հեղինակ՝ Չարլզ Դիքենս |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Առաջին գլուխ
Տեղեկություններ Օլիվեր Թվիստի ծննդավայրի և նրա ծննդյան հետ կապված հանգամանքների մասին։
Ինչ֊վոր քաղաքում, որի անունը մի շարք պատճառներով խոհեմություն կլիներ չհիշատակել, և որը ես չեմ կոչելու որևէ մտացածին անունով, հասարակական այլ շենքերի թվում կար մի շենք, որ սովորաբար լինում է մեծ կամ փոքր հին քաղաքներում։ Դա մի գործատուն էր աղքատների համար։ Եվ այդ աղքատանոցում ծնվեց (հարկ չեմ համարում նեղություն կրել օրը և թվականը հիշելու, մանավանդ, որ դա ոչ մի արժեք չի կարող ներկայացնել ընթերցողի համար, գոնե այժմ, գործողությունների այս կանխահաս վիճակում) այն մահկանացուն, որի անունը նախատեսված է սույն գրքի վերնագրում։
Երբ մանուկը, ծխական բժշկի օգնությամբ, մուտք գործեց վշտի ու ցավերի այս աշխարհը, երկար ժամանակ բավականին կասկածելի էր թվում, թե արդյոք նա կապրե՞ր այնքան, որ կարողանար որևէ անուն կրել։ Եթե չապրեր, ավելի քան հավանական է, որ այս հուշագրությունները երբեք լույս չտեսնեին, կամ լույս տեսնելու դեպքում էլ, գրավելով մի քանի էջ, ամենահակիրճ ու ճշմարտացի կենսագրության նմուշը լինելու անգնահատելի արժեքը կունենային։ Շատ արտասովոր երևույթ, որևէ դարի կամ երկրի գրականության մեջ։
Թեև մտադիր չեմ հավաստիացնելու, որ աղքատանոցում ծնվելը ինքնին շատ բախտավոր ու նախանձելի երևույթ է մարդկային որևէ էակի համար, բայց և այնպես պնդում եմ, որ տվյալ առանձնահատուկ պարագայում դա լավագույն բանն էր, որ կարող էր պատահել Օլիվեր Թվիստի հետ։ Փաստն այն է, որ բավականին դժվար եղավ Օլիվերին պարտադրել իր շնչառության հոգսը վերցնելու պարտականությունը, տաղկտկալի մի վարժություն, որը, այնուամենայնիվ, սովորությունը անհրաժեշտ է դարձրել մեր հեշտագին գոյության համար։ Եվ այսպես, միաժամանակ, նա շնչասպառ պառկեց բրդյա փոքրիկ և կոշտ ներքնակի վրա, անհամաչափ տատանվելով այս և մյուս աշխարհի միջև, հավասարակշռության նժարը հաստատապես թեքելով դեպի վերջինը։ Անշուշտ այդ կարճ միջոցի ընթացքում, եթե Օլիվերը շրջապատված լիներ հոգատար տատիկներով, տագնապած մորաքույրներով, փորձառու դայակներով և հմուտ բժիշկներով, անկասկած և անխուսափելիորեն, իսկույն կմահանար։ Բայց, քանի որ նրա մոտ ոչ ոք չկար բացի մի աղքատ պառավից, որի աչքերը գարեջրի անսովոր քանակից մշուշվել էին, և նման գործերը միայն պայմանագրով կատարող ծխական բժշկից, Օլիվերն ու Բնությունը իրենց միջև պայքարեցին այդ հարցի լուծման համար։ Եվ արդյունքը եղավ այն, որ որոշ ճիգ գործադրելուց հետո Օլիվերը շնչեց, փռշտաց, ու մինչդեռ երեք և քառորդ րոպե առաջ զրկված էր ճչալու շնորհից, այժմ արական սեռի երեխային հատուկ զիլ ձայնով բարձր ճչաց և դրանով ավետեց աղքատանոցի բնակիչներին, թե մի նոր բեռ է ավելանում իրենց ծխի վրա։
Երբ Օլիվերը այսպես կյանքի առաջին նշույլները ցույց տվեց, կարկատած ծածկոցը, որ անփութորեն գցված էր երկաթյա մահճակալին, խշշաց, կանացի ջահել ու դժգույն մի դեմք կիսով չափ բարձրացավ բարձից, և նվաղոտ մի ձայն շշնջաց․ «Թողեք տեսնեմ երեխային և մեռնեմ»։
Բժիշկը ձեռքերը կրակին դեմ արած տաքանում էր։ Երբ դեռատի կինը խոսեց, սա տեղից վեր կացավ, մոտեցավ սնարին և ավելի քնքուշ ձայնով, քան կարելի էր սպասել ասաց․
― Ձեզ համար դեռ վաղ է մահվան մասին խոսելը։
― Աստվա՛ծ ոչ անի ― վրա բերեց հիվանդապահ պառավը, գրպանի մեջ թաքցնելով ինչ֊որ կանաչ շիշ, որի պարունակությունը քիչ առաջ նա մեծ բավականությամբ գաղտագողի ըմբոշխնում էր մի անկյունում։ ― Աստվա՛ծ ոչ անի, ո՛չ։ Եթե նա էլ ինձ նման կյանքի դառնությունները ճաշակած լիներ, եթե նա էլ ունեցած լիներ տասներեք երեխա, որոնցից այժմ միայն երկուսը ողջ մնացած լինեին, և եթե նա էլ այդ որբացած երկու երեխաներով ապաստանած լիներ այս խճալի վայրում, անշուշտ այլ կերպ կմոտենար հարցին։ Մտածի՛ր, սիրելիս, թե ինչ է նշանակում մայր լինել, մտածի՛ր գառնուկս, մտածի՛ր։
Սակայն, ըստ երևույթին, մայրական զգացմունքների կոչ անող այս խրախուսիչ ակնարկությունները սպասված արդյունքը չտվեցին։ Հիվանդը գլուխը տարուբերեց և ձեռքը երկարեց դեպի երեխան։
Բժիշկը նորածնին դրեց մոր գիրկը։ Նա իր սառը, դալկացած շուրթերը ուժգնորեն դրոշմեց մանկան ճակատին, ձեռքերը թեթևորեն սահեցրեց իր դեմքի վրայով, վայրագորեն դիտեց շուրջը․ սարսռաց, ապա մեջքի վրա ընկնելով մահացավ։ Բժիշկն ու հիվանդապահ պառավը շփեցին նրա կուրծը, ձեռքերը, քունքերը, բայց արյունը անդմիշտ սառել էր նրա երակներում։ Նրանք խոսեցին հույսի և սփոփանքի մասին։ Ավա՜ղ, վաղուց մոռացված զգացումներ մեռնողի համար։
― Ամեն ինչ վերջացավ, միսիս Թինգամի, ― ասաց բժիշկը վերջապես։
― Այո, ամե՜ն ինչ վերջացավ, ― ասաց պառավը, բարձի վրայից վերցնելով կանաչ շշի խցանը, որ ընկել էր երեխան գրկելիս։ ― Դժբա՜խտ աղջիկ։
― Շատ հավանական է, որ այս երեխան մեր գլխին փորձանք դառնա։ Բայց լաց լինելու դեպքում կարիք չկա ինձ անհանգստացնել, կարող ես մի քիչ խաշիշ տալ, ― ասաց բժիշկը, խոր մտածմունքի մեջ ձեռնոցները մատներին հագցնելով։ Ապա, նախքան մեկնելը, անկողնու մոտ մի րոպե կանգ առավ, գլխարկը դրեց գլխին և ավելացրեց․ ― Ինքա՜ն էլ դուրեկան աղջիկ է։ Որտեղի՞ց էր եկել։
― Երեկ գիշեր վերակացուի կարգադրությամբ բերեցին այստեղ, ― պատասխանեց պառավը․ ― նրան գտել էին փողոցում պառկած։ Բավականին ժամանակ քայլած պետք է լինի, քանի որ կոշիկները շատ էին մաշված, բայց ոչ ոք չգիտե, թե ո՛րտեղից էր գալիս և ո՛ւր էր գնում։
Վիրաբույժը կռացավ դիակի վրա և վերցրեց ձախ ձեռքը։
― Նույն հին պատմությունը, ― ասաց նա գլուխը թափահարելով․ ― Ամուսնական մատանի չունի։ Օ՜, բարի գիշեր։
Բժիշկը գնաց ճաշելու, իսկ հիվանդապահ֊քույրը մի անգամ էլ կանաչ շշին դիմելուց հետո, նստեց բուխարիկի մոտ դրված ցածր աթոռին և սկսեց երեխային հագցնել։
Արտաքին երևույթների հմայքը հաստատող ինչպիսի հատկանշական օրինակ էր փոքրիկ Օլիվեր Թվիստը։ Փաթաթված մի վերմակի մեջ, որը մինչև այժմ նրա միակ ծածկոցն էր կազմում, նա կարող էր համարվել և՛ ազնվականի, և՛ մուրացկանի երեխա։ Անգամ ամենալրջախոհ մարդը դժվար թե կարողանար որոշել նրա իսկական տեղը հասարակության մեջ։ Բայց այժմ, երբ խանձարուրվեց հնամաշ բամբակե լաթերի մեջ, որ նույնանման գործածությամբ գունատվել ու գորշացել էին, և թվագրվելով արձանագրվեց աղքատանոցի մատյանում, նա իսկույն գտավ իրեն վիճակված տեղը։ Ավա՜խ, նա այդ իսկ րոպեից մի ծխական երեխա էր, աղքատների մի անտեր որբուք, սովահարության մատնված թշվառ մի արարած, բոլորի հալածանքին և արհամարհանքին ենթակա ողորմելի մի ստրուկ, անարգված բոլորից և անտեսված աշխարհից։
Օլիվերը ուժգին ճչում էր։ Գուցե նա ավելի ուժգին ճչար, եթե կարողանար հասկանալ, որ ինքը եկեղեցականների և խնամակալների քմահաճ շնորհին թողնված մի անօգնական որբուկ էր։
Երկրորդ գլուխ
Տեղեկություններ Օլիվեր Թվիստի մեծանալու, դաստիարակության և ապրելակերպի մասին։
Հաջորդ ութ֊տասը ամիսների ընթացքում Օլիվերը խաբեության ու դավադրության մշտական զոհ էր։ Նրան պահում էին ծծակով։ Աղքատանոցի իշխանությունները երեխայի քաղցած ու լքյալ վիճակի մասին պարտ ու պատշաճ կերպով զեկուցեցին ծխական իշխանություններին։ Ծխական իշխանությունները ամենայն արժանապատվությամբ հարցրին աղքատանոցի իշխանություններին, թե արդյոք տվյալ ժամանակի աղքատանոցում չկա՞ր իգական սեռին պատկանող որևէ մեկը, որը ի վիճակի լիներ Օլիվեր Թվիստին շնորհել զլացված սնունդն ու մխիթարանքը։ Աղքատանոցի իշխանությունները խոնարհաբար պատասխանեցին, թե չկա այդպիսի մեկը։ Աղքատանոցի իշխանությունները վեհանձնորեն ու մարդասիրաբար որոշեցին Օլիվերին ուղարկել երեք մղոն հեռու գտնվող մի ագարակ, այլ կերպ ասած՝ աղքատանոցի մի ուրիշ բաժանմունք, որտեղ մոտավորապես երեսուն անչափահաս օրինազանցներ, չունենալով բավարար սննդի և բավարար հագուստեղենի անպատեհությունը, ամբողջ օրը թավալվում էին հատակին։ Նրանք հանձնված էին ինչ֊որ մեծահասակ կնոջ ծնողական խնամքին, մի կին, որը յուրաքանչյուր երեխայի համար շաբաթական ստանում էր յոթ և կես պեննի։ Շաբաթը յոթ և կես պեննիով կարելի էր բավականին լավ սնունդ տալ երեխային։ Ավելին․ այդ գումարով կարելի էր նույնիսկ ծանրաբեռնել նրա ստամոքսը։ Բայց պառավը փորձառու էր և իմաստուն։ Նա ուներ շատ ճշգրիտ ըմբռնում, թե ինչն է լավ երեխաների համար և ինչը օգտակար՝ իր համար։ Հետևաբար, շաբաթական թոշակների մեծագույն մասը նա հատկացնում էր իրեն, պակասեցնում էր աճող ծխական սերնդի համար սահմանված արդեն իսկ քիչ սնունդը և զրկում նրան իր գոյությունը պահպանելու ամենաէական պահանջներից։ Այս բոլորը մի անգամ ևս հաստատում էին այն, որ նա մի չափազանց հայտնի և փորձված փիլիսոփա էր։ Ո՞վ չի իմանում մի այլ փորձառու փիլիսոփայի պատմությունը, որը հավատում էր այն տեսությանը, թե ձին կարող է ապրել առանց ուտելու։ Եվ որպեսզի հաջողությամբ ապացուցի այդ, նա իր սեփական ձիու սնունդը պակասեցրեց այնքան, որ ամբողջ օրվա համար սկսեց տալ միայն մի բուռ գարի։ Անշուշտ կարճ ժամանակվա ընթացքում նա այդ ձիուն կդարձներ ոչնչով չսնվող, աշխույժ և ոստոստուն մի կենդանի, եթե այդ կենդանին հոգին չփչեր քսան և չորս ժամ ավելի վաղ, նախքան կվարժվեր միայն օդով սնվելու վիճակին։ Դժբախտաբար, սակայն, այդ ձիու պատմությունը հաճախ կրկնվում էր նաև վերոհիշյալ փորձառու կնոջ կիրառած «սիստեմում»։ Քանի որ ճիշտ այն ժամանակ, երբ երեխաները մի կերպ հաշտվում էին չափազանց քիչ քանակությամբ և բոլորովին անորակ սննդով բավարարվելու մտքի հետ, չար բախտից այնպես էր պատահում, որ տասից ութ և կեսի դեպքում նրանք հիվանդանում էին քաղցից ու ցրտից, կամ լքվածության հետևանքով ընկնում էին կրակի մեջ ու վառվում, և կամ դիպվածով խեղդամահ լինում։ Վերոհիշյալ բոլոր դեպքերը հանգում էին այն բանին, որ դժբախտ փոքրիկ էակը սովորաբար հրավիրվում էր անդրշիրիմյան աշխարհը և այնտեղ միանում այս աշխարհում երբեք չճանաչած իր նախահայրերին։
Ծխական երեխաները այս աշխարհից հեռանում էին նաև այլ պատճառներով․ օրինակ՝ տեղափոխման ժամանակ մահճակալների տակ ճզմվելով և կամ անզուշությամբ խաշվելով լվածքի եռացած ջրով, թեև վերջին արկածը այնքան էլ հաճախադեպ չէր, քանի որ լվածք հիշեցնող իրադարձությունը շատ սակավ էր պատահում այս ագարակում։ Այդ ձևով մահացող երեխաների հարցը երբեմն, չգիտես ինչու, ավելի խոր քննարկման էր ենթարկվում, և դատավորները քմահաճորեն անախորժ հարցեր էին տալիս, կամ ծխի բնակիչները այս կապակցությամբ ըմբոստանալով, գրավոր բողոքներ էին ներկայացնում։ Բոլոր այս լրբությունները, սակայն, իսկույն կասեցվում էին բժշկի ցուցմունքով և բիդըլի վկայությամբ։ Նրանցից առաջինը դիազննության ընթացքում (բնականաբար) միշտ էլ ոչինչ չէր գտնում երեխաների ներքին օրգանների մեջ, իսկ երկրորդը անփոփոխ կերպով երդվում էր հօգուտ ծխական իշխանությունների։ Որքա՜ն մեծ բարեպաշտություն նրա կողմից։ Բացի այդ, երբ հանձնաժողովի անդամները պարբերաբար այցելում էին «երեխաների ագարակը», միշտ էլ մի օր առաջ նախազգուշացնում էին բիդըլի միջոցով։ Իսկ երբ նրանք էին գալիս, երեխաները մաքուր ու կոկիկ էին լինում։ Մարդիկ ինչո՞ւ պետք է ավելին պահանջեին։
Անշուշտ ավելորդ է ակնկալել, որ խնամելու այս սիստեմը կարող էր տալ հարուստ ու բեղմնավոր բերք։ Օլիվեր Թվիստի իններորդ տարեդարձը նրան գտավ դժգույն, նիհար, կծկված և որոշակիորեն թերաճ վիճակում։ Բայց բնությունը, կամ ժառանգականությունը, մի տոկուն ու բարի հոգի էր դրել Օլիվերի կրծքի տակ, և այդ հոգին հաստատության ժլատ սննդի շնորհիվ բավականին «լայն պայմաններ» էր ունեցել աճելու։ Գուցե հենց այդ հանգամանքին էլ կարելի է վերագրել նրա ողջ մնալու և ծննդյան իններորդ տարեդարձին հասնելու պարագան։ Ինչպես էլ եղած լիներ սակայն, անժխտելի ճշմարտություն էր, որ իրոք Օլիվերի իններորդ տարեդարձն էր։ Բայց նա և ուրիշ երկու փոքրիկ ջենթլմեններ, հանդուգն կերպով բողոքած լինելու պատճառով, որ իրենք իբրև թե քաղցած են, լավ խարազանվելուց հետո, արգելակվել էին մութ ածխանոցում, և Օլիվերն այնտեղ էլ անց էր կացնում այդ հանդիսավոր օրը, երբ միսիս Մեննը, աղքատանոցի բարեսիրտ լեդին, հանկարծակի ցնցվեց, ցանկապատի մոտ տեսնելով միստր Բամբըլին՝ ծխական բիդըլին, որն աշխատում էր դուռը բանալ։
― Օ՜, աստված իմ, այդ դո՞ւք եք, միստր Բամբըլ, այդ դո՞ւք եք, սըր, ― գոչեց միսիս Մեննը, կեղծ ուրախությամբ գլուխը լուսամուտից դուրս հանելով։ (Սյուզա՞ն, Օլիվերին և մյուս երկու լակոտներին տար վերև և անմիջապես մաքրիր նրանց)։ Որքա՜ն ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ, միստր Բամբըլ։ Աստված վկա, անչափ ուրախ եմ։
Միստր Բամբըլը գեր և խիստ զայրացկոտ մարդ էր։ Ուստի փոխանակ այս սրտաբաց ընդունելության հանդեպ լավ վերաբերմունք ցույց տալու, նա մեծ ուժգնությամբ ցնցեց բակի դուռը և ոտքով մի այնպիսի աքացի տվեց, որ նման հարված կարելի էր միայն բիդըլից սպասել։
― Տե՜ր աստված, ― գոչեց միսիս Մեննը, տանից դուրս վազելով, որովհետև մինչ այդ երեք տղաներն հեռացվել էին ածխանոցից, ― ի՞նչ անհարմար բան եղավ, շատ անհարմար․ մոռացել եմ, որ դուռը ներսից փակված է եղել, և բոլորը այդ սիրասուն երեխաների պատճառով։ Խմդրեմ, ներս համեցեք, սըր, ներս համեցեք, միստր Բամբըլ։
Թեև այս հրավերին հետևեց ակնածանքով լի մի խոնարհություն, որ անգամ եկեղեցականի սիրտը կարող էր փափկեցնել, բայց դա ոչ մի կերպ չմեղմեց բիդըլի զայրույթը։
― Մի՞թե պատշաճ ու հարգալիր վերաբերմունք է ձեր կողմից, միսիս Մենն, ― ասաց միստր Բամբըլը եղեգնյա գավազանը ամուր սեղմելով, ― դռան առաջ սպասեցնել ծխական պաշտոնյաներին, երբ նրանք գալիս են այստեղ ծխական որբերին վերաբերող ծխական գործերով։ Հայտի՞ է արդյոք ձեզ, միսիս Մենն, որ դուք ծխական հանձնաժողովի վարձու ծառան եք։
― Բայց, միստր Բամբըլ, ես հենց այս րոպեին ձեզ այնքան շատ սիրող երեխաներից մի քանիսին ասում էի, որ այդ դուք եք գալիս, ― պատասխանեց միսիս Մեննը ծայրահեղ հեզությամբ։
Միստր Բամբըլը շատ մեծ համարում ուներ իր անձնավորության և իր հռետորական ընդունակությունների մասին։ Առաջինը նա ցուցադրել էր, իսկ երկրորդը՝ ջատագովել։ Եվ նա քիչ հանդարտվեց։
― Դե լա՛վ, դե լա՛վ, միսիս Մենն, ― պատասխանեց նա ավելի մեղմ տոնով․ ― Գուցե այդպես է, գուցե այդպես է։ Առաջնորդեցեք ինձ ներս, միսիս Մենն, որովհետև ես կարևոր գործով եմ եկել և կարևոր բան ունեմ ասելու։
Միսիս Մեննը բիդըլին առաջնորդեց մի փոքրիկ քարահատակ ընդունարան, նրան տվեց մի աթոռ և եռանկյունի գլխարկն ու եղեգնյա գավազանը հանդիսավոր կերպով դրեց նրա առաջ գտնվող սեղանին։ Միստր Բամբըլը սրբեց ճակատի քրտինքը, որ առաջացել էր երկար քայլելուց, բարեհաճորեն նայեց եռանկյունի գլխարկին և ժպտաց։
― Միստր Բամբըլ, չլինի թե վիրավորվեք այն բանից, որ ձեզ ասելու եմ, նկատեց միսիս Մեննը գրավիչ քաղցրությամբ, ― երկար ճանապարհ եք եկել, այլապես չէի առաջարկի։ Չե՞ք կամենա արդյոք մի բան խմել, թեկուզ մի քանի կաթիլ, միստր Բամբըլ։
― Ո՛չ մի կաթիլ, ո՛չ մի կաթիլ, ― ասաց միստր Բամբըլը, աջ ձեռքը արժանապատվությամբ, բայց գոհունակորեն թափահարելով օդի մեջ։
― Կարծում եմ կխմեք, ― ասաց միսիս Մեննը, որ նկատել էր, թե մերժումը ինչ ձևով և ձեռքի ինչպիսի շարժումով կատարվեց։ ― Մի փոքրի՜կ կաթիլ, մի քիչ սառը ջրով և մի կտոր շաքարով։
Միստր Բամբըլը հազաց։
― Միայն մի փոքրի՜կ, շա՜տ փոքրիկ կաթիլ, սըր, ― համոզեց միսիս Մեննը։
― Ինչի՞ կաթիլ է, ― հարցրեց բիդըլը։
― Մի խմիչքի, որ ես պարտավոր եմ տամը մի քիչ ունենալ՝ սիրասուն մանկիկները հիվանդանալու դեպքում օգտագործելու համար, միստր Բամբըլ, ― պատասխանեց միսիս Մեննը և անկյունում գտնվող պահարանը բացելով մի շիշ և մի բաժակ դուրս բերեց։ ― Ջին է, միստր Բամբըլ, չեմ թաքցնում, ջին է։
― Երեխաներին ջի՞ն եք տալիս․ միսիս Մենն, ― հարցրեց Բամբըլը, աչքերով հետևելով խմիչքի պատրաստման հետաքրքրիր գործողության։
― Ա՜հ, աստված պահի բալիկներիս։ Այո, դրանից եմ տալիս, թեպետ շատ թանկ է, միստր Բամբըլ, ― պատասխանեց դաստիարակչուհին։ ― Գիտե՞ք, պարոն, նրանց հիվանդանալու դեպքում ուղղակի չեմ կարող այդ տառապանքը տանել։
― Ճիշտ է, ― ասաց միստր Բամբըլը՝ հաստատելով նրա խոսքերը, ― չեք կարող։ Դուք մարդասեր կին եք, միսիս Մենն։ (Այստեղ կինը բաժակը դրեց սեղանին)։ Առաջին իսկ առիթով ես կզեկուցեմ հանձնաժողովին, միսիս Մենն։ (Նա բաժակը քաշեց իր կողմը:) Դուք նրանց հանդեպ մայրական զգացմունք եք տածում, միսիս Մենն։ (Նա ջինը խառնեց ջրով): Ես, ես ձեր կենացը ուրախությամբ կխմեմ, միսիս Մենն, ― ասաց նա և կեսը կուլ տվեց։
― Իսկ այժմ անցնենք գործի, նկատեց բիդըլը՝ գրպանից մի կաշեկազմ ծոցատետր հանելով, ― այն երեխան, որ մկրտված է Օլիվեր Թվիստ անունով, այսօր դարձավ ինը տարեկան։
― Ա՜հ, բալի՜կս, ― ընդհատեց միսիս Մեննը, գոգնոցի ծայրով ձախ աչքը տրորելով։
― Եվ չնայած այն տասը ֆունտ վարձատրության, որ հետո բարձրացավ քսանի, չնայած ծխի բացառիկ, ես կասեի՝ գերբնական ջանքերին, ― ասաց Բամբըլը, ― երբեք հնարավոր չեղավ պարզել, թե ո՞վ է նրա հայրը, որտե՞ղ է բնակվում նրա մայրը, ի՞նչ է նրա անունը կամ հա֊սա֊րա֊կա֊կան դիրքը։
Միսիս Մեննը ձեռքերը բարձրացրեց զարմանքով, բայց մի րոպե մտածելուց հետո ավելացրեց․
― Իսկ որտեղի՞ց գիտեք նրա անունը, երբ ազգանունը հայտնի չէ։
Բիդըլը փքվելով ՝ հպարտորեն ասաց․
― Ե՛ս հնարեցի։
― Դո՞ւք հնարեցիք, միստր Բամբըլ։
― Այո՛, ե՛ս, միսիս Մենն։ Մենք ընկեցիկ երեխաներին անվանակոչում ենք այբբենական կարգով։ Վերջինը Ս տառն էր՝ Սուաբել անվանեցի նրան։ Հաջորդը Թ֊ն էր՝ Թվիստ անվանեցի սրան։ Հետևյալը լինելու է Ունվին և ապա հաջորդը Վելքինս։ Մինչև այբուբենի վերջը ես պատրաստի անուններ ունեմ։ Երբ կհասնենք Ֆ տառին, նորից կսկսենք այբունենի Ա տառից։
― Օ՜, ուրեմն դուք բավականին գրագետ մարդ եք, սըր, ― բացականչեց միսիս Մեննը։
― Մի՞թե, մի՞թե, ― ասաց բիդըլը, բացահայտ կերպով գոհ մնալով այդ հաճոյախոսությունից, ― գուցե այդպիսին եմ, միսիս Մենն, գուցե այդպիսին եմ։ ― Նա մինչև վերջ խմեց ջրախառն ջինը և ավելացրեց․ ― Քանի որ Օլիվերը արդեն շատ է մեծացել, պետք է անցնի աշխատանքի։ Հետևաբար հանձնաժողովը որոշել է նրան տեղափոխել աղքատների գործատունը։ Ես ինքս հենց դրա համար էլ եկել եմ։ Անմիջապես ինձ մոտ բերեք նրան։
― Այս րոպեին կբերեմ, ― ասաց միսիս Մեննը՝ սենյակից դուրս գալով։ Մինչ այդ Օլիվերի երեսի և ձեռքերի կեղտի թանձր շերտը հեռացնելով, որքան հնարավոր էր մեկ անգամ լվանալով, մարդասեր բարերարուհին առաջնորդեց նրան միստր Բամբըլի մոտ։
― Բարևի՛ր ջենթլմենին, Օլիվե՛ր, ― ասաց միսիս Մեննը։ Օլիվերը գլուխ տվեց։ Դա վերաբերում էր թե՛ աթոռին բազմած բիդըլին և թե՛ սեղանին դրած եռանկյունի գլխարկին։
― Ինձ հետ կգա՞ս, Օլիվեր, ― ասաց միստր Բամբըլը հանդիսավոր ձայնով։
Օլիվերը տրամադիր էր ասելու, թե ինքը պատրաստ է ցանկացած մարդու հետ գնալ, միայն թե հեռանար այդ տեղից, երբ հանկարծ, վերև նայելիս, նրա հայացքը հանդիպեց միսիս Մեննի հայացքին։
Միսիս Մեննը անցել էր բիդըլի աթոռի հետևը և դեմքի ահռելի արտահայտությամբ բռունցքը թափահարում էր տղայի վրա։ Օլիվերը իսկույն ըմբռնեց սպառնալիքի նշանակությունը։ Այդ բռունցքը շատ հաճախ էր դրոշմվել նրա մարմնի վրա, հետևապես, չէր կարող խոր դրոշմված չլինել հիշողության մեջ։
― Միսիս Մենն էլ է գալո՞ւ ինձ հետ, ― հարցրեց խեղճ Օլիվերը։
― Ո՛չ, նա չի կարող, ― պատասխանեց միստր Բամբըլը, ― բայց երբեմն կգա քեզ տեսնելու։
Այդ հանգամանքը շատ մխիթարական չէր Օլիվերի համար։ Չնայած իր փոքր տարիքին, նա, այնուամենայնիվ, բավականաչափ խելք ուներ ձևացնելու, թե այդտեղից հեռանալը մեծ վիշտ է պատճառում իրեն։ Արտասվելն այնքան էլ դժվար հարց չէր երեխայի համար։ Քաղցր և մոտիկ անցյալի խժդժությունները մեծապես օգնում են մարդուն, եթե նա ուզում է լաց լինել։ Եվ Օլիվերը, իսկապես, շատ բնական ձևով լաց եղավ։ Միսիս Մեննը բյուրավոր համբյուր շնորհեց նրան, բայց տղան ավելի գերադասեց այն մի կտոր հացն ու կարագը, որ տվեց այդ բարեսիրտ լեդին, որպեսզի աղքատների գործարանը հասնելիս չկազմվեր այն կարծիքը, թե նա չափից դուրս քաղցած է։ Ձեռքին մի կտոր հաց և գլխին սրճագույն կտավից պատրաստված ծխական մի կեպի, Օլիվերը հեռացավ այն ողբալի տանից, որտեղ կարեկցանքի կամ արևաշող նայվածք չէր փարատել նրա մանկության տարիների խավարը։ Այնուամենայնիվ, նրա հոգին մանկական տագնապալի վշտով փոթորկվեց, երբ քոթեջի դարպասը փակվեց նրա հետևից։ Չնայած հետևում թողած ընկերները դժբախտ փոքրիկ արարածներ էին, բայց նրանք կյանքում իր ճանաչած միակ սրտակիցներն էին, և այս ընդարձակ ու լայնածավալ աշխարհում մեն֊մենակ լինելու գիտակցությունը առաջին անգամ բույն դրեց երեխայի սրտում։
Միստր Բամբըլը գնում էր խոշոր քայլերով։ Փոքրիկ Օլիվերը, պինդ բռնած նրա ոսկեժանյակ թեզանիքից, վազում էր կողքից և ամեն րոպե հարցնում էր, թե արդյոք տեղ չե՞ն հասել։ Այս հարցումներին միստր Բամբըլը տալիս էր կարճ և կտրուկ պատասխաններ, քանի որ ժամանակավոր քաղցրաբարո տրամադրությունը, որ ջինը առաջացնում է որոշ մարդկանց մոտ, այժմ արդեն չքացել էր և նա նորից դարձել էր մի դաժան բիդըլ։
Դեռևս տասնհինգ րոպե չկար, որ Օլիվերը գտնվում էր աղքատանոցի պատերի ներսում և հացի երկրորդ շերտը հազիվ էր խժռել, երբ միստր Բամբըլը, որ նրան հանձնել էր ինչ֊որ պառավի հսկողության, վերադարձավ և տեղեկացրեց երեխային, թե այդ երեկո հանձնաժողովի հերթական նիստի օրն էր և ինքը պետք է ներկայանա հանձնաժողվին։
Որոշակի չիմանալով, թե ինչ է նշանակում հանձնաժողով, Օլիվերն այս տեղեկությունից ապշեց և չգիտեր՝ ծիծաղե՞ր, թե արտասվեր։ Սակայն երկար չկարողացավ մտածել, քանի որ միստր Բամբըլի գավազանը նախ իջավ նրա գլխին, այնուհետև թիկունքին։ Բայց դա երեխային սթափեցնելու և աշխուժացնելու համար էր միայն։ Ապա հրամայելով, որ իրեն հետևի, բիդըլը առաջնորդեց նրան սպիտակեցրած պատերով մի ընդարձակ սենյակ, որտեղ սեղանի շուրջը նստել էին ութ֊տասը հաստավիզ ջենթլմեններ, իսկ սեղանի գլխին, մյուսներից ավելի բարձրադիր գահի վրա բազմած էր արտակարգ գեր մի ջենթլմեն, շատ կլոր և կարմիր երեսով։
― Խոնարհվիր հանձնաժողովի առաջ, ― ասաց Բամբըլը։ Օլիվերը շտապ սրբեց արցունքի այն երկու֊երեք կաթիլները, որ դեռևս վարանում էին նրա աչքերի մեջ, և սեղանից բացի ոչ մի տախտակ չտեսնելով այնտեղ, խոնարհվեց դրա առաջ։
― Անունդ ի՞նչ է, տղա՛, ― ասաց բարձրադիր գահին նստած ջենթլմենը։
Միանգամից այդքան ջենթլմեններ տեսնելը սարսափեցրեց Օլիվերին, և նա սկսեց դողալ, իսկ երբ բիդըլի գավազանը երրորդ անգամ իջավ նրա թիկունքին, նա արդեն լաց եղավ։ Այս երկու պատճառով նա խոսեց տատամսելով և ցածր ձայնով, որի վրա սպիտակ բաճկոնով մի ջենթլմեն ասաց, թե տղան հիմար է։ Սա հիանալի միջոց էր երեխայի տրամադրությունը բարձրացնելու և նրա շուրջը տանելի մթնոլորտ ստեղծելու համար։
― Է՜յ, տղա՛, ― ասաց բարձր բազմոցին նստած ջենթլմենը, ― ի՛նձ լսիր։ Անշուշտ քեզ հայտնի է, որ դու որբ ես, այնպես չէ՞։
― Որբը ի՞նչ բան է, տեր իմ, ― հարցրեց խեղճ Օլիվերը։
― Տղան իսկապես հիմար է, ես այդպես էլ կարծում էի, ― ասաց սպիտակ բաճկոնով ջենթլմենը։
― Սը՜սս, ― ասաց այն ջենտլմենը, որ առաջինն էր խոսել։ ― Գիտե՞ս արդյոք, որ դու ո՛չ հայր ունես, ո՛չ մայր և ծխի խնամքի տակ ես մեծացել։
― Այո, տեր իմ, ― պատասխանեց Օլիվերը դառնորեն լաց լինելով։
― Ինչո՞ւ ես լաց լինում, ― հարցրեց սպիտակ բաճկոնով ջենթլմենը։ Եվ իրոք շատ տարօրինակ էր։ Լաց լինելու ի՞նչ պատճառ կարող էր ունենալ այդ մանուկը։
― Հուսով եմ, որ ամեն գիշեր պառկելուց առաջ աղոթում ես, ինչպես այդ վայել է բարի քրիստոնյային, ― ասաց մի ուրիշ ջենթլմեն կոպիտ ձայնով, ― և մանավանդ աղոթում ես այն մարդկանց համար, որոնք կերակրում ու խնամում են քեզ։
― Այո՛, տեր իմ, ― կակազեց տղան։ Վերջին խոսող ջենթլմենը անգիտակցաբար իրավացի էր։ Իսկապես որ քրիստոնեական մի արարք, եթե Օլիվերը աղոթած լիներ այդ մարդկանց համար, որոնք խնամում ու կերակրում էին նրան։ Բայց նա երբեք չէր աղոթել, քանի որ ոչ ոք այդ բանը չէր սովորեցրել նրան։
― Շատ լավ։ Ուրեմն դու այստեղ եկել ես դաստիարակվելու և օգտակար մի արհեստ սովորելու, ― ասաց բարձր աթոռին նստած կարմրադեմ ջենթլմենը։
― Հետևաբար, վաղը առավոտյան ժամը վեցին դու կգնաս կանեփ հավաքելու, ― ավելացրեց սպիտակ բաճկոնով պոռոտախոսը։
Այդ բոլոր օրհնությունների համար, որոնք հանգում էին պարզապես կանեփ հավաքելու շնորհին, Օլիվերը բիդըլի պատվերով, խոր գլուխ տվեց հանձնաժողովին։ Ապա նրան շտապ առաջնորդեցին ինչ֊որ ընդարձակ սրահ, որտեղ, մի կոշտ և կարծր անկողնում պառկած, նա հեկեկաց այնքան, մինչև քունը տարավ։ Անգլիական ողորմած օրենքների ինչպիսի՜ վսեմ դրսևորում։ Անգամ չքավորներին թույլ են տալիս քնելու։
Խե՜ղճ Օլիվեր։ Երբ նա, շրջապատի անցուդարձին բոլորովին անտեղյակ, քնած էր երջանիկ անգիտությամբ, հանձնաժողովը եկել էր այնպիսի եզրակացության, որ էական ազդեցություն էր ունենալու նրա հետագա կյանքի վրա։ Բայց նրանք արդեն որոշել էին։ Եվ ահա՛ թե ինչ էին որոշել։
Հանձնաժողովի անդամները շատ գիտուն, խորաթափանց, փիլիսոփա մարդիկ էին, և երբ նրանց ուշադրությունը դարձրին աղքատանոցի վրա, նրանք բացահայտեցին այնպիսի իրողություններ, որ հասարակ մահկանացուները չէին կարող հայտնաբերել։ Այսպես, նրանք հայտնաբերեցին, թե աղքատները սիրում են աղքատանոցը, քանի որ դա նրանց համար հասարակաց մի զբոսավայր էր, մի պանդոկ, որտեղ նրանք տարին բոլոր ձրիաբար ստանում էին նախաճաշ, ճաշ և ընթրիք։ Դա մի դրախտավայր էր, ուր ամեն ինչ խաղ ու պար էր, առանց աշխատանքի հոգսի։ «Օհո՜», ասացին հանձնաժողովի անդամները խորիմաստ կերպով, «միայն մենք կարող ենք այս գործը կանոնավորել։ Մենք այդ բոլորին վերջ կտանք կայծակի արագությամբ»։ Ուստի նրանք հաստատեցին այնպիսի օրենք, որի հիման վրա բոլոր չքավորներին վերապահվում էր կատարել ընտրություն (որովհետև աստաված չանի, որ իրենք հարկադրաբար գործ անեին), կա՛մ դանդաղ կերպով սովամահ լինել աղքատանոցի ներսում և կա՛մ ավելի արագ՝ աղքատանոցից դուրս։ Այս նկատառումով նրանք պայմանագիր կնքեցին ջրմուղի ընկերության հետ, որը պետք է անսահման քանակությամբ ջուր բաց թողներ, ապա նաև մի հացահատիկի վաճառականի հետ, որը պետք է պարբերաբար, փոքր քանակությամբ, վարսակի ալյուր ուղարկեր։ Այսպիսով, աղքատանոցի բնակիչներին տրվում էր, օրը երեք անգամ՝ շատ ջրալի խաշիլ, շաբաթը երկու անգամ՝ մի հատ սոխ և կիրակի օրերը՝ կես նկանակ հաց։ Նրանք շատ իմաստուն ու մարդասիրական կարգադրություններ արեցին նաև կանանց վերաբերյալ, որոնց կարիք չկա անդրադառնալու։ Նրանք նույնպես բարեհաճեցին հանձն առնել աղքատ ամուսիններին ապահարզան տալ իրենց միջոցներով, քանի որ Իրավաբանական խորհրդին դիմելու դեպքում հսկայական ծախսերի տակ կընկնեին։ Եվ փոխանակ մի մարդու պարտադրելու, որ իր ընտանիքը պահի, ինչպես մինչև այդ արել էին, հեռացնում էին նրան իր հարազատներից և դարձնում ազատ, ամուրի մարդ։ Վերոհիշյալ երկու հանգամանքը հաշվի առնելով, հասարակության բոլոր խավերից ով է իմանում ինչ մարդիկ կդիմեն նպաստի համար, եթե չլիներ աղքատանոցի մղձավանջը։ Բայց հանձնաժողովի անդամները շրջահայաց մարդիկ էին և այս բարդությունները կանխելու միջոցներն արդեն ձեռք էին առել։ Օժանդակությունը սերտորեն կապված էր աղքատանոցի և խաշիլի հետ, իսկ դա խրտնեցնում էր մարդկանց։
Օլիվերի տեղափոխվելուց հետո, առաջի վեց ամիսների ընթացքում, հանձնաժողովի կիրառած սիստեմը շատ բարգավաճ վիճակում էր։ Սկզբում, իհարկե, դա մի քիչ թանկ էր նստում նրանց վրա, նկատի ունենալով թաղման բյուրոյին հատկացված գումարի աճը և աղքատների շորերը անընդհատ փոքրացնելու անհրաժեշտությունը, քանի որ մեկ կամ երկու շաբաթ խաշիլով սնվելուց հետո այդ շորերը կախ էին ընկնում նրանց հյուծված և կծկված մարմինների վրայից։ Բայց աղքատանոցի բնակիչների թիվը նույնպես նվազում էր, ինչպես նվազում էր նրանց մարմնի ավելորդ ծանրությունը, և հանձնաժողովը զմայլված ու հափշտակված էր այս հաջողություններով։
Տղաները ճաշում էին ընդարձակ, սալահատակված մի սրահում, որի մի անկյունում գտնվում էր պղնձե կաթսան։ Հսկիչը, սպիտակ գոգնոցը կապած, աղքատանոցի մեկ֊երկու կանանց օգնությամբ, շերեփով բաժանում էր խաշիլը՝ ճաշի համար սահմանված ժամերին։ Այս տոնական բաղադրությունից ամեն տղայի հասնում էր միայն մի պնակ ապուր, իսկ հասարակական խրախճանքի օրերին խաշիլին ավելանում էր նաև վաթսուն գրամ հաց։ Պնակները լվալու կարիք երբեք չէր զգացվում, քանի որ տղաները այնքան էին մաքրում գդալներով, որ դրանք նոր պնակների նման փայլում էին։ Ուտելու գործողությունը ավարտելուց հետո (որը երբեք երկար չէր տևում, որովհետև գդալները գրեթե պնակների չափ մեծ էին), խաշիլի որևէ մասնիկ բաց չթողնելու համար, նրանք համառորեն ծծում էին իրենց մատները և այնպիսի անձկալի հայացքներ սևեռում պղնձե կաթսային, որ կարծես թե կաթսան էլ կարող էին լափել։
Տղաներն առհասարակ աչքի են ընկնում իրենց հիանալի ախորժակով։ Օլիվեր Թվիստը և իր ընկերները երեք ամիս, շատ դանդաղ կերպով սովամահ լինելու տանջանքները կրելուց հետո քաղցից դարձան չափազանց ագահ ու կատաղի։ Վերջապես, նրանց միջից իր տարիքի հետ համեմատ բարձրահասակ և այդքան զրկանքի անսովոր մի տղա (որի հայրը ժամանակին ճաշարան էր ունեցել) ընկերներին խորհրդավոր կերպով ակնարկեց, որ եթե իր հանապազօրյա բաժնին չավելանար ևս մի պնակ խաշիլ, վախենում էր՝ մի գիշեր կլափեր իր կողքին քնող վտիտ ու փոքրահասակ տղային։ Նա այնպիսի վայրագ ու ագահ նայվածքով արտասանեց այդ բառերը, որ մյուսները անվերապահորեն հավատացին։ Ապա ժողով գումարվեց և վիճակ գցեցին, թե այդ երեկո ընթրիքից հետո, ո՛վ պիտի գնար հսկիչի մոտ և մի քիչ հավելյալ խաշիլ խնդրեր։ Վիճակն ընկավ Օլիվեր Թցիստին։
Երեկոն վրա հասավ։ Տղաները գրավեցին իրենց տեղերը, հսկիչը խոհարարի գոգնոցով տեղավորվեց պղնձի մոտ, աղքատանոցի ողորմելի օգնականները շարվեցին նրա հետևը, խաշիլը բաժանվեց և մի երկար գովաբանական աղոթք արվեց այդ խեղճ ու աղքատիկ ճաշի համար։ Խաշիլն իսկույն աներևույթացավ պնակներից։ Տղաներն սկսեցին փսփսալ և Օլիվերին աչքով անել, իսկ կողքի նստողները արմունկով բշտեցին նրան։ Երեխան քաղցից հուսահատվել և թշվառությունից ըմբոստացել էր։ Նա սեղանից վեր կացավ՝ պնակն ու գդալը ձեռքին առաջանալով դեպի հսկիչը և ինքն էլ իր խիզախությունից ահաբեկված ասաց․
― Ներողություն, տե՛ր իմ, մի քիչ էլ եմ ուզում։
Հսկիչը գեր և առողջ մի տղամարդ էր, բայց հանկարծ խիստ գունատվեց, մի քանի րոպե ապշած նայեց փոքրիկ ըմբոստին, հետո վայր չնկնելու համար հենվեց կաթսային։ Օգնականները զարմանքից, իսկ տղաները վախից՝ անշարժացել էին։
― Ինչպե՞ս, ― նվաղկոտ ձայնով խոսեց հսկիչը վերջապես։
― Ներողություն, տե՛ր իմ, մի քիչ էլ եմ ուզում, ― պատասխանեց Օլիվերը։
Հսկիչը շերեփով մի ուժգին հարված իջեցրեց Օլիվերի գլխին, ամուր պահեց նրան իր թևերի մեջ և բարձրաձայն ճչաց, որպեսզի բիդըլը օգնության հասնի։
Հանձնաժողովը լուրջ խորհրդակցությամբ էր զբաղված, երբ միստր Բամբըլը, սաստիկ հուզված, ներխուժեց սենյակ և խոսքն ուղղելով բարձր աթոռի վրա բազմած ջենթլմենին՝ ասաց․
― Միստր Լի՛մքինզ, միստր Լի՛մքինզ, ներեցեք, սըր, Օլիվեր Թվիստը նորից է պահանջել։
Ընդհանուր ցնցում առաջացավ։ Բոլորի դեմքերին սասրսափ դրոշմվեց։
― Ինչ ասացի՜ր, նորից է պահանջե՜լ, ― հարցրեց միստր Լիմքինզը, ― ուշքի եկ, Բամբըլ, և ինձ որոշակի պատասխանիր։ Արդյոք պետք է այնպես հասկանամ, որ նա իրեն սահմանված խաշիլի բաժինը վերջացնելուց հետո նորի՞ց է պահանջել։
― Ճի՛շտ այդպես, սըր, ― պատասխանեց Բամբըլը։
― Այդ տղան մի օր կախաղան կբարձրանա, ― ասաց սպիտակ բաճկոնով ջենթլմենը, ― ես հավատացած եմ, որ նա անպայման կախաղան կբարձրանա։
Ոչ ոք չժխտեց մարգարեացող ջենթլմենի կարծիքը։ Աշխույժ վեճ տեղի ունեցավ։ Որոշում կայացվեց անմիջապես մեկուսացնել Օլիվերին, և հաջորդ առավոտ դարպասի վերևում մի հայտարարություն փակցվեց՝ խոստանալով հինգ ֆունտ հատուցում նրան, ով կցանկանար Օլիվեր Թվիստին վերցնել ծխի ձեռքից, այլ խոսքով՝ Օլիվեր Թվիստը և հինգ ֆունտը մատուցվում էին այն առևտրականին կամ արհեստավորին, որը կցանկանար նրան ծառայության վերցնել։
― Կյանքումս երբե՛ք, երբե՛ք ոչ մի բանում այնքան համոզված չեմ եղել, որքան այն բանում, որ այս տղան մի օր անպայման կախաղան կբարձրանա, ― ասաց սպիտակ բաճկոնով ջենթլմենը, երբ հաջորդ առավոտ մուտքի դուռը ծեծելիս կարդաց փակցված հայտարարությունը։
Քանի որ հաջորդող էջերում որոշել եմ լրիվ կերպով արձանագրել բոլոր իրադարձությունները, այս պատմությունը գուցե կկորցներ իր հմայքից (եթե որ իսկապես գրավել է ընթերցողին), եթե ես կանխավ ձեռնարկեի բացահայտել, որ Օլիվեր Թվիստը ունեցա՞վ այն աղետալի վախճանը, որի մասին կանխագուշակել էր սպիտակ բաճկոնով ջենթլմենը։
Երրորդ գլուխ
Օլիվերին ցանկանում են ուղարկել ինչ֊որ ծանր աշխատանքի, բայց չի հաջողվում։
Մի քիչ հավելյալ խաշիլ պահանջած լինելու սրբապիղծ և անբարիշտ մեղանչումից հետո Օլիվերը մի ամբողջ շաբաթ խստորեն արգելափակված մնաց այն մութ ու մենավոր սենյակում, ուր ուղարկվել էր հանձնաժողովի իմաստությամբ ու գթասրտությամբ։ Առաջին հայացքից անհեթեթ բան չէր լինի մտածել, որ եթե Օլիվերը նվազագույն իսկ չափով հարգած լիներ սպիտակ բաճկոնով պարոնին, նա իր թաշկինակի մի ծայրը կամրացներ պատի վրա գտնվող մի որևէ կեռի, իսկ մյուսը իր վզին, և այդպես մի անգամ առմիշտ կհիմնավորեր այդ ջենթլմենի հանճարեղ մարգարեությունը։ Այս հերոսական արարքի գործադրմանը սակայն կար մի խոչընդոտ։ Այդ այն էր, որ թաշկինակները լինելով բացարձակ պերճանքի առարկաներ, հանձնաժողովի հատուկ հրամանով չքավորների քթից հեռացվել էին հետագա բոլոր ժամանակների ու դարերի համար։ Հիշյալ հրամանը հանդիսավոր ձևով հաստատվել էր հանձնաժողովի կնիքով և անդամների ընդհանուր ստորագրությամբ։ Սպիտակ բաճկոնով ջենթլմենի կանխագուշակության իրականացման համար ավելի մեծ արգելք էին հանդիսանում Օլիվերի մատաղ հասակը և հարցերի նկատմամբ նրա ունեցած մանկական մոտեցումը։ Նա ամբողջ օրը անց էր կացնում միայն դառնորեն լաց լինելով, և երբ երկարատև, չարագուշակ գիշերը վրա էր հասնում, խավարը խափանելու համար իր փոքրիկ ձեռքերով փակում էր աչքերը և անկյունում կծկվելով՝ աշխատում էր քնել։ Բայց հաճախ սարսափով զարթնում էր և ավելի էր մոտենում պատին։ Նրան շրջապատող թաղծալի մենակության մեջ նույնիսկ պատի սառն ու պինդ մակերեսը ասես սփոփանք էր խեղճ երեխայի համար։
Այնուամենայնիվ, սույն «սիստեմի» թշնամիների մոտ հանկարծ չստեղծվի այն կարծիքը, թե մենակյաց բանտարկության շրջանում Օլիվերին զրկել էին մարմնամարզություն անելու առանձնաշնորհումից, կամ տղաների ընկերությունը վայելեու հաճույքից, կամ կրոնական մխիթարանքի բարիքներից։ Օրինակ, մարմնամարզությունը կատարվում էր ամեն օր առավոտյան սառնամանիքին, միստր Բամբլի ներկայությամբ, որը Օլիվերին թույլ չէր տալիս լվացվել սալահատակած բակում գտնվող ծորակի ջրով, և հոգ տանելով, որ տղան չմրսի, գավազանի մշտական հարվածներով նրա ամբողջ մարմնի մեջ առաջացնում էր տաքության զգացողություն։ Ընկերությունից զրկվելու հարցը լուծվում էր նրանով, որ նա օրընդմեջ տարվում էր այն սրահը, ուր տղաները ճաշում էին, և այնտեղ մարդասիրաբար խարազանվում, որպես հրապարակային ազդարարություն և օրինակ իր նմանների համար։ Կրոնական սփոփանքի շնորհը նույնպես չէր զլացվում նրան, քանի որ ամեն երեկո, աղոթքի ժամին, ոտքի հարվածներով բերվում էր այդ նույն սրահը և հոգու մխիթարության համար թույլատրվում էր ունկնդրել տղաների խմբական աղոթքին։ Հանձանաժողովի հեղինակավոր կարգադրությամբ, այս աղոթքին կցված էր հատուկ մի նախադասություն, որով նրանք թախանձում էին լինել բարի, առաքինի, գոհունակ ու հնազանդ, մանավանդ զգուշանալ Օլիվերի բոլոր մեղքերից և մոլորություններից, քանի որ աղոթք֊աղերսանքում բացահայտորեն շեշտվում էր այն միտքը, թե տղան բոլորովին չար ոգիների ազդեցության և հովանավորության տակ է գտնվում և հանդիսանում է հենց սատանայի ստեղծագործոըթյունը։
Մի առավոտ, երբ Օլիվերի գործերը այսպես բարեհաջող և հուսատու վիճակում էին, միստր Գեմֆիլդ անունով մի ծխնելույզ մաքրող, որը կալվածատիրոջն իր պարտքերը վճարելու միջոցներ էր որոնում, մտածմունքների մեջ խորասուզված՝ գնում էր Հայ Սթրիթ փողոցով։ Միստր Գեմֆիլդի բոլոր աղբյուրները ի մի հավաքված չէին կարող գոյացնել պահանջված հինգ ֆունտի գումարը։ Եվ այս տնտեսական հուսալքության մեջ, երբ նա փոխնիփոխ մեկ իր ուղեղը և մեկ ավանակի գլուխն էր ջարդում, աղքատանոցի մոտով անցնելիս նրա աչքերը հանկարծ հանդիպեցին դարպասի հետևում փակցված հայտարարությանը։
― Օ՜, օ՜, օ՜, ― ասաց միստր Գեմֆիլդը ավանակին։
Էշը չափազանց մտազբաղ էր այդ րոպեին։ Գուցե նա ինքն իրեն հարց էր տալիս, թե արդյոք մի քանի կաղամբի արմատով կհյուրասիրեի՞ն իրեն, երբ ազատվեր այն երկու պարկ ածխափոշուց, որ բարձած էր իր սայլի վրա։ Հետևաբար, առանց ուշք դարձնելու տիրոջ հրամանին՝ նա շարունակեց իր համաքայլ ընթացքը։
Միստր Գեմֆիլդը մի կատաղի հայհոյանք արձակեց ավանակի հասցեին և հետևից վազելով՝ մի այնպիսի հարված իջեցրեց նրա գլխին, որից ուզածդ գանգը փշուր֊փշուր կլիներ, բացի էշի գանգից։ Հետո կենդանու ծնոտը ուժեղ ոլորեց, մեղմորեն հիշեցնելով նրան, որ նա իր տերը չէր, և սանձից բռնելով՝ ետ դարձրեց նրան։ Ապա մի հարված ևս իջեցրեց նրա գլխին, որպեսզի անշարժ մնար մինչև իր վերադառնալը։ Այս կարգադրություններն ավարտելուց հետո նա ուղղվեց դեպի դարպասը հայտարարությունը կարդալու։
Սպիտակ բաճկոնով ջենթլմենը, հանձնաժողովի գրասենյակում մի քանի խորիմաստ կարծիքներ հայտնելուց հետո, ձեռքերը մեջքին դրած կանգնել էր դարպասի առաջ։ Միստր Գեմֆիլդի և ավանակի միջև ծագած վեճին ականատես լինելով, նա ցնծագին ժպտաց, երբ այդ անձնավորությունը մոտեցավ հայտարարությունը կարդալու, որովհետև նա իսկույն նկատեց, որ միստր Գեմֆիլդը հենց այն հարմարագույն տերն էր, որ հարկավոր էր Օլիվեր Թվիստին։ Հայտարարությունը կարդալուց հետո, միստր Գեմֆիլդը նույնպես ժպտաց, քանի որ մատուցված հինգ ֆունտը ճիշտ իր ուզած գումարն էր։ Իսկ ինչ վերաբերում էր այն անպատեհության, որ գումարին կցված էր նաև մի տղա, միստր Գեմֆիլդը լավ ծանոթ լինելով աղքատանոցի պայմաններին, հաստատ գիտեր, որ նա կլիներ թերաճ, վտիտ մի երեխա, իսկ և իսկ համապատսխան ծխնելույզների չափին։ Հետևաբար, հայտարարությունը ծայրեծայր հեգելով՝ նորից կարդաց, և ապա, իբրև խոնարհության նշան, իր մորթե գլխարկը հանելով դիմեց սպիտակ բաճկոնով ջենթլմենին։
― Այդ ի՞նչ տղայի մասին է խոսքը, որին ծուխը ցանկանում է աշակերտության տալ, սըր, ― հարցրեց միստր Գեմֆիլդը։
― Հետո՞, բարեկամս, ― ասաց սպիտակ բաճկոնով ջենթլմենը, բարեհաճորեն ժպտալով։
― Եթե ծուխը ցանկանում է, որ որ նա սովորի մի հաճելի արհեստ, ծխնելույզներ մաքրելու պատվավոր արհեստը, ― շարունակեց միստր Գեմֆիլդը, ― ինձ հարկավոր է մի այդպիսի աշակերտ, և ես սիրով կվերցնեմ նրան։
― Նե՛րս արի, ― ասաց սպիտակ բաճկոնով ջենթլմենը։
Միստեր Գեմֆիլդը մտնելուց առաջ հարվածեց ավանակի գլխին, մեկ անգամ ևս ոլորեց նրա ծնոտը, որպեսզի իր բացակայությանը չփախչի, ապա հետևեց սպիտակ բաճկոնով ջենթլմենին դեպի այն սենյակը, որտեղ Օլիվերը առաջին անգամ տեսել էր նրան։
― Զզզվելի արհեստ է, ― ասաց միստր Լիմքինը, երբ Գիմֆիլդը կրկնեց իր ցանկությունը։
― Մանուկները ծխնելույզների մեջ հաճախ են խեղդամահ եղել, ― ասաց մի ուրիշ պարոն։
― Այդ նրանից է, որ շատերը ծղոտը խոնավացնում են և հետո վառում, որ հարկադրեն այդ լակոտներին ցած իջնելու, ― ասաց Գիմֆիլդը, ― դա առաջացնում է ծուխ առանց բոցի։ Իսկ ծուխը չի օգնում իջնելու, այլ միայն քնեցնում է նրանց, մի բան, որ դուրեկան է երեխաների համար։ Այդ լակոտները շատ կամակոր և ծույլ արարածներ են, ջենթլմեններ, որովհետև, երբ նրանց ոտները սկսեն խանձվել, եթե անգամ կպած լինեն ծխնելույզին, նրանք հարկադրված ամեն ճիգ կգործադրեն, որ պոկվեն այդտեղից։
Այս բացատրությունը, ըստ երևույթին, շատ զվարճացրեց սպիտակ բաճկոնով ջենթլմենին, բայց միստր Լիմքինգի խիստ հայացքը իսկույն վերջ տվեց նրա ուրախությանը։ Ապա հանձնաժողովի անդամները մի քանի րոպե իրար հետ խոսեցին, բայց այնքան ցածրաձայն, որ «ծախսերի խնայողություն», «լավ կարտացոլվի հաշվեցուցակներում», «կհրատարակենք տպված հաշվետվություն», ու նման բառերը հազիվ լսվեցին։ Եվ դրանք էլ, արդարև, լսվեցին միայն այն պատճառով, որ շատ հաճախ ու մեծ ոգևորությամբ էին կրկնվում։
Վերջապես փսփսոցը դադարեց։ Երբ հանձնաժողովի անդամներն իրենց տեղերը վերագրավեցին և նորից հանդիսավոր տեսք ընդունեցին, միստեր Լիմքիզն ասաց․
― Ձեր առաջարկը քննեցինք, հաստատել չենք կարող։
― Բոլորովին ընդունելի չէ, ― ասաց սպիտակ բաճկոնով ջենթլմենը։
― Վճռապես մերժում ենք, ― ավելացրեցին մյուս անդամները։
Քանի որ միստր Գեմֆիլդի վրա իսկապես ծանրանում էր ծխնելույզների մեջ երեք֊ չորս տղաների ճզմած և մահացած լինելու թեթև մեղադրանքը, նրան այնպես թվաց, թե հանձնաժողովի անդամները թերևո այդ պարագան իմանալով՝ աննպաստ որոշում էին կայացրել։ Եթե իրոք այդ էր պատճառը, ապա դա բոլորովին նման չէր իրենց գործելակերպի ընդհանուր սկզբունքներին։ Այնուամենայնիվ, քանի որ նա այնքան էլ մեծ ցանկություն չուներ վերարծարծելու իր վրա ծանրացող մեղադրանքները, գլխարկը ոլորեց ձեռքի մեջ և դանդաղ քայլերով հեռացավ սեղանից։
― Ուրեմն դուք չե՞ք թողնում, որ նրան վերցնեմ, պարոններ, ― դռան մոտ կանգ առնելով ասաց միստր Գեմֆիլդը։
― Ո՛չ, ― պատասխանեց միստր Լիմքինղը։ ― Քանի որ զզվելի աշխատանք է, ապա մենք գտնում ենք, որ դու մեր սահմանված գնից ավելի պակաս պետք է վերցնես։
Միստր Գեմֆիլդի դեմքը պայծառացավ, նա արագ քայլերով մոտեցավ սեղանին և ասաց․
― Որքա՞ն եք տալիս ջենթլմեններ։ Հապա՞։ Շատ խստապահանջ մի՛ եղեք ինձ նման աղքատ մարդու հետ։ Որքա՞ն եք տալիս։
― Ես կարծում եմ երեք ֆունտ տասը շիլինգը բավական կլինի, ― նկատեց միստր Լիմքինզը։
― Տասը շիլինգը ավելորդ է, ― հարեց սպիտակ բաճկոնով ջենտլմենը։
― Դե՛, մեկից չորս ֆունտ ասացեք, այո՛, չորս ֆունտ ու առմիշտ կազատվեք նրանից, ― ասաց Գեմֆիլդը։
― Երեք ֆունտ տասը շիլինգ, ― պնդեց միստր Լիմքինզը։
― Լսե՛ք, պարոններ, տարբերությունը կիսում եմ, ― թախանձեց Գեմֆիլդը։ ― Երեք ֆունտ տանսհինգ շիլլինգ։
― Ոչ մի դեպքում, ― հաստատ պատասխանեց միստր Լիմքինզը։
― Դուք չափազանց դաժան եք վարվում ինձ հետ, ջենթլմեններ, ― ասաց Գեմֆիլդը երկմտելով։
― Բան ասացիր։ Հիմարությո՛ւն է, ― հարեց սպիտակ բաճկոնով ջենթլմենը։ ― Վերցրու, ա՛յ անմիտ, նույնիսկ եթե ոչ մի շահ չստանաս, նա դարձյալ ձեռնտու է քեզ համար։ Վերցրու, իսկ և իսկ, քո ուզած տղան է։ Անշուշտ երբեմն֊երբեմն հարկավոր է գավազանով ծեծել նրան, դա օգտակար կլինի նրա համար։ Կերակրելու հարցը նույնպես քեզ վրա բոլորովին թանկ չի նստի, քանի որ ծնվելուց ի վեր նա դեռ կուշտ հաց չի կերել։ Հա՜, հա՜, հա՜։
Միստր Գեմֆիլդը սեղանի շուրջը գտնվող դեմքերի վրա խորամանկ մի ակնարկ նետեց և նկատելով, որ բոլորը ժպտում են, ինքը ևս ժպտաց։ Միստր Բամբըլը, իսկույն հրահանգ ստացավ Օլիվեր Թվիստին, իր փաստաթղթերով հենց այս երեկո տանել դատարան գործի վավերացման և ստորագրման համար։
Հետևաբար, ըստ այս որոշման և ի մեծ զարմանք փոքրիկ Օլիվերի, մանկանը արգելափակումից ազատ արձակեցին ու կարգադրեցին, որ մաքուր շապիկ հագնի։ Հիշյալ շատ արտասովոր մարմնամարզական վարժությունը նա հազիվ էր ավարտել, երբ միստր Բամբըլը, անձամբ իր ձեռքով մի պնակ խաշիլ և տոնական օրաբաժնի վաթսուն գրամ հացը բերեց։ Այս սարսափելի երևույթի առաջ Օլիվերը սկսեց դառնորեն արտասվել, մտածելով, որ երևի հանձնաժողովը մի ինչ֊որ մութ և շահավետ նպատակի համար, վճռել էր իրեն սպանել, այլևս ի՞նչ պատճառ կար նրան այս ձևով գիրացնելու։
― Լաց մի՛ լինիր, Օլիվեր, թե չէ աչքերդ կկարմրեն։ Ճաշդ կեր ու շնորհակալ եղիր, ― ասաց միստր Բամբլը ազդու և հանդիսավոր տոնով։ ― Քեզ աշակերտության են տալիս, Օլիվեր։
― Աշակերտությա՞ն, տեր իմ, ― ասաց երեխան դողալով։
― Այո՛, Օլիվեր, ― պատասխանեց միստր Բամբըլը։ Այս բարի և գթասիրտ պարոնները, որոնք քո ծնողներին են փոխարինում, քանի որ դու զուրկ ես ծնողներից, ուզում են քեզ աշակերտ ուղարկել։ Նրանք քեզ համար հնարավորություն են ստեղծում կյանքդ լավագույն կերպով դասավորելու և մարդ դառնալու։ Թեև ծխի վրա դու շատ թանկ ես նստում, երեք ֆունտ տասը շիլլլինգ․ երեք ֆունտ տասը շիլլինգ, Օլիվեր, այսինքն՝ յոթանասուն շիլլինգ, այսինքն՝ հարյուր քառասուն հատ վեցպեննիանոց։ Եվ այս բոլորը ո՞ւմ համար, մի անպետք որբի, որին ոչ ոք չի սիրում։
Այս ճառն ահավոր ձայնով արտասանելուց հետո, երբ միստր Բամբըլը փոքր ինչ կանգ առավ, որ շունչ քաշի, արցունքները գլորվեցին խեղճ մանկան այտերից, և նա դառնորեն հեկեկաց։
― Բավական է, ― ասաց միստր Բամբըլը, գոհունակությամբ նկատելով իր պերճախոսության թողած ազդեցությունը երեխայի վրա, ― բավական է, Օլիվեր, բաճկոնիդ թևի ծայրով աչքերդ սրբիր և խաշիլիդ մեջ արցունք մի թափիր, դա շատ հիմար արարք է, Օլիվեր։
Անշուշտ հիմար արարք էր, քանի որ առանց այդ էլ բավականին շատ ջուր կար այդ խաշիլի մեջ։
Ճանապարհին միստր Բամբըլը Օլիվերին պատվիրեց դատարան հասնելիս չափազանց երջանիկ տեսք ընդունել։ Իսկ եթե նրան հարց տրվեր, թե ուզո՞ւմ է աշակերտ դառնալ, պատասխանել, որ իհարկե, շատ է ցանկանում։ Օլիվերը խոստացավ այս երկու հրահանգներին էլ հնազանդվել, քանի որ միստր Բամբլը նրբությամբ ակնարկեց, որ պահանջվածը չկատարելու դեպքում հետևանքը շատ վատ կլիներ։ Երբ դատարան հասան, միստր Բամբըլը Օլիվերին փակեց մի փոքրիկ սենյակում և նախազգուշացնելով, որ մինչև իր վերադաձը տեղից չշարժվի՝ դուրս եկավ։
Տղան սրտատրոփ կես ժամ մնաց այնտեղ։ Ապա միստր Բամբըլը դռնից ներս երկարելով իր գլուխը, որը պճնված չէր եռանկյունի գկխարկով, բարձրաձայն ասաց․
― Օլիվեր, սիրելի՜ս, գնանք ջենթլմենի մոտ։ ― Ապա ահարկու ու սպառնական տեսք ընդունելով՝ ցածրաձայն ավելացրեց․ ― Հիշի՛ր այն բոլորը, ինչ որ ասել եմ քեզ, փեքրի՛կ ստահակ։
Օլիվերը այս հակասական խոսելակերպից զարմացած, աչքերը անմեղորեն սևեռեց միստր Բամբըլի դեմքին, բայց այդ պարոնը երեխային առիթ չտվեց որևէ ակնարկություն անելու, քանի որ նրան իսկույն առաջնորդեց կողքի ընդարձակ ու մեծ լուսամուտով սենյակը, որի դուռը բաց էր։ Այստեղ գրասեղանի առջև նստած էին գլուխները պուդրայով հարդարած երկու ջենթլմեն։ Նրանցից մեկը լրագիր էր կարդում, իսկ մյուսը ակնոցի օգնությամբ զննում էր իր առջև գտնվող մագաղաթի մի փոքրիկ կտոր։ Միստր Լիմքինզը կանգնած էր գրասեղանի մի կողմը, իսկ մյուս կողմը կանգնած էր միստր Գեմֆիլդը՝ կիսալվացված դեմքով։ Երկարավիզ կոշիկներով և կոպիտ արտաքինով մի քանի մարդիկ աննպատակ գնում֊գալիս էին այս ու այն կողմ։
Ակնոցավոր ծերունի ջենթլմենը սկսեց մրափել մագաղաթի փոքրիկ կտորը կարդալիս, ապա կարճ լռություն տիրեց, երբ միստր Բամբըլը Օլինվերին կանգնեցրեց գրասեղանի առաջ։
― Այս է տղան, ձերդ գերազանցություն, ― ասաց միստր Բամբըլը։
Ծերունի ջենթլմենը, որը զբաղված էր լրագրի ընթերցումով, գլուխը մի րոպե բարձրացրեց և քաշեց մյուս ծեր ջենթլմենի թևից, որից այս վերջինը արթնացավ։
― Օ՛, սա՞ է այդ տղան, ― ասաց ծերունի ջենթլմենը։
― Այո՛, սա է, պարոն, ― պատասխանեց միստր Բամբըլը։ ― Խոնարհվիր դատավորին, տղաս։
Օլիվերը սթափվեց և հնարավորին չափ խոր գլուխ տվեց։ Աչքերը անքթիթ հառած դատավորների պուդրայով հարդարած գլուխներին, նա մտքում ինքն իրեն հարց էր տալիս, թե արդոք հանձնաժողովի բոլո՞ր անդամները ծնվում են իրենց գլուխներին ունենալով այդ սպիտակ փոշին, և արդյոք ա՞յդ է պատճառը, որ նրանք հանձնաժողովի անդամ են դառնում։
― Ը, այդպե՜ս, ― ասաց ծերունի ջենթլմենը, ― ուրեմն նա սիրում է ծխնելույզները մաքրելու արհեստը, հը՞։
― Ոչ թե սիրում, այլ գժվում է դրա համար, ձերդ գերազանցություն, ― ասաց Բամբըրը թաքուն կսմթելով Օլիվերրին, հասկացնելով, որ լավ կանի, եթե չժխտի իր ասածը։
― Եվ անպայման ցանկանում է ծխնելույզ մաքրող դառնալ, այդպե՞ս է, ― հարցրեց ծերունի ջենթլմենը։
― Եթե մենք փորձեինք վաղը մի այլ արհեստ սովորեցնել նրան, վստահ եղեք, որ նա իսկույն կփախչեր այդտեղից, ձերդ գերազանցություն, ― պատասխանեց Բամբըրը։
― Իսկ այս մարդը, որ նրա տերն է լինելու, դուք, սըր, նրա հետ լավ պիտի վարվե՞ք, լավ պիտի կերակրե՞ք և առհասարակ պիտի հոգա՞ք նրա մասին, ― հարցրեց ծերունի ջենտլմենը։
― Որ ասացի՝ կանեմ, նշանակում է՝ կանեմ, ― պատասխանեց միստր Գեմֆիլդը խոժոռվելով։
― Ձեր խոսելու եղանակը կոպիտ է, բարեկամ, բայց դուք մի պարկեշտ ու բարեսիրտ մարդ եք երևում, ― ասաց ծերունի ջենթլմենը՝ ակնոցն ուղղելով Օլիվերի ապագա տիրոջ կողմը, որի սրիկայատիպ դեմքը անգթության մարմնացումն էր։ Բայց որովհետև դատավորը կարճատես էր և բնավորությամբ երեխայական, ուստի բնականաբար նա չէր կարող իրերի խորքը թափանցել, ինչպես ուրիշները։
― Կարծում եմ այդպիսին եմ, սըր, ― ասաց միստր Գեմֆիլդը դեմքի այլանդակ ծամածռությամբ։
― Կասկած չունեմ, որ այդպիսին ես, բարեկամս, ― պատասխանեց ծերունի ջենթլմենը՝ ակնոցն ավելի ամուր հաստատելով քթին և թանաքամանը որոնելու համար շուրջը նայելով։
Օլիվերի ճակատագրի վճռական վայրկյան էր դա։ Եթե թանաքամանը լիներ ծերունի ջենթլմենի ենթադրած տեղը, նա առանց այլևայլության գրիչը թաթախած կլիներ, գործը ստորագրված և Օլիվերը փութով հեռացած կլիներ այդտեղից։ Բայց պատահեց անսպասելին։ Թեև թանաքամանը ճիշտ նրա քթի տակ էր գտնվում, այնուամենայնիվ, ծերունի ջենթլմենը ամբողջ գրասեղանը աչքի անցկացնելով՝ չգտավ։ Ահա այդ միջոցին նրա հայացքն ընկավ Օլիվեր Թվիստի գունատված ու ահաբեկվեծ դեմքին։ Խեղճ երեխան, հակառակ միստր Բամբըլի հանդիմանական հայացքներին և կսմթոցներին, իր ապագա տիրոջ գարշելի դեմքը դիտում էր սարսափի և վախի չափազանց բացահայտ արտահայտությամբ, մի բան որ չվրիպեց անգամ կարճատես դատավորի աչքից։
Ծերունի ջենթլմենը կանգ առավ, գրիչը ցած դրեց և նայեց մեկ Օլիվերին ու մեկ էլ միստր Լիմքինզին։ Այս վերջինը փորձում էր զվարթ ու անտարբեր երևույթով քթախոտ քաշել։
― Տղա՜ս, ― ասաց ծերունի ջենթլմենը, կռանալով գրասեղանի վրա։
Օլիվերը վախից ցնցվեց։ Նրան հարկավոր էր ներել այդ արարքը, քանի որ բառը քնքշորեն էր արտասանվել, իսկ օտարոտի ձայները վախեցնում են մարդկանց։ Նա սաստիկ դողաց և արտասվեց դառնորեն։
― Տղա՜ս, ― ասաց ծերունի ջենթլմենը, ― դու գունատ և սարսափած ես երևում։ Ի՞նչ է պատահել քեզ։
― Երեխայից մի քիչ հեռու կանգնի՛ր, բիդըլ, ― ասաց մյուս դատավորը, լրագիրը մի կողմ դնելով և ուշադիր նայելով մանկանը։ ― Այժմ, տղաս, մեզ ասա, թե ի՞նչ է պատահել։ Մի՛ վախենար։
Օլիվերը ծունկի գալով ձեռքեըը իրար միացրեց և պաղատագին խնդրեց, որ իրեն դարձյալ փակեն այն մութ սենյակում, որ իրեն դարձյալ սովամահ անեն, ծեծեն, սպանեն, եթե այդպես են կամենում, միայն թե չուղարկեն այդ սոսկալի մարդու հետ։
― Այ թե ի՜նչ, ― բացականչեց միստր Բամբըլը ձեռքերն ու աչքերը հանդիսավորությամբ վեր բարձրացնելով, ― բոլոր խորամանկ ու նենգ որբերից, որ ես երբևէ տեսել եմ, դու, Օլիվեր, ամենալկտին ես։
― Լեզուդ քե՛զ քաշիր, բիդըլ, ― ասաց երկրորդ ծերունի ջենթլմենը, երբ միստր Բամբըլը արտասանեց իր վերջին բարդ ածականը։
― Ձերդ գերազանցությունից ներողություն եմ խնդրում, ― ասաց միստր Բամբըլը իր լսածի վրա կասկածելով։ ― Ձերդ գերազանցությունը ի՞նձ նկատի ունի։
― Այո՛, լեզուդ քե՛զ քաշիր։
Միստր Բամբըլը ապշեց։ Ինչպե՞ս կարելի էր բիդըլի հետ այդ ձևով խոսել։ Ինչպիսի՜ բարոյական ըմբոստություն։
Ակնոցավոր ծերունի ջենթլմենը նայեց իր աշխատակցին․ նա գլուխը նշանակալից շարժեց։
― Մենք հրաժարվում ենք վավերացնել այս գործարքը, ― ասաց ծերունի ջենթլմենը, մագաղաթի կտորը դեն հրելով։
― Հույս ունեմ, ― կակազեց միստր Լինքինզը, ― ես հույս ունեմ, որ մի երեխայի անհիմն վկայության հետևանքով դատավորները չեն հանգելու այնպիսի եզրակացության, թե ծխական իշխանությունները որևէ անպատշաճ վարմունք են թույլ տվել։
― Դատավորները պարտավոր չեն այդ նյութի շուրջը որևէ կարծիք հայտնելու, ― հարեց երկրորդ ծերունի ջենթլմենը խիստ տոնով։ ― Տղային վերադարձրեք աղքատների գործատունը և նրա հետ բարությամբ վարվեք։ Երևում է, որ սփոփանքի շատ կարիք ունի։
Այդ նույն երեկոյան, սպիտակ բաճկոնով ջենթլմենը վճռաբար հայտարարեց, որ Օլիվերը ոչ միայն կախաղան կբարձրանա, այլ նույնիսկ կքառատվի մահապատժի վայրում։ Միստր Բամբըլը խորհրդավոր կերպով գլուխը թափահարեց և ասաց, որ երանի թե նրա վերջը բարի լիներ․ իսկ միստր Գեմֆիլդը ափսոսանքով ասաց, որ երանի թե այդ տղան իրեն հանձնված լիներ․ և թեպետ բոլոր հարցերում Գեմֆիլդը համաձայնում էր բիդըլի հետ, բայց այս դեպքում երկուսի ցանկությունները թեքվեցին բոլորովին հակառակ ուղղությամբ։
Հաջորդ առավոտ հասարակությունը ևս մի անգամ տեղեկացավ, որ Օլիվեր Թվիստը նորից վարձով է տրվում, և հինգ ֆունտ կվճարվի այն մարդուն, ով կցանկանա վերցնել նրան։
Չորրորդ գլուխ
Օլիվերը, որին ուղարկում են մի ուրիշ աշխատանքի, իր առաջին մուտքն է գործում հասարակության մեջ։
Ազնվական ընտանիքներում, երբ տան հասունացած երիտասարդին չի հաջողվում տիրանալ որևէ կայքի, ժառանգության կամ բաղձալի կալվածների, և այդ պատճառով չի կարողանում նախանձելի դիրք ձեռք բերել հասարակության մեջ, ընդունված սովորություն է դարձել նրան ուղարկել ծովային ծառայության։ Հանձնաժողովը խորհրդակցեց և գտավ, որ այս իմաստուն ու փրկարար միջոցառումը որդեգրել նաև Օլիվերի համար՝ կնշանակեր առավելագույն չափով հոգածություն ցույց տալ նրա նկատմամբ։ Հետևաբար, որոշում կայացվեց որևէ առևտրական նավով Օլիվերին ևս ուղարկել մի բավականաչափ վատառողջ նավահանգիստ։ Հանձնաժողովը նկատի ուներ այն հանգամանքը, որ եթե Օլիվերին ուղարկեր նման ծառայության, նավապետը, շատ հավանաբար, մի օր, զվարթ տրամադրության մեջ տղային կծեծեր այնքան, մինչև կմահանար, կամ երկաթյա ձողով կփշրեր նրա գանգը, քանի որ, ինչպես հայտնի է բոլորին երկու ժամանցներն էլ շատ սիրված ու հասարակ զբաղմունք են այդ դասակարգի ջենթլմենների համար։ Հաշվի առնելով այս ծրագրի բոլոր առավելությունները, հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ անհրաժեշտ էր Օլիվերին անհապաղ ուղարկել ծովային ծառայության։
Այս որոշումն շտապ իրագործելու համար միստր Բամբըլը իսկույն ուղարկվեց նավահանգիստ, որտեղ նա պետք է հարձուփորձ աներ և գտներ մի նավապետի, որը համաձայներ ծառայության վերցնել անտեր տղային։ Երբ իր այս առաքելության արդյունքը զեկուցելու համար նա վերադառնում էր աղքատանոց, դարպասի առաջ հանդիպեց միստր Սովերբերիին՝ ծխական դագաղագործին։
Միստր Սովերբերրին բարձրահասակ, նիհար մի մարդ էր։ Հագել էր շատ հնամաշ սև կոստյում, սև, կարկատած բանբակյա գուլպաներ և նույն գույնի կոշիկներ։ Նա շատ ժպտադեմ չէր, բայց պրոֆեսիոնալ կատակաբան էր։ Ճկուն քայլվածքով և ներքին որախություն արտահայտող զվարթ դեմքով նա մոտեցավ միստր Բամբըլին և սիրալիր սեղմեց նրա ձեռքը։
― Երեկվա մահացած երկու կանանց չափսերը առել եմ, միստր Բամբըլ, ― ասաց դագաղագործը։
― Մեծ հարստություն եք դիզել, միստր Աովերբերրի, ― ասաց բիդըլը, բթամատն ու ցուցամատը խրելով դագաղագործի մատուցած քթախոտի տուփի մեջ, որը դագաղի հնարամտորեն պատրաստված մի մանրակերտ էր։ ― Ասում եմ մեծ հարստություն եք դիզել, միստր Սովերբերրի, ― կրկնեց միստր Բամբըլը ձեռքի եղեգնյա գավազանով ընկերաբար խփելով դագաղագործի ուսին։
― Կարծո՞ւմ եք, ― ասաց դագաղագործը այնպիսի տոնով, որը միաժամանակ թե՛ ընդունում, թե՛ առարկում էր այդ խոսքերի հավանականությունը։
― Բայց հանձնաժողովի որոշած գները շատ ցածր են, միստր Բամբըլ։
― Փոքր են նաև դագաղները, ― պատասխանեց բիդըլը, ժպտալով այնքան, որքան այդ պատշաճ էր մեծ պաշտոն ունեցող մի անձնավորության համար։
Այս ակնարկությունը շատ դուր եկավ միստր Սովերբերրիին, և նա երկար ծիծաղեց։
― Լա՛վ, լա՛վ, միստր Բամբըլ, ասաց նա վերջապես, ― չի կարելի ժխտել այն հանգամանքը, որ կերակրելու նոր սիստեմը հաստատելուց ի վեր, դագաղները նախկինի համեմատությամբ ավելի նեղ և նվազ խորունկ են դարձել։ Չէ՞ որ հարկավոր է մի փոքր էլ շահ ունենալ, միստր Բամբըլ։ Լավ մշակված ատաղձը թանկք է, սըր, և բոլոր երկաթյա բռնակները բերում ենք շատ հեռվից, Բիրմինհամից։
― Այդ այդպես է, ― ասաց միստր Բամբըլը, ― ամեն արհեստ իր բացասական կողմն ունի։ Չափավոր շահը, իհարկե, թույլատրելի է։
― Իհա՜րկե, իհա՜րկե, ― պատասխանեց դագաղագործը, ― և եթե պատահի, որ հատկապես այս կամ այն առարկայից շահ չունենամ, հետագայում, այսպես, թե այնպես, նրա բացը կծածկեմ, հի՛, հի՛, հի՛։
― Ճիշտ այդպես, ― ասաց միստր Բամբըլը։
― Թեև, ― շարունակեց դագաղագործը, բիդըլի ընդհատած ակնարկությունների թելը վերագտնելով, ― թեև ես պետք է ասեմ, միստր Բամբըլ, որ բողոքելու եմ մի շատ մեծ անպատեհության դեմ։ Այդ այն է, որ հաղթանդամ մարդիկ ավելի շուտ են մահանում։ Նրանք ովքեր ավելի բարեկեցիկ են եղել և տարիներ շարունակ իրենց հարկը կանոնավոր կերպով վճարել են, ամենից առաջ են մահանում, երբ գալիս են աղքատանոց։ Հետևաբար, թույլ տվեք ինձ ասել, միստր Բամբըլ, որ երբ դագաղները սովորական չափսից երեք֊չորս մատնաչափ ավելի մեծ են լինում, դա չափազանց մեծ ճեղք է առաջացնում մարդու հաշիվների մեջ, հատկապես այն դեպքում, երբ այդ մարդը ընտանիքի տեր է, սըր։
Քանի որ միստր Սովերբերրին անիրավված մարդու զայրույթով այսպես արտահայտվեց, և քանի որ միստր Բամբըլը զգաց, որ մեղադրանքը կարծես ծխի պատվի վրա էր անդրադառնալու, հետևաբար, նա խոհեմություն համարեց նյութը փոխել։ Այդ րոպեին իր մտածմունքների առանցքը Օլիվեր Թվիստն էր, ուստի սկսեց նրա մասին խոսել։
― Ի դեպ, ― ասաց միստր Բամբըլը, ― արդյոք չգիտե՞ք մեկին, որին փոքրիկ աշակերտ է հարկավոր։ Նա մեր ծխի գլխին փորձանք է դարձել։ Պայմանները շահավետ են, միստր Սովերբերրի, պայմանները շահավետ են, ― այս ասելով միստր Բամբըլը իր գավազանը մեկնեց գլխավերևի ցուցանակին և երեք անգամ նշանակալից կերպով խփեց «հինգ ֆունտ» բառերին, որ գրված էին լատինական հսկա տառերով։
― Օ՜հ, ― գոչեց դագաղագործը, միստր Բամբըլի վերարկուի ոսկեզօծ քղանցքից բռնելով, ― ես էլ ճիշտ և ճիշտ այդ մասին էի ուզում խոսել ձեզ հետ։ Գիտե՞ք ինչ․․․ աստվա՜ծ իմ, որքան շքեղ կոճակ է, միստր Բամբըլ։ Առաջներում երբեք չէի նկատել։
― Այո՛, կարծեմ լավն է, ― ասաց բիդըլը, հպարտորեն նայելով վերևից ներքև իջնող մետաղյա խոշոր կոճակներին, որոնք զարդարում էին նրա վերարկուն։ ― Ինչպես տեսնում եք, ծխական կնիքն է դրոշմված դրանց վրա։ Բարի Սամարացին, որ օգնության է հասել հիվանդ և վիրավոր ճամբորդին։ Հանձնաժողովը այդ ինձ նվիրել էր նոր տարվա առավոտյան, միստր Սովերբերրի։ Հիշում եմ, ես առաջին անգամ այս վերարկուն հագա ներկա գտնվելու այն սնանկացած վաճառականի գործի հարցաքննությանը, որը կեսգիշերին մահացել էր ինչ֊որ շենքի մուտքում։
― Ես էլ եմ հիշում այդ մարդուն, ― ասաց դագաղագործը։ ― Դատական խորհուրդը այսպես էր գրել․ «Մահացավ ցրտից ու կյանքի ամենաէական պահանջների կարիքից», այնպես չէ՞։
Միստր Բամբըլը թեթև շարժումով հաստատեց նրա ասածը։
― Ես կարծում եմ, նրանք հատուկ վճիռ կայացրին, ― ասաց դագաղագործը, ― ավելացնելով մի քանի բառեր այս իմաստով․ «Եթե այն պաշտոնյան, որ պարտավոր էր հոգալ աղքատների մասին․․․»։
― Հիմարությո՛ւն, ― ընդհատեց բիդըլը։ ― Եթե հանձնաժողովը այդ անգրագետ դատավորների բոլոր դատարկ խոսքերին ուշադրություն դարձներ, էլ ուրիշ ոչնչով չպետք է զբաղվեր։
― Շատ ճիշտ է, ― ասաց դագաղագործը։ ― Իսկապես որ։
― Դատավորները, ― ասաց միստր Բամբըլը գավազանը պինդ բռնելով, ինչպես սովորաբար անում էր զայրացած ժամանակ, ― դատավորները անգրագետ, գռեհիկ, քծնող թշվառականներ են։
― Ճշմարիտ է, ― հաստատեց դագաղագործը։
― Նրանց փիլիսոփայությունն ու քաղաքական անտեսությունը սրա չափ էլ չկա, ― ասաց բիդըլը՝ մատներն արհամարանքով չրթացնելով։
― Ավելին չէ, ― համաձայնեց դագաղագործը։
― Ես ատում եմ նրանց, ― ասաց բիդըլը շառագունելով։
― Ես նմանապես, ― ձայնակցեց դագաղագործը։
― Ես կցանկանայի միայն, ― ասաց Բիդըլը, ― որ այդպիսի ինքնագլուխ դատավորներին հնարավորություն տրվեր մի քանի շաբաթ մնալ մեզ մոտ՝ աղքատանոցում։ Այդ ժամանակ հանձնաժողովի հաստատած կարգն ու կանոնը նրանց խելքի կբերեր։
― Թո՛ղ դրանց, բարեկամ, ― հարեց դագաղագործը։ Եվ խոեսլիս ժպտաց՝ ծխական պաշտոնյայի զայրույթը մեղմացնելու համար։
Միստր Բամբըլը եռանկյունի գլխարկը հանեց, միջից մի թաշկինակ դուրս քաշեց, սրբեց ճաղատից հոսող քրտինքը, որ առաջացել էր զայրույթից, գլխարկը դարձյալ դրեց գլխին և դագաղագործին դառնալով՝ ավելի հանդարտ ասաց․
― Հա՛, ի՞նչ էիք ասում տղայի մասին։
― Օ՜հ, ― պատասխանեց դագաղագործը, ― գիտեք ինչ, միստր Բամբըլ, ես աղքատների օգտին բավական տուրք եմ վճարում։
― Հը՛մ, ― ասաց միստր Բամբըլը։ ― Հետո՞։
― Հետո, ― պատասխանեց դագաղագործը, ― հետո, ես մտածում էի այսպես, քանի որ այդքան մեծ գումար եմ վճարում նրանց համար, ապա ես էլ իմ հերթին իրավունք ունեմ նրանցից պոկելու այն, ինչ որ կարող եմ, միստր Բամբըլ։ Եվ․․․ ե․․․ ես կարծում եմ, որ հենց ինքս էլ կվերցնեմ տղային։
Միստր Բամբըլը ամուր բռնեց դագաղագործի թևից և նրան ներս առաջնորդեց։ Երբ միստր Սովերբերրին հանձնաժողովի հետ հինգ րոպեով առանձնացավ, այնպես կարգավորեց, որ Օլիվերը այդ երեկո «փորձի համար» գնար դագաղագործի հետ։ Այդ նշանակում էր անցկացնել կարճ փորձնական շրջան, որի ընթացքում, եթե տերը գտներ, որ ծխական աշակերտից կարող էր բավականաչափ օգուտ քաղել, առանց բավականաչափ սնունդ շռայլելու, ապա նա կարող էր այդ աշակերտին պահել որոշ ժամանակ և վարվել նրա հետ ինչպես կամենար։
Երեկոյան, երբ փոքրիկ Օլիվերը ներկայացավ հանձնաժողովի «ջենթլմեններին», նրան տեղեկացրին, որ այդ օրվանից նա աշխատելու է դագաղագործի մոտ։ Իսկ եթե իր վիճակից դժգոհություն կհայտնի կամ երբևիցե հետ կգա, ապա կուղարկվի ծովային ծառայության, որպեսզի ջուրը գցելով խեղդեն նրան, կամ գանգը փշրեն՝ ըստ դիպվածի։ Օլիվերը այնքան քիչ հուզում ցույց տվեց այդ բոլորի հանդեպ, որ հանձնաժողովի անդամները միահամուռ կերպով նրան անվանեցին անզգա փոքրիկ ստահակ, և հրամայեցին միստր Բամբըլին նրան անմիջապես հեռացնել իրենց աչքից։
Շատ բնական է, որ հանձնաժողովի անդամները, ավելի քան որևէ մեկը, ապշեին կամ սարսափեին այս կամ այն մարդու մոտ անզգամության ամենաաղոտ նշույլն իսկ նկատելիս, այնուամենայնիվ, Օլիվերի վերաբերյալ նրանք բոլորովին սխալվում էին։ Երեխան շատ հեռու էր տգետ լինելուց, բայց աղքատանոցում մանկան հանդեպ ցույց տրված բիրտ վերաբերմունքը նրա հոգում առաջացրել էր անասնային անտարբերություն։ Հետևաբար, նա բոլորովին անվրդով ընդունեց իր համար կայացված վճիռը և վերցնելով իր ճամպրուկը, որը երեք մատնաչափ խորություն ունեցող սրճագույն թղթի մի տոպրակ էր միայն, կեպին իջեցրեց աչքերին և մի անգամ էլ կառչելով միստր Բամբըլի վերարկուի թևից, այդ բարձրաստիճան անձի կողմից առաջնորդվեց տառապանքի մի այլ թատերաբեմ։
Միստր Բամբըլը բավական ժամանակ քայլեց Օլիվերի հետ, առանց որևէ բառ փոխանակելու կամ ուշադրություն դարձնելու նրա վրա, քանի որ բիդըլը բոլոր բիդըլների նման իր գլուխը շատ բարձր էր պահում։ Օրը քամոտ լինելու պատճառով նրա վերարկուի փեշերը պատանքի նման փաթաթվում էին Օլիվերի մարմնի շուրջը և, ի մեծ գոհունակության միստր Բամբըլի, ցուցադրում էին նրա բիդըլական բաճկոնն ու մութ֊գորշագույն տաբատը։ Բայց երբ սահմանված վայրին մոտեցան, միստր Բամբըլը պատշած համարեց վերևից մի փոքր ցած նայել, տեսնելու, թե արդյոք տղան լավ վիճակի մե՞ջ էր իր նոր տիրոջը ներկայանալու համար։ Հետևաբար, հովանավորի տեսք ընդունելով ասաց․
― Օլիվե՜ր։
― Լսում եմ ձեզ, տեր իմ, ― ցածր, դողդողուն ձայնով պատասխանեց Օլիվերը։
― Այդ կեպին վերցրու աչքերիցդ, և գլուխդ բարձր պահիր, սըր։
Թեպետ Օլիվերը իսկույն հնազանդվեց և ազատ ձեռքը սահեցրեց աչքերի վրայով, այնուհանդերձ, երբ անմեղ հայացքը ուղղեց իր առաջնորդին, արցունքի կայլակներ շողացին նրա աչքերում։ Իսկ երբ միստր Բամբըլը խստորեն նայեց նրան, այդ արցունքները մեկը մյուսի հետևից սկսեցին գլորվել նրա այտերից։ Երեխան մեծ ճիգ գործադրեց արցունքների այդ հորձանքը կասեցնելու համար, բայց իզուր։ Ուստի նա բաց թողեց միստր Բամբըլի ձեռքը, ափերով ծածկեց երեսը և այնքան լաց եղավ, մինչև արցունքները դուրս հորդեցին նրա վտիտ ու ոսկրոտ մատների արանքից։
― Այ թե ի՜նչ, ― բացականչեց միստր Բամբըլը, հանկարծ կանգ առնելով և սուր, թունոտ մի հայացք գցելով իր փոքրիկ պաշտպանյալի վրա։ ― Այ թե ի՜նչ։ Ես տեսնում եմ, որ ինձ հանդիպած բոլոր ապերախտ և ստոր տղաների մեջ ամենաապերախտը և ստորը դու ես, Օլիվեր։ Քեզ նման տղա ես երբեք տեսած չկամ, դու․․․
― Ո՛չ, ո՛չ, տեր իմ, ― հեկեկաց Օլիվերը փարվելով այն ձեռքին, որ կրում էր իրեն այնքան քաջ ծանոթ գավազանը։ ― Ո՛չ, ո՛չ, տեր իմ, սրանից հետո ես լավ տղա կլինեմ։ Իսկապես, իսկապես որ լավ տղա կլինեմ։ Դեռևս շատ փոքրիկ եմ, տեր իմ, և այնքա՜ն, այնքա՜ն․․․
― Այնքան ի՞նչ, ― հարցրեց միստր Բամբըլը զարմացած։
― Այնքա՜ն միայնակ, տեր իմ։ Շա՜տ միայնակ, ― լաց եղավ երեխան։ ― Բոլորն ատում են ինձ։ Օ՜հ, տեր իմ, խնդրում եմ, մի բարկացեք վրաս։ ― Նա ձեռքով խփեց կրծքին և նայեց իր ուղեկցին։ Երեխայի արտասվաթոր աչքերում արտացոլված էր նրա մանուկ հոգու ամբողջ տառապանքը։
Միստր Բամբըլը մի պահ որոշ զարմանքով դիտեց խեղճ ու անօգնական Օլիվերին, երեք֊չորս անգամ կոկորդը մաքրեց, և «այս զզվելի հազն էլ» քրթմնջալուց հետո, հրամայեց Օլիվերին աչքերը սրբել և խելոք տղա լինել։ Ապա նորից նրա ձեռքից բռնեց և լուռ իրենց ճամփան շարունակեցին։
Դագաղագործը դեռ նոր էր փակել խանութի փեղկերը և մոմի շատ աղոտ լույսով մատյանի մեջ ինչ֊որ գրանցումներ էր կատարում, երբ միստր Բամբըլը ներս մտավ։
― Օհո՜, ― ասաց դագաղագործը գլուխը գրքից բարձրացնելով, որ Օլիվերին ավելի լավ տեսնի։ ― Միսիս Սովերբերրի, արդյոք չէի՞ք բարեհաճի մի րոպե այստեղ գալ, անուշիկս։
Խանութի հետևում գտնվող սենյակի դուռը բացվեց, և շեմքին հայտնվեց աղվեսադեմ, կարճահասակ, նիհար ու չորացած կազմվածքով մի կին։
― Թանկագի՜նս, ― ասաց միստր Սովերբերրին ակնածանքով, ― ահա աղքատանոցի այն տղան, որի մասին ես ասել եմ։
Օլիվերը դարձյալ գլուխ տվեց։
― Աստվա՜ծ իմ, ինչքա՜ն փոքր է, ― ասաց դագաղագործի կինը։
― Այո՛, փոքր է, ― պատասխանեց միստր Բամբըլը, Օլիվերին նայելով այնպես, կարծես իր փոքրակազմ լինելու համար ինքը՝ Օլիվերն էր մեղավոր, ― իսկապես որ փոքր է, ով կարող է ժխտել։ Բայց կաճի, միսիս Սովերբերրի, կաճի։
― Կաճի, բայց ո՞ւմ հացով, ― պատասխանեց լեդին ջղագրգռությամբ։ ― Մեր հաց ու ջրով իհարկե, կաճի։ Ես ոչ մի խնայողություն չեմ տեսնում ծխական երեխաներին ծառայության վերցնելիս։ Ո՛չ, չեմ տեսնում, որովհետև նրանք իրենց արժեքից ավելի թանկ են նստում մեզ վրա։ Համենայն դեպս, տղամարդկանց հետ չի կարելի վիճել, նրանք կարծում են, թե իրենք ամենագետ են։ Դե՛հ, գնա ներքև, ոսկորների տոպրակ։ ― Այսպես ասելով, դագաղագործի կինը կողմնակի մի դուռ բաց արեց և Օլիվերին ցած հրեց ինչ֊որ ցից աստիճաններով։ Աստիճանները տանում էին դեպի խոնավ ու մութ, քարեպատ մի խուց, որը ածխանոցի նախասենյակն էր և օգտագործվում էր որպես խոհանոց։ Այստեղ նստած էր անխնամ տեսքով, հնամաշ կոշիկներով մի աղջիկ, որի կապույտ, կոշտ բրդով հյուսված գուլպաները նույնպես չափազանց մաշված էին։
― Հեյ, Շառլո՛թ, ― ասաց միսիս Սովերբերրին, որը Օլիվերի հետ իջել էր ներքնահարկ, ― այս տղային մի քիչ այն սառը մսի կտորներից տուր, որ շան համար էի առանձնացրել։ Թրիպը առավոտվանից տուն չի եկել, հետևաբար, թող այսօր էլ զրկվի իր բաժնից։ Հուսով եմ, որ տղան այնքան նրբաճաշակ չէ, որ չկարողանա ուտել այդ ավելցուկները։ Այդպես չէ՞, տղա։
Միսիս Սովերբերրիի այս հարցին Օլիվերը բացասական պատասխան տվեց։ Երեխայի աչքերը հրճվանքից շողացին մսի անունը լսելիս։ Նրա ողջ էությունը անձկությունից սարսռաց, երբ ճաշի մնացուկներով լիքը ամանը դրվեց նրա առաջ։
Ես կցանկանայի, որ լավ սնված մի փիլիսոփա, որի կերած միսն ու խմած խմիչքը մաղձ են դառնում նրա մարմնի մեջ, որի արյունը սառցի պես սառն է, իսկ սիրտը՝ երկաթի նման կարծր, լիներ այնտեղ և տեսներ, թե Օլիվերը ինչպես էր լափում ճաշի այդ ավելցուկները, որ շունն անգամ արհամարել էր։ Ես կցանկանայի, որ նա ականատես լիներ, թե այդ երեխան ինչպիսի կատաղությամբ էր հոշոտում մսի կտորները և ինչպիսի ագահությամբ կուլ էր տալիս դրանք։ Բայց կա մի բան, որ ես առավել կցանկանայի․ տեսնել այդ փիլիսոփային նույն ճաշը նույնանման պայմաններում ուտելիս։
Դագաղագործի կինը, որը ամբողջ ժամանակ լուռ սարսափով դիտել էր կատարվածը և տղայի ապագա ախորժակի մասին անհանգստացուցիչ կանխագուշակություններ արել, վերջապես հարցրեց նրան․
― Պրծա՞ր։
Իր առաջ ուտելու ոչինչ չտեսնելով, Օլիվերը հաստատական պատասխան տվեց։
― Դե՛, ուրեմն հետևի՛ր ինձ, ― ասաց միսիս Սովերբերրին, վերցնելով մի աղոտ ու կեղտոտ լամպ և նրան վերև առաջնորդեց։ ― Քո անկողինը վաճառասեղանի տակն է։ Կարծում եմ, որ չես առարկի դագաղների մոտ քնելու համար։ Որ առարկես էլ, միևնույն է, քեզ համար ավելի հարմար տեղ չունենք։ Դե՛, գնա՛նք, հո ամբողջ գիշերը ինձ այստեղ չես պահելու։
Օլիվերը ենթարկվեց հրամանին և լռությամբ, գլուխը կախ՝ հետևեց նոր տիրուհուն։
Հինգերորդ գլուխ
Օլիվերի համար ստեղծվում է նոր միջավայր։ Առաջին անգամ ներկա գտնվելով մի հուղարկավորության, նա կազմում է ոչ բարեհաճ կարծիք իր տիրոջ աշխատանքի բնույթի մասին։
Օլիվերը դագաղագործի խանութում մնալով մեն֊մենակ, լամպը դրեց աշխատասեղանի վրա և ահ ու սարսափով սկսեց դիտել իր շուրջը։ Խանութի մեջտեղում, սև, բարձր եռոտանու վրա դրված կիսավարտ մի դագաղ այնքան չարագուշակ ու զարհուրելի թվաց, որ սառը դող համակեց նրան։ Եվ ամեն անգամ, երբ աչքերը մոլորվելով ընկնում էին այդ առարկայի վրա, նա կարծում էր, թե ուր որ է մի ահռելի կերպարանք գլուխը աստիճանաբար կբարձրացնի այնտեղից և ինքը սարսափից կխելագարվի։ Նույն ձևով կտրված կնձենու բազմաթիվ տախտակներ, որոնք կանոնովար շարքով հենված էին պատին, աղոտ լույսի տակ նմանվում էին ձեռները գրպանները դրած բարձրաթիկունք ուրվականների։ Հատակի վրա ցրված մնում էին դագաղի ցուցանակներ, փայլուն գամեր, տաշեղներ և սև կտորի ծվեններ, իսկ վաճառասեղնի հետևի պատը նկարազարդված էր օձիքները շատ պինդ օսլայած երկու մյուտի ուրվագծերով, որոնք մի մեծ դարպասի առաջ կանգնած՝ չորս սև նժույգներով քաշվող դիակառքին էին սպասում։ Խանութը շոգ էր ու հեղձուցիչ։ Մթնոլորտը կարծես ապականված էր դագաղների հոտով։ Վաճառասեղանի տակ գտվող որմնախորշը, ուր անխնամ գցված էր նրա կոշտ բրդից պատրաստված անկողինը, շիրմի էր նման։
Միայն դրանք չէին, որ սարսափ էին ազդում Օլիվերին։ Նա մենակ էր այդ անծանոթ վայրում։ Մի՞թե բոլորս չգիտենք, թե մենակության մեջ հաճախ ամենախիզախ մարդն անգամ ինչպես է կորցնում իր քաջությունն ու կորովը։ Իսկ խեղճ ու անօգնական մի երեխայի համար որքան ավելի ծանր կլիներ դրությունը։ Ինչպիսի՜ թածխոտ ու մռայլ զգացմունքներով էր համակված նա, և ինչպե՜ս էր փոթորկվում նրա ողջ էությունը այդ պահին։ Ի՜նչ փույթ, թե նա չուներ բարեկամներ, որոնց մասին մտահոգվեր և որոնք մտահոգվեին իր մասին։ Ի՜նչ փույթ, թե նա չէր տառապում հարազատներից բաժանվելու կսկիծով։ Ի՜նչ փույթ, թե նրա սիրտը չէր մորմոքում սիրելի ու անմոռանալի դեմքերի կարոտից։ Այնուամենայնիվ, նա խիստ տխուր էր։ Եվ երբ սողոսկելով նա մտավ իր նեղ անկողինը, ցանկանալով, որ այդ իր դագաղը լիներ, և որ ինքը կարողանար անդորը ու հավերժական քնով թաղվել եկեղեցու գերեզմանատան մեջ, որտեղ բարձր դալարիքները մեղմորեն ծածանվեին իր գլխավերևում և հնամենի զանգակի խոր ղողանջը սփոփեր իրեն քնի մեջ։
Առավոտյան Օլիվերը զարթնեց խանութի դռանը իջնող ոտքի ուժգին հարվածներից, որոնք կրկնվեցին մոտավորապես քսանհինգ անգամ, մինչև նա հապճեպ հագնվեց և սկսեց դուռը ամրացնող շղթաները քանդել։ Ապա ոտքի հարվածները դադարեցին և լսվեց մի ձայն․
― Դուռը բաց արա, իմացա՞ր, ― գոչեց ձայնը, որը պատկանում էր հարվածող ոտքերի տիրոջը։
― Իսկույն, տե՛ր իմ, պատասխանեց Օլիվերը շղթան արձակելով և բանալին պտտեցնելով։
― Երևի դու այն նորեկ տղան ես, ― լսվեց բանալու անցքից։
― Այո, տեր իմ, ― պատասխանեց Օլիվերը։
― Քանի՞ տարեկան ես, ― նորից հարց տվեց ձայնը։
― Տասը, տեր իմ, ― պատասխանեց Օլիվերը։
― Որ այդպես է, երբ ներս գամ, քեզ լավ կծեծեմ, ― ասաց ձայնը, ― հիշիր իմ խոսքերը, աղքատանոցի լակոտ։ ― Եվ այդ խոստումից հետո ձայնը սկսեց սուլել։
Օլիվերը շատ հաճախ ենթարկված լինելով ակնարկված տանջանքին, նվազագույն չափով չէր կասկածում, որ ձայնի տերը, ով էլ որ լիներ նա, իր խոստումը անպայման կկատարեր։ Այնուամենայնիվ, դողացող ձեռքերով դռան նիգը քաշեց և դուռը բաց արեց։
Նա մի քանի րոպե վեր ու վար նայեց փողոցի կողմը, այն համոզումով, որ բանալու անցքից խոսող անծանոթը հավանաբար փոքր֊ինչ հեռացել էր տաքանալու նպատակով։ Բայց նա դրսում ոչ ոքի չտեսավ, բացի որբանոցի հաղթանդամ մի տղայից, որը տան առաջ գտնվող սյան վրա նստած՝ մի շերտ հաց ու կարագ է ուտում, նախապես գրչահատով իր բերանի մեծությամբ կտորների բաժանելով և կուլ տալով մեծ ճարպկությամբ։
― Ներողություն, տեր իմ, ― ասաց Օլիվերը վերջապես, տեսնելով, որ ուրիշ որևէ այցելու չհայտնվեց, ― դուռը դո՞ւք ծեծեցիք։
― Աքացով տվեցի, ― պատասխանեց որբանոցի տղան։
― Ձեզ դագա՞ղ է պետք, ― հարցրեց Օլիվերը անմեղսունակ տոնով։
Որբանոցի տղան այս խոսքերից չափազանց կատաղեց և ասաց, որ եթե Օլիվերը շարունակի այդպիսի կատակներ անել իր վերադասների հետ, շուտով ինքը դագաղի բաժին կդառնա։
― Երևի չգիտես, թե ես ով եմ, հա՞, ծխական լակոտ, ― ասաց որբանոցի տղան փքված իջնելով սյան վրայից։
― Չգիտեմ, տեր իմ, ― հարեց Օլիվերը։
― Ես միստր Նոա Քլեյփոլն եմ, ― ասաց որբանոցի տղան, ― և դու ինձ ես ենթակա։ Դե՛ փեղկերը բաց արա, ծույլ անզգամ։ ― Ապա միստր Քլեյփոլը մի աքացի տվեց Օլիվերին և հանդիսավոր կերպով խանութ մտավ։ Մեծ գլխով, փոքր աչքերով և թեթևաբարո բնավորությամբ մի պատանու համար դժվար է ծանրաբարո երևալ, առավել դժվար է մանավանդ այն դեպքում, երբ անձնական այս գրավչություններին ավելանում են կարմիր քիթն ու դեղին տաբատը։
Երբ Օլիվերը փեղկերը բացեց և սկսեց դրանք փոխադրել կողքի բակը, որտեղ պահվում էին ցերեկը, առաջին ծանր փեղկը տանելիս,հանկարծ փշրեց լուսամուտի ապակիներից մեկը։ Դրանից հետո Նոան մխիթարելով տղային, որ նա անպայման «իր բաժինը կստանա», բարեհաճեց օգնել նրան։ Քիչ անց միստր Սովերբերրին իջավ ներքև, ավելի ուշ հայտնվեց և միսիս Սովերբերրին։ Նոայի մարգարեությունը լիովին կատարվեց, Օլիվերը իրոք «ստացավ իր բաժինը», ապա այդ փոքրիկ ջենթլմենի հետ իջավ խոհանոց նախաճաշելու։
― Մոտեցիր բուխարիկին, Նո՛ա, ― ասաց Շառլոթը։ ― Տիրոջ նախաճաշից քեզ համար առանձնացրել եմ խոզի ապուխտի մի համեղ պատառ։ Օլիվե՛ր, դուռը ծածկիր միստր Նոայի հետևից և վերցրու այդ մնացուկները, որ դրել եմ հացամանի կափարիչին։ Թեյդ այնտեղ է։ Վերցրու, գնա արկղի մոտ և այնտեղ էլ խմիր։ Դե՛, շտապի՛ր, հիմա երևի պետք կգաս խանութը պահելու համար, իմացա՞ր։
― Իմացա՞ր ծխական լակոտ, ― կրկնեց Նոա Քլեյփոլը։
― Տե՜ր իմ աստվա՜ծ, Նո՜ա, ― ասաց Շառլոտը, ― ինչ տորօրինակ արարած ես դու։ Տղային ինչո՞ւ հանգիստ չես թողնում։
― Հանգիստ թողնե՜լ, ― ասաց Նոան։ ― Ի՞նչ հանգիստ թողնելու մասին է խոսում․ բոլորն էլ հանգիստ են թողնում նրան։ Ո՛չ իր հայրը և ո՛չ էլ հայրը երբեք չեն անհանգստացնելու նրան։ Նրա բոլոր ազգականները թույլ են տալիս, որ նա իր ուզած ձևով ապրի։ Այնպես չէ՞, Շառլոթ։ Հի՛, հի՛, հի՛։
― Օ՜հ, ի՜նչ զարմանալին ես, ― ասաց Շառլոթը լիաթոք ծիծաղելով։ Նոան նույնպես սկսեց ծիծաղել։ Ապա նրանք արհամարհանքով լի հայցաքներ գցեցին խեղճ Օլիվեր Թվիստի վրա, որ սենյակի ամենացուրտ անկյունում դողդողալով նստած, հատկապես իր համար պահված մնացուկներն էր ուտում։
Նոան ոչ թե աղքատանոցի, այլ որբանոցի տղա էր։ Օլիվերի նման ընկեցիք երեխա չէր, քանի որ կարող էր ամբողջ ազգաբանությունը մի առ մի թվել մինչև իր ծնողները, որոնք հենց մոտերքումն էլ ապրում էին։ Մայրը լվացարարուհի էր, իսկ հայրը՝ հարբեցող զինվոր, պաշտոնից հեռացված, փայտե ոտով, օրական երկու և կես պեննի կենսաթոշակ ստացող։ Թաղում գտնվող խանութների աշակերտները վաղուց սովորություն էին դարձրել փողոցներում խայթել Նոային և նախատելու նրան «Կաշվե տաբատ», «Որբանոցի լակոտ» ու այլ անարգական մակդիրներով, և նա այդ ամենը տարել էր համբերությամբ։ Բայց այժմ բախտը իր ճանապարհին նետել էր մի անանուն որբուք, որին անգամ ամենացածր դասակարգին պատկանող երեխան կարող էր արհամարել, և ահա այս խեղճ որբուկի վրա էր թափվելու վրիժառու Նոայի սրտում կուտակված ամբողջ մաղձը։ Որքա՜ն հրաշալի նյութ է խորհրդածության համար։ Այդպիսի խորհրդածությունը մեզ հանգեցնում է այն բանին, թե մարդկային բնավորությունը ինչպես կարելի է դարձնել գեղեցիկ և միևնույն շնորհալի հատկությունները ինչպես կարող են զարգանալ թե՛ ամենաազնվատոհմ լորդի և թե՛ ամենակեղտոտ որբանոցի տղայի մեջ։
Մոտավորապես մի ամիս էր անցել այն օրից, երբ Օլիվերը ժամանակավոր բնակություն էր հաստատել դագաղագործի մոտ։ Մի օր, երբ տեր և տիկին Սովերբերրինեը, խանութը փակելուց հետո ընթրում էին փոքրիկ ճաշասենյակում, միստր Սովերբերրին կնոջ վրա մի քանի ակնածալից հայացք նետելով՝ ասաց․
― Անգի՜նս․․․ ―Չհասցրեց ավելին ասել։ Միսիս Սովերբերրին դեմքի շատ անբարեհաճ արտահայտությամբ նայեց վեր։ Ամուսինը իսկույն լռեց։
― Հետո՞, ― հարցրեց միսիս Սովերբերրին սուր տոնով։
― Ոչի՛նչ, սիրելիս, ոչի՛նչ, ― ասաց միստր Սովերբերրին։
― Փո՛ւհ, անասո՛ւն, ― ասաց միսիս Սովերբերրին։
― Բոլորովին, սիրելիս, բոլորովին, ― ասաց միստր Սովերբերրին հեզորեն, ― կարծում էի, թե դու ցանկություն չունես լսելու, անգինս։ Ես միայն ուզում էի ասել․․․
― Ինչ որ ուզում էիր ասել, մի՛ ասա, ― ընդհատեց միսիս Սովերբերրին։ ― Ես ոչինչ եմ, ինձ հետ մի խորհրդակցիր, խնդրում եմ։ Չեմ ուզում քո գաղտնիքներին իրազեկ լինել։ ― Ապա միսիս Սովերբերրին հիստերիկ մի ծիծաղ արձակեց, որից կարելի էր կանխագուշակել լուրջ հետևանքեր։
― Բայց, սիրելիս, ― ասաց միստր Սովերբերրին, ― ես ուզում եմ քեզնից խորհուրդ հարցնել։
― Ո՛չ, ո՛չ, ինձնից խորհրուրդ մի հարցնի, ― պատասխանեց միսիս Սովերբերրին։ ― Ուրիշին դիմիր։ ― Այստեղ նա դարձյալ քրքջաց, որից միստեր Սովերբերրին չափազանց վախեցավ։ Սա շատ ընդունված և միաժամանակ գնահատված ամուսնական փոխհարաբերության ձև է, որը հաճախ հանգում է ցանկալի արդյունքի։ Այդ հանգամանքը իսկույն պարտադրեց միստր Սովերբերրրիին խնդրել կնոջից, որ իրեն հատուկ շնորհ տրվեր իրեն ասելու այն, ինչ միսիս Սովերբերրին մեծ հետաքրքրությամբ ուզում էր իմանալ։ Վերջապես թույլտվությունը ողորմածաբար շնորհվեց։
― Ես ուզում էի քեզ հետ խոսել այդ փոքրիկ Թվիստի մասին, սիրելիս, ― ասաց միստր Սովերբերրին։ ― Նա շատ շնորհալի, դուրեկան տեսքով տղա է։
― Այդպես էլ պետք է լիներ, բավականին լավ է սնվում, ― ակնարկեց լեդին։
― Նրա դեմքի վրա ուրվագծված է մի մելամաղձոտ արտահայտություն, սիրելիս, ― շարունակեց միստր Սովերբերրին, ― որը նրան շատ հետաքրքրական է դարձնում։ Կարող էր հիանալիորեն մյուտի դեր կատարել, հոգյա՜կս։
Միսիս Սովերբերրին զարմանքով նայեց ամուսնուն։ Միստր Սովերբերրին նկատեց այդ և ժամանակ չտալով, որ ազնիվ լեդին որևէ առարկություն անի՝ շարունակեց․
― Չեմ ուզում ասել իսկական մյուտ, որ մասնակցում է մեծահասակների թաղմանը, սիրելիս․ մի խոսքով միայն երեխաներին է վերաբերում։ Մահացողների տարիքին համապատասխան մյուտ ունենալը մեծ նորություն կլիներ, սիրելիս։ Հիանալի ազդեցություն կթողներ, վստա՛հ եղիր։
Դագաղագործի այս գաղափարը խոր տպավորություն թողեց միսիս Աովերբերրիի վրա։ Դա իսկապես մի նորություն էր, որի մասին նա երբեք չէր մտածել, թեպետ նրբաճաշակ էր այս գործում։ Բայց որովհետև դրական կարծիք հայտնելու դեպքում իր արժանապատվությունը կորցրած կլիներ, ուստի շատ կծու տեսքով հարց տվեց, թե ինչու առաջներում ամուսինը չէր մտածել այդ մասին։ Միստր Սովերբերրին այս հայտարարությունը ընդունեց իբրև հավանություն իր առաջարկին, և որոշում կայացվեց Օլիվերին անմիջապես իրազեկ դարձնել արհեստի բոլոր գաղտնիքներին։ Այս ծրագիրը իրագործելու համար նա պետք է ընկերանար իր տիրոջը, թաղման պատվեր ստանալու առաջին իսկ առիթով։
Եվ առիթը չուշացավ։ Հաջորդ առավոտ նախաճաշից կես ժամ հետո միստր Բամբըլը մտավ խանութ, գավազանը հենեց վաճառասեղանին, մեծ կաշեպատ ծոցատետրը դուրս քաշեց և միջից մի թղթի կտոր ջոկելով՝ երկարեց Սովերբերրիին։
― Աա՜, ― ասաց դագաղագործը, աշխույժ դեմքով աչքի անցկացնելով թուղթը, ― դագաղի պատվեր է, հա՞։
― Նախ՝ մի դագաղ ու հետո՝ մի ծխական հուղարկավորություն, ― պատասխանեց միստր Բամբըլը, ամրացնելով կաշեպատ ծոցատետրը, որը իր նման շատ ծավալուն էր։
― Բեյթոն, ― ասաց դագաղագործը հայացքը թղթի կտորի վրայից միստր Բամբըլին ուղղելով։ ― Այս անունը բոլորովին անծանոթ է ինձ։
Բամբըլը գլուխը թափահարելով պատասխանեց․
― Կամակոր մարդիկ են, միստր Սովերբերրի, շա՛տ կամակոր։ Կարծում եմ նաև ամբարտավան, սըր։
― Ամբարտավա՞ն, ― բացականչեց միստր Սովերբերրին արհամարհանքով։ ― Այդ արդեն չափազանց է։
― Ուղղակի նողկալի՜, ― պատասխանեց բիդըլը, ― նաև բարոյականության սահմաններից դուրս, միստր Սովերբերրի։
― Ճշմարիտ է, ― համաձանեց դագաղագործը։
― Այդ ընտանիքի մասին մենք իմացանք միայն նախանցյալ գիշերը, ― շարունակեց բիդըլը, ― և դեռ ոչինչ էլ չէինք իմանա, եթե չլիներ մի կին, որը ապրած լինելով նույն շենքում՝ չդիմեր ծխական հանձնաժողովին, խնդրելով ծխական բժիշկ ուղարկել մի շատ հիվանդ կնոջ համար։ Բժիշկը գնացել էր ճաշելու։ Նրա աշակերտը (շատ բանիմաց մի տղա) կոշկաներկի շշով անմիջապես ինչ֊որ դեղ է ուղարկում հիվանդի համար։
― Այ քեզ արագաշարժություն, ― ասաց դագաղագործը։
― Այն էլ ինչպիսի՜ արագաշարժություն, ― պատասխանեց Բիդըլը։ Բայց դրա հետևանքը տես։ Դու տես այդ ապերախտ ըմբոստների վերաբերմունքը, սըր։ Ամուսինը լուր է ուղարկում, թե այդ դեղը կնոջ հիվանդությանը չի համապատասխանում, հետևաբար, նա այդ չի ընդունելու, սըր, այո՛, ասում է չի՛ ընդունելու։ Այդքան զորավոր, առողջարար, օգտակար դեղ, որ մի շաբաթ առաջ կոշկաներկի շշով ուղարկվել էր նաև երկու իռլանդացի բանվորի և մի ածխահատի համար, որոնց մոտ մեծ հաջողություն էր գտել, ամուսինը լուր է ուղարկում, թե կինը այդ դեղը չի ընդունելու, սըր։
Գործած արարքը ահավոր էր։ Միստր Բամբըլը գավազանը խփեց վաճառասեղանին և զայրույթից շառագունեց։
― Օ՜, ― բացականչեց դագաղագործը, ― ես երբեք չէի․․․
― Այո՛, երբեք չէիր սպասում, սըր, ― գոչեց բիդըլը։ ― Ոչ էլ մեկ ուրիշի մտքով կանցներ այդպիսի բան, բայց քանի որ նա մահացած է, հարկադրված ենք թաղել նրան, և որքան շուտ, այնքան լավ։
Այդ խոսքերից հետո միստր Բամբըլը, որը ծխին հասցված որևէ անարգանք չէր կարող հանդուրժել, հուզմունքից եռանկյունի գլխարկը ծուռ դրեց գլխին և մեծ քայլերով դուրս եկավ խանութից։
― Տեսա՞ր Օլիվեր, խեղճը այնքան զայրացել էր, որ մինչև իսկ մոռացավ քո մասին հարցնել, ― ասաց միստր Սովերբերրրին՝ նայելով բիդըլի հետևից, երբ նա խոշոր քայլերով իջնում էր փողոցն ի վար։
― Այո, տեր իմ, ― պատասխանեց Օլիվերը, որը տեսակցության ընթացքում մեծ ջանք էր թափել բիդըլի աչքին չերևալու համար, և այժմ ոտից գլուխ դողում էր անգամ նրա ձայնը մտաբերելով։ Սակայն միստր Բամբըլի հայացքից թաքնվելու այնքան էլ կարիք չկար, որովհետև այդ պաշտոնյան մեծապես տպավորված էր սպիտակ բաճկոնով ջենթլմենի մարգարեությունից և անվրդով սպասում էր այն օրվան, երբ դագաղագործի մոտ աշխատելու փորձնական ժամանակաշրջանում Օլիվերը կաներ մի այնպիսի բան, որ անպայման յոթ տարով կդատապարտվեր, և ծխին վերադառնալու ամբողջ վտանգը միանգամ ընդմիշտ և օրինավոր ճանապարհով կհաղթահարվեր։
― Ուրեմն, ― ասաց միստր Սովերբերրին գլխարկը վերցնելով, ― այս գործը որքան շուտ արվի, այնքան լավ։ Նոա, խանութին ուշադրություն դարձրու, Օլիվեր, գլխարկդ ծածկիր և արի ինձ հետ։
Օլիվերը հնազանդվեց և հետևեց իր տիրոջը, որը գնում էր մեռած կնոջ դագաղի չափսը վերցնելու։
Բավական ժամանակ նրանք քայլեցին քաղաքի ամենախճողված և ամենախիտ բնակեցված մասով, ապա թեքվելով մի նեղլիկ փողոց՝ ավելի կեղտոտ ու թշվառ, քան մինչ այդ հանդիպածները, սկսեցին որոնել այն տունը, ուր ուղարկվել էին։ Փողոցի երկու կողմերում բարձրացող տները մեծածավալ էին, բայց չափազանց հին, և այնտեղ բնակվում էին ամենաաղքատ դասակարգի մարդիկ։ Շենքերի անխնամ տեսքը արդեն իսկ բավականին համոզիչ ապացույց էր դրան, և այն, որ կեղտոտ արտաքինով կանայք ու տղամարդիկ, որոնք ծալած բազուկներով ծռված մեջքով մերթ ընդ մերթ գաղտագողի ներս ու դուրս էին անում, ոչինչ չէր ավելացնում ընդհանուր խեղճությանը։ Շենքերը մեծ մասամբ խանութներ ունեին, բայց քանի որ միայն վերևի հարկերն էին զբաղեցված, այդ խանութները ամուր փակված, բորբոսնում էին։ Մի շարք տներ, որ հնության ու խարխլվածության պատճառով անապահով էին դարձել, փողոցի մեջտեղով պատերի դեմ տրված հսկա գերանների օգնությամբ պահպանվում էին փուլ գալուց։ Բայց նույնիսկ այս ողորմելի ու կեղտոտ որջերը, ինչպես երևում էր, որոշ անտուն չքավորների համար գիշերային ապաստան էին դարձել, քանի որ այդ անտաշ տախտակներից շատերը, որ օգտագործվում էին դռների ու լուսամուտների փոխարեն, պոկվել֊հանվել էին իրենց տեղերից, առաջացնելով այնպիսի մեծության բացվածքներ, որտեղից մարդիկ կարող էին ազատ ելումուտ անել։ Ջրատար առուն լճացած էր ու նեխած։ Քաղցից սատկած առնետները ահռելի տեսք ստացած՝ փտում էին այդ ապականության մեջ։
Այն բաց դռան վրա, որի առջև Օլիվերը և իր տերը կանգնեցին, ո՛չ զանգ կար, ո՛չ էլ դուռ թակելու որևէ այլ հարմարանք։ Հետևաբար, մութ միջանցքում զգուշությմաբ խարխափելով և ասելով Օլիվերին, որ իրեն կրնկակոխ հետևի և չվախենա, դագաղագործը բարձրացավ աստիճաններով։ Ապա նա կանգ առավ առաջին հարթակի վրա և ինչ֊որ դուռ նկատելով՝ թեթև թակեց։
Դուռը բացեց մոտավորապես տասնչորս տարեկան մի աղջիկ։ Դագաղագործը տան մեջ եղած իրերից միանգամից հասկացավ, որ դա էր իր որոնած բնակարանը։ Մտավ ներս։ Օլիվերը հետևեց նրան։
Սենյակում կրակ չկար, բայց մի մարդ մեքենաբար կռացել էր պաղ վառարանի վրա։ Մի պառավ կին, նույնպես ցածլիկ աթոռակը մոտեցրած սառը օջախին, նստել էր մարդու կողքին։ Սենյակի մի ուրիշ անկյունում կային գզգզված շորերով երեխաներ, իսկ դռան դիմաց, մի փոքրիկ որմնախորշի մեջ, հատակին դրված էր ինչ֊որ բան՝ մի հին ծածկոցով պատած։ Օլիվերի մարմնով սարսուռ անցավ, երբ հայացքն ուղղեց այդ կողմը, և ակամայից կուչ եկավ իր տիրոջ կողքին, որովհետև թեև ծածկված էր, բայց տղան զգաց, որ դա դիակ էր։
Տղամարդու դեմքը նիհար էր և շատ գունատ, մազերն ու մորուքը՝ գորշավուն, աչքերը՝ արյունով լցված։ Պառավի դեմքը խորշոմած էր։ Մնացած միակ երկու ատամը դուրս էին ցցված ներքին շուրթից, աչքերը փայլուն էին և ծակող։ Օլիվերը վախենում էր նայել թե՛ կնոջը և թե՛այդ տղամարդուն։ Նրանք այնքան նման էին դրսում տեսած առնետներին։
― Չմոտենաք նրան, ոչ ոքի թույլ չեմ տա, ― գոչեց տղամարդը վայրագորեն վեր ցատկելով, երբ նկատեց, որ դագաղագործը դեպի որմնախորշն էր առաջանում։ ― Ե՛տ քաշվեցեք։ Թե կյանքը թանկ է ձեզ համար, ե՛տ քաշվեցեք, անիծյալնե՛ր։
― Հիմարությունները թող, բարեկամս, ― ասաց դագաղագործը, որը բավական սովոր էր բոլոր տեսակի վշտերին։ ― Հիմարությունները թող։
― Իակ ես ասում եմ՝ չմոտենա՛ք նրան, ― ասաց մարդը բռունցքը սեղմելով և ոտքը կատաղորեն գետնին խփելով, ― ես թույլ չեմ տա, որ նրան հողին հանձնեք։ Նա չի կարող հանգչել այնտեղ։ Ճիճուները ոչ թե կուտեն, այլ կանհանգստացնեն նրան, որովհետև նա անչափ հյուծված է։
Դագաղագործը որևէ պատասխան չշնորհեց այս զառանցանքին։ Գրպանից մի նեղ ժապավեն հանելով՝ չոքեց դիակի առաջ։
― Ա՜հ, ― փղձկաց մարդը ծունկի գալով մահացած կնոջ ոտքերի մոտ։ ― Ծունկի իջեք, բոլորդ էլ ծունկի իջեք նրա շուրջը և ուշադիր լսեք իմ խոսքերը։ Ասում եմ՝ սովամահ եղավ։ Բնավ չգիտեյի, որ այդքան վատ էր նրա դրությունը, մինչև որ տենդով բռնկվեց։ Այնուհետև ոսկորները մաշկից դուրս պրծան։ Ո՛չ կրակ կար, ո՛չ էլ մոմ։ Խավարի մեջ էլ մահացավ, խավարի մեջ․․․ Նույնիսկ իր հարազատ երեխաների երեսը չկարողացավ տեսնել, թեև լսեցինք, թե հոգեվարքի մեջ ինչպես էր նրանց անունները տալիս։ Ես նրա համար փողոցներն ընկած ողորմություն խնդրեցի, ինձ բանտարկեցին։ Երբ վերադարձա, նա արդեն մահանում էր։ Եվ այժմ սրտիս բովանդակ արյունը ցամաքած է, որովհետև նրան սովամահ արեցին։ Երդվում եմ աստծո առաջ, որ տեսավ այդ բոլորը, նրան սովամահ արեցին։ ― Ապա ձեռքերը խրեց մազերի մեջ, ոլորեց դրանք և բարձրագոչ ճիչերով գլորվեց հատակին։ Աչքերը գամվեցին մի կետի և փրփփուրը ողողեց նրա շուրթերը։
Սարսափահար երեխաներն սկսեցին դառնորեն լաց լինել, բայց պառավը, որը մինչև այդ այնպես լուռ էր, ասես բոլորովին խուլ լիներ շուրջը կատարվածի հանդեպ, սպառնալիքով լռեցրեց նրանց։ Տղամարդը տակավին փռված էր հատակին։ Պառավը նրա փողկապը արձակեց և երերուն քայլերով մոտեցավ դագաղագործին։
― Այդ իմ աղջիկն էր, ― ասաց նա գլխով դիակը ցույց տալով և այնպիսի ճիվաղային, այլանդակ տեսք ընդունելով, որ ավելի սարսուռ էր ազդում շրջապատին, քան թե մեռյալը այդպիսի վայրում։ ― Աստված իմ, աստված իմ։ Որքա՜ն տարօրինակ է․ ես որ նրան ծնունդ եմ տվել, և այն ժամանակ երիտասարդ կին էի, այժմ պետք է ողջ և զվարթ լինեմ, իսկ նա պառկի այստեղ, այսքան սառը և քարացած վիճակում։ Կարծես ներկայացում լինի, կարծես ներկայացում լինի։ Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ։
Մինչև ողորմելի արարածը զարհուրելի խրախճանքի այսպիսի նոպայի մեջ քրթմնջում էր, դագաղագործը պատրաստվեց մեկնելու։
― Կացե՛ք, կացե՛ք, ― ասաց պառավը խռպոտ ձայնով։ ― Վա՞ղն է թաղվելու, վաղը չէ մյուս օ՞րը, թե այս գիշեր։ Ես դիակը արդեն պատրաստել եմ և դագաղին պետք է հետևեմ, գիտեք։ Ինձ մի մեծ վերարկու ուղարկեցեք, մի տաքուկ, կարգին վերարկու, որովհետև դաժան ցուրտ է։ Գնալուց առաջ հարկավոր է խմորեղեն և գինի էլ ունենալ։ Ոչինչ, մի քիչ հաց ուղարկեք, միայն մի նկանակ հաց և մի բաժակ ջուր, այդ էլ է բավական է․ մեզ մի քիչ հաց կուղարկե՞ք, սիրելիս, ― անձկությամբ ասաց նա դագաղագործի վերարկուից բռնելով, երբ նա միանգամից ուղղվեց դեպի դուռը։
― Այո՛, այո՛, ― ասաց դագաղագործը, ― անշուշտ, ինչ֊որ դուք կցանկանաք։ ― Նա իրեն ազատեց պառավի ձեռքից և Օլիվերին իր հետևից քաշելով՝ շտապ հեռացավ այդտեղից։
Հաջորդ օրը (մինչև այդ միստր Բամբըլը անձամբ իր ձեռքով բերել էր այդ ընտանիքին ծխի կողմից շնորհված քառասունհինգ գրամանոց մի նկանակ հաց և մի կտոր պանիր) Օլիվերը և իր տերը նորից եկան այդ դժբախտ բնակարանը։ Միստր Բամբըլը արդեն եկել էր աղքատանոցից վերցրած չորս մարդու ընկերակցությամբ, որոնք դագաղակիրների դեր էին կատարելու։ Պառավի և մարդու ցնցոտիների վրա մի հին սև վերարկու էին գցել։ Կափարիչը ծածկելով և այդ անշուք դագաղը բսրձրացնելով ուսերին՝ դագաղակիրները փողոց դուրս եկան։
― Այժմ դուք պետք է շատ արագ քայլեք, պառավ լեդի, փսփսաց Սովերբերրին ծեր կնոջ ականջին, ― արդեն ուշացել ենք, և անհարմար է կղերականին սպասեցնել։ Դե՛, շարժվե՛ք, տղերք, շարժվե՛ք ամենայն արագությամբ։
Այսպիսի հրահանգ ստանալով՝ դագաղակիրներն սկսեցին արագ քայլերով առաջանալ, թռցնելով իրենց թեթև բեռը․ երկու սգավորները ճգնում էին հասնել նրանց։ Միստր Բամբըլը և Սովերբերրին արագորեն գնում էին առաջից, իսկ Օլիվերը, որի սրունքները իր տիրոջ սրունքների պես երկար չէին, վազում էր նրանց կողքից։
Թեպետ միստր Սովերբերրին կարծում էր, թե կուշանան, բայց շտապելու այնքան էլ կարիք չկար, որովհետև երբ հասան գերեզմանատան այն մռայլ, եղինջներով ծածկված անկյունը, որ ծխական շիրիմներին էր հատկացված, քահանան դեռ չէր եկել։ Իսկ քարտուղարը, եկեղեցու ավանդատան կրակի առաջ նստած, բոլորովին անհավանական չգտավ, որ նա կարող էր նույնիսկ մի ժամից էլ ավելի ուշանալ։ Հետևաբար, դագաղը դրվեց գերեզմանի եզրին, և մինչդեռ սառն անձրևը մաղվելով իջնում էր, երկու սգավորները նստեցին խոնավ գետնի վրա և համբերությամբ սպասեցին։ Ցնցոտիներ հագած տղաներ, որոնք այդ տեսարանից հրապուրվելով շտապել էին գերեզմանատուն, տապանաքարերի արանքում աղմկելով պահմտոցի էին խաղում, կամ դագաղի վրայից ետ ու առաջ ցատկոտում։ Իսկ միստր Սովերբերրին և Բամբըլը, լինելով քարտուղարի անձնական բարեկամները նրա հետ կրակի մոտ նստած օրվա լրագիրն էին կարդում։
Վերջապես, ավելի քան մի ժամ անցնելուց հետո, միստր Բամբըլը, Սովերբերրին ու քարտուղարը վազեցին դեպի շիրիմը։ Նրանց հետևից անմիջապես հայտնվեց նաև քահանան, որը քայլելիս շուրջառն էր հագնում։ Ապա ձևականության համար միստր Բամբըլը տղաներից մեկին֊երկուսին ծեծեց, իսկ արժանապատիվ ջենթլմենը թաղման ծիսակատարությունից կարդացած լինելով միայն այնքան, որքան կարելի էր խտացնել չորս րոպեի մեջ, շուրջառը տվեց քարտուղարին և հեռացավ։
― Դե՛, Բի՛լլ, ― ասաց Սովերբերրին գերեզմանափորին, ― հողը լից։
Այդ գործը շատ դժվար չէր, քանի որ փոսը այնքան լեցուն էր, որ որ ամենավերևի դագաղը, մակերեսից միայն մի քանի ոտք էր ցածր։ Գերեզմանափորը բահով լցրեց հողը, ոտքերով թեթև հարթեց, բահը դրեց ուսին ու հեռացավ։ Նրան ուղեկցում էին տղաները բողոքի մեծ աղմուկ բարձրացնելով, որ զվարճությունը այդքան շուտ ավարտեց։
― Դե՛, վե՛ր կաց, բարեկամս, ― ասաց Բամբըլը՝ թեթև զարկելով տղամարդու մեջքին։ ― Ուզում են գերեզմանատունը փակել։
Մարդը, որ բոլորովին չէր շարժվել այն պահից ի վեր, երբ տեղավորվել էր գերեզմանի եզրին, ցնցվեց, գլուխը բարձրացրեց, ակնապիշ նայեց իր հետ խոսողին, մի քանի քայլ առաջացավ, ապա ուշագնաց ընկավ գետին։ Ցնորված պառավը այնքան սաստիկ էր զբաղված վերարկուի կորուստը ողբալով (դագաղագործը վերարկուն արդեն վերցրել էր նրանից), որ ժամանակ չուներ ուշադրություն դարձնել մարդուն։ Հետևաբար, մի թաս սառը ջուր լցրին վրան և երբ սթափվեց, գերեզմանատնից դուրս հանելով, դարպասը կողպեքով փակեցին, և ամեն մարդ գնաց իր ճամփով։
― Հը, Օլիվե՛ր, ― ասաց Սովերբերրին, երբ տուն էին վերադառնում, ― ինչպես է, հավանեցի՞ր։
― Բավականին, շնորհակալ եմ, տեր իմ, ― պատասխանեց Օլիվերը նկատելի վարանումով։ ― Այնքան էլ չհավանեցի, տեր իմ։
― Կսովորե՛ս․ Օլիվեր, ժամանակի ընթացքում կսովորե՛ս, ― ասաց Սովերբերրին։ ― Երբ վարժվես, ամեն ինչ բնական կդառնա։
Օլիվերը կուզենար իմանալ, թե արդյոք միստր Սովերբերրին էլ երկար ժամանակի՞ց վարժվեց դրան։ Բայց ավելի հարմար համարեց այդ հարցը չտալ և վերադարձավ խանութ, խորհրդածելով այն ամենի մասին, որ տեսել էր ու լսել։
Վեցերորդ գլուխ
Օլիվերը Նոայի անարգանքներից գրգռված անցնում է գործի և զարմացնում նրան։
Մի ամսվա փորձնական շրջանը անցնելուց հետո, դագաղագործը Օլիվերին պաշտոնապես վերցրեց իբրև մշտական ծառայող։ Ճիշտ այդ ժամանակ հունձը հրաշալի էր, քաղաքը լի էր համաճարակով։ Առևտրական լեզվով ասած՝ դագաղների մեծ պահանջ կար։ Ուստի մի քանի շաբաթվա ընթացքում Օլիվերը բավականաչափ փորձություն ձեռք բերեց։ Միստր Սովերբերրիի հեռատեսությունը այնպիսի մեծ հաջողությունների հասցրեց նրան, որ գերազանցեց իր բոլոր հույսերը։ Անգամ ամենածեր բնակիչները չէին հիշում որևէ ժամանակաշրջան, երբ կարմրուկը այսքան ահավոր կերպով սպառնար երեխաների գոյությանը։ Հետևաբար, անհամար էին սգո թափորները, որոնց գլխավորում էր փոքրիկ Օլիվերը։ Գլխարկին ամրացրած մինչև ծնկները հասնող մի սև ժապավեն, նա իր վրա էր հրավիրում քաղաքի բոլոր մայրերի ուշադրությունը, նրանց սրտերում առաջացնելով թե՛ հիացմունք և թե՛ հուզմունք։ Քանի որ կատարելագործված մեռելաթաղի համար հարկավոր էր ձեռք բերել ներվերին լրիվ տիրապետելու արվեստը, Օլիվերը իր տիրոջ հետ մասնակցում էր նաև մեծահասակների հուղարկավորություններին։ Այդ պատճառով նա շատ առիթներ ունեցավ նկատելու, որ կորովի և ուժեղ մարդիկ ինչպիսի մոտեցում էին ունենում կյանքի ծանր վշտերի ու անվերադարձ կորուստների նկատմամբ։
Օրինակ, երբ Սովերբերրին որևէ հարուստ լեդիի կամ ջենթլմենի թաղման պատվեր էր ստանում, մահացողի բազմաթիվ եղբորորդիներն ու զարմուհիները, որոնք դեռ երեկ իրենց հարազատի հիվանդության ընթացքում անմխիթար լինելով՝ իրենց վիշտը անգամ ամենամեծ բազմության մեջ չէին կարողացել զսպել, այսօր՝ թաղման օրը, իրար հետ խոսում էին այնքան զվարթ ու անտարբեր, ասես նրանց հանգիստը վրդովող ոչինչ չի պատահել։ Ամուսինները իրենց կանանց կորուտսը տանում էին հերոսական պաղարյունությամբ։ Կանայք նույնպես սգո շորեր հագնում էին ոչ թե ամուսինների մահը սգալու, այլ կարծես իրենց ավելի դուրեկան և գրավիչ դարձնելու ձգտումով։ Նկատելի էր նաև այն, որ շատ լեդիներ և ջենթլմեններ, որոնք թաղման արարողության ընթացքում հուզման տագնապալի նոպաներ էին ունենում, տուն հասնելիս գրեթե իսկույն հանդարտվում էին և իրենց թեյը խմում, ասես բոլորովին անվրդով։ Սրանք շատ հաճելի և խրախուսիչ երևույթներ էին Օլիվերի համար, և նա այդ բոլորը դիտում էր մեծ հիացմունքով։
Թեպետ ես նրա կենսագիրն եմ, այնուամենայնիվ չեմ կարող լրիվ չափով երաշխավորել, թե Օլիվերը այս բարի մարդկանց օրինակին հետևելով իր ճակատագրին համակերպվե՞ց թե ոչ, բայց կարող են որոշակի ասել, որ նա երկար ամիսներ խոնարհությամբ հանդուրժեց Նոա Քլեյփոլի ծաղր ու ծանակը և տիրական վերաբերմունքը։ Այժմ Նոան առաջվանից շատ ավելի էր տանջում նրան։ Նա հաշտվել չէր կարողանում այն մտքի հետ, որ Օլիվերը կարճ ժամանակում բարձրացել էր սև գավազանի ու ժապավենով գլխարկի պաշտոնին, մինչդեռ ինքր ավելի հին ծառայող լինելով՝ դեռևս մնում էր որբանոցի տափակ գլխարկով ու կաշվե տաբատով։ Շառլոթը նրան վատ էր վերաբերվում, որովհետև նրա հետ վատ էր վարվում Նոան, իսկ միսիս Սովերբերրին նրա երդվայլ թշնամին էր, որովհետև միստր Սովերբերրին լավ էր տրամադրված նրա հանդեպ։ Հետևաբար, մի կողմից՝ այս երեք անձերի և մյուս կողմից՝ հուղարկավորությունների առատության միջև Օլիվերի դրությունը բոլորովին էլ նախանձելի չէր։ Նա իրեն զգում էր այնպես, ինչպես գարեջրատան հացահատիկային ամբարում սխալմամբ փակված խոզը։
Այժմ Օլիվերի պատմության մեջ ես կսկսեմ արձանագրել մի շատ ուշագարավ իրադարձություն, որն առաջին հայացքից գուցե չնչին ու անկարևոր թվա, բայց որը անուղղակի կերպով էական փոփոխություն առաջացրեց նրա բոլոր հեռանկարների և ապագա գործերի մեջ։
Մի օր, ճաշի սովորական ժամին, Օլիվերը և Նոան իջել էին խահանոց, որ խնջույք անեն ոչխարի մսով (դա ֆունտ ու կես կշռող մի կտոր միս էր՝ ոչխարի վզի ամենավատ մասից), երբ Շառլոթին ինչ֊որ գործով դուրս կանչեցին։ Նոա Քլեյփոլը, որ առհասարակ նենգամիտ էր և այժմ էլ սոված, մտածեց, որ մինչև Շառլոթի վերադարձը փոքրիկ Օլիվեր Թվիստին ջղայնացնելն ու տանջելը լավագույն ժամանցը կլիներ իր համար։
Հետևաբար, իբրև այդ անմեղ զբաղմունքի նախերգանք, Նոան ոտքերը դրեց սեղանին, քաշեց Օլիվերի մազերը, ոլորեց ականջները, հայտնեց իր հեղինակավոր կարծիքը, թե Թվիստը «քծնող» է, խոսեց այն մասին, թե երբ նրան կախաղան բարձրացնելու ցանկալի դեպքը տեղի ունենա, ինքը, այսինքն՝ Նոա Քլեյփոլը, անպայման կգնա նրան տեսնելու, և բազմաթիվ ուրիշ վիրավորանքներ հասցրեց, որ կարելի է սպասել որբանոցի չարամիտ և փչացած տղայից։ Բայց երբ դրանցից ոչ մեկը ցանկալի արդյունքը չտվեց և չհարկադրեց Օլիվերին լաց լինել, Նոան փորձեց ավելի սուր բնույթ տալ իր անարգանքներին։ Նա նմանվեց այն գծուծ սրախոսներին, որոնք թեև իրենց մտային կարողությունների սահմանակությամբ շատ ավելի մեծ համբավ են վայելում, քան թե Նոան, այնուհանդերձ մինչև օրս էլ նույն ձևով են վերաբերվում, երբ ցանկանում են ծիծաղաշարժ լինել։ Նա դիպավ նրա անձնականին։
― Հե՜յ, ծխական լակոտ, ― ասաց Նոան, ― մայրդ ինչպե՞ս է։
― Նա մեռած է, ― պատասխանեց Օլիվերը, ― և նրա մասին չհամարձակվես ինձ որևէ բան ասել։
Խոսելիս Օլիվերը շառագունեց, շնչառությունը ծանրացավ, ռունգերն ու շուրթերը սկսեցին ջղաձգաբար դողալ, և միստր Քլեյփոլին թվաց, որ երեխայի այս հուզմունքին հաջորդելու է արցունքների սաստիկ տարափ։ Այդ տպավորության տակ նա հարձակումը վերսկսեց։
― Ինչի՞ց մահացավ, ծխակա՛ն լակոտ, ― հարցրեց նա։
― Ծանր վշտից, այդպես ասացին ինձ մեր պառավ բուժքույրերից մի քանիսը, ― պատասխանեց Օլիվերը, ավելի շուտ ինքն իր հետ խոսելով, քան թե Նոային պատասխանելով։ ― Կարծես ես գիտեմ, թե ինչ է նշանակում վշտից մահանալ։
― Տրա լա, լա, տրա լա, լա, ծխակա՛ն շուն, ― բացականչեց Նոան, երբ Օլիվերի այտից մի կաթիլ արցունք գլորվեց ցած։ ― Ո՞վ է ստիպել քեզ, որ լաց լինես։
― Համենայն դեպս, ոչ դու, ― պատասխանեց Օլիվերը՝ արագությամբ արցունքը սրբելով։ ― Քեզ մի՛ երևակաիր։
― Ոչ ե՞ս, իսկապե՞ս, ― ծաղրեց Նոան։
― Անշուշտ, ― կտրուկ պատասխանեց Օլիվերը։ ― Բավական է։ Ինձ այլևս ոչինչ չասես նրա մասին, իմացա՞ր։ Ավելի լավ է խուսափես։
― Խուսափե՞մ, հա՞, ― բացականչեց Նոան։ ― Այն էլ քո՛ մոր մասին խոսելուց խուսափե՞մ, ծխակա՛ն լակոտ, լրբություն մի՛ անի։ Հըմ, այն էլ քո՜ մայրը։ Կարծում ես քո մայրը շա՞տ կարգին բան էր։ Օ՜, տեր իմ աստված։ ― Եվ այստեղ Նոան բազմանշանակ օրորեց գլուխն ու ծամածռեց իր փոքրիկ կարմիր քիթը։
― Գիտե՞ս ինչ, ծխակա՛ն լակոտ, ― շարունակեց Նոան, Օլիվերի լռությունից քաջալերված։ Ապա կեղծ կարեկցության ամենազզվելի տոնով ասաց․ ― Գիտե՞ս ինչ․ ծխակա՛ն լակոտ, հիմա ի՞նչ կարող ես անել․ այն ժամանակ էլ ոչինչ չէիր կարող անել, դրա համար, իհարկե, բոլորս էլ ցավում ենք և քեզ շատ ենք խղճում, բայց դու պետք է իմանաս, ծխակա՛ն շուն, որ քո մայրը ընկած վարքի տեր կին էր։
― Ինչ ասացի՞ր, ― հարցրեց Օլիվերը ընդոստ վեր նայելով։
― Մի իսկական անբարոյական կին, ծխակա՛ն լակոտ, ― հանդարտ պատասխանեց Նոան։ ― Եվ շատ լավ եղավ, ծխակա՛ն լակոտ, որ նա հենց այն ժամանակ էլ մահացավ, այլապես գուցե այն աստիճան ընկներ, որ Բրայդվելում ենթարկվեր տաժանակիր աշխատանքի կամ աքսորվեր օվկիանոսից այն կողմ, կամ կախաղան բարձրանար, վերջինը կարծես ավելի հավանական է, քան մյուս երկուսը, այնպես չէ՞։
Օլիվերը կատաղոըթյունից շառագունած, վեր թռավ տեղից, սեղանն ոը աթոռը շուռ տվեց, բռնեց Նոայի կոկորդից և իր զայրույթի սաստկության մեջ այնպես ցնցեց նրան, որ նրա ատամները կրճտացին, և ամբողջ ուժերը կենտրոնացնելով մի հարվածի մեջ, նրան տապալեց հատակին։
Մի րոպե առաջ այդ տղան հանդուրժող, համբերատար և ընկճված մի արարած էր, լռությամբ ենթարկված ճակատագրի բոլոր դաժան խաղերին։ Բայց նրա հոգում վերջապես վճռական բեկում առաջացավ, և նրա ողջ էությունը ըմբոսատավ մոր հիշատակին հասցված անողոք վիրավորանքի դեմ։ Նա շնչում էր ծանր, մարմինը ձգված էր, նրա աչքերը փայլատակում էին, իսկ երբ նայեց երկչոտ տանջողին, որը այժմ կծկվել էր իր ոտքերի տակ, նա իր մեջ զգաց մի այնպիսի գերբնական ուժ, որ ամբողջ կյանքում չէր զգացել։
― Սա ինձ կսպանի, ― հեկեկաց Նոան։ ― Շառլո՜թ, միսի՛ս։ Այս նորեկ աշակերտն ուզում է ինձ սպանել։ Օգնեցե՜ք, օգնեցե՜ք։ Օլիվերը գժվել է։ Շառ֊լո՜թ։
Նոայի աղաղակներին արձագանքեցին Շառլոթի բարձր ճիչը, միսիս Սովերբերրիի ավելի բարձր գոռոցը։ Նրանցից առաջինը խոհանոց խուժեց կողքի դռնով, իսկ երկրորդը կանգնեց սանդուխքի գլխին, փոքր֊ինչ սպասեց և ներս գնաց միայն այն ժամանակ, երբ լրիվ համոզվեց, որ այնտեղ գնալով իր կյանքին որևէ բան չի սպառնում։
― Օ՜, դու փոքրիկ թշվառակա՛ն, ― ճչաց Շառլոտը՝ ամբողջ ուժով ցնցելով Օլիվերին, իսկ նրա ուժը համարյա հավասար էր բավականին զորավոր մի մարդու ուժի, որ հատկապես լավ մարզված է։ ― Ախ դու փոքրիկ ա֊պե֊րախտ, ար֊յու֊նար֊բու, ա֊հա֊վոր սրիկա։ ― Եվ ամեն մի վանկը արտասանելիս Շառլոթը ամբողջ ուժով հարվածում էր Օլիվերին, ուղեկցելով այն բարձրաձայն ճիչերով։
Շառլոթի բռունցը ամենևին էլ թեթև չէր, բայց մտածելով, որ թերևս այն բավական չէր գազազած Օլիվերի զայրույթը հանդարտեցնելու համար, միսիս Սովերբերրին խուճապով խոհանոց մտավ և մի ձեռքով ամուր բռնելով Օլիվերին՝ մյուսով սկսեց նրա երեսը ճանկռոտել։ Դրության այս բարեհաջող փոփոխման շնորհիվ, Նոան հատակից վեր բարձրացավ և սկսեց բռունցքներով հարվածել նրա մեջքին։
Այս կատաղի պայքարը երկար չտեևեց սակայն։ Երբ նրանք երեքն էլ բոլորովին ուժասպառ եղան և այլևս չկարողացան շարունակել ծեծն ու ճանկռտոցը, իսկ Օլիվերը դեռ գոռում, դիմադրում էր և չէր ընկճվում, նրան քարշ տալով տարան ներքև, դրեցին նկուղը և դուռը փակեցին վրան։ Ապա միսիս Սովերբերրին ընկավ մի աթոռի վրա և փղձկաց։
― Տե՜ր իմ աստված, նրա ուշքը գնում է․ ― ասաց Շառլոթը։ ― Մի բաժակ ջուր հասցրեք։ Նոա, անուշի՛կս, շտապի՛ր։
― Օ՜հ, Շառլո՜թ, Շառլո՜թ, ինչպիսի՜ բարեբախտություն էր, որ մեզ բոլորիս էլ մեր անկողինների մեջ չմորթեց։
― Իսկապես որ բարեբախտություն էր, տիկին, ― պատասխանեց Շառլոթը, ― ես միայն կհուսամ, որ այս դեպքը մեր տիրոջ համար լավ դաս կլինի, և նա սրանից հետո այլևս տանը այսպիսի ահավոր արարածներ չի պահի, արարածներ, որոնք իրենց օրոցքից արդեն մարդասպաններ և ավազակներ են։ Խե՜ղճ Նոա։ Նա համարյա թե մեռած էր, երբ ես ներս մտա։
― Խե՜ղճ մանչուկ, ― ասաց միսիս Սովերբերրին՝ կարեկցական մի ակնարկ նետելով որբանոցի տղայի վրա։
Նոան, որի բաճկոնի կոճակը հազիվ թե հավասարվեր Օլիվերի գլխի հետ, այս արգահատանքի արտահայտություններից հետո դաստակներով աչքերը տրորեց և ձևացրեց, թե լաց է լինում։
― Հիմա ի՞նչ անենք, ― բացականչեց միսիս Սովերբերրին։ ― Ձեր տերը տանը չէ, ոչ էլ ուրիշ որևէ տղամարդ կա տանը, իսկ նա տասը րոպեում կարող է այդ նկուղի դուռը խորտակել։
Օլիվերի ուժգին հարվածները դռան տախտակին հաստատում էին այս ենթադրության մեծ հավանականությունը։
― Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, ուղղակի չգիտեմ, թե ինչ պետք է արվի, ― ասաց Շառլոթը, ― միգուցե ոստիկանատո՞ւն իմաց տանք։
― Կամ թե զո՞րք կանչենք, ― առաջարկեց միստր Քլեյփոլը։
― Ո՛չ, ո՛չ, ― ասաց միսիս Սովերբերրին, հանկարծ հիշելով Օլիվերի հին բարեկամին։ ― Վազիր միստր Բամբլի մոտ, Նո՛ա։ Հայտնիր նրան, որ առանց մի րոպե կորցնելու գա մեզ մոտ։ Ոչի՛նչ, գլխարկդ մի վերցնի։ Շտապի՛ր, ճանապարհին վազելիս կարող ես վնասված աչքդ դանակով ծածկել։ Դա ուռուցքը կիջեցնի։
Նոան առանց որևէ պատասխան տալու, դուրս թռավ տանից և ամբողջ ուժով սկսեց վազել։ Անցորդները սաստիկ զարմանում էին տեսնելով մի գլխաբաց տղայի, որ ճեղքում էր խռնված փողոցները, աչքի վրա մի մեծ դանակ բռնած։
Յոթերորդ գլուխ
Օլիվերը շարունակում է իր կամակորությունները
Նոա Քլեյփոլը փողոցներով վազելով՝ արագությամբ հասավ աղքատանոց։ Դարպասի առաջ փոքր֊ինչ հանգստանալուց հետո, նա դեմքին տվեց չափազանց ահաբեկված արտահայտություն և մեծ ուժգնությամբ ծեծեց դուռը։ Բաց անող ծերունին աղքատանոցի ամենահին բնակիչներից էր։ Իր ամբողջ կյանքի ընթացքում, նա միայն ողբալի դեմքեր էր տեսել, բայց նա Քլեյփոլի վշտահար դեմքից շփոթված՝ ընկրկեց։
― Ի՞նչ է պատահել տղային, ― հարց տվեց ծերունին այլայլվելով։
― Միստր Բա՜մբըլ, միստր Բա՜մբլ, ― աղեխարշ աղաղակեց Նոան, հաջողությամբ կատարելով իր դերը։
Միստր Բամբըլը, որը պատահաբար մոտերքումն էր, ոչ միայն լսեց այս ձայները, այլև այնքան վրդովվեց, որ բակ խուժեց առանց իր եռանկյուն գլխարկի․ զարմանալի և ուշագրավ մի երևույթ, որը ցույց է տալիս, թե անգամ բիդլը հանկարծակի և ուժեղ հուզմունքի ազդեցության տակ մի րոպե կարող է կորցնել իր պաղարյունությունը և մոռանալ անձնական արժանապատվությունը։
― Օ՜հ, միստր Բամբըլ, տեր իմ, ― ասաց Նոան, ― Օլիվե՜րը, տեր իմ, Օլիվե՜րը այնպիսի․․․
― Ի՞նչ է, ի՞նչ է պատահել, ― ընդհատեց միստր Բամբըլը, ― որի սառն աչքերում ուրախության կայծեր ցոլացին։ ― Մի՞թե փախել է։ Մի՞թե նա փախել է, Նոա։
― Ո՛չ, տեր իմ, չի փախել, նա չի փախել, տեր իմ։ Նա ուղղակի կատաղել է, պատասխանեց Նոան։ ― Նա փորձեց սպանել ինձ, ինձ տեր իմ, հետո նա փորձեց սպանել Շառլոթին, հետո տանտիրուհուն, տեր իմ։ Օ՜հ, որքա՜ն սաստիկ է ցավում․ այնպես տանջալի է, գիտե՞ք, տեր իմ։ Ապա նա մարմինը օձի նման գալարեց, կծկեց, զանազան այլանդակ ձևեր ընդունեց և հաջող կերպով տպավորեց միստր Բամբըլին, որ Օլիվերի վայրագությունների պատճառով իր ներքին օրգանները մեծապես վնասվել են և որ ինքը այդ րոպեին տառապում է սուր ու անտանելի ցավերից։
Երբ Նոան տեսավ, որ միստր Բամբըլը իր հաղորդաց տեղեկությունից բացարձակապես շշմեց, տպավորությունը ավելի խորացնելու համար սկսեց սաստիկ լաց լինել, և երբ տեսավ, որ բակով անցնում էր սպիտակ բաճկոնով ինչ֊որ ջենթլմեն, նրա ողբն ու կոծը ավելի սրտառուչ դարձավ։ Նա իրավամբ ըմբռնեց, որ մեծապես պատշաճ կլիներ վերոհիշյլ ջենթլմենի ուշադրությունը գրավել իր վրա և նրա զայրույթը գրգռել։
Եվ արդարև, այդ բանը անմիջապես գրավեց ջենթլմենի ուշադրությունը, նա հազիվ էր երեք քայլ հեռացել, երբ շուռ եկավ և զայրացած հարցրեց, թե այդ շան լակոտը ինչո՞ւ է կաղկանձում և միստր Բամբըլը ինչո՞ւ չի ծեծում նրան այնպես, որ ձևական ոռնոցը փոխվի իրական լացի։
― Որբանոցի աղքատ տղաներից է, սըր, որին համարյա սպանել է փոքրիկ Թվիստը, ― ասաց միստր Բամբըլը։
― Ո՜վ աստվածներ, ― բացականչեց սպիտակ բաճկոնով ջենտլմենը ընդոստ կանգ առնելով։ ― Ես այդպես էլ գիտեի։ Ես հենց սզբից էլ զարմանալիորեն նախազգում էի, որ այդ հանդուգն փոքրիկ վայրենին մի օր անպայման կախաղան կբարձրանա։
― Նա փորձել է սպանել նաև սպասուհուն, սըր, ― ասաց միստր Բամբըլը, բոլորովին այլայլված դեմքով։
― Եվ տիրուհուն, ― միջամտեց միստեր Քլեյփոլը։
― Նաև իր տիրո՞ջը, կարծեմ դու այդպես ասացիր, Նոա, ― ավելացրեց միստր Բամբըլը։
― Ո՛չ, նա տանը չէ, այլապես նրան էլ սպանած կլիներ, ― պատասխանեց Նոան։ Թվիստն ասաց, որ այդպիսի ցանկություն ուներ։
― Ինչպե՞ս, ասաց որ այդպիսի ցանկությո՞ւն ուներ, ― հարցրեց սպիտակ բաճկոնով ջենթլմենը։
― Այո՛, տեր իմ, ― պատասխանեց Նոան։ ― Եվ խնդրում եմ, տեր իմ, տիրուհին ուզում է իմանալ, թե արդյոք միստր Բամբըլը չի՞ կարող, իր սուղ ժամանակից մի քանի րոպե տրամադրելով, անմիջապես գալ այնտեղ և խարազանել նրան, քանի որ միստր Սովերբերրին բացակայում է տանից։
― Իհա՜րկե, տղաս, իհա՜րկե, ― ասաց սպիտակ բաճկոնով ջենթլմենը՝ բարեհամբույր ժպտալով և շոյելով Նոայի գլուխը, որն իր գլխից մոտավորապես երեք մատնաչափ բարձր էր։ ― Դու լա՜վ տղա ես։ Դու շա՝տ լավ տղա ես։ Առ քեզ մի պեննի։ Բամբըլ, գավազանդ վերցրու և շտապ գնա Սովերբերրիների մոտ։ Տե՛ս, ինչ֊որ պետք է արա՛։ Չխնայես, Բամբըլ։
― Ո՛չ, չեմ խնայի, սըր, ― պատասխանեց բիդըլը գավազանի ծայրին ամրացնելով այն մոմած թելը, որով խարազանում էր ծխական հանցավորեներին։
― Սովերբերրրիին ասա, թող նա էլ չխնայի։ Նրա հետ ոչինչ չի կարելի անել առանց մտրակի գործածության և առանց գլուխ ջարդելու, ― ասաց սպիտակ բաճկոնով ջենթլմենը։
― Դուք անհոգ կացեք, ես ամեն ինչ կարգի կբերեմ, ― պատասխանեց բիդըլը։
Ապա գավազանը հանդիսավոր կերպով վերցրեց, եռանկյունի գլխարկը ըստ պատշաճի դրեց գլխին և Նոա Քլեյփոլի հետ շտապեց դագաղագործի խանութը։
Այստեղ իրերի դրությունը չէր բարելավվել։ Սովերբերրին դեռևս տուն չէր վերադարձել, իսկ Օլիվերը նույն ուժգնությամբ շարունակում էր ոտքով հարվածել նկուղի դռանը։ Միսիս Սովերբերրին ու Շառլոթը այնպիսի վառ գույներով ներկայացրեցին նրա «գազանաբարո» վերաբերմունքը, որ միստր Բամբըլը ապշեց և խոհեմություն համարեց, նախքան դուռը բացելը, դրսից բանակցել տղայի հետ։ Հետևաբար, իբրև նախաբան, նա ոտքի մի հարցած իջեցրեց դռանը և բերանը մոտեցնելով բանալու անցքին՝ խոր և տպավորիչ տոնով ասաց․
― Օլիվե՛ր։
― Դե՛, ինձ ազատ արձակեք, ― պատասխանեց Օլիվերը ներսից։
― Գիտե՞ս թե ով է խոսում քեզ հետ, Օլիվեր, ― ասաց միստր Բամբըլը։
― Ո՛չ, ― ասաց Օլիվերը համարձակորեն։
Պատասխանը շշմեցուցիչ էր։ Դա բոլորովին նման չէր այն խոսքերին, որ միստր Բամբըլի ականջները առհասարակ սովոր էին լսել։
Նա բանալու անցքից հանդիսավոր կերպով հեռացավ, մարմինը ձգեց, գլուխը բարձրացրեց և լուռ զարմանքով նայեց մյուս երեքին։
― Օ՜հ, գիտե՛ք, միստր Բամբըլ, երևի նա խելագարվել է, ― ասաց միսիս Սովերբերին։ ― Անգամ նրանից նվազ խելք ունեցող որևէ տղա չէր համարձակվի գոնե ձեա հետ այդ ձևով խոսել։
― Դա խելագարություն չէ, տիկի՛ն, ― պատասխանեց միստր Բամբըլը, մի քանի րոպե խորհրդածելուց հետո։ ― Դա մսից է։
― Ի՞նչ է, ― բացականչեց միսիս Սովերբերրին։
― Մի՛ս, տիկին, միս, ― պատասխանեց Բամբըլը խստությամբ։ ― Դուք չափազանց եք կերակրել նրան, տիկին, զուր նրա մեջ կերտել եք մի կեղծ սիրտ և արվեստական հոգի, որ վայել չէ նրա վիճակի մարդուն։ Եվ հանձնաժողովի անդամները, միսիս Սովերբերրի, որոնք գործնական փիլիսոփաներ են, կհաստատեն այդ ճշմարտությունը։ Աղքատներն ի՞նչ գործ ունեն սրտի կամ հոգու հետ։ Այն էլ բավական է, որ նրանց թույլատրում են ապրել։ Եթե տղային կերակրեիք միայն խաշիլով, տիկին, այս դեպքը չէր պատահի։
― Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, ― բացականչեց միսիս Սովերբերրին, աչքերը բարեպաշտորեն հարելով խոհանոցի առաստաղին։ ― Ահա՛ թե ինչ է նշանակում առատաձեռն լինել։
Ի՜նչ խոսք, որ Օլիվերի նկատմամբ միսիս Սովերբերրին չափազանց առատաձեռն էր եղել։ Նա տղայի համար անխնա շռայլել էր իրենց ճաշի ավելցուկները, որ ուրիշները չէին ուտում։ Հետևաբար, նա լռելյայն և հեզահամբյուր կերպով ընդունեց միստր Բամբըլի ծանր մեղադրանքը, մինչդեռ նա բոլորովին անմեղ էր այդ հարցում։
― Ա՜հ, ― ասաց միստր Բամբըլը, երբ լեդին հայացքը նորից իջեցրեց գետնին․ ― իմ կարծիքով այժմ կարելի է միայն մի բան անել։ Մի քանի օր պետք է նրան թողնել նկուղում, քաղցած պահել, ապա նկուղից դուրս բերելուց հետո, նրա աշակերտության ամբողջ շրջանում, միմիայն խաշիլով կերակրել։ Նա վատ ընտանիքում է ծնվել։ Դրանք դյուրագրգիռ մարդիկ են, միսիս Սովերբերրի, դյուրագրգիռ։ Թե՛ հիվանդապահ քույրը, թե բժիշկը ասացին, որ նրա մայրը այնպիսի դժվարություններ է տեսել և այնքան է տառապել մինչև այստեղ հասնելը, որ անգամ որևէ առողջ կին չէր կարողանա տոկալ այդ բոլորին և շաբաթներ առաջ կմահանար։
Օլիվերը միստր Բամբըլի այդ խոսակցության միջոցին, հանկարծ լսելով ինչ֊որ նոր ակնկալություն իր մոր հասցեին, այնքան ուժգին թափով վերսկսեց ոտքի հարվածները, որ բոլոր ձայները խեղդվեցին այդ աղմուկի մեջ։ Այս ճգնաժամային պահին Սովերբերրին վերադարձավ տուն։ Լեդիները գիտեին, թե ինչպես կարելի էր դագաղագործի զայրույթը առավելագույն չափով գրգռել․ հետևաբար Օլիվերի կատարած հանցագործության մասին պատմեցին այնպիսի ծայրահեղ չափազանցություններով և խեղաթյուրումներով, որ միստր Սովերբերրին մի ակնթարթում նկուղի դուռը բաց արեց և իր ըմբոստ աշակերտի օձիքից բռնելով՝ դուրս քաշեց։
Օլիվերի հագուստները ծեծից պատառոտվել էին, դեմքը ճանկռոտվել էր ու կապտել, մազերը ցրիվ էին եկել ճակատի վրա։ Այսուհանդերձ, երբ նրան դուրս բերեցին իր բանտից, զայրույթի արտահայտությունը դեռ մնում էր նրա շառագունած դեմքին․ նա Նոայի վրա մի ցասումնալի հայացք նետեց և անվախ նայեց նրան։
― Խոսք չկա, լավ տղա ես երևում, այնպես չէ՞, ― ասաց Սովերբերրին՝ սաստիկ ցնցելով նրան և բռունցքի ուժեղ մի հարված իջեցնելով նրա ականջին։
― Մորս անպատվեց, ― պատասխանեց Օլիվերը։
― Հետո ի՜նչ, ապերախտ թշվառական, ― վրա տվեց միսիս Սովերբերրին, ― քո մայրը արժանի էր այդ նախատական խոսքերին, նույնիսկ ավելի վատ խոսքերի էր արժանի։
― Ո՛չ, արժանի չէր, ― ասաց Օլիվերը։
― Այո, արժանի էր,― ասաց միսիս Սովերբերրին։
― Ճիշտ չէ, ― գոչեց Օլիվերը։
Միսիս Սովերբերրին փղձկաց։
Նրա արցունքները վճռական դեր խաղացին միստր Սովերբերրիի որոշման մեջ։ Տղան պետք է իսկույն պատժվեր, հակառակ դեպքում, ինչպես հայտնի է փորձառու ընթերցողին, ամուսնական այդ կարգի վեճերում ընդունված սովորության համաձայն, նա կհամարվեր անտարբեր, անզգա, քարսիրտ մի ամուսին, մարդկային կոչումին անարժան, ստոր մի արարած և զանազան շատ հաճելի բարեմասնություններ, որոնք հնարավոր չէ պարփակել այս գլխի սահմաններում։ Չնայած այն բանին, որ միստր Սովերբերրիի հեղինակությունը սահմանափակ էր տան մեջ, այնուամենայնիվ, հանուն արդարությանը պետք է ասել, որ իր իրավասությունների ներած չափով նա լավ էր տրամադրված տղայի հանդեպ։ Դա գուցե, նրանից էր, որ իր շահը այդպես էր պահանջում, գուցե և այն պատճառով, որ միսիս Սովերբերրին հակակրում էր նրան։ Բայց այժմ ուրիշ ելք չկար․ խուսափելը անհնարին էր․ տղան պետք է անպայման պատժվեր։ Հետևաբար, դագաղագործն այնպես սաստիկ գանակոծեց նրան, որ անգամ միսիս Սովերբերրին գոհ մնաց դրանից և միստր Բամբըլի ծխական գավազանի կիրառումը ավելորդ համարվեց։ Օրվա մնացած մասը Օլիվերը արգելափակված մնաց խոհանոցում, մի շերտ հացի ու ջրհանի կողքին։ Գիշերը միսիս Սովերբերրին դռան առաջ դարձյալ նախատական խոսքեր ուղղեց նրա մոր հասցեին, ապա սենյակ մտնելով հրամայեց գնալ վերև ու պառկել․ Օլիվերը լուռ հնազանդվեց և Նոայի ու Շառլոթի ծաղրական քրքիջների տակ բարձրացավ վերև։
Եվ ահա այստեղ, դագաղագործի մռայլ խանութի լռության մեջ մեն֊մենակ մնալով, Օլիվերը տեղի տվեց իր զգացումների ուժեղ հորձանքին, որ ցերեկվա այդ դաժան վարմունքից հետո կարող էին զարթնել նույնիսկ մանկան հոգում։ Նրանց անարգանքները նա լսել էր արհամարհանքով․ նրանց մտրակի հարվածներին դիմացել անտրտունջ, որովետև նրա սիրտը այնպիսի հպարտությամբ էր համակված, որ նա իրեն թույլ չէր տվել անգամ մի ճիչ արձակել։ Բայց այժմ, իր խցի զարհուրելի մենության մեջ, երեխան ծունկի եկավ հատակին, երկու ձեռքերով երեսը ծածկեց և սկսեց դառնորեն արտասվել։ Թող աստված, ի սեր մարդկության պատվի, խնայի նման անմեղ արարածներին այդքան վաղ հասակում այդքան դառնություն ճաշակելուց։
Օլիվերը երկար ժամանակ անշարժ մնաց այս դիրքում։ Մոմը համարյա սպառվել էր մոմակալում, երբ նա վեր կացավ, զզնող հայացքով դիտեց շուրջը, լարված ուշադրությամբ ականջ դրեց, ապա անաղմուկ բանալով դռան փականքը՝ դուրս նայեց։
Ցուրտ, խավար գիշեր էր։ Տղային այնպես թվաց, որ երկնակամարում պսպղացող աստղերը երբեք այդքան հեռու չէին եղել երկրից։ Քամի չկար․ գետնին ուրվագծված ծառերի մռայլ ստվերները մահասարսուռ տեսք ունեին։ Նա դուռը դարձյալ կամացուկ ծածկեց, մոմի սպառվող լույսի տակ թաշկինակի մեջ ծրարեց իր ունեցած մի քանի իրերը, հետո նստելով նստարանին՝ սպասեց լույսի բացվելուն։
Երբ արշալույսի առաջին շողերը փեղկերի արանքից ներս թափանցեցին, Օլիվերը վեր կացավ և դուռը դարձյալ բացեց։ Նա երկչոտ նայեց շուրջը, մի րոպե վարանեց, ապա դուռը ծածկեց և դուրս եկավ։
Նա նայեց ճամփի աջ ու ձախ կողմերը, չիմանալով ուր փախչել։ Հիշեց, թե սայլերը ինչպես էին բլուրն ի վեր համրընթաց բարձրանում։ Ինքը ևս գնաց այդ ուղղությամբ, և դաշտերի մեջ հասնելով մի արահետի, որը, ինչպես նա գիտեր, որոշ տարածությունից հետո միանում էր գլխավոր ճանապարհին, արագ քայլերով շարունակեց առաջ գնալ։
Օլիվերը որքա՜ն լավ էր հիշում այդ արահետը։ Ագարակից աղքատանոց փոխադրվելիս ինչպիսի՜ շնչասպառությամբ էր նա վազել միստր Բամբըլի կողքից։ Այժմ հենց այդտեղից էլ պետք է անցներ։ Սիրտը սկսեց ուժգին բաբախել, երբ մտածեց այդ մասին։ Նույնիսկ մի պահ որոշեց հետ դառնալ, բայց երկար էր քայլել և շատ ժամանակ կկորցներ ճանապարհը փոխելով։ Բացի այդ, վաղ առավոտ էր, և հազիվ թե նկատեին իրեն, հետևավար նա շարունակեց իր ճամփան։
Աղքատանոցի այս բաժանմունքը հասնելիս, նա ոչ ոքի չտեսավ դրսում։ Ըստ երևույթին, դրա բնակիչները դեռևս քնած էին։ Օլիվերը, կանգ առնելով, պարտեզից գաղտագողի ներս նայեց։ Ինչ֊որ երեխա ածուներից մեկի մոլախոտերն էր մաքրում։ Երբ նա իր դժգույն դեմքը մի րոպե վեր բարձրացրեց, Օլիվերը նկատեց, որ այդ իր նախկին ընկերներից մեկն էր։ Օլիվերն ուրախացավ գնալուց առաջ նրան տեսնելով, որովհետև չնայած նա իրենից փոքր էր, բայց եղել էր իր բարեկամն ու խաղընկերը։ Նրանք շատ անգամ միասին խարազանվել էին, միասին սոված էին մնացել և միասին արգելափակվել։
― Կամա՜ց, Դիկ, ― շշնջաց Օլիվերը, երբ տղան վազեց դեպի դուռը և նրան ողջունելու համար բազրիքների արանքից իր նիհար ձեռքը դուրս երկարեց։ ― Որևէ մեկը զարթնե՞լ է։
― Ո՛չ ոք, բացի ինձնից, ― պատասխանեց երեխան։
― Ոչ մեկը չպետք է իմանա, որ ինձ տեսել ես, Դիկ, ― ասաց Օլիվերը։ ― Ես փախչում եմ։ Նրանք ինձ ծեծում են, Դիկ։ Նրանք ինձ հետ վատ են վարվում, և ես գնում եմ իմ բախտը որոնելու մի հեռավոր վայրում։ Չգիտեմ, թե ուր։ Որքա՜ն գունատ ես։
― Ես լսեցի, թե ինչպես բժիշկը նրանց ասաց, որ ես շուտով կմեռնեմ, ― պատասխանեց երեխան դժգույն ժպիտով։ ― Անչափ ուրախ եմ, որ քեզ տեսա սիրելիս։ Բայց հեռացի՛ր, շտապ հեռացի՛ր այստեղից։
― Ո՛չ, ես պետք է մնաս բարով ասեմ քեզ, ― պատասխանեց Օլիվերը։ ― Ես քեզ դարձյալ կտեսնեմ, Դիկ, անպայման կտեսնեմ։ Սյն ժամանակ դու հանգիստ ու երջանիկ կլինես։
― Հույս ունեմ, որ երջանիկ կլինեմ, ― պատասխանեց երեխան։ ― Մահից հետո, անշուշտ, երջանիկ կլինեմ։ Գիտեմ, որ բժշկի ասածը ճիշտ է, Օլիվեր, որովհետև երազումս այնքան հաճախ եմ տեսնում երկինք, հրեշտակներ և բարի դեմքեր, որ արթուն ժամանակ երբեք չեմ տեսնում։ Համբուրիր ինձ, ― ասաց երեխան և ցածր դարպասից վերև մագլցելով՝ իր փոքրիկ բազուկներով փաթաթվեց Օլիվերի վզին։ ― Գնա՜ս բարով, սիրելիս։ Աստված քեզ հետ։
Մանկական անմեղ շուրթերից դուրս եկած այս օրհնությունը առաջինն էր, որ հայցվում էր Օլիվերի համար, և նա իր հետագա կյանքի բոլոր զրկանքների ու մաքառումների, նեղությունների ու փոփոխությունների ընթացքում երբեք չմոռացավ։
Ութերորդ գլուխ
Օլիվերը գնում է Լոնդոն։ Ճանապարհին նա հանդիպում է մի տարօրինակ փոքրիկ ջենթլմենի։
Բավական ճանապարհ անցնելուց հետո արահետը վերջացավ, և Օլիվերը նորից դուրս եկավ կենտրոնական պողոտա։ Արդեն ժամը ութն էր։ Թեպետ նա հինգ մղոն հեռացել էր քաղաքից, այնուամենայնիվ շարունակում էր վազել։ Վախենում էր, որ կարող են հետապնդել իրեն և հետ դարձնել։ Վերջապես, մի մղոնաքարի կողքին նստեց ու առաջին անգամ սկսեց մտածել, թե ուր պետք է գնա և որտեղ պետք է ապրի։
Այսպես խորհրդածելիս Օլիվեր Թվիստի հայացքը հանկարծ հանդիպեց մղոնաքարի վրա խոշոր տառերով գրված մի տեղեկության, այն մասին, թե այդտեղից մինչև Լոնդոն յոթանասուն մղոն է։ Քաղաքի անունը երեխայի մտաքում արթնացրեց մտքերի մի նոր շարան։ Լոնդոն․ մե՜ծ, հսկա՜ քաղաք։ Ոչ ոք, նույնիսկ միստր Բամբըլը, չէր կարող նրան այնտեղ գտնել։ Հաճախ աղքատանոցի ծերունիներից լսել էր, որ խելացի երեխաները երբեք թշվառության չեն մատնվի Լոնդոնում։ Այդ հսկա քաղաքում ապրուստի այնպիսի միջոցներ կային, որ նրանք, ովքեր ապրել են գավառներում, երևակայել անգամ չեն կարող։ Անտուն ու անտեր մի տղայի համար այդ մեծ քաղաքը միակ փրկությունն էր, այլապես նա անպայման կմեռներ փողոցում, եթե օգնություն չհասներ։ Այս մտքերով տարված՝ նա հանկարծ վեր թռավ տեղից և նորից ճանապարհ ընկավ։
Լոնդոնի և իր միջև եղած տարածությունը ևս չորս մղոնով նվազել էր, երբ հիշեց, թե որքան դժվարությունների պետք է հանդիպի մինչև տեղ հասնելը։ Այս նկատառումներից ճնշված, նա քայլերը դանդաղեցրեց և սկսեց մտածել, թե ինչ միջոցներով կարող է հասնել իր նպատակին։ Կապոցում ուներ մի կտոր հաց, մի հնամաշ շապիկ և երկու զույգ կարկատած գուլպա։ Գրպանում ուներ նաև մի պեննի՝ Սովերբերրիի նվերը, որ նա ստացել էր ինչ֊որ հուղարկավորության ժամանակ իր պաշտոնը արտակարգ լավ կատարելու համար։ «Մի մաքուր շապիկ ունենալը մեծ սփոփանք է», մտածեց Օլիվերը, «ինչպես նաև երկու զույգ կարկատած գուլպա և մի պեննի ունենալը, բայց դրանք ոչնչով չեն օգնի վաթսունհինգ մղոն ճանապարհ կտրելու համար, այն էլ ձմռանը»։ Սակայն շատ մարդկանց նման Օլիվերի միտքը ևս հակամետ էր դժվարություններ թվարկելու, քան դրանք հաղթահարելու համար որևէ գործնական միջոցի մասին մտածելու։ Հետևաբար, բավական երկար և ապարդյուն խորհրդածելուց հետո, փոքրիկ կապոցը մեկ ուսից մյուսը տեղափոխեց և շարունակեց առաջ գնալ։
Այդ օրը Օլիվերը քսան մղոն ճանապարհ անցավ և ամբողջ ժամանակ ոչինչ չտարավ բերանը, բացի այդ մի կտոր չոր հացից, որ ուներ կապոցում, և մի քանի ումպ ջրից, որ խնդրել էր ճամփեզրյա խրճիչների բնակիչներից։ Երբ գիշերը վրա հասավ, նա սողոսկեց մարգագետնում գտնվող ծղոտի մի դեզի տակ և որոշեց մինչև առավոտ մնալ այնտեղ։ Սկզբում նա սարսափեց, որովհետև քամին թախծոտ վայնասունով հեծեծում էր ամայի դաշտերում, ցուրտն ու քաղցը տանջում էին նրան․ նա երբեք իրեն այդքան միայնակ չէր զգացել։ Այնուամենայնիվ, չափազանց հոգնած լինելով, նա շուտով քնեց՝ մոռանալով իր տառապանքները։
Առավոտյան երբ զարթնեց, մարմինը ցրտից փայտացել և անզգայացել էր, որ առաջին իսկ պատահած գյուղում ստիպված եղավ իր ունեցած պեննին փոխանակել մի կտոր հացի հետ։ Դեռ տաներկու մղոն չէր անցել, երբ նորից մութն ընկավ։ Նրա ոտների վրա ուռուցքներ էին առաջացել, և սրունքները ուժասպառությունից դողդողում էին։
Ցուրտ ու խոնավ դաշտում մի գիշեր և անցկացնելուց հետո նրա դրությունը ավելի վատթարացավ։ Հաջորդ առավոտ, երբ ճանապարհ ընկավ հազիվ էր քարշ գալիս։
Մի սեպաձև բլրի ստորոտում նա մի կառք տեսավ, որի ուղևորներից ողորմություն խնդրեց։ Բայց շատ քչերն ուշք դարձրին նրան, և այն քչերն էլ առաջարկեցին, որ նա սպասեր մինչև իրենք կհասնեին բլրի գագաթը, ապա ինքը վազելով կհավասարվեր նրանց կառքին ու կստանար կես պեննի պարգև։ Խեղճ Օլիվերը ճիգ արեց հետ չմնալ կառքից, բայց ուժը չպատեց, որովհետև շատ հոգնած էր և ոտքերը ցավում էին։ Ուղևորները այդ բանը նկատելով, կես պեննիները հետ դրին իրենց գրպանները, նրան անվանելով ծույլ շան լակոտ, որ արժանի չէ ոչ մի պարգևի։ Եվ կառքը աղմուկով հեռացավ՝ իր հետև թողնելով փոշու մի ամպ միայն։
Որոշ գյուղերում ամրացված էին գունավոր հսկա ցուցանակներ՝ զգուշացնելով բոլորին, որ այդ շրջանում մուրացողը բանտ կնետվի։ Օլիվերը դրանից շատ էր վախենում և շտապում էր հեռանալ այդ վայրերից։ Մի շարք այլ գյուղերում նա կանգնում էր պանդոկների առաջ, աղերսալի հայացքներ նետելով անցորդների վրա, իսկ դրա հետևանքը ընդհանրապես լինում էր այն, որ պանդոկի տիրուհին հրամայում էր ծառայողներից որևէ մեկին՝ վտարել այդ տարօրինակ տղային, քանի որ նա համոզված էր, թե սա այնտեղ եկած կլիներ անպայման գողության համար։ Երբ օգնության համար դիմում էր որևէ ագարակատիրոջ տուն, տասից ինը դեպքերում սպառնում էին շներ արձակել նրա վրա, և երբ քիթը խոթում էր որևէ մի խանութից ներս, նրանք խոսում էին բիդըլի մասին, իսկ դա Օլիվերին այնպիսի սարսափ էր պատճառում, որ նա իսկույն չքանում էր այդտեղից։
Արդարև, եթե չլիներ մի բարեսիրտ պահակ և մի մարդասեր պառավ լեդի, Օլիվերի տանջանքները վերջ կգտնեին ճիշտ այնպես, ինչպես իր մոր տանջանքներն էին վերացել։ Այլ խոսքով, նա արքայական մեծ ճանապարհին անպայման մահացած կլիներ։ Բայց պահակը նրան մի քիչ հաց ու պանիր տվեց, իսկ պառավ լեդին, որը չգիտես աշխարհի որ ծայրամասում նավաբեկությունից ազատված, ոտաբոբիկ թափառող մի թոռ ուներ, գթաց անտեր որբուկին և, չնայած այն բանին, որ ինքը ևս շատ համեստ պայմաններում էր ապրում, մեծապես օգնեց և խրախուսեց նրան։ Պառավ լեդիի սփոփիչ խոսքերը և կարեկցական արցունքները ավելի խոր հուզեցին նրա հոգին, քան թե այն բոլոր տառապանքները ու վշտերը, որ նա կրել էր մինչ այդ։
Իր ծննդավայրից հեռանալու յոթերորդ օրն էր, երբ Օլիվերը կաղեկաղ, հազիվ քարշ գալով, առավոտ վաղ մտավ Բարնետ կոչված փոքրիկ քաղաքը։ Լուսամուտների փեղկերը դեռևս փակ էին, իսկ փողոցները ամայի։ Կյանքի առօրյան դեռ չէր սկսվել։ Արևը հորիզոնից բարձրանում էր իր ամբողջ շքեղությամբ, բայց նրա լույսը տղայի լքված ու ողորմելի վիճակը ավելի բացահայտ դարձրեց, մինչ նա արյունածոր և փոշեթաթախ ոտքերով նստել էր մի տան շեմքին։
Փեղկերը աստիճանաբար բացվեվին․ երթևեկությունն սկսվեց։ Անցորդներից ոմանք կանգ առան և մի քանի րոպե սևեռուն նայեցին Օլիվերին, կամ շտապ անցնելիս շուռ եկան, հարևանցիորեն նայեցին ու հեռացան․ բայց ոչ ոք չսփոփեց նրան և կամ նեղություն չքաշեց հարցնելու, թե ինչպես է նա այդտեղ եկել։ Մուրալու տրամադրություն չուներ ու այդպես էլ անշարժ մնաց իր տեղում։
Օլիվերը, աստիճանների վրա այսպես կուչ եկած, անփութորեն իր շուրջն էր դիտում, զարմանալով, թե որքան շատ գինետներ կային այս քաղաքում (Բարնետում յուրաքանչյուր տանը հաջորդում է մեծ կամ փոքր մի գինետուն), և ապշած մտածելով այն մասին, թե փողոցում հանգիստ երթևեկող կառքերը ինչպես կարող էին ընդամենը մի քանի ժամում կտրել֊անցնել այն տարածությունը, որ մանկական քայլերով ինքը հազիվ էր գլուխ բերել յոթ տանջալի օրվա ընթացքում, ի հայտ բերելով իր տարիքին անհամապատասխան վճռականություն և գերբնական ուժ, երբ հանկարծ նրա ուշադրությունը գրավեց մի տղա, որ մի քանի րոպե առաջ իր մոտով անտարբեր անցած լինելով, այժմ նորից վերադարձել և դեմի մայթից ուշի ուշով իրեն էր հետևում։ Սկզբում նա շատ մեծ նշանակություն չտվեց դրան, բայց տղան այնքան երկար ու սևեռուն նայեց, որ Օլիվերը գլուխը բարձրացրեց և ինքն էլ փոխադարձաբար, սևեռուն նայեց նրան։ Սրա վրա տղան անցավ այս կողմը և մոտենալով Օլիվերին՝ ասաց․
― Բարև, ա՛յ տղա, ի՞նչ դժբախտություն է պատահել քեզ։
Այս հարցը տվող փոքրիկ տղան գրեթե հասակակից էր նրան, բայց այնքան տարօրինակ տեսք ուներ, որ Օլիվերը կյանքում չէր հանդիպել այդպիսի մեկին։ Նրա քիթը տափակ էր, ճակատը լայն, ընդհանուր տեսքը համարյա գռեհիկ և չափազանց կեղտոտ, այնուամենայնիվ, նա ուներ հարուստ մարդու շարժուձև։ Տարիքի համեմատ հասակը կարճ էր, ոտքերը աղեղնաձև էին, աչքերը մանր, տգեղ ու ծակող։ Գլխարկը գլխի վրա այնքան թեթև էր գրված, որ ամեն րոպե անպայման վայր կընկներ, եթե նրա տերը չունենար գլուխը ճարպկությամբ ցնցելու մի յուրահատուկ ձև, որը դարձյալ նախկին տեղն էր բերում գլխարկը։ Նա հագել էր մեծ մարդու պիջակ, որը համարյա կրունկներին էր հասնում։ Թեղանիքները մինչև արմունկը ծալված էին, ըստ երևույթին, ձեռքերը թավշկա տաբատի գրպանների մեջ ավելի ազատ խրելու հետին նպատակով, քանի որ նա իր ձեռքերը միշտ գրպաններում էր պահում։ Կարճ ասած՝ թեթևամիտ, սնապարծ և հոխորտացող մի փոքրիկ ջեմթլմեն էր նա, և նրա հասակը, իր կիսամաշ կոշիկներով մեկտեղ, հասնում էր միայն չորս ոտք ու վեց մատնաչափ բարձրության։
― Բարև, ա՛յ տղա, ի՞նչ դժաբխտություն է պատահել քեզ, ― հարցրեց այդ տարօրինակ փոքրիկ ջենթլմենը Օլիվերին։
― Ես շատ քաղցած եմ և հոգնած, ― պատասխամեց Օլիվերը։ Խոսելիս նրա աչքերում արցունքի լճեր գոյացան։ ― Շատ երկար ճանապարհ եմ քայլել։ Յոթ օր է, որ քայլում եմ։
― Յոթ օր է, որ քայլո՜ւմ ես, ― ասաց փոքրիկ ջենթլմենը։ ― Օ՜հ, հասկացա։ Կտուցի հրամանով, հա՞։ Բայց ― ավելացրեց՝ նկատելով Օլիվերի շշմած հայացքը, ― երևի չես էլ իմանա, թե ինչ բան է կտուցը, իմ թափառաշրջիկ ընկեր։
Օլիվերը հեզությամբ պատասխանեց, թե որքան ինքը գիտե, խոսքը թռչունի բերանի մասին է, որին կտուց են ասում։
― Օ՜յ, աստվա՜ծ իմ, ինչպիսի՜ խակություն, ― բացականչեց փոքրիկ ջենթլմենը։ ― Լսի՛ր, ուրեմն, կտուցը դատավորեն է, իսկ երբ կտուցի հրամանով ես շարժվում, գնում ես ոչ թե ուղիղ առաջ, այլ միշտ դեպի վեր։ Միշտ դեպի օղակն ես բարձրանում և երբեք ներքև չես իջնում։ Անիվի վրա եղե՞լ ես։
― Ի՞նչ անիվ, ― հարցրեց Օլիվերը։
― Ւնչ անի՞վ․ այն անիվը, որ շատ քիչ տեղ է գրավում և կարող է նույնիսկ քարե սափորի մեջ պտտվել։ Այդ անիվը լավ է աշխատում այն ժամանակ, երբ մարդիկ վատ են ապրում, քանի որ լավ ապրելու դեպքում, անիվի համար աշխատող ձեռքեր չեն ճարվի։ Բայց լսի՛ր, ― շարունակեց փոքրիկ ջենթլմենը, ― քեզ կերակրել է հարկավոր, և դու կկերակրվես։ Ինքս էլ այս րոպեիս ծանծաղուտում եմ, միայն մի շիլլինգ ու կես պեննի կա մոտս, բայց քանի որ բանը այդտեղ հասավ, ոչինչ, ես քսակս շռայլորեն բաց կանեմ քեզ համար։ Ապա՛, վե՛ր կաց տեսնեմ։ Ա՛՛յ, այդպես։ Դե՛, շարժվիր։
Փոքրիկ ջենթլմենը Օլիվերին օգնեց որ վեր կենա, և նրան տարավ մոտակա նպարեղենի խանութը, որտեղ նա գնեց բավականաչափ երշիկ և կես նկանակ հաց։ Զարմանալի հնարքով նկանակի միջուկից մի մասը դուրս քաշեց և փոշուց պահպանելու նպատակով երշիկը տեղավորեց գոյացած խոռոչի մեջ։ Հետո հացը առնելով իր թևի տակ, նրան առաջնորդեց փոքրիկ գինետներից մեկի առանձնասենյակը։ Այստեղ, խորհրդավոր պատանու կարգադրությամբ, մի բաժակ գարեջուր բերվեց, և Օլիվերը, անսալով իր նոր ընկերոջ հրահանգին, կերավ իր առաջ դրված ուտելիքը։ Մինչ նա ագահորեն լափում էր հացն ու երշիկը, տարօրինակ տղան մերթ ընդ մերթ զննող հայացքով դիտում էր նրան։
― Լոնդո՞ն ես գնում, ― ասաց տարօրինակ տղան, երբ Օլիվերը վերջապես ճաշն ավարտեց։
― Այո՛։
― Ապրելու տեղ ունե՞ս։
― Չունեմ։
― Դրա՞մ։
― Չունեմ։
Տարօրինակ տղան սուլեց և ձեռքերը խրեց գրպանները այնքան, ինչքան պիջակի թևքերը թույլատրում էին անել այդ։
― Դու Լոնդոնո՞ւմ ես ապրում, ― հարցրեց Օլիվերը։
― Տանը լինելու դեպքում, այո՛, ― պատասխանեց տղան։ ― Երևի այս գիշեր կցանկանայիր քնելու տեղ ունենալ, այդպես չէ՞։
― Այն էլ ինչպե՜ս, ― պատասխանեց Օլիվերը։ ― Գյուղից դուրս եկած օրից դեռևս ծածկի տակ քնած չկամ։
― Դրա համար արժե՞ լաց լինել, ― ասաց փոքրիկ ջենթլմենը։ ― Ես այս գիշեր պետք է անպայման Լոնդոնում լինեմ․ այնտեղ ես ճանաչում եմ մի հարգելի ծեր ջենթլմենի, որը քեզ ձրի օթևան կտրամադրի և փոխարենը ոչինչ չի պահանջի, իհարկե, եթե նրա մոտիկ մարդկանցից մեկը ծանոթացնի քեզ։ Իսկ նա մի՞թե ինձ չի ճանաչում։ Իհարկե՛ ոչ։ Բոլորովի՛ն ոչ։ Անշո՛ւշտ ոչ։
Փոքրիկ ջենթլմենը ժպտաց, կարծես ակնարկելու համար, թե զրույցի վերջին մասը զվարթ հեգնանք էր, և գարեջրի մնացորդն ըմպեց։
Պատսպարանի այդ անսպասելի առաջարկը այնքան հրապուրիչ էր, որ մերժելը սնմտություն կլիներ, մանավանդ, երբ այս առաջարկին անմիջապես հաջորդեց այն վստահեցուցիչ պարագան, թե հիշյալ ծերունի ջենթլմենը Օլիվերին իսկույն կապահովեր նաև համապատասխան աշխատանքով։ Սույն խոսակցությունը աստիճանաբար ստացավ ավելի ընկերական, մտերիմ բնույթ, որի ընթացքում Օլիվերը իմացավ, որ իր բարեկամի անունը Ջեկ Դոքինզ էր, և որ նա վերոհիշյալ ջենթլմենի սերն ու համակրանքն էր վայելում։
Միստր Դոքինզի արտաքին երևույթից դատելով կարելի էր մտածել, թե նրա խնամակալը գուցե այնքան էլ մեծ հոգածություն չէր ցուցաբերում իր պաշտպանյալների նկատմամբ։ Բայց, քանի որ տղան բավականին թեթևաբարո և սանձարձակ խոսելակերպ ուներ և երդվում էր, որ իր մտերիմ ընկերների շրջապատում ավելի շատ ճանաչված էր «Հնարամիտ Ստահակ» կեղծանունով, Օլիվերը եզրակացրեց, որ այդպիսի շվայտ ու անպատասխանատու նկարագրի տեր մեկի հանդեպ ցույց տրված խնամքները իզուր էին շռայլված։ Այս տպավորության տակ նա ներքուստ որոշեց հնարավոր եղածի չափ կարճ ժամանակում ծեր ջենթլմենի նպաստավոր կարծիքին արժանանալ։ Եվ եթե գտներ, որ Ստահակը անուղղելի էր, որը ավելի քան հավանական էր, այդ դեպքում նրա հետ իր ծանոթությունը շարունակելու պատվից միանգամ ընդմիշտ կհրաժարվեր։
Քանի որ Ջեկ Դոքինզը համաձայն չէր, որ գիշերը վրա հասնելուց առաջ Լոնդոն մտնեին, ուստի գրեթե ժամը տասնմեկն էր, երբ հասան Այլինգտոնի ուղեփակը։ Հետո «Հրեշտակ»֊ից անցնելով մտան Սուրբ Ջոնսի պողոտան, այնտեղից ինչ֊որ նեղ փողոցով դուրս եկան Սետլերս Ուելս թատրոնի մոտ, ապա անցան Էքսմաուտ փողոցն ու Քափիս Րովը և հասան ինչ֊որ աղքատանոցի թաղ։ Այնտեղից նրանք ուղղվեցին դեպի այն թաղամասը, որը ժամանակին Հոկլի֊ին֊տը֊հոլլ անունն էր կրում։ Այնուհետև Փոքրիկ Սաֆրոնի բլուրով հասան Մեծ Սաֆրոնի բլուրը․ այստեղ Ստահակը արագացրեց իր քայլերը և հրահանգեց Օլիվերին կրնկակոխ հետևել իրեն։
Չնայած Օլիվերի ուշադրությունը կենտրոնացած էր իր առաջնորդի վրա, այնուամենայնիվ, ճանապարհին նա մերթ ընդ մերթ թռուցիկ ակնարկներ էր նետում շուրջը։ Դրանից ավելի կեղտոտ և ավելի թշվառ վայր նա երբեք տեսած չկար։ Փողոցը շատ նեղ էր․ցեխոտ, և օդը հագեցած գարշահոտություններով։ Թաղամասում կային բազմաթիվ փոքր խանութներ, բայց առևտրի ապրանքը կարծես միայն անթիվ ու անհամար երեխաներնեին, որոնք, նույնիսկ գիշերվա այդ ժամին, տներից ներս ու դուրս էին սողոսկում, կամ թե ճիչեր էին արձակում ներսից։ Այս ընդհանուր քաոսային տեսարանաում բարգավաճ տեսք ունեցող միակ վայրերը գինետներն էին, որտեղ իռլանդացի ամենաընկած դասակարգի մարդիկ իրենց ամբողջ ուժով բանավիճում ու հակաճառում էին։ Գլխավոր պողոտայից ճյուղավորվող ճամփաների և ծածկված բակերի արանքից երևում էին բազմաթիվ տներ, որտեղ հարբած կանայք և տղամարդիկ ուղղակի թավալվում էին կեղտի մեջ։ Որոշ տներից զգուշությամբ դուրս էիմ գալիս հաղթանդամ, վատ արտաքինով մարդիկ, որոնք, ըստ երևույթին, այնքան էլ բարի նպատակներ չէին հետապնդում։
Այս բոլորը այնքան վատ ազդեցին Օլիվերի վրա, որ նա սկսեց մտածել, թե արդյոք ավելի լավ չէ՞ր լինի, եթե փախչեր, երբ նրանք հասան բլրի ստորոտը։ Նրա առաջնորդը տղայի թևից բռնեց, հրելով բաց արավ մի դուռ Ֆիլս Լեյնի մոտ և նրան ներս քաշելով՝ դուռը իր հետևից ծածկեց։
― Ո՞վ է, ― Ստահակի սուլոցին ի պատախան լսվեց մի ձայն ներքևից։
― Սրիկայություն և հաջողություն, ― եղավ պատասխանը։
Ըստ երևույթին, սա ինչ֊որ պայմանական խոսք կամ նշանաբան էր, որ հայտնում էր, թե ամեն ինչ կարգին է, քանի որ միջանցքի հեռավոր ծայրում, պատի վրա մի աղոտ մոմի լույս պլպլաց, և խոհանոց տանող հին սանդուղքի կոտրած բազրիքի հետևից մի տղամարդու գլուխ երկարեց դուրս։
― Տեսնում եմ երկուսով եք, ― ասաց մարդը, ճրագը բարձրացնելով և ձեռքով աչքը ստվերելով։ ― Այդ մյուսն ո՞վ է։
― Մի նոր ընկեր է, ― պատասխանեց Ջեկ Դոքինզը, Օլիվերին առաջ հրելով։
― Որտեղի՞ց է եկել։
― Դեռահասների երկրից։ Ֆեգինը վերևո՞ւմ է։
― Այո՛, թաշկինակներն է ջոկում։ Դե՛, գնացե՛ք վերև։
Եվ ճրագն ու գլուխը անհայտացան։
Օլիվերը, մի ձեռքով մթության մեջ խարխափելով, մյուսով իր ուղեկցի ձեռքից ամուր բռնած, մեծ դժվարությամբ բարձրացավ մութ ու ջարդված սանդուղքներով։ Իսկ իր առաջնորդը, հեշտությամբ բարձրանալով, ցույց տվեց, որ լավ ծանոթ էր շրջապատին։ Ապա բաց արավ տան հետևի մասում գտնվող ինչ֊որ սենյակի դուռը և Օլիվերին քաշեց ներս։
Սենյակի պատերն ու ձեղունը կեղտի և հնության պատճառով ամբողջապես սևացել էին։ Բուխարու առաջ կար եղևնու փայտից մի սեղան, որի վրա դրված էին գարեջրի շշի բերանին կպցրած մի մոմ, երկու֊երեք կլայեկած թաս, մի նկանակ հաց, կարագ և մի ափսե։ Տապակի մեջ, որ առասանով ամրացրած էր բուխարուն, տապակվում էին մի քանի երշիկ։ Պատառաքաղը ձեռքին, բուխարու մոտ ճաշի պատրաստմանը հետևում էր շատ ծեր, զառամյալ մի Հրեա, որի գարշելի ու սրիկայական դեմքն սքողված էր շիկակարմիր ու թնճկոտած մազերի զանգվածով։ Նա հագել էր բամբակյա, ճարպակուր մի սենեկազգեստ, և այնպես էր երևում, որ նրա ուշադրությունը բաժանված էր տապակի ու ինչ֊որ կախիչի միջև, որի վրա մեծ թվով մետաքսյա թաշկինակներ կային։ Հին պարկերից պատրաստված մի քանի կոշտ խշտյակներ անխնամ գցված էին հատակին՝ իրար կողք կողքի։ Սեղանի շուրջը Ստահակին համարյա հասակակից չորս֊հինգ տղա նստած ծխում էին կավե երկար ծխամորճերից և խմում էին միջին տարիքի մարդկանց հատուկ լրջությամբ։ Նրանք բոլորը հավաքվեցին իրենց ընկերոջ շուրջը, երբ նա ինչ֊որ բաներ փսփսաց Հրեայի ականջին, ապա շուռ գալով՝ նշանակալից ժպտացին Օլիվերին։ Նույն արեց նաև Հրեան, պատառաքաղը ձեռքին։
― Ահա իմ ընկերը, Օլիվեր Թվիստը, Ֆեգին, ― ասաց Ջեկ Դոքինզը։
Հրեան նորից բազմանշանակ ժպտաց, խոր գլուխ տվեց Օլիվերին և սեղմելով նրա ձեռքը՝ հույս հայտնեց, որ շուտով նրա հետ ավելի մոտիկից ծանոթանալու պատվին կարժանանա։
Փոքրիկ ջենթլմենները՝ ծխամորճները բերաններին բոլորվեցին նրա շուրջը և ամուր սեղմեցին նրա երկու ձեռքերը, մանավանդ այն ձեռքը, որ կապոցն էր բռնել։ Փոքրիկ ջենթլմեններից մեկը օգնելու մեծ պատրաստականությամբ կախեց նրա կեպին, իսկ մեկ ուրիշը, առավել հոգատարություն ցուցաբերելով, ձեռքերը խրեց նրա գրպանները դատարկելու տաղտուկից։ Այդ քաղաքավարի վերաբերմունքը կարող էր դեռ երկար շարունակվել, եթե Հրեան ձեռքի պատառաքաղով չխփեր այդ փոքրիկ ջենթլմենների գլուխներին և ուսերին, ազդարարելով նրանց վերջ տալ այդ հյուրասիրությանը։
― Մենք շատ ուրախ ենք, որ ծանոթացանք քեզ հետ, Օլիվեր, չափազանց ուրախ, ― ասաց Հրեան։ ― Ստահակ, երշիկները վերցրու և կրակին մոտ Օլիվերի համար մի տաշտ դիր։ Ա՛հ, աչքերդ թաշկինակներին ես հառել, սիրելիս։ Բավական շատ են, չէ՞։ Մենք հենց նոր ենք ջոկել դրանք և պատրաստել լվացքի համար։ Ահա և բոլորը, Օլիվեր։ Ահա և բոլորը։ Հա՛, հա՛, հա՛։
Ճառի այս վերջին մասում զվարթ ջենտլմենի խոստումնալից աշակերտները ցնծագին աղաղակներ բարձրացրին և ուրախ տրամադրությամբ գնացին ընթրելու։
Օլիվերը կերավ իր բաժին ճաշը, այնուհետև Հրեան մի բաժակ ջրախառն տաք ջին տվեց նրան և ասաց, որ պետք է իսկույն խմել, քանի որ ընպանակը հարյավոր էր նաև մի ուրիշ ջենթլմենի։ Օլիվերը ենթարկվեց հրամանին։ Դրանից անմիջապես հետո նա տարտամորեն զգաց, որ իրեն պառկեցրին խշտյակներից մեկի վրա, ապա սուզվեց խոր քնի մեջ։
Իններորդ գլուխ
Որտեղ ընթեցողը ավելի մոտիկից է ծանոթանում հաճելի ծերունի ջենթլմենի և նրա խոստումնալից աշակերտների հետ
Հաջորդ առավոտ, երբ Օլիվերը զարթնեց խոր ու երկարատև քնից, արևը վաղուց արդեն ծագել էր։ Տանը ոչ ոք չկար բացի ծեր Հրեայից, որը սրճամանը կրակի վրա դրած՝ նախաճաշի համար սուրճ էր պատրաստում։ Նա երկաթյա գդալով խառնում էր սուրճը և մեղմորեն սուլում ինչ֊որ եղանակ։ Այդ բոլորի ընթացքում, սակայն, նա երբեմն կանգ էր առնում, լարում էր լսողությունը և, երբ ներքևից որևէ անհանգստացնող աղմուկ չէր լսում, հանդարտվելով շարունակում էր իր զբաղմունքը։
Չնայած Օլիվերը զարթնել էր, այնուամենայնիվ գտնվում էր այն անրջային վիճակում, երբ մարդ գրեթե անգիտակ է իր շուրջը կատարվածին, և մի քանի րոպեում երազում է այնքան, որքան չէր երազի, եթե նույնիսկ հինգ երկար գիշեր քնած լիներ կատարյալ անզգայության մեջ։ Նման պահերին մահկանացուն հազիվ թե կարողանա գիտակցել իր մտքի գործունեությունը և պատկերացում ունենա նրա զորության մասին, թե նա ինչպես, ազատվելով մարմնական կաշկանդումից և արհամարհելով ժամանակ ու տարածություն, դուրս է սլանում երկրի սահմաններից։
Ահա մոտավորապես այդ վիճակումն էր Օլիվերը այդ պահին։ Նա Հրեային տեսնում էր կիսափակ աչքերով, լսում էր նրա ցածրաձայն շվշվոցը և սրճամանի կողերին խփվող գդալի չխկչխկոցը, բայց միևնույն ժամանակ նրա միտքը զբաղված էր վերհիշելով բոլոր այն մարդկանց, որ նա երբևէ ճանաչել էր։
Երբ սուրճը պատրաստվեց, Հրեան սրճամանը կրակի վրայից վերցրեց, մի քանի րոպե անվճռական դիրքով կանգնեց, կարծես չիմանալով ինչ անել, ապա շուռ եկավ, Օլիվերին նայեց և ձայն տվեց նրան։ Տղան չպատասխանեց։ Ըստ երևույթին քնած էր։
Երբ համոզվեց, որ քնած է, Հրեան անշշուկ գնաց դեպի դուռը և փականքով ամրացրեց։ Ապա նա, ինչպես թվաց Օլիվերին հատակի վրա գտնվող ինչ֊որ գաղտնի բացվածքից մի արկղիկ դուրս քաշելով՝ զգուշությամբ դրեց սեղանի վրա։ Հրեայի աչքերը փայլեցին, երբ բաց արավ արկղիկի կափարիչը և մեջը նայեց։ Մի հին աթոռ քաշելով սեղանի մոտ՝ նստեց ու միջից վերցրեց մի հրաշալի ոսկե ժամացույց, որ պսպղում էր ադամանդներից։
― Աա՜, ― ասաց Հրեան՝ ուսերը թոթվելով և ամբողջ դեմքը զարհուրելի մի ժպիտով ծամածռելով։ ― Ճարպի՛կ շներ, ճարպի՛կ շներ։ Մինչև վերջ հավատարիմ։ Այդպես էլ նրանք ծեր կղերականին չասացին, թե որտեղ էին այս գոհարեղենները։ Երբեք չմատնեցին ծերունի Ֆեգինին։ ― Եվ ինչո՞ւ պետք է մատնեին։ Հո կախաղանի օղակը չէր թուլանալու նրանց վզի շուրջը, կամ մահապատիժը չէր կանխվելու։ Իհա՛րկե ոչ։ Հրաշալի՜ տղաներ, հրաշալի՜ տղաներ։
Այսպես քրթմնջալով, Հրեան ժամացույցը դրեց իր տեղը ու նույն արկղիկից դուրս բերեց վեց այլ ժամացույցներ և նույն ագահությամբ և հաճույքով զննեց դրանք։ Ժամացույցներից բացի, նա արկղից առանձին առանձին դուրս բերեց խիստ թանկարժեք, պսպղուն քարերով մատանիներ, զարդասեղներ, ապարանջաններ և այլ զանազան զարդեղեններ, որոնք բոլորը հմտորեն պատրաստված արվեստի նմուշներ էին, և որոնց անունն անգամ Օլիվերը երբեք լսած չկար։
Այդ բոլորը վերստին արկղիկի մեջ տեղավորելուց հետո Հրեան հանեց մի ուրիշ զարդ, այնքան փոքրիկ, որ տեղավորվում էր բռի մեջ։ Դրա վրա ինչ֊որ մանրատառ մակագրություն կար, որովհետև Հրեան զարդը դրեց սեղանին և ձեռքով ստվերելով՝ ուշադրությամբ երկար զննեց։ Ի վերջո թաքցրեց և ինքնագոհ հենվեց աթոռին ու քրթմնջաց․
Ի՜նչ հրաշալի բան է գլխատելը։ Մեռած մարդիկ երբե՛ք չեն զգում, մեռածները երբե՛ք երևան չեն հանում տգեղ պատմություններ։ Ա՜հ, որքա՜ն հրաշալի է մահապատիժը այս արհեստի համար։ Բոլոր հինգն էլ մի գծի վրա շարվեցին․ ոչ մեկը կենդանի չմնաց որպեսզի մեղսակիցներին մատնի։
Հրեան իր սև, փայլուն աչքերով սևեռուն մի կետի էր նայում։ Այդ բառերն ասելիս նրա հայացքը հանկարծ ընկավ Օլիվերի դեմքին։ Տղան լուռ զարմանքով և լարված ուշադրությամբ իրեն էր հետևում։ Չնայած հայացքների փոխանակումը տևեց միայն մի ակնթարթ, այնուամենայնիվ, դա բավական էր Հրեային համոզելու, որ իրեն նկատել են։ Նա չխկոցով փակեց արկղի կափարիչը և սեղանի վրայից վերցնելով հացի դանակը՝ մոլեգնած վեր թռավ տեղից։ Այսուհանդերձ, սաստիկ դողում էր, քանի որ Օլիվերը, հակառակ իր սարսափած վիճակին, տեսավ, թե դանակը ինչպես էր երերում նրա ձեռքի մեջ։
― Սա ի՞նչ բան է, ― գոռաց Հրեան։ ― Ինչո՞ւ ես ինձ դարանում։ Ինչո՞ւ ես զարթնել։ Ի՞նչ ես տեսել։ Խոսի՛ր, լակո՛տ։ Շո՛ւտ արա, խոսի՛ր, եթե կյանքը թանկ է քեզ համար։
― Այլևս չէի կարող քնել, տեր իմ, ― պատասխանեց Օլիվերը հեզորեն։ ― Ներեցեք ինձ, եթե ձեզ անհանգստացրել եմ։
― Հո մի ժամ առաջ արթուն չէիր, ― կատաղած գոռաց հրեան։
― Ո՛չ, ո՛չ, արթուն չէի, ― պատասխանեց Օլիվերը։
― Իսկապե՞ս, ― սպառնալից որոտաց Հրեան, առաջվանից ավելի կատաղի մոլուցքով։
― Երդվում եմ, տեր իմ, ― պատասխանեց Օլիվերը թախանձանքով։ ― Իսկապես արթնացած չէի, տեր իմ։
― Լա՛վ, լա՛վ, սիրելիս, ― ասաց Հրեան միանգամից, երբ իր նախկին խոսելակերպին վերադառնալով և դանակի հետ փոքր֊ինչ խաղալուց հետո՝ դրեց սեղանին, ասես կամենալով ստեղծել այն տպավորությունը, թե իբր կատակի համար էր վերցրել։ ― Անշուշտ, ես գիտեմ, սիրելիս։ Ես միայն փորձեցի վախեցնել քեզ։ Դո՛ւ քաջ տղա ես։ Հա՜, հա՛, դու քաջ տղա ես, Օլիվեր։ ― Հրեան քրքջալով ձեռքերը շփեց իրար, այնուամենայնիվ անհանգստությամբ նայեց արկղին։
― Այս գեղեցիկ բաներից որևէ մեկը տեսա՞ր, սիրելիս, ― փոքր վարանումից հետո ձեռքը արկղի վրա դնելով ասաց Հրեան։
― Այո, տեր իմ, ― պատասխանեց Օլիվերը։
Ա՜հ, ― ասաց Հրեան գունատվելով։ Դրանք, դրանք իմն են, Օլիվեր, իմ փոքր հարստությունը։ Իմ ծերության տարիների միակ ապավենը։ Մարդիկ ինձ ագահ են անվանում, միայն ագահ և ուրիշ ոչինչ։
Օլիվերը եզրակացրեց, որ ծերունի ջենթլմենը իրոք պետք է ագահ լիներ, որպեսզի այդքան ժամացույցներ ունենալով հանդերձ, բնակվեր այդքան կեղտոտ մի վայրում։ Բայց մտածելով, որ գուցե Ստահակի և մյուս տղաների նկատմամբ նրա ունեցած հոգատարությունը բավական մեծ ծախսերի հետ է կապված, պարզապես ակնածալից նայեց նրան և հարցրեց, թե արդյոք չի՞ կարելի վեր կենալ։
― Իհարկե կարելի է, սիրելիս, ― պատասխանեց ծերունի ջենթլմենը։ ― Դռան հետևի անկյունում ջրամանը լիքը ջուր կա։ Բեր այստեղ, սիրելիս, ես քեզ աման կտամ՝ մեջը կլավցվես։
Օլիվերը վեր կացավ, գնաց սենյակի մյուս ծայրը և կռացավ, որ ջրամանը բարձրացնի։ Երբ շուռ եկավ, արկղը արդեն անհետացել էր։
Նա հազիվ էր լվացվել, կարգի էր բերել ամեն ինչ և Հրեայի ցուցումով ջուրը լուսամուտից դուրս թափել, երբ Ստահակը վերադարձավ։ Նրան ընկերակցում էր մի շատ աշխույժ երիտասարդ, որին Օլիվերը նախորդ երեկո տեսել էր ծխելիս, և որին այժմ պաշտոնապես ներկայացրին իրեն Չարլի Բեյթս անունով։ Սուրճն արդեն պատրաստ լինելով, Ստահակը դուրս հանեց գլխարկի մեջ դրած տաք հացն ու երշիկը, որ իր հետ էր բերել, և նրանք չորսով նստեցին նախաճաշելու։
― Ուրեմն, ― ասաց Հրեան, խորամանկ մի հայացք նետելով Օլիվերի կողմը և խոսքն ուղղելով Ստահակին, ― հույս ունեմ, որ դուք այս առավոտ լավ աշխատեցիք, սիրելիներս։
― Այն էլ ինչպե՜ս, ― պատասխանեց Ստահակը։
― Սատանաների պես, ― ավելացրեց Չարլի Բեյթսը։
― Հրաշալի տղաներ եք, հրաշալի տղաներ, ― ասաց Հրեան։ ― Դու ի՞նչ ես բերել, Ստահակ։
― Երկու դրամապանակ, ― պատասխանեց փոքրիկ ջենթլմենը։
― Լի՞քն են, ― հարցրեց Հրեան անձկությամբ։
― Բավականին, ― պատասխանեց Ստահակը, Ֆեգինին հանձնելով երկու դրամապանակ, որոնցից մեկը կանաչ էր, մյուսը՝ կարմիր։
― Կարող էին ավելի ծանր լինել, ― ասաց Հրեան մեջն ուշադիր զննելուց հետո, բայց շատ կոկիկ ու խնամքով են պատրաստված։ Հմուտ արհեստավորի գործ է, այնպես չէ՞, Օլիվեր։
― Շատ հմուտ, ― պատասխանեց Օլիվերը։
― Իսկ դո՞ւ ինչ ես բերել, սիրելիս, ― դիմեց Ֆեգինը Չարլզ Բեյթսին։
― Սրբիչներ, ― պատասխանեց Բեյթսը գրպանից չորս թաշկինակ հանելով։
― Վատ չէ, ― ասաց Հրեան դրանց մանրազնին նայելուց հետո, ― շատ ընտիր թաշկինակներ են, շա՜տ։ Միայն թե տառերը լավ չեն գործված, Չարլի, հետևաբար, հարկավոր է ասեղով քանդել դրանք։ Մենք Օլիվերին կսովորեցնենք թե ինչպես պետք է անել։ Լսիր, Օլիվե՛ր, ուզո՞ւմ ես սովորել։ Հա՛, հա՛, հա՛։
― Ձեր կամքն է, տեր իմ, ― ասաց Օլիվերը։
― Կցանկանայի՞ր Չարլի Բեյթսի նման հեշտությամբ թաշկինակ սարքելու ձևն իմանալ, սիրելիս, ― հարցրեց Հրեան։
― Մեծ հաճույքով, սըր, եթե միայն դուք ցույց տայիք, թե ինչպես են սարքում, ― պատասխանեց Օլիվերը։
Այս պատասխանը Բեյթսին այնքան զվարճալի թվաց, որ նա դարձյալ քրքրջաց, որի հետևանքով չկարողացավ սուրճը կուլ տալ և քիչ էր մնում խեղդվեր։
― Աստվա՜ծ իմ, նա դեռ որքան խակ է, ― իր անքաղաքավարի վարմունքը արդարացնելու համար ասաց Չարլին, երբ մի քիչ հանգստացավ։
Ստահակը ոչինչ չասաց․ նա միայն Օլիվերի մազերը շոյեց այնպես, որ ընկան նրա աչքերի վրա, և ավելացրեց, որ ժամանակի ընթացքում ավելի փորձառու կդառնա։ Ապա ծեր ջենթլմենը, տեսնելով, որ Օլիվերը շիկնում է, նյութը փոխեց՝ հարցնելով, թե գլխատմանը շա՞տ բազմություն կար այս առավոտ։ Այդ բանը Օլիվերին ավելի զարմանք պատճառեց, որովհետև տղաների պատասխաններից պարզ երևում էր, որ երկուսն էլ այնտեղ էին եղել, և նա ավելի ու ավելի զարմացավ, թե նրանք ինչպես էին հնարավորություն ունեցել այդքան կարճ ժամանակվա ընթացքում այդքան շատ գործ տեսնել։
Երբ նախաճաշը վերջացավ, զվարթ ծեր ջենթլմենը, և երկու տղաները մի շատ հետաքրքիր ու անսովոր խաղ ցուցադրեցին, որը կատարվեց հետևյալ ձևով։ Զվարթ ծեր ջենթլմենը տաբատի մի գրպանը քթախոտի մի տուփ դրեց, մյուս գրպանը՝ մի ծոցատետր, բաճկոնի գրպանը՝ մի ժամացույց, որի շխթան վզից էր կախված, շապկի կրծքին ամրացրեց կեղծ֊ադամանդյա մի զարդասեղ, ապա վերարկուն լավ կոճկելուց և ակնոցի տուփն ու թաշկինակը վերարկուի գրպաններում տեղավորելուց հետո, գավազանը ձեռքին սկսեց սենյակի մի ծայրից մյուսը ճեմել, նման այն ծերունի ջենթլմեններին, որոնց օրվա բոլոր ժամերին կարելի է տեսնել փողոցներում շրջագայելիս։ Նա կանգ էր առնում մեկ բուխարու և մերթ դռան մոտ, ձևացնելով թե բոլորովին տարված է ցուցափեղկերը դիտելով։ Այդ դիրքում նա շարունակ շուրջն էր նայում, իբր թե գողերից զգուշանալով և գրպանները առանձին֊առանձին շոշափում, ստուգելու, թե արդյոք ոչինչ չի՞ կորցրել։ Նա այս բոլորը անում էր այնքան բնական ու միաժամանակ այնքան զվարճալի ձևով, որ Օլիվերը ծիծաղից թուլացավ, և աչքերից արցունքներ հոսեցին։
Ամբողջ ժամանակ երկու տղաները նրան շատ մոտիկից էին հետևում և ամեն անգամ, երբ նա շրջվում էր, այնքան ճարպկությամբ անհայտանում էին, որ անկարելի էր նրանց շարժումներին հետևել։ Վերջապես, Ստահակը, իբր թե պատահաբար, նրա ոտքը կոխեց, մինչ Չարլի Բեյթսը ձևացրեց, թե նրա վրա ընկավ, և հենց այդ մի րոպեի ընթացքում շշմեցուցիչ արագությամբ նրանք Հրեայից վերցրին քթախոտի տուփը, ծոցատետրը, ժամացույցը, շղթան, զարդասեղը, թաշկինակը, և նույնիսկ ակնոցի տուփը։ Եթե ծեր ջենթլմենը զգում էր, թե որևէ ձեռք մտել էր գրպաններից մեկնումեկը, նա բարձրաձայն ասում էր, թե որ գրպանն է, և խաղը վերսկսվում էր։
Երբ այդ խաղն արդեն բազմիցս կրկնվել էր, փոքրիկ ջենթլմեններին այցելության եկան երկու լեդիներ, որոնցից մեկը կոչվում էր Բեթ, իսկ մյուսը՝ Նենսի։ Այս լեդիները ճոխ մազեր ունեին, թեպետ ոչ այնքան կոկիկ սանրվածք, և հագած էին կեղտոտ կոշիկներ ու գուլպաներ։ Նրանք գուցե շատ գեղեցիկ չէին, բայց նրանց այտերի գույնը բավականաչափ վառ էր։ Երկուսն էլ կենսախինդ աղջիկներ էին երևում, և նրանց չափազանց անկաշկանդ շարժուձևերից ու խոսելու հաճելի եղանակից Օլիվերը եզրակացրեց, որ նրաք հաճելի աղջիկներ էին իսկապես։ Եվ անկասկած այդպես էր։
Այս հյուրերը երկար մնացին, և երբ լեդիներից մեկը գանգատվեց, թե ինչ֊որ սառնություն է զգում իր ներսում, ոգելից խմիչքներ մատուցեցին, որից հետո խոսակցությունն ստացավ շատ աշխույժ բնույթ։ Վերջապես, Չարլի Բեյթսը իր կարծիքը հայտնելով ասաց, թե ժամանակն էր «սմբակը պայտելու»։ Օլիվերին թվաց, թե դա ֆրանսերենով նշանակում էր զբոսնել, քանի որ դրանից անմիջապես հետո Ստահակը, Չարլի Բեյթսը և երկու փոքրիկ լեդիները դուրս եկան, նախապես ծախսելու համար դրամ ստանալով ազնիվ ծերունի Հրեայից։
― Հաճելի կյանք է, այնպես չէ՞, սիրելիս, ― ասաց Ֆեգինը։ ― Նրանք գնացին զբոսնելու։
― Իսկ իրենց գործն ավարտե՞լ են, տեր իմ, ― հարցրեց Օլիվերը։
― Այո, ― ասաց Հրեան, ― այսուհանդերձ, եթե դրսում գտնված միջոցին մի բան պատահի, վստահ եղիր, ձեռքից բաց չեն թողնի։ Նրանք թող քեզ օրինակ ծառայեն, սիրելիս։ Նրանք թող քեզ օրինակ ծառայեն։ ― Նա իր խոսքերը ավելի ազդու դարձնելու համար ունելիով խփեց օջախին։ ― Կատարիր այն ամենը, ինչ պատվիրում են քեզ և բոլոր հարցերի շուրջ նրանցից խորհուրդ վերցրու, մանավանդ Ստահակից, սիրելիս։ Հետագայում նա հայտնի մարդ կդառնա։ Նա անպայման հայտնի մարդ կդառնա և քեզ էլ նշանավոր կդարձնի, եթե նրան հետևես։ Թաշկինակս երևո՞ւմ է իմ գրպանից կախված, սիրելիս, ― ասաց Հրեան հանկարծ կանգ առնելով։
― Երևում է, տեր իմ, ― ասաց Օլիվերը։
― Հապա փորձի՛ր․․․ կարո՞ղ ես այնպես թռցնել թաշկինակը, որ ես ոչինչ չիմանամ։ Դու առավոտյան տեսա՞ր, թե նրանք ինչպես էին դա անում։
Օլիվերը մի ձեռքով գրպանի ծայրը ներքևից բռնեց ճիշտ այնպես, ինչպես Ստահակն էր բռնել, և մյուսով թաշկինակը թեթևորեն դուրս քաշեց։
― Հանեցի՞ր, ― բացականչեց Հրեան։
― Ձեռքիս մեջ է, ― ասաց Օլիվերը թաշկինակը ցույց տալով։
― Շատ ուշիմ տղա ես, սիրելիս, ասաց զվարճաբան ծեր ջենթլմենը՝ Օլիվերի գլուխը շոյելով։ ― Ավելի ճարպիկ երեխա կյանքումս չեմ տեսել։ Ահա քեզ մի շիլլինգ։ Եթե այսպես շարունակես, դարուս ամենահայտնի մարդը կդառնաս։ Իսկ այժմ արի քեզ ցույց տամ, թե ինչ ձևով են ասեղնագործված տառերը հեռացնում թաշկինակներից։
Օլիվերը երկար մտածեց, թե խաղի ձևով ծեր ջենթլմենի գրպանից թաշկինակ թռցնելը ինչ կապ ուներ հայտնի դառնալու հետ։ Բայց մտածելով, որ Հրեան տարիքով իրենից մեծ լինելով՝ անշուշտ ավելի շատ բան գիտեր, լուռ հետևեց նրան դեպի սեղանը և շուտով խորասուզվեց իր նոր աշխատանքի ուսումնասիրության մեջ։
Տասներորդ գլուխ
Օլիվերը ավելի մոտիկից է ծանոթանում իր նոր ընկերների հետ և շատ թանկ գնով փորձառություն է ձեռք բերում։ Կարճ, բայց շատ կարևոր մի գլուխ այս պատմության մեջ
Օլիվերը երկար ժամանակ փակված մնաց Հրեայի սենյակում, որտեղ զբաղվում էր թաշկինակների վրայից ասեղնագործված տառերը մաքրելու գործով (իսկ նման թաշկինակներ մեծ քանակությամբ էին տուն բերվում) և երբեմն էլ մասնակցելով արդեն իսկ նկարագրված խաղին, որը Հրեան և երկու տղաները հետևողականորեն ցուցադրում էին ամեն առավոտ։
Վերջապես, մաքուր օդի պակասից հյուծվելով, նա սկսեց ոչ մի առիթ բաց չթողնել ծեր ջենթլմենից խնդրելու, որ իրեն էլ մյուս երկու տղաների հետ ուղարկի աշխատանքի։ Օլիվերը առավել ևս մտահոգվում էր գործի լծվելու նաև այն պատճառով, որ նա արդեն ծանոթ էր ծերունի ջենթլմենի բնավորության դաժան գծերին։ Որովհետև, եթե պատահեր, որ Ստահակն ու Չարլի Բեյթսը գիշերները ձեռնունայն տուն վերադառնային, նա երկար ու խստորեն քարոզաբանում էր ծույլ ու անգործունյա լինելուց առաջ եկած դժբախտությունների մասին և, ժրաջան կյանքի անհրաժեշտությունը զգացնելու նպատակով, տղանիերին ուղարկում էր քնելու առանց ընթրիքի։ Մի անգամ, արդարև, նա այնքան առաջ գնաց, որ աստիճաններից ցած գլորեց նրանց, բայց սա իր առաքինությունները արտահայտելու բացառիկ ձև էր։
Վերջապես, մի առավոտ Օլիվերը ստացավ աշխատանքի գնալու վաղուց երազած թույլտվությունը։ Վերջին մի քանի օրվա ընթացքում թաշկինակներ չէին եղել տառերը քանդելու համար, և ճաշերի քանակը կարծես պակասել էր։ Գուցե այս բոլորի պատճառով էր, որ ծեր ջենթլմենը իր հավանությունը տվեց։ Բայց ինչ պատճառով էլ որ լիներ, նա տղային հանձնեց Չարլզ Բեյթսի ու նրա բարեկամ Ստահակի խիստ հսկողությանը և ուղարկեց աշխատանքի։
Երեք տղաները դուրս եկան տանից։ Ստահակը իե թեզանիքները ծալել և գլխարկը ըստ սովորականի դրել էր գլխի կատարին։ Չարլի Բեյթսը ձեռքերը գրպաններում, սքլտալով քայլում էր մյուս կողմից, իսկ Օլիվերը այդ երկուսի միջև ինքն իրեն հարց էր տալիս, թե արդյոք ո՞ւր էին գնում, և նրանց ճարտար արվեստի ո՞ր ճյուղն էր սովորելու առաջին անգամ։
Նրանք այնքան դանդաղ էին քայլում, որ Օլիվերը սկսեց մտածել, թե իր ընկերները երևի ուզում են ծեր ջենթլմենին խաբել և բոլորովին աշխատանքի չգնալ։ Ստահակը փոքր տղաների գլխից գդակներ թռցնելու և հեռուն շպրտելու մի վատ հակում ուներ, մինչդեռ Չառլի Բեյթսը, սեփականության իրավունքների վերաբերյալ շատ տարտամ պատկերացում ունենալու պատճառով, առվի եզրին գտնվող կրպակներից խնձոր և սոխ գողանալով՝ լցնում էր իր գրպանները, որոնք այնքան մեծ տարողություն ունեին, կարծես ամբողջ կոստյումը գրպաններից էր կազմված։ Այս բաները բոլորովին դուր չեկան Օլիվերին։ Նա հազիվ էր հանգել այն մտքին, որ իսկույն վերադառնար տուն, երբ հանկարծ նրա ուշադրությունը կենտրոնացավ Ստահակի վրա, որը շատ խորհրդավոր տեսք էր ընդունել։
Նրանք հենց նոր էին դուրս գալիս մի նեղ բակից, որը գտնվում էր Քլըրքնվելի ընդարձակ հրապարակներից մեկի մոտ և բառերի տարօրինակ աղավաղումով դեռևս կոչվում էր «Կանաչ», երբ Ստահակը հանկարծակի կանգ առավ և մատը շուրթին դնելով՝ չափազանց զգույշ իր ընկերներին վերստին քաշեց դեպի բակը։
― Ի՞նչ պատահեց, ― հարցրեց Օլիվերը։
― Հանգի՜ստ, ― պատասխանեց Ստահակը, ― տենո՞ւմ ես գրքերի կրպակի առաջ կանգնած այն ծերունուն։
― Փողոցի մյուս կողմում գտնվող ծեր ջենթլմենի մասի՞ն է խոսքը, ― ասաց Օլիվերը։ ― Այո՛, տեսնում եմ։
― Մեր փնտրածն է, ― ասաց Ստահակը։
― Հասուն պտուղ է, ― հաստատեց Վարպետ Չարլի Բեյթսը։
Օլիվերը շատ մեծ զարմանքով նայեց տղաներին, բայց սրանք խեղճին թույլ չտվեցին հարցեր տալու, քանի որ գաղտագողի անցնելով հանդիպակաց կողմը, կծկվեցին այն ծեր ջենթլմենի հետևը, որի վրա հրավիրել էին նրա ուշադրությունը։ Օլիվերը մի քիչ քայլեց նրանց հետևից, ապա չիմանալով ինչ անել, կանգնեց և լուռ զարմանքով դիտեց նրանց։
Ծերունի ջենթլմենը շատ պատկառելի անձնավորություն էր․ նա գլուխը հարդարել էր պուդրայով և դրել էր ոսկյա շրջանակով ակնոց։ Հագել էր սև թավշյա օձիքով կանաչ պիջակ, սպիտակ տաբատ, և թևի տակ ուներ հիանալի հնդկեղեգյա մի գավազան։ Կրպակից ինչ֊որ գիրք էր վերցրել և կանգնած կարդում էր՝ այնպես խորասուզված, ասես իր սեփական առանձնասենյակում բազկաթոռի մեջ ընկողմանած լիներ։ Շատ հավանական է, որ այդպես էլ երևակայում էր իրեն, քանի որ նրա կենտրոնացած վիճակից պարզ երևում էր, որ ո՛չ կրպակն էր տեսնում, ո՛չ փողոցը, ո՛չ տղաներին, ոչ էլ, մի խոսքով, որևէ այլ բան, բացի գրքից, որը կլանված և մեծ հետաքրքրությամբ կարդում էր նա, մի էջի վերջավորությանը հասնելուց հետո խնամքով բացելով հաջորդ էջը, ապա նորից սկսելով առաջին տողից։
Որքա՜ն մեծ եղավ Օլիվերի սարսափն ու շփոթությունը, երբ մի քանի քայլ հեռվում կանգնած, նա շատ լայն բացված աչքերով տեսավ, թե ինչպես Ստահակն իր ձեռքը ճարպկորեն մտցրեց ծերունի ջենթլմենի գրպանը, մի թաշկինակ դուրս քաշեց այնտեղից և ինչպես հանձնելով Չարլի Բեյթսին՝ երկուսով իսկույն աներևութացան։
Մի ակնթարթում և՛ թաշկինակների, և՛ ժամացույցների, և՛ գոհարեղենների, և՛ Հրեայի բովանդակ առեղծվածը լուծվեց տղայի մտքում։ Կատարված արարքը սարսափով համակեց նրա ողջ էությունը, և նրան թվաց, թե բոցավառ կրակի մեջ է ընկել։ Շփոթված ու ահաբեկ մի րոպե կանգ առավ, ապա իր արածին անգիտակ՝ սկսեց խելակորույս վազել։
Այս բոլորը կատարվեց մի ակնթարթում։ Հենց այն միջոցին, երբ Օլիվերն սկսեց վազել, ծերունի ջենթլմենը, ձեռքը գրպանը տանելով և թաշկինակը չգտնելով, հանկարծակի շուռ եկավ․ տեսնելով, որ տղան փախչում է կայծակնային արագությամբ, նա շատ բնականաբար, եզրակացրեց, թե փախչողը գողն է․ հետևաբար, ամբողջ ուժով գոռալով՝ «Գողին բռնեցե՛ք», ինքը ևս, գիրքը ձեռքին, վազեց նրա հետևից։
Բայց միայն ծերունի ջենթլմենը չէր, որ աղմուկ բարձրացրեց։ Ստահակը և Վարպետ Բեյթսը, չցանկանալով փողոցն ի վար վազել ու մարդկանց ուշադրությունը իրենց վրա հրավիրել, թաքնվել էին հենց առաջին պատահած անկյունային շենքի մուտքում։ Սակայն այժմ, երբ աղմուկը լսեցին և տեսան Օլիվերին փախչելիս, կռահեցին եղելությունը և զգուշությամբ դուրս գալով իրենց թաքստոցից՝ իրենք էլ սկսեցին գոռալ․ «Գողին բռնեցե՜ք» և իբրև պարկեշտ քաղաքացիներ, միացան հետապնդողների խմբին։
Չնայած Օլիվերը փիլիսոփաների հսկողության տակ էր մեծացել, այսուհանդերձ նա տեսականորեն ծանոթ չէր այն գեղեցիկ նշանաբանին, որ ինքնապաշտպանությունը բնության առաջին օրենքն է։ Եթե նա այդ իմանար, գուցե այս ճակատագրական դիպվածին նախապատրաստված լիներ։ Բայց քանի որ երեխան այդ հասունությունը չուներ, նա ավելի ևս ահաբեկվեց այս երևույթից և սկսեց քամու պես սուրալ։ Իսկ ծերունի ջենթլմենը և երկու տղաները բարձրագոչ աղաղակներով հետևեցին նրան։
«Գողին բռնեցե՜ք, գողին բռնեցե՜ք»։ Ինչ֊որ կախարդանք կա այս բառերի մեջ․ խանութպանը թողնում է իր վաճառասեղանը, կառապանը՝ իր կառքը, մսավաճառը ցած է գցում իր ափսեն, հացավաճառը՝ իր զամբյուղը, կաթնավաճառը՝ իր դույլը, ցրիչը՝ իր կապոցները, դպրոցականը՝ իր քարեգնդիկները, քարտաշը՝ իր մուրճը, երեխան՝ իր գնդախաղը, և բոլորը միասին վազում են խառնիխուռն, հապճեպ, խուճապահար, սրան֊նրան հրելով, գոռգոռալով, խաչմերուկներում անցորդներին ոտքի տակ գցելով, շներին ոտքի հանելով, հավերին ապշեցնելով։ Եվ փողոցները, բակերն ու հրապարակները թնդում են այս բառերից։
«Գողին բռնեցե՜ք, գողին բռնեցե՜ք»։ Այս կանչին արձագանքում են հարյուրավոր ձայներ և ամբոխը ամեն խաչմերուկում ավելի ու ավելի է ստվարանում։ Վազում են առաջ՝ ճղփացնելով ցեխը և դղրդացնելով սալահատակը։ Բացվում են լուսամուտնրը, դուրս են թափվում մարդիկ, առաջ է շարժվում ամբոխը։ Հանդիսատեսները լքում են «Փանչին» իր արկածախնդրությունների ամենահետաքրքրական պահին և միանալով մարդկային հոսանքին՝ ուժեղացնում են կանչը․ «Գողին բռնեցե՜ք, գողին բռնեցե՜ք»։
«Գողին բռնեցե՜ք, գողին բռնեցե՜ք»։ Մարդու հոգում խորապես արմատավորված է որևէ բան հալածելու կիրքը։ Ահա մի թշվառ, շնչակտուր երեխա, սարսափ կա նրա հայացքի մեջ, տագնապ՝ նրա աչքերում, երբ դեմքը ողողված է քրտինքի մեծ կաթիլներով, գերագույն ճիգ է գործադրում հալածողներից խույս տալու համար, իսկ ամբոխը, րոպե առ րոպե ավելի մոտենալով, երեխայի նվազող ուժը ողջունում է ցնծության աղաղակներով՝ «Գողին բռնեցե՜ք։ Այո՛, բնեցե՜ք նրան, ի սեր աստծո, հանուն գթասրտության»։
Բռնեցին վերջապես։ Մի դիպուկ հարված, և ահա նա փռված է մայթի վրա, իսկ ամբոխը անձկությամբ հավաքվում է նրա շուրջը։ Յուրաքանքյուր նոր հասնող հրմշտում, աղմկում և վիճում է, ցանկանալով գոնե մի անգամ տեսնել նրան։ «Մի կողմ կագնեցե՛ք», «Թողե՛ք թող շունչ առնի», «Դատարկ բան է, նա չարժե դրան»։ «Իսկ որտե՞ղ է ջենթլմենը», «Ահա փողոցով ցած է իջնում», «Ջենթլմենի համար ճանապարհ բա՛ց արեք», «Այս տղա՞ն էր, սըր»։ «Այո»։
Օլիվերը արյունլվա շրթներով, ցեխի ու փոշու մեջ թափախված, պառկած էր սալահատակին և վայրագորեն նայում էր իրեն շրջապատող անհամար դեմքերին, երբ հալածող մարդկանցից ամենաառաջինը ծերունի ջենթլմենին քաշքշելով ու հրմշտելով բերեց տղայի մոտ։
― Այո, ― ասաց ջենթլմենը, ― վախենում եմ, որ սա է այդ տղան։
― Վախենո՜ւմ եք, ― մի մրմունջ բարձրացավ բազմության միջից։ Լա՜վ էր․․․
― Խե՜ղճ տղա, ― ասաց ջենթլմենը, ― վիրավորվել է։
― Այդ ե՛ս եմ արել, սըր, ― ասաց մի հաղթանդամ, բայց անճարակ մարդ՝ առաջ գալով․ ― Բռունցքով այնպես տվեցի բերնին, որ տեղից չկարողացավ շարժվել։ Ե՛ս բռնեցի նրան, սըր։
Մարդը անիմաստ ժպտաց, իբրև հարգանքի նշան գլխարկը հանեց և այնպիսի տեսք ընդունեց, կարծես իր քաջագործության համար վարձատրություն էր ակնկալում։ Ծերունի ջենթլմենը, սակայն, խորշանքով լի մի հայացք գցեց նրա վրա և մտահոգ շուրջը նայեց, ասես հենց ինքն էլ էր մտածում փախչելու մասին։ Շատ հավանական է, այդպես էլ կաներ և առիթ կտար մի նոր հետապնդման, եթե ոստիկանական մի աստիճանավոր (որը նման դեպքերում սովորաբար վերջինն է հասնում) այդ րոպեին բազմության միջից հայտնվելով՝ չբռներ Օլիվերի օձիքից։
― Վե՛ր կաց, անպիտա՛ն, ― ասաց մարդը կոպտությամբ։
― Այդ ե՛ս չէի, տե՛ր իմ, իսկապես, իսկապես ես չէի։ Ուրիշ երկու տղաներ էին, ― ասաց Օլիվերը ձեռքերը պաղատագին իրար միացնելով և շուրջը նայելով։ ― Նրանք այստեղ մոտերքը պետք է լինեն։
― Օ ո՛չ, նրանք այստեղ չեն, ― ասաց ոստիկանը հեգնանքով, բայց դա համապատասխանում էր ճշմարտությանը, քանի որ Ստահակը և Չարլի Բեյթսը մտել էին առաջին հարմար բակը և այնտեղ թաքնվել։ ― Վե՛ր կաց։
― Կոպտությամբ մի վարվեք նրա հետ, ― ասաց ծերունի ջենթլմենը կարեկցությամբ։
― Ո՛չ, կոպիտ չեմ վարվի, ― պատասխանեց ոստիկանը և, հաստատելու համար իր ասածը, այնպես քաշեց երեխայի պիջակից, որ դա համարյա դուրս եկավ նրա հագից։ ― Ե՛կ, ես քեզ լավ եմ ճանաչում։ Դերասանությունը չի փրկի քեզ։ Ի վերջո պիտի կանգնե՞ս ոտքերիդ վրա թե չէ, փոքրի՛կ սատանա։
Օլիվերը, մեծ ճիգ գործադրելով, հազիվ բարձրացավ տեղից։ Ոստիկանը պինդ բռնած օձիքից, սաստիկ արագությամբ նրան քարշ տվեց փողոցներով։ Ծերունի ջենթլմենը քայլում էր ոստիկանի կողքից, իսկ նրանք, ովքեր կարողացել էին ավելի առաջ անցնել, մերթ ընդ մերթ ետ դառնալով՝ նայում էին Օլիվերին։ Եվ այսպես, տղաների հաղթական աղաղակների տակ, ամբոխը շարժվեց առաջ։
Տասնմեկերորդ գլուխ
Պատմում է ոստիկանական դատավոր միստր Ֆենգի մասին և տալիս է որոշ պատկերացում, թե նա ինչպես էր գործադրում օրենքը
Հանցագործությունը կատարվել էր այն շրջանում, որը գտնվում էր մայրաքաղաքի շատ հայտնի ոստիկանական բաժանմուքներից մեկի սահմաններում։ Ամբոխը Օլիվերին ընկերակցելու բավականությունն ունեցավ միայն մինչև երկու֊երեք փողոց, այսինքն՝ մինչև այնտեղ, որ կոչվում է Մաթոն Հիլ։ Դրանից հետո անցնելով ինչ֊որ կամարակապ դարպասից դեպի մի կեղտոտ գավիթ, Օլիվերը կողմնակի մուտքով առաջնորդվեց արդարադատության այդ հեղինակավոր հաստատությունը։ Մտնելով սալահատակված մի փոքրիկ բակ, նրանք հանդիպեցին երեսը մազերի խրձակներով պատած մի հաղթանդամ մարդու, որի ձեռքին բանալիների մի խուրձ կար։
― Ի՞նչ է պատահել, ― անհոգությամբ հարցրեց այդ մարդը։
― Մի ինչ֊որ փոքրիկ գրպանահատի են բռնել, ― պատասխանեց Օլիվերին բերող հսկիչը։
― Տուժող կողմը դո՞ւք եք, սըր, ― հարցրեց բանալիներով մարդը։
― Այո՛, ― պատասխանեց ծերունի ջենթլմենը, ― բայց ես այնքան էլ վստահ չեմ, որ իրոք այս տղան է թռցրել իմ թաշկինակը։ ― Ես․․․ ես կնախնտրեի գործը կարճել։
― Հարկավոր է իսկույն ևեթ գնալ դատավորի մոտ, ― պատասխանեց մարդը։ ― Նորին գերազանցությունը կես րոպեից կվերջացնի իր աշխատանքները։ Դե՛, շարժվի՛ր, կախաղանի բաժին։
Այս հրավերը ուղղված էր Օլիվերին․ հետևաբար, նա ներս մտավ ինչ֊որ դռնից, որ այդ մարդը խոսելիս բանալիով բաց էր արել, և իրեն գտավ քարահատակ մի խցում։ Այստեղ նրան խուզարկեցին և ոչինչ չգտնելով՝ դուռը վրայից կողպեցին։
Այդ խուցը իր ձևով ու ծավալով նման էր գետնահարկային մի սենյակի, միայն նվազ լուսավորված։ Այն սարսափելի կեղտոտ էր, քանի որ երկուշաբթի առավոտ էր, և նախօրոք զբաղեցված էր եղել վեց հարբաց մարդկանցով, որոնք շաբաթ գիշերվանից, այլ տեղ էին արգելափակվել։ Բայց սա դեռ ոչինչ։ Մեր ոստիկանատներում կանայք ու տղամարդիկ ամենաչնչին մեղադրանքով ― այդ բառը արժե ընդգծել ― արգելափակվում են այնպիսի նկուղներում, որոնց հետ համեմատած՝ Նյուգեյթի խցերը պալատներ էին հիշեցնում, մինչդեռ այնտեղ բանտարկում են ամենավտանգավոր եղեռնագործներին, որոնք դատվել են, ճանաչվել հանցապարտ և մահապատժի են ենթարկվել։ Ով կասկածում է մեր խոսքի ճշմարտությանը, թող համեմատի այդ երկուսը։
Երբ բանալին պտտվելով՝ խցի դուռը ամուր փակեց, ծերունի ջենթլմենը նույնքան ողբալի տեսք ուներ, որքան Օլիվերը։ Նա հառաչելով նայեց ձեռքում բռնած գրքին, որ անմեղ պատճառն էր այդ անախորժության։
― Ինչ֊որ արտահայտություն կա այդ տղայի դեմքի վրա, ― ասաց ծերունի ջենթլմենը ինքն իրեն, երբ դանդաղ հեռանում էր և մտքի մեջ մոլորված՝ գրքի ծայրով կզակն էր քորում․ ― Ինչ֊որ բան, որը և՛ հուզում, և՛ հետաքրքրում է ինձ։ Արյո՞ք նա իսկապես անմեղ է։ Կարծես այդպես է երևում նրա դեմքից։ Օ՜հ, ― բացականչեց ծերունի ջենթլմենը հանկարծակի կանգ առնելով և աչքերը հառելով դեպի երկինք։ ― Տեր աստված, ուրիշ որտե՞ղ եմ հանդիպել աչքերի այդ արտահայտությանը։
Մի քանի րոպե մտորելուց հետո ծերունի ջենթլմենը, դեռևս նույն մտքերի մեջ խորասուզված, մտավ դեպի բակ բացվող մի նախասենյակ և այնտեղ անկյունում առանձնանալով՝ ոգեկոչեց երկար տարիների մշուշե վարագույրի տակ սքողված դեմքերի մի հոծ բազմություն։ «Ո՛չ», գլուխը թափահարելով ասաց նա վերջապես, «երևի պատրանք է»։
Այսուհանդերձ, նա նորից մոլորվեց նույն մտքերի մեջ։ Նա ոգեկոչել էր այդ դեմքերը և այժմ հեշտ չէր նրանց վերստին պարուրել մոռացության մշուշով։ Այնտեղ կային դեմքեր բարեկամների ու թշնամիների, և դեմքեր շատերի, որոնք համարյա անծանոթներ էին, բայց համառորեն նայում էին իրեն՝ ամբոխի միջից։ Այնտեղ կային դեմքեր դեռատի և ծաղկափթիթ աղջիկների, որոնք այժմ արդեն պառավել էին։ Այնտեղ կային դեմքեր, որոնց շիրիմը վաղուց եղծվել էր, բայց միտքը, արհամարելով մահվան գոյությունը, դեռևս պատկերում էր նրանց անցյալի թարմությունը ու շքեղությամբ՝ վերակենդանացնելով նրանց աչքերի փայլը, ժպիտի պայծառությունը, նրանց հոգու ճաճանչը դուրս հանելով կավե պատյանի միջից և շշնջալով նրանց անդրշիրիմյան գեղեցկության մասին, գեղեցկություն, որը փոխված էր միայն ավելի վսեմանալու համար, և երկրի սահմաններից դուրս էր բերված միայն որպես ջահ՝ մեղմ ու գողտրիկ ցոլքով լուսավորելու համար դեպի երկինք ձգվող շավիղը։
Բայց ծերունի ջենթլմենը չկարողացավ մտաբերել ոչ մի դեմք, որը նվազագույն չափով իսկ նմանվեր Օլիվերին։ Հետևաբար, նա նորից հառաչեց այն հուշերի համար, որոնք վրդովել էին իր հոգու անդորը և, բարբախտաբար, մտացիր ծերունի լինելով, նրանց մի անգամ ևս թողեց խունացած գրքի էջերում։
Ուսի վրա թեթև հպում զգալով, նա սթափվեց, գիրքը շտապ փակեց և հետևելով բանալիներով մարդուն՝ անմիջապես տարվեց հանրածանոթ միստր Ֆենգի առջև։
Դատական ատյանը միջնորմով բաժանված մի նախասենյակ էր։ Վերևի անկյունում նստած էր միստր Ֆենգը, իսկ մեղադրյալների համար սահմանված տեղում կանգնած էր խեղճ փոքրիկ Օլիվերը, տեսարանի ահավորությունից սարսափած, ամբողջ մարմնով դողալով։
Միստր Ֆենգը նիհար, երկարիրան, պնդավիզ և միջահասակ մարդ էր։ Մազը սակավ էր, այն էլ միայն քունքերի վրա և գլխի հետևի մասում։ Նրա դեմքը խոժոռ էր ու կարմրած, դա գուցե պետք էր վերագրել այն հանգամանքին, որ նա սովորաբար պահանջից ավելի էր խմում։ Բայց չխմելու դեպքում էլ նրա դեմքի գույնը գուցե պարսավանքի առարկա դառնար, թեպետ այդպիսով բավականին ծանր վնասներից ազատված կլիներ։
Ծերունի ջենթլմենը հարգանքով գլուխ տվեց և առաջանալով դեպի դատավորի գրասեղանը՝ իր այցաքարտը դրեց նրա առաջ ու ասաց․
― Ահավասիկ իմ անունն ու հասցեն, սըր, ― հետո մեկ երկու քայլ ետ գնաց և դարձյալ քաղաքավարի ու ջենթլմենական ձևով գլուխը թեթև հակելով՝ սպասեց հարցաքննության։
Դիպվածը այնպես բերեց, որ միստր Ֆենգը այդ րոպեին առավոտյան լրագրերից մեկի առաջնորդող հոդվածն էր կարդում, հոդվածագիրը ակնարկում էր միստր Ֆենգի վերջերս կայացրած ինչ֊որ որոշումը և երեք հարյուր հիսուներորդ անգամ հանձանրարում էր Ներքին Գործերի Նախարարին հատուկ ուշադրություն դարձնել դրա վրա։ Հետեևաբար, միստր Ֆենգը շատ վատ տրամադրության մեջ էր և գլուխը զայրացած վեր բարձրացրեց։
― Ո՞վ եք դուք, ― հարցրեց նա։
Ծերունի ջենթլմենը, բավական զարմացած, մատնացույց արավ իր այցաքարտը։
― Ոստիկան, ― ասաց միստր Ֆենգը այցաքարտը լրագրի հետ արահամարհանքով դեն շպրտելով, ― ո՞վ է այս մարդը։
― Իմ անունը, սըր, ― ասաց ծերունի ջենթլմենը, ջենթլմենին վայել եղանակով, ― իմ անունը Բրաունլո է։ Թույլ տվեք հարց տալ և իմանալ այն դատավորի անունը, որը, օգտվելով իր դիրքից, անհիմն ու անբացատրելի անարգանքով է դիմում հարգելի մի անձնավորության։ ― Այս ասելով միստր Բրաունլոն շուրջը նայեց, կարծես որոնելով մեկին, որը պահանջված տեղեկությունը հաղորդեր իրեն։
― Ոստիկա՛ն, ― ասաց միստր Ֆենգը՝ լրագրերը մի կողմ նետելով, ― այս մարդը ինչի՞ համար է մեղադրվում։
― Նա բոլորովին չի մեղադրվում, ձերդ գերազանցություն, ― պատասխանեց ոստիկանը։ ― Նա հանդես է գալիս որպես մեղադրող, ձերդ գերազանցություն։
Նորին գերազանցությունը հրաշալի գիտեր այդ, բայց դա ճնշելու լավ միջոց էր, միաժամանակ և անվտանգ։
― Ուրեմն նա հանդես է գալիս ընդդեմ տղայի, այդպե՞ս է, ― ասաց Ֆենգը, ոտից գլուխ արհամարհանքով զննելով միստր Բրաունլոին։ ― Երդվեցրե՛ք նրան։
― Նախքան երդվելս, թույլ տվեք ինձ մի խոսք ասել, ― սկսեց միստր Բրաունլոն, ― ճշմարիտն ասած՝ ես երբեք առանց շոշափելի փաստերի չէի կարող հավատալ․․․
― Ձեր լեզուն ձե՛զ պահեցեք, սըր, ― վճռականորեն ասաց միստր Ֆենգսը։
― Չե՛մ պահի, սըր, ― պատասխանեց ծերունի ջենթլմենը։
― Այս րոպեիս լռեցեք, թե չէ ձեզ գրասենյակից դուրս շպռտել կտամ, ― ասաց միստր Ֆենգը, ― դուք լրբի ու անպատկառի մեկն եք։ Ինչպե՞ս եք համարձակվում սպառնալ դատավորին։
― Ինչ ասացի՞ք, ― բացականչեց ծերունի ջենթլմենը կարմրելով։
― Երդվեցրո՛ւ սրան, ― հրամայեց Ֆենգը քարտուղարին։ ― Էլ ոչ մի խոսք, երդվեցրո՛ւ սրան։
Միստր Բրաունլոն չափից դուրս զայրացավ, բայց մտածելով, որ իր զայրույթին անձնատուր լինելով՝ կարող էր վնասել տղային, զսպեց իրեն և ենթարկվելով հրահանգին՝ անմիջապես երդվեց։
― Ուրեմն, ― ասաց Ֆենգը, ― ի՞նչ մեղադրանք է հարուցված այս տղայի դեմ։ Ի՞նչ ունեք ասելու, սըր։
― Ես կանգնել էի մի գրքի կրպակի առաջ, ― սկսեց միստր Բրաունլոն։
― Լռեցե՛ք, պարոն, ― ասաց միստր Ֆենգը։ ― Ոստիկա՛ն։ Որտե՞ղ է ոստիկանը։ Երդվեցրե՛ք այդ ոստիկանին։ Հապա, ոստիկա՛ն, լսում եմ ձեզ։
Ոստիկանը պատշաճ խոնարհությամբ զեկուցեց, թե ինչպես էր ստանձնել գործը, ինչպես էր Օլիվերին խուզարկել և ոչինչ չէր գտել նրա վրա, և ահա այդ էր իր բոլոր իմացածը։
― Վկաներ կա՞ն, ― հարցրեց միստր Ֆենգը։
― Ո՛չ, ձերդ գերազանցություն, ― պատասխանեց ոստիկանը։
Միստր Ֆենգը մի քանի րոպե լուռ մնաց, ապա դառնալով մեղադրողին, չափազանց բորբոքված՝ ասաց․
― Վերջ ի վերջո հայտնելո՞ւ եք, թե ինչ գանգատ ունեք այս տղայի հանդեպ։ Չէ՞ որ դուք երդվել եք։ Այժմ, եթե մերժեք որևէ վկայություն տալ, ես ձեզ կպատժեմ դատական ատյանը անարգելու համար։ Ես անպայման կը․․․
Թե նախադասությունը ինչպես վերջացավ, ոչ ոք չիմացավ, քանի որ քարտուղարը և բանտապահը հենց այդ ժամանակ շատ ուժեղ հազացին, և առաջինի ձեռքից մի ինչ֊որ ծանր գիրք ընկավ հատակին, ― անշուշտ պատահաբար, ― և հաջորդ բառերը բոլորովին անլսելի դարձան։
Բազմիցս ընդհատվելով և իրեն հասցրած նախատինքները կուլ տալով, միստր Բրաունլոն մի կերպ պատմեց եղելությունը, ակնարկելով միևնույն ժամանակ, որ մի պահ շփոթվելով վազել էր տղայի հետևից, որովհետև տեսել էր, որ նա փախչում է։ Այնուհետև հույս հայտնեց, որ դատավորը, հավատ ընծայելով իր խոսքերին, տղային կվերաբերվեր մեղմությամբ, որքան այդ թույլատրելի էր օրենքի սահմաններում, քանի որ նա իսկապես գող չէր, այլ գուցե պատահաբար էր ընկել գողերի խմբի մեջ։
Նա առանց այդ էլ արդեն տուժել է, ― ասաց ծերունի ջենթլմենը իր խոսքը եզրափակելով։ ― Եվ ես վախենում եմ, ― ավելացրեց նա անձկությամբ նայելով մեղադրյալի կողմը, ― իսկապես վախենում եմ, որ նա հիվանդ է։
― Այո՛, ճի՜շտ որ հիվանդ է, ― ասաց միստր Ֆենգը քմծիծաղ տալով։ ― Է՜, քո այդ աճապարությունները այստեղ չեն անցնի, փոքրիկ դատարկապորտ։ Դու մեզ չես կարող խաբել, իմացա՞ր։ Անունդ ի՞նչ է։
Օլիվերը փորձեց պատասխանել․ բայց նրա լեզուն թերացավ իր պաշտոնը կատարելու։ Նա մահու չափ գունատ էր, և կարծես ամեն ինչ պտտվում էր շուրջը։
― Անունդ ի՞նչ է, աներես սրիկա, ― ասաց միստր Ֆենգը։ ― Ոստիկա՛ն, ի՞նչ է սրա անունը։
Այս հարցը ուղղվեց շերտավոր բաճկոնով և կոպիտ արտաքինով մի ինչ֊որ ծեր մարդու, որը կանգնել էր մեղադրյալի կողքին։ Նա կռացավ Օլիվերի վրա և հարցը կրկնեց, բայց տեսնելով, որ տղան իսկապես ի վիճակի չէ պատասխանելու, և համոզվելով, որ նրա լռությունը դատավորին ավելի կկատաղեցնի, վճիռը դարձնելով առավել ևս անողոք, հնարամտության դիմեց։
― Ասում է, որ իր անունը Թոմ Հուայթ է, ձերդ գերազանցություն, ― պատասխանեց այդ փափկասիրտ ոստիկանը։
― Օ՜, ուրեմն չի բարեհաճում բարձրաձայն խոսել, այդպե՞ս է, ― ասաց Ֆենգը։ ― Շա՛տ լավ, շա՛տ լավ։ Իսկ որտե՞ղ է ապրում։
― Որտեղ որ պատահի, ձերդ գերազանցություն, ― պատասխանեց ոստիկանը, դարձյալ ձևացնելով այնպես, իբրև թր Օլիվերի պատասխանն է հաղորդում։
― Ծնողներ ունի՞, ― հարցրեց միստր Ֆենգը։
― Ասում է նրանք մահացել են, երբ ինքը երեխա է եղել, ձերդ գերազանցություն, ― վրա բերեց ոստիկանը, նորից կռահոլով սովորական պատասխանը։
Հարցաքննության այս կետում Օլիվերը գլուխը բարձրացրեց, աղերսորեն շուրջը նայեց և նվաղուն ձայնով մի ումպ ջուր խնդրեց։
― Կեղծում է, ― ասաց միստր Ֆենգը․ ― ինձ հիմարի տե՞ղ ես դրել, ինչ է։
― Կարծում եմ՝ նա իրոք հիվանդ է, ձերդ գերազանցություն, ― առարկեց ոստիկանը։
― Ես ավելի լավ գիտեմ, ― ասաց միստր Ֆենգը։
― Ուշադրություն դարձրեք նրան, ոստիկան, ― ասաց ծերունի ջենթլմենը, ձեռքերը բնազդաբար դեպի վեր բարձրացնելով, ― նա հիմա կընկնի։
― Հեռո՛ւ կանգնիր, ոստիկա՛ն, ― գոռաց Ֆենգը, ― թող ընկնի, եթե ցանկանում է։
Օլիվերը բարեշնորհ հրամանից օգտվելով, ուշագնաց եղավ և փռվեց հատակին։ Գրասենյակում գտնվող բոլոր մարդիկ իրար նայեցին, բայց ոչ ոք չհամարձակվեց տեղից շարժվել։
― Գիտեի, որ կեղծում է, ― ասաց Ֆենգը, կարծես դա իրականությունը հաստատող անվիճելի փաստ լիներ։ ― Այդպես էլ թողեք նրան․ նա շուտով կձանձրանա այդ դերասանությունից։
― Ի՞նչ վճիռ եք կայացնելու գործի մասին, սըր, ― հարցրեց քարտուղարը ցածրաձայն։
― Պարզ է, ― պատասխանեց միստր Ֆենգը, ― երեք ամսվա տաժանակիր աշխատանք։ Ազատեցե՛ք սրահը։
Այնտեղ կանգնած մարդկանցից երկուսը պատրաստվում էին ուշագնաց տղային իր խուցը փոխադրել, երբ դուռը հանկարծ բացվեց և համեստ, սև, հնամաշ կոստյում հագած ինչ֊որ մեծահասակ մարդ խուճապահար մտավ գրասենյակ և առաջացավ դեպի ատյանը։
― Կացե՛ք, կացեք։ Մի տանեք նրան։ Ի սեր աստծո, մի րոպե կացե՛ք, ― գոչեց նորեկը հևասպառ։
Թեպետ այդպիսի հաստատություններում նախագահող ոգիները լրիվ ու անսահման իշխանություն ունեն Նորին վեհափառության՝ թագուհու բոլոր հպատակների, և հատկապես ամենաաղքատների, ազատության, բարի համբավի և նույնիսկ կյանքի վրա, և թեպետ նման պատերի ներսում այնքան աներևակայելի խարդախություններ են տեղի ունենում յուրաքանչյուր օր, որ հրեշտաները արտասվելով կարող էին իրենց աչքերի լույսը կորցնել, այդ բոլորը սակայն թաքնված էր հասարակությունից, բացառությամբ այն պարագայից, երբ մի բան պատահաբար, դուրս է սպրդում և հրապարակվում մամուլում։ Հետևաբար, միստր Ֆենգը շատ զայրացավ՝ տեսնելով մի ինքանկոչ հյուր, որն այնքան անպատկառորեն խախտում էր կարգը։
― Ի՞նչ է պատահել։ Ո՞վ է այս մարդը։ Դո՛ւրս շպռտեցեք նրան։ Ազատեցե՛ք գրասենյակը, ― գոռաց միստր Ֆենգը։
― Ես պետք է խոսեմ, ― գոչեց մարդը։ Ես թույլ չեմ տա, որ ինձ դուրս անեք։ Ես ականատես եղա ամբողջ դեպքին։ Ես գրքի կրպակի տերն եմ։ Ես պահանջում եմ երդվել։ Ես թույլ չեմ տա, որ ինձ լռեցնեն։ Միստր Ֆենգ, դուք պետք է լսեք ինձ։ Դուք չպետք է մերժեք ինձ, սըր։
Այդ մարդը իրավացի էր։ Նա խիստ վճռական արտահայտություն ուներ, իսկ հարցը ստանում էր այնպիսի լուրջ բնույթ, որ այլևս հնարավոր չէր լռության մատնել։
― Երդվեցրե՛ք այդ մարդուն, ― դեմքի չափազանց տհաճ արտահայտությամբ քրթմնջաց միստր Ֆենգը։ ― Այժմ խոսի՛ր, ի՞նչ ունես ասելու։
― Ահա թե ինչ, ― ասաց մարդը, ― ես տեսա, թե ինչպես երեք տղա՝ երկու այլ տղա և այս բանտարկյալը, դեգերում էին փողոցի մյուս կողմը, երբ այս ջենթլմենը գիրք էր կարդում։ Թաշկինակը գողացավ մի ուրիշ տղա, ես իմ աչքով տեսա այդ։ Տեսա նմանապես, որ այս տղան բոլորովին զարմացած և ապշահար դիտում էր դեպքը։ ― Այնուհետև պատվարժան գրավաճառը, մի փոքր հանդարտված, սկսեց ավելի մանրամասնորեն պատմել, թե ինչպես էր կատարվել գողությունը։
― Իսկ ինչո՞ւ ավելի շուտ չներկայացաք, ― ասաց Ֆենգը կարճ դադարից հետո։
― Խանութը պահող չկար, ― պատասխանեց մարդը։ Բոլորը, ովքեր կարող էին ինձ օգնել, միացել էին հետապնդողների խմբին․ հազիվ հինգ րոպե առաջ կարողացա մեկին ճարել և ամբողջ ճանապարհը վազելով եմ եկել այստեղ։
― Մեղադրողը կարդում էր, այդպե՞ս է, ― հարցրեց Ֆենգը քիչ հետո։
― Այո՛, ― պատասխանեց մարդը, ― և հենց այն գիրքը, որն այժմ նրա ձեռքին է։
― Այդ միևնույն գիրքը, հա՞, ― ասաց Ֆենգը։ ― Իսկ արժեքը վճարվա՞ծ է։
― Ո՛չ, չի՛ վճարված, ― պատասխանեց մարդը ժպտալով։
― Օ՜հ, աստված իմ, ես բոլորովին մոռացել էի այդ մասին, ― բացականչեց մտացրիվ ծերունի ջենթլմենը անմեղունակ տոնով։
― Հը՜մ, ա՛յ քեզ հիանալի մարդ։ Ուրեմն փոխանակ ձեր պարտքերը վճարելու, դուք նախնտրել եք հետապնդել մի խեղճ տղայի, այո՞, ― ասաց Ֆենգը ծիծաղելի ճիգ գործադրելով, որ մարդասեր երևա։ ― Ես գտնում եմ, որ դուք այդ գրքին տիրացել եք շատ կասկածելի և անպատվաբեր պայմաններով, և դուք ձեզ շատ բախտավոր պետք է համարեք, որ այդ առարկայի սեփականատերը հրաժարվում է ձեր դեմ դատ բաց անել։ Լավ կլիներ խրատվեիք այս դեպքից, այլապես մի օր անպայման դուք ձեր մաշկի վրա կզգաք օրենքի ամբողջ խստությունը։ Տղան անմեղ է։ Ազատե՛ք գրասենյակը։
Հրամանը կատարվեց։ Միստր Բրաունլոն ևս, գիրքը մի ձեռքին և հնդկեղեգյա գավազանը մյուս ձեռքին, զայրույթի ու արհամարհանքի բուռն կրքով համակված, դուրս եկավ սրահից։ Երբ բակ հասավ, նրա զայրույթը անմիջապես չքացավ։ Փոքրիկ Օլիվեր Թվիստը ուշաթափ վիճակում պառկած էր սալահատակին։ Նրա շապկի կոճակները արձակված էին, գլխին ջուր էր շաղ տված, դեմքը սաստիկ գունատ էր, և նա ամբողջ մարմնով դողում էր։
― Խե՜ղճ տղա, խե՜ղճ տղա, ― ասաց միստր Բրաունլոն կռանալով երեխայի վրա։ ― Մի կառք կանչեցեք։ Մի՞թե չկա մեկը, որ մի կառք կանչի։
Շուտով մի կառք բերվեց, Օլիվերին զգուշությամբ պառկեցրին նստարանին, իսկ ծերունի ջենթլմենը նստեց նրա դիմաց։
― Կարո՞ղ եմ ձեզ ուղեկցել, ― ասաց գրավաճառը ներս նայելով։
― Օ՜հ, տե՜ր իմ աստված, անշուշտ կարող եք, սիրելիս, ― անմիջապես պատասխանեց միստր Բրաունլոն։ ― Բոլորովին մոռացել էի ձեր մասին։ Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, այս չարաբաստիկ գիրքը տակավին ձեռքիս է։ Ներս մտեք, ներս մտեք։ Խե՜ղճ տղա, ամեն մի րոպեն թանկ է։
Գրավաճառը մտավ կառքը, և նրանք իսկույն շարժվեցին։
Տասներկուերորդ գլուխ
Որտեղ Օլիվերին խնամում են ավելի լավ, քան երբևէ դրանից առաջ, և որտեղ պատմությունը անդրադառնում է ծերունի զվարթ ջենթլմենին ու նրա փոքրիկ բարեկամներին
Կառքը դղրդալով անցավ գրեթե նույն ճանապարհով, որով Օլիվերը անցել էր, երբ Ստահակի ընկերակցությամբ առաջին անգամ մտել էր Լոնդոն։ Այլինգտոնում «Հրեշտակին» հասնելուց հետո նա թեքվեց այլ ուղղությամբ և, վերջապես, Պենտոնվիլլի մոտ, խաղաղ ու զով մի փողոցում գտնվող ինչ֊որ կոկիկ տան առաջ կանգ առավ։ Այստեղ, միստր Բրաունլոյի կարգադրությամբ փոքրիկ հիվանդի համար իսկույն անկողին պատրաստեցին և Օլիվերին հոգածությամբ պառկեցնելով դրա մեջ, սկսեցին անսահման խանդաղատանքով խնամել նրան։ Խե՜ղճ երեխա, նման հոգատարություն նա կյանքում երբերք չէր տեսել։
Բայց Օլիվերը օրերով անգիտակ մնաց իր նոր բարեկամների կողմից իրեն ցույց տրված այդ բարեսիրտ վերաբերմունքին։ Արևը շատ ու շատ անգամ շողաց երկնքում և անհետացավ հորիզոնից, ապա նորից շողաց և նորից անհետացավ, բայց տղան, տենդի սաստկությունից ուշակորույս, տակավին հյուծվում ու սպառվում էր։ Որդը այնպիսի համառությամբ չի կարող ավերել անկենդան դիակը, ինչպիսի համառությամբ այդ դանդաղորեն սողացող կրակը քայքայում էր կենդանի մարմինը։
Բայց ահա, մի օր վերջապես ուշքի գալով՝ նա կարծեց, թե զարթնել էր ինչ֊որ մղձավանջային, տագնապալի երազից։ Որքա՜ն դժգույն, նիհարած ու տկար էր նա։ Անկողնուց դժվարությամբ վեր բարձրանալով, գլուխը հենեց իր անզոր թևի վրա և անձկությամբ շուրջը նայեց։
― Այս ի՞նչ սենյակ է։ Որտե՞ղ են բերել ինձ, ― ասաց Օլիվերը։ ― Սա այն վայրը չէ, որտեղ ես քնել էի։
Երեխան այդ բառերն արտասանեց հազիվ լսելի, նվաղկոտ ձայնով, որովհետև շատ տկար էր և ուժասպառ․ այնուամենայնիվ, դրանք լսելի դարձան։ Մահճակալն առագաստավորող վարագույրը նույն րոպեին բացվեց և շատ կոկիկ ու մաքուր հագնված, համակրելի դեմքով մի պառավ լեդի, որը բազկաթոռին նստած ասեղնագործում էր, մոտեցավ անկողնուն։
― Հանգիստ, սիրելիս, հանգիստ, ― ասաց պառավ լեդին քնքշությամբ, ― դու պետք է լուռ պառկես, այլապես նորից կհիվանդանաս։ Քո դրությունը ծանր էր, չափազանց ծանր։ Պառկի՛ր, սիրելիս, պառկի՛ր։ ― Այս խոսքերով պառավ լեդին Օլիվերի գլուխը զգուշությամբ իջեցրեց բարձի վրա և մազերը ճակատից հետ տանելով՝ այնպիսի խանդատանքով և սիրով նայեց նրա դեմքին, որ երեխան ակամայից իր փոքրիկ հյուծված ձեռքը դրեց նրա բուռը և քաշելով փաթաթեց իր վզին։
― Ողորմած աստվա՜ծ, ― ասաց պառավ լեդին, և նրա աչքերը արցունքից մշուշվեցին, ― որքա՜ն երախտապարտ սիրտ ունի այս փոքրիկը։ Սիրունիկ մանչուկ։ Արդյոք նրա մայրը ի՞նչ կզգար, եթե իմ փոխարեն նա հսկած լիներ իր զավակի քով և կարողանար տեսնել նրան։
― Միգուցե նա ինձ տեսնում է, ― շշնջաց Օլիվերը ձեռքերն իրար միացնելով։ ― Միգուցե նա նստած է իմ սնարի մոտ։ Ինձ այնպես է թվում, թե նա իսկապես նստած էր կողքիս։
― Դու տաքության մեջ զառանցում էիր, սիրելիս, ― ասաց պառավ լեդին մեղմորեն։
― Երևի, ― պատասխանեց Օլիվերը, ― որովհետև երկինքը շատ հեռու է մեզնից, և նրանք այնքան երջանիկ են այնտեղ, որ հազիվ թե ցանկանային այցի գալ ու նստել մի խեղճ տղայի մահճակալի մոտ։ Բայց եթե իմ մայրն իմանար, որ ես հիվանդ եմ, երևի կկարեկցեր ինձ անգամ այնտեղից, քանի որ մեռնելուց առաջ նա ինքն էլ շատ ծանր հիվանդ էր։ Սակայն նա իմ մասին ոչինչ չի կարող իմանալ, ― ավելացրեց Օլիվերը կարճ լռությունից հետո։ ― Եթե ինձ հիվանդ վիճակում տեսած լիներ, նա վշտից կմռայլվեր, իսկ իմ երազներում նրա դեմքը խաղաղ ու երջանիկ է եղել։
Պառավ լեդին ոչինչ չպատասխանեց․ նա սրբեց նախ իր աչքերը, հետո ակնոցը, որ անկողնու ծածկոցի վրա էր և կարծես թե իր աչքերի անբաժան մասն էր կազմում, ապա Օլիվերի համար ինչ֊որ զովացուցիչ խմիչք բերեց և շոյելով նրա այտերը՝ ասաց, որ պետք է շատ հանգիստ պառկի, այլապես նորից կհիվանդանա։
Օլիվերը լուռ մնաց, մասամբ նրա համար, որ ցանկանում էր ամեն բանում հնազանդվել պառավ լեդիին, և մասամբ էլ այն պատճառով, որ խոսելուց բոլորովին ուժասպառ էր եղել։ Շուտով նա հանգիստ քնեց և զարթնեց ինչ֊որ մոմի լույսից, որ դրված էր իր անկողնու մոտ։ Այդ լույսով նա տեսավ մի ջենթլմենի, որի ձեռքին ոսկյա մի մեծ ժամացույց կար։ Սա քննելով Օլիվերի զարկերակը, ասաց, որ հիվանդի առողջական վիճակը անհամեմատ ավելի լավ է։
― Դու իսկապես քեզ ավելի լավ ես զգում, այնպես չէ՞, սիրելիս, ― հարցրեց ջենթլմենը։
― Այո՛, շնորհակալություն, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
― Ես գիտեմ, որ ավելի լավ ես զգում, ― ասաց ջենթլմենը, ― նաև քաղցած ես, այնպես չէ՞։
― Ո՛չ, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
― Հը՜մ, ― ասաց ջենթլմենը, ― ես գիտեմ, որ քաղցած չես։ Միսիս Բեդվին, նա քաղցած չէ, ― կրկնեց ջենթլմենը՝ գիտակ մարդու տեսք ընդունելով։
Պառավ լեդին գլուխը հարգալից խոնարհեց․ թվում էր, թե նա բժշկին շատ հանճարեղ մարդ էր համարում։ Բժիշկը նույնպես այդ կարծիքն ուներ իր մասին։
― Քնել ես ուզսւմ, այնպես չէ՞, սիրելիս, ― հարցրեց բժիշկը։
― Ո՛չ, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
― Ո՛չ, ― ասաց բժիշկը շատ խորամանկ և գոհունակ եղանակով։ ― Քնել չես ուզում, ոչ էլ ծարավ ես, այնպես չէ՞։
― Այո՛, սըր, ծարավ եմ, ― պատասխանեց Օլիվերը։
― Ճիշտ այնպես, ինչպես պատկերացնում էի, միսիս Բեդվին, ― ասաց բժիշկը։ ― Շատ բնական է, որ ծարավ լինի։ Կարող եք մի քիչ թեյ տալ, և կարմրացրած հաց առանց կարագի։ Նրան շատ տաք չպահեք, բայց միևնույն ժամանակ զգույշ եղեք, որ չմրսի․ կբարեհաճեի՞ք այս բոլորն անել։
Պառավ լեդին խոնարհաբար գլխով արեց։ Ապա բժիշկը զովացուցիչ ըմպելիքը ճաշակելուց և որակի մասին իր հավանությունը հայտնելուց հետո, շտապ մեկնեց։ Աստիճաննեից իջնելիս նրա կոշիկները ճռճռում էին, ինչպես այդ հատուկ է հարուստ ու անվանի մարդկանց ոտնամաններին։
Օլիվերը շուտով նորից քնեց։ Երբ զարթնեց, ժամը գրեթե տասներկուսն էր։ Պառավ լեդին, շատ գորովալից ձայնով բարի գիշեր մաղթելով, նրան հանձնեց մի գեր պառավ կնոջ հսկողությանը, որը հենց նոր էր եկել, կապոցի մեջ բերելով մի փոքրիկ աղոթագիրք և գիշերային մի մեծ թասակ։ Նա թասակը դրեց գլխին, աղոթագիրքը՝ սեղանին և Օլիվերին հայտնելով, որ եկել էր նրան հսկելու, աթոռը մոտեցրեց բուխարիկին ու սկսեց մրափել։ Մրափելիս նա մեկ տնքում էր, մեկ աթոռի վրայից դեպի առաջ ընկնելով և կոկորդում ինչ֊որ բան խցկվելով՝ ասես խեղդամահ էր լինում։ Այս ամենը սակայան նրա վրա ազդում էին միայն այն չափով, որ նա քիթը շատ ուժեղ շփում էր և ապա նորից հանգիստ մրափում։
Գիշերն այսպես համրաքայլ ընթացավ։ Օլիվերը որոշ ժամանակ արթուն մնաց, զբաղված լույսի փոքրիկ շրջագծերը հաշվելով, որ անդրադարձել էին առաստաղի վրա, և կամ նվաղուն աչքերով դիտելով պատերը զարդարող թղթի բարդ նկարները։ Որքան հանդիսավոր էր մթին սենյակը այդ խոր լռության մեջ։ Երբ տղան մտաբերեց, որ մահը բազմաթիվ օրեր ու գիշերներ սավառնել էր այնտեղ և տակավին կարող էր իր ահեղ ներկայությամբ լցնել այդ վայրը, նա երեսը թաղեց բարձի մեջ և սկսեց ջորմորեն աղոթել։
Աստիճանաբար նա սուզվեց այն խաղաղ ու անվրդով քնի մեջ, որը մոտ անցյալի տառապանքից հետո համակող անդորությունն է միայն մեզ շնորհվում, այն հանդարտ ու մեղմ նինջը, որից զարթնելը ցավ կպատճառի մարդուն։
Եվ եթե մահը այդպես լիներ, ո՞վ կցանկանար նորից արթնանալ ու տեսնել կյանքի բոլոր տվայտանքներն ու տառապանքները, ներկայի բոլոր հոգսերը, ապագայի անձկությունները և, մանավանդ, վերապրել անցյալի տաղկտալի հուշերը։
Պայծառ արևը վաղուց էր ծագել, երբ Օլիվերը բաց արեց իր աչքերը։ Նա ուրախ էր ու երջանիկ։ Մահվան վտանգն անցել էր։ Կյանքը նորից ժպտում էր նրան։
Երեք օրվա ընթացքում Օլիվերը կարողացավ բարձերին հենված նստել բազկաթոռին, բայց քանի որ դեռևս շատ տկար էր, միսիս Բեդվինը նրան փոխադրեց ներքև, իր փոքրիկ սենյակը։ Նրան խնամքով բուխարիկի մոտ տեղավորելուց հետո բարեսիրտ պառավ լեդին նստեց երեխայի կողքին և տեսնելով, որ սա լավ է զգում իրեն, ուրախությունից սկսեց սաստիկ արտասվել։
― Ինձ վրա ուշք մի դարձնի, սիրելիս, ― ասաց պառավ լեդին։ ― Պարզապես ուրախությունից եմ լաց լինում։ Արդեն ամեն ինչ վերջացավ, ես այժմ շատ հանգիստ եմ։
― Դուք իմ հանդեպ անչափ ազնիվ վերաբերմունք ունեք, տիկի՛ն, ― ասաց Օլիվերը։
― Լա՛վ, լա՛վ, այդպիսի բաների մասին մի՛ մտածիր, ― ասաց պառավ լեդին, ― ավելի լավ կանես, եթե քո արգանակը խմես, քանի որ ըստ բժշկի տված տեղեկության՝ միստր Բրաունլոն կարող է մեզ այցի գալ այս առավոտ, և մենք պետք է շատ լավ տեսք ունենանք, որովհետև որքան լավ լինենք, նա այնքան ավելի գոհ կմնա։ ― Այս ասելով՝ պառավ լեդին փոքրիկ ճաշամանով տաքացրեց մսաջուրը։ Սա շատ յուղալի թվաց Օլիվերին և նրան մտածել տվեց, թե այդ արգանակին բավականաչափ ջուր ավելացնելու դեպքում երեք հարյուր հիսուն աղքատնրերի համար կհայթաթվեր առատ ճաշ և նույնիսկ կավելանար։
― Նկարներ շա՞տ ես սիրում, անգինս, ― հարցրեց պառավ լեդին, տեսնելով, թե ինչպես Օլիվերը աչքերը սևեռել էր մի դիմանկարի, որը կախված էր պատին, ճիշտ իր բազկաթոռի դիմաց։
― Ճիշտն ասած՝ չգիտեմ, ― պատասխանեց Օլիվերը, աչքերը կտավից չհեռացնելով, ― այնքան քիչ նկարներ եմ տեսել, որ հազիվ թե իմանամ։ Որքա՜ն գեղեցիկ, քնքուշ դեմք ունի այս լիդին։
― Ա՜հ, ― ասաց պառավ լեդին, ― արվեստագետները միշտ էլ լեդիներին բնականից ավելի սիրուն են նկարում, այլապես նրանք հաճախորդներ չէին ունենա, փոքրիկս։ Այն մարդը, որը լուսանկարչական մեքենան է հնարել, պետք է իմանար, որ դրանով երբեք հաջողություն ձեռք չի բերի, քանի որ դա բնականի ճշգրիտ ընդորինակումն է, շատ ճիշտ ընդորինակումը, ― ասաց պառավ լեդին իր սրամտության վրա սրտանց ծիծաղելով։
― Ուրեմն դա դիմանկա՞ր է, տիկին, ― հարցրեց Օլիվերը։
― Այո՛, ― ասաց պառավ լեդին, մի րոպե գլուխը բարձրացնելով արգանակի վրայից և երեխային նայելով։
― Ո՞ւմ դիմանկարն է, ― հարցրեց Օլիվերը։
― Օ՜, ճիշտն ասած՝ չգիտեմ, սիրելիս, չգիտեմ, ― պատասխանեց պառավ լեդին զվարթ տրամադրությամբ։ ― Կարծում եմ ո՛չ դու, ո՛չ էլ ես նրան չենք ճանաչում։ Ինչպես երևում է դու հապշտակված ես այդ նկարով։
― Այնքա՜ն, այնքա՜ն չքնաղ է, ― պատասխանեց Օլիվերը։
― Վա՛հ, մի՞թե վախենում ես դրանից, ― ասաց պառավ լեդին, ապշած նկատելով, թե երեխան ինչպիսի երկյուղով էր դիտում նկարը։
― Օ՜հ, ո՛չ, ո՛չ, ― իսկույն պատասխան տվեց Օլիվերը, ― բայց նրա աչքերը այնքան մելամաղձոտ են և կարծես թե ինձ վրա են սևեռված։ Սիրտս ուժգին բաբախում է, ― ավելացրեց նա ցածր ձայնով։ ― Թվում է, թե այդ նկարը կենդանի է և ցանկանում է խոսել ինձ հետ, բայց չի կարողանում։
― Ողորմած աստվա՜ծ, ― բացականչեց պառավ լեդին ցնցվելով, ― այդպես մի խոսի, որդի։ Հիվանդության հետևանքով դու շատ տկար ես և ջղագրգիռ։ Թող քո բազկաթոռը մյուս կողմը շուռ տամ, և դու այդ նկարը այլևս չես տեսնի։ Ա՛յ, այսպես, ― ասաց պառավ լեդին և աթոռն իսկույն հակառակ կողմ դարձրեց։ ― Այժմ էլ չես տեսնի։
Օլիվերը սակայն այդ նկարը տեսնում էր իր մտքի աչքերով և այնքան հստակ ու որոշակի, որ կարծես իր դիրքը բոլորովին չէր փոխվել։ Բայց մտածելով, որ ավելի լավ կլիներ բարի լեդիին չմտահոգել, նրա հայացքին պատասխանեց մեղմ ժպիտով, իսկ միսիս Բեդվինը, ուրախանալով, որ նա իրեն ավելի լավ է զգում, հանդիսավոր կերպով արգանակի մեջ աղ և կարմրած հացի կտորներ գցելով՝ դրեց Օլիվերի առաջ։ Տղան մեծ ախորժակով կերավ։ Նա մսաջրի վերջին գդալի պարունակությունը հազիվ էր կուլ տվել, երբ դուռը բախեցին։
― Համեցե՛ք, ― ասաց պառավ լեդին։
Դուռը բացվեց, և շեմքին հայտնվեց միստր Բրաունլոն։
Ծերունի ջենթլմենը սենյակ մտավ աշխույժ քայլերով և հազիվ էր ակնոցը բարձրացրել ճակատին ու ձեռքերը սենեկազգեստի տակից մեջքին դրել, որ ուշադրությամբ Օլիվերին նայի, երբ հուզումից նրա դեմքը տարօրինակ կերպով ծամածռվեց։ Հիվանդության պատճառով Օլիվերը շատ հյուծված էր ու դժգույն։ Ի հարգանք յուր բարերարի, նա մի անզոր փորձ արավ ոտքի կանգնելու, բայց այդ փորձը վերջացավ նրանով, որ նորից ընկավ բազկաթոռի մեջ։ Այստեղ հանուն ճշմարտության պետք է ասել, որ միստր Բրաունլոյի սիրտը բավականաչափ մեծ լինելով և կարողանալով պարունակել վեց սովորական մարդու հումանիստական զգացումները՝ այս տեսարանից սաստիկ հուզվեց և, չգիտենք ջրաբաշխական ինչպիսի ներգործությամբ, որովհետև փիլիսոփայական հմտությունը պակասում է մեզ, նրա աչքերը լցվեցին արցունքով։
― Խե՜ղճ տղա, խե՜ղճ տղա, ― ասաց միստր Բրաունլոն թեթև հազալով։ ― Այս առավոտ ձայնս խռպոտել է, միսիս Բեդվին։ Երևի մրսել եմ։
― Կհուսամ սխալվում եք, սըր, ― ասաց միսիս Բեդվինը։ ― Ձեր սպիտակեղենը լավ չորացած էր։
― Չգիտեմ Բեդվին, չգիտեմ, ― ասաց միստր Բրաունլոն։ Կարծում եմ, որ երեկ ճաշին իմ օգտագործած անձեռոցը փոքր֊ինչ խոնավ էր, բայց դա կարևոր չէ հիմա։ Ինչպե՞ս ես քեզ զգում, սիրելիս։
― Շատ երջանիկ, սըր, ― պատասխանեց Օլիվերը, ― և շատ ու շատ երախտապարտ ձեր ցույց տված հոգատարության համար։
― Ի՜նչ խելոքն է, ― ասաց միստր Բրաունլոն։ ― Նրան ուտելու բան տվե՞լ ես, Բեդվին։ Որևէ սննդարար հեղուկ, հը՞։
― Հենց հիմա մի պնակ հիանալի արգանակ կերավ, ― պատասխանեց միսիս Բեդվինը, մարմինը ձգելով և նախավերջին բառը հատկապես ուժեղ շեշտելով, հաստատելու համար, որ ջրալի կերակուրներ և հյութալի ու սննդարար մսաջուրը ոչ մի առնչություն չունեն իրար հետ, բացարձակապես ո՛չ մի առնչություն։
― Փո՜ւհ, ― ասաց միստր Բրաունլոն թեթև սարսռալով, ― մի քանի բաժակ գինին շատ ավելի նպաստած կլիներ նրան, այնպես չէ՞, Թոմ Հուայթ։
― Իմ անունը Օլիվեր է, սըր, ― պատասխանեց փոքրիկ հիվանդը՝ չափազանց զարմացած։
― Օլիվե՜ր, ― ասաց միստր Բրաունլոն, ― Օլիվեր Հուայթ, հա՞։
― Ո՛չ, սըր, Թվի՛ստ, Օլիվեր Թվիստ։
― Տարօրինակ անուն է, ― ասաց ծերունի ջենթլմենը։ ― Իսկ ինչի՞ց դրդված դատավորին ասացիր, որ քո անունը Հուայթ է։
― Ես երբեք այդպիսի բան չեմ ասել, սըր, ― ապշած պատասխան տվեց Օլիվերը։
Պատասխանը կասկածելի թվաց, և ծերունի ջենթլմենը խստորեն նայեց Օլիվերի երեսին։ Սակայն անկարելի էր տարակուսել․ նրա նիհար ու հյուծված դեմքի ամեն մի գիծը ճշմարտություն էր արտահայտում։
― Երևի ինչ֊որ թյուրիմացություն կա այստեղ, ― ասաց միստր Բրաունլոն, և չնայած այլևս որևէ պատճառ չուներ Օլիվերին այդպես սևեռուն նայելու, այնուամենայնիվ, այն հին տպավորությունը, թե նա ինչ֊որ մոտիկից ծանոթ մեկի նմանությունն է կրում, այնքան համակեց ծերունի ջենթլմենի միտքը, որ նա հայացքը չկարողացավ հեռացնել տղայից։
― Կհուսամ, ինձնից չեք նեղացել, սըր, ― ասաց Օլիվերը, աչքերը պաղատագին վեր բարձրացնելով։
― Ո՛չ, ո՛չ, ― պատասխանեց ծերունի ջենթլմենը։ ― Օ՜հ, այս ի՞նչ է, Բեդվի՛ն, տե՛ս, տե՛ս։
Խոսելիս նա շտապ մատնացույց արեց Օլիվերի գլխավերևում կախված նկարը, ապա տղայի դեմքը։ Այնտեղ էր նրա կենդանի և երկրորդ արտացոլանքը։ Աչքերը, գլուխը, բերանը, ամեն մի գիծը հար և նման էին, դեմքի արտահայտությունը մի պահ այնքան նման էր նկարի լեդիի դեմքի արտահայտությանը, որ անգամ ամենանուրբ գծերը կարծես արտագրվել էին ապշեցուցիչ ճշգրտությամբ։
Օլիվերը չիմացավ այս հանկարծական բացականչության պատճառը, քանի որ, դեռևս բավականաչափ կազդուրված չլինելով, հուզմունքից չկարողացավ դիմանալ և ուշաթափվեց։
Թողնելով Օլիվերին այս վիճակում և չցանկանալով մեր ընթերցողին պահել անորոշության մեջ, այժմ վերադառնանք զվարճասեր ծերունի ջենթլմենի երկու փոքրիկ աշակերտներին և պատմենք այդ մասին։
Երբ Ստահակը և նրա արժանավոր ընկեր Վարպետ Բեյթսը միացան Օլիվերին հետապնդողների խմբին, նրանք լցվեցին մեծ հարգանքի զգացումով դեպի իրենց անձը, քանի որ միստր Բրաունլոյի անհատական սեփականությունը յուրացնելուց հետո նրանց հաջողվել էր մարդկանց ուշադրությունը շեղել այլ կողմ։
Եվ քանի որ իսկական անգլիացին ամենից առաջ և ամենամեծ պարծանքով կառչում է իր քաղաքացիական և անհատական ազատություններին, հազիվ թե անհրաժեշտ լինի ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Ստահակի և Վարպետ Բեյթսի այսպիսի վարմունքը պետք է նրանց բարձրացներ բոլոր հասարակական գործիչների և հայրենասերների աչքում։ Այդ երևույթը որոշ չափով կարդարացներ նաև նրանց անձնական ապահովության և անվտանգության մասին ունեցած մտահոգությունը, որը հաստատվում, ամրապնդվում է օրենսգրքով և որը որոշ խորիմաստ ու ողջախոհ փիլիսոփաների կողմից ընդունված է որպես բնության բոլոր արարքների, բոլոր գործերի հիմքը։ Այս փիլիսոփաները շատ իմաստուն կերպով բնության օրինաչափությունները դարձրել են տեսություն, բայց նրա իմաստությունն ու հասկացությունը նրբորեն և գեղեցիկ կերպով գովաբանելով հանդերձ, բոլորովին անտեսել են այն ամենը, ինչ կապված է սրտի ազնվության և վեհ զգացմունքների հետ։ Վերոհիշյալ զգացմունքները, սակայն, ոչ մի կերպ չեն պատկանում իգական սեռի այս մեծագույն ներկայացուցչին, որը տիեզերական հավանությամբ ճանաչված է իր սեռակիցների անհամար թերություններից և տկարություններից բոլորովին ձերծ մի անձնավորություն։
Եթե ես ցանկանայի շարունակել իմ փաստարկումները այս նուրբ ու դժվարին կացության մեջ գտնվող երկու փոքրիկ ջենթլմենների վարքագծի հույժ փիլիսոփայական բնույթի մասին, ես անմիջապես առաջ կքաշեի այն փաստը (նույնպես արձանագրված այս պատմության նախորդող մասում), որ երբ ընդհանուր ուշադրությունը կենտրոնացավ Օլիվերի վրա, նրանք հրաժարվեցին հետապնդումից և անենակարճ ճանապարհով գնացին տուն։ Չնայած չեմ ուզում պնդել, որ առհասարակ հայտնի և իմաստուն գիտնականների սովորությունն է իրենց խոսքը կարճ կապել (իրականում նրանք ավելի շատ տրամադրված լինելով այն երկարացնել զանազան շատախոսություններով ու շեղումներով, նման են այն շեղումներին, որ հարբած մարդիկ մտքերի շատ ուժեղ հորձանքի ճնշման տակ հակամետ են իրենց թույլ տալ), այսուհանդերձ, ես ուզում եմ ասել, և շատ պարզորոշ ասում եմ, որ բազմաթիվ մեծ փիլիսոփաների անփոփոխ սովորությունն է իրենց տեսությունները գործադրելու մեջ ցուցաբերել մեծ իմաստություն և կանխատեսություն, խիստ միջոցներ ձեռք առնելով որևէ պատահականության դեմ, որը կարող է նվազագույն իսկ չափով վտանգավոր լինել իրենց համար։ Ուստի մեծ արդարություն գործելու համար դուք կարող եք փոքր֊ինչ անիրավություն թույլ տալ և կարող եք օգտագործեք որևէ միջոց, որ նպատակը կարդարացնի։ Սահմանել արդարության կամ անիրավության չափանիշը, կամ երկուսի միջև եղած տարբերությունը, դա ամբողջությամբ թողնվում է դրանով շահագրգռված փիլիսոփաների հայեցողությանը, որպեսզի նա հստակ և անկողմնակալ կերպով վճռի ու տնօրինի։
Երկու տղաները միայն այն ժամանակ համարձակվեցին կանգ առնել, երբ մեծ արագությամբ վազելով լաբիրինթոսանման փողոցների և բակերի միջով, շնչակտուր թաքնեվեցին ցածր ու մթին մի կամարակապ դարպասի տակ։ Այստեղ փոքր֊ինչ հանգստանալուց հետո Վարպետ Բեյթսը, ցնծության ճիչերով և բարձրաձայն քրքջալով, իրեն գցեց մի տան շեմքին և սկսեց թավալվել։
― Ի՞նչ է պատահել, ― հարցրեց Ստահակը։
― Հա՛, հա՛, հա՛, ― որոտաց Բեյթսը։
― Ձայնդ կտրի՛ր, ― առարկեց Ստահակը՝ կասկածանքով շուրջը նայելով։ ― Հիմարի մեկը, ուզում ես ձերբակալվե՞լ, ինչ է։
― Ես ինձ չեմ կարող զսպել, ― ասաց Չարլին, ― ո՜հ, չեմ կարող, երբ մտածում եմ այն մասին, թե նա ինչպես էր խելագարի նման վազում, ինչպիսի կայծակնային արագությամբ թեքվում էր անկյուններից, խփվում էր սյուներին, ընկնում, նորից բարձրանում և շարունակում վազել այնպես, կարծես և՛ նա, և՛ ամբոխը երկաթյա ուժ ունենային, մինչդեռ ես, թաշկինակը գրպանումս, հանգիստ, երգելով հետևում էի նրանց։ Օ՜յ, օ՜յ, աստված իմ, իսկապես որ հիանալի էր։ ― Վարպետ Բեյթսի վառ երևակայությունը տեսարանը ներկայացրեց չափազանց ուժեղ գույներով և երբ հասավ պատմության այս կետին, նա նորից գլորվեց դռան շեմքին և առաջվանից ավելի բարձր քրքրջաց։
― Արդյոք Ֆեգինը ի՞նչ կասի, ― հարցրեց Ստահակը, օգտվելով այն հանգամանքից, որ իր ընկերը, ծիծաղից թուլացած, չկարողացավ շարունակել պատմությունը։
― Ի՜նչ, ― կրկնեց Չարլի Բեյթսը։
― Այո, ի՞նչ կասի, ― ասաց Ստահակը։
― Պահ, ի՞նչ պետք է ասի որ, ― ասաց Չարլին՝ հանկարծ լրջանալով, քանի որ Ստահակը հարցը շատ լուրջ էր դրել։ ― Ի՞նչ պետք է ասի որ։
Միստր Դոքինզը մի քանի րոպե սուլեց, հետո գլխարկը հանեց և գլուխը քորելով՝ երեք անգամ նշանակալից թափահարեց։
― Ի՞նչ ես ուզում ասել, ― հարցրեց Չարլին։
― Տրա, լա, լա, լա, հիմարություն և անմտություն։ Գրողը տանի, թե ինչ եմ ուզում ասել, ― վրա բերեց Ստահակը, և նրա ուշիմ դեմքը թեթև հեգնանք արտահայտեց։
Այս պատասխանը բոլորովին գոհացուցիչ չէր։ Վարպետ Բեյթսը, զգալով այդ, նորից հարցրեց․
― Ի՞նչ ես ուզում ասել։
Ստահակը ոչ մի պատասխան չտվեց․ նա գլխարկը դարձյալ դրեց գլխին, իր երկար պիջակի ծայրը առավ թևի տակ, լեզուն խրեց թքի մեջ, հատկանշական ձևով վեց անգամ խփեց քթարմատին և կրնկի վրա պտտվելով՝ անաղմուկ դուրս եկավ բակից։ Վարպետ Բեյթսը մտածկոտ հետևեց նրան։
Այս խոսակցությունից մի քանի րոպե հետո ծերունի զվարթ ջենթլմենը սթափվեց ճռճռացող սանդուղքների վրա լսվող ոտնաձայներից։ Նա նստել էր կրակարանի մոտ, ձախ ձեռքում կար մի կտոր երշիկ ու մի փոքրիկ նկանակ հաց, աջ ձեռքում կար մի դանակ, իսկ եռոտանու վրա՝ մի պղնձյա կաթսա։
Երբ շրջվեց, նենգ ժպիտ էր ուրվագծված նրա գունատ դեմքին։ Նա շեկ, թավ հոնքերի տակից ուշադիր նայելով դեպի դուռը՝ գլուխը հակեց ու ականջ դրեց։
― Պա՛հ, մրթմրթաց հրեան, փոխելով դեմքի արտահայտությունը, ― միայն երկո՜ւսը։ Իսկ որտե՞ղ է երրորդը․ բա՞ն է պատահել, ինչ է։
Ոտնաձայները ավելի ևս մոտեցան, հասան հարթակին․ ապա դուռը կամացուկ բացվեց․ Ստահակն ու Չարլի Բեյթսը մտան ներս ու դուռը փակեցին։
Տասներեքերորդ գլուխ
Ուշիմ ընթերցողը ծանոթանում է մի քանի նոր դեմքերի, և այս առնչությամբ այս պատմությանը վերաբերող զանազան հաճելի նյութեր են շոշափվում
― Որտե՞ղ է Օլիվերը, ― սպառնալից հարցրեց Հրեան տեղից վեր թռչելով, ― որտե՞ղ է այդ տղան։
Փոքրիկ գողերը, իրենց ղեկավարի կատաղությունից կարծես ահաբեկված, անհանգիստ իրար նայեցին, բայց ոչ մի պատասխան չտվեցին։
― Ի՞նչ է պատահել տղային, ― ասաց Հրեան՝ Ստահակի օձիքից բռնելով և ահավոր հայհոյանքներով սպառնալով նրան․ ― Խոսի՛ր, թե չէ հիմա կխեղդեմ քեզ։
Չարլի Բեյթսի բնավորության ցայտուն գծերից մեկն էր՝ բոլոր դեպքերում խոհեմորեն մտածել նախ և առաջ սեփական անվտանգության մասին։ Հետևաբար, լսելով միստր Ֆեգինի վճռական արտահայտությունը և վախենալով, որ Ստահակից հետո խեղդվելու հերթը գուցե իրեն կհասնի, ծունկի եկավ և սկսեց երկարաձիգ ու բարձրագոչ աղաղակներ արձակել, որոնք նման էին կատաղած ցուլի բառաչի ու խլացնող փողհարության։
― Խոսելո՞ւ ես, ― որոտաց Հրեան, այնքան սաստիկ ցնցելով Ստահակին, որ զարմանալի թվաց, թե մեծ պիջակը ինչպես դուրս չեկավ նրա հագից։
― Նա ծուղակն ընկավ, հասկացա՞ր, ահա և բոլորը, ― ասաց Ստահակը խոժոռվելով։ ― Դե՛, թո՛ղ ինձ։ ― Եվ մի քանի ճարպիկ շարժումով դուրս սահելով պիջակի միջից, այն թողեց Հրեայի ձեռքերում, ապա իսկույն վերցրեց մեծ պատառաքաղը և փորձեց խփել ծերունի զվարթ ջենթլմենին, բայց վրիպեց։
Այս տագնապալի դրության մեջ Հրեան, իր տարիքին անհամապատասխան ճարպկությամբ, ետ քաշվեց, խլեց գարեջրամանը և պատրաստվում էր նետել իր հակառակորդի գլխին, երբ նույն րոպեին Չարլի Բեյթսը այնպիսի ահռելի մի ոռնոց արձակեց, որ նրա ուշադրությունը իր կողմը հրավիրեց, և Հրեան, փոխելով ուղղությունը, գարեջրամանը շպրտեց ուղիղ այդ փոքրիկ ջենթլմենի գլխին։
― Այս ի՞նչ բան է, ― մռլտաց մի թավ ձայն։ ― Դա ո՞վ շպրտեց վրաս։ Լավ է որ գարեջուրը դիպավ ինձ և ոչ թե գարեջրի ամանը, այլապես ինչ֊որ մեկի հետ հաշվի կնստեի։ Բայց ինձ զարմանալի է թվում, որ անիծյալ, վաշխառու, հարուստ մի ծեր հրեա ինչպես է գարեջուր շպրտում մարդկանց վրա, երբ ես գիտեմ, թե նա միայն ջուր կարող է շռայլել, այն էլ Ջրմուղային Ընկերությանը խաբած և երեք ամսվա դրամը չվճարած լինելու ծայրահեղ դեպքում։ Ինչե՜ր եմ տեսնում, Ֆեգին։ Անիծված լինեք դուք, վզկապս ինչպես է գարեջրով ողողվել։ Նե՛րս եկ, քծնոց սրիկա, ինչո՞ւ ես կանգնել դրսում․ տիրոջիցդ ամաչո՞ւմ ես, ինչ է։ Նե՛րս եկ։
Այս բառերը քրթմնջացող մարդը մոտավորապես երեսունհինգ տարեկան հաղթանդամ մի երիտասարդ էր։ Հագել էր սև թավշյա պիջակ, շատ կեղտոտ տաբատ, հնամաշ կոշիկներ և բամբակյա մոխրագույն գուլպաներ, որոնք ամփոփում էին մի զույգ խոշոր, ուռած սրունքներ, սրունքներ, որոնք այսպիսի տեսքով կատարյալ չեն համարվի, եթե զարդարված չլինեն շղթաներով։ Գլխին դրել էր սրճագույն գլխարկ և վզին փաթաթել կեղտոտ, խայտաբղետ մի թաշկինակ, որի ծոպերով սրբելով երեսի գարեջուրը՝ ի հայտ բերեց երեք օրվա մորուքով պատած լայն, խոժոռ դեմք և երկու դաժան աչքեր, որոնցից մեկը ինչ֊որ բռունցքի հարվածի երփներանգ հետքերն էր կրում, որ վերջերս էր ստացել։
― Նե՛րս արի, հասկացա՞ր, ― գոռաց այդ սրիկան։
Սպիտակ, թավամազ մի շուն, մռութը քսան տարբեր տեղերից ճանկռոտված ու պատառոտված, կծկվելով մտավ սենյակ։
― Իսկ մինչև հիմա ինչո՞ւ չէիր գալիս, ― ասաց մարդը։ ― Այնքան ես գոռոզացել, որ մարդկանց մոտ այլևս չես ուզում ճանաչել քո տիրոջը, հա՞։ Դե՛, պառկի՛ր։
Հրամանին հետևեց մի աքացի, որը կենդանուն շպրտեց սենյակի մյուս ծայրը։ Շունը երևի այդ վերաբերմունքին շատ սովոր էր, քանի որ լուռումունջ կծկվեց անկյունում և իր տգեղ աչքերը մի րոպեում քսան անգամ թարթելով՝ սկսեց այնպես նայել, ասես հարկաբաժինը զննելով էր զբաղված։
― Գլխումդ ի՞նչ ծրագիր կա դարձյալ։ Տղաների հետ վատ ես վարվում, հա՞․ ագահ, կծծի, անհագ ծերուկ, ― ասաց մարդը նստելով մի աթոռի։ ― Հետաքրքիր է, ինչո՞ւ չեն սպանում քեզ։ Ես անպայման կսպանեի, եթե նրանց տեղը լինեի։ Եթե ես քո աշակերտը լինեի, շատ վաղուց քեզ սպանած կլինեի, Ֆեգին։ Բայց ո՛չ, ինչ եմ ասում, սպանելուց հետո ես քեզ չէի էլ կարող վաճառել, որովհետև դու պիտանի ես միայն իբրև տգեղության մարմնացում մի շշի մեջ դրվելով ցուցադրվելու։ Ափսո՜ս, որ այդքան հսկա ծավալով ապակյա շշեր չեն պատրաստվում։
― Կամա՜ց, կամա՜ց, միստր Սայքս, ― ասաց Հրեան դողդողալով, ― այդքան բարձրաձայն մի՛ խոսի։
