հեղինակ՝ Ֆրանց Կաֆկա |
Առաջին գլուխ
Ձերբակալություն։ Զրույց ֆրաու Գրուբախի, հետո ֆրոյլայն Բյուրստների հետ
Առաջին գլուխ
Մեկը պետք է զրպարտած լիներ Յոզեֆ Կ֊ին, քանի որ նա՝ առանց որևէ վատ բան արած լինելու, ձերբակալվեց մի առավոտ։ Նրա տանտիրուհու՝ ֆրաու Գրուբախի խոհարարուհին, որն ամեն օր ժամը ութին էր նախաճաշը բերում, այս անգամ չերևաց։ Նման բան երբեք չէր պատահել։ Կ֊ն մի փոքր էլ սպասեց, պառկած տեղից տեսավ իրեն ոչ այնքան հատուկ հետաքրքրասիրությամբ այս կողմը նայող դիմացի շենքի ծեր տիկնոջը և, քիչ անց՝ տարակուսանքի ու քաղցի խառը զգացումով, սեղմեց զանգի կոճակը։ Դուռն իսկույն թակեցին, և ներս մտավ մի տղամարդ, որին Կ֊ն մինչ այդ երբեք չէր տեսել բնակարանում։ Նա նիհար էր, բայց՝ ամրակազմ, հագել էր վրան կիպ նստած, զանազան գրապաններով, ճարմանդներով, ծալքերով, կոճակներով ու գոտիով ծանրաբեռնված ճամփորդական հագուստի նմանվող սև կոստյում, որը, թեև հնարավոր չէր հասկանալ, թե ինչ նպատակի էր ծառայելու այդ ամենը, չափազանց առօրեական ու հարմարավետ էր թվում։
― Ո՞վ եք դուք,― հարցրեց Կ֊ն ու անմիջապես կիսանստեց անկողնում։ Մարդը, սակայն, այնպիսի տեսքով անտեսեց հարցը, կարծես պարտավոր էին նրա հայնտվելու հետ համակերպվել, և իր հերթին սոսկ հարցրեց․
― Դո՞ւք էիք զանգողը։
― Աննան պետք է նախաճաշ բերի ինձ համար։― Ասաց Կ֊ն և նախ փորձեց անխոս, ուշադրությունը կենտրոնացնելով ու մտորելով, կռահել, թե իսկապես ով էր այս մարդը։ Սակայն վերջինս այդքան երկար չկանգնեց նրա աչքի առաջ, այլ դեպի դուռը շրջվեց և փոքր֊ինչ բացեց, որպեսզի կիպ դռան հետևը կանգնած մեկին ասեր․
― Նա ուզում է, որ Աննան նախաճաշ բերի իր համար։― Կողքի սենյակում կարճ քրքիջ լսվեց, որից հնարավոր չէր հասկանալ, թե քանի հոգի էին ծիծաղում։ Թեև դրանով անծանոթի մինչև հիմա իմացածին ոչինչ չէր ավելանա, նա՝ կարծես զեկուցելիս լիներ, Կ֊ին ասաց․
― Հնարավոր չէ։
― Սա պետք է որ նորություն լինի,― զարմացավ Կ֊ն, ցատկելով անկողնուց և արագ հագավ շալվարը։― Կուզենայի տեսնել, թե ինչ մարդիկ են կողքի սենյակում, և ինչ պատասխան կտա ֆրաու Գրուբախը՝ հանգիստս խանգարել թույլ տալու համար։
Ու թեև անմիջապես նրա մտքով անցավ, թե չպետք է խոսքերը բարձրաձայն ասած լիներ, որ դրանով ինչ֊որ չափով ճանաչում է անծանոթի՝ այս սենյակում հսկելու իրավունքը, սակայն տվյալ պահին դա նրան այնքան էլ կարևոր չթվաց, մինչդեռ անծանոթը յուրովի հասկացավ այդ, որովհետև ասաց․
― Ավելի լավ չէ՞ր լինի, եթե այստեղ մնայիք։
― Մինչև չիմանամ, թե ով եք, ո՛չ ուզում եմ այստեղ մնալ, ո՛չ էլ ուզում եմ, որ ինձ հետ խոսեք։
― Լավ է ասված,― արտասանեց անծանոթն ու ինքնակամ բացեց դուռը։
Կ֊ն ավելի դանդաղ, քան սկզբում էր մտադիր, մտավ կողքի սենյակը և, նախորդ երեկոյի հետ համեմատած, այնտեղ առաջին հայացքից ոչ մի փոփոխություն չտեսավ։ Դա ֆրաու Գրուբախի հյուրասենյակն էր։ Կահույքով, ծածկոցներով, սպասքեղենով ու լուսանկարներով լցված սենյակում այսօր, երևի թե սովորականից մի փոքր ավելի ազատ տարածություն կար։ Այդ բանն իսկույն չէր զգացվում, որովհետև ամենակարևոր փոփոխությունը սենյակի բաց պատուհանի մոտ գիրքը ձեռքին նստած մարդու ներկայությունն էր։
― Արդյոք Ֆրանցը չասա՞ց, որ Դուք պետք է Ձեր սենյակում մնայիք,― գրքից կտրվելով հարցրեց նա։
― Այո, բայց Դուք ի՞նչ եք ուզում, հարցեց Կ֊ն։ Նրա հայացքը նոր ծանոթից դարձավ դռների մեջ կանգնած Ֆրանց կոչվածի կողմը, հետո՝ նորից հետ։ Բաց պատուհանից կրկին երևաց ծեր կնոջ դեմքը, որ շարունակությունը ևս տեսնել կարողանալու համար իսկական ծերունական հետաքրքրասիրությամբ այժմ մոտեցել էր հանդիպակաց պատուհանին։
