Վերջին թարմացում 12 Նոյեմբերի 2013, 16:50
Տասներկու աթոռ

հեղինակ՝ Իլֆ եւ Պետրով
թարգմանիչ՝ Ա․Մ․ Ղազարյան
աղբյուր՝ «Տասներկու աթոռ։ Ոսկե հորթը»

Ստարգորոդի առյուծը

Բեզենչուկը և «Հավերժահարսները»

Գավառական N քաղաքում այնքան վարսավիրանոցներ և թաղման արարողությունների բյուրոներ կային, որ թվում էր, թե քաղաքի բնակիչները ծնվում են հենց միայն նրա համար, որ սափրվեն, խուզվեն, գլուխները թարմացնեն վեժետալով և անմիջապես մեռնեն։ Մինչդեռ իրականում գավառական N քաղաքում մարդիկ բավականին հազվադեպ էին ծնվում, սափրվում և մեռնում։ Խիստ խաղաղ էր ընթանում քաղաքի կյանքը։ Գարնանային երեկոները արբեցնող էին, լուսնի տակ ցեխը փայլփլում էր անտրացիտի պես, և քաղաքի ամբողջ երիտասարդությունը այն աստիճանի էր սիրահարված կոմունալնիկների տեղկոմի քարտուղարուհու վրա, որ այդ բանը խանգարում էր նրան անդամավճարներ հավաքելու։

Սիրո և մահվան հարցերը չէին հուզում Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովին, թեև ամեն օր ի պաշտոնե նա տնօրինում էր այդ հարցերը առավոտվա ժամը իննից մինչև երեկոյան հինգը՝ նախաճաշի կեսժամյա ընդմիջումով։

Առավոտները սառը բաժակով խմելով Կլավդյա Իվանովնայի մատուցած իր բաժին տաք կաթը, նա կիսախավար տնակից դուրս էր գալիս ընդարձակ, գարնան արևի շողերով ողողված ընկեր Գուբերնսկու անվան փողոցը։ Դա այն խիստ հաճելի փողոցներից մեկն էր, որոնք հանդիպում են գավառական քաղաքներում։ Ձախ ձեռքի վրա կանաչավուն ալիքավոր ապակիների ետևում արծաթին էին տալիս «Հավերժահարս» թաղման բյուրոյի դագաղները։ Աջում՝ ծեփը թափած փոքրիկ պատուհանների ետևում մռայլորեն շարված էին դագաղագործ վարպետ Բեզենչուկի կաղնե փոշոտ ու տաղտկալի դագաղները։ Այնուհետև «Սափրելու վարպետ Պյեռն ու Կոնստանտինը» իր սպառողներին խոստանում էր «եղունգների խնամք» և «օդուլիանսիոն տանը»։ Ավելի դենը տեղադրված էր հյուրանոց՝ վարսավիրանոցով, իսկ նրա ետևում մեծ ամայի վայրում կանգնել էր դեղնավուն մի հորթ և քնքշորեն լիզում էր ժանգոտ, մենացից դարպասին հենած ցուցանակը․


ԹԱՂՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
«Համեցեք խնդրեմ»

Թեև թաղման բյուրոներ շատ կային, բայց նրանք շատ քիչ պատվիրատուներ ունեին։ «Համեցեք խնդրեմը» սնանկացել էր դեռ երեք տարի առաջ այն օրից, երբ Իպոլիտ Մատվեևիչը բնակություն հաստատեց N քաղաքում, իսկ վարպետ Վեզենչուկը թունդ օղի էր խմում և մի անգամ նույնիսկ փորձեց լոմբարդում գրավ դնել իր լավագույն ցուցադրման դագաղը։

N քաղաքի մարդիկ ուշ֊ուշ էին մեռնում և այդ բանը ամենից լավ գիտեր Իպոլիտ Մատվեևիչը, որովհետև ծառայում էր Զագսում, ուր վարում էր մահերի և ամուսնությունների գրանցման գործը։

Սեղանը, որի ետևում աշխատում էր Իպոլիտ Մատվեևիչը, նման էր հին շիրմաքարի։ Նրա ձախ անկյունը ոչնչացրել էին առնետները։ Վտիտ ոտքերը ցնցվում էին ծխախոտագույն հաստ թղթապանակների ծանրության տակ։ Թղթապանակները լիքն էին գրանցումներով, որոնցից կարելի էր ամեն տեսակ տոհմաբանական տեղեկություններ քաղել քաղաքի բնակիչների և գավառական խղճուկ հողում աճած ծննդաբանական ծառերի մասին։

1927 թվականի ապրիլի 15֊ի ուրբաթ օրը Իպոլիտ Մատվեևիչը սովորականի պես արթնացավ ութի կեսին և անմիջապես քթին դրեց ոսկյա աղեղիկով հնաձև պենսնեն։ Ակնոց նա չէր կրում։ Օրերից մեկ օր, որոշելով, որ պենսնե կրելը հիգիենիկ չէ, Իպոլիտ Մատվեևիչը գնաց ակնոցագործի մոտ և գնեց ակնոց առանց շրջանակի, ոսկեզօծ քեղիներով։ Ակնոցը հենց միանգամից դուր եկավ նրան, բայց կինը (դա նրա մահվանից առաջ էր) գտավ, որ ակնոցով նա տեղովը Միլյուկովն է, և նա ակնոցը տվեց դռնապանին։ Դռնապանը թեպետ և կարճատես չէր, բայց ընտելացավ ակնոցին ու մեծ բավականությամբ կրում էր այն։

