հեղինակ՝ Ֆազիլ Իսկանդեր |
Խոսենք հենց այնպես։ Խոսենք ոչ պարտադիր եւ, ուրեմն, հաճելի բաների մասին։ Խոսենք մարդու էության զվարճալի հատկությունների մասին, որ մարմնավորված են մեր ծանոթների մեջ։ Չկա ավելի մեծ հաճույք, քան երբ խոսում ես ծանոթներիդ որոշ տարօրինակ հատկությունների մասին։ Չէ՞ որ մենք այդ մասին խոսում ենք ասես հաշվի առնելով մեր սեփական առողջ նորմալությունը, միաժամանակ նախապես ընդունելով, որ ինքներս էլ կարող էինք այդ կարգի շեղումներ թույլ տալ, սակայն չենք ուզում, դա մեզ պետք չէ։ Իսկ գուցե, համենայն դեպս, ուզո՞ւմ ենք։
Մարդու էության զվարճալի հատկություններից մեկն այն է, որ ամեն մարդ ձգտում է մինչեւ վերջ խաղալ իր սեփական կերպարը, որը նրա վզին են փաթաթում շրջապատի մարդիկ։ Ոմանք ճղճղում են, բայց, միեւնույն է, խաղում են մինչեւ վերջ։
Եթե, ասենք, շրջապատիդ մարդիկ ուզում են հանձին քեզ տեսնել հնազանդ ջորու, որքան էլ դիմադրես, ոչինչ չի ստացվի։ Քո դիմադրությամբ, ընդհակառակն, ավելի եւս կամրապնդես այդ կոչումդ։ Սովորական հնազանդ ջորու փոխարեն, դու կդառնաս համառ կամ նույնիսկ գազազած ջորի։
Ճիշտ է, որոշ դեպքերում մարդը կարողանում է շրջապատողների վզին փաթաթել իր համար ցանկալի կերպարը։ Մեծ մասամբ դա հաջողվում է շատ եւ սիստեմատիկ կերպով խմողներին։
Ասում են, ինչ հաճելի մարդ կլիներ, եթե չխմեր։ Իմ մի ծանոթի մասին այդպես էլ ասում են․ ահա, մարդկային հոգու տաղանդավոր ինժեները գինով կործանում է իր տաղանդը։ Հապա փորձիր բարձրաձայն ասել, որ, նախ եւ առաջ, նա ոչ թե մարդկային հոգու ինժեներ է, այլ տեխնիկ , եւ հետո՝ ո՞վ է տեսել նրա տաղանդը։ Չես ասի, որովհետեւ մի տեսակ ազնիվ բան չի ստացվում։ Մարդն առանց այն էլ խմող է, իսկ դու նրա կյանքն ավելի ես բարդացնում զանազան զրպարտություններով։ Եթե խմողին օգնել չես կարող, գոնե մի խանգարիր։
Համենայն դեպս, մարդը մինչեւ վերջ խաղում է այն կերպարը, որ նրա վզին են փաթաթում շրջապատի մարդիկ։ Ահա մի օրինակ։
Մի անգամ, երբ դեռ սովորում էի դպրոցում, ամբողջ դասարանով աշխատում էինք մերձծովյա մի ամայի տարածության վրա, նպատակ ունենալով այն դարձնել կուլտուրական հանգստավայր։ Որքան էլ տարօրինակ է, իսկապես դարձրեցինք։
Մենք այդ ամայի տեղում տնկեցինք էվկալիպտի տունկեր՝ այն ժամանակվա համար առաջավոր ծառատնկման բնային մեթոդով։ Ճիշտ է, երբ տնկիներն արդեն քիչ էին մնացել, իսկ այդ ամայի տեղում դեռեւս շատ ազատ տարածություն կար, մենք սկսեցինք յուրաքանչյուր փոսում դնել մի֊մի տնկի, այդպիսով հնարավորություն տալով նոր, առաջավոր եւ հին մեթոդներին իրենց դրսեւորելու ազատ մրցակցությամբ։
Մի քանի տարի հետո այդ ամայի տեղում էվկալիպտի հիանալի պուրակ աճեց, եւ արդեն ոչ մի կերպ հնարավոր չէր տարբերել, թե որտեղ են բնական տունկերը, եւ որտեղ՝ միայնակները։ Այն ժամանակ ասում էին, որ միայնակ տնկիները բնայինների հետ անմիջական մոտիկության մեջ գտնվելով, նախանձում են նրանց Բարի Նախանձով եւ ձգվում են ու աճում, առանց ետ մնալու։
Բոլոր դեպքերում, հիմա, հայրենի քաղաք գալով, երբեմն շոգին հանգստանում եմ մեր արդեն հսկայական դարձած ծառերի տակ եւ զգում ինձ Հուզված Նահապետ։ Ընդհանրապես, էվկալիպտը շատ արագ է աճում, եւ նա, ով ուզում է իրեն Հուզված Նահապետ զգալ, կարող է էվկալիպտ տնկել եւ տեսնել նրա բարձր, տոնածառի խաղալիքների նման զրնգուն սաղարթը։
Սակայն բանն այդ չէ։ Բանն այն է, որ հեռու անցյալի այդ օրը, երբ մենք ամայի վայրն էինք մշակում, տղաներից մեկը մյուսների ուշադրությունը հրավիրեց, թե ես ինչպես եմ բռնում խարակը։ Բոլորը ուշադրություն դարձրին, թե ես ինչպես եմ բռնում խարակը։ Հարկավոր էր ուրախանալու առիթ գտնել, եւ առիթը գտնված էր։ Բանից պարզվեց, որ ես խարակը բռնում եմ Սարսափելի Ծույլի պես։
Սա լուծույթից անջատված առաջին բյուրեղիկն էր, այնուհետեւ տեղի ունեցավ բյուրեղացման գործունյա պրոցեսը, որին արդեն ես ինքս էի օգնում, որպեսզի վերջնականապես բյուրեղանամ առաջադրված ուղղությամբ։
Հիմա արդեն ամեն բան ուղղված էր կերպարը ստեղծելուն։ Եթե ես մաթեմատիկայի ստուգողական աշխատանքի ժամանակ առանց ոչ մեկին խանգարելու լուռ նստած էի, սպասելով, թե ընկերս երբ պիտի խնդիրը լուծի, ապա բոլորն այդ վերագրում էին իմ ծուլությանը, ոչ թե բթությանս։ Հարկավ, ես չէի ջանում որեւէ մեկին հակառակը համոզել։ Իսկ երբ ռուսերենի գրավորի ժամանակ գրում էի տեղնուտեղը գլուխս եկածը, առանց դասագրքերից կամ հուշաթղթիկներից օգտվելու, դա առավել եւս իմ անուղղելի ծուլության ապացույցն էր համարվում։