― Ինչո՞ւ ես ինձ «միստր» կոչում, ― պատասխանեց ոճրագործը, ― դու միշտ էլ ինչ֊որ նենգ նպատակներ ես հետապնդում, երբ սկսում ես այդ ձևով խոսել։ Իմ անունը գիտես, դրանով էլ կոչի ինձ։ Ես իմ անունը չեմ արատավորի, երբ որ ժամանակը գա։
― Լա՛վ, լա՛վ, ուրեմն, Բիլլ Սայքս, ― ասաց Հրեան քծնող համեստությամբ։ ― Երևի տրամադրությունդ ընկած է, Բիլլ։
― Գուցե ընկած է, ― պատասխանեց Սայքսը, ― քոնը նույնպես լավ չի երևում։ Իհարկե, այլ բան է, եթե պղինձներ շպրտած ժամանակ մտադիր ես այնքան քիչ վնաս հասցնել, որքան մատնություններ անելիս և․․․
― Գժվե՞լ ես, ինչ է, ― ասաց Հրեան զրուցակցի թևից բռնելով և տղաների կողմը մատնացույց անելով։
Միստր Սայքսը բավականացավ մի երևակայական օղակ անցկացնելով իր ձախ ականջը և գլուխը թեքելով իր աջ ուսի վրա, մի տեսակ մնջախաղ, որը երևի Հրեան շատ լավ էր հասկանում։ Ապա գողերի հատուկ ծածկալեզվով, որը համեմում էր նրա գրեթե ամբողջ խոսակցությունը, մի բաժակ ըմպելիք պահանջեց։ Բայց քանի որ այդ բառերը ընթերցողի համար բոլորովին անհասկանալի են, ավելորդ ենք համարում այստեղ արձանագրել դրանք։
― Եվ զգո՜ւյշ, չլինի հանկարծ թույն լցնես մեջը, ― ասաց միստր Սայքսը, գլխարկը դնելով սեղանին։
Սա կատակով ասվեց, բայց խոսողը եթե հնարավորություն ունենար տեսնելու, թե դեպի պահարանը շրջվելիս ինչպիսի նենգ ժպիտ խաղաց Հրեայի դեմքի վրա, և նա ատամներով ինչպես սեղմեց իր չար, դալուկ շուրթը, գուցե մտածեր, որ նախազգուշությունը այնքան էլ անտեղի չէր, և կամ ըմպելին պատրաստող մասնագետի հմտությունը կատարելագործելու ցանկությունը իրոք առկա էր ծեր ջենթլմենի զվարթ սրտում։
Միստր Սայքսը մի քանի բաժակ ըմպելիք կուլ տալուց հետո, երբ բարեհաճեց փոքրիկ ջենթլմենների ներկայությունը հաշվի առնել, նրանք կրկին անդրադարձան Օլիվերին, և Ստահակը, տվայլ պարագայի պատշաճ ու անհրաժեշտ բարեփոխումներով, մանրամասնորեն պատմեց տղայի ձերբակալության դեպքը։
― Վախենում եմ, ― ասաց Հրեան, ― նա այնպիսի բաներ ասի, որ փորձանքի մեջ գցի մեզ։
― Շատ հավանական է, ― ընդհատեց Սայքսը չարախինդ և խորամանկ ժպիտով․ ― Կորած մարդ ես, Ֆե՛գին։
― Եվ գիտես, ես վախենում եմ, ― ավելացրեց Հրեան զրուցակցին ուշադիր նայելով և խոսելով այնպես, ասես ընդհատումը չէր նկատել, ― վախենում եմ, որ եթե մենք ծուղակն ընկնենք, գուցե մեզ հետ ընկնեն նաև շատ֊շատերը, իսկ դա քեզ համար կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ, քան ինձ համար, սիրելիս։
Մարդը ցնցվեց և դեպի Հրեան շուռ եկավ։ Բայց ծերունի ջենթլմենը իր ուսերը բարձացրել էր մինչև ականջները և մտացրիվ ու սևեռուն նայում էր հանդիպակաց պատին։
Երկարատև լռություն տիրեց։ Հարգելի խմբակի յուրաքանչյուր անդամը խորասուզված էր մտածմունքների մեջ, անգամ շունը չէր բացառվում։ Նա, անկյունում լուռ կծկված, չարամտորեն լիզում էր իր դունչը․ թվում էր, թե նա ծրագրում էր հարձակվել առաջին իսկ ջենթլմենի կամ լեդիի ոտքերի վրա, երբ փողոց դուրս գար։
― Մեկնումեկը պետք է գնա և ստուգի, թե ինչ է կատարվել բանտում, ― այժմ շատ ավելի ցածր ձայնով ասաց միստր Սայքսը։
Հրեան գլխով հավանության նշան տվեց։
― Եթե նա արդեն չի մատնել մեզ և այժմ դատապարտված է, մինչև բանտից դուրս գա մենք ապահով ենք, ― ասաց միստր Սայքսը, ― իսկ դուրս գալուց հետո պետք է հետևել, պետք է անպայման գտնել նրան։
Հրեան նորից գլխով արեց։
Բացահայտ էր, որ այս ուղղությամբ աշխատելը մեծ խոհեմություն կլիներ, սակայն դժբախտաբար կար մի լուրջ պատճառ, որ արգելք էր հանդիսանում այս որոշումը գործադրելուն։ Բանն այն էր, որ և՛ Ստահակը, և՛ Չարլի Բեյթսը, և՛ Ֆեգինը, և՛ միստր Վիլյամ Սայքսը, բոլորն էլ անխտիր, սաստիկ հակակրություն ունեին ոստիկանատների նկատմամբ և ոչ մի առիթով չէին ցանկանում անգամ նրանց մոտով անցնել։
Այս անորոշ ու տհաճ դրության մեջ որքան երկար մնացին ու իրար դիտեցին՝ դժվար է գուշակել։ Սակայն հարկավոր չէ որևէ գուշակություն անել նյութի շուրջը, քանի որ հանկարծ հայտնվեցին այն երկու լեդիները, որոնց Օլիվերը մի այլ առիթով տեսել էր, և խոսակցությունը նորից աշխուժացավ։
― Ա՛յ թե իսկականն է, հա՜, ― ասաց Հրեան։ ― Բեթը կգնա, այնպես չէ՞, անուշիկս։
― Իսկ ո՞ւր, ― հարցրեց դեռատի լեդին։
― Հենց այստեղ, ոստիկանական տեղամասը, սիրելիս, ― ասաց Հրեան համոզիչ տոնով։
Այստեղ հօգուտ դեռատի լեդիի պետք է ասել, որ նա հաստատապես չմերժեց գնալ, նա միայն ասաց, որ պարզապես «օրհնված» կլիներ, եթե գնար։ Լեդին իրենից խնդրածը կատարելուց հրաժարվեց շատ նուրբ ու քաղաքավարի ձևով․ ապացույց այն իրողության, որ դեռատի լեդիի ի ծնե ունեղած բարձր դաստիարակությունը իրեն թույլ չէր տալիս իր ընկերների առաջարկությունները բացահայտորեն մերժելով ցավ պատճառել նրանց։
― Նենսի, սիրելի՛ս, դու ի՞նչ կասես, ― դեպի մյուս լեդին շրջվելով, փաղաքուշ ձայնով ասաց Հրեան։
― Դա լինելու բան չէ, հետևաբար այլևս չխոսենք այդ մասին, Ֆեգին, բոլորովին անօգուտ է, ― պատասխանեց Նենսին։
― Իսկ դու դրանով ի՞նչ ես ուզում ասել, ― նկատեց միստր Սայքսը՝ խոժոռված վեր նայելով։
― Այն ինչ֊որ արդեն ասացի, Բիլլ, ― անվրդով պատասխանեց լեդին։
― Ճի՞շտ։ Դու ամենահարմար անձն ես այդ գործի համար, ― պատճառաբանեց միստր Սայքսը, ― շրջապատում ոչ ոք ոչինչ չգիտե քո մասին։
― Եվ քանի որ չեմ էլ ցանկանում որ գիտենան, ― պատասխանեց Նենսին նույն անվրդով տոնով, ― ապա իմ պատասխանը ավելի շուտ ոչ է, քան թե այո, Բիլլ։
― Նա կգնա, Ֆեգին, ― ասաց Սայքսը։
― Ո՛չ, նա չի գնա, Ֆեգին, ― ասաց Նենսին։
― Անպայման կգնա, ― պնդեց Սայքսը։
Միստր Սայքսը իրավացի դուրս եկավ։ Հաջորդական սպառնալիքների, խոստումների ու կաշառքների ազդեցության տակ, վերոհիշյալ լեդին վերջապես հարկադրված եղավ ստանձնել սույն հանձնարարությունը։ Եվ արդարև, իր սիրելի ընկերուհու նման նա առարկելու այնքան էլ հարգելի պատճառներ չուներ, քանի որ Րեդկլիֆ կոչված հեռավոր, բայց արիստոկրատական արվարձանից դեռևս նոր էր տեղափոխվել Ֆիլդ Լեյնի թաղամասը և իր բազմաթիվ ծանոթներից որևէ մեկին հանդիպելու երկյուղը չէր ապրում։
Հետևաբար, հագուստի վրայից մի մաքուր, սպիտակ գոգնող կապելով և իր խոպոպաթղթերը թաքցնելով ծղոտե գլխարկի տակ (երկու առարկաներն էլ հայթայթվել էին Հրեայի անսպառ պահեստից), միսս Նենսին պատրաստվեց դուրս գալ։
― Ապասի՛ր մի րոպե, սիրելիս, ― ասաց Հրեան դարպասի մի մեծ բանալի կախելով դեռատի լեդիի աջ ձեռքի ցուցամատից։ ― Այժմ հիանալի է, իսկապես հիանալի է, սիրելիս, ― ասաց Հրեան ձեռքերը իրար շփելով։
― Օ՜հ, եղբա՜յր իմ։ Իմ խե՜ղճ, անուշի՜կ, անմե՜ղ, փոքրիկ եղբայր իմ, ― բացականչեց Նենսին հանկարծ փղձկալով և փոքրիկ զամբյուղն ու մեծ բանալին ծայրայեղ հուսահատությամբ տրորելով ձեռքի մեջ։ ― Արդյոք ի՞նչ է պատահել, ո՞ւր են տարել նրան։ Օ՜հ, գթացե՜ք ջենթլմեններ, և ինձ ասացեք, թե ինչ է կատարվել այդ սիրասուն տղայի հետ, խնդրո՜ւմ եմ, ջենթլմեններ, գթացե՜ք, ջենթլմեններ։
Շատ ողբալի ու սրտաճմլիկ ձևով արտասանված այս բառերը մեծապես հիացրին ունկնդիրներին։ Հետո միսս Նենսին մի րոպե կանգնեց, աչքով արեց, չարաճճի ժպտաց բոլորին ու անհետացավ։
― Ա՜հ, ուշիմ աղջիկ, ― ասաց Հրեան՝ շուռ գալով դեպի իր փոքրիկ բարեկամները և գլուխը նշանակալից շարժելով, ասես կամենալով հասկացնել նրանց, թե հարկավոր է հետևել աղջկա փայլուն օրինակին։
― Նա իր սեռի պարծանքն է, ― ասաց միստր Սայքսը՝ բաժակը լցնելով և իր հսկա բռունցքով սեղանին խփեց։ ― Դե՛, խմենք նրա կենացը։ Երանի թե բոլոր կանայք նրա պես լինեին։
Մինչդեռ այսպիսի բազմաթիվ գովասանքներ էին շռայլվում նրա հասցեին, հմուտ Նենսին շտապում էր ոստիկանատուն, և չնայած այն հանգամանքին, որ փողոցներում մենակ ու անպաշտպան քայլելը փոքր֊ինչ վախ էր ներշնչում նրան, այնուամենայնիվ, մի կարճ միջոցում նա բոլորովին ապահով տեղ հասավ։
Մտնելով հետևի մուտքից, նա բանալիով թեթև թակեց խցերից մեկի դուռը և ականջ դրեց։ Ներսից ոչ մի ձայն չլսվեց։ Լեդին հազաց և նորից ականջ դրեց։ Դարձյալ ոչ մի պատասխան։
― Օլիկ, սիրելի՜ս, ― մրմնջաց Նենսին քնքշությամբ, ― Օլի՜կ։
Ներսում ոչ ոք չկար, բացի թշվառ, ոտաբոբիկ մի վճրագործից, որը ձերբակալված էր սրինգ նվագելու մեղադրանքով։ Հասարակության դեմ նրա գործած հանցանքը բացահայտ կերպով ապացուցված լինելով, միստր Ֆենգը ըստ պատշաճի դատապարտել էր նրան մեկ ամսվա բանտարկության և ուղարկել Ուղղիչ տուն, տեղին ու զվարճալիորեն դիտել տալով, որ բանտարկյալը իր կրծքի բովանդակ ուժը փոխանակ երաժշտական գործիքի վրա սպառելու, շատ ավելի օգտակար կլիներ, եթե սպառեր պտտվող անվի վրա։ Բանտարկյալը ոչ մի պատասխան չտվեց․ նա մտովին զբաղված էր իր բռնագրավված սրնգի կորուստը ողբալով։ Հետևաբար, Նենսին առաջացավ և թակեց հաջորդ խցի դուռը։
― Հետո՞, ― լսվեց տկար ու նվաղկոտ մի ձայն։
― Իմ փոքրիկ Օլիկին եմ փնտրում։ Այդպիսի մի տղա չկա՞ այստեղ, ― հարցրեց Նենսին կեղծ հեկեկանքով։
―Ո՛չ, ― պատասխանեց ձայնը։ ― Աստված ո՛չ անի։
Խոսողը վաթսունհինգ տարեկան մի դատարկապորտ էր, որը բանտարկված էր սրինգ չնվագելու համար, կամ այլ կերպ ասած՝ օրինական ապրուստի միջոց չունենալով փողոցներում մուրացկանություն անելու համար։ Հաջորդ խցում կար մի ուրիշ մարդ, որը բանտ էր ուղարկված՝ իր համար ապրուստի միջոց ստեղծելով փողոցներում թիթեղյա ամաններ վաճառելու գործով, իսկ սա էլ մեղադրվում էր այն պատճառով, որ առանց արտոնագրի էր աշխատում։
Քանի որ այս հանցագործներից ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը Օլիվերին չէին անձնավորում, և կամ ոչինչ չգիտեին նրա մասին, Նենսին դիմեց շերտավոր բաճկոն հագած կոպիտ արտաքինով ոստիկանին և չափազանց սրտառուչ ողբ ու կոծով, որն ավելի սրտառուչ էր դառնում փոքրիկ զամբյուղի և մեծ բանալու ճշգրիտ ու հմուտ գործածությամբ, պահանջեց իր հարազատ եղբորը։
― Նա ինձ մոտ չէ, սիրելիս, ― ասաց ծերունին։
― Հապա որտե՞ղ է, ― ճչաց Նենսին մտամոլոր։
― Այն ջենթլմենը տարավ նրան, ― պատասխանեց ոստիկանը։
― Ո՞ր ջենթլմենը։ Օ՜հ, տե՜ր իմ աստված։ Ի՞նչ ջենթլմեն, ― բացականչեց Նենսին։
Ծերունին, տեսնելով քրոջ տագնապալի վիճակը, այդ անկապ հարցերին ի պատասխան տեղեկացրեց նրան, որ Օլիվերը ոստիկանատանը ուշաթափվել էր, և երբ, ինչ֊որ վկայի ցուցմունքով, հաստատվել էր, որ գողությունը ինքը չէր կատարել, քանի որ թաշկինակը գողացել էր մի ուրիշ տղա, որը այդ պահին ձերբակալված չէր, մեղադրող ծերունի ջենթլմենը վերցրել էր նրան այդ անզգա վիճակում և փոխադրել իր բնակարանը, իսկ թե այդ բնակարանը որտեղ էր գտնվում՝ նա չգիտեր։ Միայն ծերունի ջենթլմենի կառապանին տված հրահանգից, որ նա պատահաբար լսել էր, կարելի էր հետևացնել, որ դա Պենտոնվիլլի մոտերքը մի ինչ֊որ տեղ պետք է լիներ։
Դեռատի կինը մռայլվեց։ Նրան համակեց ահավոր կասկած ու անորոշություն։ Նա երերուն քայլերով ուղղվեց դեպի դարպասը, բայց հենց որ փողոց դուրս եկավ, տատանվող քայլերը փոխելով սրընթաց վազքի, լաբիրինթոսանման և կողմնակի ճանապարհներով վերադարձավ Հրեայի տունը։
Երբ միստր Բիլլ Սայքսը լսեց միսս Նենսիի զեկուցումը, նա իսկույն ձայն տվեց սպիտակ շանը, գլխարկը դրեց գլխին և առանց խմբին հրաժեշտ տալու ձևականության, շտապ դուրս եկավ տանից։
― Մենք պետք է իմանանք որտեղ է նա, սիրելիներ, մենք պետք է անպայման գտնենք նրան, ― ասաց Հրեան սաստիկ վրդովված։ ― Չարլի, դու պետք է շարունակ որոնես նրան մինչ որ լուր բերես նրա մասին, այդ է քո անելիքը։ Նե՛նսի, սիրելիս, ես պետք է անպայման գտնեմ նրան։ Այս բանը ես քեզ եմ վստահում, սիրելիս, քեզ և Ստահակին։ Բայց կացե՛ք, ― ավելացրեց Հրեան դողացող ձեռքերով ինչ֊որ դարակ բացելով, ― վերցրե՛ք այս դրամը, սիրելիներս։ Ես այս գիշեր խանութը փակելու եմ։ Դուք գիտեք, թե որտեղ կարելի է գտնել ինձ։ Շտապ հեռացե՛ք այստեղից։ Ոչ մի վայրկյան չմնաք։
Այս խոսքերով Հրեան նրանց դուրս հրեց սենյակից և, դուռը կրկնակի կողպեքով և այլ փականքներով ապահով ամրացնելուց հետո, դուրս քաշեց այն արկղիկը, որի գոյությունը, անկախ իր կամքից, Օլիվերին հայտնի էր դարձել։ Ապա սկսեց ժամացույցներն ու գոհարեղենները փութով թաքցնել իր զգեստների տակ։
Այս զբաղվածության պահին դուռը թեթև թակեցին, և նա ցնցվեց։
― Ո՞վ է, ― գոչեց նա զիլ ձայնով։
― Ինքս, ― պատասխանեց Ստահակը բանալու անցքից։
― Ւ՞նչ կա, ― գոչեց Հրեան անհամբերությամբ։
― Նենսին ուզում է իմանալ, նրան առևանգելու դեպքում մյո՞ւս որջը պետք է տանենք, ― հարցրեց Ստահակը։
― Այո՛, ― պատասխանեց Հրեան, ― հենց որ գտնեք նրան, իսկույն տարեք մյուս որջը։ Շուտ գտեք նրան, ինչ գնով լինի՝ գտեք նրան, ահա ամբողջը։ Հետո ինքս գիտեմ իմ անելիքը, անհոգ եղեք։
Տղան քրթմնջալով, թե ամեն ինչ պարզ է, վազեց սանդուղքն ի վար և միացավ իր ընկերուհուն։
― Նա մինչև հիմա չի մատնել մեզ, ― ասաց Հրեան իր զբաղմունքը վերսկսելով, ― իսկ եթե մտադիր է իր նոր բարեկամների շրջապատում շաղակրատել ու մեր գաղտնիքները դուրս տալ, ապա մենք դեռ կարող ենք նրա բերանը ծեփել։
Տասնչորսերորդ գլուխ
Բովանդակում է ավելի մանրամասն տեղեկություն Օլիվերի՝ միստր Բրաունլոյի մոտ լինելու մասին և այն երևելի գուշակությունը, որ արեց ոմն միստր Գրիմվիգ Օլիվերի հասցեին, երբ նա ուղարկվեց մի հանձնարարություն կատարելու
Երբ Օլիվերը սթափվեց այն ուշաթափությունից, որի պատճառը եղել էր միստր Բրաունլոյի հանկարծական բացականչությունը, ծերունի ջենթլմենն ու միսիս Բեդվինը զգուշությամբ խուսափեցին թե՛ նկարի և թե՛ Օլիվերի անցյալի կամ ապագայի մասին որևէ ակնարկություն անելուց։ Ընդհակառակն, նրանք սկսեցին խոսել այնպիսի նյութերի շուրջ, որոնք կարող էին միայն զվարճացնել տղային, առանց հուզելու նրան։ Օլիվերը տակավին թույլ էր զգում իրեն և ի վիճակի չէր նախաճաշի համար վեր կենալու, բայց երբ հաջորդ օրը իջավ տնտեսուհու սենյակը, նրա առաջին մտածմունքը եղավ անձկալից մի հայացք գցել պատին։ Նա հույս ուներ, որ դարձյալ կարող էր դիտել չքնաղ լեդիի դեմքը։ Սակայն հիասթափվեց, քանի որ նկարը վերցված էր այնտեղից։
― Ա՜հ, ― ասաց տնտեսուհին, ― հետևելով Օլիվերի աչքերի ուղղությանը։ ― Տեսնում ես, այնտեղ չէ։
― Տեսնում եմ, տիկին, ― պատասխանեց Օլիվերը։ ― Բայց ինչո՞ւ են վերցրել։
― Վերցրել են մանչուկ, որովհետև դա քեզ անհանգստացնում էր։ Միստր Բրաունլոն մտածելով, որ գուցե այդ նկարը քո ապաքինմանը արգելք կհանդիսանա, այդպես կարգադրեց, ― պատասխանեց պառավ լեդին։
― Օ՜հ, ո՛չ, ո՛չ, ինձ չէր անհանգստացնում, տիկի՛ն, ― ասաց Օլիվերը։ ― Ընդհակառակն, ինձ համար շատ հաճելի էր նայել այդ նկարին։
― Լա՛վ, լա՛վ, ― ասաց պառավ լեդին բարեհաճորեն, ― դու հնարավոր եղածին չափ շուտ կազդուրվիր, և մենք այդ նկարը նորից կկախենք։ Ա՛յ, խոսք եմ տալիս։ Իսկ այժմ խոսենք այլ նյութերի շուրջ։
Այդ էր այն ամբողջ տեղեկությունը, որ Օլիվերը կարողացավ ձեռք բերել նկարի մասին։ Եվ որովհետև ծեր լեդին հիվանդության ժամանակ մեծ հոգատարություն էր ցուցաբերել իր հանդեպ, Օլիվերը ճիգ թափեց գոնե առայժմ մոռանալ նկարը։ Ուստի նա ուշադիր լսեց այն բոլորը, որ լեդին պատմեց իր երեխաների մասին․ թե ինչպես իր համակրելի ու գեղեցիկ մի աղջիկը ամուսնացած էր մի համակրելի ու գեղեցիկ տղամարդու հետ, թե ինչպես Վեստ Ինդիայում ուներ մի որդի, որը ինչ֊որ վաճառականի մոտ աշխատում էր որպես քարտուղար և, իբրև բարի ու ծնողասեր որդի, սիրալիր նամակներ էր ուղարկում մորը տարին կանոնավորապես չորս անգամ։ Այս բոլորը մտաբերելիս նա հուզումից արտասվեց։ Երբ պառավ լեդին բավականին պատմել էր իր երեխաների շնորհքների մասին, մեջ բերելով նաև քսանվեց տարի առաջ մահացած իր ամուսնու արժանիքները, արդեն ժամանակն էր թեյելու։ Թեյից հետո պառավ լեդին սկսեց Օլիվերին մի թղթախաղ ցույց տալ, որը նա սովորեց այն արագությամբ, ինչ արագությամբ լեդին կարողացավ սովորեցնել նրան։ Նրանք խաղը մեծ հետաքրքրությամբ ու լրջությամբ շարունակեցին մինչև այն պահը, երբ նորից ժամանակն էր Օլիվերին կերակրելու։ Տղան պետք է խմեր ջրախառն տաք գինի, ուտեր մի շերտ կարմրած հաց, ապա հանգիստ քներ։
Որքա՜ն երջանիկ էին անցնում Օլիվերի ապաքինման օրերը։ Նրան շրջապատող ամեն ինչ այնքան մաքուր էր և կոկիկ, և բոլորը այնքան բարի էին ու հոգատար նրա հանդեպ, որ այն աղմկահույզ ու փոթորկալից միջավայրից հետո, որտեղ նա անց էր կացրել իր ամբողջ մատաղ կյանքը, նրան այնպես էր թվում, թե դրախտումն է։ Երբ նա կազդուրվեց այնքան, որ արդեն ի վիճակի էր անկողնուց վեր կենալ և հագնվել, միստր Բրաունլոն նրա համար պատրաստել տվեց մի ձեռք նոր հագուստ, նոր կեպի և նոր կոշիկներ։ Քանի որ Օլիվերին ասացին, թե իր հին շորերի հետ կարող էր վարվել ինչպես կամենում է, նա այդ հին շորերը տվեց մի սպսսուհու, որն իր հանդեպ ազնիվ վերաբերմունք էր ցուցաբերել, խորհուրդ տալով, որ դրանք վաճառի մի հրեայի և դրամը օգտագործի ըստ իր ցանկության։ Սպասուհին հաճույքով կատարեց նրա ասածը և երբ Օլիվերը հյուրասենյակի պատուհանից տեսավ, թե հրեան ինչպես քուրջերը պարկի մեջ դնելով հեռացավ, կարծես ավելի ազատորեն շնչեց։ Նա չափազանց երջանիկ էր, որ դրանք նորից հագնելու վտանգից ընդմիշտ ազատվել էր։ Ճշմարիտն ասած՝ տխրահռչակ ցնցոտիներ էին, իսկ Օլիվերը կյանքում երբեք նոր զգեստ չէր ունեցել։
Նկարի միջադեպից մոտավորապես մի շաբաթ հետո, մի երեկո, երբ տղան նստած զրուցում էր միսիս Բեդվինի հետ, միստր Բրաունլոն սպասավորին ուղարկեց, հայտնելով, որ եթե Օլիվեր Թվիստն իրեն բավականաչափ լավ է զգում, ապա ինքը կցանկանար տեսակցել և մի փոքր խոսել նրա հետ իր առանձնասենյակում։
― Օ՜հ, տե՜ր իմ աստված։ Ձեռքերդ լվա և շուտ մոտս եկ, որ մազերդ սանրեմ, մանչուկ, ― ասաց միսիս Բեդվինը։ ― Ի՞նչ անենք հիմա։ Եթե իմանայինք, որ նա քեզ իր մոտ է կանչելու, գոնե վերնաշապիկիդ օձիքը կփոխեինք, և քեզ ավելի ներկայանալի կդարձնեինք։
Օլիվերը կատարեց միսիս Բեդվինի պատվերը, և թեպետ պառավ լեդին լուրջ մտահոգված էր, թե ժամանակ չկար անգամ նրա վերնաշապիկի օձիքը երիզող փոթածայրերը արդուկելու, այնուամենայնիվ, տղային ոտից գլուխ մեծ գոհունակությամբ զննելուց հետո ասաց, որ ի վերջո հնարավոր չէր նրան ավելի վայելուչ դարձնել։
Այսպես խրախուսված, Օլիվերը թեթև թակեց ծերունի ջենթլմենի առանձնասենյակի դուռը և ներս մտնելով իրեն գտավ անհամար գրքերով լի մի սենյակում, որի լուսամուտը բացվում էր փոքրիկ, բայց հաճելի պարտեզների վրա։ Լուսամուտի տակ կար մի սեղան, որի առջև նստած՝ միստր Բրաունլոն կարդում էր։ Երբ Օլիվերին տեսավ, գիրքը հրեց մի կողմ, տղային հրավիրեց սեղանի մոտ և առաջարկեց նստել։ Օլիվերը հնազանդվեց, ապշած մտածելով, թե որտեղ կարելի էր այսքան շատ թվով գրքեր կարդացող մարդիկ գտնել, գրքեր, որոնք կարծես թե գրված էին աշխարհը ավելի իմաստուն դարձնելու համար։ Եվ Օլիվերը առաջինը չէր, որ այդպես մտածեց։ Դա մի երևույթ է, որ նույնքան զարմանք է պատճառում Օլիվեր Թվիստից շատ ավելի փորձառու մարդկանց, նրանց կյանքի յուրաքանչյուր օրում։
― Շատ գրքեր կան, այնպես չէ՞, տղաս, ― ասաց միստր Բրաունլոն, նկատելով, թե Օլիվերը ինչպիսի հետաքրքրությամբ էր զննում հատակից մինչև առաստաղը հասնող դարակները։
― Չափազանց շատ, սըր, ― պատասխանեց Օլիվերը։ ― Կյանքումս այսքան շատ թվով գրքեր երբեք չեմ տեսել։
― Եթե քեզ լավ պահես, դու կկարդաս այդ բոլոր գրքերը, ― սիրալիությամբ ասաց ծերունի ջենթլմենը, ― և կարդալը քեզ ավելի դուր կգա, քան դիտելը (իհարկե որոշ դեպքերում), որովհետև ինչ խոսք, որ գոյություն ունեն այնպիսի գրքեր, որոնց արտաքին ձևավորումը ավելի գեղեցիկ է, քան բովանդակությունը։
― Երևի դրանք այդ մեծածավալ գրքերն են, սըր, ― ասաց Օլիվերը մատնացույց անելով մի քանի հսկա հատոր, որոնց կազմը հիմնականում ոսկեզօծված էր։
― Միշտ չէ, որ այդպես է, ― ասաց ծերունի ջենթլմենը և ժպտալով Օլիվերի գլուխը շոյեց, ― կան շատ գրքեր, որոնք նույնքան բովանդակալից են, բայց շատ ավելի փոքր ծավալ ունեն։ Չէի՞ր ցանկանա խելացի մարդ դառնալ և գրքեր գրել, հա՞։
― Ավելի կնախնտրեի կարդալ դրանք, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
― Ինչպես, ուրեմն չէի՞ր ցանկանա գրող դառնալ, ― հարցրեց ծերունի ջենթլմենը։
Օլիվերը մի քիչ վարանեց և վերջապես ասաց, որ ինքը կարծում է, թե շատ ավելի նախընտրելի է գրավաճառ դառնալ։ Այս խոսքի վրա ծերունի ջենթլմենը լիաթոք ծիծաղեց և ասաց, որ շատ կարգին բան էր մտածել։ Օլիվերը ուրախացավ, որ ծերունի ջենթլմենը գոհ մնաց իր պատասխանից, բայց թե ինչու, պարզ չէր իր համար։
― Լա՛վ, լա՛վ, ― ասաց ծերունի ջեմթլմենը լրջանալով։ ― Մի՛ վախենա, քեզ հեղինակ չենք դարձնի, երբ մի որևէ պարկեշտ արհեստ կա սովորելու, ծայրահեղ դեպքում կարող ենք դիմել և որմնադրության։
― Շնորհակալություն, սըր, ― ասաց Օլիվերը։ Նրա անմեղունակ պատասխանը դարձյալ շարժեց ծերունի ջենթլմենի ծիծաղը, և նա ինչ֊որ բան մրմնջաց տարօրինակ մի բնազդի մասին, բայց այդ ևս Օլիվերի համար անհասկանալի լինելով՝ նրա ուշադրությունից վրիպեց։
Ապա միստր Բրաունլոն, խոսելով ավելի սիրալիր, բայց շատ ավելի լուրջ տոնով, քան Օլիվերը երբևէ տեսել էր, ասաց․
― Այժմ, ես ուզում եմ, որ ինձ շատ ուշադիր լսես, տղաս։ Քեզ հետ խոսելու եմ առանց վերապահությունների, որովհետև վստահ եմ, որ դու քեզնից ավելի տարեց մարդկանց հավասար հասունություն ունես և կարող ես լրիվ ըմբռնել իմ ասածները։
― Օ՜հ, մի՛ ասեք, որ ինձ ետ եք ուղարկելու, սըր, ― ծերունի ջենթլմենի խոսելու լուրջ եղանակից վախեցած բացականչեց Օլիվերը։ ― Խնդրում եմ, ինձ մի՛ վտարեք այս տանից և մի՛ թողեք, որ դարձյալ փողոցներում թափառեմ։ Թող այստեղ մնամ և սպասավոր դառնամ, միայն թե ինձ նորից չուղարկեք այն սարսափելի վայրը, որտեղից եկել եմ։ Գթացեք ինձ նման մի խեղճ տղայի, սըր։
― Սիրելի փոքրի՜կս, ― ասաց ծերունի ջենթլմենը խորապես ազդված Օլիվերի այս ջերմ աղերսից, ― մի վախենա, որ ես երբևէ կլքեմ քեզ, բացի այն դեպքից, երբ քո վարքով կպարտադրես ինձ այդպես վարվել քեզ հետ։
― Ես երբե՛ք, երբե՛ք, առիթ չեմ տա, սըր, ― ընդհատեց Օլիվերը։
― Ես էլ այդպես եմ կարծում, ― ասաց ծերունի ջենթլմենը։ ― Ես հաճախ հիասթափվել եմ ուրիշներին հովանավորելու իմ ջանքերից, բայց դու վստահություն ես ներշնչում, և ինձ էլ անհասկանալի է, թե քեզնով ինչո՞ւ եմ այսքան հետաքրքրված։ Չնայած իմ կյանքի երջանկությունն ու բերկրանքը թաղված են այն շիրիմների մեջ, որտեղ ինձ շատ սիրելի մարդիկ խոր քնած են հավերժական քնով, այսուհանդերձ իմ սիրտը դագաղի չեմ վերածել և այնտեղ հավիտյան չեմ փակել իմ լավագույն զգացմունքները։ Ընդհակառակն, այդ զգացմունքները տառապանքի բովից անցնելով ավելի ազնվացել ու ամրացել են։
Քանի որ ծերունի ջենթլմենը այս բառերը ցածրաձայն ասաց, կարծես՝ ավելի ինքն իր հետ էր խոսում, քան իր զրուցակցի, Օլիվերը լուռ նստեց իր տեղում։
― Լա՛վ, լա՛վ, ― վերջապես ասաց ծերունի ջենթլմենը ավելի զվարթ տոնով։ ― Այս բոլորը քեզ ասում եմ այն պատճառով, որ դու դեռ փոքր ես, և իմանալով, որ շատ եմ տառապել, գուցե ավելի զգույշ լինես և առիթ չտաս, որ ուրիշ դառնություններ էլ ճաշակեմ։ Ասում ես՝ որբ ես և աշխարհում ոչ ոք չունես։ Բոլոր հարցուփորձերը, որ կարողացել եմ կատարել այդ ուղղությամբ,հաստատում են քո ասածը։ Պատմի՛ր, քո կյանքի պատմությունը․ որտեղի՞ց ես գալիս, ո՞վ է մեծացրել քեզ և ինչպե՞ս ընկար այն միջավայրը, որտեղ քեզ հանդիպեցի։ Ասա՛ ճշմարտությունը, և քանի ես կենդանի եմ, դու աննեցուկ չես մնա։
Օլիվերը հուզմունքից հեկեկալու պատճառով չկարողացավ իսկույն խոսել։ Նա հազիվ էր պատրաստվում պատմել, թե ինչպես էր երեխաների ագարակում մեծացել, և միստր Բամբըլը՝ հանձնաժողովի կարգադրությամբ, ինչպես էր նրան այնտեղից տեղափոխել աղքատանոց, երբ հանկարծ դարպասը շատ տարօրինակ և անհամբեր ձևով ծեծեցին, և սպասավորը սանդուղքն ի վեր վազելով ազդարարեց, միստր Գրիմվիգի ժամանումը։
― Վերև՞ է բարձրանում, ― հարցրեց միստր Բրաունլոն։
― Այո, սըր, պատասխանեց սպասավորը։ ― Հարցրեց, թե կարկանդակ ունե՞ք տանը, և իմ դրական պատասխանի վրա ասաց, որ եկել է թեյելու։
Միստր Բրաունլոն ժպտաց և Օլիվերին ասաց, որ միստր Գրիմվիգը իր վաղեմի բարեկամներից է, և որ նա չպետք է ուշ դարձնի նրա, այսպես ասած, ձևերին, քանի որ ներքուստ նա արժանիք ունեցող մարդ է։
― Իսկ ես գնա՞մ ներքև, սըր, ― հարցրեց Օլիվերը։
― Ո՛չ, ― պատասխանեց միստր Բրաունլոն, ― կնախնտրեի, որ այստեղ մնայիր։
Ճիշտ այդ րոպեին իր հաստ գավազանին հենված՝ սենյակ մտավ մի հաղթանդամ ծերունի ջենթլմեն, որի մի ոտքը փոքր֊ինչ կաղ էր։ Նա հագել էր կապույտ պիջակ, գծավոր բաճկոնակ, չինական մուգդեղին բամբակե տաբատ, սրունքի սռնապանները և շուրջանակի կանաչով երիզված լայնեզր, սպիտակ գլխարկ։ Նրա վերնաշապիկի կուրծքը զարդարված էր շատ նուրբ փոթածալերով, որոնք բաճկոնից դուրս էին ընկնում, և ժամացույցի չափազանց երկար, պողպատյա մի շղթա, որի ծայրին ոչինչ չկար, բացի մի բանալուց, որը ճոճվում էր այդ փոթածալերի տակից։ Սպիտակ վզկապի ծայրերը գնդակաձև հանգուցվել էին նարնջի մեծությամբ։ Իսկ ինչ վերաբերում էր նրա դեմքին, ապա դա այնքան տարատեսակ ծամածռությունների էր ենթարկվում, որ նկարագրության սահմաններից դուրս է։ Խոսելիս աչքեը մի տեսակ կկոցելու և գլուխը մի կողմ թեքելու յուրահատուկ ձև ուներ, որը թութակին էր հիշեցնում։ Նա այս դիրքն ընդունեց սենյակ մտած րոպեից, և ձեռքում նարնջի կճեպի փոքրիկ մի կտոր բռնած՝ դժգոհ ու ջղագրգիռ բացականչեց․
― Այստեղ նայե՛ք, տեսնո՞ւմ եք այս նարնջի կլեպը։ Մի՞թե անչափ զարմանալի և տարօրինակ բան չէ, որ ում տունը որ այցելության գնամ, պետք է անպայման սանդուղքների վրա գտնեմ աղքատ վիրաբույժի այս բարեկամին։ Նարնջի կլեպը եղավ պատճառը իմ կաղության և նարնջի կլեպից էլ մահանալու եմ վերջապես։ Այո՛, սըր, նարնջի կլեպից էլ մահանալու եմ։ Եթե այդ ճիշտ չէ, ես իմ գլուխը կուտեմ, սըր։
Միստե Գրիմվիգը այս հրաշալի առաջարկությամբ էր եզրափակում ու հաստատում իր ամեն մի խոսքը։ Իհարկե, դա շատ տարօրինակ առաջարկություն էր, և հատկապես տարօրինակ միստր Գրիմվիգի համար, քանի որ, եթե նույնիսկ ի սեր վիճաբանության մի րոպե ընդունենք, որ գիտության նվաճումները երբևէ կհասնեն այն աստիճանի, որ մարդ կկարողանա, այդպես կամենալու դեպքում, իր սեփական գլուխը ուտելու, ապա միստր Գրիմվիգի գլուխը այնքան մեծ էր, որ նույնիսկ ամենաորկամոլ մարդը հազիվ թե կարողանար տեղավորել այն իր ստամոքսի մեջ, բոլորովին հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դա պատած էր պուդրայի շատ հաստ շերտով։
― Ես իմ գլուխը կուտեմ, սըր, ― կրկնեց միստր Գրիմվիգը, գավազանը խփելով գետնին։ ― Օհօ՜։ Բարև, ո՞վ է այդ տղան, ― ավելացրեց նա նայելով Օլիվերին և մի քանի քայլ ետ գնալով։
― Փոքրիկ Օլիվեր Թվիստն է, որի մասին խոսում էինք, ― ասաց միստր Բրաունլոն։
Օլիվերը խոնարհվեց։
― Երևի դա այն տղան է, որ տենդով հիվանդացել էր, այնպես չէ՞, ― ասաց միստր Գրիմվիգը մի փոքր ավելի ընկրկելով։ ― Սպասեցե՛ք, մի րոպե։ Լռություն։ Գտա։ Ահա հենց այդ տղան էլ կերել է նարինջը։ Եթե այդ տղան չի կերել նարինջը, սըր, և չի նետել այս կճեպը աստիճանների վրա, ես իմ գլուխը կուտեմ, իրենն էլ հետը, ― եզրափակեց միստր Գրիմվիգը, տենդի մասին իր ամբողջ սարսափը հանկարծ մոռանալով։
― Ո՛չ, ո՛չ, նա ոչ մի նարինջ չի կերել, ― ասաց միստր Բրաունլոն ծիծաղելով։ ― Դե՛, գլխարկդ ցած դիր և խոսիր իմ փոքրիկ բարեկամի հետ։
― Ես շատ բծախնդիր եմ այս հարցում, ― ասաց դյուրագրգիռ ծերունի ջենթլմենը, ձեռնոցները ձեռքից հանելով։ Մեր փողոցի մայթի վրա միշտ էլ փոքր ի շատե նարնջի կճեպներ լինում են, և ես հաստատ գիտեմ, որ անկյունում ապրող վիրաբույժի սպասավոր տղան է գցում դրանք։ Երեկ գիշեր մի դեռատի կնոջ ոտքը սայթաքեց նարնջի կճեպի պատճառով, և նա ընկավ իր պարտեզի ցանկապատի վրա։ Հենց որ բարձրացավ, նկատեցի, որ նա իսկույն նայեց վիրաբույժի անիծված կարմիր լույսի ուղղությամբ։ «Մի՛ գնա նրա մոտ, ― բղավեցի ես լուսամուտից, ― նա մարդասպան է։ Նա՛ է դնում այդ ծուղակները»։ Եվ իրոք էլ այդպես է, թե որ այդպես չէ․․․ ― Այստեղ դյուրագրգիռ ծերունի ջենթլմենը գավազանը ուժգնորեն խփեց հատակին։ Այդ բանը իր բարեկամների կողմից ընդունված էր իբրև ակնարկություն գլուխը ուտելու նրա սովորական առաջարկության, քանի որ հաճախ բառերի փոխարեն դա արտահայտվում էր գավազանի հարվածով։ Ապա գավազանը պահելով ձեռքում, նա նստեց և լայն, սև ժապավենի ծայրից կախված ակնոցը դնելով աչքերին, սկսեց ուշիուշով նայել Օլիվերին։ Տղան, տեսնելով, որ զննության առարկա է դարձել, շառագունեց և նորից գլուխ տվեց։
― Սա է այդ տղան, հա՞, ― ասաց միստր Գրիմվիգը վերջապես։
― Այո՛, ― պատասխանեց միստր Բրաունլոն։
― Ինչպե՞ս ես, տղա՛, ― ասաց միստր Գրիմվիգը։
― Շատ ավելի լավ, շնորհակալություն, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
Միստր Բրաունլոն, կարծես վախենալով, որ իր տարօրինակ բարեկամը պատրաստվում էր ինչ֊որ տհաճ բան ասելու, Օլիվերին խնդրեց իջնել ցած և միսիս Բեդվինին իմաց տալ, որ պատրաստ են թեյելու։ Տղան հաճույքով դուրս եկավ սենյակից, քանի որ այցելուի վերաբերմունքը այնքան էլ դուր չէր եկել նրան։
― Շնորհալի տղա է, այնպես չէ՞, ― հարցրեց միստր Բրաունլոն։
― Չգիտեմ, ― պատասխանեց միստր Գրիմվիգը քմահաճորեն։
― Չգիտե՞ս։
― Ո՛չ, չգիտեմ։ Տղաների մեջ ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Ես միայն երկու տեսակի տղաներ գիտեմ՝ նիհար տղաներ և գեր տղաներ։
― Իսկ Օլիվերը ո՞ր խմբին է պատկանում։
― Նիհարների։ Ես ճանաչում եմ մեկին, որը մի գեր տղա ունի։ Ուրիշները նրան անվանում են հիանալի տղա․ իսկ հիանալի ի՞նչ կա նրա կլոր գլխի, կարմիր այտերի և պսպղուն աչքերի մեջ։ Ընդհակառակը, սարսափելի տղա է․ մարմինը ասես դուրս է պայթելու նրա կապույտ կոստյումի կարամասերից։ Նավաստու ձայնով և գայլի ախորժակով մի տղա է նա։ Ես ճանչում եմ այդ թշվառականին։
― Լա՛վ, ― ասաց միստր Բրաունլոն, ― սրանք փոքրիկ Օլիվեր Թվիստի բնությանը համապատասխանող գծեր չեն, հետևաբար, իղուր տեղը մի՛ ջղայնանա։
― Իսկապե՞ս, ― վրա բերեց միստր Գրինվիգը, ― միգուցե նա ավելի վատ գծեր ունի։
Այստեղ միստր Բրաունլոն անհամբերությամբ հազաց, որը կարծես միստր Գրինվիգին չափից դուրս հաճույք պատճառեց։
― Ասում եմ, գուցե նա ավելի վատն է, ― կրկնեց միստր Գրիմվիգը։ ― Որտեղի՞ց է գալիս։ Ո՞վ է նա։ Տենդով հիվանդացել է․ հետո՞ ինչ։ Կարծում եք տենդը միայն լա՞վ մարդկանց յուրահատուկ հիվանդություն է։ Մի՞թե վատ մարդիկ տենդով չեն հիվանդանում։ Ես ճանաչում էի մի մարդու, որը Ջամայկայում կախաղան բարձրացավ իր տիրոջն սպանած լինելու համար։ Նա կյանքում վեց անգամ հիվանդացել էր տենդով, բայց նրան ներում շնորհվեց հենց այդ պատճառով։ Փո՜ւհ, հիմարաբանություն։
Ճշմարիտն ասած՝ Օլիվերի արտաքին տեսքն ու վարվելակերպը միստր Գրինվիգին թվացել էին արտակարգ հրապուրիչ և դուրեկան, բայց նա ընդհանրապես հակում ուներ հակաճառելու, որը այսօր առավելապես շեշտված էր աստիճանների վրա նարնջի կճեպը գտնելու պատճառով։ Բացի այդ, ներքուստ որոշած լինելով չենթարկվել տղաների լավ կամ վատ լինելու մասին ուրիշների հայտնած կարծիքներին, նա սկզբից ևեթ վճռել էր ընդդիմախոսել իր բարեկամին։
Երբ միստր Բրաունլոն ասաց, թե ինքը տակավին չէր զբաղվել Օլիվերի անցյալով, ի նկատի ունենալով այն պարագան, որ հուզումների դիմանալու համար նա դեռ բավականաչափ կազդուրված չէր, և երբ ընդունեց, որ տղան մինչև այժմ որևէ գոհացուցիչ պատասխան չէր տվել իր հարցերին, միստր Գրինվիգը չարախինդ քմծիծաղ տվեց։ Ապա նա հեգնանքով հարցրեց, թե արդյոք տնտեսուհին սովորություն ունե՞ր քնելուց առաջ արծաթեղեն սպասները հաշվելու, որովհետև, մի գեղեցիկ առավոտ եթե գթալներից մի քանիսը պակասեին, ինքը պատրաստ էր իր գլուխն ուտելու և այլն։
Չնայած միստր Բրաունլոն ևս որոշ չափով դյուրագրգիռ խառնվածք ուներ, այսուհանդերձ, իմանալով իր բարեկամի տարօրինակությունները, այս բոլորը տարավ մեծ համբերությամբ, և քանի որ թեյելիս միստր Գրիմվիգը բարեհաճեց գնահատել կարակնդակները՝ մթնոլորտը պարզվեց։ Նույնիսկ Օլիվերը, որ թեյում էր նրանց հետ, առաջին անգամ իրեն ազատ զգաց այս խստաբարո ջենթլմենի անախորժ ներկայությամբ։
― Իսկ ե՞րբ է Օլիվեր Թվիստը քեզ պատմելու իր կյանքի և արկածների ճշգրիտ, ստույգ ու մանրամասն պատմությունը, ― ճաշի վերջում հարցրեց միստր Գրիմվիգը՝ աչքի ծայրով Օլիվերին նայելով։
― Վաղը առավոտյան, ― պատասխանեց միստր Բրաունլոն։ ― Ես կնախընտրեի, որ առանձին տեսակցենք։ Վաղը առավոտյան ժամը տասին եկ ինձ մոտ, սիրելիս։
― Կգամ, սըր, ― ասաց Օլիվերը։ Բայց միստր Գրիմվիգի սևեռուն հայացքից շփոթված՝ նա որոշ վարանումով պատասխանեց։
― Գիտե՞ս ինչ, ― շշնջաց այդ ջենթլմենը միստր Բրաունլոյին։ ― Վաղը առավոտյան նա չի՛ գա քեզ մոտ։ Ես տեսա նրա վարանումը։ Նա քեզ խաբում է, բարեկամս։
― Կարող եմ երդվել, որ նա ինձ չի խաբում, ― պատասխանեց միստր Բրաունլոն ջերմորեն։
― Թե որ չխաբեց, ― ասաց միստր Գրիմվիգը, ― ես իմ գլուխը․․․ ― և գավազանը ուժեղ իջավ հատակին։
― Ես այդ տղայի անկեղծությունը կյանքովս կերաշխավորեմ, ― ասաց միստր Բրաունլոն, սեղանին հարվածելով։
― Իսկ ես իր կեղծիքի համար՝ ամբողջ գլխովս, ― վրա բերեց միստր Գրիմվիգը, նույնպես սեղանին խփելով։
― Մենք այդ կտեսնենք, ― ասաց միստր Բրաունլոն իր բորբոքվող զայրույթը զսպելով։
― Այո՛, կտեսնենք, ― ասաց միստր Գրիմվիգը դյութիչ մի ժպիտով, ― անպայման կտեսնենք։
Ճակատագրի քմահաճ մի զուգադիպությամբ ճիշտ այդ պահին միսիս Բեդվինը ինչ֊որ գրքեր ներս բերեց, որ միստր Բրաունլոն առավոտյան գնել էր այն միևնույն գրավաճառից, որի մասին արդեն խոսվել է այս պատմության մեջ, և կապոցը դնելով սեղանին՝ պատրաստվեց դուրս գալ սենյակից։
― Տղային ասա՝ թող սպասի, միսիս Բեդվին, ― ասաց Բրաունլոն, ― ինչ֊որ բան կա վերադարձնելու։
― Նա գնացել է սըր, ― պատասխանեց միսիս Բեդվինը։
― Կանչեցեք նրան, ― ասաց միստր Բրաունլոն, ― այդ գործը կարևոր է։ Աղքատ մարդ է, իսկ գրքերի փոխարժեքը չեմ վճարել։ Բացի այդ, կան որոշ գրքեր, որ պետք է վերադարձվեն։
Փողոցի դուռը բացվեց։ Օլիվերը վազեց մի ուղղությամբ, սպասուհին՝ մի այլ ուղղությամբ, իսկ միսիս Բեդվինը, շեմի վրա կանգնած, բղավեց տղայի հետևից, բայց իզուր։ Օլիվերը և աղջիկը շնչասպառ վերադառնալով հայտնեցին, որ տղային չգտան։
― Ափսոս, շատ ափսոս, ― բացականչեց միստր Բրաունլոն։ ― Ես ցանկանում էի, որ այդ գրքերն այս երեկո անպայման վերադարձվեին իրենց տիրոջը։
― Օլիվերի հետ ուղարկիր, ― ասաց միստր Գրիմվիգը չարախինդ ժպտալով, ― նա անպայման ապահով տեղ կհասցնի դրանք, իմացա՛ծ եղիր։
― Այո՛, թողեք ես տանեմ այդ գրքերը, խնդրում եմ, սըր, ― ասաց Օլիվերը։ ― Ամբողջ ճանապարհին կվազեմ, սըր։
Ծերունի ջենթլմենը պատրաստվում էր ասել, որ Օլիվերը ոչ մի դեպքում տանից դուրս չէր գնալու, երբ միստր Գրիմվիգը չարամտորեն հազաց։ Միստեր Բրաունլոն, հանկարծ փոխելով իր որոշումը, հայտնեց, որ տղան գնալու է։ Նա մտածեց, որ դա լավագույն առիթն է քմահաճ բարեկամին ապացուցելու, թե նա որքան անիրավացի է իր կասկածների մեջ։ Գոնե այս հանձնարարությունը պարկեշտորեն կատարելով՝ Օլիվերը կարող է իսկույն ևեթ հաստատել այդ։
― Դու պիտի անպայման գնաս, սիրելիս, ― ասաց ծերունի ջենթլմենը։ Գրքերը վերևում են, սեղանիս մոտ, աթոռի վրա։
Օլիվերը սաստիկ ուրախացած, թե վերջապես ծերունի ջենթլմենին որևէ ձևով օգտակար էր լինելու, գրքերը թևի տակ իջավ ցած և կեպին ձեռքին՝ սպասեց հանձնարարությունների։
Դու պետք է ասես, ― խոսեց միստր Բրաունլոն, հայացքը սևեռելով միստր Գրիմվիգի վրա, ― դու պետք է ասես, որ այս գրքերը ես ետ եմ բերել և որ եկել ես վճարելու այն չորս ֆունտ և տասը շիլլինգը, որ ես պարտք եմ նրան։ Սա մի հինգ ֆունտանոց է, հետևաբար, դու պետք է տասը շիլլինգ ետ բերես։
― Տասը րոպեից այստեղ կլինեմ, սըր, ― պատասխանեց Օլիվերը անկեղծորեն։ Ապա հինգ ֆունտանոցը դրեց պիջակի գրպանը, ուշադիր կոճկեց, գրքերը խնամքով դրեց թևի տակ և, հարգալից գլուխ տալով, դուրս եկավ սենյակից։
Միսիս Բեդվինը ուղեկցեց նրան մինչև փողոցի դուռը, մի քանի անգամ բացատրեց, թե որն էր ամենակարճ ճանապարհը, ինչ էր գրավաճառի անունը, որ փողոցում էր կրպակը, կրկին ու կրկին պատվիրեց ուշադիր լինել և չմրսել, ապա վերջապես թույլ տվեց, որ տղան մեկնի։
― Անմեղ հրեշտա՜կս, ― ասաց պառավ լեդին նայելով Օլիվերի հետևից։ ― Չգիտեմ, թե ինչու, բայց չեմ կարող հաշտվել այն մտքի հետ, որ նա թեկուզ մի կարճ միջոցով հեռանա իմ մոտից։
Հենց այդ րոպեին Օլիվերը, նախքան անկյունը թեքվելը, դեմքի զվարթ արտահայտությամբ շրջվեց և գլխով արեց։ Ծեր լեդին ժպտալով փոխադարձեց նրա ողջույնը և դուռը ծածկելով գնաց դեպի իր սենյակը։
― Ա՜յ, կտեսնեք, ամենաուշը քսան րոպեից նա այստեղ կլինի, ― ասաց միստր Բրաունլոն՝ գրպանից հանելով ժամացույցը և դնելով սեղանին։ ― Մինչ այդ մութը կընկնի։
― Դու իսկապե՞ս հավատում ես, որ նա կվերադառնա, ― հարցրեց միստր Գրիմվիգը։
― Իսկ դու չե՞ս հավատում, ― հարցրեց միստր Բրաունլոն ժպտալով։
Միստր Գրինվիգը այդ րոպեին մեծ ցանկություն ուներ հակաճառելու․ նրա ցանկությունը ավելի ևս սաստկացավ, երբ տեսավ իր բարեկամի ինքնավստահ ժպիտը։
― Ո՛չ, ― ասաց նա բռունցքի ուժեղ մի հարված իջեցնելով սեղանին, ― բոլորովի՛ն ոչ։ Նա այժմ իր հագին նոր զգեստ ունի, թևի տակ՝ մի շարք թանկագին գրքեր, իսկ գրպանում՝ հինգ ֆունտանոց։ Նա կմիանա իր հին ընկերներին՝ գողերին, և կծիծաղի քեզ վրա։ Եթե տղան երբևէ այս տունը վերադարձավ, սըր, ես իմ գլուխը կկտրեմ։
Այս խոսքերով՝ նա աթոռը ավելի մոտեցրեց սեղանին, և երկու բարեկամները նստեցին լուռ ու սպասողական դիրքով, ժամացույցը իրենց մեջտեղը դրած։
Թեպետ մենք պարծենում ենք մեր անխոհեմ և հապճեպ եզրակացություններով, այնուամենայնիվ, որպես լուսաբանություն, այստեղ արժե նշել, որ միստր Գրիմվիգը առանձնապես չարամիտ մարդ չէր, և նա խորապես ցավ կզգար, եթե իր հարգելի բարեկամը խաբեության զոհ գնար ու ընկներ հիմար դրության մեջ։ Բայց հատկապես այս դեպքում նա անձկությամբ և ամբողջ սրտով ցանկանում էր, որ Օլիվեր Թվիստը չվերադառնար։
Այնքան մթնեց, որ թվերը ժամացույցի երեսին հազիվ էին նշմարվում։ Բայց երկու ծերունի ջենթլմենները, դեռևս նստած սեղանի առաջ, ժամացույցն իրենց մեջտեղում, լռությամբ սպասում էին։
Տասնհինգերորդ գլուխ
Ցույց է տալիս, թե զվարճասեր ծերունի Հրեան և միսս Նենսին որքան հոգատար էին Թվիստի նկատմամբ։
Փոքր Սաֆրոն Հիլլի ամենակեղտոտ մասում, վատահամբավ մի գինետան մթին սրահում, ― խավար և մռայլ մի որջ, որն ամբողջ ձմռան ընթացքում լապտերի լույսով է լուսավորվում, և ուր ամռանը արևի ոչ մի ճառագայթ չի թափանցում, մտախոհ նստած էր թավշյա պիջակով, կարճ տաբատով, կիսակոշիկներով և գուլպաներով մի տղամարդ, որին, նույնիսկ այս աղոտ լույսի տակ, որևէ փորձառու ոստիկանական գործակալ չէր տատանվի ճանաչելու որպես միստր Վիլյամ Սայքս։ Նրա առջև, սեղանի վրա, կար պղնձե մի թաս և գինու փոքր բաժակ։ Ըստ երևույթին, նա մեծ քանակությամբ էր կոնծել այդ հեղուկից, քանի որ նրանից խմիչքի ուժեղ հոտ էր փչում։ Նրա ոտքերի տակ նստել էր կարմրած աչքերով սպիտակամազ մի շուն։ Սա աչքերը անընդհատ թարթելով նայում էր իր տիրոջը և լիզում դնչի կողքին բացված մի վերք, որը, ըստ երևույթին, հետևանք էր ինչ֊որ նոր ընդհարման։
Հանգի՛ստ, հանգի՛ստ, գարշելի արարած, ― ասաց միստր Սայքսը՝ հանկարծ լռությունը խզելով։ Արդյո՞ք նա այնքան տարված էր մտածմունքներով, որ շատ աչքերի թարթումը խանգարում էր իրեն, թե՞ իր խորհրդածությունից առաջացած սրտնեղությունը մեղմանում էր մի անվնաս կենդանու խփելով, դա դեռևս վիճելու հարց է և դժվար է ասել։ Սակայն ինչ էլ որ լինի պատճառը, արդյունքը եղավ այն, որ շանը բաժին հասավ և՛ աքացի, և՛ հայհոյանք։
Շները սովորաբար վրեժ չեն լուծում այն նախատինքների համար, որ իրենց են հասցնում, բայց միստր Սայքսի շունը, ունենալով իր տիրոջ նման քմահաճ բնավորություն և գուցե այդ պահին մեծապես դառնացած իր կրած վիրավորանքից, առանց վարանելու ատամները իսկույն խրեց նրա կիսակոշիկներից մեկի մեջ, և ուժեղ ցնցելուց հետո, կաղկանձելով թաքնվեց մի նստարանի տակ՝ հազիվ խուսափելով պղնձյա թասից, որ միստր Սայքսը շպրտեց նրա գլխին։
― Այդպես, հա՞, ― ասաց Սայքսը՝ մի ձեռքով ունելին խլելով, իսկ մյուսով գրպանից դուրս բերելով խոշոր մի դանակ։ Արի՛ այստեղ, սատանի ծնունդ։ Արի՛ այստեղ, լսո՞ւմ ես։
Շունը, ինչ խոսք, լսեց, որովհետև միստր Սայքսը խոսեց իր բիրտ ձայնի ամենաբիրտ եղանակով, բայց, ըստ երևույթին, կենդանին, անբացատրելիորեն դեմ լինելով իր կոկորդը կտրելուն, գամվեց տեղում և, առաջվանից ավելի կատաղի կաղկանձելով, ատամներով ամուր բռնեց ունելու ծայրը և գազանի նման կծեց։
Այս դիմադրությունը ավելի զայրացրեց միստր Սայքսին։ Նա ծունկի եկավ և կատաղած հարձակվեց կենդանու վրա։ Շունը ցատկում էր աջից ձախ և ձախից աջ՝ կծելով, ոռնալով ու հաչելով։ Մարդը հարվածում էր, հայհոյում, խփում ու անիծում։ Պայքարը թե՛ մեկի և թե՛ մյուսի համար արդեն հասել էր չափազանց տագնապալի մի կետի, երբ դուռը հանկարծ բացվեց, և շունը նետի արագությամբ դուրս թռավ սենյակից։ Բիլլ Սայքսը մնաց մենակ՝ ունելին և դանակը ձեռքին։
Ինչպես հին առածն է ասում, կռվի մեջ միշտ պետք է երկու հակառակ կողմեր լինեն։ Միստր Սայքսը, շան անսպասելի անհետանալուց հիասթափված, նրա բաժին կռիվը իսկույն փոխանցեց նորեկին։
― Սատանի բաժին, ինչո՞ւ ես իմ և իմ շան միջև տեղի ունեցած հարցերի մեջ քո քիթը խոթում, ― ասաց Սայքսը կատաղի շարժուձևով։
― Չգիտեի, սիրելիս, չգիտեի, ― պատասխանեց Ֆեգինը հեզությամբ, որովհետև եկողը ինքն էր։
― Չգիտեի՞ր, վախկոտ ավազակ, ― ոռնաց Սայքսը։ ― Իսկ աղմուկը չէի՞ր կարող լսել։
― Ոչ մի շշուկ չլսեցի, կյանքովս եմ երդվում, Բիլլ, ոչ մի շշուկ, ― պատասխանեց Հրեան։
― Իհարկե չես լսի, ― խստությամբ պատասխանեց Սայքսը վայրագ քմծիծաղով։ ― Այնպես ես ներս ու դուրս սողոսկում, որ ոչ ոք չի իմանում, թե ինչպես ես գալիս ու ինչպես գնում։ Երանի կես րոպե առաջ շան տեղը լինեիր, Ֆեգին։
― Ինչո՞ւ, ― հարցրեց Հրեան բռնազբոսիկ ժպիտով։
― Որովհետև կառավարությունը, որը քեզ նման շների քաջութայն կեսն իսկ չունեցող մարդկանց կյանքի մասին հոգածություն է ցույց տալիս, թույլատրում է մի մարդու, որ շանը սպանի ինչ ձևով որ ցանկանում է, ― պատասխանեց Սայքսը, բազմանշանակ հայացքով դանակը փակելով, ― ահա՛ թե ինչու։
Հրեան ձեռքերը շփեց և սեղանի առջև նստելով՝ ձևացրեց, թե ծիծաղում է իր բարեկամի զվարճության վրա։ Այնուհանդերձ, ակնհայտ էր, որ սաստիկ վրդովված էր։
― Ծիծաղում ես, հա՞, ― ասաց Սայքսը ունելին դնելով տեղը և բիրտ արհամարհանքով նայելով նրան։ ― Ծիծաղի՛ր, տեսնենք։ Բայց քեզ երբե՛ք չի հաջողվի ինձ վրա ծիծաղել, բացառությամբ, երբ կախաղան կբարձրանամ։ Դու իմ բռումն ես, Ֆեգին, և թող նզովյալ լինեմ ես, եթե քեզ բաց թողնեմ իմ ձեռքից։ Եթե ես ընկնեմ, կընկնես նաև դու, ուրեմն զգույշ վարվիր ինձ հետ։
― Լա՛վ, լա՛վ, սիրելիս, ― ասաց Հրեան։ ― Ես այդ բոլորը գիտեմ։ Մենք փոխադարձ շահագրգռություն ունենք, Բիլլ, փոխադարձ շահագրգռություն։
― Հը՜մ, ― ասաց Սայքսը, կարծես մտածելով, թե Հրեան ավելի շատ էր շահագրգռված, քան ինքը։ ― Լա՛վ, հիմա խոսիր, ի՞նչ ունես ասելու։
― Բոլորը ապահով անցել են հալոցից, ― պատասխանեց Ֆեգինը։ ― Ահա՛ քո բաժինը։ Նույնիսկ մի քիչ էլ ավելի է, քան հարկավոր էր, սիրելիս, բայց քանի որ գիտեմ, թե դու ուրիշ անգամ դարձյալ ինձ լավություն կանես և․․․
― Կա՛րճ կապիր, ― ընդհատեց ավազակը անհամբերությամբ։ ― Որտե՞ղ է, տո՛ւր տեսնեմ։
― Համբերի՛ր, համբերի՛ր, սիրելիս, ― պատասխանեց Հրեան հաշտարար ձայնով։ ― Ահա՛ այստեղ է։ Բոլորովին ապահով։ ― Խոսելիս նա ծոցից դուրս քաշեց բամբակե մի հին թաշկինակ և անկյունից մի մեծ հանգույց քանդելով՝ այնտեղից հանեց թղթե մի փոքրիկ փաթեթ։ Սայքսը խլեց փաթեթը, շտապ բաց արեց և սկսեց հաշվել ոսկիները։
― Ա՞յս է ամբողջը, ― հարցրեց Սայքսը։
― Ամբողջը, ― պատասխանեց Հրեան։
― Հո կապոցը ճանապարհին բաց չե՞ս արել և մեկ֊երկուսը կուլ տվել, հը՞, ― հարցրեց Սայքսը կասկածամտությամբ։ ― Ի՞նչ ես վիրավորված տեսք ընդունում հարցիս վրա։ Կարծես կյանքումդ իսկի այդպիսի բան չես արել․․․ Դե՛, զնգացրու։
Այս բառերը պարզ անգլերենով հաղորդում էին զանգը տալու հրաման։ Զանգին պատասխանեց մի ուրիշ հրեա, որը Ֆեգինից փոքր էր տարիքով, բայց ուներ համարյա նույնքան ստոր ու վանող արտաքին։
Բիլլ Սայքսը պարզապես մատնացույց արեց դատարկ գարեջրամանը, և հրեան, լրիվ հասկանալով ակնարկը՝ գնաց այն լցնելու։ Բայց նախքան գնալը նշանակալից մի հայացք նետեց Ֆեգինի վրա։ Ծեր Հրեան, կարծես սպասելով այդ բանին, աչքերը մի րոպե բարձրացրեց և գլուխը թեթև շարժեց, այնքան թեթև, սակայն, որ մի ուրիշի կողմից հազիվ թե նշմարելի լիներ։ Սայքսը ոչինչ չնկատեց։ Նա այդ րոպեին կռացել էր, ու քանդած կոշիկի կապերն էր ամրացնում։ Եթե գլխի այդ պայմանական շարժումները նկատած լիներ, գուցե մտածեր, որ դրանք կարող էին չարագուշակ հետևանքներ ունենալ իր համար։
― Որևէ մեկը կա՞ այստեղ, Բարնի, ― հարցրեց Ֆեգինը, և քանի որ Սայքսը իրեն էր նայում, նա աչքերը հատակից վեր չբարձրացրեց։
― Ոչ մեկը, ― պատասխանեց Բարնին, որի բառերը սրտից էին բխում թե ոչ, համենայն դեպս քթի միջով էին ճանապարհ հարթում։
― Ոչ մե՞կը, ― զարմանքով հարցրեց Ֆեգինը, ― գուցե այդ արտահայտությունը նշանակում էր, որ Բարնին կարող էր անվերապահորեն ճիշտ խոսել։
― Ո՛չ մեկը, բացի Տետսիից, ― պատասխանեց Բարնին։
― Նենսի՞ն, ― բացականչեց Սայքսը։ ― Որտե՞ղ է։ Թող իմ աչքերը կուրանան, եթե ես այդ աղջկան չեմ հարգում իր բնածին հատկությունների համար։
― Դա խորտակարադուբ բի պդակ խաշած բիս է ուտուբ, ― պատասխանեց Բարնին։
― Ուղարկի՛ր նրան այստեղ, ― ասաց Սայքսը բաժակի մեջ օղի ածելով, ― ուղարկի՛ր նրան այստեղ։
Բարնին երկչոտ նայեց Ֆեգինին, ասես թույլտվություն ակնկալելով, բայց երբ տեսավ, որ Հրեան լուռ մնաց ու աչքերը հատակից չբարձրացրեց, նա հեռացավ և իսկույն վերադարձավ Նենսիի հետ, որը պճնված էր լայնեզր գլխարկով, գոգնոցով, զամբյուղով և դարպասի մեծ բանալիով։
― Հետապնդում ես, հա՞ Նենսի, ― հարցրեց Սայքսը՝ բաժակը մատուցելով նրան։
― Այո՛, Բիլլ, ― պատասխանեց դեռատի լեդին, դատարկելով բաժակի պարունակությունը, ― և արդեն ձանձրացել եմ այդ գործից։ Փոքրիկ լակոտը հիվանդ է եղել և անկողին է ընկել, և․․․
― Ահ, Նե՜նսի, սիրելի՜ս, ― ասաց Ֆեգինը վեր նայելով։
Արդյոք ծեր Հրեայի շեկ հոնքերի տարօրինակ կծկո՞ւմը, թե խորը ընկած աչքերի կիսով չափ փակվելը նախազգուշացրին միսս Նենսիին, որ նա պետք եղածից ավելին էր ասում, դա այնքան էլ կարևոր չէ մեզ համար։ Մենք այստեղ շահագրգռված ենք իրողությամբ, իսկ իրողությունն այն է, որ նա հանկարծ ընդհատեց իր խոսքը և, մի քանի շնորհալի ժպիտներ շռայլելով միստր Սայքսին, խոսակցությունը շեղեց այլ նյութերի շուրջ։
Մոտավորապես տասը րոպե հետո միստր Ֆեգինին բռնեց հազի ուժեղ նոպա, որի վրա Նենսին շալը ուսերին քաշեց և հայտարարեց, որ ժամանակն էր գնալու։ Միստր Սայքսը, գտնելով, որ ճանապարհի որոշ մասը համընկնում է իր գնալիք ճանապարհի հետ, առաջարկեց ընկերակցել նրան, և երկուսով մեկնեցին։ Շունը, հենց որ տերը բավականին հեռացավ, մի ինչ֊որ բակից դուրս սպրեդելով, սկսեց գաղտագողի հետևել նրան։
Երբ Սայքսը գնաց, Հրեան սենյակի դռնից գլուխը դուրս հանած նայեց նրա հետևից մինչ նա քայլում էր մութ միջանցքի երկայնքով, բռունցը ճոճեց օդի մեջ, մի գարշելի հայհոյանք մրթմրթաց, ապա մի դիվային ժպիտով վերստին նստեց սեղանի առջև և շուտով թաղվեց Հյու֊Էնդ֊Քրայի հետաքրքրաշարժ էջերի մեջ։
Մինչ այդ, Օլիվեր Թվիստը, հազիվ պատկերացնելով, որ զվարճասեր ջենթլմենի սահմաններին այնքան մոտիկ է գտնվում, հանգիստ քայլերով գնում էր դեպի գրավաճառի կրպակը։ Երբ հասավ Քլըրքնվել, նա պատահաբար թեքվեց մի կողմնակի փողոց, որը ճշտիվ իր գնալիք ճանապարհը չէր։ Բայց երբ անդրադարձավ իր սխալին, արդեն ճամփի կեսը անցել էր, և իմանալով, որ հնարավոր էր այդտեղից էլ գնալ, մտածեց, որ չարժե հետ դառնալ։
Նա գնում էր՝ մտածելով, թե երջանիկ և գոհ պետք է լիներ իր վիճակից և ինքը որքան կցանկանար գեթ մի անգամ տեսնել խեղճ փոքրիկ Դիկին, որ գուցե ճիշտ այդ րոպեին, քաղցած ու գանակոծված, դառնորեն լաց է լինում, երբ հանկարծ ցնցվեց մի դեռատի կնոջ սուր ճչոցից․
― Օ՜հ, իմ անգին եղբա՜յրս։
Տղան հազիվ էր գլուխը բարձրացրել տեսնելու, թե ինչ է պատահել, երբ մի զույգ բազուկներ ամուր փաթաթվեցին նրա վզին և հարկադրեցին կանգ առնել։
― Թո՛ղ, ― գոչեց Օլիվերը, ճգնելով դուրս գալ իրեն շղթայող ձեռքերից։ ― Թո՛ղ ինձ։ Դուք ո՞վ եք։ Ինչո՞ւ եք ինձ բռնել։
Այս խոսքերին ի պատասխան նրան գրկող դեռատի կինը դարձյալ ողբալի աղաղակներ արձակեց։ Կնոչ ձեռքում մի փոքրիկ զամբյուղ կար և դարպասի մի մեծ բանալի։
― Օ՜հ, տե՜ր աստված, ― ասաց դեռատի կինը, ― վերջապես գտա նրան։ Օ՜, Օլիվե՜ր, Օլիվե՜ր։ Օ՜հ, դու չարաճճի տղա, ինչքա՜ն եմ տառապել քո պատճառով։ Արի տուն, անուշիկս, արի՛։ Օ՜հ, գտա նրան։ ― Այս անհարիր բացականչություններով դեռատի կինը նորից փղձկաց և այնքան սոսկալիորեն ջղագրգռվեց, որ այդ միջոցին վրա հասնող մի քանի կանայք, խնդրեցին մսավաճառի մի աշակերտից, որ նույնպես ականատես էր, և որի գլուխը փայլում էր մազերին քսած ճարպի պատճառով, թե արդյոք լավ չէ՞ր լինի, եթե վազեր բժիշկ կանչելու։ Մսավաճառի աշակերտը, որը դատարկապորտի մեկն էր երևում, անտարբերությամբ պատասխանեց, թե կարիք չկա։
― Օ՜հ, ո՛չ, ո՛չ, ոչի՛նչ, ― ասաց դեռատի կինը, ամուր բռնելով Օլիվերի ձեռքից, ― արդեն տագնապն անցավ, ես ինձ ավելի լավ եմ զգում։ Շուտ տուն գնանք, անխի՛ղճ տղա։ Տուն գնանք։
― Ի՞նչ է պատահել, տիկի՛ն, հարցրեց կանանցից մեկը։
― Օ՜հ, տիկին, պատասխանեց դեռատի կինը, ― սրանից մոտավորապես մի ամիս առաջ նա փախավ իր ծնողներից, որոնք աղքատ ու պարկեշտ մարդիկ են, և գնաց ու միացավ գողերի և սրիկաների խմբին։ Խեղճ մայրը վշտաբեկ նրան է սպասում։
― Թշվառակա՜ն, ― ասաց կանանցից մեկը։
― Դե՛, տու՛ն գնա, փոքրիկ գազան, ― ասաց մյուսը։
Ես այդպիսի տղա չեմ, ― ահաբեկված պատասխանեց Օլիվերը։ ― Եո ո՛չ քույր ունեմ, ո՛չ հայր և ո՛չ էլ մայր։ Ես որբ տղա եմ և ապրում եմ Պենտոնվիլլում։
― Սրա՛ն լսեք, ինչպես ուրանում է ամեն ինչ, ― գոչեց դեռատի կինը։
― Վա՛հ, Նենսին է, ― բացականչեց Օլիվերը, հանկարծ ճանաչելով աղջկան, և զարմանքից ցնցվելով ընկրկեց։
― Տեսնո՞ւմ եք, ճանաչում է ինձ, ― ճչաց Նենսին, դիմելով շուրջը կանգնածներին։ ― Այլ կերպ չէր էլ կարող վարվել։ Բարի մարդիկ, խնդրում եմ, ստիպեք նրան, որ տուն գա, այլապես այս վարմունքով նա իր մորն ու հորը կսպանի, իսկ ինձ սրտաճաք կանի։
― Սատանան տանի, այս ի՞նչ աղմուկ է, ―ինչ֊որ գարեջրատնից դուրս պրծնելով գոռաց մի տղամարդ։ ― Սա՜, փոքրիկ Օլիվերն է։ Վերադարձրի՛ր խեղճ մորդ մոտ, շա՛ն լակոտ։ Իսկույն տուն գնա։
― Ես ծնողներ չունեմ։ Ես նրանց չեմ ճանաչում։ Օգնությո՜ւն, օգնությո՜ւն, ― գոչեց Օլիվերը՝ մաքառալով տղամարդու զորավոր բազուկների մեջ։
― Օգնությո՞ւն, ― կրկնեց մարդը։ ― Հիմի ես քեզ լավ օգնություն ցույց կտամ, փոքրիկ սրիկա։ Այդ ի՞նչ գրքեր են ձեռքումդ։ Գողացել ես, հա՞։ Տուր տեսնեմ։ ― Այս խոսքերով մարդը հատորները կոպտորեն խլեց մանկան ձեռքից և ամուր զարկեց նրա գլխին։
― Այ այդպե՜ս, ― ձայնեց ձեղնահարկի լուսամուտներից դիտող հանդիսականներից մեկը։ ― Այդ միակ միջոցն է նրան խելքի բերելու։
― Իհա՜րկե, ― բղավեց քնկոտ տեսքով մի ատաղձագործ, հավանությամբ նայելով դեպի այն կողմը։
― Այդ օգտակար կլինի նրա համար, ― ասացին երկու կին։
― Ես չեմ խնայի նրան, այդ մասին դուք անհոգ կացեք, ― ասաց տղամարդը մի հարված ևս իջեցնելով Օլիվերի գլխին և նրա օձիքից պինդ բռնելով։ ― Դե՛, գնա՛նք, փոքրիկ անզգամ։ Հե՛յ, Լուսսա՛կ, այստեղ եկ։ Լա՛վ հսկիր նրան, հսկի՛ր։
Վերջին հիվանդությունից թուլացած, հանկարծակի հարձակումից և գլխին իջած հարվածներից շշմած, շան կատաղի ոռնոցից ու մարդու գազանային վերաբերմունքից սարսափած և մանավանդ ընկճված դիտրդների մոտ գոյացած այն համոզմունքից, թե ինքն իսկապես նրանց պատկերած անզգամ փոքրիկ թշվառականն է, ի՞նչ կարող էր անել մի խեղճ երեխա։ Մութն արդեն ընկել էր, վատահամբավ մի թաղամասում էին գտնվում, օգնության հույս չկար, դիմադրելն անօգուտ էր։ Նրան իսկույն մեծ արագությամբ քարշ տվեցին մութ ու նեղլիկ բակերի լաբիրինթոսի միջով, և այն մի քանի նվաղկոտ ճիչերը, որ համարձակվեց արձակել, անլսելի մնացին։ Սակայն ի՜նչ փույթ, եթե անգամ լսելի լինեին։ Այդ մասին ո՛չ մտահոգվաղ կար, ո՛չ էլ անհանգստացող։
Գազային լապտերները վառվեցին։ Միսիս Բեդվինը անձկությամբ սպասում էր բաց դռան շեմքին։ Սպասավորը մի քսան անգամ փողոցն ի վեր վազել էր տեսնելու, թե արդյոք Օլիվերը չէ՞ր երևում։ Իսկ երկու ծերունի ջենթլմենները, ժամացույցը դրած իրենց առջև, դեռևս լռությամբ սպասում էին խավար հյուրասենյակում։
Տասնվեցերորդ գլուխ
Պատմում է, թե ինչ պատահեց Օլիվեր Թվիստին, երբ Նենսին նրան տեր կանգնեց
Նեղլիկ փողոցներն ու բակերը անցնելուց հետո վերջապես բացվեց մի լայն ու ընդարձակ տարածություն, որտեղ ամենուրեք ցանուցիր երևում էին փոքր փարախներ և եղջերավոր անասունների առևտուրն ապացուցող զանազան այլ փաստեր։ Երբ հասան այստեղ, Սայքսը դանդաղեցրեց իր քայլերը, քանի որ աղջիկը այլևս կատարելապես անկարող էր պահպանել այն արագ ընթացքը, որով մինչև այդ քայլել էին։ Ապա դառնալով Օլիվերին՝ կոպտաբար հրամայեց բռնել Նենսիի ձեռքը։
― Չե՞ս լսում, ― գոռաց Սայքսը, երբ Օլիվերը վարանումով շուրջն էր նայում։
Նրանք գտնվում էին ճանապարհից բոլորովին հեռու մի մութ անկյունում։ Օլիվերը պարզ տեսնելով, որ դիմադրելն անօգուտ էր, ձեռքը մեկնեց Նենսիին, և աղջիկը ամուր բռնեց։
― Մյուսն էլ ի՛նձ տուր, ― ասաց Սայքսը՝ խլելով Օլիվերի ազատ ձեռքը։ ― Դե՛, Լուսա՛կ։
Շունը վեր նայեց ու ոռնաց։
― Տե՛ս, ― ասաց Սայքսը խոսքն ուղղելով շանը և մյուս ձեռքը դնելով Օլիվերի կոկորդին։ ― Եթե նա համրձակվի անգամ ծպտուն հանել, կկպչես սրան, իմացա՞ր։
Շունը նորից ոռնաց և, դունչը լիզելով, այնպես զննեց Օլիվերին, ասես նույն պահին ուզում էր պատառել նրա շնչափողը։
― Նա քրիստոնյայի չափ պատրաստակամ է այդ անելու, աչքերս կուրանան, թե սուտ եմ ասում, ― ասաց Սայքսը՝ կենդանուն դիտելով ինչ֊որ ահռելի ու վայրագ հաճությամբ։ ― Այժմ գիտես, թե ինչ է սպասում քեզ, սըր, հետևաբար բղավիր ինչքան ուզում ես, շունը քեզ շուտով կարգի կբերի։ Դե՛, ճուտիկ շարժվի՛ր։
Լուսակը, իբրև երախտիք այս բացառիկ սիրալիր խոսելաձևին, պոչը շարժեց և ի սարսափ Օլիվերի մի անգամ էլ վնգստալուց հետո վազեց առջևից։
Արդյոք Սմիթֆի՞լդն էին անցնում, թե՞ Գրոզվեների հրապարակը, Օլիվերը ոչինչ չգիտեր։ Խավար ու մառախլապատ գիշեր էր։ Խանութների լույսերը հազիվ էին թափանցում թանձր մշուշի միջից, որը ավելի ու ավելի խտանալով՝ թախծով էր պատում փողոցներն ու տները և Օլիվերի համար օտար շրջապատը դարձնում առավել ևս օտար, նրա անորոշ դրությունը՝ ավելի չարագուշակ ու տագնապալի։
Մի քանի քայլ շտապով անցել էին, երբ լսվեց եկեղեցու զանգի ծանր ղողանջը, որ ժամն էր ազդարարում։ Նրա առաջին իսկ զարկը լսելով՝ Օլիվերի երկու ուղեկիցները կանգ առան և իրենց գլուխները դարձրին ձայնի ուղղությամբ։
― Ժամը յոթն է, Բիլլ, ― ասաց Նենսին, երբ ղողանջը մարեց։
―Իսկ ինչո՞ւ ես այդ մասին ինձ ասում, չէ՞ որ ես էլ եմ լսում նրա ղողանջը, ― պատասխանեց Սայքսը։
― Ես մտածում եմ, թե արդյոք նրանք էլ կարո՞ղ են լսել այդ, ― ասաց Նենսին։
― Անշո՛ւշտ կարող են, ― պատասխանեց Սայքսը։ ― Բարթլեմի ժամանակն էր, երբ ես ձերբակալվեցի։ Տոնավաճառում զրնգացող յուրաքանչյուր պեննիի հնչյունը չէր վրիպում իմ ականջից։ Իսկ գիշերը այնտեղ արգելափակվելուց հետո դրսի վայնասունն ու ժխորը հին, անիծյալ բանտը այնքան լուռ դարձրին, որ կարող էի գանգս փշրել երկաթյա դռներին զարկելով։
― Խե՜ղճ մարդիկ, ― ասաց Նենսին, որի հայացքը դեռևս սևեռված էր այն ուղղությամբ, որտեղից զանգի հնչյուններն էին լսվել։ ― Օ՜հ, Բիլլ, այնքան հիանալի տղաներ էին։
― Այո՛, դուք կանայքդ միայն այդ մասին եք մտածում, ― պատասխանեց Սայքսը։ ― Հիանալի՜ տղաներ։ Նրանց մեռած համարիր և վերջ։
Իրեն այսպես սփոփելով՝ միստր Սայքսը ասես ցանկանում էր ճնշել սրտում աճող նախանձի զգացումը, և Օլիվերի ձեռքից ավելի պինդ բռնելով՝ ասաց, որ դարձյալ առաջ շարժվի։
― Մի րոպե սպասի՛ր, ― ասաց աղջիկը։ ― Մի՞թե ես կշտապեի եթե վաղը, հենց այս ժամին, կախաղան բարձրացողը դո՛ւ լինեիր, Բիլլ։ Նույնիսկ եթե գետինը ձյունով ծածկված լիներ, և ընդամենը մի շալ չունենայի ցրտից պատսպարվելու, ես այնքան պտույտներ կգործեի այդ վայրի շուրջը, մինչև շնչասպառ վայր չընկնեի։
― Իսկ ինձ ի՞նչ օգուտ դրանից, ― չարությամբ հարցրեց միստր Սայքսը։ ― Այլ բան է, եթե կարողանայիր ուղարկել մի խարտոց և քսան յարդ ամուր հրաշալի պարան։ Այլապես իմ համար մի հիսուն մղոն հեռվում քայլելը կամ բոլորովին չքայլելը ոչ մի արժեք չէր ունենա։ Դե, վե՛րջ տուր քարոզներիդ և շարժվիր։
Աղջիկը բարձրաձայն քրքրջաց, շալը ավելի պինդ փաթաթեց ուսերին, և նրանք գնացին։ Բայց Օլիվերը զգաց, որ նրա ձեռքը դողում էր, և մի գազային լապտերի մոտով անցնելիս նա նկատեց, որ աղջկա դեմքը մեռելային գույն էր ստացել։
Կես ժամ նրանք քայլեցին ամայի և կեղտոտ փողոցներով, հանդիպելով շատ քիչ մարդկանց, որոնք, դատելով նրանց արտաքին տեսքից, հասարակության մեջ նույն դիրքն էին գրավում, ինչպես հենց ինքը՝ միստր Սայքսը։ Վերջապես թեքվեցին շատ կեղտոտ և նեղ մի փողոց, որտեղ բազմաթիվ հին հագուստներ վաճառող խանութներ կային։ Շունը, ասես գիտակցելով, որ այլևս հսկողության կարիք չկար, վազեց առաջից և կանգնեց ինչ֊որ փակ, և ըստ երևույթին անմարդաբնակ խանութի մուտքի առաջ։ Տունը ավերակ վիճակում էր և դռան ցուցանակի վրա գրված էր, որ վարձու է։ Այնպես էր երևում, կարծես թե այդ ցուցանակը երկար տարիներ կախված էր այնտեղ։
― Լա՛վ, ― ասաց Սայքսը՝ զգուշությամբ շուրջը նայելով։
Նենսին կռացավ, ձեռքը երկարեց փեղկերի տակով, և Օլիվերը զանգի ձայն լսեց։ Ապա նրանք անցան փողոցի հանդիպակաց կողմը և մի քանի րոպե կանգնեցին լապտերներից մեկի տակ։ Լսվեց լուսամուտի ապակու մեղմ շխկոց, որից անմիջապես հետո դուռը կամացուկ բացվեց։ Միստր Սայքսը, առանց ավելորդ ձևականության, կոպտորեն քաշեց ահաբեկված տղայի օձիքից, և նրանք երեքով իսկույն ներս մտան։
Միջանցքը շատ մութ էր։ Նրանք սպասեցին մինչև որ այն անձը, որ իրենց ներս էր առաջնորդել, շղթան և փականը կրկին ամրացրեց դռանը։
― Մարդ կա՞ ներսում, ― հարցրեց Սայքսը։
― Ո՛չ, ― պատասխանեց մի ձայն, որը Օլիվերին թվաց, թե ծանոթ էր։
― Ծերուկն այստե՞ղ է, ― հարցրեց ավազակը։
― Այո՛, ― պատասխանեց ձայնը, ― և բավականին մտահոգ։ ― Իսկ կարծում եք նա չի՞ ուրախանա ձեզ տեսնելով։ Օ՜հ, ոչ, իհարկե ոչ։
Պատասխանողի այս ոճը և խոսողի ձայնը օտար չհնչեցին Օլիվերի ականջին, բայց այնքան մութ էր, որ անկարելի էր որոշել անգամ նրա կերպարանքը։
― Ճրա՛գ բերեք, ― ասաց Սայքսը, ― թե չէ հիմի մեր գլուխը կջարդենք կամ շունը կկոխենք։ Այդ դեպքում մտածեցեք ձեր ոտքերի մասին։
― Մի րոպե հանգիստ մնացեք, հիմա կբերեմ, ― պատասխանեց ձայնը։ Լսվեցին խոսողի նահանջող քայլերը, և մի րոպե չանցած հայտնվեց միստր Ջոն Դոքինզը, այլ կերպ ասած՝ Հնարամիտ Ստահակը՝ մոմը ձեռքին։
Փոքրիկ ջենթլմենը, բացի անիմաստ մի ժպիտից, Օլիվերին չբարեհաճեց ծանոթության ուրիշ որևէ նշան ցույց տալ, բայց ձեռքի թեթև շարժումով հասկացրեց այցելուներին՝ իրեն հետևել աստիճաններով ցած։ Նրանք անցան մի դատարկ խոհանոցի միջով և, բաց անելով դուռը ինչ֊որ ցածր, հողահատակ խոնավ սենյակի, որը ըստ երևույթին կառուցված էր շենքի հետևն ընկած մի բակում, ներսում նստողների կողմից ընդունվեցին բարձրաձայն քրքիջներով։
― Օ՜հ, աստվա՜ծ իմ, չե՛մ կարող, ― գոչեց միստր Չարլզ Բեյթսը ծիծաղից թուլացած։ ― Նա այստեղ է, ո՜հ, տե՜ր իմ աստված, նա յաստեղ է։ Մի սրան նայիր, Ֆե՛գին, սրան նայիր։ Չեմ կարող դիմանալ։ Ի՜նչ հիանալի զվարճություն է, ուղղակի չեմ կարող դիմանալ։ Բռնե՛ք ինձ, մեկնումեկդ բինե՛ք ինձ։
Բերկրանքի այս անզուսպ պոռթքումից հետո Վարպետ Բեյթսը հասակով մեկ փռվեց հատակին և, ոտքերը ջղաձգաբար ճոճելով օդի մեջ, ուղիղ հինգ րոպե անձնատուր եղավ ցնծության նոպաների, հետո տեղից վեր ցատկելով՝ Ստահակի ձեռքից խլեց ճրագը և, մոտենալով Օլիվերին, ոտից գլուխ զննեց նրան, մինչդեռ Հրեան իր գիշերային թասակը գլխից հանելով մի քանի անգամ խոնարհվեց ապշած տղայի առաջ։ Իսկ Ստահակը, որը համեմատաբար ավելի մելամաղձոտ խառնվածքի տեր էր, քան մյուսները, և զվարճությանը տեղի էր տալիս միայն այն ժամանակ, երբ գործին չէր խանգարում, սկսեց յուրահատուկ ժրաջանությամբ Օլիվերի գրպանները խուզարկել։
― Մի սրա հագուստներին նայիր, Ֆե՛գին, ― ասաց Չարլին և ճրագը այնքան մոտեցրեց տղային, որ քիչ էր մնում նրա շորերը վառեր։ ― Նայի՛ր սրա հագուստներին։ Գերազանց որակի կերպաս է և հիանալի կարված։ Օ՜հ, աստվա՜ծ իմ, ի՜նչ հրաշալի խաղ է։ Բա նրա գրքերը։ Իսկական ջենթլմեն է, Ֆե՛գին, իսկական ջենթլմեն։
― Հիացած եմ ձեզ այսքան լավ վիճակի մեջ տեսնելով, ― ասաց Հրեան, հեգնական համեստությամբ խորը գլուխ տալով։ Հնարամիտը հիմա ձեզ մի ուրիշ ձեռք հագուստ կտա, որպեսզի հանկարծ այդ տոնական շքեղ շորերը չփաչցնեք։ Ինչո՞ւ մի գրություն չուղարկեցիք, սիրելիս, և մեզ չհայտնեցիք, որ գալիս եք։ Գոնե մի տաք ճաշ պատրաստած կլինեինք ընթրիքի համար։
Սրա վրա վարպետ Բեյթսը այնքան դղրդալից քրքջաց, որ Ֆեգինը թեթևակի ծիծաղեց, և նույնիսկ Ստահակը ժպտաց, բայց քանի որ ճիշտ այդ րոպեին Ստահակը հինգ ֆունտանոց թղթադրամը դուրս էր քաշել նրա գրպանից, դժվար է ասել շրջապատի աշխուժությո՞ւնը, թե դրամի հայտնաբերումն էր նրա մեջ առաջացրել զվարթ տրամադրությունը։
― Հե՜յ, այդ ի՞նչ բան է, ― հարցրեց Սայքսը՝ առաջ գալով, երբ տեսավ որ Հրեան խլեց թղթադրամը։ ― Այդ իմն է, Ֆե՛գին։
― Ո՛չ, ո՛չ, ― ասաց Հրեան, ― իմն է, Բիլլ, սիրելիս, իմն է, դու գրքերը կվերցնես։
― Եթե այդ իմը չէ, ասաց Բիլլ Սայքսը՝ վճռականությամբ գլխարկը դնելով գլխին, ― իմը և Նենսիինը, ես տղային նորից ետ կտանեմ։
Հրեան ցնցվեց։ Ցնցվեց նաև Օլիվերը, բայց բոլորովին այլ պատճառով։ Նա հույս ուներ, թե վեճը գուցե այնպես կավարտվեր, որ իրեն իսկապես ետ կտանեին։
― Դրամը ի՛նձ տուր, իմացա՞ր, ― սպառնաց Սայքսը։
― Դու լավ չես անում, Բի՛լլ, քո արարմունքը հազիվ թե արդարացի լինի, այնպես չէ՞, Նենսի, ― հարցրեց Հրեան։
― Արդարացի է, թե ոչ, ― ընդհատեց Սայքսը, ― միևնույն է, տո՛ւր ինձ դրամը։ Կարծում Նենսին և ես ուրիշ անելիք չունենք, և մեր թանկագին ժամանակը պետք է վատնենք անվերջ հետապնդելով և առևանգելով ամեն մի փոքրիկ տղայի, որ քո ճանկն է ընկել, հա՞։ Տո՛ւր ինձ դրամը։ Տո՛ւր ինձ, ասում եմ, գծուծ ուրվական։
Այս մեղմ ընդդիմախոսությամբ միստր Սայքսը թղթադրամը կորզեց Հրեայի ցուցամատի ու բթամատի միջից և, սառնասրտությամբ նայելով նրա դեմքին, ծալեց և կապեց իր թաշկինակի ծայրը։
― Այս գումարը մեր կրած դժվարությունների կեսն անգամ չարժե, ― ասաց Սայքսը։ Եթե ընթերցասեր ես, գրքերը քեզ համար պահիր։ Իսկ եթե չես ուզում, վաճառիր դրանք։
― Շատ գեղեցիկ են, ― ասաց Չարլի Բեյթսը, որը դեմքի զանազան ծամածռություններով այնպես ձևացրեց, իբրև թե կարդում է ակնարկված հատորներից մեկը, ― հրաշալի գրվածք է, այնպես չէ՞, Օլիվեր։ ― Տեսնելով այն հուսահատ հայացքը, որով Օլիվերը դիտում էր իր տանջարարներին, Վարպետ Բեյթսը, որը շատ աշխույժ բնավորություն ուներ, սկսեց նույնիսկ առաջվանից ավելի բարձրաձայն ծիծաղել։
― Այս գրքերը պատկանում են ծերունի ջենթլմենին, ― ասաց Օլիվերը, ծայրահեղ հուսահատության մեջ ձեռքերը տրորելով, ― այն բարի, ազնիվ ծերունի ջենթլմենին, որը ինձ իր տանը ընդունեց և հոգաց իմ մասին, երբ տենդից համարյա մահանում էի։ Օ՜հ, պաղատում եմ, գրքերն ու դրամը վերադարձրեք նրան։ Ինձ պահեցեք այստեղ իմ ամբողջ կյանքում, բայց աղաչում, պաղատում եմ, այդ գրքերն ու դրամը ետ ուղարկեցեք։ Նրանք կմտածեն, ես գողացել եմ այդ գրքերը։ Պառավ լեդին, բոլորը, բոլորը, որոնք այնքան սիրալիր վերաբերմունք ցույց տվին ինձ, այնպես կկարծեն, որ ես գողացել եմ դրանք։ Օ՜հ, խնդրո՜ւմ եմ, գթացե՜ք ինձ։
Այս բառերն անսահման վշտով արտասանելուց հետո Օլիվերը ծայրահեղ հուսահատության մեջ ձեռքերը միացրեց իրար և ծունկի եկավ Հրեայի առաջ։
― Տղան ճիշտ է ասում, ― նկատեց Ֆեգինը նենգամտորեն շուրջը նայելով և թավ հոնքերը կիտելով, ― Օլիվե՛ր, դու իրավացի ես, նրանք իհարկե կմտածեն, որ դու գողացել ես այդ գրքերը։ Հա՛, հա՛, ― քմծիծաղ տվեց Հրեան ձեռքերը շփելով, ― ավելի հաջող հանդիպում չէր կարող լինել, անգամ եթե ժամադրված լինեինք․ ո՛չ ավելի հաջող հանդիպում չէր կարող լինել։
― Իհարկե չէր կարող, ― պատասխանեց Սայքսը, ― ես այդ զգացի անմիջապես, երբ նրան տեսա գրքերը թևի տակ Քլըրքնվելով իջնելիս։ Այդպես է։ Նրանք փափկասիրտ սաղմոսերգողներ են, այլապես նրան իրենց տանը չէին ընդունի, և կտեսնես, որ ոչ մի հարց ու փորձ չեն անի նրա մասին, վախենալով, թե դրանով պատճառ կդառնան նրա բանտարկությանը։
Այս բառերն արտասանվելիս Օլիվերը շփոթված նայում էր մեկից մյուսին, կարծես հազիվ գլխի ընկնելով, թե ինչ էր կատարվում, բայց երբ Բիլլ Սայքսը ավարտեց իր խոսքը, նա ընդոստ վեր ցատկեց և մոլեգին շարժումով դուրս թռավ սենյակից՝ արձակելով օգնության այնպիսի ճիչեր, որոնց արձագանքը թնդացրեց հին և դատարկ շենքի բոլոր անկյունները։
― Շանը պահի՛ր, Բիլլ, ― ճչաց Նենսին ոստանելով դեպի դուռը և փակելով այն, մինչդեռ Հրեան և նրա երկու աշակերտները դուրս խոյացան Օլիվերի հետևից։ ― Շանը պահի՛ր, թե չէ տղային կբզկտի։
― Թող բզկտի, տե՛ղն է, ― գոռաց Սայքսը, ճգնելով ազատվել աղջկա ամուր բազուկներից։ ― Հեռացի՛ր ինձնից, թե չէ հիմա գլուխդ կջարդեմ։
― Ջարդի՛ր, վախեցողը չեմ, բոլորովին վախեցողը չեմ, ― ճչաց աղջիկը՝ վայրագորեն մաքառելով մարդու հետ։ ― Քանի դեռ ողջ եմ, թույլ չեմ տա, որ շունը երեխային բզկտի։
― Թույլ չես տա՞, ― ասաց Սայքսը ատամները սեղմելով, ― ես հիմա կսպանեմ քեզ, եթե ետ չքաշվես։
Ավազակը աղջկան շպրտեց սենյակի ամենահեռավոր անկյունը ճիշտ այն միջոցին, երբ Հրեան և երկու տղաները Օլիվերին քարշ տալով բերեցին ներս։
― Այստեղ ի՞նչ է պատահել, ― ասաց Ֆեգինը շուրջը նայելով։
― Երևի աղջիկը խելագարվել է, ― կատաղած պատասխանեց Սայքսը։
― Ո՛չ, չի՛ խելագարվել, ― ասաց Նենսին, բուռն մաքառումից գունատ և շնչասպառ, ― չի՛ խելագարվել։ Այդպիսի բան չմտածես, Ֆեգին։
― Ուրեմն լռի՛ր, ― սաստեց Հրեան սպառնալից հայացքով։
― Ոչ էլ կլռեմ, իմացա՞ք, ― պատասխանեց Նենսին շատ բարձրաձայն։ ― Ի՞նչ կարող ես անել։
Միստր Ֆեգինը բավականին քաջածանոթ էր մարդկության մասնավորապես այն ցեղի սովորություններին, որին միսս Նենսին էր պատկանում։ Հետևաբար, նա զգաց, որ տվյալ րոպեին նրա հետ խոսակցությունը շարունակելն անխոհեմություն կլիներ, և խմբի ուշադրությունը նրանից շեղելու նպատակով՝ դարձավ Օլիվերին։
― Ուրեմն դու ուզում էիր փախչել, սիրելիս, ճի՞շտ է, ― ասաց Հրեան, վերցնելով մի սրածայր մահակ, որն ընկած էր բուխարու մի անկյունում։
Օլիվերը ոչ մի պատասխան չտվեց։ Բայց նա հետևում էր Հրեայի շարժումներին և ծանրորեն շնչում։
― Ուզում էիր օգնություն ստանալ, ոստիկաններ կանչել, հա՞, ― հեգնեց Հրեան բռնելով մանկան թևից։ ― Մենք քեզ կբուժենք այդ հիվանդությունից, իմ փոքրիկ բարեկամ։
Հրեան մահակով մի ուժգին հարված հասցրեց Օլիվերի ուսերին և մահակը բարձրացրեց, որ երկրորդ անգամ խփի, երբ աղջիկը, խուճապահար առաջ վազելով, նրա ձեռքից խլեց ու այնպիսի ուժգնությամբ շպրտեց կրակի մեջ, որ շիկացած ածուխների մի մասը դուրս թռչելով՝ ցրվեց սենյակով մեկ։
― Ներկա լինել այստեղ և հանդուրժել այս ամենը, այդ բանը անկարելի է ինձ համար, Ֆեգին, ― բացականչեց աղջիկը։ ― Տղան քեզ մոտ է, էլ ի՞նչ ես ուզում։ Հանգի՛ստ թողեք նրան, հանգի՛ստ թողեք, այլապես մի քանիսիդ վրա այնպիսի նշաններ կդրոշմեմ, որոնք ժամանակից առաջ ինձ կախաղան բարձրացնելու պատճառ կդառնան։
Այս սպառնական խոսքերով, աղջիկը կատաղությամբ ոտքը խփեց հատակին և շրթունքները պինդ սեղմած ու ձեռքերը բռունցք կազմած՝ փոխնիփոխ նայեց մերթ Հրեային և մերթ մյուս ավազակին։ Զայրույթից նրա դեմքը բոլորովին գունատվել էր։
― Լսի՛ր, Նե՛նսի, ― խոքը աղջկան ուղղելով հաշտարար տոնով ասաց Հրեան կարճ դադարից հետո, որի ընթացքում ինքը և միստր Սայքսը շփոթված իրար էին նայում, ― դու, դու այս գիշեր շատ ավելի խելոք ես, քան եղել ես երբևիցե։ Այո՛, սիրելիս, դու քեզ սքանչելի ես պահում այս գիշեր։
― Իսկապե՞ս, ― ասաց աղջիկը։ ― Զգո՜ւյշ կացեք, որ ծայրահեղությունների չդիմեմ։ Այդ ձեզ համար ավելի վատ կլինի, Ֆեգին, ուստի ժամանակին զգուշացնում եմ, որ հանգիստ թողեք ինձ։
Քիչ տղամարդիկ կցանկանան մոլեգնած կնոջ զայրույթը գրգռել, մանավանդ, երբ նրա մյուս բոլոր ուժեղ կրքերին ավելանում է նաև հախուռնության վայրագ մոլուցքը։ Հրեան տեսավ, որ այլևս վտանգավոր կլիներ միսիս Նենսիի զայրույթը կասկածի տակ դնել, հետևաբար, ակամա մի երկու քայլ ընկրկեց և աղերսանքի երկչոտ մի հայացք նետեց Սայքսի վրա, ասես կամենալով ակնարկել, թե նա հարմարագույն անձն էր վեճը շարունակելու համար։
Ֆեգինի այս լուռ խնդրանքը միստր Սայքսի ինքնասիրությունը շոյեց, և նա բազմաթիվ հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղաց միսս Նենսիի վրա, որոնք իր հանճարեղ մտքի արգասիքն էին կազմում։ Սակայն տեսնելով, որ այս ամենը զգալի ազդեցություն չգործեցին իր ենթակայի վրա, նա դիմեց նորանոր, ավելի ծանրակշիռ պատճառաբանությունների։
― Ի՞նչ է նշանակում քո այս վարմունքը, ― ասաց Սայքսը։ Եվ իր հարցումը ծաղկեցրեց մարդկային զգայարաններից ամենագեղեցիկին վերաբերող մի շատ տարածված հայհոյանքով, որը այն բոլոր հիսուն հազար անգամներից, որ արտասանվում է երկրում, եթե երկնքում արտասանվեր գեթ մեկ անգամ, ապա կուրությունը կդառնար այնքան սովորական հիվանդություն, ինչպիսին կարմրուկն է։ ― Ի՞նչ ես ուզում ասել դրանով։ Կրակ թափվի գլխիս։ Գիտե՞ս թե ով ես դու, կամ ինչ ես դու։
― Օ՜հ, ես այդ բոլորը շատ լավ գիտեմ, ― ջղագրգիռ ծիծաղեց աղջիկը և գլուխը կեղծ անտարբերությամբ տարուբերեց։
― Դե՛, ուրեմն, ձայնդ կտրի՛ր, ― գոռաց Սայքսը, այնպիսի տոնով, որ նա սովոր էր օգտագործել խոսքը շանն ուղղելիս, թե չէ այնպես կանեմ, որ մեկառմիշտ կլռես։
Աղջիկը նորից ծիծաղեց, բայց առաջվանից ավելի հիստրիկ ձևով, և, մի սուր հայացք նետելով Սայքսի վրա ու երեսը մի կողմ դարձնելով, շրթունքը այնպես ամուր կծեց, որ արյուն եկավ։
― Ա՛յ թե լավիկն ես, հա՜, ― արհամարհաբար նրան զննելով ասաց Սայքսը, ― սկսել ես մարդասիրաբա՞ր մոտենալ հարցերին։ Նրան երեխա ես անվանում, իսկ հետը բարեկամություն ես հաստատում։ Իսկապես որ շատ հարմար ընկեր ես ընտրել քեզ համար։
― Այո՛, ընտրել եմ, ամենակարող աստվածը թող օգնական լինի ինձ, ― գոռած աղջիկը սաստիկ բարկությամբ։ Երանի թե փողոցում տեղնուտեղը մեռնեի կամ փոխարինած լինեի այն մարդկանց, որոնց մոտով մենք անցանք այս գիշեր, քան որևէ ձևով օգնած լինեի նրան այստեղ բերելու գործում։ Այս գիշերվանից սկսած նա կլինի թե՛ գող, թե՛ ստախոս, թե՛ զրպարտիչ և թե՛ ամեն ստոր բան։ Այս բոլորորը հերիք չէ խեղճ մանկան համար, դեռ ծե՞ծն էլ է ավելանում։
― Լսի՛ր Սայքս, ― համոզիչ տոնով ասաց հրեան՝ դիմելով ավազակին և մատնացույց անելով տղաներին, որոնք ուշադիր հետևում էին խոսակցությանը, ― մենք պետք է քաղաքավարի լինենք, Բիլլ, մենք չպետք է մինյանց հայհոյենք։
― Քաղաքավարի՜, ― ահավոր զայրությով գոռաց աղջիկը։ ― Ինձնի՞ց եք պահանջում քաղաքավարի լինել քեզ հետ, ստոր թշվառական, ինձնի՞ց, որ քեզ համար գողանալ սովորեցի, երբ այս երեխայի կես տարիքն անգամ չունեի, ― Օլիվերին մատնանշելով շարունակեց աղջիկը։ ― Ահա այդ օրվանից տասներկու տարի է անցել, իսկ ես դեռևս գտնվում եմ նույն ծառայության մեջ և զբաղվում եմ այդ միևնույն կեղտոտ գործով։ Մի՞թե քեզ հայտնի չէ այդ, խոսի՛ր, ինչո՞ւ ես լռում։
― Լա՛վ, լա՛վ, ― հանգիստ պատասխանեց Հրեան, փորձելով մեղմացնել նրա զայրույթը, ― եթե դու այդ բոլորը արել ես, ապա արել ես քո ապրուստի համար։
― Ինչպե՞ս, իմ ապրուստի համա՞ր, ― գոռաց աղջիկը։ Եվ բառերը այլևս բնական ընթացքով չհաջորդեցին իրար, այլ դուրս պոռթկացին գահավեժ ու ամեհի հորձանքով։ ― Իսկ մի՞թե իմը չեն եղել ցուրտ, խոնավ, կեղտոտ փողոցները, և դու չե՞ս եղել այն թշվառականը, որ ինձ շատ վաղուց խրել է այս տիղմի մեջ, ուր և պահելու ես օր ու գիշեր, օր ու գիշեր մինչև շունչս փչեմ։
― Եթե շարունակես այդ ձևով խոսել, գլխիդ այնպիսի փորձանք կբերեմ, ― այդ նախատինքներից կատաղած՝ աղջկան ընդհատեց Հրեան, ― այնպիսի փորձանք, որ ավելի վատթար կլինի, քան թե մինչև հիմա բերածներս։
Աղջիկը այլևս ոչինչ չասաց, իր մազերն ու հագուստը պատառոտելով, նա խելահեղորեն հարձակվեց Հրեայի վրա։ Նրա վրիժառությունը, հավանաբար, շատ խոր նշաններ դրոշմած կլիներ ծերունու մարմնին, եթե Սայքսը հենց նույն րոպեին ամուր չբռներ նրա դաստակներից։ Աղջիկը մի քանի թույլ ճիգեր գործադրելուց հետո ուշաթափվեց։
― Այժմ արդեն հանգստացավ, ― ասաց Սայքսը, թողնելով նրան մի անկյունում։ ― Նրա թևերը արտակարգ ուժեղ են, երբ այսպես ջղագրգռված է։
Հրեան ճակատը սրբեց և ժպտաց, կարծես սրտում մի թեթևություն զգալով, որ անախորժությունը վերջացավ։ Բայց թե՛ ինքը, թե՛ շունը և թե՛ տղաները որևէ նշանակություն չտվեցին այդ միջադեպին, այլ պարզապես այդ բանը համարեցին իրենց աշխատանքի հետ սերտորեն կապված սովորական մի պատահար։
― Կանանց հետ գործ բռնելը ունի նաև իր վատ կողմերը, ― ասաց Հրեան, մահակը դնելով նախկին տեղը, ― բայց նրանք ուշիմ են, և մեր աշխատանքի բնույթը այնպիսիսն է, որ առանց կանանց հնարավոր չէ մեր գործը առաջ տանել։ Չա՛րլի, Օլիվերին տար քնելու։
― Անշուշտ լավ կլիներ, եթե վաղը նա իր նոր շորերը չհագներ, այնպես չէ՞, Ֆեգին, ― հարցրեց Չարլի Բեյթսը։
― Իհարկե, ― պատասխանեց Հրեան և ինքն էլ ժպտաց, տեսնելով Չարլիի նշանակալից ու խորամանկ ժպիտը։
Վարպետ Բեյթսը, ըստ երևույթին չափազանց գոհ այս հանձնարարությունից, վերցրեց ճրագը և մանկանը առաջնորդեց սենյակի հարակից խոհանոցը։ Հատակին դրված էին մի քանի խշտյակներ, որոնց վրա Օլիվերը առաջներում էլ քնել էր։ Եվ այստեղ անվերջ քրքիջներից թուլացած Վարպետ Բեյթսը բերեց նրա նախկին հին շորերը, որոնց վաճառված օրը խեղճ երեխան այնքան երջանիկ էր զգացել իրեն։ Ճակատագրի քմահաճ մի խաղով սպասաուհուց այդ շորերը գնող հրեան դրանք պատահաբար վաճառել էր Ֆեգինին, և հենց այդ էլ հանդիսացել էր առաջին հետքը, որով կարողացել էին իմանալ, թե մոտավորապես որտեղ է տղան։
― Դե՛, նոր շորերդ հանիր, ― ասաց Չարլին, հանձնելու եմ Ֆեգինին, որ ապահով պահի։ Օ՜հ, որքա՜ն զվարճալի է։
Խեղճ Օլիվերը ակամա հնազանդվեց։ Վարպետ Բեյթսը նոր շորերը փաթաթելով դրեց թևի տակ և Օլիվերին թողնելով մթության մեջ՝ դուրս եկավ սենյակից ու դուռը կողպեց։
Միսս Բետսին ճիշտ ժամանակին եկավ իր ուշաթափված ընկերուհու վրա ջուտ շաղ տալու և նրան ուշքի բերելու համար կանացի այլ պարտականությունները կատարելու։ Չարլիի քրքիջները և այդ իրարանցումից առաջացած աղմուկը գուցե շատ մարդկանց արթուն պահեին, որոնք Օլիվերից ավելի ուրախ պայմաններում էին գտնվում։ Բայց նա հիվանդ էր, ուժասպառ, և շուտով թաղվեց խորը քնի մեջ։
Տասնյոթերորդ գլուխ
Ճակատագիրը շարունակում է հալածել Օլիվերին և, Լոնդոն բերելով մի անվանի մարդու, արատավորում է նրա բարի անունը։
Արկածախնդրական բոլոր մելոդրամաներում ընդունված սովորություն է դարձել զավեշտական ու ողբերգական պատկերները ներկայացնել այնքան ճշգրիտ հաջորդականությամբ, որքան սպիտակ և կարմիր շերտերը խոզապուխտի մեջ։ Դժբախտություններից ճնշված շղթայակապ հերոսը ընկնում է ծղոտե անկողնու վրա, հաջորդ պատկերում նրա հավատարիմ, բայց անգիտակ զինակիցը ունկնդիրներին հյուրասիրում է զավեշտական երգով։ Բացվում է մի այլ պատկեր, և մենք տեսնում ենք պատիվն ու կյանքը վտանգած հերոսուհուն՝ հպարտ ու անգութ ազնվականի երկաթյա բազուկների մեջ մաքառելիս։ Մեր հայացքները հառած սրտատրոփ հետևում ենք, թե նա ինչպես է դաշույնը խրոխտաբար մերկացնում՝ կյանքի գնով պաշտպանելու իր պատիվը, և ճիշտ այդ պահին, երբ մեր հուզումը հասնում է իր գագաթնակետին, լսվում է մի սուլոց, և մենք իսկույն տեղափոխվում ենք դղյակի հսկա դահլիճը, որտեղ մի սպիտակահեր ֆեոդալ ինչ֊որ ծիծաղելի խմբերգ է երգում իր առավել ևս ծիծաղելի արբանյակների հետ, որոնք, զերծ լինելով բոլոր կաշկանդումներից, սկսած եկեղեցիների կամարներից մինչև պալատները, խմբով թոփառում են տեղից տեղ, այսպես հավերժորեն տաղերգելով։
Այսպիսի փոփոխությունները թեպետ առաջին հայացքից արտառոց են երևում, բայց թափանցելով նրանց խորքը՝ մենք կարող ենք տեսնել և համոզվել, որ այնքան էլ անբնական չեն։ Իրական կյանքում պատկերների հարափոխությունը խնջույքի սեղաններից դեպի մահվան մահիճները կամ սգո հանդերձներից դեպի տոնական շքեղ հագուստները նույնքան զգայացունց երևույթներ են, որքան թատերական ներկայացումները, այն հսկայական տարբերությամբ միայն, որ մեկում լոկ անգործուն դիտորդներ ենք, իսկ մյուսում՝ գործուն դերակատարներ։ Երբ բեմում դերասանները անտարբեր են իրենց մարմնավորած կերպարների հանկարծական ներմղումներին, վայրագ կրքերին ու զգացմունքներին և լրիվ չեն կարող դրսևորել այդ կերպարը, հանդիսատեսը իսկույն դատապարտում է նրանց, որպես այլանդակ և հակաբնական կատարողների։
Այս կարճ ներածականը գուցե ավելորդ թվա սույն գլխի համար, եթե նկատի չառնենք այն հանգամանքը, որ տեսարանների, ժամանակի և վայրի հանկարծական ու արագ փոփոխությունները ոչ միայն գրքերում լայն կիրառման են ենթարկված, այլ շատերի կողմից ընդունված են որպես հեղինակի մեծ վարպետություն։ Համաձայն այս քննադատների, հեղինակի ճարտարությունն ու հմտությունը գնահատվում է այն համեմատությամբ, ինչ համեմատությամբ նրան հաջողվում է իր հերոսներին անել կացության մեջ թողնել յուրաքանչյուր գլխի վերջում։ Եթե այդ իրողություն է, ուրեմն թող սա համարվի նուրբ ակնարկություն այն բանի, որ պատմագիրը ետ է գնում դեպի այն փոքրիկ քաղաքը, ուր ծնվել է Օլիվեր Թվիստը, վստահեցնելով ընթերցողին, որ եթե գույություն չունենային լուրջ ու կարևոր պատճառներ, նա չէր հրավիրվի այս տաղտկալի ճամբորդությունը կատարելու։
Միստր Բամբըլը վաղ առավոտյան աղքատանոցի դարպասից դուրս եկավ և պատկառելի կերպարանքով ու իշխող քայլերով բարձրացավ Հայ Սթրիթն ի վեր։ Նրա բիդըլությունը ծաղկունքի մեջ էր, և նա համակված էր իր կոչումին վայել ծայրահեղ սնապարծությանը։ Նրա եռանկյունի գլխարկն ու վերարկուն շողշողում էին առավոտյան արևի տակ։ Միստր Բամբըլը գլուխը միշտ բարձր էր պահում, իսկ այս առավոտ՝ սովորականից է՛լ ավելի բարձր։ Ուշադիր դիտողը գուցե կարող էր նկատել, որ բիդըլի մտացրիվ հայացքն ու վերացած տեսքը արտացոլումն էին նրա գլխով անցնող ինչ֊որ մտքերի, որոնց մասին չէր կարելի հայտնել հասարակ մահկանացուներին։
Ճանապարհով անցնելիս միստր Բամբըլը ուշադրություն չէր դարձնում փոքր խանութպաններին և այն մարդկանց, որոնք ակնածանքով խոսում էին իր հետ։ Նա նրանց ողջույնները փոխադարձում էր ձեռքի թեթև շարժումով միայն, և իր սիգաճեմ քայլվածքը չթուլացրեց մինչև հասավ այն ագարակը, որտեղ միսիս Մեննը չքավոր երեխաներին պահում էր ծխական հոգատարությամբ։
― Գրողը տանի այս բիդըլին, ― ասաց միսիս Մեննը լսելով պարտեզի դռան ծանոթ, ուժգին ցնցումը։ ― Երևի դարձյալ նա է առավոտյան այս ժամին։ Օ՜հ, աստվա՜ծ իմ, միստր Բամբըլ, այդ դո՞ւք եք, միստր Բամբըլ։ Որքա՜ն հաճելի է ձեզ այստեղ տեսնել։ Օ՜հ, տե՜ր աստված, իսկապես որ հաճելի է։ Անցե՛ք ներս, սըր, խնդրում եմ, հյուրասենյակ անցեք։
Առաջին նախադասությունն ոըղղված էր Սուզանին, իսկ ցնծության բացականչությունները միստր Բամբըլի համար էին։ Ապա բարի լեդին պարտեզի դռան փականքը բաց արավ և մեծ ուշադրությամբ ու հարգանքով բիդըլին ներս առաջնորդեց։
― Միսիս Մենն, ― ասաց միստր Բամբըլը, ոչ թե նստելով կամ իրեն գցելով նստարանի վրա, ինչպես անում են հիմսր մադիկ, այլ աստիճանաբար և դանդաղորեն իջնելով աթոռի մեջ, ― միսիս Մենն, տիկի՛ն, բարի լույս։
― Ձեզ էլ բարի լույս, սըր, ― փոխադարձեց միսիս Մեննը, քնքշորեն ժպտալով։ ― Հուսով եմ, որ դուք ձեզ լավ եք զգում, սըր։
― Մի քիչ լավ, մի քիչ վատ, միսիս Մենն, ― ասաց բիդըլը։ ― Ծխական կյանքի ուղին վարդերով պատած պարտեզ չէ, միսիս Մենն։
― Անկասկած, միստր Բամբըլ, ― հաստատեց լեդին։ Եթե նպաստընկալ երեխաները լսած լինեին միսիս Մեննի պատասխանը, բոլորն էլ միահամուռ կերպով համաձայն կլինեին նրա հետ։
― Ծխական կյանքը, տիկին, ― շարունակեց միստր Բամբըլը, գավազանը խփելով սեղանին, ― հոգսերով, ցավերով և դժվարություններով լի մի կյանք է, և ես պետք է ասեմ, որ բոլոր հասարակական գործիչներն էլ ենթակա են հալածանքի։
Միսիս Մեննը, այնքան էլ չհասկանալով բիդըլի ասածը, կարեկցաբար նայեց նրան և, ձեռքերը վեր բարձրացնելով, հառաչեց։
― Ա՜հ, այո՛, հառաչելու բան է, միսիս Մենն, ― ասաց բիդըլը։
Գտնելով, որ ճիշտ է վարվել, միսիս Մեննը նորից հառաչեց, բացահայտորեն մեծ բավարարություն պատճառելով հասարարական գործչին, որը զսպելով մի քաղցրաբարո ժպիտ, խստորեն նայեց եռանկյունի գլխարկին և ասաց․
― Միսիս Մե՛նն, Լոնդոն եմ գնում։
― Աստվա՜ծ իմ, միստր Բա՜մբըլ, ― ճչաց միսիս Մեննը ցնցվելով։
― Լոնդոն, տիկի՛ն, ― կրկնեց բիդըլը անդրդվելիորեն, ― և այն էլ կառքով։ Ես և երկու աղքատներ, միսիս Մենն։ Ինչ֊որ դատ է լինելու չքավորների մշտական բնակության հարցի վերաբերյալ և հանձնաժողովն ի՛նձ է ուղարկում, ի՛նձ, միսիս Մենն, որպեսզի Քլըրքնվելի դատական նիստում ցուցմունքներ տամ այդ կապակցությամբ։ Իսկ այժմ ձեզ հարց եմ տալիս, թե Քլըրքնվելի դատավորները արդյոք դժվարին կացության չե՞ն մատնվելու ինձ հետ գործ ունենալու պատճառով, ― ավելացրեց միստր Բամբըլը փքվելով։
― Օ՜հ, դուք չպետք է շատ խստությամբ վարվեք նրանց հետ, սըր, ― թախանձեց միսիս Մեննը։
Քլըրքնվելի դատավորները իրենք են իրենց վրա հրավիրել այդ, տիկին, ― պատասխանեց միստր Բամբըլը, ― և եթե այնպես պատահի, որ գործը ավելի վատ բնույթ ստանա, քան ենթադրում էին, ապա այդ կլինի միայն դատավորների հանցանքով։
Միստր Բամբըլի արտահայտած այս սպառնալից խոսքերի մեջ այնքան վճռականություն և պարտքի գիտակցություն կար, որ միսիս Մեննի վրա մեծ ազդեցություն գործեց։ Վերջապես նա ասաց․
― Կառքո՞վ եք գնալու, սըր։ Ես կարծում էի, այնպես է ընդունված, որ աղքատներին միշտ սայլով են ուղարկում։
― Այդ լինում է նրանց հիվանդության դեպքում, միսիս Մենն, ― ասաց բիդըլը։ ― Անձրևոտ եղանակին մենք հիվանդ նպաստընկալներին դնում ենք բաց սայլերին, նրանց ցրտից պաշտպանելու համար։
Օ՜հ, ― ասաց միսիս Մեննը։
― Վերադարձող կառքը պայմանավորվում է այս երկուսի համար, և էժան գնով, ― ասաց միստր Բամբըլը։ ― Երկուսն էլ շատ ծանր վիճակումն են, և մենք գտնում ենք, որ նրանց տեղափոխումը մեզ վրա երկու ֆունտով ավելի էժան կնստի, քան թե թաղելը․ այսինքն՝ մեր նպատակն է նրանց բարձել մի ուրիշ ծխի ուսին, որը կարծում եմ մեզ կհաջողվի, եթե, իհարկե, հակառակ մեր ցանկության, նրանք ճանապարհին չմեռնեն։ Հա՛, հա՛, հա՛։
Երբ միստր Բամբըլը բավականին ծիծաղել էր, նրա աչքերը դարձյալ հանգան եռանկյունի գլխարկի վրա, և նա լրջացավ։
― Գործը մոռանում ենք, տիկի՛ն, ― ասաց բիդըլը, ― ահա այս ամսվա ձեր ծխական թոշակը, վերցրե՛ք։
Միստր Բամբըլը իր դրամապանակից հանեց թղթի մեջ փաթաթված բավականաչափ արծաթ դրամ և միսիս Մեննին հանձնելով ՝ ստացական պահանջեց։ Միսիս Մեննը ստացականը գրեց։
― Չափազանց կեղտոտ է, սըր, ― ասաց երեխաների ագարակատերը, ― բայց երևի բավականաչափ պաշտոնական է։ Շնորհակալություն, միստր Բամբըլ, վերին աստիճանի պարտավորված եմ, սըր, վստահ եղեք։
Միստր Բամբըլը, իբրև երախտիկ միսիս Մեննի իր հանդեպ ցուցաբերած հարգանքի, բարեհաճորեն ժպտաց և հարցրեց, թե ծխական երեխաները ինչպես են։
― Իմ անուշիկ բալիկնե՜րը, ― ասաց միսիս Մեննը հուզումով, ― հրաշալի են, հրաշալի։ Անշուշտ, բացի այն երկուսից, որ անցայլ շաբաթ մահացան։ Եվ փոքրիկ Դիկը։
― Այդ տղան տակավին չի՞ ուղղվել։
Միսիս Մեննը գլուխը բացասաբար շարժեց;
― Նա վատ, անառակ և անզգամ ծխական երեխա է, ― ասաց միստր Բամբըլը զայրացած։ ― Որտե՞ղ է։
― Ես այս րոպեիս նրան ձեզ մոտ կբերեմ, սըր, ― պատասխանեց միսիս Մեննը՝ սենյակից դուրս գալով։ ― Հե՛յ, Դիկ, որտե՞ղ ես, Դի՜կ։
Բավական կանչելուց հետո Դիկը հայտնվեց։ Երբ տղան երեսը աղբյուրի տակ լվաց և միսիս Մեննի հագուստի փեշով սրբեց, նրան տարան միստր Բամբըլի մոտ։
Երեխան դժգույն ու նիհար էր, այտերը փոսացած, աչքերը խոշոր ու փայլուն։ Ծխական ողորմելի շորերը, ― դժբախտության այդ համազգեստը, ― նրա հյուծված մարմնից կախ էին ընկել, և նրա մանկական մատաղ մարմնի անդամները ծերացած մարդու անդամների նման կծկված ու կմախքացած էին։
Խե՜ղճ փոքրիկ էակ։ Նա դողալով ու գլխիկոր կանգնել էր միստր Բամբըլի դաժան հայացքի տակ։ Նա չէր համարձակվում աչքերը գետնից վեր բարձրացնել և բիդըլի ձայնից անգամ սարսափում էր։
― Չե՞ս կարող ջենթլմենի դեմքին նայել, կամակոր տղա, ― ասաց միսիս Մեննը։
Երեխան աչքերը հեզությամբ վեր բարձրացրեց և նայեց միստր Բամբըլին։
― Ի՞նչ է պատահել քեզ, ծխակա՛ն Դիկ, ― ասաց միստր Բամբըլը՝ շատ տեղին զվարճախոսելով։
― Ոչինչ, տեր իմ, ― պատասխանեց երեխան նվաղկոտ ձայնով։
― Այդպես էլ պետք է լիներ, ― ասաց միսիս Մեննը, որը, բնականաբար, շատ էր ծիծաղել միստր Բամբըլի կատակի վրա։ ― Համոզված եմ, թե որևէ բանի կարիք չունես, սըր։
― Ես կցանկանայի․․․ ― տատամսելով ասաց երեխան։
― Օհօ՜, ― ընդմիջեց միսիս Մեննը, ― գուցե հանկարծ կասես, որ իրոք որևէ բանի կարիք ունես, հա՞, փոքրիկ թշվառական։
― Կացե՛ք, միսիս Մենն, կացե՛ք, ― ասաց բիդըլը, ձեռքր հեղինակություն արտահայտող ձևով վեր բարձրացնելով։ ― Ի՞նչ կցանկանայիք, սըր, ասա տեսնենք։
― Կցանկանայի, որ գրել իմացող մեկը մի կտոր թղթի վրա մի քանի տող բան գրեր ինձ համար, ― տատամսելով շարունակեց երեխան։
― Այդ տղան ի՞նչ է ուզում ասել, ― բացականչեց միստր Բամբըլը, որը չնայած այսպիսի երևույթների շատ սովոր էր, բայց երեխայի անձկալի խոսելու ձևը և դժգույն դեմքը բավականաչափ տպավորություն էին գործել նրա վրա։ ― Ի՞նչ ես ուզում ասել, սըր։
― Ես կցանկանայի, ― ասաց երեխան, ― իմ սրտագին ողջույնը հաղորդել խեղճ Օլիվեր Թվիստին և հայտնել նրան, թե որքան հաճախ մի անկյունում կուչ գալով լաց եմ եղել նրա համար, մտածելով, թե ինչ ահավոր էր գիշերվա թանձր խավարում մեն֊մենակ թափառել օտար ու ամայի վայրերում։ Կցանկանայի ասել նրան, որ, ― շարունակեց տղան երկու փոքրիկ ձեռքերը անձկությամբ իրար միացնելով և մեծ ջերմեռանդությամբ խոսելով, ― որ ես ուրախ կլինեի, եթե շատ վաղ հասակում մեռնեի, որովհետև, եթե երկար ապրեի ու ծերանայի, գուցե իմ փոքրիկ քույրը, որ երկնքումն է, մոռանար ինձ, կամ գուցե այլևս ինձ նման չլիներ, իսկ որքան ավելի երջանիկ կլինի, եթե երկուսս էլ երեխաներ լինենք այնտեղ։
Միստր Բամբըլը, չափազանց ապշած, ոտքից գլուխ զննեց փոքրիկ ամենախոսին և շուռ գալով դեպի իր զրուցակիցը՝ ասաց․
― Բոլորի մոտ նույն կրկներգն է, միսիս Մենն։ Այդ անպիտան Օլիվերը բոլորին էլ փչացրել է։
― Ես չէի կարող հավատալ, սըր, ― ասաց միսիս Մեննը՝ ձեռքերը վեր բարձրացնելով և նենգ մի հայացք գցելով Դիկի վրա։ ― Այսպիսի կամակոր փոքրիկ անզգամ կյանքումս տեսած չկամ։
― Հեռացրե՛ք նրան այստեղից, տիկի՛ն, ― ասաց միստր Բամբըլը հրամայական տոնով։ ― Հարկավոր է հանձնաժողովին զեկուցել այդ մասին, միսիս Մենն։
― Անշուշտ ջենթլմենները կհասկանան, որ մեղավորը ես չեմ, սըր, ― ասաց միսիս Մեննը սրտառուչ հեկեկանքով։
― Նրանք այդ կհասկանան, տիկին, ես նրանց ամեն ինչ կպատմեմ, ― ասաց միստր Բամբըլը, ― դե՛, հեռացրե՛ք դրան այստեղից։ Ուղղակի տեսնել չեմ ուզում։
Դիկին անմիջապես հեռացրին և փակեցին ածխանոցում։ Փոքր անց միստր Բամբըլը մեկնեց ուղևորությանը պատրաստվելու համար։
Հաջորդ առավոտ ժամը վեցին միստր Բամբըլը իր եռանկյունի գլխարկը փոխանակեց մի կլոր գլխարկի հետ, ապա հագավ մուգ֊կապույտ վերարկուն և կառք բարձրանալով՝ գրավեց իր տեղը կառապանի կողքին։ Նրան ընկերակցում էին այն հանցագործները, որոնց մշտաբնակության իրավունքը աղքատանոցում վեճի առարկա էր, և որոնց հետ նա պատեհ ժամանակին հասավ Լոնդոն։ Միակ անախորժությունը, որ հանդիպեց նրան ճանապարհին, այն էր, որ երկու աղքատները իրենց շատ վատ էին պահում՝ անընդհատ ցրտից բողոքելով։ Նրանց կամակորությունը այնքան անհանգստացրեց միստր Բամբըլին, որ նրա ատամները նույնպես կրճտացին, թեպետ նա ցրտի դեմ պաշտպանված էր հաստ ու տաք վերարկուով։
Երկու չարամիտ աղքատներից առժամանակ ազատվելուց հետո միստր Բամբըլը գիշերեց այն պանդոկում, որտեղ կառքն էր իջևանել, և բավարարվեց համեստ ճաշով, որը բաղկացած էր խորոված մսից, ոստրեներից և գարեջրից։ Ապա բուխարու վրա մի բաժակ տաք ջին և ջուր դնելով, նա աթոռը մոտեցրեց կրակին և, դժգոհելու ու բողոքելու շատ տարածված մեղքի մասին զանազան բարոյական խորհրդածություններ անելուց հետո, պատրաստվեց օրվա լրագիրը կարդալու։
Ամենաառաջին պարբերությունը, որը գրվեց միստր Բամբըլի ուշադրությունը, հետևյալ հայտարարությունն էր․
Հինգ գինեայի վարձատրություն
«Անցյալ հինգշաբթի երեկո Օլիվեր Թվիստ անունով մի երեխա անհետացած կամ առևանգված է Պենտոնվիլլում գտնվող իր բնակարանից։ Մինչև այսօր նրա մասին ոչ մի տեղեկություն չկա։ Սույն վարձատրությունը կտրվի նրան, ով կարողանա բացահայտել վերոհիշյալ Օլիվեր Թվիստի որտեղ լինելը, կամ որևէ լույս սփռել նրա անցյալի վրա, որի համար հայտարարողը, մի շարք պատճառներով շատ հետաքրքրված է»։
Այնուհետև հայտարարությանը հետևում էր մանրամասն նկարագրություն Օլիվերի հագուստի, արտաքինի մասին, նաև ծանուցվում էր միստր Բրաունլոյի անունն ու հասցեն ամբողջ մանրամասնությամբ։
Միստր Բամբըլը աչքերը բաց արեց, հայտարարությունը մոտավորապես տասն անգամ դանդաղ և ուշադիր կարդաց և համարյա հինգ րոպեից հետո բռնեց Պենտոնվիլլի ճանապարհը, իր հուզման մեջ մոռանալով նույնիսկ ջրախառն տաք ջինը։
― Միստր Բրաունլով տա՞նն է, ― հարցրեց միստր Բամբըլը դուռը բաց անող սպասուհուն։
Այդ հարցին աղջիկը տվեց սովորական խուսափողական պատաախանը՝ «Չգիտեմ, իսկ դուք որտեղի՞ց եք գալիս»։
Երբ միստր Բամբըլը արտասանեց Օլիվեր Թվիստի անունը, միսիս Բեդվինը, որը հյուրասենյակի դռանը կանգնած լսում էր խոսակցությունը, շնչասպառ միջանցք դուրս եկավ։
― Համեցե՜ք, նե՛րս համեցեք, ― ասաց պառավ լեդին, ― ես գիտեի, որ լուր ենք առնելու նրա մասին։ Խե՜ղճ երեխա։ Համոզված էի։ Օ՜, հոգյա՜կ իմ։ Ամբողջ ժամանակ պնդում էի, որ կգտնենք նրան։
Այս ասելով՝ արժանավոր պառավ լեդին շտապ հյուրասենյակ վերադարձավ և նստելով մի բազմոցի վրա՝ չկարողացավ արցունքը զսպել։ Աղջիկը, որ այդքան էլ դյուրազգաց չէր, մինչ այդ վերև էր վազել և այժմ իջնելով ներքև խնդրեց, որ միստր Բամբըլը անմիջապես հետևի իրեն։
Սպասուհին նրան առաջնորդեց այն փոքրիկ առանձնասենյակը, որտեղ միստր Բրաունլոն ու նրա բարեկամ միստր Գրինվիգը նստել էին խմիչքի բաժակներով և շշերով լիքը մի սեղանի առաջ։ Վերջին ջենթլմենը անմիջապես պոռթկաց։
― Բիդը՜լ։ Ծխական բիդը՜լ։ Գլուխս կկտրեմ, եթե ճիշտ չէ։
― Խնդրում եմ մեզ մի քանի րոպե հանգիստ թող, ― ասաց միստր Բրաունլոն և ապա բիդըլին առաջարկեց նստել։
Միստր Բամբըլը նստեց՝ միստր Գրինվիգի արտառոց վարվելակերպից բոլորովին շփոթված։ Միստր Բրաունլոն լամպը դրեց այնպիսի դիրքով, որ կարողանար բիդըլի դեմքը լավ տեսնել, և փոքր֊ինչ անհամբերությամբ ասաց․
― Ուրեմն, սըր, դուք հայտարարությունը կարդացել եք, հետո եք եկել, այնպես չէ՞։
― Այո՛, սըր, ― պատասխանեց միստր Բամբըլը։
― Եվ դուք իսկապես բիդըլ եք, այնպես չէ՞, ― հարցրեց Գրիմվիգը։
― Ես ծխական բիդըլ եմ, ջենթլմեններ, ― պատասխանեց միստր Բամբըլը հպարտորեն։
― Իհարկե, ― նկատեց միստր Գրիմվիգը՝ խոսքն ուղղելով իր բարեկամին։ ― Ես այդպես էլ գիտեի։ Ոտից գլուխ բիդըլ։
Միստր Բրաունլոն իր բարեկամին լռեցնելու համար գլուխը թեթևակի շարժելով՝ շարունակեց․
― Դուք գիտե՞ք թե որտեղ է այդ խեղճ տղան հիմա։
― Ի՞նչ իմանամ, ― պատասխանեց Բամբըլը։
― Ուրեմն, ի՞նչ գիտեք նրա մասին, ― հարցրեց ծերունի ջենթլմենը։ ― Պատմեցեք բարեկամս, ինչ որ գիտեք նրա մասին, պատմեցե՛ք մեզ։
― Չեմ կարծում, որ որևէ լավ բան գիտենաք նրա մասին, ― հեգնանքով ասաց միստր Գրիմվիգը, միստր Բամբըլի դեմքը ուշադիր զննելուց հետո։
Միստր Բամբըլը, իսկույն ըմբռնելով հարցի իմաստը, չարագուշակ հանդիսավորությամբ գլուխը շարժեց։
― Տեսնո՞ւմ ես, ― ասաց միստր Գրիմվիգը՝ հաղթական մի հայացք նետելով միստր Բրաունլոյի վրա։
Միստր Բրաունլոն մտահոգ նայեց միստր Բամբըլի գեր դեմքին և նրանից խնդրեց մի քանի բառով պատմել այն ամենը, ինչ որ գիտեր Օլիվերի մասին։
Միստր Բամբըլը գլխարկը հանեց, վերարկուի կոճակներն արձակեց, ձեռքը ծալեց, գլուխը խորիմաստ կերպով հակեց մի կողմ և կարճ մտածմունքից հետո սկսեց իր պատմությունը։
Ձանձրալի կլիներ, եթե այստեղ վերարտադրեինք բիդըլի խոսքերի հարազատ երկնությունը։ Ամբողջ պատմությունը տևեց մոտ քսան րոպե, որի բավանդակությունը հստևյալն էր։ Օլիվերը մի ընկեցիկ երեխա էր, ծնված ստորադաս և վատահամբավ ծնողներից։ Մանկությունից նրա էությունը բնորոշող գծերը եղել են խաբեությունը, ապերախտությունը և նենգամտությունը։ Իր ծննդավայրում մի անպաշտպան տղայի վրա ստոր կերպով հարձակում գործելուց հետո նա կեսգիշերով փախել էր իր տիրոջ մոտից։
Հաստատելու համար իր ինքնությունը, միստր Բամբըլը սեղանի վրա դրեց այն բոլոր փաստաթղթերը, որ իր հետ Լոնդոն էր բերել, և թևերը նորից ծալելով՝ սպասեց միստր Բրաունլոյի հետևություններին։
― Կարծես այս բոլորն իսկապես համապատասխանում են իրականությանը, ― վշտահար ասաց ծերունի ջենթլմենը թղթերը քննելուց հետո։ ― Ձեր հաղորդած տեղեկության համար իմ մատուցած վարձատրությունը այնքան էլ մեծ բան չէ, բայց ես ուրախությամբ այդ գումարի եռապատիկը կտայի, միայն թե դրանք նպաստավոր լինեին։
Եթե միստր Բամբըլը ժամանակին վերահասու լիներ այս իրողությանը, շատ հավանական է, որ իր կարճ պատմությունը կներկայացներ բոլորովին տարբեր գույներով։ Այժմ շատ ուշ էր սակայն․ ուստի նա գլուխը մտածկոտ շարժեց, գրպանեց հինգ գինեան և հեռացավ։
Միստր Բրաունլոն այնքան հուզված էր բիդըլի պատմությունից, որ նույնիսկ միստր Գրիմվիգը չհամարձակվեց շարունակել իր զայրացուցիչ խոսքերը։ Մի քանի րոպե սենյակում ջղագրգիռ ետ ու առաջ քայլելուց հետո, վերջապես կանգ առավ և զանգը ուժգին հնչեցրեց։
― Միսիս Բեդվին, ― ասաց միստր Բրաունլոն, երբ տնտեսուհին ներկայացավ, ― այդ տղան, Օլիվերը, խաբեբայի մեկն է։
― Չի կարող պատահել․ սըր։ Չի կարող պատահել, ― ասաց պառավ լեդին բուռն կերպով։
― Ես ձեզ ասում եմ, որ այդպես է, ― կրկնեց ծերունի ջենթլմենը։ ― Ի՞նչ է նշանակում չի կարող պատահել։ Մենք հենց նոր տեղեկություններ ստացանք նրա մասին։ Նա իր ամբողջ կյանքում եղել է չարագործ փոքրիկ սրիկա։
― Ես երբե՛ք չեմ հավատա այդ բանին, սըր, ― հաստատակամորեն պատասխանեց պառավ լեդին։ ― Երբե՛ք։
― Դուք՝ ծեր կանայքդ, ոչնչի չեք հավատում, բացի շաղակրատ սուտ֊բժիշկներից և ստախոսություններով լի պատմության գրքերից, ― մռլտաց միստր Գրիմվիգը։ ― Ես այդ քաջ գիտեմ։ Ինչո՞ւ հենց սկզբից չանսացիր իմ խրատներին։ Եթե տենդով հիվանդացած չլիներ, երևի ինձ կլսեիք։ Հետաքրքիր էր նա, այնպես չէ՞։ Հետաքրքի՜ր։ Բա՛հ։ ― Եվ միստր Գրինվիգը ունելիով կրակը հանդիսավոր ձևով խառնեց։
― Նա քաղցրաբարո, հեզ, երախտագետ երեխա էր, սըր, ― ասաց միսիս Բեդվինը զայրացած։ ― Ես լավ եմ ճանաչում երեխաներին․ քառասուն տարվա փորձ ունեմ նրանց հետ, սըր, և մարդիկ, որոնք չեն կարող նույնը ասել, լավ կանեն, եթե լռեն։ Այդ է իմ կարծիքը։
Սա մի ուժեղ հարված էր միստր Գրիմվիգին, որը ամուրի էր։ Բայց քանի որ հիշյալ ջենթլմենը միայն ժպիտով պատասխանեց այս ակնարկին, ուստի պառավ լեդին գլուխը վեր բարձրացրեց, գոգնոցը հարթեց և պատրաստվում էր շարունակել խոսակցությունը, երբ միստր Բրաունլոն կասեցրեց նրան։
― Լռություն, ― գոչեց ծերունի ջենթլմենը, որը, չնայած սրտի խորքում գուցե հավատում էր տղայի անմեղությանը, բայց կեղծ զայրույթով շարունակեց․ ― Էլ երբեք չլսեմ այդ տղայի անունը։ Ես ձեզ դրա համար եմ կանչել ինձ մոտ, միսիս Բեդվին։ Իմացա՞ք, ոչ մի առիթով նրա մասին չխոսեք ինձ հետ․ զգուշացնում եմ։ Այժմ կարող եք գնալ, միսիս Բեդվին։ Հիշեցե՛ք։ Այս բոլորը ես ասում եմ ամենայն լրջությամբ։
Որքա՜ն թաղծոտ էին սրտերը միստր Բրաունլոյի բնակարանում այդ գիշեր։
Օլիվերի սիրտը նույնպես ճմլվում էր մտաբերելով իր բարեսիրտ և ազնիվ բարեկամներին։ Լավ է, որ նա չէր կարող իմանալ, թե ինչպիսի բաներ էին լսել նրանք իր մասին։ Եթե իմանար, գուցե տեղնուտեղը կաթվածահար լիներ։
Տասնութերորդ գլուխ
Պատմում է, թե ինչպես էր Օլիվերը ժամանակ անցկացնում իր համբավավոր բարեկամների ընտիր ընկերակցուցյան մեջ
Հաջորդ օրը, կեսօրվա մոտ, երբ իրենց սովորական աշխատանքի համար Ստահակը և Վարպետ Բեյթսը տանից դուրս էին եկել, միստր Ֆեգինը, առիթից օգտվելով, ապերախտության անքավելի մեղքի շուրջը երկար քարոզ կարդաց Օլիվերի գլխին, ասելով, թե նա չափազանց մեղավոր էր իր հոգատար բարեկամների ընկերակցությունից կամավոր հեռացած լինելու պատճառով, մանավանդ, երբ այդ բարեկամները այքան նեղություններ էին կրել և ծախսերի տակ էին ընկել նրա ապաքինման համար։ Միստր Ֆեգինը հատկապես շեշտեց այն հանգամանքը, որ ինքը Օլիվերին վերցրել և խնամել էր այնպիսի ժամանակ, երբ առանց իր անմիջական օգնության ու գուրգուրանքի նա անպայման սովամահ կլիներ։ Ապա նա պատմեց իր փոքրիկ տղայի տխուր և սրտառուչ պատմությունը, որին նա մարդասիրաբար օժանդակել էր նույնանման պարագաներում։ Բայց այս տղան, իր հանդեպ ցույց տված վստահությունը շահարկելով, ցուցաբերել էր ոստիկանների հետ կապ հաստատելու բուռն ցանկություն և, դժբախտաբար, մի առավոտ կախաղան էր բարձրացվել Օլդ Բեյլիում։
Միստր Ֆեգինը չփորձեց թաքցնել այդ աղետալի գործում իր ունեցած մասնակցությունը․ ընդհակառակն, արտասվալից աչքերով ողբաց, որ հիշյալ փոքրիկ տղան, մոլորվելով և դավաճանական վերաբերմունք ցույց տալով, դարձել էր զոհը դատարանում տրված որոշ ցուցմունքների, որոնք, անգամ եթե չէին համապատասխանում ճշմարտությանը, այնուամենայնիվ, անխուսափելիորերն անհրաժեշտ էին իր (միստր Ֆեգինի) և մի քանի ընտրյալ բարեկամների ապահովության համար։ Միստր Ֆեգինը եզրափակեց, ուրվագծելով բավականին հուսահատական մի պատկեր կախաղան բարձրանալու անախորժությունների մասին, և շատ բարեկամական ու քաղաքավարի կերպով ջերմ հույս հայտնեց, որ ինքը Օլիվեր Թվիստին այդ տհաճ գործողության ենթարկելու հարկադրանքի տակ երբեք չէր գտնվի։
Հրեային ոնկնդրելիս փոքրիկ Օլիվերի արյունը սառեց իր երակներում, և նա տարտամորեն հասկացավ նրանց խորքում թաքնված մութ սպառնալիքը։ Նա արդեն համոզված էր, որ անգամ ինքը՝ արդարությունը, կարող էր շփոթել անմեղն ու մեղավորը, եթե նրանք պատահական ընկերակցության մեջ գտնվեին։ Նա նույնիսկ կասկածում էր այն մասին, որ Հրեայի ձեռքով բազմիցս կործանված էին պետք եղածից ավելի բանիմաց կամ անգաղտանպահ մարդիկ, քանի որ նա հիշում էր այս ջենթլմենի և միստր Սայքսի միջև տեղի ունեցած որոշ վիճաբանություններ, որոնք կարծես ակնարկում էին անցյալում նյութված ինչ֊որ դավադրություններ։ Երբ նա գլուխը բարձրացրեց և իր երկչոտ հայացքը հանդիպեց Հրեայի որոնող հայացքին, նա զգաց, որ նենգամիտ ծեր ջենթլմենը գոհունակությամբ էր նկատել իր սարսափից գունատված դեմքը և դողացող ձեռքերն ու ոտքերը։
Հրեան զարհուրելի ժպտալով Օլիվերի գլուխը շոյեց և ասաց, որ եթե նա իրեն լավ պահեր և լծվեր աշխատանքի, ինքը գտնում էր, որ նրանք դեռևս կարող էին շատ լավ բարեկամներ լինել։ Հետո գլխարկը վերցրեց և, փաթաթվելով մի հին, կարկատած վերարկուի մեջ, դուրս եկավ տանից, սենյակի դուռը ամուր փակելով իր հետևից։
Եվ այսպես, Օլիվերն այդ օրը, ինչպես նաև հաջորդող շատ օրեր, վաղ առավոտվանից մինչև ուշ գիշեր ոչ ոքի չէր տեսնում, հետևաբար, երկար ժամեր մնում էր թաղված խոր մտածմունքների մեջ։ Իսկ այդ մտածմունքները, անվրեպ բևեռվելով իր ազնիվ բարեկամների և նրանց իր մասին կազմած վատ կարծիքի վրա, երեխայի սիրտը լցնում էին անհուն կսկիծով։
Մոտավորապես մի շաբաթ անց Հրեան սենյակի դուռը այլևս չկողպեց, և նա կարող էր ազատ ման գալ բնակարանի նաև մյուս մասերում։
Տունը շատ կեղտոտ էր։ Վերևի սենյակները փայտյա բարձր բուխարիկներ և մեծ դռներ ունեին։ Փոշուց և անխնամ թողնվելուց ձեղունները թեպետ սևացել էին, այնուամենայնիվ երիզված էին զանազան գեղեցիկ զարդարանքներով։ Եվ այս բոլորից Օլիվերը եզրակացրեց, որ շատ տարիներ առաջ, նախքան ծեր Հրեայի ծնվելը, այդ տունը պատկանել է ավելի լավ մարդկանց և գուցե եղել է նույնքան զվարթ ու գեղեցիկ, որքան այժմ մռայլ էր ու ամայի։
Պատերի ներքին և վերին անկյուններում սարդերն իրենց ոստայններն էին հյուսել, և երբեմն, երբ Օլիվերը անշշուկ որևէ սենյակից ներս էր մտնում, մկները հատակի վրայից սարսափահար փախչելով թաքնվում էին իրենց բներում։ Ամբողջ շենքում, բացի այս արարածներից, կենդանության ուրիշ ոչ մի նշույլ չկար։ Հաճախ, երբ մութն ընկնում էր, և նա սենյակից սենյակ թափառելով հոգնում էր, կուչ էր գալիս միջանցքի այն անկյունում, որը ամենից մոտ էր գտնվում փողոցի դռանը, որպեսզի հնարավոր եղածի չափ մոտիկ լինի մարդկային էակների, և այդտեղ էլ մնում էր երկար ժամանակ, լսողությունը լարած և ժամերը հաշվելով մինչև Հրեան կամ տղաները կվերադառնային։
Բոլոր սենյակներում լուսամուտների ձուլածո փեղկերը պինդ փակված էին, և նրանց պահող երկաթյա վանդակապատ ձողերը շատ ամուր կերպով պտուտակված էին փայտյա շրջանակների մեջ։ Միակ լույսը թափանցում էր փեղկերի վերևում գտնվող ինչ֊որ բոլորակ անցքերի միջով, որը սենյակները դարձնում էր առավել մռայլ և լցնում էր խորհրդավոր ստվերներով։ Տան հետնամասում կար ձեղնահարկային մի խուց, որի լուսամուտը փեղկ չուներ և դրսից վանդակապատված էր երկաթյա ժանգոտած ձողերով։ Օլիվերը հաճախ սևեռուն ու մելամաղձոտ հայացքով ժամեր շարունակ նայում էր այս լուսամուտից դուրս, որտեղից երևում էին միայն խառնիճաղանջ տների տանիքներ և սևացած ծխնելույզների ու որկթեք տանիքների կատարներ։ Երբեմն, արդարև, պատահում էր այնպես, որ հեռավոր մի տան փայտորմե պատից գաղտագողի դիտող գորշավուն մի գլուխ էր երևում, բայց դա շուտով անհետանում էր, և քանի որ Օլիվերի դիտարանի լուսամուտը ամուր գամված, և ապակին տարիների անձրևից ու ծխից աղոտած էր, տղան դժվարությամբ էր զանազանում հեռվում գտնվող այլևայլ առարկաները, իսկ ձայնը լսելի դարձնել կամ դրսի աշխարհին հայտնել իր գոյության մասին, այդ բանը նրա համար այնքան անհնար էր, որքան եթե Սուրբ Պողոսի տաճարի գմբեթում ապրած լիներ։
Մի անգամ, կեսօրից հետո, երբ Ստահակը և Վարպետ Բեյթսը պայմանավորվել էին այդ երեկո նորից դուրս գալ տանից, որտեղից որտեղ առաջին փոքրիկ ջենթլմենը քմահաճ ցանկություն ունեցավ իր արդուզարդի նկատմամբ բծախնդիր լինելու (թեև հանուն արդարության պետք է ասել, որ նա շատ քիչ էր զբաղվում իր արտաքին տեսքով): Եվ այդ արդյունքին հասնելու նպատակով նա բարեհաճեց հրամայել Օլիվերին օգնել իրեն։
Օլիվերը սիրահոժար ենթարկվեց հրամանին, որովհետև մենակությունից այնքան էր ձանձրացել, որ գոնե միառժամանակ թեկուզ և վատ մարդականցով շրջապատված լինելու միտքը ուրախացրեց նրան։ Եվ հետո նա միշտ էլ աշխատել էր բոլորի հետ հաշտ լինել և բոլորին գոհացնել, իհարկե, եթե դա իրենից չէր պահանջել դուրս գալ պարկեշտության սահմաններից։ Հետևաբար, նա պատրաստակամորեն չոքեց հատակին, և Ստահակը, նստելով սեղանի վրա, ոտքը դրեց նրա ծնկին։ Այսպես, Օլիվերը սկսեց մի աշխատանք, որ միստր Դոքինզը կոչեց «նժույգների շպարումը»։ Հասարակ անգլերենով այդ արտահայտությունը նշանակում էր «մաքրել ոտնամանները»։
Արդյոք իշխանավայել կերպով սեղանին բազմած վիճակում իր կոշիկները ներկվելու պարագա՞ն բարձրացրեց միստր Դոքինզի տրամադրությունը, ծխախոտի լավ որա՞կը, թե գարեջրի դուրեկան զովությունը, մենք այդ չգիտենք։ Համենայն դեպս, ինչի հետևանքով էլ որ լիներ, գոնե այդ պահին նա վիպային ու խանդավառ ապրումների մեջ էր գտնվում, և հիշյալ երևույթը բոլորովին խորթ էր նրա համար։ Նա մտածկոտ դեմքով նայեց Օլիվերին, ապա գլուխը բարձրացրեց ու թեթև հառաչելով, կես ինքն իրեն ու կես միստր Բեյթսին ասաց․
― Ափսո՜ս, որ նա գրպանահատ չէ։
Ա՜հ, ― ասաց Վարպետ Չարլզ Բեյթսը։ ― Նա չի հասկանում, թե ինչն է լավ իր համար։
Ստահակը նորից հառաչեց և շարունակեց ծխամորճը քաշել։ Նույնը արեց նաև Չարլի Բեյթսը։ Երկուսն էլ մի պահ լուռ ծխեցին։
― Երևի նույնիսկ չգիտես, թե ինչ է նշանակում գրպանահատ, ― ողբալի տոնով ասաց Ստահակը։
― Կարծում եմ՝ այդ մեկը գիտեմ, ― պատասխանեց Օլիվերը վեր նայելով։ ― Դա նշանակում է գո․․․ Դու դրանից մեկն ես, ճիշտ չէ՞, ― հարցրեց Օլիվերը ինքն իրեն զսպելով։
― Այո՛, ես գող եմ, ― պատասխանեց Ստահակը, ― և ես անպատվություն կհամարեի ուրիշ բան լինել։ ― Միստր դոքինզը այս կարծիքը հայտնելուց հետո գլխարկը զայրացած թեքեց և այնպես նայեց Վարպետ Բեյթսին, որ կարծես թե նրան մարտի էր հրավիրում։
― Այո՛, ― ես գող եմ, ― կրկնեց Ստահակը։ ― Գող է նաև Չարլին։ Ֆեգինը նույնպես։ Նաև Սայքսը, նաև Նենսին, նաև Բեյթը։ Բոլորս էլ գողեր ենք, մինչև իսկ մեր շունը։ Իսկ նա մեր բոլորից ամենախորամանկն է։
