ գործի դնելով իր ռուսերենի ողջ բառապաշարը։ Մի անգամ իմ եւ Աշոտ դայու հայացքներն իրար հանդիպեցին․ նա մի աչքը կկոցեց եւ գլուխը շարժեց։ Իսկ այդ նշանակում էր՝ «Գործերը լավ են», կամ՝ «Տեսնո՞ւմ ես դու մեր Մամոյին»։

Ահա եւ լսվեց ճաշի գոնգի խուլ ձայնը։ Չորանոցի դուռը բացվեց, եւ Մամոն արտակարգ աշխուժությամբ պատուհանի գոգից խլեց ճաշի փայտե դույլը եւ սլացավ դեպի խոհանոց։

— Մամոն գտավ իր բախտը, — ասաց Աշոտ դային։

Պատրաստվեցինք ճաշի։

Մենք լվացվեցինք եւ սովորականից ավելի զբաղվեցինք մեր արդուզարդով։ Ես ջրով լվացի իմ կերզե ոտնամանները եւ շատ գոհ մնացի իմ հնարամտությունից։ Աշոտ դային մտավ չորանոցը՝ երեւի Լյուդմիլային ճաշի հրավիրելու․ նա սեփական արդյունաբերության ապրանքներից մի նոփ֊նոր աման տվեց իր հիմնարկության աշխատակցուհուն։

— Շնորհակալությո՜ւն, — ասաց Լյուդմիլան տխուր ժպիտով,— այսպես որ գնա, կհարստանամ։

Հետո ցույց տալով չորանոցի կողմը՝ նա հարցրեց․

— Ձեր օգնականի անունն ի՞նչ է։

— Մամո,— պատասխանեց Աշոտ դային։

— Մամու,— ձգեց աղջիկը Լյալյայի նման։— Իսկ… ի՞նչ գործի է եղել նա…

— Ճիշտն ասած՝ չեմ հարցրել,— խուսափեց Աշոտ դային։

Ես գիտեմ, թե ինչու նա ճիշտը չասաց․ առհասարակ նա չէր սիրում, երբ մարդիկ ստում էին, բայց այս անգամ նա ինքը ստեց, երեւի չփչացնելու համար Մամոյի գործը։ Աշոտ դային իրեն հատուկ նրբանկատությամբ հասկացավ, որ Մամոն պիտի աշխատի ամեն կերպ գրավել գերմանուհու սիրտը․ զգում էր եւ այն, որ վերջինս կարող էր բռնել Մամոյի պարզած ձեռքը… Կբռնե՞ր նա Մամոյի ձեռքը, եթե նա՝ Բեռլինի նկարչական ակադեմիայում սովորած նկարչուհի֊քանդակագործուհի Լյուդմիլա Շարթը՝ իմանար, որ այդ ձեռքի տերը ոչ այլ ոք է, եթե ոչ աբաստումանցի անգրագետ մի կառապան, որ նա այդ ձեռքով մտրակ է բռնել եւ մտրակը շարժել ձիերի վրա, — հաբարդա՜…— շիշտ է, ճամբարում նման նախապաշարումները մղված էին հետին տեղը, բայց դժվար էր պատկերացնել ավելի անհարիր զույգ,— ադրբեջանցի կառապան եւ գերմանացի նկարիչ֊քանդակագործուհի…

Եկագ Մամոն, ճաշի դույլը դրեց պատուհանի գոգը, վերցրեց Լյուդմիլայի ձեռքից Աշոտ դայու տված ճաշամանը, ցուցամատի կոճով տկտկացրեց, ինչ֊որ բան քրտմնջաց քթի տակ եւ բեղերի վրա, արագ մտավ չորանոց եւ դուրս եկավ մի ուրիշ կամ գուցե նույն ամանը ձեռքին, մաքուր ջրով լվաց, հոտ քաշեց եւ պարզեց ամանը Լյուդմիլային։

Նստեցինք ճաշի, որի ընթացքում Մամոն շարունակ հայհոյեց խոհարարին, որը, Մամոյի ասելով, հրաժարվում էր Լյուդմիլայի բաժին ճաշը տալուց, առարկելով, որ տեղեկանք չկա։ Մամոն սարսափելի բարկացել է, առանց վախենալու խոհարարին դուռակ է անվանել եւ վերցնելով բրիգադների ցուցակը՝ գտել է բրուտանոցի բաժանմունքը, որի դիմաց ջնջված 3֊ի փոխարեն գրված է եղել 4…

Դուռակ, նեպանիմաչե՞շ, ահան չըտիրի

Մամոյի ասելով…

Աշոտ դային լսում էր ու քթի տակ ներողամիտ ժպտում։ Պարզ էր, որ Մամոն հնարում էր, Մամոն, ավելի շուտ, ալլահին կարող է դուռակ անվանել, քան խոհարարին, այս ամենը հնարում էր նա Լյուդմիլայի սիրտը շահելու համար, եւ չէր կարելի ասել, որ Մամոյի ջանքերը զուր էին․ գերմանուհու աչքերը փայլում էին երախտագիտական փայլով։

Մի ուրիշ բան էլ պատահեց․ մենք ճաշի նստեցինք, մեր տոպրակներից հանելով ճաշի համար խնայված հացի կտորները։ Լյուդմիլան ստիպված եղավ խոստովանել․

— Ես իմ բաժին հացը միանգամից ուտում եմ… չեմ կարող պահել… չի լինում…

— Այդ լավ չէ, ասաց Աշոտ դային,— հացի բաժինն ստանալիս պետք է բաժանել երեք հավասար մասերի…

— Չեմ կարող,— տրտնջաց կինը։

Ու պատահեց հրաշքը․ Մամոն իր բաժին հացից կտրեց մի կտոր եւ պարզեց գերմանուհուն։ Մամո՜ն։

3

Օրե՛ր, բրուտանոցում նույնպես զգացվող կարճատեւ գարնան օրեր։ Արեւը չի թափանցում այստեղ, բայց ոչ խոր ձորի վրա բացվող պատուհանների պղտոր ապակիների միջից կարելի է տեսնել արեւի լույսով լցված ձորը, որի միջով ոլորվում է հանդարտ մի գետակ։ Այստեղից մենք՝ ես եւ Մամոն թիթեղե դույլերով ջուր ենք կրում բրուտանոցի կարիքների համար։ Ինձ համար մեծ վայելք է տարվա այս եղանակին, այսինքն մայիսի երկրորդ կեսից մինչեւ հունիսի առաջին կեսը կավը պատրաստելուց հետո վերցնել իմ կերզե ոտնամաններն ու գուլպաները, բոբիկ ոտներով իջնել ձորը, նստել գետափին, կանաչների վրա եւ լվալ ոտներս։ Մի ամսից ավելի չէր տեւում երանական այս շրջանը, որովհետեւ հունիսի երկրորդ կեսից գործարար բակը փակվում էր, եւ նրա բոլոր բաժանմունքների արհեստավորներն անխտիր քշվում էին դաշտային աշխատանքների մինչեւ ուշ աշուն, այսինքն բերքահավաքի եւ սեպտեմբերի վերջը, որից հետո փչում էին ձմեռային ձյունախառն հողմունք։

Սկզբի օրերին հսկիչ աշտարակի վրա կանգնած զինված պահակները անհանգստացան՝ տեսնելով ինձ գետափին, բոբիկ ոտներով։ Մի երկու անգամ մինչեւ անգամ իմ ականջին հասավ նրանց սուլոցը, սակայն, ըստ երեւույթին, նրանք նկատեցին որ ես փախչելու ոչ մի մտադրություն չունեմ եւ զբաղված եմ խաղաղ, անվտանգ գործով։ Ու ինձ հանգիստ թողին։

Ես նստում էի գետափին տասից֊տասնհինգ րոպե եւ օրհնում էի աշխարհի ստեղծումն ու իմ ծնունդը։ Մոռացած բոլոր դառնություններն ու իմ թշվառ վիճակը՝ ես վերանում էի հոգով, սավառնում գործարար բակից հեռու, եւ զինված պահակների մտքով անգամ չէր կարող անցնել, որ ես իմ ողջ էությամբ գտնվում եմ դուրս, անսահման դուրս նրանց հսկիչ կետերից։ Ես մտքով թռչում էի դեպի իմ մանկությունը, հիշում Հայոց ձորը, Խոշաբա գետը… Հետո փոխվում էր պատկերը, ես արդեն երիտասարդ՝ Հրազդանի ափերին, Հրազդանի ձորում, Երեւանում։ Իմ ծննդավայրի գետերի կարոտը ես Հրազդանից էի առնում, Վանի կարոտը՝ Երեւանից, եւ այդ էլ նրանց շատ թվաց։

Ինձ զրկեցին դրանից էլ, մի գիշերում ոճրագործ դարձրին եւ արգելափակեցին հինգհարկանի տուֆակերտ շենքի նկուղային հարկի անարեւ ու նեղ խցերից մեկում, որի պատերը հաստ էին, այնքան հաստ, որքան իմ սիրտն էր բարակ։ Սարսափելին այն էր, որ բռնության այդ տունը կառուցված էր այն զբոսայգու դեմ, որը կոչվում էր ազատության երգչի՝ Միքայել Նալբանդյանի անունով, ուր եւ պիտի բարձրանար նրա հուշարձանը… Իմ մտքերը կառչեցին այդ հուշարձանից, հետո պոկվեցին նրանից եւ ուրիշ ընթացք ստացան, ես հիշեցի ինձ ծանոթ քանդակագործներին եւ նկարիչներին։ Ի՞նչ են քանդակում նրանք եւ ի՞նչ են նկարում։ Բայց ահա գործարար բակի պետը՝ Վասիլի Բիչկոն ասաց, որ հիմա ներկարարներն ավելի հարգի են, քան նկարիչները։ Մի՞թե։ Այս աղետը, պարզ է, վերաբերվում է այն երկրամասերին, որոնք գտնվում են փշալարերից ներս… Իսկ փշալարերից դուրս նկարիչներն են հարգի, եւ ներկարարներն անգամ նկարչությամբ են զբաղվում։ Երեւի՛։