― Բոնժուր,― երգեց Իպոլիտ Մատվեևիչը ինքն իրեն, ոտքերն անկողնուց իջեցնելով։ «Բոնժուրը» ցույց էր տալիս, որ Իպոլիտ Մատվեևիչը արթնացել է լավ տրամադրությամբ։ Արթնանալու պահին ասված «գուտ մորգենը» սովորաբար նշանակում էր, որ լյարդը ցավում է, որ հիսուներկու տարին հանաք բան չէ և որ հիմա խոնավ եղանակ է։

Իպոլիտ մատվեևիչը չորիկ֊մորիկ ոտքերը մտցրեց մինչպատերազմյան շալվարի մեջ, կոճերի մոտ կապեց երիզակներով և մտցրեց քառակուսի նեղ քթերով կարճ ու փափուկ սապոգների մեջ։ Հինգ րոպե անց Իպոլիտ Մատվեևիչին զարդարում էր արծաթյա մանր աստղերով պատած լուսնկա ժիլետը և փողփողուն պիջակը։ Լվացվելիս ալեհեր մազերին նստած կաթիլները թափ տալով, Իպոլիտ Մատվեևիչը գազանավարի բեղերը շարժեց, ձեռքով անվճռականորեն շոյեց խորդ ու բորդ կզակը, խոզանակով հարդարեց կարճ խուզած ալյումինե մազերը և քաղաքավարի ժպտալով, ընդառաջեց սենյակ մտնող զոքանչին՝ Կլավդիա Իվանովնային։

―Էպպոլե՜֊ետ,― որոտաց Կլավդիա Իվանովնան,― այսօր ես վատ երազ եմ տեսել։

«Երազ» բառը նա արտասանեց ֆրանսիական առոգանությամբ։

Իպոլիտ Մատվեևիչը բարձրից նայեց զոքանչին։ Նրա հասակը հասնում էր հարյուր ութսունհինգ սանտիմետրի, և այդ բարձրությունից նրա համար հեշտ ու հարմար էր որոշ արհամարանքով վերաբերվել զոքանչին։

Կլավդիա Իվանովնան շարունակեց․

― Ես տեսա հանգուցյալ Մարիին հերարփակ և ոսկե գոտիով։

Կլավդիա Իվանովնայի ձայնի թնդանոթային որոտներից դողում էր չուգունե լամպը իր գնդով և փոշեպատ ապակյա ձողիկներով։

― Ես շատ անհանգստացած եմ։ Վախենում եմ մի բան պատահի։

Վերջին բառերն արտասանվեցին այնպիսի ուժգնությամբ, որ Իպոլիտ Մատվեևիչի գլխի մազերն ալեկոծվեցին այս ու այն կողմ։ Նա դեմքը կնճռոտեց և զատ֊զատ ասաց․

― Ոչինչ չի լինի, մաման։ Ջրի փողն արդեն մուծե՞լ եք։

Պարզվեց, որ չի մուծել։ Կրկնակոշիկներն էլ չէին լվացվել։ Իպոլիտ Մատվեևիչը չէր սիրում իր զոքանչին։ Կլավդիա Իվանովնան հիմար կին էր , և նրա ծեր հասակը թույլ չէր տալիս հուսալու, թե նա երբևէ կխելոքանա։ Անասելի ժլատ էր, և միայն Իպոլիտ Մատվեևիչի չքավորությունը հնարավորություն չէր տալիս այդ հրապուրիչ զգացմունքին ծավալվելու։ Այնպիսի ուժեղ ու թավ ձայն ուներ, որ նրան կնախանձեր անգամ Ռիչարդ Առյուծասիրտը, որի բղավոցից, ինչպես հայտնի է, ձիերը նստում էին։ Եվ բացի այդ,― որ ամենից սարսափելին էր,― Կլավդիա Իվանովնան երազներ էր տեսնում։ Եվ տեսնում էր միշտ։ Երազում նա տեսնում էր գոտկավոր աղջիկներ, դեղին դրագունային եզրակապով ձիեր, տավիղ նվագող դռնապաններ, պահակի մուշտակներով հրեշտակներ, որոնք գիշերը ման են գալիս թակերը ձեռքերին, և գործելու ճաղեր, որոնք զայրացուցիչ ձայներ հանելով թռչկոտում են սենյակում։ Դատարկ պառավ էր Կլավդիա Իվանովնան։ Այդ ամենին ավելացրած այն, որ նրա քթի տակ բեղեր էին բուսել, և ամեն մի բեղը նման էր սափրվելու վրձինի։