― Ես ուզում եմ ֆրաու Գրուբախին տեսնել,― ասաց Կ֊ն։ Թեպետ երկու անծանոթներն իրենից բավական հեռու էին կանգնած, նա այնպիսի շարժում արեց, կարծես պոկ էր գալիս նրանցից, և ցանկացավ առաջ գնալ։
― Ո՛չ։― Արգելեց պատուհանի մոտ նստած մարդը, գիրքը նետեց փոքր սեղանին ու վեր կացավ։― Դուրս գալու իրավունք չունեք, Դուք ձերբակալված եք ախր։
― Այդպես է երևում,― ասաց Կ֊ն, հետո հարցրեց։― Բայց ի՞նչ պատճառով։
― Բացատրելու համար չենք այստեղ եկել։ Գնացեք ձեր սենյակը և սպասեք։ Քննությունը նոր է սկսվել, Դուք ամեն ինչ ժամանակին կիմանաք։ Թեև այսպես բարեկամաբար խոսելով խախտում եմ ինձ տրված հանձնարարությունը, սակայն հուսով եմ, որ դա Ֆրանցից բացի ոչ ոք չի իմանա։ Նա ևս, հակառակ հրահանգների, բարեկամաբար է վարվում Ձեզ հետ։ Եթե հետագայում էլ Ձեր բախտը բանի, ինչպես այսօր պահակների հարցում, կարող եք ապահով լինել։
Կ֊ն ցանկացավ նստել, սակայն նկատեց, որ պատուհանին մոտիկ դրված բազկաթոռից բացի, սենյակում նստելու ուրիշ ոչ մի հարմարանք չկար։
― Դեռ կհամոզվեք, թե որքան ճիշտ է ասում նա,― ավելացրեց Ֆրանցն ու երկրորդ մարդու հետ միաժամանակ մոտեցավ Կ֊ին։ Հատկապես վերջինս հովանավորի տեսքով բազմանշանակ նայեց Կ֊ին և քանիցս թփթփացրեց նրա ուսին։ Նրանք զննեցին Կ֊ի գիշերազգեստը և հայտնեցին, որ նա այժմ ստիպված կլինի շատ ավելի վատ շապիկ հանգնել, որ իրենք նրա շապիկը մյուս սպիտակեղենի հետ, ի պահ կվերցնեն, և, եթե գործը բարենպաստ ավարտվի, կրկին կվերադարձնեն։
― Ավելի լավ է Ձեր իրերը վստահեք մեզ, ինչպես պահասենյակում,― առաջարեկցին նրանք։― Բայց պահսենյակում շատ հաճախ են յուրացումներ լինում, և, դրանից բացի, որոշ ժամանակ անց այնտեղ բոլոր իրերը վաճառվում են, առանց հաշվի առնելու՝ արդյոք հետաքննությունը ավարտվե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ ի՜նչ երկար են տևում նմանատիպ դատավարությունները հատկապես վերջերս։ Այնուհետև Դուք, համենայնդեպս, իրերի վաճառքից հետո կստանաք Ձեր հասույթը, սակայն գումարն իրենից մեծ բան չի ներկայացնի, որովհետև վաճառքի ժամանակ հաշվի է առնվում ոչ թե առաջարկի չափը, այլ՝ կաշառքինը, և հետո՝ փորձը ցույց է տալիս, որ հասույթները գնալով նվազում են, երբ նրանք տարեցտարի ձեռքից֊ձեռք են անցնում։
Կ֊ն հազիվ թե ուշադրություն էր դարձնում այս խոսքերին։ Նա այնքան էլ բարձր չէր դասում իրերը տնօրինելու իրավունքը, որ դեռ ուներ թերևս։ Նրա համար այժմ շատ ավելի կարևոր էր սեփական դրության մեջ պարզություն մտցնելը, սակայն այդ մարդկանց ներկայությամբ նա բնավ չէր կարող մտածել, որովհետև երկրորդ պահակը (նրանք միայն պահակներ կարող էին լինել) փորով, իբր թե բարեկամաբար, շարունակում էր խփել իրեն, իսկ երբ Կ֊ն վեր էր նայում, միայն մեծ, կողքի թեքված քթով, հաստ մարմնին բնավ չհամապատասխանող ոսկրոտ, չոր դեմք էր տեսնում և զգում էր, որ նրանք իր գլխի վրայով ինչ֊որ բան են պայմանավորվում։ Ի՞նչ մարդիկ էին սրանք, ի՞նչ գերատեսչության էին պատկանում, ինչի՞ մասին էին խոսում։ Ախր Կ֊ն քաղաքացի է իրավական մի պետության, ուր ամեն տեղ կարգուկանոն է տիրում, բոլոր օրենքները կանգնած են զինվորների նման․ ո՞վ կարող է համարձակվել սեփական բնակարանում հարձակվել նրա վրա։ Նա միշտ հակված էր ամեն բան որքան հնարավոր է տանել թեթև, հավատալ վատին, միայն երբ այն իրոք վրա էր հասնում, և նույնիսկ եթե վտանգ էլ սպառնար, ապագայի