հեղինակ՝ Ֆրեդերիկ Բրաուն |
Սոսկումը Չերիբել եկավ օգոգտոսյան մի անտանելի օր, կեսօրից հետո։
Հնարավոր է, որոշ բաներ ավելորդ են այստեղ։ Արիզոնի նահանգի Չերիբելում օգոստոսի բոլոր օրերն էլ անտանելի շոգ օրեր են։ Չերիբելը գտնվում է 89֊րդ ավտոխճուղու վրա, Թուսոնից քառասուն մղոն հարավ եւ մեքսիկական սահմանից էլ մի երեսուն մղոն դեպի հյուսիս։ Բենզինի լցման երկու կայան (ճանապարհի երկու կողմից, որպեսզի որսան երկու ուղղությամբ սլացող մեքենաներին), հանրախանութ, գինի եւ գարեջուր վաճառելու իրավունքով պանդոկ, կրպակ֊ծուղակ զբոսաշրջիկների համար, որոնք անհամբեր շտապում են գնել մեքսիկական հուշանվերներ, դատարկ վրան, որտեղ մի ժամանակ վաճառում էին ծեծովի շնիցել, եւ չթրծած աղյուսից մի քանի տուն, որոնց բնակիչները (մեքսիկական ծագումով ամերիկացիներ) աշխատում էին Նոգալեսում, Չերիբելից հարավ գտնվող սահմանամերձ քաղաքում, բայց աստված գիտի, թե ինչու էին նախընտրում ապրել այստեղ, իսկ աշխատանքի գնալ այնտեղ (ընդ որում ոմանք՝ թանկագին ֆորդերով)․ ահա թե ինչ բան էր Չերիբելը։ Ճանապարհամերձ պլակատը ավետում է․ Չերիբել, Բնակ․ 42։ Բայց գրվածը, ավաղ, այնքան էլ չի համապատասխանում ճշմարտությանը։ Բնակը մահացել է անցյալ տարի, հենց այն Բնակ Անդերսը, որն այստեղ ծեծած շնիցելի առեւտուր էր անում, եւ հիմա հարկավոր էր այսպես գրել․ «Բնակչությունը՝ 41»։
Սոսկումը Չերիբելում հայտնվեց իշուկ հեծած, իսկ իշուկին էլ պարանից բռնած բերում էր մի զառամյալ ճերմակամորուս, փնթի հագնված խլուրդ֊ոսկեխույզ։ Նրա անունը Դեյդ Հրանտ էր։ Սոսկումի անունը Հարվեյն էր։ Ունենալով մոտ իննը ոտնաչափ հասակ, նա տաշեղի պես նիհար էր, այնքան նիհար էր, որ հազիվ թե հարյուր գրվանքայից ավելի կշռեր, եւ, չնայած նրա ոտքերը քարշ էին գալիս ավազի վրայով, երեւում էր, որ ծերուկ Դեյդի իշուկի համար այնքան էլ ծանր բեռ չէր։ Ինչպես պարզվեց ավելի ուշ, Հարվեյնի ոտքերը հինգ մղոնից ավելի երկարությամբ հետք էին թողել ավազի վրա, սակայն դա ոչ մի վնաս չէր տվել նրա կոշիկներին, որոնք շատ էին նմանվում բեմական կոշիկների։ Այդ կոշիկներից բացի, նրա հագին ոչինչ չկար, եթե հաշվի չառնենք շիկահավի ձվի պես բաց կապույտ լողավարտիքը։ Սակայն նրան սարսափելի դարձնողը հասակն ու կազմվածքը չէին․ սոսկում էր առաջացնում նրա մաշկը, որ կարմիր էր հում մսի պես։ Նրա տեսքն այնպիսին էր, ասես մաշկը քերթել էին, հետո նորից հագցրել, բայց՝ հակառակ կողմից։ Նրա գույնն ու դեմքը ամբողջ մարմնի պես երկարավուն էին ու նեղ, մնացած ամեն ինչով նա մարդու էր նման կամ համենայն դեպս՝ մարդանման էակ էր։ Եթե միայն հաշվի չառնենք մանրուքները, ինչպես ասենք այն, որ մազերը լողավարտիքի գույնին էին՝ բաց կապույտ, ինչպես շիկահավի ձուն, եւ նույն գույնի էին նաեւ աչքերն ու կոշիկները։ Միայն երկու գույն՝ արնակարմիր եւ բաց կապույտ։