Իպոլիտ Մատվեևիչը, փոքր ինչ ջղայնացած, դուրս ելավ տանից։

Իր ձեռից գնացած հաստատության մուտքի մոտ, դռան կողափայտին հենված և ձեռքերը խաչած կանգնել էր դագաղագործ վարպետ Բեզենչուկը։ Իր առևտրական ձեռնարկումների սիստեմատիկ սնանկացումից և թունդ խմիչքների երկարատև գործածությունից վարպետի աչքերը կատվի աչքերի պես դեղնագույն էին դարձել և վառվում էին անշեջ կրակով։

― Հարգա՛նք թանկագին հյուրին,― բղավեց նա շուտասելուկի նման, տեսնելով Իպոլիտ Մատվեևիչին։― Բարի լո՛ւյս։

Իպոլիտ Մատվեևիչը քաղաքավարի կերպով բարձրացրեց կաստորե կեղտոտ շլյապան։

― Ինչպե՞ս է զոքանչիկի առողջությունը, թույլ տվեք իմանալ։

― Մռ֊մռ֊մռ,― անորոշ պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը և, ուղիղ ուսերը թոթվելով, առաջ շարժվեց։

― Է՛հ, աստված առողջություն տա,― դառնությամբ ասաց Բեզենչուկը,― որքա՜ն վնաս ենք կրում, նրա հերն էլ անիծած։

Ու նորից, ձեռքերը կրծքին խաչելով, հենվեց դռանը։

«Հավերժահարս» թաղման բյուրոյի դռների մոտ Իպոլիտ Մատվեևիչին նորից կանգնեցրին։

«Հավերժահարսի» տերերը երեք հոգի էին։ Նրանք միաժամանակ գլուխ տվեցին Իպոլիտ Մատվեևիչին և խմբովին հարցրին զոքանչի առողջության մասին։

― Առողջ է, առողջ,― պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը,― ի՛նչ կարող է լինել։ Այսօր ոսկյա աղջիկ է տեսել, հերարձակ։ Այդպիսի երազ է եղել տեսածը։

Երեք «հավերժահարսները» նայեցին իրար և բարձրաձայն հառաչեցին։

Բոլոր այդ խոսակցություններն ուշացրին Իպոլիտ Մատվեևիչին և նա հակառակ սովորության, ծառայության եկավ այն պահին, երբ «Գործդ պրծար՝ հեռացիր» լոզունգի վերևում կախված ժամացույցը ցույց էր տալիս ինն անց հինգ րոպե։

Իպոլիտ Մատվեևիչին երկար հասակի և մանավանդ բեղերի համար հիմնարկում Մացիստ էին անվանում, թեև իսկական Մացիստը ոչ մի բեղ էլ չուներ։

Սեղանի արկղից հանելով թաղիքե կապույտ միդնարը, Իպոլիտ Մատվեևիչը դրեց այն աթոռին, ճիշտ ուղղություն տվեց բեղերին (սեղանի գծին զուգահեռ) և նստեց մինդարին, փոքր֊ինչ բարձրանալով իր երեք ծառայակիցներից։ Իպոլիտ Մատվեևիչը չէր վախենում հեմորոյից, նա վախում էր մաշել շալվարը, ուստի և օգտվում էր կապույտ թաղիքից։

Սովետական ծառայողի բոլոր մանիպուլյացիաներին ամոթխած հետևում էին երկու ջահելներ՝ տղմարադ և աղջիկ։ Մեջը բամբակ դրած մահուդե պիջակով տղամարդը բոլորովին ընկճվել էր պաշտոնեական իրադրությունից, ալիզարինի թանաքի հոտից, ծանր ու հաճախակի շնչող ժամացույցից և մանավանդ «Գործդ պրծար՝ հեռացիր» խիստ պլակատից։ Պիջակավոր տղամարդը թեև իր գործը չէր էլ սկսել, բայց արդեն հեռանալ էր ուզում։ Նրան թվում էր, թե գործը, որի համար նա եկել է, այնքան չնչին է, որ ամոթ բան է դրա համար անհանգստացնել տեսքով ալեհեր այնպիսի քաղաքացուն, ինչպիսին էր Իպոլիտ Մատվեևիչը։ Իպոլիտ Մատվեևիչը ինքն էլ էր հասկանում, որ այցելուի գործը փոքր է, որ նա կհամբերի, ուստի և բացելով N2 արագակար թղթապանակը և այտը ցնցելով, խորացավ թղթերի մեջ։ Փայլուն սև երիզակարով երկար ժակետ հագած աղջիկը փսփսաց տղամարդուն և, ամոթից կարմրելով, սկսեց դանդաղ շարժվել դեպի Իպոլիտ Մատվեևիչը։