Ես լսում եմ թիթեղե դույլերի զնգզնգոց եւ առանց հետ նայելու գիտեմ, որ այդ Մամոն է իջնում ձորը՝ երկու ձեռքով բռնած չորս դատարկ դույլեր։ Չոր ու աններդաշնակ այդ զնգզնգոցն ինձ վերադարձնում է իրականության զգացուղությանը։ Երազը վերջացավ, մնացին հսկիչ աշտարակներն իրենց զինված պահակներով, Մամոն չորս դույլերով ու ես՝ իմ կերզե Աբու֊Հասանի մաշիկներով։

Մամոն այսօր աշխույժ է, մի տեսակ ոգեշնչված, անգա՛մ բարի։ Նա լցնում է իր երկու դույլերը, հետո իմ երկու դույլերը, ապա վերցնում է իր երկու դույլերն ու ծանր, բայց հաստատուն քայլերով բարձրանում զառիվերով, ի միջիայլոց ասելով «Ռապոտաց նադը…— այսինքն՝ պետք է աշխատել, այսինքն՝ բավական է երազել ու դեռ այսինքն՝ վերցրու դույլերըդ, ջուր հասցրու, հարկավոր է վաղվա կավի համար հող պատրաստել, հող կրել։

Դույլերը կախվում են իմ երկու ձեռքից, եւ մենք դանդաղ եւ ոչ այնքան հաստատուն քայլերով բարձրանում ենք դեպի այնտեղ, ուր սերն է սավառնում ու մարդկային ստեղծագործական մտքի վսեմ թռիչքը, դեպի բրուտանոց, ուր, այո, Մամոյի սերն է սաղմնավորվում եւ ուր, նստած փակ պատուհանի մոտ, քառակուսի տախտակին մի գունդ կավ ամրացրած՝ քանդակագործուհի Շարթը շարժուն մատներով ինչ֊որ ձեւ է տալիս անշունչ կավին։ Հետո նա թողնում է իր աշխատանքը եւ շտապ քայլերով դուրս է գալիս բրուտանոցից։

Այդ միջոցին ես եւ Մամոն, ես առաջից, Մամոն ետեւից, պատգարակը բռնած, թեթեւ քայլերով գնում ենք դեպի բրուտանոցի դեմ֊դիմաց գտնվող փոքրիկ հողաբլուրը։ Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք այնտեղ շեկ հող ենք փորում, կրում բրուտանոց եւ լցնում տաշտը՝ կավ պատրաստելու։ Հարմարության համար մենք հողը փորում ենք դեպի խորքը, եւ հիմա հողաբլրի մեր կողմից շահագործվող մասը նման է մի մեծ, իր լայնությամբ մանավանդ մեծ՝ խորանի։ Մենք վար ենք դնում պատգարակը եւ վերցնում բահը, սկսում փորել եւ խոնավ, շեկ հողով բեռնավորել պատգարակը։ Մամոն ճարպիկ ոտներով ցատկում է հողաբլուրին եւ աչքերով սկսում չափել գործարար բակի լայնքն ու երկայնքը։ Նրան, ըստ երեւույթին, հետաքրքրում է, թե ո՞ւր գնաց Լյուդմիլան։

— Հյուսնոց մտավ,— ասում է նա կարծես ինձ հանգստացնելու համար եւ վերցնում բահը։

Պատգարակի վրա կանգնեց հողե մի Փոքր Մասիս, ու մենք հիմա տանում ենք այն դեպի բրուտանոց ծանր քայլերով, այս անգամ Մամոն առաջից, իսկ ես՝ ետեւից։

Երբ թվով չորրորդ Փոքր Մասիսը գահավիժել էր տաշտում, թեթեւ ու գործնական քայլերով ներս մտավ գերմանուհին․ նա նստեց պատուհանի մոտ եւ սկսեց շարունակել ընդհատված աշխատանքը՝ գործի դնելով ոչ միայն մատները, այլեւ հյուսնոցից բերած մեծ ու փոքր, հաստ ու բարակ փայտիկներն ու շեղբերը։

Իոնասն իր բարակ ժպիտով եւ նույնքան բարակ մատներով ամաններ էր ձուլում եւ աչքի տակով, բանիմաց հայացքով, հետեւում Լյուդմիլայի աշխատանքին։ Կրթված տղա է Իոնասը, նա լայն հասկացողություն ունի արվեստի եւ գրականության մասին․ հաճախել է Վիլնյուսի պետական համալսարանը ու թեեւ ուսանել է իրավաբանական ֆակուլտետում՝ իրավաբան դառնալու համար, սակայն լայն զարգացում ունի, ինչպես պարզվեց մեր մի երկու կցկտուր, կարճ խոսակցություններից։ Առաջինը նա նկատեց, որ գերմանուհու մատների տակ անշունչ կավն ասես շնչեց, ու ձեւավորվեց ծանոթ մի գլուխ, ծանոթ դիմագծերով։

— Ալեքսանդրաս Պո՛ւշկինաս,— ասես շշնջաց նա, բայց բոլորը լսեցին Իոնասի ժպտուն ձայնը։

Գերմանուհին ետ նայեց երախտագիտությամբ ու շնորհակալությամբ լեցուն աչքերով եւ ժպտաց Իոնասին։ Մամոն զգաստացավ։ Նա կանգնեց այնպես, որ Իոնասը չկարողանա տեսնել հրաշագործ Լյուդմիլայի աշխատանքը, Աշոտ դային քթի տակ խնդմնդաց։ Մամոն կախարդված նայում էր գերմանուհու արագաշարժ ու ճարպիկ մատներին։ Հետո նա մոտեցավ Աշոտ դայուն եւ ադրբեջաներեն ասաց․

— Ոսկի ձեռք ունի։

Հետո հարցրեց․

— Ո՞ւմ գլուխն է։

Ռուս շահիր Պուշկինըն բաշի դըր,— պատասխանեց Աշոտ դային,— ռուս բանաստեղծ Պուշկինի գլուխն է։

— Տեսա՞ր դու աղջկան,— հիացավ Մամոն։

— Այս աղջին ազատության մեջ մեկ երկու օրում հազարներ կարող է աշխատել,— ասաց Աշոտ դային։

— Ի՞նչ ես ասում, մարդ,— գրեթե շշմեց Մամոն։

— Գիտեմ ինչ եմ ասում,— ասաց Աշոտ դային,— իսկ այստեղ քաղցից այնքան է նիհարել, որ ամենաճարպիկ եւ հնարագետ ագռավն մի կտոր միս չի կարող պոկել նրա մարմնից…

Մամոն ավելի կարճացավ, իսկ նրա բեղերն ավելի երկարեցին ու կախվեցին։ Երեւում էր, որ նա մտքում ինչ֊որ կարեւոր որոշում էր ընդունում։ Մամոն դանդաղ, բայց վճռական քայլերով չորանոց մտավ եւ այնտեղից դուրս եկավ մի քանի կարտոֆիլով։ Քիչ հետո վառարանի երկաթե սալի վրա Մամոյի կատելոկը քլթքլթում էր՝ շուրջը տարածելով եփվող կարտոֆիլների փափուկ ու տաք բուրմունքը, որը եւ հասավ, ըստ երեւույթին, իր աշխատանքով տարված գերմանուհուն։ Նա անհանգստացավ եւ մի քանի անգամ շուռ եկավ, նայեց դեպի վառարանը։

Եփված կարտոֆիլները դուրս գլորվեցին կատելոկից, մխացին, ավելի որոշակի բուրեցին, մաքրվեցին կճեպից, նորից կատելոկ մտան եւ Մամոյի ծանր, փայտե գդալի տակ վերածվեցին խյուսի։ Մամոն գրպանից հանեց կեղտակուր շորի մի հանգույց, արձակեց, պտղունցով, զգուշությամբ աղցանեց խորտիկը, հետո ինքն իրեն ժպտալով՝ հանգուցեց մնացորդը, գրպանեց, ապա մյուս գրպանից դուրս քաշեց իսկական սոխի մի փոքրիկ, կարելի է ասել՝ թարմ գլուխ, իր անհամար գրպաններից մեկից հայտնաբերեց ծռված բերանով ինքնագործ ձեռագործ դանակը, ամենայն զգուշությամբ եւ խնամքով կճեպը հանեց, մանրեց սոխը կարտոֆիլի վրա, խորը շնչեց համադամ խորտիկի ախորժաբեր հոտը, նորից խարնեց եւ համտեսեց․ էվալլա՜հ…

Պետք է ենթադրել, որ սոխի բույրը նույնպես հասավ գերմանուհուն, նա նորից անհանգստացավ, շարժվեց… Այդ միջոցին Մամոն պատուհանի գոգից վերցրեց Լյուդմիլայի գդալը, դրեց կատելոկի մեջ, իր գդալի կողքին, ապա մոտեցավ եւ կես֊կարգադրող, կես֊խնդրող ձայնով ասաց․

Կուշատ նադո, պաժալուստա,— պետք է ուտել, խնդրեմ։

Գերմանուհին շարժվեց տեղից եւ ոտքի կանգնեց։ Մամոն քայլեց դեպի չորանոց։ Գերմանուհին հնազանդ ու անմռունչ հետեւեց նրան։

Դուռը ծածկվեց։

4

Ես հիշում եմ երկու տարի առաջվա գարնանային այն երեկոն, երբ կալանավորները, վերադարձած աշխատանքից, ընթրել, հանգստանում էին տախտակամածներին, իսկ ուրիշները, նստած գետնափոր բարաքների գետնից քիչ բարձր տանիքներին, ծխում ու խոսում էին Ստալինգրադում մոլեգնող մարտերի մասին։ Խումբ֊խումբ, ըստ ազգային պատկանելության, նրանք խոսում ու դատում էին իրենց մայրենի լեզուներով, եւ բոլոր ազգություններն ունեին իրենց ռազմաքաղաքական «մեկնաբաններն» ու «մասնագետները»։ Նրանց մեջ կարելի էր գտնել, իսկապես բարձրաստիճան զինվորականների, որոնք դիմազրկված էին կալանավորական հագուստ֊կապուստում։ Այդպիսիք, սակայն, չէին մասնակցում վիճաբանություններին, ծխում էին լուռ եւ տարված էին իրենց մտքերով։ Լեհ գեներալ Մստիսլավ Նուշիչը միայն այսօր բացառություն է կազմում երեւի․ նա լսում է թեր ու դեմ կարծիքները եւ ժպտում՝ շարժելով գլուխը․— Так-так… а я думаю…