Առաջինը նրանց նկատեց Քեյսին՝ պանդոկապանը, որը հենց նոր դուրս էր եկել իր հաստատության հետեւի դռնից, թարմ օդ շնչելու։ Նրանք գալիս էին արեւելյան լեռնաշղթայի կողմից եւ արդեն հովտում էին, նրանից մի հարյուր յարդ հեռավորության վրա, եւ իշուկին հեծած կերպարանքը իր տարօրինակ տեսքով միանգամից շշմեցրեց Քեյսիին։ Սկզբում ապշեցրեց միայն տարօրինակ տեսքով․ սոսկումը պատեց նրան, երբ հեռավորությունը փոքրացավ։ Քեյսիի ծնտը կախ ընկավ ու այդ դիրքում մնաց այնքան ժամանակ, մինչեւ տարօրինակ երրորդությունը հայտնվեց իրենից հիսուն յարդ հեռավորության վրա։ Այդ ժամանակ Քեյսին դանդաղ քայլեց դեպի նա։ Մարդկանցից ոմանք փախչում են անհայտին դեմ առ դեմ բախվելուց, ոմանք էլ ընդառաջ են գնում։ Քեյսին պատկանում էր վերջիններիս թվին։
Նրանք գտնվում էին դեռ բաց տեղում, փոքրիկ պանդոկի հետեւի պատից մոտ քսան յարդ հեռու, երբ Քեյսին ընդհուպ մոտեցավ նրանց։ Դեյդ Հրանտը կանգ առավ ու ձեռքից ցած գցեց պարանը, որով քարշ էր տալիս իշուկին։ Իշուկը գլուխն իջեցրեց։ Ձողի նման մարդը վեր կացավ, ավելի ձիշտ՝ իշուկի վրայից մի քիչ բարձրացավ, ոտքն անցկացրեց նրա գավակի վրայով ու նստեց ավազին։
— Բարձր ձգողականությամբ մոլորակ է,— ասաց նա։ Երկար կանգնել չի լինի։
— Բարեկամ, որտեղի՞ց կարող եմ մի քիչ ջուր ճարել իշուկիս համար,— հարցրեց ոսկեխույզը Քեյսիին։— Խեղճը հաստատ ծարաված կլինի։ Տկերը ստիպված էինք թողնել, թե չէ չէր կարողանա տեղ հասցնել…— Եվ նա բութ մատը ուսի վրայով տնկեց կարմրա֊կապույտ հրեշի կողմը։
Իսկ Քեյսին միայն այժմ սկսեց հասկանալ, որ իր առջեւ իսկական հրեշ է։ Եթե այդ գույների համադրությունը հեռվից միայն թեթեւակի վախեցնում էր, ապա մոտիկից մաշկը թվում էր խորդուբորդ, անոթներով պատված եւ խոնավ, չնայած բոլորովին էլ խոնավ չէր եւ (թող հենց տեղնուտեղը գետնի տակը մտնի), թվում էր, թե հրեշի մաշկը քերթել են հակառակ կողմի վրա ու նորից հագցրել։ Իսկ գուցե հենց միայն քերթել֊հանել են։ Քեյսին երբեք չէր տեսել այսպիսի բան եւ հույս ուներ, որ էլ չէր տեսնի երբեք։
Նա իր հետեւում ինչ֊որ շարժում զգաց եւ շրջվեց։ Իր կողմն էին գալիս Չերիբելի մյուս բնակիչները, նրանք էլ էին տեսել հրեշին եւ այժմ գալիս էին այստեղ, բայց առջեւից եկող երկու տղաները կանգ առան Քեյսիից տասը յարդ հեռավորության վրա։
— Muchachos,— գոռաց նա տղաներին,— agua por el burro. Un pozal. Pronto[1]
Դրանից հետո նա նորից շրջվեց եկվորների կողմը եւ հարցրեց նրանց․
— Դուք ո՞վ եք։
— Իմ անունը Դեյդ Հրանտ է,— պատասխանեց ոսկեխույզը ու մեկնեց ձեռքը, որը Քեյսին մեքենաբար սեղմեց։ Ապա Դեյդ Հրանտը ձեռքի շարժումով ցույց տվեց իր հետեւում ավազի վրա նստածին։
— Իսկ նրա անունը, ասում է՝ Հարվեյն է։ Ինչ֊որ տիեզերքից է եկել․ ասում է, իբր մինիստր է։
— Իմ անունը Մենուել Քեյսի է,— ասաց նա։— Ի՞նչ է նա ասում տիեզերքի մասին։
Ձող֊մարդու ձայնը անսպասելիորեն հնչեղ էր ու թավ։
— Ես տիեզերքից եմ։ Ու ես լիազորված մինիստր եմ։
Որքան էլ որ տարօրինակ թվա, բայց Քեյսին բավական լայն մտահորիզոնի տեր էր եւ այս երկու հասկացողությանն էլ ծանոթ էր։ Իսկ ինչ վերաբերում էր դրանցից երկրորդին, ապա Քեյսին, թերեւս, Չերիբելում միակ մարդն էր, որին պարզ էր դրա իմաստը։