համար հոգ չէր տանում։ Այս անգամ, սակայն, դա նրան ճիշտ չթվաց։ Իհարկե, կարող էր պատաhել, որ այստեղ տեղի ունեցող տեսարանը կատակ լիներ, մի կատակ, որ չգիտես ինչու (գուցե այսօր լրացող երեսնամյակի կապակցությամբ) բանկի գործընկերներն էին կազմակերպել։ Իհարկե, հնարավոր էր։ Միգուցե հարկ լիներ ինչ֊որ կերպ ծիծաղել պահակների երեսին, և նրանք էլ ծիծաղեին իր հետ․ գուցե սրանք փողոցի անկյունում կանգող կարգի պահապաններից էին (այնքան էլ չէին տարբերվում նրանցից), ու եթե այս ամենը կարելի լիներ (թեկուզ կոպիտ) կատակ համարել, այս անգամ արդեն Կ֊ն՝ սկսած պահակ Ֆրանցին առաջին անգամ տեսնելու պահից, վճռել էր նրանց հանդեպ ունեցած առավելությունը փոքր իսկ չափով չզիջել։ Որ հետո կարող էին ասել, թե ինքը կատակ չի հասկանում, դրանում Կ֊ն այնքան մեծ վտանգ չէր տեսնում, ու, թեև կատարված դեպքերից փորձ քաղելը նրան բնորոշ չէր, այնուամենայնիվ, նա հիշում էր իրենց նշանակությամբ անկարևոր մի քանի դեպքերի մասին, երբ ինքը, ի տարբերություն մյուս ընկներիների, գիտակցաբար, առանց հնարավոր հետևանքների մասին մտածելու, ազգույշ էր գործել և այդ պատճառով, ի վերջո, տուժել էր։ Այդ հին պատմություններն այս անգամ այլևս չպետք է կրկնվեին, ու եթե սա կատակերգություն էր, ապա ինքը կուզենար մասնակցել դրան։ Առայժմ ինքն ազատ էր դեռ։
― Թույլ տվեք։― Ասաց նա և պահակների արանքով շտապ անցավ իր սենյակը։
― Խելամիտ մարդ է երևում։― Լսեց նա իր թիկունքում։
Սենյակում Կ֊ն դուրս քաշեց գրասեղանի դարակը, ուր ամեն ինչ կանոնավոր կերպով դասավորված էր, սակայն հուզմունքը նրան թույլ չէր տալիս այդ պահին գտնել իր անձի իսկությունը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը։ Ի վերջո նա գտավ վարորդական իրավունքը, ուզեց վերցնել ու գնալ պահակների մոտ, սակայն փաստաթուղթը նրան պակաս կարևոր թվաց, և նա շարունակեց փնտրել, մինչև գտավ ծննդյան վկայականը։ Երբ նորից կողասենյակ վերադարձավ, նուն պահին բացվեց դիմացի դուռը, և ֆրաու Գրուբախը ուզեց ներս գալ։ Նա միայն մի պահ երևաց, որովհետև հազիվ էր Կ֊ին նկատել, մտահոգ տեսքով ներողություն խնդրեց, անհետացավ ու շատ զգույշ փակեց դուռը։
― Ներս եկեք։― Դեռ կարող էր ասել Կ֊ն, սակայն փաստաթղթերոը ձեռքին նա կանգնել էր սենյակի մեջտեղում, նայում էր դռան կողմը (դուռն այլևս չբացվեց) և սթափվեց միայն պատուհանի մոտ փոքր սեղանի շուրջ նստած պահակների ձայնից։ Կ֊ն նկատեց, որ նրանք իր նախաճաշն են խփշտում։
― Ինչո՞ւ ներս չեկավ,― հարցեց Կ֊ն։
― Չի կարելի,― ասաց մարմնեղ պահակը։― Դուք, ախր, ձերբակալված եք։
― Ինչպե՞ս թե։ Եվ ա՞յս կերպ եմ ձերբակալված։
― Էլի սկսեցիք,― ասաց պահակն ու բուտերբրոդը թաթախեց մեղրամանի մեջ։― Նման հարցերին մենք չենք պատասխանում։
― Պարտավոր եք։ Ահա իմ փաստաթղթերը։ Այժմ ցույց տվեք ձեր փաստաթղթերը և, ամենից առաջ՝ ձերբակալման հրամանը։
― Տեր աստված,― բացականչեց պահակը։― Դուք, կարծես, չեք կարողանում հաշտվել Ձեր դրության հետ, և մեզ, որ Ձեր շրջապատի մարդկանցից ամենամոտն ենք հավանաբար, աշխատում եք իզուր տեղը ջղայնացնել։
― Այդպես է, հավատացեք ինձ։― Խոսեց Ֆրանցը և ձեռքին պահած սուրճի գավաթը ոչ թե շուրթերին մոտեցրեց, այլ երկար, հնարավոր է ինչ֊որ բան նշանակող, բայց անհասկանալի հայացքով նայեց Կ֊ին։ Կ֊ն, իր կամքից անկախ, հայացքներ փոխանակեց Ֆրանցի հետ, հետո, սակայն, ձեռքը խփեց իր թղթերին ու ասաց․
― Ահա իմ փաստաթղթերը։