Այդ կերպարի մեջ մնալու համար ես այլեւս չէի կատարում հերթապահի իմ պարտականությունները։ Դրան այնքան ընտելացան, որ երբ աշակերտներից մեկնումեկը մոռանում էր հերթապահի պարտականությունները կատարել, ուսուցիչը, դասարանի ընդհանուր գոհունակությունն ապտահայտով աղմուկի տակ, ստիպում էր ինձ մաքրել գրատախտակը կամ դասարան քարշ տալ ֆիզիկայի փորձասարքերը։ Ի դեպ, փորձասարքեր այն ժամանակ չկային, բայց ինչ֊որ բաներ ստիպված էի լինում քարշ տալ։
Կերպարի զարգացումը հասցրեց այն բանին, որ ես հարկադրված դադարեցի տնային աշխատանքներ կատարել։ Ընդ որում, դրության սրությունը պահպանելու համար պետք է բավականին լավ սովորեի։
Այդ պատճառով ամեն օր, հենց որ ուսուցիչներն սկսում էին հումանիտար առարկաների դասերի բացատրությունը, գլուխս դնում էի սեղանին, ձեւացնելով, թե ննջում եմ։ Եթե ուսուցիչները վրդովվում էին այդ դիրքիցս, ասում էի, թե հիվանդ եմ, բայց դասերից չեմ ուզում բացակայել, որպեսզի ետ չմնամ։ Այդպես պառկած, ես ուշադիր ունկնդրում էի ուսուցչի ձայնին, չցրվելով սովորական չարաճճիությունների պատճառով, եւ աշխատում էի հիշել այն ամենն, ինչ նա ասում էր։ Նոր նյութի բացատրությունից հետո, եթե ժամանակ էր մնում, ինքս էի առաջարկում պատասխանել հաջորդ դասի հաշվին։
Ուսուցիչներին դա ուրախացնում էր, որովհետեւ շոյում էր նրանց ինքնասիրությունը։ Կնշանակի նրանք այնքան լավ եւ մատչելի են տեղ հասցնում իրենց առարկան, որ աշակերտները, նույնիսկ առանց դասագրքից օգտվելու, ամեն ինչ յուրացնում են։
Ուսուցիչը դասամատյանում ինձ լավ գնահատական էր նշանակում, զանգը տալիս էր, եւ բոլորը գոհ էին լինում։ Ու ոչ ոք, ինձնից բացի, չգիտեր, որ այդ հենց նոր արձանագրված գիտելիքները դուրս են թռչում իմ գլխից, ինչպես շտանգան է դուրս թռչում շտանգիստի ձեռքից, հենց որ լսվում է դատավորի «Քաշը վերցված է» հրահանգը։
Ավելի ճշմարտախոս լինելու համար պետք է ասել, որ մեկ֊մեկ, երբ ձեւացնում էի, թե գլուխս նստարանին դրած ննջում եմ, իրոք էլ սուզվում էի նինջի մեջ, թեեւ շարունակում էի լսել ուսուցչի ձայնը։ Ավելի ուշ ես իմացա, որ այդ կամ գրեթե այդ եղանակով լեզուներ են սովորում։ Կարծում եմ, մեծ անհամեստություն չի թվա, եթե հիմա ասեմ, որ այդ հայտնագործությունն ինձ է պատկանում։ Լրիվ քնած դեպքերի մասին չեմ խոսում, որովհետեւ դրանք հազվադեպ էին։
Որոշ ժամանակ անց Սարսափելի Ծույլի մասին լուրը հասավ դպրոցի դիրեկտորին եւ նա չգիտես ինչու վճռեց, որ հենց ես եմ թռցրել հեռադիտակը, որը կես տարի առաջ անհետացել էր աշխարհագրության կաբինետից։ Չգիտեմ, թե նա ինչու էր այդպես մտածել։ Թերեւս, ըստ նրա, տարածության թեկուզեւ տեսողական կրճատման գաղափարն ամենից ավելի կարող էր գայթակղել ծույլին։ Ուրիշ բացատրություն չեմ գտնում։ Բարեբախտաբար, հեռադիտակը գտնվեց, բայց ինձ շարունակում էին աչքի պոչով հետեւել, չգիտես ինչու սպասելով, թե ես պատրաստվում եմ որեւէ խաղք ու խայտառակություն սարքել։ Շուտով պարզվեց, որ ես ոչ մի այդպիսի բան մտադիր չեմ սարքելու, որ, ընդհակառակն, ես շատ հնազանդ եւ բարեխիղճ ծույլ եմ։ Դեռ ավելին, ծույլ լինելով հանդերձ, շատ լավ էլ սովորում եմ։
Այն ժամանակ իմ նկատմամբ վճռեցին կիրառել կենտրոնացված դաստիարակության մեթոդը, որ մոդայիկ էր նկարագրածս տարիներին։ Այդ մեթոդի էությունը կայանում էր նրանում, որ բոլոր ուսուցիչները անսպասելիորեն հարձակվում էին մի ծույլ աշակերտի վրա եւ, օգտվելով այդ աշակերտի շփոթմունքից, նրա առաջադիմությունը հասցնում էին օրինակելի֊ցուցադրական գերազանցության։
Մեթոդի նպատակն այն էր, որ դրանից հետո մյուս ծույլ աշակերտները, նախանձելով նրան Բարի Նախանձով, իրենք էլ սկսեն ձգվել մինչեւ նրա մակարդակը, ինչպես էվկալիպտի միայնակ տնկիները։
Արդյունքի կարելի էր հասնել կենտրոնացած հարձակման անսպասելիությամբ։ Հակառակ դեպքում աշակերտը կարող էր նրանց ձեռքից դուրս պրծնել կամ արատավորել մեթոդը։
Որպես կանոն, փորձը հաջողվում էր։ Կենտրոնացած հարձակումից գոյացած փոքրիկ կուտակը դեռ չներծծված, վերափոխված աշակերտը արդեն կանգնած էր լավագույնների մեջ եւ քիչ լկտիաբար ժպտում էր պատվազուրկ եղածի շփոթված ժպիտով։
Այդ դեպքում ուսուցիչները միմյանց նախանձելով, թերեւս ոչ այնքան Բարի Նախանձով, ըստ դասամատյանի նախանձախնդրորեն հետեւում էին, թե նա ինչպես է բարձրացնում իր առաջադիմությունը եւ, անշուշտ, յուրաքանչյուրն աշխատում էր, որ առաջադիմության կորագիծը իր առարկայի հատվածում չխախտի հաղթական ուղղաձիգությունը։