Հաշվի առնելով նրա խոսակցի արտաքինը, ավելի շատ պետք էր զարմանալ այն բանի համար, որ Քեյսին հավատաց նրա հայտարարություններին, եւ ոչ թե այն բանի համար, որ նա հասկացավ, թե խոսքն ինչի մասին է։
— Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել ձեզ, սըր,— հարցրեց նա։— Ամենից առաջ, չգնա՞նք ստվերի տակ։
— Շնորհակալություն, կարիք չկա։ Ձեզ մոտ մի քիչ ավելի ցուրտ է, քան ինձ ասել էին, բայց ես ինձ հոյակապ եմ զգում։ Իմ մոլորակում գարնանային զով գիշերներին էլ այսպիսի եղանակ է լինում։ Իսկ եթե խոսենք այն մասին, թե դուք ինչ կարող էիք ինձ համար անել, ապա կարող եք իմ ժամանման մասին հայտնել ձեր իշխանություններին։ Կարծում եմ, որ դա կհետաքրքրի նրանց։
Այո, մտածեց Քեյսին, քո բախտը բերեց, որ հանդիպերից ինձ, ամբողջ օկրուգում այդ գործին հարմար միակ մարդուն։ Մենուել Քեյսին կիսով չափ իռլանդացի էր, կիսով չափ՝ մեքսիկացի, եւ նա ուներ խորթ եղբայր, որը կիսով չափ իռլանդացի էր, իկսով չափ՝ ինչ ասես, ու այդ եղբայրը Թուսոնի մոտ գտնվող Դեվիս֊Մութան ռազմա֊օդային բազայում գնդապետ էր։
— Մի րոպե, միսթր Հարվեյն, ես հենց հիմա կզանգահարեմ։ Իսկ դուք, միսթր Հրանտ, չէի՞ք ուզենա ստվերի տակ նստել։
— Ինձ որ մնա՝ ինչքան ուզում է թող վառի, մեկ է՝ ամբողջ օրը արեւի տակ եմ։ Այսպես ուրեմն, այս Հարվեյնը ինձ ասում է․ չպոկվես, մինչեւ ես գործերս վերջացնեմ։ Ասում է, ինչ֊որ բան կտա ինձ, եթե հետը գնամ։ Ինչ֊որ լիկտրոնային…
— Դյուրակիր էլեկտրոնային հանքորոշիչ՝ մարտկոցային սնուցմամբ,— նրա փոխարեն վերջացրեց Հարվեյնը։— Դա մի սարք է, որը որոշում է հանքանյութի առկայությունը մինչեւ երկու մղոն խորության վրա, նշում է հանքանյութի տեսակը, մետաղի պարունակությունը նրա մեջ, հանքատեղի ծավալը եւ խորությունը։
Քեյսին ջղաձգորեն օդ կուլ տվեց, ներողություն խնդրեց եւ շուրջը խմբված ամբոխին հրմրելով՝ ուղղվեց դեպի իր պանդոկը։ Մի րոպե հետո նա արդեն խոսում էր գնդապետի հետ։ Բայց պահանջվեց եւս հինգ րոպե, որ համոզի գնդապետին, թե ինքը՝ Մենուել Քեյսին ոչ խմած է, ոչ էլ կատակ է անում։
Քսանհինգ րոպե հետո օդում աղմուկ լսվեց, որն անընդհատ ուժգնանում էր, ուժգնանում եւ լռեց, երբ չորստեղանի ուղղաթիռը ցած իջավ եւ մոտորները անջատեց տիեզերքից ժամանած էակի, իշուկի եւ երկու տղամարդկանցից մի տասներկու յարդ հեռավորության վրա։ Առայժմ միայն Քեյսին էր խիզախում մոտենալ եկվորին․ մյուս հետաքրքրասերները գերադասում էին տարածություն պահպանել։
Գնդապետ Քեյսին, իսկ նրա հետեւից մայորը, կապիտանը եւ լեյտենանտը դուրս թռան ուղղաթիռի խցիկից ու վազեցին դեպի փոքրիկ խումբը։ Ձողի նման մարդը վեր կացավ եւ ուղղվեց իր ողջ հասակով մեկ՝ իննը ֆուտ, այդ անելու համար նրա գործադրած ճիգերը խոսում էին այն մասին, որ նա սովոր է երկրային ձգողությունից պակաս ձգողականության։
Նա ողջունեց։ Կրկնեց իր անունը եւ նորից իրեն կոչեց տիեզերքից եկած լիազորված մինիստր։ Հետո նա ներողություն խնդրեց, որ պիտի նորից նստի, բացատրեց պատճառը եւ նստեց։