― Եվ երբեք չի դավաճանի մեզ, ― ավելացրեց Չարլի Բեյթսըը։
― Եթե նրան դատապարտյալի աթոռին նստեցնեն՝ չի էլ հաչի, վախենալով վտանգել իրեն, նույնիսկ եթե տասնհինգ օր կապած թողնեն նրան այնտեղ և ուտելու էլ ոչինչ չտան, ― ասաց Ստահակը։
― Այդպես է, ― հաստատեց Չարլին։
― Դա տարօրինակ շուն է, ― շարունակեց Ստահակը։ ― Ինչպե՜ս է կատաղում, երբ մի օտար տղա ծիծաղում կամ երգում է իր ներկայությամբ, ինչպե՜ս է ոռնում, երբ ջութակի ձայն է լսում, ինչպե՜ս է ոռնում ոըրիշ շներին, որոնք իր ցեղից չեն։ Ճիշտ չէ՞։
Այս ակնարկությամբ Վարպետ Բեյթսը ուզում էր դրվատել շան արժանաիքները, բայց այդ արտահայտության տակ թաքնված էր նաև մի ուրիշ իմաստ, որը նա ի վիճակի չէր ըմբռնելու։ Որովհետև կան շատ լեդիներ և ջենթլմեններ որոնք իրենց համարում են իսկական քրիստոնյաներ, բայց որոնք միստր Սայքսի շնից շատ քիչ են տարբերվում։
― Լա՛վ, լա՛վ, ― ասաց Ստահակը, վերադառնալով այն կետին, որտեղից շեղվել էին։ ― Դա ոչ մի առնչություն չունի փոքրիկ Տհասի հետ։
― Ո՛չ մի, ― ասաց Չարլին։ ― Դու քեզ ինչո՞ւ Ֆեգինի հսկողությանը չես հանձնում, Օլիվեր, ― հանկարծ հարց տվեց նա։
― Եվ քեզ համար հարստություն չես դիզո՞ւմ, ― ավելացրեց Ստահակը նշանակալից ժպիտով։
― Եվ այդպիսով հնարավորություն չես ստեղծում ծերության տարիներին քո իսկ սեփական կալվածքներով ազնվականի նման ապրելու, ինչպես ես եմ ծրագրում անել չորս նահանջ տարի հետո Երրորդության Շաբաթվա քառասուներկուերորդ երեքշաբթին, ― ասաց Չարլի Բեյթսը։
― Այդ ինձ դուր չի գալիս, ― ասաց Օլիվերը երկչոտությամբ։ ― Երանի թե թողնեին ինձ գնալ այստեղից։ Ես կնախնտրեի գնալ այստեղից։
― Իսկ Ֆեգինը կնախնտրեր, որ չգնայիր այստեղից, ― պատասխանեց Չարլին։
Օլիվերը շատ լավ գիտեր այդ, բայց մտածելով, որ եթե իր զգացումները ավելի անվերապահորեն արտահայտեր՝ հարցը վտանգավոր բնույթ կստանար, գոհացավ միայն հառաչելով, և շարունակեց կոշիկները մաքրելու իր գործը։
― Գնա՜լ, ― բացականչեց Ստահակը։ ― Պա՛հ, իսկ որտե՞ղ է քո արժանապատվությունը։ Դու ինքնասիրություն չունե՞ս։ Մի՞թե ավելի նախընտրելի է գնալ ու բեռ լինել քո բարեկամների վրա։
― Դե թո՛ղ, է՛, ― ասաց Վարպետ Բեյթսը, գրպանից մի քանի մետակսյա թաշկինակ դուրս քաշելով և անփութորեն դնելով պահարանի մեջ․ ― Դա արդեն շատ ստոր մտածելակերպ է, շա՜տ։
― Ես, օրինակ, երբեք չէի կարող այդպես անել, ― ասաց Ստահակը զզվանքով։
― Բայց կարող եք ձեր բարեկամներին թողնել և փախչել, ― ասաց Օլիվերը թեթև ժպտալով, ― և թույլ տալ, որ նրանք պատժվեն ձեր գործած մեղքի համար։
― Այդ բոլորը, ― պատասխանեց Ստահակը ծխամորճը օդի մեջ թափահարելով, ― այդ բոլորը մենք արեցինք ի սեր Ֆեգինի, որովհետև ոստիկանները գիտեին, որ մենք միասին ենք աշխատում, և եթե չփախչեինք, գուցե նա վտանգի կենթարկվեր։ Այդ էր մեր հետապնդած նպատակը, այնպես չէ՞, Չարլի։
Վարպետ Բեյթսը գլխով հաստատեց միստր Դոքինզի ասածը, և պատրաստվում էր խոսել, երբ հանկարծ վերհիշեով Օլիվերի փախուստի մանրամասնությունները այնպես քրքրջաց, որ ծխամորճից ներշնչած ծուխը մնաց կոկորդում և առաջացրեց հազի նոպա, որը տևեց ամբողջ հինգ րոպե։
― Տե՜ս, ― գրպանից մի բուռ շիլլինգ հանելով ասաց Ստահակը։ ― Ահա՝ քեզ ուրախ կյանք։ Ի՞նչ փույթ, թե որտեղից են գալիս։ Բռնի՛ր, սրանցից շատ կան այնտեղ, որտեղից վերցրել ենք։ Չես ուզում, հա՞։ Օ՜հ, դու անգին բթամիտս։
― Դա անօրինականություն է, այնպես չէ՞, Օլիվեր, ― հարցրեց Չարլի Բեյթսը։ ― Նա մի օր վեր կբարձրանա, ճիշտ չէ՞։
― Ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում, ― պատասխանեց Օլիվերը։
― Դա մի այսպիսի բան է, ― բարեկամս, ― ասաց Չարլին։ Խոսելիս Բեյթսը, իր վզկապի մի ծայրից բռնելով, օդի մեջ ուղիղ պահեց այն, ապա գլուխը գցեց ուսի վրա և ատամների արանքից հանեց ինչ֊որ տարօրինակ կոտրված ձայներ։ Դա մի զվարթ մնջախաղ էր, որը ցույց էր տալիս, թե վեր բարձրանալը և կախաղան բարձրանալը միևնույն բաներն էին։
― Ա՛յ, այդ է նշանակում, ― ասաց Չարլին։ ― Տես, թե նա ինչպես ակնապիշ է նայում, Ջեկ։ Կյանքումս երբեք սրա նման անհաս ընկեր չեմ ունեցել։ Այս տղան իմ մահվան պատճառը կդառնա, ես այդ բանում համոզված եմ։ ― Եվ Վարպետ Բեյթսը, նորից լիաթոք ծիծաղելուց հետո, վերսկսեց իր ծխամորճը ծխել՝ արցունքն աչքերին։
― Քեզ վատ են դաստիարակել, ― ասաց Ստահակը, մեծ գոհունակությամբ զննելով Օլիվերի փայլեցրած կոշիկները։ ― Բայց Ֆեգինը քեզ մարդ կդարձնի։ Իսկ եթե քեզնից բան դուրս չեկավ, այդ կլինի նրա առաջին ձախողությունը։ Լավ է իսկույն անցնես գործի, Օլիվեր։ Ուշ կամ կանուխ դու ակամա յուրացնելու ես այդ արհեստը, իզուր տեղ ինչո՞ւ ես ժամանակ կորցնում։
Այս խրատականին ավելացան նաև Վարպետ Բեյթսի զանազան անհատական բարոյախոսությունները, որոնք սպառվելուց հետո նա և իր բարեկամ միստր Դոքինզը սկսեցին վառ գույներով նկարագրել իրենց վարած կյանքի բազմապիսի հաճույքները և նրան խորհուրդ տվեցին անհապաղ սիրաշահել Ֆեգինին այն միևնույն միջոցներով, որ իրենք էին օգտագոծել նրա հովանավորությունը ձեռք բերելու համար։
― Եվ մի բան միշտ լավ հիշիր, Նոլլի, ― ասաց Ստահակը, երբ վերևից լսվեց, թե ինչպես Հրեան բաց է անում դուռը, ― եթե դու չվերցնես խնչոցներն ու ու թիք֊թաքները․․․
― Ի՞նչ միտք ունի այդ ձևով խոսելը, ― ընդհատեց Վարպետ Բեյթսը, ― նա չի հասկանում, թե ինչ ես ուզում ասել։
― Եթե դու չվերցնես թաշկինակներն ու ժամացույցները, ― ասաց Ստահակը, բառերը պարզաբանելով այնքան, որ դրանց իմաստը մատչելի դառնա Օլիվերին, ― մի ուրիշը կվերցնի դրանք։ Կորցնողի վնասը մեծ է, բայց քո վնասը ավելի մեծ։ Շահում է միայն նա, որ յուրացրել է այդ բաները։ Իսկ դու նույնքան իրավունք ունես դրանք թռցնելու, որքան մյուսները։
― Իհա՜րկե, իհա՜րկե, ― ասաց Հրեան, որը Օլիվերից աննկատ ներս էր մտել։ ― Այդ բոլորը կարելի է խտացնել մի ընկույզի կեղևի մեջ, սիրելիս, մի ընկույզի կեղևի մեջ․ դու հավատ ընծայիր Ստահակի խոսքերին։ Հա՛, հա՛, հա՛։ Նա քաջ ծանոթ է իր արհեստի նրբություններին։
Ծերունին, Ստահակի դատողության վրա հիացած, հրճվանքից ձեռքերը շփեց իրար և չափազանց մեծ բավականություն զգաց իր աշակերտի ընդունակությունները տեսնելով։
Խոսակցությունը սակայն չշարունակվեց, որովհետև Հրեան մենակ չէր վերադարձել տուն։ Նրան ընկերակցում էր միսս Բեցին և Օլիվերին անծանոթ մի ջենթլմեն, որին Ստահակը ողջունեց Թոմ Չիթլինգ անունը տալով։ Այս ջենթլմենը աստիճանների վրա փոքր֊ինչ վարանեց և լեդիի հետ մի քանի հաճոյախոսություններ փոխանակելուց հետո՝ սենյակ մտավ։
Միստր Չիթլինգը տարիքով ավելի մեծ էր, քան Ստահակը, լինելով գուցե տասնութ տարեկան, բայց այդ փոքրիկ ջենթլմենի հանդեպ նրա ցուցաբերած հարգալից վերաբերմունքը դիտողին այնպես էր տպավորում, որ հարցը քննելով հանճարի և հմտության տեսանկյունից, միստր Չիթլինգը այդ ջենթլմենից փոքր֊ինչ ստորադաս էր զգում իրեն։ Նա ուներ մանր, կայծկլտուն աչքեր և ծաղկատար դեմք։ Հագել էր մորթե կեպի, գորշ թավշե պիջակ, կեղտի մեջ կորած բամբակե տաբատ և գոգնոց։ Հագուստները իրոք որ մաշված էին, բայց նա խմբից ներողություն խնդրելով ասաց, որ իրեն «բաց էին թողել» դեռևս մի ժամ առաջ, և քանի որ անցած վեց շաբաթների ընթացքում համազգեստ էր հագել, ապա հնարավորություն չէր ունեցել իր քաղաքացիական շորերին ուշադրություն դարձնել։ Միստր Չիթլինգը ծայրահեղ զայրույթով ավելացրեց, թե շորերը հականեխելու նոր ձևը անիծվածորեն հակասահմանադրական էր, քանի որ այդպիսով դրանք ծակոտվում ու փչանում էին, իսկ իշխանությունների դեմ պայքարելը անհանար էր։ Նա նման դիտողություններ արեց նաև մազերը խուզելու կարգադրության դեմ, որը նա համարում էր նույնպես բացարձակորեն անօրինական։
Միստր Չիթլինգը իր դիտողությունները եզրափակեց ասելով, որ քառասուներկու երկար, տաժանակիր աշխատանքով բեռնավորված օրերն ի վե՛ր ոչ մի կաթիլ ըմպելիք չի ճաշակել, և որ «թող ինքը մեռներ», եթե դրա պակասից ներքին օրգանները չէին ցամաքել։
― Քո կարծիքով, ջենթլմենը որտեղի՞ց եկած կլինի, Օլիվեր, ― հարցրեց Հրեան խորամանկ ժպիտով, մինչև մյուս տղաները մի շիշ ոգելից ըմպելիք դրեցին սեղանին։
― Չգիտեմ, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
― Իսկ դա ո՞վ է, ― Օլիվերի վրա մի արհամարհական հայացք նետելով հարցրեց Չիթլինգը։
― Իմ փոքրիկ բարեկամներից մեկը, սիրելիս, ― պատասխանեց Հրեան։
― Ուրեմն բախտավոր է, ― ասաց երիտասարդը բազմանշանակալից նայելով Ֆեգինին։ Փույթ չէ, թե որտեղից եմ եկել, փոքրիկս, մի կրոնով գրազ կգամ, որ դու էլ շուտով այդ ճանապարհով կգնաս։
Այս սրախոսությունը տղաների մոտ ծիծաղ առաջացրեց և տեղի տվեց բազմաթիվ այլ կատակների։ Ապա Ֆեգինը և միստր Չիթլինգը կարճատև մեկուսի խոսակցությունից հետո իրենց աթոռները մոտեցրին կրակարանին և Հրեան, Օլիվերին կանչելով իր մոտ, սկսեց այնպիսի նյութերի մասին զրուցել, որ, նրա կարծիքով, ամենից շատ կարող էին հետաքրքրել իր ունկնդիրներին։ Նա թվեց իրենց գործի առավելությունները, գովեց Ստահակի հմտությունը, Չարլի Բեյթսի մարդասիրությունը և իր, այսինքն՝ միստր Ֆեգինի, առատաձեռնությունը։ Ապա միսս Բեցին, տեսնելով, որ միստր Չիթլինգը հոգնածության նշաններ է ցույց տալիս, քանի որ որոշ ժամանակ հետո ուղղիչ տունը վատ է անդրադառնում մարդու տրամադրության վրա, նրանց բարի գիշեր մաղթեց ու հեռացավ, որից հետո բոլորը պատրաստվեցին քնելու։
Այդ օրվանից Օլիվերին բոլորովին մենակ չթողեցին, ընդհակառակն, այնպես դասավորեցին, որ նա գրեթե միշտ գտնվի երկու տղաների ընկերակցության մեջ, որոնք ամեն օր, կանոնավոր կերպով, հին խաղը խաղում էին Հրեայի հետ, բայց թե ում առաջադիմության համար, տղաների՞, թե Օլիվերի, այդ մասին Ֆեգինը գիտեր։ Իսկ ծերունին շատ անգամ նրանց պատմում էր, իր ջահել օրերին կատարած գողությունների մասին, որոնք համեմված էին լինում այնքան զարմանալի ու զվարճալի միջադեպերով, որ Օլիվերը, հակառակ իր ազնիվ զգացմունքներին, սրտանց ծիծաղում էր։
Ի՞նչ կարող էր անել խեղճ երեխան։ Մռայլ էր նրա շրջապատը, առավել ևս մռայլ էին նրան ճնշող մտքերը։ Նա սկսեց որևէ ընկերակցություն նախընտրել այդ տանջալից ու թախծոտ մենակությանը։ Հրեան հենց այդ էլ ցանկացել էր իր հրեշային հոգու ամբողջ սաստկությամբ, և այժմ նրա մեջ կաթիլ առ կաթիլ թորում էր այն մաղձը, որ խաթարելու էր երեխայի վճիտ հոգին և նրան կորստյան էր մատնելու առհավետ։
Տասնիններորդ գլուխ
Որտեղ քննարկվում և ընդունվում է մի կարևոր ծրագիր
Խոնավ, ցուրտ, ու փոթորկոտ մի գիշեր էր։ Հրեան իր կմաղքացած մարմինը փաթաթեց վերարկուի մեջ , պինդ կոճկեց, օձիքը բարձրացրեց մինչև ականջները այնպես, որ դեմքի ներքին մասը բոլորովին ծածկվեց, և դուրս եկավ իր որջից։ Աստիճանի վրա մի պահ կանգ առավ սակայն, ուշադիր ականջ դրեց, ապա լսելով տղաների հեռացող ոտնաձայները և ապահով լինելով, որ ներսից ամեն ինչ ամրացվել է, արագ քայլերով սահեց փողոցն ի վար։
Այն տունը, ուր Օլիվերը գաղտագողի փոխադրվել էր գտնվում էր Հուայթչափելի մոտերքում։ Հրեան փողոցի անկյունում մի րոպե կանգ առավ, կասկածամտությամբ շուրջը դիտեց, հետո անցավ հանդիպակաց կողը և ուղղվեց Սֆիթելֆիլդ։
Անձրև էր մաղում, քարերը ծածկված էին ցեխի թանձր շերտով, մի զանգվածային սև մշուշ կախված էր փողոցների վրա, ամեն ինչ սառն էր ու մածուցիկ։ Կարծես այնպիսի գիշեր էր, երբ տանից դուրս գալը ձեռնտու էր միայն Հրեայի նման արարծներին։ Այսպես գաղտագողի սողոսկելիս նա նման էր գարշելի մի սողունի, որը ծնունդ առնելով այն տիղմից ու խավարից, որի մեջ խարխափում էր, իր հյրեշային ստամոքսի համար ասես ինչ֊որ հարուստ որս էր որոնում։
Նա երբեք չշեղվեց օձագալար ու նեղ նրբուղիներից մինչև հասավ Բեթնալ գրին․ ապա հանկարծ թեքվելով դեպի ձախ, շուտով անհետացավ այն վատահամբավ փողոցների լաբիրինթոսի մեջ, որոնք այնքան բազմաթիվ են այդ խճողված ու հեղձուցիչ թաղամասում։
Հրեան անշուշտ չափազանց ծանոթ էր շրջապատին, քանի որ ո՛չ գիշերվա թանձր խավարը, ո՛չ էլ ճանապարհի բարդությունները չշոշափեցին նրան։ Մի քանի փողոց ու նրբանցք ևս անցնելուց հետո վերջապես նա թեքվեց մի փողոց, որի հեռավոր ծայրում առկայծում էր միայն մի լապտեր։ Այս փողոցում գտնվող տներից մեկի առջև կանգնեց, դուռը ծեծեց և բաց անողի հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ սկսեց աստիճաններով բարձրանալ։
Երբ ծերունին սենյակի դռան բռնակը սեղմեց, ներիսց ինչ֊որ շուն մռլտաց և ինչ֊որ մարդու ձայն կոպտորեն հարցրեց, թե ով է։
― Միայն ե՛ս եմ, Բիլլ, միայն ե՛ս եմ, սիրելիս, ― ասաց Հրեան ներս նայելով։
― Էլ ի՞նչ ես դրսում կանգնած ձևեր թափում, ― ասաց Սայքսը։ ― Իսկ դու, ապո՛ւշ գազան, սատանային չե՞ս ճանաչում, երբ նա վերարկուով է ներկայանում։
Ըստ երևույթին, միստր Ֆեգինի արտաքին հանդերձանքը որոշ չափով շփոթության էր մատնել շանը, քանի որ, երբ Հրեան կոճակները արձակեց և վերարկուն գցեց աթոռի հենակին, կենդանին վերադարձավ իր տեղը և պոչը շարժելով կծկվեց իր անկյունում, կարծես ցույց տալու համար, որ ինքը չափազանց գոհ էր այդ այցելությունից։
― Դե՛, ― ասաց Սայքսը։
― Դե՛, սիրելիս, ― պատասխանեց Հրեան։ ― Ա՜հ, Նե՜նսի։
Միստր Ֆեգինը և նրա դեռատի բարեկամուհին չէին հանդիպել այն օրվանից, երբ վերջինս միջամտել էր Օլիվերի օգտին։ Հետևաբար, բացականչությունը երկիմաստ էր և կասկած էր առաջացնում։ Նրա բոլոր կասկածները, սակայն, եթե իրոք այդպիսի կասկածներ գոյություն ունեին, փարատվեցին դեռատի լեդիի վերաբերմունքով։ Նա ոտքերը բուխարու վանդակաճաղից իջեցրեց , աթոռը ետ հրեց և Ֆեգինին խորհուրդ տվեց առանց առարկելու նստել կրակի մոտ, քանի որ տարակույս չկար, որ չափազանց ցուրտ գիշեր էր։
― Իսկապես շատ ցուրտ է, Նե՛նսի, սիրելիս, ― ոսկրոտ ձեռքերը կրակի վրա տաքացնելով ասաց Հրեան։ ― Կարծես թե ծակում֊անցնում է մեջդ, ― ավելացրեց ծերը, կողքը բռնելով։
― Ուրեմն շատ սուր ծակիչ պետք է եղած լինի, որ կարողացել է քո սիրտը ծակել, ― ասաց միստր Սայքսը։ ― Նե՛նսի, շո՛ւտ արա, սրան խմելու մի բան տուր։ Գրողը տանի, շտապի՛ր։ Չե՞ս տեսնում ինչպես է դողում։ Նրա կմախքացած մարմնի տեսքը կարող է հիվանդացնել մարդուն։ Կարծես թե շիրմից նոր դուրս եկած գարշելի ուրվական լինի։
Նենսին բաց արեց ինչ֊որ պահարան, որտեղ կային զանազան խմիչքներով լցված բազմաթիվ շշեր, և շտապ վերցնելով նրանցից մեկը՝ տվեց Սայքսին։ Վերջինս բաժակը օղիով լցրեց և Հրեային մատուցելով՝ առաջարկեց խմել։
― Շնորհակալությո՛ւն, բավական է, Բիլլ, բավական է, ― պատասխանեց Հրեան, շուրթերը բաժակին հազիվ հպելուց և բաժակը սեղանին դնելուց հետո։
― Ի՜նչ։ Վախենում ես, որ քեզ կթունավորենք, հա՞, ― հարցրեց Սայքսը հայացքը սևեռելով Հրեայի վրա։ ― Թո՜ւ։
Միստր Սայքսը արհամարհանք արտահայտող ինչ֊որ բառեր մրթմրթաց, խլեց Հրեայի բաժակը, և օղու մնացուկը թափելով մոխրացած ածուխների վրա, իր համար նորից լցրեց։
Մինչ զրուցակիցը երկրորդ բաժակն էր կոնծում, Հրեան սկսեց շուրջը դիտել, ոչ թե հետաքրքրությունից դրդված, որովհետև նա շատ անգամներ էր եղել այդ սենյակում, այլ իր խառնվածքին յուրահատուկ անհանգստությամբ ու կասկածամտությամբ։ Արտաքին երևույթներից դատելով, էժանագին կահավորումով սովորական մի սենյակ էր այդ։ Միայն պահարանում, գտնվող իրերի գոյությունը կարող էր արթնացնել այն միտքը, թե այդ տան բնակիչը ազնիվ աշխատանքով զբաղվող մարդ չէ։ Սենյակի մի անկյունում դրված էին երկու֊երեք ծանր մահակներ, իսկ բուխարու վերևում կախված էր մի գավազան՝ ծայրը արճիճով լցրած։ Դրանից բացի, կասկած հարուցող ոչ մի բան չկար շրջապատում։
― Դե՛, ― ասաց Սայքսը, շրթունքները լպստելով։ ― Այժմ պատրաստ եմ։
― Գործի՞, ― հարցրեց Հրեան։
― Գործի, պատասխանեց Սայքսը։ ― Հետևաբար, ինչ որ ունես ասելու, շուտ ասա։
― Չերթսիի վրա կատարվելիք այդ գործի մասին է խոսքը, Բիլլ, ― ասաց Հրեան աթոռը մոտեցնելով ավազակին և շատ ցածրաձայն խոսելով։
― Այո։ Ի՞նչ ես ուզում ասել, ― հարցրեց Սայքսը։
― Ա՜հ, դու գիտես, թե ինչ եմ ուզում ասել, սիրելիս, ― ասաց Հրեան։ ― Նա իմ միտքը հասկանում է, այնպես չէ՞, Նենսի։
― Ո՛չ, չի՛ հասկանում, ― քմծիծաղ տվեց միստր Սայքսը։ ― Կամ հասկանալով հանդերձ չի ուզում կատարել քո ասածը, իսկ այդ երկուսը միևնույն նշանակությունն ունեն։ Դե՛, գերադասությունները թող և կարգին խոսիր։ Ի՞նչ ես աչքերդ ճպճպացնում և ինձ հետ ակնարկություններով խոսում, կարծես դու չէիր, որ առաջինը մտածեցիր այդ գողության մասին։ Ի՞նչ ես ուզում ասել, խոսիր։
― Հանդա՜րտ, Բիլլ, հանդա՜րտ, ― ասաց Հրեան, որ իզուր էր ուզում այս զայրույթի պոռթկումը կասեցնել։ ― Մեկնումեկը կարող է լսել մեզ, սիրելիս։ Մեկնումեկը կարող է լսել։
― Լսում է, թող լսի, ― ասաց Սայքսը։ ― Հոգս չէ։ ― Բայց քանի որ միստր Սայքսին իսկապես մտահոգում էր ուրիշներից դարանվելու պարագան, հետևաբար, ավելի լրջությամբ մտածեց և հանդարտվելով՝ հաջորդող խոսքերը արտասանեց ավելի ցածրաձայն։
― Լա՛վ, լա՛վ, ― ասաց Հրեան համոզիչ տոնով։ ― Այդ միայն մի փոքր նախազգուշացում էր իմ կողմից, ուրիշ ոչինչ։ Ուրեմն, սիրելիս, անդրադառնանք այդ՝ Չերթսիում կատարվելիք գողության հարցին։ Ե՞րբ է կատարվելու, Բիլլ, ե՞րբ է կատարվելու։ Այնպիսի արծաթեղեն կա այնտեղ, սիրելիս, այնպիսի արծաթեղեն, ― ասաց Հրեան, ձեռքերը շփելով և հոնքերը, իբրև բավականության կանխաճաշակում, վեր բարձրացնելով։
― Երբեք չի կատարվելու, ― պատասխանեց Սայքսը սառնությամբ։
― Երբե՞ք, ― արձագանքեց Հրեան ընկնելով աթոռի հենակին։
― Այո, երբե՛ք, ― պատասխանեց Սայքսը։ ― Որովհետև չի ստցվում այն, ինչ մենք ակնկալել էինք։
― Ուրեմն հարցը ըստ պատշաճի չի շոշոփվել, ― ասաց Հրեան, զայրույթից գունաթափվելով։ ― Մի՛ պնդիր։
― Բա՛հ, իսկ դու ո՞վ ես, որ հակաճառություն չես հանդուրժում, հը՞, ― խիստ տոնով պատասխանեց Սայքսը։ ― Քեզ ասում եմ, որ Թոբի Քրեքիթը տասնհինգ օր շարունակ թափառել է շրջակայքում և նրան չի հաջողվել սպասավորներից որևէ մեկին կաշառել, հասկացա՞ր։
― Այսինքն՝ ուզում ես ասել, Բիլլ, ― ասաց Հրեան փափկելով, քանի որ դիմացինը բռնկվել էր, ― թե այդ տան ծառայող երկու մարդկանցից և ոչ մեկին չի՞ կարելի գրավել։
― Այո՛, ճիշտ այդ եմ ուզում ասել, ― պատասխանեց Սայքսը։ ― Նրանք ամբողջ քսան տարի ծառայել են պառավ լեդիի մոտ, հետևաբար, հնարավոր չէ հրապուրել նրանց, նույնիսկ եթե հինգ հարյուր ֆունտի հսկայական մի գումար խոստանաս։
― Բայց մի՞թե դու ուզում ես ասել, սիրելիս, ― առարկեց Հրեան, ― որ այնտեղ ծառայող կանանց էլ չի կարելի փչացնել։
― Բոլորովին հնարավոր չէ, ― պատասխանեց Սայքսը։
― Անգա՞մ Թոբի Քրեքիթի ճարպկությամբ հնարավոր չէ, հը՞, ― ասաց Հրեան կասկածամտորեն։ ― Մտածի՛ր, թե կանայք ինչպիսի արարածներ են, Բիլլ։
― Նույնիսկ Թոբի Քրեքիթի ճարտարությամբ այդ բանը հնարավոր չէ, ― պատասխանեց Սայքսը։ ― Նա ասում է, որ ամբողջ ժամեր թափառել է այնտեղ՝ ծպտված կեղծ մորուքով և դեղնավուն բաճկոնով, սակայն իզուր։
― Նա պիտի կեղծ բեղեր դրած լիներ և զինվորական տարազ հագներ, սիրելիս, ― ասաց Հրեան։
― Այդպես էլ արել է, ― պատասխանեց Սայքսը, ― բայց այդ ծրագիրը նույնպես ձախողվել է, ինչպես նախորդները։
Հրեայի դեմքը մռայլվեց այդ տեղեկությունից։ Գլուխը կախած կրծքին, մի քանի րոպե լուռ խորհրդածելուց հետո, վեր նայեց և խոր հոգոծ քաշելով ասաց, որ եթե Թոբի Քրեքիթի հաղորդաց լուրերը ճշմարտացի էին, ապա այնպես էր երևում, թե խաղը տանուլ էր տրված։
― Եվ սակայն, ― ասաց ծերը, ձեռքերը ծնկներին խփելով, ― և սակայն, կորցնել այն բոլորը, որ այնքան տենչացել էինք։ Ափսո՜ս, ափսո՜ս։
― Այդպես է, ― ասաց Սայքսը։ ― Մե՛ծ ձախորդություն։
Ապա երկար լռություն տիրեց։ Հրեան սուզված էր խոր մտածմունքի մեջ։ Կնճիռները նրա դեմքին այնպիսի սրիկայական արտահայտություն էին տվել, որ նա դիվային մարդու տեսք էր ստացել։ Սայքսը մերթ ընդ մերթ գաղթագողի նայում էր նրան։ Նենսին, ըստ երևույթին վախենալով ավազակի զայրույթը գրգռել, աչքերը կրակին հառած, իր շուրջը կատարվածից կարծես բոլորովին անտեղյակ, լուռ ու անշարժ նստել էր իր տեղում։
― Ֆեգի՛ն, ― ասաց Սայքսը, տիրող լռությունը հանկարծ խզելով․ ― ի՞նչ է քո կարծիքը․ եթե գործը դրսից ապահով գլուխ բերվի, արժե՞ հիսուն ոսկի ավելի վճարել։
― Իհարկե արժե, ― ասաց Հրեան, նույնքան հանկարծակի սթափվելով իր խորհրդածությունից։
― Համաձա՞յն ես սակարկության, ― հարցրեց Սայքսը։
― Այո՛, սիրելիս, այո՛, ― պատասխանեց Հրեան, որի աչքերը շողացին և դեմքի մկաններն սկսեցին հուզմունքից թրթռալ։
― Ուրեմն, ― ասաց Սայքսը, Հրեայի ձեռքը զզվանքով դեն հրելով, ― մենք այդ գործին ձեռնամուխ կլինենք, երբ որ ցանկանաս։ Նախանցյալ գիշեր Թոբին և ես պարտեզը շրջապատող պարսպի վրայով ներս ցատկեցինք և զննեցինք դռների փայտակերտ շրջանակներն ու պատուհանների փեղկերը։ Բնակարանը գիշեր ժամանակ բոլոր կողմերից բանտի նման ամրացվում է, բայց կա մի տեղ, որ կարող ենք անաղմուկ ջարդել ու ապահով ներս մտնել։
― Այդ տեղը շենքի ո՞ր մասում է գտնվոմ, ― հարցրեց Հրեան սաստիկ հետաքրքրությամբ։
― Այդ այն տեղն է, ― շշնջաց Սայքսը, ― երբ մարգի միջով անցնում ես մյուս կողմը և․․․
― Այո՞, ― ասաց Հրեան գլուխը առաջ մեկնելով։ Նրա աչքերը համարյա դուրս էին ժայթքել ակնապիճներից։
― Ի՜հ, ― բացականչեց Սայքսը և իսկույն լռեց։ Աղջիկը գլուխը հազիվ շարժելով, հանկարծ նայել էր ավազակին և ակնթարթային արագությամբ մատնացույց արել Հրեայի դեմքը։ ― Ոչի՛նչ, թե որ մասումն է։ Գիտեմ, որ առանց ինձ ոչինչ չեք կարող գլուխ բերել, բայց քեզ հետ գործակցելիս ավելի ապահով է գործը լավ կարգադրել։
― Ինչպես կցանկանաս, սիրելիս, ինչպես կցանկանաս, ― պատասխանեց Հրեան։ ― Բացի քեզնից և Թոբիից ուրիշ որևէ մեկի օգնությանը կարիք չունե՞ք։
― Ոչ ոքի, ― ասաց Սայքսը։ ― Մեզ հարկավոր է միայն ճեղք բաց անելու մի գործիք և մի տղա։ Առաջինը ունենք, իսկ երկրորդը դո՛ւ պետք է ճարես մեզ համար։
― Մի տղա՜, ― բացականչեց Հրեան։ ― Ուրեմն ինչ֊որ նեղ անցք է, հա՞։
― Քո ի՞նչ գործն է, թե ինչ անցք է, ― պատասխանեց Սայքսը։ ― Ինձ մի տղա է հարկավոր, և նա չպետք է խոշորոկազմ լինի։ Օ՜հ, տեր իմ աստված, ― ասաց միստր Սայքսը խորհրդածելով, եթե կարողանայի այդ ծխան մաքրող Նեդի տղային գտնել։ Նա դիտավորյալ կերպով փոքրակազմ է նրան պահում և ըստ պահանջի տալիս է վարձու։ Բայց հայրը ինչ֊որ ոճրի համար ուղարկվում է տաժանակիր աշխատանքի, իսկ Անչափահաս Հանցագործների մասին հոգացող Ընկերությունը տղային վերցնում է, գրել֊կարդալ է սովորեցնում և զրկելով իր արհեստից, որը շահավետ էր նրա համար, ժամանակի ընթացքում նրան աշակերտ է դարձնում։ Եվ այդպես էլ կշարունակեն, ― ասաց միստր Սայսը իր դեմ եղած անիրավությունները մտաբերելիս բորբոքվելով, ― և այդպես էլ կշարունակեն։ Եթե բավականաչափ դրամ ունենային (ինչ մեծ բարեբախտություն, որ չունեն), այնպես կանեին, որ մի քանի տարի հետո հազիվ հինգ֊վեց տղա կմնար մեր գործի համար։
― Այո՛, այդպես է, ― հաստատեց Հրեան, որը այս մենախոսության ընթացքում, մտքերով տարված, միայն վերջին նախադասությունն էր լսել։
― Բի՛լլ։
― Հը՛, ի՞նչ է, ― հարցրեց Սայքսը։
Նենսին դեռևս սևեռուն հայացքով կրակին էր նայում․ Հրեան գլխի թեթև շարժումով ավազակին հասկացրեց, թե հարկավոր է ինչ֊որ պատրվակով Նենսիին հեռացնել սենյակից։ Սայքսը, նախազգուշացումը կարծես անտեղի համարելով, անհամբերությամբ ուսերեը թոթվեց, այնուամենայնիվ ենթարկվելով թելադրանքին՝ միսս Նենսիից մի բաժակ գարեջուր խնդրեց։
― Դու ոչ մի գարեջուր էլ չես ուզում, Բիլլ, ― ասաց Նենսին թևերը ծալելով և շատ անվրդով մնալով իր տեղում։
― Ուզում եմ, ― պատասխանեց Սայքսը։
― Հիմարությո՛ւն, ― հարեց աղջիկը պաղարյունությամբ։ ― Շարունակի՛ր, Ֆեգին։ Ես գիտեմ, թե ինչ է ուզում ասել, Բիլլ, կարիք չկա ինձնից թաքցնելու։
Հրեան դեռևս վարանում էր։ Սայքսը զարմացած մեկից մյուսին նայեց։
― Հո մեր աղջկանից բան չե՞ս ուզում թաքցնել, Ֆե՛գին, ― վերջապես հարցրեց նա։ ― Դու նրան վաղուց ես ճանաչում, էլ ի՞նչ անվստահության հարց կարող է լինել․ այլապես, սատանան տանի, ինչ֊որ գաղտնիք կա այստեղ։ Հո նա մեզ չի՞ դավաճանի։ Այնպես չէ՞, Նենսի։
― Կարծում եմ, ― ասաց դեռատի լեդին՝ աթոռը մոտեցնելով և արմունկները հենելով սեղանին։
― Իհարկե չես դավաճանի, ես այդ գիտեմ, սիրելիս, ― ասաց Հրեան, ― բայց․․․ և ծերունին նորից լռեց։
― Բայց ի՞նչ, ― հարցրեց Սայքսը։
― Ինձ թվում է, նրա տրամադրությունը այնքան էլ երաշխավորելի չէ․ գուցե նախորդ գիշերվա նման նա դարձյալ ջղագրգռվի, սիրելիս, ― պատասխանեց Հրեան։
Այդ խոստովանության վրա միսս Նենսին շռնդալից ծիծաղեց, կուլ տվեց մի բաժակ օղի և, գլուխը մարտահրավեր նետողի նման թափահարելով, զանազան բացականչություններ արավ․ ինչպես, օրինակ, «խաղը համարձակ շարունակե՛ք, «երբեք մի ընկճվե՛ք» և այլն։ Աղջկա այդ վարմունքը, ըստ երևույթին, երկու ջենթլմենին էլ վստահություն ներշնչեց, քանի որ Հրեան, բավարարված, գլխով նշան արեց և կրկին գրավեց իր տեղը․ նույնը արեց և միսըր Սայքսը։
― Դե՛, ուրեմն, Ֆեգին, ― ասաց Նենսին ծիծաղելով, ― շուտ պատմիր Բիլլին Օլիվերի մասին։
― Ա՜հ, ինչ սրամիտն ես, սիրելիս․ դու իմ տեսած բոլոր աղջիկներից ամենասրամիտն ես, ― ասաց Հրեան, նրա ծոծրակը շոյելով։ ― Ւսկապես, հենց Օլիվերի մասին էլ ուզում էի խոսել։ Հա՛, հա՛, հա՛։
― Իսկ ի՞նչ ես ուզում ասել նրա մասին, ― հարցրեց Աայքսը։
― Նա քո ուզած տղան է, սիրելիս, ― պատասխանեց Հրեան խռպոտ փսփսոցով։ Ապա մատը դրեց քթին, և դեմքին տարածվեց մի գարշելի ժպիտ։
― Նա՜, ― բացականչեց Սայքսը։
― Վերցրու նրան, Բիլլ, ― ասաց Նենսին։ ― Եթե ես քո տեղը լինեի, անպայման կվերցնեի։ Գուցե մյուսների չափ ճարպիկ չլինի, բայց քո ուզածը ճարպկություն չէ, եթե մենակ մի դուռ պետք է բաց անի քեզ համար։ Նա անվնաս է, այդ մասին կարող ես վստահ լինել, Բիլլ։
― Այո՛, անվնաս է, ― հաստատեց Ֆեգինը։ ― Մանավանդ այս վերջին շաբաթների դաստիարակությունը, ինձ թվում է, մեծապես կոփած կլինի նրան։ Եվ հետո արդեն ժամանակն է, որ օգուտ բերի մեզ։ Իսկ գալով մյուս տղաներին, նրանք բոլորն էլ շատ խոշորակազմ են։
― Այո՛, նա ճիշտ իմ ուզած չափսին է, ― ասաց միստր Սայքսը խորհրդածելով։
― Եվ նա կկատարի ինչ֊որ ցանկանաս, սիրելիս, ― ընդհատեց Հրեան, ― այլ կերպ չի էլ կարող լինել, եթե իհարկե, նրան պետք եղածի չափ վախեցնես։
― Վախեցնե՜լ, ― արձագանքեց Սայքսը։ ― Լավ իմացիր, որ նրա հետ կատակ չեմ անելու։ Գործն սկսելուց հետո, եթե գտնեմ, որ նա որևէ տարօրինակություն է ցուցաբերում, դու այլևս ողջ չես տեսնի նրան, Ֆեգին։ Ուղարկելուց առաջ լավ մտածիր և հիշիր իմ խոսքերը, ― ասաց ավազակը, ձեռքի վրա հավասակշռելով մի երկաթյա ձող, որի ծայրը ծանր իրեր տեղից շարժելու նպատակով ճարմանդված էր, և որը նա դուրս էր քաշել մահճակալի տակից։
― Ես այդ բոլորի մասին մտածել եմ, ― վրա բերեց Հրեան, ― նրան շատ մոտիկից եմ հետևել, սիրելիներ, շատ֊շատ մոտիկից։ Թող նա մի անգամ զգա, որ արդեն մերոնցից է, թող նրա միտքը մի անգամ համակվի այն զգացումով, որ ինքը գող է, և արդեն մերը կդառնա։ Մերը, մինչև իր կյանքի վերջը։ Օհո՜, սրանից ավելի հաջող զուգադիպություն չէր կարող լինել, ― և ծերունին թևերը խաչաձևեց կրծքին, գլուխն ու ուսերը միացրեց իրար և ուրախությունից, բառիս բուն առումով, գրկեց ինքն իրեն։
― Մե՜րը, ― ասաց Սայքսը, ― այսինքն՝ քոնը։
― Գուցե այդպես է, սիրելիս, գուցե այդպես է, ― զիլ ձայնով քրքրջաց Հրեան։ ― Թող իմը լինի, եթե այդպես ես ցանկանում, Բիլլ։
― Իսկ ինչի՞ց դրդված այդքան մեծ հոգածություն ես ցուցաբերում մի լակոտի հանդեպ, երբ գիտես, որ հիսունից ավելի տղաներ ամեն գիշեր թափառում են Քամըն Գարդընի շրջակայքում, և դու կարող ես նրանցից որևէ մեկին ջոկել, ― իր սիրելի բարեկամի վրա սաստիկ գոռալով ասաց Սայքսը։
― Որովհետև նրանք ինձ համար պիտանի չեն, սիրելիս, ― փոքր֊ինչ շփոթված պատասխան տվեց Հրեան, ― որովհետև այդպիսիներին վերցնել ձեռնտու չէ։ «Ծուղակն ընկնելու» դեպքում նրանց արտաքին երևույթը իսկույն կմատնի իրենց, և ես ամեն ինչ կկորցնեմ։ Իսկ եթե այս տղայի հետ վերաբերվեմ պատշաճ ձևով, ես կհասնեմ այնպիսի հաջողությունների, որ նրանցից քսանի օգնությամբ չէի հասնի։ Բացի այդ, ― ինքնավստահությունը վերագտնելով ասաց Հրեան, ― երբ նրան հաջողվի նորից փախչել, նա կմատնի մեզ, ուստի նա պետք է անպայման նույն նավով ճամբորդի, ինչպես մենք։ Ինչ փույթ, թե ինչպես հայտնվեց այնտեղ։ Բավական է, որ նա մասնակից լինի մի գողության․ ահա միակ բանը, որ հարկավոր է ինձ։ Իսկ մի՞թե սա ավելի նախընտրելի չէ, քան այն, որ հարկադրվենք խեղճ փոքրիկ տղային մեջտեղից վերացնել, որը և վտանգավոր կլիներ, և մեր գործը կտուժեր։
Միստր Սայքսը Ֆեգինի մարդասիրական զգացումների նկատմամբ իր զզվանքը արտահայտող ինչ֊որ նախատական խոսքեր էր ծոր տալիս, երբ միսս Նենսին ընդհատեց նրան հարցնելով․
― Ե՞րբ եք մտադիր այս գարծը ձեռնարկել։
― Ա՜հ, իսկապես, ― ասաց Հրեան, ― ե՞րբ եք մտադիր, Բիլլ։
― Թոբիի հետ ծրագրել էինք ձեռնարկել վաղը չէ մյուս օրը, եթե մինչև այդ մեր որոշումը բեկանող որևէ կարգադրություն չստանար ինձանից, ― սրտնեղած պատասխանեց Սայքսը։
― Լա՛վ է ― ասաց Հրեան, ― լուսին էլ չկա։
― Չկա, ― հաստատեց Սայքսը։
― Ավարը բերելու համար ամեն ինչ ծրագրվա՞ծ է, ― հարցրեց Հրեան։
Սայքսը գլխով արեց։
― Եվ նմանապես․․․
― Օ՛հ, ա՛հ, ամեն ինչ ծրագրված է, ― պատասխանեց Սայքսը՝ ընդհատելով նրան։ ― Մանրամասնությունները քեզ պետք չեն։ Դու միայն աշխատիր տղային վաղը գիշեր այստեղ բերել։ Լուսաբացից մի ժամ հետո կճանապարհվենք։ Այնուհետև լեզուդ քեզ քաշիր և հալոցի կաթսան պատրաստ պահիր․ ահա բոլորը, որ պահանջվում է քեզնից։
Փոքր֊ինչ վիճելուց հետո, որին երեքն էլ եռանդով մասնակցեցին, այնպես որոշվեց, որ Նենսին հաջորդ երեկո, մութն ընկնելուց հետո, գնար և Հրեայի բնակարանից Օլիվերին բերեր Սայքսի մոտ։ Հրեան մտածեց, որ գուցե տղան չկամություն հայտնի, որոշեց ուղեկցել աղջկան, որը մոտավոր անցյալում այնքան բուռն կերպով միջամտել էր տղայի օգտին։ Ապա հանդիսավորապես որոշվեց նաև, որ խեղճ Օլիվերը այդ ամբողջ արշավանքի ընթացքում լինելու էր միստր Վիլյամ Սայքսի բացարձակ հսկողության տակ։ Դեռ ավելին․ այս Սայքս կոչեցյալը նրա հետ վարվելու էր ինչպես կամենար և նրան պատժի ենթարկելու դեպքում Հրեայի կողմից ոչ մի պատասխանատվության չէր կանչվելու։ Եվ որպեսզի համոզվեին, որ միստր Սայքսի ցուցմունքները համապատասխանում էին իրականության, համաձայնեցին նաև, որ տրված բոլոր տեղեկությունները տուն վերադառնալուց հետո իրենց կարևոր մանրամասնություններով հաստատվելու էին ճարտար Թոբի Քրեքիթի վկայությամբ։
Այս նախնական կարգադրությունները ավարտելուց հետո միստր Սայքսը սկսեց մոլեգնորեն օղի կոնծել և երկաթե ձողը ահարկու կերպով ճոճել օդի մեջ, միաժամանակ ծոր տալով կատաղի հայհոյանքներ և երգի շատ աններդաշնակ բեկորներ։ Վերջապես, պրոֆեսիոնալ ցնծության նոպայի մեջ, նա պնդեց, որ դուրս բերվի իր մասնագիտության վերաբերյալ գործիքների արկղը։ Նա խմիչքի ազդեցության տակ երերալով հազիվ էր բաց արել այդ արկղը և պատրաստվում էր բացատրել զանազան պիտույքների ձևն ու հատկությունը և նրանց սարքավորման յուրահատուկ գեղեցկությունները, երբ արկղի վրայից գլորվելով ընկավ հատակին և հենց այնտեղ էլ քնեց։
― Բարի գիշեր, Նենսի, ― ասաց Հրեան, առաջվա նման փաթաթվելով վերարկուի մեջ։
― Բարի գիշեր։
Երկուսի հայացքները հանդիպեցին իրար, և Հրեան սևեռուն նայեց իր զրուցակցին։ Աղջիկը անթարթ աչքերով պատասխանեց նրա հայացքին։ Այս հարցի նկատմամբ նա այնքան անկեղծ էր երևում, որքան հենց ինքը՝ Թոբի Քրեքիթը։
Հրեան նորից բարի գիշեր մաղթեց և, մինչ աղջիկը մյուս կողմ էր շուռ եկել, թաքուն մի քացի տալով միստր Սայքսի գետնատարած մարմնին, խարխափոլով իջավ ներքև։
― Ահա այս է հաջողության գաղտնիքը, ― տուն գնալիս ինքն իրեն քրթմնջաց Հրեան։ ― Կանանց բնավորության ամենավատ կողմն այն է, որ չնչին մի երևույթ նրանց մեջ արթնացնում է վաղուց մոռացված մի զգացմունք, և նրանց բնավորության լավագույն կողմն այն է, որ այդ զգացմունքից առաջացած հուզումը երբեք տևական չի լինում։ Հա՛, հա՛, հա՛։
Այս հաճելի մտքերով տարված՝ միստր Ֆեգինը, ցեխի և տիղմի միջով քարշ գալով, վերջապես հասավ իր բնակարանը, որտեղ Ստահակը անհամբեր նրա վերադարձին էր սպասում։
― Օլիվերը քնա՞ծ է, ես ուզում եմ նրա հետ խոսել, ― անմիջապես հարցրեց Հրեան աստիճաններով իջնելիս։
― Վաղուց է քնել, ― պատասխանեց Ստահակը, մի ինչ֊որ պինդ փակված սենյակի դուռը բաց անելով։ ― Այա այստեղ է նա։
Տղան խոր քնած էր հատակին դրված մի խշտյակի վրա։ Սենյակի օդը հեղձուցիչ էր․ անձկություն ու թախիծը ծանր նստել էին նրա դեմքին և նա գունատ էր, ինչպես մահը։ Մահը ոչ այնպես, ինչպես ներկայանում է մեզ պատանքի ու դագաղի մեջ, այլ մահը այն տեսքով, որ ընդունում է, երբ մատաղ ու գողտրիկ հոգին դեռ նոր է սլացած լինում երկինք, և երկրի ապականված օդը դեռևս եղծանած չի լինում նրա կավե պատյանը։
― Ոչ այժմ, ― շշնջաց Հրեան՝ հեռանալով այդտեղից։ Լուսաբացի՛ն։ Լուսաբացին։
Քսաներորդ գլուխ
Որտեղ Օլիվերը հանձնվում է միստր Վիլյամ Սաքսի տնօրինությանը
Առավոտյան, երբ Օլիվերը զարթնեց, մեծ զարմանքով տեսավ, որ անկողնու մոտից իր հին կոշիկները չքացել և դրանց փոխարեն մի զույգ նոր կոշիկներ էին դրվել՝ հաստ ու ծանր ներբաններով։ Սկզբում այս երևույթը հաճույք պատճառեց նրան, իր մեջ արթնացնելով այն հույսը, թե գուցե դա իր «գերիությունից» ազատվելու նախանշանն էր։ Բայց այդպիսի մտորումները արագորեն ցնդեցին, քանի որ նախաճաշելիս Հրեան խորհրդավոր կերպով ասաց, թե այդ գիշեր նրան տանելու էին Բիլլ Սայքսի բնակարանը։
― Այնտեղ մշտապես թողնելո՞ւ համար, տեր իմ, ― հարցրեց Օլիվերը անհանգստությամբ։
― Ո՛չ, սիրելիս, մշտապես թողնելու համար չեն տանում, ― պատասխանեց Հրեան։ ― Մենք չենք ցանկանա կորցնել քեզ։ Մի՜ վախենա, Օլիվեր, դու նորից մեզ մոտ ես գալու։ Հա՛, հա՛, հա՛։ Մենք այնքան էլ անգութ չենք, որ հրաժարվենք քեզնից, սիրելիս։ Օ՜հ, ո՛չ, ո՛չ։
Ծերունին, որ կրակի վրա թեքված հաց էր կարմրացնում, այսպես զվարճաբանելիս՝ շուռ եկավ և ինքնագոհ ծիծաղեց, ասես Օլիվերին հասկացնելու համար, թե ինքը գիտեր, թե առիթը ներկայանալու դեպքում Օլիվերը մեծ ուրախությամբ կփախչեր այդտեղից։
― Անշուշտ, ― ասաց Հրեան, աչքերը անգթիթ հարելով Օլիվերին, ― անշուշտ կցանկանայիր իմանալ, թե ինչո՞ւ ես Բիլլի մոտ գնում, այնպես չէ՞, սիրելիս։
Օլիվերը գտնելով, որ ծեր ավազակը կարողացել էր կարդալ իր մտքերը, ակամա շառագունեց, այնուամենայնիվ հանդգնությամբ ասաց, որ ցանկանում է իմանալ։
― Իսկ ի՞նչ ես կարծում, ― հարցրեց Ֆեգինը, խուսափելով պատասխանից։
― Իսկապես չգիտեմ, թե ինչու եմ գնում, տեր իմ, ― ասաց Օլիվերը։
― Բա՛հ, ― ասաց Հրեան, ― տղայի դեմքը ուշադիր զննելուց հետո հիասթափված շրջվելով։ ― Այդ դեպքում սպասիր, մինչև ինքը՝ Բիլլը քեզ կասի։
Հրեան, Օլիվերի լռությունը վերագրելով նրա անտարբերությանը, վրդովված էր երևում, այնինչ երեխան նրա լուրջ ու խորամանկ շարժուձևից ու իր մանուկ մտքի հանած հետևություններից այնքան շփոթված էր, որ չկարողացավ ավելի մանրամասնությունների մեջ մտնել։ Արդեն ուրիշ առիթ էլ չունեցավ, որովհետև Հրեան մինչև գիշեր շատ լուռ ու ծածկամիտ մնաց, հետո էլ տանից դուրս եկավ։
― Կարող ես մի մոմ վառել, ― ասաց Հրեան՝ մոմը սեղանին դնելով։ ― Ահա և մի գիրք, կարդա, մինչև կգան քեզ տանելու։ Բարի գիշեր։
― Բարի գիշեր, ― շշնջաց Օլիվերը։
Հրեան ուսի վրայից նայելով տղային գնաց դեպի դուռը։ Հանկարծ կանգ առավ և նրա անունը տվեց։
Օլիվերը նայեց նրան։ Ծերունին մոմը ցույց տալով՝ լռուցյամբ հասկացրեց վառել։ Երեխան հնազանդվեց և երբ մոմակալը դրեց սեղանին, նա տեսավ, որ Հրեան, հոնքերը կիտած ու սևեռուն հայացքավ, սենյակի մութ անկյունից իրեն էր նայում։
― Զգո՜ւյշ կաց, Օլիվե՜եր, զգո՜ւյշ կաց, ― աջ ձեռքը սպառնական թափ տալով ասաց ծերը։ ― Նա բիրտ մարդ է և արյուն թափելուց բոլորովին չի խուսափում։ Ինչ էլ որ պատահի, մի առարկիր նրան և կատարիր ինչ որ նա կհրամայի քեզ։ Զգո՜ւյշ։ Վերջին բառը հատկապես ուժեղ շեշտելով, նրա դեմքի վրա աստիճանաբար ուրվագծվեց դժոխային մի ժպիտ, և գլուխը խորհրդավոր թափահարելով՝ դուրս եկավ սենյակից։
Ծերունու գնալուց հետո Օլիվերը գլուխը առավ ձեռքերի մեջ և սարսափից դողացող ստրով սկսեց խորհրդածել իր լսածների մասին։ Մտածելը, սակայն, ավելի ու ավելի շփոթեցրեց նրան, և նա ոչ մի կերպ չկարողացավ իմանալ, Հրեայի խոսքերի իմաստը և նրանց խորքում թաքնված գաղտնիքների էությունը։
Օլիվերը գտնում էր, որ եթե իրեն ուզում էին ուղարկել Սայքսի մոտ որևէ վատ նպատակի համար, այդ նույն նպատակը կարելի էր իրագործել նաև այստեղ՝ Ֆեգինի մոտ։ Երկար խորհրդածելուց հետո եկավ այն եզրակացության, որ իրեն ընտրել էին ավազակի մոտ ինչ֊որ հասարակ ծառայություններ մատուցելու, մինչև այն ժամանակ, երբ իրենից ավելի հարմար մեկը կճարեին։ Խեղճը այնքան էր սովոր տառապանքի և այժմյան պայմաններում այնքան էր տառապել, , որ իր վիճակի որևէ կերպ փոփոխության ենթարկվելու պարագան հազիվ թե սուր կերպով ներգործեր նրա վրա։
Հետևաբար, մի քանի րոպե այսպես մտորելուց հետո խոր հառաչանքով վեր կացավ, մոմի պատրույգը մաքրեց և վերցնելով Հրեայի տված գիրքը՝ սկսեց կարդալ։
Սկզբում, կարդալու մտադրություն չունենալով, անտարբերությամբ թերթեց էջերը, բայց պատահելով մի հատվածի, որն իր ուշադրությունը գրավեց, իսկույն տարվեց հատորի ընթերցանությամբ։ Դա պատմում էր հայտնի ոճրագործների կյանքի ու դատավարությունների մասին, և նրա էջերը երկար գործածությունից մաշվել ու կեղտոտվել էին։ Դա պատմում էր քստմնելի ոճիրների մասին, որ մարդու արյունը սառեցնում էր երկաներում։ Դա պատմում էր ճամփաների եզրերին կատարված գաղտնի մարդասպանությունների մասին, խորունկ փոսերի ու ջրհորների մեջ գցված դիակների մասին, որոնք չնայած շատ խորն էին թաղված, բայց տարիներ հետո վերջապես հայտնաբերվել էին, և նրանց տեսքը այնքան էր սարսափեցրել մարդասպաններին, որ այդ արհավիրքի սաստկության մեջ նրանք խոստովանել էին իրենց հանցապարտ լինելը և իրենց հոգեկան տառապանքներին վերջ տալու համար աղաղակներով կախաղան էին հայցել։ Դա պատմում էր նաև այն մարդկանց մասին, որոնք խուլ գիշերին, անկողիններում պառկած ժամանակ անձնատուր լինելով (իրենք էին այդպես վկայում), իրենց մեղսալից խորհուրդներին, կատարել էին այնպիսի ահեղ սպանություններ, որոնց մասին մտածելն անգամ մարդուն սարսուռ կպատճառեր։ Ահավոր նկարագրությունները այնպիսի վառ գույներով էին պատկերված, որ գրքի դեղնած էջերը ասես վառվում էին հրակարմիր արյունով, և գրված բառերը այնքան սահմռկեցուցիչ էին, ասես մեռած հոգիները անդրշիրիմյան ձայներով շշնջում էին նրա ականջին։
Սաստիկ զարհուրած, տղան փակեց գիրքը և դեն գցեց։ Ապա ծունկի գալով ջերմեռանդորեն աղոթեց աստծուն, որ ինքը երբեք չգտնվի նման արարքների մեջ, և թող նախախնամությունն այնպես կամենար, որ իսկույն մեռներ, քան որևէ կերպ մասնակից լիներ այսպիսի քստմնելի ոճիրների։ Աստիճանաբար նա հանդարտվեց և դողդողուն ձայնով դարձյալ աղերսեց, որ երկինքը փրկեր իրեն սպառնացող վտանգից և եթե որևէ օգնություն հասնելու էր մի խեղճ, անտեր երեխայի, որը կյանքում բարեկամի ու հարազատի սեր չէր զգացել, թող այդ հասներ այժմ, այս ճակատագրական պահին, երբ ինքը, լքված ու միայնակ, կանգնած էր անօրինականությունների ու ոճիրների այս քաոսային աշխարհում։
Աղոթքը վերջացրել էր, բայց նա դեռևս նստած էր գլուխը ձեռքերի մեջ առած, երբ ինչ֊որ խշրտոց սթափեցրեց նրան։
― Ի՞նչ բան է, ― ճչաց նա ընդոստ վեր ցատկելով և դռան մոտ ինչ֊որ ստվեր նկատելով՝ խուճապահար հարցրեց, թե ով է այնտեղ։
― Ե՛ս եմ, միայն ե՛ս, ― պատասխանեց մի դողդոջյուն ձայն։
Օլիվերը մոմը բարձրացնելով՝ նայեց դեպի դուռը։ Նենսին էր։
― Ճրագը դիր սեղանին, ― ասաց աղջիկը՝ գլուխը շուռ տալով, ― լույսը վնասում է աչքերիս։
Օլիվերը տեսավ, որ նա շատ գունատ էր և կիսաձայն հարցրեց, թե արդյոք հիվա՞նդ էր։ Աղջիկը, մեջքը շուռ տալով դեպի տղան, իրեն գցեց մի աթոռի վրա և, առանց հարցին պատասխան տալու, սկսեց ձեռքերը տրորել։
― Տե՜ր, ողորմյա՛ ինձ, ― ճչած նա քիչ հետո։ Երբեք մտքովս չէր անցել։
― Լուրջ բա՞ն է պատահել, ― հարցրեց Օլիվերը։ ― Կարո՞ղ եմ որևէ կերպ օգնել։ Ես անպայման կօգնեմ, անպայման, անպայման։
Աղջիկը ամբղջ մարմնով ետ ու առաջ էր ճոճվում, մեկ էլ կոկորդում ինչ֊որ բան ասես նրան շնչահեղձ արեց։
― Նենսի՜, ― թախանձեց Օլիվերը։ ― Ի՞նչ է պատահել։
Աղջիկը ձեռքերով ծնկները ծեծեց, ոտքերը ուժգին խփեց հատակին, բայց հանկարծ հանդարտվելով, ավելի պինդ փաթաթվեց շալի մեջ և ցրտից սկսեց սարսռալ։
Օլիվերը կրակը բորբոքեց։ Աղջիկը աթոռը մոտեցրեց օջախին, մի պահ լուռ նստեց, բայց վերջապես գլուխը բարձրացնելով նայեց շուրջը։
― Չգիտեմ, երբեմն ինչ է կատարվում ինձ հետ, ― ասաց նա, ձևացնելով՝ իբրև թե հագուստն է կարգի բերում, ― երևի այս խոնավ, կեղտոտ սենյակից է։ Ուրեմն, Նոլլի, սիրելիս, պատրա՞ստ ես։
― Քե՞զ հետ եմ գալու։
― Այո։ Բիլլի մոտից եմ եկել, ― պատասխանեց աղջիկը։ ― Ինձ հետ պիտի գաս։
― Իսկ ինչո՞ւ համար, ― ասաց Օլիվերը ընկրկելով։
― Ինչու համա՞ր, ― արձագանքեց աղջիկը ու մի րոպե վեր նայեց, բայց խուսափելով տղայի հայացքից՝ աչքերը իսկույն խոնարհեց գետին։ ― Օ՜հ, անհանգստանալու բան չկա։
― Չեմ հավատում, ― ասաց Օլիվերը, որը շատ ուշադիր դիտել էր նրա դեմքը։
― Դու գիտես, ― պատասխանեց աղջիկը՝ կեղծ քրքիջով։ ― Ուզում ես՝ հակառակը հասկացիր։
Օլիվերը տեսնում էր, որ ինքը կարող էր աղջկա մեջ որոշ չափով ավելի լավ զգացմունքներ արթնացնել, ուստի մի րոպե մտածեց իր անօգնական վիճակի համար դիմել նրա գթասրտությանը։ Բայց հանկարծ նրա մտքում փայլատակեց այն միտքը, որ ժամը հազիվ տասնմեկն էր, և փողոցներում դեռևս շատ մարդ կար։ Նրանցից ոմանք անշուշտ հավատ կընծայեին իր պատմությանը։ Այս մտքերով հուսադրված՝ նա առաջ եկավ և նույնիսկ փոքր֊ինչ անհամբերությամբ ասաց, թե պատրաստ է գնալու։
Աղջկա ուշադրությունից, սակայն, չվրիպեց Օլիվերի մտադրությունը։ Նա ուշադիր դիտեց տղային, մինչդեռ նա խոսում էր և նշանակալից նայելով նրան՝ բավականին պարզ հասկացրեց, որ կռահել էր նրա միտքը։
― Կամա՜ց, ― նրա ականջին կռանալով շշնջաց աղջիկը և կասկածամտությամբ շուրջը նայելով՝ դուռը ցույց տվեց։ ― Ամեն ճիգ գործադրել եմ քեզ այս դրությունից դուրս բերելու համար, բայց իզուր։ Դու ընկած ես այնպիսի ցանցի մեջ, որ ներկայումս փրկություն չկա քեզ համար։ Դու պետք է լռությամբ ենթարկվես քո ճակատագրին։ Իսկ եթե երբևէ այստեղից ազատվելու մասին ես մտածում, ապա իմացիր, որ այժմ դրա ժամանակը չէ։
Օլիվերը, աղջկա ազդող խոսքերից ապշած, մեծ զարմանքով նրա դեմքին նայեց։ Այնպես էր երևում, որ նա ճշմարտությունն էր ասում։ Դեմքը գունատ էր ու այլայլված․ նա հուզմունքից դողում էր։
― Դու գիտես, թե ինչպես պաշտպանեցի քեզ այն գիշեր, և այժմ էլ կպաշտպանեմ, ― շարունակեց աղջիկը բարձրաձայն, ― որովհետև, եթե ե՛ս չգայի, նրանք, ովքեր պիտի գային քեզ տանելու, քեզ հետ շատ ավելի կոպտությամբ պիտի վարվեին։ Ես երաշխավորել եմ, որ դու քեզ հանգիստ ու խաղաղ կպահես։ Եթե հակառակը պատահի, դու վնաս կհասցնես թե՛ քո անձին, թե՛ ինձ և թերևս իմ մահվան պատճառը դառնաս։ Տե՛ս, ես այս բոլոր տանջանքները քեզ համար եմ քաշել, և վերևում աստվածն է վկա այդ ամենին։ ― Նա շտապ ցույց տվեց մի շարք կապտավուն նշաններ, որ դրոշմված էին իր վզի ու թևերի վրա, և հևասպառ շարունակեց․ ― Հիշի՛ր, այս բոլորը և մի՛ թողնիր, որ նորից տառապեմ քեզ համար, գոնե այժմ։ Եթե հնարավոր լիներ օգնել, չէի զլանա։ Բայց դա իմ ուժերից վեր է։ Նրանք քեզ որևէ վնաս չեն հասցնելու, և ինչ էլ որ հարկադրեն քեզ անելու, մեղավորը դո՛ւ չես։ Կամա՜ց։ Քո արտասանած յուրաքանչյուր բառը մի հարված է ինձ համար։ Տո՛ւր ինձ ձեռքդ։ Շտապի՛ր։ Ձե՛ռքդ։
Նա բռնեց Օլիվերի բնազդաբար մեկնված ձեռքը և մոմը հանգցնելով և տղային քաշելով իր հետևից՝ աստիճաններով վեր բարձրացավ։ Մութի մեջ պատանքված ինչ֊որ մեկը դուռը արագությամբ բաց արեց և նրանց դուրս գալուց հետո նույնքան արագությամբ փակեց։ Դրսում նրանց սպասում էր միաձի երկանիվ մի կառք։ Արագ կառք մտնելով, աղջիկը վարագույրները պինդ փակեց, և կառապանը, որը հրահանգի կարիք չուներ, մտրակեց ձին, և կառքը սլացավ առաջ։
Աղջիկը դեռևս ամուր բռնած Օլիվերի ձեռքից, շարունակում էր նրա ականջին շշնջալ այն բոլոր խրատներն ու խոստումները, որ նախապես թվարկել էր, երբ կառքը հանկարծ կանգ առավ այն տան առաջ, դեպի ուր ուղղվել էին Հրեայի քայլերը նախորդ երեկո։ Այս ամենը կատարվեց այնպիսի ակնթարթային արագությամբ, որ տղան հազիվ կարողացավ ըմբռնել, թե ուր էր գտնվում և կամ ինչպես էր եկել այնտեղ։
Երբ կառքից ցած իջան, Օլիվերը շտապ մի ակնարկ նետեց ամայի փողոցի երկայնքով, և նրա շուրթերից կախվեց օգնություն մի աղաղակ։ Բայց աղջկա տագնապալից ու թախանձագին ձայնը դեռ հնչում էր նրա ականջներում, և նա սիրտ չարեց արտասանել այդ։ Մինչդեռ նա այդպես տատանվում էր, առիթը ձեռքից գնաց, քանի որ նրանք արդեն բնակարանի ներսումն էին, և դուռը փակվել էր։
― Այս կողմից, ― ասաց աղջիկը, տղայի ձեռքը վերջապես բաց թողնելով։ ― Բի՜լլ։
― Հալլո՜, ― պատասխանեց Սայքսը, վառվող մոմը ձեռքին հայտնվելով սանդուղքի գլխին։ ― Արդեն եկել եք, հա՞, հիանալի՜ է։
Միստր Սայքսի խառնվածքը ունեցող մարդու համար գնահատանքի արտասովոր արտահայտություն էր դա։ Հետևաբար, Նենսին, մեծապես գոհ այս բացառիկ ջերմ ընդունելությունից, սրտագին ողջունեց նրան։
― Լուսակը Թոմի հետ տուն էր գնացել, ― նկատեց Սայքսը, երբ վերև բարձրանալով նրանց ճանապարհն էր լուսավորում։ ― Եթե այստեղ լիներ, կխնագարեր մեզ։
― Ճիշտ է, ― հաստատեց Նենսին։
― Ուրեմն լակոտին բերեցիր, ― երեքով սենյակ մտնելուց և դուռը ծածկելուց հետո ասաց Սայքսը։
― Ակո՛, բերեցի, ահա տե՛ս, ― պատասխանեց Նենսին։
― Ճանապարհին լավ պահե՞ց իրեն, ― հարցրեց Սայքսը։
― Գառնուկի նման, ― պատասխանեց աղջիկը։
― Ուրախ եմ, ― ասաց Սայքսը՝ Օլիվերի վրա մի դաժան հայացք նետելով։ ― Ինձ համար, իհարկե, միևնույն է, ես նրա կաշին նկատի ունեմ, որը այլապես կտուժեր։ Այստեղ արի, լակո՛տ, և ուշադիր լսիր այն քարոզը, որ կարդալու եմ գլխիդ։ Լավ է այդ հարցը վերջացնենք և այդ հաշիվը փակենք։
Իր նոր աշակերտի հետ այսպես խոսելով, միստր Սայքսը Օլիվերի կեպին գլխից վերցրեց և շպրտեց սենյակի մյուս անկյունը։ Ապա սեղանի մոտ նստելով, բռնեց տղայի ուսից և նրան կանգնեցրեց իր դիմաց։
― Սկսենք սրանից․ գիտես, թե սա ինչ բան է, ― հարցրեց Սայքսը, վերցնելով մի փոքրիկ ատրճանակ, որ սեղանի վրա էր գտնվում։
Օլիվերը դրական պատասխան տվեց։
― Լա՛վ, այստեղ նայիր ուրեմն, ― շարունակեց Սայքսը։ ― Սա վառոդ է, սա փամփուշտ է, իսկ սա էլ հին գլխարկի մի կտոր է խծուծի համար։
Երբ Օլիվերը մրմնջաց, որ զենքի զանազան մասերի վերաբերյալ նրա բացատրությունները ըմբռնել էր, միստր Սայքսը կշռադատելով ու հանդիսավոր կերպով սկսեց լցնել։
― Այժմ ատրճանակը լցված է, ― ասաց միստր Սայքսը՝ գործը վերջացնելով։
― Տեսնում եմ, որ լցված է, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
― Ուրեմն, ― ասաց ավազակը, Օլիվերի դաստակից պինդ բռնելով և ատրճանակը այնքան մոտեցնելով, որ հրափողը համարյա կպավ նրա քունքին, և տղան ակամա ցնցվեց, ― եթե ճանապարհին համարձակվես անգամ մի բառ արտասանել, բացի այն դեպքից, երբ ինքս քեզ հետ կխոսեմ, այս ատրճանակի պարունակությունը կդատարկվի քո գխի մեջ առանց նախազգուշացման։ Ուստի, եթե անպայման մտադրվել ես խոսել առանց թույլտվության, նախապես աղոթիր։
Ազդարարությունը ավելի տպավորիչ դարձնելու համար միստր Սայքսը սպառնագին նայեց Օլիվերին, ապա շարունկեց․
― Որքան գիտեմ, եթե իրոք որևէ վտանգ պատահի, քեզնով հետաքրքրվող կամ քո ճակատագրով մտահոգվող մարդ չկա, հետևաբար, ես ոչնչով պարտավոր չէի այսքան ձանձրույթ հանձն առնել և այս ամենը բացատրել քեզ, եթե դա քո օգտի համար չլիներ։ Լսո՞ւմ ես։
Նենսին նշանակալից նայեց Օլիվերին և, ասես հոնքերի թեթև շարժումով կամենալով հասկացնել նրան, որ ուշադիր լսի իրեն, ասաց․
― Ամփոփելով այդ բոլորը, Սայքս, դու ուզում ես ասել, որ եթե Օլիվերը որևէ կերպ խանգարի քո գործը, դու ատրճանակով կկրակես ուղիղ նրա գլխին և միանգամ ըդմիշտ վերջ կտաս մատնություն անելու նրա ցանկությանը։ Դրանով դու քեզ կախաղան բարձրանալու վտանգին կենթարկես նաև նրա համար, ինչպես որ, քո աշխատանքի բերումով, զանազան գործերի համար դու այդ վտանգին ընդառաջ ես գնում քո ամբողջ կյանքում։
― Ա՛յ այդպես, ― աղջկա ասածին հավանություն տալով նկատեց Սայքսը։ ― Կանայք միշտ էլ ավելի քիչ բառերով կարող են արտահայտել իրենց միտքը, բացառությամբ, երբ ջղագրգռվում են։ Իսկ այդպիսի ժամանակ այնքան են երկարաբանում, որ նրանց խոսքերին վերջ չկա։ Ուրեմն, քանի որ լակոտը լրիվ ծանոթ է մեր պայմանին, մի բան ուտենք և, նախքան ճանապարհ ընկնելը, մի փոքր հանգստանանք։
Կատարելով ավազակի պատվերը, Նենսին իսկույն սփռոցը գցեց սեղանին և ներսից մի շիշ գարեջուր ու մի պնակ ոչխարի խաշած միս բերելով՝ դրեց մեջտեղը։ Այս առթիվ, միստր Սայքսը մի շարք զվարթ պատմություններ արեց՝ հիմնված այն տարօրինակ զուգադիպության վրա, որ «ջեմմիգ» բառը գողերի հատուկ ծածկալեզվով նշանակում էր ինչ֊որ ուտելիք, իսկ «ջեմմիգ» կոչվում էր նաև մի խորամանկորեն հնարված գործիք, որը շատ անհրաժեշտ էր նրա մասնագիտության մեջ։ Արդարև, արժանավոր ջենթլմենը, շուտով գործի անցնելու հեռանկարից ոգևորված, շատ բարձր տրամադրության մեջ էր։ Այդ կարելի է ապացուցել, այստեղ նշելով այն հանգամանքը, որ նա ամբողջ գարեջուրը միանգամից եռանդով ըմպեց և ճաշելիս ընդամենը միայն ութսուն անգամ հայհոյեց։
Ընթրիքից հետո, ― բնականաբար Օլիվերը համարյա ոչինչ չկարողացավ ուտել, ― միստր Սայքսը մի քանի բաժակ ջրախառն ոգելից ըմպելիք կոնծեց, ու, բազմաթիվ հայհոյանքներով նախազգուշացնելով Նենսիին, որ չմոռանա ուղիղ ժամը հինգին զարթեցնել իրեն, փռվեց անկողնու վրա։ Նույն աղբյուրից բխած հրամանով Օլիվերը առանց հանվելու պառկեց հատակին դրված մի խշտյակի վրա, իսկ աղջիկը, կրակը բորբոքելով, նստեց բուխարիկի առջև և լուռ սպասեց, որպեսզի որոշյալ ժամին նրանց արթնացնի։
Օլիվերը երկար ժամանակ արթուն մնաց, մտածելով, որ գուցե Նենսին իրեն նորանոր խորհուրդներ տալու համար այդ առիթին էր սպասում, բայց աղջիկը մտախոհ ու անշարժ մնաց կրակի առաջ, վեր կենալով միայն այն ժամանակ, երբ հարկավոր էր լինում մոմի պատրույգը մաքրել։ Վերջապես, սպասումից ու անձկությունից հոգնած, երեխան քուն մտավ։
Երբ զարթնեց, նախաճաշի սեղանը պատրաստ էր, և Սայքսը զանազան առարկաներ էր տեղավորում աթոռի հենակից կախված վերարկուի գրպանները։ Նենսին զբաղված էր նախաճաշ պատրաստելու գործով։ Օրը դեռ լուսացած չէր, քանի որ մոմը դեռևս վառվում էր, և դրսում խավարը թանձր էր տակավին։ Անձրևն ուժգնությամբ խփում էր լուսամուտների փեղկերին, և երկինքը մռայլ ու ամպամած էր երևում։
― Ուրեմն, ― մռլտաց Սայքսը, մինչ Օլիվերը ցնցվելով վեր ցատկեց տեղից։ ― Հինգ անց կես է։ Շտապի՛ր, այլապես նախաճաշից կզրկվես, առանց այդ էլ ուշ է արդեն։
Օլիվերը երկար ժամանակ չվատնեց արդուզարդի համար։ Մի քիչ բան ուտելուց հետո, Սայքսի խիստ հարցումին ի պատասխան ասաց, որ ինքը լրիվ պատրաստ է։
Նենսին, հազիվ նայելով տղային, վզին փաթաթելու համար հեռվից մի թաշկինակ նետեց նրան, իսկ Սայքսը մի լայն, հաստ թիկնոց տվեց, որ ուսերին գցի, և այդպես հարդարված՝ նա ձեռքը մեկնեց ավազակին։ Վերջինս մի րոպե կանգ առավ, սպառնական շարժումով վերարկուի գրպանը շոշափեց, ցույց տալու համար, որ այն նույն ատրճանակը իր մոտ է գտնվում, ապա ամուր բռնեց նրա ձեռքից և, Նենսիին հրաժեշտ տալով, ուղղվեց դեպի դուռը։
Քսանմեկերորդ գլուխ
Արշավանքը
Երբ նրանք փողոց դուրս եկան, ուժեղ քամի էր ու սաստիկ անձրև, և գորշ, լեռնացող ամպերը կանխագուշակում էին փոթորիկ։ Գիշերվա տեղատարափ անձրևը լցվել էր փողոցները, և ամենուրեք ջրի լճակներ էին գոյացել։ Ջրատար առուները հորդում էին։ Հորիզոնում ծավալվող դժգույն շողերը, որոնք գալիք օրվա մասին էին խոսում, ոչ թե ցրում էին տեսարանի մռայլությունը, այլ ավելի էին շեշտում, և նվաղուն լույսը ծառայում էր միայն է՛լ ավելի դալկացնելու դրսում վառվող լապտերների ցոլքը, առանց որևէ ջերմություն սփռելու ջրաթաթախ տանիքների ու ամայի փողոցների վրա։ Քաղաքի այդ մասում ոչ մի շարժում չէր նկատվում, տների լուսամուտները ամուր փակված էին, և փողոցները, որտեղից նրանք անցնում էին, լուռ էին ու թափուր։
Երբ հասան Բեթնել Գրին պողոտան, օրը համարյա լուսացել էր, և լապտերներից շատերը արդեն հանգել էին։ Մի քանի գյուղական սայլեր դանդաղորեն ընթանում էին դեպի Լոնդոն։ Երբեմն ցեխաթաթախ մի փոստակառք ճռնչալով՝ շտապ անցնում էր նրանց կողքով, և կառապանը, մտրակի մի հարված իջնեցնելով ծանրաշարժ սայլապանին, բողոքում էր նրա դեմ, որ երթևեկության կանոնները խախտելով և փողոցի սխալ կողմից գնալով՝ սահմանված ժամից քառորդ րոպե ուշ գրասենյակ հասնելու վտանգին էր ենթարկում իրեն։ Գազով լուսավորված գինետները արդեն բացվել էին։ Աստիճանանբար ուրիշ խանութներ ևս բացվեցին, և սկսեցին հատուկենտ մարդիկ երևալ։ Հետո եկան աշխատանքի գնացող բանվորների խմբեր, ապա գլուխներին ձկան տակառներ դրած տղամարդիկ և կանայք։ Նրանց հաջորդեցին բանջարեղեններով բեռնավորված իշասայլեր, անասուններով կամ հսկա մսակույտերով բեռնված երկանիվ կառքեր, կաթնավաճառ կանայք՝ դույլերով, և այսպես մարդկանց մի անվերջ շարան, որոնք զանազան մթերքներ առած, հազիվհազ ճամապարհ գտնելով, գնում էին դեպի արևելյան արվարձանները։ Երբ նրանք մոտեցան Սիթիին, աղմուկը և երթևեկությունը աստիճանաբար ավելացան, իսկ Շորդիչի ու Սմիթֆիլդի միջև գտնվող փողոցներով անցնելիս իրարանցումն ու ժխորը արդեն հասել էին իրենց գագաթնակետին։
Սան Սթրիթ և և Քրաուն Սթրիթ փողոցներով իջնելով և հանդիպակաց Ֆինսբերգի հրապարակը ճեղքելով, միստր Սայքսը թեքվեց Չիզվել փողոցով դեպի Բաբիկեն, անտեղից ընթացավ դեպի Լոնդոն Լեյն և ապա Սմիթֆիլդ։ Այս վերջին տեղից այնպիսի խլացուցիչ ու աններդաշնակ ձայների արձագանքներ լսվեցին, որ Օլիվեր Թվիստը բոլորովին ապշեց։
Շուկայական առավոտ էր։ Գետինը ծածկված էր գրեթե մինչև սրունքները հասնող կեղտով ու տիղմով։ Խոշոր եղջերավոր անասունների մարմիննրից շարունակ բարձրացող թանձր գոլորշին, միախառնվելով տների կատարներին նստած մառախուղի հետ, ծանր զանգվածով կախվել էր վերևից։ Ընդարձակ հրապարակի կենտրոնում գտնվող փարախները և էլի նույնքան թվով ժամանակավոր փարախներ, որ հնարավոր էր խցկել բաց տարածության մեջ, լիքն էին ոչխարներով և այլ եղջերավոր անասուններով։ Իսկ ակոսների եզրին, սյուներին կապված երևում էին եզների անվերջ շարաններ։ Գյուղացիներ, մսավաճառներ, խաշնարածներ, փերեզակներ, տղաներ, գողեր, անգործեր, ցածր խավի դատարկապորտներ, բոլորը շաղախվել էին մի զանգվածի մեջ։ Խաշնարածների սուլոցը, շների հաչոցը, եզների բառաչը, ոչխարների մայունը, խոզերի խռնչյունը, փերեզակների կանչերը, բոլոր կողմերից լսվեղ ճիչերն ու անեծքները, յուրաքանչյուր գինետնից դուրս հորդող որոտային ձայներն ու զանգակների զնգոցները, կռիվները, խճողումը, հրմշտուքը, քաշքշուկը, ծեծվուտքը, հիշոցներն ու աղաղակները, ահռելի ու աններդաշնակ ժխորը, որ արձագանք էր տալիս շուկայի ամեն մի անկյունից, և խաժամուժի միջից շարունակ դես֊դեն վազող չլվացված, չսափրված, պիղծ ու կեղտոտ մարդկանց կերպարանքները այնպիսի շփոթ ու խառնակ տեսարան էին ներկայացնում, որ բոլորովին շշմեցուցիչ էր։
Միստր Սայքսը, Օլիվերին քարշ տալով իր հետևից, արմունկով ճանապարհ բաց արեց և անցավ բազմության ամենախճողված մասով։ Նա համարյա ուշք չդարձրց այն բազմաթիվ պստկերներին ու ձայներին, որոնք այդքան մեծ զարմանք էին պատճառում Օլիվերին։ Նա միայն մի քանի անգամ գլխով բարևեց մի շարք ծանոթների և, մերժելով նրանց խմիչքով հյուրասիրվելու հրավերները, հաստատորեն շարունակեց իր ճամփան, մինչև ժխորը բոլորովին անլսելի դարձավ և նրանք Հոզյեր Լեյնով հասան Հոլբորն։
― Այժմ, լակո՛տ, ― ասաց Սայքսը՝ նայելով Ս․ Անդրեաս եկեղեցու ժամացույցին, ― ժամը գրեթե յոթն է։ Դու պետք է ավելի արագ քայլես։ Դե՛, ի՞նչ ես դանդաղում, անպե՛տք ծույլ։
Խոսելիս միստր Սայքսը իր փոքրիկ ուղեկցի ձեռքը ցնցեց, և Օլիվերը ավազակի հետ միասին ընթանալու համար ստիպված եղավ համարյա վազել նրա կողքով։
Նրանք շարունակեցին այս ընթացքով քայլել մինչև Անցան Հայդ Պարկ Քորները։ Քենսիգթոնի ճանապարհին էին, երբ Սայքսը դանդաղեցրեց իր քայլերը։ Հետևից գալիս էր ինչ֊որ դատարկ սայլ, որի վրա գրված էր «Հաունսլո»։ Երբ սայլը հավասարվեց նրանց, Սայքսը հնարավոր եղածի չափ քաղաքավարություն կեղծելով՝ սայլապանին հարցրեց, թե արդյոք չէ՞ր կարող նրանց տանել մինչև Այլվերթ։
― Բարձրացե՛ք, ― ասաց մարդը։ ― Այդ ձեր տղա՞ն է։
― Այո՛, իմ տղան է, ― պատասխանեց Սայքսը՝ խստությամբ Օլիվերին նայելով և ձեռքը սպառնական դնելով այն գրպանի մեջ, որտեղ ատրճանակն էր գտնվում։
― Քո հայրը շատ արագ է քայլում, այնպես չէ՞, տղաս, ― հարցրեց սայլապանը տեսնելով, որ Օլիվերը շնչասպառ էր։
― Բոլորովին, ― պատասխանեց Սայքսը ընդմիջելով, ― նա սովոր է դրան։ Դե՛, ձեռքս բռնիր, Նեդ, և վեր բարձրացիր։
Այս ասելով՝ ավազակը Օլիվերին սայլի վրա բարձրացրեց։ Սայլապանը, մատնացույց անելով պարկերի մի կույտ, ասաց տղային, որ պառկի դրանց վրա ու հանգստանա։
Անցնելով բազմաթիվ մղոնաքարերի կողքից, Օլիվերը ավելի ու ավելի զարմացավ և սկսեց մտածել, թե իր ուղեկիցը արդյոք ո՞ւր էր ծրագրում տանել իրեն։ Քենսինգթոն, Համմերսմիթ, Չիզվիք, Քյու Բրիջ, Բրենդֆորդ, բոլորը անցել էին և դեռևս շարունակում էին գնալ այնքան համառորեն, ասես հենց նոր էին սկսել իրենց ճանապարհորդությունը։ Վերջապես հասան «Կառք և ձիեր» կոչված մի պանդոկ, որից մի քիչ այն կողմ խճուղին ճյուղավորվում էր, և այստեղ սայլը կանգ առավ։
Սայքսը, ամբողջ ժամանակ Օլիվերի ձեռքից բռնած, ծայրահեղ արագությամբ ցած իջավ սայլից և, ահռելի մի հայացք գցելով նրա վրա, մյուս ձեռքը նշանակալից դրեց գրպանը։
― Գնաս բարով, ա՛յ տղա, ― ասաց մարդը։
― Նա կամակորի մեկն է, ― պատասխանեց Սայքսը, մի լավ ցնցելով տղային, ― կամակորի մեկն է, մի իսկական լակոտ։ Ուշդրություն մի՛ դարձնի նրան։
― Ի՜մ ինչ գործն է։ Հիանալի օր է, վերջ ի վերջո, ― ասաց մարդը և բարձրանալով իր սայլը՝ քշեց֊գնաց։
Սայքսը սպասեց մինչև սայլը բոլորովին անհետացավ, Օլիվերին ասաց, որ այժմ կարող է շուրջը դիտել, եթե ցանկանում է և շարունակեցին իրենց ճանապարհը։
Նրանք թեքվեցին դեպի ձախ, պանդոկից քիչ այն կողմ, ապա՝ դեպի աջ և երկար քայլեցին։ Ճանապարհի երկայնքով ձգվել էին ընդարձակ պարտեզներ և շքեղ տներ, բայց նրանք ոչ մի տեղ կանգ չառան (բացառությամբ մի ինչ֊որ կրպակի, որտեղ մի քիչ գարեջուր խմեցին), և բավական քայլելուց հետո վերջապես հասան մի փոքրիկ քաղաք։ Քաղաքում Օլիվերը տեսավ, որ տներից մեկի վրա մեծ, գեղեցիկ տառերով գրված էր «Հեմփթոն»։
Մի քանի ժամ դաշտերում թափառելուց հետո քաղաք վերադարձան և մտնելով ջնջված ցուցատախտակով մի խարխուլ պանդոկ, նստեցին խոհանոցի օջախի առաջ և ճաշի պատվեր տվեցին։
Խոհանոցը խարխլված մի սենյակ էր, որի ցածր առաստաղի մի մասից մյուսը մի հաստ գերան էր դրված։ Կրակի մոտ կային բարձր թիկնակներով նստարաններ, որոնց վրա աշխատանքային շապիկներով մի քանի կոպիտ մարդիկ նստած խմում էին ու ծխում։ Նրանք Օլիվերին համարյա չնկատեցին, իսկ Սայքսին շատ քիչ ուշադրություն դարձրին, և քանի որ Սայքսն էլ իր հերթին նրանցով չհետաքրքրվեց, հետևաբար, նա և իր փոքրիկ ուղեկիցը նստեցին մի անկյունում, առանց շատ նեղվելու այդ խմբի ներկայությունից։
Ընթրելուց հետո նրանք այնքան մնացին այնտեղ, մինչ միստր Սայքսը երեք֊չորս գլանակ ծխեց, որ Օլիվերին թվաց, թե էլ ոչ մի տեղ չէին գնալու։ Առավոտ վաղ զարթնելուց և երկար քայլելուց հոգնած, նա սկզբում մի քիչ մրափեց, բայց շուտով ծխախոտի ծուխը և հոգնաբեկությունը հաղթահարեցին նրան, և նա ընկղմվեց խոր քնի մեջ։
Բոլորովին մութ էր, երբ Սայքսը մշտելով արթնացրեց նրան։ Հազիվ սթափվելով, երբ շուրջը նայեց, տեսավ, որ այդ արժանավոր ջենթլմենը շատ մտերմորեն խոսում էր ինչ֊որ բանվորի հետ, և երկուսով գարեջուր էին խմում։
― Ուրեմն Ներքին Հելլիֆորդ եք գնում, այդպե՞ս է, ― հարցրեց Սայքսը։
― Այո՛, ― պատասխանեց մարդը, որը խմիչքի հետևանքով իրեն մի քիչ ավելի վատ, թե ավելի լավ էր զգում, նայած պարագային։ ― Իմ ձին այժմ ծանրաբեռնված էլ չէ, ինչպես առավոտյան, երբ գալիս էինք, հետևաբար մեզ շատ շուտով տեղ կհասցնի։ Դե՛, ձիուս կենացը։ Ուռա՜, ինչ հրաշալի ձի ունեմ։
― Դու կարո՞ղ ես ինձ և տղայիս տանել մինչև այնտեղ, ― հարցրեց Սայքսը, գարեջուրը հրելով դեպի իր նոր բարեկամը։
― Եթե հենց հիմա գնում եք, կարող եմ, ― պատասխանեց մարդը, գարեջուրը խմելիս իր զրուցակցին նայելով։ ― Իսկ դուք Հելլիֆո՞րդ եք գնում։
― Շեփփերթոն, ― պատասխանեց Սայքսը։
― Ես իսկ և իսկ այն մարդն եմ, որը կարող է ձեզ օգտակար լինել, ― պատասխանեց մարդը։ ― Բոլորը վճարվա՞ծ է, Բեքի։
― Այո՛, մյուս ջենթլմենը վճարեց, ― պատասխանեց սպասարկող աղջիկը։
― Վա՛հ, ― ասաց մարդը հարբածի լրջությամբ, ― այդ արդեն չեղավ, գիտե՜ք։
― Իսկ ինչո՞ւ չեղավ, ― առարկեց Սայքսը։ ― Քանի որ դու մեր գործը հեշտացնելու ես, ես էլ փոխարենը մի քանի փայնթ խմիչքով կհյուրասիրեմ քեզ, ի՛նչ կա որ։
Անծանոթը այս առարկության մասին մի պահ խորհրդածելուց հետո, հանկարծ Սայքսի ձեռքը բռնեց և ասաց, որ շատ սքանչելի մարդ է, իսկ Սայքսը, պատասխանելով նրան, ասաց, որ երևի կատակում է, քանի որ, եթե հարբած չլիներ, լուրջ տվյալներ կունենար հավատալու, որ ինքն այդպիսին էր։
Մի քանի հաճոյախոսություններ ևս փոխանակելուց հետո նրանք խմեցին բարի գիշեր մաղթեցին ու դուրս եկան։ Սպասարկող աղջիկը, ամաններն ու բաժակները ձեռքին, գնաց մինչև դուռը՝ տեսնելու, թե ինչպես են ուղևորվում։
Ձին, որի կենացը խմել էին նրա բացակայությամբ, սայլին լծված՝ պատրաստ սպասում էր դրսում։ Օլիվերը և Սայքսը, առանց ավելորդ ձևականությունների, նստեցին սայլի մեջ, իսկ ձիու տերը պանդոկի ձիապանին ու ամբողջ աշխարհին քարոզ կարդալուց հետո, որ իր ձիու նմանը չկա, ինքը ևս բարձրացավ սայլը։
Բայց երևելի ձին, նախքան ճանապարհվելը, գլուխը արհամարհական ճոճեց օդի մեջ, ճամփին պատահած գինետների լուսամուտներին խփվեց և, բազմաթիվ այլ շահատակություններ անելուց և մի պահ հետևի ոտքերի վրա խրոխտաբար կանգնելուց հետո, վերջապես սկսեց քառասմբակ արշավել և այս հերոսական ձևով դուրս եկավ քաղաքից։
Խավար գիշեր էր։ Գետից և շրջակայքի ճահիճներից բարձրացող խոնավ մշուշը տարածվում էր ամայի դաշտերի վրա։ Խայթող ցուրտ էր միաժամանակ, և ամեն ինչ մռայլ էր ու տխուր։ Նրանք լուռ էին, որովհետև կառապանի քունը տանում էր, իսկ Սայքսը խոսելու ցանկություն չուներ։ Օլիվերը շփոթված սահմռկած, կծկվել֊նստել էր սայլի մի անկյունում։ Նրան այնպես էր թվում, որ ծառերի արանքներում ինչ֊որ խորհրդավոր ստվերներ էին պարում, և ահավոր հանդիսավորությամբ ետ ու առաջ շարժվող ճյուղերը ասես դիվային խրախճանքի մեջ էին տեսարանի ամայությունից։
Սանբերի եկեղեցու մոտով անցնելիս յոթը խփեց։ Փողոցի հանդիպակաց կողմից լաստավարի պատուհանից լույսը թափանցում էր դուրս և, ձգվելով ճամփի երկայնքին, ավելի թախծոտ տեսք էր տալիս խավարի մեջ ուրվագծված ինչ֊որ գորշ կարմրածառի, որի տակ շիրիմներ կային։ Ու շատ հեռվից լսվում էր գահավիժող ջրի խուլ խշշոց, և հնամենի ծառի տերևները գիշերվա զեփյուռից մեղմորեն օրորվում էին։ Ասես քաղցրալուր մեղեդի լիներ ննջեցյալների անդորության համար։
Անցնելով Սանբերին, նրանք դարձայլ ամայի խճուղի դուրս եկան։ Մի քանի մղոն ևս գնալուց հետո սայլը կանգ առավ։ Սայքսը իջավ ցած, բռնեց Օլիվերի ձեռքից և նրանք նորից սկսեցին քայլել։
Շեփփերթոնում նրանք ոչ մեկի տունը չգնացին, ինչպես հոգնաբեկ տղան ակնկալում էր։ Ցեխի և խավարի միջով, մթին կածաններով և տափաստանային մութ բացատներով երկար քայլելուց հետո վերջապես ինչ֊որ քաղաքի լույսեր երևացին։ Ուշադիր դեպի առաջ նայելով, Օլիվերը տեսավ, որ գետը ճիշտ իրենց ներքևումն էր, և որ իրենք ինչ֊որ կամրջի են մոտենում։
Սայքսը դեռևս համառորեն շարունակում էր քայլել, մինչև հասան կամրջին, ապա հանկարծ թեքվելով դեպի ձախ՝ սկսեց գետի եզերքով առաջանալ։
― Ջո՜ւրը, ― մտածեց Օլիվերը, վախից թուլանալով։ ― Ինձ սպանելու համար է բերել այս ամայի վայրը։
Նա պատրաստվում էր ծունկի գալ և իր մատաղ կյանքի համար շնորհ հայցել ավազակից, երբ վերջինը կանգ առավ խարխուլ ու մենավոր մի տան առջև, որի ավերված մուտքի յուրաքանչյուր կողմում կար մի լուսամուտ։ Թաձր խավարի մեջ թաղված և բոլորովին փլատակ այդ տունը անմարդաբնակ էր թվում։ Բայց Սայքսը, դեռևս ամուր բռնած Օլիվերի ձեռքից, մոտեցավ ծանր արտագավթին և նիգը քաշեց։ Դուռը անաղմուկ բացվեց, ու նրանք երկուսով ներս գնացին։
Քսաներկուերորդ գլուխ
Կողոպուտը
― Հալլո՜, ― լսվեց մի թավ, խռպոտ ձայն, հենց որ միջանցք մտան։
― Ի՞նչ ես այդքան աղմկում, ― ասաց Սայքսը, դռան նիգը ամրացնելով։ ― Մի ճրագ բեր, Թո՛բի։
― Աա՜, ընկե՜րս, ― լսվեց նույն ձայնը։ ― Մի ճրագ բեր, Բարնի, մի ճրագ։ Ջենթլմենին ներս առաջնորդիր, Բա՛րնի, և մանավանդ զարթնիր, եթե, իհարկե համգիստդ չի՛ խանգարվի։
Թվաց, թե այս բառերն արտասանողը մի բան շպրտեց քնածի վրա, նրան արթնացնելու համար, որոտվհետև ինչ֊որ փայտյա իր ուժգին թըմփաց հատակին, և լսվեցին անհասկանալի քրթմնջոցներ, ասես մեկը խոսելիս լիներ կես֊քուն, կես֊արթուն վիճակում։
― Լսո՞մ ես, ― գառաց նույն ձայնը։ ― Ահա Բիլլ Սայքսը միջանցքումն է, և նրան հյուրասիրող չկա, իսկ դու այնքան խորն ես քնել, ասես ճաշիդ հետ ափիոն ես ընդունել։ Լրիվ սթափվելո՞ւ ես, թե այս երկաթե մոմակալն էլ գործի դնեմ։
Ի պատասխան այս հարցի, կիսամաշ կոշիկներ հագած մի զույգ ոտքեր սահեցին սենյակի մերկ հատակի վրայով, և աջ կողմում գտնվող ինչ֊որ դռնից երևաց նախ մի աղոտ մոմի լույս, ապա կերպարանքը այն մարդու, որը նախապես նկարագրված է որպես քթից խոսելու տկարությամբ տառապող մարդ, և որը Սաֆրոն Հիլլի գինետանը պաշտոնավարում էր որպես մատուցող։
― Բիստր Սա՜յքս, ― ճշմարիտ, թե կեղծված ուրախությամբ բացականչեց Բարնին, ― հաբեցե՜ք, սըր հաբեցե՜ք։
― Է՛յ, նախ դու անցիր, ― ասաց Սայքսը՝ Օլիվերին իրենից առաջ ներս հրելով։ ― Արա՛գ շարժվիր, թե չէ հիմի ոտքերդ կտրորեմ։
Դանդաղաշարժության համար Օլիվերի հասցեին մի հայհոյանք քրթմնջալով՝ Սայքսը տղային հրեց առաջ, և նրանք մտան ինչ֊որ ցածր, մթին սենյակ։ Սենյակում կային երեք ջարդված աթոռ, մի սեղան և մխացող կրակի մոտ մի չափազանց հին բազմոց, որի վրա ամբողջ հասակով մեկ տարածված էր ոտքերը գլխից շատ ավելի բարձր դրած մի մարդ և կավե երկայն ծխամորճ էր ծխում։ Նա հագել էր մետաղյա խոշոր կոճակներով ծխախոտագույն բարեձև պիջակ, նարնջագույն վզկապ, խայտաբղետ բաճկոն և գորշ գույնի տաբատ։ Միստր Քրեքիթը (որովհետև այդ նա էր), ո՛չ գլխի և ո՛չ էլ դեմքի վրա մեծ քանակությամբ մազեր չուներ, բայց այն քիչը, որ ուներ, կարմրավուն էր և կախված էր ուսերին կլորավուն խոպոպներով, որոնց մեջ նա, ժամանակ առ ժամանակ, խրում էր հասարակ, խոշոր մատանիներով զարդարված շատ կեղտոտ մատները։ Միջահասակից փոքր֊ինչ բարձր էր նա, և կարծես թե սրունքները այնքան էլ ամուր չէին, բայց այս պարագան բոլորովին չէր խանգարում հիանալու իր երկարավիզ կոշիկներով, որոնք, այնպես ինչպես դրվել էին բարձր դիրքով, առիթ էին տալիս նրան մեծ բավականությամբ դիտելու դրանք։
― Բի՜լլ, տղա՜ս, ― ասաց այս անձնավորությունը՝ գլուխը շրջելով դեպի դուռը, ― ուրախ եմ քեզ տեսնելու համար։ Արդեն սկսել էին մտածել, որ հրաժարվել ես գործից․ այդ դեպքում ես պետք է մենակ ձեռնարկեի։ Հալլո՜։
Միստր Թոբի Քրեքիթը, Օլիվերին նկատելով, զարմանքի այս բացականչությամբ իսկույն նստած դիրք ունդունեց և անհամբեր հարցեց, թե ո՛վ է։
― Այս տղան։ Միայն այս տղան, ― աթոռը կրակին մոտեցնելով՝ պատասխանեց Սայքսը։
― Բիստր Ֆեգինի լակոտդերից բեկը, ― բացականչեց Բարնին նշանակալի ժպտալով։
― Ֆեգինի, հա՞, ― ձայնեց Թոբին՝ Օլիվերին նայելով։ ― Եկեղեցում պառավ լեդիների գրպանների համար որքան հարմար տղա է նա։ Դեմքի անմեղ արտահայտությունը մեծամեծ հաջողությունների կարող է հասցնել նրան։
― Դե՛, դե՛, բավական է, ― ընդհատեց Սայքսը նեղսրտությամբ և կռանալով՝ ինչ֊որ բաներ փսփսաց ընկերոջ ականջին, որի վրա միստր Քրեքիթը շռնդալից ծիծաղեց և երկար ու սևեռուն հայացքով, զարմացած նայեց Օլիվերին։
― Այժմ, ― ասաց Սայքսը, դարձյալ իր տեղը նստելով, ― քանի դեռ սպասում ենք, մեզ ուտելու և խմելու բան տվեք, որպեսզի աշխուժանանք, կամ, համենայն դեպս, գոնե ես աշխուժանամ։ Մոտեցի՛ր կրակին և հանգստացիր, լակո՛տ, որովհետև մեզ հետ նորից դուրս ես գալու այս գիշեր, թեև այս անգամ շատ հեռու չենք գնալու։
Օլիվերը լուռ զարմանքով ու ահաբեկված նայեց Սայքսին և, ցածր աթոռակը մոտեցնելով, ցավող գլուխը ձեռքերի մեջ առած նստեց, հազիվ կռահելով, թե որտեղ է գտնվում կամ ինչ է կատարվում իր շուրջը։
― Դե՛, մեր գործի հաջողության կենացը, ― ասաց Թոբին, երբ երիտասարդ հրեան մի շիշ խմիչք դրեց սեղանին։ Ի պատիվ այս կենացի, նա վեր կացավ տեղից, ծխամորճը զգուշությամբ մի անկյունում դատարկելով՝ մոտեցավ սեղանին և մի բաժակ խմիչք լցնելով, միանգամից կուլ տվեց։ Նույնը արեց և միստր Սայքսը։
― Այս մի ումպն էլ տղայի համար, ― ասաց Թոբին, գինու բաժակի կեսը լցնելով։ ― Դե՛, կոնծի՛ր, անմեղությո՛ւն։
― Իսկապես, ― ասաց Օլիվերը, ողբալի տեսքով մարդու դեմքին նայելով, ― իսկապես ե՜ս․․․
― Դե, կոնծի՛ր, ― ձայնեց Թոբին։ ― Դու կարծում ես, ես չգիտե՞մ ինչն է լավ քեզ համար։ Բի՛լլ, ասա՜ թող խմի։
― Լավ կանես, որ իսկույն կոնծես, ― ասաց Սայքսը, ձեռքը խփելով գրպանին։ ― Գրողը տանի, սա ավելի մեծ փորձանք է մեր գլխին, քան ստահակների մի ամբողջ բանակ։ Դե՛, խմի՛ր, կամակոր սատանի ճուտ, խմի՛ր։
Օլիվերը, երկու մարդկանց սպառնալից շարժուձևերից սարսափած, արագությամբ կուլ տվեց բաժակի պարունակությունը և անմիջապես սկսեց սաստիկ հազալ։ Այս երևույթը մեծապես զվարճացրեց Թոբի Քրեքիթին ու Բարնիին, և նույնիսկ խոժոռադեմ միստր Սայքսը թեթև ժպտաց։
Երբ Սայքսը իր ստամոքսը լցնելու գործը ավարտեց (Օլիվերը ոչինչ չկարողացավ ուտել, բացի մի կտոր հացից, որ նա հարկադրանքով կուլ տվեց), երկու մարդիկ կարճ ժամանակով մրափելու համար, ընկողմանեցին աթոռների վրա։ Օլիվերը մնաց իր տեղում, իսկ Բարնին, փաթաթվելով մի ծածկոցի մեջ, հենց կրակի մոտ պառկեց հատակին։
Եվ նրանք այսպես միառժամանակ քնեցին, կամ ձևացրին, թե քնեցին։ Բացի Բարնիից, որը մի քանի անգամ վեր կացավ կրակը նորոգելու, ուրիշ ոչ մեկը չշարժվեց տեղից։ Օլիվերին պատեց ծանր թմբիր, և նրան այնպես թվաց, որ մոլորված քայլում է մթին կածաններով, կամ թափառում եկեղեցու մռայլ գերեզմանատան մեջ, կամ վերապրում է օրվա դեպքերը, երբ Թոբի Քրեքիթը, հանկարծ տեղից վեր ցատկելով և ասելով, որ ժամը մեկն անց կեսն է, արթնացրեց նրան։
Մի ակնթարթում մյուս երկուսը վեր թռան իրենց տեղից և սկսեցին պատրաստություններ տեսնել։ Սայքսը և ընկերը իրենց վիզն ու կզակը փաթաթեցին երկայն, սև շարֆերով և վերարկուները հագան։ Բարնին մի ինչ֊որ պահարան բացելով, դուրս բերեց մի շարք իրեր և հալճեպով կոխեց գրպանները։
― Ինձ համար «հաչոցներ» են հարկավոր, Բարնի, ― ասաց Քրեքիթը։
― Վերցրու, ― պատասխանեց Բարնին՝ պահարանից մի զույգ ատրճանակ դուրս բերելով։ ― Ի՛նքդ ես լցրել դրանք։
― Լավ, ― ասաց Թոբին, ատրճանակները գրպանում թաքցնելով։ ― Իսկ մյուս զենքերը որտե՞ղ են։
― Ինձ մոտ են, ― պատասխանեց Սայքսը։
― Աքցաններ, կեղծ բանալիներ, գայլիկոններ, լապտերներ, բոլորը վերցրե՞լ ենք, ոչինչ չե՞նք մոռացել, ― վերարկուի քղանցի ներսի կողմում գտնվող օղակին ինչ֊որ լծակ ամրացնելով, հարցրեց Թոբին։
― Ամեն ինչ վերցված է, ― ասաց ընկերը։ ― Բա՛րնի, այդ մահակները բեր այստեղ․ արդեն ժամանակն է։
Բարնին, ձեռքում գտնվող հաստ գավազաններից մեկը Սայքսին, իսկ մյուսը Թոբիին հանձնելով, սկսեց Օլիվերի թիկնոցը հագցնել ու կոճկել։
― Օ՛ն, ուրեմն, ― ասաց Սայքսը՝ ձեռքը մեկնելով։
Օլիվերը, որն այս անսովոր վարժությունից, հեղձուձիչ օդից ու հարկադրաբար խմած ըմպելիքի ազդեցությունից բոլորովին շշմած էր, ձեռքը մեքենաբար երկարեց Սայքսին։
― Մյուս ձեռքից էլ դու բռնի, Թս՛բի, ― ասաց Սայքսը։ ― Բա՛րնի, իմացիր, դրսում ինչպես է դրությունը։
Բարնին գնաց դեպի դուռը և վերադառնալով հայտարարեց, թե անհանգստանալու ոչինչ չկար։ Այս հավաստիացումից հետո երկու ավազակները, Օլիվերին իրենց մեջտեղն առած, դուրս եկան տանից։ Բարնին, դռները ապահով փակելուց հետո, առաջվա նման փաթաթվեց ծածկոցի մեջ ու շուտով քնեց։
Խավարը սաստիկ թանձրացել էր, մշուշը շատ ավելի խտացել էր, քան գիշերվա սկզբնական ժամերին, և մթնոլորտը այնքան խոնավ էր, որ թեև չէր անձրևում, այնուամենայնիվ տանից դուրս գալուց մի քանի րոպե հետո չորս կողմը ծփացող սառը խոնավությունից Օլիվերի մազերն ու հոնքերը փայտացան։ Կամուրջը անցնելով՝ նրանք ուղղվեցին դեպի այն լույսերը, որ նա առաջ տեսել էր։ Արդեն շատ ճանապարհ չէր մնացել և քանի որ բավականին արագ էին քայլում, նրանք շուտով հասան Չերթսի։
― Ուղիղ քաղաքի միջով անցիր, ― շշնջաց Սայքսը, ― գիշերվա այս ժամին մեզ խանգարող չի լինի։
Թոբին հավանություն տվեց, և նրանք արագաքայլ անցան այդ փոքրիկ գյուղաքաղաքի կենտրոնական փողոցով, որը այդ ուշ ժամին բոլորովին ամայի էր։ Մերթ ընդ մերթ որևէ ննջասենյակի լուսամուտից մի աղոտ լույս էր պլպլում, և երբեմն շների խռպոտ հաչոցները խզում էին գիշերվա լռությունը, բայց փողոցներում ոչ ոք չկար։ Քաղաքը բոլորովին դատարկվել էր, հենց որ եկեղեցու զանգակը խփել էր ժամը երկուսը։
Արագացնելով իրենց քայլերը, նրանք թեքվեցին դեպի ձախ և մատովորապես քառորդ մղոն քայլելուց հետո, կանգ առան մեկուսացած ու պարսպապատ մի տան առջև։ Թոբի Քրեքիթը, առանց մի րոպե իսկ հանգստանալու մի ակնթարթում մագլցեց այդ պարիսպն ի վեր։
― Տղային բարձրացրո՛ւ, ես կբռնեմ նրան, ― ասաց Թոբին։
Օլիվերը տակավին ժամանակ չէր ունեցել շուրջը նայելու, երբ Սայքսը նրան գրկելով դրեց պարսպի մյուս կողմը։ Մի քանի րոպե, և Թոբի Քրեքիքթի հետ նա արդեն պառկած էր խոտերին։ Սայքսը անմիջապես միացավ նրանց, և նրանք մեծ զգուշությամբ ու գաղտագողի սկսեցին առաջանալ դեպի տունը։
Վշտից ու սարսափից համարյա խելակորույս Օլիվերը առաջին անգամ գլխի ընկավ, որ այս արշավանքի նպատակը գողությունն էր, կողոպուտը և գուցե նույնիսկ մարդասպանությունը։ Նա ձեռքերը սեղմեց իրար ու զարհուրած մի ճիչ արձակեց։ Աչքերը հանկարծ մթագնեցին, կապարագույն դեմքը ծածկվեց սառը քրտինքով, ոտքերը թուլացան, և նա ընկավ ծնկների վրա։
― Վե՛ր կաց, ― մրմնջաց Սայքսը՝ զայրույթից դողալով և ատրճանակը գրպանից դուրս քաշելով։ ― Վե՛ր կաց, թե չէ հիմա ուղեղդ ցրիվ կտամ խոտերի վրա։
― Օ՜հ, աստծու սիրուն, թողե՛ք ինձ գնամ, ― ճչաց Օլիվերը, ― թողե՛ք փախչեմ և մեռնեմ դաշտերում։ Էլ երբեք Լոնդոնի մոտերքը չեմ գա, երբե՜ք, երբե՜ք։ Օ՜հ, խնդրում եմ, գթացե՛ք ինձ և մի՛ ստիպեք, որ գողություն անեմ։ Երկնքում գտնվող բոլոր պայծառ հրեշտակների անունով խնդրում եմ ձեզնից, գթացե՛ք ինձ։
Մարդը, որին ուղղված էին այս աղերսները, ահռելի մի հայհոյանք արձակեց և, ատրճանակը պատրաստած, այն է՝ ուզում էր կրակել, երբ Թոբին զենքը խլեց նրանից և ձեռքով ծածկելով տղայի բերանը՝ նրան դեպի տուն քարշ տվեց։
― Հանդա՜րտ, ― գոչեց մարդը, ― այդպիսի բաների տեղը չէ։ Համարձակվիր մի բառ էլ արտասանել, և քո հաշիվը իմ ձեռքով կմաքրեմ՝ գլուխդ երկուսի ճեղքելով։ Այդ առանց աղմուկի է լինում և նույնքան վստահելի միջոց է, որքան մյուսը, նամանավանդ՝ ավելի բարեկիրթ։ Դե՛, Բիլլ, փեղկերը բաց արա։ Այժմ նա բավականին սրտապնդված է, հավատացնում եմ։ Ես տեսել եմ նրանից ավելի հասակով մարդկանց, որոնք այսպիսի ցուրտ գիշերով ավելի լավ վիճակում չեն եղել։
Անասելի անեծքներ տեղալով Ֆեգինի գլխին, որ նման հանձնարարության համար Օլիվերին էր ուղարկել, Սայքսը սկսեց ուժով, բայց համարյա անձայն, լծակը աշխատեցնել։ Փոքր անց, Թոբիի միացյալ օգնությամբ, փեղկը հաջողությամբ բացվեց։
Դա տան հետևի մասում, միջանցքի մյուս ծայրում գտնվող ինչ֊որ լվացարանի կամ գարեջուր պատրաստելու սենյակի փոքրիկ վանդակապատ լուսամուտն էր, որ սարքված էր գետնից հինգ ու կես ոտք բարձրությամբ։ Անցքը այնքան փոքր էր, որ բնակիչները գուցե չէին էլ մտածել, որ արժեր ավելի ամուր կերպով պաշտպանել, այնուամենայնիվ, Օլիվերի մեծության մի տղա կարող էր հեշտությամբ ներս մտնել այդտեղից։ Մի քիչ ջանք թափելուց հետո միստր Սայքսի ճարտարությամբ վանդակորմի ագույցը նույնպես տեղի տվեց, և լուսամուտը լայն բացվեց նրանց առջև։
― Այժմ լսիր ինձ, սատանի՛ ճուտ, ― շշնջաց Սայքսը, գրպանից հանելով գողերին հատուկ մի աղոտ լապտեր և լույսը կենտրոնացնելոբվ ուղիղ Օլիվերի դեմքին, ― ես հիմա քեզ այս լուսամուտից ներս կմտցնեմ, վերցրու այս ճրագը, աստիճաններով կամաց բարձրացիր, փոքրիկ գավթի միջով անցնելով գնա դեպի փողոց բացվող դուռը և բաց արա, որ ներս մտնենք։
― Վերևում մի փականք կա, որին չես կարող հասնել, ― ընդմիջեց Թոբին։ ― Գավթում գտնվող աթոռներից մեկի վրա բարձացիր։ Երեքն են այնտեղ, Բիլլ, և դրանց վրա կա բավականին խոշոր, կապույտ մի եղջույր, ոսկյա եղան, որոնք գեր լեդիի զենքերն են։
― Ձայնդ կտրիր, չե՞ս կարող մի քիչ ցածր խոսել, ― ասաց Սայքսը՝ սպառնական մի հայացք գցելով զրուցակցի վրա։ ― Սենյակի դուռը բաց է, հա՞։
― Բոլորովին բաց է, ― իրեն գահցնելու համար աչքի ծայրով ներս նայելուց հետո պատասխանեց Թոբին։ ― Եվ զվարճալին այն է, որ նրանք դուռը միշտ բաց են թողնում, որպեսզի շունը, որն այդտեղ է պառկում, միջանցքի երկայնքով կարողանա ազատ ման գալ արթուն պահերին։ Բայց Բարնին ինչպես չքացրեց նրան այս գիշեր։ Հա՛, հա՛։ Բարնին շատ հիանալի անհետացրեց նրան այս գիշեր։
Չնայած միստր Քրեքիթը խոսում էր հազիվ լսելի փսփսուքով և ծիծաղում առանց աղմուկ հանելու, այնուամենայնիվ, Սայքսը տիրաբար հրամայեց նրան լռել և գործի անցնել։ Թոբին, հրամանին ենթարկվելով, կանթեղը գրպանից հանեց ու դրեց գետնին, ապա, մեջքը իբրև սանդուղք ծառայեցնելու համար գլուխը ամուր հենեց պատին ու ձեռքերը պահեվ ծնկներին, որից հետո Սայքսը իսկույն բարձրացավ Թոբիի վրա և նախ Օլիվերի ոտքերը լուսամուտից ներս անցկացնելով՝ առանց օձիքը բաց թողնելու, անաղմուկ կանգնեցրեց նրան սենյակի հատակին։
― Վերցրո՛ւ այս լապտերը, ― ներս նայելով ասաց Սայքսը։ ― Քո առջև գտնվող աստիճանները տեսնո՞ւմ ես։
Օլիվերը, կարծես անդենական աշխարհից եկած ձայնով, շշնջաց՝ «այո»։ Սայքսը, ատրճանակի ծայրով փողոցի դուռը մատնացույց անելով, նորից զգուշացրեց նրան, որ միջանցքի երկայնքով գնդակահարվելու վտանգին ենթակա էր, և եթե վարաներ հրահանգվածը կատարելու, նույն րոպեին անկենդան կփռվեր գետնին։
― Մի վայրկյանի գործ է, ― դարձյալ հազիվ լսելի ձայով ասաց Սայքսը։ ― Հենց որ քեզ բաց թողեցի, իսկույն կվերջացնես։ Ապա՛, լսե՜ք։
― Ի՞նչ պատահեց, ― շշնջաց մյուսը։
Նրանք ուշադրությամբ ականջ դրին։
― Ոչինչ չկա, ― ասաց Սայքսը՝ Օլիվերի օձիքը բաց թողնելով։ ― Դե՛, շարժվի՛ր։
Այն մի քանի րոպեների ընթացքում, երբ տղան իր ցրված միտքը կենտրոնացրեց, հաստատորեն որոշեց, թեկուզ իր կյանքի գնով, միջանցքից ուղիղ դեպի վեր վազել և տան բնակիչներին ազդարարել սպասվող վտանգի մասին։ Այս մտքով համակված, նա իսկույն առաջ շարժվեց, բայց գաղտագողի։
― Ե՛տ դարձիր, ― հանկարծ գոռաց Սայքսը բարձրաձայն։ ― Ե՛տ, ե՛տ։
Երբ Սայքսի ձայնը և նրան հաջորդող ինչ֊որ ճիչ մեռելային լռությունը խզեցին, տղան, ահաբեկված, ձեռքի լապտերը վայր գցեց և չգիտեր՝ առաջ գնար, թե փախչեր։
Ճիչը կրկնվեց, ինչ֊որ լույս պլպլաց, երկու կիսամերկ, սարսափահար մարդկանց կերպարանք սահեց իր աչքերի առջևով, ինչ֊որ բան փայլատակեց, ինչ֊որ աղմուկ լսվեց, ինչ֊որ ծուխ բարձրացավ, լսվեց ինչ֊որ խլացուցիչ կրակոց, թե որտեղից՝ չիմացավ, և նա ետ֊ետ գնաց։
Սայքսը մի րոպեով անհետացել էր, բայց վերստին հայտնվեց, նախկին կրակոցների ծուխը դեռևս չցնդած՝ բռնեց Օլիվերի օձիքից, ինքն էլ իր հերթին կրակեց նահանջող մարդկանց վրա և տղային քաշեց վերև։
― Ավելի ամուր փաթաթվիր վզիս, ― լուսամուտի միջով նրան դուրս բերելիս ասաց Սայքսը։ ― Հե՜յ, մի շարֆ տվեք, տղային վիրավորել են, շուտ արեք։ Արյունը ինչպես է հոսում վրայից։
Ապա Օլիվերը լսեց մի ինչ֊որ զանգի ձայն, զենքերի կրակոցներ, մարդկանց աղաղակներ և զգաց, որ իրեն արագորեն տանում են անհարթ գետնի վրայով։ Այնուհետև աղմուկը հեռվում տարածվեց դառնալով խուլ ու շփոթ, և երեխայի սիրտը սողոսկեց մի ցուրտ, մահաբեր սարսուռ։ Եվ նա այլևս ոչինչ չտեսավ ու ոչինչ չլսեց։
Քսաներեքերորդ գլուխ
Որտեղ միստր Բամբըլի և ինչ֊որ լեդիի միջև տեղի է ունենում հաճելի խոսակցություն, և ցույց է տրվում, թե ինչպես նույնիսկ մի բիդըլ, որոշ դեպքերում, կարող է դյուրազգաց լինել
Շատ ցուրտ գիշեր էր։ Գետնին նստած ձյունը սառել, վերածվել էր հաստ, կարծես կեղևի։ Մոլեգնած քամին անկյունները քշած ձյան կույտերն ամեհի ամպերի նման բարձրացնում էր երկինք, պտտեցնելով առաջացնում հազարավոր մշուշապատ հորձանքներ և ցրում օդի մեջ։ Բուք էր, խավար, սառնամանիք։ Այնպիսի գիշերներից էր, երբ ճոխ բնակարանում կուշտ ապրող մարդիկ, բոլորվելով բոցկլթացող կրակի շուրջ, փառք են տալիս աստծուն, որ իրենց տանն են գտնվում, իսկ անտուն ու սովատանջ թշվառականը լքված մեռնում է մայթերի վրա։ Այսպիսի ժամանկներում որքա՜ն սովահար արարածներ իրենց աչքերը փակում են մեր ամայի փողոցներում, և ինչպիսին էլ լինեն նրանց հանցագործությունները այս աշխարհի մեջ, դժվար թե ավելի մեծ դառնություններ ճաշակեն անդենականում։
Այսպես էր պատկերը դրսում, երբ միսիս Քորնին, աղքատանոցի տեսչուհին, այն աղքատանոցի, որ մեր ընթերցողներին արդեն ծանոթ է որպես ծննդավայրը Օլիվեր Թվիստի, իր փոքրիկ սենյակում մի զվարթ կրակի առաջ նստած, գոհունակությամբ նայում էր ինչ֊որ կլոր, փոքրիկ սեղանի, որի վրա կար համապատասխան չափսի մի ափսե՝ լցված տեսչուհիներին վայել բոլոր անհրաժեշտ համադամներով։ Բանն այն էր, որ միսիս Քորնին պատրաստվում էր թեյելու։ Երբ նա հայացքը սեղանից տեղափոխեց բուխարիկին, որի վրա թեյամաններից ամենափոքրիկը մի ինչ֊որ քնքուշ մեղեդի էր մրմնջում քնքուշ ձայնով, միսիս Քորնիի ներքին գոհունակությունը այն աստիճան ավելացավ, որ նա ժպտաց։
― Օ՜հ, ― ասաց տեսչուհին, արմունկը սեղանին հենելով և մտախոհ նայելով կրակին։ ― Որքա՜ն պատճառներ ունենք երախտապարտ լինելու, եթե միայն գիտակցեինք այդ բանը։
Միսիս Քորնին գլուխը վշտահար թափահարեց, ասես խղճալով այն աղքատների հոգեկան կուրությունը, որոնք այս պարագան անտես էին առնում, և արծաթյա գդալը (սեփական հարստություն) խրելով ինչ֊որ փոքրիկ թիթեղյա տուփի ամենախոր անկյունները, սկսեց թեյ պատրաստել։
Չնչին մի երևույթ հաճախ ինչպես է խռովում մեր հոգու անդորը։ Գորշ թեյամանը շատ փոքրիկ լինելու պատճառով հորդեց, և մինչդեռ միսիս Քորնին խորհրդածում էր, եռացող ջուրը թեթև այրեց միսիս Քորնիի ձեռքը։
― Գրո՛ղը տանի այդ թեյամանը, ― ասաց արժանավոր տեսչուհին, թեյամանը իսկույն վար դնելով, ― մի փոքրիկ, հիմար թեյաման, որ կարող է միայն մի քանի բաժակ թեյ պարունակել։ Ո՞ւմ է հարկավոր այս անպետք թեյամանը, ― ասաց միսիս Քորնին ցածրաձայն, ― բացի ինձ նման խղճուկ ու լքյալ մի արարածից։ Օ՜հ, աստվա՜ծ։
Այս խոսքերով տեսչուհին նստեց աթոռին և, արմունկը նորից հենելով սեղանին, սկսեց մտածել իր մանկանց ճակատագրի մասին։
Փոքրիկ թեյամանը և իր առջև դրված միակ բաժակը անցյալի տխուր հիշատակներ էին զարթնեցրել նրա մեջ։ Նա հիշեց իր ամուսնուն՝ միստր Քորնիին, որը մահացել էր ոչ ավելի քան քսանհինգ տարի առաջ, և հուսալքությունը համակեց նրան։
― Էլ երբեք նմանը չեմ ճարի, ― ասաց միսիս Քորնին սրտնեղությամբ, ― էլ երբեք նմանը չեմ ճարի։
Մեզ համար պարզ չէ, թե ակնարկությունը ում էր վերաբերում․ ամուսնո՞ւն, թե թեյամանին։ Գուցե խոսքը վերջինի մասին էր, քանի որ միսիս Քորնին խոսելիս թեյամանին նայեց ու հետո էլ վերցնելով այն՝ թեյ լցրեց իր համար։ Թեյի առաջին բաժակը հազիվ էր վերջացրել, երբ դռան ինչ֊որ մեղմ թակոց լսվեց, որ խանգարեց նրա հանգիստը։
― Օ՜հ, նե՛րս արի, ― ասաց միսիս Քորնին խստությամբ։ ― Երևի պառավներից մեկնումեկը հոգին է փչում։ Նրանք միշտ մահանում են, երբ ես նստած եմ լինում ճաշի։ Ի՞նչ ես կանգնել այդտեղ՝ ցուրտ քամին ներս թողնելով։ Ի՞նչ է պատահել, խոսի՛ր։
― Ոչինչ չի պատահել, տիկին, ― պատասխանեց մի տղամարդու ձայն։
― Աստվա՜ծ իմ, միստր Բամբըլն է, ― բացականչեց տեսչուհին շատ ավելի քնքուշ ձայնով։
― Ձեր խոնարհ ծառան, տիկին, ― ասաց միստր Բամբըլը, որը դրսում կանգնել էր կոշիկները մաքրելու և վերարկուի վրայից ձյունը թափ տալու համար, և որը այժմ մի ձեռքում եռանկյունի գլխարկը պահած, իսկ մյուսում ինչ֊որ կապոց բռնած՝ ներս մտավ։ ― Դուռը ծածկե՞մ, տիկի՛ն։
Լեդին պարկեշտորեն վարանեց պատասխան տալ։ Նա մտածեց, որ գուցե անպատշաճ կլիներ միստր Բամբըլի հետ առանձին տեսակցություն ունենալ, այն էլ փակ դռների հետևում։ Միստր Բամբըլը, այդ վարանումից օգտվելով և ինքն էլ չափազանց մրսած լինելով, առանց թույլտվության ծածկեց դուռը։
― Սարսափելի եղանակ է, միստր Բամբըլ, ― ասաց տեսչուհին։
― Չափազա՜նց, ― պատասխանեց բիդըլը, ― նաև հակածխական։ Այսպիսի եղանակները վնաս են հասցնում ծխին, տիկի՛ն։ Մենք բաժանել ենք, միսիս Քորնի, մենք բաժանել ենք մոտ քսան հատ չորս ֆունտանոց հացի նկանակ և մեկ ու կես գլուխ պանիր, հենց այս օրհնյալ երեկոյան, և տակավին այդ անպիտան աղքատները բավարարված չեն։
― Է՛հ, նրանք ե՞րբ են իրենց վիճակից գոհ եղել, ― ասաց տեսչուհին թեյը խմելով։
― Երբե՜ք, երբե՜ք, ― վրա բերեց միստր Բամբըլը։ ― Մեզ մոտ կար մի մարդ, որը, նկատի ունենալով նրա կին ունենալու և ընտանիքի բազմանդամ լինելու պարագան, ստացավ մի նկանակ հաց և լրիվ մեկ ֆունտ պանիր, առանց թերակշռումի։ Կարծում եք նա բավարարվե՞ց, տիկի՛ն։ Անգամ շնորհակալություն չհայտնեց։ Դեռ ավելին․ նա եկավ և մեզնից ածուխ պահանջեց։ Թեկուզ մի թաշկինակ ածուխ, ասում է նա։ Ածո՞ւխ։ Իսկ ի՞նչ էր անելու ածուխով։ Պանիրն էր խորովելու և վերադառնալու էր, որ նորից պահանջի։ Այսպես են սրանք, տիկի՛ն։ Այսօր մի գոգնոց լիքը ածուխ տուր նրանց, մեկ էլ տեսար երկու օր հետո նորից դուռը կծեծեն և էլի կպահանջեն։ Նրանց երեսը ալաբաստրի պնդություն ունի։
Տեսչուհին այս արտահայտության ճշմարտությունը լրիվ հաստատեց, որից հետո Բիդըլը շարունակեց․
― Ես երբեք չեմ կարող պատկերացնել, ― ասաց նա, ― թե այս բանը մինչև ուր կհասնի։ Դուք ամուսնացած կին եք, տիկի՛ն, և ես կարծում եմ թույլատրելի է ձեզ մոտ ազատ խոսել․ նախանցյալ օրը գրեթե կիսամերկ մի մարդ (այստեղ միսիս Քորնին աչքերը խոնարհեց գետին) գնում է մեր խնամակալի մոտ այնպիսի ժամանակ, երբ նա տանը հրավիրյալներ է ունենում, և ասում է, թե պետք է անպայման օգնեն իրեն։ Խնամակալը տեսնելով, որ այդ մարդը ոչ մի կերպ չի հեռանում և հյուրերի մոտ շատ անհարմար դրություն է ստեղծվում իր համար, տալիս է մի ֆունտ գետնախնձոր և կես փայնտ վարսակ֊ալյուր։ «Տե՜ր աստված, ― ասում է ապերախտ սրիկան, ― սա իմ ինչի՞ն է պետք։ Միևնույնն էր, եթե ինձ երկաթյա ակնոց տայիք»։ «Շատ լավ, ― ասում է մեր խնամակալը, ետ վերցնելով դրանք, ― դու ինձնից էլ ուրիշ ոչինչ չես ստանա»։ «Ուրեմն ես փողոցում կմեռնեմ», ― ասում է դատարկապորտը։ «Չես մեռնի» ― ասում է մեր խնամակալը։
― Ա՛յ քեզ հետաքրքիր բան։ Այնքան նման է միստր Գրեննետի գործելակերպին, ― ընդհատեց միսիս Քորնին։ ― Հետո՞, միստր Բամբըլ։
― Հետո, ― շարունակեց Բիդըլը, ― նա հեռանում է այնտեղից և իսկապե՛ս մահանում է փողոցում։ Ահա՛ և քեզ աղքատի կամակորություն։
― Այն էլ ինչպիսի կամակորություն, մարդու հավատը չի գալիս, ― ազդու տոնով նկատեց տեսչուհին։ ― Բայց չե՞ք կարծում, որ աղքատանոցից դուրս տված նպաստը վատ բան է, միստր Բամբըլ։ Դուք փորձարու ջենթլմեն եք և անշուշտ կիմանաք։ Հապա՛։
― Աղքատանոցից դուրս տրված նպաստը, միսիս Քորնի, ― ասաց Բիդըլը, ժպտալով այնպես, ինչպես ժպտում են ամեն ինչի տեղյակ լինելու գիտակցությունն ունեցող մարդիկ, ― պատշաճ կարգը պահպանելու դեպքում, ծխի փրկությունն է։ Աղքատանոցից դուրս տրված նպաստի մեծագույն սկզբունքն է աղքատներին տալ հենց այն, ինչը նրանց հարկավոր չէ, այն ժամանակ նրանք կձանձրանան և էլ չեն գա քեզ անհանգստացնելու։
― Օ՜հ, ― բացականչեց միսիս Քորնին, ― իսկապես որ շատ խելոք բան է։
― Այո։ Մեր մեջ ասած, տիկին, ― շարունակեց միստր Բամբըլը, ― այդ է լավագույն սկզբունքը, և եթե այդ անպատկառ թերթերում հրապարակված դեպքերը կարդալու լինեք, դուք միշտ պիտի նկատեք, որ հիվանդ ընտանիքներին պանրի շերտեր են ուղարկվում որպես նպաստ։ Այժմ այդ է ամբողջ քաղաքում տարածված կանոնը, միսիս Քորնի։ Բայց, ― ասաց բիդըլը, կապոցը քանդելու համար կռանալով, ― սրանք ծխական գաղտնիքներ են, տիկին, որոնց մասին չի կարելի խոսել, բացառությամբ, այսպես ասած, մեզ նման ծխական պաշտոնյաների։ Ահա՛ և գինին, տիկին, որը հանձնաժողովը ուղարկել է անկելանոցի համար։ Անաղարտ, թարմ, բնական գինի է, որ հենց այս առվոտ դուրս է եկել տակառից։ զերծ է մրուրից և բյուրեղի նման հստակ է , տիկին։
Գինու գերազանց որակը փորձելու համար շշերից մեկը բռնելով լսւյսի դեմ և լավ ցնցելով, միստր Բամբըլը երկուսն էլ դրեց ինչ֊որ պահարանի վրա, ծալեց այն թաշկինակը, որի մեջ փաթաթված էին, դրեց գրպանը և գլխարկը վերցնելով՝ ձևացրեց, թե գնում է։
― Կարգին ցուրտ է դրսում, միստր Բամբըլ, երևի կմրսեք, ― ասաց տեսչուհին։
― Այնպիսի ուժեղ քանի է, տիկին, ― պատասխանեց միստր Բամբըլը, վերարկուի օձիքը վեր բարձրացնելով, ― որ կարող է մարդու ականջները պոկել։
Տեսչուհին փոքրիկ թեյամանից հայացքն ուղղեց դեպի դուռը ընթացող բիդըլին, որը թեթև հազաց և պատրաստվում էր բարի գիշեր մաղթել, երբ այդ պարկեշտ լեդին ամոթխածորեն հարցրեց, թե արդյոք միստր Բամբըլը չէ՞ր ցանկանա մի բաժակ թեյ խմել։
Միստր Բամբըլը անմիջապես վերակուի օձիքն իջեցրեց, գլխարկը ու գավազանը դրեց մի աթոռի, մի ուրիշ աթոռ մոտեցրեց սեղանին և, դանդաղորեն նստելով, լեդիին նայեց։ Լեդին աչքերը հառեց փոքրիկ թեյամանին։ Միստր Բամբըլը նորից հազաց ու թեթև ժպտաց։
Միսիս Քորնին վեր կացավ և պահարանից մի բաժակ ևս վերցրեց։ Նստելիս նրա հայացքը նորից հանդիպեց փառահեղ բիդըլին։ Լեդին շառագունեց և զբաղվեց բիդըլի թեյը պատրաստելով։ Միատր Բամբըլը դարձյալ հազաց, բայց այժմ շատ ավելի բարձրաձայն։
― Քա՞ղցր, միստր Բամբըլ, ― հարցրեց տեսչուհին շաքարամանը վերցնելով։
― Շատ քաղցր, իսկապե՛ս, տիկին, ― պատասխանեց միստր Բամբըլը։ Այս բառերն ասելիս նա աչքերը սևեռեց միսիս Քորնիի վրա, և եթե որևէ բիդըլ քնքուշ է եղել երբևէ, ապա միստր Բամբըլը հենց այդպիսին էր այդ պահին։
Թեյը պատրաստվեց և լռությամբ մատուցվեց։ Միստր Բամբըլը, իր շքեղ տաբատը չփաչնելու համար ծնկներին մի թաշկինակ փռելով, սկսեց ուտել ու խմել։ Այս հաճելի պարտականությունները կատարելիս նա մերթ ընդ մերթ խոր հառաչում էր, բայց այդ հառաչանքները ոչ մի բացասական ազդեցություն չէին գործում նրա ախորժակի վրա, ընդհակառակն, կարծես ավելի գրգռում էին, և նա աշխուժությամբ կուլ էր տալիս թեյն ու կարմրած հացը։
― Տեսնում եմ, որ դուք կատու ունեք և կատվի ձագեր, տիկի՛ն, ― ասաց միստր Բամբըլը նկատելով, թե ինչպես մի կատու ձագերին իր շուրջը հավաքած տաքանում էր բուխարիկի առաջ։
― Չեք կարող պատկերացնել, թե ես որքան եմ սիրում դրանց, միստր Բամբըլ, ― պատասխանեց տեսչուհին։ ― Նրանք այնքան երջանիկ են, այնքան զվարճասեր, և այնքան աշխույժ, որ կատարյալ ընկերներ են ինձ համար։
― Շատ գեղեցիկ կենդանիներ են, տիկին, ― պատասխանեց միստր Բամբլը հավանությամբ, ― և որքան էլ ընտանի են։
― Այո, ― ասաց տեսչուհին հիացած, ― և այնքան կապված են իրենց տան հետ, որ մեծ հաճույք է ինձ համար։
― Միսիս Քո՛րնի, ― դանդաղորեն ասաց միստր Բամբըլը, թեյի գդալը համաչափ զարկելով սեղանին, ― ուզում եմ ասել հետևյալը․ եթե ձեզ մոտ ապրելու հնարավորություն ունեցող որևէ կատու կամ կատվի ձագ կապված չլինի իր տան հետ, ապա կնշանակե՝ նա ավանակ է։
Օ՜հ, միստր Բա՜մբըլ, ― առարկեց միսիս Քորնին։
― Ճշմարտությունը ինչո՞ւ քողարկել․ տիկի՛ն, ― ընդհատեց միստր Բամբըլը՝ սիրահարված արժանապատվությամբ թեյի գդալը օդի մեջ թափահարելով, որը նրան կրկնակի վեհաշուք դարձրեց։ ― Ես մեծ հաճույքով կխեղդեի դրան, տիկի՛ն։
― Ուրեմն դուք շատ անգութ մարդ եք, ― ասաց տեսչուհին աշխուժութմամբ, և ձեռքը մեկնեց, որ բիդըլի բաժակը վերցնի։ ― Ավելին, նաև շատ կարծրասիրտ։
― Կարծրասի՞րտ, տիկի՛ն, ― ասաց միստր Բամբըլը։ ― Կարծրասի՞րտ։
Ապա նա բաժակը անխոս տվեց միսիս Քորնիին, կսմթեց նրա ճկույթը, երբ լեդին վերցնում էր, ձեռքի ափերը երկու անգամ թափով սահեցրեց իր ժանեկավոր բաճկոնի վրայով, խորապես հառաչեց և իր աթոռը մի փոքր հեռացրեց կրակի մոտից։
Սեղանը կլոր էր, և քանի որ միսիս Քորնին ու միստր Բամբըլը նստած էին իրարից ոչ շատ հեռու, երեսները դեպի բուխարիկը, պարզ էր, որ միստր Բամբըլը, փոքր ինչ հեռանալով կրակի մոտից և տակավին մնալվ սեղանի մոտ, իր և միսիս Քորնիի միջև եղած տարածությունը ավելացրեց։ Որոշ խոհեմ ընթերցողներ կլինեն հիանալու այս արաքով, համարելով այն մեծ հերոսություն միստր Բամբըլի կողմից, որովհետև այդ ջենթլմենը վայրի, ժամանակի և ներկայացած առիթի հարմարություններից փորձության մատնվելով կարող էր լեդիի ականջին որոշ քնքուշ բառեր շշնջալ, բառեր, որոնք եթե անխելք և թեթևամիտ մարդկանց շրթնեին լավ են պատշաճում, ապա երկրի դատավորների, խորհրդարանի անդամների, պետության նախարարների, քաղաքապետների և այլ հայտնի հասարակական գործիչների արժանապատվությանը բոլորովին վայել չեն, առավել ևս անպատշաճ են որևէ բիդըլի պատկառելի դիրքին, որը (ինչպես հայտնի է ամենքին) պետք է լինի այդ բոլորից ամենից դաժանը և ամենաադրդվելին։
Ինչպիսին էլ որ լինեին միստր Բամբըլի դիտավորությունները (անկասկած նրանք վատը լինել չէին կարող), այնուամենայնիվ քանի որ սեղանը, ինչպես երկու անգամ հիշել ենք, դժբախտաբար կլոր էր, ուստի միստր Բամբըլը, իր աթոռը աստիճանաբար շարժելով դեպի այն կողմը, իր և տեսչուհու միջև եղած տարածությունը որոշ չափով պակասեցրեց, և դեռևս շարունակելով կատարել իր շրջանը, վերջապես նրա աթոռը գտնվեց հենց տեսչուհու աթոռի կողքին․ դեռ ավելին, երկու աթոռները իսկապես կպան իրար, և այդ ժամանակ միստր Բամբըլը կանգ առավ։
Այժմ, եթե տեսչուհին իր աթոռը շարժեր դեպի աջ, կրակից կխորովվեր, իսկ եթե իր աթոռը շարժեր դեպի ձախ, կըկներ միստր Բամբըլի գոգը։ Հետևաբար (լինելով խոհեմ մի տեսչուհի և անտարակույս առաջին իսկ հայացքից նախատեսելով այդ հետևանքները), նա բոլորովին տեղից չշարժվեց և միստր Բամբըլին հյուրասիրեց ևս մի բաժակ թեյով։
― Օ՜, կարծրասի՞րտ, միսիս Քորնի, ― ասաց միստր Բամբըլը թեյը խառնելով և նայելով տեսչուհու դեմքին։ ― Դուք կարծրասի՞րտ եք, միսիս Քորնի։
― Օ՜, աստվա՜ծ իմ, ― բացականչեց տեսչուհին, ― որքան տարօրինակ հարց է մի ամուրի մարդու կողմից։ Ինչո՞ւ եք ուզում իմանալ, միստր Բամբըլ։
Բիդըլը ըմպեց վերջին կաթիլ թեյը, վերջացրեց կարմրած հացը, ծնկների վրայից թափ տվեց փշրանքները, սրբեց բերանը և առնց այլևայլի համբուրեց տեսչուհուն։
― Միստր Բա՜մբըլ, ― գոչեց այդ խոհեմ լեդին շշնջալով․ խեղճը այնքան էր վախեցել, որ ձայնը համարյա քաշվել էր։ ― Տե՛ս կճչամ, միստր Բամբըլ։ ― Միստր Բամբըլը ոչինչ չասաց․ նա իր բազուկը առանց շտապելու, արժանավայել կերպով փաթաթեց տեսչուհու մեջքին։
Քանի որ միսիս Քորնին ճչալու մասին իր մտադրությունը հայտնել էր, նա անտարակույս կճչար, մանավանդ այդ հավելյալ հանդգնությունից հետո, բայց սենյակի դուռը հանկարծ թակեցին, և լեդին չկարողացավ իր մտադրությունը կատարել։ Նա միայն խստորեն հարցրեց, թե ով է, մինչդեռ միստր Բամբըլը մի ոստյունով թռավ գինու շշերի մոտ և դրանցից մեկը վերցնելով՝ սկսեց սաստիկ թափով փոշին մաքրել։
Այստեղ, իբրեև մի զարմանլի բնագիտական պարագա, արժի հիշատակել, որ հանկարծակի անակնկալը այն աստիճան հակազդել էր սաստիկ վախին, որ լեդիի ձայնը վերագտել էր իր պաշտոնական ամբողջ խստությունը։
― Եթե կբարեհաճեք, տիրուհի՛, պառավ Սելլին մեռնում է, ― գլուխը դռներից ներս երկարելով ասաց աղքատանոցի բնակչուհիներից մեկը՝ ահռելիորեն տգեղ և զառամյալ մի պառավ։
― Էհ, հետո՞ ինչ, ― զայրացած գոչեց տեսչուհին։ ― Հո ես չեմ կարող նրան մահից փրկել։
― Իհա՜րկե, իհա՜րկե, տիրուհի, ոչ ոք չի կարող փրկել նրան, ― պատասխանեց պառավը։ ― Նրան այլևս ոչի՛նչ չի օգնի։ Ես շատ մահեր եմ տեսել։ Ես տեսել եմ մահեր նորածինների և մահեր ուժեղ, հաղթանդամ մարդկանց, հետևաբար լավ գիտեմ, թե երբ է մահը գալիս։ Բայց նրա խիղճը ինչ֊որ բան է տանջում։ Երբ նոպան անցնում է, ― իսկ դա հազվադեպ է լինում, քանի որ նա արդեն մահվան շեմին է, ― ասում է, որ դուք պետք է անպայման լսեք իրեն։ Նա երբեք հանգիստ սրտով չի մեռնի մինչև դուք չգագ, տիրուհի։
Միսիս Քորնին զանազան անեծքներ տեղաց պառավների գլխին, որոնք մեռնել անգամ չեն կարողանում առանց դիտավորյալ կերպով անհանգստացնելու իրենց վերադասներին, և փաթաթվելով մի հաստ շալի մեջ, միստր Բամբըլից խնդրեց այդտեղ մնալ մինչև իր վերադարձը, որպեսզի որևէ արտակարգ բան պատահելու դեպքում իրեն օգնության հասնի։ Ապա մեծ դժկամությամբ հետևեց պառավին, ամբողջ ճանապարհին սաստելով ու հանդիմանելով նրան, թե աստիճաններից ինչու էր այդքան դանդաղ բարձրանում, ինչու էր իր հանգիստը խանգարել և այլն։
Տեսչուհու մեկնելուց հետո միստր Բամբըլի վարքը անբացատրելի էր։ Երբ նա սենյակում մենակ մնաց, նա պահարանը բացեց, հաշվեց թեյի գդալները, ձեռքի վրա կշռեց շաքարի ունելին, ուշադիր զննեց մի արծաթյա կաթնաման՝ համոզվելու համար, թե դա իրոք այդ ազնիվ մետաղից էր։ Այս բոլոր հարցերը լուծելուց և գոհացուցիչ արդյունքի հասնելուց հետո եռանկյունի գլխարկը շեղակի դրեց գլխին և, ամենայն լրջությամբ, լրիվ չորս անգամ սեղանի շուրջը պար եկավ։ Այս սրտառոց ներկայացումը վերջանցնելով՝ նա եռանկյունի գլխարկը հանեց գլխից և, մեջքը կրակին դեմ արած, ասես մտովի զբաղվեց այդ ամբողջ իրերի ճշգրիտ ցուցակագրման գործով։
Քսանչորսերորդ գլուխ
Որտեղ խոսվում է մի ինչ֊որ շատ աննշան նյութի մասին․ հակիրճ, բայց գուցե կարևոր մի գլուխ այս գրքի պատմության մեջ
Մահվան ինչպիսի՜ համապատասխան պատգամավոր էր այդ, որ վրդովել էր տեսչուհու սենյակի անդորրը։ Նրա մարմինը կորացել էր տարիների ծանրության տակ, ձեռներն ու ոտները դողդողում էին հաշմվածությունից։ Նրա ծամածռված դեմքը, որի վրա սառել էր դառնությամբ լի մի հայացք, ավելի նման էր կոշտ մատիտով ուրվագծված մի այլանդակ գծագրի, քան թե Բնության ձեռակերտի։
Ավա՜ղ, Բնության ստեղծած դեմքերից որքան քչերն են անխաթար մնում իրենց գեղեցկության մեջ երջանկացնելու համար։ Աշխարհի հոգսերը, վշտերն ու զրկանքները, նրանց սրտերի հետ այլափոխում են նաև նրանց չքնաղ կերտվածքը․ և միայն այդ հույզերը ննջելուց և իրենց իշխանությունը ընդմիշտ կորցնելուց հետո է, որ ցրվում են որոշ ամպերը և պարզվում է երկնքի մակերեսը։ Շատ սովորական երևույթ է, որ մեռածների դեմքի վրա, նույնիսկ այդ անկենդան ու քարացած վիճակում, հանգչի քնած մանկան վաղուց մոռացված արտահայտությունը և նրանց տեսքը հիշեցնի նրանց մատաղ տարիները։ Նրանք այնքան խաղաղ, այնքան անվրդով են դառնում նորից, որ ովքեր ճանաչում էին նրանց երջանիկ մանկությունը, երկյուղսծությամբ ծնրադրում են դագաղի մոտ և տեսնում են երկնային հրեշտակը երկրի վրա։
Այլանդակ պառավը, իր ուղեկցի հանդիմանանքներին ինչ֊որ անորոշ պատասխաններ քրթմնջալով, միջանցքներով քաշ էր գալիս երերուն քայլերով և հազիվ էր կարողանում աստիճաններով բարձրանալ։ Վերջապես, հարկադրված լինելով մի քիչ հանգստանալ, ճրագը տվեց տեսչուհուն և ինքը դանդաղ հետևեց իր աշխույժ վերադասին, որը առույգ քայլերով գնաց հիվանդ կնոջ սենյակը։
Ձեղնահարկի մերկ մի սենյակ էր այդ, որի հեռավոր ծայրում մի աղոտ լույս էր պլպլում։ Մի ուրիշ պառավ հսկում էր անկողնու մոտ, ծխական դեղագործի աշակերտը, կրակի առաջ կանգնած, սագի փետրից ատամ֊մաքրիչ էր պատրստում իր համար։
― Ցուրտ գիշեր է, միսիս Քորնի, ― ասաց այդ երիտասարդ ջենթլմենը, երբ տեսչուհին ներս մտավ։
― Իսկապես շատ ցուրտ է, սըր, ― պատասխանեց տեսչուհին իր չափազանց քաղաքավարի եղանակով, միևնույն ժամանակ գլուխը թեթև խոնարհելով։
― Հարկավոր է ավելի լավորակ ածուխ պահանջել ձեր մատակարարներից, ― ասաց դեղագործի փոխանորդը, ժանգոտված ունելիով մի կտոր ածուխ փշրելով կրակի մեջ․ ― Սրանք ցուրտ գիշերվա հարմար ածուխ չեն։
― Հանձնաժողովն է ընտրել այդ ածուխը, սըր, ― պատասխանեց տեսչուհին, ― իսկ հանձնաժողովը կարող էր հոգալ առնվազն այն մասին, որ գոնե այդ հարցում բավարարեր մեզ, քանի որ առանց այդ էլ մեր աշխատանքը ծանր է։
Այստեղ խոսակցությունը ընդհատվեց հիվանդ կնոջ արձակած խուլ հեծկլտոցով։
― Օ՜հ, ― ասաց երիտասարդը՝ դեմքը շրջելով ձայնի կողմը, ասես բոլորովին մոռացած լիներ հիվանդին։ ― Նրա գործը վերջացած է, միսիս Քորնի։
― Իսկապե՞ս, ― հարցրեց տեսչուհին։
― Ինձ շատ մեծ զարմանք կպատճառեր, եթե նա մի քանի ժամ էլ դիմանար, ― ասաց դեղագործի աշակերտը՝ ուշադրությունը կենտրոնացնելով ատամ֊մաքրիչի ծայրը սրելու վրա, ― նրա ամբողջ կազմը լրիվ քայքայված է։ Ստուգիր, ննջո՞ւմ է, թե ոչ։
Հիվանդապահ կինը կռացավ անկողնու վրա և գլխով դրական նշան արեց։
― Դե՛, ուրեմն, գուցե այդպես էլ շունչը փչի, եթե դուք չաղմկեք, ― ասաց երիտասարդը։ ― Ճրագը դիր հատակին։ Այդպես խանգարում է նրան։
Պառավը լույսը դրեց հատակին՝ միաժամանակ գլուխը թափահարելով, ասես կամենալով ակնարկել, թե հիվանդը այդքան հեշտությամբ չէր մահանա։ Ապա նա նստեց իր նախկին տեղը, մյուս հիվանդապահ պառավի կողքին, որ մինչ այդ վերադարձել էր։ Տեսչուհին, սրտնեղած, փաթաթվեց իր շալի մեջ և նստեց մահճակալի ոտքերի մոտ։
Ատամ֊մաքրիչ պատրաստելով, դեղագործի աշակերտը կանգնեց կրակի առջև և մոտավորապես տասը րոպե լավ տաքացավ։ Ապա, ըստ երևույթին սպասումից ձանձրացած, միսիս Քորնիին բարի զվարճություն մաղթեց իր գործի մեջ և անշշուկ դուրս սահեց սենյակից։
Որոշ ժամանակ այսպես լուռ նստելուց հետո երկու պառավները վեր կացան անկողնու մոտից և, կծկվելով բուխարիկի առաջ, իրենց կմախքացած ձեռքերը դեմ արին կրակին։ Բոցը զարհուրելի մի ցոլք գցեց նրանց խորշոմած երեսներին և նրանց այլանդակ դեմքերը դարձրեց ավելի սարսափելի, մինչ այդ դիրքում նստած ցածրաձայն զրուցում էին։
― Էլի բաներ ասա՞ց իմ գնալուց հետո, Ա՛նի, սիրելիս, ― հարցրեց պատգամաբերը։
― Ոչ մի բառ, ― պատասխանեց մյուսը։ ― Որոշ ժամանակ նա թևերը փետեց, բայց ես նրա ձեռքերը ամուր բռնեցի, և նա շուտով թուլացավ։ Բավականին հյուծված է, հետևաբար, կարողացա հեշտությամբ զսպել նրան։ Համեմատած իմ տարիքին, այնքան էլ անկար չեմ, չնայած աղքատանոցի օրաբաժնով եմ սնվում։ Ո՛չ, ո՛չ, այդքան էլ տկար չեմ։
― Իսկ նա խմե՞ց այն տաք գինին, որ բժիշկը կարգադրել էր, ― հարցրեց առաջինը։
― Աշխատեցի մի կերպ նրա բերանը լցնել, ― պատասխանեց մյուսը, ― բայց ատամները պինդ սեղմված էին, և ըմպանակը այնքան ամուր էր պահել, որ հազիվ կարողացա ետ վերցնել։ Հետևաբար, ինքս խմեցի այդ և այժմ ինձ լավ կազդուրված եմ զգում։
Վստահ լինելու համար, որ ոչ ոք չի լսում իրենց խոսակցությունը, երկու վհուկանման պառավները ուշադիր իրենց շուրջը նայեցին, ապա, ավելի կծկվելով կրակի մոտ, լիաթոք ծիծաղեցին։
― Հիշում եմ այն օրերը, ― ասաց առաջին խոսողը, ― երբ նա նույն ձևով էր վերաբերվում և այնուհետև զվարճանում էր իր ասածով։
― Այդպես է, ― հաստատեց մյուսը, ― զվարթ սիրտ ուներ նա։ Որքա՜ն շնորհալի ձևով թաղաման էր պատրաստում այն բազմաթիվ գեղեցիկ դիակները, կարծես թե գեղեցիկ մոմարձաններիր էր վերածում նրանց։ Ես իմ տկար աչքերով տեսել և այս զառամած ձեռքերով շոշափել եմ այդ դիակները, որովհետև շատ անգամներ օգնել եմ նրան։
Խոսելիս պառավը դողդոջուն մատները հրճվալից թափ տվեց իր քթի առաջ և գրպանը քրքրելով, այնտեղից դուրս բերեց երկար տարիների գործածությունից գունաթափված մի թիթեղյա քթախոտի տուփ։ Զրուցակցի մեկնած ափի մեջ մի պտղունձ քթախոտ դնելով և մի քիչ էլ ինքը վերցնելով, տուփը վերադարձրեց իր տեղը։ Մինչդեռ նրանք այսպես զբաղված էին, տեսչուհին, որն անհամբեր սպասում էր մահամերձ կնոջ սթափվելուն, գնաց նրանց մոտ և խստորեն հարցրեց, թե ինքը, վերջ ի վերջո, որքան պետք է սպասեր։
― Երկար չեք սպասի տիրուհի, ― պատասխանեց երկրորդ կինը, նայելով նրա դեմքին։ ― Մեզնից ոչ մեկը երկար չի սպասելու մահվան։ Համբերությո՜ւն, համբերո՜ւթյուն։ Մահը շուտով բոլորիս էլ կտանի։
― Զառանցանքներդ դադարեցրու, հիմա՛ր, ― սաստեց տեսչուհին։ ― Մա՛րթա, ասա՛ ինձ, նա ուրիշ ժամանակ էլ այդպես եղե՞լ է։
― Հաճախ էր լինում, ― պատասխանեց առաջին կինը։
― Էլ երբեք չի լինի, ― ավելացրեց երկրորդը, ― այսինքն՝ նա էլ երբեք չի զարթնի․ նա կզարթնի միայն մեկ անգամ, և այն էլ, տիրուհի, իմացեք, շատ կարճ ժամանակաով։
― Երկար, թե կարճ, ― ասաց տեսչուհին չափազանց զայրացած, ― միևնույն է, նա ինձ այստեղ չի գտնի․ երկուսդ էլ զգույշ կացեք, մեկ էլ այդպիսի հիմար բաների համար ինձ չանհանգստացնեք։ Իմ պարտականության մեջ չի մնտնում աղքատանոցում բնակվող բոլոր պառավների մահվանը ներկա լինել․ լա՛վ հիշեցեք այդ, լկտի, անպատկառ վհուկներ։ Եթե փորձեք կրկին անգամ ինձ խաբել, ձեզ շուտով կբուժեմ այդ տկարությունից, համոզված եղեք։