Չգիտեմ, ինձ վրա շատ համերաշխորեն էին վրա քշել, թե մոռացել էին իմ սեփական բավական օրինավոր մակարդակը, սակայն երբ սկսեցին հանրագումարի բերել իմ նկատմամբ կատարված աշխատանքի արդյունքները, պարզվեց, որ ինձ հասցրել են մեդալակրի թեկնածուի մակարդակի։
— Արծաթե մեդալի կհասցնես,— մի անգամ հայտնեց ինձ դասղեկը, տագնապով նայելով աչքերիս։
Դա անձեռնմխելիների մի փոքրիկ, ինքնասեր կաստա էր։ Նույնիսկ ուսուցիչները մի քիչ վախենում էին մեդալի թեկնածուներից։ Նրանք կոչված էին պաշտպանելու դպրոցի պատիվը։ Մեդալի թեկնածուի վրա ձեռք բարձրացնելը հավասար էր դպրոցի պատիվը հարվածի տակ դնելուն։
Թեկնածուներից յուրաքանչյուրը ժամանակին սեփական ուժերով ձգտում էր աչքի ընկնող հաջողությունների հասնել հիմնական առարկաներից որեւէ մեկից, իսկ մնացած առարկաներից արդեն նրան հասցնում էին պահանջվող մակարդակին։ Ինձ թեկնածու դարձնելը կենտրոնացված դաստիարակության դեռեւս լուռ հաղթանակն էր։
Ավարտական քննությունների ժամանակ մեզ կցում էին ավելի խելացի ուսուցիչների։ Նրանք մոտենում էին մեզ եւ հաճախ հարցատոմսի բովանդակությունը բացատրելու պատրվակի տակ կամացուկ եւ սեղմ պատմում էին պատասխանը։ Դա հենց այն էր, ինչ մեզ պետք էր։ Սպրինտական ընկալունակությունը, որ մշակվել էր Սարսափելի Ծույլի դերը կատարելու ժամանակ, օգնում էր ինձ ճշտորեն հանձնաժողովի սեղանին հասցնել իրեն ապահովագրող ուսուցչի բարեգործական շշունջը։ Ինձ մնում էր միայն ձայնը միացնել լրիվ հզորությամբ, որը եւ անում էի անկեղծ ոգեւորությամբ։
Այդ ամենը վերջացավ նրանով, որ ես ինձ համար պլանավորված արծաթե մեդալի փոխարեն ստացա ոսկե մեդալ, որովհետեւ ոսկե մեդալի թեկնածուներից մեկը կես ճամփին կտրվեց եւ ետ մնաց։
Նա իսկապես էլ շատ ուժեղ աշակերտ էր, սակայն շարադրություններ գրել չէր կարողանում եւ չափազանց ձանձրացնող մայր ուներ։ Մայրը ծնողական կոմիտեի անդամ էր եւ բոլորին զզվեցրել էր իր անհեթեթ առաջարկություններով, որոնք ոչ ոք չէր ընդունում, սակայն բոլորը ստիպված էին քննարկել։ Նա նույնիսկ առաջարկություն էր մտցրել թեկնածուներին կերակրել ավելի սննդարար նախաճաշերով, բայց ծնողական կոմիտեի անդամներն իրենց դեմոկրատական մեծամասնությամբ մերժեցին այդ վնասակար առաջարկությունը։
Այսպես, ուրեմն, այդ տղան, պատրաստվելով առաջին քննությանը, պատահականություններից խուսափելու համար, մի քսան շարադրություն էր կազմել ռուս գրականության բոլոր հնարավոր թեմաներից։ Յուրաքանչյուր շարադրությունը նա դարձրել էր մի միկրոսկոպիկ հատորիկ՝ շապկի վրա բնաբանով եւ բիբլիոգրաֆիկ նշանով, որպեսզի չշփոթի։ Այդ քսան գաճաճ հատորիկները կարելի էր պահել մի ձեռքի ափում։
Նա հաջողությամբ գրել էր իր շարադրությունը, սակայն, հավանաբար, չափից դուրս էր հոգնել։ Հաջորդ քննություններին թեեւ ճիշտ էր պատասխանում, բայց խոսում էր շատ ցածր ձայնով, հետո, ամենակարեւորը, մտածում էր, եւ, որ արդեն բոլորովին աններելի է, հանկարծ վերադառնում էր ասվածին, ճշտում ձեւակերպումները այն բանից հետո, երբ քննողն արդեն համաձայնության նշան էր արել գլխով։
Երբ քննողը կամ, ասենք, պետդ, ասածիդ գլխով է անում ի նշան համաձայնության, ուրեմն բարի եղիր եւ առաջ անցիր, ոչ թե վերադարձիր ասածիդ, քանի որ դրանով դու նրան դնում ես մի տեսակ ոչ այնքան գեղեցիկ վիճակի մեջ։
Այնպես է ստացվում, կարծես քննողը առաջին անգամ պետք է գլխով չաներ, այլ պիտի սպասեր, մինչեւ դու ճշտեիր այն, ինչ ինքդ ես ասել։ Իսկ չէ՞ որ միշտ չես ասածդ ճշտում։ Ոմանք նույնիսկ կարող էին մտածել, թե առաջին անգամ գլխով անելով, քննողը կամ պետը չէին էլ պատկերացնում, որ այդ միտքը կարելի է ավելի ստույգ հաղորդել, կամ էլ կարող էին մտածել, որ դրա մեջ որոշ անսկզբունքայնություն կա․ իբր եւ՛ այն դեպքում է գլխով անում, եւ՛ այս դեպքում։
Ինքն էլ այդ չնկատելով, նա վիրավորում էր հանձնաժողովին, ասես շնորհ բերելով նրան իր պատասխանները։
Ի վերջո վճռվեց, որ նա մեծամտացել է թեկնածու լինելու իր այս երկար ժամանակամիջոցում, եւ հաջորդ երկու քննությունների ժամանակ նրա գնահատականները մեկական թվանշանով իջեցրին։
Նրա փոխարեն ես ստացա ոսկե մեդալը, եւ նրա մայրիկի կողմից հովանոցի մի հարված վզակոթիս՝ ավարտական երեկույթի ժամանակ։ Ավելի ճիշտ, ոչ թե երեկույթի ժամանակ, այլ երեկույթից առաջ՝ հանդերձարանում։
— Սրիկայի մեկը, իրեն ծույլ էր ձեւացնում,— հովանոցը թափ տալով ասաց նա, տեսնելով ինձ հանդերձարանում։
Ես պիտի լռեի կամ գոնե սպասեի մինչեւ նա իր զզվելի հովանոցը կախեր։