― Մեզ ինչ,― արդեն բղավեց մարմնեղ պահակը։― Դուք երեխայից էլ վատ եք պահում Ձեզ։ Ի՞նչ եք ուզում։ Մեզ՝ պահակներիս հետ փաստաթղթերի ու ձերբակալման հրամանի մասին վիճաբանելով ցանկանում եք Ձեր անիծյալ, ծավալուն դատավարությունը արագ ավարտի՞ հասցնել։ Մենք ենթակա մարդիկ ենք, հազիվ ենք փաստաթղթերի սևը սպիտակից ջոկում և Ձեր գործում ուրիշ անելիք չունենք, քան օրվա մեջ տաս ժամ հսկելն ու դրա համար վարձատվրելը։ Այդ է մեր անելիքը, բայց նաև հասկանում ենք, որ վերադաս օրգանները (մենք նրանց ենք ծառայում), նախքան ձերբակալության որևէ հրաման տալը, մանրամասն տեղեկություններ են հավաքում ձերբակալման պատճառի և ձերբակալվող անձի մասին։ Այդ հարցում ոչ մի սխալ չկա։ Մեր գերատեսչությունը, ինչքան ես գիտեմ (իսկ ես միայն ստորին խավին եմ ճանաչում), ժողովրդի մեջ ոչ թե հանցանք է փնտրում, այլ, ինչպես օրենքում է գրված, գործում է հանցանքից դրդված, և պարտավոր է մեզ ուղարկել հսկելու։ Սա է օրենքը, և այստեղ ոչ մի սխալ չի կարող լինել։
― Ես այդ օրենքը չգիտեմ,― ասաց Կ֊ն։
― Ավելի վատ Ձեզ համար։
― Դրանք երևի միայն ձեր գլխում գոյություն ունեն,― Կ֊ն ուզում էր մի կերպ կարդալ պահակների մտքերը, դրանք հօգուտ իրեն շրջել կամ նրանց մտքերի մեջ տեղ գրավել։
― Դեռ կզգաք Ձեզ վրա,― Կ֊ին ընդհատեց պահակը։
― Նկատեցի՞ր, Վիլլեմ,― խոսակցությունը միջամտեց Ֆրանցը։― Նա հայտնում է, թե չգիտե օրենքը, միաժամանակ պնդում է, թե անմեղ է։
― Իրավացի ես, սակայն նրան ոչինչ չի կարելի հասկացնել։
Կ֊ն այլևս չխոսեց։ «Ի՞նչ է, պետք է թույլ տամ, որ այս ենթակա անձանց շաղակրատանքը (իրենք խոստովանեցին, որ ենթակա մարդիկ են) ինձ ավելի՞ շփոթեցնի։― Մտածեց նա։― Նրանք այնպիսի բաներ են խոսում, որ, համենայն դեպս, իրենք ևս չեն հասկանում։ Այդ խոսքերի հավաստի լինելը միայն նրանց հիմարության շնորհիվ է հնարավոր։ Իմ դիրքին համատասխան մարդու հետ փոխանակած մի քանի խոսքը ամեն ինչ անհամեմատ ավելի պարզ կդարձնի, քան սրանց հետ երկար խոսելը»։
Նա մի քանի անգամ հետ ու առաջ քայլեց սենյակի ազատ տարածության մեջ, դիմացի պատուհանում տեսավ ծեր տիկնոջը, որ ավելի հասակավոր մի ծերունու էլ էր պատուհանին մոտ քաշել ու պահում էր գրկած։ Կ֊ն պետք է վերջ տար այս ներկայացմանը։
― Ինձ ձեր պետի մոտ տարեք։
― Միայն՝ երբ նա ինքը ցանկանա։ Ոչ ավելի շուտ,― ասաց մարմնեղ պահակը, որի անունը Վիլլեմ էր։― Իսկ առայժմ խորհուրդ կտամ,― ավելացրեց նա,― որ գնաք Ձեր սենյակը, հանգիստ պահեք Ձեզ և սպասեք, թե Ձեզ վերաբերող ինչ կարգադրություններ կլինեն։ Խորհուրդ ենք տալիս․ Ձեզ մի տանջեք ավելորդ մտքերով, այլ հավաքեք Ձեզ․ Ձեզանից դեռ ավելի մեծ բաներ կպահանջվեն։ Դուք այնպես չեք վարվում մեզ հետ, ինչպես Ձեր հանդեպ ունեցած մեր տրամադրվածությանն է վայել։ Մոռացել եք, որ մենք՝ ով էլ որ լինենք ընդհանրապես, գոնե այժմ, ի տարբերություն Ձեզ, ազատ մարդիկ ենք, իսկ դա փոքր առավելություն չէ։ Համենայնդեպս, եթե փող ունեք, մենք պատրաստ ենք դիմացի սրճարանից մի փոքր նախաճաշ բերել Ձեզ համար։
Առանց այդ առաջարկին պատասխանելու, Կ֊ն որոշ ժամանակ լուռ կանգնեց։ Եթե ինքը բացեր հաջորդ սենյակի կամ, թեկուզ, նախասենյակի դուռը, երկու պարոնները, երևի չհամարձակվեին խանգարել, և գուցե դա լիներ իր իսկ չափազանցրած հարցի ամենապարզ լուծումը։ Սակայն հնարավոր է նաև, որ բռնեին, և եթե ինքը մի անգամ տապալվեր, ապա կորած կլիներ նաև այն ողջ առավելությունը, որ այժմ ուներ նրանց հանդեպ։ Այդ պատճառով Կ֊ն նախընտրեց դեպքերի բնական ընթացքի տված լուծման հուսալիությունը և, առանց որևէ բան ասելու (պահակները նույնպես լուռ էին), գնաց իր սենյակը։ Նա նետվեց մահճակալին ու լվացարանի վրայից վերցրեց դեռ երեկվա ընթրիքից նախաճաշի համար թողած կարմրաթուշ խնձորը։ Այժմ դա էր նրա միակ նախաճաշը և, ինչպես համոզվեց առաջին խոշոր պատառը կծելուց հետո, ավելի լավն էր, քան կլիներ գիշերային կեղտոտ սրճարանից պահակների ողորմածությամբ բերված նախաճաշը։ Նա իրեն վստահ ու լավ էր զգում։ Թեև մինչև ճաշ բաց էր թողնելու աշխատանքը, սակայն բանկի համեմատաբար բարձր աստիճանավորի համար, որոնցից մեկն ինքն էր, դա ներելի էր։ Արդյոք կարիք կա՞ր ղեկավարությունից ներողություն խնդրել։ Նա մտադիր էր այդպես վարվել։ Եթե հանկարծ չհավատային (մի բան, որ խիստ հնարավոր էր), կարող էր ֆրաու Գրուբախին վկայակոչել կամ թեկուզ դիմացի երկու ծերուկներին, որոնք այժմ երևի գալիս էին Կ֊ի սենյակին դեմհանդիման ընկած պատուհանների կողմը։ Կ֊ն զարմանում էր, հենց թեկուզ պահակների մտածելակերպն էր զարմացնում նրան․ իրեն փակել էին սենյակում և մենակ թողել, մինչդեռ ինքը ինքնասպան լինելու այդքան շատ հնարավորություն ուներ։ Միաժամանակ նա (այս անգամ արդեն սեփական մտքերի ընթացքից ելնելով) ինքն իրենց հարցրեց, թե նման քայլ կատարելու համար ի՞նչ պատճառ կարող է ունենալ։ Որ այն երկուսը նստել էին կողքի սենյակում և ձեռքնե՞րն էին առել իր նախաճաշը։ Ինքնասպան լինելն այնքան անիմաստ բան էր, որ նա, եթե անգամ ուզենար էլ, հենց թեկուզ անիմաստության պատճառով ի վիճակի չէր լինի այդ բանն անել։ Եթե պահակների մտավոր սահմանափակությունն այդ աստիճան ակնառու չլիներ, կարելի կլիներ ենթադրել, թե նրանք էլ, նույն համոզմունքից ելնելով, ոչ մի վտանգ չէին տեսել իրեն մենակ թողնելու մեջ։ Եթե պահակներն այժմ կարողնանային հետևել, կտեսնեին, թե ինչպես Կ֊ն պահարանի կողմը գնաց (այնտեղ լավորակ շնապս էր պահում), առաջին բաժակը խմեց նախաճաշի տեղակ, երկրորդը՝ արիության համար, երրորդը՝ չնախատեսված որևէ դեպքի զգուշավորությունից․ կարող է պետք գար։
Նույն պահին կողասենյակից կանչող ձայնը այնպես վախեցրեց նրան,որ ատամները բաժակի եզրին կափկափեցին։
― Վերակացուն է կանչում։
Միայն բղավողը սարսափեցերց Կ֊ին․ կարճ, զինվորական կանչ էր և բնավ չէր կարելի հավատալ, թե ձայն տվողը պահակ Ֆրանցը կլիներ։ Թե չէ՝ հրամանը նրա սրտովն էր։
― Վերջապես։― Ասաց նա ի պատասխան, փակեց պահարանն ու իսկույն շտապեց կողքի սենյակը, ուր կանգնած երկու պահակները նրան նորից հետ քշեցին։ Նրանց այդ արարքը կարծես ինքնին հասկանալի պետք է լիներ։
― Ինչպե՞ս եք համարձակվում։ Ուզում եք շապիկով կանգնել վերակացուի դիմաց։ Նա կկարգադրի թակեց Ձեզ, մեզ էլ հետը։
― Թողեք, գրողը տանի,― բղավեց Կ֊ն։ Նրան հետ էին քշել մինչև զգեստների սնդուկը։― Ով անկողնում պառկած տեղն է ինձ վրա տալիս, չի կարող ակնկալել, թե ինձ տոնական կոստյումով կտեսնի։
― Անօգուտ է,― ասացին պահակները։ Նրանք, երբ Կ֊ն բղավում էր, հանդարտվում էին, համարյա տխուր տեսք էին ընդունում և դրանով կա՛մ շփոթեցնում էին Կ֊ին, կա՛մ որոշ չափով ուշքի էին բերում։
― Ծիծաղելի արարողություններ են,― մրթմրթաց նա, սակայն աթոռի վրայից վերցրեց շապիկը և երկու ձեռքով մի պահ այնպես պահեց, կարծես պահակների կարծիքն էր ուզում իմանալ։
― Սև պետք է լինի,― գլուխներն օրորեցին նրանք։
Այդ խոսքերի վրա Կ֊ն վերնաշապիկը նետեց հատակին և ինքն էլ բնավ չհասկացավ, թե ինչ նկատի ուներ, երբ ասաց․
― Ախր դատավարության եզրափակիչ նիստը չէ։
― Հանդերձը պետք է սև լինի։― Պահակները ժպտացին, բայց անդրդելի մնացին։