Նա մեծ քայլերով դուրս էր գնում սենյակից, երբ երկու պառավները, որոնք դեպի անկողին էին շրջվել, ճչացին, որի պատճառով նա ետ նայեց։ Հիվանդը ուղղաձիք նստել էր անկողնու մեջ՝ ձեռքերը դեպի նրանց կողմը երկարելով։
― Ո՞վ է, ― հարցրեց նա խուլ ձայնով։
― Հանգի՜ստ, հանգի՜ստ, ― ասաց պառավներից մեկը, թեքվելով հիվանդի վրա։ ― Պառկի՛ր, պառկի՛ր։
Էլ երբեք ողջ վիճակում չեմ պառկի, ― դժվարությամբ ասաց կինը։ ― Ես պետք է պատմեմ նրան, ես անպայման պետք է պատմեմ նրան։ Ե՛կ, այստեղ։ Ավելի՛ մոտեցիր։ Թո՛ւյլ տուր քո ականջին շշնջամ։
Նա տեսչուհու թևից պինդ բռնեց և, նրան հարկադրաբար նստեցնելով անկողնու մոտ գտնվող մի աթոռի, ուզում էր խոսել, երբ շուրջը նայելով նկատեց երկու պառավներին, որոնք, հակված դեպի առաջ ունկնդրելու պատրաստ դիրքով, անհամբեր սպասում էին։
― Հե՛ռացրու նրանց այստեղից, ― ասաց կինը նվաղկոտ ձայնով, ― շտապի՛ր, շտապի՛ր, շտապի՛ր։
Այս արտահայտության վրա երկու վհուկանման պառավները սկսեցին աղիողորմ ողբալ, ասելով, թե խեղճը այնքան էր գիտակցությունը կորցրել, որ անգամ իր ամենաճշմարիտ բարեկամներին չի ճանաչում, և թե նրանք ոչ մի դեպքում իրենց ընկերուհուն մենակ չեն թողնի․ բայց տեսչուհին նրանց դուրս հրեց սենյակից և դուռը ամուր ծածկելով՝ վերադարձավ անկողնու մոտ։ Պառավները դուրս արվելուց հետո, փոխեցին իրենց խոսելու եղանակը և բանալու անցքից բղավեցին, թե պառավ Սելլին հարբած է, մի բան, որ այնքան էլ անհավանական չէր, քանի որ, ի լրացումն դեղագործի դուրս գրած ափիոնի չափավոր քանակի, նրա վրա մեծապես ազդել էր նաև ջրախառն ջինի վերջին բաժինը, որով բարեսրտությամբ և գաղտնորեն նրան հյուրասիրել էին հենց իրենք՝ արժանավոր պառավ լեդիները։
― Այժմ ինձ լսիր, ― բարձրաձայն ասաց մահամերձ կինը, ասես մեծ ճիգ գործադրելով արծարծելու համար իր մեջ հանգչող կյանքի վերջին կայծը։ ― Այս միևնույն սենյակում, այս միևնույն անկողնու մեջ ես ժամանակին խնամեցի մի ինչ֊որ սիրուն, դեռատի կնոջ, որ աղքատանոց բերվեց երկար քայլելուց ճաքճքված ոտքերով, ամբողջապես փոշեթաթախ և արյունլվա։ Նա ծնեց մի երեխա ու մահացավ։ Հապա հիշեմ, թե այդ որ տարին էր։
― Ոչի՛նչ, թե որ տարին էր, ― ասաց անհամբեր ունկնդիրը, ― ի՞նչ պատահեց նրա հետ։
― Ա՜ա, ― մրմնջաց հիվանդ կինը դարձյալ խոսքի կապը կորցնելով։ ― Ինչ պատահեց նրա հե՞տ․ ե՛ս գիտեմ, թե ինչ պատահեց, ― ճչաց նա վայրագորեն տեղից վեր թռչելով։ Նրա դեմքը շառագունած էր, և աչքերը կարծես իրենց ակնակապիճներից դուրս էին պրծնում։ ― Ես կողոպտեցի նրան, այո՛, ես կողոպտեցի նրան։ Նրա դիակը դեռ չէր սառել, հավատացնում եմ, նրա դիակը դեռևս չէր սառել, երբ ես գողացա այդ։
― Ի՞նչ գողացար, ի սեր աստծո, ― դրսից օգնության կանչելու շարժուձևով ճչաց տեսչուհին։
― Այդ բանը, ― պատասխանեց կինը՝ ձեռքով մյուսի բերանը ծածկելով, ― նրա միակ ունեցվածքը։ Նրան հանդերձանք էր հարկավոր ցրտից պատսպարվելու և սնունդ՝ քաղցից չմեռնելու համար, բայց նա այդ պահել էր իր ծոցում անձեռնմխելի ու ապահով։ Դա ոսկի էր, հավատացե՛ք։ Շքեղ ոսկի, որ կարող էր նրան մահից փրկել։
― Ոսկի՜, ― արձագանքեց տեսչուհին, անձկությամբ թեքվելով կնոջ վրա, երբ նա նորից ընկավ բարձին։ ― Շարունակի՛ր, շարունակի՛ր, հետո՞։ Ո՞վ էր այդ կինը, ե՞րբ պատահեց։
― Նա ինձ հանձնարարեց, որ ապահով պահեմ այդ, ― պատասխանեց մահամերձը հեկեկալով, ― և վստահեց ինձ՝ որպես ինձ մոտ գտնվող միակ կնոջը։ Առաջին իսկ պահին, երբ նա ցույց տվեց այդ իրը՝ կախված իր վզից, ես մտքումս որոշեցի կողոպտել նրան։ Եվ երեխայի մահվան մեղքն էլ գուցե իմ վրա է ծանրանում։ Նրանք խեղճ մանկիկի հետ ավելի լավ կվերաբերվեին, եթե մանրամասնություններն իմանային։
― Ի՞նչ մանրամասնություններ, ― հարցրեց մյուսը։ ― Խոսի՛ր։
― Տղան քանի մեծանում՝ այնքան էր մորը նմանվում, ― առանց այդ հարցին ուշադրություն դարձնելու, մտացիր շարունակեց կինը, ― որ նրա դեմքը տեսնելիս երբեք չէի կարողանում անցյալը մոռանալ։ Խե՜ղճ աղջիկ, խե՜ղճ աղջիկ։ Որքան էլ մանկահասակ էր, և ինչ հեզահամբյուր բնավորություն ուներ։ Սպաս՛ր, դեռ ավելին կպատմեմ․ ես դեռ բոլորը չեմ ասել, մի՞թե ասել եմ։
― Հետո՞, հետո՞, ― բառերը լավ լսելու համար գլուխը հակելով ասաց տեսչուհին, քանի որ մահամերձ կնոջ ձայնը գնալով նվաղում էր։ ― Շտապի՛ր, այլապես գուցե արդեն ուշ կլինի։
― Երբ մահվան առաջին արհավիրքը համակեց նրան, ― առաջվանից ավելի սաստիկ ճիգ գործադրելով ասաց կինը, ― մայրը շշնջաց իմ ականջին, որ եթե մանկիկը ողջ ծնվեր ու մեծանար, գուցե կգար ժամանակ, երբ իր խեղճ մոր անունը այնքան էլ անպատվություն չէր բերի իրեն։ «Եվ, ո՜վ բարեգութ աստված», վտիտ ձեռքերը բարձրացնելով ասաց նա, «տղա լինի, թե աղջիկ, դու այս ալեկոծ աշխարհում բարեկամներ գտիր նրա համար և քո ողորմածությամբ օգնության հասիր իր բախտին թողնված անտեր ու անտիրական մի երեխայի»։
― Իսկ տղայի անո՞ւնը, ― հարցրեց տեսչուհին։
― Նրան անվանեցին Օլիվեր, ― պատասխանեց կինը հազիվ լսելի ձայնով։ ― Բայց այն ոսկին, որ ես գողացա․․․
― Այո՛, այո՛, ի՞նչ էր այդ ոսկին, ― ճչաց մյուսը։
Պատասխանը իմանալու համար նա անձկությամբ թեքվեց կնոջ վրա, բայց հանկարծ բնազդաբար ետ քաշվեց, երբ հիվանդը մեծ դժվարությամբ ու դանդաղորեն նստած դիրք ընդունեց, երկու ձեռքով պինդ բռնեց ծածկոցը, կոկորդի միջից ինչ֊որ խառնակ ձայներ արձակեց և անկենդան ընկավ անկողնու վրա։
- * * *
― Արդեն քարացել է, ― ներս շտապելով ասաց պառավներից մեկը, հենց որ դուռը բացվեց։
― Եվ այդ բոլորից հետո նա ոչինչ էլ չասաց, ― վրա բերեց տեսչուհին, անտարբերությամբ դուրս գալով սենյակից։
Երկու վհուկանման պառավները, ըստ երևույթին չափից դուրս զբաղված լինելով իրենց ահավոր պարտականությունների նախապատրաստությամբ, ոչ մի պատասխան չտվեցին նրան։ Մնալով մենակ, նրանք գիշակերների նման սկսեցին պտտվել դիակի շուրջը։
Քսանհինգերորդ գլուխ
Որտեղ այս պատմությունը նորից անդրադառնում է միստր Ֆեգինին և նրա խմբին
Երբ գավառի աղքատանոցում տեղի էին ունենում այս դեպքերը, միստր Ֆեգինը իր հնամենի որջում, ― այն միևնույն որջը, որտեղից աղջիկը Օլիվերին տարել էր միստր Սայքսի բնակարանը, ― անհրապույր ու մխացող կրակի առջև նստած, խորհրդածում էր։ Ծնկների վրա կար մի փքոց, որով, ըստ երևույթին, նա աշխատել էր կրակը բորբոքել, բայց խորասուզվելով մտքերի մեջ, թևերը ծալել էր դրանց վրա, կզակը հենել բթամատներին և սևեռուն հայացքով ու մտացիր՝ կրակարանի ժանգոտված ձողերին էր նայում։
Նրա հետևում գտնվող մի սեղանի շուրջ նստել էին Հնարամիտ Ստահակը, Վարպետ Չարլզ Բեյթսը և միստր Չիթլինգը՝ լուրջ զբաղված թղթախաղով, որը Ստահակի խարդախությամբ, միշտ էլ կատարվում էր ի վնաս Վարպետ Բեյթսի և միստր Չիթլինգի։ Հնարամիտ Ստահակի դեմքը, որ միշտ զարմանալիորեն ուշիմ արտահայտություն ուներ, այժմ դարձել էր առավել ևս հետաքրքիր։ Նա լարված ուշադրությամբ հետևում էր խաղին և, ամեն հարմար առիթով ուսումնասիրելով միստր Չիթլինգի թղթերը, իր խաղը դասավորում էր համաձայն նրա թղթերի վրա կատարած ուսումնասիրության արդյունքների։ Եղանակը ցուրտ էր, և Ստահակը, ըստ իր սովորության, ներսում էլ գլխարկով էր նստած։ Շարունակ ատամների արանքում պահած կավե ծխամորճը, նա բերնից հեռացնում էր միայն այն ժամանակ, երբ թարմանալու համար անհրաժեշտ էր համարում դիմել ինչ֊որ շշի, որը խմբի գործը դյուրացնելու նպատակով դրված էր սեղանին՝ ջրախառն ջինով պատրաստ։
Վարպետ Բեյթսը նույնպես ուշադիր հետևում էր խաղին, բայց ավելի դյուրագրգիռ լինելով, քան թե իր տաղանդավոր ընկերը, նկատելի կերպով ավելի հաճախ էր դիմում ջրախառն ջինին, բացի այդ, այնպիսի կատակներ ու անպատշաճ ակնարկություններ էր անում, որ բոլորովին աններելի էր մասնագետ խաղացողի համար։ Ստահակը, արդարև, ելնելով Վարպետ Բեյթսի հետ ունեցած իր սերտ բարեկամության իրավունքերից, բազմաթիվ անգամներ լուրջ նկատողություն արեց նրա անվայել վարմունքի համար, բայց այդ բոլորը նա լսեց մեծ բարեհոգությամբ և պարզապես ընկերոջն ասաց, թե նա կարոց էր «կորչել» կամ գլուխը կոխել տոպրակի մեջ, և նման այլևայլ սրախոսություններ, որոնց հաջող օգտագործումը մեծ հիացմունք էր պատճառում միստր Չիթլինգին։ Շատ հատկանշական էր, որ վերջին ջենթլմենը և իր ընկերը անփոփոխ կերպով տանուլ էին տալիս, և այս պարագան ոչ միայն չէր զայրացնում Վարպետ Բեյթսին, այլ, ընդհակառակն, մեծապես ուրախացնում էր նրան, քանի որ ամեն խաղի վերջում նա շռնդալից ծիծաղում էր, հայտարարելով, թե այդպիսի զվարճալի խաղ կյանքումը տեսած չկար։
― Ահա երկու կրկնակ, և խաղն ավարտված է, ― շատ խոժոռ դեմքով ասաց միստր Չիթլինգը՝ բաճկոնի գրպանից մի կես կրոնանոց դուրս բերելով։ ― Քեզ նման մարդ ես երբեք տեսած չկամ, Ջեկ, դու ամեն ինչում հաղթող ես դուրս գալիս։ Նույնիսկ, երբ մեր թղթերը լավ են, ես և Չարլին նորից ոչինչ անել չենք կարողանում։
Արդյոք այդ փա՞ստը, թե այդ արտահայտության ողբալի ձևը այնպիսի հրճվանք պատճառեցին Չարլի Բեյթսին, որ նա որոտագին քրքջաց և Հրեան, որ մինչ այդ լուռ ու մտասույզ նստած էր կրակի առջև, հարկադրվեց հարցնել, թե ինչ է պատահել։
― Ինչ է պատահե՜լ, ― բղավեց Չարլին։ ― Երանի թե մեզ դիտած լինեիք, Ֆե՛գին։ Խաղի ամբողջ տևողության ընթացքում Թոմ Չիթլինգը ոչ մի անգամ չի շահել, մենք երկուսով խաղում էինք Հնարամիտի դեմ։
― Այդպե՜ս, այդպե՜ս, ― ասաց Հրեան նշանակալից ժպիտով, որից բացահայտ երևում էր, թե նա լավ գիտեր այդ պարտության պատճառը։ ― Նորի՛ց փորձիր, Թոմ, նորի՛ց փորձիր։
― Ո՛չ, շնորհակալություն, Ֆեգին, ― պատասխանեց միստր Չիթլինգը, ― արդեն բավական է։ Այդ քո Ստահակ կոչեցյալը այնպիսի բախտ ունի, որ նրան դիմադրել անկարելի է։
― Հա՛, հա՛, սիրելիս, ― ծիծաղեց Հրեան, ― դու պետք է առավոտ շատ վաղ զարթնես, որ կարողանաս Ստահակին հաղթել։
― Առավո՞տ, ― ասաց Չարլի Թեյթսը, ― դու պետք է քո կոշիկները գիշերվանից հագնես, ամեն մի աչքիդ մի֊մի հեռադիտակ դնես և մի հատ էլ ուսիդ կախ տաս, որպեսզի հավասարվես նրա հետ։
Միստր Դոքինզը, իր հասցեին շռայլված այս հաճելի հաճոյախոսությունները ընդունեց շատ փիլիսոփայորեն և առաջարկեց տեղում գտնվող որևէ ջենթլմենի բախտը խաղաթղթերով գուշակել, փախրենը պահանջելով յուրաքանչյուրից մի շիլինգ։ Տեսնելով, որ կոչին ոչ ոք չի արձագանքում, և ծխամորճի ծխախոտը մինչ այդ վերջացած լինելով, նա վերցրեց այն կավճի կտորը, որը նրան ծառայել էր որպես դրամանիշ խաղերը հաշվելու համար, և, տարօրինակորեն զիլ ձայնով սուլելով, սկսեց, իբրև զվարճութուն, սեղանի վրա Նյուգեյթյան բանտի ընդհանուր հատակագիծը գծել։
― Ինչ բթամիտն ես, Թոմ, ― ասաց Ստահակը երկարատև լռությունից հետո խոսքն ուղղելով միստր Չիթլինգին։ ― Ի՞նչ ես կարծում, նա ի՞նչ է մտածում, Ֆեգին։
― Ես ի՛նչ իմանամ, սիրելիս, ― պատասխանեց Հրեան, կրակը արծարծելիս շուրջը նայելով։ ― Գուցե իր կորուստների մասին է մտածում, կամ մտածում է գավառի այն փոքրիկ մենարանի մասին, որտեղից նոր է դուրս եկել, քո կարծիքն ի՞նչ է, սիրելիս։
― Ամենևին, ― պատասխանեց Ստահակը, ― ընդհատելով խոսելու պատրաստ միստր Չիթլինգին։ ― Իսկ դո՞ւ ինչ կասեիր, Չարլի։
― Ես կասեի, որ նա բացառիկ ուշադրություն էր դարձնում Բեցիի վրա, ― պատասխանեց Վարպետ Բեյթսը նշանակալից ժպիտով։ ― Տեսե՛ք, տեսե՛ք, ինչպես է շիկնում։ Օ՜հ, աստվա՜ծ իմ, ի՜նչ ուրախություն է։ Թոմ Չիթլինգը սիրահարված է։ Օ՜հ, Ֆե՜գին, Ֆե՜գին։ Կատարյալ խրախճանք է։
Բոլորովին հաղթահարված այն մտքից, որ միստր Չիթլինգը այդ քնքուշ զգացմունքի զոհն է դարձել, Վարպետ Բեյթսը իրեն այնպիսի ուժգնությամբ նետեց աթոռին, որ հավասարակշռությունը կորցնելվով գլորվեց գետնին։ Բայց այդ բոլորովին չազդեց նրա տրամադրության վրա։ Նա այդպես էլ ամբողջ հատակով մեկ փռված մնաց այնտեղ մինչև դադարեց քրքջալը, ապա վեր կացավ, նստեց իր տեղն ու սկսեց նորից ծիծաղել։
― Նրան ուշադրություն մի՛ դարձնի, սիրելիս, ― ասաց Հրեան միստր Դոքինզին աչքով անելով և փուքսի ծայրով կեղծ դժգոհությամբ հրելով Վարպետ Բեյթսին։ ― Բեցը հիանալի աղջիկ է։ Նրան բաց չթողնես, Թո՛մ։ Նրան բաց չթողնես։
― Այն, ինչ ես ուզում եմ ասել, Ֆեգին, ― պատասխանեց միստր Չիթլինգը, չափից դուրս կարմրելով, ― դա այստեղ գտնվողներից ոչ մեկի գործը չէ։
― Իհարկե, ― պատասխանեց Հրեան։ ― Դու Չարլիին ուշք մի դարձնի, սիրելիս, դու Չարլիին ուշք մի դարձնի։ Բեցին հիանալի աղջիկ է։ Հետևիր նրա խորհուրդներին, Թոմ, և դու մեծ հարստություն կդիզես։
― Ես միշտ էլ հետևում եմ նրա խորհուրդներին, ― պատասխանեց միստր Չիթլինգը։ ― Եթե նրա խորհուրդներին չհետևեի, չէի բանտարկվի։ Բայց գործը ձեզ համար բարեհաջող դուրս եկավ, այանպես չէ՞, Ֆեգին։ Վերջ ի վերջո, վեց շաբաթ բանտարկությունը ի՞նչ մի մեծ բան է որ։ Ուշ կամ կանուխ՝ մի օր բանտարկվելու էի, իսկ դա ինչո՞ւ չլիներ ձմռանը, երբ մարդ այնքան էլ տրամադիր չէ դրսում ման գալու, ճիշտ չէ՞, Ֆեգին։
― Ա՜հ, ի՞նչ խոսք, սիրելիս, ― պատասխանեց Հրեան։
― Դու կհամաձայնեի՞ր նորից բանտարկվել, Թոմ, ― հարցրեց Ստահակը, աչքով անելով Չարլիին և Հրեային, ― եթե Բեթը այդ վտանգից զերծ լիներ։
― Ես ուզում եմ ասել, որ չպետք է հրաժարվեի, ― պատասխանեց Թոմը զայրացած։ ― Ինձնից բացի ո՞վ այդպիսի բան կասեր, հետաքրքրիր է իմանալ։
― Ոչ ոք, սիրելիս, ― պատասխանեց Հրեան, ― բացարձակապես ոչ ոք, Թոմ։ Ես քեզնից բացի, ոչ ոքի չեմ ճանաչում, որը սիրահոժար ենթարկվեր այդ պատժին։ Նրանցից և ոչ մեկը այդ բանը չէր անի, սիրելիս։
― Ես կարող էի ազատվել, եթե Բեցիի մասին հայտնեի, մի՞թե չէի կարող, Ֆե՛գին, ― զայրացած շարունկեց խեղճ թանձրամիտ ապուշը։ ― Մի խոսք իմ կողմից, և ամեն ինչ վերջացած կլիներ, այնպես չէ՞, Ֆե՛գին։
― Անշո՛ւշտ, սիրելիս, անշո՛ւշտ, ― պատասխանեց Հրեան։
― Բայց ես չմտածեցի, այնպես չէ՞, Ֆե՛գին, ― շարունակեց հարցեր տեղալ Թոմը մեծ դյուրադարձությամբ։
― Իհա՜րկե չմատնեցիր, ― պատասխանեց Հրեան, ― դու չափից դուրս անվեհեր գտնվեցիր, չափից դուրս անվեհեր, սիրելիս։
― Գուցե այդպես է, ― ասաց Թոմը շուրջը նայելով, ― եթե այդպես է, էլ ի՞նչ ծիծաղելու բան կա այստեղ, այնպես չէ՞, Ֆե՛գին։
Հրեան, տեսնելով որ միստր Չիթլինգը բավականին բորբոքված է, հավաստիացրեց նրան, որ ոչ մի ծիծաղող չկար, և հաստատելու համար խմբի լրջությունը, նա դիմեց գլխավոր հանցագործ Վարպետ Բեթյսին։ Չարլին ուզում էր պատասխանել, որ կյանքում երբեք ավելի լուրջ չէր եղել, երբ կոկորդից այնպիսի որոտագին մի քրքիջ դուրս պրծավ, որ վիրավորված միստր Չիթլինգը, առանց նախապատրաստական արարողության, խոյացավ հանցավորի վրա և նրան հարվածելու համար ձեռքը թափով բարձրացրեց, բայց Վարպետ Բեյթսը մի ճարպիկ շարժումով մյուս կողմ ոստնելով, ուժգին հարվածն իջավ զվարթ ծերունի ջենթլմենի կրծքի վրա։ Հրեան ցնցվեց, երերաց ու հևասպառ ընկրկեց դեպի պատը, միչդեռ միստր Չիթլինգը, այս բոլորից սաստիկ ահաբեկված, չգիտեր ինչ աներ։
― Ապա՜, լսե՜ք, ― ճիշտ այդ պահին գոչեց Ստահակը, ― ինչ֊որ զանգի ձայն հասավ ականջիս, և ճրագը վերցնելով՝ անշշուկ վերև բարձրացավ։
Մինչդեռ խումբը մթության մեջ սպասում էր, զանգը անհամբերությամբ նորից հնչեց։ Փոքր անց Ստահակը վերստին հայտնվեց և ինչ֊որ խորհրդավոր բան փսփսաց Ֆեգինի ականջին։
― Ի՞նչ, ― գոռաց Հրեան, ― առանձի՞ն։
Ստահակը գլխով դրական պատասխան տվեց և, մոմի լույսը ձեռքով ստվերելով, Չարլի Բեյթսին նշանացի ու գաղտնաբար հասկացրեց, թե այժմ խեղկատակությունների ժամանակը չէ։ Այս բարեկամական պարտականությունը կատարելուց հետո հայացքը սևեռեց Հրեայի դեմքին և սպասեց հրահանգի։
Ծերունին իր դեղին մատները կծեց և մի քանի րոպե խորհրդածեց։ Նրա դեմքը ամբողջ ժամանակ ջղաձգաբար կծկվում էր, ասես ինչ֊որ ահավոր բան էր նախազգում, բայց և խուսափում էր իրողությունն իմանալուց։ Վերջապես գլուխը բարձրացրեց․
― Որտե՞ղ է նա, ― հարցրեց Հրեան։
Ստահակը, վերևի հարկը մատնացույց անելով, շարժվեց դեպի դուռը։
― Այո՛, ― ասաց Հրեան, մունջ հարցին պատասխանելով։ ― Առաջնորդի՛ր նրան այստեղ։ Հանգի՜ստ կաց, Չարլի։ Կամա՜ց, Թոմ։ Չքացե՜ք, չքացե՜ք։
Չարլի Բեյթսին և նրա ժամանակավոր հակառակորդին ուղղված այս լակոնական հրահանգը անմիջապես կատարվեց։ Նրանք անձայն ու անշշուկ հեռացան այդտեղից, և երբ Ստահակը լույսը ձեռքին ցած իջավ աստիճաններից, նրանց հետքն անգամ չկար։ Ստահակին հետևում էր բանվորական կոշտ շապիկով մի մարդ, որը, մի շտապ հայացքով սենյակը զննելուց հետո, պոկեց մի մեծ փաթթոց, որ քողարկում էր նրա երեսի ներքևի մասը և երևան հանեց ճարտար Թոբի Քրեքիթի հյուծված, անլվա ու մազակալած դեմքը։
― Ինչպե՞ս ես, Ֆեգի, ― ասաց այս արժանապատիվը՝ Հրեային գլխով անելով։ ― Այդ շարֆը խցկիր իմ տոպրակի մեջ, Ստահակ, որպեսզի գնալու ժամանակ իմանամ, թե որտեղ է գտնվում․ ահա թե ինչպիսի օրի ենք հասել։ Դու մի հրաշալի, փոքրիկ ավազակ կդառնաս, բարեկամս, ավելի լավը, քան այս խորամանկ ծերունին։
Այս խոսքերով նա բաճկոնը հանեց, փաթաթեց մեջքի շուրջը և, մի աթոռ քաշելով կրակի մոտ, ոտքերը դրեց բուխարու վանդակորմի վրա։
― Լսի՛ր, Ֆեգի, ―վշտահար դեմքով իր երկարավիզ կոշիկները մատնացույց անելով ասաց նա։ ― Դու ինքդ գիտես, թե սրանք որ օրվանից ներկի հոտ չեն քաշել, աստված վկա, դրանք այս քանի օրս բոլորովին չեն մաքրվել։ Բայց ինչո՞ւ ես ինձ այդպես նայում, բարեկամս։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Մինչև չուտեմ ու չխմեմ, գործի մասին չեմ կարող խոսել, հետևաբար, ուտելիք բերեք և թողեք, որ իմ սննդի ամբողջ օրվա պակասը հանգիստ լրացնեմ։
Հրեան Ստահակին նշաններով հասկացրեց սեղանին դնել այն ամբողջ ուտելեղենը, որ կար տանը, և նստելով ավազակի դիմաց, սպասեց մինչև նա կբարեհաճեր խոսել։
Սակայն թվում էր, որ Թոբին բոլորովին չէր շտապում խոսակցությունը բացել։ Սկզբում Հրեան բավարարվեց միայն համբերությամբ նրա դեմքը դիտելով, այդ դեմքի արտահայտության մեջ ասես որոնելով նրա հաղորդելիք տեղեկության թելը, բայց իզուր։ Նա հոգնած էր ու հյուծված, դեմքը փոշեթաթախ էր և ծածկված էր մի քանի օրվա մորուքով, բայց բոլորի միջից դարձյալ շողում էր ճարտար Թոբի Քրեքեթի անվրդով ու ինքնագոհ ժպիտը։ Հրեան, անհամբերության ծայրահեղ տագնապի մեջ, սկսեց սենյակում ետ ու առաջ քայլել, միաժամանակ դիտելով ամեն մի պատառ, որ նա բերանն էր դնում։ Այդ էլ իզուր։ Թոբին ուտում էր, արտաքուստ ձևանալով բացարձակ անտարբեր, և դադարեց ուտել միայն այն ժամանակ, երբ այլևս հնարավոր չէր ավելին ուտել։ Ապա կարգադրելով, որ Ստահակը դուրս գնա, նա դուռը ծածկեց, մի բաժակ ջրախառն ըմպելիք պատրաստեց և սկսեց խոսել։
― Նախ և ամենից առաջ, Ֆե՛գի, ― ասաց Թոբին։
― Լսում եմ, լսում եմ, ― ընդհատեց Հրեան, աթոռը ավելի մոտիկ բերելով։
Միատր Քրեքիթը կանգ առավ՝ մի ումպ ջին կուլ տալու, և հայտարարեց թե խմիչքը հրաշալի է։ Ապա ոտները բուխարու վրա դնելով այնպես, որ երկարավիզ կոշիկները համարյա հավասարվեցին իր աչքերի հետ, հանգիստ շարունակեց։
― Նախ և ամենից առաջ, ― ասաց ավազակը, ― Բիլլն ինչպե՞ս է։
― Ի՜նչ, ― ճչաց Հրեան ընդոստ ոտքի ցատկելով։
― Վա՛հ, հո չե՞ս ուզում ասել, թե․․․ ― սկսեց Թոբին գունատվելով։
― Ասե՜լ, ― գոռաց Հրեան, ոտքը կատաղորեն գետնին խփելով։ ― Որտե՞ղ են նրանք։ Սայքսը, տղան, որտե՞ղ են։ Որտե՞ղ են եղել։ Որտե՞ղ են թաքնված, ինչո՞ւ այստեղ չեն եկել։
― Կողոպուտը ձախողվեց, ― նվաղկոտ ձայնով ասաց Թոբին։
― Գիտեմ, ― պատասխանեց Հրեան, տագնապով մի օրաթերթ դուրս քաշելով գրպանից։ ― Հետո՞։
― Մենք սկսեցինք խույս տալ ճեղքելով դաշտերը, ընկնելով խրամատների ու փոսերի մեջ․ այդ ժամանակ տղան մեզ հետ էր։ Նրանք հետապնդում էին, գրողը տանի, ամբողջ գյուղը ոտքի էր ելել և շները արձակել էին մեզ վրա։
― Իսկ տղա՞ն։
― Բիլլը նրան շալակած, քամու նման սուրում էր։ Մենք կանգ առանք, որ նրան առնենք մեր երկուսի միջև, նրա գլուխը կախ ընկավ, և մարմինը սառն էր։ Հետապնդողները համարյա հավասարվել էին մեզ, յուրաքանչյուր մարդ պետք է մտածեր իր անձի և կախաղանից խուսափելու մասին։ Մենք իրարից բաժանվեցինք՝ լակոտին թողնելով մի փոսի մեջ։ Թե նա ողջ է կամ մեռած, ոչինչ չգիտեմ նրա մասին։
Հրեան չսպասեց ավելին լսելու։ Բարձրագոչ մի աղաղակ արձակելով և մազերը փետելով դուրս խուժեց տանից։ Մի ակնթարթ, և նա արդեն փողոցում էր։
Քսանվեցերորդ գլուխ
Որտեղ հանդես է գալիս խորհրդավոր մի անձնավորություն, և տեղի են ունենում շատ դեպքեր, որոնք սերտորեն կապված են այս պատմության հետ
Ծեր հրեան, Թոբի Քրեքիթի տված տեղեկությունից մոլեգնած, խելահեղորեն սուրում էր փողոցներով, բայց հանկարծ նրա ականջին շատ մոտիկ լսվող ինչ֊որ կառքի դժժոց և սարսափահար ճիչը հետիոտն անցորդների, որոնք նկատել էին սպառնացող վտանգը, սթափեցրին նրան, և նա մայթը բարձրացավ։ Կենտրոնական պողոտաներից հնարավոր եղածի չափ խուսափելով, և գնալով միայն խուլ փողոցներով ու ամայի նրբուղիներով, նա վերջապես հասավ Սնոու Հիլլ։ Այստեղ նա սկսեց առաջվանից նույնիսկ ավելի արագ քայլել մինչև հասավ ինչ֊որ գավիթ, ուր, ասես գիտակցելով, որ արդեն իր տարերքումն է, վերագտավ իր սովորական դանդաղ քայլվածքը և թվաց, թե ավելի ազատ է շնչում։ Այնտեղ, ուր Սնոու Հիլլը և Հորբորն Հիլլը միանում են իրար, քաղաքից դուրս գալուց հետո, աջ կողմի վրա, բացվում է մի նեղ և չարագուշակ նրբանցք, որը առաջնորդում է դեպի Սաֆրոն Հիլլ։ Այդտեղ գտնվող կեղտոտ խանութներում ցուցադրվում եմ մեծ քանակությամբ օգտագործված մետաքսյա թաշկինակեր՝ ամեն տեսակի և չափսի, որովհետև գրպանահատներից այդ ապրանքները գնող առևտրականները այստեղ են բնակվում։ Հարյուրավոր այդպիսի թաշկինակներ երևում են կախիչների վրա՝ լուսամուտների առաջ, կամ ծածանվում են դրանգիներից․ ներսում գտնվող դարակներում դեզեր են կազմված դրանցից։ Չնայած Ֆիլդ Լեյնի սահմանները նեղ են, այսուհանդերձ, այդ թաղն ունի իր հատուկ վարսավիրանոցը, սրճարանը, գարեջրատունը և տապակած ձկան մթերանոցը։ Ֆիլդ լեյնը մի առևտրական գաղութ է՝ մանր գողությունների վաճառատեղի, որի այցելուները միայն վաղ առավոտյան և երեկոյան մթնաշաղին հայտնվող լռակյաց վաճառականներ են, որոնք անխոս ներս ու դուրս անելով, իրենց առուծախը կատարում են ճաշարանների մթին ու ծածուկ սենյակներում կամ գաղտնի առանձնարաններում։ Այստեղ հանդերձավաճառը, հնակարկատն ու հնավաճառը ցուցադրում են իրենց ապրանքները, որ մի տեսակ ցուցանակ է հանդիսանում մանր գողերի համար։ Այստեղ ոսկորների ու ժանգոտած երկաթների կույտեր և մեծ քանակությամբ բորբոսնած բրդյա ու բամբակյա կտորների դեզեր փչանում ու փտում են կեղտոտ ու ծխապատ պահեստներում։
Ահա այդպիսին էր այդ վայրը, ուր Հրեան ուղղեց իր քայլերը։ Ըստ երևույթին, նա այդ շուկայի դժգույն բնակիչներին քաջ ծանոթ էր, քանի որ նրանցից ովքեր առուծախ անելու նպատակով դռների առջև ուշադիր հսկում էին, գլխով մտերմորեն բարևեցին նրան։ Այդ ողջույնները նա փոխադարձեց նույն ձևով, բայց որևէ մեկին բացառիկ մոտիկություն ցույց չտվեց, մինչև հասավ նրբուղու հեռավոր ծայրը։ Այստեղ նա կանգ առավ և խոսեց ինչ֊որ փոքրակազմ առևտրականի հետ, որը իր մարմինը, հնարավոր եղածի չափ, մի երեխայի աթոռի վրա կծկած, պահեստի դռանը նստած ծխամորճ էր ծխում։
― Բա՛հ, միստր Ֆե՜գին, աչքացավով տառապող մարդը կբուժվեր ձեզ տեսնելով, ― ասաց այս հարգելի վաճառականը, պատասխանելով Հրեայի՝ իր առողջության մասին տված հարցին։
― Կարծես թաղում ինչ֊որ խառնակություն կար, Լայվլի, ― ասաց Ֆեգինը՝ հոնքերը բարձրացնելով և ձեռքերը խաչաձևելով։
― Ես այդ գանգատը ուրիշ անգամ էլ եմ լսել, ― պատասխանեց վաճառականը, ― բայց շուտով կհանդարտվի, դուք այդպես չե՞ք գտնում։
Ֆեգինը գլխով դրական պատասխան տվեց։ Ապա Սաֆրոն Հիլլի ուղղությամբ նայելով՝ հարցրեց, թե արդյոք որևէ մեկը կա՞ր այնտեղ այդ գիշեր։
― «Հաշմոցո՞ւմ», ― հարցրեց մարդը։
Հրեան գլխով արեց։
― Տեսնեմ, ― ասաց վաճառականը մտածելով։ ― Այո՛, որքան ես գիտեմ, երևի մի վեց֊յոթ հոգի մտան այնտեղ։ Բայց չեմ կարծում, որ քո բարեկամը այնտեղ լինի։
― Իակ Սա՞յքսը, ― հուսահատ արտահայտությամբ հարցրեց Հրեան։
― Non istwentus, ինչպես փաստաբաններն են ասում, ― պատասխանեց փոքրիկ մարդը, գլուխը թափահարելով և զարմանալիորեն խորամանկ տեսք ընդունելով։ ― Իմ գծով որևէ վաճառելու բան ունե՞ս այս գիշեր։
― Ոչ մի բան, ― ասաց Հրեան հեռանալով։
― «Հաշմո՞ց ես գնում, Ֆե՛գին, ― հետևից կանչեց փոքրիկ մարդը։ ― Սպասի՛ր, վատ չէր լինի քեզ հետ մի քանի բաժակ կոնծել։
Բայց քանի որ Հրեան ետ նայեց և ձեռքի յուրահատուկ շարժումով հասկացրեց, թե նախընտրում էր մենակ լինել, և, մանավանդ, քանի որ փոքրիկ մարդը այնքան էլ հեշտությամբ չկարողացավ պոկվել աթոռից, «Համշոցը» միառժամանակ զրկված մնաց միստր Լայվլիի ներկայությունը վայելելու շնորհից։ Մինչև նա վեր կացավ, Հրեան արդեն անհետացել էր․ միստր Լայվլին, հուսալով, թե կարող է նրան տեսնել, ոտքի մատների վրա ապարդյուն կանգնելուց հետո դարձյալ կծկվեց փոքրիկ աթոռին և դիմացի խանութից ինչ֊որ լեդիի հետ գլխի նշանակալից մի շարժում փոխանակելով, որի մեջ կասկածը և անվստահությունը բացահայտորեն միախառնված էին, ետ վերցրեց կիսատ թողած ծխամորճը և սկսեց մտախոհ ծխել։
Երեք «Հաշմոցը» կամ ավելի շուտ «Հաշմոցները» հաստատությունը այդ անունով էր ծանոթ յուր հաճախորդներին, այն պանդոկն էր, որտեղ արդեն մի անգամ տեսել ենք միստեր Սայքսին և իր շանը։ Ֆեգինը վաճառասեղանի առաջ նստած մարդուն միայն նշանակալից գլխով անելով, ուղիղ վերև բարձրացավ, բաց արավ ինչ֊որ սենյակի դուռը, աննկատ ներս սահեց, ձեռքով աչքերը ստվերեց և, ասես հատկապես մեկին որոնելով, մտահոգությամբ նայեց շուրջը։
Սենյակը լուսավորված էր գազի երկու լապտերով։ Լուսամուտները ամուր փակված էին և գունաթափ կարմիր վարագույրներով պինդ ծածկված, որպեսզի լույսը դուրս չթափանցի։ Ձեղունը սև էր ներկված լապտերների ծխից չփչանալու համար, և ծխախոտի ծուխը այնքան խտացած էր սենյակում, որ սկզբում համարյա անհնար էր որևէ բան զանազանել։ Աստիճանաբար, սակայն, երբ այդ ծխի մի մասը բաց դռնից դուրս հոսեց, նկատելի դարձան երկար սեղանի շուրջը խռնված բազմաթիվ տղամարդկանց ու կանանց գլուխներ։ Այդ սեղանի վերևի ծայրում, իր պաշտոնը բնորոշող փոքրիկ մրճիկը ձեռքին, բազմել էր նախագահը, իսկ կապտավուն քթով և դեմքը ատամնացավի պատճառով փաթաթված մի պրոֆեսիոնալ ջենթլմեն, սենյակի հեռավոր անկյունում ջարդված դաշնամուրի առաջ տիրաբար նստած, որպես նախերգանք, մատներն էր սահեցնում ստեղնաշարերի վրայով։
Երբ Ֆեգինը անաղմուկ ներս սպրդեց, ամենքը բարձրագոչ աղաղակներով երգի պատվերներ էին տալիս։ Փոթորիկը հանդարտվելուց հետո մի ինչ֊որ դեռատի լեդի խմբին հյուրասիրեց չորս քառյակից բաղկացած մի պարերգով, իսկ նվագակցող ջենթլմենը յուրաքանչյուր քառյակից հետո եղանակը ծայրեծայր նվագեց հնարավոր եղածի չափ բարձրաձայն։ Այնուհետև նախագահը ինչ֊որ վճիռ արձակեց, և նրա աջ ու ձախ կողմում նստած պրոֆեսիոնալ ջենթլմենները, որոտընդոստ ծափահարությունների տակ, ինքնակամորեն զուգերգեցին։
Հետաքրքրիր էր դիտել որոշ դեմքեր, որ խմբի միջից զատորոշվում էին։ Ահա ինքը՝ նախագահը՝ (գինետան տերը), բիրտ, անտաշ, ծանրամարմին մի մարդ, որ երգերի կատարման ընթացքում աչքերը դես ու դեն էր ոլորում և, այնպես ձևացնելով իբրև թե անձնատուր է զվարճության, ամեն ինչ տեսնում և սուր ականջներով ամեն բան լսում էր։ Նրա կողքին նստած էին երգիչները, որոնք խմբի գովասանքներն ընդունում էին պրոֆեսիոնալ անտարբերությամբ, հերթականությամբ վերցնելով իրենց մատուցված տասներկու ջրախառն ըմպելիքներով լիքը բաժակները։ Այդ աղմկարար հիացողների դեմքերին որքա՜ն բացահայտ կերպով արտացոլված էր նրանց մեղսալից կյանքի պատկերը, և ինչպիսի՜ նողկանք էր զգում մարդ, դիտելով այդ դեմքերի գարշելի արտահայտությունը։ Խորամանկության, բրտության և ստախոսության մարմնացումն էր այդ հարբեցողների ողորմելի ոհմակը, որի մի մասը, ավա՜ղ, կանայք էին։ Կանայք, որոնց մի մասի մոտ, համարյա քո հայացքի տակ հալվելով դեռևս համենում էր վաղեմի թարմության ստվերը․ ոմանք բոլորովին կորցրած իրենց սեռի հատկանիշները, ներկայանում էին ոճրի և գարշելի արարքների կենդանի մի հուշարձան։ Մի քանիսը դեռահաս աղջիկներ էին, մյուսները՝ դեռատի կանայք, բայց բոլորը, հասունության շեմքին հասած ողորմելի արարածներ։
Այս սարսափելի տեսարանը բոլորովին չանհանգստացրեց Ֆեգինին։ Նա միայն հայացքը հետաքրքրությամբ սահեցրեց բոլոր դեմքերի վրայով, բայց կարծես չգտավ այն մեկին, որին հատկապես որոնում էր։ Վերջապես հաջողվելով նախագահի աթոռին նստած մարդու ուշադրությունը գրավել, նա ձեռքի թեթև շարժումով դուրս հրավիրեց նրան և ինքն էլ սենյակից դուրս սպրդեց այնպես անշշուկ, ինչպես եկել էր։
― Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել ձեզ, միստր Ֆեգին, ― հարցրեց հախագահը՝ նրա հետևից դեպի նախագավիթ գնալիս։ ― Չէի՞ք կամենա միանալ զվարճացողների խմբին։ Ձեր ներկայությունը ամենքին մեծ ուրախություն կպատճառեր։
Հրեան նեղսրտությամբ գլուխը թափահարեց ու շշնջաց․
― Նա այստե՞ղ է։
― Ո՛չ, ― պատասխանեց մարդը։
― Իսկ Բարնիից ոչ մի նորություն չկա՞, ― հարցրեց Ֆեգինը։
― Ո՛չ մի լուր, ― պատասխանեց պանդոկապետը, որովհետև այդ նա էր։ ― Մինչև ամեն ինչ ապահով չլինի, նա տեղից չի շարժվի, վստա՛հ եղիր։ Այժմ այդ կողմերը լիքն են հետախույզներով, հետևաբար, եթե նա փորձեր ճանապարհվել, անմիջապես առիթ կտար կասկածի։ Բարնիի մասին ամենևին չմտահոգվես․ եթե որևէ վատ բան պատահած լիներ, ես իմացած կլինեի։ Ես քեզ հետ գրազ կգամ, որ Բարնին ճիշտ է վարվում։ Դու այդ մասին անհոգ կաց։
― Ւսկ նա այս գիշեր կլինի՞ այստեղ, ― հարցրեց Հրեան, առաջվա նման շեշտը նորից դերանվան վրա դնելով։
― Մոնքսի՞ մասին է խոսքը, ― հարցրեց պանդոկապետը վարանելով։
― Կամա՜ց, ― շշնջաց Հրեան։ ― Այո՛։
― Անշո՛ւշտ, ― փոքրիկ գրպանից ոսկյա մի ժամացույց հանելով պատասխանեց մարդը։ ― Նույնիկ պետք է ավելի շուտ եկած լիներ։ Եթե սպասես մի տասը րոպե, կլինի։
― Ո՛չ, ո՛չ, ― տագնապով ասաց Հրեան, որը, չնայած շատ էր ցանկանում տեսնել ակնարկված անձնավորությանը, այնուամենայնիվ ուրախ էր նրա բացակայության համար։ ― Հայտնի՛ր, որ ես եկա իրեն տեսնելու, թող այս գիշեր անպայման գա ինձ մոտ։ Բայց ո՛չ, ասա թող վաղը գա։ Քանի որ այստեղ չէ, վաղն էլ ուշ չի լինի։
― Լա՛վ, ― ասաց մարդը, ― էլ բան չունե՞ս ասելու։
― Ոչ մի բան առայժմ, ― ասաց Հրեան աստիճաններով իջնելիս։
― Լսի՛ր, ― բազիրքների վրայից կռանալով և խռպոտ փսփսալով ասաց մյուսը, սա ամենահարմար ժամանակն էր համախոհին մատնելու։ ― Ֆիլ Բարքերը ինձ մոտ է, և այնքան հարբած վիճակում, որ նույնիսկ ուզածդ մանուկը կարող է բռնել նրան։
― Աա՛, բայց Ֆիլ Բարքերի ժամանակը դեռ չի եկել, ― ասաց Հրեան վեր նայելով։ ― Ֆիլի համար ավելի կարևոր բան կա անելու, նախքան մենք կորոշենք ձեռք քաշել նրանից։ Հետևաբար, գնա՛, նորից միացի՛ր խմբին, սիրելիս, և ասա թող զվարճանան քանի դեռ ապրում են։ Հա՛, հա՛, հա՛։
Պանդոկապետը նույնպես քրքջաց և վերադարձավ իր հյուրերի մոտ։ Հենց որ Հրեան մենակ մնաց, նրա դեմքը նորից մռայլվեց, և նա սկսեց մտածել։ Փոքր֊ինչ խորհրդածելուց հետո մի կառք վարձեց և կառապանին պատվիրեց գնալ Բեթնել Գրինի ուղղությամբ։ Միստր Սայքսի բնակարանից մոտավորապես քառորդ մղոն այս կողմը կառքից ցած իջավ և ճանապարհի մնացած քիչ մասը գնաց ոտով։
― Այժմ, ― դուռը բախելով քրթմնջաց Հրեան, ― եթե այստեղ ինչ֊որ մութ դավ կա, ես այն շուտով երևան կհանեմ, սիրելիս․ ոչինչ, որ դու խորամանկ աղջիկ ես։
Տան աշխատողն ասաց, թե նա իր սենյակումն է։ Ֆեգինը անշշուկ սողոսկեց վերև և ներս մտավ առանց նախազգուշացման։ Աղջիկը մենակ էր։ Նա գլուխը դրել էր սեղանին, որի վրա թափվել էին նրա կախ ընկած մազերը։
«Երևի հարբել է, ― մտածեց Հրեան պաղարյունությամբ, ― կամ գուցե իրեն դժբախտ է զգում»։
Հրեան, այսպես խորհրդածելով, շուռ եկավ դուռը ծածկելու։ Այդ աղմուկը աղջկան սթափեցրեց, և նա գլուխը բարձրացնելով հարցրեց, թե ինչ նորություն կա։
Մինչ Հրեան հաղորդում էր Թոբի Քրեքիթի պատմածները, աղջիկը ուշադրությամբ զննեց ավազակի դեմքը։ Երբ պատմությունը ավարտվեց, նա գլուխը նորից դրեց սեղանին առանց մի բառ ասելու։ Հետո ճրագը ջղաձգաբար դեն հրեց, մեկ֊երկու անգամ տենդորեն փոխեց դիրքը, ոտքերը քսրտեց հատակին և դրանով բավականացավ։ Տիրող լռությունից օգտվելով, Հրեան կասկածամտությամբ շուրջը նայեց, ասես Սայքսի գաղտագողի վերադարձած լինելը մատնանշող երևույթներ որոնելով, և ակներևաբար կատարած քննության արդյունքից գոհ՝ երկու֊երեք անգամ հազաց և աշխատեց խոսակցություն բաց անել, բայց աղջիկը նրա վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց, կարծես թե իր առաջ մի արձան լիներ։ Վերջապես, որոշելով մի անգամ էլ փորձել, նա ձեռքերը շփեց իրար և շատ հաշտաբար ասաց․
― Քո կարծիքն ի՞նչ է․ Բիլլը հիմա որտե՞ղ կլինի, սիրելիս։
Աղջիկը համարյա անհասկանալի ինչ֊որ բաներ քրթմնջաց, թե չգիտե, և նրա խեղդուկ ձայնից զգացվեց, որ արտասվում է։
― Նույնպես և տղան, ― շարունակեց Հրեան, նրա դեմքը տեսնելու համար մեծ ճիգ գործադրելով։ ― Խե՜ղճ երեխա։ Նրան թողել են փոսի մեջ։ Պատկերացրու, Նե՛նսի, նրա վիճակը։
― Երեխան, ― ասաց աղջիկը՝ գլուխը ընդոստ վեր բարձրացնելով, ― ավելի հանգիստ է այնտեղ, որտեղ գտնվում է, քան թե մեր մեջ։ Եվ եթե Բիլլին որևէ վտանգ չպատահի, ես կցանկանայի, որ նա հենց այդ փոսի մեջ էլ մահանար, և այնտեղ էլ փտեին նրա մատաղ ոսկորները։
― Ի՜նչ, ― գոռաց Հրեան զարմանքից քարացած։
― Այո՛, հենց այդպես էլ ցանկանում եմ, ― նրա անքթիթ հայացքը փոխադարձելով՝ ասաց աղջիկը։ ― Ես ուրախ կլինեի, եթե նա հեռանար աչքիցս, և ես համոզվեի, որ նա մեկընդմիշտ ազատվել է այս շրջապատից։ Ես նրա ներկայությունը հանդուրժել չեմ կարող։ Նրան տեսնելիս ես ատելությամբ եմ լցվում իմ հանդեպ և բոլորի հանդեպ։
― Հիմարություն է, ― արհամարհանքով ասաց Հրեան։ ― Դու հարբած ես։
― Ինչպե՜ս, ― ասաց աղջիկը դառնացած։ ― Այդ քո մեղքը չէ, եթե հարբած չեմ։ Եթե կարողանայիր քո կամքը պարտադրել, դու միշտ էլ կցանկանայիր ինձ այդ վիճակում տեսնել, բացառությամբ այս օրվա։ Այժմ այդ սովորությունը քեզ դուր չի գալիս, այդպես չէ՞։
― Ո՛չ, ― կատաղած գոռաց Հրեան։ ― Դուր չի գալիս։
― Ուրեմն, փոխիր այն, ― ասաց աղջիկը քրքջալով։
― Փոխե՜լ, ― բացականչեց Հրեան՝ գիշերվա մտահոգության և աղջկա կամակորության պատճառով բոլորովին համբերությունը կորցրած։ ― Այո՛, ես կփոխեմ այդ, ես անպայման կփոխեմ այդ, փչացածի մեկը։ Լսի՛ր, ի՛նձ, լսիր։ Դու շատ լավ գիտես, որ բավական է ինձ համար ընդամենը վեց բառ արտասանել, և Սայքսը խեղդամահ կլինի։ Այդ այնքան ապահով բան է, որքան եթե ես այժմ մատներիս մեջ սեղմեի նրա ցլակերտ վիզը։ Եթե նա վերադառնա տղային այնտեղ թողնելով, եթե նա վտանգից ազատվի և տղան ինձ չհանձնի ողջ, թե մեռած վիճակում, դու ինքդ պետք է սպանես նրան, եթե չես ուզում, որ նա ընկնի Ջեկ Քեչի ձեռքը։ Սպանի՛ր նրան, հենց որ ոտքը այս տան շեմքին կդնի, այլապես, հետո շատ ուշ կլինի, իմացի՛ր։
― Ինչե՜ր եմ լսում, ― ակամա ճչած աղջիկը։
― Ինչե՜ր ես լսում, ― կրկնեց Ֆեգինը զայրույթից գլուխը կորցրած։ ― Երբ այդ տղան ինձ համար արժե հարյուրավոր ֆունտեր, հիմա՞ր եմ, ինչ է, որ կորցնեմ այն բոլորը, որ բախտը գցել է իմ ճանապարհին, կամ զոհ գնամ մի խումբ հարբածների քմահաճույքին, որոնց կարող եմ ոչնչացնել իմ մատի մի շարժումով։ Եվ ես շղթայված լինեմ իսկական մի սատանայի, որը միայն կտակն է պահանջում, և ի զորու է ա֊անելու․․․
Ծերը հուզմունքից հևալով կակազեց և հարմար բառը գտնելու համար մի րոպե կանգ առավ, բայց հենց այդ րոպեին անդրադառնալով իր արածին, իսկույն կասեցրեց իր զայրույթի հորձանքը և փոխեց իր ամբողջ վարվելակերպը։ Բռունցք կազմած ձեռքերը, որ օդն էին հարվածում, հանկարծ թուլացան, լայն բացված աչքերը կորցրին իրենց փայլը, զայրույթից կապտած դեմքը գունաթափվեց, և ծերունին, կծկվելով մի աթռի վրա, սկսեց սարսափից դողալ, մտածելով, թե գուցե իր իսկ բերանով բացատրել էր մի ինչ֊որ թաքնված սրիկայություն։ Կարճ լռությունից հետո, համարձակություն ձեռք բերելով, շուռ եկավ և իր զրուցակցին նայեց։ Աղջիկը նստած էր նույն անտարբեր ու մտացրիվ վիճակով, ինչպես նրան գտել էր, երբ առանց զգուշացման ներս էր մտել։ Այս երևույթը Հրեային մի քիչ սրտապնդեց, բայց առավել ևս վստահ լինելու համար, որ նա չէր օգտվել իր անզգույշ արտահայտություններից, և իր սովորական ձայնով կռկռաց․
― Նենսի, սիրելի՜ս, դու իմ ասածները լսեցի՞ր, սիրելի՜ս։
― Լավ կանեիր, հիմա ինձ չանհանգստացնեիր, Ֆեգին, ― գլուխը ծանրորեն բարձրացնելով պատասխանեց աղջիկը։ ― Եթե Բիլլը այս անգամ ոչինչ չի արել քեզ համար, ուրիշ անգամ կանի։ Նա շատ անգամ է ծառայել քեզ, և նորից կծառայի, եթե կարողանա, իսկ եթե հնարավոր չեղավ, չի անի․ հետևաբար, էլ չխոսենք այդ մասին։
― Իսկ այն տղան, սիրելիս, ― ասաց Հրեան ջղագրգռությամբ ձեռքերի ափերը շփելով։
― Տղան էլ մյուսների նման պետք է թողնվի իր բախտին, ― վրա տվեց Նենսին։ ― Նորից եմ կրկնում․ երանի նա մեռած լիներ և միանգամից ընդմիշտ զերծ որևէ վտանգի ենթարկվելու կամ քո ձեռքն ընկնելու դժբախտությունից, եթե անշուշտ Բիլլի գլխին որևէ փորձանք չի եկել։ Իսկ եթե Թոբին կարողացել է ծլկել, ինչ խոսք, որ Բիլլը նույնպես ապահով կլինի, որովհետև բոլոր դեպքերում նա երկու Թոբի արժի։
― Իսկ այն նյութի շուրջը, որ խոսում էի սիրելիս, ― ծակող հայացքը աղջկա վրա հառելով՝ նկատեց Հրեան։
― Եթե ուզում ես, որ ես քեզ համար որևէ բան անեմ, Ֆե՛գին, դու պետք է բոլորը նորից ծայրեծայր կրկնես, ― ասաց Նենսին։ ― Բայց ավելի լավ կլիներ այդ բանը թողնեիր վաղվան։ Մի րոպե կարծես միտքս պայծառացել էր, բայց այժմ նորից մշուշվեց։
Ֆեգինը մի քանի այլ հարցեր էլ տվեց, այդ միևնույն նպատակը հետապնդող, հաստատելու համար, թե արդյոք աղջիկը ուշադրություն դարձրե՞լ էր իր անզգույշ ակնարկներին, բայց իր զրուցակիցը այնքան անմիջականորեն պատասխանեց դրանց և իր որոնող հայացքի տակ մնաց այնքան անվրդով, որ Հրեան, ինչպես սկզբում ենթադրել էր, համոզվեց, թե նա հարբած է։ Նենսիի, ինչպես նաև Հրեայի տնօրինության տակ գտնվող մյուս բոլոր կին աշակերտների մոտ ըմպելիքի նկատմամբ մեծ տկարություն գույություն ուներ, և այդ տկարությունը վաղ հասակում ավելի շուտ քաջալերվել էր, քան թե այն բուժելու համար որևէ ճիգ էր գործադրվել։ Նրա անխնամ տեսքը և ջինի սուր հոտը, որ տարածված էր սենյակում, վկայում էին այն մասին, թե Հրեայի ենթադրությունը համապատասխանում էր ճշմարտությանը։ Ւսկ նրա զանազան ներմղումների ազդեցության տակ նա սկսեց մերթ արտասվել, մերթ բացականչել «վանի՛ր հուսահատությունը», և դատողություններ անել այն մասին, թե ինչ նշանակություն ունեն վեճերը, եթե մի լեդի կամ ջենթլմեն երջանիկ է, միստր Ֆեգինը, որն այս հարցում բավականին փորձ ուներ, մեծ գոհունակությամբ տեսավ, որ աղջիկը արդարև չափազանց հարբած էր։
Այսպես, ծեր Հրեան, իր ամբողջ իմացածը աղջկան հաղորդելուց և սեփական աչքերով տեսնելուց հետո, որ Սայքսը թաքուն չի վերադարձել, գնաց տուն․ նրա դեռատի ընկերուհին, գլուխը սեղանին դրած, արդեն քնել էր։
Գիշերվա ժամը տասնմեկն էր։ Երկինքը մռայլ էր, և եղանակը սաստիկ ցուրտ, հետևաբար, ծերը այնքան էլ մեծ ցանկություն չունեցավ դես֊դեն թրևելու։ Ցրտաշունչ քամին ասես փողոցներից սրբել էր անցորդներին, ինչպես սրբել էր ցեխն ու փոշին, քանի որ դրսում շատ քիչ մարդիկ կային, և այդ քչերն էլ, ըստ երևույթին, շտապում էին իրենց տները։ Այսուհանդերձ, քամու ուղղությունը բարենպաստ էր Հրեայի համար, և չնայած նա դողդողում ու սարսռում էր, այնուամենայնիվ, յուրաքանչյուր հողմակոծություն թիկունքից հարվածելով՝ նրան բրտորեն դեպի առաջ էր մղում։
Նա հասել էր իրենց փողոցի անկյունը և արդեն գրպանի մեջ դռան բանալին էր որոնում, երբ ինչ֊որ սև ստվեր, թանձր խավարի մեջ թաղված մի շենքի մուտքից դուրս սահելով, անցավ փողոցի հանդիպակաց կողմը և աննկատ նրան մոտեցավ։
― Ֆե՛գին, ― շշնջաց մի ձայն նրա ականջին շատ մոտիկ։
― Ա՜հ, ― ասաց Հրեան՝ իսկույն շուռ գալով, ― այդ դու․․․
― Այո՛, ― ընդմիջեց անծանոթը։ ― Երկու ժամ է, ինչ թափառում եմ այստեղ։ Այդ ո՞ր գրողի ծոցն էիր գնացել։
― Քո գործով էի զբաղված, սիրելի՛ս, ― պատասխանեց Հրեան, շփոթված նայելով իր զրուցակցին և քայլերը դանդաղեցնելով։ ― Ամբողջ գիշերը քո գործով էի զբաղված։
― Օ՜հ, իհա՜րկե, ― քմծիծաղ տվեց անծանոթը։ ― Ւսկ ի՞նչ դուրս եկավ դրանից։
― Ո՛չ մի լավ բան, ― պատասխանեց Հրեան։
― Չլինի՞ թե որևէ վատ բան է պատահել, ― հանկարծ կանգ առնելով և սարսափած նրան նայելով ասաց անծանոթը։
Հրեան գլուխը թափահարեց և պատրաստվում էր պատասխանել, երբ անծանոթը, ընդհատելով նրան, մատնացույց տվեց տունը, ուր այդ միջոցին հասել էին, և նկատեց, որ ավելի լավ կլիներ, եթե նա իր ասելիքը մի փակ տեղ ասեր, քանի որ դրսում երկար մնալով իր արյունը սառել էր երակներում, և քամին թափանցում էր մինչև ոսկորները։
Այնպես էր երևում, որ Ֆեգինը բոլորովին տրամադիր չէր այդ ուշ ժամին հյուր ընդունելու, և արդարև ինչ֊որ բաներ էլ քրթմնջաց կրակ չունենալու մասին, բայց երբ տեսավ, որ զրուցակիցը համառորեն պնդում է իր տեսակետը, դուռը բաց արեց և խնդրեց անաղմուկ ծածկել, մինչև ինքը կգնար մոմ բերելու։
― Այստեղ գերեզմանային մթություն է տիրում, ― ասաց անծանոթը՝ դժվարությամբ մի քանի քայլ առաջանալով։ ― Շտապի՛ր։
― Դուռը ծածկի՛ր, ― շշնջաց Ֆեգինը միջանցքի մյուս ծայրից։
Երբ նա խոսում էր, դուռը մեծ աղմուկով փակվեց։
― Այդ ի՛մ մեղքը չէր, ― ասաց անծանոթը մթան մեջ խարխափելով։ ― Քամին արեց, կամ ինքն իրեն փակվեց, մեկնումեկը դրանցից։ Լույսը շուտ հասցրու, թե չէ մի բանի դիպչելով գլուխս կփշրեմ այս անիծյալ վայրում։
Ֆեգինը խոհանոցի աստիճաններով զգուշությամբ իջավ ցած։ Փոքր անց վերադարձավ վառված մոմը ձեռքին և անծանոթին տեղեկացրեց, որ Բոբի Քրեքիթը քնած էր շենքի հետևի մասում՝ ներքնահարկի անկյունում, իսկ տղաները՝ առջևի սենյակում։ Ապա նշանով հասկացնելով, որ իրեն հետևի, սկսեց աստիճաններով վեր բարձրանալ։
― Այն մի քանի խոսքերը, որ փոխանակելու ենք, կարող ենք այստեղ փոխանակել, սիրելի՛ս, ― առաջին հարկի սենյակներից մեկի դուռը բացելով ասաց Հրեան, ― և որովհետև փեղկերի վրա ծակեր կան, և մենք միշտ զգուշանում ենք մեր հարևաններից, հետևաբար մոմը կդնենք աստիճանների վրա, ահա՛ այստեղ։
Ապա Հրեան կռանալով մոմը դրեց երկրորդ հարկը տանող աստիճանների վրա, որոնք դռան ճիշտ դիմացն էին գտնվում, և անծանոթին սենյակ առաջնորդեց։ Սենյակում ոչ մի շարժական իր չկար, բացառությամբ մի ջարդված բազկաթոռի և հին ու անծածկույթ մի բազմոցի։ Անծանոթը հենց այդ բազմոցի վրա էլ նստեց հոգնաբեկ, իսկ Հրեան, բազկաթոռը մոտեցնելով, նստեց ուղիղ նրա դիմաց։ Դուռը կիսով չափ բաց լինելու պատճառով սենյակը լրիվ մթության մեջ չէր, իսկ աստիճանների վրա զետեղված մոմը աղոտ ցոլք էր գցում հանդիպակաց պատին։
Նրանք բավական ժամանակ խոսեցին շշուկով։ Թեև ոչինչ չէր հասկացվում, բացառությամբ մի քանի կցկտուր բառերի, այնուամենայնիվ, որևէ ունկնդրողի համար պարզ կլիներ, որ Ֆեգինը անծանոթի կողմից իրեն ուղղված ինչ֊որ դիտողությունների դեմ պաշտպանողական դիրք էր ընդունել, և որ անծանոթը բավականին ջղագրգռված վիճակումն էր։ Մոտ տասնհինգ րոպե կամ գուցե ավելի երկար շշուկով խոսելուց հետո, Մոնքսը, ― այսպես էր անվանել Հրեան անծանոթին խոսակցության ընթացքում, ― ձայնը բարձրացնելով ասաց․
― Քեզ նորից եմ ասում, վատ էր ծրագրված։ Տղային ինչո՞ւ չպահեցիր հենց այստեղ, մյուսների մոտ, և նրանից միանգամից չպատրաստեցիր ստոր և գծուծ մի գրպանահատ։
― Մի սրա՛ն լսեք, ― բացականչեց Հրեան՝ ուսերը թոթվելով։
― Ի՞նչ է, ուզում ես ասել՝ չէ՞իր կարող, եթե կամենայիր, ― խստությամբ հարցրեց Մոնքսը։ ― Մի՞թե տասնյակ անգամներ այդպես չես արել ուրիշ տղաների։ Եթե առավելագույնը մի տարի համբերած լինեինք, չէի՞ր կարող այնպես անել, որ նա դատապարտվեր և ապահով կերպով թագավորության սահմաններից դուրս աքսորվեր, գուցե նույնիսկ ցմահ։
― Իսկ այդ ո՞ւմ կարող էր նպաստած լինել, սիրելիս, ― հեզորեն հարցրեց Հրեան։
― Ի՛նձ, ― պատասխանեց Մոնքսը։
― Բայց ո՛չ ինձ, ― ասաց Հրեան զիջողաբար։ ― Ապագայում գուցե նա ինձ օգտակար լինի։ Երբ մի համաձայնության համար երկու հակառակ կողմեր գոյություն ունեն, կարծում եմ տրամաբանական է, որ երկուսի շահերն էլ պաշտպանվեն, այնպես չէ՞, բարեկամս։
― Հետո ի՞նչ։
― Ես տեսա, որ հեշտ չէր նրան գողության վարժեցնել, ― պատասխանեց Հրեան։ ― Նա միևնույն պարագաներում գտնվող ուրիշ տղաների նման չէր։
― Այո, անիծվածը նման չէ ուրիշ տղաների, ― քրթմնջաց մարդը, ― այլապես նա վաղուց գող դարձած կլիներ։
― Ավելի վատ գործերի մղելու համար ես որևէ կերպ չէի կարող ազդել նրա վրա, ― շարունակեց Հրեան՝ մտահոգ դիտելով իր զրուցակցի դեմքը։ Ես անզոր էի նրա վրա։ Ոչնչով չէի կարող վախեցնել նրան, իսկ դա կարևորագույն ազդակն է սկզբնական շրջանում, այլապես մեր ամբողջ աշխատանքը կորած է։ Ուրեմն ի՞նչ էր մնում ինձ անել։ Ուղարկել նրան Ստահակի և Չարլիի՞ հետ։ Այդ արդեն լինելու բան չէր։ Ես դողում էի մեր բոլորիս համար։
― Այս գործում ես բոլորովին մեղք չունեմ, ― նկատեց Մոն քսը։
― Իհարկե, իհարկե, սիրելիս, ― շարունակեց Հրեան, ― և դրա համար չեմ էլ վիճում այժմ, որովհետև, եթե այդ դեպքը պատահած չլիներ, գուցե դու երբեք տեսած չլինեիր տղային, և այս հայտնաբերումը տեղի չունենալով, այդպես էլ չիմանայիր, թե քո որոնածը հենց այդ տղան էր։ Ինչ արած։ Ես նրան վերադարձրի քեզ այդ աղջկա միջոցով, բայց այս անգամ էլ նա սկսեց տղային պաշտպանել։
― Խեղդի՛ր աղջկան, ― ասաց Մոնքսը անհամբերությամբ։
― Աա՜, մեզ համար դեռևս ձեռնտու չէ այդ անել, սիրելի՛ս, ― պատասխանեց Հրեան ժպտալով, ― և, բացի այդ, այդ ձևը մեզ մոտ ընդունված չէ, այլապես մեծ ուրախությամբ նրան իսկույն կվերացնեի մեջտեղից։ Ես այս աղջիկներին լավ եմ ճանաչում, Մոնքս։ Հենց որ տղան փոխվի, աղջիկը այլևս նրանով չի էլ հետաքրքրվի։ Քո բաղձանքն այն է, որ նա գող դառնա։ Եթե տղան ողջ է, ես կարող եմ նրանից գող պատրաստել, իսկ եթե, եթե․․․ ― ասաց Հրեան ավելի մոտենալով իր զրուցակցին, ― իմացի՛ր, դա այնքան էլ հավանական չէ, բայց եթե պատահի վատթարագույնը և նա մահացած լինի․․․
― Այդ իմ հանցանքը չէ, եթե մահացած լինի, ― պատասխանեց զրուցակիցը` սարսափահար, դողացող ձեռքերով ամուր բռնելով Հրեայի թևից։ ― Լավ իմացիր, Ֆե՛գին։ Ես ոչ մի մասնակցություն չեմ ունեցել այդ գործում։ Ես քեզ հենց սկզբից էլ ասացի․ ամեն բանի համաձայն եմ, բացի նրա մահից։ Ես չեմ ուզում արյուն թափել։ Ի վերջո այդ բանը հայտնաբերվում է, և մեռնողի ուրվականը, մանավանդ, շարունակ հալածում է մարդուն։ Եթե նրան սպանել են, մեղավորը ես չեմ, լսո՞ւմ ես։ Անիծված լիներ այս դժոխային որջը։ Այդ ի՞նչ բան է։
― Ի՞նչ բան, ― ճչաց Հրեան՝ երկու թևերով ամուր փաթաթվելով երկչոտին, երբ նա վեր թռավ տեղից։ ― Որտե՞ղ։
― Ահա՛ այնտեղ, ― պատասխանեց Մոնքսը՝ լայն բացված աչքերով սևեռուն նայելով դեմի պատին։ ―Ստվե՜րը։ Ես տեսա վերարկու և գլխանոց հագած մի կնոջ ստվեր, որ արագորեն սահեց միջանցքով։
Հրեան բաց թողեց նրան, և նրանք խուճապահար դուրս վազեցին սենյակից։ Քամու հոսանքից հալածված մոմը դեռ մնում էր իր տեղում։ Այդ մոմի լույսի տակ նրանք տեսան միայն ամայի աստիճանները և միմյանց գունատ դեմքերը։ Ուշադիր ականջ դրին։ Ամբողջ շենքում խոր լռություն էր տիրում։
― Այդ մտքիդ պատրանքն է, ― մոմը վերցնելով և դեպի իր զրուցակիցը շրջվելով ասաց Հրեան։
― Երդվում եմ, աչքովս տեսա, ― դողալով պատասխանեց Մոնքսը։ ― Նա թեքվեց դեպի առաջ, երբ սկզբում տեսա, իսկ երբ խոսեցի՝ նա լուծվեց խավարում։
Հրեան արհամարհանքով նայեց իր զրուցակցի գունատ դեմքին և, առաջարկելով հետևել իրեն, եթե ցանկանում է, սկսեց աստիճաններով վեր բարձրանալ։ Նրանք ման եկան այդ հարկի բոլոր սենյակները։ Ցուրտ, մերկ ու դատարկ սենյակներ էին դրանք։ Ապա նորից իջան ներքևի միջանցքն ու այնտեղից գնացին ներքնահարկում գտնվող մառանները։ Ցածրիկ պատերը ծածկված էին կանաչ բորբոսով, խխունջների և կողինջների փայլուն հետքեըը շողում էին մոմի լույսի տակ։ Բայց ամեն կողմ մեռելային լռություն էր տիրում։
― Այժմ ի՞նչ է քո կարծիքը, ― ասաց Հրեան, երբ նորից միջանցք վերադարձան։ ― Մեզ չհաշված, ամբողջ բնակարանում ոչ ոք չկա բացի Թոնիից և տղաներից։ Իսկ նրանցից երկյուղ չկա։ Տե՛ս։
Այդ բանը ապացուցելու համար Հրեան գրպանից հանեց երկու բանալի և բացատրեց, որ առաջին անգամ սանդուղքներով ցած իջնելիս, նա դուռը կողպել էր նրանց վրա, որպեսզի որևէ ինքնակոչ հյուր չխանգարեր իրենց խոսակցությունը։
Այս նոր փաստարկումը միստր Մոնքսին տարակուսանքի մատնեց։ Երբ ամեն տեղ որոնելուց հետո ոչինչ չէին կարողացել հայտնաբերել, նրա առարկությունները աստիճանաբար ավելի ու ավելի կորցրին իրենց ուժգնությունը, և այժմ, մի շարք ահավոր քրքիչներ արձակելով, խոստովանեց, որ այդ բոլորի համար հանցավոր էր միայն իր գրգռված երևակայությունը։ Բայց, հանկարծ տեսնելով, որ ժամը արդեն մեկն է, նա մերժեց խոսակցությունը շարունակելու առաջարկը։ Եվ այսպես, երկու մտերիմ բարեկամներ բաժանվեցին։
Քսանյոթերորդ գլուխ
Խոսում է այն մասին, թե նախորդ գլխում մի ինչ֊որ լեդիի անպատկառորեն լքելու անքաղաքավարության համար ներողություն է խնդրվում։
Քանի որ համեստ մի հեղինակի համար վայելուչ չէր լինի բիդըլի նման կարևոր մի անձնավորության սպասեցնել մեջքը կրակին և վերարկուի ծայրերը թևի տակ, մինչև բարեհաճեր ազատել նրան այդ անհանգիստ դիրքից, և, մանավանդ, քանի որ այդ հեղինակի պաշտոնին կամ ասպետությանը առավել ևս խոտոր կհամարեր նույնպիսի զանցառության երթարկել նաև մի լեդիի, որը այդ բիդըլի սիրո և գուրգուրանքի առարկան էր դարձել, և որի ականջին նա շշնջացել էր քնքուշ խոսքեր, որոնք, բխելով այդպիսի աղբյուրից, կարող էին որևէ բարձրաստիճան կույսի կամ կնոջ սրտի լարերը իրավացիորեն թրթռացնել, պատմագիրը, որ գրում է այս տողերը՝ համոզված լինելով, որ նա գիտակցում է իր դիրքը, և որը այս երկրում բարձր և կարևոր հեղինակություն շնորհված մարդկանց հարգում է ըստ պատշաճի, փութով գալիս է վճարելու նրանց այն տուրքը, որ թելադրված է այդ անձանց պաշտոնով, և վերաբերվել նրանց այնպես, ինչպես նրանց վսեմ հասարակական դիրքը (բնականաբար) մեծ առաքինությունները խստորեն պահանջում են իրենից։ Ահա այս նպատակը հետապնդելով, նա ծրագրել էր այստեղ ներածել բիդըլների սրբազան իրավունքը շոշափող ու նրանց դիրքը բնորոշող մի ուսումնական ճառ այն մասին, թե բիդըլները անսխաալական են։ Եվ այս դատողությունները ողջախոհ ընթերցողի համար անտարակույս կլինեն և՛ հաճելի, և՛ շահեկան, բայց տեղի ու ժամանակի սղության պատճառով հեղինակը հարկադրված է հետաձգել դրանք ավելի հարմար և համապաըասխան առիթի։ Երբ այդ առիթը ներկայանա, նա սիրով պիտի ցույց տա, որ առ ի պատշաճի գոյություն ունեցող մի բիդըլ, այսինքն՝ ծխական մի բիդըլ, կցված ծխական մի աղքատանոցի և ծառայելով որպես պաշտոնական անձ ծխական եկեղեցուն, իր դիրքի և իրավունքների բերումով օժտված է մարդկային բոլոր կատարելություններով ու լավագույն հատկություններով, և այս առաքինություններից ոչ մեկը ունենալու հավակնությամբ չեն կարող պարծենալ առևտրական ընկերությունների, դատական գրասենյակների և նույնիսկ երկրորդական եկեղեցիների բիդըլները։
Միստր Բամբըլը կրկին ու կրկին հաշվել էր գդալները, կշռել և վերակշռել շաքարի ունելիները, ավելի ևս ուշադիր զննել կաթնամանը, ստուգել կարասիները, մինչև իսկ բազկաթոռների փսիաթե նստատեղիները, գոհունակությամբ նկատելով այդ բոլորի անթերի վիճակը։ Նա յուրաքանչյուր գործողություն կրկնել էր առնվազն վեց անգամ, երբ սկսեց մտածել, որ միսիս Քորնին պետք է վերադարձած լիներ։ Մի միտք ծնունդ է տալիս մի այլ մտքի․ քանի որ միսիս Քորնիի վերադարձը հայտնող ոտնաձայներ դեռևս չէին լսվում, միստր Բամբըլը մտածեց, որ վատ չէր լինի, եթե միսիս Քորնիի պահարանի դարակների մեջ հարևանցի մի ակնարկ գցեր ի գոհացում իր հետաքրքրասիրության ։ Ժամանակը վատնելու շատ անմեղ ու պարկեշտ միջոց էր այդ։
Հետևաբար, ականջը դնելով բանալու անցքին, և ապահովվելով, որ դռանը ոչ մի մոտեցող չկա, միստր Բամբըլը ներքևից սկսելով մինչև վերև բաց արեց բոլոր երեք մեծ դարակները և առանձին֊առանձին զննեց պարունակությունը։ Դարակները լիքն էին լավ որակի և ճաշակի հագուստեղենով, որոնք խնամքով զետեղված էին հին թերթերի արանքում և շաղ տրված քաղցրաբույր լավանդի տերևներով։ Այդ բոլորը մեծ բավականություն պատճառեցին բիդըլին։ Հերթականությամբ հասնելով աջ անկյունում գտնվող դարակին (որի մեջ բանալին էր դրված) և այդ դարակում տեսնելով կախովի կողպեքով փակված մի փոքրիկ արկղ, որը թափ տված ժամանակ դուրեկան հնչյուններ էր արձակում, ասենք՝ մանրադրամի զնգոցի նման, միստր Բամբըլը վեհաշուք կերպով մոտեցավ կրակին և, ընդունելով նախկին դիրքը, լուրջ ու վճռական ասաց․ «Այո՛, ես այդ անելու եմ»։ Այս ծանրակշիռ հայտարարությունից հետո նա տասը րոպե գլուխը չարաճճի շարժումներով տարուբերեց, ասես մտածելով այն մասին, թե ի՛նչպիսի հիանալի տղա էր ինքը, ապա սկսեց մեծ հիացմունքով ու հետաքրքրությամբ ոտքերը դիտել կողքից։
Նա հանգիստ ու անվդրով շարունակում էր ոտքերի զննությունը, երբ միսիս Քորնին, շնչասպառ ներս խուժելով սենյակ, իրեն գցեց օջախի մոտ գտնվող աթոռին, մեկ ձեռքով աչքերը ծածկեց, մյուս ձեռքը դրեց սրտին ու սկսեց հեկեկալ։
― Միսիս Քո՜րնի, ― ասաց միստր Բամբըլը, թեքվելով տեսչուհու վրա, ― այս ի՞նչ բան է, տիկի՛ն, ի՞նչ է պատահել։ Խնդրում եմ պատասխանեք ինձ, ես, ես․․․ միստր Բամբըլը հուզմունքից իսկույն չկարողացավ մտաբերել «կեռագամ» բառը ու դրա փոխարեն ասաց․ ― Կարծես փշրված շշերի վրա եմ քայլում։
― Օ՜, միստր Բամբըլ, ― արտասվեց լեդին, ― այնքան սաստիկ վրդովել են ինձ։
― Վրդովե՞լ, տիկին, ― բացականչեց միստր Բամբըլը, ― այդ ո՞վ է համարձակվել ձեզ․․․ Ա՜ա, ես գիտեմ, ― ասաց միստր Բամբըլը, բնածին վեհաշուքությամբ իրեն զսպելով, ― այդ կեղտոտ աղքատներից մեկն է վիրավորել ձեզ։
― Սարսափելի է մտածել այդ մասին, ― ասաց լեդին սարսռալով։
― Այդ դեպքում մի՛ մտածեք այդ մասին, ― խնդրեց միստր Բամբըլը։
― Անկախ ինձնից է լինում, ― հեկեկաց լեդին։
― Ուրեմն մի բան խմեցեք, տիկի՛ն, ― ասաց միստր Բամբըլը։ ― Մի քիչ գինի, գուցե։
― Ոչ, անկարելի բան է, ― պատասխանեց միսիս Քորնին։ ― Չեմ կարող, օ՜հ։ Աջ անկյունում գտնվող ամենավերևի դարակը, օ՜հ։ ― Այս բառերը ասելիս ազնիվ լեդին մտացիր մատնացույց արավ պահարանը և ներքին օրգանների կծկումի հետևանքով սկսեց ցավից գալարվել։ Միստր Բամբըլը տագնապով մոտեցավ պահարանին և անկապ խոսքերով մատնացույց արված դարակից կես լիտրանոց մի ինչ֊որ կանաչ շիշ խլելով ՝ մի թեյի բաժակ լցրեց շշի պարունակած հեղուկից և մոտեցրեց լեդիի շրթներին։
Արդեն ավելի լավ եմ զգում, ― ասաց միսիս Քորնին, կեսը խմելուց հետո աթոռին հենվելով։
Միատր Բամբըլը երախտագիտական զգացումներով լցված աչքերը բարեպաշտորեն դեպի ձեղունը բարձրացրեց և ապա վերցնելով թեյի բաժակը՝ հոտ քաշեց։
― Օշարակ է, պատրաստված անանուխված շաքարով, որի մեջ խառնված է նաև մի փոքր, մի փոքր ուրիշ բան, ― նվաղկոտ ձայնով շշնջաց միսիս Քորնին, խոսելիս մեղմորեն ժպտալով բիդըլին։ ― Փորձեցե՛ք։
Միստր Բամբըլը կասկածանքով համտեսեց դեղը, շրթունքները լպստեց, փորձեց մի կում ևս, ապա բոլորը միանգամից կուլ տալով, դատարկ բաժակը դրեց սեղանին։
― Շատ հանգստացուցիչ է, ― ասաց միսիս Քորնին։
― Չափազանց, տիկի՛ն, ― ասաց Բիդըլը։ Խոսելիս նա աթոռը դրեց տեսչուհու աթոռի մոտ և քնքշանքով հարցրեց, թե ի՞նչն էր այդքան տագնապի ենթարկել նրան։
― Ոչի՛նչ, ― պատասխանեց միսիս Քորնին, ― ես հիմար, դյուրահույզ և հոգեպես տկար մի արարած եմ։
― Տկա՞ր, տիկի՛ն, ― ասաց միստր Բամբըլը, աթոռը ևս մի փոքր մոտեցնելով տեսչուհու աթոռին։ ― Տկա՞ր։ Դուք հոգեպես տկա՞ր եք, միսիս Քորնի։
― Բոլորս էլ տկար արարածներ ենք, ― ասաց միսիս Քորնին, հարցին ընդհանուր բնույթ տալով։
― Այո, բոլորս էլ, ― ասաց բիդըլը։
Մի պահ լռություն տիրեց, որի ընթացքում միստր Բամբըլը իր դիրքը ավելի պատկերալից դարձնելու համար ձախ թևը միսիս Քորնիի աթոռի հենակից վերցնելով՝ դրեց միսիս Քորնիի գոգնոցի կապիչին, որի շուրջը և աստիճանաբար փաթաթվեց։
― Մենք բոլորս էլ տկար արարածներ ենք, ― ասաց միստր Բամբըլը։
Միսիս Քորնին հառաչեց։
― Մի՛ հառաչեք, միսիս Քորնի, ― ասաց միստր Բամբըլը։
― Անկախ ինձնից է, ― նկատեց միսիս Քորնին։ Եվ նորից հառաչեց։
― Շատ հանգստավետ սենյակ ունեք, տիկի՛ն, ― ասաց միստր Բամբըլը շուրջը նայելով։ ― Այս ու մի ուրիշ սենյակ իրար կցված՝ կատարելություն կլիներ։
― Մի հոգու համար շատ է, ― մրմնջաց լեդին։
― Բայց ոչ երկուսի համար, տիկի՛ն, ― շշնջաց միստր Բամբըլը։ ― Ճիշտ չէ՞, միսիս Քորնի։
Բիդըլի այս խոսքերի վրա միսիս Քորնին գլուխը խոնարհեց․ միսիս Քորնիի դեմքը տեսնելու համար գլուխը խոնարհեց նաև բիդըլը։ Բայց միսիս Քորնին առ ի պատշաճություն գլուխը շրջեց մյուս կողմը և ձեռքը ազատեց, որպեսզի գրպանից թաշկինակները հանի․ անզգայաբար, սակայն, իր ձեռքը դրեց միստր Բամբըլի ձեռքի մեջ։
― Հանձնաժողովը ձեզ ածուխ հատկացնում է, այնպես չէ՞, միսիս Քորնի, ― հարցրեց բիդըլը, խանդաղատանքով սեղմելով նրա ձեռքը։
― Եվ մոմեր, ― պատասխանեց միսիս Քորնին, թեթև փոխադարձելով ձեռքի սեղմումը։
― Ածուխ, մոմ, բնակարան, բոլորը ձրի, ― ասաց միստր Բամբըլը։ ― Օ՜հ, միսիս Քորնի, դուք ուղղակի հրեշտակ եք։
Անկարող լինելով դիմագրավել զգացումների այսքան զեղուն հորձանքին, լեդին նետվեց միստր Բամբըլի գիրկը, և այդ ջենթլմենը՝ հուզումից իրեն կորցրած, սիրատենչ մի համբյուր դրոշմեց լեդիի պարկեշտ քթի վրա։
― Ծխական ինչպիսի՜ կատարելություն, ― հափշտակությամբ բացականչեց միստր Բամբըլը։ ― Գիտե՞ս, որ միստր Սլաուտի դրությունը այս գիշեր ավելի է վատթարացել, ո՜վ իմ հոգու հատոր։
― Այո՛, ― պատասխանեց միսիս Քորնին ամոթխածությամբ։
― Բժիշկն ասում է, որ նա մի շաբաթ էլ չի ապրի, ― շարունակեց միստր Բամբըլը։ ― Նա այս հաստատության տերն է․ երբ նա մահանա, նրա տեղը թափուր կմնա։ Հետևաբար, նրան անպայման փոխարինող է հարկավոր։ Օ՜հ, միսիս Քորնի, ի՜նչ հեռանկարներ են բացվում մեր առաջ։ Սրտեր ու տնտեսություններ միացնելու ինչպիսի՜ պատեհություն։
Միսիս Քորնին հեկեկաց։
― Իսկ փոքրիկ բա՞ռը, ― ասաց միստր Բամբըլը, կռանալով ամոթխած գեղեցկուհու վրա։ ― Այդ փոքրիկ, փոքրիկ, փոքրիկ բառը, իմ զմայլելի Քորնի։
― Ա֊ա֊այո, ― հառաչեց տեսչուհին։
― Միայն մի բառ ևս, ― խնդրեց բիդըլը, ― մի վերջին անգամ էլ զսպիր քո թանկագին զգացմունքները և այդ մի բառն էլ արտասանիր։ Ե՞րբ է տեղի ունենալու։
Միսիս Քորնին երկու անգամ փորձեց խոսել, բայց երկու անգամ էլ ձախողվեց։ Վերջապես, համարձակություն ձեռք բերելով, փաթաթվեց միստր Բամբըլի պարանոցին և ասաց, որ այդ տեղի կունենա անմիջապես, երբ ինքը կցանկանա և որ իր կարծիքով, նա մի «անգին աղավնյակ է»։
Հարցերը այսպես բարեկամաբար լուծելուց և չափազանց գոհացուցիչ արդյունքի հասնելուց հետո, դաշինքը առավել ամուր դարձնելու համար, նրանք հանդիսավոր կերպով մի երկրորղ բաժակ էլ լցրին անանուխված շաքարի բաղադրությունից, ― որը մանավանդ լեդիի թրթռացող և հուզված սրտի համար անհրաժեշտ էր, ― և մինչդեռ խմում էին այդ օշարակը, միսիս Քորնին տեղեկացրեց միստր Բամբլին պառավի մեռնելու մասին։
― Շատ լավ, ― ասաց այդ ջենթլմենը, կում առ կում, դանդաղ խմելով անուշահամ հեղուկը։ ― Տուն գնալիս կանցնեմ Սովերբերիի խանութի մոտով և կասեմ, որ առավոտյան մի դագաղ ուղարկի։ Ուրեմն ա՞յդ է սարսափեցրել քեզ, հոգյակս։
― Առանձնապես ոչինչ չի պատահել, սիրելի՛ս․ ― խուսափողաբար պատասխանեց լեդին։
― Անպայման մի բան պատահել է, հոգյա՛կս, ― պնդեց միստր Բամբըլը։ ― Եվ մի՞թե դու այդ բանը չես հայտնելու քո աիրեցյալ Բ֊ին։
― Ո՛չ այժմ, ― պատասխանեց լեդին, ― մոտ օրերս։ Ամուսնությունից հետո, սիրելի՛ս։
― Ամուսնությունից հետո՞, ― բացականչեց միստր Բամբըլը։ ― Չլինի՞ թե աղքատանոցի տղամարդկանցից մեկնումեկը անպատկառ վերաբերմունք է ցուցաբերել քո նկատմամբ և․․․
― Ո՛չ, ո՛չ, ո՛չ․ հոգյակս, ― ընդմիջեց լեդին շտապով։
― Եթե կասկածեի, որ այդպիսի բան կա, ― շարունակեց միստր Բամբըլը, ― եթե կասկածեի, որ նրանցից որևէ մեկը համարձակվել է իր գռեհիկ աչքերը բարձրացնել այդ չքնաղ դեմքին․․․
― Նրանք չեն համարձակվի, հոգյա՛կս, ― ասաց լեդին։
― Լավ կանեն չհամարձակվեն, ― ասաց միստր Բամբըլը ձեռքը բռունցք կազմելով։ ― Ցույց տուր ինձ որևէ մեկը՝ ծխական կամ ոչ ծխական, որ մտածեր նման բան անելու մասին, և ես նրան ցույց կտամ, թե ինչպես նա երկրորդ անգամ չի համարձակվի կրկնել իր մտադրությունը։
Եթե այս արտահայտությունները զարդարված չլինեին ձեռքի զանազան համարձակ շարժումներով, գուցե այնքան էլ մեծ տուրք վճարած չէին լինի լեդիի հմայքներին, բայց քանի որ միստր Բամբըլի սպառնական խոսքերին ընկերակցում էին բազմաթիվ մարտական ձեռնաշարժումներ, լեդին շատ հուզվեց նրա նվիրումի այս փաստարկությունից և մեծ հիացմունքով հայտարարեց, որ նա իրոք մի աղավնյակ էր։
Ապա աղավնյակը բարձրացրեց վերարկուի օձիքը, դրեց եռանկյունի գլխարկը և, իր ապագա կողակցի հետ երկար ու սիրալիր գրկախառնեվելուց հետո, հրաժեշտ տվեց նրան։ Նախքան ախքատանոցից դուրս գալը, սակայն, մի քանի րոպե կանգ առավ տղամարդկանց պալատում և նրանց անտեղի կերպով նախատելով՝ ավելի ևս համոզվեց այն բանում, որ կարող էր պահանջված դաժանությամբ վարել աղքատանոցի մեծավորի պաշտոնը։ Այապես, իր ընդունակությունների մասին վստահ և իր պաշտոնի ապագա բարձրացման մասին վառ երազներով համակված, միստր Բամբըլը թեթև սրտով դուրս եկավ հաստատությունից և այս մտքերով տարված՝ հասավ դագաղագործի խանութը։
Միստր և միսիս Սովերբերիները բացակայում էին տնից, իսկ միստր Նոա Քլեյփոլը ինչպես միշտ ուտելու և խմելու հանգստավետ գործողությունից բացի ֆիզիկական որևէ այլ հոգնության ենթարկվելու տրամադիր չէր, հետևաբար, դագաղագործի խանութը տակավին փակված չէր, թեպետ խանութների փակվելու ժամը վաղուց անցել էր։ Միստր Բամբըլը գավազանով մի քանի անգամ թփթփացրեց վաճառասեղանին, բայց ոչ մի ուշադրություն չգրավելով և նկատելով, որ խանութի հետևում գտնվող փոքրիկ ճաշասենյակի լուսամուտից լույս էր երևում, մտածեց գաղտագողի ներս նայել ու տեսնել, թե ինչ էր կատարվում այնտեղ։ Երբ տեսավ, թե ի՛նչ էր կատարվում, մեծապես զարմացավ։
Ընթրիքի համար սփռոցը փռված էր․ սեղանի վրա դրված էին հաց, կարագ, ամաններ, բաժակներ, մի գարեջրաման և մի գինու շիշ։ Սեղանի վերևի ծայրում միստր Նոա Քլեյփոլը անհոգ ընկղմված էր բազկաթոռում, ոտքերը բազկաթոռի թևից կախ տված։ Նրա մի ձեռքում դանակ կար, մյուսում՝ կարագով պատած հացի մի մեծ զանգված։ Հենց նրա կողքին կանգնած էր Շառլոթը և մի փոքրիկ տակառից ոստրեներ հանելով հյուրասիրում էր նրան, իսկ միստր Քլեյփոլը զիջողաբար կուլ էր տալիս դրանք արտասովոր անհագությամբ։ Այդ երիտասարդ ջենթլմենի քթի սովորականից ավելի կարմիր լինելու պարագան, նրա աջ աչքի շարունակական թարթումը և ոստրեները այդքան ծայրահեղ ախորժակով լափելը վկայում էին այն մասին, թե նա փոքր֊ինչ հարբած էր։ Եվ իրոք, միայն ներքին ջերմության պարագային մատդ կարող էր դրանց զովացուցիչ հատկությունները այդքան բարձր գնահատել։
― Ահա մի գեր, համեղ ոստրե, Նոա՛, անգինս, ― ասաց Շառլոթը, ― կեր, անուշ արա։ Խնդրում եմ, միայն այս մեկը։
― Ինչ համեղ բան է ոստրեն, ― ևս մի հատ կուլ տալուց հետո նկատեց միստր Քլեյփոլը։ ― Որքան ափսոս, որ երբ մի քիչ ավելին ես ուտում, անհանգիստ ես զգում քեզ։ Այնպես չէ՞, Շառլոթ։
― Մեծ անգթություն է, ― ասաց Շառլոթը։
― Այդպես է, ― հավանություն տվեց միստր Քլեյփոլը։ ― Իսկ դու ոստրե չե՞ս սիրում։
― Ոչ այնքան, ― պատասխանեց Շառլոթը։ ― Ւնձ ավելի հաճույք է պատճառում, երբ դու ես ուտում, անգի՛նս։
― Տե՜ր աստված, ― ասաց Նոան խորհրդածելով, ― ի՜նչ տորօրինակ բան։
― Մի հատ էլ վերցրու, ― ասաց Շառլոթը։ ― Ահա այս մեկը այնքան գեղեցիկ, նուրբ մորուս ունի։
― Շատ եմ ցավում, բայց էլ չեմ կարող ուտել, ― ասաց Նոան։ ― Այժմ ե՛կ այստեղ՝ հանբուրեմ քեզ, Շառլո՛թ։
― Ի՜նչ, ― ասաց միստր Բամբըլը՝ սենյակ ներս խուժելով։ ― Ապա մի անգամ էլ կրկնիր քո ասածը՝ սը՛ր։
Շառլոթը մի ճիչ արձակեց և դեմքը պահեց գոգնոցի մեջ։ Միստր Քլեյփոլը, հազիվհազ ոտքերը իջեցնելով բազկաթոռի թևից, հարբածի սարսափով աչքերը հառեց բիդըլի վրա։
― Ապա մի անգամ էլ կրկնիր քո ասածը, անպիտա՛ն, անամո՛թ, ― ասաց միստր Բամբըլը։ ― Ինչպե՜ս ես համարձակվում այդպիսի բան ասել, սը՛ր։ Եվ դու ինչպե՜ս ես համարձակվում քաջալերել նրան, լրբի մեկը։ Համբուրե՜լ, ― ցասումնալից բացականչեց միստր Բամբըլը։ ― Թո՛ւ։
― Ես չէի ուզում համբուրել, ― կակազեց Նոան։ ― Նա միշտ էլ համբուրում է ինձ, անկախ այն բանից՝ ես այդ ցանկանո՞ւմ եմ, թե ոչ։
― Օ՜հ, Նոա՛, ― կշտամբեց Շառլոթը։
― Այո՛, դու ինձ միշտ էլ համբուրում ես։ Ինքդ էլ գիտես, որ այդպես է, ― վրա բերեց Նոան։ ― Այո՛, միստր Բամբըլ, նա ինձ շարունակ համբուրում է։ Նա իմ կզակը շոյում է, սը՛ր, և ամեն տեսակ սիրաբանություն անում ինձ հետ։
― Լռությո՛ւն, ― գոռաց միստր Բամբըլը խստությամբ։ ― Այս րոպեիս գնա ներքև, օրիորդ, իսկ դու, Նոա՛, փակիր խանութը․ էլ չհամարձակվես մի բառ ասել մինչև քո տերը վերադառնա։ Զգո՜ւյշ, թե չէ՝ վա՜յ քեզ։ Եվ երբ վերադառնա կասես, որ միստր Բամբըլը մի դագաղ է ուզում պառավի համար։ Թող ուղարկի վաղ առավոտ, նախաճաշից հետո։ Լսո՞ւմ ես, սը՛ր։ Համբուրե՜լ, ― գոչեց միստր Բամբըլը ձեռքերը վեր բարձրացնելով։ ― Այս ծխական թաղամասում գտնվող ցածր խավի մարդկանց մեղքերն ու անօրինությունները որքա՜ն ահավոր են։ Եթե խորհրդարանի անդամները խիստ միջոցներ ձեռք չառնեն նրանց պիղծ ընթացքը կասեցնելու համար, այս երկիրը կործանված է, և գյուղացիության բարոյականությունը առհավետ կորած։ ― Այս խոսքերով, բիդըլը, խրոխտ ու մռայլված, հեռացավ դագաղագործի կալվածքից։
Եվ այժմ, քանի որ մենք ընկերակցել ենք նրան մինչև այստեղ և պառավի հուղարկավորության վերաբերյալ բոլոր հարկավոր պատրաստությունները տեսել ենք, եկեք մի քանի հարցուփորձ կատարենք Օլիվեր Թվիստի մասին և ստուգենք, թե նա արդյոք դեռևս մնո՞ւմ է այն փոսի մեջ, որտեղ Թոբի Քրեքիթը թողեց նրան։
Քսանութերորդ գլուխ
Զվաղվում է Օլիվերով և շարունակում պատմել նրա արկածների մասին
― Գայլե՛րը գզեն ձեր կոկորդը, ― ատամները կրճտացնելով քրթմնջաց Սայքսը։ ― Երանի հիմա մոտս լինեիք․ այն ժամանակ ավելի խռպոտ կկաղկանձեիք։
Սայքսը իր կատաղի խառնվածքի ամբողջ թափով այս անեծքը ծոր տալուց հետո, վիրավոր տղայի մարմինը հանգչեցրեց իր կորացրած ծնկների վրա և իրեն հերապնդողներին նայելու համար գլուխը մի րոպե շուռ տվեց։
Խավարի ու մշուշի մեջ շատ քիչ բան էր զատորոշվում, բայց մարդկանց բարձրագոչ աղաղակները օդը թնդացնում էին, և ահազանգի սարսափազդու ձայնից գրգռված հարևան շների հաչոցները արձաքանք էին տալիս բոլոր կողմերից։
― Կանգնի՛ր, վախկո՛տ շուն, ― գոռաց ավազակը՝ բղավելով Թոբի Քրեքիթի հետևից, որը, իր երկար սրունքները լավագույնս օգտագործելով, արդեն բավականին հեռացել էր։ ― Կանգնի՛ր։
Այս խոսքի կրկնությունից հետո Թոբին քարացած մնաց իր տեղում։ Նա գժգոհությամբ տեսավ, որ գնդակի զոհ գնալու վտանգից այնքան էլ հեռու չէր։ Իսկ Սայքսը կատակ անելու տրամադրության մեջ չէր գտնվում։
― Արի օգնի՛ր, միասին տանենք տղային, ― գոռաց Սայքսը, ձեռքի կատաղի շարժումով ետ կանչելով նրան։ ― Վերադարձի՛ր։
Թոբին այնպես ձևացրեց, իբրև թե վերադառնում է, բայց դանդաղաքայլ առաջանալիս հանդգնեց կցկտուր ձայնով, որը շնչասպառության հետևանք էր, չկամություն արտահայտող ինչ֊որ բառեր քրթմնջալ։
― Շո՛ւտ շարժվիր, ― տղային իր ոտքերի առջև գտնվող չոր խոտի մեջ դնելով և գրպանից մի ատրճանակ հանելով գոռաց Սայքսը։ ― Դու քո խարդախությունը ինձ վրա մի բանեցնի, հասկացա՞ր։
Այդ պահին աղմուկը ավելի սաստկացավ։ Սայքսը նորից շրջվելով նկատեց, որ հետապնդողները արդեն մագլցում էին դեպի այն դաշտի դարպասը, որի մեջ կանգնած էր ինքը, և երկու շներ, նրանցից ավելի առաջ անցած, շտապում էին այդ կողմը։
― Ամեն ինչ վերջացած է, Բի՛լլ, ― գոչեց Թոբին, ― գցի՛ր այդ լակոտին ու փախի՛ր։ ― Այս խրատական հրաժեշտով, միստր Քրեքիթը, իր բարեկամի գնդակից մեռնելու հավանականությունը նախընտրելով վստահաբար թշնամու ձեռքն ընկնելու հեռանկարից, լքեց նրան և սկսեց ամբղջ ուժով վազել։ Սայքսը ատամները սեղմեց, մի րոպե շուրջը նայեց, երեսնիվայր պառկած Օլիվերի վրա գցեց այն թիկնոցը, որի մեջ նրան հապճեպ փաթաթել էին, հետևից եկողների ուշադրությունը տղայից այլ կողմ հրավիրելու համար ցանկապատի եզերքով վազ տվեց հակառակ ուղղությամբ, մի րոպե կանգ առավ մի ուրիշ ցանկապատի առաջ, որ նախորդի հետ ուղղանկյուն էր կազմում, ապա ատրճանակը օդի մեջ բարձր պահած կրակեց և մեկ ոստյունով մյուս կողմը ցատկելով՝ չքացավ։
― Հո՛, հո՛, հե՜յ, ― լսվեց մի դողդոջուն ձայն հետևից։ ― Պինչեր, Նեպտուն, շուտ այստեղ եկե՛ք։
Շները, որոնք, ըստ երևույթին, իրենց տերերի նման այնքան էլ մեծ հաճույք չէին զգում այս զբոսանքից, իսկույն հնազանդվեցին հրամանին։ Երեք տղամարդ, որոնք մինչ այդ դաշտի համարյա մեջտեղն էին հասել, կանգ առան խորհրդակցելու։
― Իմ կարծիքը կամ ավելի ճիշտ՝ իմ հրամանը, ― ասաց խմբի ամենագեր մարդը, ― այն է, որ մենք անմիջապես վերադառնանք տուն։
― Ինձ համար հաճելի է անել այն ամենը, որ հաճելի է միստր Ջայլսի համար, ― ասաց ավելի կարճահասակ մի մարդ, որը նույնպես բավականին գեր էր, շատ գունատ և չափազանց քաղաքավարի, ինչպես սովորաբար լինում են ահաբեկված մարդիկ։
― Ես չէի ցանկանա անքաղաքավարի գտնվել, ջենթլմեններ, ― ասաց երրորդը, որը շներին ետ էր կանչել։ ― Այդ միստր Ջայլսի գիտենալու բանն է։
― Անշուշտ, ― պատասխանեց կարճահասակ մարդը, ― միստր Ջայլսի ասածին չի կարելի ընդդիմանալ։ Ո՛չ, ո՛չ։ Փա՜ռք աստծո, ես գիտեմ, թե ինչ է պահանջում իմ դիրքը։ ― Ճշմարիտն ասած, փոքրիկ մարդը կարծես իրոք գիտակցում էր իր դիրքը և կատարելապես գիտեր, թե նախանձելի դրության մեջ չէր գտնվում, քանի որ խոսելիս ատամները կրճտում էին։
― Դու վախենում ես, Բրիտըլզ, ― ասաց միստր Ջայլսը։
― Ո՛չ, չե՛մ վախենում, ― ասաց Բրիտըլզը։
― Վախենում ես, ― պնդեց Ջայլսը։
― Դուք ստում եք, միստր Ջա՛յլս, ― ասաց Բրիտըլզը։
― Դու մի ստախոս ես, Բրիտըլզ, ― ասաց միստր Ջայլսը։
Այս վեճը առաջ եկավ միստր Ջայլսի կշտամբանքի պատճառով, իսկ միստր Ջայլսի կշտամբանքը բխում էր այն զայրույթից, որ նորից տուն վերադառնալու պատասխանատվությունը հարկադրաբար ընկնում էր իր վրա՝ հաճոյախոսության դիմակի տակ։ Երրորդ մարդը, սակայն, վեճը դադարեցրեց չափազանց փիլիսոփայորեն։
― Գիտե՞ք ինչ, ջենթլմեններ, ― ասաց նա, ― բոլորս էլ վախենում ենք։
― Դու մենակ քո անձի համար խոսիր, սը՛ր, ― ասաց միստր Ջայլսը, որ խմբի ամենագունատ մարդն էր։
― Այդպես էլ անում եմ, ― պատասխանեց նա։ Տվյալ պայմաններում վախենալը շատ բնական և պատշաճ բան է։ Ես վախենում եմ, սը՛ր։
― Ես նույնպես վախենում եմ, ― ասաց Բրիտըլզը, բայց վերջ ի վերջո, չի կարելի այդպես միանգամից․․․
Այս անկեղծ արտահայտություններ մեղմացրին միստր Ջայլսի զայրույթը, և նա իսկույն ընդունեց, որ ինքը ևս վախենում էր, որից հետո երեքն էլ կատարյալ համերաշխությամբ վազեցին դեպի տուն։ Սակայն ճանապարհին միստր Ջայլսը շատ քաղաքավարի կերպով պնդեց, որ փոքր֊ինչ կանգ առնեն և երբ նրանք կանգ առան, նա իր վիրավորական խոսքերի համար խմբից ներողություն խնդրեց։
― Բայց զարմանալի է, թե մարդ ինչեր անելու ընդունակ չէ, երբ արյունը եռ է գալիս, ― շարունակեց միստր Ջայլսը։ ― Ես կարող էի ոճիր գործել, այո՛, իսկապես ոճիր գործել, եթե այդ ստահակներից մեկնումեկին բռնած լինեինք։
Քանի որ մյուս երկուսը նույնպես բաժանում էին միստր Ջայլսի կարծիքը, և քանի որ նրանք էլ միստր Ջայլսի նման կորցրել էին իրենց քաջությունը, հետևաբար, սկսեցին ենթադրություններ անել, թե տրամադրությունների այս հանկարծակի փոփոխության պատճառն ինչ էր։
― Ես գիտեմ, ― ասաց միստր Ջայլսը, ― պատճառը դարպասն էր։
― Բոլորովին զարմանալի չէ, եթե դարպասը լինի, ― բացականչեց Բրիտըլզը՝ կառչելով այդ մտքից։
― Վստահ եղե՛ք, ― ասաց Ջայլսը, ― որ այդ դարպասը կասեցրեց հուզումի հորձանքը։ Դարպասից վեր մագլցելիս ասես ինչ֊որ բան ցամաքեց իմ մեջ։
Զարմանալի զուգադիպությամբ մյուս երկուսը հենց նույն միջոցին համակվել էին այդ միևնույն տհաճ զգացողությամբ, ուստի բացահայտ էր, որ դարպասն էր պատճառը։ Մանավանդ, երբ կասկած չկար այն մասին, թե զգացումների փոփոխությունը երբ էր տեղի ունեցել, որովհետև երեքն էլ հիշում էին, թե ինչպես դարպասից մագլցելիս նրանք գողերին տեսել էին։
Այս խոսակցությունը տեղի էր ունենում գողերը հալածող երկու մարդկանց և մի շրջիկ թիթեղագործի միջև, որ գիշերել էր ինչ֊որ ցախանոցում, և որին զարթնեցրել էին իր երկու խառնածին շներով հետապնդմանը մասնակցելու համար։ Միստր Ջայլսը պառավ լեդիի ապարանքում ծառայում էր որպես սեղանապետ և մատակարարող։ Բրիտրլզը ընդհանուր մանր գործեր էր կատարում, և լեդիի մոտ շատ վաղ հասակից ծառայելու պատճառով նրա հետ վարվում էին որպես փոքրիկ խոստումնալից պատանու, չնայած արդեն երեսունն անց էր։
Թեև սյսպիսի խոսքերով իրար խրախուսում էին, այնուամենայնիվ, այդ երեքը քայլում էին իրար համարյա կպած, և ամեն անգամ, երբ սաղարթախիտ ծառերի միջով շաչում էր հողմակոծ քամին, նրանք ահաբեկված իրենց շուրջն էին նայում։ Վերջապես հասան այն ծառին, որի տակ թողել էին իրենց լապտերը, չկամենալով գողերին ցույց տալ, թե որ ուղղությամբ պետք է կրակել։ Լապտերը վերցնելով՝ արագ քայլերով ուղղվեցին դեպի տուն, և նույնիսկ երբ նրանց աղոտ կերպարանքները լուծվել էին խավարում, այդ երերուն լույսը տակավին առկայծում էր նրանց շրջապատող խոնավ ու մռայլ մթնոլորտում։
Մինչդեռ առավոտը համրաքայլ առաջանում էր, օդը ավելի ցրտեց, և մառախուղը ծխի խտացած ամպի նման ծածկեց շրջապատը։ Խոտը թաց էր, արահետներն ու դարուփոս վայրերը լցված էին տիղմով ու ջրով։ Ցրտաշունչ, խոնավ քամին խուլ հեծյունով անցնում էր դաշտերի վրայով։ Օլիվերը դեռևս անշարժ ու անզգա պառկած էր այնտեղ, ուր Սայքսը թողել էր նրան։
Օրը գնալով լուսանում էր, բայց երբ այգաբացի դժգույն շողերը, որոնք խոսում էին ավելի շուտ գիշերվա տխուր մահվան, քան նոր օրվա ծնունդի մասին, սկսեցին տարածվել երկնքում, օդը ավելի ցրտեց, և քամին դարձավ առավել սուր ու ծակող։
Մթության մեջ մռայլ ու սարսափելի թվոցող առարկաները ավելի ու ավելի որոշակի դարձան ու աստիճանաբար ընդունեցին իրենց նախկին սովորական տեսքը։ Անձրևը հեղեղի նման թափվում էր գետնին և աղմկում մերկացած թավուտների մեջ։ Իսկ Օլիվերը չէր զգում, թե ինչպես անձրևը հարվածում էր դեմքին, քանի որ դեռևս փռված էր բնության կավե անկողնու վրա՝ անօգնական և զգայազուրկ։
Վերջապես ցավի մի խուլ տնքոց խզեց տիրող լռությունը, և իր իսկ ձայնից տղան սթափվեց։ Ձախ թևը, որ անխնամ փաթաթված էր մի շալով, ծանրորեն և ընդարմացած կախ էր ընկած կողքից․ Վիրակապը արյունաթաթախ էր։ Նա այնքան թույլ էր, որ հազիվ կարողացավ նստած դիրք ընդունել և նստելուց հետո օգնություն հայցող հայացքով շուրջը նայելով՝ խոր հեծեծաց ցավից։ Մրսած և ուժասպառ, նա ամբողջ մարմնով դողում էր։ Ճիգ արավ ոտքի կանգնելու, բայց ոտից գլուխ սարսռալով ընկավ գետնին։
Երբ ուշաթափության երկրորդ տագնապը վերջացավ, որի նախընթացը այնքան երկար էր տևել, Օլիվերին համակեց չարագուշակ մի զգացում, ասես ինչ֊որ ներքին ձայն նախազգուշացնում էր նրան, որ եթե այդտեղ պառկած մնար, անպայման կմեռներ։ Ուստի տղան ոտքի կանգնեց և փորձեց քայլել։ Գլուխը պտտվում էր․ նա հարբածի նման ետ ու առաջ էր շարժվում։ Այնուհանդերձ, իրեն հազիվ պահելով, սայթաքելով ու տատանվելով և գլուխը կրծքին կախ գցած, շարունակեց քայլել, չիմանալով, թե ուր է գնում։
Եվ այժմ շփոթ ու խառնակ գաղափարների մի ամբողջ հույլ խճճվեց նրա մտքում։ Նրան այնպես թվաց, որ դեռևս քայլում էր Սայքսի ու Թոբի Քրեքիթի մեջտեղով, և նրանք բորբոքված վիճում էին, քանի որ նրանց արտասանած յուրաքանչյուր բառը հնչում էր նրա ականջներում․ երբ չընկնելու համար սաստիկ ճիգ գործադրելիս նա հանկարծ սթափվեց այդ մտքից, գտավ, որ բարձրաձայն խոսում էր նրանց հետ։ Հետո նրան այնպես թվաց, թե ինքը Սայքսի հետ առանձին էր, և իրենք քայլում էին ինչպես նախորդ օրը, թե իբրև խորհրդավոր ստվերներ իրենց մոտով անցնելիս ավազակը ասես նորից պինդ սեղմում էր նրա ձեռքը։ Հանկարծ նա ցնցվեց հրազենի ձայներից, օդը լցվեց ճիչերով ու աղաղակներով։ Նրա աչքերի առաջ լույսեր շողացին․ շուրջը ամեն ինչ խառնակ էր ու շփոթ․ ապա աներևույթ մի ձեռք շտապ հեռացրեց նրան այդտեղից։ Բոլոր այդ տեսիլների ընթացքում նա զգում էր բութ ու անբացատրելի մի ցավ, որ հոգնեցնում ու տանջում էր նրան։
Այսպես, նա երերալով շարունակեց քայլել, գրեթե մեքենաբար սողոսկելով դարպասների երկաթյա ձողերի արանքից կամ դժվարությամբ անցնելով ճանապարհին հանդիպած խրամատների միջով մինչև հասավ մի պողոտա։ Այստեղ անձրևը այնքան սաստկացավ, որ նա սթափվեց։
Նա նայեց շուրջը և շատ հեռվում մի ինչ֊որ տուն նկատեց։ Արդյոք չէ՞ր կարող այնտեղ հասնել։ Խղճալով իր վիճակին, գուցե կարեկցություն ցույց կտային․ նույնիսկ եթե հակառակը պատահեր, դարձյալ նախընտրելի է, ― մտածեց նա, ― մեռնել մարդկային արարածների մոտ, քան թե լայնատարած ամայության մեջ։ Ուստի նա լարեց իր բոլոր ուժերը մի վերջին անգամ և դողդոջուն քայլերով ուղղվեց դեպի այնտեղ։
Մոտենալով տանը, սակայն, ինչ֊որ տարօրինակ զգացում համակեց նրան, ասես առաջին անգամը չէր, որ տեսնում էր այդ շենքը։ Ներքին մանրամասնություններից ոչինչ չէր հիշում, բայց արտաքին տեսքն ու ձևը ծանոթ թվացին նրան։
Օ՜հ, այդ ցանկապատը։ Չէ՞ որ դեռ երեկ գիշեր, ցանկապատից այն կողմ, ներսում, նա ծունկի էր եկել խոտերի վրա և երկու ավազակներից շնորհ հայցել։ Մի՞թե դա հենց այն տունը չէր, որ նրանք փորձել էին կողոպտել։
Երբ Օլիվերը ճանաչեց այդ վայրը, այնպիսի սարսափ պատեց նրան, որ նա մի պահ նույնիսկ մոռացավ իր ցավերի սաստկությունը և մտածեց միայն փախչելու մասին։ Փախչե՜լ, բայց ինչպե՞ս, երբ դժվարությամբ էր ոտքի վրա կանգնում։ Այդ արդեն իր ուժերից վեր էր։ Նա հրեց պարտեզի դարպասը․ դուռը, կողպված չլինելով, լայնորեն բացվեց նրա առջև, և նա երերուն քայլերով ներս մտավ։ Ապա, մի կերպ քարշ գալով անցավ մարգը, սողոսկելով բարձրացավ աստիճաններից, հազիվ լսելի թակեց դուռը և հանկարծ բոլորովին թուլանալով՝ գրեթե անզգա ընկավ կամարակապ գավթի սյուներից մեկի կողքին։
Դիպվածն այնպես բերեց, որ համարյա նույն պահին միստր Ջայլսը, Բրիտլզը և թիթեղագործը, գիշերվա հոգնածությունից և սարսափներից հետո, խոհանոցում իրենց սպառած ուժերը վերականգնում էին թեյով և զանազան թխվածքներով։ Այստեղ պետք է ասել, որ միստր Ջայլսը սովորություն չուներ ստորադաս ծառաների հետ մոտիկ հարաբերության մեջ մտնելու։ Ընդհակառակն, նրանց հետ վերաբերվում էր այնպիսի գոռոզ սիրալիրությամբ, որ թեև գոհացնում էր նրանց, այնուամենայնիվ, պարզ զգացնել էր տալիս իր վերադաս դիրքը հասարակության մեջ։ Բայց մահ, հրդեհ, գողություն և այլ սարսափազդու երևույթներ մարդկանց հավասար են դարձնում, հետևաբար, միստր Ջայլսը, ոտքերը բուխարու երկաթյա վանդակորմին մեկնած և ձախ թևը հենած սեղանին, աջ ձեռքով ցուցադրում էր գողությունը իր բոլոր մանրամասնություններով, որին իր ունկնդիրները (մասնավորապես խոհարարուհին և սպասուհին) լարված ուշադրությամբ ականջ էին դնում։
― Ժամը համարյա երկուսն անց կես էր, ― ասաց միստր Ջայլսը, ― բայց չեմ կարող երդվել, որ երեքին ավելի մոտ չէր, երբ զարթնեցի և անկողնուս մեջ դառնալով, երևի այսպես (այստեղ միստր Ջայլսը շրջվեց իր աթոռի մեջ և սեղանի սփռոցի ծայրը իր վրա քաշեց, նմանեցնելով վերմակի), ինձ թվաց, որ աղմուկ լսեցի։
Պատմության այս կետում խոհարարուհին գունատվեց և խնդրեց սպասուհուն դուռը ծածկել․ սպասուհին իր հերթին խնդրեց Բրիտըլզից, նա խնդրեց թիթեղագործից, իսկ վերջինս ձևացրեց, իբրև թե չի լսում։
― Աղմուկ լսեցի, ― շարունակեց միստր Ջայլսը։ Սկզբում ասացի՝ «երևի պատրանք է» և այն է ուզում էի նորից քնել, երբ աղմուկը կրկնվեց առավել հստակ։
― Ի՞նչ տեսակ աղմուկ էր, ― հարցրեց խոհարարուհին։
― Պայթյունի պես մի աղմուկ, ― պատասխանեց միստր Ջայլսը՝ շուրջը նայելով։
― Ավելի շուտ մի աղմուկ, որ ստացվում է երկաթ խարտոցելիս, ― թելադրեց Բրիտըլզը։
― Քո լսած ժամանակ այդպես էր, սը՛ր, ― վրա տվեց միստր Ջայլսը, ― իսկ իմ լսած ժամանակ պայթյունի էր նման։ Վերմակը վրայիցս դեն նետեցի, ― շարունակեց միստր Ջայլսը՝ սփռոցը մի կողմ հրելով, ― նստեցի անկողնու մեջ ու ականջ դրեցի։
Խոհարարուհին և սպասուհին միաժամանակ «աստվա՜ծ» կանչեցին և աթոռները ավելի մոտեցրին իրար։
― Այժմ ես այդ աղմուկը լսում էի բացահայտ կերպով, ― շարունակեց միստր Ջայլսը։ ― «Մեկնումեկը, ― ասում եմ, ― աշխատում է ինչ֊որ դուռ կամ պատուհան խորտակել, ի՞նչ պետք է անել։ Գնամ այդ խեղճ տղային՝ Բրիտըլզին զարթնեցնեմ և փրկեմ նրան իր անկողնու մեջ սպանվելուց, այլապես նրա աջ ականջից մինչև ձախ ականջը կկտրեն, և նա երբեք էլ չի իմանա, թե ինչ կատարվեց։
Այս պահին բոլոր աչքերը նայեցին Բրիտըլզին, որը, բերանը լայն բաց արած, ծայրահեղ սարսափը դեմքին, սևեռուն հայացքով խոսողին էր նայում։
― Վերմակը մի կողմ հրեցի, ― ասաց Ջայլսը՝ սփռոցը դեմ շպրտելով և աչքերը հառելով սպասուհուն ու խոհարարուհուն, ― անշշուկ վեր կացա անկողնուց, հագնվեցի․․․
― Լեդիների ներկայությամբ չի կարելի նման բաներ ասել, միստր Ջայս, ― մրմնջաց թիթեղագործը։
― Հագա կոշիկնե՛րս, և ոչ թե ուրիշ բան, սը՛ր, ― ասաց Ջայլսը՝ շրջվելով նրա կողմը և մեծապես շեշտելով «կոշիկ» բառը։ ― Խլեցի փամփուշտով լցված ատրճանակը, որ ամեն գիշեր արծաթեղեն սպասների զամբյուղով վեր է բերվում և կամացուկ մտա նրա սենյակը․ «Բրիտըլզ, ասում եմ արթնացնելով նրան, «մի՛ վախենա»։
― Իսկ նա վախեցա՞վ, ― հարցրեց խոհարարուհին։
― Բոլորովի՛ն, ― պատասխանեց միստր Ջայլսը։ ― Նա այնքան քաջասիրտ էր․ ա՜հ, գրեթե իմ չափ քաջասիրտ։
― Եթե ձեր տեղը լինեի, անտարակույս վախից կմեռնեի, ― նկատեց սպասուհին։
― Դու կին ես, ― վրա տվեց Բրիտըլզը՝ մի քիչ սրտապնդվելով։
― Բրիտըլզը իրավացի է, ― ասաց Ջայլսը՝ գլխով հավանություն տալով, ― կանանցից ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել։ Բայց մենք, լինելով տղամարդ, Բրիտըլզի բուխարու վրա գտնվող աղոտ լապտերը վերցրինք և թանձր մթության մեջ խարխափելով իջանք ներքև, մոտավորապես այսպես։
Համապատասխան շարժուձևով միստր Ջայլսը աթոռից վեր էր կացել և երկու քայլ առաջացել էր փակ աչքերով, երբ հանկարծ սաստիկ ցնցվեց, ինչպես ցնցվեցին նաև բոլոր մյուս անդամները, և շտապ վերադարձավ իր տեղը։ Խոհարարուհին և սպասուհին ճչացին։
― Դուռը թակեցին, ― ասաց միստր Ջայլսը՝ իրեն բոլորովին անվրդով ձևացնելով։ ― Մեկնումեկդ բա՛ց արեք։
Ոչ ոք տեղից չշարժվեց։
― Զարմանալի է, որ առավոտյան այս ժամին դուռը թակում են, ― ասաց միստր Ջայլսը շրջապատի գունատ դեմքերին նայելով և ինքն էլ սաստիկ վախենալով, ― բայց դուռը անպայման պետք է բացվի։ Լսո՞ւմ եք, մեկնումեկդ։
Միստր Ջայլսը խոսելիս Բրիտըլզին նայեց, բայց այդ երիտասարդը, լինելով համեստ խառնվածքի տեր մարդ, գուցե իրեն ոչնչություն համարեց և, հետևաբար, մտածեց, որ հարցը որևէ առնչություն չունի իր հետ, և այդ պատճառով էլ ոչ մի պատասխան չտվեց։ Միստր Ջայլսը աղերսող մի հայացք գցեց թիթեղագործի վրա, բայց նա հանկարծ քնել էր։ Կանայք հաշվից բոլորովին դուրս էին։
― Եթե Բրիտըլզը նախընտրում է դուռը բաց անել վկաների ներկայությամբ, ես պատրաստ եմ այդ վկաներից մեկը լինել, ― կարճ լռությունից հետո ասաց միստր Ջայլսը։
― Ես նույնպես, ― ասաց թիթեղագործը, նույնքան հանկարծակի զարթնելով, որքան հանկարծակի քնել էր։
Բրիտըլզը համաձայնվեց այս պայմաններին, և խմբի անդամները (փոքր ինչ սրտապնդված այն բանից հետո, երբ փեղկերը բացելով տեսան, որ արդեն լուսացել էր), շները իրենց առաջը գցած՝ բարձրացան վերև։ Խոհարարուհին և սպասուհին, վախենալով ներքևում մնալ, եկան վաշտի հետևից։ Միստր Ջայլսի խորհրդով, բոլորն էլ խոսում էին բարձրաձայն, որպեսզի չարամիտ անծանոթին նախազգուշացնեին, թե իրենք թվով շատ են։ Ապա, նույն այդ հանճարեղ ջենթլմենի ուղեղում ծագած դիվանագիտական ինչ֊որ մտահղացումով, նրանք շների պոչերը միջանցքում ուժեղ կսմթեցին, որպեսզի այդ կենդանիները կատաղորեն հաչեն։
Այս նախազգուշական միջոցները ձեռք առնելով, միստր Ջայլսը ամուր բռնեց թիթեղագործի թևից (որպեսզի նա չփախչի, ինչպես ինքը կատակով նկատեց) և հրամայեց, որ դուռը բանան։ Բրիտըլզը կատարեց հրամանը․ երբ խմբի անդամները մեկը մյուսի ուսի վրայով սարսափած նայեցին, զարմանքով տեսան ուժասպառ, խոսելու ընդունակությունը կորցրած խեղճ փոքրիկ Օլիվեր Թվիստին, որը, ծանրացող կոպերը հազիվ բարձրացնելով, լուռ գթություն էր հայցում նրանցից։
― Այս ի՞նչ տղա է, ― բացականչեց միստր Ջայլսը, թիթեղագործին հերոսաբար մի կողմ հրելով և առաջ անցնելով, ― ի՞նչ է պատահել նրան․․․ հապա՛, Բրիտըլզ, մի այստեղ նայիր․ չե՞ս ճանաչում։
Բրիտըլզը, որ դռան հետևն էր մտել՝ դուռը բանալու համար, Օլիվերին տեսավ թե չէ, բարձրաձայն ճչաց։ Միստր Ջայլսը, տղայի մի ոտից ու մի թևից բռնելով (բարեբախտաբար ոչ վիրավոր թևից), նրան քարշ տվեց միջանցք և ամբողջ հասակով մեկ փռեց հատակին։
― Նա՛ է, մեծապես հուզված և գլուխը դեպի աստիճանները երկարելով ճչաց Ջայլսը, ― գողերից մեկը այստեղ է, միսս։ Ահավասիկ մի գող, միսս։ Վիրավոր է միսս։ Բրիտըլզը լույսը պահեց, միսս, իսկ ես կրակեցի նրա վրա, միսս։
― Լապտերի լույս էր, միսս, ― ձայնը ավելի ուժեղ հնչեցնելու համար ձեռքը բերանի մի կողմը դնելով գոչեց Բրիտըլզը։
Երկու կին ծառայողները վազեցին վերև տեղեկացնելու, թե միստր Ջայլսը ինչ֊որ ավազակի է բռնել, մինչդեռ թիթեղագործը, վախենալով, որ նա կարող է մեռնել, առանց կախաղան բարձրանալու պատժին ենթարկվելու, աշխատեց Օլիվերին ուշքի բերել։ Այս աղմուկի և իրարանցման մեջ լսվեց կանացի քնքուշ մի ձայն, որն իսկույն հանդարտեցրեց փոթորիկը։
― Ջա՛յլս, ― աստիճանների վերևի հարթակից շշնջաց ձայնը։
― Այստեղ եմ, միսս, ― պատասխանեց միստր Ջայլսը։ ― Մի վախեցեք, միսս, ես այնքան էլ վնասված չեմ։ Նա չկարողացավ ուժեղ դիմադրություն ցույց տալ, միսս, նա տեսավ, որ ինձ հետ չի կարելի չափվել։
― Հանգի՜ստ, ― շշնջաց դեռատի լեդին, ― դուք մորաքրոջս այնքան եք վախեցնում, որքան գողերը։ Ծա՞նր է վիրավորված խեղճը։
― Սարսափելի ծանր, ― պատասխանեց Ջայլսը աննկարագրելի ինքնագովությամբ։
― Կարծես շունչը փչելու է, միսս, ― առաջվա նման բարձրաձայն ասաց Բրիտըլզը։ ― Չէի՞ք ցանկանա ներքև գալ, միսս, և չմեռած տեսնել նրան։
― Հանգի՜ստ, խնդրո՛ւմ եմ, ― ասաց լեդին։ ― Մի րոպե հանգիստ սպասեք, մինչև մորաքրոջս հետ խոսեմ։
Դեռատի լեդին իր ձայնի նման մեղմ ու եթերային քայլվածքով սահեց ու անհետացավ։ Փոքր անց նա վերադարձավ և, հաղորդելով նրանց մորաքրոջ կարգադրությունը, ասաց, որ վիրավորը ուշադրությամբ փոխադրվելու էր վերև, միստր Ջայլսի սենյակը, իսկ Բրիտըլզը ձին թամբելով, իսկույն գնալու է Չերթսի, որտեղից նա շատապ ուղարկելու էր մի ոստիկան ու մի բժիշկ։
― Գեթ մի անգամ չէի՞ք ցանկանա տեսնել նրան, միսս, ― հարցրեց միստր Ջայլսը այնպիսի պարծանքով, ասես Օլիվերը հազվագյուտ փետուրներով մի թռչուն լիներ, որին նա ձեռք էր բերել ճարտարությամբ կրակելով։ ― Գեթ մի փոքրիկ ակնարկ․ միթե ա՞յդ էլ մերժում եք, միսս։
― Ոչ այժմ, այդ անկարելի բան է։ Խե՜ղճ մարդ։ Օ՜հ, լավ վերաբերվեք նրա հետ, Ջա՛յլս, ի սեր իմ, լավ վերաբերվեք նրա հետ, ― ասաց դեռատի լեդին ու գնաց։
Ծերունի սպասավորը այնպիսի հիացմունքով ու հպարտությամբ նայեց նրա հետևից, ասես իր հարազատ երեխան լիներ։ Ապա կռանալով Օլիվերի վրա, կանացի հոգածությամբ օգնեց, որ նրան փոխադրեն վերև։
Քսանիններորդ գլուխ
Տալիս է նախնական տեղեկություն այն տան բնակիչների մասին, որոնց մոտ ապաստան գտավ Օլիվերը
― Շքեղ մի սենյակում, որի կահավորումը չնայած ոչ այնքան ժամանակակից պերճանքի, քան հնի դրոշմը կրող հանգստավետության մասին էր խոսում, ճոխ մի սեղանի առաջ նստել էին երկու լեդիներ։ Միստր Ջայլսը, բոլորովին անթերի սև կոստյում հագած, սպասարկում էր նրանց։ Նա կանգնած էր ճաշասեղանի և բուֆետի միջև։ Ամբողջ հասակով ձգված, գլուխը պահած էր դեպի ետ և թեթևակի մի կողմ թեքած․ ձախ ոտքը դեպի առաջ և աջ ձեռքը խրած բաճկոնի մեջ, մինչդեռ ձախով բռնել էր մի մատուցարան։ Այդ կեցվածով նա ուներ տեսքը այն մարդու, որը գիտակցում է իր մեծությունը և արժանիքները։
Երկու լեդիներից մեկը բավականին առաջացած տարիքի էր, բայց նա իրեն ավելի աղղուձիգ էր պահում, քան թե հենակը այն կաղնյա աթոռի, որի մեջ նստել էր։ Նա հագած էր չափազանց նուրբ ու վեյելուչ զգեստ, որը չնայած հնի ու նորի խարնուրդ էր, բայց դա ավելի շուտ դուրեկանորեն շեշտում, քան թե նվազեցնում էր ընդհանուր հմայքը։ Նա նստել էր վեհաշուք տեսքով, ձեռքերը սեղանին ծալած և աչքերը (իսկ տարիները գրեթե չէին աղոտել նրանց վճիտ փայլը) հառած իր դեռատի զրուցակցուհու վրա։
Դեռատի լեդին իր կյանքի հրապուրիչ գարունն էր ապրում։ Նա այնպիսի հասակի էր, որ եթե հրեշտակները աստծո բարի նպատակների համար երբևէ սահմանվեն մահկանացուների կերպարանքներում ապրելու, առանց սրբապղծություն գործած լինելու կարելի է ասել, որ նրանք բնակություն կհաստատեն նման էակների մեջ։
Նա բոլորած էր հազիվ տասնութ գարուն։ Այնքան չքնաղ էր նա, այնքան հեզ ու քնքուշ, այնքան անբիծ ու եթերային, որ ասես այս աշխարհը նրա տարերքը չէր, և երկրային բիրտ արարածները նրան հավասար ընկերներ չէին։ Այնպիսի իմաստություն կար նրա ծավի աչքերի խորքում, որ հազիվ թե իր տարիքին համապատասխան լիներ կամ պատկաներ այս աշխարհին։ Եվ սակայն նրա քաղցրիկ ու մեղմ վերաբերմունքը բոլորի հանդեպ, նրա դեմքում ցոլացող բյուրավոր լույսերը և առավելապես նրա ժպիտը, նրա ջերմիկ, սրտաբուխ ժպիտը ստեղծված էին ընտանեկան բույնի համար, օջախի շուրջը սիրո խաղաղ մթնոլորտի համար, երանության համար։
Նա զբաղված էր սեղանին մանր ծառայություններ մատուցելով։ Երբ պատահաբար աչքերը բարձրացնելով տեսավ, որ պառավ լեդին իրեն էր նայում, նա մազերը, որ պարզունակ հյուսքերով պսակ էին կազմել ճակատին, նազանքով ետ տարավ և այնքան անկեղծ ու գրավիչ արտահայտությամբ նայեց լեդիին, որ երկնային ոգիները կժպտային նրան տեսնելով։
― Մի ժամ կլինի, որ Բրիտըլզը գնացել է, այնպես չէ՞, ― կարճ դադարից հետո հարցրեց պառավ լեդին։
― Մի ժամ և տասներկու րոպե, տիկի՛ն, ― սև ժապավենին ամրացված արծաթյա ժամացույցը գրպանից դուրս քաշելով պատասխանեց միստր Ջայլսը։
― Նա միշտ դանդաղ է շարժվում, ― նկատեց պառավ լեդին։
― Բրիտըլզը միշտ էլ դանդաղաշարժ տղա է եղել, ― պատասխանեց սպասավորը։ ― Եվ իսկապես, եթե մեկը ավելի քան երեսուն տարի է դանդաղաշարժ է եղել, հավանակա՞ն բան է, որ նա երբևէ արագաշարժ դառնա։
― Ինձ թվում է, որ նրա այդ թերությունը գնալով խորանում է, ― նկատեց տարեց կինը։
― Շատ աններելի է, եթե նա ճանապարհին զվաղվել է ուրիշ տղաների հետ խաղալով, ― ասաց դեռատի լեդին ժպտալով։
Ըստ երևույթին, միստր Ջայլսը ևս մտածում էր ժպտալու պատշաճության մասին, երբ պարտեզի դարպասի առջև կանգ առավ մի բաց կառք։ Կառքի միջից դուրս թռավ ինչ֊որ գեր ջենթլմեն, վազեց դեպի դուռը, առեղծվածային ճարպկությամբ տուն մտնելով՝ խուժեց սենյակ և նախաճաշի սեղանի հետ մեկտեղ միստր Ջայլսին էլ համարհա շուռ տալով՝ բացականչեց․
― Ես կյանքումս այսպիսի բան չէի լսել, իմ թանյագի՛ն միսիս Մեյլի, տե՜ր աստված, այն էլ խուլ գիշերով, երբեք այսպիսի բան չէի լսել։
Ապա ցավակցական խոսքերով գեր ջենթլմենը թոթվեց երկու լեդիների ձեռքերն և, նստելով մի աթոռի, հարցրեց, թե ինչպես են իրենց զգում։
― Երևի վախից լեղաճաք եղաք, ուղղակի լեղաճաք, ― ասաց գեր ջենթլմենը։ ― Ի՞նչու ինձ չտեղեկացրիք։ Տե՜ր աստված, իմ սպասավորը անմիջապես այստեղ կգար, նմանապես և ես։ Ուրախությամբ կգար նաև իմ օգնականը կամ մեկը նման պարագաներում։ Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ։ Այդքան անակնկալ։ Եվ այն էլ խուլ գիշերով։
Բժշկին մտահոգում էր հատկապես այն պարագան, որ գողությունը կատարվել էր անակնկալ կերպով, և այն էլ խուլ գիշերին, կարծես կողոպուտով զաբղվող ջենթլմենների մոտ ընդունված սովորություն էր իրենց գործողությունները կատարել ցերեկը, ենթակաների հետ նամակով նախորոք պանյմանավորվելով։
― Իսկ դո՞ւք, միսս Ռոզ, ― ասաց բժիշկը դիմելով դեռատի լեդիին, ― ես․․․
― Օ՜հ, անշո՛ւշտ, ― ասաց Ռոզը ընդմիջելով, ― բայց վերևում կա խեղճ մի արարած, որին մորաքույրը ցանկանում է, որ տեսնեք։
― Օ՜հ, իսկապե՜ս, ― պատասխանեց բժիշկը, ― իսկապե՛ս։ Ինչպես երևում է, այդ քո ձեռքի գործն է, Ջայլս։
Միստր Ջայլսը, որ տենդագին փութաջանությամբ շուռ եկած թեյի բաժակներն էր կարգի բերում, չափազանց կարմրեց և ասաց, որ ինքը բախտ էր ունեցել արժանանալու այդ պատվին։
― Պատի՞վ, ― ասաց բժիշկը, ― չգիտեմ, գուցե խոհանոցից գողի վրա կրակելը նույնքան պատվաբեր է, որքան հակառակորդին սպանելը տասներկու քայլ հեռավորության վրա։ Պատկերացրու, որ նա կրակել է օդում, իսկ դու մենամարտել ես, Ջայլս։
Միստր Ջայլսը, որը հարցի նկատմամբ այդպիսի թեթև վերաբերմունքը համարում էր իր համբավը նսեմացնելու շատ անիրավ փորձ, ականածանքով պատասխանեց, որ իր նամնների գործը չէր դատողություններ անել այդ խնդրի շուրջ, սակայն, իր կարծիքով, դա կատակ չէր հակառակ կողմի համար։
― Աստվա՜ծ իմ, ճիշտ է, ― ասաց բժիշկը, ― իսկ նա որտե՞ղ է։ Առաջնորդեցե՛ք նրա մոտ։ Միսիս Մեյլի, իջնելիս դարձյալ կայցելեմ ձեզ։ Ուրեմն, այս փոքրիկ պատուհանի միջով է նա անցել ձեզ մոտ, այո՞։ Բոլորովին անհավատալի է։
Ջենթլմենը ամբողջ ճանապարհին խոսելով, միստր Ջայլսի հետ բարձրացավ վերև․ և թող նա բարձրանա, իսկ մենք, օգտվելով առիթից, ընթերցողին կտեղեկացնենք, որ միստր Լոզբերնը այդ թաղամասում ապրող մի վիրաբույժ էր և մինչև տասը մղոն հեռավորության վրա ճանաչված էր որպես «մեր բժիշկ»։ Նա գեր էր ավելի շուտ իր զվարթ խառնվածքի, քան թե լավ ապրուստի պատճառով։ Նա շատ բարեհոգի, շատ սրտաբաց, բայց միաժամանակ շատ արտառոց մի ամուրի տարեց տղամարդ էր, և որևէ հետախույզի համար դժվար էր նրա նմանը ճարել այդ տարածությունից նույնիսկ հինգ անգամ ավելի մեծ տարածության վրա։
Բժիշկը բացակայեց շատ ավելի երկար, քան նախատեսել էին ինքը և երկու լեդիները։ Կառքից բերվեց մի մեծ տափակ արկղ, ննջարանի զանգը հաճախակի հնչեց, մինչ սպասավորները անընդհատ վեր ու վար էին անում, և այս բոլորից բնական էր եզրակացնել, թե ինչ֊որ ծանրակշիռ բան էր կատարվում վերևում։ Վերջապես, բժիշկը իջավ ցած, և երբ նրան հարցրին, թե հիվանդի վիճակը ինչպես է, նա շատ խորհրդավոր տեսք ընդունեց և դուռը զգույշ ծածկեց։
― Սա շատ արտասովոր բան է, միսիս Մեյլի, ― ասաց բժիշկը, կանգնելով մեջքը դռանը դեմ արած, կարծես դուռը փակ պահելու համար։
― Չլինի՞ հիվանդի դրությունը լուրջ է, ― ասաց պառավ լեդին։
― Տվյալ պայմաններում դա արտասավոր բան չէր լինի, ― պատասխանեց բժիշկը, ― թեև չեմ կարծում, որ լուրջ բան գոյություն ունենա։ Դուք տեսե՞լ եք այս գողին։
― Ո՛չ, ― պատասխանեց պառավ լեդին։
― Ոչ էլ որևէ բա՞ն եք լսել նրա մասին։
― Ոչինչ չեմ լսել։
― Ներեցեք տիկի՛ն, ― ընդմիջեց միստր Ջայլզը, ― ես պատրաստվում էի նրա մասին ձեզ պատմելու, բայց բժիշկ Լոզբերնը եկավ։
Իրողությունն այն էր, որ միստր Ջայլսը սկզբում ոչ մի կերպ չէր կարողացել հաշտվել այն մտքի հետ, որ ինքը կրակել է միայն մի տղայի վրա։ Նրա քաջագործությունների շուրջ այնպիսի գովքեր էին հյուսվել, որ նա ամբողջ հոգով ցանկացել էր հնարավոր եղածի չափ սվելի երկարել այն մի քանի հեշտալի րոպեները, որոնց ընթացքում նա ապրել էր իր կարճատև համբավի հասցեին շռայլված փառաբանությունների գագաթնակետում։
― Ռոզը ցանկացավ տեսնել նրան, բայց ես չհամաձայնվեցի, ― ասաց միսիս Մեյլին։
― Հը՜մ, ― ասաց բժիշկը։ ― Նա բոլորովին սարսափազդու տեսք չունի։ Արդյոք որևէ առարկություն ունե՞ք նրան իմ ներկայությամբ տեսնելու։
― Եթե այդ անհրաժեշտ է, ― պատասխանեց պառավ լեդին, ― անշուշտ առարկություն չունեմ։
― Ուրեմն, ես գտնում եմ, որ անհրաժեշտ է, ― ասաց բժիշկը։ ― Ես բացարձակապես վստահ եմ, որ ապագայում դուք խորապես կզղջաք, եթե հետաձգեք նրան տեսնելու գործը։ Այժմ նա կատարելապես հանդարտված է։ Թույլ տվեք ինձ, միսս Ռոզ։ Արդյոք արտոնություն կտա՞ք։ Ազնվությամբ երդվում եմ, վախենալու ոչինչ չկա։
Երեսուներորդ գլուխ
Պատմում է, թե Օլիվերի նոր այցելուները ինչ կարծիք կազմեցին նրա մասին։
Բժիշկը դեռատի լեդիին և միսիս Մեյլիին թևանցուկ արեց և, բազմաթիվ անգամներ հավաստիացնելով, որ ոճրագործի տեսքը հաճելի զարմանք էր պատճառելու նրանց, մեծ շուքով ու հանդեսով երկուսին առաջնորդեց վերև։
― Այժմ, ― շշնջաց բժիշկը, մինչ ննջարանի դռան բռնակը անաղմուկ պտտեցնում էր, ― տեսնենք ինչ է ձեր կարծիքը նրա մասին։ Չնայած վաղուց չի սափրվել, այնուամենայնիվ, բոլորովին վայրենի տեսք չունի։ Բայց, սպասեցեք։ Նախ ստուգեմ, թե արդյոք նա ի վիճակի՞ է հյուրեր ընդունելու։
Առաջինը սենյակ մտնելով, նա հրավիրեց մյուսներին հետևել իրեն։ Երբ նրանք ներս մտան, դուռը ծածկեց և վարագույրը կամացուկ մի կողմ քաշեց։ Որքան մեծ եղավ նրանց զարմանքը, երբ դաժան ու ահռելի կերպարանքով ոճրագործի փոխարեն նրանք տեսան անկողնու վրա պառկած մի հոգնաբեկ և հյուծված երեխայի, որ թաղվել էր խոր քնի մեջ։ Նրա վիրավոր թևը, փալասով փաթաթված, հանգչում էր կրծքին, իսկ գլուխը հակված էր մյուս թևի վրա, որ կիսով չափ քողարկված էր բարձին թափված երկայն մազերով։
Բարեսիրտ ջենթլմենը, վարագույրը ձեռքում պահած, մի պահ լուռ նայեց։ Մինչ նա այսպես դիտում էր հիվանդին, դեռատի լեդին եթերային քայլվածքով սահեց նրանց մոտով և, նստելով անկողնու կողքին դրած մի աթոռի, Օլիվերի մազերը դեմքից ետ տարավ։ Այսպես թեքված ժամանակ աղջկա աչքերից արցունքներ գլորվեցին և ընկան հիվանդի ճակատին։
Տղան խլրտաց քնի մեջ, և մի անուշ ժպիտ խաղաց նրա դեմքին, ասես կարեկցությունից բխած այդ արցունքի կաթիլները նրա մեջ զարթեցրել էին ինչ֊որ հաճելի երազային զգացում, սիրո և գուրգուրանքի մասին, որ բոլորովին անծանոթ էր նրան։ Այսպես, դաշն մեղեդու մի թրթիռ, կամ խաղաղ վայրում հոսող ջրի ախորժալուր կարկաչ, կամ ծաղկի բույր, կամ թե ինչ֊որ ծանոթ բառի կրկնություն հանկարծ մեր մեջ հանկարծակիորեն զարթեցնում են աղոտ հուշեր տեսարանների, որ երբեք չեն եղել այս կյանքում, տեսարաններ, որ զեփյուռի նման անցնում֊չքանում են, որ մեզ տալիս են այն պատրանքը, թե դրանք վաղեմի և կարճատև ինչ֊որ ավելի երջանիկ գոյության հիշատակներ են, բայց այնպիսի հիշատակներ, որոնց չի կարող հիմնավորել մտքի գործադրած գերագույն ճիգն անգամ։
― Այս ի՞նչ է նշանակում, ― բացականչեց պառավ լեդին։ ― Անհնարին է, որ այս խեղճ երեխան, ավազակներին աշակերտած լինի։
― Ապականությունը, ավա՜ղ, շատ հաճախ է տաճարներ ընտրում իր բնակության համար, և ո՞վ կարող է վիճել, որ շքեղ արտաքինը չի կարող օթևան դառնալ դրան, ― հառաչեց բժիշկը վարագույրը ծածկելով։
― Բայց այսքա՜ն վաղ հասակում, ― պնդեց Ռոզը։
― Իմ սիրելի փոքրիկ լեդի, ― գլուխը վշտահար թափահարելով ասաց վիրաբույժը, ― ոճիրը, ինչպես մահը, սահմանված չէ միայն ծերերի և զառամյալների համար։ Ամենից դեռահասերն ու ամենից չքնաղները շատ հաճախ նրա ընտրայլ զոհերն են։
― Բայց դուք կարո՞ղ եք, օ՜հ, դուք իսկապես կարո՞ղ եք հավատալ, որ այս վտիտ տղան կամավոր մեղսակիցը եղած է հասարակության ամենանողկալի տականքը հանդիսացող այդ ոհմակին։
Բժիշկը գլուխը տարուբերեց այնպիսի ձևով, որ կարծես թե պնդում էր իր տեսակետը, և նկատելով, որ իրենք կարող էին անհանգստացնել հիվանդին, նրանց առաջնորդեց հարակից մի սենյակ։
― Բայց նույնսիկ եթե նա ընկել է մոլության մեջ, ― շարունակեց Ռոզը, ― մտածեք, թե որքան փոքր է նա, մտածեք, որ գուցե նա մայրական գուրգուրանք երբեք չի տեսել և կամ զրկված է եղել ընտանեկան հարկի հոգատարությունից։ Մտածեցեք, որ գուցե վատ վերաբերմունքը, ծեծը կամ հացի պահանջը նրան մղել են միանալու այնպիսի մարդկանց, որոնք հարկադրել են նրան մեղանչելու։ Մորաքույր, սիրելի մորաքույր, հանուն գթության, մտածեցեք այդ բոլորի մասին, քանի դեռ ուշ չէ և մի թողեք, որ խեղճ, հիվանդ երեխային քարշ տան բանտերը, ուր, անշուշտ, նրան ուղղելու մեր բոլոր հույսերը անվերադարձ կկորչեն։ Գիտեք, որ ձեր բարության և հոգածության շնորհիվ ես ծնողների չգոյությունը երբեք չեմ զգացել, մինչդեռ կարող էի նույնպիսի անտեր ու անօգնական վիճակում լինել, ինչպես այս խեղճ երեխան, ուստի գթացեք նրան քանի դեռ ուշ չէ։
― Հոգյա՜կ իմ անգին, ― արտասվող աղջկան իր կրծքին սեղմելով՝ ասաց պառավ լեդին, ― դու կարծում ես նրա մազի մի թելին իսկ կդիչեի՞։
― Ոչ, ― պատասխանեց Ռոզը անձկությամբ։
― Իհարկե ոչ, ― ասաց պառավ լեդին։ ― Ահա իմ կյանքը մոտենում է իր վախճանին, և թող երկինքն իմ հանդեպ այնքան բարեշնորհ լինի, որքան ես եմ լինում իմ նմանների հանդեպ։ Ասացե՛ք, ինչպե՞ս անեմ, որ փրկեմ նրան, սըր։
― Թողեք մտածեմ, ― ասաց բժիշկը։ ― Թողեք մտածեմ։
Միստր Լոզբերնը ձեռքերը խրեց գրպանների մեջ և մի քանի անգամ վեր ու վար արեց սենյակում, հաճախ կանգ առնելով և մարմինը հավասարակշռելով ոտքի մատների վրա և չափազանց խոժոռվելով։ Ապա, երբեմն բացականչելով, թե «արդեն գտել եմ» կամ «ոչինչ չեմ գտել» և մերթ սենյակում պտույտ գալով ու նորից խոժոռվելով, վերջապես ընդոստ կանգ առավ ու այսպես խոսեց․
― Ես կարծում եմ, եթե դուք ինձ անսահման լիազորություն տաք Ջայլսին և այդ փոքրիկ տղային՝ Բրիտըլզին ահաբեկելու, ապա ես կարող եմ այդ գոծը գլուխ բերել։ Ճիշտ է, Ջայլսը հավատարիմ մարդ է և ձեր վաղեմի սպասավորը, բայց դուք կարող եք հազար ու մի ձևով հատուցել նրան և, բացի այդ, վարձատրել լավ նշանառության համար։ Չեք առարկի, այնպես չէ՞։
― Արդյոք հնարավոր չէ՞ այլ միջոցով փրկել երեխային, ― ասաց միսիս Մեյլին։
― Ոչ մի այլ միջոց գույություն չունի, հավատացե՛ք ինձ, ― պատասխանեց բժիշկը։
― Այդ դեպքում իմ մորաքույրը բացարձակ լիազորում է ձեզ, ― ասաց Ռոզը արցունքների միջից ժպտալով։ ― Բայց նրանց հետ պետք եղածիծ ավելի խիստ չվարվեք, խնդրում եմ։
― Միսս Ռոզ, դուք այնպես եք կարծում, որ բացի ձեզնից այսօր ամեն մարդ տրամադրված է կարծրասիրտ լինել, ― վրա բերեց բժիշկը։ ― Ես կցանկանայի, որ առաջին իսկ արժանավոր երիտասարդի առաջարկության հանդեպ դուք գտնվեիք նույնքան զգայուն հոգեկան վիճակում, ինչպես այժմ, և երանի թե ես լինեի այնպիսի տարիքի, որ կարողանայի տեղնուտեղը օգտվել այդ բարեպատեհ առիթից։
― Խեղճ Բրիտըլզի նման դուք ևս մի չափահաս երեխա եք, ― ասաց Ռոզը շիկնելով։
― Լա՛վ, լա՛վ, ― ասաց բժիշկը սրտանց ծիծաղելով, ― դա այնքան էլ դժվարին հարց չէ։ Բայց վերադառնանք այս տղային։ Մեր համաձայնության կարևոր կետին դեռ չենք հաել։ Երևի, նա մոտավորապես մի ժամից կզարթնի։ Թեպետ ես ներքևում գտնվող այդ թանձրամիտ ոստիկանին ասել եմ, որ նրա հետ խոսել կամ նրան տեղից շարժել չի կարելի, որովհետև նա կարող է մահանալ, այնուամենայնիվ, ինձ թվում է, թե մենք կարող ենք հանգիստ զրուցել նրա հետ առանց նրան վտանգելու։ Ուրեմն լսեցե՛ք իմ պայմանը։ Այժմ ես նրան հարցաքննելու եմ ձեր ներկայությամբ։ Եթե իր ասածներից կարողանամ ձեզ ապացուցել, որ նա իսկապես բոլորովին ընկած նկարագրի տեր մի տղա է (իսկ դա ավելի քան հավանական է), այդ դեպքում նա կթողնվի իր բախտին, կամ ամեն պարագայի տակ գոնե ես կհրաժարվեմ նրա հետ որևէ առնչություն ունենալուց։
― Օ՜հ, ո՛չ, մորաքույր, ― թախանձեց Ռոզը։
― Օ՜հ, այո՛, մորաքույր, ― ասաց բժիշկը։ ― Համաձայ՞ն եք։
― Չի կարող պատահել, որ նա մոլությունների անձնատուր երեխա լինի։ Անկարելի բան է։
― Շատ լավ, ― վրա բերեց բժիշկը, ― ուրեմն իմ առաջարկությունը կարող եք ավելի հանգիստ ընդունել։
Վերջապես համաձայնությունը կայացավ, և երկու հակառակ կողմերը անհամբերությամբ սպասեցին Օլիվերի զարթնելուն։
Լեդիների համբերությունը, սակայն, ենթարկվեց շատ ավելի երկար փորձության, քան թե միստր Լոզբերնը նախատեսել էր։ Ժամերը իրար հետևից սահում էին, բայց Օլիվերը դեռևս խոր քնած էր։ Մութն ընկել էր արդարև, երբ բարեսիրտ բժիշկը տեղեկացրեց նրանց, որ նա վերջապես զարթնել է և բավականին ի վիճակի է խոսելու։
― Տղայի դրությունը շատ լուրջ է, ― ասաց նա, ― և մեծ քանակությամբ արյուն կորցնելու պատճառով շատ է ուժասպառ, բայց ինչ֊որ բան հայտնելու մտահոգությունից այնքան վրդովված է, որ ես նախընտրեցի թույլ տալ նրան խոսելու, քան հարկադրել, որ մինչև առավոտ հանգիստ պառկի, ինչպես այդ հարկավոր էր անել նման պարագաներում։
Տեսակցությունը երկար տևեց։ Օլիվերը նրանց պատմեց իր կյանքի տխուր պատմությունը, ցավերի և ուժասպառության պատճառով հաճախ կանգ առնելով։ Որքա՜ն հանդիսավոր էր իրիկվա մթնշաղին լսել հիվանդ երեխայի նվաղկոտ ձայնը, երբ նա մի առ մի թվեց բոլոր այն սարսափելի չարիքներն ու աղետները, որ դաժան մարդիկ պատճառել էին նրան։ Օ՜հ, երբ մենք ճնշում ու տանջում ենք մեր նմաններին, եթե գեթ մի պահ անդրադառնայինք մեր գործած սխալներին ու մեղքերին, որոնք զանգվածային ծանր թուխպերի նման դանդաղորեն, բայց ոչ նվազ անշեղորեն բարձրանում են երկինք՝ իրենց հետագա վրեժը թափելու մեր գլխին, եթե մենք գեթ մի րոպե ունկնդրեինք մեռած հոգիների տրտունջին, որը ոչ մի ուժ չի կարող խեղդել և ոչ մի գոռոզ սիրտ չի կարող լռեցնել, էլ ո՞ւր կմնային այն վիրավորանքն ու անարդարությունը, տառապանքը, դժբախտությունն ու անիրավությունը, որ կյանքի յուրաքանչյուր պահ բերում է իր հետ։