Ահա այդ միջոցին էր, որ գրասենյակից դուրս եկան ճամբարի պետ Տոնկարյովը, կարգադրիչ Սիդորովն ու կոմենդանտ Ժիգիլյավսկին։ Ժիգիլյավսկին մոտեցավ գոնգին եւ երեք անգամ հարվածեց։ Երեք անգամ գոնգը տնքաց ու լռեց։ Արտակարգ երեւույթ— հանգստի համար դեռ շուտ էր, ընթրիքը նոր էր վերջացել, ի՞նչ կարող էր լինել։ Ճամբարով մեկ տարածվեց կոմենդանտի կռինչը․

— Երկու֊երկու շարվել մեծ ճանապարհի վրա՜… ավագնե՜ր, դո՛ւրս քշել բոլորին բարաքներից… քրեականներին չի վերաբերվում…

Աղմուկ եւ իրարանցում։

Ճամբարի հարյուրավոր բնակիչները շարվեցին մեծ ճանապարհի վրա։ Նման անակնկալ դեպքերում երկու միտք էր ծագում կալանավորների ուղեղում, երկու ենթադրություն՝ իրարամերժ եւ անհարիր, ընդհանուր ներում կամ գնդակահարություն։ Միջին ենթադրություն չկար։ Տիրում էր մեռելային լռություն, եւ մարդիկ լարված ներվերով սպասում էին՝ ի՞նչ պիտի անեն իրենց հետ։ Պիտի ասել, որ սովորաբար նման միջոցառումները հիշեցնում էին «բազում աղմուկ վասն ոչնչի» ասույթը, եւ մարդիկ հիասթափված ցրվում էին իրենց գործին, տխուր՝ որ ընդհանուր ներումը չկա ու չկա եւ ուրախ՝ որ չգնդակահարեցին։

Այս անգամ պատկառելի եռյակն անցավ երկշարք կանգնած կալանավորների առջեւով։ Պետի մատնանշումով առանձնացան մոտ երկու տասնյակ կալանավորներ։ Հետո՞։ Ի՞նչ պիտի անեն նրանց հետ։ Մեծ եղավ բոլորի հիասթափությունը, երբ նրանց զինեցին բահերով, քլունգներով եւ հրամայեցին մետրաչափ անջատով փորել մետրանոց խորությամբ փոսեր։ Չափեցին բավականին մեծ մի տարածություն, եւ սկսվեց աշխատանքը։ Ոչ ոք չգիտեր, թե ինչի են ծառայելու այդ խորհրդավոր փոսերը։ Մի բան միայն պարզ էր․ գերեզման չէր փորածները։ Մյուս օրը շարունակվեցին աշխատանքները։ Բերին սյուներ, իջեցրին փոսերը, ամրացրին հողով։ Պարզվեց, որ սյունաշարն անջատում է ճամբարի հարավարեւելյան անկյունն՝ իր մեջ առնելով հինգերորդ եւ վեցերորդ բարաքները։ Շշուկներ տարածվեցին, որ քրեական հանցագործներին առանձնացնում են։ Եվ ուրախացան քաղաքականները, ցնծացին հույժ։ Այս ուրախությունն ու ցնծությունն ունեին լուրջ պատճառներ։ Քրեականները քաղաքականներին օր֊արեւ չէին տալիս։ Նրանք լագերի բացարձակ տերերն էին, եւ նրանց ու քաղաքականների փոխհարաբերությունը շատ էր հիշեցնում կատուների եւ մկների փոխհարաբերությունը։ Նրանք ոչ միայն տերն ու տնօրենն էին քաղաքականների անձնական իրերի եւ ծանրոցների, այլեւ կարող էին հարձակվել խոհանոցի վրա եւ ֆիննական դանակի սպառնալիքի տակ հափշտակել հարյուրավոր բանտարկյալների համար ստացված մսի եւ յուղի օրվա խղճուկ պաշարը։ Ասենք, առանց այն էլ քաղաքականներն իրենց ճաշամաններում մսի կտոր չէին տեսնում, ոչ էլ յուղի հոտ առնում, որովհետեւ եթե մինչեւ անգամ շեֆ֊խոհարար Մեսրոպ Էֆենդի Ուղունյանն ամենայն բարեխղճությամբ ստացված միսն ու յուղն իջեցներ ընդհանուր կաթսան, կկորչեին նրանք վիթխարի կաթսայի ընդերքում, այնպես, ինչպես մի քանի պարկ աղ իջեցնես ալանի լիճը, հույսով, որ լճի ջուրը կփոխի իր համը…

Երբ սյուների արանքները ծածկվեցին տախտակներով, եւ նրանց վրա քաշվեցին փշալարեր, երբ հինգերորդ եւ վեցերորդ բարաքները դարձան անտեսանելի, մի նոր նորություն ցնցեց ճանբարը․ մի նորություն, որն ավելի մեծ էր ու նշանակալից, քան քրեականների մեկուսացումը։ Սպասվում է կանանց էտապ։ Նրանք պիտի ապրեն հինգերորդ եւ վեցերորդ բարաքներում․— ահա այն լուրը, որն ալեկոծեց ողջ ճամբարն ու նրա տխուր բնակիչների առերեւույթ թմրած հոգիները։

Կին հասկացողությունը տարիների ընթացքում կալանավորների համար դարձել էր վերացական մի բան։ Առանց տարիքի խտրության նրանք զգում էին կնոջ բացակայությունը կամ չէին զգում, կարոտում կամ անտարբեր էին։ Նրանցից շատերը երազում կին էին տեսնում եւ չնայած որ սիրում էին պատմել ամենայն մանրամասնությամբ իրենց տեսած երազները, բայց այս մասին լռում էին։ Պատահում էր, որ երբ աշխատում էին բաց դաշտում, հեռվում ձգվող ճանապարհի վրա երեւում էր մի կին, որի տարիքը որոշել դժվար էր։ Նրանք թողնում էին աշխատանքը եւ երազուն, թախիծով լեցուն աչքերով նայում այդ շարժուն, ավելի շուտ դանդաղորեն սահող կախարդական կետին։ Զինված պահակը մի րոպե զարմանում էր՝ ինչո՞ւ ընդհատվեց աշխատանքը, հետո նայում էր նրանց նայվածքների ուղղությամբ, գտնում դրդապատճառը եւ գոռում․

— Արյուններդ ե՞ռ եկավ… աշխատե՛ք, ես ձեր…

Այսպես վերջանում էր երազը եւ շարունակվում ծանր առօրյան։ Կալանավորները հիմա են հասկանում իրենց քննիչների՝ տարիներ առաջ տված սպառնալիքը․

— Ես քեզ այնպիսի տեղ քշեմ, որ հրացանի գնդակի հեռավորության վրա միայն կին տեսնես…

Ահա թե ինչու կանանց էտապի ժամանման լուրը ատոմային ռումբի նման պայթեց ճամբարում, մի պայթյուն, որից մարդիկ ոչ թե մահացան, այլ վերածնվեցին։ Հյուծվածների եւ անդամալույծների բրիգադներն անգամ տեղահան եղան։ Նրանցից շատերը դեն շպրտեցին անթացուպերն ու ձեռնափայտերը, իրենց օրաբաժին հացը տվին սափրիչներին, հերթից դուրս սափրվեցին, ազատվեցին սեւ, անգամ ալեխառն, ծերացնող, խճճված միրուքներից եւ դարձան մի֊մի փեսացու, ճիշտ է, նիհար, գունատ, բայց փեսացու։ Ազատության մեջ քի՞չ կան նիհար եւ գունատ փեսացուներ… Արդեն իսկական փեսացուները վառ եւ անմար սիրուց՝ նիհարած եւ գունատ պիտի լինեն։

Կարգադրիչ Սիդորովը նշանակեց հինգ հոգու, որոնք աշխատում էին «կանանց գոտում»։ Այդպես էլ անվանում էին պաշտոնապես՝ «կանանց գոտի», չնայած, որ այնտեղ հիմա ոչ կանայք էին ապրում, ոչ տղամարդիկ։ Այդ հնգյակը կարգի բերեց դատարկված բարաքները, պատերի սվաղը թարմացրեց, տախտամածների կոտրված տախտակները փոխարինեց նորերով, տախտակաշեն զույգ անճոռնի զուգարանները քիչ֊շատ կարգի բերեց, ավլեց, լվաց, թափեց…

Վերահաս կիրակի օրը, երեկոյան կողմ, այսինքն՝ ճաշից հետո եւ ընթրիքից առաջ՝ թնդաց համբավը․

— Էտապը գալիս է։

Կալանավորները դուրս թափվեցին բարաքներից եւ նստոտեցին դարպասի երկու կողմ ընկած թումբերին։ Ավելի համարձակները մոտեցան դարպասին եւ քթերը սեղմելով նոր նորոգված, խնկաբույր տախտակներին՝ դուրս նայեցին նեղ անցքերից։ Հեռվում, ճամբար բերող ճանապարհի վրա փոշի էր կանգնել․ փոշին սողում էր առաջ ու առաջ, եւ փոշու մշուշում երեւում էին մարդկային ուրվագծեր։

Վերջապես հասավ ցանկալի պահը, կրունկների վրա բացվեցին դարպասները, եւ քնքուշ սեռի էտապը ներս մտավ։

Դեմքերը չէին երեւում, այնքան շատ էր տանջալից ճանապարհի փոշին, որը նստել էր նրանց արեւից ու անձրեւներից խունացած գլխաշորերին, մազերին, թարթիչներին, դեմքերին։ Ներս մտան նրանք լուռ, առանց շուրջը նայելու, հողաթափերն ու կիսակոշիկները ձեռներին, զանազան չափսի կապոցներ ուսած կամ գրկած, ու կարելի էր նրանց մեջ տեսնել չար աչքերով հասակավոր կանանց, կանանց միջին տարիքի ու դեռ երիտասարդ աղջիկների։