― Եթե դրանով կարող եմ արագացնել գործը, համաձայն եմ։― Կ֊ն բացեց սնդուկը, երկար փնտրեց բազմաթիվ շորերի մեջ, ընտրեց լավագույն սև կոստյումը, որ կիպ գրկում էր իրանը և ծանոթների շրջանում մեծ տպավորություն էր թողել, մի ուրիշ վերնաշապիկ հանեց ու սկեց խնամքով հագնել։ Միաժամանակ նա մտածում էր, թե գործի ընթացքը կարագանա նրանով, որ պահակները մոռացան ստիպել իրեն ցնցուղ ընդունել։ Կ֊ն զննեց նրանց․ գուցե հիշեի՞ն, սակայն պահակների մտքով չանցավ, փոխարենը Վիլլեմը չմոռացավ Կ֊ի հագնվելու մասին զեկույցով Ֆրանցին վերակացուի մոտ ուղարկել։
Հագնվելուց հետո Կ֊ն պետք է կողքի դատարկ սենյակով, կիպ Վիլլեմի դիմացից, անցներ հաջորդ սրահը, որի դռան երկու փեղկերն արդեն բաց էին։ Կ֊ն հաստատ գիտեր, որ այդ սենյակում վերջերս բնակվում էր մասնագիտությամբ մեքենագրուհի ոմն մի ֆրոյլայն Բյուրստներ։ Նա առավոտ վաղ գործի գնալու և ուշ վերադարռնալու սովորություն ուներ, և Կ֊ն նրա հետ ողջույնից բացի ուրիշ ոչ մի բառ չէր փոխանակել։
Գիշերային արդուզարդի սեղանը, որի հետևում ոտքերն իրար վրա գցած, մի ձեռքը աթոռի թիկնակին նստել էր վերակացուն, ֆրոյլայն Բյուրստների մահճակալի մոտից տեղափոխված էր սենյակի կենտրոնը և քննասեղանի տեղ էր ծառայելու։ Սենյակի մի անկյունում երեք երիտասարդներ կանգնել, պատից կախված խսիրի ծղոտների արանքը խցկած նկարներն էին նայում։ Բաց պատուհանի բռնակից սպիտակ վերնաշապիկ էր կախված։ Դիմացի պատուհանում նորից երկու ծերունիներն էին, միայն թե այդ խումբը մեծացել էր․ նրանց թիկունքում շատ բարձրահասակ, կուրծքը բաց վերնաշապիկ հագած մի մարդ էր կանգնել և մատներով խաղում էր սուրսայր, կարմրավուն մորուքի հետ։
― Յոզեֆ Կ՞․,― հարցրեց վերակացուն՝ շատն էլ երևի նրա ցրված հայացքն իր կողմն ուղղելու նպատակով։ Կ֊ն գլխով արեց։― Այս առավոտվա դեպքերն, անշուշտ, անակնկալի՞ բերեցին Ձեզ։― Հարցրեց վերակացուն և, միաժամանակ, երկու ձեռքով տեղաշարժեց սեղանի վրայի սակավաթիվ իրերը՝ մոմը, լուցկին, մի գիրքը և ասեղի բարձիկը․ դրանք կարծես, քննության համար անհրաժեշտ իրեր լինեին։
― Ինչ խոսք։― Ասաց Կ֊ն, և նրան համակեց վերջապես մի խելացի մարդու դեմ կանգնած լինելու, նրա հետ գործի մասին խոսելու հնարավորության պատճառած ուրախությունը։― Ինչ խոսք, ես անակնկալի էի եկել, բայց ոչ այնքան շատ։
― Ո՞չ այնքան։― Հարցրեց վերակացուն և մոմը դրեց սեղանի մեջտեղում, իսկ շուրջը խմբեց մնացած իրերը։
― Երևի սխալ եք հասկանում ինձ,― շտապես բացատրել Կ֊ն։― Ուզում եմ ասել, որ․․․։― Նա ընդհատեց խոսքն ու հայացքով բազկաթոռ փնտրեց։― Կարող եմ նստել, այդպես չէ՞։
― Ընդունված չէ։
― Ուզում եմ ասել,― առանց հետագա ընդմիջումների շարունակեց Կ֊ն,― որ ես համեմատաբար շատ անակնկալի եկա, սակայն երբ մարդ տարի ապրի աշխարհիս երեսին և միայնակ հաղթահարի ամեն ինչ, ինչպես ինձ է վիճակված եղել, որոշ չափով հետ վարժված կլինի անակնկալի գալուց, և եղածն էլ այնքան ծանր չի տանի։ Հատկապես այսօրվանը որ՝ ոչ։
― Իսկ ինչո՞ւ այսօրվանը՝ ոչ։
― Չեմ ուզում ասել, թե այս ամբողջը կատակ եմ համարում։ Կազմակերպված գործողությունները կատակի համար շատ են ծավալուն։ Պանսիոնի երևի բոլոր անդամները մասնակցում են, Դուք էլ նրանց հետ․ դա անցնում է կատակի սահմանը։ Կարճ ասած, չէի ասի, թե կատակ է։
― Միանգամայն ճիշտ է,― հաստատեց վերակացուն և ստուգեց, թե քանի հատիկ կա լուցկու տուփի մեջ։