Քնքուշ էին Օլիվերին խնամող ձեռքերը այդ գիշեր, և գեղեցկությունը և առաքինությունը հսկեցին նրան իր քնի մեջ։ Նա անդորր էր ու երջանիկ և կարող էր մեռնել առանց տրտնջալու։
Այդ խիստ երկար տեսակցությունից անմիջապես հետո բժիշկը, աչքերը սրբելով և բոլորին էլ նրբազգացության համար մեղադրելով, միստր Ջայլսի վրա գրոհելու համար շտապեց ներքև։ Միջանցքներում ու սենյակներում ոչ ոքի չգտնելով և մտածելով, որ գուցե խոհանոցում կարող էր ավելի լավ արդյունքի հասնել, նա իսկույն ուղղվեց դեպի խոհանոց։
Սպասավորների խորհրդարանի այդ համեստ բաժանմունքում հավաքվել էին սպասուհիները, միստր Բրիտըլղը, միստր Ջայլսը, թիթեղագործը (որը հատուկ հրավեր էր ստացել իր մատուցած ծառայությունների համար օրվա մնացած մասը կերուխումով անցկացնելու) և ոստիկանը։ Վերջին ջենթլմենը ուներ մի մեծ ցուպ, մեծ գլուխ, մեծ քիթ, մեծ բերան, մեծ աչքեր ու մեծ կիսակոշիկներ, և այնպես էր երևում, կարծես թե բավականին մեծ քանակությամբ գարեջուր էր խմել, և իրոք այդպես էր։
Նախորդ գիշերվա արկածները դեռևս վեճի առարկա էին, քանի որ, երբ բժիշկը ներս մտավ, միստր Ջայլսը հոխորտում էր իր քաջությունների մասին, իսկ միստր Բրիտըլզը, գարեջրի բաժակը ձեռքին, հաստատում էր իր մեծավորի ամեն մի խոսքը, նույնիսկ նրա խոսելուց էլ առաջ։
― Կարիք չկա վեր կենալու, ― ձեռքի թեթև շարժումով ասաց բժիշկը։
― Շնորհակալ եմ, սը՛ր, ― ասաց միստր Ջայլսը։ ― Միսիս Մեյլին կամեցավ, որ մեր անձնակազմը հյուրասիրվի գարեջրով, և քանի որ ես տրամադիր չէի փակվել իմ փոքրիկ սենյակում, սը՛ր, և ընկերության պահանջ էի զգում, ուստի նրանց մոտ մնացի, սը՛ր։
Բրիտըլզը և մյուս լեդիներն ու ջենթլմենները այն բարի վերաբերմունքի համար, որ միստր Ջայլսը ցուցաբերել էր իրենց հանդեպ, շնորհակալության ինչ֊որ խոսքեր մրմնջացին։ Միստր Ջայլսը հովանավորի ձևով շուրջը նայեց, կարծես կամենալով ասել, թե ինքը նրանց երբեք չի լքի, եթե իրենց կարգին պահեն։
Իսկ հիվանդը ինչպե՞ս է իրեն զգում, սըր, ― հարցրեց Ջայլսը։
― Այնքան էլ լավ չէ, ― պատասխանեց բժիշկը։ ― Կարծում եմ դուք ձեզ փորձանքի մեջ եք գցել, միստր Ջայլս։
― Հույս ունեմ, որ դուք չեք ուզում ասել, թե կմեռնի, սը՛ր, ― դողալով ասաց միստր Ջայլսը, ― այլապես ես կյանքում էլ երբեք երջանիկ չէի զգա ինձ։ Ես ոչ մի դեպքում որևէ մեկին չէի սպանի սը՛ր, ոչ մի դեպքում, ոչ էլ Բրիտըլզը այդպիսի բան կաներ։ Ես այդ բանը չէի անի, անգամ եթե քաղաքի ամբողջ արծաթն ու ոսկին ինձ խոստանային, սը՛ր։
― Հարցը այդ չէ, ― խորհրդավորությամն ասաց բժիշկը։ ― Դուք բողոքակա՞ն եք, միստր Ջոյս։
― Այո, սըր, կարծում եմ բողոքական եմ, ― կակազեց միստր Ջայլսը չափազանց գունատվելով։
― Իսկ դու ի՞նչ դավանանքի տեր ես, տղա՛, ― խստորեն հարցրեց բժիշկը Բրիտըլզին։
― Աստվա՜ծ իմ, ― պատասխանեց Բրիտըլզը ուժգին ցնցվելով։ ― Ես, ես էլ միստր Ջայլսի պես բողոքական եմ, սը՛ր։
― Այդ դեպքում ասեք ինձ, ― հարցրեց բժիշկը, ― երկուսդ էլ, երկուսդ էլ, արդյոք հանձն կառնե՞ք երդվելու, որ վերևում գտնվող տղան այն միևնույն տղան է, որին երեկ գիշեր գողերը լուսամուտից ներս խցկեցին։ Դե՛, պատասխանեցե՛ք։ Մենք ձեզ լսում ենք։
Բժիշկը, որին բոլորը համարում էին աշխարհի ամենամեղմ բնավորության տեր մարդկանցից մեկը, հարցը այնպիսի ահեղ բարկությամբ դրեց, որ Ջայլսը և Բրիտըլզը, որոնց գլուխները գարեջրից և հուզմունքից բավականին մշուշված էին, ապշահար իրար նայեցին։
― Խնդրում եմ, ուշադիր լսեք պատասխանը, ոստիկան, ― ասաց բժիշկը ցուցամատը ծանրակշիռ թափ տալով, ապա խփելով իր քթարմատին, որպեսզի այդ արժանավոր ջենթլմենը ուշադրությունը կենտրոնացնի տրված պատասխանի վրա։ ― Գուցե շուտով մի ինչ֊որ բան կհայտնաբերվի։
― Ոստիկանը հնարավոր եղածի չափ իմաստուն տեսք ընդունելով, վերցրեց իր պաշտոնը հատկանշող գավազանը, որը անփութորեն դրված էր մի անկյունում։
― Ինչպես տեսնում եք, սա անձի իսկությունը հաստատող մի պարզ հարց է, ― ասաց բժիշկը։
― Ճշմարիտ է, սը՛ր, ― պատասխանեց ոստիկանը՝ սաստիկ հազալով, որովհետև գարեջուրը շտապ խմելու պատճառով հեղուկի մի մասը գնացել էր սխալ ճանապարհով։
― Գողերը ցանկանում են մի տուն կողոպտել, ― ասաց բժիշկը, ― և երկու մարդ վառոդի ծխի մեջ, այդ շփոթ ու խառնակ պահին, հարևանցիորեն նկատում են մի տղայի։ Հաջորդ առավոտ, այդ միևնույն տանը մոտենում է ինչ֊որ մանուկ, և որովհետև նրա թևը փաթաթված է լինում, այդ մարդիկ անողոքաբար բռնում են նրան, ― նրա կյանքը մեծապես վտանգի ենթարկերլով, ― և երդվում են, որ նա նախորդ գիշերվա գողերին ընկերակցող տղան է։ Այժմ հարց է ծագում․ արդյո՞ք այս մարդիկ իրավացի են։ Եթե իրավացի չեն, ապա ինչպիսի՞ կացության մեջ են գցում իրենք իրենց։
Ոստիկանը խորիմաստ կերպով գլուխը թափահարեց և ասաց, որ եթե դա օրենք չէ, ապա ինքը կցանկանար իմանալ, թե ո՞րն է օրենքը։
― Ես ձեզ նորից հարց եմ տալիս, ― որոտաց բժիշկը, ― դուք հաստատ կարո՞ղ եք երդվել և վավերացնել ձեր ասածը։
Բրիտըլզը երկչոտ նայեց միստր Ջայլսին․ Ջայլսը տարակուսանքով նայեց Բրիտըլզին, որստիկանը ձեռքը ականջի հետևը դրեց պատասխանը լավ լսելու համար, երկու կանայք և թիթեղագործը թեքվեցին դեպի առաջ՝ ունկնդրելու համար, բժիշկը խստորեն նայեց շուրջը, բայց հանկարծ զանգը հնչեց, և ճիշտ նույն պահին ինչ֊որ անիվների աղմուկ լսվեց։
― Հարցաքննիչներն են, ― ասաց Բրիտըլզը՝ ըստ երևույթին շատ թեթևացած։
― Ինչե՞ր են, ― բացականչեց բժիշկը, ինքն էլ իր հերթին ահաբեկված։
― Բաու Սթրիթի գործակալներն են, սը՛ր, ― պատասխանեց Բրիտըլզը՝ մի մոմ վերցնելով, ― ես և միստր Ջայլսը այս առավոտ մարդ էինք ուղարկել նրանց հետևից։
― Ի՜նչ, ― գոռաց բժիշկը։
― Այո՛, մարդ էինք ուղարկել, ― պատասխանեց Բրիտըլզը։ ― Կառապանի միջոցով իմաց էինք տվել, և զարմանալի էր, թե ինչո՞ւ պետք էր այսքան ուշանային, սըր։
― Այդպես, հա՞։ Դե՛, ուրեմն, թող անիծվեն այստեղի կառքերը, որ հազիվ են քարշ գալիս, ահա՛ բոլորը, ― ասաց բժիշկը հեռանալով։
Երեսունմեկերորդ գլուխ
Պատմում է մի ճգնաժամային կացության մասին
― Ո՞վ է, ― հարցրեց Բրիտըլզը, դուռը կիսով չափ բաց անելով և առանց շղթան քանդելու դուրս նայելով, մինչ ձեռքով ստվերում էր մոմը։
― Բա՛ց արեք դուռը, ― ձայն տվեց ինչ֊որ մեկը դրսից, ― Բաու Սթրիթի գործակալներն են, որոնց հետևից մարդ էր ուղարկված այսօր։
Բրիտըլզը, այս պատասխանից չափազանց հանգստացած, դուռը լայն բաց արեց և իր առջև տեսավ վերարկու հագած մի թիկնեղ մարդու, որը անխոս ներս մտավ և ոտքերը խսիրի վրա մաքրեց այնքան պաղարյունությամբ, կարծես թե այդ տան բնակիչներից մեկը լիներ։
― Երիտասա՛րդ, մեկնումեկին չե՞ս ուղարկի, որ ընկերոջս փոխարինի, ― ասաց գործակալը։ ― Նա կառքում է։ Իսկ կառատուն չունե՞ք, որ հինգ֊տասը րոպեով ձին և կառքը այնտեղ մնան։
Երբ Բրիտըլզը դրական պատասխան տվեց և մատնացույց արեց շենքը, թիկնեղ մարդը դեպի պարտեզի դարպասը գնաց և օգնեց իր ընկերոջը, որ կառքը կառատուն մտցնի։ Այդ ամբողջ ժամանակ Բրիտըլզը, մեծ հիացմունքով, ճրագը ձեռքին լուսավորում էր նրանց։ Այդ գործը ավարտելուց հետո, երբ նրանք տուն եկան և հյուրասենյակ առաջնորդվելով հանեցին իրենց վերարկուներն ու գլխարկները, երևան եկավ, թե ինչի էին նման։
Դուռը թակող ոստիկանը միջահասակ, մոտ հիսուն տարեկան բարեկազմ մի մարդ էր, կարճ կտրած սև, փայլուն մազերով, կլոր դեմքով և սուր աչքերով։ Մյուսը երկարաճիտ կոշիկներ հագած, կարմրահեր, ոսկրոտ դեմքով մի տղամարդ էր։
― Քո տիրոջը չե՞ս զեկուցի, որ Բլեթհերզն ու Դաֆֆը այստեղ են, ― մազերը կոկելով և մի զույգ ձեռնակապեր սեղանին դնելով ասաց ամրակազմ մարդը։ ― Օ՜հ, բարի երեկո, պարոն։ Չի՞ կարելի ձեզ հետ մի քանի րոպե առանձին խոսել։
Այդ հարցը ուղղված էր միստր Լոզբերնին, որը նոր էր ներս մտել։ Նա նշաններով հասկացրեց Բրիտըլզին հեռանալ այնտեղից և երկու լեդիներին ներս բերելով դուռը ծածկեց։
― Տանտիրուհին այս լեդին է, ― ասաց միստր Լոզբերնը, միսիս Մեյլիին մատնանշելով։
Միստր Բլեթհերզը գլուխ տվեց։ Երբ նրան հրավիրեցին նստել, նա գլխարկը դրեց հատակին և, մի աթոռ վերցնելով, Դաֆֆին էլ հասկացրեց նույնը անել։ Վերջինս, որը, ըստ երևույթին, այնքան էլ սովոր չէր ընտիր հասարակության, կամ իրեն այնքան էլ ազատ չէր զգում այդպիսի շրջապատում, ձեռքերի ու ոտքերի բազմաթիվ ջղաձիգ շարժումներից հետո, հազիվհազ նստեց, շփոթությունից գավազանի գլուխը բերանը խրելով։
― Այժմ զբաղվենք այս կողոպուտի հարցով, ― ասաց Բլեթհերզը՝ դիմելով Լոզբերնին։ ― Գործի հանգամանքներն ինչպե՞ս են։
Միստր Լոզբերնը, որը երևում էր, թե ցանկանում է ժամանակ շահել, եղելությունը պատմեց բազմաթիվ շեղումներով ու երկարաբանություններով, որի ընթացքում պարոնայք Բլեթհերզն ու Դաֆֆը, շատ բանիմաց տեսք ընդունած, հաճախ գլխի նշանակալից շարժումներ էին փոխանակում միմյանց հետ։
― Իհարկե, ես մինչև տեղազննություն չկատարեմ, վերջնական ոչինչ չեմ կարող ասել, ― ասաց Բլեթհերզը, ― բայց իմ անմիջական տպավորությունը այն է (չեմ խուսափում ես ինձ այդ աստիճանի վտանգելուց), թե սա հոտաղի ձեռքի գործ չէ։ Այնպես չէ՞, Դաֆֆ։
― Անշուշտ, ― պատասխանեց Դաֆֆը։
― Իսկ «հոտաղ» բառը թարգմանելով լեդիների համար, եթե չեմ սխալվում, դուք ուզում եք ասել, որ սա գյուղացու ձեռքի գործ չէ, այդպե՞ս է, ― ասաց միստր Լոզբերնը ժպտալով։
― Ճիշտ այդպես, պարոն, ― պատասխանեց Բլեթհերզը։ ― Ուրիշ մանրամասնություններ չկա՞ն այդ գողության վերաբերյալ։
― Բոլորը այդ է, ― պատասխանեց բժիշկը։
― Իսկ սպասավորները մի ինչ֊որ տղայի մասին էին խոսում, ի՞նչ բան է, ― հարցրեց Բլեթհերզը։
― Դատարկ բան է, ― պատասխանեց բժիշկը։ ― Չգիտես ինչու, վախեցած սպասավորներից մեկի գլուխը մտել է, թե այդ տղան կապված է գողերի հետ, բայց դա հիմարություն է, բացարձակ անմտություն։
― Եթե այդպես է, ապա այդ գործը կարելի է շատ հեշտությամբ վերջացնել, ― նկատեց Դաֆֆը։
― Նա իրավացի է, ― հաստատեց Բլեթհերզը, գլուխը դրականորեն շարժելով և ձեռնակապերի հետ խաղալով այնպիսի անփութությամբ, ասես թե բամբիռներ լինեին։ ― Ո՞վ է այդ տղան։ Ի՞նչ տեղեկություն է տալիս իր մասին։ Որտեղի՞ց է եկել։ Անշուշտ ամպերից ցած չի ընկել, այնպես չէ՞, պարոն։
― Ինչ խոսք, որ ամպերից չի ընկել, ― պատասխանեց բժիշկը, անհանգիստ նայելով երկու լեդիների կողմը։ ― Նրա ամբողջ պատմությունը ծանոթ է ինձ, բայց մենք այդ մասին շուտով կխոսենք։ Երևի դուք կցանկանայիք նախ տեսնել, թե գողերը որտեղից են փորձել ներս մտնել։
― Իհարկե, ― հաստատեց միստր Բլեթհերզը, ― նախ կզննենք կալվածքի հարակից մասերը, ապա կհարցաքննենք սպասավորներին։ Այդ է հետաքննության ընդունված կարգը։
Ապա լույս բերվեց, և պարոնայք Բլեթհերզն ու Դաֆֆը, տեղական ոստիկանի, Բրիտըլզի, Ջայլսի, կարճ ասած՝ բոլորի ուղեկցությամբ գնացին միջանցքի վերևի ծայրում գտնվող սենյակը և լուսամուտին նայեցին ներսի կողմից, ապա շրջանցելով մարգը, լուսամուտին նայեցին դրսի կողմից։ Այնուհետև նրանց տվեցին մի մոմ՝ փեղկը զննելու համար, ապա նույն ձևով մի լապտեր տեղ հասավ՝ ոտնահետքերի ուղղությանը հետևելու համար, հետո բերվեց մի եղան՝ թավուտները քրքրելու համար, և երբ հանդիսատեսների լարված ուշադրության ներքո այս բոլորը ավարտվեց, նրանք նորից ներս եկան, և սկսվեց միստր Ջայլսի ու Բրիտըլզի հարցաքննությունը նախորդ գիշեր պատահած դեպքերին իրենց ունեցած մասնակցության մասին։ Այդ պատմությունը նրանք արեցին մելոդրամատիկ ձևով, վեց անգամ, իրար ժխտելով ոչ ավելի քան մեկ կարևոր կետում՝ առաջին անգամ, և ոչ ավելի քան տասներկու կետում՝ վերջին անգամ։ Այս արդյունքին հասնելուց հետո Բլեթհերզն ու Դաֆֆը, մյուսներին դուրս ուղարկելով, սենյակում առանձանցան և երկար խորհուրդ արեցին։ Այդ տեղի ունեցավ այնքան հանդիսավոր ու գաղտնի կերպով, որ բժշկական ամենակնճռոտ հարցերի վերաբերյալ հայտնի բժիշկների ունեցած խորհրդակցությունը դրա համեմատությամբ սոսկ երեխայական խաղ կարող էր համարվել։
Այդ միջոցին բժիշկը հարևան սենյակում շատ վրդովված վեր ու վար էր անում, իսկ միսիս Մեյլին ու Ռոզը մտահոգությամբ հետևում էին նրա բոլոր շարժումներին։
― Ճշմարիտն ասած, չգիտեմ ինչ անեմ, ― ասաց բժիշկը, սենյակում բազմաթիվ անգամներ արագ գնալ֊գալուց հետո ընդոստ կանգ առնելով։
― Եթե այդ թշվառ երեխայի պատմությունը բարեխղճորեն ներկայացնենք այս մարդկանց, ― ասաց Ռոզը, ― անշուշտ դա բավական կլինի նրան արդարացնելու համար։
― Դժվար թե, իմ փոքրիկ անգին լեդի, ― գլուխը թափահարելով առարկեց բժիշկը։ ― Իմ կարծիքով, այդ չի կարող նրան արդարացնել ո՛չ նրանց աչքում, ո՛չ էլ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների աչքում։ Վերջ ի վերջո, ո՞վ է այդ տղան, կասեն նրանք։ Մի փախստական։ Դատելով լոկ աշխարհիկ նկատառումներով ու հավանականությամբ, նրա պատմությունը շատ անհավատալի է։
― Դուք անշուշտ հավատում եք, չէ՞, ― ընդհատեց Ռոզը։
― Զարմանալի է, բայց ես հավատում եմ։ Գուցե հիմարի մեկն եմ, որ հավատում եմ, ― ասաց բժիշկը, ― այնուամենայնիվ, իմ կարծիքով, դա այնպիսի պատմություն չէ, որ համոզի մի փորձառու ոստիկանական աստիճանավորի։
― Ինչո՞ւ չէ, ― հարցրեց Ռոզը։
― Որովհետև, իմ սիրուն հարցաքննիչ, ― պատասխանեց բժիշկը, ― նրանց տեսանկյունից դիտելով, նրա պատմությունը շատ կասկածելի կետեր ունի, և նա կարող է ապացուցել միայն դրա բացասական կողմերը, իսկ դրականների մասին ոչ մի ապացույց չունի։ Սատանան տանի, նրանք անպայման կհարցնեն, ինչու և ինչպես, և ոչնչի չեն հավատա առանց շոշափելի փաստարկության։ Ինչպես տեսնում եք, իր սեփական խոստովանությամբ նա որոշ ժամանակ ապրել է գողերի մեջ և տարվել է ոստիկանատուն ինչ֊որ ջենթլմենի գրպանը խուզարկած լինելու համար։ Ապա այդ ջենթլմենի տնից բռնությամբ փոխադրվել է այնպիսի տեղ, որը նա ո՛չ նկարագրել կարող է, ո՛չ մատնացույց անել։ Այդ վայրի մասին ամենատարտամ գաղափար անգամ չունի։ Այդ մարդիկ, չգիտես թե ինչ֊ինչ պատճառներով, ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել նրանից, հաշվի չառնելով՝ նա այդ բանը կամենում է, թե ոչ։ Ու այսպես մի օր նրան հանկարծ բերում են Չերթսի և մի ինչ֊որ տուն կողոպտելու համար խցկում են լուսամուտից ներս։ Այն պահին, երբ նա պատրաստվում է գողության մասին ազդարարել տան բնակիչներին և այդ մի արարքով արդարանալ նախկինում գործած բոլոր հանցանքների համար, ահա այդ միջոցին հայտնվում է այս անմիտ, կիսաքաղաքակիրթ մատակարար կոչեցյալ շունը և կրակում նրա վրա։ Կարծես դիտավորյալ կերպով արգելեու համար նրան, որ իր օգտին որևէ բան անի։ Մի՞թե այդ բոլորը դուք չեք տեսնում։
― Անշուշտ տեսնում եմ, ― բժշկի խիստ տոնի վրա ժպտալով պատասխանեց Ռոզը, ― այնուամենայնիվ, այդ խեղճ երեխային ամբաստանող ոչինչ չեմ գտնում այստեղ։
― Իհարկե ոչինչ չեք գտնի, ― պատասխանեց բժիշկը։ ― Օրհնյալ լինեն ձեր սեռի բոլոր պայծառ աչքերը։ Լավ թե վատ նրանք գործի միայն մեկ կողմն են տեսնում և այն էլ միշտ այն կողմը, որ առաջինն է ներկայանում նրանց։
Բժիշկը, որպես սեփական փորձի արդյունք, այսպես արտահայտվելուց հետո ձեռքերը դրեց գրպանը և սկսեց առաջվանից նույնիսկ ավելի արագ գնալ֊գալ սենյակում։
― Որքան մտածում եմ, ավելի եմ համոզվում, որ եթե այս մարդկանց իրազեկ դարձնենք պատմության բուն էությանը, դա տեղի կտա անվերջ դժվարությունների և անախորժությունների, ― ասաց բժիշկը։ ― Բացի այդ, ես վստահ եմ, որ նրանք հավատ չեն ընծայի մեր ասածին, եթե նույնիսկ վերջում որևէ վնաս չկարողանան հասցնել այդ տղային, այնուամենայնիվ, հրապարակումը այս բոլոր կասկածների, որ առաջանալու են պատմության բացահայտումով, էապես կանդրադառնա նրան դժբախտությունից փրկելու ձեր բարի մտադրության վրա։
― Օ՜հ, այդ դեպքում ի՞նչ անենք, ― հուզված ասաց Ռոզը։ ― Տեր իմ աստված, այդ մարդկանց ինչո՞ւ կանչել տվեցին։
― Այո, ինչո՞ւ, ― բացականչեց միսիս Մեյլին։ ― Ես ոչ մի գնով չէի կամենա նրանց իմ տանը տեսնել։
― Ես միայն մի բան գիտեմ, ― վերջապես ասաց միստր Լոզբերնը, մի տեսակ հուսահատ անդորրությամբ նստելով աթոռին, ― մենք պետք է հանդուգն լինենք այս գործում։ Մեր նպատակը բարի է, դրանով էլ պետք է արդարանանք։ Տղան տենդով հիվանդ է, և դրությունը այնքան լուրջ է, որ ոչ մի պատրվակով չի կարելի անհանգստացնել նրան կամ խոսել նրա հետ․ այդ մեկը մխիթարական է։ Մենք պետք է աշխատենք հնարավորն անել։ Իսկ եթե հակառակ մեր ջանքերին վատ բան ստացվեց, ապա մեղավորը մենք չենք։ Մտե՛ք։
― Ուրեմն, պարոն, ― ասաց Բլեթհերզը, իր պաշտոնակցի հետ սենյակ մտնելով և նախքան խոսքը շարունակելը դուռը ամուր փակելով։ ― Սա կանխամտածված գործ չէ։
― Իսկ ո՞րն է կանխամտածված գործը, ― անհամբերությամբ հարցրեց բժիշկը։
― Մենք կանխամտածված անվանում ենք այն կողոպուտը, լեդիներ, ― ասես նրանց տգիտության վրա խղճալով, իսկ բժշկի տգիտությունը արհամարհելով ասաց Բլեթհերզը՝ շրջվելով դեպի լեդիները, ― որ կատարվում է սպասավորների մասնակցությամբ։
― Այս գործում ոչ ոք նրանց վրա չի կասկածել, ― ասաց միսիս Մեյլին։
― Գուցե դուք չեք կասկածել, տիկին, ― պատասխանեց Բլեթհերզը, ― բայց նրանք կարող էին, այնուամենայնիվ, մեղսակից լինել։
― Հենց այդ պատճառով, որ ոչ ոք նրանց վրա չի կասկածել, նրանք կարող էին մեղսակից լինել, ― ասաց Դաֆֆը։
― Մենք հայտնաբերել ենք, որ այդ կողոպուտը քաղաքացու ձեռքի գործ է, ― ասաց Բլեթհերզը, շարունակելով իր զեկուցումը, ― որովհետև գործը շատ մաքուր է արված։
― Իսկապես որ մեծ հմտությամբ է արված, ― նկատեց Դաֆֆը ցածրաձայն։
― Երկուսով են եղել, ― շարունակեց Բլեթհերզը, ― իրենց հետ եղել է նաև մի տղա։ Այդ է ցույց տալիս լուսամուտի չափսը։ Առայժմ այդքանը։ Իսկ հիմա գնանք այդ տղայի մոտ, որ վերևում է։
― Նախքան վերև բարձրանալը արդյոք լավ չէ՞ր լինի, որ նրանք մի բան խմեն, միսիս Մեյլի, ― պայծառացած դեմքով ասաց բժիշկը, ասես մի նոր միտք փայլատակեց նրա գլխում։
― Օ՜, անշո՛ւշտ, ― տեղից վեր թռչելով բացականչեց Ռոզը։ ― Իսկույն պատրաստ կլինի։
― Աա՜, շնորհակալություն, միսս, ― ասաց Բլեթհերզը, վերարկուի թևը բերնին քսելով, ― մեր աշխատանքի բնույթը այնպիսին է, որ մարդու կոկորդն է չորանում։ Որևիցե պատրաստի բան, միսս։ Մեր պատճառով մի՛ անհանգստացեք։
― Ի՞նչ կցանկանայիք, ― հարցրեց բժիշկը, դեռատի լեդիի հետ դեպի բուֆետը գնալով։
― Մի քիչ ոգելից ըմպելիք, պարոն, եթե ձեզ համար նեղություն չէ, ― պատասխանեց Բլեթհերզը։ ― Լոնդոնից մինչև այստեղ ցրտին ճամփորդելը դժվար է, տիկի՛ն, և իմ կարծիքով՝ ոգելից ըմպելին բոլորից լավ է տաքացնում, ես այդ շարունակ նլատել եմ։
Միսիս Մեյլին շատ բարեհաճորեն ունկնդրեց իրեն ուղղված այս հետաքրքրիր տեղեկությունը, և մինչդեռ նրանք զբաղված էին, բժիշկը աննկատ դուրս եկավ սենյակից։
― Է՜հ, ― շարունակեց միստր Բլեթհերզը, գինու բաժակը բռնած ոչ թե կոթից, այլ հատակը ամուր պահած իր ձախ ձեռքի բթամատի ու ցուցամատի արանքում։ ― Ժամանակին ես այսպիսի գործեր շատ եմ տեսել, լեդիներ։
― Օրինակ, այն գողությունը, որ կատարվեց Էդմոնդի հետևում գտնվող նրբուղում, Բլեթհերզ, ― ասաց միստր Դաֆֆը՝ օգնելով, որ իր աշխատակիցը հիշի։
― Դա էլ սրա նման մի բան էր, այնպես չէ՞, ― վրա բերեց Բլեթհերզը, ― և Քոնքի Չիքվիդի ձեռքի գործը։
― Դու այդ գործը միշտ էլ նրան ես վերագրել, ― պատասխանեց Դաֆֆը։ ― Իսկ ես քեզ ասում եմ, որ դա Ֆեմիլի Փեթի գործն էր։ Քոնքին այդ գործում բոլորովին մասնակցություն չի ունեցել։
― Բա՛ն ասացիր, ― տաքացավ միստր Բլեթհերզը։ ― Ես ավելի լավ գիտեմ։ Հիշո՞ւմ ես, թե ինչպես Քոնքիի փողը գողացան։ Ի՜նչ զգայացունց եղելություն էր։ Ոչ մի վեպ այդքան հետաքրքիր չի եղել։
― Ինչպե՞ս պատահեց, ― հարցրեց Ռոզը, ցանկանալով քաջալերել անդուր հյուրերի լավ տրամադրությունը։
― Դա մի գողություն էր, միսս, որը դժվար թե որևէ մեկը կարողանար հասկանալ, ― ասաց Բլեթհերզը։ ― Այս Քոնքի Չիքվիդը․․․
― Քոնքի նշանակում է քթավոր, տիկի՛ն, ― ընդմիջեց Դաֆֆը։
― Անշուշտ այդ բառը լեդիին հասկանալի է, այնպես չէ՞, ― հարցրեց միստր Բլեթհերզը։ ― Անվերջ ընդհատում ես ինձ, բարեկամս։ Ուրեմն, այս Քոնքի Չիքվիդը, միսս, Բեթլ Բրիջի ճանապարհին ուներ մի գինետուն ու մի մառան։ Այդ մառանում մեծ թվով երիտասարդ ջենթլմեններ հավաքվում էին աքլորակռիվ դիտելու կամ, բախտախաղով ու նման ժամանցներով զբաղվելու։ Այդ խաղերը ղեկավարում էին շատ վարժ կերպով, քանի որ ես ինքս հաճախ ներկա եմ գտնվել։ Այս դեպքը պատահած ժամանակ նա դեռևս գողերի խմբի մեջ չէր մտնում։ Մի գիշեր նրանից գողանում են երեք հարյուր քսանյոթ գինեա, որը նա պահում էր կտավե մի տոպրակում։ Ինչ֊որ բարձրահասակ մարդ, որի աչքի մեկը ծածկված է լինում սև շորով, թաքնվում է նրա մահճակալի տակ և գողությունը խուլ գիշերին կատարելուց հետո դուրս է ցատկում սենյակի լուսամուտից, որը լինում է երկրորդ հարկում։ Նա այդ կատարում է շատ արագ, բայց Քոնքին էլ չի դանդաղում։ Աղմուկից զարթնելով, նա տեղից վեր է թռչում և կրակում նրա հետևից՝ ամբողջ թաղը ոտքի հանելով։ Նրանք սկսում են վազել գողի հետևից, բայց շուտով տեսնում են, որ Քոնքին արդեն վիրավորել է նրան, քանի որ ամբողջ ճանապարհը, մինչև բավական հեռու գտնվող ինչ֊որ ցանկապատ, ծածկված է լինում արյան հետքերով, իսկ այնտեղ հետքերը կորչում են։ Համենայն դեպս, գողը իր ավարով փախած էր, հետևաբար, արտոնյալ խմիչք վաճառող միստր Չիքվիդի անունը հրապարակվեց «Գազեթում», մյուս սնանկացած մարդկանց շարքում, և ամեն տեսակ նպաստներ ու հանգանակություններ և չգիտեմ էլ ինչեր չարվեցին այդ խեղճ մարդու համար։ Իր կորուստի պատճառով նա գտնվում էր շատ ծանր հոգեկան տագնապի մեջ և ծայրահեղ հուսահատության մատնված՝ մազերը փետելով մի քանի օր շարունակ մոլորված թափառում էր փողոցներում։ Մի օր նա խուճապահար գալիս է ոստիկանանտուն և առանձին տեսակցում ոստիկանապետի հետ, որը երկար զրույցից հետո զանգը հնչեցնում և կարգադրում է Ջեմ Սփայերզին (Ջեմը ակտիվ գործակալ էր)` գնալ և օգնել միստր Չիքվիդին գողին գտնելու և ձերբակալելու գործում։ «Ես նրան տեսա, Սփայերզ, ― ասում է Չիքվիդը, ― երեկ առավոտ նա իմ տան առջևով անցավ»։ «Իսկ ինչո՞ւ օձիքից չբռնեցիր», ― ասում է Սփայերզը։ «Այնքան շփոթված էի, որ կարող էր գանգս մի փետուրով փշրել», ― ասում է խեղճ մարդը։ «Բայց մենք անպայման կբռնենք նրան, որովհետև գիշերվա ժամը տասի և տասնմեկի միջև նա նորից անցավ»։ Սփայերզը, այս խոսքերը լսելով և մտածելով, որ թերևս մի քանի օր հարկադրված կլինի այնտեղ մնալ, մի ձեռք սպիտակեղեն և մի սանր է վերցնում ու ճանապարհ ընկնում։ Տեղ հասնելով, նա թաքնվում է գինետան լուսամուտներից մեկի կարմիր վարագույրի հետևը՝ առանց գլխարկը հանելու, որպեսզի հարկ եղած րոպեին կարողանա իսկույն դուրս պրծնել։ Ուշ գիշերին, երբ նա այնտեղ նստած գլանակ է ծխելիս լինում, Չիքվիդը հանկարծ որոտում է․ «Ահա՛ գողը, բռնեցե՛ք նրան։ Մարդասպանությո՜ւն»։ Ջեմ Սփայերզը դուրս է վազում և տեսնում, որ Չիքվիդը, բարձրագոչ կանչերով, խուճապահար սլանում է փողոցներով։ Շտապում է Սփայերզը, վազում է Չիքվիդը, հավաքվում են մարդիկ, բոլորը որոտագին գոչում են «գողե՜ր», ինչպես նաև ինքը՝ Չիքվիդը ամբողջ ժամանակ դիվահարի նման գոռալով կրկրնում է նույնը։ Բայց ինչ֊որ անկյուն շուռ գալու ժամանակ Սփայերզը մի րոպե կորցնում է նրան, տեսնում է մարդկանց փոքր մի խումբ, մտնում է նրանց մեջ․ «Սրանցից ո՞ր մեկն է գողը», ― հարցնում է անհամբերությամբ։ «Սատանան տանի, ― ասում է Չիքվիդը, ― նորից անհետացավ»։ Շատ զարմանալի երևույթ, բայց գողը ոչ մի տեղ չի երևում, հետևաբար, նրանք վերադառնում են գինետուն։ Հաջորթ առավոտ Սփայերզը դարձյալ գրավում է իր նախկին տեղը և վարագույրի հետևը դարանում՝ տեսնելու մեկ աչքը սև կտորով ծածկված բարձրահասակ մարդուն։ Նա այնքան լարված է նայում, որ երկու աչքերն էլ սկսում են ցավել, և երբ փոքր ինչ հանգստանալու համար մի րոպե փակում է, նույն պահին լսում է Չիքվիդի բարձրագոչ աղաղակը՝ «Գողը այնտե՜ղ է»։ Սփայերզը նորից է սկսում վազել, մինչդեռ Չիքվիդը փողոցի կեսը անցած է լինում։ Ապա նախորդ օրվանից կրկնապատիկ տարածություն վազելուց հետո այդ մարդը նորից անհետանում է։ Այսպես կրկնվում է մեկ կամ երկու անգամ ևս, մինչև հարևանների մի մասը հայտարարում է, թե սատանան է կողոպտել միստր Չիգվիդին և այժմ խաղեր է խաղում նրա հետ, իսկ մյուս մասը թե՝ խեղճ միստր Չիքվիգը վշտից խելագարվել է։
― Իսկ Ջեմ Սփայերզը ի՞նչ ասաց, ― հարցրեց բժիշկը, որը պատմությունն սկսելուց մի քիչ հետո վերադարձել էր սենյակ։
― Ջեմ Սպայերզը, ― շարունակեց գործակալը, ― երկար ժամանակ ոչինչ չէր ասում, ամեն ինչ ականջ էր դնում, այնպես ձևացնելով, իբրև թե ոչնչի ուշադրություն չի դարձնում, բայց ինչպես երևում էր, նա գործը լավ գիտեր։ Մի առավոտ նա մտավ գինետուն և իր քթախոտի տուփը հանելով՝ ասաց․ «Չիքվչդ, ես գողին գտել եմ»։ «Իսկապե՞ս ― ասաց Չիքվիդը։ ― Օ՜հ, սիրելի՛դ իմ Սփայերզ, միայն թող վրեժս լուծեմ, ապա հանգիստ մեռնեմ։ Օ՜հ, սիրելի՛դ իմ Սփայերզ, որտե՞ղ է այդ սրիկան»։ «Գիտե՞ս ինչ, ― ասաց Սփայերզը, մի պտղունձ քթախոտ մատուցելով նրան, ― վերջ տուր խարդավանքներիդ։ Ինքդ ես արել գողությունը»։ Եվ այդպես էլ էր։ Նա բավականին մեծ գումար էր շահել այդ միջոցով, և ոչ ոք բնավ չէր իմանա այդ մասին, եթե նա երևույթները փրկելու համար այնքան դերասանություն արած չլիներ, ― ասաց միստր Բլեթհերզը, գինու բաժակը ցած դնելով և ձեռնաշղթաները շրխկացնելով։
― Իրոք որ շատ զարմանալի է, ― նկատեց բժիշկը։ ― Այժմ, եթե կցանկանաք, կարող եք բարձրանալ վերև։
― Եթե դո՛ւք կցանկանաք, ― պատասխանեց միստր Բլեթհերզը։ Ապա միստր Լոզբերնին կրնկնակոխ հետևելով, երկու ոստիկանները բարձրացան Օլիվերի սենյակը։ Միստր Ջայլսը, վառված մի մոմով, խմբի առջևից էր գնում։
Օլիվերը քնից նոր էր զարթնել, բայց տենդը ավելի սաստկացած և դրությունը ավելի վատթարացած էր երևում։ Նա բժշկի օգնությամբ հազիվ նստեց անկողնում և շփոթված շուրջը նայեց, չհասկանալով, թե ինչ է կատարվում, ավելին, անգամ չհիշելով, թե որտեղ է գտնվում և ինչ է պատահել իր հետ։
― Ահա նայեցեք, ― ասաց միստր Լոզբերնը, մեղմ, բայց խիստ ձայնով, ― սա այն տղան է, որ մեր հարևանության մեջ գտնվող միստր ֊Չգիտեմ֊ինչի կալվածում ինչ֊որ տղայական ոտնձգության միջոցին ինքնաձիգ զենքով պատահաբար վիրավորվելով, օգնության համար այստեղ է դիմել այս առավոտ, և մոմը պահող այդ հնարագետ ջենթլմենը նրան ձերբակալել է և վատ է վերաբերվել, որի պատճառով տղայի կյնաքը լուրջ վտանգի մեջ է, ինչպես, որպես բժիշկ, ես այդ կարող եմ հաստատել։
Պարոնայք Բլեթհերզն ու Դաֆֆը նայեցին Ջայլսին, երբ նա այդ ձևով հանձնարարվեց նրանց ուշադրությանը։ Շփոթված մատակարարը, որի աչքերում ծիծաղելիորեն միախառնված էին սարսափն ու զարմանքը, սևեռուն հայացքը նրանցից փոխադրեց Օլիվերի վրա, իսկ Օլիվերից՝ միստր Լոզբերնի։
― Հո չես ժխտում քո արածը, ― ասաց բժիշկը, Օլիվերին զգուշությամբ պառկեցնելով անկողնում։
― Ես այդ բոլորը արեցի մտածելով, որ ճիշտ եմ վարվում, սը՛ր, ― պատասխանեց Ջայլսը։ ― Ես համոզված էի, որ նա հենց այդ տղան է, այլապես բոլորովին չէի միջամտի։ Ես քարասիրտ մարդ չեմ, սը՛ր։
― Ո՞ր տղան է, ― հարցրեց ավագ գործակալը։
― Ավազակի տղան, սը՛ր, ― պատասխանեց Ջայլսը։ ― Նրանք, նրանք, իհարկե, մի տղա ունեին իրենց հետ։
― Դու այժմ էլ այդպես կարծո՞ւմ ես, ― հարցրեց Բլեթհերզը։
― Այժմ ի՞նչ եմ կարծում, սը՛ր, ― մտացիր՝ հարցաքննողին նայելով պատասխանեց Ջայլսը։
― Որ սա այն միևնույն տղան է, ապուշի՛ գլուխ, ― անհամբերությամբ վրա բերեց Բլեթհերզը։
― Չգիտեմ, իսկապես չգիտեմ, ― ողբալի տեսքով ասաց Ջայլսը։ ― Կարծում եմ, որ միևնույն տղան չէ։
― Ի՞նչ ես մտածում, ― հարցրեց միստր Բլեթհերզը։
― Չգիտեմ ինչ մտածեմ, ― պատասխանեց խեղճ Ջայլսը։ ― Չեմ կարծում, որ նա է։ Իսկապես, գրեթե վստահ եմ, որ նա չէ։ Դուք էլ գիտեք, որ այդպիսի բան չի կարող լինել։
― Այս մարդը հարբա՞ծ է, ինչ է, սը՛ր, ― հարցրեց Բլեթհերզը դառնալով բժշկին։
― Ինչ հաստագլուխն ես, հա՜, ― ծայրահեղ արհամարհանքով ասաց Դաֆֆը՝ խոսքն ուղղելով միստր Ջայլսին։
Այս կարճ երկխոսության ընթացքում, միստր Լոզբերնը զբաղված էր հիվանդի բազկերակը քննելով․ բայց վեր կենալով անկողնու մոտ գտնվող աթոռից, ասաց, որ եթե գործակալները այդ նյութի շուրջը որևէ կասկած ունեն, արդյոք չե՞ն ցանկանա անցնել կողքի սենյակը՝ Բրիտըլզի հետ հանգամանորեն խոսելու։
Այս առաջարկությունը ընդունելով, նրանք գնացին հարակից սենյակը, ուր կանչվեց նաև Բրիտըլզը։ Պատասխանելով նրանց հարցերին, միստր Բրիտըլզը հակասական և անհնարին այնպիսի նորանոր բաներ ասաց, որ և՛ ինքը, և՛ իր հարգելի վերադասը կորան խառնաշփոթ արտահայտությունների լաբիրինթոսի մեջ։ Ոչ մի բան չբացահայտվեց, բացառությամբ, որ ինքը մտացրիվ է, որ ավազակի տղային բոլորովին չի կարող ճանաչել, անգամ եթե այդ պահին նա կանգնած լինի իր առջև, որ ինքը Օլիվերին ընդունել է այդ տղայի փոխարեն պարզապես այն պատճառով, որ միստր Ջայլսն է այդպես ասել, իսկ միստր Ջայլսը հինգ րոպե առաջ խոհանոցում երկյուղ է հայտնել, թե ինքը բավակաբաչափ շտապել է իր կարծիքի մեջ։
Ապա բազմաթիվ հանճարեղ ենթադրությունների շարքում ծագեց նաև այսպիսի հարց, թե արդյոք միստր Ջայլսը իսկապե՞ս կրակել է որևէ մեկի վրա։ Երբ նրա օգտագործած ատրճանակը ստուգման ենթարկվեց, պարզվեց, որ գունավոր թղթից և վառոդից բացի ոչ մի ուրիշ վնասակար նյութ չկար այնտեղ։ Այս հայտնությունը բոլորի վրա նկատելի ազդեցություն գործեց, բացառությամբ բժկի, որը տասը րոպե առաջ գնդակը հանել էր։ Այդ բանը առավելապես մեծ տպավորություն գործեց իր՝ միստր Ջայլսի վրա, որովհետև վերջին մի քանի ժամվա ընթացքում նա մեծ տագնապի մեջ էր ընկել, վախենալով, թե մահացու վիրավորել է որևէ մեկին, հետևաբար, նա ամբողջ հոգով կառչեց այս նոր մտքից։ Վերջապես, գործակալները, համարյա մոռանալով Օլիվերի մասին, Չերթսիի տեղական ոստիկանին թողեցին այնտեղ և խոստանալով առավոտյան վերադառնալ, գնացին քաղաքում գիշերելու։
Առավոտյան տարածվեց այսպիսի լուր, թե արգելափակված են երկու մարդ և մի մանուկ, որոնց ձերբակալել էին անցյալ գիշեր կասկածելի հանգամանքներում։ Հետևաբար, պարոնայք Բլեթհերզն ու Դաֆֆը իսկույն ուղևորվեցին այնտեղ։ Ի դեպ, այդ կասկածելի հանգամանքները հետաքննության ենթարկելով՝ պարզվեց, որ նրանց գտել էին խոտի դեզի տակ քնած, որը թեև մեծ հանցագործություն է, բայց պատժվում է միայն բանտարկությամբ և, դատելով անգլիական գթառատ օրենքների տեսանկյունից և այդ օրենքների դեպի թագավորի հպատակները տածած անսահման սիրուց, բավականաչափ ապացույց չի համարվում, երբ բացակայում են անհրաժեշտ այլ փաստեր, որ քնած մարդը կամ քնած մարդիկ կատարել են գողություն բռնությամբ, հետևաբար արժանի են մահապատժի։ Այսպիսով, պարոնայք Բլեթհերզն ու Դաֆֆը Չերթսի վերադարձան առաջվանից ոչ ավելի իմաստուն։
Կարճ ասած, հարցը բավական երկար քննելուց և այդ մասին առավել ևս երկար խոսելուց հետո միստր Լոզբերնը և միսիս Մեյլին տեղական ոստիկանական դատավորի ներկայությամբ միասնաբար երաշխավորեցին, որ Օլիվերը որևէ պահանջի դեպքում կներկայանա ոստիկանատուն, ապա Բլեթհերզն ու Դաֆֆը, երկու գինեա վարձատրություն ստանալով, վերադարձան քաղաք, իրենց արշավանքի նկատմամբ երկու տարբեր կարծիքներով։ Վերջին ջենթլմենը, բոլոր հանգամանքները լուրջ դատելուց հետո, պաշտպանում էր այն թեզը, որ գողության փորձը կատարել էր Ֆեմիլի Փեթը, իսկ առաջին ջենթլմենը հավասարապես տրամադիր էր այդ ամբողջ արժանիքը վերագրելու հռչակավոր Քոնքի Չիքվիդին։
Մինչ այդ, Օլիվերը աստիճանաբար ապաքինվեց ու կազդուրվեց միսիս Մեյլիի, Ռոզի և բարեսիրտ միստր Լոզբերնի միացայլ հոգածությամբ շրջապատված։ Եթե շնորհապարտ սրտերից բխած ջերմեռանդ աղոթքները արձագանք են գտնում երկնքում, ― իսկ եթե նման աղոթքները արձագանք չգտնեն, էլ ինչու դիմել աստծուն, ― ապա այն օրհնությունները, որ խեղճ որբուկը հայցեց իր բարերարների համար, սուզվեցին նրանց հոգիների մեջ՝ սփռելով խաղաղություն և երջանկություն։
Երեսուներկուերորդ գլուխ
Այն երջանիկ կյանքի մասին, որ Օլիվերը սկսեց վարել իր բարեսիրտ բարեկամների հետ
Օլիվերի հիվանդությունը լուրջ էր և բարդ։ Բացի վիրավորված թևի անասելի ցավից, ցրտի և անձրևի տակ այդքան ժամանակ անպատսպար մնալը առաջացրել էր տենդ, որը տևեց երկար շաբաթներ և ողբալիորեն հյուծեց նրան։ Բայց, վերջապես, նա սկսեց շատ դանդաղ ապաքինվել և խոսելու հնարավորություն ունեցած րոպեներին արտասվալից աչքերով ասել, թե որքան խոր էր զգում այն բոլորը, որ երկու ազնիվ լեդիները արել էին իր համար, և որքան ջերմորեն ցանկանում էր, լրիվ առողջանալուց հետո, որևէ կերպ ցույց տալ նրանց հանդեպ զգացած անհուն սերն ու նվիրվածությունը և ապացուցել, որ նրանց բարեսրտությունը ապարդյուն չի անցել, քանի որ այն խեղճ տղան, որին փրկել էին դժբախտությունից կամ մահից, պատրաստ էր նրանց ծառայելու ամբողջ հոգով։
― Խե՜ղճ տղա, ― ասաց Ռոզը, երբ մի օր Օլիվերը դալուկ շրթներով աշխատում էր հայտնել իր խոր երախտագիտությունը, ― դու տակավին շատ առիթներ կունենաս մեզ ծառայելու, եթե ցանկանաս։ Շուտով մենք գնալու ենք ամառանոց, և իմ մորաքույրը մտադիր է քեզ ևս գյուղ տանել։ Խաղաղ բնությունը, մաքուր օդը և գարնան բազմազան հաճույքներն ու հմայքները մի քանի օրից կկազդուրեն քեզ, և մենք հազար ու մի բաներով քեզ զբաղված կպահենք, եթե դու այդ նեղությանը տոկալու ի վիճակի լինես։
― Նեղությո՜ւն, ― ձայնեց Օլիվերը։ ― Օ՜հ, սիրելի լեդի, եթե միայն կարողանայի աշխատել ձեզ համար, եթե միայն կարողանայի հաճույք պատճառել ձեզ՝ ջրելով ձեր ծաղիկները, կամ խնամելով ձեր թռչնակները, և կամ թե ամբողջ օրը վեր ու վար վազելով կարողանայի երջանկացնել ձեզ։ Ինչե՜ր միայն չէի տա դրա համար։
― Քեզ ոչինչ հարկավոր չէ տալ, ― ասաց միսիս Մեյլին ժպտալով, ― ինչպես նախապես ասել եմ, մենք քեզ բազմաթիվ հանձնարարություններ կտանք։ Եվ եթե դու աշխատես քո խոստացածի կեսը կատարել, դու, արդարև, ինձ շատ մեծ երջանկություն պատճառած կլինես։
― Երջանկությո՜ւն, օրիորդ, ― բացականչեց Օլիվերը, ― որքա՜ն բարեսիրտ եք, որ այդ ձևով եք խոսում։
― Չես կարող պատկերացնել, թե ես որքա՜ն երջանիկ կլինեմ, եթե դու քո խոստումը կատարես, ― պատասխանեց դեռատի լեդին։ ― Ինձ համար չափազանց հաճելի է մտածել, որ իմ մորաքույրը որևէ մեկին փրկել է այն թշվառ վիճակից, որը քո բաժինն է եղել, ինչպես ինքդ նկարագրեցիր։ Սակայն երբ տեսնում եմ, որ նրա բարության ու սիրո առարկան այդքան անկեղծորեն երախտապարտ է և նվիրված, ապա այդ բանը ինձ ավելի է ուրախացնում, քան կարող ես երևակայել։ Հասկանո՞ւմ ես ինձ, ― հարցրեց նա՝ դիտելով Օլիվերի մտածկոտ դեմքը։
― Օ՜հ, այո՛, օրիորդ, այո՛, ― պատասխանեց Օլիվերը անձկալի սրտով, ― բայց ես այժմ մտածում էի, թե որքան ապերախտ եմ։
― Ո՞ւմ հանդեպ, ― հարցրեց դեռատի լեդին։
― Այն բարի ջենթլմենի և սիրասուն պառավ դայակի, որոնք այնքան հոգատար էին իմ նկատմամբ, ― ասաց Օլիվերը։ ― Նրանք, վստահ եմ, գոհ կլինեին, եթե իմանային, թե ես որքան երջանիկ եմ։
― Անշուշտ, ― հաստատեց Օլիվերի բարերարուհին, դրա համար միստր Լոզբերնը բայրացակամորեն խոստացել է քեզ տեսակցության տանել նրանց մոտ, հենց որ ի վիճակի լինես ուղևորվելու։
― Իսկապե՞ս, օրիորդ, ― հրճվանքից շողացող դեմքով գոչեց Օլիվերը։ ― Չգիտեմ, թե ի՞նչ կանեմ ուրախությունից, եթե նրանց բարի դեմքերը մեկ էլ տեսնեմ։
Շատ չանցած Օլիվերը բավականին կազդուրվեց այդ արշավանքին տոկալու համար։ Հետևաբար, նա և միստր Լոզբերնը, միսիս Մեյլիին պատկանող մի փոքրիկ կառքով, ուղղվեցին դեպի միստր Բրաունլոյի ապրած թաղամասը։ Երբ հասան Չերթսի Բրիջ, Օլիվերը սաստիկ գունատվեց ու բարձրաձայն ճչաց։
― Ի՞նչ պատահեց տղային, ― իր սովորության համաձայն իրարանցումով գոչեց բժիշկը։ ― Ինչ֊որ բա՞ն տեսար, ինչ֊որ բա՞ն լսեցիր, հը՞։
― Այո՛, այո՛, սըր, ― ճչաց Օլիվերը, կառքի լուսամուտից դուրս մի տեղ մատնացույց անելով։ ― Այդ տո՜ւնը։ Այդ տո՜ւնը։
― Լա՛վ, հետո՞, հե՜յ, կառապա՛ն, կառքը կանգնեցրո՛ւ, ― գոչեց բժիշկը։ ― Ւ՞նչ տան մասին է խոսքը, բարեկամս, հը՞։
― Սատանան տանի, ― գոռաց բժիշկը։ ― Հե՜յ, ո՞վ կա այնտեղ, օգնեցե՛ք, որ դուրս գամ։
Բայց նախքան կառապանը դուռը կբանար, բժիշկը, չգիտես թե ինչ ձևով, կառքից դուրս գլորվեց և, վազելով դեպի անմարդաբնակ բնակարանը, սկսեց դիվահարի նման ոտքով հարվածել դռանը։
― Ո՞վ է, ― ձայն տվեց մի կուզ մարդ դուռը այնքան հանկարծակի բանալով, որ բժիշկը իր վերջին աքացու ուժգնության հետևանքով միջանցքից համարյա ներս ընկավ։ ― Ի՞նչ է պատահել այստեղ։
― Պատահե՜լ, ― բացականչեց բժիշկը, վայրկենապես նրա օձիքից բռնելով։ ― Շատ բան է պատահել։ Գողություն է կատարվել այստեղ։
― Շուտով նաև մարդասպանություն կկատարվի, եթե օձիքս բաց չթողնես, ― պատասխանեց կուզը պաղարյունությամբ։ ― Լսո՞ւմ ես։
― Լսում եմ, ― ասաց բժիշկը, ուժեղ ցնցելով սապատավորին։ ― Որտե՞ղ է, սատանան տանի նրան, ի՞նչ էր այդ սրիկայի անունը, Սայքս, հա՛ Սայքս։ Որտե՞ղ է Սայքսը, քեզ հետ եմ, ավազա՛կ։
Կուզը զարմանք ու զայրույթ կայծկլթացող աչքերով ակնապիշ նայեց բժշկին, մի ճապուկ շարժումով դուրս պրծավ նրա ձեռքից և լուտանքների ահավոր մի տարափ տեղալով՝ ետ քաշվեց։ Նախքան դուռը փակելը, սակայն, բժիշկը առանց մի բառ ասելու մտել էր սենյակ։ Նա անհանգստությամբ նայեց շուրջը։ Ո՛չ կահույքը, ո՛չ որևէ բան, շնչավոր կամ անշունչ, նույնիսկ պահարանների դիրքը չէր համապատասխանում Օլիվերի նկարագրությանը։
― Հե՜յ, ― ասաց կուզ մարդը, որը խիստ հայացքով հետևել էր նրան։ ― Այսպես բռնությամբ իմ տունը մտնելով ի՞նչ ես ուզում անել։ Ուզում ես ինձ կողոպտե՞լ, թե սպանել։ Ո՞րն է քո նպատակը։
― Իսկ դու երբևիցե տեսե՞լ ես մեկին, որ քո ասածներից մեկը կամ մյուսը անելու համար կառքով դուրս գար տնից, այրունարբու գարշելի արարած, ― ասաց դյուրագրգիռ բժիշկը։
― Ուրեմն ի՞նչ ես ուզում, ― հարցրեց կուզ մարդը։ ― Դուրս կգա՞ս այստեղից, թե՞ ուզում ես գլխիդ փորձանք բերեմ։ Անիծյա՜լ լինես։
― Դուրս կգամ միայն այն ժամանակ, երբ հարմար կգտնեմ, ― ասաց միստր Լոզբերնը՝ նայելով մյուս սենյակից ներս, որ նախորդի նման բացարձակապես ոչ մի նմանություն չէր կրում Օլիվերի այդ մասին տված տեղեկություններին։ ― Մենք մի օր քեզ հետ նորից կհանդիպեսնք, բարեկամս։
― Իսկապե՞ս, ― հեգնեց գարշելի հաշմանդամը։ ― Եթե երբևէ ցանկանաս ինձ տեսնել, համեցի՛ր։ Քսանհինգ տարի այստեղ մենակության մեջ և խելագար վիճակում ապրելուց հետո, կարծում ես քեզ նմանների՞ց պիտի վախենամ։ Քո այս արարքի համար ես մի օր հաշիվ կտեսնեմ, անպայման հաշիվ կտեսնեմ քեզ հետ։ ― Եվ այսպես ասելով, այլանդակ դևը սկսեց ոռնալ ու այնպիսի խելահեղությամբ պարել սենյակում, ասես զայրույթից կատաղել էր։
― «Բավականին հիմար բան ստացվեց, ― քրթմնջաց բժիշկը ինքն իրեն, ― երևի տղան սխալվել է»։ ― Հե՜յ, վերցրո՛ւ, դիր գրպանդ ու նորից փակվիր չորս պատերի մեջ։ ― Այս խոսքերով՝ նա սապատավորին մի արծաթ դրամ շպրտեց և կառք վերադարձավ։
Կուզ մարդը, սակայն, ամբողջ ճանապարհին կատաղի անեծքներ ու հայհոյանքներ ծոր տալով, հետևեց նրան մինչև կառքի դուռը։ Երբ միստր Լոզբերնը կառապանին ինչ֊որ բան ասելու համար մյուս կողմը շուռ եկավ, նա գլուխը երկարեց կառքից ներս և մի այնպիսի մոլեգնած, թունոտ ու քինախնդրությամբ լի հայացք գցեց Օլիվերի վրա, որ տղան ամիսներ շարունակ, գիշեր ու ցերեկ, չկարողացավ մոռանալ այդ։ Նա իր ահռելի հայհոյանքները շարունակեց, մինչև կառապանը նորից նստեց իր տեղը, և նույնիսկ բավականաչափ հեռանալուց հետո նրանք կարող էին տեսնել, թե նա ինչպես ոտքով հարվածում էր գետնին և մազերը փետում էր զայրույթի սաստիկ նոպայի մեջ։
― Ես ավանակի մեկն եմ, ― ասաց բժիշկը երկար լռությունից հետո։ ― Դու այդ գիտեի՞ր, Օլիվեր։
― Ո՛չ, սըր։
― Ուրեմն, էլ չմոռանաս։
― Ավանակի մեկն եմ, ― մի պահ լռությունից հետո կրկնեց բժիշկը։ ― Նույնիսկ եթե դա քո ենթադրած տունը լիներ և մեր որոնած մարդիկ այնտեղ լինեին, ես մենակ ի՞նչ կարող էի անել։ Իսկ եթե օգնականներ ունենայի, հազիվ թե մի լավ բան դուրս գար։ Ես անպայման կմերկացնեի ինքս ինձ և կխոստովանեի, թե ինչպես եմ այդ գործը լռեցրել։ Զայրույթի ազդեցության տակ ես միշտ էլ փորձանքի մեջ եմ ընկնում։ Դա տեղին կլիներ ինձ համար։
Իսկապես այդ հիանալի բժիշկը իր ամբողջ կյանքում միայն ներմղումների ազդեցության տակ էր գործել, այնուամենայնիվ, նա ոչ մի անախորժ դեպքի կամ դժբախտության զոհ չէր գնացել դրանց պատճառով։ Ընդհակառակն, բոլոր ճանաչողները անխտիր ջերմորեն սիրում ու հարգում էին նրան։
Ճշմարիտն ասած, նա մի քիչ բորբոքվել էր, որ առաջին իսկ ներկայացած առիթով իրեն չէր հաջողվել Օլիվերի պատմությունը հաստատող որևէ ապացույց ձեռք բերել։ Նա շուտով հանդարտվեց սակայն, գտնելով, որ Օլիվերի պատասխանները իր տված հարցերին մնում են անփոփոխ և հաղորդվում են նույն անկեղծությամբ ու պարզությամբ, ինչպես միշտ, հետևաբար, որոշեց այնուհետև լրիվ հավատք ընծայել մանկան խոսքերին։
Քանի որ Օլիվերը գիտեր այն փողոցի անունը, ուր ապրում էր միստր Բրաունլոն, նրանք իսկույն ուղղվեցին այնտեղ։ Երբ կառքը մոտեցավ տանը, նրա սիրտն սկսեց այնպիսի ուժգնությամբ բաբախել, որ հազիվ էր կարողանում շնչել։
― Հապա տղա՛ս, ո՞ր տունն է, ― հարցրեց միստր Լոզբերնը։
― Ա՜յ այն մեկը, ― կառքի լուսամուտից մի տուն մատնացույց անելով պատասխանեց Օլիվերը։ ― Այն սպիտակ տունը։ Օ՜հ, շտապեցե՛ք, խնդրում եմ, շտապեցե՛ք։ Այնպես սարսուռ եմ զգում, կարծես թե հիմա պիտի մեռնեմ։
― Դե լա՛վ, լավ, ― նրա ուսը շոյելով ասաց բարեսիրտ բժիշկը, ― դու նրանց շուտով կտեսնես, և նրանք մեծապես կուրախանան քեզ ողջ ու առողջ գտնելով։
― Օ՜հ, արդյո՞ք, ― գոչեց Օլիվերը։ ― Նրանք այնքան բարի էին իմ հանդեպ, այնքա՜ն, այնքա՜ն բարի։
Կառքը շարժվեց առաջ։ Կանգ առավ։ Ո՛չ, այդ տունը չէր, սխալվել էր, հաջորդը։ Մի քիչ էլ առաջացավ, նորից կանգ առավ։ Օլիվերը գլուխը բարձրացրեց և երջանիկ հուզմունքի արցունքները աչքերին՝ լուսամուտներին նայեց։
Ավա՜ղ, սպիտակ տունը դատարկ էր, և պատուհանին փակցված մի ցուցանակ հայտարարում էր, որ բնակարանը «վարձու է տրվում»։
― Մյուս դուռը թակի՛ր, ― գոչեց միստր Լոզբերնը՝ Օլիվերին թևանցուկ անելով։ ― Արդյոք չգիտե՞ք, թե ուր է գնացել այն ջենթլմենը, որ ապրում էր կողքի բնակարանում։
Սպասուհին չէր իմանում, բայց կարող էր հարցուփորձ անել։ Նա շուտով վերադարձավ և տեղեկացրեց նրանց, որ միստր Բրաունլոն բոլոր իր ունեցվածքը ծախել ու վեց շաբաթ առաջ գնացել էր Վեստ֊Ինդիա։ Օլիվերը ձեռքերը հուսահատ միացրեց իրար և ընկրկեց։
― Տնտեսուհին նույնպե՞ս գնացել է նրա հետ, ― մի րոպե հետո հարցրեց միստր Լոզբերնը։
― Այո, սըր, պատասխանեց սպասուհին։ ― Ծեր ջենթլմենը, տնտեսուհին և միստր Բրաունլոյի բարեկամ մի ջենթլմեն, բոլորը միասին են գնացել։
― Դե՛ ուրեմն, ուղիղ տուն քշիր դարձյալ, ― ասաց միստր Լոզբերնը կառապանին, ― և նույնիսկ ձիերը կերակրելու համար կանգ չառնես, մինչև դուրս չգանք այս անիծյալ Լոնդոնից։
― Իսկ գրավաճա՞ռը, սըր, ― ասաց Օլիվերը։ ― Ես գիտեմ, թե որտեղ է գտնվում նրա կրպակը։ Գոնե նրա՛ն տեսեք, սըր, խնդրում եմ, գոնե նրա՛ն տեսեք։
― Խե՜զճ տղա, մի օրվա համար այսքան հուսախաբությունն էլ բավական է։ Եթե գնանք գրավաճառի հետևից, երևի նա անպայման մահացած կլինի, տունը հրկիզված, կամ թե փախած։ Ո՛չ, ուղիղ տուն պիտի գնանք։
Եվ հնազանդվելով բժշկի ցանկությանը՝ նրանք ուղևորվեցին տուն։
Այս դառն հուսախաբությունը, սակայն, մեծ վիշտ պատճառեց Օլիվերին, հակառակ իրեն շրջապատող այդքան երջանկությանը, որովհետև հիվանդության ընթացքում նա շատ անգամ էր մտածել, այն ուրախալի օրվա մասին, երբ ինքը միստր Բրաունլոյին և միսիս Բեդվինին հանդիպելով պիտի պատմեր, թե որքան անքուն գիշերներ է անցկացրել, անդրադառնալով նրանց կողմից իր նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքին, և թե որքան է ողբացել այդ դառն բաժանման համար։ Մանավանդ այն հույսը, թե մի օր հնարավոր կլիներ այդ ամենը պատմել նրանց և փաստել իր անմեղությունը, ալեկոծ ծովում նկատված փրկարար փարոսի նման, կանգուն էր պահել նրա կորովը մոտավոր անցյալի բազմաթիվ փորձությունների ժամանակ։ Բայց այժմ, այն միտքը, որ նրանք գնացել էին այնքա՜ն հեռու, իրենց հետ տանելով այն համոզմունքը, որ ինքը ստահակի ու գողի մեկն է, ― մի համոզմունք, որ նա գուցե իր ամբողջ կյանքում չկարողանար ժխտել, ― այդ ամենն անտանելի էր։
Այս հանգամանքը, սակայն, ոչնչով չփոխեց նրա բարերարների վերաբերմունքը իր նկատմամբ։ Տասնհինգ օրից հետո, երբ ձմռան ցուրտը տեղի տվեց գարնան հեշտալի ջերմության, և յուրաքանչյուր ծառ ու ծաղիկ պճնվեց նորաբողբոջ տերևներով ու փարթամ ծիլերով, նրանք պատրաստություններ տեսան մի քանի ամսով հեռանալու Չերթսիից։ Ոսկեղենն ու արծաթեղենը, որ այնքան գրգռել էին Ֆեգինի ընչաքաղցությունը, ուղարկելով դրամատուն, շենքի պահպանությունը հանձնեցին Ջայլսին և մի ուրիշ սպասավորի, իսկ Օլիվերին իրենց հետ վերցնելով՝ նրանք գնացին քաղաքից բավական հեռու գտնվող մի գյուղ։
Որքա՜ն խաղաղ էր այնտեղ, որքա՜ն ամոքիչ դալար բլուրների ու փարթամ անտառների խնկաբույր օդը։ Ո՞վ կարող է նկարագրել այն ամենը, ինչ զգաց խեղճ, հիվանդագին երեխան այդ հեռավոր գյուղի վեհ լռության մեջ։ Ո՞վ կարող է ըմբռնել այն անհուն երջանկությունը, որ համակեց նրա մանկական հոգին։ Մի՞թե կարելի է պատմել, թե հեղձուցիչ վայրերում ապրող բնակիչների հոգնաբեկ մտքերի վրա ինչպես են ներգործել խաղաղ ու անդոր տեսարանները, և դրանց թարմությունը ինչպես է թափանցել այդ խոնջացած սրտերից ներս։ Մարդիկ, որոնք իրենց կյանքի ամբողջ տևողության ընթացքում ապրել են դժնդակ պայմաններում և երբեք փոփոխության պահանջ չեն զգացել, մարդիկ, որոնց համար, արդար սովորությունը դարձել է բնավորության չափ հարազատ, և որոնց առօրյա պտույտների նեղ պայմաններում գտնվող յուրաքանչյուր քար ու աղյուս դարձել է համարյա սրբություն, նույնիսկ այդպիսի մարդիկ, մահվան շեմին կանգնած, վերջապես տենչացել են գեթ շատ կարճ ժամանակով վայելել բնությունը։ Եվ երբ իրենց վշտերի ու հաճույքների վաղեմի թատերաբեմից տեղափոխվել են բնության գիրկը, նրանց այնպես է թվացել, որ անցել են մի նոր գոյավիճակի։ Արևաշող մարգերից դիտելով ջինջ երկնքի կապույտը, վճիտ ջրի ծփանքը, կանաչազարդ բլուրների ու հովիտների հմայքը, նրանք ունեցել են երկնքում լինելու ինչ֊որ զգացողություն, որը մեղմացրել է մահվան մղձավանջը, և նրանք իջել են գերեզման այնպես հանգիստ ու անվրդով, ինչպես նրանց անփայլ աչքերի առաջ հանգել է արևը, որի մայրամուտը ընդամենը մի քանի ժամ առաջ դիտել են իրենց մենավոր ննջարանի պատուհանից։Գյուղական խաղաղ տեսարանները ինչ֊որ անդրաշխարհային հուշեր են արթնացնում, որ երկրային հույսեից և հույզերից ոչինչ չեն պարփակում իրենց մեջ։ Այդ հուշերի բարերար ազդեցության տակ մենք գուցե սովորում ենք թարմ պսակներ հյուսել մեր սիրեցյալների գերեզմանների համար, գուցե դրանով ազնվանում է մեր հոգին, և տապալվում են այնտեղ բույն դրած վաղեմի թշնամությունն ու ատելությունը։ Բայց այդ ամենի խորքում, մեր ենթագիտակցության մեջ դեռևս մնում է հեռավոր անցյալում այդպիսի զգացմունքներ ունենալու մասին ինչ֊որ տարտամ և անորոշ զգացություն, որը մեր մեջ արթնացնում է հանդիսավոր մտքեր հեռավոր ապագայի համար և խորտակում է աշխարհի ունայնությունն ու հպարտությունը։
Հիանալի էր այն վայրը, որ նրանք ընտրել էին իբրև ամառանոց։ Այն գարշելի շրջապատից հետո, ուր նա անց էր կացրել իր օրերը, և այն փոթորկալից կյանքից հետո, որ մինչև հիմա բաժին էր ընկած Օլիվերին, նրան այնպես թվաց, որ ինքը վերածնվել է։ Վարդն ու անճուպարը ծածկել էին քոթեջի պատերը, բաղեղը պլլված էր ծառերի բներին, և օդը հագեցած պարտեզի երփներանգ ծաղիկների հեշտալի բուրմունքով։ Նրանց մոտ կար փոքրիկ մի գերեզմանատուն, որը պճողված չէր բարձր, տգեղ տապանաքարերով։ Այնտեղ կային միայն համեստ հողաթմբեր, ծածկված թարմ դալարիքով ու մամուռով, որոնց տակ անդորր ննջում էին գյուղի ծերերը։ Օլիվերը հաճախ էր մենակ թափառում այնտեղ և, մտաբերելով այն խղճալի շիրիմը, որի մեջ իր մայրն էր թաղված, նստած թաքուն արտասվում էր։ Բայց երբ նա իր աչքերը բարձրացնում էր երկնակամարի անհունին, այլևս երկրի նեղ սահմաններում չէր տեսնում իր մորը, և այդ մտքից սփոփված նրա հոգին խաղաղվում էր։
Ամենուրեք երջանկություն էր տիրում․ ցերեկը խաղաղ էր ու անվրդով, իսկ գիշերը իր հետ չէր բերում սարսափ ու մտատանջություն։ Ողորմելի մի բանտում հյուծվելու կամ գարշելի մարդկանց հետ շփման մեջ լինելու որևէ անախորժ զգացում չէր պղտորում ջինջ մթնոլորտը։ Միայն հաճախ ու երջանիկ ապրումներ, և ուրիշ ոչինչ։ Ամեն առավոտ նա գնում էր մատուռի կողքին ապրող մի սպիտակահեր ջենթլմենի մոտ, որը նրան ավելի սահուն կարդալ ու գրել էր սովորեցնում, և որը այնպիսի քաղցրությամբ էր վերաբերվում նրան և այնպիսի ուշադրությամբ հետևում նրա աշխատանքներին, որ Օլիվերը նրան գոհացնելու համար ոչ մի ջանք չէր խնայում։ Այնուհետև, օրվա որոշ մասը նա անց էր կացնում միսիս Մեյլիի և Ռոզի հետ, երբ նրանք զբոսնելու համար դուրս էին գալիս, ուշադիր հետևելով գրքերի մասին ունեցած նրանց կարծիքների փոխանակմանը, կամ որևէ հովասուն վայրում նստած նրանց կողքին՝ ագահաբար ունկնդրելով դեռատի լեդիի կողմից գրքերի ընթերցանությանը։ Ապա նա որոշ ժամանակ հատկացնում էր հաջորդ օրվա դասերը պատրաստելու գործին, և այս պարտականությունը նա փութաջանությամբ կատարում էր պարտեզի վրա բացվող մի փոքրիկ սենյակում․ իսկ երբ մեղմիկ իջնում էր երեկոն, լեդիները նորից ելնում էին զբոսանքի, նրան ևս տանելով իրենց հետ։ Որքան հաճույքով էր լսում նրանց զրույցները և որքան երջանիկ էր զգում իրեն, երբ կարողանում էր որևէ դժվարին տեղ մագլցելով պոկել նրանց ցանկացած մի ծաղիկը, կամ վազ տալով բերել մի անհրաժեշտ իր, որ մոռացվել էր տանը։ Երբ մութն ընկնելիս վերադառնում էին տուն, դեռատի լեդին նստում էր դաշնամուրի առջև և նվագում մի որևէ քաղցրահնչուն եղանակ, կամ մեղմ ու ախորժալուր ձայնով երգում մի վաղեմի երգ, որ նրա մորաքրոջ համար հաճելի էր լսել։ Այսպիսի պահերին մոմերը չէին վառվում , և Օլիվերը լուսամուտներից մեկի առաջ նստած՝ հափշտակված ունկնդրում էր քնքուշ մեղեդին։
Իսկ կիրակի օրը․ որքա՜ն տարբեր էր այդ օրը իր կյանքում անցկացրած այլ կիրակիներից․ որքա՜ն երջանիկ էին սահում ժամերը, ինչպես այդ երջանիկ ժամանակաշրջանի բոլոր օրերի բոլոր ժամերը։ Առավոտյան նրանք գնում էին փոքրիկ մատուռը, որի լուսամուտին պլլված կանաչ տերևները թրթռում էին զեփյուռից, հավքերի դայլայլը մթնոլորտը լցնում էր քաղցրալուր ձայներով, և անուշաբույր օդը ցածրիկ գավթից մեղմորեն ներս հոսելով՝ ողողում էր անշուք շենքը։
Ժողովրդի չքավոր խավերը այնքան մաքուր էին ու կոկիկ և այնպիսի ջերմեռանդությամբ էին ծունկի իջաց աղոթում, որ ասես նրանց համար հոգնեցուցիչ պարտականություն չէր այդ, այլ հեշտալի մի հաճույք, և չնայած երգեցողությունը թերևս չուներ երաժշտական կատարելություն, այնուհանդերձ անկեղծ էր հնչում, և (գոնե Օլիվերին) թվում էր ավելի ներդաշնակ, քան որևէ եկեղեցում լսված այլ երգեցողություն։ Հետո նրանք սովորականի նման դուրս էին գալիս զբոսանքի կամ այցելում էին աշխատավորների մաքուր տները, իսկ գիշերը Օլիվերը նրանց համար կարդում էր Ավետարանի այն մի քանի գլուխները, որ ամբողջ շաբաթվա ընթացքում սերտած էր լինում․ իսկ այս պարտականությունը կատարելիս նա իրեն ավելի գոհ ու հպարտ էր զգում, քան ինքը՝ կղերը։
Առավոտյան ժամը վեցին Օլիվերը վեր էր կենում և հեռավոր դաշտերից ու թավախիտ անտառներից տուն էր բերում վայրի ծաղիկների ահագին փնջեր, որոնք մեծ խնամքով դասավորելով զարդարում էր նախաճաշի սեղանը։ Հարկավոր էր նաև ալևորուկ հավաքել միսիս Մեյլիի թռչնակների համար, և Օլիվերը, որը բուսաբանական իր գիտելիքները սովորել էր գյուղի հմուտ դպիրի մոտ, դրանցով մեծ ճաշակով հարդարում էր վանդակները։ Թռչունները այսպես զուգելուց ու զարդարելուց հետո սովորաբար լինում էր որևէ հանձնարարություն, որ նա պետք է կատարեր գյուղում։ Իսկ երբ այդ չէր լինում, նա ժամանակը անց էր կացնում քրիքեթով, որ խաղում էին մարգագետնի վրա, իսկ երբ այդ էլ չէր լինում, նա պարտեզում զբաղվում էր բույսերով (այս գիտությունը նա նույնպես ձեռք էր բերել գյուղի դպիրի մոտ, որը արհեստով պարտիզպան էր), որոնց վրա նա մեծ աշխատանք էր թափում, մինչև հայտնվում էր միսս Ռոզը, նրա վրա տեղալով հազար ու մի գովասանք այն բոլորի համար, որ նա կատարել էր։ Այսպես սահեցին երեք ամիսներ․ ամիսներ երանության և անխառն երջանկության։ Նրանք այնքան հոգատար և սիրալիր էին տղայի նկատմամբ, և նա այնպես նվիրված ու փարված էր նրանցից, որ այդ կարճ ժամանակամիջոցի վերջում Օլիվեր Թվիստը դարձել էր նրանց սիրո ու փայփայանքի առարկան, և իր նվիրումն ու խոր սերը վարձատրվում էին իր նկատմամբ նրանց ունեցած հպարտության զգացումով։
Երեսուներեքերորդ գլուխ
Որտեղ Օլիվերի և նրա բարեկամների երջանկությանը հանկարծական վտանգ է սպառնում
Գարունը արագ անցավ․ եկավ ամառը։ Եթե գարնանը գյուղը եղել էր գեղեցիկ, այժմ այն շողում էր ամբողջ շքեղությամբ։ Վիթխարի ծառերը, որ դեռ մի քանի ամիս առաջ մերկ ու կծկված էին, այժմ կենսունակ ու վերակենդանացած, իրենց կանաչ թևերը տարածել էին պապակած հողի վրա և լերկ ու խոպան վայրերը վերածել գողտրիկ անկյունների, ծածկված թանձր ու հովասուն ստվերով, որտեղից կարելի էր դիտել արևի շողերով ողողված լայնարձակ տարածությունները, որոնք ձգվում էին մինչև հորիզոն։ Երկիրը հագել էր իր ամենավառ պատմուճանը, և օդը հագեցած էր զգլխիճ բույրերով։ Տարվա ամենածաղկուն շրջանն էր։
Քոթեջում դեռևս շարունակվում էր նույն անդորր կյանքը, և դրա բնակիչների մոտ տիրում էր նույն անվրդով խաղաղությունը։ Օլիվերը վաղուց կազդուրված ու ամրացած էր, բայց առողջությունը կամ հիվանդությունը իր զգացմունքներից ոչինչ չէին փոխել շրջապատի մարդկանց նկատմամբ (չնայած շատերի մոտ հակառակն է պատահում)։ Նա մնում էր նույն հեզահամբյուր, անձնվեր, սիրալիր տղան, ինչպես եղել էր ցավերի և տառապանքների ամենածանր պահերին, երբ, բոլոր ուժերը սպառված, ամենաչնչին հոգատարության համար նա կարիք ուներ իր խնամակալների ուշադրությանը։ Մի հիանալի գիշեր նրանք սովորականից հեռու գնացին։ Ցերեկվա անսովոր տոթին հաջորդել էր մի պայծառ լուսնկա, և մի զովաշունչ, թեթև հով փչում էր անսովոր թարմությամբ։ Հերևաբար, նրանք ուրախ զրուցելով շարունակում էին քայլել, երբ նկատեցին, որ իրենց ամենօրյա սահմանները վաղուց անցել են։ Միսիս Մեյլին հոգնած լինելով, նրանք դանդաղ քայլերով վերադարձան տուն։ Դեռատի լեդին, դեն գցելով իր հասարակ գլխանոցը, ըստ սովորականի նստեց դաշնամուրի առջև և, մատները ստեղնաշարերի վրայով մի քանի րոպե մտացրիվ սահեցնելուց հետո, սկսեց նվագել մի ծանր, հանդիսավոր եղանակ։ Մինչ նվագում էր, թվաց, թե նա արտասվում է։
― Ռո՜զ, սիրելի՜ս, ― ասաց պառավ լեդին։
Ռոզը ոչ մի պատասխան չտվեց․ նա միայն արագացրեց մատների շարժումը, կարծես ասված բառերը նրան արթնացրին ինչ֊որ ցավատանջ մտքերից։
― Ռո՜զ, հոգհա՜կս, ― ճչաց միսիս Մեյլին, խուճապահար վեր կենալով և կռանալով աղջկա վրա։ ― Ի՞նչ է պատահել։ Արցունքնե՜ր։ Սիրելի մանկի՜կս, ի՞նչն է տանջում քեզ։
― Ո՛չ մի բան, մորաքույր, ո՛չ մի բան, ― պատասխանեց դեռատի լեդին։ ― Չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ, նկարագրել չեմ կարող, բայց զգում եմ․․․
― Չլինի՞ հիվանդ ես, հոգյա՜կս, ― ընդհատեց միսիս Մեյլին։
Ո՛չ, ո՛չ։ Օ՜հ, ո՛չ, ես հիվանդ չեմ, ― պատասխանեց Ռոզը այնպես դողալով, ասես խոսելիս ինչ֊որ մահացու սառնություն էր իջնում նրա վրա։ ― Շուտով ավելի լավ կլինեմ։ Միայն լուսամուտը փակեցեկ, խնդրում եմ։
Օլիվերը շտապեց կատարել նրա խնդրանքը։
Դեռատի լեդին, մեծ ճիգ գործադրելով վերագտնելու իր կենսուրախությունը, փորձեց նվագել մի ավելի աշխույժ եղանակ, բայց մատները անշարժ մնացին ստեղնաշարի վրա։ Ձեռքերով դեմքը ծածկելով, նա ընկավ բազմոցին և, այլևս իրեն չկարողանալով զսպել, սկսեց արտասվել։
― Անուշի՜կս, ― ասաց պառավ լեդին՝ գրկելով նրան, ― քեզ երբեք այս վիճակում չեմ տեսել։
― Եթե հնար լիներ, ես բոլորովին չէի ահաբեկի ձեզ, ― նկատեց Ռոզը։ ― Ես մեծ ճիգ եմ գործադրել թաքցնելու ինձ հետ կատարվածը, բայց հնարավոր չէ։ Վախենում եմ, որ իսկապես հիվանդ եմ, մորաքույր։
Արդարև նա հիվանդ էր, քանի որ, երբ մոմերը վառվեցին, նրանք տեսան, որ տուն վերադառնալուց հետո կարճ ժամանակվա ընթացում նրա դեմքի գույնը ստացել էր մարմարիոնի սպիտակություն։ Արտահայտությունը իր հմայքից ոչինչ չէր կորցրել, բայց փոխված էր, և նրա գողտրիկ դեմքը ստացել էր հյուծված ու անհանգիստ տեսք։ Հաջորդ րոպեին բոսորագույն դարձավ։ Նրա ծավի աչքերն սկսեցին փայլել վայրագ մի փայլով։ Ապա սահող ամպի նման այդ փայլը նորից անհետացավ, և նա վերստին դարձավ մեռելատիպ։
Օլիվերը, որը անձկությամբ հետևում էր պառավ լեսիի դեմքի բոլոր արտահայտություններին, նկատեց, որ նա վրդովված էր այս երևույթներից։ Ճշմարիտն ասած, ինքը նվազ չէր վրդովված, բայց տեսնելով, որ լեդին ցանկանում է անհոգ ձևանալ, ինքը նույնպես աշխատեց նույն կերպ վարվել։ Եվ երբ միսիս Մեյլին համոզեց Ռոզին, որ քնելու գնա, վերջինիս տրամադրությունը այնքան բարձր էր, նույնիսկ այնքան լավ էր զգում իրեն, որ հավաստիացրեց նրանց, թե առավոտյան կզարթնի բոլորովին առողջացած։
― Հույս ունեմ, ― ասաց Օլիվերը, երբ միսիս Մեյլին վերադարձավ Ռոզի սենյակից, ― որ մտահոգվելու որևէ լուրջ պատճառ չկա։ Այս գիշեր նա իրեն լավ չի զգում, բայց․․․
Պառավ լեդին նշանացի հասկացրեց նրան չխոսել և, սենյակի մութ անկյունում նստելով, բավական ժամանակ լուռ մնաց։ Վերջապես դողդոջուն ձայնով ասաց․
― Հույս ունեմ, որ լուրջ բան չկա, Օլիվե՛ր։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ես նրա հետ շատ երջանիկ եմ եղել, թերևս չափից ավելի երջանիկ։ Եվ գուցե ժամանակն է, որ մի որևէ բանով դժբախտանամ, բայց տա աստված, որ ա՛յդ չլիներ ինձ դժբախտացնող պարագան։
― Ո՞րը, ― հարցրեց Օլիվերը։
― Այս ծանր հարվածը, երկար տարիներ իմ կյանքի սփոփանք ու երջանկությունը հանդիսացող սիրելի աղջկա կորուստը, ― ասաց պառավ լեդին։
― Օ՜հ, աստված չանի, ― շտապով բացականչեց Օլիվերը։
― Ամե՜ն, մանկիկս, աստված չանի, ― ասաց պառավ լեդին ձեռքերը տրորելով։
― Անշուշտ որևէ սարսափելի բան չի՞ սպառնում նրան, ― ասաց Օլիվերը։ ― Երկու ժամ առաջ նա բոլորովին առողջ էր։
― Այժմ նրա դրությունը շատ լուրջ է, ― ասաց միսիս Մեյլին, ― ես վստահ եմ, որ նույնիսկ ավելի կվաթարանա։ Իմ թանկագի՜ն, թանկագի՜ն Ռոզ։ Օ՜հ, ինչ կլինի իմ վիճակը առանց նրա։
Պառավ լեդին ծանր վշտից այնպես կորցրեց իրեն, որ Օլիվերը, զսպելով իր զգացմունքները, սկսեց անհարմարորեն խրատողի դերում գտնվել և թախանձագին խնդրել նրան, ի սեր դեռատի լեդիի, ավելի քաջասիրտ ու պաղարյուն լինել։
― Եվ մտածեցե՛ք, տիկին, ― ասաց Օլիվերը, երբ, հակառակ իր կամքին, արցունքները հոսեցին աչքերից, ― օ՜հ, մտածեցե՛ք, թե որքան մանկահասակ ու բարի է նա, և որքան հաճույք ու սփոփանք է պատճառում իր շրջապատի մարդկանց։ Ես համոզված եմ, ո՛չ, վստահ եմ, բոլորովին վստահ, որ քանի դուք այդքան բարեսիրտ եք, և քանի որ այդքան երջանկություն է սփռում իր չորսկողմը, նա չի մեռնի։ Երկինքը երբեք թույլ չի տա, որ նա մեռնի այդքան վաղ հասակում։
― Կամա՜ց, ― ձեռքը Օլիվերի գլխին դնելով շշնջաց միսիս Մեյլին։ ― Խե՜ղճ տղա, երեխայի նման ես մտածում։ Այնուամենայնիվ, ինձ սովորեցնում ես կատարել իմ պարտականությունները։ Մի րոպե ես այդ մոռացել էի, Օլիվեր, բայց թող աստված ների իմ այդ տկարությունը, քանի որ արդեն ծերացել եմ, և այնքան հիվանդություն ու մահ եմ տեսել, որ լավ գիտեմ, թե որքան ծանր է սիրելիներից անջատվելու կսկիծը։ Իմ կյանքի փորձը ցույց է տվել նաև, որ ամենից դեռահասներն ու բարիները միշտ չէ, որ խնայվում են իրենց հարազատներին։ Այս բանը պետք է սփոփե մեզ մեր վշտի մեջ, որովհետև աստված արդար է, և նման երևույթները հիշեցնում են մեզ, թե գոյություն ունի ավելի շողշողուն մի աշխարհ, քան այն մեկը, որի մեջ մենք ապրում ենք, որ անցումը դեպի այդ աշխարհը կատարվում է արագ։ Թող տիրոջ կամքը օրհնյալ լինի։ Ես նրան սիրում եմ և այն էլ ինչպիսի բուռն սիրով՝ այդ միայն աստված գիտե։
Օլիվերը զարմացած տեսավ, որ այսպես խոսելիս միսիս Մեյլին կարծես հեշտությամբ դադարեց իր ողբը և խաղաղվեց ու հանգստացավ։ Հետագայում նա ավելի ևս զարմացավ՝ նկատելով, որ հաջորդ բոլոր վշտերի ու հոգսերի մեջ նա իրեն երբեք չկորցրեց և իրեն վիճակված պարտականությունները կատարեց հաստատամտությամբ։ Խե՜ղճ տղա․ նա դեռևս փոքր էր և չգիտեր թե ուժեղ կամքի տեր մարդիկ ծանր փորձությունների ժամանակ ինչեր անելու ընդունակ են։ Բայց նա ինչպես իմանար այդ, երբ հաճախ նույնիսկ իրենք՝ այդ ուժեղ կամքի տեր մարդիկ, գրեթե ոչինչ չգիտեն այդ մասին։
Շատ անհանգիստ մի գիշեր անց կացրին։ Առավոտյան միսիս Մեյլիի կանխագուշակումները, ավա՜ղ, բոլորովին հաստատվեցին։ Ռոզի մոտ սկսվել էին լուրջ ու վտանգավոր տենդի տագնապները։
― Մենք պետք է գործի անցնենք, Օլիվե՛ր, մենք չպետք է տեղի տանք անօգուտ վշտի, ― մատը շուրթերին դնելով և սևեռուն նրա դեմքին նայելով՝ ասաց միսիս Մեյլին։ ― Այս նամակը հնարավոր եղածի չափ շուտ պետք է ուղարկվի միստր Լոզբերնին։ Դու այդ պետք է տանես գյուղաքաղաքի շուկայի հրապարակը, որը, եթե գնաս դաշտամիջյան արահետով, հազիվ չորս մղոն հեռավորության վրա է գտնվում, իսկ այնտեղից ձիավոր սուրհանդակի հետ կուղարկես Չերթսի։ Պանդոկի մարդիկ կկատարեն այս հանձնարարությունը․ իսկ ինչ վերաբերում է քեզ, ես վստահ եմ, որ դու գործը գլուխ կբերես։
Օլիվերը ոչինչ չկարողացավ ասել, բայց երևում էր, որ վառվում է անհապաղ ճանապարհ ընկնելու բուռն ցանկությամբ։
― Կա և մի ուրիշ նամակ, ― ասաց միսիս Մեյլին՝ խորհրդածելով, ― բայց, ճշմարիտն ասած, չգիտեմ հիմա՞ ուղարկեմ, թե սպասեմ, մինչև տեսնեմ Ռոզի դրությունը ինչպես կլինի։ Ես այդ կուզենայի ուղարկել միայն ծայրահեղ դեպքում։
― Ա՞յդ էլ պետք է Չերթսի տարվի, տիկին, ― հանձնարարությունը կատարելու անհամբերությունից դողացող ձեռքը մեկնելով հարցրեց Օլիվերը։
― Ո՛չ, ― պատասխանեց պառավ լեդին, նամակը մեքենայաբար հանձնելով նրան։ Օլիվերը հարևանցի մի ակնարկ գցեց ծրարի վրա և տեսավ, որ այն ուղղված էր ինչ֊որ Էսքուայր Հարրի Մեյլիի, որն ապրում էր մի ինչ֊որ հայտնի լորդի կալվածքում, բայց թե որտեղ, նա չկարողավավ տառերը զտորոշել։
― Ուղարկելո՞ւ ենք, տիկին, ― անհամբերությամբ լեդիին նայելով ասաց Օլիվերը։
― Երևի ոչ, ― պատասխանեց միսիս Մեյլին՝ ետ վերցնելով նամակը։ ― Մի օր էլ սպասենք, տեսնենք հետո ինչ կլինի։
Այս խոսքերով՝ լեդին իր դրամապանակը տվեց Օլլիվերին, և տղան անմիջապես ճանապարհ ընկավ։
Վազելով դաշտերի միջով, մերթ համարյա կորչելով արահետների երկու կողմը եզերող եգիպտացորենի բարձր ցանքերի մեջ, մերթ դուրս գալով բաց մարգագետին, որտեղ հնձվորները զբաղված էին իրենց գործով, նա, վերջապես, սաստիկ քրտնած ու փոշեթաթախ՝ հասավ գյուղաքաղաքի շուկան։
Այտեղ նա կանգ առավ և հայացքով որոնեց ակնարկված պանդոկը։ Հրապարակում գտնվում էին դրամատան սպիտակ շենքը, գարեջրատան կարմիր շենքը, քաղաքապետարանի դեղին շենքը, իսկ անկյունում՝ ինչ֊որ մի ուրիշ տուն, որի ներքևի փայտյա մասը կանաչ էր ներկված։ Նկատելով ցուցանակի վրա գրված «Ջորջ» բառը, Օլիվերը շտապեց այն կողմ։
Այդտեղ նա խոսեց մի փոստատար տղայի հետ, որը դարպասի առաջ մրափում էր, և որը Օլիվերին լսելուց հետո նրան ուղարկեց ձիապանի մոտ, իսկ ձիապանը նրան ծայրից ծայր լսելուց հետո ուղարկեց պանդոկապետի մոտ, որը կապույտ վզակապով, սպիտակ գլխարկով, գորշագույն տաբատով և երկարաճիտ կոշիկներով բարձրահասակ մի ջենթլմեն էր, և որը ախոռադռան մոտ գտնվող ծորակին հենված, արծաթյա ատամմաքրիչով ատամներն էր քչփորում։
Այս ջենթլմենը բոլորովին անշտապ ներս մտավ հարակից ծախսերի համար վճարվելիք դրամի հաշիվը պատրաստելու, որը խլեց երկար ժամանակ, և երբ նա գործը ավարտեց, ու դրամը վճարվեց, անցան ևս տասը երկար րոպեներ մինչև մի ինչ֊որ ձի թամբվեց, և մի ինչ֊որ մարդ հագնվեց։ Մինչդեռ Օլիվերը այնքան անհամբեր ու մտահոգ վիճակում էր գտնվում, որ քիչ էր մնում ինքը թռչեր ձիու վրա և արշավասույր հասներ մյուս կայանը։ Վերջապես ամեն ինչ պատրաստ էր, և փոքրիկ ծրարը արագ ու ապահով տեղ հասցնելու համար բազմաթիվ խնդրանքներով մարդուն հանձնվելուց հետո, վերջինս խթանեց իր ձին և հրապարակի անհարթ սալաքարերի վրա աղմկելով՝ դուրս սլացավ գյուղաքաղաքից։
Օլիվերը, գոհ այն բանից, որ հանձնարարությունը անհապաղ կատարվել էր և հիվանդը շուտով օգնություն կստանար, փոքր֊ինչ թեթևացած սրտով փութաց տուն վերադառնալ։ Բայց երբ դարպասից շտապ դուրս էր գալիս, հանկարծ բախվեց լայն թիկնոցի մեջ փաթաթված բարձրահասակ մի մարդու։
― Վա՛հ, ― գոչեց այդ մարդը, աչքերը սևեռելով Օլիվերի վրա և հանկարծ ընկրկելով, ― սատանա՛ն տանի, սա որտեղի՞ց հայտնվեց։
― Ներեցե՛ք, սըր, ― ասաց Օլիվերը։ ― Անչափ շտապում էի տուն հասնել, հետևաբար չնկատեցի, որ այս կողմ եք գալիս։
― Անիծվե՛ս դու, ― քրթմնջաց մարդը, իր մեծ, սև աչքերը հառելով տղայի վրա։ ― Ո՞ւմ մտքովը կանցներ։ Որ փոշի էլ դարձնես, նա դարձյալ գերեզմանից դուրս կգա և իմ հանգիստը կխռովի։
― Շատ եմ ցավում, ― կակազեց Օլիվերը, վայրագ մարդու հայացքից շփոթված։ ― Կհուսամ, որ չեմ վնասել ձեզ։
― Գրո՛ղը տանի քեզ, ― սեղմված ատամների միջից քրթմնջաց մարդը կատաղորեն։ ― Եթե միայն քաջություն ունենայի համաձայնելու այդ բանին, մի գիշերում կազատվեի քեզնից։ Անե՛ծք քո գլխին և սև մահ քո սրտին, սատանի՛ ձագ։ Ի՞նչ գործ ունես դու այստեղ։
Այս անհարիր խոսքերն ասելիս մարդը բռունցքը թափահարեց օդի մեջ և առաջացավ դեպի Օլիվերը, ասես նրան հարվածելու դիտավորությամբ, բայց ինչ֊որ նոպայի հետևանքով տապալվեց գետին՝ գալարվելով և բերնից փրփուր թափելով։
Օլիվերը մի րոպե ակնապիշ նայեց այդ խելագարի տագնապալի գալարումներին (նա կարծեց, թե այդ մարդը խելագար է), ապա նետի արագությամբ ներս գնալով՝ օգնություն կանչեց։ Երբ տեսավ, որ մարդը ապահով պանդոկ տեղափոխվեց, կորցրած ժամանակը շահելու համար նա ամբողջ ուժով վազեց դեպի տուն՝ խիստ զարմացած և վախեցած մտաբերելով այն մարդու տարօրինակ վերաբերմունքը։
Բայց այդ միջադեպը շուտով մոռացության տրվեց, քանի որ, երբ քոթեջ հասավ, նրա միտքը զբաղեցնելու այնքան շատ բան կար այնտեղ, որ անձնական հարցերը բոլորովին ջնջվեցին հիշողությունից։
Ռոզ Մեյլիի դրությունը ավելի էր վատթարացել, կեսգիշերվա մոտ նա սկսեց զառանցել։ Մոտերքում ապրող մի ինչ֊որ բուժակ շարունակ հսկում էր նրան։ Հիվանդին առաջին անգամ տեսնելուց հետո նա միսիս Մեյլիին մի կողմ քաշելով հայտնել էր, թե նրա դրությունը շատ լուրջ է։
― Ուղղակի հրաշք կլինի, եթե նա հաղթահարի հիվանդությունը, ― ասել էր նա։
Օ՜հ, ինչ տանջալի էր գիշերը Օլիվերի համար․ որքա՜ն անգամներ նա ցնցվելով վեր թռավ անկողնուց և անշշուկ միջանցք դուրս գալով՝ ականջ դրեց ստուգելու, թե արդյոք որևէ շարժում կա՞ր հիվանդի սենյակում։ Որքա՜ն անգամներ ամբողջ մարմնով դողալով վեր էր թռչում քնից, և սարսափից ճակատը թրջվում սառը քրտինքի կաթիլներով, երբ հանկարծակի լսվող ոտնաձայներ նրան ենթադրել էին տալիս, թե ինչ֊որ բան արդեն կարող էր պատահած լինել, որի մասին մտածելն անգամ սարսափելի էր։ Որքա՜ն տագնապ կար նրա մանուկ հոգուց դուրս հորդած աղոթքների մեջ, և ինչպիսի՜ ջերմեռանդությամբ նա շնորհ էր հայցում երկնքից, խնայել այն հրեշտականման էակին, որը, ավա՜ղ, կանգնել էր մահվան խոր անդունդի եզրին։
Օ՜, անձկությո՜ւնը, ահավո՜ր, տանջալի՜ անձկությունը, որ համակում է մեզ, երբ, անճար կանգնած մեր սիրեցյալի սնարի մոտ, տեսնում ենք, թե նրա կյանքը ինչպես է տատանվում նժարի մեջ։ Օ՜, սոսկալի՜ խորհուրդներ, որ ներխուժում են մեր միտքը ու ճմլում մեր հոգին։ Ինչպիսի՜ հուսահատություն է պատում մեր ողջ էությունը, երբ մեր հարազատների տառապանքին ականատես, անկարող ենք նրա ցավը ամոքելու կամ, զգալով սպառնացող վտանգը անզոր ենք չարիքը կասեցնելու։ Արդյոք կա՞ սրանից ավելի խոր կսկիծ, ավելի հոգեմաշ տվայտանք։
Օրը լուսացավ, իսկ փոքրիկ քոթեջը ամայի էր ու լուռ։ Մարդիկ խոսում էին շշուկներով․ դարպասի առաջ մերթ ընդ մերթ հայտնվում էին վշտահար դեմքեր, կանայք և երեխաներ հեռանում էին արտասվալից աչքերով։ Օլիվերը ամբողջ օրը նույնիսկ մութն ընկնելուց հետո պարտեզում վեր ու վար էր անում, աչքերը չհեռացնելով հիվանդի սենյակից, որի մթնած լուսամուտը սարսուռ էր պատճառում նրան, ասես հենց ինքը՝ մահը պառկած լիներ հիվանդի մահճի վրա։ Ուշ երեկոյան միստր Լոզբերնը ժամանեց։ «Ափսո՜ս, ― ասաց բարի բժիշկը, արցունքները թաքցնելու համար մյուս կողմ շրջվելով, ― այսքան մատաղ հասակում և այսքան սիրված բոլորից․ բայց շատ քիչ հույս կա»։
Նորից առավոտ։ Արևը պայծառ շողում էր, այնքան պայծառ, որ ասես ո՛չ դժբախտություն էր տեսնում, ո՛չ տառապանք։ Յուրաքանչյուր տերև ու ծաղիկ փթթած էր նրա շուրջը․ կենդանություն, առողջություն, ցնծալի ձայներ և պատկերներ շրջապատել էին նրան, իսկ նա, այդ չքնաղ էակը, արագ սպառվում էր։ Օլիվերը գաղտագողի գնաց հնամենի գերեզմանատունը և, նստելով դալար հողաթմբերից մեկի վրա, լուռ արտասվեց ու աղոթեց նրա համար։
Տեսարանը այնքան վեհ էր ու անդորր, արևշող դաշտավայրը այնքան ծիծղուն ու գեղեցիկ, ամառային թռչունների երգը այնքան ուրախ ու ներդաշնակ, երկնքի լուրթ կապույտում ճախրող ագռավի սրընթաց թռիչքը այնքան ազատ ու անհագ, և ամեն ինչ այնքան զվարթ ու երջանիկ, որ երբ տղան իր այրվող աչքերը բարձրացրեց և շուրջը նայեց, բնազդաբար մտածեց, թե սա մահվան հարմար եղանակ չէր, որ Ռոզը անշուշտ չէր կարող մեռնել, երբ նրանից նվազ չքնաղ արարածներ ապրում, շնչում և ցնծում էին, որ շիրիմները ցուրտ ու անհրապույր ձմռան օրերի համար էին, և ոչ թե բույրերի ու ճաճանչների համար։ Նա մինչև իսկ մտածեց, որ պատանքները սահմանված են ծեր ու զառամած դիակների համար միայն, և որ դեռատի ու չքնաղ մարմինները երբեք չեն կարող պարուրվել դրանց զարհուրելի ծալքերում։
Եկեղեցու զանգակի խոր ղողանջը այս մանկական խորհրդածությունների թելը կոպտորեն խզեց։ Մի հարված ևս։ Մեկ էլ։ Այն հնչում էր լալագին և թաղման արարողության հրավեր էր կարդում։ Մի խումբ համեստ սգակիրներ դարպասից ներս մտան, կրծքներին սպիտակ ժապավեններ, որովհետև մահացողը մանկահասակ էր։ Նրանք բաց գլուխներով կանգնեցին շիրմի առջև։ Լացողների բազմության մեջ կար մի մայր, որ զավակին էր կորցրել։ Բայց արևը պայծառորեն շողում էր, և թռչունները շարունակում էին իրենց դայլայլը։
Օլիվերն ուղղվեց տուն, մտածելով այն ամենի մասին, որ դեռատի լեդին արել էր իր համար, և ամբողջ հոգով ցանկանալով, որ դարձյալ գար այնպիսի ժամանակ, երբ ինքը կարողանար ամեն ինչում ցույց տալ իր երախտագիտությունն ու նվիրվածությունը։ Պարտազանցության համար իրեն կշտամբելու ոչ մի պատճառ չուներ, քանի որ միշտ անձնվիրությամբ ծառայել էր նրան։ Այնուհանդերձ, նրա աչքերի առջև պատկերվում էին հազար ու մի մանր դեպքեր և մտածել էին տալիս, որ գուցե կարելի էր ավելի փութաջան լինել կամ ավելի եռանդով կատարել դեռատի լեդիի խնդրանքները, և այս ենթադրյալ զանցառությունների համար նա մեծապես ափսոսում էր։ Որքան ահավոր է մտածել, որ մեզնից անվերադարձ բաժանված սիրելիների հետ չենք վերաբերվել այնպես, ինչպես հարկն է, որ նրանց հանդեպ մեր ունեցած պարտականությունների մեջ թերացել ենք, որ վիրավորել ենք նրանց, երբ կարող էինք սփոփել ու ամոքել նրանց ցավերը։ Կա՞ արդյոք ավելի մեծ խղճահարություն, քան տանջվելը անցյալում գործած սխալների համար, որ այժմ անհնարին է դարմանել։ Եթե ուզում ենք զերծ մնալ այդ տանջանքներից, եկեք հիշենք այս բոլորը, քանի դեռ ուշ չէ։
Երբ տուն եկավ, միսիս Մեյլին նստել էր փոքրիկ հյուրասենյակում։ Օլիվերի սիրտը թուլացավ նրան այնտեղ տեսնելով, քանի որ պառավ լեդին դեռ ոչ մի անգամ չէր հեռացել հիվանդի սնարից, և տղայի մարմնով սարսուռ անցավ, որ գուցե պատահել է մի ինչ֊որ սարսափելի բան, որը հարկադրել է նրան առանձնանալ այստեղ։ Օլիվերին ասացին, որ Ռոզը խոր քուն է մտել, և որ այդ քնից նա կզարթնի կա՛մ ապաքինվելու և ապրելու, կա՛մ նրանց վերջնականապես հրաժեշտ տալու համար։
Միսիս Մեյլին ու Օլիվերը ժամերով լուռ նստեցին՝ վախենալով խոսել։ Նրանց համար բերված ընթրիքը ետ տարվեց։ Նրանք դիտում էին, թե ինչպես արևը գնալով իջնում էր ներքև և վերջապես երկինքն ու երկիրը ներկեց այն բոսորագույն շողերով, որ վերջալույս է ազդարարում։ Նրանց լարված լսողությանը հանկարծ հասավ ինչ֊որ մոտեցող ոտնաձայների աղմուկ։ Երկուսն էլ ակամայից վեր թռան տեղից և վազեցին դեպի դուռը․ ներս մտնողը միստր Լոզբերնն էր։
― Ինչպե՞ս է Ռոզը, ― աղաղակեց պառավ լեդին, ― անմիջապես ասացե՛ք, խնդրում եմ։ Ես դրան կարող եմ տոկալ։ Ես ամեն ինչի կարող եմ տոկալ, բացի անորոշությունից։ Օ՜հ, ասացե՛ք, ի սեր աստծո, խոսեցե՛ք։
― Դուք պետք է սառնասիրտ լինեք, տիկի՛ն, ― ասաց բժիշկը՝ պահելով նրան։ ― Հանդարտվե՛ք, խնդրում եմ, հանդարտվե՛ք։
― Թողե՛ք ինձ, ի սեր աստծո, թողե՛ք ինձ գնամ նրա մոտ։ Օ՜, իմ անգին մանկի՜կս։ Նա մեռա՜ծ է։ Նա երևի մեռնո՜ւմ է։
― Ո՛չ, ― հուզված գոչեց բժիշկը, ― աստված բարեգութ է և ողորմած, նա ապրելու ու երջանկացնելու է մեզ բոլորիս դեռ շատ ու շատ տարիներ։
Լեդին ծունր իջավ և փորձեց ձեռքերը իրար միացնել, բայց կորովը, որ այդքան երկար կանգուն էր պահել նրան առաջին գոհաբանական աղոթքի հետ սլացավ երկինք, և նա թաղվեց իրեն պահելու համար մեկնված ջերմ ձեռքերի մեջ։
Երեսունչորսերորդ գլուխ
Պարունակում է որոշ ներածական տեղեկություններ նոր հանդես եկող մի երիտասարդ ջենթլմենի և Օլիվերի հետ պատահած մի նոր արկածի մասին
Այդքան մեծ երջանկություն գրեթե անկարելի էր տանել։ Օլիվերը անսպասելի տեղեկությունից ապշել֊մնացել էր։ Նա ո՛չ արտասվել կարող էր, ո՛չ հանգստանալ։ Կատարված բաներից ոչ մեկը ըմբռնելու ի վիճակի չէր նա, մինչև մթնշաղի անդորության մեջ երկար թափառելուց հետո արցունքների մի ուժեղ հորձանք հանկարծ սթափեցրեց նրան, և նա անդրադարձավ, որ մի ինչ֊որ ցնծալի փոփոխություն էր տեղի ունեցել և մի ծանր, ճնշող բեռ գլորվել էր իր սրտից։
Խավարը արագ թանձրանում էր, երբ նա, բեռնավորված ծաղիկներով, որ ինքը հատուկ բծախնդրությամբ ընտրել ու հավաքել էր հիվանդի սենյակի հարդարման համար, ուղղվեց դեպի տուն։ Մինչդեռ այդպես արագաքայլ առաջանում էր, լսեց արշավասույր ընթացող ինչ֊որ կառքի աղմուկ և շուռ գալով տեսավ մի փոստակառք, որը իր կողմն էր գալիս։ Քանի որ ճամփան նեղ էր, և ձիերը սանձակոտոր վազում էին, նա հենվեց մի դարպասի և սպասեց միչև փոստակառքը հեռանար։
Կառքը ուժգին թափով իր կողքով անցնելիս նա նշմարեց գիշերային սպիտակ թասակով մի մարդու, որի դեմքը ծանոթ թվաց իրեն, բայց պատկերը շատ ակնթարթային լինելու պատճառով չկարողացավ հաստատ որոշել, թե ո՛վ էր։ Մի րոպե հետո գիշերային թասակը կառքի պատուհանից դուրս երկարեց և մեծադղորդ մի ձայն կառապանին կարգադրեց կանգ առնել, իսկ նա կանգ առավ միայն այն ժամանակ, երբ սուրացող ձիերի հետ կարողացավ լեզու գտնել։ Ապա գիշերային թասակը նորից հայտնվեց, և նույն ձայնը Օլիվերին կանչեց իր անունով։
― Հե՜յ, Օլիվե՜ր, այստեղ եկ, ― գոչեց ձայնը։ ― Ի՞նչ նորություն։ Միսս Ռո՜զը։ Պարոն Օ֊լի֊վե՜ր։
― Այդ դո՞ւ ես, Ջայլս, ― ճչաց Օլիվերը՝ դեպի կառքի դուռը վազելով։
Ջայլսը գիշերային թասակով ծածկված գլուխը նորից դուրս երկարեց և այն է ուզում էր ինչ֊որ պատասխան տալ, երբ կառքի մյուս անկյունում նստած մի երիտասարդ ջենթլմեն նրան ներս քաշեց և առաջ անցնելով, անձկությամբ հարցրեց, թե հիվանդի դրությունը ինչպես է։
― Մի բառով, ― գոչեց ջենթլմենը, ― ավելի լա՞վ, թե ավելի վատ։
― Ավելի լավ, շա՜տ ավելի լավ, ― իսկույն պատասխանեց Օլիվերը։
― Փա՜ռք աստծո, ― բացականչեց ջենթլմենը։ ― Վստա՞հ ես։
― Բոլորովին, սը՛ր, ― պատասխանեց Օլիվերը։ Փոփոխությունը տեղի ունեցավ միայն մի քանի ժամ առաջ, իսկ միստր Լոզբերնը ասում է, որ ամբողջ վտանգը անցած է։
Ջենթլմենը այլևս ոչինչ չասաց, նա բացեց կառքի դուռը, դուրս ոստնեց և Օլիվերին թևանցուկ անելով՝ մի կողմ տարավ։
― Բոլորովին վստա՞հ ես քո ասածի մասին։ Չի՞ կարող պատահել, որ դու սխալված լինես, փոքրիկս, հա՞, ― դողդոջուն ձայնով հարցրեց ջենթլմենը։ ― Մի՛ խաբիր ինձ, իմ մեջ հարուցելով անիրականանալի հույսեր։
― Ոչ մի դեպքում ես այդ չէի անի, սը՛ր, ― պատասխանեց Օլիվերը։ ― Դուք կարող եք բացարձակ հավատ ընծայել իմ խոսքերին։ Դրանք միստր Լոզբերնի ասած բառերի ճշգրիտ կրկնությունն են, որ իմ ականջով լսեցի։
Օլիվերի աչքերը արցունքով լցվեցին, երբ հիշեց այն տեսարանը, որ այնքան երջանկություն էր պատճառել բոլորին, իսկ ջենթլմենը շրջվեց ու մի քանի րոպե լուռ մնաց։ Օլիվերին թվաց, թե նա արտասվում է, որովհետև մի քանի անգամ հեկեկանքի ձայներ հասան իր ականջին, բայց նա խուսափեց նրան խանգարել նոր ակնարկություններով (քանի որ նա գուշակեց, թե ինչպիսին էին երիտասարդի զգացումները լեդիի հանդեպ), հետևաբար, մի կողմ կանգնելով ձևացրեց այնպես, իբրև թե զբաղված է ծաղիկների փունջը դասավորելու գործով։
Այդ ամբողջ ժամանակ միստր Ջայլսը, գիշերային սպիտակ թասակը գլխին, կառքի աստիճանների վրա նստած և արմունկները հենած ծնկներին, բամբակյա կապույտ թաշկինակով աչքերն էր սրբում։ Կասկած չկար, որ այդ պարկեշտ մարդը անկեղծորեն հուզված էր, քանի որ, երբ երիտասարդ ջենթլմենը այն կողմ շրջվեց, տեսավ, որ ծեր սպասավորի աչքերը չափազանց կարմրած էին։
― Կարծում եմ՝ որ ավելի լավ կլինի, որ դու կառքով գնաս մայրիկի մոտ, Ջայլս, ― ասաց երիտասարդ ջենթլմենը, ― իսկ ես քայլելով կգամ հետևից։ Նախքան նրա հետ հանդիպելը, ուզում եմ մի քիչ ժամանակ շահել։ Կասես, որ գալիս եմ։
― Ինձ կներեք, միստր Հարրի, ― ասաց Ջայլսը, թաշկինակով արցունքի վերջին հետքերը սրբելով դեմքից, ― բայց որ այդ գործը փոստատար տղային հանձնեիք, ես շատ շնորհակալ կլինեի։ Եթե սպասուհիները ինձ այս վիճակում տեսնեն, նրանց մոտ ես էլ երբե՛ք հեղինակություն չեմ ունենա, սը՛ր։
― Լա՛վ, ― ասաց Հարրի Մեյլին ժպտալով, ― թող քո ցանկացածի պես լինի։ Ուրեմն նա կգնա՝ իր հետ տանելով ճամպրուկները, իսկ դու կընկերակցես մեզ։ Միայն նախապես այդ գիշերային թասակը փոխարինիր մի ավելի պատշաճ ծածկույթով, այլապես մարդիկ կկարծեն, թե մենք գիժ ենք։
Այս ակնարկությունից հետո միստր Ջայլսը գիշերային թասակը անմիջապես պոկեց գլխից, դրեց գրպանը և կառքից հանդիսավոր մի գլխարկ դուրս բերելով՝ դրեց գլխին։ Ապա փոստատար տղան կառքը քշեց։ Ջայլսը, միստր Մեյլին և Օլիվերը դանդաղաքայլ հետևեցին նրան։
Ճանապարհին Օլիվերը մերթ ընդ մերթ մեծ հետաքրքրությամբ հետևում էր երիտասարդ ջենթլմենին։ Նա մոտավորապես քսանհինգ տարեկան միջահասակ մի երիտասարդ էր։ Նրա դեմքի արտահայտությունը անկեղծ էր ու գրավիչ, իսկ շարժուձևերը՝ ազատ ու տիրական։ Չնայած տարիների այդպիսի մեծ տարբերության, նա պառավ լեդիին այնքան շատ էր նման, որ Օլիվերը նրանց ազգակցական կապերը կարող էր ամենայն հեշտությամբ գուշակել, նույնիսկ եթե այդ ջենթլմենը չասեր, թե լեդին իր մայրն է։
Քոթեջում միսիս Մեյլին անհամբեր սպասում էր իր որդուն։ Հանդիպումը երկուսի համար էլ շատ հուզումնալից էր։
― Մայրի՛կ, ― շշնջաց երիտասարդը, ― ինչո՞ւ ավելի շուտ չգրեցիր։
― Գրեցի, ― պատասխանեց միսիս Մեյլին, ― բայց, ավելի լուրջ մտածելով, որոշեցի միստր Լոզբերնի կարծիքը լսել, ապա ուղարկել նամակը։
― Իսկ եթե պատահած լիներ սարսափելին, ― ասաց երիտասարդը, ― որը տվայլ դեպքում, ինչպես տեսնում եմ, այնքան էլ անհավանական չէր։ Եթե Ռոզը, ― օ՜հ, ես չեմ կարող այդ բառը արտասանել, ― եթե հիվանդությունը ուրիշ կերպ վերջացած լիներ, դու քեզ ինչպե՜ս կներեիր այդ արարքը, մայրիկ։ Եվ ես կյանքում էլ ինչպե՞ս կարող էի երջանիկ լինել։
― Եթե պարագան իրոք այդպիսին լիներ, Հարրի, ― ասաց միսիս Մեյլին, ― կարծում եմ քո երջանկությունը այսպես թե այնպես խափանված կլիներ, և քո այստեղ մի օր շուտ կամ մի օր ուշ ժամանելը շատ քիչ նշանակություն կունենար։
― Ի՞նչ զարմանալու բան կա, եթե այդպես լինի, մայրիկ, ― առարկեց երիտասարդը։ ― Եվ ինչո՞ւ ասել եթե, երբ իսկապես այդպես է, մայրիկ, դու պետք է իմանաս այդ։
― Ես գիտեմ, որ նա արժանի է ամենախոր և ամենաանկեղծ սիրո, ― ասաց միսիս Մեյլին։ ― Գիտեմ, որ նրա նվիրվածությունն ու սերը պետք է փոխադարձվեն նույնքան խոր սիրով ու նվիրվածությամբ։ Միաժամանակ գիտեմ նաև այն, որ նրա սիրած անձի կողմից որևէ վերաբերմունքի փոփոխություն անդարմանելի վերք կբանար նրա սրտում։ Այդ ամենը գիտակցելու պատճառով է, որ, անկախ այն պայքարից, որ մղվում է իմ մեջ, ես ընտրում եմ պարտականության ուղին։
― Դա ճիշտ մոտեցում չէ, մարի՛կ, ― ասաց Հարրիսն։ ― Մի՞թե դու տակավին այն կարծիքին ես, որ ես զգացումները զանազանելու անկարող և հոգու ներմղումները շփոթող մի անչափահաս տղա եմ։
― Իմ սիրելի որդյա՛կ, ― ձեռքը նրա ուսին դնելով ասաց միսիս Մեյլին, ― ես կարծում եմ, որ երիտասարդությունը ունի շատ վեհանձն մղումներ, որոնք մնայուն չեն, և որ այդ մղումների մեծ մասը հագուրդ գտնելուց հետո դառնում է ավելի վաղանցուկ։ Բայց այդ բոլորից ավելի կարևորը, իմ կարծիքով, այն է, ― ասաց լեդին՝ սևեռուն նայելով իր որդու դեմքին, ― որ եթե մի խանդավառ, սիրատենչ, փառասեր մարդ ամուսնանա մի կնոջ հետ, որի անունը արատավորված է, անկախ այն բանից, թե կինը ոչնչով մեղավոր չէ դրա համար, և դա չի բխում նրա անցյալում գործած որևէ անպատշաճ արարքից, ապա այդ մարդը վերջ ի վերջո կդժբախտանա։ Որովհետև, երբ մարդիկ նրա կնոջ հետ վերաբերվեն սառնությամբ ու վերապահությամբ, երբ նրանք այդ նույն վերաբերմունքը ցույց տան նաև նրա երեխաներին, և աշխարհում նրա հանդիպած հաջողությունների ճշգրիտ համեմատությամբ նա հանդիպի հեգնանքի, թեկուզ նա լինի ամենաազնիվ ու ամենավեհանձն մարդը, նա մի օր անպայման կզղջա վաղ հասակում իր հաստատած կապերի համար, իսկ կինը, տեսնելով նրա մեջ զգացումների այդ փոփոխությունը և գուցե կռահելով այդ փոփոխության պատճառը, կենթարկվի անասելի տառապանքների։
― Մայրի՛կ, ― ասաց երիտասարդը սրտնեղությամբ, ― այդպես վարվող մարդուն կարելի է կոչել առնվազն մի անձնասեր գազան, մարդ անունը կրելու և քո նկարագրած կնոջ նման մեկին տիրանալու բոլորովին անարժան մի արարած։
― Դա քո այժմյան կարծիքն է, Հարրի, ― պատասխանեց մայրը։
― Որը մինչև իմ կյանքի վերջը անփոփոխ պիտի մնա, ― ասաց երիտասարդը։ ― Այն հոգեկան տագնապը, որ ցնցել է իմ ողջ էությունը վերջին երկու օրվա ընթացքում, հարկադրում է ինձ խոստովանել մի կրքի մասին, որը, ինչպես դու լավ գիտես, նոր ծնված չէ, ոչ էլ հարևանցիորեն մտածելուց առաջացած մի զգացմունք է։ Ռոզի հրեշտականման ու հեզահամբյուր հոգին այնպես է հմայել ինձ, և իմ սիրտը այնպես է տենչում նրան, մայրի՛կ, որ կյանքում իմ ունեցած բոլոր խորհուրդները, հույսերն ու ձգտումները կապված են նրա հետ, և եթե ինձ արգելք հանդիսանաս այս վսեմ գործում, ապա դու ինձնից կխլես իմ երջանկությունն ու մտքի անդորրությունը և դրանք քամուն կտաս։ Լավ մտածիր այս մասին, մայրի՛կ, լավ մտածիր իմ մասին, և անտարբեր մի վերաբերվիր իմ երջանկությանը, որը, ինձ թվում է, շատ քիչ է հետաքրքրում քեզ։
― Հարրի՛, ― ասաց միսիս Մեյլին, ― որովհետև ես ջերմ ու զգայուն սրտերի երջանկության մասին շատ խոր եմ մտածում, այդ իսկ պատճառով էլ աշխատում եմ, որ այդ սրտերը չխոցոտվեն։ Բայց բավական է, որքան խոսեցինք այս նյութի շուրջ, նույնիսկ հարկավորից ավելին եղավ։
― Ուրեմն վերջին խոսքը թող ինքը՝ Ռոզն ասի, ― ընդհատեց Հարրին, ― միայն, անշուշտ, չես աշխատի նախապատրաստել նրան և հարկադրել, որ քո ծայրահեղ տեսակետները որդեգրի։
― Ամենևի՛ն, ― ասաց միսիս Մեյլին, ― բայց կցանկանայի, դու մտածես․․․
― Ես արդեն մտածել եմ, ― նեղսրտությամբ պատասխանեց տղան։ ― Մայրի՛կ, ես այդ մասին մտածել եմ երկա՜ր, շա՜տ երկար տարիներ։ Ես այդ մասին մտածել եմ այն օրվանից, երբ ընդունակ եմ եղել լուրջ խորհրդածելու։ Իմ զգացմունքները, ինչպես միշտ, այժմ էլ մնում են անփոփոխ։ Էլ ինչո՞ւ իզուր ձգձգեմ խոսելը դրանց մասին և անտեղի կերպով ինչո՞ւ տառապեմ։ Ո՛չ, նախքան իմ մեկնելը ես անպայման կխոսեմ Ռոզի հետ։ Ռոզը պետք է ինձ լսի։
― Անպայմա՛ն, ― ասաց միսիս Մեյլին։
― Քո արտահայտվելու մեջ ինչ֊որ բան կա, մայրի՛կ, որ մտածել է տալիս, թե նա սառնությամբ կվերաբերվի ինձ հետ, ― ասաց երիտասարդը։
― Ո՛չ, ― պատասխանեց պառավ լեդին։ ― Բոլորովին այդպես չէ։
― Ինչպե՞ս ուրեմն, ― պնդեց երիտասարդը, ― արդյոք մեկ ուրիշի՞ հետ է կապված։
― Իհարկե ոչ, ― պատասխանեց մայրը, ― եթե չեմ սխալվում, դու արդեն այնքան գրավել ես նրա սիրտը, որ երկրորդի մասին խոսք լինել չի կարող։ Իմ ասածը այն է, ― շարունակեց պառավ լեդին, խոսելու պատրաստ որդուն առիթ չտալով ընդհատել իրեն, ― որ չնայած Ռոզը ամբողջ հոգով նվիրված է մեզ, չնայած նա բոլոր մեծ կամ փոքր հարցերում միշտ ցուցաբերել է կատարյալ անձնազոհություն, մի բան, որ նրա բնորոշ հատկանիշն է, այնուամենայնիվ, սիրելի մանկիկս, դու մի պահ անդրադարձիր նրա անցյալին և նախքան ամեն ինչ զոհելը նրան ձեռք բերելու հավանականության համար, նախքան դու քեզ թույլ կտաս բարձրանալ հույսերի իրականացման յոթերորդ երկինքը, մտածի՛ր, թե նրա կասկածելի ծագումը ինչ ազդեցություն կարող է ունենալ նրա որոշման վրա։
― Ի՞նչ ես ուզում ասել։
― Այդ թողնում եմ, որ ինքդ հայտնաբերես, ― պատասխանեց միսիս Մեյլին։ ― Ես պետք է վերադառնամ նրա մոտ։ Աստված օրհնե քեզ։
― Մենք դարձյալ կհանդիպե՞նք այս երեկո, ― հարցրեց երիտասարդը։
― Ավելի ուշ, ― պատասխանեց լեդին, ― երբ Ռոզի մոտից վերադառնամ։
― Կհայտնե՞ս նրան, որ այստեղ եմ, ― հարցրեց Հարրին։
― Անշո՛ւշտ, ― պատասխանեց միսիս Մեյլին։
― Եվ կասե՞ս, թե որքան եմ մտահոգվել, որքան եմ տառապել նրա համար և ինչպես եմ այրվում նրան տեսնելու ցանկությամբ։ Անշուշտ չես զլանա իմ խնդրանքը կատարել, մայրիկ։
― Ո՛չ, ― ասաց պառավ լեդին։ ― Ես բոլորը կասեմ։ ― Եվ գորովագին սեղմելով որդու ձեռքը, միսիս Մեյլին շտապ դուրս եկավ սենյակից։
Մինչդեռ այս հապճեպ խոսակցությունը տեղի էր ունենում, միստր Լոզբերնը և Օլիվերը մնացել էին սենյակի մի ուրիշ անկյունում։ Այժմ բժիշկը ձեռքը մեկնեց Հարրի Մեյլիին, և նրանք սրտագին ողջունեցին իրար։ Այնուհետև միստր Լոզբերնը, ի պատասխան իր երիտասարդ բարեկամի բազմաթիվ հարցերին, մանրամասն պատմեց հիվանդի դրության մասին։ Նրա տված տեղեկությունները նույնքան մխիթարական ու խոստումնալից էին, որքան Օլիվերի հաղորդածները, և միստր Ջայլսը, այնպես ձևացնելով իբրև թե ճամպրուկներն է դասավորում, ագահաբար ականջ էր դնում այս բոլորին։
― Վերջերս որևէ աչքի ընկնող բան խփե՞լ ես, Ջայլս, ― հետաքրքրվեց բժիշկը վերջացնելուց հետո։
― Առանձնապես ոչ մի բան, սը՛ր, ― պատասխանեց միստր Ջայլսը՝ մինչև ականջները կարմրելով։
― Իսկ որևէ գողի բռնե՞լ ես, կամ հայտնաբերե՞լ ես որևէ ավազակի, ― ասաց բժիշկը։
― Բոլորովին, սը՛ր, ― լրջորեն պատասխանեց միստր Ջայլսը։
― Ափսո՜ս, ― ասաց բժիշկը, ― ցավալի է, որովհետև դու այդպիսի գործեր հիանալի էիր կատարում։ Իսկ Բրիտըլզը ինչպե՞ս է։
― Տղան շատ լավ է, սը՛ր, ― ասաց միստր Ջայլսը իսկույն վերագտնելով իր սովորական հովանավորի տոնը։ ― Եվ հարգալիր բարևում է ձեզ, սը՛ր։
― Այդ լավ է, ― ասաց բժիշկը։ ― Բայց քեզ տեսնելով մի բան հիշեցի, միստր Ջայլս։ Շտապ այստեղ կանչվելուց մի օր առաջ, քո բարեսիրտ տիրուհու կարգադրությամբ, ինչ֊որ փոքրիկ հանձնարարություն էի կատարել հոգուտ քեզ։ Մի րոպե այստե՛ղ եկ, խնդրում եմ։
Միստր Ջայլսը փքվելով և փոքր֊ինչ զարմանքով առանձանցավ բժշկի մոտ։ Մի քանի րոպե իրար հետ ցածրաձայն զրուցեցին, որից հետո նա բազմաթիվ անգամներ խոր գլուխ տվեց և արտակարգ հանդիսավորությամբ դուրս եկավ սենյակից։ Այս տեսակցության արդյունքը ճաշասենյակում չբացահայտվեց, բայց խոհանոցը անհապաղ իմացավ այդ մասին, որովհետև միստր Ջայլսը, ուղիղ խոհանոց գնալով, մի բաժակ գարեջուր պահանջեց և վեհաշուքորեն, որ խիստ տպավորիչ էր, հայտարարեց, թե իր տիրուհին, նկատի ունենալով գողության գիշերվա իր ցուցաբերած ասպետական վերաբերմունքը, կամեցել է իր՝ միստր Ջայլսի համար տեղական խնայդրամարկղում պահ դնել քսանհինգ ֆունտի պատկառելի մի գումար։ Այդ զգայացունց նորությունից մեծապես ազդված, երկու սպասուհիները իրենց ձեռքերն ու աչքերը վեր բարձրացրին և ասացին, որ երևի միստր Ջայլսը այժմ բոլորովին կգոռոզանա։ Այդ բանի վրա միստր Ջայլսը, կրծքակալի փոթածալքերը դուրս քաշելով, պատասխանեց՝ «Ո՛չ, ո՛չ» և եթե նկատեն, որ իր ստորադասների հետ գոռոզությամբ է վարվում, ապա ինքը շնորհակալ կլինի, եթե իրեն հիշեցնեն այդ մասին։ Այնուհետև նա բազմաթիվ ուրիշ դիտողություններ արեց, որ վկայում էին իր համեստության մասին, որոնք ընդունվեցին նույնքան բարեհաճ տրամադրությամբ և գնահատվեցին որպես նույնքան ինքնատիպ ու տեղին, ինչպես սովորաբար լինում են բոլոր մեծ մարդկանց դիտողությունները։
Երեկոյի մնացած մասը վերևում շատ ուրախ անցավ։ Չնայած Հարրի Մեյլին սկզբում հոգնած էր ու մտահոգ, այնուամենայնիվ, բժշկի բարձր տրամադրությունը նրան ևս վարակեց, և նա սիրով ունկնդրեց այդ ջենթլմենի կյանքից պատմաված միջադեպերը, մասնագիտական հիշողությունները, զանազան սրամտություններն ու այլևայլ կատակները։ Ինչ վերաբերում է Օլիվերին, ապա նա ծիծաղից թուլացավ՝ ասելով, որ այդպիսի զվարճալի բաներ կյանքում չէր լսել, իսկ դա բացահայտ գոհունակություն պատճառեց բժշկին, տեղի տալով ավելի լիաթոք քրքիջների։ Այսպիսով, նրանք շատ հաճելի ժամանակ անցկացրին, որքան հնարավոր է այդպիսի պարագաներում, և արդեն ուշ գիշեր էր, երբ թեթևացած ու շնորհակալ սրտերով գնացին հանգստանալու ու վայելելու այն քունը, որն այդքան տագնապներից հետո անհրաժեշտ էր նրանց։
Հաջորդ առավոտ Օլիվերը զարթնեց ավելի ուրախ տրամադրությամբ և սովորական աշխատանքները կատարեց նախորդ օրերից ավելի մեծ հաճույքով ու լավատեսությամբ։ Վանդակները դարձյալ կախվեցին դրսում իրենց նախկին տեղերը, թռչնակները նորից սկսեցին գեղգեղալ, և գոյություն ունեցող վայրի ծաղիկներից ամենաչքնաղները վերստին բուրմունքով ու թարմությամբ լցրին Ռոզի սենյակը։ Թախիծը, որ տղայի տխուր աչքերին թվացել էր, թե ծածկել է բոլոր գեղեցիկ իրերը, այժմ, ասես ինչ֊որ կախարդանքով, ցրվել էր։ Ցողը, կարծես ավելի պայծառորեն էր շողշողում կանաչ տերևների վրա, նրանց միջով անցնող զեփյուռի խշշոցը ասես ավելի քաղցր էր հնչում նրա ականջին, և երկնակամարը ասես ավելի կապույտ ու ջինջ էր երևում։ Այսպես մեր ներաշխարհի ապրումների պայմանական ներգործումը անդրադառնում է նույնիսկ արտաքին իրերի տեսքի վրա։ Մարդիկ, որոնք, նայելով բնությանը և իրենց գոյակիցներին, հայտարարում են, թե աշխարհում ամեն ինչ մթին է ու տխուր, իրավացի են․ բայց այդ մռայլ գույները արտացոլումն են նրանց սեփական մաղձոտ սրտերի ու աչքերի։ Իրական երանգները նուրբ են ու պահանջում են ավելի հստակ տեսողություն։
Այստեղ արժե նշել, և Օլիվերի աչքից չվրիպեց, որ իր առավոտյան արշավանքները այլևս մենակ չէին կատարվում։ Հարրի Մեյլին, այս առաջին օրվանից հետո, երբ տեսել էր Օլիվերին ծաղիկներով բեռնավորված տուն վերադառնալիս, ամեն օր ընկերակցում էր նրան, փնջերի կազմության ու դասավորման մեջ ցուցաբերելով այնպիսի հիանալի ճաշակ, որ իր երիտասարդ ուղեկիցն բոլորովին գերազանցում էր։ Բայց եթե Օլիվերը դրանում թերանում էր, ապա նա գիտեր լավագույն ծաղիկների գտնված վայրերը։ Հետևաբար, նրանք ամեն առավոտ շրջում էին դաշտ ու հովիտ և տուն էին բերում բնության մեջ գոյություն ունեցող ամենաչքնաղ ծաղիկները։ Այժմ դեռատի լեդիի ննջարանի լուսամուտը բաց էր արվում, և ամառվա կենարար օդը ներս հոսելով՝ կազդուրում ու թարմացնում էր նրան։ Բայց լուսամուտում, վանդակորմի ներսի կողմում, կար մի ծաղկեփունջ, որ ամեն առավոտ մեծ խնամքով կազմվում և դրվում էր ծաղկամանի մեջ։ Օլիվերի աչքից չէր վրիպում այն բանը, որ թառամած ծաղիկները երբեք դեն չէին գցվում, չնայած փոքրիկ ծաղկամանը կանոնավորապես նորոգվում էր թարմ ծաղիկներով։ Նա նույնպես չէր կարող չնկատել, որ բժիշկը, նախքան իր առավոտյան զբոսանքի գնալը, ամեն անգամ պարտեզ իջնելիս աչքերը սևեռում էր հատկապես այդ անկյունին և գլուխը շատ նշանակալից թափահարում էր։ Այս խոդհրդածությունների և դատողությունների միջոցին օրերը սահում անցնում էին, և Ռոզը արագ ապաքինվում էր։
Չնայած դեռատի լեդին դեռևս իր սենյակից դուրս չէր գալիս, և երեկոյան երկար պտույտներ չէին կատարվում, բացառությամբ, երբ միսիս Մեյլին Օլիվերի հետ երբեմն կարճատև զբոսանքի էր ելնում, այնուամենայնիվ, տղան բոլորովին իզուր չէր վատնում իր ժամանակը։ Նա կրկնապատկված ջանասիրությամբ նվիրվեց սպտիակահեր ջենթլմենի ուսուցած գիտելիքների յուրացմանը և իր տքնաջան աշխատանքի շնորհիվ հասավ այնպիսի արդյունքների, որ իր արագ առաջադիմությունը նույնիսկ իրեն՝ Օլիվերին զարմանք պատճառեց։ Այս աշխատանքներին հետամուտ եղած միջոցին էր, որ նրան մեծապես ահաբեկեց ու տագնապի ենթարկեց մի անակնկալ դեպք։
Փոքրիկ սենյակը, որտեղ նա սովորաբար սերտում էր իր դասերը, գտնվում էր տան հետևի մասի ներքնահարկում։ Վանդակորմած լուսամուտով օդավետ մի սենյակ էր այդ, և պատն ի վեր մագլցող հասմիկներն ու մեղրածաղիկները շրջապատը լցնում էին գրգռիչ բույրերով։ Այդ լուսամուտը բացվում էր մի պարտեզի վրա, որտեղից ինչ֊որ դռնակ առաջնորդում էր դեպի փոքրիկ մի արոտավայր, իսկ ավելի հեռվում՝ դաշտեր ու անտառներ էին։ Մոտերքը, այդ ուղղությամբ, ուրիշ բնակարան չկար, և մարգագետինը ծավալվում էր շատ հեռու։
Մի հիանալի երեկո, երբ մթնշաղի առաջին ստվերները դանդաղորեն իջնում էին երկրի վրա, Օլիվերը նստեց լուսամուտի առջև և սկսեց դասերը սերտել։ Ցերեկը արտակարգ շոգ էր արել, և օդը տակավին հեղձուցիչ էր, հետևաբար, որոշ ժամանակ կլանված աշխատելուց հետո մի ինչ֊որ թմրություն պատեց Օլիվերին, և ես կարծում եմ՝ որևէ հեղինակի համար նվաստացուցիչ չէր լինի ասել, թե նա աստիճանաբար քուն մտավ։
Կա մի տեսակ քուն, որը չնայած իշխում է մեր մարմնի վրա, այնուամենայնիվ, միտքը չի ձերբազատվում շուրջը կատարված երևույթների գիտակցությունից և հնարավորություն չի տալիս նրան սավառնել իր ցանկացած ոլորտներում։ Եթե զգացողության անհաղթահարելի թմրությունը, ուժերի լքումը, մեր խորհուրդներն ու շարժումները ղեկավարելու լրիվ անկարողությունը կարող են կոչվել քուն, ապա սա է քունը։ Եվ սակայն մենք գիտակցում ենք մեր շուրջը կատարված բոլոր երևույթները, ու եթե այսպիսի ժամանակ երազելու լինենք, բառերը, որոնք իրապես ասվում են, կամ ձայները, որոնք իսկապես հնչում են տվայլ րոպեին, ապշեցուցիչ հեշտությամբ հարմարեցվում են մեր տեսիլքին, և, ի վերջո, իրականությունն ու երևակայությունը այնքան զարմանալիորեն միաձուլվում են իրար, որ այնուհետև մեկը մյուսից բաժանել համարյա անհնարին է լինում։ Եվ միայն սա չէ նման կացության ուղեկցող ամենաուշագրավ երևույթը։ Անժխտելի փաստ է, որ նույնիսկ եթե մեր զգայարաններից երկուսը՝ շոշափելիքն ու տեսանելիքը, ժամանակավորապես անկենդան լինեն, այնուամենայնիվ, մեր քնած մտքերն ու մեր առջև նեկայացող տեսիլքները կարող են ազդվել և նյութապես ազդվել որևէ օտար առարկայի միայն լուռ ներկայությունից, որը գուցե մեր մոտ չէր, երբ մեր աչքերը փակեցինք և որի մերձավորության մասին չենք էլ գիտակցել արթուն վիճակում։
Օլիվերը շատ լավ գիտեր, որ ինքը իր փոքրիկ սենյակումն է, որ գրքերը գտնվում են սեղանի վրա, իր առջև, որ մեղմ զեփյուռը խլրտում է դրսի գետնատարած բույսերի մեջ։ Այնուհանդերձ նա քնած էր։ Հանկարծ տեսարանը փոխվեց, օդը դարձավ ճնշող ու հեղձուցիչ, և նա սարսափով մտածեց, թե ինքը նորից Հրեայի տանն է։ Այնտեղ սովորական անկյունում նստած էր այդ ժանտատեսիլ ծերունին՝ իրեն մատնացույց անելով և ցածրաձայն խոսելով մի ուրիշ մարդու հետ, որ, դեմքը մյուս կողմ շուռ տված, նստած էր նրա կողքին։
― «Հանգի՜ստ, սիրելիս», ― նրան այնպես թվաց, թե լսում է Հրեայի խոսքերը։ ― «Այդ նա է, անկասկած նա է։ Գնա՛նք»։
― «Նա է, ― թվաց թե պատասխանեց մյուսը, ― կարծում ես ուրիշի հետ կշփոթե՞ի նրան»։ Եթե ուրվականների մի ամբողջ բանակ նրա ճշգրիտ կերպարանքն ընդուներ, և նա կանգներ նրանց միջև, ինչ֊որ թաքուն ուժ ինձ կթելադրեր ինչպես զանազանել նրան։ Եթե նրան թողեիր հիսուն ոտք խորությամբ և ինձ անցկացնեիր նրա գերեզմանի վրայով, և ոչ մի նշան չլիներ դրա վրա, ես դարձյալ կիմանայի, որ նա այստեղ է թաղված»։
Մարդը այս խոսքերը այնպիսի ատելությամբ ասաց, որ Օլիվերը վախից զարթնեց ու ընդոստ վեր թռավ տեղից։
― Տե՛ր աստված։ Այդ ի՞նչ էր, որ նրա արյունը սառեցրեց երակների մեջ և նրան զրկեց ձայնից և շարժվելու կարողությունից։ Այնտեղ, այնտեղ՝ լուսամուտի առաջ, հենց իր մոտ, որ կարող էր համարյա կպչել նրան, կանգնած էր Հրեան և զննող աչքերով լուսամուտից ներս էր նայում։ Իսկ նրա կողքին, զայրույթից կամ սարսափից կամ գուցե և այդ երկուսից սաստիկ գունատված, կանգնած էր հենց այն միևնույն խոժոռադեմ մարդը, որ իրեն պատահել էր պանդոկի բակում։
Նրանք իր տեսողության մեջ մնացին միայն մի վարկյան, մի ակնթարթ միայն և չքացան։ Բայց նրանք փոխադարձաբար ճանաչել էին իրար։ Նրանց ահավոր տեսքը այնպես էր դրոշմվել տղայի հիշողության մեջ, որ կարծես խոր փորագրված էր մի տապանաքարի վրա և ցցված իր աչքերի առաջ՝ ծնված օրից։ Օլիվերը մի րոպե գամված մնաց իր տեղում, ապա լուսամուտից պարտեզ ցատկելով՝ բարձրաձայն օգնություն կանչեց։
Երեսունհինգերորդ գլուխ
Պարունակում է Օլիվերի արկածի անբավարար արդյունքը և բավականին մի կարևոր խոսակցություն Հարրի Մեյլիի և Ռոզի միջև
Երբ Օլիվերի աղաղակները լսելով տան բնակիչներն շտապեցին այնտեղ, որտեղից այդ աղաղակները գալիս էին, նրանք տղային գտան գունատ ու խռովահույզ վիճակում։ Նա նույնիսկ խոսել չէր կարողանում և, մատնացույց անելով տան հետևում գտնվող մարգագետինը, հազիվ թոթվում էր «Հրեա՜ն, Հրեա՜ն» բառերը։
Միստր Ջայլսը չէր կարողանում ըմբռնել, թե ինչ է նշանակում այդ աղաղակը, իսկ Հարրի Մեյլին, որ ավելի արագ էր ըմբռնում և Օլիվերի պատմությունը լսել էր մորից, իսկույն հասկացավ, թե ինչ է պատահել։
― Ո՞ր ուղղությամբ գնաց, ― հարցրեց նա՝ վերցնելով մի ծանր մահակ, որ գտնվում էր անկյունում։
― Այն ուղղությամբ, ― պատասխանեց Օլիվերը՝ մատնացույց անելով նրանց գնացած կողմը։ ― Ես նրանց կորցրի մի ակնթարթում։
― Ուրեմն խրամատում կլինեն, ― ասաց Հարրին։ ― Դե՛, հետևե՛ք ինձ։ ― Այս ասելով՝ նա ոստնեց ցանկապատի վրայով և այնպիսի արագությամբ սլացավ առաջ, որ մյուսների համար բավական դժվար եղավ հավասարվել նրան։
Ջայլսը և Օլիվերը ինչքան ուժ ունեին վազեցին, իսկ մի քանի րոպեից նրանց միացավ նաև միստր Լոզբերնը, որը նոր էր վերադարձել զբոսանքից։ Նա իր համար չսպասված ճկունությամբ ցատկեց ցանկապատից այն կողմ և, ամբողջ ճանապարհին գոռալով ու հարցնելով, թե ինչ է պատահել, շտապեց նրանց հետևից։
Նրանք վազեցին առանց մի րոպե անգամ հանգստանալու, առանց մի րոպեով կանգ առնելու, մինչև Հարրի Մեյլին հասավ դաշտի այն մասը, որ մատնանշել էր Օլիվերը, և սկսեց ուշադիր զննել հարակից խրամատներն ու թավուտները։ Եվ մինչդեռ նա այսպես զբաղված էր, խմբի մյուս անդամները հնարավորություն ունեցան հասնելու նրան, իսկ միստր Լոզբերնը առիթից պգտվելով, Օլիվերից իմացավ, թե ինչ էր պատճառը այդ մոլեգին հետապնդման։
Կատարված հետազոտությունը ոչ մի արդյունք չտվեց։ Նույնիսկ ոտքի թարմ հետքեր գույություն չունեին։ Այժմ նրանք կանգնել էին մի փոքրիկ թմբի գագաթին, որտեղից լայնատարած դաշտը մինչև երեք֊չորս մղոն հեռավորության վրա պարզ երևում էր բոլոր ուղղություններով։ Դեպի ձախ, փոսի մեջ, գյուղն էր գտնվում, բայց այդտեղ հասնելու համար մարդիկ պետք է բացատը շրջանցեին, որը անհնար էր անել այդքան կարճ միջոցում։ Մի այլ ուղղությամբ մարգագետինը եզերված էր թավախիտ անտառով, բայց այնտեղ էլ չէին կարող հասած լինել այդ միևնույն պատճառով։
― Երևի երազում ես տեսել, Օլիվե՛ր, ― ասաց Հարրի Մեյլին։
― Ո՛չ, օ՜հ, ո՛չ, սը՛ր, ― պատասխանեց Օլիվերը, սարսռալով ծերունի սրիկայի դեմքը մտաբերելիս։ Ես նրանց եկուսին էլ շատ պարզ տեսա, այնքան պարզ, ինչպես այժմ ձեզ եմ տեսնում։
― Երկուսի՞ն։ Մյո՞ւսն ով էր, ― հարցրին Հարրին և միստր Լոզբերնը միասին։
― Այն միևնույն մարդը, որը, ինչպես ասել եմ, պանդոկի բակում հանկարծակի հարձակվեց ինձ վրա, ― ասաց Օլիվերը։ ― Մենք սևեռուն նայեցինք իրար, և ես կարող եմ երդվել, որ այդ նա էր։
― Վատա՞հ ես, որ նրանք այս ճանապարհով գնացին, ― հարցրեց Հարրին։
― Այո՛, ինչպես վստահ եմ, որ նրանք կանգնած էին իմ լուսամուտի առաջ, ― պատասխանեց Օլիվերը մատնացույց անելով այն ցանկապատը, որ տան պարտեզը բաժանում էր մարգագետնից։ ― Բարձրահասակ մարդը ցատկեց այդ ցանկապատի վրայով, ճիշտ այնտեղ, իսկ Հրեան մի քանի քայլ դեպի աջ վազելով՝ այդ անցքից դուրս սողոսկեց։
Մինչդեռ Օլիվերը խոսում էր, երկու ջենթլմենները ուշադիր դիտեցին նրա անմեղսունակ դեմքը, ապա իրար նայեցին։ Ըստ երևույթին, նրանք չէին կասկածում տղայի խոսքերի ճշմարտությանը։ Այնուամենայնիվ, ոչ մի տեղ կարելի չէր խուճապահար մարդկանց ոտնահետքեր նկատել։ Արտում խոտերը բարձր էին, բայց իրենց ոտքերի ճմլած տեղերից բացի, ոչ մի կոխոտված տեղ չկար։ Խրամատների եզերքներն ու շուրջը խոնավ կավով էին պստած, բայց մարդկանց կոշիկների հետքեր բոլորովին չէին նկատվում, ոչ էլ որևէ չնչին նշան կար, թե մի քանի ժամ առաջ մարդիկ էին անցել այդ խոնավ հողի վրայով։
― Բայց սա զարմանալի է, ― ասաց Հարրին։
― Զարմանալի՞, ― արձագանքեց բժիշկը։ ― Նույնիսկ Բլեթհերզն ու Դաֆֆը չէին կարող գլուխ հանել այս գործից։
Թեպետ բացահայտորեն անօգուտ էր հետապնդումը շարունակել, այնուհանդերձ, նրանք տուն չգնացին մինչև վրա հասած գիշերը նրանց հետագա որոնումը անհույս դարձրեց, և անգամ այդ ժամանակ նրանք չկամությամբ ձեռք քաշեցին դրանից։ Սակայն Ջայլսին շտապ ուղարկեցին գյուղում գտնվող զանազան գինետները՝ անծանոթների արտաքին տեսքն ու հագուստը նկարագրող լավագույն տեղեկություններով, որ կարող էր տալ Օլիվերը։ Իսկ Հրեայի արտաքին տեսքը այնքան արտառոց էր, որ որևէ մեկի հիշողության մեջ անպայման դրոշմված կլիներ, եթե նրան տեսած լինեին գինետներում խմելիս կամ շրջակայքում թափառելիս․ բայց Ջայլսը վերադարձավ իր հետ չբերելով այդ առեղծվածի վրա լույս սփռող ոչ մի տեղեկություն։
Հաջորդ երկու օրերում կատարված հետապնդումները, և Օլիվերի և միստր Մեյլիի գյուղի շուկայում արած զանազան հարցուփորձերը նույնպես ոչ մի արդյունք չտվեցին, հետևաբար, մի քանի օր հետո միջադեպը սկսեց մոռացության ենթարկվել, ինչպես հաճախ պատահում է, երբ զարմանքն ու հետաքրքրությունը իրենց սնուցող թարմ նյութ չունենալով՝ ինքնաբերաբար հանգում են։
Մինչ այդ Ռոզը արագ ապաքինվում էր։ Նա արդեն կարողանում էր իր սենյակից դուրս գալ, պտույտներին մասնակցել և, դարձայլ նստելով ընտանիքի անդամների հետ, բոլորի սիրտը լցնել ուրախությամբ։
Թեպետ այս բարեպատեհ փոփոխությունը նկատելի կերպով անդրադարձել էր դեռատի լեդիի անմիջական շրջապատի վրա, և թեպետ փոքրիկ քոթեջում դարձյալ լսվում էին ուրախ ձայներ և զրնգուն ծիծաղ, այնուամենայնիվ, լինում էին պահեր, երբ մի քանիսի մոտ զգացվում էր ինչ֊որ անսովոր ճնշվածություն, ― այդ թվում և Ռոզի մոտ, ― որը չէր կարող վրիպել Օլիվերի աչքից։ Միսիս Մեյլին հաճախ երկար առանձնանում էր որդու հետ, և Ռոզը ավելի քան մեկ անգամ հայտնվեց արտասուքի հետքերը երեսին։ Այն բանից հետո, երբ միստր Լոզբերնը որոշեց իր մեկնելու օրը, այդ նշանները դարձան ավելի նկատելի, և այլևս բացահայտ էր, թե մի ինչ֊որ բան վրդովում էր դեռատի լեդիի և նաև մեկ ուրիշի անդորրը։
Վերջապես, մի առավոտ, երբ Ռոզը մենակ էր ճաշասենյակում, Հարրի Մեյլին ներս մտավ և փոքր֊ինչ վարանումից հետո, նրա հետ մի քանի րոպե խոսելու թույլտվություն խնդրեց։
― Միայն մի քանի րոպե, Ռոզ, միայն մի քանի րոպե, ― ասաց երիտասարդը, աթոռը մոտեցնելով նրան։ ― Այն, ինչ ես պետք է ասեմ, դու արդեն գիտես, իմ սրտի ամենավառ հույսերը նույնպես հայտնի են քեզ, չնայած այդ բոլորը իմ շուրթերից դեռևս չես լսել։
Նրա սենյակ մուտք գործած պահից Ռոզը չափազանց գունատ էր, բայց գուցե պետք էր վերագրել նրա հիվանդությանը։ Նա միայն գլուխ տվեց և, թեքվելով մի ինչ֊որ ծաղկամանի վրա, որ իր մոտ էր գտնվում, լուռ սպասեց, որ նա շարունակի։
― Ես, ես վաղուց պետք է մեկնած լինեի, ― ասաց Հարրին։
― Այո, շատ վաղուց, ― պատասխանեց Ռոզը։ ― Ների՛ր ինձ այսպես խոսելուս համար, բայց երանի թե մեկնած լինեիր։
― Ինձ այստեղ բերեց չափազանց ահավոր ու տագնապալից մի երկյուղ, ― ասաց երիտասարդը, ― երկյուղը՝ կորցնելու այն միակ թանկագին էակին, որ իմ բոլոր իղձերի և հույսերի առանցնք է կազմում։ Դու մահամերձ էիր, տատանվելով երկրի և երկնքի միջև։ Մենք գիտենք, որ երբ դեռափթիթ, գեղեցիկ ու բարեսիրտ էակները հիվանդանում են, նրանց անբիծ հոգին անգիտակցաբար ձգտում է սլանալ դեպի իր հավերժական պայծառ օթևանը։ Մենք գիտենք, և թող աստված մխիթարե մեզ, որ մեզնից ամենաընտիրներն ու ամենաչքնաղները, ավա՜ղ, շատ հաճախ են խամրում հենց իրենց ծաղկման բուն շրջանում։