Գնդապետը ներկայացավ եւ նեկրայացրեց իր երեք ուղեկիցներին։
— Իսկ այժմ, սըր՝ ի՞նչ կարող ենք անել ձեզ համար։
Ձողի նման մարդը ծամածռեց դեմքը, ըստ երեւույթին՝ ժպտաց։ Նրա ատամները նույնպես բաց կապույտ էին, ինչպես աչքերն ու մազերը։
— Ձեզ մոտ հաճախ կարելի է լսել այս արտահայտությունը․ «Ես ուզում եմ տեսնել ձեր շեֆին»։ Ես դա չեմ ասի։ Ես պետք է այստեղ մնամ, բայց եւ չեմ խնդրի, որ ձեր շեֆերին կանչեք այստեղ, ինձ մոտ․ դա անհարգալից կլիներ։ Ու ես համաձայն եմ ձեզ դիտել որպես նրանց ներկայացուցիչներ։ Խոսել ձեզ հետ եւ պատասխանել ձեր հարցերին։ Բայց պիտի մի խնդրանքով դիմեմ ձեզ։ Դուք ունեք ձայնագրիչներ։ Խնդրում եմ կարգադրեք, որ մինչեւ կսկսեմ խոսել կամ ձեր հարցերին պատասխանել, ձայնագրիչներ բերեն այստեղ։ Ես ուզում եմ համոզված լինել, որ ուղերձը, որ կստանան ձեր ղեկավարները, լրիվ եւ ճիշտ կհաղորդվի նրանց։
— Հրաշալի է,— ասաց գնդապետը եւ դարձավ օդաչուին։— Լեյտենանտ, գնացեք խցիկը, միացրեք ռադիոն եւ հաղորդեք, որ իսկույն ձայնագրիչ հասցնեն մեզ։ Կարելի է պարաշյուտով… ոչ, շատ ժամանակ կգնա։ Թող ճպուռով ուղարկեն։
Լեյտենանտը շուռ եկավ, որ գնա։
— Այո,— ասաց գնդապետը,— ու մեկ էլ հիսուն յարդ լար։ Պետք է հասցնենք մինչեւ Մենիի պանդոկը։
Լեյտենանտը գլխապատառ նետվեց դեպի ուղղաթիռը։ Մյուսները նստած էին՝ քրտինքի մեջ կորած։ Մենուել Քեյսին վեր կացավ տեղից։
— Մի կես ժամ պետք է սպասենք,— ասաց նա,— ու քանի որ, մեկ է, պիտի արեւի տակ խանձվենք, ո՞վ է ուզում գարեջուր։ Դուք սրան ի՞նչ կասեք, միսթր Հարվեյն։
— Դա կարծեմ սա՞ռը քմիչք է։ Ես մի քիչ մրսում եմ։ Այ եթե ձեզ մոտ մի որեւէ տաք…
— Սուրջ։ Սուրճը գրեթե պատրաստ է։ Գուցե վերմա՞կ բերենք։
— Շնորհակալություն, պետք չէ։ Դա չի օգնի։
Քեյսին գնաց եւ շուտով ետ եկավ, սկուտեղով բերելով մոտ կես դյուժին սառը գարեջրի շշեր եւ մի բաժակ սուրճ, որից գոլորշի էր բարձրանում։ Լեյտենանտն արդեն այստեղ էր։ Քեյսին ցած դրեց սկուտեղը եւ ամենից առաջ սուրճով բաժակը տվեց ձող֊մարդուն, որը, համը տեսնելով, ասաց․
— Հոյակապ է։
Գնդապետ Քեյսին հազաց․
— Իսկ հիմա, Մենի, սպասարկիր մեր բարեկամ ոսկեխույզին, ինչ վերաբերում է մեզ, ապա, ճիշտն ասած, հերթապահության ժամանակ խմելը արգելվում է, բայց Թուսոնում ստվերում 112° է ըստ Ֆարենգեյթի, իսկ այստեղ ավելի շոգ է եւ ստվեր էլ չկա։ Այնպես որ, ջենթլմեններ, ձեզ համարեք պաշտոնապես արձակված, մինչեւ որ գարեջուրը խմեք, կամ էլ մինչեւ ձայնագրիչը բերեն։ Բայց հենց որ մեկը կամ մյուսը լինեն՝ համարեք, որ դուք աշխատանքի մեջ եք։
Նախ խմեցին գարեջուրը, բայց վերջին կաթիլները խմելիս արդեն լսում էին եւ տեսնում երկրորդ ուղղաթիռը։ Քեյսին ձող֊մարդուն հարցրեց, թե էլ սուրճ չի՞ ուզում։ Ձող֊մարդը հարգալից հրաժարվեց։ Քեյսին նայեց Դեյդ Հրանտին եւ աչքով արեց։ Ծեր խլուրդը նույն կերպ պատասխանեց նրան, եւ Քեյսին նորից գնաց շշեր բերելու՝ յուրաքանչյուրի համար մեկ շիշ։ Վերադառնալիս նա տեսավ լեյտենանտին, որը լարը ձգում էր դեպի պանդոկը։ Քեյսին ետ դարձավ եւ լեյտենանտին ուղեկցեց մինչեւ մուտքը, որ ցույց տա վանդակի տեղը։