― Մյուս կողմից,― շարունակեց Կ֊ն և դիմեց բոլորին (նա հաճույքով կդիմեր նաև լուսանկարների մոտ կանգնած երեք հոգուն),― մյուս կողմից, գործն այնքան էլ կաևոր չէ։ Ես սա այն բանից եմ եզրակացնում, որ մեղադրված եմ, սակայն չեմ կարող ամենաչնչին մեղքն անգամ գտնել, որի պատճառով կարելի լիներ ինձ մեղադրել։ Սակայն նույնիսկ դա է երկրորդական։ Հիմնական հարցն այն է, թե ո՞ւմ կողմից եմ մեղադրված, ի՞նչ գերատեսչություն է վարում դատաքննությունը։ Դուք պաշտոնյա՞ եք․ ոչ ոք համազգեստով չէ, եթե, իհարկե,― Կ֊ն շրջվեց Ֆրանցի կողմը,― համազգեստ չանվանեք ձեր հագուստը։ Բայց դա ավելի շուտ ճամփորդական կոստյում է։ Այս հարցերում ես պարզություն եմ պահանջում և համոզված եմ, որ պարզաբանումից հետո սրտառուչ կերպով կարող ենք բաժանվել իրարից։
Վերակացուն լուցկու տուփը գցեց սեղանին։
― Դուք շատ եք սխալվում,― ասաց նա։― Այստեղի պարոնները և ես ձեր գործում այդ աստիճան ազդեցիկ չենք։ Մենք գործի մասին համարյա ոչինչ չգիտենք։ Կարող էինք ամենաիսկական համազգեստներով լինել, բայց Ձեր գործը դրանից բնավ ավելի լավ վիճակում չէր լինի։ Ես նույնիսկ չեմ կարող ասել, որ Դուք մեղադրված եք, կամ, առավել ևս, ես չգիտեմ, թե արդո՞ք Դուք եք մեղադրվածը։ Դուք ձերբակալված եք, դա ճիշտ է։ Սրանից բացի ոչինչ չգիտեմ։ Միգուցե պահակներն այլ բան են դուրս տվել, այդ դեպքում դա միայն բարբաջանք է եղել։ Եթե անգամ այժմ Ձեր հարցերին չպատասխանեմ, գոնե կարող եմ խորհուրդ տալ, որ ավելի քիչ մտածեք մեր մասին և այն մասին, թե ի՞նչ է կատարվելու Ձեզ հետ։ Լավ կլինի ավելի շատ մտածեք Ձեր մասին և այնքան էլ մեծ աղմուկ մի սարքեք Ձեր անմեղության զգացումով։ Դա վնասում է, չէի ասի, թե վատ, տպավորությանը, որ Դուք եք թողնում ընդհանրապես։ Հետո պետք է խոսելու ժամանակ նաև ավելի զուսպ լինեք։ Ձեր քիչ առաջ ասածի իմաստը, եթե թեկուզ մի քանի բառ ասեիք, կարելի էր Ձեր վարմունքից կռահել, և, դրանից բացի, Ձեր համար բարենպաստ ոչինչ չկար այնտեղ։
Կ֊ն աչքերը հատել էր վերակացուին։ Թերևս ավելի երիտասարդ մեկը դպրոցականին վայել խրատնե՞ր էր տալիս։ Կշտամբո՞ւմ էր անկեղծության համար, իսկ ձերբակալման և այն մասին, թե ով է կարգադրել, ոչինչ չէր ասում։ Պարզ երևում էր, որ Կ֊ն հուզվեց, սկսեց ետուառաջ քայլել սենյակում (ոչ ոք չէր խանգարում նրան), ծալեց թեզանիքները, շոշափեց կուրծքը, ուղղեց մազերը, անցավ երեք պարոնների կողքով։
― Ախր անիմաստ բան է,― ասաց նա։ Այդ խոսքերից երեքն էլ շուռ եկան նրա կողմն ու պատրաստակամ, բայց՝ լուրջ, նայեցին։ Կ֊ն ի վերջո կանգ առավ վերակացուի սեղանի դիմաց։
― Դատախազ Հաստերերն իմ լավ ընկերն է,― ասաց նա։― Կարո՞ղ եմ զանգել նրան։
― Իհարկե,― ասաց վերակացուն։― Բայց չգիտեմ, թե ի՞նչ միտք ունի։ Որևէ իմաստ կունենար, եթե նրա հետ մասնավոր գործերի մասին խոսելու բան ունենայիք։
― Ի՞նչ միտք։― Ավելի շուտ շփոթված, քան զայրացած բղավեց Կ֊ն։― Դուք ո՞վ եք։ Դուք ինչ֊որ իմաստ եք ուզում, երբ երբևէ եղած ամենաանիմաստ բա՞նն եք մատուցում։ Մարդու սիրտ է տրաքում։ Նախ այս պարոններն են հարձակվում ինձ վրա, հիմա էլ նստել կամ կանգնել են այստեղ և ինձ հնարավորություն են տալիս ցուցաբերել վարգելու իմ բարձրակարգ ընդունակությունը։ Ինչ իմաստ ունի դատախազին զանգելը, եթե ես ձերբակալված եմ համարվում։ Լավ, չեմ զանգահարի։
― Բայց ինչո՞ւ ոչ։― Վերակացուն ձեռքը պարզեց դեպի նախասենյակը, ուր հեռախոսն էր։― Խնդրեմ, զանգահարեք։
― Ոչ, այլևս չեմ ուզում։― Կ֊ն մոտեցավ պատուհանին։ Ծերունիների խումբը դեռ կանգնած էր պատուհանի մոտ, և, երբ Կ֊ն մոտեցավ, թվաց, թե խանգարվեց այն հանգիստը, որով նրանք էին հետևում այստեղ կատարվող դեպքերին։ Պառավները նույնիսկ ուզում էին թաթերի վրա բարձրանալ, սակայն թիկունքում կանգնած բարձրահասակը շարունակ հանգստացնում էր նրանց։