— Նա, համենայն դեպս, արծաթե մեդալ ստանում է,— ասացի ես, զգալով, որ իմ մխիթարությունը պետք է նրան զայրեցնի ու, թերեւս, հենց այդ պատճառով էլ նրան մխիթարելով։
— Այդ արծաթն ինձ ձրի էլ պետք չէ,— ֆշշացրեց նա եւ, անսպասելիորեն ձեռքը մեկնելով, մի քանի անգամ վզիս քսեց թաց հովանոցը,— Երեք տարի քարշ եմ եկել կոմիտեում։
Նա դա այնպիսի չարությամբ արեց, ասես այդպես հովանոցը վզիս շպպացնելը ի՜նչ բան էր որ, իսկականից պետք էր վիզս սղոցել։
— Իսկ ես ձեզ խնդրե՞լ էի քարշ գալ,— հասցրեցի միայն ասել։ Փառք աստծո, որ տղաներից ոչ ոք ոչինչ չնկատեց։ Բայց, միեւնույն է, վիրավորական էր։ Հատկապես վիրավորական էր, որ հովանոցը թաց էր։ Եթե չոր լիներ, այդքան վիրավորական չէր լինի։
Նույն տարին մեկնեցի Մոսկվա սովորելու, իսկ այդ մեդալը, որ ես դեռ չէի տեսել, մի քանի ամսից բերեցին մայրիկիս, հենց աշխատանքի վայրը։ Նա մեդալը ցույց էր տվել իր ծանոթ ատամնատեխնիկին, որպեսզի համոզվի ոսկին իսկական է թե ոչ։
— Ասաց՝ իսկական է, եթե միայն ինքն էլ նրանց հետ չի,— պատմում էր մայրս ինձ հաջորդ տարին, երբ տուն էի եկել արձակուրդի ժամանակ։
Այսպես մինչեւ վերջ խաղալով իմ վզին փաթաթված Սարսափելի Ծույլի դերը, ես հասա ոսկե մեդալի, թեեւ թաց հովանոցով հասցրեցին վզակոթիս։
Եվ ահա ավարտական վկայականս առած, որ փողի հետ դրել էին գրպանս ու կարել, նստեցի գնացք եւ մեկնեցի Մոսկվա։ Այն տարիներին գնացքները մեր կողմերից մինչեւ Մոսկվա երեք որում էին հասնում, այնպես որ ապագա մասնագիտությունս ընտրելու համար լիուլի ժամանակ ունեի, եւ կանգ առա համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի վրա։ Թերեւս, այդ ընտրությանս պատճառ դարձավ հետեւյալ հանգամանքը։
Դրանից մի երկու տարի առաջ ես մի տղայի հետ գիրք էի փոխանակել։ Ես նրան տվել էի Կոնան֊Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները», իսկ նա ինձ՝ Հեգելի առանձին հատորներից մեկը։ «Դասախոսություններ էսթետիկայի վերաբերյալ»։ Ես արդեն գիտեի, որ Հեգելը փիլիսոփա է եւ հանճար, իսկ այն հեռավոր ժամանակներում դա ինձ համար արդեն բավականաչափ հանձնարարական էր։
Քանի որ այն ժամանակ դեռ չգիտեի, որ Հեգելը կարդալու համար դժվար հեղինակ է, կարդում էի ու գրեթե ամեն ինչ հասկանում։ Եթե հանդիպում էին երկար, անհասկանալի խոսքերով պարբերություններ, դրանք պարզապես բաց էի թողնում, որովհետեւ առանց դրանց էլ ամեն ինչ հասկանալի էր։ Ավելի ուշ, ինստիտուտում սովորելիս, իմացա, որ Հեգելի ստեղծագործությունները, ռացիոնալ հատիկից բացի, լի են նաեւ իդեալիստական կեղեւով։ Ես մտածեցի, որ իմ բաց թողած պարբերությունները, ամենայն հավանականությամբ, հենց այդ դատարկ կեղեւն էին պարունակում։
Ընդհանրապես ես այդ գիրքը կարդում էի՝ բացելով այն տեղերը, ուր աչքի էր ընկնում որեւէ բանաստեղծական մեջբերում։ Կարդում էի այդ բանաստեղծության շուրջ եղած տարածությունը, աշխատելով միշտ մոտիկ մնալ բանաստեղծությանը, ինչպես ուղտն է ջանում մնալ օազիսի մոտերքում։ Նրա որոշ մտքերն ինձ զարմացնում էին իրենց խիստ դիպուկությամբ։ Այսպես, նա առակը համարում է ստրկական ժանր, որ նման է ճշմարտության, եւ ես աշխատեցի այդ հիշել, որպեսզի հետագայում սխալմամբ առակներ չգրեմ։
Առանց որեւէ հուզմունքի ես եկա Մոխովայայի վրա գտնվող համալսարանը։ Բարձրացա սանդուղքով եւ, հետեւելով թղթե սլաքների ուղղությանը, մտա մի սենյակ, որտեղ փոքր սեղաններ էին դրված եւ այդ սեղանների մոտ նստած էին տարբեր մարդիկ, որոշ սեղանների մոտ՝ բավական երիտասարդ աղջիկներ։ Յուրաքանչյուր սեղանի վրա դրված էր մի փոքրիկ պլակատ, որ նշում էր ֆակուլտետը։ Սեղանների մոտ խմբված էին շրջանավարտները, տառապելով եւ երկարաձգելով իրենց փաստաթղթերի հանձնումը։ Դահլիճում ձայների աղմուկ էր եւ դպրոցական քրտինքի հոտ։
Այն սեղանի մոտ, որ կոչվում էր «Փիլիսոփայության ֆակուլտետ», նստած էր բավական տարեց մի տղամարդ՝ սպիտակ վերնաշապկի թեւքերը սպառնալից վեր քշտած։ Նրա սեղանի շուրջը մարդ չկար խմբված, եւ ես առավել անկաշկանդ կտրեցի այդ տարածությունը, որ ասես հրդեհված էր փիլիսոփայական սկեպտիցիզմով։
Մոտեցա սեղանին։ Մարդն, առանց շարժվելու, նայեց ինձ։
— Որտեղի՞ց ես եկել, երիտասարդ, — հարցրեց նա փիլիսոփայական հաղթանակներից հոգնած ձայնով։
Մոտավորապես այդպիսի հարցի էի սպասում, ուստի սկսեցի նախապես մտածածս խոսակցությունը։