Այս խոսքերի վրա շնորհալի աղջկա աչքերում արցունքներ շողացին, և երբ արցունքի կաթիլներից մեկը սահելով ընկավ այն ծաղկի վրա, որին նա կռացել էր, ծաղիկը դարձավ ավելի հրաշագեղ։ Նրա կուսական սրտի զեղումները ասես նրա արենակցությունն էին հաստատում բնության մեջ գոյություն ունեցող ամենագեղեցիկ բաների հետ։
Աստծու հրեշտակների նման չքնաղ ու անբիծ մի էակ, ― հուզված շարունակեց երիտասարդը, ― տատանվում էր կյանքի ու մահվան միջև։ Օ՜հ, մի՞թե կարելի էր հուսալ, որ իր պատկանած լուսաշող երկրի սահմաններին այդքան մոտենալուց հետո նա կարող էր վերադառնալ այս երկրի վշտերին ու դառնություններին։ Ռո՜զ, Ռո՜զ, գիտակցել, որ դու հալվում էիր ինչպես մի քնքուշ ստվեր, որին ինչ֊որ երկնային լույս նետել էր երկրի վրա, բոլորովին չհուսալ, որ դու կխնայվես դեռևս այս աշխարհում հապաղող քո սիրելիների համար, միևնույն ժամանակ հարց տալ, թե ինչո՞ւ պետք է մնայիր այստեղ, երբ պատկանում էիր այն շողշողուն եթերային աշխարհին, դեպի ուր վաղ հասակում թռել են ամենից ընտիրներն ու չքավորները, և այս մխիթարական երևույթով հանդերձ աղոթել, որ շնորհվեիր քեզ սիրող սրտերի համար՝ գիշեր ու ցերեկ ինձ տանջող այս տառապանքի ապրումներին հազիվ թե կարելի լիներ տոկալ։ Եվ երբ այս ապրումներին ավելացավ նաև այն սարսափը, թե դու կարող էիր մեռնել և երբեք չիմանալ, թե քեզ որքան խոր եմ սիրել, ապա այն ինձնից համարյա խլեց իմ ամբողջ գիտակցությունն ու բանականությունը։ Դու կազդուրվեցիր։ Օրավոր և գրեթե ժամ առ ժամ քո առողջությունը կաթիլ առ կաթիլ վերադարձավ և, միախառնվելով քո մեջ սպառված ու տկարացած կայնքի առվին, աշխուժացրեց նրա ընթացքը և վերածեց այն մի ուժգին հորձանքի։ Ես քեզ վրա հսկել եմ խոր սիրուց և անձկությունից այրվող աչքերով, ես հետևեցի, թե դու ինչպես մահվան շեմից դեպի կյանք վերադարձար։ Մի՛ ասա, թե դու կցանկանայիր զրկել ինձ այս բոլորից, որովհետև դա իմ հոգին ազնվացրեց և իմ սիրտը փափկացրեց համայն մարդկության հանդեպ։
― Ես այդ չէի ուզում ասել, ― պատասխանեց Ռոզը արտասվելով, ― ես միայն կցանկանայի, որ այստեղից մեկնած լինեիր, որպեսզի դարձյալ հետամուտ լինեիր ավելի վեհ ու ազնիվ իդեալների, որպեսզի դարձյալ ձգտեիր վսեմ նպատակների։
― Չկա որևէ ուրիշ նպատակ, որ ավելի աժանաի լիներ ինձ, որ ավելի արժանի լիներ ամենաազնիվ մարդուն, քան ձգտումը տիրանալու այնպիսի մի սրտի, ինչպիսին քոնն է, ― ասաց երիտասարդը՝ բռնելով նրա ձեռքը։ ― Ռո՜զ, իմ սիրելի՜, թանկագի՜ն Ռոզ։ Տարիներ, տարիներ շարունակ ես քեզ սիրել եմ, ծրագրելով նախ ձեռք բերել համբավ ու ապա հպարտորեն գալ քեզ մոտ և ասել, որ այդ բոլորը ես արել եմ միայն քեզ համար։ Արթուն վիճակում երազելով այն երջանիկ պահը, երբ քեզ հիշեցնելով իմ կողմից ամխոս արված պատանեկան բազմաթիվ հիշատակների մասին, խնդրելու էի քո ձեռքը որպես մեր երկուսի միջև կնքված մի ինչ֊որ վաղեմի մունջ, համաձայնության իրագործում։ Այդ ժամանակը դեռևս չի հասել, բայց այժմ, ոչ մի համբավ չվաստակած, և չգործադրած ոչ մի պատանեկան երազ, ես քեզ առաջարկում եմ իմ սիրտը, որ վաղուց քեզ է տրված, և իմ ամբողջ բախտը կախված է այն խոսքերից, որոնցով դու կընդունես իմ առաջարկը։
― Դու ինձ միշտ էլ վերաբերվել ես ազնվությամբ ու վեհանձնությամբ, ― ասաց Ռոզը, զսպելով այն զագցմունքները, որ փոթորկում էին նրա հոգին։ ― Քանի որ հավատ ունես, թե ես անգիտակից կամ ապերախտ չեմ, ապա լսիր իմ պատասխանը։
― Այդ այն է, որ ես պետք է արժանի լինեմ քեզ, այնպես չէ՞, սիրելի Ռոզ։
― Այն է, ― պատասխանեց Ռոզը, որ դու պետք է ջանաս մոռանալ ինձ։ Մոռանալ ոչ թե քո վաղեմի և մտերիմ ընկերոջը, ― այդ իսկապես կվիրավորեր ինձ, ― այլ մոռանալ քո սիրո առարկան։ Նայի՛ր աշխարհին, տե՛ս, որքան սրտեր են սպասում քեզ այնտեղ, որոնց տիրանալը պարծանք կլիներ քեզ համար։ Դարձրո՛ւ ինձ քո մտերիմը, եթե կամենաս, և ես կլինեմ քո ամենաճշմարիտ, ամենաանկեղծ և ամենահավատարիմ բարեկամը։
Լռություն տիրեց։ Ռոզը, որ մի ձեռքով դեմքն էր ծածկել, սկսեց արտասվել, մյուս ձեռքը դեռ Հարրին էր բռնած։
― Իսկ քո պատմածնե՞րը, Ռոզ, ― ի վերջո ասաց նա ցածրաձայն, ― ի՞նչն է պատճառը այս որոշման հանգելու համար։
― Այդ պատճառները իմանալը քո արդար իրավունքն է, ― պատասխանեց Ռազը։ ― Դու ոչնչով չես կարող փոխել իմ որոշումը։ Դա մի պարտականություն է, որ պետք է կատարեմ։ Ես այդ պարտավոր եմ կատարել ի սեր ուրիշների և ի սեր իմ։
― Ի սեր քո՞։
― Այո, Հարրի, ի սեր իմ։ Որովհետև որպես հարազատներից ու ժառանգությունից զրկված մի աղջիկ, որի անվան վրա արատ կա ընկած, ես քո բարեկամներին չպետք է առիթ տամ կասկածելու, որ անարգորեն անձնատուր լինելով քո կրքերի առաջին իսկ բռնկմանը, արգելք եմ հանդիսացել քո բոլոր հույսերի ու ծրագրերի իրագործմանը։ Հանուն այն ամենի, որ պարտական եմ քեզ և քո հարազատներին, ես չպետք է թույլ տամ, որ քո խառնվածքի հատուկ վեհանձնությամբ անտեսես այս խոչընդոտը և խորտակես քո ապագան։
― Եթե քո զգացումները ներդաշնակում են քո պարտքի գիտակցությանը․․․ ― սկսեց Հարրին։
― Ո՛չ, չեն ներդաշնակում, ― պատասխանեց Ռոզը սաստիկ շիկնելով։
― Կնշանակի՝ դու իմ սերը փոխադարձո՞ւմ ես, ― հարցրեց Հարրին։ ― Գոնե այդ մեկն ասա, սիրելի՛ Ռոզ, գոնե այդ մեկն ասա, և այս ծանր հուսախաբության դառնությունը գեթ որոշ չափով մեղմացրու։
― Եթե հնարավոր լիներ այդ բանն անել, առանց մեծապես անիրավելու նրան, որին սիրում եմ, ― ասաց Ռոզը, ― ես կարող էի․․․
― Կարող էիր բոլորովին այլ կերպ ընդունել այս առաջարկությունը, այնպես չէ՞, ― հարցրեց Հարրին։ ― Գոնե այդ մեկը մի թաքցնի ինձնից, Ռո՛զ։
― Այո, ― ասաց Ռոզը։ ― Բայց բավական է, ― ավելացրեց նա ազատելով իր ձեռքը, ― ինչո՞ւ երկարաձգել այս տանջալի տեսակցությունը, սըր, այսուհանդերձ, ինձ մշտական երջանկություն է շնորհվելու, որովհետև արդարև երջանկություն է գիտակցել, որ կար ժամանակ, երբ քո սրտում գրավում էի ամենապատվական տեղը, ինչպես այժմ, և կյանքում քո ունեցած յուրաքանչյուր հաջողությունը պիտի ոգևորի ինձ և նորոգի իմ հաստատամտությունն ու կորովը։ Գնաս բարով, Հարրի։ Այնպես ինչպես հանդիպեցինք մենք այսօր, այլևս չենք հանդիպի, և անկախ նրանից, որ այս զրույցը մեզ դրել է տարբեր հարաբերությունների մեջ, մենք կարող ենք շատ երջանիկ կերպով կապվել իրար հետ ուրիշ կապերով։ Թող ճշմարտության ու անկեղծության աղբյուրից բխող բոլոր օրհնությունները, որ կարող է հայցել հավատարիմ ու նվիրված մի սիրտ, քեզ շնորհեն հաջողություն ու երջանկություն։
― Եվս մի խոսք, Ռո՛զ, ― ասաց Հարրին, ― ինչո՞ւ ես այս որոշմանը հանգել։ Թող այդ պատճառը քո շրթներից լսեմ։
― Քո ապագան շատ խոստումնալից է ու փայլուն, ― հաստատորեն պատասխանեց Ռոզը։ ― Քեզ են սպասում այն բոլոր փառքերը, որ հասարակական կյանքում կարող են ձեռք բերվել մեծ տաղանդի և ազդեցիկ բարեկամների միջոցով։ Բայց այդ բարեկամները հպարտ են և չեմ ցանկանա հարաբերվել այն մարդկանց հետ, որոնք կարող են արհամարհանքով արտահայտվել այն մոր մասին, որ ինձ ծնունդ է տվել, կամ նախատինք բերել որդուն այն կնոջ, որն այնքան վեհանձնորեն փոխարինել է այդ մորը։ Մի խոսքով, ― ասաց դեռատի լեդին շրջվելով, քանի որ ժամանակավոր արիությունը լքել էր նրան, ― իմ անվան վրա արատ է ընկած, որ հետագայում կանդրադառնա անմեղների վրա․ աշխարհի կարգն այդպես է․ ուրեմն թող ուրիշ ոչ ոքի արյունը չխաթարվի դրանով, այլ այդ նախատինքը թող միայն ինձ հասնի։
― Մի խոսք ևս, Ռոզ, իմ թանկագի՜ն Ռոզ, մի խոսք ևս, ― ասաց Հարրին իրեն գցելով նրա առջև։ ― Եթե ես լինեի նվազ֊նվազ բախտավոր, ինչպես ասում են աշխարհում, եթե ինձ վիճակված լիներ մի անշուք ու խաղաղ կյանք, եթե ես լինեի աղքատ, հիվանդ ու անօգնական, դու դարձյա՞լ երես կդարձնեիր ինձնից, թե արդյո՞ք այդ բարեխճությունը բխում է նրանից, որ ես գուցե ձեռք կբերեմ փառք ու հարստություն։
― Մի՛ ստիպիր ինձ պատասխանելու, ― առարկեց Ռոզը։ ― Այդպիսի հարց չի ծագել և չի էլ ծագի։ Լավ չէ, գրեթե անխղճություն է պնդել այդ մասին։
― Եթե քո պատասխանը այն է, ինչ ես համարձակվում եմ հուսալ, ― շարունակեց Հարրին, ― դա իմ մենավոր ճանապարհի երջանկության հուսատու շողը կլինի և կլուսավորի իմ առջև ձգվող խավար ուղին։ Մի՞թե դու կզլանաս ասելու այն մի քանի բառերը, որոնք գուցե կմեղմացնեն վիշտը մեկի, որը սիրում է քեզ իր կյանքից էլ ավելի։ Օ՜հ, Ռո՜զ, հանուն իմ բոցավառ և հավերժական սիրո, հանուն այն բոլոր տառապանքների, որ կրել եմ քեզ համար, հանուն այն բոլոր դառնությունների ու հուսախաբությունների, որոնց ենթարկում ես ինձ, գեթ այս մի հարցիս պատասխանիր։
― Եթե այդպես է, ուրեմն լսի՛ր, ― հուզված սկսեց Ռոզը։ Եթե քո ճակատագիրը տարբեր լիներ, եթե քո հասարակական դիրքը իմ դիրքից շատ քիչ չափով բարձր լիներ, եթե ես կարողանայի քեզ օգնել և սփոփել որևէ համեստ և մենավոր անկյունում և քո անունը արատավորող մի պատուհաս չլինեի փառասեր ու անվանի մարդկանց շրջապատում, ես ազատված կլինեի այս փորձությունից։ Ինչ խոսք, որ ես այժմ երջանիկ եմ, շատ երջանիկ, բայց այդ ժամանակ, Հարրի, շա՜տ ավելի երջանիկ կլինեի։
Այս խոստովանությունն անելիս, հուշերը վաղեմի հույսերի, որ նա սնուցել էր դեռ վաղ հասակից, խուժեցին Ռոզի միտքը, իրենց հետ բերելով արցունքներ, ինչպես պատահում է, երբ անցյալի հույսերը վերադառնում են խամրած վիճակում, և այդ արցունքները ամոքեցին նրան։
― Չեմ կարող այս տկարությունը հաղթահարել, բայց դա իմ որոշումը դարձնում է ավելի վճռական, ― ասաց Ռոզը՝ ձեռքը մեկնելով Հարրիին։ ― Այժմ մենք պետք է բաժանվենք։
― Ես միայն մի խնդրանք ունեմ, ― ասաց Հարրին, ― դու պետք է խոստանաս թույլ տալ մեկ անգամ ևս, ― ասենք մի տարի հետո, կամ գուցե շատ ավելի շուտ, ― մի վերջին անգամ քեզ հետ խոսել այս նյութի շուրջ։
― Այն պայմանով, որ դու ինձ չես ստիպի փոխել իմ ընդունած որոշումը, ― պատասխանեց Ռոզը մելամաղձոտ ժպիտով․ ― Այդ անօգուտ կլիներ։
― Լավ, ― ասաց Հարրին, ― ես չեմ ստիպի փոխել քո որոշումը, այլ կլսեմ քո այդ որոշման կրկնությունը։ Այդ ժամանակ ես քո ոտքերի տակ կդնեմ այն հասարակական դիրքը կամ հարստությունը, որին տիրացել եմ, և եթե դու կշարունակես պնդել, քո տեսակետը և անդրդվելի կմնաս քո վճռի մեջ, ես այլևս ոչ մի ջանք չեմ թափի փոխելու այն, լինի դա խոսքով կամ գործով։
― Թող այդպես լինի, ― ասաց Ռոզը, ― դա անշուշտ կնորոգի իմ վիշտը, բայց գուցե մինչև այդ ես կարողանամ ավելի լավ տոկալ։
Նա ձեռքը նորից մեկնեց։ Բայց երիտասարդը աղջկան իր կրծքին սեղմելով մի համբյուր դրոշմեց նրա վեհ ճակատին և շտապ դուրս եկավ սենյակից։
Երեսունվեցերորդ գլուխ
Շատ հակիրճ մի գլուխ, որ գուցե այժմ մեծ նշանակություն չի ներկայացնում, բայց հարկավոր է կարդալ որպես շարունակությունը նախորդի և որպես բանալի այն գլխի, որ հետևելու է իր ժամանակին
― Ուրեմն, որոշել ես ինձ հետ ճանապարհորդել այս առավոտ, այո՞, ― հարցրեց բժիշկը, երբ Օլիվերի հետ նախաճաշելիս Հարրի Մեյլին միացավ նրանց։ ― Բայց զարմանալի է, թե ինչպես մեկ ժամվա ընթացքում դու մի քանի անգամ փոխում ես քո մտադրությունը կամ որոշումը։
― Մոտ օրերս դուք այլ կարծիքի կլինեք, ― ասաց Հարրին առանց հասկանալի պատճառի կարմրելով։
― Հույս ունեմ, որ հիմնավոր պատճառ կունենամ իմ կարծիքը փոխելու, ― պատասխանեց միստր Լոզբերնը, ― թեպետ պետք է խոստովանեմ, որ շատ չեմ հավատում այդ բանի հավանականությանը։ Դեռ երեկ առավոտ էր, որ շատ շտապ կերպով որոշում կայացրիր մնալ այստեղ և պարտաճանաչ որդու նման քո մորը ընկերակցել ծովափ։ Ապա կեսօր չեղած հայտարարեցիր, թե պատվելու ես ինձ քո ընկերակցությամբ մինչև Լոնդոն։ Իսկ գիշերը շատ խորհրդավոր կերպով թախանձում ես ճանապարհվել նախքան լեդինրը կզարթնեն, որի հետևանքով փոքրիկ Օլիվերը այժմ հարկադրված է նստել նախաճաշի, երբ պետք է դաշտ ու հովիտ շրջագայեր և ամեն տեսակի բուսաբանական սքանչելիքներ տուն բերեր։ Վատ բան ստացվեց, այնպես չէ՞, Օլիվե՛ր։
― Ինձ չափազանց մեծ ցավ կպատճառեր, եթե ձեր և միստր Մեյլիի մեկնած ժամանակ ես տանը չլինեի, սը՛ր, ― ասաց Օլիվերը։
― Ա՜յ քեզ հիանալի տղա, ― նկատեց բժիշկը։ ― Երբ քաղաք վերադառնաս, այցելի՛ր ինձ։ Բայց լրջորեն ասա՛, Հարրի, արդյոք ազնվական մեծերից ստացված որևէ լո՞ւր է քո մեջ առաջացրել մեկնելու այս հանկարծակի ցանկությունը։
― Ազնվական մեծերը, ― պատասխանեց Հարրին, ― որոնց թվին դուք դասում եք նաև իմ չափազանց վեհաշուք հորեղբորը, ինձ հետ բոլորովին չեն հաղորդակցվել այստեղ գալուց ի վեր, և ոչ էլ տարվա այս ժամանակին հավանական է այնպիսի բան, որ իմ անմիջական ներկայությունը անհրաժեշտ դառնար նրանց մոտ։
― Վերջապես, ― ասաց բժիշկը, ― դու շատ տարօրինակ ես, բարեկամս։ Բայց անշուշտ Նոր տարվա տոներից առաջ տեղի ունենալիք ընտրություններին նրանք քեզ կընտրեն պառլամենտի անդամ։ Իսկ այդ հանկարծակի տեղափոխություններն ու փոփոխությունները վատ նախապատրաստություն չեն քաղաքական ասպարեզի համար։ Լավ վարժությունը միշտ էլ ցանկալի է, անկախ այն բանից, թե այդ մրցակցությունը պաշտոնի՞ համար է, բաժակի՞, թե՝ ձիարշավի։
Այնպես թվաց, որ Հարրի Մեյլին կարող էր այս կարճ զրույցը երկարել մեկ֊երկու դիտողություններով, որոնք բավականին զգայացունց կլինեին բժշկի համար, բայց նա միայն գոհացավ ասելով՝ «տեսնենք», և խոսքը վերջացրեց։ Քիչ հետո փոստային կառքը կանգնեց դռան առջև, և երբ Ջայլսը եկավ ճամպրուկները տանելու, բարեսիրտ բժիշկը շտապ հետևեց նրան, տեսնելու, թե ինչպես են տեղավորում։
― Օլիվե՛ր, ― ասաց Հարրի Մեյլին ցածրաձայն, ― մի րոպե այստեղ եկ։ Ցանկանում եմ քեզ հետ փոքր֊ինչ խոսել։
Օլիվերը միստր Մեյլիի թախծոտ ու միաժամանակ փոթորկած տրամադրությունից շատ զարմացած, մտավ պատուհանի այն որմնախորշը, ուր ջենթլմենը նշանացի հրավիրել էր նրան։
― Դու այժմ կարող ես լավ գրել, այնպես չէ՞, ― ասաց Հարրին ձեռքը դնելով նրա ուսին։
― Այո՛, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
― Գուցե ես երկար ժամանակ բացակայեմ տանից, Օլիվե՛ր։ Ես կցանկանայի, որ դու ինձ գրեիր, ասենք՝ տասնհինգ օրը մեկ անգամ, երկուշաբթի օրերը, և քո նամակը ուղարկեիր Լոնդոնի կենտրոնական նամակատունը։ Համաձա՞յն ես։
― Օ՜, անշուշտ, սը՛ր, մեծ հաճույքով, ― իրեն վստահված հանձնարարությունից չափազանց ուրախացած բացականչեց Օլիվերը։
― Ես կցանկանայի իմանալ, թե ինչպես են ապրում իմ մայրը և միսս Մեյլին, ― ասաց երիտասարդը։ ― Ապա դու կարող ես մի էջ լցնել նկարագրելով ձեր պտույտներն ու առօրյա զրույցները, թե արդյոք նա, այսինքն՝ նրանք, երջանիկ ու հանգի՞ստ են։ Դու ինձ հասկանում ես, այնպես չէ՞։
― Օ՜, հրաշալի եմ հասկանում, սը՛ր, ― պատասխանեց Օլիվերը։
― Լավ կլիներ, որ դու այդ մասին նրանց ոչինչ չասեիր, ― ասաց Հարրին, բառերը արագ արտասանելով, ― որովհետև ավելի հաճախ գրելը կարող է մայրիկին հոգնություն ու տախտուկ պատճառել։ Թող այս համաձայնությունը քո և իմ միջև գաղտնի մնա․ և հիշիր՝ ամեն ինչի մասին կգրես ինձ։ Վստահ եմ, որ կարդարացնես քո վրա դրված հույսերը։
Օլիվերը, այդպիսի կարևոր գործ իրեն հանձնված լինելու գիտակցությունից վերացած, ամբողջ սրտով խոստացավ իր հաղորդագրություններում լինել գաղտնապահ և շիտակ։ Միստր Մեյլին, հավաստիացնելով, որ բոլոր դեպքերում կհոգա նրա մասին և կհովանավորի նրան, հրաժեշտ տվեց ու դուրս եկավ։
Բժիշկը կառքում էր․ Ջայլսը (որը տիրուհու կարգադրությամբ մնալու էր գյուղում) դուռը բաց պահած սպասում էր, իսկ սպասուհիները, պարտեզում հավաքված, դիտում էին։ Հարրին շատ հպանցիկ մի ակնարկ գցեց վանդակապատ լուսամուտին և ցատկեց կառքի մեջ։
― Քշի՛ր, ― գոռաց նա, ― արա՜գ, մոլեգի՜ն, սրարշա՜վ։ Այսօր իմ հոգին սլացքի է կարոտ։
― Օ՜, ո՛չ, ― գոռաց բժիշկը առաջը գտնվող լուսանցույցի ապակին խուճապահար իջեցնելով և կառապանին ձայն տալով, ― իսկ ես վախենում եմ այդ սլացքից, լսո՞ւմ եք։
Քոթեջում մնացողները երկար դիտեցին սլացող կառքը, որ համարյա փոշու ամպի մեջ կորած՝ մերթ հայտնվում և մերթ անհետանում էր ճամփի օձագալար պտույտներին համընթաց։ Նրանք ցրվեցին միայն այն ժամանակ, երբ փոշու ամպն անգամ անտեսանելի դարձավ։
Բայց դիտողներից մեկը, աչքերը հառած այն կետին, որտեղից կառքը անհետացել էր, դեռևս անշարժ նստած, սևեռուն նայում էր նույնիսկ այն պահին, երբ կառքը շատ մղոններ հեռու էր արդեն։ Այն սպիտակ վարագույրի հետևը, որ քողարկել էր իրեն, երբ Հարրին աչքերը բարձրացրել էր լուսամուտին, ինքը՝ Ռոզն էր նստած։
― Երևում է բարձր տրամադրության մեջ է և երջանիկ, ― ասաց նա վերջապես։ ― Որոշ ժամանակ մտահոգվել էի, որ այլ կերպ կլիներ։ Ես սխալվել եմ։ Որքա՜ն, որքա՜ն ուրախ եմ, որ սխալվել եմ։
Արտասուքը արտահայտում է թե՛ ուրախություն և թե՛ տրտմություն․ բայց այն արցունքները, որ վար էին հոսում Ռոզի այտերով, երբ նա, լուսամուտի առջև մտախոհ նստած, դեռևս անքթիթ նայում էր նույն ուղղությամբ, ավելի շատ վշտի արցունքներ էին, քան ուրախության։
Երեսունյոթերորդ գլուխ
Որտեղ ընթերցողը գուցե կնկատի մի հակասություն, որ հազվադեպ չի ամուսնական կյանքում
Միստր Բամբըլը, աղքատանոցի հյուրասենյակում նստած, աչքերը մտախոհ հառել էր բուխարիկի երկաթյա վանդակորմին, որտեղից, ամառ լինելու պատճառով, ոչ մի պայծառ բոց չէր արտացոլում, բացառությամբ արևի մի քանի դժգույն շողերի, որոնք անդրադարձվում էին՝ դիպչելով դրա սառը, փայլուն մակերեսին։ Առաստաղից կախված թղթյա ճանճաքաղը, ետ ու առաջ ճոճվելով, մերթ ընդ մերթ նրա ուշադրությունը հրավիրում էր այնտեղ, և մինչդեռ միջատները անփույթ վխտում էին խայտաբղետ ցանցի շուրջը, միստր Բամբըլը, թախծոտ մտածմունքների մեջ թաղված, խոր հառաչում էր։ Միստր Բամբըլը խորհրդածում էր․ գուցե միջատները մի ցավատանջ դեպք էին հիշեցրել նրա կյանքի անցյալից։
Միստր Բամբըլի տխուր տրամադրությունը, սակայն, միակ բանը չէ, որ կարող էր դիտողի հոգում հաճելի մելամաղձոտություն արթնացնել։ Չէին պակասում նաև նրա անձնավորության հետ սերտորեն կապված ուրիշ երևույթներ, որոնք հաստատում էին, թե ինչ֊որ մեծ փոփոխություն էր կատարվել նրա գործերի մեջ։ Ժանյակով երիզված վերարկուն և եռանկյունի գլխարկը․ որտե՞ղ էին դրանք։ Նա տակավին հագնում էր մինչև ծնկները հասնող տաբատ և գորշ բամբակյա գուլպաներ, որ ծածկում էին նրա սրունքների ներքևի մասը։ Բայց դա բոլորովին այն տաբատը չէր։ Վերարկուն լայնաքղանց էր և այդ տեսակետից նման էր մյուս վերարկուին, բայց որքա՜ն մեծ էր տարբերությունը։ Հզոր եռանկյունի գլխարկին փոխարինել էր մի անշուք բոլորակ գլխարկ։ Միստր Բամբըլը այլևս բիդըլ չէր։
Կյանքում կան դիրքի այնպիսի բարձրացումներ, որոնք, անկախ ավելի էական վարձատրություններից, հատուկ արժեք և պատիվ են ստանում այն վերարկուների ու բաճկոնների շնորհիվ, որ կցված են հիշյալ պաշտոններին։ Մարաջախտն ունի իր համազգեստը, եպիսկոպոսն իր մետաքսյա ղենջակը, փաստաբանն իր մետաքսյա պատմուճանը, բիդըլը իր եռանկյունի գլխարկը։ Զրկի՛ր եպիսկոպոսին իր ղենջակից կամ բիդըլին իր եռանկյունի գլխարկից ու ժանյակից և ի՞նչ կմնա տակը․ մարդիկ։ Սոսկ մարդիկ։ Արժանիքը, անգամ սրբությունը, հաճախ ավելի շուտ վերարկուին և բաճկոնին վերաբերող հարցեր են, քան ոմանք կարող են պատկերացնել։
Միստր Բամբըլը ամուսնացել էր միսիս Քորնիի հետ և նշանակվել էր աղքատանոցի կառավարիչ։ Այժմ իշխում էր մի ուրիշ բիդըլ։ Նրան էր փոխանցված եռանկյունի գլխարկը, ոսկեգույն ժանյակով երիզված վերարկուն և գավազանը։
― Վաղը լրանում է երկու ամիս այն օրվանից, որ այդ տեղի ունեցավ, ― ասաց միստր Բամբըլը հառաչելով։ ― Ասես մի դար է անցել։
Գուցե միստր Բամբըլը կամենում էր ասել, որ ութ շաբաթների այն կարճ ժամանակամիջոցի մեջ խտացված էր անսահման երջանկություն, բայց հառաչանքը չափազանց նշանակալից էր։
― Ես ինձ վաճառեցի՜, ― ասաց միստր Բամբըլը, հետապնդելով խորհրդածությունների նույն շարանը, ― ես ինձ վաճառեցի վեց թեյի գդալով, մի զույգ շաքարի ունելիով, մի կաթնամանով, փոքր քանակությամբ կիսամաշ կարասիներով և քսան ֆունտ հնչուն դրամով։ Ինձ շատ էժան գնահատեցի, չափազանց էժան։
― Էժա՛ն, ― հնչեց մի զիլ ձայն միստր Բամբըլի ականջին։ ― Քեզ համար ինչ գին էլ որ վճարվի, շատ կլիներ, իսկ ես չափազանց թանկ վճարեցի քեզ համար, վերևում աստված էլ վկա է այդ բանին։
Միստր Բամբըլը շուռ գալով տեսավ իր գեղեցիկ կողակցի երեսը։ Այդ արժանավոր լեդին թեև պարզ չէր հասկացել, թե ինչի շուրջ էին ամուսնու գանգատները, այնուամենայնիվ, վերոհիշյալ հանդիմանական խոսքերով հարձակվել էր նրա վրա։
― Միսիս Բա՜մբըլ, տիկի՜ն, ― ասաց միստր Բամբըլը զգացական խստությամբ։
― Ի՞նչ կա, ― գոչեց լեդին։
― Բարեհաճեցեք ինձ նայել, ― ասաց միստր Բամբըլը, աչքերը սևեռելով նրա վրա։ («Եթե նա դիմացավ այս հայացքին, ― ինքն իրեն ասաց միստր Բամբըլը, ― ապա էլ ոչ մի բան նրա համար սարսափելի չէ։ Չեմ հիշում որևէ դեպք, որ այս հայացքը ձախողված լինի աղքատների վերաբերմամբ։ Եթե հակառակը պատահի, ուրեմն իմ հեղինակությունը կորած է»)։
Գուցե փոքր֊ինչ լայն բացված աչքերը բավական էին թեթև սննդից անզոր դարձած ախքատներին սարսափեցնելու համար, կամ թերևս նախկին միսիս Քորնին հատկապես տոկունություն ուներ արծվային հայացքների դեմ, մենք այդ չգիտենք։ Հարցը կախված է յուրաքանչյուրի տեսակետից։ Իրողությունն այն է, սակայն, որ նա բոլորովին չընկրկեց միստր Բամբըլի խիստ հայացքի տակ և նույնիսկ մի քրքիջ արձակեց, որ կարծես թե կեղծ չէր։
Բոլորովին անսպասելի այս ձայնը լսելով, միստր Բամբըլը նախ չհավատաց իր ականջներին, ապա ապուշ կտրեց։ Բայց նա նորից թաղվեց խոր մտածմունքների մեջ և այդպես էլ մնաց իր տեղում, մինչև որ կողակցի ձայնը նորից գրավեց նրա ուշադրությունը և նա մեկ անգամ էլ սթափվեց։
― Ամբողջ օրը պետք է նստես այստեղ և խռմփացնե՞ս, ինչ է, ― հարցրեց միսիս Բամբըլը։
― Ես այստեղ կնստեմ այնքան ժամանակ, որքան այդ պատշաճ կհամարեմ, տիկի՛ն, ― պատասխան տվեց միստր Բամբըլը, ― և թեպետ չէի խռմփացնում, բայց կխռմփացնեմ, կհորանջեմ, կփռշտամ, կծիծաղեմ, կամ թե կարտասվեմ, երբ կամենամ։ Այդ իմ առանձնաշնորհումն է։
― Քո՞ առանձնաշնորհումը, ― հեգնեց միսիս Բամբըլը անբացատրելի արհամարհանքով։
― Ես այդ բառն արտասանեցի, տիկի՛ն, ― ասաց միստր Բամբըլը։ ― Տղամարդու առանձնաշնորհումը հրամայելն է։
― Իսկ կնո՞ջ առանձնաշնորհումը որն է, ― ճչաց հանգուցյալ միստր Քորնիի այրին։
― Հնազանդվել, տիկի՛ն, ― որոտաց միստր Բամբըլը, ― քո լուսահոգի դժբախտ ամուսինը պետք է այդ բանը քեզ սովորեցրած լիներ և, հավանաբար, այդ դեպքում նա ողջ կլիներ այժմ։ Երանի թե նա ողջ լիներ, խե՜ղճ մարդ։
Միսիս Բամբըլը, մի ակնթարթում տեսնելով, որ ճակատագրական րոպեն հասել էր, և մեկ կամ մյուս կողմից ճարտարությամբ իջեցված մի հարված անպայման վճռական ու եզրակացուցիչ կլիներ, հենց որ հանգուցյալի հասցեին եղած ակնարկությունը լսեց, իրեն գցեց մի աթոռի վրա և, բարձրագոչ աղաղակներով, որ միստր Բամբըլը մի անսիրտ գազան է, սկսեց ջղաձգորեն արտասվել։
Բայց արտասուքը անկարող էր միստր Բամբըլի սիրտը թափանցել, նրա սիրտը անջրանցիկ էր։ Թաղիքե գլխարկների նման, որոնք անձրևի տակ մնալով չեն փչանում, այլ ավելի լավ տեսք են ընդունում, նրա ջղերն ավելի ամրացան ու զորացան։ Միստր Բամբըլը հաճույք զգաց ու ոգևորվեց մանավանդ այն բանից, որ արտասուքը, լինելով տկարության նշան, լռելյայն ընդունումն էր իր հզորության, հետևաբար, նա մեծ բավականությամբ դիտեց իր բարի լեդիին և, քաջալերելով նրան, ասաց, թե կարող էր ուզածի չափ արտասվել, քանի որ, բժիշկների կարծիքով, այդ համարվում էր առողջությանը նպաստող մի վարժություն։
― Դա լայնացնում է թոքերը, լվանում է դեմքը, մարզում աչքերը և փափկացնում բնավորությունը, ― ասաց միստր Բամբըլը։ ― Հետևաբար, ինչքան կարող ես լա՛ց եղիր։
Այս զվարճախոսությունից հետո միստր Բամբըլը գլխարկը վերցրեց կախիչից, թեք դրեց գլխին, այն մարդու նման, որը գիտակցում է իր գերադասությունը, ձեռքերը խրեց գրպանները և բոլորովին ինքնագոհ տեսքով ուղղվեց դեպի դուռը։
Ուրեմն, նախկին միսիս Քորնին փորձել էր արցունքներով պաշտպանել իր թեզը, որովհետև դա ավելի հեշտ և նվազ տանջալի միջոց էր, քան ձեռքով հարվածելը․ բայց նա բոլորովին պատրաստ էր վերջին ձևը կիրառելու, ինչպես այդ բանում շուտով համոզվեց միստր Բամբըլը։
Որպես ապացույց դրան, միստր Բամբըլը մի խուլ շառաչ լսեց իր ականջին շատ մոտիկ, որից անմիջապես հետո գլխարկը թռավ սենյակի մյուս ծայրը։ Երբ այս նախապատրաստական միջոցառումը նրա գլուխը զրկեց ծածկից, ճարտար լեդին մի ձեռքով ամուր բռնեց նրա կոկորդից, իսկ մյուսով հարվածների ուժգին մի տարափ իջեցրեց այդ գլխի վրա։ Ապա պեսպիսության համար ճանկռեց նրա երեսը, փետեց մազերը և սահմանած լինելով այնքան պատիժ, որքան նա անհրաժեշտ համարեց տվայլ հանցանքի համար, աղքատանոցի մեծավորին գցեց գետնին և նրան ասպարեզ կարդաց խոսել իր առանձնաշնորհումի մասին, եթե կհամարձակվեր։
― Վե՛ր կաց, ― ասաց միսիս Բամբըլը հրամայական եղանակով, ― վե՛ր կաց և հեռացի՛ր այստեղից, եթե չես ուզում, որ ծայրահեղությունների դիմեմ։
Միստր բամբըլը շատ ողբալի տեսքով վեր կացավ, մտածելով, թե արդյոք ինչպիսի՞ ծայրահեղության մասին էր խոսքը, և գլխարկը հատակից վերցնելով՝ նայեց դեպի դուռը։
― Գնացի՞ր, ― հարցրեց միսիս Բամբըլը։
― Գնացի, սիրելի՛ս, գնացի, ― պատասխանեց միստր Բամբըլը ավելի արագությամբ շարժվելով դեպի դուռը։ ― Ես մտադրություն չունեի․․․ Գնացի սիրելի՛ս։ Դու այնքան կատաղի ես, որ իսկապես․․․
Ճիշտ այդ միջոցին միսիս Բամբըլը, ընդհարման ժամանակ իրար խառնված գորգը կարգավորելու նպատակով, փութով առաջ եկավ։
Միստր Բամբըլը, վախենալով, որ նոր հարձակում է սկսվելու, առանց մտածելու կիսատ մնացած նախադասության մասին, նետի արագությամբ դուրս թռավ սենյակից, մարտադաշտը թողնելով նախկին միսիս Քորնիի լրիվ տրամադրությանը։
Միստր Բամբըլը և՛ անակնկալի էր եկած, և՛ պարտված էր։ Նրա բնավորության մեջ որոշակիորեն շեշտված էր ուրիշներին սպառնալիքով վախեցնելու գիծը, և նա մեծ հաճույք էր զգում ստոր անգթություններ գործադրելուց, հետևաբար (ավելորդ է ասել) նա վախկոտի մեկն էր։ Սրանով չենք ուզում թերագնահատել միստր Բամբըլի արժանիքները, որովհետև բազմաթիվ պաշտոնական անձնավորություններ, որ շատերի հիացմունքի և հարգանքի առարկան են դարձած, նույնանման տկարությունների զոհեր են։ Ակնարկությունը, արդարև, արված է ավլի շուտ նրա օգտին, և մեր նպատակն է ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, թե նա իր պաշտոնին վայել ինչպիսի առավելություններով էր օժտված։
Բայց միստր Բամբըլի նվաստացման բաժակը տակավին չէր լցվել։ Աղքատանոցում մի փոքր շրջելով և կյանքում առաջին անգամ մտածելով, թե աղքատների համար սահմանված օրենքները իսկապես խիստ դաժան են, և իրենց կանացից բաժանվող ու նրանց ծխի խնամքին թողնող տղամարդիկ, հանուն արդարության, ոչ թե պատժվելու են, այլ իբրև տառապյալներ վարձատրվելու են, միստր Բամբըլը հասավ մի սենյակ, որտեղ իգական սեռի պատկանող աղքատներից մի քանիսը սովորաբար զբաղվում էին ծխի սպիտակեղենը լվալու գործով և որտեղից այժմ խոսակցության ձայներ էին լսվում։
― Հը՜մ, ― ամբողջ իր բնածին արժանապատվությունը կոչ անելով ասաց միստր Բամբըլը։ ― Գոնե այս կանայք դեռևս կհարգեն իմ առանձնաշնորհումը։ Հե՜յ, հե՜յ։ Այս ի՞նչ աղմուկ եք բարձրացրել, լկտինե՛ր։
Այս խոսքերով՝ միստր Բամբըլը դուռը բաց արեց և ներս մտավ դեմքի խիստ կատաղի և զայրացած արտահայտությամբ, բայց հանկարծ հանդիպելով իր կնոջ կերպարանքին, նա իսկույն կծկվեց և ընդունեց չափազանց խոնարհ տեսք։
― Սիրելի՜ս, ― ասաց միստր Բամբըլը, ― չգիտեի, որ դու այստեղ ես։
― Չգիտեի՞ր, որ այստեղ եմ, ― կրկնեց միսիս Բամըլը։ ― Իսկ դու ի՞նչ գործ ունես այստեղ։
― Ինձ թվաց, որ նրանք շատախոսում են, սիրելի՛ս, ― պատասխանեց միստր Բամբըլը, ցրված հայացքով նայելով տաշտակի առաջ կանգնած երկու պառավներին, որոնք հիացած նայում էին աղքատանոցի մեծավորի նվաստացած դիրքին և կարծիքներ էին փոխանակում միմյանց հետ։
― Քեզ թվաց, որ նրանք շատախոսու՞մ են, ― ասաց միսիս Բամբըլը։ ― Քո ի՞նչ գործն է։
― Ը՛հ, սիրելիս․․․ ― թախանձեց միստր Բամբըլը զիջողաբար։
― Այո՛, քո ի՞նչ գործն է, ― նորից պնդեց միսիս Բամբըլը։
― Միանգամայն ճշմարիտ է, որ աղքատանոցի տեսչուհին դու ես, սիրելի՛ս, ― ասաց միստր Բամբըլը, ― բայց մտածեցի, թե միգուցե այս րոպեին այստեղ չես լինի։
― Գիտե՞ս ինչ, միստր Բամբըլ, ― ասաց լեդին։ ― Մենք քո կողմից որևէ միջամտություն չենք ուզում։ Դու շատ մեծ մարմաջ ունես քեզ չվերաբերող գործերի մեջ քիթդ կոխելու, և օրվա բոլոր ժամերին այնքան հիմար բաներ ես անում, որ աղքատանոցի բնակիչները քեզ վրա ծիծաղում են, հենց որ մյուս կողմն ես շուռ գալիս։ Դե՛, շուտ հեռացիր այստեղից, իմացա՞ր։
Միստր Բամբըլը, մեծապես վիրավորվելով, որ աղքատանոցի պառավները ծիծաղում են իր վրա, մի պահ վարանեց։ Միսիս Բամբըլը, որի համբերությունը որևէ հապաղում չէր հանդուրժում, մի պղնձաման օճառաջուր վերցնելով և դուռը մատնանշելով՝ հրամայեց նրան անմիջապես հեռանալ, այլապես պարունակությունը կդատարկվեր նրա պարարտ մարմնի վրա։
Ի՞նչ կարող էր անել միստր Բամբըլը։ Նա վշտահար շուրջը նայեց և կամացուկ ծլկեց այդտեղից։ Մինչև դուռ հասնելը պառավների ցածրաձայն կչկչոցները փոխվեցին անզուսպ քրքիջների։ Միայն այս էր պակաս։ Նա խայտառակվել էր օտարների ներկայությամբ, կորցրել էր իր հեղինակությունն ու արժանապատվությունը նույնիսկ այս աղքատների առաջ։ Նա բիդըլի շքեղ և մեծասքանչ բարձրությունից ընկել էր նվաստացման ամենախոր վիհը և հանդես էր եկել կնոջ ձեռքում խաղալիք դարձած ամուսնու դերով։
― Եվ այս ամբողջը երկու ամսվա ընթացքում, ― ասաց միստր Բամբըլը մռայլված։ ― Երկո՜ւ ամիս։ Երկու ամիս առաջ ես ոչ միայն իմ անձի տերն էի, այլև բոլորի իշխանավորը, գոնե ծխական աղքատանոցի սահմաններում, իսկ հիմա՛․․․
Այդ արդեն անտաելի էր։ Միստր Բամբըլը ապտակեց այն տղային, որ բաց արեց դարպասը իր առջև (որովհետև մտքերի մեջ կորած՝ չէր նկատել, որ ելքի դուռն է հասել) և մտացիր դուրս եկավ փողոց։
Նա անցավ մի փողոցով, մտավ մի ուրիշը և միառժամանակ այդպես շրջելուց հետո նրա վշտի սաստկությունը փոքր֊ինչ մեղմացավ և, տրամադրությունը որոշ չափով փոխվելով, ծարավ զգաց։ Անցավ բազմաթիվ գինետներ և վերջապես կանգ առնելով մեկի առջև, որը գտնվում էր ինչ֊որ նրբանցքի մեջ, լուսամուտից մի հպանցիկ ակնարկ նետեց ներսը։ Բացի մեն֊մենակ նստած մի հաճախորդից, ոչ ոք չկար այնտեղ։ Այդ միջոցին սաստիկ անձրևելու պատճառով միստր Բամբըլը որոշեց ներս գնալ։ Վաճառասեղանի առջևով անցնելիս խմիչքի պատվեր տալով, նա ուղղվեց դեպի այն սենյակը, որ փողոցից տեսել էր։
Այն մարդը, որ նստած էր այնտեղ, բարձրահասակ էր ու թխադեմ և հագած էր լայն թիկնոց։ Նա օտարականի տեսք ուներ և դատելով նրա հյուծված տեսքից ու փոշեթաթախ հագուստներից, այնպես էր երևում, որ երկար էր ճամբորդել։ Օտարականը խեթ նայեց Բամբըլին և, ի պատասխան նրա բարևին, հազիվ բարեհաճեց գլխով անել։
Միստր Բամբըլը լռությամբ խմեց ջրախառն ջինը և սկսեց թերթը կարդալ մեծ շուքով ու հանդիսավորությամբ։
Այնպես պատահեց, սակայն, ― ինչպես այդ հաճախ պատահում է, երբ մարդիկ այդպիսի պայմաններում իրար են հանդիպում, ― միստր Բամբըլը իր մեջ զգաց օտարականին նայելու մի անդիմադրելի, բուռն ցանկություն։ Բայց ամեն անգամ, երբ այդ ցանկությանը գոհացում տալու համար նայում էր այն կողմը, նա աչքերը շփոթված հեռացնում էր, տեսնելով թե ինչպես օտարականն էլ ճիշտ այդ միջոցին գաղտագողի իրեն է նայում։ Միստր Բամբըլի շփոթությունը սաստկացավ օտարականի աչքերի տարօրինակ արտահայտության հետևանքով, աչքեր, որոնք սուր և փայլուն էին, բայց ստվերված կասկածի ու անվստահության այնպիսի արտահայտությամբ, որի նմանը միստր Բամբըլը կյանքում չէր տեսել և որը չափազանց խորշեցնող էր։
Երբ նրանք այդպես մի քանի անգամ իրենց հայացքները խաչաձևել էին, օտարականը խռպոտ ու խոր ձայնով լռությունը խզեց։
― Դուք ի՞նձ էիք որոնում, երբ գաղտագողի լուսամուտից ներս նայեցիք, ― ասաց նա։
― Ես այդպիսի բան չէի անում, եթե իհարկե, դուք միստր․․․ ― Այդտեղ միստր Բամբըլը հանկարծ կանգ առավ․ նա շատ էր ուզում օտարականի անունը իմանալ, և մտածեց, որ գուցե անհամբեր գտնվելով կհարկադրի անծանոթին այդ բացը լրացնել։
― Տեսնում եմ ինձ չէիք որոնում, ― ասաց օտարականը, հեգնական մի ժպիտ խաղացնելով շրթների վրա, ― այլապես իմ անունը կիմանայիք։ Դուք իմ անունը չգիտեք։ Ես ձեզ խորհուրդ կտայի չհարցնել այդ մասին։
― Իմ նպատակը չէ ձեզ որևէ վնաս հասցնել, երիտասա՛րդ, ― նկատեց միստր Բամբըլը վեհաշուք կերպով։
― Եվ ոչ էլ հասցրել եք, ― ասաց օտարականը։
Այս կարճատև զրույցից հետո դարձյալ լռություն տիրեց, որը դարձյալ խզվեց օտարականի կողմից։
― Կարծում եմ ես ձեզ ուրիշ անգամ էլ եմ տեսել, ― ասաց նա։ ― Այդ ժամանակ դուք տարբեր էիք հագնված․ ես ձեզ հանդիպել էի փողոցով անցնելիս, բայց և այնպես ճանաչեցի ձեզ։ Դուք մի ժամանակ այստեղ բիդըլի պաշտոն էիք վարում, այնպես չէ՞։
― Այո՛, ― զարմացած պատասխանեց միստր Բամբըլը, ― ծխական բիդըլի։
― Ճիշտ այդպես, ― հաստատեց մյուսը գլուխը թափահարելով։ ― Այդ կերպարանքով էլ տեսել էի ձեզ։ Իսկ այժմ ի՞նչ եք։
― Աղքատանոցի վերակացու, ― դանդաղ և տպավորիչ կերպով ասաց միստր Բամբըլը, կանխելու համար որևէ անվայել մտերմություն, որ օտարականը կարող էր իրեն թույլ տալ։ ― Աղքատանոցի վերակացու, երիտասա՛րդ։
― Անշուշտ, ինչպես միշտ, դուք դարձյալ ուշադիր եք դեպի ձեր անձնական շահերը, այնպես չէ՞, ― շարունակեց օտարականը թափանցող հայացքով նայելով միստր Բամբըլի աչքերի մեջ, երբ նա զարմացած բարձրացրեց գլուխը։ ― Կարող եք բոլորովին անվերապահ արտահայտվել, բարեկամս։ Ինչպես տեսնում եք, ես ձեզ բավականին լավ եմ ճանաչում։
― Ինձ թվում է, ― պատասխանեց միստր Բամբըլը, ձեռքերով աչքերը ստվերելով և բացահայտ շփոթվածությամբ ոտից գլուխ զննելով օտարականին, ― ամուսնացած մարդը, ինչպես և ամուրին, առիթը ներկայանալու դեպքում չպետք է դեմ լինի ազնվորեն վաստակված մի գրոշին։ Ծխական պաշտոնյաները այնքան էլ լավ չեն վարձատրվում, որպեսզի մերժեն որևէ փոքրիկ լրացուցիչ վարձատրություն, երբ այդ նրանց առաջարկվում է քաղաքավարի ու պատշաճ ձևով։
Օտարականը ժպտաց և գլուխը նորից թափահարեց, ասես կամենալով հասկացնել, որ չէր սխալվել իր ենթադրությունների մեջ, ապա սեղմեց զանգի կոճակը։
― Այս բաժակը նորից լցրե՛ք, ― ասաց նա, միստր Բամբըլի դատարկ ըմպանակը մեկնելով պանդոկապետին։ ― Թող թունդ և տաք լինի։ Ձեզ անշուշտ այդպես է դուր գալիս, այնպես չէ՞։
― Շատ թունդ հարկավոր չէ, ― պատասխանեց միստր Բամբըլը՝նրբորեն հազալով։
― Դուք հասկանում եք, թե այդ ինչ է նշանակում, պանդոկապե՛տ, ― չորությամբ նկատեց օտարականը։
Պանդոկի տերը ժպտաց, անհետացավ և քիչ հետո վերադարձավ մի գինու բաժակով, որից գոլորշի էր բարձրանում։ Երբ միստր Բամբըլը բաժակի պարունակությունից մի ումպ կուլ տվեց աչքերը ջրակալեցին։
― Այժմ լսե՛ք ինձ, ― դուռ ու լաուսամուտ փակելուց հետո ասաց օտարականը։ ― Այսօր ես այստեղ եկա հատկապես ձեզ համար․ և այն դիպվածներից մեկի բերումով, որ սատանան երբեմն նետում է իր բարեկամների ճանապարհին, դուք ուղիղ այն սենյակը մտաք, որտեղ ես նստել էի և ձեր մասին էի մտածում։ Ինչ֊որ տեղեկություն է հարկավոր ինձ, և չնայած չնչին բան է իմ ուզածը, այնուամենայնիվ, ես այդ ձրիաբար չեմ պահանջում ձեզնից։ Նախ և առաջ վերցրեք սրանք։
Օտարականը խոսելիս սեղանի վրայով զգուշությամբ երկու ոսկի սահեցրեց դեպի իր զրուցակիցը, ասես չցանկանալով, որ դրանից առաջացած հնչյունները լսվեն դրսում։ Միստր Բամբըլը ոսկեդրամները ուշադիր զննեց և համոզվելով, որ կեղծ չեն, դրանք մեծ բավականությամբ բաճկոնի գրպանը դրեց։
― Այժմ մտքով տեղափոխվեցե՛ք դեպի անցյալը, ― շարունակեց մյուսը, ― մոտավորապես անցյալ ձմեռվանից տասներկու տարի առաջ։
― Երկար ժամանակ է, ― ասաց միստր Բամբըլը։ ― Շա՛տ լավ։ Տեղափոխվեցի։
― Գործողության վայրը՝ աղքատանոցը։
― Լա՛վ։
― Ժամանակը՝ գիշեր։
― Այո՛։
― Եվ վայրը՝ այն զզվելի խորշը, որտեղ դժբախտ պոռնիկները աշխարհ էին բերում իրենց այդքան հաճախ զլացված կյանքն ու առողջությունը, ծնունդ էին տալիս ճվճվան երեխաների, թողնելով դրանք ծխի խնամքին, իսկ իրենք, անեծք նրանց գլխին, իրենց ամոթանքը թաքցում էին գերեզմանոցում։
― Ծննդասենյակի մասին է խոսքը, երևի, ― ասաց միստր Բամբըլը, լրիվ չկարողանալով հետևել զրուցակցի հուզված նկարագրությանը։
― Այո՛, ասաց օտարականը, ― մի ինչ֊որ տղա ծնվեց այնտեղ։
― Շատ տղաներ ծնվեցին, ― նկատեց Բամբըլը՝ գլուխը հուսահատ թափահարելով։
― Մահը տանի այդ սատանի ճտերին, ― գոռաց օտարականը, ― ես նրանցից մեկի մասին եմ խոսում, համեստ երևույթով, դալկահար դեմքով մի տղայի մասին, որ աշակերտ էր ինչ֊որ դագաղագործի մոտ (երանի թե նա մի դագաղ էլ այդ լակոտի համար շինած լիներ և նրա մարմինը պարուրած լիներ մեջը), և որը, ինչպես ենթադրվում էր, այդտեղից Լոնդոն փախավ։
― Օ՜հ, Օլիվերի մասին է խոսքը։ Փոքրիկ Թվի՜սըտը, ― ասաց միստր Բամբըլը, ― իհա՜րկե հիշում եմ նրան։ Նրանից ավելի կամակոր փոքրիկ գազան․․․
― Բավական է ինչքան բան գիտեմ նրա մասին, իմ ուզածը այդ չէ, ― ասաց օտարականը՝ ընդհատելով միստր Բամբըլին, երբ այդ արժանավոր ջենթլմենը պատրաստվում էր պատմել խեղճ Օլիվերի «բազմաթիվ անկարգությունների» մասին։ ― Ես ցանկանում եմ տեղեկություններ ստանալ մի ինչ֊որ կնոջ մասին, ― շարունակեց օտարականը։ ― Այն վհուկի մասին, որ խնամեց նրա մորը։ Որտե՞ղ է նա։
― Որտեղ է նա՞, ― ասաց միստր Բամբըլը, որը խմիչքի ազդեցության տակ սրախոս էր դարձել։ Դժվար է ասել, թե այժմ նա որտեղ է։ Այնտեղ, ուր նա գնացել է, դայակություն գոյություն չունի, հետևաբար, երևի այժմ գործազուրկ է։
― Ի՞նչ ես ուզում ասել, ― խստորեն հարցրեց օտարականը։
― Ուզում եմ ասել, որ նա մահացավ անցյալ ձմեռ, ― ասաց միստր Բամբըլը։
Այս տեղեկությունից հետո օտարականը սևեռուն նայեց միստր Բամբըլին, և թեպետ բավական երկար ժամանակ աչքերը չհեռացրեց նրանից, այնուամենայնիվ, նրա հայացքը աստիճանաբար դարձավ բութ ու մտացիր, և թվում էր, թե նա կորավ մտքերի մեջ։ Որոշ ժամանակ այսպես երկմտելուց հետո, չիմանալով հուսադրվե՞լ, թե հիասթափվել այս տեղեկությունից, նա վերջապես ավելի ազատորեն շնչեց և աչքերը հառելով այլ ուղղությամբ՝ ասաց, թե դա այնքան էլ կարևոր հարց չէր։ Ապա վեր կացավ և պատրաստվեց մեկնելու։
Բայց միստր Բամբըլը բավականաչափ խորամանկ էր։ Նա անմիջապես կռահեց, որ իր խոսակցի տրամադրության տակ գտնվող ինչ֊որ գաղտնիք կարող էր շահաբեր լինել։ Առանց լուրջ հիմքի չէր, որ նա այդքան լավ էր հիշում այդ գիշերը, երբ պառավ Սելլին մահացավ։ Այդ միևնույն օրը նա միսիս Քորնիին ամուսնություն էր առաջարկել, և չնայած լեդին իրեն երբեք մասնակից չէր արել գաղտնիքին, որի միակ կենդանի վկան ինքն էր, այնուամենայնիվ, արժանավոր ջենթլմենը բավականին բաներ էր լսել եզրակացնելու համար, որ դա Օլիվեր Թվիստի մորը խնամող քրոջ հետ սերտորեն կապված մի հարց էր։ Իսկույն վերհիշելով այս պարագան, նա խորհրդավոր կերպով տեղեկացրեց օտարականին, որ այդ պառավ վհուկի մահից անմիջապես առաջ մի ինչ֊որ կին նրա հետ առանձին տեսակցել էր, և ինքը պատճառներ ուներ ենթադրելու, թե այդ կինը կարող էր որոշ չափով լույս սփռել իր հետապնդած հարցի վրա։
― Ի՞նչպես կարող եմ գտնել նրան, ― ասաց օտարականը հանկարծ ցնցվելով և բացահայտորեն ցույց տալով, որ իր բոլոր երկյուղները (ինչից էլ որ դրանք բխում էին) նորից պատել են իրեն այդ տեղեկության պատճառով։
― Միայն իմ միջոցով, ― պատասխանեց միստր Բամբըլը։
― Ե՞րբ, ― տագնապով հարցրեց օտարականը։
― Վաղը, ― ասաց միստր Բամբըլը։
― Երեկոյան ժամը իննին, ― ասաց օտարականը, գրպանից մի կտոր թուղթ հանելով և գետի եզրին գտնվող ինչ֊որ խորհրդավոր հասցե գրելով։ Գրելիս նրա մատները դողում էին, որը պարզ ցույց էր տալիս, թե նա վրդովված էր։ ― Երեկոյան ժամը իննին նրան կբերեք այնտեղ։ Կարիք չկա ասելու, որ գաղտնապահ լինեք։ Ձեր շահն է այդպես պահանջում։
Ապա խմիչքի արժեքը վճարելուց հետո օտարականը իր զրուցակցին ընկերակցեց մինչև դուռը և, չորությամբ ակնարկելով, որ իրենց ճանապարհները բաժանվում են, նորից շեշտեց հաջորդ երեկոյան կայանալիք տեսակցության ժամը և գնաց։
Ծխական պաշտոնյան թուղթը աչքի անցկացնելով, նկատեց, որ հասցեն անանուն էր։ Օտարականը տակավին շատ չէր հեռացել, ուստի շտապեց նրա հետևից, որ իմանա այդ մասին։
― Ի՞նչ եք ուզում, ― գոռաց մարդը ընդոստ ետ դառնալով, երբ Բամբըլը թեթևակի հպվեց նրա թևին։ ― Դուք հետևո՜ւմ եք ինձ։
― Միայն մի հարց տալու համար, ― ասաց մյուսը մատնացույց անելով։ ― Հասցեատիրոջ անունը ի՞նչ է։
― Մոնքս, ― կտրուկ պատասխանեց մարդը և շտապ հեռացավ։
Երեսունութերորդ գլուխ
Որտեղ պատմվում է այն մասին, թե ինչ տեղի ունեցավ միստր և միսիս Բամբըլի ու միստր Մոնքսի միջև նրանց գիշերային տեսակցության ժամանակ
Ծանր, հեղձուցիչ, մռայլ ամառային երեկո էր։ Ամպերը, որ թանձր շոգու զանգվածի վերածված՝ ամբողջ օրը սպառնագին կախվել էին երկրի վրա, սկսեցին վարար շիթերով թափվել, երբ միստր ու միսիս Բամբըլները գյուղաքաղաքի կենտրոնական փողոցից թեքվելով՝ ուղղվեցին դեպի մոտավորապես մեկ ու կես մղոն հեռավորության վրա գտնվող մի թաղամաս, որն իրենից ներկայացնում էր ցաքուցրիվ և ավերակ տների մի փոքրիկ գաղութ՝ կառուցված գետը եզերող ցածր ու վատառողջ ճահճի վրա։
Երկուսն էլ փաթաթված էիմ հնամաշ հանդերձանքի մեջ, որը հավանաբար ծառայում էր թե՛ անձրևից պաշտպանվելու և՛ թե իրենց վրա ուշադրություն չհրավիրելու կրկնակի նպատակին։ Ամուսնու ձեռքում կար մի լապտեր, որ դեռ վառված չէր։ Նա գնում էր մի քանի քայլ առջևից, ասես հնարավորություն տալով կնոջը իր ծանր հետքերով անցնելու, քանի որ ճանապարհը ցեխոտ էր։ Նրանք լուռ էին։ Միստր Բամբըլը երբեմն դանդաղեցնում էր քայլերը և ետ էր նայում, կարծես վստահ լինելու համար, թե իր կողակիցը գալի՞ս է հետևից։ Տեսնելով, որ կինը կրնկակաոխ հետևում է իրեն, նա կրկնապատկված արագությմաբ ընթանում էր առաջ։
Այն վայրը, դեպի ուր ուղղված էին նրանց քայլերը, շատ վաղուց ճանաչված էր որպես հայտնի սրիկաների բնակատեղի, որի բնակիչները օրինավոր աշխատանքով ապրելու դիմակի տակ, հիմանկանում զբաղվում էին ավարով ու ոճրագործությամբ։ Ողորմելի հյուղակների մի հավաքածու էր դա։ Տների մի մասը սարքված էր հում աղյուսներից, մյուս մասը՝ նավի փտած գերաններով և անխնամ ու խառնիճաղանջ ցրիվ էին եկած գետեզերքից ընդամենը մի քանի ոտք դեպի խորքը։ Այստեղ ու այնտեղ ընկած էին թիեր, պարանի կծիկներ, խորտակված ու ցեխի մեջ խրված նավակներ, և այդ ամենը առաջին հայացքից այն տպավորությունն էր թողնում, թե այս թշվառ հյուղակների բնակիչները զբաղվում են գետի հետ կապված որևէ գործով, բայց մի ակնարկ այդ առարկաների քայքայված ու անգործածելի վիճակի վրա հեշտությամբ մտածել կտար որևէ անցորդի, թե դրանք այնտեղ ցուցադրված են ավելի շուտ երևույթները փրկելու, քան իրոք գործածության մեջ լինելու պատճառով։
Այս խրճիթների կենտրոնում, հենց գետի եզրին, որտեղ վերևի հարկերը կախվում էին ջրի վրա, կար մի շինություն, որ նախկինում ինչ֊որ գործարան էր եղել։ Գուցե ժամանակին այդ գործարանը աշխատանք էր հայթայթել շրջակայքում գտնվող հյուղակների բնակիչներին։ Բայց այն վաղուց ավերակ էր դարձել։ Առնետը, որդը և խոնավությունը փտեցրել և թուլացրել էին այն փայտյա սյուները, որոնց վրա կանգնած էր գործարանը։ Շենքի մեծ մասը արդեն խրվել էր ջրի մեջ, մինչդեռ մնացածը, երերալով և թեքվելով գետի մթին հոսանքի վրա, ասես հարմար առիթի էր սպասում իր վաղեմի ընկերոջը հետևելու և իրեն էլ ենթարկելու նույն բախտին։
Ահա այս ավերակ շենքի առաջ էր, որ արժանավոր զույգը կանգ առավ, երբ հեռավոր որոտման առաջին դղրդյունը արձագանք տվեց օդում և անձրևն սկսեց ահավոր սաստկությամբ թափվել։
― Այդ վայրը մոտավորապես այս շրջակայքում պետք է լինի, ձեռքում բռնած թղթի կտորին նայելով ասաց Բամբըլը։
― Ո՞վ եք, ― լսվեց մի ձայն վերևից։
Միստր Բամբըլը ձայնի ուղղությամբ գլուխը բարձրացրեց և նկատեց մի մարդու, որը երկրորդ հարկում գտնվող ինչ֊որ դռնից մարմինը կիսով չափ դուրս էր հանել։
― Հանգիստ սպասե՛ք մի րոպե, ― լսվեց նույն ձայնը, ― ես այս րոպեիս կգամ։ ― Եվ գլուխը անհետացավ, ու դուռը փակվեց։
― Ա՞յդ էր այն մարդը, ― հարցրեց միստր Բամբըլին քնքուշ լեդին։
Միստր Բամբըլը գլուխը դրականապես շարժեց։
― Ուրեմն, հիշի՛ր այն ամենը ինչ ասել եմ քեզ, ― շշնջաց տեսչուհին, ― և խոսի՛ր որքան հնարավոր է քիչ, այլապես մեզ իսկույն կմատնես։
Շենքի տեսքը միստր Բամբըլի սրտում ասես կասկած էր առաջացրել, և նա դեմքի ողբալի արտահայտությամբ դիտելով այդ, ըստ երևույթին պատրաստվում էր այս գործից ձեռք քաշելու մաին իր հեղինակավոր կարծիքը հայտնել, երբ Մոնքսը հանկարծ բաց արեց մի փոքրիկ դուռ, որի մոտ կանգնած էին, և նրանց ներս հրավիրեց։
― Մտե՛ք, ― անհամբերությամբ գոռաց նա ոտքը գետնին հարվածելով։ ― Ի՞նչ եք ինձ այստեղ պահում։
Կինը, որ սկզբում վարանել էր, քաջաբար ներս մտավ առանց լրացուցիչ հրավերի։ Միստր Բամբըլը, անհարմար զգալով կամ վախենալով ետ մնալ, հետևեց նրան։ Սակայն բացահայտ երևում էր, որ իրեն վատ էր զգում, և նախկին վեհաշուք տեսքից, որը նրա նկարագրի հատկանիշն էր հանդիսանում, համարյա ոչինչ չէր մնացել։
― Ո՞ր գրողի ծոցի համար այդպես շտապեցիք անձրևի տակ, ― դռան փականքը ամրացնելուց հետո շուռ գալով և խոսքը Բամբըլին ուղղելով՝ ասաց Մոնքսը։
― Մենք, մենք միայն հովանում էինք, ― երկչոտությամբ շուրջը նայելով՝ կակազեց Բամբըլը։
― Հովանո՜ւմ էիք, ― գոռաց Մոնքսը։ ― Բոլոր անձրևները, որ թափվել են կամ թափվելու են երկնքից, չեն կարող հանգցնել այն դժոխային կրակը, որ վառվում է մարդու մեջ։ Ձեզ այնքան էլ հեշտ չի լինի հովանալ․ այդպիսի բան չմտածեք։
Այս սիրալիր խոսակցությունից հետո Մոնքսը հանկարծակի շուռ եկավ և այնպես սևեռուն նայեց տեսչուհուն, որ նույնիսկ այդ անվեհեր լեդին հաղթահարվեց նրա թափանցող հայացքից և աչքերը խոնարհեց գետին։
― Սա է այն կինը, այդպե՞ս է, ― հարցրեց Մոնքսը։
― Հը՜մ, այդ է, ― պատասխանեց միստր Բամբըլը, հիշելով իր կնոջ նախազգուշացումը։
― Երևի դուք կարծում եք, որ կանայք երբեք չեն կարող գաղտնիք պահել, հա՞, ― ընդհատեց տեսչուհին, փոխադարձելով Մոնքսի խուզարկու հայացքը։
― Ես գիտեմ, որ նրանք մի գաղտնիք լավ են պահում, քանի դեռ չի հայտնաբերվել։
― Այդ ո՞րն է, ― հարցրեց տեսչուհին։
― Իրենց պատվի կորուստը, ― պատասխանեց Մոնքսը։ ― Հետևաբար, նույն օրենքի հիման վրա, եթե մի կին մեղսակից է ինչ֊որ գաղտնիքի, որը նրան կարող է կախաղան բարձրացնել կամ աքսորավայր ուղարկել, ապա ես ամենևին երկյուղ չունեմ, թե նա որևէ մեկին կարող է բանալ այդ գաղտնիքը։ Հականո՞ւմ եք, տիրուհի։
― Ո՛չ, չեմ հասկանում, ― պատասխանեց տեսչուհին՝ փոքր֊ինչ կարմրելով։
― Իհարկե չեք հասկանա, ― ասաց Մոնքսը։ ― Ինչպե՞ս կարող եք հասկանալ։
Մարդը իր երկու զրուցակիցներին նայեց՝ թեթև մի ժպիտ խաղացնելով խոժոռ դեմքի վրա, ապա դարձյալ նշանացի հասկացնելով, որ հետևեն իրեն, շտապ գնաց սենյակի մյուս ծայրը, որը բավական ընդարձակ էր, բայց ուներ ցածր առաստաղ։ Նա պատրաստվում էր բարձրանալ ինչ֊որ ցից աստիճաններով կամ ավելի շուտ մի ելարանով, որն առաջնորդում էր դեպի վերևի հարկում գտնվող պահեստի ուրիշ սենյակները, երբ կայծակը փայլատակեց բացվածքից ներս, և ամպերը այնպես ուժգին որոտացին, որ խարխուլ շենքը հիմնովին ցնցվեց։
― Լսեցե՜ք, ― գոչեց նա կծկվելով, ― լսեցե՜ք, թե ինչպես է դղրդում ու շառաչում, ասես հազարավոր քարանձավների մեջ թաքնված սատանաների դիվային ձայների արձագանքը լինի։ Ես խորշում եմ այդ ձայնից։
Նա մի պահ լուռ մնաց․ երբ ձեռքերը երեսից հանկարծակի հեռացրեց, սաստիկ շփոթված միստր Բամբըլը տեսավ, որ նրա դեմքը խիստ ծամածռված ու գունատ էր։
― Այս նոպաները երբեմն համակում են ինձ, ― ասաց Մոնքսը, նկատելով նրա ահաբեկված տեսքը, ― և հաճախ որոտն էլ է վատ ներգործում վրաս, բայց ուշադրություն մի՛ դարձրեք, հիմա արդեն լավ եմ զգում։
Այս խոսքերով նա վեր բարձրացավ ելարանով և շտապ փակեց սենյակի լուսամուտի փեղկերը։ Ապա առաստաղի հաստ գերանների մեկի միջով անցկացված պարանը քաշելով՝ ցած բերեց մի լապտեր, որ ամրացված էր պարանի ծայրին․ լապտերի աղոտ լույսը երևան հանեց դրա տակ դրված մի սեղան և երեք աթոռ։
― Այժմ, ― ասաց Մոնքսը, երբ երեքն էլ նստել էին, ― որքան շուտ անցնենք գործի, այնքան լավ բոլորիս համար։ Այս կինը գիտե, թե ինչի մասին է խոսքը, այնպես չէ՞։
Հարցը ուղղված էր միստր Բամբըլին, բայց կինը, կանխելով իր ամուսնուն, ասաց, թե ամեն ինչից տեղյակ է։
― Նա ճի՞շտ է ասում, որ դուք այդ վհուկի մոտ եք եղել այն գիշերը, երբ նա մահացել է, և որ նա ձեզ ինչ֊որ բան է ասել․․․
― Այն տղայի մոր մասին, որի անունը դուք տվել եք, ― պատասխանեց տեսչուհին ընդմիջելով նրան։ ― Այո՛։
― Առաջին հարցը այն է, թե նրա տվածը ինչպիսի տեղեկություն է, ― ասաց Մոնքսը։
― Դա երկրորդ հարցն է, ― կշռադատելով նկատեց կինը։ ― Առաջինը այն է, թե այդ տեղեկությունը ինչքան արժի։
― Ո՞ր սատանան կարող է ասել այդ, առանց իմանալու, թե ձեր հաղորդածը ինչպիսի տեղեկություն է, ― ասաց Մոնքսը։
― Ես համոզված եմ, որ դուք միակն եք, որ կարող եք ասել այդ, ― պատասխանեց միսիս Բամբըլը, որը, ինչպես իր լծակիցը անձամբ տեսավ, շատ սրտոտ էր։
― Հը՛մ, ― ասաց Մոնքսը նշանակալից ձևով, ― միգուցե դրանով կարելի է դրամ շահել, հը՞։
― Միգուցե, ― զսպվածությամբ պատասխանեց մյուսը։
― Նրանից վերցրել են ինչ֊որ բան, ինչ֊որ բան, որ նա կրում էր իր վրա։ Մի ինչ֊որ թանկագին բան, որ․․․
― Լավ կլիներ նախ գինը որոշեիք, ― ընդհատեց միսիս Բամբըլը։ ― Այն մի քանի բառերը, որ ասացիք, բավական են հավաստիացնելու, որ դուք հենց այն մարդն եք, որի հետ ես պետք է խոսեմ։
Միստր Բամբըլը, որը հարցի էությունից ոչինչ չգիտեր, բացի ժամանակին իմացած որոշ տարտամ բաներից, ապշությամբ մերթ իր կնոջն էր նայում և մերթ Մոնքին, զրույցն ունկնդրելով վիզը երկարած դեպի առաջ և աչքերը լայն բացած, որոնք զարմանքից ասես դուրս էին թռչելու ակնակապիճներից, երբ վերջինս խստորեն հարցրեց, թե ինչ գումար էր պահանջում գաղտնիքի բացահայտման համար։
― Ւսկ դուք ինչքա՞ն եք գնահատում, ― հարցրեց կինը նույն զսպվածությամբ։
― Գուցե ոչինչ, գուցե և քսան ֆունտ, ― պատասխանեց Մոնքսը։ ― Ասացեք՝ ո՞րը դրանցից։
― Ավելացրե՛ք ևս հինգ ֆունտ ձեր առաջարկած գումարին, տվե՛ք ինձ քսանհինգ ֆունտ ոսկեդրամ, ― ասաց կինը, ― և ես կպատմեմ ձեզ բոլորը, ինչ որ գիտեմ, այլապես ոչ մի խոսք չեմ ասի։
― Քսանհինգ ֆո՛ւնտ, ― բացականչեց Մոնքսը՝ ետ քաշվելով։
― Կարծեմ պարզ ասացի, ― պատասխանեց միսիս Բամբըլը։ ― Այնքան էլ մեծ գումար չէ։
― Մեծ գումար չէ՛․ և այն էլ մի չնչին գաղտնիքի համար, որ գուցե ասվելուց հետո ոչ մի արժեք չներկայացնի, ― անհանբերությանբ գոչեց Մոնքսը, և որը ավելի քան տասներկու տարի թաղված է եղել։
― Այդպիսի նյութերը լավ են պահպանվում և ընտիր գինու նման հաճախ իրենց արժեքը կրկնապատկում են, ― պատասխանեց տեսչուհին պահելով այն անվեհեր անտարբերությունը, որ ընդունել էր։ ― Իսկ գալուն թաղված մնալուն, ապա կան այնպիսի բաներ, որոնք թաղված են մնում տասներկու հազար կամ, մենք ի՞նչ գիտենք, գուցե և տասներկու միլիոն տարի, բայց որոնք վերջապես զարմանալի պատմություններ են բացահայտում։
― Իսկ եթե վճարելուց հետո գտնեմ, որ ձեր տված տեղեկությունը ոչինչ չարժե՞, ― հարցրեց Մոնքսը վարանելով։
― Դուք շատ հեշտությամբ կարող եք ետ վերցնել, ― պատասխանեց տեսչուհին։ ― Ես մի մենակ և անպաշտպան կին եմ այստեղ։
― Ինչո՞ւ մենակ, սիրելի՛ս, և ինչո՞ւ անպաշտպան, ― վախից դողդողացող ձայնով վրա բերեց միստր Բամբըլը։ ― Չէ՞ որ քո կողքին ես եմ կանգնած, սիրելի՛ս։ Եվ, բացի այդ, բացի այդ, ― ատամները կափկափելով ասաց միստր Բամբըլը, ― միստր Մոնքսը մի շատ կարգին ջենթլմեն է, և նա իրեն թույլ չի տա ծխական անձնավորությունների վրա բռնություն գործադրելու։ Միստր Մոնքսը գիտե, որ ես երիտասարդ չեմ, սիրելի՛ս, նաև գիտե, որ ես, այսպես ասած, մի քիչ էլ թառամած եմ, բայց նա լսած կլինի, միստր Մոնքսը անշուշտ լսած կլինի, սիրելի՛ս, որ ես շատ բացառիկ ուժ և վճռականություն ունեցող մարդ եմ, եթե մի անգամ գրգռվեցի, էլ ինձ զսպել հնարավոր չէ։ Մի աննշան գրգիռ, և պրծավ․ ահա բոլորը։
Միստր Բամբըլը խոսելիս խղճուկ փորձ արեց իր լապտերը սպառնագին վճռականությամբ բռնելու, բայց դեմքի ահաբեկված արտահայտությունը բացահայտորեն ցույց տվեց, թե որքան վախկոտ մարդ էր նա, իհարկե, այլ բան է, եթե հարցը վերաբերեր աղքատանոցի աղքատներին և կամ այնպիսի անձնավորությունների, որոնք հատկապես դաստիարակված են նման սպառնալիքներ հանդուրժելու համար։
― Դու հիմարի մեկն ես, ― ասաց միսիս Բամբըլը որպես պատասխան, ― և լավ կանեիր, եթե լեզուդ քեզ քաշեիր։
― Ավելի լավ կաներ, եթե կտրեր այն՝ նախքան այստեղ գալը, քանի որ չի կարող ավելի ցածր ձայնով խոսել, ― ասաց Մոնքսը խոժոռվելով։ ― Այդպես ուրեմն, նա ձեր ամուսինն է, հա՞։
― Նա՞, իմ ամուսինը, ― ժպտաց տեսչուհին խուսափելով պատասխանից։
― Ես այդպես էլ ենթադրեցի, երբ եկաք, ― շարունակեց Մոնքսը, նկատելով, թե ինչպես լեդին խոսելով բարկությամբ նայեց իր ամուսնուն։ ― Դա ինձ համար ավելի ձեռնտու է, որովհետև շատ ավելի ապահով է գործ ունենալ երկու մարդկանց հետ, որոնք մի կամք ունեն։ Որպեսզի դուք համոզվեք, թե ես որքան լուրջ եմ խոսում, ահավասիկ։
Նա ձեռքը խրեց գրպանը, այնտեղից հանեց մի կտավե տոպրակ և սեղանի վրա քսանհինգ հատ ոսկեդրամ հաշվելով ՝ հրեց դեպի կինը։
― Վերցրե՛ք, ― ասաց նա, ― վերցրեք, իսկ երբ այս անիծյալ որոտը, որ սպառնում է պայթել տան կտուրին, վերջանա, մենք կլսենք ձեր պատմությունը։
Որոտը, որ ենթադրվածից շատ ավելի մոտիկ պայթեց, ասես փշրվելով իրենց գլխների վրա, հանդարտվեց։ Մոնքսը գլուխը սեղանից վեր բարձրացրեց և կնոջ պատմությունը ունկնդրելու համար թեքվեց դեպի առաջ։ Երեքի դեմքերը համարյա հպվեցին իրար, որպեսզի կնոջ շշուկով ասված բառերը լավ լսեին։ Առաստաղից կախ տրված լապտերի հիվանդագին շողերը սաստկացնում էին նրանց դեմքի գունատությունն ու այնտեղ ուրվագծված տագնապալի արտահայտությունը, իսկ շրջապատի թանձր ու մռայլ ստվերները ահռելի տեսք էին տալիս նրանց դիմագծերին։
― Երբ այն կինը, որին մենք կոչում էինք պառավ Սելլի, մահացավ, ― սկսեց տեսչուհին, նա և ես մենակ էինք։
― Ուրիշ որևէ մեկը չկա՞ր ձեզ մոտ, ― հարցրեց Մոնքսը միևնույն խոր շշուկով, ― որևէ հիվանդ մի թշվառական կամ որևէ ապուշ մի այլ անկողնում։ Վերջապես որևէ մեկը, որ կարող էր լսել և հավանաբար հասկանալ ձեր ասածները։
― Ոչ մի ուրիշ էակ, ― պատասխանեց կինը, ― մենք մենակ էինք։ Ես մեն֊մենակ կանգնել էի դիակի մոտ, երբ մահը տարավ նրան։
― Լա՛վ, ― ասաց Մոնքսը, ուշադիր նայելով նրան։ ― Շարունակեցե՛ք։
― Նա խոսեց ինչ֊որ մանկահասակ կնոջ մասին, ― ասաց տեսչուհին, ― որը մի քանի տարի առաջ ծնունդ էր տվել մի երեխայի, ոչ միայն այդ նույն սենյակում, այլ և հենց այդ միևնույն անկողնում, որտեղ նա մահամերձ պառկած էր այդ ժամանակ։
― Աա՜, ― գոչեց Մոնքսը՝ դողացող շրթներով և ուսի վրայից ետ նայելով։ ― Նզո՜վք։ Ահա թե ինչպես են գաղտնիքները հայտնաբերվում։
― Այդ այն երեխան էր, որի մասին դու անցյալ երեկո խոսեցիր, ― ասաց տեսչուհին, գլխով անտարբեր կերպով ամուսնուն ակնարկելով, ― իսկ մայրը այն կինն էր, որին այդ հիվանդապահ քույրը կողոպտել էր։
― Նախքան մեռնե՞լը, ― հարցրեց Մոնքսը։
― Մեռնելուց հետո, ― պատասխանեց կինը՝ համարյա սարսռալով։ ― Դիակը դեռևս չսառած նա գողացել էր այն միակ բանը, որ երեխայի մայրը իր վերջին շնչում խնդրել էր նրանից ապահով պահել ի սեր երեխայի։
― Եվ նա վաճառե՞ց այդ, ― հուսահատությունից իրեն կորցրած գոչեց Մոնքսը։ ― Մի՞թե վաճառեց։ Որտե՞ղ։ Ե՞րբ։ Ո՞ւմ։ Որքան ժամանակ առաջ։
― Մեծ դժվարությամբ հազիվ այսքանն ասելուց հետո նա ընկավ բարձին ու մահացավ, ― ասաց տեսչուհին։
― Ուրիշ բան չասա՞ց, ― գոռաց Մոնքսը այնպիսի ձայնով, որ զսպված լինելու պատճառով ավելի կատաղի հնչեց։ ― Սո՜ւտ է։ Ես թույլ չեմ տա, որ ինձ ձեռ առնեք։ Նա ավելին ասած կլինի։ Երկուսիդ էլ կխեղդեմ, մինչև չիմանամ, թե ուրիշ էլ ինչ է ասել։
― Էլ ոչ մի բառ չարտասանեց, ― ասաց կինը, այդ տարօրինակ մարդու գործադրած ճնշման դեմ բոլորովին անայլայլ (մի բան, որ չէր կարելի ասել միստր Բամբըլի վերաբերմամբ), բայց իմ շրջազգեստը ամուր բռնեց մի ձեռքով, որը կիսով չափ փակված էր, և երբ տեսնելով, որ նա մեռած է, ձեռքը մի կերպ հեռացրի քղանցքիցս, տեսա, բռի մեջ մի կեղտոտ թղթի կտոր կա։
― Որը պարունակում էր․․․ ― ընդհատեց Մոնքսը վիզը ձգելով դեպի առաջ։
― Ոչ մի բան, ― պատասխանեց կինը, ― բացի գրավառուի ինչ֊որ ստացականից։
― Ի՞նչ բանի համար, ― հարցրեց Մոնքսը։
― Համբերեցե՛ք, երբ ժամանակը գա կպատմեմ, ― ասաց կինը։ ― Ենթադրում եմ, որ նա զարդեղենը որոշ ժամանակ պահել է իր մոտ, հուսալով, թե գուցե առիթը կներկայանա ավելի լավ նպատակի համար օգտագործելու, և այնուհետև դրել է գրավառուի մոտ։ Զարդեղենը ձեռքից բաց չթողնելու համար նա իր փոխ առած գումարի տոկոսը տարիներ շարունակ դժվարությամբ ու մեծ զրկանքներով վճարել է, որպեսզի հարկ լինելու դեպքում իսկույն կարողանա ետ վերցնել։ Սակայն, իր ծրագրերին հակառակ, դա ոչնչի պետք չի եկել, և ինչպես պատմեցի, նա մահացավ ճմլված ու պատառոտված թղթի կտորը ձեռքին։ Երկու օրից ժամկետը լրանում էր․ ես նույնպես մտածեցի, որ գուցե մի օր որևէ բանի պետք կգա, ուստի գրավականը տալով՝ իրը վերցրի։
― Որտե՞ղ է այդ իրը հիմա, ― անմիջապես հարցրեց Մոնքսը։
― Այստեղ, ― պատասխանեց կինը։ ― Եվ կարծես ուրախացած դրանից ազատվելու համար, շտապով սեղանի վրա գցեց նուրբ կաշվից պատրաստված մի փոքրիկ քսակ, հազիվ մի ֆրանսիական ժամացույցի չափսի։ Մոնքսը դողդողացող ձեռքերով հափշտակեց և իսկույն բաց արեց։ Քսակի մեջ կար ոսկյա մի փոքրիկ մեդալիոն, որի մեջ դրված էին երկու գիսակ և մի պարզ, ոսկյա ամուսնական մատանի։
― Մատանու ներսի կողմը փորագրված է «Ագնես» բառը, ― ասաց կինը։ ― Ազգանվան տեղը բաց է թողնված․ ապա հետևում է տարեթիվը, որը երեխայի ծննդից մի տարի առաջ է։ Այդ մեկը ես ստուգել եմ։
― Եվ ա՞յդ է բոլորը, ― հարցրեց Մոնքսը, փոքրիկ ծրարի պարունակությունը ուշադիր ու մանրազնին քննելուց հետո։
― Բոլորը, ― պատասխանեց կինը։
Միստր Բամբըլը խոր շունչ քաշեց, ասես նրա ուսերից մի բեռ էր գլորվել, որ պատմությունը վերջացել էր և քսանհինգ ֆունտը վերադարձնելու մասին ոչ մի հիշատակություն չկար։ Սրտապնդվելով, նա դեմքից սրբեց քրտինքը, որ ամբողջ զրույցի ընթացքում առատորեն հոսել էր քթի վրայից։
― Պատմության մասին, բացի իմ ենթադրություններից, ոչինչ չգիտեմ, ― կարճ լռությունից հետո խոսքը Մոնքսին ուղղելով ասաց տեսչուհին, ― և ոչինչ էլ իմանալ չեմ ցանկանում, որովհետև այդպես ավելի ապահով է։ Միայն թույլ տվեք ձեզ երկու հարց տալ։
― Կարող եք, ― որոշ զարմանք արտահայտելով ասաց Մոնքսը, ― բայց ես կպատասխանեմ այդ հարցերին թե ոչ, այդ էլ ուրիշ հարց է։
― Որը կազմում է երեք հարց, ― նկատեց միստր Բամբըլը, փորձելով սրախոսել։
― Ա՞յդ էր ձեր ակնկալած տեղեկությունը ինձնից, ― հարցրեց տեսչուհին։
― Այո՛, ― պատասխանեց Մոնքսը։ ― Մյուս հարցը՞։
― Ի՞նչ եք մտադիր անել այդ իրով։ Կարո՞ղ է պատահել, որ մի օր դա օգտագործվի իմ դեմ։
― Երբե՛ք, ― ասաց Մոնքսը, ― և ոչ էլ իմ դեմ։ Այստե՛ղ նայեցեք։ Բայց չշարժվե՛ք, այլապես ձեր կյանքը մի ծղոտի արժեք էլ չի ունենա։
Այս խոսքերով՝ նա անվավոր սեղանը հանկարծ մի կողմ հրեց և տախտակամածի վրայից մի երկաթյա օղակ վեր քաշելով՝ բաց արեց մի մեծ գաղտնի դուռ։ Դուռը անմիջապես միստր Բամբըլի աչքերի մոտ էր գտնվում, որի պատճառով այդ ջենթլմենը սփրթնած ետ քաշվեց։
― Վա՛ր նայեցեք, ― ասաց Մոնքսը լապտերը իջեցնելով վիհի մեջ։ ― Մի՛ վախենաք։ Ես ձեզ շատ հանգիստ կարող էի ցած գլորել, երբ դուք նստած էիք դրա վրա, եթե իմ նպատակը այդ լիներ։
Այս խոսքերից քաջալերված, տեսչուհին մոտեցավ վիհի եզրին, և նույնիսկ ինքը՝ միստր Բամբըլը,հետաքրքրությունից դրդված, խիզախեց նույն անել։ Անձրևից վարարած պղտոր ջուրը մոլեգին հորձանքով հոսում էր ներքևում և այնպիսի շռնդալից թափով էր խփում տիղմով ծածկված ցցերին, որ մյուս բոլոր ձայները խլանում էին այդ աղմուկի մեջ։ Ժամանակին ինչ֊որ ջրաղաց էր գոյություն ունեցել այնտեղ։ Փրփրած ու կատաղած հոսանքը բախվում էր մի շարք փտած սյուների և մեքենաների բեկորների (որոնք իզուր փորձում էին դրա գահավեժ ընթացքը կասեցնել) և, ասես ձերբազատված այդ արգելքներից, նորոգված թափով ընթանում էր առաջ։
― Եթե մի մարդու դիակ շպրտեք այնտեղ, ո՞ւր կհասնի մինչև առավոտ, ― ասաց Մոնքսը, լապտերը մթին վիհի մեջ ետ ու առաջ ճոճելով։
― Տասներկու մղոն գետն ի վար, և նաև վերածված բազմաթիվ կտորների, ― պատասխանեց Բամբըլը՝ կծկվելով այդ մտքից։
Մոնքսը փոքրիկ կապոցը դուրս քաշեց ծոցից, ուր շտապ թաքցրել էր, և այն կապելով մի ինչ֊որ կապարային ծանրության, գցեց հոսանքի մեջ։ Կապոցը հազիվ լսելի ճողփյունով ճեղքեց ջուրը և անհետացավ։
Երեքը նայեցին իրար և ասես ավելի ազատ շունչ քաշեցին։
― Դե՛, ― ասաց Մոնքսը, փակելով գաղտնի դուռը, որը դղրդոցով ընկավ իր նախկին տեղը։ ― Եթե ծովը իր մեռելը երբևիցե դուրս տա, ինչպես գրքերը հաստատում են, ապա նա ոսկին և արծաթը կպահի իրեն, որոնց հետ նաև այս բոլորը։ Մենք այլևս ոչինչ չունենք ասելու, և լավ կլինի, որ վերջ տանք այս հաճելի տեսակցությանը։
― Իհարկե, ― նկատեց միստր Բամբըլը աշխուժությամբ։
― Անշուշտ գիտեք, որ այս մասին հարկավոր չէ շաղակրատել, ― սպառնական հայացքով նկատեց Մոնքսը։ ― Ինչ վերաբերում է ձեր կնոջը, ապա ես նրանից երկյուղ չունեմ։
― Կարող եք հանգիստ լինել և իմ նկատմամբ, երիտասա՛րդ, ― պատասխանեց միստր Բամբըլը ծայրահեղ քաղաքավարությամբ և աստիճանաբար խոնարհվելով դեպի ներքև տանող սանդուղը։ ― Մեր բոլորիս ապահովության համար, երիտասարդ, իմ ապահովության համար, դուք այդ գիտեք, միստր Մոնքս։
― Ուրախ եմ, որ այդպես եք մտածում, ― նկատեց Մոնքսը։ ― Այժմ վառեցե՛ք ձեր լապտերը և շտապ հեռացե՛ք այստեղից։
Բարեբախտաբար խոսակցությունը այս կետում վերջացավ, այլապես միստր Բամբըլը, որը գտնվում էր սանդուղից վեց մատնաչափ հեռավորության վրա, անպայման գլորված կլիներ ներքևի սենյակը։ Նա իր լապտերը վառեց այն կանթեղից, որ Մոնքսը անջատել էր պարանի ծայրից, և առանց զրույցը շարունակելու որևէ փորձ անելու լուռ իջավ ցած։ Կինը հետևեց նրան։ Մոնքսը աստիճանների վրա մի պահ կանգ առավ, ստուգեց շուրջը և, տեսնելով որ անձրևի միալար աղմուկից ու ջրի ամեհի շառաչից բացի ուրիշ որևէ անհանգստացուցիչ ձայն չկար, հետևեց նրանց։
Նրանք ներքևի սենյակով շատ կամաց ու զգույշ անցան, քանի որ Մոնքսը ամեն չնչին ստվերից սարսափով ցնցվում էր։ Իսկ միստր Բամբըլը, լապտերը գետնից մեկ ոտք բարձր բռնած, ոչ միայն արտակարգ զգուշությամբ էր քայլում, այլև իր ծանր կազմվածքի համեմատ զարմանալի ճկունությամբ էր շարժվում, միաժամանակ ջղաձգորեն շուրջը նայելով, թե արդյոք նորից գաղտնի դռների չե՞ն պատահելու։ Մոնքսը անաղմուկ բացեց այն դարպասը, որից մուտք էին գործել, ամուսնացյալ զույգը, միայն գլխի թեթև շարժումով հրաժեշտ տալով այդ խորհրդավոր անծանոթին դուրս եկավ փողոց և անձրևի ու թանձր խավարի միջով ուղղվեց դեպի տուն։
Նրանց գնալուց անմիջապես հետո Մոնքսը, որը մենակությունից սարսափում էր, ձայն տվեց ներքևում ինչ֊որ տեղ թաքնված մի տղայի։ Կարգադրելով նրան առջևից գնալ և ճանապարհը լուսավորել, նա նորից վերադարձավ այն սենյակը, որտեղից նոր ցած էր իջել։
Երեսունիններորդ գլուխ
Հանդես է բերում մի շարք պատվարժան մարդկանց, որոնց հետ ընթերցողը արդեն ծանոթ է, և պատմում է այն մասին, թե Մոնքսը և հրեան ինչպես խորհրդակցեցին իրար հետ
Նախորդ գլխում նշված երեք արժանավորների գործը ավարտվելու հաջորդ երեկոյան միստր Վիլյամ Սայքսը, զարթնելով քնից, բայց դեռևս քնաթաթախ վիճակում, քրթմնջալով հարցրեց, թե գիշերվա ժամը քանիսն է։
Սենյակը, որտեղ միստր Սայքսը այդ հարցը տվեց, այն սենյակներից չէր, որ նա զբաղեցրել էր նախքան Չերթսիի արշավանքը, թեև գտնվում էր քաղաքի նույն թաղամասում, և շատ հեռու չէր իր հին բնակարանից։ Արտաքուստ այնքան էլ ցանկալի մի բնակատեղի չէր այն, ինչպես նախկինը, քանի որ հասարակ ու վատ կահավորված մի հարկաբաժին էր, շատ սահմանափակ տարածությամբ, կառուցված նեղ ու կեղտոտ մի նրբանցքում և լուսավորված երկթեք տանիքի վրա գտնվող մի փոքր լուսամուտից միայն։ Ուրիշ ապացույցենր ևս չէին պակասում վկայելու, որ բարի ջենթլմենը վերջերս ձախողվել էր կյանքում։ Կահույք, հանդերձանք, սպիտակեղեն և նման շարժական իրեր բոլորովին անհետացել էին, հանգստավետության մասին խոսող ոչ մի երևույթ չկար․ ծայր աստիճանի չքավորություն էր տիրում։ Իսկ եթե այս բոլորը բավարար հիմք չէին դիտողին համոզելու այդ հարցում, ապա միստր Սայքսի վտիտ ու նիհար դեմքը կարող էր լրիվ կերպով հաստատել վերոհիշյալ դրույթը։
Ավազակը պառկած էր մահճակալի վրա, սենեկազգեստի փոխարեն փաթաթված սպիտակ վերարկուի մեջ։ Գլխին դրել էր մի կեղտակուր գիշերային թասակ։ Սև մորուքով ծածկված դեմքը, հակառակ հիվանդության դրոշմած մեռելային գույնին, իր խստաբարո արտահայտությունը բոլորովին չէր կորցրել։ Շունը նստած էր անկողնու մոտ և մերթ ուշադիր տիրոջն էր նայում, մերթ ներքևից կամ փողոցից լսած որևէ աղմուկի հետևանքով ականջները լարելով, մռլտում էր։ Լուսամուտի առջև նստած էր մի ինչ֊որ կանացի կերպարանք և կարկատում էր մի հին բաճկոն, որ ավազակի առօրյա հանդերձանքի մի մասն էր կազմում։ Նա այնքան գունատ էր, զրկանքի և գերհոգնածության պատճառով, որ դժվար էր ճանաչել նրան։ Միայն ձայնն էր հիշեցնում Նենսիին, այն Նենսիին, որին արդեն հանդիպել ենք սույն գրքի նախորդ էջերում։ Աղջիկը միստր Սայքսի հարցումին պատասխանելով՝ ասաց․
― Յոթից մի քիչ անց։ Այս գիշեր քեզ ինչպե՞ս ես զգում, Բիլլ։
―Ջրի նման թույլ, ― իր աչքերի ու մարմնի մյուս անդամների վրա լուտանքներ թափելով պատասխանեց միստր Սայքսը։ ― Հե՜յ, եկ օգնիր ինձ, որ այս անիծյալ անկողնուց մի կերպ դուրս գամ։ Լսո՞ւմ ես։
Հիվանդությունը միստր Սայքսի բնավորությունը չէր փոխել, քանի որ, երբ աղջիկը նրան անկողնուց բարձրացրեց և օգնեց աթոռին նստելու, նա զանազան հայհոյանքներ քրթմնջաց նրա անճարակության վրա և խփեց։
― Կաղկանձում ես, հա՞, ― ասաց Սայքսը։ ― Դե՛, տզզալով մի կանգնիր իմ դեմ։ Որ դրանից ավելի լավ բան չես կարող անել, կորի՛ր այստեղից։ Լսո՞ւմ ես։
― Լսում եմ, ― պատասխանեց աղջիկը, դեմքը շուռ տալով և հարկադրաբար ծիծաղելով։ ― Հիմա ի՞նչ միտք ծագեց գլխումդ։
― Օ՜հ, արդեն որոշել ես կարգին լինել, հա՞, ― քրթմնջաց Սայքսը, նկատելով աղջկա աչքում փայլող արցունքի կաթիլը։ ― Ավելի լավ քեզ համար, եթե այդպես է։
― Օ՜հ, Բի՛լլ, գեթ այս գիշեր ինձ հետ կոպիտ չես վարվի, այնպես չէ՞,― ձեռքը նրա ուսին դնելով ասաց աղջիկը։
― Պա՛հ, ― գոռաց միստր Սայքսը, ― իսկ ինչո՞ւ։
― Այնքա՜ն երկար գիշերներ, ― ասաց աղջիկը, հազիվ նկատելի կանացի քնքշությամբ, որը նույնիսկ նրա ձայնը դարձրեց ավելի ախորժալուր, ― այնքա՜ն երկար գիշերներ համբերությամբ հսկել և երեխայի նման խնամել եմ քեզ։ Այս առաջին գիշերն է, որ քեզ բավականին լավ ես զգում, մի՞թե այդպես կվարվեիր ինձ հետ, եթե ավելի լուրջ մտածեիր։ Ասա՛, որ այդպես չէիր անի, դե՛, ասա՛։
― Լա՛վ, լա՛վ, ― վրա բերեց միստր Սայքսը, ― ասենք չէի անի, պրծա՞նք։ Վա՛հ, գրողը ինձ տանի, աղջիկը նորից է հեկեկում։
― Ոչինչ, ― ասաց աղջիկը, իրեն գցելով մի աթոռի վրա։ ― Ուշադրություն մի՛ դարձնի։ Շուտով կանցնի։
― Ի՞նչը կանցնի, ― վայրագ ձայնով հարցրեց միստր Սայքսը։ ― Դարձյալ ի՞նչ գժություն ես ծրագրում։ Վե՛ր կաց ու զբաղվի՛ր քո գործերով և քո կանացի հիմարություններով գլուխս մի տանի։
Որևէ այլ ժամանակ, այս ձևով տրված ազդարարությունը անպայման ցանկալի արդյունքը կտար, բայց աղջիկը, իսկապես տկար ու ուժասպառ լինելով, գլուխը դրեց աթոռի հենակին և ուշաթափվեց, նախքան միստր Սայքսը կկարողանար արձակել իր պատշաճ հայհոյանքներից մի քանիսը, որոնք նման պարագաներում առհասարակ զարդարում էին իր սպառնալիքները։ Լավ չիմանալով, թե ինչ է հարկավոր անել, ― որովհետև միսս Նենսիի նոպաները սովորաբար այն սաստիկ տեսակիցն էին, որ հիվանդը ինքը պետք է ճգներ ու պայքարեր դրանք հաղթահարելու համար, առանց հատուկ օգնության, ― միստր Սայքսը, այս անակնկալ դեպքից շփոթված, նախ մի քանի հայհոյանք փորձեց , ապա գտնելով, որ բուժման այդ միջոցը բոլորովին ապարդյուն է, օգնություն կանչեց։
― Ի՞նչ է պատահել, սիրելի՛ս, ― ասաց Ֆեգինը ներս նայելով։
― Օգնի՛ր աղջկան, չե՞ս տեսնում, ― անհամբերությամբ պատասխանեց Սայքսը։ ― Ի՞նչ ես կանգնած շատախոսում և անմտորեն ժպտում։
Զարմանքի բացականչությամբ՝ Ֆեգինը փութաց աղջկա մոտ, մինչդեռ միստր Ջոն Դոքինզը (այսինքն Հնարամիտ Ստահակը), որը իր մեծարգո բարեկամի հետ ներս էր մտել, շտապ հատակի վրա դրեց մի մեծ կապոց և իրեն ընկերակցող Վարպետ Չարլզ Բեյթսի ձեռքից մի շիշ խնդրելով՝ ատամներով մի ակնթարթում խցանը հեռացրեց և, սխալներ կանխելու նպատակով մի քիչ համտեսելուց հետո, պարունակության մի մասը հոսեցրեց հիվանդի կոկորդն ի վար։
― Փուքսով մաքուր օդի հոսանք առաջացրու, Չա՛րլի, ― ասաց միստր Դոքինզը։ ― Դու շփիր նրա ձեռքերը, Ֆե՛գին, իսկ Բիլը թող արձակի նրա ներքնազգեստը։
Մեծ աշխուժությամբ տնօրինված այս կազդուրիչ միջոցառումները, հատկապես Վարպետ Բեյթսին հանձնված բաժինը, որը ասես նրան թվում էր աննման զվարճություն, չուշացան ցանկացած արդյունքը տալու։ Աղջիկը աստիճանաբար սթափվեց, երերուն քայլերով հասավ անկողնու մոտ դրված մի աթոռի և դեմքը թաղելով բարձի մեջ, հյուրերով զբաղվելու պարտականությունը թողեց միստր Սայքսին, որը բավականին զարմացած էր նրանց անակնկալ այցելությամբ։
― Հե՜յ, այդ ի՞նչ սատանի քամի է ձեզ այստեղ քշել, ― հարցրեց նա Ֆեգինին։
― Ոչ մի սատանի քամի, սիրելի՜ս, որովհետև սատանի քամին ոչ ոքի լավ բան չի բերում․ իսկ ես լավ բան եմ բերել ինձ հետ, որը մեծապես կուրախացնի քեզ։ Ստահա՛կ, սիրելի՛ս, բա՛ց արա կապոցը և տո՛ւր Բիլլին այն չնչին բաները, որոնց վրա մեր ամբողջ խնայողությունն ենք ծախսել այս առավոտ։
Միստր Ֆեգինի խնդրանքը կատարելով, Հնարամիտը քանդեց իր կապոցը, որը սեղանի մի հին սփռոց էր, և միջի իրերը առանձին֊առանձին տվեց Չարլի Բեյթսին։ Վերջինս բոլորը դրեց սեղանի վրա, բազմաթիվ գովեստներ շռայլելով, թե դրանք ինչպիսի հազվագյուտ և ընտիր բաներ են։
― Օ՜հ, ի՛նչ հիանալի կարկանդակ է, նապաստակի մսից, Բի՛լ, և որքա՜ն փափուկ անդամներ ունեն, նույնիսկ ոսկորները հալչում են բերնիդ մեջ։ Ահավասիկ յոթ շիլլինգ վեց պեննի արժողությամբ կես ֆունտ կանաչ թեյ, անպիտանը այնքան թունդ է, որ եթե եռացրած ջրի մեջ գցես, թեյամանի խուփը համարյա օդը կթռչի։ Մեկ ու կես ֆունտ շաքարավազ, որի վրա նեգրերը ինչքան աշխատանք են թափել այպիսի կատարելության հասցնելու համար։ Երկու հատ քառասունհինգ գրամանոց նկանակ հաց, մեկ ֆունտ թարմ կարագ, մի կտոր գլոստերյան յուղոտ պանիր և, ի լրում այս բոլորի, ամենաընտիր տեսակի խմիչք, որ երբևիցե կոնծել ես։
Այս վերջին գովասանքից հետո Վարպետ Բեյթսը իր լայնածավալ գրպաններից մեկից դուրս քաշեց բերանը խնամքով կնքված գինու մի մեշ շիշ․ ճիշտ նույն միջոցին միստր Դոքինզը իր ձեռքում գտնված շշից հիվանդի համար լցրեց մի բաժակ անարատ ըմպելիք, որ Սայքսը իր կոկորդից վար հասցրեց առանց վայրկենաչափ տատանման։
― Ա՛հ, ― ասաց Ֆեգինը, մեծ բավականությամբ ձեռքերը իրար շփելով։ ― Հիմա արդեն կկազդուրվես, Բիլլ, դու հիմա արդեն կկազդուրվես։
― Կազդուրվե՜լ, ― բացականչեց միստր Սայքսը, ― կարող էի քսան անգամ մահացած լինել, եթե սպասեի, որ ինձ օգնելու մասին մտածեիր։ Երեք շաբաթից ավելի ինձ այսպես լքված թողնելու նպատակդ ի՞նչ էր, խաբեբա դատարկապո՛րտ։
― Մի սրան լսեք, տղե՛րք, սրան լսեք, ― ասաց Ֆեգինը ուսերը թոթվելով, ― մենք այսքան հիանալի բաներ ենք բերել իր համար, իսկ ինքը ինչեր է ասում։
― Ձեր բերած բաները վատ չեն, իհարկե, ― սեղանին նայելով փոքր֊ինչ մեղմացած նկատեց միստր Սայքսը, ― բայց դու քո մասին ի՞նչ կասես։ Ինչպե՞ս կարելի էր ինձ այս վիճակում թողնել առանց դրամի, առանց օգնության, առանց որևէ բանում օժանդակություն ցույց տալու, ամբողջ ժամանակ ինձ վրա ուշադրություն չդարձնել, ասես այս շան չափ էլ արժեք չունեի ձեզ համար։ Մեզանից դե՛ն քշիր նրան, Չարլի։
― Այսքան հիանալի շուն կյանքումս չեմ տեսել, ― գոչեց վարպետ Բեյթսը, կենդանուն սեղանի մոտից հեռացնելով։ ― Ինչպե՜ս է հոտոտում ուտելիքը։ Կարծես շուկայում գնումներ կատարող մի պառավ լեդի լինի։ Թատերական ասպարեզում այդ շունը մեծ հարստություն կդիզեր, բացի այդ, ներկայացումներն էլ կաշխուժացներ։
― Ձայնդ կտրի՛ր, ― գոռաց Սայքսը, երբ շունը կծկվեց անկողնու տակ, բայց դեռ բարկացած մռլտում էր։ ― Իսկ դու ի՞նչ ունես ասելու քեզ արդարացնելու համար, հը՞, քոսոտ ծերուկ։
― Ես ավելի քան մի շաբաթ է մեր գործով բացակայում էի Լոնդոնից, սիրելի՛ս, ― պատասխանեց Հրեան։
― Իսկ մյուս տասնհինգ օրվա մասին ի՞նչ կասես, ― պահանջեց Սայքսը։ ― Այո՛, այն մյուս տասնհինգ օրվա մասին, երբ ինձ պառկած թողեցիր այստեղ՝ իր ծակում կուչ եկած առնետի պես։
― Ուրիշ ճար չկար, Բիլլ։ Այսքան մարդկանց ներկայությամբ հնարավոր չէ մանրամասն բացատրությունների մեջ մտնել, բայց պատվիս վրա երդվում եմ, որ իմ գնալը անհրաժեշտ էր։
― Ինչի՞դ վրա, ― ծայրահեղ զզվանքով քրթմնջաց Սայքսը։ ― Հե՜յ, տղերք, մեկնումեկդ այդ կարկանդակից մի կտոր կտրեք ինձ համար, որ բերնիս մեջ գոյացած զզվելի համը անցնի, թե չէ դրանից կխեղդվեմ։
― Մի՛ բորբոքվիր, սիրելի՛ս, ― թախանձեց Ֆեգինը զիջողաբար։ ― Ես քեզ երբեք չեմ մոռացել, Բիլլ, ոչ մի անգամ։
― Իհարկե՜ չես մոռացել, գրազ կգամ, որ չես մոռացել, դառն քմծիծաղով պատասխանեց Սայքսը։ ― Այն ժամանակ, երբ ես տառապել եմ տենդի և ջերմության մեջ, դու ամեն ժամ հազար ու մի դավեր ես նյութել, հազար ու մի ծրագիր կազմել, թե Բիլլը այս կանի, Թե Բիլլը այն կանի, թե երբ Բիլլը լավանա, այնքան հետին չքավորության մեջ կլինի, որ նա այդ ամենը կանի չափազանց չնչին վարձատրությամբ։ Եթե չլիներ այս աղջիկը, գուցե և մեռած լինեի։
― Ա՛յ, տեսնո՞ւմ ես, Բի՛լլ, ― վրա բերեց Ֆեգինը, իկույն կառչելով այդ բառերից։ ― Դու ասում ես՝ «եթե չլիներ այս աղջիկը»։ Իսկ ո՞ւմ միջոցով ձեռք բերեցիր այդ ճարպիկ ու խելացի աղջկան, եթե ոչ խեղճ ծերուկ Ֆեգինի։
― Ճիշտ է ասում, ― հաստատեց Նենսին, շտապ դեպի առաջ գալով։ ― Թո՛ղ նրա՛ն, Բիլլ, հանգիստ թող նրան։
Երբ Նենսին միացավ խմբին, խոսակցության նյութը փոխվեց, քանի որ տղաները, ինչ֊որ ակնարկ ստանալով խորամանկ ծեր Հրեայից, սկսեցին աղջկան խմիչքով հյուրասիրել, որից, սակայն, նա ընդունեց շատ չափավոր քանակությամբ։ Իսկ Ֆեգինը, ձևացնելով, որ ինքը շատ բարձր տրամադրության մեջ է, աստիճանաբար բարձրացրեց նաև միստր Սայքսի տրամադրությունը։ Նա իր զգացմունքները կեղծելով ցույց տվեց, որ իբրև թե նրա սպառնալիքները համարում է հաճելի կատակաբանություն․ ավելին, նա լիաթոք ծիծաղեց այն մի քանի կոպիտ սրամտությունների վրա, որ այդ արժանավոր ջենթլմենը բարեհաճեց անել, բազմիցս ըմպելիքի շշին դիմելուց հետո։
― Մի գրոշ անգամ չունեմ մոտս, ― ասաց Հրեան։
― Ոչինչ, տանը ահագին դեզեր ունես, ― վրա տվեց Սայքսը, ― այս գիշեր ես պետք է անպայման որևէ գումար ստանամ։
― Ահգին դեզե՜ր, ― գոչեց Ֆեգինը ձեռքերը վերև բարձրացնելով, ― նույնիսկ այնքան չունեմ, որ կարող էր ինձ․․․
― Չգիտեմ, թե որքան ունես, շատ հավանական է, որ ինքդ էլ չիմանաս ճշգրիտ քանակը, քանի որ բավական երկար ժամանակ է պետք այդ ամբողջ գումարը հաշվելու համար, բայց ինձ դրամ է հարկավոր այս գիշեր․ և այդ դրամը ես պետք է անպայման ունենամ։
― Լա՛վ, լա՛վ, ― հառաչելով ասաց Ֆեգինը։ ― Մի քիչ հետո Հնարամիտի հետ կուղարկեմ։
― Այդպիսի բան չես անի, ― առարկեց միստր Սայքսը։ ― Հնարամիտը չափից դուրս հնարամիտ է և երևի կմոռանա գալ, կամ ճամփան կկորցնի, կամ կընկնի ծուղակը և չի կարողանա դուրս գալ, կամ, վերջապես, իր չգալը արդարացնող որևէ բան կմտածի, և այդ դրամը ինձ երբեք չի հասնի։ Ո՛չ, գործի ապահովության համար Նենսին կգա ձեզ հետ և կբերի այդ գումարը, իսկ ես կպառկեմ և փոքր֊ինչ կքնեմ մինչև նրա վերադարձը։
Նրանք ապահով հասան Ֆեգինի բնակարանը, որտեղ Թոնի Քրեքիթը և միստր Չիթլինգը կլանված էին թղթախաղով, և որը, ավելորդ է ասել, միշտ էլ լինում էր առաջին ջենթլմենի օգտին։ Նրանք խաղում էին տասնհինգերորդ խաղը, երբ միստր Չիթլինգը, դարձյալ պարտվելով, ի մեծ զվարճություն իր փոքրիկ բարեկամների, կորցրեց իր տասնհինգերորդ և վերջին կես շիլլինգը։ Միստր Քրեքիթը անհարմար զգալով, որ իրեն գտել էին իրենից թե՛ դիրքով և թե՛ մտային կարողությամբ ցածր մի ջենթլմենի հետ խաղալիս, հորանջեց և, հարցնելով Սայքսի որպիսությունը, վերցրեց գլխարկը և պատրաստվեց մեկնելու։
―Ոչ ոք չի՞ եկել, Թո՛բի, ― հարցրեց Ֆեգինը։
― Ոչ մի շնչավոր էակ, ― պատասխանեց միստր Քրեքիթը օձիքը վեր բարձրացնելով։ ― Ձանձրույթից կարելի էր մեռնել։ Դու պետք է ինձ մի ընտիր բանով վարձատրես, Ֆե՛գին, որ այսքան երկար ժամանակ տանը պահակ կանգնեցի։ Սատանան տանի, երդվյալ դատավորի նման բթացել եմ և եթե չզբաղվեի այս պատանուն զվարճացնելով, այնքան խոր կքնեի, որ ականջիս տակ թմբուկ էլ զարկեիք, չէի զարթնի։ Ձանձրույթից կարելի էր տրաքվել։ Անիծված լինեմ, եթե ճիշտ չեմ ասում։
Նման բացականչություններով միստր Թոբի Քրեքիթը հավաքեց իր շահած դրամները և գոռոզաբար դրեց բաճկոնի գրպանը, կարծես կամենալով ասել, թե այդպիսի չնչին գումարներ ոչ մի արժեք չեն ներկայացնում իր նման անձնավորությունների համար։ Ապա սենյակից դուրս եկավ այնպես մեծաշուք ու վայելուչ քայլվածքով, որ միստր Չիթլինգը հիացմունքով նայեց նրա սրունքներին և երկարաճիտ կոշիկներին, մինչև նրանք անհետացան տեսողությունից, ու հետո հավաստիացրեց խմբին, թե իր կորստի համար բոլորովին չի ափսոսում։ Ընդհակառակն, նա գտնում էր, որ շատ ձեռնտու էր այդքան էժան գնով տեսակցություն ապահովել այդպիսի հիանալի մի ջենթլմենի հետ։
― Ինչ տարօրինակ մարդ ես, Թ՛ոմ, ― ասաց Վարպետ Բեյթսը, մեծապես զվարճացած այդ հայտարարությունից։
― Ամենևին, ― պատասխանեց միստր Չիթլինգը։ ― Մի՞թե ես տարօրինակ եմ, Ֆե՛գին։
― Ընդհակառակը, շատ խելացի տղա ես, սիրելի՛ս, ― ասաց Ֆեգինը նրա ուսը շոյելով և մյուս աշակերտներին աչքով անելով։
― Միստր Քրեքիթը շատ հայտնի անձնավորություն է, այնպես չէ՞, Ֆե՛գին, ― հարցրեց Թոմը։
― Անկասկած, սիրելիս։
― Նրա հետ ծանոթություն ունենալը պատիվ է, այնպես չէ՞, Ֆե՛գին, ― շարունակեց Թոմը։
― Իհարկե՜, իհարկե՜, չափազա՜նց, սիրելիս։ Որովհետև նրանց հետ նա նույն մտերմությունը չի հաստատում, նրանք նախանձում են, Թո՛մ, բացարձակ նախանձում են։
― Ա՜հ, ― գոչեց Թոմը հաղթական, ― հիմա հասկացա։ Ճիշտ է, նա իմ ամբողջ ունեցածը տարավ, բայց ինչ նշանակություն ունի, երբ որ ցանկանամ, նորից կվաստակեմ, այնպես չէ՞, Ֆե՛գին։
― Անպայմա՛ն, անպայմա՛ն, և որքան շուտ գնաս, այնքան շահավետ է քեզ համար, Թո՛մ, հետևաբար աշխատիր քո կորուստը շուտ ծածկել։ Էլ ժամանակ մի՛ կորցնի։ Ստահա՛կ, Չա՛րլի, դեպի գործ։ Շարժվե՛ք, ժամը համարյա տասն է, և դեռ ոչինչ չի արվել։
Հնազանդվելով Հրեայի այս ակնարկությանը, տղաները գլխով արեցին Նենսիին և իրենց կեպիները վերցնելով դուրս եկան։ Ճանապարհին նրանք զանազան սրախոսություններով երկար ծիծաղեցին միստր Չիթլինգի վրա, որի վերաբերմունքի մեջ, հանուն արդարության պետք է ասել, արտառոց ոչինչ չկար, քանի որ մայրաքաղաքում կան բազմաթիվ ժիր երիտասարդներ, որոնք բարձր խավի մարդկանց ընկերակցության մեջ տեսնվելու համար շատ ավելի թանկ են վճարում, քան միստր Չիթլինգը, և կան ստվար թվով ընտիր ջենթլմեններ (հենց այդ վերոհիշյալ բարձր խավը կազմող), որոնք համբավի են հասել համարյա այն միևնույն ճանապարհով, ինչպես ճարտար Տոնի Քրեքիթը։
― Իսկ այժմ, ― ասաց Ֆեգինը, երբ նրանք սենյակից դուրս եկան, ― այժմ գնամ բերեմ խոստացած գումարը, Նե՛նսի։ Սա բանալին է մի փոքրիկ պահարանի, որտեղ տղաների բերած զանազան իրերն եմ պահում, սիրելի՛ս։ Չկարծես, որ սա դրամարկղի բանալի է․ ես դրամ չունեմ, որ արկղ ունենամ կամ թե հարկադրված լինեմ բանալիով կողպել։ Ո՛չ, ո՛չ, սիրելիս, ես բոլորովին դրամ չունեմ․․․ Հա՛, հա՛, հա՛, բոլորովին չունեմ։ Անշնորհակալ գործ է իմ արածը, Նե՛նսի, և համարյա ոչ մի շահ էլ չկա, բայց ես սիրում եմ երիտասարդներով շրջապատված լինել․ և այդ բոլորը հանդուրժում եմ, այո՛, այդ բոլորը հանդուրժում եմ։ Լռությո՜ւն, ― ասաց նա, բանալին խուճապահար ծոցում թաքցնելով, ― ո՞վ է։ Ապա՛, ակա՛նջ դիր։
Աղջիկը, որ թևերը ծալած նստել էր սեղանի առջև, բոլորովին անտարբեր էր երևում եկվորի նկատմամբ, և կարծես թե իր համար միևնույն էր, թե այդ անձը, ― ով էլ լիներ, ― գալի՞ս է, թե գնում։ Բայց երբ ականջին տղամարդու մի ձայն հասավ, նա գլխարկն ու շալը պոկեց և կայծակի արագությամբ շպրտեց սեղանի տակ։ Դրանից անմիջապես հետո, երբ Հրեան շրջվեց դեպի նրա կողմը, աղջիկը գանգատվեց շոգից այնպիսի անվրդով ու նվաղկոտ ձայնով, որ զարմանալիորեն հակասում էր նրա քիչ առաջվա տագնապալի դրությանը։ Բայց Հրեան չէր նկատել այդ, քանի որ հիշյալ ժամանակ նա մեջքով դարձած էր դեպի աղջիկը։
― Պա՛հ, ― շշնջաց նա, ասես զայրացած՝ գործը ընդհատվելու պատճառով․ ― այդ այն մարդն է, որին սպասում էի։ Նա աստիճաններով իջնում է ցած։ Նրա այստեղ եղած ժամանակ դրամի մասին ոչ մի խոսք, Նե՛նս։ Նա երկար չի մնա։ Տասը րոպե էլ չի մնա, սիրելի՛ս։
Կմախքացած ցուցամատը դնելով շուրթին, Հրեան մոմը վերցրեց ու գնաց դեպի դուռը։ Դրսի աստիճանների վրա ինչ֊որ մարդու ոտնաձայն լսվեց։ Եվ ճիշտ այն միջոցին, երբ Հրեան հասավ դռանը, այցելուն արագությամբ ներս մտավ։ Նա անգիտակցաբար հայտնվեց աղջկա մոտ, նախքան նրան նկատելը։
Այդ մարդը Մոնքսն էր։
― Իմ երիտասարդ աշակերտներից մեկը, ― ասաց Ֆեգինը, երբ Մոնքսը անծանոթ մեկին տեսնելով ետ քաշվեց։ ― Տեղիցդ չշարժվես, Նե՛նսի։
Աղջիկը ավելի մոտեցավ սեղանին և անհոգությամբ Մոնքսին նայելով՝ աչքերը խոնարհեց։ Բայց երբ վերջինը փոքր֊ինչ շուռ եկավ Ֆեգինի ուղղությամբ, նա այնպես սուր, թափանցող ու նշանակալից մի հայացք գցեց նրա վրա, որ փոփոխությունը նկատող որևէ դիտող դժվար կհավատար, թե այդ երկու հակասական հայացքները պատկանում էին նույն անձնավորությանը։
― Որևէ նորությո՞ւն, ― հարցրեց Ֆեգինը։
― Մե՜ծ նորություններ։
Եվ․․․ և․․․ լա՞վ նորություններ, ― վարանքով հարցրեց Ֆեգինը։ Նա կարծես վախենում էր, որ շատ անհամբեր երևալով՝ կարող էր մյուսին զայրացնել։
― Համենայն դեպս ո՛չ վատ, ― ժպտալով պատասխանեց Մոնքսը։ ― Այս անգամ արդեն ճշտապահ եմ, այնպես չէ՞։ Հարկավոր է մի քանի րոպե առանձին խոսել քեզ հետ։
Աղջիկը ավելի մոտեցավ սեղանին և չնայած տեսնում էր, որ Մոնքսը իրեն էր մատնացույց անում, այնուամենայնիվ, չառաջարկեց դուրս գալ սենյակից։ Հրեան, գուցե վախենալով, որ եթե փորձեր ազատվել նրանից, աղջիկը կարող էր դրամի մասին հայտնել, մատնացույց արեց վերևի հարկը և Մոնքսին դուրս տարավ սենյակից։
― Չլինի՞ թե ինձ նորից տանում ես այն որջը, ուր անցյալ անգամ եղանք, ― լսվեց անծանոթի ձայնը, երբ Հրեայի հետ աստիճաններով բարձրանում էր վերև։ Ֆեգինը ծիծաղեց և ինչ֊որ բան ասաց, որ չհասավ աղջկան, բայց տախտակամածի խարխուլ գերանների ճռնչյունից աղջիկը ենթադրեց, որ Հրեան իր զրուցակցին երկրորդ հարկն է առաջնորդում։
Նրանց ոտնաձայների արձագանքը դեռ չէր լռել, երբ աղջիկը կոշիկները հանեց, թևերը թաքցրեց գլխին գցած հագուստի քղանցքների մեջ և դռան առաջ կանգնելով՝ լարված ուշադրությամբ ականջ դրեց։ Երբ աղմուկը դադարեց, նա իսկույն դուրս սահեց սենյակից, ծայրահեղ զգուշությամբ ու անշշուկ բարձրացավ աստիճաններով և անհետացավ վերևի թանձր խավարում։
Սենյակը մոտավորապես քառորդ ժամ թափուր մնաց, ապա աղջիկը նույն եթերային քայլվածքով վերադարձավ, որից անմիջապես հետո լսվեց մյուս երկու մարդկանց աստիճաններից իջնող ոտնաձայնը։ Մոնքսը իսկույն փողոց դուրս եկավ, իսկ Հրեան նորից սողոսկեց դեպի վերևի հարկը՝ դրամը բերելու համար։ Երբ վերադարձավ, աղջիկը շալն ու գլխանոցն էր դնում, կարծես մեկնելու պատրաստվելով։
― Պա՛հ, Նե՛նս, ― բացականչեց Հրեան, մոմը սեղանին դնելիս ցնցվելով և ընկրկելով, ― որքա՜ն գունատ ես։
― Գունա՜տ, ― արձագանքեց աղջիկը և, կարծես աշխատելով նրա հայացքը անայլայլ փոխադարձել, ձեռքերով աչքերը ստվերեց։
― Սոսկալի՜ գունատ։ Ինչո՞վ էիր զբաղված։
Ոչնչով, որքան ես գիտեմ, ― անտարբեր պատասխանեց աղջիկը։ ― Իսկ այս հեցձուցիչ վայրում ինչքան երկար սպասեցրիր ինձ։ Դե շտապի՛ր Ֆեգին, շտապի՛ր, որ տուն վերադառնամ։
Արծաթի յուրաքանչյուր կտորի համար հառաչելով, Ֆեգինը հաշվեց դրամը և տվեց աղջկան։ Նրանք պարզապես «բարի գիշեր» մաղթեցին իրար ու բաժանվեցին առանց ուրիշ որևէ այլ բառ փոխանակելու։
Երբ աղջիկը փողոց դուրս եկավ, նա այնքան շփոթված էր, որ չկարողանալով ճամփան շարունակել, նստեց մի դռան շեմքին ու այդպես է մնաց մի քանի րոպե։ Բայց ընդոստ վեր ցատկեց և բոլորովին հակառակ ուղղություն վերցնելով դեպի այն տունը, որտեղ Սայքսը սպասում էր իրեն, սկսեց այնպես արագ քայլել, որ աստիճանաբար այդ ընթացքը վերածվեց ուժեղ վազքի։ Երբ այլևս շնչակտուր եղած մի րոպե կանգ առավ, որ հանգստանա, ասես հանկարծ անդրադարձավ, որ անկարող էր անել այն, ինչ մտադրվել էր, ձեռքերը հուսահատ տրորելով՝ սկսեց սաստիկ արտասվել։
Արդյոք արցունքները թեթևացրի՞ն աղջկան, թե հուսահատ դրության գիտակցությունը հարկադրեց նրան փոխել իր միտքը, չգիտենք, համենայն դեպս, նա ետ դարձավ և, մասամբ կորցրած ժամանակը շահելու, մասամբ էլ իր մտքերի ուժգին հորձանքին հավասարվելու համար, սկսեց նույն արագ ընթացքով վազել հակառակ ուղղությամբ և շուտով հասավ այն բնակարանը, որտեղ թողել էր ավազակին։
Եթե աղջիկը ներկայանալով միստր Սայքսին, չկարողացավ թաքցնել իր ներքին փոթորիկը և որոշ չափով մատնեց իրեն, միստր Սայքսը այնքան տարված էր դրամի հարցով, որ բոլորովին չնկատեց այդ։ Նա պարզապես հարցրեց, թե խոստացած գումարը բերե՞լ է, և երբ ստացավ դրական պատասխան, գուհունակություն արտահայտող ինչ֊որ բառեր քրթմնջաց, ապա ընկավ բարձին ու նորից քնեց։
Աղջկա համար մեծ բարեբախտություն էր, որ դրամի առկայությունը ավազակին զբաղված պահեց հաջորդ օր։ Նա ամբողջ օրը անցկացրեց ուտելով ու խմելով և այդ հաճելի զբաղմունքների բարերար ազդեցության տակ նրա բնավորության խստությունը այնքան մեղմացավ, որ աղջկա վարմունքի նկատմամբ բծախնդրություն ցուցաբերելու ո՛չ ժամանակ ունեցավ, ո՛չ էլ տրամադրություն։ Կասկած չկա, որ եթե միստր Սայքսի փոխարեն Ֆեգինը լիներ նրա մոտ, անպայման կնկատեր այն ամենը, ինչ կատարվում էր այդ դեռատի լեդիի հետ։ Նրա սրատես աչքից չէր վրիպի այն հանգամանքը, որ աղջիկը ապրում էր արտակարգ հոգեվիճակ։ Նա իսկույն կթափանցեր իրերի խորքը և կտեսներ, որ այդ աղջիկը նման էր մեկի, որ բուռն հոգեկան պայքարից հետո ինչ֊որ որոշման է հանգել և հանդուգն ու խիզախ մի քայլ անելու նախօրյակին է գտնվում։ Բայց քանի որ միստր Սայքսը զուրկ էր այդ նրբությունները զանազանելու ընդունակությունից, և քանի որ բոլորի նկատմամբ նա ուներ չոր ու անհաղորդ մոտեցում և ավելին, լինելով բացառիկ ուրախ տրամադրության մեջ, ինչպես վերևում նշել ենք, նա անսովոր ոչինչ չտեսավ աղջկա վարմունքի մեջ, և արդարև այնքան քիչ աչք դարձրեց նրան, որ անգամ եթե նրա հուզմունքը լիներ ավելի բացահայտ, հազիվ թե կարողանար այդ արժանավոր ջենթլմենի սրտում որևէ կասկած հարուցել։
Երեկոյան աղջկա հուզմունքը կրկնապատկվեց, իսկ երբ գիշերը վրա հասավ, և նստեց ավազակի մոտ՝ սպասելով, որ խմիչքի ազդեցության տակ քուն մտնի, նրա դեմքը այնքան գունատ էր, և աչքերի մեջ այնպիսի կրակ էր վառվում, որ նույնիսկ Սայքսը մեծապես զարմացավ նկատելով այդ։
Միստր Սայքսը տենդից ուժասպառ լինելով՝ պառկած էր անկողնում և ջինի գրգռիչ հատկությունը նվազեցնելու համար տաք ջրով էր խմում։ Նա իր բաժակը երրորդ, թե չորրորդ անգամ հրեց Նենսիի կողմը, որ լցնի, երբ հանկարծ այդ երևույթները ցնցեցին նրան։
― Վա՛հ, գրողը ինձ տանի, ― անկողնից կիսով չափ բարձրանալով և ակնապիշ նայելով աղջկա դեմքին՝ ասաց մարդը, ― գերեզմանից նոր դուրս եկած դիակի ես նման։ Ի՞նչ է պատահել քեզ։
― Ինչ է պատահե՞լ, ― կրկնեց աղջիկը։ ― Ոչինչ չի պատահել։ Ի՞նչու ես այդպես սևեռուն ինձ նայում։
― Այդ ի՞նչ գժություն է, ― նրա թևից պինդ բռնելով և կոպտորեն ցնցելով հարցրեց Սայքսը։ ― Ի՞նչ է պատահել։ Ի՞նչ ես ուզում ասել։ Ւնչի՞ մասին ես մտածում։
― Շատ բաների մասին, Բի՛լլ, ― պատասխանեց աղջիկը դողալով և աչքերը ձեռքերով ամուր ծածկելով։ ― Բայց աստվա՜ծ իմ, միևնույնը չէ՞, թե ինչի մասին եմ մտածում։
Կեղծ զվարթությամբ ասված վերջին բառերը կարծես ավելի խոր տպավորություն թողեցին Սայքսի վրա, քան նրանց նախորդող վայրագ ու խստաբարո հայացքը։
― Գիտե՞ս ինչ, ― ասաց նա, ― եթե դու տենդով չես վարակվել և այժմ հիվանդ չես, կնշանակի ինչ֊որ արտառոց բան կա այստեղ և վտանգավոր բան։ Անշուշտ չե՞ս ծրագրում․․․ Բայց ոչ, գրողը քեզ տանի։ Դու այդպիսի բան չէիր անի։
― Ւնչպիսի՞ բան չէի անի, ― հարցրեց աղջիկը։
― Չկա աշխարհում, ― ասաց Սայքսը, հայացքը գամելով նրա վրա և ասես ինքն իրեն քրթմնջալով, ― չկա աշխարհում ավելի արիասիրտ մի աղջիկ, այլապես ես նրա վիզը երեք ամիս առաջ կտրած կլինեի։ Նա էլ է տենդով վարակվել, ահա բոլորը։
Այս մտքերով հանգստացնելով իրեն, Սայքսը քամեց բաժակում եղած խմիչքի վերջին կաթիլը, ապա բազմաթիվ հայհոյանքներով պահանջեց իր դեղը։ Աղջիկը մեծ փութկոտությամբ վեր թռավ տեցից, մեջքը ավազակին շուռ տված շտապ լցրեց բաժակը և մոտեցրեց նրա շրթներին։ Նա բաժակը մինչև հատակը դատարկելով՝ ասաց․
― Այժմ եկ մոտս նստի՛ր և ընդունիր քո սովորական տեսքը, այլապես դեմքդ այնպես կայլափոխեմ, որ հարկավոր լինելու դեպքում նույնիկ ինքդ քեզ չես ճանաչի։
Աղջիկը հնազանդվեց։ Սայքսը, պինդ բռնելով նրա ձեռքից, ընկավ բարձին և հայացքը հառեց նրա դեմքին։ Ավազակի աչքերը փակվեցին, նորից բացվեցին, դարձյալ փակվեցին և մեկ էլ բացվեցին։ Նա անհանգստությամբ շուռ եկավ, մի քանի անգամ երկու֊երեք րոպեով մրափեց, նույնքան անգամներ տեղից վեր ցատկեց, սարսափած տեսքով և բութ աչքերով շուրջը նայեց, ապա ասես ինչ֊որ աներևույթ ձեռքի ուժգին հարվածից տապալված, հանկարծ ընկավ բարձին և իսկույն թաղվեց խոր քնի մեջ։ Ձգված մատները թուլացան, բարձրացրած թևը անզոր կախ ընկավ կողքից, և նա պառկեց այնպես, ինչպես խորունկ ուշաթափության մեջ։
― Քնաբեր դեղը ներգործեց վերջապես, ― անկողնու մոտից վերկենալով շշնջաց աղջիկը։ ― Գուցե նույնիսկ այժմ ուշ է արդեն։
Գլխանոցը տագնապահար գլխին դնելիս և շալը ուսերին փաթաթելիս նրան այնպես էր թվում, որ Սայքսը, հակառակ քնաբեր դեղին, ուր որ է կզարթնի, և նրա բիրտ ձեռքը ծանրորեն կիջնի իր ուսին։ Նա կամացուք թեքվեց անկողնու վրա, համբուրեց ավազակի շուրթերը, ապա դուռը անաղմուկ բաց անելով, շտապ դուրս եկավ փողոց։
Ինչ֊որ մութ նրբանցքում, որտեղից պետք է անցներ գլխավոր պողոտա դուրս գալու համար, գիշերապահը ժամը ինն անց կեսն էր ազդարարում։
― Վաղո՞ւց է հնչել ժամը, ― հարցրեց աղջիկը։
― Տասից պակաս է տասնհինգ րոպե, ― ասաց մարդը, լապտերը բարձրացնելով աղջկա դեմքին։
― Եվ դեռ մի ժամից ավելի պետք է քայլեմ այնտեղ հասնելու համար, ― մրմնջաց Նենսին ու մի ակնթարթում նրա կողքից սահելով անհետացավ։
Սփիթելֆիլդից դեպի Լոնդոնի Վեստ֊Էնդը գնալու ճանապարհին, խուլ փողոցներում ու նրբուղիներում գտնվող խանութների մեծ մասը արդեն փակ էր։ Երբ ժամը տասը հնչեց, աղջկա անհամբերությունը առավել ևս սաստկացավ։ Նա խելահեղորեն վազում էր նեղ մայթերով, մերթ արմունկով բախվելով անցորդներին, մերթ հազիվ֊հազ ազատվելով ձիերի սմբակների տակ տրորվելուց և մերթ խուճապով ճեղքելով խռնված մարդկանց, որոնք, նույնքան անհամբեր, փողոցի մյուս կողմը անցնելու առիթին էին սպասում։
― Այս կինը խելագար է, ― ասում էին մարդիկ, նայելով նրա հետևից, մինչդեռ նա քամու արագությամբ սուրում էր։
Երբ հասավ քաղաքի ավելի հարուստ թաղամասը, փողոցները համեմատաբար ավելի ամայի էին, և այստեղ նրա գահավիժ ընթացքը ավելի մեծ հետաքրքրություն հարուցեց անցորդների մոտ։ Նրանցից մի քանիսը իրենց քայլերը արագացրին, ասես տեսնելու, թե այդպիսի արտակարգ արագությամբ ուր էր շտապում այդ աղջիկը, իսկ ուրիշներ նրանից առաջ անցնելով, ետ նայեցին, զարմանալով, թե ինչպես նա շարունակում էր նույն թափով վազել, բայց կամաց֊կամաց բոլորն էլ հրաժարվեցին նրան հետապնդելուց, և երբ հասավ սահմանված վայրը, նա բոլորովին մենակ էր։
Հայդ պարկի մոտ գտնվող խաղաղ, բայց գեղեցիկ փողոցում կառուցված մի ընտանեկան պանդոկ էր այդ։ Երբ դռան առաջ վառվող լապտերի փայլուն լույսը նրան այնտեղ առաջնորդեց, ժամը տասնմեկը զարկեց։ Նախքան շենքին մոտենալը փոքր֊ինչ վարանեց և երկմտելով՝ չկարողացավ որոշ եզրակացության հանգել, բայց ժամացույցի զարկը վճռականություն հաղորդեց նրա մտքերին, և նա մտավ նախագավիթ։ Դռնապանի տեղը թափուր էր։ Նա անվստահությամբ շուրջը նայելով՝ ուղղվեց դեպի աստիճանները։
― Հե՜յ, բարեկա՜մս, ― ասաց վայելուչ հագնաված մի կին, նրա հետևում գտնվող ինչ֊որ դռնից նայելով, ― ո՞ւմ ես ուզում։
― Մի լեդիի, որը օթևանում է այս պանդոկում, ― պատասխանեց աղջիկը։
― Մի լեդիի՞, ― արհամարհական հայացքով բացականչեց կինը։ ― Ի՞նչ լեդիի։
― Միսս Մեյլիին, ― ասաց Նենսին։
Մանկամարդ կինը, որ մինչ այդ զննել էր Նենսիի արտաքին տեսքը, առաքինի անարգանք արտահայտող հայացքով միայն պատասխանեց նրա հարցին և մի տղամարդ կանչեց, որ խոսի նրա հետ․ Նենսին կրկնեց իր խնդրանքը։
― Ի՞նչ անունով հայտնեմ ձեր մասին, ― հարցրեց սպասավորը։
― Կարիք չկա անուն հաղորդել, ― պատասխանեց Նենսին։
― Ի՞նչ գործով ես ցանկանում տեսնել լեդիին, ― ասաց մարդը։
― Այդ նույնպես նշանակություն չունի, ― ասաց աղջիկը։ ― Ես հենց իրեն՝ լեդիին պետք է տեսնեմ։
― Դե՛, հեռացի՛ր, ― ասաց սպասավորը նրան հրելով դեպի դուռը։ ― Դո՛ւրս կորիր այստեղից։
― Ես կամովին դուրս չեմ գա, ― ասաց աղջիկը, ― իսկ եթե փորձեք բռնությամբ հեռացնել, իմացե՛ք, այնպես կանեմ, որ երկուսով չեք կարող գլուխ դնել ինձ հետ։ Մի՞թե այստեղ չկա մեկը, որ ինձ նման թշվառականի խնդրանքը կատարի՛, ― ասաց նա շուրջը նայելով։
Այս սրտաշարժ կոչը իր բարենպաստ արդյունքը տվեց։ Մի քանի այլ սպասավորների հետ զրույցին հետևող ինչ֊որ բարեսիրտ խոհարար առաջ գալով միջամտեց նրա օգտին։
― Կատարի՛ր նրա խնդրանքը, Ջո, դժվար բան չէ, ― ասաց նա։
― Իմ խոսելն ավելորդ է, ― պատասխանեց մարդը։ ― Կարծում ե ս լեդին կընդո՞ւնի այսպիսի մեկին։
Նենսիի կասկածելի նկարագրի մասին արված այս ակնարկությունը պարկեշտ զայրույթի փոթորիկ առաջացրեց չորս սպասուհիների կրծքում։ Նրանք մեծապես բորբոքված ասացին, թե այդ աղջիկը անպատվություն է իրենց սեռի համար և հարկավոր է նրան առանց խղճահարության բանտ նետել։
― Արեք ինձ հետ ինչ կամենում եք, ― ասաց աղջիկը, դարձյալ տղամարդկանց դիմելով, ― բայց նախ կատարեք իմ խնդրանքը։ Իսկ ես ամենակարող աստծու անունով խնդրում եմ, որ նրան հայտնեք իմ մասին։
Փափկասիրտ խոհարարը նորից բարեխոսեց, և արդյունքն այն եղավ, որ առաջին անգամ հայտնվող տղամարդը հանձն առավ նրա խնդրանքը կատարել։
― Ի՞նչ եմ ասելու, ― հարցրեց նա, մի ոտը սանդուղին դրած։
― Ասացեք, որ մի երիտասարդ կին պաղատագին խնդրում է միսս Մեյլիի հետ առանձին տեսակցել, ― ասաց Նենսին, ― որ եթե լեդին լսի այդ կնոջ արտասանած առաջին իսկ բառը, ապա նրա կամքին է մնում շարունակե՞լ տեսակցությունը, թե որպես խաբեբայի նրան դուրս շպրտել պանդոկից։
― Օհո՜, ― ասաց սպասավորը, ― տեսնում եմ, որ շատ տաքացած ես խոսում։
― Դուք միայն հաղորդեցեք իմ ասածը, ― անհողդողղ ասաց աղջիկը, ― և ինձ պատասխան բերեք։
Սպասավորը աստիճաններով վերև վազեց։
Նենսին գունատ և համարյա շնչասպառ կանգնեց ներքևում, հուզմունքից դողացող շուրթերով ականջ դնելով պարկեշտ սպասուհիների նախատական խոսքերին, որ առատորեն շռայլվում էին իր հասցեին, և որոնք ավելի սուր բնույթ ստացան, երբ սպասավորը վերադառնալով ասաց, որ մանկահասակ կինը վերև բարձրանա։
― Ինչի՞ է պետք պատվավոր լինել այս աշխարհում, ― ասաց առաջին սպասուհին։
― Երևի պղինձը ավելի հարգի է, քան ոսկին, որ կրակի բովից անցել է, ― նկատեց երկրորդը։
Երրորդը գոհացավ միայն զարմացած հարց տալով՝ «արդյոք լեդիները ինչի՞ց են շինված», իսկ չորրորդը բացականչեց՝ «ինչպիսի՜ խայտառակություն», որին ձայնակցեցին նաև մյուս անբիծ կույսերը և դրանով վերջ տվեցին իրենց հեղինակավոր կարծիքներին։
Ուշ չդարձնելով այս բոլորին, ― քանի որ նրա սրտի վրա ավելի ծանր բեռ էր ճնշում, ― Նենսին ամբողջ մարնով դողալով հետևեց սպասավորին, առաջնորդվելով դեպի մի փոքրիկ նախասենյակ, որը լուսավորված էր առաստաղից կախված լամպով։ Այստեղ սպասավորը թողեց նրան մենակ և հեռացավ։
Քառասուներորդ գլուխ
Մի տարօրինակ տեսակցություն, որ հանդիսանում է նախորդ գլխի շարունակությունը
Չնայած աղջիկը իր ամբողջ կյանքը անց էր կացրել փողոցներում և Լոնդոնի ամենապիղծ պոռնկանոցներում ու որջերում, այնուամենայնիվ, կանացի բնազդից ինչ֊որ բան դեռևս մնացել էր նրա մեջ, և երբ ականջին հասավ թեթև ոտնաձայն, նա մտածեց այն մասին, թե ինչպիսի հսկայական հակադրության էր վկա լինելու այդ փոքրիկ սենյակը մի րոպեից հետո։ Իր իսկ խոր ամոթանքից ճնշված՝ նա կծկվեց, ասես չկարողանալով տանել ներկայությունը այն անհատի, որի հետ ցանկացել էր տեսակցել։
Բայց այս ազնիվ զգացմունքների դեմ պայքար էր մղում հպարտությունը, այն մոլությունը, որ առկա է թե՛ ամենաընկած ու խարդախ արարածների և թե՛ ինքնավստահ ու բարձր դասակարգի մարդկանց մոտ։ Գողերի ու ոճրագործների ողորմելի մեղսակիցը, կեղտոտ հաճախավայրերից արտաքսված թշվառականը, ամենագարշելի հանցագործների ու բանտարկյալների գործակիցը, որը ապրում էր կախաղանի ստվերի տակ, նույնիսկ այդ այլասերված արարածը այնքան հպարտ էր, որ իրեն թույլ չէր տալիս ցուցաբերել կանացի քնքուշ զգացումի գեթ մի նշույլ, որը նա տկարություն էր համարում, բայց որը նրան մարդկության հետ կամրջող միակ զգացումն էր, այն մարդկության, որի հետքերը ջնջվել էին նրա դաժան կյանքից այնքա՜ն, այնքա՜ն վաղ հասակում։
Նա գլուխը կիսով չափ բարձրացնելով նկատեց, որ իր առջև կանգնած էր նուրբ ու գեղեցիկ մի աղջիկ, հետո աչքերը նորից խոնարհելով գետին՝ կեղծ անտարբերությամբ ասաց․
― Բավական դժվարին հարց էր ձեզ հետ տեսակցելու թույլտվություն ձեռք բերելը, լե՛դի։ Եթե ինձ հասցված անարգանքներից վիրավորվելով թողնեի ու գնայի, ինչպես շատերը արած կլինեին իմ փոխարեն, դուք մի օր կափսոսայիք այդ բանի համար, և ձեր ափսոսանքը շատ իրավացի կլիներ։
― Շատ եմ ցավում, եթե որևէ մեկը կոպտել է ձեզ, ― պատասխանեց Ռոզը։ ― Մի՛ մտածեք այդ մասին։ Ասացե՛ք, ինչո՞ւ էիք ցանկանում ինձ տեսնել։ Ձեր որոնած անձնավորությունը ես եմ։
Քնքշությամբ արտասանված այս բառերը, ախորժալուր ձայնը, մեղմ վարվեցողությունը, գոռոզություն ու տհաճություն արտհայտող որևէ երևույթի չգոյությունը հանկարծակիի բերեցին աղջկան, և նա փղձկաց։
― Օ՜հ, լե՛դի, լե՛դի, ― ասաց նա սաստիկ հուզմունքի մեջ ձեռքերը տրորելով։ ― Եթե զեզ նմանները ավելի մեծ թվով լինեին, ինձ նմանների թիվը ավելի պակաս կլիներ, այո՛, պակաս կլիներ։
― Նստե՛ք, ― ասաց Ռոզը մեղմությամբ, ― եթե կարիքի մեջ եք, և կամ որևէ վշտով տառապում եք, ես սիրով կօգնեմ ձեզ, եթե դա իմ հնարավորության սահմաններում է։ Իսկապե՛ս, իակապե՛ս կօգնեմ ձեզ։ Նստե՛ք։
― Թողեք կանգնած մնամ, լե՛դի, ― ասաց աղջիկը տակավին արտասվելով, ― և ինձ հետ այդքան քնքշությամբ մի՛ խոսեք, քանի դեռ չգիտեք, թե ես ով եմ։ Ժամանակը անցնում է։ Այդ, այդ դուռը փա՞կ է։
― Այո՛, ― ասաց Ռոզը, մի քանի քայլ ետ գնալով, կարծես դռանը մոտիկ լինելու նպատակով, որ հարկ լինելու դեպքում օգնություն կանչի։ ― Ինչո՞ւ եք հարցնում։
― Որովհետև, ― ասաց աղջիկը, ― ես այժմ եկել եմ իմ և ուրիշների կյանքը դնելու ձեր ձեռքերի մեջ։ Ես այն աղջիկն եմ, որ Օլիվերին առևանգելով՝ նորից քարշ տվեց ծերունի Ֆեգինի մոտ այն երեկո, երբ տղան, ինչ֊որ հանձնարարություն կատարելու համար, դուրս էր եկել Պենտոնվիլլի բնակարանից։
― Դո՜ւ, ― բացականչեց Ռոզ մեյլին։
― Այո, ե՛ս, լեդի, ― պատասխանեց աղջիկը։ ― Ես եմ այն անբարոյական արարածը, որի մասին լսել եք․ ես եմ այն թշվառականը, որ ապրում է գողերի ոհմակի մեջ։ Որքան հիշում եմ, կյանքումս երբեք չեմ ունեցել ավելի լավ օթևան, քան Լոնդոնի փողոցները, և, օ՜հ, աստվա՜ծ իմ, չեմ լսել ավելի մաքուր խոսքեր, քան այն խոսքերը, որ լկտի մարդիկ են արտասանել։ Մի՛ աշխատեք թաքցնել ինձնից ձեր խորշանքը, լե՛դի։ Ձեր ենթադրածից շատ ավելի փոքր եմ տարիքով, բայց լավ սովոր եմ այդ հարցերին։ Խճողված մայթերով անցնելիս նույնիսկ ամենաաղքատ կանայք զզվանքով խույս են տալիս ինձնից։
― Ի՜նչ սոսկալի բաներ եմ լսում, ― ասաց Ռոզը, իր տարօորինակ զրուցակցից ակամա ընկրկելով։
― Ծնրադիր փառք տվեք աստծուն, սիրելի լեդի, ― հեկեկաց աղջիկը, ― որ մանկության ժամանակ ունեցել եք ձեզ խնամող և ձեր մասին հոգացող բարեկամներ, որ կյանքի դառնությունները երբեք չեք ճաշակել, որ ցուրտն ու քաղցը ձեզ երբեք չեն տանջել և որ ինձ նման հենց օրորոցից հարկադրված չեք եղել ապրելու հարբեցողության և խայտառակությունների մեջ, և․․․ և․․․ անձնատուր չեք եղել այդ բոլորից է՛լ ավելի սարսափելի այլ երևույթների։ Օրորոցից եմ ասում, որովհետև նրբանցքներն ու ջրհորդաններն են եղել ինձ պատսպարան, և մի օր այդտեղ էլ կմեռնեմ անպայման։
― Ես խղճում եմ ձեզ, ― ասաց Ռոզը դողդոջուն ձայնով։ ― Սիրտս ճմլվում է ձեր խոսքերից։
― Որքա՜ն բարի եք, լե՛դի, աստված օրհնի ձեզ, ― շարունակեց աղջիկը։ ― Եթե իմանայիք, թե շատ անգամներ ինչպիսի արարքների մեջ եմ գտնվում, ապա դուք իսկապես կխճայիք ինձ։ Բայց ես գաղտնաբար եմ եկել ձեզ մոտ, լե՛դի, և եթե մեր մարդիկ իմանան, որ ձեզ հաղորդել եմ այն, ինչ դուք շուտով լսելու եք, նրանք անպայման կսպանեն ինձ։ Դուք ճանաչո՞ւմ եք Մոնքս անունով մի մարդու։
― Ո՛չ, ― պատասխանեց Ռոզը։
― Նա ձեզ ճանաչում է, ― ասաց աղջիկը, ― գիտե, որ դուք այստեղ եք, որովհետև ես այդ իմացա ինչ֊որ մեկի հետ ձեր մասին խոսելիս և այսպիսով հնարավորություն ունեցա գտնելու ձեզ։
― Այդ անունը երբեք չեմ լսել, ― ասաց Ռոզը։
― Ուրեմն մեզ մոտ նա կեղծ անուն է օգտագործում, ― վրա բերեց աղջիկը, ― այդպես էլ ենթադրում էի։ Միառժամանակ առաջ, երբ ձեր տունը կողոպտելու համար Օլիվերին լուսամուտից ներս էին մտցրել, կասկածելով այս մարդու վրա, ես գաղտագողի ականջ դրեցի մի խոսակցություն, որը տեղի ունեցավ նրա և ծեր Ֆեգինի միջև մի մթին սենյակում։ Իմ լսածներից ես տեղեկացա, որ Մոնքսը, այն մարդը, որի մասին հարցրեցի ձեզ․․․
― Այո, ― ասաց Ռոզը, ― հասկանում եմ։
― Որ Մոնքսը, ― շարունակեց աղջիկը, ― նրան պատահաբար տեսել էր մեր տղաներից երկուսի հետ հենց այն միևնույն օրը, երբ մենք նրա հետքը կորցրինք, և իսկույն ճանաչել էր նրան, որպես իր հետապնդած երեխային, թեպետ ես այն ժամանակ չկարողացա ըմբռնել, թե այդ ինչ նպատակով էր արվում։ Ֆեգինի և այս մարդու միջև համաձայնություն կայացավ, որ եթե հրեային հաջողվեր Օլիվերին իր ճանկը գցել, նա կստանար որոշ գումար․ բայց նա ավելին կստանար, եթե նրան հաջողվեր տղային գող դարձնել, իսկ այդ բանը Մոնքսը ցանկանում էր ինչ֊որ անձնական նպատակների համար։
― Ի՞նչ նպատակների, ― հարցրեց Ռոզը։
― Նա պատի վրա նկատեց իմ ստվերը, երբ ես ականջ էի դնում իմանալու խոսակցության վերջին մասը, ― ասաց աղջիկը, ― և ուղղակի հրաշքի հավասար բան էր, թե ինչպես կարողացա իմ ինքնությունը ճարպկորեն թաքցնել։ Այդ գիշերից հետո ես նրան բոլորովին չտեսա, մինչև երեկ գիշեր։
― Իսկ ի՞նչ պատահեց երեկ գիշեր։
― Հիմա կպատմեմ, լե՛դի։ Երեկ գիշեր նա նորից եկավ։ Նրանք նորից վերև բարձրացան, և ես, հագուստիս մեջ այնպես փաթաթվելով, որ ստվերս ինձ չմատնի, նորից դռան առաջ ականջ դրի նրանց խոսակցությանը։ Մոնքսի արտասանած առաջին բառերը հետևյալն էին․ «Այդպես ուրեմն, տղայի ինքնությունը հաստատող բոլոր ապացույցները այժմ գետի հատակումն են գտնվում, իսկ այդ իրերը նրա մոտից գողացող պառավ վհուկը այժմ փտում է իր դագաղում»։ Նրանք ծիծաղեցին և խոսեցին գործի այդքան բարեհաջող ավարտման մասին․ հետո Մոնքսը, նորից անդրադառնալով տղային և չափազանց կատաղելով ասաց, որ թեպետ այդ սատանի ճուտի փողերը այլևս հաստատապես իրենը կլինեին, այնուամենայնիվ, իր համար շատ ավելի նախընտրելի էր, եթե ուրիշ միջոցով տիրացած լիներ դրանց։ Որովհետև որքան հիանալի հեգնանք կլիներ, եթե հոր պարծանքը հանդիսացող կտակի պայմաններին հակառակ, տղան քարշ տրվեր քաղաքում գտնվող բոլոր բանտերը, և ապա ինչ֊որ ծանր քրեական հանցանքի համար, որ Ֆեգինը կարող էր հեշտությամբ դասավորել, կախաղանի բաժին դարձնել նրան, նախապես մի լավ շահագործելուց հետո։
― Ւնչե՜ր եմ լսում, ― ասաց Ռոզը։