Պարզվից էլ պարզ էր, որ Մարիինսկ քաղաքի ճամբարային գլխավոր կետից մինչեւ այստեղ ձգվող մոտ երկու հարյուր կիլոմետր ճանապարհը կտրել էին նրանք ոտքով, ինչպես մենք իր ժամանակին, եւ չէր կարող պատահել, որ ճանապարհին նրանք զոհեր տված չլինեին, ինչպես մենք իր ժամանակին։ Ինչպես մենք իր ժամանակին՝ քայլել էին նրանք վարժեցված զինված պահակների եւ վարժեցված շների ու հրացանների կոթերի ուղեկցությամբ եւ միջամտությամբ, որովհետեւ պահակների համար նույնքան ձանձրալի ու հոգնեցուցիյ է եղել հսկողությունը, իսկ ճանապարհը՝ անվերջանալի։ Չէ, այս այն ճանապարհը չէ, որի մասին բանաստեղծն ասել ՝ «Այս ճանապարհը անվերջ լիներ…»։

Լսվում է շների հաչոցը, բաց դարպասից այն կողմ կանանց առաջապահները գետնափոր բաղնիք մտան, իսկ էտապը չէր վերջանում։ Բաղնիքի վարիչ Բագիրբեգովը ձեռները կանթաց մեջքին՝ կանգնել էր իր հաստատության մուտքի մոտ այնպիսի լուրջ և հանդիսավոր դեմքով, որպիսին ունենում են զինվորական շքերթ ընդունողները, իսկ չինացի Վանյան կռացած շփում էր բուսականությունից զուրկ այտերը և աշխատում լավ տեսնել անընդհատ հոսող կանանց դեմքերը՝ ասես ծանոթների հանդիպելու հույսով։

― Ւննսունվեց, ― լսվեց թմբերի վրա նստոտած կալանավորներից մեկի՝ գործարար բակի պահեստապետ Ֆրենկելի ձայնը, երբ ներս մտավ իննսունվեցերորդ կալանավորուհին և նրա ետևից ծածկվեցին դարպասները։ Բոլորն ասես ուշքի եկան։

― Իննսունվեցերորդին նայեք, ― լսվեց նույն Ֆրենկելի ձայնը, ― կարելի է ասել՝ ամբողջ էտապում միա՛կ կինը․․․

Հիրավի, Ֆրենկելը չէր չափազանցնում։ Կարծես բոլորից առանձնանալու նպատակով, քիչ ուշացումով դարպասից ներս մտավ իննսունվեցերորդը, երիտասարդ մի կին, ավելի շուտ՝ հասած մի աղջիկ՝ սև վերարկուով, սև գուլպաներով և սև կիսակոշիկներով, նա համարձակ աչքերով նայեց աջ ու ձախ, ծանոթներ որոնողի նման, ստադիոն մտնողի ինքնավատահ ու մարդամոտ քայլվածքով։ Բարևելու նման նա շարժեց գլուխը ու նկատելով, որ կալանավորների դեմքերին ոչ մի մկան չի շարժվում, բարձրացրեց աջ ձեռքը, շարժեց մատները, և լսվեց նրա զրնգուն ձայնը։

― Մուժիկներ, Սև Լյալյան ողջունում է ձեզ։

Հանդիսավոր այս ընդունելությանն իրենց աղմկոտ մասնակցությունը բերին նաև քրեական հանցագործները։ Նրանք շարվեցին բաղնիքի տանիքին և սկսեցին երգել ճամբարային անթիվ֊անհամար սիրային երկարաշունչ երգերից մեկը, որը կոչվում էր «Մարուսյայի սերը»։ Մեջընդմեջ ոմանք անակնկալ միջամտում էին՝ երգից դուրս բաց խոսքերով գնահատելով այս կամ այն կնոջ գոյություն ունեցող կամ չունեցող մարմնական բարեմասնությունները, որից հետո նորից քաշում էին երգի տողերը։


Մարուսկա, Մարուսկա, Մարուսկա անգին,

Ասա, ո՞վ գիշերեց քեզ մոտ,

Քննի՞չը աներես, ճգնավո՞րը վանքից

Կամ գուցե հարբած մի ծանո՞թ․․․

Այս է պատմությունը կանանց էտապի ժամանման, որը հետագայում նոր էջ բացեց կալանավորական կյանքի դեռ գրի չառնաված տարեգրության մեջ, որի մասին հետագայում այնքան պատմվեց ու նյութ դարձավ սրտաշարժ, անգիր երգերի, բերեց իր հետ այնքան ուրախություն, միաժամանակ և մորմոք ու ցավ։ Ովքե՞ր էին այդ անհայտ բանաստեղծներն ու երգահանները, ոչ ոք չտեսավ նրանց, ոչ ոք չիմացավ նրանց անունը, բայց ապրում էին նրանք, ստեղծագործում առանց թուղթ ու մատիտի, առանց ստեղծագործական գործուղման ու տողավարձի։ Մեկնող էտապները բանտից բանտ տանում էին այդ կենդանի, ժամանակակից, սրտակեղեք դյուցազներգությունները, ժամանող էտապները բերում էին նորերը՝ այս ամենն անգիր, բերնե֊բերան, սակայն որոնք մի օր գրի կառնվեն կամ գրի են առնվում անկասկած՝ միլիոնավորների աննախընթաց, անկարելի, անկրկնելի, ահավոր այդ ողբերգությունն ի գիտություն սերունդների։ Ամե՛ն։


5

Ճամբարային ընտանիք կազմելու գործում Մամոն առաջիններից չէր։ Երբ կանանց էտապը բնավորվեց կանանց գոտու այժմ արդեն առաջին և երկրորդ բարաքներում, մի կարճ ժամանակ անց նրանք կամաց֊կամաց իրենք իրենց գտան։ Կին բրիգադիրներն ու օրապահներն սկսեցին հոգ տանել իրենց արտաքինին, երբ գալիս էին տղամարդկանց գոտին հաց, նախաճաշ, ընթրիք ստանալու կամ երբ բոլորը տասնօրյակում մի անգամ լողանալու համար մտնում էին ադամական դրախտը։ Տեղ հասնելուց հետո նրանք նամակներ գրեցին իրենց հարազատներին և ծանրոցներ խնդրեցին։ Երջանիկները միայն ստացան պատասխան նամակ կամ ծանրոց։ Մեծ մասի հարազատներն, ըստ երևույթին, ընկել էին գերմանացիների տիրապետության տակ։

Գլխավոր բժիշկ՝ նույն ինքը կալանավոր Սոլոմոն Գավրիլովիչ Տրախտենբրոտն առաջինն էր, որ սիրային կապ հաստատեց Ժոզեֆինա Էռնեստովնա Վիտկովսկայայի հետ։ Առաջին իսկ օրից ճամբարային վարչությունը գործն այնպես դրեց, որ կալանավորների և կալանավորուհիների միջև որևէ կապ բացառվի։ Օրինազանցներին սպառնում էր խիստ պատիժ, մինչև աքսոր, տուգանային դաժան ճամբարները։ Այդ օրենքը տարածվում էր բոլոր կալանավորների՝ Մամոյից մինչև գկխավոր բժկի վրա․ հաց կտրողի, շեֆ֊խոհարարի, կարգադրիչի ու կոմենդանտի, մի խոսքով, շարքային կալանավորներից մինչև ճամբարային ազնվականների վրա։

Կեցությունը ոչ միայն որոշում է գիտակցությունը, այլև մարդկանց վարքն ու բարքը։ Շարքային կալանավորների մտքով անգամ չէր անցնում, այսպես ասած, հանցավոր կապեր ստեղծել կալանավորուհիների հետ։ Կալանավորը, որն ապրում է իր օրաբաժնով, զուրկ է ուղղակի կամ անուղղակի լրացուցիչ միջոցներից, լծված է ընդհանուր, ծանր աշխատանքների, նրա համար կինն այն էր, ինչ աշխատող չարքաշ եզի համար Չայկովսկու Երրորդ սիմֆոնիան։ Հա՛ց․ ― ահա ինչով էր զբաղված նրա ուղեղը։ Ամենից առաջ հա՛ց, մեծ քանակությամբ հա՛ց, որ ուտի այնքան, որքան ցանկանում է։ Կշտության զգացողությունից նա զրկվել է այն օրից, երբ զրկվեց ազատությունից։ Գիշերները երազում, առաջին շրջանում, նա դեռ տեսնում էր հարազատներին, իր սիրած ու նախընտրած ուտելիքները, մոտիկ մարդանց, իրենց տունը։ Ժամանակի ընթացքում, կեցության հետ, փոխվեցին նաև երազները։ Հիմա նա երազում միայն հաց է տեսնում և ոչ այն տեսակ֊տեսակ հացերը, որոնցով նա սնվում էր տանը, ոչ, այլ հատկապես ճամբարային, բանտային գորշ և խառնածին հացը, հինգ հարյուր գրամ այն հացը, որն ուտում էր նա մեկ զարկով, մի ակնթարթում, իսկ ուտելուց հետո չէր կարող որոշել․ երա՞զ էր դա, թե իրականություն։ Հաց ուտելու այս մեծ, սխրալի արարողությունը շարունակվում էր երազում, նա տեսնում էր բեռնատար մեքենաներ՝ բարձված ճամբարային, հատկապես ճամբարային հացի «բուխանկաներով», որոնցից մի քանիսին տեր էր կանգնում նա և ուտում էր, ուտում երջանիկ մոլուցքով, ուտում էր կատաղի ու անհագուրդ։ Նա զարթնում էր ծնոտների ցավից ու դեռ աչքերը փակ զգում էր, որ ծնոտները գործում են, իսկ լորձունքը թրջել է խոտով լցված կոշտ բարձը։