― Ընկեր,― ասաց նա,― աստեղ որտե՞ղ են․․․

Պիջակով տղամարդը ուրախ շունչ քաշեց և իր համար անսպասելի կերպով գոչեց․

― Ամուսնանում։

Իպոլիտ Մատվեևիչը ուշադիր նայեց ճաղաշարքին, որի ետևում կանգնել էր զույգը։

― Ծնո՞ւնդ։ Մա՞հ։

― Ամուսնություն,― կրկնեց պիջակավոր մարդը և շփոթված նայեց շուրջը։

Աղջիկը փռթկացրեց։ Գործը հաջողվում էր։ Իպոլիտ Մատվեևիչը ձեռնածուի ճարպկությամբ գործի անցավ։ Պառավական ձեռագրով հաստ գրքում գրանցեց նորապսակների անուն֊ազգանունները, խստորեն հարցաքննեց վկաներին, որոնց կանչելու համար աղջիկը բակ վազեց, երկար ու քնքշորեն շնչեց քառակուսի շտամպների վրա և, ոտքի կանգնելով, դրոշմեց նրանց մաշված անձնագիրը։ Նորապսակներից երկու ռուբլի ընդունելուց և անդորրագիր տալուց հետո, Իպոլիտ Մատվեևիչը քմծիծաղ տալով ասաց․ «Ամուսնական խորհուրդ կատարելու համար»,― և ոտքի ելավ իր հիանալի հասակով մեկ, ըստ սովորության կուրծքը ցցելով (ժամանակին նա կորսետ էր գործածում)։ Արևի հաստ ու դեղին շողերն ընկել էին նրա ուսերին, ինչպես շքեղ ուսադիրներ։ Նրա տեսքը փոքր֊ինչ ծիծաղելի էր, բայց արտակարգ կերպով հանդիսավոր։ Պենսնեի երկգոգավոր ապակիները ճառագայթում էին լուսարձակի սպիտակ լույսով։ Ջահելները կանգնել էին ոչխարների պես։

― Երիտասարդնե՛ր,― ազդարարեց Իպոլիտ Մատվեևիչը վերամբարձ ոճով,― թույլ տվեք շնորհավորել, ինչպես ասում էին առաջներում, ձեր օրինական ամուսնությունը։ Շա՜տ, շա՜տ հաճելի է տեսնել ձեզ պես երիտասարդների, որոնք ձեռք֊ձեռքի տված գնում են դեպի հավիտենական իդեալների բարձունքները։ Շա՜տ֊շա՜տ հաճելի է։

Այդ տրիադը արտասանելուց հետո Իպոլիտ Մատվեևիչը սեղմեց նորապսակների ձեռքը, նստեց և իր արածից միանգամայն գոհ, շարունակեց ընթերցել N2 արագակար թղթապանակի թղթերը։

Հարևան սեղանի ծառայողները քթները խոթեցին թանաքամանների մեջ։

Սկսվեց ծառայության օրվա հանդարտ ընթացքը։ Ոչ ոք չէր անհանգստացնում մահվան և ամուսնության գրանցման սեղանին։ Պատուհանից երևում էր, թե ինչպես քաղաքացիները, գարնան ցրտից կուչ գալով, ցրվում էին իրենց տները։ Ուղիղ կեսօրին աքաղաղը կանչեց «Մուրճ ու գութան» կոոպերատիվում։ Ոչ ոք դրա վրա չզարմացավ։ Ապա լսվեց մետաղյա կռնչյուն և մոտորի դռռոցը։ Ընկեր Գուբերնսկու անվան փողոցից դուրս պրծավ մանուշակագույն ծխի թանձր քուլա։ Դռռոցը ուժեղացավ։ Ծխի ետևում շատ շուտով հայտնվեցին գավգործկոմի փոքրիկ ռադիատորով և մեծածավալ թափքով Պետ․ N1 ավտոմեքենայի ուրվագծերը։ Ավտոմոբիլը, ցեխի մեջ թպրտալով, կտրեց անցավ Ստարոպանյան հրապարակը և, օրորվելով, անհետացավ թունավոր ծխի մեջ։ Ծառայողները դեռ երկար պատուհանի մոտ կանգնած մեկնաբանում էին պատահարը և այն կապում հաստիքների հանավոր կրճատման հետ։ Քիչ անց փայտե տախտակամածով զգուշորեն անցավ վարպետ Բեզենչուկը։ Ամբողջ օրերով նա թրև էր գալիս քաղաքում իմանալու՝ արդյոք մարդ չի՞ մեռել։

Աշխատանքային օրը մոտենում էր վախճանին։ Հարևան դեղնասպիտակ զանգակատանը զանգերը խփեցին որքան ուժ ունեին։ Ապակիները դողդողացին։ Զանգակատնից դուրս թռան սև ագռավները, միգինգեցին հրապարակի վերևում ու անհետացան։ Իրիկվա երկինքը սառցակալում էր ամայի հրապարակի վրա։

Իպոլիտ Մատվեևիչի տուն գնալու ժամանակն էր։ Այդ օրը բոլոր ծնվածները ծնվել և գրանցվել էին հաստ գրքերում։ Ամուսնանալ ցանկացողները ամուսնացել և նունպես գրացնվել էին հաստ գրքերում։ Եվ, ի բացահայտ տնաքանդություն դագաղագործների, մահվան ոչ մի դեպք չէր եղել։ Իպոլիտ Մատվեևիչը գործերը ծալեց, թաղիքե մինդարը թաքցրեց արկղում, սանրով փափկացրեց բեղերը և, երազելով հրաշունչ սուպի մասին, այն է պատրաստվում էր տուն գնալ, երբ գրասենյակի դուռը լայն բացվեց, շեմքի վրա հայտնվեց դագաղագործ վարպետ Բեզենչուկը։