Վերադառնալով Քեյսին տեսավ, որ երկրորդ ուղղաթիռը, բացի ձայնագրիչից, բերել է եւս չորս մարդ՝ նրա մեջ ավելի շատ մարդ չէր տեղավորվում։ Օդաչուի հետ եկել էին տեխնիկական ծառայողության սերժանտը (նա արդեն զբաղվում էր ձայնագրիչով), ինչպես նաեւ փոխգնդապետն ու կրտսեր լեյտենանտը՝ նրանք կամ ցանկացել էին օդային զբոսանք կատարել, կամ էլ նրանց հետաքրքրել էր ձայնագրիչը շտապ Չերիբել, Արիզոնի նահանգ բերելու հրամանը։ Այժմ նրանք կանգնել էին ու աչքերը չռել ձող֊մարդու վրա, իրար մեջ փսփսալով։
Չնայած գնդապետը ցածր ասաց «ուշադրություն», բայց իսկույն մեռելային լռություն տիրեց։
— Ջենլմեններ, շրջանաձեւ նստեք։ Սերժանտ, մեզ լա՞վ կլսեն, եթե միկրոֆոնը դնեք մեր դրջանի կենտրոնում։
— Այո, սըր։ Ես համարյա ամեն ինչ վերջացրել եմ։
Տասը մարդ եւ տիեզերքից եկած էակը շրջան կազմեցին, որի մեջտեղում դրված էր փոքրրիկ եռոտանին՝ իրենցից կապված միկրոֆոնով։ Քրտինքը հոսում էր մարդկանց վրայից, ձող֊մարդը թեթեւակի դողացնում էր։ Մի քիչ այն կողմ, գլուխը կախ գցած, կանգնած էր իշուկը։ Աստիճանաբար ավելի ու ավելի մոտենալով, բայց առայժմ շրջանից մի հինգ ոնտաչափ հեռու, խմբվել էին Չերիբելի բոլոր բնակիչները, որոնք այդ պահին պատահաբար տանն էին եղել։ Վրաններն ու բենզինի լցման կայանները մոռացության էին մատնվել։
Սերժանտը սեղմեց կոճակը, կասետաները պտտվեցին։
— Ստուգում… ստուգում…— ասաց նա։ Սեղմելով «հակառակը» կոճակը, նա մի վայրկյան հետո բաց թողեց եւ միարցեր ձայնը։ «Ստուգում… ստուգում…»— բարձրաձայն եւ հստակ ասաց դինամիկը։ Սերժանտը պատրաստվեց ձայնագրության։
— Երբ ես կոճակը սեղմեմ, սըր,— դարձավ նա դեպի գնդապետը,— ձայնագրությունը կսկվի։
Գնդապետը հարցական նայեց ձող֊մարդուն, վերջինս գլխով արեց, եւ այդ ժամանակ գնդապետն իր հերթին գլխով արեց սերժանտին։
— Իմ անունը Հարվեյլ է,— հատ֊հատ եւ դանդաղ խոսեց ձող֊մարդը։— Ես ձեզ մոտ եմ ժամանել ձեր աստղաբաշխական հեռակայաններում չհիշատակվող աստղի մոլորակներից մեկից, թեեւ 90 հազար աստղից բաղկացած գնդային կուտակը, որին նա պատկանում է, ձեզ հայտնի է։ Այն գտնվում է Երկրից ավելի քան չորս հազար լուսային տարի հեռավորության վրա, գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ։
Սակայն այժմ ես հանդես եմ գալիս ոչ որպես իմ մոլորակի կամ իմ ժողովրդի ներկայացուցիչ, այլ որպես Գալակտիկական Միության, Գալակտիկայի առաջավոր քաղաքակրթությունների ֆեդերացիայի (որն ստեղծվել է հանուն համընդհանուր բարօրության) լիազոր մինիստր։ Ինձ առաքել են այցելել ձեզ եւ տեղում որոշել, արժե՞ արդյոք հրավիրել ձեզ մտնելու մեր ֆեդերացիայի մեջ։
Դուք կարող եք ինչ հարց ուեք տալ ինձ, սակայն ես ինձ իրավունք եմ վերապահում դրանցից մի քանիսին պատասխանել միայն այն ժամանակ, երբ որոշակի վճռի կհանգեմ։ Եթե այդ վճիռը դրական լինի, ապա կպատասխանեմ բոլոր հարցերին։ Դա ձեզ հարմա՞ր է։
— Հարմար է,— պատասխանեց գնդապետը։— Ինչպե՞ս եք դուք ընկել այստեղ։ Տիեզերանավո՞վ։
