Վերջին թարմացում 15 Նոյեմբերի 2013, 17:24
Մոգերի ընծաները

հեղինակ՝ Օ'Հենրի
թարգմանիչ՝ Ալբերտ Խաչատրյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ»

Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Ընդամենը այդքան էր։ Որից վաթսուն ցենտ`մեկ ցենտանոց մետաղադրամներով։ Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը։ Դելլան երեք անգամ նորից հաշվեց։ Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Իսկ վաղը Ծննդյան տոներն են։

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը։ Դելլան հենց այդպես էլ վարվեց։ Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են։

Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը։ Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով։ Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին։ Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն է, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել։ Դրան կցված էր «Մր․ Ջեյմս Դիլինգհեմ Յունգ» մակագրությամբ մի քարտ։ «Դիլինգհեմը» բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում, իսկ այժմ «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին, ասես լրջորեն խորհելով. չկրճատվե՞ն արդյոք, դառնալով սոսկ համեստ ու անհավակնոտ «Դ»։ Սակայն, երբ միստր Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելլա անվամբ։ Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է։

Դելլան դադարեց արտասվելուց և խավափնջիկով թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին։ Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին։ Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար։ Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր։ Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա։ Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր։ Միշտ էլ այդպես է լինում։ Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մեկ դոլար ութսունյոթ ցենտ։ Իր Ջիմի համար։ Քանի֊քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին։ Ինչ֊որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր֊ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին։

Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև։ Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայել ութդոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելու մեջ։ Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները, շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին։ Նրբակազմ Դելլային հաջողվել էր հասնել այդ արվեստին։ Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին։ Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց։ Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը։

Ի դեպ, Ջեյմս Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ։ Մեկը Ջիմի` հորից և պապաից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելլայի մազերը։ Եթե Սաբայի թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելլան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որպեսզի նսեմացմեր նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը։ Եթե Սողոմոն թագավորը որպես բարապան ծառայեր նույն տանը և նկուղում պահեր իր ողջ հարստությունը, նրա մոտով անցնելիս, Ջիմը ամեն անգամ գրպանից կհաներ ժամացույցը հատուկ նրա համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է նա նախանձից փետում մորուքը։

Եվ ահա Դելլայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը։ Սակայն Դելլան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը։ Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու֊երեք կաթիլ ընկան հնամաշ կարմիր գորգին։

Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում, նա արդեն սլանում էր ներքև, փողոց։

Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր․ «Մադամ Սոֆրոնի,մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք»։ Դելլան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց։


― Մազերս չե՞ք գնի, ― հարցրեց մադամին։

― Մազեր գնում եմ, ― պատասխանեց մադամը։ Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տենեմ։ Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը։

― Քսան դոլար,― ասաց մադամը, հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան։

― Շտապ տվե՛ք,― ասաց Դելլան։

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրումծեծված փոխաբերության համար)։ Դելլան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար։

Վերջապես գտավ։ Տարակույս չկար, այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար։ Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել։ Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, ― այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը։ Այն թերևս կարելի էր արժանի համարել այդ ժամացույցին։ Հենց որ Դելլան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին։ Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. Համեստություն և արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ։ Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և և Դելլան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ։ Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և իմանալ, թե ժամը քանիսն է։ Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից։

Տանը Դելլայի աշխուժությունը հանդարտվեց, իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը։ Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը։ Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք։

Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին դաերից փախած փոքր տղայի։ Դելլան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելու մեջ։

«Դե,― ասաց նա ինքն իրեն, ― եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ քոնի այլենդյան խմբերգչուհու։ Սակայն ինչ կարող էի անել, ախ, ինչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»։

Ժամը յոթին սուրճն արդեն պատրաստ էր, և շիկացած թավան գազօջախի վրա սպասում էր ոչխարի մսից կոտլետներին։

Ջիմը երբեք չէր ուշանում։ Դելլան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց սեղանի ծայրին մոտ, մուտքի դռանն ավելի մոտիկ։ Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայները և մի պահ գունատվեց։ Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմել աստծուն և փութով մրմնջաց.