― Հարգանք թանկագին հյուրին,― ժպտաց Իպոլիտ Մատվեևիչը։― Ի՞նչ կասես։

Վարպետի վայրենի ռեխը թեպետ և փայլում էր վերահաս աղջամուղջի մեջ, բայց նա ոչինչ ասել չէր կարող։

― Հը՞,― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը ավլեի խիստ։

― Բա «Հավերժահարսը», նրա հերն էլ անիծած, ապարանք է տալի՞ս,― կցկտուր արտասանեց դագաղագործը։― Բա մի՞թե նա կարող է բավարարել գնորդին։ Դագաղ ասածդ միայն տախտակ որքան է պահանջում․․․

― Ի՞նչ,― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Հրեն «Հավերժահարսը»․․․ Երեք ընտանիք մի խղճուկ առևտուրով են ապրում։ Նրանց շինանյութն էլ էն չի, պատրաստումն էլ վատ է, ծոպերն էլ ցանցառ են, նրանց հերն էլ անիծած։ Իսկ ես հին ֆիրմա եմ։ Հիմնված է հազար ինը հարյուր յոթ թվականին։ Իմ դագաղը ոնց որ կարմիր խնձոր լինի, ջոկովի, սրտիդ ուզած․․․

― Ինչ է, հո չե՞ս գժվել,― հեզությամբ հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը և շարժվեց դեպի դուռը։― Կցնդես քո այդ դագաղների մեջ։

Բեզենչուկը պատրաստակամորեն քաշեց դուռը, առաջ թողեց Իպոլիտ Մատվեևիչին, իսկ ինքն ընկավ նրա ետևից, անհամբերությունից ասես դողալով։

― Երբ դեռ «Համեցեք խնդրեմը» կար, այն ժամանակ ճիշտ էր։ Նրանց դլազետի դեմ ո՛չ մի ֆիրմա, նույնիսկ հենց քո ասած Տվերում, դինամալ չէր կարող, նրա հերն էլ անիծած։ Իսկ հիմի, շիտակն ասած, իմ ապրանքից լավը չկա։ Ու մի էլ փնտրի։

Իպոլիտ Մատվեևիչը զայրույթով շուռ եկավ, մի վայրկյան բարկացած նայեց Բեզենչուկին և սկսեց քայլել քիչ ավելի արագ։ Թեև ծառայության գծով այսօր ոչ մի անախորժություն չէր պատահել, բայց և այնպես նա բավականին վատ էր զգում իրեն։

«Հավերժահարսի» երեք տերերը կանգնել էին իրենց հաստատության առջև նույն կեցվածքով, ինչպես որ նրանց առավոտյան թողել էր Իպոլիտ Մատվեևիչը։ Թվում էր, թե նրանք այն պահից ոչ մի խոսք չեն ասել իրարու, բայց դեմքերի ապշեցուցիչ փոփոխությունը, խորհրդավոր այն գոհունակությունը, որ առկայծում էր նրանց աչքերում, ցույց էր տալիս, որ մի շատ նշանակալից բան է հայտնի իրենց։

Բեզենչուկը իր առևտրական ախոյաններին տեսնելուն պես ձեռքը հուսահատ թափահարեց, կանգ առավ և Վորոբյանինովի ետևից շշնջաց․

― Կզիջեմ երեսուներկու ռուբլով։

Իպոլիտ մատվեևիչը կնճռոտվեց և քայլերն արագացրեց։

― Կարելի է և ապառիկ,― ավելացրեց Բեզենչուկը։

Մինչդեռ «Հավերժահարսի» երեք տերերը ոչինչ չէին ասում։ Նրանք լուռ ու մունջ հետևեցին Վորոբյանինովին, քայլելիս անընդհատ կարտուզները հանելով և քաղաքավարի գլուխ տալով։

Ի վերջո դագաղագործիների հիմար հետապնդումից բարկացած Իպոլիտ Մատվեևիչը սովորականից արագ ներս վազեց գավիթ, աստիճանի վրա ջղայնացած քերեց ոտքերի ցեխը և, ախորժակի ուժեղ նոնապներ զգալով, մտավ նախասրահ։ Սենյակից նրան ընդառաջ ելավ քափուքրտինքի մեջ կորած տեր Ֆյոդորը՝ Ֆրոլ և Լավր եկեղեցու քահանան։ Աջ ձեռքով փարաջայի փեշը բռնելով և ոչ մի ուշադրություն չդարձնելով Իպոլիտ Մատվեևիչի վրա, տեր Ֆյոդորը սլացավ դեպի ելքը։