Այսպես էր ապրում ճամբարի բնակչության իննսունհինգ տոկոսը, և այսպես էր ապրում Մամոն բրուտանոց մտնելուց առաջ։ Միայն առաջին օրերին նրանց հետաքրքրությունը շարժեց եվաների հայտնությունը, որից հետո նորից անձնատուր եղան նրանք քաղցի և ծանր աշխատանքի ճիրաններին և իրենց հանգիստն ու անդորրը գտան միայն գետնափոր մեռելատանը, ուր այլևս չէր անհանգստացնում նրանց գոնգի ձայնը։ Ու չնայած որ մեռելատունը (մո՛րգ, մո՛րգ․․․) ոչ մի օր ազատ չէր լինում ժամանակավոր բնակիչներից, կալանավորների թիվը չէր պակասում։ Ժամանող մեծ ու փոքր էտապները բերում էին պատշաճ համալրում։

Երբ Ժոզեֆինա Էռնեստովնան բժշկական սպիտակ խալաթով երևաց բուժարանում, որպես Մերպերտի օգնական, կալանավորները խիստ զարմացան․ այդ ինչպե՞ս էտապի ժամանման օրը նրանք չեն նկատել բարձրահասակ, բարեկազմ, ձվաձև դեմքով, նշաձև խաժ աչքերով այս լեհուհուն, որին այնքան սազում է բժշկական խալաթը։ Հիրավի, երբ երևում էր նա գլխավոր բժշկի մոտ, թվում էր, թե նա՛ է գլխավոր բժիշկը։ Իսկ Սոլոմոն Գավրիլովիչը պարզապես նրա ֆելդշերն է։ Գլխավոր բժիշկը ճամբար եկավ Վլադիվոստոկի էտապով, և նրա հետ եկողներից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այդ նիհար, միջահասակ, աշխարհին և մարդկանց կկոցուն աչքերով նայող փնթի կալանավորը ոչ այլ ոք է, եթե ոչ հայտնի բժիշկ֊վիրաբույժ Ս․ Գ․ Տրախտենբրոտը, որը կարճ ժամանակ հետո դառնալու է ճամբարի արքան ու աստվածը։ Իսկ երբ նա դարձավ արքա և աստված, չպետք է ուրանալ, առանձին ուշադրությամբ էր ընդունում իր էտապի մարդկանց, մեծարելով նրանց անուն֊հայրանունով, բայց մնալով միշտ ժլատ աշխատանքից ազատելու փափուկ խնդրում։

― Առանձին բան չկա, Պալ Պավլովիչ, գիշերը կհանգստանաք, իսկ առավոտյան․․․ հերոսի պես․․․

Գլխավոր բժիշկ նշանակվելուց հետո Սոլոմոն Գավրիլովիչ Տրախտենբլոտը լցվեց ու կարելի էր ասել ճարպակալվեց այն աստիճանի, որ դժվարությամբ էր կապում սեփական կոշիկի կապերը․ այս գործում նրան օգնության էր գալիս մոտ գտնվող սանիտարներից մեկն ու մեկը, որը երևի արժանի էր գլխավորի կոշիկների կապերը ոչ միայն կապելու, այլև արձակելու։

Թիվ 1 կուշտ մարդը ճամբարում Սոլոմոն Գավրիլովիչն էր, նա էր, որ ազատ մուտք ուներ կանանց գոտում, ապրում էր հիվանդանոցի առանձին խուցերից մեկում և ամեն հարմարություն ուներ լինելու ճամբարի թիվ1 Ադամը և ունենալու իր Եվան կամ եվաներն այնպես, որ երբեք չբռնվեր հանցանքի վրա։ Կալանավորուհիներն անխտիր, ամեն գնով աշխատում էին արժանանալ նրա ուշադրությանը, և չի կարելի ասել, որ զուր անցան նրանցից ոմանց ջանքերը։ Այն էլ նկատեց նա, որ վտանգավոր էր այդ վարքագիծը, իր թռուցիկ հոմանուհիները խանդից դրդված՝ կարող էին հիմար դրության մեջ դնել իրեն, գործը հասցնել ճամբարային պետերին և այն ժամանակ․․․ Սոլոմոն Գավրիլովիչ Տրախտենբրոտի փորձված և հմուտ աչքերից չէր վրիպել Ժոզեֆինա Վիտկովսկայան, որը, ինչպես պարզվեց, ծանոթ էր լատինական տառերին։ Ընտրությունը կայացած էր, գլխավոր բժշկի հորդորով նա հայտնեց կարգադրիչին, որ ինքը, Ժոզեֆինա Էռնեստովնա Վիտկովսկայան, բժշկական կրթություն ունի, ճիշտ է ոչ լրիվ և խնդրում է օգտագործել իրեն ըստ մասնագիտության։

Ճամբարի պետը նայեց կալանավորուհու անձնական գործը և այնտեղ ոչինչ չգտավ, բացի նրանից, որ նա ծնվել է 1913 թվականին Լոձում և որ օրինական կինն է Լեհական բարձրաստիճան զինվորական Յանուշ Վիտկովսկու՝ գնդակահարված Մոսկվայում, 1938 թվականաին, լրտեսական մեղադրանքով։ Ժոզեֆինա Վիտկովսկայան գլխավոր բժշկին հայտնեց գործի անհաջող ընթացքի մասին․ վերջինս կկոցեց աչքերը և խորհուրդ տվեց հայտնել պետին, որ ինքը գրել է իր հարազատներին և շուտով կստանա պետք եղած փաստաթղթերը։ Այդ օրերին էր, որ Տրախտենբրոտը զինված հսկողության տակ տարված էր ճամբարի պետի կացարանը։ Ճանապարհին նա հազար ու մի վատ ենթադրություններ է արել, հիշել իր բոլոր աշխատանքային ու կենցաղային, ճամբարային մեղքերը, որոնք երևի այնքան ծանր էին, որ պետը հարկ է համարել կանչել նրան իր կացարանը և հաշիվը մաքրել։ Դռների մեջ նրան դիմավորել է ինքը՝ Տոնկարյովը սիրալիր և մտահոգ ժպիտով։ Տրախտենբրոտի պատմելով, նա՝ պետը, մինչև անգամ սեղմել է նրա ձեռքը և հայտնել, որ կինը հիվանդ պառկած է և որ նա՝ պետը՝ չի վստահում ազատ բժիշկներին և խնդրում է, որ ինքը նայի հիվանդին։ Ա՛ռ քեզ չար սատանա։

Ամեն ինչ անցել էր բարեհաջող։ Տրախտենբրոտը մանրազնին քննության էր ենթարկել հիվանդին, լսել սիրտը, չափել արյան ճնշումը, փոքրիկ մուրճով խփել հիվանդի ծնկին, նայել լեզուն և խնդրել էր, որ նաչալնիցան (այսինքն՝ պետուհին․․․) բարեհաճի «ա՜ ա՜ ա՜» ասել։ Չէ, չի կարելի ասել, որ դրությունը լուրջ է կամ նման մի բան, չի էլ կարելի պնդել, որ ամեն ինչ բարեհաջող է։ Մի փոքր ներվերը․․․ սիրտը մի փոքր․․․ ― հմուտ բժիշկը դեղգիրներ գրեց (վաղուց էր, ինչ դեղգիրներ չէր գրել, նրա սիրտը ճմլվեց ցավից․․․) և պատրաստվեց մտնելու զինված պահակի հսկողության տակ՝ ճամբար վերադառնալու համար։ Սակայն, Տրախտենբրոտի պատմելով, պետը նրան հյուրասիրել է հարյուր հիսուն գրամի չափ օղիով, լիմոնի բարակ մի շերտով և հարցրել՝ ինչպե՞ս են գործերը։ Ահա այստեղ է, որ բժիշկը լուծել է Ժոզեֆինա Էռնեստովնայի խնդիրը․ «Մինչև փաստաթղթերն ստանալը թող գա, աշխատի, քաղաքացի պետ, Մերպերտը չի հասցնում․․․»։

Ինչպես Տխրախտենբրոտն է հետագայում պատմել Մերպերտին (իսկ Մերպերտն Աշոտ դայուն․․․), պետը չի խոսել բուժարանի գործերի և այն մասին, թե որքա՞ն է զբաղված Մերպերտը կամ կալանավորուհու փաստաթղթերը ե՞րբ կհասնեն, ո՛չ, պետը հարցը դրել է պետական մերկությամբ, առանց մտնելու բժշկի սարքած ծխածածկույթի տակ և առանց թույլ տալու, որ նրա, այսինքն՝ բժշկի փչած թոզը մտնի իր աչքերը։ Նա պարզապես ասել է․

― Եկեք այսպես պայմանավորվենք, եթե բռնվեցիք, հույս մի դրեք իմ պաշտպանության վրա։ Ոչ մի ուժ ձեզ չի փրկի։ Իսկ եթե հղիանա, կգա կոմիսիա ու քեզ հետ ես էլ կթռչեմ խեցգետիննրտի ձմեռանոցը․․․

Այսպես կազմվեց ճամբարային թիվ 1 ընտանեկան բջիջը, և քանի որ խնդիրը վերաբերում էր ոչ թե հանցանք գործելուն կամ չգործելուն, այլ բռնվելուն կամ չբռնվելուն, Սոլոմոն Գավրիլովիչ Տրախտենբրոտը ձեռք առավ բոլոր նախազգուշական միջոցները չբռնվելու համար։ Նա մանրամասն պատմեց գործի էության, ողջ գրվածքի մասին Մերպերտին և խնդրեց նրա աջակցությունն իր ընտանեկան կյանքի ապահովության գործին․․․ Մերպերտն իր հերթին, այս կարևոր գործի ապահովությանն ի խնդիր, զինավորագրեց թվով վեց, այսինքն ողջ սանիտարական կազմը։ Երբ միասին ճաշելուց հետո (հիվանդանոցի խոհարար Մաոն նրանց համար հատուկ ճաշ էր պատրաստում՝ չորս տեսակի․․․) պատասխանատու զույգը քաշվում է հանգստանալու բժշկի խցում, սկսվում էր Մերպերտի և թվով վեց սանիտարների անհանգստութայն ժամը։ Նրանք աննկատելի կերպով հսկում էին բոլոր վտանգավոր և կասկածելի կոմունիկացիաները՝ պետք եղած դեպքում վտանգի ազդանշան տալու համար։ Վտանգի դեպքում այլայլված զույգը վեր էր թռչում տեղից, լեհուհին արագ կարգի էր բերում մազերն ու շորերը, նետվում բուժարանը և Մերպերի հետ զբաղվում բուժարանի սակավաթիվ սրվակների կարգավորմամբ, իսկ բժիշկը խորասուզվում էր բժշկական մի գրքի էջերում։