— Չեգեմից,— ասացի, ջանալով խոսել ճիշտ, բայց ակցենտով։ Ես դիտմամբ տվեցի պապիս գյուղի անունը, եւ ոչ թե մեր ապրած քաղաքի, որպեսզի նրան ավելի խիստ ուրախացնեմ ծագումիս հնադարյան կուսականությամբ։ Իմ կարծիքով, Լոմոնոսնվի անունը կրող համալսարանը առանձնապես ուրախ պետք է լիներ այդպիսի մարդկանց համար։
— Դա ի՞նչ է,— հարցրեց մարդը, հազիվ նկատելի շարժումով կանգնեցնելով փաստաթղթերս սեղանին դնելու իմ փորձը։
— Չեգեմը բարձրլեռնային գյուղ է Աբխազիայում,— բարյացակամորեն բարատրեցի ես։
Առայժմ ամեն ինչ ընթանում էր ըստ իմ ծրագրած խոսակցության։ Ամեն ինչ, բացի հնադարյան ծագումիս կապակցությամբ արտահայտվելիք ուրախության։ Սակայն ես վճռել էի շփոթության չմատնվել ընդունելության այդ կեղծ սառնությունից։ Չէ՞ որ ինքս էլ էի չափազանցրել Չեգեմի բարձրլեռնայնությունը, այնքան էլ բարձրլեռնային չէ մեր սիրելի Չեգեմիկը։ Նա չափազանցված սառնությամբ, ես՝ չափազանցված բարձրլեռնայնությամբ․ վերջ ի վերջո, մտածում էի ես, նա չի կարող երկար ժամանակ ուրախությունը թաքցնել, այդպիսի հեռու տեղից եկած հյուր տեսնելով։
— Աբխազիան Աջարիա՞ն է,— հարցրեց նա մի տեսակ ցրված, որովհետեւ հիմա ուշադրությունը կենտրոնացրել էր իմ փաստաթղթեր պահած ձեռքին, որպեսզի ժամանակին կանխի փաստաթղթերը սեղանին դնելու փորձս։
— Աբխազիան՝ Աբխազիա է,— ասացի ես արժանապատվությամբ, բայց ոչ մեծամտությամբ։ Եվ կրկին փորձ արեցի հանձնելու փաստաթղթերս։
— Իսկ դուք գիտե՞ք ինչ կոնկուրս է,— կրկին կանգնեցրեց նա ինձ հարցով։
— Ես մեդալ ունեմ,— փքվեցի ես եւ, չկարողանալով ինձ զսպել, ավելացրի,— ոսկյա։
— Մեզ մոտ մեդալակիրներն էլ են շատ,— ասաց նա եւ մի տեսակ սկսեց այս ու այն կողմ ընկնել, թղթերը խշխշացնել, սեղանի դարակները քաշել, չգիտես, մեդալակիրների պատկառելի ցուցակն էր որոնում, թե պարզապես ուզում էր ժամանակ շահել։
— Իսկ գիտե՞ք, որ մեզ մոտ ուսուցումը միայն ռուսերեն լեզվով է,— հանկարծ հիշեց նա եւ վերջ տվեց թղթերը քրքրելուն։
— Ես ռուսական դպրոց եմ ավարտել,— պատասխանեցի, աննկատելիորեն վերացնելով ակցենտս։— Ուզո՞ւմ եք ձեզ համար բանաստեղծություն կարդամ։
— Ուրեմն բանասիրակա՞ն եք դիմում,— ուրախացավ նա եւ գլխով արեց։— Ահա այն սեղանն է։
— Ոչ, պատասխանեցի համբերատար,— ես փիլիսոփայականն եմ ուզում։
Մարդը տխրեց, եւ ես հասկացա, որ կարող եմ փաստաթղթերս դնել սեղանին։
— Լավ, արտասանեցեք։— Եվ ծուլորեն ձեռքը մեկնեց փաստաթղթերիս։
Ես արտասանեցի Բրյուսովի բանաստեղծություններից, որին այն ժամանակ սիրում էի հնչյունների շռայլության պատճառով։
Ես երազ տեսա․ դալկությամբ մահի,
Ինչպես բնակիչ մութ անդրաշխարհի,
Մոտենում եմ լուռ անդունդի եզրին,
Եվ ինձ մոտ եկավ ընկերս վաղեմի,
Խուլ մրմնջալով խոսքեր անեծքի,
Ապտակ հասցրեց նա իմ երեսին։
— Եվ ճիշտ է արել,— ասաց նա, գլուխը բարձրացնելով ու նայելով ինձ։
— Ինչո՞ւ,— հարցրեցի, հմայված սեփական արտասանությամբ եւ դեռեւս չհասկանալով, թե նա ինչ է ասում։
— Այդպիսի բարեկամներ մի ունեցեք,— ասաց նա ոչ առանց հումորի։
Դեռեւս արբեցած իմ արտասանությամբ եւ սույն ցնցող խարդախության պատկերով, նրան չհասկացա։ Ես շփոթվեցի, եւ դա կարծես նրան դուր եկավ։
— Գնամ իմանամ,— ասաց նա, փաստաթղթերս սեղանին շպպացնելով, եւ տեղից վեր կացավ,— կարծեմ ձեր ազգության համար կարգադրագիր կա։
Հենց որ նա հեռացավ, վերցրի փաստաթղթերս եւ հեռացա համալսարանից։ Վիրավորվել էի բանաստեղծության եւ կարգադրագրի համար։ Կարգադրագրի համար, թերեւս, ավելի։
Նույն օրն ընդունվեցի Գրադարանային ինստիտուտ, որը Մոսկվա մեկնելուս ճանապարհին շատ էր գովում մեր վագոնով մեկնող մի աղջիկ։
Եթե համալսարանի մարդն ինձ շարունակ զգալ էր տալիս, որ ես փիլիսոփայության ֆակուլտետի մակարդակին չեմ, ապա այստեղ, ընդհակառակն, ընդունելության հանձնաժողովի ընկերը վախեցած շուռումուռ էր տալիս վկայականս, որպես այդ ինստիտուտի համար շատ մեծ, հետեւաբար եւ կասկածելի արժեթուղթ։ Նա զննում էր մյուս փաստաթղթերս, նայում աչքերիս, ասես հասկանալով եւ նույնիսկ կարեկցելով իմ մտադրությանը եւ խնդրելով, ի պատասխան յուր կարեկցանքի, փոխադարձ կարեկցություն ցուցաբերել եւ գոնե որոշ չափով պարզել այդ մտադրությունը։ Ես իմ մտադրությունը չէի հայտնում, եւ մարդը ինչ֊որ տեղ դուրս եկավ, հետո ներս եկավ եւ, խոր հառաչելով, նստեց տեղում։ Ես մռայլվում էի, զգալով, որ ավելին եմ վճարում, սակայն չգիտեի, թե ինչպես եւ ինչ ձեւով կարող եմ տարբերությունն ստանալ։
— Լավ, դուք ընդունված եք,— ասաց տղամարդը, չգիտես վշտացած, որ ինձ չի կարելի միանգամից միլիցիայի ձեռքը տալ, թե այն մխիթարությամբ, որ իմ գնալուց հետո բավականաչափ ժամանակ կունենա փաստաթղթերի իսկական ստուգման համար։