Այստեղ Իպոլիտ Մատվեևիչը նկատեց ավելորդ մաքրություն, նոր, աչք ծակող անկարգություն՝ փոքրաքանակ կահույքի դասավորման մեջ և քթում խուտուտ զգաց ուժեղ դեղերի հոտից։ Առաջին սենյակում Իպոլիտ Մատվեևիչին դիմավորեց հարևանուհին, գյուղատնտեսի կին Կուզնեցովան։ Նա փսփսաց և ձեռքերը թափահարեց․

― Վատ է վիճակը, հենց նոր խոստովանվեց։ Մի թխկթխկացրեք սապոգներով։

― Ես չեմ թխկթխկացնում,― խոնարհ պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը։― Իսկ ի՞նչ է պատհաել։

Տիկին Կուզնեցովան շուրթերը հավաքեց և ձեռքով ցույց տվեց երկրորդ սենյակի դուռը։

― Սրտի շատ ուժեղ նոպա։

Եվ, կրկնելով որոշակի ուրիշի խոսքերը, որոնք իրենց նշանակությամբ դուր էին եկել նրան, ավելացրեց․

― Բացառված չէ մահացու ելքի հնարավորությունը։ Այսօր ես ամբողջ օրը ոտքի վրա էի։ Առավոտյան մտա մսաղաց մեքենան վերցնելու, տեսնեմ դուռը բաց է, խոհանոցում ոչ ոք չկա, էս սենյակում նույնպես, կարծեցի, թե Կլավդիա Իվանովնան գնացել է ալյուր բերելու՝ կուլիչի համար։ Վերջերս նա պատրաստվում էր այդ անել։ ՀԻմա ալյուրը, ինքներդ գիտեք, եթե նախօրոք չգնես․․․

Տիկին Կուզնեցովան դեռ երկար կպատմեր ալրի, թանկության և այն մասին, թե ինչպես Կլավդիա Իվանովնային հախճասալե վառարանի մոտ գտավ պառկած միանգամայն մեռյալ վիճակում, բայց հարևան սենյակից լսվող հառաչանքը սուր կերպով հարվածեց Իպոլիտ Մատվեևիչի լսողությանը։ Նա արագ խաչակնքեց փոքր ինչ թմրած ձեռքով և անցավ զոքաննիչի սենյակը։

Տիկին Պետուխովայի մահը

Կլավդիա Իվանովնան պառկել էր մեջքի վրա, ձեռքի մեկը գլխի տակ դրած։ Գլխին վառ ծիրանագույն գլխադիր ուներ, որը մոդա էր եղել ինչ֊որ թվականի, երբ կանայք «շանտեկլյոր» էին հագնում և նոր֊նոր սկսել էին պարել արգենտինյան «տանգո» պարը։

Կլավդիա Իվանովնայի դեմքը հանդիսավոր էր, բայց պարզապես ոչինչ չէր արտահայտում։ Աչքերը նայում էին առաստաղին։

― Կլա՛վդիա Իվանովնա,― ձայն տվեց Վորոբյանինովը։

Զոքանչը շուրթներն արագ շարժեք, բայց Իպոլիտ Մատվեևիչի ականջին սովոր շեփորաձայների փոխարեն նա լսեց մեղմ, բարակ և այնպես աղիողորմ մի հառաչանք, որ սիրտը ճմլվեց։ Փայլուն արտասուքը անսպասելի կերպով գլորվեց աչքից և սնդիկի պես սահեց դեմքի վրայով։

― Կլա՛վիդա Իվանովնա,― կրկնեց Վորոբյանինովը,― ի՞նչ է պատահել ձեզ։

Բայց նա նորից պատասխան չստացավ։ Պառավը փակեց աչքերը և թեթևակի շուռ եկավ կողքի վրա։

Կամացուկ սենյակ մտավ գյուղատնտեսի կինը և ձեռքից բռնած տարավ նրան, ինչպես փոքրիկ տղաներին են տանում լվացվելու։

― Նա քնել է։ Բժիշկը արգելել է անհանգստացնել նրան։ Դուք, սիրելիս, ահա թե ինչ, անցեց դեղատուն։ Վերցրեք անդորրագիրը և իմացեք, թե ինչ արժեք սառցի փուչիկը։

Իպոլիտ Մատվեևիչը ամեն բանում ենթարկվում էր տիկին Կուզենցովային, զգալով նրա անվիճելի գերազանցությունը նման գործերում։

Դեղատունը բավական հեռու էր։ Գիմնազիստի պես դեղատումսը բռունցքի մեջ սեղմած, Իպոլիտ Մատվեևիչը շտապ դուրս եկավ փողոց։

Արդեն գրեթե մութ էր։ Սպառվող արշալույսի ֆոնի վրա երևում էր դագաղագործ վարպետ Բեզենչուկի թուլակազմ կերպարանքը, որը եղևնում դարբասին հենված հաց ու սոխ էր ուտում։ Հենց կողքին պպզել էին երեք «հավերժահարսերը» և, գդալները լպստելով, ձավարե խաշիլ էին ուտում չուգունե պուտուկից։ Իպոլիտ Մատվեևիչին տեսնելուն պես դագաղագործները զինվորների պես ձգվեցին։ Բեզենչուկը նեղացած ուսերը թոթվեց և, ձեռքերը ախոյանների կողմքը պարզելով, փնթփնթաց․