Այնուհետև հայտնի դարձավ հիվանդանովի տնտեսվար, դորիական ոլորուն բեղերով Մավրինի կենակցությունը վայելչահասակ և բարետես ուկրաինուհի Լենա Մուսենկոյի հետ։ Մոտ հիսուն տարեկան Մավրինը քսանամյա այս աղջկան ձեռք բերելու և ձեռքում պահելու համար սերենադներ չերգեց նրա պատուհանի տակ, ոչ էլ երկնքից աստղեր վար բերելու փորձ կատարեց նրա իսկապես կարապի վիզը զարդարելու համար․ նա մահացող կալանավորների հացի օրաբաժիններից մեկը տալիս էր նրան առանց խնայելու, իսկ մնացած բաժինները սանիտարների միջոցով ծախում և փող էր կուտակում։ Գրեթե անեն օր սիրուն Լենան նախաճաշ և հաց ստացողներին օգնելու պատրվակով թափանցում էր տղամարդկանց գոտին, չորս կողմը վախեցած եղնիկի աչքերով նայելով՝ դատապարտվածի քայլերով մտնում էր Մավրինի խուցը և տասը րոպեից դուրս էր գալիս ծեծվածի նման, փեշի տակ պահած մի բաժին հացը։

Հացի, խոհանոցի, բաղնիքի տնորենները, ինչպես նաև սափրիչ Աբլապը գերադասեցին սեռական֊պարտիզանական կյանքը, որը թեև նույնքան վտանգավոր՝ սակայն ավելի քիչ պարտավորեցնող էր և՛ նութապես, և՛ բարոյապես։ Գրասենյակային աշխատողներն ավելի վայելուչ պահեցին իրենց, անցան ընդհատակյա ընտանեկան կենցաղավուրթյան։

Երբ աբասթումանցի կառապան Մամոն բրուտանոցի խոնավ չորանոցում ալլահի կամքով սեր էր անում նկարիչ֊քանդակագործուհի Լյուդմիլա Շարթի հետ, ճամբարային կենակցությունը դադարել էր զարմանք պատճառելուց։ Ո՛չ, ճամբարային ընտանիք կազմելու գործում Մամոն առաջիններից չէր։


6

Բրուտանո՜ց, ի՛մ բրուտանոց, ես քեզ դեռ երկար պիտի հիշեմ, ավելի շուտ՝ ես քեզ երբեք չեմ մոռացել, ու չեմ մոռնա, որովհետև մի բան հիշում են, երբ մոռացել են։ Ես քեզ՝ երբե՛ք։

Ես հիշում եմ՝ երբ աշունն իր գորշ թևերը փռում էր գործարար բակի ու թվում էր ամբողջ աշխարհի վրա, երբ անձրևը ծեծում էր քո պատուհանների կեղտոտ ապակիները, դու բուրում էիր, ի՜նչ էիր բուրոմ, հող ու կավ էիր բուրում ու այդ հողն արդար էր նրա վրա աշխատող մարդու նման ու կավը իմ և Մամոյի բոբիկ ոտների տակ չարչարված էր ու հունցված, որպեսզի Աշոտ դային նրանցից ամաններ պատրաստի ու հետո իր ձեռքով շինած քուրայում թրծի ու տա հազարավոր կալանավորներին, ― առե՛ք, կերեք, կերե՛ք ինչով կլցնեն, միշտ հիշելով, որ մարդն է շինում և թրծում հողե ամանները և ոչ թե աստվածները։ Ես հիմա հավատում եմ, ավելի քան հավատում, որ ազատն աստվածն է սկզբում շունչ փչել իր կավե շինվածքին և նրան կենդանություն պարգևել, ստեղծել է մարդուն և այդ մարդն օրորոցից մինչև կախաղան բանն ու գործը թողած՝ «ազատությո՜ն» է գոչել ու տենչացել։ Նույն այդ աստվածը, երևի, մի ուրիշ հաղածնի է աշխարհ գործուղել արտակարգ լիազորություններով, որ ոչ թե բոբիկ ոտներով, այլ ծանր, երկաթե սապոգներով ոտքի տակ առնի միլլիոններին, տրորի ու հունցի, կավ դարձնի, որ նրանք «ազատություն» բառն անգամ մոռանան, և հետո այդ կավից նո՛ր մարդ պատրաստի ի՛ր շնչով, ի՛ր կերպարանքով, նոր դրախտի խոստումով, որ այդ մարդը լինի վախկոտ ու դաժան, անողնաշար, փառամոլ ու դաժան, որ հսկողության տակ առնի անգամ մարդկային սերը։ Որ մարդիկ պատժվեն սիրելու համար, իսկ դաժանության համար պարգևատրվեն, որ նրա արձանները կանգնեն բոլոր կայաններում, հրապարակներում, քաղաքներում ու ավաններում, որ նրա նկարը կախվի բոլոր տների պատերից, որ նրա անունով կոչվեն քաղաքներ ու գործարաններ, հարյուր հազարավոր փողոցներ և հազարավոր հրապարակներ։ Որ բոլոր գրիչները գրեն նրա մասին, բանաստեղծները նրան գովերգեն, նկարիչները նրան նկարեն, երգիչները նրան երգեն, գիտնականները նրա անունով գործեն, զինվորականները նրա ցուցումով կռվեն, ողջ երկիրն օվսա՜ննա երգի, ու նա անհագուրդ խմի փառքի աղջուրն ու չհագենա, մոլեգնի ՜․․․

Բրուտանոց, իմ բրուտանո՜ց, ես չեմ մոռանա քո ձմեռները, երբ ջերմաչափ միայն Ժոզեֆինա Էռնեստովնան ուներ և հաճախ այն ցույց էր տալիս քառասուն, ու մենգրել իրավաբան Տուրկիան մեռնում էր կեսգիշերին, և հետո ցույց էր տալիս երեսունչորս, ու քիմիկոս Արտաշես Ջանփոլադյանն էր փակում իր աչքերը։ Հիվանդանոցից ու գարշահոտ բարաքներից դուրս ջերմաչափի փոխարեն գործում էր ցրտաչափը։ Սնդիկը թռչում էր քառասունի վրա ու չէր հուսահատվում, մագլցում էր վեր ուվեր, և հիվանդանոցում ազատված տեղերը նորերն էին գրավում։

Ընդարձակ բրուտանոցի մի անկյունում վառվում էր վառարանն ու ճարճատում։ Եթե ազատ ժամանակ ունենաս, նստես նրա մոտ և լսես ուշադրությամբ, ապա վառարանը, կերգի քո բոլոր ուզած եղանակները։ Նա գիտե անգամ ամենածիծաղելի երգերը, բավական է, որ դու հիշես եղանակը և նա կերգի․

Ծնկիդ ծալը, դոշիդ խալը, խանբաջի՜․․․

Դու սիրուն ես, քան քո տալը, խանբաջի՜․․․

Դու վառարանին հանդիմանում ես թեթևամտության, անլրջության համար, ու վառարանը հիմա երգում է քո հիշած նոր երգի աղաչավոր եղանակը․

Ամենա սո՜ւրբ երրորդություն,

Տուր աշխարհին խաղաղություն,

Բանտարկելուց՝ ազատություն

Եվ հիվանդաց՝ առողջություն

Իսկ հիմա․․․ աչքերդ տաքանում են, դու, ի՞նչ է, արտասվե՞լ ես ուզում։ Թաշկինակի կարիք չկա, վառարանը չորացնում է թարթիչներդ ու երգում, ու երգում․

Մի՛ լա, մի՛ թացի աչքերդ․․․

Մամոն այսօր մտահոգ է։ Աշխատանքի ընթացքում ես նկատեցի, որ նա մի քանի անգամ գաղտագողի նայեց գերմանուհու կողմը։ Այս մի քանի ամիսների ընթացքում վեջինս լցվել է և լցվել է․․․ ես չեմ ուզում սանձազերծել իմ երևակայությունը։ Իհարկե կլցվի, ի՞նչ կա այստեղ զարմանալի։ Նա, ճիշտ է, դատապարտված է 25 տարվա բանտարկության, սակայն այդ ամենևին չի նշանակում, թե դատապարտվել է 25 տարվա նիհարության։ Քսանհինգ տարվա ընթացքում ամեն բան կարող է պատահել մարդու կյանքում։ Քի՞չ կան այնպիսի կալանավորներ, որոնք նիհար են եղել, բայց հետագայում լցվել, բարենորոգվել են։ Ժոզեֆինա Էռնեստովնան ձեզ օրինակ։ Ճիշտ է, Լյուդմիլան այնպես չի սնվում, ինչպես այս գեղեցկատես լեհուհին, բայց չէ՞ որ Մամոն ջանք չի խնայում գրեթե ամեն օր, ճաշից հետո և բանթողից առաջ մի բանով ուրախացնելու նրան։ Այն էլ ճիշտ է, որ Ժոզեֆինա Էռնեստովնան գիրացել է և՛ մարմնով, և՛ դեմքով, գիրացել համաչափ գիրությամբ, իսկ Լյուդմիլան․․․ նրա դեմքը նույն նիհար, անառողջ դեմքն է, ոտները մնացել են բարակ, իսկ ինքը մի տեսակ լցվել է, այո, մի տեսակ լցվել։

Ես չեմ ուզում անձնատուր լինել երևակայությանը։ Ես կավ եմ հունցում և նայում ձախակողմյան պատի երկայնքով ամրացված երկար տախտակներին, որոնց մենք դարակ ենք ասում։ Նրանց վրա կողք֊կողքի շարված են Լյուդմիլա Շարթի մեծ ու փոքր, թրծված կամ դեռ հում աշխատանքները։ Այստեղ կարելի է տեսնել և՛ գլխաքանդակ, և՛ բյուստ։ Գլխաքանդակների վզները պետք եղածիծ ավելի երկար են, և այս հանգամանքը գլուխներին տալիս է ավելի ազդեցիկ տեսք։ Այստեղ կարելի է տեսնել Պուշկինի, Տարաս Շևչենկոյի, Հայնեի, Տոլստոյի, ինչ֊որ անհայտ֊անծանոթ երիտասարդի, Չայկովսկու, Շիլլերի, Դոստոևսկու, Նիցշեի գլուխներն ու կիսանդրիները։ Այս ամենը հիշողությամբ, որը, ինչպես երևում է, արվեստագիտուհու ուժեղ կողմերից մեկն է։