— Միանգամայն ճիշտ է։ Այն այժմ ուղիղ ձեր վերեւում է, Երկրից 22 հազար մղոն բարձր, պտտվում է Երկրի հետ միասին եւ, այդպիսով, մշտապես գտնվում է նրա մակերեվույթի միշտ նույն կետի վերեւում։ Այնտեղից ինձ հետեւում են, ահա թե ինչու ես գերադասում եմ մնալ այստեղ, բաց վայրում։ Երբ հարկ լինի, ես ազդանշան կտամ, որ նրանք իջնեն եւ վերցնեն ինձ։
— Որտեղից այդպես հոյակապ գիտեք մեր լեզուն։ Դուք հեռազգացողական ընդունակություններ ունե՞ք։
— Ոչ, ես հեռազգաց չեմ։ Գալակտիկայում չկա բանական էակների մի այնպիսի տեսակ, որի բոլոր ներկայացուցիչները օժտված լինեն հեռազգացողությամբ։ Բայց առանձին հեռազգացներ կան բոլոր տեսակների մեջ էլ։ Ինձ ձեր լեզուն սովորեցրել են հատուկ այս առաքելության համար։ Արդեն մի քանի հարյուրամյակ ձեր մեջ ապրում են մեր դիտորդները («մեր» ասելով, ես, իհարկե, նկատի ունեմ Գալակտիկական Միությունը)։ Միանգամայն ակնհայտ է, որ ես, օրինակ, երկրացու տեղ չեմ անցնի, ինչը չի կարելի ասել մեր մյուս տեսակների մասին։ Ի դեպ ասած, նրանք ձեր դեմ ոչ մի վատ բան չեն ձեռնարկում եւ չեն փորձում որեւէ կերպ ներգործել ձեզ վրա, նրանք ուսումնասիրում են՝ եւ միայն այդքան։
— Ի՞նչ կտա մեզ ձեր Միությունը, եթե մեզ հրավիրեն հնդունվել նրա մեջ եւ եթե մենք ընդունենք այդ հրավերը։
— Ամենից առաջ, դուք կանցնեք հիմնական գիտելիքների ուսուցման կարճժամկետ դասընթացը եւ այլեւս չեք կռվի իրար հետ։ Երբ ձեր հաջողությունները կգոհացնեն մեզ, ու մենք կտեսնենք, որ անհանգստանալու հիմքեր չունենք, դուք կստանաք տիեզերքում երթեւեկելու միջոցներ եւ շատ այլ բաներ՝ աստիճանաբար, այդ ամենը յուրացնելուն համեմատ։
— Իսկ եթե մեզ չհրավիրե՞ն կամ մենք հրաժարվե՞նք։
— Այդ դեպքում ձեզ հանգիստ կթողնեն, հետ կկանչվեն նույնիսկ մեր դիտորդները։ Դուք ինքներդ կորոշեք ձեր ճակատագիրը, կամ մոտակա հարյուրամյակում լրիվ անբնակ գդարձնեք ձեր մոլորակը, կամ ինքներդ էլ կտիրատետեք գիտելիքներին, եւ այդժամ ձեզ հետ նորից հնարավոր կլինի խոսել Միության մեջ մտնելու մասին։ Ժամանակ առ ժամանակ մենք կստուգենք, թե ոնց են գնում գործերը, եւ եթե պարզվի, որ դուք չեք պատրաստվում ոչնչացնել ինքներդ ձեզ, նորից ձեզ կդիմեն։
— Եթե դուք արդեն այստեղ եք, էլ ինչո՞ւ եք այդքան շտապում, ինչու չեք խոսում մեր ղեկավարների հետ։
— Այդ հարցին ես հիմա չեմ պատասխանի։ Շտապելու պատճառը կարող է էական չթվալ, բայց իրականում ամեն ինչ շատ բարդ է, եւ ես ուղղակի չեմ ուզում ժամանակ կորցնել բացատրությունների վրա, թե ինչու ենք մենք շտապում։
— Ենթադրենք, դուք որոշում եք մեզ ընդունել, այդ դեպքում ինչպես պիտի ձեզ հետ կապ հաստատենք, որ հայտնենք մեր որոշման մասին։ Ըստ երեւույթին, դուք բավական քաջատեղյակ եք եւ գիտեք, որ ես լիազորված չեմ ձեզ պատասխան տալու։
— Մենք ձեր որոշման մասին կիմանանք մեր դիտորդների միջոցով։ Ֆեդերացիայի մեջ ընդունվելու պայմաններից մեկը՝ ձեր թերթերում այս հարցազրույցի լրիվ հրատարակումն է, այնպես, ինչպես այժմ ձայնագրվում է ժապավենի վրա։ Իսկ հետո ամեն ինչ պարզ կլինի ձեր կառավարության հետագա գործողություններից եւ որոշումներից։