Այդ հիանալի ինստիտուտն այն ժամանակ այնքան համբավավոր չէր, ինչպես հիմա, եւ ես գրեթե առաջին մեդալակիրն էի, որ այնտեղ էի ընդունվում։ Հիմա գրադարանային ինստիտուտը վերանվանվել է Կուլտուրայի ինստիտուտ եւ տասնամյակն ավարտողների մոտ մեծ հաջողություն ունի, որը մեկ անգամ եւս հիշեցնում է այն ճշմարտությունը, թե որքան կարեւոր է ժամանակին ցուցանակը փոխելը։
Այդ ինստիտուտում երեք տարի սովորելուց հետո միտք հղացա, որ շատ ավելի հեշտ եւ շահավետ է ինքդ գրքեր գրես, քան զբաղվես ուրիշների գրքերի դասակարգությամբ, եւ ես փոխադրվեցի Գրականության ինստիտուտ, որը սովորեցնում էր գրողի արհեստ։ Այդ ինստիտուտն ավարտելով, ստացա միջին որակավորման մարդկային հոգու ինժեների դիպլոմ եւ սկսեցի զգուշորեն ճանապարհ ճեղքել դեպի գրականություն, այնպես, որպեսզի գլխիս չփլվեն նրա փխրուն եւ միաժամանակ ծանր կամարները։
Մոսկվան, որ առաջին անգամն էի տեսնում, պարզվեց շատ նման է իր անթիվ֊անհամար լուսանկարներին եւ կինոժուռնալներին։ Քաղաքի շրջակայքը գեղեցիկ էր, միայն լեռների լիակատար բացակայությունը երբեմն այնպիսի զգացում էր ներշնչում, ասես անպաշտպան լինես։ Տափակ տարածության շատությունից, չգիտես ինչու, մեջքս հոգնում էր։ Երբեմն ցանկություն էր առաջանում պարզապես հենվել մի սարի կամ նույնիսկ թաքնվել սարի ետեւում։
Մոսկվացիներն ուրախացրին ինձ իրենց բարությամբ եւ միամտությամբ։ Ինչպես հետո պարզվեց, ես էլ նրանց եմ միամիտ թվացել։ Ուստի մենք շատ հեշտ եւ արագ իրար հասկացանք։ Մարդիկ սիրում են միամիտներին։ Միամիտ մարդիկ մեզ հնարավորություն են տալիս նրանց դեմ ուղղված պաշտպանական կառույցներն ուղղել դեպի ավելի վտանգավոր տեղամասերը։ Դրա համար մենք նրանց հանդեպ ամրաշինական երախտագիտություն ենք զգում։
Բացի այդ, ես նկատեցի, որ մոսկվացիները նույնիսկ լի օրերին մերոնցից անհամեմատ շատ են ուտում եւ իրենց հատուկ միամտությամբ այդ հատկությունը արդարացնում են նրանով, որ մերոնք էլ մոսկվացիների համեմատ ավելի շատ կանաչեղեն են ուտում։
Մոսկվացիների միակ առանձնահատկությունը, որ մինչեւ օրս ինձ համար անհասկանալի է մնացել, նրանց մշտական եւ խորհրդավոր հետաքրքրությունն է եղանակի նկատմամբ։ Պատահում է, նստում ես ծանոթներիդ մոտ թեյի սեղանի շուրջ, լսում ես մոսկովյան գողտրիկ խոսակցությունները, տկտկում է պատի ժամացույցը, բլբլացնում է բարձրախոսը, բայց նրան ոչ ոք չի լսում, թեեւ չգիտես ինչու, չեն անջատում։
— Սը՛ս,— սթափվում է հանկարծ մեկնումեկը եւ գլուխը դարձնում բարձրախոսի կողմը։— Եղանակի տեսությունն են հաղորդում։
Բոլորը, շունչները պահած, լսում են հաղորդումը, որպեսզի հաջորդ օրը բռնացնեն նրա ոչ ստույգ լինելը։ Առաջին օրերին լսելով այդ տագնապալից «սը՜ս»֊ը, ես ցնցվում էի, կարծելով, թե սկսվում է պատերազմ կամ նման ոչ պակաս աղետալի մի բան։ Հետո մտածում էի, որ բոլորը սպասում են մի առանձնահատուկ, աներեւակայելի հաճելի եղանակի։ Հետո նկատեցի, որ աներեւակայելի հաճելի եղանակի կարծես նույնպես չեն սպասում։ Ուրեմն բանն ի՞նչն է։
Կարելի էր մտածել, որ միլիոնավոր մոսկվացիներ առավոտից գնում են որսի կամ դաշտային աշխատանքների։ Չէ՞ որ ամեն մեկն աշխատանքի վայրում գլխին տանիք ունի։ Այլապես մի՞թե եղանակի նկատմամբ այդպիսի այրող, իր մշտականությամբ հյուծիչ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ մարդը պետք է վազելով հասնի մինչեւ տրոլեյբուսը կամ մետրոն։ Համաձայնեցեք, որ դա կլիներ շատ տարօրինակ եւ նույնիսկ անվայել՝ մեծ քաղաքի բնակիչների համար։
Եղանակի նկատմամբ մոսկվացիների հետաքրքրության բուն պատճառը խորապես ուսումնասիրելու նպատակով էր հենց, որ մի քանի տարի առաջ տեղափոխվեցի Մոսկվա։ Չէ՞ որ իմ իսկական կոչումն է՝ հայտնագործել եւ հորինել։
Որպեսզի մոսկվացիների մեջ ոչ մի կասկած չհարուցեմ եւ որպեսզի նրանց հնարավորություն տամ իմ ներկայությամբ ազատ արտահայտելու իրենց խորհրդավոր հետաքրքրությունը եղանակի հանդեպ, ես ինքս էլ ձեւացնում եմ, թե հետաքրքրվում եմ եղանակով։
— Հը, ի՞նչ կա,— ասում եմ ես,— ի՞նչ են հաղորդում եղանակի մասին։ Քամին արեւելքի՞ց է։
— Ոչ,— ուրախ պատասխանում են մոսկվացիները,— քամին հարավ֊արեւմտյան է, չափավոր։
— Դեհ, եթե չափավոր է,— ասում եմ,— դա դեռ տանելի է։
Եվ շարունակում եմ հետեւել, քանի որ ամեն մի հայտնագործություն պահանջում է համբերություն եւ դիտողություն։ Սակայն որպեսզի հայտնագործես եւ հնարամտես, պետք է վաստակես ապրուստիդ համար, եւ ես գրում եմ։