Չի կարելի ասել, որ Շարթի ստեղծագործական աշխատանքներն անցան առանց միջադեպերի։ Երբ նա աշխատում էր Հայնեի վրա, ներս մտավ Բիչկոն, նայեց նրա աշխատանքին և մտրակով ցույց տալով Հայնեին, հարցրեց․

― Ո՞վ է, ի՞նչ ազգից է։

― Գերմանացի է, բանաստեղծ, ― պատասխանեց Շարթը։

― Գերմանացի՜, ― անհանգստացավ Բիչկոն, ― մեռա՞ծ է, ապրո՞ւմ է։

― Մեռած է, վաղուց․․․

― Գերմանացի, ― Բիչկոն հառաչեց, ― դու ավելի լավ է մի ուրիշ գործի վրա ժամանակ սպանի․․․ մինչև ես իմանամ նրա ինչ լինելը․․․ անուն֊ազգանո՞ւնը․․․ Զբաղմո՞ւնքը․․․

― Հայնրիխ Հայնե․․․ բանաստեղծ։

Նա գրպանից հանեց տրորված բլոկնոտի նման բան, մի կարճլիկ մատիտ և գրեց։

― Հանկարծ փորձանքի մեջ չընկնենք․․․ Դու էլ, ես էլ, ― բացատրեց նա։

Լյուդմիլան կիսատ Հայնեն դրեց պատուհանի գոգը և չորանոց մտավ՝ չորացած ամանները հավաքելու։

Բիչկոյի գնալուց հետո անհանգստացած Մամոն մոտեցավ Աշոտ դայուն և հարցրեց․

― Ի՞նչ խաբար է․․․

Աշոտ դային բացատրեց։

― Ա՜յ Լյուդմիլա, ― դիմեց Մամոն ներս մտնող Լյուդմիլային իր ռուսերենով, ― էլ գլուխ չգտա՞ր․․․ Հիտլերի զեմլյակի գլուխն ի՞նչ գլուխ է․․․

― Հիտլերը վառում է նրա գրքերը, ― գրեթե ճչաց Լյուդմիլան, ― մի՞թե դրսում չեք կարդացել։

Մամոն սսկվեց։

― Ճիշտ, ― օգնության հասավ Իոնասը ոչ պակաս փայլուն ռուսերենով։ ― Հիտլերը Հայնե չի սիրում․․․ կրակ․․․

Ու ցույց տվեց վառարանը։

Երկու օր հետո եկավ Բիչկոն։

― Ոչինչ չպարզվեց, ― ասաց նա ծխախոտի ծուխը փչելով կիսատ Հայնեի կողմը, ― վերադասը․․․ մի խոսքով՝ չգիտեն, նրանց հայտնի չէ․․․

Աշոտ դային կանգնեցրեց անիվը և ասաց․

― Քաղաքացի՛ պետ, Հիտլերը վառում է այդ մարդու գրքերը․․․ մարդը հակաֆաշիստ է․․․

― Ճի՞շտ ― հանկարծակիի եկավ Բիչկոն, ― եթե դա ճիշտ է․․․ Հիտլերի թշնամին մեր բարեկամն է, պարզ է ու հասկանալի․․․

Գործարար բակի պետը դիմեց Շարթին․

― Ճի՞շտ է․․․ այդ ավազակը վառո՞ւմ է սրա գրքերը․․․

― Ամբողջ աշխարհին է հայտնի․․․ Մի՞թե թերթերում չեք կարդացել, ― պատասխանեց Շարթը Հայնեի չափ և Հայնեի պես դառնացած։

― Էլ ինչո՞ւ միանգամից չասացիր։

― Որովհետև դուք ոչ ոքի չեք հավատում, ― պատասխանեց Շարթը, ― ես ներողություն եմ խնդրում, բայց այդ այդպես է։

― Դուք մոռանում եք, որ ես կալանավոր եմ, ― ասաց Բիչկոն, մի նոր ծխախոտ վառելով, ― ես մտածում եմ և՛ ձեր, և՛ իմ մասին։ Չեմ թաքցնում, ես վախենում եմ, մի սխալ, մի ծուռ քայլ, և ինձ էլ քաղաքական կդարձնեն, կվառվեմ ոնց որ Սիդորի դեզը։ Այո, ես վախենում եմ։

― Իսկ ինչո՞ւ մենք չենք վախենում, ― մտքերի փոխանակությունը շարունակեց Շարթը։

― Դո՞ւք․․․ էլ ինչ վախ։ Այրվել պրծել եք․․․

Օդը ծանրացավ։

Ինչևէ․․․ Դուք վերջացրեք այս մարդու գլուխը, տեսնենք ինչ է գալու գլխներիս։

Նա ժպտաց։ Ակներև էր նրա ցանկությունը։ Նա ուզում էր իր ծանր խոսքերի տպավորությունը ցրել։ Այդ մենք ենք այրվել, պրծել Սիդորի դեզի պես․․․

Այսպես ծնվեց Հայնեն։

Երբ Լյուդմիլա Շարթն սկսեց խաղալ կավի հետ, Բիչկոն անհանգստացավ․ ինչպե՞ս կնայի վերադասն այդ գործին։ Մի օր չէ մի օր՝ ազատանիները կմտնեն բրուտանոց, վերահասու կլինեն․․․ Չե՞ն բռնի իր օձիքը, չե՞ն մեղադրի թույլ հսկողության, քաղաքական հանցագործների հետ մեղմ վարվելու մեջ։ Մի օր նա մտավ բրուտանոց, մոտեցավ չորանոցում աշխատող Լյուդմիլային և հարցրեց․

― Լենին կարո՞ղ ես պատրաստել։

― Կարող եմ։

― Ինձ համար երկու Լենին պատրաստի։ Համարիր անհատական պատվեր․ ինձնից կստանաս երկու բաժին հաց․․․ եղա՞վ։

― Ինչո՞ւ չէ․․․

― Չուշացնես։

Մամոն բարձրացավ յոթերորդ երկինք՝ այնտեղ մշտական բնակություն հաստատելու հաստատ մտադրությամբ։ Շորորալով էր նա կավը հունցում, ասես գլխի վրա պտտվում էր գերմանուհու շուրջը և հետևում նրա աշխատանքին։ Եկավ օրը, և երկու Լենինը պատրաստ էին դեմքի նույն արտահայտությամբ, նույն գլխարկով, երկու Լենին, երկուսն էլ մի բոյի, մոտիկ ու հարազատ։

Եկան և թրծելու օրերը։ Քուրան կոնուսաձև է․ կղմինդրից շինած Զանգեզուրի լեռների մակետ լինի ասես կամ « Նամուսի» Բարխուդարի փափախի խիստ մեծացրած տարբերակը։ Շինված է փոսի մեջ, Աշոտ դայու ձեռքով։ Նրա ստորոտում վառարանի անցքն է, որն առավոտից մինչև կեսգիշեր կլլում է Աշոտ դայու ձեռքով նետված չոր փայտերը։ Ծուխը բարձրանում է կոնուսի գագաթից, լայն ծխանցքով, որի պատերը տաքացնում են քուրայի որովայնը։ Այնտեղ կան կղմինդրե աստիճաններ, ուր Աշոտ դային տեղավորում է հազարի հասնող ամաններ, սակավաթիվ փարչեր, ծաղկաման, մոխրաման։ Նախքան վառարան վառելը Աշոտ դային կղմինդրներով փակում է կոնուսի վերջավորությունը, խնամքով սվաղում, որ ջերմությունը ելք չունենա։

Վառարանի քառակուսի անցքը դռնակ չունի ― ներսն ընդարձակ է, կիսակլորաձև, հատկապես նրա համար պատրաստված չոր փայտերը վառվում են ու վառվում։ Թրծարանի վառարանը չի երգում բրուտանոցի վառարանի նման քո ուզած երգը, ո՛չ, նա այնպիսի ամեհի ձայներ է հանում, որ դու մոռանում ես քո գիտցած և մանավանդ չգիտցած երգերը։ Նա մերթ վայում է, մերթ կաղկանձում, անսուզսպ ու խելագար պահանջում, սպառնում, հայհոյում ու մանավանդ վայում, վայում Ահարոնյանի լալկան աշնան քամու նման, ծխնելույզում։ ― Ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊վո՜ւ֊ո՜ւո՜ւ․․․

Հիմա ինձ սպասում է մի ուրիշ մեծ հաճույք ու բավականություն․ լվանալ ոտներս և նստել պատշաճ հեռավորության վրա վառարանի դեմ, մի մախորկա փաթաթել, վառել այն դուրս ընկած կրակից և լսել Աշոտ դայուն։ Նա տխրությամբ վերհիշում է իր հորը, դիլիջանցի բրուտ Քրիստափորին, այն մասին, թե ինչպես վաղ մանկությունից օգնել է հորը, սովորել բրուտություն, առանց իմանալու, որ այդ գործը կարող է իրեն պետք գալ ինչպես ինքն է ասում՝ Սիբիրներում։ Հետո սովորել է, մի ոտքը դրել Էջմիածին ճեմարանից ներս․․․

Փոքրիկ կիսանդրիներն Աշոտ դային խնամքով տեղավորեց քուրայում այնպես, որ իր ասելով՝ ոչ այրվեն, ոչ էլ հում մնան։ Ընդհանրապես թրծելու հատկապես առաջին օրը նրա համար ծանր ու լարված օր էր։ Քուրան պետք է վառել 15-16 ժամ անընդհատ։ Աշոտ դային առավոտյան վառում էր մի օր առաջ պատրաստված քուրան, իսկ երեկոյան ժամը հինգին աշխատանքները վերջանում էին, այնինչ հարկավոր էր շարունակել տաքացումը մինչև գիշերվա ժամը 12-1-ը։ Ճամբարային բաժանմունքի պետի՝ փոխգնդապետ Կուցենկոյի հատուկ կարգադրությամբ․․․