Իսկ ինչ կասեք մյուս կառավարությունների մասին։ Չէ որ մենք չենք կարող միանձնյա որոշել ամբողջ աշխարհի փոխարեն։
— Նախ մենք կանգ առանք ձեր երկրի վրա, եթե դուք հրավերն ընդունեք, մենք կասենք, թե ինչպես պետք է դրդել մյուսներին՝ հետեւելու ձեր օրինակին։ Ի դեպ, այդ միջոցները բացառում են ուժի գործադրումը եւ նույնիսկ այն գործադրելու սպառնալիքը։
— Համա լավը պիտի լինեն այդ միջոցները,— դեմքը ծամածռեց գնդապետը։
— Երբեմն պարգեւ խոստանալն ավելի լավ է ազդում, քան ցանկացած սպառնալիքը։ Դուք կարծում եք, մյուս երկրները կհաշտվե՞ն այդ բանի հետ, որ դուք հեռավոր աստղերի մոլորակներն ավելի շուտ կբնակեցնեք, քան նրանք կհասնեն Լուսին։ Բայց դա առանձնապես կարեւոր չէ։ Դուք լիովին կարող եք վստահել համոզման մեր եղանակներին։
— Ոնց որ հեքիաթ լինի։ Բայց դուք ասում էիք, որ ձեզ հանձնարարված է հենց հիմա, տեղում որոշել արժանի՞ ենք արդյոք մենք ձեր Ֆեդերացիայի մեջ մտնելու։ Կարո՞ղ եմ ես հարցնել, թե ինչի՞ վրա պիտի հիմնվի ձեր որոշումը։
— Ամենից առաջ, ես պետք է որոշեմ ձեր քսենոֆոբիայի աստիճանը, ինչը որ արդեն արեցի։ Քսենոֆոբիան դա վախ է ընդհանրապես օտարներից։ Մենք մի բառ ունենք, որը իր համարժեքը չունի ձեր լեզվում, այն նշանակում է վախ եւ զզվանք, որ զգում ենք մեզնից ֆիզիկապես տարբեր էակների նկատմամբ։ Ես ձեզ հետ ուղղակի շփման համար ընտրվել էի որպես իմ տեսակի տիպիկ ներկայացուցիչ։ Քանի որ ես քիչ թե շատ մարդանման եմ (ճիշտ այնպես, ինչպես դուք քիչ թե շատ ինձ եք նման) ես, հավանաբար, ավելի շատ սոսկում ու զզվանք եմ առաջացնում ձեզ մոտ, քան ձեզնից միանգամայն տարբեր էակները։ Ես մարդու ծաղրանկարն եմ, եւ դրա համար էլ ավելի շատ եմ ձեզ սարսափեցնում, քան ձեզ հետ նույնիսկ հեռավոր նմանություն չունեցող մի որեւէ էակ։
Հնարավոր է, որ դուք հիմա մտածում եք այն սարսափի եւ զզվանքի մասին, որ զգում եք ինձ նայելով։ Բայց, հավատացեք, դուք դիմացաք այդ փորձությանը։ Գալակտիկայում կան էակների այնպիսի տեսակներ, որոնք երբեք, որքան էլ որ հաջողություններ ունենան այլ ասպարեզներում, չեն դառնա ֆեդերացիայի անդամներ։ Նրանք երբեք չէին կարողանում նայել կամ շփվել որեւէ այլ տեսակի էակների հետ, նրանք կամ վայնասունով հեռու կփախչեին այդ էակից, կամ էլ կփորձեին տեղնուտեղը նրա վերջը տալ։ Դիտելով ձեզ եւ այս մարդկանց (երկու ձեռքի շարժումով նա ասես ընդգրկեց քիչ այն կողմ խմբված չերիբելչան քաղաքացիական բնակչությանը), ես համոզվում եմ, որ եթե իմ տեսակը զզվանք է հարուցում ձեզ մոտ, բայց այն շատ ուժեղ չէ եւ անպայմանորեն հաղթահարելի, հավատացեք ինձ, առաջին փորձությունը դուք բավարար տարաք։
— Իսկ ի՞նչ, ուրիշ փորձություննե՞ր էլ կան։
— Եվս մեկը։ Բայց ես, թերեւս, ուշա…
Խոսքը չվերջացրած, ձող֊մարդը երեսնիվայր ընկավ ավազի վրա եւ աչքերը փակեց։
Գնդապետը ակնթարթորեն ոտքի թռավ։