― Տե՛ր աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց։

Դուռը բացվեց, Ջիմը ներս մտավ և իր ետևից փակեց այն։ Նրա դեմքը նիհար էր, մտահոգ։ Հեշտ բան չէր քսաներկու տարեկան հասակում ծանրաբեռնված լինել ընտանիքով։ Նրան արդեն վաղուց նոր վերարկու էր պետք, ձեռքերն էլ սառչում էին առանց ձեռնոցների։

Լորի հոտն առած սետերի պես Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ։ Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելլան չկարողացավ հասկանալ և սարսափեց։ Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում, ոչ մեկը այն զգացումներից, որ կարելի էր սպասել։ Ջիմը պարզապես նայում էր, հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը։

Դելլան վեր թռավ սեղանի մոտից և նետվեց դեպի ամուսինը։

― Ջիմ, սիրելիս, ― գոչեց նա, ― այդպես մի՛ նայիր։ Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին։ Չես բարկանում, չէ՞։ Այլ կերպ չէի կարող։ Մազերս շատ արագ են աճում։ Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը։ Եթե իմանայիր, թե ինչ հրաշալի, ինչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար։

― Մազերդ կտրե՞լ ես, ― հարցրեց Ջիմը մի տեսակ ճիգով.թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը։

― Այո, կտրել և վաճառել եմ, ― ասաց Դելլան։ ― Բայց չէ որ դու, միևնույն է, կսիրես ինձ։ Չէ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս։

Ջիմը շվարած նայեց շուրջը։

― Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն, ― հարցրեց նա անմիտ համառությամբ։

― Մի՛ փնտրիր, չես գտնի, ― ասաց Դելլան։ ― Չէ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել։ Այսօր նավակատիք է, Ջիմ։ Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել։ Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը, ― շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց, ― սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը։ Կոտլետները տապակե՞մ, Ջիմ։

Ջիմը դուրս եկավ ընդարմացած վիճակից։ Նա գիրկն առավ իր Դելլային։ Համեստ գտնվենք և մի քանի վայրկյան զբաղվենք որևէ կողմնակի առարկայի քննությամբ։ Ո՞րն է շատ, շաբաթը ութ դոլարը, թե տարին մեկ միլիոնը։Մաթեմատիկոսը կամ իմաստունը սխալ կպատասխանեն ձեզ։ Մոգերը թանկարժեք ընծաներ բերեցին, սակայն մի բան չկար դրանց մեջ։ Բայց այդ մշուշապատ ակնարկների պարզաբանումը հետո։

Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին։

― Սխալ չհասկանաս ինձ, Դելլ, ― ասաց նա։ ― Ոչ մի սանրվածք ու կտրված մազեր չեն կարող ստիպել ինձ, որ դադարեմ իմ Դելլային սիրելուց։ Սակայն բաց արա փաթեթը և այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու սկզբում մի պահ փոքր֊ինչ ապշեցի։

Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը։ Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո֊ավաղ֊իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմել այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը։

Սեղանին դրված էին սանրեր, մեկը` մազերը ետևում, մյուս երկուսը կողքերին հավաքելու համար։ Դա այն նույն սանրերի հավաքածուն էր, որով Դելլան, դիտելով Բրոդվեյի վրա գտնվող ցուցափեղկերից մեկը, զմայլվում էր։ Կրիայի պատյանից պատրաստված հրաշալի սանրեր, անկյուններին փայլուն փոքրիկ քարեր ագուցված, որոնք Դելլայի շագանակագույն մազերի գույնն ունեին։ Դրանք թանկ արժեին, Դելլան գիտեր այդ մասին, և նրա սիրտը հալումաշ էր լինում ու տոչորվում այդ սանրերը ձեռք բերելու անիրականանալի ցանկությունից։ Եվ ահա դրանք իրենն են, սակայն այլևս չկան գեղեցիկ մազերը, որոնց զարդարեր դրանց բաղձալի փայլը։

Այնուամենայնիվ Դելլան սանրերը սեղմեց կրծքին և երբ, վերջապես, ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

― Մազերս շատ արագ են աճում, Ջիմ։

Եվ հանկարծ վեր ցատկեց, ինչպես եռացրած ջրից վախեցած կատվիկ, ու գոչեց.

― Ախ, աստված իմ։

Չէ որ Ջիմը դեռ չէր տեսել նրա հրաշալի նվերը։ Փութով բաց ափի մեջ նրան մեկնեց շղթան։ Թանկարժեք փայլատ մետաղը ասես կայծկլտաց նրա բուռն ու անկեղծ ուրախության ճառագայթների մեջ։

― Մի՞թե հրաշալի չէ, Ջիմ։ Ամբողջ քաղաքն եմ չափել, մինչև գտել եմ։ Այժմ կարող ես օրը թեկուզ հարյուր անգամ նայել ժամացույցին։ Ինձ տուր այն։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես են համապատասխանում իրար։

Սակայն Ջիմը, ենթարկվելու փոխարեն, պառկեց բազմոցին, ձեռքերը դրեց գլխատակին և ժպտաց։

― Դելլ, ― ասաց նա, ― ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միառժամանակ մնան։ Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար։ Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար։ Իսկ հիմա, ըստ երևույթին, կոտլետներ տապակելու իսկական ժամանակն է։

Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմստուն մարդիկ։ Հենց նրանք էլ մոդա դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին. թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով։ Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը։ Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են։