Երբ գործարար բակի աշխատանքները վերջանում էին և բրիգադները ճամբար էին վերադառնում, դարպասների մոտ ընդունող պահակապետը հաշվելուց հետո հայտարարում էր, որ մի հոգի պակասում է։ Ուղեկցող ավագ պահակը երկու քայլ մոտենում էր կալանավորներին ընդունող ավագին ու զեկուցում, որ բաժանմունքի պետի հատուկ կարգադրությամբ կալանավոր բրուտ Աշոտ Ռոստոմյանը (նա արտասանում էր Ռաստամյան) մնացել է բրուտանոցում աշխատանքի բերումով։ Եվ ուրիշ ոչինչ։ Նման օրերին ես ինձ որբ էի զգում, մենակ և անընկեր։ Ի՞նչ է անում հիմա Աշոտ դային, մենակ, մեն֊մենակ հսկայական գործարանում․․․ Ինչո՞ւ մենակ, ― անդրադառնում էի ես, իսկ պահա՞կը․․․ մե՜ծ բավականություն։

Կեսգիշերին գալիս էր Աշոտ դային, թեթև բարձրանում տախտակամածին, հարցնում․

― Հայդուկ, լավ֊լա՞վ ես, ― ու ես իսկապես ինձ լավ֊լավ էի զգում։

Հիմա նա մի կտոր հացի հետ խփշտում է սառած ընթրիքը։

― Իսկ դու՞․․․ գիշերով, մենակ, սարսափելի չէ՞․․․

― Նախ՝ մենակ չէի․ չուվաշ Պետրովը հսկում էր իմ անձի անձեռնմխելիությունը համաձայն սահմանադրության․․․

― Չէ՞ր նեղում։

― Դոստացանք․․․ մի քիչ խմած էր, դառնացած։

Նա իջավ տախտակամածից, ճաշամանն ու գդալը ընդհանուր լվացարանում լվաց ու վերադարձավ։

― Տարածելու կարիք չկա, ― շարունակեց նա, ― Պետրովի հայրը նույնպես բռնված է և քշված է Կոլիմա․․․ մի՛ զարմանա։

― Այդ սարսափելի չուվաշի հա՞յրը․․․

Աշոտ դային ժպտաց․

― Մարդիկ այն չեն, ինչ երևում են, ― ասաց նա, ― մեր ժամանակներում մարդը շատ է բարդացել իր էությամբ․․․ Ուրիշ բան են մտածում, ուրիշ բան խոսում, հակառակ իրենց էության՝ գործում․․․ Մարդու մեջ դրել են ինչ֊որ չար զսպանակներ, լարում են իրենց ուզած ձևով ու բաց թողնում։ Ու մարդիկ չար են՝ հակառակ իրենց կամքի, իրենց խմորի․․․

― Պետրովը քեզ օրինակ, ― շարունակեց Աշոտ դային հանվելով, ― կին ունի, երեխաներ, զորակոչված է ու հազար֊հազարների նման քշված այս աշխատանքին։ ― Նայում եմ քեզ վրա ու հորս եմ հիշում, ― մորմոքվում էր նա, ― անմեղ, անշառ մարդ էր․․․ Գոռում եմ ձեզ վրա ու սիրտս ցավում է։ Բայց ինչ կարող եմ անել, ծառայություն է․․․ օրենք․․․ ― Հա, քիչ էր մնացել մոռանայի, գրպանումս․․․

Նա բամբակյա բաճկոնի գրպանից շորի մեջ փաթաթված մի բան հանեց ու դրեց իր արկղը։

― Մի կտոր խոզի ճարպ տվեց, հրաժարվեցի, հնար չեղավ․․․ ― Գոնե հորս հասցեն ունենայի, ― գանգատվում էր Պետրովը, ― տարան ոչ մի լուր․․․ Մայրս երկու տարի առաջ դիմեց օրգաններին, պատասխանեցին, որ ուղարկված է Կոլիմա․․․ իսկ նամակ՝ չկա։ ― Խնդրեց, որ այս մասին ոչ ոքի․․․ ― կհանեն, կուղարկեն տուգանային գնդեր, որպես ժողովրդի թշնամու որդու․․․

Աշոտ դային լռեց։ Բարաքը քնած էր խոր քնով։ Ծանր աշխատանքից հետո քնած են ճամբարի բոլոր բնակիչները, երևի, բացի մեզնից ու քրեականներից, որոնք ցերեկները քնում, իսկ գիշերները թուղթ են խաղում։

― Դեհ, քնենք, ― ասում է Աշոտ դային, ― բարի գիշեր․․․ առավոտյան խոզի ճարպով մի լավ․․․ կնախա․․․

― ․․․ ճաշենք, ― լրացնում եմ ես մտքումս, իսկ Աշոտ դային արդեն քնած է։

Իսկ իմ քունը չի տանում։ Բարաքում տիրում է անթափանց խավար, միայն մուտքի ձախ կողմը քնող օրապահ Նուրանբաևի աղոտ լույսն է պլպլում։ Այդ գիշեր նա է հսկում բարաքի անդորրը։ Իհարկե, այդ հսկողությունը ձևական է, եթե քրեական պախաններն ու վառնակները թափանցեին բարաք ոչ բարի նպատակներով, օրապահը չտեսնելու պիտի տա։ Այդպիսի դեպքեր՝ որքա՜ն ասես։ Բացի բարաքների օրապահներից, հերթով հսկում են ճամբարի քունը բարաքների ավագները։ Նրանք շրջում են մեծ ճանապարհի վրա, երբեմն մոտենում այս կամ այն բարաք՝ ստուգելու օրապահների զգոնությունը, կամ նստում մի քանի րոպե ու խոսում շշուկով։ Ճամբարի անդորրը հսկում են նաև ճամբարի չորս անկյուններում բարձրացող հսկիչ աշտարակները՝ չորս զինված պահակներով, ինչպես և պահակատանը նստած պահակները, որոնք հաճախ մտնում են ճամբար՝ ստուգելու ավագների զգոնությունը․․․Հսկիչ աշտարակների պահակները նույնպես ստուգում են մեկ֊մեկու։ Հաճախ գիշերային լռության մեջ լսվում է նրանց կանչը։

― Լսիր, առաջին, ― լսո՞ւմ ես․․․

― Լսում եմ․․․ Լսիր երրորդ, ― լսո՞ւմ ես․․․

― Լսում եմ․․․ չորրորդ լսո՞ւմ ես․․․

― Լսում եմ․․․

Ճնշող և ծանր տպավորություն էին թողնում աշտարակից աշտարակ թռչող գիշերային այդ ավելի քան պարզ հարց ու պատասխանները, որոնք ավելորդ, միանգամայն ավելորդ տեղը հիշեցնում էին ճամբարի բնակիչներին իրենց դժխեմ կացությունը։

Բարաքում տիրում է անթափանց խավար․ եթե անտես մի ձեռք սեղմեր գոյություն չունեցող էլեկտրական լույսի կոճակը, եթե բարաքում հրաշքով վառվեին բազում լույսեր և եթե լույսի տակ դու նայեիր քնած կալանավորների դեմքերին, վերահասու կլինեիր անհավատալի, հրաշք թվացող երևույթի․ ― քնած կալանավորները մեծամասամբ ժպտում են, այո՛, ժպտում իսկական, մարդկային ժպիտով։ Բազմերանգ են այդ ժպիտները, ոմանք ժպտում են դառը ժպիտով, ոմանք՝ քաղցր, համարյա մանկական, կան հեգնական, թերահավատ, տարակուսող ժպիտեր, և կան այնպիսիք, որոնք ժպտում և կարծես հազիվ են զսպում իրենց ծիծաղը։ Ամբողջ օրը լարված ու տանջված՝ երբ նրանք քնում են, ասես ազատություն են տալիս իրենց կաշկանդաված զգացմունքներին, ազատ ու անպատասխանատու երազներ են տեսնում․ ազատվում են, տուն են գնում, հարազատներին են գրկում, համբուրում, ուտում են այն, ինչ ցերեկով երազել են, ընկերներով գարեջրատուն են մտնում և պատահում է այնպես, որ գարեջրատանը հանդիպում են․․․ ո՞ւմ են հանդիպում, իրենց քննիչին կամ ճամբարի պետին, կամ կալանավորներից մեկն ու մեկին, որը կալանավորական հագուստ֊կապուստով գարեջուր է վաճառում․․․

Ու երազը վերջանում է, ասես անհայտ մի ձեռք կալանավորին շուռ է տալիս ձայնապնակի նման, ու սկսվում է մի նոր երգ ու երազ։

Այդ գիշեր երևի ես չեմ ժպտացել։ Ամբողջ գիշեր չուվաշ պահակ Պետրովի հետ եմ եղել։ Նա, հրացանը դրած կողքին, նստած մեր բարաքում, օղի է խմում և երեխայի նման լալիս։ ― Կոլիմայից էտապ է գալիս, ― ասում է նա, ― երևի հայրս էլ գա, ինչպե՞ս պիտի հանդիպենք իրար, ես՝ պահակ, նա՝ կալանավոր․․․ Հետո նա մի քանի մեծ կտոր խոզի ճարպ է տալիս Աշոտ դայուն, երկու լրիվ բուխանկա հաց և խնդրում։ ― Կտաք հորս, կարիք չկա ասելու՝ թե ումից է, թե չէ կիմանան և ինձ կքշեն տուգանային գնդեր որպես ժողովրդի թշնամու որդու․․․ Այդ միջոցին բարաքի դուռը բացվում է, ներս է մտնում պահակապետը։ Պետրովը ոտքի է կանգնում, բարձրացնում է հրացանը և գոռում․ «կարգը մի խանգարեք, խոզեր, սրիկաներ, ես ձեզ տուգանային ճամբար կքշեմ այնպես, որ․․․»։

Ես զարթնում եմ։