Բայց ահա թե ինչն է վատ։ Ընթերցողն սկսում է իմ վզին փաթաթել հումորիստի դերը, եւ արդեն ես ինքս եմ մի կերպ մինչեւ վերջ այն խաղում։ Բավական է ձեռնարկեմ որեւէ լուրջ բան, անմիջապես տեսնում եմ ընթերցողի դեմքը, որ առաքինի համբերատարության արտահայտությամբ սպասում է, թե վերջապես երբ պետք է խոսեմ ծիծաղելիի մասին։
Ինքս ինձ զսպում եմ, բայց առաքինի համբերատարության այդ արտահայտությունն ինձ, համենայն դեպս, կրծում է, եւ կես ճամփին վերակառուցվում եմ ու ձեւացնում, թե դիտմամբ էի սկսել լրջորեն խոսել, որպեսզի հետո ավելի ծիծաղելի լինի։
Ընդհանրապես, երազում եմ գրել առանց այլեւայլ լիրիկական հերոսների գործեր, որպեսզի նկարագրվող իրադարձությունների մասնակիցներն իրենք անեն խելքներին փչածը, իսկ ես նստեմ մի կողմ ու նայեմ նրանց։
Սակայն զգում եմ, որ առայժմ այդ չեմ կարող անել․ լիակատար վստահություն չունեմ։ Չէ՞ որ երբ մենք մարդուն ասում ենք՝ արա ինչ խելքիդ կփչի, նկատի ունենք, որ նրա խելքին պիտի փչի որեւէ հաճելի բան անել մեզ եւ շրջապատի համար։ Եվ այն ժամանակ այդ հաճելի բանը, որ արվում է առանց մեր հուշելու, ավելի հաճելի է դառնում։
Սակայն մարդը, որին վստահում են այդ գործը, պետք է օժտված լինի կենցաղային հասունությամբ։ Իսկ եթե նա դրանով օժտված չէ, ապա խելքին կարող է փչել տհաճ հիմարություններ անել կամ, որ ավելի վատ է, ընդհանրապես ոչինչ չանել, այսինքն՝ մնալ մռայլ անգործունեության վիճակում։
Եվ ահա ստիպված ես քայլել քո սեփական սյուժետով, աչքդ պահել հերոսների վրա, ջանալով նրանց վարակել սեփական կայտառության օրինակով․
— Տղե՛րք, դեհ, ավելի կայտառ։
Հումորի ընկալման մեջ նույնպես լիակատար պարզություն չկա։
Մի անգամ «Ադմիրալ Նախիմով» ջերմանավով մեկնում էի Օդեսա։ Սեպտեմբերի մի հիանալի օր էր։ Արեւը հեզ շողում էր, ասես ուրախանալով, որ մենք մեկնում ենք Բաբելի զորեղ խինդով հորինված օրհնյալ քաղաք Օդեսա։
Կանգնել էի նավակողի բազրիքին թեքված։ Նավի քիթը սահուն ճեղքում էր ու մի կողմ նետում փրփրակալած ջուրը։ Փրփուրե հոսանքներն անցնում էին իմ տակով, տակառի թարմ գարեջրի հալվող փրփուրի գայթակղիչ մի շրշյունով։ Սակայն այդ պահին ինձ մոտեցավ ընթերցողս եւ նույնպես թեքվեց նավակողի բազրիքին։ Փրփրադեզ հոսանքները շարունակում էին անցնել մեր տակով, բայց տակառի թարմ գարեջրի հալվող փրփուրի զգացողությունն այլեւս չհաջողվեց վերականգնել։
— Ներեցեք,— ասաց նա հասկացող ժպիտով,— դուք՝ դո՞ւք եք։
— Այո,— ասում եմ,— ես՝ ես եմ։
— Ես,— ասում է նա,— դեռեւս նույն հասկացող ժպիտով,— ձեզ անմիջապես ճանաչեցի մատանուց։
— Ինչպե՞ս թե մատանուց,— հետաքրքրվեցի ես եւ դադարեցի ականջ դնել փրփուրին։
— Ամսագրում տպագրվում էին հոդվածներ ձեր լուսանկարներով,— բացատրեց նա,— որտեղ դուք նկարված եք այս մատանիով։
Իսկապես էլ այդպես էր։ Մի ամսագրի լուսանկարիչ նույն օրը տարբեր դիրքերով նկարել էր ինձ, եւ այդ օրից ի վեր ամսագիրը մի քանի տարի տպագրում էր իմ պատմվածքները այդ սերիայի նկարներով, որտեղ ես նման եմ չվհատվող, իսկ որ գլխավորն է, չծերացող փեսացուի՝ ցուցադրաբար տնկած նշանի մատանիով, նման այն բանին, ինչպես առաջ գյուղական լուսանկարներում ցուցադրում էին դաստակը՝ ժամացույցի թվացույցով, սրով, եթե ուշադիր նայեիր, կարելի էր իմանալ այդ անմոռանալի լուսանկարի երեւան գալու ստույգ ժամը։
Ես արդեն քիչ էր մնում կռվեի խմբագրության հետ նման ռեկլամի համար, բայց հենց այդ ժամանակ պարզվեց, որ խմբագրությունն այլեւս մտադիր չէ ինձ տպագրելու, եւ փոխհարաբերությունները պարզելու հանգամանքն ինքնին վերացավ։
Մինչ անձնատուր էի եղել այդ ոչ այնքան ուրախ հիշողություններին, ընթերցողս վերապատմում էր ինձ համար իմ պատմվածքները, դրանք համառորեն անվանելով հոդվածներ։ Հասնելով «Մանկապարտեզ» պատմվածքին, նա ուղղակի սկսեց խեղդվել ծիծաղից, որը բավական լավացրեց իմ տրամադրությունը։
Ճիշտն ասած, այդ պատմվածքն ինձ այնքան էլ ծիծաղելի չէր թվում, սակայն եթե ընթերցողի համար այն ծիծաղելի է, հիմարություն կլիներ նրան հակառակը համոզել։ Նրան նմանվելով, վերապատմեմ պատմվածքի բովանդակությունը։
Մանկապարտեզի բակում տանձի ծառ էր աճում։ Ժամանակ առ ժամանակ ծառից ընկնում էին հասունացած պտուղները։ Երեխաները դրանք հավաքում էին եւ տեղնուտեղը ուտում։ Մի անգամ մի տղա հատկապես գեղեցիկ եւ մեծ տանձ գտավ։ Նա ուզում էր տանձն ուտել, բայց դաստիարակչուհին տանձը նրա ձեռքից վերցրեց եւ ասաց, որ այն կօգտագործվի ճաշից հետո բոլորին տրվող կոմպոտի համար։