― Ոտքի տակ են ընկնում, դրանց հերն էլ անիծած։

Սպորտային հրապարակի մեջտեղը, պոետ Ժուկովսկու կիսանդրու մոտ, որի ցոկոլի վրա փորագրված էր՝ «Պոեզիան աստված է՝ երկրի սուրբ երազանքների մեջ», աշխույժ խոսք ու զրույց էր գնում, որ ծագել էր Կլավդիա Իվանովնայի ծանր հիվանդության լուրից։ Հավաքված քաղաքաբնակների ըդնհանուր կարծիքը հանգում էր այն բանին, որ «բոլորս էլ այնտեղ կլինենք» և որ «աստված տվել, աստված էլ վերցրել է»։

Վարսավիր «Պյեռն ու Կոնստանտինը» կանչելիս, որն ի դեպ այստեղ էլ արձագանքում էր «Անդրեյ Իվանովիչ» կանչելիս, այստեղ էլ առիթը բաց չէր թողել բժշկական բնագավառի իր գիտելիքները դրսևորելու, որոնք վերցված էին մոսկովյան «Օգոնյոկ» ժուռնալից։

― Ժամանակակից գիտությունը,― ասում էր Անդրեյ Իվանովիչը,― անասելի աստիճանի է հասել։ Օրինակի համար՝ ասենք թե հաճախորդի կզակին մի պզուկ է դուրս պրծել։ Առաջներում գործը մինչև արյան վարակումն էր հասնում, իսկ հիմա Մոսկվայում ասում են,― սուտն ու ճիշտը՝ չգիտեմ,― թե ամեն մի հաճախորդի առանձին ախտահանված վրձին է հասնում։

Քաղաքացիները խոր հառաչեցին։

― Էդ մի քիչ, Անդրեյ, չափն անցկացրիր։

― Որտե՞ղ է տեսնված, որ ամեն մարդու մի առանձին վրձին տան։ Այ մոգոնում է հա՜։

Մտավոր աշխատանքի նախկին պրոլետար, իսկ այժմ փոքրիկ կրպակի վարիչ Պրուսիսը նույնիսկ ջղայնացավ․

― Թույլ տվեք, Անդրեյ Իվանովիչ, Մոսկվայում վերջին մարդահամարի տվյալներով երկու միլիոնից ավելի բնակիչ կա։ Նշանակում է, երկու միլիոնից ավելի վրձին է պետք։ Բավականին օրիգինալ է։

Խոսակցությունը բավականին սուր ձևեր էր ընդունում և սատանան գիտե՝ թե ուր կհասներ, եթե Օսիպնոյ փողոցի վերջում չերևար Իպոլիտ Մատվեևիչը։

― Էլի դեղատուն վազեց։ Նշանակում է՝ գործերը վատ են։

― Կմեռնի պառավը։ Զուր չէ, որ Բեզենչուկը գլուխը կորցրած վազվզում է քաղաքում։

― Բա բժիշկն ի՞նչ է ասում։

― Ի՜նչ բժիշկ։ Բա սոցապդրամարկղի բժիշկները բժիշկներ է՞ն։ Առողջին էլ մահվան դուռը կասցնեն։

«Պյեռն ու Կոնստանտինը», որ վաղուց արդեն ձգտում էր հաղորդում անել բժշկական թեմայով, սկսեց խոսել, երկյուղածությամբ շուրջը նայելով․

― Հիմա ամբողջ ուժը հեմոգլոբինի մեջ է։

Այդ ասելով, «Պյեռն ու Կոնստանտինը» լռեց։

Լռեցին և քաղաքացիները, ամեն մեկը յուրովի խորհրդախելով հեմոգլոբինի խորհրդավոր ուժի մասին։

Երբ լուսինը բարձրացավ և նրա անաուխի լույսը լուսավորեց Ժուկովսկու փոքրիկ կիսանդրին, նրա պղնձե մեջքի վրա կարելի էր պարզորոշ ընթեռնել կավճով գրած մի կարճ հայհոյանք։

Կիսանդրու վրա այդպիսի գրություն առաջին անգամ հայտնվել էր 1897 թվականի հունիսի 15֊ին, հուշարձանի բացումին անմիջապես հաջորդած գիշերը։ Եվ որքան էլ ոստիկանության, հետագայում միլիցիայի ներկայցուցիչները ջանք էին թափում, այնուամենայնիվ հայհոյական մակագրությունը ամեն օր ճշտորեն վերականգնվում էր։

Դրսից փակոցափեղկեր ունեցող փայտաշեն տներում վաղուց արդեն երգում էին ինքնաեռները։ Ընթրիքի ժամն էր։ Քաղաքացիները, պարապ ժամանակ չկորցնելու համար, ցրվեցին։ Քամին բարձրացավ։