― Ճշմարտությունը, լե՛դի, չնայած իմ շուրթերից է հնչում այն, ― պատասխանեց աղջիկը, ― ապա, այնպիսի հայհոյանքներով, որ իմ ականջները սովոր են, բայց ձեզ անշուշտ խորթ կթվան, նա ասաց, որ եթե կարողանար իր ատելությանը հագուրց տալով վերջ տալ տղայի կյանքին՝ առանց իր կյանքը վտանգելու, նա այդ բանը կանի, բայց քանի որ դա հնարավոր չէ, նա իր ամբողջ կյանքի տևողության ընթացքում հետևելու է նրան, և եթե գտնի, որ նա փորձում է իր ծագումը կամ անցյալը չարաշահել, ապա ինքը դեռ կարող է վնասել նրան։ «Վերջապես, Ֆե՛գին, ― ասաց նա, ― հրեա լինելով հանդերձ դու երբեք չկարողացար այնպիսի ծուղակներ լարել Օլիվերի՝ իմ փոքրիկ եղբոր համար, ինչպիսին ես եմ մտածել»։
― Իր եղբո՜ր, ― բացականչեց Ռոզը։
― Այդ նրա բառերն են, ― ասաց Նենսին անհանգիստ շուրջը նայելով, ինչպես արել էր սենյակ մտած առաջին իսկ պահից, որովհետև Սայքսի կերպարանքը շարունակ հալածում էր նրան։ ― Դեռ ավելին։ Երբ նա խոսեց ձեր և մյուս լեդիի մասին և ասաց, որ կարծես աստծու կամ սատանայի իր հանդեպ ունեցած հակառակության հետևանքով էր, որ Օլիվերը ընկել էր ձեր ձեռքը, նա ծիծաղեց և ասաց, որ դրանից էլ գոհ է, քանի որ դուք սիրահոժար կտրամադրեիք հազարավոր և հարյուր֊հազարավոր ֆունտեր, եթե ունենայիք այդքան հսկայական գումար, իմանալու համար, թե ո՛վ է ձեզ մոտ գտնվող այդ լակոտը։
― Մի՞թե այս խոսքերը լրջությամբ են ասվել, ― հարցրեց Ռոզը՝ սաստիկ գունատվելով։
― Նա խոսում էր խիստ զայրացած և միանգամայն լուրջ, ― գլուխը թափահարելով պատասխանեց աղջիկը։ ― Երբ ատելության կրակը բռնկում է նրա մեջ, նա շատ է լրջանում։ Շատերին գիտեմ, որոնք այդպիսի պարագաներին շատ ավելի ծայրահեղությունների են դիմում, բայց ես նախընտրում եմ նրանց ունկնդրել տասնյակ անգամներ, քան այդ Մոնքս կոչեցյալին մեկ անգամ։ Արդեն ուշ է, և ես պետք է այնպես հասնեմ տուն, որ կասկած չհարուցեմ, թե ինչպիսի գործով եմ զբաղված եղել։ Ես իսկույն պետք է վերադառնամ։
― Բայց ես ի՞նչ կարող եմ անել, ― ասաց Ռողը։ Ձեր հաղորդած այս տեղեկությունը ինչպե՞ս կարող եմ օգտագործել առանց ձեզ։ Վերադառնա՜լ։ Ւսկ ինչո՞ւ եք ուզում վերադառնալ այն մարդկանց մոտ, որոնց այդպիսի սարսափելի գույներով եք նկարագրում։ Եթե այս տեղեկությունը կրկնեք ինչ֊որ ջենթլմենի մոտ, որին ես անմիջապես կարող եմ կանչել հարևան սենյակից, դեռ կես ժամ չանցած դուք տեղափոխված կլինեք մի ապահով տեղ։
― Ես ցանկանում եմ վերադառնալ, ― ասաց աղջիկը։ ― Ես անպայման պետք է վերադառնամ, որովհետև․․․ մի՞թե կարող եմ ձեզ պես անմեղ մի լեդիի նման բաներ ասել, որովհետև այն մարդկանց մեջ, որոնց մասին ձեզ պատմեցի, կա մեկը ― բոլորից կատաղին ― որին ես չեմ կարող լքել, նույնիսկ փրկվելու համար այն կյանքից, որ այժմ վարում եմ։
― Ձեր առաջվա միջամտությունը այդ սիրելի տղայի օգտին, ― ասաց Ռոզը, ― ձեր իմացածները ինձ հայտնելու համար այդքան մեծ վտանգի ենթարկվելով, ձեր այստեղ գալը, ձեր վերաբերմունքը, որ ձեր ասածների ճշմարիտ լինելու մասին վստահություն են ներշնչում, ձեր բացահայտ զղջումը և ամոթանքի գիտակցությունը ինձ մտածել են տալիս, որ դեռևս կարելի է փրկել ձեզ։ Օ՜հ, ― թախանձեց օրիորդը, ձեռքերը միացնելով իրար, մինչդեռ արցունքները նրա այտերից ցած էին հոսում, ― ձեր սիրտը մի խստացրեք ձեր սեռակիցներից մեկի աղերսանքի հանդեպ, մեկի, որ առաջինն է, շատ հավանական է առաջինը, որ խղճում է ձեզ և ձեզ դիմում է անկեղծ կարեկցանքով։ Խնդրում եմ, լսեցե՛ք ինձ և թույլ տվեք, որ ձեզ փրկեմ այդ քաոսից, քանի դեռ ուշ չէ։
Օ՜, լե՜դի, ― հեկեկաց աղջիկը իր զրուզակցի առջև ծունկի գալով, ― թանկագի՜ն, քաղցրի՜կ, հրեշտակայի՜ն լեդի, իսկապես որ այդպիսի ամոքիչ խոսքերով իմ սիրտը ջերմացնող առաջին էակն եք դուք, և եթե տարիներ առաջ լսած լինեի դրանք, գուցե այս մեղսալից ու դժբախրտ կյանքից հեռացած կլինեի։ Բայց արդեն ո՜ւշ է, արդեն ո՜ւշ է։
― Զղջման և մեղքերի քավության համար երբեք ուշ չէ, ― ասաց Ռոզը։
― Ո՜ւշ է, ո՛հ, ո՜ւշ է, ― հոգեկան տագնապից գալարվելով ասաց աղջիկը։ ― Ես այժմ չեմ կարող թողնել նրան, ես չեմ կարող նրա մահվան պատճառը դառնալ։
― Իսկ ինչո՞ւ դուք պետք է նրա մահվան պատճառը դառնաք, ― հարցրեց Ռոզը։
― Ոչինչ չէր կարող փրկել նրան, ― հեկեկաց աղջիկը։ Եթե այն ամենը, ինչ֊որ ձեզ եմ ասել, ուրիշներին ասեի, և այդ ոհմակը ձերբակալվեր, նրան անպայման մահապատժի կենթարկեին։ Նա բոլորից խիզախն է և ամբողջ ժամանակ այնքա՜ն անգութ է եղել։
― Մի՞թե հնարավոր է, ― գոչեց Ռոզը, ― որ այդպիսի մարդու համար դուք հրաժարվեք ապագայի բոլոր հույսերից և անմիջական ստույգ փրկությունից։ Այդ հիմարություն է։
― Չգիտեմ, թե ինչ է, ― պատասխանեց աղջիկը, ― միայն գիտեմ, որ այդպես է, և այդ միայն ինձ հետ չէ, որ կատարվում է, այլև հարյուրավորների հետ, որոնք նույնքան ողորմելի ու ընկած վարքի տեր են, ինչպես ես։ Ես պետք է վերադառնամ։ Արդյոք այդ աստծո ցասո՞ւմն է, որ թափվում է գլխիս իմ գործած մեղքերի համար, ես այդ չգիտեմ, այնուամենայնիվ, հակառակ այն բոլոր տանջանքներին, որ նա ենթարկում է ինձ, և հակառակ այն բոլոր բրտություններին, որ նա գործադրում է վրաս, ինչ֊որ բան ինձ ձգում է դեպի նա, և երևի այնպես կլինի, մինչև անգամ եթե իմանամ, որ նրա ձեռքով մեռնելու եմ վերջապես։
― Ես ի՞նչ պետք է անեմ, ― ասաց Ռոզը։ ― Ես չպետք է թույլ տամ, որ այսպես թողնեք ու գնաք։
― Դուք չպետք է ինձ բռնությամբ այստեղ պահեք, լե՛դի, և գիտեմ, որ այդպիսի բան չեք անի, ― ասաց աղջիկը վեր կենալով։ ― Դուք արգելք չեք հանդիսանա իմ գնալուն, որովհետև ես ապավինեցի ձեր բարությանը և ձեզնից որևէ խոստում չպահանջեցի, թեպետ կարող էի պահանջած լինել։
― Այդ դեպքում ձեր տված տեղեկությունը ի՞նչ արժեք ունի, ― ասաց Ռոզը։ ― Այս առեղծվածային գաղտնիքը պետք է հետազոտել, այլապես ձեր պատմածը ի՞նչ օգուտ կբերի Օլիվերին, որին դուք այդքան բուռն կերպով ցանկանում եք օգտակար լինել։
― Գաղտնիքը խստորեն պահելով հանդերձ, դուք պետք է ձեզ մոտիկ որևէ ջենթլմենի հետ խոսեք այս մասին, և նրա հետ խորհրդակցելով՝ ձեռնարկեք գործի, ― ասաց աղջիկը։
― Բայց ես ձեզ որտե՞ղ կարող եմ գտնել անհրաժեշտության դեպքում, ― հարցրեց Ռոզը։ ― Ես ամենևին չեմ ուզում իմանալ, թե որտեղ են ապրում այդ սոսկալի մարդիկ, բայց դուք ո՞ւր կարող եք լինել որևէ որոշյալ օր կամ որոշյալ ժամ՝ այս պահից սկսյալ։
― Կխոստանա՞ք, որ իմ գաղտնիքը խստորեն կպահեք, և կգաք առանձին, կամ միայն այն մեկի հետ, որը տեղյակ է այս ամենին, և որևէ մեկը ինձ չի դարանելու և կամ բնակատեղին իմանալու համար ինձ չի հետապնդելու, ― հարցրեց աղջիկը։
― Ազնվությամբ խոստանում եմ ձեզ, ― պատասխանեց Ռոզը։
― Ամեն կիրակի գիշերվա ժամը տասնմեկից մինչև տասներկուսը, ― ասաց աղջիկը առանց վարանելու, ― ես շրջելիս կլինեմ Լոնդոնի կամրջի վրա, եթե ողջ լինեմ։
― Մի րոպե էլ սպասեք, ― ընդհատեց Ռոզը, երբ աղջիկը շտապով ուղղվեց դեպի դուռը։ ― Պետք է մտածել ձեր վիճակի և այդ կյանքից ազատվելու ձեր հնարավորության մասին։ Դուք գրավեցիք իմ հոգին ոչ միայն նրա համար, որ կամովին հաղորդեցիք ինձ այս գաղտնիքը, այլև նրա համար, որ անհուսալիորեն կորած մի կին եք։ Մի՞թե կվերադառնաք այն ավազակների ոհմակի և այն մարդու մոտ, երբ մի բառը կարող էր փրկել ձեզ։ Ի՞նչն է հրապուրում և ձգում ձեզ ետ դառնալու և փարվելու անօրենությանն ու թշվառությանը։ Օ՜, մի՞թե ձեր սրտում չկա ոչ մի լար, որ կարողանամ թրթռացնել։ Մի՞թե չի մնացել ոչ մի նվիրական զգացում, որին կարողանամ կոչ անել այս սարսափելի անմտության դեմ պայքարելու համար։
― Երբ ձեզ նման մանկահասակ, բարեսիրտ ու գեղեցիկ լեդիները, ― պատասխանեց աղջիկը անհողդողդ կերպով, ― իրենց սիրտը հանձնում են որևէ մեկին, ապա սերը կարող է ծայրահեղությունների առաջնորդել նույնիսկ ձեր նմաններին, որ ունեք ընտանիք, բարեկամներ, որիշ հիացողներ և, վերջապես, ձեր հոգու դատարկությունը լցնել ամեն ինչով։ Իսկ երբ ինձ նմանները, որոնց համար դագաղի խուփից բացի որևէ կայուն երդիկ գույություն չունի, և որոնք հիվանդությամբ կամ մահվան պահին ոչ մի հարազատ չունեն, բացի հիվանդապահ քրոջից, ուրեմն եթե այսպիսի կանայք իրենց ապականած սիրտը հանձնում են որևէ տղամարդու, և թույլ են տալիս, որ նա գրավի այն տեղը, որ թափուր է մնացել ամբողջ նրանց ողորմելի կյանի ընթացքում, ո՞վ կարող է հուսալ, թե կփրկի մեզ։ Խղճացե՜ք մեզ, լե՛դի, խղճացեք նրա համար, որ մեզ մնացել է միայն մի կանացի զգացմունք, և որ մի դաժան դատավճռի հետևանքով դա մեզ կհասցնի ոչ թե հանգստի ու բարձրության, այլ տառապանքի ու բռնության։
― Անշուշտ չեք մերժի մի քիչ դրամ ընդունել ինձնից, ― ասաց Ռոզը կարճ դադարից հետո։ ― Այդ ձեզ հնարավորություն կտա պարկեշտորեն ապրելու, գունե մինչև մենք նորից կհանդիպենք։
― Ոչ իսկ մի պեննի, ― պատասխանեց աղջիկը, ձեռքը ժխտական թափահարելով։
― Ձեր սրտի դռները ամուր մի փակեք ձեզ օգնելու իմ բոլոր ջանքերի դեմ, ― աղջկան մոտենալով ասաց Ռոզը։ ― Ամբողջ հոգով ուզում եմ օգնել ձեզ, հավատացե՛ք ինձ։
― Լավագույնը, որ կարող եք անել ինձ համար, լե՛դի, ― պատասխանեց աղջիկը՝ ձեռքերը տրորելով, ― այդ այն է, որ ինձնից իսկույն խլեք իմ կյանքը, որովհետև իմ ողորմելի վիճակի համար ես դեռ երբեք այնքան խոր վիշտ չեմ զգացել, որքան այս գիշեր, և արժեր մեռնել այս մաքուր մթնոլորտում, հեռու այն դժոխքից, որի մեջ ապրել եմ։ Աստված օրհնի ձեզ, քնքուշ լե՛դի, և թող ձեր գլխին շաղ տա նույնքան օրհնություն, որքան ես իմ գլխին ամոթանք եմ շաղ տվել։
Այսպես խոսելով ու բարձրաձայն հեկեկալով, դժբախտ աղջիկը հեռացավ, իսկ Ռոզ Մեյլին այս տարօրինակ տեսակցությունից շփոթված, տեսակցություն, որ ավելի շուտ նմանվում էր արագահաս երազի, քան իրական պատահարի, ընկավ մի բազկաթոռի մեջ և աշխատեց իր ցրված մտքերը կենտրոնացնել։
Քառասունմեկերորդ գլուխ
Պարունակում է նորանոր հայտնություններ և ցույց է տալիս, որ անակնկալները, դժբախտությունների նման, մենակ չեն գալիս
Ռոզի դրությունը արդարև խիստ ծանր էր ու դժվարին։ Չնայած նա վառվում էր Օլիվերի առեղծվածային պատմության խորքը թափանցելու անհաղթահարելի ցանկությամբ, միևնույն ժամանակ սրբապղծություն էր համարում դավաճանել այն դժբախտ կնոջը, որի հետ նա հենց նոր խոսեց, և որը իրեն հավատ ընծայեց որպես մի դեռատի ու անբիծ աղջկա։ Նրա խոսքերն ու վերվելակերպը հուզել էին Ռոզ Մեյլիի սիրտը և միախառնված այն սիրո հետ, որ նա տածում էր փոքրիկ տղայի նկատմամբ, առկա էր նաև նույնքան ջերմ ու անկեղծ մի ըղձանք՝ այդ թշվառ կնոջը փրկելու և նրան առաջնորդելու դեպի ապաշխարանք և հույս։
Նրանք մտադիր էին Լոնդոնում մնալ միայն երեք օր, ապա մի քանի շաբաթով գնալ ինչ֊որ հեռավոր ծովեզրյա ամառանոց։ Այժմ իրենց Լոնդոն ժամանելու առաջին օրվա կեսգիշերն էր։ Գործողության ինչպիսի՞ ընթացք կարող էր որդեգրել նա, որ հնարավոր լիներ իրագործել քառասունութ ժամվա ընթացքում։ Եվ կամ ինչպե՞ս կարող էր ճամբորդությունը հետաձգել առանց կասկածի տեղի տալու։
Միստր Լոզբերնը նրանց հետ էր և հաջորդ երկու օրերը լինելու էր նրանց մոտ, բայց այս հիանալի ջենթլմենի անզուսպ բնավորությունը շատ լավ ծանոթ էր Ռոզին, ուստի նա հստակորեն նախատեսեց, որ բժիշկը իր բարկության առաջին իսկ պոռթկումի մեջ ինչպիսի զայրույթով էր լցվելու այն անձի դեմ, որը Օլիվերի առևանգման գործիքն էր հանդիսացել։ Ճիշտ նույն պատճառով հարկավոր էր չափազանց շրջահայաց և զգույշ լինել գործը միսիս Մեյլիին հայտնելու վերաբերմամբ, քանի որ նրա առաջին իսկ մղումը պիտի լիներ անպայման խորհրդակցել արժանավոր բժշկի հետ։ Իսկ ինչ վերաբերում էր պաշտոնական խորհրդատուին դիմելու հարցին, անգամ, եթե Ռոզը իմանար, թե ինչպես պետք է անել այդ, ապա դրա մասին մտածելը անմտություն կլիներ՝ դարձյալ նույն պատճառներով։ Մի պահ Ռոզի գլխում միտք ծագեց՝ դիմել Հարրիի օգնությանը, բայց երբ վերհիշեց իրենց վերջին բաժանումը, այնպես թվաց, որ իր կողմից փոքրոգություն կլիներ նրան ետ կանչել, երբ, ― նրա աչքերը արցունքով լցվեցին այդ խորհրդածությունից, ― երբ գուցե նա արդեն մոռացել է իրեն և հեռու մնալով ավելի երջանիկ է։
Այսպիսի զանազան խորհրդածություններով փոթորկված, Ռոզը չէր իմանում ինչ անել։ Նա մերթ մի բան էր որոշում, մերթ հանգում էր մի այլ եզրակացության, ապա թե՛ մեկից և թե՛ մյուսից հրաժարվելով՝ ծրագրում էր մի բոլորովին տարբեր բան, այնուհետև դարձյալ ընկրկում էր այդ բոլորից։ Այսպես նա անցկացրեց անքուն ու տագնապալի մի գիշեր։ Հաջորդ օրը նա նորից ինքն իր հետ խորհրդածելով, հուսահատությունից դրդված, հանգեց Հարրիի հետ խորհրդակցելու հանդուգն եզրակացությանը։
«Եթե նրա համար տանջալի կլինի այստեղ գալ, ― մտածեց նա,― ապա որքան ավելի տանջալի կլինի ինձ համար։ Բայց գուցե նա այստեղ չի գա․ գուցե կգրի, կամ գուցե կգա ու կամովին կհրաժարվի ինձ հետ տեսակցելուց․ գնալիս նա այդպես արեց։ Չէի կարող պատկերացնել, թե նա կարող էր այդպես վարվել, բայց մեր երկուսի համար էլ լավ եղավ»։ Եվ այստեղ Ռոզը ցած դրեց գրիչը ու դեմքը շուռ տվեց, ասես չցանկանալով արցունքները ցույց տալ անգամ թղթին, որը իր պատգամախոսն էր լինելու։
Նույն գրիչը հիսուն անգամ վերցրել ու դրել և նամակի առաջին տողի մասին բազմաթիվ անգամներ մտածել ու վերամտածել էր դեռ առաջին բառը չգրած, երբ Օլիվերը, որը քաղաքում ման էր գալիս, միստր Ջայլսին ունենալով որպես թիկնապահ, այնպես շնչակտուր ու հուզված սենյակ խուժեց, որ թվաց, թե այդ նախագուշակում էր նոր տագնապի մասին։
― Ինչո՞ւ ես այդպես հուզված, ― հարցրեց Ռոզը, նրան ընդառաջ գնալով։
― Չգիտեմ ինչ ասեմ, ինձ թվում է, թե հիմա խեղդամահ կլինեմ, ― պատասխանեց տղան։ ― Օ՜հ, աստվա՜ծ, մտածել, որ վերջապես ես նրան կտեսնեմ, և դուք կկարողանաք համոզվել, թե ես ձեզ բացարձակ ճշմարտությունն եմ ասել։
― Ես միշտ էլ հավատացել եմ, որ դու միայն ճշմարտությունն ես ասել, ― նկատեց Ռոզը, հանգստացնելով նրան։ ― Բայց ի՞նչ է պատահել, ո՞ւմ մասին է քո խոսքը։
― Ես տեսել եմ այն ջենթլմենին, ― պատասխանեց Օլիվերը, հազիվ կարողանալով որոշակի խոսել, ― այն ջենթլմենին, որ իմ նկատմամբ այնքան բարի էր, միստր Բրաունլոյին, որի մասին մենք այդքան հաճախ խոսել ենք միասին։
― Որտե՞ղ, ― հարցրեց Ռոզը։
― Կառքից դուրս գալու ժամանակ, ― պատասխանեց Օլիվերը՝ ուրախության արցունքներ թափելով․ ― նա ինչ֊որ տուն մտավ․ ես չխոսեցի նրա հետ, որովհետև ինձ չտեսավ, և այնպես դողում էի, որ չկարողացա նրա մոտ գնալ։ Բայց Ջայլսը իմ փոխարեն հարցրեց, թե արդո՞ք այդ ջենթլմենը այդ շենքում էր ապրում, ասացին, թե այո։ Տեսե՛ք, ― ասաց Օլիվերը մի թղթի կտոր ցույց տալով, ― այստե՛ղ, ահա այստեղ է նա ապրում, և ես հենց հիմա այնտեղ կգնամ։ Օ՜հ, տե՜ր աստված, տե՜ր աստված, ի՞նչ եմ անելու, երբ տեսնեմ նրան և դարձյալ լսեմ նրա ձայնը։
Չնայած Օլիվերի ուրախության բազմաթիվ անհարիր բացականչությունները բավականին խանգարեցին Ռոզին, այնուամենայնիվ նա կարդաց հասցեն և տեսավ, որ այդ տունը գտնվում է Գրեյվն փողոցում, Ստրենդի վրա։ Նա իսկույն որոշեց օգուտ քաղել այս հայտնությունից։
― Շո՛տ, ― ասաց նա, ― կարգադրի՛ր, որ կառատնից մի կառք դուրս բերեն, և պատրաստ եղիր ինձ հետ գնալու։ Քեզ իսկույն, առանց րոպե անգամ կորցնելու, տանելու եմ այնտեղ։ Իմ մորաքրոջը կասեմ, որ մենք մի ժամով դուրս ենք գալիս։ Միասին կգնանք։
Օլիվերին շտապեցնելու հարկ չկար։ Հինգ րոպե չանցած Ռոզը և նա արդեն ճանապարհ ընկան դեպի Գրեյվն փողոցը։ Երբ հասան այնտեղ, Ռոզը ծերունի ջենթլմենին նախապատրաստելու պատրվակով Օլիվերին թողեց կառքի մեջ և սպասավորի հետ այցաքարտը ուղարկելով՝ ցանկություն հայտնեց միստր Բրաունլոյի հետ տեսակցելու ինչ֊որ շատ անհետաձգելի գործով։ Սպասավորը շուտով վերադարձավ և խնդրեց, որ լեդին բարեհաճի բարձրանալ վերև։ Միսս Մեյլին, հետևելով նրան, ներկայացվեց կանաչավուն պիջակով, բավականին հասակավոր մի ջենթլմենի, որը բարեսիրտ մարդու տեսք ուներ։ Նրանից ոչ շատ հեռու նստած էր դեղին կտավե տաբատով և սռնապաններով մի ուրիշ ծերունի ջենթլմեն, որը այնքան էլ բարեսիրտ մարդու տեսք չուներ։ Նա նստած էր ձեռքերը հաստ գավազանի գլխին սեղմած և կզակը հենած ձեռքերին։
― Օ՜հ, աստվա՜ծ իմ, ― ասաց կանաչավուն պիջակով ջենթլմենը, խիստ քաղաքավարությամբ անմիջապես վեր կենալով։ ― Խնդրում եմ, ներեցե՛ք ինձ, դեռատի լեդի, ես կարծում էի, թե դա ինչ֊որ ձանձրալի մեկն էր, որը, խնդրում եմ, ներեցե՛ք։ Նստեցե՛ք, խնդրում եմ։
― Եթե չեմ սխալվում, դուք միստր Բրաունլոն եք, սը՛ր, ― ասաց Ռոզը, խոսքն ուղղելով այդ ջենթլմենին։
― Այո, այդ ես եմ, ― ասաց ծերունի ջենթլմենը, իսկ սա իմ բարեկամ միստր Գրիմվիգն է։ Գրիմվիգ, մեզ մի քանի րոպե մենակ չե՞ս թողնի։
― Կարծում եմ, ― ընդհատեց միսս Մեյլին, ― մեր տեսակցության այս շրջանին, դեռևս կարիք չկա ջենթլմենին սենյակից հեռանալու տաղտուկը պատճառել։ Համաձայն իմ ստացած տեղեկությունների, նա ծանոթ է այն գործին, որի մասին ցանկանում եմ խոսել ձեզ հետ։
Միստր Բրաունլոն գլուխը թեթև հակեց առաջ։ Միստր Գրիմվիջը, որ ներկայացվելիս աթոռից վեր էր կացել և մարմինը ուղիղ պահած՝ գլուխ էր տվել լեդիին, այժմ մի անգամ էլ կրկնեց այդ գործողությունը և իրեն նորից գցեց աթոռին։
― Այն տեղեկությունը, որ հաղորդելու եմ, կասկած չունեմ, թե մեծ զարմանք է պատճառելու ձեզ, ― ասաց Ռոզը՝ իրավացիորեն շփոթված, ― բայց ժամանակին դուք շատ ազնիվ ու մարդասեր վերաբերմունք եք ցույց տվել ինձ համար չափազանց սիրելի մի փոքրիկ բարեկամի, որի մասին նորից լսելը, անտարակույս, մեծապես կուրախացնի ձեզ։
― Այ թե ի՜նչ, ― ասաց միստր Բրաունլոն։
― Խոսքը այն տղայի մասին է, որին դուք ճանաչել եք Օլիվեր Թվիստ անունով, ― պատասխանեց Ռոզը։
Ռոզը հազիվ էր արտասանել այս բառերը, երբ միստր Գրինվիգը, որը ձևացրել էր, թե ինքը չափազանց կլանված է մի ինչ֊որ խոշոր գրքի ընթերցումով, մեծ դղրդոցով հատակին գցեց և, ընկրկելով աթոռին, զարմանքից քարացած, սևեռուն ու երկար նայեց մի անորոշ կետի․ ապա, ասես անհարմար զգալով, որ իր զգացումները այդքան անզուսպ կերպով է արտահայտել, մի ջղացիգ ցնցումով նախկին դիրքը ընդունեց և ուղիղ իր առաջ նայելով՝ մի խոր, երկարաձիգ սուլոց արձակեց, որը թվաց, թե ոչ թե ցրվեց դատարկ օդում, այլ մարեց նրա ստամոքսի ամենաներքին գաղտնարաններում։
Միստր Բրաունլոն նույնպես շատ զարմացավ, բայց նրա զարմանքը այդպիսի այլանդակ ձևով չարտահայտվեց։ Նա աթոռը ավելի մոտեցրեց միսս Մեյլիին և ասաց․
― Իմ սիրելի դեռատի լեդի, շնորհ արեք ինձ, բոլորովին չանդրադառնալ այն բարեգործությանը և մարդասիրությանը, որի մասին խոսում եք, և որին ձեզնից բացի ոչ ոք տեղյակ չէ։ Ժամանակին այդ խեղճ երեխայի մասին հարկադրված եմ եղել կազմելու ոչ բարեհաճ կարծիք։ Եթե հնարավորություն ունեք որևէ ապացույց բերելով փոխել իմ այդ կարծիքը, ի սեր աստծո, բերեք այդ։
― Վա՜տ տղա է։ Ես պատրաստ եմ իմ գլուխը ուտել, եթե նա այդպես չէ, ― առանց դեմքի վրա որևէ մկան շարժելու՝ մռլտաց միստր Գրինվիգը։
― Այդ երեխան վեհ հոգի և ջերմ սիրտ ունի, ― ասաց Ռոզը շառագունելով, ― և այն աներևույթ Ուժը, որ նրան ենթարկել է շատ ավելի ծանր փորձությունների, քան ներում էր նրա տարիքը, այդ Ուժը նրան օժտել է այնպիսի առաքինություններով և մաքուր զգացումներով, որոնք պատիվ կբերեին նրանից նույնիսկ վեց անգամ ավելի հասակավոր մարդկանց։
― Ես միայն վաթսուն մեկ տարեկան եմ, ― ասաց միստր Գրիմվիգը նույն անարտահայտիչ դեմքով։ ― Եվ քանի որ Օլիվերը նվազագույնը տասներկու տարեկան կլինի, գրողը տանի, ես չեմ հասկանում, թե ակնկալությունը ո՞ւմ է վերաբերվում։
― Ուշադրություն մի՛ դարձրեք իմ բարեկամին, միսս Մեյլի, ― ասաց միստեր Բրաունլոն, ― նա լուրջ չի ասում։
― Այո՛, լուրջ է ասում, ― բորբոքվեց միստր Գրիմվիգը։
― Ո՛չ, լուրջ չի ասում, ― բացահայտորեն զայրանալով ասաց միստր Բրաունլոն։
― Նա պատրաստ է իր գլուխը ուտել, թե որ այդպես չէ, ― մռլտաց միստր Գրիմվիգը։
― Նա արժանի է, որ այդ գլուխը թռցնեն, եթե այդպես է, ― ասաց միստր Բրաունլոն։
― Եվ նա մեծապես կցանկանար տեսնել, թե ով կձեռնարկի այդ գործը, ― պատասխան տվեց միստր Գրիմվիգը՝ գավազանը հատակին խփելով։
Այսքան ծայրահեղության դիմելուց հետո երկու ծերունի ջենթլմենները մի քանի պտղունց քթախոտ վերցրին և այնուհետև իրար ձեռք սեղմեցին՝ համաձայն իրենց անփոփոխ սովորության։
― Այսպես ուրեմն, միսս Մեյլի, ― ասաց միստր Բրաունլոն, ― այժմ անդրադառնանք այն նյութին, որը այդքան հուզում է ձեր բարի սիրտը։ ― Պատմեցեք ինձ, թե ինչ գիտեք այդ խեղճ մանկան մասին։ Նախ ինձ թո՛ւյլ տվեք ձեզ հավաստիացնել, որ ես իմ հնարավորության սահմաններում եղած բոլոր միջոցները ի գործ դրեցի նրան գտնելու համար, և այս երկրից որոշ ժամանակով բացակայելուց ի վեր իմ մեջ խախտվել է իմ այն առաջին կազմված համոզմունքը, որ նա հետևելով իր նախկին ընկերների թելադրանքին, խաբել ու կողոպտել է ինձ։
― Ռոզը, որ մինչ այդ մտքերը կենտրոնացրել էր, մի քանի հասարակ բառերով իսկույն պատմեց այն ամենը, ինչ պատահել էր Օլիվերի հետ միստր Բրաունլոյի տանից դուրս գալուց հետո։ Նա չխոսեց միայն Նենսիի տված տեղեկության մասին, որը ջենթլմենին պետք է հաղորդվեր բացարձակ գաղտնապահությամբ։ Եզրակացնելով, նա ասաց, որ վերջին ամիսների ընթացքում Օլիվերի միակ վիշտը եղել էր այն, որ նա հնարավորություն չէր ունեցել իր նախկին բարերարի և բարեկամի հետ հանդիպելու։
― Փա՜ռք աստծո, ― բացականչեց ծերունի ջենթլմենը։ ― Ինձ համար դա մե՛ծ երջանկություն է, մե՛ծ երջանկություն։ Սակայն դուք ինձ չեք ասել, թե նա այժմ որտե՞ղ է գտնվում, միսս Մեյլի։ Ներեցե՛ք, որ կշտամբում եմ ձեզ, բայց ինչո՞ւ նրան էլ չբերեցիք ձեզ հետ։
― Նա սպասում է ներքևում, դռան առաջ կանգնած կառքի մեջ, ― պատասխանեց Ռոզը։
― Մե՞ր դռան առաջ, ― գոչեց ծերունի ջենթլմենը և առանց որևէ այլ բառ արտասանելու, սենյակից դուրս թռավ, աստիճաններից ցած վազեց և մի ակնթարթում արդեն կառքում էր։
Երբ սենյակի դուռը նորից փակվեց, միստր Գրիմվիգը գլուխը բարձրացրեց և, իր աթոռի հետևի ոտքերից մեկը սռնակի վերածելով, սեղանի և գավազանի օգնությամբ ուղղակի երեք անգամ պտույտ գործեց իր շուրջը՝ առանց տեղից վեր կենալու։ Այդ վարժությունից հետո նա վեր կացավ և կաղալով սենյակում վեր ու վար արեց առնվազն տասներկու անգամ, ապա Ռոզի առաջ ընդոստ կանգ առնելով, անսպասելիորեն ու առանց նախաբանի համբուրեց նրան։
― Հանգի՜ստ, ― շշնջաց նա, երբ դեռատի լեդին այս արտասովոր վարմունքից շփոթված վեր կացավ։ ― Մի՛ վախենա։ Քեզնից այնքան մեծ եմ տարիքով, որ կարող էի քո պապը համարվել։ Ինչքա՜ն լավիկն ես։ Դու ինձ դուր ես գալիս։ Ահա նրանք արդեն եկան։
Եվ իրոք, մի ճարպիկ ոստյունով նա հազիվ էր իր նախկին տեղը գրավել, երբ միստր Բրաունլոն Օլիվերի հետ մտավ սենյակ։
Միստր Գրիմվիգը տղային ընդունեց շատ բարեհաճորեն, և եթե այդ րոպեին երջանկությունը լիներ աղջկա միակ վարձատրությունը Օլիվերի նկատմամբ ցուցաբերած իր խնամքի և հոգատարության համար, ապա Ռոզ Մեյլին առատորեն վարձատրված կլիներ։
― Ի միջի այլոց կա և մի ուրիշը, որին չպետք է մոռանալ, ― ասաց միստր Բրաունլոն՝ զանգակի կոճակը սեղմելով, ― միսիս Բեդվինին այստեղ ուղարկեցե՛ք, խնդրում եմ։
Պառավ տնտեսուհին իսկույն հայտնվեց և գլուխ տալով՝ սպասեց հրահանգի։
― Ա՜հ, օրեցօր քո տեսողությունը ավելի է տկարանում, Բեդվին, ― ասաց միստր Բրաունլոն փաղաքշական կշտամբանքով։
― Այո, այդպես է, սը՛ր, ― պատասխանեց պառավ լեդին։ ― Մարդու տեսողությունը այս տարիքից հետո այլևս չի առաջադիմի, սը՛ր։
― Ես ինքս կարող եմ հաստատել այդ, ― վրա բերեց միստր Բրաունլոն, ― բայց ակնոցդ դիր աչքիդ և տե՛ս, արդյոք չե՞ս կարող կռահել, թե ինչո՛ւ համար ենք քեզ կանչել։
Ծեր լեդին ակնոցը դնելու համար ակսեց գրպանները պրպտել, բայց Օլիվերը այլևս չկարողացավ համբերել։ Նա տեղի տալով իր առաջին ներմղումին, նետվեց նրա գիրկը։
― Օ՜, ողորմա՜ծ աստված, ― բացականչեց պառավ լեդին, գրկելով նրան։ ― Սա իմ անմեղ մանչո՜կն է։
― Իմ անգի՜ն դայակ, ― ճչաց Օլիվերը։
― Ես գիտեի, որ նա ետ կգա, ես վստահ էի որ ետ կգա, ― ասաց պառավ լեդին, պահելով նրան իր թևերի մեջ։ Ինչքա՜ն լավն է, և ինչ վայելուչ ձևով է հագնված, կարծես ջենթլմենի զավակ լինի։ Որտե՞ղ էիր այսքան երկար ժամանակ։ Ա՜հ, նույն անուշ դեմքը, բայց ոչ այնքան դժգույն, նույն մեղմ աչքերը, բայց ոչ այնքան թախծոտ։ Այդ աչքերը և այդ խաղաղ ժպիտը ես երբեք չեմ մոռացել։ Ես դրանք ամեն օր հիշել եմ, ինչպես հիշել եմ ժպիտներն ու աչքերը իմ հարազատ անգին երեխաների, որոնք, ավա՜ղ, մահացել են դեռ այն ժամանակ, երբ ես մի դեռատի, կենսուրախ կին էի։ Այսպես շարունակ խոսելով և Օլիվերին մերթ իրենից մի քիչ հեռացնելով, տեսնելու, թե ինչքան է մեծացել, մերթ նորից կրծքին սեղմելով և մատներով փաղաքշաբար հարդարելով նրա մազերը, բարի պառավը, նրա վզին փաթաթված, փոխնիփող ծիծաղում ու արտասվում էր։
Նրան և Օլիվերին թողնելով սրտազեղումներով տարված, միստր Բրաունլոն Ռոզին առաջնորդեց մի ուրիշ սենյակ, ուր դեռատի լեդին նրան մանրամասն պատմեց Նենսիի հետ ունեցած տեսակցության մասին։ Տեղեկությունը զգայացունց էր, որ ծերունի ջենթլմենին պատճառեց և՛ զարմանք, և՛ շփոթություն։ Ռոզը բացատրեց նաև, թե ինչ պատճառներով խուսափել էր գաղտնիքը ամենից առաջ միստր Լոզբերնին հայտնել։ Ծերունի ջենթլմենը գտավ, որ նա խոհեմությամբ էր վարվել և պատրաստակամությամբ հանձն առավ լրջորեն խոսել արժանավոր բժշկի հետ։ Որպեսզի այդ ծրագիրը շուտով իրագործվի, այնպես կարգադրվեց, որ ծերունի ջենթլմենը երեկոյան ժամը ութին գնար պանդոկ, միաժամանակ ամբողջ կատարվածը զգուշությամբ պետք է հաղորդվեր նաև միսիս Մեյլիին։ Այս նախապատրաստական կարգադրություններից հետո Ռոզն ու Օլիվերը վերադարձան տուն։
Ռոզը ամենևին չէր սխալվել՝ նախատեսելով բարի բժշկի զայրույթը։ Այդ ջենթլմենը հազիվ էր իրազեկ դարձել Նենսիի հաղորդած գաղտնիքին, երբ բազմաթիվ սպառնալիքներ ու անեծքներ թափելով հայատարարեց, թե այդ աղջկան դարձնելու էր պարոնայք Բլեթհերզի և Դաֆֆի հնարամտության առաջին զոհը, և նույնիսկ գլխարկը ծածկելով պատրաստվեց դուրս գալ տանից՝ այդ անձնավորություններից օգնություն ստանալու համար։ Անկասկած, իր զայրույթի առաջին պոռթկումին, առանց մի րոպե անգամ հետևանքների մասին մտածելու, նա իր մտադրությունը գործադրած կլիներ, եթե միստր Բրաունլոն, որը նույնպես դյուրագրգիռ բնավորության տեր էր, որոշ ճնշում գործադրած չլիներ նրա վրա և զանազան պատճառաբանություններով ու փաստարկներով կասեցրած չլիներ նրա սաստիկ անխոհեմ դիտավորությունը։
― Սատանան տանի, այդ դեպքում ի՞նչ պետք է անենք, ― ասաց անզուսպ բժիշկը, երբ վերադարձել էին լեդիների մոտ։ Երևի թե՛ արական և թե՛ իգական սեռի պատկանող բոլոր այդ դատարկապորտներին պետք է մեր շնորհակալությունը հայտնենք և խնդրենք, որ Օլիվերի հանդեպ նրանց ցույց տված ազնիվ վերաբերմունքի համար մեր խոր երախտագիտության որպես հավաստիք յուրաքանչյուրը բարեհաճի ընդունել հարյուրական ֆունտի չնչին գումար, այդպե՞ս է։
― Ոչ անպայման այդպես, ― առարկեց միստր Բրաունլոն ծիծաղելով, ― բայց մենք պետք է գործը առաջ տանենք շատ զգույշ և շրջահայաց կերպով։
― Զգուշությո՜ւն, շրջահայեցությո՜ւն, ― բացականչեց բժիշկը, ― ես նրանց բոլորին էլ կուղարկեի․․․
― Կարևոր չէ, թե ուր կուղարկեիք, ― ընդհատեց միստր Բրաունլոն։ ― Բայց մի րոպե մտածեցեք, թե նրանց որևէ տեղ ուղարկելով, մենք կհասնե՞նք արդյոք մեր հետապնդած նպատակին։
― Ի՞նչ նպատակ, ― հարցրեց բժիշկը։
― Իմանալ Օլիվերի ծագումը և վերադարձնել նրան այն ժառանգությունը, որից, ― եթե այս պատմությունը ճշգրիտ է, ― նա խարդախորեն զրկված է։
― Ա՜հ, ― ասաց միստր Լոզբերնը, երեսը թաշկինակով հովացնելով, ― այդ մեկը համարյա մոռացել էի։
― Տեսե՛ք, ― շարունակեց միստր Բրաունլոն, ― նույնիսկ եթե այս խեղճ աղջկան մի կողմ թողնենք և մի րոպի ենթադրենք, թե հնարավոր է այդ սրիկաներին դատի տալ առանց նրա ապահովությունը վտանգելու, մենք ի՞նչ օգուտ կքաղենք դրանից։
― Առնվազն մի քանիսը, ամենայն հավանականությամբ, կախաղան կբարձրանան, ― թելադրեց բժիշկը, իսկ մյուսներն էլ կաքսորվեն։
― Շատ լավ, ― ասաց միստր Բրաունլոն ժպտալով, ― բայց նրանք ժամանակի ընթացքում անպայման կհասնեն դրան, իսկ եթե մենք ինքներս միջամտենք ու նախազգուշացնենք նրանց, առնվազն դոն֊կիխոտյան մի արարք կատարած կլինենք, որը բացահայտորեն կհակասի մեր շահերին, կամ գոնե Օլիվերի շահերին, որը միևնույն բանն է։
― Ինչպե՞ս թե, ― հարցրեց բժիշկը։
― Ահա թե ինչպես։ Բոլորովին պարզ է, որ կբախվենք չափազանց մեծ դժվարությունների, եթե մեզ չհաջողվի այդ մարդուն՝ Մոնքսին, ծունկի բերել։ Այդ նպատակին կարող ենք հասնել միայն խորամանկությամբ և նրան բռնելով այնպիսի ժամանակ, երբ նա շրջապատված չէ այդ մարդկանցով։ Ենթադրենք թե նա ձերբակալվեց, մենք ի՞նչ տվյալ ունենք նրա դեմ։ Որքան գիտենք, կամ դատելով մեր ստացած տեղեկություններից, նա նույնիսկ մասնակից չի եղել այդ ոհմակի կատարած որևէ գողության։ Հետևաբար, եթե նույնիսկ նրան չարդարացնեն, ապա առավելագույն պատիժը, որ նա կարող է ստանալ, կլինի բանտարկություն՝ իբրև սրիկայի և շրջմոլիկի։ Իհարկե, դրանից հետո նա համառորեն կլռի, և մեր հետապնդած նպատակների համար նա այնքան անպետք կդառնա, որքան եթե խուլ, համր, կույր կամ ապուշ լիներ։
― Այդ դեպքում, ― ասաց բժիշկը սրտնեղած, ― ես դարձյալ հարց եմ դնում ձեր առջև․ մի՞թե դուք տրամաբանական եք գտնում, որ աղջկա արած խոստումը անպայման պահվի։ Մի խոստում, որը, ճիշտ է, արվել է լավագույն մտադրությամբ և բարի նպատակով, բայց իսկապես․․․
― Այդ մասին մի՛ վիճեք, իմ սիրելի դեռատի լեդի, ― ասաց միստր Բրաունլոն, ընդհատելով Ռոզին, երբ նա պատրաստվում էր խոսել։ ― Խոստումը պետք է պահվի։ Ես չեմ կարծում, որ դա ամենանվազագույն իսկ չափով կխանգարի մեր գործը։ Բայց նախքան մեր որդեգրելիք ճշգրիտ ընթացքի մասին որոշում կայացնելը, անհրաժեշտ է նրան տեսնել և իմանալ, թե արդյոք նա մեզ ցույց կտա՞ այս Մոնքս կոչեցյալին։ Անշուշտ մենք այս աղջկան կհավաստիացնենք, որ ենթակային օրենքին չենք հանձնի, այլ նրա հարցով կզբաղվենք ուղղակի մենք։ Իսկ եթե նա չհամաձայնի մեր խնդրանքը կատարել, կամ նրա հնարավորության սահմաններում չլինի օգնել մեզ, ապա մենք նրանից կքաղենք այնպիսի տեղեկություններ մարդու արտաքին տեսքի ու հաճախած վայրի մասին, որոնք կօգնեն մեզ ճանաչելու նրան։ Մինչև կիրակի հնարավոր չէ տեսնել աղջկան, իսկ այսօր դեռ երկուշաբթի է։ Ես պիտի առաջարկեի, որ մինչև այդ մենք բացարձակ լուռ մնանք և այս հարցի մասին անգամ իրեն՝ Օլիվերին ոչինչ չհայտնենք։
Չնայած միստր Լոզբերնը հինգ երկար օրեր համբերելու առաջարկը ընդունեց դեմքի բազմաթիվ ծամածռություններով, այսուհանդերձ ակամա տեղի տվեց, ասելով, որ տվյալ պահին ավելի լավ ծրագրի մասին չէր կարող մտածել։ Եվ քանի որ թե՛ Ռոզը և թե՛ միսիս Մեյլին բոլորովին համաձայն էին միստր Բրաունլոյի հետ, այդ ջենթլմենի առաջարկը միահամուռ կերպով ընդունվեց։
― Ես կցանկանայի, ― ասաց նա, ― որ իմ բարեկամ Գրինվիգին ևս տեղյակ դարձնեինք այս գործին։ Նա տորօրինակ մարդ է, բայց ունի բավականին առողջ դատողություն և կարող է էական օգնություն ցույց տալ մեզ։ Նա ստացել է իրավաբանական կրթություն, բայց զզվանքով է հրաժարվել փաստաբանական ասպարեզից, քանի որ ամբողջ քսան տարվա ընթացքում նրան հանձնարարվել է միայն մի դատական գործ։ Այդ բարենիշ հանգամանք է նրա համար, թե ոչ, ինքներդ պետք է որոշեք։
― Ես առարկություն չունեմ, ձեր բարեկամի մասնակցության դեմ, եթե դուք էլ դեմ չեք լինի ի՛մ բարեկամությանը, ― ասաց բժիշկը։
― Դա կարելի է որոշել ձայների մեծամասնությամբ, ― պատասխանեց միստր Բրաունլոն, ― իսկ ո՞վ է նա։
― Այդ լեդիի որդին և այս դեռատի լեդիի․․․ շատ վաղեմի բարեկամը, ― միսիս Մեյլիին մատնացույց անելով և արտահայտիչ հայացքով Ռոզին նայելով ասաց բժիշկը։
Ռոզը սաստիկ շիկնեց, բայց չառարկեց (գուցե նա զգաց, որ ինքը բացարձակ փոքրամասնություն էր կազմում), հետևաբար, Հարրի Մեյլին և միստր Գրինվիգը նույնպես մտան հանձնաժողովի կազմի մեջ։
― Այնքան ժամանակ, քանի դեռ մեր ձեռնարկած գործում հաջողության հասնելու թեկուզ ամենափոքր հավանականություն գոյություն ունի, անշուշտ կմնանք քաղաքում, ― ասաց միսիս Մեյլին։ ― Մենք բոլորս խորապես շահագրգռված ենք այս հարցով, որի համար ես ո՛չ ծախս եմ խնայելու, ո՛չ էլ հոգնություն, և եթե ինձ կվստահեցնեք, թե հաջողություն ձեռք բերելու որևէ հույս կա, ապա սիրահոժար կմնամ այստեղ նույնիսկ տաներկու ամիս։
― Լավ, ― ասաց միստր Բրաունլոն, ― քանի որ ինձ շրջապատող դեմքերի արտահայտությունից այնպես եմ հետևեցնում, որ նրանք ցանկանում են իմանալ, թե այդ ինչպես պատահեց, որ ես տեղում չեմ եղել Օլիվերի պատմածները հաստատելու համար և այդքան հանկարծակի դուրս եմ եկել մեր թագավորության սահմաններից, թույլ տվեք ինձ դնել այսպիսի պայման․ այնքան ժամանակ, քանի դեռ ես պատշաճ չեմ համարի պատմել իմ սեփական պատմությունը, դուք ինձ ոչինչ չպետք է հարցնեք։ Հավատացե՛ք, որ այդպիսի խնդրանքի համար ես հիմնավորված պատճառ ունեմ, որովհետև, եթե խոսեի իմ ենթադրությունների մասին, գուցե հարուցեի հույսեր, որ երբեք չեն իրականանալու, և գուցե արդեն իսկ գոյություն ունեցող դժվարություններն ու հուսախաբությունները ավելի մեծ չափեր ընդունեին։ Դե՛, երթանք։ Ընթրիքի ժամը հայտարարված է, և Օլիվերը, որ մեն֊մենակ նստած է հարևան սենյակում, կսկսի մտածել, որ մեզ ձանձրացրել է իր ընկերակցությունը և մենք իրենից ազատվելու համար ինչ֊որ մթին դավեր ենք նյութում։
Այս խոսքերով ծերունի ջենթլմենը միսիս Մեյլիին թևանցուկ արեց և նրան ուղեկցեց ճաշասենյակ։ Միստր Լոզբերնը ընկերակցելով Ռոզին, հետևեց նրանց, և այսպիսով խորհրդակցությունը ժամանակավորապես ընդհատվեց։
Քառասուներկուերորդ գլուխ
Օլիվերի մի վաղեմի ծանոթը հանճարեղության բացահայտ նշաններ ցուցաբերելով, մայրաքաղաքում հասարակական դեմք է դառնում
Այն գիշեր, երբ Նենսին, միստր Սայքսին քնաբեր դեղը տալուց հետո ինչ֊որ գաղտնիք բացահայտելու համար ինքնակամ կերպով շտապեց Ռոզ Մեյլիի մոտ, Հյուսիսային Մեծ Ճանապարհով դեպի Լոնդոն էին առաջնորդվում երկու անձնավորություններ, և մենք պատշաճ ենք համարում, որ մեր պատմությունը այժմ փոքր֊ինչ կանգ առնի այդ մարդկանց վրա։
Դրանք մի կին ու մի տղամարդ էին, կամ գուցե ավելի լավ կլիներ նրանց նկարագրել որպես արական և իգական սեռի պատկանող անձեր։ Որովհետև առաջինը մեկն էր այն երկարահասակ, ծուռսրունք, խարխլած, ոսկրոտ մարդկանցից, որոնց տարիքը դժվար է ճշգրտությամբ որոշել, քանի որ նրանք նման են թերաճ տղամարադկանց, երբ դեռ փոքր են, և ժամանակից շուտ մեծացած մանուկների, երբ արդեն տղամարդ են։ Կինը մանկահասակ էր, այնուամենայնիվ պնդակազմ ու դիմացկուն էր երևում, այլապես ինչպես կարող էր տոկալ այն ծանրությանը, որ կապված էր նրա մեջքին։ Նրան ուղեկիցը այնքան էլ ծանրաբեռնված չէր, քանի որ նրա միակ բեռը սովորական մեծության թաշկինակի մեջ ծրարված մի կապոց էր միյան, որը ճոճվում էր ուսին գցած մի գավազանի ծայրին։ Այս և նրա սրունքների արտակարգ երկար լինելու պարագան նրան հնարավորություն էին տալիս առնվազն վեց֊յոթ քայլ առաջ լինել իր ուղեկցից, որի կողմը նա մերթ ընդ մերթ անհամբերությամբ շուռ էր գալիս և սուր հայացքով նրան կշտամբում դանդաղաշարժության համար։
Նրանք այնպես հոգնաբեկ քարշ էին եկել փոշեթաթախ ճանապարհի երկյանքով, համարյա ոչնչի ուշք չդարձնելով, բացառությամբ, երբ մի կողմ էին քաշվում, որ քաղաքից սլացող փոստային կառքերը անցնեն, մինչև հասան Հայգեյթի կամարը, որի տակով անցնելիս, առջևից գնացող ուղևորը կանգ առավ, և սրտնեղած ձայն տվեց իր ուցեկցին։
― Դե, շուտ արա, չե՞ս կարող մի քիչ ավելի արագ քայլել։ Ինչ ծո՛ւյլն ես Շառլոտ։
― Իմ կապոցը ծանր է, դու գիտես, ― ասաց կինը շնչասպառ հասնելով նրան։
― Ծա՜նր է։ Այդ ի՞նչ խոսք է։ Իսկ ինչի՞ համար ես դու ստեղծված, հետաքրքիր է, ― ասաց արական ուղևորը՝ իր փոքրիկ կապոցը մի ուսից մյուսը փոխադրելով։ ― Օ՜հ, ի՛նչ է, նորի՞ց ես հանգստանում։ Էլ ուրիշ ի՞նչը կարող է մարդուն համբերությունից հանել, բացի քեզնից։
― Դեռ շա՞տ ունենք գնալու, ― հարցրեց կինը, հանգստանալու համար մի թմբի թիկնելով և վեր նայելով, մինչդեռ քրտինքը դեմքից հոսում էր։
― Շատ ունենք գնալո՜ւ։ Արդեն համարյա հասել ենք, ― ասաց երկարասրունք ուղևորը, մատնացույց անելով դեպի առաջ։ ― Տե՛ս, դրանք Լոնդոնի լույսերն են։
― Մինչև այնտեղ հասնելը մենք դեռ ամենաքիչը երկու մղոն ունենք, ― ասաց կինը հուսահատ։
― Քո գործը չէ, երկու մղոն է, թե քսաներկու, ― ասաց Նոա Քլեյփոլը, քանի որ խոսողը նա էր, ― դե՛, վե՛ր կաց ու քայլի՛ր, այլապես հիմի քացով կխփեմ, ա՛յ, զգուշացնում եմ քեզ։
Քանի որ Նոայի կարմիր քիթը զայրույթից ավելի կարմրեց, և քանի որ խոսելիս ավելի մետեցավ նրան, ասես բոլորովին պատրաստ սպառնալիքը գործադրելու, կինը, առանց որևէ ակնարկության, վեր կացավ և սկսեց քարշ գալ նրա կողքից։
― Որտե՞ղ ես մտադիր գիշերել, Նոա, ― հարցրեց նա մի քանի հարյուր յարդ անցնելուց հետո։
― Ես ի՞նչ իմանամ, ― պատասխանեց Նոան, որի տրամադրությունը բավականին ընկել էր քայլելու պատճառով։
― Մոտերքում, անշուշտ, ― ասաց Շառլոթը։
― Ո՛չ։ Ո՛չ մոտերքում, ― պատասխանեց միստր Քլեյփոլը։ ― Լսո՞ւմ ես, ոչ մոտերքում, հետևաբար այդպիսի բան չմտածես։
― Ինչո՞ւ համար։
― Երբ քեզ ասում եմ, որ ես մտադիր չեմ որևէ բան անելու, ուրեմն դու պետք է բավարարվես այդքանով, առանց ինչուն և ինչպեսը հարցնելու, իմացա՞ր, ― արժանապատվությամբ պատասխան տվեց միստր Քլեյփոլը։
― Դե՛, այդքան բարկանալդ ինչի՞ համար է, ― ասաց նրա ուղեկցուհին։
― Շատ հիանալի բան կլիներ, չէ՞, գյուղաքաղաքից դուրս գալուց հետո գիշերել առաջին իսկ հանդիպած պանդոկում, որպեսզի Սովերբերրին, մեզ հետապնդելու դեպքում իր զառամած քիթը խոթեր ներս և երկուսիս էլ շղթայակապ գցելով մի սայլի մեջ՝ բռնությամբ ետ տաներ, ― հեգնանքով ասաց միստր Քլեյփոլը։ ― Ո՛չ, ես կգնամ հնրարավեր եղածի չափ խորերը, կկորչեմ ամենախուլ փողոցներում և մի րոպե անգամ կանգ չեմ առնի, մինչև չգտնեմ ամենամեկուսացած գինետունը։ Աստված վկա, դու բախտավոր աստղի տակ ես ծնվել, և որքան շնորհակալ պետք է լինես, որ ես խելք ունեմ, որովհետև, եթե սկզբում դիտավորյալ կերպով սխալ ճանապարհով չգնայինք, և գյուղի միջով ետ չգայինք, դու մի շաբաթ առաջ արդեն արգելափակված կլինեիր, լե՛դի։ Եվ քեզ նման մի հիմարի համար շատ տեղին կլիներ այդ։
― Ես գիտեմ, որ քո չափ խորամանկ չեմ, ― պատասխանեց Շառլոթը, ― բայց ամբողջ մեղքը իմ վրա մի բարձի, ասելով, թե ե՛ս արգելափակված կլինեի․ անշուշտ ինձ հետ դու էլ փակի տակ կլինեիր։
― Փողերը դու վերցրիր դարակից, ինքդ գիտես, ― ասաց միստր Քլեյփոլը։
― Քեզ համար վերցրի, Նոա՛, սիրելի՛ս, ― ասաց Շառլոթը։
― Հո ինձ մոտ չպահեցի՞, ― վրա բերեց միստր Քլեյփոլը։
― Ո՛չ, դու վստահություն ունեցար վրաս և թողեցիր, որ ես կրեմ, որովհետև դու լավիկն ես, ― ասաց լեդին, նրա կզակը շոյելով և թևանցուկ անելով նրան։
Արդարև այդպես էլ եղել էր, բայց քանի որ միստր Քլեյփոլի խառնվածքի մեջ չկար կուրորեն և անմտաբար հավատ ընծայել որևէ մեկին, այդ ջենթլմենի հանդեպ անաչառ լինելու համար այստեղ պետք է նշել, որ նա գողացված գումարը տվել էր Շառլոթին միայն այն նկատառումով, որ եթե հետապնդվեին ու ձերբակալվեին, դրամը նրա մոտ գտնվեր։ Դա Քլեյփոլին առիթ կտար իր անմեղությունը հաստատելու և մեծապես կհեշտացներ նրա փախուստ գործելու հավանականությունը։ Ինչ խոսք, որ այս խորհրդածությունների մասին նա ոչինչ չասաց իր ուղեկցուհուն, և նրանք շատ սիրալիր շարունակեցին իրենց ճանապարհը։
Այսպես, նրանք առանց հանգստանալու քայլեցին մինչև հասան Այլինգտոնի «Հրեշտակը», ուր շատ մարդիկ ու շատ կառքեր տեսնելով, միստր Քլեյփոլը իմաստուն կերպով եզրակացրեց, որ արդեն Լոնդոնում են։ Ապա նա մի րոպե կանգ առավ, շուրջը նայեց և, խուսափելով հատկապես ամենից խճողված վայրերից, մտավ Սեյնտ֊Ջոն պողոտան և շուտով թաղվեց խառնակ ու լաբիրինթոսանման փողոցների մթության մեջ, փողոցներ, որոնք, հակառակ Լոնդոնում տեղի ունեցած այդքան մեծ առաջադիմության, քաղաքի այդ մասը դարձնում են ամենից խճուկը և ամենից զզվելին։
Այս փողոցներով գնում էր Նոա Քլեյփոլը, Շառլոթին քարշ տալով իր հետևից, բայց նա մերթ ընդ մերթ կանգ էր առնում, ուշադիր զննում ճանապարհին պատահած որևէ փոքրիկ գինետան արտաքին տեսքը, և այդ վայրը, ինչ֊որ երևակայական երևույթից խրտնած, խիստ մարդաշատ նկատելով, շարունակում էր ճամփան։ Վերջապես նա կանգ առավ մինչև այժմ հանդիպածներից շատ ավելի կեղտոտ ու համեստ տեսքով մի գինետան առջև, ապա փողոցը կտրելուց և հանդիպակած մայթից շենքը մանրակրկիտ զննելուց հետո բարեհաճորեն հայտնեց այնտեղ գիշերելու իր մտադրությունը։
― Դե՛, հիմա կապոցը ինձ տուր, ― ասաց Նոան, բեռը կնոջ ուսից իր ուսը փոխադրելով, ― և տե՛ս, ոչ մի բառ չես ասելու, բացառառությամբ, երբ դա անհրաժեշտ է։ Գինետան անունն ի՞նչ է, ե֊ր֊երեք ի՞նչ։
― Հաշմանդամներ, ― ասաց Շառլոթը։
― «Երեք հաշմանդամներ», ― կրկնեց Նոան, ― ինչ լավ էլ անուն է։ Ուրեմն, այժմ կրնկակոխ հետևի՛ր ինձ և արա՛գ շարժվիր։ ― Այս կարգադրությունները անելուց հետո նա ուսով հրեց ճռնչացող դուռը և ուղեկցուհու հետ մտավ գինետուն։
Ներսում ոչ ոք չկար, բացի մի երիտասարդ հրեայից, որը, երկու արմունկները վաճառասեղանին հենած, մի կեղտոտ լրագիր էր կարդում։ Նա շատ սևեռուն Նոային նայեց, Նոան էլ շատ սևեռուն նրան նայեց։
Եթե Նոան հագած լիներ իր որբանոցի համազգեստը, հրեան կարող էր որոշ հիմք ունենալ աչքերը այդքան լայն բանալու, բայց քանի որ նա այդ յուտահատուկ տարազն ու կրծքանշանը դեն գցելով՝ հագել էր կարճ բանվորական վերնաշապիկ ու կաշվե տաբատ, ուստի առանձնապես որևէ պատճառ չպետք է լիներ, որ նրա արտաքին տեսքը այդքան մեծ ուշադրություն գրավեր ինչ֊որ գինետան մեջ։
― Սա «Երեք հաշմանդամներ» կոչված գինետո՞ւնն է, ― հարցրեց Նոան։
― Այդպես է կոչվում այս հաստատությունը, ― պատասխանեց հրեան։
― Ճանապարհին հանդիպեցինք գյուղից եկող ինչ֊որ ջենթլմենի․ նա՛ մեզ խորհուրդ տվեց այստեղ գալ, ― ասաց Նոան՝ Շառլոթին մշտելով։ Գուցե դրանով նա ցանկանում էր Շառլոթի ուշադրությունը հրավիրել հարգանք պարտադրելու համար հղացած իր հանճարեղ հնարքի վրա, կամ գուցե նրան զգուշացնում էր, որ զարմանք արտահայտելով չմատնի իրեն։ ― Մենք այս գիշեր ուզում ենք այստեղ քնել։
― Վստահ չեմ կարող ասել, թե դա հդարավոր է, ― ասաց Բարնին, որը պանդոկապետի օգնականն էր․ ― Գդաբ իբադաբ։
― Մինչև իմանալը մի քիչ խաշած սառը միս ու գարեջուր բեր մեզ համար, ― ասաց Նոան։
Բարնին, ընդառաջելով այս խնդրանքին, նրանց առաջնորդեց հետնամասում գտնվող մի փոքրիկ սենյակ։ Ապա պահանջված ուտելիքը բերելով և ուղևորներին տեղեկացնելով, թե կարող են գիշերել իրենց մոտ, դուրս եկավ սենյակից, թողնելով, որ սիրեցյալ զույգը հանգիստ ընթրի։
Վերոհիշյալ սենյակը գտնվում էր ճաշարանի ճիշտ հետևում և մի քանի սանդղամասով ցածր էր։ Ուստի գինետան հետ որևէ կապ ունեցող որևէ մեկը, բանալով վարագույրը, որը թաքցնում էր ճաշարանի հատակից հինգ ոտք բարձրությամբ շինված ինչ֊որ փոքր լուսանցույց, կարող էր ոչ միայն առանց նկատվելու ապահով դիտել այդ սենյակում գտնվող որևէ հյուրի, այլև ականջը դնելով միջնորմին, կարող էր հանգիստ լսել նրանց խոսակցությունը, որովհետև լուսանցույցի փոքրածավալ ապակին պատի մութ անկյունումն էր գտնվում, և դիտողը կանգնում էր այդ ապակու և ինչ֊որ մեծ ուղղահայաց գերանի միջև։ Պանդոկապետը ամբողջ հինգ րոպե աչքերը չէր հեռացրել այս գաղտնի դիտարանից, և Բարնին, հյուրերին տեղեկացնելով, թե կարող էին այդտեղ գիշերել, դեռ նոր էր վերադարձել, երբ Ֆեգինը, երեկոյան աշխատանքների կապակցությամբ այդտեղով անցնելիս, իր պատանի աշակերտներից մի քանիսի մասին հարցնելու համար գինետուն մտավ։
― Սո՜ւս, ― շշնջաց Բարնին, ― հարևադ սեդյակուբ օտարակադդեր կադ։
― Օտարականնե՞ր, ― կրկնեց Ֆեգինը շշուկով։
― Այո՛, և հիադալի զույգ է, ― շարունակեց Բարնին։ Գավառից եդ, բայց քո ճաշակի հաբապատասպադ, եթե չեմ սխալվուբ։
Ըստ երևույթին, տեղեկությունը մեծապես հետաքրքրեց Ֆեգինին։ Բարձրանալով մի աթոռակի վրա, նա զգուշությամբ աչքը մոտեցրեց ապակուն և այնտեղից գաղտագողի տեսավ, թե միստր Քլեյփոլը ինչպես էր անհագաբար սառը միսը ուտում ու գարեջուր խմում և ինչպես թե՛ մեկից և թե՛ մյուսից չափավոր քանակությամբ մատակարարում էր Շառլոթին։ Իսկ այդ լեդին, համբերությամբ նստած նրա մոտ, ուտում ու խմում էր ըստ նրա քմահաճույքի։
― Աա՜, ― շշնջաց նա, շրջվելով և Բարնիին նայելով, ― այդ մեկի երևույթը ինձ դուր է գալիս։ Նա կարող է պիտանի լինել մեզ, նա արդեն իմանում է, թե աղջկան ինչպես պետք է դաստիարակել։ Ձայն չհանեք, սիրելիս, թողե՛ք լսեմ, թե ինչ են խոսում, թողե՛ք լսեմ։
Նա աչքը նորից մոտեցրեց ապակուն և, դեմքի խորամանք արտահայտությամբ ականջ դնելով միջնորմին, լարված ուշադրությամբ ունկնդրեց նրանց զրույցը։
― Այսպես ուրեմն, ես մտադրեվել եմ ջենթլմեն դառնալ, ― ասաց միստր Քլեյփոլը, սրունքները ձգելով և շարունակելով մի խոսակցություն, որի սկիզբը Ֆեգինը ուշ հասնելու պատճառով չէր կարողացել իմանալ։ ― Բավական է, որքան դագաղների հետ գործ ունեցա, Շառլոթ, սրանից հետո վարելու եմ ջենթլմենի կյանք, և եթե կցանկանաս, դու էլ կդառնաս լեդի։
― Ես անշուշտ կցանկանայի լեդի դառնալ, սիրելի՛ս, ― պատասխամեց Շառլոթը, ― բայց հո ամեն օր չե՞նք կարող դրամարկղներ դատարկել ու հետո էլ ապահով փախչել։
― Գրողը տանի այդ դրամարկղները, ― ասաց միստր Քլեյփոլը, ― այդ դրամարկղներից բացի դատարկելու ուրիշ շատ բաներ կան։
― Ի՞նչ ես ուզում ասել, ― հարցրեց նրա զրուցակիցը։
― Գրպաններ, կանանց պայուսակներ, տներ, փոստատար կառքեր, դրամատներ, ― ասաց միստր Քլեյփոլը, խմիչքի ազդեցության տակ ոգևորվելով։
― Բայց այդ բոլորը դու չես կարող անել, սիրելի՛ս, ― ասաց Շառլոթը։
― Կաշխատեմ մտնել այնպիսիների խնբի մեջ, որոնք կարող են, ― պատասխանեց Նոան։ ― Նրանք այս կամ այն ձևով կօգտագործեն մեզ։ Պա՛հ, դու ինքդ հիսուն կին արժես։ Քեզ նման խորամանկ ու խաբեբա մեկին կյանքումս տեսած չկամ, իհարկե, երբ ես քեզ թույլ եմ տալիս։
― Օ՜հ, աստվա՜ծ, որքան հաճելի է քեզնից այդ խոսքերը լսել, ― նրա տգեղ դեմքին մի համբույր դրոշմելով՝ բացականչեց Շառլոթը։
― Դե՛, դե՛, բավակա՛ն է․ այդքան սիրալիր մի լինիր, հանկարծ կարող եմ վրադ նեղանալ, ― չափազանց լուրջ ձևով զրուցակցից ետ քաշվելով՝ ասաց Նոան։ ― Ես կցանկանայի մի որևէ ավազակախմբի պետը լինել, իշխել նրանց վրա երկաթյա բազուկով և այնպես լրտեսել նրանց, որ իրենք էլ չիմանային։ Նման գործը հարմար կլիներ ինձ համար, մանավանդ եթե շահաբեր է։ Եվ եթե կարողանայինք այդպիսի գործերով զբաղվող ջենթլմենների հետ հարաբերության մեջ մտնել, ապա քեզ մոտ պահված այդ քսան ֆունտանոց դրամատոսի փոխարեն աշխատանքի անցնելը շատ ձեռնտու կլիներ մեզ համար, մանավանդ, երբ ինքներս չգիտենք, թե ինչպես մանրենք այն և ազատվենք դրանից։
Այս կարծիքը հայտնելուց հետո միստր Քլեյփոլը շատ իմաստուն տեսք ընդունեց, նայեց գարեջրամանի մեջ, պարունակությունը ցնցեց և, բարեհաճորեն ժպտալով Շառլոթին մի ումպ խմեց, որը կարծես թե մեծապես կազդուրեց նրան։ Նա մտածում էր մի ումպ ևս խմելու մասին, երբ դուռը հանկարծ բացվեց, և անծանոթ եկվորի մուտքը խափանեց նրա մտադրությունը։
Անծանոթը միստր Ֆեգինն էր։ Որքա՜ն բարեհամբույր տեսք ուներ նա, երբ խոր գլուխ տալով ներս մտավ ու, նստելով ամենամոտ սեղանի առջև, նշանակալից ժպտացող Բարնիին խմիչքի պատվեր տվեց։
― Հաճելի գիշեր է սը՛ր, բայց ցուրտ է տարվա այս եղանակի համար, ― ասաց Ֆեգինը ձեռքերը շփելով։ ― Գավառից եք եկել, ինչպես տեսնում եմ, սը՛ր։
― Ինչի՞ց եք ենթադրում, ― հարցրեց Նոա Քլեյփոլը։
― Որովհետև մենք Լոնդոնում այդքան փոշի չունենք, ― Նոայի կոշիկներից դեպի նրա ուղեկցուհու կոշիկները ու այնտեղից էլ դեպի երկու կապոցները մատնացույց անելով, պատասխանեց Ֆեգինը։
― Ա՜յ քեզ ուշիմ մարդ, ― ասաց Նոան, ― հա՛, հա՛, լսո՞ւմ ես, Շառլո՛թ։
― Դե՛, մարդ պիտի ուշիմ լինի այս քաղաքում, ― պատասխանեց Հրեան, ձայնը ցածրացնելով միչև մտերմական շշուկի, ― և այդ ճշմարիտ է։
Ֆեգինը իր այս ակնարկությունը եզրափակեց՝ աջ ձեռքի ցուցամատը խփելով քթի կողին, մի ձեռնաշարժում, որ Նոան փորձեց կրկնել, բայց շատ հաջող չստացվեց, քանի որ տվայլ նպատակի համար նրա քիթը պետք եղածի չափ մեծ չէր։ Համենայն դեպս, միստր Ֆեգինը երևի այդ փորձը ընդունեց իբրև իր հետ լրիվ համակարծիք լինելու արտահայտություն և Բարնիի բերած ոգելից ըմպելին շատ բարեկամաբար հրեց նրա կողմը։
― Լավ ըմպելիք է, ― նկատեց միստր Քլեյփոլը՝ շրթունքները լպստելով։
― Սիրելի՜ս, ― ասաց Ֆեգինը, ― մարդ միշտ կարող է դրամարկղներ, գրպաններ, կանանց պայուսակներ, տներ, փոստատար կառքեր կամ դրամատներ դատարկել, եթե նա կանոնավորապես խմի դրանից։
Միստր Քլեյփոլը՝ հենց որ լսեց այս մեջբերումը իր արտահայտություններից, ընկրկեց իր աթոռի հենակին և, ծայրահեղ սարսափից մեռելային գույն ստացած դեմքով, հայացքը Հրեայից փոխանցեց Շառլոթի վրա։
― Ոչի՛նչ, սիրելիս, ոչի՛նչ, ― աթոռը ավելի մոտեցնելով՝ ասաց Ֆեգինը։ ― Հա՛, հա՛։ Բարեբախտաբար, բացի ինձնից ոչ ոք չլսեց քեզ։ Մեծ բարեբախտություն էր, որ միայն ե՛ս լսեցի։
― Հո ես չգողացա, ― կակազեց Նոան, այլևս իր սրունքները չերկարելով անկախ ջենթլմենի նման, այլ հնարավոր եղածի չափ կծկելով իր աթոռի տակ, ― ամբողջը նրա ձեռքի գործն էր․ այժմ քեզ մոտ է, Շառլոթ, ինքդ գիտես, որ քեզ մոտ է։
― Ոչինչ թե ում մոտն է կամ ում ձեռքի գործն է, սիրելի՛ս, ― պատասխանեց Ֆեգինը, այնուամենայնիվ գիշատիչ հայացքով նայելով աղջկան և երկու կապոցներին։ ― Ես ինքս էլ եմ այդ գործով զբաղվում, դրա համար ինձ դուր եք գալիս։
― Ի՞նչ գործով, ― հարցրեց միստր Քլեյփոլը, մի քիչ սրտապնդվելով։
― Այդ տեսակի գործերով, ― ասաց Ֆեգինը, ― այս գինետան մարդիկ նույնպես այդ գործով են զբաղվում, հետևաբար, դուք եկել եք ճիշտ ու ճիշտ այնտեղ, որ ձեզ հարկավոր է։ Ամբողջ քաղաքում «Հաշմանդամներից» ավելի ապահով տեղ գոյություն չունի, իհարկե, եթե ես ցանկանամ այդ ապահովությունը։ Եվ քանի որ թե՛ դու և թե՛ այդ մանկահասակ կինը ինձ դուր եք գալիս, ապա դուք կարող եք բոլորովին հանգիստ լինել այդ կողմից։
Այս հավաստիացումից հետո գուցե Նոա Քլեյփոլը հոգեպես հանգիստ լիներ, բայց նրա մարմինը բոլորովին անհանգիստ էր։ Նա ահով ու կասկածով նայում էր իր նոր բարեկամին, իսկ նրա մարմինը բազմաթիվ այլանդակ դիրքեր էր ընդունում աթոռի վրա։
― Դեռ ավելին կասեմ ձեզ, ― գլխի բարեկամական շարժումներով և քաջալերական խոսքերով աղջկան խրախուսելուց հետո՝ ասաց Ֆեգինը։ ― Ես ունեմ մի բարեկամ, որը, կարծում եմ, ձեր նվիրական ցանկությունը իրագործելու մեջ կարող է օգնել ձեզ։ Նա կդասավորի այնպես, որ դուք ձեզ համար կընտրեք աշխատանքի այն ճյուղը, որ սկզբում ամենից հարմարն է ձեզ համար, իսկ հետագայում կսովորենք մյուս բոլոր ճյուղերը։
― Այնպես ես խոսում, կարծես լուրջ լինի, ― ասաց Նոան։
― Իսկ այլ կերպ լինելը ի՞նչ օգուտ կբերեր ինձ, ― ուսերը թոթվելով՝ ասաց Ֆեգինը։ ― Լսի՛ր, ե՛կ մի րոպե դուրս գնանք, քեզ մի բան ասեմ։
― Ինչո՞ւ նեղություն քաշենք և դուրս գնանք, ― ասաց Նոան, աթոռի տակից սրունքները աստիճանաբար երկարելով։ ― Նա իրերը վերև կտանի, իսկ մենք այստեղ հանգիստ կխոսենք․ Շա՛ռլոթ, կապոցները բարձրացրու վերև։
Շատ փառահեղորեն արձակված այս հրամանը իսկույն կատարվեց առանց որևէ առարկության։ Շառլոթը հազիվհազ քարշ տալով դուրս բերեց կապոցները, իսկ Նոան՝ դուռը բաց պահած, սպասեց մինչև նա հեռացավ այդտեղից։
― Լավ եմ դաստիարակել նրան, այնպես չէ՞, ― կատաղի գազան սանձահարողի տոնով ասաց Նոան, վերադառնալով իր տեղը։
― Հիանալի՜, ― փաղաքշաբար նրա ուսը շոյելով ասաց Ֆեգինը։ ― Դու հանճար ես, սիրելի՛ս։
― Եթե այդպիսին չլինեի, այժմ այստեղ չէի լինի, ― պատասխանեց Նոան։ ― Բայց ժամանակ մի՛ կորցնի, նա կարող է վերադառնալ, եթե չշտապես։
― Ուրեմն ի՞նչ ես մտածում, ― հարցրեց Ֆեգինը, ― եթե իմ այս բարեկամը քեզ դուր գա, չե՞ս միանա նրա խմբին։
― Իսկ նրա գործը բարգավաճ վիճակո՞ւմ է, այդ է կարևորը, ― փոքր աչքերից մեկը թարթելով ասաց Նոան։
― Գերազանց վիճակում է։ Նրա հետ գործակցում են այս մասնագիտությամբ աշխատող ամենահմուտ մարդիկ։
― Քաղաքի՞ բնակիչներ են, թե գյուղի, ― հարցրեց միստր Քլեյփոլը։
― Ոչ մի գավառացի չկա նրանց մեջ, և չեմ կարծում, որ նույնիսկ իմ թելադրանքով նա համաձայներ վերցնել քեզ, եթե այս օրերին աշխատող ձեռքերի պակաս չունենար, ― պատասխանեց Ֆեգինը։
― Սա նրա՞ն պետք է հանձնեմ, ― տաբատի գրպանին խփելով հարցրեց նա։
― Անպայման։ Այլ կերպ չէր կարող լինել, ― խիստ վճռաբար պատասխանեց Ֆեգինը։
― Քսան ֆունտը բավական մեծ գումար է, սակայն։
― Ոչ այն դեպքում, երբ դա մի դրամատոմս է, որ չեմ կարող ծախսել, ― առարկեց Ֆեգինը։ ― Համարն ու տարեթիվը գրված է անշուշտ։ Ուրեմն, վճարը դադարեցված կլինի բանկում։ Տեսնո՞ւմ ես, իմ բարեկամի համար այդ դրամատոմսը այնքան էլ մեծ արժեք չի կարող ներկայացնել, քանի որ շուկայում հնարավոր չէ շատ մեծ գնով վաճառել․ հարկավոր է արտասահման ուղարկել, այդ էլ հարց է։
― Ե՞րբ կարող եմ տեսնել նրան, ― հարցրեց Նոան կասկածանքով։
― Վաղը առավոտ։
― Որտե՞ղ։
― Այստեղ։
― Հը՛մ, ― ասաց Նոան։ ― Դրա վարձը ի՞նչ է։
― Ապրել ջենթլմենի նման․ բնակարան, սնունդ, ոգելից ըմպելի, ծխախոտ, բոլորը ձրի, իսկ փոխարենը միայն քա վաստակի ու այդ մանկահասակ կնոջ վաստակի կեսը, ― պատասխանեց Ֆեգինը։
Գուցե Նոա Քլեյփոլը, որի ընչաքաղցությունը սահման չուներ, նույնիսկ այս փայլուն պայմաններին չհամաձայներ, եթե կատարելապես ազատ լիներ իր գործողությունների մեջ․ բայց մտածելով, որ մերժելու դեպքում իր նոր բարեկամը կարող էր իրեն անմիջապես օրենքի ձեռքը հանձնել (շատ ավելի անհնարին բաներ էին տեղի ունեցել), նա աստիճանաբար փափկեց և ասաց, որ այդ պայմանները լավ են իր համար։
― Բայց գիտես, ― նկատեց Նոան, ― քանի որ մանկահասակ կինը ծանր աշխատանք է կատարելու, ես կցանկանայի, որ իմ բաժին աշխատանքը շատ թեթև լիներ։
― Մի հետաքրքրական փոքրիկ աշխատանք, այնպես չէ՞, ― առաջարկեց Ֆեգինը։
― Մոտավորապես այդ տեսակի մի բան, ― պատասխանեց Նոան։ ― Իսկ քո կարծիքով ո՞ր մեկը հարմար կլինի ինձ համար։ Մի աշխատանք, որ ո՛չ հոգնեցուցիչ լիներ, ո՛չ էլ վտանգավոր։ Ա՛յ, այդպիսի բան է իմ ուզածը։
― Եթե չեմ սխալվում, դու խոսում էիր ինչ֊որ լրտեսության մասին, սիրելի՛ս, ― ասաց Ֆեգինը։ ― Իմ բարեկամը պետք ունի մեկին, որ այդ գործը գլուխ բերի։
― Այո, ես ասացի մի այդպիսի բան, և կարծես վատ չէր լինի նման գործ ձեռնարկել, ― պատասխանեց Նոան դանդաղորեն, ― բայց դա ինքնին ձեռնտու չէր լինի, գիտես։
― Ճիշտ է, ― մտորելով, կամ ձևացնելով, որ մտորում է, նկատեց Հրեան, ― ո՛չ, հարմար չէ։
― Ուրեմն ի՞նչ ես մտածում, ― հարցրեց Նոան, մտահոգությամբ նրան նայելով։ ― Լավ կլիներ թաքուն գողանալ և գողանալիս այնքան ապահով լինել, որքան տանը հանգիստ նստած ժամանակ։
― Պառավ լեդիների հետ գործ ունենալու մասին ի՞նչ է քո կարծիքը, ― հարցրեց Ֆեգինը։ ― Նրանց դրամապանակները կամ այլևայլ կապոցները թռցնելը, ապա անկյունից թեքվելով անհետանալը, ինձ թվում է, վատ եկամուտ չէր բերի։
― Բայց նրանք շատ ճղճղան են և երբեմն նույնիսկ ճանկռում են, այնպես չէ՞, ― ասաց Նոան գլուխը թափահարելով։ ― Կարծում եմ, որ այդ աշխատանքը հարմար չէ ինձ։ Ուրիշ բաժանմունքում որևէ ազատ տեղ չկա՞։
― Սպասի՛ր, ― ձեռքը Նոայի ծնկին դնելով գոչեց Ֆեգինը։ ― Ճտերի թալանումը։
― Այդ ի՞նչ բան է, ― հարցրեց միստր Քլեյփոլը։
― Ճտերը, սիրելի՛ս, ― ասաց Ֆեգինը, ― դրանք այն փոքր երեխաներն են, որոնց մայրերը ուղարկում են հանձնարարություններ կատարելու՝ տալով նրանց վեցպեննիներ և շիլլինգներ։ Իսկ թալանել նշանակում է այդ դրամը գեղեցիկ կերպով վերցնել նրանցից, ― նրանք այդ գումարները միշտ էլ պատրաստ պահում են իրենց ձեռքում, ― ապա նրանց հրել առվի մեջ և շատ դանդաղ հեռանալ, ասես առանձնապես ոչինչ չի պատահել, բացի այն, որ ինչ որ երեխա վայր է ընկել ու վիրավորվել։ Հա՛, հա՛, հա՛։
― Հա՛, հա՛, ― որոտաց միստր Քլեյփոլը՝ հիացմունքից ոտքերը թափահարելով։ ― Աստված վկա, այդ հենց իմ ուզածն է։
― Անկասկած, ― պատասխանեց Ֆեգինը, դու կարող ես կարգին գործ տեսնել Քեմդեն Թաունում, Բեթել բրիջում և նման թաղերում, որտեղ նրանք միշտ ուղարկվում են գնումներ կատարելու, դու կարող ես օրվա ուզածդ ժամին սրտիդ ցանկացածի չափ ճտեր գցել առվի մեջ։
Խոսելիս Ֆեգինը միստր Քլեյփոլի կողը մշտեց, և նրանք երկար ու շռնդալից ծիծաղեցին։
― Ուրեմն, այդ լավ եղավ, ― ասաց Նոան, երբ արդեն դադարել էին ծիծաղելուց և Շառլոթը վերադարձել էր։ ― Վաղը ո՞ր ժամին։
― Տասը հարմա՞ր է քեզ, ― հարցրեց Ֆեգինը, և երբ միստր Քլեյփոլը հավանության նշան տվեց, նա ավելացրեց․ ― Իսկ ազնվահոգի բարեկամիս ի՞նչ ասեմ, ի՞նչ անունով կոչեմ քեզ։
― Միստր Բոլթեր, ― պատասխանեց Նոան, որը նման անանկնկալի համար նախապատրաստված էր, ― միստր Մորրիս Բոլթեր։ Իսկ սա էլ միսիս Բոլթերն է։
― Միսիս Բոլթերի խոնարհ ծառան, ― ասաց Ֆեգինը ծիծաղելի քաղաքավարությամբ խոր գլուխ տալով։ ― Հույս ունեմ, որ շուտով նրա հետ ավելի մոտիկից ծանոթանալու պատվին կարժանանամ։
― Դու այս ջենթլմենին լսո՞ւմ ես, Շա՛ռլոթ, ― որոտաց միստր Քլեյփոլը։
― Այո՛, Նոա, սիրելիս, ― ձեռքը Հրեային մեկնելով պատասխանեց միսիս Բոլթերը։
― Նա ինձ փաղաքշորեն է անվանում Նոա, ― Ֆեգինին դիմելով ասաց միստր Մորրիս Բոլթերը՝ նախկին Քլեյփոլ, ― հասկանո՞ւմ ես։
Օ՜հ, այո՛, հասկանում եմ, հրաշալի հասկանում եմ, ― պատասխանեց Ֆեգինը, կյանքում առաջին անգամ ճշմարտությունը խոսելով։ ― Բարի գիշեր, բարի գիշեր։
Բազմաթիվ բարեմաղթություններով և հրաժեշտի զանազան խոսքերով, միստր Ֆեգինը գնաց իր ճանապարհով։ Նոա Քլեյփոլը իր սիրելի լեդիին տեղեկացրեց իր արած կարգադրությունների մասին, խիստ գոռոզ ու տիրական ձևով, որ վայել է ոչ միայն արական սեռի ներկայացուցչին, այլև մի ջենթլմենի, որ Լոնդոնում ու նրա շրջակայքում ճտեր թալանելու աշխատանքին նշանակված լինելը մեծ պատիվ է համարում։
Քառասուներեքերորդ գլուխ
Որտեղ ցույց է տրվում, թե ինչպես հնարամիտ Ստահակը փորձանքի մեջ ընկավ
― Ուրեմն այդ դո՛ւ էիր սեփական բարեկամը, հա՞, ― հարցրեց միստր Քլեյփոլը, այլ կերպ ասած միստր Բոլթերը, երբ նա, ըստ իրենց միջև կայացած համաձայնության, հաջորդ օրը տեղափոխվել էր Ֆեգինի բնակարանը։ ― Աստվա՜ծ իմ, ես այդպես էլ ենթադրել էի երեկ գիշեր։
Յուրաքանչյուր մարդ իր անձի բարեկամն է, սիրելի՛ս, ― պատասխանեց Ֆեգինը չարախինդ ժպիտով։ ― Այդպիսի լավ բարեկամ նա ոչ մի տեղ չի ճարի։
― Բացառությամբ այն դեպքերի, երբ որոշ մարդիկ հենց իրենք իրենց թշնամին են, դու այդ գիտե՛ս, ― աշխարհ տեսած մարդու տեսք ընդունելով՝ ասաց Բոլթերը։
― Չհավատաս այդ բանին, ― ասաց Ֆեգինը։ ― Երբ մարդ իր թշնամին է, այդ դրանից է, որ նա չափից դուրս իր բարեկամն է, և ոչ թե նրա համար, որ նա ավելի հոգատար է ուրիշի նկատմամբ։ Փո՛ւհ, փո՛հ, այդպիսի բան չկա աշխարհում։
― Եվ կամ չպետք է լինի, ― պատասխաեց միստր Բոլթերը։
― Դա ինքնին հասկանալի է։ Որոշ կախարդներ ասում են, թե թիվն երեքն է կախարդական, ոմանք էլ ասում են, թե թիվ յոթն է։ Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը, բարեկամս։ Թիվ մե՛կն է կախարդականը։
― Հա՛, հա՛, ― քրքջաց միստր Բոլթերը։ ― Միշտ թիվ մեկը։
― Այնպիսի ընկերությունում, ինչպիսին մերն է, սիրելի՛ս, ― ասաց Ֆեգինը, որը անհրաժեշտ համարեց պարզաբանել այս հանգամանքը, ― մենք ունենք մի ընդհանուր թիվ․ դա թիվ մեկն է․ այսինքն՝ դու չես կարող քեզ համարել թիվ մեկ, առանձ ինձ էլ, խմբի մյուս երիտասարդ անդամներին էլ այդ համարի տակ առնելու։
― Օ՜հ, գրո՛ղը տանի, ― բացականչեց միստր Բոլթերը։
― Մենք այնքան մերված ենք իրար և ընդհանուր շահերով այնքան միավորված, որ այլ կերպ չի կարող լինել, ― շարունակեց Ֆեգինը՝ ձևացնելով անտես առնել այս ընդհատումը։ ― Օրինակ, քո կետ նպատակն է հոգալ թիվ մեկի մասին, այսինքն՝ քո մասին։
― Անշո՛ւշտ, ― նկատեց միստր Բոլթերը, ― դու այդտեղ համարյա թե իրավացի ես։
― Ուրեմն, դու չես կարող մտածել քո մասին՝ թիվ մեկի մասին, առանց մտածելու իմ մասին՝ թիվ մեկի մասին։
― Ուզում ես ասել թիվ երկուսի մասին, ― ասաց միստր Բոլթերը, որը մեծապես օժտված էր անձնասիրության առաքինությամբ։
― Ո՛չ, ո՛չ, ― վրա բերեց Ֆեգինը, ― ես քեզ համար նույնպիսի կարևորություն ունեմ, ինչպիսին ինքդ՝ քեզ համար։
― Լսի՛ր, ― ընդհատեց միստր Բոլթերը, ― դու հրաշալի մարդ ես, և ես քեզ շատ եմ հավանում, բայց մենք դեռ այնքան մտերիմներ չենք, որ բանը այդտեղ հասնի։
― Միայն պատկերացրու, ― ասաց Ֆեգինը, ուսերը թոթվելով, ― միայն նկատի ունեցիր։ Դու մի լավ գործարք ես կատարել, որի համար ես քեզ անչափ սիրում եմ․ բայց դա կարող է օղակը հագցնել քո վզին, մի բան, որ շատ հեշտությամբ է կապվում և մեծ դժվարությամբ քանդվում․ պարզ ասած՝ կախաղանի օղակը։
Միստր Բոլթերը ձեռքը տարավ փողկապին․ նրան այնպես թվաց, որ դա շատ ամուր էր կապված և հանկարծակի սկսել էր սեղմել իր պարանոցը։
― Կախաղանը, սիրելիս, ― շարունակեց Ֆեգինը, ― շատ կարճ ու կտրուկ մի անկյունադարձ մատնանշող տգեղ ուղեցույց է, որը բազմաթիվ խիզախ մարդկանց ընթացքը կասեցրել է մեծ ճանապարհին։ Մնալ վտանգից հեռու և մնալ դրանից որոշ տարածության վրա, ահա՛ քո թիվ մեկ նպատակը։
― Այդ ճշմարիտ է, ― պատասխանեց միստր Բոլթերը։ ― Բայց դու ինչո՞ւ ես այդպիսի բաների մասին խոսում։
― Միայն նրա համար, որ քեզ լուսաբանեմ իմ միտքը այս հարցի նկատմամբ, ― ասաց Հրեան՝ հոնքերը վեր բարձրացնելով։ ― Այդ բանը հաջողեցնելու համար ինձնից ես կախված։ Ես էլ իմ փոքրիկ ձեռնարկը բարգավաճ պահելու համար քեզնից եմ կախված։ Մեկը քեզ համար է թիվ մեկ, մյուսը ինձ համար է թիվ մեկ։ Որքան դու հոգ տանես իմ մասին, այնքան քեզ պաշտպանած կլինես։ Հետևաբար, մենք ի վերջո հանգում ենք այն միևնույն կետին, որ սկզբում քեզ ասել էի՝ թիվ մեկի հանդեպ ունեցած մեր հոգատարությունը մեզ բոլորիս շաղկապում է իրար, և պետք է շաղկապի, այլապես բոլորս միասին կկործանվենք։
― Այդ ճիշտ է, ― մտախոհ ասաց միստր Բոլթերը։ ― Օ՜հ, ինչ խարդախն ու խորամանկն ես։
Միստր Ֆեգինը հրճվանքով նկատեց, որ իր հզոր ուժերին հատուցված այս տուրքը պարզապես հաճոյախոսություն չէր, այլ այն, որ իր նենգ֊հանճարեղ մտքերը մեծապես տպավորելու էին նորեկին, մի բան, որ, ըստ միստր Ֆեգինի, շատ կարևոր էր իրենց ծանոթության սկզբնական շրջանում։ Եվ այդ ցանկալի և օգտակար տպավորությունը նրա մեջ առավել ևս ուժեղացնելու համար, Հրեան մանրամասնորեն պատմեց իր գործերի ծավալի ու մեծության մասին, կեղծն ու ճշմարիտը իր հետապնդած նպատակներին ծառայեցնելու համար այնպես միախառնելով իրար և երկուսն էլ այնպես հրամցնելով միստր Բոլթերին, որ այդ ջենթլմենի հարգանքը բացահայտորեն կրկնապատկվեց, միաժամանակ սաստիկ երկյուղով համակելով նրան, որը Հրեայի համար շատ բաղձալի էր։
― Մեր՝ իրար հանդեպ այս փոխադարձ վստահությունն է, որ ծանր կորուստների պարագային մխիթարում է ինձ, ― ասաց Ֆեգինը, ― երեկ առավոտ ես զրկվեցի իմ ամենալավ օգնականից։
― Հե չե՞ս ուզում ասել, թե մեռավ, ― գոչեց միստր Բոլթերը։
― Ո՛չ, ո՛չ, ― պատասխանեց միստր Ֆեգինը, ― այդքան վատ բան չպատահեց։ Բոլորովին էլ այդքան վատ բան չկա։
― Այդ դեպքում երևի․․․
― Պահանջեցին նրան, ― ընդհատեց Ֆեգինը։ ― Այո՛, պահանջեցին նրան։
― Շա՞տ կարևոր գործով, ― հարցրեց միստր Բոլթերը։
― Ո՛չ, ― պատասխանեց միստր Ֆեգինը, ― այնքան էլ կարևոր գործ չէ։ Նա ամբաստանվեց ինչ֊որ մեկի գրպանը դատարկելու փորձ անելու մեղադրանքով, և նրա մոտ գտան արծաթյա քթախոտի մի տուփ․ այդ նրա տուփն էր, սիրելիս, նրա սեփական տուփը, որովհետև նա էլ քթախոտ էր օգտագործում և շատ էր սիրում այդ։ Մինչև այսօր կալանքի տակ պահեցին նրան, որովհետև կարծեցին, թե քթախոտի տուփի տիրոջը ճանաչում են։ Ա՜հ, նա ինքը արժեր հիսուն քթախոտի տուփ, և ես ուրախությամբ կտայի այդ բոլորի փոխարժեքը, միայն թե նա ապահով վերադառնար։ Քեզ հարկավոր էր ճանաչել Ստահակին, սիրելի՛ս, քեզ հարկավոր էր ճանաչել Ստահակին։
― Մի օր անշուշտ կճանաչեմ․ այդպես չե՞ս կարծում, ― հարցրեց միստր Բոլթերը։
― Կասկածում եմ, ― պատասխանեց Ֆեգինը հառաչելով։ Եթե նոր ապացույց չգտնեն, նրան կդատապարտեն միայն կարճ ժամանակով, և նա մեզ մոտ կվերադառնա մոտավորապես վեց շաբաթ հետո։ Բայց եթե ուրիշ ապացույցներ էլ գտնեն, այդ դեպքում նա երկար կմնա։ Նրանք գիտեն, թե նա ինչ ուշիմ տղա է, և նրան ցմահ կուղարկեն։ Նրանք Հնարամտին անպայման ցմահ կուղարկեն, ոչ ավելի, ոչ պակաս։
― Ի՞նչ ես ուզում ասել, ― ասաց միստր Բոլթերը։ ― Ինչո՞ւ չես խոսում այնպես, որ կարողանամ հասկանալ քո ասածը։
Ֆեգինը հազիվ էր պատրաստվում այս խորհրդավոր արտահայտությունները վերածել գռեհիկ լեզվի, որոնք թարգմանվելուց հետո միստր Բոլթերը տեղեկացած կլիներ, որ Ստահակը ցմահ բանտարկվելով կենթարկվեր տաժանակիր աշխատանքի, երբ Վարպետ Բեյթսը, ձեռքերը խրած տաբատի գրպանների մեջ և դեմքին կիսազավեշտական վշտի արտահայտություն տված, մտավ ներս, ու նրանց զրույցը ընդհատվեց։
― Ամեն ինչ վերջացած է, Ֆեգին, ― նորեկի հետ ծանոթանալուց հետո ասաց Չարլին, ― ամեն ինչ վերջացած է։
― Ի՞նչ ես ուզում ասել։
― Նրանք գտել են այն ջենթլմենին, որին պատկանում է քթախոտի տուփը, երկու֊երեք մարդիկ էլ գալիս են նրա մասին բացասական վկայություն տալու։ Հետևաբար, Հնարամիտը արձանագրված է աքսորյալների ցանկում, ― պատասխանեց Վարպետ Բեյթսը։ ― Հարկավոր է սգո հանդերձանք պատրաստել ինձ համար, Ֆե՛գին, որպեսզի գնամ նրան այցելելու, նախքան ճանապարհվելը։ Մտածել, որ Ջեկ Դոքինզը, խիզախ Ջեկը, Ստահակը, Հնարամիտ Ստահակը, աքսորվում է մի հասարակ երկուս ու կես պեննի արժողությամբ քթախոտի տուփի համար։ Եթե նա աքսորված լիներ առնվազն մի ոսկյա ժամացույցի, շղթայի և կնիքի համար, մի կերպ կարելի էր հանդուրժել այդ, բայց այժմ։ Օ՜հ, ինչո՞ւ չկողոպտեց որևէ հարուստ ջենթլմենի, վերցնելով նրա թանկագին իրերը, և չաքսորվեց իբրև ջենթլմեն, և ոչ թե իբրև փառքից ու պատվից զուրկ մի հասարակ գող։
Իր դժբախտ բարեկամի հանդեպ այսպիսի զգացմունքներով համակված Վարպետ Բեյթսը, սրտաբեկ ու թաղծոտ, իրեն գցեց ամենից մոտ գտնվող աթոռին։
― Ի՞նչ ես փառքից ու պատվից զուրկ լինելու մասին խոսում, ― բացականչեց Ֆեգինը, բարկացած մի հայացք նետելով իր աշակերտի վրա։ ― Մի՞թե նա միշտ էլ ձեր բոլորից մի գլխով բարձր չի եղել։ Կա՞ մեկը ձեզնից, որ կարող էր հասնել նրան կամ որևէ բանում համեմատվել նրա հետ։
― Ո՛չ մեկը, ― վշտից խռպոտած ձայնով պատասխանեց Վարպետ Բեյթսը։ ― Եվ ո՛չ մեկը։
― Դե՛, էլի ինչի՞ մասին ես խոսում, ― բարկացած հարցրեց Ֆեգինը։ ― Ի՞նչ ես նվնվում։
― Բայց դա արխիվում չի արձանագրվելու, այնպես չէ՞, ― ասաց Չարլին վրդովված, ― երբեք ցույց չի տրվելու ամբաստանագրի մեջ, և ոչ ոք երբեք չի իմանալու, թե ո՛վ էր նա։ Ինչպիսի՞ տեղ է գրավելու նա Նյուգեթյան մատյանում։ Գուցե նույնիսկ արձանագրված էլ չլինի այնտեղ՝ մյուս մեծ հանցագործների շարքում։ Օ՜հ, աստվա՜ծ, աստվա՜ծ, ինչպիսի ծանր հարված է այս։
― Հա՛, հա՛, ― գոչեց Ֆեգինը․ աջ ձեռքը երկարելով և երջանկության նոպայի մեջ հաշմվածի պես ցնցվելով։ ― Տե՛ս, թե նրանք ինչպես են պարծենում իրենց մասնագիտությամբ։ Հիանալի է, այնպես չէ՞։
Միստր Բոլթերը գլխով հավանության նշան տվեց, իսկ Ֆեգինը, մի քանի րոպե բացահայտ բավարարությամբ Չարլի Բեյթսի վշտի մասին խորհրդածելուց հետո, մոտեցավ այդ փոքրիկ ջենթլմենին և շոյեց նրա ուսը։
― Ոչի՛նչ, Չարլի, ոչի՛նչ, ― ասաց Ֆեգինը ամոքիչ տոնով․ ― այդ բաները ի հայտ կգան, անպայման ի հայտ կգան։ Բոլորը կիմանան, թե ինչպիսի՜ տղա է Ստահակը․ նա ինքը կապացուցի այդ։ Նա չի անպատվի իր հին ընկերներին և ուսուցիչներին։ Մտածի՛ր, թե որքան փոքր է տարիքով։ Ինչպիսի՜ բացառիկ երևույթ, Չարլի, աքսորվել այդ հասակում։
― Իրոք որ պատիվ է, ― ասաց Չարլին, փոքր֊ինչ մխիթարված։
― Նա կստանա այն ամենը, ինչ ցանկանում է, ― շարունակեց Հրեան։ ― Նա բանտում կպահվի, Չարլի, ջենթլմենի նման։ Այո՛, ջենթլմենի նման։ Նրան ամեն օր գարեջուր կտան, և գրպանում դրամը միշտ անպակաս կլինի։ Նույնիսկ եթե չկարողանա ծախսել, արծվախաղով կզբաղվի և կզբոսնի։
― Իսկապե՞ս, Ֆե՛գին, ― բացականչեց Չարլի Բեյթսը։
― Այո, հապա ի՞նչ ես կարծում, ― պատասխանեց Ֆեգինը, ― նրա պաշտպանության համար կունենանք նաև փաստաբան, և այնպիսի փաստաբան, որ մյուս բոլորից ավելի ճարտասան լինի։ Ցանկանալու դեպքում նա ինքը կարող է ելույթ ունենալ, և մենք այդ բոլորը կկարդանք թերթերում․ «Հնարամիտ Ստահակը․․․ բարձրաձայն քրքիջներ․․․ այստեղ դատարանը ծիծաղից թուլացավ»։ Է՞հ, Չարլի, է՞հ։
― Հա՛, հա՛, ― քրքջաց վարպետ Բեյթսը, ― ինչպիսի՜ զվարճություն, այնպես չէ՞ Ֆե՛գին։ Օ՜յ, Հնարամիտը ինչպես կզայրացներ նրանց, չէ՞։
― Կզայրացնե՜ր, ― գոչեց Ֆեգինը։ ― Պիտի զայրացնի, զայրացնելու է։
― Ա՛հ, իսկապես այդպես էլ կանի, ― կրկնեց Չարլին, ձեռքերը շփելով։
― Կարծես նրան հիմա էլ տեսնում եմ, ― գոչեց Հրեան, իր աշակերտին նայելով։
― Ես նույնպես, ― գոչեց Չարլի Բեյթսը։ ― Հա՛, հա՛, հա՛, ես նույնպես։ Այդ բոլորը տեսնում եմ աչքիս առջև, երդվում եմ, որ տեսնում եմ, Ֆե՛գին։ Ի՜նչ զվարճություն։ Ի՜նչ հիանալի զվարճություն։ Բոլոր փաստաբանները կաշխատեն լուրջ դիրք ընդունել, իսկ Ջեք Դոքինզը կխոսի նրանց հետ այնպիսի մտերմական ձևով և այնքան անվրդով, ասես դատավորի որդի լինի, որը ճաշից հետո ճառ է արտասանում։ Հա՛, հա՛, հա՛։
Արդարև, միստր Ֆեգինը այնքան բարձրացրեց իր փոքրիկ բարեկամի արտառոց տրամադրությունը, որ Վարպետ Բեյթսը, բանտարկված Ստահակի մասին սկսեց մտածել ոչ թե իբրև զոհի, ինչպես առաջ մտածել էր, այլ իբրև գլխավոր դերակատարի՝ չափազանց արտասովոր ու սքանչելի, զավեշտական մի ներկայացման։ Եվ մեծ անհամբերությամբ սպասեց այն օրվան, երբ իր վաղեմի ընկերը իր տաղանդը ցուցադրելու այդքան բարեպատեհ առիթը կունենար։
― Բայց մենք պետք է մի կերպ իմանանք, թե նրա գործը ինչ ընթացքի մեջ է այսօր, ― ասաց Ֆեգինը, ― հապա տեսնեմ։
― Ես գնա՞մ, ― հարցրեց Չարլին։
― Ոչ մի դեպքում, ― պատասխանեց Ֆեգինը։ ― Գժվե՞լ ես, սիրելիս, դու բացարձակ գժվե՞լ ես, որ մտածում ես գնալ այն միևնույն տեղը, որտեղ․․․ Ո՛չ, Չարլի, ո՛չ։ Մինգամից կորցնել մեկից ավելին, այդ անկարելի է։
― Չլինի՞ թե ինքդ ես ուզում գնալ, ― հարցրեց Չարլին, աչքով անելով։
― Այդ բոլորովին ձեռնտու չէր լինի, ― պատասխանեց Ֆեգինը, գլուխը թափահարելով։
― Ուրեմն ինչո՞ւ այս մեկին չես ուղարկում, այս նոր տղային, ― հարցրեց Վարպետ Բեյթսը ձեռքը դնելով Նոայի թևին։ ― Նրան ոչ ոք չի ճանաչում։
― Իսկապես ոչ մի պատճառ, սիրելի՛ս, ― ասաց Ֆեգինը, դառնալով դեպի միստր Բոլթերը։ ― Իսկապես ոչ մի պատճառ։
― Օ՜հ, ինչպե՞ս թե ոչ մի պատճառ, ― նկատեց Նոան, ընկրկելով դեպի դուռը և գլուխը սարսափից տարուբերելով։ ― Ո՛չ, ո՛չ, ձեռ քաշեք։ Այդ իմ պարտականության մեջ չի մտնում։
― Իսկ սրա պարտականությունը ի՞նչ է, Ֆեգին, ― հարցրեց Վարպետ Բեյթսը, ոտից գլուխ զզվանքով զզնելով Նոայի վտիտ մարմինը։ ― Փախուստ տալ, երբ որևէ վտանգ կա, և ուտել ու խմել, երբ ամեն ինչ կարգին է, հա՞, ա՞յդ է նրա պարտականությունը։
― Քո գործը չէ, թե որն է իմ պարտականությունը, ― տաքացած վրա տվեց միստր Բոլթերը, ― իսկ դու չհամարձակվես քո վերադասների հետ այդ ձևով խոսել, ճուտիկ, այլապես այդ քեզ վրա թանկ կնստի, իմացա՞ր։
Այդ հոյակապ սպառնալիքը լսելով, Վարպետ Բեյթսը այնքան որոտագին ծիծաղեց, որ բավական ժամանակ անցավ, մինչև Ֆեգինը կարողացավ միջամտել և միստր Բոլթերին բացատրել, թե ոստիկանատուն այցելելով որևէ վտանգի չի ենթարկվի։ Շարունակելով՝ նա ասաց, որ քանի դեռ իր կատարած փոքրիկ գործի մասին ոչ մի տեղեկություն չէր ուղարկվել մայրաքաղաք, ոչ էլ իր անձի վերաբերյալ որևէ նկարագրություն, շատ հավանական է, որ նույնիսկ չէին էլ կասկածի, թե նա այստեղ է ապաստանել։ Եթե պատշաճորեն ծպտվեր, ոստիկանատունը շատ ավելի ապահով էր նրա համար, քան Լոնդոնում գտնվող որևէ այլ վայր, քանի որ դժվար թե հավատային, թե նա կարող էր կամովին ապաստանել այնտեղ։
Միստեր Բոլթերը, կիսով չափ համոզված այս փաստարկումներից, բայց առավելապես հաղթահարված Ֆեգինի հանդեպ իր զգացած վախից, վերջապես մեծ դժվարությամբ համաձայնեց հանձն առնել արշավանքը։ Ֆեգինի ցուցմունքներով նա իսկույն հագավ կառապանի բաճկոնը, թավշյա տաբատ ու կաշվե զանգապաններ, որ Հրեան պատրաստ ուներ իր պահեստում։ Նրան տվեցին նաև սայլապանի մտրակ և շուրջ բոլորը ուղեկալի տոմսերով հարդարված մի թաղիթե գլխարկ։ Այսպես սպառազինված, նա անփույթ ու անտարբեր մտնելու էր ոստիկանատուն, ինչպես այդ կարող էր անել հետաքրքրությունից դրդված որևէ գավառացի տղա՝ Քովենտ Գարդենի շուկայից։ Եվ քանի որ Նոան հաղթանդամ, անշնորհք և ոսկրոտ մարմնով մի տղա էր, ապա միստր Ֆեգինը կասկած չուներ, որ նա իր դերը կկատարեր ամենայն հաջողությամբ։
Այս նախապատրաստական կարգադրությունները ավարտելուց հետո նրան տվեցին Հնարամիտ Ստահակի արտաքին նկարագրի մասին հարկ եղած բոլոր տեղեկությունները, որից հետո Վարպետ Բեյթսը մութ ու օձագալար նրբուղիներով նրան առաջնորդեց սահմանված վայրը։ Բաու Սթրիթից քիչ այս կողմ կանգ առնելով, Վարպետ Բեյթսը նկարագրեց ոստիկանատան ճշգրիտ դիրքը և բազմաթիվ ցուցումներ տալով, թե նրբանցքից ինչպես պետք է աջ կողմում գտնվող աստիճաններով վեր բարձրանալ և ինչպես սենյակ մտնելիս գլխարկը պետք է հանել, պատվիրեց նրան շտապել, խոստանալով հենց այնտեղ էլ սպասել, մինչև նրա վերադարձը։
Նոա Քլեյփոլը, կամ Մորրիս Բոլթերը, ինչպես որ հաճո է ընթերցողին, կետ առ կետ հետևելով իրեն տրված ցուցմունքներին (որոնք չափազանց ճշգրիտ էին, քանի որ վարպետ Բեյթսը քաջածանոթ էր շրջապատին), ոստիկանատուն հասավ առանց որևէ մեկին մի բան հարցնելու կամ ճանպարհին որևէ անրախորժության հանդիպելու։ Այնտեղ նա տեսավ մեծ մասամբ կանանցից բաղկացած մի խումբ, խռնված կեղտոտ ու պատերը բորբոսնած մի սենյակում։ Սենյակի վերևի ծայրում կար բազիրքներով անջատված մի բեմահարթակ, որի վրա, ձախ կողմում, պատի տակ շարված էին ամբաստանյալների աթոռները, մեջտեղում վկաներին հատկացված նստարաններն էին, իսկ աջում դրված էր դատավորների գրասեղանը։ Այս վերջին սարսափազդու վայրը բաժանված էր մի միջնորմով, որը դատավորներին թաքցնում էր հասարակ մահկանացուների հայացքից և խաժամուժին թույլ տալիս՝ պատկերացնելու (եթե նա կարող էր պատկերացնել) արդարությունը իր ամբողջ վեհութայմբ։
Ամբաստանյալների աթոռներին նստած էին միայն երկու կին, որոնք իրենցով հիացող բարեկամներին գլխով էին անում, մինչ քարտուղարը՝ սեղանի վրա կռցացած, որոշ ցուցմունքներ էր կարդում քաղաքացիակն շորերով ինչ֊որ մարդու և երկու ոստիկանի։ Բեմահարթակի բազիրքներին հենված մի բանտապահ մեծ բանալիով խփում էր իր քթին, այդ զբաղմունքը դադարեցնելով միայն այն ժամանակ, երբ զսպում էր դատարկապորտների խոսելու անտեղի ցանկությունը կամ խստերեն հրահանգում էր այս կամ այն կնոջը՝ աղմկող երեխային դուրս հանել։ Սենյակի օդը հեղձուցիչ էր և ապականված անախորժ հոտերով։ Կեղտից պատերի գույնը փոխվել էր, իսկ առաստաղը՝ սևացել։ Բուխարիկի վրա կար հին, ծխից մրոտված մի կիսանդրի, իսկ բեմահարթակի վերևում՝ մի փոշոտ ժամացույց, շրջապատի իրերից միակը, որ իր ընթացքը շարունակում էր ինչպես հարկն է, քանի որ զրկանքը և աղքատությունը իրենց հետքը թողել էին բոլոր շնչավոր արարածների վրա, որոնք նույնքան տհաճ տեսք ունեին, որքան կեղտի ու ճենճի հաստ շերտով պատած անշունչ առարկաները։
Նոան հետաքրքրությամբ շուրջը նայեց՝ Ստահակին որոնելով։ Թեև սենյակում կային մի քանի կանայք, որոնք այդ հայտնի մարդու մայրը կամ քույրը կարող էին համարվել, և մի քանի տղամարդ, որ կարող էին մեծ նմանություն ունենալ նրա հորը, այնուամենայնիվ, միստր Դոքինզի մասին տրված նկարագրություններին համապատասխանող ոչ ոք չկար այնտեղ։ Կասկածի ու անորոշության մեջ, նա սպասեց մինչև այդ երկու կանայք, հանձնված լինելով քրեական դատարանին, հաղթական քայլերով դուրս եկան սենյակից․ իսկ նրանց գնալուց անմիջապես հետո հայտնվեց մի ուրիշ բանտարկյալ, որին նա իսկույն ճանաչեց որպես խնդրո առարկա անձնավորությունը։
Արդարև, այդ միստր Դոքինզն էր։ Հսկա պիջակի թևերը ըստ սովորականին ծալած, ձախ ձեռքը գրպանում, աջ ձեռքում գլխարկը, նա ոտքերը քստքստացնելով բանտապահի առջևից մտավ դատասենկակ և, դատապարտյալի աթոռի վրա իր տեղը գրավելուց հետո, բարձրաձայն հարցրեց, թե իրեն ինչո՞ւ համար էին այդպիսի նվաստացուցիչ դրության մեջ դրել։
― Լեզուդ քե՛զ քաշիր, իմացա՞ր, ― ասաց բանտապահը։
― Միթե ես անգլիական քաղաքացի չե՞մ, ինչ է, ― վրա բերեց Ստահակը։ ― Որտե՞ղ են իմ արտոնությունները։
― Դու շուտով կստանաս քո արտոնությունները, ― պատասխանեց բանտապահը, և լավ կզբոսնես դրանցով։
― Իսկ եթե չստանամ, մենք կտեսնենք, թե Ներքին Գործերի նախարարությունը ինչ կասի դատավորներին, ― պատասխանեց միստր Դոքինզը։ ― Այս ի՞նչ բան է։ Ես պիտի խնդրեի, որ դատական ատյանը այս չնչին գործը շուտ վերջացներ և ինձ այստեղ չպահեր, երբ իրենք լրագիր են կարդում։ Սիթիում ինչ֊որ Ջենթլմենի հետ ժամադրություն ունեմ․ քանի որ ես իմ խոսքի տերն եմ և շատ ճշտապահ իմ գործերի մեջ, ապա այդ ջենթլմենը կթողնի ու կգնա, եթե ես ժամանակին այնտեղ չլինեմ։ Չհարգելով իմ ժամադրությունը, գործը, իհարկե, մեծապես կտուժի, իսկ այդ պատճառով արդյոք վնասի հատուցում չի՞ պահանջվի նրանցից, ովքեր բռնությամբ ինձ պահել են այստեղ։ Օ՜հ, ո՛չ, անշո՛ւշտ, ոչ։
Խոսակցության այս կետում Ստահակը, այնպես ձևացնելով, իբրև թե իր անձնական գործերի հետագա ընթացքով մեծապես մտահոգված է, ցանկություն հայտնեց բանտապահից իմանալ դատավորական աթոռների վրա նստած «երկու կաշառակերների անուններ»։ Հանսիասատեսները այնքան ծիծաղեցին այս արտահայտության վրա, որ ինքը՝ Վարպետ Բեյթսը ավելի լիաթոք ծիծղել չէր կարող, եթե լսած լիներ այս առաջարկը։
― Լռությո՛ւն, ― գոչեց բանտապահը։
― Ի՞նչ է պատահել, ― հարցրեց դատավորներից մեկը։
― Ինչ֊որ գրպանահատության դեպք է, ձերդ գերազանցություն։
― Այդ տղան ուրիշ անգամ այստեղ եղե՞լ է։
― Շատ անգամ պետք է եղած լիներ, ― պատասխանեց բանտապահը։ ― Ես ինքս նրան լավ եմ ճանաչում, ձերդ գերազանցություն։
― Օ՜հ, դուք ինձ ճանաչում եք այդպե՞ս է, ― գոչեց Հնարամիտը, ծոցատետրի մեջ նշանակելով բանտապահի բանավոր հայտարարությունը։ ― Շա՛տ լավ, շա՛տ լավ։ Այսպես կամ այնպես, սյդ ևս իմ համբավն արատավորելու փորձ է։
Նորից քրքիջներ ու նորից լռության կոչ։
― Որտե՞ղ են վկաները, ― հարցրեց քարտուղարը։
― Ա՛հ, ճիշտ որ, ― ավելացրեց Ստահակը։ ― Որտե՞ղ են վկաները։ Կցանկանայի տեսնել նրանց։
Այս ցանկությունը իսկույն գոհացում գտավ, քանի որ մի ոստիկան առաջ գալով վկայեց, որ բանտարկյալը խռնված մարդկանց միջից ձեռքը մտցրել էր ինչ֊որ անծանոթ ջենթլմենի գրպանը և այնտեղից հանել էր մի թաշկինակ։ Բայց թաշկինակը լինելով չափազանց հին, նա, իր քիթը սրբելուց հետո, շատ հանգիստ կերպով դրել էր տեղը։ Այս պատճառով ոստիկանը ձերբակալել էր այս Ստահակ կոչեցյալին, հենց որ կարողացել էր մոտենալ նրան և խուզարկություն կատարելով՝ նրա մոտ գտել էր մի արծաթյա քթախոտի տուփ, որի վրա փորագրված էր տիրոջ անունը։ Դատական տեղեկատուի օգնությամբ ջենթլմենի հասցեն գտնելով, նրան հրավիրել էին ոստիկանատուն․ այդտեղ նա երդվել էր, թե քթախոտի տուփը իրեն էր պատկանում, և որ նա այդ իրը կորցրել էր նախորդ օրը ճիշտ այն միջոցին, երբ կարողացել էր մի կերպ դուրս գալ վերոհիշյալ խռնված բազմությունից։ Նա նույնպես նկատել էր, որ այդ բազմության մեջ ինչ֊որ փոքրիկ ջենթլմեն բացառիկ աշխուժությամբ դես֊դեն էր շարժվում, և որ այդ փոքրիկ ջենթլմենը այժմ իր առջև կանգնած բանտարկյալն է։
― Որևէ հարց ունե՞ս վկային տալու, տղա՛, ― ասաց դատավորը։
― Ես ինձ չէի նվաստացնի այդպիսի մեկի հետ խոսելու, ― պատասխանեց Ստահակը։
― Իսկ առհասարակ որևէ բան ունե՞ս ասելու։
― Լսո՞ւմ ես նորին գերազանցությանը, ― հարցրեց բանտապահը, արմունկով մշտելով լուռ կանգնած Ստահակին։
― Ներողություն, ― ասաց Ստահակը մտացրիվ վեր նայելով։ ― Դու ինձ ի՞նձ հետ ես խոսում, բարեկամս։
― Այսպիսի սարսափելի, փոքրիկ դատարկապորտի կյանքում տեսած չկամ, ձերդ գերազանցություն, ― նկատեց ոստիկանը անմիտ ժպիտով։ ― Ցանկություն ումե՞ս մի բան ասելու, լակո՛տ։
― Ո՛չ, պատասխանեց Ստահակը։ ― Գոնե ոչ այստեղ, որովհետև այստեղ արդարություն գոյություն չունի, մանավանդ որ իմ դատապաշտպանը այս առավոտ նախաճաշում է Համայնքների Պալատի Փոխնախագահի հետ։ Բայց ես գիտեմ, թե մի այլ տեղ ինչ պետք է ասեմ․ իմ դատապաշտպանը նույնպես գիտե, թե ինչ պետք է ասի, գիտե նաև հարգարժան մարդկանցից բաղկացած բարեկամների մի մեծ խումբ․ նրանք այնպես պիտի անեն, որ դատավորները զղջան աշխարհ եկած լինելու համար, կամ ափսոսան, որ այս առավոտ չմնացին իրենց տներում և ինձ այսպես անտեղի կերպով անհանգստացնելու փորձության մեջ ընկնելով՝ վտանգի ենթարկեցին իրենց։ Ես․․․
― Բավակա՛ն է։ Նա հանցապարտ է, ― ընդհատեց քարտուղարը։ ― Հեռացրե՛ք նրան այստեղից։
― Շարժվի՛ր, ― ասաց բանտապահը։
― Գալիս եմ, ― պատասխանեց Ստահակը, ձեռքի ափով գլխարկը մաքրելով։ ― Ա՜հ (խոսքը ուղղելով դատավորներին), անօգուտ է, այդպիսի սարսափած տեսք ընդունելն անօգուտ է։ Ես ձեզ չեմ խնայելու, նույնիսկ կես պեննիի գթություն ցույց չեմ տալու ձեզ։ Դուք թանկ եք վճարելու ձեր այս արարքի համար, բարեկամնե՛րս։ Ոչ մի դեպքում չէի համաձայնի ձեր տեղը լինել։ Ես այժմ չէի գնա այստեղից, անգամ եթե ծունկի գալով խնդրեիք ինձ գնալ։ Դե՛, տարե՛ք ինձ բանտ։ Հեռացրե՛ք ինձ այստեղից։
Այս բառերը ասելուց հետո, Ստահակի օձիքից բռնելով քարշ տվեցին նրան, մինչդեռ նա ամբողջ ճանապարհին սպառնում էր, այդ առթիվ հարց հարուցել պառլամենտում։
Երբ նրան մենակ արգելափակեցին մի խցիկի մեջ, Նոան հնարավոր եղածի չափ շուտ վերադարձավ այնտեղ, ուր թողել էր Վարպետ Բեյթսին։ Առժամանակ սպասելուց հետո նրան միացավ այն փոքրիկ ջենթլմենը, որը խոհեմաբար թաքնվել էր, տեսնելու համար, թե արդյոք որևէ լրբի մեկը չէ՞ր հետապնդել իր նոր ընկերոջը։ Ապա նրանք երկուսով վազեցին միստր Ֆեգինի մոտ, նրան հաղորդելու, որ Ստահակը լրիվ արդարացնում էր իր վրա դրված հույսերը և ձեռք էր բերում փառավոր հռչակ։
Քառասունչորսերորդ գլուխ
Ժամանակը հասնում է, երբ Նենսին պետք է կատարի Ռոզ Մեյլիին տված իր խոստումը, բայց ձախողվում է
Թեպետ Նենսին խորամանք էր և շատ հմուտ մեքենայություններ գործադրելու մեջ, այնուամենայնիվ, իր սրտում ծայր առած պայքարը լրիվ չափով թաքցնել չէր կարող։ Նա հիշում էր, թե ինչպես և՛ նենգամիտ Հրեան, և՛ բիրտ Սայքսը նրան վստահել էին ծրագրեր, որոնց մասին մյուսներին ոչինչ հայտնի չէր, բացարձակ հավատով, որ նա երբեք չի դավաճանի իրենց։ Ինչ խոսք, որ այդ ծրագրերը կեղտոտ էին, դրանք հղացող մտքերը՝ հրեշային, և աղջկա զգացումները դառն՝ հանդեպ Ֆեգինի, որը աստիճանաբար նրան ավելի ու ավելի էր մխրճել ոճրագործության ու դժբախտության տիղմի մեջ, որտեղից փրկություն չկար։ Այնուամենայնիվ լինում էին պահեր, երբ Նենսին նույնիսկ նրան էր խղճում, մտածելով, որ գուցե իր արարքը կնետեր նրան այն երկաթյա ճիրանների մեջ, որոնցից այնքան երկար ժամանակ խուսափել էր, և, վերջապես, նա կտապալվեր իր՝ Նենսիի ձեռքով, չնայած մեծապես արժանի էր այդ ճակատագրին։
Բայց սրանք լոկ տատանումներ էին մի հոգու, որ չէր կարող ամբողջապես անջատվել վաղեմի ընկերներից ու կապերից, բայց կարող էր հաստատորեն կառչել մի նպատակից ու դրանից չշեղվել ոչ մի նկատառումով։ Սայքսի նկատմամբ իր ունեցած մտահոգությունը շատ ավելի մեծ դրդապատճառ պետք է հանդիսանար նրան ետ կանգնեցնելու իր որոշումից, քանի դեռ ուշ չէր, բայց ինքը պահանջել էր, որ գաղտնիքը խստորեն պահպանվի։ Նա այդ գաղտնիքը հայտնաբերող ամենափոքրիկ հետք անգամ չէր թողել, ի սեր նրան հրաժարվել էր հեռանալ իրեն շրջապատող բոլոր հանցագործություններից ու թշվառություններից։ Էլ ի՞նչ կարող էր անել։ Ո՛չ, նա իր որոշման մեջ կմնար անդրդվելի։
Թեև նրա ամբողջ հոգեկան պահքարը հանգեց այս եզրակացության, բայց այդ կրկին ու կրկին փոթորկեց նրա ներքնաշխարհը և իր հետքերը դրոշմեց նրա վրա։ Նենսին նիհարեց ու գունատվեց նույնիսկ մի քանի օրվա ընթացքում։ Լինում էին պահեր, որ նա ուշադրություն չէր դարձնում, թե ինչ է կատարվում շուրջը, կամ չէր մասնակցում զրույցներին, երբ կար ժամանակ, որ ամենից շատ էր խոսում։ Պատահում էր նաև այնպես, որ նա ծիծաղում էր առանց խնդության, կամ աղմկում էր առանց պատճառի։ Հաճախ, հենց մի րոպե հետո, նա նստում էր լուռ ու վշտահար, գլուխը առած ձեռքերի մեջ, և ճիգը, որ գործադրում էր սթափվելու համար, առավել ևս վկայում էր այն մասին, որ նա վրդովված էր և տարված այնպիսի մտքերով, որոնք բոլորովին կապ չունեին իր ընկերներին հուզող հարցերի հետ։
Կիրակի գիշեր էր, և մոտերքում գտնվող եկեղեցիներից մեկի զանգը սկսեց ազդարարել ժամը։ Սայքսը և Հրեան զրուցում էին, բայց լռելով ականջ դրին։ Աղջիկը, որ կծկվել էր մի ցած աթոռակի վրա, վեր նայեց ու նույնպես ականջ դրեց։ Տասնմե՛կ։
― Դեռ մի ժամ էլ կա մինչև կեսգիշեր, ― ասաց Սայքսը, լուսամուտի փեղկերը բաց անելով և դուրս նայելուց հետո վերադառնալով իր տեղը։ ― Երկինքն էլ մութ է ու ամպամած։ Ի՛նչ հրաշալի գիշեր է մեր գործի համար։
― Ա՜հ, ― պատասխանեց Ֆեգինը։ ― Բիլլ, սիրելի՛ս, ափսոս, որ այժմ մեր ձեռքում պատրաստի գործ չունենք։
― Վերջապես մի խելոք բամ ասացիր, ― խռպոտ ձայնով պատասխանեց Սայքսը։ ― Այո, հազար ափսոս, որովհետև ես էլ տրամադիր էի գործ անելու։
Ֆեգինը հառաչեց և հուսալքված գլուխը թափահարեց։
― Ես մի բան գիտեմ, որ երբ գործերը հունի մեջ մտնեն, մենք պետք է մեր կորցրած ժամանակի համար կրկնապատված եռանդով աշխատենք, ― ասաց Սայքսը։
― Ա՛յ, այդպես հարկավոր է խոսել, սիրելի՛ս, այդպես պետք է խոսել, ― պատասխանեց Ֆեգինը, համարձակվելով նրա ուսը շոյել։ ― Ինձ համար հաճելի է քո այդ խոսքերը լսել։
― Հաճելի է, հա՞, ― գոռաց Սայքսը։ ― Լա՛վ, թո՛ղ այդպես լինի։
― Հա՛, հա՛, հա՛, ― քրքրջաց Ֆեգինը, կարծես գոհ նույնիսկ այս շնորհից։ ― Այս գիշեր դու վերստին այնպիսին ես, ինչպես էիր հիվանդանլուց առաջ, Բի՛լլ։ Այժմ քեզ բոլորովին լավ ես զգում․ Բի՛լլ։
― Բայց ես ինձ լավ չեմ զգում, երբ քո չորացած ծեր մագիլները դնում ես իմ ուսին, հետևաբար հեռացրու դրանք, ― ասաց Սայքսը, Հրեայի ձեռքը դեն հրելով։
― Դա ջղերիդ վրա ազդում է, Բի՛լլ․․․ այդ քեզ հիշեցնում է ձերբակալման մասին, այնպես չէ՞, ― ասաց Ֆեգինը, որոշելով չվիրավորվել։
― Այդ նման է նրան, կարծես թե սատանան է ինձ բռնում, ― վրա բերեց Սայքսը։ ― Քո դեմքի նման դեմք ունեցող մարդ աշխարհումս երբեք չի եղել, բացառությամբ, իհարկե, քո հոր դեմքի, որը, շատ հավանական է, իր շիկավուն մորուքը այժմ խանձում է դշոխքում, եթե իսկապես հայր ունեցել ես և ուղղակի սատանայից չես սերվել առանց հոր միջամտության, մի բան, որ բոլորովին զարմանք չէր պատճառի ինձ։
Ֆեգինը այս հաճոյախոսությանը չպատասխանեց, այլ Սայքսի թևից քաշելով՝ մատնացույց արեց Նենսիին, որը, տեղի ունեցող զրույցից օգտվելով, ծածկել էր գլխանոցը և այժմ դուրս էր գալիս սենյակից։
― Է՜յ, ― գոչեց Սայքսը։ ― Նե՜նս։ Ո՞ւր է գնում այս աղջիկը գիշերվա այս ուշ ժամին։
― Հեռու չեմ գնում։
― Այդ ի՞նչ պատասխան է, ― բորբոքվեց Սայքսը։ ― Ո՞ւր ես գնում։
― Ասում եմ, որ հեռու չեմ գնում։
― Իսկ ես հարցնում եմ՝ ո՞ւր ես գնում, ― կատաղեց Սայքսը։ ― Լսո՞ւմ ես ինձ։
― Չգիտեմ թե ուր, ― պատասխանեց աղջիկը։
― Իսկ ես գիտեմ, ― ասաց Սայքսը։ Ճիշտն ասած՝ նա որևէ լուրջ պատճառ չուներ աղջկան արգելք հանդիսանալու գնալ իր ցանկացած տեղը, սա իր տեսակետը պնդեց հենց այնպես, կամակորության համար։ ― Դու ոչ մի տեղ չես գնալու։ Նստի՛ր։
― Ինձ լավ չեմ զգում, Բի՛լլ։ Նախօրոք քեզ ասել եմ այդ մասին, ― առարկեց աղջիկը։ ― Ուզում եմ մի քիչ մաքուր օդ շնչել։
― Գլուխդ լուսամուտից դուրս հանիր, ― պատասխանեց Սայքսը։
― Այնտեղի օդը հերիք չէ, ― ասաց աղջիկը։ ― Ինձ հարկավոր է փողոցում շնչել։
― Որ այդպես է փողոց չես գնա, ― պատասխանեց Սայքսը։ Այս խոսքերով՝ նա վեր կացավ, դուռը կողպեց, բանալին վերցրեց ու աղջկա գլխանոցը պոկելով գլխից, շպրտեց հին պահարանի վրա։
― Դե՛, ― ասաց ավազակը, ― այժմ հանգիստ նստիր քո տեղը, իմացա՞ր։
― Գլխանոցը ինձ չի կարող պահել, ― ասաց աղջիկը սաստիկ գունատվելով։ ― Ի՞նչ ես ուզում ասել, Բի՛լլ։ Դու գիտե՞ս, թե ինչ ես անում։
― Ես գիտեմ, թե ինչ եմ․․ օ՜հ, ― գոչեց Սայքսը՝ խոսքն ուղղելով Ֆեգինին։ ― Գիտես ինչ, նա խելագարվել է, այլապես չէր համարձակվի ինձ հետ այդ ձևով խոսել։
― Դու կստիպես ինձ ծայրահեղությունների դիմել, ― քրթմնջաց աղջիկը, երկու ձեռքերը սեղմելով կրծքին, ասես ճգնելով կասեցնել ինչ֊որ կատաղի փոթորիկ, որ սպառնում էր պայթել։ ― Թո՛ղ գնամ, իմացա՞ր, հենց այս րոպեիս, հենց այս վայրկյանիս։
― Ո՛չ, ― գոչեց Սայքսը։
― Ասա նրան, որ թողնի ինձ, Ֆեգին։ Լավ կանի, որ թողնի։ Այդ ավելի լավ կլիներ նրա համար։ Լսո՞ւմ ես, ― գոռաց Նենսին, ոտքը գետնին խփելով։
― Լսում եմ, ― կրկնեց Սայքսը, առանց աթոռից վեր կենալու դեպի նրա կողմը շրջվելով։ ― Եթե կես րոպե էլ լսեմ քեզ, շունը այնպես պինդ կկպչի քո կոկորցից, որ այդ ճվացող ձայնդ անմիջապես կկտրվի։ Ի՞նչ է պատահել քեզ, անառակի մեկը։ Այդ ի՞նչ բան է։
― Թո՛ղ ինձ գնամ, ― թախանձեց աղջիկը, ապա դռան առջև հատակին նստելով՝ ասաց․ ― Բի՛լլ, թույլ տուր գնամ։ Դու չգիտես, թե ինչ ես անում։ Իսկապես չգիտես։ Միայն մի ժամով թույլ տուր գնամ, խնդրում եմ, խնդրում եմ։
― Թող ինձ կտոր֊կտոր անեն, եթե այս աղջիկը չի խելագարվել, ― նրա թևից կոպտությամբ քաշելով՝ ասաց Սայքսը։
― Ես վեր չեմ կենա, մինչև չթողնես որ գնամ, ուրիշ ո՛չ մի դեպքում, ո՛չ մի դեպքում, ― ճչաց աղջիկը։
Սայքսը հարմար առիթի սպասելով մի րոպե լուռ դիտեց նրան, ապա հանկարծ ամուր բռնելով նրա թևերից, մեծ դժվարությամբ քարշ տվեց հարակից փոքրիկ սենյակը, որտեղ նստելով ինչ֊որ նստարանի, աղջկան գցեց մի աթոռի ռ բռնությամբ պահեց այնտեղ։ Աղջիկը մեկ թախանձեց, մեկ մաքառեց, մինչև հնչեց ժամը տասներկուսը, ապա հոգնաբեկ և ուժասպառ, դադարեց պնդել իր ասածը։ Սայքսը, բազմաթիվ հայհոյանքներով նախազգուշացնելով նրան, որ այդ գիշեր այլևս փորձ չանի դուրս գալ տանից, վերադարձավ Ֆեգինի մոտ և թողեց, որ նա հանդարտվի, երբ կամենա։
― Թյո՜ւ, ― ասաց ավազակը, դեմքից հոսող քրտինքը սրբելով։ Ի՛նչ զարմանալի աղջիկ է։
― Այդպես է, մտածկոտ պատասխանեց Ֆեգինը։ ― Այդպես է։
― Քո կարծիքով նա ինչո՞ւ ցանկացավ այս գիշեր անպայման դուրս գալ տանից, հը՞, ― հարցրեց Աայքսը։ ― Դե՛, դու այդ բանը ինձնից լավ պետք է իմանաս։ Այս ի՞նչ է նշանակում։
― Կամակորություն, կնոջական կամակորություն, երևի, սիրելի՛ս։
― Հա՛, կարծես այդպես է, ― քրթմնջաց Սայքսը։ ― Ես կարծում էի, թե ընտելացրել եմ նրան, բայց տեսնում եմ, որ նա դարձյալ նույն վայրի գազանն է։
― Նույնիսկ առաջվանից ավելի վատ է, ― ասաց Ֆեգինը մտահոգությամբ։ ― Երբեք չէի կարող պատկերացնել, թե այդքան չնչին բանի համար նա կարող է այդպես կատաղել։
― Ես էլ, ― ասաց Սայքսը։ ― Կարծում եմ, նրա արյան մեջ դեռևս մնում են տենդի հետքերը և ոչ մի կերպ դուրս չեն գալիս։
― Երևի։
― Ես նրանից մի քիչ արյուն բաց կթողնեմ առանց բժշկին անհանգստացնելու, եթե նման բան կրկնվի, ― ասաց Սայքսը։
Ֆեգինը այս տեսակ բուժումը հարմար գտնելով, գլուխը հավանությամբ թափահարեց։
― Երբ ես ծանր վիճակում հիվանդ պառկած էի անկողնում, նա օր ու գիշեր անքուն հսկում էր ինձ, իսկ դու, նենգամիտ, մաղձոտ գայլ, շաբաթներով քեզ հեռու պահեցիր մեզնից, ― ասաց Սայքսը։ ― Մենք այնքան խեղճ էինք ապրում, որ այդ ամենը նրա վրա ազդած կլինի։ Հետո երկար ժամանակ սենյակում փակված լինելն էլ նրա ներվերը քայքայել է։ Հը՛, ի՞նչ ես ասում։
― Այդպես է սիրելիս, այդպես է, ― շշնջաց Հրեան։ ― Կամա՜ց։
Հենց այդ պահին աղջիկը եկավ և նստեց իր նախկին տեղը։ Աչքերն ուռել և կարմրել էին։ Նա մարմինը ետ ու առաջ շարժեց, գլուխը ցնցեց և փոքր անց սկսեց բարձրաձայն քրքջալ։
― Վա՛հ, հիմա էլ մյուս ծայրահեղության մեջ ընկավ, ― բացականչեց Սայքսը, սաստիկ զարմանքով նայելով իր զրուցակցին։
Ֆեգինը նշանացի հասկացրեց ուշադրություն չդարձնել նրան, և իրոք, քիչ հետո Նենսին հանդարտվեց։
Սայքսի ականջին շշնջալով, որ աղջիկը այլևս բոլորովին հանգիստ է, Ֆեգինը գլխարկը վերցրեց և նրան բարի գիշեր մաղթելով՝ ուղղվեց դեպի դուռը։ Սակայն դռան մոտ կանգ առավ, մի րոպի շուրջը նայեց, ապա խնդրեց, որ մեկնումեկը ճրագ բերի սանդուղքները լուսավորելու։
― Մի ճրա՛գ տար ներքև, ― խոսքը աղջկան ուղղելով ասաց Սայքսը, որ ծխամորճն էր լցնում։ ― Ցավալի կլինի, եթե նա ջարդի իր գլուխը, հուսախաբության մատնելով հանդիսատեսներին։ Լուսավորի՛ր սանդուղքները։
Նենսին մոմը ձեռքին հետևեց ծերունուն։ Երբ միջանցք հասան, վերջինս ցուցամատը դրեց շուրթին և աղջկան մոտենալով՝ շշնջաց․
― Ի՞նչ է պատահել, Նենսի, անգի՛նս։
― Ի՞նչ ես ուզում ասել, ― պատասխանեց աղջիկը նույն տոնով։
― Ես հարցնում եմ, թե ի՞նչն է այս բոլորի պատճառը, սիրելի՛ս, ― ասաց Ֆեգինը։ ― Եթե նա, ― ոսկրոտ ցուցամատով դեպի վերև ցույց տալով շարունակեց Հրեան, ― այդքան բիրտ է վարվում քեզ հետ (չէ՞ որ նա գազան է, Նենս, վայրենի գազան), ապա ինչո՞ւ չես․․․
― Հետո՞, ― ասաց աղջիկը, երբ Ֆեգինը կանգ առավ․ նրա բերանը համարյա հպվում էր աղջկա ականջին, և նրա աչքերը նայում էին ուղիղ աղջկա աչքերի մեջ։
― Այժմ ժամանակը չէ մանրամասնությունների մեջ մտնելու։ Մենք նորից կանդրադառնանք այս հարցին։ Հանձին ինձ դու բարեկամ ունես, Նենս, մի հավատարիմ բարեկամ։ Միջոցները պատրաստ են, գաղտնի ու ապահով։ Եթե ուզում ես վրեժ լուծել նրանցից, ովքեր վերաբերվում են քեզ հետ շան նման, այո, շան նման, նույնիսկ շնից էլ ավելի վատ, որովհետև նա երբեմն փաղաքշում է իր շանը, ե՛կ ինձ մոտ։ Նա լոկ մի օրվա հերոսն է, իսկ դու ինձ վաղուց ես ճանաչում, Նե՛նս։
― Ես քեզ լավ եմ ճանաչում, ― պատասխանեց աղջիկը, նվազագույն իսկ չափով հուզում չհայտնելով, ― բարի գիշեր։
Երբ Ֆեգինը փորձեց նրա ձեռքը սեղմել, նա կծկվելով ընկրկեց, բայց նորից հաստատուն ձայնով բարի գիշեր մաղթեց և, նրա հրաժեշտի հայացքին գլխով բազմանշանակ մի շարժում անելով, դուռը ծածկեց նրա հետևից։
Ֆեգինը, մտքերի մեջ թաղված, ուղղվեց դեպի տուն։ Նրա սրտում ծագել էր կասկած, ոչ այն տեսարանից, որին մի քանի րոպե առաջ ականատես էր եղել, թեպետ այն հաստատել էր իր կասկածները, ― այլ ժամանակի ընթացքում, աստիճանաբար, ― որ Նենսին, ավազակի դաժան վերաբերմունքից ձանձրացած, կապվել էր մեկ ուրիշի հետ։ Նրա փոխված վարքը, հաճախակի բացակայությունները տանից առանձին, նրա հարաբերական անտարբերությունը դեպի խմբի շահերը, որոնց նկատմամբ մի ժամանակ նա եղել էր այնքան նախանձախնդիր, և ի հավելումն այդ ամենի՝ նրա անզուսպ ցանկությունը այդ գիշեր անպայման տանից դուրս գալ հատկապես մի որոշյալ ժամի, այս բոլորը հաստատում էին իր ենթադրությունը և վերածում այն գրեթե ստույգ համոզմունքի։ Այս նոր սիրո առարկան երևի իրենց շրջանակից չէր։ Նենսիի նման մի հմուտ օգնականի հետ այդ նորեկը կարող էր հանդիսանալ թանկարժեք գործակից, հետևաբար (այդպես էր դատում Ֆեգինը) հարկավոր էր նրան ձեռք բերել առանց հապաղման։
Կար նաև մի ավելի ստոր նպատակ, որին անհրաժեշտ էր հասնել։ Սայքսը պետք է եղածից ավելին դիտեր, իսկ նրա գազանաբարո վերաբերմունքն ու կծու նախատինքները քիչ չէին վիրավորել նրան, ինչ փույթ, թե վերքերը տեսանելի չէին։ Աղջիկը լավ գիտեր, որ եթե Սայքսին լքեր, նրա զայրույթից երբեք չէր կարող խուսափել, և իր նոր սիրո առարկան անպայման զոհ կգնար նրա վրեժխնդրությանը։ «Մի քիչ համոզելով, ― մտածեց Ֆեգինը, նա անշուշտ կհամաձայնի թունավորել նրան։ Կանայք հաճախ նույնիսկ ավելի վատ դավեր են նյութել իրենց նպատակին հասնելու համար։ Վտանգավոր սրիկան, այն մարդը, որին ես ատում եմ, կվերանա մեջտեղից, մի ուրիշը կգրավի նրա տեղը, և քանի որ կատարված ոճիրից ես տեղյալկ կլինեմ, հետևաբար իմ ազդեցությունը աղջկա վրա կլինի անսահման»։
Այս մտքերն էին ծագել Ֆեգինի գլխում այն կարճ միջոցին, երբ նա մենակ նստած էր ավազակի սենյակում և դրանց հետևանքով էր, որ իր հնարամտությամբ ստեղծած առիթից օգտվելով՝ նա մի քանի ակնարկներով փորձել էր աղջկա մտադրությունն իմանալ մեկնելու պահին։ Աղջիկը զարմանք չէր արտահայտել։ Նա այնպես էր ձևացրել, իբրև թե ոչինչ չի հասկանում։ Նա շատ որոշակի ըմբռնել էր իր խոսքերի իմաստը։ Ա՛յդ էր վկայում աղջկա հայացքը բաժանման ժամանակ։
Բայց գուցե նա չէր համաձայնի Սայքսին սպանել, իսկ դա գլխավոր նպատակներից մեկն էր, որին պետք էր հասնել։ «Ես ինչպե՞ս կարող եմ իմ ազդեցությունը ուժեղացնել նրա վրա, մտածեց Ֆեգինը, տուն մտնելիս։ ― Ի՞նչ ձևով կարող եմ հասնել ավելի մեծ իշխանության»։
Այդպիսի ուղեղները բեղմնավոր են լինում հնարքների մեջ։ Եթե նա աղջկան չհարկադրեր որևէ բան խոստովանել, այլ դարանելով նրան՝ հանտնաբերեր նրա նոր սիրո առարկան, և, իր ծրագրերի հետ չհամաձայնելու դեպքում, սպառնար ամբողջ գաղտնիքը հայտնել Սայքսին (որից նա սաստիկ վախենում էր), արդյոք այդ միջոցով չէ՞ր կարողանա աղջկա հավանությունը ապահովել։
― Կարող եմ, ― ասաց Ֆոգինը, համարյա բարձրաձայն։ ― Այն ժամանակ նա չի համարձակվի մերժել իմ առաջարկը։ Ո՛չ մի դեպքում, ո՛չ մի դեպքում չի համարձակվի։ Միջոցները պատրաստ են և անմիջապես կգործադրվեն։ Տես թե քեզ ինչպես կգցեմ ցանցիս մեջ։
Չարագուշակ մի հայացք գցելով իր հետև և ձեռքը սպառնական շարժելով այն ուղղությամբ, ուր թողել էր իրենից ավելի խիզախ սրիկային, նա շարունակեց ճանապարհը։ Ամբողջ ժամանակ նրա կմախքացած մատները ջղաձգաբար զբաղված էին իր գզգզված հանդերձի ծալքերում, որը նա ուժեղ օլորում էր, և իրեն այնպես էր թվում, թե իր մատների յուրաքանչյուր շարժումով մի ատելի թշնամի է ճմլում։
Քառասունհինգերորդ գլուխ
Ֆեգինը Նոա Քլեյփոլին մի գաղտնի հանձնարարություն է տալիս
Հաջորդ առավոտ ծերունին շատ վաղ վեր կացավ և անհամբերությամբ սպասեց իր նոր գործակցին, որը, անվերջանալի թվացող մի ժամանակամիջոցից հետո, վերջապես հայտնվեց, և ագահորեն հարձակվեց նախաճաշի վրա։
― Բոլթեր, ― ասաց Ֆեգինը՝ աթոռը մոտեցնելով և նստելով Մորրիս Բոլթերի դիմաց։
― Ես այստեղ եմ, ― պատասխանեց Նոան։ ― Ի՞նչ է պատահել։ Ինձնից ոչինչ չպահանջես, մինչև ուտելը չպրծնեմ։ Ի միջի այլոց, սա աչք ծակող թերություն է այս վայրում։ Մարդ երբեք ժամանակ չի գտնում ժաշելու համար։
― Մի՞թե չես կարող և՝ ուտել, և՛ խոսել միաժամանակ, ― ասաց Ֆեգինը, իր սիրելի փոքրիկ բարեկամի որկրամոլությունը ամբողջ սրտով անիծելով։
― Այդ մեկը կարող եմ։ Խոսելով գործը ավելի լավ է ընթանում, ― ասաց Նոան, հացի մի ահագին շերտ կտրելով։ ― Շառլոթն ո՞ւր է։
― Տանը չէ, ― ասաց Ֆեգինը։ ― Մյուս երիտասարդ կնոջ հետ նրան դուրս եմ ուղարկել այս առավոտ, որովհետև հարկավոր էր առանձին լինել քեզ հետ։
― Օ՜հ, ― ասսաց Նոան։ ― Երանի թե նախքան ուղարկելդ կարգադրեիր, որ կարագով կարմրացրած հաց պատրաստեր ինձ համար։ Համենայն դեպս, խոսի՛ր։ Ինձ չես խանգարի։
Արդարև, այնպես էր երևում, թե որևէ բան չէր կարող խանգարել նրան, քանի որ նա ակնհայտորեն նստել էր մեծ գործ կատարելու որոշումով։
― Քո երեկվա աշխատանքը լավ էր սիրելի՛ս, ― ասաց Ֆեգինը։ Հիանալի էր։ Հենց առաջին օրը վեց շիլլինգ և ինն ու կես պենս։ Ճտերի թալանումով մեծ հարստություն ես դիզելու։
― Մի մոռանար դրան ավելացնել նաև երեք թասերը և մեկ կաթնամանը, ― ասաց միստր Բոլթերը։
― Ո՛չ, ո՛չ, սիրելիս։ Ինչ վերաբերում է թասերին, դա հանճարեղ մտքի արդյունք էր, իսկ կաթնամանը՝ կատարյալ գլուխգործոց։
― Կարծում եմ՝ բավականին գոհացուցիչ էր մի սկսնակի համար, ― նկատեց միստր Բոլթերը ինքնագոհությամբ։ ― Թասերը ես վերցրի մի ցանկապատի վրայից, իսկ կանթնամանը դրված էր գինետան մուտքի առաջ։ Մտածեցի, որ գուցե անձրևից կժանգոտվեր կամ մրսելով կհիվանդանար։ Հա՛, հա՛, հա՛։
Ֆեգինը այնպես ձևացրեց իբրև թե սրտանց ծիծաղում է, իսկ միստր Բոլթերը, կուշտ ծիծաղելուց հետո, մի քանի խոշոր պատառներ խժռեց ու կարագով հացի առաջին կտորը վերջացնելով՝ անցավ երկրորդին։
― Բո՛լթեր, ― ասաց Ֆեգինը սեղանի վրա թեքվելով, ― ուզում եմ մի հանձնարարություն անել քեզ, որը պահանջում է մեծ զգուշություն և շրջահայացություն։
― Լսի՛ր, ― վրա բերեց Բոլթերը, ― երևի նորից վտանգի ես մղում ինձ․ կամ ուզում ես նորից ուղարկել ձեր այդ անիծված ոստիկանատները։ Դա բոլորովին համապատսխան գործ չէ ինձ համար, բոլորովի՛ն։ Ես այդ պարզ ասում եմ։
― Այս գործում ոչ մի վտանգ չկա, նվազագույն վտանգ անգամ, ― ասաց Հրեան, ― հարկավոր է միայն դարանել մի ինչ֊որ կնոջ։
― Պառա՞վ կնոջ, ― հարցրեց միստր Բոլթերը։
― Երիտասարդ կնոջ, ― պատասխանեց Հրեան։
― Ես այդ գործը կարող եմ հրաշալի կատարել, ― ասաց Բոլթերը։ ― Ժամանակին, դպրոցում, ես մի ճարպիկ, խորամանկ մատնիչ էի։ Ի՞նչ բանի համար եմ դարանելու նրան։ Անշուշտ ո՞չ․․․
― Ոչինչ չես անելու, դու միայն ինձ հայտնելու ես, թե այդ կինը ո՛ւր է գնում, ո՛ւմ հետ է տեսակցում և, եթե հնարավոր է իմանալ, ի՛նչ է ասում։ Դու հիշելու ես փողոցը, եթե դա փողոց է, կամ տունը, եթե դա տուն է, և ինձ բերելու ես որքան հնարավոր է, շատ տեղեկություն։
― Իսկ ի՞նչ է լինելու իմ վարձատրությունը, ― հարցրեց Նոան՝ թեյի բաժակը դնելով սեղանին և հետաքրքրությամբ տիրոջ դեմքին նայելով։
― Եթե աշխատանքը լավ կատարես, մեկ ֆունտ, ― ասաց Ֆեգինը, ցանկանալով որքան կարելի է մեծ հետաքրքրություն արթնացնել նրա մեջ գործի նկատմամբ։ ― Ւսկ այսպիսի գումար ես դեռ ոչ մի գործի կամ ձեռնարկի համար տված չկամ, եթե այդ գործը կամ ձեռնարկը խիստ շահաբեր չի եղել։
― Ո՞վ է այդ կինը, ― հարցրեց Նոան։
― Մեզնից մեկը։
― Օ՜հ, աստվա՜ծ իմ, ― գոչեց Նոան քիթը կնճռոտելով։ ― Կասկածում ես նրա վրա, հա՞։
― Նա գտել է ինչ֊որ նոր բարեկամներ, սիրելի՛ս, և ես պետք է իմանամ, թե ովքեր են, ― պատասխանեց Ֆեգինը։
― Հասկանում եմ, ― ասաց Նոան։ ― Պարզապես ուզում ես իմանալ, թե արդո՞ք նրանք հարգարժան մարդիկ են, հա՛, հա՛, հա՛, ես իսկ և իսկ քո ուզած մարդն եմ։
― Ես գիտեի, որ այդպես է, ― գոչեց Ֆեգինը, ձեռնարկած գործի հաջողությունից ուրախացած։
― Անշուշտ, անշուշտ, ― պատասխանեց Նոան։ ― Այդ կինը որտե՞ղ է։ Որտե՞ղ եմ սպասելու նրան։ Ո՞ւր եմ գնալու։
― Այդ բոլորը, սիրելիս, ես քեզ կասեմ։ Երբ ժամանակը գա ես քեզ ցույց կտամ նրան, ― ասաց Ֆեգինը։ Դու միշտ պատրաստ վիճակում սպասիր, մնացածը ինձ թող։
Այդ և հաջորդ գիշերը և դարձյալ երրորդ գիշերը լրտեսը, իր սայլապանի տարազը հագած և կազմ ու պատրաստ նստած, Ֆեգինի հրամանին էր սպասում։ Վեց գիշերներ անցան, վեց երկար, ձանձրալի գիշերներ և ամեն անգամ Ֆեգինը հիասթափված վերադառնում էր տուն ու մի քանի խոսքով հայտնում էր, որ դեռ ժամանակը չի եկել։ Սակայն յոթերորդ օրը նա վերադարձավ մյուս օրերից ավելի շուտ և այնպիսի բարձր տրամադրությամբ, որ թաքցնել չէր կարող։ Կիրակի էր։
― Այս գիշեր նա գնում է, ― ասաց Ֆեգինը, և վստահաբար հենց այն գործով, որ ենթադրում եմ։ Նա ամբողջ օրը մենակ է եղել, և այն մարդը, որից վախենում է, հազիվ թե լուսաբացից առաջ վերադառնա։ Եկ ինձ հետ։ Շտապի՛ր։
Նոան առանց մի բառ ասելու վեր թռավ տեղից, քանի որ Հրեայի սաստիկ հուզումը նրան ևս վարակել էր, և նրանք գաղտագողի դուրս եկան տանից։ Շտապ անցնելով լաբիրինթոսանման փողոցներով, նրանք վերջապես հասան մի գինետուն, որը, ինչպես Նոան նկատեց, այն միևնույն գինետունն էր, որ գիշերել էր Լոնդոն եկած առաջին օրը։
Ժամը տասնմեկն անց էր, և դուռը՝ փակ։ Ֆեգինի ցածրաձայն սուլոցի վրա դուռը կամացուկ բացվեց։ Երբ նրանք անշշուկ ներս մտան, դուռը նորից փակվեց նրանց հետևից։
Վախենալով նույնիսկ շշուկներով խոսել, Ֆեգինը և նրանց ներս ընդունող երիտասարդ հրեան մատնացույց արեցին գաղտնի լուսանցույցը և զանազան շարժումներով հասկացրին Նոային նայել հարևան սենյակում գտնվող անձնավորությանը։
― Ա՞յդ է այն կինը, ― հարցրեց Նոան հազիվ լսելի շշուկով։
Ֆեգինը գլխով դրական պատասխան տվեց։ ― Դեմքը չեմ կարող լավ տեսնել, ― շշնջաց Նոան։ ― Գլուխը հակած է սեղանին, իսկ մոմը հետևում է գտնվում։
― Սպասի՛ր այնտեղ, ― շշնջաց Ֆեգինը և Բարնին գլխով արավ։ Վերջինս անհետացավ։ Մի րոպե անց տղան մտավ հարևան սենյակը և, մոմի պատրույգը մաքրելու պատրվակով մի քիչ առաջ քաշեց, խոսեց աղջկա հետ ու այնպես արեց, որ աղջիկը վեր նայեց։
― Այժմ տեսնում եմ նրան, ― շշնջաց լրտեսը։
― Որոշակի։
― Հազարավորների մեջ կարող եմ ճանաչել նրան։
Երբ աղջիկը ուղղվեց դեպի դուռը, նա արագորեն իջավ ցած։ Ֆեգինը նրան խցկեց վարագույրով անջատված ինչ֊որ միջանցք, որտեղ իրենց շունչը պահած սպասեցին մինչև նա դուրս եկավ այն դռնից, որտեղից նրանք մուտք էին գործել։
― Հե՜յ, ― գոչեց տղան, որ դուռն էր պահում։ ― Ժաբադա՛կդ է։
Նոան Ֆեգինի հետ մի ակնարկ փոխանակեց և դուրս թռավ թաքստոցից։
― Դեպի ձախ, ― շշնջաց տղան, ― ձախ թեքվիր և ընթացիր փողոցի հադդիպակաց կողբով։
Նա այդպես էլ արեց և լապտերների լույսի տակ տեսավ աղջկա հեռացող կերպարանքը։ Նա մոտեցավ աղջկան այնքան, որքան թույլ կտար խոհեմությունը և բռնեց փողոցի հանդիպակաց կողմը՝ նրա շարժումները ավելի լավ դիտելու համար։ Աղջիկը մի քանի անգամ անհանգստությամբ շուրջը նայեց, մեկ անգամ նույնիսկ կանգ առավ, որ իր հետևից եկող անցորդները իրենից առաջ անցնեն, բայց հետզհետե վստահություն ձեռք բերեց, քայլվածքը դարձավ համեմատաբար ավելի հաստատ ու վճռական։ Լրտեսը պահպանեց նույն հարաբերական տարածությունը իրենց միջև և հետևեց աղջկան, աչքը բոլորովին չհեռացնելով նրանից։