Մանկապարտեզից դուրս գալուց տղան տեսավ դաստիարակչուհուն։ Նա նույնպես տուն էր գնում։ Ձեռքին ցանց կար։ Ցանցի մեջ տղայի տանձն էր։ Տղան վազելով փախավ, որովհետեւ ամաչում էր հայացքով հանդիպել դաստիարակչուհու հայացքին։
Ըստ էության դա բավական տխուր պատմվածք էր։
— Ձեզ համար ի՞նչն է այդպես ծիծաղելի,— հարցրեցի ես նրան։
Նա կրկին ցնցվեց, այս անգամ ծիծաղից եւ ձեռքը թափ տվեց, իբր՝ բավական է ինձ ձեռք առնես։
— Համանյան դեպս, ես չեմ հասկանում,— պնդում եմ ես։
— Մի՞թե,— հարցրեց նա եւ թեթեւակի չռեց իր առանց այդ էլ բավականաչափ չռված աչքերը։
— Իսկապես,— ասում եմ ես։
— Դե եթե դաստիարակչուհին տանձն է տուն տանում, պատկերացնո՞ւմ եք, ինչ կտանի մանկապարտեզի վարիչը,— գրեթե բղավեց նա եւ կրկին ծիծաղեց։
— Վարիչն ի՞նչ կապ ունի։ Պատմվածքում նրա մասին խոսք չկա,— առարկեցի ես։
— Հենց դրա համար էլ ծիծաղելի է, որ չի ասվում, բայց հասկացվում է,— ասաց նա եւ մի տեսակ տարօրինակ կերպով նայեց ինձ իր դուրս պրծած, ոչինչ չհասկացող աչքերով։
Նա սկսեց բացատրել, թե որ դեպքում է ծիծաղելի, երբ այսինչ բանի մասին ուղղակի է խոսվում, եւ որ դեպքում ծիծաղելի չէ, երբ ուղղակի է ասվում։ Սա հենց այդ դեպքն է, ասաց նա, երբ ընթերցողն ըստ պաշտոնի տարբերության կռահում է, թե որքան է վերցնում վարիչը, քանի որ ելնում է դաստիարակչուհու տանձից։
— Ուրեմն վարիչը ձմերո՞ւկ է տանում, եթե դաստիարակչուհին տանձ է տանում,— հարցրեցի ես։
— Էհ, ոչ,— ասաց նա ու ձեռքը թափ տվեց։
Խոսակցությունը փոխվեց կողմնակի նյութերի, սակայն ես շարունակ զգում էի, որ նրա հոգում սերմանել եմ կասկածներ, վախենում եմ, թե ստեղծագործական պլաններ։ Մեր զրույցի ժամանակ պարզվեց, որ նա աշխատում է որպես տեխնիկ մսի կոմբինատում։ Ես նրան հարցրի, թե ինչքան է ստանում։
— Հերիքում է,— ասաց նա եւ ընդհանրացրած ավելացրեց։— Մսից միշտ մի բան ունենում ես։
Ես ծիծաղեցի, որովհետեւ դա հնչեց որպես սպիտակուցային միացությունների ճակատագրական հատկություն։
— Այստեղ ի՞նչ ծիծաղելի բան կա,— ասաց նա։— Ամեն մարդ ուզում է ապրել։
Դա նույնպես հնչեց որպես սպիտակուցային միացությունների ճակատագրական հատկություն։
Ես ուզում էի հարցնել, թե նա հատկապես ի՛նչ օգուտ ունի մսից, որպեսզի պարզեմ, թե ի՛նչ օգուտ ունի կոմբինատի դիրեկտորը, բայց չհամարձակվեցի։
Նա սկսեց արդեն իրեն ավելի չոր պահել։ Հիմա ես նրան զայրացնում էի այն բանով, որ աչքերը բացեցի ծիծաղելին ավելի խոր հասկանալու վրա, եւ միաժամանակ այդ արեցի ուշ, որպեսզի նա չկարողանա այլեւս ինձ հետ մրցել։ Ճանապարհորդության վերջում, նա, խստադեմ, հարցրեց ինձնից հեռախոսիս համարն ու գրեց գրքույկում։
— Գուցե զանգեմ,— ասաց մարտահրավերի երանգով։
Ամեն օր, բացի այն օրերից, երբ տանը չեմ, փակվում եմ իմ սենյակում, թուղթը դնում փոքրիկ անհագ «Կոլիբրի»֊իս մեջ եւ գրում եմ։
Սովորաբար մեքենան մի քանի անգամ թույլ հաչելով, երկար ժամանակ լռում է։ Տնեցիները ձեւացնում են, թե ջանում են պայմաններ ստեղծել իմ աշխատանքի համար, իսկ ես ձեւացնում եմ, թե աշխատում եմ։ Իրականում ես այդ ժամանակ որեւէ բան եմ հնարում կամ էլ, գլուխս մեքենայի վրա կախած, ականջ եմ դնում մյուս սենյակներում հեռախոսի ձայնին։ Այդպես մեր կողմերում գյուղի խոզերն են գլուխները կախ կանգնում պտղատու ծառերի տակ եւ ականջ դնում, թե որտեղ կթխկա վայր ընկնող պտուղը, որպեսզի ժամանակին մոտ վազեն։
Բանն այն է, որ աղջիկս էլ է հետեւում հեռախոսին, եւ եթե հասցնում է ինձնից շուտ մոտենալ, ապա լսափողին հասցրած փոքրիկ բռունցքի մի հարվածով ճարպկորեն անջատում է հեռախոսը։ Նրա կարծիքով դա այնպիսի խաղ է, որ, ըստ էության, զուրկ չէ իմաստից։
Իմ շատ հայտնագործությունների մասին, ելնելով նրանց փակ բնույթից, քանի դեռ գոյություն ունի թշնամի լագերը, ես, բնականաբար, չեմ կարող պատմել։ Սակայն ունեմ մի շարք արժեքավոր դիտողություններ, որոնք պատրաստ եմ ձեզ հետ բաժանել։ Ես կարծում եմ, որ լավ հումորին տիրապետելու համար անհրաժեշտ է հասնել ծայր աստիճանի հոռետեսության, տեսնել նրա մռայլ անդունդը, համոզվել, որ այնտեղ էլ ոչինչ չկա եւ ապա կամաց֊կամաց վերադառնալ։ Այդ վերադարձի թողած հետքը հենց կլինի իսկական հումոր։
Ծիծաղելին ունի մի, թերեւս համեստ, սակայն անառարկելի արժանիք․ այն միշտ ճշմարիտ է։ Այլ կերպ ասած, ամեն ճշմարիտ բան չէ, որ ծիծաղելի է, սակայն ամեն ծիծաղելի բան ճշմարիտ է։ Այդ բավական կասկածելի աֆորիզմով ես ուզում եմ վերջակետ դնել, որպեսզի է՛լ ավելի կասկածելի եզրահանգումներ չանեմ։