Այդ միջոցին Կլավդիա Իվանովնան մեռնում էր։ Նա մերթ ջուր էր խնդրում, մերթ ասում, թե իրեն հարկ է վերկենալ և գնալ նորոգման տրված Իպոլիտ Մատվեևիչի տոնական կոշիկների ետևից, մերթ գանգատվում էր փոշուց, որից, իր ասելով, խեղդվել կարելի էր, մերթ խնդրում էր վառել բոլոր լամպերը։

Իպոլիտ Մատվերևիչը, որն արդեն հոգնել էր հուզվելուց, ման էր գալիս սենյակում։ Նրա գլխովը տնտեսական անախորժ մտքեր էին անցնում։ Նա մտածում էր, թե ինչպես ստիպված է լինելու ավանս վերցնել փոխօգնության դրամարկղից, վազելու է տերտերի ետևից և պատասխանելու է ազգականների ցավակցական նամակներին։ Փոքր֊ինչ ցրվելու համար Իպոլիտ Մատվեևիչը դուրս եկավ գավիթ։ Լուսնի կանաչավուն լույսի մեջ կանգնել էր դագաղագործ վարպետ Բեզենչուկը։

― Ուրեմն ինչպե՞ս կհրամայեք, պարոն Վորոբյանինով,― հարցրեց վարպետը՝ կարտուզը կրծքին սեղմելով։

― Ինչ կա որ, խնդրեմ,― մռայլ պատասխանեց Իպոլիտ Մատվերևիչը։

― Բա «Հավերժահարսը», նրա հերն էլ անիծած, կարգին ապրանք տալի՞ս է,― հուզվեց Բեզենչուկը։

― Կորի՛ր գրողի ծոցը։ Զա՛հլա տարար։

― Ես ոչինչ։ Ես ծոպերի ու գլազետի մասին էի հարցնում։ Ինչպե՞ս շինեմ, սրա հերն էլ անիծած։ Առաջին տեսակի՞, պրի՞մա։ Թե՞ ոնց։

― Առանց որևէ ծոպի ու գլազետի։ Փայտե հասարակ դագաղ։ Սոճուց։ Հասկացա՞ր։

Բեզենչուկը մատը դրեց շրթունքին, այդ կերպ ցույց տալով, թե ամեն ինչ հասկանում է, շուռ եկավ և, կարտուզով հավասարակշռություն պահպանելով, բայց և այնպես երեալով, գնաց իր գործին։ Իպոլիտ Մատվեևիչը նոր միայն նկատեց, որ վարպետը անասելի հարբած է։

Իպոլիտ Մատվեևիչը նորից արտասովոր գարշանք էր զգում հոգու խորքում։ Նա չէր պատկերացնում, թե ինչպես է մտնելու դատարկ, աղբակալված բնակարանը։ Նրան թվում էր, թե զոքանչի մահվան հետ չքանալու են այն փոքրիկ հարմարություններն ու սովորությունները, որ նա ճիգ ու ջանքով ստեղծել էր հեղափոխությունից հետո, այն հեղափոխությունից, որը նրանից խլել էր մեծ հարմարություններ և լայն սովորություններ։ «Ամուսնանա՞լ,― մտածեց Իպոլիտ Մատվեևիչը։― Ո՞ւմ հետ։ Միլիցիայի պետի ազգականուհո՞ւ, Վառվառա Ստեպա՞նովայի, Պրուսիսի քրո՞ջ։ Թե՞, միգուցե, տնային աշխատող վարձեմ։ Ա՜յդ էր պակաս։ Դատարանները քարշ կտա։ Ասնեք ձեռնտու էլ չէ»։

Կյանքը մեկեն սևացավ Իպոլիտ Մատվեևիչի աչքում։ Աշխարհի երեսին ամեն ինչի հանդեպ վրդովմունքով և զզվանքով լցված, նա նորից վերադարձավ տուն։

Կլավդիա Իվանովնան արդեն չէր զառանցում։ Բարձերի վրա բարձր պառկած, նա լիովին իմաստավորված և, ինչպես Իպոլիտ Մատվեևիչին թվաց, նունիսկ խստորեն նայեց իրեն։

― Իպոլիտ,― շշնջաց նա որոշակի,― նստեցեք ինձ մոտ։ Ես պետք է ձեզ պատմեմ․․․

Իպոլիտ Մատվեևիչը դժգոհությամբ նստեց, ակնապիշ նայելով զոքանչի բեղավոր նիհարած դեմքին։ Նա փորձեց ժպտալ և որևէ քաջալերող խոսք ասել։ Բայց ստացվեց վայրենի ժպիտ, իսկ քաջալերող խոսք բոլորովին չգտնվեց։ Իպոլիտ Մատվեևիչի կոկորդից դուրս պրծավ միայն անհարմար մի ծվծվոց։

― Իպոլիտ,― կրկնեց զոքանչը,― հիշո՞ւմ եք մեր հյուրասենյակի գորնիտուրը։

― Ո՞րը,― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը այն սիրալիրությամբ, որ հնարավոր է լոկ շատ հիվանդ մարդկանց նկատմամբ։

― Այն․․․ Անգլիական չթով պաստառված․․․