— Սա ի՞նչ սատանա է,— դուրս թռավ նրա բերանից։ Արագ֊արագ անցնելով եռոտանու վրա դրված միկրոֆոնի մոտից, նա կռացավ անշարժ մարմնի վրա եւ ականջը մոտեցրեց արնակարմից կրծքին։
Երբ գնդապետն ուղղվեց, նա տեսավ, ինչպես գզգզված ճերմակահեր հանքախույզը գլուխը ետ գցած քրքջում է։
— Սիրտը չի աշխատում, գնդապետ, որովհետեւ՝ չկա։ Բայց ես կարող եմ Հարվեյին ձեզ թողնել որպես հուշանվեր, եւ դուք նրա մեջ ավելի հետաքրքիր բան կտեսնեք, քան աղիքներն ու սիրտը։ Այո, դա տիկնիկ է, որին ես էի ղեկավարում, ինչպես ձեր Էդգար Բերգենը[2] ղեկավարում է իր… անունն ի՞նչ է… Ախ, հա, Չարլի Մակկարտիին։ Նա կատարեց իր խնդիրը եւ ապաակտիվացած է։ Նստեք ձեր տեղը, գնդապետ։
— Ինչի՞ համար էր այս բոլորը,— հարցրեց նա։
Դեյդ Հրանտը երեսից պոկեց մորուքը եւ կեղթթամը, շորի կտորով մաքրեց դեմքի գրիմը․ նրանց առժեւ կանգնած էր մի գեղեցիկ երիտասարդ։ Նա շարունակում էր․
— Այն, ինչ նա ասաց ձեզ (կամ, ավելի շուտ, ինչ ձեզ հաղորդեցին նրա օգնությամբ)— ճիշտ է։ Այո, նա միայն մարդու նմանակն է,— բայց նա Գալակտիկայի բանական տեսակներից մեկի ներկայացուցչի ճշմարտացի պատճենն է, այն տեսակի, որը, մեր հոգեբանների կարծիքով ձեզ կթվար, եթե դոք ծանր եւ անբուժելի հիվանդ լինեիք քսենոֆոսայով, ամենից սարսափելին։ Այդ տեսակի իսկական ներկայացուցչին մենք այն պատճառով չբերեցինք հետներս, որ այդ էակներն ունեն իրենց սեփական ֆոբիան՝ ագորաֆոբիա՝ տարածության վախ։ Նրանք ունեն բարձր քաղաքակրթություն եւ մեծ հարգանք են վայելում ֆեդերացիայում, բայց երբեք չեն լքում իրենց մոլորակը։
Մեր դիտորդները հավատացնում են, որ դուք չունեք այդպիսի ֆոբիա։ Բայց նրանց համար լիովին պարզ չէ, թե որքան է բարձր ձեր քսենոֆոբիան եւ դա հատկապես միակ միջոցթ այն էր, որ պետք էր մեկին բերել նման փորձի համար եւ միաժամանակ, եթե դա հնարավոր լինի, ձեզ հետ հաստատել առաջին կապը։
Բոլորը լսեցին, ինչպես թեթեւացած շունչ քաշեց գնդապետը։
— Անկեղծորեն ասած, սիրտս տեղն ընկավ։ Մենք, անկասկած, կարող ենք ընդհանուր լեզու գտնել մարդանման էակների հետ, երբ դրա անհրաժեշտությունը ծագի։ Բայց պիտի խոստովանեմ, որ, այնուամենայնիվ, չափազանց բերկրալի է, եբր գիտես, որ Գալակտիկայում գերիշխող տեսակը իսկական մարդիկ են, եւ ոչ թե ինչ֊որ մարդանմաններ։ Դեհ, իսկ ո՞րն է երկրորդ փորձությունը։
— Դուք արդեն դրան էլ դիմացաք։ Ինձ կւչեք…— նա չխկացրեց մատները։— Ինչպես էին կոչում Բերգենի մյուս տիկնիկին, նրան, որին ստեղծեց Չարլի Մակկարտիից հետո։
Գնդապետը տատանվեց, բայց նրա փոխարեն պատասխանեց սերժանտ֊տեխնիկը։
— Մորգիմեր Սներդ։
— Ճիշտ է։ Այդ դեպքում ինձ կոչեք Մորտիմեր Սներդ։ Իսկ այժմ, թերեւս, իմ ժամը…— Եվ նա բերանքսիվայր ընկավ ավազի վրա ու աչքերը փակեց ճիշտ այնպես, ինչպես մի քանի րոպե առաջ ձող֊մարդը։
Իշուկն առաջ նետվեց եւ գլուխը շրվանի մեջ մտցրեց սերժանտի ուսի վրայով։
— Տիկնիկները վերջացան,— ասաց նա։— Իսկ դուք ինչ էիք ասում, գնդապետ, իբր գերիշխող տեսակը անպայման պետք է լինեն մարդիկ կամ գոնե մարդանմանները։ Եվ ընդհանրապես, ի՞նչ բան է գերիշխող տեսակը։