― Այնտեղ էլ այսպիսի հանդիսատեսներ կան,― վերակացուին բարձրաձայն դիմեց Կ֊ն և ցուցամատը դուրս պարզեց։― Հեռացեք այդտեղից,― բղավեց նա ծերունիներին։ Իսկապես, երեքն էլ մի քանի քայլ ընկրկեցին, ծերունիները նույնիսկ կարմրամորուս մարդու թիկունքն անցան․ վերջինս իր հաղթ մարմնով ծածկեց նրանց և, դատելով շուրթերի շարժումներից, այդ հեռավորության վրա անհասկանալի ինչ֊որ բան ասաց։ Սակայն նրանք վերջնականապես չհեռացան, այլ թվում էր, թե հարմար պահի էին սպասում, որ կրկին կարողանային աննկատ մոտենալ պատուհանին։
― Դե, պարոնայք,― խոսեց Կ֊ն։ Նրան մի պահ թվաց, թե այստեղ բոլորը իր ուսերին են նստած։― Եթե ձեր տեսքերից դատելու լինենք, կարելի է իմ գործն ավարտված համարել։ Ես այն կարծիքին եմ, որ ավելի լավ կլինի այլևս չմտածել ձեր այստեղ գալու անհիմն կամ հիմնավոր լինելու մասին և երկուստեք ձեռքսեղմումով գործը հաշտ ու խաղաղ վերջացնել։ Եթե դուք նույնպես իմ կարծիքին եք, ապա՝ խնդրեմ։― Նա մոտեցավ սեղանին ու պարզեց ձեռքը։ Վերակացուն բարձրացրեց հայացքը, խոնարհեց և նայեց Կ֊ի՝ իրեն մեկնած ձեռքին։ Կ֊ն շարունակ մտածում էր, թե վերակացուն կհամաձայնի իր առաջարկին, վերջինս, սակայն, ոտքի կանգնեց, ֆրոյլայն Բյուրստների մահճակալի վրայից վերցրեց կլոր, կոշտ գործքի գլխարկը և, ինչպես նոր գլխարկները փորձելու ժամանակ են անում, երկու ձեռքով բռնած զգուշորեն դրեց։
― Ձեզ ինչքան հեշտ է թվում ամեն ինչ,― միաժամանակ ասաց նա Կ֊ին։― Կարծում եք, թե մենք պետք է գործին հեշտ ու խաղաղ վերջ տանք։ Ո՛չ, ո՛չ։ Այդպես, իրոք, չի լինի։ Սակայն ես չեմ ուզում ասել, թե Դուք չպետք է հուսահատվեք։ Ոչ, ինչի՞ համար։ Դուք միայն ձերբակալված եք, ուրիշ ոչինչ։ Ես պետք է այդ բանը տեղեկացնեի Ձեզ, տեղեկացրի և հետևեցի, թե Դուք ինչպես ընդունեցիք լուրը։ Այսօրվա համար այսքանը բավական է, և մենք կարող են հրաժեշտ տալ իրար։ Այսինքն՝ ժամանակավորապես։ Դուք երևի բանկ գնա՞լ կուզենաք այժմ։
― Բա՞նկ։ Ես էլ կարծեցի, թե ձերբակալված եմ,― Կ֊ն հարցը կամավորության որոշակի հնչերանգով տվեց, որովհետև՝ չնայած նրա ձեռքսեղմումը չէր ընդունվել, սկսած առանձնապես այն պահից, երբ վերակացուն ոտքի կանգնեց, իրեն շարունակ ավելի անկախ էր զգում այդ մարդկանցից և խաղ էր անում նրանց հետ։ Եթե նրանք գնային, Կ֊ն մտադիր էր մինչև տան դարպասը հետևներից գնալ և առաջարկել ձերբակալել իրեն։ Այդ պատճառով նա կրկնեց հարցը։
― Ինչպե՞ս կարող եմ բանկ գնալ, երբ ձերբակալված եմ։
― Ախ այդպե՞ս։― Վերակացուն, որ արդեն դռան մոտ էր, շրջվեց։ Դուք ինձ սխալ հասկացաք։ Դուք, ինչ խոսք, ձերբակալված եք, բայց դա Ձեր՝ գործերով զբաղվելուն չպետք է խանգարի։ Դա չպետք է խախտի նաև Ձեր առօրյա կյանքը։
― Այդ դեպքում ձերբակալված լինելն այնքան էլ վատ բան չէ,― ասաց Կ֊ն և մոտեցավ վերակացուին։
― Ես երբեք այլ կարծիքի չեմ եղել։
― Եվ ինձ թվում է, թե ձերբակալման մասին տեղեկացնելն այնքան էլ անհրաժեշտ չէր։― Կ֊ն ավելի մոտեցավ։ Մյուսները նույնպես մոտեցել էին և դռան մոտ կանգնել փոքր խումբ կազմած։
― Դա իմ պարտքն էր,― պատասխանեց վերակացուն։
― Հիմար պարտք է ,― չզիջեց Կ֊ն։
― Թեկուզ։ Սակայն եկեք նման խոսակցությունների վրա ժամանակ չվատնենք։ Ես մտածեցի, թե Դուք ուզում եք բանկ գնալ։ Իսկ եթե բառերի հանդեպ այդքան ուշադրություն եք հանդես բերում, կավելացնեմ միայն, որ Ձեզ չեմ ստիպում բանկ գնալ։ Պարզապես ենթադրեցի, թե ուզում եք,